Վերջին թարմացում 14 Հունվարի 2016, 21:07

Կորած֊մոլորած

Կորած֊մոլորած

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ամալյա Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»


Գրեթե մինչև ժամը երեքը Մերի Ջեյնը փնտրում էր Էլոիզայի տունը։ Ու երբ սա ընդառաջ դուրս եկավ Մերիին, աղջիկը բացատրեց, որ ամեն ինչ հրաշալի էր գնում, որ միանգամայն ճիշտ էր հիշում ճանապարհը մինչև Մերիկ֊Փարկուեյից թեքվելը։

― Ոչ թե Մերիկ, այլ՝ Մերիտ, փոքրիկս, ― ասաց Էլոիզան ու անմիջապես էլ Մերի Ջեյնին հիշեցրեց, որ նա երկու անգամ եկել է այստեղ, բայց Մերի Ջեյնը ինչ֊որ անհասկանալի բան քրթմնջաց անձեռոցիկների մասին ու նետվեց դեպի իր մեքենան։ Էլոիզան բարձրացրեց ուղտի բրդից կարված վերարկուի օձիքը, թիկունքը դարձրեց քամու կողմն ու սպասեց։ Մերի Ջեյնը անմիջապես վերադարձավ, դեմքը մաքրելով թղթե անձեռոցիկով, բայց դա չօգնեց, միևնույն է, նա մի տեսակ գզգզված տեսք ուներ, նույնիսկ կեղտոտ։ Էլոիզան ուրախ հայտնեց, որ նախաճաշը վառվել է, ― և քաղցրը, և միսը, և առհասարակ ամեն ինչ գրողի ծոցն է գնացել, ― բայց պարզվեց, որ Մերի Ջեյնը ճանապարհին արդեն կերել է։ Նրանք գնացին դեպի տուն, և Էլոիզան հետաքրքրվեց, թե այդ օրն ինչո՞ւ է հանգստանում Մերի Ջեյնը։ Սա ասաց, որ ամբողջ օրը չէ հանգիստ, պարզապես միստր Վայնբուրգը ճողվածք ունի և մնացել է տանը, Լարչմոնտում։ Իսկ իր գործն այն է, որ երեկոյան փոստը տանի նրան և նրա թելադրանքով նամակներ գրի։


― Իսկ ինչ բան է ճողվածքը, չգիտե՞ս, ― հարցրեց նա Էլոիզային։ Էլոիզան սիգարետը նետեց ոտքերի տակ, կեղտոտ ձյան վրա, և ասաց, որ ճշգրիտ չգիտի, բայց Մերի Ջեյնը կարող է չանհանգստանալ՝ դա վարակիչ չէ։ ― Ըհը՛, ― ասաց Մերի Ջեյնը, և նրանք մտան տուն։

Քսան րոպե անց հյուրասենյակում նրանք արդեն խմում էին սոդայով վիսկու բաժինը և զրուցում այնպես, ինչպես միայն քոլեջի նախկին ընկերուհիներն ու հանրակացարանային հարևանուհիները կարող են զրուցել։ Ճիշտ է, նրանց կապը ավելի ամուր էր․ երկուսն էլ հեռացել էին քոլեջից առանց ավարտելու․ Էլոիզան հարկադրված եղավ հեռանալ երկրորդ կուրսից, 1942 թվականին, այն բանից հետո, երբ նրան բռնեցին հանրակացարանի երրորդ հարկում, վերելակի մեջ մի զինվորի հետ փակված։ Իսկ Մերի Ջեյնը նույն տարին, նույն կուրսից, գրեթե հենց նույն ամսին ամուսնացավ Ֆլորիդայի նահանգի ջեկսոնվիլյան ամառային դպրոցի մի կուրսանտի հետ․ դա ավիացիային սիրահարված մի նիհարիկ տղա էր՝ Դիլայից, Միսիսիպիի նահանգից։ Մերի Ջեյնի հետ եռամսյա ամուսնության երկու ամիսը նա բանտ էր նստել զինվորական պարեկին դանակով հարվածելու համար։

― Ոչ, ոչ, ― ասում էր Էլոիզան, ― միանգամայն կարմրահեր է։

Նա պառկել էր բազմոցին՝ նիհար, բայց խիստ սլացիկ ոտքերը իրար վրա դրած։

― Իսկ ես լսել եմ, որ շիկահեր է, ― կրկնեց Մերի Ջեյնը։ Սա նստել էր կապույտ բազկաթոռին։ ― Նա, ի՞նչ էր անունը, կյանքով էր երդվում, թե շիկահեր է։

― Ի՜նչ ես ասում։ ― Էլոիզան լայն հորանջեց։ ― Նա գրեթե ինձ մոտ է ներկել մազերը։ Ի՜նչ ես ասում։ Սիգարետը վերջացա՞վ։

― Ոչինչ, ես մի ամբողջ տուփ ունեմ։ Միայն թե որտե՞ղ եմ դրել, ― ասաց Մերի Ջեյնը՝ պրպտելով պայուսակը։

― Այդ դայակը ապուշ է, ― ասաց Էլոիզան, առանց շարժվելու․ ― մի ժամ առաջ երկու չբացված տուփ դրի քթի տակ։ Ա՛յ, կտեսնես, հիմա կգա ու կհարցնի, թե ուր կորան։ Գրողը տանի, խելքը լրիվ թռցրել է։ Ինչի մասին էի ասո՞ւմ։

― Այդ Թերինգերի մասին, ― հուշեց Մերի Ջեյնը՝ կպցնելով սիգարետը։

― Հա՛, ճիշտ է։ Ուրեմն այդպես, ես լավ եմ հիշում։ Նա երեկոյան ներկեց մազերը, հարսանիքի նախորդ օրը։ Նա ախր այդ Ֆրենկ Հենկեի հետ ամուսնացավ։ Հիշո՞ւմ ես Հենկեին։

― Դե, ինչպես չհիշեմ, իհարկե, հիշում եմ։ Այսպիսի մի քնձռոտ զինվորիկ էր։ Սոսկալի տգեղ, չէ՞։

― Տգե՞ղ։ Աստված իմ։ Նա նման էր անլվա Բել Լուգոզիկին։

Մերի Ջեյնը քրքջաց, գլուխը ետ գցելով։ ― Լավ ասացիր, ― ասաց ու կրկին կռացավ իր բաժակի վրա։

― Հապա բաժակդ տուր, ― ասաց Էլոիզան և գուլպաներով ոտքերը իջեցրեց հատակին։ ― Օ՛հ, այդ ապուշ դայա՜կը։ Եվ ի՜նչ ասես որ չեմ արել, ազնիվ խոսք, քիչ էր մնում Լյուին ստիպեմ համբուրվել նրա հետ, միայն թե սա մեզ հետ գա այստեղ, քաղաքից դուրս։ Իսկ հիմա ափսոսում եմ։ Օ՜յ, որտեղի՞ց ես ճարել սա։

― Սա՞, ― Մերի Ջեյնը ձեռք տվեց օձիքի կամեյային։ ― Աստված իմ, սա դեռ դպրոցից ունեմ։ Ժամանակին մայրիկինս է եղել։

― Թքած այս կյանքի վրա, ― ասաց Էլոիզան, դատարկ բաժակները բռնած, ― գոնե մեկն էլ ինձ մի բան թողներ, ոչինչ չունեմ։ Եթե երբևիցե սկեսուրս մեռնի, ― կմեռնի, բա չէ՜, ― նա հավանաբար իր սառույցկոտրիչը ժառանգություն կթողնի ինձ, անվանատառերն էլ վրան։

― Իսկ դու հիմա լա՞վ ես նրա հետ, ― հարցրեց Մերի Ջեյնը։

― Սիրում ես կատակել, ― ասաց Էլոիզան՝ գնալով խոհանոց։

― Էլ չեմ ուզում, լսո՞ւմ ես, ― նրա ետևից ձայն տվեց Մերի Ջեյնը։

― Գրողը տանի։ Ո՞վ է ում զանգ տվել հեռախոսով։ Ո՞վ է երկու ժամ ուշացել։ Դե հիմա նստիր այնքան, մինչև որ ես ձանձրանամ։ Իսկ քո կարիերան թող գրողի ծոցը գնա։

Մերի Ջեյնը էլի քրքջաց, գլուխը ետ գցելով, բայց Էլոիզան արդեն խոհանոց էր գնացել։

Երբ Մերի Ջեյնը ձանձրացավ սենյակում մենակ մնալուց, վեր կացավ և մոտեցավ պատուհանին։ Վարագույրը ետ քաշելով՝ նա ուզում էր բռնել շրջանակի բռնակից, բայց մատները կեղտոտվեցին ածխափոշուց, և նա մաքրեց մյուս ձեռքին քսելով ու հեռացավ պատուհանից։ Ցրտում էր, և կիսահալ ձյունը դրսում աստիճանաբար սառչում էր։ Մերի Ջեյնը իջեցրեց վարագույրն ու գնաց դեպի իր կապույտ բազկաթոռը, անցնելով գրքերով լեփ֊լեցուն երկու պահարանների մոտով, առանց նույնիսկ մի հայացք գցելու գրքերի վերնագրերին։ Նստելով բազկաթոռին՝ բացեց պայուսակն ու սկսեց հայելու մեջ զննել իր ատամները։ Հետո շրթունքները սեղմեց, լեզուն ամուր քսեց վերին լնդին և նորից նայեց հայելուն։

― Մերկասառույց է սկսվում, ― ասաց նա շուռ գալով։ ― Օհո՜, ինչ շուտ պատրաստեցիր։ Չես բացել երևի, հա՞։

Էլոիզան կանգ առավ՝ ձեռքին երկու լիքը բաժակներ։ Նա ցուցամատերը ավտոմատի փողի նման ցցեց ու ասաց․

― Չշարժվե՛լ։ Ձեր տունը շրջապատված է։

Մերի Ջեյնը էլի քրքջաց ու հայելին պահեց։

Էլոիզան բաժակը ձեռքին մոտեցավ նրան։ Անվարժ շարժումով հյուրի բաժակը դրեց պնակի մեջ, բայց իրենը ձեռքից ցած չդրեց։ Մեկնվելով բազմոցին՝ ասաց․

― Գուշակիր, թե ինչ անելիս կլինի այդ դայակը։ Իր վիթխարի սև քամակը դրել է աթոռին ու «Հագնվել» է կարդում։ Երբ սառույցով մատուցարանը հանկարծ ցած գցեցի, նա այնպես նայեց ինձ․ հապա ի՜նչ ես կարծում, խանգարեցի։

― Սա վերջինն է, լսո՞ւմ ես, ― ասաց Մերի Ջեյնն ու վերցրեց բաժակը։ ― Հա, գուշակիր, ո՞ւմ տեսած կլինեմ անցյալ շաբաթ։ Հանրախանութի գլխավոր դահլիճում։

― Հը՞, ― ասաց Էլոիզան ու գլխի տակ մտցրեց բազմոցի բարձը։ ― Ակիմ Թամիրովի՞ն։

― Ուո՜ւ՞մ, ― զարմացավ Մերի Ջեյնը։ ― Դա ո՞վ է։

― Դե, Ակիմ Թաիրովն, էլի՛, կինոյում է խաղում։ Նա այնպե՜ս հետաքրքիր է խոսում․ «Կաթակ ես անում, կաթա՜կ, հը՞»։ Պաշտում եմ նրա՜ն․․․ Օ՜հ, գրողը տանի, այս տանը մի կարգին բարձ չկա։ Ասում ես, ում ես տեսե՞լ։

― Ջեկսոնին։ Նա գնում էր․․․

― Այդ ո՞ր Ջեկսոնին։

― Դե, չգիտեմ։ Այն, որ հոգեբանության սեմինարին մեզ հետ էր մասնակցում։ Նա դեռևս մշտական․․․

― Նրանք երկուսն էլ մեզ հետ էին սեմինարին։

― Դե, գիտե՞ս, այսպիսի վիթխարի․․․

― Հա՜, Մարսիա֊Լուիզան։ Մի անգամ էլ ես եմ տեսել։ Երևի այնքան խոսեց, որ շշմեցիր։

― Էլ մի՛ ասա։ Տես, թե ինչ պատմեց․ դոկտոր Ուայթինգը մեռել է։ Ասում է, Բարբարա Հիլլը նրան գրել է, թե դոկտոր Ուայթինգի մոտ անցյալ ամռանը քաղցկեղ են հայտնաբերել, ու հիմա մեռել է։ Իսկ նա ընդամենը վաթսուներկու ֆունտ քաշ է ունեցել։ Մահից առաջ, հասկանո՞ւմ ես։ Սոսկալի է, չէ՞։

― Ի՜նձ ինչ։

― Թո՛ւհ, ի՜նչ չարն ես դարձել, Էլոիզա։

― Հը՜մ, հա՛, է՞լ ինչ էր պատմում։

― Ասում էր, նոր է վերադարձել Եվրոպայից։ Ամուսինը Գերմանիայում ինչ֊որ տեղ է ծառայելիս եղել, ինքն էլ նրա հետ է եղել։ Ասում է՝ քառասունյոթ սենյականոց տուն են ունեցել, իրենցից բացի մի ընտանիք էլ է եղել և տասը սպասավորներ։ Իր հեծնելու ձին է ունեցել, իսկ նրանց ձիապանը առաջ Հիտլերին է ծառայելիս եղել, գրեթե նրա անձնական շտալմեյստրն[1] է եղել։ Այո, նա պատմում էր նաև, թե ինչպես քիչ էր մնացել, որ իրեն բռնաբարի մի նեգր զինվոր։ Հասկանո՜ւմ ես, կանգնել է խանութի գլխավոր դահլիճում ու ձայնը գլուխը գցել․ դու ախր լավ ես ճանաչում այդ Ջեկսոնին։ Ասում է, այդ նեգրն իր ամուսնու վարորդն էր, իրեն առավոտները շուկա էր տանում և էլի չգիտեմ որտեղ։ Ասում է, այնպես է վախեցել ինքը, որ նույնիսկ չի կարողացել․․․

― Հապա սպասիր մի րոպե, ― Էլոիզան գլուխը բարձրացրեց ու կանչեց․ ― Դո՞ւ ես, Ռամոնա։

― Ես եմ, ― պատասխանեց մանկական ձայնը։

― Դուռը լավ ծածկիր, խնդրում եմ, ― կանչեց Էլոիզան։

― Ռամոնան եկա՞վ։ Ուղղակի մեռնում եմ նրան տեսնելու համար։ Չէ որ այն ժամանակից ի վեր չեմ տեսել․․․

― Ռամոնա՛, ― կանչեց Էլոիզան՝ աչքերը կկոցելով։ ― Գնա խոհանոց, թող Գրեյսը հանի բոտիներդ։

― Լավ, ― ասաց Ռամոնան։ ― Գնանք, Ջիմմի։

― Մեռնում եմ նրան տեսնելու համար, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Աստված իմ, տես ի՜նչ եմ արել։ Ներիր ինձ, Է՛լ։

― Լա՛վ, լա՛վ, ոչինչ, ― ասաց Էլոիզան։ ― Այդ գարշելի գորգից առանց այդ էլ զզվել եմ։ Սպասիր, մի քիչ էլ լցնեմ քեզ համար։

― Չէ՛, չէ՛, տե՛ս, կեսից ավելին մնացել է, ― և Մերի Ջեյնը բաժակը վեր բարձրացրեց։

― Չե՞ս ուզում, ― ասաց Էլոիզան։ ― Մի սիգարետ տուր։

Մերի Ջեյնը մեկնեց իր տուփը և կրկնեց․

― Ուղղակի մեռնում եմ, այնպես եմ ուզում տեսնել։ Ո՞ւմ է նման։

Էլոիզան վառեց լուցկին․ ― Ակիմ Թամիրովին։

― Չէ՛, լրջորեն եմ ասում։

― Լյուին։ Տեղովը Լյուն է։ Իսկ երբ Լյուի մայրիկը հայտնվում է, նրանք ասես երկվորյակներ լինեն։ ― Առանց տեղից շարժվելու՝ Էլոիզան ձեռքը մեկնեց մոխրամաններին, որ իրար վրա դարսված էին ծխասեղանին։ Նրան հաջողվեց վերցնել վերևինը ու դնել իր փորին։ ― Ուզում եմ շուն պահել, սպանիել է, ինչ է, ― ասաց նա։ ― Թող ընտանիքում գոնե մեկն էլ ինձ նման լինի։

― Իսկ ինչպե՞ս են Ռամոնայի աչուկները, հո չե՞ն վատացել։

― Տեր աստված, ինչ իմանամ։

― Բայց առանց ակնոցի նա տեսնո՞ւմ է, թե չէ։ Դե, ասենք, գիշերը, եթե պետք է զուգարան գնալ։

― Մի՞թե կասի։ Շատ ինքնամփոփն է, սատանան։

Մերի Ջեյնը շուռ եկավ․ ― Բարև, Ռամոնա, ― ասաց նա։ ― Ախ, այդ ի՜նչ հրաշալի շոր ես հագել։ ― Նա ցած դրեց բաժակը։ ― Դու երևի ինձ չես էլ հիշո՞ւմ, Ռամոնա։

― Ինչպես թե չի հիշում։ Ո՞վ է այս մորաքույրը, Ռամոնա։

― Մերի Ջեյնն է, ― ասաց Ռամոնան և քորվեց։

― Ապրես, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Դե համբուրիր ինձ, Ռամոնա։

― Դե վերջ տուր, ― Ռամոնային ասաց Էլոիզան։

Ռամոնան դադարեց քորվել։

― Դե համբուրիր ինձ, Ռամոնա՛, ― կրկնեց Մերի Ջեյնը։

― Համբուրվել չեմ սիրում։

Էլոիզան արհամարհանքով փնչացրեց ու հարցրեց․ ― Իսկ ո՞ւր է քո Ջիմմին։

― Այստեղ է։

― Ո՞վ է Ջիմմին, ― Մերի Ջեյնը հարցրեց երեխային։

― Տեր իմ աստված, դա իր կավալերն է։ Ամբողջ օրը միասին են։ Ոնց որ իսկական մարդիկ։

― Չէ, իսկապես, ― ոգևորությամբ հարցրեց Մերի Ջեյնը։ Նա կռացավ Ռամոնայի վրա։ ― Դու կավալե՞ր ունես, Ռամոնա։

Ռամոնայի կարճատես աչքերում ակնոցի հաստ ապակու ետևից Մերի Ջեյնի ոգևորության ստվերն անգամ չարտահայտվեց։

― Մերի Ջեյնը քեզ է հարցնում, Ռամոնա, ― ասաց Էլոիզան։

Ռամոնան մատը մտցրեց լայն, կճատ քթի մեջ։

― Մի՛, ― ասաց Էլոիզան։ ― Մերի Ջեյնը հարցնում է՝ կավալեր ունե՞ս, թե չէ։

― Ունեմ, ― ասաց Ռամոնան քիթը քչփորելով։

― Ռամոնա, ― ասաց Էլոիզան, ― անմիջապես վերջ տուր։ Լսո՞ւմ ես, ո՞ւմ եմ ասում։

Ռամոնան ձեռքն իջեցրեց։

― Չէ, իսկապես, դա հրաշալի է, ― ասաց Մերի Ջեյնը, ― իսկ անունն ի՞նչ է։ Ասա, տեսնեմ, անունն ի՞նչ է, Ռամոնա։ Թե՞ գաղտնիք է։

― Ջիմմի, ― ասաց Ռամոնան։

― Ախ, Ջիմմի՜։ Ինչպե՜ս եմ սիրում այդ անունը։ Իսկ ազգանունն ի՞նչ է, Ռամոնա։

― Ջիմմի Ջիմիրինո, ― ասաց Ռամոնան։

― Մի՛ պտտվիր, ― ասաց Էլոիզան։

― Օ՜, ինչ հետաքրքիր անուն է։ Իսկ որտե՞ղ է Ջիմմին։ Ասա, Ռամոնա, որտե՞ղ է նա։

― Այստեղ, ― ասաց Ռամոնան։

Մերի Ջեյնը նայեց շուրջը, հետո նայեց Ռամոնային շատ քնքուշ ժպիտով։

― Որտե՞ղ, արևս։

― Այստեղ, ― ասաց Ռամոնան։ ― Ես բռնել եմ նրա ձեռքից։

Ոչինչ չեմ հասկանում, ― ասաց Մերի Ջեյնը Էլոիզային։ Սա խմում էր իր վիսկին։

― Ե՛ս ինչ անեմ։

Մերի Ջեյնը դարձավ Ռամոնային։ ― Ա՛խ, հասկացա, դու պարզապես հորինել ես քեզ համար։ Ջիմմի՜, աքանչելի՜ է, ― Մերի Ջեյնը բարեհամբյուր գլուխ տվեց Ռամոնային․ ― Բարև, Ջիմմի, ― ասաց նա։

― Դե մի՞թե Ջիմմին քեզ հետ կխոսի, ― ասաց Էլոիզան։ ― Ռամոնա, հապա Ջիմմիի մասին պատմիր Մերի Ջեյնին։

― Ի՞նչ պատմեմ Ջիմմիի մասին։

― Մի՛ շարժվիր, հանգիստ կանգնիր․․․ Մերի Ջեյնին պատմիր, թե ինչպիսի՞ն է քո Ջիմմին։

― Նրա աչքերը կանաչ են, իսկ մազերը՝ սև։

― Էլ ի՞նչ։

― Հայրիկ, մայրիկ չունի։

― Էլ ի՞նչ։

― Պեպեններ չունի։

― Իսկ ի՞նչ ունի։

― Սուսեր։

― Էլ ի՞նչ։

― Չգիտեմ, ― ասաց Ռամոնան և նորից սկսեց քորվել։

― Դե նա ուղղակի գեղեցիկ է, ― ասաց Մերի Ջեյնը և ավելի առաջ հակվեց։ ― Ռամոնա, ասա, Ջիմմի՞ն էլ հանեց բոտիները, երբ ներս եկաք։

― Նրանը սապոգներ են։

― Չէ, ուղղակի սքանչելի՜ է, ― ասաց Մերի Ջեյնը Էլոիզային։

― Քեզ համար հեշտ է ասելը։ Իսկ ես օրեր շարունակ պետք է դիմանամ։ Ջիմմին նրա հետ ուտում է, Ջիմմին նրա հետ լողանում է, Ջիմմին նրա հետ քնում է միևնույն մահճակալին։ Սա պառկելիս մահճակալի եզրին է քնում, որպեսզի հանկարծ նրան չհրի։

Մերի Ջեյնը կենտրոնացած կծեց շրթունքը, դրանով մեծ հիացմունք արտահայտելով, հետո հարցրեց․ ― Որտեցի՞ց է վերցրել այդ անունը։

― Ջիմմի Ջիմիրինո՞ն։ Ո՞վ է իմանում։

― Գուցե հարևանների տղաներից որևէ մեկի անո՞ւնն է։ Էլոիզան հորանջեց և տարուբերեց գլուխը։

― Ոչ մի հարևանի տղա էլ չկա այստեղ։ Առհասարակ այստեղ երեխաներ չկան։ Ինձ էլ «հարևանուհի֊մարևանուհի» են ասում, իհարկե, ոչ իմ ներկայությամբ, այլ․․․

― Մա՛, կարելի՞ է բակում խաղամ, ― հարցրեց Ռամոնան։

Էլոիզան ծուռ նայեց նրան․ ― Նոր ներս մտար։

― Ջիմմին ուզում է բակ գնանք։

― Ինչի՞ համար։

― Սուսերն այնտեղ է մնացել։

― Օ՜, գրողը տանի, էլի Ջիմմին, դարձյալ այդ հիմար բաները։ Լավ, գնա՛, բոտիներդ չմոռանաս։

― Կարելի՞ է բռնել սա, ― Ռամոնան մոխրամանից վերցրեց այրված լուցկին։

― Վերցնել և ոչ թե «բռնել»։ Վերցրու։ Փողոց չգնաս, հասկացա՞ր։

― Ցտեսություն, Ռամոնա, ― քնքշագին երգեց Մերի Ջեյնը։

― ․․․տեսություն, գնանք, Ջիմմի։

Էլոիզան հանկարծ վեր թռավ, երերաց․ ― Այստեղ տուր քո բաժակը։

― Պետք չէ, էլ, աստված վկա, պետք չէ։ Չէ որ ինձ սպասում են Լարչմոնտում։ Միստր Վայնբուրգն այնպես բարի է, ես ոչ մի կերպ չեմ կարող․․․

― Զանգ տուր, ասա, որ քեզ մորթել են։ Դե, այստեղ տուր բաժակդ, լսո՞ւմ ես։

― Պետք չէ, Էլ, ազնիվ խոսք։ Համ էլ սկսում է սառչել․․․ Իսկ ես բոլորովին հակասառուցիչներ չունեմ։ Հասկանո՞ւմ ես, եթե ես․․․

― Թող բոլորը սառչեն, գրողի ծոցը։ Գնա զանգահարիր։ Հայտնիր, որ մեռել ես, ― ասաց Էլոիզան։ ― Դե, այստեղ տուր բաժակդ։

― Ի՞նչ անեմ քեզ հետ։ Ո՞ւր է ձեր հեռախոսը։

― Այ թե որտեղ է, ― ասաց Էլոիզան՝ դատարկ բաժակները ձեռքին մտնելով ճաշասենյակ։ ― Ահա թե որտեղ է։ ― Նա հանկարծ կանգ առավ ճաշասենյակի շեմքին, սայթաքեց ու ոտքը ուժգին խփեց հատակին։ Մերի Ջեյնը միայն քրքջաց։


― Իսկ ես քեզ ասում եմ՝ չես ճանաչել Ուոլթին, ― ասաց Էլոիզան չորսն անց քառորդ, գորգի վրա պառկած, կոկտեյլով լի բաժակը տափակ, գրեթե տղայական կրծքի վրա դրված։ ― Կյանքում ոչ ոք այդպես չի կարողացել ծիծաղեցնել ինձ։ Արտասվելու աստիճան, իսկականից։ ― Նա նայեց Մերի Ջեյնին։ ― Հիշո՞ւմ ես այն երեկոյան, վերջին կիսամյակում, ինչպե՜ս էինք քրքջում, երբ այդ խելառ Լուիզա Գերմանսոնը ներս ընկավ մեզ մոտ միայն մի սև կրծքակալով, որ դեռևս Չիկագոյում էր գնել, հիշո՞ւմ ես։

Մերի Ջեյնը բարձր փռթկացրեց։ Նա երեսի վրա պառկել էր բազմոցին, ծնոտը հենել բարձին, որպեսզի լավ տեսնի Էլոիզային։ Կոկտեյլով լի բաժակը դրված էր կողքին, հատակի վրա։

― Ա՛յ, նա էր կարողանում ինձ ծիծաղեցնել, ― ասաց Էլոիզան։ ― Ծիծաղեցնում էր խոսելիս։ Ծիծաղեցնում էր հեռախոսով։ Նույնիսկ նամակներով այնպես էր ծիծաղեցնում, որ ուշքս գնում էր։ Եվ որ գլխավորն է, նա ջանք էլ չէր թափում, պարզապես նրա հետ միշտ այնքան ուրախ էր, այնքա՜ն զվարթ։ ― Բարի եղիր, մի սիգարետ գցիր ինձ։

― Ոչ մի կերպ ձեռքս չի հասնում, ― ասաց Մերի Ջեյնը։

― Դե, գլուխը քարը, ― Էլոիզան էլի հայացքը հառեց առաստաղին։ ― Բայց մի անգամ ես ընկա, ― ասաց նա։ ― Սպասում էի նրան, ինչպես միշտ, ավտոբուսի կանգառում, անմիջապես հանրակացարանի մոտ, և նա, չգիտեմ ինչու, ուշացավ, եկավ, բայց ավտոբուսն արդեն շարժվել էր։ Վազ տվինք, ես շրխկալով փռվեցի, ջիլս ձգվեց։ Նա ասաց․ «Վա՛յ, իմ խե՜ղճ կորած֊մոլորած։ Այդպես էլ ասաց․ «Իմ խե՜ղճ կորած֊մոլորած․․․» Տեր աստված, ի՜նչ հաճելին էր նա։

― Իսկ մի՞թե քո Լյուն զուրկ է հումորի ձգացումից, ― հարցրեց Մերի Ջեյնը։

― Ի՞նչ։

― Մի՞թե Լյուն հումորի զգացում չունի։

― Ա՛հ, աստված գիտի։ Գուցե ունի, չգիտեմ։ Ծիծաղում է, երբ ծաղրանկար է նայում ու նման բաներ։ ― Էլոիզան գլուխը բարձրացրեց գորգից և, բաժակը վերցնելով կրծքից, խմեց մի կում։

― Չէ, այնուամենայնիվ, դա ամեն ինչ չէ, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Դա քիչ է։ Հասկանո՞ւմ ես, քիչ է։

― Ի՞նչն է քիչ։

― Դե․․․ Ինքդ էլ հասկանում ես․․․ Եթե ուրախ ես զգում քեզ մարդու հետ և նման բաներ․․․

― Իսկ ո՞վ ասաց, որ դա քիչ է, ― ասաց Էլոիզան։ ― Հարկավոր է ուրախ ապրել, հո միանձնուհիներ չե՞նք, գրողը տանի։

Մերի Ջեյնը քրքջաց․ ― Չէ, դու ինձ կսպանես, ― ասաց նա։

― Տեր իմ աստվա՜ծ․ որքան լավն էր նա, ― ասաց Էլոիզան, ― մեկ ծիծաղելի, մեկ սիրալիր։ Եվ ոչ թե այդ բոլոր հիմար տղաների պես կպչուն, չէ նա սիրալիր ժամանակ էլ յուրորինակ էր։ Գիտե՞ս մի անգամ ինչ արեց։

― Հը՞, ― ասաց Մերի Ջեյնը։

― Գնացքով Տորոնտոյից Նյու֊Յորք էինք գնում․ նրան նոր էին բանակ կանչել։ Վագոնում այնպես անտանելի ցուրտ էր, մենք երկուսով ծածկվել էինք իմ վերարկուով։ Հիշում եմ, իմ հագին դեռ ջեմպր կար, Ջոյս Մորոուից էի վերցրել, հիշո՞ւմ ես, սքանչելի ջեմպր էր, կապույտ գույնի։

Մերի Ջեյնը գլխով արեց, բայց Էլոիզան նույնիսկ չնայեց էլ նրան։

― Ուրեմն նրա ձեռքը, չգիտեմ ինչպես, հայտնվեց իմ փորի վրա։ Հասկանում ես, հենց այնպես։ Ու մեկ էլ նա ինձ ասում է․ քո փորն այնքան սիրունիկ է, որ լավ կլիներ հիմա մի որևէ սպա ինձ հրամայեր մյուս ձեռքս պատուհանից դուրս հանել։ Ասում է՝ ուզում եմ, որ ամեն ինչ արդարացիորեն լինի։ Ու ձեռքը ետ քաշեց և ուղեկցողին ասաց․ «Մի՛ կռացեք։ Տանել չեմ կարող այն մարդկանց, ովքեր համազգեստը արժանապատվությամբ չեն կրում»։ Իսկ ուղեկցորդն ասաց․ «Քնեցեք, խնդրեմ»։

Էլոիզան լռեց, հետո ասաց․ ― Կարևորը ոչ թե այն էր, ինչ֊որ նա ասում էր, այլ այն, թե ինչպես էր ասում։

― Իսկ դու նրա մասին պատմե՞լ ես քո Լյուին։ Ընդհանրապես պատմե՞լ ես։

― Նրա՞ն, ― ասաց Էլոիզան։ ― Այո, ինչ֊որ հիշատակել եմ, որ այդպիսի մեկը եղել է։ Եվ գիտե՞ս նա առաջին հերթին ինչ հարցրեց։ Ի՞նչ կոչում ուներ։

― Իսկ ի՞նչ կոչում ուներ։

― Դու է՞լ ես նույնը ասում, ― հարցրեց Էլոիզան։

― Դե չէ, ես հենց այնպես․․․

Էլոիզան հանկարծ ծիծաղեց կրծքային ձայնով․ ― Գիտե՞ս մի անգամ Ուոլթն ինձ ինչ ասաց։ Ասաց, որ ինքն, իհարկե, առաջ կգնա բանակում, բայց ոչ այն ուղղությամբ, ինչ որ մյուսները։ Ասում էր, երբ իր կոչումը բարձրացնեն, ապա ուսաթելերն ավելացնելու փոխարեն, թևքերը կկտրեն։ Ասում էր, մինչև հասնեմ գեներալի աստիճանի, ինձ լրիվ կմերկացնեն։ Միայն պղնձե մի կոճակ կմնա պորտիս վրա։

Էլոիզան նայեց Մերի Ջեյնին․ սա նույնիսկ չէր ժպտում։

― Քո կարծիքով ծիծաղելի չէ՞։

― Ծիծաղելի է, իհարկե։ Միայն թե ինչո՞ւ դու նրա մասին չես պատմում քո Լյուին։

― Ինչո՞ւ, դե, որովհետև Լյուն այնպիսի բութ արարած է, որպիսին աշխարհը դեռ չի տեսել, այ թե ինչու, ― ասաց Էլոիզան։ ― Ավելին։ Այ թե ինչ կասեմ քեզ, խելացի օրիորդ։ Եթե մի անգամ էլ ամուսնանաս, երբեք ոչինչ մի՛ պատմիր ամուսնուդ։ Հասկացա՞ր։

― Իսկ ինչո՞ւ, ― հարցրեց Մերի Ջեյնը։

― Որովհետև։ Դու ինձ լսիր, ― ասաց Էլոիզան։ ― Նրանք ուզում են մտածել, որ քո սիրտը խառնում է բոլոր ծանոթ տղաներից։ Կատակ չեմ անում, հասկանալի՞ է։ Այո, իհարկե, կարող ես ինչ ասես պատմել նրանց։ Բայց ճշմարտությունը՝ երբե՛ք, ո՛չ մի դեպքում։ Հասկանո՞ւմ ես, ճշմարտությունը՝ երբե՛ք։ Եթե կասես, թե ծանոթ էիր մի սիրուն տղայի, անպայման ավելացրու, որ նրա գեղեցկությունը մի տեսակ քաղցր֊մեղցր էր։ Կասես, մի սրամիտ տղայի էիր ճանաչում, անհապաղ բացատրիր, որ նա պարծենկոտի կամ մեծամիտի մեկն էր։ Եթե չասես, ամբողջ ժամանակ նա աչքդ է խոթելու այդ տղային, ամեն մի առիթով․․․ ― Էլոիզան կանգ առավ, մի կում խմեց ու մտքերի մեջ ընկավ։ ― Այո, իհարկե, նա քեզ շատ խելոք կլսի, ինչպես հարկն է։ Կերպարանքն էլ շատ խելացի կլինի։ Բայց դու մի՛ խաբվիր։ Ի՛նձ լսիր։ Բավական է միայն, որ հավատա, թե նրանք խելոք են եղել, կյանքդ դժոխք կդառնա։

Մերի Ջեյնը, որ ակնհայտ հուզված էր, գլուխը բարձրացրեց մութաքայից և հենվեց արմունկների վրա, ծնոտը խրելով ափի մեջ։ Երևում է, կշռադատում էր Էլոիզայի խորհուրդները։

― Բայց հո չե՞ս կարող ժխտել, որ Լյուն խելացի է, ― ասաց նա բարձրաձայն։

― Այդ ինչպե՞ս չեմ կարող։

― Բայց մի՞թե նա խելացի չէ, ― անմեղ ձայնով հարցրեց Մերի Ջեյնը։

― Լսիր, ― ասաց Էլոիզան։ ― Ինչո՞ւ ենք անտեղի խոսում։ Արի թողնենք։ Ես միայն տրամադրություն եմ փչացնում։ Ինձ մի՛ լսիր։

― Հապա էլ ինչո՞ւ էիր ամուսնանում նրա հետ, ― հարցրեց Մերի Ջեյնը։

― Մայր աստվածածի՜ն։ Ես ի՜նչ իմանամ։ Ասում էր, թե սիրում է Ջեյն Օստինի վեպերը։ Ասում էր, այդ գրքերը մեծ դեր են խաղացել իր կյանքում։ Այո՛, այո՛, այդպես էլ ասում էր։ Բայց երբ ամուսնացանք, ամեն ինչ իմացա, պարզվեց, որ նա այդ հեղինակի ոչ մի վեպը նույնիսկ չի բացել։ Գիտե՞ս, ով է նրա սիրելի գրողը։

Մերի Ջեյնը տարուբերեց գլուխը։

― Լ․ Մենինգ Վայնսը։ Լսե՞լ ես նրա մասին։

― Ո֊ո՛չ։

― Ես էլ։ Եվ ոչ ոք չի լսել։ Նա մի ամբողջ գիրք է գրել այն մարդկանց մասին, ովքեր քաղցից մեռել են Ալյասկայում․ դրանք չորսն են եղել։ Լյուն իսկի գրքի անունն էլ չի հիշում, բայց ասում է, թե սքանչելի է գրված։ Տեսա՞ր։ Ազնվությունը չի բավարարում պարզապես ասելու, որ իրեն դուր է գալիս կարդալ, թե մարդիկ ինչպես են մեռնում քաղցից այդ հեռավոր անկյունում։ Չէ, նրան հարկավոր է ձևացնել, ասել՝ հրաշալի՜ է գրված։

― Դու հենց սիրում ես ամեն ինչ քննադատել, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Հասկանո՞ւմ ես, չափից ավելի ես քննադատում ամեն ինչ։ Իսկ գուցեև գիրքն իսկապե՞ս լավն է։

― Դրա մեջ ոչ մի լավ բան չկա, հավատա ինձ, ― ասաց Էլոիզան, հետո մտածեց ու ավելացրեց․ ― Դու գոնե աշխատանք ունես, հասկանո՞ւմ ես, աշխատանք․․․

― Չէ, հապա մի լսիր, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Գուցե դու երբևէ կպատմե՞ս նրան, որ Ուոլթը զոհվել է։ Հասկանո՞ւմ ես, նա հո չի խանդի, երբ իմանա, որ Ուոլթը, դե դու էլ գիտես։ Դե մի խոսքով, որ նա սպանվել է։

― Ա՜խ դու, սիրելիս, իմ միամի՜տ հիմարիկ, և դու կարիերա ես անում, իմ խե՜ղճ, ― ասաց Էլոիզան։ ― Այո, այդ դեպքում հազար անգամ ավելի վատ կլինի։ Նա իմ արյունը կխմի։ Հասկացիր։ Հիմա նա գիտե, որ ես երբևէ ընկերություն եմ արել մի ինչ֊որ Ուոլթի հետ, մի ինչ֊որ սրամիտ զինվորիկի հետ։ Ես ոչ մի դեպքում չեմ ասի նրան, որ Ուոլթը սպանվել է։ Ո՛չ մի դեպքում։ Իսկ եթե ասեմ, ― հազիվ թե, ― ապա կասեմ, որ սպանվել է մարտում։

Մերի Ջեյնը քիչ բարձրացրեց գլուխը, ծնոտը քսեց ձեռքին։

― Էլ․․․ ― ասաց նա։

― Հը՞։

― Ինչո՞ւ ինձ չես պատմում, թե նա ինչպես է սպանվել։ Երդվում եմ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասի։ Ազնիվ խոսք։ Դե, խնդրում եմ։

― Չէ։

― Խնդրում եմ։ Ազնիվ խոսք, ո՛չ մեկին։

Էլոիզան խմեց մնացած վիսկին ու բաժակը դրեց ուղղակի կրծքին։ ― Դու կպատմես Ակիմ Թամիրովին, ― ասաց նա։

― Ի՜նչ ես ասում։ Այսինքն՝ ես ուզում էի ասել, որ երբեք ոչ մեկին չեմ ասի․․․

― Հասկանում ես, նրա գունդը ինչ֊որ տեղ կանգնած հանգստանում է, ― ասաց Էլոիզան։ ― Միջգրոհային ընդմիջում է, ինչ է, այդպես էր գրված նամակում․ նրա ընկերն էր գրել ինձ։ Ուոլթը մի տղայի հետ ճապոնական սալօջախ է փաթաթում։ Նրանց գնդապետն ուզեցել է այն իր տուն ուղարկել։ Իսկ գուցե քանդել են փաթեթը, հանել են արկղից, որպեսզի ավելի լավ փաթաթեն, ճիշտը չգիտեմ։ Մի խոսքով մեջը լիքն է եղել բենզինով ու ամեն տիպի բաներով, և հենց ձեռքերի մեջ պայթել է։ Այն մյուսի՝ երկրորդի միայն աչքն է դուրս եկել։ ― Էլոիզան հանկարծ լաց եղավ և ամուր բռնեց դատարկ բաժակը, որպեսզի շուռ չտա կրծքին։

Բազմոցի վրայից ցած սահելով՝ Մերի Ջեյնը ծնկաչոք սողաց Էլոիզայի մոտ ու սկսեց շոյել նրա գլուխը․ ― Լաց մի՛ լինի, Էլ, պետք չէ, լաց մի՛ լինի։

― Մի՞թե ես լալիս եմ, ― ասաց Էլոիզան։

― Այո՛, այո՛, հասկանում եմ։ Պետք չէ։ Հիմա այլևս չարժե, պետք չէ։

Մուտքի դուռը շրխկաց։

― Ռամոնան եկավ, ― քթի մեջ ասաց Էլոիզան։ ― Բարի եղիր, գնա խոհանոց և ասա նրան, անունն ինչ է, թող ժամանակից շուտ կերակրի երեխային, լա՞վ։

― Լավ, լավ, միայն թե դու լաց մի՛ լինի։ Խոստանո՞ւմ ես։

― Խոստանում եմ։ Դե գնա։ Հիմա ես չեմ ոզում այդ գրողի տարած խոհանոցը մտնել։

Մերի Ջեյնը վեր կացավ, երերաց, ուղղվեց և դուրս եկավ սենյակից։ Վերադարձավ երկու րոպեից, առջևից վազում էր Ռամոնան։ Վազում էր նա ոտիկները թփթփացնելով, աշխատելով հնարավորին չափ ուժգին շրմփացնել արձակված բոտիներով։

― Ոչ մի կերպ չի թողնում բոտիները հանեմ, ― ասաց Մերի Ջեյնը։

Էլոիզան, այդպես էլ հատակին պառկած, քիթը մաքրում էր թաշկինակով։ Թաշկինակն առանց ետ քաշելու՝ նա Ռամոնային ասաց․ ― Գնա Գրեյսին ասա, թող բոտիներդ հանի։ Դու գիտես չէ՞, որ բոտիներով չի կարելի․․․

― Նա զուգարանում է, ― ասաց Ռամոնան։

Էլոիզան թաշկինակը հավաքեց բռի մեջ և դժվարությամբ նստեց․ ― Տուր ոտքդ, ― ասաց նա։ ― Չէ, դու նստիր, լսո՞ւմ ես․․․ Դե ոչ այնտեղ, այստե՛ղ, այստե՛ղ․․․ Օ՛հ, մայր աստվածածին։

Մերի Ջեյնը սողում էր սեղանի տակ՝ որոնելով սիգարետները։

― Լսիր, գիտե՞ս ինչ է եղել Ջիմմիին, ― ասաց նա։

― Բոլորովին գաղափար չունեմ։ Մյուս ոտքդ տուր։ Լսո՞ւմ ես, մյուս ոտքդ, դե՛․․․

― Ընկել է մեքենայի տակ, ― ասաց Մերի Ջեյնը։ ― Ի՜նչ սարսափելի է, ճի՞շտ է։

― Իսկ ես տեսա Բույանին, ոսկորը բերանին, ― ասաց Ռամոնան։

― Ինչ է, այնտե՞ղ, քո Ջիմմիի մո՞տ, ― հարցրեց Էլոիզան։

― Նա մեքենայի տակ ընկավ, մեռավ։ Ես ուզում էի ոսկորը խլել Բույանից, չէր տալիս․․․

― Հապա մի ճակատդ տեսնեմ, ― ասաց Էլոիզան։ Նա շոշափեց Ռամոնայի ճակատը։ ― Այո, ջերմություն ունես։ Գնա Գրեյսին ասա, որ քեզ վերևում կերակրի։ Եվ անմիջապես անկողին։ Ես հետո կգամ։ Գնա՛, դե գնա, խնդրում եմ։ Եվ բոտիներդ էլ տար։

Դանդաղ, ասես փայտե ոտքերի վրա, Ռամոնան գնաց դեպի դուռը։

― Մի սիգարետ գցիր, ― խնդրեց Էլոիզան։ ― Եվ արի էլի խմենք։

Մերի Ջեյնը սիգարետ տվեց Էլոիզային․ ― Չէ, հապա մի մտածիր։ Ինչպե՛ս է խոսում այդ Ջիմմիի մասին։ Այ քեզ երևակայությո՜ւն։

― Ըհը՛։ Գնա լցրու բեր։ Իսկ ավելի լավ է, շիշը բերես այստեղ։ Չեմ ուզում այնտեղ գնամ․․․ Այնտեղից նարնջահյութի գարշելի հոտ է գալիս։


Յոթն անց հինգ հեռախոսը զնգաց։ Էլոիզան վեր կացավ թախտի վրայից և մթության մեջ որոնեց իր կոշիկները։ Չկարողացավ գտնել։ Գուլպաներով նա դանդաղ, հոգնած քայլերով մոտեցավ հեռախոսին։ Զանգը չարթնացրեց Մերի Ջեյնին․ դեմքը բարձի մեջ թաղած՝ նա քնած էր բազմոցի վրա։

― Ալլո՛, ― ասաց Էլոիզան լսափողի մեջ, վերևի լուսը նա չէր միացնում։ ― Լսիր, ես քո ետևից չեմ գա։ Մերի Ջեյնը ինձ մոտ է։ Նա իր մեքենայով փակել է ելքը, իսկ բանալին չի կարողանում գտնել։ Հնարավոր չէ դուրս գալ։ Մենք քսան րոպե բանալին էինք փնտրում, այդ բանում, ձյան մեջ, ցեխի։ Գուցե Դիկն ու Միլդրեդը քեզ կբերե՞ն։ ― Նա լսեց, հետո ասաց․ ― Ախ, այդպե՜ս։ Ափսո՜ս, ափսո՜ս, բարեկմս։ Իսկ դուք՝ տղաներդ, շարք կանգնեցեք ու մարշ դեպի տուն։ Միայն հրաման տուր՝ ձա՛խ֊աջ, ձա՛խ֊աջ։ Քեզ՝ հրամանատարիդ։ ― Նա կրկին ունկնդրեց․ ― Բոլորովին ել չեմ սրամտում, ― ասաց նա։ ― Աստված վկա, մտքովս էլ չի անցնում։ Դա ինձ մոտ զուտ նյարդային բան է։ ― Եվ կախեց լսափողը։

Հյուրասենյակ վերադառնալիս նա այնքան էլ վստահորեն չէր քայլում։ Մոտենալով պատուհանի մոտի թախտին՝ վիսկու մնացորդը լցրեց բաժակը, մոտավորապես կես մատ ստացվեց, գուցեև ավելի։ Նա խմեց միանգամից, ցնցվեց ու նստեց։

Երբ Գրեյսը վառեց ճաշասենյակի լույսը, Էլոիզան ցնցվեց։ Առանց վեր կենալու նա ձայն տվեց Գրեյսին․ ― Մինչև ութը չմատուցեք, Գրեյս։ Միստր Վենգլերը մի քիչ ուշանում է։

Գրեյսը կանգ առավ ճաշասենյակի շեմին․ լամպը նրան լուսավորում էր ետևից։

― Ձեր հյուրը գնա՞ց, ― հարցրեց նա։

― Ոչ, հանգստանում է։

― Այդպե՜ս, ― ասաց Գրեյսը։ ― Միսիս Վենգլեր, չի՞ կարելի, որ ամուսինս այստեղ գիշերի։ Իմ սենյակում տեղը կբավականացնի, իսկ նա մինչև առավոտ գործ չունի Նյու֊Յորքում, համ էլ եղանակը այն չէ։

― Ձեր ամուսի՞նը, իսկ որտե՞ղ է նա։

― Այստեղ, ― ասաց Գրեյսը, ― նա ինձ մոտ խոհանոցում է։

― Ոչ, Գրեյս, նրան չի կարելի այստեղ գիշերել։ Սա հյուրանոց չէ։

Գրեյսը մի պահ քարացավ, ապա ասաց․ ― Լսում եմ, մեմ, ― և գնաց խոհանոց։

Էլոիզան անցավ ճաշասենյակ և աստիճաններով բարձրացավ վեր, որտեղ ճաշասենյակից աղոտ լույս էր ընկնում։ Ճանապարհին ընկած էր Ռամոնայի բոտիկը։ Էլոիզան վերցրեց այն և ուժգին ցած նետեց բազիրքի վրայով։ Բոտիկը խուլ թրմփոցով ընկավ հատակին։

Ռամոնայի մանկական սենյակում նա վառեց լույսը, ամուր բռնելով անջատիչից, ասես վախենալով ընկնել։ Այդպես նա կանգնեց մի րոպե՝ նայելով Ռամոնային։ Հետո բաց թողեց անջատիչն ու շտապ մոտեցավ մահճակալին։

― Ռամոնա, արթնացի՛ր, արթնացի՛ր անմիջապես։

Ռամոնան քնած էր մահճակալի ամենաեզրին, տուտուզիկը գրեթե մահճակալից կախած։ Բադիկներով պատկերազարդված սեղանի վրա դրված էր նրա ակնոցը՝ պոչերը խնամքով ծալած։

― Ռամո՛նա։

Աղջիկը արթնացավ՝ վախեցած հառաչելով։ Նա լայն բացեց աչքերն ու անմիջապես էլ կկոցեց։ ― Մա՞մ։

― Դու ասացիր, չէ՞, որ Ջիմմի Ջիմիրինոն մեռել է, որ ընկել մեքենայի տակ։

― Ի՞նչ։

― Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում։ Ինչո՞ւ ես էլի մահճակալի եզրին քնել։

― Որովհետև։

― Ինչո՞ւ որովհետև, Ռամոնա, ես քեզ լրջորե՞ն եմ հարցնում, թե չէ․․․

― Որովհետև չեմ ուզում հրել Միքիին։

― Ուո՜ւ՞մ։

― Միքիին, ― ասաց Ռամոնան ու քորեց քիթը, ― Միքի Միքերանոյին։

Էլոիզայի ձայնը խզվելով ծղրտոցի հասավ․ ― Անմիջապես քնիր մեջտեղում։ Դե՛։

Ռամոնան վախեցած նայեց մորը։

― Ախ, այդպե՜ս, ― և Էլոիզան բռնեց Ռամոնայի ոտիկից ու, բարձրացնելով, ոչ այն է քարշ տվեց, ոչ այն է վերցրեց ու գցեց մահճակալի մեջտեղը։ Ռամոնան չընդդիմացավ, լաց չեղավ, թույլ տվեց, որ իրեն տեղափոխեն, բայց ինքը չշարժվեց։

― Դե հիմա քնիր, ― ասաց Էլոիզան ծանր շնչելով։ ― Փակիր աչքերդ․․․ Ի՞նչ ասացի, փակիր այս րոպեիս։

Ռամոնան փակեց աչքերը։

Էլոիզան մոտեցավ անջատիչին, հանգցրեց լույսը։ Նա կանգ առավ շեմին ու երկար֊երկար ժամանակ չէր գնում։ Ու հանկարծ մթության մեջ նետվեց դեպի գիշերասեղանը, ոտքը խփեց մահճակալին, բայց տաք֊տաք ցավը նույնիսկ չզգաց։ Երկու ձեռքով վերցնելով Ռամոնայի ակնոցը՝ սեղմեց դեմքին։ Արցունքները առվի պես հոսում էին ապակու վրա։

― Իմ խե՜ղճ կորած֊մոլորած, ― կրկնում էր նա նորից ու նորից։ ― Իմ խե՜ղճ կորած֊մոլորած։

Հետո ակնոցը դրեց սեղանին, ապակին դեպի ցած։ Կռանալուց քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ, բայց անմիջապես սկսեց ուղղել Ռամոնայի վերմակը։ Ռամոնան քնած չէր։ Նա լալիս էր, և երևում էր, վաղուց էր լալիս։ Էլոիզան թաց շրթունքներով համբուրեց նրա շրթունքները, մազերը ետ քաշեց ճակատից և սենյակից դուրս եկավ։

Աստիճաններից իջնելիս նա արդեն բավականին երերում էր և, հասնելով ներքև, արթնացրեց Մերի Ջեյնին։

― Ի՞նչ։ Ո՞վ է, ի՞նչ է եղել։ ― Մերին թափով նստեց բազմոցին։

― Լսիր, Մերի Ջեյն, սիրելիս, ―հեծկլտանքով ասաց Էլոիզան։ ― Հիշո՞ւմ ես առաջին կուրսում ես մի զգեստ էի հագնում, հիշո՞ւմ ես, այսպես դարչնագույն֊դեղին, ես այն գնել էի Բոյզում, իսկ Միրիամ Բելը ասաց․ ― Նյու֊Յորքում ոչ ոք այդպիսի զգեստ չի հագնում։ Հիշո՞ւմ ես, ես ամբողջ գիշեր լաց եղա։

Էլոիզան բռնեց Մերի Ջեյնի ուսը․ ― Ես լավն էի չէ՞, ― աղերսագին ասաց նա, ― լավն էի, ճի՞շտ է։





  1. Ախոռապետ։