Լինչի դատաստանը

Գրապահարան-ից

{Վերնագիր |վերնագիր = Լինչի դատաստանը |հեղինակ = Շերվուդ Անդերսոն |թարգմանիչ = Աշոտ Գրիգորյան |աղբյուր = «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր) }}

Հուզումի հախուռն ալիքը, մարդկանց հարայհրոցն ու գոռում֊գոչյուններն աստիճանաբար հանգան֊ձուլվեցին քաղաքային այգու լռության մեջ։ Մարդկանց մի խումբ դեռ կանգնած էր ծփիների տակ, որ աղոտ լուսավորված էին երկու թաղամաս այն կողմ գտնվող փողոցային լապտերի կապտավուն լույսից։ Հոգնաբեկ անդորը իջավ մարդկանց վրա։ Խառնամբոխի մի մասը սկսեց դանդաղորեն ցրվել մթության մեջ։ Այգու խոտածածկույթը տրորվել, ոտքի տակ էր գնացել։

Մայքը գիտեր, որ ամեն ինչ վերջացել է։ Թեթևության զգացողությունը նրան էլ էր համակել։ Այնպես հոգնած էր, ասես մի քանի գիշեր չէր քնել, բայց դա երազի նմանվող մի հոգնություն էր, գորշ ու հարմարավետ հոգնություն։ Նա գլխարկը քաշեց աչքերին ու սկսեց հեռանալ, բայց այգուց դուրս գալուց առաջ շրջվեց՝ մի վերջին հայացք նետելու համար։

Խառնամբոխի կենտրոնում մեկը մի ճմրթված լրագիր էր վառել ու պարզել վեր։ Մայքը տեսավ, թե ինչպես է բոցը գալարվում ծառից կախված մուգ, մերկ մարմնի ոտքերի մոտ։ Նրան տարօրինակ թվաց, որ նեգրերը մեռնելուց հետո գորշ֊կապտավուն են դառնում։ Վառվող լրագիրը լուսավորում էր վեր նայող մարդկանց գլուխները, լուռ ու կենտրոնացած մարդկանց, որոնք աչքերը չէին կտրում կախվածից։

Մայքը ներքուստ մի փոքր զայրացավ այն մարդու վրա, ով փորձում էր այրել մարմինը։ Նա դիմեց խավարի մեջ իր կողքին կագնածին։

― Դրանից օգուտ չկա, ― ասաց նա։

Մարդը հեռացավ առանց պատասխանելու։

Լրագրե ջահը հանգավ, այգին թաղելով գրեթե անթափանց մթության մեջ։ Բայց անմիջապես մի ուրիշը բռնկվեց ու պարզվեց դեպի կախվածի ոտքերը։ Մայքը մոտեցավ մի ուրիշ դիտողի։

― Դրանից օգուտ չկա, ― կրկնեց նա։ ― Նա հիմա մեռած է։ Էլ չեն կարող ցավ պատճառել նրան։

Մարդը մրթմրթաց, բայց հայացքը չկտրեց այրվող թղթից։

― Լավ աշխատանք է, ― ասաց նա։ ― Դա մեզ կփրկի ահագին ծախսից, և ոչ մի քնձռոտ փաստաբան քիթը չի խոթի էս գործի մեջ։

― Ես էլ էդ եմ ասում, ― համաձայնվեց Մայքը։ ― Ոչ մի քնձռոտ փաստաբան։ Բայց նրան վառելուց օգուտ չկա։

Մարդը շարունակեց ակնդետ նայել բոցին։

― Էհ, համենայնդեպս վնաս էլ չկա, ― ասաց նա։

Մայքը փորձեց աչքերով կլանել տեսարանը։ Բայց զգաց, որ հոգնած է։ Ու բոլոր մանրամասները չկարողացավ տեղավորել հիշողության մեջ։ Կատարվածը մի այնպիսի բան էր, որ նա կուզենար մտապահել՝ հետագայում ուրիշներին պատմելու համար, բայց բութ հոգնությունը խանգարում էր տեսարանն ընկալել իր ողջ սրությամբ։ Ուղեղը նրան ասում էր, թե պատահածը սարսափելի էր ու նշանակալից, բայց աչքերն ու զգացմունքները հրաժարվում էին դրան հավատալ։ Ամեն ինչ շատ սովորական էր։ Կես ժամ առաջ, երբ նա ամբոխի հետ մեկտեղ վայրենի բղավոցներ էր արձակում, մյուսներին հրմշտելով, որ հենց ինքը օգնի՝ անցկացնելու պարանը, այնպես էր հուզվել, որ մի պահ սկսեց արտասվել։ Սակայն այժմ ամեն ինչ թվում էր մեռած ու անիրական։ Գորշ խառնամբոխը կազմված էր անշարժացած խամաճիկներից։ Բոցի լույսի տակ նրանց դեմքերը նույնքան արտահայտիչ էին, որքան փայտը։ Մայքն այդ փայտացածությունն ու անիրականի զգացողությունը որսաց նաև իր մեջ։ Վերջապես նա շրջվեց ու դուրս եկավ այգուց։

Ամբոխի միջից դուրս գալու պահին էր հենց, որ մենության մի սառը զգացում պատեց նրան։ Նա արագորեն քայլեց փողոցի երկայնքով, ցանկանալով, որ մեկնումեկը քայլեր իր կողքից։ Լայն փողոցը ամայի էր ու լքված, և նույնքան անիրական, որքան այգին։ Մեքենաների պողպատափայլ հետագծերը պսպղում էին փողոցի լապտերների լույսի ներքո, որոնք, ինչպես կեսգիշերային գլոբուսներ, արտացոլվում էին խանութների մութ ցուցափեղկերում։

Մայքն սկսեց մի թույլ ցավ զգալ կրծքավանդակում։ Նա մատներով շոշափեց՝ մկանները նվվում էին։ Հետո հիշեց․ ինքը խառնամբոխի առջևում էր, երբ ջարդուփշուր արեցին բանտի դուռը։ Մի քառասուն մարդ Մայքին, ինչպես խոյի գլուխ, ճզմեցին դռան վրա։ Նա այն ժամանակ գրեթե ոչինչ չզգաց, և թվում էր, թե նույնիսկ հիմա էլ ցավը մենության բութ երանգն ուներ։

Երկու թաղամաս այն կողմ մայթի վրա էր կախվել նեոնե Գարեջուր բառը։ Մայքը շտապեց նրա ուղղությամբ։ Հույս ուներ, որ այնտեղ մարդիկ կգտնի ու կզրուցի հետները՝ ցրելու համար իրեն պարուրած լռությունը, ու հույս ուներ նաև, թե այդ մարդիկ լինչի դատաստանին մասնակցած չեն լինի։

Բարմենը միայնակ էր իր փոքրիկ բարում․ փոքրամարմին, միջին տարիքի մարդ էր՝ մելամաղձոտ բեղերով ու ծեր մկան արտահայտությամբ, իմաստուն, գզգզված ու ահազդու։

Նա արագ գլխով աեց, երբ Մայքը ներս մտավ։

― Այնպիսի տեսք ունես, ասես քնիդ մեջ ես քայլում, ― ասաց նա։

Մայքը զարմանքով նրան նայեց։

― Ինձ էլ է էդպես թվում՝ ոնց որ թե քնիս մեջ եմ քայլում։

― Այդ դեպքում կարող եմ որևէ թունդ բան առաջարկել։

Մայքը տատանվեց։

― Ոչ․․․ Ես մի տեսակ ծարավ եմ։ Գարեջուր կխմեմ․․․ Դու էլ էի՞ր էնտեղ։

Մարդուկը դարձյալ իր մկնանման գլուխը տմբտմբացրեց։

― Ամենավերջո՛ւմ, երբ նա արդեն ճոճվում էր, ու ամեն ինչ վերջացել էր։ Մտածեցի, թե տղերքից շատերը ծարավ կլինեն, դրա համար էլ վերադարձա ու բացեցի բարը։ Բայց քեզնից բացի դեռ ոչ ոք չի երևացել։ Երևի սխալվեցի։

Միգուցե ավելի ուշ գան, ― ասաց Մայքը։ ― Շատերը դեռ այգում են։ Թեև, ճիշտն ասած, խաղաղվել են։ Մի քանիսը փորձում են թերթով վառել նրան։ Բայց դրանից օգուտ չկա։

― Ոչ մի օգուտ, ― հաստատեց մարդուկը։ Նա մատներով չրթացրեց իր բարակ բեղը։

Մայքը մի քանի հատիկ աղ լցրեց իր գարեջրի մեջ և մի մեծ կում արեց։

― Լավ է, ― ասաց նա, ― ոնց որ հալից ընկած լինեմ։

Բարմենը բարի վրայով հակվեց դեպի Մայքը․ նրա աչքերը վառվում էին։

― Դու ամբողջ ժամանակ էնտե՞ղ էիր․․․ բանտում և․․․ մինչև վե՞րջ։

Մայքը դարձյալ խմեց ու նայեց իր գարեջրի մեջ, դիտելով, թե ինչպես են բաժակի հատակին պառկած աղահատիկներից պղպջակներ բարձրանում։

― Մինչև վերջ, ― ասաց նա։ ― Ես առաջիններից էի, որ բանտ մտա ու հենց ես էլ օգնեցի պարանն անցկացնելիս։ Դեպքեր կան, երբ մարդիկ իրենց ձեռքը պետք է վերցնեն օրենքը։ Թե չէ՝ մեջ է ընկնում մի քնձռոտ փաստաբան ու սատանան գիտե, թե ինչեր է հնարում իրենից։

Մկանման գլուխը վեր ու վար արեց։

― Գրողը տանի, դու իրավացի ես, ― ասաց մարդուկը։ ― Փաստաբանները դրանց որտեղից ասես, որ դուրս չեն հանի։ Իմ կարծիքով, նեգրն իրոք մեղավոր էր։

― Օ՜, անկասկած։ Ինչ֊որ մեկն ասաց, թե նա նույնիսկ խոստովանել է։

Գլուխը դարձյալ հակվեց բարին։

― Ո՞նց սկսվեց էդ պատմությունը։ Երբ ես եկա, արդեն ամեն ինչ վերջացել էր։ Միայն մի քանի րոպե մնացի ու վերադարձա բարը բացելու՝ բան է, թե տղերքը մի բաժակ գարեջուր ուզենային խմել։

Մայքը դատարկեց բաժակն ու առաջ հրեց, որ էլի լցնեն։

― Դեհ, ինչ խոսք, բոլորն էլ գիտեին, որ դա պատահելու է։ Ես բանտին մոտիկ բարերից մեկում էի։ Ամբողջ օրը էնտեղ էի։ Մեկը ներս մտավ ու ասաց․ «Էլ ինչի՞ ենք սպասում»։ Մենք դուրս ելանք փողոց, ուր արդեն ահագին մարդ կար ու դեռ էլի գալիս էին։ Բոլորս կանգնել էինք էնտեղ ու գոռգոռոցներս գցել գլուխներս։ Հետո հայտնվեց շերիֆը ու ճառ ասաց, բայց մենք մեր գոռգոռոցներով լռեցրինք նրան։ Տղերքից մեկը իր 22 տրամաչափի հրացանով փշրեց փողոցի բոլոր լույսերը։ Հետո մենք նետվեցինք դեպի բանտ ու դռները ջարդեցինք։ Շերիֆը բան էլ չէր կարող անել։ Իր օգտին չէր լինի, թե որ մի ապուշ նեգրի պատճառով կրակեր ազնիվ մարդկանց վրա։

― Մանավանդ, ընտրություններն էլ մոտենում են, ― վրա բերեց բարմենը։

― Է՛հ, շերիֆս վայնասունը գցեց՝ «Ճիշտ մարդուն վերցրեք, տղերք, աստծո սիրույն, ճիշտ մարդուն վերցրեք։ Նա ներքևի չորրորդ խցում է»։ Մեղքս մի տեսակ եկավ դրանց, ― շարունակեց Մայքը դանդաղ, ― մյուս բռնվածներին․․․ հո չէի՜ն վախեցել։ Ճաղերի միջով տեսնում էինք դրանց։ Էդպիսի դեմքեր դեռ չեմ տեսել։

Բարմենը հուզված մի փոքրիկ բաժակ վիսկի լցրեց ինքն իր համար ու դատարկեց։

― Շատ էլ չեմ մեղադրում դրանց, ― ասաց նա։ ― Ասենք, քեզ մի երեսուն օրով նստեցրել են ու հանկարծ կատաղած ամբոխը վրա է տալիս։ Ով էլ որ լինի, կվախենա, թե հանկարծ կսխալվեն։

― Ես էլ էդ եմ ասում։ Մեղքս եկավ դրանց։ Վերջը, հասանք նեգրի խուցը։ Նա անշարժ տնկվել էր էնտեղ, աչքերը փակ, ոնց որ թունդ խմած։ Մեկը նրան տվեց ու նա վայր ընկավ, ապա ոտքի կանգնեց, հետո մի ուրիշը հասցրեց, և նա էլի ընկավ ու գլուխը խփեց ցեմենտե հատակին։

Մայքը հակվեց բարի վրա ու ցուցամատով թփթփացրեց ողորկ փայտին։

― Իհարկե, սա իմ կարծիքն է, բայց երևի դա սպանեց նրան։ Որովհետև ես օգնում էի նրա շորերը հանելիս, ու նա ոչ մի անգամ չշարժվեց, և երբ մենք նրան կախեցինք, էլի ոչ մի անգամ չցնցվեց։ Ո՛չ, սը՛ր։ Կարծում եմ, որ նա այդ ամբողջ ժամանակ մեռած էր՝ երկրորդ հարվածից հետո։

― Էհ, վերջին հաշվով, նույն բանն է։

― Իսկի էլ նույնը չէ։ Ամեն բան պետք է օրինավոր ձևով արվի։ Նա արժանի էր պարանի, ուրեմն պիտի կախվեր։

Մայքը ձեռքը գրպանը խոթեց ու բամբակե կապույտ գործվածքի մի կտոր դուրս բերեց։

― Սա նրա շալվարից մի կտոր է, ― ասաց նա։

Բարմենը գլուխը մոտեցրեց ու զննեց կտորը։ Հետո ընդոստ նայեց Մայքին։

― Դրա դիմաց ես քեզ մի դոլար կտամ, ― ասաց նա։

― Կտաս, ո՜նց չէ։

― Լավ, երկու դոլար՝ դրա կեսի դիմաց։

Մայքը կասկածանքով նայեց նրան։

― Ինչի՞դ է պետք, ― հարցրեց նա։

― Հապա, էստեղ բեր բաժակդ։ Էս քեզ գարեջուր՝ իմ հաշվին։ Ես դա կկպցնեմ պատին՝ տակին մի պստիկ ցուցանակ։ Էստեղ եկողները կուզենան տեսնել դա։

Մայքն իր գրպանի դանակով մի կերպ երկու մասի բաժանեց կտորը և երկու արծաթե դոլար ստացավ բարեկամից։

― Ես մի ցուցանակներ գրողի տեղ գիտեմ, ― ասաց մարդուկը։ ― Ամեն օր գալիս է։ Ինձ համար մի սիրուն ցուցանակ կսարքի՝ որ կպցնեմ սրա տակ։ ― Նա զգուշավոր տեսք ընդունեց։ ― Ի՞նչ ես կարծում, շերիֆը որևէ մեկին կբռնի՞։

― Հազիվ թե։ Ինչո՞ւ պիտի իրեն գլխացավանքի մեջ գցի։ Էս գիշերվա ժողովրդի մեջ ահագին քվեարկողներ կան իր օգտին։ Հենց որ մարդիկ ցրվեն, շերիֆը կգա, նեգրին կիջեցնի ու մի քիչ կմաքրի չորսբոլորը։

Բարմենը նայեց դռան կողմը։

― Հավանաբար սխալվեցի՝ կարծելով, թե մարդիկ խմել կուզենան։ Արդեն ուշ է։

― Երևի, ես էլ տուն գնամ։ Հոգնած եմ զգում, ― ասաց Մայքը։

― Թե որ հարավային կողմ ես գնում, բարը կփակեմ ու մի փոքր կքայլեմ հետդ։ Իմ տունը ութերորդ փողոցում է։

― Ճի՞շտ, դա մեր տնից երկու թաղամաս է էն կողմ։ Դու մեր տան մոտով պիտի անցնես։ Տարօրինակ է, որ քեզ երբեք չեմ տեսել մեր կողմերում։

Բարմենը լվաց Մայքի բաժակն ու հանեց երկար գոգնոցը։ Նա դրեց գլխարկն ու հագավ վերարկուն, քայլեց դեպի դուռը և անջատեց նեոնե ազդագիրն ու ներսի լույսերը։ Մի պահ երկուսն էլ անշարժացան մայթին՝ նայելով ետ, դեպի այգին։ Մի ոստիկան էր անցնում դիմացի հատող փողոցով՝ իր լապտերով լուսավորելով խանութների մութ ցուցափեղկերը։

― Տեսնո՞ւմ ես, ― ասաց Մայքը, ― ասես ոչինչ էլ չէր պատահել։

― Եթե տղաները գարեջուր խմելու կարիք էլ են ունեցել, նրանք, երևի, մի ուրիշ տեղ են գնացել։

― Ես քեզ ի՞նչ ասացի, ― ասաց Մայքը։

Թեթևակի օրորվելով՝ նրանք անցան ամայի փողոցով ու թեքվեցին դեպի հարավ՝ գործարար շրջանից դուրս։

― Իմ ազգանունը Ուելչ է, ― ասաց բարմենը։ ― Ընդամենը երկու տարի է, ինչ էս քաղաքում եմ ապրում։

Մենության զգացումը դարձյալ համակեց Մայքին։

― Տարօրինակն այն է, որ․․․ ― սկսեց նա, հետո ասաց․

― Ես էստեղ էլ ծնվել եմ, նույն տանը, ուր հիմա ապրում եմ։ Կին ունեմ, բայց երեխաներ՝ ոչ։ Երկուսս էլ էս քաղաքում ենք ծնվել։ Բոլորը մեզ ճանաչում են։

Նրանք քայլեցին֊անցան մի քանի թաղամաս։ Խանութները մնացին ետևում և այժմ սաղարթախիտ պարտեզներն ու միաչափ կտրված գազոններն էին եզրագծում փողոցը։ Ծառերը երկար ստվերներ էին գցել մայթերի վրա։ Երկու անտեր շներ անցան նրանց կողքով՝ հոտոտելով միմյանց։

Ուելչը մեղմորեն ասաց․

― Հետաքրքրիր է, ի՞նչ տեսակ մարդ էր նա․․․ նեգրը, ուզում եմ ասել։

Մայքը պատասխանեց իր մենության միջից․

― Բոլոր թերթերն էլ գրեցին, թե նա հրեշի մեկն է։ Ես կարդացել եմ թերթերը։ Բոլորն էլ նույն բանն էին ասում։

― Ճիշտ է, ես էլ եմ կարդացել։ Բայց մարդ զարմանում է նրա վրա։ Ես ճանաչել եմ մի քանի լավ, հիանալի նեգրերի։

Մայքը շրջվեց ու դժգոհ ասաց․

― Էհ, ես էլ եմ ճանաչել մի քանի լավերին։ Ես դրանց հետ կողք֊կողքի աշխատել եմ, և նրանք նույնքան հիանալի մարդիկ էին, որքան որևէ սպիտակ, որի հետ մարդ կուզենար մտերմություն անել․․․ Բայց դրանց հրեշներից աստված հեռու պահի։

Նրա կրքոտությունը մի պահ լռեցրեց փոքրիկ Ուելչին։ Քիչ անց նա ասաց․

― Երևի դժվար է ասել, թե ինչ տեսակ մարդ էր նա։

― Ի՞նչ ասեմ․․․ Նա պարզապես անշարժ կանգնած էր՝ բերանն ու աչքերը ամուր փակած, ձեռքերը կողքերին սեղմած։ Հետո տղերքից մեկը խփեց նրան։ Սա իմ կարծիքն է, բայց, հավանաբար, նա արդեն մեռած էր, երբ դուրս տարանք։

Ուելչը մոտեցավ։

― Հիանալի պարտեզներ կան էստեղ։ Երևի ահագին փող է գնում սրանց խնամքի վրա։ ― Նա ավելի մոտեցավ, այնպես որ ուսն արդեն քսվում էր Մայքի ձեռքին։ ― Ես երբեք չեմ մասնակցել լինչի դատաստանի, ― ասաց նա։ Մարդ ինչպե՞ս է զգում իրեն․․․ դրանից հետո․․․

Մայքը խուսափեց շփումից։

― Ոչ մի բան էլ չես զգում, ― ասաց նա։

Նա գլուխը կախեց ու արագացրեց քայլերը։ Փոքրամարմին բարմենը ստիպված էր համարյա վազել՝ ետ չընկնելու համար։ Փողոցի լույսերը քչացան։ Հիմա ավելի խավար էր ու ավելի ապահով։

Մայքը պայթեց․

― Հոգնած ու ջարդված եմ զգում, ա՛յ թե ոնց։ Բայց նաև, մի տեսակ, բավարարված։ Ասես մի ազնիվ գործ ես կատարել, բայց հոգնած ես ու շշմած։ ― Նա դանդաղեցրեց քայլերը։ ― Տե՛ս, այնտեղ, խոհանոցում լույս է վառվում։ Պառավս ինձ է սպասում։

Իր փոքրիկ տան առջև նա կանգ առավ։

Ուելչը նույնպես կանգնեց՝ նյարդայնացած։

― Անցիր ինձ մոտ, թե որ սիրտդ մի բաժակ գարեջուր կամ ավելի թունդ բան ուզենա, ― ասաց նա։ ― Իմ բարը մինչև կեսգիշեր բաց է։ Ես իմ ընկերների հետ ազնվաբար եմ վարվում։

Ու նա ծեր մկան նման պուկ եկավ։

― Բարի գիշեր, ― նրա ետևից կանչեց Մայքը։

Նա շրջանցեց տունն ու ներս մտավ ետևի դռնից։ Նրա նիհարավուն, նյարդայնացած կինը նստել էր գազօջախի առջև ու տաքանում էր։ Նա իր հանդիմանող հայացքն հառեց Մայքին, երբ վերջինս հայտնվեց շեմքին։ Հանկարծ նրա աչքերը լայնացան ու դեմքը խոժոռվեց։

― Դու կնոջ հետ եղել, ― ասաց նա խռպոտ ձայնով։ ― Ո՞ւմ հետ ես քարշ եկել։

Մայքը ծիծաղեց․

― Համա թե խելոքի տեղն ես քեզ դրել, հա։ Էն էլ ի՛նչ խելոքի։ Ինչի՞ց հնարեցիր, թե կնոջ հետ եմ եղել։

Կինը կատաղորեն վրա տվեց․

― Չլինի՞ կարծում ես, թե տեսքիցդ չի երևում։

― Լավ, ― ասաց Մայքը, ― թե որ էդքան խելոք ես ու ամենագետ, ես քեզ ոչ մի բան չեմ ասի։ Սպասիր, մինչև առավոտյան թերթերը գան։

Նա տեսավ, թե ինչպես կնոջ դժգոհող աչքերի մեջ կասկած հայտնվեց։

― Հո նեգրի հաշիվը չէ՞, ― հարցրեց նա։ ― Չլինի՞ նեգրին եք ձեռք գցել։ Բոլորն խոսում էին, թե դա պատահելու է։

― Ինքդ գլխի ընկիր, թե որ էդքան խելոքն ես։ Ոչ մի բան էլ չեմ ասի։

Մայքը դուրս եկավ խոհանոցից ու մտավ լոգասենյակ։ Պատից մի փոքրիկ հայելի էր կախված։ Մայքը հանեց գլխարկը և ուշադիր նայեց իր դեմքին։ «Աստված վկա, նա իրավացի է, ― մտածեց նա։ ― Տեսքս իրոք որ էդպիսին է»։