Մահաբեր նիզակը

Գրապահարան-ից
Մահաբեր նիզակը

հեղինակ՝ Լաո Շե
թարգմանիչ՝ Պավել Ճաղարյան (չինարենից)
աղբյուր՝ [[1]]

Տունը, ուր նախկինում գտնվում էր Շա Ցզիլունի պահնորդական դպրոցը, վաղուց արդեն սովորական իջևանատուն էր դարձել:
Արևելքը չէր կարողանում արթնանալ խորը քնից: Թնդանոթների պայթյունը խլացնում էր վագրերի մռնչյունը մալայական և հնդկական ջունգլիներում: Մարդիկ տրորում էին կիսաքուն աչքերը, աղոթում էին աստվածներին և նախնիներին. շուտով նրանք կկորցնեին իրենց հողերը, ազատությունը, անկախությունը: Այլ ռասայի մարդիկ կանգնել էին դռների մոտ և նրանց հրացանների փողերը դեռ ծխում էին: Մի՞թե հիմա կարող էին օգնել երկար նիզակները, խաչադեղերի թունավոր նետերն ու հաստ վահանները` վառ նախշազարդված ծաղիկներով և օձերով: Նույնիսկ աստվածները և նախնիները, ում նրանք հավատում էին, կորցրել էին ուժը: Վիշապադրոշ Չինաստանը դադարեց առասպել լինելուց. հայտնվեցին գնացքներ և դրանց գծերն ակոսեցին նախնիների գերեզմանները, տրորեցին տեղի սրբավայրերը: Վրձնիկներով վառերը, նարնջագույն և կարմիր դրոշները, կանաչ շնաձկան կաշվից պատյաններով թրերը, զրգնացող զանգակներով սանձերը, սրախոսությունը, ամենատարբեր թափառաշրջիկների կոպիտ հայհոյանքները, փառքն ու պատիվը, դրանց հետ միասին և Շա Ցզիլունը, իր վարպետությունը և դպրոցը վերացան քնի պես, երեկվա օրվա պես. այսօր գնացքներ էին, հրազեն, առևտուր, ահաբեկչություն…
Նույնիսկ ասում էին, որ գտնվել են մարդիկ, որոնք ուզում են կայսեր գլուխը կտրել: Դա ժամանակն էր, երբ պահնորդները կորցրին իրենց մի կտոր հացը, իսկ հեղափոխական կուսակցությունն իր լուսավորիչներով դեռ չէր սկսել ազգային մարտական արվեստի քարոզչությունը: Ո՞վ չգիտեր Շա Ցզիլունին` ոչ բարձրահասակ և նիհար, արագ, ամրակազմ և ցուրտ գիշերը փայլող աստղերի պես աչքերով: Հիմա Շան գիրացել էր: Նա զբաղեցնում էր երեք հյուսիսային սենյակները հետին բակում, նրա փառավոր նիզակը դրված էր անկյունում, իսկ բակում կառուցել էին աղավնատուն: Եվ միայն գիշերները, փակելով փոքրիկ բակի դռնակները, Շան կրկին փորձում էր իր փառահեղ «հինգ վագրերին խոցող» հարվածը: Այդ «խոցող նիզակն» իր «հինգ վագրերին խոցող» հարվածով քսան տարի ողջ Հյուսիս-արմուտքում պահեց հավասարը չունեցող «կախարդական նիզակի վարպետ Շա Ցզիլունի» համբավը: Այժմ նիզակն ու արվեստը չէին կարող մեծացնել նրա համբավը, և միայն շոյելով հարթ, կարծր, ամուր և դողացող նիզակը, նա փոքր ինչ մխիթարվում էր: Միայն գիշերները, ձեռքում բռնելով նիզակը, նա կարող էր հավատալ, որ «անզուգական Շա Ցզիլունը» հենց ինքն է: Ցերեկները նա այնքան էլ չէր սիրում խոսել մարտական արվեստի և անցած ժամանակների մասին. նրա աշխարհը սրբել-տարել էլ փոթորկուն քամին:
Երիտասարդները, որոնց նա մի ժամանակ սովորեցրել էր, երբեմն այցելում էին ուսուցչին: Նրանք իրենց նվաստացած էին զգում, քանզի ոչ մի տեղ էին կարողանում գործադրել իրենց վարպետությունը: Շատերը ելույթ էին ունենում տոնավաճառներում և վանական տոնախմբություններին, դոփում էին ոտքերով, շարելով իրենց պատկանելիքը, պտտացատկեր էին կատարում և դրա հետ միասին` մեծ ուժ պարգևող հաբեր էին վաճառում: Եվ այդ ամենը միայն մի քանի պղնձադրամ աշխատելու համար: Նրանցից մի քանիսը իսկապես չէին կարողանում անգործ նստել` մրգերի կողովներ էին հյուսում, բակլա էին տանում շուկա և առավոտ վաղ դուրս էին գալիս փողոց` բարձրաձայն հրավիրելով գնորդներին:
Այն ժամանակներում միսը և բրինձը էժան էին, և ամեն ոք, ով ցանկանում էր վաստակել իր մկանների ուժով, քաղցած չէր մնա: Բայց այս մարդիկ այդպիսին չէին: Պահանջմունքները համապատասխանում էին ախորժակներին` չոր հացիկները և պղպեղով բլիթները նրանց քիմքին հարմար գալիս: Եվ նրանք գերադասում էին ելույթ ունենալ տոնավաճառներում. իհարկե, պահնորդի աշխատանքի հետ համեմատ այս բոլոր հնարքները զուտ խաղեր էին, բայց, այնուամենայնիվ, թույլ էին տալիս ցուցադրել իրենց արվեստը:
Ելույթ ունենալը նվաստացուցիչ զբաղմունք էր. կարիք էր լինում համապատասխան կերպով հանգվել, թեկուզ կապույտ ատլասե անդրավարտիքներ, բարակ կտորից սպիտակ վերարկուներ, կոշիկներ` զարդարված ձկան կաշվով, կամ կապույտ ատլասե մաշիկներ` ասեղնագործված վագրի գլուխներով:
«Կախարդական նիզակով Շա Ցզիլունի» «աշակերտները»՝ Շան նրանց աշակերտներ չէր համարում, պիտի գնային ամեն տեղ, որպեսզի ցույց տային իրենց, մասնակցեին վանական տոնախմբություններին մեկ-երկու յուանի համար, և նույնիսկ կռիվների մեջ ներքաշվեին: Երբ փող չունեին, գալիս էին Շա Ցզիլունի մոտ: Ծեր Շան ժլատ չէր, նրանց չէր մերժում, դատարկաձեռն բաց չէր թողնում: Բայց երբ նրան խնդրում էին ինչ-որ հնարքներ սովորեցնել, լիներ դա կռիվների կամ ուղղակի ելույթների համար, ինքնապաշտպանության հնարքներ՝ դատարկ ձեռքերով դանակը խլելը կամ «վագրի գլուխ» հարվածը, ծեր Շան զրույցը կատակի էր վերածում, շտապում էր գնալ կամ ասում էր. «էլ ի՞նչ սովորել: Ավելի լավ է թեյ տաքացնենք», իսկ շատ անգամ ուղղակի դուրս էր հրավիրում իր աշակերտներին: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ծեր ուսուցչի հետ և դժգոհ հեռանում էին:
Բայց ամենուր նրանք բարձրաձայն փառաբանում էին Շա Ցզիլունին: Դա երկու նպատակ ուներ. առաջին` ցույց տալու համար, որ նրանք ստացել են իսկական ուսուցչից ինչ-որ իսկական բան և ոչ թե կեղծ, իսկ երկրորդը` ուղղակի ծերուկին զայրացնելու համար. հանկարծ ինչ-որ մեկը չի հավատա և կգնա փնտրելու հենց Շա Ցզիլունին: Մի՞թե և այդժամ նա չի ցուցադրի իր փառաբանված հնարքները: Այդ պատճառով էլ. «Ուսուցիչ Շան բռունցքի հարվածով ցլին կտապալի, ոտքի հարվածով մարդուն տան կտուր կթռցնի և այդ ամենը, ի նկատի ունեցեք, առանց հատուկ ջանքերի»: Իրենք նման բան, իհարկե, չէին տեսել, բայց, ինչքան հաճախ էին նրանք կրկնում այդ ամենը, այնքան շատ էին հավատում դրանց իսկությանը. կարող էին նույնիսկ նշել ժամկետը և վայրը, երդվել, որ այդ ամենը ճշմարտություն է, զուտ ճշմարտություն:
Հաղթական Վանը, Շա Ցզիլունի աշակերտը, մաքրեց տեղի տաճարի դիմացի հարթակը, դասավորեց իրեն պատկանելիք իրերը: Նա փռեց քթախոտի վերջին կտորները, որոնք իրենց գույնով հիշեցնում էին թեյի տերևիկներ, և թափահարեց մտրակը, ասես շարժելով հարթակը: Հետո դրեց մտրակը և առանց խոնարհվելու հանդիսատեսին, ասաց.
 - Երկնայինի ճանապարհներով քայլող քաջեր: Ձեր առջև մարտիկ է, ում բռունցքը հայտնի է ցանկացած ճանապարհային թափառաշրջիկի, - նա նորից աչքերը հառեց հանդիսատեսին, - Հայրենակիցներ: Հաղթական Վանը կրկեսային մարզիկ չէ, իսկ ինչի՞ է ընդունակ կրկեսային մարզիկը: Միայն մի քանի հնարքներ գիտի և վերջ: Ես պահնորդ էի Հյուսիս-արևմուտքի ճանապարհներին: Հանդիպել եմ կանաչ անտառների քաջերին: Հիմա ազատ, անգործ նստած եմ և ձեզ զվարճացնելու համար ելույթ եմ ունենում: Ով ուզում է փորձել, ցանկացած մեկը, թող դուրս գա: Հաղթական Վանը նրան կդիմավորի զենքով, բայց որպես ընկերոջ: Ո՞վ է ուզում ինձ արժանացնել նման պատվի: «Կախարդական նիզակով Շա Ցզիլունը» իմ ուսուցիչն է և իմ արվեստն իսկական է: Այսպիսով, պարոնայք, կա՞ն ցանկացողներ, - նա նայեց բոլորին, նախապես իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի առաջ գալ: Ինչքան էլ համոզիչ լինեին նրա խոսքերը, տասնութ ցզին կշռող երկաթե ծայրակալով մտրակն ավելի համոզիչ էր:
Հաղթական Վանը` մսեղ դեմքով հսկան, մեծ, սև, փայլուն աչքերով նայեց հավածվածներին: Խորը լռություն էր տիրում: Նա հանեց վերարկուն, գոտին ձգեց, ներս գցեց որովայնը, թքեց ձեռքերին, վերցրեց սուրը և ասաց.
- Պարոնա՜յք, Հաղթական Վանը կմարզվի, իսկ դուք դիտեք: Երբ ես կավարտեմ, ով կարող է, թող մի քանի պղնձադրամ նետի ինձ: Ով փող չունի, թող ուղղակի գովի ինձ, դա ինձ ուժ կտա: Ես չարչի չեմ: Դե ինչ, նայեք:
Մեծ սուրը մոտեցավ մարմնին, բիբերը նեղացան, դեմքը լարվեց, կուրծքն ուղղվեց: Նա կանգնել էր, ինչպես հողում արմատներ թողած ծեր սոճին: Ցատկ. սուրը կրծքի մոտ է, կարմիր վրձնիկները դողում են: Սուրը ճեղքում է օդը, Վանը կքանստում է, ծնկներից ծալելով ոտքերը և ուժեղ պտույտ է կատարում, ձեռքերը կիսաշրջան են գծում: Հանկարծ սուրը հայտնվում է աջ ձեռքում, այն պտտվում է, Վանի մարմինը թեթևակի հետ է ընկնում, իսկ շուրջը ոչ մի ձայն, նույնիսկ թռչնի ծլվլոց չկա, միայն թույլ զրնգում է զանգակը: Բայց ահա սուրը քարանում է ձեռքում, ոտքերն արագ դոփում են հողին, մարմինն ուղղվում է և Վանը, սև աշտարակի նման, ամբոխից մի գլուխ բարձր է դառնում: Ակնթարթ և նա ընդունում է սովորական դիրք:
- Պարոնա՜յք, - մի ձեռքը սեղմում է սուրը, իսկ մյուսը կանթած է կողին, նա հայացքով հետևում է շրջապատողներին: Թափվում են պղնձադրամները, նա խոնարհում է գլուխը: - Պարոնայք, - կրկին ասում է նա և սպասում, սակայն պղնձադրամները չեն ավելանում: Մարդիկ հեռանում են: Նա հոգոց է հանում.
- Ոչ ոք չի հասկանա, - մրմնջում են նրա շուրթերը, սակայն դա բոլորն են լսում:
- Ես եմ ցանկանում, - ասում է դեղին մորուքով մի ծերուկ:
- Ի՞նչ, - Հաղթական Վանը ձևացնում է, թե չի լսել:
- Ես ասում եմ, որ ցանկանում եմ ուժերով չափվել, - տհաճությամբ ընդծելով ամեն մի բառը, կրկնում է ծերուկը:
Մի կողմ դնելով սուրը, Հաղթական Վանը նայում է ծերուկին, ինչպես և մնացած բոլորը: Ծերուկն անդուր տեսք ունի. փոքրիկ սուր կզակ, կոպիտ կապույտ խալաթ, հոգնած դեմք, խորը ընկած աչքեր: Ուսերին հյուսերն են, բարակ, ինչպես ուտելու փայտիկները, բայց ոչ այդքան ուղիղ:
Տեսնելով, որ ծերուկը պատրաստ է իր հետ մարտնչելու, Վանը կենդանացավ, փայլեցին աչքերը: Ծերուկի խորն ընկած աչքերը, սև, ինչպես ջրհորի հատակ, փայլում էին կրակների պես: Հաղթական Վանը չվախեցավ, նա նայում էր, չի ցանկանում արդյոք ուրիշ մեկը մասնակցություն ունենալ: Նա հավատում էր իր վարպետությանը, չէ որ նա զգում էր իրեն ինչպես Շա Ցզիլունի հրամանատարությամբ գործող զորավարը:
- Դե ինչ, եկեք մարտնչենք, պատվելի քեռի, - ասաց Վանը սեփական արժանապատվության զգացումով լի:
Գլխով անելով` ծերուկը շրջան մտավ: Ծիծաղ լսվեց: Ծերուկը հազիվ էր շարժում ձեռքերը, աջ ոտքը քարշ էր տալիս: Թվում էր, նա ծանր հիվանդություն է տարել: Հայտնվելով հարթակի վրա, ծերուկը գցեց խալաթը, ուշադրություն չդարձնելով հանդիսանականների ծաղին:
- Ասում ես «կախարդական նիզակի վարպետ Շա Ցզիլունի» աշակերտն ե՞ս: Հիանալի է: Դու վերցրու նիզակը, իսկ ես ի՞նչ վերցնեմ, - ծերուկը գրգռված էր, և շտապում էր, ասես վաղուց էր մարտնչելու առիթ փնտրում:
Հանդիսականները նորից սկսեցին հավաքվել: Ոչ հեռվում արջի հետ կանգնած վարժեցնողը ոչ մեկի այլևս չէին հետաքրքրում, չնայած կոչնակի հրավիրող զարկերին:
- Նիզակից եռաժանիով կպաշտպանվե՞ս, - հարցրեց Վանը՝ ցանկանալով բացահայտել ծերուկին: Վանը գիտեր, որ եռաժանիով գործելու համար հմտություններ են պետք:
Ծերուկը լուռ համաձայնվեց և բարձրացրեց եռաժանին: Հաղթական Վանը կկոցեց աչքերը և նիզակը ճոճեց օդում: Նրա տեսքը սարսափելի էր:
Ծերուկի աչքերը ավելի փոքրացան, ավելի սևացան, որպես կնդրուկի ձողիկի երկու ծխացող ծայրեր: Շարժվելով մի կողմից մյուսը, դրանք առանց կտրվելու հետևում էին նիզակի սայրին: Վանը անսովոր զգացում ունեցավ. սև փայլող աչքերը, մագնիսի նման քաշում էին նիզակի սայրը: Շուրջն այնպիսի ամբոխ էր հավաքվել, որ քամին և անձրևը չէին կարող թափանցել: Բոլորը հասկացան, որ ծերուկը նորեկ չէ: Սև աչքերի թափանցող հայացքից ինչ որ կերպ թաքնվելու համար Վանը թափահարեց նիզակը և դրա վրայի վրձնիկները խաղացին: Ծերուկի մորուքը առաջ նետվեց:
- Խնդրեմ, սկսիր:
Նիզակը ձեռքին Վանն առաջ քայլեց, ուղղեց այն ծերուկի կոկորդին և նետեց: Վրձնիկները պտտվեցին կարմիր մրրիկով: Ծերուկի մարմինը հարկարծ ասես կենդանացավ, նա թեթևակի կռացավ և ճարպկորեն խուսափելով հարվածից, նետվեց առաջ և ինքը հարվածեց Վանի ձեռքին: Այ քեզ բան: Հաղթական Վանի նիզակն ընկած էր գետնին: Ամբոխը խրախուսանքով գվվաց: Հաղթական Վանը կարմրեց մինչև մազերի արմատները, , նորից վերցրեց նիզակը և այն ուղղեց ծերուկի կրծքին: Կրկին փայլատակեցին աչքերի սև ածուխները: Ծերուկը կքանստեց ոտքի վրա և հրվելով` առաջ ցատկեց, մինչ Վանը կշարժեր նիզակը: Հարված: Նիզակը նորից հայտնվեց գետնին:
Ամբոխն աշխուժացավ, իսկ Վանից կարկտի պես թափվում էր քրտինքը, նա այլևս չկռացավ նիզակը վերցնելու համար: Ծերուկը զգուշությամբ դրեց եռաժանին, հագավ խալաթը և քարշ տալով ոտքը` մոտեցավ Վանին:
- Դեռ էլի պիտի ուսումնասիրես, բարեկամ:
- Մի հեռացեք, - ասաց Վանը` մաքրելով քրտինքի կաթիլները դեմքից, - Վանը հաղթված է, բայց մի հեռացեք: Հանդիպեք ուսուցիչ Շային:
- Դրա համար էլ ես եկել եմ, - ծերուկի կզակը կնճռոտվեց, ասես ծաղրելով, - Գնանք, հավաքիր իրերդ, ընթրիքի համար կվճարեմ ես:
Հաղթական Վանը դասավորեց իր իրերը Չեչոտ մականունով աճպարարի մոտ և քայլեց ծերուկի կողքից: Նրանց հետևից շարժվում էր ամբոխը: Վանը քշեց հետաքրքրասերներին:
- Ձեր անո՞ւնը, պատվելի, - հարցրեց նա:
- Սուն, - չոր պատասխանեց ծերուկը, - սիրում եմ ուսումնասիրել մարտական արվեստը, վաղուց եմ ցանկանում հանդիպել Շա Ցզիլունի հետ:
«Շա Ցզիլունը քո հարցերը կլուծի», - մտածեց Վանը: Նա արագացրեց քայլերը, սակայն ծերուկից առաջ չանցավ: Ծերուկն ամեն քայլափոխին ձեռքն առաջ էր գցում, և ոտքերը շարժվում էին ձեռքերի տակտին համաչափ:
- Որտեղի՞ց է պատվելի Սունը, - հետաքրքրվեց Վանը:
- Հեցզյանից: Աննշան վայր է, - ծերուկի ձայնը թեթևակիորեն ջերմացավ, - Սրի և նիզակի համար հեշտ չէ ժամանակ գտնել: Իսկ քո մոտ վատ չէր ստացվում, - գովեց նա Վանին:
Նրա ճակատին կրկին քրտինք հայտնվեց, սակայն նա լռեց: Մոտեցան Շա Ցզիլունի իջևանատանը: Վանի սիրտը ուժգին բաբախում էր. նա վախենում էր, որ ուսուցիչ Շան տանը չի լինի: Վանը գիտեր, որ ծեր ուսուցիչը չի սիրում զբաղվել նման գործերով, նրա աշակերտները մի անգամ չէ, որ հիմար դրության մեջ էին ընկել: Բայց Վանը համոզված էր, որ իրեն ուսուցիչը չի մերժի, չէ որ ինքը նրա ավագ աշակերտն է… Բացի դա, մարդիկ, որոնք ներկա էին տոնախմբությանը, լուրը կտարածեն ամենուր, իսկ դա անպատվություն էր և նրա` Շա Ցզիլունի համար:
Շան նստած էր սեղանի մոտ և կարդում էր:
- Ինչ-որ բա՞ն է պատահել, - հարցրեց նա:
Վանը կարմրեց, նրա շուրթերը շարժվեցին, սակայն բառերը սառան լեզվի վրա: Շա Ցզիլունը վեր կացավ սեղնի մոտից:
- Դե, ի՞նչ է պատահել, Հաղթական:
- Ես հաղթված եմ:
Շան քմծիծաղեց և ոչինչ չասեց: Հաղթական Վանը նյարդայնանում էր, բայց աշխատեց զսպել իրեն: Նա ցանկանում էր դրդել ուսուցչին:
- Սուն անունով ծերուկը Ձեզ է սպասում դռների հետևում: Նա… Իմ նիզակը… Երկու անգամ ցած գցեց ձեռքիցս:
Վանը գիտեր, որ «նիզակ» բառը շատ բան է նշանակում ծեր ուսուցչի համար: Չսպասելով արձագանքի՝ Հաղթականը դուրս նետվեց սենյակից:
Հյուրը մտավ: Շա Ցզիլունը սպասում էր նրան առաջին սենյակում: Նրանք ողջունեցին միմյանց և ձեռքերը ծալելով` նստեցին: Շան խնդրեց Վանին թեյ պատրաստել: Վանը սպասում էր, որ ծերուկները կչափվեն ուժերով, հեռանալ չէր ուզում, սակայն ստիպված էր: Ծեր Սունը լուռ հետևում էր Շա Ցզիլունին` չիջեցնելով համառ աչքերը: Նա շատ քաղաքավարի էր:
- Եթե Հաղթականը Ձեզ հետ պատշաճ կերպով չի վարվել, ներեք նրան: Նա դեռ երիտասարդ է:
Սունը մի փոքր հիասթափվեց, բայց հասկացավ, որ իր առաջ խելամիտ մարդ է:
- Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու, - ասաց Սունը:
Շա Ցզիլունը չընդունեց մարտահրավերը: Մտավ թեյնիկով Վանը: Նա շտապում էր տեսնել, թե ինչպես են մարտնչելու ծերուկները, այդ պատճառով էլ բերեց չեռացրած ջուրը և դրանք լցրեց գավաթների մեջ:
- Հաղթական, - ասաց Շան, բարձրացնելով բաժակը, - գտիր Սյաոշունին և Տյանհուեյին, մենք պատվական Սունի հետ ընթրելու ենք:
- Ի՞նչ, ի՞նչ, - ընկած ձայնով հարցրեց Վանը, - ահա թե ինչպես:
Նա կատաղած էր, սակայն չկարողացավ արտահայտել դա:
- Դժվա՞ր է աշակերտների հետ, - հարցրեց Սունը:
- Ես աշակերտներ չունեմ: Թեյնիկի ջուր չի եռացել: Գնանք թեյարան: Կընթրենք, թեյ կխմենք:
Շա Ցզիլունը թավշե քսակի մեջ դրեց քթախոտը, փողերը և գոտու մեջ դրեց:
- Ոչ, ես քաղցած չեմ, - վճռականորեն հայտարարեց Սունը:
- Այդ դեպքում մի քիչ կզրուցենք:
- Ես եկել եմ Ձեր արվեստը սովորելու:
- Դուք ուշացել եք, - Շան ցույց տվեց իր որովայնը, - ես գիրացել եմ:
- Հետո ի՞նչ: Սովորեցրեք ինձ Ձեր «հինգ վագրերին խոցող» հարվածը:
- Իմ հարվա՞ծը, - քմծիծաղեց Շան, - մոռացել եմ: Լրիվ մոռացել եմ: Ասում եմ ձեզ, մի քանի օր ապրեք ինձ մոտ, մենք կզբոսնենք, իսկ հետո ես Ձեզ փող կտամ հետ գնալու համար:
- Ինչի՞ս է պետք զբոսնելը: Ես փողի կարիք չունեմ: Ես եկել եմ Ձեր արվեստը սովորելու, - Սունը կանգնեց, - Նայեք, ես ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ, իսկ Դուք կասեք, թե ես բավարա՞ր եմ տիրապետում վարպետությանը:
Չսպասելով պատասխանի, նա այնքան թափով դուրս վազեց բակ, որ վախեցրեց աղավնիներին: Գցելով խալաթը, ծերուկը աշխատեց ձեռքերով, նրա ոտքերը շարժուն դարձան, իսկ ձեռքերը`կայծակնային: Հյուսերը պտտվում էին օդում, ինչպես երկնքից իջած օդապարուկներ: Արագ հարվածները թափվում էին բոլոր կողմերից զարմանալի ճշգրտությամբ: Նա շարժվում էր շրջանով, մոտենում էր և հեռանում: Բայց ահա բռունցքները քարացան, ծերուկը կանգ առավ: Այդպես են հանկարծ վախեցած թռչունները բույն վերադառնում:
- Հիանալի է: Հիանալի է, - ասաց Շա Ցզիլունը:
- Կսովորեցնե՞ք ինձ Ձեր հարվածը:
Շա Ցզիլունը իջավ աստիճաններից:
- Պատվական Սուն, ճշմարտությունն եմ ասում Ձեզ, իմ նիզակը և իմ արվեստը ինձ հետ դագաղում կհայտնվեն:
- Չե՞ք սովորեցնի:
- Չեմ սովորեցնի:
Սունի մորուքը շարժվեց, բայց նա ոչ մի խոսք չասաց, հետո վազեց սենյակ և սկսեց իրերը հավաքել:
- Դե ինչ, հաջողութուն:
- Ընթրեք ինձ հետ, հետո կգնաք:
Սունը լռեց:
Շա Ցզիլունը ուղեկցեց հյուրին մինչև դռները, վերադարձավ սենյակ և խոնարհեց գլուխը անկյունում դրված նիզակին: Հետո գնաց դեպի թեյարանը, ուր նրան սպասում էր Հաղթական Վանը:
Դրանից հետո Վանը եույթ չէր ունենում վանական տոնախմբությունների ժամանակ և տոնավաճառներին, և ոչ ոք այլև չէր փառաբանում Շա Ցզիլունին: Ընդհակառակը, բոլորն ասում էին, որ Շա Ցզիլունը վախեցավ և չհամարձակվեց չափվել ծերուկի հետ, իսկ այդ ծերուկը… Օ~… Նա կարող է բռունցքի հարվածով ցլին գետին տապալել: Նրան պարտվեց ոչ միայն Հաղթական Վանը, ինքը Շա Ցզիլունն էլ չկարողացավ նրան դիմակայել:
Այդ ընթացքում Վանը մի անգամ չէ, որ այցելել էր ծեր Սունին, իսկ Շա Ցզիլունը լռում էր, ասես դա իրեն չի վերաբերում: Եվ «կախարդական նիզակի վարպետ Շա Ցզիլունը» հետզհետե մոռացվեց բոլորի կողմից:
Գիշերները, երբ բոլորը ցրվում են, Շան փակում է դուռը և սկսում է տնտղել իր նիզակները, հետո, խոնարհված դրանց վրա, մտածմունքներով լի նայում է աստղազարդ երկնքին: Նա հիշում է նախկին փառքը… Հոգոց է հանում, քնքշանքով լի ձեռքով շոյում է իր նիզակները, դրանց սառը կոթերը և քմծիծաղով ասում.
- Չեմ սովորեցնի: Չեմ սովորեցնի: