Վերջին թարմացում 14 Փետրվարի 2017, 23:30

Միայն մեռածը գիտե Բրուկլինը

Միայն մեռածը գիտե Բրուկլինը

հեղինակ՝ Թոմաս Վուլֆ
թարգմանիչ՝ Վ․ Ավետիսյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ոչ մի տղա չի կարող ծայրից֊ծայր ճանաչել Բրուկլինը, որովհետև եթե ամբողջ կյանքում էլ ման գա, չի գտնի այդ, թո՛ւհ․․․ շան ծնունդ քաղաքի տեղը։

Հա, ուրեմն մի օր կանգնել , սպասում եմ գնացքիս, մեկ էլ մի աժդահա տղա տեսա․ կյանքումս առաջին անգամ էի նրա պես տղա տեսնում։ Դե, ինչպես ասեմ, նա ոնց որ գիժ լիներ։ Շատ էր գժի նման, բայց փորձում էր իրեն հանգիստ պահել․ բավականին քաղաքավարի էր խոսում, հետո՝ հպարտ֊հպարտ էլ քայլում էր։ Հա, ուրեմն այս աժդահա տղան մոտենում է փոքրիկ մի տղայի ու հարցնում․ «Ինչպե՞ս կարելի է գնալ ութերորդ ավենյուի վաթսունվեցերորդ փողոցը»։

«Հիսո՜ւս․․․ Այ թե բռնացրիր ինձ շեֆ, ― ասում է փոքրիկ տղան։ ― Ինչ ասեմ, ախր ես երկար ժամանակ այստեղ չեմ եղել է։ Հը՞։ Տեսնես որտե՞ղ է․․․ Երևի Ֆլաթբուշ թաղամասում, հա՞․․․»։

«Չէ՛, ― ասում է աժդահա տղան։ ― Այդ փողոցը Բենսընիսթում է։ Բայց ճիշտն ասած, ես ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել։ Ինչպե՞ս կարելի է հասնել այդ փողոցը»։

«Հիսո՜ւս, ― ասում է փոքրիկ տղան՝ գլուխը քորելով։ Հասկանում եք, ինչպես երևում էր, փոքրիկ տղան չգիտեր Բենսընիսթի տեղը։ «Դու ինձ բռնացրիր, շեֆ։ Ես առաջին անգամ եմ այդ թաղամասի անունը լսում։ Իսկ ձեր տղերքից գիտե՞ն, թե դա որտեղ է», ― հարցնում է ինձ։

«Իհարկե, ― ասում եմ։ ― Բենսընիսթում է։ Ուրեմն նստում ես Չորրորդ ավենյուի ճեպընթացը, հասնում ես հիսունինը փողոցը, հետո Սիը Բիջի գնացքով հասնում Տասնութերորդ ավենյուի տասնվեցերորդ փողոցը։ Հետո մի չորս֊հինգ շենք կքայլես, կհասնես քո ուզած փողոցը»։

«Գնա էն կողմ է՛, ― ասում է խելոք մի տղա՝ չգիտես որտեղից իմ դեմ հայտնվելով։ ― Ինչ ես ասում է՛, մարդ բան չի հասկանում, թե ինչ է խոսում․․․ Հիմա ասեմ ինչ արա, ― դիմում է աժդահա տղային։ ― Ուրեմն նստում ես Վեսթ Էնդի գնացքը, հասնում Տասնվեցերորդ ավենյու և երկու շենք անցնելուց հետո կհասնես քո ուզած տեղը»։ Օ, նա շատ խելոք տղա էր, հասկանում եք։ «Հա՞, ― ասում եմ։ ― Քեզ ո՞վ է այդքան շատ բան սովորեցրել»։ Այդ տղան ինձնից նեղացավ, որովհետև այդ հարցում նա այնքան խելոք էր իրեն կարծում։ Հարցնում եմ․ «Ինչքա՞ն ժամանակ կլինի, որ ապրում ես այստեղ»։

«Ամբողջ կյանքս, ― ասում է նա։ Հետո թե՝ «Ես Ուիլյամսբրգում եմ ծնվել։ Այս քաղաքի մասին բաներ պատմեմ, որ կյանքումդ լսած չլինես»։

«Հա՞», ― ասում եմ։

«Հա՛»։

«Դե ուրեմն այս քաղաքի մասին բաներ պատմիր, որ ոչ մեկը լսած չլինի։ Երևի դու այդ բոլորը հնարում ես հա՞, գիշերը, քնելուց առաջ․․․ ինչպես տիկնիկային թատրոնում»։

«Յա՞․․․ Երևում է շատ խելոքն ես, հը՞»։

Ասում եմ․ «Հաստատ չգիտեմ։ Թռչունները դեռ իմ գլուխը Լինքոլնի արձանի գլխի հետ չեն շփոթել։ Բայց․․․ գոնե այնքան խելք ունեմ, որ մեկին հանդիպելիս կարողանում եմ ջոկել՝ նա ճիշտ է ասում, թե չէ»։

«Ուրեմն էդքան խելք ունես, հա՞։ Մի օր քիթդ կջարդեն, նոր կհասկանաս, թե ինչքան խելոթ ես»։

Դե իմ գնացքը գալիս էր, թե չէ հենց այնտեղ նրա քիթմռութը կջարդեի․ բայց երբ տեսա գնացքս գալիս էր, միայն այսքան բան հասցրի ասել․ «Շատ լավ, հիմարի մեկը․․․ Ափսոս չեմ կարող սպասել, որ քեզ մի լավ ջարդեմ, բայց մի օր կհանդիպեմ քեզ, երևի․․․ գերեզմանոցում․․․»։ Հետո ասում եմ այն աժդահա տղային, որ ամբողջ ժամանակ կանգնել էր մեր կողքին․ «Արի ինձ հետ»։ Ու գնացք նստելիս հարցնում եմ․ «Դու Բենսընիսթ ես գնում, չէ՞։ Ո՞ր տունն ես փնտրում»։ Դե գիտեք, եթե նա ինձ հասցեն ասեր, երևի կարողանայի օգնել։

Ասում է․ «Օ, գիտեք, ես ոչ մի փողոց էլ չեմ փնտրում։ Ես Բենսընիսթում ոչ մեկին չեմ ճանաչում»։

«Ուրեմն ի՞նչ գործ ունես, որ գնում ես այնտեղ»։

«Դե ոնց ասեմ․․․ Ուզում եմ Բենսընիսթը տեսել։ Ինձ դուր է գալիս, երբ արտասանում եմ այդ անունը՝ Բենսընիսթ։ Դրա համար որոշեցի՝ գնամ տեսնեմ»։

Ասում եմ․ «Երևի ինձ ձեռ ես առնում, հա՞։ Հիմարի տե՞ղ ես դնում»։ Հասկանում եք, այդ պահին ինձ թվաց, թե տղան բոլորովին էլ խենթի պես չէր խոսում։

«Ճիշտ եմ ասում։ Ես շատ եմ սիրում գեղեցիկ անուններով վայրեր տեսնել»։

Հարցնում եմ․ «Եթե ոչ մի անգամ այնտեղ չես եղել, ի՞նչ գիտես, որ գեղեցիկ անուններով վայրեր կան»։

«Ես քարտեզ ունեմ»։

«Քարտե՞զ», ― հարցնում եմ։

«Իհարկե, ― ասում է։ ― Ես քարտեզ ունեմ, որտեղ նշված են այդ բոլոր վայրերի անունները»։

Եվ, Հիսուս Քրիսո՜ս․․․ այդ տղան գրպանից հանում է մեծ քարտեզը, ― ճիշտ է, իմ օգնությամբ, ― որի վրա, թո՛ւհ․․․ այդ գրողի տարած բոլոր վայրերը կային։ Եվ Քանըրիզն ու Իսթ Նյու֊Յորքը, և՛ Ֆլաբուշն ու Բենսընիսթը, Սաուդ Բրուկլինը և՛ Բեյ Րիջը․․․ Գրինփըրթը․․․ բոլոր, բոլոր գրողի տարած այդ վայրերը նա իսկույն գտավ քարտեզի վրա։

Հարցնում եմ․ «Դու սրանից որևէ մեկում եղե՞լ ես»։

«Իհարկե՛, ― ասում է։ ― Համարյա բոլոր տեղերում ել եղել եմ։ Հենց երեկ երեկոյան Ռէդ Հուկում էի»։

«Հիսո՜ւս․․․ Ռէդ Հուկո՞ւմ, ― հարցնում եմ։ ― Իսկ ի՞նչ գործ ունեիր այնտեղ»։

«Հեչ, ասում է, ― թափառում էի։ Հետո մի երկու տեղ մտա, մի քիչ խմեցի․ բայց հիմնականում թափառում էի»։

«Ուրեմն հենց այնպես թափառո՞ւ էիր», ― ասում եմ։

«Հա։ Թափառում էի ու դեսուդեն նայում»։

«Իսկ ո՞ւր էիր գնում», ― հարցնում եմ։

«Ահ, ― ասում է, ― ես այդ տեղի անունը չեմ հիշում, բայց քարտեզիս վրա կարող եմ գտնել։ Մի անգամ քայլում էի մեծ դաշտերի միջով։ Ոչ մի տուն չէր երևում, բայց լուսավորված նավեր տեսա։ Նավերը բեռնում էին։ Դաշտերի միջով քայլեցի դեպի նավերը»։

«Դե, պարզ է, ― ասում եմ։ ― Իմացա, թե դու որտեղ ես եղել։ Էրի Բազինում, հը՞․․․»։

«Հա։ Երևի։ Մեծ ամբարձիչները նավերն էին բարձում, և ես մի քանի նավեր տեսա չոր ծովախորշում․ դրա համար էլ քայլեցի դաշտերի միջով՝ որտեղ նավերն էին»։

«Հետո ի՞նչ արեցիր», ― ասում եմ։

«Առանձնապես ոչինչ։ Մի քիչ մնացի այնտեղ, հետո դաշտերի միջով ետ եկա, մի երկու տեղ մտա՝ խմեցի»։

«Դու ոչ մի արկածի չհանդիպեցի՞ր»։

«Չէ։ Միայն մի տեղ երկու հարբած տղա սկսեցին կռվել, բայց նրանց շուտով հանգստացրին։ Հետո այդ տղաներից մեկը նորից ետ եկավ, իսկ երբ բարմենը բեյսբոլի մականը վաճառասեղանի տակից հանեց, տղան նորից դուրս գնաց»։

«Հիսո՜ւս․․․, ― ասացի։ ― Ախր դու Ռէդ Հուկում ես եղել․․․»։

«Իհարկե՛, ― ասում է։ ― Ճիշտ է՝ հենց այնտեղ էի»։

Ասում եմ․ «Դու էլ այնտեղ մի գնա։ Հեռու մնա Ռէդ Հուկից»։

«Ինչո՞ւ, ― ասում է։ ― Ի՞նչ է եղել որ»։

«Լավ կլինի այնտեղ չգնաս։ Այսքան բան։ Լավ կլինի հեռու մնաս»։

«Ախր ինչո՞ւ է՛, ինչու»։

Հիսո՜ւս․․․Ինչպես վարվես այդ դմբո տղայի հետ։ Հետո, տեսա, որ անօգուտ էր նրան բացատրելը։ Միևնույն է, չէր հասկանա՝ ինչի մասին էր խոսքը։ Դրա համար էլ պարզապես ասում եմ․ «Չէ, առանձնապես բան չկա։ Ուղղակի կարող ես այնտեղ մոլորվել»։

«Մոլորվե՞մ․․․ Չէ՛, չէ՛․․․ Ես չէի մոլորվի։ Ախր ինձ մոտ քարտեզ կար»։

Քարտեզ․․․ Այն էլ Ռէդ Հակում․․․ Հիսո՜ւս Քրիստո՜ս․․․ Այդ ժամանակ տղան սկսում է ամեն տեսակ հարցեր տալ․ թե շա՞տ մեծ է Բրուկլինը, հո չի՞ մոլորվի այնտեղ, հետո՝ ինչքա՞ն ժամանակում կարող է ծայրից֊ծայր ճանաչել այն։

«Լսի՛ր․․․, ― ասում եմ։ ― Հենց հիմա գլխիցդ հանիր այդ միտքը։ Ախր դու երբեք չես կարող ճանաչել Բրուկլինը՝ թեկուզ հարյուր տարում։ Ես ամբողջ կյանքս այնտեղ եմ ապրել, բայց չգիտեմ, լրիվ ճանաչո՞ւմ եմ, թե ոչ․․․ էլ ուր մնաց դու»։

«Հա, ճիշտ է, ― ասում է, ― բայց ես հետս քարտեզ եմ վերցրել, որ չմոլորվեմ»։

«Քարտեզ ունենաս, թե չունենաս, մեկ է, Բրուկլինը չես կարող ճանաչել»։

«Իսկ դու լողալ գիտե՞ս», ― պարզ ու մեկեն հարցնում է տղան։

Հիսո՜ւս Քրիստո՜ս․․․ Այդ պահին միայն գլխի ընկա, որ տղան մի տեսակ՝ խենթ էր։ Ճիշտ է, նա լավ խմած էր, բայց աչքերի մեջ աննորմալ մի բան կար, որ ինձ դուր չէր գալիս։ «Դու կարողանո՞ւմ ես լողալ»։

«Իհարկե, ― ասում եմ։ ― Իսկ դո՞ւ»։

«Չէ։ Մի երկու թևալող ու վերջ։ Ես ոչ մի անգամ կարգին լողալ չեմ սովորել»։

«Դա շատ հեշտ բան է, ― ասում եմ։ ― Պարզապես պետք է մի քիչ համարձակ լինես։ Իսկ գիտե՞ս, ինչպես եմ լողալ սովորել։ Երբ ութ տարեկան էի, մի օր եղբայրս հրեց֊գցեց ծովածոցը։ Ու, կհավատաս՝ սկսեցի լողալ․․․ Էլ ուրիշ ինչ անես, երբ մտածում ես՝ ուր որ է պիտի խեղդվես։ Պարզապես ինքնավստահություն է պետք։ Ու հենց որ սկսես լողալ, չես վախենա։ Էլ երբեք չես մոռանա։ Մինչև կյանքիդ վերջը չես մոռանա»։

«Դուք լա՞վ եք լողում», ― հարցնում է տղան։

«Ձկան պես։ Ջրի մեջ ձուկը քեզ օրինակ։ Մյուս երեխաներից ավելի հեռու էի գնում՝ լողալով»։

Հարցնում է․ «Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ խեղդվող մարդ տեսնեիր»։

«Ինչ կանեի՞։ Դե, իսկույն ջուրը կնետվեի ու նրան ափ կհանեի։ Հիմա իմացա՞ր ինչ կանեի»։

Ասում է․ «Իսկ դուք խեղդվող մարդ տեսե՞լ եք»։

«Իհարկե։ Երկու խեղդվող տղաներ եմ տեսել՝ Քաունի կղզում։ Նրանցից ոչ մեկը կարգին լողալ չգիտեր, բայց ահագին հեռացել էին նավակայանից։ Ու խեղդվեցին։ Ոչ մեկը չկարողացավ օգնության հասնել»։

«Իսկ ի՞նչ է պատահում այն մարդկանց, ովքեր այստեղ են խեղդվում»։

«Որտե՞ղ են խեղդվում», ― հարցնում եմ։

«Այստե՛դ, Բրուկլինում»։

«Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ մեկը Բրուկլինում խեղդվի․․․ եթե, իհարկե, լողավազանը նկատի չունես։ Բրուկլինում մարդ չի կարող խեղդվել։ Մարդ կարող է մի ուրիշ տեղ․․․ ասենք օվկիանոսում, որտեղ ջուր կա»։

«Կխեղդվե՛ն, ― ասում է տղան՝ նայելով քարտեզին։ Կխեղդվեն»։ Հիսո՜ուս Քրիստո՜ս․․․ այդ պահին տեսա, որ նա խենթի պես էր, խելագարի նայվածք ուներ, և ես չէի հասկանում, թե ինչ կարող էր անել։ Հասնում էինք կայարան ու, չնայած իմ կանգառը չէր, բայց իջա, սպասեցի մյուս գնացքին։

«Դե լավ․․․ ցտեսություն շեֆ․․․, ― ասում եմ։ ― Մի վախեցիր»։

«Կխեղդվեն», ― ասում էր տղան՝ նայելով քարտեզին։

Հիսո՜ւս Քրիստո՜ս․․․ Այդ օրվանից մի հազար անգամ մտածել եմ այդ տղայի մասին՝ տեսնես ի՞նչ է պատահել նրան։ Եկել է Բենսընիսթը տեսնելու միայն այն պատճառով, որ այդ անունը գեղեցիկ է հնչում․․․ դո՜ւր է եկել նրան․․․ Թափառել է «Ռէդ Հուկում» գիշերո՜վ, միայնակ՝ քարտեզի օգնությամբ․․․ Հարցրեց՝ քանի հոգու եմ տեսել այստեղ՝ Բրուկլինում խեղդվելիս․․․ Ինչքա՞ն ժամանակում կարելի է լավ քարտեզով ծայրից֊ծայր ճանաչել Բրուկլինը․․․

Հիսո՜ւա Քրիստո՜ս․․․ Ինչ խենթն էր նա․․․ Բայց հետաքրքիր է, տեսնես ի՞նչ է պատահել այդ տղային․․․ Հո մեկնումեկը չի՞ տվել գլխին ու․․․ թե՞ փոքրիկ քարտեզը ձեռքին, գիշերվա կեսին դեռ թափառում է երկաթուղային կայարանում․․․ Խե՛ղճ տղա․․․ Լսիր, ախր ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ նրան․․․ Երևի արդեն հասկացել է, որ եթե ամբողջ կյանքում էլ թափառի, չի կարող Բրուկլինը լրիվ ճանաչել։ Տղայից մի ամբողջ կյանք կպահանջվի՝ Բրուկլինը ծայրից֊ծայր ճանաչելու համար։ Ու նույնիսկ այն ժամանակ հնարավոր չէ մինչև վերջ ճանաչել թո՛ւհ․․․ այդ գրողի տարած քաղաքը։