Հաց ուզելու պես

Գրապահարան-ից
14:38, 11 Հունիսի 2017 տարբերակ, Հաբեթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ՀԱՑ ՈՒԶԵԼՈՒ ՊԵՍ

ճամբան բլուրին գագաթեն կիջնար։ Հրացան մը կրելու, պես՝ բիրը ուսին դրած, ձախ թևը երկայն-երկայն փարտելով, Թորոս հոն հասավ որ՝ արևը դեմի լեռներուն ետին էր, հայտնվելու մոտ, հորիզոնը նարնջագույններու մեջ էր ամբողջովին։ Մեղմ հով մը կփչեր ու շուրջանակի ձորերուն մեջ խորունկ լռություն մը կար։ Թորոս, որ բանի մը վրա չէր խորհեր, հանկարծ նշմարեց. կին մը կքալեր բլուրին ստորոտեն, միայնակ, մանր-մանր ու հանդարտիկ, առանց իրեն նայելու։ Խասն էր։ Մարդ չկար։ Թորոսի գլխին մեջ իսկույն միտք մը փայլեցավ: Պատեհություն մըն էր, չէ՞ր կարելի, արդյոք, օգտվիլ... Խասը աղվոր, փայլուն կին էր: Իրավ է՝ իրմե մեկ-երկու տարի ալ մեծ էր, մայր էր, կարգած աղջիկ ուներ, պարկեշտ էր, բայց ի՞նչ կըլլար… կարելի էր փորձել, կհաջողեր թերևս, երկուքին միջև գաղտնի պիտի մնար, ո՞վ պիտի իմանար:

      Ու Թորոս ոտքերը վեր առավ, շտապեց, ձախ թևը երկայն-երկայն փարտելով:
      Բլուրին տակը հասավ որ՝ Խասը ճամբուն փոշոտ, կարմրորակ	հողով մասը անցեր էր ու անկյունը կդառնար: Ալ ավել շտապեց ու ինքն ալ անկյունը դարձավ:
  Հիմա շատ մոտ էր Խասին, գրեթե առաջքն էր. ինք զառիվարին առաջին

ոլորապտույտին վրա էր, ան ալ՝ երկրորդին: Դեղին գծերով կարմիր էնթարին էր հագեր, փեշերը երկու կողմեն վեր առեր, գոտին կոխեր: Ազդրերուն կորությունները կտարուբերվեին ամեն քայլափոխին:

     Թորոս խոհեմութեան համարեց չիմացնել, թե ինք ետևեն կուգար: Հանկարծ Խասը կայնեցավ, գուլպային կապը քակել էր, ծռեցավ, կապեց: Ինքն ալ կանգ առավ, ու հակած դիրքին մեջ՝ զայն լավ մը դիտեց:

իր ցանկությունը ալ ավելի գրգռվեցավ: Հետո Խասը քալեց: Ինք ալ հետևեցավ: Զառիվայրը շատ նեղ ու ցից էր: Աջ կողմը լեռն էր, իսկ ձախը՝ խորունկ, շատ խորունկ ձոր մը: Թորոս խորհեցավ հասնիլ քովը ու մեկ անգամեն առաջարկել: Բայց եթե ընդդիմանա՞ր, պոռա՞ր, չհանձնվե՞ր... հետևանքը՞: Չէ՛, չէ՛, այդպես չէր ըլլար, կձախողեր: Պետք էր խոակցությունով մը սկսեր: Ըսեր, օրինակ. «Բարի լույս, Խաս, առտուն կանուխ ո՞ւր ատանկ մինակդ, մարդդ ալ հետդ չկա»: Ան պիտի պատասխաներ, իհարկե: Հետո որպիսությունը կհարցներ, ասկե-ակե կխոսեին, ու ամենեն վերջը՝ խոսքը կբանար: Այսպես ամենեն հարմարն էր:

Հետաձգեց, սակայն, որոշումը։ Ո՛չ։ Սա զառիվարը իջնանք՝ մտածեց։ Պատշաճ չէր զառիվարին վրա։ Չորս կողմը բաց էր, պահվելու տեղ չկար: Խասը դժվար թե՝ համոզվեր: Ձորը կիջնային, հոն լավ տեղեր շատ կային։ Պետք էր, վերջապես, ամեն պարագաներն ալ նկատի առնել: Ահա, Խասը հասավ ձորը ու սկսավ քալել ավազներուն վրայեն: Թորոս նույնպես հետևեցավ, ոտքերը կթաղվեին ավազներու մեջ ամեն քայլափոխին։ Ձորն ի վար կարգով, միակտուր ժայռերե բարձր պառեխներ կցցվեին, իրարմե, անջատ: Հետո կաղնիի, գիի թփաստաններ,ոստերը, տերևները՝ ոչխարի հոտերե կրծված, որոնք բոլոր զառիթափերը կծածկեին։ Ինչքա՜ն ապահով կրնային ըլլալ ասոնց մեջ։ Սատանան անգամ չէր տեսներ: Ավելի վարը, սա մեծ ժայռին ետևը, որ խիտ մացառներով շրջապատված էր… Մոտենա՞ր արդյոք։ «Աս տարի ալ օդերը ինչպե՜ս չոր կերթան, Անձրև չեկավ, կնայիս, խոտերը չաճեցան, Գետինները, ըսես, քար, երկաթ դարձան… Ով ինչ կուզե ըսե, հյունարով, տնաշեն կնիկ ես, Խաս։ Մերինը, կրնամ ըսել, ոչխարն ալ չէ կթած հիմա։ Դուն՝ տանդ գործերը ըրեր ես, ոչխարդ կթեր ես, կանուխ-կանուխ ալ ճամբա ելեր ես։ Կեցցես, որչափ գովեմ քեզ տեղն է…»։ Ու խոսքը կբանար. «Ինծի նայե, Խաս…»

Սիրտը շուտ-շուտ, շուտ-շուտ սկսավ զարնել։
Աղբյուր մը կար, առաջքը երկու բարտիներով, ջուրը փողրակեն կվազեր գուռը։ Ծարավցավ։ «Ջուր մը խմեմ, ու ալ պիտի հասնիմ, խոսիմ,— խորհեցավ,— ի՞նչ կուզե՝ թող ըլլա»։ Մոտեցավ, շրթները փողրակին տվավ, թափած առատ պեխերը թաթխելով ջուրին մեջ, խմեց։ Հետո ափովը դեմքը թրջեց, գոտին թուլցած էր կապեց, ու քալեց հասնելու համար, վերջապես։

Բայց՝ զարմացավ... Խասը ոչ միայն ձորին վերելքը բարձրացեր, այլ շիտակ ճամբուն վերջավորությանը հասեր էր։ Խասը գացեր էր։ Հեյվա՜խ… Ինք այդքա՞ն ժամանակ կորսնցուցեր էր, արդյոք, թե ան տեսեր էր զինքը, կասկածեր էր իրմե, փութացուցեր էր քայլերը։ Այգիները կերևեին արդեն։ Ալ չէր ըլլար…

Շիտակ իր այգին մտավ Թորոս։ Բահն ու փետատը խաղողի թուփի մը տակ պահած էր։ Գտավ զանոնք։ Առու փորելու եկեր էր այդ օրը, բայց, փոխանակ աշխատելու, նստավ թթենիին տակ։ Բոպիկ ոտքերով այգիներու պահապանը եկավ քովը։ Թորոս տրամադրություն չունենալով, երկար չխոսեցավ հետը։ Ճամբեց, ու շարունակեց նստիլ։ Դժգոհ էր։ Ո՛չ։ Անճարակ էր ինք, ձեռքեն բան մը չէր գար. ճամբան որսը առաջքն էր, պատրաստ էր՝ չկրցավ օգտվիլ։ Չկրցավ մոտենալ, բերանը բանալ, խոսք մը ըսել։ Ինք ալ մա՞րդ էր։ Կնիկ ծնելու էր։ Չէ՛ էրիկմարդ չէր ինք։ Թու, իր էրիկմարդությանը։ Քիչ մըն ալ նստավ, հանկարծ ոտքի ելավ։ Ի՞նչ կուզեր՝ թող պատահեր, վճռեց։ Խասը այգին էր հիմա։ Մինակ։ Չպիտի ամչնար։ Պիտի երթար քովը, հաց ուզելու պես՝ պիտի ուզեր։ Գնաց, խաղողի թուփերուն մեջ Խասը, կթոց մր ձեռքը, խաղող կըկթեր։ մոտակա այգիներուն մեջ մարդիկ կային: Շվարեցավ. ինչպե՞ս ըսեր, երբ այգիներուն մեջ ուրիշներ կային: Կարելի՞ էր: - Ինչ կուզես, աղբար, հոդ կեցեր ես, բա՞ն մը կուզես, բա՞ն մը պիտի ըսես,֊– հարցուց Խասը, տեսնելով, որ Թորոս կսպասե պատին մյուս կողմը։ - Չէ, ի՞նչ պիտի ըսեմ,— պատասխանեց Թորոս,— պատելով այս կողմը եկա։ Ու անմիջապես իր այգին դարձավ, բահին ու փետատին քով, գլուխը գետինը դրավ ու պառկեցավ կռնակին վրա, սրդողելով ինքզինքին ալ, աշխարհին ալ հետ։