Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը

Գրապահարան-ից
Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»


Եվ ի՞նչ է ջուրը։
H₂O, կամ ալմաստներ՝
սփռված խոտերին

Առաջին գլուխ

որտեղ դուք կծանոթանաք մորեղբայր Թիկ֊Թակի ու նրա վագր Ռռռռի հետ

— Խնդրում եմ, դեղին,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը իր սիրելի վագր Ռռռին։— Ճերմակները պետք չեն, միայն դեղին… Եվ՝ շուտ։

Բայց Ռռռռը ականջն էլ չշարժեց։ Նա գիտեր, որ մորեղբայր Թիկ֊Թակը այդ ամենը ասում է հենց այնպես, ասում է, մտածելով, թե կհանդիպեն չալտիկ հավիկին, որը դեղին հավկիթներ է ածում։

— Ռռռռ, իսկ դու գիտե՞ս, թե մեզ ինչն է պակասում,— շարունակեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մի իսկական Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ, հապա՜…

— Ճիշտ է,— ուրախացավ Ռռռռը։— Միջ… միջ… ինչպե՞ս էր, միջ… միջ… միջո՛։ Ելակն էլ հետը։ Ի՜նչ լավ կլիներ։

— Ռռռռ, դու էլ միայն ուտելիքի մասին ես մտածում։ Միջոցառումը չեն ուտում։ Միջոցառումը այն է, եթե մենք, օրինակ, որոշենք, թե իրար…

— Գրկելու ենք,— ասաց Ռռռռը եւ ամուր գրկեց մորեղբայր Թիկ֊Թակին։

— Չէ՜, չէ՜… Օրինակ, եթե միասին որոշենք մի այնպիսի՜ բան անել… Ասենք, գնանք գանձ որոնելու, կամ թռչենք Լուսին, կամ… կամ հյուրեր կանչենք։ Ռռռռ, եկ այդպիսի մի միջոցառում մտածենք։ Բայց ի՞նչ մտածենք, հը՞… Ո՞ւր կորավ իմ երեւակայությունը։

Այդ պահին զրնգաց հեռաձայնը։

— Այո՞,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես ձեզ լսում եմ։ Ո՞վ է խոսում։

— Ձեր երեւակայությունը,— լսվեց հեռախոսափողից։— Ձեզ համար միջոցառում եմ մտածում։ Մի քանի րոպեից, խնդրում եմ, հեռաձայնեք այս համարով՝ Երե֊Վա֊Կայություն, 1234։ Եչ Վեվ Կեն, մեկ, երկու, երեք, չորս։ Իսկ մինչ այդ Ռռռռի հետ ներկայացեք այն երեխաներին, որոնք հիմա կարդում են այս գիրքը։ Չէ՞ որ նրանք դեռ չեն ճանաչում ձեզ։

— Այո՛, այո՛, անպայման,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հաճույքով։ Եկ այստեղ, Ռռռռ, որ ծանոթացնեմ քեզ։

Սիրելի ընթերցողներ, սա՝ Ռռռռ֊ն է։ Իմ շատ սիրելի վագրը։ Երբեմն նա գազազում է, հատկապես՝ երեքշաբթի օրերին։ Իսկ ընդհանրապես շատ բարի ու լավ վագր է։

Այս էլ… հը՛մ… ուրեմն… ես եմ։ Մի րոպե… ես հիմա կհանեմ գլխարկս ու կխոնարհվվեմ։

Բարեւ ձեզ։

Իմ հիմնական զբաղմունքը ժամացույցներ նորոգելն է։ Երբեմն էլ հրաշքներ եմ գործում։

Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս։

Երկրորդ գլուխ

որտեղ մորեղբայր Թիկ֊Թակը ու Ռռռռը որոշում են Ժամանակի Գետով ճամփորդել մինչեւ ծիածանի վերջը

— Եչ Վեվ Կեն 1234,— հեռախոսի սկավառակով հավաքեց մորեղբայր Թիկ֊Թակը։

ԵրեՎաԿայությունը անմիջապես պատասխանեց․

— Ամեն ինչ արդեն պատրաստ է, մորեղբայր Թիկ֊Թակ։ Ձեր միջոցառումը տեղի կունենա։ Մի նավակ պատրաստեք ու Ժամանակի Գետով երեկ կեսօրին դուրս եկեք ճամփորդության մինչեւ ծիածանի վերջը։

— Հիանալի է,— ուրախացավ մորեղբայր Թիկ֊Թակը։ —Բայց ինչո՞ւ ե ր ե կ կեսօրին։

— Որպեսզի շատ տեղ հասնեք։ Իսկ ճանապարհին անպայման եղեք Մանկական Երգերի Լճում եւ Բառերի Գետում։ Սակայն զգուշացեք չարամիտներից։ Նրանք կնգուղով սեւ թիկնոցներ են հագնում։ Հիշեք, որ նրանց անուններն են Չիկարելի, Միարա եւ Ամաչիր։ Մի շնիկ էլ ունեն՝ Ուաֆը։ Հետները գործ չունենաք։ Չմոռանաք․ ձեզ հետ կվերցնեք որքան կարելի է շատ ուտելիքի պաշար, բրդյա ջեմպր, ժամացույց, մի տրցակ թուղթ, նամականիշներով մի քանի ծրար, լապտեր, հեռադիտակ եւ Ռռռռին մաքրելու խոզանակ։

— Լավ,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Այդ բոլոր Բ Ա Ղ Ա Դ Ր Ի Չ Ն Ե Ր Ը հաշվի կառնենք։ Մնաք բարով։— Եվ լսափողը կախեց։

Հանկարծ ինչ֊որ տեղից մի շատ թույլ ձայն լսվեց «Օգներե՜ք։ Օգնեցե՜ք»։ Մորեղբայր Թիկ֊Թակը նորից վերցրեց լսափողը եւ այս անգամ ավելի բարձր ու հստակ լսվեց․ «Օգնեցե՜ք։ Օգնեցե՜ք»։

— Կարծես կռահում եմ, թե ինչն ինչոց է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հենց նոր իմ ասած «բաղադրիչներ» դժվար բառն է։ Այնքան դժվար է, ր երեւի մնացել է հեռախոսի մեջ։

Մորեղբայր Թիկ֊Թակը ականջ դրեց ու մի քանի բառ էլ լսեց, որոնք նույնպես մնացել էին հեռախոսում, որովհետեւ դժվար բառը փակել էր նրանց ճամփան։ «Թո՛ղ, որ գնանք․ ճանապարհ տուր»— ասում էին նրանք։

«Խեղճ բառ,— մտածեց մորեղբայր Թիկ֊Թակը,— հիմա երեւի ո՜նց են ճզմում նրան»։

Եվ ի՜նս սոսկալի աղմուկ էր բարձրացել։

«Գուցե մի երգ երգեմ, որպեսզի հանդարտվեն,— որոշեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Իսկ հետո այնպես կարտաշնչեմ, այնպես կփչեմ, որ բոլոր այդ բառերը դուրս կթռչեն հեռախոսալարի մյուս ծայրից»։

Մորեղբայր Թիկ֊Թակը հեռախոսափողը պահեց բերանի մոտ ու երգեց․


Հեռու֊հեռավոր Ավստրալիայում
Մի շատ սիրունիկ լեդի էր ապրում․
Ծանրոց ուղարկեց նա մեզ մի անգամ՝
Սարի ծաղիկներ ու գրքեր այնքա՜ն…
Կապույտ, կանաչ ալ ժապավեններ,
Նաեւ զանազան այլ բաղադրիչներ։

Վերջին բառը նա երգեց հնարավորին չափ արագ, որպեսզի հանկարծ չմնար հեռախոսափողում, իսկ հետո խորը ներշնչեց ու մի լավ Փ Չ Ե Ց լսափողի մեջ։ Լսվեց թեթեւակի մի «փը՛րթ», եւ բառերը մեկը մյուսի ետեւից դուրս թռան հեռախոսալարի մյուս ծայրից։

— Վերջապես,— թեթեւացած շունչ քաշեց Երեւակայությունը։— Իմ ջերմ բարեւը հաղորդեք ծիածանին։ Բարեւեք Ռռռռին։ Բարի ճանապարհ։ Ցտեսություն։

Երրորդ գլուխ

այն մասին, թե ինչպես սարքեցին նավակն ու ինպես նամակներ գրեցին

Մորեղբայր Թիկ֊Թակը վերցրեց կացինը, մեխեր ու տախտակներ, եւ Ռռռռի հետ մի նավակ սարքեց։ Հետո նավակը ներկեցին ու տարան գետափ։ Պարզվեց, որ ջրի վրա շատ լավ է մնում, բայց երկուսով նստել այնպես էլ չհաջողվեց․ նավակը փոքր էր։ Մորեղբայր Թիկ֊Թակի համար տեղը բավական էր։ Իսկ Ռռռռը չէր տեղավորվում, որովհետեւ շատ մեծ էր։

Ստիպված եղան նավակը ջրից հանել ու ետ բերել տուն։

— Ի՞նչ կլիներ, Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— եթե դու մի քիչ փոքր լինեիր։ Հիմա ի՞նչ ենք անելու։ Պետք է կամ նավակը մեծացնենք, կամ էլ քեզ փոքրացնենք։ Ուզո՞ւմ ես Փ Ո Ք Ր Ի Կ վագր լինել։ Եթե փոքրիկ վագր լինես, քեզնից քիչ կվախենան։

— Իսկ ես սիրում եմ, երբ ինձնից շատ են վախենում,— ասաց Ռռռռը։— Բայց եթե շատ ես ուզում՝ լավ, թող փոքրանամ։ Միայն թե կարճ ժամանակով։

Մորեղբայց Թիկ֊Թակը ծոծրակը քորեց։

— Որ այդպես է՝ իմ լավ, իմ խելոք գլուխ, մի ճար մտածիր,— ասաց նա։

Ու ինչ֊որ տարօրինակ շըրշ… շշշոց լսեց։

— Այս ի՞նչ ձայն է։ Հա՛, իմացա,— կռահեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Այնքան երկար մտածեցի, որ գլխիս բոլոր մտքերը սկսեցին աշխուժանալ։

«Ահ, ներեցեք, խնդրեմ,— ասաց մի միտքը մյուսին։— Պատահաբար կպա ձեզ»։

«Ոչինչ,— պատասխանեց մյուսը եւ շարունակեց․— Մորեղբայր Թիկ֊Թակ, մի քիչ ընդմիջում արեք, լոգանք ընդունեք, իսկ այդ ընթացքում մենք մի հարմար բան կմտածեինք»։

«Համաձայն եմ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միայն թե, նախ ուզում եմ մի նամակ գրել»։

«Ինչո՞ւ։ Ո՞ւմ»։

«Ռռռռին,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես ուզում եմ նամակ գրել, որ նա աշխարհի ամենագեղեցիկ ու ամենալավ վագրն է, եւ որ նրան ես սիրում եմ»։

«Էլ ինչո՞ւ եք գրում, հենց իրեն էլ ասացեք»— խորհուրդ տվեցին մտքերը։

«Չեմ կարող,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Անհարմար եմ զգում։ Ավելի լավ է, այդ մասին նամակով հայտնեմ նրան»։

Այդ նույն ժամանակ մտածում էր նաեւ Ռռռռը։

«Ռռռռռռռռռռ… ռռռռռռռռռռ… ռռռռռռռռռռ… Համեղ մարդ է այդ մորեղբայր Թիկ֊Թակը»։

«Ոչ թե համեղ, այլ երեւի՝ փառահեղ»— ուղղեց նրան մտքերից մեկը։

«Չէ, համեղ,— ասաց Ռռռռը։— Թեեւ, իհարկե, բոլոր համեղ բաներն էլ երեւի փառահեղ են։ Մի խոսքով, նույն բանն է։ Չե՞ք հավատում՝ հարցրեք շանը»։

Ռռռռը եւ մորեղբայր Թիկ֊Թակը նամակներ գրեցին իրար։ Ռռռռը նամակները տարավ փոստարկղ գցելու, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը գնաց լոգանք ընդունելու։

— Շատ ընդունակ վագր է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը տաք ծորակին։— Ձեռքից ամեն ինչ գալիս է․ նույնիսկ նավակ սարքել էլ գիտե։ Միայն թե գոնե մի քիչ փոքր լիներ… Խնդրում եմ, տաք ջուրն ավելացրեք։

Եվ, մինչ տաք ծորակը լոգարանի մեջ տաք ջուր են ավելացնում, մորեղբայր Թիկ֊Թակը ոտքերն իրեն ձգեց։

— Բավական է,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։$ Շնորհակալ եմ։

— Հը՛մ…— անհամարձակ ասաց սառը ծորակը։— Ներեցեք, որ միջամտում եմ, բայց ինչո՞ւ չեք ուզում այնպես անել, որ նա մի քիչ նստի։

— Նստի՞,— բացականչեցին մորեղբայր Թիկ֊Թակն ու տաք ծորակը միասին։— Դուք ուզում եք ասել, որ…

— Ես ուզում եմ ասել, որ վագրերը շատ են սիրում լոգանք ընդունել։ Այնպես որ, եթե նա չափից ավելի պառկի տաք ջրում, անպայման կնստի֊կփոքրանա, հասկանո՞ւմ եք։ Բրդեղենը տաք ջրից նստում է։

— Իհարկե,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բայց չեմ ուզում, որ նա ատ փոքրանա։ Ո՞ւմ է պետք մեղրաճանճի չափ վագրը։ Բայց, ասենք, ուրիշ բան է, երբ վագրը կատվի չափ է։ Ավելի ճիշտ, նման է Մ Ե Ծ կատվի։ Այդ դեպքում նա հեշտությամբ կտեղավորվի նավակում։ Բայց եթե հանկարծ նա չուզենա՞ պառկել լոգարանում այնքան, որքան պետք է։

— Տա՜քը,— գոչեց սառը ծորակը։— Տաք ծորակը մեզ կօգնի։ Գիտե՛ք, Տաքը հիանալի հեքիաթներ է պատմում։ Այնքան էլ լավ է պատմում, որ էլ ուրիշ բանի մասին չես մտածում։

— Օ՜, Սառը, դուք շատ սիրալիր ծորակ եք,— շփոթվեց տաքը։

— Վստահ եմ, որ եթե Տաքը սկսի հեքիաթներ պատմել վագրին,— շարունակեց Սառը,— Ռռռռը ջրից դուրս չի գա, մինչեւ չնստի այնքան, որքան պետք է։

— Հիանալի է,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։

Ու երբ Ռռռռը փոստից վերադարձավ, մորեղբայր Թիկ֊Թակը նրան ասաց․

— Սիրելի Ռռռռ, չե՞ս ուզում լոգանք ընդունել։ Գուցե մի փոքր կնստե՞ս…

— Ուզո՜ւմ եմ,— ուրախացավ Ռռռռը եւ սանդուղքներով երեք֊երեք աստիճան թռչելով, հասավ լոգարան, բացեց տաք եւ սառը ծորակներն ու հարմար դիրքով պառկեց մեջքի վրա։

— Լինում է, չի լինում…— սկսեց իր հեքիաթը տաք ծորակը։

Չորրորդ գլուխ

որտեղ հեքիաթ է պատմում Տաքը

—… լինում է չի լինում, խոհանոցի պահարանում, թղթե տոպրակի մեջ մի Ձի է լինում։

— Իսկակա՞ն ձի,— զարմացավ վագրը։

— Իսկական ձի՞,— զարմացավ Սառը։— Եվ պահարանի մեջ էլ տեղավորվո՞ւ էր։

— Այո,— ասաց Տաքը։— Շատ հաճելի էր նրա համար։ Հատկապես, որ պահարանում միշտ էլ գլխարկ էին թողնում, եւ նա կարող էր այդ գլխարկը ծամծմել։ Խնդրում եմ, մի ընդհատեք։

Ձիու հետ պահարանում ապրում էին նաեւ Բրնձե Փուդինգը եւ Երազները։

Ձիու երազները։

Բրինձե Փուդինգը իրեն շատ դժբախտ էր զգում, որովհետեւ այդ տանն ապրող երեխաները չէին ուզում նրան ուտել։

Տաքը մի պահ լռեց, որպեսզի տեսնի՝ գոնե մի քիչ արդեն նստե՞լ է Ռռռռը, թե չէ։

Ռռռռը բոլորովին էլ չէր նստել, եւ Տաքը ասաց․

— Ոտքերդ ու պոչդ մտցրու ջուրը։— Եվ տաք ջուր ավելացրեց։

— Ես գիտեմ, որ վագրերը սառը լոգանքներ են սիրում,— ասաց նա,— բայց տաք ջրում դու ավելի շուտ կնստես։ Հա՜, թողեք, որ հիշեմ, թե ի՛նչ եղավ հետո։ Սառը, դու հիշո՞ւմ ես շարունակությունը։

— Բրնձե Փուդինգը երազում էր, որ իրեն ուտեն,— հուշեց Սառը։— Բրնձե Փուդինգներն էլ աշխարհում գոյություն ունեն հենց դրա համար։ Հա, ուրեմն… ուրեմն… չէ, դու շարունակիր, Տաք։ Դու հեքիաթներ ինձնից լավ ես պատմում։

— Շնորհակալ եմ,— խոնարհվեց Տաքն ու շարունակեց․

«Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ, ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ, ինձ ոչ ոք չի ուզում ուտել» լալիս էր Բրնձե Փուդինգը։

Ձին խղճաց նրան։

«Լսեք,— ասաց նա իր Երազներին,— խնդրում եմ, այսօր ոչ թե ինձ հայտնվեք, այլ երեխաներին։ Թող երեխաները երազում Բրնձե Փուդինգ տեսնեն, եւ թող նրնան ուտելու ցանկություն ունենան»։

«Լավ, սիրելի Ձի,— ասացին Երազները։— Այսօր մենք կհայտնվենք երեխաներին»։

Եվ հենց այդ նույն գիշեր, երեխաների քնելուն պես, Երազները դուրս սողացին պահարանի դռնակի տակից, սանդուղքով բարձրացան ննջարան, ցատկեցին մանկական մահճակալների մեջ եւ երեխաներին սկսեցին շշուկով պատմել, թե ինչ համեղ բան է Բրնձով Փութինգը, որը Ձիու հետ գտնվում է պահարանում եւ շատ է ուզում, որ գոնե մեկնումեկը իրեն ասի․ «Փառահեղ փուդինգ է»։

— Համեղ,— ուղղեց Ռռռռը։

— Թող լինի՝ համեղ։ «Պետք է համը տեսնել»։ Հետո Երազներն էլ քնեցին։ Առավոտյան նրանք առաջինը արթնացան եւ թռան ննջարանի պատուհանից, հենց որ երեխաները բացեցին աչքերը։

Այդ օրը երեխաները ճաշի ժամանակ կերան ամբողջ փուդինգը։ Իսկ նա շատ գոհ էր։ «Հա՛մ֊հա՛մ֊հա՛մ,— գովում էր նա։— Փառահեղ փուդինգ է»։

— Համեղ,— նորից ճշտեց Ռռռռը։

— Չէ, փառահեղ,— ասաց Տաքը։— Իսկ հետո երեխաները իջան խոհանոց՝ նայելու, թե պահարանում ուրիշ փուդիննգ չկա՞ արդյոք։ Եվ այնտեղ տեսան Ձիուն»։

Տաքը նայեց Ռռռռին ու տեսավ, որ վագրը երկու անգամ փոքրացել է։ Հենց այդ ժամանակ էլ նա ասաց․

— Այստեղ հեքիաթն էլ վերջացավ։

— Իսկ հետո՞,— հարցրեց Ռռռռը։

— Հը՜մ… իսկ հետո… Հետո երեխաները պահարանից վերցրին Ձիուն, տարան այգի ու վրան հեծնած՝ զբոսնեցին։ Այդ օրից ի վեր նրանք հաշտ֊համերաշխ ապրում էին իրենց համար, իսկ դու արդեն փոքրացար․ արդեն տաք ծորակը փակելու ժամանակն է, թե չէ՝ ավելի կնստես։ Կարծում եմ, որ Ձիու հետ շուտով ինքդ էլ կծանոթանաս։

Ռռռռը նայեց ինքն իրեն։

— Իսկապես որ նստել եմ։ Հիմա, իհարկե, մորեղբայր Թիկ֊Թակի հետ հանգիստ կտեղավորվեմ նավակում, եւ ստիպված չենք լինի նորը սարքել։ Հո՜ւռա֊ռա՜ռա՜,— եւ վագրը դուրս ցատկեց լոգարանից։— Լսե՞լ ես, Տաք։ Մենք պետք է նավարկենք մինչեւ ծիածանի վերջը։

— Հաջողություն եմ մաղթում,— ասաց Սառը։— Ցտեսություն։

— Եթե ճանապարհին հանդիպեք մեր բարեկամներին՝ Պստիկ֊Ամպիկին ու Բարով գնաքին,— ասաց Տաքը,— իմ ամենաջերմ սերը հաղորդեք նրանց։

— Քը՛մ֊քը՛մ֊հը՛մ,— հազաց Սառը,— եթե նրանք ուզում են գտնել ծիածանի վերջը, ապա անպայման կհանդիպեն Պստիկ֊Ամպիկին։

— Իհարկե,— խորհրդավորությամբ ասաց Տաքը։— Ինքնին հասկանալի է… Միայն թե զգուշացեք չարամիտներից։ Նրանք շատ վտանգավոր են։ Հիշեք անունները՝ Չիկարելի, Միարա եւ Ամաչիր։ Մի շնիկ էլ ունեն՝ Ուաֆը։ Հուսով եմ, որ մորեղբայր Թիկ֊Թակի Երեւակայությունն այդ մասին արդեն նախազգուշացրել է։

— Լավ, կզգուշանանք,— գոչեց Ռռռռը։— Շնորհակալություն։ Ցտեսություն։

Հինգերորդ գլուխ

այն մասին, թե ինչպես է ճենապակե Շնիկը սովորում պատասխանել ժամը քանիսն է

Երբ մորեղբայր Թիկ֊Թակը տեսավ Ռռռռին լոգարանից դուրս գալուց հետո, շատ ուրախացավ։

— Հիմա քո չափսը շատ հարմար է,— ասաց նա։— Հապա նայիր… Գետից այն կողմ տեսնո՞ւմ ես ծիածանը։ Ափսոս, որ արդեն անհետացավ։ Ռռռռ, որպես գաղտնիք քեզ կասեմ, որ այնքան էլ վստահ չեմ, որ կգտնենք ծիածանի վերջը։ Բայց արկածներ շատ կունենանք։ Հիմա որոշելու ենք, թե ինչ ենք վերցնելու հետներս։ Մի րոպե… մտածեմ։ Նախ՝ Չալտիկ Հավիկին, որպեսզի նախաճաշի համար դեղին հավկիթներ ածի։ Հետո՝ իմ ժամացույցը։ Այն ժամացույցը, որը զանգ էլ ունի եւ աշխատում է այսպես՝ թիկ֊թակ, թիկ֊թակ։ Ճենապակե Շնիկին էլ կվերցնենք հետներս։ Նրան կնստեցնենք նավակում, ժամացույցի կողքին, որպեսզի մեզ ժամն ասի։ Առանց ժամացույցի ոչ մի դեպքում չի կարելի ճամփորդության դուրս գալ, այն էլ Ժամանակի Գետով։

— Բայց ճենապակե շնիկները բոլորովին չգիտեն ժամանակն ասել,— նկատեց Ռռռռը։

Ճենապակե Շնիկը լաց եղավ։ Նա շատ էր ուզում, որ իրեն էլ տանեին։

— Լաց մի եղիր,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մինչ ես իրերը հավաքել ճամփա ելնելու համար, Ռռռռը քեզ կսովորեցնի։

Ու գնաց իրերը հավաքելու։

Ռռռռը շփոթվեց․ թեեւ նա շատ խելացի վագր էր, բայց ժամացույցից ինքն էլ ոչինչ չէր հասկանում։

«Խե՜ղճ Ռռռռ,— ասաց նա ինքն իրեն։— Խե՜ղճ փոքրիկ վագր, որին բոլորը նեղացնում են եւ ոչ ոք չի սիրում, փը՛ֆ…»

Ճենապակե Շնիկը ավելի բարձր լաց եղավ, բայց այդ պահին մոտ վազեց Պստիկ֊Ամպիկը, անձրեւ սկսվեց ու նավակի շուրջը մի լճակ գոյացավ։

Մորեղբայր Թիկ֊Թակի ուրախությանը չափ չկար։

— Հիմա նավակը մինչեւ գետ քարշ տալու ոչ մի անհրաժեշտություն չկա, մենք հենց այստեղից էլ կնավարկենք։ Ապրես, Ամպիկ։ ու էլ մեզ միացիր․ երբեմն անձրեւ կտեղաս ու կզովացնես մեզ։

Պստիկ֊Ամպիկը հաճույքով համաձայնեց։

— Սեփական ամպիկ ունենալը շատ հարմար բան է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Երբ ուզես՝ անձրեւ կգա։ Հենց որ չուզենաս՝ կկտրվի, եւ այդ ժամանակ կարող ես խաղալ կամ զբոսնել։ Իսկ հիմա ես պետք է Ճենապակե Շնիկին սովորեցնեմ պատասխանել ժամը քանիսն է։ Ռռռռ, լավ կլինի, որ դու էլ ուշադիր լինես ու ականջ դնես մեր պարապմունքին։

Բայց Ռռռռը շրջվեց ու հեռացավ։

— Ի՜նչ ծույլ վագր է։ Շնիկ, հիմա հաշվիր մինչեւ տասներկուսը։

— Ես կարողանում եմ մինչեւ տասը հաշվել,— պատասխանեց Ճենապակե Շնիկը։

— Ոչինչ, տասից հետո գալիս է տասնմեկը, հետո էլ՝ տասներկուսը։ Հիմա հաշվիր մինչեւ տասներկուսը։

— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը տասնմեկ, տասներկու,— հաշվեց Շնիկը։

— Շատ խելացի շնիկ ես,— գովեց նրան մորեղբայր Թիկ֊Թակը։— Հիմա ասա՝ ժամը քանի՞սը կլինի, եթե ժամացույցի փոքրիկ սլաքը հինգի եւ վեցի միջեւ է, իսկ մեծ սլաքը կանգնած է երեքի վրա։

Ճենապակե Շնիկը երկար մտածեց, իսկ հետո ասաց․

— Երեքն անց կես։

— Չէ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մ Ե Ծ Ը ցույց է տալիս երեքը, իսկ Փ Ո Ք Ր Ը կանգնած է հինգի եւ վեցի միջեւ։

— Հինգ անց քառորդ,— պատասխանեց շնիկը։

— Շատ ճիշտ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը եւ համբուրեց նրան։

— Հիմա արդեն կարող ենք սկսել նավարկությունը,— ասաց նա։— Բոլորդ նստեք նավակ։

— Կըրթ֊կըրթ֊կըրթ֊կըրթ,— կչկչաց Չալտիկ Հավիկը եւ տեղավորվեց նավակի մեջ, այն անկյունում, որտեղ դրված էին շոկոլադե թխվածքով տուփն ու մի խուրձ խոտ, որը վերցրել էին, մտածելով, թե ճանապարհին հանկարծ կհանդիպեն Ձիուն։

Ռռռռը նստեց ցռուկին։ Մի թաթով նա բռնել էր ղեկը, իսկ մյուսով՝ հովանոցը, որը նրա հպարտությունն էր։

Մորեղբայր Թիկ֊Թակը ժամացույցը դրեց նավախելին, կողքին նստեցրեց Ճենապակե Շնիկին, քիչ այն կողմ տեղավորեց հեռադիտակը (մի շատ Հ Ր Ա Շ Ա Լ Ի հեռադիտակ), մի քանի հավկիթ, բուտերբրոդներ․ հետո թիերը վերցնելով, նավարկեց դեպի գետը։

Պստիկ֊Ամպիկն էլ լողաց նավակի ետեւից, միայն թե նա երկնքում էր լողում։

— Ես կթիավարեմ մինչեւ ժամը երեքը,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Իսկ հետո դու կթիավարես, Ռռռռ։

Ու այդպես նրանք նավարկեցին այնքան ժամանակ, մինչեւ Ճենապակե Շնիկը հաչելով ասաց․ «Ժամը երեքն է։ Հաֆ֊հաֆ֊հաֆ։ Ժամը երեքն է»։

Վեցերորդ գլուխ

որտեղ ճամփորդությունը շարունակվում է հեռադիտակի օգնությամբ

Ռռռռը անմիջապես նստեց թիավարելու, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը վերցրեց հեռադիտակն ու նայեց շրջակայքը։

Գետի ափերով ձգվում էին դաշտերն ու անտառակները, մարգագետիններում արածում էին կովերն ու ոչխարները, խոտ էին ուտում ձիերը։ Բայց ծիածանը չկար։ Շատ հեռվում նրան հաջողվեց ինչ֊որ մի խոշոր կենդանու տեսնել։

— Հը՛մ,— բարձրաձայն մտորեց մորեղբայր Թիկ֊Թակը,— ըստ երեւույթին այդպիսի կենդանի ես ոչ մի տեղ չեմ տեսել, բացի պատկերազարդ գրքերից։ Սպասեք, սպասեք… ինչպե՞ս է անունը։ Հաստատ գիտեմ, որ սկսվում է «բ»՝ բեն տառով։

— Բա՞դ։

— Ոչ։

— Բազե՞։

— Ոչ։

— Բուլդոզե՞ր։

— Ոչ։

— Ռռռռ, այդ ի՞նչ ես անում։

— Բո՞ւ։

— Ոչ։

— Բիզո՞ն։

— Ոչ… հիշեցի… Բրոնտոզավր։ Նախապատմական բրոնտոզավր է։ Պետք է մոտիկից նայել։ Միայն թե պետք է շատ ետ լողանք։ Շ՜տ ետ։ Չէ՞ որ մենք նավարկում ենք Ժամանակի Գետով։ Ստիպված կլինենք ետ լողալ մոտ հարյուր միլիոն տարի։ Այլապես ոչինչ չենք տեսնի։ Իսկ այն մե՞կը ով է… Հա՜֊ա՜… Փոստատարն է։ Հսկա փոստատարը։ Իսկ նրանից քիչ հեռու՝ խնձորենու տակ ձի է կանգնած։ Միայն թե, չգիտես ինչու, թղթե տոպրակի մեջ է։

— Ես նրան ճանաչում եմ,— գոչեց Ռռռռը։— Ձին այն հեքիաթից է, որը պատմում էր Տաքը։ Այդ ձին ապրում էր պահարանում՝ Երազների ու Բրնձե Փուդինգի հետ։ Եկեք կանգ առնենք ու զրուցենք հետը։

— Ի՞նչ արած,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը, որը դեռ նայում էր իր հրաշալի հեռադիտակով։— Հը՛մ… Այնտեղ ինչ֊որ մի թագավոր էլ կա, աչքիս շատ տխուր է երեւում։ Իսկ մյուս ափին տեսնում եմ մի պալատ, այգում էլ զբոսնում է մի հաստլիկ արքա… նրան մոտեցավ խոհարարը։ Ի՜նչ էլ նիհար է այդ խոհարարը։ Իսկ ավելի հեռու… ավելի հեռու… Գիշեր է։ Քանի՜֊քանի՜ հանդիպումներ ենք ունենալու։ Այ թե երկար գլուխ կստացվի՜…

— Իսկ դա ի՞նչ գլուխ է,— հարցրեց Ռռռռը։

— Ես մեր բոլոր արկածների մասին գիրք եմ գրում,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Գլուխը մի երկար պատմության փոքրիկ մասն է։

— Ուրեմն, դու էլ յուրաքանչյուր արկածի մասին մի առանձին գլուխ գրիր,— առաջարկեց Ռռռռը։

Մորեղբայր Թիկ֊Թակը իջեցրեց հեռադիտակը։

— Դու հազվագյուտ խելացի կենդանի ես,— ասաց նա Ռռռռին։

— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը չորսն է։

— Դու էլ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը Ճենապակե Շնիկին։

Ճենապակե Շնիկը չհասկացավ ու զարմացած նրան նայեց։

— Ուզում էի ասել՝ դու էլ խելացի կենդանի ես։ Խելացի շնիկ ես։ Իսկ Ռռռռը խելացի վագր է, մեր Պստիկ Ամպիկն էլ,— մորեղբայր Թիկ֊Թակը վեր նայեց,— խելացի ամպիկ է։ Մի քիչ անձրեւ տեղա, խելացի ամպիկ։

Անձրեւ սկսվեց։

— Ի՜նչ լավ է, ի՜նչ լավ թարմացանք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բավական է, խնդրում եմ, էլ հարկավոր չէ։ Իսկ հիմա հյուր կգնանք Հաստլիկ արքային։ Գուցե հավիկն էլ նրա համար մի հավկի՞թ կածի։ Հաստլիկ արքան շատ կուրախանա։

— Կըրթ֊կըրթ֊կըրթ,— պատասխանեց Չալտիկ֊Հավիկը։

Յոթերորդ գլուխ

այն մասին, թե ինչպես տորթ թխեցին

Ռռռռը նավակը մոտեցրեց ափին, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը ճոպանը կապեց ուռենուն։

Հաստլիկ արքան ոչ մի տեղ չէր երեւում, սակայն պալատի խոհանոցից սքանչելի բուրմունք էր տարածվել։

— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը հինգն է։

Նրանք ափ ելան ու խոհանոցի պատուհանից ներս նայեցին։

Նիհար խոհարարը վիթխարի սեղանի վրա խմոր էր հունցում ու մերթ ընդ մերթ շաքարի փոշի ավելացնում։ Իսկ Հաստլիկ արքան նրա կողքին կանգնած՝ դիտում էր։

Արքան հյուրերին տեսնելով, ասաց․

— Համեցե՜ք, համեցե՜ք… Իսկ դուք քիչ առաջ տեսա՞ք ծիածանը։ Ի՜նչ գեղեցիկ էր, ի՜նչ գեղեցիկ…

— Ոչ, չտեսանք,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մենք էլ հենց այդ ծիածանն ենք որոնում։ Ռռռռ, հեռու կաց խմորից։ Բայց դեռ չենք գտել։

— Հուսով եմ, որ շուտով կգտնեք։ Ներս եկ, ներս եկ, հավիկ… Այստեղ թեյի համար տորթ են պատրաստում։ Իսկ քեզ չի կարելի ներս մտնել,— ասաց արքան Պստիկ֊Ամպիկին։— Եթե գնաս այգի ու ջրես ծաղիկները, ես անսահման շնորհակալ կլինեմ։ Վարդերը թորշնել են։ Այս ամառ շատ շոգ է…

Արքան դարձավ խոհարարին։

— Թթխմորը շատ դիր,— ասաց նա։

— Աչքիս վրա, Ձերդ մեծություն,— պատասխանեց խոհարարը։— Հիանալի տորթ կլինի… Այնպիսի տորթ, որ բերանի մեջ հալվի… Դրա համար էլ մի ֆունտ թթխմոր եմ դրել։

— Հիանալի է,— գովեց արքան։— Իսկ սա՞ ինչ բան է։— Նա կռացավ ու վերցրեց դեղին հավկիթը։— Շնորհակալ եմ, սիրելի հավիկ։

Արքան հավկիթը տվեց խոհարարին, խոհարարը հավկիթը կոտրեց ու խառնեց խմորին, հետո խմորը լցրեց խոշոր թավայի մեջ ու դրեց գազի փուռը։

— Լա֊ա՜վ է,— ասաց արքան,— թեյին մենք տորթ կունենանք։ Ը՜մ… կ֊կարո՞ղ եմ ձեզ հարցնել, թե այդ վագրը շա՞տ գազազածն է,— շշուկով դիմեց արքան մորեղբայր Թիկ֊Թակին։

— Միայն երեքշաբթի օրերը,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։

— Տե՜ր աստված։— Արքան նույնիսկ գունատվեց։— Իսկ ի՞նչ օր է այսօր։ Այս ի՞նչ է պատահել իմ հիշողությանը։ Այստեղ մեզ համար միշտ շաբաթ է։ Ոչ մի երեքշաբթի, ոչ մի հինգշաբթի, միայն շաբաթ։ Եվ գիտե՞ք, շաբաթ օրերը, սովորաբար, մենք թեյի համար տորթ ենք թխում։ Այդ պատճառով էլ հրամայել եմ, որ միշտ շաբաթ լինի։

— Խելացի միտք է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։

— Ու նաեւ դա ինձ փրկելու է վագրերից,— շարունակեց արքան։— Ի՜նչ հիանալի վագր ունեք։— Եվ նա շոյեց Ռռռռին։

Այդ պահին գազօջախի կափարիչը հանկարծ բարձրացավ ու բարձր «Փա՛ֆֆ» անելով թռավ օդ, եւ սալիկի վրա երեւաց տորթի վերին շերտը։

— Այ֊այ֊այ,— ասաց արքան խոհարարին։— Տես՝ ի՛նչ արեցիր։ Թթխմորը չափից ավելի ես դրել։

Տորթը բարձրացա՜վ, բարձրացավ այնքան, մինչեւ հասավ առաստաղին ու առաստաղը ճռճռաց։

Խոհարարը, արքան, մորեղբայր Թիկ֊Թակը, Ռռռռը եւ Չալտիկ Հավիկը վազեցին երկրորդ հարկ։

Երբ վեր ելան, տորթն արդեն ճեղքել էր առաստաղը։— Օգնեցեք, խնդրում եմ,— աղաչեց արքան։

Խեղճ խոհարարը վեր ցատկեց ու նստեց տորթի վրա, որպեսզի գոնե այդ կերպ պահի նրան։

Բայց տորթը շարունակում էր բարձրանալ, եւ խոհարարի գլուխն արդեն սեղմվել էր երկրորդ հարկի առաստաղին։ Հաջորդ պահին նրա գլուխը ծակեց առաստաղն ու տանիքը։

Իսկ տորթը շարունակում էր բարձրանալ։

— Ձե՜րդ մեծություն, խնդրում եմ, եթե կարելի է, իջեք խոհանոց եւ անջատեք գազը,— գոչեց խոհարարը։

Արքան երեք֊երեք աստիճան ցատկելով, շտապեց խոհանոց, անջատեց գազը եւ մորեղբայր Թիկ֊Թակի, Ռռռռի ու Չալտիկ Հավիկի հետ վազեց այգի։

Տորթն այլեւս չբարձրացավ։ Ասենք, առանց այդ էլ, արդեն բավականին բարձր էր։

— Այ քեզ պատմություն,— ասաց արքան։— Եթե խոհարարին ցած չիջեցնենք, կմնանք առանց կերակուրի։ Ի՞նչ անենք… ի՞նչ անենք…

— Ես գիտեմ, թե ինչ պետք է անել,— մռնչաց Ռռռռը։— Թող խոհարարը տորթն ուտի։ Ինչքան ուտի, այնքան տորթը կփոքրանա, ու նա կկարողանա իջնել։

— Խելացի բան ես մտածել, վագր,— գոչեց արքան ու բղավեց խոհարարին․— Խոհարա՜ր… տորթը կեր։ Շո՜ւտ…

— Հաճույքով, Ձերդ մեծություն,— պատասխանեց Խոհարարն ու մի կտոր կերավ․— Ը՜մմ…— ասաց նա։— Հաջող է ստացվել։

— Լսիր ու կեր… եւ որքան կարելի է՝ արագ,— հրամայեց արքան,— այլապես, ես կմնամ առանց կերակուրի։

— Լսում եմ, Ձերդ մեծություն…— Եվ խոհարարը վրա պրծավ տորթին։

Բայց տորթը այնքան խոշոր էր, որ շատ արագ ուտելը պարզապես անհնարին բան էր։ Խոհարարն ուտում եւ մարդկանց աչքի առաջ գիրանում էր։ Իսկ խեղճ արքան, որ անհամբեր սպասում էր կերակուրին, նիհարում էր ու նիհարում։

Վերջապես, խոհարարը կերավ֊պրծավ տորթն ու հայտնվեց գետնի վրա։

— Մի հուզվեք, Ձերդ մեծություն,— ասաց նա,— ես մի ակնթարթում կերակուր կպատրաստեմ։

Եվ նա մի ակնթարթում կերակուր պատրաստեց։

— Մոտեցեք սեղանին, խնդրեմ,— հրավիրեց արքան հյուրերին։

— Շնորհակալ ենք, Ձերդ մեծություն,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բավական է անձրեւ տեղաս,— ասաց նա Պստիկ֊Ամպիկին։

— Այո, շնորհակալ եմ,— ասաց արքան։— Վարդերն արդեն թարմացան։

Պստիկ֊Ամպիկը դադարեց անձրեւ տեղալ եւ բոլորը մոտեցան սեղանին։ Բոլորը, բացի Չալտիկ Հավիկից․ նա մնաց այգում՝ տորթի փշրանքները կտցելու։

Ճաշից հետո ճանապարհորդները հրաժեշտ տվեցին արքային ու նրա խոհարարին եւ շարունակեցին ճանապարհը դեպի Տխուր թագավորի պալատը։

— Հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ֊հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը, երբ բոլորը վերադարձան նավակ։— Ժամը վեցն է։

— Ի՜նչ լավ է, որ Ճենապակե Շնիկին ճաշելը պարտադիր չէ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։

— Չի կարող պատահել, որ ընդամենը ժամը վեցը լինի,— ասաց Ռռռռը։— Հաստլիկ արքայի պալատում մենք մեկ ժամից ավելի մնացինք։

— Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում ժամանակին,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մի՞թե չգիտես, որ ժամանակը տարբեր մարդկանց համար տարբեր է։ Օրինակ, մեկի համար բախտավոր ժամանակ է, մյուսի համար՝ դժբախտ։ Մեկի համար ժամանակը սլանում է, մյուսի համար՝ կանգ է առնում։ Քո կարծիքով խխունջի համար ժամանակը նո՞ւյնն է, ինչ՝ նապաստակի։

Բոլորը նստեցին նավակ ու լողացին Տխուր թագավորի պալատը, իսկ ճանապարհին խաղում էին «տարբեր ժամանակներ»։

— Ներկա ժամանակ,— ասաց Ռռռռը։

— Ապագա,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Վաղ ժամանակ։

— Ո՛ւշ,— ասաց Ռռռռը։— Ի՛ր ժամանակին։

— Ժամանակ առ ժամանակ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ամառային ժամանակ, ազատ ժամանակ, բանվորական ժամանակ, վաղեմի ժամանակ, կորցրած ժամանակ… Օ՜հ, կարծեմ չափն անց կացրի, իսկ ժամանակը վազում է առաջ։ Լավ է, որ գոնե մեր ժամացույցը ճշգրիտ ժամանակն է ցույց տալիս։

— Թիկ֊Թակ,— ասաց ժամացույցը։

— Օհո՜… արդեն վեցն անց է քառորդ։

— Իսկ ի՞նչ բան է «կորցրած ժամանակը»,— հարցրեց Ռռռռը։

— Այն ժամանակը, որ դու իզուր ծախսում ես դատարկ բաների վրա։ Ժամանակդ անցնում է, իսկ դու ոչինչ չես արել։ Դրա համար էլ ասում են․ ժամանակ կորցրեց։ Օրինակ, հիմա մեզ չի կարելի խոսելու վրա ժամանակ կորցնել, այլապես թագավորական պալատ կհասնենք պառկել֊քնելու ժամանակ։— Այս խոսքի վրա մորեղբայր Թիկ֊Թակը սկսեց ինքը թիավարել եւ նավակը լողաց գետի հոսանքն ի վար, դեպի Տխուր Թագավորի պալատը։

Ութերորդ գլուխ

Տխուր թագավորին կատարած այցելության մասին

Որքան մոտենում էին պալատին, այնքան օդը ցրտում էր, եւ շուտով նավակն սկսեց լողալ սառցակտորների միջով։ Պստիկ֊Ամպիկը ետ մնաց, եւ ինչ֊որ մի պահ հեռվում հայտնվեց ծիածանը։ Բայց անսպասելի սկսեց ձյուն տեղալ։ Մորեղբայր Թիկ֊Թակը հագավ տաք ջեմպրը, Չալտիկ Հավիկը փետուրները փքեց, եւ միայն Ճենապակե Շնիկն ու Ռռռռն էին, որ ցրտին ոչ մի ուշադրություն չէին դարձնում։

Նավահանգստում նրանց ողջունելու էին դուրս եկել մուշտակներով ու մորթե գլխարկներով մի քանի հոգի։ Արքայադուստր Մաթիլդան էր՝ պալատականների հետ։

— Ի՜նչ ուրախ ենք, որ ձեզ տեսնում ենք,— ասաց պալատականներից մեկը։— Թագավորը թախծում է, եւ գուցե ձեզ հաջողվի նրան ուրախացնել։— Ու պալատականը հյուրերին առաջնորդեց պալատ։

Չմրսելու համար, թագավորը բուխարիկի մոտից չէր հեռանում, իսկ թագուհին պառկել էր անկողնում։

— Վճռել է մինչեւ ամառ դուրս չգալ անկողնից,— գանգատվեց թագավորը։

— Բայց չէ՞ որ արդեն ամառ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Խնձորենիների վրա հասել են խնձորները, կաղնու վրա՝ կաղինը, իսկ թփերին՝ ազնվամորին։

— Գիտեմ, ամեն տեղ ամառ է արդեն,— ասաց թագավորը,— իսկ այստեղ ամառը դեռ չի եկել։ Դեռ ձմեռ է ու այդ ձմռան վեիջն էլ չի երեւում։

Մորեղբայր Թիկ֊Թակը պատուհանից դուրս նայեց։ Պալատի զբոսայգին ծածկված էր ձյան շերտով, արահետներին ոստոստում էին ճնճղուկները եւ հացի փշրանքներ որոնում։ Ազատ ու համարձակ զբոսնում էր հյուսիսային քամին։

— Նույնիսկ իմ կրիաները չեն ուզում արթնանալ,— տխրամած ասաց թագավորը,— բայց ես, միեւնույն է, նրանց վրա չեմ բարկանում։

— Օ՜… թույլ տվեք նայել ձեր կրիաներին,— խնդրեց մորեղբայր Թիկ֊Թակը։

— Խնդրեմ,— ասաց թագավորը եւ բոլորին առաջնորդեց խոհանոց։

Եվ իսկապես, բոլոր տասնվեց կրիաներն էլ խորը քնել էին։

— Կարծես կռահում եմ, թե ինչն ինչոց է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բարի եղեք, ձայն տվեք, թող այստեղ գան պալատական շեփորահարները։

— Այստեղ կանչեք շեփորահարներին,— հրամայեց թագավորը պալատականներին։

Երբ շեփորահարները եկան, մորեղբայր Թիկ֊Թակը նրանց շարք կանգնեցրեց եւ հրամայեց, որ բոլորը միասին, որքան հնարավոր է բարձր փչեն իրենց շեփորները։

— Ծի՜մ֊ծիրիրի՜մ֊ծիրիրի՜մ֊Ձ նվագեցին շեփորահարները։— Ծի՛մ֊ծիրիրի՛մ֊ծիրիրի՜֊ծի՛մ֊ծի՜մ…

Ա՜յ թե աղմուկ բարձրացավ։

Կրիաները աղմուկից արթնացան եւ նույն պահին էլ լսվեց մի խլացուցիչ «գըրը՜խկ»․ լճի սառույցն էր, որ աղմուկով փշրվեց։ Հանկարծ բակում, խոհանոցի դիմաց սկսեց սաստիկ մի ձյուն տեղալ, բայց նույն պահին էլ հալվեց, իսկ հաջորդ պահին ծիլ տվեց կանաչ խոտն ու դայլայլեցին թռչունները։

Հյուսիսային քամին շատ զարմացավ։

— Օգնեցե՜ք,— գոչեց նա։— Արդեն ամառ է, իսկ ես դեռ այստեղ եմ։— Եվ նա սուրաց դեպի Հյուսիսային բեւեռ, իր հետ տանելով նաեւ ձմռանը։

Նրա թռիչքի ճանապարհին ամենուրեք սկսվում էր ցուրտը․ գետերն ու լճակները սառցակալում էին, մարդիկ տաք վերարկուներ ու ձեռնոցներ էին հագնում եւ փաթաթվում վզնոցներով։ Սակայն, բարեբախտաբար, ձյունն արագ հալվում էր եւ մարդիկ դարձյալ հանում էին իրենց տաք հագուստները։

Իսկ պալատում թագուհին ելավ անկողնից, հագավ ամառային իր զգեստը եւ նույնիսկ համբուրեց թագավորին, որովհետեւ ամռան գալով նրա տրամադրությունը բարձրացել էր։ Թագավորն էլ այլեւս չթախծեց։ Իսկ արքայադուստր Մաթիլդան վերցրեց գնդակն ու ցանցաթին եւ մարգագետին վազեց պալատականների հետ թենիս խաղալու։

— Ոչինչ չեմ հասկանում,— ասաց թագավորը, ծոծրակը քորելով։

— Բանն այն է, Ձերդ մեծություն,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— որ կրիաները սովորաբար ձմռանն են քուն մտնում, եւ երբ ձմեռը տեսել է, որ ձեր խոհանոցում տասնվեց կրիա են քնած, մտածել է, թե իզուր ինչո՞ւ հեռանա։ Բայց, իրականում, հիմա ոչ թե ձմեռ է, այլ աշնանամուտ։

Այդ պահին միջանցքից լսվեցին ինչ֊որ ոտնաձայներ․ հետո մեկը սկսեց ճանկռոտել դուռը։

— Երեւի սկյուռիկներ են,— ասաց թագավորը։

Եվ իրոք։ Դուռը բացելուն պես, սկյուռիկները խուժեցին սենյակ։ Ամեն մեկը մի կաղին ուներ։

— Սրանք այնքա՜ն ծույլ են, այնքա՜ն ծույլ,— գանգատվեց թագավորը,— աշնանը միշտ վազում են ինձ մոտ, որպեսզի խոհանոցի դռան արանքում ես կոտրեմ իրենց կաղինները։

Թագավորը սկյուռիկներից վերցրեց կաղինները ու սկսեց կոտրել, դնելով խոհանոցի դռան արանքում, իսկ շեփորահարները օգնում էին նրան։

— Ժամանակն է, որ մենք ճանապարհը շարունակենք, Ձերդ մեծություն,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը թագուհուն։

— Գնաք բարով,— ասաց թագուհին եւ համբուրեց մորեղբայր Թիկ֊Թակին ու Ռռռռին։

Թագավորը սեղմեց նրանց ձեռքը եւ մորեղբայր Թիկ֊Թակը նկատեց, որ նա դարձյալ տխրում է։

— Հենց նոր հիշեցի, որ եթե հիմա աշուն է,— ասաց թագավորը,— ապա շուտով նորից ձմեռ է կգա։ Չէ՞ որ դա անարդարացի բան է, չէ՞ որ ձմեռը նոր է հեռացել։

— Իրավացի եք,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես այդ հանգամանքը նկատի չէի ունեցել։ Իսկ Դ Ո ՞ Ւ ինչ կասես, Ռռռռ։ Գիտե՞ք, Ձերդ մեծություն, նա շատ խելացի վագր է։ Երբեմն, իհարկե, համառություն է անում, բայց ընդհանրապես շատ խելացի է։

Ռռռռը թաթով քորեց ականջի ետեւը։

— Դուք պետք է ամեն երեկո այգում ամառային պարահանդես կազմակերպեք,— ասաց նա թագավորին։— Այդ դեպքում, երբ ձմեռը գա, այսպես կմտածի․ «Ոնց որ թե՝ շուտ եմ եկել։ Այգում պարում են, իսկ ձմռանը ո՞վ է այգում պարում»։ Եվ մի ուրիշ տեղ կգնա ձմեռելու։

Թագավորն ուրախացավ եւ թագուհուն խնդրեց, որ նա ավելի շատ հրավերներ ուղարկի թագավորական այգում կազմակերպվելիք Ա Մ Ա Ռ Ա Յ Ի Ն պարահանդեսի համար։

— Եվ անպայման խոհարարին էլ պատվիրեք, որ ավելի շատ պաղպաղակ պատրաստի,— ավելացրեց նա, հետո նորից սեղմեց բոլորի ձեռքն ու հյուրերին ուղեկցեց մինչեւ նավակ։

— Իսկ ամենից կարեւորը,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը հրաժեշտ տալու ժամանակ,— երբ կրիաները քուն մտնեն, այնպես արեք, որ ձմեռը նրանց չնկատի։ Կրիաներին դրեք մետաղե ցանցով արկղի մեջ, որքան կարելի է շատ սալաթ լցրեք նրանց առաջ, եւ արկղն էլ պահեք խոհանոցային պահարանի Ա Մ Ե Ն Ա Խ Ո Ր Ք Ո Ւ Մ, իսկ դռներն էլ ամուր գոցեք։

— Այդպես էլ կանեմ,— ասաց թագավորը։— Շնորհակալ եմ խորհրդի համար։

Հյուրերին հրաժեշտ տալու համար թագուհին էլ գետափ եկավ եւ Ռռռռին դարչնագույն թղթով փաթաթած մի նվեր հանձնեց։

— Միայն թե, մինչ հեռու֊հեռուները հասնելը բաց չանես,— ասաց թագուհին։— Այս նվերը իմ եւ արքայադստեր կողմից է, որպեսզի դու միշտ լավ վագր լինես։

Թագուհին մի անգամ էլ համբուրեց նրան, բոլորը ձեռքերը թափահարեցին որպես հրաժեշտի նշան, եւ մորեղբայր Թիկ֊Թակը նավակը հրեց ափից․ հետո թիերն առավ ձեռքը եւ նավակը լողաց հոսանքն ի վեր։ Իսկ Ռռռռը մի թաթով բռնել էր նվերը, մյուս թաթն էլ թափահարում էր․ «Ցտեսություն»։

Իններորդ գլուխ

այն մասին, թե ինչպես էին աղվես որսում

Երբ անցան գետի ոլորապտույտը, Ռռռռը բացեց փաթեթը։ Պարզվեց, որ փաթեթի մեջ ձեռքի ժամացույց է։

— Ա՛յ, ի՜նչ եմ ասել,— ուրախացավ Ռռռռը։— Ես հիմա ժամացույց ունեմ։

— Թեեւ ժամը նայել չգիտես,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը աչքով անելով Ճենապակե Շնիկին։— Հետաքրքիր է, թե հիմա ո՞ւմ ենք հանդիպելու։ Նայե՛ք, նայե՛ք…

Գետափին նրանք մի երկաթուղի տեսան, որի վրայով փնչացնելով ընթանում էր փոքրիկ մի շոգեքարշ ու իր ետեւից քաշում միակ վագոնը, իսկ վագոնի տանիքին մի կենգուրու էր նստած։ Հավասարվելով նավակին, շոգեքարշը նախ դանդաղեցրեց ընթացքը, հետո կանգ առավ։ Եվ նույն պահին վագոնից դուրս թռան սկյուռիկները, երկաթուղու վրա կաղիններ շարեցին, որպեսզի շոգեքարշը անցներ դրանց վրայով ու կոտրեր։

— Ա՜յ֊ա՜յ, սրանք էլ նույնքան ծույլ սկյուռիկներ են, ինչպես նրանք, որոնց տեսանք Տխուր թագավորի պալատում։ Հիշո՞ւմ ես, Ռռռռ… Նա կաղինն էլ դեռ խոհանոցի դռան արանքը դնելով էր կոտրում։ Բարեւ, փոքրիկ շոգեքարշ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։

Մեքենավարը գլուխը դուրս հանեց պատուհանից։

— Բարեւ,— պատասխանեց նա։— Օհո՜… տեսեք, ի՜նչ է կատարվում։

Մեքենավարը տեսել էր աղվեսին։ Երբ հեւասպառ եւ շնչակտուր աղվեսը հասավ շոգեքարշին, բոլորն էլ հեռվից լսեցին․ «Ուհո՜ւ… ուհո՜ւ»։ Եվ այդ ձայնի վրա հայտնվեցին որսկան շներն ու հեծյալները։

— Նրանք ինձ են հետապնդում,— ասաց աղվեսը։— Ես շատ եմ վախենում։ Ո՞ւր թաքնվեմ։

— Ցատկի՛ր նավակ, շուտ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։

Աղվեսը ցատկեց նավակ, սողաց դեպի հեռավոր անկյունը եւ կծկվեց Ճենապակե Շնիկի թիկունքում, իսկ երբ որսորդները շատ մոտեցան, Ռռռռը նրան ծածկեց հովանոցով։

— Դուք աղվես չե՞ք տեսել,— հարցրեց Գլխավոր որսորդը։

Այս խոսքի վրա փոքրիկ շոգեքարշը մի այնպիսի՜ սուլոց բարձրացրեց, այնպիսի՜ սուլոց․ «Պիիիիիիիիիի՜… Պիիիիիիիիիի՜…»։

— Ի՞նչ ասացիր,— հարցրեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ո՞ւմ բարեւես։

— Ես ասացի «աղվես»,— բղավեց որսորդը։

— Հա՜… ախորժակ ունե՞ս,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բայց ի՞նչ հյուրասիրեմ, գուցե երշի՞կ… Հիմա կհյուրասիրեմ։

— Չե՞ս հասկանում, ինչ է,— բարկացավ որսորդը։— Աղվեեե՜ս…

— «Ե՜ս… ե՜ս…» Ինչո՞ւ դու… Նավախելին Ճենապակե Շնիկն է նստած ու նայում է, թե ժամը քանիսն է։ Երեւի հիմա արդեն ինը կլինի։

Ճենապակե շնիկը հաչեց, շոգեքարշը դարձյալ սուլեց— պիիիիիիիիիի՜, պիիիիիիիիիի՜, բայց ավելի բարձր․ որսորդական շները հաչեցին կենգուրուի վրա, որ նստած էր վագոնի տանիքին։

— Երեւի դուք նկատի ունեք աղյո՞ւսը,— բղավեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Տխուր թագավորի պալատի բակում ինչքան ուզես աղյուս կա՝ արահետներին շարած։

Ոչ ոք այնպես էլ չիմացավ, թե ինչ էր ուզում ասել որսորդը, որովհետեւ շոգեքարշը ձայնը գլուխը գցած այնպես սուլեց— պիիիիիիիիիի՜, պիիիիիիիիի՜— որ որսորդի ձին խրտնեց ու փախավ։ Իսկ նրա ետեւից փախան բոլոր որսորդական շները։ Պստիկ֊Ամպիկը հետապնդեց նրանց ու մի քիչ անձրեւ տեղաց, այնպես որ, որսորդները ստիպված եղան բարձրացնել իրենց օձիքները։

— Գրողը տանի,— վրդովվեց Գլխավոր րսորդը։— Անձրեւն էր միայն պակաս։

Քիչ անց որսորդները արդեն շատ հեռու էին։

Աղվեսը դուրս սողաց թաքստոցից ու հոտոտեց օդը։

— Ամեն ինչ կարգին է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Որսորդները հեռացան։ Բարի ճանապարհ, սիրելի աղվես։

Աղվեսը ափ ելավ եւ հրաժեշտ տալով, թափահարեց իր թավամազ պոչը։

— Պիիիիիիիիիի՜։ Պիիիիիիիիիի՜,— նորից սուլեց շոգեքարշը եւ շարունակեց ճանապարհը՝ վագոնի տանիքին նստած կենգուրուի հետ, որը կարծես չէր էլ նկատել այդ ամբողջ անցուդարձը։

Մորեղբայր Թիկ֊Թակն ու Ռռռռը հուզմունքով էին նայում նրանց ետեւից, որովհետեւ գնացքը այդ պահին մոտենում էր ցածրիկ կամրջին։ Այդ կամրջի տակով կենգուրուն ոչ մի դեպքում չէր կարող անցնել։ Ի՞նչ կլինի արդյոք, ի՞նչ կլինի… Բայց գնացքը սուզվեց կամրջի Տ Ա Կ, իսկ կենգուրուն ցատկեց կամրջի Վ Ր Ա Յ Ո Վ ու թը՛խկ, նորից նստեց վագոնի տանիքին։ Մի ծերուկ դուրս նայեց վագոնի պատուհանից եւ հովանոցով սպառնաց կենգուրուին։

— Շա՜տ աղմկարար կենգուրու ես,— գոչեց նա։

Ճանապարհի ուրիշ կամուրջներ չկային, եւ շուտով գնացքից մնաց միայն մի ճերմակ ամպիկ։

Տասներորդ գլուխ

Ճռճռան Կոշիկ փոստատարի մասին

Դեռ գնացքը չէր անհետացել նրանց աչքից, երբ ճանապարհորդները հանկարծ լսեցին․ «Ճը՜ռռ, ճը՜ռռ, ճը՜ռռ»— ու նրանց վրա ընկավ մի վիթխարի ստվեր։

Ոչ մի սարսափելի բան չպատահեց, իհարկե։ Պարզվեց, որ դա Ճռճռան Կոշիկ մականունով փոստատարի ստվերն է։ Նա աշխարհի ամենախոշոր փոստատարն էր, որին կրճատ անվանում էին Ճռանկոշ։ Ճռանկոշը այնքան մեծ էր, այնքան բարձրահասակ, որ բոլորը վախենում էին, երբ նա հայտնվում էր անսպասելի կերպով։ «Օգնեցե՜ք,— բղավում էին բոլորը։— Հսկա է»։

Ճռանկոշը իսկապես հսկա էր, բայց շատ բացի էր ու չէր սիրում մարդկանց վախեցնել։ Հենց դրա համար էլ ճռճռան կոշիկներ էր հագնում, որպեսզի բոլորը լսեին իր մոտենալն ու չվախենային։

Արեւն արդեն մայր էր մտնում, եւ Ճուանկոշի առջեւից քայլում էր երկար֊երկար ստվերը, իսկ նրա գլխի մոտ, ասես Երկրի շուրջը փոքրիկ մի Լուսին, պտտվում էր եւս մի ստվեր։

— Փոստատար աղավնին է,— ուրախացավ Ռռռռը, երբ Ճռանկոշը շատ մոտեցավ։

— Բարեւ,— ասաց Ճռանկոշը։— Ես նամակ եմ բերել քեզ, մորեղբայր Թիկ֊Թակն էլ նամակ ունի։

Նա բացեց պայուսակն ու նամակներ հանեց։

Դրանք այն նամակներն էին, որոնք Ռռռռը գցել էր փոստարկղը դեռեւս Ե Ր Ր Ո Ր Դ Գ Լ Խ Ո Ւ Մ, երբ մորեղբայր Թիկ֊Թակը լոգանք էր ընդունում։

— Նամակը քեզնից է, Ռռռռ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը պատռելով ծրարը։

— Իսկ իմը՝ քեզնից,— ասաց Ռռռռը։

Մինչ նրանք կարդում էին նամակները, աղավնին ցայվում էր ջրափոսում։

— Շատ անպիտան է այդ աղավնին,— ասաց Ճռանկոշը։— Միշտ ջրափոսերն է մտնում։ Ես նրան պահում եմ շտապ նամակների համար։ Դուք երեւի գիտեք, որ եթե նամակի համար վճարում են վեց պենս ավելի, ուրեմն, նշանակում է՝ պետք է շտապ տեղ հասցնել։ Ճիշտն ասած, իմ ձեռքին հիմա այդպիսի նամակներ չկան։ Հե՜յ, Էլբերթ, հերիք ցայվես։ Անունն էլ Էլբերթ է։ Վերջացրու… Ինչպե՞ս անեմ, որ հասկանաս… փետուրները աղտոտել է անպիտանը։

Ռռռռը մռայլվեց։

— Տեսնում եմ, որ գլխումդ միտք է ծնվում, Ռռռռ,— նկատեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Նա հիմա կասի, թե ինչ է պետք անել, որ Էլբերթը ես վարժվի ջրափոսերը մտնելուց։

— Պետք է երգ երգել կրիաների համար,— հանկարծ վրա տվեց Ռռռռը։

— Հը՛մ… բայց դա ի՞նչ կապ ունի աղավնու հետ,— ասաց Ճռանկոշը։— Ինչո՞ւ երբ երգենք կրիանեիր համար, երբ Էլբերթին ենք ուզում ետ վարժեցնել ջրափոսերից։

— Անպայման կօգնի, այ, կտեսնեք,— ասաց Ռռռռը։— Կրիաների համար օրորոցային երգեք։ Ինչպե՞ս էր… հա՛…


Քնիր, կրիա,
Քնիր, անուշ,
Քնիր հիմա,
Աշխարհն է սուս…

եւ նրանք կքնեն։ Իսկ երբ կրիաները քնեն, ձմեռն էլ կգա․ ձմեռը գիտե, որ կրիաները քնում են միայն ձմռանը։ Ու ձմեռը կսառեցնի բոլոր ջրափոսերը, որոնք սառույցով կծածկվեն․ աղավնին էլ չի կարողանա այլեւս ցայվել։

Մորեղբայր Թիկ֊Թակը հիացմունքով նայեց Ռռռռռին, իսկ Ճենապակե Շնիկը պոչը խաղացրեց։

— Պստիկ֊Ամպիկ,— մորեղբայր Թիկ֊Թակը կանչեց իր ամպիկին, որը հենց նոր էր վերադարձել որսորդներին անձրեւի տակ առնելուց հետո։— Բարի եղիր, մի քիչ ջրիր մեր Ռռռռին։

Պստիկ֊Ամպիկը Ռռռռի վրա մի իսկական հեղեղ տեղաց։ Ռռռռը գլուխը պահեց անձրեւի տակ եւ ջուրն սկսեց հաճելի կերպով խուտուտ տալ ականջների հետեւը։

— Դա քեզ՝ շքանշանի փոխարեն, Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։

— Տեսե՜ք, ծիածանը,— գոչեց Ճռանկոշը։ Հետո շրջվելով, Ռռռռին ասաց․— Շնորհակալ եմ քեզնից։ Դու շատ խելացի վագր ես։ Մեր գնալու ժամանակն է, Էլբերթ։

Էլբերթը դուրս եկավ ջրափոսից ու սկսեց թռչել փոստատարի կողքից։ Ճը՜ռռ֊ճը՜ռռ֊ճը՜ռռ— ճռճռացին վիթխարի կոշիկները։

Տասնմեկերորդ գլուխ

Կեսգիշեր

— Հապա, իմ սիրելի Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— քնելու ժամանակն է։ Ճենապակե Շնիկն ու Չալտիկ Հավիկը վաղուց քնել են։ Սոսկալի ուշ է արդեն։

— Վա՜յ, ինչո՞ւ՝ սոսկալի,— հարցրեց Ռռռռը։— Ուրեմն, եթե քնեմ, կլինի ավելի ուշ եւ ավելի՞ սոսկալի։

— Չէ, հիմարիկ։ Ուզում եմ ասել, որ հիմա Շ Ա Տ ուշ է, շուտով կեսգիշեր կլինի։

Ռռռռը անհանգստացավ։

— Իսկ ի՞նչ բան է յդ կեսգիշերը։

— Ինչո՞ւ ես այդպես հուզվում, Ռռռռ։ Հիմա պառկիր քնելու, իսկ կեսգիշերին ես քեզ կարթնացնեմ, եւ ու կտեսնես, թե դա ինչ է։ Համաձա՞յն ես։

— Համաձայն եմ,— ասաց Ռռռռը՝ քունը գլխին։— Հեքիաթ պատմիր, թե չէ՝ քունս չի տանի։

— Լավ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը ձեռքը պարզելով ինչ֊որ ուղղությամբ, եւ Ռռռռը նոր միայն նկատեց, որ մորեղբոր ուսի ետեւից իրեն է նայում Ձին։ Մորեղբայր Թիկ֊Թակը շոյեց Ձիու վիզը։

— Գիտեմ… այդ Ձին խոհանոցի պահարանից է եկել, ինձ Տաքը պատմել է,— մրթմրթաց Ռռռռը քնի մեջ։— Հետաքրքիր է, նա իսկական Ձի է, թե երեւակայական…— նա աչքերը բացեց, բայց ոչինչ չտեսավ։

Բայց Ձին նրանց մոտ էր։ Մորեղբայր Թիկ֊Թակը ջրի մեջ տեսնում էր նրա արտացոլումը։

— Ձին այստեղ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— ես տեսնում եմ նրա արտացոլման մի փոքրիկ մասը՝ գլուխն ու երեք մտքերը…

— Այ թե ծիծաղելի բան կլիներ,— ասաց Ռռռռը,— եթե…

— Դու արդեն քնած ես,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— մի ուրիշ անգամ հեքիաթ կպատմեմ։

— Բոլորովին էլ չեմ քնել,— ասաց Ռռռռը։— Ասում եմ, ի՞նչ հետաքրքիր կլիներ, եթե ձիերը երեք ոտք ունենային՝ երկուսը՝ մի կողմից ու մեկն էլ՝ մյուս։

— Այո, այդպես շատ հարմար է շրջանով վազելու համար։ Այդ դեպքում ձիու մի կողմը մյուսից ավելի արագ կվազեր։ Դու երեւի հենց դա՞ նկատի ունեիր։

Որպես պատասխան, լսվեց բարձրաձայն մի խռմփոց։

— Ի՜նչ քնկոտ վագր է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ձի՛։

Ձիու արտացոլումը շարժվեց, եւ Ռռռռը բացեց քնաթաթախ աչքերը։ Նա լսեց, թե ինչպես Ձին անցավ գետն ու հետո ելավ ափ։ «Հետաքրքիր է, իսկ երազները նրա հե՞տ են, թե մնացել են խոհանոցի պահարանում»— մտածեց Ռռռռը եւ նույն պահին խորը քուն մտավ։

Նա քնել էր, իսկ այդ ընթացքում նամակը լողաց դեպի ափ եւ քթով մխրճվեց առափնյա եղեգների մեջ։

Մորեղբայր Թիկ֊Թակը թիերը դրեց նավակի մեջ եւ ականջ դրեց, թե ինչպես է ժամացույցը խփում ժամը տասը։

«Շուտով կեսգիշեր է»,— մտածեց նա եւ Ռռռռին ծածկեց վերմակով, իսկ հետո ինքն էլ պառկեց ժամացույցի կողքին։ «Որպեսզի լսեմ, երբ խփի ժամը տասներկուսը»— մտածեց նա։

— Բարի գիշեր,— ասաց նա Պստիկ֊Ամպիկին։

Մի քիչ քնելուց հետո գլուխը բարձրացրեց ու նայեց աստղերին, ժամացույցը խփեց ժամը տասնմեկը։ Ճենապակե Շնիկը քնի մեջ ֆսֆսաց, իսկ Չալտիկ Հավիկը գլուխն ուզեց հանել թեւի տակից, բայց նորից թաքցրեց։

Մորեղբայր Թիկ֊Թակը լսեց, թե ինչպես են նավակի կողին հարվածում ալիքները։

«Ինչո՞ւ էր Ռռռռը այդպես վախենում կեսգիշերից։ Ափսոս, գիշերը կենդանի չէ, որ— թըփ, թըփ, թըփ— իջնի երկնքից՝ լուսինն էլ ճեռքին։ Գիշերը ինչքա՜ն խաղաղ է ու գեղեցիկ։ Եվ ինչպե՞ս են փայլում աստղերը»։

Աչքերն իրենք իրենց փակվում էին, եւ նա մի քիչ էլ ննջեց։

—Թիկ֊թակ, թիկ֊թակ, թիկ֊թակ…— ժամացույցը խփեց կեսգիշեր։

— Ռռռռը բացեց աչքերն ու ձգվեց։ Մորեղբայր Թիկ֊Թակը թիերն իջեցրեց ջուրը եւ անշտապ սկսեց թիավարել հոսանքն ի վար։