Կեանքի Օրենքը

Գրապահարան-ից
03:44, 19 Օգոստոսի 2013 տարբերակ, Հանուման (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կեանքի Օրենքը

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

Ա

Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ՝ ինչ որ արտաքին ոյժեր:

Ճիշտ է, որ մարդկային ցեղը շատ ուշ սկսեց իմաստասիրել, թէ պայքարն է կեանքի օրէնքը, պայքարը որպէս միջոց անհատի եւ ցեղերի ինքնակատարելագործութեան: Նա ուշ ըմբռնեց, թէ ապրել, ասել է՝ յառաջադիմել պայքարի ճամբով, բայց իրապէս նրա կեանքը եղել է անվերջ նպատակադրութիւն եւ ձգտում, իր մօտաւոր կամ հեռակայ նպատակներին հասնելու համար:

Նա - անհատ թէ հաւաքական մարդը - իր գոյութեան ընթացքում չի ապրել մի վիճակ, որի մէջ իրեն դժգոհ չզգար եւ չձգտէր դէպի աւելի լաւը […]:

Բաւական չէ միայն նպատակադրել. պէտք է նաեւ> իմաստութեամբ ընտրել կարողանալ դէպի նպատակը տանող ճամբան: Վասնզի որքան բնական ու ճիշտ է այս կամ այն նպատակի ընտրութիւնը, այնքան դժուար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրութիւնը: Առաջին դէպքում, անհատը թէ հաւաքականութիւնը թելադրւում է իր կարիքներից՝ ունենալու աւելին, քան ունի, լինելու աւելին, քան է:

Երկրորդ դէպքում՝ նպատակադրողը պէտք է առաջնորդուի իմաստութեամբ - քաղաքական թէ կենցաղական - եթէ չի ուզում իր բովանդակ կեանքը սպառել անվերջ թափառումների ու պրպտումների, փորձերի եւ փորձանքների մէջ: Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինգի Կոյրերի պէս, մոլորուած տգիտութեան անտառում, կը շարունակեն խարխափել մթութեան եւ անստուգութեան մէջ, բազում ճամբաների վրայ:

Մոլորանք ու խարխափում - ահա՛ թէ ե՞րբ է ծնունդ առնում տառապանքը եւ հսկայական սեւ թռչունի պէս իր ցուրտ թեւերը տարածում իրենց նպատակի ճամբին մոլորուած, ճամբից դուրս ընկածների հոգու վրայ: Չեմ ուզում ասել, թէ տառապանքը հետեւանք է ամեն տեսակ պայքարի, որ ենթադրում է նպատակը: Երբե՛ք: Յաջող պայքարի դէպքում՝ մարդկային հոգեկան ոյժերը աճում են յաղթահարուելիք դժուարութեանց համեմատութեամբ: Անսխալ պայքարի ընթացքում մարտնչողի հոգին լցւում է յաղթական ուրախութեամբ՝ զօրեղացնելով աշխարհի հետ կոուի բռնուածի թեւն ու թափը:

Տառապանքը - յուսոյ եւ ներքին ուրախութեան չգոյութիւնը - հետեւանքն է ընդունայն, անիմաստ պայքարի, պայքար, որի վախճանը չի տեսնւում, որի յաջող ելքին այլեւս չի հաւատում պայքարողը, զուր պայքար, որի ընթացքում գլուխ է բարձրացնում յուսահատութիւնը եւ հարուածում մարտնչողի ոգին: Այո՛, անյուսութիւնը ծնում, իսկ տկա-րութիւնը դիեցնում է, սնուցանում տառապանքը: Ասել է՝ տառապանքը հետեւանք է ո՛չ թէ նպատակադրութեան, նպատակի, որքան էլ մեծ եւ հեռաւոր լինի դա, այլ՝ նպատակի համար ընտրուած սխալ ճանապարհի:

Ի՞նչն է, սակայն, աղէտալի սխալանքի մատնում անհատին եւ ժողովուրդներին իրենց նպատակներն իրականացնելու միջոցների ընտրութեան գործում:

Ըստ իս՝ մարդկային անիմաստութիւնն է:

Ժողովուրդները տառապել են եւ կը տառապեն իրենց առաջնորդ տարրերի անիմաստութիւնից: Իսկ իմաստուն չեն, ասել է՝ անզօր են եւ դժբաղդ այն բոլոր ժողովուրդները, որոնց գաղափարախօսական եւ վարիչ առաջնորդութիւնը չգիտէ, թէ ի՞նչ է եւ ինչո՞ւմ է կայանում կեանքի օրէնքը:

Դա, այդ օրէնքը, արտայայտւում է այն անսկիզբ եւ անվախճան պայքարի մէջ, որին վկայ են աշխարհն ու մարդը: Պայքար, որ արդիական բացատրութեամբ կոչում ենք գոյութեան կռիւ:

Ապրելով՝ մարդկութիւնը անուղղակի կերպով նպաստում է իր թուական աճման, ինչպէս եւ ցեղամիջեան մրցումին՝ գոյութեան կռիւը դարձնելով աւելի ներոյժ եւ բորբոքուն: Այդ կռիւը ենթադրում է երկու անփոփոխ իրողութիւններ.

ա) Որ երկիրը սահմանափակ է, իսկ մարդկային ցեղը աճում է եւ աճում - մի պարագայ, որը ստիպում է մարդկութեան՝ իր քանակը յարմարեցնել իր գոյութեան իրական միջոցներին:

բ) Որ բոլոր պարագաներում էլ, մտաւորապէս թէ ֆիզիքապէս զօրաւորները, աւելի ընդունակ յարմարուելու միջավայրին, զբաղում են աւելի բարւօք դիրք, կացութիւն, չէզոքացնում տկարներին եւ թողնում աւելի կենսունակ սերունդներ:

Իսկ դա, այլ խօսքերով, ասել է՝ անողոք եւ անվերջանալի կռիւ ուժեղի եւ թոյլի միջեւ, որը միշտ էլ պսակւում է ոյժեղի յաղթանակով եւ թոյլի ոչնչացմամբ: Եւ այդ՝ որպէս բարեշրջութեան օրէնք, եւ այդ՝ յանուն անհատի եւ ցեղերի զարգացման եւ կատարելագործութեան: Այդ է Դարվինի տեսութեան կմախքը:

Գոյութեան կռուի մասին կան եւ այլ տեսութիւններ, օրինակ՝ կրապոտկինեանը, ըստ որի՝ գոյութեան կռիւը մի փաստական համագոր-ծակցութիւն է: Ապրում են այն տարրերը միայն, որոնք զինակցում են միասնական աշխատանքի եւ պայքարի համար, իսկ առանձին մնա-ցածները, թող որ ուժեղ, կորչում են: Ամեն ցեղ ճգնում է յարմարուելու իր շրջապատին՝ գոյութեան կռւում չկորչելու համար, իսկ դա ենթադրում է երկու բան - զինակցութիւն եւ բախում:

Ինչպէս տեսնում էք, սա էլ Դարվինի պէս շեշտում է գոյութեան, իմա ցեղամիջեան կռուի փաստը, որ պիտի շարունակուի, քանի դեռ մարդը մարդու, ինչպէս եւ ազգը ազգի համար միջոց է եւ ոչ թէ նպատակ: Կայ եւ պիտի մնայ ցեղամիջեան պայքարը: Ի՞նչ է սակայն, նրա նպատակը:

-Ժամանակի ընթացքում անկարելի դարձնել կռիւը մարդկային ցեղերի միջեւ, ինչպէս անհատամիջեան կռիւը: Այո՛, պայքար եւ պատերազմ - եւ այդ՝ յանուն ցեղերի կատարելագործութեան, խաղաղութեան ու եղբայրութեան:

Առանց այդ պայքարին՝ չկայ եւ չի կարող ստեղծուիլ ցեղերի եւ անհատների կատարելութիւն, վտանգի պայքարում կորչելու վախն է ստիպում անհատին եւ ցեղերին՝ զարգացնելու իրենց կարողութիւնները, կատարելագործուելու:

Ուր չկայ պայքար՝ վտանգ չկայ, իսկ ուր վտանգ չկայ ու գոյութեան կռիւը ոչնչով չի զբաղեցնում մարդկանց, այնտեղ կայ տկարութիւն եւ անկատարելութիւն: «Ուր կան գայլեր, այնտեղ ոչխար-ներն աւելի նուազ տխմար են»: Բնութիւնը դիտմամբ է դրել պայքարի բնազդը անհատի եւ ցեղերի մէջ, որպէսզի կատարելագործութեան մղէ նրանց: Մրցումը երբեմն վախի, երբեմն ամօթի, երբեմն մեր դիմացինին գերազանցելու ցանկութեան ձեւերի տակ՝ խթանում է յետ չմնալ, կանգ չառնել, այլ՝ առաջադիմել անվերջ, իսկ դա նպաստում է մեր զարգացման եւ կատարելագործումին:

Մարդս կարող է եւ տկար լինել, բայց նա չի սիրում տկարութիւնը եւ հարուածում է նրան, երբ սա երեւան է գալիս մարդու պատկերով:

Եղի՛ր այնպիսին, որ արհամարհելու փոխարէն քեզ յարգել կարողանամ - այսպէս, այս իմաստով պիտի թարգմանել յարձակուողի հոգեբանութիւնը:

Ահա՛ մի շատ սովորական օրինակ:

Երբ որ երկու հոգի առաջին անգամ լինելով հանդիպում են կեանքում, նրանք մեծ ուշադրութեամբ սկսում են դիտել ու զննել իրար: Ի՞չ է նպատակը այդ փոխադարձ զննութեան: Ըստ դարուինիստների՝ դա արւում է իրար տկարութիւնները պարզելու եւ նրանցից օգտուելու նպատակով: Դիտուած է, որ երբ մէկի մօտ տկարութիւն նկատուեց, դիտողը գիտակցօրէն թէ բնազդաբար օգտւում է նրանից, առնուազն բարոյապէս վնասելով տկարին (առնուազն ծաղրելով տկարութիւնը): Սրան զուգահեռաբար, մարդկային կեանքում նկատում ենք մի այլ երեւոյթ: Ամեն անգամ, երբ որ մէկը մի ուրիշի մէջ գտնում է այն, որ կատարելանման է, անմիջապէս դառնում է յարգալից դէպի դիմացինը, եւ ոչ թէ ստրկականութիւնից մղուած, այլ՝ հիացումից; Ընդհակառակը, տրամագծօրէն տարբեր վերաբերմունք ենք ցոյց տալիս թոյլին: Սրա նկատմամբ, ամեն բանից առաջ, մարդս զգում է արհամարանքախառն յուսախաբութիւն: Կ’ուզէիր դիմացինիդ մէջ իդէալ յատկութիւններ գտնել, որ մղուէիր նմանուելու նրան, որ հոգեպէս կաղապարուէիր նրանով, եւ, յանկարծ… տկարութիւն: Ահա՛ արհամարհանքի եւ յաճախ բնազդական թշնամանքի պատճառը:

Բ

Առաջին հայեացքից անիմաստ է թւում նման վերաբերմունքը: Ինչո՞ւ է քննադատական մարդ արարածի վերաբերմունքը դէպի իր շրջապատը:

Ինչո՞ւ հիանալ կամ թէ պարսաւել անպայման: Որովհետեւ մարդը - որպէսզի իրեն զգայ ու տեսնի մի իդէալ միջավայրում - փնտրում է կատարեալը, նա հիանում է գեղեցիկին, վսեմին, զօրեղութեան վրայ, ցանկանալով նրանց յաւերժացնել կեանքում: Իսկ պարսաւում է տկարը, տգեղն ու անկատարեալը, ձգտելով նրանց վերացնել, արտաքսել կեանքից:

Մարդս աւելի հակամէտ է գրաւուելու, քան թէ քննադատական վերաբերմունք ցոյց տալու: Եւ հենց դրանումն է հոգեւոր մշակոյթի ինչպէս եւ պաշտամունքի գաղտնիքը:

Այժմ մեր հայեացքը դարձնենք ազգերի կեանքին: Այդտեղ էլ նոյն օրէնքն է գործում: Անհատների պէս, ազգերն էլ հիանում են հզօրներից եւ արժանաւորներից, եւ մղւում արհամարհելու, շահագործելու եւ հարուածելու տկարներին; Ուր կայ տկարութիւն՝ այնտեղ յարձակում եւ հարուած կայ; Գիտենք, թէ ինչպէ՛ս փոքր եւ անզօր ազգերը աճապարում են իւրացնելու լեզուն, գրականութիւնը, սովորութիւնները այն ազգի, որի ձեռքում տուեալ ժամանակամիջոցում գտնւում է առաջնութեան դափնին: Գիտենք նաեւ, թէ ինչպէ՛ս է արհամարհւում լեզուն, անունը, երկիրը տկար եւ անպայքարունակ ժողովրդի: Ուժեղ ժողովուրդը յաճախ ակամայից արհամարհում է թոյլին: Բայց երբ այդ վերջինն ուժեղացաւ, անգամ միայն բարոյապէս, միայն արժանաւորութեամբ - եւ ոչ անպայման թուապէս - երկու ժողովուրդների միջեւ ստեղծւում է փոխադարձ յարգանք: Նմանները այլեւս չեն պատերազմում ամեն առթիւ. նրանք կարողանում են հասկացողութեան գալ եւ առանց զինեալ բախումների:

Եւ հենց այդ է պատճառը, որ ժողովուրդները, քաղաքականապէս ազատագրուելուց առաջ, մարդկութեան արհամարհանքից ազա-տագրուելու ճիգեր են կատարում: Ահա՛ այսպէս, ցեղամիջեան պայքարի ճամբով, աստիճանական հոգեւոր հաւասարեցմամբ, ազգերը մի օր - շատ հեռաւոր ապագայում - պիտի իրականացնեն տիեզերական եղբայրութեան իդէալը:

Արդեօք այսօր հնարաւո՞ր է աշխարհը լցնող «ազգ եւ ազինք»ների համաշխարհային եղբայրութիւնը: Մարդկութիւնը որպէս «մի հօտ, մի հովիւ», որպէս «Ազգերի Դաշնակցութիւն»: Հնարաւո՞ր է դա այսօր, վաղը, մօտիկ ապագայում: Ո՛չ, ի հարկէ:

Թող այդ «ոչ»ը չսարսափեցնէ, այլ՝ զգաստացնէ, խրատէ մեզ: Կայ դարերի փորձը, կայ անցեալը, կայ մարդկային ցեղի պատմութիւնը, որոնք վճռական «ոչ»ով են պատասխանում այդ հարցին: Այդ հարցի պատասխանը փնտռէք եւ կը գտնէք նաեւ Հռոմի պատմութեան մէջ:

Համաշխարհային թագաւորութիւնը չի կարող հաստատուել հաւասարա-պէս չյարգուած ժողովուրդների վրայ: Հռոմի ճակատագիրը կը բաժանի բոլշեւիկների երազած տիեզերական հասարակապետութիւնը, եթէ նրա մէջ մտնեն նաեւ այնպիսի ժողովուրդներ, որոնք իրենց բարոյա-մտաւոր անչափահասութեան պատճառով պիտի չդիտուին որպէս հաւասարապէս յարգուած եւ հաւասարազօր (հոգեւոր իմաստով) անդամը ամբող-ջութեան: Կան դեռ ժողովուրդներ, որոնք կարող են կոյր աղիքի դերը կատարել մարդկային ցեղի հոգեւոր օրգանիզմում: Այդ է պատճառը, որ համամարդկային եղբայրութեան երազը շարունակում է մնալ այդպիսին, եւ դա պիտի չիրականանայ, քանի դեռ կան եւ կը մնան հաւասարապէս չյարգուած ժողովուրդներ:

  • * *

Ահա՛ թէ ինչո՞ւմն է մարդկային ցեղի տարբեր խմբերի բաժանման գաղտնիքը: մբաւորումներ, որոնք գտնւում են մշտատեւ մրցման պրոցեսի մէջ եւ այսպիսով մղում տալիս եւ մղում ստանում՝ դէպի կատարելութիւն եւ հոգեւոր հաւասարեցում, դէպի գալիք համաշխարհային եղբայրացում:

Այդ մրցումը երբեմն հասնում է իր ամենաբարձր կէտին՝ պատե-րազմի ձեւի տակ, եւ ունի մի հատիկ նպատակ - կենսունակ ազգերը բարձրացնել, հզօրացնել, հաւասարացնել նմանների հետ, իսկ անպայքարունակներին, իսկ կորչելու դատապարտուածներին օր առաջ դուրս շպրտել աշխարհից:

Որպէս ամփոփում՝ կրկնենք մէկ էլ, թէ ցեղամիջեան պայքարը մեծ եւ անողոք օրէնքն է կեանքի, անփոփոխ օրէնքը անհատի եւ ցեղերի զարգացման եւ կատարելագործման - պայքար, որի նպատակն է՝ թոյլ չտալ մարդկային անհատին եւ հաւաքականութիւններին կանգ առնելու, քարանալու մի որոշ կէտի վրայ, այլ՝ նրանց մտրակել ու մղել առաջ, մինչեւ որ պայքարող կողմերը կը հասնեն մարդկային իդէալի մի վիճակի, երբ այլեւս պայքարն սպանած կը լինի պայքարը, երբ կը դադրի պատերազմը՝ տեղի տալով կատարելագործուած ազգերի եղբայրութեան եւ համատարած խաղաղութեան առջեւ:

Իսկ մինչեւ այդ երանելի օրը՝ պատերազմը պարբերաբար կը փոխի իր պատմական տարազները միայն, բայց ոչ եւ էութիւնը: Եւ ազգերը կը շարունակեն զինուել ու վերազինուել նորանոր արնոտ բախումների համար:

Մինչեւ այդ հեռաւոր օրը՝ մարդկութիւնը կը ծաղրէ եւ կ’ընդոտնէ իր ընտրանիի խաղաղասիրական ցնորքները:

Մինչեւ այդ՝ վա՜յ պարտուածին…

«Արաքս», 1930թ., թիւ 1, 2