«Կյանքը իրական է, քանի դեռ կամ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կյանքը իրական է, քանի դեռ կամ |հեղինակ = Գեորգի Գյուրջիև |թարգմանիչ = Նունե...»:)
 
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Գեորգի Գյուրջիև]]
 
|հեղինակ = [[Գեորգի Գյուրջիև]]
 
|թարգմանիչ = Նունե Մովսիսյան
 
|թարգմանիչ = Նունե Մովսիսյան
|աղբյուր = http://movsisyannune.com/2011/09/10/%D5%A3%D5%A5%D5%B8%D6%80%D5%A3%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%BB%D5%AB%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1/
+
|աղբյուր = [http://movsisyannune.com/2011/09/10/%D5%A3%D5%A5%D5%B8%D6%80%D5%A3%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%BB%D5%AB%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1/]
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
 
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]

12:02, 16 Հունվարի 2015-ի տարբերակ

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

հեղինակ՝ Գեորգի Գյուրջիև
թարգմանիչ՝ Նունե Մովսիսյան
աղբյուր՝ [1]


Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):

Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:

Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:

Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է (3): Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում (4) անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:

Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում (5): Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:

Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել (6):

Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:

Ծանոթությունները՝ թարգմանչի (ըստ «Քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ» ձեռնարկի, Երևան 2005):

1) «Չորրորդ ուղի» գրքում խոսելով մարդ-մեքենայի անսահման հնարավորությունների մասին, Գյուրջիևը գրել է. «Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: Համաձայն մակրո և միկրո տիեզերքների համակարգի մասին Գյուրջիևի տեսության` մարդիկ մեքենաներ են, և որպեսզի մարդ-մեքենան աշխատի,անհրաժեշտ է երեք բան` սնունդ, օդ, տպավորություններ:

2) Ըստ Գյուրջիևի գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց սեփական ջանքերի: Ուսուցումը ևս դիտարկվում է որպես ինքնազարգացում:

3) «Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ աշխատել անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում դուք կկարողանաք տեսնել ձեր մեջ տարբեր մասեր, և դուք կտեսնեք բոլորովին նոր բան: Դուք պետք է շարունակեք անկեղծ լինելու ձեր փորձերը: Ամեն օր դուք դիմակ եք դնում և պետք է մաս-մաս այն հանեք» («Հայացք իրական աշխարհից»):

4) Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություններ` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար: Ըստ Գյուջիևի` կոլեկտիվ աշխատանքի ընթացքում ձևավորվում են միջանձնային շփումներ, ի հայտ են գալիս մարդու վարքագծի ձևաչափեր (շաբլոն): Ստեղծվում են ինքնագիտակցման զարգացմանը և միջանձնային հարաբերությունների ձևավորմանը նպաստող իրավիճակներ:

5) Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Պետք է աշխատել խմբում և դրա օգնությամբ: Հարկավոր են ստույգ գիտելիքներ և նրանց հրահանգները, ովքեր արդեն անցել են այդ ուղով: Այդ ամենը պետք է իրականացնել համատեղ ջանքերով:

6) Գյուրջիևն առաջարկում է ճանաչողության «չորրորդ ուղին», որը մշտական ինքնադիտման և ինքնամտապահման աշխատանք է: