Changes

Կոմս Մոնտե-Քրիստո

Ավելացվել է 11 134 բայտ, 13:06, 31 Մարտի 2021
― Լա՛վ եք ասում,― բացականչեց Մորելը բռի սրտաբացությամբ։― Հաճելի է ձեզ լսել այդպես խոսելիս, և ես դրանում լավ նշան եմ տեսնում խեղճ Էդմոնի համար։
― Սպասեցեք,― ասաց Վիլֆորը,թերթելով մի նոր մատյան,― սկսում եմ մտաբերել․ կարծեմ, ծովային էր, չէ՞։ Եվ, կարծեմ, պատրաստվում էր ամուսնանալ մի կատալունուհու հետ։ Այո՛, այո՛, հիմա հիշում եմ։ Դա շատ լուրջ գործ էր։
― Միթե՞։
― Դուք հո գիտեք, որ նրան իմ մոտից տարան ուղիղ դատարանի շենքին կից բանտը։
 
― Այո, իսկ հետո՞։
 
― Հետո զեկուցագիր ուղարկեցի Փարիզ, կցելով նրա մոտ հայտնաբերված թղթերը։ Ես պարտավոր էի այդ անել․․․ Մի շաբաթ հետո կալանավորին ուրիշ տեղ տարան։
 
― Տարա՞ն,― բացականչեց Մորելը։― Բայց ի՞նչ արին խեղճ տղային։
 
― Մի՛ վախեցեք, հավանաբար նրան ուղարկել են Ֆենեստրել, Պիներոլ կամ սբ․ Մարգարիտայի կղզիները, որ կնշանակի աքսորել են։ Մի գեղեցիկ օր նա կվերադառնա ձեզ մոտ և կստանձնի իր նավի հրամանատարությունը։
 
― Երբ էլ վերադառնա՝ իր տեղը մնում է։ Բայց ինչպե՞ս է, որ մինչև հիմա չի վերադարձել։ Թվում էր, թե նապոլեոնյան արդարադատության առաջին իսկ գործը պետք է լինի ազատել այն մարդուն, ում բանտ է նստեցրել ռոյալիստական արդարադատությունը։
 
― Մի՛ շտապեք մեղադրել, պարոն Մորել,― պատասխանեց Վիլֆորը․― ամեն գործի մեջ պահանջվում է օրինականություն, բանտարկելու կարգադրությունը ստացված էր բարփրագույն իշխանությունից․ հարկավոր է բարձրագույն իշխանությունից էլ ստանալ ազատման հրամանը։ Նապոլեոնը վերադարձելէ ընդհամենը երկու շաբաթ առաջ․ կալանավորների ազատման կարգադրությունները դեռ նոր են գրվում։
 
― Բայց մի՞թե չի կարելի,― հարցրեց Մորելը,― արագացնել այդ բոլոր ձևականությունները։ Չէ՞ որ մենք հաղթեցինք։ Ես բարեկամներ ունեմ, կապեր ունեմ, ես կհաջողացնեմ վճիռը վերացնել տալ։
 
― Վճիռ չի եղել։
 
― Ուրեմն, ձերբակալման որոշումը։
 
― Քաղաքական գործերի մեջ կալանավորական ցուցակներ չկան։ Երբեմն կառավարությունը շահագրգռված է, որ մարդն անհետ վերանա։ Ցուցակները կարող էին օգնել որոշումներին։
 
― Այդպես է եղել, միգուցե, Բուրբոնների օրոք, բայց հիմա․․․
 
― Այդպես է լինում բոլոր ժամանակներում, թանկագի՛ն պարոն Մորել։ Կառավարությունները հաջորդում են իրար և իրար նման են։ Դեռևս Լյուդովիկոս XIV ―ի օրոք լարած պատժիչ մեքենան գործում է մինչև օրս։ Չկա միայն Բաստիլը։ Կայսրը բանտային կանոնադրությունը կատարելու մեջ միշտ ավելի խիստ է եղել, քան նույնիսկ Լյուդովիկոս XIV ―ը, և ցուցակների մեջ չմտած կալանավորների թիվն անհամար է։
 
Այդօրինակ բարյացակամ սրտաբացությունը կարող էր զինաթափ անել ամեն մի համոզվածություն, իսկ Մորելը նույնիսկ կասկածանք չուներ։
 
― Բայց ասացեք, պարոն դը Վիլֆոր, ինձ ի՞նչ խորհուրդ կտայիք խեղճ Դանտեսի վերադարձն արագացնելու համար։
 
― Կարող եմ մի խորհուրդ տալ․ խնդրագիր ներկայացրեք արդարադատության մինիստրին։
 
― Ա՜խ, պարոն դը Վիլֆոր, մենք հո գիտենք, թե ինչ արժեք ունեն խնդրագրերը։ Մինիստրը օրական մի երկու հարյուր խնդրագիր է ստանում և չորսն էլ չի կարդում։
 
― Այո,― ասաց Վիլֆորը,― բայց իմ ուղարկած, իմ կից գրությամբ օժտված և անմիջականորեն իմ կողմից առաքված խնդրագրերը կկարդա։
 
― Եվ դուք հա՞նձն կառնեք նրա ձեռքը հասցնել։
 
― Մեծ բավականությամբ։ Դանտեսն առաջ կարող էր մեղավոր լինել, բայց հիմա անմեղ է, և ես պարտավոր եմ նրան ազատություն տալ, ինչպես որ պարտավոր էի բանտարկել։
 
Վիլֆորն այդպիսով կանխում էր համար վտանգավոր, նվազ հավանական, բայց այնուամենաայնիվ հնարավոր քննությունը, որը կարող էր նրան անդարձ կործանել։
 
― Իսկ ինչպե՞ս պետք է գրել մինիստրին։
 
― Նստեցեք այստեղ, պարոն Մորել,― ասաց Վիլֆորը, իր տեղը զիջելով նրան,― ես կթելադրեմ։
 
― Այդպես բարի կլինե՞ք։
 
― Ի՞նչ եք ասում։ Բայց ժամանակ չկորցնենք, առանց այն էլ շատ ենք կորցրել։
 
― Այո՛, այո՛, հիշենք, որ խեղճը սպասում է, տանջվում, միգուցե հույսը կորցրել է։
 
Վիլֆորը ցնցվեց՝ խորհելով կալանավորի մասին, որը նրան նզովում էր լռության ու խավարի մեջ, բայց արդեն չափազանց հեռուն էր գնացել և այլևս անհնար էր նահանջել։ Դանտեսը պետք է ճզմվեր նրա փառամոլության աղացաքարով։
 
― Ես պատրաստ եմ,― ասաց Մորելը, նստելով Վիլֆորի բազկաթոռին և գրիչը ձեռքն առնելով։
 
Եվ Վիլֆորը թելադրեց մի խնդրագիր, որի մեջ անտարակույս լավագույն ցանկություններով, չափազանցրեց Դանտեսի հայրենասիրությունը և այն ծառայությունները, որ նա մատուցել էր բոնապարտիստներին։ Այս խնդրագրի մեջ Դանտեսը ներկայանում էր որպես Նապոլեոնի վերադարձի գլխավոր աջակիցներից մեկը։ Ի՜նչ խոսք, որ կարդալով այդ աղերսագիրը, մինիստրը անմիջապես կվերականգնի արդարությունը, եթե դեռևս դա չի արված։
 
Երբ խնդրագիրն արդեն գրված էր, Վիլֆորն այն կարդաց բարձրաձայն։
 
― Լավ է,― ասաց նա,― այժմ ձեր հույսը ինձ վրա դրեք։
 
― Իսկ ե՞րբ կուղարկեք։
 
― Հենց այսօր։
 
― Ձեր կից գրությա՞մբ։
 
― Լավագույն կից գրությունն այն կլինի, որ ես հաստատեմ, թե ինչ ոչ խնդրագրում ասված է՝ միանգամայն ճիշտ է։
 
Վիլֆորը նստեց բազկաթոռին և թղթի անկյունում արեց անհրաժեշտ մակագրությունը։
 
― Էլ ի՞նչ է հարկավոր անել,― հարցրեց Մորելը։
 
― Սպասել,― պատասխանեց Վիլֆորը։― Ես ամեն ինչ ինձ վրա եմ առնում։
 
Այս համոզվածությունը նորից հույս ներշնչեց Մորելին։ Նա հեռացավ՝ թագավորական դատախազի օգնականով հիացած և գնաց ծերունի Դանտեսին լուր տալու, թե նա շուտով որդուն կտեսնի։
 
Մինչդեռ Վիլֆորը խնդրագիրը Փարիզ ուղարկելու փոխարեն, խնամքով պահում էր իր մոտ։ Դանտեսի համար այդ պահին փրկարար հանդիսացող խնդրագիրը կարող էր նրա համար կործանարար լինել հետագայում, եթե տեղի ունենար այն, ինչ արդեն կարելի էր սպասել Եվրոպայի դրությունը և իրադարձությունների ընդունած ընթացքն ի նկատի ունենալով, այսինքն՝ երկրորդ ռեստավրացիան։
 
Եվ այդպես, Դանտեսը բանտարկված մնաց։ Մոռացված ու կորած իր ստորերկրյա զնդանի խավարում, նա չլսեց Լյուդովիկոս XVIII ֊ի դղրդալից անկումը և այն առավել սոսկալի դղրդյունը, որով փուլ եկավ կայսրությունը։
 
Բայց Վիլֆորը աչալուրջ հետևում էր ամեն ինչի, ուշադիր հաշվի առնում ամեն ինչ։ Նապոլեոնի կարճատև վերագահակալության ընթացքում, որը կոչվում է Հարյուր օր, Մորելը երկու անգամ կրկնել էր իր զոհը, պահանջելով ազատել Դանտեսին, և երկու անգամն էլ Վիլֆորը նրան հանգստացրել էր խոստումներով և հույսեր տալով։ Վերջապես վրա հասավ Վաթերլոոն։ Մորելն այլևս չէր գնում Վիլֆորի մոտ։ Նա իր երիտասարդ բարեկամի համար արել էր այն ամենը, ինչ մարդուս ուժը կարող է պատել։ Երկրորդ ռեստավրացիայի ժամանակ նոր փորձեր անելը կարող էր միայն իզուր արատավորել նրան։
 
Լյուդովիկոս XVIII -ը վերստին գահ բարձրացավ։ Վիլֆորը, որի համար Մարսելը լի էր իր խիղճը տանջող հիշողություններով, ձեռք բերեց Տուլուզի թագավորական դատախազի պաշտոնը։ Այդ քաղաքը տեղափոխվելուց երկու շաբաթ հետո նա ամուսնացավ մարքիզուհի Ռենե դը Սեն֊Մերանի հետ, որի հայրը հիմա արքունիքում առանձին շնորհ էր վայելում։
 
Ահա թե ինչու Դանտեսը Հարյուր օրվա ընթացքում և Վաթերլոոյից հետո մնաց բանտում, մոռացված, եթե ոչ մարդկանցից, ապա գոնե աստծուց։