Changes

Կոմս Մոնտե-Քրիստո

Ավելացվել է 7121 բայտ, 20:09, 16 Հուլիսի 2022
Ահա թե ինչու Դանտեսը Հարյուր օրվա ընթացքում և Վաթերլոոյից հետո մնաց բանտում, մոռացված, եթե ոչ մարդկանցից, ապա գոնե աստծուց։
Դանգլարը, իմանալով Նապոլեոնի Ֆրանսիա վերադառնալու մասին, հասկացավ, թե ինչ հարված է հասցրել Դանտեսին։ Նրա ամբաստանությունը հասել էր ին նպատակին և, ինչպես հանցագործության մեջ զգալի, իսկ առօրյա կյանքում չափավոր ընդունակություններով օժտված բոլոր մարդիկ, նա այդ տարօրինակ զուգադիպությունը «նախախնամության կամք» անվանեց։
Բայց երբ Նապոլեոնը մտավ Փարիզ և նորից հնչեց նրա տիրական ու հուժկու ձայնը, Դանգլարը վախեցավ։ Նա րոպե առ րոպե սպասում էր, որ ուր որ է կերևա Դանտեսը, ամեն բանի տեղյակ, սպառնացող և ամեն տեսակ վրիժառության պատրաստ Դանտեսը։ Այնժամ նա պարոն Մորելին հայտնեց, թե ցանկանում է թողնել ծովային ծառայությունը և նրան խնդրեց իրեն հանձնարարել մի իսպանացի վաճառականի, որի մոտ և գրագրի պաշտոն ստանձնեց մարտի վերջերին, այսինքն՝ Նապոլեոնի Տյուիլրի վերադառնալուց տասը կամ տասներկու օր հետո։ Նա մեկնեց Մադրիդ, և այլևս նրանից լուր չկար։
 
Իսկ Ֆերնանը ոչինչ չէր հասկացել։ Դանտեսը չկար․ ահա այն ամենը, որ պետք էր նրան։ Թե ի՞նչ էր պատահել Դանտեսին, նա չէր ջանում իմանալ։ Ֆերնանի բոլոր ջանքերն ուղղված էին այն բանին, որ Մերսեդեսին խաբեր նրա փեսացուի չվերադառնալը հիմնավորող հնարովի պատճառներով կամ ուրիշ տեղ գնալու և նրան էլ հետը տանելու ծրագիր որոճար։ Երբեմն նա նստում էր Ֆարո հրվանդանի կատարին, որտեղից երևում են և՛ Մարսելը, և՛ Կատալանին, ու մռայլ, գիշատիչ թռչունի անշարժ հայացքով նայում էր զույգ ճանապարհներին, թե արդյոք հեռվում չի՞ երևում գեղադեմ նավաստին՝ հետը անագորույն վրեժ բերելով։ Ֆերնանը հաստատ որոշել էր սպանել Դանտեսին, ապա խփել և իրեն, որպեսզի դրանով արդարացներ սպանությունը։ Բայց նա սխալվում էր․ նա երբեք ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, քանզի դեռ շարունակում էր հուսալ։
 
Այդ միջոցին, այդ բոլոր վշտալի անհանգստությունների ժամանակ, կայսրը որոտալից ձայնքով զենքի կոչեց զորակոչիկների վերջին կարգը, և բոլորը, ովքեր կարող էին զենք կրել, դուրս եկան Ֆրանսիայի սահմաններից։
 
Բոլորի հետ միասին արշավանքի մեկնեց և Ֆերնանը, թողնելով իր խրճիթն ու Մերսեդեսին և տանջվելով այն մտքից, թե միգուցե իր բացակայությանը ախոյանը վերադառնա և ամուսնանա իր սիրած կնոջ հետ։
 
Եթե Ֆերնանն ընդունակ լիներ ինքնասպանության, Մերսեդեսից բաժանվելու պահին ինքն իրեն կսպաներ։
 
Մերսեդեսի նկատմամբ Ֆերնանի ունեցած կարեկցությունը, կեղծ վշտակությունը, այն ջանադությունը, որով նա կռահում ու կատարում էր նրա ամենափոքր ցանկությունն անգամ, այնպիսի ներգործություն էին ունեցել, որ սովորաբար անձնվիրությունն ունենում է վեհանձն սրտերի վրա։ Մերսեդեսը միշտ Ֆերնանին սիրել էր եղբոր պես․ երախտագիտության զգացումը կրկնապատկել էր այդ բարեկամությունը։
 
֊Եղբա՜յրս,֊ ասաց նա, կատալանցու մեջքին կապելով պայուսակը,֊ միա՛կ բարեկամս, պահպանիր քեզ, ինձ մենակ մի թողնիր այս աշխարհում, ուր ես արցունք եմ թափում և ուր քեզնից բացի ոչ ոք չունեմ։
 
Անջատումի պահին ասված այդ խոսքերը նորից հույս ներշնչեցին Ֆերնանին։ Եթե Դանտեսը չվերադառնա, թերևս մի օր Մերսեդեսը նրա կինը կդառնա։
 
Մերսեդեսը մնաց մենակ, լերկ քարափի վրա, որը երբեք նրան այդպես ամայի չէր թվացել ծովի անսահման հեռաստանի հանդեպ։ Շարունակ լալով այն խելագար աղջկա պես, որի տխրալի պատմությունը պատմում են այդ երկրում, նա անդադար թափառում էր Կատալանիի շուրջը։ Երբեմն կանգ էր առնում հարավի կիզիչ արևի տակ, արձանի պես համր ու անշարժ, և նայում դեպի Մարսելի կողմը։ Երբեմն նստում էր ծովափին և լսում ալիքների հեծեծանքը, որ վերջ չուներ իր վշտի պես, և ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք ավելի լավ չէ՞ դեպի առաջ թեքվել ու նետվել ծովի անդունդը, քան թե դիմանալ անհույս սպասումի անագորույն տանջանքին։ Բայց վախը չէր, որ Մերսեդեսին ետ էր պահում ինքնասպանությունից․ նա մխիթարություն գտավ կրոնի մեջ, և դա նրան փրկեց։
 
Կադրուսին էլ Ֆերնանի պես բանակ կանչեցին, բայց նա կատալոնցուց ութ տարով մեծ էր, այդ պատճառով էլ նրան թողին նորակոչիկների երրորդ կարգի մեջ, ծովեզերքը պահպանելու համար։
 
Ծերունի Դանտեսը, որ միայն հույսով էր ապրում, կայսեր ընկնելուց հետո հույսի վերջին նշույլն էլ կորցրեց։
 
Որդուց բաժանվելուց ուղիղ հինգ ամիս հետո, գրեթե նույն այն ժամին, երբ Էդմոնին ձերբակալել էին, նա մեռավ Մերսեդեսի ձեռքերի վրա։
 
Մորելը հոգաց նրա թաղման ծախսերը և վճարեց այն մանր պարտքերը, որ ծերունին արել էր իր հիվանդության ժամանակ։
----
<references/>
7
edits