Ձմեռվա իրիկունը

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ձմեռվա իրիկունը

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին
թարգմանիչ՝ Հովհաննես Թումանյան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:

Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
- Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:

Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի: