«Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը էջը
+
|վերնագիր = Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը
 
|հեղինակ = [[Ադոնց Նիկողայոս]]
 
|հեղինակ = [[Ադոնց Նիկողայոս]]
 
|թարգմանիչ = ի սկզբանե հայերեն
 
|թարգմանիչ = ի սկզբանե հայերեն

Ընթացիկ տարբերակը 15:15, 7 Հունվարի 2015-ի դրությամբ

Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը

հեղինակ՝ Ադոնց Նիկողայոս
թարգմանիչ՝ ի սկզբանե հայերեն
աղբյուր՝ [[1]]


Հայացած Աստվածաշունչը, որան հազար հինգհարյուրամյակը կտոնենք (1), տարեկից է լատին թարգմանության, որ ծանոթ է Վալկաթա անունով։ Արդարև՝ 392 թվին է, որ Ս. Հերոնիմոս որոշեց լատիներենի թարգմանել Հին Կտակարանի եբրայեցերեն բնագիրը և իր այդ աշխատությունն ավարտեց 405 թվին։ ճիշտ նույն միջոցին է, որ Ս. Սահակ և Ս. Մաշթոց կատարեցին իրենց անմահ գործը։ Մաշթոցի հետազոտությունները՝ հայ այբուբենն ստեղծելու համար, 392 թվին սկսված, ավարտեցան 405 թվին, այս թվականին, ոչ միայն տառերը պատրաստ էին, այլև Սուրբ Գիրքը, գեթ մասամբ, թարգմանված էր արդեն։

Անոնք, որ Աստվածաշունչը հայացնելու ազնիվ աշխատանքն ստանձնած էին, չէին կրնար երևակայել, որ իրենց գործին տարեդարձը օր մը պիտի տոնվեր պանդխտության մեջ, լատին մշակույթի հեռավոր հողին վրա, ուր առաջին հայ մը եկած է այն դարուն, իսկ երբ լատին թարգմանությունը կկատարվեր, Arbandus (Երվանդ) անունով մեկը, որ իբր նահանգապետ Գալլիան կառավարեց 464–են–469 թիվը։ Քմահաճ դիպվածը՝ այսպես մեզ կդնե տարեդարձներու եռյակի մը առջև՝ տարեդարձը հայ Աստվածաշունչին, լատին Աստվածաշունչին և հայոցս այս երկրին մեջ բնակել սկսելուն։

Վուլկաթան լատին երկիրներուն համար չունեցավ այն կարևորությունը, զոր հայ Աստվածաշունչն ունեցավ հայ ժողովուրդին համար։ Լատին գրականությունը շատոնց ի վեր գոյություն ուներ, երբ Վուլկաթան երևցավ, մինչդեռ հայ Աստվածաշունչը սկզբնավորությունը եղավ հայ գրականության, սկզբնավորությունը նոր թվականի մը, ուր հայ ժողովուրդը, առաջին անգամ ըլլալով՝ գրիչ ի ձեռին իր տեղը կուգա գրավել լուսավորյալ մարդկության մեջ։

Հայ Աստվածաշունչը ազատեց հայությունը իրանական աշխարհին մեջ ձուլվելու վտանգեն։ Ամրացուց քրիստոնեությունը Հայաստանի մեջ, և խաչին ճառագայթները հակադրեց հարձակողական մազդեզականության կրակին։ Հայաստան վերջնականապես փոխվեցավ էականորեն քրիստոնյա դաշտի մը և այլևս այդպես մնաց դարերու ընթացքին։

Երկրին բարոյական ու մտավորական վերականգնումը բնականաբար արթնցուց ճշմարիտ ազգային գիտակցությունը։ Պետք չէ մոռնալ թե հայ Աստվածաշունչը երևցավ Բյուզանդիոնի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումեն անմիջապես հետո, որուն հետևեցավ քիչ հետո Հայաստանի թագավորության անդարմանելի կործանումը։ Այնուհետև գոյություն ունեցան երկու Հայաստաններ, մին՝ բյուգանդական, մյուսը՝ պարսկական, ազգային մարմնի մը երկու հատվածները, որոնց յուրաքանչյուրը դեպ ի տարբեր ճակատագիր մը կդիմեր։

Հայոց պատմական կյանքը պարզվեցավ երկու տարամետ ուղղություններով, զոր կարելի է կերպով մը նկատել իբր աստվածաշնչական ոգվույն երկու այլազան արտահայտություններ։

Կ՜ուզեի քանի մը խոսքով անդրադառնալ այս կրկնակ հոսանքին վրա, հանելն առաջ ատկից հետևություն մը, որ կրնա մեզի օգտակար ըլլալ։ Պարսկական Հայաստանը եղավ վառարանը ազգային մշակույթին։ Նորածին գրականության հիմնադիրները սքանչելի կերպով անոր ծառայեցին։ Թարգմանությանը, այն գրական ու պատմական հրաշակերտին, որ է Սուրբ Գիրքը, հետևեցավ կամ ընկերացավ հայացումը դարուն նշանավոր արտադրություններեն ամբողջ շարքի մը, ինչպես Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Կեսարացիի, Եփրեմի, Ափրաադի (Զգոն) գործհրու, Եվսեբիոսի «Քրոնիկոնին» և «Եկեղեցական պատմության»։

Եվ ահա՜ նախախայրիքը ինքնուրույն ստեղծագործության մը՝ Ս. Գրիգոր Լոաավորչի վարքը, Հայաստանի քրիստոնյա թագավորներու պատմությունը, հայ դպրության հոր՝ Մաշթոցի վարքը, կամքի ազատության մասին հնարամիտ տեսություն մը, որուն կ՜ընկերանա հերքումը քրիստոնեական վարդապետության հակառակ այլասեռ աղանդներու։ Այս այնքան հուզիչ մտավորական զարթումը պիտի ընդմիշտ պահե, ինչպես երջանիկ մանկություն մը, իր հրապույրն ու թարմությունը գրական առաջին ներշնչման, և հաջորդ սերունդին կողմե պիտի համարվի իբր ոսկեդարը հայ դպրությանց։

Հոգեկան այսպիսի ծաղկափթթումի մը հանդեպ, պարսիկ իշխանությունները պետք էր ընտրություն մը ընեին երկու քաղաքականության միջև, զոր կը թելադրեին բանիմաց խորհրդականներ՝ կա՜մ բռնաբարել քրիստոնեությունը և կա՜մ զայն բյուգանդական քաղաքականաթյունեն հեռու պահել, ինչ որ փորձվեցավ։

Հայերը ատկից օգավհցան՝ ընդմիշտ ապահովելու համար Հայ Եկեղեցվո բացարձակ անկախությունը և անոր ազգային նկարագիրը վարչական և վարդապետական (dogmatique) տեսակետով։

Եկեղեցին այդ թվականին ոչ միայն պահապանն էր կրոնական գիտակցության, այլև կընդգրկեր մարդկային մտքի բոլոր արտահայտությունները։ Ազգային եկեղեցի մը ունենալ կնշանակեր ունենալ սեփական մշակույթ, ինքնահատուկ լեզու, գրականություն, արվեստ, մեկ խոսքով՝ ամեն ինչ, որ կբնորոշե ազգի մը հոգեկան կյանքը։

Հայաստանյայց Եկհղհցիին ազգային գիծը՝ իր ավատական կառուցվածքին մեջ կկայանա։ Երբեմնի Հայաստանը կներկայացներ երկիր մը՝ մեծ ու պզտիկ քանի մը տասնյակ աանուտհրությանց ցանցով մը ծածկված։

Եկեղեցին կազմակերպվեցավ քաղաքական քարտեսին հարմարվելով, հոգեկան իշխանությունը կտոր-կտոր եղավ ու գլխավոր նախարարությանց միջև բաժնվեցավ։ Ամեն մեկ իշխան կհավակներ ունենալ եպիսկոպոս մը, հոգևոր պետ մը՝ իր կալվածին համար, բոլոր եպիսկոպոսները բացահայտորեն ստորադասված էին Եկեղեցվո գերագույն պետին, ինչպես և իշխաններն իրենք իսկ կճանաչեին գերագահությունը հայ, պարսիկ կամ արաբ թագավորներուն։ Հայաստանին անծանոթ մնացած է նվիրապետական համրիչը մետրոպոլիտներու, ինքնավար կամ ինքնագլուխ արքեպիսկոպոսներու:

Եկեղեցին, ավատական ռեժիմին հետ նույնացած, անոր առավելություններն ու պակասությունները կյուրացներ։ Այսուհանդերձ՝ աշխարհական և հոգևոր իշխանությանց միջև ընդհարումները հաճախադեպ չէին, ոչ ալ ծանր։ Համերաշխությունը կհայտնվեր մանավանդ արտաքին վտանգի պահուն։ Նախարարները եկեղեցական ժողովներուն կմասնակցեին նույնքան իրավունքով, որքան եպիսկոպոսները, և այս վերջինները նախարարներուն կողքին կկենային քաղաքական խռովությանց միջոցին։

Ատոնք երկու սատարներ են, որ կանգուն պահած են պատիվն այդ երկրին, հմայքն այդ ժաղովուրդին, որ, նույնիսկ այն շրջաններուն ուր կեղեքված էր, երբեք չէ կորսնցուցած իր արժանապատվության գիտակցությունը և պատրաստ էր՝ իր քաջարի պետերու առաջին կոչին՝ կռվի երթալու։Պետք է կարդալ հայ պատմագիրները, գաղափար կազմելու համար այն վստահության վրա, զոր կներշնչվեին իր իշխանները, այն հիացման վրա, զոր առաջ կբերեր անոնց քաջությունը։

Արքայական գահուն անկումեն հետո, Հայաստան կունենա շրջաններ խռովությանց և հեղափոխությանց, որ հաջորդաբար կպայթին, քանի մը տասնյակ տարիներով իրարմե զատված, մինչև այն վայրկյանն ուր օտար լուծը թոթափվեցավ։

IX դարու վերջերեն իսկ սկսյալ, կտեսնվին շարք մը իշխանապետություններ, որ մեկը մյուսին ետևեն ոտքի կկանգնին, և որոնց ոմանք թա¬գավորություն անունը կկրեն։ X դարուն, ատոնց թիվը աասներկուքի չափ էր, և ատոնք ինքզինքնին այնքան անկախ կզգային, որ առանձին հարաբերություններ կհաստատեին Բյուզանդիոնի հետ։ Կոստանդին Ծիրանածին, հայազգի Վասիլի թոռը, ատոնց անուններն ու տիտղոսները մեզի պահած Է՝ ըստ «Կայսերական արքունիքի դիվանագրքին»։

Հայ եկեղեցին ալ ունեցավ իր նեղության օրերը։ Հույն ուղղափառությունը՝ կայսրության ուժերան վրա կրթնած, որևէ առիթ չէր փախցներ վերսկսելու համար իր հարձակումները Հայ եկեղեցիի անկախության դեմ։

Այս վերջինը ուժգնորեն պաշտպանեց ինքզինքը և պահպանեց իր ավանդությունները, վարդապետությունները (dogme), ծեսերը և ամեն ինչ որ ազգային անհատականությունը կկազմե։ Մեկե ավելի անգամներ, իր հմուտ վարդապետներն ու համբավավոր ասավածաբանները մայրաքաղաք կանչվեցան, ու հոն կայսերական ժողովին առջև հայկական դատը պաշապանեցին։ Ո՜չ հրապուրիչ առաջարկներ, ո՜չ սպառնալիքներ կարող եղան անոնց համոզումը խախտել կամ անոնց քաջությունը թուլցնել։

Հայ եկեղեցիին պարծանքն է՝ ամեն տեսակ հալածանք կրած ըլլալը պաշապանելու համար ինչ որ կնկատեր իր հայրերեն իրեն թողված նվիրական և անբռնաբարելի ժառանգություն մը։

Այդպիսի դիմացկունության մը և անոր պարտագրած զոհաբերությանց արդյունքը եղավ ծաղկումը, եկեղեցիին ծոցին մեջ, գրականության մը և արվեստի մը, որ հայոց կվերապահեն պատվավոր տեդ մը քաղաքակիրթ Արևեքին մեջ, ճոխ ու այլազան գրականությունը, պատմական, աստվածաբանական, վարդապետական, իմաստասիրական, և արվեստը, մանավանդ ճարտարապետությունը, կազմության մեջ ինքնատիպ և գործադրության մեջ ազնիվ։

Մեկ խոսքով, Հայաստան իր ճիգերը պսակհց քաղաքականությամբ մը որ ծաղկեցավ վերոհիշյալ տասներկու իշխանապետաթյանց մեջ և որ կրնա Բագրաաունյաց կոչվիլ կարևորագույն թագավորության անունով։ Անի քաղաքը, վառարան այդ քաղաքակրթության, իր վեհափառ ավերակներով այդ շիջած քաղաքակրթության շքեղությունը կվայելե։

Այսպես եղավ բնաշրջությունը արևելյան կամ պարսկա-արաբական Հայաստանին։ Բայց Բյուզանդական Հայաստանը ի՞նչ կներկայացներ նույն ժամանակաշրջանին։

Աստվածաշունչի թարգմանության միջոցին, Բյուզանդական Հայաստանը մասնակցեցավ այդ գրական շարժման. Մաշթոցի գլխավոր աշխատակիցները Բյուգանդական Հայասաանեն էին, այսինքն՝ Եկեղեաց գավառեն, Դերջանեն, Խորձեանեն, Պաղինականեն և Տարոնեն. Մաշթոց ինքն իսկ Տարոնեն էր։ Հունարենը հայտնապես ավելի ընտանի էր այդ շրջաններուն մեջ, Հայաստանի բաժանումեն իսկ առաջ, բյուզանդական երկիրներու դրացնության պատճառով։ Այդ տեղվանքի թարգմանիչներն ուրեմն ավելի լավ պատրաստված պիտի գտնվեին։

Ատեն մը ետքը, Բյուզանդական Հայաստանը կթվի այլևս չհետաքրքրվել սահմանին մյուս կողմն անցած-դարձածով։ Անիկա հոգածու չերևար ազգային հարցերուն հանդեպ, ինչ ալ ըլլան անոնք։ Ան ոչ մեկ հեղինակ ավավ հայ գրականության, ոչ ալ որևէ կրոնավոր՝ կաթողիկոսական աթոռը գրավելու արժանի։

Բյազանդիոն, Հուսաինիանոս /I-ի/ օրերեն իսկ, կձգտեր Հայաստանի այդ մասն իրեն կապելու և հայերը կայսրության կյանքին ու շահերուն շրջանակին մեջ միախառնելու։ Ավատական կազմակերպությունը կամաց-կամաց կործանեցավ և երկրին իշխաններուն հրավեր եղավ իրենց կալվածները փոխանակելու արքունիքին և պետության մեջ պատվակալ պաշտոններու հետ։ Գաղթականական հոսանք մը ատկից ծայր ավավ դեպի Բյազանդիոն, մեկ դարեն մյուսը ավելի ներուժ դառնալով։ Ինչ ալ ըլլային այն պատճառները որ հայերը դեպի Բյուզանդիոն կմղեին, պետք է հաշվի դնել հրապույրը զոր կընծայեր Բյուզանդիոնն այդ թվականին, իբր կայսրություն մը տիեզերական նկարագիր զգեցած և աշխարհաքաղաքագիտական իդեալով մը ոգևորված։

Նոր Հռոմի մեծ հիմնադրին երազը լավ թարգմանված է իր բարեկամին՝ Կեսարիո հմուտ եպիսկոպոսին, ձեռքով (2)։ Հեթանոս աշխարհը, ըստ իրեն, ենթարկված էր զանազան իշխանաթյանց. ատկից առաջ կուգային թշնամությունը, ստրկությունը, ամեն կերպ ցավեր։ Պատմաբանները ջանացած են ատոր պատճառները գտնել։ Ստույգ է՝ վերջապես, թե այս բոլորը արդյունքն է բազմաստվածության մոլոր ոգիին։ Անմիջապես որ Քրիստոսի հավատքը հաղթանակե, այդ բոլոր ախտերը, դիվային արտաշնչումները, պետք է անհետանան, ու միևնույն ատեն կառավա¬րության բաժանումը զանազան վեհապետներան միջև վերջ պիտի գտնե։

«Հիմա, որ միակ Աստված մը հռչակված է,– ըսավ ան,– միակ կայսրություն մը պետք է աշխարհը կառավարե՝ Հռոմեացվոց կառավարությունը։ Քրիստոնեական հավատքը և Հռոմեական կայսրությունը կկազմեն երկու ընձյուղ միևնույն ատեն բուսած՝ կարծես երկնային հրաշքով մը՝ մարդկությունը հովանավորելու համար։ Գոյություն ունեցող բոլոր տերությունները՝ Սուրիո, Ասիո, Մակեդոնիո, Եգիպտոսի, Արաբիո, Պաղեսաինի մեջ, այսուհետև միակ միություն մը պիտի կազմեն։ Բովանդակ աշխարհը միակ ազգ մը պիտի դառնա, մարդկությունը պիտի համախմբվի իբր միակ ընտանիք մը՝ միակ մականի մը տակ, հհւլհններու և րարրարոսներու միջև առանց որևէ խտրության»։

Ասիկա բորբոքյալ հոգիով վանականի մը երազը չէր։ Նոր կայսրությունը այդպիսի առաքելության մը կհավակներ արդարև ու կխորհեր զայն իրականացնել՝ քրիստոնեության հիմունքին վրա աշխարհաքաղաքացիական տերություն մը ստեղծելով։ Բյուզանդիոնը ո՜չ Հռոմեական կայսրություն մը պիտի ըլլա, ո՜չ Հունական կայսրություն մը։ Ան պիտի ձևացնե լայն կազմակերպություն մը համաշխարհային բնույթով, զանազան ցեղերու և լեզուներու պատկանող ժողովարդներու համագործակցության վրա հիմնված, առանց ազգային նախապաշարման։

Բյուզանդական Հայաստանը մին եղավ այն երկիրներեն, որոնք ինքզինքնին ի սպաս դրին այդ քրիստոնյա կայսրության։ Փոքր Ասիո ժողովուրդներու մեջ, որոնցմե կայսրությանը պիտի քաղեր իր կենդանի ուժերը, ոչ մեկը ավելի կամ նվազ որոշապես սահմանված ազգային մարմին մը կներկայացներ, կամ ինչ-ինչ ավանդություններով ոգևորված կերևար, Կապպադովկիա, Լյուդիա, Փռյուգիա, Գաղատիա, Պափլագոնիա, Պիսիդիա, Իսավրիա և ուրիշ շրջաններ շատոնց կորսնցուցած էին իրենց ազգային դիմագծությունը։

Այդ անվերապահ և կրավորական զանգվածին վրա կկանգներ գործուն ու ձեռներեց մտքով հույն տարրը։ Հպարտ՝ անցյալով մը, որ մեկհատիկ է մարդկային պատմության մեջ, զինված լեզվով մը և մշակույթով մը, որ համաշխարհային դարձած էին հելլենիստական ժամանակաշրջանեն միասին ի վեր, հույներն ունեին բոլոր առավելությունները կայսրության մեջ առաջին կարգն անցնելու համար։

Բայց բան մը կպակսեր իրենց՝ որպեսզի բոլորովին տեր դառնային Բյուզանդիոնին։ Շատոնց ի վեր քաղաքաբնակ դարձած, ճարտարվեստական կյանքին վարժված, հույները կերևա, թե կորսնցուցած էին զենքի սերը։ Ամեն պարագայի մեջ, իրենց զինվորական կարողությունները չէին հավասարիր այն համբավին զոր ունեին գործունեության մյուս ճյուղերուն մեջ։

Արդեն իսկ, Հուստինիանոսի օրով, հոռի զինվորները պարսավելու համար, զանոնք «հույն» կկոչեին, որպես թե ոչ մեկ քաջ բան. ինչպես կըսե ժամանակին պատմիչը (3), կարենար ելլել այդ ցեղեն։

Հայերը պիտի լրացնեին ինչ որ կպակսեր հույներուն՝ տոկուն լեռնականներ, զորեղ ու հուժկու, օժտված տպավորիչ ֆիզիկականով մը, զենքերու գործածության մեջ քաջավարժ, անոնք ունեին հարկ եղած հատկությունները բանակը վարելու և զայն հաղթանակի առաջնորդելու համար։ Իրոք ալ, Բյազանդիոնի զինվորական հանճարը ծնունդով ու ծագմամբ հայ զորավարներով է ներկայացված։

Զինվորական կարողությունն է դարձյալ, որ գահուն բախտը կվճռեր, երբ ան խախտած էր։ Ուստի և կտեսնենք, որ հայ ռազմիկները կփառասիրեն կայսերական թագին տիրանալ ու կհասնին ատոր և մեկե ավելի անգամ տևական հարստություններ (dynastie) կհիմնեն։

Հիմա գիտենք, թե Հերակլիոս (610–641), Բյուզանդիռնի ամենեն նշանավոր կայսրերեն մին, հայ Էր, ծնած Թեոդոսուպոլիս, որ մեր օրով Էրզրում կկոչվի։ Հարստությունը զոր ան հիմնեց, պետք է ուրեմն առաջին հայ հարստությունը նկատվի։

Մեծանուն արևելագետ Ա. Սեն-Մարթենը կկարծեր, թե Իսավրյան հարստության հիմնադիրը, Լևոն (III)–ը, նույնպես հայ էր ծագմամբ։ Թեոփանես ժամանակագիրը շփոթած ըլլալու էր Գերմանիկեն, այժմ Մարաշ, որ Լևոնի ծննդավայրն է, Գերմանիկոպոլսո հետ, այժմ Էրմենեք, Իսավրիո մեջ, և սխալմամբ անոր տված ըլլալու էր Իսավրացի մականունը։ Լևոն սկսավ պատկերամարտ քաղաքականությունը, իր փեսան էր Արտավազդ Հայը, և իր զարմիկը կկրեր Սիսինաքիոս անունը, որ ո՜չ հունական է, ո՜չ սուրիական. ասոնք իրողություններ են, որ ուժ կատան Սեն-Մարթհնի հայտնած կարծիքին։

Իսավրացիներեն հետո, հայերն են միշտ, որ գերագույն իշխանությունը իրենց ձեռքը կպահեն։ Միքայել (11) Թլվատ, աննշան ծագումով մարդ մը, սպանեց Լևոն (V) Հայազգին, բայց հայերը իր կողմը քաշելու համար՝ խնամություն հաստատեց հզոր ընտանիքին հետ Մարինոսի, որ Մամիկոնյանց տոհմեն պատրիկ մըն էր։ Մարինոսի դուստրը, գեղեցիկ Թեոդորան, գահուն վրա է, անոր շուրջ՝ իր հորեղբայրը Մանուել, ժամանակին առաջին զորավարը, իր երկու եղբայրները՝ Բարդաս (Վարդ) Կեսար և Պետրոնաս, իր փեսան՝ Կեսար Ալեքսիոս-Մուսելես (Մուշեղ), իր երկու քույրերուն ամուսինները, Արսաբեր (Արշավիր) և Կոսաանդին Բաբուցիկ, բոլորն ալ կկազմեն այն փայլուն դեմքերը, որ կայսրության ճակատագիրը կվարեն։

Վերջապես կերևա Վասիլ հիմնադիրը ամենեն փառավոր հարստու¬թյան, որ Մակեդոնական կ՜անվանվի և իրապես հայկական է, և որա տևողության միջոցին կայսրությունն իր զինվորական ու մշակութային մեծության գագաթնակետը բարձրացավ։

(Ֆրանսիացի պատմաբան Ալֆրեդ) Ռամբո, անվիճելի հեղինակություն, Վասիլի հարստության նվիրած իր մենագրության մեջ հաստատեց, թե հայերը X դարուն տեր դարձած էին կայսրության, թե ամեն տեղ հայեր միայն կտեսնվեին։ Վասիլի հետ իրենց երևումն ըրին այն հզոր հայ ընտանիքները, ինչպես Լեկապենոս, Գուրգուաս (Գուրգեն) կամ Չմշկիկ, Փոկաս, Սկլիռոս, որոնք իրենց հերոսական ժեսթերով ստեղծեցին մեծ դյուցազներգությունը, հավիտենական փառքը Բյուզանդրոնի։

Հոս տեղը չէ պարզելու երկար ու շարունակական շղթան հայ դեմքհրուն, որ իրենց փայլով կլեցնեն կայսրության պատմությունը VI դարեն XII դարը, ոչ ալ գնահատելու այն անսահման ծառայությունները, զոր հայերը մատուցած են պետության՝ հանրային կյանքի բոլոր մարզերուն մեջ։ Հիշեցնենք միայն, որ նույնիսկ IX դարու հելլենական գիտաթյանց և հելլեն մշակույթի վերածնունդը հայոց գործն է։ Վարդաս Կեսար Հայն է, որ հիմնեց առաջին համալսարանը Կոստանդնուպոլսի մեջ և զայն դրավ ղեկավարությանը տակ Լևոն Իմաստասերի, որ ինք ալ հայ մըն էր, հռչակավոր, թե՜ իբր մաթեմատիկոս և թե՜ իբր հելլենագետ։

Լևոն եղբորորդին Էր Հովհաննես Քերական պատկերամարտ պատրիարքին, ուսումնական անձ մը, որդի աստղաբաշխ Բագրատի, ուրեմն հայու մը։

Պատրիարքը ուներ եղբայր մը, որ կկոչվեր Արսաբեր (Արշավիր), որուն քաղաքամերձ պալատը ժամադրավայր եղավ գրական աշխարհին։ Անշուշտ, այդ սալոնին մեջ Է, որ կազմված Է, ի միջի այլոց, համբավավոր Փոտը՝ Կ. Պոլսո պատրիարք և պարծանք օրթոդոքս եկեղեցվո։ Ան հայ Էր իր մորը կողմե, որ Էր Իրինե, քույրը Արսաբեր հայազգի բարձր պաշտո¬նատարին, Թեոդորա կայսրուհվոյն քեռայրին։

Վերջապես VI դարեն XI դար, մինչև հայ հարստության վախճանը, հայերը փառավորապես ծառայած են կայսրության և զայն դարձացած են քրիստոնեական քաղաքակրթության ախոյանն ընդդեմ մահմետականաթյան։

«Առանց հայազգի Վասիլին,– կըսե հայտնի բյուզանդագետ մը (4),– իսլամաթյունը Եվրոպայի վրայեն պիտի անցներ, քարուքանդ ընելով ամեն ինչ որ զայն այսօր Ելլադայի և Հռոմի դուստրը կկացուցանե»։

«Առանց հայ զորավարներով Բյուզանդիան պիտի կործանվեր բարբարոսներս, հարվածներուն տակ։ Ծանր րոպեներուն, հանկարծ երևան կուգար Հերակլ մը, Վասիլ մը, Չմշկիկ մը, Փոկաս մը, որ այդ հոգնած քաղաքակրթության նոր թարմություն մը կուտար, և այն ատեն կայսրությունը, այդ ծեր կինը,– ըստ բյուզանդացի պատմագրի մը բացատրության,– կերևար ինչպես մանկամարդ աղջիկ մը ոսկիով ու թանկագին քարերով զարդարված» (5)։

XI դարուն մեջտեղը, մեծ փոփոխություն մը առաջ եկավ։ Հայկական հարստությունը կշիջանի և բուռն հակազդեցություն մը կշղթայազերծվի հայերու դեմ։ Ատիկա արդյունքն Էր հույն ազգայնամոլության, գեշ նշանի մը տակ արթնցած և, որ պիտի խաթարեր դարավոր բարի ավանդությունները և պիտի դղրդեր կայսրության շենքը։ Այդ այնքան հրաշալիորեն պտղաբեր գործակցության անխուսափելի խզումը չուշացավ իր անդրադարձումն ունենալու կայսրության ճակատագրին վրա։ Կայսրերը, որ իրարու հաջորդեցին այն ատեն, անկարող և անարժան՝ Վասիլի ժառանգության, փոխանակ ջանալու դարմանումը գտնել հայներու և հայերու միջև ծագած աղետաբեր պառակտամին, բազմավնաս այդ ուղղությունն ընգգրկեցին, առանց գիտակցությունն ունենալու իրենց քաղաքականության ծանրակշիռ հետևանքներուն։ Բյուգանդական իշխանությունները սկսան բուռն հարձակումներ գործել Հայ եկեղեցվո դեմ և անխղճորեն աշխատեցան կործանել հայ իշխանությունները՝ այն միջոցին, երբ սելճուքյան հրոսակները Հայկական բարձրավանդակն կմագլցեին։

Ատիկա ստիպեց հայերը Բյուգանդիոնին կռնակ դարձնելու, իրենք իրենց մեջ ամփոփվելու։ Իրենց ճիգերը համախմբեցին՝ սեփական քաղաքական վառարան մը ստեղծելու համար։

Քաջ Փիլարտոսը, կյուրապաղատ, բարձր պաշտոնատար արքունիքին և նախկին սպասավոր սքոլներու, այսինքն՝ ընդհանուր հրամանատար բյուգանդական բանակի, քիչ ժամանակի մեջ աջողեցավ իրեն համար կազմել ընդարձակ պետություն մը, որ Մելիտինեեն կտարածվեր մինչև Անտիոք։

Ուրիշ հայ մը, որ նույնպես կայսրության ծառայողներեն Էր, Ռուբեն զորավարը, միևնույն ատեն քաշվեցավ Կիլիկիա, և Տավրոսի լեռներուն մեջ հիմնեց ավելի ամուր իշխանապետություն մը և հայկական մշակույթի նոր վառարան մը։

Հայերու խուժումը դեպի մայրաքաղաքը դադրեցավ։ Բյուզանդիան այլևս չտեսավ ժայթքիլն այդ աղբյուրին, որմե իր մեջ հոսած Էին այնքա՜ն կենսական ուժեր և զոր ինքն իսկ ցամքեցուցած Էր։ Կայսրության ծոցին մեջ հայ-հույն համերաշխության խզումը, կնշանակե այն թվականը, ուր Բյուզանդիոն սկսավ սահել դեպի անկում։

Կ. Պոլսո մեջ՝ Թոռնիկ հայազգի ընտանիքին վերջին անդամներեն մին, Թեոդորոս Թոռնիկ, արդեն 1261 թվին կնախատեսեր, որ թուրքերը օր մը պիտի տիրանային Կ. Պոլսին և ամբողջ կայսրության։

Այս հակիրճ ընդհանուր տեսությունը կրնա ամփոփվիլ այսպես, հայկական անցյալին որոշ մեկ ժամանակաշրջանին, ժամանակաշրջան, որ մեկե ավելի տեսակետներով նշանավոր Է, կրկին հոսանք մը կտրեց անցավ հայկական պատմությանը, մին ազգային հողի վրա, մյուսը աշխարհաքաղաքացի ոստանին մեջ, մարդկության ծառայելու որոշ եղանակներով՝ ազգային շրջանակի մեջ կամ անկից դուրս։ Հետո կտեսնվի, որ այդ հոսանքներեն մին, աշխարհաքաղաքացիությունը, ձախողվածի մը կենթարկվի կամ հույն ազգայնամոլության ձևով կայլասերի։ Հայերը, երկար ատեն ու լայնորեն շռայլելե հետո իրենց լավագույն ուժերն ի սպաս աշխարհաքաղաքացի պետության, զիրենք ստիպված զգացին ազգային երդիքը դառնալու։

Արդ, այս հանդիսավոր օրվան մեջ հավաքված ենք, նախ՝ կատարելու համար պարտականություն մը, այն է մեծարանքի հարկ մատացանել հիշատակին անոնց, որ 1500 տարի առաջ բարոյական հիմը դրին մեր պատմական գոյության։ Հետո ինծի կթվի, թե այս հանդեսը կրնա գործնական որոշ օգտակարության մըն ալ ունենալ, պայմանով որ պատրաստ ըլլանք անցյալին փորձառությունը գնահատելու։ Մենք ի հայտ բերինք գոյակցությունը երկու հոսանքներու, որոնք իբր հիմ ունին երկու հակընդդեմ սկզբունքներ։ Այժմ ալ, այդ երկու սկզբունքները իրարու դեմ կռվի մեջ են, մեկ կամ մյուս կերպով, երբեմն՝ ծայրահեղության մղված ձևերով, քաղաքակիրթ աշխարհին մեջ։

Անցյալի փորձառությունը, որուն կակնարկենք, պետք է մեզի օգնե, պետք է օգնե մանավանդ մեր երիտասարդության, որ մասամբ որբ է, իր բախտին ձգված և բոլոր վտանգներան ենթարկված, այդ այնքա՜ն հրահանգիչ փորձառությունը պետք Է, որ անոր, թույլ տա հաստատակամ ու գիտակից ընտրություն մը ընելու երկու ուղղություններու միջև, որպեսզի ազգային շրջանակին հարի և հաստատ պահպանե ինչ որ կխորհրդանշե մեր ազգությունը՝ լեզու, կրոնք, ծես, ավանդություններ։

Թող այսօրվան հանդեսը և Սահակի ու Մաշթոցի հիշատակը մեզ բոցավառեն նոր եռանդով մը՝ հավատարիմ մնալու համար այն ժառանգության, զոր անոնք մեզի թողած են։ Այդ ժառանգությունը նկատենք իբր տապան մը այս ալեկոծ օտար ծովերուն վրա, այն դժնդակ պայմաններուն մեջ, ուր կոգորի մեր ազգային կյանքը, և հուսանք (6), որ օր մը այդ տապանը, հարություն առած, արդարության շունչեն մղվելով, պիտի իջնե Արարատ լերան վրա և մեզի թույլ պիտի տա վերականգնել ավերակները մեր հայրենիքին, որ լքված Է այսօր, բայց ոչ մոռացված (1- Այս ճառին արտասանած օրը, վերջին պարբերությունը ունկնդիրներեն ոմանց այնպես կարծել ավեր Էր, թե բովանդակ հայ ժողովուրդի այժմյան ազգային կյանքն Է, որ հոն «դժնդակ» ածականով կորակվեր և, թե «լքված, բայց ոչ մոռցված հայրենիքի ավերակներու ապագա վերականգնման» մասին հայտնված հույսը կվերաբերեր Խորհրդային Հայաստանին։ Այդ մեկնությունը անճիշդ Է, ինչպես հեղինակն ալ՝ երր իրեն հաղոոդեցինք այդ կարծիքը՜ ըսավ մեգի։ Հայրենիքեն հեոու օտար երկիրներու ցրված Հայոց կյանքն Է, որ ան կգտնե դժնդակ, և երբ կճշդհ, թե «վերակենդանացած արդարության տապանը օր մը Արարատին,– այժմ թուրքերու ձեռք անցած Արարատին,– վրա Է, որ պիտի իջնե», հայտնի Է, որ չի կրնար ակնարկել մեր այժմյան Հայաստանի Հանրապետության, որ լքված ըլլալն հեռու, մեկ միլիոն կենդանի, աշխատող, արտագրող հայերու բույնն Է, այլ հայերե ու հայ կյանքն բոլորովին պարպված, բայց վտարանդի հայերե երբեք չմոռցված այն հայկական նահանգներուն, որ մնացին կամ տասնհինգ տարի առաջ նորեն անցան թուրք լուծի տակ):


Ծանոթություններ

Գրված է 1934-1935 թթ. Բրյոաելում։ Որպես զեկուցում ընթերցվելէ 1936 թ. մարտի 29-ին Սորբոնի համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում։ Այս զեկուցումը, որ կարդացվել է ֆրանսերեն, նախ լույս է տեսել հայերեն թարգմանությամբ (ահ՛ս «Անահիտ», 1936, N 3, ապրիլ-մայիս, էջ 16-23), ապա՝ ֆրանսերենով (N. Adontz, La Bible Armenienne et sa portee historique, տե՛ս «Celebration solennele du quinzieme centenaire de la traduction Armenienne De KLa Bible», Paris, 1938, բ. 47-63) և ռումիներեն թարգմանությամբ («Biblia armeana si insemnattatea sa istorica», տե՛ս «Ani», Bucuresti, Vօ1. 1, 1941, p. 90-100)։ Հայերեն թարգմանությունն երկրորդ անգամ լույս Է տեսել «Հուշարձան» ժողովածուում (Երուսաղեմ, 1938, Էջ 318-329)։ Երրորդ անգամ վերահրատարակել ենք մենք (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 2001, N 3, Էջ 3-11)։ Այնուհետև վերահրա¬տարակվել Է 2002 (ահ՛ս «Էջմիածին», ամսագիր, 2002, Բ-Գ, Էջ 95-103), 2005 (տե՛ս «Աստվածաշնչական Հայաստան», Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 2005, Էջ 527-533) և 2006 (տե'ս Ն. Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը, Էջ 71-81) թվականներին։ Արտատպվում Է «Անահիա»–ի հրատարակությունից :

1. 1934 թ. լրացավ Ասավածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանը մեծ ջանքեր Է թափում պատմական այգ կարևորագույն թվականը հանդիսավորելու համահայկական հոբելյանով։ Սակայն ստեղծված իրադրությունը հնարավոր չէր դարձնում նման մի կարևոր միջոցառումի Հայաստանում կազմակերպելը։ Ուստի, 1934 թ. հոկտեմբերի 1-ի N 1076 հայրապետական կոնդակով Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպ. Գուշակյանը կարգվում է կաթողիկոսական ներկայացուցիչ և «գղեկավար կազմակերպութեան գործոյս» (տե՛ս «Հուշարձան», Էջ 538-547)։ 1935 թ. ընթացքում հոբելյանական նիստեր են գումարվում հայկական գրեթե բոլոր գաղթավայրերում (մանրամասները տե՛ս «Սիոն», 1935, N 12)։ Ամփոփիչ նիստը տեղի ունեցավ 1936 թ. մարտի 29-ին Սորբոնի համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում։ Այս նիստին Է, որ Ն. Ադոնցը կարդացել է սույն «հմտալից ու շահեկան» («Անահիտ», 1936, N 3, էջ 2) զեկուցումը:

2. Նկատի ունի Եվսեբիոս Կեսարացուն:

3. Այսինքն՝ Պրոկոպիոս Կեսարացին:

4. Ակնարկում է Ա. Վոկթին:

5. Մեջբերված հատվածի հեղինակը ֆրանսիացի պատմաբան Ալֆրեդ Ռամբոն (1842-1905) է։

6. Ընդգծվածը դուրս է մնացել «Հուշարձան» ժողովածուի հրատարակությունից: «Անահիտ» հանդեսի խմբագրական ծանոթությունը լույս է սփռում նման կրճատման հանգամանքների վրա։