Թե ինչպես խմբագրեցի գյուղատնտեսական թերթը

Գրապահարան-ից
00:28, 16 Նոյեմբերի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Թե ինչպես խմբագրեցի գյուղատնտեսական թերթը

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Իմ ժամացույցը»


Ես երկյուղով ձեռք զարկեցի գյուղատնտեսական թերթի ժամանակավոր խմբագրման գործին։ Ճիշտ այնպես, ինչպես հասարակ մահկանացուն, ո՛չ ծովայինը, ձեռք կզարկի նավը ղեկավարելուն։ Բայց ես նեղ վիճակում էի, եւ աշխատավարձն ինձ շատ էր հարկավոր։ Խմբագիրը մեկնեց արձակուրդ, ես համաձայնեցի առաջարկված պայմաններին եւ գրավեցի նրա տեղը։

Այն զգացումը, որ նորից աշխատում եմ, այնպիսի բավականություն էր պատճառում, որ ամբողջ շաբաթ տքնեցի առանց ձեռքերս ծալելու։ Համարը տպագրության հանձնեցինք, եւ ես անհամբեր սպասում էի հաջորդ օրվան՝ իմանալու, թե ինչ տպավորություն կթողնեն իմ հոդվածները ընթերցողի վրա։ Եբր երեկոյան դեմ դուրս եկա խմբագրությունից, մուտքի մոտ կանգնած մեծահասակներն ու մանուկները ցրվեցին այս ու այն կողմ, ճամփա տալով ինձ, եւ ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկն ասաց․ «Այդ նա՛ է»։ Միանգամայն բնական է, որ ես ինձ շոյված զգացի։ Առավոտյան, խմբագրություն գնալիս, մուտքի մոտ տեսա հանդիսականների նույնպիսի մի բազմություն, բացի դրանից, մարդիկ զույգ֊զույգ, կետն֊կետն կանգնած էին փողոցի մեջտեղում ու դիմացի մայթին եւ հետաքրքրությամբ դիտում էին ինձ։ Բազմությունը ետ֊ետ գնաց, իսկ հանդիսականներից մեկը բավական բարձրաձայն ասաց․ «Տեսեք ի՛նչ աչքեր ունի»։ Ձեւացրի, թե չեմ նկատում այդ ընդհանուր ուշադրությունը, բայց սրտիս խորքում շոյված էի զգում ինձ եւ նույնիսկ որոշեցի այդ մասին գրել մորաքրոջս։

Բարձրացա ցածրիկ արտասանդուղքը եւ, մոտենալով դռանը, լսեցի ուրախ ձայներ ու քրքիջի ճայթյուններ։ Դուռը բանալով, հարեւանցիորեն նկատեցի երկու երիտասարդի, հագուստներից դատելով՝ ֆերմերների, որոնք իմ հայտնվելուն պես գունատվեցին եւ լայն բաց արին բերանները։ Նրանք աղմուկով դուրս թռան պատուհանից, ջարդելով ապակիները։ Դա զարմացրեց ինձ։

Մոտավորապես կես ժամ հետո ներս մտավ ինչ֊որ ծերուկ՝ վայելչատես, բայց բավական խոժոռադեմ, երկար, ծածանվող մորուքով։ Ես նրան հրավիրեցի նստելու։ Ըստ երեւույթին, ինչ֊որ բանից վրդովված էր։ Հանելով շլյապան ու դնելով հատակին, նա գրպանից դուրս քաշեց մետաքսե կարմիր թաշկինակն ու մեր թերթի վերջին համարը։

Նա թերթը բացեց իր ծնկներին եւ, մաքրելով ակնոցը թաշկինակով, հարցրեց․

— Նոր խմբագիրը դո՞ւք եք։

Ասացի՝ այո։

— Դուք երբեւիցե գյուղատնտեսական թերթ խմբագրե՞լ եք։

— Ո՛չ,— ասացի ես,— սա իմ առաջին փորձն է։

— Այդպես էլ կարծում էի։ Իսկ երբեւէ զբաղվե՞լ եք գյուղատնտեսությամբ։

— Ո֊ոչ, որքան հիշում եմ՝ չեմ զբաղվել։

— Չգիտեմ ինչու ես այդ նախազգում էի,— ասաց կատկառելի ծերուկը ակնոցը դնելով եւ բավական խստությամբ նայելով ինձ ակնոցի վերեւից։ Նա թերթն ավելի հարմար ծալեց։— Ես կուզենայի կարդալ ձեզ այն տողերը, որոնք այդպիսի նախազգացում առաջացրին իմ մեջ։ Ահավասիկ այդ առաջնորդողը։ Լավ ականջ դրեք եւ ասացեք՝ արդյոք դո՞ւք եք գրել այն։

«Շաղգամը չպետք է ձեռքերով պոկել, դրանից այն փչանում է։ Ավելի լավ է երեխային ուղարկել, որպեսզի բարձրանա ծառը եւ զգուշությամբ թափահարի»։

Դե, ի՞նչ կասեք այս մասին։ Որքան հայտնի է ինձ, սա դուք եք գրել։

— Ինչ կասե՞մ։ Ես կասեմ, որ դա վատ չէ։ Կասեմ, որ դա զուրկ չէ իմաստից։ Ո՛չ մի կասկած, որ հենց մեր օկրուգում միլիոնավոր բուշելներով[1] շաղգամ է փչանում լոկ այն պատճառով, որ քաղում են դեռ չհասած վիճակում, մինչդեռ եթե երեխային ուղարկեին ծառը թափահարելու…

— Թափահարեցեք ձեր տատի՛ն։ Շաղգամը ծառին չի՛ բուսնում։

— Ախ, ահա թե ի՛նչ, չի բուսնում։ Իսկ ո՞վ ասաց, թե բուսնում է։ Դա պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, միայն եւ միայն փոխաբերական։ Ամեն ոք, որ քիչ թե շատ գլուխ է հանում գործից, կհասկանա, որ ես ուզեցել եմ ասել «թափահարել թուփը»։

Այստեղ պատկառելի ծերունին վեր թռավ տեղից, թերթը պատառ֊պատառ արավ, տրորեց ոտքերով, ձեռնափայտով մի քանի իրեր ջարդեց, բղվաեց, որ ես գյուղատնտեությունից հասկանում եմ ոչ ավելի, քան կովը, եւ դուրս նետվեց խմբագրությունից, դուռն ուժգին շրխկացնելով հետեւից։ Ընդհանրապես նա իրեն այնպես պահեց, որ ինձ թվաց, թե ինչ֊որ բանից դժգոհ էր։ Սակայն, չիմանալով թե բանն ինչումն է, ես, անշուշտ, չէի կարող օգնել նրան։

Դրանից քիչ հետո խմբագրատուն ներխուժեց մի երկարահասակ, մեռելի նման անձնավորություն, ուսերին թափված նոսր մազափնջերով, դեմքի լեռներին ու հովիտներին՝ մի շաբաթվա խոզաստեւ, եւ մատը շրթունքներին դնելով քարացավ տեղում։ Ամբողջ իրանով թեքվելով առաջ նա ասես ականջ էր դնում ինչ֊որ բանի։ Ո՛չ մի ձայն չէր լսվում։ Բայց եւ այնպես նա ականջ էր դնում։ Ո՛չ մի ձայն։ Այն ժամանակ նա բանալին պտտեցրեց անցքի մեջ, թաթերի վրա զգուշությամբ մոտեցավ ինձ, կանգ առավ մի քիչ հեռու եւ երկա՜ր֊երկար նայում էր դեմքիս՝ աշխուժ հետաքրքրությամբ, ապա հանեց գրպանից իմ թերթի քառածալ համարն ու ասաց․

— Ահա՛, այս դուք եք գրել։ Կարդացեք բարձրաձայն, դե՝ շուտ։ Թեթեւացրեք իմ տանջանքները։ Ես թուլանում եմ։

Ես կարդացի հետեւյալ տողերը, եւ մինչ բառերը պոկվում էին իմ շրթունքներից, տառապյալի վիճակը գնալով թեթեւանում էր։ Նկատեցի, թե ինչպես աստիճանաբար հարթվում ղին նրա դեմքի վշտալի կնճիռները, տագնապալից արտահայտությունը չքանում էր դեմքից, եւ ի վերջո նրա դիմագծերը լուսավորվեցին խաղաղությամբ ու անդորրությամբ֊ ինչպես տխուր տեսարանն է լուսավորվում լուսնի մեղմ շողերով։

«Գուանոն[2] արժեքավոր թռչուն է, սակայն նրա բուծումը մեծ ջանքեր է պահանջում։ Այն պետք է ներմուծել հունիսից ոչ շուտ եւ սեպտեմբերից ոչ ուշ։ Ձմեռը պետք է տաք տեղում պահել, որպեսզի ձագեր հանի»։

«Ըստ երեւույթին, այս տարի հացահատիկային բույսերի բերքահավաքը կուշանա։ Ուստի ավելի լավ կլինի ֆերմաներն սկսեն եգիպտացորենի կողրերը տնկել եւ արինջի կարկանդակները ցանել հուլիսին եւ ոչ թե օգոստոգին»։

«Դդումի մասին։ Այդ հատապտուղը Նոր Անգլիայի բնակիչների սիրած քաղցրեղենն է․ նրանք այն գերադասում են հաղարջից կարկանդակի խորիսկ պատրաստելիս եւ իբրեւ անասնակեր օգտագործում են ազնվամորու փոխարեն, քանի որ ավելի սննդարար է, միաժամանակ իր համով չի զիջում ազնվամորուն։ Դդումը հյուսիսում աճող նարնջենու ընտանիքի միակ ճաշակելի տարատեսակն է, եթե չհաշվենք սիսեռը եւ սեխի մի երկու֊երեք տեսակները։ Սակայն դդումը տան առաջ իբրեւ դեկորատիվ բույս տնկելու սովորույթը մոդայից ընկնում է, քանի որ բոլորն ընդունում են, որ նա քիչ ստվեր է տալիս»։

«Ներկայումս, երբ տաք օրերը մոտենում են եւ արու սագերն սկսում են խավյար դնել…»։

Հուզված ունկնդիրս թռավ դեպի ինձ, սեղմեց ձեռքս եւ ասաց․

— Լա՛վ, լա՛վ, այդպքանը բավական է։ Այժմ ես գիտեմ, որ խելքս տեղն է․ դուք էլ բառ առ բառ այնպես կարդացիք, ինչպես ես էի կարդում։ Իսկ այսօր առավոտյան, պարո՛ն, առաջին անգամ տեսնելով ձեր թերթը, ասացի ինքս ինձ․ «Ես առաջ երբեք չէի հավատում դրան, չնայած բարեկամներս միշտ էլ հսկողության տակ էին պահում ինձ, բայց այժմ գիտեմ, որ խելքս տեղը չէ»։ Դրանից հետո ես մի վայրի աղաղակ բարձրացրի, որ լսելի էր երկու մղոնի վրա, եւ նետվեցի մեկնումեկին սպանելու, քանի որ ես խելագար եմ, միեւնույն է, վաղ թե ուշ դրան էի հանգելու, ուստի ավելի լավ էր չհետաձգել։ Հաստատ համոզվելու համար, թե խելքս տեղը չէ, կարդացի ձեր հոդվածից մի պարբերություն, հետո հրկիզեցի իմ տունը եւ փախա։ Ճանապարհին մի քանի մարդու խեղանդամ դարձրի, իսկ մեկին հանեցի ծառը, որ հարկ եղած դեպքում ձեռքիս տակ ունենամ։ Բայց անցնելով ձեր խմբագրատան մոտից, որոշեցի այնուամենայնիվ ներս մտնել եւ մեկ անգամ եւս ստուգել ինքս ինձ․ այժմ ես ստուեցի, եւ ծառի վրա նստած խեղճ մարդու բախտը բերեց։ Տուն դառնալիս ես անպայման կսպանեի նրան։ Մնաք բարով, պարո՛ն, ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք, դուք մի ծանր բեռ վերցրիք իմ սրտից։ Եթե իմ դատողությունը դիմացավ ձեր գյուղատնտեսական հոդվածներին, ապա այլեւս ոչ մի բան չի կարող վնասել նրան։ Մնաք բարո՜վ եւ լավագույն ցանկություններ։

Ինձ մի փոքր անհանգստացրին խեղումներն ու հրկիզումները, որոնցով զվարճանում էր այդ անձնավորությունը, մանավադ որ ես որոշ չափով ինձ հաղորդակից էի զգում գործին։ Սակայն ես այդ մասին երկար մտածելու ժամանակ չունեցա՝ սենյակ մտավ խմբագիրը։ (Ինքս ինձ մտածեցի․ «Ա՛յ, եթե դու մեկնեիր Եգիպտոս, ինչպես խորհուրդ էի տալիս, ես դեռեւս հնարավորություն կունենայի ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ։ Բայց դու չուզեցիր ու վերադարձար։ Ուրիշ բան չէի էլ սպասում քեզանից»)։

Խմբագիրը տխուր, ընկճված ու գրգռված տեսք ուներ։

Նա երկար դիտում էր ծեր խառնչակչի եւ երիտասառդ ֆերմերների գործած ավերածությունները, ապա ասաց․

— Ցավալի է, խի՛ստ ցավալի։ Ջարդված է սոսնձի շիշը, վեց պատուհանի ապակի եւ երկու մոմակալ։ Բայց դա դեռ վատթարագույնը չէ։ Ոչնչացավ թերթի վարկը, եւ վախենամ՝ ընդմիշտ։ Ճիշտ է, դեռ երբեք մեր թերթն այսպիսի պահանջ չի ունեցել, դեռ երբեք նա այսպիսի քանակությամբ չի տարածվել եւ չի վայելել այսպիսի հաջողություն, սակայն ո՞վ կուզենա ցնդած հռչակվել եւ հարստանալ սեփական թուլամտության հաշվին։ Բարեկամս, ազնվի մարդու խոսք եմ տալիս ձեզ, որ փողոցը լի է բազմությամբ, մարդիկ նստել են նույնիսկ ցանկապատերին, սպասելով գոնե աչքի պոչով ձեզ տեսնելու պատեհ առիթին․ եւ այդ միայն նրա համար, որ ձեզ խելագար են համարում։ Եվ նրանք իրավունք ունեն՝ ձեր հոդվածները կարդալուց հետո։ Այդ հոդվածները ժուռնալիստիկայի համար խայտառակություն են։ Եվ ինչպե՜ս խելքներիդ փչեց, թե իբր կարող եք գյուղատնտեսական թերթ խմբագրել։ Դուք, ինչպես երեւում է, նույնիսկ գյուղատնտեսության այբուբենը չգիտեք։ Դուք ցաքանը ակոսից չեք տարբերում․ ձեզ մոտ կովերը փետրաթափ են լինում․ դուք խորհուրդ եք տալիս ընտելացնել ժանտաքիսներին, քանի որ այդ կենդանիներն աչքի են ընկնում ուրախ բարքով եւ շատ լավ առնետ են որսում։ Դուք գրում եք, թե ոստրեներն իրենց հանգիստ են պահում, երբ նվագում է երաժշտությունը։ Սակայն այդ դիտողությունն ավելորդ է, բոլորովին ավելորդ։ Ոստրեները միշտ էլ հանգիստ են։ Ո՛չ մի բան չի կարող նրանց հավասարակշռությունից հանել։ Ոստրեները ոչինչ չեն հասկանում երաժշտությունից։ Օ՜, շանթ եւ կայծակ։ Եթե դուք ձեր ողջ կյանքի նպատակը դնեիք կատարելագործվելու տգիտության մեջ, չէիք կարող ավելի աչքի ընկնել, քան ընկաք այսօր։ Ես երբեք այսպիսի բան չեմ տեսել։ Միայն ձեր այն հաղորդումը, թե ձիու շագանակը իբրեւ սպառման առարկա նվաճում է շուկան, կարող է հավիտյանս հավիտենից կործանել թերթը։ Ես պահանջում եմ, որ դուք անմիջապես հեռանաք խմբագրությունից։ Ինձ այլեւս արձակուրդ պետք չէ․ միեւնույն է, ես ոչ մի կերպ չէի կարող օգտվել դրանից, քանի դեռ դուք նստած եք իմ աթոռին։ Ամբողջ ժամանակ ես պիտի դողայի վախից, մտածելով, թե ի՞նչ խորհուրդ եք տալու ընթերցողին հաջորդ համարում։ Աչքերս մթնում են, հենց որ հիշում եմ, թե ինչ էիք գրել ոստրեների տնկարանների մասին «Դեկորատիվ այգեգործություն» խորագրի տակ։ Ես պահանջում եմ անհապաղ հեռանաք։ Իմ արձակուրդը վերջացավ։ Ինչո՞ւ դուք անմիջապես չասացիք, որ գյուղատնտեսությունից ոչինչ չեք հասկանում։

— Ինչու չասացի՞, սիսեռի պատի՛ճ, կաղամբացողո՛ւն, դդումի զավա՛կ։ Առաջին անգամն եմ նման հիմարություն լսում։ Ա՛յ թե ինչ կասեմ ձեզ․ տասնչորս տարի է, ես աշխատում եմ իբրեւ խմբագիր եւ առաջին անգամն եմ լսում, թե մարդ թերթ խմբագրելու համար պետք է մի բան իմանա։ Ա՛խ դուք, դդո՛ւմ։ Ո՞վ է թատերական ռեցենզիաններ գրում լղարիկ թերթուկներում։ Նախկին կոշկակարներն ու թերուս դեղագործները, որոնք դերասանի խաղից նույնքան են հասկանում, որքան ես գյուղատնտեսությունից։ Ովքե՞ր են գրքերի մասին գրախոսություն գրում։ Մարդիկ, որոնք ոչ մի գիրք չեն գրել։ Ո՞վ է ծանրակշիռ առաջնորդողներ թխում ֆինանսական հարցերի շուրջը։ Մարդիկ, որոնց գրպանում երբեք մի գռոշ անգամ չի եղել։ Ո՞վ է գրում հնդիկների դեմ մղվով ճակատամարտերի մասին։ Պարոնայք, որոնք վիգվամը[3] վամպումից [4] չեն տարբերում, որոնք երբեք ստիպված չեն եղել խելակորույս փախչել՝ ազատվելու տոմահավկից[5], կամ նետերը դուրս քաշել իրենց ազգականների մարմիններից՝ դադարքում խարույկ վառելու համար։ Ո՞վ է խելամուտ կոչեր գրում զգաստության առթիվ եւ բոլորից բարձր բղավում հարբեցողության վնասների մասին։ Մարդիկ, որոնք ուշքի կգան միայն գերեզմանում։ Ո՞վ է խմբագրում գյուղատնտեսական թերթը։ Մի՞թե ձեզ նման արմատապտուղները։ Ո՛չ, ամենից հաճախ ձախողակ մարդիկ, որոնց բախտը չի բերել պոեզիայում, բուլվարային դեղնակազմ վեպերում, սենսացիոն մելոդրամաներում, խրոնիկաներում եւ որոնք կանգ են առել գյուղատնտեսության վրա, դիտելով այն իբրեւ աղքատախնամ ապաստարան տանող ճամփի ժամանակավոր կայան։ Դուք ինձ բացատրում եք թերթի գործը։ Դա ինձ հայտնի է Ալֆայից մինչեւ Օմախա[6], եւ ես ձեզ ասում եմ՝ մարդ որքան քիչ գիտե, այնքան ավելի է աղմկում եւ ավելի շատ աշխատավարձ ստանում։ Աստված վկա, եթե ես լինեի տգետ ու լկտիի մեկը, եւ ոչ թե կրթված, համեստ մի մարդ, մեծ համբավ կնվաճեի այս սառը, անզգա աշխարհում։ Ես հեռանում եմ, սըր։ Դուք այնպես եք վարվում ինձ հետ, որ ես նույնիսկ ուրախ եմ հեռանալու համար։ Բայց ես կատարեցի իմ պարտքը։ Որքան կարող էի, իրագործեցի այն ամենը, ինչ պետք է իրագործեի պայմանագրի համաձայն։ Ես ասացի, որ ձեր թերթը հասարակության բոլոր խավերի համար հետաքրքիր կդարձնեմ, եւ դարձրի՛։ Ես ասացի, որ տպաքանակը կհասցնեմ քսան հազարի, եւ կհասցնեի, եթե երկու շաբաթ եւս ունենայի իմ տրամադրության տակ։ Եվ ես կտայի ձեզ ընթերցողների մի ամենաընտիր շրջան, որ երբեւէ ունեցել է գյուղատնտեսական թերթը․ ո՛չ մի ֆերմեր, ո՛չ մի մարդ, որը կարողանար նույնիսկ հանուն սեփական կյանքի փրկության, սեխի թուփը տարբերել ծիրանի վազից։ Մեր խզումից տուժում եք դո՛ւք, եւ ոչ թե ես։ Մնաք բարո՜վ, ձմերուկի ծառ։

Եվ ես դուրս եկա։

  1. Բուշել — սորուն մարմինների տարողության անգլիական չափ, որ հավասար է 36, 345 լիտրի։
  2. Գուանո — թռչնաղբ (պարարտանյութ)։
  3. Վիգվամ— հնդկական հյուղ։
  4. Վամպում— խեցիներից եւ ուլունքներից պատրաստված մանյակներ, գոտիներ ու զանազան զարդեր։
  5. Տոմահավկ— հնդիկների մարտական տապար։
  6. Պարոդիայի է ենթարկում «ալֆայից մինչեւ օմեգա» արտահայտությունը։ Ալֆա եւ Օմախա— քաղաքներ ԱՄՆ֊ում։