«Մատանիների Տիրակալը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ չորորդ․ Գոնդորի պաշարումը)
(Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը)
 
(10 intermediate revisions by the same user not shown)
Տող 11 401. Տող 11 401.
 
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
 
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
  
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
+
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փիփինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փիփինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
  
— Ըհը,— ասաց Մերին,—  ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
+
— Ըհը,— ասաց Մերին,—  ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փիփին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
  
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
+
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փիփինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
  
 
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
 
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
Տող 11 413. Տող 11 413.
 
— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:
 
— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:
  
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
+
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փիփինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
  
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
+
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փիփինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
  
Գրեթե առանց շնչելու, Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:  
+
Գրեթե առանց շնչելու, Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փիփինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:  
  
 
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
 
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Տող 14 339. Տող 14 339.
 
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։  Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով  շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում  և կտրուկ թեքվում  արևմուտք, և պատն էլ այնտեղ  ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին  հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։  
 
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։  Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով  շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում  և կտրուկ թեքվում  արևմուտք, և պատն էլ այնտեղ  ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին  հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։  
  
Գահանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով,  տնտեսությունների բակերում ամբարներ կային,  գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր,  և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․  գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում  և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։  Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին  լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում,  ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրակապույտ՝ ինչպես ծովը, աչքերով։
+
Արքայանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով,  տնտեսությունների բակերում ամբարներ կային,  գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր,  և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․  գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում  և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։  Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին  լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում,  ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրակապույտ՝ ինչպես ծովը, աչքերով։
  
 
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝  այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։  
 
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝  այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։  
Տող 14 416. Տող 14 416.
 
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
 
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
  
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում  էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոկին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։  Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
+
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում  էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոքին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։  Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
  
 
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։  
 
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։  
Տող 14 704. Տող 14 704.
 
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
 
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
  
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գալենի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
+
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գելինի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
  
 
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
 
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
Տող 14 714. Տող 14 714.
 
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
 
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
  
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
+
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան Քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
  
 
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
 
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
  
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
+
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ Միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
  
 
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։  
 
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։  
Տող 14 848. Տող 14 848.
 
— Այստեղի զինանոցը հարուստ չէ, տիրակա՛լ,— պատասխանեց Էոմերը։ — Թեթև սաղավարտ գուցե և գտնենք, բայց նրա հասակին հարմար օղազրահ կամ թուր դժվար թե գտնվի։
 
— Այստեղի զինանոցը հարուստ չէ, տիրակա՛լ,— պատասխանեց Էոմերը։ — Թեթև սաղավարտ գուցե և գտնենք, բայց նրա հասակին հարմար օղազրահ կամ թուր դժվար թե գտնվի։
  
— Ես թուր ունեմ,— ասաց Մերին՝ տեղից վեր կենալով ու սև պատյանից հանելով իր պայծառ շեղբը։ Եվ հանկարծ, այդ ծերունու հանդեպ սիրով լցված, նա մի ոտքի վրա ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը և համբուրեց։ — Կարո՞ղ եմ արդյոք ծնկներիդ դնել Հոբիթստանցի Մերիադոկի թուրը, թագավո՛ր Թեոդեն,— բացականչեց նա։ — Ընդունի՛ր իմ ծառայությունը, եթե կցանկանաս։  
+
— Ես թուր ունեմ,— ասաց Մերին՝ տեղից վեր կենալով ու սև պատյանից հանելով իր պայծառ շեղբը։ Եվ հանկարծ, այդ ծերունու հանդեպ սիրով լցված, նա մի ոտքի վրա ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը և համբուրեց։ — Կարո՞ղ եմ արդյոք ծնկներիդ դնել Հոբիթստանցի Մերիադոքի թուրը, թագավո՛ր Թեոդեն,— բացականչեց նա։ — Ընդունի՛ր իմ ծառայությունը, եթե կցանկանաս։  
  
 
— Ուրախությամբ կընդունեմ,— ասաց թագավորը և, իր երկար, ծերացած ձեռքերը դնելով հոբիթի շագանակահեր գլխին, օրհնեց նրան։ — Իսկ հիմա վեր կա՛ց, Մերիադո՛կ, Ռոհանի զինակիր և Մեդուսելդի պաշտպան։ Վերցրու թուրդ, և թո՛ղ որ այն քեզ հաջողությամբ ծառայի։  
 
— Ուրախությամբ կընդունեմ,— ասաց թագավորը և, իր երկար, ծերացած ձեռքերը դնելով հոբիթի շագանակահեր գլխին, օրհնեց նրան։ — Իսկ հիմա վեր կա՛ց, Մերիադո՛կ, Ռոհանի զինակիր և Մեդուսելդի պաշտպան։ Վերցրու թուրդ, և թո՛ղ որ այն քեզ հաջողությամբ ծառայի։  
Տող 15 227. Տող 15 227.
 
Վրանի խորքում վարագույրներով առանձնացված տարածք կար՝ հատակը մորթիներով ծածկված։ Այնտեղ, փոքրիկ սեղանի շուրջ նստած էին Թեոդենն ու Էոմերը, ինչպես նաև Էովինն ու Հարոուդեյլի տերը՝ Դունհիրը։ Մերին կանգնեց թագավորի աթոռի մոտ ու սպասում էր՝ մինչև որ վերջինս, դուրս գալով խորը մտքերից, դիմեց նրան ու ժպտաց։
 
Վրանի խորքում վարագույրներով առանձնացված տարածք կար՝ հատակը մորթիներով ծածկված։ Այնտեղ, փոքրիկ սեղանի շուրջ նստած էին Թեոդենն ու Էոմերը, ինչպես նաև Էովինն ու Հարոուդեյլի տերը՝ Դունհիրը։ Մերին կանգնեց թագավորի աթոռի մոտ ու սպասում էր՝ մինչև որ վերջինս, դուրս գալով խորը մտքերից, դիմեց նրան ու ժպտաց։
  
— Արի, պատվարժան Մերիադոկ,— ասաց նա,— դու չպետք է կանգնած մնաս։ Քանի դեռ մենք իմ տիրույթներում ենք, դու պետք է նստես իմ կողքին և սիրտս ուրախացնես քո պատմություններով։  
+
— Արի, պատվարժան Մերիադոք,— ասաց նա,— դու չպետք է կանգնած մնաս։ Քանի դեռ մենք իմ տիրույթներում ենք, դու պետք է նստես իմ կողքին և սիրտս ուրախացնես քո պատմություններով։  
  
 
Հոբիթին տեղավորեցին թագավորի ձախ կողքին նրա համար առանձնացված տեղում, բայց պամությունների տրամադրություն չկար։ Խոսում էին քիչ, հիմնականում ուտում խմում էին լռության մեջ, մինչև Մերին, քաջություն հավաքելով, տվեց իրեն տանջող հարցը։
 
Հոբիթին տեղավորեցին թագավորի ձախ կողքին նրա համար առանձնացված տեղում, բայց պամությունների տրամադրություն չկար։ Խոսում էին քիչ, հիմնականում ուտում խմում էին լռության մեջ, մինչև Մերին, քաջություն հավաքելով, տվեց իրեն տանջող հարցը։
Տող 15 291. Տող 15 291.
 
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
 
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
  
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան Մերիադոկ, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրաստ եղիր իմ կանչին։
+
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան Մերիադոք, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրաստ եղիր իմ կանչին։
  
 
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
 
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
Տող 15 332. Տող 15 332.
 
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
 
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
  
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան Մերիադոկ,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
+
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան Մերիադոք,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
  
 
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
 
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
Տող 15 346. Տող 15 346.
 
Էովինը ոտքի կանգնեց։
 
Էովինը ոտքի կանգնեց։
  
Իսկ հիմա արի գնանք, Մերիադոկ,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։  
+
Իսկ հիմա արի գնանք, Մերիադոք,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։  
  
 
Նրանք դուրս եկան։
 
Նրանք դուրս եկան։
Տող 15 395. Տող 15 395.
 
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
 
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
  
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան Մերիադոկ, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
+
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան Մերիադոք, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
  
 
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
 
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
Տող 15 417. Տող 15 417.
 
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ — Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
 
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ — Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
  
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ Մերիադոկը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
+
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ Մերիադոքը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
  
 
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ, մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուցվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնամիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
 
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ, մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուցվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնամիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
Տող 15 894. Տող 15 894.
 
====Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը====
 
====Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը====
  
Մութ էր։ Մերին, վերմակի մեջ փաթաթված, պառկած էր գետնին, և զարմանում էր, թե ինչպես են խավարի մեջ թաքնված ծառերը սոսափում անքամի ու հեղձուկ օդում։
+
Մութ էր։ Մերին, վերմակի մեջ փաթաթված, պառկած էր գետնին, և զարմանում էր, թե այդ ինչպես են խավարի մեջ թաքնված ծառերը սոսափում անքամի ու հեղձուկ օդում։ Նա բարձրացրեց գլուխը՝ և կրկին լսեց այդ տարօրինակ ձայնը, որը նման էր լեռնալանջերին ու անտառապատ բլուրներում տարածվող հեռավոր թմբուկների հարվածների։ Դրանց բաբախյունը հանկարծակի կտրվում էր, իսկ հետո նորից սկսվում ինչ-որ այլ տեղում, մեկ մոտիկ, մեկ հեռու։ Հետաքրքիր է, ժամապահները լսու՞մ են այն։
 +
 
 +
Նա չէր կարող տեսնել, բայց գիտեր, որ իրեն շրջապատում են Ռոհիրիմների ջոկատները։ Նա զգում էր ձիերի հոտը խավարում և լսում, թե ինչպես են նրանք փոխում ոտքերը՝ սմբակներով թեթև հարվածելով փշատերև գորգով ծածկված հողին։ Թեոդենի զորքը ճամբար էր խփել Էյլենախի՝ փարոսային լեռան մոտակայքի սոճու անտառում․ լեռը վեր էր խոյանում Դրուադան կոչվող անտառի երկար ալիքների միջից, որտեղով անցնում էր Արևելյան Անորիենի գլխավոր ուղին։
 +
 
 +
Թեև Մերին շատ հոգնած էր, սակայն չէր կարողանում քնել։ Նա ընթանում էր արդեն չորս օր շարունակ, և անդադար խտացող խավարը ճնշում էր նրա սիրտը։ Նա սկսել էր զարմանալ, թե ինչու էր իրեն այդպես կոտորելով ցանկանում գնալ, երբ ոչ միայն կարելի էր մնալ, այլև այդպես էր հրամայված։ Հետաքրքիր է, ծեր թագավորը գիտի՞ իր անհնազանդության մասին, և եթե գիտի՝ շա՞տ է արդյոք բարկացած։ Բայց, երևի, հազիվ թե։ Երևում է Դեռնհելմի և Էլֆհելմի միջև՝ էորեդի հրամանատարի, որի շարքերում իրենք ընթանում էին, ինչ-որ համաձայնություն կար։ Նա և նրա բոլոր մարդիկ անտեսում էին Մերիին և ձևացնում, թե չեն լսում, երբ նա խոսում էր։ Նա կարծես ևս մեկ պարկ լիներ, որ կրում էր Դեռհելմը։ Իսկ Դեռնհելմը խորասուզվել էր ինքն իր մեջ և ամբողջ ժամանակ ոչ ոքի հետ չէր խոսում։ Մերին իրեն պստլիկ, լքված ու միայնակ էր զգում։ Իսկ ժամանակն անհանգիստ էր, օդում զգացվում էր վտանգը՝ ճանապարհը վտանգավոր էր դառնում։ Մինաս Թիրիթի քաղաքային հողերը շրջապատող արտաքին պարսպին հասնելուն մեկ օրվա ճանապարհ էր մնում։ Հետախույզներ էին առաջ ուղարկվել։ Մի քանիսը չէին վերադարձել։ Մյուսները, շտապ վերադառնալով, հայտնում էին, որ առջևում ճանապարհը փակել են։ Թշնամու զորքը ճամբար էր խփել Ամոն Դինից երեք մղոն արևմուտք, և որոշ ջոկատներ արդեն գալիս էին ճանապարհով․ գտնվում էին զորքից երեք լիգից էլ պակաս հեռավորության վրա։ Իսկ օրքերը թափառում են ճանապարհի մերձակա անտառներում ու բլուրներում։ Թագավորն ու Էոմերը գիշերային խոհրդակցություն էին վարում։
 +
 
 +
Մերին ուզում էր ինչ-որ մեկի հետ խոսել, և հիշեց Փիփինի մասին, բայց դա միայն ավելացրեց նրա անհանգստությունը։ Խեղճ Փիփին, մեն-մենակ պաշարված քարե մեծ քաղաքում փակված։ Մերին կցանկանար բարձրահասակ հեծյալ լիներ, ինչպես Էոմերը, որ կարողանար փչել եղջերափողը կամ նման մի բան ու քառատրոփ սլանար նրան օգնության։ Նա նստեց՝ ականջ դնելով թմբուկներին, որոնք կրկին հարվածում էին, բայց արդեն մոտիկ։ Շուտով ցածր ձայներ լսեց և տեսավ ծառերի մեջ շարժվող լապտերների կիսածածկված լույսը։ Մոտակայքում մարդիկ սկսեցին անորոշ շարժվել խավարի մեջ։
 +
 
 +
Բարձրահասակ մեկի ուրվագիծը կախվեց հոբիթի գլխին ու սայթաաքեց նրա վրայով՝ անիծելով ծառերի արմատները։ Մերին ճանաչեց Էլֆհելմի ձայնը։
 +
 
 +
— Ես ծառի արմատ չեմ, պարոն, և ոչ էլ ուղեպարկ,— ասաց նա։ — Այլ ընդամենը կապտուկներով ծածկված հոբիթ։ Նվազագույնը որ կարող ես անել փոխհատուցելու համար, ասելն է ինձ, թե ինչ է կատարվում։
 +
 
 +
— Ի՞նչ կարող է կատարվել այս անիծյալ խավարում,— փնթփնթաաց Էլֆհելմը։ — Տիրակալը կարգադրել է պատրաստ լինել․ շարժվելու հրամանը կարող է հնչել րոպե առ րոպե։
 +
 
 +
— Ուրեմն, թշնամին գալի՞ս է,— անհանգստացած հարցրեց Մերին։ — Էս նրա՞նց թմբուկներն են։ Ես էլ արդեն մտածում էի, թե ականջիս է թվում, բացի ինձանից ոչ ոք դրանց ուշադրություն չէր դարձնում։
 +
 
 +
— Ոչ, ոչ,— ասաց Էլֆհելմը,— թշնամին ճանապարհով է գալիս, ոչ թե բլուրներով։ Դու լսում ես Վոսերին, անտառային վայրի մարդկանց՝ այդպես են նրան հաղորդակցվում հեռավորության վրա։ Ասում են, նրանք դեռևս ապրում են Դրուադան անտառում։ նրանք ժամանակին այդտեղ բնակվող հինավուրց ցեղի մնացորդներն են, սակավաթիվ են, ապրում են թաքնված, վայրի են և զգույշ, ինչպես գազանները։ Նրանք չեն խառնվում Գոնդորի կամ Ռոհանի պատերազմներին, բայց հիմա անհանգստացած են այս խավարով և օրքերի գալուստով․ վախենում են, որ Սև Տարիները կվերադառնան, ինչը արդեն բավական հավանական է թվում։ Շնորհակալ լինենք, որ մեզ չեն որսում․ ասում են, նրանք թունավորված նետեր են օգտագործում, և անտառում այդ գործում նրանց հետ համեմատվելն անիմաստ է։ Նրանք իրենց ծառայությունն են առաջարկել Թեոդենին, և հիմա նրանց առաջնորդներից մեկին ուղեկցում են թագավորի մոտ։ Ահա, նայիր, լապտերները տեսնու՞մ ես։ Այդքանը․ ավելին չգիտեմ։ Իսկ հիմա ես պետք է զբաղվեմ տիրակալի հրամանով։ Պատրաստվիր, պատվարժան ուղեպարկ։
 +
 
 +
Եվ նա անհետացավ խավարում։ Մերիին դուր չեկան վայրի մարդկանց և նրանց թունավոր նետերի մասին խոսակցությունները, նա առանց այդ էլ մահու չափ վախեցած էր։ Սպասումն անտանելի էր։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու, ուստի վեր կացավ և զգուշորեն գնաց վերջին լապտերի հետևից՝ նախքան այն կանհետանար ծառերի արանքում։
 +
 
 +
Շուտով նա դուրս եկավ բաց տարածք, որտեղ, բարձր ծառի տակ, թագավորի համար մի ոչ մեծ վրան էր խփած։ Վերևից ծածկված մեծ լապտեր էր կախված ճյուղից և դալուկ լույսի շրջան էր գցում գետնին։ Այնտեղ նստած էին Թեոդենն ու Էոմերը, իսկ նրանց առջև նստած էր տարօրինակ, գետնահար, բայց պնդակազմ մի մարդ, հնացած քարի պես ծռված և ասես մամուռով պատված՝ նրա սակավ մազերը, փաթաթված կզակին, չոր մամուռ էին հիշեցնում։ Նա կարճ ոտքեր ուներ, հաստ, մկանուտ ձեռքեր, և միայն գոտկատեղն էր ծածկված խոտե կարճ փեշով։ Մերիին թվաց, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է նրան, և հանկարծ հիշեց Դունհորոուի փուքելներին։ Կարծես դրանցից մեկը կենդանացած լիներ կամ, հնարավոր է, նա շառավիղն էր անթիվ-անհամար տարիներ առաջ ապրած մարդկանց, որոնց պատկերել էին մոռացված վարպետները։
 +
 
 +
Երբ Մերին սողալով մոտենում էր, երեքն էլ լուռ էին, բայց հետո վայրի մարդը սկսեց խոսել, ասես պատասխանելով ինչ-որ հարցի։ Նրա ձայնը ցածր էր և կոկորդային, բայց Մերին զարմանքով հասկացավ, որ նա խոսում է ընդհանուր լեզվով, թեև կմկմում էր ու խոսքի մեջ չհղկված բառեր օգտագործում։
 +
 
 +
— Ոչ, հեծյալների հայր, մենք չենք կռվողներ, մենք՝ որսորդներ։ Սպանել գորգուններ անտառում՝ ատել օրքերին։ Դու էլ չսիրել գորգունին։ Մենք ձեզ օգնել, ինչով կարող ենք։ Վայրի մարդիկ ունի մեծ ականջներ ու մեծ աչքեր, գիտեն բոլոր ճամփաներ։ Վայրի ժողովուրդ շատ-շատ վաղուց ապրել այստեղ, նախքան քար-տուների շինելը, նախքան բարձր մարդիկ դուրս կգային Մեծ Ջրի հետևից։
 +
 
 +
— Բայց մեզ մարտում է օգնություն պետք,— ասաց Էոմերը։ — Ինչո՞վ եք դու և քո ժողովուրդը օգնելու մեզ։
 +
 
 +
— Լուրեր բերել,— ասաց վայրի մարդը։ — Մենք նայենք բլուրներից ու տեսնենք ամեն ինչ, բարձրանանք մեծ սարը ու նայում ենք ներքև։ Քար-քաղաքը փակ է։ Դրսում կրակն այրվում է, հիմա նույնպես ներսում։ Դուք կուզե՞ք այնտեղ գալ։ Ուրեմն պետք է արագ լինեք։ Բայց գորգուններ ու հեռվի մարդիկ,— նա թափահարեց կարճ, ծուռ ձեռքը դեպի արևելք,— նստած լինել ձիու ճանապարհին։ Շատ-շատ, հեծյալներից շատ։
 +
 
 +
— Որտեղի՞ց գիտես այդ,— հարցրեց Էոմերը։
 +
 
 +
Ծերունու հարթ դեմքն ու մութ աչքերը ոչինչ չէին արտահայտում, բայց ձայնը մռայլ ու դժգոհ հնչեց։
 +
 
 +
— Վայրի մարդիկ՝ վայրի, ազատ, բայց ոչ երեխա,— պատասխանեց նա։ — Ես մեծ առաջնորդ Գհան-Բուրի-Գհան։ Ես հաշվում եմ շատ բան․ աստղեր երկնքում, տերևներ ծառին, մարդիկ խավարում։ Ձեր մարդիկ քսան անգամ քսան են տասը և հինգ անգամ։ Նրանք ավելի շատ։ Երկար կռիվ, և ո՞վ կհաղթի։ Եվ քար-քաղաքի շուրջը էլի շատ քայլում են։
 +
 
 +
— Ավա՜ղ, նա ճիշտ է խոսում,— ասաց Թեոդենը։ — Մեր հետախույզներն ասում են, որ նրանք խրամատներ են փորել ու ցցեր տնկել ճանապարհի վրա։ Մենք չենք կարող սրբել նրանց հանկարծակի հարվածով։
 +
 
 +
— Եվ այնուհանդերձ, մենք պետք է շատ շտապենք,— ասաց Էոմերը։ — Մունդբուրգը կրակի մեջ է։
 +
 
 +
— Թող Գհան-Բուրի-Գհան վերջացնի,— ասաց վայրի մարդը։ — Նա մի ճամփա չէ, որ գիտի։ Նա ձեզ կտանի ճամփով, որտեղ չկա փոսեր, չկա գորգուն, միայն վայրի մարդ ու գազան։ Շատ ճամփաներ սարքվել, երբ քար-տուների մարդիկ ուժեղ էին։ նրանք կտրում էին բլուրներ, ինչպես որսորդ գազանի միս։ Վայրի մարդիկ մտածում, որ նրանք քարից ուտելիք էին ուտում։ Նրանք Դրուադանով մեծ սայլերով գնացին Ռիմմոն։ Էլ չեն գալիս։ Ճանապարհը մոռացված, բայց ոչ վայրի մարդիկ։ Բլուրի վրայով ու բլուրից այն կողմ այն դեռ պառկած խոտի ու ծառի տակ, այնտեղ, Ռիմմոնից այն կողմ, ներքև դեպի Դինը ու միանում ձիու ճամփին։ Վայրի մարդիկ ցույց տան ճամփան։ Այդ ժամանակ դու սպանես գորգունին ու պայծառ երկաթով քշես վատ մութը, և վայրի մարդիկ վերադառնան վայրի անտառ քնելու։
 +
 
 +
Էոմերն ու թագավորը խոսեցին իրենց լեզվով։ Վերջապես Թեոդենը դիմեց վայրի մարդուն։
 +
 
 +
— Մենք ընդունում ենք քո առաջարկը,— ասաց նա։ — Ճիշտ է, այդպես գործելով մենք թիկունքում ենք թողնում թշնամու մեծաթիվ ուժեր, բայց դա արդեն նշանակություն չունի։ Եթե Քարե քաղաքն ընկնի, մենք էլ չենք վերադառնա։ Եթե կանգուն մնա՝ արդեն օրքերի հրոսակները կտրված կլինեն։ Եթե հավատարիմ լինես, Գհան-Բուրի-Գհան, մենք քեզ առատ կպարգևատրենք, և դուք կունենաք Ռոհանի բարեկամությունը հավիտյան։
 +
 
 +
— Մեռածները չեն բարեկամանալ ողջ մարդկանց հետ ու չեն տալ նրանց նվերներ,— ասաց վայրի մարդը։ — Բայց եթե ապրես Մութից հետո, վայրի մարդկանց մենակ թող անտառում ու էլ չորսաք նրանց գազանների նման։ Գհան-Բուրի-Գհանը ձեզ չի տանի ծուղակ։ Նա ինքը տանի հեծյալների հորը, և եթե վատ տանի, դուք նրան սպանեք։
 +
 
 +
— Թո՛ղ այդպես լինի,— ասաց Թեոդենը։
 +
 
 +
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի թշնամու կողքով անցնելու և ճանապարհ վերադառնալու համար,— հարցրեց Էոմերը։ — Մենք պետք է ոտքով գնանք, եթե դու ես մեզ առաջնորդում, իսկ ճանապարհը, համոզված եմ, նեղ է։
 +
 
 +
— Վայրի մարդիկ արագ գնան ոտքով,— ասաց Գհանը։ — Ահա այնտեղ, Քարասայլերի հովտում, լայն ճանապարհ չորս ձիու համար,— նա ձեռքը թափ տվեց դեպի հարավ,— բայց նեղ սկզբից ու վերջում։ Այստեղից վայրի մարդը հասնի Դինին առավոտից մինչև կեսօր։
 +
 
 +
— Ուրեմն առջևից գնացողները ամենաքիչը յոթ ժամից այնտեղ կլինեն,— ասաց Էոմերը։ — Բայց ամբողջ զորքը՝ տասը ժամից։ Կարող են և անկանխատեսելի արգելքներ լինել, եթե զորքը շատ երկար ձգվի, ու երբ դուրս գանք բլուրներից, պետք կլինի նորից դասավորվել։ Հիմա ժամը քանի՞սն է։
 +
 
 +
— Ով գիտի,— արձագանքեց Թեոդենը։ — Մութը հիմա անդադար է։
 +
 
 +
— Հիմա մութ է, բաց ոչ գիշեր,— առարկեց Գհանը։ — Երբ արևը գա, մենք զգում ենք, եթե նույնիսկ չերևա։ Նա արդեն բարձանա արևելյան լեռներից։ Երկնքի դաշտերում օր է կսկսվի։
 +
 
 +
— Այդ դեպքում պետք է ճանապարհ ընկնենք որքան հնարավոր է արագ,— ասաց Էոմերը։ — Բայց նույնիսկ այդ դեպքում հույս չկա, որ այսօր Գոնդորին օգնության կհասնենք։
 +
 
 +
Մերին այլևս ոչինչ չլսեց, ծածուկ հետ դարձավ ու վազեց իրերը հավաքելու։ Ուրեմն, սա կռվից առաջ վերջին հանգիստն է։ Նա առանձնպես հույս չէր տածում, որ ճակատամարտից հետո շատերը ողջ կմնան։ Բայց մտածեց Փիփինի մասին, այրվող Մինաս Թիրիթի մասին և հաղթահարեց սեփական վախը։
 +
 
 +
Այդ օրն ամեն ինչ հանդարտ անցավ․ ոչ մի ձայն, ոչ մի դարանակալած թշնամի նրանց չհանդիպեց։ Վայրի մարդիկ հսկում էին զորքը բոլոր կողմերից, որպեսզի ոչ մի օրք կամ թափառող լրտես բլուրների վրա շարժում չնկատեն։ Պաշարված քաղաքին մոտենալուն զուգընթաց մութը գնալով խտանում էր, և  երկար շարքերով ընթացող հեծյալներն ու ձիերը թվում էին անորոշ ստվերների գիծ։ Յուրաքանչյուր ջոկատ առաջնորդում էր մեկական անտառային մարդ, իսկ Գհանը գնում էր թագավորի հետ։ Սկիզբը սպասվածից դանդաղ էր, որովհետև հեծյալները ստիպված էին իջնել և սանձերից բռնած առաջնորդել իրենց ձիերին խիտ բուսականությամբ ծածկված բլուրներով՝ փնտրելով արահետներ դեպի Քարասայլերի թաքնված հովիտը։ Երեկոյան մոտ առաջապահ էորեդը հասավ լայն գորշ թավուտներին, որոնք ձգվում էին Ամոն Դինի արևելյան կողմով՝ թաքցնելով Նարդոլից Ամոն Դին ձգվող բաց տարածությունը։ Հենց այդտեղով էլ գնում էր մոռացված շրջանցիկ ճանապարհը՝ վերադառնալով ու միանալով Քաղաքից Անորիեն ձգվող գլխավոր ուղուն։ Բայց այժմ, արդեն շատ մարդկային սերունդեր, ծառերն էին տիրում այդ ճանապարհին, և այն անհետացել էր, թաղվել անհաշիվ տարիների տերևների տակ։ Սակայն այդ թավուտները հուսալիորեն ծածկում էին հեծյալներին ավելորդ աչքերից, նախքան նրանք կմտնեին բաց ճակատամարտի մեջ։ Իսկ դրանցից այն կողմ փռված էր Անդուինի հարթավայրը և գլխավոր ուղին՝ արևելքից ու հարավից շրջապատված մերկ ու քարքարոտ լանջերով, որոնք, մեկը մյուսի վրա հենվելով բարձրանում էին ու բարձրանում, դառնալով հենարան և ուսեր վիթխարի Մինդոլուինի համար։
 +
 
 +
Առաջնային ջոկատը կանգ առավ սպասելու, մինչև ամբողջ զորքը դուրս գա Քարասայլերի հովտի բերանից ու հավաքվի մոխրագույն ծառերի տակ։ Այնտեղ էլ ճամբար խփեցին։ Թագավորը հրամանատարներին կանչեց խորհրդի։ Էոմերը հետախույզներ ուղարկեց ճանապարհը լրտեսելու, բայց ծեր Գհանը գլուխն օրորեց։
 +
 
 +
— Լավ չէ ուղարկել հեծյալներ,— ասաց նա։ — Վայրի մարդիկ արդեն տեսնել ամեն բան, ինչ կարող է տեսնել վատ օդի մեջ։ Նրանք շուտով գալ ու պատմել ինձ այստեղ։
 +
 
 +
Հայտնվեցին հրամանատարները․ հետո ծառերի հետևից հայտնվեցին այլ փուքելանմաններ, այնքան նման ծեր Գհանին, որ Մերին դժվարությամբ էր տարբերում մեկին մյուսից։ Նրանք խոսում էին Գհանի հետ իրենց տարօրինակ կոկորդային լեզվով։
 +
 
 +
Վերջապես Գհանը շրջվեց դեպի թագավորը։
 +
 
 +
— Վայրի մարդիկ շատ խոսել,— ասաց նա։ — Առաջինը՝ զգույշ լինեք։ Դինից այն կողմ առաջվա պես շատ թշնամիներ, մի ժամ ման գալ հասնել այնտեղ,— նա ձեռքը պարզեց արևմուտք, սար-փարոսի սև գագաթի ուղղությամբ։ — Բայց այստեղից մինչև Քար-ժողովուրդի նոր պատեր ոչ ոք չերևալ։ Շատ-շատ են այնտեղ զբաղված։ Պատերն էլ կանգնած չեն լինել, գորգուններ տապալել դրանք երկիր որոտով ու սև երկաթի մահակով։ Նրանք ուշադիր չլինել ու շուրջը չնայել։ Մտածել, որ իրենց ընկերներ հսկում են ճանապարհներ։ — Նրա կոկորդում ինչ-որ բան քլթքլթաց՝ հավանաբար ծիծաղում էր։ 
 +
 
 +
— Լավ լուրեր են,— բացականչեց Էոմերը։ — Նույնիսկ այս խավարում կրկին հույս է բռնկվում։ Թշնամու հնարանքները երբեմն մեր օգտին էլ են ծառայում։ Անիծյալ խավարը մեզ համար քողարիչ ծածկոց եղավ։ Իսկ օրքերը, երևում է, այնքան են շտապում Գոնդորը քանդել ու քարը քարին չթողնել, որ մոռացել են թիկունքի մասին, ինչից ես ամենաշատն էի վախենում։ Նրանք կարող էին երկար ժամանակ պահել մեզ արտաքին պատերի մոտ։ Բայց հիմա, երևում է, էլ կասկած չկա, որ կճեղքենք։
 +
 
 +
— Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ, Գհան-Բուրի-Գհան, անտառի մարդ,— ասաց Թեոդենը։ — Հաջողություն լավ լուրի ու լավ ծառայության համար։
 +
 
 +
— Սպանիր գուրգուններ, սպանիր օրքեր, ոչ մի բառեր պետք չեն վայրի մարդկանց,— պատասխանեց Գհանը։ — Քշիր չար օդ ու մութը պայծառ երկաթով։
 +
 
 +
Դրա համար ենք հեռուներից այստեղ եկել,— ասաց թագավորը։ — Եվ կփորձենք նրանց քշել։ Կստացվի, թե ոչ, կերևա վաղը։
 +
 
 +
Գհան-Բուրի-Գհանը նստեց ու խորդուբորդ ճակատը քսեց գետնին ի նշան հրաժեշտի։ Հետո վեր կացավ և արդեն ուզում էր հեռանալ, բայց հանկարծ կանգ առավ, նայեց վերև ու աղմուկով օդը ներս քաշեց, կարծես հոտոտում էր անտառային գազանի պես։ Նրա աչքերը փայլեցին։
 +
 
 +
— Քամին է փոխվում,— ճչաց նա, և այդ խոսքերով էլ նա և մյուս վայրենիները մի ակնթարթում չքացան խավարում։ Այևս ոչ մի ռոհանցի նրանց չտեսավ, միայն քիչ անց հեռվում նորից թույլ հարվածեցին թմբուկները։ Բայց և այնպես ոչ մի ռոհանցու սրտում ահ չկար, որ վայրի մարդիկ կարող են անհավատարիմ լինել, թեև թվում էին նրանք տարօրինակ ու անհաճո։
 +
 
 +
— Առաջնորդության կարիք այլևս չունենք,— ասաց Էլֆհելմը։ — Խաղաղ օրերին մերոնցից շատերն են Մունդբուրգ եկել։ Մեկը ես։ Երբ դուրս գանք ուղի, այն կթեքվի հարավ, և առջևում դեռ յոթ լիգ ճանապարհ կլինի, մինչև քաղաքային պարսպին հասնելը։ Ճանապարհի եզրերն առաջ խոտածածկ էին, գոնդորցի պատվիրակներն այդ հատվածում մեծ արագությամբ էին արշավում։ Այնպես որ կարող ենք ընթանալ արագ և առանց ավելորդ աղմուկի։
 +
 
 +
— Մեզ դաժան ճակատամարտ է սպասում, հետևաբար հարկավոր կլինի հավաքել մեր ամբողջ ուժը,— ավելացրեց Էոմերը։ — Ես խորհուրդ եմ տալիս հիմա հանգստանալ և ճանապարհ ընկնել գիշերը, ուստի ժամանակն այնպես հաշվարկենք, որ լուսաբացի առաջին շողերի հետ թշնամուն հարվածենք, եթե, իհարկե, արևը կարողանա թափանցել այս խավարի միջով։ Իսկ եթե ոչ, ապա՝ թագավորի ազդանշանով։
 +
 
 +
Թագավորը հավանություն տվեց նրա խորհրդին, և հրամանատարները հեռացան։ Բայց շուտով Էլֆհելմը վերադարձավ։
 +
 
 +
— Հետախույզները մոխրագույն անտառից այն կողմ կարևոր ոչինչ չեն գտել։ Միայն երկու մեռած ձիավոր՝ իրենց ձիերի հետ։
 +
 
 +
— Ե՞վ,— հարցրեց Էոմերը,— ի՞նչ է դա նշանակում։
 +
 
 +
— Կարծում եմ, դրանք գոնդորցի պատվիրակներն են։ Նրանցից մեկը, հավանաբար, Հիրգոնն է։ Ամեն դեպքում նրա ձեռքը դեռ սեղմում էր կարմիր նետը, բայց գլուխը կտրված էր։ Եվ մի բան էլ․ նշաններից երևում էր, որ նրանք արևմուտք են փախչելուց եղել, երբ ընկել են։ Երևի տեսել են, որ թշնամին արդեն պաշարել է ամրոցը ու շրջել են ձիերին։ Դա եղել է երկու գիշեր առաջ, եթե պատվիրակները փոխել են իրենց ձիերին պահակակետերում, ինչպես անում են սովորաբար։
 +
 
 +
— Ավա՜ղ,— ասաց Թեոդենը,— ուրեմն Դենեթորը ոչինչ չգիտի մեր արշավի մասին և հիմա հուսահատվել է մեզ սպասելով։
 +
 
 +
— Երբ շտապում ես, ուշացումը լավ չէ, բայց լավ է ուշ, քան երբեք,— արձագանքեց Էոմերը։ — Ինձ թվում է այս հին ասացվածքը երբեք այսքան տեղին չի եղել՝ մարդկանց խոսել սովորելուց ի վեր։
 +
 
 +
Գիշեր էր։ Ճանապարհի երկու կողմերով անձայն շարժվում էր Ռոհանի զորքը։ Շուտով Մինդոլուինի փեշերով անցնող ճանապարհը թեքվեց հարավ։ Հեռվում և գրեթե ուղիղ առջևում սև երնքի տակ կարմիր հրացոլք էր երևում, որի ֆոնին սև ուրվագծվում էին վիթխարի լեռան լանջերը։ Նրանք մոտենում էին Պելլենորյան պատին, բայց օրը դեռ չէր սկսվել։ Թագավորը գնում էր առաջին շարքերում, շրջապատված իր թիկնապահներով։ Նրանց հետևում էր Էլֆհելմի էորեդը, և Մերին նկատեց, որ Դեռնհելմը մթության քողի տակ անշեղորեն առաջ է շարժվում, մինչև որ վերջապես հայտնվեց թագավորական թիկնազորի հետևում։ Հանկարծ առաջապահ ջոկատը կանգ առավ։ Մերին առջևում ցածր ձայներ լսեց։ Վերադարձել էին հեծյալները, ովքեր առաջացել էին գրեթե մինչև պատը։ Նրանք մոտեցան թագավորին։
 +
 
 +
— Այնտեղ մեծ հրդեհներ են, տիրակալ,— ասաց նրանցից մեկը։ — Ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և դաշտում վխտում են թշնամիները։ Բայց բոլորը, կարծես թե, տարված են գրոհով։ Ինչքան որ կարողացանք տեսնել, արտաքին պատին քչերն են մնացել և անուշադիր են՝ զբաղված են ավերածություններով։
 +
 
 +
— Հիշու՞մ ես վայրենու խոսքերը, տիրակալ,— խոսեց մյուսը։ — Ես Վիդֆարան եմ, խաղաղ օրերին ապրում էի բարձրադիր արոտավայրերում, ու նույնպես կարողանում եմ օդից լուրեր քաղել։ Քամին փոխվում է, արդեն փչում է հարավից, և ես նրա մեջ ծովի հոտ եմ առնում, թեև շատ թույլ։ Առավոտյան եղանակը կփոխվի։ Երբ անցնենք պատը, այս գաղջի գլխին առավոտ կգա։
 +
 
 +
— Եթե դու ճիշտ ես ասում, Վիդֆարա, ուրեմն թող ճակատագիրը պաշտպանի քեզ այսօր ու հետագա շատ տարիներ,— ասաց Թեոդենը։ Նա շրջվեց դեպի իր թիկնապահները և գոչեց պարզ, հնչեղ ձայնով այնպես, որ նույնիսկ առաջին շարքի ռազմիկները լսեցին։
 +
 
 +
— Ժամը եկե՛լ է, Մարկի՛ հեծյալներ, Էորլի՛ որդիներ։ Ձեր առջև կրակի ծով է ու թշնամիներ, իսկ ձեր տները մնացել են հեռու հետևում։ Այնուամենայնիվ, թեև դուք կռվելու եք օտար դաշտում, այն փառքը, որ կհավաքեք, ձերն է հավիտյան։ Կատարե՛ք ձեր երդումները հանուն ձե՛ր տիրակալի, ձե՛ր հայրենիքի և հանուն բարեկամական միության։
 +
 
 +
Ռազմիկները նիզակներով խփեցին վահաններին։
 +
 
 +
— Էոմե՛ր, որդիս, դու կգլխավորես առաջին էորեդը,— շարունակեց Թեոդենը։ — Կարշավես թագավորական զինադրոշի հետևից՝ կենտրոնում։ Էլֆհելմ, երբ անցնենք պատը, դու կշարժվես աջ կողմով։ Եվ Գրիմբոլդը կպահի ձախ կողմը։ Թող մյուսները հետևեն այս երեքին իրենց սեփական հայեցողությամբ։ Առաջինը հարվածեք թշնամու ամենախիտ կուտակումներին։ Այլ պլաններ առայժմ չենք կարող կազմել, քանի որ չգիտենք, թե ինչ իրավիճակ է դաշտում։ Իսկ հիմա առա՛ջ, և մի՛ վախեցեք խավարից։
 +
 
 +
Առաջապահ Էորեդը սլացավ առաջ այնքան արագ, որքան մթության մեջ հնարավոր էր, քանզի, չնայած Վիդֆարայի կանխագուշակմանը, լույսը դեռ չէր բացվում։ Մերին ընթանում էր Դեռնհելմի հետևում՝ մի ձեռքով նրանից բռնված, մյուսով աշխատելով թուրը պատյանից հանել։ Միայն  հիմա նա դառնորեն գիտակցեց թագավորի խոսքերի ճշմարտացիությունը․ ''Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, պատվարժան Մերիադոք''։ — «Միայն մի բան,— մտածեց նա․— խանգարել հեծյալին և, լավագույն դեպքում, հույս ունենալ մնալ թամբին ու չջարդվել ձիերի սմբակների տակ»։
 +
 
 +
Արտաքին պատերին հասնելուն մնացել էր մեկ լիգից էլ պակաս, և շուտով նրանք հասան դրանց, Մերիի համար՝ չափից դուրս շուտով։ Լսվեցին վայրի աղաղակներ, զենքերի շաչյուն, և կրկին ամեն ինչ լռեց։ Պատերի մոտ իրոք քիչ օրքեր կային․ նրանց անակնկալի բերեցին ու արագ կոտորեցին։ Ռամմասի հյուսիսային ավերված դարպասի մոտ թագավորը նորից կանգ առավ։ Առաջին էորեդը շրջապատեց նրան թիկունքից և երկու կողմերից։ Դեռնհելմը թագավորից չէր հեռանում, թեև Էլֆհելմի ռազմիկներն ընթանում էին աջ կողմով։ Գրիմբոլդի մարդիկ թեքվեցին ձախ ու սլացան արևելք, դեպի պատի մեջ բացված լայն փլուզվածքը։ Մերին առաջ նայեց Դեռնհելմի թիկունքից։ Հեռվում, միգուցե տասը մղոն կամ ավելի, մեծ հրեհ էր մոլեգնում, բայց դրա և զորքի միջև նաև կրակե գծեր էին երևում, հսկայական կիսաշրջանով, որոնցից ամենամոտը մոտ մեկ լիգ էր հեռու։ Նա այլև ոչինչ չկարողացավ զանազանել մութ դաշտում և դեռ չէր զգում ոչ քամու փոփոխությունը կամ չփոփոխությունը, ո՛չ էլ հույս ուներ, որ լույսը կբացվի։
 +
 
 +
Այսպես Ռոհանի զորքը անաղմուկ առաջ շարժվեց Գոնդորի դաշտերով, դանդաղ, բայց կայուն թափ հավաքելով, ինչպես ալիքը փլուզված ամբարտակի միջով, որ մինչ այդ թվում էր այդքան հուսալի։ Իսկ Սև Զորավարն ամբողջությամբ կլանված էր ընկնող քաղաքով, և ոչ մի նախազգուշացնող լուր չէր ստացել, որ իր պլաններում թերություն կա։
 +
 
 +
Որոշ ժամանակից հետո թագավորն իր զորքը շրջեց քիչ արևելք, որպեսզի շրջանցի այրվող խրամուղիները։ Անցան առանց դիմադրության հանդիպելու, բայց Թեոդենը դեռ ազդանշան չէր տալիս։ Վերջապես նա կրկին կանգ առավ։ Քաղաքն այժմ մոտ էր։ Այրման հոտով հագեցած օդում տարածվել էր մահվան ստվերը։ Ձիերն անհանգստության նշաններ ցույց տվեցին։ Սակայն թագավորն անշարժ նստած էր Սպիտակբաշի վրա և նայում էր Մինաս Թիրիթի հոգևարքին, ասես հանկարծակի համակված տխրությամբ կամ վախով։ Թվում էր, նա կքվել է տարիքի ծանրության տակ։ Մերին իրեն այնպես էր զգում, ասես սարսափի ու կասկածի մեծ ծանրություն իջած լիներ ուսերին։ Նրա սիրտը դանդաղ բաբախում էր։ Ժաամանակն ինքնին կարծես կանգնել էր անորոշությունից։ Նրանք ուշացե՛լ են, իսկ ուշանալն ավելի վատ էր, քան երբեքը։ Միգուցե Թեոդենը չդիմանա, շրջի ծերացած գլուխն ու թաքնվի բլուրներու՞մ։
 +
 
 +
Հանկարծ Մերին զգաց այդ և շատ հստակ․ ինչ-որ բան փոխվեց։ Քամին փչեց ուղիղ դեմքին։ Լույս տարածվեց։ Հեռու՜ հարավում աղոտ երևացին պատառոտվող ամպերի գորշ ուրվագծերը․ դրանց հետևում սկսվում էր առավոտը։
 +
 
 +
Բայց հենց այդ պահին բռնկում տեղի ունեցավ, ասես կայծակ դուրս ժայթքեց քաղաքի տակից։ Կուրացուցիչ բռնկումը մի ակնթարթ լուսավորեց սև ու սպիտակ Քաղաքը, վերին աշտարակը փայլատակեց ասեղի պես։ Իսկ հետո, երբ խավարը կրկին փակվեց, հզոր թնդյուն գլորվեց դաշտերի վրայով։
 +
 
 +
Լսելով այդ, թագավորը հանկարծ ուղղվեց։ Նա կրկին թվում էր բարձրահասակ ու հպարտ, և բարձրանալով ասպանդակների վրա, այնպես կանչեց բարձր ու հստակ ձայնով, ասես կանչողը մահկանացու չլիներ․
 +
 
 +
<poem>
 +
Առա՜ջ, առա՜ջ, Թեոդենի հեծյալներ,
 +
Սպասում են ձեզ կրակ, արյուն ու սխրանքներ,
 +
Թող նիզակները ջարդվեն, ճեղքվեն վահանները,
 +
Եվ կարմիր կտրեն թրերը մինչև լույսը բացվելը։
 +
Առա՛ջ, առա՛ջ, դեպի Գո՛նդոր արշավեք։
 +
</poem>
 +
 
 +
Այսպես կանչելով նա հափշակեց մեծ եղջերափողը Գութլաֆի՝ իր դրոշակակրի ձեռքից և այնպես փչեց, որ փողը երկու մասի բաժանվեց։ Անմիջապես, ահեղ երաժշտությամբ, ասես փոթորիկ դաշտերում և ամպրոպ լեռներում, պատասխանեցին ռոհանյան զորքի բոլոր եղջերափողերը։
 +
 
 +
— Առա՜ջ, առա՛ջ դեպի Գոնդոր։
 +
 
 +
Թագավորն ինչ-որ բան ճչաց Սպիտակբաշին, և ձին սուրաց։ Նրա թիկունքում քամուց ծածանվում էր զինադրոշը՝ սպիտակ ձին կանաչ դաշտում, որից նա շուտով բավական առաջ անցավ։ Հետևից սլանում էին նրա թիկնապահները, բայց նա միշտ նրանցից առաջ էր։ Գրեթե կողքով կրնկակոխ թռչում էր Էոմերը՝ սաղավարտի ճերմակ ձիու մազափունջը քամուն տված։ Առաջնային էորեդը մռնչում էր դեպի ծովափ սլացող փրփրադեզ ալիքի պես, բայց Թեոդենին ոչ ոք չէր կարողանում անցնել։ Նա խելահեղ տեսք ուներ, հնարավոր է, նրա երակներում եռում էր նախնիների ռազմատենչ կատաղությունը, և սուրող Սպիտակբաշի վրա նա կարծես հնամենի աստված լիներ, ինչպես Մեծն Օրոմեն Վալարների ճակտամարտում, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր։ Նրա ոսկե վահանը փայլատակեց արևի պես, և կանաչ խոտն ասես բռնկվեց ճերմակ ձիու ոտքերի տակ։ Քանզի բացվում էր առավոտը, առավոտը, որը իր հետ ծովային քամի էր բերում, և ցրվում էր խավարը, և Մորդորի զորքերը ոռնում էին, և սարսափն էր պատել նրանց, և փախչում էին նրանք ու մեռնում, և զայրույթի սմբակներն էին անցնում նրանց վրայով։ Եվ այդ ժամանակ Ռոհանի զորքը երգեց, երգում էին ու ջարդում թշնամուն, որովհետև նրանց համակել էր ռազմի ուրախությունը, և նրանց երգի ահեղ ու գեղեցիկ ձայնը հասնում էր նույնիսկ պաշարվածների ականջներին։
 +
 
 +
 
 +
====Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում====
 +
 
 +
Բայց հարձակումը Գոնդորի վրա օրք առաջնորդ չէր գլխավորում, և ոչ էլ ինչ-որ պատահական ավազակ։ Խավարը ցրվեց նրա Սև Տիրակալի նշանակված ժամանակից շուտ․ հաջողությունը մի պահ դավաճանեց նրան, և աշխարհը դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Հաղթանակը դուրս էր պրծնում նրա ձեռքից հենց այն ժամանակ, երբ նա մեկնել էր ձեռքը` այն ճանկելու համար։ Սակայն նրա ձեռքը երկար էր։ Նա դեռևս ահռելի ուժերի հրամանատար էր․ Արքա, Մատանու Ուրվական, Նազգուլների առաջնորդ՝ մեծ էր նրա զորությունը։ Նա նահանջեց Դարպասից ու անհետացավ։
 +
 
 +
Թոեդենը, Մարկի թագավորը, հասավ Գետից դեպի Դարպասը ձգվող ճանապարհին և շրջվեց դեպի Քաղաքը, որն այժմ մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա էր։ Նա մի փոքր դանդաղեցրեց ընթացքը՝ փնտրելով նոր թշնամիներ, և նրա ասպետները հասան նրան, և Դեռնհելմը նրանց հետ էր։ Առջևում, պատերի մոտ, Էլֆհելմի ռազմիկները ջարդում էին պաշարման մեքենաները, խողխողում թշնամիներին ու քշում նրանց դեպի կրակը։
 +
 
 +
Պելլենորի գրեթե ամբողջ հյուսիսային կողմը մաքրված էր․ այրվում էին թշնամական ճամբարները, օրքերը թռչում էին դեպի Գետը, ինչպես որսորդներից փախչող հոտը, իսկ ռոհիրիմները աջ ու ձախ կոտորում էին։ Բայց նրանք դեռևս չէին տապալել պաշարումը և չէին գրավել Դարպասը, որի առջևում դեռ շատ թշնամիներ կային։ Եվ դաշտի մյուս կողմում էլ պահեստային մեծ ուժեր էին կուտակված, դեռևս մարտի մեջ չմտած։ Հարավում, ճանապարհից այն կողմ, գտնվում էին Հարադրիմցիների հիմնական ուժերը, նրանց հեծյալները հավաքվել էին իրենց առաջնորդի զինադրոշի շուրջը։ Եվ առաջնորդը նայեց ու առավոտյան լույսի տակ տեսավ Թեոդենի զինադրոշը, և հասկացավ, որ նա շատ է հեռացել իր հիմնական ուժերից՝ շրջապատված մի խումբ հեծյալներով։ Նա լցվեց կարմիր բարկությամբ և բարձրաձայն բղավեց, ապա շրջեց իր զինադրոշը՝ սև օձը կարմիրի վրա, և իր ահռելի զորքով սլացավ դեպի կանաչի վրա ճերմակ ձիու զինադրոշը։ Նրանց յաթաղանները փայլում էին, ինչպես հազարավոր աստղեր։
 +
 
 +
Թեոդենը տեսավ նրանց և չսպասեց հարվածին, այլ ձայնեց Սպիտակբաշին և սլացավ նրանց դեմ հանդիման։ Կատաղի էր նրանց բախումը, բայց հյուսիսցիների ճերմակ կատաղությունն ավելի ուժեղ էր այրում, և ավելի հմուտ էր նրանց ռազմական արվեստը, երկար նիզակներն ավելի ճշգրիտ էին հարվածում։ Նրանք քանակով ավելի քիչ էին, բայց մխրճվեցին հարավցիների մեջ, ինչպես կայծակն է մխրճվում ու հրդեհում անտառը։ Հրդեհի ալիքի ամենակենտրոնում էր Թեոդենը, Թենգելի որդին։ Նրա նիզակը հարվածեց թշնամու առաջնորդին և ճեղքվեց, և այդ ժամանակ նա հափշտակեց թուրն ու մի հարվածով կտրեց զինադրոշի ձողն ու այն կրողին։ Եվ սև օձն ընկավ։ Հարադի ողջ մնացած հեծյալները փախան։
 +
 
 +
Բայց ավա՜ղ։ Հանկարծակի, թագավորի փառքի գագաթնակետին, խամրեց նրա ոսկե վահանը։ Բացվող առավոտը ջնջվեց երկնքից, և նրան պարուրեց խավարը։ Ձիերը ծառս եղան ու խրխնջացին, ռազմիկներն ընկան թամբերից ու սկսեցին սողալ։
 +
 
 +
— Ինձ մո՛տ, ինձ մո՛տ,— բացականչեց Թեոդենը։ — Մի՛ վախեցեք խավարից։
 +
 
 +
Բայց Սպիտակբաշը վայրի սարսափով համակված ծառս եղավ՝ առջևի ոտքերը թափահարելով օդում, և հանկարծ բարձր խրխնջաց ու կողքի վրա տապալվեց գետնին՝ խոցված սև տեգով։ Թագավորն ընկավ նրա տակ։
 +
 
 +
Հսկայական ստվերն իջնում էր, ինչպես ծանրացած ամպը։ Բայց դա ամպ չէր։ Դա մի թևավոր հրեշ էր․ եթե թռչուն, ապա բոլոր թռչուններից էլ մեծ, և նա մերկ էր, առանց փետուր, սև հարթ մաշկով, եղջուրավոր մատների արանքում ձգված հսկայական թաղանթ-թևերով։ Նրանից գարշահոտություն էր փչում։ Հնարավոր է, այդ արարածը պատկանում էր ավելի հին աշխարհի, բայց նրա տեսակը վերապրել էր իր ժամանակը հեռավոր լեռների ինչ-որ մոռացված անկյունում, սառը լուսնի տակ, և վերջին սարսափելի բնում՝ անհասանելի գագաթների գլխին, ձվադրել էր իր վերջին, անժամանակ սերունդը։ Եվ Սև Տիրակալը գտել էր նրան, կերակրել մսով, մինչև որ նա դարձել էր բոլոր թռչուններից ամենամեծը, և նվիրել էր իր սպասավորին ձիու փոխարեն։
 +
Հրեշավոր թռչունը աստիճանաբար իջավ, ծալեց թաղանթավոր թևերը, կռռացող ճիչ արձակեց ու վայրեջք կատարեց Սպիտակբաշի վրա՝ ճանկերը խրելով նրա մարմնի մեջ։ Ապա կախեց երկար, մերկ պարանոցը։
 +
 
 +
Նրա մեջքին նստած էր մի հեծյալ, սև թիկնոցով, հսկայական, սպառնալի։ Նա պողպատե պսակ էր կրում աներևույթ գլխին, քանզի թիկնոցի և պսակի միջև ոչինչ չկար, միայն աչքեր էին վառվում մահացու կրակով։ Դա Նազգուկների առաջնորդն էր։ Երբ խավարը ցրվեց, նա հեռացավ, որպեսզի փոխի իր ձիուն, և այժմ վերադարձել էր ռազմի դաշտ սարսափ սերմանելու՝ վերածելով հույսը հուսահատության և հաղթանակը՝ պարտության։ Մեծ, սև գուրզ էր բռնել նա իր ձեռքին։
 +
 
 +
Բայց ոչ բոլորն էին լքել Թեոդենին։ Նրա շուրջը պառկած էին սպանված թիկնապահներն ու իր տան ասպետները, մյուսներին քարշ էին տալիս հեռու խելագարված ձիերը։ Բայց մեկը մնացել էր․ երիտասարդ Դեռնհելմը՝ անշարժ, անկոտրում, նրա հավատարմությունը հաղթել էր վախին։ Նա կանգնած լալիս էր, որովհետև սիրում էր իր տիրակալին սեփական հոր պես։ Հարձակման ժամանակ Մերին անվնաս էր մնացել Դեռնհելմի հետևում՝ մինչև Ստվերի հայտնվելը։ Բայց նրա հայտնվելուց հետո Քամֆոլան ցած էր գցել նրանց թամբից ու սլացել հեռու։ Մերին չորեքթաթ սողում էր, ինչպես շշմած գազանիկ՝ սարսափից կուրացած ու կիսամեռ։
 +
 
 +
— «Թագավորի զինակիրը, դու թագավորի զինակիրն ես,— համոզում էր նրան սիրտը։ — Դու պետք է պաշտպանես նրան․ ինքդ ասացիր․ Այժմ դու ինձ հոր պես ես»։
 +
 
 +
Սակայն նրա կամքը չէր պատասխանում, իսկ մարմինն անզոր ցնցվում էր։ Նա չէր համարձակվում բացել աչքերն ու բարձրացնել գլուխը։ Եվ հանկարծ, սև խավարում նրան հասավ Դեռնհելմի ձայնը, բայց այժմ այն տարօրինակ էր հնչում և հիշեցնում էր նրա ականջին ծանոթ մեկ այլ ձայն։
 +
 
 +
— Կորի՛ր, գարշելի՛ հոգեառ, լեշերի՛ տիրակալ, հանգիստ թո՛ղ զոհվածներին։
 +
 
 +
Սառը, դաժան մեկ այլ ձայն պատասխանեց․
 +
 
 +
Մի՛ կանգնիր Նազգուլի և նրա որսի միջև։ Այլապես նա չի սպանի քեզ քո հերթին։ Նա կտանի քեզ անդրշիրիմյան խավարից էլ այն կողմ, հուսահատության որջը, որտեղ քո մարմինը կծվատեն, իսկ մերկացած ու խորշոմած հոգիդ կմնա Անկոպ Աչքի հայացքին դեմ հանդիման։
 +
 
 +
Լսվեց պատյանից հանվող թրի զրնգոցը։
 +
 
 +
— Ինչով ուզում ես, կարող ես վախեցնել, բայց ես ամեն ինչ կանեմ, որ քեզ խանգարեմ։
 +
 
 +
— Խանգարե՞ս, ի՞նձ։ Հիմա՛ր, ոչ մի մահկանացու այր չի կարող ինձ խանգարել։
 +
 
 +
Եվ այդ պահին Մերին լսեց բոլոր ձայներից ամենտարօրինակը այդ ժամի համար։ Թվում էր, Դեռնհելմը ծիծաղում է, և նրա ձայնը պողպատի պես հնչեղ էր։
 +
 
 +
— Սակայն ես մահկանացու այր չեմ։ Քո առջև կին է։ Ես Էովինն եմ, Էոմունդի դուստրը։ Դու կանգնած ես իմ՝ և իմ տիրակալի ու հարազատի միջև։ Զգուշացի՛ր, եթե անմահ չես․ ես կխողխողեմ քեզ, խավարի՛ ուրվական, եթե դիպչես նրան։
 +
 
 +
Թևավոր արարածը ծղրտաց նրա վրա, սակայն Մատանու Ուրվականը չպատասխանեց։ Նա լռում էր, ասես կասկածով համակված։ Մի ակնթարթ Մերին զարմանքով լցված հաղթահարեց կարկամածությունը։ Նա բացեց աչքերը, և սև մութը նահանջեց։ Մի քանի քայլ այն կողմ նստած էր հսկա մի  հրեշ՝ շրջապատված սև մշուշով, իսկ նրա մեջքին խոյանում էր, ինչպես հուսահատության ստվեր, Նազգուլների Առաջնորդը։ Մի քիչ ձախ, նրանց դիմաց կանգնած էր նա, ում ինքը Դեռնհելմ էր անվանում։ Այժմ նա առանց սաղավարտի էր, և նրա պայծառ մազերը, կապանքներից ազատված, փայլատ ոսկու պես թափվում էին ուսերին։ Փոթորկածուփ ծովի պես մոխրագույն աչքերը խիստ էին ու բարկությամբ լի, բայց այտերով արցունքներ էին գլորվում։ Նրա ձեռքին թուր կար, իսկ վահանով պաաշտպանվում էր ուրվականի մահաբեր հայացքից։
 +
 
 +
Այո, Էովինն էր այդ, և, միևնույն ժամանակ, Դեռնհելմը։ Քանզի Մերիի գիտակցության մեջ փայլատակեց երիտասարդ դեմքը, որ տեսել էր Դունհորոուից հեռանալուց, դեմքը, որ գնում էր մահ փնտրելու՝ որևէ հույս չունենալով։ Նրա սիրտը լցվեց խղճահարությամբ ու մեծ զարմանքով, և հանկարծ նրա մեջ արթնացավ հոբիթական դանդաղաբորբ քաջությունը։ Նա սեղմեց ձեռքը։ Չի՛ կարելի թույլ տալ, որ նա մեռնի, այդքան գեղեցիկ, այդքան հուսահատ։ Ամեն դեպքում ինքը գոնե չի թողնի, որ նա մեռնի մենակ ու անպաշտպան։
 +
 
 +
Թշնամին նրան չէր նայում, բայց նա, միևնույնն է, չէր համարձակվում շարժվել՝ վախենալով, որ մահաբեր աչքերը կտեսնեն իրեն։ Դանդաղ-դանդաղ նա սկսեց սողալ մի կողմ, բայց Ուրվական Արքան, որ չար կասկածով համակված նայում էր աղջկան, այնքան ուշադրություն դարձրեց նրա վրա, որքան կդարձներ ցեխի մեջ սողացող որդին։
 +
 
 +
Հանկարծ թռչող հրեշը թափահարեց թևերը՝ գարշահոտ քամի ստեղծելով։ Նա կրկին բարձրացավ օդ, ծղրտաց ու արագ ընկավ Էովինի վրա՝ գործի դնելով կեռ կտուցն ու ճանկերը։ Բայց Էովինը նույնիսկ մեկ քայլ հետ չգնաց՝ Ռոհիրիմների դուստրը թագաավորական տոհմից, սլացիկ, ինչպես պողպատե շեղբը, հրաշագեղ, բայց սարսափելի։ Նա արագ մահացու և հմուտ հարված հասցրեց՝ մեկ հարվածով կտրելով առաջ ձգված պարանոցը, և գլուխը քարի պես ընկավ գետնին։ Էովինը հետ ցատկեց, և անգլուխ հրեշը փլվեց նրա առջև՝ թփրտալով, հսկայական թևերը տարածած։ Եվ նրա ընկնելով սև մշուշը ցրվեց․ շուրջը լուսավորվեց, աղջկա ոսկեգույն վարսերը փայլեցին ծագող արևի ճառագայթներից։
 +
 
 +
Խորտակված հրեշի վրա աճեց, բարձրացավ Սև Հեծյալի հզոր կերպարանքը՝ հսկայական, սարսափազդու։ Ատելության ճիչով, որը թունավոր կատաղությամբ ծվատում էր ականջները, նա իր գուրզով խորտակիչ հարված հասցրեց։ Էովինի վահանը մանր կտորների բաժանվեց․ աղջկա ձեռքը կոտրվեց, և նա ընկավ ծնկների վրա։ Ուրվական Արքան սև ամպի պես կռացավ նրա վրա, և նրա աչքերը չարարկու փայլեցին։ Նա կրկին բարձրացրեց գուրզը՝ վերջին, մահացու հարվածի համար։
 +
 
 +
Բայց հանկարծ ցավից ճչաց ու սաթաքեց, և նրա հարվածը նպատկակետին չհասավ՝ գուրզը խրվեց հողի մեջ։ Քանզի Մերիի թուրը, հետևից հարվածելով, պատռեց նրա սև թիկնոցը, անցավ օղազրահի տակով ու խրվեց ծնկի հետևի մկանային հյուսվածքի մեջ։
 +
 
 +
— Էովի՛ն, Էովի՛ն, ճչաց հոբիթը։
 +
 
 +
Եվ աղջիկը, հավաքելով վերջին ուժերը, իր թրով կտրող հարված հասցրեց թագի և թիկնոցի միջև, երբ հզոր ուսերը խոնարհվում էին նրա վրա։ Թուրը կոտրվեց՝ շողշողալով բազմաթիվ բեկորներով։ Թագ-պսակը զրնգալով գլորվեց։ Էովինն ընկավ իր տապալված թշնամու վրա, բայց ա՜յ քեզ հրաշք՝ թիկնոցն ու օղազրահը դատարկ էին։ Անձև լաթերի ու երկաթի կույտ էր միայն մնացել գետնին։ Եվ սարսափազդու ճիչ տարածվեց դողացող օդում, փոխվելով երկարատև կաղկանձի, քամու հետ քշվելով աստիճանաբար մարեց, դարձավ անմարմին, բարակ մի ձայն, որը մեռավ, կուլ գնաց ու այևս երբեք չլսվեց աշխարհի այդ դարաշրջանում։
 +
 
 +
Իսկ հոբիթ Մերիադոքը կանգնած մնաց այնտեղ, սպանվածների մեջ, թարթելով աչքերը՝ ինչպես բուն ցերեկային լույսից, որովհետև արցունքները կուրացնում էին նրան․ և ասես մշուշի միջով նա նայում էր անշարժ պառկած Էովինի ոսկեհեր գլխին։ Հետո նայեց իր փառքի գագաթնակետին ընկած թագավորի դեմքին։ Սպիտակբաշը հոգևարքի մեջ փոխել էր իր դիրքը և ազատել թագավորի մարմինը մահացու ծանրությունից՝ ճակատագրական դարձած նրա համար։
 +
 
 +
Մերին կռացավ և բարձացրեց թագավորի ձեռքը՝ համբուրելու համար։ Եվ հանկարծ Թեոդենը բացեց աչքերը՝ և դրանք ջինջ էին, և նա խոսում էր հանդարտ ձայնով, թեև դժվարությամբ։
 +
 
 +
— Մնաս բարով, պարոն հոլբիթլա,— ասաց նա։ — Իմ մարմինը ջարդված է։ Եկել է նախնիներիս միանալու ժամանակը, և նրանց փառահեղ ընկերակցությանը միանալով ես ամոթով չեմ մնա։ Ես խողխողեցի սև օձին։ Առավոտը մռայլ էր, բայց օրը պարզվեց, և մայրամուտը ոսկեփայլ կլինի։
 +
 
 +
Մերին չկարողացավ խոսել, նրան խեղդեցին արցունքները։
 +
 
 +
— Ներիր ինձ, տիրակալ,— վերջապես արտաբերեց նա,— որ խախտեցի հրամանդ, բայց և ոչինչ չարեցի, բացի բաժանման պահին լացելուց։
 +
 
 +
Ծեր թագավորը ժպտաց։
 +
 
 +
— Մի վշտացիր, այդ ներված է․ մեծ սրտի և քաջության համար ներում չեն խնդրում։ Ապրիր այժմ օրհնության մեջ, և երբ հանգիստ նստես ծխամորճ վայելելու, հիշիր ինձ։  Քանզի ես այլևս չեմ կարող նստել քեզ հետ Մեդուսելդում, ինչպես խոստացել էի, և լսել ծխատերևների մասին քո զրույցները։
 +
 
 +
Նա փակեց աչքերը, և Մերին կռացավ նրա վրա։ Բայց շուտով նորից խոսեց։
 +
 
 +
Որտե՞ղ է Էոմերը։ Իմ աչքերը մթնում են, և ես կուզեի տեսնել նրան գնալուց առաջ։ Նա պետք է թագավոր լինի ինձանից հետո։ Եվ ես ուզում եմ հրաժեշտի խոսքեր փոխանցել Էովինին։ Նա չէր ուզում, որ ես իրեն լքեմ, և ահա ես այլևս չեմ տեսնի նրան, ով հարազատ աղջկանից էլ թանկ էր։
 +
 
 +
— Տիրակա՛լ, տիրակա՛լ,— կմկմալով սկսեց Մերին,— նա, ախր․․․
 +
 
 +
Բայց այդ պահին մեծ աղմուկ բարձրացավ․ շուրջ բոլորը եղջերափողեր ու շեփորներ էին փչում։ Մերին շուրջը նայեց․ նա մոռացել էր պատերազմը և դրանից այն կողմ ամբողջ աշխարհը, և թվում էր, թե շատ ժամեր են անցել այն պահից, երբ թագավորը սլացավ դեպի իր հաղթական ավարտը, թեև իրականում շատ քիչ ժամանակ էր անցել։ Եվ այժմ նա տեսավ, որ իրենց մեծ վտանգ է սպառնում, որ իրենք գտնվում են մեծ ճակատամարտի կիզակետում, որը շուտով նոր թափով կվերսկսվի։
 +
 
 +
Թշնամական նոր ուժեր էին շտապում Գետից եկող ճանապարհով, պարիսպների տակից դուրս էին գալիս Մորգուլի հրոսակները, և հարավային դաշտերից մոտենում էր Հարադի հետևակազորն ու հեծելազորը, որոնց հետևում խոյանում էին վիթխարի մումակիլները՝ մարտական աշտարակները մեջքներին։ Բայց հյուսիսում Էոմերի ճերմակ մազափունջն էր․ նա գլխավորում էր Ռոհիրիմների մեծ ճակատը, որոնց կրկին հավաքել ու վերադասավորել էր, և Քաղաքից դուրս էին եկել պաշարված մարդկանց ողջ ուժերը, և Դոլ Ամրոթի արծաթե կարապը ծածանվում էր նրանց առջևում՝ քշելով թշնամուն Դարպասի մոտից։
 +
 
 +
Մի ակնթարթ Մերիի գլխում փայլատակեց․ «Իսկ ու՞ր է Գենդալֆը․ նա էստեղ չէ՞։ Նա, ախր, կարող էր փրկել թագավորին ու Էովինին»։
 +
 
 +
Հենց այդ պահին մոտ արշավեց Էոմերը՝ թագավորի թիկնազորի ողջ մնացած ասպետների հետ, որոնք կարողացել էին սանձել իրենց ձիերին։ Նրանք զարմացած նայում էին գիշատիչ արարածի լեշին, բայց ձիերը վախենում էին մոտենալ։ Էոմերն իջավ թամբից, և վիշտը պատեց նրա դեմքը, երբ նա մոտեցավ ընկած թագավորին ու լուռ կանգնեց նրա կողքին։
 +
 
 +
Ռազմիկներից մեկը վերցրեց թագավորական զինադրոշը մեռած զինակիր Գութլաֆի ձեռքից և բարձրացրեց։ Թեոդենը դանդաղ բացեց աչքերը։ Տեսնելով զինադրոշը, նա գլխով արեց՝ հասկացնելով, որ այն պետք է տրվի Էոմերին։
 +
 
 +
— Ողջույն, Մարկի թագավոր,— ասաց նա։ — Գնա՛, հաղթանակի՛ր։ Եվ Հրաժեշտ կտաս Էովինին։
 +
 
 +
Եվ մեռավ՝ այդպես էլ չիմանալով, որ Էովինը պառկած է իր կողքին։ Իսկ կողքին կանգնածները լալիս էին՝ բացականչելով․
 +
 
 +
— Թագավո՛ր Թեոդեն, թագավո՛ր Թեոդեն։
 +
 
 +
Եվ Էոմերն ասաց նրանց․
 +
 
 +
<poem>
 +
Մի՛ սգացեք գլխիկոր, մեծություն է ընկածը,
 +
Ընկավ ինչպես վայել է։ Երբ պատրաստ լինի դամբարանը՝
 +
Թող այդժամ սգան բոլորը, իսկ հիմա կանչում է մարտը։
 +
</poem>
 +
 
 +
 
 +
Այդպես ասաց նա, բայց ինքն էլ էր լալիս։
 +
 
 +
— Թող նրա ասպետները մնան այստեղ,— ասաց նա,— և պատվով նրա մարմինը դուրս հանեն մարտի դաշտից։ Եվ թագավորի մյուս մարդկանց նույնպես, որ պառկած են այստեղ։
 +
 
 +
Նա նայեց սպանվածներին՝ հիշելով նրանց անունները։ Եվ հանկարծ տեսավ իր քույր Էովինին ու ճանաչեց նրան։ Նա ցնցվեց, ինչպես մարդը՝ ում սիրտը նետ է խրվել ճիչը բերանին, և նրա դեմքը մահացու ճերմակություն ստացավ։ Սառը կատաղություն ծառացավ նրա մեջ և որոշ ժամանակ զրկեց նրան խոսելու ունակությունից։ Իսկ հետո նա ասես խելագարվեց։
 +
 
 +
— Էովի՛ն, Էովի՛ն,— ճչաց նա,— ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր։ Այս ի՞նչ խելագարություն է կամ չարի հմայանք։ Մա՛հ, մա՛հ, մա՛հ, մահը տանում է մեզ բոլորիս։
 +
 
 +
Հետո, չսպասելով գոնդորցիների մոտենալուն և խորհուրդ չանելով, նա հեծավ ձիուն ու սլացավ թշնամական մեծ զորքին դեմ հանդիման՝ ուժեղ փչելով եղջերափողն ու կոչ անելով հարձակման։ Դաշտի վրա հնչեց նրա պարզ, հնչեղ ձայնը․
 +
 
 +
— Մա՛հ, առա՛ջ, առա՛ջ դեպի մահ և աշխարհի վերջ։
 +
 
 +
Եվ զորքն առաջ շարժվեց, բայց ռոհանցիներն այլևս չէին երգում։ Մա՛հ էին գոչում նրանք մեկ ձայնով, բարձր և ահազդու, և արագություն հավաքելով, ինչպես մեծ ալիքը, անցան իրենց ընկած թագավորի մոտով ու հեղեղեցին դաշտի հարավային մասը։
 +
 
 +
Իսկ հոբիթ Մերիադոքը դեռ կանգնած էր այնտեղ, արցունքներից միջից աչքերը թարթելով, և ոչ ոք նրա հետ չխոսեց, և առհասարակ, կարծես ոչ ոք նրան չնկատեց։ Նա մաքրեց արցունքներն ու կռանալով, բարձրացրեց կանաչ վահանը, որ Էովինն էր տվել, ապա կախեց մեջքին։ Հետո սկսեց հայացքով փնտրել իր թուրը․ հարվածը հասցնելիս նրա ձեռքը փայտացել էր, և այժմ անշարժ կախված էր, նա կարող էր օգտագործել միայն ձախ ձեռքը։ Ահա այն, ընկած է գետնին․․․ Բայց սա ի՞նչ է։ Շեղբը ծխում էր, ինչպես կրակն ընկած չոր ճյուղը, և մինչ նա նայում էր, այն բարակեց, ծռմռվեց ու անհետացավ։
 +
 
 +
Այդպիսին էր վերջը Գերեզմանոցի թրի, կռված հնագույն արևմուտքի մարդկանց կողմից։ Եվ զինագործը, ով շատ հեռավոր ժամանակներում դանդաղ-դանդաղ կռել էր այն Հյուսիսային Թագավորությունում, երբ Դունադանները դեռ երիտասարդ էին, և նրանց գլխավոր թշնամին Անգմար թագավորությունն էր ու նրանց Կախարդ Արքան, շատ կուրախանար, իմանալով, թե ինչ ճակատագիր է ունեցել իր կռած թուը։ Ոչ մի այլ շեղբ, եթե նույնիսկ այն լիներ հզոր ձեռքերում, չէր կարող վիրավորել այդպիսի թշնամուն՝ կտրելով նրա ուրվական մարմինը և քանդելով հմայանքը, որ կապում էր նրա անտեսանելի մարմինն ու կամքը։
 +
 
 +
Մարդիկ բարձրացրին թագավորին՝ դնելով նիզակների վրա թիկնոց գցված պատգարակի վրա, և շարժվեցին դեպի Քաղաքը։ Ուրիշները զգուշորեն բարձրացրին Էովինին ու հետևեցին նրանց։ Սակայն թագավորական տան մարդկանց նրանք դեռ չէին կարող տանել․ այնտեղ ընկել էին թագավորական տան յոթ աասպետ, որոնց մեջ էր նաև նրանց գլխավորը՝ Դեորվինը։ Նրանց առանձնացրին թշնամիների դիակներից ու գիշատիչ արարածից և շրջապատեցին նիզակներով։ Երբ ամեն ինչ ավարտված էր, նրանք վերադարձան, խարույկ վառեցին ու այրեցին սարսափելի թռչունի մարմինը, իսկ Սպիտակբաշի համար գերեզման փորեցին և քար դրեցին, որի վրա Ռոհանի և Գոնդորի լեզվով փորագրված էր․
 +
 
 +
<poem>
 +
Հավատարիմ նժույգ էր, բայց՝ իր տիրոջ անեծքը
 +
Թեթևոտնի քուռակ արագավազ Սպիտակբաշը։
 +
</poem>
 +
 
 +
 
 +
Երկար ու կանաչ խոտ էր աճում հետագայում Սպիտակբաշի դամբանաթմբին, բայց մշտապես սև ու լերկ մնաց հողը այնտեղ, որտեղ հրկիզվել էր թևավոր հրեշը։
 +
 
 +
Մերին դանդաղ ու տխուր քայլում էր պատգարակը տանողների կողքով և այլևս ուշադրություն չէր դարձնում ճակատամարտին։ Նա հոգնած էր, ամբողջ մարմինը ցավում էր, ձեռքերն ու ոտքերը դողում էին՝ ասես ցրտից։ Ծովից եկող քամին ուժեղ անձրև բերեց, և թվում էր, թե երկինքն էլ է սգում Թեոդենին ու Էովինին՝ մոխրագույն արցունքներով հանգցնելով Քաղաքի կրակները։ Ասես մառախուղի միջից, Մերին տեսավ մոտեցող գոնդորցիների առաջին շարքերը։ Իմրահիլը՝ Դոլ Ամրոթի իշխանը, մոտ արշավեց ու սանձեց ձիուն։
 +
 
 +
— Այդ ի՞նչ բեռ եք կրում Ռոհանի՛ մարդիկ,— բացականչեց նա։
 +
 
 +
— Թեոդեն թագավորին ենք տանում,— պատասխանեցին մարդիկ։ — Նա մահացել է։ Բայց այժմ Էոմեր թագավորն է մարտի ելել՝ քամուն տված սաղավարտի ճերմակ մազափունջը։
 +
 
 +
Իշխանն իջավ ձիուց և ծնկի եկավ պատգարակի դիմաց՝ փառաբանելով թագավորին ու նրա ահեղ գրոհը, և չկարողացավ զսպել արցունքները։ Վեր կենալով, նա նայեց Էովինին զարմանք ապրեց։
 +
 
 +
— Բայց ախր սա կի՜ն է,— բացականչեց նա։ — Մի՞թե նույնիսկ Ռոհանի կանայք են հասել օգնության մեծ պատերազմում։
 +
 
 +
— Ոչ, նրանցից միայն մեկը,— պատասխանեցին նրան։ — Տիրուհի Էովինը, Էոմերի քույրը, և մինչ այժմ մենք ոչինչ չգիտեինք
 +
այդ մասին, ու հիմա դառը սգում ենք։
 +
 
 +
Իշխանի աչքից չվրիպեց նրա գեղեկությունը, թեև դեմքը գունատ էր ու սառը, և նա, կռանալով, դիպավ աղջկա ձեռքին։
 +
 
 +
— Ռոհա՛նի մարդիկ,— բացականչեց նա,— մի՞թե ձեր մեջ բուժակ չկա։ Նա վիրավոր է և, հնարավոր է՝ մահացու, բայց ես տեսնում եմ, որ նա դեռ ողջ է։
 +
 
 +
Նա իր ձեռքից հանեց ողորկ ապարանջանը և մոտեցրեց Էովինի սառը շրթունքներին․ մետաղի փայլուն մակերեսը թեթև, գրեթե աննկատելի մշուշվեց։
 +
 
 +
— Հարկավոր է շտապել,— ասաց իշխանը և իր մարդկանցից մեկին ուղարկեց Քաղաք օգնություն բերելու։ Իսկ ինքը խորը գլուխ տվեց ընկածներին, հրաժեշտի խոսքեր ասաց և արշավեց մարտի։
 +
 
 +
Իսկ Պելլենորի դաշտերում ճակատամարտը վերսկսվել էր նոր թափով՝ զենքերի շաչյուն էր լսվում ամենուրեք, մարդկանց ճիչեր, աղաղակներ և ձիերի խրխնջոց։ Հնչում էին եղջերափողերը, փչում էին շեփորները, կատաղի մռնչում էին մարտի տարվող մումակիլները։ Քաղաքի հարավային մասում Գոնդորի հետևակազորը մարտի էր բռնվել Մորգուլի հրոսակների հետ, որոնք դեռևս բավական ուժեղ էին ու մեծաքանակ։ Բայց հեծելազորն արշավել էր արևելք՝ Էոմերին օգնության․ Հուրին Բարձրահասակը՝ բանալիների պահապանը, Լոսարնախի տիրակալը, և Հիրլուինը՝ Կանաչ Բլուրներից, և իշխան Իմրահիլն իր ասպետներով։
 +
 
 +
Եվ նրանք ժամանակին հասան Ռոհիրիմներին օգնության։ Քանզի հաջողությունը շրջվել էր Էոմերի դեմ, և նրա կատաղությունը դավաճանել էր նրան։ Կատաղի գրոհը տապալել էր թշնամիների ճակատը, ռոհանցիների մեծ նիզակները խրվել էին հարավցիների շարքերի մեջ՝ ցիրուցան անելով հեծյալներին և ոտնատակ տալով հետևակ զինվորներին։  Սակայն մումակիլներից ձիերը վախենում էին․ շրջվում էին ու վրնջալով փախչում նրանց ճանապարհից։ Եվ հսկայական հրեշները չէին կռվում, այլ կանգնած էին, ինչպես պաշտպանական աշտարակներ, և Հարադրիմները հավաքվում էին նրանց շուրջը։ Եթե մարտի սկզբում հարադցիները ռոհանցիներից երեք անգամ ավելի էին, ապա այժմ դրությունն ավելի էր ծանրացել, քանզի Օսգիլիաթից օժանդակ ուժ էր մարտի դաշտ ելել։ Դրանց պահել էին թիկունքում՝ Քաղաքն ասպատակելու, ավերելու ու թալանելու համար, և նրանք սպասում էին իրենց զորավարի հրամանին։ Այժմ, երբ նա ոչնչացված էր, Գոթմոգը՝ Մորգուլի օրքերի առաջնորդն էր նրանց մարտի բերել։ Նրանց մեջ կային կացիններով զինված արևելացիներ, Քհանդից ժամանած Վարյագներ, կարմիր հանդերձներով հարավի մարդիկ և Հեռավոր Հարադից ժամանած Սև մարդիկ՝ նման կիսաթրոլների, սպիտակ աչքերով և կարմիր լեզուներով։ Մի մասը սլանում էին Ռոհիրիմների թիկունքը, մյուսները արևմուտք էին շտապում, որպեսզի խանգարեն գոնդորցիներին միանալ ռոհանցիներին։
 +
 
 +
Հենց այդ ժամանակ, երբ հաջողությունն սկսեց դավաճանել Գոնդորին, և պաշտպանների հույսը տատանվեց, Քաղաքից աղաղակներ լսվեցին։ Գրեթե կեսօր էր, ուժեղ քամի էր փչում, անձրևը քշվել էր հյուսիս, և փայլում էր արևը։ Օդը մաքրվել էր, և պարիսպների վրայի պահակները հեռվում սարսափելի մի տեսարան տեսան, և վերջին հույսը լքեց նրանց։
 +
 
 +
Հարլոնդի շրջադարձից այն կողմ Անդուինը տեսանելի էր ևս մի քանի լիգ, իսկ հեռատեսները կարող էին նույնիսկ նկատել յուրաքանչյուր մոտեցող նավ։ Եվ, այնտեղ նայելով, պահակները սարսափահար ճչացին, որովհետև փայլփլուն ջրի վրա սևին տվող հսկա նավատորմ տեսան՝ մեծ թիանավեր և բարձր կայմերով նավեր՝ քամուց փքված առագաստներով։
 +
 
 +
— Ումբարի ծովահեննե՛րը,— ճչում էին մարդիկ,— Ումբարի ծովահեննե՜րը, տեսե՛ք, Ումբարի ծովհեննե՜րն են գալիս։ Ուրեմն Բելֆալասը գրավված է, Էթիրն ու Լեբինինը՝ նույնպես։ Ծովահեններն այստեղ են, սա ճակատագրի վերջին հարվա՛ծն է։
 +
 
 +
Եվ ոմանք, առանց հրամանի սպասելու, որովհետև հրամայող չէր մնացել Քաղաքում, վազեցին դեպի զանգերը և տագնապ հնչեցրին, իսկ ոմանք էլ՝ նահանջ ազդարարող փողեր։
 +
 
 +
— Վերադարձեք պատերի մո՜տ,— կանչում էին նրանք։ — Վերադարձե՜ք։ Հետ եկեք Քաղաք, քանի դեռ բոլորիդ չեն ոչնչացրել։
 +
 
 +
Բայց նավատորմը բերող քամին ցրում էր նրանց բարձրացրած ամբողջ աղմուկը։
 +
 
 +
Ռոհիրիմները, սակայն, լուրերի կամ տագնապի կարիք չունեին, նրանք չափազանց լավ էին տեսնում սև առագաստները։ Որովհետև Էոմերը գտնվում էր Հարլոնդից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա, և նրանց ու նավահանգստի միջև թշնամու հրոսակներ էին կանգնած, իսկ հետևից նորանոր թշնամիներ էին մոտենում՝ կտրելով նրան իշխան Իմրահիլից։ Նա նայեց Գետին, և հույսը մեռավ նրա սրտում, և մինչ այդ օրհնված քամին նա անիծված անվանեց։ Իսկ Մորդորի զորքերը ոգևորվեցին, ապա ուրախության աղաղակներով ու նոր կատաղությամբ գրոհի նետվեցին։
 +
 
 +
Բայց Էոմերն արդեն տիրապետել էր իրեն, սառնարյունությունը վերադարձել էր, միտքը՝ պարզվել։ Նա նշան արեց փչել փողերը, որպեսզի բոլորը, ովքեր դեռ ի վիճակի են կռվել, հավաքվեն իր դրոշի տակ։ Քանզի նա մտածել էր վահանների մեծ պատ կառուցել և կռվել տեղում կանգնած, առանց ձիերի, մինչև բոլորը կընկնեն Պելլենորի դաշտերում երգի արժանի մեծ սխրանքներ գործելով, թեև արևմուտքում չի մնա ոչ ոք, ով կհիշեր Ռոհանի վերջին թագավորին։
 +
 
 +
Այդպես, նա բարձրացավ կանաչ բլրի վրա և իր զինադրոշը ցցեց այնտեղ․ և ճերմակ ձին, քամուց ծածանվելով, կարծես սուրաց։
 +
 
 +
<poem>
 +
Կասկածը հետևում թողնելով, դուրս եկա մթից լուսաբացին ընդառաջ,
 +
Սլանում եմ դեպի արևը, երգելով, թուրս մերկացրած։
 +
Արշավում էի, մինչև հույսը մարելը, ու սիրտս կոտրվեց,
 +
Մնացել է միայն զայրույթ, կործանում, և կարմիր գիշեր։
 +
</poem>
 +
 
 +
 
 +
Այսպիսի բառեր արտասանեց նա, և ծիծաղում էր դրանք ասելուց։ Քանզի պատերազմի կիրքը հերթական անգամ բորբոքվել էր նրա մեջ, և նա դեռ անվնաս էր, և նա դեռ ջահել էր, և նա թագավոր էր՝ հզոր ժողովրդի տիրակալ։ Եվ ահա, նույնիսկ հուսահատության վրա ծիծաղելով, նա հայացքն ուղղեց դեպի սև նավերը և բարձրացրեց թուրը՝ նրանց մարտահրավեր նետելով։
 +
 
 +
Եվ հանկարծ զարմանք, ապա մեծ ուրախություն պատեց նրան։ Նա վեր նետեց արևի լույսից ցոլացող իր թուրը և օդում որսալով այն՝ երգեց։ Բոլորը նրա հետևից նայեցին Գետին՝ և ա՜յ քեզ հրաշք․ առաջնային նավն արդեն մոտենում էր Հարլոնդին, ու քամին ցույց տվեց մեծ դրոշը՝ ծաղկող Սպիտակ Ծառի պատկերով։ Եվ դա Գոնդորի նշանն էր, բայց շուրջը յոթ աստղ էր պատկերված և վերևում՝ բարձր թագ։ Էլենդիլի նշանն էր, որը երկար դարեր ոչ մի տիրակալ չէր կրել։ Եվ աստղերը շողշողում էին արևի տակ, քանզի դրանք պատրաստել էր Արվենը՝ Էլրոնդի դուստրը, թանկագին քարերից․ և թագը նույնպես շողում էր, որովհետև պատրաստված էր միթրիլից ու ոսկուց։
 +
 
 +
Այդպես հայտնվեց Արագորնը, Արաթհորնի որդին, Էլլեսարը, Իսիլդուրի ժառանգը․ Մեռածների արահետով և ծովային քամու թևով՝ ժամանելով Գոնդոր թագավորություն։ Եվ ռոհանցիներն աղաղակեցին ուրախ ծիծաղով, թափահարելով թրերը, իսկ զարմացած և ցնծացող Քաղաքում փչեցին շեփորներն ու ղողանջեցին զանգերը։ Եվ Մորդորի զորքերը լցվեցին տարակուսանքով, և նրանց մեծ կախարդություն թվաց, որ իրենց նավերը լցված են իրենց իսկ թշնամիներով․ սև սարսափը պատեց նրանց, և նրանք հասկացան, որ ճակատագրի ալիքն իրենց դեմ է շրջվել, և վերջը մոտ է։
 +
 
 +
Արևելք էին արշավում Դոլ Ամրոթի ասպետները՝ առջևից քշելով թշնամիներին՝ մարդ-թրոլներին, Վարյագներին և արևի լույսն ատող օրքերին։ Հարավ էր ընթանում Էոմերը, և մարդիկ փախչում էին նրա երեսը տեսնելով ու հայտնվում մուրճի և զնդանի արանքում։ Քանզի Հարլոնդի նավահանգստում մարդիկ թռչում էին նավերից ու նետվում հյուսիս, ինչպես հեղեղը։ Նրանց մեջ էին Լեգոլասը, Գիմլին իր տապարով, և Հալբբարադը՝ զինադրոշով, Էլլադանն ու Էլրոհիրը՝ աստղերը ճակատներին, և խստադեմ Դունադանները՝ հյուսիսի հետքագետները, իսկ նրանց հետևից գալիս էին խիզախ ռազմիկներ՝ Լեբինինից, Լամեդոնից և հարավային այլ նահանգներից։ Իսկ բոլորի առջևից սլանում էր Արագորնը՝ ձեռքին բռնած շողշողացող Արևմուտքի Կայծակը՝ Անդուրիլը, ոչ պակաս ահեղ, քան Նարսիլը հնում։ Եվ նրա ճակատին փայլում էր Էլենդիլի աստղը։
 +
 
 +
Եվ ահա վերջապես Էոմերն ու Արագորնը հանդիպեցին ռազմի դաշտում։ Հենվելով իրենց թրերին, նրանք նայեցին իրար և ուրախ ողջունեցին։
 +
 
 +
—  Այսպիսով մենք կրկին հանդիպեցինք, թեև մեր միջև փռված էր Մորդորի ողջ զորքը,— ասաց Արագորնը։ — Մի՞թե այդպիսին չէին Հորնբուրգում ասված իմ խոսքերը։
 +
 
 +
— Այո, այդպիսին էին,— ծիծաղեց Էոմերը,— բայց հույսը հաճախ է խաբուսիկ լինում, իսկ ես այն ժամանակ չգիտեի, որ դու նաև հեռատես ես։ Բայց և այնպես կրկնակի օրհնված է չսպասված օգնությունը, և բարեկամների հանդիպումն էլ երբեք այսքան ուրախալի չէր եղել։
 +
 
 +
Նրանք միմյանց ձեռք սեղմեցին։
 +
 
 +
— Իսկապես, ամենասպասված ժամանակին,— ասաց Էոմերը։ — Այնքան էլ շուտ չհայտնվեցիր, բարեկամս, մենք արդեն մեծ վիշտ և ծանր կորուստներ ենք կրել։
 +
 
 +
— Ուրեմն եկ վրեժխնդիր լինենք նախքան այդ մասին խոսելը,— ասաց Արագորնը, և նրանք միասին նետվեցին մարտի։
 +
 
 +
Նրանք դեռ պետք է երկար ու դաժան մարտեր վարեին, քանզի հարավցիները համարձակ ու մռայլ մարդիկ էին և կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Արևելացիները նույնպես ուժեղ, ռազմատենչ մարդիկ էին ու ներում չէին աղերսում։ Այրված բակում կամ մարագում, բլուրների ու բլրակների վրա, պատի տակ կամ դաշտում նրանք նորից հավաքվում էին, բռունցք կազմում ու կռվում, ու այդպես մինչև երեկո։
 +
 
 +
Վերջապես արևը մտավ Մինդոլուինի հետևը և բոցավառեց ամբողջ երկինքը՝ բլուրներն ու լեռները ներկելով արյունով։ Կրակ էր շողում Գետում, և Պելլենորյան դաշտավայրի խոտը մայրամուտից բոսորագույն էր դարձել։ Եվ հենց այդ ժամին ավարտվեց Մեծ Ճակատամարտը Գոնդորի դաշտերում, և ոչ մի կենդանի թշնամի չմնաց Ռամմասի օղակում։ Բոլորը սպանված էին, բացի նրանցից, ովքեր փախել էին, որ իրենց մահը գտնեին Գետի ջրերի կարմիր փրփուրների մեջ։ Հնարավոր է, քչերը կարողացան փրկվել և հասնել Մորգուլ կամ Մորդոր, բայց Հարադրիմ ոչ ոք չհասավ, միայն պատմություններ հսան այնտեղ Գոնդորի ցասման և վրեժի մասին։
 +
 
 +
Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը ընթանում էին դեպի Քաղաքի դարպասը, և նրանք հոգնել էին վշտից ու ուրախությունից առավել։ Երեքն էլ աանվնաս էին, քանզի այդպիսին էր նրանց բախտը, զենք բանեցնելու հմտությունն ու ուժը, և քչերը կարող էին դիմանալ նրանց գրոհին կամ սիրտ անել նայել նրանց կողմը ցասման ժամին։ Սակայն մյուսներից շատերը վիրավորվել էին, խեղվել կամ սպանվել դաշտում։ Ֆորլոնգը, կորցնելով ձիուն, կռվել էր միայնակ և սպանվել կացիններով, Մորթոնդցի Դուիլինին և նրա եղբորը ոտնատակ էր տվել մումակիլը, երբ նրանք իրենց նետաձիգների հետ մոտեցել էին գազաններին՝ աչքերը նետահարելու նպատակով։ Հիրլուին Ոսկեհերն այլևս չէր վերադառնալու հարազատ Փինաթ Գելին, Գրմբոլդը՝ Գրիմսլեյդ, սպանվել էր և խստադեմ Հարբարադը՝ հյուսիսցի հետքագետը։ Շատերն էին ընկել, անվանի և անանուն, հրամանատար և ռազմիկ, քանզի դա մեծ ճակատամարտ էր, բայց մանրամասների մասին ոչ մի առասպել չի կարող պատմել։ Շատ տարիներ անց Ռոհանի աշուղներից մեկը այսպես էր երգում Մունդբուրգի գերեզմանների մասին․
 +
 
 +
<poem>
 +
Լսում էինք բլուրներում հնչող փողերը,
 +
Հարավային թագավորությունում փայլում էին թրերը,
 +
Ձիերը սլանում էին դեպի Քար-քաղաք
 +
ինչպես քամին առվոտյան։ Եվ սկսեց մարտը։
 +
Այնտեղ ընկավ Թեոդենը, Թենգելի հզոր որդին,
 +
Չի տեսնի նա այլևս կանաչ դաշտեր ու ոսկե դահլիճ,
 +
Չի վերադառնա իր հյուսիսային սիրելի երկիրը՝
 +
Ձիապանների տիրակալը։ Հարդինգն ու Գութլաֆը,
 +
Դունհերն ու Դեորվինը, քաջարի Գրիմբոլդը,
 +
Հերեֆարան ու Հերուբրանդը, Հորնն ու Ֆասթրեդը,
 +
Մարտնչեցին կատաղորեն հեռավոր երկրում ու ընկան բոլորը։
 +
Մունբուրգի գերեզմաններում պառկած են նրանք հողի տակ
 +
Գոնդորցի հրամանատարների կողքին, մարտական ընկերներ են նրանք։
 +
Ո՛չ Հիրլուին Ոսկեհերը վերադարձավ ծովափնյա բլուրներ,
 +
Ո՛չ Ֆորլոնգ ծերը՝ Լոսարնախի ծաղկող հովիտներ,
 +
Ո՛չ էլ նետաձիգներ Դերուֆինն ու Դուիլինը
 +
Այլևս չեն տեսնի Մորթոնդի հովտի իրենց մութ ջրերը։
 +
Մահը տարավ նրանց բոլորին՝ առավոտից իրիկուն,
 +
Չխնայեց ո՛չ հրամանատար, ո՛չ էլ ռազմիկ շարքային,
 +
Վաղուց են քնած նրանք կանաչ խոտի տակ Մեծ Գետի ափին։
 +
Հոսում են հանդարտ, մոխրագույն ջրերը ինչպես արցունքներ,
 +
Իսկ այն ժամանակ կարմիր էին կտրել, վշտից հորդացել,
 +
Փրփուրը ներկվել էր արյունով ու բոցավառվել մայրամուտին,
 +
լեռները վառվում էին առանց կրակի, ինչպես փարոսներ։
 +
Կարմիր էր ցողը հաջորդ առավոտ Ռամմաս Էքորում։
 +
</poem>
 +
 
 +
====Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը====
 +
 
 +
Սև Ստվերը Դարպասի մոտից հետ քաշվեց, սակայն Գենդալֆը շարունակում էր անշարժ մնալ։ Իսկ Փիփինը ոտքի կանգնեց, ասես նրա վրայից մեծ ծանրություն ընկավ։ Նա կանգնած լսում էր եղջերափողերի ձայները և նրան թվում էր, թե հիմա իր սիրտը կպայթի ուրախությունից։ Եվ հետագայում էլ, ամբողջ կյանքի ընթացքում, հեռվից եկող եղջերափողի ձայն լսելիս նրա աչքերում արցունքներ էին հայտնվում։ Բայց հիմա նա հանկարծ հիշեց, թե ինչի համար էր եկել ու վազեց առաջ։ Այդ պահին Գենդալֆը շարժվեց և խոսեց Լուսաչի հետ՝ պատրաստվելով անցնել Դարպասը։
 +
 
 +
— Գե՛նդալֆ, Գե՛նդալֆ,— կանչեց Փիփինը, և Լուսաչը կանգ առավ։
 +
 
 +
— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց Գենդալֆը։ — Մի՞թե չգիտես Քաղաքի օրենքը, որ արծաթասև հագնողները չպետք է լքեն Միջնաբերդը՝ առանց Տիրակալի թույլտվության։
 +
 
 +
— Ես թույլտվություն ունեմ,— պատասխանեց Փիփինը։ — Նա ինձ հեռացրել է, ու ես շատ վախեցած եմ։ Էնտեղ, վերևում, սարսափելի բան կարող է կատարվել։ Ինձ թվում է, Տիրակալը ցնորվել է․ վախենում եմ, որ նա իրեն կսպանի, և Ֆարամիրին էլ կսպանի։ Չե՞ս կարող ինչ-որ բան անել։
 +
 
 +
Գենդալֆը նայեց Դարպասից այն կողմ և լսեց ուժգնացող ճակատամարտի աղմուկը դաշտերում։
 +
 
 +
— Ես պետք է գնամ,— ասաց նա։ — Սև Հեծյալն այնտեղ է, և նա դեռ կարող է մեզ կործանման հասցնել։ Ես ժամանակ չունեմ։
 +
 
 +
— Բայց ախր Ֆարամի՛րը,— բացականչեց Փիփինը։ — Նա չի մեռել, նրանք կենդանի կայրեն նրան, եթե ինչ-որ մեկը նրանց չկանգնեցնի։
 +
 
 +
— Կենդանի կայրե՞ն,— կրկնեց Գենդալֆը։ — Այդ ի՞նչ նոր հեքիաթ է, պատմիր, արա՛գ։
 +
 
 +
— Դենեթորը գնաց դամբարանների մոտ,— սկսեց Փիփինը,— Ֆարամիրին էլ տարավ հետը, և նա ասում է, որ բոլորս պիտի այրվենք, իսկ ինքը չի ուզում սպասել, ուզում է, որ խարույկ վառեն ու այրեն իրեն ու Ֆարամիրն։ Նա մարդկանց ուղարկեց յուղ ու փայտ բերելու։ Ես Բերեգոնդին ասացի, բայց վախենում եմ, որ նա չհամարձակվի լքել իր դիրքը։ Նա հիմա պահակ է։ Եվ առհասարակ, նա ի՞նչ կարող է անել։ — եվ նա մի շնչով պատմեց ամեն ինչ՝ դողացող ձեռքերով հպվելով Գենդալֆի ծնկին։ — Մի՞թե դու չես կարող փրկել Ֆարամիրին, Գենդալֆ։
 +
 
 +
— Գուցե և կարող եմ,— պատասխանեց Գենդալֆը,— բայց եթե ես այդ անեմ, կմեռնեն ուրիշները։ Ինչ արած, գնանք, որովհետև այլ օգնություն նրան չի կարող հասնել։ Բայց դրանից բխող վատ հետևանքներ են լինելու։ Այո, նույնիսկ Միջնաբերդի սրտում Թշնամին մեզ հարվածելու զորություն ունի՝ այդ նրա կամքն է այնտեղ գործում։
 +
 
 +
Որոշում ընդունելով, նա այլևս չհապաղեց․ ընթացքի ժամանակ որսալով Փիփինին՝ նստեցրեց իր առջև, և Լուսաչը վարգեց Քաղաք։ Նրանք սլանում էին Մինաս Թիրիթի բարձրացող փողոցներով, իսկ հետևում ընթացող ճակատամարտի աղմուկը գնալով ուժեղանում էր։ Ամենուր մարդիկ ուշքի էին գալիս սարսափի ճիրաններից, ճանկում զենքերն և ձայնում իրար․
 +
 
 +
— Ռո՜հանը, Ռոհանն է եկե՜լ։
 +
 
 +
Կանչում էին հրամանատարները՝ ռազմիկները հավաքվում էին, շատերն արդեն գնում էին դեպի Դարպասը։ Նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և նա ձայնեց նրանց․
 +
 
 +
— Այդ ու՞ր, Միթրանդիր․ Ռոհիրիմները մարտնչում են Գոնդորի դաշտերում, մենք պետք է հավաքենք մեր ամբողջ ուժերը։
 +
 
 +
— Հավաքիր բոլորին, մինչև վերջին մարդը և նույնիսկ ավելին,— ասաց Գենդալֆը։ — Եվ շտապիր, ժամանակ մի կորցնիր։ Ես կգամ, հենց կարողանամ։ Բայց հիմա անհետաձգելի գործ ունեմ Դենեթորի մոտ։ Քեզ վրա վերցրու հրամանատարությունը Տիրակալի փոխարեն։
 +
 
 +
Նրանք շարունակեցին գնալ, և որքան մոտենում էին Միջնաբերդին, այնքան քամին ուժեղանում էր, փչում նրանց դեմքերին, և նրանք տեսան լուսաբացի ցոլքը հեռվում՝ հարավում, որ գնալով մեծանում էր։ Բայց դա նրանց քիչ հույս բերեց, որովհետև չգիտեին, թե ինչ չարիք է սպասվում իրենց առջևում, և վախենում էին չափազանց ուշ հասնել։
 +
 
 +
— Խավարը ցրվում է,— ասաց Գենդալֆը։ — Բայց Քաղաքում այն դեռ ծանր է։
 +
 
 +
Միջնաբերդի դարպասի մոտ նրանք պահակներ չգտան։
 +
 
 +
— Ուրեմն Բերեգոնդը գնացել է այնտեղ,— հուսադրվեց Փիփինը։
 +
 
 +
Նրանք շրջվեցին ու շտապեցին դեպի Փակ Դուռը տանող ճանապարհով։ Այն լայն բացված էր, և դռան առջևում փռված էր դռնապանը։
 +
Նա սպանված էր, բանալի չկար մոտը, երևում է՝ վերցրել էին։
 +
 
 +
— Թշնամու գործն է,— ասաց Գենդալֆը։ — Նրան ուրախացնում են նման բաները՝ երբ ընկերը սպանում է ընկերոջը, խառնաշփոթ է տիրում սրտերում և հավատարմությունը տարբեր կերպ է ընկալվում։
 +
 
 +
Նա իջավ ձիուց և հրամայեց Լուսաչին վերադառնալ իր ախոռը։
 +
 
 +
— Մենք պետք է հիմա դաշտում լինեինք, իմ ընկեր,— ասաց նա։ — Սակայն ստիպված ենք հետաձգել, ինձ այլ գործեր են սպասում։ Ամեն դեպքում, արագ ինձ մոտ արի, երբ լսես կանչս։
 +
 
 +
Նրանք անցան դուռը և գնացին զառիվայր, ոլորապտույտ ճանապարհով։ Լուսանում էր, և ճանապարհի երկայնքով ձգվող բարձր սյուներն ու քանդակները թվում էին դանդաղ անցնող մոխրագույն ուրվականներ։
 +
 
 +
Հանկարծ լռությունը խախտեցին ներքևում լսվող ճիչերն ու թրերի զրնգոցը՝ այդպիսի ձայներ այդ սրբազան վայրում չէին լսվել Քաղաքի կառուցման օրերից ի վեր։ Վերջապես նրանք հասան Ռաթ Դինեն և շտապեցին Փոխարքաների Տուն, որի հսկայական գմբեթն ուրվագծվում էր մթնշաղում։
 +
 
 +
— Կա՛նգ առեք, կա՛նգ առեք,— ճչաց Գենդալֆը՝ նետվելով դեպի դուռը տանող քարե սանդուղքը։ — Վե՛րջ տվեք այդ խելագարությանը։
 +
 
 +
Դենեթորի սպասավորները ջահերով ու թրերով հարձակվել էին Պահապանի արծաթասև հագուստներով Բերեգոնդի վրա, իսկ նա, ամենավերևի աստիճանին կանգնած, պաշտպանում էր շեմը։ Նրանցից երկուսն արդեն ընկել էին նրա թրից՝ արյունով ներկելով դամբարանի հատակը․ մյուսները անիծում էին նրան՝ անվանելով հանցագործ ու դավաճան։
 +
 
 +
Առաջ վազելով՝ Գենդալֆն ու Փիփինը լսեցին մահացածների տանից եկող Դենեթորի ճիչը․
 +
 
 +
— Շտապե՛ք, արագացրե՛ք։ Արեք, ինչպես հրամայել եմ, սպանե՛ք դավաճանին։ Թե՞ ես ինքս պետք է այդ անեմ։
 +
 
 +
Դուռը, որ Բերեգոնդը պահում էր ձախ ձեռքով, հանկարծ բացվեց, և հետևում հայտնվեց Քաղաքի Տիրակալը՝ վեհաշուք, ահարկու․ աչքերում փայլում էր կրակը, ձեռքին բռնել էր մերկացրած թուրը։
 +
 
 +
Բայց Գենդալֆը մի ցատկով հայտնվեց աստիճաններին, և մարդիկ նահանջեցին նրա առջև, քանզի նրա հայտնվելը նման էր մութ վայրում լույսի բռնկման, և մեծ էր նրա զայրույթը։ Նա բարձրացրեց ձեռքը՝ և Դենեթորի հարվածելու պատրաստ թուրը թռավ նրա ձեռքից ու ընկավ թիկունքում ինչ-որ տեղ՝ դամբարանի մթության մեջ։ Զարմացած Դենեթորը նահանջեց Գենդալֆի առջև։
 +
 
 +
— Այս ի՞նչ է կատարվում, տիրակա՛լ,— խստորեն հարցրեց Գենդալֆը։ — Մահացածների տանը տեղ չկա ապրողների համար։ Եվ ինչու՞ են մարդիկ կռվում այստեղ, դամբարանային սրահներում, երբ իրական կռիվը Դարպասի առջև է։ Եվ կամ մի՞թե մեր Թշնամին արդեն Ռաթ Դինեն է նույնիսկ թափանցել։
 +
 
 +
— Այդ երբվանի՞ց է Գոնդորի Տիրակալը պարտավոր պատասխան տալ քո առջև,— պատասխանեց Դենեթորը։ — Թե՞ ես իրևավունք չունեմ հրամայել իմ ծառաներին։
 +
 
 +
— Ունես,— ասաց Գենդալֆը։ — Սակայն մյուսներն էլ իրավունք ունեն վիճարկել քո հրամանը, եթե այն ցնորամիտ է, դաժան ու չար։ Որտե՞ղ է որդիդ, Ֆարամիրը։
 +
 
 +
— Պառկած է այնտեղ, ներսում,— արձագանքեց Դենեթորը։ — Վառվում է, արդեն այրվում է, կրակն արդեն նրա մարմնի մեջ է։ Բայց, ոչինչ, շուտով բոլորս կայրվենք։ Արևմուտքը ձախողվեց․ ամեն ինչ կայրվի մեծ կրակի մեջ, և ամեն ինչի վերջը կգա։ Մոխի՛ր, միայն մոխիր ու ծուխ կմնա, որն էլ կցրի քամին։
 +
 
 +
Գենդալֆը, տեսնելով նրան պատած խելագարությունը, սարսափեց, որ նա արդեն ինչ-որ չար ու անշտկելի գործ արած լինի ու շարժվեց առաջ, իսկ նրա հետևից՝ Բերեգոնդն ու Փիփինը։ Դենեթորը նահանջեց, հետ-հետ գնաց և կանգ առավ սեղանի մոտ։ Սակայն նրանք այնտեղ անվնաս գտան Ֆարամիրին՝ պառկած ու դեռևս տենդի մեջ։ Նրա տակ փայտ էր կիտած, և շուրջը նույնպես բարձր կույտեր էին, և ամբողջը ներծծված էր յուղով, նույնիսկ Ֆարամիրի զգեստներն ու վրայի ծածկոցը։ Բայց կրակը դեռ չէին վառել։ Այստեղ Գենդալֆը բացահայտեց իր մեջ թաքնված ոչ ծերունական զորությունը, ճիշտ այնպես, ինչպես բացահատում էր մոխրագույն թիկնոցի տակ թաքնված ճերմակությունը։ Նա ցատկեց վառելիքի կուտերի վրա և, թեթևությամբ գրկելով հիվանդին, իջավ ու տարավ նրան դեպի դուռը։ Այդ պահին Ֆարամիրը տնքաց և քնի մեջ կանչեց հորը։
 +
 
 +
Դենեթորը ցնցվեց, ասես սթափվելով տրանսից․ նրա աչքերի կրակը մարեց, այտերով գլորվեցին արցունքները։ Եվ նա ասաց․
 +
 
 +
— Մի խլիր որդուս ինձանից, նա կանչում է ինձ․․․
 +
 
 +
— Կանչում է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց քեզ առայժմ չի կարելի նրա մոտ։ Նա մահվան շեմին է և բուժման կարիք ունի, որը հնարավոր է և չգտնի։ Իսկ քո գործն է՝ դուրս գալ ռազմի դաշտ ու կռվել Քաղաքիդ համար, որտեղ,  հնարավոր է և գտնես քո մահը։ Սրտիդ խորքում դու այդ գիտես, Դենեթոր։
 +
 
 +
— Նա այլևս չի արթնանա,— ասաց Դենեթորը։ — Կռիվն ապարդյուն է։ Ինչու՞ պետք է ձգտենք ամեն կերպ երկարացնել մեր կյանքը, ինչու՞ չմեռնենք միասին, կողք-կողքի։
 +
 
 +
— Քեզ այդպիսի իրավունք չի տրված՝ տնօրինել մահվանդ ժամը, Գո՛նդորի Կառավար,— գոչեց Գենդալֆը։ — Միայն հեթանոս արքաներն են այդպես վարվել Մութ Ուժերի իշխանության ներքո, կուրացած հպարտությունից ու հուսահատությունից, իրենց հետ սպանելով նաև իրենց ազգականներին՝ մեղմելու համար սեփական մահը։
 +
 
 +
Այս խոսքերով նա դուրս եկավ մահաբեր դամբարանից՝ իր հետ տանելով Ֆարամիրին, և պառկեցրեց նրան շեմին դրված պատգարակի վրա, որով նրան այստեղ էին բերել։ Դենեթորը հետևեց նրան, բայց հանկարծ կանգ առավ՝ դողալով ու կարոտով նայելով որդու դեմքին։ Մի պահ նա տատանվեց, մինչդեռ մյուսները լուռ սպասում էին՝ տեսնելով նրա տանջանքները։
 +
 
 +
— Գնանք,— ասաց Գենդալֆը։ — Մենք պետք ենք այնտեղ։ Դու դեռ շատ բան կարող ես անել։
 +
 
 +
Բայց հանկարծ Դենեթորը ծիծաղեց։ Նա ուղղվեց, կրկին վեհ կեցվածք ընդունեց և հպարտ քայլերով վերադաձավ սեղանի մոտ, ապա բարձրացրեց քարը, որ բարձի տեղ դրված էր նրա գլխի տակ։ Հետո վերադարձավ շեմի մոտ և քարի վրայից մի կողմ նետեց ծածկոցը՝ և բոլորը տեսան Փալանթիրը նրա ձեռքին։ Երբ նա բարձրացրեց այն, գունդն սկսեց լուսարձակել ներքին կրակով այնպես, որ Տիրակալի նիհար դեմքը լուսավորվեց ասես կարմիր բոցից, և թվում էր, թե այն կերտված է կարծր քարից, սև, սուր ստվերներով, վեհ, հպարտ ու սարսափազդու։ Նրա աչքերը փայլեցին։
 +
 
 +
— Հպարտություն և հուսահատությու՞ն, ասում ես,— բացականչեց նա։ — Ինչ է, կարծում էիր, որ Սպիտակ Աշտարակի աչքերը կու՞յր են։ Ո՛չ, ես տեսել եմ ավելին, քան դու գիտես, Մոխրագու՛յն հիմար։ Քո հույսը պարզապես անտեղյակության արդյունք է։ Գնա, ուրեմն, աշխատի՛ր, ապաքինի՛ր, գնա կռվի՛ր։ Ունայն է ամեն ինչ։ Գուցե և հիմա հաղթանակես ռազմի դաշտում, ընդամենը մեկ օրով, բայց ընդդեմ այն ուժի, որ ելել է մեր դեմ, հաղթանակ չկա։ Դեպի այս Քաղաքն է ձգվել նրա ձեռքի ընդամենը մեկ մատը։ Ամբողջ Արևելքը շարժման մեջ է։ Եվ նույնիսկ հիմա քո հույսի քամին խաբում է քեզ և Անդուինի վրայով այստեղ է քշում սև առագաստներով նավատորմը։ Արևմուտքը ձախողվել է։ Ժամանակն է, որ հեռանան բոլոր նրանք, ովքեր չեն ուզում դառնալ ստրուկներ։
 +
 
 +
— Նման խորհուրդներն անկասկած Թշնամուն հաղթանակ կբերեն,— ասաց Գենդալֆը։
 +
 
 +
— Դե ուրեմն, շարունակիր հուսալ,— ծիծաղեց Դենեթորը։ — Մի՞թե ես քեզ չեմ ճանաչում, Միթրանդիր։ Քո հույսն է իշխել իմ փոխարեն, կանգնել յուրաքանչյուր գահի հետևում՝ հյուսիսում լինի, հարավում, թե արևմուտքում։ Ես կարդացել եմ քո մտքերը և գիտեմ, թե դու ինչ ես տենչում։ Կարծում ես, ես չգիտե՞մ, որ հրամայել ես այս կոլոտիկին լռել։ Որ բերել ես նրան այստեղ լրտեսելու ինձ հենց իմ պալատում։ Բայց և այնպես մեր զրույցի ժամանակ ես կարողացա իմանալ քո ուղեկիցների անուններն ու նպատակները։ Ուրեմն, դու ուզում ես ձախ ձեռքով ինձ որոշ ժամանակ օգտագործել Մորդորի դեմ որպես վահան, իսկ աջով իմ փոխարեն գահին նստեցնել այն Հյուսիսային Թափառականի՞ն։
 +
 
 +
Սակայն իմացիր, Գե՛նդալֆ Միթրանդիր, ես գործիք չեմ լինի քո ձեռքին։ Ես Անարիոնի տան կառավարն եմ և չեմ նվաստանա՝ դառնալով ինչ-որ դուրսպրծուկի թուլամիտ պալատականը։ Եթե նույնիսկ նա ինձ ապացուցի իր իրավունքը, միևնույնն է, նա ընդամենը Իսիլդուրի հեռավոր ժառանգն է, և ես գլուխս չեմ խոնարհի այդպիսի մարդու, խորտակված տան վերջին ժառանգի առջև՝ վաղուց զրկված խշխանությունից և արժանապատվությունից։
 +
 
 +
— Իսկ ի՞նչ կուզենայիր, եթե ամեն ինչ քո կամքով լիներ,— հարցրեց Գենալֆը։
 +
 
 +
— Կուզենայի, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել է իմ կյանքի բոլոր օրերին,— պատասխանեց Դենեթորը, — և ինչպես եղել է ինձանից առաջ իմ նախնիների օրոք․ լինել այս Քաղաքի Տիրակալը խաղաղության մեջ և ինձանից հետո թողնել գահը որդուս, և որպեսզի նա ինքն իր գլխի տերը լինի, և ոչ թե կախարդի աշակերտը։ Բայց եթե ճակատագիրը մերժում է ինձ դրանում, ապա ես ոչինչ չեմ ուզում․ ո՛չ կիսատ կյանք, ո՛չ կիսատ սեր, ո՛չ կիսատ արժանապատվություն։
 +
 
 +
— Իմ կարծիքով՝ փոխարքան, վերադարձնելով իշխանությունը օրինական արքային, չի զրկվում ո՛չ սիրուց, ո՛չ արժանապատվությունից,— առարկեց Գենդալֆը։ — Եվ, բացի դրանից, դու իրավունք չունես որոշել որդուդ փոխարեն, քանի դեռ նրա մահը կասկածի տակ է։
 +
 
 +
Այդ խոսքերից Դենեթորի աչքերը կրկին բոցավառվեցին, և նա, Քարը թևի տակ դնելով, հանեց դանակն ու նետվեց դեպի պատգարակը։ Բայց Բերեգոնդն առաջ ցատկեց ու կանգնեց Ֆարամիրի առջև։
 +
 
 +
— Ա՜խ Այսպես,— ճչաց Դենեթորը,— դու արդեն հասցրել ես գողանալ որդուս սիրո կեսը, հիմա էլ իմ դեմ ես ուղղում իմ ասպետների սրտե՞րը։ Որպեսզի նրանք զրկե՞ն ինձ որդուցս։ Սակայն մի բանում դու գոնե չես կարող ինձ խանգարել՝ տնօրինել սեփական կյանքիս ավարտը։ Մո՛տ եկեք,— գոռաց նա իր հպատակներին։ — Եկե՛ք, եթե ոչ բոլորդ եք դավաճան։
 +
 
 +
Երկուսը աստիճաններով վազեցին նրա մոտ։ Նա արագ հափշտակեց նրանցից մեկի կանթեղը և իրեն գցեց դամբարան։ Եվ մինչ Գենդալֆը կհասցներ խանգարել նրան, նա կանթեղը մտցրեց վառելիքի մեջ՝ և այն անմիջապես բռնկվեց ու ճարճատեց։
 +
Այնուհետև Դենեթորը ցատկեց սեղանի վրա, և պարուրված կրակով ու ծխով, ոտքերի տակից վերցրեց փոխարքայի իր գավազանը, ապա, ծնկին խփելով, կոտրեց։ Կտորները կրակի մեջ նետելով, նա խոնարհվեց ու պառկեց սեղանին՝ երկու ձեռքով Փալանթիրը սեղմելով կրծքին։ Եվ ասում են, որ այդ օրվանից յուրաքանչյուր ոք, ով սիրտ էր անում նայել այդ քարի մեջ ու բավականաչափ կամք չէր ունենում ենթարկելու Քարը իրեն, տեսնում էր միայն կրակի բոցերի մեջ խորշոմող երկու ծեր ձեռքեր։
 +
 
 +
Գենդալֆը վշտից ու սարսափից շրջեց երեսն ու փակեց դուռը։ Որոշ ժամանակ նա մտքերի մեջ ընկած լուռ կանգնած էր շեմին, մինչդեռ մյուսները դրսում կանգնած լսում էին կրակի ագահ մռնչյունը։ Հետո Դենեթորը բարձր ճիչ արձակեց՝ միայն մեկ անգամ, ու հավիտյան լռեց, և ոչ մի մահկանացու այլև նրան չտեսավ։
 +
 
 +
— Այսպիսին էր Դենեթորի, Էքթելիոնի որդու վերջը,— ասաց Գենդալֆը։ Նա շրջվեց Բերեգոնդի և սարսափից քարացած սպասավորների կողմը։ Եվ այսպիսին էին ձեր մինչև այժմ ճանաչած Գոնդորի վերջին օրերը։ Վատի համար, թե լավի՝ այն այլևս անցյալ է։ Մենք չարագործությունների ականատես եղանք, բայց այժմ թո՛ղ որ ձեր միջև թշնամանքները վերանան, քանզի այն մտածված էր թշնամու կողմից և գործում էր նրա կամքով։ Դուք ներքաշված էիք պարտականությունների ցանցի մեջ, որը ձեզ ստիպում էր կատարել միմյանց հետ անհամատեղելի գործողություններ, բայց ցանցը դուք չեք հյուսել։ Մտածեք, սակայն, Տիրակալի ծառաներ, կույր՝ ձեր հնազանդության մեջ, որ եթե չլիներ Բերեգոնդի դավաճանությունը, Ֆարամիրը՝ Սպիտակ Աշտարակի զորավարը, հիմա նույնպես այրված կլիներ։ Տարեք այս դժբախտ վայրից ձեր ընկած ընկերներին։ Իսկ մենք կտանենք Ֆարամիրին՝ Գոնդորի փոխարքային այնտեղ, որտեղ նա կկարողանա հանգիստ քնել կամ մեռնել, եթե այդ է նրա ճակատագիրը։
 +
 
 +
Գենդալֆն ու Բերեգոնդը, բարձրացնելով պատգարակը, շարժվեցին դեպի Բուժման Տներ, և Փիփինը գլուխը կախ գնաց նրանց հետևից։ Բայց Տիրակալի ծառաները ապշած նայում էին, չկարողանալով հայացքները կտրել մահացածների տանից։ Երբ Գենդալֆը հասավ Ռաթ Դինենի մյուս ծայրին, բարձր ճայթյուն լսվեց։ Շրջվելով՝ նրանք տեսան, որ տան գմբեթը ճեղքվել է, և ճեղքերից ծուխ է դուրս ժայթքում։ Իսկ հետո այն դղրդյունով փլվեց կրակի բուռն փոթորկի մեջ, և անխռով կրակի լեզուները դեռ երկար պարում ու թրթռում էին ավերակների մեջ։ Միայն այդ ժամանակ ծառաները սարսափահար փախան այդտեղից՝ հետևելով Գենալֆին։
 +
 
 +
Վերջապես նրանք հասան Փակ Դռան մոտ, և Բերեգոնդը վշտահար նայեց դռնապանին։
 +
 
 +
— Մինչև կյանքիս վերջը ինձ չեմ ների այս արարքիս համար,— ասաց նա։ — Բայց ինձ առաջ էր մղում շտապելու մոլուցքը, իսկ նա չէր ուզում լսել և թուր մերկացրեց ինձ վրա։ — Նա հանեց բանալին, որ խլել էր դռնապանից, փակեց դուռն ու կողպեց այն։ — Իսկ այժմ այն պետք է հանձնվի տիրակալ Ֆարամիրին,— ավելացրեց նա։
 +
 
 +
— Դոլ Ամրոթի իշխանն է հրամայում Տիրակալի բացակայության պայմաններում,— ասաց Գենդալֆը։ — Բայց քանի որ հիմա նա այստեղ չէ, ես պետք է ստանձնեմ այդ գործը։ Պահիր այդ բանալին Բերեգոնդ, և պահպանիր այն, քանի դեռ Քաղաքում նորից կարգ ու կանոն չի տիրել։ 
 +
 
 +
Վերջապես նրանք դուրս եկան Քաղաքի վերին օղակներ և առավոտյան լույսի տակ շարժվեցին դեպի Բուժման Տներ։ Դրանք առաձնացված գեղեցիկ տներ էին՝ նախատեսված ծանր հիվանդ մարդկանց խնամքի համար, բայց այժմ դրանք վերափոխել էին պատերազմում վիրավորված կամ մահացող մարդկանց խնամելու համար։ Դրանք գտնվում էին Միջնաբերդի դարպասից ոչ հեռու, վեցերորդ օղակում, հարավային պատի մոտ, և շրջապատված էին պարտեզով, ինչպես նաև կանաչապատ մարգագետին կար՝ այստեղ այնտեղ աճած ծառերով՝ և դա միակ այդպիսի վայրն էր Քաղաքում։ Այնտեղ էին ապրում այն մի քանի կանայք, որոնց թույլատրվել էր մնալ Մինաս Թիրիթում, քանի որ նրանք հմուտ էին բժշկման գործում և օգնում էին բուժակներին։
 +
 
 +
Գենդլաֆն ու նրա ուղեկիցները արդեն արդեն տանում էին պատգարակները Տների գլխավոր մուտքի մոտ, երբ բարձր, ականջ ծակող ճիչ լսեցին, որը տարածվեց Դարպասի դիմաց, դաշտի գլխին, մխրճվեց երկնքի մեջ ու քամուց քշվելով հետզհետե մարեց։ Ճիչ այնքան սարսափազդու էր, որ մի պահ բոլորը քարացան, բայց երբ այն ցրվեց, անսպասելի նրան սրտերը թեթևացան ու լցվեցին մեծ հույսով, և նման բան նրանք չէին զգացել այն պահից սկսած, երբ խավարը սողաց արևմուտքից․ և նրանց թվաց, որ ավելի լուսացավ ու արևը ճեղքեց ամպերը։
 +
 
 +
Սակայն Գենդալֆի դեմքը մռայլ ու տխուր էր։ Նա կարգադրեց Բերեգոնդին ու Փիփինին տանել Ֆարամիրին Բժշկման Տներ, իսկ ինքը բարձրացավ մոտակա պատի վրա, և այնտեղ, ինչպես ճերմակ քարից կերտված արձան, նա կանգնել էր նոր ծագող արևի տակ ու նայում էր ներքև։ Եվ նա տեսավ իրեն տրված հատուկ տեսողությամբ այն ամենը, ինչ կատարվել էր։ Եվ երբ Էոմերը հետ եկավ ճակատամարտի առաջնագծից ու կանգ առավ դաշտում ընկածների կողքին, նա հառաչեց, թիկնոցը կրկին գցեց ուսերին ու իջավ պատերի վրայից։ Քիչ անց, երբ Բերեգոնդն ու Փիփինը դուրս եկան, գտան նրան դռան առջև, մտքերի մեջ ընկած, լուռ կանգնած։
 +
 
 +
Նրանք նայեցին նրան, բայց Գենդալֆը որոշ ժամանակ լռում էր։
 +
 
 +
— Իմ բարեկամներ,— վերջապես խոսեց նա,— և դուք, այս Քաղաքի ու արևմտյան հողերի բնակիչներ։ Տեղի են ունեցել փառավոր ու մեծ վիշտ պարունակող իրադարձություններ։ Լացե՞նք, թե՞ ուրախանանք։ Կատարվել է այն, ինչի մասին մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում՝ ոչնչացվել է Թշնամու զորավարը, և դուք լսեցիք նրա վերջին ու հուսահատության արձագանքը։ Բայց նա հեռացել է մեծ վշտի ու դառը կորուստների գնով, և այդ ես գուցե կարողանայի կանխել, եթե չլիներ Դենեթորի խելագարությունը։ Ահա թե ինչքան հեռու են արդեն տարածվել Թշնամու ձեռքերը։ Ավա՜ղ։ Բայց այժմ ես հասկանում եմ, թե ինչպես է նրա կամքը կարողացել մուտք գործել Քաղաքի հենց սիրտը։
 +
 
 +
Թեև փոխարքաները կարծում էին, որ այդ գաղտնիքի մասին միայն իրենք գիտեն, բայց ես վաղուց եմ կռահել, որ այստեղ՝ Սպիտակ Աշտարակում, պահպանվել է Յոթ Տեսնող Քարերից առնվազն մեկը։ Իր իմաստության օրերին Դենեթորը չէր համարձակվում ո՛չ օգտագործել այն, ոչ էլ մարտահրավեր նետել Սաուրոնին՝ իմանալով սեփական ուժի սահմանները։ Բայց նրա իմաաստությունը չդիմացավ փորձությանը՝ և երբ ուժեղացող վտանգն սկսեց սպառնալ իր տիրույթներին, նա առաջին անգամ նայեց Քարի մեջ ու խաբվեց, իսկ Բորոմիրի գնալուց հետո, կռահում եմ, ավելի հաճախ է նայել։ Նա չափազանց հզոր է՝ Մութ Ուժին կամքին ենթարկվելու համար, բայց, այնումենայնիվ նա տեսել է միայն այն, ինչ այդ Ուժը թույլ է տվել տեսնել։ Ստացած գիտելիքներն անկասկած հաճախ են օգտակար եղել նրան, սակայն Մորդորի մեծաթիվ ուժերի տեսիլքը, որ նրան պարբերաբար ցույց են տվել, հուսահատությամբ է սնուցել նրա սիրտը, մինչև որ ցնորել է նրա միտքը։
 +
 
 +
— Հիմա հասկանում եմ, թե ինչը ինձ էն ժամանակ տարօրինակ թվաց,— ասաց Փիփինը սարսռալով։ — Տիրակալը հեռացավ սենյակից, որտեղ պառկած էր Ֆարամիրը, իսկ հետո, երբ վերադարձավ, ես առաջին անգամ մտածեցի, որ նա փոխված է՝ ծեր և կոտրված։
 +
 
 +
— Հենց այն ժամանակ, երբ Ֆարամիրին բերեցին Աշտարակ, մեզանից շատերը տարօրինակ լույս տեսան ամենավերին սենյակում,— ավելացրեց Բերեգոնդը։ — Սակայն մենք առաջ էլ ենք այդ լույսը տեսել, և Քաղաքում վաղուց են լուրեր պտտվում, որ Տիրակալը ժամանակ առ ժամանակ մտովի մարտնչում է իր Թշնամու հետ։
 +
 
 +
— Ավա՜ղ, ուրեմն ճիշտ եմ կռահել,— հոգոց հանեց Գենդալֆը — Այդպես է Սաուրոնի կամքը թափանցել Մինաս Թիրիրթ, և այդ պատճառով եմ ես այստեղ, այլ ոչ թե դաշտում։ Եվ ստիպված կլինեմ այստեղ էլ մնալ, որովհետև բացի Ֆարամիրից, շուտով այստեղ կբերեն այլ վիրավորներ։ Ես պետք է իջնեմ ու դիմավորեմ նրանց։ Այնտեղ, դաշտում, ես ականատես եղա մի տեսարանի, որը շատ ծանր է իմ սրտի համար, և դեռ կարող է ավելի մեծ վիշտ տեղի ունենալ։ Արի ինձ հետ, Փիփին։ Բայց դու, Բերեգոնդ, պետք է վերադառնաս Միջնաբերդ և տեղեկացնես պահակախմբի գլխավորին կատարվածի մասին։ Վախենում եմ, որ նրա պարտքը կլինի ազատել քեզ պահակախմբից․ բայց ասա նրան, որ եթե ես կարող եմ խորհուրդ տալ իրեն, ապա թող ուղարկի քեզ Բժշկման Տներ, որպեսզի քո հրամանատարին պահակություն անես ու սպասարկես, և նրա կողքին լինես, երբ արթնանա, եթե, իհարկե, ճակատագիրն այդպես կամենա։ Քանզի քո շնորհիվ նա փրկվեց ողջ-ողջ այրվելուց։ Իսկ այժմ գնա։ Ես շուտով կվերադառնամ։
 +
 
 +
Այս խոսքերով նա շրջվեց ու Փիփինի հետ իջավ Քաղաքի ներքին օղակներ։ Մինչդեռ նրանք գնում էին, քամին մոխրագույն անձրև բերեց, և բոլոր կրակները մարեցին, և ծխի մեծ ամպեր քուլա-քուլա բարձրացան Քաղաքի վրա։
 +
 
 +
====Գլուխ ութերորդ․ Բժշկման Տներ====
 +
 
 +
Մերիի աչքերը մշուշվել էին արցունքներից ու հոգնածությունից, երբ նրանք վերջապես մոտեցան Մինաս Թիրիթի ավերված Դարպասին։ Նա քիչ ուշադրություն էր դարձնում ավերածություններին ու սպանվածներին, որոնք ամենուրեք էին։ Օդը հագեցած էր կրակով, ծխով ու գարշահոտությամբ, քանզի շատ ռազմական մեքենաներ էին այրվել կամ գցվել հրե խրամուղիների մեջ, որտեղ այրվում էին բազմաթիվ սպանվածներ։ Այստեղ և այնտեղ ընկած էին հարավային հսկա հրեշների կիսաայրված դիակները՝ սպանված քարե արկերով կամ Մորթոնդի անվրեպ նետաձիգների արձակած նետերով, որ ցցված էին հրեշների աչքերի մեջ։ Թռչող անձրևը մի պահ դադարել էր, և երկնքում շողում էր արևը, բայց ամբողջ ներքին քաղաքը դեռևս պարուրված էր ծխացող գարշահոտությամբ։
 +
 
 +
Մարդիկ արդեն աշխատում էին՝ ջանալով ճանապարհ հարթել ճակատամարտի մնացորդների միջով, և Քաղաքից արդեն պատգարակավորներ էին դուրս գալիս։ Նրանք Էովինին զգուշությամբ պառկեցրին փափուկ բարձերի վրա, սակայն թագավորի մարմինը ծածկեցին մեծ ոսկե ծածկոցով, և ջահեր էին կրում նրա շուրջը, որոնց կրակները արևի լույսից գունատ, թրթռում էին քամուց։
 +
 
 +
Այսպես Թեոդենն ու Էովինը մտան Գոնդորի գահաքաղաք, և բոլորը, ովքեր տեսնում էին նրանց, մերկացնում էին գլուխներն ու խոնարհվում։ Նրանք անցան այրված ներքին օղակի մոխրի ու ծխի միջով և շարունակեցին բարձրանալ քարե փողոցներով։ Մերիին վերելքը անվերջ էր թվում՝ անիմաստ ճամփորդություն ատելի երազում, որտեղ պետք էր շարունակ գնալ ու գնալ դեպի ինչ-որ աղոտ ավարտ, որը հիշողությունը չէր ընկալում։
 +
 
 +
Առջևում երևացող ջահերի կրակները դանդաղ թրթռացին ու մարեցին, և նա գնում էր մթության մեջ՝ մտածելով․ «Սա թունել է ու տանում է գերեզման, որտեղ մենք կմնանք հավիտյան»։ Բայց հանկարծ նրա անուրջների մեջ կենդանի ձայն թափանցեց․
 +
 
 +
— Վերջապե՛ս, Մերի՜, ես գտա՛ քեզ, ա՜յ քեզ հաջողություն։
 +
 
 +
Նա բարձրացրեց գլուխը, և աչքերը շղարշած մշուշը մի փոքր ցրվեց։ Նրա առջև Փիփինն էր։ Նրանք դեմ հանդիման կանգնած էին նեղ նրբանցքում, և շուրջը ոչ ոք չկար։ Մերին տրորեց աչքերը։
 +
 
 +
— Որտե՞ղ է թագավորը,— զարմացավ նա։ — Եվ Էովի՞նը։ — Հետո սայթաքեց, նստեց շեմին ու նորից լաց եղավ։
 +
 
 +
— Նրանք գնացին, բարձրացան Միջնաբերդ,— բացատրեց Փիփինը։ — Իսկ դու երևի քնել ես ոտքի վրա ու թեքվել սխալ ուղղությամբ։ Մենք երբ տեսանք, որ դու նրանց հետ չես, Գենդալֆն ինձ անմիջապես ուղարկեց քեզ փնտրելու։ Խեղճ ծերուկ Մերրի, շատ ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։ Բայց դու հազիվ ես ոտքի վրա մնում, իսկ ես լեզվիս եմ զոռ տալիս։ Ասա մենակ՝ լա՞վ ես։ Քեզ չե՞ն վիրավորել։
 +
 
 +
— Ինձ թվում է, չէ, պատասխանեց Մերին։ — Բայց աջ ձեռքս չեմ կարողանում շարժել, Փիփին, էն պահից սկսած, երբ նրան հարվածեցի։ Եվ թուրս ամբողջութամբ այրվեց փայտի կտորի պես։
 +
 
 +
Փիփինն անհանգստացած նայեց նրան։
 +
 
 +
— Լսիր, ավելի լավ է, արի գնանք, ու ինչքան արագ, էնքան լավ,— ասաց նա։ — Ափսոս, չեմ կարող քեզ գրկած տանել՝ դու երևում է, քայլելու ունակ չես։ Նրանք, առհասարակ չպետք է քեզ թողնեին մենակ, բայց դու ներիր նրանց․ Էնքան սարսափելի բաներ են կատարվել Քաղաքում, Մերի, որ էս խառնաշփոթում մարտից եկող մի խեղճ հոբիթի չնկատելը դժվար չէ։
 +
 
 +
— Երբեմն դա էդքան էլ վատ չէ,— ասաց Մերին։ — Քիչ առաջ նա էլ ինձ չնկատեց․․․ Ոչ-ոչ, չեմ կարող էդ մասին խոսել։ Օգնիր ինձ, Փիփին, նորից մթնում է, ձեռքս էլ շատ սառն է։
 +
 
 +
— Հենվիր ինձ վրա, Մերի, իմ ընկեր,— թևանուկ արեց Փիփինը։ — Գնանք, հանգիստ-հանգիստ, քայլ առ քայլ։ Այստեղ, հեռու չէ։
 +
 
 +
— Պատրաստվում ես ինձ թաղե՞լ,— հարցրեց Մերին։
 +
 
 +
— Իհարկե ոչ, սրան տեսեք,— պատասխանեց Փիփինը՝ փորձելով զվարթ ձևանալ, թեպետ սիրտը կծկվել էր վախից ու խղճահարությունից։ — Չէ, մենք գնում ենք Բժշկման Տներ։
 +
 
 +
Նրանք դուրս եկան նրբանքից, որն անցնում էր բարձր տների չորորդ օղակի և արտաքին պատի միջով, ու վերադարձան Միջնաբերդ բարձրացող գլխավոր ուղի։ Նրանք գնում էին դանդաղ, քայլ առ քայլ, քանի որ Մերին օրորվում էր զառանցում՝ ասես քնի մեջ։
 +
 
 +
«Ես նրան տեղ չեմ հասցնի,— մտածեց Փիփինը։ — Մի՞թե ոչ ոք չի օգնի։ Հո չեմ թողնի էստեղ»։
 +
Այդ պահին, ի զարմանս Փիփինի, հետևից քայլերի ձայն լսվեց, վազելով մի տղա մոտեցավ, և Փիփինը ճանաչեց Բերգիլին՝ Բերեգոնդի որդուն։
 +
 
 +
— Բարև, Բերգիլ,— կանչեց նա,— էդ ու՞ր ես գնում։ Ուրախ եմ քեզ նորից ողջ առողջ տեսնել։
 +
 
 +
— Ես բուժարարների մոտ վազվռտուքի մեջ եմ,— պատասխանեց Բերգիլը։ — Չեմ կարող ուշանալ։
 +
 
 +
— Մի ուշացիր,— ասաց Փիփինը,— բայց վերևում ասա նրանց, որ ես էստեղ հիվանդ հոբիթ ունեմ, դե, փերիան, հասկացա՞ր։ Մարտի դաշտից՝ թող նկատի ունենան։ Եթե Միթրանդիրն էնտեղ լինի, շատ կուրախանա էս լուրի համար։
 +
 
 +
Բերգիլը վազեց։
 +
 
 +
«Էստեղ էլ կսպասեմ»,— մտածեց Փիփինը։ Նա զգուշորեն պառկեցրեց Մերիին ճամփեզրին, արևի տակ, իսկ ինքը նստեց կողքին՝ ընկերոջ գլուխը դնելով ծնկներին։ Հետո շոշափեց նրան ոտքից գլուխ, ապա ձեռքերն առավ իր ափերի մեջ։ Աջ ձեռքը կարծես սառույց լիներ։
 +
 
 +
Շուտով նրանց փնտրեց-գտավ Գենդաալֆն ինքը։ Նա կռացավ Մերիի վրա ու շոյեց ճակատը, հետո զգուշորեն բարձրացրեց նրան։
 +
 
 +
— Այս հոբիթին պետք է փառքով բերեին Քաղաք,— ասաց նա։ — Նա լավ արդարարեց իրեն, որովհետև եթե Էլրոնդն ինձ չզիջեր՝ ոչ մեկդ ճանապարհ չէինք ընկնի, և այսօրվա չարիքները շատ ավելի սարսափելի կլինեին։ — Նա հառաչեց։ — Եվ ահա իմ ձեռքում ևս մեկ վիրավոր կա, իսկ ճակատամարտը դեռ մազից է կախված։
 +
 
 +
Այսպիսով, վերջապես Ֆարամիրին, Էովինին ու Մերիադոքին պառկեցրին Բժշկման Տներում։ Այնտեղ նրանց շատ լավ էին խնամում։ Քանզի, թեև հնագույն շատ գիտելիքներ կորստյան էին մատնվել, այնուամենայնիվ Գոնդորի բուժարարներն իրենց հավասարը չունեին վերքերի և այն բոլոր հիվանդությունների բուժման մեջ, որոնցով հիվանդանում էին Ծովից արևելք ապրող մահկանացուները։ Միայն ծերությունը չէին բուժում՝ դրա համար դարման չէին գտել։ Առհասարակ, նրանց կյանքի տևողությունը պակասել էր, դարձել էր սովորական մարդկանց կյանքի տևողությունից մի փոքր ավելի։ Քչերն էին կարողանում անցնել հարյուր տարեկանի շեմը առանց զառամելու՝ երևի միայն որոշ ազնվատոհմ տների զտարյուն ժառանգները։ Բայց այժմ նույնիսկ ամենահմուտ և շատ գիտելիքներ ունեցող բուժարարները շփոթված էին, որովհետև հայտնվել էին ծանր դրության մեջ և դարման չէին գտնում նոր ախտի դեմ, որը անվանեցին Սև Թուլություն, քանզի այն տարածում էին Նազգուլները։ Նրանք, ովքեր վարակվել էին դրանով, դանդաղ խորասուզվում էին ավելի ու ավելի խորը քնի մեջ, լռում, հետո նրանց վրա մահացու սառնություն էր իջնում և այդպես մեռնում էին։ Բուժարարները կասկածում էին, որ հենց այդ հիվանդությունն է դիպել կոլոտիկին և Ռոհանի օրիորդին։ Դեռ որոշ ժամանակ, մինչև օրվա կեսը նրանք խոսում էին, տրտնջում քնի մեջ, և խնամողները ուշադիր լսում էին՝ հուսալով ինչ-որ կարևոր բան լսել, որը կօգներ բուժել նրանց ցավերը։ Բայց շուտով նրանք սկսեցին ընկնել խավարի մեջ, և երբ արևը թեքվեց արևմուտք, նրանց դեմքերին մոխրագույն ստվեր իջավ։ Բայց ֆարամիրը այրվում էր չհանդարտվող տենդից։
 +
 
 +
Գենդալֆն անհանգիստ մահճակալից մահճակալ էր գնում, և խնամողները տեղեկացնում էին նրան լսված ամեն խոսքի մասին։ Այդպես անցավ օրը, իսկ դաշտերում դեռ մոլեգնում էր մեծ ճակատամարտը՝ փոփոխական հույսով ու հաջողությամբ, և լուրերը խառն էին ու տարօրինակ։ Գենդալֆը շարունակում էր հոգ տանել հիվանդների մասին՝ չուզենալով լքել նրանց։ Վերջապես կարմիր մայրամուտը լցրեց ամբողջ երկինքը, և լույսը պատուհաններից ընկավ հիվանդների գորշ դեմքերին։ Մոտ կանգնածներին թվաց, թե նրանց դեմքերը մեղմորեն շառագունեցին, ասես առողջության վերականգնումից, բայց դա միայն ծաղրանք էր հույսի։
 +
 
 +
Այդ ժամանակ մի ծեր կին՝ Իորեթը, տներում ծառայող կանանցից ամենաավագը, նայելով Ֆարամիրի դեմքին, արտասվեց, քանզի բոլորն էին սիրում նրան։ Եվ նա ասաց․
 +
 
 +
Ավա՜ղ, եթե նա մեռնի, մեծ դժբախտություն կլինի։ Ա՜խ, գոնե Գոնդորում արքաներ լինեին, ինչպես առաջ։ Որովհետև հին ավանդություններում ասվում է, որ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն իրենց մեջ։ Հենց դրանով էլ ճանաչում էին իսկական արքային։
 +
 
 +
Իսկ Գենդալֆը, որ կանգնած էր նրա կողքին, ասաց․
 +
 
 +
— Մարդիկ դեռ երկար կհիշեն քո խոսքերը, Իորե՛թ։ Քանզի դրանք իրեն մեջ հույս են պարունակում։ Գուցե արքան իսկապես վերադարձել է Գոնդո՞ր։ Թե՞ դու չես լսել Քաղաքում տարածվող այդ տարօրինակ լուրերը։
 +
 
 +
— Ես այստեղ մինչև կոկորդս զբաղված եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ են խոսում Քաղաքում,— պատասխանեց նա։ — Հույս ունեմ, միայն, որ այդ մահաբեր չարքերը չեն ներխուժի այս տուն ու չեն անհանգստացնի հիվանդներին։
 +
 
 +
Այնուհետև Գենդալֆը շտապ դուրս եկավ, իսկ մայրամուտի կրակը երկնքում արդեն մարում էր, և այրվող բլուրները հանգչում էին, և մոխրագույն երեկոն սողում էր դաշտերի վրայով։
 +
 
 +
Երբ արևը մայր մտավ, Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը՝ իրենց հրամանատարներով ու ասպետներով, մոտեցան Քաղաքին։ Եվ երբ նրանք հասան Դարպասին, Արագորնն ասաց․
 +
 
 +
— Ահա, տեսե՛ք, թե ինչպես է արևը մայր մտնում մեծ կրակի մեջ։ Սա նշան է վերջի ու սկզբի, ինչպես նաև՝ մեծ փոփոխությունների․ հինը դառնում է անցյալ։ Բայց այս Քաղաքն ու թագավորությունը երկար տարիներ կառավարել են Փոխարքաները, և ես վախենում եմ, որ եթե ներս մտնեմ առանց հրավերի, ապա կարող են կասկածներ ու վեճեր առաջանալ, որոնք անթույլատրելի են, քանի դեռ մղվում է այս պատերազմը։ Ես մուտք չեմ գործի Քաղաք և ոչ մի պահանջ չեմ ներկայացնի, մինչև պարզ չլինի՝ մենք ենք արդյոք հաղթելու, թե Մորդորը։ Մարդիկ վրաններ կխփեն դաշտում, և ես այստեղ կսպասեմ Քաղաքի Տիրակալի ողջույնին։
 +
 
 +
Բայց Էոմերն առարկեց․
 +
 
 +
Դու արդեն բարձրացրել ես Արքաների զինադրոշը և ցուցադրել Էլենդիլի տան նշանները։ Պատրաստ ես թույլ տալ, որ նրանք վիճարկե՞ն դրանք։
 +
 
 +
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— բայց ես համարում եմ, որ դեռ ժամը չի հասել և չեմ ուզում, որ վեճեր ծագեն հուրախություն Թշնամու։
 +
 
 +
Եվ իշխան Իմրահիլն ասաց․
 +
 
 +
— Դու իմաստուն ես վարվում, տեր իմ Արագորն՝ եթե ականջ կդնես Դենեթորի մոտ ազգականի խորհրդին այդ հարցում։ Նա կամային է ու հպարտ, թեև ծեր է։ Եվ տարօրինակ են նրա մտքերը այն պահից ի վեր, ինչ զոհվեց նրա որդին։ Բայց ես չէի ուզենա, որ դու մնայիր դռան մոտ, ինչպես չքավորը։
 +
 
 +
— Ինչու՞ չքավոր,— ասաց Արագորնը։ — Ես հյուսիսային հետքագետների հրամանատար եմ, և մենք սովոր չենք Քաղաքի ու քարե տների։
 +
 
 +
Եվ նա հրամայեց իջեցնել իր զինադրոշն ու հանեց Հյուսիսային Թագավորության Աստղը ճակատից՝ տալով այն Էլրոնդի որդիներին։
 +
 
 +
Եվ Իշխան Իմրահիլն ու Ռոհանցի Էոմերը թողեցին նրան, անցան Քաղաքի թոհուբոհի միջով ու բարձրացան Միջնաբերդ։ Նրանք մտան Աշտարակի գահադահլիճ՝ փնտրելով փոխարքային, բայց տեսան, որ նրա աթոռը դատարկ է, իսկ Գահի դիմաց, բարձր մահճում պառկած էր Թեոդենը՝ Մարկի թագավորը․ և տասներկու ջահեր էին վառվում նրա շուրջը, և կանգնած էին տասներկու պահապան՝ գոնդորցի և ռոհանցի ասպետներ։ Մահճի կախոցները կանաչ և սպիտակ էին, բայց թագավորի վրա ոսկե մեծ ծածկոց էր գցված, վրան դրված նրա թուրը, և ոտքերի տակ՝ վահանը։ Ջահերի թրթռուն լույսը խաղում էր նրա խիտ, ալեհեր մազերի վրա, ինչպես արևի ցոլքը՝ շատրվանի շիթերի մեջ, բայց նրա դեմքը գեղեցիկ էր ու երիտասարդ, բացառությամբ, որ այն երիտասարդության համար անհասանելի խաղաղությամբ էր լցված, և թվում էր, թե նա քնած է։
 +
 
 +
Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնած էին թագավորի կողքին, իսկ հետո Իմրահիլը հարցրեց․
 +
 
 +
— Իսկ ու՞ր է Տիրակալը, և որտե՞ղ է Գենդալֆը։
 +
 
 +
Եվ պահապաններից մեկը պատասխանեց նրան․
 +
 
 +
Գոնդորի փոխարքան գտնվում է Բժշկման Տներում։
 +
 
 +
Ապա հարցրեց Էոմերը․
 +
 
 +
Իսկ որտե՞ղ է օրիորդ Էովինը, իմ քույրը, նա պետք է պառկած լիներ թագավորի կողքին ու ոչ պակաս պատվով շրջապատված։ Ու՞ր են տարել նրան։
 +
 
 +
Եվ Իմրահիլը պատասխանեց․
 +
 
 +
Օրիորդ Էովինը դեռ ողջ էր, երբ նրան բերում էին Քաղաք։ Դու այդ չգիտե՞իր։
 +
 
 +
Էոմերի սրտում հույս ծագեց, և դրա հետ մեկտեղ՝ ծանր տագնապ ու վախ, և նա, այլևս ոչինչ չասելով, շրջվեց ու դուրս եկավ դահլիճից․ իշխանը նրա հետևից դուրս եկավ։ Դրսում արդեն երեկո էր, և երկնքում բազմաթիվ աստղեր էին շողում։ Բժշկման
 +
Տների շեմի մոտ նրանք հանդիպեցին Գենդալֆին, և նրա հետ էր մոխրագույն թիկնոցով ինչ-որ մեկը։ Նրանք ողջունեցին հրաշագործին ու ասացին․
 +
 
 +
— Մենք փնտրում ենք փոխարքային, մեզ ասացին, որ նա այստեղ է։ Մի՞թե նա վիրավոր է։ Իսկ օրիորդ Էովի՞նը։ Որտե՞ղ է նա։
 +
 
 +
Եվ Գենդալֆը պատասխանեց նրանց․
 +
 
 +
Նա պառկած է ներսում, մահացած չէ, բայց մոտ է մահվան։ Իսկ Ֆարամիրը, ինչպես գիտեք, վիրավորված է թունավոր տեգով, և այժմ նա է փոխարքան, քանզի Դենեթորը հեռացավ կյանքից, և նրա տունը մոխիր դարձավ։
 +
 
 +
Նրանք լսելով այս ամենը, լցվեցին վշտով ու զարմանքով։
 +
 
 +
Եվ ասաց Իմրահիլը․
 +
 
 +
Այսպիսով, հաղթանակը զրկված է ուրախությունից և այն տրվել է մեզ ծանր գնով, քանզի Ռոհանն ու Գոնդորը զրկվել են իրենց տիրակալներից։ Էոմերը կառաջնորդի Ռոհիրիմներին։ Իսկ ո՞վ է ղեկավարելու Քաղաքը այս ընթացքում։ Չուղարկե՞նք Արագորնի հետևից։
 +
 
 +
— Նա արդեն այստեղ է,— ասաց թիկնոցավոր մարդն ու առաջ եկավ։ Լամպի լույսը լուսավորեց նրան, և նրանք ճանաչեցին Արագորնին՝ փաթաթված օղազրահի վրա հագած Լորիենի մոխրագույն թիկնոցի մեջ, և ոչ մի այլ նշան նա չուներ, բացի Գալադրիելի կանաչ քարից։
 +
 
 +
— Ես այստեղ եմ եկել Գենդալֆի խնդրանքով,— ասաց նա։ — Բայց առայժմ ես Արնորի Դունադանների հրամանատարն եմ, և Քաղաքը կղեկավարի Դոլ Ամրոթի տիրակալը, քանի դեռ Ֆարամիրը չի արթնացել։ Սակայն իմ խորհուրդն է, որ հետագա այս օրերի ընթացքում Թշնամու դեմ պայքարում մեզ բոլորիս ղեկավարի Գենդալֆը։
 +
 
 +
Բոլորը համաձայն էին, և Գենդալֆն ասաց․
 +
 
 +
— Եկեք չկանգնենք շեմին, ժամանակը թանկ է, գնա՛նք։ Քանզի Արագորնի գալուստը ներսում պառկած հիվանդների վերջին հույսն է։ Այսպես ասաց Այորեթը՝ գոնդորցի իմաստուն մի կին․ Արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, և հենց դրանով էլ ճանաչում էին իրական արքային։
 +
 
 +
Առաջինը մտավ Արագորնը, մյուսները հետևեցին նրան։ Դռների մոտ Միջնաբերդի հանդերձներով երկու պահակ էին կանգնած․ մեկը բարձրահասակ, երկրորդը՝ հազիվ տղայի հասակի։ Արագորնին տեսնելով՝ նա ուրախությունից ու զարմանքից բարձր ճչաց․
 +
 
 +
— Պանդու՜խտ, այ քեզ բան։ Ես ախր միանգամից հասկացա, որ էն սև նավերով դու ես։ Բայց նրանք բոլորը բղավում էին․ ծովահեննե՛րը, ու ինձ չէին լսում։ Էդ ինչպե՞ս ստացվեց էդպես։
 +
 
 +
Արագորնը ծիծաղեց ու բռնեց հոբիթի ձեռքը։
 +
 
 +
— Լավ հանդիպում էր,— ասաց նա։ — Բայց դեռ ժամանակը չէ պատմել ճանապարհորդությունների մասին։
 +
 
 +
Իսկ Իմրահիլն ասաց Էոմերին․
 +
 
 +
— Մի՞թե այդպես են խոսում թագավորի հետ։ Թեպետ, հույս ունեմ, որ նա այլ անունով կթագադրվի։
 +
 
 +
Լսելով այդ՝ Արագորնը շրջվեց ու ասաց նրան․
 +
 
 +
— Այո, ճիշտ ես, հնագույն մեծ լեզվով ես Էլեսար եմ կոչվում, էլֆական Քար և մեկ էլ Էլվինյաթար Կենարար։ — Նա ցույց տվեց իր կրծքին պսպղացող քարը։ — Սակայն Պանդուխտ պիտի լինի իմ տան անունը, եթե այն երբևէ ստեղծվի։ Մեծ լեզվով այն այնքան էլ վատ չի հնչում, և Թելքոնթար կկոչվեմ ես ու իմ բոլոր ժառանգները։
 +
 
 +
Նրանք մտան սենյակներ, որտեղ բուժում էին հիվանդներին, և ճանապարհին Գենդալֆը պատմեց Էովինի ու Մերիադոքի սխրանքների մասին։
 +
 
 +
— Ես երկար ժամանակ կանգնել եմ նրանց կողքին,— բացատրեց նա։ — Սկզբում շատ էին խոսում իրենց քնի մեջ, նախքան մահացու խավարի մեջ սուզվելը։ Բացի դրանից, ինձ տրված է շնորհ՝ տեսնել ինձանից հեռու կատարվող շատ բաներ։
 +
 
 +
Արագորնը նախ գնաց Ֆարամիրի, իսկ հետո օրիորդ Էովինի մոտ, և վերջում՝ Մերիի։ Նա նայեց հիվանդների դեմքին, տեսավ նրանց ցավերն ու հառաչեց։
 +
 
 +
— Այստեղ հարկավոր կլինեն իմ ողջ ուժն ու հմտությունը,— ասաց նա։ — Ափսոս, Էլրոնդն այստեղ չէ, նա մեր տոհմի ամենատարեցն է և ամենափորձառուն։
 +
 
 +
Էոմերը, տեսնելով, որ նա հոգնած է ու տխուր, ասաց․
 +
 
 +
— Սկզբում գուցե մի փոքր հանգստանաս ու սնվե՞ս։
 +
 
 +
Բայց Արագորնը պատասխանեց․
 +
 
 +
— Ոչ, այս երեքի համար ժամանակ քիչ է մնացել, Իսկ Ֆարամիրի համար՝ գուցե և չի մնացել։ Հարկավոր է շտապել։
 +
 
 +
Հետո նա կանչեց Իորեթին ու հարցրեց․
 +
 
 +
— Դուք այս Տներում բուժիչ խոտաբույսերի պահուստ ունե՞ք։
 +
 
 +
— Այո, տեր իմ,— պատասխանեց նա,— բայց ոչ այնքան շատ, որ բոլորին բավականացնի։ Իսկ թե որտեղ կարելի է էլի գտնել՝ գաղափար չունեմ․ այս սարսափելի օրերին, հրդեհների ու կրակների մեջ մեր մի քանի տղաները որտեղի՞ց հավաքեն, և ու՞ր ուղարկենք նրանց՝ ախր ճանապարհները փակ են։ Ճշմարիտ է, արդեն չեմ հիշում, թե երբ են վերջին անգամ Լոսարնախից սայլեր եկել։ Բայց մեր ունեցածով ամեն ինչ անում ենք, թող մեծապատիվ տերը վստահ լինի։
 +
 
 +
— Այդ դեռ կտեսնենք,— ասաց Արագորնը։ — Ոչ միայն խոտաբույսերի պակաս կա, այլև՝ խոսելու ժամանակի։ Ացելաս ունե՞ք։
 +
 
 +
— Հաստատ չգիտեմ, տեր իմ,— պատասխանեց կինը։ — Ամեն դեպքում ոչ այդ անունով։ Գնամ, հարցնեմ խոտերի գիտակին՝ նա գիտե բոլոր հին անունները։
 +
 
 +
— Ժողովուրդը վերջին ժամանակներս դրան նաև արքայատերև է անվանում,— ասաց Արագորնը։ — Գուցե այդ անունո՞վ իմանաս։
 +
 
 +
— Ա՜խ, դա նկատի ունեք,— բացականչեց Իորեթը։ — Միանգամից այդպես ասեիք՝ կպատասխանեի։ Ոչ, այդ խոտից մենք չունենք, համոզված եմ։ Բայց ես երբեք չեմ լսել, որ այն իր մեջ բուժիչ ուժ ունենա, ուղղակի սովորական խոտ է։ Թեև, երբ հանդիպել ենք դրանից անտառում աճելիս՝ հաճախ եմ ասել քույրերիս․ «արքայատերև, տարօրինակ անուն են դրել, հետաքրքիր է, ինչու՞ է այդպես կոչվում․ եթե ես արքա լինեի, իմ այգում ավելի պայծառ բույսեր կաճեին»։ Ճիշտ է, շատ սուր ու հաճելի բուրմունք ունի, եթե տրորես ձեռքիդ մեջ, այդպես չէ՞։ Եթե հաճելին ճիշտ բառ է․ կենարար՝ երևի այսպես ավելի ճիշտ կլինի։
 +
 
 +
— Շատ կենարար,— հաստատեց Արագորնը։ — Իսկ այժմ, տիկին, եթե սիրում ես Ֆարամիրին, լեզվիդ հանգիստ տուր ու վազիր արքայատերև գտնելու, եթե Քաղաքում գեթ մեկ տերև կա դրանից։
 +
 
 +
— Իսկ եթե չկա,— խոսեց Գենդալֆը, ես Իորեթի հետ կգնամ Լոսարնախ, և թող նա անտառում արքայատերև փնտրի, թեև քույրերի հետ տեսնվելը ստիպված կլինենք հետաձգել։ Իսկ Լուսաչը ցույց կտա նրան, թե ինչ է նշանակում շտապել։
 +
 
 +
Իորեթը գնաց, և Արագորնը կարգադրեց մյուս կանանց  ջուր տաքացնել։ Հետո մի ձեռքով բռնեց Ֆարամիրի ձեռքը, մյուսը դրեց նրա ճակատին։ Նա քրտինքի մեջ կորած էր, բայց չէր շարժվում և ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Թվում էր, հազիվ է շնչում։
 +
 
 +
— Նրա վերջը մոտ է,— ասաց Արագորնը Գենդալֆին։ — Բայց պատճառը վերքը չէ։ Նայի՛ր, այն արդեն սպիացել է։ Եթե նրան Նազգուլի տեգը վիրավորած լիներ, ինչպես դուք եք կարծում, նա կմեռներ անցյալ գիշեր։ Իմ կարծիքով, նա վիրավորվել է Հարադրիմների նետով։ Այն պահպանե՞լ են։ Ո՞վ է այն հանել։
 +
 
 +
— Նետը ես եմ հանել,— խոսեց Իմրահիլը։ — Եվ վիրակապել եմ վերքը։ Բայց նետը չեմ պահել, որովհետև ճակատամարտի ժամանակ որտե՞ղ պահեի։ Այժմ սկսում եմ հիշել, որ, այո, դա Հարադրիմների նետ էր։ Սակայն ես կարծում էի, որ այն նետել են վերևում սավառնող ստվերները, որովհետև ուրիշ ինչպե՞ս կբացատրես նրա այս տենդը։ Վերքը խորը չէր ոչ էլ՝ կյանքին սպառնացող։ Ուրեմն, ի՞նչումն է բանը, քո կարծիքով։
 +
 
 +
— Մահացու հոգնածությունը, հոր վերաբերմունքը, վերքը, և գլխավորը՝ Աև Թուլությունը,— ասաց Արագորնը,— ամենքն էլ իրենց դերն են ունեցել։ Նա ամուր կամքի տեր մարդ է, որովհետև մահացու ստվերը վաղուց է կախված նրա գլխավերևում, արտաքին
 +
պատերի մոտի ճակատամարտից դեռ շատ առաջ։ Խավարը, ըստ երևույթին, դանդաղ է սողոսկել նրա մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ պայքարում էր իր դիրքերի համար։ Ափսո՛ս, որ շուտ չեմ այստեղ եկել։
 +
 
 +
Այդ պահին հայտնվեց խոտերի գիտակը։
 +
 
 +
— Ձերդ մեծությունը արքայատերև է խնդրել, ինչպես այն կոչում են գյուղացիները,— ասաց նա,— կամ ացելաս՝ ազնվական լեզվով, նրանց համար, ովքեր մի փոքր գիտեն Վալինորի լեզուն․․․
 +
 
 +
— Հենց այդպես,— պատասխանեց Արագորնը,— և ինձ համար միևնույնն է, թե դու ինչպես ես անվանում այն՝ ացէա արանիոն, թե արքայատերև, միայն թե բերած լինես հետդ։
 +
 
 +
— Ներիր, խնդրում եմ, տեր,— ասաց նա։ — Ես տեսնում եմ, որ դու ոչ միայն ռազմական հրամանատար ես, այլև հնագույն իմացությունների գիտակ։ Բայց, ավա՜ղ, մենք այդ խոտից չենք պահում Բժշկման Տներում, որտեղ բուժում են միայն ծանր վիրավորների ու հիվանդների։ Քանզի դրա մեջ ոչ մի բուժական ուժ չկա, որի մասին մենք կարող էինք իմանալ, բացառությամբ, երևի, աղտոտված օդը թարմացնելը կամ ինչ-որ անցողիկ ծանրություն քշելը։ Եթե, իհարկե, ականջ չեք դնում հինավուրց առակներին, որոնք մեր բարի Իորեթի պես կանայք դեռ կրկնում են առանց հասկանալու։
 +
 
 +
<poem>
 +
Երբ փչում է սև շունչը,
 +
Եվ աճում ստվերը մահվան,
 +
Եվ մարում են լույսեր ու երազ
 +
Արի՛ ացելաս, կյանք տուր մեռնողներին
 +
Արքայի ձեռքերում վստահ։
 +
</poem>
 +
 
 +
Բայց սա ընդամենը առակ է՝ ծեր կանանց հիշողության մեջ մնացած։ Իմաստի մասին ինքներդ դատեք՝ եթե այն գոյություն ունի։ Թեպետ, ծերունիները դեռ օգտագործում են այդ խոտի թուրմը գլխացավի համար։
 +
 
 +
— Ուրեմն, հանուն արքայի, գնա՛ ու գտիր մի որևէ ծերունու, քիչ գիտելիքներով, բայց ավելի մեծ փորձառությամբ, ով իր տանը պահում է այդ խոտից,— գոչեց Գենալֆը։
 +
 
 +
Արագորնը ծնկի եկավ Ֆարամիրի կողքին և ձեռքը դրեց նրա ճակատին։ Եվ նրանք, ովքեր նայում էին, զգացին, որ մեծ պայքար է ընթանում, քանզի Արագորնի դեմքը հոգնածությունից գորշացավ։ Ժամանակ առ ժամանակ նա տալիս էր Ֆարամիրի անունը, ամեն անգամ ավելի ցածր լսելի, ասես գնալով հեռանում էր իրեն շրջապատողներից ու տեղափոխվում ինչ-որ հեռավոր մթին հովիտ՝ փնտրելով մոլորվածին։
 +
 
 +
Վերջապես շնչակտուր հայտնվեց Բերգիլը և լաթի մեջ փաթաթված վեց տերև բերեց։
 +
 
 +
— Արքայատերև է, պարոն,— ասաց նա,— բայց, ցավոք, թարմ չէ։ Քաղել են, երևի, առնվազն երկու շաբաթ առաջ։ Հուսով եմ այն կօգնի՞, պարոն։ — Եվ նայելով Ֆարամիրի դեմքին, լաց եղավ։
 +
 
 +
Արագորնը ժպտաց։
 +
 
 +
— Ոչինչ, այդպես էլ կանցնի,— ասաց նա։ — Ամենասարսափելին արդեն անցյալում է։ Մնա այստեղ և հանգստացիր։
 +
 
 +
Հետո, երկու տերև վերցնելով ափերի մեջ, նա շնչեց դրանց վրա, ապա տրորեց ձեռքերի մեջ՝ և անմիջապես սենյակը լցվեց կենարար թարմությամբ, ասես օդն ինքը ուրախությունից տատանվեց ու շողշողաց։ Հետո նա տերևները նետեց եռացող ջրով լի ամանի մեջ, և բոլորի սրտերը միանգամից թեթևացան։ Քանզի այդ բույրը, որ հասնում էր յուրաքանչյուրին, հուշեր էր արթնացնում ինչ-որ հեռավոր երկրում անբիծ արևով ողողված ցողոտ առավոտների մասին, որի համեմատությամբ գեղեցիկ գարնանային աշխարհը պարզապես անցողիկ հիշողություն էր։ Արագորնը թարմացած, ժպտացող աչքերով վեր կացավ և ամանը մոտեցրեց ֆարամիրի քնած դեմքին։
 +
 
 +
— Հըմ, ով կմտածեր,— շշնջաց Իորեթը իր կողքին կանգնած կնոջը։ — Խոտը, պարզվում է, հասարակ չէ։ Իմլոթ Մելուիի վարդերը հիշեցի, երբ փոքրիկ աղջիկ էի․ թագավորին վայել վարդեր էին։
 +
 
 +
Հանկարծ Ֆարամիրը շարժվեց, բացեց աչքերն ու նայեց իր վրա կռացած Արագորնին՝ և ճանաչման ուրախությամբ լցվեցին նրա աչքերը, և նա ցածր ասաց․
 +
 
 +
— Իմ տիրակալ, դու կանչեցիր ինձ, և ես եկա։ Ի՞նչ կհրամայես։
 +
 
 +
— Մի խարխափիր այլևս խավարում և արթնացիր,— ասաց Արագորնը։ — Թոթափիր հոգնածությունդ, հանգստացիր մի քիչ, հաց կեր ու սպասիր իմ վերադաարձին։
 +
 
 +
— Կանեմ իչպես ասում ես, տիրակալ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մի՞թե կարելի է անգործ պառկել, երբ վերադարձել է արքան։
 +
 
 +
— Դե, ցտեսություն,— ասաց Արագորնը։ — Ես պետք եմ մյուս հիվանդներին։
 +
 
 +
Եվ նա Գենդալֆի ու Իմրահիլի հետ դուրս եկավ սենյակից, բայց Բերեգոնդն ու նրա որդին մնացին՝ չկարողանալով զսպել իրենց ուրախությունը։ Փիփինը գնաց Գենդալֆի հետևից և, մինչև դռան փկվելը լսեց, թե ինչպես Իորեթը բացականչեց․
 +
 
 +
— Արքա՞ն։ Չէ, դու լսեցի՞ր։ Ի՞նչ էի ես ասում․ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, ահա այս չէ՞ի ասում։
 +
 
 +
Շուտով Տներում լուր տարածվեց արքայի մասին, ով վերադարձել է ու բժշկում է մարդկանց, և քիչ անց այդ մասին խոսում էր ամբողջ Քաղաքը։
 +
 
 +
Արագորնը մոտեցավ Էովինին և ասաց․
 +
 
 +
— Նա ծանր հարված է ստացել և ծանր վիրավորվել։ Սակայն կոտրված ձեռքը ձգել և կապել են պատշաճ հմտությամբ, և ժամանակի ընթացքում այն կլավանա, եթե նա ապրելու ուժ ունենա։ Կոտրված է վահան բռնած ձեռքը, բայց վտանգը գալիս է մյուս ձեռքից, որով բռնած է եղել թուրը։ Դրա մեջ այլևս կյանք չկա, թեև կոտրված չէ։
 +
 
 +
Ավա՜ղ, չար ճակատագիր բաժին ընկավ նրան։ Նա մարտնչել է իրեն թե՛ կամքով, թե՛ մարմնով բազմաթիվ անգամ գերազանցող հակառակորդի հետ։ Բոլոր նրանք, ովքեր զենք կբարձրացնեն այդպիսի հակառակորդի վրա, պետք է պողպատից ամուր լինեն, այլապես հարվածը կկործանի հենց իրենց։ Իսկ հարվածը հասցրել է աղջիկ, գեղեցիկ մի օրիորդ թագավորական տանից։ Եվ որտեղից բառեր գտնեմ՝ ասելու նրան նրա մասին։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան ու զգացի նրա տխրությունը, ինձ թվաց, թե ես սպիտակ ծաղիկ տեսա, ձիգ ու հպարտ, շուշանի պես գեղեցիկ, բայց ոչ նուրբ, այլ ամուր, ինչպես էլֆ դարբինների կռած պողպատը։ Կամ գուցե ոչ թե պողպատ, այլ սառու՞յց։ Գուցե ցուրտը սառեցրել էր այդ ծաղկի հյութը, և այն կանգնած էր արդեն դառնացած, բայց դեռ գեղեցիկ, սակայն դատապարտված չորանալու և մեռնելու։ Նրա հիվանդությունը բոլորովին էլ այսօր չի սկսել, այդպես չէ՞, Էոմեր։
 +
 
 +
— Զարմացած եմ, որ ինձ ես այդ մասին հարցնում, տեր,— պատասխանեց վերջինս։ — Ես կարծում եմ, որ քո մեղքն այստեղ չկա և ոչ էլ այլ բաներում։ Սակայն ես գիտեմ, որ ցուրտը չէր դիպել իմ քրոջը՝ մինչև քեզ իր ճանապարհին հանդիպելը։ Նա կիսում էր ինձ հետ իր անհանգստություններն ու վախը կապված թագավորի հետ այն ժամանակ, երբ Օձալեզուն կախարդել էր նրան իր զրույցներով, և աճող անհանգստությամբ էր խնամում թագավորին։ Բայց այդ չէր կարող հասցնել նրան այս վիճակին։
 +
 
 +
— Բարեկամս,— ասաց նրան Գենդալֆը,— դու արշավում էիր սիրելի նժույգիդ հեծած ու սխրանքներ գործում Ռոհանի դաշտերում, իսկ նա՝ ծնված սպասուհու մարմնում, ուներ քեզանից ոչ պակաս խիզախ սիրտ ու ամուր ոգի։ Սակայն նա ստիպված էր հոգ տանել ծերունու մասին, որին սիրում էր հոր պես, և տեսնել, թե ինչպես է նա օրեցոր ծերանում կախարդանքից ու ընկնում անպատիվ վիճակի մեջ։ Նա իրեն նվաստացած էր զգում և պակաս պետքական, քան գավազանը, որին հենվում էր Թեոդենը։
 +
 
 +
Կարծում ես, Օձալեզվի թույնը թունավոր էր միայն թագավորի ականջների համա՞ր։ «Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես խմում ու կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ»։ Հիշու՞մ ես այս բառերը։ Սա ասում էր Սարումանը, Օձալեզվի ուսուցիչը։ Չեմ կասկածում, որ Օձալեզուն ավելի խորամանկ ու շրջահայաց է արտահայտվել։ Իսկ քո քույրը լռել է քեզ սիրելով, պարտքի զգացմունքից ելնելով, այլապես դուք նրա շրթունքներից շատ դաժան բաներ կարող էիք լսել։ Բայց ով գիտե, թե ինչ է խոսել նա խավարում, մենակ, գիշերվա դառը ժամերին, երբ իր ապրած ողջ կյանքը թվում էր անիմաստ, իսկ սենյակը՝ վանդակ, և ինքն այդ վանդակում փակված։
 +
 
 +
Էոմերը լռեց ու նայեց քրոջը՝ խորհելով ասվածի շուրջ և վերհիշելով անցած տարիների համատեղ կյանքի օրերը։ Իսկ Արագորնն ասաց․
 +
 
 +
Ես տեսել եմ նույնը՝ ինչ որ դու, Էոմեր։ Եվ հավատա՝ ճակատագրի հարվածներից չկա ավելի դառը ու ամոթալի հարված տղամարդու համար՝ քան զգալ հրաշագեղ ու քաջ մի կնոջ սերը և չկարողանալ պատասխանել դրան։ Վիշտն ու խղճահարությունը հետևում են ինձ այն ժամանակից ի վեր, ինչ ես թողեցի նրան Դունհորոում՝ խորը հուսահատության մեջ, և գնացի Մեռածների Արահետով։ Եվ այդ ճանապարհի հանդեպ վախն ավելի փոքր էր, քան այն վախը, որ կարող էր ինչ-որ բան պատահել նրան։ Բայց այնուամենայնիվ, կասեմ քեզ, Էոմեր, որ նա քեզ ավելի շատ է սիրում քան ինձ, որովհետև նա գիտե քեզ և սիրում է գիտենալով, իսկ իմ մեջ նա սիրում է միայն ստվեր ու երազանք՝ հույս փառքի ու մեծ գործերի, Ռոհանի դաշտերից հեռու երկրներում։ Գուցե և ես կարողանամ բժշկել նրա մարմինն ու վերադարձնել նրան խավարի հովտից։ Սակայն ի՞նչ է նրան սպասվում արթնանալուց հետո․ հույս, մոռացում, թե հուսահատություն՝ այդ ես չգիտեմ։ Եթե հուսահատություն, ապա նա կմեռնի, եթե չլինի այլ բուժում, որովհետև ես ի զորու չեմ նրան բուժել, ավա՜ղ։ Եվ դա մեծ կորուստ կլինի, զի իր կատարած սխրանքով նա իրեն պսակել է մեծ փառքով ու իր արժանի տեղը գրավել ամենահռչակավոր թագուհիների շարքում։
 +
 
 +
Եվ Արագորնը կռացավ ու նայեց նրա դեմքին, և այն իսկապես շուշանի պես ճերմակ էր, սառույցի պես սառը և քարի պես կարծր։ Բայց նա համբուրեց նրա ճակատը և մեղմ կանչեց նրան՝ ասելով․
 +
 
 +
— Էովին, Էոմունդի դուստր, արթնացիր․ քո թշնամին ջախջախված է։
 +
 
 +
Աղջիկը չշարժվեց, բայց սկսեց խորը շնչել, այնպես, որ նրա կուրծքը ծածկոցի տակ բարձրացավ ու իջավ։ Եվ նորից Արագորնը ացելասի երկու տերև տրորեց ու գցեց եռման ջրի մեջ․ և դրանով լվաց նրա ճակատն ու աջ ձեռքը՝ անկենդան և սառը ընկած ծածկոցի վրա։
 +
 
 +
Կամ Արագորնն իսկապես տիրապետում էր հինավուրց Արևմուտքի մոռացված ինչ-որ հմայանքի, կամ Էովինի մասին ասված խոսքերը ներգործեցին ներկաների վրա, բայց երբ սենյակում տարածվեց արքայատերևի հրաշալի բույրը, բոլորին թվաց, թե պատուհանից քամի փչեց, թարմ, նորածին ու մաքուր, ասես դեռ ոչ մի կենդանի արարած չէր շնչել այդ օդը, և եկել էր այն աստղային գմբեթի տակ պսպղացող ձյունապատ բարձր լեռներից, կամ հեռավոր արծաթափայլ ափերից, որ լվացվում են փրփուրի ծովերով։
 +
 
 +
— Արթնացի՛ր, Էովին, Ռո՛հանի դուստր,— կրկնեց Արագորնը։ Նա բռնեց նրա աջ ձեռքը և զգաց, թե ինչպես է այն տաքանում ու կյանքի վերադառնում։ — Արթնացիր, ստվերը հեռացավ, և աշխարհը լվացվեց խավարից։ — Հետո նա աղջկա ձեռքը դրեց Էոմերի ձեռքի մեջ ու հետ գնաց։ — Կանչիր նրան,— ասաց նա և անշշուկ դուրս եկավ սենյակից։
 +
 
 +
— Էովի՛ն, Էովի՛ն,— կանչեց Էոմերը արցունքների միջից։ Եվ նա բացեց աչքերն ու ասաց․
 +
 
 +
— Էոմե՛ր, սա ի՞նչ երջանկություն է։ Նրանք ասում էին, որ դու սպանված ես․․․ Բայց ոչ, դրանք ընդամենը մութ ձայներ էին երազում։ Եվ երկա՞ր եմ ես քնել։
 +
 
 +
— Ոչ, քույր իմ, ոչ այնքան,— պատասխանեց Էոմերը։ — Մի մտածիր այլևս այդ մասին։
 +
 
 +
— Ես տարօրինակորեն հոգնած եմ,— ասաց աղջիկը։ — Երևի պետք է հանգստանամ։ Բայց ասա․ ի՞նչ եղավ Մարկի թագավորին։ Ավա՜ղ, մի ասա, որ երազ էր, որովհետև ես գիտեմ, որ դա այդպես չէ։ Նա մեռած է, ինչպես և կանխագուշակում էր։
 +
 
 +
— Նա մեռած է,— հաստատեց Էոմերը,— բայց ինձ խնդրեց իր փոխարեն հրաժեշտ տալ քեզ և ասել, որ իր համար հարազատ աղջկանից էլ թանկ էիր։ Նա այժմ մեծ պատվով պառկած է Գոնդորի Միջնաբերդի գահադահլիճում։
 +
 
 +
— Տխուր է ինձ համար այդ լսելը,— ասաց աղջիկը։ — Բայց նաև ուրախալի է, որովհետև այդպիսի փառավոր մահվան մասին ես նույնիսկ չէի համարձակվում հուսալ այն մութ օրերին, երբ թվում էր, թե Էորլի տունն ավելի անպատիվ է դարձել, քան որևէ հովվական խրճիթ։ Իսկ ինչպե՞ս է թագավորի զինակիր այն կոլոտիկը։ Դու պետք է նրան Ռոհիրմների ասպետի կոչում տաս, Էոմեր, իր քաջության համար։
 +
 
 +
— Նա այս Տանն է, պառկած է մեկ այլ սենյակում, ես հիմա գնում եմ նրա մոտ,— ասաց Գենդալֆը։ — Էոմերը կմնա քեզ հետ, բայց չխոսեք պատերազմի ու վշտի մասին, քանի դեռ չես առողջացել։ Մեծ ուրախություն է՝ տեսնել որ դու արթնացել ես ու շուտով կլինես առողջ ու հույսով լի, ո՜վ քաջ օրիորդ։
 +
 
 +
— Առո՞ղջ,— կրկնեց Էովինը։ — Առողջ՝ այո, համենայն դեպս քանի դեռ կա ինչ-որ հեծյալի դատարկ թամբ, որը ես կարող եմ զբաղեցնել ու գործեր, որ ես կարող եմ անել։ Բայց հույսով լի՞։ Չգիտեմ։
 +
 
 +
Գենդալֆն ու Փիփինը գնացին Մերիի սենյակ և գտան այնտեղ Արագորնին, մահճակալի մոտ կանգնած։
 +
 
 +
— Խեղճ ծերուկ Մե՛րի,— ճչաց Փիփինն ու վազեց նրա մահճակալի մոտ։ Նրան թվաց, թե իր ընկերոջ վիճակն ավելի է վատացել՝ նրա դեմքը գորշացել էր, ասես պատվել տարիների վշտի ծանրությամբ, և հանկարծ Փիփինը սարսափեց, որ նա կմեռնի։
 +
 
 +
— Մի վախեցիր,— ասաց Արագորնը։ — Ես ժամանակին եկա ու հասցրի նրան հետ կանչել։ Նա շատ հոգնած է ու լցված վշտով։ Եվ նա նույնպես Էովինի պես վիրավոր է, որովհետև համարձակվել է հարվածել մահացու ուրվականին։ Բայց այդ չարիքը հնարավոր է շտկել, որովհետև նա ուժեղ և զվարթ հոգի ունի։ Վիշտը չի մոռացվի, բայց և չի մթագնի նրա սիրտը, փոխարենը կիմաստացնի նրան։
 +
 
 +
Արագորնը ձեռքը դրեց Մերիի գլխին, զգուշորեն շոյեց նրա գանգուրները և դիպավ կոպերին՝ կանչելով նրան անունով։ Եվ երբ ացելասի բույրը տարածվեց սենյակում, ինչպես արևի տակ տարածված մեղուներով լի մրգատու այգիների ու հավամրգու բույրը, հանկարծ Մերին արթնացավ ու ասաց․
 +
 
 +
— Սոված եմ։ Ժամը քանի՞սն է։
 +
 
 +
— Ընթրիքի ժամն անցել է,— պատասխանեց Փիփինը։ — Բայց ես, թերևս, վազեմ քեզ համար մի բան բերեմ, եթե կտան։
 +
 
 +
— Կտան, կտան,— հանգստացրեց Գենդալֆը։ — Ինչպես նաև ցանկացած այլ բան, որ կարող է ցանկանալ այս ռոհանցի հեծյալը,եթե այն կարելի է գտնել Մինաս Թիրիթում, որտեղ նրա անունը փառքով է պսակված։
 +
 
 +
— Այ դա լավ է,— ասաց Մերին։ — Էդ դեպքում ես սկզբում ընթրիք եմ ուզում, իսկ հետո՝ ծխամորճ։ — Բայց հանկարծ նրա դեմքը մթագնեց։ — Ո՛չ, ո՛չ մի ծխամորճ, ես երևի էլ երբեք ծխամորճ չեմ ծխի։
 +
 
 +
— Էդ ինչու՞, որ,— զարմացավ Փիփինը։
 +
 
 +
— Դե,— դանդաղ ասաց Մերին,— որովհետև նա մեռած է։ Ես ամեն ինչ հիշեցի։ Նա ասաց, որ ցավում է, որ ժամանակ չունեցավ ինձ հետ խոսելու ծխատերևների մասին։ Դա գրեթե վերջին բանն էր, որ նա ասաց։ Ես էլ երբեք չեմ կարող ծխել՝ առանց հիշելու նրան ու այն օրը, երբ նա մոտեցավ Իզենգարդի դարպասին ու այդքան սիրալիր խոսեց մեզ հետ։
 +
 
 +
— Ուրեմն ծխիր ու մտածիր նրա մասին,— խորհուրդ տվեց Արագորնը։ Որովհետև նա քնքուշ սիրտ ուներ ու մեծ թագավոր էր, և նա պահեց իր երդումները և դուրս եկավ ստվերից, և հրաշալի էր նրա վերջին առավոտը։ Թեև քո ծառայությունը կարճ տևեց, բայց դու պետք է այն հիշես ուրախությամբ ու հպարտությամբ՝ մինչև քո օրերի վերջը։
 +
 
 +
Մերին ժպտաց։
 +
 
 +
— Դե ուրեմն, թող Պանդուխտն ինձ ծխատերև ու ծխամորճ տա, իսկ ես կծխեմ ու կմտածեմ,— ասաց նա։ — Իմ ուղեպարկում Սարումանի լավագույն պահուստներից մնացած ծխատերև կար, բայց թե ինչ եղավ այն ճակատամարտի ժամանակ՝ չգիտեմ։
 +
 
 +
— Պարոն Մերիադոք,— ասաց Արագորնը,— եթե կարծում ես, որ ես անցել եմ լեռները և կրակով ու սրով ճանապարհ հարթել դեպի Գոնդորի տիրույթներ, որ ծխատերև բերեմ մի ցրված ռազմիկի համար, ով կորցրել է իր ուղեպարկը, ապա սխալվում ես։ Եթե ուղեպարկդ չգտնվի, դիմիր այստեղի խոտագիտակին։ Նա կասի քեզ, որ քո ուզած բույսը ոչ մի օգտակար հատկություններ չունի՝ ինչքան որ ինքը գիտե, և որ հասարակ ժողովուրդը դրան անվանում է արևմտյան խոտ, իսկ գիտակները կոչում են գալենաս, իսկ ավելի ազնվական լեզուներով կոչվում է այսպես ու այնպես, հետո քեզ համար մոռացված առակ կարտասանի, որի իմաստն ինքն էլ չի հասկանում, և վերջում ցավով կտեղեկացնի, որ դրանից այս Տանը չկա ու կհեռանա՝ թողնելով քեզ խորհելու լեզուների ծագումնաբանության մասին։ Եվ ես նույնպես քեզ պետք է թողնեմ, որովհետև չեմ քնել այսպիսի փափուկ անկողնում Դունհորոուից դուրս գալուց ի վեր ու երեկ երեկոյից ոչ մի բան բերանս չեմ դրել։
 +
 
 +
Մերին բռնեց նրա ձեռքն ու համբուրեց։
 +
 
 +
— Ներիր, խնդրում եմ,— ասաց նա։ — Գնա անմիջապես, հանգստացիր։ Բրիի էն գիշերից հետո կպել ենք քեզ ու պոկ չենք գալիս։ Բայց մենք՝ հոբիթներս էդպիսին ենք, ինչ կարող ես անել․ լուրջ պահերին միշտ անհեթեթ բաներ ենք ասում։ Վախենում ենք ավելին ասել։ Երբ կատակելու տեղ չկա, մենք չգիտենք, թե ինչ խոսել։
 +
 
 +
— Ես այդ հիանալի գիտեմ, դրա համար էլ պատասխանում եմ քեզ նույն կերպով,— պատասխանեց Արագորնը։ — Թո՛ղ որ Հոբիթստանի կենսուրախ ոգին երբեք չմարի։
 +
 
 +
Եվ նա, Մերիին համբուրելով, Գենդլաֆի հետ դուրս եկավ։
 +
 
 +
Փիփինը մնաց ընկերոջ մոտ։
 +
 
 +
— Տեսնես նրա նման մեկ ուրիշը կա՞,— ասաց նա։ — Բացի Գենդալֆից, իհարկե։  Ինձ թվում է, նրանք պետք է ազգականներ լինեին։ Իմ թանկագին ավանակ, քո ուղեպարկը դրված է մահճակալիդ կողքին, և այն քո մեջքին էր, երբ ես քեզ հանդիպեցի։ Էս ամբողջ ժամանակ Պանուխտը տեսնում էր այն, իհարկե։ Եվ առհասարակ, ինձ մոտ էլ է ինչ-որ բան պահպանվել։ Վերցրու, Խորահովտի տերև է։ Լցրու ծխամորճդ, իսկ ես գնամ ուտելու բան փնտրեմ։ Հետո մեզ համար կհանգստանանք՝ հերիք է․ մենք՝ Տուկերս ու Բրենդիբաքերս, սովոր չենք բարձունքներում երկար ապրել։
 +
 
 +
— Հա, սովոր չենք,— ընդունեց Մերին։ — Համենայն դեպս առայժմ։ Բայց հիմա մենք գոնե տեսնում ենք էդ բարձունքներն ու հարգանք տածում դրանց նկատմամբ, ճի՞շտ է։ Բայց սկսզբում պետք է սիրել այն, ինչին ձգվում է սիրտդ, ունենալ ինչ-որ արմատներ, իսկ Հոբիթստանի հողը խորն է։ Այնուամենայնիվ ավելի խորը և ավելի բարձր բաներ կան, որոնք, եթե չլինեին, ոչ մի Ծերուկ չէր կարողանա հոգ տանել իր պարտեզի մասին ու սքանչանալ աշխարհով, թեև ինքն էդ մասին ոչինչ չգիտի։ Ես ուրախ եմ, որ մի փոքր գիտեմ էդ բաների մասին։ Բայց չեմ հասկանում, թե էս ինչի էսպես խորացա։ Տուր էստեղ էդ տերևը։ Եվ տոպրակիցս հանիր ծխամորճս, եթե ջարդված չէ։
 +
 
 +
Արագորնն ու Գենդալֆը գնացին Բժշկման Տների գլխավորի մոտ և խորհուրդ տվեցին նրան դեռ մի քանի օր պահել Ֆրամիրին ու Էովինին և հոգ տանել նրանց մասին։
 +
 
 +
— Օրիորդ Էովինը,— ասաց Արագորնը,— շուտով կուզենա վեր կենալ ու հեռանալ այստեղից, բայց դուք չպետք է թույլ տաք նրան այդ անել․ փորձեք ինչ-որ կերպ պահել նրան գոնե տասը օր։
 +
 
 +
— Ինչ վերաբերում է Ֆարամիրին,— շարունակեց Գենդալֆը,— նա շուտով կիմանա, որ իր հայրը մահացել է։ Բայց Դենեթորի խելագարության մասին ամբողջ պատմությունը պետք չէ նրան պատմել, քանի դեռ նա բավականաչափ չի ապաքինվել և չի անցել իր պարտականությունների կատարմանը։ Ուշադիր եղեք, որ Բերեգոնդն ու փերիանը՝ ականատեսները, բերանները փակ պահեն։
 +
 
 +
— Իսկ ինչպե՞ս վարվենք մյուս փերիանի՝ Մերիադոքի հետ, որ նույնպես պառկած է այստեղ,— հարցրեց գլխավորը։
 +
 
 +
— Նա, երևի, առավոտյան արդեն կուզենա վեր կենալ,— պատասխանեց Արագորնը։ — Եթե ուզենա՝ թույլ կտաք։ Թող զբոսնի իր ընկերների հետ։
 +
 
 +
— Զարմանալի ժողովուրդ են,— գլուխն օրորեց գլխավորը,— և զարմանալիորեն ամուր են։
 +
 
 +
Տների դռան մոտ արդեն շատերն էին հավաքվել՝ տեսնելու Արագորնին, և գնացին նրա հետևից։ Երբ նա վերջապես ընթրեց, մարդիկ եկան ու խնդրեցին, որ նա բժշկի իրենց հարազատին կամ բարեկամին, ովքեր վիրավոր էին կամ հիվանդ Սև Թուլությունով։ Եվ վեր կացավ Արագորնը ու դուրս եկավ, և ուղարկեց Էլրոնդի որդիների հետևից, և նրանք միասին մինչև ուշ գիշեր աշխատում էին։ Եվ Քաղաքով մեկ թռչում էր լուրը, որ Արքան իսկապես վերադարձել է։ Եվ նրան անվանեցին Էլֆական Քար՝ կանաչ բյուրեղի պատճառով, որ նա կրում էր, և այդպիսով, անունը, որ նախագուշակվել էր նրա ծննդյան ժամանակ, ընտրվեց հենց իր ժողովրդի կողմից։
 +
 
 +
Եվ երբ այլևս ի վիճակի չէր աշխատել, նա փաթաթվեց իր թիկնոցի մեջ ու դուրս եկավ Քաղաքից, և լուսաացից առաջ մի փոքր քնեց իր վրանում։ Իսկ առավոտյան աշտարակի վրա ծածանվեց Դոլ Ամրոթի զինադրոշը՝ ճերմակ նավը կապույտ ջրում, նման կարապի, և մարդիկ նայում էին վերև՝ մտածելով․ «Միթե երազ էր Արքայի վերադարձը»։
 +
 
 +
====Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը====
 +
 
 +
Ճակատամարտի հաջորդ առավոտը պարզ էր, երկնքում թեթև ամպեր էին լողում, և քամին փոխվել ու փչում էր արևմուտքից։ Լեգոլասն ու Գիմլին վաղ էին արթնացել և թույտվություն խնդրեցին բարձրանալ Քաղաք, քանի որ շատ էին ուզում տեսնել Մերիին ու Փիփինին։
 +
 
 +
— Շատ լավ է, որ մինչև հիմա ողջ են,— ասաց Գիմլին։ — Շատ ծանր օրեր ունեցանք Ռոհանի հարթավայրում նրանց հետապնդելուց, և ես չէի ցանկանա, որ այդ ամենը ապարդյուն անցներ։
 +
 
 +
Էլֆն ու թզուկը միասին մտան Մինաս Թիրիթ, և մարդիկ զարմանք էին կտրում՝ տեսնելով նրանց․ գեղեցկադեմ Լեգոլասին, ով մաքուր ու հնչեղ ձայնով էլֆական երգեր էր երգում և Գիմլիին, ով քայլում էր նրա կողքով, շոյում մորուքն ու նայում շուրջը։
 +
 
 +
— Այստեղ լավ է պատված, և քարն էլ է լավը,— ասաց թզուկը։ — Բայց ահա այնտեղ և շատ տեղերում այնքան էլ լավ չէ, և փողոցներն էլ կարող էին ավելի լավ պլանավորել։ Երբ Արագորնը ստանձնի իր պարտավորությունները, ես նրան կառաջարկեմ Լեռան քարտաշների ծառայությունը, և մենք այս Քաղաքը հպարտանալու քաղաք կդարձնենք։
 +
 
 +
— Նրանց շատ պարտեզներ են պետք,— ասաց Լեգոլասը։ — Տները մեռած են, իսկ աճող կանաչ գրեթե չկա, որով կարելի է ուրախանալ։ Եթե Արագորնը ստանձնի իր պարտականությունները, Անտառի բնակիչները նրա համար երգող թռչուններ կբերեն ու չմեռնող ծառեր։
 +
 
 +
Վերջապես նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և Լեգոլասը նայեց նրան ու խոնարհվեց, քանզի հասկացավ, որ նա էլֆական ծագում ունի։
 +
 
 +
— Բարև, տիրակալ,— ասաց նա։ — Վաղուց են Նիմրոդելի մարդիկ լքել Լորիենի անտառները, բայց, երևում է, ոչ բոլորն են Ամրոթի նավահանգստից Արևմուտք լողացել։
 +
 
 +
— Այո, այդպես է ասվում իմ երկրի ավանդություններում,— պատասխանեց իշխանը։ — Բայց շատ վաղուցվանից այստեղ զարմանահրաշ ժողովրդից ոչ մի ներկայացուցիչ չէր եղել։ եվ ես զարմացած եմ, տեսնելով այստեղ, այս վշտի ու պատերազմի մեջ նրանցից մեկին։ Ի՞նչն է քեզ այստեղ բերել։
 +
 
 +
— Ես Իննից մեկն եմ, որ ճանապարհվեցին Գենդալֆի հետ Իմլադրիսից,— պատասխանեց Լեգոլասը։ — Եվ մենք այստեղ ենք եկել այս թզուկի՝ իմ ընկերոջ, ու Արագորնի հետ։ Եվ հիմա ուզում ենք տեսնել մեր ընկերներին։ Մեզ ասացին, որ Մերիադոքն ու Փերեգրինը քո խնամակալության տակ են։
 +
 
 +
— Դուք կգտնեք նրանց Բշժկման Տներում, և ես կտանեմ ձեզ այնտեղ,— ասաց Իմրահիլը։
 +
 
 +
— Այն էլ բավական կլինի, եթե ինչ-որ մեկին կարգադրես, որ առաջնորդի մեզ, տիրակալ,— ասաց Լեգոլասը։ — Որովհետև Արագորնը խնդրել է հաղորդել քեզ, որ չի ուզում նորից մտնել Քաղաք այս ժամին, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հրամանատարների խորհուրդ գումարել, և նա խնդրում է քեզ և Էոմեր Ռոհանցուն անհապաղ իջնել իր վրանը։ Միթրանդիրն արդեն այնտեղ է։
 +
 
 +
— Հիմա կգնանք,— խոստացավ Իմրահիլը, և նրանք բաժանվեցին քաղաքավարի խոսքերով։
 +
 
 +
— Նա մեծ տիրակալ է և քաջարի զորավար,— ասաց Լեգոլասը։ — Եթե Գոնդորը դեռ այսպիսի մարդիկ ունի այս մայրամուտի օրերին, ուրեմն, պատկերացնում եմ, թե ինչ փառք է ունեցել իր ծագման օրերին։
 +
 
 +
— Այո, հին կառույցների պատերն, անկասկած, ավելի վարպետորեն են շարված,— նկատեց Գիմլին։ — Այդպես է լինում ամեն բան, ինչ սկսում են մարդիկ․ ցանում են լավ, հետո գարնանը ցրտահարություն է լինում, ամռանը՝ երաշտ, և բերքը այնպիսին չի լինում, ինչպիսին խոստացված էր։
 +
 
 +
— Այնուամենայնիվ ամբողջ բերքը չի փչանում,— ասաց Լեգոլասը։ — Փոշու, կեղտի ու փտած տերևների մեջից հանկարծ նոր ծիլ է բարձրանում, և բոլորովին անսպասելի տեղում։ Ոչ, Գիմլի, մարդկանց գործերը մեզանից ավելի երկար կապրեն։
 +
 
 +
— Այնուամենայնիվ վերջում կլինի միայն ստվերը այն բանի, ինչը կարող էր լինել,— առարկեց թզուկը։
 +
 
 +
— Դրան էլֆերը պատասխան չունեն,— ասաց Լեգոլասը։
 +
 
 +
Եկավ իշխանի սպասավորը և առաջնորդեց նրանց Բժշկման Տներ։ Եվ այնտեղ նրանք հանդիպեցին իրենց ընկերներին այգում, և ուրախ էր նրանց հանդիպումը։ Որոշ ժամանակ նրանք զբոսնում ու խոսում էին՝ ուրախանալով կարճ հանգստի և խաղաղության համար առավոտյան երկնքի տակ, և վայելում Քաղաքի վերին օղակների քամոտ, թարմ օդը։ Հետո, երբ Մերին հոգնեց, նրանք նստեցին պատին, որի հետևում գտնվում էր Բժշկման Տների մարգագետինը։ Իսկ հարավում, հեռվում, նրանց առջև արևի տակ փայլում էր Անդուինի ժապավենը, որը հեռանում էր դեպի Լեբինինի ու Հարավային Իթիլիենի կանաչ մեգի մեջ կորած լայնարձակ հովիտներն ու կորչում նույնիսկ Լեգոլասի աչքից։
 +
 
 +
Եվ Լեգոլասը լռեց՝ նայելով արևոտ հեռուն և տեսավ ծովային ճերմակ թռչուններ, որ սավառնում էին Գետի գլխին։
 +
 
 +
— Տեսե՛ք,— բացականչեց նա,— Ճայե՛րը, նրանք դեպի երկրի խորքն են թռչում։ Այս զարմանալի թռչուններն անհանգստացնում են հոգիս։ Երբևէ չէի տեսել սրանցից, մինչև Փելարգիր հասնելը, և այնտեղ առաջին անգամ լսեցի նրանց ճիչը, երբ գնում էինք մարտի՝ նավերի համար։ Ու ես կանգ առա՝ մոռանալով Միջերկիրը ցնցող պատերազմի մասին, քանզի նրանց ճչացող ձայները պատմում էին ինձ ծովի մասին։ Ծո՜վ։ Ավա՜ղ, ես այն այդպես էլ չտեսա։ Բայց իմ բոլոր ցեղակիցների սրտի խորքում թաքնված ծովի կարոտ կա, որն արթնացնելը վտանգավոր է։ Է՜հ, ճայեր, ճայեր, չեմ ունենալու ես այլևս հանգիստ անտառում, ո՛չ կաղնու, ո՛չ ծփու տակ։
 +
 
 +
— Այդպես մի ասա,— առարկեց Գիմլին։ — Միջերկրում դեռ անթիվ անհամար բաներ կան տեսնելու և անելու։ Բայց եթե ողջ զարմանահրաշ ժողովուրդը հեռանա նավահանգիստներ, ապա աշխարհը կդառնա ավելի տխուր նրանց համար, ովքեր դատապարտված են մնալու։
 +
 
 +
— Այո, չափազանց տխուր,— համաձայնեց Մերին։ — Չէ, Լեգոլաս, դու մի գնա Նավահանգիստ։ Միշտ էլ կգտնվեն ժողովուրդներ, մեծ կամ փոքր, և նույնիսկ մի քանի Գիմլիի պես իմաստուն թզուկներ, որոնց դու պետք ես։ Ամեն դեպքում ես էդպես եմ կարծում։ Թեպետ, ինձ թվում է, որ էս պատերազմի ամենավատը դեռ առջևում է։ Ինչքա՜ն կցանկանայի, որ ամեն ինչ վերջանար և լավ վերջանար։
 +
 
 +
— Հերիք կռկռաս,— բարկացավ Փիփինը։ — Արևը շողում է, և մենք ամենաքիչը մեկ-երկու օր էլ դեռ միասին կլինենք։ Ես, օրինակ, շատ եմ ուզում լսել ձեր արկածների մասին։ Դե, Գիմլի, սկսիր, դու և Լեգոլասն այս առավոտ արդեն տասնյակ անգամ հիշեցիք Պանդուխտի հետ ձեր արտասովոր ճամփորդության մասին, բայց էդպես էլ կարգին բան չպատմեցիք։
 +
 
 +
— Այստեղ արևը շողում է, դա իհարկե,— ասաց Գիմլին։ — Բայց այդ ճանապարհի մասին հուշեր կան, որ ես չէի ցանկանա լույս աշխարհ հանել։ Եթե նախապես իմանայի, թե ինչ է սպասում ինձ առջևում, ոչ մի բարեկամություն ինձ չէր ստիպի գնալ Մեռածների Արահետով։
 +
 
 +
— Մեռածների Արահետո՞վ,— կրկնեց Փիփինը։ — Ես Արագորնից լսել եմ էդ բառերը, և ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ են դրանք նշանակում։ Դե ինչ, կպատմե՞ս էդ մասին։
 +
 
 +
— Դժկամությամբ,— ասաց Գիմլին։ — Քանի որ այդ ճանապարհին ես, առանց կատակի, ամոթով եղա․ ես՝ Գիմլին, Գլոյնի որդին, որ ինձ մարդկանցից ավելի դիմացկուն և ամուր էի համարում, և գետնի տակ ավելի անվախ, քան ցանկացած էլֆ։ Պարզվեց՝ այդպես չէր, և ինձ այդ ճանապարհին պահում էր միայն Արագորնի կամքը։
 +
 
 +
— Եվ սերը նրա նկատմամբ,— ավելացրեց Լեգոլասը։ — Որովհետև բոլորը, ովքեր ճանաչում են նրան, սկսում են սիրել, ամենքն իր ձևով՝ նույնիսկ Ռոհիրիմների այդ սառը օրիորդը։ Մենք հեռացանք Դունհորրուից ձեր այնտեղ գալու օրը՝ վաղ առավոտյան, Մերի, և ժողովուրդն այնպիսի սարսափի մեջ էր, որ ոչ ոք նույնիսկ դուրս չեկավ տեսնելու, թե ինչպես ենք մենք հեռանում, բացի օրիորդ Էովինից, ով հիմա պառկած  է այստեղ, այս Տանը։ Այդ բաժանումն այնքան տխուր էր, և այնքան ցավալի էր ինձ համար այդ տեսնելը։
 +
 
 +
— Ավա՜ղ, ես այդ ժամանակ միայն ինձ համար էի ցավում,— հառաչեց Գիմլին։ — Ոչ, ես չեմ ուզում խոսել այդ ճամփորդության մասին։
 +
 
 +
Նա լռեց, բայց Մերին ու Փիփինն այնքան շատ էին ուզում լսել այդ պատմությունը, որ վերջապես Լեգոլասն ասաց․
 +
 
 +
— Թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին, բայց միայն այնքան, որքան բավական կլինի, որպեսզի դուք խաղաղվեք։ Ինձ համար այդ ճամփորդությունը սարսափելի չէր, քանզի ինձ չեն վախեցնում անզոր ու փխրուն մարդկային ուրվականները։
 +
 
 +
Եվ նա արագ պատմեց լեռների միջով ձգվող անիծված ճանապարհի մասին, ուրվականների հետ հանդիպման մասին Էրեխի մոտ, և սրընթաց արշավի մասին, իննսուներեք լիգ դեպի Փելարգիր՝ Անդուինի վրա։
 +
 
 +
— Աև Քարից հետո մենք անընդհատ սլանում էինք չորս օր ու գիշեր, իսկ հետո և հինգերորդ օրը,— ասաց Լեգոլասը։ — Եվ, հավատու՞մ եք․ որքան ավելի էր խտանում Մորդորից ուղարկված խավարը, այնքան ավելի էի ես հույսով լցվում, քանզի Ուրվականների Զորքն այդ մթնշաղում ասես գնալով ավելի էր ուժեղանում ու ավելի սարսափելի տեսք ընդունում։ Նրանք կրնկակող գալիս էին մեր հետևից՝ ոմանք ընթանում էին ձիերով, մյուսները՝ ոտքով, բայց բոլորն էլ միևնույն արագությամբ էին ընթանում։ Նրանք լուռ էին, բայց նրանց աչքերը սառը փայլում էին։ Լամեդոնի բարձրավանդակում նրանք հասան մեզ ու շրջապատեցին աջ ու ձախ կողմերից, և կանցնեին մեզ, եթե Արագորնը չարգելեր։ Նրա հրամանով նրանք նորից հետ ընկան։
 +
 
 +
«Նույնիսկ ուրվականային ստվերներն են ենթարկվում նրան»,— մտածեցի ես ու հասկացա, որ եթե ենթարկվում են, ուրեմն նաև կօգնեն։
 +
 
 +
Առաջին օրը մենք դեռ լույսով էինք գնում, իսկ մյուս օրն այլևս լույսը չբացվեց, բայց մենք շարունակում էինք գնալ․ կտրեցինք անցանք Սիրիլն ու Ռինգլոն և երրորդ օրը մոտեցանք Լինհիրին՝ Գիլրայնի գետաբերանի մոտ։ Այնտեղ Լամենդոնցիները կռվում էին Ումբարից և Հարադից ժամանած զորքի հետ՝ գետանցումների համար։ Եվ երբ մենք մոտեցանք, և՛ պաշտպանները, և՛ հարձակվողները դադարեցրին մարտն ու սարսափահար փախան՝ ճչալով, որ Մեռածների Թագավորը հարձակվել է իրենց վրա։ Միայն Անգբորը՝ Լամեդոնի տիրակալը սիրտ արեց մնալ, և Արագորնը հրամայեց նրան հավաքել իր մարդկանց ու հետևել մեզ՝ չվախենալով Ուրվականային Զորքից։
 +
 
 +
«Փելարգիրում դու պետք կլինես Իսիլդուրի ժառանգին»,— ասաց նա։
 +
 
 +
Ադպես մենք կտրեցինք անցանք Գիլրայնը՝ մեր առջևից քշելով Մորդորի դաշնակիցներին, իսկ հետո մի փոքր հանգստացանք։ Սակայն շուտով Արագորնը ոտքի ելավ ու ասաց․ «Տեսե՛ք, Մինաս Թիրիթն արդեն պաշարված է։ Վախենում եմ, որ նախքան մենք օգնության կհասնենք, այն ընկած կլինի»։ Ու այդպես մենք կրկին ճանապարհ ընկանք ու ամբողջ գիշեր սլացանք այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ որ մեր ձիերը կարողանում էին վազել Լեբինինի հարթավայրերով։
 +
 
 +
Լեգոլասը դադար տվեց ու հառաչեց, ապա, հայացքը մեղմորեն շրջելով դեպի հարավ, երգեց․
 +
 
 +
<poem>
 +
Սելոսից Էուրի է հոսում արծաթե հոսանքը
 +
Լեբինինի կանաչ դաշտերում,
 +
Ծովային քամուց տատանվում են շուշանները,
 +
Եվ բարձր խոտ է այնտեղ աճում։
 +
Եվ ցնցվում են Ալֆիրինի ոսկե զանգերը քամուց՝
 +
Լեբինինի կանաչ դաշտերում։
 +
</poem>
 +
 
 +
— Էլֆական երգերում այդ դաշտերը կանաչ են, բայց մեր առջև խտացող խավարի մեջ դրանք մութ, մոխրագույն ու անկյանք էին թվում։ Եվ այդ ընդարձակ երկրում, ուշադրությություն չդարձնելով ծաղիկների ու խոտերին, տրորելով դրանք, մենք հետապնդում էինք մեր թշնամիներին օր ու գիշեր, մինչև վերջապես հասանք ՄԵծ Գետին։ Այն ժամանակ հոգուս խորքում ես մտածեցի, թե հասել ենք Ծովին, քանզի մթության մեջ ջուրը լայնարձակ էր թվում, և անհամար ծովային թռչուններ էին ճչում ափերին։ Այդտեղ ես լսեցի ճայերի ձայնը․ ավա՜ղ։ Գալադրիելը զգուշացրել էր ինձ։ Այդ օրվանից ես նրանց մոռանալ չեմ կարող։
 +
 
 +
— Իսկ ես նրանց ուշադրություն չդարձրի,— ասաց Գիմլին։ — Քանզի մենք, վերջապես, իսկական կռվի մեջ մտանք։ Այնտեղ՝ Փելարգիրում էր գտնվում Ումբարի գլխավոր նավատորմը՝ հիսուն վիթխարի նավեր, իսկ փոքրերին թիվ ու համար չկար։ Շատերը, ում մենք հետապնդում էինք, մեզանից շուտ էին հասել նավահանգիստներ ու այնտեղ վախ տարածել, և նավերից մի քանիսը նահանջում էին՝ փորձելով փրկվել Գետով ներև լողալով կամ մյուս ափն անցնելով, իսկ մանր նավերից շատերը կրակի էին տվել։ Բայց Հարադցիները քշվելով Գետի ափը ու հասկանալով, որ նահանջելու այլևս տեղ չկա, շրջվեցին ու հուսահատ կատաղությամբ  մարտի մեջ մտան, և նրանք ծիծաղում էին, նայելով մեզ, որովհետև դեռ մեծաթիվ ու հզոր զորք էին։
 +
 
 +
Այդ ժամանակ Արագորնը կանգ առավ ու բարձր ճչաց․ «Ժամանա՛կն է․ Սև Քարի անունով եմ հրամայում եմ ձեզ, առա՜ջ»։ Եվ հանկարծ, Ուրվականային Զորքը, որ գալիս էր մեր հետևից, ծառացավ մոխրագույն ալիքի պես ու քշվեց առաջ՝ իր ճանապարհին մաքրելով ամեն ինչ։ Ես միայն թույլ ճիչեր էի լսում, եղջերափողերի աղոտ կանչեր ու անթիվ անհամար ձայների մրմնջոց․ այդ ամենը Մեծ Խավարի տարիներին տեղի ունեցած և վաղուց մոռացված ինչ-որ ճակատամարտի արձագանք լիներ կարծես։ Մերկացվել էին դժգույն թրերը, բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք դրանք դեռևս սուր էին, որովհետև մեռածներին ոչ մի զենք այլևս պետք չէր․ վախը բավական էր։ Ոչ ոք նրանց չէր դիմադրում:
 +
 
 +
Նրանք բարձրացան ափին կառանված բոլոր նավերի վրա, հետո ջրի վրայով շարժվեցին դեպի խարիսխ գցած նավերը, և բոլոր ծովայինները, խելացնոր սարսափով համակված, իրենց գցում էին ջուրը․ մնացին միայն թիերից շղթայված ստրուկները։ Մենք քշում էինք թշնամիներին դեպի ափ, և նրանք ցրվում էին, ինչպես քամուց քշվող տերևներ։ Հետո, մնացած մեծ նավերի վրա Արագորնը Դունադաններ ուղարկեց, և նրանք հանգստացրին նավերում մնացած գերիներին՝ ազատ արձակելով նրանց ու հորդորելով չվախենալ։
 +
 
 +
Մինչև այդ մութ օրվա ավարտը ոչ մի թշնամի չմնաց, որ կարող էր մեզ դիմակայել․ մի մասը խեղդվեցին, մյուսները գլխապատառ թռչում էին հարավ՝ հույս ունենալով ոտքով հասնել իրենց երկիր։ Տարօրինակ ու հրաշալի էր թվում ինձ, որ Մորդորի ծրագրերը ձախողում են այդ սարսափազդու խավարի ուրվականները։ Թշնամուն ջարդում էր իր իսկ զենքը։
 +
 
 +
— Իսկապես տարօրինակ է,— ասաց Լեգոլասը։ — Եվ այդ ժամին ես նայում էի Արագորնին ու մտածում, թե ինչպիսի ահեղ, ահարկու և ամենակարող տիրակալ կարող էր նա դառնալ այդպիսի կամքի ուժով, եթե Մատանին վերցներ իրեն։ Իզուր չէ Մորդորը նրանից վախենում։ Սակայն նրա հոգին ավելի ազնիվ ու մաքուր է, քան Սաուրոնի հասկացությունները․ քանզի մի՞թե նա Լութիենի զարմից չէ։ Այդ ճյուղը երբեք չի չորանա, թեկուզ անցնեն անհամար տարիներ։
 +
 
 +
— Թզուկներն այդքան հեռուն չեն տեսնում, որ այդպիսի կանխագուշակումներ անեն,— ասաց Գիմլին։ — Բայց Արագորնն այդ օրն իրոք հզոր էր։ Եվ ահա, երբ ամբողջ նավատորմը իր ձեռքում էր, Արագորնն ընտրեց ամենամեծ նավն ու բարձրացավ դրա վրա։ Այնուհետև հրամայեց փչել բոլոր շեփորներից, որ թողել էին թշնամիները, և Ուրվականային Զորքը նահանջեց դեպի ափը։ Այնտեղ նրանք կանգնել էին լուռ, որ տեսանելի չլինեն, միայն այրվող նավերի կարմիր ցոլքն էր արտացոլվում նրանց աչքերում։ Եվ Արագորնը որոտացող ձայնով դիմեց նրանց․
 +
 
 +
«Լսեցե՛ք այժմ Իսիլուրի ժառանգի խոսքերը։ Ձեր երդումը կատարված է։ Վերադարձեք և այլևս չխաթարեք հովիտների հանգիստը։ Հեռացեք և խաղաղություն գտեք»։
 +
 
 +
Այդ ժամանակ Մեռյալների Թագավորը կանգնեց իր զորքի առջև, կոտրեց նիզակն ու նետեց մի կողմ։ Հետո ցածր խոնարհվեց ու շրջվեց՝ և Ուրվականների Զորքը քամուց քշվող մշուշի պես արագորեն ցրվեց ու անհետացավ․ և ինձ թվաց, թե ասես արթնացա քնից։
 +
 
 +
Այդ գիշեր մենք հանգստանում էինք, մինչդեռ մյուսներն աշխատում էին։ Քանզի շատ գերիներ ու ստրուկներ էին ազատ արձակվել, որոնց գերեվարել էին Գոնդորի վրա ավազակային հարձակումների ժամանակ։ Շուտով շատ մարդիկ եկան Լեբինինից ու Էթիրից։ Լամեդոնից եկավ Անգբորը իր ձիավորների հետ՝ ում կարողացել էր հավաքել։ Այժմ, երբ մեռյալների հանդեպ վախը վերացել էր, նրանք եկել էին մեզ օգնելու և տեսնելու Իսիլդուրի ժառանգին՝ այդ անվան մասին լուրերը տարածվել էին, ինչպես հրդեհը խավարում։
 +
 
 +
Եվ ահա գրեթե հասանք մեր պատմության ավարտին։ Այդ երեկո և գիշերը բազմաթիվ նավեր կահավորվեցին ու լցվեցին անձնակազմերով, և առավոտյան նավատորմը ճանապարհ ընկավ։ Թվում է, թե բավական ժամանակ է անցել, բայց դա ընդամենը երեկ առավոտյան էր՝ վեցերորդ առավոտը Դունհորոուից դուրս գալուց հետո։ Այնուհանդերձ Արագորնը վախենում էր, որ ժամանակ շատ քիչ է մնացել։
 +
 
 +
«Փելարգիրից մինչև Հարլոնդի նավահանգիստը քառասուն և երկու լիգ է,— ասաց նա։ — Բայց մենք այնտեղ պետք է լինենք վաղը կամ ամեն ինչ կորած է»։
 +
 
 +
Թիավարում էին այժմ ազատ մարդիկ և աշխատում էին նրանք եռանդով, սակայն, այնուամենայնիվ, մենք դանդաղ էինք բարձրանում Մեծ Գետով, քանի որ գնում էինք հոսանքին հակառակ․ չնայած այն բանին, որ հարավում հոսանքը դանդաղ էր, բայց հակառակի պես քամի չկար։ Սիրտս արդեն սկսել էր վշտանալ, որովհետև թեև մենք հաղթել էինք, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Բայց հանկարծ Լեգոլասը ծիծաղեց։
 +
 
 +
«Մորուքդ մի կախիր, Դուրինի որդի,— ասաց նա։ — Քանզի ինչպես ասում են․ երբ ամեն ինչ կորած է, նոր դուռ է բացվում»։
 +
 
 +
Բայց թե ինչ դուռ՝ նա չասաց։ Եկավ գիշերը, խավարը խտացավ, և մեր սրտերը վառվում էին անհամբերությունից, որովհետև հեռու հյուսիսում ամպերի տակ կարմիր հրացոլք էր երևում, և Արագորնն ասաց․ «Մինաս Թիրիթն այրվում է»։
 +
 
 +
Սակայն կեսգիշերին հույսն իսկապես նորից բացվեց։ Էթիրի հմուտ ծովայինները, նայելով հարավ, խոսում էին փոփոխության մասին, որ բերում էր ծովից փչող թարմ քամին։ Դեռ լուսաբացից շատ առաջ կայմավոր նավերը առաագաստ բարձրացրին, և մենք սկսեցինք ավելի արագ լողալ, մինչև լուսաբացի շողերի տակ նավերի քթերը փրփուրից ճերմակեցին։ Եվ այդպես, ինչպես արդեն գիտեք, առավոտյան երրորդ ժամին մենք համընթաց քամու թևով, արևի առաջին ճառագայթների հետ հասանք Մինաս Թիրիթ և, բարձրացնելով մեծ զինադրոշը, ճակատամարտի մեջ մտանք։ Եվ ինչ էլ որ հետո կատարվեր, դա մեծագույն օր էր ու մեծագույն ժամ։
 +
 
 +
— Այո, ինչ էլ որ հետո կատարվեր, նման մեծ գործերը դրանից չէին արժեզրկվի,— ասաց Լեգոլասը։ Մեծ սխրանք էր Մեռածների Արահետով գնալը և մեծ էլ կմնա, նույնիսկ եթե Գոնդորում չմնա ոչ ոք, որ կերգի այդ մասին հետագա սերունդերի համար։
 +
 
 +
— Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից,— նկատեց Գիմլին։ — Քանզի Գենդալֆի ու Արագորնի դեմքերը շատ մռայլ էին։
 +
Շատ հետաքրքիր է, թե ինչի մասին են նրանք խորհրդակցում այնտեղ՝ վրաններում։ Ես էլ, Մերի պես, շատ եմ ցանկանում, որ մեր հաղթանակով պատերազմը վերջանա։ Բայց և այնպես, ինչ էլ որ որոշվի, ես հույս ունեմ մասնակցել դրանում հանուն Մենավոր Լեռան ժողովրդի և նրանց պատվի։
 +
 
 +
— Իսկ ես՝ հանուն Մեծ Անտառի էլֆերի,— ասաց Լեգոլասը։ — Եվ հանուն Սպիտակ Ծառի Տիրակալի հանդեպ տածած սիրո։
 +
 
 +
Բարեկամները լռեցին, բայց դեռ որոշ ժամանակ նստած մնացին վերևում, և ամենքն իր մտքերի հետ էր, մինչդեռ հրամանատարները խորհրդակցում էին։
 +
 
 +
Բաժանվելով Լեգոլասից ու Գիմլիից, իշխան Իմրահիլն անմիջապես ուղարկեց Էոմերի հետևից, և նրանք երկուսով իջան Քաղաքից ու մոտեցան Արագորնի վրանին, որ գտնվում էր ոչ հեռու այն տեղից, որտեղ ընկավ թագավոր Թեոդենը։ Եվ այնտեղ նրանք խորհրդակցություն սկսեցին Գենդալֆի, Արագորնի և Էլրոնդի որդիների հետ։
 +
 
 +
— Բարեկամներ,— ասաց Գենդալֆը,— լսեցեք, թե ինչ ասաց Գոնդորի փոխարքան մահից առաջ․ դուք կարող եք այսօր հաղթանակ տանել Պելլենորի դաշտերում, բայց այն ուժի դեմ, որը ելել է մեր դեմ՝ հաղթանակ չկա։ Ես ձեզ կոչ չեմ անում նրա պես ընկնել հուսահատության մեջ, բայց կոչ եմ անում խորհել նրա ասած խոսքերի ճշմարտացիության շուրջ։ Տեսնող Քարերը չեն ստում, նույնիսկ Բարադ-Դուրի տիրակալը չի կարող ստիպել դրանց ստել։ Նա, իհարկե, կարող է ընտրել, թե ինչ պետք է տեսնեն ավելի թույլ միտք ունեցողները կամ ստիպել նրանց սխալ հասկանալ իրենց տեսածի իմաստը։ Այնուամենայնիվ կասկած չի հարուցում, որ Դենեթորի տեսած հսկայական ուժերը, որ հավաքվել են իր դեմ Մորդորում և դեռ շարունակում են ավելանալ, իրականություն են։ Մեր ուժերը հազիվ բավականացրին առաջին խոշոր հարձակումը հետ մղելու համար։ Հաջորդն ավելի մեծ է լինելու։ Դենեթորը հասկացել էր, որ այս պատերազմն անհույս է։ Զենքի ուժով մենք հաղթանակ չենք տանի, անկախ նրանից՝ մնանք պատերի հետևում ու դիմակայենք պաշարում պաշարումի հետևից, թե անցնենք Գետն ու բաց կռվում ջախջախվենք։ Մենք պետք է ընտրենք երկու չարիքներից մեկը․ իհարկե ավելի խելամիտ է փակվել ամրոցներում, ամրացնել պաշտպանությունն ու սպասել հարձակման՝ այդ կերպ երկարաձգելով ընդհանուր ոչնչացումը։
 +
 
 +
— Ուրեմն դու խորհուրդ ես տալիս մեզ նահանջել Մինաս Թիրիթ կամ Դոլ Ամրոթ և կամ Դունհորու ու նստել այնտեղ, ինչպես երեխաներն ավազե ամրոցներում մակընթացության ժամանա՞կ,— հարցրեց Իմրահիլը։
 +
 
 +
— Դա նոր խորհուրդ չէր լինի,— պատասխանեց Գենդալֆը։ — Մի՞թե դուք այդ չեք արել Դենեթորի իշխանության օրերին։ Ոչ, ես ասացի, որ այդպես ավելի խելամիտ կլիներ։ Բայց ես ձեզ չեմ հորդորում խելամիտ վարվել։ Նաև ասացի, որ զենքի ուժով հաղթանակի հասնել հնարավոր չէ։ Ես հաղթանակի հույս ունեմ, բայց ոչ զենքով։ Քանզի այս ամեն ինչի հետևում Համիշխանության Մատանին է՝ Բարադ Դուրի հիմքը և Սաուրոնի հույսը։
 +
 
 +
Այս գործի մասին, բարեկամներ, բոլորդ էլ արդեն բավականաչափ տեղյակ եք՝ մեր և Սաուրոնի վիճակը հասկանալու համար։ Եթե նա վերադարձնի Մատանին՝ ձեր քաջագործություններն ապարդյուն կլինեն, և նրա հաղթանակը կլինի արագ ու ամբողջական՝ այնքան ամբողջական, որ ոչ ոք չի կարողանա գուշակել, թե որքան այն կտևի՝ երևի մինչև այս աշխարհի վերջը։ Եթե Մատանին ոչնչացվի՝ Սաուրոնը կջախջախվի և այնպես կջախջախվի, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա երբևէ կվերադառնա։ Քանզի նա կկորցնի իր ուժի գլխավոր մասը, որ ուներ իր գոյության սկզբում, և այն ամենը, ինչ ստեղծվել է այդ ուժով, կոչնչանա։ Թշնամին հավիտյան պարտություն կկրի, կվերածվի չար ու թշվառ մի ոգու, որը կկրծի ինքն իրեն ստվերում՝ ուժ չունենալով նորից աճելու և ձև ընդունելու։ Եվ այդպես կանհետանա այս աշխարհի մեծագույն չարիքը։
 +
 
 +
Իհարկե այլ չար ուժեր էլ կան, որ կարող են գալ, քանզի Սաուրոնն ինքը ընդամենը սպասավոր է ու պատվիրակ։ Բայց մենք չենք կարող կառավարել այս աշխարհի բոլոր ալեկոծությունները, մենք պատասխանատու ենք միայն մեր ժամանակի համար և պետք անենք ամեն ինչ, որ արմատախիլ անենք չարին մեր դաշտերից, որպեսզի նրանք, ովքեր գալու են մեզանից հետո, մաքուր հողի մեջ իրենց սերմերը ցանեն։ Եվ թե ինչ եղանակ կլինի նրանց մոտ, դա արդեն մեր գործը չէ։
 +
 
 +
Սաուրոնը գիտե այդ ամենը։ Գիտե նաև, որ իր կորցրած թանկագին իրը գտնվել է, բայց չգիտե, թե որտեղ է այն՝ համենայն դեպս հույս ունենանք, որ չգիտե։ Եվ, հետևաբար, նա այժմ մեծ կասկածների մեջ է։ Որովհետև, եթե մենք գտել ենք այն՝ մեր մեջ կգտնվեն դրան տիրելու համար բավականաչափ ուժ ունեցող մարդիկ։ Նա այդ էլ գիտե։ Մի՞թե ես ճիշտ չեմ կռահում, Արագորն, որ դու նայել ես Օրթհանքի Քարի մեջ ու ներկայացել նրան։
 +
 
 +
— Ես արել եմ այդ դեռ Հորնբուրգից դուրս գալուց առաջ,— պատասխանեց Արագորնը։ — Որոշեցի, որ ժամանակը եկել է, և որ Քարն ինձ է հասել հենց այդ նպատակով։ Այդ ժամանակ արդեն անցել էր տասը օր, ինչ Մատանու Պահապանը Ռաուրոսից դեպի արևելք թեքվեց, և ես մտածեցի, որ Սաուրոնի աչքը պետք է շեղել իր տիրույթներից։ Իր Աշտարակ վերադառնալուց հետո չափազանց հազվադեպ են նրան մարտահրավեր նետել։ Թեպետ, եթե ես կանխատեսեի, որ նա այդքան արագ կպատասխանի, գուցե և չհամարձակվեի այդ քայլին գնալ։ Ժամանակը չբավականացրեց՝ հազիվ հասցրի ձեզ օգնության հասնել։
 +
 
 +
— Բայց այդ ինչպե՞ս,— հարցրեց Էոմերը։ — Դու ասացիր, որ եթե Մատանին նրա ձեռքն ընկնի՝ ամեն ինչ կորած է։ Իսկ ինչու՞ նա չի վախենում հարձակվել մեզ վրա՝ իմանալով որ այն մեզ մոտ է։
 +
 
 +
— Նա դեռ վստահ չէ դրանում,— պատասխանեց Գենդալֆը։ — Եվ չուզեցավ սպասել, որ իր թշնամիները բավականաչափ ուժեղանան, որ կարողանան դիմադրել՝ ինչպես արեցինք մենք։ Բացի դրանից, հաշված օրերի ընթացքում մենք չէինք կարող սովորել օգտագործել Մատանու ողջ ուժը։ Մատանին կարող է միայն մեկ տեր ունենալ և ոչ թե մի քանի՝ ուստի և նա կարծում է, որ մեր միջև վեճեր կառաջանան և մենք կպառակտվենք, նախքան մեզանից մեկը կտիրի դրան և կենթարկեցնի մյուսներին։ Եվ եթե այդ ժամանակ նա հանկարծակի հարձակվի՝ կարող է առավելություն ունենալ։ Նա հետևում է մեզ։ Նա շատ բան է տեսնում և շատ բան լսում։ Նրա Նազգուլները դեռևս սավառնում են երկնակամարում։ Լուսաբացից առաջ նրանք անցան այս դաշտի վրայով, թեև հոգնած քնած մարդկանցից քչերը դա նկատեցին։ Նա ուսումնասիրում է նշանները, որ հրամցվել են իրեն․ վերածնված Թուրը, որի օգնությամբ անցյալում իրենից խլել են իր գանձը, քամին, որ փոխվել ու փչում է մեր օգտին՝ ցրելով խավարը, առաջին հարձակումն ու անսպասելի պարտությունը և իր մեծ զորահրամանատարի անկումը։ Եվ մինչդեռ մենք այստեղ խոսում ենք, նրա կասկածները գնալով աճում են։ Նրա աչքն այժմ լարված այս կողմ է նայում և կույր է մնացած ամեն ինչի նկատմամբ։ Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այն շարունակի անշեղորեն այստեղ նայել։ Դրանում է մեր ամբողջ հույսը, և իմ խորհուրդը։ Մատանին մեզ մոտ չէ․ իմաստաբար կամ հիմարաբար մենք այն ուղարկել ենք ոչնչացնելու, որպեսզի ինքը չկործանի մեզ։ Առանց դրա մենք չենք կարող նրա ուժի դեմ ուժ բանեցնելով հաղթել նրան։ Սակայն մենք պետք է ամեն գնով նրա Աչքը հեռու պահենք իրական վտանգից։ Զենքի ուժով մենք չենք կարող հաղթանակ տանել, բայց կարող ենք Մատանու Պահապանին տալ թեև փխրուն, բայց միակ հնարավորությունը։ Նշանակում է, պետք է շարունակել այն, ինչ սկսել է Արագորնը։ Մենք պետք է ստիպենք Սաուրունին կատարել իր վերջնական գրոհը։ Նա պետք է դուրս հանի իր ողջ թաքնված ուժերը և դատարկի Սև Երկիրը։ ՄԵնք պետք է անմիջապես գնանք նրան ընդառաջ, պետք է խայծ դառնանք նրա համար, և թող նրա ծնոտները փակվեն մեզ վրա։ Նա կուլ կտա այդ խայծը հույսով ու ագահությամբ՝ մտածելով որ մեր լկտի պահվածքը Մատանու նոր տիրոջ գոռոզության հետևանքն է։ Եվ կմտածի իր համար․ «Ախ այդպե՜ս։ Ժամանակից շուտ չէ՞ գլուխը դուրս հանել մեր նոր տիրակալը։ Թող մոտ գա, և ես նրան ծուղակի մեջ կգցեմ, որից նա այլևս դուրս չի գա։ Ես կոչնչացնեմ նրան, և այն, ինչը նա հանդգնորեն իրենն է հռչակել, կրկին իմը կդառնա՝ այս անգամ հավիտյան»։
 +
 
 +
Մենք պետք է այդ ծուղակի մեջ ընկնենք կանխամտածված և բաց աչքերով՝ գրեթե առանց ողջ մնալու հույսի։ Որովհետև, բարեկամներ, մեծ հավանականություն կա, որ մենք բոլորս կզոհվենք այդ սև ճակատամարտում՝ շնչող ու ապրող հողերից հեռու։ Եվ նույնիսկ եթե Բարադ-Դուրն ընկնի, մենք կարող ենք չապրել մինչև այդ պահն ու չտեսնել նոր դարաշրջանի առավոտը։ Բայց սա, ես կարծում եմ, մեր պարտքն է։ Եվ ավելի լավ չէ՞ գործել այսպես, քան նստել խորնարհ ու սպասել մահվան՝ առանց նոր դարաշրջանը տեսնելու հույսի․ չէ՞ որ մենք, միևնույնն է, մահից չենք խուսափելու, եթե ոչինչ չանենք։
 +
 
 +
Որոշ ժամանակ բոլորը լուռ էին։ Վերջապես Արագորնը խոսեց․
 +
 
 +
— Ես կշարունակեմ իմ սկսածը։ Մենք հասել ենք անդունդի եզրին, որտեղ հույսն ու հուսահատությունը համազոր են։ Տատանվել՝ նշանակում է ընկնել։ Թող այժմ ոչ ոք չմերժի Գենդալֆի խորհուրդը, ում երկարատև պայքարը Սաուրոնի դեմ վերջապես հասել է վերջին, որոշիչ փորձությանը։ Եթե նա չլիներ, վաղուց արդեն ամեն ինչ կորած կլիներ։ Այնուհանդերձ ես ինձ իրավունք չեմ վերապահում հրամայել մյուսներին։ Թող ամեն մեկն ընտրի իր կամքով։
 +
 
 +
Այնուհետև խոսեց Էլրոհիրը․
 +
 
 +
— Մենք հյուսիսից այստեղ ենք եկել հենց այդ նպատակով և մեր հորից՝ Էլրոնդից, այս նույն խորհուրդն ենք բերել։ Մենք չենք նահանջի։
 +
 
 +
— Ինչ մնում է ինձ,— ասաց Էոմերը,— ես քիչ եմ գլուխ հանում այդ խորը հարցերից, բայց դա կարևոր չէ։ Ես միայն գիտեմ, որ կարիքի ժամանակ իմ ընկեր Արագորնն օգնեց ինձ և իմ ժողովրդին, ուստի ես կաջակցեմ նրան, եթե նրան պետք է իմ օգնությունը։
 +
 
 +
— Իսկ ես,— ասաց Իմրահիլը,— ընդունում եմ Արագորնին որպես իմ տիրակալ, անկախ նրանից, թագադրվել է նա, թե դեռ ոչ։ Եվ նրա ցանկությունն ինձ համար օրենք է։ Ես նույնպես կգամ։ Սակայն ես ժամանակավոր կատարում եմ Գոնդորի փոխարքայի պարտականությունները և պետք է նախ մարդկանց մասին մտածեմ։ Հարկավոր է զգուշություն պահպանել և ամեն ինչի պատրաստ լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր դիպվածի, թե չար, թե բարի։ Եթե գեթ մեկ հավանականություն կա, որ մենք կհաղթենք, ապա Գոնդորը չպետք է մնա առանց պաշտպանության։ Ես չէի ուզենա, որ մենք հաղթանակած վերադառնայինք ու ավերակներ գտնեինք քաղաքի փոխարեն և թիկունքում՝ դատարկված հողեր։ Չէ՞ որ Ռոհիրիմներն ասում են, որ թշնամու թարմ զորք է մնացել հյուսիսում։
 +
 
 +
— Դա ճիշտ է,— ասաց Գենդալֆը։ — Քաղաքն անպաշտպան թողել պետք չէ։ Իրականում այն ուժը, որ պետք է արշավի արևելք, չպետք է բավական մեծ լինի Մորդորի վրա լուրջ հարձակման համար, բայց պետք է լինի այնքան, որ Թշնամին դրան լուրջ վերաբերվի։ Եվ այդ զորքը պետք է արագ շարժվի, ուստի ես հարցնում եմ հրամանատարներին․ ի՞նչ քանակի ուժ մենք կարող ենք հավաքել և ճանապարհ ընկնել ամենաուշը երկու օրվա ընթացքում։ Եվ նրանք պետք է ամուր մարդիկ լինեն, ովքեր սեփական կամքով են գնում՝ իմանալով վտանգի մասին։
 +
 
 +
— Բոլորը հոգնած են, և շատերն ունեն թեթև կամ ծանր վնասվածքներ,— ասաց Էոմերը։ — Եվ մենք շատ ձիեր ենք կորցրել, որը մեծ հարված է մեզ համար։ Եթե պետք է երկու օրից ճանապարհ ընկնենք,  ապա երկու հազար հեծյալ հազիվ հավաքվի, առավել ևս, որ Քաղաքի պաշպանության համար նույնպես պետք է մարդիկ մնան։
 +
 
 +
— Մենք չպետք է հաշվի առնենք միայն նրանց, ովքեր կռվել են այս դաշտում,— ասաց Արագորնը։ — Հարավային նահանգներից օժանդակ ուժ է գալիս, քանի որ ափամերձ տարածքները մաքրվել են թշնամիներից։ Երկու օր առաջ ես Փելարգիրից չորս հազար մարդ եմ ուղարկել Լոսարնախով այստեղ, և Անգբոր անվախն է առաջնորդում նրանց։ Եթե մենք երկու օր հետո ճանապարհ ընկնենք, ապա նրանք հասած կամ հասնելուց կլինեն։ Բացի դրանից, ես շատերին կարգադրել եմ իմ հետևից Գետով գալ ցանկացած նավով, որ կարող են գտնել, և այս համընթաց քամու շնորհիվ շուտով նրանք այստեղ կլինեն։ Մի քանի նավ արդեն ժամանել են Հարլոնդ։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դեպի Մորդոր տանել յոթ հազար հեծյալ և հետևակ, ընդ որում Քաղաքում թողնել ավելի լավ պաշտպանություն, քան նախքան հարձակումն էր։
 +
 
 +
— Դարպասն ավերված է,— նկատեց Իմրահիլը։ — Որտեղի՞ց հիմա լավ վարպետներ գտնենք, որ դրանք վերականգնեն։
 +
 
 +
— Էրեբորում՝ Դաինի թագավորությունում, կան այդպիսի վարպետներ,— ասաց Արագորնը։ — Եթե մեր բոլոր հույսերն իրականանան, ժամանակի ընթացքում ես կխնդրեմ Գիմլիին՝ Գլոյնի որդուն, որ այստեղ բերի Սարամիջի թագավորության լավագույն վարպետներին։ Բայց մարդիկ ավելի հուսալի են, քան դարպասները, և ոչ մի դարպաս չի դիմանա մեր Թշնամուն, եթե մարդիկ լքեն այն։
 +
 
 +
Դրանով տիրակալների խորհրդակցությունն ավարտվեց․ որոշեցին ճանապարհ ընկնել երկու օր հետո առավոտյան յոթ հազարանոց զորքով, եթե այդքան հավաքվի, և այդ զորքի մեծ մասը պետք է գնար ոտքով․ մութ ու սարսափելի են Մորդորի առջև փռված հողերը, և ձիերի վրա հույս դնել չարժեր։ Արագրոնը պատրաստվում էր իր հետ վերցնել երկու հազար հարավցի, Իմրահիլը՝ երեք հազար հինգ հարյուր ռազմիկ, իսկ Էոմերը՝ հինգ հարյրուր ռոհիրիմներ, որոնք կորցրել էին իրենց ձիերին՝ բայց կռվել կարող էին, և հինգ հարյուր ընտրյալ ձիավորներ։ Ու ևս մեկ հինգ հարյուրանոց ջոկատ  հավաքում էին Էլրոնդի որդիները, Դունադաններն ու Դոլ Ամրոթի ասպետները․ բոլորը միասին կազմում էին վեց հազար հետևակ և հազար ձիավոր։ Սակայն ռոհանցիների հիմնական ուժը՝ մարտի պատրաստ մոտ երեք հազար հեծյալ Էլֆհելմի հրամանատարության ներքո, պետք է պահպաներ արևմտյան ճանապարհը Անորիենում մնացած թշնամական զորքերից։ Եվ անմիջապես արագընթաց հեծյալներ ուղարկվեցին հյուսիս՝ նորություններ հավաքելու ու արևելք՝ հետախուզելու Օսգիլիաթից Մինաս Մորգուլ տանող ճանապարհը։
 +
 
 +
Եվ երբ նրանք վերջացրին իրենց ուժերի հաշվարկը, քննարկեցին գալիք արշավանքն ու քայլերը, որ պետք է ձեռնարկեին, Իմրահիլը հանկարծ բարձր ծիծաղեց։
 +
 
 +
— Անկասկած սա ամենամեծ կատակն է Գոնդորի ամբողջ պատմության մեջ,— բացականչեց նա։ — Գնալ Մորդոր յոթ հազարանոց զորքով, որքան միայն մեր առաջապահ ջոկատն էր Գոնսդորի հզորության օրերին, և գրոհել Սև երկրի լեռներն ու անանցանելի Դարպասը։ Դա նույնն է, թե փոքրիկ տղան ուռենու ճյուղից ու պարանե աղեղնալարից պատրաստված աղեղով հարձակվի զրահապատ ասպետի վրա։ Եթե Սև Տիրակալն այդքան շատ բան գիտե, ինչպես դու ես ասում, Միթրանդիր, մի՞թե նա չի ծիծաղի մեզ վրա ու չի ճխլի մեզ իր ճկութով՝ ինչպես կճխլեր իրեն խայթել պատրաստվող մոծակին։
 +
 
 +
— Ոչ, նա կփորձի բռնել այդ մոծակին և պոկել նրա խայթը,— ասաց Գենդալֆը։ — Եվ մեր մեջ կան անձիք, որոնցից յուրաքանչյուրն ավելին արժե, քան հազար զրահապատ ասպետը։ Ոչ, նա չի ծիծաղի։
 +
 
 +
— Եվ մենք՝ նույնպես,— ասաց Արագորնը։ — Եթե սա կատակ է, ապա այն չափազանց դառն է ծիծաղելու համար։ Ոչ սա վերջին և չափազանց վտանգավոր քայլն է, և այն վերջինը կլինի կողմերից մեկի համար ու կազդարարի խաղի վերջը։
 +
 
 +
Նա պատյանից հանեց ու Անդուրիլը բարձրացրեց դեպի արևն ու բացականչեց․
 +
 
 +
— Դու չե՛ս վերադառնա պատյան, քանի դեռ չի ավարտվել վերջին ճակատամարտը։
 +
 
 +
====Գլուխ տասը․ Սև Դարպասը բացվում է====
 +
 
 +
Երկու օր անց Արևմուտքի ողջ բանակը հավաքվել էր Պելլենորյան դաշտավայրում։ Օրքերի ու արևելացիների զորքը, Անորիենում հակառակորդ չգտնելով, փորձել էր մոտենալ Քաղաքին, բայց հանդիպել էր Ռոհիրիմների դիմադրությանը, թեթև կռիվ տվել և ջախջախվելով փախել դեպի Քաիր Անդրոս, և այդ վտանգը նույնպես չեզոքացվել էր։ Հարավից նոր ուժեր էին գալիս, և Քաղաքը հնարավորինս վերազինվել ու ամրացվել էր։ Հետախույզները հայտնում էին, որ արևելք տանող ճանապարհներին, մինչև Ընկած Արքայի խաչմերուկը, ոչ մի թշնամի չի մնացել։ Վերջին գրոհի համար ամեն ինչ պատրաստ էր։
 +
 
 +
Լեգոլասն ու Գիմլին կրկին պետք է ընթանային Արագորնի և Գենդալֆի ընկերակցությամբ, ովքեր գլխավորում էին առաջապահ ջոկատը, որում ընդգրկված էին նաև Դունադաններն ու Էլրոնդի որդիները։ Մերին մնաց Քաղաքում, և նրան կրծում էր ամոթը։ Որքան էլ խնդրեց, իրեն չվերցրին։
 +
 
 +
— Այս ճամփորդությունը քո ուժերից վեր է, ասաց Արագորնը,— բայց դու մի ամաչիր։ Եթե նույնիսկ այլևս ոչինչ չանես այս պատերազմում, դու արդեն մեծ սխրանք ես գործել։ Այժմ Հոբիթստանը կներկայացնի Փերեգրինը։ Եվ պետք չէ նախանձել նրան, քանի որ՝ թեև նա իրեն շատ լավ է դրսևորել՝ որքան որ թույլ է տվել հաջողությունը, բայց քեզ հավասարվելուն դեռ շատ ունի։ Եվ իրականում հիմա բոլորս էլ հավասարապես վտանգված ենք։ Թեև, կարող է պատահել, որ Մորդորի Դարպասի մոտ մեզ սպասում է դառը վերջաբան, բայց եթե բանը դրան հասնի, դուք ևս վաղ թե ուժ կհասնեք ձեր վերջնագծին, կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ, որտեղ ձեզ կհասնի ու կծածկի սև ալիքը։ Հաջողությու՛ն։
 +
 
 +
Եվ Մերին, տխուր կանգնել ու նայում էր, թե ինչպես են շարվում զորքերը։ Նրա հետ էր նաև Բերգիլը, և նա նույնպես վհատված էր, որովհետև նրա հայրը գլխավորում էր հասարակ կամավորների ջոկատը՝ նա չէր կարող վերադառնալ պահակախումբ, քանի դեռ նրա գործը չէր քննվել։ Հենց այդ ջոկատի մեջ, որպես Գոնդորի զինվոր, ներառել էին Փիփինին։ Մերին տեսնում էր նրա փոքրիկ, բայց սլացիկ կերպարանքը Մինաս Թիրիթի բարձրահասակ ռազմիկների միջև։
 +
 
 +
Վերջապես հնչեցին փողերը, և զորքը շարժվեց։ Ջոկատը ջոկատի հետևից, շարքը շարքի հետևից շրջվում էին նրանք ու գնում արևելք։  Եվ նույնիսկ բավական ժամանակ անց, երբ նրանք անհետացան տեսադաշտից հողապատնեշ տանող ճանապարհին, Մերին դեռ կանգնած նայում էր։ Առավոտյան արևի ցոլքը վերջին անգամ փայլատակեց նիզակների ծայրերին ու սաղավարտների վրա և անհետացավ, բայց նա դեռ կանգնած էր խոնարհված գլխով ու ծանր սրտով՝ իրեն մենակ ու լքված զգալով։ Բոլորը, ում նա սիրում էր, հեռացան դեպի խավար, որը ծանրացել էր հեռավոր արևելքի երկնքում, և նրա սրտում գրեթե հույս չէր մնացել, որ էլ երբևէ կտեսնի նրանցից որևէ մեկին։
 +
 
 +
Ասես հուսահատ մտքերին ի պատասխան՝ ձեռքի ցավը վերադարձավ, և նա իրեն ծեր ու թույլ զգաց, և արևն էլ ասես դալուկ ու թույլ լիներ։ Նրան սթափեցրեց Բերգիլի ձեռքի հպումը։
 +
 
 +
— Գնանք, պարոն փերիան,— ասաց տղան։ — Տեսնում եմ, ձեռքդ դեռ ցավում է։ Հիմա կօգնեմ քեզ վերադառնալ Բժշկման Տներ։ Մի վախեցիր, նրանք կվերադառնան։ Մինաս Թիրիթի մարդկանց ոչ ոք չի կարող հաղթել, և այժմ նրանց հետ է տիրակալ Էլֆական Քարը, ու նաև Բերեգոնդը՝ Աշտարակի պահակախմբից։
 +
 
 +
Կեսօրին զորաբանակը մոտեցավ Օսգիլիաթին։ Այնտեղ արդեն աշխատում էին Մինաս Թիրիթի պաշտպանության մեջ չընգրկված բոլոր վարպետներն ու արհեստավորները․ ամրացնում էին լաստերն ու լողացող նավակամուրջները, որոնք թշնամին էր պատրաստել ու մասամբ ոչնչացրել փախուստի ժամանակ, վերականգնում էին պահեստներն ու պաշարներով լցնում, և շտապ ամրություններ էին ստեղծում Գետի արևելյան ափին։
 +
 
 +
Առաջապահ ջոկատը հետևում թողեց հինավուրց գահաքաղաքի ավերակները, կտրեց անցավ Գետն ու դուրս եկավ երկար, ուղիղ ճանապարհի վրա, որը ծաղկուն օրերին միմյանց էր կապում հրաշագեղ Արևի Աշտարակն ու բարձր Լուսնային ամրոցը, որն այժմ կոչվում էր Մինաս Մորգուլ ու վերածվել էր անիծված աշտարակի՝ անիծված հովտում։ Օսգիլիաթից հինգ մղոն հեռանալով նրանք կանգ առան։ Առաջին ցերեկային անցումն ավարտվեց։
 +
 
 +
Հեծյալները, սակայն, շարունակեցին ճանապարհը և երեկոյան հասան ծառերի լայն օղակով շրջապատված Խաչմերուկին։ Ամենուր լռություն էր։ Թշնամական ոչ մի շունչ չկար․ ո՛չ ձայն էր լսվում, ո՛չ ճիչ, և ոչ մի նետ չսուլեց քարակույտերի կամ ճամփեզրի թավուտների հետևից։ Այնուամենայնիվ, որքան շատ էին առաջ գնում, այնքան ավելի էր զգացվում, որ տարածքի զգոնությունն ուժեղանում է․ ծառերն ու ժայռերը, խոտերն ու ցողունները ուշադիր ունկնդրում էին։ Խավարը ցրվել էր, և հեռու արևմուտքում այրվում էր մայրամուտը, և լեռների գագաթները կարմրին էին տալիս կապույտ օդում, բայց Էֆել Դուաթի գլխին դեռևս կախված էր մռայլ խավարի ստվերը։
 +
 
 +
Արագորնը ծառերի օղակի մեջ մխրճվող չորս ճանապարհներից յուրաքանչյուրի վրա մեկական շեփորահար նշանակեց, և նրանք շեփորահարեցին, և ավետողները բարձր ճչացին․ «Գոնդորի տիրակալները վերադարձել և հե՛տ են վերցնում այս ամբողջ տարածքը, որ օրենքով պատկանում է իրենց»։
 +
 
 +
Քարակերտ արձանի վրա դրված օրքի գարշելի գլուխը ցած նետվեց ու մանր բեկորների բաժանվեց, իսկ հին թագավորի գլուխը, դեռևս պսակված ճերմակ ու ոսկե ծաղիկներով, բարձրացվեց և վերադարձվեց իր տեղը։ Ստոր և զզվելի գրվածքները, որոնցով օրքերը ծածկել էին պատվանդանը, խնամքով մաքրվեցին ու լվացվեցին։
 +
 
 +
Հրամանատարների խորհրդակցության ժամանակ ոմանք առաջարկում էին սկզբում հարձակվել Մինաս Մորգուլի վրա, և եթե հաջողվի այն գրավել՝ մեկընդմիշտ ոչնչացնել։
 +
 
 +
— Շատ հնարավոր է,— ասաց Իմրահիլը,— որ այնտեղից դեպի վերին լեռնացք տանող ճանապարհն ավելի հարմար է Սև Տիրակալի վրա հարձակվելու համար, քան նրա հյուսիսային Դարպասը։
 +
 
 +
Բայց Գենդալֆը վճռականորեն դեմ էր դրան՝ չարի պատճառով, որ բնակվում էր այդ հովտում, որտեղ ապրող մարդկանց միտքը կարող էր մատնվել սարսափի ու խելագարության, ինչպես նաև լուրերի պաճառով, որ բերել էր Ֆարամիրը։ Քանզի եթե Մատանու Պահապանը փորձում է այդ ճանապարհը, ապա ամենից առաջ նրանք չպետք է այնտեղ ուղղեին Մորդորի Աչքը։ Ուստի հաջորդ որը, երբ գլխավոր զորքը ժամանեց, նրանք ուժեղ հսկողություն սահմանեցին Խաչմերուկում՝ այն պաշտպանելու համար, եթե հանկարծ թշնամական զորք իջնի Մորգուլի լեռնանցքից կամ հարձակվեն հարավցիները։ Այդ պահակախմբում ընդգրկվեցին ընտրյալ նետաձիգներ, որոնք շատ լավ գիտեին Իթիլիենը․ նրանք թաքնվեցին Խաչմերուկը շրջապատող լանջերի թավուտներում՝ մշտապես նշանառության տակ պահելով այն։ Սակայն Գենդալֆն ու Արագորնը առաջապահ ջոկատի հետ շարժվեցին դեպի Մորգուլի հովտի մուտքը՝ չարի ամրոցը տեսնելու համար։
 +
 
 +
Այն մութ էր ու անկենդան, քանզի այնտեղ բնակվող օրքերն ու ավելի մանր արարածները ոչնչացվել էին մարտերում, իսկ Նազգուլները դեռ չէին վերադարձել։ Բայց և այնպես հովտի օդը հագեցած էր վախով ու ատելությամբ։ Նրանք քանդեցին չարագուշակ կամուրջը, կրակի տվեցին նեխաբույր մարգագետիններն ու հեռացան։
 +
 
 +
Հաջորդ օրը՝ Մինաս Թիրիթից դուրս գալուց հետո երրորդ օրը, զորաբանակը շարժվեց ճանապարհով դեպի հյուսիս։ Խաչմերուկից մինչև Մորանոն մոտավորապես հարյուր մղոն ճանապարհ էր, և թե ինչ էր նրանց սպասում այնտեղ, ոչ ոք չգիտեր։ Նրանք գնում էին անթաքույց, բայց զգուշություն պահպանելով՝ հեծյալ հետախույզներ էին գնում առջևով և ոտքով ընթացողներ՝ երկու կողմերով․ հատկապես ուշադրություն էր դարձվում ճանապարհի արևելյան կողմին, որտեղ մթին թավուտներ էին, և հողը պատված էր բազմաթիվ ճեղքերով, փլվածքներով ու ժայռերով, որոնց հետևում բարձրանում էին Էֆել Դուաթի երկար, մռայլ լանջերը։ Պարզ եղանակ էր, և քամին արևմտյան էր, բայց ոչինչ չէր կարող ցրել Մթամած Լեռները պարուրած խավարն ու թախծոտ մշուշը։ Գագաթների հետևից մերթ ընդ մերթ ծխի մեծ քուլաներ էին բարձրանում և քշվում երկնային քամիներով։
 +
 
 +
Ժամանակ առ ժամանակ Գենդալֆը հրամայում էր շեփորներ փչել, և ավետողները բացականչում էին․ «Գալի՛ս են Գոնդորի տիրակալները։ Թո՛ղ բոլորը հեռանան այս հողերից և հանձնեն դրանք օրինական տերերին»։
 +
 
 +
Բայց Իմրահիլն ասաց․
 +
 
 +
— Պետք չէ ասել՝ գալիս են «Գոնդորի տիրակալները», ասացեք՝ «Էլեսար արքան»։ Քանզի դա այդպես է, թեև նա դեռ չի նստել իր գահին, և դա Թշնամուն մտածելու ավելի շատ առիթ կտա։
 +
 
 +
Եվ դրանից հետո օրը երեք անգամ ավետողներն ազդարարում էին Էլեսար արքայի գալուստը։ Բայց ոչ ոք չէր պատասխանում մարտահրավերին։
 +
 
 +
Այնուհանդերձ, չնայած թվացյալ խաղաղությանը, բոլորի սրտերը՝ հրամանատարից մինչև հասարակ ռազմիկ, ծանրացած էին, և դեպի հյուսիս յուրաքանչյուր մղոնից հետո  չարի կանխազգացումն ավելի էր ուժեղանում։ Խաչմերուկը լքելուց հետո երկրորդ օրվա երեկոյան նրանք առաջին անգամ դիմադրության հանդիպեցին։ Օրքերն ու արևելացիները փորձ կատարեցին զորքի առաջապահ ջոկատները դարանի մեջ առնել, և դա այն նույն վայրում էր, որտեղ Ֆարամիրը դարանակալել էր Հարադցիներին։ Ճանապարհը գնում էր արևելյան լանջերից մեկը հատող խորը կտրվածքի միջով։ Բայց Արևմուտքի հրամանատարները զգուշացված էին իրենց հետախույզների կողմից, որոնք հմուտ մարդիկ էին Հեննեթ Աննունից՝ Մաբլունգի գլխավորությամբ, այնպես որ դարանակալածներն իրենք ընկան ծուղակի մեջ։ Հեծյալները լայն աղեղով ծավալվեցին արևմուտք և մոտեցան թշնամիներին կողքից ու հետևից, և նրանք ոչնչացվեցին կամ քշվեցին դեպի արևելյան լանջերը։
 +
 
 +
Բայց հաղթանակը քիչ ուրախություն պատճառեց հրամանատարներին։
 +
 
 +
— Սա ընդամենը խորամանկ հնարք էր,— ասաց Արագորնը։ — Թշնամին միտք չուներ մեզ ծանր կորուստներ պատճառել, նրա գլխավոր նպատակը կեղծ թուլություն ցույց տալն էր։
 +
 
 +
Եվ հենց այդ երեկոյից երկնքում հայտնվեցին Նազգուլներն ու սկսեցին հետևել զորքի տեղաշարժին։ Նրանք առաջվա պես բարձր էին թռչում ու թաքնված էին բոլորի աչքերից, սակայն Լեգոլասի աչքից չվրիպեցին։ Բայց և այնպես նրանց ներկայությունը զգում էին բոլորը․ թվում էր, ստվերներն ավելի են խտացել և արևը թեթև մշուշվել է։ Ու թեև Մատանեկիր Ուրվականները չէին իջնում ու ճիչեր արձակելով իրենց չէին մատնում, բայց նրանց հանդեպ վախն արդեն կրծում էր բոլորի սրտերը և այն վանել հնարավոր չէր։
 +
 
 +
Այդպես անցնում էր ժամանակը, և անհույս արշավը շարունակվում էր։ Ուղիների Խաչմերուկից հետո չորորդ օրը և Մինաս Թիրիթից հետո վեցերորդ օրը նրանք վերջապես հասան կենդանի հողերի եզրագծին և մուտք գործեցին ամայի տարածք, որը փռված էր Քիրիթ Գորգորի կիրճի մուտքի դիմաց։ Շուրջը տարածվում էին ճահճուտներն ու ամայի հողերը, որոնք ձգվում էին դեպի հյուսիս ու արևմուտք՝ հասնելով մինչև Էմին Մուիլ։ Այնպես անկենդան էին այդ տարածքները և այնպիսի սարսափ էին ներշնչում, որ քաջությունը լքեց ռազմիկներից ոմանց, և նրանք տեղում քարացել ու չէին կարողանում շարժվել։
 +
 
 +
Արագորնը նայեց նրանց, բայց նրա աչքերում ավելի շատ խղճահարություն կար, քան բարկություն, որովհետև նրանք երիտասարդ ռազմիկներ էին Ռոհանից, հեռավոր Վեսթֆոլդից, և կամ Լոսարնախցի հողագործներ, և նրանց համար Մորդորը դեռ մանկությունից չարի անուն էր, բայց, այնուամենայնիվ, նրանց հասարակ կյանքին ոչ մի կերպ չառնչվող անիրական առասպել։ Եվ այժմ նրանք գնում էին, ասես սարսափելի երազում և չէին հասկանում ոչ այդ պատերազմի իմաստը, ոչ էլ այն, թե ինչու ճակատագիրը բերեց իրենց այդտեղ։
 +
 
 +
— Գնացեք,— ասաց Արագորնը։ — Բայց պատվով նահանջեք, փախուստի մի դիմեք։ Եվ որպեսզի ձեր անուններն ամոթով չծածկեք, ես ձեզ համար հանձնարարություն ունեմ։ Գնացեք հարավ-արևմուտք, մինչև կհասնեք Քաիր Անդրոս, և եթե այն դեռ թշնամու ձեռքին է, ինչպես ես եմ կարծում, վերադարձրեք, եթե կարող եք, և պահեք ամեն գնով՝ հանուն Գոնդորի և Ռոհանի։
 +
 
 +
Այս խոսքերից ու նրա ողորմածությունից ամաչելով, ոմանք հաղթահարեցին իրենց վախը և շարունակեցին ճանապարհը, իսկ մյուսները հոգով արիացան՝ հասկանալով, որ կարող են իրենց հնարավորության սահմաններում հանձնարարություն կատարել ու ամոթով չմնալ, և հեռացան։ Խաչմերուկում նույնպես շատ ռազմիկներ էին մնացել, և այժմ, նրանց գնալուց հետո, Արևմուտքի հրամանատարները պետք է մարտահրավեր նետեին Մորդորին վեց հազարանոց զորքով։
 +
 
 +
Զորքը դանդաղ էր շարժվում՝ ամեն րոպե մարտահրավերի պատասխանի սպասելով։ Գնում էին սեղմված շարքերով, բոլորը միասին, քանզի հետախույզներ կամ մանր խմբեր առաջ ուղարկելը նշանակում էր մարդկանց անիմաստ կորուստ։ Մորգուլի հովտից հետո հինգերորդ օրվա գիշերը նրանք խփեցին իրենց վերջին ճամբարը և խարույկներ վառեցին ամայի տարածքում դժվարությամբ հավաքված չոր փայտից ու ցախերից։ Գիշերային ժամերն անցկացրին արթուն՝ նայելով խավարի մեջ։ Մոտակայքում գիշատիչ ինչ-որ արարածներ էին թափառում, որոնք թեև անտեսանելի էին, բայց նրանց ներկայությունը զգում էին բոլորը։ Եվ գայլերի ոռնոց էր հասնում նրանց ականջներին։ Քամին դադարել էր, օդը կարծես քարացել էր։ Գրեթե ոչինչ տեսնել հնարավոր չէր, որովհետև, թեև անամպ էր, բայց չորս գիշեր էր, ինչ նորալուսինը սկսել էր իր աճը, և Մորդորի հողից ծուխ ու գոլորշի էր բարձրանում՝ մշուշելով առանց այդ էլ դալուկ ու փոքրիկ լուսինը։
 +
 
 +
Ցրտեց։ Լույսը բացվելու հետ քամին նորից սկսեց աղմկել, բայց հիմա հյուսիսից էր փչում ու գնալով ուժեղանում էր։ Գիշերային թափառողները հեռացել էին, և տարածքն ամայի էր թվում։ Առջևում, հյուսիսային կողմում, գարշահոտ փոսերի միջև երևացին այրված հողի, մոխրի, կեղտոտ թափոնների ու հրկիզված ժայռերի առաջին կույտերը՝ ասես վիթխարի որդերի փսխունք, որ արտանետում էր Մորդորը։ Իսկ հարավում, արդեն բավական մոտ, ուրվագծվում էր Քիրիթ Գորգորի հսկայական պարիսպը, Սև Դարպասը և բարձր, մռայլ աշտարակ ժանիքները երկու կողմերում։ Երթի վերջում հրամանատարները որոշեցին դուրս գալ հին ճանապարհից և թեքվել արևելք, որպեսզի խուսափեն բլուրներում թաքնված վտանգից, և այժմ Մորանոնին էին մոտենում հյուսիս-արևմուտքից՝ ինչպես Ֆրոդոն էր վարվել։ Խոժոռ կամարի տակ գտնվող Սև Դարպասի երկու վիթխարի երկաթյա դռներն ամուր փակված էին։ Ատամնավոր պարսպի վրա ոչ ոք չէր երևում։ Ծանր, բայց զգոն լռություն էր։ Զորքը մոտեցել էր իր խելագարության վերջնագծին և կանգնած էր այնտեղ, վաղորդյան ցրտում, վաղ առավոտվա մոխրագույն լույսի տակ, պարսպի ու աշտարակների դիմաց, որոնք ի վիճակի չէր խորտակել, եթե նույնիսկ զինված լիներ հզոր պաշարման աշտարակներով, իսկ Թշնամու ուժը հազիվ այնքան լիներ, որ կարողանար պաշտպանել պարիսպն ու Դարպասը։ Բայց բոլորն էլ հասկանում էին, որ Մորանոնը շրջապատող ողջ բլուրներն ու ժայռերը լցված են թաքնված թշնամիներով, իսկ հետևում բացվող մութ կիրճում փորված թունելներում վխտում են պիղծ ու չար արարածների անհաշիվ բազմություններ։ Եվ Նազգուլները նույնպես իրար հետևից իջան ու գիշատիչ ճիվաղների պես պտտվում էին աշտարակ ժանիքների գլխին։ Պարզ էր, որ իրենց են հետևում, բայց Թշնամին դեռևս ոչինչ չէր ձեռնարկում։
 +
 
 +
Այլընտրանք չկար, հարկավոր էր խաղալ դերը մինչև վերջ։ Ուստի Արագորնը զորքը մարտական վիճակի բերեց, որքան որ տարածքը թույլ էր տալիս, և  իր մարդկանց տեղակայեց փլուզված քարերից ու այրված հողից բաղկացած երկու մեծ բլուրների վրա, որ օրքերն էին կուտակել տարիների աշխատանքի ընթացքում։ Նրանց առջև, Մորդորի Դարպասի դիմաց, ինչպես խրամուղի, գարշահոտ կեղտով ու ճղփացող ջրափոսերով լցված մի հսկայական ճեղք էր ձգվում։ Հրամանները տրված էին, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ ահա հրամանատարները հեծյալների մեծ խմբով, զինադրոշով, ազդարարներով ու շեփորահարներով շարժվեցին դեպի Սև Դարպասը։ Գլխավոր խոսնակը Գենդալֆն էր․ նրա հետևից գնում էին Արագորնն ու Էլրոնդի որդիները, Էոմեր Ռոհանցին և իշխան Իմրահիլը, ինչպես նաև Լեգոլասը, Գիմլին և Փիփինը՝ որպես իրենց ժողովուրդների ներկայացուցիչներ։
 +
 
 +
Մորանոնից ձայնի հեռավորության վրա նրանք կանգ առան, բարձրացրին զինադրոշն ու փչեցին շեփորները, այնուհետև ազդարարներն առաջ եկան և ձայնեցին Մորդորի պարսպից այն կողմ գտնվողներին․
 +
 
 +
— Դո՛ւրս եկեք։ Թո՛ղ Սև Երկրի տիրակալը դուրս գա բանակցությունների։ Նրա նկատմամբ արդարության դատ պետք է իրականացվի։ Նա անարդարցիորեն հարձակվել է Գոնդորի վրա և գրավել նրա հողերը։ Ուստի Գոնդորի արքան պահանջում է, որ նա քավություն տա իր կատարած չարիքներին և հեռանա այստեղից հավիտյան։ Դու՛րս եկեք։
 +
 
 +
Տիրեց երկարատև լռություն։ Պարիսպներից ու Դարպասի մոտից ոչ մի ճիչ չլսվեց ի պատասխան, ոչ մի ձայն։ Բայց Սաուրոնն արդեն ծրագրել էր ամեն ինչ․ նա որոշել էր սկզբում դաժան խաղ խաղալ այդ մկների հետ և հետո նոր խորտակիչ հարված հասցնել։ Հրամանատարներն արդեն շրջվել և պատրաստվում էին հեռանալ Դարպասից, բայց հանկարծ, ինչպես ամպրոպ սարերում, լռությունը խախտեց հսկայական թմբուկների երկարատև թնդյունը, հետո հնչեց եղջերափողերի ձայն՝ ցնցելով ժայռերն ու խլացնելով մարդկանց։ Շաչյունով բացվեցին Սև Դարպասի դռները, կենտրոնում փոքրիկ ճեղք առաջացավ, և այնտեղից դուրս եկան Սև Ամրոցի դեսպանները։ Առջևից գալիս էր բարձրահասակ, չարադեմ մի հեծյալ, սև ձիու վրա, եթե իհարկե դա ձի էր, որովհետև հսկայական էր, սարսափազու, դիմակով, որն ավելի շատ կմախք էր հիշեցնում, քան գլուխ, իսկ ռունգերից ու ակնախոռոչներից կրակ էր ժայթքում։ Հեծյալն ամբողջովին սև էր հագած, սև էր նաև նրա սաղավարտը, բայց նա Մատանու Ուրվական չէր, այլ կենդանի մարդ։ Բարադ-Դուր ամրոցի այդ սուրհանդակի անունը չի հիշվում ոչ մի ավանդությունում, և հավանաբար նա նույնպես մոռացել էր իր անունը, քանզի ներկայացաավ որպես Սաուրոնի Ձայն։ Բայց, ասում են, որ նա դավաճան ուրացող էր և սերում էր այսպես կոչված Սև նումենորցիների ցեղից, որոնք բնակություն էին հաստատել Միջերկրում Սաուրոնի գերիշխանության տարիներին և երկրպագում էին նրան՝ հմայված նրա սև մոգությամբ։ Եվ նա ծառայության էր անցել Սև Ամրոցում, երբ այն կրկին բնակեցվեց, և, լինելով իմաստուն ու խորամանկ, անընդատ բարձրանում էր իր պաշտոնում, մինչև արժանացավ նրա հատուկ վերաբերմունքին։ Նա մոգություն սովորեց և դրանում իրեն հավասարը չուներ, և նրան շատ բաներ էին հայտնի Սաուրոնի մտքերից։ Եվ իր դաժանությամբ նա գերազանցում էր ցանկացած օրքի։
 +
 
 +
Հենց նա էր, որ դուրս եկավ Մորդորի Դարպասից՝ շրջապատված ամբողջովին սև սպառազինված փոքրիկ ջոկատով, վրան կարմիր աչք պատկերված սև զինադրոշի ներքո։ Կանգ առնելով Արևմուտքի հրամանատարներից մի քանի քայլ այն կողմ, նա ոտքից գլուխ զննեց նրանց ու ծիծաղեց։
 +
 
 +
— Ձեր այս հրոսակախմբի մեջ կա՞ մեկը, ով իրավասու է բանակցել ինձ հետ,— հարցրեց նա։ — Կամ գոնե մեկը, ով ի վիճակի է հասկանալ ինձ։ Միայն ոչ դու,— ծաղրանքով նետեց նա՝ արհամարանքով նայելով Արագորնին։ — Էլֆական ապակին գցել ես վիզդ ու ինչ-որ ամբոխ հավաքել եկել, կարծում ես արքա՞ ես։ Լեռնային ցանկացած ավազակապետ նույնքան հպատակներ ունի։
 +
 
 +
Արագորնը ոչինչ չպատասխանեց, բայց ուշադիր նայեց սև սուրհանդակի ուղիղ աչքերի մեջ և երկար ժամանակ հայացքը չէր դարձնում։ Որոշ ժամանակ նրանց միջև լուռ պայքար էր ընթանում, և շուտով, թեև Արագորնը անշարժ կանգնած էր ու չէր դիպչում իր թրի բռնակին, վերջինս ցնցվեց ու նահանջեց, ասես խույս տալով հարվածից։
 +
 
 +
— Ես սուրհանդակ եմ և դեսպա՛ն, իմ անձն անձեռնամխելի՛ է,— ճչաց նա։
 +
 
 +
— Այնտեղ, որտեղ հարգում են այդ օրենքը,— ասաց Գենդալֆը,— ընդունված չէ, որ դեսպաններն իրենց այդպես լկտի պահեն։ Սակայն ոչ ոք քեզ չի սպառնում։ Կարող ես չվախենալ մեզանից, քանի դեռ գործդ չես ավարտել։ Ամեն դեպքում, եթե տերդ չլսի իմաստության ձայնն ու դարձի չգա, ապա նրա բոլոր սպասավորների կյանքը շուտով լուջ վտանգի տակ կլինի, և քոնն էլ բացառություն չի լինի։
 +
 
 +
— Ահա թե ինչ,— ասաց սուրհանդակը,— ուրեմն դու՞ ես խոսնակը, ծեր ճերմակամորուս։ Մենք քո մասին հաճախ ենք լսում․ թափառում ես աշխարհով մեկ, դավադրություններ հյուսում, բայց մշտապես պահում ես քեզ անվտանգ հեռավորության վրա։ Սակայն այս անգամ քիթդ շատ հեռու ես խոթել, տեր իմ Գենդալֆ։ Ոչինչ, շուտով կտեսնես, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր համարձակվում են իրենց հիմար ցանցը հյուսել Սաուրոն Մեծի ոտքերի առջև։ Ինձ մոտ որոշ իրեր կան, որոնք հրամայված է ցույց տալ ձեզ, և հատկապես քեզ, եթե կհանդգնես մոտենալ նրա Դարպասին։
 +
 
 +
Նա նշան արեց իր ուղեկիցներից մեկին, և նա առաջ եկավ՝ ձեռքին կրելով սև գործվածքով փաթաթված մի կապոց։ Սուրհանդակը քանդեց կապոցը, և զարմացած ու սարսափած մարդկանց աչքերի առջև բարձրացրեց սկզբում կարճ թուրը, որ Սեմն էր կրում, հետո էլֆական ամրակալով մոխրագույն թիկնոցը, և վերջապես Ֆրոդոյի միթրիլե օղազրահը և պատառոտված շորերը։ Բոլորի աչքերի առջև մթություն տիրեց։ Մի ակնթարթ լռություն իջավ, և թվաց, թե աշխարհը կանգ առավ։ Սրտերը դադարեցին բաբախել, վերջին հույսը մեռավ։ Իշխան Իմրահիլի հետևում կանգնած Փիփինը ողբալի ճիչով առաջ նետվեց։
 +
 
 +
— Հանգի՛ստ,— խստորեն հրամայեց Գենդալֆը՝ հետ մղելով նրան։
 +
 
 +
Մորդորի սուրհանդակը բարձրաձայն ծիծաղեց։
 +
 
 +
— Ուրեմն, ձեզ հետ էլի մեկին եք բերել այդ առնետներից,— բացականչեց նա։ — Թե ի՞նչ օգուտ եք դուք գտնում դրանց մեջ, ինձ համար հանելուկ է, բայց որպես լրտես նրանց Մորդոր ուղարկելը՝ դա արդեն նույնիսկ ձեր սովորական հիմարությունից վեր է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ նրան, այդ գաճաճին, քանի որ պարզ դարձավ, որ նա առաջին անգամ չի տեսնում այս իրերը, և դուք այլևս չեք կարող հերքել այդ։
 +
 
 +
— Ես չեմ էլ պատրաստվում հերքել,— ասաց Գենդալֆը։ — Ես գիտեմ, թե որտեղից են դրանք և ինչ ճանապարհ են անցել։ Իսկ դու, Սաուրոնի ստոր լեզու, չնայած անբարտավան պահվածքիդ, ոչինչ չգիտես այդ մասին։ Ինչու՞ ես սրանք այստեղ բերել։
 +
 
 +
— Թզուկի օղազրահ, էլֆական թիկնոց, թուր՝ ընկած Արևմուտքի գերեզմանոցից և լրտես՝ Հոբիթստան անունով առնետաբնից․․․ Էլ մի սկսիր, մենք ամեն ինչ շատ լավ գիտենք՝ և ահա դավադրության հետքերը։ Ուրեմն, այսպես․ հնարավոր է, այս իրերը կրողը ձեզ համար արժեք չուներ և դուք անտարբեր եք նրա ճակատագրի նկատմամբ, բայց հնարավոր է և, որ նա շատ թանկ էր ձեզ համար։ Եթե այո, ապա ի մի բերեք ձեր գլխում մնացած գիտակցության վերջին մնացորդները։ Սաուրոնը լրտեսներ չի սիրում, և այժմ ձեր ընտրությունից է կախված նրա ճակատագիրը։
 +
 
 +
Ոչ ոք չպատասխանեց, բայց սուրհանդակի աչքերից չվրիպեց նրանց դեմքերի գունատվելը և սարսափը նրանց աչքերում։ Եվ նա կրկին ծիծաղեց՝ տեսնելով որ իր խաղը հասնում է իր նպատակին։
 +
 
 +
— Լավ, լավ,— ասաց նա։ — Տեսնում եմ, նա ձեզ համար թանկ էր։ Կամ գուցե հանձնարարությունը որով ուղարկել էինք նրան, ավելի՞ կարևոր էր ձեզ համար։ Այո, նա այն ձախողել է, և այժմ դատապարտված է երկար տարիների դանդաղ տանջանքների՝ Մեծ Աշտարակն այդ գործում իրեն հավասարը չունի, կարող եք չկասկածել։ Նա այլևս լույսի երես չի տեսնի։ Կամ գուցե մենք կարձակենք նրան, երբ նա կփոխվի, և նրա կամքը վերջնականապես կկոտրվի։ Այդ ժամանակ նա կվերադառնա ձեզ մոտ, և դուք կտեսնեք ձեր արածի արդյունքը։ Այդպես էլ կլինի, եթե չընդունեք Տիրակալի պահանջները։
 +
 
 +
— Ասացեք ձեր պահանջները, որո՞նք են դրանք,— գոչեց Գենդալֆը։ — Նրա ձայնը վստահ հնչեց, բայց կողքին կանգնածները տեսան նրա դեմքին գծագրված ցավը, և հանկարծ նա բոլորին թվաց ծերացած, խորշոմած, վերջնականապես ճնշված ու պարտված։ Ոչ ոք այլևս չէր կասկածում, որ նա կընդունի պահանջները։
 +
 
 +
— Պահանջներն այսպիսին են,— չարախինդ ժպտալով ասաց սուրհանդակը՝ հերթով նայելով բոլորին։ — Գոնդորի հրոսակները և նրանց մոլորված դաշնակիցները պետք է անմիջապես նահանջեն Անդուինից այն կողմ՝ երդում տալով այլևս երբեք զինված չհարձակվել Սաուրոն մեծի վրա ո՛չ գաղտնի, ո՛չ բացեիբաց։ Անդուինից արևելք գտնվող բոլոր հողերը այսուհետ հավիտյան կպատկանեն Սաուրոնին։ Անդուինից արևմուտք մինչև Մշուշապատ Լեռներ և Ռոհանի Լեռնանցք ընկած բոլոր հողերը պետք է հարկատու դառնան Մորդորին, և  այնտեղ ապրող մարդիկ չպետք է զենք կրեն, բայց իրավունք կունենան վարելու իրենց գործերը՝ ինչպես կուզեն։ Սակայն նրանք կօգնեն վերականգնել Իզենգարդը, որը բարբարոսաբար ավերել են, և այն կպատկանի Սաուրոնին, և այնտեղ կնստի նրա կառավարը, բայց ոչ Սարումանը, այլ վստահության արժանի մեկ ուրիշը։
 +
 
 +
Սուրհանդակի աչքերին նայելով, բոլորը հասկացան, որ հենց ինքն է այդ մեկ ուրիշը․ նա մտադրություն ուներ դառնալ Իզենգարդի կառավարը և իր իշխանության տակ առնել այն ամենը, ինչ կմնար Արևմուտքից։ Նա կդառնար բռնակալ, իսկ նրանք՝ իր ստրուկները։
 +
 
 +
Սակայն Գենդալֆն ասաց․
 +
 
 +
— Արդյոք շա՞տ բան չէ պահանջում քո տերը մեկ ծառայի ազատման դիմաց՝ ստանալ այն ամենը, ինչը հակառակ դեպքում ստիպված կլինի նվաճել բազում մարտերի գնով։ Իսկ գուցե Գոնդորի դաշտերում ջախջախվել է նաև պատերազմում հաղթելու նրա հավա՞տը։ գուցե ա՞յդ է պատճառը, որ նա սկսել է սակարկել։ Բայց ենթադրենք, որ մենք համաձայն ենք նման գին վճարել մեկ գերու դիմաց՝ ի՞նչ հավաստիացումներ կտա մեզ Սաուրոնը, խաբեբաների և դավաճանների գերագույն տիրակալը, որ կկատարի համաձայնության իր մասը։ Որտե՞ղ է այդ գերին։ Թող բերեն նրան և հանձնեն մեզ, և այդ ժամանակ մենք կքննարկենք այս պահանջները։
 +
 
 +
Գենդալֆը սևեռուն նայեց սուրհանդակին, ինչպես հակառակորդին մահացու թրամարտում, և նրա աչքից չվրիպեց, որ վերջինս մի պահ կորցրեց իրեն։ Բայց հետո արագորեն իրեն տիրապետեց ու կրկին ծիծաղեց։
 +
 
 +
— Բավական է շաղակրատես,— չարացած գոչեց նա։ — Քեզ հետ խոսում է Սաաուրոնի Ձայնը։ Հավաստիացումնե՞ր։ Սաուրոնը ոչ ոքի հավաստիացումներ չի տալիս։ Եթե հայցում եք նրա ողորմածությունը, ապա նախ պետք է կատարեք իր պահանջները։ Պահանջներին արդեն տեղյակ եք։ Ընդունեք դրանք կամ մերժե՛ք։
 +
 
 +
— Սրանք՝ մենք կընդունենք,— հանկարծ ասաց գենդալֆը։ Նա թիկնոցը մի կողմ նետեց, և ճերմակ լույսը թրի շեղբի պես բոցավառվեց այդ սև վայրում։ Գարշելի սուրհանդակն ակամա ընկրկեց նրա բարձրացված ձեռքից, բայց Գենդալֆն առաջ գնաց ու նրա ձեռքից խլեց իրերը՝ օղազրահը, թիկնոցը և թուրը։ — Սրանք մենք կվերցնենք ի հիշատակ մեր ընկերոջ,— գոչեց նա։ — Ինչ վերաբերում է պահանջներին, մենք դրանք կտրականապես մերժում ենք։ Կարող ես հեռանալ, քո բանակցությունն ավարտված է, և մահ է քեզ սպառնում։ Մենք այստեղ չենք եկել բառեր վատնելու և բանակցելու երմնազանց ու անիծված Սաուրոնի հետ․ առավել ևս՝ նրա ստրուկներից մեկի հետ։ Չքվի՛ր։
 +
 
 +
Մորդորի սուրհանդակն այլևս չէր ծիծաղում։ Նրա դեմքը զայրույթից ու զարմանքից աղավաղվեց, և նա նմանվեց վայրի գազանի, որը, ատամները խրելով որսի մեջ, հանկարծ մռութին հարված է ստանում պողպատե ձողով։ Նրա բերանը կատաղությունից սեղմվեց, և կոկորդից զայրույթի անհասկանալի ձայներ դուրս թռան։ Բայց նայեց հրամանատարների չարացած դեմքերին, մահացու շողացող աչքերին, և վախը հաղթահարեց բարկությանը։ Նա բարձր ճչաց, շրջվեց, թռավ իր ձիու մեջքին և իր ուղեկիցներով շրջապատված խելագարի պես սլացավ հետ՝ Քիրիթ Գորգոր։ Եվ ընթացքի ժամանակ նրա ուղեկիցները եղջերափողեր փչեցին, որը պայմանավորված ազդանշան էր, և մինչ դեսպանները կմոտենային Դարպասին, Սաուրոնը գործի դրեց ծուղակը։
 +
 
 +
Թնդացին թմբուկները, և կրակների լեզուները վեր խոյացան։ Սև Դարպասի հսկայական դռները լայնորեն բացվեցին։ Այնտեղից մեծաթիվ զորք դուրս հորդեց այնպիսի արագությամբ, ինչպես հորդում է քլթքլթացող ջուրը, երբ բարձրացվում է պատնեշը։
 +
Արևմուտքի հրամանատարները ցատկեցին ձիերին և Մորդորի զորքի ծաղրական ճիչերի ներքո վերադարձան  զորքի մոտ։ Օդում փոշու ամպ գոյացնելով՝ առաջ շարժվեցին արևելացիների հրոսակները, որոնք ազդանշանի էին սպասում Էրեդ Լիթուիի ստվերում, հեռավոր աշտարակի այն կողմում։ Մորանոնի երկու կողմերի բլուրների լանջերից ներքև հորդեցին անհամար օրքերի հորդաներ։ Արևմուտքի զորքը հայտնվեց ծուղակում։ Եվ շուտով գորշ բլուրների շուրջը, որտեղ նրանք կանգնած էին, անհամար թշնամական զորք էր ծփում ծովի պես, որը քանակով տասնապատիկ անգամ գերազանցում էր Գոնդորի զորքին։ Սաուրոնն իր պողպատե ծնոտներով հափշտակեց առաջարկվող խայծը։
 +
 
 +
Արագոնին քիչ ժամանակ էր մնացել ճակատամարտի պատրաստություն տեսնելու համար։ Նա Գենդալֆի հետ կանգնեց բլուրներից մեկի վրա, և նրա հետևում հուսահատ ծածանվեց Ծառի և Աստղերի պատկերով հրաշագեղ զինադրոշը։ Մյուս բլուրի վրա, ոչ հեռու, ծածանվում էին Ռոհանի և Դոլ Ամրոթի զինադրոշները՝ Ճերմակ ձին և արծաթե կարապը։ Իսկ բլուրների շուրջը օղակվեցին Արևմուտքի ռազմիկները՝ դեմքով ուղղված աշխարհի բոլոր կողմեր, նիզակների և թրերի մացառուտներ ստեղծելով։ Մորդորի Դարպասի առջև, որտեղից սպասվում էր առաջին կատաղի հարձակումը, ձախ կողմում կանգնել էին Էլրոնդի որդիները, և նրանց շուրջը՝ Դունադանները, իսկ աջ կողմում՝ իշխան Իմրահիլն ու Դոլ Ամրոթի ասպետները՝ բարձրահասակ, գեղեցիկ, և Մինաս Թիրիթի Աշտարակի պահապան ռազմիկներից լավագույնները։
 +
 
 +
Փչեց քամին, երգեցին շեփորները, սուլեցին նետերը։ Բայց արևը, որ բարձրանալով, շողում էր հարավում, պարուրվեց Մորդորի գարշահոտ ծխով՝ դժգունելով մշուշում, դարձավ հեռավոր ու բոսորագույն՝ կարծես թեքվել էր դեպի մայրամուտ և ազդարարում էր օրվա վերջը կամ, հնարավոր է, աշխարհի վերջը։ Եվ այդ երկնային մշուշից մահացու ճիչեր արձակելով հայտնվեցին Նազգուլները, և եղած հույսը մարեց սրտերում։
 +
 
 +
Փիփինը սարսափից կուչ էր եկել, երբ լսեց, որ Գենդալֆը մերժում է պահանջները և Ֆրոդոյին դատապարտում տանջանքների անիծված աշտարակում, բայց հիմա տիրապետեց իրեն և կանգնեց Բերեգոնդի կողքին, Գոնդորի առաջին շարքերում, Իմրահիլի և նրա ասպետների մոտ։ Նա որոշեց, որ ավելի լավ է արագ մեռնել ու փակել իր դառը կյանքի վերջին էջը․ միևնույնն է, ամեն ինչ ավերված է։
 +
 
 +
— Էհ, գոնե Մերին էստեղ լիներ,— լսեց նա իր սեփական ձայնը։
 +
Նրա գլխով սրընթաց մտքեր էին անցնում, իսկ աչքերը հետևում էին մոտեցող թշնամիներին։ «Դե ինչ, գոնե հիմա ես հասկանում եմ խեղճ Դենեթորին։ Եթե մեռնելու ենք, կարող էինք գոնե միասին մեռնել՝ ես ու Մերին, իսկ ինչու՞ ոչ։ Լավ, ինչ արած, քանի որ նա էստեղ չէ, հուսով եմ, գոնե, ավելի թեթև վախճան կունենա։ Բայց հիմա ես պետք է ամեն ինչ անեմ, որ կյանքս թանկ վաճառեմ։»
 +
 
 +
Նա հանեց իր թուրը և նայեց շեղբի վրա միահյուսվող կարմիր ու ոսկեգույն գծերին։ Նումենորյան գեղեցիկ ռուները հրե շողեր էին արձակում։ «Սա երևի հենց էսպիսի ժամի համար էլ կռել են,— մտածեց նա։ — Ա՛յ թե կարողանայի սրանով ծակել էդ նողկալի սուրհանակին, էդ ժամանակ, երևի, համարյա կհավասարվեի ծերուկ Մերիին։ Ոչինչ, հիմա ոնց որ պետք է կծակծկեմ էս գազանային վիժվածքներից մի քանիսին, մինչև ամեն ինչ կվերջանա։ Կուզենայի մեկ անգամ էլ արևի զով լույս ու կանաչ խոտ տեսնել․․․»
 +
 
 +
Հենց այդ պահին թշնամիների առաջին ալիքը փլվեց նրանց վրա։ Օրքերը, խրվելով բլուրների դիմաց տարածված ճահճուտում, կանգ առան ու նետերի տարափ տեղացին պաշտպանվողների վրա։ Հետո նրանց միջով գազանային մռնչյունով առաջ շարժվեցին Գորգորոթի լեռնային թրոլները։ Նրանք մարդկանցից ավելի բարձր էին և լայնաթիկունք, հագուստի փոխարեն պատված թեփուկավոր թաղանթով, որը և՛ նրանց մաշկն էր, և՛ զրահը, կրում էին հսկայական սև վահաններ ու ծանր մուրճեր՝ հանգուցավոր ձեռքերում։ Նրանք առանց տատանվելու մտան ճահճուտն ու մռնչալով առաջ շարժվեցին։ Եվ անցնելով այն, փոթորկի պես մխրճվեցին գոնդորցիների շարքերի մեջ՝ աջ ու ձախ հարվածներ հասցնելով, ջարդելով սաղավարտներ, վահաններ գլուխներ և ուսեր, ինչպես դարբիները, որոնք հարվածում են շիկացած երկաթին։ Փիփինի կողքին կանգնած Բերեգոնդն օրորվեց ու ընկավ, և նրան հարվածող թրոլ առաջնորդը կռացավ նրա վրա՝ առաջ մեկնելով ճիրանավոր թաթը․ քանզի այդ կատաղի արարածները սովորություն ունեին կրծել իրենց պարտված ախոյանի կոկորդը։
 +
 
 +
Փիփինն ամբողջ ուժով հարվածեց թրոլին ներքևից վերև։ Արևմուտքի ռուներով պատված շեղբը ծակեց թեփուկավոր թաղանթն ու մինչև կոթը խրվեց հրեշի որովայնը։ Սև արյունը դուրս հորդեց։ Թրոլն օրորվեց ու փլվեց ժայռի պես՝ թաղելով իր տակը գտնվողներին։ Փիփինին պարուրեց գարշահոտ խավարը և ջախջախիչ ցավը, և նրա գիտակցությունը կլանեց անհատակ խավարը։
 +
 
 +
«Ուրեմն, ամեն ինչ վերջացավ իմ մտածածի պես»,— գիտակցությունը կորցնելուց առաջ փայլատակեց նրա գլխում, և նա հասցրեց նույնիսկ այդ մտքի վրա ծիծաղել, որովհետև այն տարօրինակ կերպով ուրախ էր․ վերջ, ուրեմն, կասկածներին, վախերին ու տանջանքներին։ Եվ մոռացումի խավարի շեմին նա ձայներ լսեց, որոնք ասես գալիս էին ինչ-որ մոռացված ու հեռավոր աշխարհից․
 +
 
 +
— Արծիվնե՜րը, արծիվներն են գալիս․․․
 +
 
 +
Փիփինը մի ակնթարթ հապաղեց խավարի եզրին։ «Բի՛լբոն,— մտածեց նա։ — Բայց ոչ, դա եղել է շատ վաղուց և նրա հեքիաթում։ Իսկ սա իմ հեքիաթն է, և այն ավարտված է։ Հաջողություն։»
 +
 
 +
Եվ խավարը կլանեց նրան։
 +
 
 +
===ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ===
 +
====Գլուխ առաջին․ Քիրիթ Ունգոլի աշտարակը====
 +
 
 +
Սեմը դժվարությամբ վեր կացավ գետնից։ Մի ակնթարթ նա չհասկացավ, թե որտեղ է, բայց հետո հիշեց, և ողջ վիշտն ու հուսահատությունը վերադարձան։
 +
 
  
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
 
[[Կատեգորիա:Հեքիաթ]]

Ընթացիկ տարբերակը 15:09, 9 Հուլիսի 2021-ի դրությամբ

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
թարգմանիչ՝ Նարեկ Պողոսյան

Բովանդակություն

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ, քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Նախաբան

1. Հոբիթների մասին

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Բեգինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք. ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդոբրաս Տուկը, Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ Նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային (թեև իրենց ձևով փոխակերպված) լեզվով և շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե դա ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին՝ մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Բայց կասկած չկա, որ հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, քան մյուս ժողովուրնդներն իմացել են նրան գոյության մասին:

Այդպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, Ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթական պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և Մեծ Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել: Եվ սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:

Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի, և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:

Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Թխպամած սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիթների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են և քանակով էլ զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում ու թունելներում:

Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին հյուսիս:

Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Բրիի մասին:

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին Ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Բրին և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր Հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:

Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան Կախարդ-Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:

Մի ամբողջ հազարամյակ պատերազմները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել Հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:

Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա Կանաչադաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին ջախջախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։ Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր պահպանվում, օգտագործվում էր այն հիմնականում դեկորատիվ նպատակներով՝ կախում էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար, քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանվում էր մեթհոմ: Հոբիթների տներում բավական քանակությամբ այդպիսի մեթհոմներ էին կուտակվել, և շատ նվերներ էլ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն ունեին:

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։

Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել: Ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Սակայն բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել: Նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում, ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։ Այդպիսի տներ որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ջուլհակները, թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին կառուցում:

Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրինակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:

Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ՞ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից Ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին Ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ Ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:

Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:

Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Բեգինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Բեգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախընտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:

2. Ծխամորճի խոտի մասին

Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխամորճի խոտ կամ ուղղակի ծխատերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխամորճի խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:

«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:

Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Բրի, բայց հաստատ հայտնի է, որ Բրիից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Բրիից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Բրիեցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, բրիեցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, բրիեցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Բրիից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել Բրիում գտնվող հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:

Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն անվանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:

3. Հոբիթստանի կառուցվածքի մասին

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Բեգինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.):

Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը, Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես կարողանում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար փոխանցվում էին:

Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր, որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:

Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:

Սակայն գործնականում պարտավորեցնող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարողությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել:

Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ՝ հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Իսկ Մատանու մասին առհասարակ խոսք անգամ չկար։

4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին

Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ է գալիս մեծ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում Խլուտ (Վայրի Երկիր) տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գոլլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում-հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գոլլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի տակ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գոլլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից, ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛ Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մտնում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Բեգինս․․․»։

Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։

Իսկ Գենդալֆը հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Բեգինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն

A Long-expected Party.jpg

Երբ Բիլբո Բեգինսը, Զառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։

Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն… Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում. սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։


― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն…

Բայց փորձանք առայժմ չկար, միստր Բեգինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Սաքվիլ-Բեգինսներից), իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։

Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Բեգինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Սաքվիլ-Բեգինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։

— Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է։

Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։

Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշան իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Տուկն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։

Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:

Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Գողտրիկ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Բեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:

— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:

— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ ծալապակաս է:

— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Զառամյալ Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:

— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Զառամյալ Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք ծալապակաս են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Բեգինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Բեգինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:

— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել:

— Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր: Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար, որ Ֆրոդոն պարոն Բեգինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:

— Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ նավակը չի դիմացել:

— Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի ջրաղացպանը:

— Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛, կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է, ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի: Դե Սաքվիլ-Բեգինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք վաղուցվանից աչք ունեն Բեգ-Էնդի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Բեգ-Էնդում աճուրդ էին հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ, ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, Սաքվիլ-Բեգինսներն ավելի լավ է Բեգ-Էնդի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:

— Ասում են, Բեգ-Էնդի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:

— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Բեգ-Էնդում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Բեգ-Էնդից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:

Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:

— Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ Բեգ-Էնդը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:

— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Բեգինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Բեգինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:

Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:

Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։

Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում. «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները. շատ վաղուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։

Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։

― Վազեք տուն, ― ասաց Գենդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― և Բիլբոյի հետևից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։

Իսկ Բիլբոն ու Գենդալֆն այդ ընթացքում արդեն նստել էին բաց պատուհանի մոտ ու նայում էին արևմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու վառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արևածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։

― Լավ պարտեզ ունես, ― նկատեց Գենդալֆը։

― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։

― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս…

― Իհարկե։ Ամեն ինչ վաղուց որոշված է, և փոշմանելու համար արդեն ուշ է։

― Շատ լավ է, ուրեմն այլևս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես: Հուսով եմ, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեև ո՛չ միայն քեզ համար։

― Ես էլ եմ հուսով։ Իսկ հինգշաբթի դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել…

― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գենդալֆը։

― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։

Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր. մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը...

Հրավերներն իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում. «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։

Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը. «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։

Մի առավոտ հոբիթները տեսան, որ Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Բեգշոթ նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:

Վրաններն աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։

Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։

Բիլբո Բեգինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Հոբիթոնում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։

Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի հրաշք էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում հյուրասիրությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել՝ վառ, գեղեցիկ, իսկ ոմանց, կարելի է ասել, նույնիսկ՝ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Դեյլից ու Սարամիջի թագավորությունից. դա թզուկների ջանքերի արդյունքն էր։

Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր. նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի և թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ և որտեղ ուզում էր, տասնմեկից մինչև յոթի կեսը, մինչև հրավառության սկսվելը։

Հրավառության կառավարը Գենդալֆն էր. նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլև անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկինքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ-կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։

Զա՛րկ՝ և հրավառ թռչուններ էին սկսում սավառնել երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Զա՛րկ՝ ծխե մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերևներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները և դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն, հորդ անձրև էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք և օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեղ համարը Գենդալֆը պահել էր վերջում, երևի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, և նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Այն քուլա-քուլա դառավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապն անցավ հոբիթների գլխավերևով, օդում գլուխկոնծի տվեց և խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։

― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։

Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց. հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։

Շատ-շատ էին այնտեղ Բեգինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Սաքվիլ-Բեգինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։

Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։

Իսկ առայժմ ուտելու ժամանակն էր, և հոբիթները հիացած էին: Փառավոր խնջույք էր: Ինչ որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին. միևնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։

Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել և եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» և լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկները։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք և ծափ կտանք։

― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։

― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը: Լռության խմբակային կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում և ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։

Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին. մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։

― Իմ սիրելի Բեգինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Տուկե՜ր և Բրենդիբաքե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր...

― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, ոչ ոք չկասկածեց. սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։

― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Սաքվիլ-Բեգինսներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Բեգ-Էնդում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ...

― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։

― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։

Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր. «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։ Հրաշալի՛ է: Ավելի կարճ ճառ չի՛ լինում:

Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ԴԵՅԼ տարօրինակ դաջվածքով: Նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Տուկերն ու Բրենիբաքերը որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Էվերարդ Տուկն ու դեռատի Մելիլոթ Բրենդիբաքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ-դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։

Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։

― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։

Ամեն կողմից ծափահարեցին։

― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց, և Տուկերից ոմանք նույնիսկ պատրաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա...

Հավանության ուրախ գվվոց։

― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։

Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, և բոլորը մտքերի մեջ ընկան. արդյոք հաճելի՞ է դա լսելը։

― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։

Նախկին խրախուսիչ գվվոցը։

― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այսօր նա չափահաս է դառնում և կարող է այսուհետ իր վրա վերցնել Բեգ-Էնդի տնօրինությանը։

Ավագներից ինչ-որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜... ծերուկ Ֆրո՜դո...» գոչգոչում էին երիտասարդները։ Սաքվիլ-Բեգինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում Բեգ-Էնդի տնօրինությանը»։

― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։

Անհարմար լռություն։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Սաքվիլ-Բեգինսները վիրավորվեցին՝ ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։

― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի. «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է. չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը...

Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա նա մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։

― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ ի վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով...

Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Բեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։

Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց.

― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ Բեգինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։

Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։

Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Բեգինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Սաքվիլ-Բեգինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց. նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։

Բիլբո Բեգինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան այլևս ոչ մի հոբիթ չտեսավ։

Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես են խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց գլխանոցով թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր բծերով ու խունացած էր, ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց. ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Կապոցը խոթեց իր մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Ոսկե շղթայով Մատանին դրեց ծրարի մեջ և ծրարը դրեց բուխարիկի թարեքին: Բայց հետո շտապով վերցրեց ու դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գենդալֆը։

― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երևում։

― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետև ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։

― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։

― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, ես էլ որոշեցի, որ չարժե գաղտնիքը բացել: Դե թող հիմա քո հյուրերը որոշեն. դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։

― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։

― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը... միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ և ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։

― Թող բարբաջեն։ Ինձ հանգիստ է պետք, երկարատև հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ. հազիվ թե երբևէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է... Ծերացել եմ, Գենդալֆ, ոսկորներս նվվում են, տեսքից երիտասարդ եմ երևում, բայց ներսումս հո զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել...»։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ-բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր է ինչ-որ ձևով փոփոխել կյանքս։

Գենդալֆը սևեռուն ու մտահոգ հայացքով նայեց հոբիթին։

― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։

― Ճիշտ է, թե սխալ, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գենդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել. «... Եվ ապրեց երջանիկ մինչև իր օրերի վերջը»։

Գենդալֆը ծիծաղեց.

― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։

― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։

― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։

― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։

― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գենդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես...

― Ի-իհարկե ամեն ինչ... իսկ Մատանին... ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։

― Որտե՞ղ է...

― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ... գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա՝ դիմելով ինքն իրեն։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։

Գենդալֆը նորից ուշադիր նայեց Բիլբոյին, և նրա աչքերը մի թեթև փայլեցին։

― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։

― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է...

― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գենդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կախարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։

Բիլբոն կարմրեց ու Գենդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։

― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։

― Իհարկե, իհարկե, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։

― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը... ի՛մ սքանչելին... Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին...

Գենդալֆը նայում էր հանգիստ ու սևեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։

― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։

― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, և ընդմիշտ։

Գենդալֆը վեր կացավ, և նրա ձայնը դաժան դարձավ։

― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մեծ հիմարություն կանես, եթե չթողնես: Ամեն քո խոսքից հետո ես դրանում ավելի եմ համոզվում: Մատանին շատ ամուր է բռնել քեզ: Թող այն, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։

― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ես հիմա էլ ազատ եմ, ինքս եմ իմ գլխի տերը... ― համառորեն ճչաց Բիլբոն։

― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գենդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, հապա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։

― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում... Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա... Ես իմ սքանչելին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։

Գենդալֆի աչքերը փայլատակեցին։

― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գենդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած... ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, և նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։

Բիլբոն հետ-հետ գնաց. նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդն ասես զնգում էր։ Գենդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին. Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց.

― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորովին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։

― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գենդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։

Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։

― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եկավ... Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ. ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ... Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։

― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գենդալֆը։ ― Ամեն ինչ որոշված է։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։

Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։

― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։

Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։

― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր և միաժամանակ արդեն... Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչև վերջ հասցնել։

― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գենդալֆը։

― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին արդեն «հրաժեշտ» եմ տվել...

Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։

― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։

― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։

― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գենդալֆը։ ― Դիր բուխարիկի թարեքին։ Ֆրոդոն հիմա կերևա։ Ես կսպասեմ։

Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գենդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։

Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։

― Դեհ, ահա և բլորը, ― թեթևացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։

Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը և սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։

― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է...

― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։

― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։

Պարզ գիշեր էր, սև երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։

― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ... Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին... Մնաս բարով... ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գենդալֆ...

― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն... Միայն զգույշ եղիր... Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն...

― Զգույշ եղիր... Էլ ի՞նչ կուզեիր... Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել.


Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
Մոռացած հոգնածություն, ցավ ու վախ
Ես գնում եմ առանց կանգառ,
Անընդհատ առաջ ու առաջ,
Մինչև հասնեմ ճամփաբաժան:
Էնտեղ՝ ուղիների խաչմերուկում
Կորոշեմ, թե ուր եմ գնում:

Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետևից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի ու խորացավ բարձր, խիտ խոտերի մեջ: Խոտերը շրշացին, ասես քամին շարժեր դրանք, իսկ հետո ամեն ինչ լռեց։

Գենդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։

― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ... ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։

Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գենդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։

― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այո, գնաց, ― պատասխանեց Գենդալֆը, ― կարողացավ գնալ։

― Իսկ ի՜նչ լավ կլիներ... Այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։

― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գենդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։

Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, բայց չբացեց։

― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Բեգ-Էնդի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։

― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Չնայած, պետք կգա։

― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։

Այժմ Ֆրոդոն Բեգ-Էնդի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:

Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Բեգինսներ, Բոքոնակներ, Կուղբոնցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Բեգ-Էնդի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:

Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Բեգինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:

Նախասրահում մանր կահույքի, փաթեթների ու կապոցների մի մեծ կույտ էր գոյացել: Յուրաքանչյուր իրի վրա պիտակ էր փակցված, իսկ պիտակի վրա՝ գրվածք: Գրություններն այսպիսին էին.

«Ադելարդ Տուկին, որպես սեփականություն, Բիլբոյից»՝ փակցված էր հովանոցին: Ադելարդը հաճախ էր ուրիշի հովանոց վերցնում տուն գնալուց, թեև միշտ չէ, որ այդ հովանոցների վրա նշված էին, որ դրանք նվեր են իրեն:

«Դորա Բեգինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով:

«Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.Բ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում:

«Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Բեգինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին:

«Հավելում Հուգո Ցմփորի գրադարանին ներդրում ունեցող անձանցից մեկից»՝ փակցված էր գրապահարանին: Հուգոն սիրում էր ուրիշներից գրքեր վերցնել, բայց վերադարձնել չէր սիրում:

«Սերինիա Սաքվիլ-Բեգինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Բեգ-Էնդից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:

Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:

Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին Այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:

Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:

Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակվում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։

― Նա վատառողջ է, ― ասաց նա։

― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։

Մերին գնաց զեկուցելու, և Սաքվիլները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա դեմքին պարզ գրված էր, որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, մանավանդ, եթե այդ հյուրերը Սաքվիլ-Բեգինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։

Իսկ Սաքվիլներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։

― Մի բան ինձ համար պարզ է, ― կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը...

Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։

― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից... Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալնե՞ր... Ա՜յ քեզ սրիկա...

Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Սերինիան, սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց.

― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ. քեզանից ի՞նչ Բեգինս... Դու... դու ամենաիսկական Բրենդիբաք ես...

― Լսեցի՞ր, Մերի, ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։

― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք...

Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց. նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմություններն ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։

Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։

― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գան։

Նա հազիվ էր նստել և ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― երևի ավելի վիրավորական բան է մտածել ու վերադարձել է: Ոչինչ, թող սպասի մինչև վաղը»։

Նա գավաթից կում արեց՝ ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։

― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ միայն դուռդ կպոկեմ, այլև այնպես կանեմ, որ այն դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։

― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի... Ես կարծում էի Սերինիան է։

― Որ այդպես է՝ լա՛վ, ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչև հիմա ատամներս սվսվում են։

― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։

― Ապրես, որ չես հագել, ― նստելով ասաց Գենդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։

― Իսկ ի՞նչ կա որ։

― Ի՞նչ գիտես Մատանու մասին։

― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։

― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։

― Ոչ այն, որ թզուկներին է պատմել և որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միևնույն է, իմն է Մատանին»։

― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գենդալֆը։ ― Դե, իսկ ի՞նչ ես այդ ամենի մասին մտածում։

― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։

― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Այնպես որ դու էլ շրջահայաց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։

― Ինչ-որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։

― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարևորը, խոսացկությունների ու ասեկոսների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն և բերանբացություն չանես։

― Այ քեզ հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։

― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ՝ երբ վերադառնամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։

― Ինչպես թե, հենց հիմա... ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա...

― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու. թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։

― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ Բեգ-Էնդը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք...

― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գենդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր... Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։

Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչև շեմը, Գենդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ-մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ-որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։

Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։

Գլուխ երկրորդ. Անցյալի ստվերը

The Shadow of the Past.jpg

Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Բեգինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Հոբիթոնում, այլ ամեն տեղ ու ամենուրեք. քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, և հետզհետե Խենթ Բեգինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր և պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ և մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։

Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գենդալֆը։

«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ-որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց և հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց. լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի՜նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված... Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։

Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը նշելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։

Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Բեգ-Էնդում Փերեգրին Տուկը (ընկերների համար պարզապես Փիփին) և Մերի Բրենդիբաքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փիփինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով, կապերի մեջ է մտել էլֆերի հետ։

Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում». նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։

Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Բեգ-Էնդի տեր, պարոն Բեգինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել. «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր. «Հե՜տո, մի օր...»։

Մինչդեռ մոտենում էր նրա հիսունամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։

Լուրեր էին պտտվում արտերկրներում կատարվող ինչ-որ զարմանահրաշ բաների մասին. Գենդալֆն արդեն երկար տարիներ չէր երևացել և նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում՝ հեռանում էին Միջերկրից: Նրանց այլևս չէին հետաքրքրում Միջերկրի տագնապները։ Թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արևելքից արևմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթափայլ Նավահանգիստ, բայց թզուկներն էլ էին օգտնվում այդ ճանապարհից Կապույտ լեռների հանքերը գնալուց։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեև տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արևմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու և Մորդոր երկրի մասին։

Այդ բառը հայտնի էր միայն շատ հինավուրց ասույթներից և պարուրված էր չարագուշակ ստվերով։ Լուսավոր Խորհուրդը վերջերս էր Չարքանտառից քշել Չար ուժին, սակայն պարզվում է, որ նա չի հեռացել, այլ վերադարձել ու կրկին վերակառուցել է իր Սև Ամրոցը, և այնտեղից այժմ սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Հեռու հարավում ու արևելքում արդեն թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում են օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, առաջվա պես բթամիտ ու ծուռթաթ չեն, այլ խորամանկ և նոր ձևով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։

Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բաներ լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաև տեսել էր։

Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սեմ Գեմջին՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկի մշտական հաճախորդները։

― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սեմը։

― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ...

― Դե ինչ արած, ― ասաց Սեմը, ― տատի հեքիաթներն էլ մեկ-մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։

― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, և նրանք միահամուռ քրքջացին։

― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սեմն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։

― Էդ ո՞վ է ասում։

― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում և միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։

― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։

― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է...

― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։

― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։

― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։

Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցին. Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։

― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սեմը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ-տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչև օրս չի եղել։ Արևելքից չտեսնված-չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արևմուտք՝ Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սեմը ինչ-որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որևէ մեկը չգիտեր, թե իրենց արևմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետևում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կային Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում-հեռանում ու էլ չէին վերադառնում էլֆերի նավերը։

― Դրանք լողում ու լողում են արևմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սեմը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։

Թոդը փռթկացրեց.

― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու և առհասարակ Հոբիթստանում որևէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։

― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սեմը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած ասույթներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Բեգինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։

― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, ժողովուրդ, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք... ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։

Սեմը մի քիչ էլ նստեց, բայց այլևս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Նախ այգում աշխատանքն անսպառ էր. առավոտից պետք է քրտնաջան աշխատի, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք, բայց Սեմը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրևից հետո։ Արևը մայր էր մտել, և երեկոն, նահանջելով, կամաց-կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սեմի գլխավերևում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։

Եվ հանկարծ հայտնվեց Գենդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երևացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց և նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ. հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր-մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել և նրա մասին ոչինչ չէր լսել. «Ուրեմն, որոշեց նա, Գենդալֆն այլևս հոբիթների հետ գործ չունի։» Բայց այդ երեկո, երբ Սեմը սուլելով տուն էր բարձրանում, Ֆրոդոյի աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։

Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։

― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գենդալֆը։ ― Տեսնում եմ նույնն ես մնացել, Ֆրոդո...

― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը Գենդալֆին հարցերով հեղեղեց, և նրանք նստեցին մինչև կեսգիշեր։

Առավոտյան, նախաճաշելուց հետո, հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջև։ Բուխարիկում ճարճատում էր կրակը, թեև դրա կարիքը չկար. արևը տաքացնում էր և հարավից գոլ քամի էր փչում։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, և վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։

Գենդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրաց արկածների գնացողների հետևից։ Այն ժամանակից ի վեր Գենդալֆի մազերն ավելի էին ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի էին երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ էին ակոսել, բայց աչքերի փայլն առաջվանն էր։

Ֆրոդոն մտազբաղ նստած էր և նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գենդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։

― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գենդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։

― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Այն ավելի մեծ զորություն է իր մեջ պարունակում, քան ես կարծում էի սկզբում: Հասկանում ես, ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի և կտիրի նրան: Այն կռել են խորը անցյալում, այն ժամանակներում, երբ Էրեգիոնում կռեցին Էլֆական Մատանիները՝ կարող ես դրանք կախարդական անվանել, դա իրականությունից այնքան էլ հեռու չէ: Էրեգիոնի Մատանիներն իրոք սովորական չեն և իրարից շատ տարբեր են՝ կան այնպիսինները, որոնք իրենց մեջ հզոր ուժ են պարունակում, և կան ավելի հասարակներ: Ավելի հասարակները ուղղակի հմտանալու փորձի արդյունք էին, սակայն նույնիսկ դրանք հասարակ մահկանացուի համնար վտանգավոր են: Իսկ Մեծ Մատանիները կամ, ինչպես ասում են, Համիշխանության Մատանիները կործանարար են: Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում և չեն ծերանում, բայց և իսկական կյանքով չեն ապրում. նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների մինչև որ ապրելը դառնում է տանջանք։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյան անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միևնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի սպասավորը, որոնց տիրում է Սև Տիրակալը։

― Ի՜նչ սարսափելի է... ― ասաց Ֆրոդոն։

Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սեմ Գեմջիիի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։

― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։

― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ, բայց եթե ինքն անձամբ ինչ-որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս և շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց չէր կասկածում, որ խնդիրը Մատանու մեջ է։ Թեպետ և հասկացել էր, որ Մատանուն պետք է հետևել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթևանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։

― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։

― Բավական խելամիտ է, ― նկատեց Գենդալֆը։ ― Բայց իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված և դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի և անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ՝ և Մատանին իր գործը կաներ։

― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Վաղու՞ց... Ես շատ բաներ գիտեմ, Ֆրոդո, որ միայն Իմաստուններին է հայտնի։ Բայց այդ մատանու մասին, կարելի է ասել, մինչև հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձությունը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գենդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր... Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինձ զարմացնում էր, թե ինչպես է Գոլլումը տիրացել Մեծ Մատանիներից մեկին, իսկ որ դա Մեծերից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ որ այն նվեր է, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, որ նա ամողջ ուժով փորձում է ապացուցել Մատանու նկատմամբ իր անառարկելի իրավունքը։ Կասկած չկար. նա իրեն պահում էր ճիշտ և ճիշտ Գոլլումի պես: Երկուսն էլ ստում էին, և ստի նմանությունն ակնհայտ էր: Իբրև թե Գոլլումը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, և այնքա՜ն էլ իրար նման: Դա ինձ համար առաջին նախազգուշացումն էր։ Երևում է, Մատանին ստիպում է խաբել և ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, և Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի: Բայց ամեն անգամ, երբ որ ես խոսք էի բացում այդ մասին նա չէր ուզում լսել և սարսափելի բարկանում էր։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին ձեռքից չէի խլելու, և ինչի՞ց ելնելով։ Ես հետևում էի և սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ-որ բան ինձ կաշկանդում էր։

― Ո՞վ է նա, ― հարցրեց Ֆրոդոն, ― նրա մասին երբեք չեմ լսել։

― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գենդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով և իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորացել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, և երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետևում էի ու սպասում։

Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի. «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք...» Եվ անգործության մատնված սպասում էի մինչև Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց և իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սև երախն է երևում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։

― Բայց սարսափելի ոչինչ չի պատահել, չէ՞ ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։

― Նա հենց որ Մատանուց ազատվեց, իսկույն թեթևացավ, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, և կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների և այն մասին, թե ինչ են սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել և որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, նրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։ Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն է եղել և շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել է նրա կյանքին, և այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլևս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն գուցե առանց դրա էլ շատ երկար ապրի: Տալով Մատանին, նա կտրեց կապող թելը և այլևս ենթակա չէ նրան: Չէ՞ որ նա ինքնակամ թողոց այն, և դա ամենագլխավորն է։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է և քեզ համար եմ ես պատասխանատու։ Քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար և ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, և Բոքոնակները, Ցմփորիկներն ու մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Բեգինսների մասին, խղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։

Ֆրոդոն կուչ եկավ։

― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։

― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գենդալֆը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչև օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչև օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետև Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ-հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, և նրա վրեժն ահավոր կլինի։

― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես և մեր Մատանին։

― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գենդալֆը։ ― Դու, երևում է, ինչ-որ բան չըմբռնեցիր, ասենք, հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ժամանակն է քեզ պատմել։ Հապա մի ինձ տուր Մատանին։

Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գենդալֆը կպչեր դրան։

Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր, բարձրակարգ ոսկուց էր։

― Որևէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գենդալֆը։

― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ — Վրան քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։

― Դե հիմա տես։

Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գենդալֆը գրկեց նրան։

― Սպասիր, ― հրամայական ասաց նա՝ ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։

Մատանին հետ կարծես թե ոչինչ չկատարվեց։ Քիչ հետո Գենդալֆը վեր կացավ ու վարագույները ծածկեց։ Խաղաղ սենյակը մթնեց, և միայն Սեմի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործն անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին և ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Սառն է, ― հայտարարեց Գենդալֆը, ― վերցրու։

Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։

― Մատներով բռնիր, ― հրամայեց Գենդալֆը, ― Եվ նայիր։

Ֆրոդոն վերցրեց և Մատանու ներսի ու դրսի երեսին նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ-որ խորքից եկող աղոտ կրակով։

One Ring inscription.png

― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց նա։

― Քեզ համար անհասկանալի են, ― ասաց Գենդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես.

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։

Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են.

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Գենդալֆը հառաչեց և դանդաղ արտաբերեց.

― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տասնինը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորցրել է Թշնամին և նրա հետ էլ իր զորության առյուծի բաժինը։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ և նա չպետք է ստանա...

Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արևելյան սև ու ցուրտ ամպը։

― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։

― է՜հ, ― ասաց Գենդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սև Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչև աշուն կնստենք... Երեկ երեկոյան քեզ պատմում էի Սաուրոն Մեծի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել. նա ընդվզել է, լքել Չարքանտառը և տեղափոխվել Մորդորի ամրոցը՝ իր հնագույն աշտարակը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սևին է տալիս նույնիսկ հոբիթական տարեգրություններում՝ սարսափ ու խավար սփռելով։ Այո, արդեն քանի անգամ ստվերը ջախջախվում է, նահանջում, բայց հետո հայտնվում է այլ կերպարանքով և կրկին տարածվում։

― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։

― Համաձայն եմ: Բոլորը, ովքեր ապրել են նման ժամանակներում կրկնում են դա ասես անեծք՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված: Մեզ տրված է ժամանակ, և գլխավորն այն է, թե ինչպես կօգտագործենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատև։ Ծանր է լինելու մեր գործը: Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու և Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։

Երեք Մատանիները, որոնց օգնությամբ կարելի է բարիք գործել, Էլֆերը թաքցրել են. նրա ձեռքը դրանց չի կպել և չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին. երեքը Նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մահկանացու մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Ահա արդեն վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են Մատանեկիր Ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի սպասավորները... Այո, շատ վաղուց ապրող աշխարհում Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է. հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները... Մի վախեցիր: Այո, նրանց մասին չարժե խոսել նույնիսկ այստեղ՝ Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։

Այսպիսով նա տիրացել է մահկանացուներին պատկանող Իննին՝ ինը Մատանի նրա հպատակ-օգնականների մոտ են: Ինչպես նաև թզուկների Յոթը՝ ծայրահեղ դեպքում այն, ինչ մնացել է Յոթից։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կռել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մեծ մասը։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, և նույնիսկ Երեք էլֆականները նրա իշխանությանը կենթարկվեն. դրանց օգնությամբ ամբողջ արվածը հասանելի կդառնա նրա հայացքին, և նրա ուժը անհաղթելի կդառնա։

Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլևս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես և պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ նա փնտրում է այն, փնտրում է ամենուր՝ նրա միտքն ամբողջությամբ զբաղված է դրանով։ Այս Մատանին նրա մեծ հույսն է և մեր մեծ սարսափը։

― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն ոչնչացրել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպե՞ս է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սև մատները։

― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գենդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին և կարողանում էին պայքարել Մեծ Խավարի դեմ: Եվ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արևմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չէր լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը. այդ ժամանակ և արհավիրք կար, և խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, և այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Գուցե մի օր ես քեզ կպատմեմ այդ պատմությունը սկզբից մինչև վերջ, կամ դու կլսես այն ինձանից լավ իմացող որևէ մեկից։ Բայց ոչ այսօր։ Այսօր դու կիմանաս, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։

Սաուրոնին գահընկեց են արել Գիլ-Գալադը՝ էլֆերի արքան և Էլենդիլը՝ Արևմուտքի տիրակալը: Նրանք երկուսն էլ զոհվեցին այդ ճակատամարտում: Էլենդիլի որդին՝ Իսիլդուրը, կտրեց Սաուրոնի մատը և Մատանին վերցրեց իրեն: Սաուրոնը փոշիացավ, և նրա հոգին հեռացավ Միջերկրից, և բազում դարեր անցան, մինչև նրա ստվերը նոր ձև ընդունեց ու սկսեց խտանալ Չարքանտառում: Իսկ Մատանին կորավ: Այն խորտակվեց Անդուինում, երբ Իսիլդուրը ճանապարհորդում էր գետի ափով դեպի հյուսիս: Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու դարանակալած լեռնային օրքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրին նրա ջոկատը: Իսիլդուրը նետվեց ջուրը և փորձեց լողալով հեռանալ, բայց, մինչ նա մաքառում էր հոսանքի դեմ, Մատանին սահեց նրա մատից: Օրքերը տեսան նրան և նետահարեցին:

Գենդալֆը լռեց:

— Եվ այնտեղ Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու,— քիչ հետո շարունակեց նա,— Գետի մթին հորձանուտներում Մատանին երկար ժամանակով անհետացավ: Դարեր անցան, և Մատանու գոյության մասին մոռացան նույնիսկ առասպելներն ու եղելությունները: Այն, ինչ դու հիմա ինձանից իմացար, շատ քչերը գիտեն՝ նույնիսկ Իմաստունների Խորհուրդը ավելին չգիտե: Սակայն, ինչպես ինձ թվում է, ես գտել եմ այդ պատմության շարունակությունը:

Շատ դարեր հետո, և այնուամենայնիվ շատ վաղուց, Խլուտում, Մեծ Գետի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, որի գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագոլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները և հետզհետե դադարեց աչքերը բարձրացնել վեր, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։

Նա Դեագոլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորամանկ ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագոլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագոլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակին ինչ-որ փայլուն բան նկատելով՝ նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափին ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ այ քեզ բան, ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց: Այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագոլը հիացած նայում էր։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագոլը։

― Տուր այն մեզ, փոքրիկ Դեագոլ, ― ասաց Սմեագոլը՝ բարեկամի ուսի վրայից նայելով։

― Էդ Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագոլը։

― Դե, որովհետև այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, և մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագոլը։

― Մի սրան նայեք, ― ասաց Դեագոլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։

― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագոլը, մատներով բռնեց Դեագոլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ սիրուն էր ու վառվռուն։

Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։

Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագոլին. նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագոլը մենակ վերադարձավ տուն և հայտնաբերեց, որ երբ Մատանին մատին է, ոչ ոքի աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան. քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր իշխանությամբ՝ թեև փոքր, իր չափերին ու խելքին համապատասխան, բայց իշխանությամբ։ Ազգուտակը սկսեց նրան ատել՝ բոլորը խրտնում էին նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ Երբ տեսնում էին նրան, աքացի էին տալիս, իսկ նա կծում էր։ Ժամանակի ընթացքում նա ճարպիկ գող դարձավ, և քայլելուց մշտապես քթի տակ կատաղած գռմռում էր. գոլլում, գոլլում, գոլլում... Դրա համար էլ նրան անվանեցին Գոլլում ու սկսեցին անիծել: Նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, ի վերջո տատիկն արգելեց վերադառնալ որջ։

Այդ օրվանից նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ կռացել էր ջրափոսի վրա, ծոծրակին այրոցք զգաց, իսկ ջրի անտանելի փայլից աչքերը կուրացան։ Դա նրան շատ զարմացրեց, ախր բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշեց, բարձրացրեց բռունցքն ու սպառնաց արևին։

Հետո հայացքն ընկավ Մշուշապատ Լեռների գագաթներին, որտեղից հոսում էր վտակը։ Եվ հանկարծ հասկացավ. «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում... Այնտեղ արևի աչքից հեռու կլինենք։ Լեռների արմատներն էլ իրենց գաղտնիքներն ունեն, և այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։

Երբ գիշեր եկավ, նա բարձրացավ լեռները, գտավ քարանձավը, որից ծորում էր մութ հոսանքը, որդի նման սողոսկեց քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտացավ երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գոլլումի հետ միասին կլանեց նաև Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ նորից հզոր էր դարձել, բայց նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չուներ։

― Սպասիր, ասացիր Գոլլո՞ւմ, ― ճչաց Ֆրոդոն, ― ինչպե՞ս թե՝ Գոլլում։ Դա ինչ է, նույն այն զզվանքն է, որին հանդիպել էր Բիլբո՞ն։ Ի՜նչ գարշելի է...

― Իմ կարծիքով, դա ոչ թե գարշելի է, այլ ողբալի, ― առարկեց հրաշագործը, ― Չէ՞ որ այդպիսի բան կարող էր հոբիթներից որևէ մեկին էլ պատահել։

― Ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ Գոլլումը հոբիթներին ազգակից է, ― կտրեց Ֆրոդոն։ ― Դա չի կարող պատահել։

― Սակայն սա զուտ ճշմարտություն է, ― նկատեց Գենդալֆը։ ― Ի՜նչ-ինչ, բայց հոբիթների ծագման մասին ես ավելի շատ գիտեմ, քան դուք ինքներդ։ Նույնիսկ Բիլբոյի պատմածից ազգակցական կապը լիովին ակներև է։ Նա և Գոլլումը շատ բաների մասին միատեսակ էին դատում և շատ բաներ միանման ընկալում։ Իսկ միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ ավելի լավ, քան հոբիթը կհասկանա, ասենք՝ թզուկին, օրքին կամ նույնիսկ էլֆին։ Հիշո՞ւմ ես, նրանց հանելուկներն ուղղակի ընդհանուր էին։

― Դա ճիշտ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Սակայն միայն հոբիթները չէ, որ հանելուկներ են լուծում ու դրանք բոլորն էլ, ընդհանուր առմամբ, նման են։ Հոբիթները երբեք խաբեբայությամբ չեն զբաղվում, իսկ Գոլլումը միայն այդ էր անում։ Չէ՞ որ այդ խաղը հորինեց, որ կարողանա հարմար պահը որսալ ու Բիլբոյին հանկարծակիի բերել։ Նրա համար շատ հաճելի խաղ էր ստացվում. կշահի՝ ուտելու բան կունենա, կտարվի՝ մեծ դժբախտություն չէ։

― Վախենում եմ, որ այդպես էլ եղել է, ― ասաց Գենդալֆը։ ― Բայց մի ուրիշ բան էլ է եղել, որը առայժմ դու չըմբռնեցիր։ Նույնիսկ Գոլլումը ամբողջապես կորած էակ չէ։ Նա որոշ մարդկանցից ավելի ամուր դուրս եկավ, ինչքան չլինի հոբիթներին ազգակից է։ Նրա հոգում նվիրական մի անկյուն էր մնացել, որտեղ Մատանին չէր թափանցել, և այնտեղ, ինչպես ճեղքից մութ քարանձավ, աղոտ լույս էր թափանցում՝ անցյալից եկող լույս։ Եվ, ըստ երևույթին, նրան հաճելի էր լսել այդ ձայնը, քամու և ծառերի, արևով ողողված խոտի և շատ ու շատ այլ մոռացված բաների մասին հիշեցնող այդ բարի ձայնը։

Բայց դե, իհարկե, վերջիվերջո սև անհաղթահարելի չարությունը նորից կատաղի բորբոքվեց նրա մեջ: Եվ միշտ էլ այդպես կլինի, եթե այդ հիվանդությունը վերջնականապես չամոքվի։ ― Գենդալֆը հառաչեց։ ― Ավա՜ղ... Նրա համար քիչ հույս կա։ Բայց այնուամենայնիվ կա, նույնիսկ նրա համար, չնայած շատ երկար է տիրել Մատանուն, այնքան երկար, որ ինքն էլ չի հիշում, թե երբվանից։ Ճիշտ է, նա հազվադեպ էր հագնում այն՝ անթափանց խավարում ինչի՞ն էր պետք։ Դրա համար էլ չէր «հալվել»։ Տաշեղի պես բարակ էր, սակայն մկանուտ ու դիմացկուն։ Թեև հոգին Մատանին մաշել էր, և կորստի ցավը անտանելի էր։

Իսկ լեռների ընդերքում թաքնված «խոր գաղտնիքները» սև դատարկություն դարձան նրա համար. ոչ մի բան չկար հայտնաբերելու, հոտոտելու, էլ ինչի՞ համար ապրել։ Միայն գողունի սնունդ ճարիր, հիշիր հին վիրավորանքներն ու նորերը հնարիր։ Ողորմելի էր նրա կյանքը։ Նա ատում էր խավարը, իսկ լույսն՝ ավելի, նա ատում էր ամեն ինչ, իսկ ամենից ավելի՝ Մատանին։

― Այդ ինչպե՞ս, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Չէ որ Մատանին նրա «սքանչելին» էր, նա միայն դրա մասին էր մտածում... Իսկ եթե ատում էր, ինչո՞ւ չէր շպրտում։

― Դու արդեն շատ բան ես լսել, Ֆրոդո, և ժամանակն է, որ հասկանաս, ― ասաց Գենդալֆը։ ― Նա Մատանին և՛ ատում էր, և՛ սիրում, ինչպես սիրում ու ատում էր ինքն իրեն։ Իսկ ազատվել նրանից չէր կարողանում։ Այդքան կամք չուներ։ Համիշխանության Մատանին, Ֆրոդո, ինքն իր պահակն է։ Մատանին կարող է դավաճանորեն սահել մատից, իսկ տերը երբեք չի գցի այն։ Կարող է պատահել, իհարկե, համարյա կատակով, որևէ մեկին պահ տա, այն էլ սկզբում, քանի դեռ Մատանին տիրոջից կառչած չէ։ Որքան ինձ հայտնի է, միայն Բիլբոն է վճռել հանձնել Մատանին և հանձնել է։ Այն էլ ո՛չ առանց իմ օգնության։ Բայց նույնիսկ Բիլբոն Մատանին չէր թողնի բախտի քմահաճույքին, չէր գցի այն։ Ոչ, Ֆրոդո, հարցը ոչ թե Գոլլումն էր որոշում, այլ Մատանին ինքը։ Եվ վճռեց։

― Ի՞նչ է, վճռեց Գոլլումին փոխարինել Բիլբոյո՞վ, ― քմծիծաղեց Ֆրոդոն։ ― Ավելի լավ չէ՞ր լինի գլորվել որևէ օրքի մոտ։

― Դա շատ զարմանալի դեպք է,― ասաց Գենդալֆը,― և կատակդ բոլորովին էլ ծիծաղելի չէ։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ... Բայց դա պատահականություն չէր, Ֆրոդո, Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ: Այն դավաճանեց Իսիլդուրին և սահեց նրա մատից: Իսկ հետո, երբ հնարավորություն ընձեռնվեց, անմիջապես կառչեց խեղճ Դեագոլից, իսկ վերջինս իր գտածոյի համար կյանքով հատուցեց։ Եվ վերջապես՝ Գոլլումը։ Գոլլումին այն ամբողջությամբ կուլ տվեց, բայց հետո ի՞նչ... Նա մանրախնդիր էր ու ողորմելի, և քանի Մատանին մոտն էր, ոչ մի դեպքում չէր լքի իր լճակը։ Դրա համար էլ, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց և իր սև մտքերով ձգվեց Մատանու հետևից, այն Գոլլումին լքեց։ Սակայն Մատանին գտավ ոչ թե օրք, ոչ թե թրոլ, ոչ թե մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։

Կարծում եմ, դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երևույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես Բիլբոն: Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։

― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գոլլումի մասին։ Թե՞ դրանք ուղղակի ենթադրություններ են, և դու խելքը գլխին ոչինչ չգիտես։

Գենդալֆը նայեց Ֆրոդոյին ու նրա աչքերը փայլեցին։

― Ես առաջ էլ որոշ բան գիտեի, իսկ հիմա շատ բան պարզեցի, ― ասաց նա։ ― Բայց չեմ պատրաստվում քեզ իմ բոլոր որոնումների մասին զեկուցել։ Էլենդիլի, Իսլիդուրի և Համիշխանության Մատանու պատմությունը գիտեն բոլոր Իմաստունները: Թեկուզ միայն կրակե մակագրությունն էլ բավական է համոզվելու համար, որ քո Մատանին Համիշխանության Մատանին է, թեև այլ ապացույներ էլ կան...

― Իսկ դու ե՞րբ հայտնաբերեցիր դա, ― ընդհատեց նրան Ֆրոդոն։

― Քո աչքի առաջ, քո հյուրասենյակում, ― չոր պատասխանեց հրաշագործը։ ― Բայց ես նախապես գիտեի, որ դա պարզելու եմ։ Շատ եմ ճանապարհորդել և շատ երկար եմ փնտրել, իսկ դա իմ վերջին փորձությունն էր, վերջին ապացույցը, և հիմա ամեն ինչ պարզ է։ Հեշտ չէր պարզաբանելը, թե ինչ կապ ունի այստեղ Գոլլումը և ինչպես է խցկվել այդ հնադարյան արյունոտ պատմության մեջ՝ այդ պարզելու համար շատ եմ չարչարվել։ Սկսել եմ ենթադրություններից, բայց հիմա դրանք այլևս ենթադրություններ չեն։ Գիտեմ, որ այդպես է եղել։ Տեսել եմ նրան։

― Գոլլումի՞ն ես տեսել, ― անմիջապես բացականչեց Ֆրոդոն։

― Այո, տեսել եմ։ Վաղուց էի նրան փնտրում: Առանց նրա համոզվել չէի կարող, դա պարզից էլ պարզ է։ Բայց նրան հասնելն այնքան էլ հեշտ չէր։

― Իսկ ի՞նչ եղավ նրան հետագայում, Բիլբոյի փախուստից հետո... Դու գիտե՞ս։

― Շատ աղոտ։ Ինչը որ քեզ պատմեցի, Գոլլումն էր ինձ պատմել, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գոլլումը սոսկալի ստախոս է, և նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրև թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի-պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագոլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ և շուռ տված։ Գոլլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագոլին և ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից. մթության մեջ սև ոսկորներ էր կրծում, միևնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչև ինքն էլ համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, և Դեագոլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է և այլն և այլն։ Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետև հարկավոր էր պարզել եղելությունը, բայց վերջում ստիպված եղա խիստ վարվել... ես նրան սպառնացի կրակով և, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի և հանելուկների, և Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո նա ասես համր կտրեց և միայն երբեմն-երբեմն լացախառն մութ ակնարկներ էր անում։ Երևում էր, ինչ-որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի և ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գոլլումն այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, և նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Բեգինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գոլլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։

― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։

― Դե եթե գործը դրան հասնի, ապա Բիլբոն ինքն է հիմարաբար ներկայացել նրան, իսկ այդքանից հետո դժվար չէ պարզելը, թե նա որտեղից է հայտնվել՝ միայն թե դուրս սողա։ Եվ Գոլլումը դուրս է սողացել, համա՜ թե դուրս է սողացել։ Մատանու կարոտն անտանելի էր, այդ կարոտը գերազանցեց օրքերի նկատմամբ տածած սարսափը և նույնիսկ նրա արևավախությունը։ Տխրեց նա մեկ կամ, գուցե, երկու տարի։ Հասկանո՞ւմ ես, թեպետ Մատանու կորուստը տանջում էր նրան, բայց արդեն չէր հյուծում, ինչպես առաջներում, և քիչ սկսեց կենդանանալ։ Ծերությունը ճնշում էր նրան, սարսափելի ճնշում էր, բայց մշտական զգուշությունն անցել էր, դրան գումարած նաև, որ մահվան չափ սոված էր։ Լույսը՝ լուսնի, թե արևի, նրա համար անտանելի ու ատելի էր։ Սա արդեն երևի այդպես էլ կմնա մինչև կյանքի վերջը, իսկ խորամանկության ու ճարպկության համար ձեռքը գրպանը տանելու կարիք չունի։ Նա հասկացավ, որ կարելի է քողարկվել և՛ արևի, և՛ լուսի լույսից, կարելի է արագ ու անաղմուկ դուրս գալ մութ գիշերով, երբ խավարի մեջ տեսնում են միայն նրա սպիտակավուն աչքերը, և որսալ փոքրիկ ու անզգույշ գազանիկների։ Քամին նրան թարմացրեց, սկսեց կուշտ ուտել, դրա համար էլ ավելի ուժեղ ու համարձակ դարձավ։ Չարքանտառը հեռու չէր, և շուտով նա հասավ այնտեղ, ինչպես և պետք էր սպասել։

― Այնտեղ էլ դու նրան հանդիպեցի՞ր, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այնտեղ էլ տեսա նրան, ― պատասխանեց Գենդալֆը, ― բայց նա միանգամից չէր ընկել այնտեղ, սկզբում գնացել էր Բիլբոյի հետքերով։ Իսկ հետո... Պատկերացրու, այդպես էլ մի կարգին չգիտեմ, թե ինչ է եղել հետո. նա ինչ-որ անհեթեթություններ էր դուրս տալիս՝ հայհոյանքներից ու սպառնալիքներից շնչակտուր լինելով։ «Ինչ կար նրա գրպանում, ― մռթմռթում էր նա։ ― Չէ, գլխի չընկա, որ նրա մոտ, նրա գրպանում, Սքանչելին էր։ Օ՛ձ, օ՛ձ, օ՛ձի ճուտ։ Անասնիվ հարց, անասնիվ։ Նա խարդախություն արեց, նա, այլ ոչ թե ես, նա կանոնները խախտեց։ Պետք էր իսկույն նրան խեղդել, ճի՞շտ է, իմ սքանչելի... Ոչինչ, իմ սքանչելի, ոչինչ, դեռ կխեղդենք»։

Եվ այդպես անվերջ։ Դու ահա արդեն կնճռոտում ես դեմքդ, իսկ ես օրերով դիմանում էի դրան, առավոտից մինչև երեկո։ Բայց դե իզուր չէր։ Նրա բերանից թռցրած որոշ բառերից այնուամենայնիվ հասկացա, որ նա ճլմփացրել է մինչև Էսգարոթ, աչք է ածել ու ականջը կախ պահել քաղաքի փողոցներում։ Ոչինչ չես կարող անել. մեծամեծ դեպքերի մասին նորությունները թնդում էին Վայրի Երկրում, բոլորը միայն Բիլբոյի մասին էին խոսում՝ միահյուսելով եղածն ու չեղածը։ Իսկ վերադարձի ճանապարհին մենք էլ չէինք թաքնվում։ Գոլլումն ականջները սրել, արագորեն ինչ իրեն հարկավոր էր լսել ու հասկացել էր։

― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչև վերջ չհետևեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։

― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գենդալֆը։ ― Ձեզ մոտ ուզեցել է գալ, լքել է Դեյլը, հասել է մինչև Մեծ Գետը և, չգիտես ինչու, հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ-որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։

Առաջինը անտառի էլֆերը բացահայտեցին նրա թարմ հետքերը։ Դրանք ամբողջությամբ հատում էին Չարքանտառը և հետ դառնում: Ճիշտ է, Գոլլումին բռնել էլֆերին չհաջողվեց, թեև անտառը լի էր նրա մասին զզվելի հիշողություններով, բոլոր գազանիկներն ու թռչունները սարսափահար էին եղել։ Ասում էին, որ նոր հրեշ է հայտնվել՝ արյունախում-ուրվական, որից ձագուկները փրկություն չունեն ո՛չ ծառերի վրա, ո՛չ բներում: Չարքանտառի արևմտյան ծայրից հետքը հետ էր շրջվում, հետո գալարվելով գնում էր հարավ, անտառից դուրս գալիս ու կորչում։ Այ այստեղ էլ ես մեծ սխալ թույլ տվեցի։ Այո, Ֆրոդո, մեծ սխալ, և ո՛չ առաջինը, բայց վախենում եմ, որ դա ամենավտանգավորը լինի։ Ես դադարեցի նրան փնտրել՝ թող ուր ուզում է գնա։ Մի կույտ անհետաձգելի գործեր ունեի և առաջվա պես հավատում էի Սարումանի իմաստությանը։

Այդ ժամանակվանից անցել է կես դարից ավելի, ու ես իմ սխալի պատճառով սև, ծանր օրեր ապրեցի։ Երբ հասկացա, որ Գոլլումն ինձ խիստ անհրաժեշտ է, իսկ դա Բիլբոյի մեկնելուց հետո էր, նրա հետքը շատ վաղուց արդեն կորել էր։ Հազիվ թե ես Գոլլումին գտնեի, բայց ինձ օգնության եկավ Արագորն անունով հավատարիմ բարեկամս, մեր ժամանակների լավագույն հետքագետն ու որսորդը։ Նրա հետ միասին տակնուվրա արեցինք ողջ Խլուտը, առանձնապես հույս չտածելով։ Եվ երբ հուսահատված որոշեցի վերջ տալ որոնումներին, հանկարծ Գոլլումը գտնվեց։ Բարեկամս համարյա հրաշքով վերադարձավ մահացու վտանգավոր ճանապարհորդությունից և նրան քարշ տալով բերեց իր հետ։

Թե ուր էր անհետացել Գոլլումը, այդպես էլ գաղտնիք մնաց։ Նա արցունք էր հեղում, մեզ գարշելի ու դաժան էր անվանում, իսկ կոկորդում կլթկլթում էր. «գոլլլլում», «գոլլլլում»: Իզուր չէ, որ այդպես են անվանել նրան։ Նույնիսկ կրակի սպառնալիքի տակ նա միայն հեծկլտում էր, կուչ գալիս, կոտրտում երկար ձեռքերն ու լիզում մատները, կարծես դրանք այրված էին, ասես դրանք նրան հիշեցնում էին ինչ-որ վաղեմի դաժան տանջահարության մասին։ Նա ոչինչ չասաց, բայց վախենում եմ, որ դանդաղ, քայլ առ քայլ, ծածուկ հասել է հարավ և ընկել Մորդոր։

Սենյակը սուզվեց ծանր լռության մեջ, և Ֆրոդոն լսեց, թե ինչպես է տկտկում իր սիրտը։ Դրսում նույնպես ամեն ինչ կարծես մեռավ, նույնիսկ Սեմի մկրատը դադարեց չխկալուց։

― Այո, Մորդոր, ― կրկնեց Գենդալֆը։ ― Դե հասկանալի է, Մորդորը ամեն տեսակ չարության ու նախանձի ապաստարան է, և բոլոր չարագործներին այնտեղ է հավաքում Սև Տիրակալը։ Չէ՞ որ Թշնամու Մատանին աղավաղել էր Գոլլումի հոգին, ու նա հլու հնազանդ էր նրա համառ կանչին։ Բացի դրանից, բոլորն էին փսփսում այն մասին, որ Մորդորը նորից պարուրված է խավարով և որ այնտեղ մոլեգնում է հեղձուկ ու դաժան ատելությունը։ Եվ Գոլլում մտածում էր, որ այնտեղ, միայն այնտեղ էին նրա իսկական բարեկամները. հենց նրանք էլ կօգնեին իրեն վրեժը լուծելու։ Դժբախտ հիմար... Այո, նա հասել է Մորդոր և շատ բան է իմացել, նույնիսկ չափազանց շատ։ Նա երկար թափառել է այդ սարսափելի երկրի սահմանների մոտ, մինչև որ բռնվել է և ենթարկվել օտարների համար պարտադիր հարցաքննության։ Արագորնը Գոլլումին որսացել է, երբ վերջինս երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնալիս է եղել։ Գուցե նրան ուղարկել են, կամ ինքն է որևէ նողկալի բան մտածել։ Մի խոսքով, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ չարիքն արդեն կատարված է։ Քանզի Թշնամին նրանից իմացել է, որ Համիշխանության Մատանին գտնվել է։ Հայտնի է, թե Մատանին որտեղ է Գոլլումի ձեռքն ընկել։ Հայտնի է, որ դա Մեծ Մատանին է, որը երկարացնում է տիրոջ կյանքը։ Հասկանալի է, որ դա Երեք էլֆական մատանիներից մեկը չէ, էլֆերը դրան պահպանել են, և դրանց մեջ չարություն չկա, դրանք մաքուր են։ Հասկանալի է, որ դա թզուկների Յոթ մատանիներից մեկը չէ, և ոչ էլ Ինը ուրվականների մատանիներից մեկը՝ դրանց ճակատագրերը հայտնի են։ Թշնամին հասկացել է, որ այդ Մատանին հենց Համիշխանության Մատանին է։ Եվ, դրան էլ ավելացրած՝ իմացել է հոբիթների ու Հոբիթստանի մասին։ Հնարավոր է, որ նա հիմա փնտրում է Հոբիթստանը, եթե արդեն չի գտել։ Եվ թող հայտնի լինի քեզ, Ֆրոդո, որ ձեր տոհմի անունը նույնպես մնացած ամեն ինչի հետ ջրի երես է դուրս եկել։

― Բայց չէ՞ որ դա սարսափելի է, ― ճչաց Ֆրոդոն։ ― Սարսափելիից էլ սարսափելի, նույնիսկ տհաճ ակնարկներն ու մշուշապատ զգուշացումներն ինձ այդպես չէին վախեցնում։ Գենդա՛լֆ, օ՛ Գենդա՜լֆ, իմ հուսալի բարեկամ, ի՞նչ անեմ ես... Այ հիմա իսկապես սարսափում եմ։ Ասա՛, Գենդալֆ, ես ի՞նչ անեմ... Այնուամենայնիվ, ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրիկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար։

― Ասում ես՝ ափսո՞ս։ Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի։ Եվ դրա դիմաց, իմ բարեկամ Ֆրոդո, նա փոքր հատուցում չի ստացել։ Իզուր չէ, որ նա չարի կամակատար չի դարձել, իզուր չէ, որ փրկվել է՝ և բոլորը նրա համար, որ խղճից է սկսել...

― Ներիր, ― ասաց Ֆրոդոն,— ուղղակի շատ վախեցա։ Սարսափը պատել է ինձ, բայց, միևնույնն է, Գոլլումին խղճալը հիմարություն է։

― Դու նրան չես տեսել, ― ասաց Գենդալֆը։

― Չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասկանում։ Մի՞թե դու, էլֆերը և չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գոլլումին նրա բոլոր սև գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է և նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։

― Արժանին՝ արժանի է, խոսք չկա։ Ե՛վ նա, և՛ շատ ուրիշները, որոնք շարունակում են ապրել, չնայած ամեն ինչին։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն և մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել արդարության անունից, մանավանդ, որ սեփական կաշիդ փրկելու համար ես այդպես անում։ Նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գոլլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, և իմ սիրտը վկայում է, որ, դեռևս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ-որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաև՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է և խղճուկ, և այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։

― Եվ այնուամենայնիվ, ― ասաց Ֆրոդոն, ― եթե նույնիսկ Բիլբոն չկարողացավ սպանել նրան, ավելի լավ կլիներ Մատանին չվերցներ իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։

― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետևանքով։ Կախարդական Մատանիներն անհետ չեն կորչում. ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, և ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը. նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։ Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց նժարի վրա շատ բան է դրած, և ես որոշեցի ռիսկի դիմել: Սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես հագել և, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել. առայժմ՝ ոչ... Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։

― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել. չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, և ես հիմա ազատված կլինեի։

― Ազատված կլինեի՞ր... Իսկ ինչպե՞ս, փորձե՞լ ես...

― Ոչ, չեմ փորձել։ Բայց դե, երևի, որևէ կերպ կարելի է ճզմել կամ հալեցնել...

― Իսկ դու փորձիր, ― ասաց Գենդալֆը։ ― Վերցրու ու փորձիր։

Ֆրոդոն նորից գրպանից հանեց Մատանին ու տնտղեց։ Այն մաքուր էր և հարթ, առանց որևէ մակագրության։ Ոսկին պայծառ փայլում էր, և Ֆրոդոն մտածեց. «ինչ հոծ ու հրաշալի ձուլվածք է, ինչ զարմանալի ողորկ է։ Զարմանալի և իսկապես թանկագին Մատանի»։ Նա հանեց այն, որ նետի կրակի մեջ, բայց հանկարծ հասկացավ, որ չի կարող այդ անել, որ ինքդ քեզ չես կոտրի։ Նա վարանմունքով ծանրութեթև էր անում Մատանին ափի մեջ՝ հիշելով Գենդալֆի չարագուշակ պատումը: Վերջապես բոլոր ուժերը հավաքեց և զգաց, որ Մատանին շուտափույթ գրպանն է մտցնում։

Գենդալֆն անուրախ ծիծաղեց։

― Ահա, տեսնո՞ւմ ես, Ֆրոդո, արդեն դու էլ չես կարողանում բաժանվել Մատանուց, ինչ մնաց կարողանաս վնասել։ Ես քեզ «ստիպել» չեմ կարող՝ թերևս միայն կոպիտ ուժով, կամքդ կոտրելով։ Իսկ Մատանին ոչ մի ուժով ջարդուփշուր չես անի։ Ինչքան ուզում ես հարվածիր դարբնոցի վեց փթանոց մուրճով՝ վրան հետք էլ չի մնա։ Դե դու ինչ, երբ ես՝ որ ես եմ, էլի դրան ոչինչ անել չեմ կարող։ Քո բուխարիկի կրակում նույնիսկ սովորական ոսկին էլ չի հալվի։ Իսկ Մատանին, դու տեսար, այն կրակի մեջ միայն թարմացավ, նույնիսկ չշիկացավ։ Եվ քո ողջ Հոբիթստանում ոչ մի այդպիսի դարբին չկա, որ կարողանա գոնե մի փոքր տափակացնել այն։ Նույնիսկ թզուկների քուրան ու մուրճը դրան չեն վնասի։ Ասում են, թե Կախարդական Մատանիները հալվում են վիշապի կրակի մեջ, բայց այսօրվա վիշապները խղճուկ արարածներ են, նրանցից ո՞րի ուժը կպատի հալել Մեծ Մատանին, որը Սաուրոնն անձամբ է կռել։

Միայն մի միջոց կա. գնալ Օրոդրուին՝ ճակատագրի լեռը, և Մատանին գցել նրա հրակեզ ընդերքը... Եթե դու իսկապես ցանկանում ես, որ այն հալվի ու հավիտյանս չհասնի Թշնամուն։

― Դե չէ, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ այն... չընկնի Թշնամու ձեռքը, ― շտապ վրա տվեց Ֆրոդոն։ ― Միայն թե թող դա անեմ ոչ ես, թող անի ուրիշ որևէ մեկը, մի՞թե իմ ուժերը կներեն այդպիսի քաջագործության համար։ Առհասարակ, ինչո՞ւ Մատանին ինձ հասավ, ես ի՞նչ կապ ունեմ։ Եվ ինչո՞ւ հատկապես ես...

― Հարցեր իրար հետևից, ― ասաց Գենդալֆը, ― իսկ քեզ ի՞նչ պատասխաններ են հարկավոր... Որ դու քաջագործության համա՞ր չես ընտրված։ Ո՛չ, ոչ քաջագործության համար։ Դու ո՛չ ուժ ունես, ո՛չ իմաստություն։ Սակայն ընտրված ես դու։ Իսկ դա նշանակում է. ստիպված կլինես դառնալ ուժեղ, իմաստուն ու քաջազուն։

― Ախր ես ինչպե՞ս... Դու, Գենդալֆ, և ուժեղ ես, և իմաստուն, վերցրո՛ւ ինձնից Մատանին, վերցրո՛ւ։

― Ո՛չ, ― ճչաց Գենդալֆն ընկրկելով։ ― Եթե ինձ օժտեն այդպիսի զորությամբ՝ այն իմ ձեռքերում հարյուրապատիկ ավելի հզոր ու սարսափելի կդառնա, իսկ ես կդառնամ նրա ամենազոր ստրուկը։ ― Նրա աչքերը փայլեցին, դեմքը լուսավորվեց ներքին կրակով։ ― Ո՛չ, մի՛ գայթակղիր ինձ: Սև Տիրակալը ահավոր է, իսկ չէ որ ես կարող եմ ավելի ահավոր դառնալ։ Մատանին գիտի դեպի իմ սիրտը տանող ճանապարհը, գիտի, որ ինձ տանջում է խղճահարությունը բոլոր թույլերի ու անպաշտպանների նկատմամբ, իսկ իր օգնությամբ՝ օ՜հ, որքան հուսալի կպաշտպանեի ես նրանց՝ որպեսզի հետո դարձնեի իմ ստրուկները։ Ես չեմ վերցնի այն պահպանության, եթե նույնիսկ խոստանամ երբեք չօգտագործել։ Ես չեմ կարող սոսկ պահապան լինել, և գայթակղությանը չեմ դիմանա: Մատանին չափազանց հարկավոր է ինձ։ Ախր առջևում դեռ այնպիսի ծանր փարձություններ են սպասվում…

Նա մոտեցավ պատուհանին և հետ քաշեց վարագույրները։ Սենյակը նորից հեղեղվեց արևով։ Պատուհանի տակով, շվշվացնելով, անցավ Սեմը։

― Ինչպես տեսնում ես, ― ասաց հրաշագործը, դեպի Ֆրոդոն շրջվելով, ― ստիպված պետք է ինքդ որոշես։ Բայց ես քեզ չեմ լքի։ ― Եվ նա ձեռքը դրեց Ֆրոդոյի ուսին։ ― Ես կօգնեմ քեզ տանելու այդ բեռը, քանի այդ բեռը քոնն է։ Միայն թե հապաղել պետք չէ։ Թշնամին ձեռքերը ծալած նստած չէ։

Երկար լռություն տիրեց։ Գենդալֆը նորից նստեց բազկաթոռին և մտքերի մեջ խորացած սկսեց ծխամորճը ֆսֆսացնել։ Աչքերը, թվում էր, փակ են, բայց կիսախուփ կոպերի տակից աչալուրջ հետևում էր Ֆրոդոյին։ Իսկ Ֆրոդոն անթարթ նայում էր բուխարիկի ալ կարմիր ածուխներին՝ կլանված ու մոռացած ամեն ինչի մասին, ու նրան թվում էր, թե անհատակ կրակի հորի մեջ է նայում։ Նա մտածում էր հինավուրց ու ահարկու Լեռան բոսոր վիհերի մասին։

― Այսպես, ― ասաց վերջապես Գենդալֆը։ ― Դե, ինչի՞ մասին ես մտածում։ Ի՞նչ որոշեցիր...

― Ոչի՛նչ, ― խուլ պատասխանեց Ֆրոդոն՝ սթափվելով ու կրակե խավարից հետ գալով։ Ի զարմանս իրեն, նա հայտնաբերեց, որ նորից նստած է լուսավոր սենյակում, իսկ պայծառ լուսամուտից այն կողմ արևավառ այգին է։ ― Ավելի ճիշտ՝ որոշեցի։ Որքանով որ քեզ հասկացա, առայժմ երևի ստիպված պիտի լինեմ Մատանին ինձ մոտ թողնել ու պահպանել այն, անկախ նրանից, թե ինչ չար կատակ կխաղա գլխիս: Ինչ լինելու է թող լինի։

― Ոչինչ էլ չի լինի, ― ասաց Գենդալֆը, ― համենայն դեպս՝ առայժմ: Դու բավական լավ ես սկսում։ Մատանին քեզ դեռ շուտ չի շեղի դեպի չարը։

― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, և իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երևույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին և բարեկամներիս, եթե մնամ տանը… Ստիպված պետք է լինեմ լքել Բեգ-Էնդը, լքել ամեն ինչ ու հեռանալ Հոբիթստանից։ ― Նա հառաչեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ-մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով՝ նրանց երկրաշարժ ու վիշապների ներխուժում հղելով, բայց հիմա այդպիսի բան չեմ ցանկանում։ Ինձ թվում է, իմանալով, որ հարազատ Հոբիթստանը թիկունքումս է, որ նրան վտանգ չի սպառնում և ամեն ինչ այնտեղ առաջվա պես է, օտար հողերում դեգերելն ինձ համար փոքր ինչ ավելի հեշտ կլինի։ Կիմանամ, որ ինչ-որ տեղ դեռ ամուր ու հուսալի հողակտոր է մնացել, և ոչինչ, որ ինձ վիճակված չէ ոտք դնել այդ հողի վրա... Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք ինչ-որ տեղ, բայց մի բան է արձակուրդ, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում և բոլորն էլ լավ են վերջանում, և բոլորովին այլ բան է թափառել անընդհատ վախը սրտումդ, մահն էլ՝ կրնկակոխ։ Եվ, ինչպես երևում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, եթե ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ինձ այնքան փոքր եմ զգում այդպիսի սխրագործության համար… Այնտեղ ես բոլորի համար օտար եմ և, չգիտեմ ինչպես ասեմ, նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։

Նա Գենդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետևից գնալու՝ գուցե հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց. նա, երևի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։

― Սիրելի՜ Ֆրոդո, ― բացականչեց Գենդալֆը, ― այդ դու՞ ես արդյոք: Իրոք որ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամսում կարելի է մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրել նրանց ու հարյուր տարի հանգստանալ: Իսկ նրանք հարյուր տարի հետո կվերցնեն ու անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզանից։ Ո՛չ, Բիլբոն չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարևոր է։ Այո, երևում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Հոբիթստանում Մատանին երկար ժամանակ թաքցնել չի ստացվի. ստիպված ես հեռանալ և որոշ ժամանակով մոռանալ, որ դու Բեգինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաև Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի: Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ: Հիշիր, դու նրան տանում ես մահացու վտանգներին ընդառաջ, ուստի ընտրության հարցում չսխալվես: Եվ լեզվիդ զոռ չտաս, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մոտ... Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։

Հրաշագործը հանկարծ լռեց ու ականջ դրեց։ Սենյակում ու այգում զրնգուն լռություն էր տիրում։ Գենդալֆը ծածուկ մոտեցավ պատուհանին, թռավ պատուհանի գոգին, երկար ձեռքը պարզեց՝ և պատուհանի մեջ, խղճալիորեն ծվծվալով հայտնվեց Սեմ Գեմջիի գանգրահեր գլուխը՝ ականջից ձգված։

― Այդպե՜ս, այդպե՜ս, մորուքս վկա, ― ասաց Գենդալֆը։ ― Սեմ Գեմջին է, հենց ինքը... Ուրեմն պատուհանի տակ... Ի՞նչ ես անում այստեղ, թույլ տուր հարցնել:

― Ի՞նչ եք ասում, տեր իմ, ի՞նչ եք ասում, պարոն Գենդալֆ, ― եռանդուն առարկեց Սեմը։ ― Ո՞ր պատուհանի տակ... Ես այդտեղ քաղհանում ու ջրում էի խոտը, տեսնո՞ւմ եք, ― և իբրև ապացույց ցույց տվեց այգեպանի մկրատը։

― Տեսնում եմ, ― մռայլ ասաց Գենդալֆը։ ― Բայց քո մկրատը վաղուց դադարել է չխկչխկալուց... Ակա՞նջ էիր դնում։

― Ի՜նչ եք ասում, պարոն։ Խոտը լրիվ չորացել է...

― Հիմարի տեղ մի դիր քեզ... Ի՞նչ ես լսել և ինչո՞ւ էիր ականջդ կախել, ― Գենդալֆի աչքերը փայլեցին, հոնքերի մազերը բիզ-բիզ կանգնեցին։

― Պարոն Ֆրոդո, գոնե դուք խոսեք, ― սարսափահար ճչաց Սեմը, ― գոնե դուք թույլ մի տվեք նրան, թե չէ մեկ էլ տեսար ինձ ինչ-որ բան դարձրեց։ Հետո արի ու իմ ծերուկին ապացուցիր, որ դա ես եմ։ Ես ոչ մի վատ բան չէի անում, ազնիվ խոսք, պարոն Ֆրոդո...

― Ոչ մի բան էլ քեզ չի դարձնի, ― Ֆրոդոն ծիծաղը հազիվ զսպեց, թեև Սեմի արարքը զարմացրել ու մտահոգել էր նրան։ ― Նա էլ ինձ նման գիտի, որ դու լսում էիր առանց չար մտքի։ Վախենալը մի վախենա, իսկ որ հարց է տալիս, պատասխանիր։

― Դե ի՞նչ, տեր իմ, ― գլուխն ուսերի մեջ քաշած խոստովանեց Սեմը։ ― Ես ահագին լսեցի, չնայած հո բոլորը չհասկացա՞. և՛ Թշնամու, և՛ Մատանու, և՛ պարոն Բիլբոյի, համ էլ վիշապների մասին, Հրամեջ լեռան, և իհարկե, էլֆերի մասին։ Բոլորովին էլ չէի ուզում լսել, բայց կտրվել չէր լինում, ինքներդ գիտեք, ինչպես է պատահաբար ստացվում։ Ախր ինձ ոչ հաց տուր, ոչ ջուր, մենակ թող էլֆերի մասին լսեմ, հետո ինչ, թե Թոդն ինչեր է ասում։ Գոնե կես աչքով դրանց տեսնեի։ Ա՜յ, տեր իմ, դուք կգնաք, դե ինձ էլ էլֆերին ցույց կտաք, հը՞...

Գենդալֆը հանկարծ ծիծաղեց։

― Հապա մի արի այստեղ, ― ասաց նա և պատուհանից ներս քաշեց ապշած Սեմին մկրատն ու բահը ձեռքին, և դրեց հատակին։ ― Ասում ես, էլֆերին ցո՞ւյց տանք քեզ, ― հարցրեց նա՝ Սեմին հայացքով զննելով ու ակամա ժպտալով։ ― Ուրեմն դու լսե՞լ ես, որ քո տերը գնում է։

― Լսել եմ, բա ո՞նց։ Այ էդտեղ էր, որ հազս կատիկս թռավ, ու դուք էլ լսեցիք։ Ախր շատ ցավալի է...

― Ի՜նչ արած, Սեմ, ― տխուր ասաց Ֆրոդոն։ Նա հանկարծ հասկացավ, որ Հոբիթստանին հրաժեշտ տալը շատ դժվար է լինելու և որ ինքը հրաժեշտ է տալիս ոչ միայն Բեգ-Էնդին։ ― Ես պետք է մեկնեմ, իսկ դու, ― նա խստությամբ նայեց Սեմին, ― եթե դու իսկապես անհանգստանում ես ինձ համար, ապա լեզուդ քեզ քաշիր, լա՞վ... Որևէ բան դուրս տվեցիր անմեղ լսածներիցդ, մեկ էլ տեսար Գենդալֆը կվերցնի քեզ պտավոր գորտ կդարձնի ու բաց կթողնի լորտուների մեջ, իսկ լորտուները, գիտես, մի բարի պտուղ չեն։

Սեմը դողաց ու ծնկի եկավ։

― Վեր կաց, Սե՛մ, ― կարգադրեց Գենդալֆը։ ― Ես ավելի սարսափելի մի բան մտածեցի: Դու ոչինչ դուրս չես տա և սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում թաքուն ականջ դնել։ Ֆորդոյի հետ կգնա՞ս։

― Ե՞ս։ Տիրոջս հե՞տ, ― բացականչեց Սեմը և վեր թռավ, ինչպես շունը, որին կանչում են զբոսնելու։ ― Ե՛վ էլֆերին կտեսնեմ, և՛ դեռ շատ ուրիշ բանե՞ր էլ... Ուռռա՜...

Եվ հանկարծ լաց եղավ։

Գլուխ երրորդ. Եռյակն արդեն ընկերակցություն է

Three is company.jpg

― Դուրս գալ հարկավոր է սուսուփուս և որքան կարելի է արագ, ― մշտապես հիշեցնում էր Գենդալֆը։

Առաջին խոսակցությունից արդեն անցել էր երկու թե երեք շաբաթ, իսկ Ֆրոդոն դեռևս տեղից չէր շարժվում։

― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր Ֆրոդոն։ ― Մենակ թե դա այդքան էլ ճիշտ չէ։ Եթե ես արագ ու սուսուփուս կորչեմ, ինչպես Բիլբոն, ապա հաջորդ օրն ևեթ լուրը կթնդա ողջ Հոբիթստանում։

― Ոչ, դու Բիլբոյի պես մի գնա, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն այդ էր մեզ պակաս։ Արագ՝ այո, բայց ոչ հանկարծակի։ Մտածիր, իհարկե, թե ինչպես հեռանալ Հոբիթստանից առանց ավելորդ աղմուկի, և այնուամենայնիվ մի հապաղիր, այնպես չլինի, որ ուշանաս։

― Գուցե աշնա՞նը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչև այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։

Ճիշտն ասած, այժմ, երբ բանը հասել էր գործին, լրիվ կորել էր ճամփորդելու ցանկությունը։ Բեգ-Էնդը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին և Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Չգիտես ինչու նրան թվում էր, որ դա ամենահարմար օրն է Բիլբոյի օրինակին հետևելու համար։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի: Միտքը, որ ինքը գնում է ծեր հոբիթի հետքերով, շատ էր ոգևորում էր նրան։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել և Գենդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում էր, բայց ըստ սովորության, լռում էր...

― Այո, ամեն ինչ կկարգավորեմ և ճանապարհ կընկնեմ։

Գենդալֆը նայեց նրան և քմծիծաղեց։

― Լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի: Բայց նկատի ունեցիր՝ ոչ մի օր ուշ։ Ինչ-որ շատ եմ տագնապում։ Քանի դեռ ժամանակը չի եկել, ինչքան հնարավոր է զգույշ եղիր, և թե տես, հա՜, ոչ մեկին ոչ մի խոսք այն մասին, թե ուր ես ճանապարհվում... Եվ որպեսզի քո Սեմն էլ մեռելի պես ձայն չհանի, թե չէ այնպես կանեմ, որ իսկապես գորտի նման կցատկոտի։

― Այն, թե ուր պիտի գնամ՝ ինքս էլ չգիտեմ ― ասաց Ֆրոդոն, ― այնպես որ այստեղ դուրս տալը դժվար է։

― Առանց հիմարությունների, ― հոնքերը կիտեց Գենդալֆը։ ― Խոսքն այն մասին չէ, հասցեդ փոստում թողնես թե ոչ։ Բայց Հոբիթստանից հեռանում ես, և հարկավոր է, որ քանի դեռ բավականաչափ չես հեռացել, այդ մասին ոչ ոք չիմանա։ Իսկ ուր կգնաս՝ հյուսիս, հարավ, արևմուտք թե՞ արևելք, դա կարևոր չէ, բայց ուղղությունը հարկավոր է գաղտնի պահել։

― Ես այնքան տխուր եմ, որ Բեգ-Էնդը պիտի թողնեմ ու բոլորին հրաժեշտ տամ, որ նույնիսկ չեմ մտածել, թե ուր եմ ճանապարհվելու, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկապես ո՞ւր։ Ես ի՞նչ գիտեմ, որտեղ կարելի է թաքնվել։ Բիլբոն գնաց գանձ բերելու և վերադարձավ, իսկ ես ուրեմն, պետք է գանձը վերադարձնեմ, իսկ ինքս չքվե՞մ, հա՞։

― Այդպես է, ու այդպես չէ, ― արձագանքեց Գենդալֆը։ ― Այստեղ ես էլ քեզ ցուցում տվող չեմ։ Գուցե դու կհասնես մինչև Օրոդրուին, իսկ գուցե դա բոլորովին էլ քո գործը չէ, ի՞նչ իմանաս։ Սակայն առայժմ դու այդպիսի ճանապարհի համար պատրաստ չես։

― Իրոք այդպես է, ― քրթմնջաց Ֆրոդոն։ ― Բայց քանի դեռ պատրաստ չեմ, ու՞ր գնամ:

― Վտանգներին ընդառաջ, ― պատասխանեց հրաշագործը, ― բայց առանց գլուխդ կորցնելու, հաստատ ու զգույշ։ Կարող ես առայժմ գնալ թեկուզ հենց Ռիվենդել կամ ընդհանուր լեզվով՝ Ազատք։ Դա շատ վտանգավոր ուղի չէ, չնայած ճանապարհին հիմա ամեն ինչ պատահում է, իսկ մինչև աշուն ճանապարհներին նույնիսկ սարսափելի կլինի։

― Ազա՞տք, ― կրկնեց Ֆրոդոն։ ― Լավ, ուրեմն կգնամ արևելք՝ Ազատք։ Սեմն էլ ինձ հետ կգա, էլֆերին կտեսնի, ա՜յ թե կուրախանա...

Նա իբրև թե իմիջիայլոց էր խոսում, բայց իրականում շատ էր ցանկանում լինել այդ երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։

Ամռան մի երեկո «Գողտրիկ անկյուն» և «Կանաչ վիշապ» պանդոկների այցելուները ցնցված քննարկում էին անհավանական մի լուր: Սահմանների հսկաներն ու այլ չարաբաստիկ արարածները ժամանակավորապես մոռացվել էին: Ցնցող իրադարձություն էր տեղի ունեցել. պարզվում է, Ֆրոդոն որոշել է վաճառել, եթե արդեն չի վաճառել, Բեգ-Էնդը, և այն էլ ում՝ Սաքվիլ-Բեգինսներին։

― Դե, մեծ գումարով, ― ասում էին ոմանք։

― Իր գնով, ― առարկում էին մյուսները, ― հանգիստ եղեք, Սերինիան մի գրոշ անգամ ավելի չի տա (Օթհոն արդեն հասցրել էր մեռնել, ապրելով մինչև հարյուր երկու տարի և չհասնելով իր իղձերի կատարմանը)։

Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաև պարոն Բեգինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Հոբիթոնում հաշիվները փակելու և Բրենդիդուիմք՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։

― Միայն թե Սաքվիլներից հեռու, ― ավելացրեց ինչ-որ մեկը։

Բայց բոլորն այնպես էին վարժվել Բիլբոյի անհամար հարստությունների մասին ասեկոսներին, որ դրանցից հրաժարվելու ուժ չունեին: Միայն ո՛չ դա: Շատերը Գենդալֆին էին մեղադրում։ Թեպետ նրան ոչ տեսնող էր եղել, ոչ լսող, բայց դե նա ապրում էր, հայտնի է, Ֆրոդոյի մոտ՝ իբր թաքնվում է Բեգ-Էնդում։ Ասենք, այնքան էլ հասկանալի չէ, թե հրաշագործին ինչու է հարկավոր, որ Ֆրոդոն տեղափոխվի Բրենդիդուիմք, բայց, երևում է, ինչ-որ բանի համար պետք է։ Փաստը մնում է փաստ՝ Ֆրոդոն իսկապես տեղափոխվում էր:

― Այո, աշնանը տեղափոխվում եմ, ― հաստատում էր նա։ ― Մերի Բրենդիբաքն այնտեղ ինձ համար մաքուր բույն, իսկ գուցեև հարմարավետ տնակ է փնտրում։

Մերին իսկապես էլ փնտրեց և շատ փոքրիկ մի տնակ գնեց Ճագարի Գերանում, Բաքմորիից քիչ հեռու։ Բոլորին, բացի Սեմից, Ֆրոդոն ասում էր, որ ինքը որոշել է տեղափոխվել այնտեղ մշտական բնակության։ Բրենդիդուիմք տեղափոխվելու միտքը հուշեց նրան ապագա ճանապարհի ուղղությունը՝ դեպի արևելք: Նապաստակի բլուրները գտնվում էին Հոբիթստանի արևելյան սահմանին: Բացի դրանից, Ֆրոդոն այնտեղ էր անցկացրել իր մանկությունը, ուստի և վերադաձն այնտեղ միանգամայն բնական էր դիտվում։

Գենդալֆը երկու ամսից ավելի մնաց Հոբիթստանում։ Բայց, մի անգամ երեկոյան, հունիսի վերջերին, հենց այն ժամանակ, երբ Ֆրոդոյի պլանները կայունացան, նա հանկարծ հայտարարեց, որ առավոտյան մեկնում է։

― Հուսով եմ, ոչ երկար ժամանակով, ― հանգստացրեց նա Ֆրոդոյին։ ― Հարավում որոշ գործեր ունեմ։ Ձեզ մոտ երկար մնացի։

Նա ուրախ տոնով էր խոսում, բայց Ֆրոդոյին թվաց, թե հրաշագործը խիստ մտահոգված է։

― Որևէ բա՞ն է պատահել, ― հարցրեց նա։

― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի և ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Եթե գամ այն եզրակացության, որ քեզ իսկույն ևեթ հարկավոր է հեռանալ, անմիջապես կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ առայժմ արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, և ամենակարևորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անվիճարկելի խորհուրդը քեզ. չհագնես այն...

Վաղ առավոտյան հրաշագործը հեռացավ:

Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը: Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ. ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։

Երբ աշունը վերջնականապես մտավ իր իրավունքների մեջ, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գենդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակը քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում կալվածքում նախատոնական խառնաշփոթ սկսվեց։ Ֆրոդոյի բարեկամները ժամանակավոր Բեգ-Էնդ տեղափոխվեցին՝ օգնելու կապկպել իրերը: Դրանք էին՝ Ֆրեդեգար Կուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և, իհարկե, լավագույն ընկերներ Փերեգրին Տուկն ու Մերի Բրենդիբաքը։ Նրանց ընդհանուր ջանքերով Բեգ-Էնդում ամեն ինչ տանկուվրա արվեց։

Սեպտեմբերի քսանին Բրենդիդուիմյան կամուրջով դեպի Ֆրոդոյի նոր տուն ուղևորվեցին երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գենդալֆին սպասելով։ Մյուս՝ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գենդալֆը չկար ու չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու սեղան բացեց իր և ընկերների համար՝ փորձելով ցրել վհատությունը։ Տոնի տրամադրություն չուներ, հոգին տանկնուվրա էր լինում: Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Ի՞նչ պետք է նրանց ասի:

Իսկ երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիբաքը, Ֆրեդեգար Կուղբոնցը, Ֆոլկո Բոքոնակը և Փերեգրին Տուկը աղմկալի ու անհոգ ուրախանում էին, և շուտով սեղանի շուրջ ուրախ տրամադրություն տիրեց: Խոհանոցից ամեն ինչ դուրս էին հանել, բացի սեղանից ու աթոռներից, բայց ուտելիք, ինչպես նաև գինի շատ կար: Ֆրոդոն չցանկացավ գինին վաճառել Սաքվիլ-Բեգինսներին:

— Չգիտեմ՝ ինչ կլինի մնացած իրերիս, երբ դրանք հայտնվեն Սերինիայի ճիրաններում, բայց սրա համար, համարեք լավ տուն եմ գտել,— հայտարարեց նա՝ մինչև վերջին կաթիլը դատարկելով «Հին այգի» գինու վերջին գավաթը: Դա իրոք վերջինն գավաթն էր՝ ընկերներն արդեն մնացածի հախից եկել էին:

Հոբիթները բազմաթիվ երգեր երգեցին, հազարումի բան հիշեցին, խմեցին Բիլբոյի կենացը, հետո երկուսի կենացը միասին, ինչպես որ սովորություն էր դարձել։ Հետո դուրս եկան մաքուր օդ շնչելու, նայեցին աստղերին ու գնացին քնելու։ Իսկ Գենդալֆն այդպես էլ չերևաց։

Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ-արագ վերջին սայլը բեռնեցին։ Դրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։

― Մեկնումեկը պետք է, որ անբաններիդ համար վառարան վառի նոր տանը, ― ասաց Մերին։ ― Դե լավ, վաղը չէ մյուս օրը կտեսնվենք, եթե ճանապարհին մեռելի պես չքնեք։

Ֆոլկոն նախաճաշեց ու գնաց, մնաց միայն Փիփինը։ Ֆրոդոն իրեն կորցրել էր, նա դեռ սպասում էր Գենդալֆին և որոշել էր սպասել մինչև մութն ընկելը։ Դե իսկ հետո, եթե ինքը հրաշագործին շատ հարկավոր լինի, թող վերջինս գա Ճագարի Գերան։ Մեկ էլ տեսար առաջինը նա հասավ այնտեղ։ Ֆորդոն որոշել էր ոտքով գնալ: Նա ուզում էր Բրենդիդուիմի գետանցմանը մոտենալ զարտուղի ճանապարհով, որպեսզի գոնե վերջում մի անգամ էլ նայի Հոբիթստանին։

― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա հետ էր վարժվել ոտքով զբոսանքներից և, ինչպես իրեն թվաց, ահագին լայնքին էր տվել։

Կեսօրից քիչ անց հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները՝ Սերինիան իր շիկամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Վերջապես տիրացանք այս կալվածքին», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի. մինչև գիշերվա ժամը տասներկուսը Բեգ-Էնդի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան կարծում էր: Նրա հարյուրն արդեն անց էր։ Այնուամենայնիվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ հին տերն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր. նա իր հետ բերել էր վաճառված ապրանքների ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։

Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Բեգշոթ նրբանցքում՝ Գեմջիների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Գեմջիներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։

Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:

― Բեգ-Էնդում վերջին թեյախմությունն էր... ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ հրեց աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սեմը և Փիփինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փիփինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սեմն անհետացավ ինչ-որ տեղ։

Արևը թեքվեց դեպի մայրամուտ: Բեգ-Էնդը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում, մինչև մայրամուտի լույսը դժգունեց, և անկյուններից մռայլ ստվերներ դուրս լողացին։ Շուտով բոլորովին մթնեց։ Նա շեմից դուրս եկավ, գնաց այգու հեռավոր դռնակի մոտ ու նայեց բլուրը բարձրացող ճանապարհին: Հույսը չէր կորցնում, որ այնուամենայնիվ կտեսնի մեծ-մեծ քայլերով բլուրը բարձրացող Գենդալֆին։

Պարզ երկնքում աստղեր վառվեցին։

― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։

Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Բեգշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը. ձայնն անծանոթ էր, բայց սրտխառնության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։

― Ոչ, պարոն Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են... Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ... դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։

Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։

Նա մեկ ուզեց ծերուկ Գեմջիից իմանալ, թե ով էր նրան նեղում, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Բեգ-Էնդ։ Փիփինը իր տոպրակին հենված նստած էր։ Սեմը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։

― Սե՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես... ժամանակն է։

― Գալի՜ս եմ, տեր իմ, ― արձագանքեց Սեմը ինչ-որ խորքերից և քիչ անց շրթունքները մաքրելով հայտնվեց։ Նա մառանում հրաժեշտ էր տալիս գինու տակառին։

— Հը, պակասդ լրացրի՞ր,— հետաքրքրվեց Ֆրոդոն:

— Ըհը, որոշ ժամանակ կպահի:

Ֆրոդոն ծածկեց ու կողպեց կլոր դուռը, իսկ բանալին տվեց Սեմին։

― Վազիր բանալին տուր Ծերուկիդ, իսկ այնտեղից՝ կարճ ճանապարհով: Կհանդիպենք մարգագետնի կողմի դռնակի մոտ։ Գյուղով չենք գնա՝ թաքուն հետևում են, ականջ են դնում։ Դե, թռիր։

Սեմը սուրաց մթության մեջ։

― Դե, վերջապես գնում ենք, ― Փիփինին ասաց Ֆրոդոն։

Նրանք պարկերը մեջքներին գցեցին, ցուպերը վերցրին ու գնացին այգու արևմտյան պատի երկարությամբ։

― Մնաք բարով, ― ասաց Ֆրոդոն՝ նայելով սև, կույր պատուհաններին։ Նա ձեռքը թափահարեց, շրջվեց և (ճիշտ այնպես, ինչպես Բիլբոն, միայն թե ինքն այդ մասին չգիտեր) սուզվեց այգու թփերի մեջ՝ Փիփինի հետևից։ Նրանց ցատկեցին ցածրիկ ցանկապատի վրայով և գնացին դաշտ՝ ձուլվելով խավարին ու խշխշացնելով բարձր խոտերը։

Պայմանավորված դռնակի մոտ կանգ առան, նստեցին ու ձգեցին պարկերի փոկերը: Շուտով լսվեց Սեմի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։ Նա լիքը լցրած ուղեպարկը գցել էր ուսերին, իսկ գլխին ինչ-որ ճմրթված ֆետր էր դրել, իբրև գլխարկ։ Մթության մեջ իսկ և իսկ թզուկ էր։

― Որը որ ծանր է, դա, իհարկե, ինձ եք տվել, ― ասաց Ֆրոդոն։ ― Խեղճ խխունջներ ու չարքաշ արարածներ, ովքեր իրենց տունն ու կահույքը սեփական մեջքին են կրում...

― Իմ պարկը շատ թեթև է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սեմը բարի ու կեղծ ձայնով։

― Էդ մեկը չէ, Սեմ, ― ասաց Փիփինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է. մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթևանա, ինքն էլ։

― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Բաքմորի չհասած հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սեմ, դու երևի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։

Եվ նա վերցրեց իր ցուպը:

― Դե ինչ, առա՛ջ: Գիշերային զբոսանքից լավ էլ ի՜նչ կա: Քնելուց առաջ մի երկու լիգ մաքուր օդում։

Սկզբում օգտվում էին արահետից, բայց շուտով թեքվեցին ու մտան դաշտ: Իծաշարուկ գնում էին կանաչ ցանկապատի երկարությամբ, հողաբաժան թփուտների կողքով, և գիշերային խավարը պարուրել էր նրանց։ Մուգ թիկնոցները հոբիթներին անտեսանելի էին դարձրել, ասես երեքն էլ կախարդական մատանի էին հագել։ Երբ երեք հոբիթ գնում են սուսիկ ու փուսիկ՝ նրանց հետևելը դժվար է։ Նույնիսկ զգուշավոր դաշտային գազանիկները հազիվ էին նկատում անաղմուկ ճամփորդներին։

Շուտով հոբիթները փայտե կամրջակով անցան գետը, որն այստեղ ավելի շուտ առու էր հիշեցնում: Այն ոլորապտույտ ձգվում էր ջրի վրա կախված լաստենիների միջով: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ՝ հոբիթները գաղտագողի հատեցին Բրենդիդուիմյան կամուրջ տանող լայն ուղին և հասան Տուկերի տիրույթներին: Հետո, թեքվելով հարավ-արևելք, գնացին Կանաչ Բլուրների ուղղությամբ: Առաջին լանջը բարձրանալով՝ նրանք շրջվեցին ու տեսան հովտում ջրի ափին տարածված Հոբիթոնի հեռավոր ու մեղմ կրակները: Բայց շուտով կածանը բարձրացավ սարը, Հոբիթոնն իր գողտրիկ հովտով մնաց հեռվում, իսկ առջևում երևաց Գետամերձը: Երբ տների լույսը վերջին անգամ թափանցեց ծառերի միջից, Ֆրոդոն շրջվեց ու նորից ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։

― Ի՞նչ իմանաս, էլ երբևէ կտեսնե՞մ մեր հովիտը, ― ցածր ձայնով խոսեց նա։

Երեք ժամ քայլելուց հետո նրանք որոշեցին հանգստանալ: Պարզ, աստղալից գիշեր էր, բայց գետից ու գետափնյա մարգագետիններից արդեն դեպի բլուրների լանջերն էին ձգվում մշուշի քուլաները: Մեղմ քամուց սոսափող կեճիների ճյուղերը սև ցանցի պես պատել էին դժգույն ու մութ երկինքը: Հոբիթներն ընթրեցին (եթե դա ընթրիք էր համարվում) ու շարունակեցին ճանապարհը: Շուտով հասան նեղ արահետին, որը գալարվում էր բլուրների վրա ու կորչում հեռվում. դա Անտառային Օթևան, իսկ այնտեղից Ամբարներ ու Լաստանավ տանող ուղին էր: Այն սկսվում էր Գետահովտի գլխավոր ճանապարհից և, բարձրանալով Կանաչ բլուրները, հասնում էր մինչև Անտառի Անկյուն, որն արևելյան Հոբիթստանի ամենախուլ վայրն էր:

Շուտով կածանը սուզվեց բարձր ծառերի միջև տարածված կիրճը: Ծառերի արդեն չորացող տերևները շրշում էին գիշերային քամուց: Սկզբում հոբիթները խոսում էին ու քթի տակ երգեր մռմռում՝ որոշելով որ այստեղ իրենց էլ ոչ ոք չի լսի, հետո լռեցին: Փիփինը սկսեց հետ մնալ: Հերթական կտրուկ վերելքը հաղթահարելուց հետո նա վերջնականապես կանգ առավ ու հորանջեց:

— Աչքերս իրենք իրենց փակվում են,— ասաց նա,— մեկ էլ տեսար հենց ճամփին ընկա ու քնեցի: Իսկ դուք ինչ է, քայլելու ընթացքու՞մ եք քնելու: Արդեն կեսգիշեր է ախր:

— Ես էլ կարծում էի, թե գիշերային զբոսանքների սիրահար ես,— զարմացավ Ֆրոդոն: — Դե լավ, շտապելու հարկ առայժմ չկա: Մերին վաղը չէ մյուս օրվանից շուտ չի սպասի մեզ, նշանակում է դեռ երկու օր ունենք: Հարմար տեղ գտնենք ու գիշերենք:

— Քամին արևմտյան է,— նկատեց Սեմը: — Եկեք շրջանցենք էս բլուրը, տեր իմ, մյուս կողմում հաստատ հարմար տեղ կլինի: Եթե ճիշտ եմ հիշում, էնտեղ եղևնուտ պետք է լինի:

Սեմն անգիր գիտեր յուրաքանչյուր քար Հոբիթոնից նույնիսկ քսան մղոն հեռավորության վրա, բայց նրա գիտելիքներն այդքանով սահմանափակվում էին:

Անտառապատ, զառիկող բլրի գագաթից նրանք իսկապես իջան եղևնուտ: Կածանից դուրս գալով մտան խեժահոտ խավարը, չոր ճյուղեր կոտրատեցին, կոն հավաքեցին և խարույկ վառեցին։ Կրակն ուրախ պար սկսեց դարավոր եղևնու արմատների մոտ, հոբիթները տաքացան և սկսեցին ննջել։ Յուրաքանչյուրն իր ձևով տեղավորվեց արմատների արանքում, փաթաթվեց թիկնոցով ու վերմակով և տեղնուտեղը խոր քուն մտավ։ Պահակ որոշեցին չթողնել. նույնիսկ Ֆրոդոն չանհանգստացավ, չէ՞ որ նրանք Հոբիթստանում էին... Խարույկը մոխրակույտի վերածվեց, և որոշ գազաններ մոտեցան քնածներին տեսնելու։ Աղվեսը, որ պատահաբար վազում էր նրանց կողքով, կանգնեց ու սկսեց հոտոտել։

― Հոբիթներ են, ― ասաց ինքն իրեն։ ― Ա՜յ քեզ բան... Չորսկողմը հազարումի հրաշքներ են լինում, բայց որ հոբիթը քնի անտառո՞ւմ, ծառի տակ, այն էլ ոչ մենակ, երեք հոգով... Չէ-է-է՜, էստեղ ինչ-որ բան կա թաքնված...

Նա, իհարկե, իրավացի էր, բայց այդպես էլ տարակուսած մնաց։

Առավոտը գունատ էր ու մշուշապատ: Ֆրոդոն առաջինը արթնացավ և տնքալով հայտնաբերեց, որ ծառի արմատն իր մեջքին խորը հետք է թողել, իսկ վիզն առհասարակ չի թեքվում:

«Ա՛յ քեզ զբոսանք. և ինչու՞ սայլով չգնացի,— մտածեց նա, ինչպես բոլորն են մտածում արշավի սկզբում: — Իսկ իմ փափուկ ներքնակների վրա հիմա Սաքվիլ-Բեգինսներն են քնած... Մեծ հաճույքով այս արմատե անկողինը կզիջեի նրանց»:

Նա հորանջեց, ամբողջ մարմնով ձգվեց ու կանչեց.

— Հոբիթնե՛ր, հապա մի ոտքի՛: Տեսեք, թե ինչ լավ առավոտ է:

— Ոչ մի լավ բան չեմ տեսնում,— փնթփնթաց Փիփինը՝ ծածկոցի տակից քիթը հանելով: — Սե՛մ: Որպեսզի ինն անց կես նախաճաշը պատրա՛ստ լինի: Լվացվելու համար ջուր տաքացրե՞լ ես:

Սեմը վեր թռավ ու, քնկոտ աչքերը թարթելով, շուրջը նայեց:

— Դեռ չէ: Էս վայրկյանիս, տեր իմ:

Ֆրոդոն Փիփինի վրայից պոկեց վերմակը, շրջեց նրան մի կողքից մյուսը և գնաց եղևնուտի ծայրը: Երկնքի արևելյան մասում մշուշե ծածկոցի տակից երևաց արևի կարմիր սկավառակը: Բոսորագույն ներկված ծառերի կատարներն ասես լողալուց լինեին մշուշի ծովում: Ձախ կողմում երեկվա կածանը կտրուկ իջնում էր ներքև ու անհետանում տեսադաշտից:

Երբ նա վերադարձավ, Սեմն ու Փիփինն արդեն խարույկ էին վառել:

— Ջու՛րը, ու՞ր է ջուրը,— գոռաց Փիփինը:

— Գրպանումս ջուր չեմ պահում,— ասաց Ֆրոդոն:

— Մենք էլ մտածեցինք ջրի ես գնացել,— նեղացած փնթփնթաց Փիփինը՝ ուղեպարկից բաժակներն ու ուտելիքը հանելով: — Դե գոնե հիմա գնա:

— Եկ միասին գնանք,— առաջարկեց Ֆրոդոն: — Վերցրու տափաշշերն ու առաջ ընկիր:

Բլրի ստորոտում բարակ առու հայտնաբերվեց: Նրանք տափաշշերը լցրեցին փոքրիկ ջրվեժից, որտեղ առուն քարից քար էր թափվում: Ջուրը բավական սառն էր. հոբիթները լվացվում էին փնչացնելով ու ֆսֆսացնելով:

Անշտապ նախաճաշելով, ժամը տասի մոտերքը ճանապարհ ընկան։ Պարզ, տաք օր էր։ Իջան բլրից, անցան առուն՝ ու սկսվեց. լանջով վերև, մինչև բլրի գագաթը, ներքև... Շատ չանցած նրանք շոգեցին, պարկերն ավելի ու ավելի էին սեղմում ուսերը, իսկ ճանապարհը գալարվում էր բլուրներն ի վեր ու նորից իջնում ներքև:

Վերջապես այն սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջև բացվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր մշուշի գորշ պատի հետ՝ որտեղ փռված էր Անտառային Օթևանը, իսկ դրանից այն կողմ՝ Բրենդիդուիմը: Արահետի թելը գալարվում ու կորչում էր հեռվում:

— Ճանապարհի վերջը չի երևում,— հառաչեց Փիփինը: — Եթե ես չհանգստանամ՝ վերջս կգա: Եվ առհասարակ վաղուց արդեն ուտելու ժամանակն է:

Նա նստեց ճամփեզրին ու հոգնած նայեց արևելք: Այնտեղ ճնշող մշուշի մեջ ինչ-որ տեղ հոսում էր ծանոթ գետը. վերջանում էր Հոբիթստանը, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ կյանքը: Կողքին կանգնած Սեմը աչքերը չռած նայում էր հեռվում տարածված հորիզոնին, որից այն կողմ անծանոթ աշխարհ էր:

— Իսկ այս անտառներում էլֆեր ապրու՞մ են,— հարցրեց նա:

— Իմ իմանալով՝ ոչ, — արձագանքեց Փիփինը:

Ֆրոդոն չպատասխանեց: Նա նայում էր հեռուն գնացող ճանապարհին, ասես առաջին անգամ էր այն տեսնում: Եվ հանկարծ սկսեց երգել.


Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
Մոռացած հոգնածություն, ցավ ու վախ
Ես գնում եմ առանց կանգառ,
Անընդհատ առաջ ու առաջ,
Մինչև հասնեմ ճամփաբաժան:
Էնտեղ՝ ուղիների խաչմերուկում
Կորոշեմ, թե ուր եմ գնում:

— Ծեր Բիլբոյի քառյակներին է նման,— ասաց Փիփինը: — Թե՞ դու ես գրել էդ նույն ոճի մեջ: Էնքան էլ հուսադրող չի հնչում:

— Չգիտեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն: — Բայց չգիտեմ ինչու թվաց, թե հենց նոր այստեղ հնարեցի: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նրանից լսած լինեմ: Իրոք Բիլբոյին շատ նման է, ես էլ հիշեցի թե ինչպիսին էր նա. ավելի ճիշտ՝ թե ինչպիսին էր նա վերջին տարիներին, գնալուց անմիջապես առաջ: Նա միշտ ասում էր, որ ճանապարհը մեկն է, և որ այն նման է մեծ գետի, իսկ ամեն դռան մոտից սկսվող արահետ ակունքից սկսվող վտակ է, և բոլոր այդ վտակները գնում, թափվում են մեծ գետը: «Շեմից դուրս գալը վտանգավոր գործ է,— կրկնում էր նա: — Քայլում ես ու մեկ էլ ըհը՝ արդեն ճանապարհին ես: Ոտքերդ ամուր չբռնեցիր՝ ոչ ոքի չմեղադրես. չես իմանա, թե որտեղ կհայտնվես: Հասկանու՞մ ես, Սև Անտառ տանող ճամփան սկսվում է հենց դռան մոտից: Զգույշ չեղար՝ աչքդ չթարթած կհայտնվես Մենավոր Լեռան մոտ կամ չգիտեմ էլ որտեղ»: Եվ այդ նա ասում էր Բեգ-Էնդից դուրս եկող արահետի մասին, երբ հերթական անգամ վերադառնում էր հեռավոր զբոսանքից...

— Անձամբ ինձ ճանապարհն առայժմ ոչ մի տեղ չի տանի,— ուսը ճնշող տոպրակից ազատվելով ասաց Փիփինը: — Համենայն դեպս՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում: — Ֆրոդոն ու Սեմը, հետևելով նրա օրինակին, ազատվեցին ուղեպարկերից ու նստեցին ճամփեզրին: Հանգստացան, տեղը տեղին ճաշեցին, ապա կրկին պառկեցին հանգստանալու:

Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել: Ճանապարհը կիսալքված էր, սայլով հնարավոր չէր այդտեղով անցնել, և առհասարակ Անտառի Անկյուն հազարից մեկն էր գալիս, ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ-երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհով: Հանկարծ Սեմը կանգ առավ ու ականջ դրեց։ Բլուրները մնացել էին հետևում, և ուղին այժմ գնում էր մարգագետինների միջով, որտեղ հատ ու կենտ ծառեր էին ցցված:

― Կարծես թե մեր հետևից կամ ձի է գալիս կամ պոնի, ― ասաց նա։

Նրանք հասել էին ոլորանին, որտեղից ոչինչ չէր երևում։

― Գուցե Գենդա՞լֆն է, ― ենթադրեց Ֆրոդոն, բայց իսկույն էլ զգաց, որ ո՛չ, Գենդալֆը չէ, և հանկարծ նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել այդ հեծյալից, ով էլ որ նա լինի։

― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա՝ ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բոլորն էլ... Իսկ եթե Գենդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ-երկու-երեք, դե վազեք ու տեսեք...

Սեմն ու Փիփինը, վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեռու գտնվող ձորակում։ Ֆրոդոն հապաղեց. հետաքրքրասիրությունը, թե ինչ-որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել արահետի վրա ճյուղերը տարածած ծառի հետևի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։

Ոլորանից դուրս եկած սև ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ, թամբի վրա կռացած հեծյալի լայն ու սև թիկնոցի տակից երևում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր գլխանոցով։

Ձին հավասարվեց ծառին, որի հետևում պառկած էր Ֆրոդոն և քարացավ։ Հեծյալն էլ էր անշարժ. միայն գլուխը մի փոքր թեքեց՝ ասես ականջ էր դնում։ Գլխանոցի տակից խռպոտ ֆսֆսոց լսվեց։ Թվում էր նա հոտառությամբ ինչ-որ հազիվ զգացվող հոտ է որսում։ Հեծյալի գլուխը շրջվեց աջ, հետո՝ ձախ…

Անսպասելի ու խելագար մի սարսափ պատեց Ֆրոդոյին: Իրեն տեսնում են, իրեն հիմա կգտնեն... Եվ հանկարծ հիշեց Մատանին։ Նա չէր համարձակվում շնչել, վախենում էր շարժվել, բայց Մատանին հանկարծ դարձավ նրա միակ հույսը և ձեռքն ինքն իրեն սողաց գրպանը։ Միայն թե հագնի, հագնի այն, և ամեն ինչ կարգին կլինի, ինքը ապահով կլինի։ Գենդալֆն արգելել է... Դե լա՜վ... Բիլբոն էլ է հագել Մատանին և ոչինչ։ «Ի վերջո ես դեռ իմ տանն եմ, Հոբիթստանում»,— մտածեց նա ու ձեռքը հպեց շղթային։ Այդ վայրկյանին հեծյալն ուղղվեց ու սանձերը ձգեց։ Ձին անվստահ ոտքերը փոխեց, առաջ քայլեց ու շորորալով գնաց։

Ֆրոդոն սողաց դեպի ճանապարհի եզրը ու նայեց հեծյալի հետևից, մինչև նա անհետացավ մթնշաղի հեռուներում։ Հեռու հեռվում սև ձին շրջվեց աջ՝ դեպի ճանապարհամերձ անտառակը։

― Սա ինչ-որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն՝ գնալով իր ուղեկիցների մոտ։

Փիփինն ու Սեմը բերանքսիվայր պառկած էին և ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։

― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում և ինձ է հոտոտում։ Իսկ ես բոլորովին էլ չէի ուզում, որ նա ինձ գտնի: Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։

― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փիփինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչև էստեղ։ Որտեղի՞ց է եկել...

— Մարդիկ էս կողմեր վերջերս շատ են գալիս,— ասաց Ֆրոդոն: — Հատկապես Հարավային ծայրամաս: Էնտեղի հոբիթները, ասում են, ինչ-որ խնդիրներ են ունեցել մեծ ժողովրդի հետ: Բայց այսպիսի հեծյալների մասին երբեք չեմ լսել: Տեսնես որտեղի՞ց է նա:

― Ներողություն եմ խնդրում, ― հանկարծ միջամտեց Սեմը։ ― Ես գիտեմ որտեղից։ Էդ սև ձիավորը Հոբիթոնից է, եթե, իհարկե, նրա պես ուրիշները չկան էստեղ։ Եվ նույնիսկ գիտեմ, թե դեպի ուր է ճամփա ընկել։

― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սեմի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։

― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել. երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել-պոկ չէր գալիս. ո՞ւր է, ասում է, մեկնել Բեգինսը Բեգ-Էնդից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկնել է պարոն Բեգինսը և հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց որ հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սև, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երևում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, պակաս բան չի թողել: Է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։

― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։

― Իսկ գուցե դա այն ձիավորը չէ, ― միջամտեց Փիփինը։ ― Մենք ծածուկ ենք դուրս եկել, քայլել ենք անաղմուկ, էդ ո՞նց պետք է մեզ հետևեր։

― Հոտոտելով, ― ասաց Սեմը։ — Ֆսֆսում ու հոտոտում էր ինչպես նա: Եվ նրա նման էլ ոտքից գլուխ սև էր։

― Իզուր մենք Գենդալֆին չսպասեցինք, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Իսկ գուցեև ոչ իզուր, դժվար է ասել։

― Հիմա դու էդ ձիավորի մասին որևէ բան գիտե՞ս, թե՞ պարզապես ենթադրություններ ես անում, ― Ֆրոդոյի փնթփնթոցը լսելով՝ հարցրեց Փիփինը։

― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― խուսափողական պատասխանեց Ֆրոդոն։

― Դե, քո գործն է, սիրելի ընկերս... Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հիմա ի՞նչ պետք է անենք... Ես դեմ չեմ լինի, եթե հանգիստ առնենք, ընթրենք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ինչ-որ վատ եմ զգում էդ հոտոտող ձիավորների մասին ձեր պատմություններից։

― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավորը հետ կգա կամ նրա նման մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչև Նապաստակի Բլուրները դեռ շատ պետք է քայլենք ու քայլենք։

Ծառերի երկար ստվերներն արդեն տարածվել էին խոտերի վրա, երբ հոբիթները նորից ճանապարհ ընկան: Այժմ նրանք գնում էին ճանապարհի ձախ կողմով՝ աշխատելով ճամփեզրին շատ չմոտենալ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանան թաքնվել անցանկալի աչքերից: Սակայն առաջվանից դանդաղ էին առաջ ընթանում՝ ոտքերի տակ բարձր խոտ էր, և նրանք շարունակ սայթաքում էին, իսկ ծառերի շարքերն ավելի ու ավելի էին խտանում:

Մայրամուտի վառ արևը խամրում էր նրանց թիկունքում։ Սկսվում էր երեկոն: Միայն այդ ժամանակ հոբիթները վերադարձան ուղի: Հոգնելով անընդհատ ուղիղ գնալուց՝ այն կտրուկ թեքվում էր ձախ ու իջնում Յելի ցածրավայր, դեպի Ամբարներ: Ճանապարհի աջ կողմից նեղ կածան էր սկսվում, որը դարավոր կաղնիների հզոր թավուտում գալարվելով գնում էր դեպի Անտառային Օթևան։

― Այնտեղ էլ կգնանք, ― ասաց Ֆրոդոն։

Ճյուղավորումից ոչ հեռու նրանք նրանք կիսաչորացած հսկա ծառի մնացորդների հանդիպեցին: Այն դեռ կենդանի էր, ջարդված բունը ծածկված էր բազմաթիվ մանր ճյուղերով, իսկ ճյուղերի հետևում մի մեծ փչակ էր սևին տալիս, որտեղ կարելի էր մտնել արահետի կողմից չերևացող լայն ճեղքով:

Հոբիթները մտան փչակի մեջ ու նստեցին չորացած տերևների կույտի վրա: Հանգստացան, մի քիչ կերան և ցածրաձայն մի երկու բառ փոխանակեցին՝ ժամանակ առ ժամանակ լռելով ու ականջ դնելով:

Երբ նրանք նորից դուրս եկան արահետ, արդեն մթնում էր: Սաղարթներում հառաչում էր արևմտյան քամին: Տերևները փսփսում էին: Արահետն աստիճանաբար սուզվեց խավարի մեջ: Արևելքում, սաղարթների գլխին տարածված մութ երկնքում, վառվեց առաջին աստղը: Հոբիթները քայլում էին արագ, կողք կողքի, ուս ուսի, որպեսզի չկորցնեն արիությունը: Բայց շուտով երկնակամարը լցվեց աստղերով, երկինքը լուսավորվեց, և նրանք դադարեցին անհանգստանալ: Այլևս ականջ չէին դնում սմբակների ձայնի և նույնիսկ սկսեցին հոբիթական սովորության համաձայն քթի տակ մռմռալ. հոբիթները սիրում են քթի տակ երգել, հատկապես գիշերը տուն վերադառնալիս: Սովորաբար նրանք երգում են ընթրիքի և տաք անկողնու մասին, բայց այս մեկը ճանապարհի մասին էր (թեև ընթրիքի և անկողնու մասին այնտեղ հիշատակվում էր): Բիլբո Բեգինսն էր գրել այդ երգի բառերը սարերի պես հինավուրց մի մեղեդու վրա և սովորեցրել էր Ֆրոդոյին, երբ նրանք զբոսնում էին Գետահովտում ու խոսում Բիլբոյի արկածների մասին: Երգն սկսվում էր այսպես.


Բուխարիկում կրակն է բոցկլտում,
Եվ տաք ու հարմար է անկողնում,
Բայց մենք շտապում ենք հեռանալ
Ու անկյունից այն կողմ գնալ,
Որտեղ կարող է տեսնենք հանկարծ
Քար, թուփ, ծառեր չտեսնված:

Ծառ, ծաղիկ ու խոտ, քնե՛ք մինչև առավոտ:
Դաշտ, անտառ ու գետ, ճանապա՛րհ տվեք:
Հիմա մի փոքր կհանգստանանք
Ու մինչև առավոտ անքուն կգնանք:

Գուցե նոր ճամփա գտնենք անկյունից այն կողմ
Կամ էլ թաքնված դարպասներ,
Չնկատեցինք դրանք այսօր
Ոչինչ, վաղը կնկատենք:
Ու երբ թաքնված ուղին գտնենք
Արևի ու լուսնի հետևից կհասնենք:

Ժայռ, ճահիճ ու ձորակ, անցնում են արագ:
Մացառուտ, թավուտ, պուրակ, բարո՛վ մնաք:
Բոլորն արդեն քնած են վաղուց
Իսկ մեզ ճանապարհն է կանչում:

Հետևում տունն է, առջևում՝ աշխարհը,
Մութ է, բայց սարսափելի չէ մթությունը:
Բայց ահա ամեն ինչ փոխվում է, անցնում
Ու տունն է նորից մեզ կանչում:
Բուխարիկում կրակն է բոցկլտում
Եվ տաք ու հարմար է անկողնում:

Գիշեր, խավար, հեռացե՛ք,
Հանգստի ժամն է, թողե՛ք, գնացե՛ք,
Ուզում եմ տաքուկ իմ բնում ընթրել
Ու իսկույն քնել, իսկույն քնել:

― Իսկույն քնել... Իսկույն քնել... ― գոռաց Փիփինը։

― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։

Երեքն էլ ստվերների պես քարացան։ Հովտից սմբակների կտկտոց էր լսվում, առայժմ դեռ հեռավոր, բայց ավելի ու ավելի մոտեցող, քամահար կողմից։ Հոբիթներն անշշուկ արահետից դուրս եկան ու նետվեցին մռայլ ծառերի թանձր ստվերի մեջ։

― Շատ հեռու չգնաք, ― ասաց Ֆրոդոն։ ― Մենք հիմա չենք երևում, և ուզում եմ համոզվել՝ մի՞թե նորից Սև Հեծյալ է։

— Լավ, գնա,— շշնջաց Փիփինը,— բայց չմոռանաս, որ նա կարող է քեզ հոտոտել:

Կտկտոցը մոտենում էր։ Ինչպես հարկն է թաքնվելու ժամանակ արդեն չունեին, և Սեմն ու Փիփինը մտան կոճղի հետևը, իսկ Ֆրոդոն պառկեց արահետից ոչ հեռու, որն ասես հետզհետե հանգչող լույսի բաց մոխրագույն շերտ լիներ անտառային մթնշաղում: Երկինքն աստղոտվում էր, բայց դեռ լուսինը դուրս չէր եկել։

Սմբակները լռեցին։ Ֆրոդոյին թվաց, թե երկու բների արանքում մութն ավելի թանձրացավ՝ ու անշարժացավ: Այդ թանձր ստվերն ուրվականային նժույգ էր հիշեցնում, որին սանձից բռնած տանում էր ոչ պակաս ուրվականային հեծյալը: Ստվերները ձուլվեցին մթությանը։ Հետո սև կերպարանքը հայտնվեց այնտեղ, որտեղ իրենք արահետից դուրս էին եկել, ճիշտ նույն տեղում։ Ստվերը երերաց, ու Ֆրոդոն ցածր, տհաճ ֆսֆսոց լսեց, իսկ հետո ստվերն ասես սողաց դեպի նա։

Մատանին հագնելու ցանկությունը կրկին տիրեց հոբիթին, այս անգամ շատ ավելի ուժեղ: Եվ կարծես թե ինչ-որ մեկի հրամանին ենթարկվելով, առանց հասկանալու, թե ինչ է անում, փնտրեց գրպանում։ Սարսափելի լռություն իջավ, բայց հանկարծ մի զրնգուն երգ լսվեց ու ծիծաղ տարածվեց։ Ջինջ ձայներն ուրախ զանգակների պես ալեկոծեցին գիշերային զով օդը։ Սև ստվերը բարձրացավ, հետ-հետ գնաց ու ձիու ստվերին ձուլվելով, արահետի մյուս կողմում սուզվեց մթնշաղի մեջ։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Էլֆե՜րն են, ― հետևից լսվեց Սեմի խռպոտ շշնջոցը։ ― Տեր իմ, էլֆե՜րը...

Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փիփինը հետ պահեցին նրան։

― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառային Օթևանն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան... Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սև Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։

― Իսկ էլֆերի մոտ գնո՞ւմ ենք, թե չենք գնում, ― շտապեցրեց Սեմը։ Հեծյալը նրան արդեն չէր հետաքրքրում։

― Չե՞ս լսում, որ իրենք են մեզ մոտ գալիս, ― ասաց Ֆրոդոն։ ― Հարկավոր է միայն սպասել։

Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Երգում էին հին էլֆերենով, որը միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց հնչյունները հրաշալի էին ու թափանցում էին մինչև հոգու խորքը, և ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը.


Հեռո՜ւ հեռավոր ծովերից այն կողմ
Անվերջ շողացող հուր արշալույսի,
Տարածվի՜ր դու մեր լեռների վրա
Ու անմար պահիր կրակը հույսի։

Օ, դու Էլբերեթ, Գիլթոնիել,
Դու հեռավոր լույս՝ հույսի, հավատի,
Աղջամուղջային մեր հեռուներից
Քեզ խոնարհ ողջո՛ւյն, հարգանք ու պատիվ։

Դու մութ երկնքից քշեցիր հավետ
Մշուշները չար, մշուշները սև,
Եվ գիշերային քո տերության մեջ
Փայլատակեցին աստղերը լուսե։

Օ՜, դու Էլբերե՛թ, Գիլթոնիե՛լ,
Կապույտ տաճարում ճառագող դու շող,
Հեռո՜ւ հեռավոր ծովերից անդին
Մենք հիշում ենք լույսը հավերժող։

Եվ երգը վերջացավ։

― Ախր սրանք անդրծովյան էլֆերն են, և երգն էլ Էլբերեթի մասին է, ― զարմացած բացականչեց Ֆրոդոն։ ― Նրանք հազվադեպ են հասնում մեզ մոտ՝ Հոբիթստան, նրանցից Միջերկրում էլ համարյա չկան։ Շատ տարօրինակ է...

Հոբիթները նստեցին արահետից ոչ հեռու ու սկսեցին սպասել։ Շուտով էլֆերը երևացին։ Նրանց աչքերը փայլում էին աստղային փայլով, մազերը ծփում էին մեղմիկ, ու թեև ջահեր չունեին, արահետը արծաթավուն էր նրանց ոտքերի տակ։ Էլֆերը լուռ անցնում էին: Երբ բոլորն անցան, վերջին էլֆը շրջվեց, նայեց հոբիթներին ու ծիծաղեց։

― Մի՞թե Ֆրոդոն է, ― զրնգուն բացականչեց նա։ ― Զբոսանքի համար ուշ չէ՞: Մոլորվե՞լ եք, ինչ է։

Նա կանչեց մյուսներին, և էլֆերը շրջապատեցին նստածներին։

― Հրաշք է, որ կա... ― ասացին նրանք։ ― Երեք հոբիթ գիշերով անտառում։ Այսպիսի բան չի եղել Բիլբոյի ժամանակներից... Ի՞նչ է պատահել...

― Ոչինչ էլ չի պատահել, ով Զարմանահրաշ ժողովուրդ, ― ասաց Ֆրոդոն։ ― Պարզապես մեր ճանապարհները համընկան։ Ես սիրում եմ աստղալից երեկոյան զբոսնել և ուրախ կլինեի ձեզ ուղեկցելու համար։

― Առանց ձեզ էլ մենք լավ ենք զգում, ձանձրալի հոբիթներ... ― ծիծաղեցին էլֆերը։ ― Որտեղի՞ց գիտեք, թե մեր ճանապարհները համընկնում են՝ չէ՞ որ մեր ուղին ձեզ հայտնի չէ։

― Իսկ ձեզ որտեղի՞ց հայտնի, թե ես ով եմ, ― ի պատասխան հարցրեց Ֆրոդոն։

― Մեզ շատ բան է հայտնի, պատասխանեցին նրանք։ ― Մենք քեզ Բիլբոյի հետ շատ ենք տեսել։ Այդ դու մեզ չես տեսել։

― Ո՞ւր եք գնում և ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդ Ինգլորիոնը Ֆինրոդի փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ռիվենդելում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞...

― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փիփինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։

― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ինչու՞ եք հարցնում Սև Հեծյալների մասին։

― Մեր հետևից երկուսը գալիս էին... գուցեև մեկը, ― ասաց Փիփինը: ― Քիչ առաջ պտտվում էր մոտակայքում, բայց, երբ դուք երևացիք, միանգամից ցնդեց։

Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։

― Մենք այստեղ այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք երևի ճիշտ կլինի գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։

― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ... Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց Փիփինը, իսկ Սեմը պարզապես պապանձվել էր ուրախությունից։

― Շնորհակալություն, ով Գարալդ Ինգլորիոն, ― ասաց Ֆրոդոն և խոնարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։

― Օհո՜, բարեկամներ, ― ծիծաղելով զգուշացրեց յուրայիններին Գարալդը, ― բարձրաձայն գաղտնի խոսակցություններ չվարեք, մեզ հետ Հնագույն Բարբառի գիտակ կա։ Բիլբոն, պարզվում է, հրաշալի ուսուցիչ է։ Պատիվ քեզ, ո՜վ էլֆերի բարեկամ... ― ասաց նա, Ֆրոդոյին խոնարհվելով։ ― Կարող եք միանալ մեզ։ Գնանք, բայց քայլեք մեջտեղով, որ հետ չընկնեք ու չմոլորվեք՝ առջևում երկար ճանապարհ է։

― Երկա՞ր է, իսկ դուք ո՞ւր եք գնում, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Անտառային Օթևանի ամենախորքը։ Հեռու պետք է գնանք, բայց այնտեղ կհանգստանաս, և քո վաղվա ճամփան կկարճանա։

Նրանք գնում էին լուռ ու ստվերների պես, քանի որ էլֆերը ցանկության դեպքում հոբիթներից էլ անաղմուկ են քայլում։ Փիփինը սկսել էր ննջել ու սայթաքել, բայց կողքից էլֆ էր քայլում՝ թևից բռնած, ու չէր թողնում, որ ընկնի։ Իսկ Սեմը քայլում էր Ֆրոդոյի կողքից և հիասքանչ երազում լիներ ասես։ Նրա դեմքը միաժամանակ և՛ ուրախություն էր արտահայտում, և՛ զարմանք, և սարսափ:

Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր, իսկ ծառերի բները՝ բարակում: Իրար խառնվող մատղաշ ծառերը խիտ պատի պես շրջապատել էին բոլոր կողմերից: Արահետը գնալով խորանում էր լեռնահովտի մեջ, իսկ աջ ու ձախ կողմերում գնալով ավելի հաճախ էին սևին տալիս թփակաղնուտները։ Վերջապես էլֆերը դուրս եկան ուղուց ու շրջվեցին դեպի խոր թավուտը: Գրեթե անտեսանելի մի կանաչ նեղ կածան բացվեց, որի գալարներին հետևելով նրանք բարձրացան առանձին կանգնած բլրի լանջը:

Ծառերը հանկարծ նահանջեցին և, առջևում տարածվեց գիշերային լույսից փայլատ մոխրագույն բացատը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արևելքից հատվում էր զառիթափով: Բացատի ծայրին, հենց ոտքերի տակ ծփում էին ծառերի հսկայական սաղարթները, որոնք այդտեղ էին հասնում ինչ-որ տեղ ներքևից։ Սաղարթներից այն կողմ աստղերի լույսի տակ հարթ դաշտավայր էր տարածվում: Բլրի ստորոտում կրակներ էին առկայծում. Անտառային Օթևանի բնակիչներից ոմանք դեռ քնած չէին:

Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ ցածրաձայն խոսակցություն սկսեցին: Թվում էր, թե հոբիթներին մոռացել են։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերն իր հունով ընթանում էր: Հովտում մեկը մյուսի հետևից մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փիփինը կուչ եկավ գետնին ու պինդ քնեց՝ այտը ճիմակտորին հենած։

Արևելքում բարձր երկնքում երևաց Ռեմիրաթի համաստեղությունը՝ Աստղային Ցանցը: Մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Փչեց քամին՝ ցրելով մառախուղի վերջին ծվենները. երկինքը պարզվեց, և աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիրը՝ Մենալվագորը, վառվռուն գոտիով։ Էլֆերը նրանց դիմավորեցին զրնգուն երգով, և ինչ-որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։

― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ... Հիմա զրույցի և զվարճության ժամանակն է։

Փիփինը նստեց, աչքերը տրորեց ու մրսելով կուչ եկավ։

― Անտառային Օթևանում խարույկն է վառվում, և ընթրիքն է ձեզ սպասում, ― հայտարարեց նրանց մոտեցած էլֆը՝ կռանալով քնատ Փիփինի վրա։

Բացատի մյուս ծայրին ծառերի արանքից լույս էր թափանցում: Այնտեղ՝ ծառերի հետևում, տերևազարդ կամարի տակ մարգագետին էր բացվում՝ շրջապատված հզոր բների սյունաշարերերով։ Մարգագետնի կենտրոնում բոցավառվում էր խարույկը, իսկ ճյուղերից կախված փայլփլում էին ոսկե ու արծաթե լապտերները։ Էլֆերը նստել էին կրակի շուրջը՝ խոտի ու կլոր քոթուկների վրա։ Ավելի ճիշտ, ոմանք նստած էին, մյուսները բաժանում էին գավաթներն ու գինի լցնում, իսկ երրորդները ուտելիք էին բերում։

― Աղքատիկ հյուրասիրւթյուն է, ― ներողություն էին խնդրում նրանք հոբիթներից, ― չէ՞ որ մեք մեր տանը չենք, սա դաշտային կանգառ է։ Այ, եթե մի օր գաք մեզ մոտ, այն ժամանակ կհյուրասիրվեք ինչպես հարկն է։

― Ի՞նչ եք ասում, սրանից էլ հարուստ հյուրասիրությու՞ն: Կարծես ծննդյանս օրը լինի, ― ասաց Ֆրոդոն։

Հետագայում Փիփինն այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել: Նրա հիշողության մեջ մնացել էին միայն էլֆերի պարզ դեմքերն ու նրանց ձայները, որոնք այնքա՜ն տարբեր էին ու այնքա՜ն զարմանահրաշ, որ նրան շարունակ թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում: Միայն հիշում էր, որ հաց կար, սպիտակ ու այնքան համեղ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս: Իսկ մրգե՜րը: Քաղցր, ինչպես ազնվամորին, և շատ հյութեղ: Հետո նա մի գավաթ ինչ-որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։

Իսկ Սեմն ընդհանրապես խոսքեր չէր գտնում: Առհասարակ նա նույնիսկ իր մտքում չէր կարողանում պատկերել, թե ինչ էր եղել այնտեղ, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Միակ բանը, որ հետագայում ասում էր, դա. «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ աճեին, այ նոր ես այգեպան կլինեի... Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, բա երգե՜րը... Հոգիդ տակնուվրա էին անում, եթե հասկանում եք մտքինս»։

Ֆրոդոն նստել էր խարույկի կողքին, ուտում էր, խմում ու հաճույքով զրուցում, թեև ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերեն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Երբեմն խոսում էր իրեն հյուրասիրող էլֆերի հետ և շնորհակալություն հայտնում նրանց իրենց մայրենի լեզվով, իսկ նրանք ժպտում էին և ուրախանում. «Այ թե հոբիթ է...»։

Վերջապես քունը հաղթահարեց Փիփինին: Նրան զգուշությամբ պառկեցրին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սեմը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փիփինն արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սեմը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Սակայն Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։

Եղածից-չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, և Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նորությունները մեծամասամբ չարագուշակ էին ու անհանգստացնող՝ ամենուր խտանում էր խավարը: Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր.

― Իսկ ասա, Գարալդ, այն ժամանակից ի վեր տեսե՞լ ես Բիլբոյին։

― Տեսել եմ, ― ժպտաց Գարալդը։ ― Նույնիսկ երկու անգամ։ Այս նույն տեղում նա մեզ հրաժեշտ տվեց։ Իսկ երկրորդ անգամ՝ այստեղից հեռու-հեռու։

Որտեղ՝ նա չասաց, իսկ Ֆրոդոն չհարցրեց։

― Քո մասին խոսենք, Ֆրոդո, ― առաջարկեց Գարալդը։ ― Որոշ բաներ ես արդեն գիտեմ քո մասին. կռահում եմ դեմքիցդ, և հարցերդ էլ հենց այնպես չէին։ Հոբիթստանից հեռանում ես կասկածը սրտումդ՝ արդյո՞ք քո ուժերին համապատասխան գործ ես ձեռնարկել և կհաջողվի՞ քեզ մինչև վերջ հասցնել այն։ Այդպե՞ս է։

― Այդպես է, ― հաստատեց Ֆրոդոն։ ― Սակայն կարծում էի, թե իմ գործերի մասին միայն Գենդալֆը գիտի և մեկ էլ Սեմը։

Նա նայեց Սեմին, որը խաղաղ ֆսֆսացնում էր։

― Մեզանից Թշնամին ոչինչ չի իմանա, ― հոբիթին հանգստացրեց Գարալդը։

― Թշնամի՞ն, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Դու, երևում է, գիտես, թե ես ինչու եմ ընդմիշտ հեռանում Հոբիթստանից։

― Ես գիտեմ, որ Թշնամին կրնկակոխ հետևում է քեզ, ― պատասխանեց Գարալդը, ― բայց թե ինչո՞ւ, այդ չգիտեմ։ Դա ինձ համար տարօրինակ է: Զգուշացիր, Ֆրոդո, վտանգը առջևում է և հետևում, վտանգն ամեն տեղ է։

― Հեծյալների մասի՞ն ես ասում։ Ես այդպես էլ գիտեի, որ դրանք Թշնամու կողմից են։ Իսկ ովքե՞ր են նրանք։

― Գենդալֆը քեզ ոչինչ չի՞ ասել նրանց մասին։

― Նրանց մասի՞ն՝ ո՛չ, չի ասել։

― Այդ դեպքում պետք էլ չէ՝ քանի որ վախից կարող ես կես ճանապարհին մնալ։ Իմ կարծիքով, դու հասցրել ես վերջին ժամին դուրս գալ և, հուսով եմ, չես ուշացել։ Այժմ դու պետք է շտապես: Մի դանդաղիր և հետ մի նայիր, որքան հնարավոր է շուտ գնա Հոբիթստանից։

― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինձ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջևում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։

― Հոբիթստանը ձերը չէ, ― առարկեց Գարալդը։ ― Այնտեղ ապրում էին մինչև ձեր ապրելը, հետո էլ կապրեն, երբ հոբիթները հեքիաթ կդառնան։ Դուք հո ձեզ ու ձեզ չե՞ք ապրում, իսկ եթե նույնիսկ պատնեշվել եք աշխարհից, հո աշխարհը ձեզանից չի՞ պատնեշվել...

― Ըստ երևույթին, այդպես է… Միայն թե մեզ մոտ միշտ խաղաղ, հանգիստ ու հարմարավետ է եղել։ Իսկ հիմա ի՞նչ անեմ։ Ես որոշել էի կամաց-կամաց հասնել Բրենդիդուիմք, իսկ այնտեղից՝ Ազատք։ Եվ ահա քեզ խնդրեմ, Բրենդիդուիմք չհասած հետքներս գտել են, հիմա ի՞նչ պետք է անեմ...

― Գնա, ուր որ մտադրվել ես։ Իմ կարծիքով, արիությունդ կբավականացնի։ Իսկ ավելի իմաստուն խորհուրդ տալը՝ դա արդեն Գենդալֆի գործն է։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչու ես ճանապարհ ընկել և Թշնամու ինչի՞ն ես պետք։ Իսկ Գենդալֆը երևի գիտի, և ո՛չ միայն այդ։ Դու նրա հետ տեսնվելու ես, չէ՞, նախքան Հոբիթստանից հեռանալը:

― Հուսով եմ... Ես նրան սպասեցի մինչև վերջին րոպեն. նա պետք է գար Հոբիթոն ամենաուշը երկու օր առաջ՝ չեկավ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։ Գուցե սպասե՞մ նրան։

Գարալդը մռայլվեց ու մտքերի մեջ ընկավ։

― Վատ լուրեր են, ― վերջապես խոսեց նա։ ― Գենդալֆը երբեք չի ուշանում։ Սակայն մի ասացվածք կա. իմաստունների գործերին խառնվես՝ գլուխդ կկորցնես։ Քանի որ այդպիսի խոսակցություն ես ունեցել նրա հետ, ինքդ էլ որոշիր՝ սպասե՞ս նրան, թե չսպասես։

― Մի ուրիշ ասացվածք էլ կա, ― նկատեց Ֆրոդոն։ ― «Էլֆից ու քամուց մի հարցրու խորհուրդ, ոչ հա՛ կասեն, ոչ չէ»։

― Ձեզ մոտ այդպե՞ս են ասում, ― ծիծաղեց Գարալդը։ ― Դե, ճշմարտության հատիկ կա մեջը. էլֆերն անմտածված խորհուրդներ չեն տալիս, ամեն մի խորհուրդ և՛ լավ բան ունի իր մեջ, և՛ վատ, ամեն տեսակ ճամփա կարող է փորձանք դառնալ։ Դրա համար էլ մենք խորհուրդը քամուն չենք տալիս։ Իսկ քո փոխարեն ինձ համար դժվար է ընտրություն կատարել՝ ախր դու քո գործերի մասին լռում ես։ Բայց և այնպես, եթե դու դեռ սպասում ես իմ խորհրդին, ապա կասեմ ահա թե ինչ. արագորեն հեռացիր: Եթե Գենդալֆը չերևա, անպայման ուրիշ ուղեկից գտիր, մենակ մի գնա։ Լավ քննիր բարեկամներիդ ու ընտրիր ամենահուսալի մեկին։ Եվ չմոռանաս շնորհակալություն հայտնել ինձ խորհուրդ տալուս համար՝ ես հաճույքով չեմ անում այդ։ Էլֆերն էլ իրենց հոգսերն ու ցավերն ունեն, բոլորովին տարբեր, քան մնացածներինը։ Մեր ուղիները հազվադեպ են հատվում: Մեր հանդիպումը, կարծում եմ, ուղղակի դիպված չէ, բայց նրա ճշմարիտ նպատակն ինձ հայտնի չէ, և ես վախենում եմ ավելորդ բաներ ասել։

― Հասկանալի է, ես քեզ շատ եմ շնորհակալ, ― ասաց Ֆրոդոն, ― բայց Սև Հեծյալների մասին իզուր ինձ ոչինչ չբացատրեցիր։ Չէ՞ որ եթե քո խորհուրդն ընդունեմ, Գենդալֆին կարող է դեռ երկար չտեսնեմ, իսկ ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր են ինձ հետևում։

― Այստեղ հասկանալու ի՞նչ կա։ Դրանք Թշնամու կամակատարներն են, ― ասաց Գարալդը, ― փախիր դրանցից... Ոչ մի խոսք չփոխանակես դրանց հետ... Դրանք մահ են... Եվ ինձանից այլևս ոչինչ չհարցնես: Սիրտս ասում է ինձ, Ֆրոդո, որդի Դրոգոյի, որ ինքդ նրանց մասին ժամանակի ընթացքում կիմանաս, ավաղ, ավելի շատ, քան Գարալդ Իգլորիոնը։ Թո՛ղ Էլբերեթը քեզ պահապան լինի։

― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ահա թե ինչն է ամենաշատը ինձ պակասում։

― Դե, քաջությունը սովորաբար գտնում են այնտեղ, որտեղ բոլորովին չեն սպասում, ― նկատեց Գարալդը։ ― Մի կորցրու հույսդ։ Իսկ առայժմ քնիր։ Առավոտյան մենք արդեն այստեղ չենք լինի, բայց ձեր մասին լուր կուղարկենք։ Բոլորը, ովքեր օժտված են բարին գործելու իշխանությամբ, կիմանան քո մասին, և առանց պահապանների ու օգնության չես մնա։ Ես քեզ անվանում եմ Էլֆերի բարեկամ, այդ անունը ընդունիր որպես մաղթանք։ Թո՛ղ աստղերն օրհնեն քո ճանապարհի ավարտը: Մենք հազվադեպ ենք խնամակալում օտարներին և հազվադեպ ենք նրանցից խոսք լսում մեր մայրենի լեզվով։

Ֆրոդոն հանկարծ զգաց, որ սկսում է ննջել։

― Երևի ես իսկապես էլ քնեմ, ― քեթմնջաց նա։

Էլֆը տարավ նրան Փիփինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։

Գլուխ չորորդ. Կարճ ուղիով դեպի սնկերը

A Short Cut to Mushrooms.jpg

Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որը փափուկ էր ու հարմարավետ։ Թրթռացող կանաչ տերևների միջով, որոնց դեռևս չէր դիպել աշնան դեղնությունը, թափանցում էր արևը։ Նա ձգվեց ու ճարպկորեն դուրս թռավ իր կանաչ ապաստարանից։

Սեմը նստած էր խոտին, անտառի եզրին։ Փիփինը զննում էր երկինքն ու գուշակում եղանակը։ Էլֆերը գնացել էին։

― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փիփինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Առանց քեզ էլ բոլորը հուպ կտայի, բայց Սեմն ուղղակի բերանիցս խլում է։

Ֆրոդոն նստեց Սեմի կողքին ու սկսեց ուտել։

― Դե, ի՞նչ ենք անելու այսօր, ― հետաքրքրվեց Փիփինը։

― Դեպի Բրենդիդուիմք, այն էլ շատ արագ, ― պատասխանեց Ֆրոդոն լիքը բերանով։

― Իսկ Հեծյալներն էլ մեր կողքից, հա՞, ― ուրախ հարցրեց Փիփինը՝ առաջացնելով Ֆրոդոյի դժգոհությունը։

Առավոտյան արևի տակ Սև Հեծյալները Փիփինին ուղղակի երազ էին թվում, անհեթեթություն։

― Ամենայն հավանականությամբ՝ այո, ― չոր ասաց Ֆրոդոն։ ― Բայց լավ կլիներ մինչև գետը հասնեինք այնպես, որ դրանք մեզ չնկատեին։

― Իսկ Գարալդը նրանց մասին որևէ բան բացատրե՞ց քեզ։

― Այնպես, որոշ բան, ակնարկներով ու հանելուկներով, ― խուսափեց Ֆրոդոն։

― Դու հարցրի՞ր՝ ինչու են նրանք հոտոտում։

― Մենք մանրամասների մեջ չմտանք, ― ասաց Ֆրոդոն լիքը բերանով։

― Իսկ հարկավոր էր։ Իմ կարծիքով, դա բոլոր գաղտնիքների բանալին է։

― Եթե իրոք այդպես է, ապա Գարալդը քեզ մի ավելորդ բառ անգամ չէր ասի, ― կտրեց Ֆրոդոն։ ― Եվ առհասարակ հանգիստ թող ինձ։ Ինչու՞ պետք է հանգիստ հաց ուտելու փոխարեն քո հարցերի տարափին պատասխանեմ: Ու վերջապես թո՛ղ մտածեմ։

― Ուտելու ժամանա՞կ ես մտածելու, ― զարմացավ Փիփինը։ ― Հանկարծ շատ կմտածես։

Նա վեր կացավ ու գնաց բացատի զառիվայր կողմը։

Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է՝ հետապնելու համար շատ հարմար։ Գարալդի ասածները նրա մտքից չէին հեռանում: Բացատի մյուս ծայրից լսվում էր Փիփինի բարձր գոռոցը։ Նա թռչկոտում էր խոտերի մեջ ու երգում։

«Էսպես չի լինի... Ախր նրանց ինչին է պետք... ― ինքն իր մեջ որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ դա արդեն բոլորովին ուրիշ է: Ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սեմին էլ չի կարելի...»։

Նա նայեց Սեմ Գեմջիին, և նրանց հայացքները հանդիպեցին։

― Ի՞նչ է, Սեմ, ― հարցրեց նա, ― ի՞նչ ես նայում։ Չէ՞ որ ես գնում եմ Հոբիթստանից, հեռու եմ գնում։ Ճագարի Գերանում, երևի, մեկ օր էլ չմնամ...

― Հետո ի՞նչ, տեր իմ...

― Իսկ դու ի՞նչ է, ինձ հե՞տ ես գալու։

― Իհարկե։

― Վտանգավոր Ճանապարհորդություն է լինելու, Սեմ, շատ վտանգավոր։ Արդեն իսկ վտանգավոր է: Կենդանի վերադառնալու հույս համարյա չկա։

― Էդ ժամանակ ես էլ ձեզ հետ հետ չեմ գա, տեր իմ, էդտեղ ինչ կա, ― ասաց Սեմը։ ― Նրանց ինձ, թե՝ «Տես, հա, մենակ չթողնես նրան»։ Իսկ ես էլ նրանց ասում եմ. «Բա ոնց, հենց հիմա կլքեմ, սպասեք, որ տեսնեք, բա չէ։ Ախր ես նրա հետ լուսին էլ կգնամ, և թող մի հատ էդ, ոնց էր անունը, Սև Հեծյալները ճամփիս կանգնեն. Սեմ Գեմջիի հետ գործ կունենան, կզղջան»։ Իսկ նրանք ծիծաղում են։

― Իսկ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ մասին ես խոսում։

― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ... Գիշերն էր խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար և ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ են... Ա՜յ քեզ բա՜ն...

― Այո, զարմանալի ժողովուրդ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Դե հիմա դու նրանց տեսար՝ դո՞ւր եկան քեզ...

― Դե ոնց ասեմ, տեր իմ, ― մտածկոտ պատասխանեց Սեմը։ ― Ես ի՞նչ, նրանք ինձ պատմածներով էլ էին դուր գալիս։ Բայց Էնպիսին չեն, ինչպիսին պատկերացնում էի։ Նրանք շատ ուրիշ են. և՛ ծեր են, և՛ ջահել, ուրախ և միաժամանակ տխուր՝ գնա ու հասկացիր։

Ֆրոդոն զարմանքով նայում էր Սեմին, ասես ուզում էր նրա դեմքին տեսնել այն տարօրինակ փոփոխությունները, որոնք կատարվում էին հոբիթի մեջ՝ դատելով նրա խոսքերից։ Էս ի՞նչ է եղել նրան: Նախկին Սեմ Գեմջին, որին ինքը գիտեր, այդպես չէր Խոսում: Բայց Սեմի տեսքը նույնն էր, միայն թե դեմքը արտասովոր խոհուն էր։

― Ուրեմն, էլ ինչու գնաս Հոբիթստանից, չէ՞ որ արդեն նրանց տեսել ես, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ախր, հասկանո՞ւմ եք, տեր իմ, էս գիշերվանից ես ինչ-որ ուրիշ եմ։ Գիտեմ՝ ճամփան երկար է, տանում է դեպի խավար... Բայց չեմ կարող հետ դառնալ։ Էլֆեր, վիշապներ, լեռներ, էդ բոլորն, իհարկե, շատ լավ է... Բայց հիմա ես մենակ դրա համար չէ, որ գալիս եմ ձեզ հետ։ Էստեղ ուրիշ բան կա։ Ճիշտը որ ասեմ, ես էլ չգիտեմ, թե ինչ: Բայց հաստատ գիտեմ, որ անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում... Ես պետք է գնամ էս ճամփան մինչև վերջ... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։

― Ոչ, չեմ հասկանում, Սեմ։ Բայց Գենդալֆը, կարծես թե, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։

Ֆրոդոն լուռ վերջացրեց նախաճաշը։ Հետո վեր կացավ, շուրջը նայեց ու կանչեց Փիփինին։ Վերջինս իսկույն վազելով եկավ։

― Գնալու ժամանակն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Քնեցինք մնացինք, իսկ ճանապարհը երկար է։

― Այդ դու ես քնել-մնացել, ― ասաց Փիփինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։

― Ահա և վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Բրենդիդուիմյան Լաստանավին։ Բայց չեմ ուզում վերադառնանք ուղի, եկեք կարճ ճանապարհով գնանք։

― Ուրեմն պետք է թռչել սովորենք, ― արձագանքեց Փիփինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։

― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառային Օթևանից արևելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ ու մեծ աղեղ գծում, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով այն կկրճատենք։

― Ուշ լինի՝ նուշ լինի, ― առարկեց Փիփինը։ ― Դժվար տեղանք է, ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սև Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միևնույնն է, տարբերություն չկա։

― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։

― Լավ, ― համաձայնեց Փիփինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջևից դու, քո հետևից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչև փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։

― Առավել ևս, ― որոշեց Ֆրոդոն։ ― Ուշ լինի՝ նուշ լինի, բայց որ պանդոկ մտար՝ էլ դուրս գալ չի լինի։ Սրան տես, «Ոսկի թառի» վրա է նշան բռնել։ Ոչ, մեզ հարկավոր է մինչև արևի մայր մտնելը հասնել Ճագարի Գերան։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Սեմ։

― Ես ի՜նչ, ոնց որ դուք կասեք, ― հառաչեց Սեմը՝ մտածելով Հոբիթստանի ամենալավ գարեջրի մասին։

― Ուրեմն, պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փիփինը։

Շոգ էր, համարյա ինչպես երեկ, թեև արևմուտքից եկող ամպերն ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Նրանք մտադրվել էին Անտառային Օթևանը թողնել ձախ կողմում, կտրել անցնել աջակողմյան բլրի լանջին փռված անտառը և դուրս գալ հարթավայր: Իսկ այնտեղից՝ ուղիղ գծով գետանցում, լավ է, գոնե էնտեղ խոչընդոտներ չկան, բացի մեկ-երկու առուներից ու ցանկապատներից: Ֆրոդոյի հաշվարկներով ուղիղ գծով գնալու էին մոտ տասնութ մղոն, ոչ ավելի:

Մոտիկից մացառուտներն ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին շատ դանդաղ՝ իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Վերջապես դուրս եկան մի գետակի մոտ, կավահող զառիթափ ափերով՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։ Բարեկամները կանգ առան՝ չիմանալով ինչ անել:

― Առայժմ վատ չէ, ― մռայլ նկատեց Փիփինը։

Սեմը հետ նայեց: Թփուտի արանքներից դեռ երևում էր բլրի կանաչ կատարը, որտեղից նրանք իջան։

― Տեսե՛ք, ― շշնջաց նա՝ Ֆրոդոյի ձեռքը բռնելով։

Երեքն էլ նայեցին վերև ու բլրի կատարին տեսան սև ձին, իսկ կողքը՝ սև, կորացած կերպարանքը։

Եթե նույնիսկ ուզենային էլ, դեպի հետ ճանապարհ այլևս չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։

― Ահա այսպես, ― ասաց Փիփինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեև դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց փոխարենը հասցրինք թաքնվել։ Աղվեսի ականջներ ունես, Սեմ, որևէ մեկը ծածուկ չի՞ հետևում մեզ։

Նրանք քարացան ու շունչները պահեցին: Հետապնդման ձայն չկար։

― Ձին այդպիսի վայրէջքը չի հաղթահարի, ― հուսադրեց Սեմը։ ― Բայց թե նա, երևում է, հասկացել է, որ մենք իջել ենք էստեղ։ Գնանք, շուտ։

Ասելը հեշտ էր, անելը՝ դժվար: Մեջքներին ծանր տոպրակներ, իսկ փշոտ թփերը համառորեն չէին ուզում ճանապարհ տալ անկոչ հյուրերին: Հետևում մնացած բլուրը տարածքը հուսալիորեն պաշտպանում էր քամուց, և հեղձուկ օդում ոչ մի շարժում չէր նկատվում: Վերջապես հոբիթները քրտնած, շոգած ու քերծվածքներ ստացած, հազիվ ոտքները քարշ տալով և, որ ամենավատն է, ուղղությունը կորցրած դուրս եկան բաց տարածք: Գետակի ափերը ցածրացել էին, հունը՝ լայնացել, իսկ ջրի բարձրությունը՝ իջել: Հարթ տեղանք դուրս գալով այն տարածվում էր ու պատրաստվում միանալ ճահիճներին, որպեսզի այնտեղից լցվի Բրենդիդուիմ:

— Բարև ձեզ, ախր սա Ամբարի գետակն է,— ուշացած կռահեց Փիփինը: Եթե ուզում ենք այսօր հասնել Լաստանավին, ուրեմն պետք է հենց հիմա անցնենք մյուս կողմն ու թեքվենք աջ:

Ծանծաղ մասում անցան գետն ու վազքով հատեցին լայն բացատը, որտեղ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Հետո կրկին անտառ սկսվեց. մեծամասամբ կաղնիներ էին, բայց երբեմն պատահում էին նաև հացենիներ ու ծփիներ։ Ճումբերն ու խանդակները վերջացան, գնալը հեշտացավ, բայց ծառերը չափազանց խիտ էին աճած, և առջևում հնարավոր չէր ոչինչ տեսնել: Հանկարծակի սկսված քամին օդ բարձրացրեց չոր տերևները, իսկ հետո անձրև տեղաց։ Հոբիթներն արագացրին ընթացքը. սայթաքում էին թաց խոտի վրա ու շարունակ ընկնում, բայց շարունակում էին գնալ, իսկ անձրևը չէր դադարում: Գնում էին լուռ՝ անընդհատ ուշադիր շուրջը նայելով:

Մոտավորապես կես ժամ հետո Փիփինը չդիմացավ.

― Մենք, երևի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։ Անտառն, ախր, նեղ է, հազիվ մի երկու մղոն լինի:

― Չէ, այդ մեկն արդեն՝ չէ, ― ասաց Ֆրոդոն, ― ոլոր-մոլոր չենք գնա, թե չէ բոլորովին կխճճվենք։ Բացի այդ, վախենում եմ բաց տեղ դուրս գալուց։

Մի կես ժամ ևս անցավ։ Ծվեն-ծվեն ամպերի տակից արևը դուրս եկավ, ու անձրևը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգացնել էր տալիս։ Տեղավորվեցին ճյուղածածկ ծփենու տակ, որի տերևները դեղնել էին, բայց դեռ չէին թափվել, այնպես որ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Բարեկամները հայտնաբերեցին, որ Էլֆերն իրենց տափաշշերը լցրել են ոսկեգույն, վճիտ և մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրևի վրա, միաժամանակ և Սև Հեծյալի վրա։ Ի՜նչ է մնացել որ, ևս քանի մղոն՝ ու ամեն ինչ վերջացած է:

Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սեմն ու Փիփինը տեղավորվեցին կողքին ու կիսաձայն ձգեցին.


Հա՛, հա՛, կխմեմ իմ տափաշշից
Ու կծիծաղեմ ես փորձանքի վրա,
Կերգեմ, ինչպես երգում էին հնում
Թող քամին ոռնա՛ անձրևի վրա:

Թող քամին ոռնա՛, անձրևը զարկի՛,
Իսկ ես ծառի տակ պառկած կմնամ
Նեկտար կխմեմ իմ տափաշշից,
Եվ ահ ու չարից հեռու կմնամ։

― Հա՛, հա՛ կխմեմ իմ տափաշշից, ― սկսեցին նրանք ավելի բարձր ու՝ հանկարծ սսկվեցին։ Ֆրոդոն ոտքի թռավ։ Քամու հետ մի երկարաձիգ ոռնոց լսվեց, սահմռկեցնող ու չարագույժ։ Այն տարածվում էր՝ դաշտ ու ձոր լցնելով սառը, գիշատիչ կատաղությամբ։ Երեքն էլ քարացած լսում էին՝ զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Իսկ ոռնոցին, որը չէր հասցրել ընդհատվել, պատասխանեց հեռավոր մի կաղկանձ, նույնքան կատաղի ու զզվելի։ Ապա իջավ մեռելային լռություն։

― Ի՜նչ տարօրինակ ճիչ էր, չէ՞, ― խոսեց Փիփինը շինծու կայտառ, բայց բեկբեկուն ձայնով։ ― Թռչուն է, երևի, թեև մեր Հոբիթստանում նման թռչունի ձայն ես դեռ չեմ լսել։

― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, և նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։

Չքննարկեցին։ Բոլորի գլխում Սև Հեծյալներն էին, իսկ նրանց մասին ավելի լավ է լռել, նրանք արդեն դա հասկացել էին։ Գնալը վտանգավոր է, թաքնվելն՝ առավել, բայց թե ուր կորչես, եթե հարկավոր է ամեն կերպ ու հնարավորին չափ արագ հասնել Լաստանավին, քանի դեռ լույս է։ Նրանք պարկերը գցեցին ուսներին ու արագ առաջ շարժվեցին։

Շուտով անտառը կտրուկ վերջացավ: Առջևում տարածվեցին մարգագետինները։ Երևում է, նրանք իսկապես շատ էին դեպի հարավ գնացել: Մարգագետիններից այն կողմ հեռվում աղոտ երևում էր Բաքմորիի Թեք լեռը՝ ոչ թե առջևում, ինչպես պետք է լիներ, այլ՝ ձախ կողմում։ Նրանք գաղտագողի դուրս եկան ծառերի տակից ու մարգագետնով սլացան, ինչքան ուժ ունեին։

Սկզբում առանց անտառի ծածկույթի սարսափելի էր։ Հեռվում էր մնացել անտառապատ բլուրը, որտեղից նրանք առավոտյան իջել էին։ Ֆրոդոն հետ նայեց գրեթե համոզված, որ զառիվայրի գլխին տեսնելու է Հեծյալի անշարժ սև կերպարանքը։ Բայց Հեծյալ չկար։ Արևը բոցավառել էր ամպերը և իջել հեռավոր բլուրների հետևը՝ մայրամուտի վառ բռնկումներով լուսավորելով հարթավայրը։ Քիչ-քիչ վախն անցավ, թեև հոբիթները դեռ ուշքի չէին եկել։ Կամաց-կամաց տարածքը փոխվեց. այստեղ հողն արդեն վայրի չէր, խոտհարքներ սկսվեցին, արոտավայրեր։ Ապա ձգվեցին դռնակներով ցանկապատերը, մշակված դաշտերը, ոռոգող առուները։ Ամեն ինչ ծանոթ էր, հուսալի ու խաղաղ՝ սովորական Հոբիթստան։ Ճամփորդներն ամեն քայլը գցելու հետ հանդարտվում էին։ Գետն արդեն մոտ էր, և Սև Հեծյալներն այժմ սարսափելի անտառային ուրվականներ էին թվում, որոնք մնացել էին ինչ-որ տեղ թիկունքում և այլևս անկարող էին չարություն պատճառել։

Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դարպասից ուղիղ ճամփա էր ձգվում դեպի բակ: Ոչ հեռվում պուրակ էր երևում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փիփինը կանգ առավ։

― Ճանաչում եմ էս դարպասը, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է...

― Անձրևից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես ճանապարհը նրան վիշապի որջն էր տանում։

Սեմն ու Փիփինը ապշահար նրան նայեցին։

― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― հարցրեց Փիփինը։ ― Նա բոլոր Բրենդիբաքերի մոտիկ բարեկամն է։ Ճիշտ է, թափառաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի, բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։

― Գիտեմ, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Բայց արի տես, որ սարսափելի վախենում եմ Անգեղից ու նրա շներից՝ հնուց եկող հիշողությունն է պատճառը։ Երբ փոքր էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու ու հաճախ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց. «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ առայժմ տարեք ճանապարհեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև Լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։

Փիփինը հռհռաց։

― Ուրեմն, հիմա ամեն ինչ կպարզենք, ― ասաց նա։ ― Հին վախերից ազատվելու ամենահարմար ժամանակն է, մանավանդ, եթե ուզում ես բնակվել էս կողմերում։ Անգեղը քո ուզած մարդն է, մենակ թե սունկ գողանալու չգնաս։ Եկեք ներս մտնենք, բայց դարպասով, ոչ թե ցանկապատի վրայով: Ուղիղ կկգնանք դեպի տուն, որ չմտածի, թե մենք ինչ-որ թափառաշրջիկներ ենք։ Իսկ որ իրեն հանդիպենք, ես կխոսեմ, դուք գործ չունեք։ Նա և Մերին լավ բարեկամներ են, դե ես էլ նրանց հետ միշտ լավ եմ եղել։

Ճամփորդներն իրար հետևից գնացին աղուրի երկայնքով: Շուտով երևացին ագարակի և ագարակամերձ շինությունների եղեգե տանիքները։ Հիմնավոր, բարետես աղյուսե տունը շրջափակված էր կաղնեփայտե բարձր պարսպով։

Դարպասի հետևից լսվեց բարձր, համերաշխ հաչոց, ապա մի ձայն.

― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ...

Ֆրոդոն ու Սեմը քարացան, իսկ Փիփինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, և երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փիփինի վրա նրանք ուշադրություն չդարձրին։ Երկուսը նետվեցին Սեմի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղին, կանգնեց Ֆրոդոյի առջև՝ հետևելով նրան ու խուլ գռմռալով։

Դարպասից դուրս եկավ մի գեր, թիկնեղ ու կարմիր դեմքով հոբիթ։

― Բարև՜ ձեզ։ Ողջո՜ւյն։ Թույլ տվեք իմանալ, ովքե՞ր եք դուք և այստեղ ձեզ ի՞նչ է պետք, ― հարցրեց նա։

― Ձեզ էլ ողջույն, պարոն Անգեղ, ― ասաց Փիփինը։

Տանտերը ուշադիր նայեց։

― Վա՜հ, էս հո Փիփինն է՝ ուզում էի ասել, պարոն Փերեգրին Տուկը։ ― Անգեղը քթի տակ լայն ժպտաց, ― վաղուց ձեզ չեմ տեսել։ Դե ձեր բախտը բերեց, որ մենք հին ծանոթներ ենք։ Ես էլ արդեն ուզում էի շներին բաց թողնել։ Թե չէ ով ասես թափառում է այստեղ, իսկ այսօր հատկապես։ Օ՜ֆ, ախր գետը մոտիկ է, ― ասաց նա գլուխը թափ տալով։ ― Տեսնես դա որտեղի՞ց բարեհաճեց, ոնց որ հեքիաթի հրեշ։ Մյուս անգամ դրան ներս թողնողը չեմ։ Կմեռնեմ՝ չեմ թողնի։

― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փիփինը։

― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային... Դեհ, տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։

Ըստ երևույթին, նա եկվորի մասին ուզում էր պատմել անշտապ ու մանրամասն։

― Իսկ շնե՞րը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Շնե՞րը, քանի հրաման չեմ տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։

― Պարոն Ֆրոդո Բեգինսն է, ― ներկայացրեց Փիփինը։ ― Երևի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։

«Բեգինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։

― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք... Խոսելիք կա։

Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջև։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց և լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փիփինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սեմն զգուշությամբ էր խմում. ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։

Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին և նայեց հյուրերին։

― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։

― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փիփինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն, մենք կալվածքին հակառակ կողմից մոտեցանք: Անտառային Օթևանից կարճ ճանապարհով ուզում էինք հասնել Լաստանավին՝ ակամա ընկանք այստեղ։ Գալիս անտառում մոլորվեցինք։

― Որ շտապում էիք, ինչու՞ չէիք ճանապարհով գնում, ― զարմացավ տանտերը։ ― Չնայած, դա ձեր գործն է։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Բեգինս... Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Բեգինսին։ Այ թե ավազակն էր, հա՜... Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում...

Հոբիթներն ականջները սրեցին։

― Այո՜ս, ― անշտապ ու հաճույքով ասաց Անգեղը, ― Ուրեմն, մեծ, սև ձիու վրա մոտեցավ բաց դարպասին ու խցկվում է դռնից։ Սև, ամբողջապես սևերի մեջ, դեմքը չի երևում, ասես վախենում է, որ կճանաչեմ։ «Մի սրա՜ն տեսեք,— մտածում եմ,— Էս ի՞նչի է հասել մեր Հոբիթստան»։ Դե սահմանը մոտիկ է, ով ասես թրև է գալիս, բայց օրումս դրա նմանը չէի տեսել։

Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։

Նա ինձ բոլորովին դուր չեկավ. նույնը և Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սևը, նստել է ու չի շարժվում։ «Ես էնտեղից եմ գալիս, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արևմուտքի կողմն է ցույց տալիս իմ հողի միջով... ― Բեգինսն այստե՞ղ է»։ ֆսֆսացնում է մի տեսակ ու կռանում է վրաս։ Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երևում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դեհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ... Դրան տես, թմբերս ոտնատակ է տվել ու հեչ պետքն էլ չէ:

«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ Բեգինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Բեգինսները Հոբիթոնում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։

«Բեգինսն այնտեղից հեռացել է, ― շշնջում է,― նա այստեղ է գալիս։ Արդեն հեռու չէ։ Կասե՞ս, եթե հայտնվի այստեղ: Որ ասես՝ ոսկի կբերեմ»։

«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել...»։

Նա միայն ֆշշացրեց ի պատասխան: Գուցե էդպես ծիծաղում էր, իսկ գուցեև ոչ: Հետո խթանեց ձիուն ու քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել ու մինչ շներին կկանչեի, շրջվեց ու դուրս եկավ ճանապարհ, դե գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր... Դեհ, իսկ դուք ի՞նչ կասեք...

Ֆրոդոն չպատասխանեց. նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն Լաստանավ։

― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― վերջապես ասաց նա։

― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ ― Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Հոբիթոնում: Չարժեր դրանց հետ կապվել՝ էնտեղի ժողովուրդը ծալապակաս է (Սեմը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Չնայած դուք միշտ էլ տաքգլուխ եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, հետո՝ անեք։ Հենց լսեցի, որ հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիբաքերից, ու կպել ձեր պապի եղբորը, միանգամից ասացի. լավ բան չսպասեք։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ ո՞վ պետք է ուտի։ Դու՛ք: Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ գտնվել են էնպիսինները, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Հոբիթոնի բլուրում։

Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։

― Այ, էսպիսի բաներ, պարոն Ֆրոդո, ― շարունակեց նա։ ― Լավ է, գոնե խելք եք արել, վերադառնում եք հարազատ վայրեր։ Ականջ դրեք բարի խորհրդիս՝ վերադարձե՞լ եք, ուրեմն, սուսուփուս ապրեք ձեզ համար։ Օտարների հետ գլուխ չդնեք։ Ձեր այստեղ եղած բարեկամներն էլ ձեզ հերիք են, ճիշտ եմ ասում։ Իսկ եթե էն սևը նորից երևա, արդեն ես նրա հաշիվը կմաքրեմ. ուզում եք կասեմ, որ դուք ընդմիշտ մեկնել եք Հոբիթստանից, կամ էլ թե չէ մեռել եք։ Դե նրանք երևի ոչ թե ձեզ են հետապնդում, այլ պարոն Բիլբոյին, դուք պետք է ձեր ազգանունը փոխեք։

― Թերևս, դուք ճիշտ եք, ― համաձայնեց Ֆրոդոն՝ աչքը կրակից չկտրելով։

Անգեղը մտազբաղ նայեց նրան։

― Տեսնում եմ, այս հարցում դուք ձեր սեփական կարծիքն ունեք, ― նկատեց նա։ ― Դե իհարկե. պարզից էլ պարզ է, որ պատահական չհայտնվեցիք էստեղ սևի գնալուց հետո։ Դե էդ սևի մասին էլ, երևում է, ինձնից շատ գիտեք, հազիվ թե ես զարմացրի ձեզ։ Գիտեք, ուրեմն, ձեր իմացածը ձեզ պահեք, ես հետաքրքրասեր չեմ։ Բայց երևում է, որ ձեր սիրտն անհանգիստ է։ Մտածում եք, ո՞նց սուսիկ-փուսիկ հասնեք Լաստանավ, չէ՞։

― Մտածում եմ, ― խոստովանեց Ֆրոդոն, ― մենակ թե այստեղ մտածելու բան չկա, հարկավոր է գնալ և ինչ լինելու է թող լինի։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ախր ես ձեզնից և ձեր շներից, չեք հավատա, երեսուն տարի վախեցել եմ։ Հիմարություն է, իհարկե։ Մի հուսալի բարեկամ ավելի կունենայի... Էհ, ափսոսում եմ, որ ձեզնից բաժանվում եմ։ Դե, գուցե դեռ կգամ այցի, այն ժամանակ էլ կնստենք, կզրուցենք։

― Միշտ համեցեք, ― ասաց Անգեղը։ ― Իսկ առայժմ ինձ լսեք։ Օրն իրիկնանում է, մեր ընթրելու ժամն է։ Չէ՞ որ մենք պառկում ու վեր ենք կենում արևի հետ։ Չէիք ուզենա մեզ հետ ընթրե՞լ։

― Շատ շնորհակալ ենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն վախենում եմ, որ կուշանանք։ Առանց այդ էլ գիշերվա կողմը հազիվհազ տեղ հասնենք։

― Տա՛, տա՛, տա՛, էհ, շտապելուց չեք թողնում մի խոսք ասեմ։ Իսկ իմ ասածն ի՞նչ է. կընթրենք, ես ծածկասայլ ունեմ, դե դրանով էլ ձեզ կտանեմ։ Էդպես արագ կհասնեք, և ապահով կլինի, թե չէ ի՜նչ իմանաս, ինչ կարող է պատահել։

Դա փոխում էր իրերի վիճակը, և Ֆրոդոն համաձայնեց հուրախություն իր ուղեկիցների։ Արևը համարյա ծածկվել էր բլուրների հետևում, աղջամուղջը թանձրանում էր։ Հայտնվեցին Անգեղի երկու որդիներն ու երեք աղջիկները. հսկայական սեղանը մի րոպեում բացեցին։ Ավելի թեժ մոմեր բերեցին, բուխարիկը վառեցին։ Տիկին Անգեղուհին սկսեց ափսեները լցնել: Եկան ևս մի քանի հոբիթ, որոնք բատրակություն էին անում կալվածքում: Ընթրիքն սկսվեց: Գարեջուր ինչքան ուզես կար։ Սեղանի մեջտեղում դրված գլխավոր ճաշը՝ խոզապուխտով տապակած սունկը, մի քանի րոպեում վերջացավ։ Կրակի մոտ պառկած շները ոսկորներն էին կրծում։

Ընթրիքից հետո Անգեղն ու որդիները լապտերները ձեռքներին գնացին սայլը պատրաստելու։ Երբ հյուրերը դուրս եկան բակ, արդեն բոլորովին մութ էր։ Նրանք պարկերը դրեցին սայլի մեջ և իրենք էլ տեղավորվեցին։ Անգեղը սանձով խփեց երկու լավ կերակրված պոնիների կողերին։ Տիկին Անգեղուհին կանգնած էր լուսավորված դռան մեջ։

― Զգույշ եղիր, ― ձայն տվեց նա։ ― Օտարների հետ չկռվշտես, հենց տեղ հասցրիր՝ ուղիղ տուն։

― Լավ, ― ասաց Անգեղը, և սայլը դարպասից դուրս եկավ։

Շատ խաղաղ, բոլորովին անքամի գիշեր էր, բայց Խոնավ էր ու ցուրտ: Մթության ծածկոցը ճամփորդներին դիմավորեց լռությամբ: Լապտեր որոշեցին չվառել և գնում էին դանդաղ, առանց շտապելու: Շուտով մոտեցան ամբարտակին, անցան վրայով ու բարձրացան հողաթմբի գլուխը։ Ճամփաբաժանում Անգեղն իջավ, նայեց այս ու այն կողմ՝ անթափանցելի խավար և ոչ մի ձայն։ Գետից մառախուղը քուլա-քուլա բարձրանում էր ջրապատնեշի վրա ու սողում դեպի դաշտերը։

― Ա՜յ թե մո՜ւթ է, ― ասաց Անգեղը։ ― Բայց հիմա լապտեր չեմ վառի, միայն հետ գնալիս: Եթե ինչ-որ մեկը հայտնվի՝ մենք նրա ձայնը հեռվից կլսենք։

Մինչև լաստանավ երկու-երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել և ուշադիր լսում էին: Լսվում էր միայն անիվների ճռճռոցը և սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փիփինը ննջում էր, իսկ Սեմը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։

Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի Լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը. սայլը ճռռալով մի պահ կանգ առավ, ապա սկսեց իջնել բլրի ստորոտը։ Նորից լռության վայրկյան... Իսկ հետո բոլորը լսեցին այն ձայնը, որին այդքան վախով սպասում էին՝ սմբակների թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։

Անգեղը թռավ ցած, գրկեց ձիերի վզերը, որ չֆռթկացնեն, և հայացքը սևեռեց մշուշոտ խավարին։ Թրխկ-թրխկ-թրխկ, թխկթխկում էին սմբակները և խուլ արձագանքում գիշերվա խաղաղ օդում։

― Ավելի լավ է, դուք թաքնվեք, տեր իմ, ― շտապով տիրոջը խորհուրդ տվեց Սեմը։ ― Պառկեք սայլի հատակին և ծածկվեք ծածկոցով, իսկ մենք էդ ձիավորին մի կերպ ճանապարհ կդնենք։ ― Նա թռավ սայլից ու կանգնեց Անգեղի կողքին՝ հեծյալ է, թող հեծյալ լինի, միայն թե սկզբում թող իրեն տրորեն։

Թրխկ-թրխկ-թրխկ... Հիմա կհասնի։

― Հեյ, ո՞վ է, ― գոռաց Անգեղը։

Սմբակների թխկթխկոցը լռեց։ Մի քանի քայլի վրա գծագրվեց թիկնոցավոր ձիավորի ուրվագիծը։

― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սեմին և գնաց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։

― Ես պարոն Բեգինսի հետևից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ... Դե, իհարկե, Մերի Բրենդիբաքն է։ Թիկնոցի տակից երևաց լապտերը և լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։

― Պարոն Մերի՜, ― բացականչեց նա։

― Նույն ինքը։ Իսկ դուք կարծում էիք ո՞վ է, ― հարցրեց Մերին՝ առաջանալով ու սանձը թափահարելով։

Վախն իսկույն անցավ. Մառախուղից դուրս գալով՝ ձիավորը դադարեց մեծ ու սարսափելի թվալ. նրանց առջև ընդամենը մի հեծյալ հոբիթ էր իր պոնիով, ականջներն էլ շարֆով փաթաթված։

― Ֆրոդոն սայլից թռավ նրա մոտ։

― Գտնվեցի՞ք, կորածնե՜ր, ― ուրախ ասաց Մերին։ ― Իսկ ես արդեն մտածում էի, թե էսօր էլ չեք բարեհաճի։ Քիչ էր մնում ձեռքս թափ տայի ու գնայի հետ՝ ընթրելու: Էս մառախուղն էլ մի կողմից վրա տվեց։ Որոշեցի հանդիպել Ամբարներ, թե չէ մեկ էլ տեսար մի փոսում ընկած եղաք՝ ձեզ ազատողն ո՞վ է։ Էդ ինչպե՞ս է եղել, որ իրար չենք հանդիպել։ Իսկ դուք նրանց որտե՞ղ գտաք, պարոն Անգեղ, ձեր բադերի լճակու՞մ։

― Չէ, իմ հողամասում, ― աչքով արեց ֆերմերը։ ― Քիչ էր մնում շները բաց թողնեի նրանց վրա, համբերեք, իրենք ձեզ կպատմեն։ Իսկ հիմա, ուրեմն, ներող եղեք, պարոն Մերի, պարոն Ֆրոդո և մյուսներ, ես տուն պիտի գնամ։ Դե մեր տիկինը, ինքներդ էլ հասկանում եք, գիշերն էլ վրա տվեց...

Նա սայլը շրջեց եկած ճանապարհի կողմը։

― Ուրեմն, բոլորին բարի գիշեր, ― ասաց նա։ ― Ա՜յ թե օր էր էսօրվա օրը, պատմես՝ չեն հավատա։ Լավ, ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, չնայած դուք դեռ պետք է, իհարկե, տեղ հասնեք... Եվ ես էլ... Դե կտեսնենք էլի...

Ֆերմերը լապտերները վառեց, բարձրացավ սայլի վրա ու նստեց նստատեղին։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։

― Էն է հա՜ մոռանում էի։ Էս կնոջս կողմից, մեջը մի քիչ բան կա, երևի կհավանեք՝ հատուկ ողջույններով պարոն Բեգինսին։

Նա զամբյուղը տվեց Ֆրոդոյին ու պոնիներին խթանեց: Հոբիթները շնորհակալություն հայտնեցին ու բարի գիշեր մաղթեցին: Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, մինչև որ դրանք անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց. նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։

Գլուխ հինգերորդ. Դավադրությունը բացահայտվում է

A conspiracy unmasked.jpg

― Դե ինչ, մենք էլ կշտապենք, ― ասաց Մերին։ ― Արդեն հասկացա, որ ձեզ հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, բայց ժամանակ չկորցենք՝ հետո կխոսենք։

Եվ հոբիթներն իջան դեպի Լաստանավ տանող ուղին, որը հարթ էր, խնամված, և մեծ-մեծ սպիտակ քարերով սալարկված։ Մի հարյուր քայլից ճանապարհը դուրս եկավ գետի ափ, լայն նավամատույցի մոտ: Ալիքների վրա օրորվում էր ծանրաքաշ գերանակապ լաստանավը։ Նավամատույցի հենացցերը սպիտակին էին տալիս երկու բարձր լապտերների լույսից։ Դեպի ափ էր սողում սպիտակավուն մեգը, բայց ջուրն առջևում սև էր, թեև ափամերձ եղեգների արանքում մառախուղի կաթնագույն խոպոպներ կային։ Գետի այն կողմում մառախուղը նոսրանում էր։

Մերին առաջինն անցավ կամրջակով՝ իր հետևից տանելով պոնիին. նրա հետևից իջան մնացածները։ Նա անշտապ հետ հրվեց երկար ձողով, և լաստանավի ու նավամատույցի արանքով սահեցին Բրենդիդուիմի հզոր, դանդաղահոս ջրերը։ Արևելյան ափը զառիվայր էր. նավամատույցից սկիզբ էր առնում լապտերների առկայծող շղթայով ուրվագծվող ոլոր-մոլոր ճանապարհը, որը բարձրանում էր Բրենդիդուիմյան Թեք բլուրը։ Բլրի վրա մառախուղի մեջ իրար աչքով էին անում կարմիր ու դեղին կրակները։ Այդ Բրենդիաշենի՝ Բրենդիբաքերի հինավուրց կալվածքի լույսերն էին:

Շատ վաղուց Գորհենդադ Ծերունբաքը՝ Ծերունբաքերի (որը Հոբիթստանի ամենահին տոհմերից է) տոհմավագը, որոշեց անցնել գետի մյուս ափը և այնտեղ հիմնավորվել՝ մինչև այդ պահը գետը համարվում էր Հոբիթստանի արևելյան սահմանը: Նա կառուցեց Բրենդիաշենը (ավելի ճիշտ փորեց), փոխեց տոհմանունը, իրեն հռչակեց Բրենդիբաք ու դարձավ այդ փոքրիկ և Հոբիթստանից համարյա անկախ մարզի տեր ու տիրականը: Նրա տոհմն աճում ու աճում էր ինչպես նրա օրոք, այնպես էլ նրանից հետո, և տարիների ընթացքում բլրի մեջ ազատ տարածք չմնաց: Երբ բլրի հնարավորությունները վերջացան, Բրենդիբաքերն սկսեցին մոտակա՝ Նապաստակի բլուրների վրա բույներ, ապա նաև տներ կառուցել: Այդպես սկսվեց Բրենդիդուիմքի՝ գետի և Զառամյալ Անտառի միջև ընկած տարածքի պատմությունը։ Այստեղի գլխավոր գյուղը, որը հիմնվել էր Բրենդիաշենի հետևի բլուրների վրա, կոչվում էր Բաքմորի։

Ամբարների բնակիչները բարեկամություն էին անում Բրենդիբաքերի հետ, և չկար մեկը ով չընդուներ Բրենդիդուիմքի կառավարչի իշխանությունը: Սակայն հին ու բարի Հոբիթստանի բնակիչները Բրենդիբաքերին տարօրինակ ու գրեթե օտարերկրացի էին համարում, չնայած վերջիններս ոչնչով չէին տարբերվում չորս նահանգների ժողովրդից: Բացառությամբ, թերևս, մի սովորության. գետափնյա հոբիթները սիրում էին նավակներով զբոսնել գետում, իսկ ոմանք նույնիսկ լողալ գիտեին:

Արևելքից սկզբում Բրենդիդուիմքը ոչնչով պաշտպանված չէր, բայց հետո Բրենդիբաքերը բարձր ցանկապատ կառուցեցին և այն անվանեցին Դիմադրության Պատնեշ։ Դա մի քանի սերունդ առաջ էր, և այդ ժամանակից ի վեր ցանկապատը հասցրել էր և՛ բարձրանալ վեր, և՛ աճել լայնությամբ՝ այն մշտապես խնամվում էր։ Ցանկապատն սկսվում էր Բրենդիդուիմյան կամրջից, ապա հեռանում էր գետից, բավական լայն աղեղ գծում ու հասնում մինչև այսպես կոչված Գալարի գետաբերան: Ընդհանուր առմամբ, այն ձգվում էր մի քսան լիգ, եթե ոչ ավելի։ Պաշտպանելը՝ պաշտպանում էր, բայց, ցավոք սրտի, ոչ այնքան։ Որոշ տեղերում անտառն արդեն հասել էր Պատնեշին, և Բրենդիդուիմքում գիշերը վրա հասնելուն պես դարպասը կողպում էին, մի բան, որին Հոբիթստանում հավատալ չէին ուզում։

Լաստանավը դանդաղ լողում էր առաջ։ Գետանցումը միայն Սեմի համար էր նորություն: Հոբիթին տարօրինակ զգացում էր համակել: Նրան թվում էր, թե ջրի ալիքները բաժանում են իր կյանքը երկու մասի. հետևում, մառախուղի մեջ, մնացել էր անցյալը, իսկ առջևում սևին էր տալիս մթին անհայտությունը։ Նա ծոծրակը քորեց ու մտածեց՝ տիտիկ անեիր էլի, քեզ ինչ էր եղել...

Վերջապես հոբիթներն իջան ափ։ Մինչ Մերին լաստանավն էր ամրացնում, Փիփինը բռնեց պոնիի սանձից և ճանապարհով վերև տարավ։ Սեմը շրջվեց վերջին անգամ նայելու Հոբիթստանին՝ և հանկարծ խռպոտ շշնջաց.

― Հապա մի նայեք, տեր իմ... Աչքի՞ս է երևում, թե՞...

Հեռավոր նավամատույցում, լապտերների աղոտ լույսի մեջ հայտնվեց ինչ-որ ստվեր, սև, ասես իրերով լի մի պարկ, որը դրեցին կառանարանի մոտ։ Բայց, ուշադիր նայելով, հոբիթները նկատեցին, որ այն սողում է ու ասես հոտոտում նավամատույցը, իսկ հետո հետ-հետ գնաց ու լապտերների հետևում կորավ մառախուղի մեջ։

― Այս ինչ նորություններ են Հոբիթստանում, ― աչքերը չռեց Մերին։

― Դա մեզ է կրկնակոխ հետևում, ― ասաց Ֆրոդոն, ― առայժմ ավելին մի հարցնիր... Արա՜գ...

Հոբիթները ճանապարհով վազեցին վերև, ապա շրջվեցին ու հետ նայեցին, բայց հանդիպակաց ափը կորել էր մառախուղի մեջ և ոչինչ չէր երևում։

― Շնորհակալություն, գոնե արևմտյան ափին նավակներ չկան, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկ ձիով կարելի՞ է գետն անցնել։

― Մինչև Բրենդիդուիմյան կամուրջ քսան լիգ է. ստիպված է գնալ այնտեղ կամ գետը անցնել լողալով, ― ասաց Մերին։ ― Միայն թե կյանքումս չեմ լսել, որ այստեղ ձիերով գետն անցնեն։ Իսկ ո՞վ է այդ ձիավորը...

― Հետո կասեմ, երբ դուռը կողպենք։

― Հետո է, թող հետո լինի։ Դու և Փիփինը ճանապարհը գիտեք, իսկ ես պոնիով գնամ Գիրուկի մոտ, ախր ձեզ դեռ ընթրիք էլ պետք է տրվի։

― Ճիշտն ասած, Անգեղի մոտ արդեն ընթրել ենք, ― ասաց Ֆրոդոն, ― բայց կարող ենք մեկ անգամ էլ։

― Ա՜յ թե շատակերն եք, տուր այստեղ զամբյուղը, ― պահանջեց Մերին և անհետացավ մթության մեջ։

Մինչև Ճագարի Գերան այնքան էլ մոտիկ չէր։ Հոբիթները ձախ կողմում թողեցին Բրենդիաշենի Թեք բլուրը և դուրս եկան ճանապարհ, որը Բրենդիդուիմյան կամրջից ձգվում էր դեպի հարավ։ Կես լիգ գնալուց հետո թեքվեցին աջ, ևս երկու լիգ սայլուղով, ու մոտեցան խիտ ցանկապատի մեջ երևացող նեղ դարպասին։ Տունը մթության մեջ չէր երևում. այն փողոցից հեռու էր և շրջապատված էր ցածրիկ ծառերով, որոնք աճում էին ցանկապատի հենց հետևում: Մյուսներից առանձնացած էր, որի համար և ընտրվել էր՝ երբ կուզես արի, երբ կուզես՝ գնա, ոչ ոք չի նկատի: Դա մի հնաոճ գյուղական տնակ էր՝ կառուցված այնպես, որ որքան հնարավոր է հոբիթական բույն հիշեցնի. գետնամած, ճիմածածկ, դուրս պրծած լուսամուտներով և մեծ, կլոր դռնով։

Դարպասից ներս մտնելով՝ մթության մեջ գնացին փափուկ, կանաչ կածանով։ Պատուհանների փեղկերից լույսի նշույլ անգամ չէր թափանցում. այնպիսի տպավորություն էր, թե տունը դատարկ է ու անբնակ։ Ֆրոդոն թակեց: Բացեց Գիրուկ Կուղբոնցը, և տան ներսի լույսը լուսավորեց շեմը։ Հոբիթներն արագ ներս մտան, փակեցին բոլոր սողնակներն ու հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որը երկու կողմից դռներ ուներ։ Դիմացի միջանցքը գնում էր դեպի տան խորքը։ Միջանցքում երևաց Մերին։

― Դեհ, ի՞նչ կասեք, ― հարցրեց նա, ― մենք, ճիշտ է, շատ հապճեպ, բայց աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ինչպես տանը։ Վերջին սայլը երեկ երեկոյան ենք դատարկել՝ այնպիսի թոհուբոհ էր այստեղ։

Ֆրոդոն նայեց շուրջը։ Իսկապես, նման էր իրենց տանը։ Նրա սիրած իրերը՝ Բիլբոյի սիրած իրերը (եթե ճշգրտենք), բոլոր գտել էին իրենց տեղերը, ասես Բեգ-Էնդում լինեին։ Հաճելի, հարմարավետ, խաղաղ... Նա ցավ զգալու աստիճան ուզեց մնալ այստեղ ու ապրել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Բարեկամներն այնքան ջանք են թափել իր համար, իսկ ինքը... Հիմա ինչպե՞ս պետք է բացատրի նրանց, որ ինքը շուտով գնալու է, և շատ շուտով, հենց վաղն առավոտյան։ Բացատրությունն էլ հնարավոր չէ հետաձգել։

― Զարմանալի՜ է, ― բացականչեց նա՝ կոկորդին դեմ առած գունդը մի կերպ կուլ տալով։ ― Ասես ոչ մի տեղ էլ չեմ գնացել։

Նրանք ուղեպարկերն իջեցրին մեջքներից ու թիկնոցները կախեցին։ Մերին առաջնորդեց նրանց և միջանցքի վերջում մի դուռ բաց արեց։ Այնտեղ կրակ փայլեց և գոլորշու հոտ եկավ։

― Մի՞թե բաղնիք է, ― հիացավ Փիփինը։ ― Ա՜յ թե Մերի եմ ասել։

― Ո՞ւմ հերթն է, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավագի՞ց սկսենք, թե արագաշարժից։ Դուք այսպես թե այնպես վերջինն եք, տեր իմ Փերեգրին։

― Հապա մի վերջ տվեք, ― զգաստացրեց նրանց Մերին։ ― Մի սրանց տեսեք, որոշել են նոր կյանքը գզվռտոցով սկսել։ Իմացած եղեք, որ այնտեղ երեք լողաթաս կա և մի կաթսա եռացրած ջուր։ Ի դեպ, գուցե պետք կգա՝ սրբիչ, օճառ և այլն։ Դեհ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։

Մերին ու Գիրուկը գնացին խոհանոց վերջին պատրաստությունները տեսնելու: Բաղնիքից աներևակայելի աղմուկ էր տարածվում, ջրի ցայտոցներ, գոռոցներ ու երգերի պատառիկներ էին լսվում: Հանկարծ Փիփինի ձայնը խլացրեց մնացած բոլոր ձայները, և Մերին ու Գիրուկը լսեցին Բիլբոյի սիրած երգերից մեկը.


Էհե՛յ, երգի՛ր ու տաք ջրով ցայվիր
Կեղտն ու հոգնությունը վրայիցդ թոթափիր,
Միայն և միայն հիմարն ու փնթին
Չեն երգի տաք ջրի մասին:
Քաղցր է թափվող անձրևի ձայնը
Եվ ձայնը լեռներից իջնող առվի,
Բայց բաղնիքում ամեահաճելին
Տաք ջուրն է ու նրանից ելնող գոլորշին:
Սառը ջրով եթե ուզենաս
Կարող ես ծարավդ հագեցնել,
Բայց եթե տաք ջուր ես լցնում գլխիդ
Լավ է գարեջուր լինի կողքիդ:
Շատ սիրուն է շատրվանը
Որ ցայտում է դեպի երկինք
Բայց լավ է լսել տաք ջրի ձայնը
Որ թափվում է ցած ու ցայտում ոտքերիդ:

Լսվեց թափվող ջրի աղմուկ, որին հետևեց Ֆրոդոյի ճիչը: Ըստ երևույթին Փիփինն իր լողաթասում մնացած ջուրը միանգամից լցրել էր գլխին ու շաղ տվել հատակին:

Մերին մոտեցավ դռանը։

― Հե՜յ, ― կանչեց նա, ― ընթրիքի և գարեջրի մասին ի՞նչ կասեք...

Ֆրոդոն մազերը չորացնելով դուրս եկավ։

― Օդն ու ջուրը խառնվել են իրար, ավելի լավ է խոհանոցում չորանամ,— ասաց նա:

Մերին քիթը դռնից ներս մտցրեց։

― Իհարկե, ձեզ համար ինչ կա որ, ― բացականչեց նա։ ― Հատակին կարելի է լող տալ։ Այդ դուք եք, Փերեգրին, աղավնյակս, ծով կապել։ Մաքուր կչորացնեք, նոր դուրս կգաք, իսկ եթե ընթրիքին չհասնեք, ուրեմն ձեր ճակատին այդ է գրված։

Ընթրիքը դրված էր խոհանոցում, մեծ բուխարիկի կողքը գտնվող սեղանին։

― Դեհ, սունկ արդեն կուշտ կերե՞լ եք, չէ՞, ― հարցրեց Գիրուկը՝ առանձնապես հույս չտածելով։

― Կուշտ կերել ենք և էլի կուտենք, ― գոռաց Փիփինը։

― Սունկն իմն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Այն տապակել է աշխարհիս ամենալավ տնտեսուհին, տիկին Անգեղուհին։ Թաթներդ քաշեք, ես ինքս ձեզ համար կդնեմ։

Առհասարակ հոբիթները սունկ շատ են սիրում, նույնիսկ մարդկանցից էլ շատ։ Դրա համար էլ պատանի Ֆրոդոն ժամանակին շատ էր սիրում ուրիշի բանջարանոց մտնել: Բայց հիմա սունկը շատ էր, հոբիթավարի, և բոլորին կբավականացներ։ Եվ բացի սունկից բավական կերակուր կար, այնպես որ նույնիսկ Գիրուկ Կուղբոնցը վերջապես կուշտ տնքաց։ Նրանք սեղանի մոտից վեր կացան և տեղավորվեցին բազկաթոռներում՝ կրակին մոտիկ։

― Հետո կհավաքենք, ― ասաց Մերին: ― Իսկ հիմա պատմե՛ք։ Սրա՜նց նայեք, իրենք արկածների մեջ լինեն, իսկ մենք էստեղ աշխատենք։ Հապա մի տեսնեմ, սկզբից մինչև վերջ, հատկապես Անգեղի մասին՝ նա, ինչ է, ցնորվե՞լ է։ Ի՞նչ է պատահել, ախր։ Ես քիչ էր մնում խելքս թռցնեի՝ նա որևէ բանից վախենա՞։

― Դու էլ լինեիր՝ կվախենայիր, ― անհարմար լռությունը խզեց Փիփինը։ ― Կտեսնեինք քեզ, երբ երկու օր Սև Հեծյալները հետևիցդ ընկած լինեին։

― Այդ ի՞նչ հեծյալներ են։

― Սև՝ սև ձիերով, ― բացատրեց Փիփինը։ ― Երևում է, Ֆրոդոն խոսել չի ուզում, ուրեմն ես ձեզ կպատմեմ։

Եվ նա պատմեց իրենց ճանապարհորդության մասին՝ սկսած Հոբիթոնից: Սեմը գլխով էր անում, հազում ու հաստատում։ Ֆրոդոն լռում էր։

― Ես հաստատ կմտածեի, որ բոլորը հնարում ես, ― ասաց Մերին, ― եթե աչքովս չտեսնեի այդ նողկանքը նավամատույցում։ Եվ եթե Անգեղի ձայնը չլսեի։ Դու ի՞նչ կասես, Ֆրոդո։

― Նրանից ամբողջ ճանապարհին աքցանով խոսք չէիր քաշի, ― գանգատվեց Փիփինը։ ― Խուլուհամր է խաղում, իսկ օգո՞ւտն ինչ, նույնիսկ Անգեղը գլխի ընկավ, որ բոլոր փորձանքների պատճառը քեռի Բիլբոյի գանձերն են։

― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։

― Հաստատ ասել չես կարող, ― առարկեց Մերին։ ― Տեսա՜ծ ծերուկ է, նրա գլխում ավելի շատ կա, քան լեզվի վրա։ Ասում են, ժամանակին Զառամյալ Անտառում էլ է թափառել, և առհասարակ ի՞նչ ասես չգիտի... Գոնե ասա, Ֆրոդո, նա ճի՞շտ է կռահել։

― Դեհ... ― Ֆրոդոն հապաղեց։ ― Որոշ բաներ ճիշտ է հասկացել։ Այդ բոլորը կապված է Բիլբոյի այն ժամանակվա արկածների հետ, և Հեծյալներն էլ որոնում են, իսկ ավելի ճիշտ՝ ուզում են որսալ նրան կամ ինձ։ Ասեմ նաև, որ դա բոլորովին կատակ բան չէ և շատ վտանգավոր է։ Այստեղ պատսպարան չէ, նրանցից չես թաքնվի նույնիսկ այստեղ։

Նա այնպես նայեց պատուհաններին ու պատերին, ասես ուր որ է դրանք կվերանան։ Երեք երիտասարդ հոբիթները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։

― Վերջապե՜ս, ― շշնջաց Փիփինը։

― Այո, ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն ուղղվեց։ ― Ժամանակն է, բավական է հետաձգել։ Ձեզ համար մի տխուր նորություն ունեմ, միայն չգիտեմ, թե ինչից սկսեմ։

― Որ այդպես է, ― հանգիստ առաջարկեց Մերին, ― եկ քո փոխարեն ես սկսեմ։

― Դո՞ւ՝ իմ փոխարե՞ն, ― զարմացած նրան նայեց Ֆրոդոն։

― Ճիշտ այդպես, իսկ դու լսիր։ Սիրտդ հիմա շատ նեղված է, որովհետև չգիտես, թե ինչպես մեզ հրաժեշտ տաս։ Իհարկե, վաղուց էիր որոշել հեռանալ Հոբիթստանից, բայց շարունակ հետաձգում էիր: Սակայն փորձանքը ժամանակից շուտ վրա հասավ և խորհելու ժամանակ չմնաց։ Այժմ քաջություն ես հավաքել ու հեռանում ես, սակայն բոլորովին չես ուզում ճանապարհ գնալ։ Մենք քեզ շատ ենք խղճում։

Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքը բոլորին ծիծաղեցրեց։

― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փիփինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում. «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի Բեգ-Էնդը, և հետն էլ ու՞մ՝ Սաքվիլներին...

― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։

— Ոչ, ոչ,— հանգստացրեց նրան Մերին: — Ճիշտ է, կարճ ժամանակով, բայց առայժմ քո գաղտնիքը հայտնի է միայն մեզ՝ դավադիրներիս: Ախր մենք քեզ հինգ մատի պես գիտենք, հասկացիր։ Դու որ մի բանի մասին մտածում ես, դեմքիդ գրվում է։ Ճիշտն ասած, ես շատ ուշադիր էի քեզ հետևում Բիլբոյի գնալուց հետո, որովհետև հասկացա. սա էլ կգնա, միայն ժամանակ տուր։ Վերջերս, հատկապես, մենք շատ էինք վախենում, որ սուսուփուս կծլկես։ Գարնանից աչքներս չէինք կտրում քեզանից, ամեն ինչ չափել, կշռել ու որոշել ենք։ Մեզնից դու հենց այնպես չես փախչի, հույս չունենաս...

― Բայց ես պետք է գնամ, իմ թանկագին բարեկամներ, ― ասաց Ֆրոդոն։ ― Դա քննարկման ենթակա չէ: Ձեզ համար ծանր է, ինձ համար՝ առավել, բայց համոզել պետք չէ։ Քանի որ ամեն ինչ կռահել եք, ուրեմն ավելի լավ է օգնեք, կամ գոնե մի խանգարեք։

― Դե դու մեզ չհասկացար, ― միջամտեց Փիփինը։ ― Ո՞վ է քեզ բռնում՝ գնա, իսկ մենք էլ քեզնից հետ չենք մնա՝ ես ու Մերին։ Սեմը հիանալի երիտասարդ է, նա քեզ համար վիշապի կոկորդը կպատռի, եթե ձեռքը հասնի։ Միայն թե մեկ ուղեկիցը քեզ քիչ կլինի, ախր ճանապարհորդությունը վտանգավոր է։

― Իմ սիրելի՜, իմ լա՜վ հոբիթներ, ― դողացող ձայնով բացականչեց Ֆրոդոն։ ― Մի՞թե կարող եմ համաձայնել դրան։ Ես էլ վաղուց ամեն ինչ մտածել ու որոշել եմ։ Ասում եք, վտանգավո՞ր ճանապարհորդություն է... Առավել վատ... Դա ձեզ համար արշավ չէ գանձեր ձեռք բերելու համար, զբոսանք չէ՝ «Գնալն ու գալը»։ Մահն է սպառնում բոլոր կողմերից ու ամեն անկյունից։

― Շնորհակալ ենք, որ բացատրեցիր, ― հեգնական պատասխանեց Մերին: ― Հենց այդ պատճառով էլ քեզ հետ կգանք։ Մենք գիտենք, թե դա ինչ սարսափելի Մատանի է և ցանկանում ենք օգնել քեզ Թշնամու դեմ պայքարում։

― Մատանի՞... ― վերջապես խոսեց ապշահար Ֆրոդոն։

― Այո, Մատանի, ― ասաց Մերին։ ― Այ Ֆրոդո, դու ըստ երևույթին մտածում ես, որ բարեկամներդ բացարձակ դմբլո են։ Ախր ես այդ Մատանու մասին արդեն քանի՜ տարի գիտեմ, դեռ Բիլբոյի ժամանակներից, բայց քանի որ նրան հարմար էր գաղտնի պահել, ես էլ բացբերանություն չէի անում։ Բիլբոյին ավելի վատ գիտեի, քան քեզ, այն ժամանակ դեռ երիտասարդ էի, իսկ նա քեզնից խորամանկ էր։ Բայց նա էլ իր սխալներն ուներ՝ ուզո՞ւմ ես պատմեմ։

― Պատմիր, ― մեղմ արձագանքեց Ֆրոդոն։

― Սխալմունքի մեջ ընկավ նա Սաքվիլների պատճառով։ Մի անգամ, Հյուրասիրությունից մեկ տարի առաջ ես գնում էի ճանապարհով և տեսա Բիլբոյին։ Գնում եմ նրա հետևից, մեկ էլ տեսնեմ հեռվում երևացին Սաքվիլները, գալիս են ընդառաջ։ Բիլբոն հետ-հետ եկավ, ձեռքը մտցրեց գրպանը և հանկարծ՝ այ քեզ բա՜ն, չքացավ։ Ես սկզբում ապշեցի, հետո ուշքի եկա, թռա ցանկապատի վրայով ու՝ թրըմփ խոտի մեջ։ Սաքվիլներն անցան, իսկ դատարկ ճանապարհին հանգիստ ծլեց Բիլբոն ու գրպանը մտցրեց մի ինչ-որ փայլփլուն ոսկե բան։ Ինձ, իհարկե, շատ հետաքրքրեց դա։ Դե ինչ եմ ասում, ուղղակի սկսեցի լրտեսել նրան։ Ինչքան կուզեք դատապարտեք՝ բայց ինչ անեմ, այդպիսի հետաքրքրասերն էի տասնութ տարեկանում։ Ավաղ, Ֆրոդո, հարկավոր է նաև խոստովանել, որ Հոբիթստանում միայն ես եմ, բացի քեզնից, տեսել Բիլբոյի հուշագրությունները։

― Հուշագրություննե՞րն էլ, ― ճչաց Ֆրոդոն։ ― Իսկապես սա ի՞նչ բան է։ Մի՞թե ոչինչ չի կարելի գաղտնի պահել։

― Ինչո՞ւ, կարելի է, բայց ո՛չ բոլորից, ― ասաց Մերին։ ― Ես, ճիշտ է, միայն մի աչքով եմ ծիկրակել, բայց դե ի՜նչ ճարպկություն բանացրի... Նա իր հուշագրությունները աչքի լույսի պես էր պահպանում։ Հետաքրքիր է, ի՞նչ եղան դրանք, ես էն մյուս աչքովս էլ կնայեի։ Նրանք քեզ մո՞տ են, հո հետդ չե՞ս վերցրել։

― Ոչ։ Հուշագրությունները Բեգ-Էնդում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։

― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Բայց հենց փորձանքի հոտ եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գենդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ մեր գլխավոր աչքուականջին:

― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն՝ խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանից դուրս կգա սև լրտեսը՝ սև դիմակով։

― Արի, Սեմ, մի՛ ամաչիր, ― կանչեց Մերին, և Սեմը վեր կացավ մեղավոր տեսքով, ձեռքերը ցած թողած ու մինչև ականջները կարմրած։ ― Ահա թե ով է մեր գլխավոր տեղեկություններ հայթայթողը։ Եվ ես քեզ պետք է ասեմ, որ նա քիչ տեղեկություններ չի հաղորդել, մինչև նրան ճանկեցին։ Իսկ այդ ժամանակվանից կարծես բերանը ջուր է հավաքել՝ ազնվությունը, տեսե՜ք, տեսե՜ք, թույլ չի տալիս։

― Սե՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, զայրանա՞ր, թե թեթևացած շունչ քաշեր։ Միևնույն է, հիմար վիճակում էր գտնվում։

― Ես, տեր իմ, ― վախեցած խոսեց Սեմը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ... Ես ձեր պատճառով, տեր իմ, Գենդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց... Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերցրու քեզ հետ նրանց, ում վստահում ես...

― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սեմը վշտահար նայեց ներքև։

― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետևից կրակի ու ջրի մեջ էլ կթռչենք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմար ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք... Եվ ճանապարհի էլ պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է Գենդալֆը: Օրինակ՝ գիտենք Մատանու մասին։ Շատ սարսափելի է, իհարկե, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միևնույն է, կգանք։

― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սեմը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ՞ որ Գարալդը ձեզ ասաց. վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞:

― Այդպեսն այդպես է, ― Սեմին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու... Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից... Իսկ դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գարալդի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ. մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։

― Ասվածը՝ արած է։ Կեցցե՛ խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փիփինը պարից դուրս եկան և սկսեցին երգել ակնհայտորեն այս պահի համար նախապես հորինված մի երգ, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ.


Մնաս բարով, հարազատ օջախ,
Մութն է խտանում լեռներում,
Ինչ էլ որ լինի կհասնենք Ազատք,
Մեր կամքն ուժեղ է ու անկոտրում։

Կգնանք անտառով, դաշտով ու ձորով
Ու, թեև չարն է մեզ հետապնդում՝
Կհասնենք այնտեղ, ուր վաղուց, վաղուց
Էլֆերն են ապրում թաքնված հովտում:

Հետո կիմանանք անելիքը մեր,
Երբ հանգստանանք դեպքերից խառնակ,
Մեր պարտքը մեծ է, մեր ճամփան՝ երկար,
Բայց մենք անպայման կվերադառնանք։

Մոտ են լուսայգի շողերը անմար,
Ժամն է գնալու ու ժամն է հարմար...

― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ այդպես է, մենք դեռ բավական գործ ունենք մինչև քնելը: Եկեք սկսենք, քանի դեռ տանիք կա գլխներիս վերև, չէ՞ որ հետո տանիք չի լինի։

― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փիփինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել...

― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է: Չէ՞ որ նրանք գիտեն, որ ես այստեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գենդալֆին։ Գարալդը նույնպես զարմացավ, որ Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Բայց այստեղ ոչինչ չես կարող անել: Նշանակում է, երկու հարց մնաց անպատասխան: Առաջինը. ե՞րբ Հեծյալները կհասնեն Բաքմորի... Երկրորդ. որքան ժամանակ է պետք հավաքվելու համար... Ճանապարհը, հո ինքներդ գիտեք...

― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― մի ժամից ոչ ավելի։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։

― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գենդալֆին։

― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, լռվել մնացել են Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը մոտենում է գետին։ Դե, պահակները՝ խնդրես, չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Չնայած, հնարավոր է, որ ուժով ներխուժեն։ Ինձ թվում է, ցերեկը նույնպես ներս չեն թողնի այդպիսի սևերի ու կասկածելիների։ Թողնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմքն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։

Ֆրոդոն մտքերի մեջ ընկավ։

― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաղը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Եթե գնանք հյուսիսային դարպասով, տեղի բնակիչներն անմիջապես կիմանան, որ ես այլևս Բրենդիդուիմքում չեմ, իսկ մեզ հարկավոր է, որ մի քանի օր մեր մասին ոչ ոք ոչինչ չխոսի: Եթե նույնիսկ Հեծյալները Բրենդիդուիմք չխցկվեն, միևնույնն է, ճանապարհները կհսկեն: Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է մեզ հետապնդում, կարող է երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։

― Էդ ուրեմն դուք մենակ Զառամյալ Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ-որ Սև Հեծյալներ...

― Դե, դու մի քիչ չափազանցացնում ես, ― ասաց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի: Բախտներս եթե բերի, մեր հետքը կկորցնեն ու որոշ ժամանակ հետապնդումից կազատվենք։

― Էդ ձեր բախտը Զառամյալ Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ... Ինքներդ հավիտյան կկորչեք... Էնտեղ ոչ ոք չի գնում։

― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― առարկեց Մերին։ ― Լավ էլ գնում են: Բրենդիբաքերը, օրինակ: Իհարկե ոչ ամեն օր՝ երբ պետք է լինում։ Մենք նույնիսկ այնտեղ գնացող մեր սեփական, առանձին կածանն ունենք։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։

― Ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն, աշխարհումս Զառամյալ Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսեք։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ. պետք է չէ՞ ինչ-որ մեկը մնա, որ Գենդալֆին պատմի, թե ուր եք խցկվել։

Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել. ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Բեգինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայն դեպս, նույնիսկ Բեգ-Էնդից հին զգեստներ էին բերել. Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ վտանգավոր դեր է դա։

― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա. ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Զառամյալ Անտառ։

― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փիփինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։

― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։

— Լավ, հերիք է վիճեք,— հանդիմանեց նրանց Մերին: — Մենք դեռ պետք է խոհանոցը կարգի բերենք ու պարկերը կապենք: Մինչև ամբողջը չվերջացնենք՝ քնել չկա: Իսկ վաղը լուսամութին ես ձեզ բոլորիդ կարթնացնեմ:

Ֆրոդոն վերջապես պառկեց, բայց սկզբում ոչ մի կերպ չէր կարողանում քնել։ Ոտքերը նվվում էին, դեռ լավ է, որ գոնե վաղը ձիով կգնան։ Կամաց-կամաց նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ ու երազում տեսավ, իբր վերևից՝ բարձր աշտարակի պատուհանից, նայում է ներքևում ալեկոծվող ծառերի մութ ծովին, որոնց արմատների մոտ, գետինը հոտոտելով, ինչ-որ սև արարածներ են սողում։ Ֆրոդոն հասկանում էր, որ այդ արարածներն ի վերջո հոտոտելու են հետքը ու գտնեն իրեն:

Հետո նա հեռվից եկող խուլ աղմուկ լսեց: Սզբում մտածեց, թե քամին է սուլում տերևների մեջ։ Բայց հետո հասկացավ, որ աղմկում են ոչ թե տերևները, այլ հեռավոր ծովի ալիքները: Ալիքների աղմուկ նա երբեք իրականում չէր լսել, բայց երազում հաճախ էր լսում...

Հետո հանկարծ պատուհանը վերացավ, և նա հայտնվեց խոտածածկ ընդարձակ դաշտում։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է հավամրգին, իսկ աղի հոտը ռունգներն է խուտուտ տալիս։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց և ժայռի գլխին մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, և ճայթեց ամպրոպը։

Գլուխ վեցերորդ. Զառամյալ Անտառ

The old forest.jpg

Ֆրոդոն խայթվածի պես վեր թռավ։ Սենյակում մութ էր. Մերին մոմը ձեռքին կանգնած էր միջանցքում և ուժեղ թակում էր կիսաբաց դուռը։

― Կամաց... Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։

― Դեռ հարցնում է... ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Աչքերդ տրորիր ու վեր կաց։ Սեմն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փիփինը, որ Փիփին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։

Ժամը վեցի մոտ հոբիթները պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից և կածանով քայլեցին Մերիի հետևից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնիին։ Կածանը սուզվեց տան հետևի պուրակը, ապա դուրս եկավ դաշտ: Խոնավ տերևները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, և սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, և հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում. հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։

Պոնիները ախոռում էին. ամրակազմ, մեկը մյուսից սիրուն, դանդաղաշարժ, բայց դիմացկուն, իսկը հոբիթների պես։ Փախստականները հարմար նստեցին, ձիերը խթանեցին և խորացան թանձր մառախուղի մեջ, որն ասես նահանջում էր նրանց առջև, իսկ հետո նորից փակվում։ Մեկ ժամ կամ մոտ մեկ ժամ գնալուց հետո վերջապես մառախուղից անսպասելիորեն դուրս լողաց արծաթե սարդոստայնով շղարշված բարձր Պատնեշը։

― Դեհ, ինչպե՞ս եք անցնելու դրա վրայից, ― հարցրեց Ֆրեդեգարը։

― Իմ հետևից, ― պատասխանեց Մերին։ ― Կտեսնես։

Նա շրջվեց ձախ ու գնաց Պատնեշի երկարությամբ, որը շուտով դեմ առավ ձորի բերանին։ Դեպի ձորն իջնող լանջը հանկարծ դարձավ աղյուսե պատերով ստորգետնյա մուտք, որից սկիզբ առնող արահետը սուզվում էր Պատնեշի տակ և դուրս բերում ձորի մյուս կողմը։

Գիրուկ Կուղբոնցը կանգնեցրեց պոնին։

― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ միշտ...

― Եթե իմ առջևում միայն Զառամյալ Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գենդալֆին հաղորդիր, որ շտապ գա գլխավոր ուղի՝ մենք անտառից դուրս ենք գալու այնտեղ և արագ-արագ գնալու ենք Բրի։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, և Ֆրեդեգարը վերևում մենակ մնաց։

Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե ճաղերով դարպասն էր։ Մերին իջավ ձիուց և բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դռները ծածկվեցին և փականը չարագուշակ չխկաց։

― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջև Զառամյալ Անտառն է։

― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փիփինը։

― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի և ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Այստեղի բնակիչները զգուշավոր են ու կարծես ավելի կենդանի լինեն, հասկանու՞մ ես: Ասես մյուսներից ավելի լավ զգալուց լինեն, թե ինչ է կատարվում շուրջը: Ծառերն օտարներին չեն սիրում և հետևում նրանց իրենց բոլոր... երևի տերևներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Սովորաբար, մենակ հետևում են, ուրիշ ոչինչ: Ցերեկն այնքան էլ սարսափելի չէ, թող հետևեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են... Ես ինքս էլ գիշերն էստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով և ինչ-որ չար բան պայմանավորվում: Քամի չկար, բայց ճյուղերն օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել. հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերևից կախվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել և Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երևում է։

― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փիփինը։

― Դե չէ, իբրև թե նաև զանազան անտառային հրեշներ են բնակվում, ― պատասխանեց Մերին, ― միայն թե ոչ էստեղ, այլ Գալարի հովտում։ Ինչ-որ մեկն անընդհատ տրորում է արահետները, անտառ ես մտնում, իսկ էնտեղ նոր արահետ է բացվել, միայն անտառի ոգին գիտի, թե ուր է տանում և ամեն անգամ՝ տարբեր տեղեր։ Էստեղ մոտերքում առաջ կար մեկը, թեպետ հիմա երևի ծածկվել է խոտով, այդ արահետը տանում էր դեպի Հրդեհի բացատը և հետո իջնում էր մոտավորապես մեզ հարկավոր կողմը՝ հյուսիս-արևելք։ Թերևս, գտնեմ։

Հետևում թողնելով դարպասը՝ հոբիթները բարձրացան հետզհետե ընդլայնվող կիրճի լանջն ի վեր, որի մյուս կողմում սկսվում էր հազիվ նկատելի արահետը. այն հասնում էր ծառերի պատին ու անհետանում։ Ծառերի տակ մտնելով ու հետ նայելով՝ հոբիթները տեսան մթին Պատնեշի աղոտ շերտը՝ ահա ուր որ է կծածկվի աչքից։ Առջևում միայն բներ էին ու բներ, ուղիղ ու խոտոր, սլացիկ ու ծուռումուռ, ողորկ ու խթոտ, ճյուղավոր ու ոստավոր, մոխրականաչ, մամռակալած ու քարաքոսապատ։

Հոբիթների տրամադրությունն ընկավ: Միայն Մերին էր, որ չէր վհատվում։

― Փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Թե չէ մեկ էլ տեսար մեկս-մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք...

Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով՝ զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Բացի ծառերից, այստեղ ոչինչ չէր աճում: Զառիկող արահետը, կարծես թե, բարձրանում էր վեր, իսկ ծառերը գնալով ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խոր լռություն էր տիրում, միայն երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթներին թվում էր, թե իրենց տեսնում ու զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Եվ գնալով այդ զգացողությունը հոբիթների մեջ ուժեղանում էր. նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխներն այս ու այն կողմ պտտում՝ ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։

Արահետի հետք առայժմ չկար, իսկ ծառերի շարքերը գնալով խտանում էին, ասես ուզում էին ճանապարհը փակել: Փիփինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։

― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ...

Բոլորը վախից շունչները պահեցին, բայց ճիչը չթնդաց անտառում, այլ տեղնուտեղը խլացավ, ասես խեղդեցին։ Ոչ արձագանք, ոչ պատասխան, միայն անտառն ավելի խտացավ և ասես չարախնդորեն խշշաց։

― Ես քո տեղը լինեի՝ չէի գոռա, ― ասաց Մերին։ ― Դրանից օգուտ չկա, միայն՝ վնաս։

Ֆրոդոն սկսեց մտածել, որ ճանապարհն էլ չեն գտնի և որ ինքն իզուր բարեկամներին բերեց այս չարագուշակ անտառը։ Մերին շփոթահար այս ու այն կողմ էր նայում. երևում է, նա արդեն վստահ չէր, որ ճիշտ է ընտրել ուղին: Փիփինի աչքից դա չվրիպեց:

― Ինչ էլ արագ հասցրիր մոլորվես, ― փնթփնթաց նա:

Բայց Մերին հանկարծ թեթևացած սուլեց ու մատով ցույց տվեց դեպի առաջ։

― Ա՜յ թե գործ է, հա՜, ― մտածկոտ ասաց նա։ ― Երևում է, ծառերն իրոք տեղում կանգնած չեն մնում։ Հրեն, էն է Հրդեհի Բացատը: Բայց թե արահետն ո՞ւր է կորել...

Առջևում ճանապարհը լուսավորվում էր. ծառերը նահանջում էին։ Հոբիթները հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի ընդարձակ բացատում։ Նրանց գլխավերևում անսպասելի բացվեց կապույտ ու մաքուր երկրինքը։ Արևը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում իր բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես Հրդեհի բացատն անջրպետված լիներ անտառից կանաչ ու խիտ պատով։ Բացատում ոչ մի ծառ չկար. կոշտ խոտ, իսկ դրանց մեջ՝ չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Անհրապույր ու տխուր վայր էր, բայց Զառամյալ Անտառի հեղձուկ ու մութ թավուտներից հետո այստեղ ուղղակի հրաշալի էր։

Հոբիթներն աշխուժացան ու հույսով նայեցին արևի ճառագայթներով ողողված երկնքին, որը պայծառ ու տաք օր էր խոստանում։ Բացատի հեռավոր ծայրին, ծառերի մեջ, բարակ արահետ էր նշագծվում։ Այն մտնում էր անտառ, բայց որոշ ժամանակ դեռ տեսանելի էր՝ կանաչ տանիք չկար գլխին, թեև երբեմն վրայով տարածվում էին խիտ ճյուղերը՝ մեկ կիպ մոտենալով, մեկ իրարից անջատվելով։ Հոբիթները գնացին սկսվող արահետով: Թեպետ թեթևակի բարձրանում էին, բայց հիմա գնում էին առաջվանից ավելի արագ: Բարեկամներն աշխուժացել էին. թվում էր, թե անտառը բարիացել է իրենց նկատմամբ և թույլ կտա անցնել։ Սակայն ո՞ւր էր թե...

Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց և ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քայլը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերևների կույտերի մեջ, խփվում չերևացող արմատներին, և լռության մեջ այդ հարվածները խուլ արձագանքում էին ականջներում։ Բարեկամներին խրախուսելու համար Ֆրոդոն փորձեց երգել, սակայն դա ավելի շատ խռպոտ շշնջոցի էր նման.


Մութ անտառով քայլող ճամփորդ
Մի վհատվիր ու միշտ հիշիր.
Ամեն անտառ ունի վերջ,
Չի լինում ոչինչ անվերջ:
Շուտով անտառը կվերջանա
Եվ արևը երկնքում կերևա
Արևելք, թե արևմուտք գնաս,
Մեկ է, անտառի ծայրը դուրս կգաս:

Երգի վերջում Ֆրոդոյի կոկորդը վերջնականապես չորացավ: Օդը ծանրացավ, խոսելը դժվարացավ: Ծառերի շարքերն ավելի խտացան:

— Չեն ուզում լսել, որ անտառը վերջ ունի,— զվարթ ձայնով ասաց Մերին: — Քո փոխարեն ես հիմա չէի երգի: Այ, որ հասնենք անտառեզր, կշրջվենք ու ցույց կտանք սրանց, թե երգչախումբն ինչ է:

Հոբիթները չպատասխանեցին: Ֆրոդոյին կրծում էր տագնապը և կեղեքում կսկիծը։ Ամեն քայլափոխի նա գնալով ավելի էր փոշմանում, որ համարձակվեց մարտահրավեր նետել այս ահեղ ծառերին: Նա ինքն իրեն մեղադրում էր թեթևամտության համար և այն է, ուզում էր մտածել հետ վերադառնալու մասին (այսինքն՝ հայտնի չէ, թե ուր), երբ հանկարծ ծանր վերելքը վերջացավ: Ծառերը բաժանվեցին և ճամփորդներին բաց թողեցին մի հարթ բացատ, իսկ արահետը վազեց ուղիղ դեպի կանաչ բլուրը, որը բարձրանում էր Անտառի վերևում՝ ոնց որ ցցված մազերի վերևից երևացող ճաղատ գագաթ։

Հոբիթներն արագացրին քայլերը՝ ուրախանալով, որ վերջապես կարելի է հանգիստ դիտել շուրջը։ Արահետը սկզբում իջավ ներքև, ապա սկսեց ոլորապտույտ բարձրանալ, մինչև որ հասավ բլրի ստորոտին: Այստեղ այն դուրս եկավ ծառերի շրջանակից և անհետացավ խոտերի մեջ: Ծառերը շրջապատել էին ճաղատ բլուրը բոլոր կողմերից՝ իսկ և իսկ գզգզված մազեր ճաղատ գագաթի շուրջ:

Հոբիթները շուտ չհայտնվեցին բարձունքում՝ նրանք քշում էին պոնիներին ոլոր-մոլոր՝ լայն շրջաններ գծելով բլրի շուրջը: Հասնելով գագաթին՝ նրան շուրջը նայեցին: Օդը հագեցած էր արևի շողերով, բայց հեռուն թաքնված էր կապտավուն մեգի մեջ, որը փակում էր տեսադաշտը։ Առավոտյան մշուշը գրեթե չքացել էր, միայն հարավում՝ ցածրավայրում, մի փոքրիկ սպիտակ շերտ էր մնացել:

― Ա՜յ այնտեղ, ― ասաց Մերին, ― Դամբանաբլուրներից Գալար գետը հոսում է դեպի հարավ-արևմուտք՝ անտառի խորքը, կտրում-անցնում է ողջ թավուտը ու թափվում է Բրենդիդուիմ։ Ահա թե որ կողմից ավելի շատ պետք է խուսափենք։ Ասում են, հենց գետից է գալիս անտառի գլխավոր կախարդանքը։

Հոբիթները նայեցին Մերիի ցույց տված ուղղությամբ, բայց ոչինչ չտեսան, բացի հովիտը պատած կապտավուն մեգից: Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, բայց աշնանային մեգի շղարշն առաջվա պես թանձրանում էր հեռուներում։ Արևմուտքում չէին երևում ո՛չ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում թաքնված Բրենդիդուիմի գետահովիտը։ Հյուսիսում նույնպես ոչինչ չկար, ու թեև Հոբիթները երկար և ուշադիր զննեցին, բայց չկարողացան գտնել ո՛չ Արևմտյան Մեծ Ուղին, ո՛չ էլ դրան հիշեցնող ինչ-որ բան։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։

Երբ արևը հատեց կեսօրը, արևելքում անտառից առանձնացան Դամբանաբլուրների մոխրականաչ ալիքները: Դա շատ ուրախացրեց հոբիթներին՝ հաճելի էր տեսնել, որ Զառամյալ Անտառն այնուամենայնիվ վերջ ունի: Սակայն գնալ այդ ուղղությամբ նրանք չէին պատրաստվում. հոբիթական հեքիաթներում այդ Գերեզմանոցը շատ վատ համբավ ուներ:

Վերջապես բարեկամները որոշեցին շարունակել ճանապարհը: Արահետը, որով բարձրացել էին բլուրը, իջնում էր մյուս կողմից ու ստորոտից ձգվում դեպի հյուսիս։ Սակայն շուտով հոբիթներն զգացին, որ դանդաղ, բայց հաստատապես թեքվում են աջ՝ հարավ-արևելք, դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորովին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին դու