Վերջին թարմացում 2 Նոյեմբերի 2015, 19:36

Կարմրուկով հիվանդացած Էրնի թութակի մասին

Կարմրուկով հիվանդացած Էրնի թութակի մասին

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Միստր Հյուսը հյուսն էր, որն իր Գրիմբլ կատվի ու երկնագույն թութակ Էրնիի հետ ապրում էր փոքրիկ տնակում։ Ցերեկը, երբ միստր Հյուսը գնում էր աշխատանքի, Գրիմբլը ննջում էր խոհանոցի աթոռին, իսկ Էրնին թռչկոտում էր վանդակում դրված ձողի վրա, նայում էր հայելուն ու կտցահարում էր հատիկները։

Մերթ ընդ մերթ Գրիմբլը արթնանում էր, ձգվում, աչքի ծայրով նայում, թե ինչպես է Էրնին թռչկոտում ձողի վրա ու դարձյալ քնում։

Ու մի անգամ էլ, երբ Գրիմբլը արթնացավ ու նայեց վանդակին, ձողի վրա Էրնիին չտեսավ։ Թութակը անշարժ նստել էր վանդակի անկյունում։ Նրա մարմինը ծածկվել էր կարմիր բծերով։

— Երդվում եմ իմ ձագերով ու ճանկերով,— գոչեց Գրիմբլը։— Էրնին կարմրուկ է հանել։ Պետք է շուտափույթ հայտնել մեր տիրոջը, որպեսզի բժիշկ կանչի։

Բայց միստր Հյուսը աշխատում էր քաղաքի մյուս ծայրում գտնվող խոշոր գործարանում, եւ Գրիմբլը նույնիսկ ճանապարհը չգիտեր։ Ի՞նչ անել։ Նա նստեց ու քիչ անց որոշեց, թե ինչ անի, որովհետեւ շատ խելացի կատու էր։ Մոտեցավ պատուհանին, ցատկեց լուսամուտագոգին, իսկ այնտեղից էր ուղիղ դեպի մարգագետին։

Առավոտ էր, պայծառ փայլում էր արեւը եւ ակնածաղիկները աչքերը լայն բացած, ծաղկաթմբից նայում էին աշխարհին։

Գրիմբլը մոտեցավ ակնածաղիկներին ու ասաց․

— Խնդրում եմ, փակեք ձեր աչքերը, ենթադրենք, թե արդեն գիշեր է։

— Շատ լավ, Գրիմբլ,— պատասխանեցին ակնածաղիկները եւ փակեցին իրենց ծաղկաթերթիկները։

Հենց որ փակեցին, մարգագետնում խավար տիրեց, ինչպես լինում է գիշերով։ Բայց հարեւան այգում դեռ պայծառ օր էր եւ ակնածաղիկները իրենց աչքերը բացած նայում էին շուրջը։ Բայց երբ նրանք տեսան, որ ցանկապատից այն կողմ գտնվող մարգագետնում մութ է, անմիջապես իրենք էլ փակեցին աչքերը եւ այգում էլ գիշերվա պես խավար տիրեց։ Սրանց հետեւելով, մյուս այգիներում էլ փակվեցին ծաղիկները, եւ քիչ հետո ամբողջ քաղաքում գիշեր եղավ։

Քաղաքային աշխատարկի ժամացույցը, որ հենց նոր էր խփել ժամը տասնմեկը, շատ զարմացավ, տեսնելով, որ արդեն մութն ընկել է։

«Հավանաբար ետ եմ մնացել,— մտածեց նա ու սլաքով քորեց ծոծրակը։— Մի՞թե արդեն երեկո է»։

Եվ սկսեց արագ֊արագ տըկտըկալ․ նա իր ամբողջ կյանքում երբեք այդպես արագ չէր տըկտըկացել։ Ու քիչ հետո խփեց երեկոյան ժամը վեցը։

Երբ այն գործարանի տնօրենը, որտեղ աշխատում էր միստր Հյուսը, լսեց, որ քաղաքային աշտարակի ժամացույցը խփեց վեց անգամ, պատուհանից նայեց դուրս, տեսավ որ մութն ընկել է ու վճռեց, որ բանվորներին տուն արձակելու ժամանակն է արդեն։

Հենց որ միստր Հյուսը տուն վերադարձավ, անմիջապես տեսավ, որ Էրնիի մարմինը դուրս է տվել ու շտապեց բժշկի ետեւից։ Իմանալով, որ Էրնիի մարմինը ծածկված է կարմիր բծերով, բժիշկը առանց ժամանակ կորցնելու եկավ հիվանդի մոտ։

— Ահա թե ինչ…— ծոր տվեց բժիշկը։— Իմ կարծիքով, սա, իսկապես, կարմրուկ է։ Բայց թեթեւ տեսակը։ Սիրելիս, հապա ասա․ «Իննսունինը»։

— Իննսունինը,— ասաց միստր Հյուսը։

— Միստր Հյուս, ես դա ձեզ չխնդրեցի,— ասաց բժիշկը։— Ուզում եմ, որ Էրնին ասի՝ «Իննսունինը», որպեսզի նրա լնդերը բացվեն։

— Իննսունինը,— ասաց Էրնին։

— Այո, այո… կասկած լինել չի կարող, որ կարմրուկ է,— ասաց բժիշկը։— Բայց ոչինչ, շուտով կապաքինվի։

Բժիշկը Էրնիին դեղ թողեց ու խոստացավ, որ հաջորդ օրը դարձյալ կգա։

— Իսկ առայժմ,— ասաց նա,— թերեւս, Գրիմբլը կխնամի՞ նրան։

— Իհարկե, կխնամի,— ասաց միստր Հյուսը։— Գրիմբլը շատ խելացի կատու է։

Մեկ շաբաթ անց Էրնին ապաքինվեց ու դարձյալ սկսեց ամբողջ օրը ցատկոտել ձողի վրա, իսկ Գրիմբլը խոհանոցում քնած, սպասում էր, թե երբ աշխատանքից կվերադառնա միստր Հյուսը։