Կրեյցերյան սոնատ

Գրապահարան-ից
00:51, 12 Մարտի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կրեյցերյան սոնատ

հեղինակ՝ Լև Տոլստոյ
թարգմանիչ՝ Սուրեն Խաչատրյան


Բայց ես ասեմ ձեզ թե, Ամենայն որ հայի ի կին մարդ առ ի

ցանկանալ նմա՝ անդեն շնացավ ընդ նմա ի սրտի յուրում։

(Մատթեոս, Ե, 28)
Ասեն ցնա աշակերտքն յուր, Եթե այդպես ինչ վնաս իցե ընդ

այր և ընդ կին, լավ է չամուսնանալ։

Եվ նա ասե ցնոսա, Ոչ ամենեքյան բավական են այդմ քանի,

այլ որոց տվյալ է։

Զի են ներքինիք որ հորովայնե մոր յուրյանց ծնան այնպես...

և են ներքինիք որ դանձինս յուրյանց արարին ներքինիս վասն
արքայության երկնից. որ կարողն է տանել՝ տարցի։

(Մատթեոս, ԺԹ, 10, 11, 12)

I

Վաղ գարնանն էր։ Երկրորդ օրն էր արդեն, ինչ ճանապարհ էինք գնում։ Վագոն էին մտնում ու ելնում մոտ տեղեր մեկնողները, բայց երեք ուղևոր, ինձ նման, գալիս էին հենց գնացքի սկզբնակայանից՝ կիսատղամարդկային վերարկուով և փոքրիկ գլխարկով անբարետես ու երիտասարդությունն անցրած ծխող, տանջահար դեմքով մի տիկին, նրա ծանոթը՝ բարեկարգ, նոփ֊նոր իրերով մոտ քառասուն տարեկան ասող֊խոսող մի մարդ, և իրեն դեռ մեկուսի պահող, ցածրահասակ, պոռթկուն շարժումներով, դեռ ոչ շատ տարեց, սակայն ակներևաբար ժամանակից շուտ ճերմակած գանգուր մազերով և արտակարգ փայլուն, արագորեն մի բանից մյուսին անցնող աչքերով մի պարոն։ Հագին առաջնակարգ դերձակի կարած հին վերարկու էր՝ գառնամորթու օձիքով, գլխին՝ նույնպիսի մորթուց բարձր գլխարկ։ Վերարկուի տակից, երբ նա կոճակներն արձակեց, երևացին անթև բաճկոնն ու ռուսաոճ ասեղնագործ շապիկը։ Այդ պարոնի յուրահատկությունն այն էր նաև, որ մերթ ընդ մերթ արձակում էր տարօրինակ հնչյուններ՝ նման հազալով կոկորդը մաքրելուն կամ սկսվող ու ընդհատվող ծիծաղի։

Ամբողջ ճանապարհին այդ պարոնը ջանադիր կերպով խուսափում էր ուղևորների հետ հաղորդակցվելուց կամ ծանոթություն հաստատելուց։ Հարևանների հարցերին պատասխանում էր կարճ ու կտրուկ և կամ կարդում էր, կամ ծխում՝ դուրս նայելով պատուհանից, կամ, պաշար հանելով իր հին ուղեպարկից, թեյ էր խմում կամ նախաճաշում։

Ինձ թվում էր, թե նա ճնշվում է իր մենությունից, և ես մի քանի անգամ ուզեցի խոսել նրա հետ, բայց ամեն անդամ, երբ մեր հայացքները հանդիպում էին, որ հաճախ էր պատահում, քանի որ նստած էինք առիշեղ դեմ առ դեմ, նա շուռ էր տալիս երեսն ու վերցնում գիրքը կամ դուրս նայում պատուհանից։

Կանգառի ժամանակ, երկրորդ օրվա իրիկնադեմին, մեծ կայարանում նյարդային այդ պարոնն իջավ տաք ջուր բերեց և թեյ պատրաստեց իր համար։ Իսկ բարեկարգ, նոփ֊նոր իրերով պարոնը, որ փաստաբան էր, ինչպես իմացա հետո, իր հարևանուհու՝ կիսատղամարդկային վերարկուով ծխող կնոջ հետ գնաց թեյ խմելու կայարանում։

Այդ պարոնի և տիկնոջ բացակայության ժամանակ վագոն մտան մի քանի ուղևորներ, այդ թվում՝ բարձրահասակ, ածիլված, խորշոմերես մի ծերունի, հավանաբար՝ վաճառական, ամերիկյան աքիսի մորթուց մուշտակով և վիթխարի հովար ունեցող մահուդե գլխարկով։ Վաճառականը նստեց տիկնոջ ու փաստաբանի տեղի դիմաց և իսկույն ևեթ խոսակցություն սկսեց դարձյալ նույն կայարանում վագոն նստած և վաճառականի գործակատարի տեսք ունեցող երիտասարդի հետ։

Ես նստած էի առիշեղ և, քանի որ գնացքը կանգնած էր, կարող էի այն պահերին, երբ ոչ ոք չէր անցնում, ժամանակ առ ժամանակ լսել նրանց խոսակցությունը։ Վաճառականը նախ հայտնեց, որ ինքը գնում է ընդամենը մեկ կայարան այն կողմ գտնվող իր կալվածքը․ ապա, ինչպես միշտ, խոսեցին գների, առևտրի մասին, խոսեցին, ինչպես միշտ, այն մասին, թե ներկայումս ինչպես է Մոսկվայում առևտուրը գնում, հետո էլ Նիժեգորոդյան տոնավաճառից։ Գործակատարն սկսեց պատմել տոնավաճառում իրենց երկուսին հայտնի մի մեծահարուստ վաճառականի սարքած կերուխումերի մասին, բայց ծերունին չթողեց, որ նա վերջացնի իր խոսքը, և ինքն սկսեց պատմել Կունավինում հին օրերին եղած քեֆ֊ուրախությունների մասին, որոնց մասնակցել էր ինքը։ Նա, երևում է, հպարտանում էր իր այդ մասնակցությամբ ու ակներև բերկրանքով պատմում էր, թե ինքը Կունավինում հենց նույն ծանոթի հետ մի անգամ հարբած-հարբած այնպիսի բան է արել, որի մասին կարելի է պատմել միայն շշուկով, և գործակատարն սկսեց քրքջալ վագոնով մեկ, ու ծերունին նույնպես ծիխաղեց՝ ցուցադրելով երկու դեղնած ատամները։

Հույս չունենալով, թե որևէ հետաքրքիր բան կլսեմ, վեր կացա, որ մի քիչ ման գամ կառամատույցում՝ մինչև գնացքի շարժվելը։ Դռան մեջ ինձ հանդիպեցին փաստաբանն ու տիկինը, որոնք քայլելու ընթացքում աշխուժորեն զրուցում էին ինչ֊որ բանի մասին։

― Չեք հասցնի,— ասաց ինձ մարդամոտ փաստաբանը,— հիմա երկրորդ զանգը կլինի։

Եվ իրոք, դեռ չէի հասել վագոնի ծայրը, երբ զանգը հնչեց։ Երբ վերադարձա, տիկնոջ ու փաստաբանի միջև շարունակվում էր աշխույժ զրույցը։ Ծեր վաճառականը նստած էր նրանց դեմ՝ խիստ ու լուրջ նայելով իր առջև ու մերթ ընդ մերթ անխրախուսաբար ատամները լմլմացնելով։

― Հետո նա ուղղակի հայտարարեց ամուսնուն,— ժպտալով ասում էր փաստաբանն այն ժամանակ, երբ անցնում էի նրա մոտով,— թե ինքը չի կարող և չի էլ կամենում ապրել նրա հետ, քանի որ․․․

Եվ նա հետո սկսեց ինչ-որ բան պատմել, որ չկարողացա լսել։ Իմ ետևից մտան էլի մի քանի ուղևորներ, անցավ ուղեկցորդը, ներս վազեց բեռնակիրը, և բավական երկար ժամանակ աղմուկ էր վագոնում, որի պատճառով խոսակցությոլնն անհնար էր լսել։ Երբ շուրջը լռություն տիրեց, և ես նորից լսեցի փաստաբանի ձայնը, խոսակցությունն, ըստ երևույթին, մասնավոր դեպքից անցել էր արդեն րնդհանուր դատողությունների։

Փաստաբանը խոսում էր այն մասին, թե Եվրոպայում հասարակական կարծիքը ներկայումս ինչ աստիճան է հետաքրքրվում ամուսնալուծության հարցով, և թե ինչպես ավելի ու ավելի հաճախակի են դառնում նման դեպքերը։ Նկատելով, որ իր ձայնն է լսվում միայն, փաստաբանն ընդհատեց խոսքը և դարձավ ծերունուն։

― Հնում այդ բանը չկար, այնպես չէ՞,— ասաց հաճելի ժպտալով։

Ծերունին ուզում էր ինչ֊որ բան պատասխանել, բայց այդ ժամանակ գնացքը շարժվեց, և նա, գլխարկը հանելով, սկսեց խաչակնքել ու աղոթք մրմնջալ։ Փաստաբանը, հայացքը հեռացնելով, սկսեց հարգալիր սպասել։ Վերջացնելով աղոթքն ու եռակի խաչակնքումը, ծերունին ուղիղ ու խոր դրեց գլխարկը, շտկվեց տեղում ու սկսեց խոսել։

― Առաջներում էլ էր լինում, պարոն, մենակ թե ավելի քիչ,— ասաց նա։— Հիմիկվա ժամանակներում էդ բանը չի կարող չլինել։ Ախր մարդիկ շատ են կրթյալ դարձել։

Գնացքը, ընթանալով ավելի ու ավելի արագ, դղրդում էր ռելսերի կցատեղերում, և չէի կարողանում լավ լսել, այնինչ հետաքրքիր էր, և ես մոտ նստեցի։ Հարևանիս՝ փայլուն աչքերով նյարդային պարոնին ևս, ըստ երևույթին, հեաաքրքրել էր խոսակցության նյութը, և նա, առանց տեղից ելնելու, ականջ էր դնում։

― Իսկ կրթությունն ինչո՞վ է վատ որ,— ասաց տիկինը՝ հազիվ նկատելի ժպիտով։— Մի՞թե ավելի լավ է ամուսնանալ այնպես, ինչպես հնում, երբ փեսացուն ու հարսնացուն նույնիսկ իրար երես տեսած չէին լինում,— շարունակեց նա՝ շատ տիկինների սովորությամբ պատասխանելով ոչ թե զրուցակցի խոսքին, այլ այն մտքերին, որ, ըստ նրա, խոսակիցը կարող էր հայտնել։— Չգիտեին՝ սիրում են արդյոք, հնարավոր է արդյոք սիրել, ամուսնանում էին ում հետ պատահեր և տառապում էին ամբողջ կյանքում․ ուրեմն, ձեր կարծիքով, ավելի՞ լավ էր դա,— ասում էր տիկինը՝ ակներևաբար ավելի շուտ խոսքն ուղղելով ինձ ու փաստաբանին, քան ծերունուն, որի հետ խոսում էր։

― Ախր շա՜տ֊շատ են կրթյալ դարձել,— կրկնեց վաճառականը՝ արհամարհանքով նայելով տիկնոջն ու անպատասխան թողնելով նրա հարցը։

― Ցանկալի կլիներ իմանալ, թե դուք ինչպես եք բացատրում կապը կրթության և ամուսնական կյանքում եղած անհամաձայնության միջև,— ասաց փաստաբանըհ հազիվ նկատելի ժպիտով։

Վաճառականն ինչ֊որ բան էր ուզում ասել, բայց տիկինը կանխեց նրան։

― Ոչ, այդ ժամանակներն արդեն անցել են,— ասաց նա։ Բայց փաստաբանն ընդհատեց․

― Չէ, թույլ տվեք, որ նա իր միտքն արտահայտի։

— Կրթությունը հիմար բաներ է ծնում,— վճռականորեն ասաց ծերունին։

― Ամուսնացնում են իրար չսիրող մարդկանց ու հետո զարմանում, որ անհամերաշխ են ապրում,— շտապեց ասել տիկինը՝ նայելով փաստաբանին ու ինձ և մինչև անգամ գործակատարին, որը, տեղից ելած ու նստարանի թիկնակին կռթնած, ականջ էր դնում խոսակցությանը։— Չէ որ միայն կենդանիներին կարելի է զուգավորել այնպես, ինչպես տերն է ուզում, իսկ մարդիկ ունեն իրենց հակումները, համակրությունները,— ասաց տիկինը՝ ակներևաբար կամենալով խայթել վաճառականին։

— Անտեղի են ձեր ասածները, տիկին,— ասաց ծերուկը,— կենդանին անասուն է, իսկ մարդուն օրենք է տրված։

― Լավ, բայց ինչպե՞ս կարելի է ապրել մարդու հետ առանց սիրո,— տիկինն էլի շտապում էր արտահայտել իր մտքերը, որ, հավանաբար, նրան չափազանց նոր էին թվում։

― Առաջ նման բաներից գլուխ չէին հանում,— ասաց ծերունին ազդու տոնով,— հիմի են միայն դրանք մեջտեղ եկել։ Այսօր հենց մի բան եղավ՝ կնիկն ասում է մարդուն․ «Բաժանվում եմ քեզնից»։ Գյուղացիները որ գյուղացիներ են, նրանց մեջ էլ է էդ նույն մոդան ընկել։ «Ըհը, ասում է, առ քեզ քո շապիկներն ու վարտիքները, ես գնում եմ Վանկայի հետ, նրա մազերը խուճուճ են քոնից»։ Դե արի ու բան հասկացիր։ Այնինչ կնոջ մեջ առաջին հերթին երկյուղ պիտի լինի։

Գործակատարը նայեց մեկ փաստաբանին, մեկ տիկնոջը, մեկ ինձ, ակնհայտորեն զսպելով ժպիտն ու պատրաստ թե՛ ծաղրի ենթարկելու վաճառականի խոսքը և թե՛ հավանություն տալու նրա ասածին, նայած թե ինչպես կընդունվի այդ խոսքը։

— Իսկ ի՞նչ երկյուղ։

― Էն, որ կնիկը պիտի վախենա իր մարդու֊ու֊ո՜ւց։ Ա՛յ թե ինչ երկյուղ։

― Է՜, հայրիկ, դրա ժամանակն արդեն անցել է,— ասաց տիկինը մինչև անգամ որոշ չարությամբ։

― Չէ, տիրուհիս, էդ ժամանակը չի կարող անցնել։ Ինչպես ինքը՝ Եվան, կինը, տղամարդու կողքից է արարվել, էնպես էլ կմնա հուր֊հավիտյան,— ասաց ծերունին՝ այնպես խիստ ու հաղթականորեն թափ տալով գլուխը, որ գործակատարն անմիջապես որոշեց, թե հաղթանակը վաճառականի կողմն է, և բարձր ծիծաղեց։

― Բայց դուք՝ տղամարդիկ եք այդպես դատում,— խոսեց տիկինը՝ անձնատուր չլինելով ու հերթով նայելով մեզ,— ինքներդ ձեզ ազատություն եք տվել, իսկ կնոջն ուզում եք փակի տակ պահել։ Ինքներդ, իհարկե, ձեզ ամեն ինչ թույլ եք տալիս։

― Թույլ տալը՝ ոչ ոք չի տալիս, մենակ թե տղամարդու արածից տանը բան չի պատահի, իսկ կնիկ֊կինարմատը փուխր աման է,— շարունակեց ուսուցանել վաճառականը։

Նրա ազդու տոնը, երևում է, ընկճում էր լսողներին, և տիկինը նույնիսկ իրեն ճնշված էր զգում, սակայն դեռ անձնատուր չէր լինում։

― Այո, բայց կարծում եմ՝ կհամաձայնեք, որ կինն էլ մարդ է, և նա էլ զգացմունքներ ունի տղամարդու նման։ Լավ, իսկ ի՞նչ անի նա, եթե չի սիրում ամուսնուն։

― ՉԻ՜ սիրում,— սպառնալի կրկնեց վաճառականը՝ խոժոռելով հոնքերն ու շրթունքները պրկելով։— Էն էլ ո՜նց կսիրի։

Այդ անսպասելի փաստարկն առանձնապես դուր եկավ գործակատարին, և նա հավանություն տվեց ձայնարկումով։

― Չէ, ի՛նչ եք ասում, չի սիրի,— առարկեց տիկինը,— իսկ եթե սեր չկա՝ հո չես կարող զոռով սիրել տալ։

― Լավ, իսկ երբ կինն է դավաճանում ամուսնո՞ւն, դրա՞ն ինչ կասեք,— հարցրեց փաստաբանը։

― Դա չի կարելի,— ասաց ծերունին,— հարկավոր է հետևել, որ էդ բանը չպատահի։

― Իսկ որ պատահեց, հետո՞։ Լինում է, չէ՞։

― Տեղ կա՝ լինում է, բայց մեզ մոտ չի լինում,— ասաց ծերունին։

Բոլորը լռեցին։ Գործակատարն իրար եկավ, մի քիչ էլ մոտ շարժվեց և, ըստ երևույթին չցանկանալով ետ մնալ մյուսներից, ժպտալով սկսեց․

― Հա֊ա, ա՛յ, մեր գործակատարներից մեկի հետ էլ մի էդպիսի խայտառակ բան եղավ։ Էլի շատ դժվար գլուխ հանելու բան։ Նրան էլ էնպիսի կնիկ պատահեց, որ աչքը դուրսն էր։ Ու ծերը բացվե՜ց։ Իսկ մեր էդ գործակատարը ծանր, զարգացած տղա է։ Կնիկն սկզբում գրասենյակի մի ծառայողի հետ էր։ Մարդն, ասեմ, խաթրով խորհուրդ տվեց՝ ձեռք քաշի։ Ականջ չդրեց։ Ինչ կեղտոտ բան ասես որ չէր անում։ Սկսեց մարդու փողերը գողանալ։ Ու մարդն սկսեց ծեծել։ Օգուտն ինչ, գնալով վատանում էր ու վատանում։ Հիմի էլ անմեռոն մեկի, հրեայի հետ, ամոթ չլինի ասելը, սկսեց լկրտվել։ Ի՞նչ աներ մարդը։ Բաժանվեց լրիվ։ Հիմի էդպես էլ ապրում է մենակ, իսկ կնիկը քարշ է գալիս սրա֊նրա հետ։

― Որովհետև քո էդ գործակատարն անխելքի մեկն է,— ասաց ծերունին։— Որ պսակվելուն պես կնկան իր քեֆին չթողներ, ոնց որ պետքն է կապը քաշեր, հետը կապրեր հաստատ։ Ազատություն չպիտի տաս հենց սկզբից։ Մի հավատա ձիուն դաշտում, կնկան՝ տանը։

Այդ ժամանակ եկավ ուղեկցորդը՝ մինչև մոտակա կայարանը գնացողների տոմսերը վերցնելու։ Ծերունին տվեց իր տոմսը։

― Այո֊ո՜, հենց սկզբից պիտի հնազանդեցնես իգական սեռին, թե չէ ամեն ինչ կորած է։

― Լավ, իսկ քիչ առաջ դո՞ւք չէիք պատմում, թե ամուսնացած մարդիկ ինչպես են քեֆ քաշում Կունավինի տոնավաճառում,— ասացի՝ չկարողանալով զսպել ինձ։

― Դա ուրիշ բան է,— ասաց վաճառականն ու խորասուզվեց լռության մեջ։

Երբ հնչեց սուլիչի ձայնը, վաճառականը վեր կացավ, հանեց իր ուղեպարկը նստարանի տակից, մուշտակի փեշերն իրար վրա բերեց և, գլխարկը մի թեթև բարձրացնելով, դուրս եկավ արգելահարթակ։


II

Ծերունու դուրս գալուն պես սկսեցին խոսել մի քանիսը՝ միաժամանակ։

― Հին ուխտի ծերուկ էր,— ասաց գործակատարը։

― Ուղղակի կենդանի Դոմոստրոյ,— ասաց տիկինը։— Ի՜նչ վայրենի պատկերացում կնոջ և ամուսնության մասին։

― Այո-ո՜, մենք դեռ հեռու ենք ամուսնության վերաբերյալ եվրոպական հայացքից,— ասաց փաստաբանը։

― Ախր նման մարդիկ չեն հասկանում գլխավորը,— ասաց տիկինը,— այն, որ անսեր ամուսնությունն ամուսնություն չէ, որ միայն սերն է նվիրագործում ամուսնությունը, և որ ճշմարիտ է այն ամուսնությունը միայն, որ սրբագործված է սիրով։

Գործակատարը լսում էր ու ժպտում, աշխատելով հնարավորին չափ շատ բան մտքում պահել ասված խելացի խոսքերից՝ հետագայում գործածելու համար։

Տիկնոջ խոսքի կեսին թիկունքիցս կարծես ընդհատված ծիծաղի կամ հեկեկոցի ձայն լսվեց, և, ետ նայելով, տեսանք իմ հարևանին՝ ալեհեր, փայլուն աչքերով միայնակ պարոնին, որ ակներևաբար իրեն հետաքրքրող խոսակցության ընթացքում աննկատ մոտեցել էր մեզ։ Նա կանգնել էր՝ ձեռքերը դրած նստոցի թիկնակին, և, հավանաբար, հուզված էր խիստ, դեմքը կարմրած էր, և այտի վրա ցնցվում էր մկանը։

― Իսկ այդ ի՞նչ սեր... սեր... սեր է․․․ որ սրբագործում է ամուսնությունը,— ասաց նա կմկմալով։

Զրուցակցի խռովված վիճակը տեսնելով, տիկինն աշխատեց նրան պատասխանել հնարավորին չափ մեղմ ու խելամտորեն։

― Իսկական սերը․․․ Թե այդ սերը կա տղամարդու և կնոջ միջև՝ հնարավոր է և ամուսնությունը,— ասաց տիկինը։

― Այո֊ո՜, բայց ի՞նչ պետք է հասկանալ իսկական սեր ասելով,— զուսպ ժպտաց ու վեհերելով հարցրեց փայլուն աչքերով պարոնը։

― Ամեն ոք էլ գիտի, թե ինչ է սերը,— ասաց տիկինը՝ ակնհայտորեն ցանկանալով դադարեցնել խոսակցությունը նրա հետ։

― Իսկ ես չգիտեմ,— ասաց պարոնը։— Պետք է որոշել, թե դուք ինչ նկատի ունեք․․․

― Ինչպե՞ս թե, շատ պարզ բան,— ասաց տիկինը, սակայն մտածեց մի պահ։— Սե՞րը։ Սերը մի տղամարդու կամ մի կնոջ բացառիկ գերադասումն է մյուս բոլորից,— ասաց նա։

― Գերադասում՝ ինչքա՞ն ժամանակով։ Մեկ ամսո՞վ։ Երկու օրո՞վ, կես ժամո՞վ,— ասաց ալեզարդ պարոնն ու ծիծաղեց։

― Չէ, ներեցեք, դուք, երևում է, այլ բանի մասին եք խոսում։

― Ո֊ոչ, հենց նույն բանի մասին։

― Նա ասում է,— միջամտեց փաստաբանը՝ ցույց տալով տիկնոջը,— թե ամուսնությունը պետք է նախ բխի մտերմական կապից, սիրուց, եթե կուզեք, և եթե առկա է դա, ապա այդ դեպքում միայն ամուսնությունը կարող է իրենից ինչ֊որ, այսպես ասած, սրբազան բան ներկայացնել։ Ապա տիկնոջ միտքն այն է, որ եթե ամուսնության հիմքում ընկած չէ բնական կապվածությունը,— սերը, եթե կուզեք,— նման ամուսնությունը բարոյական առումով պարտադիր չէ բնավ։ Ես ձեզ ճի՞շտ հասկացա,— դարձավ նա տիկնոջը։

Տիկինը գլխի շարժումով հավանություն տվեց իր մտքի պարզաբանմանը։

— Այնուհետև— շարունակեց փաստաբանը, սակայն նյարդային պարոնը, որի աչքերն այժմ ուղղակի վառվում էին, և որն ակներևաբար դժվարությամբ էր զսպում իրեն, ընդհատեց փաստաբանին։

― Ոչ, իմ խոսքը հենց այն բանի՝ մի տղամարդու կամ մի կնոջ մյուս բոլորից գերադասելու մասին է, բայց ես հարցնում եմ միայն՝ ինչքա՞ն ժամանակով։

― Ինչքա՞ն։ Երկար, երբեմն՝ ամբողջ կյանքում,— ասաց տիկինը ուսերը թոթվելով։

― Բայց ախր այդպես միայն վեպերում է լինում, իսկ կյանքում՝ երբեք։ Կյանքում մեկին մյուսներից գերադասելու այդ վիճակը տևում է մի քանի տարի, որ խիստ հազվադեպ է, հաճախ՝ ամիսներ կամ նույնիսկ շաբաթներ, օրեր, ժամեր,— ասում էր նա՝ ամենայն հավանականությամբ իմանալով, որ ինքն իր տեսակետով զարմացնում է բոլորին, և գոհ այդ բանից։

― Ա՜հ, ինչեր եք ասում։ Ո՜չ, ո՛չ։ Չէ՜, ներող կլինեք,— խոսեցինք բոլոր երեքս միաբերան։ Նույնիսկ գործակատարը մի տեսակ դժգոհություն արտահայտող հնչյուն արձակեց։

― Այո֊ո՜, գիտեմ,— մեր աղմուկի մեջ լսելի դարձնելու համար ձայնը բարձրացրեց ալեզարդ պարոնը,— դուք խոսում եք այն մասին, ինչ համարվում է գոյություն ունեցող, իսկ ես՝ այն մասին, ինչ կա իրապես։ Ամեն տղամարդ ձեր ասած այդ սերը տածում է պատահած գեղեցիկ կնոջ հանդեպ։

― Ախ, սարսափելի բաներ եք ասում, բայց չէ որ մարդկանց միջև հաստատվում է և կա այն զգացմունքը, որ սեր է կոչվում, և որը տրվում է ոչ թե ամիսներով ու տարիներով, այլ ամբողջ կյանքի համար։

― Ոչ, չկա։ Եթե նույնիսկ հնարավոր համարենք, որ մի տղամարդ նախապատվություն տա մեն-մի կնոջ իր ամբողջ կյանքում, ապա կինը, ամենայն հավանականությամբ, կգերադասի մի ուրիշին, այդպես է եղել միշտ և այդպես է աշխարհիս վրա,— ասաց ալեզարդ պարոնը, հանեց գլանակատուփն ու սկսեց ծխել։

― Բայց կարող է և փոխադարձ սեր լինել,— ասաց փաստաբանը։

― Ո֊ոչ, չի կարող լինել,— առարկեց նա,— այնպես, ինչպես չի կարող պատահել, որ սիսեռով բեռնված սայլում երկու նշան արած հատիկներ իրար կողք ընկնեն ու մնան։ Եվ, բացի այդ, այստեղ անհավանականությունը չէ միայն պատճառը, այստեղ, հավանաբար, գերհագեցումն էլ է դեր խաղում։ Ամբողջ կյանքում մի կնոջ կամ մի տղամարդու սիրելը նույնն է, ինչ ասեմ, թե մի մոմ վառվի ամբողջ կյանքում,— խոսում էր նա՝ ագահորեն ներս քաշելով ծուխը։

― Բայց դուք շարունակ խոսում եք մարմնական սիրո մասին։ Մի՞թե դուք հնարավոր չեք համարում իդեալների միասնության, հոգեկան հարազատության վրա հիմնված սերը,— ասաց տիկինը։

― Հոգեկան հարազատությո՜ւն։ Իդեալների միասնությո՜ւն,— կրկնեց նա՝ իր բնորոշ հնչյունն արձակելով։— Բայց այդ դեպքում հարկ չկա իրար հետ քնելու (ներեցեք կոպիտ արտահայտության համար)։ Թե չէ դուրս է գալիս, որ մարդիկ իդեալների միասնության հետևանքով են պառկում քնում իրար հետ,— ասաց նա և նյարդային ծիծաղեց։

— Բայց, թույլ ավեք,— ասաց փաստաբանը,— փաստերը հակասում են ձեր ասածին։ Մենք տեսնում ենք, որ ընտանիքներ գոյություն ունեն, որ ամբողջ մարդկությունը կամ նրա մեծ մասն ապրում է ամուսնական կյանքով, և շատերը հաճախ ամուսնական երկարատև կյանք են անցկացնում ։

Ալեզարդ պարոնը նորից ծիծաղեց։

― Դուք ասում եք, թե ամուսնությունը հիմնվում է սիրո վրա, իսկ երբ ես կասկած եմ հայտնում, թե սեր գոյություն չունի՝ մարմնականից զատ, դուք սիրո գոյությունն ապացուցում եք այն բանով, որ գոյություն ունեն ամուսնություններ։ Ախր այդ ամուսնություն կոչվածը զուտ խաբեությո՜ւն է մեր ժամանակներում։

― Ոչ, թույլ տվեք,— ասաց փաստաբանը,— իմ խոսքն այն մասին է միայն, որ գոյություն են ունեցել և գոյություն ունեն ամուսնություններ։

― Գոյությո՜ւն ունեն։ Բայց միայն թե ի՞նչ պատճառով գոյություն ունեն։ Ամուսնությունները գոյություն են ունեցել և գոյություն ունեն այն մարդկանց շրջանում, ովքեր դրա մեջ ինչ֊ինչ խորհուրդ են տեսնում, խորհուրդ, որ պարտավորեցնում է աստծո առաջ։ Ամուսնությունները գոյություն ունեն նման մարդկանց մոտ, իսկ մեզ մոտ չկան։ Մեզ մոտ մարդիկ պսակվում են՝ ամուսնության մեջ ոչինչ չտեսնելով զուգավորությունից բացի, և դուրս է գալիս կամ խաբեություն, կամ բռնություն։ Խաբեության դեպքում հեշտ է տանելը։ Ամուսինն ու կինը միայն խաբում են մարդկանց, թե իրենք միամուսնության մեջ են, այնինչ ապրում են բազմակնությամբ ու բազմամուսնությամբ։ Գարշելի է դա, բայց դեռ՝ տանելի։ Իսկ երբ, ինչպես ամենից հաճախ է լինում, ամուսինն ու կինը առերևույթ ամբողջ կյանքում միատեղ ապրելու պարտավորություն են վերցնում իրենց վրա և երկրորդ ամսից արդեն ուտում են միմյանց, ցանկանում բաժանվել և, այնուհանդերձ, շարունակում են ապրել իրար հետ, այդ ժամանակ ստացվում է այն ահավոր դժոխքը, որի պատճառով իրենց հարբեցողության են տալիս, անձնասպան լինում, խփում ու թունավորում իրենց և իրար,— ասում էր նա՝ խոսելով ավելի ու ավելի արագ, թույլ չտալով, որ մեկնումեկը մի խոսք մեջ գցի, և հետզհետե ավելի ու ավելի տաքանալով։ Բոլորը լուռ էին։ Անհարմար լռություն։

― Այո, անտարակույս, լինում են ծանր պատահարներ ամուսնական կյանքում,— ասաց փաստաբանը՝ կամենալով ընդհատել անպատշաճորեն հախուռն խոսակցությունը։

― Դուք, ինչպես տեսնում եմ, իմացաք, թե ով եմ ես,— կամացուկ և կարծես հանգիստ ասաց ալեզարդ պարոնը։

― Ոչ, այդ հաճույքը չունեմ։

― Մեծ հաճույք չէ։ Պոզդնիշևն եմ, ում հետ կատարվել է այն ծանր պատահարը, որ դուք ակնարկում եք՝ կնոջն սպանելու դեպքը,— ասաց նա արագորեն նայելով յուրաքանչյուրիս դեմքին։

Ոչ մեկս խոսք չգտավ ասելու, և լուռ էինք բոլորս։

― Էհ, միևնույն է,— ասաց նա՝ իր բնորոշ հնչյունն արձակելով։— Սակայն, ներեցեք։ Ը֊ը․․․ չեմ նեղի ձեզ։

― Ոչ, ոչ, ի սեր աստծո,— ինքն էլ չիմանալով, թե ինչու «ի սեր», ասաց փաստաբանը։

Սակ այն Պոզդնիշևը, չլսելով նրան, արագ շուռ եկավ ու գնաց իր տեղը։ Պարոնն ու տիկինը սկսեցին քչփչալ։ Ես, Պոզդնիշեի կողքին նստած, լռում էի՝ խոսք չգտնելով։ Կարդալու համար մութ էր, ուստի փակեցի աչքերս ու ձևացրի, թե ուզում եմ քնել։ Այդպես լուռ հասանք հաջորդ կայարանը։

Այդ կայարանում պարոնն ու տիկինը տեղափոխվեցին մի ուրիշ վագոն, որի վերաբերյալ նրանք ուղեկցորդի հետ պայմանավորվել էին դեռ վաղօրոք։ Գործակատարը տեղավորվեց նստարանի վրա և քնեց։ Իսկ Պոզդնիշևը շարունակ ծխում էր ու խմում դեռ նախորդ կայարանում գցած թեյը։

Երբ աչքերս բաց արի և նայեցի նրան, նա հանկարծ վճռականորեն ու գրգռվածությամբ դարձավ ինձ․

― Ձեղ համար երևի անախո՞րժ է նստել ինձ հետ՝ իմանալով, թե ով եմ ես։ Այդ դեպքում ինքս կհեռանամ։

― Օ, ոչ, ինչ եք ասում։

― Լավ, չե՞ք հաճի արդյոք։ Միայն թե թունդ է։— Նա ինձ համար թեյ լցրեց։

― Դրանք ասում են․․․ Եվ ստում են, ստում․․․— ասաց նա։

— Ինչի՞ մասին է խոսքը,— հարցրի։

― Էլի նույն բանի՝ դրանց ասած սիրո և այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում դա։ Դուք չե՞ք ուզում քնել։

― Ամենևին։

― Որ այդպես է՝ ուզո՞ւմ եք պատմեմ, թե ինչպես հենց այդ սիրո պատճառով հասա այն բանին, ինչ եղավ ինձ հետ։

― Այո, եթե ծանր չէ ձեզ համար։

― Ոչ, ինձ համար ծանր է լռելը։ Խմեք, խմեք թեյը։ Թե՞ չափից դուրս թունդ է։

Թեյն իրոք կարծես գարեջուր լիներ, բայց խմեցի մի բաժակ։ Այդ միջոցին եկավ ու անցավ ուղեկցորդը։ Ալեզարդ պարոնը լուռ, չարացած հայացքով ճանապարհեց նրան և սկսեց խոսել միայն այն ժամանակ, երբ նա անհետացավ աչքից։


III

― Հա, ուրեմն պատմեմ ձեզ․․․ Բայց իրո՞ք ուզում եք։

Ես կրկնեցի, որ շատ եմ ուզում։ Լռեց մի պահ, ձեռքերով շփեց երեսն ու սկսեց․

— Որ պատմում եմ՝ ամեն ինչ պիտի պատմեմ սկզբից․ հարկավոր է պատմել, թե ինչպես և ինչու ես ամուսնացա և ինչպիսին էի ամուսնությունից առաջ։

Ամուսնությունից առաջ ապրում էի այնպես, ինչպես ամենքը, այսինքն՝ ամենքը մեր շրջանում։ Ես կալվածատեր եմ ու համալսարանավարտ թեկնածու և ազնվականության պարագլուխ էի։ Ամուսնությունից առաջ ապրում էի այնպես, ինչպես ամենքը, այսինքն՝ ցոփ ու շվայտ կյանքով, և, ինչպես մեր շրջանի բոլոր մարդիկ, այդպես ապրելով՝ համոզված էի, որ ապրում եմ հարկն եղածի պես։ Ինքս իմ մասին այն կարծիքն ունեի, որ ես հաճելի տղա եմ և միանգամայն բարոյական մարդ։ Գայթակղեցնող չէի, անբնական հակումներ չունեի, այդ բանը կյանքիս գլխավոր նպատակը չէի դարձնում, ինչպես անում էին իմ հասակակիցներից շատերը, այլ անառակությանը տրվում էի խոհեմաբար, պատշաճորեն, հանուն առողջության։ Խուսափում էի այնպիսի կանանցից, որոնք երեխա ունենալով կամ սիրային լուրջ կապով կարող էին կաշկանդել ինձ։ Ասենք, գուցե և երեխաներ էլ եղան, լուրջ համակրություններ էլ, բայց ինձ պահում էի այնպես, իբր այդպիսի բան չկա։ Եվ դա ոչ միայն բարոյական վարքագիծ էի համարում, այլև հպարտանում էի դրանով։

նա դադար տվեց, արձակեց իր բնորոշ հնչյունը, ինչպես անում էր սովորաբար, երբ, ըստ երևույթին, նոր միտք էր ծագում գլխում։

― Բայց ախր հենց դա՜ է բուն անառակությունը,— գոչեց նա։— Չէ որ անառակությունն ինչ֊որ մարմնական բան չէ, մարմնական ոչ մի այլանդակություն ախր անառակություն չէ․ անառակությունը, իսկակա՛ն անառակությունը, այն է հենց, որ մարդ իրեն ազատում է իր հետ մարմնական կապի մեջ մտած կնոջ հանդեպ բարոյական հարաբերություններից։ Եվ ազատվելու հենց այդ պարագան էլ ես իմ խնդիրն էի համարում։ Հիշում եմ, թե ինչպես էի տանջվում մի անգամ, երբ չկարողացա տեղնուտեղը վարձատրել մի կնոջ, որը, հավանաբար սիրելով, տրվել էր ինձ։ Հանգստացա այն ժամանակ միայն, երբ փող ուղարկեցի նրան՝ դրանով ցույց տալով, որ բարոյապես ինձ ոչ մի բանով կապված չեմ համարում իր հետ։ Մի՛ տմբտմբացրեք ձեր գլուխը, իբր համամիտ եք ինձ,— հանկարծ բղավեց վրաս։— Ախր ես գիտեմ այդ բաները։ Դուք բոլորդ, և դուք էլ, եթե, լավագույն դեպքում, հազվագյուտ բացառություն չեք, դուք ամենքդ էլ նույն հայացքներն ունեք, ինչ ես ունեի։ Լավ, միևնույն է, ներեցեք ինձ,— շարունակեց նա,— սակայն բանն այն է, որ սարսափելի է դա, սարսափելի՛, սարսափելի՛։

― Ի՞նչն է սարսափելի,— հարցրի։

― Մոլորության այն ճահճուտը, որի մեջ ապրում ենք կնոջ վերաբերյալ մեր հայացքներով և նրա հանդեպ մեր վերաբերմունքով։ Այո֊ո՜, չեմ կարող հանգիստ խոսել այդ մասին, և ոչ թե ինձ հետ եղած պատահարի պատճառով, ինչպես այն պարոնն էր ասում, այլ որովհետև դրանից հետո բացվեցին աչքերս, և ես ամեն ինչ տեսա բոլորովին ուրիշ լույսի տակ։ Ամեն բան՝ հակառակը, ամեն բան՝ հակառակը․․․

Նա ծխախոտ վառեց և, կռթնելով ծնկներին, սկսեց խոսել։

Խավարում չէի տեսնում դեմքը, միայն վագոնի դղորդի միջից նրա ազդու և հաճելի ձայնն էի լսում։


IV

― Այո֊ո՜, միայն տառապելով այնպես, ինչպես ես էի տառապում, միայն այդ բանի շնորհիվ հասկացա, թե որտեղ է ամեն ինչի արմատը, հասկացա, թե ինչ պետք է լինի, ուստի և տեսա այն ամենի ողջ սարսափելիությունը, ինչ կա։

Ուրեմն բարեհաճեք իմանալ, թե ահա ինչպես և երբ սկսվեց այն, ինչ հասցրեց ինձ իմ միջադեպին։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ տասնվեց տարեկան էլ չկայի։ Պատահեց, երբ ես դեռ գիմնազիայում էի, իսկ ավագ եղբայրս առաջին կուրսի ուսանող էր։ Ես դեռ չգիտեի կանանց, սակայն մեր շրջանի բոլոր դժբախտ զավակների պես արդեն անմեղ տղա չէի. երկրորդ տարին էր արդեն, ինչ ինձ այլասերել էին տղաները, արդեն ինձ տանջում էր կինը, ոչ թե որևէ կին, այլ կինը՝ իբրև քաղցր մի բան, ընդհանրապես կինը, ամեն մի կին, կնոջ մերկությունը։ Իմ առանձնացումներն անմաքուր էին։ Ես տանջվում էի այնպես, ինչպես տանջվում է մեր տղաների 99 տոկոսը։ Ես սարսափում էի, ես տառապում էի, ես աղոթում էի և ընկնում բարոյապես։ Ես արդեն այլասերված էի երևակայությանս մեջ և իրականում, բայց վերջին քայլը դեռ չէի արել։ Ես կործանվում էի ինքս միայն՝ դեռ ինձ հետ չտանելով մարդկային մի ուրիշ էակի։ Բայց ահա եղբորս ընկերը, որ ուսանող էր, զվարճասեր, այսպես կոչված՝ լավ տղա, այսինքն՝ մեծ սրիկա, որ մեզ սովորեցնում էր թե՛ խմել և թե՛ թուղթ խաղալ, գինարբուքից հետո համոզեց մեզ գնալ ա՛յն տեղը։ Գնացինք։ Եղբայրս էլ էր դեռ անարատ և ապականվեց հենց նույն գիշերը։ Եվ ես՝ տասնհինգ տարեկան տղա, պղծեցի ինքս ինձ և օժանդակեցի կնոջ պղծմանը՝ ամենևին չհասկանալով արածս։ Ես ախր ինձնից մեծ ոչ մեկից չէի լսել, որ այն, ինչ անում էի, վատ բան է։ Եվ հիմա էլ ոչ ոք չի լսում։ Ճիշտ է, այդ բանը կա պատվիրաններում, բայց չէ որ պատվիրանները պետք են քննության ժամանակ տեր հորը պատասխանելու համար, այն էլ ոչ շատ, ամենևին էլ ոչ այնքան, որքան պայմանական նախադասություններում ut-ի գործածության պատվիրանը։

Ուրեմն այդպես այն մեծ մարդկանցից, որոնց կարծիքը հարգում էի ես, բնավ չէի լսում, թե վատ բան է դա։ Ընդհակառակն, իմ հարգած մարդկանցից լսում էի, թե դա լավ բան է։ Լսում էի, որ իմ ոգորումներն ու տառապանքները կմեղմվեն դրանից հետո, այդ բանը լսում էի և կարդում․ լսում էի մեծերից, թե առողջության համար լավ է դա. իսկ ընկերներս ասում էին, թե դրա մեջ որոշ արժանիք, կտրիճություն կա։ Այնպես որ առհասարակ լավից բացի այդտեղ ուրիշ ոչինչ չէի տեսնում։ Հիվանդության վտա՞նգ։ Բայց չէ որ դա էլ է կանխատեսված։ Խնամատար կառավարությունը հոգում է այդ մասին։ Հետևում է, որ հասարակաց տների գործունեությունը կանոնավոր ընթացք ունենա և ապահովում է գիմնազիստների ապականումը։ Եվ բժիշկները, ի հատուցումն ստացած ռոճիկի, հետևում են դրան։ Այդպես էլ պետք է։ Նրանք պնդում են, թե այլասերումն օգտակար է առողջության համար, և իրենք էլ ստույգ, կանոնավոր այլասերում են հաստատում։ Ես գիտեմ մայրերի, որոնք այս իմաստով հոգում են իրենց որդիների մասին։ Եվ գիտությունը սրանց ուղարկում է հասարակաց տները։

― Իսկ ինչո՞ւ գիտությունը,— ասացի։

― Հապա ովքե՞ր են բժիշկները։ Գիտության քուրմեր։ Ո՞վ է այլասերում պատանիներին՝ պնդելով, թե դա անհրաժեշտ է առողջության համար։ Նրանք։ Իսկ հետո սարսափելի լրջությամբ բուժում են սիֆիլիսը։

― Բայց ախր ինչո՞ւ սիֆիլիսը չբուժեն։

― Այն պատճառով, որ երբ սիֆիլիսի բուժման համար գործադրված ջանքերի մեկ տոկոսը գործադրվեր այլասերումն արմատախիլ անելու վրա, սիֆիլիսը վաղուց գոյություն չէր ունենա։ Մինչդեռ ջանքերը ծախսվել են ոչ թե այլասերումն արմատախիլ անելու, այլ խրախուսելու, այլասերման անվտանգությունն ապահովելու վրա։ Էհ, բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ինձ հետ այդ սարսափելի բանը՝ բարոյական անկումը կատարվեց ոչ այն պատճառով, որ ես ենթարկվեցի որևէ կնոջ հրապույրի բնական գայթակղությանը, ինչպես և լինում է ոչ միայն մեր դասի, այլև բոլոր մյուս խավերի, գյուղացիների 90 տոկոսի, եթե ոչ ավելի մեծ մասի հետ։ Չէ, ոչ մի կին էլ չգայթակղեց ինձ, այլ ես ընկա այն պատճառով, որ ինձ շրջապատող միջավայրը նման անկման մեջ ուրիշ բան էր տեսնում, ոմանք՝ ամենաօրինական և առողջության համար օգտակար գործողություն, ոմանք էլ ամենաբնական և ոչ միայն ներելի, այլև նույնիսկ անմեղ մի ժամանց երիտասարդի համար։ Ես չէի էլ հասկանում, որ այդտեղ անկում կա, պարզապես սկսեցի տրվել մասամբ հաճույք, մասամբ պահանջ համարվող այդ բաներին, որ, ինչպես ինձ էին ներշնչել, հատուկ են որոշ տարիքի, և սկսեցի այդ ապականությանը տրվել այնպես, ինչպես սկսել էի խմել, ծխել։ Բայց պիտի ասեմ, որ այնուամենայնիվ այդ առաջին անկման մեջ ինչ-որ յուրահատուկ ու սրտահույզ բան կար։ Հիշում եմ, անմիջապես, հենց այդտեղ, դեռ սենյակից դուրս չեկած այնպես տխրեցի, այնպես տխրեցի, որ ուզում էի ալց լինել, ողբալ իմ անմեղության, կնոջ հանդեպ ունեցածս վերաբերմունքի կորուստը, վերաբերմունք, որ կործանվել էր հավետ։ Այո, կնոջ նկատմամբ բնական, պարզ մոտեցումն ի չիք դարձավ մեկընդմիշտ։ Այն ժամանակվանից այլևս կնոջ հետ մաքուր հարաբերություն ոչ ունեցել եմ և ոչ էլ կարող եմ ունենալ։ Ես դարձա մեկը նրանցից, որոնց շնացող են ասում։ Իսկ շնացող լինելը ֆիզիկական վիճակ է, նման հաշիշամոլի, գինեմոլի, ծխամոլի վիճակին։ Ինչպես հաշիշամոլը, գինեմոլը, ծխամոլը այլևս նորմալ մարդ չէ, այնպես էլ իր հաճույքի համար մի քանի կին տեսած մարդն արդեն ոչ թե նորմալ, այլ մեկընդմիշտ փչացած անձնավորություն է՝ շնացող։ Ինչպես գինեմոլին ու հաշիշամոլին կարելի է տեղնուտեղը ճանաչել կերպարանքից, շարժուձևից, ճիշտ այդպես էլ շնացողին։ Սա կարող է ժուժկալել, ոգորել, բայց կնոջ հանդեպ պարզ, սովորական, մաքուր վերաբերմունք, եղբոր հարաբերություն այլևս երբեք չի կարող ունենալ։ Այն բանից, թե ինչպես է նայում, դիտում երիտասարդ կնոջը, անմիջապես կարելի է ճանաչել շնացողին։ Եվ ես շնացող դարձա ու այդպես էլ մնացի, իսկ դա էլ հենց իմ կործանման պատճառը եղավ։


V

— Այո, այդպե-ե՜ս։ Հետո բանն ավելի ու ավելի առաջ գնաց, եղան ամեն տեսակ խոտորումներ։ Աստվա՜ծ իմ, երբ միտքս են գալիս այդ կողմից իմ արած բոլոր գարշելիությունները, սարսափ է պատում ինձ։ Ես այսպես եմ խոսում դեռ իմ մասին՝ այն դեպքում, երբ ընկերներս ծիծաղում էին իմ, այսպես կոչված, անմեղության վրա։ Ուրեմն ինչե՜ր կլսես ոսկի երիտասարդության, սպաների, փարիզցիների մասին։ Եվ բոլոր այդ պարոններն ու ես, երբ երեսնամյա անառակներ էինք, կանանց հանդեպ հարյուրավոր ամենատարբեր սարսափելի հանցանքներ խղճներիս վրա ծանրացած, երբ երեսնամյա անառակներս մաքուր լվացված, ածիլված, անուշաբույր յուղերով օծված, մաքուր սպիտակեղենով, ֆրակով կամ համազգեստով մտնում էինք հյուրասենյակ կամ պարասրահ՝ իսկը մաքրության խորհրդանիշ էինք, կատարյալ սքանչելիք...

Ախր մի մտածեք՝ ինչ պետք է լիներ և ինչ կա իրականում։ Պետք է լիներ այնպես, որ երբ հասարակության մեջ իմ քրոջը, իմ դստերը նման պարոն մոտենար, սրան մի կողմ կանչեի ու ասեի ականջին. «Ախր ես գիտեմ, սիրելիս, թե դու ինչպես ես ապրում, ինչպես և ում հետ ես անցկացնում գիշերները։ Սա քո տեղը չէ։ Այստեղ մաքուր, անմեղ աղջիկներ են։ Հեռացի՛ր»։ Այսպես պետք է լիներ, մինչդեռ լինում է այնպես, որ երբ նման պարոնը հայտնվում է ու գիրկն առած պարում իմ քրոջ, դստեր հետ, մենք ցնծում ենք, եթե նա հարուստ է և կապեր ունի։ Թերևս Ռիգոլբոշից հետո ուշադրության արժանացնի նաև իմ դստերը։ Եթե նույնիսկ հիվանդության հետքեր, վատառողջության նշաններ են մնացել ոչինչ։ Հիմա լավ են բուժում։ Ես գիտեմ, օրինակ, որ բարձր հասարակության մի քանի աղջկա ծնողները հաճույքով ամուսնացրել են սիֆիլիտիկների հետ։ Օ՜․․․ օ, գարշանք։ Բայց կգա, չէ՞, մի ժամանակ, որ կմերկացվի այդ գարշանքն ու կեղծիքը։

Եվ նա մի քանի անգամ արձակեց իր տարօրինակ հնչյուններն ու սկսեց թեյ խմել։ Թեյը խիստ թունդ էր, ջուր չկար խառնելու։ Ես զգում էի, որ վրաս արտակարգ ազդել էր խմածս երկու բաժակը։ Հավանաբար թեյը նրա վրա էլ էր ազդում, որովհետև նա գրգռվում էր ավելի ու ավելի։ Ձայնը դառնում էր ավելի ու ավելի երգեցիկ և արտահայտիչ։ Նա անընդհատ փոխում էր դիրքը, մեկ հանում գլխարկը, մեկ դնում, և նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ կերպով փոխվում էր կիսախավարում, որի մեջ նստած էինք։

― Ահա այսպես էլ ապրեցի մինչև երեսուն տարեկանս՝ ոչ մի րոպե չհրաժարվելով ամուսնանալու և ինձ համար ընտանեկան ամենավեհ, մաքուր կյանք ստեղծելու մտքից, և այդ նպատակով զննում էի իմ ծրագրին հարմար այս կամ այն աղջկան,— շարունակեց նա։— Ես բնակալել էի ապականության մեջ և միաժամանակ աշխատում էի ընտրել այնպիսի աղջկա, որ իր մաքրությամբ արժանի լիներ ինձ։ Շատերից ետ էի կանգնում հենց այն պատճառով, որ նրանք բավականաչափ մաքուր չէին ինձ համար։ Եվ վերջապես գտա մեկին, որին ինձ արժանի համարեցի։ Ժամանակին շատ հարուստ, բայց սնանկացած պենզացի մի կալվածատիրոջ երկու դուստրերից մեկն էր այդ աղջիկը։

Մի երեկո, երբ նավակով զբոսնելուց հետո լուսնի լույսով ետ էինք լողում տուն, և ես նստած էի նրա կողքին ու զմայլվում էի ջերսիի մեջ պրկված նրա բարեգեղ մարմնով ու խոպոպիկներով, հանկարծ որոշեցի, որ նա է իմ փնտրած աղջիկը։ Այդ երեկո թվում էր ինձ, թե նա հասկանում է այն ամեն-ամենը, ինչ զգում ու մտածում էի ես, և թե իմ զգացածն ու մտածածն ամենավեհ բաներն էին աշխարհում։ Մինչդեռ, ըստ էության, եղած֊չեղածն այն էր, որ ջերսին, ինչպես և խոպոպիկները շատ էին սազում նրան, և որ մերձության մեջ նրա հետ անցկացրած օրվանից հետո ավելի սերտ մերձավորություն էի ուզում։

Զարմանալի բան, ինչ կատարյալ է լինում այն պատրանքը, թե գեղեցկությունը երախտիք է։ Գեղեցիկ կինը հիմարություններ է դուրս տալիս, դու լսում ես ու չես նկատում հիմարությունները, այլ խելացին ես տեսնում։ Նա գարշելի բաներ է ասում, անում, և դու ինչ֊որ հաճելի բան ես տեսնում այդ ամենի մեջ։ Իսկ երբ նա չի ասում ոչ հիմար, ոչ գարշելի բաներ, մինչդեռ գեղեցիկ է, անմիջապես հավատ ես ընծայում, որ նա անասելի խելացի է և բարոյական։

Ես տուն վերադարձա խանդավառ տրամադրությամբ՝ մտածելով, որ նա բարոյական կատարելության գագաթնակետն է և հենց այդ պատճառով արժանի է իմ կինը լինելու, և հաջորդ օրը առաջարկություն արեցի։

Բայց ախր ի՜նչ շփոթ է դա։ Հազարավոր ամուսնացող տղամարդկանցից, ոչ միայն մեր շրջապատում, այլև, դժբախտաբար, ժողովրդի մեջ, հազիվ գտնվի մեկը, որ պսակվելուց առաջ արդեն ամուսնացած չլինի մի տասը, երբեմն էլ հարյուր կամ հազար անգամ, Դոն Ժուանի նման։ (Հիմա, ճիշտ է, իմ տեսածով ու լսածով մաքուր երիտասարդներ կան, որ զգում են ու գիտեն՝ կատակ բան չի դա, այլ մեծ գործ։ Աստվա՜ծ նրանց օգնական։ Բայց իմ ժամանակներում տասը հազարից մեկն էլ այդպես չէր)։ Եվ ամենքն էլ գիտեն այդ բանն ու ձևացնում են, թե չգիտեն։ Բոլոր ռոմաններում ամենայն մանրամասնությամբ նկարագրում են հերոսների զգացումները, այն լճակները, թփերը, որոնց շուրջը ճեմում են նրանք, սակայն, նկարագրելով նրանց մեծ սերը որևէ աղջնակի հանդեպ, ոչինչ չեն գրում այն մասին, թե ինչ կյանք է ապրել հետաքրքիր այդ հերոսն առաջներում, ոչ մի խոսք այն մասին, որ նա հասարակաց տներ է հաճախել, գայթակղել սպասուհիների, խոհարարուհիների, ուրիշների կանանց։ Իսկ եթե կան էլ նման անպարկեշտ վեպեր, չեն տալիս մարդկանց ձեռքը, գլխավորապես նրանց, ում ամենից ավելի է անհրաժեշտ այդ բոլորն իմանալ աղջիկների ձեռքը։ Սկզբում ձևանում են աղջիկների առաջ, թե մեր քաղաքների և մինչև անգամ գյուղերի կյանքի կեսը լցնող անառակությունն ամենևին գոյություն չունի։ Հետո այնպես են վարժվում այդ կեղծիքին, որ ի վերջո, անգլիացիների նման, իրենք էլ են սկսում անկեղծորեն հավատալ, թե մենք բոլորս բարոյական մարդիկ ենք և ապրում ենք բարոյական աշխարհում։ Իսկ աղջիկները, այդ խեղճերը, դրան հավատում են ամենայն լրջությամբ։ Այդպես հավատում էր և իմ դժբախտ կինը։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ, երբ ես արդեն նշանված էի, նրան ցույց տվի իմ օրագիրը, որից նա կարող էր գոնե որոշ չափով իմանալ իմ անցյալի մասին, գլխավորը՝ իմ ունեցած վերջին կապի մասին, որի վերաբերյալ նա կարող էր տեղեկություն ստանալ ուրիշներից, ուստի և անհրաժեշտություն զգացի այդ բանը հայտնել նրան։ Հիշում եմ, թե ինչպես սարսափեց, վհատվեց ու կորցրեց իրեն, երբ լսեց ու հասկացավ։ Զգում էի, որ նա այն ժամանակ ուզում էր թողնել ինձ։ Եվ ինչու չթողեց...

Ուղեկիցս արձակեց իր հնչյունը, լռեց մի պահ և էլի թեյից մի կում արեց։

VI

― Ոչ, ի միջի այլոց, այսպես ավելի՛ լավ է, ավելի՛ լավ է,— բացականչեց նա։— Տե՛ղն է ինձ։ Բայց դա չէ բանը։ Ես ուզում էի ասել, որ այդտեղ ախր խաբված են միայն դժբախտ աղջիկները։ Իսկ մայրերը գիտեն դա, մանավանդ իրենց ամուսիններից դաստիարակություն առած մայրերը հիանալի գիտեն այդ բանը։ Եվ ձևացնելով, թե հավատում են տղամարդկանց մաքրությանը, նրանք իրականում գործում են բոլորովին այլ կերպ։ Նրանք գիտեն, թե ինչպես թակարդը գցեն տղամարդկանցս իրենց և հարազատ դուստրերի համար։

Չէ որ մենք՝ տղամարդիկս միայն չգիտենք, և չգիտենք այն պատճառով, որ չենք ուզում իմանալ, իսկ կանայք շատ լավ գիտեն, որ ամենավեհ, բանաստեղծական, ինչպես մենք ենք հորջորջում, սերը կախված է ոչ թե բարոյական արժանիքներից, այլ ֆիզիկական մերձավորությունից, ինչպես և սանրվածքից, հագուստի ձևից ու գույնից։ Հարցրեք փորձված կոկետուհուն, որ իր առջև այս կամ այն տղամարդուն հրապուրելու խնդիր է դրել, թե երկու վտանգից որին կգերադասի ենթարկել իրեն գայթակղելիք անձի ներկայությտմբ՝ մերկացվի ստի, դաժանության, նույնիսկ անբարոյականության մե՞ջ, թե՞ նրա առջև հայտնվի վատ կարված ու տգեղ շորով, և ամեն կոկետուհի միշտ էլ կգերադասի առաջինը։ Նա գիտի, որ մեզնմանները ինչ բարբաջում են բարձր զգացմունքների մասին՝ բոլորը սուտ է, որ տղամարդուն պետք է միայն մարմինը, ուստի և կների ամեն մի կեղտոտություն, բայց զգեստի այլանդակ, անճաշակ, տգեղ գույնն ու ձևը չի ների։ Կոկետուհին այս բանը գիտի բանականորեն, բայց անմեղ աղջիկը նույնը զգայում է բնազդաբար, կենդանու նման։

Դրանից են այդ զազրելի ջերսիները, հետևներին կպցրած այդ վարդակապերը, այդ մերկ ուսերը, ձեռքերը, համարյա բաց կրծքերը։ Կանայք, մանավանդ տղամարդու դպրոց անցածները, շատ լավ գիտեն, որ խոսակցությունները բարձր նյութերի շուրջ պարզապես խոսակցություններ են, որ տղամարդուն մարմին է պետք և այն բաները միայն, որոնք ցուցադրում են այդ մարմինը ամենագայթակղիչ լույսի տակ, և հենց դա էլ արվում է։ Չէ որ բավական է մի կողմ նետենք այդ այլանդակության հանդեպ սովոր մոտեցումը, որ մեր երկրորդ բնավորությունն է դարձել, և մեր բոլոր դասերի կյանքը դիտենք ինչպես կա, նրա բոլոր ժպիրհություններով, ապա կտեսնենք, որ դա համընդհանուր հասարակաց տուն է և ուրիշ ոչինչ։ Դուք համաձայն չե՞ք։ Թույլ տվեք ապացուցեմ,— վրա բերեց նա՝ կանխելով ինձ։— Դուք ասում եք, թե կանայք մեր հասարակության մեջ ապրում են հասարակաց տների կանանցից տարբեր շահագրգռություններով, բայց ես ասում եմ՝ ոչ, և կապացուցեմ։ Եթե մարդիկ տարբեր են կյանքի նպատակներով, կյանքի ներքին բովանդակությամբ, ապա այդ տարբերությունն անպայման կարտացոլվի նաև արտաքինում, և արտաքինն էլ տարբեր կլինի։ Բայց նայեցեք դրանց՝ այդ թշվառ արհամարհվածներին և ամենաբարձրաշխարհիկ տիկիններին․ նույն հագուստները, նույն տարազները, նույն օծանելիքները, ձեռքերի, ուսերի, կրծքերի նույն մերկացումը և ի ցույց դրվող հետույքների նույն պրկաձգումը, նույն խելահեղ սերը գույնզգույն քարերի և թանկարժեք, փայլուն առարկաների նկատմամբ, նույն զվարճանքները, պարերն ու երգ֊երաժշտությունը։ Ինչպես նրանք են գայթակղում բոլոր միջոցներով, այնպես էլ սրանք։ Ոչ մի տարբերություն։ Խստորեն սահմանելու դեպքում պետք է միայն ասել, որ կարճ ժամանակով պոռնիկները սովորաբար արհամարհելի են, երկար ժամանակով պոռնիկները՝ հարգելի։


VII

― Այո, ահա ուրեմն հենց այդ ջերսիները, այդ խոպոպիկներն ու վարդակապերը թակարդը գցեցին ինձ։ Իսկ ինձ թակարդ գցելը հեշտ էր, որովհետև ես դաստիարակված էի այնպիսի պայմաններում, ուր սիրահարվելոլ պատրաստ երիտասարդներն աճում֊զարգանում են արագ, ինչպես վարունգը հարոս թողած հողում։ Չէ որ մեր գրգռիչ ավելորդ սնունդը, ֆիզիկական կատարյալ պարապության պայմաններում, այլ բան չէ, քան տռփանքի անընդհատ բորբոքում։ Զարմանաք, չզարմանաք՝ այդպես է։ Ախր ես ինքս էլ այդ բանը մինչև վերջերս չէի տեսնում բնավ։ Իսկ հիմա տեսնում եմ։ Եվ դրանից էլ ինձ տանջում է այն, որ ոչ ոք չգիտի այդ բանը, ու հիմարություններ են դուրս տալիս, ինչպես, այ, մեր գնացքի տիկինը։

Այո․․․ այս գարնանը մեր կողմերում գյուղացիներ էին աշխատում երկաթուղու լիրաթմբի վրա։ Ի՞նչ է գյուղացի տղամարդու կերած֊խմածը՝ սովորական բան — հաց, կվաս, սոխ, բայց նա ժիր է, առույգ, առողջ, հեշտ է տանում դաշտային աշխատանքները։ Գալիս է երկաթուղու վրա աշխատելու, և ուտելիքն ընդամենը շիլա է ու մի ֆունտ միս։ Բայց նա այդ միսը ծախսում է տասնվեցժամյա աշխատանքի վրա, երեսուն փթանոց ձեռնասայլակ կրելով։ Եվ նրան հենց այդ է հարկավոր։ Է, իսկ մենք յուրաքանչյուրս, որ երկու ֆունտ տավարի միս, որսի միս և ամեն տեսակ համադամներ ենք ուտում, ոգելից ըմպելիքներ խմում, ինչի՞ վրա է ծախսվում այդ ամենը։ Զգայական էքսեսների վրա։ Եվ եթե ծախսվում է այդ ուղղությամբ, փրկարար փականը բաց է, բարեհաջող է ամեն ինչ․ բայց ծածկենք փականը, ինչպես ես ծածկեցի ժամանակավորապես, և իսկույն ևեթ գրգռմունք առաջ կգա, որ անցնելով մեր արհեստական կյանքի պրիզմայի միջով՝ կարտահայտվի ամենազուտ, նույնիսկ պլատոնական սիրահարությամբ։ Եվ ես էլ սիրահարվեցի, ինչպես ամենքն են սիրահարվում։ Եվ ամեն ինչ կար՝ թե՛ հիացմունք, թե՛ խանդաղատանք, թե՛ պոեզիա։ Մինչդեռ, ըստ էության, իմ այդ սերն արգասիքն էր մի կողմից մորս և դերձակների գործունեության, մյուս կողմից՝ պարապ կյանքիս ընթացքում իմ կլանած սնունդի լիառատության։ Եթե չլինեին, մի կողմից, նավակով զբոսանքները, դերձակներն՝ իրենց սեղմ զգեստներով ու նման բաները, այլ իմ կինն անշուք մի շոր հագներ ու տանը նստեր, իսկ ես էլ, մյուս կողմից, լինեի նորմալ պայմաններում մի մարդու, որ սնունդ է ընդունում այնքան, որքան պետք է աշխատելու համար, և եթե բաց լիներ իմ փրկարար փականը,— մինչդեռ, չգիտես ինչու, փակվել էր այդ ընթացքում,— ես չէի սիրահարվի, և չէր լինի այն, ինչ եղավ։


VIII

― Էհ, իսկ իրականում ստացվեց այսպես՝ և՛ կարողությունս էր լավ, և՛ հագուստս, և՛ նավակով զբոսանքն էլ հաջող ավարտ ունեցավ։ Քսան անգամ հաջող դուրս չէր եկել, իսկ այս անգամ հաջող ստացվեց։ Իսկը ծուղակ։ Ես չեմ ծիծաղում։ Չէ որ այժմ ամուսնությունները հենց այդպես էլ սարքվում են՝ ծուղակների նման։ Ախր բնական է, չէ՞․ հասել է աղջիկը, հարկավոր է մարդու տալ։ Թվում է՝ այնքան պարզ ու հասարակ է դա, երբ աղջիկն այլանդակ չէ, և ամուսնանալ ցանկացող տղամարդիկ կան։ Այդպես էլ արվում էր հնում։ Աղջիկը հասունանում էր, ծնողներն ամուսնացնում էին։ Այդպես էր արվում և այդպես է արվում ամբողջ մարդկության՝ չինացիների, հնդիկների, մահմեդականների, մեզանում՝ ժողովրդի մեջ․ այդպես է արվում մարդկային ցեղի առնվազն 99 տոկոսի մեջ։ Միայն մեկ տոկոսը՝ մենք, այլասերվածներս գտել ենք, որ դա լավ չէ և նոր բան ենք հնարել։ Բայց ո՞րն է այդ նորը․ այն, որ աղջիկները նստում են, իսկ տղամարդիկ, ինչպես շուկայում, ման են գալիս ու ընտրում։ Իսկ աղջիկներն սպասում են ու մտածում, բայց չեն համարձակվում ասել՝ «Ի՛նձ, պատվելի․․․ չէ, ինձ։ Նրան չէ, ի՛նձ․ նայիր, տես՝ ի՜նչ ուսեր ունեմ և ուրիշ բաներ»։ Իսկ մենք՝ տղամարդիկս շրջում ենք, նայում և գոհ ենք չափազանց։ Իբր՝ «Հա, գիտեմ, չեմ խաբվի»։ Շրջում են, դիտում՝ խիստ գոհ, որ այդ ամենն իրենց համար է կազմակերպված։ Զգույշ չեղար, մեկ էլ հո՛պ, թակարդն ընկար։

― Լավ, իսկ ինչպե՞ս լինի,— ասացի։— Կինն ի՞նքը առաջարկություն անի, ինչ է։

― Էհ, ինքս էլ չգիտեմ՝ ինչպես․ միայն եթե հավասարություն է՝ ուրեմն թող հավասարություն լինի։ Եթե գտել են, որ հարսնախոսությունը նվաստացուցիչ է, ապա սա նվաստացուցիչ է հազարապատիկ։ Այնտեղ իրավունքներն ու շանսերը հավասար են, իսկ այստեղ կինը կամ ստրկուհի է շուկայում, կամ որսախայծ։ Որևէ մայրիկի կամ հենց իրեն՝ աղջկան փորձեք ասել ճշմարտությունը, թե նա զբաղված է միայն ու միայն փեսացու որսալու գործով։ Աստված իմ, ինչպիսի՜ վիրավորանք։ Մինչդեռ նրանք բոլորն էլ հենց դրանով են զբաղված և ուրիշ անելիք չունեն։ Եվ ինչն է ախր սարսափելին՝ որ տեսնում ես երբեմն դրանով զբաղված են բոլորովին մատաղատի խեղճ, անմեղ աղջիկներ։ Եվ էլի մտածում ես, որ գոնե այդ բանը պարզ ու շիտակ արվեր, թե չէ ամեն ինչ խաբեություն է։ «Ա՜խ, տեսակների ծագումը, ի՜նչ հետաքրքիր բան է դա։ Ա՜խ, Լիզան շատ է հետաքրքրվում գեղանկարչությամբ։ Իսկ դուք կլինե՞ք ցուցահանդեսում։ Որքա՜ն ուսանելի է։ Հապա սահնակով զբոսա՞նքը, հապա ներկայացո՞ւմը, հապա սիմֆոնիա՞ն։ Ա՜խ, ինչ հիանալի է։ Իմ Լիզայի խելքը գնում է երաժշտության համար։ Իսկ դուք ինչո՞ւ չեք բաժանում այդ համոզումները։ Հապա նավակով զբոսանքնե՜րը․․․» Իսկ իմաստը նույնն է՝ «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ ինձ, իմ Լիզային։ Ոչ, ի՛նձ։ Լավ, գոնե փորձիր»․․․ Օ, գարշա՜նք, կեղծի՜ք,— եզրափակեց նա և, խմելով մնացած թեյը, սկսեց բաժակներն ու սպասքը հավաքել։


IX

― Ինքներդ էլ գիտեք,— վերսկսեց նա՝ ուղեպարկի մեջ դնելով թեյն ու շաքարը,— այդ ամենը գալիս է կանանց իշխելուց, որից տառապում է աշխարհը։

― Ինչպե՛ս թե կանանց իշխելուց,— ասացի։— Այն է ճշմարտությունը, որ իրավունքների գերակշիռ մասը տղամարդկանց կողմն է։

― Այո, այո, դա է, հենց դա,— ընդհատեց նա իմ խոսքը։— Հենց դա է, այն, ինչ ես եմ ուզում ասել ձեզ, դրանով էլ հենց բացատրվում է այն արտառոց երևույթը, որ մի կողմից միանգամայն ճշմարիտ է այն, թե կինը հասցված է նվաստացման ամենացածր աստիճանի, մյուս կողմից՝ որ իշխում է նա։ Ճիշտ հրեաների նման, ինչպես սրանք են իրենց դրամական իշխանությամբ փոխհատուցում սեփական ճնշվածությունը, այնպես էլ կանայք։ «Ա՜, դուք ուզում եք, որ մենք միայն առևտրականներ լինենք։ Շատ լավ, մենք՝ առևտրականներս, կսեփականենք ձեզ»,— ասում են հրեաները։ «Ա՜, դուք ուզում եք, որ մենք միայն ցանկասիրության առարկա լինենք։ Շատ լավ, մենք էլ որպես ցանկասիրության առարկաներ կստրկացնենք ձեզ»,— ասում են կանայք։ Կնոջ իրավունքների չգոյությունն արտահայտվում է ոչ այն բանում, որ նա չի կարող քվեարկել կամ դատավոր լինել,— այդ գործերով զբաղվելը ոչ մի իրավունքի խնդիր էլ չէ,― այլ այն բանում, որ սեռական կապի մեջ հավասար լինի ամուսնուն, իրավունք ունենա օգտվել տղամարդուց և հեռու մնա նրանից իր ցանկությամբ, իր կամեցողությամբ ընտրի տղամարդուն և ոչ թե ընտրության առարկա լինի։ Դուք ասում եք, թե դա անհեթեթություն է։ Լավ։ Ուրեմն տղամարդն էլ թող չունենա այդ իրավունքները։ Մինչդեռ այժմ կինը զրկված է այն իրավունքից, որ տղամարդն ունի։ Եվ ահա այդ իրավունքը փոխհատուցելու համար կինը ներգործում է տղամարդու ցանկասիրության վրա, նրան հնազանդեցնում այնպես, որ տղամարդն ընտրում է սոսկ ձևականորեն, իսկ իրականում ընտրում է կինը։ Եվ մեկ անգամ արդեն տիրապետելով այդ միջոցին, նա այնուհետև չարաշահում է այն և ահավոր իշխանություն ձեռք բերում մարդկանց վրա։

— Բայց ախր որտե՞ղ է այդ հատուկ իշխանությունը,— հարցրի։

— Որտե՞ղ։ Ամենուր, ամեն ինչում։ Մտեք որևէ մեծ քաղաքի խանութները։ Միլիոններ կան այստեղ, անհնար է գնահատել մարդկանց ներդրած աշխատանքը, որ տեղ է գտել այդ խանութներում, բայց նայեք, դրանց 90 տոկոunւմ կա՞ որևէ բան տղամարդկանց գործածության համար։ Կյանքի ողջ պերճանքը պահանջում ու պահպանում են կանայք։ Աչքի առաջ բերեք մեր ֆաբրիկաները։ Դրանց մեծ մասն անօգուտ զարդեր, կառքեր, կահույք, խաղալիքներ է արտադրում կանանց համար։ Միլիոնավոր մարդիկ, ստրուկների սերունդներ կործանվում են ֆաբրիկաների այդ տաժանակիր աշխատանքում՝ միայն և մի այն կանանց քմահաճույքի համար։ Կանայք թագուհիների պես ստրկության և ծանր աշխատանքի գերության մեջ են պահում մարդկային ցեղի 90 տոկոսը։ Եվ այդ ամենն՝ այն պատճառով, որ նրանց ստորացրել են, զրկել տղամարդկանց հետ հավասար իրավունքից։ Եվ ահա նրանք վրեժ են լուծում՝ ներգործելով մեր ցանկասիրության վրա, գցելով մեզ իրենց ցանցը։ Այո, ամեն ինչ դրանից է։ Կանայք զգայականության վրա ազդելու այնպիսի զենք են սարքել իրենցից, որ տղամարդն անկարող է հանգիստ վարվել կնոջ հետ։ Հենց տղամարդը մոտենում է կնոջը, անմիջապես ընկնում է նրա հմայության տակ ու խելքը թռցնում։ Առաջներում էլ միշտ անհարմար էի զգում, վեհերում, երբ տեսնում էի պարահանդեսային լանջաբաց զգեստով պճնված տիկնոջ, իսկ այժմ ուղղակի սարսափում եմ, ուղղակի մարդկանց համար վտանգավոր և հակաօրինական ինչ-որ բան տեսնում և ուզում եմ ոստիկան կանչել, որ պաշտպանի վտանգից, ուզում եմ պահանջել, որ աչքից հեռացնեն, վերացնեն վտանգավոր առարկան։

— Այո, դուք ծիծաղո՜ւմ եք,— ճչաց նա ինձ վրա,— Բայց դա ամենևին էլ կատակ չէ։ Ես համոզված եմ՝ կգա ժամանակ, և գուցե շատ շուտ, որ մարդիկ կհասկանան այդ բանը և կզարմանան, թե ինչպես կարող էր գոյություն ունենալ մի հասարակություն, ուր թույլ են տրվել հասարակական անդորրը խախտող այնպիսի արարմունքներ, ինչպիսին է ուղղակիորեն ցանկասիրություն հարուցող մարմնահարդարումը, որ արտոնված է կանանց մեր հասարակության մեջ։ Չէ որ դա նույնն է, թե զբոսավայրերում, ճեմուղիներում ամեն տեսակ թակարդներ դնեն, և դեռ դրանից էլ վատ։ Ինչո՞ւ մոլեխաղերն արգելված են, իսկ ցանկասիրություն հարուցող պոռնկական զգեստներով պճնված կանայք՝ ոչ։ Նրանք վտանգավոր են հազարապատի՜կ ավելի։


X

— Ահա այդպես էլ ինձ ծուղակը գցեցին։ Ես, այսպես ասած, սիրահարված էի։ Ոչ միայն նրան, այլև ինձ էլ փեսացուության շրջանում կատարելության գագաթնակետ էի պատկերացնում։ Չէ որ չկա այնպիսի սրիկա մարդ, որ փնտրի ու չգտնի որևէ առումով իրենից վատթար սրիկայի և այդ պատճառով հպարտանալու և իրենից գոհ լինելու առիթ չգտնի։ Այդպես էլ ես․ ամուսնացա ոչ հանուն փողի,— շահն այստեղ գործ չուներ, այնպես չէր, ինչպես ծանոթներիցս շատերն ամուսնացան փողի կամ կապերի համար,— ես հարուստ էի, նա՝ աղքատ։ Սա պատճառներից մեկն էր։ Մյուսը, որով հպարտանում էի, այն էր, որ ուրիշներն ամուսնանում էին՝ նախապես մտադրված հետ այսու ևս շարունակել ապրել բազմակնության նույն պայմաններում, ինչպես ապրել էին մինչև ամուսնությունը, իսկ ես հաստատ որոշել էի հարսանիքից հետո հավատարիմ մնալ միակնության և դրանից անսահման հպարտ էի զգում ինքս իմ առաջ։ Այո, ահավոր խոզ էի ես, բայց ինձ հրեշտակ էի երևակայում։

Փեսացուության իմ շրջանը երկար չտևեց։ Հիմա առանց ամոթի չեմ կարողանում հիշել այդ օրերը։ Ի՜նչ գարշանք։ Չէ որ ենթադրվում է հոգեկան սեր և ոչ զգայական։ Է՛, իսկ եթե սերը հոգեկան է, հոգևոր կապ, ապա բառերով, խոսակցությամբ, զրույցներով պետք է արտահայտվի հոգևոր այդ առնչությունը։ Բայց մի նման բան չկար։ Երբ մենք մենակ էինք մնում, սարսափելի դժվար էր լինում խոսելը։ Մի տեսակ սիզիփյան աշխատանք էր դա։ Մի բան գտնելուց, ասելուց հետո նորից էր հարկ լինում լռել, ասելու բան գտնել։ Խոսելու նյութ չունեինք։ Ինչ կարելի էր ասել մեզ սպասող կյանքի, կենցաղակերպի, ծրագրերի մասին, արդեն ասված էր. իսկ հետո՞։ Չէ որ եթե անասուն լինեինք, կիմանայինք, որ խոսել պետք չէ մեզ, այնինչ այս դեպքում, ընդհակառակը, խոսել է պետք և ասելիք կա, որովհետև հետաքրքրում է ոչ այն, ինչ լուծվում է խոսակցություններով։ Եվ դեռ դրա հետ էլ կոնֆետներ, անուշեղեն խժռելու գռեհիկ որկրամոլության այդ անհեթեթ սովորույթն ու հարսանիքի բոլոր այդ նողկալի նախապատրաստությունները՝ երկար-բարակ խորհրդակցությունները բնակարանի, ննջարանի, անկողինների, տնային զգեստների, խալաթների, սպիտակեղենի, արդուզարդի շուրջ։ Ախր հասկացեք, որ եթե ամուսնանում են ըստ Դոմոստրոյի, ինչպես այն ծերուկն էր ասում, ապա բմբուլե բարձերր, օժիտը, տեղաշորը՝ այդ բոլոր բաներն ամուսնության խորհուրդին ուղեկցող մանրամասեր են միայն։ Այնինչ մեզանում, երբ տասը ամուսնացողներից հազիվ լինի մեկը, որը ոչ միայն չի հավատում խորհուրդին, այլև նույնիսկ այն բանին, որ իր արածի մեջ որոշ պարտավորություն կա, երբ հարյուր տղամարդուց հազիվ թե մեկը ամուսնացած չի եղել մինչ այդ և հիսունից՝ մեկը, որ նախապես մտադիր չէ դավաճանել կնոջը ամեն պատեհ առիթով, երբ նրանց մեծ մասը եկեղեցի գնալը դիտում է սոսկ իբրև այս կամ այն կնոջը տիրանալու յուրահատուկ պայման,— հապա մտածեք, թե ինչ սարսափելի նշանակություն են ստանում նման պարագաներում բոլոր այդ մանրամասերը։ Դուրս է գալիս, որ բանի էությունը դա է միայն։ Առևտուրի նման մի բան է ստացվում։ Այլասերվածին անարատ աղջիկ են ծախում և այդ վաճառքը սիրունացնում որոշ ձևականություններով։


XI

― Այդպես են բոլորն ամուսնանում, այդպես էլ ամուսնացա ես, և սկսվեց գովաբանված մեղրամիսը։ Ախր հենց անունն էլ է մի տեսակ զզվելի,— չարությամբ ֆշշացրեց նա։— Մի անգամ Փարիզում, բոլոր հանդիսանքները նայելուց հետո, ազդագրի հրավերով գնացի տեսնելու մորուքավոր կնոջ և ջրային շուն։ Պարզվեց, որ առաջինն այլ bան չէր, քան կանացի լանջաբաց զգեստով տղամարդ, իսկ երկրորդը՝ ծովացուլի մորթի հագցրած և ավազանում լող տվող շուն։ Այդ ամենը շատ քիչ էր հետաքրքիր. բայց երբ դուրս էի գալիս, ինձ հարգանքով ուղեկցեց ցուցադրողը և, մուտքի մոտ դիմելով հասարակությանն ու ցույց տալով ինձ, ասաց. «Ահա հարցրեք պարոնին՝ արժե՞ արդյոք նայել։ Ներս մտեք, ներս մտեք, մարդը մեկ ֆրանկ»։ Ես անհարմար զգացի ասել, թե նայել չարժե, և ցուցադրողը հավանաբար հույսը դրել էր այդ բանի վրա։ Ըստ երևույթին նույն վիճակում են նաև նրանք, ովքեր զգացել են մեղրամսի ողջ զզվելիությունը, Բայց աշխատում են չհիասթափեցնել ուրիշներին։ Ես նույնպես չեմ հիասթափեցրել որևէ մարդու, բայց հիմա չեմ հասկանում, թե ինչ կարիք կա ճշմարտությունը չասել։ Նույնիսկ կարծում եմ, որ անհրաժեշտ է իսկությունն ասել այդ մասին։ Տհաճ է, ամոթալի, նողկալի, խղ ճալի և, որ գլխավորն է, տաղտկալի, ահավո՜ր տաղտկալի։ Մի տեսակ նման այն բանին, ինչ զգում էի ծխել սովորելիս, երբ ուզում էի փսխել և հոսում էր թուքս, բայց ես կուլ էի տալիս ու ձևացնում, թե շատ հաճելի է ինձ։ Ծխելու, ինչպես և այս մյուսի հաճույքը, եթե լինելու է, կլինի հետո․ հարկավոր է, որ ամուսիններն իրենց մեջ դաստիարակեն այդ մոլությունը՝ նրանից բավականություն ստանալու համար։

― Ինչպես թե՝ մոլություն,— ասացի։— Չէ որ դուք խոսում եք մարդկային ամենաբնական հատկության մասին։

― Բնակա՞ն,— ասաց նա։— Բնակա՞ն։ Ոչ, ես ձեզ հակառակը կասեմ, թե ես հանգել եմ այն համոզման, որ դա․․․ բնական բան չէ։ Այո, դա բոլորովին էլ․․․ բնական բան չէ։ Հարցրեք երեխաներին, հարցրեք չայլասերված որևէ աղջկա։ Իմ քույրը շատ ջահել ամուսնացավ իրենից կրկնակի մեծ և անառակ մեկի հետ։ Հիշում եմ, թե մենք ինչպես զարմացած էինք հարսանիքի գիշերը, երբ նա գունատ ու արցունքն աչքերին դուրս փախավ փեսացուի մոտից և, դողալով ամբողջ մարմնով, ասաց, թե ինքը ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում թույլ չի տա, թե ինքը նույնիսկ չի կարող ասել, թե նա ինչ էր ուզում իրենից։

Դուք ասում եք՝ բնակա՜ն։ Բնականը կա։ Եվ կա բերկրալին, թեթևը, հաճելին ու ոչ ամոթալին ի սկզբանե․ իսկ սա և՛ զզվելի է, և՛ ամոթալի, և՛ ցավալի։ Ոչ, սա անբնական է։ Եվ, համոզվել եմ, չփչացած աղջիկը միշտ ատում է այդ բանը։

― Իսկ ինչպե՞ս,— ասացի,— ինչպե՞ս շարունակվի մարդկային ցեղը։

— Հա՜, միայն թե հանկարծ չոչնչանա մարդկային ցեղը,— ասաց նա չարախինդ֊հեգնորեն, կարծես սպասում էր իրեն ծանոթ և անշրջահայաց այդ առարկությանը։— Քարոզիր ժուժկալում մանկածնությունից հանուն այն բանի, որ անգլիական լորդերը միշտ կուշտ խժռելու բան ունենան,— դա կարելի է։ Քարոզիր ժուժկալում մանկածնությունից հանուն այն բանի, որ ավելի շատ հաճույք վայելեն,— դա կարելի է։ Բայց բավական է ծպտուն հանես այն մասին, որ մանկածնությունից ժուժկալեն հանուն բարոյականության,— տեր աստված, ի՜նչ ճիչ֊աղաղակ կբարձրանա. մարդկային ցեղը հանկարծ չկտրվի այն բանից, որ մի երկու տասնյակ մարդիկ ցանկանում են դադարել խոզեր լինելուց։ Սակայն ներեցեք, ինձ համար անախորժ է այս լույսը, կարելի՞ է ծածկել,— ասաց նա՝ ցույց տալով լապտերը։

Ասացի, թե ինձ համար միևնույն է, և այնժամ նա հապճեպորեն, ինչպես անում էր ամեն ինչ, ելավ նստոցից և քաշեց բրդե վարագույրն ու ծածկեց լապտերը։

— Բայց և այնպես,— ասացի,— եթե բոլորն էլ իրենց համար այդ բանն ընդունեն իբրև օրենք, մարդկային ցեղը կվերջանա։

Նա պատասխանեց ոչ անմիջապես։

— Ձեր ասելով, մարդկային ցեղը որևէ կերպ պիտի շարունակվի՞,— ասաց՝ նորից նստելով իմ դեմ և լայն բանալով ոտքերն ու արմունկներով ցածր կռթնելով ծնկներին։— Իսկ ինչի՞ համար շարունակվի այդ մարդկային ցեղը,— ասաց նա։

― Ինչպես թե՝ ինչի համար։ Այլապես մենք չենք լինի։

― Բայց ինչո՞ւ լինենք։

― Ինչպես թե՝ ինչու։ Հասկանալի է, որ ապրենք։

— Իսկ ինչո՞ւ ապրենք։ Եթե ոչ մի նպատակ չկա, եթե ապրելը սոսկ ապրելու համար է մեզ տրված, անիմաստ է ապրելը։ Եվ եթե այդպես է, Շոպենհաուերներն ու Հարտմանները, ինչպես և բոլոր բուդդայականները միանգամայն իրավացի են։ Է՛, իսկ եթե կյանքը նպատակ ունի, ապա պարզ է, որ պետք է դադարի կյանքը նպատակին հասնելուն պես։ Այդպես էլ ստացվում է,— խոսում էր նա ակներև հուզմունքով, հավանաբար մեծ նշանակություն տալով իր մտքերին։— Այդպես էլ ստացվում է։ Նկատի ունեցեք, եթե մարդկության նպատակն առաքինությունն է, բարիքը, սերը, ինչպես կուզեք, եթե մարդկության նպատակն այն է, ինչ ասված է մարգարեություններում, թե բոլոր մարդիկ միավորվելու են սիրով, թե նիզակներից մանգաղներ են կռելու և այլն, ապա ի՞նչն է խանգարում, որ մարդկությունը հասնի այդ նպատակին։ Խանգարում են կրքերը։ Կրքերից ամենազորեղը, չարն ու համառը սեռականն է, մարմնական սերը, այդ պատճառով էլ եթե ոչնչանան կրքերը և դրանցից վերջինը, ամենաուժեղը՝ մարմնական սերը, ապա մարգարեությունը կկատարվի, մարդիկ կմիավորվեն համերաշխորեն, մարդկությունը կհասնի իր նպատակին, և այլևս անիմաստ կլինի նրա ապրելը։ Իսկ առայժմ մարդկությունն ապրում է, նրա առջև իդեալ կա և, հասկանալի է, ոչ ճագարների կամ խոզերի՝ հնարավորին չափ ավելի բազմանալու, և ոչ էլ կապիկների կամ փարիզցիների՝ սեռական կրքի հաճույքներից հնարավորին չափ նրբորեն օգտվելու, այլ ժուժկալությամբ և մաքրությամբ ձեռք բերվող բարության իդեալը։ Դրան են միշտ ձգտել ու ձգտում մարդիկ։ Եվ տեսեք, թե ինչ է դուրս գալիս։

Դուրս է գալիս, որ մարմնական սերը փրկարար փական է։ Եթե մարդկության ներկայումս ապրող սերունդը չի հասել նպատակին, ապա չի հասել այն պատճառով միայն, որ նրա մեջ կրքեր կան, և դրանցից ամենազորեղը՝ սեռականը։ Իսկ եթե կա սեռական կիրք և կա նոր սերունդ, ուրեմն կա նաև այն հնարավորությունը, որ հաջորդ սերունդը կհասնի նպատակին։ Սա էլ չհասավ՝ ուրեմն հաջորդը, և այսպես այնքան ժամանակ, մինչև ձեռք բերվի նպատակը, կատարվի մարգարեությունը, միավորվի մարդկությունը։ Այլապես ախր ի՞նչ դուրս կգա։ Եթե ենթադրենք, որ աստված արարել է մարդկանց մի որոշ նպատակի հասնելու համար, և նրանք ստեղծվեին կամ մահկանացու, առանց սեռական կրքերի, կամ հարագո։ Եթե նրանք մահկանացու լինեին, սակայն զուրկ սեռական կրքից, ի՞նչ դուրս կգար։ Այն, որ կապրեին որոշ ժամանակ և չհասնելով նպատակին՝ կմեռնեին, իսկ նպատակին հասնելու համար աստված հարկ կունենար նոր մարդիկ արարելու։ Իսկ եթե նրանք հարագո լինեին, ապա ենթադրենք (թեպետ սխալները շտկելն ու կատարելությանը մերձենալն ավելի դժվար կլիներ հենց նույն մարդկանց և ոչ թե նոր սերունդների համար), ենթադրենք, որ նրանք հազարավոր տարիներ անց կհասնեին նպատակին, բայց այդ դեպքում այնուհետև էլ ի՞նչ իմաստ կունենար նրանց գոյությունը։ Ի՞նչ պիտի անեին նրանք։ Ուրեմն ամենից լավը հենց այն է, ինչ կա․․․ Բայց գուցե ձեզ դուր չի՞ գալիս արտահայտվելու այս ձևը, և դուք էվոլյուցիոնի՞ստ եք։ Սակայն այդ դեպքում էլ նույնն է ստացվում։ Կենդանիների բարձրագույն ցեղը՝ մարդկային ցեղը մյուս կենդանիների հետ պայքարում իր գոյությունը պահպանելու համար պետք է միավորվի և մեկ ամբողջություն կազմի մեղվապարսի նման և ոչ թե բազմանա անվերջ, պետք է մեղուների պես աճեցնի անսեռների, այսինքն՝ դարձյալ պետք է ձգտի ժուժկալության և երբեք՝ տռփանքի բորբոքման, որին և ուղղված է մեր կյանքի ողջ համակարգը։— Նա լռեց մի պահ։— Մարդկային ցեղը կդադարի գոյություն ունենալուց։ Բայց մի՞թե որևէ մեկը, ինչպես էլ նայի աշխարհին, կարող է կասկածել այդ բանում։ Չէ որ դա նույնքան աներկբայելի է, որքան մահը։ Չէ որ ըստ եկեղեցական բոլոր ուսմունքների գալու է աշխարհի վերջը, և ըստ գիտական բոլոր ուսմունքների էլ անխուսափելի է նույն բանը։ Ուրեմն ինչո՞ւ է տարօրինակ թվում այն, որ բարոյական ուսմունքով էլ է նույնը ստացվում։

Նա երկար լռեց դրանից հետո, էլի թեյ խմեց, ծխեց վերջացրեց գլանակը և, ուղեպարկից նոր գլանակներ հանելով, դրեց իր հին, կեղտոտված ծխախոտատուփը։

― Ես հասկանում եմ ձեր միտքը,— ասացի,— նման բան են պնդում շեքըրները։

― Այո, այո, և նրանք իրավացի են,— ասաց։— Սեռական կիրքը։ ինչպես էլ կարգավորված լինի, չարիք է, ահավոր չարիք, որի դեմ պետք է պայքարել և ոչ թե խրախուսել, ինչպես մեզանում։ Ավետարանի այն խոսքերը, թե ով նայի կնոջը՝ նրան ցանկանալու համար, արդեն շնություն է արել նրա հետ, վերաբերում է ոչ միայն ուրիշների կանանց, այլև, որ գլխավորն է, հենց սեփական կնոջը։


XII

― Իսկ մեր հասարակության մեջ ուղղակի հակառակն է. եթե մարդ դեռ մտածել է ժուժկալության մասին ամուսնության շրջանում, ապա ամուսնանալով՝ ամեն ոք գտնում է, որ այժմ արդեն ինքնազսպման հարկ չկա։ Չէ որ հարսանիքից հետո բոլոր այդ ճանապարհորդությունները, առանձնացումները, որ նորապսակները կատարում են ծնողների թույլտվությամբ,— չէ որ այդ ամենն այլ բան չէ, քան այլասերման թույլտվություն։ Բայց բարոյական օրենքը վրեժ է լուծում, երբ խախտում ես այն։ Ես որքան էլ աշխատեցի հարկ եղածի պես գլուխ բերել իմ մեղրամիսը, ոչինչ չստացվեց։ Շարունակ զզվելի էր, ամոթալի ու տաղտկալի։ Բայց շատ շուտով առավել տանջալիորեն ծանր վիճակ ստեղծվեց։ Այդ բանն սկսվեց հարսանիքից շատ կարճ ժամանակ անց։ Կարծեմ երրորդ թե չորրորդ օրը կնոջս տեսա տխուր, հարցրի՝ ինչն է պատճառը, գրկեցի նրան, որ, իմ կարծիքով, այն էր, ինչ նա կարող էր ցանկալ, բայց նա ետ տարավ ձեռքս ու լաց եղավ։ Ինչո՞ւ։ Ինքն էլ անկարող էր ասել։ Բայց նրա համար տխուր էր, ծանր։ Հավանորեն տանջահար նյարդերը հուշել էին նրան մեր հարաբերությունների նողկալիության վերաբերյալ ճշմարտությունը, բայց նա չէր կարողանում ասել։ Սկսեցի հարցուփորձել, նա կցկըտուր պատասխանեց, թե ինքը տխրում է առանց մոր։ Ինձ թվաց՝ ճիշտ չի ասում։ Սկսեցի հանգստացնել նրան՝ խուսափելով մոր մասին հիշելուց։ Ես չէի հասկանում, որ նա պարզապես ծանր ապրումների մեջ է, իսկ մայրը պատրվակ էր միայն։ Բայց նա անմիջապես վիրավորվեց, որ լռության մատնեցի մոր մասին ասվածը, կարծես չհավատալով իրեն։ Ասաց, թե տեսնում է, որ իրեն չեմ սիրում։ Կշտամբեցի նրան քմահաճության համար, և հանկարծ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց լրիվ, տխրության փոխարեն գրգռվածություն հայտնվեց, և նա ամենաթունոտ խոսքերով սկսեց մեղադրել ինձ եսասիրության ու դաժանության մեջ։ Նայեցի նրան․ դեմքն ամբողջ կատարյալ սառնություն ու թշնամանք, գրեթե ատելություն էր արտահայտում իմ հանդեպ։ Հիշում եմ, թե ինչպես զարհուրեցի՝ տեսնելով այդ բանը։ «Ինչպես թե․․․ Ի՞նչ է սա,— անցավ մտքովս։— Սերը հոգիների միություն է, և դրա փոխարեն՝ ի՜նչ է ահա։ Բայց ոչ, չի կարող պատահել, ոչ, սա ինքը չէ»։ Փորձեցի մեղմել նրան, բայց դեմ առա պաղ, թունոտ թշնամանքի այնպիսի անհաղթահարելի պատի, որ դեռ ուշքի չեկած՝ ես էլ բռնվեցի զայրույթով, և մենք անհաշիվ անախորժ բաներ ասացինք միմյանց։ Այդ առաջին վեճի տպավորությունը սարսափելի էր։ Ես դա վեճ եմ անվանում, բայց վեճ չէր դա, այլ սոսկ բացահայտումն այն անդունդի, որ իրականում գոյություն ուներ մեր միջև։ Սիրահարությունն սպառվել էր ցանկասիրության բավարարումից, և մենք մնացել էինք երես առ երես մեր իրական փոխհարաբերությամբ, այսինքն՝ դեմդիմաց կանգնած էին իրար բոլորովին օտար երկու եսապաշտներ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր հնարավորին չափ շատ հաճույք ստանալ մյուսի հաշվին։ Ես վեճ անվանեցի այն, ինչ տեղի ունեցավ մեր միջև, բայց դա վեճ չէր, այլ լոկ հեշտասիրության դադարելու հետևանքով ի հայտ եկած մեր իսկական վերաբերմունքն իրար հանդեպ։ Ես չէի հասկանում, որ այդ պաղ ու թշնամական վերաբերմունքը մեր նորմալ հարաբերությունն էր, չէի հասկանում այն պատճառով, որ թշնամական այդ վերաբերմունքր սկզբնական շրջանում շատ շուտով կրկին մեր աչքից ծածկվեց վերստին կյանք առած միջանկյալ ցանկասիրությամբ, այսինքն՝ սիրահարությամբ։

Եվ ես մտածեցի, որ վիճեցինք ու, վերջ, հաշտվեցինք, և այլևս նման բան չի լինի։ Բայց հենց նույն՝ վաղ մեղրամսին շատ շուտով նորից վրա հասավ գերհագեցման շրջանը, նորից այլևս միմյանց պետք չէինք, և նորից վեճ ծագեց։ Այդ երկրորդ վեճն ինձ ցնցեց ավելի, քան առաջինը։ Ուրեմն առաջինը պատահականություն չէր, և դա այդպես էլ պիտի լիներ ու այդպես էլ կլինի, մտածում էի ես։ Երկրորդ վեճն ինձ ցնցեց առավել ևս այն պատճառով, որ ծագեց ամենաանհնարին առիթից։ Խոսք գնաց փողի մասին, որ երբեք չեմ խնայել և բնավ չէի կարող խնայել կնոջս համար։ Հիշում եմ միայն՝ նա մի տեսակ այնպես շուռ տվեց բանի էությունը, որ իմ ինչ-որ դիտողությունը կարելի էր ընդունել իբրև նրա վրա փողի միջոցով իշխելու ձգտման արտահայտություն, որ իբր ես փողի վրա էի ուզում հաստատել իմ բացառիկ իրավունքը․ մի խոսքով, անկարելի, անմիտ, ստոր մի բան, որ հատուկ չէր ոչ ինձ, ոչ իրեն։ Ես գրգռվեցի, սկսեցի մեղադրել նրան աննրբանկատության մեջ, նա էլ ինձ, և նորից սկսվեց։ Նրա թե՛ խոսքերում, թե՛ դեմքի արտահայտության մեջ և թե՛ աչքերում ես նորից տեսա նույն, սկզբում ինձ այնպես ապշեցրած դաժան, պաղ թշնամանքը։ Հիշում եմ, պատահում էր՝ վիճում էի եղբորս, ընկերներիս, հորս հետ, բայց երբեք իրար հանդեպ չէր լինում այն առանձին, թունոտ չարությունը, որ կար այս դեպքում։ Բայց անցավ որոշ ժամանակ, և կրկին այդ փոխադարձ ատելությունը վարագուրվեց սիրահարվածությամբ, այսինքն՝ ցանկասիրությամբ, և ես դեռ ինձ մխիթարում էի այն մտքով, թե այդ երկու վեճերը սխալմունք էին, որ կարելի է ուղղել։ Բայց ահա վրա հասավ երրորդ, չորրորդ գժտությունը, և ես հասկացա, որ դա պատահականություն չէ, որ այդպես պետք է լինի և այդպես կլինի միշտ, և սարսափեցի այն բանից, ինչ սպասում էր ինձ։ Ըստ որում ինձ տանջում էր նաև այն ահավոր միտքը, որ միայն ես եմ այդպես վատ, իմ ակնկալածից տարբեր ապրում կնոջս հետ, մինչդեռ ուրիշների ամուսնական կյանքում այդ բանը չի լինում։ Ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ դա ընդհանուր վիճակ է, բայց որ բոլորն էլ կարծում են ինձ նման, թե իրենց բացառիկ դժբախտությունն է դա, թաքցնում են իրենց բացառիկ, ամոթալի այդ դժբախտությունը ոչ միայն ուրիշներից, այլև իրենք իրենցից, իրենք իրենց չեն խոստովանում այդ բանը։

Սկսվեց առաջին օրերից և շարունակվեց անընդհատ՝ ավելի ու ավելի սաստկանալով ու դաժանանալով։ Հոգուս խորքում առաջին իսկ շաբաթներից զգում էի, որ ծուղակն եմ ընկել, որ չստացվեց այն, ինչ սպասում էի, որ ամուսնությունը ոչ միայն երջանկություն չէ, այլ ինչ-որ շատ ծանր բան է, սակայն ես էլ ամենքի նման չէի ուզում խոստովանել ինքս ինձ (ես այդ բանն ինձ չէի խոստովանի այժմ էլ, եթե վերջացած չլիներ ամեն ինչ) և թաքցնում էի ոչ միայն ուրիշներից, այլև ինձնից։ Հիմա զարմանում եմ, թե ինչպես չէի տեսնում իմ իսկական վիճակը։ Կարելի էր տեսնել թեկուզ մի բանի շնորհիվ՝ վեճերն սկսվում էին այնպիսի առիթներից, որ հետո, երբ վերջանում էին, անհնար էր մտաբերել, թե ինչն էր պատճառը։ Բանականությունը չէր կարողանում միմյանց հանդեպ մշտական թշնամանքի հիմքում բավարար դրդապատճառներ հարմարեցնել։ Բայց ավելի ապշեցուցիչ էր հաշտության պատրվակների անբավարարությունը։ Երբեմն խոսքեր, բացատրություններ, նույնիսկ արցունքներ էին լինում, բայց երբեմն էլ․․․ օ՜հ, զզվելի է հիշելն անգամ․․․ իրար ասված ամենադաժան խոսքերից հետո հանկարծ՝ լուռ հայացքներ, ժպիտներ, համբույրներ, գրկախառնումներ․․․ Թո՜ւհ, գարշանք։ Ինչպե՛ս կարող էի այն ժամանակ չտեսնել այդ ամենի ողջ նողկալիությունը․․․


XIII

Մտան երկու ուղևորներ և սկսեցին տեղավորվել հեռու նստարանին։ Նա լուռ էր, քանի դեռ եկվորներր տեղավորվում էին, բայց հենց նրանք հանդարտվեցին՝ շարունակեց խոսել ակներևաբար ոչ մի րոպե մտքի թելը չկորցրած։

― Բայց ինչն է գլխավորապես վատթարը,— սկսեց նա,— տեսության մեջ ենթադրվում է, թե սերն ինչ-որ իդեալական, վեհ զգացմունք է, իսկ իրականում՝ նողկալի, խոզավայել մի բան, որի մասին խոսելն էլ, հիշելն էլ զզվելի է ու ամոթալի։ Ախր պատահական չէ բնությունն այնպես արել, որ դա զզվելի և ամոթալի լինի։ Իսկ եթե զզվելի է և ամոթալի, ապա հենց այդպես էլ պետք է գնահատել։ Իսկ ահա, ընդհակառակն, մարդիկ ձևացնում են, թե զզվելին ու ամոթալին գեղեցիկ է և վեհ։ Ո՞րն էր իմ սիրո առաջին նշանը։ Այն, որ ես անձնատուր եղա անասնական անզսպությանը՝ ոչ միայն չամաչելով դրանից, այլև չգիտես ինչու հպարտանալով ֆիզիկական այդ անժուժկալությունների հնարավորության համար, ընդ որում դույզն ինչ չմտածելով կնոջս ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական կյանքի մասին։ Ես զարմանում էի, թե որտեղից է գալիս մեր չարությունը միմյանց նկատմամբ, մինչդեռ ամեն ինչ միանգամայն պարզ էր․ այդ չարությունն այլ բան չէր, քան մարդկային էության ընդվզումը կենդանականի դեմ, որ ճնշում էր նրան։

Ես զարմանում էի միմյանց հանդեպ մեր ատելության վրա։ Այնինչ այլ կերպ չէր կարող լինել։ Այդ ատելությունն ուրիշ բան էէր, քան հանցակիցների փոխադարձ ատելություն՝ թե սադրանքի և թե հանցագործությանը մասնակցելու համար։ Իսկ դա ինչո՛վ հանցագործություն չէր, երբ նա, խեղճ կինը, հղիացել էր հենց առաջին ամսին, իսկ մեր խոզային կապը շարունակվում էր։ Դուք կարծում եք՝ շեղվո՞ւմ եմ իմ պատմությունից։ Բոլորովի՛ն։ Ես էլի շարունակում եմ պատմել ձեզ, թե ինչպես սպանեցի կնոջս։ Հիմարնե՜ր․․․ կարծում են, թե ես սպանեցի նրան այն ժամանակ, դանակով, հոկտեմբերի հինգին։ Ես ոչ թե այն ժամանակ սպանեցի նրան, այլ դրանից շատ ավելի առաջ։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա են սպանում նրանք՝ բոլորը, բոլորը․․․

― Բայց ախր ինչո՞վ,— հարցրի։

― Այ, զարմանալին էլ հենց դա է, որ ոչ ոք չի ուզում իմանալ այն, ինչ այնպես պարզ է ու ակներև, այն, ինչ պետք է իմանան ու քարոզեն բժիշկները, բայց որի մասին լռում են նրանք։ Չէ որ դա չափից դուրս պարզ ու հասկանալի բան է։ Տղամարդն ու կինը արարված են կենդանիների հանգույն, այնպես որ մարմնական սիրուց հետո սկսվում է հղիությունը, ապա կրծքով կերակրելը, այնպիսի վիճակներ, երբ կնոջ, ինչպես և նրա երեխայի համար մարմնական սերը վնասակար է։ Կանայք և տղամարդիկ հավասար են թվով։ Իսկ ի՞նչ է հետևում սրանից։ Կարծես թե պարզ է։ Եվ մեծ իմաստություն պետք չէ՝ սրանից այն եզրահանգումն անելու, ինչ անում են կենդանիները, այսինքն՝ ժուժկալում։ Բայց ոչ։ Գիտությունը հասել է այնտեղ, որ գտել է արյան մեջ դառնող ինչ-որ լեյկոցիտներ և ուրիշ ամեն տեսակ անպետք հիմարություններ, իսկ այս բանը չի կարողացել հասկանալ։ Համենայն դեպս, չենք լսել, որ գիտությունը խոսք ասած լինի այդ մասին։

Եվ ահա կնոջ համար երկու ելք կա միայն։ Մեկն այն է, որ խեղաթյուրի իրեն, ըստ անհրաժեշտության ճնշի կամ ոչնչացնի իր մեջ կին, այսինքն՝ մայր լինելու ունակությունը, որպեսզի տղամարդը հանգիստ ու մշտապես հաճույք վայելելու հնար ունենա։ Կամ ահա մյուս ելքը, որ նույնիսկ ելք չէ, այլ բնության օրենքների պարզունակ, կոպիտ, ուղղակի խախտումը և կատարվում է բոլոր, այսպես կոչված, օրինավոր ընտանիքներում՝ կինը, հակառակ իր բնույթին, պետք է լինի միաժամանակ թե՝ ծոցվոր, թե ծծմայր, թե սիրուհի, պետք է լինի այնպիսի մի արարած, որի աստիճանին չի իջնում և ոչ մի կենդանի։ Ուստի ուժերը չեն կարող բավականացնել։ Եվ դրանից էլ մեր շրջապատում այնքան շատ են հիստերիկ։ Նյարդային, իսկ ժողովրդի մեջ՝ ընկնավոր կանայք։ Նկատի առեք, աղջիկների, անարատ աղջիկների մեջ ընկնավորներ չկան, միայն կանայք են դրանք, մարդ ունեցող կանայք։ Այդպես է մեզանում։ Ճիշտ այդպես է նաև Եվրոպայում։ Հիստերիկների բոլոր հիվանդանոցները լի են բնության օրենքը խախտող հիվանդներով։ Բայց չէ որ ընկնավորներն ու Շարկոյի մոտ բուժվող հիվանդ կանայք կատարյալ խեղանդամներ են, իսկ կիսախեղ կանանցով լի է աշխարհը։ Ախր մի մտածեք, թե ինչ մեծ գործ է կատարվում կնոջ մեջ, երբ նա պտղավորվում է կամ կերակրում ծնված երեխային։ Աճում, մեծանում է այն, ինչ շարունակում, փոխարինում է մեզ։ Եվ այդ սուրբ գործը խանգարվում է, իսկ ինչո՞վ՝ սարսափելի է մտածել։ Եվ դատողություններ են անում կնոջ ազատության, իրավունքների մասին։ Դա նույնն է, թե մարդակերները բտեն գերի մարդկանց՝ իրենց կերակուր դարձնելու համար և միաժամանակ հավատացնեն, թե հոգ են տանում նրանց իրավունքների և ազատության մասին։

Այդ ամենը նորություն էր և ապշեցնում էր ինձ։

― Իսկ ինչպե՞ս լինի այդ դեպքում։ Եթե այդպես է,— ասացի,— ապա դուրս է գալիս, որ կնոջը կարելի է սիրել երկու տարին մեկ, մինչդեռ տղամարդը...

― Տղամարդուն անհրաժեշտ է,— վրա բերեց նա։— Դարձյալ գիտության պատվարժան քուրմերն են հավատացրել ամենքին։ Ես դրանց՝ այդ մոգերին կհրամայեի կատարել այն կանանց դերը, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ են տղամարդկանց․ ի՞նչ կասեին նրանք այդ ժամանակ։ Ներշնչեք մարդուն, որ նրան անհրաժեշտ է օղի, ծխախոտ, ափիոն, և այդ ամենն անհրաժեշտություն կդառնա։ Դուրս է գալիս, որ աստված չի հասկացել, թե ինչ է պետք, և այդ պատճառով էլ մոգերի կարծիքը չհարցնելով, վատ է կազմակերպել ամեն ինչ։ Խնդրեմ, տեսեք մի բանը մյուսին չի համապատասխանում։ Տղամարդուն հարկավոր է և անհրաժեշտ, ըստ այդ մոգերի որոշման, բավարարել իր ցանկությունը, մինչդեռ այստեղ մեջ են ընկնում մանկածնությունն ու երեխա կերակրելու պարագան՝ խանգարելով այդ պահանջմունքի բավարարմանը։ Ի՞նչ կարելի է անել ուրեմն։ Դիմել մոգերին, նրանք կկարգավորեն։ Եվ նրանք էլ հորինել են ահա։ Ախ, երբ պիտի պսակազերծ արվեն այդ մոգերն իրենց խաբեություններով։ ժամանա՜կն է։ Բանը հասել է այնտեղ, որ խելագարվում են ու ինքնասպան լինում, և այդ ամենը՝ դրա պատճառով։ Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարող է լինել։ Կենդանիները կարծես թե գիտեն, որ սերունդը շարունակում է իրենց ցեղը, և այս առումով հետևում են մի որոշ օրենքի։ Միայն մարդը չգիտի դա և չի էլ ուզում իմանալ։ Եվ մտահոգված է սոսկ այն բանով, որ հնարավորին չափ ավելի հաճույք ստանա։ Եվ ո՞վ է այդ բանն անողը՝ բնության արքան, մարդը։ Ախր տեսեք, կենդանիները զուգավորվում են միայն այն ժամանակ, երբ կարող են սերունդ արտադրել, իսկ բնության պիղծ արքան՝ միշտ, միայն թե հաճույք վայելի։ Եվ կարծես դա քիչ է՝ դեռ այդ կապկային զբաղմունքն էլ արարածների թագն ու պսակն է համարում՝ սեր անունը տալով։ Եվ հանուն այդ սիրո, այսինքն՝ գարշության, կործանում է,— և ի՜նչ,— մարդկային ցեղի կեսը։ Բոլոր կանանց, որ պետք է մարդկության աջակիցը լինեն ճշմարտությանը և բարուն հասնելու ընթացքի մեջ, նա հանուն իր հաճույքի դարձնում է ոչ թե դաշնակից, այլ թշնամի։ Տեսեք, ամենուր ի՞նչն է արգելակում մարդկության առաջընթացը։ Կինը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդպիսին է նա։ Միայն և միայն այդ հանգամանքը։ Այո-ո՜, այո-ո՜,— կրկնեց նա մի քանի անգամ և շարժվեց տեղում, գլանակ հանեց ու սկսեց ծխել՝ ակներևաբար կամենալով փոքր-ինչ հանդարտվել։


XIV

― Ահա այսպիսի խոզային կյանքով էլ ապրում էի ես,— շարունակեց նա նորից նույն տոնով։― Իսկ ամենավատն այն էր, որ ապրելով նման զազրելի կյանքով, ես երևակայում էի, թե քանի որ չեմ գայթակղվում ուրիշ կանանցով՝ ընտանեկան ազնիվ կյանքով եմ ապրում, թե բարոյական մարդ եմ ես և մեղավոր չեմ ոչ մի բանում, իսկ եթե վեճեր են լինում մեր միջև՝ մեղավորը նա է, նրա բնավորությունը։

Իսկ մեղավորը, իհարկե, նա չէր։ Այնպիսին էր նա, ինչպես բոլորը, ինչպես կանանց մեծամասնությունը։ Դաստիարակված էր նա այնպես, ինչպես պահանջում է կնոջ դիրքը մեր հասարակության մեջ, ուստի և ինչպես դաստիարակվում են ապահովված դասերի կանայք՝ առանց բացառության և ինչպես նրանք չեն կարող չդաստիարակվել։ Խոսում են կանանց ինչ-որ նորատիպ կրթության մասին։ Դրանք բոլորը պարապ խոսքեր են․ կնոջ կրթությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին պետք է լինի նրա հանդեպ գոյություն ունեցող ոչ երեսպաշտ, այլ ճշմարիտ համընդհանուր հայացքի դեպքում։

Եվ կնոջ կրթությունը միշտ կհամապատասխանի նրա նկատմամբ տղամարդու հայացքին։ Չէ որ մենք բոլորս էլ գիտենք, թե տղամարդն ինչպես է նայում կնոջը՝ «Wein, Weiber und Gesang», և այդ են ասում բանաստեղծներն իրենց քերթվածներում։ Վերցրեք ամբողջ պոեզիան, ամբողջ գեղանկարչությունը, քանդակագործությունը՝ սկսած սիրային բանաստեղծություններից և մերկ Վեներաներից ու Ֆրինաներից, և կտեսնեք, որ կինը հաճույքի միջոց է․ նա այդպիսին է Տրուբայում, թե Դրաչովկայում և թե պալատական պարահանդեսում։ Եվ տեսեք սատանայի խորամանկությունը․ լավ, բավականություն է, հաճույք, ուրեմն թող այդպես էլ կոչվի՝ հաճույք, թող ասվի, թե կինն անուշ պատառ է։ Ոչ, առաջներում ասպետները հավատացնում էին, թե իրենք աստվածարում են կնոջը (աստվածարում են, բայց և այնպես նայում են նրան իբրև հաճույքի միջոցի)։ Այժմ արդեն հավատացնում են, թե հարգում են կնոջը։ Ոմանք տեղները զիջում են նրան, վերցնում նրա ընկած թաշկինակը, մյուսներն ընդունում են ամեն տեսակ պաշտոն գրավելու, կառավարմանը մասնակցելու նրա իրավունքը և այլն։ Անում են այս ամենը, սակայն հայացքը նրա հանդեպ նույնն է և նույնը։ Կինը հաճույքի միջոց է։ Նրա մարմինը հաճույքի առարկա է։ Եվ նա գիտի այդ բանը։ Ճիշտ և ճիշտ ստրկություն։ Չէ որ ստրկությունն այլ բան չէ, քան այն, որ ոմանք օգտվում են շատերի հարկադրական աշխատանքից։ Եվ որպեսզի ստրկություն չլինի, անհրաժեշտ է, որ մարդիկ չցանկանան օգտվել ուրիշների հարկադրական աշխատանքից, դա համարեն մեղք կամ ամոթալի բան։ Մինչդեռ փոխում են ստրկության արտաքին ձևը, գործը կարգավորում այնպես, որ այլևս անհնար լինի ստրուկների առուծախը, և երևակայում ու իրենց համոզում են, թե էլ ստրկություն չկա, և չեն տեսնում ու չեն ուզում տեսնել, որ ստրկությունը շարունակում է գոյությունը պահպանել, որովհետև մարդիկ ճիշտ նույն կերպ սիրում և լավ ու արդարացի բան են համարում ուրիշների աշխատանքից օգտվելը։ Իսկ քանի որ լավ բան են համարում դա, ապա միշտ գտնվում են մարդիկ, որոնք ուժեղ կամ խորամանկ են մյուսներից և կարողանում են հմտորեն օգտվել։ Նույնը և կնոջ էմանսիպացիայի հարցում։ Չէ որ կնոջ ստրկությունն այն է միայն, որ մարդիկ ցանկանում և չափազանց լավ բան են համարում նրան օգտագործելն իբրև հաճույքի միջոց։ Եվ ահա ազատագրում են կնոջը, նրան ամեն տեսակ, տղամարդու իրավունքներին հավասար իրավունքներ տալիս, սակայն շարունակում են նրան նայել որպես հաճույքի միջոցի, այդպես են դաստիարակում նրան թե մանուկ հասակում և թե հետո՝ հասարակական կարծիքով։ Եվ ահա նա էլի նույն նվաստացված, այլասերված ստրկուհին է, և տղամարդն էլ նույն այլասերված ստրկատերը։

Ազատագրում են կնոջը դասընթացներում և ատյաններում, բայց նայում են նրան իբրև հաճույքի առարկայի։ Սովորեցրեք նրան, ինչպես մեզանում են սովորեցնում, այդպես նայել ինքն իրեն, և նա միշտ կմնա ստորագույն էակ։ Նա կամ ստամբակ բժիշկների օգնությամբ կսկսի կանխարգելել պտուղի սաղմնավորումը, այսինքն՝ կդառնա կատարյալ պոռնիկ, ոչ միայն անասունի, այլև անշունչ առարկայի աստիճանին իջած մեկը, կամ կլինի այնպիսին, ինչպիսին է կինը մեծ մասամբ՝ հոգեկան հիվանդ, հիստերիկ, դժբախտ, ինչպիսին էլ հենց կա՝ առանց հոգեկան զարգացման հնարավորությունների։

Գիմնազիաներն ու դասընթացներն անկարող են փոխել այդ բանը։ Դա կարող է փոխվել սոսկ այն դեպքում, երբ փոխվի տղամարդու հայացքը կնոջ և կնոջ հայացքն ինքն իր նկատմամբ։ Փոփոխությունը կլինի այն ժամանակ միայն, երբ կինը բարձրագույն կացությունը կհամարի կույս վիճակը և ոչ այնպես, ինչպես այժմ, մարդու բարձրագույն կացությունը՝ ամոթ, խայտառակություն։ Իսկ քանի դեռ այդ բանը չկա, ամեն մի աղջկա իդեալ, ինչպիսի կրթություն էլ ունենա, այնուհանդերձ կլինի հնարավորին չափ մեծաթիվ տղամարդիկ, հնարավորին չափ շատ արուներ իր կողմը գրավելը՝ ընտրության հնարավորություն ունենալու համար։

Մինչդեռ այն, որ մեկն ավելի լավատեղյակ է մաթեմատիկային, իսկ մյուսը տավիղ նվազել գիտե՝ ոչինչ չի փոխում։ Կինը երջանիկ է և հասնում է իր ամենայն ցանկացածին, երբ հմայում է տղամարդուն։ Ուստի և կնոջ գլխավոր խնդիրը նրան հմայելն է։ Այդպես է եղել և կլինի։ Մեր հասարակության մեջ այդպես է աղջկական կյանքում և այդպես էլ շարունակվում է ամուսնացած ժամանակ՝ ամուսնու վրա իշխելու համար։

Միակ բանը, որ դադարեցնում կամ գեթ ժամանակավորապես ճնշում է այդ ձգտումը, երեխան է, և դա էլ այն դեպքում, երբ կինը հրեշ չէ, այսինքն ինքն է կերակրում նրան։ Բայց այստեղ նորից հայտնվում են բժիշկները։

Կինս, որ ինքն էր ուզում կերակրել առաջնեկին և կերակրեց հետագա հինգ երեխաներին, հենց առաջին երեխայից հետո տկարացավ։ Այդ բժիշկները, որ անպատկառորեն մերկացնում էին նրան ու շոշափում ուր պատահեր, որի համար ես պետք է նրանց շնորհակալություն հայտնեի և փող տայի,— այդ պատվական բժիշկները եկան այն եզրակացության, թե կինս չպետք է կուրծք տա, և նա սկզբում զրկված էր այն միակ միջոցից, որ կարող էր կոկետությունից հեռու պահել նրան։ Կերակրում էր ծծմայրը, այսինքն՝ մենք օգտվում էինք այդ կնոջ աղքատությունից, կարիքավորոլթյունից ու տգիտությունից, կտրել էինք իր հարազատ երեխայից ու բերել դարձրել մեր երեխայի ստնտուն՝ դրա համար եզրակարերով գլխադիր նվիրելով նրան։ Բայց դա չէր բանը։ Բանն այն է, որ հղիությունից և կուրծք տալուց ազատ այդ շրջանում հենց նրա մեջ մի առանձին ուժով ի հայտ եկավ առաջներում նիրհած կանացի այդ կոկետությունը։ Եվ իմ մեջ էլ, դրան համապատասխան, մի առանձին ուժով երևան եկան խանդի տառապանքները, որ անընդհատ չարչրկում էին ինձ ամուսնական կյանքիս ողջ ընթացքում, ինչպես դրանք չեն կարող չչարչրկել այն ամուսիններին, որոնք իրենց կանանց հետ ապրում են այնպես, ինչպես ես էի ապրում, այսինքն՝ անբարո կյանքով։


XV

― Իմ ամուսնական կյանքի ողջ ընթացքում ես երբեք չեմ դադարել խանդի տանջանքներն զգալուց։ Սակայն շրջաններ էին լինում, երբ առանձնապես սուր էի ապրում այղ տառապանքները։ Եվ նման շրջաններից էր այն, երբ առաջին երեխայից հետո բժիշկները կնոջս արգելեցին կուրծք տալ։ Ես այդ ժամանակ մի առանձին ուժով էի խանդում նախ այն պատճառով, որ կինս ապրում էր մայրերին հատուկ անհանգստություն՝ ունակ հանգեցնելու կյանքի կանոնավոր ընթացքի անառիթ խախտման, և ապա՝ այն բանի համար, որ տեսնելով, թե նա ինչ հեշտությամբ հրաժարվեց մոր բարոյական պարտականությունից, ես իրավացիորեն, թեև ենթագիտակցաբար եզրակացրեցի, որ նա նույնքան հեշտությամբ կհրաժարվի նաև ամուսնականից, մանավանդ որ կատարելապես առողջ էր և, չնայած մեր պատվական բժիշկների արգելքին, ինքն էր կերակրում դրանից հետո ծնված երեխաներին ու շատ լավ էլ կերակրում էր։

― Համա թե չեք սիրում բժիշկներին, հա՜,— ասացի՝ նկատելով նրա ձայնի առանձին չար արտահայտությունն ամեն անգամ, երբ նա հիշում էր բժիշկներին։

― Այստեղ բանը սիրելը կամ չսիրելը չէ։ Նրանք կործանեցին իմ կյանքը, ինչպես կործանել և կործանում են հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը, իսկ ես չեմ կարող հետևանքները չկապել պատճառի հետ։ Ես հասկանում եմ, որ նրանք էլ փաստաբանների և մյուսների նման, ուզում են փող շահել, և ես սիրով նրանց կտայի իմ եկամտի կեսը, և նրանց արածը հասկացող ամեն մարդ էլ կտար իր վաստակի կեսը, միայն թե նրանք չխառնվեին ուրիշների ընտանեկան կյանքին, երբեք մոտ չգային մարդկանց։ Ես, ճիշտ է, տեղեկություններ չեմ հավաքել, բայց գիտեմ տասնյակ դեպքեր,— դրանք անթիվ֊անհամար են,— երբ նրանք սպանել են կամ երեխային մոր արգանդում, հավատացնելով, թե մայրն անկարող է ծնել, այնինչ մայրը հետագայում հիանալի ծնունդներ է ունենում, կամ մորը՝ ինչ-որ վիրահատումների պատրվակով։ Չէ որ ոչ ոք դրանք սպանություն չի համարում, ինչպես սպանություն չեն համարել ինկվիզիցիաները, որովհետև ենթադրվել է, թե այդ բանն արվում է մարդկության բարօրության համար։ Անհնար է հաշվել նրանց կատարած հանցագործությունները։ Բայց բոլոր այդ հանցագործությունները ոչինչ են մատերիալիզմի բարոյական այն ապականության հետ, որ նրանք բերում են աշխարհ, և բերում են հատկապես կանանց միջոցով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե հետևեն նրանց ցուցումներին, հենց միայն ամենուր, ամեն ինչում տարածված վարակների պատճառով մարդիկ պետք է գնան ոչ թե դեպի միասնացում, այլ առանձնացում․ ամեն մարդ, ըստ իրենց ուսմունքի, պետք է նստի անջատ և բերանից բաց չթողնի կարբոլաթթվի ցնցուղիչը (ի միջի այլոց, գտել են, որ դա բանի պետք չէ)։ Բայց դա էլ ոչինչ։ Հիմնական թույնը մարդկանց, հատկապես կանանց, այլասերումն է։

Այսօր այլևս չի կարելի ասել՝ «Դու վատ ես ապրում, լավ ապրիր»․ այդ բանը մարդ չի կարող ասել ոչ ինքն իրեն, ոչ ուրիշներին։ Եթե վատ ես ապրում, պատճառը նյարդային աննորմալ գործունեությունն է կամ այլ նման մի բան։ Եվ հարկավոր է գնալ բժիշկների մոտ, նրանք մի երեսունհինգ կոպեկանոց դեղ կգրեն, կստանաք դեղատնից ու կխմեք։ Ավելի վատ կզգաք ձեզ, այնժամ՝ դարձյալ դեղեր և դարձյալ բժիշկներ։ Հիանալի՜ է։

Սակայն այդ չէ բանը։ Ես քիչ առաջ ասացի, թե կինս ինքը հիանալի էր կերակրում երեխաներին, և թե այդ ծոցվորությունն ու կուրծք տալն էր միայն, որ ինձ փրկում էր խանդի տվայտանքներից։ Եթե դա չլիներ, ամեն ինչ կպատահեր ավելի շուտ։ Երեխաները փրկում էին ինձ ու նրան։ Ութ տարում նա ունեցավ հինգ երեխա։ Եվ բոլորին ինքը կուրծք տվեց։

— Իսկ հիմա որտե՞ղ են նրանք ձեր երեխաները,― հարցրի։

― Երեխանե՞րը,— կրկնեց նա երկյուղով։

― Ներեցեք ինձ, գուցե ձեզ համար ծա՞նր է վերհիշելը։

― Չէ, ոչինչ։ Երեխաներիս վերցրին քենիս ու նրա եղբայրը։ Չտվեցին ինձ։ Ես նրանց տվեցի իմ կարողությունը, բայց նրանք երեխաներիս ինձ չտվեցին։ Չէ որ ես խելագարի համարում ունեմ։ Հիմա նրանց մոտից եմ գալիս։ Տեսա երեխաներին, բայց ինձ չեն տա։ Այլապես նրանց կդաստիարակեի այնպես, որ չլինեին իրենց ծնողների նման։ Մինչդեռ հարկավոր է, որ հենց նման լինեն։ Էհ, բայց ինչ կարող ես անել։ Հասկանալի է, որ նրանց ինձ չեն տա և չեն վստահի։ Ասենք, չգիտեմ էլ, ի վիճակի կլինեի՞ դաստիարակել նրանց։ Կարծում եմ՝ ոչ։ Ես ավերակ եմ, հաշմանդամ։ Միայն մի բան կա իմ մեջ։ Ես գիտեմ։ Այո, դա հաստատ է, ես գիտեմ մի բան, որ ամենքը հետո կիմանան։

Այո, երեխաներս ողջ են և մեծանում են, վայրենիների նման, ճիշտ այնպես, ինչպես ամենքը նրանց շրջապատում։ Ես տեսել եմ նրանց, տեսել եմ երեք անգամ։ Ոչինչ չեմ կարող անել նրանց համար։ Ոչինչ։ Հիմա գնում եմ հարավ, իմ բնակատեղին։ Այնտեղ մի տնակ ու պարտեզ ունեմ։

Այո, դեռ երկար ժամանակ կանցնի, մինչև մարդիկ կիմանան այն, ինչ ես գիտեմ։ Շա՞տ երկաթ և այլ մետաղներ կան արևի ու աստղերի մեջ՝ այդ բանը կարելի է շուտ իմանալ, իսկ ահա այն, թե ինչն է բացահայտում մեր խոզությունը գիտենալը դժվար է, սարսափելի դժվար․․․

Դուք գոնե լսում եք, ես թեկուզ դրա համար էլ շնորհակալ եմ ձեզնից։


XVI

― Այ, դուք հիշեցրիք երեխաների մասին։ Դարձյալ ինչ ահավոր ստորություններ են ասվում երեխաների վերաբերյալ։ Երեխաները աստուծո օրհնությունն են, երեխաները երջանկություն են։ Բայց չէ որ սուտ է այդ բոլորը։ Այդ ամենը եղել է ինչ֊որ ժամանակ, բայց այժմ ոչ մի նման բան չկա։ Երեխաները տանջանք են և ուրիշ ոչինչ։ Շատ մայրեր ուղղակի այդպես էլ զգում են ու երբեմն ակամա հենց ուղղակի այդպես էլ ասում։ Հարցրեք բարեկեցիկ մարդկանց մեր շրջանին պատկանող մայրերի մեծ մասին, և նրանք ձեզ կասեն, թե այն բանի վախից, որ իրենց երեխաները կարող են հիվանդանալ ու մեռնել, իրենք չեն ուզում երեխաներ ունենալ, իսկ եթե ունեցել են արդեն՝ չեն ուզում կուրծք տալ, որ չկապվեն նրանց հետ և չտառապեն։ Այն հաճույքը, որ նրանց պատճառում է երեխան իր հրապույրով՝ թաթիկներով, տոտիկներով, իր ողջ պստլիկ մարմնով, զիջում է նրանց ապրած տառապանքներին՝ հենց միայն երեխայի հիվանդության ու մահվան հնարավորություններից առաջ եկող վախի պատճառով, էլ չենք խոսում իրական հիվանդության և կորստի մասին։ Շահն ու վնասը ծանրութեթև անելուց հետո պարզվում է, որ անշահավետ և այդ պատճառով անցանկալի է երեխաներ ունենալ։ Նրանք դա ասում են ուղղակի, համարձակորեն, երևակայելով, թե այդ զզացումներն իրենց մեջ ծնվում են երեխաների հանդեպ սիրուց՝ ազնիվ ու գովելի զգացումներ, որոնցով պարծենում են։ Նրանք չեն նկատում, որ այդ դատողությամբ իրենք ուղղակիորեն ժխտում են սերը և սոսկ իրենց եսասիրությունը հաստատում։ Նրանց համար երեխայի հմայքից եկող հաճույքն ավելի քիչ է, քան տառապանքները մանկանն սպասող հնարավոր պատահարների երկյուղից, ուստի և պետք չէ այն երեխան, որին սիրելու են իրենք։ Նրանք զոհաբերում են ու թե իրենց՝ հանուն սիրելի էակի, այլ սիրելի լինելու կարելիություն ունեցող էակին՝ հանուն իրենց։

Պարզ է, որ սեր չէ դա, այլ եսասիրություն։ Բայց և լեզուդ չի բռնում այդ եսամոլության համար դատապարտելու նրանց՝ բարեկեցիկ ընտանիքների մայրերին, երբ հիշում ես, որ մեր աղայական կյանքում նրանք իրենց երեխաների առողջական վիճակից տառապում են դարձյալ նույն բժիշկների պատճառով։ Հենց հիշում եմ, նույնիսկ այժմ, կնոջս կյանքն ու վիճակը սկզբնական շրջանում, երբ երեք, չորս երեխա ուներ և ամբողջովին տարված էր նրանցով, սարսափը պատում է ինձ։ Սեփական կյանք չունեինք բնավ։ Դա մի տեսակ հարատև վտանգ էր, փրկություն դրանից, կրկին վրա հասած վտանգ, կրկին հուսահատ ջանքեր և նորից փրկություն՝ մշտապես այնպիսի վիճակ, ինչպիսին լինում է խորտակվող նավի վրա։ Երբեմն ինձ թվում էր, թե դիտմամբ էր արվում այդ բանը, թե նա երեխաների համար անհանգստացած էր ձևանում, որպեսզի հաղթի ինձ։ Դրա շնորհիվ այնպես գրավչորեն, հեշտ ու հասարակ էին լուծվում բոլոր հարցերը նրա օգտին։ Մեկ֊մեկ թվում էր ինձ, թե այն ամենը, ինչ նա անում և ասում էր նման դեպքերում, անում և ասում էր որոշակի միտումով։ Բայց ոչ, նա ինքն էլ շարունակ սարսափելի տանջվում ու կեղեքվում էր երեխաներին խնամելով, նրանց առողջության ու հիվանդության մասին մտածելով։ Դա կտտանք էր նրա և նաև ինձ համար։ Եվ նա անկարող էր չտանջվել։ Չէ որ հակումը երեխաների հանդեպ, նրանց կերակրելու, փայփայելու, պաշապանելու կենդանական պահանջը կար, ինչպես կանանց մեծ մասի մեջ, բայց չկար այն, ինչ հատուկ է կենդանիներին՝ երևակայության և բանականության չգոյությունը։ Հավը չի վախենում այն բանից, թե ինչ կպատահի իր ճուտիկին, գաղափար չունի բոլոր այն հիվանդություններից, որ կարող են իր ձագին հասնել, չգիտի բոլոր այն միջոցները, որոնցով մարդիկ երևակայում են, թե կարող են փրկել հիվանդություններից ու մահից։ Եվ զավակները նրա՝ հավի համար տանջանք չեն։ Հավն իր ճուտիկների համար անում է այն, ինչ հատուկ է իրեն և բերկրալի է անել․ զավակները նրա համար ուրախություն են։ Եվ երբ ճուտիկը հիվանդանում է, թխսկան մոր հոգսերը խիստ որոշակի են՝ տաքացնում, կեր է տալիս նրան։ Եվ, անելով այդ բանը, գիտի, որ ինքն անում է հարկ եղած ամեն ինչ։ Ճուտիկի սատկելու դեպքում նա հարց չի տալիս ինքն իրեն, թե ինչու մեռավ, ուր գնաց իր զավակը, կռթկռթում է մի որոշ ժամանակ, հետո դադարում ու շարունակում ապրել առաջվա պես։ Սակայն մեր դժբախտ կանանց և իմ կնոջ համար այդպես չէր բանը։ Էլ չխոսելով հիվանդությունների մասին՝ ինչպես, ինչով բուժել, դաստիարակելու, մեծացնելու վերաբերյալ նա ամեն կողմից խորհուրդներ էր լսում և անսահմանորեն բազմազան ու շարունակ փոփոխվող կանոններ կարդում։ Կերակրել այսպես, այս բանով, չէ, ոչ այդպես, ոչ այդ բանով, այլ այսպես և այս բանով. հագցնել, խմեցնել, լողացնել, քուն դնել, զբոսանքի, մաքուր օդի տանել,— այս ամենի վերաբերյալ մենք, առավելապես՝ նա, ամեն շաբաթ նոր կանոններ էինք լսում և իմանում։ Կարծես թե երեկվանից էին սկսել երեխաներ ծնվել։ Իսկ եթե այնպես չկերակրեցին, այնպես չլողացրին, այդ բաները չարեցին ճիշտ ժամանակին, և հիվանդացավ երեխան, ուրեմն մայրն է մեղավորը, արել է ոչ այն, ինչ հարկավոր է։

Սա՝ դեռ այն ժամանակ, երբ առողջ է երեխան։ Դա էլ է տանջանք։ Բայց եթե հիվանդացավ՝ էլ վերջ։ Կատարյալ դժոխք։ Ենթադրվում է, թե հիվանդությունը կարելի է բուժել, և թե կա այդպիսի գիտություն ու այդպիսի մարդիկ՝ բժիշկները, և նրանք գիտեն՝ ինչպես։ Ոչ բոլորը, բայց լավագույնները գիտեն։ Եվ ահա երեխան հիվանդ է, և հարկավոր է ձեռք գցել այդ լավագույնին, նրան, որ փրկում է, և այնժամ փրկված է երեխան, իսկ եթե ձեռք չես գցել այդ բժշկին կամ ապրում ես ոչ այն վայրում, ուր ապրում է նա, երեխան կորած է։ Եվ դա այս կամ այն մոր բացառիկ հավատը չէ, այլ հավատը նրա շրջապատի բոլոր կանանց, և ամեն կողմից նա լսում է այս բաները միայն՝ Եկատերինա Սեմյոնովնայի երկու երեխաները մեռան, որովհետև ժամանակին չկանչեցին Իվան Ջախարիչին, Իսկ Մարիա Իվանովնայի մեծ աղջկան Իվան Զախարիչը փրկեց․ կամ, ահա Պետրովները, բժշկի խորհրդով, երեխաներին պահեցին տարբեր հյուրանոցներում, և ողջ մնացին երեխաները, հակառակ դեպքում կմեռնեին։ Իսկ այսինչի երեխան թուլակազմ էր, բժշկի խորհրդով տարան հարավ, և նա փրկվեց։ Ուրեմն ինչպե՞ս մայրը չտանջվի ու չանհանգստանա ամբողջ կյանքում, երբ երեխաների կյանքը, որոնց հետ նա կապված է կենդանական բնազդով, կախված է այն բանից, որ ինքը ժամանակին իմանա, թե այդ մասին ինչ կասի Իվան Զախարիչը։ Իսկ թե ինչ կասի Իվան Զախարիչը՝ ոչ ոք չգիտի, առավել ևս՝ հենց ինքը, որովհետև նա շատ լավ գիտի, որ ինքը ոչինչ չգիտի և ոչ մի բանով օգնել չի կարող, այլ միայն պոչ է խաղացնում այսպես կամ այնպես, միայն թե չդադարեն հավատալ, թե ինքն ինչ֊որ բան գիտի։ Չէ որ եթե մեր շրջապատի այդ մայրը կատարելապես կենդանի լիներ՝ այդպես չէր տանջվի, իսկ եթե նա կատարելապես մարդ լիներ՝ կհավատար աստծուն և կխոսեր ու կմտածեր այնպես, ինչպես հավատացյալ կնանիք են ասում՝ «Աստված տվեց, աստված առավ, ամեն ինչ տիրոջ ձեռին է»։ Նա կմտածեր, որ ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ իր երեխաների կյանքն ու մահը դուրս են մարդկանց իշխանությունից և ենթարկվում են աստծո կամքին միայն, և այնժամ չէր տանջվի այն մտքից, թե իր ձեռքին է եղել երեխաների հիվանդություններն ու մահը կանխելու գործը, իսկ ինքն այդ բանը չի արել։ Այնինչ նրա վիճակն եղել է այսպես․ իրեն տրվել են ամենափխրուն, անթիվ-անհամար փորձանքների ենթակա, թույլ էակները։ Այդ էակների հանդեպ ինքը մոլեռանդ, բնազդական կապվածություն է զգում։ Բացի դրանից, թեև այդ էակները վստահվել են իրեն, սակայն նրանց պահպանման միջոցները թաքցված են իրենից և հայտնի են բոլորովին օտար մարդկանց, որոնց ծառայություններն ու խորհուրղները կարելի է ձեռք բերել մեծ գումարով միայն, և այն էլ՝ ոչ միշտ։

Երեխաների հետ ամբողջ կյանքն այդպես կնոջս համար, ուստի և ինձ համար ոչ թե ուրախություն, այլ տանջանք եղավ։ Իսկ ինչպե՞ս չտանջվեիք։ Նա որ տառապում էր շարունակ։ Պատահում էր՝ նոր֊նոր խաղաղվում էինք խանդի որևէ տեսարանից կամ պարզապես վեճից հետո և որոշում էինք հանգիստ շունչ քաշել, մի բան կարդալ, մի քիչ մտածել, բայց հենց ձեռք էինք զարկում որևէ բանի՝ մեկ էլ լսում էինք, թե Վասյան սիրտ է ետ տալիս, կամ Մաշան արյունային փորհարություն ունի, կամ Անդրյուշայի վրա ցան է դուրս տվել, և, հասկանալի է, էլ կյանք չկար։ Ո՞ւր վազենք, ո՞ր բժշկի ետևից, որտե՞ղ առանձնացնենք։ Եվ սկսվում էին հոգնաները, ջերմաչափումները, միքստուրաներն ու բժիշկների այցելությունները։ Այդ ամենը դեռ չվերջացրած՝ մի ուրիշ բան էր մեջտեղ գալիս։ Կանոնավոր, հաստատուն ընտանեկան կյանք չկար։ Փոխարենը կար, ինչպես ասացի, երևակայական ու իրական վտանգներից փրկվելու հարատև ջանք։ Հիմա հո այդպես է ընտանիքների մեծ մասում։ Իսկ իմ ընտանիքում առանձնապես սուր էր արտահայտվում այդ բանը։ Կինս երեխասեր էր ու դյուրահավատ։

Այնպես որ երեխաների առկայությունը ոչ միայն չէր բարվոքում մեր կյանքը, այլև, ընդհակառակն, թունավորում էր։ Բացի այդ, երեխաները մեզ համար գժտության նոր շարժառիթ էին։ Երեխաների ծնվելու և մեծանալու հետ ավելի ու ավելի հաճախ էին հենց իրենք գժտության թե միջոց և թե առարկա լինում։ Բայց երեխաները դառնում էին ոչ միայն գժտության առարկա, այլև պայքարի զենք․ միմյանց դեմ մենք ասես կռվում էինք երեխաներով։ Մեզնից յուրաքանչյուրն ուներ իր սիրած զավակը՝ մենամարտի զենքը։ Ես ավելի շատ կռվում էի մեծիս՝ Վասյայի, իսկ նա՝ Լիզայի միջոցով։ Բացի այդ, երբ երեխաներն սկսեցին մեծանալ, և ձևավորվեցին նրանց բնավորությունները, եղավ այնպես, որ նրանք դարձան դաշնակիցներ, որոնցից սրան կամ նրան յուրաքանչյուրս իր կողմն էր գրավում։ Խեղճերը սարսափելի տանջվում էին դրանից, բայց մենք մեր հարատև պատերազմում ժամանակ չունեինք նրանց մասին մտածելու։ Աղջիկս իմ կողմնակիցն էր, իսկ մեր մեծ տղան, որ նման էր կնոջս և նրա սիրեցյալն էր, հաճախ ատելի էր ինձ։


XVII

― Էհ, այդպես էլ ապրում էինք։ Հարաբերությունները դառնում էին ավելի ու ավելի թշնամական։ Եվ, վերջապես, հասան այն բանին, որ արդեն ոչ թե տարաձայնությունն էր թշնամանք ծնում, այլ թշնամանքը՝ տարաձայնություն, ինչ էլ նա ասեր՝ ես արդեն կանխավ համաձայն չէի, և ճիշտ նույնն էլ՝ նա։

Չորրորդ տարվա մեջ մի տեսակ ինքնըստինքյան երկու կողմից վճիռ ընդունվեց, որ մենք չենք կարող հասկանալ միմյանց, համաձայնության գալ իրար հետ։ Մենք այլևս դադարեցինք մինչև վերջ հաշտվելու փորձ անել։ Ամենապարզ բաներում, առանձնապես երեխաների հարցում, յուրաքանչյուրս անփոփոխ մնաց իր կարծիքին։ Որքան հիշում եմ, իմ պաշտպանած կարծիքները բոլորովին էլ այնպես թանկ չէին ինձ համար, որ չկարողանայի հրաժարվել դրանցից, բայց նա հակառակ կարծիքին էր, և զիջելը նշանակում էր տեղի տալ նրա առաջ։ Իսկ ես այդ բանը չէի կարող։ Նա՝ նույնպես։ Նա հավանաբար իրեն միշտ կատարելապես արդարացի էր համարում իմ առջև, ու ես էլ իմ աչքում միշտ սուրբ էի նրա համեմատ։ Երկուսս էլ գրեթե դատապարտված էինք լռության կամ այնպիսի խոսակցությունների, որ, համոզված եմ, կենդանիներն էլ կարող են վարել իրար մեջ. «Ժամը քանի՞սն է։ Ժամանակն է քնելու։ Ի՞նչ ճաշ է այսօր։ Ո՞ւր գնանք։ Ի՞նչ կա թերթում։ Հարկավոր է ուղարկել բժիշկ կանչելու։ Մաշայի կոկորդը ցավում է»։ Բավական էր մի մազաչափ դուրս գալ խոսակցությունների անասելի սահմանափակված շրջանակից, որպեսզի գրգռմունքը բռնկվեր։ Ընդհարումներ և ատելության արտահայտություններ էին ծայր առնում սուրճի, սփռոցի, կառքի, վինտի ժամանակ սխալ թուղթ իջնելու և նման բոլոր բաների պատճառով, որ թե մեկիս և թե մյուսիս համար ոչ մի կարևորություն չէին կարող ունենալ։ Իմ մեջ, համենայն դեպս, նրա հանդեպ հաճախ էր ահավոր ատելություն բորբոքվում։ Երբեմն նայում էի, թե ինչպես էր նա թեյ լցնում, ոտքը ճոճում կամ գդալը տանում բերանը, ֆռթացնում՝ հեղուկը ներս քաշելով, և նրան ատում էի հենց այդ բանի, իբրև ամենատգեղ արարքի համար։ Ես այն ժամանակ չէի նկատում, որ չարության շրջաններն իմ մեջ վերսկսվում էին միանգամայն կանոնավոր ու համաչափորեն, այն շրջաններին համապատասխան, որ մենք սեր էինք կոչում։ Սիրո շրջան — չարության շրջան, սիրո եռանդուն շրջան — չարության երկարատև շրջան, սիրո առավել թույլ դրսևորում —չարության կարճատև շրջան։ Այն ժամանակ մենք չէինք հասկանում, որ այդ սերն ու չարությունը նույն անասնական զգացմունքն է, միայն թե տարբեր ծայրերից։ Նման կյանքը սարսափելի կլիներ, եթե հասկանայինք մեր վիճակը, բայց մենք այն չէինք հասկանում և չէինք տեսնում։ Հենց դրանում է մարդու թե՛ փրկությունը և թե՛ դատապարտվածությունը այն բանում, որ երբ նա ապրում է ոչ ճիշտ, կարող է մշուշապատել իր չորսբոլորը՝ սեփական վիճակի աղետալիությունը չտեսնելու համար։ Այդպես էինք անում և մենք։ Նա աշխատում էր մոռացության տրվել տան լարված, միշտ հապճեպ գործերի, կահավորության, իր և երեխաների հագուստկապուստի, երեխաների ուսման, առողջության մասին հոգսերի շնորհիվ։ Իսկ ես էլ իմ արբեցումն ունեի՝ ծառայության, որսորդության, թղթախաղի արբեցումը։ Մենք երկուսս էլ զբաղված էինք շարունակ։ Երկուսս էլ զգում էինք, որ ինչքան շատ ենք զբաղված, այնքան ավելի չար կարող ենք լինել իրար հանդեպ։ «Դու կոտրատվում ես քո քեֆին,— մտածում էի նրա մասին,— իսկ, այ, տեսարաններով հոգիս հանեցիր ամբողջ գիշեր, այնինչ ես նիստ ունեմ»։ «Քո հոգն էլ չէ,— ոչ միայն մտածում, այլև ասում էր նա,— իսկ ես ամբողջ գիշեր չեմ քնել, երեխային եմ նայել»։

Այդպես էլ ապրում էինք մենք՝ հարատև մշուշում չտեսնելով այն վիճակը, որի մեջ գտնվում էինք։ Եվ եթե չպատահեր այն, ինչ պատահեց, ես այդպես էլ դեռ կապրեի մինչև ծերություն, մահից առաջ այդպես էլ կմտածեի, որ ես լավ կյանք եմ ապրել, ոչ առանձնապես լավ, բայց ոչ էլ վատ, այնպես, ինչպես ամենքը․ ես հասու չէի լինի այն խոր դժբախտությանն ու գարշելի կեղծիքին, որի մեջ թպրտում էի։

Իսկ մենք իրար ատող երկու կալանավորներ էինք՝ կապված նույն շղթայով, որ թունավորում էին մեկմեկու կյանք և աշխատում չտեսնելու տալ այդ բանը։ Ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ ամուսինների 99 տոկոսն ապրում է նույնպիսի դժոխքում, ինչպիսին իմ կյանքն է, և որ այլ կերպ չի էլ կարող լինել։ Ես այն ժամանակ այդ բանը չգիտեի ոչ ուրիշների, ոչ իմ առնչությամբ։

Զարմանալի է, թե ինչ աստիճանի են թե կանոնավոր և թե մինչև անգամ անկանոն կյանքի զուգադիպությունները։ Հենց այն ժամանակ, երբ ծնողերի կյանքն անտանելի է դառնում իրար պատճառով, զգացվում է և քաղաքային պայմանների անհրաժեշտությունը՝ երեխաների դաստիարակության համար։ Եվ ահա քաղաք տեղափոխվելու պահանջ է ներկայանում։

Նա լռեց ու մի երկու անգամ արձակեց իր տարօրինակ հնչյունները, որոնք այժմ արդեն շատ նման էին զսպված հեծկլտանքի։ Մոտենում էինք կայարանին։

― Ժամը քանի՞սն է,— հարցրեց նա։

Նայեցի՝ ժամը երկուսն էր։

― Դուք չե՞ք հոգնել,— հարցրեց։

― Ոչ, բայց դուք հոգնել եք։

― Շունչս կտրվում է։ Ներեցեք, ես մի քիչ քայլեմ, ջուր խմեմ։

Եվ նա օրորվելով գնաց դեպի վագոնի ելքը։ Ես նստած մնացի մենակ՝ մտածելով նրա ասածների մասին, և այնպես տարվեցի խոհերով, որ նույնիսկ չնկատեցի, թե ինչպես նա ետ եկավ մյուս դռնից։


XVIII

― Այո, ես շեղվում եմ շարունակ,— սկսեց նա։— Շատ բաների մասին եմ մտածել, շատ բաների եմ նայում ուրիշ հայացքով և այդ ամենն ասել եմ ուզում։ Հա, ուրեմն, սկսեցինք ապրել քաղաքում։ Դժբախտ մարդկանց համար քաղաքում ավելի լավ է ապրելը։ Քաղաքում մարդ կարող է ապրել հարյուր տարի, և չնկատել, որ ինքը վաղուց մեռել ու փտել է։ Իր հետ հաշվի նստելու ժամանակ չկա, շարունակ զբաղված է։ Գործեր, հասարակական հարաբերություններ, ֆիզիկական վիճակ, արվեստներ, երեխաների առողջության, դաստիարակության հոգացողություն։ Մերթ հարկավոր է ընդունել սրանց ու նրանց, գնալ սրանց ու նրանց մոտ, մերթ՝ դիտել այս, լսել այս ու այն բանը։ Չէ որ քաղաքում ամեն օր առնվազն մեկ, երբեմն էլ՝ միաժամանակ երկու-երեք հռչակավոր արտիստներ են լինում, որոնց ներկայացումները, համերգները ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել։ Մերթ հարկավոր է բուժել իրեն, սրան կամ նրան, մերթ հոգալ ուսուցիչների, ռեպետիտորների, դաստիարակչուհիների մասին, իսկ կյանքը գնում է անիմաստ ու դատարկ։ Էհ, մենք էլ էինք ապրում այդպես և ավելի քիչ էինք ցավ զգում համատեղ կյանքից։ Բացի այդ, սկզբում հիանալի զբաղմունք ունեինք՝ նոր քաղաքում, նոր բնակարանում հաստատվելու գործը, ինչպես և տեղափոխությունները քաղաքից՝ գյուղ, գյուղից՝ քաղաք։

Այդպես ապրեցինք մի ձմեռ, իսկ մյուս ձմռանը պատահեց շրջապատի աչքին աննշմար, անէական թվացող, սակայն այնպիսի իրողություն, որն էլ հենց սկզբնապատճառը եղավ այն ամենի, ինչ կատարվեց։ Կինս վատառողջ էր, և սրիկաները նրան թույլ չտվին երեխա ունենալ ու սովորեցրին միջոցը։ Ինձ համար զզվելի էր դա։ Ես պայքարում էի դրա դեմ, բայց նա թեթևամիտ համառությամբ պնդում էր իրենը, և ես ենթարկվեցի․ խոզային կյանքի վերջին արդարացումը՝ երեխան վերացվեց, և կյանքն առավել նողկալի դարձավ։

Գեղջուկին, աշխատավոր մարդուն երեխաներ պետք են, թեև նրա համար դժվար է պահել, բայց պետք են, և այդ պատճառով նրա ամուսնական հարաբերություններն արդարացում ունեն։ Իսկ մեզ մեկ֊երկուսից հետո էլ երեխաներ պետք չեն՝ ավելորդ հոգս են, ավելորդ ծախս, համաժառանգորդներ, ուղղակի բեռ։ Եվ մեզ համար այլևս խոզային կյանքի ոչ մի արդարացում չկա։ Մենք կամ արհեստականորեն ազատվում ենք երեխաներից, կամ նրանց նայում որպես դժբախտության, անզգուշության հետևանքի, որ առավել նողկալի է։ Արդարացում չկա։ Բայց մենք բարոյապես այնքան ենք ընկել, որ նույնիսկ արդարացման հարկ չենք զգում։ Ներկայիս կրթյալ հասարակության մեծամասնությունը տրվում է այդ այլասերմանը առանց նվազագույն խղճի խայթի։

Ի՛նչ խայթ, երբ մեր կյանքում ոչ մի խիղճ չկա, բացի, եթե կարելի է ասել, հասարակական կարծիքի և քրեական օրենքի խղճից։ Իսկ այստեղ թե մեկը և թե մյուսը չեն խախտվում, հասարակության առջև ամաչելու կարիք չկա, բոլորն են այդ բանն անում՝ Մարիա Պավլովնան էլ, Իվան Զախարիչն էլ։ Թե չէ ինչի՞ համար աղքատներ բազմացնեն կամ իրենց զրկեն հասարակական կյանքի հնարավորությունից։ Քրեական օրենքից քաշվելու կամ վախենալու կարիքը նույնպես չկա։ Այդ անպարկեշտ գյուղացի աղջիկներն ու զինվորների կանայք երեխաներին գցում են լճակներն ու ջրհորները, դրանց, հասկանալի է, պետք է բանտ նետել, իսկ մեզանում ամեն ինչ արվում է ժամանակին ու մաքուր։

Այդպես ապրեցինք ևս երկու տարի։ Սրիկաների միջոցը, ակներևաբար, սկսել էր իր ազդեցությունը ունենալ, կինս մարմնով լցվել ու լավացել էր, ինչպես ամռան վերջին գեղեցկություն։ Նա զգում էր այդ բանը և զբաղվում էր իրենով։ Նրա կերպարանքում ինչ֊որ գրգռիչ հմայք էր հայտնվել, որ խռովում էր մարդկանց։ Նա երեխայի չսպասող երեսնամյա պարարտացած և բորբոքված կնոջ փթթուն շրջանում էր։ Նրա տեսքն անհանգստություն էր առաջ բերում։ Տղամարդկանց միջով անցնելիս իր կողմն էր ձգում նրանց հայացքները։ Նա հիշեցնում էր երկար չբանած, բտված լծկան ձիու, որի վրայից հանել էին սանձը։ Ոչ մի սանձ չկար, ինչպես չունի մեր կանանց 99 տոկոսը։ Եվ ես զգում էի այդ բանն ու սարսափում։


XIX

Նա հանկարծ բարձրացավ տեղից ու կիպ նստեց պատուհանի մոտ։

― Ներեցեք ինձ,— մրմնջաց և, սևեռուն դուրս նայելով պատուհանից, այդպես լուռ մնաց մի երեք րոպե։ Հետո ծանր հառաչեց և նորից նստեց իմ դեմ։ Դեմքը լրիվ փոխվել էր, աչքերը խղճալի արտահայտություն էին ստացել, և ինչ-որ տարօրինակ թույլ ժպիտից կնճռոտվել էին նրա շրթունքները։— Ես մի քիչ հոգնեցի, բայց կշարունակեմ պատմել։ Դեռ շատ ժամանակ կա, լույսը դեռ չի բացվել։ Այո-ո՜,— վերսկսեց՝ գլանակ վառելով։— Նա լցվել էր այն բանից հետո, երբ դադարել էր երեխա ունենալ, և այդ ախտը՝ անվերջ տառապանքը երեխաների համար, սկսել էր անցնել․ ավելի ճիշտ՝ նա կարծես սթափվել էր գինովությունից, ուշքի եկել և ահա տեսնում էր, որ գոյություն ունի աստծու արարած մի ամբողջ աշխարհ՝ իր ուրախություններով, որի մասին ինքը մոռացել էր և ուր ապրել չգիտեր ինքը, մի աշխարհ, որին հասու չէր եղել կատարելապես։ «Հանկարծ որևէ բան բաց չթողնեմ․․․ Ժամանակը կանցնի, ետ չես բերի»։ Իմ պատկերացմամբ, նա այսպես էր մտածում կամ, ավելի շուտ, զգում, և չէր էլ կարող այլ կերպ մտածել ու զգալ․ նրան դաստիարակել էին այն գիտակցությամբ, որ աշխարհում ուշադրության արժանի մի բան կա միայն՝ սերը։ Նա ամուսնացել էր, ինչ-որ բան ստացել այդ սիրուց, բայց ոչ միայն ամենևին էլ ոչ խոստացվածը, ակնկալվածը, այլև փոխարենը բազում հիասթափություններ, տառապանքներ և հետն էլ անակնկալ տանջանքը՝ երեխաներ։ Այդ տանջանքն ուժասպառ էր արել նրան։ Եվ ահա ծառայակամ բժիշկների շնորհիվ նա իմացել էր, որ կարելի է յոլա գնալ նաև առանց երեխաների։ Ուրախացել էր, փորձել այդ բանը և վերակենդանացել իր իմացածի՝ սիրո համար միայն։ Բայց սերը թե խանդով և թե ամեն տեսակ չարություններով ապականված ամուսնու հետ այլևս այն չէ։ Նրա երևակայության մեջ պատկերանում է ինչ֊որ ուրիշ, մաքրամաքուր, նոփ֊նոր մի սեր. համենայն դեպս, ես այդպես էի մտածում նրա մասին։ Եվ ահա նա սկսել էր շուրջը նայել՝ կարծես սպասելով ինչ֊որ բանի։ Ես տեսնում էի դա և անկարող էի չանհանգստանալ։ Նա հաճախակի, սովորականի պես խոսելով ինձ հետ ուրիշների միշոցով, այսինքն՝ խոսելով ուրիշների հետ, բայց խոսքն ինձ ուղղելով, համարձակորեն, բոլորովին չմտածելով, որ մի ժամ առաջ հակառակն է ասել, կես կատակ֊կես լուրջ արտահայտում էր այն միտքը, թե մայրական հոգսը խաբեություն է, թե չարժե ամբողջ կյանքը երեխաներին նվիրաբերել, երբ կա ջահելություն և կարելի է վայելել կյանքի հաճույքները։ Նա սկսել էր երեխաներով զբաղվել ավելի քիչ, ոչ առաջվա խելահեղությամբ, և ավելի ու ավելի էր զբաղվում իրենով, իր արտաքինով, թեև քողարկում էր այդ բանը, և իր հաճույքներով ու նույնիսկ սեփական անձի կատարելագործումով։ Նորից ոգևորությամբ սկսել էր դաշնամուր նվագել, որ առաջներում թողել էր լրիվ։ Դրանից էլ ամեն ինչ սկսվեց։

Ուղեկիցս կրկին շուռ եկավ դեպի պատուհանը, դուրս նայեց հոգնած հայացքով, բայց իսկույն էլ, ակներևաբար ճիգ գործադրելով իր վրա, շարունակեց․

― Այո-ո, հայտնվեց այդ մարդը։— նա հապաղեց և մի երկու անգամ քթով արտաբերեց իր բնորոշ հնչյունները։

Ես տեսնում էի, որ նրա համար դժվար էր այդ մարդու անունը տալ, հիշել, խոսել նրա մասին։ Բայց նա ջանք գործադրեց և, կարծես հաղթահարելով իրեն արգելող խոչընդոտը, շարունակեց վճռականորեն․

― Անպետք մարդուկ էր դա իմ աչքում, իմ գնահատությամբ։ Եվ ոչ այն բանի համար, թե նա ինչ դեր ունեցավ իմ կյանքում, այլ որովհետև իրոք այդպիսին էր։ Ի միջի այլոց այն, որ նա վատն էր, ապացույցն էր միայն այն բանի, թե ինչ աստիճան էր կինս խելքը կորցրել։ Եթե նա չլիներ՝ պիտի լիներ մի ուրիշը, անխուսափելի էր դա։— Նորից լռեց մի պահ։— Այո-ո, երաժիշտ էր նա, ջութակահար․ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտ, այլ կիսապրոֆեսիոնալ, կիսահասարակական մարդ։

Հայրը կալվածատեր էր, իմ հոր հարևանը։ Նա սնանկացել էր, և զավակները,— երեք տղա ուներ,— բոլորը տեղավորվել էին գործի․ միայն այս մեկին՝ փոքրին ուղարկել էր Փարիզ, կնքամոր մոտ։ Այնտեղ, նրա մեջ երաժշտի ձիրք նկատելով, տվել էին կոնսերվատորիա, և նա ավարտել էր որպես ջութակահար և սկսել նվագել համերգներում։ Նա իբրև մարդ․․․— Ըստ երևույթին ուզում էր ինչ-որ վատ բան ասել նրա մասին, բայց զսպեց իրեն ու արագ շարունակեց։— Էհ, չգիտեմ, թե նա ինչ կյանքով էր ապրել այնտեղ, գիտեմ միայն, որ այդ տարի հայտնվեց Ռուսաստանում և այցելեց մեզ։

Նշաձև տամուկ աչքեր, կարմիր ժպտուն շրթունքներ, օծված բեղիկներ, վերջին մոդայով սանրվածք, անալի-սիրունիկ դեմք, որ կանայք բնորոշում են «լավիկն է» արտահայտությամբ, թույլ, թեև ոչ այլանդակ կազմվածք՝ խիստ զարգացած, կանացի հետույքով, ինչպես ասում են՝ հոտենտոտների նման։ Հոտենտոտները նույնպես, ասում են, երաժշտական են։ Հնարավորին չափ մտերմավարի հարաբերությունների մեջ խցկվող, բայց նրբազգաց և միշտ նվազագույն հակահարվածի դեպքում պատրաստ կանգ առնելու՝ պահպանելով արտաքին արժանապատվությունը, և կոճակավոր կոշիկների փարիզյան հատուկ երանգով և փողկապի ու հագուստի մյուս մասերի վառ գույներով, որ յուրացնում են օտարերկրացիները Փարիզում, և որն իր ինքնահատկությամբ, նորությամբ միշտ ներգործում է կանանց վրա։ Պահվածքում՝ շինծու, արտաքին զվարթություն։ Մի պահվածք, որի դեպքում, դիտեք, ամեն ինչի մասին խոսում են ակնարկներով ու կցկտուր արտահայտություններով, կարծես դուք այդ բոլորը գիտեք և կարող եք ինքներդ լրացնել նրա միտքը։

Ահա հենց այդ մարդն էլ իր երաժշտությամբ ամեն ինչի պատճառը դարձավ։ Չէ որ դատարանում գործն այնպես էր ներկայացված, որ ամեն բան եղել էր խանդի հետևանքով։ Ամենևին էլ դա չէր, այսինքն՝ ոչ թե ամենևին էլ դա չէր, այլ դա էլ կար, բայց պատճառը չէր։ Դատարանում այդպես էլ վճռեցին, որ ես խաբված ամուսին եմ և սպանել եմ՝ պաշտպանելով իմ ոտնահարված պատիվը (ախր այդպես է կոչվում դա իրենց ձևով)։ Եվ դրա շնորհիվ ինձ արդարացրին։ Ես դատարանում աշխատեցի պարզել բանի էությունը, բայց նրանք այնպես հասկացան, թե ուզում եմ կնոջս պատիվը վերականգնել։

Կնոջս հարաբերություններն այդ երաժշտի հետ, ինչպիսին էլ դրանք եղած լինեն, նշանակություն չունեն ինձ համար, և նրա համար՝ նույնպես։ Նշանակություն ունի այն, ինչ պատմեցի ձեզ. այսինքն՝ իմ խոզությունը։ Ամեն ինչի պատճառը մեր միջև եղած այն ահավոր անդունդն էր, որի մասին ասացի ձեզ, փոխադարձ ատելության այն ահավոր լարվածությունը, որի առկայությամբ առաջին իսկ առիթը բավական էր ճգնաժամի համար։ Գժտությունները մեր միջև վերջին ժամանակներում ինչ-որ բանով սարսափելի էին դարձել և առանձնապես զարմանալի էին՝ հերթագայելով նույնպես լարված անասնական կրքոտության հետ։

Եթե չհայտնվեր նա, կհայտնվեր մի ուրիշը։ Եթե չլիներ խանդի պատրվակը, կլիներ մի ուրիշ պատրվակ։ Ես պնդում եմ, որ ինձ նման ապրող բոլոր ամուսինները պետք է կամ անառակություն անեն, կամ բաժանվեն, կամ ինքնասպան լինեն և կամ սպանեն իրենց կանանց, ինչպես ես սպանեցի։ Եթե որևէ մեկին այդ բանը չի պատահել, ուրեմն դա արտակարգ հազվագյուտ բացառություն է։ Չէ որ վերջ դնելուց առաջ, ինչպես ես վերջ դրի, մի քանի անգամ ինքնասպանության շեմին էի ես, իսկ նա էլ թույն ընդունեց։


XX

— Այո, այդպես եղավ, և՝ այն բանից ոչ շատ առաջ։

Ապրում էինք կարծես զինադադարի շրջանում, և ոչ մի պատճառ չկար խախտելու զինադադարը։ Հանկարծ խոսակցություն է սկսվում այն մասին, թե այսինչ շունը ցուցահանդեսում մեդալ է ստացել․ ասողը ես եմ։ Նա առարկում է․ «Ոչ թե մեդալ, այլ գովասանաթուղթ»։ Ծայր է առնում վեճը։ Սկսվում են ցատկերը մի նյութից մյուսին, կշտամբանքները․ «Էհ, նորություն չէ, միշտ էլ այդպես է եղել․ դու ասացիր»․․․ «Ոչ, ես այդպիսի բան չեմ ասել»։ «Ուրեմն ստում եմ, հա՞»․․․ Զգում ես, որ ահա-ահա սկսվելու է այն ահավոր խոսքակռիվը, երբ ուզում ես սպանել կամ ինքդ քեզ, կամ նրան։ Գիտես, որ ուր որ է՝ սկսվելու է, և վախենում ես դրանից, ինչպես կրակից, ուստի և կուզեիր զսպել քեզ, բայց ամբողջ էությունդ համակվում է չարությամբ։ Նա էլ նույն, ավելի վատ վիճակում է, դիտմամբ խեղաթյուրում է քո յուրաքանչյուր խոսքը՝ խոտոր իմաստ տալով դրան, իսկ իր ամեն մի խոսքը հագեցած է թույնով․ գիտի իմ ցավոտ տեղը և հենց այդտեղ էլ խայթում է։ Գնալով ավելի ու ավելի ենք բորբոքվում։ Բղավում եմ՝ «Լռի՛ր» կամ նման մի բան։ Նա դուրս է թռչում սենյակից, վազում մանկանոց։ Ես աշխատում եմ պահել նրան, որ խոսքս վերջացնեմ և իմն ապացուցեմ, և ճանկում եմ նրա ձեռքը։ Ձևացնում է, թե ձեռքը ցավացրել եմ, և ճչում է․ «Երեխանե՜ր, ձեր հայրը ծեծում է ինձ»։ Գոռում եմ՝ «Սուտ մի՛ ասի»։ Նա էլ «Հո առաջին անգամը չի» կամ նման մի բան է ճչում։ Երեխաները նետվում են նրա կողմը։ Նա հանգստացնում է երեխաներին։ «Մի ձևանա»,— ասում եմ։ «Քեզ համար ամեն ինչ ձևացնել է,— ասում է նա,— կսպանես մարդու և կասես, թե ձևանում է։ Հիմա՜ հասկացա քեզ։ Քո ուզածն էլ հենց դա է»։ «Օ՜, սատկեիր՝ պրծնեի քեզնից»,— աղաղակում եմ ես։ Հիշում եմ, թե ինչ սոսկում պատճառեց ինձ այդ ահավոր խոսքը։ Ես բնավ չէի սպասում, թե կարող եմ արտասանել նման սարսափելի, կոպիտ բառեր, և զարմացած էի, որ դրանք կարող էին դուրս թռչել իմ բերանից։ Գոռում եմ այդ ահավոր խոսքն ու վազում առանձնասենյակ, նստում ու սկսում ծխել։ Լսում եմ, որ նա ելնում է նախասենյակ և պատրաստվում ինչ֊որ տեղ մեկնել։ Հարցնում եմ՝ ուր։ Չի պատասխանում։ «Էհ, ուր ուզում է՝ կորչի»,— ասում եմ ինքս ինձ, վերադառնում առանձնասենյակ, նորից պառկում ու ծխում։ Հազար ու մի ծրագիր է անցնում գլխովս, թե ինչպես վրեժ լուծեմ ու ազատվեմ նրանից և ինչպես շտկեմ այդ ամենն ու այնպես ներկայացնեմ, իբր ոչինչ չի եղել։ Միտք եմ անում ու ծխում, ծխում, ծխում։ Մտածում եմ փախչել նրանից, թաքնվել, գնալ Ամերիկա։ Հասնում եմ այն բանին, որ սկսում եմ երազել, թե ինչպես ազատվում եմ նրանից,— ի՜նչ հրաշալի կլինի,— և թե ինչպես մտերմանում եմ մի ուրիշ, բոլորովին նոր, գեղեցիկ կնոջ հետ։ Նրանից ազատվում եմ երկու հնարով՝ կամ մեռնում է, կամ բաժանվում եմ, և սկսում եմ մտմտալ, թե ինչպես անեմ այդ բանը։ Նկատում եմ, որ խճճվում են մտքերս, որ ես այն չեմ մտածում, ինչ պետք է, բայց և չնկատելու համար, որ ես այն չեմ մտածում, ինչ պետք է, ծխում եմ ու ծխում։

Իսկ տանը կյանքն ընթանում է իր հունով։ Գալիս է դաստիարակչուհին, հարցնում՝ «Ո՞ւր է madame-ն, ե՞րբ կվերադառնա»։ Սպասավորը հարցում է անում՝ թեյ մատուցի՞ արդյոք։ Գնում եմ սեղանատուն․ երեխաները, առանձնապես մեծը՝ Լիզան, որ արդեն հասկանում է, հարցականորեն և անբարյացակամ նայում են ինձ։ Թեյը խմում ենք լուռ։ Նա դեռ չկա։ Անցնում է ամբողջ երեկոն՝ չկա, և ներսումս երկու զգացմունք են հերթագայում՝ չարությունը նրա հանդեպ այն բանի համար, որ նա տանջում է ինձ ու բոլոր երեխաներին իր բացակայությամբ, այն դեպքում, երբ դա, միևնույն է, վերջանալու է տուն գալով, և երկյուղն այն բանից, որ նա չի գա և մի փորձանք կբերի իր գլխին։ Պատրաստ էի նրա ետևից գնալ։ Բայց որտե՞ղ փնտրեի։ Գնայի քրոջ տո՞ւն։ Բայց հիմար վիճակ է՝ մտնես, հարցնես։ Ահ, աստված նրա հետ․ եթե ուզում է մարդկանց տանջել՝ թող ինքը տանջվի։ Չէ որ իր ակնկալածն էլ հենց դա է։ Եվ հաջորդ անգամ ավելի վատ կլինի։ Իսկ եթե քրոջ տանը չէ, այլ ինչ֊որ բան է ուզում բերել կամ արդեն բերել է իր գլխի՞ն․․․ Տասնմեկը, տասներկուսը, մեկը։ Չեմ գնում ննջարան, անհեթեթություն կլինի այնտեղ մեն-մենակ պառկելն ու սպասելը, և պառկում եմ հենց առանձնասենյակում։ Ուզում եմ զբաղվել մի բանով, նամակ գրել, կարդալ․ ոչինչ չեմ կարողանում։ Նստած եմ մենակ առանձնասենյակում, տանջվում եմ, չարանում ու ականջ դնում։ ժամը երեքն է, չորսն է՝ չկա ու չկա։ Ննջում եմ առավոտվա դեմ։ Արթնանում եմ՝ չի եկել։

Տանն ամեն ինչ ընթանում է առաջվա պես, բայց ամենքը տարակուսանքի մեջ են և կշտամբանքով նայում են ինձ, ենթադրելով, թե այդ ամենի պատճառը ես եմ։ Իսկ իմ ներսում նույն պայքարն է, ուր բախվում են չարությունն այն բանի համար, որ նա տառապանք է պատճառում այդպես, և անհանգստությունը նրա համար։

Տասնմեկի մոտ գալիս է կնոջս քույրը՝ որպես նրա պատգամաբեր։ Եվ սկսվում է սովորական խոսակցությունը․ «Նա սարսափելի դրության մեջ է։ Լավ, ի՛նչ բան է սա»։ «Բայց ախր ոչինչ չի պատահել»։ Խոսում եմ նրա անտանելի բնավորության մասին և ասում, որ ես ոչ մի բան չեմ արել։

― Բայց դա հո չի կարող այդպես շարունակվել,— ասում է քույրը։

— Ամեն ինչ կախված է նրանից և ոչ ինձնից,— ասում եմ։— Ես առաջին քայլը չեմ անի։ Ուզում է բաժանվել՝ բաժանվենք։

Քենիս գնում է ձեռնունայն։ Նրա հետ խոսելիս համարձակորեն ասացի, թե առաջին քայլն ինքս չեմ անի, բայց հենց որ նա գնաց, և ես դուրս եկա առանձնասենյակ ու տեսա երեխաներին՝ խղճալի, վախեցած, արդեն պատրաստ էի անելու առաջին քայլը։ Եվ ուրախությամբ կանեի, բայց չգիտեի՝ ինչպես։ Նորից ետուառաջ եմ քայլում, ծխում, նախաճաշին օղի ու գինի խմում և հասնում այն բանին, ինչին ձգտում եմ անգիտակցաբար չեմ տեսնում իմ հիմար, ստոր վիճակը։

Ժամը երեքի մոտ գալիս է նա։ Հանդիպելով ինձ՝ ոչինչ չի ասում։ Ես ենթադրում եմ, թե նա հաշտվել է, սկսում եմ խոսել այն մասին, թե իմ բռնկումը նրա պարսավանքների հետևանքով եղավ։ Նա նույն խիստ ու սարսափելի տանջահար դեմքով ասում է, թե ինքը չի եկել բացատրվելու համար, այլ եկել է երեխաներին վերցնելու, և թե մենք չենք կարող ապրել միասին։ Ասում, պարզաբանում եմ, որ ես չեմ մեղավորը, որ ինքն ինձ հավասարակշռությունից հանեց։ Նա խիստ, հպարտ հայացքով նայում է ինձ և ապա ասում․

― Այլևս մի խոսիր, դու մեղա ես գալիս։

Ասում եմ, թե տանելով չեմ կարողանում տանել խեղկատակությունները։ Այնժամ նա ինչ-որ բան է ճչում, չեմ հասկանում՝ ինչ, և դուրս է վազում, գնում իր սենյակը։ Եվ ետևից չխկում է բանալին. փակվեց։ Բախում եմ դուռը՝ պատասխան չկա, և հեռանում եմ կատաղած։ Մի կես ժամից վազելով գալիս է Լիզան արցունքն աչքերում։

― Ինչ է, բա՞ն է պատահել։

— Մայրիկը ձայն չի հանում։

Գնում ենք։ Ամբողջ ուժով քաշում եմ դուռը։ Սողնակը վատ է գցված, և երկու փեղկերն էլ բացվում են։ Մոտենում եմ մահճակալին։ Նա շրջազգեստով ու բարձրաճիտք կոշիկներով անհարմար դիրքով պառկած է ուշակորույս։ Փոքրիկ սեղանին ափիոնի դատարկ սրվակ է։ Ուշքի ենք բերում։ Էլի արցունքներ և, վերջապես, հաշտություն։ Բայց ինչ հաշտություն, ամեն մեկիս սրտում էլի նույն չարությունն է իրար հանդեպ՝ գումարած նաև գրգռվածությունն այն ցավի համար, որ պատճառել է այս գժտությունը, և որն ամեն մեկս ամբողջապես վերագրում է մյուսին։ Բայց և հարկավոր է որևէ կերպ վերջ տալ այդ ամենին, և կյանքն ընթանում է առաջվա նման։ Այդպես նույնօրինակ և առավել վատթար վեճ ու կռիվները իրար էին հաջորդում անընդհատ՝ մերթ շաբաթը մեկ, մերթ ամիսը մեկ, մերթ էլ ամեն օր։ Եվ միշտ՝ նույնը և նույնը։ Մի անգամ արտասահմանյան անձնագիր վերցրի,— վեճն ու կռիվն ամբողջ երկու օր տևեց,— բայց հետո նորից՝ կիսաբացատրություններ, կիսահաշտություն, և ես մնացի։


XXI

― Ահա, ուրեմն, այդպիսի հարաբերությունների մեջ էինք մենք, երբ հայտնվեց այդ մարդը։ Մոսկվա եկավ այդ մարդը,— ազգանունը Տրուխաչևսկի է,— և այցելեց ինձ։ Առավոտյան էր։ Ընդունեցի նրան։ Մի ժամանակ «դու»-ով էինք խոսում իրար հետ։ Նա փորձում էր «դու»֊ի և «դուք»֊ի միջև ընկած արտահայտություններով մնալ «դու»֊ի վրա, բայց ես ուղղակիորեն խոսակցությանն ընթացք տվի «դուք»֊ով, և նա անմիջապես ենթարկվեց։ Հենց առաջին հայացքից նա ինձ անասելի դուր չեկավ։ Բայց, զարմանալի է, ինչ֊որ տարօրինակ, ճակատագրական մի ուժ ինձ մղում էր այն բանին, ոչ չվանեմ նրան, չհեռացնեմ, այլ, ընդհակառակն, մոտեցնեմ։ Չէ որ ավելի հեշտ բան չէր կարող լինել, քան այն, որ սառը խոսեի հետը, ճամփու դնեի՝ առանց կնոջս հետ ծանոթացնելու։ Բայց ոչ, ես կարծես դիտմամբ սկսեցի խոսել նրա նվագելու մասին, ասացի, թե լսել եմ, որ նա թողել է ջութակը։ Նա ասաց, թե, ընդհակառակն, ինքը հիմա առաջվանից էլ շատ է նվագում։ Հիշեց, որ ես էլ էի նվագում մի ժամանակ։ Ասացի, թե ես չեմ նվագում այլևս, բայց կինս լավ է նվագում։

Զարմանալի բան, նրա հետ հանդիպելու հենց առաջին օրը, առաջին ժամին իմ վերաբերմունքը նրա հանդեպ այնպիսին էր, ինչպիսին կարող էր լինել այն ամենից հետո միայն, ինչ պատահեց։ Մի տեսակ լարվածություն կար այդ վերաբերմունքի մեջ. ես ուշադրության էի առնում նրա կամ իմ ասած յուրաքանչյուր բառը, արտահայտությունը և կարևոր իմաստ վերագրում դրանց։

Ես նրան ներկայացրի կնոջս։ Իսկույնևեթ խոսակցություն սկսվեց երաժշտության մասին, և նա առաջարկեց իր ծառայությունը՝ նվագել կնոջս հետ։ Կինս, ինչպես միշտ վերջին ժամանակներում, չափազանց նրբավար և գայթակղիչ էր, խռովիչ գեղեցիկ։ Այդ մարդը հավանաբար դուր էր եկել նրան հենց աոաջին հայացքից։ Բացի այդ, կինս ուրախացել էր, որ ջութակի հետ նվագելու հաճույք պիտի վայելի, իսկ նա շատ էր սիրում այդ բանը, այնքան, որ դրա համար ջութակահար էր վարձում թատրոնից, և այժմ այդ ուրախությունն արտահայտվում էր դեմքին։ Բայց, նայելով ինձ, նա անմիջապես հասկացավ իմ ապրումներն ու փոխեց դեմքի արտահայտությունը, և սկսվեց միմյանց խաբելու այդ խաղը։ Ես բարեհամբույր ժպտում էի՝ ցույց տալով, թե դա ինձ համար շատ հաճելի է։ Նա, կնոջս նայելով այնպես, ինչպես բոլոր անառակներն են նայում գեղեցիկ կանանց, ցույց էր տալիս, թե իրեն հետաքրքրում է միայն խոսակցության նյութը, հենց այն, ինչ այլևս բոլորովին չէր հետաքրքրում նրան։ Կինս աշխատում էր անտարբեր երևալ, բայց իրեն ծանոթ՝ խանդոտի իմ կեղծ ժպտուն արտահայտությունը և հյուրի պագշոտ հայացքը, ըստ երևույթին, խռովում էին նրան։ Ես տեսնում էի, որ առաջին իսկ հանդիպումից նրա աչքերում մի առանձին փայլ հայտնվեց և, հավանաբար իմ խանդի հետևանքով, ջութակահարի և նրա միջև կարծես մեկեն էլեկտրական հոսանք հաստատվեց՝ հարուցված արտահայտությունների, հայացքների ու ժպիտների ներդաշնակությունից։ Կինս կարմրում էր՝ նա էլ էր կարմրում, կինս ժպտում էր՝ ժպտում էր և նա։ Խոսեցինք երաժշտության, Փարիզի, զանազան դատարկ բաների մասին։ Նա վեր կացավ, որ գնա, և ժպտալով, լայնեզր գլխարկը թեթևակի ճոճվող ազդրի վրա պահած կանգնել նայում էր մեկ կնոջս, մեկ ինձ, կարծես սպասելով, թե ինչ ենք անելու։ Ես այդ պահը հիշում եմ հենց այն պատճառով, որ այդ րոպեին կարող էի չհրավիրել նրան, և այնժամ ոչինչ չէր լինի։ Բայց ես հայացք նետեցի նրան, կնոջս։ «Մտքովդ էլ չանցնի, թե ես խանդում եմ քեզ համար»,— մտովի ասացի կնոջս,— «կամ թե վախեցա քեզնից»,— մտովի ասացի մյուսին և նրան հրավիրեցի մի երեկո գալ ջութակով՝ կնոջս հետ նվագելու։ Կինս զարմացած նայեց ինձ, կարմրատակեց և, կարծես վախեցած, սկսեց հրաժարվել ասելով, թե ինքն այնքան էլ լավ չի նվագում։ Նրա այդ հրաժարումն ավելի գրգռեց ինձ, և ես ավելի համառորեն պնդեցի։ Հիշում եմ, թե ինչ տարօրինակ զգացումով էի նայում ջութակահարի ծոծրակին, սպիտակ վզին, որ սահմանազատվում էր սև, երկու կողմի վրա սղալված մազերից, երբ նա իր ցատկոտուն, մի տեսակ թռչնային քայլվածքով դուրս էր գալիս մեր մոտից։ Չէի կարող ինքս ինձ չխոստովանել, որ այդ մարդու ներկայությունը տանջալի էր ինձ համար։ «Ինձնից է կախված,— մտածում էի,— այնպես անել, որ երբեք չտեսնենք նրան»։ Բայց այդպես անել նշանակում էր խոստովանել, որ վախենում եմ նրանից։ Ոչ, ես նրանից չեմ վախենում։ Չափից դուրս նվաստացուցիչ կլիներ դա, ասում էի ինքս ինձ։ Եվ տեղնուտեղը, նախասենյակում, իմանալով, որ կինս լսում է, ես հորդորեցի նրան, որ հենց այդ երեկո վերցնի ջութակն ու գա։ Նա խոստացավ ու գնաց։

Երեկոյան եկավ ջութակով, և նրանք սկսեցին նվագել։ Բայց համատեղ նվագը երկար ժամանակ չէր ստացվում, չկային նրանց անհրաժեշտ նոտաները, իսկ եղածով կինս չէր կարող նվազել առանց նախապատրաստության։ Ես շատ էի սիրում երաժշտություն և աջակցում էի նրանց կատարմանը, նոտակալը կարգի բերում, շուռ տալիս թերթերը։ Եվ նրանք նվագեցին որոշ բաներ՝ ինչ֊որ երգեր առանց խոսքի և Մոցարտի փոքրիկ սոնատը։ Նա հիանալի էր նվագում և վերին աստիճանի օժտված էր այն բանով, ինչին տոն են ասում։ Բացի այդ, նուրբ, ընտիր ճաշակ ուներ, որ բոլորովին ներհատուկ չէր նրա բնավորությանը։

Նա, իհարկե, որպես երաժիշտ շատ ավելի ուժեղ էր կնոջիցս և օգնում էր նրան ու միաժամանակ նրբանկատորեն գովում նրա նվագը։ Շատ լավ էր պահում իրեն։ Կինս, թվում է, տարված էր միայն երաժշտությամբ և չափազանց պարզ ու բնական էր։ Իսկ ես թեև ցույց էի տալիս, թե ուշք ու միտքս երաժշտությանն է, ամբողջ երեկո անընդհատ տանջվում էի խանդից։

Առաջին իսկ վայրկյանից, հենց նրա հայացքը հանդիպեց կնոջս հայացքին, ես տեսա, որ նրանց երկուսի ներսում թաքնված գազանը, անկախ դիրքի և հասարակության բոլոր պայմաններից, հարցրեց՝ «Կարելի՞ է», և պատասխանը եղավ «Օ՜, այո՛, սիրով»։ Ես տեսա, որ այդ մարդը բնավ չէր սպասում հանձին իմ կնոջ՝ մոսկովյան դամայի, հանդիպել այդպիսի հրապուրիչ մի կնոջ, և շատ ուրախ էր դրա համար, որովհետև ոչ մի կասկած չուներ, որ նա համաձայն է։ Ամբողջ խնդիրն այն էր միայն, որ չխանգարեր անտանելի ամուսինը։ Եթե անմեղ լինեի՝ չէի հասկանա այդ բանը, սակայն ես էլ տղամարդկանց մեծամասնության նման այդպես էի մտածում կանանց մասին ամուսնությունից առաջ, ուստի և պարզեիպարզ կարդում էի նրա մտքերը։ Ես առանձնապես տանջվում էի այն բանից, որ պարզ տեսնում էի՝ կինս իմ նկատմամբ ուրիշ զգացում չուներ հարատև սրտնեղությունից բացի, որը դեպքից դեպք էր միայն ընդհատվում սովոր ցանկասիրությամբ, իսկ այս մարդն իր արտաքին նրբագեղությամբ ու նոր երևույթով և, որ գլխավորն է, երաժշտական անվիճելի խոշոր տաղանդով, համատեղ կատարումից առաջ եկած մերձեցմամբ, տպավորվող խառնվածքների վրա երաժշտության միջոցով իր գործած ազդեցությամբ պետք է որ ոչ միայն դուր գա, այլև հաստատապես, առանց դույզն ինչ վարանման հաղթի, ճզմի, ոլորի նրան, պարան հյուսի նրանից, անի ինչ ուզում է։ Ես չէի կարող չտեսնել այդ բանը, և սարսափելի տանջվում էի։ Բայց չնայած դրան կամ գուցե և դրա հետևանքով ինչ֊որ ուժ իմ կամքին հակառակ ստիպում էր, որ մի առանձին ձևով ոչ միայն քաղաքավարի, այլև սիրալիր լինեմ նրա հետ։ Կնոջս համա՞ր էի անում արդյոք այդ բանը, Նրա՞ համար, որ ցույց տամ, թե չեմ վախենում իրենից, ի՞նձ համար արդյոք, որ խաբեմ ինքս ինձ,— չգիտեմ, միայն գիտեմ այն, որ մեր փոխհարաբերության սկզբից իսկ ես չէի կարողանում նրա հետ պարզ ու հասարակ լինել։ Հենց տեղնուտեղը նրան սպանելու ցանկությանը չենթարկվելու համար ես պետք է փաղաքշեի նրան։ Ես նրան ընթրիքին թանկ գինի խմեցրի, հիացմունքով խոսեցի նրա նվագի մասին, մի առանձին գորովալի ժպիտով զրուցեցի հետը և հրավիրեցի, որ հաջորդ կիրակի գա մեզ մոտ ճաշելու և էլի կնոջս հետ նվագելու։ Ասացի, թե կկանչեմ մեր ծանոթներից ոմանց՝ երաժշտասերների, որ լսեն նրան։ Ու երեկոն այդպես էլ վերջացավ։

Եվ Պոզդնիշևը խիստ հուզված փոխեց դիրքն ու արձակեց իր յուրահատուկ հնչյունը։

― Տարօրինակ է, թե ինչպես էր ինձ վրա ազդում այդ մարդու ներկայությունը,— նորից սկսեց նա՝ ակներևաբար ճիգ գործադրելով խաղաղվելու համար։— Դրանից հետո երկրորդ թե երրորդ օրը տուն եմ գալիս ցուցահանդեսից, մտնում եմ նախասենյակ և հանկարծ զգում, որ քարի պես մի բան է ծանրանում սրտիս, ու չեմ կարողանում գլխի ընկնել, թե ինչ է դա։ Իսկ այդ մի բանն այն էր, որ նախասենյակով անցնելիս նկատել էի նրան հիշեցնող ինչ-որ առարկա։ Միայն առանձնասենյակում մտքիս հասավ, թե ինչ էր դա, և վերադարձա նախասենյակ՝ ինքս ինձ ստուգելու։ Այո, չէի սխալվել․ նրա վերարկուն էր։ Գիտեք, մոդայական գրատ։ (Նրան վերաբերող ամեն ինչ, թեև առանց ինձ հաշիվ տալու, նկատում էի արտակարգ ուշադրությամբ)։ Հարցնում եմ՝ այդպես է որ կա, նա այստեղ է։ Դահլիճ գնալու համար անցնում եմ ոչ թե հյուրասենյակով, այլ դասասենյակով։ Աղջիկս՝ Լիզան նստած գրքույկ է կարդում, և դայակը փոքրիկի հետ ինչ-որ կափարիչ է պտտեցնում սեղանի մոտ։ Դահլիճի դուռը փակ է, և այնտեղից լսում եմ համաչափ arpeggio և նրա ու կնոջս ձայները։ Սրում եմ ականջս, բայց չեմ կարողանում հասկանալ ինչի մասին են խոսում։ Հավանաբար դաշնամուրի հնչյունները հատկապես այն նպատակն ունեն, որ խլացնեն նրանց խոսքերը, գուցե և համբույրի ձայնը։ Աստված իմ, այդ պահին ի՜նչ կատարվեց իմ մեջ։ Հենց հիշում եմ այն ժամանակ ներսումս եղած գազանին, սարսափ է պատում ինձ։ Սիրտս հանկարծ սեղմվեց, կանգ առավ և հետո սկսեց զարկել մուրճի պես։ Գլխավոր զգացումը, ինչպես միշտ, ամեն տեսակ վրդովմունքի դեպքում, խղճահարությունն էր ինքս իմ հանդեպ։ «Եվ երեխաների՜, դայակի ներկայությամբ»,— անցավ մտքովս։ Հավանաբար կերպարանքս ահավոր էր, որովհետև Լիզան էլ էր նայում տարօրինակ հայացքով։ «Ի՞նչ անեմ հիմա,— հարց տվի ինքս ինձ։— Մտնե՞մ։ Ես չեմ կարող, ես աստված գիտի թե ինչ կանեմ»։ Բայց և չեմ կարող հեռանալ։ Դայակը նայում է ինձ այնպես, կարծես հասկանում է իմ վիճակը։ «Բայց անկարելի է չմտնել»,— ասացի ինքս ինձ և արագ բացեցի դուռը։ Նա նստած էր ռոյալի առաջ և այդ arpeggio-ներն էր կատարում դեպի վեր կորացած, երկար, սպիտակ մատներով։ Կինս կանգնած էր ռոյալի անկյունում, դեմը՝ բաց նոտաներ։ Առաջինը նա տեսավ կամ լսեց և նայեց իմ կողմը։ Վախեցա՞վ արդյոք ու ձևացրեց՝ իբր չվախեցավ, թե՞ իրոք չվախեցավ. այսպես թե այնպես, նա չցնցվեց, չշարժվեց, այլ շիկնեց միայն, այն էլ հետո։

― Որքան ուրախ եմ, որ եկար, մենք չէինք կարողանում որոշել, թե ինչ նվագենք կիրակի օրը,— ասաց այնպիսի արտահայտությամբ, որով չէր խոսի ինձ հետ, եթե մենակ լինեինք։ Այս բանը և այն, որ նա «մենք» ասաց իր և նրա մասին, վրդովեցին ինձ։ Լուռ ողջունեցի Տրուխաչևսկուն։

Նա սեղմեց իմ ձեռքն ու անմիջապես մի ժպիտով, որ ինձ ուղղակի ծաղրական թվաց, սկսեց բացատրել, թե ինքը նոտաներ է բերել կիրակի երեկոյին նախապատրաստվելու համար, և ահա իրենց միջև տարաձայնություն կա, թե ինչ նվագեն՝ ավելի դժվարին ու դասական ստեղծագործությո՞ւն, այն է՝ Բեթհովենի ջութակի և դաշնամուրի սոնատը, թե՞ փոքրիկ գործեր։ Ամեն ինչ այնքան բնական էր ու պարզ, որ անկարելի էր մանրախնդրությամբ կպչել որևէ բանից, բայց միաժամանակ վստահ էի, որ այդ ամենը կեղծիք էր, որ նրանք պայմանավորվել էին, թե ինչպես խաբեն ինձ։

Խանդոտների համար (իսկ մեր հասարակական կյանքում խանդոտներ են ամենքն էլ) ամենատանջալի հարաբերություններից մեկը աշխարհիկ որոշ պայմաններն են, որոնց դեպքում թույլատրվում է ամենասերտ ու վտանգավոր մերձությունը տղամարդու և կնոջ միջև։ Մարդկանց ծաղրի առարկա կդառնաս, եթե փորձես արգելել մերձությունը պարահանդեսներում, բժշկի և բուժվող կնոջ միջև, արվեստով՝ նկարչությամբ և, գլխավորապես, երաժշտությամբ պարապելու ժամանակ։ Մարդիկ միասին զբաղվում են ամենաազնիվ արվեստով՝ երաժշտությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի մոտիկություն, որ ոչ մի դատապարտելի բան չունի իր մեջ, և անմիտ, խանդոտ ամուսինը միայն կարող է այդտեղ անցանկալի որևէ բան տեսնել։ Մինչդեռ ամենքը գիտեն, որ հենց այդ պարապմունքների, մանավանդ երաժշտությամբ մեկտեղ զբաղվելու միջոցով է լինում ամուսնական դավաճանությունների մեծ մասը մեր հասարակության մեջ։ Ես ակներևաբար շփոթեցրի նրանց իմ ներսում ի հայտ եկած շփոթությամբ, երկար ժամանակ ոչինչ չէի կարողանում ասել։ Ես նման էի շուռ տված շշի, որից ջուրը չի թափվում հենց այն պատճառով, որ չափից դուրս լիքն է։ Ուզում էի հայհոյել, վռնդել նրան, բայց զգում էի, որ պետք է նորից բարեհամբույր ու սիրալիր լինեմ նրա հետ։ Այդպես էլ արեցի։ Ձևացրի, թե հավանություն եմ տալիս ամեն ինչին, և նորից այն տարօրինակ զգացումով, որ ստիպում էր առավել սիրալիր լինել նրա հետ՝ այնքան, որքան ինձ համար տանջալի էր նրա ներկայությունը, ասացի նրան, թե վստահում եմ իր ճաշակին և նույնն էլ խորհուրդ եմ տալիս կնոջս։ Նա մի քիչ էլ մնաց՝ այնքան ժամանակ, որ անհրաժեշտ էր անհաճո տպավորությունը հարթելու համար, երբ ես անակնկալ, վախեցած դեմքով մտել էի սենյակ ու պապանձվել,— և գնաց՝ ձևացնելով, թե արդեն որոշեցին վաղը կատարվելիք ստեղծագործությունը, իսկ ես միանգամայն համոզված էի, որ իրենց զբաղեցնող խնդրի համեմատ այն հարցը, թե մյուս օրն ինչ պիտի նվագեն, կատարելապես անէական էր նրանց համար։

Ես մի առանձին քաղաքավարությամբ ուղեկցեցի նրան մինչև նախասենյակ (ինչպե՜ս հարգանքով չճանապարհես մի մարդու, որ եկել է մի ամբողջ ընտանիքի անդորրը խախտելու և բարօրությունը կործանելու․․․)։ Ես հատուկ սիրալիրությամբ սեղմեցի նրա սպիտակ, փափլիկ ձեռքը։


XXII

― Այդ ամբողջ օրը ես չխոսեցի կնոջս հետ, չէի կարող։ Նրա մոտիկությունն այնպիսի ատելություն էր առաջ բերում իմ մեջ նրա նկատմամբ, որ վախենում էի ինքս ինձնից։ Ճաշի ժամանակ նա երեխաների ներկայությամբ հարցրեց, թե երբ եմ մեկնելու։ Հաջորդ շաբաթ պետք է գնայի գավառ՝ համագումարի։ Ասացի՝ երբ։ Հարցրեց, թե ինձ որևէ բան պետք չէ՞ ճանապարհին։ Ոչինչ չպատասխանեցի և էլի մի քիչ լուռ նստած մնացի սեղանի մոտ և այդպես լուռ էլ քաշվեցի առանձնասենյակս։ Վերջին ժամանակները նա երբեք չէր գալիս ինձ մոտ՝ առանձնասենյակ, մանավանդ այդ ժամին։ Պառկել էի իմ սենյակում և չարանում էի ինձուինձ։ Հանկարծ՝ ծանոթ ոտնաձայն։ Եվ գլխումս մի ահավոր, անհեթեթ միտք ծագեց, թե նա, Ուրիայի կնոջ պես, ուզում է թաքցնել արդեն կատարած իր մեղքը և դրա համար է նման անպատեհ ժամի գալիս մոտս։ «Մի՞թե ինձ մոտ է գալիս»,— մտածեցի՝ ականջ դնելով նրա մոտեցող ոտնաձայնին։ Եթե գալիս է ինձ մոտ, ուրեմն ես իրավացի եմ։ Եվ ներսումս անասելի ատելություն է բարձրանում նրա դեմ։ Ոտնաձայնը մոտենում է ավելի ու ավելի։ Չի՞ անցնի դռան մոտով, չի՞ գնա դահլիճ։ Ոչ, դուռը ճռռում է, և դռան մեջ հայտնվում է նա՝ բարձրահասակ, գեղիրան, և դեմքին, աչքերում՝ վեհերոտություն ու հաճոյանալու ձգտում, որ ուզում է թաքցնել, բայց որը ես տեսնում եմ, և որի նշանակությունը հայտնի է ինձ։ Քիչ է մնում շնչասպառ լինեմ, այնքան երկար եմ պահել շունչս, և, շարունակելով նայել նրան, վերցնում եմ գլանակատուփն ու ծխախոտ վառում։

― Դա ինչ բան է, եկել եմ հետդ մի քիչ նստելու, իսկ դու ծխելուն անցար,— և նա նստեց կողքիս, բազմոցին՝ հենվելով ինձ։

Ես մի կողմ քաշվեցի, որ չկպչեմ նրան։

― Տեսնում եմ՝ դժգոհ ես, որ ուզում եմ նվագել կիրակի օրը,— ասաց նա։

― Ես բոլորովին էլ դժգոհ չեմ,— ասացի։

― Ինչ է, չե՞մ տեսնում ։

― Էհ, շնորհավորում եմ, որ դու տեսնում ես։ Իսկ ես ոչինչ չեմ տեսնում, բացի այն բանից, որ դու քեզ պահում ես կոկոտկայի նման...

― Եթե պիտի հայհոյես կառապանի պես, ավելի լավ է՝ գնամ։

― Գնա, միայն թե իմացիր, որ եթե քեզ համար թանկ չէ ընտանիքի պատիվը, ինձ համար էլ դու չես թանկ (սատանան քեզ հետ), այլ ընտանիքի պատիվը։

― Ի՞նչ, ի՞նչ։

― Հեռացիր, ի սեր աստուծո, հեռացի՞ր։

Ձևացնո՞ւմ էր, թե չի հասկանում՝ խոսքն ինչի մասին է, թե՞ իսկապես չէր հասկանում, պարզ չէր, միայն թե վիրավորվեց ու զայրացավ։ Ելավ տեղից, բայց դուրս չգնաց, այլ կանգ առավ սենյակի մեջտեղում։

― Դու վերջնականապես անտանելի ես դարձել,— սկսեց նա։— Այնպիսի բնավորություն ունես, որ հրեշտակն էլ քեզ հետ չի կարող ապրել,— և սովորականի պես աշխատելով հնարավորին չափ ցավոտ խայթել, հիշեցրեց իմ վարմունքը քրոջս հետ (իմ ու քրոջս միջև եղած մի պատահար էր դա, երբ ես դուրս եկա ափերից և կոպիտ խոսքեր ասացի նրան․ կինս գիտեր, որ դա տանջում է ինձ, և այդ տեղն էր խայթում)։— Դրանից հետո այլևս ոչինչ չի կարող զարմացնել ինձ՝ ինչ էլ ասես ու անես,— ավելացրեց նա։

«Այո, վիրավորես, ստորացնես, խայտառակես ու վերջն էլ ինձ մեղավոր դուրս բերես»,— ասացի ինքս ինձ և հանկարծ այնպիսի ահավոր չարությամբ լցվեցի նրա դեմ, ինչպիսին դեռ երբեք չէի զգացել։

Առաջին անգամ ցանկություն ունեցա ֆիզիկապես արտահայտել այդ չարությունը։ Վեր թռա տեղիցս ու շարժվեցի դեպի նա․ բայց հենց այն վայրկյանին, երբ վեր թռա տեղիցս, հիշում եմ, գիտակցեցի իմ չարությունն ու հարց տվի ինքս ինձ, թե լա՞վ է արդյոք անձնատուր լինել այդ զգացումին, և իսկույն էլ պատասխանեցի ինքս ինձ, որ լավ է դա, որ այդ բանը կվախեցնի նրան, և անմիջապես, այդ չարությանը հակառակվելու փոխարեն, ես էլի սկսեցի հրահրել իմ մեջ ուրախանալով, որ այն ավելի ու ավելի է բորբոքվում։

― Չքվի՛ր, թե չէ կսպանեմ,— բղավեցին մոտենալով նրան և ճանկելով ձեռքը։ Այդ ասելիս ես գիտակցաբար սաստկացրի չարության շեշտը ձայնիս մեջ։ Եվ հավանաբար ահավոր էր իմ կերպարանքը, որովհետև նա այնպես էր վախեցել, որ նույնիսկ ուժ չուներ դուրս գնալու, և ասում էր միայն.

― Ինչ է, Վասյա, ի՞նչ պատահեց քեզ...

― Հեռացի՛ր,— գոռացի ավելի բարձր։— Դու միայն կատաղության կարող ես հասցնել ինձ։ Ես պատասխանատու չեմ ինձ համար։

Ելք տալով իմ կատաղությանը, ես արբենում էի նրանով և ուզում էի էլի որևէ արտասովոր բան անել, այնպիսի մի բան, որը ցույց տար իմ այդ մոլեգնության վերին աստիճանը։ Ես սարսափելի ուզում էի ջարդել, սպանել նրան, բայց գիտեի, որ չի կարելի դա, ուստի և այնուհանդերձ իմ կատաղությանն ընթացք տալու համար վերցրի սեղանից պրես֊պապյեն և մի անգամ էլ գոռալով՝ «Հեռացի՜ր», նրա մոտով շպրտեցի հատակին։ Ես շատ լավ էի նշան առել, որ պրես֊պապյեն անցներ նրա կողքով։ Այնժամ նա գնաց սենյակից, բայց կանգ առավ դռան մեջ։ Եվ հենց այդ պահին, քանի դեռ նա տեսնում էր (ես դա անում էի, որ նա տեսներ), սկսեցի սեղանից վերցնել աչքովս ընկած առարկաները՝ մոմակալներ, թանաքաման, նետել հատակին՝ շարունակելով գոռալ․

― Հեռացի՛ր, չքվի՛ր։ Ես պատասխանատու չեմ ինձ համար։

Նա գնաց, և ես իսկույն ևեթ վերջ տվի։

Մի ժամից մոտս եկավ դայակն ու ասաց, թե կինս բռնվել է հիստերիկայով։ Գնացի, նա հեկեկում էր, ծիծաղում, չէր կարողանում խոսել և ցնցվում էր ամբողջ մարմնով։ Չէր ձևանում, այլ իսկապես հիվանդ էր։

Առավոտյան դեմ հանգստացավ, և մենք հաշտվեցինք այն զգացումի ազդեցության տակ, որ մենք սեր էինք անվանում։

Առավոտյան, երբ հաշտությունից հետո խոստովանեցի նրան, որ խանդում էի Տրուխաչևսկու կապակցությամբ, նա բոլորովին չշփոթվեց և ամենաբնական ձևով ծիծաղեց։ Իր ասելով, մինչև անգամ իրեն աներևակայելիորեն արտառոց էր թվում այդպիսի անձնավորությամբ հրապուրվելու հնարավորությունը։

― Մի՞թե նման մարդու հանդեպ օրինավոր կնոջ մեջ հնարավոր է որևէ այլ զգացում, բացի այն հաճույքից, որ պարգևում է երաժշտությունը։ Իսկ եթե կուզես՝ պատրաստ եմ երբեք չտեսնել նրան։ Նույնիսկ կիրակի երեկոյան, թեև հրավիրված են բոլորը։ Գրիր նրան, որ ես տկար եմ, ու վերջ։ Մի բան է զզվելի, որ որևէ մեկը, հիմնականում՝ հենց ինքը, կարող է մտածել, թե նա իրենից վտանգ է ներկայացնում։ Իսկ ես չափից դուրս հպարտ եմ, որպեսզի թույլ տամ նման բան մտածել։

Եվ նա ախր չէր ստում, հավատում էր իր ասածին, նա հույս ուներ այդ խոսքերով իր մեջ արհամարհանք հարուցել Տրուխաչևսկու հանդեպ և դրանով իրեն պաշտպանել նրանից, բայց չհաջողվեց այդ բանը։ Ամեն ինչ ուղղված էր նրա դեմ, առանձնապես այդ անիծյալ երաժշտությունը։ Այդպես էլ ամեն ինչ եզրափակվեց, և կիրակի օրը հավաքվեցին հյուրերը, և նրանք նվագեցին նորից։


XXIII

― Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ ես խիստ սնափառ էի. չէ որ եթե սնափառ չլինես մեր առօրյա կյանքում, էլ ինչով ապրես։ Եվ ես, ուրեմն, կիրակի օրը հաճությամբ սկսեցի զբաղվել ճաշկերույթն ու երաժշտական երեկոն կազմակերպելու գործով։ Ինքս գնեցի ճաշի մթերք-բանը և կանչեցի հյուրերին։

Վեցի մոտ հավաքվեցին հյուրերը, և նա էլ եկավ՝ ադամանդե ցածրաճաշակ ճարմանդներով ֆրակ հագած։ Իրեն պահում էր չափից դուրս ազատ, ամեն ասածի պատասխանում էր հապշտապ, համաձայնություն և դյուրըմբռնում ցուցադրող թեթև ժպիտով, գիտեք, այն հատուկ արտահայտությամբ, որ ինչ էլ անի կամ ասի դիմացինը՝ հենց այն է, ինչին սպասում էր ինքը։ Նրա մեջ եղած ամենայն պարսավելին ես հիմա նկատում էի մի առանձին բավականությամբ, որովհետև այդ ամենը պետք է հանգստացներ ինձ ու ցույց տար, թե կնոջս համար նա կանգնած էր այնպիսի ցածր աստիճանի վրա, որ այդքան ինքը չէր կարող իջնել, ինչպես հենց կինս էր ասում։ Այժմ այլևս ինձ թույլ չէի տալիս խանդել։ Նախ՝ արդեն շատ էի տանջվել այդ ցավից, և ինձ հանգստանալ էր պետք, և ապա ուզում էի հավատալ կնոջս հավաստիացումներին ու հավատում էի։ Սակայն չնայած չէի խանդում, այնուհանդերձ անբնական էի Տրուխաչևսկու և կնոջս հետ՝ թե ճաշի ժամանակ և թե երեկոյի առաջին կեսին, մինչև որ սկսվեց երաժշտությունը։ Ես դեռ շարունակում էի հետևել նրանց շարժումներին ու հայացքներին։

Ճաշը ճաշ էր սովորականի պես՝ տաղտկալի, բռնազբոսիկ։ Բավական վաղ սկսվեց երաժշտությունը։ Ա՜հ, ինչպես եմ հիշում այդ երեկոյի բոլոր մանրամասնությունները, հիշում եմ, թե ինչպես նա բերեց ջութակը, բացեց պատյանը, ետ քաշեց դամայի ձեռքով ասեղնագործված ծածկոցը, հանեց ու սկսեց լարել։ Հիշում եմ, թե ինչպես կինս ռոյալի առջև նստեց շինծու անտարբերությամբ, որի տակ, տեսնում էի, նա մեծ վեհերոտություն էր թաքցնում՝ երկյուղ առավելապես իր կարողությունների հանդեպ,— նստեց շինծու տեսքով, և սկսվեցին սովորական la-ն դաշնամուրի վրա, ջութակի պիչչիկատոն, նոտաների տեղադրումը։ Հիշում եմ այնուհետև, թե ինչպես նրանք նայեցին իրար, հայացքները սահեցրին նստածների վրայով, հետո ինչ֊որ բան ասացին իրար, և սկսվեց։ Տրուխաչևսկին վերցրեց առաջին ակորդը։ Դեմքը դարձավ լուրջ, խիստ, համակրելի, և նա, ականջ դնելով իր հնչյուններին, զգուշավոր մատներով քաշեց լարերը, և ռոյալը պատասխանեց նրան։ Եվ սկսվեց...

Պոզդնիշևն ընդհատեց խոսքն ու մի քանի անգամ իրար ետևից արձակեց իր հնչյունները։ Ուզում էր շարունակել, սակայն ֆսֆսացրեց քթով և նորից կանգ առավ։

― Նրանք նվագում էին Բեթհովենի Կրեյցերյան սոնատը։ Գիտե՞ք արդյոք առաջին պրեստոն։ Գիտե՞ք,— ճչաց նա։— Ու-ո՜ւ․․․ Ահավոր բան է այդ սոնատը։ Հատկապես այդ մասը։ Եվ ընդհանրապես ահավոր բան է երաժշտությունը։ Ի՞նչ է դա։ Ես չեմ հասկանում։ Ի՞նչ է երաժշտությունը։ Ի՞նչ է նա անում։ Եվ ինչո՞ւ է անում այն, ինչ անում է։ Ասում են՝ երաժշտությունը հոգին վեհացնող ներգործություն ունի. հիմարությո՛ւն է, սո՛ւտ։ Երաժշտությունը ներգործում է, այո, սարսափելի է ներգործում, ես խոսում եմ իմ մասին, բայց ամենևին էլ ոչ հոգին վեհացնելով, այլ գրգռելով։ Երաժշտությունն իր ազդեցությամբ ոչ վեհացնում է հոգին, ոչ էլ նվաստացնում, այլ գրգռում է միայն։ Ինպե՞ս ձեզ ասեմ։ Երաժշտությունն ստիպում է մոռանալ ինքս ինձ, իմ իսկական վիճակը, ինձ փոխադրում, հաստատում է ինչ-որ ուրիշ, ոչ իմ վիճակի մեջ, երաժշտության ազդեցության տակ ինձ թվում է, թե ես զգում եմ այնպիսի մի բան, որ ըստ էության չեմ զգում, թե ես հասկանում եմ մի բան, որ իրականում չեմ հասկանում, թե կարող եմ անել մի բան, որ իրապես չեմ կարող։ Ես դա բացատրում եմ նրանով, որ երաժշտությունն ազդում է հորանջի նման, ծիծաղի նման, ես քնել չեմ ուզում, բայց հորանջում եմ՝ նայելով հորանջող մարդու, ծիծաղելու ոչինչ չկա, բայց ծիծաղում եմ՝ լսելով քրքջացող մեկին։

Երաժշտությունը միանգամից, անմիջականորեն ինձ փոխադրում է այն հոգեվիճակը, որի մեջ գտնվել է նա, ով գրել է այդ երաժշտությունը։ Ես միաձուլվում եմ նրա հետ հոգով և միաժամանակ մի վիճակից անցնում մյուսին, բայց թե ինչու եմ այդ բանն անում՝ չգիտեմ։ Չէ որ նա, ով գրել է հենց թեկուզ Կրեյցերյան սոնատը՝ Բեթհովենը, իմացել է, թե ինչու է ինքը գտնվում նման վիճակում, այդ վիճակը նրան հանգեցրել է որոշակի գործողության, ուստի և նրա համար այդ վիճակն իմաստ է ունեցել, մինչդեռ այն ինձ համար ոչ մի իմաստ չունի։ Այդ պատճառով էլ երաժշտությունը գրգռում է միայն, չի ավարտում։ Լավ, ասենք զինվորական քայլերգ են նվագում, քայլերգի տակ անցնում են զինվորները, և երաժշտությունը տեղ է հասնում, պարեղանակ են նվագում, ես պարում եմ, երաժշտությունը տեղ է հասնում, ասենք, պատարագ են երգում, ես հաղորդվում եմ, և էլի երաժշտությունը տեղ հասավ․․․ Թե չէ՝ միայն գրգռմունք, իսկ թե ինչ պետք է անես այդ գրգռվածության մեջ հայտնի չէ։ Եվ դրա համար էլ երաժշտությունը երբեմն այդքան ահավոր, այդքան սարսափելի է ազդում մարդու վրա։ Չինաստանում երաժշտությունը պետական գործ է։ Եվ դա այդպես էլ պետք է լինի։ Մի՞թե կարելի է թույլ տալ, որ ով ուզում է հիպնոսի մի ուրիշ մարդու կամ շատերին և հետո նրանց հետ վարվի իր կամեցած ձևով։ Եվ, որ գլխավորն է, այդ հիպնոսիչը լինի առաջին պատահած անբարոյականը։

Թե չէ տեսեք այդ ահավոր միջոցն ում ձեռքն է ընկել։ Օրինակ, թեկուզև այդ Կրեյցերյան սոնատը, առաջին պրեստոն։ Մի՞թե կարելի է այդ պրեստոն նվագել հյուրասենյակում, լանջաբաց կանանց միջավայրում։ Նվագել և ապա ծափահարել, հետո էլ պաղպաղակ ուտել ու խոսել վերջին ասեկոսեների շուրջ։ Նման գործերը կարելի է նվագել միայն որոշ կարևոր, նշանակալի հանգամանքներում և այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել որոշակի, այդ երաժշտությանը համապատասխան ծանրակշիռ արարմունքներ։ Նվագել և անել այնպիսի բան, որին տրամադրել է այդ երաժշտությունը։ Այլապես թե տեղին և թե ժամանակին անհամապատասխան՝ ոչ մի կերպ չդրսևորվող էներգիայի, զգացմունքի հարուցումը չի կարող կործանարար ազդեցություն չունենալ։ Ինձ վրա, համենայն դեպս, այդ գործը սարսափելի ներգործություն ունեցավ․ իմ առջև ասես բացվեցին միանգամայն նոր թվացող զգացումներ, նոր հնարավորություններ, որոնց գոյությանն անտեղյակ էի մինչ այդ։ Այսինքն՝ բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես առաջներում մտածել էի ու ապրել, այլ այնպես, ինչպես իմ հոգին էր թելադրում։ Թե ինչ էր այն նորը, որին հասու եղա՝ չէի կարող պարզորոշ ասել, բայց այդ նոր վիճակի գիտակցումը խիստ բերկրալի էր։ Շուրջս էլի նույն մարդիկ էին, սակայն ամենքը, այդ թվում և կինս ու նա, աչքիս երևացին բոլորովին այլ լույսի տակ։

Պրեստոյից հետո նրանք նվազեցին գեղեցիկ, բայց սովորական, ոչ նորագյուտ andante-ն՝ անհամ վարիացիաներով և կատարելապես թույլ ֆինալը։ Այնուհետև, հյուրերի խնդրանքով, էլի նվագեցին՝ Էռնստի «Էլեգիան» ու զանազան մանր բաներ։ Այդ ամենը լավ էր, բայց ինձ վրա չթողեց մեկ տոկոսն անգամ այն տպավորության, որ գործել էր առաջինը։ Այդ ամենը կատարվում էր արդեն առաջինի թողած տպավորության ֆոնի վրա։ Ես ինձ թեթև, զվարթ էի զգում ամբողջ երեկոյին։ Իսկ կնոջս երբեք չէի տեսել այնպիսին, ինչպիսին էր նա այդ երեկո։ Այդ շողացող աչքերը, դեմքի այդ խիստ, նշանակալի արտահայտությունը նվագելիս և այդ մի տեսակ կատարյալ մեղկացումը, թույլ, խղճալի, երանալից ժպիտը ավարտելուց հետո։ Ես տեսնում էի այդ ամենը, բայց ոչ մի ուրիշ նշանակություն չէի տալիս դրան, բացի այն բանից, որ նա էլ է զգացել նույնը, ինչ ես, որ նա էլ է ինձ նման հայտնաբերել, ասես վերհիշել նոր, չապրված զգացումներ։ Երեկոն ավարտվեց բարեհաջող, և բոլորը ցրվեցին։

Իմանալով, որ երկու օրից պիտի գնամ համագումարի, Տրուխաչևսկին հրաժեշտի ժամանակ ասաց, թե հույս ունի իր մյուս գալստյանը երկրորդել այս երեկոյի պատճառած բավականությունը։ Դրանից ես կարող էի եզրակացնել, որ նա հնարավոր չի համարում մեր տանը լինել առանց ինձ, և դա հաճելի էր ինձ համար։ Կնշանակի՝ քանի որ ես չեմ վերադառնա մինչև նրա մեկնելը, մենք այլևս չենք տեսնվի։

Ես առաջին անգամ իսկական հաճույքով սեղմեցի նրա ձեռքը և շնորհակալություն հայտնեցի բավականության համար։ Նա կնոջս էլ հիմնավորապես հրաժեշտ տվեց։ Եվ նրանց հրաժեշտն ինձ շատ բնական ու պատշաճավոր թվաց։ Ամեն ինչ հիանալի էր։ Ես էլ, կինս էլ խիստ գոհ էինք երեկույթից։

XIV

― Երկու օրից ես մեկնեցի գավառ՝ ամենալավ, հանգիստ տրամադրությամբ հրաժեշտ տալով կնոջս։ Գավառում միշտ էլ շատ էին գործերը և բոլորովին ուրիշ կյանք էր, ուրիշ աշխարհ։ Երկու օր ես տասական ժամ անցկացրի պաշտոնատանը։ Երրորդ օրը կնոջիցս նամակ բերեցին պաշտոնատուն։ Հենց այդտեղ էլ կարդացի։ Գրում էր երեխաների, քեռու, դայակի, գնումների և ի միջի այլոց, ինչպես սովորական մի բանի մասին կգրեր, նաև այն մասին, թե այցելել է Տրուխաչևսկին, բերել խոստացած նոտաներն ու մի անգամ էլ նվազելու հոժարություն հայտնել, բայց ինքը հրաժարվել է։ Ես չէի հիշում, թե նա խոստացած լիներ նոտաներ բերել. իմ տպավորությամբ, նա այն ժամանակ հրաժեշտ էր տվել հիմնավորապես, ուստի և այդ բանն անախորժ կերպով զարմացրեց ինձ։ Բայց գործերն այնքան շատ էին, որ մտածելու ժամանակ չկար, և ես միայն երեկոյան, բնակարանս գալով, վերընթեռնեցի նամակը։ Բացի այն բանից, որ Տրուխաչևսկին իմ բացակայությամբ էլի էր մեր տուն եկել, նամակի ամբողջ տոնն ինձ բռնազբոսիկ թվաց։ Խանդի մոլեգնած գազանն սկսեց մռնչալ իր վանդակում և ուզում էր դուրս ցատկել, բայց ես վախենում էի այդ գազանից և վանդակը փակեցի իսկույն։ «Ի՜նչ զազրելի զգացում է այդ խանդը,— ասացի ինքս ինձ։— Ի՞նչը կարող է ավելի բնական լինել, քան այն, ինչ գրում է նա»։

Եվ ես մտա անկողին ու սկսեցի մտածել հաջորդ օրվա գործերի մասին։ Սովորաբար դժվար էի քնում այդ համագումարի ժամանակ, նոր տեղում, բայց այս անգամ քնեցի շատ շուտով։ Եվ պատահում է, գիտեք, որ կարծես էլեկտրական հարված ես զգում և զարթնում ես։ Այդպես արթնացա, և արթնացա՝ մտքիս մեջ կինս, նրա հանդեպ իմ մարմնական սերը, Տրուխաչևսկին և այն, որ կնոջս և նրա միջև ամեն ինչ վերջացած է։ Սիրտս սեղմվեց սարսափից ու չարությունից։ Բայց ես սկսեցի ինքս ինձ խելքի բերել։ «Ինչ հիմարություն,— ասացի ինքս ինձ,— ոչ մի հիմք չկա, ոչինչ չկա ու չի եղել։ Եվ ինչպես կարող եմ ստորացնել նրան էլ, ինձ էլ նման ահավոր բաներ ենթադրելով։ Վարձու ջութակահարի պես մի բան, անպետք մարդու անուն հանած մեկը, և հանկարծ՝ պատվարժան տիկինը, ընտանիքի հարգված մայրը, իմ կինը․․․ Ի՜նչ տխմարություն»,— ներկայանում էր ինձ մի կողմից։ «Իսկ ինչպե՞ս կարող է այդ բանը չլինել»,— ներկայանում էր ինձ մյուս կողմից։ Ինչպե՞ս կարող էր չլինել այն ամենապարզն ու հասկանալին, հանուն որի ես ամուսնացել էի նրա հետ, որի անհրաժեշտությունն էի միայն տեսել հանձին նրա և որն այդ պատճառով պետք էր նաև ուրիշներին ու այդ երաժշտին։ Ամուրի, քաջառողջ մարդ է Տրուխաչևսկին (հիշում եմ, թե ինչպես էր նա խրթխրթացնում կոտլետի մեջ եղած կռճիկը և ագահորեն կարմիր շրթունքների մեջ առնում գինու բաժակը), բտված է, կոկիկ և չունի ոչ մի սկզբունք, բացի ակներևաբար մեկից՝ օգտվել պատահած բոլոր հաճույքներից։ Եվ նրանց կապում է երաժշտությունը՝ զգացմունքային ամենանուրբ տռփանքի կապը։ Ի՞նչը կարող է ետ պահել նրան։ Ոչ մի բան։ Ամեն ինչ, ընդհակառակը, նրան իր կողմն է քաշում։ Կի՞նս։ Բայց ո՞վ է նա։ Գաղտնիք, որ ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է։ Ես չեմ ճանաչում նրան։ Նրան գիտեմ միայն որպես կենդանու։ Իսկ կենդանին ոչինչ չի կարող, չպետք է ետ պահի։

Այժմ էի միայն մտաբերում նրանց դեմքերն այն երեկո, երբ Կրեյցերյան սոնատից հետո նվագեցին ինչ-որ կրքոտ մի բան, չեմ հիշում ում գործը, ցոփության աստիճան տռփոտ մի պիես։ «Ինչպե՞ս կարող էի հեռանալ տնից,— ասում էի ինքս ինձ՝ մտաբերելով նրանց դեմքերը։ Մի՞թե պարզ չէր, որ նրանց միջև ամեն ինչ տեղի ունեցավ այդ երեկո, և մի՞թե չէր երևում, որ այդ երեկո այլևս նրանց միջև ոչ միայն որևէ անջրպետ չկար, այլև նրանք երկուսն էլ, գլխավորապես՝ կինս, մի որոշ ամոթ էին զգում իրենց հետ կատարվածից հետո»։ Հիշում էի, թե ինչպես էր կինս թույլ, խղճալի և երանալից ժպտում՝ քրտինքը սրբելով շառագունած երեսից, երբ ես մոտեցա ռոյալին։ Նրանք այն ժամանակ արդեն խուսափում էին նայել միմյանց, և ընթրիքի ընթացքում միայն, երբ Տրուխաչևսկին ջուր լցրեց նրա համար, իրար նայեցին ու թեթև ժպտացին։ Ես այժմ սարսուռով էի հիշում նրանց այդ հայացքը՝ հազիվ նկատելի ժպիտով, որ նկատել էի պատահաբար։ «Այո, ամեն ինչ վերջացած է»,— ասում էր ինձ մի ձայն, և անմիջապես մի ուրիշ ձայն բոլորովին այլ բան էր ասում։ «Ուղղակի բռնվել ես ինչ֊որ կասկածներով, չի կարող պատահել»,— ասում էր այդ ուրիշ ձայնը։ Սահմռկելի էր պառկել խավարում, լուցկի վառեցի, և մի տեսակ սարսափ պատեց ինձ դեղին պաստառներով այդ փոքրիկ սենյակում։ Գլանակ կպցրեցի և, ինչպես լինում է միշտ, երբ անլուծելի հակասությունների նույն շրջանի մեջ անվերջ պտտվելիս քեզ տալիս ես ծխելուն, այդպես էլ ես սկսեցի ծխել գլանակ գլանակի ետևից՝ գիտակցությունս մշուշելու և հակասությունները չտեսնելու համար։

Աչք չփակեցի ամբողջ գիշեր, և ժամը հինգին, վճռելով, որ այլևս չեմ կարող մնալ այդ լարվածության մեջ և անմիջապես պետք է մեկնեմ, վեր կացա, արթնացրի ինձ սպասարկող պահապանին և ուղարկեցի ձիեր բերելու։ Նիստին երկտող գրեցի, թե անհապաղ գործով ինձ կանչել են Մոսկվա, ուստի խնդրում եմ, որ ինձ փոխարինի անդամներից մեկը։ ժամը ութին տարանտաս նստեցի ու ճամփա ընկա։


XXV

Մտավ ուղեկցորդը և, նկատելով, որ մեր մոմը մարմրում է, հանգցրեց՝ նորը չդնելով։ Լույսն սկսում էր բացվել․ Պոզդնիշևը լռում էր՝ անընդհատ ծանր հառաչելով, քանի դեռ մեզ մոտ էր ուղեկցորդը։ Նա իր պատմությունը շարունակեց այն ժամանակ միայն, երբ ուղեկցորդը դուրս գնաց և կիսամութ վագոնում լսվում էր միայն պատուհանների ցնցվող ապակիների չխկչխկոցը և գործակատարի համաչափ խռմփոցը։ Այգաբացի աղոտ լույսի մեջ ես այլևս չէի տեսնում Պոզդնիշևի դեմքը։ Լսում էի միայն նրա ավելի ու ավելի խռովվող, տառապալի ձայնը։

― Երեսունհինգ վերստ կառքով էի գնալու և ութ ժամ՝ գնացքով։ Կառքով ճանապարհը հրաշալի էր։ Աշնանային պաղ եղանակ էր՝ պայծառ արևով։ Գիտեք, այն եղանակն է դա, երբ պայտասեպերը դաջվում են յուղափայլ ճանապարհին։ Ճամփաները հարթ են, լույսը՝ վառ և օդը՝ առույգացնող։ Տարանտասով գնալը հաճելի էր։ Երբ լույսը բացվեց ու ես ճամփա ընկա, ավելի թեթև զգացի ինձ։ Նայելով ձիերին, դաշտերին, հանդիպող ուղևորներին՝ մոռացել էի, թե ուր եմ գնում։ Երբեմն ինձ թվում էր, թե պարզապես ճամփա եմ գնում և ինձ ոչ մի բան չի դրդել այդ բանին։ Եվ ինձ համար առանձնապես բերկրալի էր այդ մոռացումը։ Իսկ երբ հիշում էի, թե ուր եմ գնում, ասում էի ինքս ինձ․ «Հետո կերևա ինչը ինչոց է, մի մտածիր»։ Դրանից բացի, ճամփի կեսին պատահեց մի բան, որ ուշացրեց ինձ ճանապարհին և ավելի շեղեց մտքերս․ տարանտասը ջարդվածք ստացավ և հարկավոր էր նորոգել։ Այդ պատահարը մեծ նշանակություն ունեցավ այն բանով, որ դրա հետևանքով ես Մոսկվա հասա ոչ թե ժամը հինգին, ինչպես հաշվել էի, այլ տասներկուսին, և տուն՝ ժամը մեկին, քանի ոի ուշացա ճեպընթացից և ստիպված էի սովորական մարդատար գնացք նստել։ Սայլ բերելու գնալը, նորոգումը, վճարումը, թեյելը իջևանում, խոսքուզրույցը իջևանատիրոջ հետ,— այս բոլորն ավելի ցրեցին իմ մտքերը։ Իրիկնամուտին ամեն ինչ պատրաստ էր․ ես նորից տարանտասով ճամփա ելա, և գիշերով գնալն առավել հաճելի էր, քան ցերեկով։ Նորալուսին էր, թեթև սառնամանիք, ավելի լավ ճանապարհ, ձիերի տրոփյուն, կառապանի զվարթ հայ֊հույ, և ես գնում էի ու վայելք ապրում, գրեթե ամենևին չմտածելով այն մասին, ինչ սպասում էր ինձ, կամ հենց այն պատճառով էի առանձին հաճույք զգում, որ գիտեի, թե ինչ է սպասում ինձ, և հրաժեշտ էի տալիս կյանքի ուրախություններին։ Սակայն իմ այդ հանգիստ վիճակը, զգացմունքներս ճնշելու իմ այդ հնարավորությունը վերջ գտավ տարանտասով գնալու հետ։ Հենց մտա վագոն՝ սկսվեց բոլորովին ուրիշ հոգեվիճակ։ Ութժամյա այդ ուղևորությունը գնացքով այնպիսի ահավոր մի բան եղավ ինձ համար, որ չեմ մոռանա ամբողջ կյանքում։ Այն պատճառո՞վ արդյոք, որ վագոն նստելով՝ որոշակիորեն պատկերացրի ինձ տեղ հասած, թե՞ այն բանից, որ երկաթուղին այդպես գրգռիչ կերպով է ազդում մարդկանց վրա, չգիտեմ, միայն թե վագոն նստելու պահից ես այլևս չկարողացա իշխել իմ երևակայությանը, և այն արտակարգ հստակությամբ սկսեց աչքիս առջև անվերջ ներկայացնել խանդս բորբոքող պատկերներ՝ մեկը մյուսին հաջորդող ու մեկը մյուսից լպիրշ, և բոլորը՝ նույն բանի վերաբերյալ, այն բանի, թե ինչ էր կատարվում այնտեղ իմ բացակայությամբ, թե ինչպես էր նա դավաճանում ինձ։ Ես վառվում էի վրդովմունքից, չարությունից և իմ նվաստացմամբ արբենալու ինչ֊որ տարօրինակ զգացումից մտովի դիտելով այդ պատկերները, և չէի կարողանում կտրվել դրանցից․ անկարող էի չնայել դրանց, անկարող էի ջնջել դրանք, անկարող էի չհարուցել դրանք։ Ավելին, որքան երկար էի մտովի դիտում երևակայական այդ պատկերները, այնքան հավատում էի դրանց իսկությանը։ Աչքիս առջև հայտնվող պատկերների հստակությունն ասես վկայությունն էր այն բանի, որ այն ամենը, ինչ երևակայում էի, իրողություն էր։ Ինչ֊որ սատանա, կարծես իմ կամքին հակառակ, անասելի ահավոր մտքեր էր հերյուրում ու հուշում ինձ։ Տրուխաչևսկու եղբոր հետ իմ վաղեմի խոսակցությունը միտքս եկավ, և ես մի տեսակ ներշնչանքով սիրտս ծվեն֊ծվեն էի անում այդ խոսակցությամբ՝ կապելով Տրուխաչևսկու և կնոջս հետ։

Վաղուց էր եղեք ղա, սակայն մնացել էր մտքումս։ Տրուխաչևսկու եղբայրը, հիշում եմ, մի անգամ իմ այն հարցին, թե հաճախո՞ւմ է արդյոք հասարակաց տներ, պատասխանեց՝ կարգին մարդն ինչու պիտի գնա նման կեղտոտ ու զզվելի տեղեր, ուր հիվանդանալու վտանգ կա, երբ միշտ էլ կարելի է օրինավոր կին գտնել։ Եվ ահա նրա եղբայրը գտել է իմ կնոջը։ «Ճիշտ է, արդեն այնքան էլ երիտասարդ չէ, կողքի մի ատամը չկա և որոշ չափով գիրուկ է,— մտածում էի Տրուխաչևսկու փոխարեն,— բայց ինչ արած, հարկավոր է օգտվել եղածից»։ «Այո, նա զիջողություն է անում կնոջս, որ իր սիրուհին է դարձնում,— ասում էի ինքս ինձ։— Ընդ որում, կինս անվտանգ է»։ «Ոչ, անկարելի է դա։ Ինչե՜ր եմ մտածում,— սահմռկելով ասում էի ինքս ինձ։— Ոչ մի, ոչ մի նման բան չկա։ Եվ նույնիսկ որևէ հիմք չունեմ նման բան կասկածելու։ Մի՞թե նա չասաց ինձ, որ իր համար նվաստացուցիչ է այն միտքն անգամ, որ ես կարող եմ խանդել այդ մարդուն։ Այո, բայց նա ստում է, ստո՛ւմ շարունակ»,— ճչացի ես, և նորից սկսվեց նույնը․․․ Մեր վագոնում ընդամենը երկու ուղևոր կար՝ մի պառավ կին ամուսնու հետ, երկուսն էլ խիստ սակավախոս, և նրանք էլ իջան կայարաններից մեկում, ու ես մնացի մենակ։ Ես վանդակ ընկած գազանի էի նման՝ մերթ վեր էի ցատկում, մոտենում պատուհաններին, մերթ օրորվելով սկսում էի քայլել կարծես աշխատելով արագացնել վագոնի ընթացքը․ բայց վագոնն իր բոլոր նստարաններով ու ապակիներով շարունակում էր դողդողալ ճիշտ այնպես, ինչպես ահա մեր այս վագոնը․․․

Եվ Պոզդնիշևը վեր թռավ տեղից, մի քանի քայլ արեց ու կրկին նստեց։

― Օ՜հ, վախենում եմ ես, վախենում եմ երկաթուղու վագոններից, ուղղակի սարսափում եմ։ Այո, սարսափելի է,— շարունակեց նա։— Ասում էի ինքս ինձ․ «Մտածեմ ուրիշ բանի մասին։ Ասենք՝ իջևանատիրոջ, որի մոտ թեյ խմեցի»։ Լավ, և ահա երևակայությանս հայացքի առջև հառնում է երկարամորուս իջևանատերն իր թոռան հետ, որ իմ Վասյայի տարիքին տղա էր, Իմ Վասյան․․․ նա տեսնում է, թե ինչպես է երաժիշտը համբուրում իր մորը։ Ի՞նչ է կատարվում նրա խեղճ հոգում։ Իսկ մորն ի՛նչ կա։ Նա սիրում է․․․ Եվ նորից ներսումս գլուխ բարձրացրեց նույն բանը։ Ոչ, ոչ․․․ Լավ, արի մտածեմ հիվանդանոցի ստուգման մասին։ Այո, թե ինչպես երեկ մի հիվանդ բողոքում էր բժշկից։ Իսկ բժշկի բեղերը նման էին Տրուխաչևսկու բեղերին։ Եվ որքան լկտի է նա․․․ Երկուսն էլ խաբում էին ինձ, երբ ասում էին, թե Տրուխաչևսկին մեկնելու է։ Եվ նորից սկսվեց։ Ինչի մասին էլ մտածեի՝ գալիս կապվում էր նրա հետ։ Ահավոր տառապում էի։ Տառապանքի գլխավոր աղբյուրն անիրազեկությունն էր, կասկածը, երկվությունը, այն, որ չգիտեի՝ կնոջս սիրե՞լ է պետք, թե ատել։ Տառապանքներն այնքան զորեղ էին, որ հիշում եմ, շատ սրտամոտ մի միտք ծագեց գլխումս՝ իջնել, պառկել ռելսերի վրա, վագոնի տակ և վերջացնել ամեն ինչ։ Այնժամ, համենայն դեպս, էլ չէի տատանվի, չէի կասկածի։ Մի բան, որր ինձ թույլ չէր տալիս մտքինս անել, խղճահարությունն էր ինքս իմ նկատմամբ, որն անմիջապես իր ետևից ատելություն բերեց կնոջս հանդեպ։ Այն դեպքում, երբ Տրուխաչևսկու հանդեպ և՛ ատելության, և՛ իմ նվաստացման ու նրա հաղթանակի գիտակցության ինչ-որ տարօրինակ զգացում ունեի, կնոջս նկատմամբ միայն ահավոր ատելություն էի զգում։ «Անկարելի է՝ վերջ տամ իմ կյանքին ու թողնեմ նրան․ հարկավոր է, որ նա էլ գոնե մի քիչ տանջվի, գոնե հասկանա, որ տառապել եմ ես»,— ասում էի ինքս ինձ։ Ես դուրս էի գալիս բոլոր կայարաններում, որ մտքերս ցրեմ։ Կայարաններից մեկի բուֆետում տեսա, որ մարդիկ խմում են, և ինքս էլ անմիջապես օղի խմեցի։ Կողքիս մի հրեա էր կանգնած, որ նույնպես խմում էր։ Զրույցի բռնվեց հետս, և ես, միայն թե մենակ չմնայի իմ վագոնում, հետը գնացի երրորդ կարգի կեղտոտ, ծխալից և արևածաղկի կճեպով ցանցնված նրա վագոնը։ Այնտեղ նստեցի հրեայի կողքին, և նա սկսեց շաղակրատել ու անեկդոտներ պատմել։ Լսում էի նրան, բայց չէի կարողանում հասկանալ ասածը, որովհետև շարունակում էի մնալ իմ մտքերի հետ։ Նա նկատեց այդ բանր և պահանջեց, որ ուշադիր լսեմ իրեն․ այնժամ վեր կացա ու նորից գնացի իմ վագոնը։ «Հարկավոր է մի լավ քննել,— ասում էի ինքս ինձ,— թե արդարացի՞ են իմ կասկածները և հիմք ունե՞մ արդյոք տառապելու»։ Նստեցի՝ ցանկանալով հանգիստ մտածել, բայց անմիջապես անխռով խորհրդածության փոխարեն նորից ու նորից սկսվեց նույնը — մտածության տեղ՝ մտապատկերներ ու տեսարաններ։ «Քանի՜ անգամ եմ տառապել այսպես,— ասում էի ինքս ինձ (հիշում էի խանդի նախկին նման բռնկումները),— իսկ հետո ամեն ինչ վերջացել է այն բանով, որ ոչինչ չի եղել։ Այդպես էլ հիմա երևի, նույնիսկ՝ հավանաբար, կգնամ ու նրան կտեսնեմ հանգիստ քնած, կզարթնի, կուրախանա գալուս համար, և նրա խոսքերից, հայացքից կզգամ, որ ոչինչ չի եղել, և որ անմտություն է այս ամենը։ Օ՜, ինչ լավ կլինի»։ «Բայց ոչ, դա չափից դուրս հաճախ է եղել, և հիմա այլևս չի լինի այդ բանը»,— ասում էր ինձ մի ձայն, և սկսվում էր նորից։ Այո, ահա թե որտեղ էր իսկական լլկանքը։ Ես երիտասարդ մարդուն սիֆիլիտիկների հիվանդանոց չէի տանի՝ կանանց հանդեպ նրա հավեսը փախցնելու համար, այլ կբերեի իմ հոգու մեջ՝ տեսնելու այն սատանաներին, որոնք ծվատում էին հոգիս։ Չէ որ սոսկալի էր այն, որ ես անհերքելի, լիակատար իրավունքով իմն էի համարում նրա մարմինը, այնպես, կարծես իմ սեփական մարմինը լիներ, և միաժամանակ զգում էի, որ չեմ կարող տիրել այդ մարմնին, որ իմը չէ այն, և որ նա կարող է սեփական մարմինը տնօրինել իր ուզած ձևով, իսկ նա ուզում տնօրինել ոչ այնպես, ինչպես ես եմ ուզում։ Եվ ես ոչինչ չեմ կարող անել ոչ այդ Տրուխաչևսկուն, ոչ նրան։ Ջութակահարը, ինչպես մատակարար Վանկան կախաղանի առաջ, կերգի այն երգը, թե ինչ քաղցր էին իր համբուրած շուրթերը և այլն։ Եվ ինքը դուրս կգա հաղթող։ Իսկ կնոջս ավելի քիչ բան կարող եմ անել։ Եթե նա չի արել, բայց ուզում է, իսկ ես գիտեմ, որ ուզում է, ապա ավելի վատ․ շատ ավելի լավ կլիներ՝ աներ, որ իմանայի, որ վերանար անորոշությունը։ Ես չէի կարող ասել, թե ինչ էի ուզում։ Ես ուզում էի, որ նա ցանկանար այն, ինչ պետք է ցանկար։ Դա կատարյալ խելագարություն էր։


XXVI

― Նախավերջին կայարանում, երբ ուղեկցորդը եկավ տոմսերը հավաքելու, ես իրերս վերցնելով դուրս եկա արգելահարթակ, և այն գիտակցությունից, որ մոտ է, ահա ուր որ է կատարվելու է լուծումը, հուզմունքս ավելի սաստկացավ։ Ցուրտ զգացի, և ծնոտս սկսեց դողդողալ այնպես, որ ատամներս կափկափում էին։ Ամբոխի հետ մեքենայորեն դուրս եկա կայարանից, կառք վարձեցի, նստեցի ու ճամփա ընկա։ Գնում էի՝ հայացք գցելով անցորդներին, դռնապաններին, այն ստվերներին, որ նետում էին լապտերներն ու իմ երկտեղանի կառքը՝ մերթ առջևից, մերթ ետևից,— գնում էի այդպես՝ ոչ մի բանի մասին չմտածելով։ Մի կես վերստ անցնելուց հետո զգացի, որ ոտքերս սառչում են, և հիշեցի՝ բրդե գուլպաներս հանել էի վագոնում ու դրել պայուսակս։ Որտե՞ղ է պայուսակս, մո՞տս է։ Մոտս է։ Իսկ զամբյո՞ւղը։ Գլխի ընկա, որ բոլորովին մտքիցս գցել էի ուղեբեռը, բայց հիշելով ու գրպանիցս հանելով ստացագիրը՝ որոշեցի, որ չարժե վերադառնալ դրա ետևից, և շարունակեցի ճանապարհը։

Հիմա որքան էլ ջանում եմ հիշել ոչ մի կերպ չեմ կարողանում միտքս բերել իմ այն ժամանակվա հոգեվիճակը․ ի՞նչ էի մտածում, ի՞նչ էի ուզում չգիտեմ։ Հիշում եմ միայն, որ այն գիտակցությունն ունեի, թե ինչ-որ սարսափելի և շատ կարևոր բան է նախապատրաստվում իմ կյանքում։ Այն բանի՞g ծագեց արդյոք կարևորության այդ զգացումը, որ ես այդպես էի մտածում, թե՞ նրանից, որ կանխազգում էի՝ չգիտեմ։ Գուցե այստեղ դեր ունի և այն, որ արդեն կատարվելուց հետո դրան նախորդող բոլոր պահերն իմ հիշողության մեջ մռայլ երանգ ստացան։ Ես մոտեցա առմուտքին։ Ժամը մեկի մոտերքն էր։ Մի քանի կառք էր կանգնած առմուտքի մոտ, սպասում էին ուղևորների՝ դատելով լուսավոր պատուհաններից (մեր բնակարանի պատուհաններից մի քանիսը լուսավոր էին՝ դահլիճինն ու հյուրասենյակինը)։ Առանց ինձ հաշիվ տալու, թե ինչու այդ ուշ ժամին դեռ լույս կա մեր պատուհաններում, ես նույն վիճակում՝ ինչ-որ սարսափելի բանի սպասումով ելա սանդուղքն ու զանգը քաշեցի։ Դուռը բացեց սպասավորը՝ բարի, ջանասեր ու խիստ կարճամիտ Եգորը։ Առաջին բանը, որ աչքովս ընկավ նախասենյակում, նրա վերարկուն՝ գրատն էր կախիչի վրա, մի ուրիշ հագուստի կողքին։ Ես պետք է որ զարմանայի, բայց չզարմացա, կարծես սպասում էի դրան։ «Այդպես է որ կա»,— ասացի ինքս ինձ։ Երբ հարցրի Եգորին, թե ով է եկել, և նա Տրուխաչևսկու անունը տվեց, հարցրի, թե նրանից բացի ուրիշ մարդ կա՞ արդյոք։ Նա ասաց․

― Էլ ո՛չ ոք։

Հիշում եմ, նա այս պատասխանը տվեց այնպիսի ինտոնացիայով, կարծես ուզում էր ուրախացնել ինձ և ցրել իմ այն կասկածները, թե ուրիշ մեկն էլ կա։ «Ոչ ոք։ Այդպես, այդպես»,— կարծես խոսում էի ինքս ինձ։

— Իսկ երեխանե՞րը։

― Փառք աստծո, առողջ են։ Վաղու֊ո՜ւց են քնած։

Ես չէի կարողանում շունչս ետ բերել և դադարեցնել ծնոտիս դողը։ «Այո, ուրեմն այնպես չեղավ, ինչպես մտածում էի․ մինչ այս մտածում էի՝ դժբախտություն է լինելու, մինչդեռ ամեն ինչ լավ էր դուրս գալիս, առաջվա պես։ Իսկ այժմ ահա առաջվա պես չէ, այլ այն ամենը, ինչ պատկերացնում ու մտածում էի, թե պատկերացնում եմ միայն, ահա ամեն ինչ իրականում կա։ Ամեն, ամեն ինչ․․․»։

Քիչ էր մնում հեկեկայի, բայց նույն պահին սատանան հուշեց․ «Դու լացուկոծդ կդնես, սենտիմենտալություն կանես, իսկ նրանք հանգիստ կբաժանվեն, հանցանշան չի լինի, և դու հավիտյան կկասկածես ու կտանջվես»։ Եվ հենց տեղնուտեղը գերզգայնությունս չքացավ, և հայտնվեց տարօրինակ մի զգացում,— չեք հավատա,— ուրախության զգացում, որ հիմա արդեն կվերջանան իմ տառապանքները, որ այժմ ես կարող եմ պատժել կնոջս, կարող եմ պրծնել նրանից, որ ես կարող եմ ազատություն տալ իմ կատաղությանը։ Եվ ես ազատություն տվի իմ կատաղությանը՝ դարձա գազան, չար ու նենգ գազան։

― Պետք չէ, պետք չէ,— ասացի Եգորին, որ ուզում էր հյուրասենյակ գնալ,— այլ տես ինչ արա․ դուրս արի, շտապ կառք վերցրու և գնա կայարան՝ իրերս ստացիր, ահա անդորրագիրը։ Գնա՛։

Եգորը միջանցքով գնաց վերարկուն հագնելու։ Վախենալով, որ կարող է խրտչեցնել նրանց, ուղեկցեցի Եգորին ու սպասեցի իր խցիկի մոտ, մինչև հագնվեր։ Մի սենյակ այն կողմ գտնվող հյուրասենյակից խոսակցության ձայներ և դանակների ու ափսեների չխկչխկոց էին հասնում։ «Միայն թե հիմա դուրս չգան»,— մտածում էի ես։ Եգորը ելավ խցիկից՝ աստրախանյան գառնամորթու օձիքով իր վերարկուն հագած։ Դուրս թողեցի նրան ու ետևից փակեցի դուռը, և սահմռկեցի՝ զգալով, որ մենակ եմ մնացել ու պետք է գործեմ անհապաղ։ Թե ինչպես՝ դեռ չգիտեի։ Գիտեի միայն, որ այժմ արդեն ամեն ինչ վերջացած է, որ այլևս երկմտանք չի կարող լինել, թե անմեղ է կինս, և որ հենց հիմա կպատժեմ նրան ու հաշիվներս կփակեմ նրա հետ։

Առաջներում դեռ տատանումներ էի ունենում, ասում էի ինքս ինձ՝ «Գուցե ճիշտ չէ դա, գուցե ես սխալվում եմ»,— իսկ այժմ այդ բանը չկար։ Ամեն ինչ վճռված էր անդառնալիորեն։ Ինձնից թաքուն, առանձնացած այդ մարդու հետ, գիշերով․․․ Դա արդեն նշանակում է կատարելապես մոռացության մատնել ամեն ինչ։ Կամ՝ ավելի վատ բան․ մեղսագործությունը կատարվում է նման միտումնավոր համարձակությամբ, հանդգնությամբ, որ այդ հանդգնությունն ընդունվի իբրև անմեղության նշան։ Ամեն ինչ պարզ է։ Ոչ մի կասկած այլևս։ Ես վախենում էի մի բանից միայն՝ հանկարծ չփախչեին, էլի մի նոր սուտ չհորինեին ու դրանով ինձ չզրկեին թե հանցանշանի ակներևությունից և թե պատժելոլ հնարավորությունից։ Եվ որպեսզի ավելի շուտ բռնացնեմ նրանց, ես ոտքերիս մատների վրա գնացի դեպի դահլիճ, ուր նստած էին նրանք, ոչ թե հյուրասենյակով, այլ միջանցքով ու մանկանոցով։

Առաջին մանկասենյակում տղաներն էին քնած։ Երկրորդ մանկասենյակում դայակը շարժվեց, քիչ էր մնում արթնանար, ու պատկերացրի՝ ինչ կմտածի նա, երբ իմանա ամեն ինչ, և այդ մտքից այնպիսի խղճահարությամբ համակվեցի ինքս իմ նկատմամբ, որ չկարողացա արցունքներս պահել և, որպեսզի չարթնացնեմ երեխաներին, ոտքերիս մատների վրա դուրս փախա միջանցք, այնտեղից էլ իմ առանձնասենյակը, ընկա բազմոցին ու սկսեցի հեկեկալ։

«Ես ազնիվ մարդ եմ, ես զավակն եմ իմ ծնողների, ես ամբողջ կյանքում ընտանեկան երջանկություն եմ երազել, ես մի տղամարդ եմ, որ երբեք չի դավաճանել իր կնոջը․․․ Եվ ահա․․․ հինգ երեխայի մայր է, բայց գիրկն է առնում ինչ-որ երաժշտի այն բանի համար, որ նա կարմիր շուրթեր ունի։ Ո՜չ, մարդ չէ դա։ Շան քա՜ծ է, նողկալի շան քած։ Այն էլ՝ երեխաների սենյակի կողքին, մինչդեռ ցույց է տվել միշտ, թե սիրում է նրանց։ Եվ ինչե՜ր էր գրել ինձ։ Եվ ի՜նչ անպատկառությամբ մարդու վզովդ է ընկնում․․․ Բայց ես ի՞նչ գիտեմ որ, գուցե միշտ էլ այդպես է եղել։ Գուցե վաղուց կապված է սպասավորների հետ և նրանցից է վաստակել բոլոր երեխաները, որոնք իմն են համարվում։ Եվ եթե վաղը գայի, նա իր սանրվածքով, իր այդ ձգված մեջքով ու հույլ, գեղանազ շարժումներով (աչքիս առջև էր նրա ողջ հրապուրիչ, ատելի կերպարանքը) պիտի դիմավորեր ինձ, և խանդի այդ գազանն ընդմիշտ պիտի մնար իմ սրտում ու հոշոտեր սիրտս։ Ինչ կմտածի դայակը։ Եգորը։ Եվ խեղճ Լիզոչկան․․․ Նա արդեն հասկանում էր ինչ֊որ բաներ։ Եվ այդ լկտիությո՜ւնը․․․ և այդ կեղծի քը․․․ և այդ անասնական հեշտասիրությունը, որ այնպես ծանոթ է»,— ասում էի ինքս ինձ։

Ուզում էի ոտքի ելնել, բայց չէի կարողանում։ Սիրտս այնպես էր զարկում, որ չէի կարողանում մնալ ոտքի վրա։ Այո, կմեռնեմ կաթվածից։ Նա կսպանի ինձ։ Իր ուզածն էլ դա է։ Ուրեմն ինչ, ի՞նքս նրան սպանեմ։ Ոչ, ոչ, դա չափից դուրս նպաստավոր կլինի նրա համար, և ես այդ հաճույքը չեմ պատճառի նրան։ Հա, և ես նստած եմ դեռ, իսկ նրանք այնտեղ ուտում են, ծիծաղում և․․․ Այո, չնայած նա թարմությունը կորցրած էր արդեն, այդ երիտասարդը չէր խորշում նրանից․ այնուհանդերձ, բավական դուրեկան էր նա, իսկ որ գլխավորն է՝ համենայն դեպս անվտանգ էր ջութակահարի թանկագին առողջության համար։ «Եվ ինչո՞ւ չխեղդեցի այն ժամանակ»,— ասացի ինքս ինձ՝ հիշելով այն պահը, երր մի շաբաթ առաջ դուրս քշեցի նրան առանձնասենյակից և ապա իրեր փշրեցի։ Պարզորոշ մտաբերեցի իմ հոգեվիճակն այդ պահին, և ոչ միայն մտաբերեցի, այլև զգացի ջարդելու, ոչնչացնելու նույն պահանջը, որ զգում էի այն ժամանակ։ Հիշում եմ, թե ինչպես էի ուզում գործել, և ամեն դատողություն, գործելու համար անհրաժեշտ նկատառումներից բացի, դուրս էր թռչում գլխիցս։ Ես այժմ վտանգի պահին ֆիզիկական գրգռմունքի ազդեցության տակ գտնվող գազանի կամ մարդու այն վիճակում էի, երբ մարդը գործում է ճշգրիտ, անշտապ, բայց և չկորցնելով ոչ մի ակնթարթ և ամեն ինչ անելով միայն որոշակի մի նպատակով։


XXVII

― Իմ արած առաջին բանը եղավ այն, որ հանեցի կոշիկներս ու, մնալով գուլպաներով, մոտեցա պատին՝ բազմոցից վեր, ուր կախված էին իմ հրացաններն ու դաշույնները, և վերցրի դամասկյան կեռ դաշույնը, որ ոչ մի անգամ չէի օգտագործել և ահավոր սուր էր։ Հանեցի պատյանից։ Պատյանը, հիշում եմ, ընկավ բազմոցի ետևը, և հիշում եմ, որ ասացի ինքս ինձ․ «Հարկավոր է հետո գտնել, թե չէ կկորչի»։ Ապա հանեցի վերարկուս, որ այդ ընթացքում շարունակ հագիս էր, և, ոտքերիս միայն գուլպաներ, փափուկ քայլերով գնացի այնտեղ։

Եվ հուշիկ մոտենալով դռանը՝ բացեցի մեկեն։ Հիշում եմ նրանց դեմքերի արտահայտությունը։ Հիշում եմ, որովհետև այդ արտահայտությունն ինձ տանջալի բերկրանք պատճառեց։ Սարսափի արտահայտություն էր դա։ Եվ ինձ հենց այդ էր պետք։ Ես երբեք չեմ մոռանա հուսահատ սարսափի արտահայտությունը, որ առաջին վայրկյանին հայտնվեց երկուսի դեմքերին, երբ նրանք տեսան ինձ։ Տրուխաչևսկին նստած էր կարծեմ սեղանի մոտ, բայց տեսնելով ինձ կամ լսելով իմ մտնելու ձայնը՝ ոտքի թռավ ու կանգնեց թիկունքով դեպի պահարանը։ Նրա դեմքին միայն և միայն սարսափի խիստ որոշակի արտահայտությունն էր։ Կնոջս դեմքին էլ նույն սարսափը կար, բայց կար նաև մի ուրիշ արտահայտություն։ Եթե միայն մեկը լիներ, գուցե չպատահեր այն, ինչ պատահեց․ սակայն նրա դեմքի արտահայտության մեջ կար նաև,— համենայն դեպս ինձ այդպես թվաց առաջին պահին,— կար նաև ափսոսանք, դժգոհություն այն բանի համար, որ ընդհատեցին իր սիրային հափշտակվածությունն ու երանությունն այդ մարդու հետ։ Նրան կարծես ոչինչ պետք չէր, բացի այն բանից, որ իրեն չխանգարեին երջանիկ լինել այժմ։ Թե՛ մեկ, թե՛ մյուս արտահայտությունը միայն մի ակնթարթ մնաց նրանց դեմքերին։ Տրուխաչևսկու դեմքի վրա սարսափի արտահայտությունն անմիջապես փոխարինվեց այս հարցի արտահայտությամբ՝ կարելի՞ է ստել, թե ոչ։ Եթե կարելի է՝ պետք է սկսել։ Եթե ոչ ինչ֊որ ուրիշ բան է սկսվելու։ Բայց ի՞նչ։ Նա հարցական նայեց կնոջս։ Նրա դեմքին, ինչպես ինձ թվաց, երբ նայեց Տրուխաչևսկուն, ափսոսանքի և սրտնեղության արտահայտությունը փոխարինվեց անհանգստությամբ նրա վիճակի համար։

Մի ակնթարթ կանգ առա դռան մոտ՝ դաշույնը թիկունքումս պահած։ Այդ իսկ վայրկյանին Տրուխաչևսկին ժպտաց և ծիծաղելիության աստիճանի անտարբեր տոնով սկսեց․

— Իսկ մենք հենց նոր, այ, նվագում էինք․․․

— Այ, չէինք սպասում,— միաժամանակ սկսեց և կինս՝ ենթարկվելով նրա տոնին։

Բայց ոչ նա, ոչ սա չավարտեցին իրենց խոսքը․ ինձ համակեց նույն կատաղությունը, որ ունեցել էի մի շաբաթ առաջ։ Նորից կործանելու, բըռ-նանալու, մոլեգնության բերկրանք ապրելու պահանջ զգացի ու տրվեցի դրան։

Երկուսն էլ չաւէարտեցին իրենց խոսքը․․․ Սկսվեց այն ուրիշ բանը, որից վախենում էր Տրուխաչևսկին, որ մեկեն ավերում էր այն ամենը, ինչ ասել էին նրանք։ Ես նետվեցի կնոջս կողմը՝ դեռ դաշույնը պահած, որ Տրուխաչևսկին չխանգարեր նրա կողքին, կրծքի տակ զարկելու։ Ես այդ տեղն էի ընտրել հենց սկզբից։ Այն պահին, երբ նետվեցի նրա կողմը, Տրուխաչևսկին տեսավ և, որ երբեք չէի սպասում նրանից, բռնեց ձեռքս ու գոռաց․

― Ուշքի եկեք, ի՛նչ եք անում։ Հե՜յ, ծառաներ։

Ես պոկեցի ձեռքս ու անխոս նետվեցի նրա վրա։ Մեր աչքերը հանդիպեցին, նա հանկարծ քաթանի գույն առավ, սփրթնեց մինչև շրթունքները, աչքերը մի առանձին փայլ ստացան, և, որ նույնպես երբեք չէի սպասում, սողոսկեց ռոյալի տակ ու իրեն դուրս գցեց դռնից։ Ուզում էի ետևից վազել, բայց իմ ձախ ձեռքից ծանրություն կախվեց։ Կինս էր։ Փորձեցի պոկվել։ Նա ավելի ծանր կախվեց ու բաց չթողեց։ Անսպասելի այդ արգելքը, ծանրությունն ու ինձ համար զզվելի նրա հպումը ավելի բորբոքեցին ինձ։ Զգում էի, որ կատարելապես մոլեգնած եմ և պետք է որ սարսափելի կերպարանք ունենամ, և ուրախ էի դրա համար։ Ամբողջ ուժով թափ տվի ձախ ձեռքս, և արմունկս դիպավ ուղիղ նրա դեմքին։ Նա ճչաց ու բաց թողեց ձեռքս։ Ուզում էի վազել Տրուխաչևսկու ետևից, բայց հիշեցի, որ ծիծաղելի կլիներ գուլպաներով կնոջս սիրեկանին հետապնդելը, իսկ ես չէի կամեն ում ծիծաղելի լինել, այլ կամենում էի լինել զարհուրելի։ Չնայած իմ ահավոր կատաղությանը, ես հիշում էի շարունակ, թե ինչ տպավորություն եմ թողնում դիմացինի վրա և նույնիսկ մասամբ ղեկավարվում էի այդ տպավորությամբ։ Շուռ եկա նրա կողմը։ Նա ընկած էր օթոցին և, իմ արմունկի հարվածից վնասված աչքը բռնած, նայում էր ինձ։ Դեմքին զարհուրանք ու ատելություն կար իմ հանդեպ, թշնամու հանդեպ, ինչպես բռնված առնետի աչքերում, երբ բարձրացնում են թակարդը։ Ես համենայն դեպս ուրիշ ոչինչ չէի տեսնում նրա մեջ, բացի իմ հանդեպ այդ վախից ու ատելությունից։ Դա հենց այն վախն ու ատելությունն էր իմ նկատմամբ, որ պետք է սեր առաջ բերեր մի ուրիշի հանդեպ։ Բայց գուցե դեռևս զսպեի ինձ ու չանեի այն, ինչ արեցի, եթե նա լռեր։ Բայց նա հանկարծ սկսեց խոսել ու ետ մղել դաշույն բռնած ձեռքս։

― Ուշքի եկ։ Ի՞նչ ես անում։ Քեզ ի՞նչ պատահեց։ Ոչինչ չկա, ոչինչ, ոչինչ․․․ Երդվո՜ւմ եմ։

Ես դեռ էլի կհապաղեի, բայց նրա այդ վերջին խոսքը, որից հակառակ եզրակացությանը եկա, այսինքն՝ որ ամեն ինչ եղել է, պատասխան էր ուզում։ Եվ պատասխանը պետք է ներդաշնակ լիներ այն հոգեվիճակին, որին հասցրել էի ինքս ինձ, իսկ այդ հոգեվիճակն անընդհատ զարգանում էր crescendo-ով և պետք է շարունակեր այդպես բարձրանալ։ Մոլեգնությունն էլ իր օրենքներն ունի։

― Մի՛ ստիր, ստո՜ր արարած,— աղաղակեցի և ձախ ձեռքով ճանկեցի ձեռքը, բայց նա դուրս պրծավ։ Այդժամ ես այնուամենայնիվ, չգցելով դաշույնը, ձախ ձեռքով բռնեցի նրա կոկորդը, տապալեցի մեջքի վրա ու սկսեցի խեղդել։ Ի՜նչ պինդ վիզ ուներ․․․ Նա ձեռքերով կառչեց ձեռքերիցս՝ պոկելով կոկորդից, և ես կարծես հենց դրան էլ սպասում էի, դաշույնով ամբողջ թափով հարվածեցի նրա կողքին, կողոսկրի տակ։

Երբ մարդիկ ասում են, թե իրենք կատաղության մոլուցքի մեջ չեն հիշում ինչ են անում՝ դատարկ բան է, սուտ։ Ես ամեն ինչ հիշում էի և ոչ մի վայրկյան չէի դադարում հիշել։ Որքան ավելի էի ներսումս բորբոքում մոլեգնության կրակը, այնքան վառ էր գիտակցության լույսն արծարծվում իմ մեջ, որի տակ չէի կարող չտեսնել այն ամենը, ինչ անում էի։ Ամեն վայրկյան գիտեի, թե ինչ եմ անում։ Չեմ կարող ասել, թե նախապես գիտեի թե ինչ եմ անելու, բայց այն վայրկյանին, երբ անում էի, նույնիսկ թվում է՝ դրանից էլ փոքր֊ինչ առաջ, գիտեի, որ անում եմ, կարծես այն բանի համար, որպեսզի հնարավոր լիներ զղջումը, որպեսզի կարողանայիր ասել ինքս ինձ, թե կարող էի կանգ առնել։ Ես գիտեի, որ հարվածում եմ կողոսկրից ցած, և որ դաշույնը կմխրճվի։ Այն պահին, երբ անում էի դա, գիտեի, որ ինչ֊որ սարսափելի բան եմ անում, այնպիսի բան, ինչպիսին ես երբեք չեմ արել, և որը սարսափելի հետևանքներ է ունենալու։ Բայց այդ գիտակցությունը փայլատակեց ու անցավ կայծակի նման, և գիտակցությանն անմիջապես հետևեց արարքը։ Եվ արարքն էլ գիտակցվեց արտակարգ հստակությամբ։ Ես լսեցի և հիշում եմ սեղմիրանի և էլի ինչոր բանի ակնթարթային դիմադրությունը և ապա շեղբի մխրճումը փափուկ բանի մեջ։ Նա բռնեց դաշույնը, մատները կտրեց, բայց չկարողացավ պահել։ Ես հետո բանտում, երբ արդեն բարոյական հեղաշրջում էր կատարվել իմ մեջ, երկար մտածում էի այդ պահի մասին, մտաբերում ինչ կարող էի և քննում եղածը։ Հիշում եմ, մի ակնթարթ, արարքին նախորդող մեն֊մի ակնթարթ այն ահավոր գիտակցումն ունեցա, որ սպանում ու սպանել եմ կնոջ, անպաշտպան կնոջ, ի՛մ կնոջր։ Այդ գիտակցության սարսափը մնացել է հիշողությանս մեջ և այդ պատճառով եզրակացնում ու մինչև անգամ աղոտ հիշում եմ, որ դաշույնը մխրճելուց հետո անմիջապես դուրս քաշեցի՝ ցանկանալով ուղղել եղածն ու դադարեցնել։ Մի վայրկյան կանգնած մնացի անշարժ, սպասելով, թե ինչ է լինելու, թե կարելի է արդյոք ուղղել։ Նա ոտքի թռավ, ճչաց․

― Դայա՜կ․․․ նա սպանե՜g ինձ։

Աղմուկից արթնացած դայակը կանգնել էր դռան մեջ։ Ես շարունակում էի այդպես կանգնած մնալ սպասելով ու չհավատալով։ Բայց այդ պահին նրա սեղմիրանի տակից դուրս հորդեց արյունը։ Այդ ժամանակ միայն հասկացա, որ ուղղել անհնար է, և իսկույն էլ որոշեցի, որ պետք էլ չէ, որ իմ ուզածն էլ հենց դա է և հենց այդ բանն էլ պետք է անեի։ Սպասեցի, մինչև նա ընկավ ու դայակը «Տե՜ր աստված» կանչելով վազեց նրա մոտ, և այդ ժամանակ միայն դեն նետեցի դաշույնն ու դուրս եկա սենյակից։

«Հարկավոր չէ իրար անցնել, պետք է իմանամ, թե ինչ եմ անում»,— ասացի ինքս ինձ՝ չնայելով նրան ու դայա կին։ Դայակը ճչում էր, կանչում աղախնին։ Ես անցա միջանցքով և, ուղարկելով աղախնին, գնացի իմ սենյակը։ «Հիմա ի՞նչ է հարկավոր անել,— հարցրեցի ինքս ինձ և իսկույն էլ հասկացա, թե ինչ։ Մտնելով առանձնասենյակ, ես ուղիղ մոտեցա պատին, իջեցրի ատրճանակը, զննեցի,— լցված էր,— և դրեցի սեղանին։ Հետո բազմոցի ետևից հանեցի դաշույնի պատյանն ու նստեցի բազմոցին։

Երկար նստեցի այդպես։ Ոչինչ չէի մտածում, ոչինչ չէի հիշում։ Դռան ետևից ոտնաձայներ էին հասնում ականջիս։ Լսեցի, որ ինչ-որ մեկը եկավ, հետո՝ էլի մեկը։ Այնուհետև լսեցի ու տեսա, թե ինչպես Եգորն առանձնասենյակ բերեց կայարանում մնացած իմ զամբյուղը։ Կարծես պետք էր որևէ մեկին․․․

— Լսեցի՞ր ինչ է պատահել,— ասացի։— Դռնապանին ասա, որ իմաց տան ոստիկանությանը։

Նա ոչինչ չասաց ու դուրս գնաց։ Վեր կացա, կողպեցի դուռն ու գլանակ և լուցկի հանելով սկսեցի ծխել։ Դեռ չէի ծխել վերջացրել, երբ քունը հաղթեց ու տապալեց ինձ։ Քնեցի հավանաբար մի երկու ժամ։ Հիշում եմ, երազում տեսնում էի, որ ես ու նա համերաշխ էինք, վիճել էինք մինչ այդ, բայց հաշտվում էինք, և չնայած էլի ինչ֊որ բան մի քիչ խանգարում էր՝ հաշտ էինք արդեն։ Արթնացա դռան թակոցից։ «Ոստիկանությունն է,— մտածեցի՝ զարթնելով։— Ախր սպանեցի կարծես թե։ Բայց գուցե նա է, և ոչինչ չի եղել»։ Դուռը դեռ թակում էին։ Չէի պատասխանում, փորձում էի որոշել այդ հարցը՝ եղե՞լ է դա, թե ոչ։ Այո, եղել է։ Հիշեցի սեղմիրանի դիմադրությունն ու շեղբի մխրճվելը, և սարսուռ անցավ մարմնովս։ «Այո, եղել է։ Այո, այժմ հարկավոր է նաև ինքս ինձ»,— ասացի մտքումս։ Բայց ասում էի այդ բանն ու գիտեի, որ ինձ չեմ սպանի։ Սակայն վեր կացա ու նորից ձեռքս առա ատրճանակը։ Բայց, տարօրինակ բան․ հիշում եմ, թե ինչպես առաջներում շատ անգամ եմ մոտ եղել ինքնասպանության, թե ինչպես նույնիսկ այդ օրը գնացքում դա հեշտ էր թվում ինձ, հեշտ՝ հենց այն պատճառով, որ մտածում էի, թե դրանով կհաղթեմ նրան։ Իսկ այժմ ես ամենևին չէի կարող ոչ միայն ինքնասպան լինել, այլև մտածել այդ մասին։ «Ինչո՞ւ այդ բանն անեմ» հարցնում էի ինքս ինձ ու պատասխան չէի ստանում։ Նորից դուռը ծեծեցին։ «Այո, նախ հարկավոր է իմանալ, թե ով է բախում։ Դեռ ժամանակ կունենամ»։ Ցած դրի ատրճանակն ու ծածկեցի թերթով։ Մոտեցա դռանն ու ետ քաշեցի սողնակը։ Կնոջս քույրն էր՝ բարի, պարզամիտ մի այրի։

— Վա՜սյա․․․ սա ի՞նչ բան է,— ասաց նա, և հոսեցին միշտ թափվելու պատրաստ նրա արցունքները։

― Ի՞նչ ես ուզում,— հարցրի կոպտորեն։ Զգում էի, որ բոլորովին պետք չէր և կարիք չկար նրա հետ կոպիտ լինել, բայց որևէ այլ տոն գտնել անկարող էի։

— Վասյա, նա մեռնո՜ւմ է։ Իվան Ֆյոդորովիչն ասաց։— Այդ Իվան Ֆյոդորովիչը բժիշկ էր, նրա բժիշկը, խորհրդատուն։

― Մի՞թե նա այստեղ է,— հարցրի, և կնոջս հանդեպ ողջ չարությունը նորից գլուխ բարձրացրեց իմ մեջ։— Է՛, ուրեմն ի՞նչ։

― Գնա նրա մոտ, Վասյա։ Ա՜խ, ինչ սարսափելի է,— ասաց։

«Գնամ նրա մո՞տ»,— հարց տվի ինքս ինձ։ Եվ անմիջապես պատասխանեցի, որ հարկավոր է գնալ նրա մոտ, որ հավանաբար միշտ այդպես է արվում, որ երբ ամուսինն ինձ նման սպանում է կնոջը՝ անպայման պիտի գնա նրա մոտ։ «Եթե այդպես է ընդունված՝ հարկավոր է գնալ,— ասացի ինքս ինձ։— Եվ եթե անհրաժեշտ լինի՝ միշտ էլ ժամանակ կգտնեմ»,— մտածեցի ինքնասպանություն գործելու իմ մտադրության մասին և գնացի կնոջս քրոջ ետևից։ «Հիմա պարապ խոսքեր կլինեն, ծամածռություններ, բայց ես չեմ ենթարկվի դրանց»,— ասացի ինքս ինձ։

― Սպասիր,— ասացի կնոջս քրոջը,— ծիծաղելի է առանց կոշիկների, թող գոնե տուֆլի հագնեմ։


XXVIII

― Եվ զարմանալի՜ բան։ Կրկին, երբ դուրս եկա առանձնասենյակից ու գնացի սովոր սենյակներով, իմ մեջ նորից հույս ծագեց, թե ոչինչ չի եղել, բայց բժշկական այդ գարշանքի՝ յոդոֆորմի, կարբոլաթթվի հոտը ցնցեց ինձ։ Ոչ, ամեն ինչ եղել է։ Միջանցքով մանկասենյակի կողքից անցնելիս տեսա Լիզոչկային։ Նա նայում էր ինձ վախվորած աչքերով։ Ինձ նույնիսկ թվաց, թե այդտեղ էին բոլոր հինգ երեխաները և բոլորն էլ ինձ էին նայում։ Մոտեցա դռանը, և աղախինը ներսից բացեց իմ առջև ու դուրս եկավ։ Առաջին բանը, որ աչքովս ընկավ, կնոջս բաց մոխրագույն զգեստն էր աթոռի վրա՝ արյունից ամբողջովին սևացած։ Մեր երկտեղ անկողնու, ավելի ճիշտ՝ նույնիսկ իմ անկողնու վրա,— ավելի հեշտ էր այդ կողմից մոտենալը,— պառկած էր նա ծնկները բարձր։ Պառկած էր ուղիղ, միայն բարձիկների վրա, կոճակներն արձակած կոֆտայով։ Վերքի վրա ինչ-որ բան էր դրված։ Սենյակը բռնված էր յոդոֆորմի ծանր հոտով։ Ամենից առաջ և ամենից ավելի ինձ զարմացրեց ուռած ու այտուցից կապտած երեսը, քթի մի մասն ու աչքի տակը։ Իմ արմունկի հարվածի հետևանքն էր դա, երբ ուզում էր ձեռքս պահել։ Գեղեցկության հետք անգամ չկար, այլ ինչ-որ նողկալի բան էր նա իմ աչքում։ Կանգ առա շեմին։

― Մոտեցիր, մոտեցիր նրան,— ասաց ինձ քույրը։

«Այո, հավանաբար ուզում է ապաշխարել»,— անցավ մտքովս։ «Ներե՞մ։ Այո, նա մեռնում է, և կարելի է ներել նրան»,— մտածեցի՝ աշխատելով մեծահոգի լինել։ Կիպ մոտեցա։ Նա դժվարությամբ վրաս բարձրացրեց աչքերը, որոնցից մեկը վնասված էր, և ճիգով ասաց․

— Վերջը հասար քո ուզածին, սպանեցիր․․․— Եվ նրա դեմքին, ֆիզիկական տառապանքի և նույնիսկ մոտալուտ մահվան տագնապի միջից արտահայտվեց նույն վաղեմի, ինձ ծանոթ պաղ անասնական ատելությունը։— Երեխաներին․․․ ես այնուամենայնիվ քեզ․․․ չեմ տա․․․ Նա (իր քույրը) կվերցնի․․․

Իսկ այն, ինչ գլխավորն էր ինձ համար՝ իր մեղքի, դավաճանության մասին կարծես անկարևոր համարեց հիշել։

― Այո, նայիր ու հիացիր քո արածով,— ասաց՝ նայելով դռան կողմը և հեծկլտաց։ Դռան մեջ կանգնած էր քույրը երեխաների հետ։— Այո, ահա թե ինչ արեցիր դու։

Նայեցի երեխաներին, նրա ջարդված կապտած, դեմքին և առաջին անգամ մոռացա ինքս ինձ, իմ իրավունքները, իմ հպարտությունը, առաջին անգամ մարդ տեսա նրա մեջ։ Եվ այնքան աննշան թվաց այն ամենը, որ վիրավորել էր ինձ՝ իմ ողջ խանդը, և այնքան նշանակալի՝ իմ արածը, որ ուզում էի երեսս սեղմել նրա ձեռքին ու ասել՝ «Ներիր», բայց չհամարձակվեցի։

Նա լռում էր փակ աչքերով, ըստ երևույթին ուժ չունենալով շարունակելու։ Հետո նրա այլանդակված դեմքն սկսեց դողալ ու կնճռոտվեց։ Նա թույլ ետ հրեց ինձ։

― Ինչի՞ համար եղավ այս ամենը։ Ինչի՞ համար։

— Ներիր ինձ,— ասացի։

― Ներե՞մ․․․ հիմարությո՛ւն է այդ ամենը․․․ Միայն թե չմեռնե՜մ․․․ — աղաղակեց նա՝ մի փոքր տեղից բարձրանալով, և նրա տենդագին փայլող աչքերը սևեռվեցին վրաս։— Այո, դու հասար քո ուզածին․․․ Ատո՜ւմ եմ․․․ Ա՜յ․․․ Ա՛խ,— հավանաբար զառանցանքի մեջ, ինչ֊որ բանից վախենալով, ճչաց նա։— Ըհը, սպանիր, սպանիր, ես չեմ վախենում․․․ Միայն թե ամենքին, ամենքին, ու նրան էլ։ Փախա՜վ, փախա՜վ․․․

Զառանցանքը շարունակվեց անընդհատ։ Նա չէր ճանաչում ոչ ոքի։ Նույն օրն իսկ, կեսօրի մոտ նա մեռավ։ Ինձ մինչ այդ, ժամը ութին տարան քաղաքամաս և այնտեղից՝ բանտ։ Եվ այնտեղ նստելով տասնմեկ ամիս, սպասելով դատին, ես մի լավ քննության ենթարկեցի ինձ ու իմ անցյալը և հասկացա ամեն ինչ։ Սկսեցի հասկանալ երրորդ օրվանից։ Երրորդ օրը ինձ տարան այնտեղ․․․

Պոզդնիշևն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց այլևս անկարող լինելով պահել հեկեկանքները՝ կանգ առավ։ Ուժերը հավաքելով, շարունակեց․

— Ես սկսեցի հասկանալ այն ժամանակ միայն, երբ տեսա նրան ղագաղում․․․— Նա հեծկլտաց, բայց իսկույն էլ շարունակեց շտապով։— Միայն այն ժամանակ, երբ տեսա նրա անկենդան դեմքը, հասկացա, թե ինչ եմ արել։ Հասկացա, որ ես, ես եմ սպանել նրան, և ինձնով է պայմանավորվել այն, որ նա ողջ, շարժուն, տաք է եղել, իսկ հիմա դարձել է անշարժ, մոմագույն, պաղ, և որ այդ բանը չի կարելի ուղղել երբեք, ոչ մի տեղ, ոչնչով։ Ով չի ապրել այդ բանը, չի կարող հասկանալ․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․— ճչաց նա մի քանի անգամ ու լռեց։

Մենք երկար նստած էինք անխոս։ Նա հեծկլտում էր ու լուռ օրորվում իմ դեմ։

― Էհ, ներեցեք․․․

Նա շուռ եկավ ինձնից ու թեք ընկավ նստարանին՝ ծածկվելով պլեգով։ Այն կայարանում, ուր պետք է իջնեի,— առավոտվա ժամը ութն էր,— ես մոտեցա նրան հրաժեշտ տալու։ Քնած էր թե քնած էր ձևանում՝ չհասկացա, բայց նա չէր շարժվում։ Թեթևակի ձեռք տվի նրան։ Աչքերը բացեց, և երևաց, որ քնած չէր եղել։

― Մնաք բարով,— ասացին ձեռքս մեկնելով։

Նա սեղմեց ձեռքս ու թեթև ժպտաց, բայց այնպես խղճալի, որ լացս եկավ։

― Այո, ներեցեք,— կրկնեց նա նույն խոսքը, որով և եզրափակել էր իր ողջ պատմությունը։


«Կրեյցերցան սոնատի» վերջաբանը

Ես ստացել և ստանում եմ բազմաթիվ նամակներ ինձ անծանոթ անձնավորություններից, որոնք ինձ խնդրում են պարզ ու հասկանալի խոսքերով բացատրել այն, թե որն է իմ հայեցակետը «Կրեյցերյան սոնատ» վերտառությամբ իմ գրած պատմվածքի նյութի վերաբերյալ։ Կփորձեմ անել այդ, այսինքն՝ կարճառոտ խոսքով հնարավորության սահմաններում արտահայտել էությունն այն բանի, որ ցանկացել եմ ասել պատմվածքում, և այն եզրահանգումները, որք ըստ իս, կարելի է հետևցնել դրանից։

Ցանկացել եմ ասել, առաջին, որ մեր հասարակության մեջ հաստատվել է աներկբա, բոլոր դասերի համար ընդհանուր և կեղծ գիտության կողմից պաշտպանվող այն համոզումը, թե սեռական հարաբերությունն առողջության համար անհրաժեշտ գործ է, և քանի որ ամուսնությունը ոչ միշտ է հնարավոր, ապա արտաամուսնական սեռական հարաբերությունը, որ տղամարդուն դրամական փոխհատուցումից բացի ոչինչ չի պարտավորեցնում, միանգամայն բնական բան է, ուստի և պետք է խրախուսվի։ Այս համոզումն այն աստիճան է դարձել ընդհանուր և կայուն, որ ծնողները, բժիշկների խորհրդով, իրենք են կազմակերպում իրենց զավակների այլասերումը․ կառավարությունները, որոնց միակ իմաստն իրենց քաղաքացիների բարոյական ապահովության հոգացողությունն է, կարգավորում են այլասերությունը, այսինքն ընթացքի մեջ են դնում կանանց մի ամբողջ դասի, որոնք պարտավոր են կործանվել մարմնապես ու հոգեպես՝ տղամարդկանց թվացյալ պահանջմունքները բավարարելու համար, իսկ ամուրի մարդիկ կատարելապես հանգիստ խղճով անձնատուր են լինում անառակության։

Եվ ահա ես կամեցել եմ ասել, թե վատ բան է դա, որովհետև անկարելի է որոշ մարդկանց առողջության համար կործանել մյուս մարդկանց մարմինն ու հոգին, ինչպես անկարելի է, որ մարդկանցից ոմանք իրենց առողջության համար խմեն մյուս մարդկանց արյունը։

Իսկ եզրակացությունը, որ, իմ կարծիքով, բնականորեն կարելի է հետևցնել սրանից, այն է, որ հարկ չկա ենթարկվելու այդ մոլորությանն ու խաբեությանը։ Իսկ չենթարկվելու համար հարկավոր է նախ չհավատալ անբարոյական ուսմունքներին, ինչպիսի կեղծ գիտությունների կողմից էլ դրանք պաշտպանվեն, և ապա՝ հասկանալ, որ նման սեռական հարաբերության մեջ մտնելը, երբ մարդիկ կամ ազատում են իրենց դրա հնարավոր հետևանքներիցս երեխաներից, կամ այդ հետևանքների ողջ ծանրությունը բարդում են կնոջ վրա, կամ կանխարգելում են երեխա ծնելու հնարավորությունը,— որ նման սեռական հարաբերությունը հանցագործություն է բարոյական ամենահասարակ պահանջի հանդեպ, ստորություն, և որ այդ պատճառով ստոր կյանք վարել չցանկացող մարդիկ պետք է չանեն այդ բանը։

Իսկ այն բանի համար, որ նրանք կարողանան ժուժկալել, բնական ապրելակերպ վարելուց՝ չխմելուց, որկրամոլությամբ չտարվելուց, միս չուտելուց և աշխատանքից (ոչ թե մարմնամարզությունից, այլ ջանադիր, ոչ խաղուպար աշխատանքից) չխուսափելուց բացի, պետք է մտքներով անգամ չանցկացնեն ուրիշների կանանց հետ հարաբերություն ունենալու հնարավորությունը, ինչպես յուրաքանչյուր մարդ այդ բանը հնարավոր չի համարում իր և մոր, քույրերի, ազգականուհիների, իր ընկերների կանանց հետ։

Իսկ այն բանի ապացույցը, թե ժուժկալությունը հնարավոր է և պակաս վտանգավոր ու վնասակար առողջության համար, քան անժուժկալությունը, ամեն տղամարդ իր շուրջը կգտնի հարյուրավորներով։

Սա՝ առաջինը։

Երկրորդն այն է, որ մեր հասարակության մեջ այն կարծիքի հետևանքով, թե սիրային հարաբերությունը ոչ միայն առողջության ու հաճույքի անհրաժեշտ պայման է, այլև կյանքի բանաստեղծական, վսեմ բարիք, ամուսնական անհավատարմությունը հասարակության բոլոր շերտերում (առանձնապես՝ գեղջկական, ամուսիններին զինվոր տանելու պատճառով) ամենասովորական երևույթն է դարձել։

Եվ ես կարծում եմ, որ դա վատ է։ Իսկ սրանից բխող եզրակացությունն այն է, որ պետք չէ այդ բանն անել։

Իսկ այդ բանը չանելու համար հարկավոր է, որ փոխվի հայացքը մարմնական սիրո վերաբերյալ, որ տղամարդիկ ու կանայք ընտանիքներում և հասարակական կարծիքի թելադրանքով դաստիարակվեն այնպես, որ մինչև ամուսնությունն ու դրանից հետո սիրահարվելուն և սրա հետ կապված մարմնական սիրուն չնայեն իբրև բանաստեղծական ու վեհ վիճակի, ինչպես այժմ են նայում, այլ նայեն որպես մարդու համար նվաստացուցիչ անասնական վիճակի, և որ ամուսնության ժամանակ տրվող հավատարմության երդման խախտումը հասարակական կարծիքի կողմից դատապարտվի գոնե այնպես, ինչպես դատապարտվում են դրամական պարտավորությունների խախտումն ու առևտրական խաբեությունները, և ոչ թե փառաբանվի, ինչպես արվում է այժմ վեպերում, բանաստեղծություններում, երգերում, օպերաներում և այլն։

Սա՝ երկրորդը։

Երրորդն այն է, որ մեր հասարակության մեջ, դարձյալ մարմնական սիրուն տրվող նույն կեղծ նշանակության հետևանքով, մանկածնությունը կորցրել է իր իմաստը և ամուսնական հարաբերությունների նպատակ ու արդարացում լինելու փոխարեն խոչընդոտ է դարձել սիրային հարաբերությունները հաճելի կերպով շարունակելու ճանապարհին, և որ այդ պատճառով թե ամուսնությունից դուրս և թե ամուսնության մեջ, բժշկական գիտության սպասավորների խորհրդով, սկսել է տարածվել կնոջը մանկածնության հնարավորությունից զրկող միջոցների գործածումը, կամ սկսել է բարք ու սովորություն դառնալ մի բան, որ չկար առաջներում և այժմ էլ չկա նահապետական գեղջուկ ընտանիքներում՝ ամուսնական հարաբերությունների շարունակումը հղիության ու կուրծք տալու շրջանում։

Եվ ես կարծում եմ, որ դա վատ է։ Մանկածնության առաջն առնող միջոցների գործադրումը վատ է նախ այն պատճառով, որ մարդկանց ազատում է երեխաների մասին հոգսերից ու նեղություններից՝ մարմնական սիրո փոխհատուցումից, և ապա՝ այն պատճառով, որ դա մի տեսակ խիստ մոտ է մարդու խղճին ամենաներհակ արարքին՝ սպանությանը։ Եվ վատ է անժուժկալությունը հղիության ու կուրծք տալու ժամանակ, որովհետև սպառում է կնոջ մարմնական և, որ գլխավորն է, հոգեկան ուժերը։

Իսկ սրանից բխող եզրակացությունն այն է, որ պետք չէ այդ բանն անել։ Իսկ այդ բանը չանելու համար պետք է հասկանալ, որ ամուրի վիճակում մարդկային արժանապատվության պայման հանդիսացող ժուժկալությունը առավել պարտադիր է ամուսնացած ժամանակ։

Սա՝ երրորդը։

Չորրորդն այն է, որ մեր հասարակության մեջ, ուր երեխաները դառնում են կամ խանգարիչ հանգամանք վայելքների համար, կամ դժբախտ պատահականություն, կամ յուրատեսակ հաճույք, երբ ծնվում են նախապես որոշված քանակով, այդ երեխաները դաստիարակվում են ոչ ըստ մարդկային կյանքի այն խնդիրների, որ առաջադրվելու է նրանց իբրև բանական ու սիրող էակն երի, այլ սոսկ այն բավականություններին համապատասխան, որ նրանք կարող են պատճառել իրենց ծնողներին։ Եվ որ դրա հետևանքով մարդկանց զավակները դաստիարակվում են անասունների ձագերի նման, այնպես որ ծնողների գլխավոր հոգսը նրանց մարդկային արժանավոր գործունեության նախապատրաստելը չէ, այլ այն (ուր ծնողներին սատարում է բժշկություն կոչվող կեղծ գիտությունը), որ հնարավորին չափ լավ սնեն երեխաներին, մեծացնեն նրանց քաշն ու հասակը, դարձնեն մարմնով մաքուր, սպիտակ, կլորիկ, սիրունիկ (եթե ստորին դասերում չեն անում այդ բանը, ապա միայն՝ ստիպված, իսկ մոտեցումը նույնն է)։ Եվ փափկասուն երեխաների մեջ, ինչպես չափից դուրս բտած ամեն տեսակ կենդանիների մեջ, անբնականորեն վաղ է ի հայտ գալիս անհաղթահարելի ցանկասիրությունը, որ այդ երեխաների ահավոր տանջանքների պատճառն է դառնում պատանեկան հասակում։ Շքեղ զգեստները, ընթերցանությունը, հանդիսանքները, երաժշտությունը, պարերը, համադամ սնունդը, կյանքի բոլոր պայմանների տուփերի վրայի նկարներից մինչև սիրավեպերը, վիպակներն ու պոեմները, ավելի են բորբոքում այդ ցանկասիրությունը, և դրա հետևանքով սեռական ամենասարսափելի արատներն ու հիվանդությունները երկու սեռի երեխաների հասունացման սովորական պայմաններն են դառնում և հաճախ մնում են նաև հասուն տարիքում։

Եվ ես կարծում եմ, որ վատ է դա։ Իսկ այն եզրակացությունը, որ կարելի է հետևցնել դրանից, այն է, որ հարկավոր է վերջ տալ մարդկանց զավակներին կենդանիների ձագերի պես դաստիարակելուն և մարդկանց զավակների դաստիարակության հիմքում դնել այլ նպատակներ մարմինը խնամելուց, սիրունացնելուց զատ։

Սա՝ չորրորդը։

Հինգերորդն այն է, որ մեր հասարակության մեջ, ուր երիտասարդ տղամարդու և կնոջ միջև սիրահարական կապը, որի հիմքում դարձյալ մարմնական սերն է, հասցվել է մարդկային տենչերի բարձրագույն բանաստեղծական նպատակի աստիճանին, և դրա ապացույցն է մեր հասարակության ամբողջ արվեստն ու պոեզիան։ Երիտասարդներն իրենց կյանքի լավագույն ժամանակը նվիրում են մի բանի․ տղամարդիկ սիրո ամենալավ առարկաները փնտրելուն, գտնելուն ու նրան տիրանալուն՝ սիրային կապի կամ ամուսնության ձևով, իսկ կանայք ու աղջիկները՝ տղամարդկանց գայթակղելուն և սիրային կապի կամ ամուսնության մեջ ներգրավելուն։

Եվ դրա հետևանքով մարդկանց լավագույն ուժերը ծախսվում են ոչ միայն անօգուտ, այլ վնասակար գործունեության վրա։ Դրանից էլ մեր կյանքի անմիտ շռայլության մեծ մասը, դրանից էլ՝ տղամարդկանց պարապությունն ու կանանց անամոթությունը, որոնք չեն խորշում հայտնապես այլասերված կանանցից փոխառնված մոդաներով իրենց մարմնի ցանկություն հարուցող մասերը ցուցադրելուց։

Եվ ես կարծում եմ, որ վատ է դա։

Վատ է այն պատճառով, որ սիրո առարկայի հետ ամուսնությամբ կամ ամուսնությունից դուրս միանալու նպատակը, որքան էլ բանաստեղծականացվի, մարդուն անարժան նպատակ է, այնպես, ինչպես մարդուն անվայել է համեղ ու առատ սնունդ ձեռք բերելու նպատակը, որ շատերին բարձրագույն բարիք է թվում։

Իսկ այն եզրակացությունը, որ կարելի է հետևցնել սրանից, այն է, որ պետք չէ մտածել, թե մարմնական սերը ինչ֊ինչ բացառիկ վեհ բան է, այլ պետք է հասկանալ, որ մարդուն արժանի նպատակը՝ լինի մարդկությանը թե հայրենիքին, գիտությանը թե արվեստին (էլ չասենք՝ աստծուն) ծառայելու, մի խոսքով, ամենայն նպատակ, որ արժանի ենք համարում մարդուն, ձեռք չի բերվում ամուսնության մեջ կամ դրանից դուրս սիրո առարկայի հետ միանալու միջոցով, այլ, ընդհակառակն, սիրահարությունը և սիրո առարկայի հետ միանալը (որքան էլ փորձեն հակառակն ապացուցել բանաստեղծություններում ու արձակ գործերում) երբեք չի դյուրացնում մարդուն արժանի նպատակի ձեռքբերումը, այլ դժվարացնում է միշտ։

Սա էլ հինգերորդը։

Ահա այն էականը, որ ես ցանկացել եմ ասել և կարծում եմ՝ ասել եմ իմ պատմվածքում։ Եվ ինձ թվում էր, թե կարելի է դատել այս դրույթների մատնանշած չարիքը վերացնելու ուղիների մասին, սակայն դրանց հետ չհամաձայնել չի կարելի երբեք։

Ինձ թվում էր, թե այս դրույթներին չհամաձայնել անկարելի է նախ այն պատճառով, որ դրանք միանգամայն համապատասխան են միշտ շվայտությունից դեպի ավելի ու ավելի կատարյալ ողջախոհություն ընթացող մարդկության առաջադիմությանն ու հասարակության բարոյական գիտակցությանը, մեր խղճին, որ միշտ դատապարտում է շվայտությունն ու գնահատում ողջախոհությունը. և ապա՝ այն պատճառով, որ այս դրույթները սոսկ անխուսափելի եզրահանգումներ են ավետարանական վարդապետությունից, եզրահանգումներ, որ մենք կամ քարոզում ենք, կամ, համենայն դեպս, թեև անգիտակցորեն, բարոյականության վերաբերյալ մեր հասկացությունների հիմքն ենք ընդունում։

Բայց այդպես չստացվեց։

Ոչ ոք, ճիշտ է, ուղղակիորեն չի ժխտում այն դրույթը, որ անառակություն չպետք է անել ամուսնությունից առաջ, ինչպես և ամուսնությունից հետո, որ պետք չէ արհեստականորեն բնաջնջել մանկածնությունը, որ պետք չէ երեխաներին զվարճության խաղալիք դարձնել և սիրային միությունը բարձր դասել մնացած ամեն ինչից, մի խոսքով, ոչ ոք չի վիճարկում այն, որ ողջախոհությունը վեր է անառակությունից։ Սակայն ասում են. «Եթե ամուրիությունն ավելի լավ է ամուսնությունից, ապա բնականաբար մարդիկ պետք է անեն այն, ինչ ավելի լավ է։ Բայց եթե մարդիկ վարվեն այդպես, ապա մարդկային ցեղը կդադարի, ուստի և մարդկային ցեղի իդեալը չի կարող լինել իր իսկ ոչնչացումը»։

Բայց այլևս չխոսելով այն մասին, որ մարդկային ցեղի ոչնչացումը նոր հասկացություն չէ մեր հասարակության մարդկանց համար, այլ կրոնասեր անձանց համար հավատի դոգմա է, իսկ գիտուն մարդկանց համար՝ արևի սառչելու դիտարկումներից բխող անխուսափելի եզրահանգում, այդ առարկության մեջ մի ուրիշ մեծ, տարածված ու հին թյուրիմացություն կա։

Ասում են․ «Եթե մարդիկ հասնեն կատարյալ ողջախոհության իդեալին՝ կոչնչանան, ուստի և այդ իդեալը ճշմարիտ չէ»։ Բայց այդպես ասողները դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ շփոթում են երկու տարասեռ բաներ՝ կանոնը, պատվերը և իդեալը։

Ողջախոհությունը կանոն կամ պատվեր չէ, այլ իդեալ կամ, ավելի շուտ, նրա պայմաններից մեկը։ Իսկ իդեալն այն ժամանակ է միայն իդեալ, երբ նրա իրականացումը հնարավոր է սոսկ գաղափարի, մտքի մեջ, երբ այն հասանելի է թվում միայն անսահմանության մեջ և երբ, այդ պատճառով, նրան մերձենալու հնարավորությունն անսահման է։ Եթե իդեալը ոչ միայն հասանելի լիներ, այլև կարողանայինք պատկերացնել նրա իրագործումը, այն կդադարեր իդեալ լինելուց։ Այդպիսին է Քրիստոսի իդեալը՝ աստծո արքայության հաստատումը երկրի վրա, մի իդեալ, որ նախագուշակել են դեռ մարգարեները, թե կգա ժամանակ, երբ բոլոր մարդիկ աստուծո խոսքով կշարժվեն, սրերից արորներ կկռեն և նիզակներից՝ մանգաղներ, առյուծը կպառկի գառնուկի կողքին և բոլոր էակները կմիավորվեն սիրով։ Մարդկային կյանքի ողջ իմաստը դեպի այս իդեալը տանող ընթացքն է, ուստի և ձգտումը քրիստոնեական իդեալին՝ նրա ողջ միագումարությամբ և ողջախոհության, որպես այդ իդեալի պայմաններից մեկին, ոչ միայն չի բացառում կյանքի հնարավորությունը, այլև, ընդհակառակը, քրիստոնեական այդ իդեալի չգոյությունն ի չիք կդարձներ ամենայն առաջընթաց և, հետևաբար, կյանքի հնարավորությունը։

Այն դատողությունը, թե մարդկային ցեղի գոյությունը կդադարի, եթե մարդիկ ամբողջ զորությամբ ձգտեն ողջախոհության, նման է այն դատողությանը, որ կանեին (և անում են), թե մարդկային ցեղը կկործանվի, եթե մարդիկ իրենց գոյության համար պայքարելու փոխարեն ամբողջ կարողությամբ ձգտեն բարեկամների, թշնամիների, ամենայն շնչավորի հանդեպ սիրո իրականացման։ Նման դատողությունները բարոյական կողմնորոշման երկու եղանակի տարբերությունը չհասկանալու արդյունքն են։

Ինչպես ճամփա որոնողին, ճանապարհորդին ուղի ցույց տալու երկու կերպ կա, այնպես էլ բարոյական կողմնորոշման երկու եղանակ գոյություն ունի ճշմարտությունը որոնող մարդու համար։ Մի եղանակն այն է, որ մարդուն ասում են, թե ինչ առարկաներ են հանդիպելու իր ճանապարհին, և նա կողմնորոշվում է դրանց միջոցով։

Մյուս եղանակն այն է, որ մարդուն տրվում է միայն ուղղությունն ըստ կողմնացույցի, որ ուղևորը վերցնում է իր հետ և որով տեսնում է միշտ նույն անփոփոխ ուղղությունը և այդ պատճառով՝ իր ամեն մի շեղումը դրանից։

Բարոյական կողմնորոշման առաջին եղանակն արտաքին սահմանումների, կանոնների կերպ է. մարդուն տրվում են որոշակի հայտանիշերն այն արարքների, որ նա պարտավոր է գործել կամ չգործել։

«Պահպանիր շաբաթ օրվա կարգը, թլփատվիր, մի գողանա, ոգելից խմիչք մի խմիր, սպանություն մի անի, տասանորդը տուր աղքատներին, մի շնանա, լվացում արա և աղոթիր օրը հինգ անգամ, խաչ հանիր երեսիդ, հաղորդություն առ և այլն»։ Այսպիսիք են կրոնական արտաքին ուսմունքների հրահանգները՝ բրահմանական, բուդդայական, մահմեդական, հրեական եկեղեցական, որ սխալ կերպով քրիստոնեական է կոչվում։

Մյուս եղանակը մարդուն անհասանելի կատարելությունը նրան մատնացույց անելու կերպն է, կատարելություն, որի ձգտումը նա գիտակցում է ինքն իր մեջ․ մարդու առջև նախանշվում է իդեալը, որի հարաբերությամբ նա միշտ կարող է տեսնել իր հեռացման աստիճանը նրանից։

«Քո Տեր Աստվածը սիրիր բոլոր սրտովդ և բոլոր անձովդ և բոլոր մտքովդ և քո մերձավորը սիրիր անձիդ պես։ Եղեք կատարյալ, որպես հայրը ձեր երկնավոր»։

Այսպիսին է Քրիստոսի վարդապետությունը։

Կրոնական արտաքին ուսմունքների ստուգումը արարմունքների համապատասխանությունն է այդ ուսմունքների սահմանումների հետ, և համապատասխանությունը հնարավոր է այստեղ։

Քրիստոսի ուսմունքի կենսագործման ստուգումը իդեալական կատարելության հետ անհամապատասխանության աստիճանի գիտակցումն է։ (Մերձեցման աստիճանը չի երևում. երևում է միայն շեղումը կատարելությունից)։

Արտաքին օրենքը դավանողը նման է սյունից կախ լապտերի տակ կանգնած մարդու։ Նա կանգնած է այդ լապտերի լույսի մեջ, իր համար լույս է, և գնալու ուրիշ տեղ չունի։ Քրիստոսի վարդապետությունը դավանողը նման է մի մարդու, որ լապտերը տանում է իր առջևում՝ ավելի կամ պակաս երկար ձողի ծայրին․ լույսը միշտ առջևում է և միշտ դրդում է նրան գնալ իր ետևից և էլի ու էլի նոր ու առինքնող լուսավոր տարածություն է բացում նրա առջև։

Փարիսեցին գոհություն է հայտնում աստծուն, որ ինքը կատարում է ամեն ինչ։

Հարուստ երիտասարդն էլ է մանկուց ամեն ինչ կատարել և չի հասկանում, թե ինքն ինչի պակասը կարող է զգալ։ Եվ նրանք չեն կարող այլ կերպ մտածել․ նրանց առջև չկա այն բանը, որին շարունակեին ձգտել։ Տասանորդը տրված է, շաբաթ օրվա կարգը՝ պահպանված, ծնողները հարգված են, շնություն, գողություն, սպանություն չկա։ Էլ ի՞նչ է պետք։ Մինչդեռ քրիստոնեական վարդապետությունը դավանողի մեջ կատարելության յուրաքանչյուր աստիճանին հասնելը հարուցում է ավելի բարձր աստիճանի ոտք դնելու պահանջը, որտեղից առավել բարձրն է սկսվում, և այդպես՝ անվերջ։

Քրիստոսի օրենքին հետևողը միշտ աստանդականի վիճակում է։ Նա իրեն շարունակ անկատար է զգում՝ ետևում չտեսնելով իր անցած ճանապարհը, այլ միշտ առջևում տեսնելով այն ուղին, որով դեռ պետք է գնալ և որն ինքը չի անցել դեռևս։

Սա է Քրիստոսի վարդապետության տարբերությունը մնացած բոլոր կրոնական ուսմունքներից, տարբերություն, որ պահանջների այլազանության մեջ չէ, այլ մարդկանց կողմնորոշելու եղանակի տարբերության մեջ։ Քրիստոսը կենցաղավարելու ոչ մի սահմանում չի տվել, չի նախորոշել ոչ մի հաստատակարգ, երբեք չի օրինավորել նաև ամուսնության կարգը։ Սակայն Քրիստոսի վարդապետության յուրահատկությունները չըմբռնող մարդիկ, սովոր լինելով արտաքին ուսմունքների և ցանկանալով իրենց արդարացի զգալ, ինչպես իրեն արդարացի է զգում փարիսեցին, հակառակ Քրիստոսի վարդապետության ամբողջ ոգուն, նրա տառից սարքել են կանոնների արտաքին մի ուսմունք, որ եկեղեցական քրիստոնեական ուսմունք է հորջորջվում, և այդ ուսմունքով նենգափոխել են իդեալի Քրիստոսապատկան ճշմարիտ վարդապետությունը։

Իրենց քրիստոնեական կոչող եկեղեցական ուսմունքները կյանքի բոլոր դրսևորումների առնչությամբ Քրիստոսի իդեալի ուսմունքի փոխարեն արտաքին սահմանումներ ու կանոններ են հաստել, որոնք ներհակ են նրա վարդապետության ոգուն։ Դա արված է իշխանության, դատարանի, զորքի, եկեղեցու, արարողակարգի կապակցությամբ, և նույնն է նաև ամուսնության խնդրում․ չնայած Քրիստոսը ոչ միայն երբեք չի օրինավորել ամուսնության կարգը, այլև, եթե պրպտենք արտաքին սահմանումները, ավելի շուտ ժխտել է այն («թող կինդ և եկ իմ ետևից»), եկեղեցական ուսմունքները, որոնք իրենց քրիստոնեական են հորջորջում, ամուսնությունը uահմանել են իբրև քրիստոնեական հաստատակարգ, այսինքն որոշել են այն արտաքին պայմանները, որոնց դեպքում մարմնական սերը քրիստոնյայի համար իբր կարող է անմեղսական, կատարելապես օրինական լինել։

Բայց քանի որ ճշմարիտ քրիստոնեական ուսմունքի մեջ ոչ մի հիմնավորում չկա ամուսնության հաստատակարգի համար, ապա ստացվել է այնպես, որ մեր հասարակության մարդիկ հեռացել են մի ափից ու չեն հասել մյուս ափը, այսինքն՝ ըստ էության չեն հավատում ամուսնության եկեղեցական սահմանումին, զգալով, որ այդ հաստատակարգը հիմք չունի քրիստոնեական վարդապետության մեջ, և միաժամանակ եկեղեցական ուսմունքի վարագույրի ետևում չեն տեսնում Քրիստոսի իդեալը, լիակատար ողջախոհության ձգտումը և ամուսնության խնդրում մնում են առանց որևէ ուղեցույցի։ Այստեղից էլ ծագում է առաջին հայացքից տարօրինակ թվացող այն երևույթը, որ հրեաների, մահմեդականների, լամայականների և մյուսների մոտ, որոնք ընդունում են քրիստոնեականից շատ ավելի ցածր աստիճանի կրոնական ուսմունքներ, բայց ամուսնության արտաքին ստույգ սահմանումներ ունեն, ընտանեկան հիմքն ու ամուսնական հավատարմությունն անհամեմատ ամուր է, քան այսպես կոչված քրիստոնյաների մոտ։

Նրանց մոտ կա հարճության, բազմակնության կարգ՝ որոշակի սահմանափակումով։ Իսկ մեզանում համատարած անառակություն է և հարճություն, բազմակնություն և բազմամուսնություն, որ չի ենթարկվում ոչ մի սահմանումի և քողարկված է երևութական միամուսնությամբ։

Միայն այն պատճառով, որ միավորվողների մի մասի կապակցությամբ հոգևորականությունը փողով որոշ արարողություն է կատարում, որ եկեղեցական ամուսնություն է կոչվում, մեր միջավայրի մարդիկ միամտորեն կամ երեսպաշտորեն երևակայում են, թե իրենք ապրում են միամուսնությամբ։

Քրիստոնեական ամուսնություն չի կարող լինել և երբեք էլ չի եղել, ինչպես երբեք չեն եղել ու չեն կարող լինել ոչ քրիստոնեական արարողակարգ (Մատթեոս, Զ․ 5—12, Հովհաննես, Դ․ 21 ), ոչ քրիստոնեական ուսուցիչներ ու հայրեր (Մատթեոս, ԻԳ, 8—10), ոչ քրիստոնեական սեփականություն, ոչ քրիստոնեական զորքեր, ոչ դատարաններ, ոչ պետություններ։ Այսպես են այդ ամենը հասկացել միշտ առաջին և հետագա դարերի ճշմարիտ քրիստոնյաները։

Քրիստոնեական իդեալը սերն է առ աստված և մերձավորը, հրաժարումն է սեփական անձից աստծուն ու մերձավորին ծառայելու համար․ իսկ մարմնական սերը, ամուսնությունը սեփական անձին ծառայել է նշանակում և այդ պատճառով ամեն դեպքում խոչընդոտ է աստծուն ու մարդկանց ծառայելու ճանապարհին, ուստի և քրիստոնեական հայեցակետից՝ բարոյական անկում, մեղք։

Ամուսնությունը աստծուն և մարդկանց ծառայելուն չի կարող նպաստել նույնիսկ այն դեպքում, եթե ամուսնացողները մարդկային ցեղը շարունակելու նպատակը հետապնդեին։ Այդ մարդիկ, մանկան կյանքեր աշխարհ բերելու համար ամուսնական կապի մեջ մտնելու փոխարեն, շատ ավելի պարզ ու մեկին բան արած կլինեին, եթե պահպանեին ու փրկեին այն միլիոնավոր մանուկների կյանքերը, որ կործանվում են մեր շուրջը նյութական սնունդի պակասից, էլ չեմ խոսում հոգևոր սնունդի մասին։

Քրիստոնյան միայն այն դեպքում կարող էր առանց անկման, մեղքի գիտակցության ամուսնական կապի մեջ մտնել, երբ տեսներ ու իմանար, որ մանկանց գոյություն ունեցող բոլոր կյանքերն ապահովված են։

Կարելի է չընդունել Քրիստոսի վարդապետությունը, այն ուսմունքը, որով ներթափանցված է մեր ամբողջ կյանքը և որի վրա է հիմնված մեր ողջ բարոյականությունը, սակայն այդ ուսմունքն ընդունելուց հետո անկարելի է չխոստովանել, որ այն լիակատար ողջախոհության իդեալն է նախանշում։

Չէ որ Ավետարանում պարզ ու առանց թյուր մեկնաբանության տեղ թողնելու ասված է, նախ, որ ամուսնացած տղամարդը չպետք է բաժանվի կնոջից մի ուրիշ կին առնելու համար, այլ պետք է ապրի նրա հետ, ում հետ կապվել է մեկ անգամ (Մատթեոս, Ե․ 31—32, ԺԹ․ 8), երկրորդ որ մարդն ընդհանրապես, և հետևաբար՝ թե ամուսնացածը և թե ամուրին, մեղք գործած կլինի, եթե կնոջը նայի իբրև հաճույքի առարկայի (Մատթեոս, Ե․ 28—29), և երրորդ որ ամուրիի համար ավելի լավ կլինի չամուսնանա ամենևին, այսինքն կատարելապես ողջախոհ լինի (Մատթեոս, ԺԹ․ 10—12)։

Շատ-շատերին այս մտքերը տարօրինակ և նույնիսկ հակասական կարող են թվալ։ Եվ դրանք իրոք հակասական են, բայց ոչ միմյանց համեմատ, այլ այդ մտքերը հակասում են մեր ողջ կյանքին, և ակամա կասկած է ծագում՝ ո՞րն է իրավացի, այդ մտքե՞րը, թե միլիոնավոր մարդկանց ու իմ կյանքը։ Այդ զգացումը ես էլ էի ապրում մեծապես, երբ հանգում էի այն համոզումներին, որ արտահայտում եմ ահա․ ես բնավ չէի սպասում, թե իմ մտքերի ընթացքն ինձ կհանգեցնի այն բանին, ինչին հանգեցրեց։ Ես սարսափեցի իմ հետևություններից, ուզում էի չհավատալ դրանց, սակայն չհավատալ անկարելի էր։ Եվ որքան էլ այդ եզրահանգումները հակասեն մեր կյանքի ողջ կառուցվածքին, որքան էլ հակասեն այն ամենին, ինչ մտածել ու նույնիսկ արտահայտել եմ առաջներում, ես պետք է ընդունեմ դրանք։

«Սակայն այդ բոլորն ընդհանուր դատողություններ են, որոնք գուցե և արդարացի են, բայց վերաբերում են Քրիստոսի վարդապետությանը և պարտադիր են նրանց համար, ովքեր դավանում են այդ ուսմունքը․ սակայն կյանքը կյանք է և չի կարելի, Քրիստոսի անհասանելի իդեալը մատնացույց անելով առջևում, ամենահրատապ, ընդհանուր և առավելագույնս պատուհասող հարցերից մեկում մարդկանց թողնել մեն֊միայն այդ իդեալի հետ՝ առանց որևէ ուղեցույցի։

Երիտասարդ, խանդավառ մարդը նախ հրապուրվում է իդեալով, բայց չի կարողանում տոկալ, գահավիժում է և ոչ մի կանոն չիմանալով ու չընդունելով՝ ընկնում է լիակատար ապականության մեջ»։

Այսպես են դատում սովորաբար։

«Քրիստոսի իդեալն անհասանելի է, ուստի չի կարող մեզ համար ուղեցույց լինել կյանքում, նրա մասին կարելի է խոսել, երազել, բայց կյանքում կիրառելի չէ, ուստի և պետք է ձեռք քաշել նրանից։ Մեզ ոչ թե իդեալ է հարկավոր, այլ կանոն, հրահանգ, որի կատարումը վեր չլինի մեր ուժից՝ մեր հասարակության բարոյական ուժերի միջին մակարդակից — եկեղեցական ազնիվ ամուսնություն կամ թեկուզ ոչ այնքան ազնիվ ամուսնություն, երբ ամուսնացողներից մեկը, ինչպես մեզանում՝ տղամարդը, շատ կանանց է հանդիպել արդեն, կամ գոնե բաժանվելու հնարավորությամբ ամուսնություն, կամ նույնիսկ քաղաքացիական, կամ (ընթանալով նույն ուղիով) թեկուզ ճապոնական՝ ժամանակավոր,— իսկ ինչո՞ւ չհասնենք նաև հասարակաց տներին»։

Ասում են՝ դա ավելի լավ է, քան փողոցային անառակությունը։ Դժբախտությունն էլ հենց այն է, որ երբ իրենց թույլ են տալիս իդեալն իջեցնել սեփական թուլության աստիճանի համեմատ, անկարելի է գտնել այն սահմանը, ուր պետք է կանգ առնել։

Բայց չէ որ այդ դատողությունը սխալ է հենց սկզբից․ սխալ է ամենից առաջ այն պատճառով, որ անվերջ կատարելագործման իդեալը չի կարող ուղեցույց լինել կյանքում, որպեսզի հարկ եղած դեպքում, նայելով նրան, կամ թափ տաս ձեռքդ՝ ասելով, թե այն ինձ պետք չէ, քանի որ երբեք չեմ հասնելու դրան, կամ իդեալն իջեցնես այն աստիճանին, որի վրա ուզում է կանգնել քո թուլությունը։

Այսպես դատելը նույնն է, թե ծովագնացն ասի ինքն իրեն՝ քանի որ ես չեմ կարող նավել կողմնացույցի ցույց տված ուղղությամբ, դուրս գցեմ կողմնացույցը կամ դադարեմ նայել, այսինքն՝ դեն նետեմ իդեալը կամ կողմնացույցի սլաքն ամրացնեմ այն ուղղությամբ, որ տվյալ պահին համապատասխանում է իմ նավի ընթացքին, այն է՝ իդեալն իջեցնեմ իմ թուլության աստիճանին։ Քրիստոսի ընձեռած կատարելության իդեալը երազանք կամ ճարտասանական քարոզների նյութ չէ, այլ մարդկանց բարոյական կյանքի ամենաանհրաժեշտ, ամենքին մատչելի ուղեցույց, ինչպես կողմնացույցն է ծովագնացի կողմնորոշման անհրաժեշտ ու մատչելի գործիքը, միայն թե պետք է հավատալ ինչպես մեկին, այնպես էլ մյուսին։ Ինչպիսի վիճակում էլ լինի մարդ, միշտ բավական է Քրիստոսի առաջարկած իդեալի ուսմունքը՝ ամենաստույգ ցուցումն ստանալու համար, թե այս կամ այն արարքը պետք է կատարել թե ոչ։ Սակայն հարկավոր է այդ ուսմունքին հավատալ ըստ ամենայնի, միայն և միայն՝ այդ ուսմունքին, դադարել հավատալ մյուս բոլորին, ճիշտ այնպես, ինչպես ծովագնացը պետք է հավատա կողմնացույցին և դադարի նայել ու ղեկավարվել այն բաներով, ինչ տեսնում է շուրջը։ Պետք է կարողանալ ղեկավարվել քրիստոնեական ուսմունքով այնպես, ինչպես կողմնացույցով, իսկ դրա համար, որ գլխավորն է, հարկավոր է հասու լինել սեփական կացությանը, հարկավոր էի վիճակի լինել չվախենալու իդեալական տվյալ ուղղությունից իր խոտորումը ճշտությամբ որոշելուց։ Ինչ աստիճանի վրա էլ կանգնած լինի մարդը՝ միշտ այդ իդեալին մերձենալու հնարավորություն կա նրա համար, և նա ոչ մի այնպիսի վիճակում չի կարող հայտնվել, որ կարողանա ասել, թե ինքը հասել է դրան, և չկարողանա ձգտել առավել մերձեցման։ Այսպիսին է մարդու ձգտումը դեպի քրիստոնեական իդեալն ընդհանրապես և դեպի ողջախոհությունը՝ մասնավորապես։ Եթե պատկերացնենք սեռական հարցի հարաբերությամբ մարդկանց ամենատարբեր վիճակները,— անմեղ մանկությունից մինչև ամուսնություն,— ուր ժուժկալություն չի պահպանվում, այդ երկու կացությունների միջև յուրաքանչյուր աստիճանի վրա Քրիստոսի վարդապետությունն իր առաջադիր իդեալով միշտ պարզ ու որոշակի ուղեցույց կծառայի այն բանի համար, թե այդ աստիճաններից յուրաքանչյուրի վրա ինչ պետք է անի և ինչ չպետք է անի մարդը։

Ի՞նչ պետք է անի անարատ պատանին, աղջիկը։ Իրեն մաքուր պետք է պահի գայթակղություններից և, որպեսզի ի վիճակի լինի բոլոր ուժերը նվիրաբերելու աստծուն և մարդկանց ծառայելուն, պետք է ձգտի մտքերի ու ցանկությունների ավելի ու ավելի կատարյալ ողջախոհության։

Ի՞նչ պետք է անեն պատանին ու աղջիկը, որ ենթարկվել են գայթակղության, կլանված են անառարկա սիրո կամ որևէ մեկի հանդեպ որոշակի սիրո մտորումներով և դրանից կորցրել են աստծուն և մարդկանց ծառայելու իրենց հնարավորության որոշ մասը։ Դարձյալ նույնը՝ թույլ չտան իրենց, որ հասնեն բարոյական անկման, գիտակցելով, որ նման թողտվությունը չի ազատի գայթակղությունից, այլ սոսկ կուժեղացնի այն, և նույն կերպ ձգտեն ավելի ու ավելի կատարյալ ողջախոհության՝ աստծուն և մարդկանց առավել բոլորանվեր ծառայելու համար։

Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնք չեն տոկացել պայքարում և անկում են ապրել։ Իրենց անկմանը պետք է նայեն ոչ թե իբրև օրինական հաճույքի, ինչպես նայում են այժմ, երբ այն արդարացվում է ամուսնության ծիսակարգով, ոչ իբրև պատահական հաճույքի, որ կարելի է կրկնել ուրիշների հետ, ոչ էլ իբրև դժբախտության, երբ անկումը կատարվում է դիրքով անհավասար աղջկա հետ և առանց ծիսակարգի, այլ առաջին այդ անկմանը պետք է նայեն որպես միակ անկման, որպես ամուսնական անքակտելի կապի հաստատման։

Ամուսնական այս կապը, սրանից բխող հետևանքով՝ երեխաների ծնունդով, ամուսնացածների համար կանխորոշում է աստծուն և մարդկանց ծառայելու նոր, ավելի սահմանափակ ձև։ Մինչև ամուսնությունը մարդ անմիջականորեն, ամենատարբեր ձևերով կարող է ծառայել աստծուն ու մարդկանց, իսկ ամուսնական կյանքը սահմանափակում է նրա գործունեության ասպարեզն ու պահանջում է նրանից վերադառնալ և դաստիարակել ամուսնությունից առաջ եկած սերունդը, իր զավակներին՝ աստծու և մարդկանց ապագա սպասավորներին։

Ի՞նչ պետք է անեն այն տղամարդն ու կինը, որոնք ապրում են ամուսնական կապով և իրենց սահմանափակ ծառայությունն են մատուցում աստծուն ու մարդկանց՝ վերադառնալու և երեխաներին դաստիարակելու միջոցով, որ հետևում է նրանց կացությունից։

Դարձյալ նույնը՝ պետք է համատեղ ձգտեն ազատվել գայթակղությունից, մաքրվեն ու դադարեն մեղք գործելուց, աստծուն ու մարդկանց թե ընդհանուր և թե մասնավոր ծառայություն մատուցելուն խանգարող հարաբերությունները, մարմնական սերը փոխարինելով քրոջ և եղբոր մաքուր հարաբերությամբ։

Եվ այս ամենի պատճառով ճիշտ չէ այն միտքը, թե մենք չենք կարող ղեկավարվել Քրիստոսի իդեալով, որովհետև բարձր է այնքան, կատարյալ ու անհասանելի։ Մենք չենք կարող նրանով ղեկավարվել այն պատճառով միայն, որ ստում ու խաբում ենք հենց ինքներս մեզ։

Չէ որ երբ ասում ենք, թե հարկավոր է ունենալ առավել իրագործելի կանոններ, քան Քրիստոսի իդեալն է, այլապես չհասնելով այդ իդեալին՝ կընկնենք ապականության մեջ, չենք ասում, թե մեզ համար չափից դուրս բարձր է Քրիստոսի իդեալը, այլ ասում ենք միայն, որ մենք չենք հավատում այդ իդեալին և չենք կամենում մեր արարքները պայմանավորել նրանով։

Երբ ասում ենք, թե մի անգամ անկում ապրելով՝ մենք ընկնում ենք ապականության մեջ, չէ որ դրանով ասում ենք միայն, թե մենք նախապես որոշել ենք արդեն, որ անկումը դիրքով մեզ անհավասար աղջկա հետ մեղք չէ, այլ զվարճանք, հրապուրանք, որը պարտադիր չէ շտկել այն բանով, ինչ ամուսնություն ենք կոչում։ Իսկ եթե մենք հասկանայինք, որ անկումը մի մեղք է, որը պետք է և կարելի է քավել միայն ամուսնության անքակտելիությամբ և այն ողջ գործունեությամբ, որ բխում է ամուսնությունից ծնված երեխաների դաստիարակությունից, ապա անկումը երբեք ապականության մեջ ընկնելու պատճառ չէր կարող լինել։

Այլապես ախր դա նույնն է, թե հողագործը ցանք չհամարի այն ցանքը, որ բարեհաջող չի եղել, այլ ցանելով մի երկրորդ, երրորդ տեղ իսկական ցանք համարի այն, որ հաջողվել է իրեն։ Հավանաբար նման մարդը շատ հող ու սերմացու կփչացներ և երբեք ցանել չէր սովորի։ Ընդամենը որպես իդեալ վերցրեք ողջախոհությունը, ընդունեք, որ ամեն մի անկում՝ ով էլ լինի, ում հետ էլ լինի, միակ, ամբողջ կյանքում անքակտելի ամուսնություն է, և պարզ կդառնա, որ Քրիստոսի տված ուղեցույցը ոչ միայն բավարար է, այլև միակ հնարավորը։

«Մարդը թույլ է, հարկավոր է նրա ուժերին համապատասխան խնդիր տալ»,— ասում են մարդիկ։ Դա նույնն է, թե ասեն․ «Ձեռքերս թույլ են, և ես չեմ կարող այնպիսի գիծ քաշել, որ ուղիղ լինի, այսինքն՝ ամենակարճը երկու կետերի միջև, ուստի և իմ գործը թեթևացնելու համար, ուղիղ գիծ քաշել ցանկանալով, որպես օրինակ կվերցնեմ կոր կամ բեկյալ գիծը»։ Որքան թույլ է իմ ձեռքը, այնքան ավելի ինձ պետք է կատարյալ օրինակ։

Չի կարելի, իդեալի քրիստոնեական ուսմունքին հասու լինելով, ցույց տալ, թե իբր տեղյակ չենք այդ ուսմունքին, և այն փոխարինել արտաքին սահմանումներով։ Իդեալի քրիստոնեական ուսմունքը բաց է մարդկության առաջ հենց այն պատճառով, որ այն կարող է ղեկավարել նրան ներկա հասակում։ Մարդկությունն արդեն անցել է կրոնական, արտաքին սահմանումների շրջանը, և ոչ ոք այլևս չի հավատում դրանց։

Իդեալի քրիստոնեական վարդապետությունն այն միակ ուսմունքն է, որ կարող է ղեկավարել մարդկությանը։ Չի կարելի, չպետք է Քրիստոսի իդեալը փոխարինել արտաքին կանոններով, այլ հարկավոր է հաստատապես այդ իդեալն ունենալ առջևում՝ նրա ողջ անաղարտությամբ, և, որ գլխավորն է, հավատալ նրան։

Ափից ոչ շատ հեռու նավարկողին կարելի է ասել․ «Ուղղություն պահիր ահա ըստ այն բարձունքի, հրվանդանի, աշտարակի» և այլն։

Բայց եկել է ժամանակը, երբ նավարկողները հեռացել են ափից, և պետք է ու կարող են նրանց համար ուղեցույց լինել միայն անհասանելի լուսատուներն ու ուղղություն նշող կողմնացույցը։ Իսկ մեզ տրված են թե մեկը և թե մյուսը։