«Կրոնը բանականության դատաստանի առաջ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Արդյոք աշխարհը ստեղծվել է մարդու համար)
(Արդյոք աշխարհը ստեղծվել է մարդու համար)
Տող 393. Տող 393.
  
 
::::::::::::առաջացրեց աշխարհում»։
 
::::::::::::առաջացրեց աշխարհում»։
 +
 +
:::::::::::::::::::::::«Լիտերարի դայջեսթ»
 +
 +
 +
:::::::::::::::::Իսկ մենք խորապես համոզված ենք, որ այս
 +
 +
::::::::::::::::փոքրիկ Երկրի վրա մարդն իր էությամբ և հնա-
 +
 +
::::::::::::::::րավորություններով բարձրագույն գոյն է բոլոր
 +
 +
::::::::::::::::ոչ աստվածային էակների մեջ, Աստծու սիրո
 +
 +
::::::::::::::::կենտրոնը և նրա գլխավոր ուրախությունը»։
 +
 +
 +
  
  

14:14, 16 Հունիսի 2016-ի տարբերակ

Ստորակարգ կենդանին[1]

1572 թվականի օգոստոսին ճիշտ նույնը տեղի ունեցավ Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում։ Բայց այն ժամանակ քրիստոնյաները հարձակվեցին քրիստոնյաների վրա։ Կաթոլիկները, նախապես խոսքները մեկ արած, հանկարծակի հարձակվեցին միամիտ բողոքականների վրա և հազարներով կոտորեցին նրանց, չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին։ Այդ բանը տեղի ունեցավ ս․ Բարդուղիմեոսի արժանահիշատակ օրը։ Երբ ուրախալի լուրը հասավ Հռոմ, պապը և ամբողջ կաթոլիկ եկեղեցին գովք մատուցեցին աստծուն։

Մի քանի հարյուրամյակի ընթացքում ամեն տարի խարույկների վրա այրվում էին հարյուրավոր երետիկոսներ, որովհետև նրանց կրոնական հայացքները դուր չէին գալիս կաթոլիկ եկեղեցուն։

Բոլոր դարերում բոլոր երկրների վայրենիներն ամեն օր սառնասրտորեն կոտորել են իրենց եղբայրներին ու մերձավոր հարևաններին և ստրկացրել նրանց կանանց ու երեխաներին։

Կեղծավորությունը, նախանձը, չարությունը, դաժանությունը, ոխակալությունը, անառակությունը, բռնությունը, կողոպուտը, խարդախությունը, սադրանքը, երկկնությունը, ամուսնական դավաճանությունը, աղքատների ու թշվառների ըստ ամենայնի կեղեքումն ու ստորացումը չափազանց տարածված երևույթներ են եղել և այդպիսին էլ մնում են հողագնդի ինչպես քաղաքակիրթ, այնպես էլ ոչ քաղաքակիրթ ժողովուրդների մեջ։

Շատ դարերի ընթացքում քարոզել են «մարդկանց համընդհանուր եղբայրություն» (կիրակի օրերին) և «հայրենասիրություն» (կիրակի ու լի օրերին)։ Բայց չէ որ հայրենասիրությունը ենթադրում է մարդկանց համընդհանուր եղբայրությանը հակադիր ինչ֊որ մի բան։

Ոչ մի ժողովուրդ, լինի հին թե նոր, քաղաքակիրթ թե վայրենի, չի ընդունել հավասարությունը տղամարդու և կնոջ միջև։

Ես ուսումնասիրել եմ այսպես կոչվող «ստորակարգ կենդանիների» բնավորությունն ու հակումները և դրանք համեմատել մարդու բնավորության ու հակումների հետ։ Այդ համեմատության արդյունքները, իմ կարծիքով, ծայրահեղորեն նվաստացուցիչ են ինձ համար։ Որովհետև դրանք ինձ հարկադրում են հրաժարվել ստորակարգ կենդանիներից մարդու ծագման դարվինյան տեսության նկատմամբ ունեցած իմ հավատից, քանզի այժմ ինձ համար ակնհայտ է դառնում, որ այդ տեսությունը պետք է փոխարինել մի նոր և ճշմարտությանը շատ ավելի մոտ տեսությամբ, այն անվանելով «բարձրակարգ կենդանիներից մարդու վայրընթանալու տեսություն»։

Այս անհաճո հետևությանը ես հանգեցի ոչ թե կռահումների կամ անհիմն ենթադրությունների և համեմատությունների միջոցով, այլ դիմելով այն բանին, ինչն ընդունված է անվանել գիտական եղանակ։ Այլ կերպ ասած, պատահած ամեն մի նախադրյալ քննադատական փորձագիտական ստուգման եմ ենթարկել և ստացված արդյունքին համապատասխան այն ընդունել կամ մերժել եմ։ Այդ ձևով ես ստուգել և ապացուցել եմ իմ յուրաքանչյուր դրույթը, նախքան հաջորդին անցնելը։ Փորձերն արվել են Լոնդոնի կենդանաբանական այգում և պահանջել շատ ամիսների քրտնաջան ու հոգնեցուցիչ աշխատանք։

Նախքան այդ փորձերի կոնկրետ նկարագրությանն անցնելը, ուզում եմ անել մի քանի դիտողություն, որոնք այստեղ ավելի տեղին կլինեն, քան թե հետագայում։ Դա՝ հանուն պարզության։ Մեծաքանակ փորձերն ինձ հիմք են տալիս անելու հետևյալ ընդհանուր հետևությունները․

1․ Մարդկությունը կենսաբանական միասնական տեսակ է։ Կան որոշակի տարբերություններ՝ մաշկի գույնի, կազմվածքի, մտավոր կարողությունների և այլ տեսակետներից, որոնք կախված են կլիմայից, միջավայրից և այլն, բայց, այնուամենայնիվ, այն միասնական ինքնուրույն տեսակ է, որը չպետք է շփոթել որևէ այլ տեսակի հետ։

2․ Չորքոտանիները նույնպես կազմում են առանձին ընտանիք։ Այդ ընտանիքը նույնպես ունի որոշ ներքին տարբերություններ՝ գույնի, չափերի, սնվելու և այլ տեսակետներից, բայց և այնպես դա միասնական ինքնուրույն ընտանիք է։

3․ Մյուս բոլոր ընտանիքները՝ թռչունները, ձկները, միջատները, սողունները և այլն, նույնպես քիչ թե շատ ինքնուրույն են։ Դրանք հաջորդում են միմյանց։ Դրանք այն շղթայի օղակներն են, որը ձգվում է բարձրակարգ կենդանիներից դեպի ցած՝ դեպի մարդը, որը գտնվում է շղթայի ստորին ծայրում։

Իմ փորձերից մի քանիսը չափազանց հետաքրքիր էին։ Ուսումնասիրելով գրական աղբյուրները, ես հանդիպեցի այսպիսի մի դեպքի․ շատ տարիներ առաջ ինչ֊որ որսորդներ մեր տափաստաններում բիզոնների որս են կազմակերպել մի անգլիական կոմսի զվարճացնելու և նրան մի քիչ թարմ միս հյուրասիրելու համար։ Որսը նրա մասնակիցներին մեծ բավականություն է պատճառել։ Նրանք սպանել են յոթանասուներկու այդպիսի տափաստանային հսկաների, կերել միայն դրանցից մեկի մսի մի մասը, իսկ յոթանասուներկու լեշերը թողել են նեխելու։ Կոմսի և վիշապի միջև եղած տարբերությունը որոշելու համար, պայմանով, իհարկե, որ այդպիսի տարբերություն կա, ես հրամայեցի վիշապի խցիկը նետել յոթ մատղաշ հորթուկներ։ Շնորհակալ սողունը խեղդեց և կուլ տվեց հորթուկներից մեկին, իսկ հետո անձնատուր եղավ երանավետ հանգստին։ Օձը ոչ մի հետաքրքրություն հանդես չբերեց մնացած հորթուկների նկատմամբ և նրանց ձեռք չտվեց։ Ես այդ փորձը կրկնեցի ուրիշ վիշապների հետ, և ամեն անգամ նույն արդյունքն էր ստացվում։ Կարելի է ապացուցված համարել հետևյալ փաստը․ կոմսի ու վիշապի միջև տարբերությունն այն է, որ կոմսը դաժան է, իսկ վիշապը՝ ոչ, և կոմսը ոչնչացնում է կենդանի էակներին, դրա կարիքը չունենալով, մի բան, որ վիշապը երբեք չի անում։ Այստեղից, ակներևաբար, կարելի է հետևություն անել, որ վիշապը կոմսից չի սերվել։ Ինչպես նաև հետևություն, որ կոմսը սերվել է վիշապից, ընդսմին կորցնելով շատ լավ հատկություններ։

Ինձ հայտնի է, որ շատ մարդիկ, որոնք կուտակել են շատ ավելի միլիոններ, քան ի վիճակի կլինեին երբևիցե ծախսելու, կատաղորեն փափագել են կուտակելու նոր միլիոններ և պատրաստ եղել այդ ծարավը ժամանակավորապես հագեցնելու համար խեղճ ու անճար մարդկանցից խլելու նրանց վերջին խղճուկ կոպեկները։ Հարյուրավոր զանազան վայրի ու ընտանի կենդանիների ես հնարավորություն տվեցի կուտակելու սննդի մեծ պաշարներ, բայց դրանցից ոչ մեկը չցանկացավ դրանով զբաղվել։ Սկյուռները, մեղուները և առանձին թռչուններ, ճիշտ է, որոշ պաշար կուտակում էին, բայց ճիշտ այնքան, որ բավականացներ մինչը ձմռան վերջը, իսկ դրանից ավելի ոչինչ չէին ցանկանում կուտակել ո՛չ ազնիվ ճանապարհով, ո՛չ էլ խաբեությամբ։ Մեռնող համբավը մի կերպ պահպանելու համար մրջյունը փորձում էր ցույց տալ, թե ինքը մեծ պաշարներ է կուտակում, բայց ես թույլ չտվեցի ինձ խաբել։ Ես գիտեմ մրջյունին։ Այդ փորձերն ինձ համոզեցին, որ մարդու և բարձրակարգ կենդանիների միջև գոյություն ունի հետևյալ տարբերությունը․ մարդը ագահ է և ժլատ, իսկ կենդանիները՝ ոչ։

Այդ փորձերի ընթացքում ես համոզվեցի, որ մարդը միակ կենդանին է, որը հիշում է իրեն հասցված վիրավորանքներն ու անպատվությունները, ոխակալ է և, հարմար առիթ գտնելով, վրեժ է լուծում։ Բարձրակարգ կենդանիներին վրիժառությունը ծանոթ չէ։

Աքաղաղները հարեմ են կազմում, բայց միայն իրենց հարճերի համաձայնությամբ, և, հետևաբար, դրանում ոչ մի վատ բան չկա։ Տղամարդիկ հարեմ են կազմում, բայց կոպիտ ուժի օգնությամբ, որը պաշտպանվում է զայրացուցիչ օրենքներով, որոնց մշակմանը մյուս սեռին թույլ չի տրվում մասնակցել։ Այս առումով մարդն աքաղաղից շատ ավելի ցածր է կանգնած։

Կատուները բարոյազուրկ են, բայց նրանք դա չեն գիտակցում։ Մարդը, սերվելով կատվից, պահպանել է նրա անառակությունը, բայց դրա հետ միասին նաև գիտակցել է այդ անառակությունը, այսինքն, զրկվել է այն բանից, ինչն արդարացնում է կատվին։ Կատուն անմեղ է, իսկ մարդը՝ ոչ։

Անպարկեշտությունը, կոպտությունը, անպատշաճությունը հատուկ են բացառապես մարդուն․ այդ նա է հնարել դրանք։ Բարձրակարգ կենդանիների մեջ այդպիսի հատկությունների հետք անգամ չկա։ Այդ կենդանիները ոչինչ չեն թաքցնում, ոչնչից չեն ամաչում։ Մարդը, որ կեղտոտ մտքի տեր էակ է, ծածկում է իր մարմինը։ Նա չի համարձակվում հյուրասենյակ մտնել թեկուզև կուրծքը կամ մեջքը մերկացրած, այնքան որ նա ու նրա նմանները զգայուն են անպարկեշտության վերաբերյալ ամեն մի ակնարկի նկատմամբ։ Մարդը «ծիծաղող կենդանի է»։ Բայց, ինչպես մատնանշել է պարոն Դարվինը, կապիկները նույնպես ծիծաղում են, ծիծաղում է նաև ավստրալիական ծաղրակեռնեխը։ Ոչ, մարդը «կարմրող կենդանի է»։ Մյուս կենդանիները չեն կարմրում, ասենք, նրանք դրա պատճառն էլ չունեն։

Այդ հոդվածի սկզբում մենք կարդում ենք, որ մի քանի օր սրանից առաջ «երեք վանականներ ողջակիզվել են», իսկ վանահայրը «ամենագազանային ձևով սպանվել է»։ Մենք հետաքրքրվո՞ւմ ենք, արդյոք, մանրամասնություններով։ Ո՛չ։ Այլապես կիմանայինք, որ վանահայրը այլանդակվել էր մի այնպիսի եղանակով, որի մասին ընդունված չէ գրել։ Երբ մարդը հյուսիսամերիկյան հնդկացի է, հանում է իր գերու աչքերը, երբ նա Յոհան թագավոր է, որը կամենում է վնասազերծել իր եղբորորդուն, գործի է դնում շիկացած երկաթը․ երբ նա միջին դարերում հերետիկոսների նկատմամբ դատաստան տեսնող մոլեկրոն է, մաշկազերծ է անում իր զոհին և աղ լցնում նրա մեջքին․ Ռիչարդ I֊ի օրով նա բազում հրեա ընտանիքների փակում է աշտարակում և հրկիզում է այն․ Կոլումբոսի դարաշրջանում նա բռնում է իսպանացի հրեաների ընտանիքը և․․․ բայց սա մամուլի համար չէ։ Ժամանակակից Անգլիայում մարդուն կես շիլինգ տուգանում են այն բանի համար, որ նա աթոռով մահու չափ ծեծում է իր մորը, իսկ մեկ ուրիշին տուգանում են քառասուն շիլինգ այն բանի համար, որ նրա մոտ գտել են փասիանի չորս ձու, և նա չէր կարողացել բավարար կերպով բացատրել, թե ինչ ձևով են իր մոտ հայտնվել դրանք։ Բոլոր կենդանիներից միայն մարդն է դաժան։ Միայն նա է ցավ պատճառում, որովհետև դա նրան հաճելի է։ Բարձրակարգ կենդանիների մասին նման որևէ բան ասել չի կարելի։ Կատուն խաղում է մահու չափ վախեցած մկան հետ, բայց նա ունի արդարացում՝ նա չգիտի, որ մկանը տառապանք է պատճառում։ Եվ կատուն չափավոր է, անմարդկայնորեն չափավոր, նա միայն վախեցնում է մկանը, բայց նրան ցավ չի պատճառում․ չի ճանկռոտում նրա աչքերը, նրան մաշկազերծ չի անում, նրա ճանկերի տակ ասեղներ չի խրում, ինչպես որ մարդն է անում։ Երբ կատուն ձանձրանում է մկան հետ խաղալուց, նրանով նախաճաշում է, միանգամից վերջ դնելով նրա տանջանքներին։ Մարդը դաժան կենդանի է։ Եվ այդ հատկությունը պատկանում է միայն նրան։

Բարձրակարգ կենդանիները երբեմն տուրուդմփոց են սարքում, բայց նրանք երբեք չեն կռվում կազմակերպված զանգվածներով։ Մարդը միակ կենդանին է, որն ընդունակ է պատերազմ կոչվող ամենազայրացուցիչ ու ամենազզվելի արարքին։ Միայն նա է ընդունակ իր շուրջը հավաքելու իր եղբայրներին ու սառնասրտորեն ու անխռով կոտորելու իր նմաններին։ Նա միակ կենդանին է, որ փողով (ինչպես որ հեսենցիները Անկախության համար մեր պատերազմի ժամանակ կամ էլ թե պատանի արքայազն Նապոլեոնը Զուլուսյան պատերազմում) գնում է օգնելու նման անհատների բնաջնջմանը, որոնք նվազագույն վնաս անգամ չեն պատճառել նրան և որոնց հետ նա գժտված էլ չի եղել։

Մարդը միակ կենդանին է, որն իր թույլ եղբայրակցին զրկում է հայրենիքից, նրան վռնդում է այնտեղից կամ սպանում։ Մարդը միշտ էլ այդպես է վարվել։ Ամբողջ երկրագնդի վրա չեք գտնի անգամ մի ակր հող, որն իր օրնիական տիրոջ սեփականությունը լինի․ ո՛չ, դրանք հերթով անցնում են մի սեփականատիրոջից մյուսին՝ ուժի և արյունահեղության միջոցով։

Մարդը միակ ստրուկն է։ Եվ միակ կենդանին, որն ստրկության է մատնում իր նմաններին։ Նա միշտ էլ ստրուկ է եղել այս կամ այն ձևով և միշտ էլ այս կամ այն ձևով իշխել է ուրիշ ստրուկների վրա։ Մեր օրերում նա փողով ստրկություն է անում մյուս մարդկանց առջև և աշխատում է այդ մարդկանց համար, իսկ այդ ստրուկն ունի իր ստրուկները, որոնք պակաս վարձատրությամբ աշխատում են նրա համար։ Միայն բարձրակարգ կենդանիներն են, որ իրենք են կատարում իրենց աշխատանքը և իրենք են իրենց կերակրում։

Մարդը միակ հայրենասերն է։ Նա մյուս բոլոր մարդկանցից առանձնանում է իր սեփական երկրում, իր սեփական դրոշի ներքո և արհամարհում է մյուս ազգերին, ձեռքի տակ պահելով անհամար թվով համազգեստավոր մարդասպանների, որոնք, ի դեպ, նրա վրա շատ թանկ են նստում միմիայն նրա համար, որպեսզի ուրիշի երկրից հողեր զավթի և նրա բնակիչներին խանգարի ոտնձգություն կատարելու իր երկրի դեմ։ Իսկ պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում լվանում է ձեռքերի արյունը և տքնում է հանուն «մարդկանց համընդհանուր եղբայրության», տքնում է միայն լեզվով։

Մարդը կրոնասեր կենդանի է։ Միակ կրոնասեր կենդանին է։ Միակ կենդանին, որը դավանում է ճշմարիտ հավատ, մի քանի ճշմարիտ հավատ։ Նա միակ կենդանին է, որը սիրում է մերձավորին, ինչպես ինքն իրեն, և կկտրի նրա կոկորդը, եթե նրա հետ տարաձայնություն ունենա աստվածաբանական հարցերում։ Նա երկրագունդը գերեզմանոցի է վերածել, քանի որ քրտինքի մեջ աշխատելով հեշտացրել է իր եղբոր ուղին դեպի երջանկություն ու երկնային երանություն։ Նա դրանով զբաղվում էր կեսարների ժամանակներում, նա դրանով զբաղված էր Մուհամմեդի ժամանակներում, նա դրանով զբաղվում էր հավատաքննության ժամանակներում, նա դրանով զբաղվում էր մի երկու դար առաջ Ֆրանսիայում, նա դրանով զբաղվում էր Անգլիայում՝ Մարիա թագուհու օրով, նա դրանով զբաղվել է այն ժամանակներից, երբ առաջին անգամ տեսել է ցերեկվա լույսը, նա դրանով ներկայումս զբաղվում է Կրետի կղզում (որը հաստատվում է վերը բերված հեռագրով), իսկ վաղը դրանով կզբաղվի դարձյալ մի որևէ տեղ։ Բարձրակարգ կենդանիները կրոն չունեն։ Եվ մեզ սովորեցնում են, թե նրանք զրկված են հանդերձյալ կյանքից։ Բայց ինչո՞ւ։ Դրանից վատ հոտ է գալիս։

Մարդը բնական կենդանի է։ Այդպես են պնդում։ Իմ կարծիքով, առանց որևէ հիմքի։ Ավելին, իմ փորձերն ապացուցեցին, որ նա անբնական կենդանի է։ Հիշեք վերևում համառոտակի շարադրված նրա պատմությունը։ Իմ կարծիքով, միանգամայն պարզ է, որ նրան բանական կենդանի անվանել ոչ մի կերպ չի կարելի։ Նրա պատմությունը մոլագարի անմիտ պատմություն է։ Եվ ես բանականության նրա հավակնությունները հերքող գլխավոր փաստարկ եմ համարում այն, որ այդպիսի պատմություն ունենալով, նա, առանց տատանվելու, իրեն հայտարարում է ամենաբարձրակարգ կենդանի, թեև իր իսկ սեփական նորմերով ամենաստորակարգ կենդանին է։

Ընդհակառակը, մարդն անբուժելիորեն տխմար է։ Նա ընդունակ չէ յուրացնել ամենահասարակ բաները, որ հեշտությամբ սովորում են մյուս կենդանիները։ Ես կատարեցի, օրինակ, այսպիսի մի փորձ․ մեկ ժամվա ընթացում շանն ու կատվին սովորեցրի ընկերություն անել ճագարի հետ։ Երկու օր հետո ինձ հաջողվեց այդ նույն վանդակում տեղավորել մեկական աղվես, սկյուռ, սագ և մի քանի աղավնի։ Եվ, ի վերջո, մեկ կապիկ։ Նրանք խաղաղ ապրում էին և նույնիսկ սիրեցին միմյանց։

Այնուհետև ես հարևան վանդակի մեջ տեղավորեցի մի իռլանդական կաթոլիկի՝ Տիպերերեից, և հենց նա շատ թե քիչ ձեռնասուն դարձավ, նրա մոտ տեղավորեցի մի շոտլանդացի երիցականի՝ Աբերդինից։ Այնուհետև մի թուրքի՝ Կոստանդնուպոլսից, ուղղափառ հույնի՝ Կրետեից, հայի, մեթոդիստի՝ Արկանզասի թավուտներից, բուդդայականի՝ Չինաստանից և բրահմանի՝ Հնդկաստանից։ Եվ, վերջապես, Փրկության բանակի մի գնդապետի՝ Ուոպինգից։ Դրանից հետո երկու օր չէի մոտենում վանդակներին։ Երբ ես գնացի իմանալու արդյունքները, բարձրակարգ կենդանիների վանդակում խաղաղություն և համաձայնություն էր տիրում, բայց մյուսում անկանոն թափթփված էին չալմաների, ֆեսերի ու շալերի արյունաշաղախ պատառներ, ինչպես նաև ոսկորներ ու մսի կտորտանք․ վանդակում տեղավորված փորձանմուշներից ոչ մեկը ողջ չէր մնացել։ Այդ «բանական կենդանիները» համաձայնության չէին եկել մի աստվածաբանական հարցի շուրջը և այն լուծելու համար գնացել էին Բարձրագույն ատյան։

Հարկ է խոստովանել, որ անկեղծորեն ազնիվ մարդն անհուսալիորեն զիջում է բարձրակարգ կենդանիներից նույնիսկ ամենաստորինին։ Ոչ մի կասկած չկա, որ մարդն օրգանապես ընդունակ չէ հավասարվելու նրանց, որ մարդն ունի օրգանական թերություն, որը նրան երբեք թույլ չի տա այդ անել, քանի որ այդ թերությունն անբաժանելի է նրանից, անուղղելի է և հավիտենական։

Այդ թերությունը բարոյականի զգացումն է։ Մարդն այց զգացումով օժտված միակ կենդանին է։ Դրանով է բացատրվում նրա այլասերումը։ Հենց բարոյական զգացումն է նրան հնարավորություն տալիս չարիք գործելու։ Այդ զգացումն ուրիշ դեր չունի։ Այն ուրիշ դեր չի կատարում։ Եվ ոչ մի ուրիշ բանի համար էլ չի նախատեսվել։ Առանց դրա մարդն ընդունակ չէր լինի վատ բան անելու։ Նա միանգամից կհասներ բարձրակարգ կենդանիների մակարդակին։

Քանի որ բարոյականի զգացումն ունի միայն մեկ նպատակ, մեկ դեր՝ մարդուն չարիք գործելու հնարավորություն տալ, այն, անկասկած, նրան հարկավոր չէ։ Հարկավոր չէ, ինչպես որ ամեն մի հիվանդություն։ Բայց, ըստ էության, դա հենց հիվանդություն է, որ կա, կատաղությունը բավական վատ բան է, բայց դա էլ է այդպիսի հիվանդությունից լավ։ Կատաղությունը մարդուն հնարավորություն է տալիս անելու այն, ինչի նա ընդունակ չէ առողջ ժամանակ, այսինքն՝ թունավոր կծոցի միջոցով սպանել իր մերձավորին։ Կատաղությունը չի վեհացնում դրանով հիվանդացողին։ Բարոյականի զգացումը մարդուն հնարավորություն է տալիս չարիք գործելու։ Եվ գործել հազարավոր զանազան եղանակներով։ Բարոյական զգացման համեմատությամբ կատաղությունը անմեղ ցավ է։ Հետևաբար, Բարոյականի զգացման առկայությունը ոչ ոքի չի կարող վեհացնել։ Ուրեմն, ո՞րն էր այն անեծքը, որ դրվեց մարդկության նախահայրերի վրա։ Դա այն էր, որ մարդուն պարտադրեցին Բարոյականի զգացումը, այսինքն՝ չարն ու բարին տարբերելու ընդունակություն, իսկ դրա հետ միասին, ըստ անհրաժեշտության, նաև չարիք գործելու ընդունակություն, որովհետև չարագործությունը այդպիսին է դառնում միայն այն դեպքում, երբ այն կատարողը գիտակցում է, թե ինչ է անում։

Այդպիսով, ես հաստատեցի, որ մենք հետադիմել ու այլասերվել ենք մի հեռավոր նախնիից՝ մի չնչին արարածից, որը գուցե և իր հաճույքի համար լողալիս է եղել ջրակաթիլի լայնարձակ տարածություններում, և ապա՝ միջատից֊միջատ, կենդանուց֊կենդանի, սողունից֊սողուն, ավելի ու ավելի ցած իջել անբիծ անմեղության երկար ուղիով, մինչև որ, ի վերջո, հասել ենք զարգացման ամենացածր աստիճանին և ստացել մարդ անունը։ Մեզանից ավելի ցածր ոչինչ չկա։ Ոչինչ, բացի ֆրանսիացուց։

Բարոյականի զգացումից ցածր կարող է լինել միայն Անբարոյականի զգացումը։ Ֆրանսիացիներն օժտված են դրանով։ Մարդը կանգնած է հրեշտակներից մի փոքր ցած։ Սա նրա տեղադրության ամենաճիշտ սահմանումն է․ նա գտնվում է հրեշտակների ու ֆրանսիացիների մեջտեղում։

Որ կողմից էլ որ նայելու լինենք, մարդը պատկերանում է որպես բավականաչափ խղճուկ արարած, ամեն տեսակ թուլությունների ու թերությունների յուրատեսակ Բրիտանական թանգարան։ Նրան շարունակ նորոգում ու կարկատում են։ Նրա նման անկատար մեքենան ոչ մի սպառող չէր գտնի։ Նրա գլխավոր մասնագիտությանը՝ Բարոյականի զգացմանը գումարվում են բազմաթիվ ավելի թեթև ցավեր այնպիսի քանակությամբ, որ ընդհանուր առմամբ ասելով, դրանք ուղղակի կարելի է անվանել անհամար։ Բարձրակարգ կենդանիների ատամները երևան են գալիս, նրանց չպատճառելով ո՛չ ցավ, ո՛չ անհարմարություն։ Իսկ մարդը ատամներ հանում է մի քանի ամիս շարունակվող տանջանքների գնով և այն էլ քնքուշ հասակում, երբ դեռ ցավ տանելու ընդունակ չէ։ Դեռ նոր հանած՝ այդ ատամներն ընկնում են, որովհետև հենց սկզբից էլ դրանք փտած են եղել և մեկ անքուն գիշերվա արժեք էլ չեն ունեցել։ Ատամների երկրորդ շարանը միառժամանակ դեռ պահպանվում է շնորհիվ այն բանի, որ դրանք ժամանակ առ ժամանակ բուժում են կաուչուկի և ոսկու օգնությամբ, բայց հուսալի լինում են միայն այն ծնոտները, որ մարդու համար պատրաստում է ատամնաբույժը։ Դրանք կոչվում են «կեղծ ատամներ», կարծես թե մարդը ոչ կեղծ ատամներ էլ է ունենում։

Վայրի, այսինքն բնական վիճակում բարձրակարգ կենդանիները համարյա թե չեն հիվանդանում, նրանց հիվանդությունները ծանր չեն, և ամենասարսափելի հիվանդությունն նրանց համար, թերևս, ծերությունն է։ Բայց մարդը հիվանդություններ ձեռք է բերում դեռ մանուկ հասակից ու մինչև կյանքի վերջը շարունակ տառապում է դրանցից։ Խոզուկը, կարմրուկը, կապույտ հազը, խռուկը, նշկաբորբը, դիֆտերիան, քութեշը ինքնըստինքյան հասկանալի են։ Այնուհետև նրա կյանքին սկսում են ամեն րոպե սպառնալ հարբուխը, հազը, շնչարգելությունը, բրոնխիտը, քոսը, քաղցկեղը, խոլերան, թոքախտը, դեղին տենդը, լեղախիթը, տիֆը, խոտատենդը, դողէրոցքը, զանազան ցաները, թութքը, աղեբորբը, անմարսողությունը, ատամի ցավը, ականջի ցավը, խլությունը, համրությունը, կուրությունը, գրիպը, ջրծաղիկը, կովածաղիկը, սև ծաղիկը, լյարդաքարերը, կորյակները, չիբանները, թարախապալարները, հոդացավը, կոշտուկները, ուռուցքները, վիրախորշերը, թոքաբորբը, ուղեղի փափկացումը, մելամաղձությունը և խելագարության էլի տասնհինգ տարատեսակներ, արյունալուծը, դեղնախտը, սրտի, ոսկորների, մաշկի, գանգամաշկի, փայծաղի, երիկամների, նյարդերի, ուղեղի, արյան հիվանդությունները, ինչպես նաև գեղձախտը, անդամալուծությունը, բորոտությունը, գլխացավերը, հոդացավի տասներեք տարատեսակները, հոդատապի քառասունվեց տարատեսակները և անպատշաճ հիվանդությունների չափազանց պատկառելի մի ցանկ, հիվանդություններ, որոնց անունները համարվում են ոչ տպագրելի։ Եվ բացի այդ․․․ բայց ինչո՞ւ շարունակենք ցուցակը։ Եթե մարդու մարմնի վրա ամենամանր տառերով տպագրելու լինենք այն միջոցների անունները, որոնք նախատեսված են այդ խարխլված մեքենան շարքից հանելու համար, տեղը չի բավականացնի։ Մարդն ընդամենը ժանտախտանեխուկի մի ամբար է բյուրավոր ամեն տեսակ մանրէների սնման ու զվարճանալու համար՝ ամբողջ բանակների, որոնց հրամայված է սպանել ու փտեցնել նրան, և բանակներից յուրաքանչյուրին հանձնարարված է այդ աշխատանքի մի որոշ մասը։ Հենց որ մարդն առաջին անգամ շունչ է քաշում, նրան արդեն սկսում են հետապնդել, հալածել, հոշոտել ու սպանել անողոքաբար և անգթորեն, մինչև որ նա փչում է վերջին շունչը։

Զննեք մարդու օրգանիզմի որոշ մասերը։ Նրա ինչի՞ն են հարկավոր նշագեղձերը։ Դրանք ոչ մի կարևոր դեր չեն խաղում․ դրանք ոչ մի բանի համար հարկավոր չեն։ Դրանք մարդու կոկորդում ոչինչ չունեն անելու։ Դրանք սոսկ ծուղակ են։ Դրանք ունեն միայն մեկ դեր, մեկ նպատակ՝ իրենց տիրոջը ապահովել նշկաբորբով, բկաբորբով և նման այլ հիվանդություններով։ Կամ նրա ինչին է պետք կույր աղիքը։ Այն ոչ մի բանի համար հարկավոր չէ, այն ոչ մի օգտակար ծառայություն չի կատարում։ Դա ընդամենը մի դարանակալ թշնամի է, որը սպասում է մի պատահական խաղողի կորիզի երևալուն, որպեսզի դրա օգնությամբ թարախային բորբոքում առաջացնի։ Իսկ ինչի համար են տղամարդու կրծքապտուկները։ Գործնական տեսակետից դրանք անօգուտ բաներ են, իսկ որպես զարդարանք ոչ մի քննադատության չեն դիմանում։ Իսկ ինչի է պետք տղամարդուն մորուքը։ Այն ոչ մի օգտակար դեր չի խաղում և միայն անհարմարություններ է ստեղծում․ բոլոր ազգերը ատում են մորուքը, բոլոր ազգերը ածելու օգնությամբ այն ոչնչացնում են։ Բայց քանի որ մորուքը պատճառում է միայն տհաճ անհարմարություններ, Բնությունը թույլ չի տալիս, որ նվազեն նրա պաշարները տղամարդու օրգանիզմում՝ նրա հասունության ժամանակից մինչև մահ֊գերեզման։ Դեռ ոչ ոք չի տեսել ճաղատ կզակով տղամարդու։ Բայց տեսեք նրա մազերը։ Դրանք սքանչելի զարդարանք են, դրանք հարմարություն են, դրանք որոշ կործանարար հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոց են, և մարդը դրանք գնահատում է զմրուխտից ու սուտակից ավելի։ Բայց հենց դրա համար էլ Բնությունը մարդու գլխին այնքան անփույթ է ամրացնում մազերը, որ դրանք սովորաբար երկար չեն մնում այնտեղ։ Մարդու տեսողությունը, հոտառությունը, լսողությունը, կողմնորոշվելու զգացումը՝ այդ բոլորը որքա՜ն խղճուկ են։ Անգղը լեշը տեսնում է հինգ մղոն հեռավորությունից, մարդը դրան ընդունակ չէ, ինչպիսի հեռադիտակ էլ օգտագործի։ Խուզարկու շունը գնում է երկօրյա վաղեմության հետքով։ Շիկահավը լսում է, թե որդն ինչպես է փորում գետինը։ Կատուն, եթե նրան փակ զամբյուղով տանեն քսան մղոն հեռու, կգտնի տուն վերադառնալու ճանապարհը այնպիսի տեղերով, որ անցյալում երբեք տեսած չի եղել։

Թույլ սեռին հատուկ որոշ ֆունկցիաներ նույնպես ամենախղճուկ տպավորություն են թողնում, եթե դրանք համեմատենք բարձրակարգ կենդանիների նույնպիսի ֆունկցիաների հետ։ Կնոջ համար այնպիսի բառերը, ինչպիսիք են դաշտանը, հղիությունը և ծննդաբերությունը, անասելի սարսափ են նշանակում։ Մինչդեռ բարձրակարգ կենդանիների մոտ այդ երևույթները չի կարելի անվանել նույնիսկ անհարմարություն։

Ինչ վերաբերում է արտաքինին, նայեք բենգալական առյուծին՝ նրբագեղության, գեղեցկության, ֆիզիկական կատարելության և վեհության այդ իդեալին։ Իսկ հետո նայեք մարդուն, այդ կեղծամ դրած խղճուկ արարածին՝ շաղափված զանգով, լսափողակով, արհեստական աչքով, ստվարաթղթե քթով, ճենապակյա ատամներով, արծաթե կոկորդով, փայտե ոտքով այդ կենդանուն, այդ արարածին, որը ոտքից մինչև գլուխ կազմված է կարկատաններից ու լցոններից։ Եթե այն աշխարհում նրան չհաջողվի հետ ստանալ այդ ամբողջ խաբուսիկ շքեղությունը, նա ի՞նչ տեսք կունենա։

Բայց մի տեսակետից մարդու գերազանցությունն անվիճելի է։ Նրա բանականությունն անհամեմատելի է։ Այստեղ բարձրակարգ կենդանիները շատ հեռու են նրանից։ Եվ որքա՜ն ուշագրավ, որքա՜ն հետաքրքրական է, որ ոչ մի դրախտում դեռ տեղ չի հատկացված նրա այդ անվիճելի արժանիքի համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ նա ինքն է հորինում դրախտը, նա իր համար այնտեղ չի ապահովում որևէ մտավոր ուրախություն։ Զարմանալի՜ վրիպում։ Ըստ էության, դա նշանակում է, որ երկինքը նախատեսվում է միայն բարձրակարգ կենդանիների համար։ Այս մասին արժե մտորել, և մտորել շատ լրջորեն։ Եվ բխում է մի անչափ մռայլ հետևություն, որ մենք, թերևս, բնավ էլ այնքան կարևոր չենք, ինչպես մեզ միշտ թվացել է։


Աստծու բանականությունը

Նա է ստեղծել գոյություն ունեցող ամեն բան։ Չկա տիեզերքում մեծ կամ փոքր մի առարկա, որը Նա չլիներ ստեղծած։ Նա իր ստեղծածի մասին ասել է, որ դա «լավն է»։ Այս բառը պսակում է ամեն բան․ դա Նրա հավանության կնիքն է դնում տիեզերքի ամեն մի մանրամասնի վրա․ դա գովաբանում է նրա ամեն մի մանրամասնը։ Մենք նույնպես հավանություն ենք տալիս և գովաբանում մեր լեզվով։ Հավանություն ենք տալիս և գովաբանում ենք բարձրաձայն, մեծ ավյունով և զգուշավորությամբ։ Այո՛, զգուշավորությամբ։ Որովհետև մենք չենք խորանում մանրամասնությունների մեջ։ Ամեն օր անհավանության, պարսավանքի, անբավականության, ցասկոտ վրդովմունքի հեղեղներ ենք թափում, բայց ոչ խոսքերով։ Ո՛չ, մեզ մատնում են մեր արարքները, այլ ոչ թե մեր խոսքերը։ Մեր խոսքերն ամբողջովին հաճոյախոսություններ են, դրանք խաբում են Նրան։ Դրանում ոչ մի տարակույս չկա։ Դրանք նրան վստահություն են ներշնչում, թե մենք հավանություն ենք տալիս Իր բոլոր ջանքերին։

Համենայն դեպս, մեզ այդպես է թվում։ Դարեր շարունակ մենք մեզ ներշնչել ենք, թե իբր, տհաճ փաստը կեղծավոր ստի կույտերի տակ թաքցնելով, մենք այդ բանն անում ենք այնպես աննկատելիորեն, որ Նա տեսնում է միայն գովասանքները և գտնվում է հաճելի մոլորության մեջ։ Բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Ներքուստ մենք համաձայնում ենք, որ գործերը խոսքերից վեր են, բայց մենք մեզ ներշնչել ենք, թե Նրա համար դա այդպես չէ․ մենք երևակայում ենք, որ Նրան հետաքրքրում են միմիայն խոսքերը, միմիայն հնչյունները, որ եթե մենք այդ խոսքերը գոչենք բավականաչափ բարձրաձայն, նա չի նկատի դրանք հերքող արարքները։

Բայց, լրջորեն ասած, մի՞թե որևէ մեկն անկեղծորեն դրան հավատում է։ Եվ մի՞թե այդպիսի համոզվածությունը վիրավորանք չի լինի Գերագույն բանականության համար։ Արդյոք մեզանից որևէ մեկի մտքով կանցնի՞ մոր մոտ գովաբանել նրա բոլոր զավակներին, միաժամանակ եռանդուն ապտակելով նրանցից մեկին։ Արդյոք նման արարքը չի՞ հերքի մեր ամենապերճախոս գովասանքը։ Եվ մի՞թե մայրը կխաբվի։ Մի՞թե նա չի վիրավորվի, և լիակատար իրավունքով։

Իսկ տեսեք, թե մենք ինչպես ենք վարվում Նրա հետ։ Մենք խոսքով հավանություն ենք տալիս Նրա բոլոր ջանքերին, ջերմ ցնծությամբ գովաբանում ենք Նրա բոլոր ջանքերը, միևնույն ժամանակ սպանում ենք ճանճին՝ Նրա նույնպիսի ստեղծածին, ինչպես բոլոր մյուս արարածներն են, և որը, որպես այդպիսին, միշտ հիշատակվել է մեր բուռն գովասանքներում։ Եվ մենք ոչ թե պարզապես սպանում ենք մեծագույն գրգռվածությամբ, նույնիսկ ատելությամբ, կատաղի վրիժառությամբ և նայում ենք ճանճին քամահրանքով ու զզվանքով, թեև հենց նոր գովաբանում էինք նրան, հավանություն տալիս ու փառաբանում։ Մենք գովաբանում ենք ճանճին, դիմելով նրա Ստեղծողին։ Գովասանքն անազնիվ էր, իսկ արարքը՝ ազնիվ․ գովասանքը շահադիտական գործողություն էր, իսկ արարքը՝ անկեղծ պոռթկում։

Մենք անխնա ոչնչացնում ենք ճանճերին, ինչպես նաև առնետներին, լվերին, օձերին, ախտածին մանրէներին և հազարավոր այլ արարածների, որոնց Նա լավ է կոչել, որոնցով բավարարված է եղել և որոնց մենք բարձրաձայն պերճախոսությամբ գովաբանում և հավանություն ենք տալիս մեր լեզվով, իսկ հետո հետապնդում և չարությամբ ոչնչացնում ենք՝ հնարավորին չափ մեծ քանակությամբ։

Անշուշտ դա վատ է, անխոհեմ և անարդարացի։ Դա կեղծիք և խաբեություն է ծնում։ Մի՞թե նա կվիրավորվի, եթե մենք փոխվենք ու նրա առջև հանդես գանք նաև ճշմարտությունը շուրթներիս, այլ ոչ միայն մեր արարքներում։ Մի՞թե մենք չենք կարող հավատով ու աներկյուղ փոխել մեր խոսքերը և ասել․

― Ո՜վ ճշմարտության աղբյուր, մենք ստել ենք և զղջում ենք դրա համար։ Լսիր մեր խոստովանությունը, որ մենք ի սկզբանե զգացել ենք, բայց հոգեկան թուլության պատճառով աշխատել ենք Քեզանից թաքցնել, մենք հնազանդորեն գովում ու փառաբանում ենք Քո շատ գործերը և շնորհակալ ենք, որ դրանք կան Երկրի վրա՝ Քո ոտքերի տակ, բայց դա վերաբերում է այդ գործերից ոչ բոլորին։

Այդքանը բավական կլինի։ Բացառությունների թվարկում չի պահանջվի։


Ֆրանսիացիները և կոմանչիները

(Մի գլուխ, որը մտցված չէ «Հետիոտն՝ Եվրոպայով» աշխատության ձեռագրի վերջնական տարբերակի մեջ)


Այժմ խոսենք դաժանության, վայրենության և կոտորածի նկատմամբ սիրո մասին։ Այս բոլոր հատկությունները չեն դադարում երկրի կիսաքաղաքակիրթ ժողովուրդներին, բայց միևնույն ժամանակ դրանք հազիվ թե կարելի է թերություններ անվանել։ Դրանք սոցիալական համակարգի բնական ծնունդն են և առանց դրանց այդ համակարգը կատարյալ չէր լինի։ Այս տեսակետից ֆրանսիացիների, կոմանչիների և բարոյական ու սոցիալական միևնույն մակարդակի վրա կանգնած մի քանի ուրիշ ժողովուրդների միջև դժվար է զգալի տարբերություններ հայտնաբերել։ Արդարությունը պահանջում է խոստովանել, որ մեր տեսակետից կոմանչիները, անկասկած, գերազանցում են ֆրանսիացիներին, այն է՝ նրանք միմյանց հետ չեն կռվում, մինչդեռ ֆրանսիացիներն անհիշելի ժամանակներից զվարճացել են միմյանց կոտորելով ու այրելով։ Աշխարհի բոլոր սրերից ֆրանսիական սուրն է ամենից ավելի ֆրանսիական արյուն թափել։ Չկա ավելի անողոք ատելություն, քան ֆրանսիացու ատելությունը իր եղբոր նկատմամբ։ Ոչ մի կրոն չի կատարել այնպիսի անլուր գազանություններ, ինչպիսին կատարել է ֆրանսիացիների հեզ ու խոնարհ կրոնը։ Ասենք, վերջին դիտողությունը տվյալ դեպքում ոչ բոլորովին է արդարացի, քանի որ կոմանչիները կրոն չունեն, հետևաբար չկա նաև իր եղբորը սպանելու պահանջ՝ նրան ճշմարիտ ուղու վրա կանգնեցնելու համար։

Թուրքերն էլ են երբեմն միմյանց հետ կռվել, ինչպես մյուս բարբարոս ժողովուրդները, բայց քաղաքացիական կռիվը իսկական կատարելության, կատաղության ու անհամեմատելի արդյունավետության հասավ միայն երկու հասարակական խառնակույտերի՝ ֆրանսիացիների և կիլկենյան կատուների[2] մոտ։

Չեմ կարծում, թե ֆրանսիացիներն ավելի դաժան են եղել, քան կոմանչիները։ Իմ կարծիքով, նրանք միայն ավելի հնարամիտ են եղել իրենց կիրառած եղանակների իմաստով։ Եթե սա հաջողվեր ապացուցել, նման փաստը կվկայեր, որ ֆրանսիացին կոմանչիից բարձր է կանգնած։ Ֆրանսիական ազնվականությունը հաստատել է մի քանի զարմանալի սովորություններ և մեկ հազարամյակի ընթացքում դրանք պահպանել է ժողովրդի խելամիտ հեզության շնորհիվ։ Այդ սովորություններին է վերաբերում հողը մարդուն վարձակալության տալու, իսկ հետո որսի ժամանակ նրա դաշտերում արշավելու և պատճառած վնասի համար չվճարելու իրավունքը։ Կամ էլ թե այդ նույն մարդուն արգելել, որ նա բերքը անտառային կենդանիներից պաշտպանելու համար իր դաշտը ցանկապատի, պատճառաբանելով, թե ցանկապատերը խանգարում են որսորդությանը։ Եվ այն իրավունքը, որ աղան կարող է աղավնիներ պահել ու չվճարել աղավնիների կերած ցորենի համար, ինչպես նաև պատժել ուզած չքավորին, որը սպանել է այդ թռչուններից թեկուզ մեկին։ Եվ այն իրավունքը, որ աղան կարող է ալրաղաց և փուռ պահել, ռամիկին հարկադրելով այնտեղ հացահատիկ աղալ և հաց թխել՝ կրկնակի վճարով։ Եվ այրիների ու որբերի ունեցվածքը զավթելու աղայի իրավունքը, եթե ընտանիքի գլխավորը մահացել է և կտակ չի թողել։ Եվ իր իրավասության տակ գտնվող հողի վաճառքից ստացված դրամի մեկ հինգերորդ մասը վերցնելու աղայի իրավունքը։ Բայց այս բոլորը մանր դաժանություններ են․ ամեն մի կիսաքաղաքակիրթ հասարակություն կկարողանար դրանք հնարել, իսկ հետո հանդուրժել։ Շատ ավելի դաժան են մի քանի ուրիշ օրենքներ։ Ինչպես, օրինակ, աղայի իրավունքը ամբողջ օրը աշխատած գյուղացուն ստիպելու, որ նա ողջ գիշեր նստի լճակի ափին և քշի գորտերին, որոնց կռկռոցը կարող է խանգարել աղայի քունը․ գյուղացու փորը ճեղքելու և այնտեղ իր ոտքերը տաքացնելու աղայի իրավունքը, եթե նա հոգնի ու մրսի որսի ժամանակ, և ամեն բան պսակող droit du seigneur[3] ― ը, դա անվանենք ֆրանսերեն, որպեսզի մեր մայրենի լեզուն չկեղտոտենք։ Կոմանչիները, թերևս, կկարողանային հորինել այս վերջին երեք իրավունքներից ավելի խիստ մի բան, բայց հազիվ թե շատ խիստ։ Սակայն ֆրանսիացիների հնարամտությունը չգերազանցված բարձրության հասավ հեղափոխության օրերին, երբ մերկացրած տղամարդկանց կապում էին մերկացրած կանանց և նետում գետը։ Այս բանը կոմանչիները երբեք չէին մտածի, այնպես որ այստեղ, անպայմանորեն, ֆրանսիացիներին է պատկանում առաջնության դափնին։ Քանի որ դա կատարվել է հազիվ մի հարյուր տարի առաջ, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ֆրանսիացիները դեռևս չեն կորցրել իրենց հնարամտությունը, իսկ հնարավոր է, որ նաև այն գործի դնելու հակումը։

Մի տեսակետից ֆրանսիացիները միանգամայն անհասանելի են։ Կոտորածի սիրով նրանք, իսկապես, օժտված են ի վերուստ։ Ոչ մի ժողովուրդ դրան չի տիրապետում այդպիսի հոմերական չափերով։ Մի քանի դարի ընթացքում ֆրանսիացիները կարողացան համարյա լիովին այն իրենց մենաշնորհը դարձնել։ Բարդուղիմեոսյան գիշերից դեռ շատ առաջ նրանք ճաշակել էին կոտորածի բերկրանքը և տարվել էին դրանով։ Սակայն Բարդուղիմեոսյան գիշերը այնքան մոնումենտալ է, որ նրա վիթխարի ստվերի մեջ բոլորովին կորչում են նրա բազմաթիվ նախորդները․ դրանք համարյա չենք նշմարում, բայց դրանք, այնուամենայնիվ, եղել են։ Եթե դրանցից մի քանիսը տեղի ունենային Անգլիայում, դրանք, ինչպես որ խավարումը, կհանգցնեին նրա պատմության արեգակը, բայց այստեղ, կոտորածի հայրենիքում, դրանք թվում են նույնքան բնական ու անհրաժեշտ, ինչպես ցանը բորոտի մաշկի վրա, և ճիշտ նույնքան էլ ուշադրություն են գրավում։

Բարդուղիմեոսյան գիշերը, անտարակույս, մի անզուգական գլուխգործոց է, որին հավասարը աշխարհը չգիտի։ Դրան մասնակցեցին երկրի ամենաականավոր մարդիկ, ներառյալ թագավորը և մայր թագուհին։ Այդ բանը պատահեց 1572 թվականին։ Պատճառը կրոնական ինչ֊որ թյուրիամցություններն էին։ Ֆրանսիացին, ամենից առաջ, բարեպաշտ է։ Եվ նրա համար քիչ է, որ ինքը բարեպաշտ լինի, նա պահանջում է, որ բարեպաշտ դառնա նաև իր մերձավորը, իսկ եթե վերջինս համառում է, նա սպանում է սրան և դրանով իսկ սրան բարեպաշտություն է պատվաստում։ Այո, եթե նրա մերձավորը հրաժարվում է սուրբ կյանք վարել, ֆրանսիացին վերցնում է կացինը ու կամակորին ճշմարիտ ուղու վրա կանգնեցնում։ Ֆրանսիացին պաշտում է հասարակությունը և չի ցանկանում երկնքում միայնակ մնալ, այդ պատճառով էլ նա վաղօրոք դրախտում իր համար ընկերակցություն է ապահովում։ Այն դարաշրջանում, որի մասին ես պատմում եմ, ոչ միայն մի մերձավորն էր սկսել ուրիշ կրոն դավանել, այլև ամբողջ ազգի ուղիղ կեսը։ Դա սարսափելի էր։ Կաթոլիկական կուսակցության առաջնորդները խորապես վշտացած էին մեղքի խոցը այդպես ցավալիորեն տարածվելու համար և սկսեցին խորհրդակցել, թե ինչպես ավելի լավ կլինի այն բուժել։ Մայր թագուհին, որի իմաստնությունն ու սրբությունն անթերի էին, խորհուրդ տվեց գործադրել սովորական ազգային դեղամիջոցը՝ կոտորածը։ Այդ դեղամիջոցը հավանության արժանացավ, և կոտորածը պատվիրվեց ճիշտ այնպես, ինչպես մենք խոհարարին ճաշ ենք պատվիրում։ Բարեպաշտական գործը որոշվեց սկսել օգոստոսյան օրերից մեկի կեսգիշերին, որի մասին ծանուցվեցին զանազան քաղաքների և գյուղերի բնակիչները։ Իսկական հավատի կողմնակիցները զենք էին պատրաստում, պահում էին գաղտնիքը և սպասում, միաժամանակ այցելելով ու իրենց մոտ ընդունելով իրենց մեղսագործ ու ոչինչ չկասկածող մերձավորներին, և թվում է, թե ոչ մի բան չէր նախագուշակում ճակատագրական գիշերվա մոտենալը։ Թագավորը սրտամոտ զրույցներ էր ունենում մեղսագործների գլխավորի հետ, և, եթե սա շրջահայաց մարդ էր, անշուշտ, ուշադրություն դարձրած կլիներ այն չախմախավոր հրացանի վրա, որով նորին մեծությունը, մի քանի օր անց, հրամայեց կրակել նրա վրա պալատի լուսամուտից։

Նշանակված ժամը հասավ, և տագնապի ազդանշանը խախտեց գիշերային լռությունը։ Արդարները կազմ ու պատրաստ էին, մեղավորները հանկարծակիի բերվեցին։ Տղամարդկանց ու կանանց սպանում էին նրանց ննջարաններում կամ նրանց տների աստիճանների վրա։ Երեխաների գանգերը փշրում էին պատերին զարնելով։ Բարեպաշտական գործը շարունակվեց երկու ցերեկ ու երեք գիշեր։ Սպանվածների դիակները փակեցին գետի հունը, փողոցները պատված էին դիակներով, օդը տոգորված է այն մարդկանց նեխող մարմինների գարշահոտությամբ, որոնց կործանեց նրանց սեփական անխելամտությունը․ չէ որ նրանք ֆրանսիացիներ էին, և եթե առաջինը կռահեին, իրենք կկազմակերպեին կոտորածը և դատաստան կտեսնեին իրենց կործանարարների հետ։ Այդ երկու֊երեք օրվա ընթացքում Ֆրանսիայում սպանվեց յոթանասուն հազար մարդ, և իսկական հավատը իր սխրանքից հետո այն աստիճան ամրապնդվեց, որ մյուս կողմը այլևս երբեք լրջորեն չէր սպառնում նրա տիրապետությանը։

Հասկանալի է, որ այդ ժամանակից ի վեր աշխարհը տեսել է ֆրանսիական շատ կոտորածներ։ Չափազանց երկարատև ու հաճելի կոտորած եղավ Տեռորը։ Մեր օրերում էլ մենք տեսել ենք այդպիսի շատ կոտորածներ։ Հիշատակենք միայն դեկտեմբերի 2֊ի կոտորածը և Կոմունայի օրերին, ֆրանս֊պրուսական պատերազմի վերջին տեղի ունեցած մի քանի կոտորածներ։ Սակայն դրանցից ոչ մեկով ֆրանսիացիներն այնպես չեն հպարտանում, ինչպես իրենց անզուգական Բարդուղիմեոսյան գիշերով։

Ֆրանսիական ազգային բնավորության ամենագրավիչ գիծը, որ ամենամեծ հույսն է ներշնչում քարոզչին, սքանչելի ու արտակարգ հեզությունն է։ Մենք ճագարներին հեզ արարածներ ենք համարում, բայց ճագարի հեզությունն ի՜նչ է ֆրանսիացու հեզության համեմատությամբ։ Կգտնվի՞, արդյոք, այնպիսի ճագար, որը թույլ տա, որ հազար տարի իրեն կեղեքեն, վիրավորեն, ոտնատակ տան, և ոչ մի անգամ չփորձի կծել իր բռնապետին։ Եվրոպայի քարտեզը ծածկված է քաջարի մանր համայնքներով, որոնք կրկին ու կրկին ապստամբում էին զորեղ կեղեկիչների դեմ և ձգտում արդարության։ Դժվար է դրանց անգամ սոսկ թվարկումը։ Վիհլեմ Թելեր և Ուոթ Թայլերներ առատորեն հանդիպում էին ամեն տեղ, բացի Ֆրանսիայից։ Սակայն անգամ Ֆրանսիան, վերջ ի վերջո, ապսատմաբեց, և բավարարված կվերադառնար իր ճագարանոցը, ստանալով մի ուժեղ ապտակ ու մի կոնֆետ, եթե միայն տխմար թագավորը գլխի ընկներ ու առաջարկեր այդպիսիք։ Բայց անհրաժեշտ բանը անհրաժեշտ ժամանակ կատարելը նրա ոճը չէր, այնպես որ նա հարմար առիթը ձեռքից բաց թողեց։ Այդ ժամանակ ազգը թոթափեց ճագարի մորթին և հագավ իր ազգային մյուս զգեստը՝ վագրի մորթին, իսկ երբ նրա դեմ ելան ամբողջ Եվրոպայի բանակները, նա ավելի հեռուն գնաց և ապացուցեց իր արիությունը, անտարակույս, զարմանալով, որ այդքան արիություն գտնվեց իր մեջ։ Մեծ զորավար Նապոլեոնը կատարելության հասցրեց ֆրանսիացիների ռազմական արվեստը, իսկ հետո, հարմար պահ ընտրելով, նորից ազգի վրա քաշեց նրա ճագարի մորթին, ոտքը դրեց նրա պարանոցին, և ազգը դրա համար փառաբանեց նրան։ Ճիշտ նույն ձևով վարվեց ֆրանսիացիների հետ Նապոլեոն III֊ը, մի բան, որը նրանց մեծագույն գոհունակություն պատճառեց։

Օտարերկրացիներն առհասարակ մեծ բարերարություն էին Ֆրանսիայի համար։ Ֆրանսիայի մեծ մարդիկ, իբրև կանոն, օտարերկրյա ծագում էին ունենում, մեր ժամանակները նույնպես բացառություն չեն, և նրանք բոլորը հիանալի գիտեին, թե ինչպես պետք է սիրաշահել միջին քաղաքացուն։ Միջին քաղաքացին պահանջում է «փառք»․ դա ամենագլխավորն է․ ավելի շատ փառք, ավելի շատ աղմուկ, ավելի շատ տեսարաններ, ավելի շատ հավասարություն ու եղբայրություն, ավելի շատ դիմակահանդեսներ ու ամեն տեսակ խաբուսիկ շքեղություն․ ավելի շատ անպարկեշտություն ու պարծենկոտություն, ավելի շատ համոզվածություն, որ աշխարհի աչքերն ուղղված են իրեն, որ նրա կինը նորաձևությունների օրենսդրուհին է, իսկ ինքը՝ աշխարհիկ սիրալիրության օրինակ, ավելի շատ հիշեցնում, որ իր լեզուն ամբողջ ազգերի պալատական լեզուն է, և որ Փարիզը մի արեգակ է, որի մայրամուտը աշխարհը կթաղի մտավոր խավարի մեջ․ ավելի շատ Vive la Ripubligue[4] այսօր, Vive le Roi[5] վաղը, Vive la Commune[6] վաղը չէ մյուս օրը և Vive սատանան գիտի, թե ինչ՝ վաղը չէ մյուս օրը չէ, էն մյուս օրը․ ավելի շատ ազնիվ մենախոսություններ՝ ամրապնդված անարյուն մենամարտերով, նրա վիրավորված պատիվը վերականգնելու համար․ ավելի շատ բարեպաշտություն, անպարկեշտություն, կոտորած ու ողջույնի ճիչեր՝ ահա՛ թե ինչ է նա պահանջում կյանքից, որը պետք է ավարտվի պերճաշուք թաղումով՝ թափորը գլխավորող քահանայով ու լապտերով, դիակառքի նստիքին բազմած կեղծ գեներալ֊մայորով և թափորի հետևից գնացող սգո դատարկ կառքերի շարանով․ այդ ժամանակ նա, գոհ և ուրախ, վեր կսլանա մնացած հրեշտակների մոտ, որպեսզի նրանց պատմի իր ճոխ թաղման մասին։ Վեհության այս բոլոր մանրամասները թանկ չեն, և խելոք օտարերկրացիները, որոնք կառավարում էին Ֆրանսիան, առատորեն դրանք մատակարարում էին ազգին՝ իրենց համար մեծ օգուտով։

Ինչպես արդեն ասացի, ֆրանսիացիների հեզությունը նրանց ազգային բնավորության ամենահիանալի գիծն է, իսկ շուտով կդառնա նաև ամենաօգտակար գիծը, որովհետև դրա օգնությամբ մեր քարոզիչները նրանց ականջներից բռնած վեր կբարձրացնեն ճագարի նման։ Ֆրանսիացին կազմված է մանրագույն մանրախնդրությունից, ինչպիսին միայն կարելի է երևակայել, և մեծագույն վեհությունից։[7] Նրա մեջ թաքնված վագրը՝ կոտորածի գաղտնի, արյունարբու բնազդը, հնարավորություն է տալիս պատշաճ ճնշումից ու ջանադիր վարժեցումից հետո նրան դարձնել աշխարհում լավագույն զինվորը։ Ճագարի հեզությունը, որ դարերի ընթացքում նրա մեջ դաստիարակվել է անարդարություններն ու ամենածանր վիրավորանքները հնազանդորեն ընդունելու հետևանքով, նրան օգնում է անտրտունջ կրելու այդ վարժեցումները։ Վիթխարի փառամոլությունը նրա մեջ ձգտում է առաջացնում արվեստի, գիտության բնագավառում, քաղաքականության և գրականության մեջ գործելու այնպիսի հրաշքներ, որոնց մասին մտածել անգամ չէր կարող որևէ մեկ ուրիշը, իսկ տենդագին, բուռն երևակայությունը, անհանգիստ եռանդը և հաստատակամությունը նրան օգնում են հասնելու իր նպատակին։

Դեհ, եթե ես կարողացա ասել, ինչ ուզում էի, ուրեմն ինձ հաջողվեց ապացուցել, որ ֆրանսիացին որոշ տեսակետից գերազանցում է չինացուն, իսկ մյուս տեսակետներից հավասար է թուրքին ու դագոմեացուն և հազիվ թե որևէ բանում նկատելիորեն զիջում է կոմանչիին։ Ես լիահույս էի, թե դա ինձ կհաջողվի և, թվում է, որ հասա իմ նպատակին։ Ես հաստատ համոզված են, որ Ֆրանսիան իրավամբ արժանավոր տեղ է գրվաում երկրագնդի կիսաքաղաքակիրթ ժողովուրդների շարքում։

Ես շատ բան եմ ակնկալում Ֆրանսիայից և նրան ջերմորեն ցանկանում եմ շուտափույթ բարոյական ու մտավոր վերելք և լուսավորություն։ Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ այստեղի ամերիկյան գաղութի սահմանափակ ու կանոնավոր ջանքերը, որքան էլ դրանք եռանդուն, սուրբ և անշահախնդիր լինեն, բավարար չեն նրան այդչափ մեծ պարգևով բարերարություն անելու համար։ Ո՛չ, դրա համար կա միայն մեկ ուղի՝ ստեղծել ամերիկյան աշխարհիկ քարոզիչների հատկապես ուսուցանված մի ջոկատ՝ զինված նրանց պաշտպանելու պաշտոնական կոչումով, օժտված Պատվավոր լեգեոնի ժապավենով, որպեսզի նրանց դարձնեն պակաս նկատելի և պաշտպանեն նախանձից ու ավելորդ ուշադրությունից, և որ կառավարությունը նրանց վարձատրի հատուկ հարկից գոյացող միջոցներից։ Ուրեմն, բոլորս մի մարդու պես օգնության հասնենք ֆրանսիացուն, տոգորվենք անշահախնդիր սիրով դեպի այդ արհամարհված ու ստորացված օղակը, որ գտնվում է մարդու և կապկի միջև, բարձրացնենք նրան ու դարձնենք մեր եղբայրը։


Երկիր հասցեագրված նամակ

Խնդիրքների մինիստրություն։
Մատենավոր հրեշտակի բաժին։ 20․ հունվ․։

Էբներ Սքոֆիլդին՝

ածխավաճառին։

Բուֆալո (Նյու Յորքի նահանգ)։


Համաձայն ցուցումի, պատիվ ունեմ ծանուցելու ձեզ, որ վերջերս կատարած, ձեր անձնազոհությամբ լեցուն բարերարությունը գրանցված է «Մարդկային ոսկե արարքներ» կոչվող գրքի էջում, որը, ինձ թույլ կտամ նշել, ոչ թե պարզապես բարձր, այլ իր տեսակի մեջ միակ պատիվն է։

Սույն ամսի տասնիննին լրացած շաբաթվա ընթացքում ձեր աղոթքների վերաբերյալ պատիվ ունեմ ձեզ հաղորդելու հետևյալը․

1․ Եղանակի մասին, որպեսզի անտրացիտի գինը բարձրանա տոննան 15 ցենտով։ Բավարարված է։

2․ Բանվորական ուժի ավելցուկի մասին, որպեսզի աշխատավարձն իջնի 10 տոկոսով։ Բավարարված է։

3․ Փափուկ ածխի գինը, որով առևտուր են անում ձեր մրցակիցները, ընկնելու մասին։ Բավարարված է։

4․ Այն մարդուն կամ նրա ընտանիքը պատժելու մասին, որն ածխի մրցակցային մանրածախ առևտուր բացեց Ռոչեստերում։ Բավարարված է հետևյալ կերպ․ դիֆտերիայով հիվանդանալու երկու դեպք՝ որոնցից մեկը մահացու, քութեշով հիվանդանալու մի դեպք, որը կհասցնի խլության և տկարամտության։ Ծանոթագրություն․ հարկավոր էր պատիժ խնդրել այդ մարդուն՝ «Նյու Յորք սենտրալ ռեյլրոդ կամփնիի» ծառայողին, վարձողների համար։

5․ Այն անհամար հայցողներին գեհեն աքսորելու մասին, որոնք ամեն օր ձեզ ձանձրացնում են, խնդրելով աշխատանք տալ կամ որևէ այլ տեսակի լավություն անել։ Հանձնված է նոր քննության, քանի որ այդ խնդիրքը, ըստ երևույթին, հակասում է մեկ ուրիշին, որը երկինք է առաքվել նույն օրը և որի մասին կասվի ստորև։

6․ Ձեր այն հարևանի նկատմամբ որևէ բռնի մահ կիրառելու մասին, որն աղյուս էր նետել ձեր կատվի վրա, երբ վերջինս փողոցում սերենադ է երգել։ Հետաձված է հետգա քննության համար այն աղոթքի հետ անհամատեղելի լինելու պատճառով, որ երկինք է առաքվել նույն ամսաթվով, ինչի մասին կասվի ստորև։

7․ «Թող գրողի ծոցը գնան քարոզիչները»։ Հետաձգված է նույն պատճառով, ինչ որ նախորդը։

8․ Օգուտները դեկտեմբերի 22 230 դոլարից ավելացնելու և հունվարին 45 000 դոլարի հասցնելու մասին, հետագայում պահպանելով օգուտների համամասնական ամսական աճը, «որը ձեզ լիովին կբավարարի»։ Աղոթքը բավարարված է, կից խոստումն ընդունվում է պայմանականորեն։

9․ Ի վերուստ փոթորիկ առաքելու մասին, որը կոչնչացնի «Նորս Փենսիլվանիա կամփնիի» սարքավորումները և կհեղեղի հանքահորերը։ Ծանոթություն․ նկատի ունենալով ձմեռային եղանակը, պահեստում փոթորիկներ չկան։ Ըստ պահանջի դրանք կարող են փոխարինվել հանքագազի միանգամայն հուսալի պայթյունով։

Վերը թվարկված խնդիրները, որպես առավել կարևորներ, քննության են առնվել առանձին֊առանձին։ 298 այլ աղոթքներ, որ ստացվել էին սույն ամսի տասնիննին լրացող շաբաթվա ընթացքում և ընկնում էին «Հատուկ հատուցումներ» խորագրի տակ, բաժին Ա, բավարարվել են միագումար կերպով, այն բացառությամբ, որ 32 աղոթքներից, որոնց կատարումը պահանջում է երկիր առաքել անհապաղ մահ, 3 դեպքում այդպիսին փոխարինվել է անբուժելի հիվանդությամբ։

Սրանով սպառվում է մեկշաբաթյա մուտքն այն աղոթքների, որոնք մեր բաժնում դասվում են «Սրտի գաղտնի աղաչանքներ» կոչվող կարգում և որոնք ակնհայտ պատճառով միշտ մեր կողմից քննութան են առնվում առաջին հերթին։

Խնդրագրերի շաբաթական մուտքի մնացորդը ընկնում է «Հրապարակային աղոթքներ» կոչվող կարգը, որին մենք դասում ենք աղոթքաժողովներում, կիրակնօրյա դպրոցում, քրիստոնյա եղբայրների հետ հանդիպումների, ընտանեկան մաղթանքների ժամանակ և այլուր արտասանված աղոթքները։ Այս կարգի աղոթքները գնահատվում են ըստ դրանց արտասանող քրիստոնյաների դասակարգման, այն է՝ 1) իրենց կրոնը դավանող քրիստոնյաներ և 2) իրենց կրոնը օգտագործող քրիստոնյաներ։ Այնուհետև դրանք տարաբաժանվում և դասակարգվում են ըստ չափի, տեսակի ու ընտանիքի, և վերջում նրանց արժույթը որոշվում է կարատներով՝ մեկից մինչև հազար կարատ։

1847 թ․ դեկտեմբերի 31֊ին ավարտված եռամսյակի արդյունքներով ձեր հաշվեկշիռը հետևյալն է եղել․

Ընդհանուր դասակարգումը՝ իր կրոնը դավանող քրիստոնյա։

Չափը՝ առավելագույնի քառորդը։

Տեսակը՝ բարձր ոգու տեր մարդ։

Ընտանիքը՝ ընտրյալների «Ա» հատված, ենթահատված 16։

Արժույթը՝ 322 մաքուր կարատ։

Հենց նոր ավարտված եռամսյակի արդյունքներով, այսինքն՝ քառասուն տարի անց, ձեր հաշվեկշիռն այդպիսին է։

Ընդհանուր դասակարգումը՝ իր կրոնն օգտագործող քրիստոնյա։

Չափը՝ առավելագույնը մեկ հարյուրերորդականը։

Տեսակը՝ մարդ֊կենդանի։

Ընտանիքը՝ ընտրյալների «Է» հատված, ենթահատված 1547։

Արժույթը՝ երեք մաքուր կարատ։

Պատիվ ունեմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ դուք, ըստ երևույթին հետադիմել եք։

Անդրադառնալով ձեր հրապարակային աղոթքների հարցին, ի դեպ, նշեմ, որ ձեզ և խառը տիպի քրիստոնյաներին քաջալերելու նպատակով մեր բաժինը սովորություն ունի երկիր առաքելու շատ այնպիսի բաներ, որ չէին առաքվի ավելի բարձր տիպի քրիստոնյաների համար, մասամբ էլ այն պատճառով, որ նրանք այդպիսի բաներ չեն խնդրում։

Եղանակի բարեգութ մեղմացման մասին ախոթքը՝ հանուն աղքատների ու տկլորների նկատմամբ գթասրտության։ Մերժված է։ Երկինք է ուղարկվել աղոթաժողովում։ Հակասում է սույն ծանուցման առաջին կետում նշված աղոթքին, որը սրտի գաղտնի աղաչանք է։ Մեր բաժնի կանոնները խստագույն արգելում են իրենց կրոնը օգտագործող քրիստոնյաների հրապարակային աղոթքներն ավելի բարձր դասել նրանց սրտի գաղտնի աղոթքներից։

Աղոթք լավագույն ժամանակների և լիառատության մասին, «կոշտուկավոր ձեռքերով աշխատավորի համար, որի ծանր ու համբերատար աշխատանքը թեթև և ուրախ է դարձնում նրանց կյանքը, ում ավելի երջանիկ բախտ է վիճակվել, իսկ նրան իրավունք է տալիս ապավինելու այն վիրավորանքներից ու հալածանքներից մեր զգաստ ու փրկարար պաշտպանությանը, որ պատրաստ է պատճառելու նրան անզուսպ ագահությունը, և մեր շնորհակալ սրտերի նրբագույն հոգատարությանը»։ Երկինք է ուղարկվել աղոթաժողովում։ Մերժել, նկատի ունենալով, որ այն հակասում է սրտի N 2 աղաչանքին։

Աղոթք՝ «Թող նրանք, ովքեր մեզ զրկում են ցանկալիից, պատժվեն երկնային ողորմությամբ, և՛ նրանք իրենք, և՛ նրանց ընտանիքները, որովհետև մեր սրտերը վկաներն են այն բանի, որ այդպիսիների երկրային բարգավաճումը մեզ պարգևում է անխառն, ուստի և կատարյալ ուրախություն»։ Երկքինք է առաքվել աղոթաժողովում։ Մերժել, նկատի ունենալով, որ հակասում է սրտի NN 3 և 4 գաղտնի աղաչանքներին։

«Թող ոչ ոքի հավիտենական կորստյան չմատնեն մեր խոսքերն ու գործերը»։ Երկինք է ուղարկվել ընտանեկան մաղթանքի ժամանակ։ Ստացվել է սրտի N 5 գաղտնի աղաչանքից 15 րոպե առաջ, որին բացահայտորեն հակասում է։ Ձեր առաջարկվում է ետ վերցնել այդ աղոթքներից մեկը կամ դրանցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ։

«Ներիր բոլորին, ովքեր վնաս են պատճառում մեր անձին ու մեր ունեցվածքին»։ Դա վերաբերում է նաև ձեր այն հարևանին, որն աղյուս էր շպրտել ձեր կատվի վրա։ Երկինք է ուղարկվել ընտանեկան մաղթանքի ժամանակ։ Ստացվել է սրտի N 6 գաղտնի աղաչանքից մի քանի րոպե առաջ։ Խնդրում ենք հաղորդել համապատասխան ճշտումը։

«Աջակցիր քարոզիչներին նրանց ջանքերում, ամենաազնիվ ջանքերում, որոնք վստահված են մարդուն, որպեսզի շողշողա լույսը բոլոր սահմաններում հեթանոսական աշխարհի, որն այսօր էլ դեռ մեզ պատժում է իր հոգևոր խավարով»։ Կամայական աղոթք է, որն անցկացվել է Ամերիկյան քարոզչական խորհրդի նիստի ժամանակ։ Ստացվել է սրտի N 7 գաղտնի աղաչանքից 12 ժամ առաջ։ Մեր բաժինը քարոզիչներով չի հետաքրքրվում ու որևէ գործարար կապ չունի Ամերիկյան քարոզչական խորհրդի հետ։ Մենք ուրախ կլինենք բավարարելու այդ աղոթքներից մեկը, բայց երկուսն էլ բավարարել չենք կարող։ Խորհուրդ ենք տալիս ետ վերցնել նիստի ժամանակ հղվածը։

Քսաներորդ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ ցանկալի չէ N 8֊ին կցված դիտողության կրկնությունը։ Հատկապես տափակ կատակները աղոթքներում տեղին չեն։

464 առանձին խնդրանքներից, որոնք բովանդակվում են ձեր հրապարակային աղոթքներում, բացի վերը քննարկվածներից, մենք բավարարում ենք երկուսը, մերժելով մնացածները։ Բավարարում ենք հետևյալ խնդրանքները․ «1) թող ամպերը կատարեն իրենց դերը, 2) իսկ արեգակը իրենը»։ Ըստ էության հենց այդպիսին էլ եղել է աստվածային կանխագծումը, բայց ձեզ համար, հավանաբար, հաճելի կլինի իմանալ, որ դուք ոչ մի բանով դրան չեք խոչընդոտել։ Ձեր 462 առանձին խնդրանքներից, որոնք մերժված են, 61֊ը կարդացվել է կիրակնօրյա դպրոցում այն քրիստոնյաների հղած աղոթքները, որոնք օգտագործում են իրենց կրոնը և ընկնում են այն խորագրի տակ, որը մեր բաժնում կոչվում է «Ջոն Վանեմեյքերի տիպ»։ Մենք դրանք անցկացնում ենք «բառեր» սյունակով և հաշվի ենք առնում, ելնելով ժամանակի որոշակի միավորի ընթացքում արտասանված բառերի քանակից, ստուգարքային նվազագույնը՝ 3000 բառ է քառորդ րոպեի ընթացքում։ Կիրակնօրյա դպրոցների փորձագետները սովորաբար հեշտությամբ արտասանում են 4200 միավոր՝ 5000 հնարավորից, որը հավասարեցվում է երկու սաղմոսի ու մեկ ծաղկեփնջի, որ երիտասարդ օրիորդը մարդասպանի խցիկն է ուղարկում մահապատժի առավոտյան։ Մնացած 401 խնդրանքները քամուն են տրվել։ Մենք դրանք կիտում ենք իրար վրա և այդ կույտերից պատրաստում հակընդեմ քամիներ, որպեսզի կանգնեցնենք անարժան մարդկանց նավերը, բայց մի կարգին քամու համար այդ հումքից պահանջվում է այնքան, որ դրա համար մենք վճարել ի վիճակի չենք։

Հիմա ես կուզենայի մի քանի խոսք ավելացնել անձամբ իմ կողմից։

Երբ որոշակի տիպի մարդիկ բարի գործ են կատարում, մենք դա գնահատում ենք հազար անգամ ավելի բարձր, քան թե նույն գործը, որ կատարել է լավ մարդը, նկատի ունենալով այն վիթխարի ջանքերը, որ ծախսվել են այդ գործի վրա։ Այդ տեսակետից դուք ձեր կարգից շատ ավելի բարձր եք կանգնած մի շարք անձնազոհությունների պատճառով, որոնք մեծապես գերազանցում են ամեն բան, ինչ մենք կարող էինք ձեզանից սպասել։ Շատ տարիներ առաջ, երբ ձեր դրամագլուխը կազմում էր ընդամենը հարյուր հազար դոլար և դուք երկու դոլար ուղարկեցիք ձեր աղքատացած այրի բարեկամուհուն, որը ձեզանից օգնություն էր խնդրել, այստեղ՝ երկնքում, շատերը պնդում էին, թե այդպիսի բան լինել չի կարող, իսկ ոմանք էլ այն կարծիքին էին, թե դոլարները կեղծ են եղել։ Ձեր բարի համբավը խիստ ամրապնդվեց այն բանից հետո, երբ ապացուցվեց նման կասկածների անհիմն լինելը։ Մի երկու տարի անց, երբ ի պատասխան նոր խնդրանքին դուք խեղճ կնոջը ուղարկեցիք չորս դոլար, դրան իսկույն հավատացին, և այստեղ երկար ժամանակ խոսակցության առարկան այդ իրադարձությունն էր։ Երկու տարի հետո, երբ մահացավ այրու կրտսեր որդին, դուք ուղարկեցիք վեց դոլար, և այդ արարմունքը վերջնականապես փառքով պսակեց ձեզ։ Երկնքում հենց միայն այն էր լսվում, թե՝ «Տեսե՛ք, ինչպիսին է այդ Էբները»։ Որովհետև այդ ժամանակ ձեզ արդեն քնքշանքով այստեղ «Էբներ» էին կոչում։ Յուրաքանչյուր երկու֊երեք տարին մեկ դուք ավելացնում էիք եկեղեցու օգտին ձեր նվիրաբերության գումարը, և ձեր անունը մեր շուրթերից չէր իջնում ու ջերմացնում էր մեր սրտերը։ Ամբողջ երկինքը հետևում է ձեզ, երբ դուք կիրակի օրերը շքեղ կառքով եկեղեցի եք գնում, և երբ ձեր ձեռքը ափսեի մեջ է իջեցնում նվիրատվությունը, ուրախալի ճիչը նույնիսկ հասնում է հեռավոր գեհենի բոսորագույն պատերին․ «Եվս հինգ ցենտ Էբներից»։

Բայց այդ ամենը ոչ մի կերպ չի կարող համեմատվել ձեր վերջին բարերարության հետ, երբ այրին մի քանի օր առաջ նամակ ուղարկեց ձեզ, հաղորդելով, թե կարող է ուսուցչուհու տեղ ստանալ մի ավանում, բայց ողջ մնացած երկու երեխաների հետ այնտեղ գնալու համար նրան հարկավոր է հիսուն դոլար, և դուք, հաշվելով այն զուտ օգուտը, որ վերջին ամսում ձեզ բերել էին ձեր երեք ածխահորերը՝ 22230 դոլար, և դրան ավելացնելով այն 45 000 դոլարը, որ դուք հույս ունեք ստանալ այս ամիս (թեև ավելի ճիշտ կլիներ գրել 50 000), վերցրիք գրիչն ու չեկագրքույկը և նրան ուղարկեցիք ամբողջ տասնհինգ դոլարի չեկ։ Թող քեզ հետ լինի երկնքի հավիտենական օրհնությունը, ո՜վ մեծահոգի մարդ։ Երանելիների կացարանում բոլորն անխտիր գորովանքի արցունքներ են թափում, և մինչ բոլորը ցնծության մեջ էին, միմյանց ձեռք էին սեղմում և գրկախառնվում, ճաճանչափայլ գահից հնչեց որոտալից հրամանը․ քանի որ այդ արարքը նսեմացնում է մարդկանց և հրեշտակների բոլոր անձնազոհությունները, որ հայտնի են պատմությանը, թող այն գրի առնվի առանձին մաքուր էջի վրա։ Որովհետև, այն ամենածանր ջանքերի կողքին, որ այդ արարքը պահանջել է ձեզանից, ոչնչի չի հավասարվում բոցավառվող խարույկների վրա զոհված տասնյակ հազարավոր նահատակների արիությունը, և բոլորն ասացին․ «Անտարակույս, ազնիվ մարդու կողմից, տասնյակ հազարավոր ազնիվ մարդկանց կողմից զոհաբերվող կյանքը դատարկ բան է այն տասնհինգ դոլարի համեմատությամբ, որ իր ճանկից բաց է թողել ամենաստոր ժլատը, որի նմանը չէր տեսել աշխարհը»։

Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Աբրահամը հեկեկալով իր ծոցից դուրս թափեց նախկին ամբողջ պարունակությունը և դրա վրա փակցրեց շատ պերճախոս մի պլակատ՝ «Իրավունքները հայտարարված են», իսկ Պետրոսը, հեկեկալով, ասաց․ «Մենք նրան կդիմավորենք ջահերթով»։ Ցնծության ճիչերը թնդացին երկնքում, և բոլորն այստեղ հրճվում էին, իմանալով, որ ձեզ վիճակված է ընկնել այստեղ։ Դժողխքը նույնպես հրճվում էր։

(ստորագրություն)
Մատենավար հրեշտակ (կնիք)։


Ռազմական աղոթք

Դա մեծագույն հուզմունքի ու վերելքի ժամանակաշրջան էր։ Ամբողջ երկիրը մարտի էր նետվում․ պատերազմ էր, բոլորի և յուրաքանչյուրի կրծքի տակ հայրենասիրության սրբազան հուրն էր բորբոքվում․ թնդում էին թմբուկները, նվագում էին նվագախմբերը, կրակում էին խաղալիք ատրճանակները, հրթիռների խրձերը սուլոցով ու ճարճատյունով օդ էին թռչում․ ուր էլ որ նայեիր, հեռվում կորչող տանիքների ու պատշգամբների երկարությամբ արևի տակ շողշողում էր դրոշների փողփողուն անտառը, ուրախ և իրենց նոր համազգեստների մեջ անչափ գեղեցիկ երիտասարդ կամավորներն ամեն օր քայլավարժություններ էին կատարում լայն պողոտայում, իսկ նրանց հայրերը, մայրերը, քույրերն ու հարսնացուները երջանկությունից խզված ձայնով ճանապարհին ողջունում էին նրանց․ ամեն երեկո ժողովրդի հոծ զանգվածները շունչները պահած լսում էին որևէ հայրենասեր հռետորի, որի ճառը դիպչում էր նրանց հոգու ամենանվիրական լարերին, և շարունակ ընդհատում էին նրան բուռն ծափահարություններով, այն ժամանակ, երբ արցունքները հոսում էին նրանց այտերով, եկեղեցիներում քահանաները ժողովրդին համոզում էին հոգով ու հավատով ծառայել հայրենիքին ու այնպիսի եռանդով ու պերճախոսությամբ էին պատերազմի աստծուն աղերսում ի վերուստ օգնություն ուղարկել մեզ մեր արդար գործում, որ ունկնդիրների մեջ չէր գտնվի մեկը, որ արտասվելու աստիճան հուզված չլիներ։ Դա հիրավի փառավոր, զարմանալի ժամանակ էր, և այն սակավաթիվ թեթևամիտ մարդիկ, որոնք համարձակություն էին ունենում անխրախուսաբար արտահայտվել պատերազմի մասին և կասկածի տակ առնել դրա արդարացիությունը, իսկույն այնպիսի խիստ և զայրալից պատասխան էին ստանում, որ հանուն իրենց սեփական անվտանգության բարվոք էին համարում հեռանալ ժողովրդի աչքից ու լռել։

Հասավ կիրակին, հաջորդ օրը զորքերը պետք է ռազմաճակատ մեկնեին․ եկեղեցին առավոտից լեփ֊լեցուն էր, այդտեղ էին նաև կամավորները, որոնց երիտասարդ դեմքերը այրվում էին ռազմական սխրանքների կանխավայելումից, մտքով նրանք արդեն այնտեղ էին՝ ահա, նրանք հարձակվում են, համառորեն ավելի ու ավելի արագ և վճռականորեն, սրընթաց գրոհ, սրերի փայլատակում, թշնամին փախչում է, խուճապ, վառոդի ծուխ, կատաղի հետապնդում, կապիտուլյացիա։ Եվ ահա, նրանք նորից տանն են․ պատերազմից վերադարձել են որպես մարտերում կոփված փափագելի ու պաշտելի հերոսներ, ողողված հաղթանակի ոսկեհուռ փայլով։ Կամավորների կողքին նստել են նրանց հպարտ և երջանիկ հարազատները, առաջացնելով այն բարեկամների ու հարևանների նախանձը, որոնք չունեին եղբայրներ ու որդիներ, որոնց կարողանային ուղարկել կռվի դաշտ՝ հայրենիքի համար հաղթանակ նվաճելու կամ էլ թե ընկնելու քաջի մահով։ Ժամերգությունն իր կարգով գնում էր․ քահանան Հին կտակարանից կարդաց ռազմական գլուխը, այնուհետև՝ առաջին աղոթքը, որոտաց երգեհոնը, ցնցելով շենքը, աղոթողները միասնական ավյունով ոտքի կանգնեցին՝ բաբախող սրտերով ու փայլատակող աչքերով, և եկեղեցում հնչեց հուժկու կոչը․

Տե՜ր իմ, որ ահեղատես երկրին ես նայում,
Շանթ ու կայծակը հնազանդ են քեզ։

Այնուհետև հաջորդեց «երկարատև աղոթքը»։ Ոչ ոք չէր կարողանա հիշել մի որևէ բան, որը կրքոտությամբ ու զգացումների սրտահույզ ջերմությամբ և շարադրանքի գեղեցկությամբ դրան հավասար լիներ։ Նրանում ամենից ավելի խնդրում էին, որ մեր ամենաբարերար ու գթասիրտ հայրը պահպանի մեր քաջարի երիտասարդ զինվորներին, նրանց օգնական, հենարան ու աջակից լինի հանուն հայրենիքի նրանց սխրանքներում․ որ նա օրհնի նրանց և պահպանի ճակատամարտի օրը ու վտանգի ժամին, նրանց պահի իր աջի մեջ, նրանց ուժ ու հավատ ներշնչի և անպարտելի դարձնի արյունահեղ գոտեմարտում․ որ նա նրանց օգնի ջախջախել թշնամուն, նրանց, նրանց զենքին ու երկրին պարգևի հավերժական փառք ու պատիվ․․․

Այդ պահին եկեղեցի մտավ մի տարեց անծանոթ և անշտապ ու անաղմուկ քայլերով գլխավոր միջանցքով ուղղվեց դեպի բեմը։ Նրա աչքերը սևեռված էին քահանային, բարձր իրանը գրկել էր մինչև կրունկները հասնող հագուստը, իսկ սպիտակ մազերը փարթամորեն թափվել էին ուսերին, շրջանակելով կնճռապատ դեմքը, որ անբնականորեն, նույնիսկ մեռելայնորեն գունատ էր։ Բոլորը տարակուսանքով նրան էին նայում, իսկ նա, լուռ անցնելով նստարանների արանքով, բարձրացավ ամբիոն և սպասողաբար կանգնեց քահանայի կողքին։ Աչքերը փակած և չկռահելով անծանոթի ներկայությունը, քահանան շարունակում էր կարդալ իր հուզիչ աղոթքը և այն ավարտեց հետևյալ կրքոտ կոչով․ «Օրհնի՛ր մեր զորքին, հաղթանակ պարգևիր մեզ, մեր տեր աստված, մեր հայր և մեր երկրի ու զենքի պաշտպան»։

Անծանոթը ձեռքը դրեց նրա ուսին, մի կողմ քաշվելու նշան արեց, որ զարմացած քահանան չհապաղեց կատարել, և գրավեց նրա տեղը։ Մի քանի ակնթարթ նա խստադեմ զննում էր ցնցված ունկնդիրներին, և նրա աչքերը վառվում էին երևութական կրակով, ապա ցածր, խուլ ձայնով սկսեց․

― Ես գահի պատվիրակն եմ, որ ձեզ եմ բերել աստծու խոսքը։

Ծխականները կանգնած էին շանթահարվածի նման․ անծանոթը, եթե անգամ նկատեց նրանց վախը, ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց դրան։

― Ամենաբարձրյալը լսեց ծառայի՝ ձեր հովվի աղոթքը և պատրաստ է այն կատարելու, եթե ձեր ցանկությունը այդպիսին կլինի այն բանից հետո, երբ ես՝ նրա պատվիրակս, ձեզ պարզաբանեմ դրա իմաստը, ավելի ճիշտ, դրա լրիվ իմաստը։ Որովհետև, ինչպես որ ուրիշ շատ մարդկային աղոթքներում, դուք ինքներդ, առանց դրան կասկածելու, խնդրում եք չափից ավելի շատ բան, քան ձեզ թվում է, երբ աղոթում եք, եթե, իհարկե, վաղօրոք ամեն ինչ չեք մտածել։

Աստծու և ձեր ծառան աղոթք կարդաց։ Արդյո՞ք նա խորհել էր նախքան այն կարդալը։ Եվ արդյոք դա մե՞կ աղոթք է։ Ո՛չ, դրանք երկուսն են․ մեկն այն է, որ նա բարձրաձայն կարդաց, և մյուսը՝ որ չկարդաց։ Եվ երկուսն էլ հասան նրա՛ ականջին, ով լսում է բոլոր խնդրանքները՝ արտահայտվածները և չարտահայտվածները։ Խորհեք այս մասին և հիշեցեք։ Եթե սկսեք օրհնություն խնդրե ձեր գործերի ու արարքների համար, զգույշ եղեք, որովհետև այդ րոպեին դուք չկանխամտածված կերպով կարող եք անեծք հարուցել ձեր հարևանի նկատմամբ։ Եթե դուք աղոթում եք ի վերուստն անձրև ուղարկելու մասին, որովհետև այն հարկավոր է ձեր դաշտերին, ապա դրանով դուք գուցե աղոթում եք, որ աղետ լինի ձեր հարևանի համար, որի հողը խոնավության կարիք չունի և անձրևը միայն կփչացնի նրա բերքը։

Դուք լսեցիք ձեր ծառայի աղոթքը, դրա այն մասը, որ նա կարդաց բարձրաձայն։ Տերն ինձ ուղարկել է ձեզ մոտ, որպեսզի ես բառերի վերածեմ աղոթքի մյուս մասը, այն, ինչ քահանան և դուք բոլորդ սրտներիդ խորքում լուռ աղերսում էիք նրան։ Չհասկանալով ու չմտածելով, թե ինչ եք աղերսում։ Տա աստված, որ դա այդպես լիներ։ Դուք լսեցիք հետևյալ բառերը․ «Հաղթանակ պարգևի մեզ, մեր տեր աստված»։ Այդքանը բավական է։ Այն ամբողջ աղոթքը, որ դուք այստեղ բարձրաձայն կարդացիք, բովանադակվում է այս բազմանշանակալից բառերի մեջ։ Ճշգրտումներն ավելորդ են։ Աղոթելով հաղթանակի համար, դուք աղոթում էիք նաև ձեր կողմից չհիշատակված շատ հետևանքների համար, որոնք ուղեկցում են հաղթանակին, պետք է դրան ուղեկցեն, չեն կարող չուղեկցել։ Եվ ահա մեր երկնային հոր լսողությանը հասավ աղոթքի նաև բարձրաձայն չարտահայտված մասը։ Նա ինձ հրամայեց այն արտահայտել բառերով։ Արդ լսե՛ք։

Մեր տեր աստված, մեր երիտասարդ հայրենակիցները, մեր սրտի կուռքերը կռվի են գնում, նրանց հետ եղի՛ր։ Մտովի մենք նրանց հետ միասին թողնում ենք մեր հանգիստ ու տաքուկ թանկագին օջախները և գնում ենք ջախջախելու թշնամիներին։ Մեր տեր աստված, օգնիր մեզ, որ արկերով ծվեն֊ծվեն անենք նրան զինվորներին․ օգնիր մեզ, որ նրանց ծաղկուն դաշտերը ծածկենք նրանց հայրենասերների ոչնչացված դիակներով․ օգնիր մեզ, որ հրանոթների որոտը խլացնենք ցավից գալարվող նրանց վիրավորների վայնասունով․ օգնիր մեզ, որ կրակե մրրիկով գետնին հավասարեցնենք նրանց համեստ կացարանները․ օգնիր մեզ, որ անմխիթար վշտով քրքրենք նրանց այրիների սրտերը․ օգնիր մեզ, որ նրանց զրկենք բարեկամներից ու օթևանից, որպեսզի նրանք իրենց մանուկների հետ միասին թափառեն իրենց ամայացած երկրի ամուլ դաշտերում, թափառեն ցնցոտիների մեջ, տանջվելով սովից ու ծարավից, ամառը՝ արևից դաղված, ձմեռը՝ սառնասառույց քամուց դողալով, վերջնականապես հուսահատված, ապարդյուն խնդրելով քեզ իրենց առջև լայն բացել գերեզմանի դռները, որպեսզի այնտեղ կարողանան հանգիստ գտնել․ հանում մեզ, որ երկրպագում ենք քեզ, ո՜վ տեր, հողմացրիվ արա նրանց հույսերը, խորտակիր նրանց կյանքը, երկարացրու նրանց վշտալից թափառումները, ծանրացրու նրանց քայլը, արցունքներով թրջիր նրանց ճանապարհը, սպիտակ ձյունը կարմիր ներկիր նրանց վիրավոր ոտքերի արյամբ։ Սիրով ու հավատով մենք այս բանը աղերսում ենք նրանից, ով սիրո աղբյուրն է, ով հավատարիմ բարեկամ և հույս ապավեն է բոլոր տառապայլների համար, որոնք հնազանդ սրտով ու խոնարհ հոգով նրա օգնությունն են փնտրում։ Ամե՛ն։

(Մի փոքր լռելուց հետո։) Դուք աղոթել եք դրա համար․ եթե դուք հիմա էլ ցանկանում եք այդ բանը, ասացե՛ք։ Ամենաբարձրյալի պատվիրակը սպասում է։

Հետագայում շատերը պնդում էին, թե դա խելագարի մեկն է եղել, որովհետև նրա ճառը զուրկ էր որևէ իմաստից։


Որոշ բաներ զղջալու մասին

Շատ հետաքրքրական են որոշ բառերի առաջացրած սխալ զուգորդումները։ Վերցնենք, օրինակ, «զղջալ» բառը։ Մենք առանց որևէ խորհրդածության այդ բառը զուգորդում ենք բացառապես մեղքի հասկացության հետ։ Դեռ մանուկ հասակից մենք հավատում ենք, որ զղջում ենք միայն վատ արարքների համար, թեև իրականում անվերջ ու ջանասիրաբար զղջում ենք մեր կատարված լավ արարքների համար։ Շատ հաճախ մեղքի համար զղջալով, մենք դա անում ենք մակերեսորեն, պարտականությունից ելնելով, անտարբերությամբ, զուտ մտահայեցորեն, բայց երբ մենք զղջում ենք լավ արարքի համար, այդ զղջումը լինում է տանջալից, այրող և ուղղակի սրտից է բխում։ Շատ հաճախ մեղքի համար զղջալով, մենք մեզ ներում ենք և մոռանում կատարվածը։ Բայց զղջալով լավ արարքի համար, մենք հազվադեպ ենք հոգեկան անդորր ձեռք բերում և սովորաբար շարունակում ենք տառապել մինչև կյանքի վերջը։ Եվ այդպիսի զղջումը մնում է հավերժ թարմ, ուժեղ, խոր և գործուն։ Սրտանց բարերարություն անելով անշնորհակալ մարդուն, ինչպիսի՜ հաստատակամությամբ, ինչպիսի՜ անդուլ եռանդով զղջում ենք նրա համար։ Այդպիսի զղջման համեմատությամբ մեղքի համար զղջալը անալի, խղճուկ ու րոպեական մի բան է։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր միջին մարդ ամեն ինչով ինձ նման է, այլապես չէի սկսի այդպես մերկացնել իմ էությունը։ Ես ասում եմ «միջին մարդ» և դրանով սահմանափակվում եմ, որովհետև չեմ տարակուսում, որ կան մարդիկ, որոնք չեն զղջում իրենց բարի արարքների համար նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց հատուցում են դավաճանությամբ ու ապերախտությամբ։ Ես կարծում եմ, որ այդ մի բուռ մեծահոգի մարդիկ պետք է երկնքում լինեին՝ այստեղ նրանք միայն խանգարում են։ Իմ կյանքում ես մի քանի միլիոն մեղք եմ գործել։ Դրանցից շատերի համար, հավանաբար, զղջացել եմ, բայց հիմա արդեն չեմ հիշում, որոշ մեղքերիս համար մտադրվել եմ զղջալ, բայց այնպես էլ չեմ զղջացել․ և դրանք բոլորը մոռացել եմ, բացառությամբ ամենավերջերս գործածների և երկու֊երեք վաղեմի մեղքերի։ Իմ կյանքում ես կատարել եմ տասնմեկ լավ արարք։ Դրանք բոլորը հիշում եմ, իսկ դրանցից չորսը՝ զարմանալի պարզությամբ։ Եվ բավական է հիշեմ այդ չորս արարքներից որևէ մեկը, որպեսզի սկսեմ զղջալ, մի բան, որ պատահում է տարեկան առնվազն հիսուներկու անգամ։ Եվ դրանց համար զղջում եմ նույն այրող դառնությամբ, ինչպես որ առաջին անգամ։ Եթե գիշերն արթնանում եմ, դրանք էլ ասես գետնից բուսնում են և մինչև առավոտ ինձ հետ լինում։ Իմ գործած մեղքերը ինձ չեն ծառայել այնքան երկար, ինչպես դրանցից մեկը։ Եվ մեղքերիցս ոչ մեկի համար չեմ զղջացել և այնպիսի կրքոտ ավյունով ու անկեղծությամբ, ինչպես այդ չորս հիանալի ու ազնիվ արարքներիս համար։

Հնարավոր է, որ դուք՝ այս տողերն ընթերցողներդ, պատկանում եք այն մի բուռ մոլորյալներին, որոնց տեղը երկնքում է։ Այդ դեպքում դուք չեք հասկանա, թե ինչի մասին եմ պատմում, և իմ խոսքերը ձեզ դուր չեն գա, բայց դրանք դուր կգան ձեր մերձավորին, եթե նրա հիսուն տարին լրացել է։

15 օգոստոսի 1906 թ․


(Աղոթք քաղցրավենիքի համար)

Ես սկսել եմ դպրոց հաճախել չորս ու կես տարեկանից։ Այն ժամանակներում Միսսուրիում հասարակական դպրոցներ չկային, բայց դրա փոխարեն կար երկու մասնավոր դպրոց, որտեղ սովորելու համար վերցնում էին շաբաթական քսանհինգ ցենտ, ու դա էլ փորձիր ստանալ։ Տիկին Գորը փոքրիկներին սովորեցնում էր գլխավոր փողոցի հարավային մասում գտնվող գերանակապ տնակում։ Պարոն Սեմ Կրոսը պարապում էր ավելի մեծ երեխաների հետ՝ բլրի վրա գտնվող տախտակապատ տան մեջ։ Ինձ տվեցին տիկին Գորի դպրոցը, և ես դեռ այժմ էլ, ավելի քան վաթսունհինգ տարի անց, շատ պարզ հիշում եմ իմ առաջին օրը գերանակապ տնակում, համենայն դեպս, այդ օրվա մի դեպք։ Ես ինչ֊որ բանում մեղանչել էի, և ինձ նախազգուշացրին, որ այլևս այդպիսի բան չանեմ և որ հաջորդ անգամ ինձ դրա համար կպատժեն։ Շատ շուտով նորից մեղանչեցի, և տիկին Գորը ինձ պատվիրեց մի բարակ ճիպոտ գտնել ու բերել իրեն։ Ես ուրախացա, որ նա հենց ինձ ընտրեց, որովհետև ենթադրում էի, թե մեկ ուրիշից շուտ կկարողանամ գտնել նման դեպքի համար հարմար ճիպոտը։

Փողոցի ցեխի մեջ գտա կաղնու հին տակառատախտակի կտոր՝ մի երկու մատնաչափ լայնությամբ, քառորդ մատնաչափ հաստությամբ և մի կողմից մի փոքր կոր։ Շուրջը նույն տեսակի շատ լավ, նոր ճղոնիկներ էին թափված, բայց ես վերցրի հենց այդ կտորը, թեև դա բոլորովին փտած էր։ Այն տարա տվեցի տիկին Գորին և մնացի նրա առջև կանգնած՝ հեզ ու խոնարհ դիրքով, որը, իմ կարծիքով, պետք է կարեկցանք և ներողամտություն առաջացներ, բայց այդպիսի բան չկատարվեց։ Նա նայեց ինձ, նայեց տակառատախտակի կտորին՝ միևնույն անտարբերությամբ, հետո կոչեց ինձ լրիվ անուն ազգանունովս՝ Սեմյուել Լենգհորն Կլեմենս (երևի ես դեռ ոչ մի անգամ չէի լսել, որ որևէ մեկը միանգամից միմյանց հետևից արտասաներ այդ բոլոր անունները), և ասաց, թե ինքն իմ փոխարեն ամաչում է։ Հետագայում իմացա, որ եթե ուսուցիչը աշակերտին անվանում է լրիվ անուն ազգանունով, դա ոչ մի լավ բան չի խոստանում։ Նա ասաց, թե կաշխատի ընտրել մեկ ուրիշ տղայի, որն ինձանից շատ է հասկանում ճիպոտներից, և ես մինչև այժմ դառնությամբ եմ հիշում, թե քանի֊քանի տղաների դեմքն ուրախությունից փայլեց այն հույսով, որ իրենց կընտրեն։ Ճիպոտ բերելու գնաց Ջիմ Դանլեպը, և երբ նա բերեց իր ընտրած ճիպոտը, համոզվեցի, որ նա այդ գործի գիտակն է։

Տիկին Գորը միջին տարիքի կին էր, ծնված Նոր Անգլիայում, և խստորեն պահպանում էր նրա բոլոր կանոններն ու սովորությունները։ Նա միշտ դասերն սկսում էր աղոթքով և Նոր կտակարանից մի գլխի ընթերցանությամբ․ այդ գլխի առթիվ նա տալիս էր համառոտ պարզաբանումներ։ Նման պարզաբանական զրույցներից մեկի ժամանակ նա կանգ առավ այսպիսի մի արտահայտության վրա․ «Խնդրեք, և ձեզ կտրվի», ասաց, որ եթե մարդ շատ է ուզում մի որևէ բան և ջերմեռանդորեն աղոթում է դրա համար, նրա աղոթքը, անտարակույս, կլսվի։

Երևի այն ժամանակ ես դա իմացա առաջին անգամ, որովհետև ինձ անչափ զարմացրին այդ հայտարարությունը և այն հաճելի հեռանկարները, որ իմ առջև բացվում էին։ Ես որոշեցի անհապաղ ստուգել։ Տիկին Գորի խոսքին հավատում էի և արդյունքի նկատմամբ ամենևին չէի տարակուսում։ Ես աղոթեցի և խնդրեցի քաղցրաբլիթ։ Հացավաճառի աղջիկը՝ Մարգարետ Կունիմենը, ամեն օր դպրոց էր բերում մի ամբողջ բոքոնի չափ խաղցրաբլիթ, առաջ դա թաքցնում էր մեզանից, իսկ հիմա, հենց որ ես աղոթեցի և աչքերս բարձրացրի վեր, բլիթն արդեն ձեռքիս էր, իսկ աղջիկն այդ ժամանակ ուրիշ կողմ էր նայում։ Կյանքումս երբեք այդպես չէի ուրախացել, որ իմ աղոթքը լսվել է, և անվերապահորեն հավատացի։ Ես շատ բանի կարիք էի զգացել, բայց մինչ այդ ոչինչ չէի կարողացել ստանալ, իսկ հիմա, իմանալով, թե դա ինչպես է արվում, մտադրվեցի ինձ հատուցել բոլոր զրկանքներիս համար և էլի ինչ֊որ մի բան խնդրել։

Բայց իմ այդ իղձը, ինչպես որ մեր բոլոր իղձերը, չկատարվեց։ Երկու թե երեք օր աղոթում էի, թվում է ոչ պակաս չափով, քան մեկ ուրիշը մեր քաղաքում, աղոթում էի շատ անկեղծորեն ու ջանասիրաբար, բայց դրանից ոչ մի բան չստացվեց։ Նույնիսկ ամենաջերմեռանդ աղոթքն ինձ չօգնեց բլիթը երկրորդ անգամ ձեռք գցել, և ես եկա այն եզրակացության, որ նա, ով հավատարիմ է իր բլիթին և աչքը դրանից չի հեռացնում, բնավ անհրաժեշտություն չունի իրեն ծանրաբեռնել աղոթքներով։

Իմ վարքագծի մեջ ինչ֊որ բան անհանգստացրել էր մայրիկիս․ նա ինձ մի կողմ տարավ ու մտահոգված սկսեց հարցուփորձ անել։ Ես չէի ուզում խոստովանել իմ մեջ կատարված փոփոխության մասին․ վախենում էի ցավ պատճառել նրա բարի սրտին, բայց, ի վերջո, արցունքներից խեղդվելով խոստովանեցի, որ դադարել եմ քրիստոնյա լինելուց։ Նա վշտահար հարցրեց․

― Ինչո՞ւ։

― Ես համոզվեցի, որ քրիստոնյա եմ միայն հանուն շահի, և չեմ կարող հաշտվել այդ մտքի հետ, այնքան որ դա ստոր է։

Նա սեղմեց ինձ կրծքին և սկսեց մխիթարել։ Նրա խոսքերից ես հասկացա, որ եթե նույն ոգով շարունակեմ, երբեք միայնակ չեմ մնա։

30 օգոստոսի 1906 թ․
20 մարտի 1906 թ․


(Պարոն Ռոկֆելլերը և Աստվածաշունչը)

Ջոն Ռոկֆելլեր֊կրտսերի աստվածաբանական հետազոտություններն ամերիկյան կյանքի խոշորագույն զվարճալիքներն են։ Ամեն կիրակի երիտասարդ Ռոկֆելլերն իր դպրոցում մեկնաբանում է Աստվածաշնչի մի որևէ տեքստ։ Մյուս օրը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը և թերթերը ամբողջ երկրին ազդարարում են այդ մասին, և ամբողջ երկիրը ծիծաղում է։ Ամբողջ երկիրը ծիծաղում է, բայց իր անխելամտության ու պարզունակության պատճառով չի կռահում, որ ինքն իր վրա է ծիծաղում։

Երիտասարդ Ռոկֆելլերը, հավանաբար, կլինի մի երեսունհինգ տարեկան։ Նա տգեղ է, համեստ, հումորի զգացումից զուրկ, անկեղծորեն բայրացակամ է և միջակություն է բոլոր տեսակետներից։ Եթե նա կարողանար հոր միլիոնների փոխարեն հասարակությանը ներկայացնել միայն իր համեստ մտավոր ընդունակությունները, Աստվածաշնչի նրա մեկնաբանությունն անհայտ կմնար։ Բայց նրա հայրն աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում, այդ պատճառով էլ նրա որդու աստվածաբանական թավալգլորումները հետաքրքիր ու բովանդակալից են համարվում։ Ենթադրում են, որ ավագ Ռոկֆելլերը միլիարդ դոլար արժե։ Հարկեր նա վճարում է երկու և կես միլիոնից։ Նա համոզված քրիստոնյա է, ինքնուս քրիստոնյա և արդեն երկար տարիներ Օհայոյի նահանգում Քլիվլենդի կիրակնօրյա դպրոցի խնամակալն է։ Շատ տարիներ նա ելույթ է ունենում իր ունկնդիրների առջև ու նրանց բացատրում, թե ինչպես են նրան բաժին հասել իր դոլարները։ Եվ այդ բոլոր տարիները ունկնդիրները նրան լսում են կախարդվածի նման և իրենց ակնածական երկրպագությունը կիսում աստծու ու պարոն Ռոկֆելլերի միջև՝ գերակշռությունը տալով վերջինիս։ Կիրակնօրյա դպրոցում անցկացված այդ զրույցները հեռագրով հաղորդվում են մեր երկրի բոլոր ծայրերը և ընթերցվում են ոչ պակաս հաճույքով, քան նրա որդու աստվածաբանական հետազոտությունները։

Ես արդեն ասացի, որ ամերիկացիները ծիծաղում են, լսելով, թե երիտասարդ Ռոկֆելլերն ինչպես է մեկնաբանում Աստվածաշունչը։ Մինչդեռ ամերիկացիները պետք է գիտենան, որ դա ճիշտ ու ճիշտ Աստվածաշնչի նույն այն մեկնաբանությունն է, որ ամեն կիրակի մեզ մատուցվում է եկեղեցական ամբիոնից և մատուցվել է մեր նախահայրերի շատ սերունդների։ Ապարդյուն կլիներ նրանում փնտրել գեթ մեկ նոր միտք (եթե առհասարակ թույլատրելի է խոսել մտքերի մասին, երբ խոսքը վերաբերում է աստվածաբանությանը)։ Երիտասարդ Ջոնի գործելակերպն ընդունված է բոլոր եկեղեցական ամբիոններում։ Եկեղեցին արդեն հարյուրամյակների ընթացքում զբաղված է անհրապույր փաստերից նրբագեղ բարոյախոսություն կորզելով։ Ռոկֆելլերի փաստարկները եկեղեցականների շատ վաղուց մաշած հագուստի լաթերն են։ Նրա բոլոր դատողությունները վարձույթով վերցված են եկեղեցու մամռակալած բեմիրերից, որոնց տարիքը հարյուրամյակներով է հաշվվում։

Երիտասարդ Ջոնը երբեք էլ Աստվածաշունչը լրջորեն չի ուսումնասիրել, նա այն ուսումնասիրել է մի նպատակով՝ դա հարմարեցնել այն դատողություններին, որ ինքը յուրացրել է երկրորդ անձնավորություններից, լսել է իր ուսուցիչներից։ Իրենց յուրօրինակությամբ ու թարմությամբ նրա քարոզները ոչնչով ավելի լավ կամ ավելի վատ չեն մյուս բոլոր աստվածաբանների քարոզներից, սկսած Հռոմի պապից ու հենց նրանով էլ վերջացրած։ Ամերիկացիները ծիծաղում են, լսելով երիտասարդ Ջոնի խորիմաստ ու անճաշակ դատողությունները աստվածաշնչյան Հովսեփի բնավորության ու արարքների մասին, բայց մի՞թե ամերիկացի քահանաները Հովսեփի արարքն ու բնավորությունը նույնքան անշնորհք ու անհեթեթ ձևով չեն մեկնաբանում։ Ամերիկացիների համար ժամանակն է հասկանալու, որ, երբ նրանք ծիծաղում են երիտասարդ Ջոնի վրա, իրենք իրենց վրա են ծիծաղում։ Նրանք պետք է հիշեն, որ երիտասարդ Ջոնը առաջինը չէ, որ գունազարդում է Հովսեփին։ Միևնույն վրձնով ու միևնույն ներկով, ասես ծաղրելու համար, Հովսեփին ներկապատում են արդեն դարեր շարունակ։

Ես երկար տարիներ ճանաչում եմ երիտասարդ Ռոկֆելլերին, գնահատում եմ նրան և այն կարծիքին եմ, որ նրա իսկական տեղը եկեղեցական ամբիոնն է։ Այդ դեպքում նրա մտքի փայլը լուսապսակ կստեղծեր նրա գլխավերևում, որ միանգամայն տեղին կլիներ։ Ասենք, վախենում եմ, նա ստիպված լինի ենթարկվել ճակատագրին և հետևել հորը, գլխավորելով վիթխարի «Ստանդարտ օյլ կորպորեյշենը»։

Երիտասարդ Ռոկֆելլերի առավել սքանչելի աստվածաբանական նվաճումների թվին է պատկանում երեք տարի առաջ նրա հաղորդած մեկնաբանությունը՝ միակ ճիշտ ու անսխալ մեկնաբանությունը այն խրատի առթիվ, որով Քրիստոսը դիմել էր հարստության բեռի տակ շնչահեղձ լինող և հարմար առիթի դեպքում հոգին փրկել ցանկացող երիտասարդին։ «Վաճառիր կալվածքդ և դրամը բաժանիր աղքատներին», ― ասել էր Քրիստոսը։ Երիտասարդ Ջոնը այդ տեքստը մեկնաբանել էր հետևյալ կերպ․

«Եթե որևէ բան խոչընդոտում է քո հոգու փրկության ճանապարհին, վերացրու այդ արգելքը ինչ գնով էլ լինի։ Եթե դա փող է՝ հրաժարվիր դրանից, այն բաժանիր աղքատներին։ Եթե դա գույք է, վաճառիր մինչև վերջին լաթը և ստացած գումարը բաժանիր աղքատներին։ Եթե դա զինվորական փառամոլություն է, թո՛ղ զինվորական ծառայությունը։ Եթե դա կիրքն է մարդու կամ իրի, կամ զբաղմունքի նկատմամբ, հրաժարվիր դրանցից, որպեսզի ամբողջապես նվիրվես քո հոգու փրկության գործին»։

Դժվար է ավելի պարզ արտահայտվել։ Ավագ Ռոկֆելլերի և երիտասարդ Ջոնի միլիոնները այնքան աննշան փաստ են նրանց կյանքում, որ, իհարկե, չեն կարող դիտվել որպես արգելք փրկության ճանապարհին։ Այսպիսով, Քրիստոսի խրատը նրանց հետ ոչ մի առնչություն չունի։ Նյու Յորքի թերթերից մեկը թղթակիցներ էր ուղարկել վեց թե յոթ քահանաների մոտ այդ մասին նրանց կարծիքը իմանալու համար։ Բացառությամբ մեկի, նրանք բոլորը ճիշտ էին համարել երիտասարդ Ռոկֆելլերի դատողությունը։ Ուղղակի չգիտեմ, թե մենք ինչ պետք է անեինք առանց քահանաների։ Համենայն դեպս, ավելի հեշտ կլիներ ապրել առանց արեգակի, առանց լուսնի։

Երեք տարի առաջ երիտասարդ Ջոնի հետ գնացի նրա կիրակնօրյա դպրոցը և այնտեղ ճառ արտասանեցի (ոչ աստվածաբանական թեմայով, դա վատ ճաշակի արտահայտություն կլիներ, իսկ ես լավ ճաշակը գերադասում եմ բարեպաշտությունից)։ Ինչպես պարզվեց, ամեն մեկը, ով ճառ է արտասանում այդ կիրակնօրյա դպրոցի ունկնդիրների առջև, դրանով իսկ դառնում է նրա հոգաբարձուներից մեկը։ Ես էլ արժանացա այդ կոչմանը։ Օրերս ծանուցում ստացա, որ վաղը չէ մյուս օրը երեկոյան նշանակված է հոգաբարձուների ժողով ու ինձ հրավիրում են ներկա լինելու ժողովին և ելույթ ունենալու այնտեղ։ Եթե ես զբաղված եմ, չե՞մ կամենա, արդյոք, մի նամակ գրել, որ կհրապարակվի ժողովում։


«14 մարտի 1906 թ․


Պարոն Էդուարդ Մ․ Ֆուտին՝ ժողովի նախագահին։

Հարգելի բարեկամ ու գործընկերներ։

Ես անկեղծորեն կցանկանայի անձամբ ներկա լինել պարոն Ռոկֆելլերի՝ կիրակնօրյա դպրոցի հոգեբարձուների ժողովին (որոնց թվում եմ նաև ես՝ դպրոցին ցույց տված ծառայություններիս համար), բայց, մտածելով, որոշեցի մնալ տանը։ Ամբողջ հարցը Հովսեփն է։ Հովսեփի հարցը կարող է ծագել ամեն րոպե, և այն ժամանակ փորձանք կլինի, որովհետև ես և պարոն Ռոկֆելլերը այդ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքի ենք։ Ութ տարի սրանից առաջ ես ամենալուրջ և սպառիչ կարգով վերլուծեցի Հովսեփի պատմությունը։ Ծննդոց գրքի քառասունյոթերորդ գլխի լույսի ներքո և այդ թեմայով «Նորս ամերիկեն ռևյուում» տպագրեցի հատուկ հոդված, որը հետագայում մտավ իմ երկերի ժողովածուի XXII հատորի մեջ։ Ես հավատացած էի, որ Հովսեփի հարցը մեկընդմիշտ լուծել եմ, որ այդ թեման սպառված է, և հանգիստ ձեռնամուխ եղա ուրիշ գործերի։ Բայց ինչպիսին էր իմ դառն զարմանքը, երբ թերթերից իմացա, որ պարոն Ռոկֆելլերը որոշել է նորից զբաղվել Հովսեփով, ինչպես երևում է, անգամ չկասկածելով, որ նրանով զբաղվել բնավ հարկավոր չէ, քանի որ Հովսեփին վերաբերող բոլոր հարցերը ես արդեն վերջնականապես լուծել եմ։

Այն, ինչ պարոն Ռոկֆելլերն ասում է Հովսեփի մասին, վկայում է, որ նա Հովսեփից գլուխ չի հանում։ Այստեղից պարզ է, որ նա իմ հոդվածը չի կարդացել։ Դրանում տարակույս լինել չի կարող, քանի որ Հովսեփի նրա գնահատականը իմից տարբերվում է։ Նման որևէ բան չէր լինի, եթե նա կարդար իմ հոդվածը։ Նա Հովսեփին անմեղ գառ է համարում, դա մոլորություն է։ Հովսեփը եղել է․․․ ասենք կարդացեք իմ հոդվածը, և դուք կիմանաք, թե նա ով է եղել։

Հարյուրամյակների ընթացքում Հովսեփի հարցը մնացել է որպես առավել խճճված ու կնճռոտ հարցերից մեկը։ Բոլորի, միայն թե ո՛չ ինձ համար։ Որովհետև ես, ի տարբերություն մյուս աստվածաբանների, Հովսեփի մասին դատում եմ հաստատված փաստերի հիման վրա։ Մինչդեռ նրանք, եռանդագին ձգտելով վաղօրոք նշված նպատակին, գունազարդում են փաստերը։ Որոշ փաստեր նրանք լրիվ ներկածածկ են անում, իսկ դրանց փոխարեն նկարում են ուրիշ, ավելի հրապուրիչ բաներ, որ իրենց երևակայության պտուղն են։ Հովսեփի մասին նրանց խզբզանքները նման են բանկային հաշվետվությունների, որ բանկի վարչությունը հրապարակում է սնանկացման նախօրյակին, ճգնելով խաբել ստուգողներին։ Բանկիրները փորձում են թաքցնել պարտքերը և հաշվետվության մեջ մտցնում են գոյություն չունեցող ավանդներ։ Չկարծեք, թե հորինում եմ։ Ահա թե նախանցյալ կիրակի ինչ է հայտարարել մեծահամբավ գիտնական և բանիմաց դոկտոր Սիլվերմենը «Թայմսի» էջերում․

«Գյուղացիները, հողագործները և անասնապահները, որոնց կյանքը կախված է հողի պտուղներից, բոլորից ավելի տուժեցին անբերիությունից։ Որպեսզի նրանք սովամահ չլինեին, Հովսեփը քաղաքներ փոխադրեց Եգիպտոսի բոլոր գյուղական բնակիչներին՝ սահմանից մինչև սահման (Գիրք ծննդոց, քառասունյոթերորդ գլուխ) և նրանց սնունդ տվեց։ Քանի դեռ նրանք փող ունեին, նա վճարը վերցնում էր փողով, երբ նրանք արդեն փող չունեին, սկսեց գրավ վերցնել նրանց անասունը՝ ձիերը, ոչխարը, ավանակները, երբ դրանք էլ պակասեցին՝ նաև հողը։ Իսկ իշխանություններն իրենք էին կերակրում ոչխարի հոտերը, ձիերին և մյուս անասուններին, որոնք այլապես սովից կսատկեին։

Հետագայում հողը վերադարձվեց նախկին տերերին (որպես սեփականությո՞ւն)։ Նրանց սերմեր տվեցին դաշտերը ցանելու համար, նրանց տվեցին այնքան անասուն՝ ձիեր, ոչխարներ և այլն, որքան նրանց հարկավոր էր, և նրանցից որպես վճար պահանջեցին բերքի ու անասնաճի ընդամենը մեկ հինգերորդ մասը, որ նրանք պետք է տային պետությանը։

Հովսեփի գործողությունները ցույց էին տալիս, որ նա պետական գործիչ էր և մարդասեր անձնավորություն։ Այդ գործողությունները ուժեղ տպավորություն էին գործել փարավոնի ու նրա խորհրդականների վրա, և զարմանալի ոչինչ չկա, որ Հովսեփը նշանակվեց Եգիպտոսի փոխարքա։ Հովսեփը լիովին ջախջախեց վաշխառուներին ու սպեկուկյանտներին, որոնք դարեր ի վեր անբերիության տարիներին կողոպտում էին աղքատ ժողովրդին, մատնելով նրան մուրացկանության ու սովամահության։ Նա կարիքավորներից նրանց հողն ու անասունը վերցրել էր միայն որպես գրավ, իսկ հետո վերադարձրել (որպես սեփականությո՞ւն)։ Այն սննդի դիմաց, որ ինքը տալիս էր, նրանցից վերցնում էր միայն շուկայական միջին գինը։ Եթե իմաստուն Հովսեփը չհոգար հանրային պահեստներ կառուցելու մասին, մարդիկ կկորցնեին իրենց ունեցվածքը, ամբողջ երկիրը աղքատության կմատնվեր և հազարավոր ու հազարավոր մարդիկ կմահանային, ինչպես այդ արդեն մեկ անգամ չէ, որ պատահել էր անբերրիությունների ժամամանակ»։

Այսպիսին է դոկտոր Սիլվերմենի նրբագեղորեն կազմած, ոսկեզօծ եզրազարդմամբ բանկային հաշվետվությունը, որը նախատեսված է ստուգողների համար։

Իսկ ահա թե ինչ է ասված Աստվածաշնչում (ընդգծումը իմն է)։


«Եվ բոլոր երկրների մեջ հաց չկար, վասնզի սովը խիստ սաստկացավ, ու Եգիպտոսի երկիրը և Քանանա երկիրը սովին պատճառով նուզեցավ։

Եվ Յովսէփ պաշար ծախու առնողներին՝ Եգիպտոսի երկրին մեջ ու Քանանու երկրին մեջ գտնուած բոլոր ստակը ժողովեց, և Յովսէփ Փարաուոնի տունը տարավ ստակը։

Եվ երբ Եգիպտոսի երկրին ու Քանանա երկրին մեջ ստակ հատավ, բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի ու ըսին․ մեզի հաց տուր, քանզի ստակ չըլլալուն համար ինչո՞ւ մեռնինք քու առջևուդ։

Եվ Յովսէփ ըսավ․ ձեր անասունները բերէք, և եթե ստակ չկայ ձեր անասունների փոխարեն տամ ձեզի։

Եվ անոնք իրենց անասունները Յովսէփին բերին և Յովսէփ հաց տովա անոնց՝ ձիերու փոխարէն ու ոչխարներուն փոխարէն և արջարներուն փոխարէն ու էշերուն փոխարէն․ և այն տարին զանոնք հացով կերակրեց իրենց անասուններուն փոխարէն։

Եվ երբ լմնցավ այն տարին, հետևեալ տարին եկան անոր ու ըսին․ մեր տերոջմէն չենք պահեր, որ ստակը հատավ և մեր անասուններն ալ մեր տէրոջն եղան, ալ բան մը չմնաց մեր տէրոջը առջև, բայց մեր անձերը ու երկիրը։

Ինչո՞ւ համար քո աչքիդ առջև մեռնինք մենք ու մեր երկիրը, մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ, և մենք ու մեր եկրիրը Փարաունի ծառաներ ըլլանք, և սերմ տուր մեզի, որպէսզի ապրենք և չմեռնինք, և երկիրը ամայի չլլաց։

Եվ Յովսէփ բոլոր Եգիպտոսի երկիրը Փարավոնի համար ծախու առավ, քանզի Եգիպտացվոց վրայ սովին սաստիկ ըլլալուն համար անոնց ամէն մեկը իր արտը ծախեց և երկիրը Փարավոնի եղավ։

Եվ Եգիպտոսի մեկ ծայրեն մինչև միուս ծայրը ժողովուրդը ստրկացրեց։

Միայն քուրեմրուն երկիրը ծախու չառավ, վասնզի քուրմերը Փարավոնէ կապհստի բաժին ունէին, ու կուտեէին իրենց բաժինը, զոր Փարավոն կու տար նանոց․ անոր համար և իրենց երկիրը չծախեցին։

Եվ Յովսէփ ըսավ ժողովրդին․ ահա այսօր ծախու առի ձեզ ու ձեր երկիրը Փարավոնի համար․ արդ ձեզի սերմ կուտամ, ու սերմանեցէք երկիրը։

Եվ երկրի արդիունքին հինգէն մեկը Փարավոնի պիտի տաք ձեզի ու ձեր տանը մեջ եղողներուն ու ձեր աջաքներուն ուտելիք ըլլայ։

Եվ ըսին․ մեզ ապրեցուցիր թող մեր տէրոջը առջև շնորհք գտնենք, ու Փարավոնի ծառաներ ըլլանք։

Եվ Յովսեփ այս օրէնքը հաստատեց Եգիպտոսի երկրին մեջ մինչև այսօր, որ հինգէն մեկը Փարավոնի ըլլայ, բաց ի քուրմերուն երկրէն, որ Փարավոնի չեղավ»։


Ես այստեղ չեմ գտնում անգամ ամենափոքր հիշատակություն «գրավի» մասին։ Դա ամենազտարյուն նորույթ է, քանի որ խոսքը վերաբերում է Հովսեփի գործողություններին։ Հաճելի նորույթ, ես նույնիսկ կասեի՝ մխիթարական նորույթ։ Բայց ո՞ւր են դրա հիմքերը։ Ես անձամբ մազաչափ իսկ հիմք չեմ գտնում։ Որտե՞ղ է ասված, որ Հովսեփը այդ դժբախտ գյուղացիներին վարկ էր տալիս, գրավ վերցնելով նրանց հողերն ու անասունը։ Ես տեսնում եմ, որ նա զավթել էր նրանց ամբողջ հողը՝ մինչև վերջին ակրը՝, և ամբողջ անասունը՝ մինչև վերջին կճղակը։ Իսկ ինչի՞ց է երևում, որ Հովսեփը այդ տարաբախտ թշվառներին կերակրելու համար վերցնում էր «միայն շուկայական միջին գինը»։ Ես անձամբ գտնում եմ, որ նա նրանց կողոպտել է մինչև վերջին գրոշը, մինչև վերջին պատառ հողը, մինչև վերջին ոչխարը, իսկ հետո «շուկայական միջին գնով» ժողովրդից գնել է նրա ազատությունն ու իրավունքները, փոխարենը տալով հաց և ստրկության շղթաներ։ Ես հարցնում եմ ձեզ՝ առհասարակ գոյություն ունի՞ շուկայական միջին գին, կամ մի որևէ գին ոսկով, ադամանդով, թղթադրամով կամ պետական արժեթղթերով՝ մարդու ամենաթանկագին ունեցվածքի համար, այն ունեցվածքի, առանց որի նրա կյանքը զրկվում է ամեն մի իամստից, նրա ազատության համար։ Հովսեփը մեծահոգաբար վերաբերվեց հոգևորականության հետ․ ես դա չեմ կարող ժխտել։ Մեծահոգաբար ու քաղաքականորեն։ Հոգևորականությունն այդ բանը չի մոռացել։

Ո՛չ, շնորհակալ եմ ձեզանից, ամբողջ սրտով շնորհակալ եմ․․․ բայց զգում եմ, որ ավելի լավ է տանը մնամ, որովհետև ես նրբանկատ եմ, մարդասեր, բռնկվող և չեմ համբերի, եթե երիտասարդ պարոն Ռոկֆելլերը, որին ես շատ բարձր եմ գնահատաում, բարձրանա ամբիոն և սկսի գունազարդել Հովսեփին։ Ընդունեցեք իմ լավագույն ցանկությունները։

Մարկ Տվեն
Կիրակնօրյա դպրոցի հոգաբարձու»։


Արդյոք աշխարհը ստեղծվել է մարդու համար

Ալֆրեդ Ռասել Ուոլեսի կողմից այն տեսության
վերակենդանացումը, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է
և միակ մարդաբնակ մոլորակը մեծ հետաքրրություն
առաջացրեց աշխարհում»։
«Լիտերարի դայջեսթ»


Իսկ մենք խորապես համոզված ենք, որ այս
փոքրիկ Երկրի վրա մարդն իր էությամբ և հնա-
րավորություններով բարձրագույն գոյն է բոլոր
ոչ աստվածային էակների մեջ, Աստծու սիրո
կենտրոնը և նրա գլխավոր ուրախությունը»։










  1. Այս հատվածին պետք է, ըստ երևույթին, նախորդեին լրագրային քաղվածքները Կրետում՝ 1897 թ․ Կրետական ապստամբության ժամանակ սանձազերծված կրոնական հետապնդումների մասին։ Ծան․ ռուս․ խմբ․։
  2. Երկու կատու, որոնք կռվել են այնքան, մինչև որ նրանցից միայն պոչերն են մնացել։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։
  3. Նկատի է առնվում այսպես կոչված «առաջին գիշերվա իրավունքը»։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։
  4. Կեցցե՛ հանրապետությունը (ֆր․)։
  5. Կեցցե՛ թագավորը (ֆր․)։
  6. Կեցցե կոմունան (ֆր․)։
  7. Երբ Դ'Էգիլյոնը կեսգիշերին անհնազանդ ֆրանսիական պառլամենտին հրաման ուղարկեց իր պարտականությունների կատարմանը վերադառնալու մասին, նրա 200 անդամներից 160֊ը քաջաբար ու կտրականապես հրաժարվեցին իրենց անկողիններից դուրս գալ։ Նրանցից յուրաքանչյուրը այդ հերոսական արարքը գործեց միայնակ ու հենվելով միմիայն իր արիության վրա, քանի որ նա չէր կարող հավատացած լինել, թե մնացած բոլորը կամ թեկուզ նրանցից ոմանք չեն սասանվի և կվարվեն նույն ձևով, ինչպես ինքը։ Համեմատության համար հիշեք, թե Ֆրանսիայում ամեն մի նոր կառավարական համակարգ ինչպիսի մանրախնդրությամբ է աշխատում ոչնչացնել ամեն մի պատմական հիշատակություն իրեն նախորդած համակարգի մասին՝ ընդհուպ մինչև փողոցների անունները։ Նապոլեոնը Վանդոմայն հուշասյան վրա կանգնեցրեց իր արձանը․ հետագա համակարգերն այն փոխարինեցին ուրիշ բանով․ իշխանության գլուխ անցնելով, Կոմունան առհասարակ ոչնչացրեց հուշասյունը, այժմ հանրապետությունը վերականգնել է հուշասյունը և այն պսակել քարե զարդարանքնեով, որն արտահայտում է չգիտեմ թե ինչ, երևի ֆրանսիական անկայունությունը։ ― Ծան․ հեղինակի