Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում

Գրապահարան-ից
17:47, 15 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

Ալիեւը առյուծի սիրտ չէր կերել, որ առանց Վաշինգտոնի ու Մոսկվայի համաձայնությունը առնելու բացահայտեր չորս տարի խիստ գաղտնի պահած բանակցությունների բուն էությունը Զանգեզուրի փոխանակությունը Ղարաբաղի հետ:


Ընդ որում, դա գաղտնիքն էր ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ երեք այլ պետությունների համար: Երրորդը Ֆրանսիան, դնենք մի կողմ, Ամերիկայի եւ Ռուսաստանի նման պետությունների դիվանագիտական գաղտնիքը բացահայտել չի համարձակվի անգամ Հայաստանի իքի-բիր իշխանությունը, ինչ մնաց թե այդպիսի բան իրեն թույլ տար Ալիեւի նման պետական գործիչը: Այնպես որ, Ալիեւը բացահայտեց Մեղրու գործարքը արտոնություն ստանալով միայն: Մեծ քաղաքականության մեջ այլ տարբերակ պարզապես բացառվում է: Իսկ արտոնություն ստացավ, որովհետեւ դա արդեն գաղտնիք չէր: Իսկ դադարեց գաղտնիք լինել, քանի որ տարածքների փոխանակման տարբերակի վրա վերջնականապես խաչ քաշվեց, ըստ երեւույթին, Մոսկվայում Պուտին-Բուշ հանդիպմանը: Եւ պատահական չէր, որ Ալիեւի բացահայտումը հետեւեց Բուշի եւ Պուտինի հանդիպմանը:
Իսկ երկու նախագահները Հարավային Կովկասի հարցում համաձայնության եկան, որ տարածաշրջանում ՙհրաժարվում են շահերի հակադրումից՚, որ ՙերաշխավորում են Հարավային Կովկասի պետությունների պետական սուվերենությունը՚, որ ՙէներգակիրների արդյունահանման գործում երկու երկրները համագործակցում են տարածաշրջանում եւ այլ ռեգիոններում (կարդա ապագայում նաեւ Իրաքում) եւ պնդում են էներգակիրների տեղափոխման ՙտարողայնության անհրաժեշտությունը՚:
Մեր մասով սրանից հետեւում է, որ Արեւմուտքը վերջնականապես ձեռ է քաշում Նախիջեւանը Ադրբեջանին միացնելու մտադրությունից դրանից բխող ՆԱՏՕ-ական ուղղակի ելքից դեպի Կասպից ծով (դրա կարիքը հիմա չկա Ուզբեկստանում հաստատվելուց հետո, իսկ Թուրքիա-Կենտրոնական Ասիա կապը իրականանում է վրացական երկաթուղու միջոցով), իսկ Ռուսաստանը միանում է Բաքու-Ջեյհան նավթամուղի նախագծին: Եւ ընդհանրապես, Արազդայան երկաթուղին հրատապ էր, քանի դեռ առիթ չկար, որ Ամերիկան անցներ Իրանի եւ Կասպից ծովի թիկունքը:
Ես նույնիսկ կասկած ունեմ, որ Հոբլի ծրագիրը էն գլխից կեղծ ապակողմնորոշող ծրագիր է եղել Արեւմուտքի համար: Ինչեւէ, սեպտեմբերի 11-ից հետո այդ երկաթուղին ինչ-որ նշանակություն ունի միայն Հայաստանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության համար: Իսկ Ադրբեջանի համար էական նշանակություն ոչ ունեցել է, ոչ էլ կունենա, որպեսզի դրա համար տարածքի կամ կարգավիճակի զիջման գնա: Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել-դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք: Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ-Իջեւան երկաթուղին, որոնք կբացվեն զուգահեռաբար, երբ կնքվի խաղաղությունը:
Ալիեւը մի հարցում է ստում... որ Քոչարյանը հրաժարվել է Մեղրին տալուց: Այդ բանը արգելել են Ռուսաստանն ու Իրանը: Իսկ Զանգեզուրի վրայով, Նախիջեւանով Թուրքիայի սահմանը դուրս գալն ու երկիրը միաժամանակ Ռուսաստանից եւ Իրանից վնասազերծելը եղել է Ադրբեջանի ողջ 20-րդ դարի ՙտեսլականը՚, ինչին, իհարկե, Ալիեւը չէր հավատում, որովհետեւ երեկվա թուլեն չէր քաղաքականության մեջ:
Բայց եռանախագահողների իրար փոխող դաստաների ՙմուղամբազությանը՚ դամ էր պահում փորձառու քաղաքական գործչի տոկունությամբ հանկարծ ու մեկ տոկոս հնարավորություն ծագեր, եւ իրականանար ադրբեջանցիների այդ ֆանտաստիկ մուրազը: Այդպիսի բախտորոշ հնարավորություն որեւէ ազգի, որեւէ պետության կյանքում 500 տարին մեկ բաժին ընկնում կամ չի ընկնում: Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի համար քոռ կոպեկի արժեք չունի Մեղրու թեկուզ եւ 10 կիլոմետր լայնքով շերտի դիմաց:
Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն էր լուծվում, այլ Ադրբեջանի մեծ ապագայի: Միաժամանակ լուծվում էր Իրանի ՙհարցը՚: Նաեւ մեկընդմիշտ իրարից մեկուսանում էին Ադրբեջանի երկու անբարիշտ հարեւանները Իրանն ու Հայաստանը: Այնպես որ, Ադրբեջանի ընդդիմությունը ձեւեր է թափում, թե դժգոհ է Ալիեւի բանակցություններից: Կամ հայերիս են հիմարի տեղ դրել եւ, կարծես թե, մոտ են համոզելուն, թե իրենց դժգոհությունը նրանից է, որ շատ տարածք տալով քիչն են ստանում: Յանըմ թե Հայրենիքի հողն էլ պիտի փոխանակվի բադրիջանի մարգի նման... քառակուսի մետրով, բաշ նա բաշ: Թե այդպես են թաքցնում իրենց հրճվանքը: Բայց տարածաշրջանը մեծ պատերազմի մեջ ներքաշելու գնով անգամ Իրանը կկանխեր իր հյուսիսային սահմանին կախված ահռելի այդ վտանգը:
Այդ բանը լավ էին հասկանում Ամերիկայում, եւ երբ ֆրանսիացիները հարց չորոշողի թեթեւամիտ անպատասխանատվությամբ Ալիեւին եւ Քոչարյանին առան թռան Քի Վեսթ, ամերիկյան կողմը առաջին հայացքից երկրորդական կարգի մի դիտողություն արեց Իրանին գործին մասնակից դարձնելու մասին, որը, փաստորեն, ամերիկյան կողմի գլխավոր հարցն էր ուղղված հայ-ֆրանս-ադրբեջանական վոյաժի մասնակիցներին. ՙԻսկ Իրանի կարծիքը հարցրել եք, որ խաղեր եք տալիս նրա սահմաններին՚: Իսկ ամենագլխավոր հարցը այն մասին, թե Ռուսաստանը երաշխիք տալիս է, որ Իրանի կանխատեսելի գործողություններին ի պատասխան, Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու անխուսափելիության դեպքում Ռուսաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ,-այս հարցը տալու անհրաժեշտություն էլ չկար: Իզուր է Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին պետը այնպես ՙկպել՚ եռանախագահողների ներկայացուցիչներին, որ Ռուսաստանի բուն ներկայացուցչի անունն ենք մոռանում:
Ըստ էության, Մեղրու հարցը (ՙՓարիզի սկզբունքներ՚) փակվել էր արդեն Քի Վեսթում, բայց վերջնականապես ջրվեց մայիսին Մոսկվայում: Իսկ հիմա Քոչարյանին մնում է մի բան պահել իշխանությունը: Պահի ինչ անի: Իսկ չպահի ինչ անի: ՙ27՚-ի գործը հիմա վերստին դառնում է նրա համար խիստ վտանգավոր: Եթե Մեղրու հարցը մնացած լիներ օրակարգում (այսինքն գործելու պլան ունենար), նա կանցներ թե ՙ27՚-ի, թե նորանոր արյան լճերով, բայց հիմա պիտի գործի առանց ներքին համոզմունքի:
Դա նրան պակաս վտանգավոր չի դարձնում, բայց դարձնում է թույլ, իսկ անհավասարակշիռ դարձավ Ամերիկայից վերադառնալով: Միտինգները չէ, որ դարձրել են նրան անհավասարակշիռ, ու, հետեւաբար, շատախոս, այլ Հայաստանի մի մասը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագրի վերջնական տապալումից հետո վրա հասած անելանելիությունը: Իսկ սոսկ իշխանությունը պահելու խնդիրը Ստեփանակերտի հրետանակոծության տակ ապրած մարդու գլխի համար բարդ խնդիր է: Եւ որքան էլ հակամարդասիրական հնչի ասածս (վերջին հաշվով, հիվանդանոցում չենք), իսկը պահն է, որ ընդդիմությունը դադար չտա նրան եւ անընդհատ դրդի քայլերի (նա հիմա իմաստալից քայլ չունի): Սա փոքր-ինչ վտանգավոր է, բայց ավելի վտանգավորը այն է, երբ նրա ՙֆազը՚ ինքնիրեն է գցում, ընդդիմախոսների եւ ժողովրդի համար տարաժամ եւ անսպասելի: Վզից կախված ՙ27՚-ը նրան, այո, դարձնում է վտանգավոր, բայց անելիք չունենալը դարձնում է նույնքան խոցելի: Չորս տարի առաջ նա իշխանության տիրացավ իր անելիքը իմանալով, հստակ նպատակ ունենալով Ղարաբաղը փոխանակել Զանգեզուրի մի մասի հետ: Որ մասի-ահա այս մասին է եղել չորս տարվա բանակցությունը: Նա, անշուշտ, չէր կարող կասկածներ չունենալ, որ հնարավոր է նաեւ, որ փոխանակումը չստացվի:
Բայց այստեղ նրան զորավիգ եղավ հայոց ավանդական ավանտյուրիզմը իր կուսակցական, հայրենակցական, հասարակական ինստիտուտներով: Այդպիսի թիկունք ունենալով կարելի էր նաեւ փորձել կստացվի-կստացվի, չի ստացվի... Բայց եթե ստացվեր, չէ որ դա Ղարաբաղի համար (ոչ Հայաստանի, ոչ հայության) իսկապես լուծում էր: Իսկ որ չստացվեց... Հիմա ով է մեղադրում Դաշնակցությանը 15 թվականի ցեղասպանության համար: Հրեն, թուրքերը կան, մեղադրում ենք, էլի: Տարիներ հետո կմեղադրենք Ադրբեջանին, որ սկսեց Սումգայիթով: Եթե Սումգայիթը չլիներ, այդքան չէինք հերսոտի, այդքան չհերսոտեինք պատերազմ չէր սկսվի: Պատերազմ չլիներ... Մի խոսքով, եթե Սումգայիթի գենոցիդը չլիներ, Ղարաբաղը չէինք կորցնի: Սումգայիթին նախորդած բաները, իհարկե, մոռացության կտանք: Ընդմիշտ:
Քոչարյանը բազմաթիվ արատներ ու պակասություններ ունի, բայց զգուշավոր է, եւ նա իշխանություն չէր զավթի չունենալով տարածքների փոխանակման ծրագիրը ու որոշակի խոստումներ Ալիեւի եւ անհասցե-անդեմ Եվրոպայի կողմից: (Քիսինջերը ասում է ՙՈր ասում եք Եվրոպա... Եթե ես ուզում եմ մի բանի շուրջ պայմանավորվել Եվրոպայի հետ, որ համարով զանգեմ՚):
Քոչարյանը այդ ծրագիրը իրագործելու վճռականությամբ էլ ՙհաղթող՚ դուրս եկավ Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի հետ պայքարում, ովքեր, հասկանալի է, որ ունենալ չէին կարող այդպիսի ծրագիր, իսկ այլ ծրագիր չունեին, բացի սպասումը: Սպասումը, որ բթացնում է վտանգի զգացողությունը: Այդպիսի սպասողական, Ղարաբաղի հարցում երկմտանքի վիճակում էր հայտնվել Տեր-Պետրոսյանը դեռ 96 թվականի աշնանը (ոչ ընտրությունների պատճառով, գրողը տանի, ոչ ընտրությունների պատճառով) եւ հետագա մեկ տարվա մտածմունքների մեջ էլ իշխանությունը ակամա հանձնում էր Վազգենին ու ղարաբաղցիներին, ովքեր ոչ մի կասկած չունեին. Վազգենը չէր կասկածում, որ զիջումներ պետք չեն, ղարաբաղցիք հոգու խորքում փայփայում էին Մեղրու իրենց համար անկասկածելի տարբերակը: Եւ երբ Տեր-Պետրոսյանը վերջապես որոշում ընդունեց եւ գրեց ՙՊատերազմ թե խաղաղություն՚ հոդվածը (հրաժարականից ամիսներ առաջ), այդ պահին, փաստորեն, արդեն իշխանություն չուներ:
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, որի ծրագիրը կասեցվեց հիմնականում ներհայկական շարժառիթներով, Քոչարյանի ծրագիրն ու քաղաքականությունը տապալվեցին (ինչպես եւ պետք էր սպասել) արտաքին քաղաքական օբյեկտիվ զարգացումների թելադրանքով: Արտաքին, որը չնչին երկրների համար միշտ էլ որոշիչ գործոն է: Բարեբախտությունն այն է, որ ապրում ենք 21-րդ դարում, երբ կոնֆլիկտային շրջանների իրադարձություններին լուրջ երկրների դիվանագիտական արձագանքը հեռուստատեսության եւ ՙտոմոգավկների՚ շնորհիվ գործում է անմիջապես: Եւ ի տարբերություն 19-րդ դարավերջի ու 20-ի սկզբի, երբ ՙանգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները՚ եւ մեզ մենակ թողեցին մեր հիմարության հետ, այս դարում այդպես չստացվեց, եւ Զանգեզուրը, մեր կամքին ու մեր խելքին հակառակ, մնաց Հայաստանի կազմում: