Changes

Ընկերների մեղքով

Ավելացվել է 27 602 բայտ, 21:36, 10 Փետրվարի 2017
ը
{{Վերնագիր
|վերնագիր = Ընկերների մեղքով
|հեղինակ = [[Ուիլյամ Սարոյան]]
|թարգմանիչ = Ա․ Առաքելյան
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
}}

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի<ref>Հենրի Ուոդսուորթ Լոնգֆելո ― ամերիկյան բանաստեղծ (1807-1882), նշանավոր «Հայավաթի երգը» ստեղծագործության հեղինակն է։</ref> պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի<ref>Էմերսոն ― Ռալֆ Ուոլդո Էմերսոն (1803-1882)․ ամերիկացի իդեալիստ֊փիլիսոփա, գրող։</ref> դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի<ref>Հոթորն ― Նաթանիել Հոթորն (1804-1864). ամերիկյան գրող, «Կարմիր տառը» նշանավոր վեպի հեղինակը։</ref> անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։
Ադմին, Վստահելի
1876
edits