«Մարդու ճակատագիրը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մարդու ճակատագիրը |հեղինակ = Միխայիլ Շոլոխով |թարգմանիչ = Մկրտիչ Արմեն |ա...»:)
 
 
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Միխայիլ Շոլոխով]]
 
|հեղինակ = [[Միխայիլ Շոլոխով]]
 
|թարգմանիչ = [[Մկրտիչ Արմեն]]
 
|թարգմանիչ = [[Մկրտիչ Արմեն]]
|աղբյուր = «Մանոն Լեսկո»
+
|աղբյուր = «Մարդու ճակատագիրը»
 
}}
 
}}
  

Ընթացիկ տարբերակը 20:12, 22 Փետրվարի 2016-ի դրությամբ

Մարդու ճակատագիրը

հեղինակ՝ Միխայիլ Շոլոխով
թարգմանիչ՝ Մկրտիչ Արմեն
աղբյուր՝ «Մարդու ճակատագիրը»


Եվգենյա Գրիգորևնա Լևիցկայային
ՍՄԿԿ անդամ 1903 թվականից


Հետպատերազմյան աոաջին գարունը վերին Դոնում հախուռն էր և սրընթաց։ Մարտի վերջին Ազովի մերձակայքից փչեցին տաք քամիներ և արդեն երկու օր հետո Դոնի ձախափնյա ավազները լիովին մերկացան, տափաստանում հուռթացան ձնով լցված ձորակներն ու փոսերը, սառույցը կոտրելով կատաղի խայտացին տափաստանային գետակները, և ճանապարհները դարձան համարյա անանցանելի։

Ճանապարհների դժվարության այդ անպատեհ ժամանակ ինձ հարկավոր էր մեկնել Բուկանովսկայա ստանիցան։ Տարածությանը մեծ էլ չէր՝ ընդամենը մոտ վաթսուն կիլոմետր, բայց դուրս եկավ, որ այնքան էլ հեշտ չէր դա հաղթահարելը։ Ես ու ընկերս դուրս ելանք արևածագից առաջ։ Մի զույգ կուշտ ձիեր, կապերը լարի պես պինդ ձգելով, հազիվ էին քաշում ծանր բրիչկան։ Անիվները մինչև առանցքագնդերը թաղվում էին ձնախառն, սառցակալած թաց ավազի մեջ, և մի ժամ հետո ձիերի կողերին և փորատակերին, ձիասարքերի բարակ փոկերի տակ արդեն երևացին փրփուրի սպիտակ, փարթամ փաթիլներ, իսկ առավոտվա զով օդի մեջ զգացվեց ձիերի քրտինքի և ձիասարքի վրա առատորեն քսված կուպրի սուր և արբեցնող հոտը։

Այն տեղերում, որտեղ առանձնապես դժվար էր լինում ձիերի համար, մենք իջնում էինք բրիչկայից, գնում հետիոտն։ Մեր սապոգների տակ չրմփում էր տամկացած ձյունը, քայլելը դժվար էր, բայց ճանապարհի եզրերին դեռ մնում էր արևի տակ բյուրեղի պես փայլող սառցակեղևը, և այնտեղով անցնելն ավելի դժվար էր։ Միայն մոտ վեց ժամում հազիվ կարողացանք կտրել երեսուն կիլոմետր տարածությունը, մոտեցանք Ելանկա գետակի գետանցին։

Ամառները տեղ-տեղ ցամաքող փոքրիկ գետակը Մոխովսկոի խուտորի դիմացի ճահճոտ, լաստենիներով ծածկված ցածրավայրում հորդել էր մի ամբողջ կիլոմետր։ Մենք պետք է գետակն անցնեինք տափակահատակ խարխուլ նավակով, որը վերցնում էր երեք մարդուց ոչ ավելի։ Մենք թողեցինք ձիերը։ Այն կողմում, կոլտնտեսության սարայում մեզ սպասում էր գլխովը շատ բաներ անցած մի հին «վիլլիս», որն այնտեղ էինք թողել դեռ ձմռանը։ Շոֆերի հետ ես, ոչ առանց վախի, նստեցի խարխուլ նավակը։ Ընկերս իրերի հետ մնաց ափին։ Դեռ նոր էինք ափից պոկվել, երբ փտած հատակի զանազան տեղերից շատրվանի պես ներս խփեց ջուրը։ Մեր ձեռքի տակ եղած միջոցներով խծուծեցինք անհուսալի տաշտակը և մենչև մեր հասնելը, այնտեղից դուրս էինք թափում ջուրը։ Մի ժամ հետո մենք Ելանկայի մյուս կողմում էինք։ Շոֆերը խուտորից քշեց բերեց մեքենան, ինքը մոտեցավ նավակին և թիերը վերցնելով ասաց.

— Եթե այս անիծյալ տաշտակը ջրի վրա իրարից դուրս չգա մի երկու ժամից հետո կգնանք, ավելի շուտ մի սպասեք։

Խուտորն ընկած էր հեռու, մի կողմում և նավակների մատույցի մոտ տիրում էր այնպիսի լռություն, ինչպիսին լինում է անմարդ վայրերում միայն խուլ աշնանը և գարնան ամենասկզբին։ Ջրից փչում էր խոնավություն, փտող լաստենիների տտիպ դառնահոտը, իսկ Իսոպերսկի շրջակա հեռու տափաստաններից, որոնք թաղված էին մառախուղի յասամանագույն մուժի մեջ, թեթև քամին բերում էր ձյան տակից դեռ նոր ազատված հողի հազիվ զգացվող, հավետ երիտասարդ բույրը։

Ոչ հեռվում, մերձափնյա ավազի վրա, ընկած էր ճյուղերից հյուսված ցանկապատ։ Ես նստեցի դրա վրա, ուզում էի ծխել բայց ձեռքս խրելով բամբակաբաճկոնիս աջ գրպանը, մեծ ցավով հայտնաբերեցի, որ «Բելոմորի» տուփն ամբողջովին թրջվել է։ Գետն անցնելիս ալիքը խփել էր խորն իջած նավակի պռունկից ներս, մինչև գոտկատեղս ողողել ինձ պղտոր ջրով։ Այդ պահին ես ժամանակ չունեի ծխախոտի մասին մտածելու, հարկավոր էր թին մի կողմ դնելով, ըստ հնարավորին արագ դուրս թափել ջուրը, որպեսզի նավակը չսուզվեր, իսկ այժմ, դառնորեն ցավելով իմ անուշադրության համար, ես զգուշությամբ գրպանիցս դուրս հանեցի թրջված տուփը, պպզեցի և սկսեցի փափկած, գորշ գույն ստացած գլանակները մեկ առ մեկ շարել ցանկապատի վրա։

Կեսօր էր։ Արևն անքան տաք էր՝ ինչպես մայիսին։ Ես հույս ունեի, որ գլանակները շուտով կչորանան։ Եվ այդ տաքությունից ես արդեն ափսոսում էի, որ ճանապարհի համար հագել եմ զինվորական բամբակած շալվար ու բաճկոն։ Դա ձմեռվանից հետո առաջին իսկական տաք օրն էր։ Հաճելի էր նստել ցանկապատի վրա ահա այսպես, մենակ, ամբողջովին ենթարկվելով լռությանն ու մենակությանը և, գլխիցս հանելով զինվորական հնամաշ ականջակալով գլխարկս, քամու դիմաց չորացնել ծանր թիավարության ժամանակ թրջված մազերս, առանց մտորելու հետևել գունատ կապույտի մեջ լողացող սպիտակ, լիակուրծք ամպերին։

Շուտով ես տեսա, թե ինչպես խուտորի եզրի տների հետևից ճանապարհի վրա դուրս ելավ մի տղամարդ։ Նա բռնել էր մի փոքրիկ տղայի ձեռքը, հասակից դատելով՝ հինգ-վեց տարեկան, ոչ ավելի։ Սրանք հոգնած քայլերով եկան դեպի գետանցը, բայց հավասարվելով մեքենային, շուռ եկան դեպի ինձ։ Բարձրահասակ, մի փոքր կորաթիկունք տղամարդը, մոտենալով ընդհուպ, կամացուկ, թավ ձայնով ասաց.

— Բարև, եղբայր։

— Բարև։— Ես սեղմեցի դեպի ինձ մեկնած մեծ, կոշտ ձեռքը։

Տղամարդը թեքվեց դեպի երեխան, ասաց.

— Բարևիր հորեղբորը, որդիս։ Նա, երևում է, քո հոր նման ավտովարորդ է։ Միայն թե ես ու դու բեռնատար էինք քշում, իսկ նա, ա՛յ էն փոքրիկ մեքենան է բանեցնամ։

Ուղիղ նայելով իմ աչքերին՝ փոքրիկ երկնքի նմանվող իր աչքերով, թեթևակի ժպտալով, տղան համարձակ մեկնեց ինձ իր վարդագույն, սառը թաթիկը։ Ես թեթև ցնցեցի, այն և հարցրի.

— Ձեռքդ ինչո՞ւ է այդպես սառը, ծերուկ։ Տաք եղանակ է, իսկ դու մրսո՞ւմ ես։

Մանկական սրտաշարժ դյուրահավատությամբ փոքրիկը սեղմվեց իմ ծնկներին, զարմացած վեր բարձրացրեց իր բաց գույնի հոնքերը։

— Ո՞վ է ծերուկ, հորեղբայր։ Ես երեխա եմ ու իսկի էլ չեմ մրսում, իսկ ձեոքերս սառն են, որովհետև ձնագնդի եմ խաղացել։

Մեջքի վրայից իջեցնելով իրերի սմքած պարկը, հոգնած նստելով իմ կողքին, հայրն ասաց.

— Փորձանքն եմ ընկել էս ուղևորի հետ։ Սրա պատճառով ես էլ ջարդվածի պես եմ։ Հենց մի քիչ ոտքերդ լայն-լայն ես գրցում նա արդեն տրճիկ է տալիս, դե արի ու հարմարվիր էս տեսակ մանրապճեղի հետ։ Էնքան տեղը, որ ես մի քայլ պիտի գցեմ, երեքն եմ գցում, ու գնում ենք սրա հետ էսպես, խառնատոտիկ, ինչպես նժույգն ու կրիան։ Բացի դա, ախար. աչքդ էլ պիտի միշտ վրան պահես։ Հենց որ երեսդ շուռ տվեցիր նա արդեն լճակը կմտնի կամ սառույց կպոկի ու կսկսի ծծել կոնֆետի տեղ։ Չէ, տղամարդու բան չի էսպիսի ուղևորի հետ ճանապարհ գրնալը, էն էլ երթային կարգով։— Նա մի պահ լռեց. ապա հարցրրեց.— Իսկ դո՜ւ ինչ ես անում, եղբայր, պետերի՞դ ես սպասում։

Ես անհարմար գգացի ցրել նրա համոզմունքը, թե ես վարորդ չեմ և պատասխանեցի.

— Ստիպված եմ սպասել։

— Այն կողմի՞ց են գալու։

— Այո։

— Չգիտե՞ս, շուտ է գալու նավակը։

— Մի երկու ժամից։

— Շատ կա։ Դե ի՞նչ, առայժմ հանգստանանք, շտապելու տեղ չունեմ։ Իսկ ես անցնում էի մոտերքով, տեսնեմ ինձ նման շոֆեր, արև է ընդունում։ Արի, մտածեցի, մոտենամ, միասին ծխենք։ Մենակ ծխելն էլ մարդու սիրտր չի տալիս. մեռնելն էլ։ Իսկ դու ճոխ ես ապրում, գլանակներ ես ծխում։ Ուրեմն թրջել ես։ Դե, եղբայր, ծխախոտը թրջվելուց հետո, ոնց որ ձին բուժվելուց հետո,— բանի պետք չէ։ Արի, ավելի լավ է իմ թութունը ծխենք։

Նա իր ամառային գորշ-կանաչ շալվարի գրպանից հանեց խողովակաձև փաթաթած մորեգույն մետաքսե մաշված քսակը, քանդեց, և ես հասցրի կարդալ դրա անկյունում ասեղնագործած մակագրությունը. «Թանկագին մարտիկին՝ Լեբեդյանսկու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհուց»։

Մենք ծխեցինք տանու խիստ թունդ ծխախոտը և երկար ժամանակ լուռ էինք։ Ես ուզում էի հարցնել, թե նա ո՞ւր է գնամ երեխայի հետ. ի՞նչն է նրան դրդել գնալ ճանապարհների այսպիսի դժվար ժամանակ, բայց նա ինձ կանխեց իր հարցով.

— Իսկ դու, ի՞նչ է, ամբողջ պատերազմի ժամանակ ղե՞կ ես բռնել։

— Համարյա ամբողջ։

— Ռազմաճակատո՞ւմ։

— Այո։

— Է, եղբայր, ես էլ էնտեղ ճաշակել եմ դառնություն մինչև քթածակերս ու դեռ դրանից էլ դենը։

Նա իր մեծ, մուգ ձեռքերը դրեց ծնկներին, կռացավ։ Ես կողքանց նայեցի նրան և մի տեսակ տակնուվրա ելա... Տեսե՞լ եք դուք երբևէ աչքեր, որոնց վրա կարծես մոխիր լինի ցանված, որոնք լցված լինեն այնպիսի անծայր մահու թախիծով, որ դժվար լինի նայել դրանց։ Ահա այդպիսի աչքեր ուներ իմ պատահական զրուցակիցը։

Ցանկապատից պոկեւով մի չոր, ծռված ճյուղ, նա մի րոպե լուռ շարժում էր դա ավազի վրա գծելով ինչ-որ խրթին գծագրություններ, և ապա խոսեց.

— Պատահում է, չես քնում գիշերը, դատարկ աչքերով նայում ես մթության մեջ ու մտածում. «Ախր ինչո՞ւ համար, ա՛յ կյանք, դու ինձ էս տեսակ ջարդեցիր ու թողեցիր։ Ինչո՞ւ համար էս տեսակ սպանեցիր»։ Օչ մի պատասխան չունեմ ոչ խավարից, ոչ պայծառ արեգակից... Չունեմ ու չեմ էլ ունենա։— Եվ հանկարծ սթափվեց, փաղաքշորեն հրելով իր տղային, ասաց.— գնա, բալիկս, խաղ արա ջրի մոտ, մեծ ջրի մոտ երեխաների համար գտնելու միշտ մի բան կճարվի։ Մենակ թե, տե՛ս, չթրջես ոտքերդ։

Դեռևս երբ մենք լուռ ծխում էիեբ, ես հորն ու որդուն գաղտագողի զննելիս, զարմանքով ինքս ինձ համար նշեցի իմ կարծիքով մի տարօրինակ հանգամանք։ Տղան հագնված էր պարզ, բայց լավ. և այն, թե ինչպես էր նստում նրա վրա եզրերին հնամաշ գառան մորթի կարած երկարափեշ բաճկոնը, և այն, որ նրա պստլիկ սապոգները կարված էին այն հաշվով, որպեսզի դրանք կարելի լիներ հագնել բրդե գուլպաներով, և նրա բաճկոնի երբեմնի պատռած թևքի խիստ հմտորեն կարվածքը,— այդ ամենը մատնում էր կանացի հոգատարության, մայրական հմուտ ձեռքերի առկայությունը։ Իսկ հայրն ուրիշ տեսք ուներ, մի քանի տեղով վառված նրա բամբակաբաճկոնը կարկատված էր անփութորեն ու կոպիտ, մաշված կանաչագորշ շալվարի վրա կարկատանները գցած էին ոչ այնպես, ինչպես հարկն էր, այլ ավելի շուտ բլանդած էին տղամարդու արած լայն-լայն շուլալով, նա հագել էր զինվորի համարյա նոր կոշիկներ, բայց ցեցը կերել էր բրդյա հաստ գուլպաները, դրանց չէր կպել կանացի ձեռքը... Դեռ այն ժամանակ ես մտածեցի. «Կամ այրի է, կամ հաշտ չի ապրում կնոջ հետ»։

Բայց ահա նա, որդուն աչքերով ուղեկցելուց հետո, խուլ հազաց, նորից խոսեց, և ես ամբողջապես վերածվեցի լսողության։

— Սկզբում իմ կյանքը սովորական էր։ Ես ինքս Վորոնեժի նահանգից եմ, հազար ինն հարյուր թվի ծնված։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ կարմիր բանակում էի՝ Կիկվիձեի դիվիզիայում։ Սովի՝ քսաներկու թվին գնացի Կաբան, որ էշի պես չարչարվեմ կուլակների համար, դրա համար էլ ողջ մնացի։ Իսկ հայրս ու մայրս փոքր քրոջս հետ սովից տանը մեռան։ Մնացի մենակ։ Ազգականներ՝ ուզում ես ավելով սրբիր, չես գտնի ոչ մի տեղ, ոչ ոքի, ոչ մի մարդ։ Դե, մի տարի հետո վերադարձա Կուբանից, խրճիթս ծախեցի, մեկնեցի Վորոնեժ։ Սկզբում աշխատեցի հյուսների արտելում, հետո անցա գործարան, դարձա խառաատ։ Շուտով ամուսնացա։ Կինս մեծացել էր մանկատանը։ Որբ էր։ Լավ աղջիկ էր բաժին ընկել ինձ։ Խոնարհ, ուրախ, ու խելոք, իմ թայը չէր։ Նա դեռ երեխա հասակից էր իմացել թշվառաթյան համը, գուցե հենց դա էր ազդել նրա բնավորության վրա։ Դրսի աչքերով որ նայեիր՝ նա էնքան էլ մի աչքի ընկրնողը չէր բայց ես հո փութանցիկ չէի նայում նրան, այլ ուշադիր ու համառ։ Եվ ինձ համար չկար նրանից գեղեցիկն ու ցանկալին, չկար աշխարհում ու չի լինի։

Գալիս ես աշխատանքից հոգնած, մեկ-մեկ էլ չարացած, ոնց որ դե։ Չէ, քու կոպիտ խոսքին նա կոպտությամբ չի պատասխանի։ Սիրալիր, սուսիկ-փուսիկ, չգիտի, թե որտեղ նստեցնի քեզ, չարչարվում է, որ նույնիսկ մեր փոքր եկամուտից քեզ համար մի ինչ-որ անուշ պատառ պատրաստի։ Նայում ես նրան ու սիրտդ կակղում է. իսկ մի քիչ անց գրկում ես նրան ու ասում. «Ներիր, սիրելի Իրինկա, կոպիտ վարվեցի քեզ հետ։ Հասկանո՞ւմ ես, էսօր գործս թարս գնաց»։ Ու նորից մեզ մոտ հաշտություն է, ու նորից խաղաղություն է. հոգուս մեջ։ Իսկ դու գիւոե՞ս, եղբայր, թե ի՞նչ է նշանակում դա աշխատանքի համար։ Առավոտը վեր եմ կենում ժիր, գնում եմ գործարան ու ամեն աշխատանք ձեռքիցս չի պրծնում ու առաջ է գնում։ Ա՛յ թե ինչ է նշանակում ունենալ խելոք կին-ընկերուհի։

Պատահում էր, որ մեկ մեկ, աշխատավարձ ստանալուց հետո խմում էի ընկերներիս հետ։ Մեկ մեկ էլ պատահում էր, որ տուն գնալիս էնպես էի ոլոր-մոլոր գցում ոտքերս, որ երևի նայողր սարսափում էր։ Փողոցը նեղ է քեզ համար, ու վերջ. էլ չեմ ասում նրբանցքների մասին։ Ես էն ժամանակ առողջ ու ուժեղ տղա էի, ոնց որ դե, ինչքան ասես կարողանում էի խմել, իսկ տուն հասնում էի միշտ էլ սեփական ոտքով։ Բայց մեկ մեկ էլ էնպես էր պատահում, որ ճամփի վերջին պատառը գնում էր առաջին արագությամբ, այսինքն՝ չորեքթաթ, բայց էլի հասնում էի։ Ու էլի, ոչ քեզ հանդիմանել կա, ոչ բղավել, ոչ կոիվ ու իրարանցում։ Իմ Իրինկան միայն ծիծաղում է ու էն էլ զգուշությամբ, որ ես հարբած տեղովս չնեղանամ։ Հանում է ոտնամաններս ու փսփրսում. «Պառկիր պատի կողմը, Անդրուշա, թե չէ քունդ գլխիդ, ցած կընկնես մահճակալից» Դե, ես ոնց որ վարսակով լիքը պարկ, ընկնում եմ ու ամեն ինչ լող է տալիս աչքիս առաջ։ Միայն էն եմ գգում քնիս մեջ, որ կամացուկ գլուխս է շոյում ու ինչ-որ բան է շշնջում քնքշությամբ, ասել է խղճում է։

Առավոտյան նա աշխատանքից մի երկու ժամ առաջ ինձ վեր է հանում, որ ինքս ինձ թափ տամ։ Գիտե, որ հարբելուց հետո ես ոչինչ չեմ ուտելու, դե աղի վարունգ է բերում կամ մի ուրիշ թեթև բան, օղի է լցնում երեսակավոր փոքրիկ բաժակը։ «Խումարհան եղիր, Անդրյուշա, բայց էլ մի խմի, թանկագինս»։ Դե մի թե կարելի է չարդարացնել էդ տեսակ վստահությունը։ Խմում եմ, շնորհակալ եմ լինում նրանից առանց խոսքի, միայն աչքերով, համբուրում եմ ու խելոք խելոք գնամ աշխատանքի։ Բայց եթե հարբելուց հետո նա ինձ հակառակ խոսք ասեր, բղավեր կամ հայհոյեր, ես, աստված վկա, երկրորդ օրր էլի կհարբեի։ Էդպես էլ լինում է որոշ ընտանիքներում, որտեղ կնիկը հիմար է. շատ եմ տեսել ես էդ տեսակ անպետք կանանց, գիտեմ։

Շուտով երեխաներ ունեցանք։ Նախ տղա ծնվեց, տարիներ հետո՝ ևս երկու աղջիկ... Դրանից հետո ես ընկերներիցս հեռացա։ Ամբողջ ստացածս տուն էի բերում, ընտանիքս բավական մեծացել էր, առաջվա պես չէի. երբ խմում էի։ Հանգստի օրը մի գավաթ գարեջուր եմ խմում ու դրանով վերջացնում։

Քսանինը թվին խելքս տվի մեքենաներին։ Սովորեցի ավտոյի գործր, նստեցի ղեկի առաջ, բեռնատարի վրա։ Հետո տարվեցի ու էլ չուզեցի վերադառնալ գործարան։ Ղեկի առաջ նստելն ինձ ավելի դուր եկավ։ Էդպես էլ ապրեցի տասը տարի ու չնկատեցի, թե ինչպես անցան դրանք։ Անցան, ոնց որ երազի մեջ։ Ասենք տասը տարին ի՞նչ է որ։ Հասակավոր մարդկանցից ում ուզում ես հարցրու, նկատե՞լ է, թե ինչպես է կյանքն անցկացրեց։ Իսկի ոչինչ էլ չի նկատել։ Անցյալը դա ոնց որ էն հեռու տափաստանը լինի մուժի մեջ կորած։ Առավոտը ես անցնում էի էնտեղով, շուրջս ամեն ինչ պարզ էր, բայց քայլեցի անցա քսան կիլոմետր, ահա մուժը ծածկեց տափաստանը ու էստեղից այլևս չես ջոկի անտառը մացառից, վարած հողը՝ խոտհարքից...

Էդ տասը տարին ես աշխատում էի օր ու գիշեր։ Լավ էի վաստակում, ու մենք ուրիշներից վատ չէինք ապրում։ Երեխաներն էլ էին մեզ ուրախացնում, երեքն էլ սովորում էին, գերազանցիկ էին, մեծը՝ Անատոլին, էնքան ընդունակ դուրս եկավ մաթեմատիկայի մեջ, որ նրա մասին նույնիսկ կենտրոնական թերթերում գրեցին։ Որտեղի՞ց նրա մեջ հայտնվեց էդպես ահագին տաղանդ էդ գիտությունից՝ ես ինքս էլ չգիտեմ, եղբայր։ Միայն թե դա ինձ շատ էր ուրախացնում, ու ես հպարտանում էի նրանով, ո՜նց էի հպարտանում։

Տասը տարվա մեջ մենք մի քիչ փող կուտակեցինք ու պատերազմից աոաջ մեզ համար մի տուն սարքեցինք երկու սենյակից, մառանով ու միջանցքով։ Իրինան երկու այծ գնեց։ Էլ ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Երեխաները շիլան կաթով են ուտում, գլխրներիս վերև կտուր կա, հագուստ ու ոտնաման ունենք, այսինքն ամեն ինչ տեղն է։ Միայն թե տունը ես անհարմար տեղ էի սարքել վեց հարյուր մետր հեռավորության վրա էր հողամաս տվեցին ավիագործարանից։ Եթե ուրիշ տեղ լիներ տնակս, գուցե թե կյանքս էլ ուրիշ կերպ դասավորվեր...

Ու մեկ էլ, ահա, պատերազմ։ Երկրորդ օրը ծանուցագիր ստացա ռազմական կոմիսարիատից, իսկ երրորդ օրը՝ համեցեք էշելոն։ Ինձ ճանապարհ դրեցին իմ բոլոր չորս հարազատները՝ Իրինան, Անատոլին և աղջիկներս՝ Նաստենկան ու Օլյուշկան։ Երեխաները բոլորն էլ իրենց քաջ էին պահում։ Բայց դե, առանց դա չի լինի, աղջիկներիս աչքերը թրջվեցին։ Անատոլին միայն ուսերն էր վեր ու վար անում՝ կարծես ցրտից, նա էդ ժամանակ արդեն տասնյոթի մեջ էր, իսկ Իրինաս... Ես նրան մեր տասնյոթ տարվա միատեղ կյանքում դեռ ոչ մի անգամ էդպես չէի տեսել։ Գիշերը իմ շապիկիս ուսն ու կուրծքը չէին չորանում նրա արցունքներից, իսկ առավոտյան՝ էլի նույն պատմությունը... Եկանք կայարան, իսկ ես խղճահարությունից չեմ կարող նայել նրան. շրթունքները ուռել են արցունքներից, մազերը դուրս են պրծել գլխաշորի տակից, իսկ աչքերը պղտոր են, առանց իմաստի, ոնց որ ցնորված մարդունը։ Հրամանատարները հայտարարեցին, որ նստենք գնացք, իսկ նա կրծքիս ընկավ, փաթաթվեց վզիս ու ամբողջովին դողում է, կարծես կոտրած ծառ լինի... Թե երեխաներն են նրան համոզում, թե ես՝ ոչինչ չի օգնում։ Ուրիշ կանայք իրենց ամուսինների, որդիների հետ զրույց են անում, իսկ իմս կպել է ինձ, ինչպես տերևը ճյուղին, ու մենակ դողում է, ոչ մի խոսք ասել չի կարողանում։ Ես ասում եմ նրան. «Դու քեզ հավաքիր, իմ թանկագին Իրինկա։ Գոնե մի խոսք ասա գնալուցս առաջ»։ Ու նա ասաց՝ ամեն մի խոսքից հետո փղձկալով. «Հարազատս... Անդրյուշա... էլ չենք տեսնի... ես ու դու իրար... էս աշխարհում...»։

Առանց էն էլ նրան խղճալուց սիրտս կտոր-կտոր էր լինում, իսկ նա դեռ էդպիսի խոսքեր է ասում։ Պիտի հասկանար, որ ինձ համար էլ հեշտ չէր իրենից բաժանվելը, ես հարսանիք չէի գնում։ Էղտեղ բարկությունս եկավ։ Զոռով պոկեցի նրա ձեռքերն ինձանից և ուսը թեթև հրեցի։ Կարծես թե թեթև էի հրել, բայց բռի ուժ ունեի, նա ետ-ետ գնաց մի երեք քայլ ու նորից դեպի ինձ է գալիս մանր քայլերով, ձեռքերն է մեկնում, իսկ ես բղավում եմ «Մի՞թե էդ տեսակ են բաժանվում։ Դու ի՞նչ ես ժամանակից շուտ ինձ թաղում»։ Դե, նորից գրկեցի նրան, տեսա, որ չի իմանում, թե իեչ է անում...

Տղամարդը կես խոսքի վրա ընդհատեց իր պատմությունը և վերահաս լռության մեջ ես լսեցի, թե ինչպես դիմացինիս կոկորդում ինչ֊որ բան կլկլում է ու խլթխլթում։ Ուրիշի հուզմունքը հաղորդվեց նաև ինձ։ Աչքի տակով նայեցի պատմողին, բայց ոչ մի հատիկ արցունք չտեսա նրա կարծես թե մեռած, հանգած աչքերում։ Նա նստել էր գլուխը ցած խոնարհած, միայն նրա անկամորեն կախած մեծ ձեռքերն էին մանր-մանր ցնցվում, ցնցվում էր կզակը, ցնցվում էին ամուր շրթունքները...

— Հարկավոր չէ, բարեկամս, մի հիշիր,— կամացուկ ասացի ես, բայց նա, հավանաբար, չլսեց իմ խոսքերը և կամքի ինչ-որ հսկայական ճիգով հաղթահարելով հուզմունքը, հանկարծ ասաց խռպոտված, տարօրինակորեն փոխված ձայնով.

— Մինչև իմ մահը, մինչև իմ վերջին ժամը, կմեռնեմ էլ, բայց չեմ ների ինձ, որ էն ժամանակ հրեցի նրան։

Նա նորից ու երկար լռեց։ Փորձում էր գլանակ փաթաթել, բայց լրագրի թուղթը պատռվում էր, ծխախոտը թափվում ծնկներին։ Վերջապես նա մի կերպ փաթաթեց, մի քանի անգամ ագահությամբ քաշեց և հազալով շարունակեց.

— Ես պոկվեցի Իրինայից, վերցրի նրա երեսն ափերիս մեջ, համբուրում եմ, իսկ նրա շրթունքները ոնց որ սառույց լինեն։ Մնաս բարև ասացի երեխաներին, վազ տվեցի դեպի վագոն, արդեն գնացքը շարժվում էր, ցատկեցի աստիճանին։ Գնացքը շարժվում էր կամաց-կամաց. ես պիտի գայի անցնեի մերոնց մոտով։ Տեսնեմ՝ երեխաներս որբացածի պես իրար գլխի են հավաքվել, ձեռքով են անում ինձ, ուզում են ժպտալ, բայց դուրս չի գալիս։ Իսկ Իրինան ձեռքերը սեղմել է կրծքին, շրթունքներն սպիտակ են՝ ինչպես կավիճ, նա կամացուկ ինչ-որ բան է ասում էդ շրթունքներով, նայում է ինձ անթարթ, ու առաջ է թեքվել, կարծես քայլում է ուժեղ քամուն դեմհանդիման... Հենց էդպես էլ մնաց նա իմ հիշողության մեջ ընդմիշտ՝ ձեռքերը կրծքին սեղմած, շրթունքները սպիտակ ու լայն բացված, աչքերն արցունքով լիքը... Մեծ մասամբ հենց էդպես էլ տեսնում եմ նրան միշտ երազիս մեջ... Ինչո՞ւ էն ժամանակ ես նրան հրեցի։ Հենց որ հիշում եմ մինչև հիմա էլ կարծես սիրտս կտրատում են բութ դանակով...

Մեզ զորակազմեցին Բելայա Ցերկովի մոտ Ուկրաինայում։ Ինձ տվեցին «ԶԻՍ —5»։ Հենց դրանով էլ մեկնեցի ռազմաճակատ։ Դե, պատերազմի մասին քեզ պատմելու կարիք չկա, ինքդ ես տեսել ու գիտես, թե ինչպես էր դա սկզբում։ Մերոնցից հաճախ էի նամակներ ստանում, իսկ ես ուշ-ուշ էի ուղարկում։ Լինում էր, որ գրում էի, թե ամեն ինչ կարգին է, կամաց-կամաց կռվում ենք ու թեկուզ հիմի նահանջում ենք, բայց շուտով ուժներս կհավաքենք ու էն ժամանակ ֆրիցների հախից կգանք էլ ուրիշ ինչ կարող էի գրել։ Դաժան օրեր էին, էհ, ինչ գրեիր։ Բացի դա, պիտի ասեմ, որ ինքս էլ տխուր լարերի վրա նվազելու հավես ունեցողներից չէի ու տանել չէի կարողանում լալկաններին, որոնք ամեն օր, տեղի անտեղի գրում էին իրենց կանանց ու սիրածներին, ծլուլն էին քսմսում թղթի վրա։ Այսինքն թե «դժվար է մեկ էլ տեսար սպանեցին»։ Ու շալվար հագած էդ քածն սկսում է տրտնջալ, կարեկցություն է փնտրում, փսլինքն է բաց թողնում, բայց էնքանը չի ուզում հասկանալ, որ էդ խեղճ կանանց ու երեխանց վիճակը թիկունքում մերինից ավելի քաղցր չէր։ Ամբողջ պետությունը նրանց վրա էր հենվել։ Ինչպիսի ուսեր պիտի ունենային մեր կանայք ու երեխաներր, որ չկռանային էդ տեսակ ծանրության տակ։ Բայց տես, որ չկռացան, դիմացան։ Իսկ էդ անամոթ, ողորմելի հոգու տեր մարդը սրտաճմլիկ նամակներ էր գրում ու կարծես փետով տալիս աշխատավոր կնոջ ոտներին։ Էդպիսի նամակից խեղճ կինը թևաթափ է լինում ու կատարած աշխատանքն էլ աշխատանքի նման չէ։ Այո, հենց դրա համար ես դու տղամարդ, դրա համար ես զինվոր, որ ամեն բանի դիմանաս, ամեն ինչ տանես՝ եթե կարիքն ստիպել է։ Իսկ եթե քու մեջ կնկա թթխմորն ավելի շատ է, քան թե տղամարդունը, ուրեմն հագիր ծալ-ծալ շրջազգեստ, նիհար քամակդ ինչքան կարելի է փարթամ երևացրու, որ գոնե ետևից կնկա նմանվես, ու գնա ճակնդեղ քաղհանելու կամ կով կթելու, իսկ ռազմաճակատում քեզ նմանը հարկավոր չէ, էնտեղ առանց քեզ էլ շատ է գարշահոտությունը։

Միայն թե չկարողացա նույնիսկ մի տարի էլ կռվել... Երկու անգամ էդ ժամանակ վիրավորվեցի, բայց երկու անգամ էլ թեթև. մի անգամ՝ ձեռքիս փափուկ տեղը, մյուս անգամ՝ ոտքս. առաջին անգամ՝ ինքնաթիռից խփած գնդակով, մյուս անգամ՝ արկի բեկորով։ Գերմանացին ծակծկեց իմ մեքենան՝ թե վերևից, թե կողքերից, բայց, եղբա՛յր, սկզբնական շրջանում իմ բախտ բանամ էր։ Բանեց-բանեց, վերջն էլ տեղը հանեց... Լոզովենկիի մոտերքում ես գերի ընկա քառասուներկու թվի մայիսին՝ էսպիսի մի ձախորդ դիպվածով, գերմանացին էն ժամանակ շատ ուժեղ էր առաջ գալիս, և մեր հարյուր քսաներկու միլիմետրանոց հաուբիցների մի մարտկոց մնաց համարյա առանց արկեր իմ մեքենայի վրա գլխե-գլուխ բարձեցին արկերը ու ես ինքս էլ բարձելիս էնքան աշխատեցի, որ վերնաշապիկս կպավ թիակներիս։ Հարկավոր էր խիստ շտապել, որովհետև մարտը մոտենում էր մեզ. ձախ կողմում՝ հրաձգություն է գնամ, առջևում՝ հրաձգություն ու արդեն խորովածի հոտ է գալիս...

Մեր ավտովաշտի հրամանատարը հարցնամ է. «Կճեղքե՞ս կանցնես, Սոկոլով»։ Իսկ հարցնելու իսկի կարիք էլ չկար։ Էնտեղ իմ ընկերները գուցե ոչնչանում են, իսկ ես էստեղ գլու՞խ պիտի պահեմ։ «Ի՞նչ խոսելու բան է,— ասում եմ նրան։ Ես պետք է ճեղքեմ անցնեմ, ու վե՛րջ»։— «Դե,— ասում է,— քշի՛ր։ Հուպ տուր՝ ինչքան կարող ես»։

Ու ես հուպ տվեցի։ Կյանքումս էնպես չէի քշել, ինչպես էդ անգամ։ Գիտեի, որ կարտոֆիլ չեմ տանում, որ էդ բեռի հետ զգույշ պիտի լինել ճանապարհին, բայց ի՞նչ զգուշություն կարող է լինել, երբ էնտեղ տղաները դատարկ ձեռներով են կռվում, երբ ամբողջ ճանապարհը հրետանու կրակի տակ է։ Քշեցի մի վեց կիլոմետր, շուտով ես արդեն ուրիշ ճանապարհ պիտի թեքվեմ, որ հասնեմ ձորակին, որտեղ մարտկոցն է կանգնած, բայց ի՞նչ տեսնեմ էդտեղ, տե՛ր աստված, մեր հետևակը շաղ է գալիս գրեյդերից աջ ա ձախ, արձակ դաշտով, և արդեն ականներ են պայթում նրանց շարքերի մեջ։ Ի՞նչ անեմ։ Հո ետ չե՞մ դառնալու։ Քշում եմ ամբողջ թափով։ Մինչև մարտկոցը մնացել է միայն մի կիլոմետր, ես արդեն շուռ եկա ու քշում եմ դեպի էդ կողմը բայց հասնել մերոնց մոտ, եղբայր, ինձ չվիճակվեց... Ինչպես երևում է, հեռաձիգ թնդանոթից ծանր արկ ընկավ իմ մեքենայի մոտ։ Ես չլսեցի ոչ պայթյուն, ոչ մի բան, մենակ թե ոնց որ գլխումս մի բան պոկվեց, ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ինչպե՞ս մնացի կենդանի էդ ժամանակ, չեմ հասկանում, ու ինչքան ժամանակ եմ ընկած մնացել ճանապարհի երզրափոսից մի ութ մետր էն կողմ, դա էլ չեմ իմանում։ Ուշքի եկա, բայց վեր կենալ չեմ կարողանում. գլուխս պտտվում է, ես ամբողջովին ցնցվում եմ՝ ինչպես տենդից, աչքերս մթնել են, ձախ ուսիս մեջ ինչ-որ բան է ճռճռում ու խշրտում և ամբողջ մարմնիս մեջ էն տեսակ մի ցավ կա, ասես թե մի երկու օր շարունակ ինձ ծեծել են՝ ինչով ասես։ Երկար ժամանակ գետնի վրա փորսող էի տալիս, բայց մի կերպ վեր կացա։ Բայց էլի նորից ոչինչ չեմ հասկանում՝ որտեղ եմ և ինչ է պատահել ինձ։ Հիշողությունս մաքուր թռել է։ Իսկ նորից ւպառկել, վախենում եմ։ Վախենում եմ, որ կպառկեմ ու էլ վեր չեմ կենա, կմեռնեմ։ Կանգնել ու ճոճվում եմ էս ու էն կողմ, ինչպես բարդին՝ փոթորկի ժամանակ։

Երբ ուշքի եկա, սթափվեցի ու ինչպես հարկն է՝ շուրջս նաեցի, կարծես մեկն իմ սիրտն աքցանով սեղմեց, չորս կողմ թափթփված են էն արկերը, որ ես էի տանում, մի քիչ էն կողմ իմ մեքենան է ընկած՝ ջարդ ու փշուր, անիվները վեր ցցած, իսկ կռիվը, կռիվն արդեն իմ ետևումն է գնում... Ո՞նց թե։

Ի՞նչ մեղքս թաքցնեմ, հենց էդտեղ իմ ոտքերն իրենք իրենց ծալվեցին ու վար ընկա զարկվածի պես, որովհետև հասկացա, որ ես արդեն օղակման մեջ եմ, իսկ ավելի ճիշտ ասած՝ գերի եմ ընկել ֆաշիստներին։ Ահա թե ինչպիսի բաներ են պատահում պատերազմում...

Օհ, եղբայր, հեշտ բան չէ հասկանալը, որ դու անկախ քո կամքից ես գերի ընկել։ Ով որ դա իր մաշկի վրա չի փորձել, հեշտ չէ նրա գլուխը մտցնելը, որ նա մարդավարի հասկանա, թե ինչ է նշանակում էդ բանը։

Դե ուրեմն, էսպես, պառկել եմ ու լսում եմ՝ տանկերն են դղրդում։ Միջին չափի գերմանական չորս տանկ լրիվ թափով անցան իմ կողքով էն կողմը, որտեղից ես էի եկել արկերով... Ո՞նց էի կարողանում տեսնել էդ բանը։ Հետո եկան քարշիչները՝ թնդանոթներով, անցավ ղաշտային խոհանոցը, հետո եկավ հետևակը, ոչ խիտ, այլ էնպես, մի ջարդված վաշտից ոչ ավելի։ Նայում եմ, նայում եվ նրանց՝ աչքի պոչով ու նորից եմ այտս սեղմում գետնին, աչքերս փակում, անտանելի է նրանց նայելը, սիրտս տրաքվում է...

Կարծում էի, թե բոլորն անցան, բարձրացրի գլուխս, իսն նրանց վեց ավտոմատավորներն ահա քամում են մի հարյուր մետր ինձանից էն կողմ։ Տեսնեմ՝ շուռ եկան ճանապարհից ու գալիս են ուղիղ դեպի ինձ։ Գալիս են անխոս։ «Ահա,— մտածում եմ,— մահս մոտեցավ»։ Ես նստեցի, չէի ուզում պառկած մեռնել, հետո վեր կացա։ Նրանցից մեկը, դեռ մի քանի քայլի վրա ուսը շարժեց, հանեց ավտոմատը։ Բայց տես թե մարդն ինչ զարմանալի է ստեղծված, ոչ մի խուճապ, ոչ մի սրտի վախ չունեի ես էդ րոպեին։ Մենակ նայում եմ նրան ու մտածում. «Հիմի նա բաց կթողնի ինձ վրա մի կարճ կրակահերթ, բայց որտեղիս է խփելու գլխի՞ս, թե կրծքովս մեկ»։ Կարծես ինձ համար մի հաշիվ չէր, թե մարմնիս որ մասին է գնդակները շարելու։

Ջահել տղա էր, բավական լավ տեսքի, սևումև, իսկ շրթունքները թելի պես բարակ, աչքերն էլ կկոցած։ «Սրա պեսները չեն էլ մտածի ու կխփեն»— մտածում եմ ինքս ինձ։ Էդպես էր որ կար։ Նա բռնեց ավտոմատը, ես նրա ուղիղ աչքերին եմ նայում ու ձայն չեմ հանում, բայց մյուսը եֆրեյտոր էր, թե ինչ, տարիքով նրանից մեծ, կարելի է ասել հասակավոր մարդ, ինչ-որ բան բղավեց, մի կողմ հրեց նրան, մոտեցավ ինձ, բլբլում է իրենց լեզվով ու աջ ձեռքս ծալում է արմունկիցս հետ, ասել է՝ մկանս է տնտղում։ Տնտղեց ու ասում է՝ «Օ՜-օ՜-օ՜» և ցույց է տալիս ճանապարհը, դեպի մայրամուտը։ Այսինքն թե՝ քայլիր, գնա աշխատավոր անասուն, աշխատիր մեր ռայխի համար։ Դուրս եկավ, որ տնտես մարդ է շունշանորդին։

Բայց սևամազն աչքերը գցեց իմ սապոգներին, որոնք տեսքից լավն էին, ցույց տվեց ձեռքով, «հանիր»։ Ես նստեցի գետնին, հանեցի սապոգներս, տալիս եմ նրան։ Նա դրանք ուղղակի խլեց ձեռքիցս։ Արձակեցի փաթաթաններս, տալիս եմ նրան, իսկ ինքս նրան եմ նայում վարից վեր։ Բայց նա բղավեց, հայհոյեց իրենց լեզվով ու նորից ձեռքը գցեց ավտոմատին։ Մնացածները հռհռում են։ Հենց էդպես էլ խաղաղ կերպով հեռացան։ Մենակ թե էդ սևամազը, մինչև ճանապարհին հասնելը մի երեք անգամ ետ նայեց ինձ. աչքերն էլ փայլեցնում է գայլի ձագի պես, զայրանում է, բայց ի՞նչ բանի համար։ Կարծես թե ես եմ նրա սապոգները հանել, ոչ թե նա իմը։

Դե ի՞նչ, եղբայր, ո՞ւր չքվեի։ Ելա ճանապարհի վրա, մի թունդ հայհոյեցի վորոնեժցա հայհոյանքով ու քայլեցի դեպի արևմուտք, գերություն... Իսկ քայլելս՝ վայ էն քայլելուն, ժամը մի կիլոմետր, ոչ ավելի։ Դու ուզում ես ոտքդ առաջ գցել, բայց ճոճվում ես կողքից-կողք, ոնց որ հարբած լինես։ Անցա մի քիչ տեղ, տեսնեմ՝ ետևիցս մոտենում է մեր գերիների մի շարասյուն՝ մեր դիվիզիայից։ Դրանց բերում են մի տասը գերմանացի ավտոմատավոր։ Շարասյան առջևով գնացողը հավասարվեց ինձ ու առանց վատ խոսք ասելու, թափով խփեց գլխիս ավտոմատի կոթով։ Եթե ես վար ընկնեի՝ նա ինձ կմփեր գետնին մի կրակահերթով, բայց մերոնք բռնեցին ինձ, հրեցին իրենց մեջտեղը և մի կես ժամի չափ տանում էին թևերս մտած։ Իսկ երբ ուշքի եկա, նրանցից մեկը ասաց փսփսոցով. «Աստված չանի, թե վար ընկնես. քայլիր վերջին ուժդ լարած, թե չէ կսպանեն»։ Ու ես լարեցի վերջին ուժերս ու քայլեցի։

Հենց որ արևն իջավ, գերմանացիներն ուժեղացրին պահակախումբը, բեռնատարով եկան հասան էլի մի քսան ավտոմատավոր, մեզ տարան արագացրած քայլերով։ Ծանր վիրավորվածները չէին կարողանում հասնել մյուսների ետևից և նրանց գնդակահարում էին ուղղակի ճանապարհի վրա։ Երկուսը փորձեցին փախչել, բայց հաշվի չէին առել, որ լուսնյակ գիշերով արձակ դաշտում դու շատ լավ ես երևում, դե, իհարկե, դրանց էլ գնդակահարեցին։ Կեսգիշերին մենք հասանք մի կիսայրված գյուղ։ Գիշերելու համար մեզ քշեցին գմբեթը ավերված մի եկեղեցի։ Քարե հատակի վրա ոչ մի ծեղ խոտ չկա, իսկ մենք բոլորս առանց շինելների էինք, մենակ գիմնաստյորկաներով ու շալվարներով, էնպես որ տակներս փռելու ոչինչ չունեինք։ Ոմանց վրա նույնիսկ գիմնաստյորկա էլ չկար, մենակ տակի բյազե շապիկներով էին։ Դրանց մեծ մասը կրտսեր հրամանատարներ էին։ Կիտելներն ու գիմնաստյորկաները նրա համար էին հանել,որ շարքայիններից չտարբերվեն։ Մեկ էլ հրետանու ծառայող կազմն էր առանց գիմնաստյորկաների։ Ոնց որ աշխատել էին թնդանոթների մոտ շապիկները հանած, հենց էդպես էլ գերի էին ընկել։

Գիշերն էնպիսի մի ուժեղ անձրև եկավ, որ բոլորս մինչև վերջին թելը թրջվեցինք։ Գմբեթը քանդված ծանր արկով կամ ինքնաթիռից գցած ռումբով, կտուրն էլ ամբողջովին ծակծկված բեկորներով, նույնիսկ խորանում չոր տեղ չես գտնի։ Ամբողջ գիշերն էդպես էլ հանգիստ ու դադար չունեցանք էդ եկեղեցում ոնց որ ոչխարները մութ փարախում։ Գիշերվա մի ժամին լսում եմ, որ մեկը ձեռքը դիպցնում է ձեռքիս ու հարցնում. «Ընկեր վիրավորված չե՞ս»։ Ես պատասխանում եմ. «Իսկ քեզ ի՞նչ է հարկավոր, եղբայր»։ Նա ասում է՝ «Ես զինբժիշկ եմ, գուցե կարո՞ղ եմ մի որևէ բանով օգնել»։ Ես ասացի, որ ձախ ուսս ճռճռում է, ուռչում ու սարսափելի ցավում է։ Նա հաստատ ու ձայնով ասում է. «Հանիր գիմնաստյորկադ ու շապիկդ»։ Ես դքրանք հանեցի ու նա սկսեց շոշափել ուսս իր բարակ մատնեըով, էն էլ էնպես, որ աշխարհն աչքերիս մթնեց։ Ատամներս եմ կրճտացնում ու ասում եմ նրան։ «Երևում է՝ դու անասնաբույժ ես, ոչ թե մարդու բժիշկ։ Ի՞նչ ես ցավող տեղս հուպ տալիս էդպես, անխիղճ մարդ»։ Իսկ նա տնտղում է ու չարացած պատասխանում. «Դու ձենդ կտրիր։ Խոսելու ժամանակ ես գտել։ Պինդ կաց, հիմի ավելի շատ է ցավելու»։ Էդ ասելով թևս էնպես ցնցեց, որ աչքերիցս կայծեր թռան։

Ուշքի եկա ու հարցնում եմ. «Դու էդ ի՞նչ ես անում, անիծված ֆաշիստ։ Թևս առանց էն էլ փշուր-փշուր է եղել, իսկ դու էդպես ցնցում ես»։ Տեսնեմ՝ նա կամացուկ ծիծաղեց ու ասում է. «Կարծում էի, թե դու աջ ձեռքով ինձ խփելու ես, բայց երևում է՝ հանգիստ տղա ես։ Իսկ թևդ ոչ թե ջարդված է, այլ դուրս ընկած, ես էլ հենց տեղը գցեցի։ Դե, ի՞նչպես, հիմի մի քիչ լա՞վ է»։ Ու իսկապես, զգում եմ ,որ ցավը հեռանում է ինձանից։ Շնորհակալ եղա ամբողջ հոգով, իսկ նա առաջ անցավ մթության մեջ կամացուկ հարցնելով. «Վիրավորներ կա՞ն»։ Այ թե ինչ է նշանակում իսկական բժիշկ։ Նա գերության մեջ էլ, մութ տեղն էլ, իր մեծ գործն էր կատարում։

Անհանգիստ գիշեր էր էդ գիշեր։ Ջուր թափեւու չեն թողնում դուրս գնաս, էդ մասին պահակախմբի ավագը նախազգուշացրել էր դեռ էն ժամանակ, երբ մեզ զույգ-զույգ ներս է թողնում եկեղեցի։ Հակառակի պես մեզանից մի աստվածավխը հարկավարություն ուներ։ Պահեց, պահեց ու հետո լաց եղավ. «Չեմ կարող,— ասում է,— պղծել սուրբ տաճարը, ախր ես հավատացյալ քրիստոնյա եմ։ Ի՞նչ անեմ, եղբայրներ»։ Իսկ մերոնք գիտե՞ս ինչ խալխ են։ Ոմանք ծիծաղում են, ոմանք վրան են բարկանում, ոմանք նրան հանաքով խորհուրդներ են տալիս։ Նա բոլորիս զվարթացրեց, բայց էդ ամբողջ պատմությունը շատ վատ վերջացավ, նա սկսեց դուռը թակել ու խնդրել, որ դուրս թողնեն իրեն։ Եվ ստացավ, ֆաշիստը մի երկար կրակահերթ բաց թողեց դռնից ներս, դռան լայնքով մեկ, թե էդ աստվածապաշտին սպանեց, թե երեք ուրիշի, իսկ մեկին ծանր վիրավորեց, առավոտյան կողմ նա էլ մեռավ։

Մենք սպանվածներին դասավորեցինք մի տեղ, բոլորս նստեցինք, ձայներս կտրեցինք ու մտքի մեջ ընկանք, սկիզբն էնքան էլ ուրախ սկիզբ չէ... Իսկ մի քիչ անց սկսեցին խոսել կիսաձայն, փսփսալ, թե ով որտեղից է, որ մարզից, իչնպես ընկավ գերի։ Մթության մեջ մի դասակի ընկերները կամ ծանոթները իրար էին կորցրել, սկսեցին մեկը մյուսին կամացուկ ձայն տալ։ Ու ես լսում եմ իմ կողքին մի էս տեսակ կամացուկ խոսակցություն։ Մեկն ասում է. «Եթե էգուց ճամփան շարունակելուց առաջ մեզ շարքի կանգնեցնեն ու կոմիսարներին, կոմունիստներին ու հրեաներին դուրս կանչեն, դու, դասակի հրամանատար, չթաքնվես։ Դրանից բան դուրս չի գա։ Դու կարծում ես, որ եթե գիմնաստյորկադ, հանել ես, շարքայինի տեղ կանցնե՞ս։ Չի լինի։ Ես քո փոխարեն պատասխան տալու միտք չունեմ։ Առաջինն ինքս ցույց կտամ քեզ։ Ես հո գիտե՞մ, որ դու կոմունիստ ես ու ինձ ագիտացիա էիր անում, որ մտնեմ կուսակցության մեջ, դե ուրեմն պատասխան տուր քու գործերի համար»։ Էդ ասում է ինձ ավելի մոտիկ, ձախից իմ կողքին նստածը, իսկ նրա մյուս կողքից մի ջահել ձայն պատասխանում է. «Ես միշտ կասկածել եմ, որ դու, Կրիժնև, վատ մարդ ես։ Եվ դա հատկապես այն ժամանակ, երբ դու հրաժարվեցիր մտնել կուսակցության մեջ, պատճառ բռնելով, թե անգրագետ ես։ Բայց երբեք չէի մտածել, որ դու կարող ես դառնալ դավաճան։ Ախր չէ՞ որ դու յոթնամյակ ես վերջացրել»։ Իսկ սա ծույլ-ծույլ պատասխանում է իր դասակապետին. «Լա՜վ, վերջացրել եմ, հետո՞ ինչ»։ Նրանք երկար լռեցին, իսկ հետո ձայնից ճանաչեցի, որ դասակի հրամանատարը կամացուկ ասում է նրան. «Մի մատնիր ինձ, ընկեր Կրիժնև»։ Իսկ նա ծիծաղեց ցածր ձայնով։ «Ընկերները,— ասում է,— մնացին ճակատի գծի էն կողմը, իսկ ես քեզ ընկեր չեմ ու դու ինձ մի խնդրի, մի հաշիվ է՝ ցույց եմ տալու քեզ։ Ամեն մարդու շապիկն իր մարմնին ավելի է մոտիկ»։

Նրանք լռեցին, իսկ ես ուղղակի դողում եմ էդ ստորությունից։ «Ոչ,— մտածում եմ,— ես թույլ չեմ տա քեզ, շունշանորդի, որ մատնես հրամանատարիդ։ Ես չեմ թողնի, որ դու էս եկեղեցուց դուրս գաս, այլ քեզ լեշի պես պետք է դուրս քաշեն՝ ոտքիցդ բռնած»։ Մի քիչ որ լուսացավ, տեսնեմ՝ իմ կողքին մեջքի վրա պառկել է մի հաստամռութ տղա, ձեռքերը դրել է գլխի տակ, իսկ նրա կողքին, մենակ տակի շապիկով, նստել, ծնկներն է գրկել մի շատ նիհար, կճաքիթ տղա, ու շատ էլ գունատ։ «Դե, մտածում եմ, էդ տղան գլուխ չի կարող հանել դրա նման հաստավիզ եզան հետ։ Ստիպված ես պիտի հաշիվը մաքրեմ»։

Զեռքս դիպցրի նրան, հարցնում եմ կամաց. «Դու դասակի հրամանատա՞ր ես»։ Նա ոչինչ չպատասխանեց, միայն գլխով արեց։ «Սա ուզում է քեզ մատնե՞լ»— ցույց եմ տալիս պառկած տղային։ Նա նորից գլխով արեց։ «Դե,— ասում եմ,— դու բռնիր ոտքերը, որ քացի չտա։ Դե, շո՛ւտ արա».— իսկ ինքս ընկա էդ տղայի վրա ու իմ մատներն անշարժացան նրա կոկորդի վրա։ Նա նույնիսկ ժամանակ չունեցավ ճչալու, մի քանի րոպե ես նրան պահեցի տակիս, հետո վեր կացա։ Պրծել էր դավաճանի հաշիվը, իսկ լեզուն ծուռ դուրս էր ընկել բերանից։

Դրանից հետո ես ինձ էնքան վատ զգացի, ու սարսափելի ուզում էի ձեռքերս լվանալ, կարծես ոչ թե մարդ էի խեղդել, այլ մի ինչ-որ սողուն... Կյանքումս առաջին անգամ էի սպանում, էն էլ յուրայինի... Ասենք՝ ի՞նչ յուրային էր նա։ Նա օտարից էլ վատ էր, դավաճան էր։ Վեր կացա ու ասում եմ դասակի հրամանատարին. «Հեռանանք էստեղից, ընկեր, եկեղեցին մեծ է»։

Ինչպես որ ասել էր էդ Կրիժնևը, առավոտյան մեզ բոլորիս շարք կանգնեցրին եկեղեցու մոտ, շրջապատեցին ավտոմատավորներով և էսէսական երկու սպաներ սկսեցին ջոկել իրենց համար վնասակար մարդկանց։ Հարցրին, թե ովքեր են կոմունիստներ, հրամանատարներ, կոմիսարներ, բայց էդպիսիք չեղան։ Չեղան նաև սրիկաներ, որոնք կարողանային մատնել, որովհետև թե կոմունիստներն էին մեր համարյա կեսը, թե հրամանատարներ կային, և թե ինքնըստինքյան հասկանալի է՝ կոմիսարներ։ Միայն չորսին վերցրին երկու հարյուրից ավելի մարդկանց միջից։ Մի հրեայի և երեք ռուս շարքայինի։ Ռուսները փորձանքի մեջ ընկան նրա համար, որ երեքն էլ սև ու կռունձ մազերով էին։ Ահա մոտենում են դրանցից մեկին, հարցնում. «Յադե՞»։ Նա ասում է, որ ռուս է, բայց նրան լսել չեն ուզում։ «Դուրս եկ», և վերջ։

Գնդակահարեցին էդ դժբախտներին, իսկ մեզ քշեցին առաջ։ Էն դասակի հրամանատարը, որի հետ միասին մենք խեղդել էինք դավաճանին, մինչև Պոզնան միշտ իմ կողքին էր, և առաջին օրը՝ մնում-մնում, ձեռքս էր սեղմում մեր քայլելու ժամանակ։ Պոզնանում մեզ իրարից բաժանեցին մի էսպիսի պատճառով։

Գիտե՞ս բանն ինչպես էր եղբայր, հենց առաջին օրը ես որոշեցի անցնել մերոնց կողմը։ Բայց ուզում էի էնպես անել, որ դա անպայման հաջող անցնի։ Մինչև Պոզնան հասնելը, որտեղ մեզ տեղավորեցին մի իսկական ճամբարում, ոչ մի անգամ ես չունեցա հարմար առիթ։ Իսկ Պոզնանի ճամբարում կարծես թե մի էդպիսի առիթ գտնվեց, մայիսի վերջին մեզ ուղարկեցին ճամբարի մոտի անտառակը՝ գերեզմաններ փորելու՝ մեր մեռած ռազմագերիների համար, մեզանից շատերն էն ժամանակ մեռնում էին հարինքից, ես փորում եմ Պոզնանի կավն ու չորս կողմս եմ նայում, ու ահա նկատեցի, որ մեր պահակներից երկուսը նստեցին հաց ուտելու, իսկ երրորդն սկսեց ննջել արևի տակ։ Ես բահը մի կողմ գցեցի ու անցա թփի ետևը... Իսկ հետո՝ վազքով գնում եմ ուղիղ դեպի արևածագը...

Երևում է, որ իմ պահակները շուտ չէին գլխի ընկել։ Բայց թե որտեղից իմ նման նիհար մարդու մեջ էդքան ուժ գտնվեց՝ օրական համարյա քառասուն կիլոմետր անցնելու համար, ես ինքս էլ չգիտեմ։ Մենակ թե իմ երազածից ոչինչ դուրս չեկավ, չորրորդ օրը, երբ որ ես արդեն հեռու էի նզովյալ ճամբարից, ինձ բռնեցին։ Հետախույզ շներ էին գալիս իմ հետքերով և գտան ինձ չքաղված վարսակի արտի մեջ։

Առավոտյան կողմ ես վախեցա քայլել արձակ դաշտով, իսկ մինչև անտառը երեք կիլոմետրից պակաս չէր, դե ես էլ պառկեցի վարսակի մեջ՝ ցերեկն անցկացնելու։ Ափերիս մեջ հասկ փշրեցի, ծամեցի մի քիչ ու գրպաններս պաշար լցրեցի, ու ահա լսում եմ շան հաչոց, մոտոցիկլետի դղրդոց... Սիրտս կանգ առավ, որովհետև շների ձայնը գնալով մոտենում էր։ Ես պառկեցի ու երեսս ծածկեցի ձեռքերով, որպեսզի նրանք գոնե երեսս չգզեն։ Դե, վազեցին եկան ու մի րոպեի մեջ վրայիցս պոկեցին ամբողջ ցնցոտիս։ Մնացի մորից մերկ։ Նրանք ինձ գլորում էին վարսակի մեջ՝ ինչպես որ ուզում էին, ու վերջն էլ մի շուն իր առաջի թաթերը կրծքիս դրեց և նշան է բռնել կոկորդիս, բայց առայժմ ձեռք չի տալիս։

Երկու մոտոցիկլետով գերմանացիներ եկան։ Նախ և առաջ նրանք իրենք էլ մի կուշտ ծեծեցին ինձ, իսկ հետո շներին քսի տվեցին վրաս, կաշիս ու միսս ծվեն-ծվեն արին։ Մերկ, ոտից-գլուխ արյունլվա, բերեցին ճամբար։ Մի ամիս նստեցրին կարցերում՝ փախուստի համար, բայց ինչ էլ որ լիներ՝ ողջ էի... ողջ մնացի։

Ինձ համար, եղբայր, ծանր է հիշել, իսկ ավելի ծանր է պատմել, թե ինչ քաշեցի գերի ժամանակս։ Հենց որ հիշում եմ քաշած անմարդկային տանջանքներն էնտեղ՝ Գերմանիայամ, հենց որ հիշում եմ բոլոր ընկերներիս, որ տանջամահ եղան էնտեղ՝ ճամբարներում, սիրտս արդեն ոչ թե կրծքիս տակ է խփում, այլ կոկորդումս, ու դժվար է դառնում շնչելը։

Ուր ասես, որ չքշեցին ինձ իմ գերության երկու տարվա ընթացքում։ Գերմանիայի կեսն անցա էդ ժամանակում, եղա թե Սաքսոնիայում, ուր աշխատեցի սիլիկատի գործարանում, եղա Ռուրի մարզում՝ քարածուխ քանդեցի հանքահորում, Բավարիայում էլ հողային աշխատանքի վրա կոպս դուրս ընկավ, եղա Թյուրինգիայում, սատանան գիտե, թե էլ որտեղ չեղա գերմանական հողում։ Բնությունն էնտեղ, եղբայր, ամեն տեղ զանազան էր, բայց ամեն տեղ մեզ միատեսակ էին գնդակահարում ու ծեծում։ Իսկ աստծու անիծած էդ ճիվաղներն ու պարազիտներն էնպես էին ծեծում մեզ, ինչպես որ մեզ մոտ ոչ մի անգամ անասուններին չեն ծեծում։ Թե բռունցքներով էին խփում, թե ոտքերի տակ էին տրորում, թե ռետինե մահակնեով էին ձաղկում, թե ձեռքերն ընկած ամեն տեսակ երկաթով, էլ չխոսենք հրացանների կոթերի ու զանազան փայտերի մասին։

Ծեծում էին նրա համար, որ դու ռուս ես, նրա համար, որ դու դեռ տեսնում ես լույս աշխարհը, նրա համար, որ աշխատում ես իրենց համար՝ էդ սրիկաների։ Ծեծում էին նաև նրա համար, որ լավ չնայեցիր, ոտքդ լավ չդրեցիր, լավ չշարժեցիր... Ծեծում էին հենց էնպես, որպեսզի մի օր ծեծելով սպանեն, որպեսզի սեփական արյունդ խեղդի քեզ ու մեռնես ծեծից։ Երևի բոլորիս համար վառարաններ հերիք չէին անում Գերմանիայում...

Ու ամեն տեղ մեզ միատեսակ էին կերակրում։ Հարյուր հիսուն գրամ էրզաց հաց՝ թեփի հետ խառնած, ու ճակնդեղի վռիկ։ Եռացրած ջուր տեղ կար տալիս էին, տեղ կար՝ ոչ։ Էլ ի՞նչ ասեմ, ինքդ դատիր, մինչև պատերազմը ես ութսունվեց կիլոգրամ էի, իսկ արդեն աշնան կողմը հազիվ հիսուն լինեի։ Կաշիս ու ոսկորս էր մնացել, էն էլ ուժ չունեի, որ սեփական ոսկորներս տանեի։ Իսկ աշխատելը՝ շուտ արա ու ձեն էլ մի հանի, էն էլ էնպիսի աշխատանք, որ լծկան ձին էլ տակից դուրս չի գա։

Սեպտեմբերի սկզբին Կյուստրին քաղաքի մոտի ճամբարից մեզ՝ հարյուր քառասուներկու սովետական ռազմագերիներիս, փոխադրեցին Բ-14 ճամբարը՝ Դրեզդենից ոչ հեռու։ Մինչև դա, էդ ճամբարում մերոնցից կային մոտ երկու հազար մարդ։ Բոլորն աշխատում էին քարհանքում։ Ձեռքերով էին ջարդում, կտրում, փշրում գերմանական քարը։ Նորման՝ մի հոգուն օրական չորս խորանարդ մետր, նկատի առ՝ էն էլ էնպիսի մարդուն, որի, առանց էդ էլ, կյանքը մազից էր կախված։ Հենց էդտեդ էլ սկսվեց. երկու ամիս հետո մեր էշելոնի հարյուր քառասուներկու մարդուց մնացին հիսունյոթը։ Ո՞նց է, եղբայր, սարսափելի՜ է։ Դու էստեղ չես հասցնում, թե յուրայիններիդ թաղես, դեռ լուր է պտտվում ճամբարում, թե գերմանացիները արդեն վերցրել են Ստալինգրադն ու քշում են առաջ՝ դեպի Սիբիր։ Մի ցավը մյուսի հետ, քեզ էնպես են հուպ տալիս գետնին, որ աչքդ չես կարող բարձրացնել հողից, ոնց որ դու էլ ես ուզում գնալ էդ օտար, գերմանական հողի տակ։ Իսկ ճամբարի պահակներն ամեն օր խմում են, երգեր են գոռգոռում, ուրախանում են, ցնծում։

Ու ահա, մի անգամ, երեկոյան, մենք աշխատանքից վերադարձանք բարաք։ Ամբողջ օրն անձրև էր եկել, մեր վրայի ցնցոտիները կարելի էր լվացքի պես քամել. մենք բոլորս ցուրտ քամուց սառել էինք շան պես, մեր ատամները չխկչխկում էին։ Իսկ չորանալու տեղ չկա, տաքանալու՝ նույնպես, ու դրանից էլ ջոկ՝ սոված ենք ոչ թե գայլի պես, այլ ավելի վատ։ Բայց իրիկունները մեզ ուտելիք չէր հասնում։

Հանեցի վրայիցս թրջված փալասները, գցեցի նառի վրա ու ասում եմ. «Նրանց մեր չորս խորանարդ մետր մշակելն է հարկավոր, իսկ գերեզմանի համար մեզանից ամեն մեկին մի խորանարդ մետրն էլ լիուլի հերիք է»։ Հենց մենակ էդքանն ասացի, բայց տես, որ մեր մեջ գտնվեց մի սրիկա, որր ճամբարի պարետին հաղորդեց իմ դառը խոսքերի մասին։

Մեր ճամբարի պարետը կամ նրանց ձևով ասած, լագերֆյուրերը, Մյուլլեր ազգանունով մի գերմանացի էր։ Ցածրահասակ, հաստ, սպիտակավուն մազերով ու ինքն էլ ամբողջովին մի տեսակ սպիտակ, թե գլխի մազերն են սպիտակ, թե հոնքերը, թե թերթերունքները, նույնիսկ աչքերն էլ սպիտակավուն էին, չբոված։ Ռուսերեն խոսում էր ոնց որ ես ու դու, դեռ «ա»-երն էլ «օ» էր ասում, կարծես բնիկ վոլգացի լիներ։ Իսկ հայհոյելու մեջ լավ վարպետ էր։ Տեսնես որտեղ էր սովորել նզովյալն էդ արվեստը։ Լինում էր, որ մեզ շարք էր կանգնեցնում բլոկի առաջ,— նրանք բարաքին էին բլոկ ասում,— անցնում էր շարքի առջևով իր էսէական ոհմակի հետ՝ աջ ձեռքը վերև բռնած։ Նրա ձեռքը կաշվե ձեռնոցի մեջ էր, իսկ ձեռնոցի մեջ կար արճճե միջադիր, որ մատները չվնասեր։ Անցնում էր ու մեկ ու մեջ խփում էր մեր քթերին, արյուն էր բերում։ Նա էդ անվանում էր «գրիպի դեմ միջոցառում»։ Եվ էդպես ամեն օր։ Ճամբարում ընդամենը չորս բլոկ կար, ու նա էսօր էս բլոկին էր «միջոցառում անում», էգուց երկրորդին և էսպես... ճշտակատար էր ճիվաղը, առանց հանգստի օրերի էր աշխատում, մենակ թե մի բան չէր կարողանում հասկանալ տխմարը, նախքան ձեռքին ազատություն տալը, նա մի տասը րոպե մեր շարքի առաջ հայհոյում էր մեզ, որ բորբոքի ինքնիրեն։ Նա փրփրած հայհոյում է, իսկ մենք դրանից թեթևություն ենք զգում, խոսքերը մի տեսակ մեր խոսքերն էին, բնական, ոնց որ մեր հայրենի երկրից հով էր փչում... Եթե նա իմանար, որ իր հայհոյանքը մեզ զուտ բավականություն է պատճառում, էլ նա ռուսերեն չէր հայհոյի, այլ մենակ իր լեզվով։ Մենակ իմ մի մոսկվայի ընկերն էր սարսափելի զայրանում նրա վրա։ «Երբ որ նա հայհոյում է,— ասում էր,— ես աչքերս փակում եմ ու կարծես թե Մոսկվայումն եմ, Զացեպում, նստել եմ գարեջըրատանը, ու էնպես է սիրտս գարեջուր ուզում, որ նույնիսկ գլուխս պտտվում է»։

Ուրեմն, հենց էդ պարետը, էն օրվա մյուս օրը, երբ որ ես խորանարդ մետրերի մասին էի խոսել, կանչեց ինձ։ Իրիկունը բարաք եկավ թարգմանիչն ու նրա հետ էլ երկու պահակ։ «Ո՞վ է Սոկոլով Անդրեյը»։ Ես ձայն հանեցի։ «Մարշ մեր ետևից, քեզ լագերֆյուրերն ինքն է պահանջում»։ Հասկանալի է, թե ինչու է պահանջում։ Սղկելու։ Հրաժեշտ տվեցի ընկերներիս, նրանք բոլորը գիտեին, որ մեռնելու եմ գնում, հոգոց հանեցի ու գնացի։ Գնում եմ ճամբարի բակով, աստղերին եմ նայում, հրաժեշտ եմ տալիս նրանց էլ ու մտածում եմ. «Ահա, քու չարչարանքների վերջն էլ եկավ Անդրեյ Սոկոլով, իսկ ճամբարի լեզվով ասած՝ համար երեք հարյուր երեսունմեկ»։ Խղճացի Իրինային ու երեխաներին, հետո էլ խղճահարությունն անցավ, ու ես սկսեցի ինձ սիրտ տալ, որ ատրճանակի անցքին նայեմ առանց վախի, ինչպես վայել է զինվորին, որպեսզի թշնամիները չտեսնեն, թե իմ վերջին րոպեին ինձ համար, այնուամենայնիվ, դժվար է կյանքից բաժանվելը...

Պարետանոցում ծաղիկներ կան լուսամուտների գոգերում, մաքրությունը՝ ինչպես մեզ մոտ լավ ակամբներում։ Սեղանի ետևը նստած են ճամբարի բոլոր պետերը։ Հինգ մարդ նստել են, շնապս են կոնծում ու վրայից խոզաճարպ են ուտում։ Նրանց սեղանի վրա մի շատ մեծ շիշ կար՝ շնապս, արդեն կիսատած, հաց կար, խոզաճարպ, թթու դրած խնձոր, բաց արած տուփեր՝ զանազան պահածոներով։ Ես միանգամից տեսա էդ բոլոր ուտելիքն ու, կարող է չհավատաս, սիրտս էնպես տրորվեց, քիչ մնաց ետ տայի։ Չէ՞ որ ես գայլի պես սոված էի, ետ էի վարժվել մարդկային ուտելիքից, իսկ էստեղ՝ էնքան բարիք առջևումդ... Մի կերպ զսպեցի սրտիս տրորվելը, բայց մեծ դժվարությամբ կտրեցի աչքս սեղանից։

Իմ ուղիղ դեմուդեմը նստել է կիսահարբած Մյուլլերը, խաղամ է ատրճանակի հետ, մի ձեռքից մյուսն է գցում, նայում է ինձ՝ առանց աչքը թարթելու, ոնց որ օձ։ Դե, ես ձեռքերս ցած եմ բռնում, մաշված կրունկներս եմ չրխկացնում իրար ու էսպես եմ զեկուցում. «Ռազմագերի Անդրեյ Սոկոլովը ձեր հրամանով, հերր պարետ, ներկայանում է»։ Նա հարցնում է ինձ. «Ուրեմն ինչպե՞ս, ռուս Իվան, չորս խորանարդ մետր մշակելը շա՞տ է»։ «Ճիշտ այդպես,— ասում եմ,— հերր պարետ, շատ է»։—«Իսկ մի խորանարդ մետրը գերեզմանի համար հերի՞ք է»։—«Ճիշտ այդպես, հերր պարետ, լիուլի հերիք է ու դեռ ավել է»։

Նա վեր կացավ ու ասում է. «Ես քեզ մեծ պատիվ կանեմ, հիմա անձամբ կգնդակահարեմ քեզ էդ խոսքերիդ համար։ Էստեղ անհարմար է, գնանք բակ, հենց այնտեղ էլ և-ևս կլինես»։ «Կամքը ձերն է»,— ասում եմ նրան։ Նա կանգ առավ, մտածեց, իսկ հետո ատրճանակը գցեց սեղանին և լիքը լցրեց մի բաժակ շնապս, վերցրեց մի կտոր հաց, վրան դրեց մի շերտ խոզաճարպ, էդ բոլորը մեկնեց ինձ ու ասում է. «Մեռնելուց առաջ, ռուս Իվան, խմիր գերմանական զենքի հաղթանակի կենացը»։

Ես դեռ նոր էի վերցրել նրա ձեռքից թե բաժակը և թե ուտելիքը, բայց հենց որ լսեցի էդ խոսքերը, ոնց որ կրակ դիպցրին ինձ։ Մտածում եմ ինքս ինձ. «Ես, ռուս զինվոր, խմեմ գերմանական զենքի հաղթանակի կենա՞ցը։ Իսկ դու մի ուրիշ բան չե՞ս ուզում, հերր պարետ։ Մի հաշիվ է, ես պիտի մեռնեմ, ուրեմն ջհաննամը գնաս դու քո օղիով»։

Ես դրեցի բաժակը սեղանի վրա, դրեցի ուտելիքն ու ասում եմ. «Շնորհակալ եմ հյուրասիրության համար, բայց ես խմող չեմ»։ Նա ժպտում է. «Չե՞ս ուզում խմել մեր հաղթանակի կենացը։ Էդ դեպքում խմիր քու կործանվելուդ կենացը»։ Ի՞նչ ունեի կորցնելու։ «Իմ կործանման ու չարչարանքներից ազատվելու կենացը ես կխմեմ»— ասացի նրան։ Էդ ասելով վերցրի բաժակն ու երկու կումով դատարկեցի, իսկ ուտելիքին ձեռք չտվեցի, քաղաքավարի կերպով սրբեցի շրթունքներս ու ասում եմ. «Շնորհակալ եմ հյուրասիրության համար։ Ես պատրաստ եմ, հերր պարետ, գնանք և-ևս արեք ինձ»։

Բայց նա ուշադրությամբ նայեց ինձ ու ասում է. «Դու գոնե բան կեր մեռնելուց առաջ»։ Ես նրան պատասխանում եմ. «Ես առաջին բաժակից հետո բան չեմ ուտում»։ Նա լցնում է երկրորդը, տալիս է ինձ։ Ես երկրորդն էլ խմեցի ու նորից ուտելիքին ձեռք չեմ տալիս, կտրիճություն եմ անում, մտածում եմ. «Գոնե հարբեմ բակ գնալուց ու կյանքիցս բաժանվելուց առաջ»։ Պարետը վեր բարձրացրեց իր սպիտակ հոնքերը, հարցնում է. «Իսկ ինչո՞ւ չես ուտում, ռուս Իվան։ Մի քաշվիր»։ Իսկ ես էլի իմն եմ ասում նրան. «Ներեցեք, հերր պարետ, ես երկրորդ բաժակից հետո էլ սովորություն չունեմ բան ուտելու»։ Նա թշերն ուռեցրեց, փռթկաց ու հետո էնպես քրքջաց ու ծիծաղի միջից վրա-վրա ինչ-որ բան է ասում գերմաներեն, երևում է՝ իմ խոսքերն է թարգմանում իր Ընկերներին։ Նրանք նույնպես ծիծաղեցին, աթոռները շարժեցին, շուռ տվեցին մռութները դեպի ինձ, ու արդեն նկատում եմ, որ մի տեսակ ուրիշ կերպ են նայում ինձ, ոնց որ թե ավելի մեղմ։

Պարետն ինձ երրորդ բաժակն է լցնում, իսկ ձեռքերը ցնցվում են ծիծաղից։ Էդ բաժակը ես խմեցի երկարաձգելով, կերա մի պատառ հաց, իսկ մնացածը դրեցի սեղանին։ Ես ուզում էի ցույց տալ էդ նզովյալներին, որ թեկուզ սովից մեռնում եմ, բայց իրենց ողորմություն տվածով կուրացողը չեմ, ունեմ իմ ռուսական արժանապատվությունն ու հպարտությանր, և որ նրանք, որքան էլ որ աշխատել են, չեն կարողացել ինձ վերածել անասունի։

Դրանից հետո պարետը լուրջ տեսք ստացավ, ուղղեց իր կրծքի վրա երկու երկաթե խաչերը, առանց զենքի դուրս եկավ սեղանի ետևից և ասում է. «Ահա թե ինչ եմ ասում, Սոկոլով, դու իսկական ռուս զինվոր ես, դու քաջ զինվոր ես։ Ես նույնպես զինվոր եմ ու հարգում եմ արժանավոր հակառակորդներիս։ Ես քեզ չեմ խփի։ Մանավանդ որ մեր քաջարի զորքերն այսօր հասել են Վոլգային ու լրիվ տիրապետել են Ստալինգրադին։ Դա մեզ համար մեծ ուրախություն է, դրա համար էլ ես մեծահոգաբար քեզ եմ պարգևում կյանքդ։ Գնա քո բլոկդ, իսկ սա քեզ համարձակությանդ համար» ու սեղանի վրայից ինձ է տալիս մի ոչ մեծ բոքոն և մի կտոր խոզաճարպ։

Ես հացն ամբողջ ուժով սեղմեցի թևիս տակ, ճարպն առա ձախ ձեռքս ու էնքան կորցրի ինձ գործի էդպիսի անսպասելի դասավորությունից, որ շնորհակալություն էլ չասացի, ձախ շուռ եկա, գնում եմ դեպի դուռը, բայց ինքս ինձ մտածում. «Կշրմփացնի նա հիմա թիակներիս մեջտեղը ու չեմ հասցնի տղաներին էս ուտելիքը»։ Բայց ո՛չ, հաջող անցավ։ Էդ անգամ էլ մահն իմ կողքով անցավ, մենակ նրա ցուրտը փչեց դեմքիս...

Ես պարետանոցից դուրս ելա ոտքերիս վրա ամուր, բայց բակում թուլացա։ Ներս ընկա բարաք ու փռվեցի ցեմենտե հատակի վրա ուշքս կորցրած։ Մերոնք ինձ արթնացրին դեռ մութը-մթին. «Պատմիր»։ Դե, ես վերհիշեցի, ինչ որ պատահել էր պարետանոցում, պատմեցի նրանց։ «Ինչպե՞ս պիտի բաժանենք ուտելիքը»,— հարցնում է նառի իմ հարևանը, իսկ ձայնը դողում է։ «Բոլորին հավասար»,— ասում եմ նրան։ Սպասեցինք մինչև լույսի բացվելը։ Հացն ու ճարպը բաժանեցինք՝ թելով կիսելով։ Ամեն մեկին հասավ լուցկու տուփի չափ հաց, ամեն մի փշրանքը հաշվի առանք, իսկ ճարպը, ինքդ էլ կհասկանաս, հազիվ քսվեց մեր շրթունքներին։ Բայց և այնպես հալալ բաժանեցինք։

Շուտով մեզ՝ ամենաուժեղներիցս երեք հարյուր հոգու, փոխադրեցին ճահիճներ չորացնելու, իսկ հետո Ռուրի մարզի հանքահորերը։ Հենց էնտեղ էլ մնացի մինչև քառասունչորս թիվը։ Մինչև էդ ժամանակը մերոնք արդեն ծռել էին Գերմանիայի ծնոտը, ու ֆաշիստները դադարել էին գերիներից խորշելուց։ Մի անգամ շարք կանգնեցրին մեզ՝ ցերեկվա ամբողջ հերթափոխը, և մի ինչ-որ եկվոր, օբեր-լեյտենանտ ասաց թարգմանչի միջոցով. «Ով որ բանակում ծառայելիս կամ պատերազմից առաջ աշխատել է որպես վարորդ՝ մի քայլ առաջ»։ Մենք՝ նախկին յոթ վարորդներս, առաջ քայլեցինք։ Մեզ տվեցին մաշված արտահագուստներ, պահակներով ուղարկեցին Պոտսդամ քաղաքը։ Հասանք էդտեդ, և մեզ բոլորիս բաժանեցին իրարից։ Ինձ նշանակեցին աշխատելու «Տոդտեում», գերմանացիներն ունեին ճանապարհների ու պաշտպանական կառուցումների շինարարության գրասենյակի նման մի էդպիսի բան։

Ես «օպպել-ադմիրալ» մեքենայով ման էի ածում բանակի մայորի չին ունեցող մի գերմանացի ինժեների։ Օ՜հ, ի՜նչ տռուզն էր էդ ֆաշիստը։ Փոքրիկ, հաստափոր, բոյը տեսած՝ լենքը տեսած, մեկ է, քամակն էլ հաստ, ոնց որ չաղ կնիկ լիներ։ Առջևից նրա համազգեստի վրա երեք կզակ էր կախված ու ետևից էլ վզի վրա՝ երեք հաստ ծալք։ Նրա վրա, ես էդպես էի հաշվել, որ երեք փթից ոչ պակաս զուտ ճարպ կար։ Քայլելիս փնչում էր շոգեքարշի պես, իսկ որ նստեց խժռելու՝ աստված ազատի։ Տեսնամ ես՝ ամբողջ օրը ծամում է ու կոնյակ է ծծում տափաշշից։ Մեկ-մեկ ինձ էլ էր մի բան տալիս, ճամփին կանգ էր առնում, երշիկ էր կտրատում, պանիր, ուտում էր ու խմում, երբ որ քեֆը տեղն էր լինում՝ ինձ էլ էր մի պատառ գցում, ոնց որ շանը։ Ոչ մի անգամ ձեռքս չէր տալիս, չէ՛, դա նվաստացում էր հաշվում իր համար։ Բայց ինչ էլ որ լիներ, ճամբարի հետ չէր կարելի համեմատել ու ես կամաց-կամաց սկսեցի մարդու նմանվել, քիչ-քիչ, բայց և այնպես սկսեցի կազդուրվել։

Մի երկու շաբաթ ես տարա-բերեցի իմ մայորին Պոտսդամից Բեռլին ու ետ, իսկ հետո ինձ ուղարկեցին ճակատամերձ գոտին՝ մերոնց դեմ պաշտպանական սահմանագիծ կառուցելու։ Եվ էդտեղ ես վերջնականապես ետ վարժվեցի քնելուց, գիշերը մինչև լույս մտածում էի, թե ինչպես փախչեմ մերոնց մոտ՝ Հայրենիք։

Մենք եկանք Պոլոցկ քաղաքը։ Առավոտ կանուխ, երկու տարվա մեջ առաջին անգամ, ես լսեցի, թե ինչպես է դղրդամ մեր հրետանին, ու գիտե՞ս, եղբայր, թե ոնց թունդ ելավ սիրտս։ Նույնիսկ ամուրի ժամանակս, երբ որ գնում էի Իրինայի հետ ժամադրության, սիրտս էդպես չէր թպրտում։ Կռիվները գնում էին Պոտցկի արևելյան կողմում՝ արդեն տասնութ կիլոմետրի վրա։ Գերմանացիները քաղաքում դարձել էին զայրացած, նյարդային, իսկ իմ հաստափորն սկսել էր ավելի շատ հարբել։ Ցերեկը նրա հետ մեկնում էինք քաղաքից դուրս, ու նա կարգադրություններ էր անում, թե ինչպես կառուցեն ամրությունները, իսկ գիշերները խմում էր մենակ-մենակ։ Ամբողջովին ուռել էր, աչքերի տակը փոթեր էին կախվել...

«Դե,— մտածում եմ,— էլ սպասել հարկավոր չէ, եկավ իմ ժամանակը։ Ու հարկավոր է ոչ թե մենակ փախչել, այլ ինձ հետ վերցնել նաև իմ հաստափորին, նա պետք կգա մերոնց»։

Ավերակների միջից գտա երկու կիլոգրամանոց մի կշռաքար, փաթաթեցի մի փալասի մեջ, որպեսզի եթե պետք գար խփելու համար, արյուն դուս չգար, մի կտոր հեռախոսալար գտա ճանապարհի վրա. ինչ որ ինձ հարկավոր էր՝ եռանդով նախապատրաստեցի, թաքցրի առջևի նստատեղի տակ։ Գերմանացիներին մնաս բարով ասելուց երկու օր առաջ, երեկոյան, գալիս եմ բենզին լցնելու տեղից, տեսնեմ՝ «լալիս է հարբած ու ցեխոտ մի գերմանացի անտեր՝ ձռքերով պատը բռնած։ Ես կանգնեցրի մեքենն, նրան տարա ավերակները, թափ տվի համազգեստի միջից, պիլոտկան վերցրի գլխից։ Էդ ամբողջ գույքը նույնպես կոխեցի նստելատեղի տակը. դե արի ու գտիր։

Հունիսի քսանիննին առավոտյան իմ մայորն ինձ հրամայում է տանել իրեն քաղաքից դուրս՝ Տրոսնիցայի ուղղությամբ։ Էստեղ նա ղեկավարում էր ամրությունների կառուցումը։ Մեկնեցինք։ Մայորը երևի նստելատեղի վրա հանգիստ ննջում էր, իսկ իմ սիրտը քիչ էր մնամ դուրս թռչեր կրծքիցս։ Ես արագ էի քշում, բայց քաղարից դուրս գալով, գազը պակասեցրի, հետո կանգնեցրի մեքենան, դուրս եկա, նայեցի շուրջս. ետևում, հեռու, երկու բեռնատարներ են գալիս։ Հանեցի կշռաքարը, դռնակը լայն բացեցի։ Հաստափորը ետ է ընկել նստելատեղի թիկնակին, խռմփում է, կարծես թե իր կնկա կողքին լինի։ Դե, ես էլ կշռաքարով թրխկացրի նրա չաղ քունքին։ Նա կախ գցեց գլուխը։ Վստահության համար ես մի անգամ էլ թրխկացրի, բայց վերջնականապես սպանել չուզեցի։ Հարկավոր էր, որ ես նրան ողջ վիճակում տեղ հասցնեի, նա մերոնց շատ բաներ կունենար պատմելու։ Պատյանից հանեցի նրա «պարաբելումը», կոխեցի գրպանս, մոնտաժի գործիքն ամրացրի ետին նստելատեղի թիկնակին, հեռախոսի լարը գցեցի մայորի վիզը և մի պինդ հանգույց արեցի մոնտաժի գործիքի վրա։ Էդ նրա համար արեցի, որ արագ քշելու ժամանակ չընկներ կողքի վրա։ Ձեռաց վրաս քաշեցի գերմանական համազգեստն ու պիլոտկան, դե, և մեքենաս ուղիղ քշեցի դեպի էնտեղ, որտեղ գետինը թնդում էր, որտեղ կռիվ էր գնում։

Գերմանացիների առաջավոր գիծը ճղեցի-անցա երկու դզօտի մեջտեղով։ Բլինդաժից դուրս թռան ավտոմատավորները, և ես դիտմամբ դանդաղեցրի ընթացքը, որպեսզի նրանք տեսնեն, որ մայոր է գնացողը։ Բայց նրանք աղմուկ բարձրացրին, ձեռքերն են թափ տալիս, այսինքն՝ էնտեղ գնալ չի կարելի, իսկ ես իբրև թե չեմ հասկանում, զոռ տվեցի գազին ու քշեցի ժամն ութսուն կիլոմետր արագությամբ։ Մինչև որ նրանք ուշքի եկան ու սկսեցին գնդացրով խփել մեքենային, ես արդեն ոչ ոքի չպատկանող հողամասի վրա օղապտույտ էի տալիս ձագարների արանքներով՝ նապաստակից էլ լավ։

Հերիք չէ, որ գերմանացիներն են կրակում ետևից, դեռ մերոնք էլ գժվել են, առջևից են կրակում ավտոմատներով։ Չորս տեղով մեքենայի ապակին ծակեցին, գնդակներով պատռեցին ռադիատորը... Բայց ահա վերջապես մի փոքրիկ անտառ՝ լճի մոտ, մերոնք վազում են դեպի մեքենան, իսկ ես քշեցի-մտա էդ փոքրիկ անտառը, բաց արեցի դռնակը, ընկա գետնի վրա ու համբուրում եմ, շունչս քիչ է մնամ կտրվի...

Մի ջահել տղա, վերնաշապիկի վրա կանաչագորշ գույնի ուսադիրներով, ինչպիսիք ես իսկի տեսած չկայի, ինքն առաջինը վազեց, մոտեցավ ինձ, բացեց ատամները. «Ըհ՛ը, գրողի տարած ֆրից, մոլորվե՞լ ես ճամփիցդ»։ Պոկեցի ես իմ վրայից գերմանական համազգեստը, ոտքերիս տակ գցեցի պիլոտկան ու ասում եմ նրան. «Իմ ազիզ հաստապռոշ, թանկագին որդիս, որտեղի՞ ֆրիցն եմ ես, երբ որ իսկական վորոնեժցի եմ։ Գերի էի, հասկանալի՞ է։ Իսկ հիմի արձակեցեք մեքենայի մեջ նստած գոմեշին, վերցրեք նրա պորտֆելն ու տարեք ինձ ձեր հրամանատարի մոտ»։ Ես ատրրճանակը տվեցի նրանց ու անցա ձեռքից-ձեռք, իսկ երեկոյան կողմ արդեն հասա դիվիզիայի հրամանատար գնդապետի մոտ։ Մինչ էդ թե կերակրևցին ինձ, թե բաղնիք տարան, թե հարցաքննեցին, թե համազգեստ տվեցին, էնպես որ ես գնդապետի մոտ, բլինդաժ ներկայացա, ինչպես որ պետքն էր՝ տակից-վրայից մաքուր և ամեն ինչս տեղին։ Գնդապետը վեր կացավ սեղանի ետևից, եկավ ինձ ընդառաջ։ Բոլոր սպաների ներկայությամբ գրկեց ինձ ու ասում է. «Շնորհակալություն քեզ, զինվոր, գերմանացիների կողմից մեզ բերած թանկագին նվերի համար։ Քու մայորդ ու իր պորտֆելը քսան «լեզվից» ավելի թանկ են մեզ համար։ Կմիջնորդեմ հրամանատարության առաջ, որ քեզ ներկայացնեն կառավարական պարգևի»։ Իսկ ես նրա էդ խոսքերից ու սիրալիրությունից անասելի հուզվեցի, շրթունքներս դողում են, չեն հնազանդվում ինձ, մենակ էսքանը կարողացա ասել. «Խնդրում եմ, ընկեր գնդապետ, ինձ գցեք հրաձգային զորամաս»։

Բայց գնդապետը ծիծաղեց, խփեց ուսիս. «Դու ի՞նչ կռվող ես, երբ որ հազիվ ես ոտքի վրա մնում։ Հենց էսօր քեզ կուղարկեմ հոսպիտալ։ Կլավացնեն քեզ, կսնեն, դրանից հետո մի ամսով արձակուրդ կգնաս տուն՝ ընտանիքիդ մոտ, իսկ երբ որ վերադարձար մեզ մոտ՝ կտեսնենք, թե ուր կտեղավորենք քեզ»։

Թե գնդապետը և թե բլինդաժում եղած բոլոր սպաները ձեռք տվեցին ինձ, գնաս բարով ասացին ջերմ սրտով ու ես դուրս ելա վերջնականապես հուզված, որովհետև երկու տարվա մեջ ետ էի սովորել մարդկային վերաբերմունքից։ Ու նկատի առ, եղբայր, որ ես դեռ երկար Ժամանակ, հենց որ առիթ էր լինում հրամանատարների հետ խոսելու, սովորությանս պես գլուխս քաշում էի ուսերիս մեջ, մի տեսակ՝ վախենում էի, որ չխփեն ինձ։ Այ թե ինչպես էին դաստիարակել մեզ ֆաշիստական ճամբարներում...

Հոսպիտալից իսկույն նամակ գրեցի Իրինային։ Համառոտ նկարագրեցի, թե ինչպես գերի եմ եղել, ինչպես փախել եմ գերմանական մայորի հետ։ Ասա, որտեղի՞ց հայտնվեց իմ մեջ էդ երեխայական պարծենկոտաթյունը։ Չհամբերեցի, հայտնեցի, որ գնդապետը խոստացել է պարգևատրության ներկայացնել ինձ...

Երկու շաբաթ ես ուտում էի ու քնում։ Ուտելիքն ինձ տալիս էին քիչ-քիչ, բայց շուտ-շուտ, որովհետև եթե տային ինչքան որ ուզենայի, ես կարող էի կործանվել, բժիշկն էդպես ասաց։ Լրիվ ուժ առա։ Իսկ մի երկու շաբաթ հետո պատառ չէի կարողանում դնել բերանս։ Տնից պատասխան չկար ու ես, ճիշտն ասած, տրխրել էի։ Ուտելիքը միտքս էլ չէր գալիս, քունն ինձնից փախել էր, ինչ տեսակ ծանր մտքեր ասես, որ չէին գալիս գլուխս... Երրորդ շաբաթվա մեջ նամակ ստացա Վորոնեժից։ Բայց գրում էր ոչ թե Իրինան, այլ իմ հարևանը՝ հյուսն Իվան Տիմոֆեևիչը։ Աստված չանի, որ ուրիշ մարդ էդպիսի նամակ ստանա։ Նա հայտնում էր, որ դեռ քառասուներկու թվի հունիսին գերմանացիները ռմբակոծել էին ավիագործարանը և մի ծանր ռումբ ընկել էր ուղիղ իմ տնակի վրա։ Իրինան ու աղջիկներն էլ հենց տանն էին եղել... Դե, գրում էր,որ նրանց հետքն էլ չէին գտել, իսկ տնակի տեղում մի խոր փոս է բացվել... Ես չկարդացի էդ անգամ նամակր մինչև վերջ։ Աչքերս մթնեցին, սիրտս գունդ ու կծիկ եղավ ու չի բացվում։ Ես թեք ընկա մահճակալի վրա, մի քիչ պառկած մնացի, հետո կարդացի պրծա։ Հարևանս գրում էր, որ ռմբակոծության ժամանակ Անատոլին քաղաքում է եղել։ Երեկոյան վերադառնում է ավան, նայում է փոսին ու գիշերը նորից գնում է քաղաք։ Գնալուց առաջ ասում է հարևանին, որ խնդրելու է՝ իրեն կամավոր ուղարկեն ռազմաճակատ։ Ուրիշ ոչինչ։

Երբ որ սիրտս կծկված վիճակից բացվեց ու ականջներումս խշշաց արյունը, ես հիշեցի, թե ինչ դժվարությամբ բաժանվեց ինձանից իմ Իրինան կայարանում։ Ուրեմն դեռ էն ժամանակ նրա կանացի սիրտը թելադրել էր նրան, որ էլ չենք տեսնելու իրար էս աշխարհում։ Իսկ ես էն ժամանակ նրան հրեցի... Ունեի իմ ընտանիքը, իմ տունը, քանի տարի տուն էի դրել, ու էդ ամենը խորտակվեց մի ակնթարթում, մնացի մենակ։ Մտածեցի. «Չլինի՞ թե երազի մեջ եմ»։ Իսկ ախր գերի ժամանակս ես համարյա ամեն գիշեր, իհարկե, ինքս իմ մեջ, խոսում էի թե Իրինայի հետ, թե երեխաների, սիրտ էի տալիս, թե ես կվերադառնամ, իմ ազիզներ, մի տխրեք ինձ համար, ես ամուր եմ, կդիմանամ ու մենք նորից կլինենք միասին... Ուրեմն երկու տարի ես մահացածների հետ եմ խոսել։

Պատմողը մի պահ լռեց և ապա ասաց՝ արդեն մի այլ, կերկերուն ու կամացուկ ձայնով.

— Ե՛կ ծխենք, եղբա՛յր, թե չէ շունչս կտրվում է։

Մենք ծխեցինք, ձնհալի ջրով ողողված անտառում թխկթխկացնում էր փայտփորիկը։ Տաք քամին շարունակում էր ծուլորեն շարժել լաստենուց կախված գինդերը. կարծես սպիտակ առագաստներն ուռեցրած, բարձր կապույտի մեջ շարունակում էին լողալ ամպերը, բայց սգալի լռության այդ րոպեին ինձ արդեն այլ կերպ երևաց անափ աշխարհը, որը պատրաստվում էր գարնան մեծ փոփոխումների, կենդանության ու կյանքի հավիտենական հաստատմանը։

Լռելը ծանր էր, ուստի և ես հարցրի.

— Իսկ հետո՞։

— Հետո՞,— դժկամ արձագանքեց պատմություն անողը։— Հետո ես գնդապետից ստացա մի ամսվա արձակուրդ, մի շաբաթ հետո արդեն Վորոնեժումն էի։ Ոտքով գնացի հասա էն տեղը, որտեղ ես առաջ ապրել էի ընտանիքով։ Խոր փոս՝ ժանգագույն ջրով լցված, չորս կողմը՝ գոտկիցդ հետ մոլախոտ... Ծմակ, գերեզմանային լռություն։ Օհ, ինչ ծանր էր դա ինձ համար, եղբա՛յր։ Կանգ առա, սգացի հոգով ու նորից գնացի կայարան։ Մի ժամ էլ չկարողացա մնալ էնտեղ ու հենց նույն օրը ետ վերադարձա դիվիզիա։

Բայց մի երեք ամիս հետո ինձ համար էլ ուրախություն շողաց, ոնց որ արևն ամպերի ետևից, գտնվեց Անատոլին։ Ինձ նամակ ուղարկեց ռազմաճակատ, ինչպես երևում էր, մի ուրիշ ռազմաճակատից։ Իմ հասցեն իմացել էր հարևանից՝ Իվան Տիմոֆեևիչից։ Պարզվեց, որ նա սկզբում ընկել էր հրետանային դպրոց, էնտեղ հենց պետք էր եկել նրա մաթեմատիկական շնորհքը։ Մի տարի հետո գերազանց ավարտել էր դպրոցը, գնացել էր ռազմաճակատ ու ահա գրում էր, որ ստացել է կապիտանի կոչում, «քառասունհինգանոցների» մարտկոցի հրամանատար է, վեց շքանշան ունի և մեդալներ։ Մի խոսքով, բոլոր կողմերով առաջ էր անցել իր հորից։ Ու նորից ես անասելի հպարտացա նրանով։ Ոնց ուզում ես՝ հաշվիր, բայց իմ հարազատ զավակը կապիտան էր ու մարտկոցի հրամանատար, դա հանաք բան չէ։ Դեռ էն էլ՝ էդքան շքանշաններով։ Էդ ոչինչ, նրա հերը «Ստուդեբեկկերով» արկեր էր փոխադրում ու զանազան ուրիշ ռազմական գույք։ Հոր կյանքն արդեն անցել էր, իսկ նրա՝ կապիտանի համար, ամեն ինչ դեռ առջևումն էր։

Ու սկսեցի գիշերները ծերունական երազներով տարվել, ինչպես կվերջանա պատերազմը, ինչպես կամուսնացնեմ որդուս ու ինքս էլ նորապսակների մոտ կապրեմ, հյուսնություն կանեմ ու թոռնիկներիս կխնամեմ։ Մի խոսքով, ամեն տեսակ նմանօրինակ ծերունական բաներ։ Բայց էդտեղ էլ ես լրիվ սխալվեցի։ Ձմեռը մենք առաջ էինք գնում առանց շունչ առնելու և իրար առանձնապես շուտ-շուտ գրելու ժամանակ չունեինք, իսկ պատերազմի վերջին, արդեն Բեռլինի մոտից, առավոտյան նամակ ուղարկեցի Անատոլիին, իսկ մյուս օրն ստացա պատասխանը։ Եվ էդտեղ ես հասկացա, որ ես ու որդիս գերմանական մայրաքաղաքին մոտեցել էինք տարբեր ճանապարհներով, բայց գտնվում էինք իրար մոտիկ։ Անհամբեր սպասում եմ, չեմ դիմանում, թե երբ պետք է տեսնվենք։ Դե, և տեսնվեցինք... Հենց ճիշտ մայիսի իննին, առավոտյան, հաղթանակի օրը, գերմանացի սնայպերն սպանեց իմ որդի Անատոլիին...

Օրվա երկրորդ կեսին ինձ կանչում է վաշտի հրամանատարը։ Տեսնեմ՝ նրա մոտ նստած է ինձ անծանոթ հրետանային մի փոխգնդապետ։ Ես մտա սենյակ, նա վեր կացավ-կանգնեց, ինչպես ավելի բարձր կոչում ունեցողի առջև։ Իմ վաշտի հրամանատարն ասում է.— «Քեզ է եկել, Սոկոլով»,— իսկ ինքը շուռ եկավ դեպի լուսամուտը։ Կարծես թե էլեկտրական հոսանք անցավ միջովս, որովհետև ես վատ բանի հոտ առա։ Փոխգնդապետը մոտեցավ ինձ ու կամացուկ ասում է. «Արիացիր, հայրիկ։ Քո որդին՝ կապիտան Սոկոլովն այսօր սպանվեց մարտկոցի վրա։ Եկ գնանք ինձ հետ»։

Ես ճոճվեցի, բայց դիմացա ոտքի վրա։ Նույնիսկ հիմա ոնց որ երազի մեջ հիշում եմ, թե ինչպես մեկնեցի փոխգնդապետի հետ՝ մեծ մեքենայով, ինչպես դժվարությամբ անցանք փլվածքներով լի փողոցներով, պղտոր հիշում եմ շարք կանգնած զինվորներին ու կարմիր թավիշով պատած դագաղը։ Իսկ Անատոլիին տեսնում եմ ոնց որ ահա քեզ, եղբայր։ Մոտեցա դագաղին։ Էնտեղ պառկածն իմ տղան է ու իմ տղան չէ։ Իմը՝ դա միշտ ժպտերես, նեղ ուսերով տղա էր՝ նիհար բկի վրա սուր կլթակով, իսկ էնտեղ պառկած էր մի ջահելի թիկնեղ, գեղեցիկ տղամարդ, աչքերը կիսախուփ, կարծես թե մի տեղ էր նայում իմ կողքով, ինձ անծանոթ մի հեռու տեղ։ Մենակ շրթունքների անկյուններում էր մնացել իմ նախկին որդու թեթև ծիծաղը։ Իմ Տուկային, որին ես մի ժամանակ գիտեի... Համբուրեցի ես նրան ու քաշվեցի մի կողմ։ Փոխգնդապետը ճառ ասաց։ Իմ Անատոլիի ընկեր-տղաներն արցունքներն էին սրբում, իսկ իմ չթափած արցունքները, ինչպես երևում է, չորացել էին սրտիս վրա։ Միգուցե դրա՞ համար է սիրտս էսպես ցավում։

Գերմանական օտար հողում ես թաղեցի իմ վերջին հույսն ու ուրախությունը, կրակեց իմ որդու մարտկոցը՝ ուղարկելով իր հրամանատարին հեռավոր ճանապարհորդության, ու կարծես թե իմ մեջ մի բան կտրվեց... Ես իմ զորամասը եկա բոլորովին շշմած։ Բայց շուտով ինձ զորացրեցին։ Ու՞ր գնամ։ Մի՞թե Վորոնեժ։ Ոչ մի դեպքում։ Հիշեցի, որ Ուրյուպինսկում ապրում է իմ ընկերը, որ վիրավորված լինելու պատճառով զորացրվել էր դեռ ձմռանը, նա մի ժամանակ ինձ հրավիրում էր իր մոտ, հիշեցի ու գնացի Ուրյուպինսկ։

Իմ ընկերն ու նրա կինը երեխա չունեին, ապրում էին իրենց սեփական տանը՝ քաղաքի ծայրին։ Թեկուզ նա հաշմանդամ էր, բայց աշխատում էր որպես վարորդ՝ ավտովաշտում, ես նույնպես մտա աշխատելու էդտեղ։ Տեղավորվեցի ընկերոջս մոտ, նա ինձ ապաստան տվեց։ Մենք զանազան բեռներ էինք փոխադրում շրջանները, աշնանն սկսեցինք հացահատիկ կրել։ Հենց էդ ժամանակ էլ ես ծանոթացա իմ նոր որդու հետ, ա՛յ նրա, որ խաղում է ավազի մեջ։

Լինում է, որ ռեյսից վերադառնում ես քաղաք, հասկանալի է՝ առաջին հերթին թեյարան ես մտնում մի բան ուտելու, ու դե, իհարկե, նաև խմում ես մի հարյուր գրամ՝ հոգնածությունդ անցկացնելու համար։ Էդ վնասակար գործին, պիտի ասել, ես արդեն վարժվել էի ուզածիդ պես... Ու ահա մի անգամ թեյարանի մոտ տեսա էդ տղային, մյուս օրը՝ նորից տեսա։ Պատռտված շորերով մի փոքրիկ տղա, թշիկները ամբողջովին ձմերուկի շիրայի ու փոշու մեջ կորած, ինքը՝ ցեխակոլոլ գզգզված, իսկ աչիկները ոնց որ աստղեր լինեն գիշերով, անձրևից հետո։ Նա էնքան դուր եկավ ինձ, որ ես արդեն, տարօրինակ բան, սկսեցի կարոտել նրան, շտապում եմ շուտ վերադառնալ ռեյսից, որ տեսնեմ նրան։ Հենց թեյատան մոտ էլ գլուխը պահում էր, էհ, ով ինչ որ տար։

Չորրորդ օրը, հենց ուղղակի սովխոզից, հացահատիկ բարձած, շուռ եմ գալիս դեպի թեյարանը։ Իմ տղան էնտեղ էր, նստել էր սանդղագլխին, ոտքերն էր ճոճում ու ամեն ինչից երևում էր, որ սոված էր։ Ես դուրս ձգվեցի իմ լուսամատից, բղավում եմ նրան, «Էյ, Վանյուշկա, շուտ, նստիր մեքենաս, ման ածեմ քեզ մինչև էլևատորը, հետո էնտեղից ետ կգանք, էստեղ կճաշենք»։ Նա իմ կանչելուց ցնցվեց, վար ցատկեց սանդղագլխից, բարձրացավ մեքենայի աստիճանի վրա ու կամացուկ ասում է. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, հորեղբայր, որ իմ անունը Վանյուշա է»։ Եվ աչիկները լայն բացեց, սպասում է, թե ինչ պիտի պատասխանեմ։ Դե, ես նրան ասացի, որ ընկած-ելած մարդ եմ ու ամեն ինչ գիտեմ։

Նա անցավ աջ կողմը, ես դռնակը բաց արեցի, նստեցրի նրան իմ կողքին, գնացի՜նք։ Էնքան աշխույժ տղա էր, բայց հանկարծ, չգիտես ինչու, ձենը կտրեց, սկսեց մտածել ու մեկ-մեկ էլ ինձ է նայում դեպի վեր շուռ եկած իր երկար թարթիչների տակից, հառաջում է։ Էդպիսի պստլիկ թռչնիկ, բայց արդեն հառաչել սովորել է։ Մի՞թե դա նրա բանն է։ Հարցնում եմ. «Հերդ որտե՞ղ է Վանյա»։ Շշնջում է. «Զոհվել է ռազմաճակատում»։ «Իսկ մե՞րդ»; «Մորս ռումբն սպանեց գնացքի մեջ, երբ որ մենք ճամփա էինք գնում»։ «Իսկ որտե՞ղ էիք գնում»։ «Չգիտեմ, չեմ հիշում»... «Ու ոչ մի հարազատ չունե՞ս էստեղ»։ «Ոչ մի»։ «Բա որտե՞ղ ես գիշերում»։ «Որտեղ որ պատահի»։

Էդտեղ դառն արցունքը լցվեց աչքերս ու ես իսկույն որոշեցի. «Ես չեմ թողնի, որ մենք մնանք իրարից ջոկ ու կորչենք-գնանք։ Կվերցնեմ նրան ինձ երեխա»։ Ու իսկույն հոգիս թեթևացավ ու մի տեսակ լուսավորվեց։ Ես թեքվեցի նրա կողմն ու կամացուկ հարցնում եմ. «Վանյուշկա, իսկ դու գիտե՞ս, թե ես ով եմ»։ Նա հարցրեց կամացուկ, հոգոց արձակելու պես. «Ո՞վ ես»։ Ես նրան պատասխանեցի՝ նույնպես կամացուկ. «Ես քո հայրիկն եմ»։

Աստված իմ, ի՜նչ կատարվեց էդտեղ։ Ընկավ վզովս, երեսս է համբուրում, շրթունքներս, ճակատս, ու թռչունի նման էնպես է ծվծվում բարձր ու բարակ ձայնով, որ կաբինկան զնգում է։ «Հայրիկ ջան, ես գիտեի, ես գիտեի, որ դու ինձ կգտնես, ինչ էլ լինի՝ կգտնես, ես էնքան երկար եմ սպասել, թե երբ պիտի դու ինձ գտնես»։ Սեղմվեց ինձ ու ամբողջովին դողում է, ոնց որ սեզը քամուց։ Իսկ իմ աչքերում մուժ է կանգնել ու նույնպես ոտից գլուխ ցնցվում եմ դողից ու ձեռքերս նույնպես դողում են... Զարմանալի է, թե ինչպես կարողացա ես էդ ժամանակ ղեկը բաց չթողնել։ Բայց և այնպես ճամփակողի փոսի մեջ ընկա, մոտորը կանգնեցրի։ Մինչև որ աչքերիս մուժը չանցավ, վախեցա քշել, որ տակը մարդ չգցեմ։ Կանգնեցրի մեքենան մի հինգ րոպե, իսկ տղաս շարունակ ինձ է սեղմվում իր ամբողջ փոքրիկ ուժով, ձենը կտրվել է, ցնցվում է։ Ես նրան գրկեցի աջ ձեռքով, կամացուկ սեղմեցի ինձ, իսկ ձախով շուռ տվեցի մեքենան, քշեցի ետ՝ դեպի իմ բնակարանը։ Ի՞նչ էլեատոր, ի՞նչ բան, դրա ժամանա՞կն էր։

Մեքենան թողեցի դարբասի մոտ, գիրկս առա իմ նոր որդուն, բերում եմ տուն։ Իսկ նա ինչպես որ փաթաթեց իր թաթիկներն իմ վզին, էնպես էլ բաց չթողեց՝ մինչև հասանք տեղ։ Սեղմել էր իր թշիկն իմ չածիլված թշին, ոնց որ կպել-մնացել էր, էդպես էլ ներս տարա նրան։ Տանտերն ու տանտիրուհին տանն էին։ Ես ներս մտա, աչքով եմ անում նրանց՝ զույգ աչքով, ու կայտառ ձայնով ասում եմ. «Վերջապես ես գտա իմ Վանյուշկային։ Ընդունեցեք մեզ, բարի մարդիկ»։ Նրանք, որ նույնպես անզավակ էին, իսկույն գլխի ընկան, թե ինչումն է բանը, իրար անցան, պատրաստություն են տեսնում։ Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում որդուս պոկել ինձանից։ Բայց մի կերպ համոզեցի։ Զեռքերը լվացի սապոնով, նստեցրի սեղանի մոտ։ Տանտիրուհին շչի լցրեց նրա համար ու երբ տեսավ, թե ոնց է ագահությամբ ուտում, ուղղակի լացեց։ Կանգնել է վառարանի մոտ, լաց է լինում գոգնոցով երեսը ծածկած։ Իմ Վանյուշկան տեսավ, որ նա լաց է լինում, վազեց նրա մոտ, քաշում է փեշն ու ասում. «Ինչո՞ւ եք լալիս, հորաքույր։ Հայրիկն ինձ գտավ թեյարանի մոտ, դրա համար բոլորս պիտի ուրախանանք, իսկ դուք լաց եք լինում»։ Իսկ այդ կինը, աստված տա նրան, ավելի սկսեց լալ, ամբողջովին թրջվեց։

Ճաշից հետո ես տղային տարա վարսավիրանոց, խուզել տվեցի գլուխը, իսկ տանը ինքս լողացրի նրան տաշտի մեջ, մաքուր սավանը փաթաթեցի վրան։ Նա գրկեց ինձ ու հենց գրկիս մեջ էլ քնեց։ Զգուշությամբ դրեցի մահճակալի մեջ, գնացի էլևատոր, թափեցի հացահատիկը, մեքենան քշեցի կանգնեցնեի տեղն ու վազ տվեցի խանութները։ Գնեցի նրա համար մահուդե շալվար, շապիկ, սանդալներ ու ճիլոպե գլխարկ։ Իհարկե, էդ բոլորը դուրս եկավ թե նրա հասակին անհամեմատ ու թե որակն անպետք։ Շալվարի համար տանտիրուհին նույնիսկ բարկացավ ինձ վրա։ «Դու,— ասում է,—խելքդ թռցրել ես, էս տեսակ շոգին երեխային մահուդե շալվա՞ր կհագցնեն»։ Ու ձեռաց սեղանի վրա դրեց կարի մեքենան, իսկ մի ժամ հետո իմ Վանյուշկայի համար արդեն պատրաստ էին սատինե վարտիքն ու կարճ թևքերով սպիտակ շապիկը։ Ես քնելու պառկեցի նրա հետ ու առաջին անգամ՝ երկար ժամանակից հետո, քնեցի հանգիստ։ Բայց գիշերը մի չորս անգամ վեր կացա։ Արթնանում եմ, իսկ նա կուչ է եկել թևիս տակ, ինչպես ճնճղուկը կտուրի քիվի տակ, կամացուկ մշմշում է, ու էնքան է ուրախանում հոգիս, որ պատմել չեմ կարող։ Էնպես էի անում, որ չշարժվեմ, չզարթնեցնեմ նրան, բայց էլի չէի համբերում, կամացուկ վեր էի կենում, վառում էի լուցկին ու հայիլ-մայլ նայում էի նրան...

Առավոտյան կողմ արթնացա, չգիտեմ, թե ինչ պատճառով շունչս կտրվում էր։ Դու մի ասի, էդ իմ որդիս էր դուրս եկել սավանի տակից, պառկել էր խաչկտուր ձևով, մեկնվել էր ու տոտիկը դեմ էր տվել բկիս։ Թեև անհանգիստ է նրա հետ քնելը, բայց սովորել եմ, չեմ կարող առանց նրա։ Գիշերը՝ մեկ շոյում եմ նրան քնած տեղը, մեկ մազերի խոպոպիկներից եմ հոտ քաշում, ու սիրտս թեթևանում է, փափկո՜ւմ, ախր քարացել էր վշտից...

Սկզբնական շրջանում նա ինձ հետ մեքենայով ռեյսի էր գնում, հետո հասկացա, որ էդպես չի կարելի։ Ես որ մենակ լինեմ՝ ինձ ի՞նչ է պետք, մի կտոր հաց ու վրան աղ ցանած սոխ, ու ես կուշտ եմ ամբողջ օրը։ Իսկ նրա հետ որ լինեմ՝ ուրիշ բան. մեկ հարկավոր է կաթ ճարել նրա համար, մեկ ձու խաշել, առանց տաք ուտելիքի թողնել նրան ոչ մի կերպ չի կարելի։ Իսկ գործը հետաձգել չեմ կարող։ Կուչ ու ձիգ արեցի, թողեցի նրան տանտիրուհու խնամքին, իսկ Վանյուշկան մինչև երեկո լաց էր եղել, իսկ երեկոյան փախել-եկել էր էլևատոր՝ ինձ դիմավորելու։ Մինչև ուշ գիշեր սպասել էր էնտեղ։

Առաջին ժամանակները դժվար էր ինձ համար։ Մի անգամ մենք պառկեցինք քնելու դեռ լույսով, ցերեկը ես շատ էի բեզարել, իսկ նա, որ միշտ ճլվլում էր ճնճղուկի պես, չգիտեմ, թե ինչու՝ լռել էր։ Հարցնում եմ. «Դու ինչի՞ մասին ես մտածում, որդիս»։ Իսկ նա հարցնում է ինձ ու ինքն առաստաղին է նայում. «Հայրիկ, դու ո՞ւր ես թողել քու կաշվե վերարկուն»։ Կյանքումս ես ոչ մի անգամ կաշվե վերարկու չեմ ունեցել։ Մի կերպ տակից դուրս եկա. «Վորոնեժում եմ թողել», ասում եմ նրան։ «Իսկ ինչու՞ դու ինձ էդքան երկար Ժամանակ փնտրում էիր»։ Պատասխանում եմ. «Ես քեզ, որդիս, թե Գերմանիայում էի փնտրում, թե Լեհաստանում, թե ամբողջ Բելոռուսիան առա ոտիս տակ, իսկ դուրս եկավ, որ դու Ուրյուպինսկումն էիր»։ «Իսկ Ուրյապինսկն ավելի՞ է մոտիկ Գերմանիային։ Իսկ Լեհաստանը հեռու՞ է մեր տնից»։ Ու էդպես զրույց էինք անում քնելուց առաջ։

Իսկ դու կարծում ես, թե նա կաշվե վերարկուի մասին դատարկ տե՞ղը հարցրեց։ Ոչ, էդ ամենը դատարկ տեղը չէր։ Նշանակում է, մի ժամանակ նրա իսկական հայրն էդպիսի վերարկու է ունեցել, ու դա մնացել է նրա միտքը։ Ախր երեխայի հիշողությունը նման է ամառվա լուսաբացին, բռնկվում է մի կարճ ժամանակ, լույս է տալիս և հանգչում է։ Էդպես էլ նրա հիշողությունը, լուսաբացի նման փայլատակելով է աշխատում։

Գուցե մենք միասին մի տարվա չափ էլ ապրեինք Ուրյուպինսկում, բայց նոյեմբերին ինձ հետ փորձանք պատահեց, քշում էի մեքենան ցեխի միջով, մի խուտորում մեքենաս շեղվեց ճամփից, հենց էդ ժամանակ մի կով էր անցնում, ես նրան գլորեցի գետին։ Դե, հայտնի բան է, կնանիք աղմուկ բարձրացրին, ժողովուրդ հավաքվեց ու ավտոտեսուչը ձեռաց կտրեց առաջս։ Վերցրեց ինձանից վարորդական գրքույկս՝ ինչքան էլ ես խնդրեցի ներող լինել։ Կովը վեր կացավ, պոչը ցցեց ու գնաց տրտինգ տալու փողոցներով, իսկ ես զրկվեցի գրքույկիցս։ Ձմեռը հյուսնություն արեցի, իսկ հետո նամակագրություն ունեցա մի ընկերոջս հետ, նույնպես ինձ հետ ծառայած, նա աշխատում էր ձեր մարզում, Կաշարի շրջանում որպես վարորդ, ու նա ինձ հրավիրեց իր մոտ։ Գրում է, որ կաշխատես մի վեց ամիս որպես հյուսն, իսկ հետո մեր մարզում քեզ նոր գրքույկ կտան։ Դրա համար էլ ես ու որդիս գործուղել ենք մեզ Կաշար՝ երթային կարգով։

Առանց էդ էլ, ինչպե՞ս ասեմ քեզ, եթե կովի հետ պատահած վթարն էլ չլիներ, մի հաշիվ է, ես քաշվելու-գնալու էի Ուրյապինսկից։ Վիշտը չի թողնում, որ ես երկար ժամանակ մի տեղում մնամ։ Ա՛յ, երբ որ արդեն իմ Վանյուշկան մեծանա ու հարկավոր լինի դպրոց տալ նրան, էն ժամանակ գուցե ես դադար առնեմ, նստեմ ու մնամ մի տեղ։ Իսկ հիմի առայժմ քայլում ենք ռուսական հողով մեկ։

— Նրա համար դժվար է քայլելը,— ասացի ես։

— Ախր նա շատ քիչ է գնում իր ոտքով, մեծ մասը ես եմ նրան տանում։ Նստեցնում եմ ուսիս ու գնում, իսկ երբ որ ուզում է մի քիչ թափ տալ իրեն, իջնում է ուսիցս ու վազ է տալիս ճամփի կողքով, տրճիկ է տալիս ուլի պես։ Էդ բոլորը, եղբա՛յր, ոչինչ, մի կերպ կապրեինք, բայց տես, որ սիրտս խախուտվել է, հարկավոր է մխոցը փոխել... Մեկ-մեկ էնպես է բռնում ու սեղմում, որ լույս աշխարհը մթնում է աչքիս։ Վախենում եմ, թե հանկարծ քնի մեջ մեռնեմ ու վախեցնեմ որդուս։ Դա հերիք չէր, էլի մի ուրիշ ցավ. համարյա ամեն գիշեր իմ թանկագին ննջեցյալներին եմ տեսնում երազումս։ Շատ անգամ էն ձևով եմ տեսնում, իբրև թե ես փշալարերի ետևումն եմ, իսկ նրանք ազատ են՝ մյուս կողմում...։ Խոսում եմ ամեն ինչի մասին՝ թե Իրինայի հետ, թե երեխաների, բայց հենց որ ուզում եմ փշալարերը ձեռքերով ետ տանել՝ դրանք հեռանում են ինձանից, կարծես հալչում են աչքիս առաջ... Եվ ահա, զարմանալի բան, ցերեկը ես միշտ ինձ պինդ եմ պահում, ինձանից ոչ «ախ», ոչ «վախ» չես լսի, իսկ գիշերներն արթնանում եմ ու տեսնում, որ ամբողջ բարձս թրջվեւ է արցունքից...

Անտառում լսվեց իմ ընկերոջ ձայնը, թիակի ճղփոցը ջրի վրա։

Օտար, բայց ինձ հարազատ դարձած մարդը վեր կացավ, մեկնեց ինձ իր մեծ, փայտի պես ամուր ձեռքը.

— Գնաս բարով, եղբայր, բարի ճանապարհ։

— Դու էլ բարի հաջողությամբ հասնես Կաշար։

— Շնորհակալ եմ։ Է՛յ, որդիս, գնանք նավակի մոտ։

Տղան վազ տվեց դեպի հայրը, անցավ աջ կողմը և բռնելով հոր բամբակաբաճկոնի փեշը, տոտիկ-տոտիկ քայլեց լայն քայլերով գնացող տղամարդու հետ։

Երկու որբացած մարդիկ, երկու ավազահատիկ՝ չտեսնված ուժգնություն ունեցող ռազմական մրրիկից օտար վայրեր նետված... Ի՞նչ է սպասում առջևում նրանց։ Եվ ուզում ես մտածել, որ այդ ռուս մարդը, մեծ կամքի տեր մարդը, կդիմանա, և հոր ուսի մոտ կաճի և մեծանալուց հետո կկարողանա ամեն ինչ հաղթահարել իր ճանապարհին՝ եթե դրա համար կանչի նրան հայրենիքը։ Ծանր վշտով նայում էի նրանց ետևից... Գուցե ամեն ինչ բարեհաջող անցներ մեր բաժանման ժամանակ, բայց Վանյուշկան մանրատոտիկ գնալով մի քայլ, ետ դարձրեց երեսը դեպի ինձ, թափահարեց վարդագույն թաթիկը։ Եվ հանկարծ, ասես թե փափուկ, բայց ճանկերով մի թաթ սեղմեց իմ սիրտը, և ես շտապեցի շուռ գալ։ Ոչ, միայն քնի մեջ չէ, որ լաց են լինում պատերազմի տարիներին սպիտակած հասակավոր տղամարդիկ։ Նրանք լաց են լինում նաև արթուն ժամանակ։ Այստեղ գլխավորն այն է, որ կարողանաս ժամանակին շուռ տալ երեսդ։ Այստեղ ամենագլխավորը այն է, որ չվշտացնես երեխայի սիրտը, որ նա չտեսնի, թե ինչպես է քո այտերով հոսում տղամարդու այրող ու ժլատ արցունքը...