«Կոմպրոմիս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կոմպրոմիսներ |հեղինակ =Սերգեյ Դովլաթով |թարգմանիչ = Լեոնիդ Չիլֆուղարյան |ա...»:)
 
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
{{անավարտ}}
 
{{անավարտ}}
Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար
+
 
 +
<i>Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար</i>
 +
 
 +
 
  
 
…Ու մնացի անգործ։ Գուցե դերձակությո՞ւն սովորեմ։ Նկատել եմ՝ դերձակները միշտ լավ տրամադրություն են ունենում…
 
…Ու մնացի անգործ։ Գուցե դերձակությո՞ւն սովորեմ։ Նկատել եմ՝ դերձակները միշտ լավ տրամադրություն են ունենում…
Տող 453. Տող 456.
  
 
Առհասարակ, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք։
 
Առհասարակ, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք։
 +
 +
<references />

01:54, 22 Մարտի 2014-ի տարբերակ

Կոմպրոմիսներ

հեղինակ՝ Սերգեյ Դովլաթով
թարգմանիչ՝ Լեոնիդ Չիլֆուղարյան
աղբյուր՝ «Մերոնք»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար


…Ու մնացի անգործ։ Գուցե դերձակությո՞ւն սովորեմ։ Նկատել եմ՝ դերձակները միշտ լավ տրամադրություն են ունենում…

Հանդիպեցի հեռուստատեսության Լոգինովին։

— Ողջույն։ Ի՞նչ կա։

— Աշխատանք եմ փնտրում։

— Ազատ տեղ կա։ «Հայրենիքի պաշտպանության դիրքերում» թերթում։ Ազգանունը գրիր՝ Կաշիրին։

— Քաչա՞լը։

— Կաշիրինը փորձառու լրագրող է։ Նուրբ ու փափուկ մարդ է։

— Քաքն էլ է,— ասացի,— փափուկ։

— Ճանաչո՞ւմ ես։

— Չէ։

— Ուրեմն ազգանունը գրիր։

Գրեցի։

— Կարգին հագնվիր։ Կինս ասում է,որ եթե դու կարգին հագնվես…

Իմիջայլոց, մի օր նրա կինն ինձ զանգեց… Ո՛չ։ Կբացվի ծավալուն ու հրապուրիչ նոր նյութ։ Անդառնալիորեն կշեղի բուն նյութից…

— Փող աշխատեմ՝ կհագնվեմ։ Ցիլինդր կառնեմ…

Տանը հանեցի լրագրային հրապարակումներս։ Ընտրեցի առավել հարմարները։ Կաշիրինը դուրս չեկավ։ Խամրած դեմք, բանակային հումոր։ Մի պահ ինձ նայելուց հետո, ասաց․

— Իհարկե անկուսակցական եք։

Գլխի մեղավոր շարժումով հաստատեցի։ Ինչ֊որ ապուշ բարեհոգությամբ ավելացրեց․

Մի քսան հավակնորդ է եղել։ Գալիս, զրուցում են… ու անհետանում։ Գոնե հեռախոսի համար թողեք։

Ասացի հիշողությանս մեջ պատահաբար մնացած քիմմաքրման հեռախոսի համարը։

Տանը կրկին նայեցի լրագրային հրապարակումներս։ Որոշ բաներ վերընթերցեցի։ Մտքերի մեջ ընկա…

Դեղնած թերթեր։ Ստի ու կեղծիքի տասը տարի։ Ինչ֊որ մարդիկ, այդուհանդերձ, կան այդ ամենի ետեւում, ինչ֊որ խոսակցություններ, զգացմունքներ, իրականություն… Ոչ թե թերթերում, այլ դրանցից դուրս հորիզոնում…

Դժվարին է ճշմարտությունից դեպի իսկությունը տանող ուղին։

Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Կարող ես, սակայն, հոսող ջրի տակ տեսնել պահածոյի տուփերով ծածկված հատակը։ Իսկ պերճ թատերական դեկորացիաների ետեւում՝ աղյուսե պատը, պարանները, կրակմարիչն ու գինով բանվորներին։ Դա հայտնի ամենքին, ով գեթ մեկ անգամ եղել է կուլիսներում…

Սկսենք կոպեկանոց լուրից։

Կոմպրոմիս առաջին

(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր 1973թ․)

«ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Ութ երկրներից գիտնականներ են ժամանել Տալլին՝ մասնակցելու Սկանդինավիային եւ Ֆինլանդիային նվիրված 7֊րդ գիտական կոնֆերանսին։ Մասնագետները ներկայացնում են ԽՍՀՄ֊ը, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ֊ն, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ ԳՖՀ֊ն։ Կոնֆերանսի շրջանակներում աշխատում է վեց բաժանմունք։ 130֊ից ավելի գիտնականներ՝ պատմաբաններ, հնեաբաններ, լեզվաբաններ, հանդես կգան զեկուցումներով եւ հաղորդումներով։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16֊ը»։

Կոնֆերանսը տեղի էր ունենում Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գնացի, զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարություն։ Հայտնվեց խմբագիրը՝ Տուրոնոկը։ Մեղուշ, բարեպաշտի կերպարանքով մեկը։ Ամաչկոտ սրիկաների տեսակից։ Հիմա գրգռված է․

— Դուք կոպիտ գաղափարախոսական սխալ եք թույլ տվել։

— ՞

— Թվարկում եք երկրները…

— Չի՞ կարելի։

— Կարելի է եւ պետք է։ Հարցն այն է, թե ինչպես եք թվարկում։ Այնտեղ նախ Հունգարիան է, ԳԴՀ֊ն, Դանիան, ապա՝ Լեհաստանը, ԽՍՀՄ֊ը, ԳՖՀ֊ն…

— Բնական է, ըստ ռուսաց լեզվի այբուբենի…

— Բայց չէ՞ որ դա ապադասակարգային մոտեցում է,— տնքալով ասաց Տուրոնոկը,— գոյություն ունի կուռ հերթականություն։ Նախ՝ ժողովրդական դեմոկրատիայի երկրները։ Ապա՝ չեզոք պետությունները։ Եվ վերջում միայն՝ բլոկի մասնակիցները։

— Օքեյ,— ասացի։

Վերաշարադրեցի, հանձնեցի քարտուղարություն։ Հաջորդ օրը հեւիհեւ ներս ընկավ Տուրոնոկը․

— Դուք ինձ ծաղրո՞ւմ եք։ Դիտմա՞մբ եք անում։

— Ի՞նչ է եղել։

— Դուք խառնել եք ժողովրդական դեմոկրատիայի երկրները։ Ձեր գրածում ԳԴՀ֊ն Հունգարիայից հետո է։ Կրկի՞ն այբբենական կարգով։ Մոռացե՛ք այդ օպորտունիստական բառը։ Հունգարիան՝ երրորդ տեղում։ Այնտեղ ապստամբություն է եղել։

— Իսկ Գերմանիայի դեմ պատերազմել ենք։

— Մի՛ վիճեք։ Ինչո՞ւ եք վիճում։ Սա ուրիշ Գերմանիա է, ուրի՛շ։ Չեմ հասկանում, ո՞վ է ձեզ վստահել։ Քաղաքական կարճատեսությո՛ւն։ Բարոյական մանկամտությո՛ւն։ Ձեր հարցը դնելու ենք…

Այդ լուրի համար երկու ռուբլի վճարեցին։ Կարծում էի՝ երեք վճարեն։

Կոմպրոիմս երկրորդ

(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)

«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպես֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Ւլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։

Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։

Տալլինի ձիարշավարանը իրենից բավականին խղճուկ տեսարան է ներկայացնում։ Աղբածածկ մրցադաշտ, կիսաքանդ տրիբունաներ։ Ամենուր օգտագործված տոմսերի կտորտանք է։ Գրգռված, բարձրախոս ամբոխը հետուառաջ է շարժվում բարի ու բազրիքի միջեւ։

Ձիարշավարանը միակ տեղն, ուր տարլցովի էժանագին պորտվեյն են վաճառում։ Դրամարկղը վաճառում է երկու տեսակի տոմսեր՝ էքսպրեսներ եւ զույգեր։ Էքսպրես տոմս պատվիրելիս հարկավոր է առաջատարներին գուշակել այն հերթականությամբ, որով նրանք հատում են վերջնագիծը։ Զույգերի դեպքում գուշակում եք եզրափակիչ դուրս եկած երկու ուժեղագույններին՝ ցանկացած հերթականությամբ։ Զույգ տոմսի շահույթը համապատասխանաբար ավելի փոքր է։ Ֆավորիտների համար էլ քիչ են տալիս։ Նրանց օգտին են խաղագումարներ դնում բոլոր նորեկները։ Նշանակալի գումար են բերում պատահաբար առաջ ընկած վատ ձիերը։ Ֆավորիտին գուշակելը դժվար չէ։ Դժվարը անսպասելին կանխատեսելն է՝ քոսոտ մի ձիու հաղթանակը կանխատեսելը։ Վարպետ ձիավարները մեծ փողերի դիմաց ետ են պահում ֆավորիտներին։ Հմտորեն ետ մնալը նույնպես արվեստ է։ Դա ավելի դժվար է, քան հաղթելը։ Առջեւում հայտնվում են միջակ ձիերը։ Շահումները երբեմն հասնում են հարյուր հիսուն ռուբլու։ Լավ ձիավարները, սակայն, հազիվ թե ձեզ հետ գործ բռնեն։ Նրանց հաճախորդները պատկառելի մարդիկ են։ Ավելի հեշտ է պայմանավորվել երրորդ կարգի ժոկեյներից մեկի հետ։ Նրան արգելված է խաղագումարներ դնել։ Նրանք խաղում են դրածո մարդկանց միջոցով։ Վերցնում են հաջորդ օրվա ծրագիրը եւ նշումներ են անում ձեզ համար՝ նշում են յուրաքանչյուր փուլում ուժեղագույն ձիերին։ Դուք, արդեն ցուցումների համաձայն, նրա համար էլ եք տոմսեր գնում։

Որոշել էի հոբելյանական նյութ գրել ձիարշավարանի մասին։ Զրուցեցի տնօրեն Ա․ Մելդերի հետ։ Նա կանչեց Տոլյա Իվանովին։

— Խնդրեմ,— ասաց,— երիտասարդ տաղանդ է։

Իվանովի հետ իջանք բուֆետ։ Ես ասացի․

— Ավելորդ փող կա մոտս՝ մի ութսուն ռուբլի։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

— Ի՞նչ առումով։

— Մրցավազքը նկատի ունեմ։

Իվանովը վախեցած նայեց ինձ։

— Մի վախեցիր,— ասացի,— սադրիչ չեմ, թեեւ լրագրող եմ։

— Ես չեմ վախենում։

Վերջը «բացվեց»․

— Դուկելը (այսինքն՝ Դուկալսկին) խաղում է եկվոր լատիշների միջոցով։ Շատ լուրջ խաղ է։ Տանում են մրցափուլն ամբողջությամբ, մինչեւ վերջին կոպեկը։ Բայց դա արդեն վերջում, երբ խաղագումարները բարձր են։ Իսկ առաջին երեք մրցափուլերում կարելի է շահել։

Գրպանիցս հանեցի հաջորդ օրվա ծրագիրը։ Տոլյան վերցրեց մատիտը…

Երրորդ մրցափուլից հետո ես ստացա վաթսուն ռուբլի։ Հետագայում պարբերաբար շահում էինք երեսունից ութսուն ռուբլի։ Ցավոք ձիարշավարանը շաբաթական միայն մեկ օր էր խաղագումարներ ընդունում։

Ամռանը Տոլյան կոտրեց ոտքն ու զույգ անրակոսկրերը։ Հարբած դուրս էր ընկել տաքսուց։

Ձիարշավարանը նրա համար վերջացավ։ Արդեն մի քանի տարի է «քամու ախոյանը» բարապան է Մյուդիում։

Կոմպրոմիս երրորդ

(«Մոլոդյող Էստոնիի»։ Օգոստոս։ 1974 թ․)

«ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ; (Տալլինի հյուրերը)։ Ալլա Մելեշկոն արտասովոր հրապուրիչ արտաքին ունի։ Կյանքում, անշուշտ, դա չէ կարեւորը։ Այդուհանդերձ, այդուհանդերձ… Գուցե հենց դա է պատճառը, որ շրջապատն անփոփոխ բարյացկամությամբ է վերաբերում այդ ծիծաղկոտ, փոքր֊ինչ կոպիտ շարժուձեւով աղջկան…

Ալլան մեր քաղաքի անվանի հյուրերի թվում չէ։ Բարձր մակարդակի գիտաժողովի մասնակից չէ։ Մարզական նվաճումներն էլ նրա տարերքը չեն…

Ալլային մեր քաղաք է բերել… հետաքրքրասիրությունը։ Այո, հենց հետաքրքրասիրությունը, այդ հանգիստ չտվող զգացմունքը, որ մարդուն ստիպում է անսպասելիորեն թողնել֊հեռանալ հայրենի բնակավայրի հարմարավետությունից։ Ես դա կանվանեի ճանապարհի զգացողություն, հորիզոնի կանչ, ճամփորդի մշտառկա անհամբերություն…

«Անկայունությունն է… շարջումը»,— գրել է նշանավոր տեսաբան֊երաժշտագետ Չեռնին…

Որոշեցինք մի քանի հարց ուղղել Ալլային․

— Ի՞նչ կասեք Տալլինի մասին։

— Հրաշալի քաղաք է՝ մտերմիկ ու զուսպ։ Ապշեցնում է հնի ու արդիականի ներդաշնակ հակադրությամբ։ Նրա լռությունն ու խաղաղությունը խոսում են հպարտ հզորության մասին։

— Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք այստեղ։

— Շատ էի լսել այստեղի դիզայներների ու նկարիչների մասին։ Եվ հետո՝ սիրում եմ ծովը…

— Միայնա՞կ ենք ճամփորդում։

— Իմ անփոփոխ ուղեկիցները լուսանկարչական ապարատն ու Ալեքսանդր Բլոկի բանաստեղծություններն են…

— Որտե՞ղ եք արդեն եղել։

— Վիշգորոդում ու Կադրիորգում, ուր ինձ շրջապատել էին ձեռնասուն սկյուռները՝ քնքուշ ու անպաշտպան։

— Ի՞նչ ծրագրեր ունեք։

— Ամառը կվերջանա։ Կսկսվեն պարապմունքներն իմ պարարվեստի ստուդիայում; Կրկին՝ համառ, լարված աշխատանք… Իսկ առայժմ՝ ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը»։

Այդ պատմության մեջ չկան հրեշտակներ ու չկան չարագործներ… Չկան մեղսագործներ ու բարեպաշտներ չկան։ Ասենք, կյանքում էլ նրանք գոյություն չունեն։ Արդեն մի քանի տարի հետեւում եմ…

Մի խմբագիր ինձ ասում էր․

— Քո գրածներում բոլոր գործող անձինք սրիկաներ են։ Իսկ եթե հերոսը սրիկա է, ապա պատմվածքի տրամաբանությամբ նրան պիտի տանես դեպի բարոյական անկում։ Կամ՝ դեպի արժանի պատիժ։ Իսկ քո սրիկաները ինչ֊որ շատ բնական են՝ ինչպես անձրեւը կամ ձյունը…

— Որտե՞ղ ես սրիկան տեսնում,— ասում էի,— ո՞վ է, օրինակ, սրիկա։

Խմբագիրն ինձ այնպես էր նայում, ինչպես նայում են վատ շրջապատ ընկած ու իր ընկերներին արդարացնել ձգտող մարդուն…

Վաղուց արդեն մարդկանց դրական ու բացասական չեմ բաժանում։ Գրական հերոսներին՝ առավել եւս։ Բացի այդ, վստահ չեմ, թե կյանքում ոճրագործությանն անխուսափելիորեն հետեւում է զղջումը, իսկ սխրանքին՝ երանությունը։ Մենք այն ենք, ինչ մեզ զգում ենք։ Մեր հատկությունները, առաքինություններն ուո արատները լույս աշխարհ են գալիս կյանքի նրբին հպումներից… «Բնությո՜ւն… դու իմ աստվածուհին ես»։ Եվ այդպես շարունակ… Ինչեւէ…

Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չկան չարագործներ, չեն կարող լինել։ Հերոսներից մեկը ինքս եմ։ Կա նաեւ Միշա Շաբլինսկին՝ իրեն բնորոշ «անկանոն ապերցեպցիա», «իմանենտ դուալիզմ» արտահայտություններով… Այնուհետեւ հայտնվում է Միտյա Կլենկին, որին նույնպես հեշտ է ճանաչել։ Փողկապի անոդացված քորոցների ու կեղծ սաթե խոշոր մուշտուկների հանդեպ ունեցած թուլությունը նրան լայն ճանաչում է բերել։

Ի՞նչն է մեզ միավորում։ Թերեւս, այսպես ասած, թեթեւ հակակրանքը հանդեպ լրագրային աշխատանքի պաշտոնական կողմը։ Մի տեսակ առողջ ցինիզմ, որ օգնում էր խուսափել ամպագորգոռ խոսքերից…

Մեր խմբագրության երեսներկու աշխատակիցներից քսանութն իրենց կոչում էին «հանրապետության ոսկե գրիչը»։ Մենք երեքս, տարբերվելու համար, կոչվում էինք «արծաթե գրիչ»։ Դիմա Շերը, որ մի թղթակցությունում գրել էր․ «Արհեստական երիկամը մեր առօրյայի առօրեական երեւույթներից է», համարվում էր «փայտե գրիչ»։

Մի խոսքով, ընկերություն էինք անում։ Շաբլինսկին աշխատում էր արդյունաբերության բաժնում, նրա նյութերը բանավեճեր չէին հարուցում։ Դրանցում գերակշռում էին մասնագետ ընթերցողին հասցեագրված թվերը։ Կլենսկին բանում էր մարզական բաժնում, վարում էր ամենօրյա ժամանակագրությունը։ Նրա ճշգրիտ, գործնական հաղորդումները զուրկ էին զգացմունքներից։ Ինձ խմբագիրը դեռ ապրիլին ասել էր․ «Եթե ձելիետոններ գրես՝ բնակարան կտանք»։

Դժվար գործ է։ Ամեն մի փաստը հարկավոր է հանգամանորեն ստուգել։ Քննադատության օբյեկտները կաշվից դուրս են գալիս՝ սեփական անձը պաշտպանելու համար։ Քաղաքը փոքր է, մարդիկ՝ ի տես։ Կարճ ասած, երկու անգամ ինձ փորձեցին ծեծել։ Մի անգամ՝ կայարանի բեռնակիրնեը (դա նրանց հաջողվեց)։ Մյուսը ֆարցովշչիկ[1] Չիգիրն էր, որը ինձ խփեց «բորսալինո» գլխարկով ու անմիջապես նոկաուտ ստացավ։

Հրապարակումներս ունենում էին անթիվ արձագանքներ։ Երբեմն՝ սպառնալի։ Դա ինձ նույնիսկ ուրախացնում էր։ Ատելությունը վկայում էր, որ թերթը դեռեւս ընդունակ էր կրքեր բորբոքելու։

Յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործով։ Երեքս էլ վատ չէինք վաստակում։ Շաբլինսկին գործուղումներից բերում էր ապխտած ձուկ, բադի ձվեր եւ նույնիսկ կենդանի խոճկորներ։ Կլենսկին գիրք էր գրում սպորտի մի վետերանի փոխարեն, որին անվանում էր «բարի պլանտատոր»։ Մի խոսքով, կատարում էինք բարեխիղճ ու ազնիվ աշխատանք…

Հետո ի՞նչ։ Առանձնապես ոչինչ։ Դվինսկից մի աղջիկ եկավ Միտյա Կլենսկու մոտ։ Չգիտեմ անգամ, թե նպատակն ինչ էր։ Երիտասարդ կանանց մի տեսակ կա, որ ոչ թե արատավոր են, փչացած, այլ, դժվարանում եմ ճիշտ որակել՝ անհոգ։ Նրանց կյանքը անընդհատ գործողություն է։ Արարքների առատության հետեւում հոգին հազիվ է նշմարվում։ Հրեշավոր ջանքերի գնով, տարբեր զոհողությունների գնալով, օրինակ, նրանք ձեռք են բերում արտասահմանյան երկարաճիտ կոշիկներ։ Դժվար է պատկերացնել, թե դա որքան ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Այնուհետեւ՝ ցուցադրում են այդ կոշիկները։ Անվերջ երեկույթներ, պարեր, կամ պարզապես ձեմում են հանրախանութից դեպի ռատուշա՝ լուսավորված ցուցափեղկերի երկայնքով։ Երբեմն այդ կոշիկները մթին են տալիս ձեր մահճակալի կողքին։ Եվ դա ինչ֊որ այլանդակ այլասերություն չէ։ Պարզապես աղջիկն ամուսնացած չէ։ Խմել ենք, ավտոբուս չկա, տաքսի բռնելն անհնար է։ Իսկ տանտերն էլ համակրելի տղամարդ է։ Տանը երեք սրբապատկեր կա, Մագոմաեւի ինքնագիրը, Քոուլ Փորթեր… Երեկոյան աղջիկները պարում են, իսկ ցերեկը՝ աշխատում։ Լավ էլ աշխատում են։ Հյուր գնում են հետաքրքիր մարդկանց։ Լրագրողներին, օրինակ…


Միտյան բացեց մեր բաժնի դուռը։ Հետը աղջիկ կար։

— Այստեղ նստիր,— ասում է աղջկան։— Շեֆիս տրամադրությունը տեղը չէ։ Սերժ, ոչի՞նչ, եթե այստեղ մի քիչ նստի։

— Թող նստի։

Աղջիկը նստեց լուսամուտի մոտ, հանեց դիմափոշու տուփը։ Ես շարունակեցի աշխատանքս՝ առանց նկատելի խանդավառության։ Ֆելիետոնը, որ գրում էի, վերնագրել էի «ՎՄԿ֊ի իրական դեմքը»։ Թե ինչ է նշանակում ՎՄԿ՝ իսպառ մոռացել։

— Ձեր անունն ի՞նչ է։

— Ալլա Մելեշկո։ Ճի՞շտ է, որ բոլոր լրագրողները երազում են վեպ գրել։

— Ոչ,— ստեցի ես։

Աղջիկը շուրթերն էլ ներկեց ու սկսեց նայել շուրջը։

— Որտե՞ղ եք սովորում,— հարցրի։

Այստեղ ինքը սկսեց ստել։ Էլ դրամատիկական ստուդիա, էլ մնջախաղ, էլ նկարահանումների հրավիրող հարավսլավացի ռեժիսոր։ Անունը Յոշկա Գատի։ Ինչ֊որ «Ինտենսին», սակայն, տարադրամը չի փոխանցում։

Ի՜նչ ազնիվ զարգացում է ապրել ստախոսությունը վերջին երկու հարյուր տարվա ընթացքում։ Առաջ ստում էին, թե փեսացու ունեն՝ միլիոնների ու ձիաբուծարանի տեր։ Հիմա ստում են հարավսլավացի ռեժիսորի մասին։ Ժամանակին մարդիկ հպարտանում էին իրենց ձիերով, իսկ հիմա… Լեհաստանից բերված վելվետե հողաթափերով։ Խլեստակովը մտերիմ էր Պուշկինի հետ, իսկ իմ ծանոթներից Գենիչը ճնշված ու լռակյաց վերադարձավ Մոսկվայից՝ Օլժաս Սուլեյմանովին ՑՈՒՄ֊ում էր տեսել։ Մտավորական մարդիկ անգամ ստում են, թե կարգին աշխատավարձ են ստանում։ Ինքս էլ միշտ մի քսան ռուբլի ավելացնում եմ, թեեւ վատ չեմ վաստակում… Ինչեւէ…

Աղջիկը ստսեց ստել։ Նման դեպքերում ես լռում եմ՝ անկեղծ փչոցը սուտ չէ, դա պոեզիա է։ Նույնիսկ, չգիտեմ ինչու, վստահ եմ, որ նրա անունն ամենեւին էլ Ալլա չէ…

Հետո հայտնվեց Կլենսկին։

— Վերջացրի,— ասում է,— երեք հարյուր տողը պատքարտուղարի թղթապանակում է։ Կարելի է մի քիչ հանգստանալ։

Անմիջապես ամփոփեցի փելիետոնս։ Գրեցի մոտավորապես այսպես․ «Ինչո՞ւ էին լռում արտադրամասի ակտիվիստները։ Ինչո՞վ էր զբաղված ընկերական դատարանը։ Չէ՞ որ վաղուց հայտնի է՝ ագահությունը բազմապատկած անպատժելիությամբ, հանգեցնում է հանցագործության»…

— Գնացինք,— ասում է Կլեմսին,— ինչա՞ն կարելի է սպասել։

Ֆելիետոնս հանձնեցի, զանգեցինք Շաբլինսկուն։ Նրա արձագանքը շատ անմիջական էր․

— Ռոզկան քննություններ է հանձնում։ Ութ ռուբլի փող ունեմ։ Վաղը ստեղծագործական ազատ օրս է։ Ինչպես ասում են՝ մեղք է չօգտվելը…

Հավաքվեցինք աստիճանահարթակին՝ վերելակի մոտ։ Մոտեցավ Ժբանկովը։ Լուռ լուսանկարեց Ալլային ու գնաց։

— Ի՞նչ ենք անելու,— հարցրի։

— Զանգենք Վերկային։

Վերա Խլոպինան աշխատում էր մեքենագրական բյուրոյում, չնայած հեշտությամբ կարող էր դառնալ սրբագրիչ եւ անգամ՝ թողարկիչ։ Նյարդային, գրագետ ու բանիմաց՝ նա ինքն իրեն վնասում էր հիստերիկ, հանդուգն ուղղախոսությամբ։ Նրա տանը հաճույքով հավաքվում էր թերթի ղեկավարություն… Բառացիորեն երկու բաժակ խմելուց հետո Խլոպինան վտանգավոր էր դառնում։ Հիշում եմ, գոռում էր երիտասարդական թերթի խմբագրի տեղական Վեյսբլատի վրա՝ դիմելով բոլորիս․

— Չեք լսում, ախր։ Նա մութ է, ինչպես Արմսթրոնգի մաշկը։ Նրան անգամ ավտոմեխանիկի աշխատանք չի կարելի վստահել։

Կանանց էլ չէր խնայում։ Ամեն բան ճակատներին ասում էր․ սեփական մեղքերը հմտորեն արդարացնելը, արտասահմանյան չուլ֊փալասի համար վազվզոցը, հարուստ ու մարած ամուսիններին տանելը։

Մեզ երեքիս Վերան համակրում էր։ Եվ ճիշտ էր անում։ Կարիերիստ չէինք, ավտոմեքենա չէինք գնում, քթներս վեր չէինք ցցում։ Եվ սիրում էինք Վերային։ Թեեւ նրա հետ հարաբերությունները զուտ ընկերական էին։ Միշտ վառվող այտերով, գեր, փոքր֊ինչ անհեթեթ Վերան բացառիկ առաքինի կին էր։

Խլոպինան խմելը չէ, որ սիրում է։ Նա սիրում էր ընկերական հավաքներ կազմակերպել, վազվզել, ռիսլինգ ճարել, սեղան գցել։ Մեզ ասում էր․

— Հիմա կզանգեմ Լյուդկային՝ գալանտերեայի բաժնից։ Երազ է, բարդու պես ձիգ, աչքերը կանաչ ու այ այսքան…

Լյուդային բղավում էր հեռախոսով․

— Ամեն ինչ թող, մեքենա բռնիր ու արի այստեղ։ Սպասում եմ։ Ի՞նչ։ Գրողներ, լրագրողներ, օղին ծով է, տորթ…

Վերջում գալիս էր Լյուդկան՝ սլացիկ, նրբիրան, աչքերը, իրոք, հսկայական… միլիցիայի կապիտան ամուսնու հետ…

Այդ ամենն արվում էր միանգամայն անշահախնդրորեն։ Պարզապես Վերկան միայնակ էր։

Եվ ուրեմն՝ գնացինք նար մոտ։ Ջին գնեցինք, տոնիկ, էլի ինչ պետք էր։ Պիտի ասեմ, որ այդ երեկույթներն ուսումնասիրել եմ։ Նախապես գիտեմ, թե ինչ է լինելու։ Ասենք, դրանք միշտ միատեսակ են անցնում։ Մեկընդմիշտ հաստատված կարգով։ Յուրատեսակ համերգ, ուր բոլոր ելույթները նշված են ծրագրում։

Շաբլինսկին կպատմի քաղկոմական ֆանտաստիկ մի որսի մասին։ Արծվաչափ կտցարներ, անտառի մեջ ֆիննական բաղնիքով տնակ, երեւանյան կոնյակ… Հետո ես նրան կընդհատեմ իմ սիրած կատակով՝

— Իսկ ծառերի տակ արջի մորթի հագած շրջկոմի հրահանգիչներ են վխտում…

— Նախանձում ես,— առանց չարության քմծիծաղ կտա Շաբլինսկին,— քեզ ասում էի՝ հետս արի…

Հետո Կլենսկին մի բան կպատմի ձիարշավարանի մասին։ Ձիերի տարօրինակ անուններ կհնչեն՝ Հաննիբալ, Ուրախ մեղեդի, Ռոկ֊ըն֊ռոլ… «Դուկելը շրջադարձին հետ է պահում նրան, ֆավորիտը չորս անգամ սայթաքում է, գրպանումս վեց հատ էքսպրես է, վերջում էլ, ինչպես միշտ՝ դատարկ վարգով դեպի տուն»…

Հետո տանտիրուհին կհարբի ու ճակատներիս կասի այն, ինչ մտածում է յուրաքանչյուրիս մասին։ Մենք, սակայն, սովոր ենք ու չենք նեղանում։ Կլենսկուն կհասնի անճաշակ փողկապի համար։ Ինձ՝ ղեկավարության նկատմամբ լոյալ վերաբերմունքի համար։ Շաբլինսկուն՝ սնոբիզմի համար։ Կպարզվի, որ նա խստապահանջ ու աչառու կերպով ուսումնասիրում է մեր բոլոր թղթակցությունները՝ ով է անտաղանդ, ով՝ տաղանդավոր, եւ նախապատերազմյան ձայնասկավառակներ, եւ արցունք, եւ հրաշքով գնված օղի, եւ «դու ինձ հարգո՞ւմ ես»՝ արդեն վերջում։ Ի դեպ, վատ խորագիր չէ երգիծական բաժնի համար…

Հիմնականում այդպես էլ ընթացավ։ Փայտիկների վրա քաշած նրբերշիկ խորովեցինք։ Վերան հարբեց․ համբուրում էր Դոբրոլյուբովի դիմանկարը՝ «Ի՜նչ մարդիկ էին»… Շաբլինսկին ինչ֊որ գռեհիկ միջադեպ պատմեց Դոբրոլյուբովի կյանքից, ես անկիրք հերքեցի։ Ալլան հուզելու աստիճան անհամոզիչ ստում էր, թե Օդրի Հեպբերնը ներկող շամպուն է ուղարկել իրեն…

Հետո Միտյայի հետ առանձնացան խոհանոցում։ Կլենսկին կանանց վրա ազդելու ապշեցուցիչ ունակության տեր էր։ Գաղտնիքը կանանց հետ երկար զրուցելն էր։ Խոսում էր, ընդ որում, ոչ թե իր, այլ նրանց մասին։ Եվ ինչ էլ ասեր՝ «Դուք մարդկանց վստահելու հակում ունեք, սակայն՝ որոշակի սահմաններում…», նրա մեթոդը գործում էր անխափան թե՛ ՊՏՈւ֊ի ուսանողուհիների, թե՛ հեռուստատեսության լկտի թղթակցուհիների վրա։

Շաբլինսկին ու ես շատ շուտ հոգնեցրինք իրար։ Նա առանց հրաժեշտ տալու գնաց։ Վերան քնել էր։ Ես զանգեցի Մարինային ու նույնպես գնացի։

Ալլային միայն մի բան ասացի․ «Ուզո՞ւմ եք աննկատ հեռանանք»։ Ես բոլորին այդպես եմ ասում։ (Կանանց իհարկե)։ Կամ գրեթե բոլորին։ Համենայն դեպս։ Երկիմաստ չէ եւ միաժամանակ անշառ է։

— Անհարմար է,— ասաց Ալլան,— ախր Միտյայի մոտ եմ հյուր եկել…

Առավոտյան խմբագրությունում շատ գործ ունեի։ Պատրաստում էի «Ժողովրդական վերահսկողություն» էջը եւ բուժվում հանքային ջրով։ Շաբլինսկին վարպետ֊դաստիարակների կոնֆերանսից հետո վերծանում էր ձայնագրությունը։ Հայտնվեց Կլենսկին՝ մռայլ, տանջահար։ Արտահայտվեց վերացական ու հանելուկակերպ՝ «Դա նույնպիսի ֆիկցիա է, ինչպես, որ մեր ամբողջ կյանքը»։ Ճաշին զանգեց հեռախոսը։

— Ալլան է։ Միտյային չե՞ք տեսել։

— Ա֊ա,— ասում եմ,— բարեւ ձեզ։ Ինչպե՞ս եք։

— Հեմոգլոբինը՝ 200։

— Չհասկացա։

— Ինչո՞ւ եք տարօրինակ հարցեր տալիս։ «Ինչպե՞ս ես»… Սոսկալի վատ, իհարկե…

Գնացի Կլենսկուն փնտրելու, սակայն ինձ ասացին, որ նա գործուղում է գնացել։ Կունգլա ավանում հերոսուհի մայրը ծնել է տասնմեկերորդին։ Ասացի Ալլային։

— Ինչ տականքն է, նույնիսկ չասաց, թե գնում է…

Լռություն տիրեց։ Ինձ դա դուր չեկավ։ Ես ի՞նչ կապ ունեմ։ Էջ պիտի հանձնեմ։ Վերնագրերը սահմռկեցուցիչ են․ «Բալլադ կորած արիֆմոմետրի մասին»… Միտկայի արածն էլ մի բան չէ՝ մեկնել ու օրիորդին ոչինչ չի ասել։ Ինձ անհարմար զգացի։

— Ուզո՞ւմ եք,— ասում եմ,— միասին նախաճաշենք։

— Նախաճաշել, երեւի, պետք է։ Վիճակս մի տեսակ անհասկանալի է։

Ժամադրեցի։ Հետո թղթերը անկանոն թափթփեցի սեղանիս։ Իբր աշխատանքը եռում է…

Զով ու ամպած մայիսյան օր էր։ Սրճարանի ցուցափեղկերի վերեւում աղմոկով ալեկոծվում էին քաթանե հովհարները։ Ալլան եկել էր հսկայական մոմլաթե սոմբրերոյով։ Ակնհայտորեն հպարտանում էր դրանով։ Տրտում նայեցի շուրջս։ Պակասում էր միայն, որ այդ սոմբրերոյի հետ ինձ տեսնեին Մարինայի ընկերուհիները։ Դրա եզրերը դիպչում էին ջրհորդաններին։ Սրճարանում պարզվեց, որ այն դյուրությամբ ծալվում֊փոքրանում է։ Ինչ֊որ կոտլետներ կերանք, խմորեղենով թեյ խմեցինք։ Իրեն այնպես էր պահում, կարծես պարտրք եմ իրեն։ Ես հարցրի․

— Երեւի արձակուրդո՞ւմ եք։

— Այո,— ասում է,— «Հռոմեական արձակուրդում»։

— Իրոք որ՝ արքայադուստրը լրագրողների մեջ։ Ինչպե՞ս է ձեր մայրիկը թողել ձեզ։

— Իսկ ի՞նչ է։

— Անծանոթ քաղաք, գայթակղություններ…

— Հանդիպում են երկու մայրիկներ՝ «Աղջկադ ինչպե՞ս է որ ազատ թողել ես»։ — «Իսկ ինչու պիտի չթողնեմ կամ անհանգստանամ։ Նա ինը տարեկանից միլիցիայի հսկողության տակ է»…

Քաղաքավարությամբ ծիծաղեցի։ Կանչեցի մատուցողին։ Վճարեցինք, դուրս եկանք։ Ասում եմ նրան․

— Դե, երջանիկ էի ձեր տեսքին արժանանալու համար, մադամ։

— Չաո, Ջոննի,— ասաց Ալլան։

— Այդ դեպքում ոչ թե Ջոննի, այլ Ջովաննի։

— Գուդ բայ, Ջովաննի։

Նա հեռացավ իր հսկայական մոմլաթե գլխարկը գլխին՝ բարալիկ, ինչպես դառնամատիտեղ տեսակի սունկը։ Իսկ ես շտապեցի խմբագրություն։ Պարզվեց, որ պատքարտուղարն արդեն ինձ է փնտրում։ Ժամը վեցին էջը պատրաստ էր։

Երեկոյան նստած էի թատրոնում։ Ներկայացնում էին «Զանգը» ըստ Հեմինգուեյի։ Սոսկալի բեմադրություն էր՝ «Հրաշալի յոթնյակի» եւ «Երիտասարդ Գվարդիայի» խառնուրդ։ Երկրորդ արարում, օրինակ, Ռոբերտ Ջորդանը սափրվեց դաշույնով։ Ի դեպ, լեհական ջինսով էր։ Ճիշտ իմի պես։

Ներկայացման վերջում այնպիսի հրաձգություն սկսվեց, որ հեռացա՝ առանց օվացիաներին սպասելու։ Մեր քաղաքը բարեհոգի է, բոլոր ներկայացումներն ավարտվում են բուռն ծափահարություններով…

Վաղ առավոտյան եկա հիմնարկ։ Պատվիրված էր դրական գրախոսություն։ Սուրճից ու ծխախոտից զզված սկսեցի գրել․

«Հեմինգուեյի ստեղծագործությունները բեմական չեն։ Այդ գրողի միակ դրաման թատերական կենսագրություն չի ունեցել՝ մնալով «վիպակ՝ երկխոսություններում»։ Այն լավ ընթերցվում է, ընդգծում էր հեղինակը։ Էկրանավորելու Հոլիվուդի անթիվ փորձերը…»

Այստեղ զանգեց Վերան։ Ասում եմ․

— Երդվում եմ, զբաղված եմ։ Ի՞նչ կա։

— Մի րոպեով բարձրացիր։

— Ի՞նչ է եղել։

— Ասում եմ՝ մի րոպեով բարձրացիր։

— Գրողը տանի…

Վերան ինձ սպասում էր միջանցքում։

— Հասկանում ես, նրան փող է պետք։

Ես չհասկացա։ Ավելի ճիշտ հասկացա, բայց ասացի․

— Չեմ հասկանում։

— Ալկային փող է պետք։ Տոմսի փող չունի։

— Վերա, դու ինձ գիտես, բայց մինչեւ ամսի տասնչորսը դա բացառվում է։ Ինչքա՞ն է պետք։

— Գոնե երեսուն։

— Միանգամայն բացառվում է։ Ապրիլի համար հոնորար չունեմ… Հաշվապահությունում յոթանասունհինգ պարտք եմ… Հեռուստացույցի պարտքը մինչեւ վերջ դեռ չեմ տվել… Եվ հետո, չեմ հասկանում… Իսկ Կլենսկի՞ն։ Չէ՞ որ իր կադրն է…

— Քաղաքում չէ։

— Շուտով կվերադառնա։

— Հասկանում ես, ողբերգություն կլինի։ Զանգել է նրա փեսացուն Սարատովից…

— Դվինսկից,— ասացի։

— Սարատովից, դա կարեւոր չէ… Ասել է, որ կկախվի, եթե նա չվերադառնա։ Ալկան փետրվարից ճամփորդում է։

— Դե թող գա, տանի։

— Երկուշաբթի օրը քննության է։

— Հրաշալի է,— ասում եմ,— կախվել կարող է, իսկ քննության չգնալ չի կարող…

— Հեռախոսով լալիս էր այդ փեսացուն, իսկապես լալիս էր…

— Չունեմ երեսուն ռուբլի։ Հետո, Աստծու սիրուն, տարօրինակ է մի տեսակ… Գլխավորն այն է, որ չունեմ։

Ամենահետաքրքիրն այն էր, որ ճիշտ էի ասում։

— Իսկ եթե պարտքով վերցնենք,— ասում է Վերան։

— Իսկ ինչու պիտի պարտք անենք։ Կլենսկու աղջիկն է, թող Կլենսկին էլ անհանգստանա։

— Շաբլինսկուն չհարցնե՞նք։

Գնացինք Շաբլինսկու մոտ։ Նա նույնիսկ վրդովվեց․

— Ես ութ ռուբլի ունեի, ազնվականավայել տվեցի։ Ինքս եմ մտածում, որտեղից ճարեմ։ Սպասեք, թող Միտկան գա ու գլուխ հանի։

— Լավ,— ասաց Վերան,— մի բան կհնարեմ։

Ու քայլեց դեպի դուռը։

— Լսիր,— ասում եմ,— եթե չհնարես, զանգիր…

— Բարի։

— Կարելի է գիտե՞ս ինչ անել։ Կարելի է նրանից հարցազրույց վերցնել։

— Որ ի՞նչ։

— «Տալլինի հյուրերը» խորագրի տակ։ Ուսանողուհին ուսումնասիրում է գոթական ճարտարապետությունը։ Չի բաժանվում Բլոկի հատորյակից։ Զբոսայգում կերակրում է սկյուռներին… Մի քսան ռուբլի կտան, գուցեեւ՝ քսանհինգ…

— Սերժ, ականջի հետեւ չգցես։

— Կանեմ…


Այստեղ ինձ կանչեցին խմբագրի մոտ։ Հենրիխ Ֆրանցեւիչը նստած էր իր ընդարձակ աշխատասենյակի պատուհանի մոտ։ Ռադիոլան ու հեռուսկացույցը անջատած էին։ Լուռ էին նաեւ սելեկտորն ու հեռախոսները։

— Նստեք,— ասաց խմբագիրը,— պատասխանատու հանձնարարություն ունեք։ Մեր թերթում թույլ է ներկայացված բարոյական թեման։ Ընտրությունը շատ լայն է։ Ալիմենտից չարամտորեն խուսափողներ, հովանավորչություն, պետական միջոցների հափշտակում… Հույսս ձեզ վրա է։ Գնացեք ժողովրդական դատարան, Պետավտոտեսչություն…

— Մի բան կհնարեմ։

— Գործի անցեք,— ասաց խմբագիրը,— բարոյական թեման հույժ կարեւոր է…

— Օքեյ,— ասում եմ։

— Եվ չմոռանաք՝ խմբագրությունում շարունակվում է բաց մրցույթը։ Լավագույն նյութերը կարժանանան դրամական մրցանակների։ Իսկ հաղթողը կմեկնի ԳԴՀ…

— Կամավո՞ր,— հարցրի։

— Այսի՞նքն։

— Ինձ անգամ Բուլղարիա չթողեցին։ Գարնանը ներկայացրել էի փաստաթղթերը։

— Քիչ խմեք,— ասաց Տուրոնոկը։

— Դե լավ,— ասում եմ,— այստեղ էլ վատ չէ…

Այդ օրը լի էր այլ հոգսերով, բախումներով, վեճերով, չլուծված խնդիրներով։ Մասնակցեցի երկու խորհրդակցության։ Պատասխանեցի չորս նամակի։ Մի քսան անգամ հեռախոսով խոսեցի։ Կոկտեյլներ խմերի, Մարիանային գրկեցի…

Ամեն ինչ ընթանում էր սովոր հունով։

Իսկ երեկվա օրը ո՞ւր կորավ։ Եթե մոռացված է, հապա ի՞նչն ինձ ստիպեց վեց տարի անց գրել․ «Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չկան չարագործներ … Չկան մեղսագործներ ու բարեպաշտներ չկան»…

Առհասարակ, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք։

  1. Ապօրենի առեւտրով զբաղվող հանցագործ