Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Գրապահարան-ից
Հին հավատք կամ հեթանոսական կրոնք

հեղինակ՝ Ղևոնդ Ալիշան
աղբյուր՝ «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց»


Հայոց հին հավատքը

Որևէ ազգի քաղաքական և հոգևոր կյանքը (որ սովորաբար կոչում է պատմություն) լավ ճանաչելու համար անհրաժեշտաբար հարկավոր է իմանալ նաև նրա կրոնական իմացմունքն ու գործը, պարզ ասած հավատքը, մանավանդ այն ազգերինը, որոնք հիշվել են հնագույն ժամանակներում և կամ անցել են ժամանակի հետ, կամ դեռ կան ու մնում են։ Այս վերջիններիս թվում հայերի լինելը բոլորը գիտեն․ ինչպես այսօր, նմանապես և՛ նոր, և՛ միջին դարերում հայերի առկայությունը հայտնի է։ Նույնը՝ հին դարերում և իրադարություններում։

Բացառությամբ եբրայեցիների՝ մնացյալ բոլոր ազգերի կամ գրեթե բոլորի ծագումն ու կյանքի առաջին շրջանը կամ մթապատ են, կամ միգապատ։ Մեր խնդիրը այս մութն ու մեգը փարատելը չէ, հայ ազգի ծագումն ու զարգացումը հետազոտելը չէ,այլ նրա կրոնը, որը ինչպես և այլ ազգերինը, առավել դյուրին է ճանաչվում, քան քաղաքական կյանքը։ Եվ կարող ենք ասել, որ երբեմն քաղաքական կյանքի բոլորովին անծանոթ լինելու դեպքում իսկ պահպանված են լինում կրոնական հիշատակումներ։ Մեր օրերում էլ հին քանդակները, պատկերաքանդակները, տարատեսակ ձեռնակերտ գործերը հայտնի են դարձնում պատմության մեջ անծանոթ կամ սակավածանոթ ժողովուրդների էությունը և նրանց գործերից ավելի՝ կրոնը, իսկ հաճախ էլ՝ միայն այդ։

Հայերի նման հին և նոր և միշտ պատմական ազգի վաղեմի կրոնն էլ քննել կարողանալը նոր բան չէ։ Առավել կամ պակաս հմտությամբ այդ մասին շատ անգամ և շատերի կողմից է գրվել և հրատարակվել, ինչին անդրադառնալը ոչ շատ անհրաժեշտ էր մեզ և ոչ ախորժելի, որովհետև ընդհանրապես մոլար, սուտ և անշնորհք բաների պատկեր ու գիտություն են, բայց և այնպես կարող ենք մթությունից մի նոր լույս ծագեցնել։ Միտքը երբեք հոժար չէ հրաժարվել իմանալ այն, ինչ որ կարող է իմանալ իր նախնիների և հին հայրերի գիտեցածից։ Սակայն մեր նախնիների կրոնը նոր կամ նորից հիշելու և հիշեցնելու մեզ հորդորողը նոր գիտելիքն է, որ մեր օրերին ընծայում են գիտունները, իսկ գիտուններին էլ ընծայում են նորահայտ հիշատակարանները, բևեռագրերը, արձանագրությունները, քանդակները, գերեզմաններից և փլատակներից հանված պես֊պես անոթները, զենքերը, քարեղեն, հողեղեն և մետաղյա դիցաբանական պատկերները, մեծ ու փոքր զարդեղենը, գործիքները և այլն։

Ընթերցողը թերևս կարծի, թե վերոհիշյալի վերաբերյալ է մեր խոսքն ու խնդիրը, և թե այս նորահայտ բաներով ենք կամենում ճանաչելի դարձնել մեր նախնիկների հավատքը։ Ո՛չ, այդ թողնում ենք ժամանակիս հանխույզ իմաստուններին և իմաստակներին, որոնք մեզ համար հայտնաբերում են ոչ միայն հայոց նոր կրոններ ու նոր աստվածներ (և մանավանդ աստվածների գլխավոր, խաղտալուր մի Խալդի), այլ նոր կամ հին հայրեր, հին և անծանոթ հայեր, մանավանդ ոչ հայեր, այլ Հայաստան կոչված երկրում բնակվող հայերից հին ժողովուրդներ ու ազգեր և ասում են, թե նրանցից հետո Փրկչի թվականից ոչ շատ դարեր առաջ են եկել կամ բուսել մեր այժմյան հայերի նախնիները։ Ուրեմն նրանց թողնելով այս հույժ հետարարական ազգերի ու իրողությունների խնդիրը ավելի պարզելը և հայտնի դարձնելը մենք ցանկանում ենք մեր ազգային ավանդությունը սիրող կամ քննող բանասերների և մյոնսների հայար ըստ կարելվույն համառոտ, առանց շատ վերուվար թռչկոտելու և խորամուխ լինելու, ինչի համար ոչ թև ունենք, ոչ էլ հմտագույնների պահանջին բավարարող ուժ, մի այլ ձևով, պարզ ու հանրամատչելի կրկնել և ներկայացնել այն, ինչ գրել են մեր նախնիները և օտարազգիները, ինչը նյութական հիշատակարաններում ավանդված է հայոց կրոնի վերաբերյալ, և ինչը նշմարված է ու դեռ նշմարվում է հայերին բնորոշ ըմբռնումներում, ուղիղ և ծուռ հավատքում ու սովորույթներում։

Նախ կքննենք հայոց ընդհանուր կրոնի և Աստծո գաղափարը կամ ըմբռնումը և հետո՝ պես֊պես հավատալիքները կամ պաշտամունքը՝ բնության կամ տարերքների, աղթարքների, կենդաիների, հրեշենրի, դյուցազուն ոգիների, դիքերի, նաև մոգությունը, հմայությունը, գուշակությունը, հանդերձյալ կյանքի իմաստը, պաշտամունքները և պաշտամունքավարությունը։

Կրոն, հավատք և պաշտամունք

Մարդու սրտի կամ հոգու խորագույն իմացմունքը, թե կա գերագույն մի էակ, և ինքը կախում ունի նրանից, և թե կա հանդերձյալ մի կյանք, գրեթե ընդհանուր է ամեն ազգի և ժողովրդի, նաև անհատի համար։ Եվ այդ գերագույն էակը նրանց Աստվածն է, իսկ Աստծուն վերաբերող իմացմունքը և դրանով պայմանավորված վարքագիծը, երկրավորների հաղորդությունը երկնքին կամ ներկայիս հանդերձյալին կրոնն է, հավատքը, պաշտամունքը։ Վերջինս մի արտաքին նշանակ է, որով նյութականորեն և իրապես վկայություն է տրվում հավատացած էակին կամ էակներին, դա լինի գեարգույն Աստվածը թե չաստվածներն ու դիքերը կամ որևէ ոգի կամ նյութ։ Ինչպես պաշտամունքն է ծագում հավատքից (որովհետև եթե մեկը չհավատար մի բանի, նրա մասին չէր մտածի կամ նրան ոչինչ նյութական չէր նվիրի), այդպես էլ հավատքն է ծագում կրոնից։ Պետք է տարբերակել այդ երկուսը, որոնք սովորաբար նույնացվում են և կարող են միմյանցից որևէ կերպ անբաժան ասվել, բայց այնպես, ինչպես կառույցն է դիտվում հիմքի վրա հաստատված․ կրոնը հիմքն է, հավատքը՝ կառույցը։ Հեթանոսները (նաև հին հայերը) շատ բաների կամ դիքերի էին հավատում, իսկ քրիստոնյաները՝ այլևայլ բաների (օրինակ՝ Հավատամքի մեջ ասվածներին), բայց երկուսն էլ չէին ընդունի դրանք, եթե ներքին ճանաչողություն կամ մղում չունենային, որով հանձնառու դարձան հավատալ վերոհիշյալին։ Եվ այս էր կրոնի գերագույն և խորագույն իմաստը, որ տպավորվել է և ազդել է մարդկանց վրա։

Հայտնի է, որ թեև բոլոր ազգերը և անհատները գրեթե նույնակերպ են ըմբռնում կրոնն ու Աստծուն, բայց ինչպես ուրիշ բաներ, դրանք ևս տարբեր հնչումներով կամ անուններով են բացատրում։ Սակայն այդ անվանումները կամ բառերը կարող են իմացության աստիճանն էլ ավելացնել կամ այլայլել։ Եվ բանասերների կողմից ոչ սակավ հետաքրքրական է համարվել ըստ լեզուների քննել այդ բառերի ծագումն ու իասմտը և թափանցել դրանց մեջ։ Նրանց թողնելով նուրբ քննությունը՝ մենք համառոտ դիտարկենք մեր լեզվի բառերը, որոնք երկուսն էլ (հավատք և կրոնք) հոգնակի են ու թեև գործածվում են նաև եզակիի իմաստով, բայց իրենց իմաստից հեռանում են։ Հպանցիկ նշենք, որ հավատք բառը հնչումով և իմաստով նման կամ մոտ է լատիներենի ու նրանից ծագած լեզուների բառերին (Fides, Fede, Foi), որոնք եզակի են։ Սրանց էլ իրենցը թողնելով՝ եթե ուզեինք մենք մեր լեզվի բառը ստուգաբանել, արդյոք կարո՞ղ էին մոտեցնել հաւ արմատական բառին կամ հետևեցնել այդ արմատից, որ նշանակում է «սկիզբ, ծայր, հոր հայր»։ Բայց այս էլ թողնելով բանասերներին՝ անցնենք կրոնին՝ հպանցիկ հիշելով և այն, որ ինչպես մեր լեզվում հավատք նշանակում է նաև «դաշինք, այլոց հետ խոստմունք ու հաստատություն» հռոմեացիներն էլ ունեին ուխտի և դաշինքի մի չաստված՝ հավատքի անունով (Fidius)։

Կրոն

Մեր ունեցած այս անունը մեծապես և սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը; թերևս ավելի լավ, քան այլ լեզուները։ Լատիներենը (և նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը, ըստ նմանահունչ բայի հասարակ գործածության (Religo, կապեմ), ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել»․ համարիր՝ մարդկանց՝ Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանց իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապենք, քան կրոնն է, չկա։ Գեղեցիկ է այս համապատասխանությունը, բայց սկզբնական չէ, այլ ծագել է մի նախնական իմաստից․ այսինքն՝ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետևում է նրա և նրան հավատացողների կապը։ Իսկ մեր կրոն բառը ցույց չի տալիս նախագույն մի իմաստի հետևելը, այլ դրսևորում է ինքնություն կամ ինքնաբերություն։

Ունենք հին, անանուն հեղինակի հավաքած բառգիրք (ուր կան շատ հին ու ընտիր բառեր, որոնք դեռ չեն գործածվել որևէ մեկի շարադրանքում), որի մեջ կրոն բառը ստուգաբանվում է ամանկարճ, բայց ամենալի իմաստով․ «Կրօնք՝ Կիև և Հաւանութիւն»։ Այսչափ է բացատրությունը։ Ով գրաբար հայերենը փոքր֊ինչ գիտի, գիտի նաև, որ կիր֊ը կրել֊ի արմատն է, և ինչպես կրոնք֊ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում ու ասվում է կիրք։ Ամենքն էլ գիտեն՝ ինչ ասել է կիրք, թեև գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին ու բուռն ինքնաբեր զգացումը և կիրք են կոչել այն, և քանի որ այս անունով են իմացվում նաև այլևայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ, կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը։ Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին և հզորագույն կիրքը, նրա վերոհիշյալ խորագույն տպավորությունը, գերագույն էակից կապվածությունը և նրա հանդեպ ունեցած պարտավորությունը կամ իր ծագումը ճանաչելու միջոցը։

Ստուգաբանողը վայելչորեն կիրք֊ին հարակցում է հավանություն֊ը՝ որպես հոգու այդպիսի կրքի անընդմեջ կամ անհրաժեշտ հետևանք՝ մտքի հավանություն, որն է (ինչպես առաջ ասացինք) հավատքը։ Եվ ըստ այսմ՝ այդ անունն էլ կարող է ավելի շուտ հավանություն֊ից ծագած համարվել, քան սկիզբ (հաւ) բառից,կամ երկուսից միաժամանակ։

Իր նշանակությամբ այս բառը, արդարև, շատ գեղեցրի, փիլիսոփայական և նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է։ Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կորղ բառ ունի կամ հարմարեցրել է այդպիսին և իր գերագույն սկիզբն ու վախճանը իր էության խորքից զգալով՝ կրոնք է անվանել՝ ի տարբերություն նրանք, որ Քրոնոսի՝ անծար ժամանակի հետ են կապում ամենայնի, նաև չաստվածների սկիզբը։ Բայց այս ասելիս մտաբերվում են հույների՝ այդ նրբամիտ ու գիտունագույն ազգի, և մերձավոր եգիպտացի ու հնդիկ գիտունների հիշատակությունները։ Եվ հարցնում ենք ինքներս մեզ՝ արդյոք ազգային եռանդն է ընծայել՝ այս խոր ու քաջիմաստ բառը մեզ՝ հայերիս, որ, ինչպես համարում էին, Ասիայի թանձր ժողովուրդներից մեկն էին, չունեին ո՛չ հին դպրություն և ո՛չ մեհենական մնացվածք, և որոնց իմաստասիրությունը շատ ավելի նվազ էր, քան նախորդներինը։ Ինչպես որ է, բայց ո՞վ կհամարձակվի ասել, թե հիշյալ և նման այլ հին ազգերի մեջ հստակագույն կամ նահապետական աստվածապաշտությունը առկա է եղել առավել վաղ, քան Հայաստանում։ Մեր երկրի դիրքը, ազգային ու հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը։ Այս ասելով՝ մեծ և նոր բան ասող չենք դառնում, որովհետև ողջամիտների համար ընդունելի է, որ ճշմարիտ Աստծու ճանաչումն ունեին հին ազգերի նահապետական կամ հայերի հնության չափը, քանզի հայերի վաղեմիությանը չի վերաբերում այստեղ մեր խնդիրը, այլ նրանց աստվածապաշտության վաղեմիությանը և նարնց առաջին կրոնը լինելուն, որից հետագայում ուրիշ ազգերի նման խոտորվելով՝ մոլորվեցին և ընկան հիշյալ աղանդների մեջ, ինչի մասին պիտի գրենք։ Անհրաժեշտ էր, ուրեմն, նախ հիշել աստվածապաշտությունը կամ նահապետական կրոնը՝ առանց հարկ համարելու բացատրել այն, որովհետև բոլոր հին ժողովուրդների աստվածապաշտությունը նույնանման է, քանի դեռ թյուրությունը չի մտել նրանց մեջ։ Իսկ երբ խոտորվում են, իրարից հեռանում են հավատով ու պաշտամունքով, արդեն անհրաժեշտ է դառնում ազգերից յուրաքնաչյուրի համար կատարել առանձնակի քննություն։

Դա չսկսած՝ հիշենք կրոն֊ին և հավատք֊ին իմաստով նման կամ մերձավոր ևս մի անուն, որ կա մեր լեզվում՝ դավանանք֊ը։ Սա էլ է հոգնակի, թեև ասվում է նաև դավանություն։ Բառի իմաստը բացահայտում է աստիճանաբար ծագելը կամ հետևելը հավատքից, ինչպես վերջինս՝ կրոնից։ Սա առաջին զգացումն էր՝ կիրքը, որի մտավոր կերպավորումն ու հայտնությունը դարձավ հավատքը, իսկ հավատքի բառային բացատրությունը՝ դավանանքը։ Չենք ուզում քննել բառիս քերականական այլևայլ իմաստները կամ առավելապես քրիստոնեական կրոնի մեջ գործածվելը։ Ինչպես էլ լինի, այս բառը ևս մեզ շատ հին է թվում, և բառի վերջին մասը թողնելու դեպքում առաջինը հուշում է զուգորդություն հնդիկների ու արիացիների տևաս, տևադաս բառերին, ինչպես գուցե նաև ազգակցությունը դև, դից, բառերի հետ։ Սա ևս թողնելով գիտությունների քննությանը՝ հարևանցի հիշենք պարսիկներից եկած դեն (թուրքերեն՝ տին) և քեշ կամ կեշտ կրոնանիշ բառերը ևս։ Հիշենք նաև աղանդ բառը, որ նշանակում է «սովորականից դուրս և մոլար դավանանք ու վարդապետություն» թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական կրոններում։ Գուցեև ի սկզբանե ուղիղ կամ ընդունված հավատք էլ էր նշանակում, եթե աղանդ բառի առաջին ու գլխավոր մասը՝ աղ, համարենք նույնասկիզբ աղոթք, աղերս, աղաչանք, նաև աղու, աղավնի և այլ բառերին, որոնք բոլորն էլ մի «անուշ» իմաստ են ընծայում։ Սրանից հետո հիշենք նաև պաշտամունք բառը, որը, ըստ իմաստի, հաջորդում է հավատք֊ին, և որի մտավոր արտահայտությունն է դավանանքը, իսկ զգալին ու նյութականը՝ պաշտամունքը, ինչի վերաբերյալ հարկ կլինի խոսել հավատքներից յուրաքանչյուրի բացատրությունից հետո։ Բառի ծագումնաբանությունը մտել է փակուղի (պաշտ առանձին բառ չենք գտնում), և մեզ թվում է՝ պարսիկներից է մտել մեր աշխարհ կամ հայոց հասարակ բարբառից է անցել նարնց։ Գուցե ծագել է նրանց պհիեշտ բառից, ինչը արքայության պես մի բան է նշանակում, որից էլ՝ Արտիպիհեշտ հրեշտակապետի անունը, որ նշանակում է «վեհագույն»։ Գուցեև արժանի համարվի նկատելու մեր լեզվում պա վանկով հարգական իմաստ ստացող բառերի կազմությունը․ պատարագ, պատրուճակ, պատիվ, պաղատանք, պագանել, պատշաճ և այլն։ Այս երկբայելի և ոչ շատ կարևոր բառերի քննությունը հանձնելով երկայնամիտներին՝ անդրադառնանք ամենակարևորին, որն է Աստված։

Աստված

Մեր լեզվի ընդահնուր կազմությանը քիչ թե շատ իրազեկներին Աստված բառը զարմանալի և անհարմար է թվում իր նշանակածի համար։ Եվ սակայն այդ ո՞ր լեզվի ո՞ր բառն է, որ բարոյապես կարող է հարմարվել նրան, ում ամենամոտից տեսնողն իսկ (Մովսեսը) չկարողացավ բառ պատշաճեցնել և հարցրեց Նրան ու լսեց․ «Ես եմ, Որ էն»։ Մեր լեզվի առումով անհարմար ասածս այն է, որ բառի ած վերջավորությունը սովորաբար ոչ «ներգործող», այլ «ներգործյալ» է նշանակում, ինչպես՝ ասված, շինված, հաստված և այլն։ Թեև կան բառեր, որոնք առավել իսկական նշանակություն ունեն, քան ածանցյալը, կամ թե՛ ներգործական են, թե՛ կրավորական, ինչպես՝ կազմած, ազդված։ Քերականական կազմության պես նշանավոր է նաև վերոհիշյալ անվան՝ հայերի սեփականություն լինելը։ Եթե սեմական ազգերը իրար նման հնչումով Նրան կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ, հնդիկները, արիացիները, հռոմեացիները, հույները՝ Տևա, Տեուս, Թեոս, Զևս, պարսիկները՝ Խյուտա, որի նմանությամբ՝ գերմանացիները և վերջիններիս մերձավորները՝ Գոթ կակ Կոթ (Gott, God), Կոտ, սկյութները, սլավոնները՝ Բոգ, որից էլ գուցե՝ պարթևական բագին֊ը, ապա հայերս այսպիսի անուն չէ, որ տվել ենք «Որ էն»֊ին, և ոչ էլ օտարներն են մերոնց անվանածով անվանել (գոնե մերձաբնակներն ու ժամանանակիցները)։ Ըստ այսմ՝ շատ հետաքրքրական է Աստուած բառի ստուգաբանությունը, որը ինչ֊ինչ կերպով ջանացել են մեկնել մեր ազգակիցները և օտարները։ Ոմանք պարզապես համարել են, որ անունը այդպես պիտի չհնչի, այլ Ազդուած, ինչը հայտնի նշանակություն ունի և շատ վայելուչ ու հարմար է «կրոն» իմաստին։ Կան անձինք, որ այդպիսի հնչմամաբ էլ արտաբերում են։ Արդարև, շատ իմաստասիրական և ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, և ապա ու մասնիկը բացակայեր, որովհետև ազդ֊ը և ազդու֊ն ավելի են հզոր կամ ներգործող հասկացվում, քան ազդված֊ը։

Սովորաբար մերոնք ստուգաբանել են իբրև «մեր ճշմարիտ հավատքի հաստատող»՝ Լուսավորիչից առնելով բացատրությունը (Ագաթանգեղոսի կամ նրա թարգմանչի գրչությամբ), թե նշանակում է «աստ ածող» կամ «արարածներ ստեղծող»։ Ստույգ այդպիսին է Աստված, բայց այս մտքով Նրան անվանելը և երբ անվանելը անստույգ է։ Ըստ վերջինի՝ պարզամտաբար ասել են, թե Ադամը այսպես անվանեց և այսպես ավանդեց։ Բայց Ադամի լեզվի վերաբերյալ այսօրինակ կարծիքին կասկածելով են մոտենում, որին հարմարում է անկարծելի (ծիծաղելի) մեկի՝ օձի մի վկայությունը, որ «ասաց Եւվայի, թե՝ զի՞ է զի ասաց Արարիչն՝ որ Աստ էած զձեզ․ և զԱստ էածն՝ Աստուած արարին»։ Այսպես է ավանդում հարց ու պատասխանը՝ գրված 1366 թվին։ Այս միտումով են գրել նաև մեր միջնադարի բավականին ընտիր հեղինակները․ Գրիգոր Սկևռացին գրում է․ «Ըստ որում յ`աստիս ածման [կոչի] Աստուած․ և ի տիրելոյ ամենայնի՝ Տէր»․ Բարսեղ Մաշկևորցին գրում է․ «Աստուած անունն՝ ստեղծագործութեան և էացուցանելոյ է անուն»։ Մեկ այլ մեկնաբան գրում է․ «Աստուածն՝ տեսող ոչ ցուցանէ՝ այլ յ`աստ ածող»։ Սա այս խոսքով հայտնում է, որ չի ընդունում մեկ այլ կարծիք, ինչպես հին բառգրքում, որ ասում է․ «Աստուած ի տեսումն ածող, կամ Երանգ լուսոյ»(՞)։

Ոմանք էլ առաջին իմաստին մոտ են համարում ոչ թե աստ ածող, այլ հաստատող և հաստատված լինելը․ ինչպես հայտնի բանասեր Էմինն է գրել (Վարդան պատմիչի ռուսերեն թարգմանության ծանոթագրության մեջ), հաստված բառից է՝ իբրև անփոփոխ հաստատություն։ Նա գրել էր, թե Մովսեսը Աստծու ասածը «հասկացեալ՝ հաւատաց զի Աստուած է նա, որով է է, զի աստ ածող է»։ Օտար հայագետներից մեկն էլ (ֆրանսիացի Ville - fort) ր քառալեզվյան բառարանում, ինչ֊որ ձևով Աստուած֊ը և Ազդուած֊ը զուգորդելով, բացատրում է լատիներեն՝ Effiaciter producens։ Մեկ այլ, տարբերվող ստուգանանություն ենք գտնում ս․ Եվստաթեոսի վկայաբանության մեջ (իհարկե, ըստ թարգմանչի մտքի)․ «Աստուած՝ Աւծումն (Օծում) թարգմանի, ըստ ընդարձակութեան լեզուին Գամրաց»։ Այսինքն՝ կապադովկիացիների լեզվով է֊ն Աստուած էր կոչվում և «օծում» էր նշանակում։ Բայց վկայաբանության ուրիշ հին օրինակներում (12֊րդ դար) գրում են ոչ թե աւծումն, այլ ածումն և խոսքն էլ ուղղում են ոչ Աստծուն, այլ Եվային։

Թողնելով մեր այս լեզվական ստուգաբանության ջանքը՝ փորձնեք նման անուն փնտրել օտարների մոտ։ Հայագետ և արևելագետ ֆրանսիացիներից ոմանք, ինչպես հայտնի Լազարյանների առաջնորդ Է․ Բոռեն (Eugene Bore), մեծ գիտնական Սասին (Sacy) ու Դյուբոն (Dubeux), վերջերս, գիտենալով հայոց և պարսից թե՛ լեզվի և թե՛ կրոնների (երբեմնի) մերձավորությունը, համարեց, որ Աստված բառը կրկնությունն է «աստված» և «զոհեր» նշանակող Եզտ բառի, ինչը մեզ մոտ փոխված է Հազդ֊ի[1] որպես Եզտան֊Եզտ կամ Աստուաստ։ Բավականին հարմար է, բայց մեզ ավլեի հին է երևում մեր Աստված անունը, քան պարսիկների և Զրադաշտի քեշը։ Այս զանդիկ աղանդի վեհազունների մեջ հիշվում է մահվան հրեշտակի Աստովիտոդուս անունը, ինչը թարգմանվում է «ոսկորներ բաժանող»։ Իսկ նրանց հիշած Գուատադա֊ն (սանսկրիտում՝ Սուատադա֊ն) հնչմամբ և իմաստով առավել մերձավոր է Աստված անվանը և «ինքնատուր» նշանակելով՝ հեռու չէ Որ Էն կոչումից։ Կ․ Պոլսի մեր բանասերներին ծանոթ Մորտդման հնասեր գերմանացին, ջանալով մեկնաբանել ոչ շատ տարիներ առաջ Փռյուգիայում (Փոքր Ասիա) հայտանբերված հին արձանագրությունները, գրել է, թե նրանց մեջ գտել ու կարդացել է Աստուադ կամ Աստուած բառը՝ մեր հայերեն անվան նշանակությամբ։ Հերոդոտոսի օրերից ի վեր նշվել է և շատ նշաններով էլ հավանական է եղել փռյուգիացիների և հայերի մերձազգությունն ու փոխգաղթը, սակայն շատ տարակուսելի են Մորտդմանի ընթերցվածքները և բևեռագրերի նրա ընթերցումները։

Անցյալ դարասկզբին հռչակված հոլանդացի հայագետ Լակրոզը (Lacroze) մարերի Աստիագես ('Бтфиьгзт, ըստ մեզ՝ Աժդահակ) թագավորի անունը նույնն էր համարում, ինչ հայերի Աստված անունը՝ նշելով, թե հին ժամանակներում ծ տառը հույների з տառի հնչումն ուներ, որը շատ փաստերով ցույց է տվել իր հայերեն բառգրքի առաջաբանի մեջ։ Մենք այս բառագիրքը չենք տեսել։

Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական Աստուատթա֊ն, որ գերագույն մի բան է նշանակում՝ արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, և շատ այլ բան, շատ այլ առասպել։ Բայց եթե հարկ համարվի մեր Աստված անունը օտարի հետ զուգադրել, սա և մեկ այլ հնդկական անուն՝ Սուատադ֊ը, թվում են ընտրելագույն, ինչը և թողնում ենք գիտունների քննությանը կամ հերքումին։ Նմանապես և Ասդվատ֊ը, որ Ավեստայի լեզվում նշանակում է «էական» և աստվածավայել է։

Որպես ասվածի մի ակնարկ՝ հիշենք գուցեև պատահական նմանությունը հին կելտերի Դուեց (Duez) բառին (եթե այսպես հնչի), որը նմանապես նշանակում է «Աստված»։ Բառիս առջևի պակաս մասը՝ աս, հետամուտները կարող են գտնել Եվրոպայի հյուսիսային ազգերի՝ սկանդինավցիների մոտ․ այդ փոքրիկ ձայնը նշանակում է աստվածային բաներ կամ անձեր, ինչպես և Ասկերտ ու Ասբուրգ անունները՝ աստվածների բնակարան (ըստ մեզ՝ դիցավան)։ Այս անունով քաղաքը Ազովի ծովի հյուսիսային կողմում էր։ Նրանց լեզվում աս կամ անց նշանակում էր «հաստատության սյուն»։ Այդպես էին կոչում նաև իրենց քահանայական և զինվորական դասի գլխավորներին։ Նրանց մերձավորների՝ լաբոնացիների գերագույն աստծու անունն էր Ացի (Atzhi), ինչպես հունգարացիները՝ Իսդեն։ Եթե փոքր֊ինչ կամ մանավանդ շատ հեռանանք կամ թափառենք երկրիս երկու ծայրերում, Օս աստվածային անունը կլսենք հին եգիպտացիների ղպտի սերունդների մեջ, Ադուա֊ն՝ Պոլինեզիայի օվկիանապատ կղզիների բարբարոսների բերանում։

Սակայն մեր դեգերումները թող բավարար համարվեն, իսկ հետևանքը կամ ընտրությունը մնա ընթերցողների հաճությանը։ Նախ մեր հավանությունը հայտնենք, որ մեր ազգի նման հին է իր գերագույն ճանաչած է֊ի Աստված անունը, և ապա նշենք, որ օտարների մեջ էլ են լսվում մերձավոր հնչում ունեցող անուններ, որոնք թերևս սրան ավելի են մերձակից, քան Դեուս կամ Զևս անուններին։

Իբրև պատմական, միաժամանակ և մասամբ ճշմարիտ՝ մի ավանդություն էլ չմոռանանք։ Նորերս արևելասեր գիտնականների հետաքրքրության մեծ կետ էլ դարձել է Վանա ծովի ոլորտն ու շուրջբոլորը, մանավանդ իր հարուստ բևեռաձև արձանագրությունների և գետնի տակից հանված մեհենական անոթների, զենքերի և կայքի պատճառով։ Ծովի հարավարևելյան կողմից շատ հեռու չեն Հայկա բերդ անվանված կիսավերը և դեռ բնակիչներ ունեցող Աստվածաշեն գյուղը։ Այդ կողմերի իրադարձությունների ավանդապահը հիմա պետք է լիներ Աղթամար ծովի գոհարը՝ կղզին ու աթոռը։ Արդ, սրա դիվանատան կամ մայր կոնդակի մեջ գրված է հնուց, թե «ազդեցութեամբն Աստուծոյ շինեցին [Հայկեանք] զմեծ բլույրն՝ անառիկ բերդ ի յահե թշնամեաց․․․ Եվ յետ նորա (Հայկին―Ղ․Ա․) ի զարմիցն՝ մնացին ի բերդն Աստուածաշինայ»։ Երկու անգամ հիշված բերդը նույնն է՝ հիմա Հայկի անունով կոչվածը, որի անունով նա և յուրայինները գյուղն անվանեցին Աստվածաշեն։ Այստեղ մեր խնդիրը ո՛չ այս ավանդության պատմական ստույգությանն է վերաբերում և ո՛չ Հայկին ու նրա հնությանը։ Ով և ինչ ժամանակում էլ լինի, Աստվածաշեն անունը նրա հնամենիության նշանն է։ Քրիստոնեական դարերում այսպիսի անուն չէր կարող դրվել, և սա Աստված անվան հնագույն պահպանված հիշատակարան է։

Հին հայոց կրոնի (ինչպես և նորի) առաջին անունը ճանաչելուց հետո առավել փափագելի էր ճանաչել իրեն, այսինքն՝ այն գաղափարը կամ պատկերացումը, որ ունեին հին հայերը իրենց Աստված կոչած գերագույն էակի վերաբերյալ։ Այս կարևոր խնդրի առումով չենք կարող մի բան ասել, որովհետև հեթանոսական հայ գրվածք կամ հիշատակ մեզ ամենևին հայտնի չէ։ Բայց եթե Հայկի և շենի մասին վերոհիշյալ ավանդությունից գուշակենք, աստված բառը տալիս է արիական կամ արեսական, այսինքն՝ պատերազմի և քաջության գաղափար, որովհետև կոնդակն ավելացնում է, թե երկնքից Հայկին երազով էին ցույց տրվում աղեղն ու նետը, ինչը և շինել է նա ու դրանցով հալածել թշնամուն[2]։ Դարձյալ Աստծո ներշնչանքով է շինում անառիկ բերդը և արժանավայել երախտագիությամբ կամ պարտականությամբ իր Աստծու անունով է կոչում իր ձեռակերտը։

Բաբելոնի և Նինվեի քանդակների մեջ շատ կա նրանց Ասուր չաստվածի պատկերը՝ նույն և նման կերպարանքով։ Բայց մեկ ոչ նման քանդակ էլ գտնվել է կոտրած կոթողի վրա (գտնվում է Բրիտանական թանգարանում), որ մի կիսաբոլորի մեջ աղեղը ձեռքին Աստված կամ երկնավոր է։ Մի՞թե հար և հարմար չէ սա Հայկի տեսլիքին։

Ազգի գերագույն էակի հետ ծանոթանալը գրեթե անմիջապես պահանջում է նաև արարչագործության գաղափարը, որի վերաբերյալ ևս հին կամ հեթանոսական հիշատակ բնավ չունենք։ Եվ վերջին դարերի նորահնար առասպել ենք համարում Աննիոսի պատմաշ զրույցը Բերոսոսի մասին, ինչը՝ որպես մի պարզ դիպված, հիշենք։

Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր։ Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։ Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը հ․ Մատաթիան էր։ Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտոր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։ Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ Երկինքն է, և Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնվել կամ գոյավորել է բոլոր արարածներին։ Աննիոսի բոլոր պատմական հին գրվածքները, այս և այսպիսիներն էլ ներառյալ, մի ժամանակ ընդունելի ու հավատալի էլի շատերի համար, իսկ այժմ՝ բնավ ոչ։Մեզ համար ևս ավելորդ է քննել կամ հիշել քննողների կարծիքը, թե ով է հնարել դրանք, որչափ է Աննիոսը մեղադրելի կամ ոչ, խաբվա՞ծ է, թե՞ խաբող։ Բայց եթե այս արարչագործության հիշատակումը կարող է ծագել մեկ այլ համացեղ համարված փռյուգիացիների մեջ ևս կար ոչ շատ տարբերվող մի ավանդություն։ Իբր ի սկզբանե կար աղտը անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։ Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։ Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։ Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։

Աստվածաշենի և Հայկի երազի վերոհիշյալ ավանդության համեմատ՝ մեր բարեմիտ պատմիչները կարծում են, թե Հայկը ստույգ աստվածապաշտ էր և գրեթե կրոնական եռանդով հակառակվեց Բելին․ «Ոչ միայն զի [դու] չես աստուած, այլ շուն դու և երամակ շանց, որ զկնի քո տողեալ սահին»,― ասել է նա Բելին՝ ըստ Թովմա Արծրունու։ Վարդանն իր պատմագրության մեջ առավել վստահությամբ է ասում, թե Հայկը «ոչ պաշտեաց զնա աստուած», իսկ Լուսավորիչին վերաբերող իր ներբողում ավելի համարձակ ասում է, թե Աստված Հայկին հրամայել է հակառակվել կռապաշտությանը, և «ոչ պաշտեաց ընդ եօթանասուն և մի նահապետս երկրի՝ զպատկերն Բելայ, այլ խրախուսեալ յԱստուած սատակեաց զնոյն ինքն զկենդանին զառաջնորդն պատկերապաշտութեան»։ Եթե, արդարև, Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական և ստույգ էլ է, որ մինչև նահապետների մի քանի սերունդ ցեղերը և մինչ Աբրահամի ժամանակը տեղ֊տեղ ուղիղ աստվածապաշտություն կար, ինչը վկայում է Ս․ գիրքը։ Եթե Հայաստանը թատերաբեմն էր կամ մոտ էր այն թատերաբեմին, ուր կատարվեցին Ս․ գրքի պատմած առաջին դեպքերը ջրհեղեղից առաջ և հետո, Նոյի ո՛ր որդու սերնդին էլ վիճակված լիներ, նրա նահապետական հավատքը անշուշտ պահվել էր։ Բայց մինչև ե՞րբ։ Սա դժվար կամ անկարելի է ստուգել։ Մեր Վանական վարդապետը (որի աշակերտն էր Վարդան պատմիչը) իր երկրի (Հայոց Աղվանքի) Վահրամ իշխանի բերանով հարցնում է, թե կռապաշտության ծագումից հետո «քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտությիւն մտին», և պատասխանում է․ «Հարյուր»։ Իսկ կռապաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ։ Վարդանը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը՝ իր պատկերը պաշտել տալ ուզելով։ Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը։ Բայց սրանք մեր համար ավելորդ խնդիրներ են։ Հարկ է, որ բոլոր ազգերի համար ամենադժնդակ ժանտախտը՝ սուտ հավատքը, ուշ կամ շուտ հայերի մեջ էլ ճարակված համարենք և քննենք նախ հնագույն համարված աղանդները, ապա՝ հատկապես կռապաշտությունը։

Եվ որչա՜փ պժգալի է ողջախոհ քրիստոնյայի համար, թողնելով ստույգ աստվածապաշտության հիշատակները, դառնալ իր հնացած և մոռացված նախնիների ցնորքին, ախտերին, կրքերին ու տգիտությանը և ստեղծած կամ ենթադրած սնոտիքը փնտրել։ Սակայն գոնե նրանց փոխարեն մենք՝ ուղղահավատ, բախտավոր որդիներս, մի անգամ ևս երկրպագություն և գոհություն մատուցենք մեզ լուսավորող ու փրկող Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն։

Բնապաշտություն


1. Լեռներ և քարեր
2. Կրակ
3. Ջուր
4. Օդեղեն նյութեր և երևույթներ
5. Բուսեղեններ և ծառապաշտություն

Ճշմարտության ուղիղ ճանապարհից խոտորվողը կարող է այլևայլ կողմեր գնալ ու գնում է և դիմացը ինչ հանդիպի, դրա համեմատ էլ կշարժվի։ Ավելորդ է, ուրեմն, հարցնել, թե այս կամ այն ազգը, շիտակ ճանապարհը թողած, նապ որ ծուռ ճանապարհով է գնացել։ Սակայն թե՛ հին և թե՛ դեռ մնացող բարբարոսների մեջ երևում է, որ անձնավոր էակից և իրենց նմաններից կամ ոչ նմաններից առաջ անկենդան բնության մասերին են ընածյել հավատք ու պաշտամունք։ Թեև դա թանձրամտության բերմունք է, է՛լ ավելի ցավալի զարմանք է, որ գրեթե բնապաշտ կամ նյութահավատ են նաև մեր լուսավոր ժամանակի ոչ քիչ հանրագիտուններ ու կարծեցյալ իմաստուններ, երբ աշխարհիս ու մարդու ստեղծումը չեն ընդունում ըստ Ս․ գրքի ավանդության։ Եվ որքան էլ խորշեն այսպիսի անունից, թեև ոչ կրոնով ու ոչ պաշտամունքով, սակայն ինչ֊որ ձևով հավատք են մատուցում բնությանը՝ այն տարբերությամբ, որ սրանք իբր բնությունը տարրալուծելով են հասնում դրա նոսր հանգամանքներին, մինչդեռ հները բնության մեծությունը միայն թանձրությամբ էին ըմբռնում։ Եվ պե՛տք է այսպես լիներ, որովհետև բնության գաղտնիքները քիչ էին ճանաչված, և աստվածապաշտությունը, այսինքն՝ պաշտամունքը, մասամբ կատարվում էր բնության մեջ, երբ ոչ տաճարներ կային, ոչ բագիններ, և ոչ էլ հնարվել էին պաշտամունքի այլևայլ գործիքները։ Այդ ժամանակ երկրի որևէ մասը դառնում էր պաշտամունքի ու աղոթքի վայր, երկինքը՝ նրա համապարփակ ձեղունը, ճյուղատարած մի ծառ՝ հովանի, կոշտ մի ժայռ՝ սեղանը, բույսերն ու երբեմն էլ կենդանիները՝ նվեր ու զոհ։ Այն ժամանակ այդ անչափելի ձեղունի արեգակնափայլ պայծառությունը կամ աստղազարդ ցոլցոլմունքը, երկրի բյուրակերպ տեսարանները՝ իրենց բարձրությամբ (լեռներ), խորությամբ (ձորեր) և հարթությամբ (դաշտեր), սրանց ծաղկածիծաղ ու կանաչազարդ երեսը, բույսերի ու տնկիների տված զվարթությունն ու վայելքը, գետնի վրա հաղթահասակ ծառերի աշտարակաձև բարձրանալը, նրանցից անհամեմատ բարձր լեռների կոնաձև կամ խոժոռ երևույթը, մանավանդ այն ժամանակ վերջիններիս ներքին հնոցը դեռ վառ լինելու պատճառով հրաբխային ժայթմունքը՝ որոտմունքով ու սաստիկ սասանմունքով, և տեղ֊տեղ ջրերի ծովածավայլ տարածմունքը, տեղ֊տեղ հանդարտ ընթացքը, տեղ֊տեղ էլ անընդհատ ու անհատնում շփոթեցնող շառաչյունով, բրդանման փրփուրներով վիժելը, սահել֊թավալելը՝ սրանք և այսպիսիները ողջախոհ մարդկանց միտքն էլ, սիրտն էլ զմայլումով, ապշությամբ, վախով ու պատկառանքով բարձրացնում էին առ Աստված՝ ճանաչելով որպես տիեզերքի և իրենց ստեղծող և տնօրեն։ Եվ ձայնակցում էին բնության անխոս լեզվին՝ նրան օրհնելու, նրան պաշտելու համար։

Իսկ երբ նրանց կիրքը, ախտերը, հակառակությունը, բռնությունը ապականեցին բարքերը, ծուլությամբ ու անփությությամբ հանդերձ մթագնեցին միտքը, պաղեցրին սիրտը, մարդը, որ մի ժամանակ իրրենից վեր միայն Աստված էր ճանաչում և իրեն էլ բնությունից վեր գիտեր, իջավ ավելի, քան բնությունը։ Բնությունից աստվածազդեցիկ գեղեցկություն, վեհություն, ջերմություն զգալու փոխարեն մարդը սկսեց մի կողմից՝ երկյուղ զգալ, մյուս կողմից՝ իր կյանքի ապրուստը այնտեղից հայթայթելու պատճառով ավելի շատ պատկառել, պատվել ու պաշտել այն, ինչը իրեն օգուտ, վախ կամ զարմանք էր ներշնչում։ Եվ իր հավատքը միայն Աստծուն վերընծայելու փոխարեն, կրքերի այլայլությամբ կրոնը ևս այլայլելով, այդ արարածներին համարեց նախ Աստծու տեսանելի պատկերներ, հետո՝ աստվածային և ապա՝ մինչև իսկ աստված։ Եվ այսպես՝ խանգարված սիրտն ու տխմար միտքը ներառան կամ ընդունեցին բնապաշտությունը, որ անվանում է նաև նյութապաշտություն և տարրապաշտություն։

Իմացությունից հայտնի է, որ կրոնի շարժառիթը երկու գլխավոր կրքերն են՝ սերը և վախը, ինչպես և հիմա ճշմարիտ կրոնին հետևողներին կոչում ենք աստվածասեր և աստվածավախ կամ երկյուղած։ Ճշմարիտ կրոնի առաջին տարրը է և պետք է լինի սերը։ Մոլորության նախադաս է երևում վախը։ Եվ ինչպես փոքրերի մեջ, որոնք վախենում են որևէ այլանդակ կամ մեծ բանից, վելի զորավոր է երևում ա՛յս կիրքը, այդպես էլ փոքրամիտ մարդկանց համար նրանց շրջապատի բնության մեծամեծ և զորեղ մասերն են վախ ազդելով դառնում պատկառելի ու պաշտելի։

Առանց հեռու գնալու՝ պատկերացնենք մեր հին հայկազուններին Երասխի դաշտում՝ դեպի արևելք դարձած, ձախ կողմից 1000, աջ կողմից 13000 ոտնաչափ բարձրությամբ (իրական ծովի մակերևույթից 16000 ոտնաչափ բարձր) լեռներին հանդիման, որոնցից մեկը նրանց նահապետները կոչեցին Արագած, մյուսը՝ Մասիս։ Տափարակ գետնից վերջինս այնքան անասելի և անհամեմատ գեղեցկությամբ, քան մնացած լեռները, վեր համբառնալը առ այսօր ամենքին է հիացնում՝ թե՛ տգետին և թե՛ գիտունին, եվրոպացուն էլ, ասիացուն էլ, ո՛ր կրոնի հետևորդ էլ նա լինի։ Ի՜նչ պիտի զգար, ի՜նչ պիտի աներ Հայկից մի քանի սերունդ հետնածին այդ հայկազունը՝ երկու լեռների միջև կանգնած։ Մանավանդ երբ (ինչպես ենթադրվում է) 3000-4000 տարի առաջ նրանց գագաթները անշարժ ու ճերմակ չէին, այլ վերևից ու կողքերից շարժուն կարմիր էլ էր երևում ու փայլփլում գոնե ծխի կամ ընդհատ բոցի ձևով և երբեմն հրեղեն շնչով որոտում ու հառաչում էր։ Մի՞թե հնագույն նահապետների ժամանակ ավելի ստեպ և սաստիկ չէին այս հրաբուխների ներգործությունը և երևույթը։ Այո՛, բայց նրանք Աստծուն ճանաչում էին՝ որպես բնության միջոցով ներգործողի, այսինքն՝ դա բնության ներգործումն էր։ Կամ առանց առաջին պատճառը քննելու սրան էին ընծայում իրենց վախն էլ, պատկառանքն էլ։ Եվ այսպես բնապաշտ ու մասնավորապես լեռնապաշտ էին դառնում, ինչը տարածուն է գրեթե բոլորհին ազգերի մեջ, և մինչև հիմա եթե ոչ պաշտամունքի, եթե ոչ հավատքի, ապա գոնե պատկառանքի զգացողություն էր ունենում մարդը այսպիսի երկրանյութ հսկաների առջև։

Շատերի համար դժվար է ըմբռնել, թե ինչպես և երբ միաստվածապաշտ ողջամիտ հայը դարձավ մոլարաղանդ։ Եվ ոչ թե անաստված՝ ըստ բառի բուն իմաստի, այլ թյուրաստված։ Այս ցավալի ու ամաչելի երևույթում դյուրությամբ կհամոզվենք աստվածընտիր հերական ազգի՝ Ս․ գրքի անտարակուսելի պատմությամբ։ Եգիպտոսից ելնելուց մինչև նրանց գերությունը և ինքնավարությունը կորցնելը՝ 1000 և ավելի տարիների ընթացքում, նրանց հաճախ ենք տեսնում մեկ կռապաշտությանը և մեկ Աստծուն դառնալիս, հետո՝ դարձյալ ու շուտով իրենց շրջապատող ազգերի անշնորհք պաշտամունքներին հարելիս։

Չզարմանանք, եթե մեր նախնիներն էլ, որ ոչ միայն շրջապատված էին այլևայլ ազգերով ու կորններով, այլև իրենց վաճառականության ոգով ելումուտ ունեին մոտ ու հեռավոր ազգերի մեջ, ընդունել են նաև այլազան կրոնների պաշտամունքները ևս, թեև ոչ ամենքը և ոչ երկրի բոլոր կողմերում։

Սկզբի համար հարկ համարեցինք այս խորհրդածությունները անել, որպեսզի հետո հիշատակելի այլևայլ հավատքների պատճառն ու մուտքը հարկ չլինի մանրամասն քննել կամ կրկնել։

Հիմա դառնանք այնտեղ, որտեղ թողեցինք մեր հին, բնապաշտ հային՝ իր լեռների առջև։ Բայց այն էլ հիշենք, որ թեև այս կամ այն հավատքը և պաշտամունքը միևնույն անունով են կոչվում, սակայն ամեն ազգ նույն կերպով ու պարագաներով չէր հավատում։ Եվ ինչպես հիմա թե՛ քրիստոնեության ու թե՛ օտար կրոնների մեջ կան զանազան աղանդներ, դավանանքներ, ծեսեր, այդպես էլ հին ազգերի մեջ էր։

Լեռներ ու քարեր

Եվ քանզի նախ լեռներին եկավ մեր խոսքը, այն առաջ տանելով՝ հիշենք նաև հետևյալը։ Հայի հոգին վերուվարում էր ոչ միայն Մասիսի ու Արագածի, այլև իր երկրի, եթե կարելի է ասել, անթիվ լեռների տեսքից, որոնց վրա նորագույն քննությունները հայտնաբերեցին բազում շիջյալ ու ոչ իսպառ շիջյալ հրաբուխներ մանավանդ վերոհիշյալ երկու լեռների երկու կողմերի (հյուսիս և հարավ) երկու մեծ լճերի կամ ծովակների եզերքում։ Գեղամա (Սևանա) ծովը գրեթե բոլոր կողմերից պատված է այդպիսի ցամաքած հրաբաժակ լեռներով։ Բզնունյաց կամ Աղթամար (Վանա) ծովն իր մոտ և քիչ հեռու ունի Գրգուռն ու Ներբրովթը (Նամրուտ), մեծագույն և դեռ անհանդարտ Թոնդրակը (Բայազետի Թանտուրիկը), ինչպես նաև ծովեզերքի հյուսիսարևմտյան կողմին գրեթե կից բարձրագագաթ երկրորդ Մասիքը (Սիփան կամ Սուպհան լեռը)։ Վերոհիշյալ պատճառներից զատ կամ ավելի՝ Արարատյան բարձր Մասիսը ոչ միայն բարձրությամբ է գերազանց հայոց բոլոր լեռներից, այլև գերազանցում է թերևս երկրագնդի բոլոր լեռներին ջրհեղեղի, նոյյան տապանի ու նրա հետևանքների հիշատակով։ Այս կարծիքը որքան էլ ավելի կամ պակաս հավանական է և ոչ իսկ ստույգ, ոչ միայն հին ժամանակներում, այլև այժմ այն ջնջելն ու մոռանալը նույնքան հնարավոր է, որքան հնարավոր է Մասիսի ձյունեղեն գագաթը վար առնել կամ ձգել իր ահեղորեն պատռված կողի մեջ։ Եթե լոկ ավանդություն լինի ս․ Հակոբ հայրապետի փորձը ելնելու Արարատ լեռան գագաթ՝ փնտրելու տապանի մնացորդները, կամ Տրդատի՝ լեռան կողմից ութ վիթխարի քարեր շալակելը և բերել֊դնելը իր աննման կվակից կույսի (Հռիփսիմեի) հաղթական տաճարի հիմքում, ապա անտարակույս է ոչ միայն տեղաբնիկ, այլև օտար ու հեռու աշխարհների քրիստոնյաների ուխտագնացությունը Մասիս։ Ուրեմն ինչո՞ւ զարմանանք, որ Մասիսը Ազատ անունով պատվական և սրբազան ճանաչվեց հին հայերի կողմից և առասպելվեց մեր Արտաշես Բ թագավորի շատ անգամ հիշատակված անեծքում՝ ուղղված իր առաջնեկին (Արտավազդին)․


«Դու յորս Հեծցիս յԱզատ ի վեր ի Մասիս․
Զքեզ կալցին Քաջք, տարցին յԱզատ ի վեր ի Մասիս,
Անդ կացցես, և զլոյս մի տեսցես»։

Ազգային պատմությունը ուսումնասիրողներին հայտնի է անեծքի (կարծեցյալ) հետևանքը։ Արտավազդը ձիով որսի է գնում Մասիսն ի վեր և հանկարծ զարհուրելով՝ ձիով, որսորդության պարագաներով ու շներով ընկնում է անդնդախոր վիհի մեջ, որտեղ քաջքերի կողմից կապվում է երկաթե շղթաներով, որոնք զուր լինզելով ու լզվրտելով՝ տիրասեր շները ջանում են մաշել, կոտրել և ազատել առանց մեռնելու մշտատանջության դատապարտված թագավորին, որը սպառնում է, թե ելնելով ամբողջ աշխարհը ավերելու է։ Սակայն մարդասեր դարբինները, ամեն տարվա վերջին սալերին բախելով, նորից ու նորից ամրացնում, հաստացնում եմ շղթաները։

Մասիսը, ազատ և բարձր հատկանշող անուններից զատ, ունի նաև մթին կոչումը, ինչը նույնպես համարում եմ հին առասպելական ավանդությունից մնացած։ Մեկ այլ տեղ հիշվում է, որ Պլուտարքոս պատմիչը հիշատակում է Երասխին մերձակա դիցական մի լեռ՝ Տիորփոս անվամբ, որ հունարեն նշանակում է «մթաթափանց», եթե անունն էլ չի ծագել հայկական տարփ կամ տարափ բառերից[3]։ Հավանական է թվում, որ Մասիսին ընծայվել էր հատուկ պաշտամունք կամ պատիվ, կամ Մասիսը որևէ կերպով սրբացվել և դյուցազնացվել էր հայկազունների կողմից։ Մանավանդ եթե ստույգ են ամսվա օրերի անունները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ պարսից և այլ ազգերի, նվիրվել է մեկական դյուցազնի կամ դիքի ու նրա պաշտպանությանը։ Այդ անունների մեջ կան և հայոց լեռների անունները՝ Մասիս, Արագած, Վարագ, Կորդիս, Գրգուռ, Պարախ, Նպատ, Մանի (որը ավելի լավ է կոչել Սեպուհ)։ Եթե Մեծ Հայքում լինեին նորագույն ժամանակներում հայացված Կիլիկիայի Կոնկռնատ, Պարզկա, Պրիտ և մյուս լեռները, գուցե գրվեին այն սրբացվածների կարգում։

Ինչպես ստույգ աստվածային կարգով Սինա լեռը, հուր ու ծխով վառված, Մովսեսի միջնորդությամբ ազդեց հրեաների վրա նրանց օրենք ու պատվիրաններ տալու ժամանակ, այնպես էլ մեզ վրա կարող էր ազդել որևէ հրաբուխ լեռ, մանավանդ ի սկզբանե, երբ կրկաի նվազումից հետո մնում էին առաջին հիշատակները։ Առավել ևս, որ հրաբուծի ցնցումների ներգործությունը լեռների վրա թողնում է հիրավի ահարկու և տխուր կերպարանք՝ վիհերով, պատռվածքներով, մեծ֊մեծ քարերի կոշկոռներով և նրանց խորքից ու ներսից հոսած պես֊պես և գույն֊գույն նյութերով, ինչը առ այսօր երևում է այն վայրերում, ուր կան նման լեռներ։ Ահը և սոսկումը առավել կլինեին, եթե բնության ներգործությանը խառնվեին նաև խաբեբաները, սուտ պաշտամունքը, գուցեև դիվական հնարքը։

Այսպիսի խառը, բնական և անբնական երևույթներ և զգացումներ է գուշակել տալիս Վանա երկրի հարավարևմտյան կողմերում՝ Անձևացյաց գավառում (որ արդեն իսկ նշանակում է դարուփոր երկիր), քրիստոնեության դարասկզբում՝ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ, հիշատակված Կանգվար և Ագռավի քար կոչված լեռների միջև առկա տարածքը, որտեղ կա մի հատուկ քար կամ քարայր, ու ըստ ավանդողի՝ «Դեւք բազում (ասենք և դիւախաբները―Ղ․Ա․) բնակեալ էին ի Քարն յայն, և պատրէին զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս․․․ կռանձայնս դարբնաց, ահաւոր հրաշիւք և զարհուրանօք գործէին․ յորս՝ մարդիկ աշխարհին սովորեալք՝ անդ առ Քարայրին (կամ Քուրային―Ղ․Ա․) դեգերէին․․․ անունեալ զանուն տեղւոյն այնորիկ Դարբնաց֊քար։Հասեալ Ս․ Առաքեալն՝ հալածեաց զդարբինսն՝ զգործօնեայս չարին, և զկուռսն փշրեաց որ յանուն Անահատայ էր»։ Անահիտը որոշ ժամանակ անց էր խաբեբաների կողմից այստեղ հրավիրվել։ Բուն պաշտելին կամ սարսափելին եղել են խարդախ դարբինների կռանաձայնությունը և այն քարայրը կամ քուրան, որ նշանակում է նաև դարբինների հալոցքատեղ, հանքերի ու քարերի խորը տեղ, խորքից հանած նյութեր։ Սրան շատ նման էր նաև քիչ հեռու գտնվող Բութ կոչված լեռնակողը, ուր պաշտում էին թե՛ կրակ, թե՛ ջուր, թե՛ կուռք, ու կային վիշապաբնակ քարայրեր, որտեղից դևերից խաբվածները ու դիվահարները «Ահագին իմն և տեսիլս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և ճայթմունս գործէին», ինչը ևս լեռցրեց սուրբ առաքյալը և դրանց տեղում, ըստ ազգիս հին ավանդության, դրեց Տիրամոր անձեռագործ պատկերը և նոր հավատացյալ կույսեր կարգեց ի պահպանություն այդ տեղի, ինչը կրկին հաստատեց ս․ Լուսավորիչը։ Եվ եղավ վանքը մեծ ուխտատեղի ու թեև բավական անշուք՝ այդպիսին է առ այսօր։

Հիշատակներից հայտնապես գուշակելի է, որ լեռներից մասնակի պաշտամունք կամ պատկառանք էր տարածվել քարայրերի և քարերի նկատմամբ վերջիններիս մեծության կամ այլանդակ ձևերի պատճառով։ Այս երևույթը այլ ազգերի մեջ էլ էր երևում՝ մեկտեղելով ոչ միայն նրբամիտ հույներին՝ իրենց պատգամախոս փոսերով ու վիհերով ու երկնից ընկած քարերով, այլև կելտերին, բրետոնցիներին և սաքսերին՝ Դոլմեն (Dolmen), Մենհիր (Menhir), Իրմենսուլ կամ Հերմենսուլ (Hermensul) քարերով ու քարաստվածներով, նաև աստվածընտիր երբայեցի նահապետների մեջ, որոնք նույնիսկ պարզ հիշատակի համար կանգնեցնում էին մեծ քար կամ քարեր, ինչպես իրենց դաշինքի վկայության համար դրեցին Հակոբը և Լաբանը[4]։ Սակայն նման տեղերը կոչվեցին բեթ֊էլ, որ նշանակում էր «Աստծու տուն», որոնց տեղում հետո տաճարներ կառուցվեցին և այդպես կոչվեցին։

Ս․ Լուսավորիչը նորադարձ հայերին վարդապետելիս, ըստ Ագաթանգեղոսի պատմության, նրանց հայրերին կոչում էր քարապաշտ, կարծում ենք, թե՛ վերոհիշյալ պաշտամունքի և թե՛ քարերից շինված պատկերների կամ կուռքերի պատճառով։ Նորից վերհիշենք Վանի ոլորտը, որ Հայոց երկրի դիցաբանական գլխավոր կենտրոններից մեկն է։ Այն ևս ունի նույնպիսի քարեր, ինչպես Ակռբին և այլն։ Ըստ հին ավանդության՝ Շամիրամը դրանց մոտերքում գործեց իր զարմանալիքը և դրանց մոտերքում սպանվեց։ Եվ ինչ եղավ նրա մահից հետո՝ հիշել է մեր պատմահայրը (Խորենացին)՝ ասելով (թե կուզես հավատալ)․ «Եւ Շամիրամ՝ Քար առաջին քան զՆիբոէ[5]»։

Կրակ

Ինչպիսին էլ լինի պատճառը, կրակի պաշտամունքը քիչ֊շատ տարածուն է գրեթե բոլոր հեթանոսների մեջ։ Ոմանց համար այն հատուկ և գլխավոր հավատքն էր, ինչպես է մեր պատմության մեջ քաջ ծանոթ Սասանյանների ժամանակաշրջանի պարսիկների մոտ, որոնք հայերիս՝ քրիստոնեությամբ լուսավորվելուց հետո իսկ ջանում էին այն խափանել և վերստին մտցնել կրակի պաշտամունքը։ ՈՄանց համար էլ այն բազում չաստվածներից ու պաշտելիսներից մեկն էր։ Հայերիս մոտ կրակի պաշտամունքը այդ վերջին ձևով էր առկա, այսինքն՝ առավելապես տեղական, մասնավոր տարածքների պաշտամունք էր, քան ընդհանուր, որի կենտրոնն ու սկիզբը հարկ է փնտրել նախահիշյալ հրաբխատեր գավառների ու լեռների մեջ և վրա։ Եվ ինչպես նախորդիվ ասացինք, հրաբուխները ոչ միայն սրանց (լեռների) պաշտամունքի պատճառներից մեկն էին, այլև, թվում է, գլխավոր պատճառը, որով կրակի պաշտամունքը նախորդում է նրան խորքերում ծածուկ պահողի և հանկարծ որևէ տեղից դուրս հանողի պաշտամունքին։ Կրակի այրող բնույթին կից՝ պաշտամունքի դրդող և, իհարկե, մեծ դրդող էր լուսափայլությունը։ Եթե հրաբուխը իր հզոր ներգործությամբ մերթաբնակներին պահում էր ահուդողի մեջ և դրանով իսկ մղում պատկառանքի ու պաշտամունքի, ապա պակաս վախով և ավելի հանդարտ զարմացումով հրաբուխը նույնն էր ներշնչում հեռաբնակներին, ովքեր իրենց անծանոթ լեռների գագաթներին գիշերը տեսնում էին վառված մեծ և ցոլցլուն ջահեր և լամպեր՝ գերագույն, քան բոլոր մոգական լապտերները։ Երբեմն էլ բնության դադրած և լռիկ ժամերին գետնի տակից լսվում էին սողացող որոտմունքներ։ Եվ եթե հուրը մոտեցողին վախեցնում էր, ապա նրա լույսը հեռվից տեսնողին զվարճացնում էր ու երկնքի լուսատուների հետ աղոտ ազգակցություն էր ներկայացնում։ Եթե որոշ ազգերի մեջ սրանց պաշտամունքը ավելի վաղ է եղել և լույսը երկնքից իջեցրել է երկիր, թերևս կարող ենք ենթադրել, որ այդ պաշտամունքը հայերի երկրից են հանել երկինք։

Ասվածը հավանական է դարձնում, որ հայերի մեջ կրակի պաշտամունքը շատ ավելի հին է, քան զրադաշտական կրոնը և Վռամական կոչված հուրը։ Եվ իրարից տարբեր սկզբունքով ու իմացմունքով են դարձել կրակապաշտ քանանացիներն ու սեմանակ ազգերը, տարբեր՝ պարսիկներն ու մարերը, ինչպես նաև ավելի նրբամիտ ազգերը՝ հույներն ու հռոմեացիները։ Մեր հին հայրերի պատկերացումը կամ զգացումը ի հայտ է գալիս վերոհիշյալից, և քանզի հայերիս մեջ եղած կրակի պաշտամունքը անվանվեց տեղաբնիկ, մնում է խոսել այդ վայրերի մասին։

Դրանցից գլխավորը, ըստ Հայաստանում քրիստոնեկան կրոնի առաջին քարոզության ավանդողների, եղել է Աղթամարի ծովատաշտի բոլորտիքը, մանավանդ հարավային կողմը, ուր Անձևացյաց գավառում տեսանք Դարբնաց քարն ու Բութը։ Թեպետ առաջինի մեջ կրակի նյութ կամ բխում չի հիշատակվում, այդուհանդերձ դարբինների կռնահարությունը գւոշակել է տալիս, թե գոնե առաջ այդ էլ էր երևում ու լսվում։ Եվ երբ հրաբուխը դադարում էր, տեղի խաբեբա պաշտամունքավարներն ու մոգերը իերնց քուրաներով, սալերով ու կռանով ստեղծում էին եթե ոչ հրաբուխ, ապա հրացայտ կրակատեղ։ Իսկ Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լռիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր։ Բայց թվում է, որ կրակի աստվածությանը կամ պաշտելիի անհագությանը հագուրդ տալու համար դրսից էլ էին նյութ ավելացնում։ Եվ այսպիսով՝ հայտնի է դառնում, որ այդ վայրին լոկ պատկառանք չէ, որ ընծայվում էր, այլ նաև աստվածային լինելու կարծիք ու հավատ, ինչը տարբերվում էր պարսից Օման կամ Աման կոչվածից (որի պաշտամունքը վկայում է Կապադովկիայում այն տեսած Ստրաբոնը․ XV, 3) և պելասգյանների կամ այլոց պաշտածից, քանզի պամիչն ասում է․ «Վառէին զԿրակն՝ Քոյրն, և զԱղբիւրն՝ Եղբայրն»։ Այս խոսքը և վերոհիշյալ Աստված կոչելը հայտնի են դարձնում, նախ, որ պաշտում էին ոչ միայն բոցը կամ կրակի նյութը, այլև նրա մարդակերպ մի պատկերը, և ապա, որ այս պատկերը իգական էր և պարկեշտորեն անվանված քույր, նաև փիլիսոփայորեն՝ ջրի քույր, թեև գիտենք, որ այս երկու տարերքները իրար հակառակ են, ու թե ուզեն իրար համբույր տալ, պայծառափայլ քույրը ցրտաշոշափ եղբոր շուրթերի մեջ կմարի։ Թվում է, թե կրակի հզոր բնությանը կվայելեր արական կերպարանք ունենալ, ինչպես պարսից Միհր աստվածը։ Բայց հայերը կրակի զգալի զորությունից ավելի նրա մեջ տեսել են գեղեցկության ծածուկ ու հաղթող զորությունը։ Դրանք սաստիկ տարփածուի նման իրարից անբաժան են կյանքով ու մահվամբ, քանի որ եթե եղբորը գրկելու պատճառով քույրը մեռներ, իրենից մանցածն անգամ պաշտելի էր, որովհետև մոխիրը ոչ թե քամուն էին տալիս կամ պարսիկների նման ամբարում էին մոխրանոցում, այլ «աստուածացուցեալ գոլով ի Սեաւ Քարին՝ հոսէին յակն յորդաբուղխ Աղբերն՝ որ բղխէ յոտս լերանցն, որ է յառաջ խորավիմին․․․ Եւ զի ասէին զԿրակն Քոյր, և զԱղբիւրն՝ Եղբայր, յերկիր ոչ արկանէին զմոխրին, այլ արտասուօք եղբօրն ջնջէին»։ Գեղեցիկ և բանաստեղծական զրույց, որ գուցե մի կրակապաշտ մոգի կամ քուրմի հին քերթողական կամ վիպասանական երգի հիշատակ է, որպիսին կարող էր լինել պաշտամունքավայրի քրմապետը՝ Բութը, ում անվամբ էլ, ըստ պատմության, կոչվում էր լեռը[6]։

Այսպիսի մանրամասն կամ ընդանուր պաշտամունքի համար մեր քրիստոնյա գրիչները (ինչպես Ագաթանգեղոսը) իրենց բարբարոս հայրերին կրակապաշտի կամ հրապաշտի փոխարեն հարմարորդն կոչում էին մոխրապաշտ, ինչպես և պերճախոս վարդապետ անանինան խաչի ներբողում ասում է՝ մոխրապաշտութիւն նախնեաց մերոց՝ թե՛ միացնելով և թե՛ որոշակիորեն զատելով մեր հրապաշտությունը օտարներից, «Կործանիչ կռապաշտ տաճարացն, Մոխրապաշտ և մոխրալից ատրուշանանց սովորութեանց, զանց առնելով զՈրմզդական և զՎռամական հրապաշտությանցն հոգեկորուստ տոչորմանցն հրակիզութեանց, զոր ի մերում Հայաստանեայց ազինս»։ Չեմ ուզում այս վերջին զրադաշտական ավանդությունների մասին այստեղ խոսել, որովհետև այն ուրիշ հավատք էր, ինչպես նախորդ արդեն հիշեցինք և հետո ավելին պիտի հիշենք։

Թե կրակը եղբոր [7] ինչ տեսակի պաշտամունքի ու հանդեսների էին արժանացնում և ինչ նվերներ էին ընծայում, հավաստված չէ։ Սակայն փոքր֊ինչ գուշակելի են նախ՝ պաշտամունքավարների խարդախությունները, ովքեր, կրակի վառարանների, բագինների ու պատկերների մոտերքում թաքնված, «ահագին իմն տալիս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և կայթմունս գործէին», և ապա՝ այս ահարկու սարսափը հավելելու համար վախի մեջ ձգող այլ պաշտելիսներ էլ էին բերում ու դնում այնտեղ, ինչպես՝ օձեր ու վիշապներ, ինչի վերաբերյալ դեռ կխոսվի։ Գործում էին նաև ավելի մեծ չարիք․ իրենց շահին համար նվերներից զատ, անել էին տալիս ամենաանընդունելին, այքինքն՝ մարդազոհը, և իրենք, ինչպես Դարբնաց քար տեղի դևերի ու դիվահարների մասին է ասվել, զվարճանում էին՝ տեսնելով խաբվողների խեղճությունը, վախը և մահը[8]։

Վերոհիշյալ Անանիա վարդապետը իր ճառի մեջ ասում է նաև «զոր ի մերում Հայաստանեայց ազինս՝ Հուր֊բակ անունեալ բագնաւ», որով երկրորդ բառը (բագին) զատում է առաջինից։ Բագին֊ը հավանաբար Հայկի որդիների ժամանակներից հետո է մտել հայերի մեջ, իսկ Հուր ֊ բակ֊ը՝ նրանց կրակապաշտության օրոք։ Եվ ինչպես ասվում է լուսնի բակ և արեգակի բակ, այդպես, թվում է, պաշտելի կրակի պատկերն էլ գուցե ուներ մի բակ, այսինք՝ գլխի շուրջբոլորը տարածվող գուցե ճառագայթավոր պսակ, ինչպես կերպարանում էին Արեգակին ու Միհրին։

Հայկազունների հրապաշտության միջավայրը Դարբնաց քարի և Բութի հետ ուներ նաև երկրոդ (մեզ ծանոթ)։ Այն գտնվում է Բութի հյուսիսարևմտյան կողմում և կոչվում է Պաղատ լեռ կամ, ինչպես ավելի ճիշտ է թվում գրված, Պաշատ և ավելի սև նշանաձայն՝ Պաշատույզ, «ուր էլ սաստիկ յոյժ բազմութիւն դիւաց, զոր ասէին Տուն Արամազդայ և Աստղական, մեհեանք երկու, [ուր] յանուն յաճախ պաշտամանցն տօն (կամ տուն―Ղ․Ա․) կարդային, որ է Պաշատ․ զոր և այժմ մարդիկ աշխարհին՝ վիճեալ ասեն․ Թուիս ի Պաշատայ դիւացն գալ, անլուր և անիմաց»։ [9]։

Ս․ Հռիփսիմյանների գալստյան պատմության հեղինակը նրանց մասին ասում է, որ փախչելիս, անսովոր ճամփաների ու լեռների մեջ թափառելով, հասան այս վայրերը և տեսնելով սույն պժգալի պաշտամունքը, «աղօթիւք և արտասուօք ի յերկինս հայեցեալ, առեալ զսուրբ Նշանն, ի վերայ կացեալ Աղբերն․ և փախստական եղեալ դիւացն՝ ի բագինն անկանէին, վա՜յ զվայիւ աղաղակեալ․ և ի լեռնէ ի լեառն ոչ այլ ինչ լսիւր՝ բայց վա՜յ զվայիւ ճչեալ․ և ի բագնացն փախուցեալք դեւքն անկանէին յերկիրն Մարաց։ Եվ զպատկերսն փշրեալ զօրութեամբ Ս․ Խաչին․ զոր տեսեալ բնակիչք գեղջն՝ հաւատացին ի Քրիստոս, և մկրտեցան ի ձեռն սուրբ երիցանց նոցա»։ Ավանդությունը ավելացնում է․ «Եւ տեղիս այս [Բութայ կողմն] էր Անակայ՝ հօր Սրբոյն Գրիգորի»։ Եթե Հռիփսիմյաններից հետո ինչ֊որ բան հեթանոսությունից դեռ մնացել էր, այն էլնա ջնջեց։ Բայց կարծում եմ, թե այդքան խոր և արմատավորված աղանդը դեռ թողել է այլակերպ մի հիշատակ, ինչը դեռ հայտնի է այդ և Մոկաց գավառների միջև։ Բարձր լեռներում կա Բութկի Ս․ Գևորգ անվամբ մի ուխտատեղի, որտեղ, ասում են, աքաղաղները ձայնելով կամ լռելով են հայտնում, թե ճամփորդները կարող են արդյոք ձյան միջով անվտանգ անցնել։

Հարևանցի հիշենք, որ այս տեղանքին մոտ լեռների մեջ էր Կճավ պաշտամունքավայրը, որտեղ թեև կրակը չի հիշվում, բայց «դիւաց լցեալ պաշտամամբ [որք ի գալըստեան Ս․ Հռիփսիմեանց՝ զարհուրեալ և] զայրագնեալ՝ դիմէին ի վերայ, խեղէին ծռէին պնչատէին զպաշտօնեայս իւրեանց․ որ և անդ առաքելանշան քահանայքն [ընկերք Ս․ Կուսանանց] հալածեալ զնոսա և քանդեալ զպաշտամունս նոցա, բժիշկէին զխեղեալսն․ վասն որոյ տեղին կոչեցաւ Կճաւ կամ Կրճատ, թե յայսմ տեղւոջ կճատէին կրճատէին դեւքն զմարդիկն․ յորում թողու զԽաչն իւր Ս․ Գայիանէ՝ ախոյան դիւաց, որ էր Աւազակին, որ և զտեղին յետոյ հաստատէ վանս՝ Սուրբ Գրիգոր»։

Հրապաշտության այս հատուկ կենտրոնից շատ հեռու կար և այժմ էլ կա Կրակի մեծ կենտրոն։ Այն ծանոթ է բոլորին, մանավանդ՝ վերջին տարիներին։ Դա Բաքվի նավթի հորերն ու հուրերն են, որ մի ժամանակ Փայտակարան աշխարհի մի առանձին գավառն էր՝ Հայոց տերության մի մասը, և կոչվում էր Յոթ փորակյան բագիններ։ Հավանորեն կար նավթ վառելու և պաշտելու յոթ գլխավոր փորածո ու բագին, որոնցից մեկը հատուկ կոչվում էր Վռամական հուր՝ Ազեր Պեհրամ՝ ըստ պարսիկների, ովքեր նույն թվով կրակի ատրուշաններ ունեին այլ կողմերում։ Իսկ բուն Արարատյան աշխարհում՝ Բագրևանդ գավառում՝ Բագավանում, որ հայերի գլխավոր պաշտամունքի մի վայրն էր, կային Հռոմի Ամենադից (Պանթեոն) տաճարի պես այլևայլ կրոնների պաշտելիքներ, տաճարներ ու բագիններ․ բագիններից մեկն էլ կրակինն էր։ Երբ ս․ Տրդատի հոր՝ Խոսրովի սպանությունից հետո Արտաշիր Սասանյանը (Պարսկաստանում կրակապաշտությունը նորոգողը և աճեցնողը) մի քանի տարի տիրեց Հայաստանին, իրեն բախտավոր կարծես, որ այստեղ գտավ այն, ու հրամայեց մշտավառ պահել «զհուրն Որմզդական՝ որ ի վերայ բագնին որ ի Բագաւան» (Խորենացի, Բ․ ՀԷ)։ Հավանաբար այս ու այն կողմերում ուրիշ ատրուշաններ էլ վառել տվեց, բայց մի քանի տարի հետո Տրդատը և ս․ Գրիգորը մյուս սնոտի պաշտամունքների հետ կրակարաններն էլ ջնջեցին։

Մոտավորապես մեկ ու կես դար անց, երբ հայոց Արշակունյաց թագավորությունը ընկավ, և պարսիկները նորից տիրեցին մեր երկրին, Հազկերտի առաջին հոգսը, իր մոգերից դրդված, Հայաստանում կրակապաշտությունը տարածելն էր։ Սակայն այդ ժամանակ քրիստոնեությունը ծավալվել ու արմատավորվել էր մեր երկրում, թեև գտնվեցին վատեր և ուրացողներ, որ հանդգնեցին Լուսավորիչի բերած լույսը Զրադաշտի ծխով ծածկել, բայց նրա հետին շառավիղը՝ մեծն Սահակը, դեռ նոր էր հանգել, և ողջ էին նրա հոգեկիր աշակերտները։ Այս վերջիններից Եղիշեն և ապա Ղազար Փարպեցին մանրամասն պատմել են, և բոլորին է ծանոթ, թե ինչ արեցին հայերը եկեղեցական, աշխարհական, պատերազմական գրով, սրով ու հոգով։ Վարդան սպարապետի և Ղևոնդ երեցի սրբափայլ սրտի կրակները կործանեցին և՛ բագինները, և՛ ատրուշանները։ Եվ այս մեծասիրտ երեցի գործակից Ռշտունյաց եպիսկոպոս ս․ Սահակը համարձակորեն Դենշապուհին պատմեց իր թեմի մեջ իր արածը․ նույնիսկ մոգերին «սակաւիկ մի չարչարելով գանիւ (ծեծով―Ղ․Ա․) նոցին իսկ ետու զԿրակն ի ջուրն ընկենուլ․ և ասացի այսպէս․ Աստուածք որ զերկինս և զերկիր ոչ արարին, կորիցեն ի ներքոյ երկնից»։

Եվ եթե որևիցե վայրում դեռ կար Որմիզդից մնացած մի կայծ ու մի մոխիր, Ղևոնդյանների քրիստոսանվեր արյունն իսպառ մարեց այն՝ մոգերի մաեն ջանքերով ու մտմտուքով հանդրեձ, ինչը հետագայում «Ընդդեմ քեշին Պարսից» գեղեցիկ գրվածքում խայտառակեց Ղևոնդյանների ընկեր ու քաջ գրիչ Եզնիկը։ Չաստվածացյալ կրկաի փոխարեն մեր եկեղեցին մանկացյալ Աստծու տաճար գալու հիշատակին (Տյառնընդառաջի տոնին) իր սուրբ տաճարի և սրահի մեջ ճշմարիտ հավատացյալներին ցույց է տալիս կրակե բոց՝ իբրև սուրբ սրո նշույլ։ Գուցե դեռ մեր երկրում հին տաճարների մնացորնդրի հետ կգտնվեն նաև Կրակի բագիններ, ինչպես որ ոչ շատ տարիներ առաջ Երևանի կողմերում փոսաձև մի խարիսխ այդպիսին կարծվեց։

Նույն ժամանակներում Մարաց Ատրպատականի կողմերում (Սուլեյմանիե) գտնվեց պահլեվերեն մի արձանագիր, որ կարդացին «Հիրպետ Նամրի Արմինի» և թարգմանեցին «սահմանակից Հայոց՝ Հրապետ Նամրի»[10]։

Զրադաշտական կրոնի պաշտամունքավարների մեջ ևս Հերպետ անունը ծանոթ է։ Բայց շատ համարելով այս հրեղեն քրոջ արդեն բավական ծանոթ սնահավատ հիշատակը՝ ակնարկենք իր աղբյուրը եղբորը՝ անցողիկ նշելով այս երկու այլանիշ անունների համաձայնությունը ևս (աղբյուր և եղբայր կամ աղբար

Ջուր

Առօրյա տնտեսվարության մեջ ջուրը առավել կարևոր է, քան կրակը, և նյութապաշտների համար այն գոնե պակաս պաշտելի կամ պատվելի պիտի չլիներ։ Եվ այդպես է այլևայլ ազգերի մեջ, որոնք ծովերը, գետերը և աղբյուրները ճանաչել են որպես աստված կամ աստվածային։

Կրկաի վերաբերյալ ասածներիցս երևում է, որ հայերը, լինելով ցամաքային երկրի բնակիչներ (և այնպիսի մի երկրի, որը հին Ասիայի ամենագլխավոր տերություններին ջուր է մատակարարել իր բազմաթիվ գետերով, մանավանդ Եփրատով ու Տիգրիսով), գետերի ակունքները կամ աղբյուրները սրբազանացրել էին և, ինչպես տեսանք, նրանց էին տալիս քրոջ (կրակի) մոխիրը։ Եվ եթե պատվի էին արժանացրել անգամ այն հիշյալ լեռնոտ կողմերի մանր գետակները, ապա առավել մեծ պիտի լիներ մեծերի պաշտամունքը, մանավանդ Հայ երկրի բնագետ Երասխինը։ Սրանց վերաբերող ազգային ավանդությունները այժմ մոռացվել են։ Մովսես Խորենացին, առանց պատճառը հիշելու, ընդամենը ասում է (Ա․ ԺԲ), թե գետը այսպես կոչվեց Հայկի թոռան թոռի անունով։ Բայց Պլուտարքոսը «Գետի մասին» գրքում պատճառներից մեկ֊երկուսը հիշատակում է։ Նախ՝ Արաքս (ինչպես օտարներն են գետը կոչում, Araxes) է անվանում Պյուլոսի որդուն, որ իշխանության համար իր պապի՝ Արբելի, հետ կռվեց, նետահարույթյամբ սպանեց, հետո զղջալով կամ պատժվելով մոլեգնեց ու իրեն ձգեց գետը, որ առաջ կրում էր Բակտրոս (Բագ ֊ Տիր) անունը։ Արդյոք այս ավանդությունը հեռավոր կերպով չի՞ հիշեցնում Բելի և նրա թոռան՝ Արբելի անունները։ Երկրորդ պատճառը ևս գուցե ավելի հեռու չէ։ Արաքսը պատերազմում է սահմանակից պարսիկների հետ, և պատգամախոսները նրան հաղթանակ են գուշակում, եթե զոհաբերի երկու ազնվական աղջիկ։ Արաքսը, իր զավակներին խնայելով, վերցնում ու զոհաբերում է Մնիսալկ անունով ազնվականի դուստրերին։ Վրեժխնդիր հայրը հափշտակում է Արաքսի դուստրերին, սպանում ու փախչում է Սկյութիա։ Իսկ սրտի ցավից հուսահատված Արաքսը իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն գետը, որը կոչվում է Երասխ։ Այս անունները արդյոք Արմեն֊ի կամ Մանավազ֊ի նման չե՞ն հնչում հազարավոր տարիների անցյալից։ Երասխի եզերքի լեռների, քարերի, բուսականության մասին նույն Պլուտարքոսի գրածները ասվածի հետ հիշելիս աներկբա է թվում Երասխի պաշտելիությունն ու սրբազանությունը։ Ըստ մեկ այլ հին պատմիչի ակնարկության՝ Եփրատ գետը ևս, որ Հայոց երկրից է բխում, մեզ համար սրբազան էր ու պատվելի։

Բայց հայերս ունենք այս լույծ տարերքի՝ աղբյուներից և գետերից և մեծն օվկիանոսից իսկ (ըստ հույների առասպելի՝ երկնքի ու երկրի որդուց և բոլոր գետերի հորից) ավելի մեծ մի հիշատակ՝ ջրհեղեղը, ինչը, թվում է, այլևայլ կերպով կա բոլոր հին ազգերի ավանդությունների մեջ, սակայն քիչ կլինի կամ հազիվ թե լինի ազգ, որ բավարար կամ չափավոր հավանականության փաստերով կարող է ասել, թե այն աշխարհակուլ ջրերից մարդկանց սերունդ ապրեցնող տապանը ի՛ր երկրի մի լեռան վրա է դադար առել։ Մեր խնդիրն այստեղ դա չէ։ Մեզ համար շատ են նաև Ս․ գրքի և հին ազգերի պատմությունը և թարգմանիչների ու մեկնիչների վկայությունները Արարատյան և Կորդվաց լեռների վերաբերյալ, որոնց ստորոտում բնակվողները այդ հիշատակը մինչև այսօր ընդունում են իբրև անուրալիորեն հավատալի։ Այլ խնդիր է այն, որ հին ժամանակներում այդ լեռների բնակիչները է՛լ ավելի հաստատությամբ էին ընդունում վերոհիշյալ ու նաև լեռներին ու այնտեղ գտնված կամ ենթադրված տապանին մատուցում էին հարգանք՝ պես֊պես կերպով կատարելով ջրհեղեի հիշատակը։ Այդ տոներից և պաշտամունքներից, ինչպես այլ բաներից, մի նշմար էլ անցել է մեր ազգային նոր ու սուրբ կրոնին՝ Վարդավառի հրաշափառ տոնին ջրի ցողմունք ու ցրմունք և խաղեր անելով, ինչը հանրածանոթ է, և կրկնելը՝ ավելորդ։ Ավելորդ է նաև տապանն ընդունող լեռների մասին մեր ազգակիցների ասածները կրկնելը։ Ասենք, որ ջրի նվազելուն զուգընթաց տապանը հանգստի հարամար դիրքի փնտրտուքով տատանվելով հածել է լեռից լեռ և գալով շատ անգամ հիշատակված Աղթամարա ծովի կողմերը՝ հասել է ներկայումս ծանոթ մի լեռան ու ասել․ «Գրգո՜ւռ, ընկալ զիս»։ Եվ լսել է պատասխանը․ «Գընա՛ ի Մասիս, զի բարձր է քան զիս»։ Բացահայտ է սրա՝ բանաստեղծական գյուտ լինելը, ու թվում է՝ թեև ոչ շատ հին, բայց ավելի հին է, քան վերոհիշյալ Հռիփսիմյանների (այս նոր տապանի նորատեսակ աղավնիների) թափառումների ժամանակ Սողոփ կամ Սաղուփ կոչված լեռան մոտ հանգստանալու մասին պատմածը։ Հիշյալ լեռը բերկրացիների կամ բագրացիների գավառում է (որ ոչ թե Վանին մերձակա ծանոթ գավառն է, այլ Կորդվաց Պոհդանի կողմերը, որտեղ և ծանոթ են հիմա Պիրքե անունով վայրը ու Սուլիվա լեռը, որի անվամբ էլ գավառներից մեկը կոչվում էր Սոլոփիա)․ «Վանա այսր լերին ասի յԱսորւոց, թե ի նուազել ջուրցն հեղեղաց՝ եհաս տապանն ի գլուխ լերինն՝ որ է Սարարադայ․ և ընդ մէջ անցեալ Սղոցաձուկն՝ արգելու զնաւն․ և ասաց Նոյ՝ որդւոցն իւրոց, Ո՜, Սաղուփ․ այսինքն թէ՝ Սղոցաձուկն դիպեցաւ նաւիս․ և զնոյնս հաստատեցին ի մուտս լերինն զանունն Սարարադ, և զանուն քաղաքագեղջն Թմենի (կամ Թեմնի, Թըմնիս ― Ղ․Ա․)․ այսինքն թէ յայսմ տեղւոջ ութ ոգիք ելին ի տապանէն»։ Պատմիչը ավելացնում է․ «Եւ այսոքիկ թէ արդարք կամ սուտք՝ ինձ ոչ է փոյթ․ բայց միայն զի հաճեցուցից զմանկագունի քո մտացդ զտարփանս․ վասն այսորիկ գրեմ քեզ զբնաւն»։ Նույնը կրկնում եմ նաև ես Խորենացու հետ, որի ոճը զգացվում է այս գրվածքում։

Սակայն թողնելով հին ասորիների ավանդությունների նմանությունը այլ սեմական ավանդություններին, ինչը իր ժամանակագրության մեջ հիշում է Եվսեբիոսը, որից օգտվել են Խորենացին և ուրիշները, կարծում եմ՝ հայոց վիպասանների մատն էլ է դիպել այս պատմությանը, ըստ որի՝ նրանց երգած մեծ դյուցազնը՝ Արտաշես Բ֊ի սպարապետ Այրաքաջ կոչված Սմբատ Բագրատունին, այն կողմերից Ալիկա անունով մի ասորի աղջիկ է առնում կնության[11] և հանուն նրա սիրո ու հիշատակի գեղեցկադիր գետեզերքին՝ «ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս», կառուցում է մի ավան, որ «ի կողմանս Տմորեաց»՝ մշկաբեր մի լեռան ու գետի կամուրջների մոտ էր։ Այս նկարագրելու արժանի և դյուցազնական վայրերն էլ սրբեցին հրաշագեղ կույսերը, որոնք Սողոփի ստորոտում բնակված ժամանակ աչքացավի հիվանդություն ունեցան «և․ կացեալ յաղօթս՝ երկու Աղբերք բղխեցան, որ է ժանգ ջրոյն կարմիր և սպիտակ․ և մինչեւ ցայսօր օգնէ աչացաւաց յանուն Սրբուհեացն»։ Եթե առասպելախառն ջրեր հիշելը պատմական անհրաժեշտություն էր, ապա այսպիսի անձերի կողմից իրենց վայել վարդագուն ու բյուրեղանման ջրերի բխեցնելու հիշատակումը հոգեկան մի անհրաժեշտություն էր համարվում։ Փոխանակ այդ գույնզգույն ջրերի՝ քրիստոնյա հայերը ներկայումս յուրատեսակ հարգանք են մատուցում լուսաղբյուրներին, որտեղ կա սրբազան հիշատակ, կամ որոնք սրբերի շնորհիվ համարվում են բժշկարար։

Թեև մեր շարադրանքի հերթակարգը դեռ վերաբերում է տարիքների, այլ ոչ կենդանիների պաշտամունքին, նորից ջրերին չանրադառնալու համար այստեղ հիշենք և այն, ինչ հայերի մեջ ավանդվում է ջրաբնակ պաշտելիների մասին, ինչը երևակայությունը մտցրել է ալիքների մեջ՝ քիչ֊քիչ հեռանալով նահապետական պարզ հարգանքից, որ ընծայում էին դրանց կամ բնության մյուս մեծամեծ երևույթներին կամ այնպիսի եզակի պատմական հիշատակին, որպիսին ջրհեղեղն է։

Մեր երկիրը, ծովեզրյա չլինելով, չէր կարող հնարել նաև ծովային հավատալիք կամ պաշտելիք, և մեզնում այդպիսի բան նշանակող բառերը առնված են օտար լեզուներից՝ թարգմանության համար։ Սակայն տեսանք, որ շատ գետեր և լճեր ունենք, և երբ մոլար կարծիքները զորացան, ծնվեցին նաև ջրային հրաշալիքներ կամ հրեշներ, որոնցից ամենաազգայինն ու սեփականն է թվում Ընգղա հատուկ բառով անվանվածը, որը եթե ընկղմվել բառից չի ծագում, ուրեմն ծագումն անհայտ է։ Բառի իմաստը առավելապես «ծովահրեշ» է նշանակում, ինչպես հույների Ներեիդները (Nereides), սակայն ավելի ահավոր ու վնասակար։ Այդ է պատճառը, որ թարգմանության մեջ (Ոսկեբերան, Մեկնություն Մատթեոսի), փոխանակն հույների կատաղած էրինիների, դրած է Ընգղա։ Եվ քանի որ կին էր, հույները նրան տալիս էին կնոջ կերպարանք։ Հույների առասպելների մեջ նշանավոր և հանրածանոթ են նաև Սիցիլիական նեղուցի հորձանուտի և քարափների միջև կարծված կիսով չափ մարդ, կիսով չափ շուն երկու կենդանիները։ Մեկը Սկյուլլան է՝ երբեմնի գեղեցիկ հավերժահարսը, մյուսը՝ Քարիբդիսը (Scylla, Carybde)՝ երբեմնի կով գողացող կինը, որոնք նավորդներին պատճառումեմ մեծամեծ վնասներ ու սարսափ։ Առաջինի հունարեն անունը հիշում է Բարսեղ վ․ Մաշկևորցին Մարկոսի ավետարանի մեկնության մեջ՝ նրա ագահությունը նմանեցնելով «գազանադէմ և շընդռունգն երեսաց կնոջ, և Սիկիլն, որ Շուն երեքգլխանի ասեն (վեցգլխի է ըստ Յունաց), Հիդրէն՝ (բազմագլուխ վիշապն) զոր այլք պատմեն»։ Դրանց և Ընգղայի նման մի բան էլ երևակայել են հայերը, որոնք թարգմանույթյան մեջ Սկյուլլային ու Քարիբդիսին միաժամանակ կոչել են Ապուռք։ Անունից գուշակելի է, որ սա պետք է լինի հուականաի նման մագիլով ու ճանկոտ մի հրեշ գազան, բայց հայոց որ ջրերում, որ խորխորատներում էին դրանք բնակվում չեմ կարող գուշակել․ գուցե բառը հնարողի մտքի՞ մեջ։


  1. Եղել է նաև հատուկ անուն, ինչպես՝ Վարդանանց օրերի նահատակ Հազդ Սյունին։
  2. Այս ավանդության մասին կարող ենք ուրիշ բան էլ ավելացնել, երբ Հայկի վերաբերյալ առանձին խոսենք։
  3. Պլուտարքոսը հիշում է մի շատ այլանդակ առասպել, ըստ որի՝ Միհր չաստվածը տեսնելով, որ չեն ուզում իրեն կին տալ, քարից ծնում է Դիորփոսին։ Վերջինս, հանդգնությամբ Արեսի հետ կռվել հանդգնելով, սպանվում է և վերածվում քարալեռի։
  4. «Առեալ Յակոբայ վէմ՝ կանգնեաց արձան, և ասէ ցեղբարսն իւր․ Կուտեցեք քարինս․ և կուտեցին քարինս, և արարին բլուր․․․ և կոչեաց զնա Լաբան՝ Կարկառ վկայութեան և Յակոբ կոչեաց զնա Կարկառ վկայ․․․ Եւ ասէ Լաբան․ Ահա Կարկառս այս և ահա Արձանս՝ զզոր հաստատեցաք ընդ իս և ընդ քեզ, եղիցի քեզ վկայ կարկառս և վկայ արձանս» (Ծննդոց, ԼԱ, 45)։
  5. Նիբոեի առասպելը հայտնի է։ Նա Ամփիսի կինն էր և յոթ տղա ու յոթ աղջիկ ծնելով՝ պարծենում էր։ Արամազդի սիրեցյալ նախանձոտ Լատոնան զավակներին սպանել տվեց, մորն էլ փոխակերպեց ապառաժի, որը, թեև քարացած, չէր դադարում արտասուք թափել իր զավակների վրա։
  6. Այսպես է գրված Տիրամոր պատկերի պատմության մի ընտիր օրինակում, որ մեր տպագրածից (1965թ․) ավելի ճոխաբան է․ «Որ տեղին Բութ լսի․ քանզի անուն քրմապետին Բութ կարդայր»։
  7. Գուցե կրակ քրո՞ջը (ծան․ թրամգ․)
  8. Մեկ այլ օրինակ ավելացնում է․ «Եւ մէջ խորափորոյն Օձիւք և Կարճօք և լի թունօք մահաբերին լցեալ էր․ քանզի ժողովեալք աստուածացեալք և դիւացեալք էին․ ճղփէին փնչէին ի զուարճումն ոգէկորոյս մարդկանն, և շուրջ զմիմեամբք մակաղէին»։
  9. Մեկ այլ օրինակում ավելի շփոթ է գրված․ «Թուրս ի Պաշտա, դիւաց գլուխ, անուն անլուր և անիմաց»։ Թվում է, թե իմաստը հետևյալն է․ այն կողմերի մարդիկ, երբ վիճելիս չէին կարողանում իրար համոզել, մեկը մյուսին ասում էր․ «Պաշար լեռան դևերը խելքդ շփոթել են, բան չես հասկանում»։
  10. «Աշխարհագրական հանեդ», Լոնդոն, 1867, էջ 279։
  11. Մի օրինակում ասվում է․ «Եկեալ յավանն Ամբատայ, որոյ յանուն կնոջն՝ որ յԱսորից առեալ՝ Ալիկա․ և է Ալիկա Սմպատա»։ Մեկ այլ օրինակում․ «Եկին յաւանն Սմբատայ՝ ի կոչեցեալն Ալիկէ, որ է Ովկի, կանայք Սմբատայ(՞) և անուն կնոջ նորա Ալիկայ»։