Մի հայտարարված սպանության խրոնիկա

Գրապահարան-ից
Մի հայտարարված սպանության խրոնիկա

հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես
թարգմանիչ՝ Հենրիկ Սահակյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Հինգ վիպակ»

Այն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը: Երազում նա թզենիների անտառում էր, մեղմ անձրև էր մաղում, մի պահ նա իրեն երջանիկ զգաց, բայց արթնացավ ամբողջովին թռչյունների ծերտում կորած: «Երազում միշտ ծառեր էր տեսնում, - 27 տարի անց վերհիշելով անիծյալ երկուշաբթվա մանրամասնությունները, ասաց ինձ նրա մայրը` Պլասիդա Լիներոն: - Անցյալ շաբաթ երազ էր տեսել, իբր թռչում է նրբաթիթեղից պատրաստված ինքնաթիռում` առանց արգելքի հանդիպելու, թռչում է նշենիների միջով», ասաց նա ինձ: Սակայն, անոթի փորով պատմած երազները ճիշտ գուշակողի բարի համբավը վայելելով, նա որդու այդ երազների միջև չի նկատում ոչ մի ճակատագրական կապ, ինչպես չէր նկատել առաջներում, երբ որդին արթնանալով առավոտյան, իր ծառազարդ երազներն էր պատմում նրան:

Սանտյագո Նասարը չէր հավատում կանխանշաններին: Նա քիչ ու վատ էր քնել, առանց շորերը հանելու. արթնացել էր գլխացավով, քիմքում` ինչ-որ տհաճ համ, որը նա բացատրում էր որպես մինչև կեսգիշեր տևած հարսանյաց խրախճանքի բնական հետևանք: Բոլորը, ում նա հանդիպում է 6-ն անց 05-ին տանից դուրս գալուց հետո, մինչև մեկ ժամ անց ինքը խոզի պես կտոր-կտոր կլիներ, նրան հիշում էին քնաթաթախ, թեև լավ տրամադրությամբ, և բոլորին էլ առանց որևէ հիմքի համոզում է, որ օրը հրաշալի է: Ոչ ոք հաստատ չկարողացավ ասել` արդյոք նա եղանա՞կը ի նկատի ուներ: Շատերն էին համաձայն, որ առավոտը լուսառատ էր, իսկ ծովից փչող թեթև զեփյուռը կորչում էր թզենիների մեջ և, ուրեմն, դեպքը կատարվել էր փետրվարյան մի գեղեցիկ օր: Բայց ոմանք էլ պնդում էին, որ եղանակը վատն էր, երկնքից գորշ, գետնահուպ ամպեր էին կախվել, կուտակված ջրերի ծանր հոտ կար, իսկ դժվարության պահին Սանտյագո Նասարի երազում տեսած բարակ անձրևն էր մաղում: Հարսանիքի գինարբուքից հետո ես ինձ գցել էի Մարիա Ալեխանդրինա Սերվանտեսի աստվածային գիրկը, որտեղ ինձ չկարողացան գտնել նույնիսկ ահաբեկված զանգերը, որոնք, ով իմանա, գուցեև եպիսկոպոսի պատվին էին ղողանջում:

Սանտյագո Նասարը հագնում է չօսլայած սպիտակ կտավե տաբատ ու վերնաշապիկ, ինչպիսին նա հագել էր հարսանյաց հանդեսի օրը: Դա վտանգավոր ճոխություն էր նրա համար: Չլիներ եպիսկոպոսի ժամանումը, կհագներ խակե վերնաշապիկն ու հեծյալի երկարաճիտ կոշիկները և ամեն երկուշաբթվա պես կմեկներ հորից ժառանգած` իր «Աստվածային պատկերը» փարախը, որ կառավարվում էր բարեխղճորեն, բայց առանց որևէ հաջողության: Այդ օրերին նրա ձիու թամբին «357-Մագնումն» էր, որից արձակած գնդակը, ինչպես ինքն էր ասում, ուզածդ ձիուն երկու կես կաներ: Իսկ պահարանում դեռ «3006 Մալինչեր Շյոնաու» կար, «300 Հոլանդ Մագնում», հեռադիտակային երկփողանի «22-Հորնետ» ու նաև «Վինչեստեր»: Նա իր քնելաձևն էլ հորից էր ժառանգել` զենքը միշտ բարձի տակ: Բայց այն օրը, տանից հեռանալիս, նա հանում է փամփուշտները ու փակում գրասեղանի դարակում «Երբեք պահեստատուփը լցրած չէր թողնում», ասաց ինձ նրա մայրը: Ես դա գիտեի, գիտեի նաև, որ զենքը պահում էր մի տեղ, իսկ փամփուշտները` մի այլ, որպեսզի տանը ոչ ոք չօգտվեր դրանցից: Այդ սովորությունը հայրն էր մտցրել այն օրից, երբ աղախինը բարձրացնում է բարձը և հրացանը ընկնում է հատակին ու ... պայթում, գնդակը ջարդում է պահարանը, ծակում դահլիճի պատը, աղմուկ հանում հարևանի ճաշասենյակում և հրապարակի մյուս եզրին ջարդուփշուր անում եկեղեցու նախասրահում դրված գիպսե սրբուհուն: Սանտյագո Նասարը, որ այն ժամանակ դեռ շատ փոքր էր, հետագայում երբեք չի մոռանում այդ դասը:

Վերջին անգամ մայրը նրան տեսավ ննջասենյակով փութկոտ քայլերով անցնելիս: Նա արթնացավ, երբ տղան լոգարանում մթության մեջ ասպիրինի հաբեր էր փնտրում, և երբ վառեց լույսը, նա կանգնած էր դռների մեջ` ձեռքին ջրամանը, ու այդպես էլ մնաց հոր հիշողության մեջ: Այդ ժամանակ էլ Սանտյագո Նասարը պատմեց մորը իր երազը, բայց մայրը նրա երազում տեսած անտառին նշանակություն չթողեց:

- Թռչունների մասին բոլոր երազները քաջառողջության հետևանք են, - ասաց նա: Նա տեսավ որդուն նույն մահճակալին և նույն վիճակում, ինչ վիճակում գտա ես նրան. երբ վերադարձա այդ մոռացված գյուղակը, որպեսզի ցրված բեկորների օգնությամբ վերականգնեմ հիշողությանս փշրված հայելին, գտա նրան նույն մահճակալի մեջ և նույն վիճակում` շուլալված ծերության վերջին շողերով:Աղոտ լույսի տակ հազիվ էին նշմարվում նրա դիմագծերը, գլխատակին երևում էին մշտական գլխացավի դեղատոմսերը, որը հանձնել էր որդին ննջասենյակով անցնելիս: Պառկած էր մահճակալի ճաղերին կպած, որպեսզի կարողանա անհրաժեշտ դեպքում բարձրանալ: Կիսամութից բորբոսահոտ էր գալիս, որն ինջ ոճրագործության այն առավոտը հիշեցրեց:

Երբ ես երևացի դռան քառանկյունում, նա իսկույն որդուն` Սանտյագո Նասարին հիշեց: «Այդտեղ էր կանգնած, - ասաց նա ինձ:

- Հագին սովորական ջրով լվացած սպիտակ կտավե տաբատն էր. Ծնված օրից չէր կարողանում տանել օսլայի խշշոցը` շատ նրբազգաց էր»:

Այդպես մահճակալին պառկած, նա հիլի ընկույզներ էր ծամում,մինչև որդու վերադարձը հիշեցնող տեսիլքը չքացավ աչքերից: Հետո ծանր հոգոց հանեց. «Իմ կյանքում նա միակ իսկական տղամարդն էր»:

Մոր այդ վերհուծի մեջ ես տեսա նրան: Քսանմեկ տարին լրացել էր հունվարի վերջին շաբաթ օրը: Բարեկազմ, գունատ դեմքով, արաբական կոպերով, հոր գանգուր մազերով: Նա միակ զավակն էր ամուսնական զույգի, որը ոչ մի երջանիկ օր չէր ունեցել, սակայն ինքը երջանիկ էր հոր հետ` մինչև վերջինիս հանկարծամահ լինելը, և հետո էլ մինչև այն անիծյալ երկուշաբթին, երեք տարի շարունակ իրեն երջանիկ էր համարում նաև մոր հետ: Մորից էլ իր բնազդն էր ժառանգել: Իսկ հորից` զենքին տիրապետելու, թամբին վստահ նստելու վարպետությունը, ձիասիրությունը, քաջության և ողջախոհության արվեստը: Նա հոր հետ արաբերեն էր խոսում, բայց ոչ Պլասիդա Լիներոյի ներկայությամբ, որպեզի մայրը չընկճվի: Նա զենք չէր կրում, միայն մեկ անգամ գյուղում նրան տեսան զենքը ձեռքին, այն էլ որսորդական բազեների ցուցադրման միջոցին: Հորից հետո նա թողեց ուսումը երկրորդ կարգի դպրոցի վերջին դասարանից և զբաղվեց ընտանիքի գործերով: Ուրախ, խաղաղ, բարի սրտի տեր մարդ էր Սանտյագո Նասարը:

Այն օրը, երբ նրան պիտի սպանեին, մայրը տեսնում է նրան սպիտկ հագուստով, և թվում էր, թե որդին շփոթել է ամսաթիվը:

«Հիշեցրի, որ օրը երկուշաբթի է», ասաց նա ինձ: Որդին պատասխանում է, որ քահանայական հագուստը վրան է քաշել նրա համար, որ գուցե հանկարծ ստիպված լինի համբուրել եպիսկոպոսի աջը: Մայրը անտարբեր է ընդունում որդու այդ խոսքերը:

- Գուցե նավից նույնիսկ չիջնի էլ, - պատասխանում է մայրը: - Մի չնչին օրհնանք կնետի և կդառնա եկած ճանապարհով: Նա զզվում է այս մարդկանցից: Սանտյագո Նասարը հասկանում է, որ մայրը ճիշտ է, բայց եկեղեցական կանոններն աներկբա հնազանդություն են պարտադրում: «Ասես կինո լինի», մեկ անգամ ասաց նա ինձ: Եպիսկոպոսի ժամանման հետ կապված միակ բանը, որ հետաքրքրում էր մորը, այն է, որ որդին անձրևի տակ չընկներ` գիշերը նա լսել էր որդու հազը քնած ժամանակ: Ստիպում է անձրևանոց վերցնել, բայց ով է լսողը, որդին ձեռքով հրաժեշտ է տալիս մորը և դուրս ելնում: Դա նրանց վերջին հանդիպումն էր:

Վիկտորիա Գուսմանը, խոհարարուհին, համոզված էր, որ անձրև չկար ոչ այն օրը, ոչ էլ ամբողջ փետրվարին: «Ընդհակառակը, - ասաց նա ինձ, երբ մահվանից քիչ առաջ ես տեսության գնացի նրան: - Արևը սկսեց այրել ավելի ուժգին, քան օգոստոսին»: Շներով շրջապատված, նա երկրորդ նախաճաշի համար նապատասկաներ էր մորթում, երբ Սանտյագո Նասարը խոհանոց է մտնում:

«Սովորաբար արթնանում էր դժվար անցկացրաց գիշերվա հետքերը դեմքին», դժկամորեն հիշում է Վիկտորիա Գուսմանը: Արդեն հասունացած Դիվինա Ֆլորը, նրա դուստրը, ինչպես միշտ, կոնյակով սուրճ է մատուցում Սանտյագո Նասարին, նախորդ գիշերվա ծանրությունից նրան ազատելու համար: Խոհանոցում կրակի ճտճտոցը, կեռերից կախված նապաստակները խորհրդավոր տեսք ունեին: Սանտյագո Նասարը ասպիրինի ևս մեկ հաբ է կուլ տալիս, նստում և դանդաղ կումերով սուրճ է խմում, երազկոտ հայացքը չկտրելով կանանցից, որոնք կրակի մոտ նապաստակների փորոտիքն են մաքրում: Իհարկե, չնայած տարիքին, Վիկտորիա Գուսմանը լավ էր պահպանված, իսկ աղջիկը` վայրենի, դեռևս չթամբած, ասես սեփական կրքերի գրոհից ճնշված: Երբ նա մոտենում է դատարկ բաժակը վերցնելու, Սանտյագո Նասարը բռնում է նրա դաստակը:

- Արդեն թամբելուդ ժամանակն է, - ասում է նա:

Վիկտորիա Գուսմանը ցույց է տալիս արյունոտ դանակը:

- Ձայնդ, լպստածի մեկը, - սաստում է նա: - Քանի ես ողջ եմ, դու այդ ջրից չես խմի:

Իբրահիմ Նասարի սիրուհին չէր կարողանում մոռանալ իր ցավը: Կալվածքի տարբեր անկյուններում երկար տարիներ վայելած գաղտնի սիրո հաճույքը վաղուց էր սպառվել, խարսխվել խոհանոցին, և նա, տանտիրուհու փոխարեն, դարձել էր ընտանիքի աղախինը: Ահա սա էլ` Դիվինա Ֆլորը, վերջին սիրո պտուղը իրեն պարտադրված էր զգում Սանտյագո Նասարի մահճակալի քաղցրության գաղտնիքներն իմանալու և այդ մտահոգության պատճառով ժամանակից շուտ տանջանքների մեջ էր ընկել: «Նրա նման մարդ դեռ չի ծնվել», ասաց նա ինձ հպարտ, բայց թախծոտ ձայնով, շրջապատված իր մյուս սերերի պտուղներով: «Իսկը հոր կտորն էր,- նետեց Վիկտորիա Գուսմանը:- կղկանք»: Բայց չկարողացավ խեղդել հոգում բարձրացած փոթորիկը, երբ հիշեց, թե ինչպիսի սարսափ պատեց Սանտյագո Նասարին, երբ այն օրն ինքը չղեց ճագարներից մեկի փորը ու գարշահոտ փորոտիքը նետեց շներին:

- Մի լինի բարբարոս, - ասել էր նա: - Պատկերացրու, որ դա էլ աստծո ծնունդ է:

Վիկտորիա Գուսմանին պետք էր քսան տարի` հասկանալու համար, որ անօգնական կենդանի սպանողը նույն անտարբերությամբ էլ կարող է մարդ սպանել: «Տեր աստված, - գոչեց նա սարսափահար, - ուրեմն նա կանխազգում էր այդ ամենը»: Բայց և այնպես այդ առավոտ նա այնքան դառնություն էր ճաշակել, որ շարունակում էր կերակրել շներին մյուս ճագարների փորոտիքով միայն թե դառնացներ Սանտյագո Նասարի նախաճաշը: Նույն պահին էլ գյուղն արթնանում է նավի շչակների սուլոցից, որ եպիսկոպոսի ժամանումն էր ազդարարում:

Տունը երկհարկանի հին շինություն էր, որի երկթեք ցինկապատ տանիքը դարձեկ էր բակում ավելորդ թվացող իրերի պահեստ: Կառուցված էր դեռ այն ժամանակ, երբ գետը նավարկելի էր, և ծովային մակույկներն ու նավերը, օգտագործելով բնական ջրավազանները, մինչը այս վայրերն էին հասնում: Երբ քաղաքացիական կռիվներից հետո Իբրահիմ Նասարը ժամանեց արաբների հետ, ջուրն արդեն նվազել էր, և նավերն այլևս չէին հասնում այստեղ, ոչ էլ պահեստներն էին օգտագործվում: Իբրահիմ Նասարը մի փոքրիկ գումարով գնեց պահեստները` որպեսզի խանութ բացի, օգտագործի, բայց չբացեց, այլ ամուսնացավ և դրանք վերածեց բնակելի տան: Ներքնահարկի սենյակներից մեկը դարձրեց արհեստանոց, խորքում ախոռ կառուցեց, իր ձորս առույգ բանող ձիերի համար, մի սենյակն էլ, որի պատուհանները նայում էին գարշահոտ ջրերով ողողված բակին, վերածեց խոհանոցի: Միակ բանը, որ նա անփոփոխ թողեց սրահում, ինչ-որ փրկած զսպանակաձև աստիճաններն էին: Վերնահարկում, ուր անցյալում նավավարչության աշխատասենյակներն էին սարքավորեց երկու ընդարձակ ննջասենյակ, հինգ փոքրիկ սենյակներն էլ մանկասենյակների վերածեց` իր ապագա բազմաթիվ երեխաների համար: Բակի ծառերի վրա հարթակ սարքավորեց, ուր Պլասիդա Լիներոն մարտի երեկոներին իր մենությունն էր կարճացնում: Շենքի ճակատի կողմից պահպանեց գլխավոր մուտքը, որը երկու կողմից նախշազարդ պատուհաններ բացեց: Պահպանեց նաև ետնամուտքը, լոկ փոքր-ինչ բարձրացրեց այն, որպեսզի հնարավոր լինել ձին հեծած ներս մտնել: Օգտագործման մեջ դրեց նաև նավամատույցի մի մասը: Այդ մուտքն էլ դարձավ ամենաբանուկը, և ոչ միայն այն պատճառով, որ ճաշասենյակ էր տանում ու բակ ելնելու և այն շրջանցելու հարկ չկար, այլև` ուղիղ բացվում էր դեպի նոր նավահանգիստ տանող փողոցը: Շքամուտքը, բացի տոնահանդեսներից, միշտ փակ էր, սողնակն էլ գցված: