Ձանձրույթը՝ մայրը ֆաշիզմի

Գրապահարան-ից
Ձանձրույթը՝ մայրը ֆաշիզմի

հեղինակ՝ Եվգենի Եվտուշենկո
թարգմանիչ՝ անհայտ

Հարցազրույցը վարեց՝ Անդրեյ Մորոզովը։
Եվգենի Ալեքսանդրովիչ դուք լինո՞ւմ եք Մայակովսկու արձանի մոտ։
― Շատ հաճախ եմ լինում այնտեղ, նույնիսկ ժամադրություն եմ այնտեղ նշանակում․․․ (ծիծաղում է)։ Գործնական, իհարկե։
― Չի՞ անհանգստացնում, որ երիտասարդությունը հիմա Մայակովսկու արձանի մոտ ոչ թե բանաստեղծություններ է կարդում, ինչպես դա Ձեր երիտասարդության տարիներին էր, այլ գարեջուր է խմում։
― Դա հիմա ամենուր է։ Երիտասարդները գնալու տեղ չունեն, մենք այնքան քիչ երիտասարդական ակումբներ ունենք։ Դրա մասին ոչ ոք չի մտածում, իսկ բոլոր այդ արհեստականորեն ստեղծված կազմակերպությունները, ուր կիսաքշում֊կիսագրավում են, անամոթաբար օգտագործում են իրենց չպահանջված զգացող երիտասարդությանը , նրա համար հասարակական կյանքի տեսանելիություն ստեղծում։ Բայց ես երիտասարդներին էլ չեմ արդարացնում իրենց պասիվության համար։ Ինչո՞ւ են նրանք թույլ տալիս, որ տարիքով «дядя»֊ները իրենց համար քաղաքացիականության ցուցադրություններ կազմակերպեն, փոխանակ իրենք կազմակերպեն, առանց կողմնակի հուշումների։ Որտեղ հուշումը, այնտեղ էլ հրամանը։ :Երիտասարդությանը պետք է կրթել, այլ ոչ զոմբիացնել։
― Դուք, հավանաբար, գիտեք, որ նոյեմբերի 4ին, Մոսկվայում ֆաշիստական կարգախոսներով ցույցեր են տեղի ունեցել։ Մի քանի շաբաթ անց, քաղաքապետարանը արգելեց հակաֆաշիստների հանրահավաքները, հղում անելով այն բանին, որ մոսկվացիների համար անհարմարություններ կլինեն։ Ձեր կարծիքով այդ միտումը կխորանա՞։
― Հուսով եմ որ ոչ, եւ հուսով եմ հուսալ։ Չինովնիկները, ամենայն հավանականությամբ, պարզապես վախեցել են ու չեն իմացել ինչ անել, եթե երկու հակամարտ կողմ բախվեն։ Իհարկե, պետք է փողոցներում կարգուկանոն լինի։ Բայց մի՞թե ֆաշիստական կարգախոսները ֆաշիզմը հաղթած երկրի մայրաքաղաքում կարգուկանոն են։ Խայտառակությունը ավելի ամոթալի է, քան անհարմարությունները։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ նրանք, ովքեր ցանկանում էին կազմակերպել հակաֆաշիստական ցույց, այդքան հեշտ հանձնվեցին, չհասան թույլտվության։
Ինչո՞ւ մեր երիտասարդները ցույց չտվեցին քաղաքացիական էներգիան, այլ այդքան երկչոտ դուրս եկան, անընդունակ դիմադրության, ինչպես այս դեպքում Մոսկվայում, այնպես էլ իրենց հասակակից արտասահմանցի ուսանողների սպանության պարագայում Վորոնեժում։ Ի՞նչ հայրենասիրություն հյուրերին սպանելու մեջ։ Համոզված եմ, որ այն երիտասարդներից, ովքեր իրենց թեւքերին կրում են սվաստիկա, կամ դրա նման այլ բան, ու Հիտլերի ծննդյան օրն են նշում, ոչ բոլորն են համոզմունքով ֆաշիստներ, այլ դա անում են ձանձրույթից։
Ձանձրույթը՝ մայրը ֆաշիզմի։
― Միայն ձանձրո՞ւյթը։
― Ձանձրույթը նույնպես։ Երիտասարդները շատ էներգիա ունեն, ու տեղ է պետք այն ծախսելու համար։ Այդ պատճառով, բողոքը ընդունում է այդպիսի հրեշավոր տեսք։ Ձանձրույթով չի կարելի արդարացնել ո՛չ ջրի խողովակը կտրելը, ո՛չ նեանդերթալացու ձեռքին ինչ֊որ բան սրելը, ո՛չ «Ռուսաստանը ռուսներին» կոչը։ Ի՞նչ ենք մենք անելու Պուշկինի եթովպական արյան հետ, Լերմոնտովի շոտլանդական, Ժուկովսկու թուրքական, Ախմադուլինայի թաթարաիտալական, Օկուջավայի վրացական, Բլոկի գերմանական արյունների հետ, «Во поле березонька стояла» ռուսական ժովողրդական երգի հեղինակի թաթարական, այնքան շատ կոմպոզիտորների ու պոետների հրեական արյան հետ ու Մեծ հայրենականի լավագույն երգերի խոսքերի հեղինակների, եւ ռուս֊ուրկրաինա֊բելոռուս֊լեհա֊գերմանա֊լատվիական ― օ՜, Աստված իմ, ― էլի թաթարական արյան հետ Եվտուշենկոյի։
Չեմ կարծում, որ մեր երիտասարդները ամբողջությամբ նացիոնալիստական են։ Այդ տարրական բարոյական անգրագիտությունը վախեցնում է, ու նաեւ պարզապես անգրագիտությունը ամենաուղիղ իմաստով։ Բարոյապես ու մշակութապես անգրագետներին հեշտ է քսի տալ ցանկացած մարդու վրա։ Իմ աչքի առաջ մարդկանց, ովքեր բեմում երբեք չեն տեսել Միխոելսին, չեն կարդացել Պաստեռնակին, եւ չեն իմացել ով է Սախարովը կամ :Սոլժենիցինը, գրգռում էին նրանց դեմ։
Շատերը ո՛չ պատմություն գիտեն, ո՛չ գրականություն։ Բայց Ռուսաստանի պատմությունն ու գրականությունը անքակտելի են իր խղճից։ Այդ պատճառով, իսկական գրականության անհրաժեշտությունը հիմա աճում է, քանզի «Փառք Աստծո, կա գրականությունը՝ լավագույն պատմությունը Ռուսիայի»։
Դեկտեմբերի 14֊ին Դուք ելույթ եք ունենալու Մոսկվայում, Չայկովսկու անվան դահլիճում։ Նոր բանաստեղծություննե՞ր եք կարդալու։
― Ես երբեք, բեմ դուրս գալուց առաջ, ոչ մի աներկբա ծրագիր չեմ կազմում, ես հո կուսակցություն չեմ՝ «կուռ միասնականությամբ», այլ կենդանի մարդ, դեռ նաեւ այսպիսի մասնագիտությամբ։ Իմպուլսիվություն, ստեղծագործականություն, անվստահության տենդ ― հատկանիշներ, որոնք կարող են հակացուցված լինել որոշ մասնագիտությունների դեպքում, պոետին անհրաժեշտ են։
Իմ գրքի, («Հուշարձանները չեն գաղթում»)որը լույս տեսավ այս տարի, գրեթե բոլոր բանաստեղծությունները գրված են 21֊րդ դարում, ու շատերը նշված են այս տարեթվով, իսկ էջերը չորս հարյուրից ավելի են։ Այս գրքում իմ ․․․֊ից մինչեւ խոստովանություններն են։ Ես, օրինակ, առաջ երբեք մանրամասն չեմ գրել իմ առաջին կնոջ մասին Ալթայում, իմ ու երիտասարդ ամերիկուհու սիրո մասին «սառը պատերազմի» թեժ տարիներին, երբ մենք ինչպես կապիտալիզմի ու սոցիալիզմի Ռոմեոն ու Ջուլիետը, ճեղքեցինք բոլոր երկկողմանի արգելքներն ու շղթաները։
Կարծում եմ, որ ամեն դեպքում, այդ բանաստեղծությունները անպայման կկարդամ, ու ինչ իմանամ, թե էլ ինչ կարող եմ գրել վերջին պահին, բեմ դուրս գալուց առաջ։ Այդ պատճառով էլ, իմ համերգներից միշտ վախեցել են, ու վախենում են մեծ բյուրոկրատները, ու երբեք դրանց չեն եկել ու չեն գա։ Համենայն դեպս։ Առհասարակ, ես չեմ սիրում երկու կատեգորիա․ բյուրոկրատներին ու պճնամոլներին, ու նրանք ինձ փոխադարձությամբ են պատասխանում, չէ՞ որ պճնամոլությունը հենց բյուրոկրատիայի տարատեսակ է։ Իսկ այ Շոստակովիչը, Սախարովը, Լանդաուն, Կապիցան, Նեիզվեստնին, Շեմյակինը, Վիսոցկին, Պաբլո Ներուդան, Սալվադոր Ալիենդեն գալիս էին։
Բայց իմ ամենակարեւոր լսարանը, իհարկե, ամենեւին հանրահայտ մարդիկ չեն․ ուսանողներ, դպրոցականներ, աշխատավորներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Հենց նոր տեղի ունեցավ իմ գրեթե չորս ժամանոց, մարաթոնյան, համերգը, երկու հազար հանդիսականի համար, օկլահոմյան քաղաք Թալսաում։
― Մոսկովյան ելույթից հետո պատրաստվո՞ւմ եք ռուսաստանյան հեռավոր շրջաններ մեկնել։
― Իսկ մի՞թե հիմա գոյություն ունի «հեռավոր շրջան» հասկացություն, ինտերնետի դարո՞ւմ։ Ես իրոք շատ եմ ելույթ ունենալու Ռուսաստանում, դեկտեմբերին՝ ե՛ւ Եկատերինբուրգում, հենց այն կինոթատրոնում երկու հազար տեղանոց՝ «Կոսմոս», որտեղ վաղ ութսունականներին անձնական ռեկորդ եմ սահմանել, երեք մենահամերգ մեկ օրում, ե՛ւ Չելյաբինսկում, ե՛ւ Նիժնի Տագիլում, ե՛ւ Ռիբանսկում, դրանից հետո Նաբերեժնի Չելնիում, Նիժնեկամսկում, Կազանում։ Իսկ ավելի ուշ պատրաստվում եմ գնալ Բրյանսկ՝ առաջին ռուսական համալսարանը, որը ինձ արժանացրել է պատվավոր պրոֆեսորի թիկնոցին, տասնյակ արտասահմանյան համալսարաններից հետո։
Ձեզ չի՞ թվում, որ ե՛ւ երաժշտության, ե՛ւ գրականության, ե՛ւ քաղաքականության մեջ այսօր բարձունքում попса֊ն է։
― Միանգամայն ճիշտ եք։ Դրա դեմ պայքարել է պետք։ Միայն թե պետք չէ ամեն ինչի մեջ попса֊ն մեղավոր հանել։ Մենք՝ գրողներս, ինքներս ենք մեղավոր, որ հայտնվել ենք մարգինալ վիճակում։ Իմ կարծիքով, մեր խոսքի արժեքը, ներկա պահին այնքան աննշան է, որ նույնիսկ ԿԳԲ֊ն մեզնով չի զբաղվում, իսկ բյուրոկրատիան առավել եւս ։ Մեզնից՝ գրողներիցս, վաղուց արդեն ոչ ոք չի վախենում։ Լրագրողներից վախենում են ավելի շատ, քան մեզնից։ «Վասկան լսում է եւ ուտում» արտահայտությունից եկած «Վասկիզմ»֊ը ծաղկում է, մինչ մենք ինչ֊որ բան ենք վախվորած քրթմնջում։ Ժամանակը չէ արդյո՞ք մտածել, թե ինչո՞ւ այդպես պատահեց։
Դուք հիմա դասավանդում եք ամերիկյան համալսարանում ռուս պոեզիա ու ռուս կինո։ Որքանո՞վ է մեծ հետաքրքրությունը Ձեր դասախոսությունների նկատմամբ։
― Երբ դասախոսությունները բաց էին, դրանց գրվում էր հարյուրից ավելի մարդ։ Հիմա քանակական սահմանափակում են մտցրել իմ դեպքում՝ քառասուն մարդ։ Ամերիկյան համալսարաններում այսպիսի կարգ կա, եթե պրոֆեսորը չի հավաքում ութ ուսանող, ապա հարց է դրվում նրա հեռացման մասին, ու ոչ մի արհմիություն այդ դեպքում չի օգնի։ Կան առարկաներ, որոնց դասերին չպիտի շատ ուսանողներ լինեն։ Օրինակ լեզուն։ Եթե լեզվի դասախոսություններին չափազանց շատ ուսանող կա, ապա այն արժեզրկվում է։
Ինձ ասացին, որ ես ակամա խլում եմ ուսանողներին, այլ պրոֆեսորներից․ նրանք մղվում են իմ դասախոսություններին։ Այդ պատճառով, որոշվեց, որ իմ դասախոսությունների համար ուսանողների քանակը կսահմանափակվի քառասուն ուսանողով, բայց եւս տասը առավել ընդունակ ուսանողի կարող եմ ընդգրկել իմ հայեցողությամբ։
Ինչո՞ւ եք Դուք դասավանդում հենց Ամերիկայում, այլ ոչ Եվրոպայում։
― Որովհետեւ ես շատ բան եմ սովորել վաղ 60-ականների Ամերիկայից, որտեղ եռում էր կյանքը, պայքարը ռասիզմի դեմ, սպառազինության դեմ, բյուրոկրատիայի դեմ, որոնցում մասնակցություն ուներ ԱՄՆ֊ի ողջ առաջադեմ մտավորականությունը, այդ թվում եւ գրողները։ Ես տեսել եմ վիետնամական պատերազմի դեմ երկու միլիոնանոց ցույցը Նյու Յորքում, երբ նույն շարքերում կողք կողքի քայլում էին Արթուր Միլլերը, Բենջամին Սփոքը, Մարտին Լյութեր Քինգը եւ իրենց երգերն էին երգում, այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ Ջոան Բաեզն ու Բոբ Դիլանը։ Մինչեւ հիմա էլ կոկորդս սեղմվում է, երբ լսում եմ We shall overcome՝ «Մենք կհաղթենք, կգա օրը, երբ կհաղթենք․․․» մեծագույն երգը։ Ցավոք, այս երգը հիմա սկսում է մոռացվել նաեւ Ամերիկայում, բայց ես միշտ իմ ամերիկյան ուսանողներին հիշեցնում եմ այն։
Ես առաջին անգամ իմ սեփական աչքով տեսա, թե ինչ ուժ է ներկայացնում ընդվզումը։ Ես 1968 թվին՝ բրեժնեւյան տանկերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո, գրեցի «Միակ առաջընթացը առանց ցավոտ զոհերի անանհրաժեշտ ― բողոքն է, բողոք, բողոք ― զենքը անզենների»։ ( «Единственный прогресс без горьких жертв ненужных – протест, протест, протест – оружье безоружных»); Դա ե՛ւ Ամերիկայի մասին էր, ե՛ւ մեր։ Պատահական չէր, որ մեր գրաքննությունը, երկար ժամանակ չէր ցանկանում հրապարակել իմ «երկսայրի» պոեմը՝ «Ազատության արձանի կաշվի մեջ» («Под кожей статуей Свободы»), իսկ հետո նաեւ Յուրի Լյուբիմովի համանուն հրաշալի ներկայացումը Տագանկայում։ Եթե Կոնստանտին Սիմոնովը իր ներածական հոդվածով պոեմը պաշտպանության տակ չառներ, այն երբեք լույս չէր տեսնի։ Այս ժամանակից, ես դարձա «երկսայրի» պոետ ― ընդդեմ բյուրոկրատիայի ու կապիտալիզմի եւ սոցիալիզմի։ Այդ պատճառով էլ ինձ սիրեցին երիտասարդները ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ իրենց, ե՛ւ նույն ժամանակ չսիրեցին պճնամոլներն ու ժլատները։ Իմ՝ «Նամակ Եսենինին», «Պրահայով տանկերն են գնում» բանաստեղծությունները լույս տեսան մեր ինքնահրատում, իսկ ամերիկյան ուսանողուհի Ալիսոն Կրաուզի՝ գնդակահարված ուսանողական բողոքի ցույցը ցրելու ժամանակ, մահվանը նվիրված բանաստեղծությունը թռուցիկների միջոցով տարածվում էր ԱՄՆ֊ում։
Մեր թերթերում գրում էին ամերիկացիների հանցագործությունների մասին Վիետնամում, բայց շատ ավելի քիչ էին գրում այն մասին, թե ինչ պայքար է գնում հենց Ամերիկայում այդ պատերազմի դեմ։ Ըստ էության, ամերիկացիները դադարեցրին պատերազմը Վիետնամում, իրենց հսկայական բողոքի ցույցերի եւ պատերազմին հակազդելու շնորհիվ։
Իմ պոեզիայում բողոքական ոգին արտահայտվել է իմ արտասահմանյան այցելություններից առաջ։ 1955 թվին ես գրել եմ «Սահմանները ինձ խանգարում են։ Ինձ անհարմար է չիմանալ Բուենոս Այրեսը, Նյու Յորքը։ Ուզում եմ թրեւ գալ ինչքան պետք է Լոնդոնով, բոլորի հետ խոսել՝ թեկուզ կոտրվածով»։ Մեզ մոտ, դե տուրիզմ չկար․ ո՛չ մենք էինք իրենց մոտ գնում, ո՛չ իրենք մեզ մոտ։ Խորհրդային Միությունը փակ երկիր էր։
Չհաշված միայն, երեւի, 1957֊ի երիտասարդության փառատոնը։ Ես երջանիկ եմ, որ այն վաղ շրջանի բանաստեղծությունը իրականության եմ վերածել դառնալով ժողովրդական պատգամավոր, եւ բազում անգամներ ելույթ ունեցել մեր քաղաքացիներին նվաստացնող «ելքի հանձնաժողովների» դեմ, որոնք ստուգում էին քաղաքացիների չեզոքությունը, որոշելու՝ թույլ տալ նրանց արտասահման գնալ, թե ոչ։
Նրանում, որ մեր երիտասարդները հիմա նույնիսկ չգիտեն, թե ինչ բան է «ելքի հանձնաժողովը», կա նաեւ իմ լուման։ Նրանք արդեն վանդակի բալիկներ չեն։ Ամեն ինչ միայն իրենցից է կախված․ ով կլինեն՝ գազանացած մարդատյացներ, թե եղբայրության իմաստուն այգեպաններ։ Նրանք չեն ունենա այն բարդույթը, որ մնացած աշխարհը գողացված է իրենցից։ Նրանք կարող են այն ճանաչել, առանց իդեալականացնելու եւ առանց դիվականացնելու։ Նրանք պիտի հասկանան, թե ինչքան շատ էներգիա է պահանջվում եկող սերունդներից մեր Երկիր մոլորակը վերակառուցելու համար։ Ու եթե նրանք այդ էներգիան ներդնեն, ապա նրանց սրտերում տեղ չի լինի ձանձրույթին ― մեր երեխաներին ամենասարասափելի այլասերողներից մեկին։