«Նամակներ Երկրից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ութերորդ նամակ)
(Իններորդ նամակ)
 
Տող 522. Տող 522.
  
Մի՞թե դուք կհամաձայնեք, որ այդ ամենը նա նախատեսել էր։ Այդպես է պնդում եկեղեցին։ Բայց չէ որ դրանով իսկ նա պնդում է, որ իր աստվածը մտավոր տեսակետից Առաջին աղքատն է  տիեզերքում, իսկ բարոյական տեսակետից կանգնած է Դավիթ թագավորի մակարդակի վրա։
 
 +
 +
 +
==Տասներորդ նամակ==
 +
 +
 +
Հին և նոր կտակարանները շատ հետաքրքիր են՝ ամեն մեկը յուրովի։ Հին կտակարանից մենք իմանում ենք, թե ինչպիսին է եղել այդ մարդկանց աստվածը նախքան իսկական հավատ ձեռք բերելը, իսկ Նորը ցույց է տալիս, թե նա ինչպիսին դարձավ դրանից հետո։ Հին կտակարանը նկարագրում է գլխավորապես արյունահեղություններ և հեշտասիրական տեսարաններ։ Նորը նվիրված է հոգիների փրկությանը։ Փրկությանը՝ կրակի օգնությամբ։
 +
 +
Երբ աստված առաջին անգամ իջավ երկիր, նա բերեց կյանքը և մահը, երբ նա իջավ երկրորդ անգամ՝ բերեց դժոխքը։
 +
 +
Կյանքը, ի տարբերություն մահվան, այնքան էլ արժեքավոր պարգև չէր։ Կյանքը մի զառանցական երազ էր, հյուսված վշտով փչացած ուրախություններից, ցավով թունավորված բավականություններից, մի մղձավանջ, որտեղ կարճատև ու ջղաձգական ցնծություններին, զմայլանքներին, երանություններին, երջանկության վաղանցիկ րոպեներին հաջորդում էին անվերջանալի դժբախտությունները, վիշտը, վտանգը, սարսափները, հիասթափությունները, դառն անհաջողությունները, ամեն տեսակ նվաստացումներն ու հուսահատությունները․ կյանքը մի ամենասարսափելի անեծք էր, ինչպիսին միայն կարող էր հորինել աստծու հնարամտությունը։ Բայց մահը քնքուշ էր, մահը հեզ էր, մահը բարի էր, մահը բուժում էր վիրավորված հոգին ու փշրված սիրտը, նրանց անդորր և մոռացություն էր պարգևում, մահը մարդու լավագույն բարեկամն էր․ երբ կյանքը անտանելի էր դառնում, մահը գալիս ու փրկում էր նրան։
 +
 +
Սակայն ժամանակի ընթացքում աստված հասկացավ, որ մահը սխալմունք է․ սխալմունք, որովհետև մահվան մեջ ինչ֊որ բան պակասում էր․ պակասում էր, որովհետև չնայած մահը սքանչելի միջոց էր ողջ մնացողներին վիշտ պատճառելու համար, մահացածն ինքը հուսալի ապաստան էր գտնում գերեզմանում, որտեղ նրան այլևս հնարավոր չէր հոշոտել։ Դա աստծուն ձեռնտու չէր։ Հարկավոր էր գտնել մեռածներին գերեզմանում էլ տանջելու մի եղանակ։
 +
 +
Աստված այդ բանի վրա ապարդյուն գլուխ էր ջարդում չորս հազարամյակների ընթացքում, բայց հենց որ իջավ երկիր և դարձավ քրիստոնյա, նրա միտքը պայծառացավ, և նա հասկացավ, թե ինչ է հարկավոր անել։ Նա ստեղծեց դժոխքը և այդ մասին լայնորեն ազդարարեց աշխարհին։
 +
 +
Այստեղ մենք հանդիպում ենք շատ հետաքրքրիր մի մանրամասնության։ Ընդունված է համարել, որ քանի դեռ աստված ապրում էր երկնքում, նա դաժան էր, կամակոր, քինախնդիր, նախանձ և անգութ, բայց հենց որ իջավ երկիր և ընդունեց Հիսուս Քրիստոս անունը, լիովին փոխվեց, այսինքն դարձավ հեզ, բարի, գթառատ, ամեն ինչ ներող․ դաժանությունն ու չարությունը անհետացան և դրանց փոխարինեց խոր, կարեկցական սերը իր խեղճ երկրային զավակների նկատմամբ։ Բայց չէ որ հենց որպես Հիսուս Քրիստոս նա ստեղծեց դժոխքը և այդ մասին ազդարարեց աշխարհին։
 +
 +
Այլ կերպ ասած, դառնալով խոնարհ ու հեզ Փրկիչ, նա հազար միլիարդ անգամ ավելի դաժան գտնվեց, քան Հին կտակարանի ժամանակներում, անհամեմատ ավելի կատաղի, որքան էլ որ մեզ սարսափելի թվան նրա նախկին արարքները։
 +
 +
Խոնարհ ու հե՞զ։ Ժամանակի ընթացքում մենք այդ հաճախ գործածվող մակդիրները կհետազոտենք նրա ստեղծած դժոխքի լույսի ներքո։
 +
 +
Սակայն, թեև չարության մեջ առաջնության դափնին պետք է շնորհվի Հիսուսին՝ դժոխք ստեղծողին, նա աստվածայնորեն դաժան և անգութ էր քրիստոնյա դառնալուց դեռ շատ առաջ։ Որքանով որ կարելի է դատել, ոչ մի անգամ նրա մտքով չի անցել, որ մարդու վատ արարքների համար մեղավորը նա է՝ աստվածը, քանզի մարդը վարվում է միմիայն այն բնօրինակին համապատասխան, որը նա ինքն էլ հենց պարտադրել է մարդուն։ Ո՛չ, նա պատժում է մարդուն, փոխանակ պատժելու ինքն իրեն։ Եվ պատիժը, որպես կանոն, լինում էր շատ ավելի խիստ, քան արժեր զանցանքը։ Եվ շատ հաճախ պատժվում էր ոչ թե հանցագործը, այլ մեկ ուրիշը։ Օրինակ, տոհմի ավագը, համայնքի գլխավորը։
 +
 +
«1․ Եվ Իսրայել Սատիմի մեջ բնակվեցավ, ու ժողովուրդը Մովաբի աղջիկներուն հետ սկսավ պոռնկություն անել․․․
 +
 +
4.Եվ Տէրը Մովսէսի ըսավ՝ ժողովրդին բոլոր իշխանները առ, ու զանոնք Տէրոջը առջև արևին դեմ կախէ, որպեսզի Տէրոջը սաստիկ բարկությունը Իսրայէլէ դառնայ»։
 +
 +
 +
Արդարացի՞ է այդ, ի՞նչ եք կարծում։ Որքանով կարելի է դատել, «ժողովրդի պետերը» անառակությանը չեն մասնակցել, բայց, այնուամենայնիվ, կախել են նրանց, այլ ոչ թե «ժողովրդին»։
 +
 +
Եթե դա ազնիվ և արդարացի էր այն ժամանակ, դա պետք է ազնիվ և արդարացի լինի նաև այժմ, որովհետև եկեղեցին սովորեցնում է, որ աստծու արդարադատությունը հավիտենական է ու անփոփոխ, և որ աստված ամեն մի բարոյականության աղբյուրն է, և նրա բարոյականությունը հավիտենական է ու անփոփոխ։ Հիանալի է։ Ուրեմն, մենք պետք է հավատանք, որ եթե Նյու֊Յորքի ժողովուրդն սկսի անառակություն անել Նյու Ջերսիի աղջիկների հետ, միայն ազնիվ ու արդարացի բան կլինի քաղաքապետարանի առջև կախաղան կառուցել և դրանից կախել քաղաքագլխին, ոստիկանապետին, դատավորներին և արքեպիսկոպոսին, թեկուզև նրանք ճաշակած էլ չլինեն այդ հաճույքը։ Անձամբ ինձ այդ բանն արդարացի չի թվում։
 +
 +
Սակայն, կարող եք չտարակուսել, նման ոչ մի բան տեղի չի ունենա։ Մարդիկ դա թույլ չեն տա։ Նրանք, այնուամենայնիվ, իրենց Աստվածաշնչից լավն են։ Ոչինչ չէր պատահի։ Պարզապես, երբ խայտառակությունը կոծկել չհաջողվեր, որևէ մեկը կդիմեր դատարան, պահանջելով հատուցել վնասը, և Հարավում անգամ ձեռք չէին տա նրանց, ովքեր անառակություն չէին արել․ այնտեղ կվերցնեին պարանը և կգնային փնտրելու մեղսակիցներին, իսկ նրանց չգտնելու դեպքում լինչի դատաստանի կենթարկեին մի որևէ նեգրի։
 +
 +
Ինչ էլ որ եկեղեցական ամբիոններից պնդեն, Ամենազորի ժամանակներից ի վեր դրությունը նկատելիորեն բարելավվել է։
 +
 +
Ուզո՞ւմ եք ավելի մոտիկից ծանոթանալ այդ աստծու բարոյական սկզբունքներին, նրա բնավորությանն ու վարքագծին։ Եվ հիշեցե՛ք, որ կիրակնօրյա դպրոցներում երեխաներին ամեն կերպ համոզում են սիրել Ամենազորին, հարգել նրան, գովաբանել, նրա մեջ տեսնել ընդօրինակման նմուշ և ուժերի ներածին չափով հետևել նրա օրինակին։ Դե, ուրեմն, կարդացե՛ք․
 +
 +
«1. Եվ Տէրը խօսեցավ Մովսէսի ըսելով․
 +
 +
2. Մադիանացիներէն Իսրայէլի որդիներուն վրէժը առնես ու ետքը քու ժողովրդիդ խառնուիս․․․
 +
 +
7. Եվ Մադիանացվոց դեմ պատերազմեցան, ինչպես Տէրը Մովսէսի հրամայել էր, անոնց բոլոր մարդիկը մեռցուցին։
 +
 +
8. Եվ անոնց սպաննուածներուն հետ Մադիամու թագավորներն ալ՝ Եվին, Րոկոմը, Սուրը, Ուրը, Ռօբէն, Մադիամու հինգ թագավորները, սպանեցին ու Բէովրի որդին Բազատամը սրով մեռցուցին․
 +
 +
9. Եվ Իսրայէլի որդիները Մադիանացուոց կիները ու տղաքները գերի առին, ու անոնց բոլոր անասունները և հոտերը ու ստացուածքը ավար առին։
 +
 +
10. Եվ անոնց բնակած բոլոր քաղաքները ու բոլոր գեղերը կրակով այրեցին։
 +
 +
11. Եվ բոլոր ավարը ու բոլոր կողոպուտը առին՝ մարդէ մինչև անասուն։
 +
 +
12. Եվ գերիները ու կողոպուտը և ավարը Մովսէսին, Եղիազար քահանային ու Իսրայէլի ու Իսրայէլի որդիներուն ժողովքին, բանակը բերին, որ Երիքովի դիմաց Յորդանանու մոտ Մովաբի դաշտերուն մեջ էր։
 +
 +
13․ Եվ Մովսէս ու Եղիազար քահանան և ժողովքին բոլոր իշխանները բանակէն դուրս ելան զանոնք դիմավորելու։
 +
 +
14․ Եվ Մովսէս պատերազմէն դարձող զօրաց իշխաններուն, հազարապետներուն ու հարիուրապետներուն սրտդողեցավ․
 +
 +
15․ Եվ Մովսէս անոնց ըսավ․ Արդեօք բոլոր կիները ողջ թողեցիք։
 +
 +
16․ Ահա Բաղաամի խրատովը ատոնք պատճառ եղան, որ Իսրայէլի որդիները Տէրոջը դեմ մեղանչեցին Փոգովրի գործին մեջ, և Տէրոջը ժողովքին վրայ այն հարուածը եկավ։
 +
 +
17․ Ուստի հիմա տղաքներէն ամէն արուն մեռցուցէք ու բոլոր կիները, որոնք այր մարդ գիտցած են արուի հետ պառկելով՝ մեռցուցե՛ք։
 +
 +
18․ Եվ կիներէն այն բոլոր մանկահասակ աղջիկները, որոնք այր մարդ գիտցած չեն արուի հետ պառկելով՝ ձեզի ողջ թողուցեք։
 +
 +
19․ Եվ դուք եօթը օր բանակէն դուրսը մնացէք, ով որ մարդ մեռցուցեր է, ու ով որ մեռածի դպեր է, երրորդ օրը ու եօթներորդ օրը թող մաքրուի, թէ դուք և թե ձեր գերիները։
 +
 +
20․ Եվ ամէն հանդերձ, ու ամէն մորթէ շինուած աման, և այծի մազէ շինուած ամէն բան, ու ամէն փայտեղէն աման մաքրեցէք։
 +
 +
21․ Եվ Եղիազար քահանան պատերազմի գացող զօրքերուն ըսավ․ Ասիկա է այս օրէնքին կանոնը՝ զօր Տեր Մովսէսի հրամայեց։
 +
 +
25․ Եվ Տէրը խօսեցավ Մովսէսի՝ ըսելով․
 +
 +
26․ Դուն Եղիազար քահանային ու ժողովքի նահապետությանց իշխաններուն հետ՝ առնուած կողոպուտին գումարը, առ մարդէ մինչև անասուն։
 +
 +
27․ Եվ այն կողոպուտը պատերազմի գացող պատերազմողներուն ու բոլոր ժողովքին հավասարապէս բաժանես։
 +
 +
28. Եվ պատերազմի գացող պատերազմողներէն Տերոջը հասը առնես, հինգ հարիուրէն մեկը՝ թէ մարդոցմէն, արջառներէն, թե էշերէն և թե ոչխարներէն․․․
 +
 +
31․ Եվ Մովսէս ու Եղիազար քահանան Տէրոջը Մովսէսի հրամայածին պես ըրին։
 +
 +
32․ Եվ կողոպուտը, այսինքն պատերազմող զօրքին առած ավարին գումարը այս էր․ վեց հարիուր եօթանասունհինգ հազար ոչխար։
 +
 +
33․ Եօթանասուներկու հազար առջար․
 +
 +
34․ Ու վաթսունըմեկ հազար էշ․
 +
 +
35․ Եվ մարդոցմէն այր մարդու անկողին չգիտցող կիներուն ամէնը երեսուներկու հազար հոգի էին․․․
 +
 +
40․ Եվ մարդիկը տասնվեց հազար ըլալով՝ անոնցմէ Տերոջը հասը երեսուներկու հոգի եղավ․
 +
 +
41․ Եվ Մովսէս Տէրոջը նուիրուած հասը Եղիազար քահանային տուավ, ինչպես Տէրը Մովսէսի հրամայեր էր․․․
 +
 +
47․ Եվ Մովսէս Իսրայէլի որդիներուն կես բաժինէն, թե մարդէն, թե անասունէն, յիսունէն մէկը առավ, Տէրոջը խորանին պահպանիութիունը ընող Ղևտացինէրուն տուավ, ինչպես Տէրը Մովսէսի հրամայեր էր․․․
 +
 +
10. Երբ քաղաքի մը կը մօտենաս անոր հետ պատերազմելու համար, զանիկա խաղաղութեան հրավիրէ․․․
 +
 +
13․ Ու երբ քու Տէր Աստուածդ քու ձեռքդ մատնէ զանիկա, անոր բոլոր արուները սուրի բերնէ անցնես․
 +
 +
14․ Բայց կիները, տղաքները ու անասունները և ինչ որ կայ այն քաղաքին մեջ, անոր բոլոր ավարը քեզի համար առնես և քո Տէր Աստուածոյդ  քեզի մատնած քո թշնամիներուդ ավարը ուտես։
 +
 +
15․ Ահա այսպէս պիտի ընէս քեզմէ խիստ հեռու եղող ամէն քաղաքներուն, որոնք այս ազգերուն քաղաքներէն չեն։
 +
 +
16․ Սակայն քո Տէր Աստուածոյդ քեզի ժառանգութիուն տուած այս ազգերուն քաղաքներուն մեջ բնավ շունչ ունեցող մը ողջ չթողնես․․․»
 +
 +
 +
Աստվածաշնչի օրենքն ասում է․ «Մի՛ սպանաներ»։
 +
 +
Աստծու օրենքը, որ դրված է մարդու սրտում նրա ծննդյան պահին, ասում է․ «Սպանի՛ր»։
 +
 +
Այն գլուխը, որ ես վերևում մեջ բերեցի ձեզ, ցույց է տալիս, որ աստվածաշնչյան սահմանումը կրկին անզոր է։ Այն չի կարող հաղթահարել բնության ավելի զորեղ օրենքը։
 +
 +
Այդ մարդիկ հավատում են, որ աստված ինքն է նրանց ասել․ «Մի՛ սպանաներ»։
 +
 +
Այդ դեպքում պարզ է, որ նա ինքը ի վիճակի չի եղել պահպանելու իր իսկ պատգամները։
 +
 +
Նա սպանեց այդ բոլոր մարդկանց՝ ամբողջ արական սեռը։
 +
 +
Սրանք ինչ֊որ բանով վիրավորել էին աստծուն։ Մենք իսկույն կարող ենք կռահել, թե ինչպիսին է եղել այդ զանցանքը, այսինքն, որ դա եղել է մի դատարկ բան, մանրուք, որի վրա ոչ ոք, բացի աստծուց, անգամ ուշադրություն չէր դարձնի։ Ավելի քան հավանական է, որ մադիանացիներից որևէ մեկը հետևել է ոմն Հովնանի օրինակին, որին հրամայված էր՝ «մտիր եղբորդ կնոջ ծոցը», ինչը և նա կատարեց, բայց փոխանակ բանը հասցնելու մինչև վերջ, «հոսեցրել էր գետնի վրա»։ Տերը նրան մեռցրեց, որովհետև Տերը վատ սովորություններ հանդուրժել չէր կարողանում։ Տերը մեռցրեց Հովնանին, ու մինչև այսօր էլ քրիստոնեական աշխարհը չի կարողանում հասկանալ, թե ինչու նա սահմանափակվեց Հովնանով, և չկոտորեց երեք հարյուր մղոն շառավղով շրջապատում ապրող բոլոր բնակիչներին․ չէ որ նրանք միանգամայն անմեղ էին, իսկ հենց անմեղներին էլ նա սովորություն ուներ մեռցնելու։ Այսպիսին է եղել նրա վաղեմի պատկերացումը արդարության և ազնիվ խաղի մասին։ Եթե նա նշանաբան ունենար, այդ նշանաբանը կհռչակեր․ «Թող ոչ մի անմեղ մարդ չմնա անպատիժ»։ Դուք, հավանաբար, դեռ չեք մոռացել, թե նա ինչ արեց ջրհեղեղի ժամանակ։ Հիշեք անհամար մանկիկներին ու փոքրիկ երեխաներին, որոնք ոչ մի չարիք չեն պատճառել նրան, որը նա հիանալի գիտեր, բայց նրանց մերձավորները վիրավորել էին իրեն, և դա նրա համար բավական էր․ նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը բարձրանալով հասնում նրանց աղաղակող բերանիկներին, նա տեսնում էր խելահեղ սարսափը նրանց աչիկներում, նրանց մայրերի դեմքերին, նա տեսնում էր հուսահատ տառապանք ու աղերսանք, որը կշարժեր ամեն մի սիրտ, միայն թե ոչ նրանը, որովհետև նա հատկապես անմեղներին էր որսում։ Եվ նա սառնասրտորեն ջրահեղձ արեց այդ բոլոր թշվառ մանկիկներին։
 +
 +
Ու հիշեք նաև, որ Ադամի բոլոր միլիարդավոր սերունդներն անմեղ են, դրանցից ոչ մեկը չի մասնակցել նրա զանցանքին, բայց աստված հիմա էլ է նրանց մեղավոր համարում։ Պատժից խուսափելու միակ եղանակը իրեն Ադամի մեղսակից ճանաչելն է․ պակաս աղաղակող ստով այստեղ յոլա չես գնա։
 +
 +
Մի մադիանացի, հավանաբար, նույնն էր արել, ինչ որ Հովնանը, և դրանով իսկ այդ սարսափելի փորձանքին մատնեց իր ամբողջ ժողովրդին։ Իսկ եթե աստվածային նրբանկատությունը վրդովել էր ոչ նման անդաստիարակությունը, ապա ես արդեն չեմ սխալվի, նշելով նրա զայրույթի մյուս պատճառը՝ մի մադիանացի միզել էր պատին։ Ես դրանում համոզված եմ, որովհետև նման անպարկեշտությունը Լավ վարվեցողության աղբյուրը երբեք բաց չէր թողնի։ Մարդը կարող էր միզել ծառին, նա կարող էր միզել իր մոր վրա, նա կարող էր թրջել սեփական վարտիքը և այդ բոլորի համար անպատիժ կմնար, բայց պատին միզել նա չէր համարձակվի, դա կնշանակեր արդեն շատ հեռուն գնալ։ Թե որտեղից է ծագել աստվածային նախապաշարմունքն այդչափ անվնաս արարքի նկատմամբ, ոչ մի տեղ չի բացատրվում։ Բայց, համենայն դեպս, մենք գիտենք, որ այդ նախապաշարմունքը շատ ուժեղ է եղել, այնքան ուժեղ, որ աստծուն բավարարել կարող էր միմիայն լիակատար բնաջնջումը բոլոր նրանց, ովքեր բնակվել են այն մարզում, որտեղ պատը նման ձևով պղծվել էր։
 +
 +
Հիշենք Հերոբովամի պատմությունը։ «Հերոբովամի տնից ես բնաջինջ կանեմ յուրաքանչյուրին, ով կմիզի պատին։»։ Այդպես էլ արվեց։ Եվ բնաջնջվեցին ոչ միայն միզողը, այլև մնացած բոլորը։
 +
 +
Նույն բախտին արժանացավ նաև Վաասի տունը՝ ոչնչացվեցին բոլորը՝ ազգականները, բարեկամները և այլք, այնպես որ չմնաց ոչ մի «պատին միզող»։
 +
 +
Հերոբովամի պատմությունը փայլուն օրինակ է, թե ինչպես է աստված սովորություն ունեցել չսահմանափակվելու մեղավորներին պատժելով․ բոլոր անմեղները նույնպես տուժել են։ Հերոբովամի չարաբախտ տունը «ավլվեց», «ինչպես աղբն են մաքուր ավլում»։ Բացառություն չկազմեցին ո՛չ կանայք, ո՛չ աղջիկները, ո՛չ էլ աղջնակները։ Եվ նրանք բոլորն էլ ոչ մի բանում մեղավոր չէին, քանի որ չէին կարող պատին միզել։ Նրանց սեռի անձինք առհասարակ ընդունակ չեն այդ անելու։ Այդպիսի ճարպկության ընդունակ են միայն հակառակ սեռի ներկայացուցիչները։
 +
 +
Տարօրինակ նախապաշարմունք։ Եվ դա դեռ շարունակվում է գոյություն ունենալ։ Բողոքական ծնողները մինչև այժմ էլ Աստվածաշունչը տան մեջ պահում են ամենաաչքի ընկնող տեղում, որպեսզի երեխաները կարողանան այն ուսումնասիրել, և փոքրիկ տղաներն ու աղջիկները, հազիվ կարդալ սովորելով, իմանում են, որ իրենք պետք է լինեն բարեպաշտ, սուրբ և չպետք է պատին միզեն։ Այս տեքստերը նրանք ուսումնասիրում են առավելագույն ջանասիրությամբ, եթե չհաշվենք այնպիսիք, որոնք ձեռնաշարժության են հրահրում։ Այդպիսի տեղերը նրանք ջանասիրաբար գտնում են և մենակ ժամանակ խնամքով ուսումնասիրում։ Չկա բողոքականի երեխա, որը ձեռնաշարժությամբ չզբաղվի։ Այդ արվեստը մեկն է այն առաջին պարգևներից, որոնցով նա օժտում է աղջկան։
 +
 +
Մնացած այն բոլոր գրքերի համեմատությամբ, որոնք սովորեցնում են լավ վարվեցողություն և շարժուձևեր, Աստվածաշունչն ունի այն առավելությունը, որ նա երեխայի ձեռքն է ընկնում առաջինը։ Երեխան Աստվածաշնչին ծանոթանում է ամենադյուրազգաց տարիքում, մինչդեռ վարվելակարգի վերաբերյալ մյուս գրքերը պետք է սպասեն իրենց հերթին։
 +
 +
 +
«Բացի զենքից քեզ հետ պետք է ունենաս բահ․ և երբ կացարանից դուրս նստես, բահովդ փոս փորիր և թաղիր քո արտաթորանքը»։
 +
 +
 +
Այս կանոնը ստեղծվել էր հին օրերում, որովհետև «քո Տեր աստվածը շրջում է քո կացարանում»։
 +
 +
Թերևս չարժե ժամանակ և աշխատանք ծախսել ճշգրտորեն որոշելու, թե ինչու բնաջնվեցին մադիանացիները։ Բայց մի բան կարելի հաստատապես ասել՝ նրանց հանցանքը մեծ չէր։ Դրանում մեզ համոզում են Ադամի, ջրհեղեղի, պատը պղծողների պատմությունները։ Կարող է պատահել, որ մադիանացիներից մեկը մոռացել  և իր բահը տանն էր թողել, որի պատճառով էլ տեղի ունեցավ ամբողջ դժբախտությունը։
 +
 +
Ասենք, դա կարևոր էլ չէ։ Գլխավորը բուն դժբախտությունն է և այն բարոյախոսությունը, որ առաջարկվում է արդի քրիստոնյաներին իբրև խրատ նրանց հոգիները վեհացնելու համար։
 +
 +
Աստված քարե հուշատախտակների վրա գրել է․ «Մի՛ սպանաներ» ու նաև՝ «Մի՛ շնանար»։
 +
 +
Պողոս առաքյալը, ենթարկվելով աստծու ներշնչմանը, խորհուրդ էր տալիս առհասարակ հրաժարվել ամեն տեսակ սեռական կյանքից։ Մադիանական միջադեպի ժամանակներից ի վեր աստծու հայացքները բացահայտորեն զգալի փոփոխություն են կրել։
 +
 +
 +
==Տասնմեկերորդ նամակ==
 +
 +
 +
Բոլոր դարերի մարդկային պատմությունը ներկված է արյամբ, արատավորված է ատելությամբ և պղծված է գազանություններով, բայց հետաստվածաշնչյան ժամանակներում դրանում, այնուամենայնիվ, նկատելի են որոշ սահմանափակումներ։ Նույնիսկ Եկեղեցին, որը, որքան հայտնի է, իր տիրապետությունը հաստատելու ժամանակից ի վեր թափել է ավելի շատ անմեղ արյուն, քան թե այն թափվել է քաղաքական բոլոր պատերազմներում միասին վերցրած, այնուամենայնիվ իրեն սահմանափակում էր։ Սակայն, նկատի ունեցեք, երբ Տեր աստվածը, երկնքի ու երկրի Տիրակալը, մարդու պաշտելի Հայրը գնում է պատերազմելու, նա չի ճանաչում ոչ մի սահմանափակում։ Նա միանգամայն զուրկ է գթասրտությունից, նա, ում Գթասրտության աղբյուր են անվանում։ Նա սպանո՛ւմ է, սպանո՛ւմ, սպանո՛ւմ։ Բոլոր տղամարդկանց, բոլոր անասուններին, բոլոր տղաներին, բոլոր մանուկներին, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին, բացառությամբ կույսերի։
 +
 +
Նա չի տարբերում արդարներին ու մեղավորներին։ Մանուկներն անմեղ էին, անասունը անմեղ էր, շատ տղամարդիկ, շատ կանայք, շատ տղաներ, շատ աղջիկներ ոչ մի մեղք չունեին, բայց, այնուամենայնիվ, նրանց պատժում էին մեղավորներին հավասար։ Խելահեղ Հորը հարկավոր էին արյուն և վիշտ, իսկ թե ում՝ նշանակություն չուներ։
 +
 +
Եվ ամենածանր պատիժը վիճակվեց 32000 հազար կույսերի, նրանց, ովքեր բոլորովին արժանի չէին այդպիսի սարսափելի ճակատագրի։ Նրանց մերկացնում և ստուգում էին, որպեսզի համոզվեին՝ անվնա՞ս է, արդյոք, կուսաթաղանթը։ Իսկ այդպիսի ստորացուցիչ ստուգումից հետո նրանց տանում էին հայրենի երկրից, տանում էին վաճառելու ստրկության, ամենանողկալի ու ամոթալի ստրկության, որը նրանց պոռնկության էր դատապարտում։ Նրանք դառնում էին հարճեր և պարտավոր էին տռփանք առաջացնել ու այն բավարարել իրենց մարմնով, դառնում էին իրավազուրկ ստրկուհիները ամեն մի գնորդի, կանոնավոր մարդ լիներ նա թե կոպիտ ու կեղտոտ սրիկա։
 +
 +
Եվ այդ որբացած, անպաշտպան աղջիկներին այդպիսի հրեշավոր անարդարացի պատժի մատնեց նրանց Հայրը, որը քիչ առաջ նրանց աչքի առջև կոտորել էր նրանց բոլոր մերձավորներին։ Իսկ նրանք այդ րոպեներին, հավանաբար, աղոթո՞ւմ էին, օգնություն և փրկություն հայցելով նրանից։ Անտարակույս։
 +
 +
Այդ աղջիկները «որս» էին, ռազմական ավար։ Նա պահանջեց իր բաժինը և ստացավ։ Իսկ նրա ինչի՞ն էին պետք կույսերը։ Ծանոթացեք նրա հետագա պատմությանը, և դուք կիմանաք։
 +
 +
Նրա քահանաները նույնպես այդ կույսերից ստացան իրենց բաժինը։ Իսկ ինչո՞ւ էին քահանային հարկավոր կույսեր։ Այս հարցի պատասխանը դուք կգտնեք կաթոլիկական խոստովանանքի գաղտնի պատմության մեջ։ Եկեղեցու գոյության բոլոր դարերում խոստովանահոր գլխավոր զվարճալիքը խոստովանող կանանց գայթակղելն է եղել։ Հայր Հիացինտը ցուցմունք է տվել, որ իրեն խոստովանություն անող հարյուր քահանաներից իննսունինը խոստովանարանը հաջողությամբ օգտագործել են ամուսնացած կանանց ու երիտասարդ աղջիկներին գայթակղելու համար։ Մի քահանա խոստովանել է, որ այն ինը հարյուր կանանցից ու աղջիկներից, որոնց խոստովանահայրն է ինքը եղել, նրա պագշոտ գրկից խուսափել են միայն պառավներն ու այլանդակները։ Այն պաշտոնական հարցաթերթիկը, որ քահանան պարտավոր է տալ խոստովանության ժամանակ, հաստատապես կգրգռի ամեն մի կնոջ, եթե նա անդամալույծ չէ։
 +
 +
Բարբարոսական ու քաղաքակիրթ աշխարհի ամբողջ պատմության մեջ չեք գտնի այնքան անգութ ու բնաջնջող մի պատերազմ, ինչպիսին այն էր, որ Գթասրտության աղբյուրը մղում էր մադիանացիների դեմ։ Այդ պատերազմի մասին պաշտոնական հաշվետվությունը ոչ մի մանրամասնություն չի հաղորդում առանձին միջադեպերի վերաբերյալ, չի հաղորդում ոչ մի մասնակի տեղեկություն, այն մեզ տեղեկացնում է միայն ընդհանուր առմամբ՝ բոլոր կույսերը, բոլոր տղամարդիկ, բոլոր մանուկները, բոլոր կենդանի հոգիները, բոլոր տները, բոլոր քաղաքները։ Այդ հաշվետվությունը ձեզ ներկայացնում է հրդեհների ու ամայացման մի ահավոր պատկեր, իսկ ձեր երևակայությունը դրան ավելացնում է խոր լռություն, զարհուրելի լռություն՝ մահվան անդորր։ Բայց չէ՞ որ եղել են նաև առանձին միջադեպեր։ Իսկ որտե՞ղ գտնել դրանք։
 +
 +
Ոչ հեռավոր տարիների պատմության մեջ։ Ամերիկյան հնդկացու գրած պատմության մեջ։ Նա կրկնել է Տիրոջ աշխատությունները, ճշգրտորեն հետևելով աստծու օրինակին։ 1862 թվականին Մինեսոթայի հնդկացիները, որոնց անողոքաբար կեղեքում և դավաճանորեն խաբում էր Միացյալ Նահանգների կառավարությունը, ապստամբեցին սպիտակամորթ նորաբնակների դեմ և կոտորեցին նրանց, կոտորեցին ձեռքներն ընկած բոլորին, չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ կանանց, ո՛չ մանուկներին։ Ծանոթացեք մի միջադեպի։
 +
 +
Տասներկու հնդկացիներ լուսաբացին ներխուժեցին ֆերմերի տունը և գերեցին ամբողջ ընտանիքը՝ ֆերմերին, նրա կնոջը և նրանց չորս աղջիկներին, որոնցից կրտսերի տասնչորս տարին էր լրացել, իսկ ավագինը՝ տասնութը։ Նրանք ծնողներին խաչեցին, այսինքն մերկ կանգնեցրին ճաշասենյակի մի անկյունում և նրանց ձեռքերը գամեցին պատին։ Այնուհետև նրանք պատառոտեցին աղջիկների հագուստը, նրանց գցեցին հատակին՝ ծնողների առջև, ու հերթով բռնաբարեցին։ Հետո նրանք աղջիկներին էլ ծնողների դիմաց խաչեցին, կտրեցին նրանց քթերն ու ստինքները, իսկ հետ․․․ բայց ես այդ մասին չեմ պատմի։ Ամեն բան սահման ունի։ Կան այնքան սոսկալի, զազրելի արարքներ, որ գրիչը հրաժարվում է դրանք նկարագրել։ Երբ երկու օր հետո օգնությունը հասավ, դժբախտներից մեկը՝ հայրը, դեռ ողջ էր։
 +
 +
Դուք ծանոթացաք մինեսոթյան կոտորածի մի դրվագին։ Ես կարող էի նկարագրել ևս հիսուն նման դեպք։ Դրանք կսպառեին այն բոլոր դաժանությունները, որ ընդունակ է հորինելու մարդկային գազանությունը։
 +
 +
Այս օրինակներն էլ հավաստիորեն ցույց են տալիս Ձեզ, թե ինչ է կատարվել Գթասրտության աղբյուրի անձնական ղեկավարությամբ մադիանացիների դեմ նրա մղած պատերազմի ժամանակ։ Մինեսոթայում տեղի ունեցածը մադիանականի ճշգրիտ պատճենն էր միայն։ Եվ այս երկրորդը մեզ լիակատար պատկերացում է տալիս առաջինի մասին։
 +
 +
Ոչ, դա բնավ էլ այդպես չէ։ Հնդկացին ավելի գթասիրտ էր, քան Գթասրտության աղբյուրը։ Նա աղջիկներին չէր վաճառում ստրկության, որպեսզի նրանք հարկադրված լինեին բավարարել իրենց մերձավորներին սպանողների տռփանքը, մինչև որ ընդհատվեին նրանց կյանքի տխուր օրերը։ Նա բռնաբարում էր աղջիկներին, իսկ հետո գթասրտորեն վերջ դնում նրանց տառապանքներին, նրանց բաղձալի մահ պարգևելով։ Նա հրկիզում էր տները, բայց ոչ բոլորը։ Նա քշում֊տանում էր անմեղ անլեզու անասուններ, բայց նրանց չէր կոտորում։
 +
 +
Եվ կարելի՞ էր, արդյոք, սպասել, որ ահա այդ անխիղճ աստվածը, այդ բարոյական սնանկը հանկարծ կդառնա բարոյականության, անաղարտության քարոզիչը։ Դա անհեթեթ, անհավանական բան է թվում, սակայն լսեք նրան։ Ահա նրա խոսքերը․
 +
 +
 +
«― Երանի հոգով աղքատներուն, վասնզի երկինքի թագավորութիունը անոնցն է։
 +
 +
Երանի սգավորներուն, վասնզի անոնք պիտի մխիթարուին։
 +
 +
Երանի հեզերուն, վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը։
 +
 +
Երանի անոնց, որ անոթի ու ծարավ են արդարութեան, վասնզի անոնք պիտի կշտանան։
 +
 +
Երանի ողորմածներուն, վասնզի անոնք ողորմութիուն պիտի գտնեն։
 +
 +
Երանի անոնց, որ սրտով մաքուր են, վասնզի անոնք պիտի տեսնեն զԱստված։
 +
 +
Երանի խաղաղութիուն ընողներին, վասնզի անոնց Աստուծոյ որդիներ պիտի կոչուին։
 +
 +
Երանի անոնց, որ հալածուած են արդարության համար, վասնզի երկինքի թագավորութիունը անոնցն է։
 +
 +
Երանի է ձեզի, երբ կը նախատեն ձեզ ու կը հալածեն, և սուտ տեղը ամեն կերպ գէշ խոսքեր կը խոսին ձեր վրայ ինծի համար»։
 +
 +
 +
Այն շուրթերը, որ արտասանել են այս հրեշավոր ծաղրը, այս կեղծավորագույն խոստումները, նույն այն շուրթերն էին, որ հրամայեցին լիովին կոտորել մադիանացի տղամարդկանց, մանուկներին և անասունը, հրկիզել բոլոր տներն ու բոլոր քաղաքները, բոլոր կույսերին մատնել ստոր, անասելիորեն զազրելի ստրկության։ Դա ասում է նույն այն աստվածը, որը մադիանացիներին մատնեց հրեշավոր ղաժանությունների, որ տասնութ դար հետո մանրամասն վերարտադրեցին Մինեսոթայի հնդկացիները։ Մադիանական միջադեպն անսահման ուրախություն պատճառեց նրան։ Մինեսոթյանը նույնպես, այլապես նա թույլ չէր տա այդ։
 +
 +
Լեռան քարոզի այս մասը եկեղեցում հարկավոր է կարդալ Թվոց գրքի և Երկրորդումն օրինացի վերոհիշյալ գլուխների հետ միաժամանակ, որպեսզի ծխականները կարողանան համակողմանիորեն զննել մեր Երկնային հորը։ Սակայն ես առիթ չեմ ունեցել լսելու, որ թեկուզ մի քահանա այդ բանն անի։
 +
  
Ընթացիկ տարբերակը 07:51, 12 Հունիսի 2016-ի դրությամբ

Նամակներ Երկրից

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ադամի օրագիրը»

Արարիչը նստել էր Գահին և մտորում էր։ Նրա հետևում փռված էր անսահման երկնակամարը, որը լողում էր լույսի և գույների պերճության մեջ։ Նրա առջևում պատի նման կանգնած էր Տարածության սև գիշերը։ Այն խոյանում էր ընդհուպ մինչև զենիթը՝ որպես վեհասքանչ մի սեպասար, և Նորին աստվածային գլխավորը բարձրունքում շողշողում էր հեռավոր արեգակի նման։ Նրա ոտքերի մոտ կանգնած էին երեք վիթխարի կերպարանքներ, որոնք Նրա համեմատ լիովին աննշան էին թվում․ դրանք երեք հրեշտակապետերն էին, որոնց գլուխները համարյա թե հասնում էին Նրա ոտնակոճերին։

Երբ Արարիչը ավարտեց մտորելը, ասաց․

― Ես մտորեցի։ Նայեցեք։

Նա բարձրացրեց ձեռքը, որի միջից դուրս ցայտեց կուրացուցիչ հրեղեն մի շիթ՝ միլիոնավոր վիթխարի արեգակներ, որոնք ցրեցին խավարը և, ճեղքելով տարածությունը, սլացան դեպի նրա ամենահեռավոր սահմանները, ավելի ու ավելի փոքրանալով, ավելի խամրելով, մինչև որ մեխի փոքրիկ ադամանդյա գլխիկների նման սկսեցին առկայծել տիեզերքի անսահման երկնակամարի տակ։

Մեկ ժամից մեծ խորհուրդն արձակվեց։

Հուզված ու շփոթված հրեշտակապետները հեռացան Գահի հովանու տակից, շտապելով գտնել մեկուսի մի անկյուն, որտեղ կարողանային ազատ զրուցել։ Ասենք, երեքից ոչ մեկը չէր շտապում սկսել, թեև յուրաքանչյուրն անհամբեր սպասում էր, որ սկսի մյուսը։ Նրանք բոլորն էլ շատ էին ուզում քննարկել իրադարձությունը, բայց չէ որ չէր կարելի կարծիք հայտնել, նախապես չիմանալով մնացածների տեսակետը։

Եվ ահա սկսվեց մի աննպատակ տաղտկալի խոսակցություն դատարկ բաների մասին, որը մեկ ընդհատվում էր, մել էլ նորից սկսվում, մինչև որ, վերջապես, Սատանա Հրեշտակապետը հավաքեց իր ամբողջ արիությունը, իսկ արիություն նա քիչ չուներ, և անցավ գործի։ Նա ասաց․

― Մենք գիտենք, իմ պարոնայք, թե ինչի մասին ենք խոսելու եկել այստեղ, ուրեմն, մի կողմ նետենք կեղծավորությունը և սկսենք։ Եթե Խորհուրդը այդ կարծիքին է․․․

― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― երախտավորությամբ բացականչեցին Գաբրիելը և Միքայելը։

― Հիանալի է, ուրեմն շարունակենք։ Մենք մի նշանավոր արարմունքի վկաները եղանք, դա ինքնըստինքյան հասկանալի է։ Ինչ մնում է դրա գործնական արժեքին, եթե դա գործնական արժեք ունի, ապա այդ հարցը մեզ ամենևին էլ չի վերաբերում։ Մենք դրա մասին կարող ենք մտածել ինչ ուզենք, բայց միայն այդքանը։ Ձայնի իրավունք մենք չունենք։ Ես կարծում եմ, որ Տարածությունը նախկին տեսքով էլ լավ էր և, բացի այդ, շատ օգտակար։ Սառը, մութ, հաճելի մի տեղ, ուր կարելի էր երբեմն հանգստանալ երկնքի փափկակեցության սովորեցնող կլիմայից ու նրա տաղտկալի հոյակապությունից։ Բայց այդ բոլորը նշանակություն չունեցող մանրուքներ են։ Նորամուծությունը, կարևորագույն նորամուծությունը այն է․․․ Ո՞րն է պարոնայք։

― Ինքն իրեն գործող ինքնակարգավորվող մեխանիկական օրենքի գյուտն ու դրա կիրառումը, օրենք, որը նախատեսված է այդ պտտվող ու առաջանցումով սլացող բյուրավոր արեգակների ու աշխարհների ընթացքը կառավարելու համար։

― Հենց դա է, ― վրա բերեց Սատանան։ ― Տեսեք, թե ինչ հոյակապ գաղափար է։ Գերագույն բանականությունը նման ոչ մի բան դեռ չէր ստեղծել։ Օրենք, մեխանիկական Օրենք, ճշգրիտ ու անփոփոխ Օրենք, որը չի պահանջում ո՛չ հսկողություն, ո՛չ ուղղում, ո՛չ էլ նորոգում ամբողջ հավերժության ընթացքում։ Նա ասաց, որ այդ անհամար վիթխարի մարմինները անվերջանալի դարերի ընթացքում կթափանցեն Տարածության անապատները, աներևակայելի արագությամբ, սլանալով հսկայական ուղեծրերով և, այնուամենայնիվ, երբեք չընդհատվելով, չմեծացնելով ու չկրճատելով իրենց շրջապտույտի ժամանակամիջոցը անգամ վայրկյանի հարյուրերոդական մասով՝ երկու հազար տարվա ընթացքում։ Հենց դա է նոր հրաշքը, բոլոր հրաշքներից մեծագույնը՝ մեխանիկական Օրենք։ Եվ նա դա անվանեց «Բնության Օրենք» ու ասաց, որ դա «Աստծու Օրենքն» է՝ միևնույն երևույթի երկու փոխադարձաբար փոխարինելի անուններ։

― Այո, ― նշեց Միքայելը, ― և հետո նա ասաց, որ իր բոլոր կալվածքներում կկիրառի Բնության Օրենքը՝ Աստծու Օրենքը, և այն կդարձնի գերագույն անխախտ օրենք։

― Եվ հետո, ― ավելացրեց Գաբրիելը, ― ասաց, որ ժամանակի ընթացքում կենդանիներ կստեղծի և նրանց նույնպես կենթարկի այդ Օրենքին։

― Այո, ― ասաց Սատանան, ― ես լսեցի, թե ինչպես նա ասաց այդ բանը, բայց ոչինչ չհասկացա։ Ի՞նչ ասել է «կենդանիներ», Գաբրիել։

― Իսկ ես ի՞նչ իմանամ։ Մենք ինչ իմանանք։ Դա հո նոր բառ է։

(Անցնում է երկնային ժամանակով երեք հարյուրամյակ, որը երկրային ժամանակով հավասար է հարյուր միլիոն տարվա»։ Ներս է մտնում սուրհանդակ Հրեշտակը։)

― Իմ պարոնայք, նա կենդանիներ է ստեղծում։ Չէի՞ք բարեհաճի արդյոք գնալ և նայել։

― Նրանք գնացին, տեսան և տարակուսանքով համակվեցին։ Խորագույն տարակուսանքով։ Արարիչն այդ նկատեց, ու ասաց․

― Հարցրեք, ես կպատասխանեմ։

― Աստվածային, ― խոնարհաբար ասաց Սատանան։ ― Իսկ ինչի՞ համար են դրանք։

― Դրանք հարկավոր են, որպեսզի փորձնական ճանապարհով որոշենք վարքագծի և բարոյականության սկզբունքները։ Նայեցեք դրանց ու սովորեք։

Դրանց թիվը հազարների էր հասնում, և բոլորն էլ շատ գործունյա էին։ Բոլորը զբաղված էին, շատ էին զբաղված, հիմնականում միմյանց հոշոտելով։ Ուժեղ խոշորացույցով հետազոտելով դրանցից մեկին, Սատանան ասաց․

― Այս մեծ գազանը սպանում է իրենից թույլերին, օ՜ Աստվածային։

― Վա՞գրը։ Դե, իհարկե։ Նրա էության օրենքը կատաղությունն է։ Նրա էության օրենքը Աստծու օրենքն է։ Վագրը չի կարող դրան չենթարկվել։

― Ուրեմն՝ ենթարկվելով այդ օրենքին, նա ոչ մի ոճիր չի՞ գործում, ո՜վ Աստվածային։

― Այո, նա ոչ մի մեղք չունի։

― Այ, այս փոքրիկ գազանը շատ երկչոտ է, օ՜ Աստվածային, և մահն ընդունում է առանց դիմադրության։

― Ճագա՞րը։ Դե, իհարկե։ Նա զուրկ է քաջությունից։ Այդպիսին է նրա էության օրենքը՝ Աստծու օրենքը։ Նա պետք է այդ օրենքին հպատակվի։

― Ուրեմն՝ անարդարացի՞ կլիներ պահանջել, որ ճագարը վարվեր հակառակ իր էությանը և դիմադրություն ցույց տար, օ՜ Աստվածային։

― Այո, ոչ մի էակից չի կարելի պահանջել, որ նա վարվի հակառակ իր էության օրենքի՝ հակառակ Աստծու Օրենքի։

Սատանան դեռ երկար ժամանակ հարցեր էր տալիս, իսկ հետո ասաց․

― Մարդը սպանում է ճանճին և ուտում է։ Թռչունը սպանում է սարդին և ուտում է։ Լուսանը սպանում է սագին, իսկ․․․ կարճ ասած, նրանք բոլորը սպանում են միմյանց։ Որ կողմն էլ նայես, միայն սպանություն է։ Այդ արարածներն անթիվ ու անհամար են, և նրանք սպանում, սպանում են։ Նրանք բոլորը սպանողներ են։ Եվ նրանք բոլորը անմե՞ղ են, օ՜ Աստվածային։

― Նրանք անմեղ են։ Այդպիսին է նրանց էության օրենքը։ Իսկ էության օրենը միշտ Աստծու Օրենքն է։ Իսկ հիմա․․․ նայեք․․․ Դիտեք։ Նոր արարած, և այն էլ գլուխգործոց՝ Մա՜րդը։

Եվ առաջացան խմբեր, բազմություններ, միլիոնավոր տղամարդիկ, կանայք, երեխաներ։

― Իսկ նրանց դու ի՞նչ կանես, օ՜, Աստվածային։

― Յուրաքանչյուր առանձին անհատի մեջ տարբեր աստիճաններով ու երանգներով կներդնեմ բարոյական այն բազմապիսի հատկությունները, որոնք մեկ բնորոշ գծով բաշխվեցին անլեզու կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչների միջև՝ քաջություն, վախկոտություն, կատաղություն, հեզություն, ազնվություն, արդարություն, խորամանկություն, երկերեսանիություն, մեծահոգություն, դաժանություն, չարություն, նենգություն, վավաշոտություն, գթասրտություն, խղճահարություն, անշահախնդրություն, եսամոլություն, քնքշություն, պատիվ, սեր, ատելություն, ստորություն ազնվաբարոյություն, հավատարմություն, երկերեսանիություն, ճշմարտացիություն, կեղծիք․ յուրաքանչյուր մարդ կստանա այդ բոլոր հատկությունները, և դրանցից կկազմվի նրա էությունը։ Ոմանց մոտ հիանալի, վեհ գծերը կգերակշռեն վատ գծերին, և այդպիսիներին կանվանեն «լավ մարդիկ», մյուսների մոտ կիշխեն վատ գծերը, և դրանց կանվանեն «վատ մարդիկ»։ Նայեք․․․ տեսեք․․․ նրանք անհետանում են։

― Ո՞ւր են գնում նրանք, օ՜ Աստվածային։

― Գնում են Երկիր, և՛ նրանք, և՛ նրանց բոլոր եղբայրակիցները՝ կենդանիները։

― Իսկ ի՞նչ բան է Երկիրը։

― Մի գունդ, որը ես ստեղծել եմ երկու դարագլուխ, մեկ դարագլուխ և կես դարագլուխ սրանից առաջ։ Դուք այն տեսաք աշխարհների և արգակների պայթյունի մեջ, որոնք դուրս թռան իմ ձեռքի միջից, բայց նրա վրա ուշադրություն չդարձրիք։ Մարդը փորձարարություն է, իսկ կենդանիները՝ ևս մեկ փորձարարություն են։ Ժամանակը ցույց կտա, թե արժե՞ր արդյոք, դրանցով զբաղվել։ Ցուցադրումն ավարտված է։ Կարող եք հեռանալ, իմ պարոնայք։

Անցավ մի քանի օր։

Դրանք համապատասխանում են (մեր) ժամանակի երկարատև մի շրջանի, որովհետև երկնքում մի օրը հավասար է հազարամյակի։

Սատանան անչափ հիացած էր Արարչի մի քանի փայլուն հնարքներով, բայց այդ գովասանքների մեջ դժվար չէր նկատել հեգնանքը։ Նա այդ բանը գաղտնաբար արտահայտում էր իր հուսալի բարեկամների, մյուս հրեշտակապետերի մոտ, բայց շարքային հրեշտակներից ոմանք ականջ էին դրել նրանց խոսակցությանը և հաղորդել Վեր։

Իբրև պատիժ, նա մեկ օրով՝ երկնային օրով, արտաքսվեց երկնքից։ Նա արդեն վաղուց սովոր էր նման պատիժների, որոնց պատճառը նրա անչափ ճարտար լեզուն էր։ Առաջ նրան արտաքսում էին Տարածություն, քանի որ արտաքսման ուրիշ տեղեր չկային, և նա տխուր ճախրում էր այնտեղ՝ հավիտենական խավարի ու արկտիկական ցրտի մեջ։ Բայց հիմա նա որոշեց գտնել Երկիրը և տեսնել, թե ինչպես է առաջ գնում Մարդկության նկատմամբ կատարվող փորձը։ Մի որոշ ժամանակից հետո նա մասնավոր կարգով նամակ գրեց տուն՝ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերին, թե ինքը ինչ է տեսել Երկրում։

Սատանայի նամակը

Սա շատ տարօրինակ տեղ է, արտասովոր և չափազանց հետաքրքիր։ Մեզ մոտ՝ տանը նման որևէ բան չկա։ Մարդիկ բոլորը խելագար են, մնացած կենդանիները բոլորը խելագար են, Երկիրը խելագար է, և ինքը՝ Բնությունը նույնպես խելագար է։ Մարդը հազվադեպ հետաքրքիր տարօրինակություն է։ Իր լավագույն տեսքով նա նման է ամենացածր կարգի լաքապատված հրեշտակի, իսկ երբ նա իսկապես վատն է, ինչ֊որ աներևակայելի, անպատշաճ մի բան է, ու միշտ, ու ամեն տեղ, ու ամեն բանում նա ծաղրանմանություն է։ Եվ, այնուամենայնիվ, միանգամայն հանգիստ ու անկեղծորեն իրեն անվանում է «աստծու ազնվագույն արարած»։ Ազնի՜վ խոսք։ Եվ չի կարելի ասել, թե այդ գաղափարը նրա գլխում ծագել է վերջերս․ ո՛չ, բոլոր դարերում նա հռչակել է այդ և հավատացել է դրան։ Հավատացել է դրան, և այդ ամբողջ ցեղից ոչ ոք դեռ ոչ մի անգամ չի նկատել, թե դա ինչքան ծիծաղելի է։

Բացի այդ, դիմացեք, նա իրեն համարում է Արարչի սիրեցյալը։ Նա հավատում է, որ Արարիչը իրենով հպարտանում է, նա նույնիսկ հավատում է, որ Արարիչը իրեն սիրում է, իր համար խելագարվում է, գիշերները չի քնում, որպեսզի նրանով հիանա, այո, այո, որպեսզի արթուն նստի նրա կողքին և պահպանի փորձանքներից։ Նա աղոթում է Արարչին և կարծում է, թե Նա իրեն լսում է։ Հաճելի է, չէ՞։ Եվ դեռ իր աղոթքներն էլ ճոխացնում է ամենակոպիտ, բացահայտ շողողքորթություններով ու ենթադրում է, թե իբր, Նա նման անհեթեթ փառաբանություններ լսելով, բավականությունից մռմռում է։ Ամեն օր նա աղոթում է, աղերսելով օգնություն, ողորմածություն ու պաշտպանություն, և աղոթում է հույսով, ու հավատով, թեև մինչև այժմ նրա բոլոր աղոթքներն անխտիր անպատասխան են մնացել։ Բայց այդպիսի ամենօրյա անպատվությունը, ամենօրյա ձախողումը նրան չի վհատեցնում․ նա շարունակում է աղոթել, ասես ոչինչ չի եղել։ Այդ համառության մեջ համարյա թե հիանալի ինչ֊որ բան կա։ Չզարմանաք․ նա կարծումէ, թե երկինք է բարձրանալու։

Երկրորդ նամակ

«Բոլորը, ինչ ձեզ պատմում եմ մարդու մասին, զուտ ճշմարտություն է»։ Վաղօրոք ներողություն եմ խնդրում, եթե այդ բառերը երբեմն կրկնվեն իմ նամակներում։ Ուզում եմ, որ դուք լրջորեն վերաբերվեք իմ պատմածներին, իսկ ես էլ զգում եմ, որ եթե լինեի ձեր տեղը, իսկ դուք՝ իմ տեղը, ինձ համար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ կլիներ նման հիշեցումը, այլապես դյուրահավատությունս կարող էր սպառվել։

Որովհետև մարդու մեջ եղած ամեն բան անմահի համար տարօրինակ է թվում։ Իրերի նկատմամբ նրա հայացքը մերինից տարբեր է․ երևույթների փոխհարաբերության մասին նրա պատկերացումը բնավ նման չէ մերին, իսկ նրա հասկացողություններն այնքան են տարբերվում մերից, որ, չնայած մեր ամբողջ մտածողական ընդունակությանը, մեզանից ամենաշնորհալին անգամ հազիվ թե երբևիցե կարողանա մինչև վերջ հասկանալ նրա տեսակետը։

Ահա ձեզ մի բնորոշ օրինակ․ նա իր համար դրախտ է հորինել, բայց չի թողել, որ այնտեղ մուտք գործի իրեն հայտնի բոլոր հաճույքներից բարձրագույնը՝ էքստազը, որը նրա ցեղը (ինչպես և մերը) ամենից ավելի է գնահատում՝ սեռական գործողությունը։

Դա նույնն է, ինչ շոգ անապատում ծարավից մեռնող ճանապարհորդին նրա փրկիչն առաջարկի այն ամենը, ինչ նա երազել է տառապանքի ժամերին, խնդրելով անել միայն մի բացառություն, և ճանապարհորդը հրաժարվի ջրից։

Մարդու դրախտը նման է իրեն՝ տարօրինակ է, հետաքրքիր, զարմանալի, անհեթեթ։ Արդարև, դրախտում տեղ չի գտնվել ոչ մի բանի համար այն ամենից, ինչ մարդն իրոք գնահատում է։ Այդ դրախտն ամբողջապես ու լիովին բաղկացած է այն զվարճալիքներից, որոնք այստեղ՝ Երկրի վրա մարդուն բնավ էլ դուր չեն գալիս, և, այնուամենայնիվ, նա համոզված է, որ դրախտում դրանք իր ճաշակով կլինեն։ Մի՞թե դա տարօրինակ չէ։ Մի՞թե հետաքրքիր չէ։ Եվ մի կարծեք, թե չափազանցում եմ, բնավ ոչ։ Ես փաստեր կբերեմ։ Մարդկանց մեծամասնությունը չի սիրում երգել, մարդկանց մեծամասնությունը չգիտի երգել, մարդկանց մեծամասնությունը երկու ժամից ավելի ուրիշի երգը տանել չի կարողանում։ Նկատի ունեցեք այս։

Հարյուր մարդուց մոտավորապես երկուսը գիտեն որևէ երաժշտական գործիք նվագել, և այդ նույն հարյուրամյակում հազիվ գտնվեն չորս մարդ, որոնք ցանկանան նվագել սովորել։ Այս էլ նկատի ունեցեք։

Շատ մարդիկ աղոթում են, բայց դրանով զբաղվել սիրում են շատ քչերը։ Միայն հատուկենտ մարդիկ են երկար աղոթում։ Մնացածներն աշխատում են ավելի կարճ աղոթք ընտրել։

Բնավ էլ ոչ բոլոր եկեղեցի գնացողներն են սիրում այնտեղ գնալ։

Հիսուն մարդուց քառասունիննի համար Շաբաթ օր պահելը ամենատաղտկալի ու ամենատխուր պարտականությունն է։

Կիրակի օրը եկեղեցում նստածների երկու երրորդը հոգնում է դեռ ժամասացության կեսին, իսկ մնացածները՝ նախքան դա կավարտվի։

Նրանց բոլորի համար ամենաուրախալի պահն այն է, երբ քահանան ձեռքերը տարածում է օրհնության համար։ Եկեղեցով մեկ տարածվում է թեթևացման մեղմ շունչը, և դուք զգում եք, որ այն լի է երախտագիտությամբ։

Բոլոր ազգերը վերից են նայում մյուս բոլոր ազգերի վրա։

Բոլոր ազգերը որոշ չափով չեն սիրում մյուս բոլոր ազգերին։

Բոլոր սպիտակամորթ ազգերը արհամարհում են մաշկի ցանկացած երանգ ունեցող մնացած բոլոր ազգերին և կեղեքում են նրանց, երբ միայն կարողանում են։

Սպիտակամորթները չեն ցանկանում ամուսնանալ «սևամորթների» հետ և առհասարակ շփվել նրանց հետ։

Նրանք «սևամորթներին» թույլ չեն տալիս մտնել իրենց դպրոցներն ու եկեղեցիները։

Ամբողջ աշխարհը ատում է հրեաներին և նրանց հանդուրժում է միայն այն ժամանակ, երբ նրանք հարուստ են։

Ես ձեզ խնդրում եմ լավ նկատի ունենալ այս բոլոր փաստերը։

Այնուհետև։ Բոլոր նորմալ մարդիկ աղմուկ չեն սիրում։

Բոլոր մարդիկ՝ նորմալները և աննորմալները, բազմազանություն են սիրում։ Միօրինակ կյանքից նրան շուտ են ձանձրանում։

Յուրաքանչյուր մարդ իրեն բաժին հասած մտավոր ընդունակությունների համեմատ մշտապես վարժեցնում է իր միտքը, և այդ վարժությունները նրա կյանքի չափազանց էական, արժեքավոր ու կարևոր մասն են կազմում։ Ամենաթերզարգացած մարդը, ինչպես և ամենակրթվածը, որևէ ընդունակություն ունի և իսկական հաճույք է զգում, երբ գործադրում է այդ ընդունակությունը, ապացուցելով և կատարելագործելով այն։ Փողոցային տղան, որը խաղերի մեջ գերազանցում է ընկերոջը, իր տաղանդից նույնքան ուրախություն է քաղում և նույնպիսի ջանասիրությամբ է այն զարգացնում, ինչպես քանդակագործը, նկարիչը, երաժիշտը, մաթեմատիկոսը և այլոք։ Նրանցից ոչ ոք իրեն երջանիկ զգալ չէր կարող, եթե նրա տաղանդի վրա արգելք դրված լիներ։

Հիմա դուք բոլոր փաստերը գիտեք։ Ձեզ հայտնի է, թե ինչն է դուր գալիս մարդկանց, և ինչը նրանց դուր չի գալիս։ Եվ ահա, մարդկությունը հորինեց դրախտը սեփական հասկացողությամբ, առանց որևէ կողմնակի օգնության։ Ուրեմն, փորձեք կռահել, թե այն ինչի է նման։ Գրազ կգամ, որ չեք կռահի անգամ երկու հարյուր հավերժության ընթացքում։ Ձեզ կամ ինձ հայտնի ամենասուր միտքն անգամ այդ բանը չէր կռահի նույնիսկ հիսուն միլիոն հավերժության ընթացքում։ Սպասեք, հիմա ձեզ ամեն ինչ կպատմեմ։

1. Նախ, ձեզ հիշեցնեմ, այս զարմանալի փաստը, որով ես սկսեցի, այսինքն, որ մարդը, թեև նա անմահների նման, բնականաբար, մյուս բոլոր հաճույքներից բարձր է դասում զուգավորությունը, այնուամենայնիվ, իր դրախտում այդ բանը թույլ չտվեց։ Զուգավորության գաղափարն անգամ նրան գրգռում է։ Երբ նրան հնարավորություն է տրվում իրագործել այդ, նա մոլուցքի մեջ է ընկնում և պատրաստ է խաղաթղթի վրա դնելու իր կյանքը, համբավը, ամեն բան, անգամ իր անմիտ դրախտը, միայն թե օգտագործի այդ առիթը, և հասնի երանելի գագաթնակետին։ Պատանեկությունից սկսած, ընդհուպ մինչը ծերություն, բոլոր տղամարդիկ ու բոլոր կանայք զուգավորությունը մյուս բոլոր հաճույքներից բարձր են դասում, բայց այնուամենայնիվ, ինչպես արդեն ասացի, այն տեղ չունի նրանց դրախտում, դրան փոխարինում է աղոթքը։

Այո, նրանք դա չափազանց բարձր են գնահատում և, այնուհանդերձ, նրանց մյուս բոլոր, այսպես կոչվող, «երանությունների» նման, դա էլ անչափ խղճուկ է։ Նույնիսկ լավագույն դեպքում այդ գործողությունը նրանց մոտ, ես կասեի, աներևակալիորեն կարճատև է՝ անմահի տեսակետից։ Եվ դա կրկնելու համար մարդը սահմանափակված է այն աստիճան, որ․․․ ոչ, անմահներն ի վիճակի չեն հասկանալու դա։ Մենք, որ այդ հաճույքը և նրա բարձրագույն էքստազը հարյուրամյակների ընթացքում զգում ենք անընդհատ ու անդադար, երբեք չենք կարողանա իսկությամբ և պատշաճ կարեկցանքով ըմբռնել մարդկանց սարսափելի աղքատությունն այն ամենում, ինչ վերաբերվում է սքանչելի պարգևին, որը, երբ դրան տիրապետում են այնպես, ինչպես մենք ենք տիրապետում, մնացած բոլոր հաճույքները դարձնում է չնչին ու ոչ մի արժեք չունեցող։

2. Մարդկային դրախտում բոլորը երգում են։ Այն մարդը, որը Երկրի վրա չի երգել, այնտեղ երգում է, այն մարդը, որը Երկրի վրա երգել չի իմացել, այնտեղ ձեռք է բերում այդ ընդունակությունը։ Եվ այդ տիեզերական երգեցողությունը տևում է շարունակ, անընդհատ, չընդմիջվելով րոպեական իսկ լռությամբ։ Այն շարունակվում է օրնիբուն և ամեն օր՝ տասներկու ժամ անընդհատ։ Եվ ոչ ոք չի հեռանում, թեև Երկրի վրա նման տեղը կդատարկվեր արդեն երկու ժամվա ընթացքում։ Եվ երգում են միայն սաղմոսներ։ Բայց ոչ, ընդամենը մեկ սաղմոս։ Բառերը միշտ նույնն են, ընդամենը մոտավորապես մեկ տասնյակ։ Այդ սաղմոսում հանգի նշույլ անգամ չկա կամ որևէ բանաստեղծություն․ «Օվսաննա, օվսաննա, օվսաննա։ Տե՜ր աստված Սաբաովթ, ուռա՜, ուռա՜, ուռա՜, վզզզ, բո՜ւմ․․․ ա֊ա֊ա՜»։

3. Միաժամանակ բոլորը, մինչև վերջին մարդը, տավիղ են նվագում․ բոլոր այդ բյուրավոր մարդիկ, չնայած Երկրի վրա հազար մարդու մեջ քսանն էլ չի գտնվի, որ կարողանա երաժշտական գործիքներ նվագել կամ ուզենա նվագել սովորել։

Պատկերացրեք հնչյունների այդ խլացուցիչ փոթորիկը՝ միաժամանակ ոռնացող միլիոնավոր ու միլիոնավոր ձայներ, և ատամների կրճտոցով դրանց պատասխանող միլիոնավոր ու միլիոնավոր տավիղներ։ Ասացեք ինձ, մի՞թե դա սարսափելի չէ, զզվելի չէ, այլանդակություն չէ։

Եվ հիշեցեք՝ այդ ամենը կատարվում է գովք մատուցելու, բավականություն պատճառելու, շողոքորթելու, իր երկրպագությունն արտահայտելու համար։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե այդ ով է, որ իր բարի կամքով պատրաստ է հանդուրժելու այդպիսի տարօրինակ փառաբանությունը, որը գժանոցին է վայել։ Եվ ո՞վ է, որ ոչ միայն հանդուրժում է այդ, այլև ուրախանում է դրա համար, հաճույք ստանում դրանից, պահանջում այդ բանը, հրամայում, որպեսզի գովքը լինի հենց այդպիսին։ Կարկամեք։

Դա Աստվածն է։ Ես ուզում եմ ասել՝ մարդկային ցեղի աստվածը։ Նա բազմած է Գահին, շրջապատված քսանչորս բարձրաստիճան մեծատոհմիկներով, ինչպես նաև ուրիշ պալատականներով, դիտում է անվերջանալի քառակուսի մղոններով ձգվող իր մոլեգնած երկրպագուներին, և՛ ժպտում է, և՛ մռմռում է, և՛ գոհունակությամբ գլխով է անում դեպի հյուսիս, արևելք, հարավ, պատրաստ երաշխավորելու, որ ամբողջ տիեզերքում դեռ ոչ ոք չի հորինել ավելի անհեթեթ ու պարզամիտ տեսարան։

Դժվար չէ կռահել, որ այդ դրախտի գյուտարարն ինքնուրույն չի հնարել այն, այլ պարզապես իբրև նմուշ վերցրել է Արևելքի խուլ տեղերում կորած մի որևէ պուճուրիկ միապետության պալատական արարողությունները։

Բոլոր նորմալ սպիտակամորթ մարդիկ աղմուկը տանել չեն կարողանում։ Եվ, այնուամենայնիվ, նրանք անվրդով ընդունում են նման դրախտը, առանց խոր մտածելու, առանց խորհրդածելու, առանց հարցն ուսումնասիրելու, և նույնիսկ անկեծորեն ուզում են այնտեղ ընկնել։ Բարեպաշտ ալեհեր ծերունիներն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են երազանքին այն երջանիկ օրվա մասին, երբ կազատվեն երկրային կյանքի հոգսերից և կճաշակեն այնտեղի երանությունը։ Միևնույն ժամանակ հեշտ է նկատել, թե դա ինչքան անիրական է նրանց համար և թե իրականում նրանք որքան քիչ են դրան հավատում, իզուր չէ, որ նրանք ամենևին էլ չեն պատրաստվում մեծ փոփոխությանը․ նրանցից ոչ ոք տավիղով վարժություններ չի կատարում և երբեք չի երգում։

Ինչպես դուք արդեն տեսաք, այդ արտասովոր ներկայացումը հարկավոր է գովք մատուցելու համար, գովք, որ հորդում է սաղմոսի մեջ, գովք, որ արտահայտվում է ծնրադրությամբ։ Այն փոխարինում է «եկեղեցուն»։ Իսկ չէ որ այստեղ, երկրի վրա, մարդիկ տանել չեն կարողանում երկար ժամերգությունները․ մեկ և քառորդ ժամ՝ ահա նրանց սահմանը, և այն էլ շաբաթական մեկ անգամից ոչ ավելի։ Այսինքն կիրակի օրերը։ Յոթից միայն մեկ օր, և անգամ այդպիսի պայմաններում նրանք այդ օրվան սպասում են ոչ այնքան էլ անհամբերությամբ։ Այսպիսով, ի՞նչ է նրանց խոստանում իրենց դրախտը։ Ժամերգություն, որ տևում է հավիտյան, և Շաբաթ օր, որը վերջ չունի։ Նրանք շատ շուտ ձանձրանում են իրենց այստեղի կարճատև շաբաթ օրից, որը շաբաթական միայն մեկ անգամ է լինում և, այնուամենայնիվ, փափագում են, որ այն տևի հավիտյան, նրանք այդ են երազում, նրանք խոսում են այդ մասին, նրանք կարծում են, թե իրենք կարծում են, որ այն իրենց երանություն է խոստանում, հուզիչ միամտությամբ նրանք կարծում են, թե իրենք կարծում են, որ կկարողանան երջանիկ լինել այդպիսի դրախտում։

Իսկ այդ ամենն այն պատճառով, որ նրանք առհասարակ չեն կարողանում մտածել, նրանք միայն կարծում են, թե մտածում են։ Իսկ իրականում նրանք մտածելու ընդունակ չեն, տասը հազար մարդու մեջ հազիվ երկու մարդ գտնեք, որ մտածելու ընդունակություն ունենա։ Իսկ ինչ վերաբերում է նրանց երևակայությանը․․․ Նայեք նրանց դրախտին։ Նրանք ընդունում են դա, նրանք հավանություն են տալիս դրան, նրանք հիանում են դրանով։ Այդքանն էլ բավական է, որպեսզի դուք լրիվ պատկերացում կազմեք նրանց բանականության մասին։

4. Նրանց դրախտի գյուտարարն առանց խտրականության դրա մեջ է լցնում բոլոր ազգերին։ Այն էլ լիակատար հավասարության հիման վրա, առանց բարձրացնելու և առանց ցածրացնելու նրանցից ոչ մեկին․ նրանք պետք է «եղբայրներ» լինեն, միշտ լինեն միասին, միասին աղոթեն, միասին ճնկճնկացնեն տավիղները, միասին երգեն օվսաննա՝ և՛ սպիտակամորթները, և՛ սևամորթները, և՛ հրեաները, և՛ մնացած բոլորը, ոչ մի տարբերություն նրանց մեջ չի դրվում։ Այստեղ, երկրի վրա, բոլոր ազգերն ատում են միմյանց, նրանցից յուրաքանչյուրն ատում է հրեաներին։ Եվ, այնուամենայնիվ, ամեն մի բարեպաշտ մարդ աստվածացնում է այդ դրախտը և փայփայում է այնտեղ ընկնելու իղձը։ Միանգամայն անկեղծորեն։ Եվ սրբազան ցնծության մեջ նա մտածում է, իբր թե մտածում է, որ այնտեղ ընկնելով, ինքը կգրկի երկրային բոլոր ցեղերին և կսկսի նրանց անդադար սեղմել իր կրծքին։

Մարդը մի իսկական հրաշք է։ Կուզեի իմանալ, թե ով է նրան հորինել։

5. Երկրի երեսին յուրաքանչյուր մարդ ունի խելքի իր բաժինը՝ լինի մեծ թե փոքր, և նա հպարտանում է դրանով, ինչպիսին էլ որ այն լինի։ Եվ նրա սիրտը հպարտությամբ է լցվում, երբ լսում է իր ցեղի մեծ մտածողների անունները, և նա սիրում է լսել նրանց զարմանալի գործերի մասին։ Քանի որ նրանք իր արյունակիցներն են և, իրենց փառավորելով, փառավորել են նաև իրեն։ «Ահա՛ թե ինչի է ընդունակ մարդկային բանականությունը», ― բացականչում է նա և թվարկում բոլոր դարերի իմաստուններին, հիշատակելով այն անմահ գրքերը, որ նրանք նվիրել են աշխարհին, տեխնիկայի այն հրաշալիքները, որ նրանք հորինել են՝ այն ողջ փայլը, որ նրանք տվել են գիտությանը և արվեստին, նա խոնարհվում է նրանց առջև այնպես, ինչպես միապետների առջև, և անկեղծորեն նրանց մատուցում է այն բոլոր պատիվները, ինչ կարող է հորինել բերկրանքով լի նրա սիրտը, դրանով իսկ բանականությունը դասելով այն ամենից բարձր, ինչ֊որ կա նրա աշխարհում, և նրան ընդունելով որպես միակ ու գերագույն տիրակալի։ Իսկ այդ ամենից հետո նա դրախտ է սարքում, որտեղ բանականության մի խղճուկ նշույլ անգամ չես գտնի։

Տարօրինա՞կ է, հետաքրքրակա՞ն, անհասկանալի՞։ Եվ, այնուամենայնիվ, բանը հենց այնպես է, ինչպես պատմեցի, թեև դա անհավանական է թվում։ Բանականությայն այդ ամենաանկեղծ երկրպագուն, որն ըստ արժանվույն է գնահատում նրա վսեմ դերն այստեղ՝ երկրի վրա, հորինեց կրոնը և դրախտը, որոնք չեն հարգում բանականությունը, չեն գովաբանում այն, ոչ մի կոպեկի արժեք չեն տալիս դրան, կարճ ասած, նույնիսկ չեն հիշատակում դրա գոյությունը։

Դուք, հավանաբար, արդեն համոզվեցիք, որ մարդկային դրախտը մտահղացվել և կառուցվել է միանգամայն որոշակի ծրագրով, որի էությունն այն է, որ այդ դրախտը պարունակի մինչև վերջին մանրուքը՝ ամեն բան, ինչ զզվելի է մարդու համար, և իր մեջ չունենա ոչ մի հատիկ այնպիսի բան, ոը հաճելի է նրան։

Եվ որքան ավելի խոր ուսումնասիրենք առարկան, այնքան ավելի ակնառու կդառնա այդ ամենազարմանալի փաստը։

Այսպես ուրեմն, հիշեցե՛ք․ մարդկային դրախտում տեղ չկա բանականության համար, դրա համար չկա ոչ մի տեսակի սնունդ։ Մեկ տարվա ընթացքում այն կփտի այնտեղ, կփտի ու կնեխի։ Կփտի, կնեխի և սրբության ձեռք կբերի։ Եվ դա լավ է, որովհետև միայն սուրբը կարող է հանդուրժել խելագարների այդպիսի ապաստարանի ուրախությունները։

Երրորդ նամակ

Դուք արդեն նկատեցիք, որ մարդ կոչվող արարածը կատարյալ տարօրինակություն է։ Անցյալում նա դավանել է (մաշել և դեն է նետել) հարյուրավոր զանազան կրոններ, հիմա էլ նա ունի հարյուրավոր զանազան կրոններ, և ամեն տարի շինարաններից իջնեցնում է առնվազն երեք կրոն։ Ես կարող էի զգալիորեն մեծացնել այդ թվերը և, այնուամենայնիվ, դուրս չգալ փաստերի սահմաններից։

Նրա հիմնական կրոններից մեկը կոչվում է քրիստոնեություն։ Սրա համառոտ տեսությունը, կարծում եմ, կարող է ձեզ հետաքրքրել։ Այն ամենամանրամասն կերպով շարադրված է մի գրքում, որը պարունակում է երկու միլիոն բառ և կոչվում է «Հին և Նոր կտակարաններ»։ Այն ունի նաև ուրիշ անուն՝ «Աստծու խոսք»։ Որովհետև քրիստոնյաները ենթադրում են, թե այդ գրքի յուրաքանչյուր բառը թելադրված է աստծու կողմից, նրա, ում մասին ես արդեն ձեզ պատմել եմ։

Այդ գիրքը չափազանց հետաքրքիր է։ Դրանում կան բանաստեղծական հրաշալի կտորներ և մի քանի ոչ հիմար առակներ, մի քանի արյունոտ պատմական քրոնիկներ, մի քանի օգտակար բարոյախոսություններ, բազմաթիվ անպարկեշտություններ և անասելի քանակությամբ սուտ։

Այդ Աստվածաշունչը հիմնականում կազմված է ուրիշ՝ ավելի հին, իրենց դարն ապրած և հողմացրիվ եղած աստվածաշնչերի բեկորներից։ Դրանում նկարագրված մի երեք֊չորս կարևորագույն ու զարմանահրաշ իրադարձություններ հիշատակված էին նաև նախորդ աստվածաշնչերում․ դրա բոլոր լավագույն կանոններն ու պատվիրանները նույնպես դրանցից են փոխառված, դրանում միայն երկու նոր բան կա, նախ՝ դժոխքը, և երկրորդ՝ այն յուրօրինակ դրախտը, որի մասին ես արդեն ձեզ ասացի։

Ուրեմն ինչպե՞ս անենք։ Եթե հավատանք, ինչպես նրանք են հավատում, որ այդ երկու հրեշավոր տեղերն էլ աստված է հորինել, դրանով իսկ նրան անիրավացիորեն կվիրավորենք, իսկ եթե որոշենք, որ մարդիկ իրենք են այդ բաները հորինել, անիրավացիորեն կվիրավորենք նրանց։ Ինչ ասել կուզի, տհաճ երկընտրանք է, քանի որ ո՛չ մեկ և ո՛չ էլ մյուս կողմը մեզ ոչ մի չարիք չի պատճառել։

Դրան միանգամից վերջ դնելու համար եկեք ընտրություն կատարենք, ընդունենք մարդկանց տեսակետը և այդ ամբողջ անհաճո բեռը՝ և՛ դրախտը, և՛ դժոխքը, և՛ Աստվածաշունչը, և՛ մնացած ամեն բան գցենք նրանց աստծու վրա։ Գուցե դա անարդարացի լինի, գուցե դա անազնիվ բան լինի, բայց եթե հիշենք նրանց դրախտը, հիշենք թե ինչպիսի ճիգերով էին այն լցնում մարդու համար զզվելի ամեն բանով, ապա ուղղակի անհնար է հավատալ, որ դա հորինել են մարդիկ իրենք։ Իսկ երբ ես ձեզ պատմեմ դժոխքի մասին, այդ գաղափարը ձեզ կթվա է՛լ ավելի անհավանական, և դուք, անկասկած, կբացականչեք՝ ո՛չ, մարդը չէր կարող այդպիսի մի տեղ պատրաստել իր կամ որևէ ուրիշ մեկի համար։ Այդպիսի բան ուղղակի չի կարող լինել։

Նրանց պարզամիտ Աստվածաշունչը պատմում է աշխարհի արարչագործման մասին։ Ինչի՞ արարչագործման։ Տիեզերքի՞։ Այո՛, հենց տիեզերքի։ Եվ ընդամենը վե՜ց օրում։

Աստված է արել դա։ «Տիեզերք» բառը նա չի գործածել․ այն երևան է եկել բոլորովին վերջերս։ Նա զբաղվել է միայն Երկրով։ Նա այն պատրաստել է հինգ օրում, իսկ այնուհետև․․․ Իսկ այնուհետև ընդամենը մեկ օրում արարել է քսան միլիոն արև և ութսուն միլիոն մոլորակ։

Իսկ ինչու են դրանք հարկավոր եղել նրան։ Այս խաղալիք աշխարհը լուսավորելու համար։ Նրա մտադրություններն ավելի հեռու չէին գնում։ Քսան միլիոնից մեկը (ամենափոքրը) պետք է այդ գնդիկը լուսավորեր ցերեկը, իսկ մնացածը պետք է տիեզերքի անհամար լուսիններից մեկին օգնեին չափավորելու նրա գիշերների խավարը։

Անկասկած, նա համոզված էր, թե շողացող բյուրավոր աստղերը նրա նորաստեղծ երկինքը կպատեն, հենց որ առաջին անգամ մայր մտնի նրա արևը, սակայն ամենաառաջին աստղը այս սև երկնակամարի վրա վառվեց այն հիշարժան շաբաթվա մեծ աշխատանքներն ավարտելուց երեք և կես տարի հետո միայն։ Միայն այդ ժամանակ երևաց առաջին աստղը։ Դրանք երկուսով առկայծում էին ավելի քան չորս տարի, նախքան դրանց կմիանար երրորդը։ Առաջին հարյուրամյակից հետո այդ մռայլ երկնքի լայն տարածություններում հազիվ թե կարելի լիներ հաշվել թեկուզ քսանհինգ աստղ։ Հազարամյակի վերջին դրանք շատացան, բայց ոչ այնքան, որ այդ մասին արժենար խոսել։ Մեկ միլիոն տարի հետո ներկայիս երկնային զարդարանքի միմիայն կեսն էր տեսանելի, այն էլ աստղադիտակով, և անհրաժեշտ եղավ դարձյալ մեկ միլիոն տարի, որպեսզի երկրորդ կեսը հետևեր առաջինի օրինակին։ Քանի որ այն ժամանակներում աստղադիտակներ դեռ չկային, այդ լուսատուների հայտնվելը աննկատելի էր մնացել։

Ահա արդեն երեք հարյուր տարի է, ինչ քրիստոնյա աստղագետները գիտեն, որ իրենց աստվածը աստղերը չի արարել այդ հիշարժան վեց օրվա ընթացքում, բայց քրիստոնյա աստղագետը գերադասում է այդ մասին լռել։ Այնպես, ինչպես քրիստոնյա քահանաները։

Աստված իր գրքում չի զլանում գովաբանել իր աշխատությունները և դրա համար ընտրում է ամենաճոխ բառեր, ինչպիսին միայն նրան հայտնի են, դրանով իսկ ապացուցելով, որ ինքը, միանգամայն հիմնավորված կերպով, խոնարհվում է խոշոր մեծությունների առջև, և այնուամենայնիվ, նա պատրաստել է միլիոնավոր վիթխարի արևներ, որպեսզի դրանք լուսավորեն փոքրագույն գնդիկը, փոխանակ այդ գնդիկի պստլիկ արևը ի սպաս դներ նրանց։ Իր գրքում նա հիշատակում է Արկտուրի մասին․ դուք, հավանաբար, այն հիշում եք, մենք մի առիթով այնտեղ եղել ենք։ Եվ դա ընդամենը գիշերային լապտերիկ է այդ Երկրի համար։ Դա մի վիթխարի գունդ է, որ իր մեծությամբ հիսուն հազար անգամ գերազանցում է նրա արևին, որը նրա կողքին նույնն է, ինչ որ դդումը տաճարի կողքին։

Սակայն կիրակնօրյա դպրոցներում երեխաներին առաջվա նման սովորեցնում են, թե Արկտուրը ստեղծվել է Երկրի լուսավորմանը նպաստելու միակ նպատակով, և երեխան, մեծանալով, շարունակում է դրան հավատալ անգամ այն ժամանակ, երբ հասկանում է, որ ըստ հավանականության օրենքի, հազիվ թե բանն այդպես կարող էր լինել։

Այդ գիրքը և նրա սպասավորները պնդում են, թե Երկիրը ընդամենը վեց հազար տարեկան է։ Միայն վերջին հարյուրամյակում գիտնականների հարցախույզ միտքը կարողացավ որոշել, որ նա մոտենում է հարյուր միլիոն տարուն։

Այդ վեց օրում աստված ստեղծեց մարդուն և մնացած կենդանիներին։

Նա ստեղծեց տղամարդուն ու կնոջը և նրանց բնակեցրեց գեղեցիկ այգում, մյուս արարածների հետ միասին։ Նրանք բոլորն այնտեղ ապրում էին հաշտ ու խաղաղ, գոհ ու երջանիկ, վայելելով հավերժական պատանեկության հաճույքը, բայց հետո դժբախտություն պատահեց։ Աստված նախազգուշացրեց տղամարդուն և կնոջը, որ նրանք չպետք է ուտեն ինչ֊որ մի ծառի պտուղներից։ Եվ, որքան էլ տարօրինակ է, ավելացրեց, որ եթե դրանից ուտեն, անպայման կմեռնեն։ Ես ասում եմ «որքան էլ տարօրինակ է», որովհետև նրանք դեռ երբեք մահ չէին տեսել և, իհարկե, չէին կարող հասկանալ, թե ինչի մասին է նա ասում։ Եվ ո՛չ նա ու ո՛չ էլ մեկ ուրիշ աստված չէր կարողանա այդ տգետ երեխաներին բացատրել, թե ինչի մասին է խոսքը, առանց ակներև օրինակ բերելու։ Այդ բառը ինքնըստինքյան նրանց համար նույնքան անհասկանալի էր, որքան որ նորածին երեխայի համար։

Շուտով մի օձ եկավ մասնավոր կարգով զրուցելու նրանց հետ, և եկավ ոտքով, որովհետև այն օրերին օձերն այդպիսի սովորություն ունեին։ Օձն ասաց, որ արգելված պտուղը նրանց գլուխները կլցնի գիտելիքներով։ Այն ժամանակ նրանք կերան այդ պտղից, ու միանգամայն բնական էր, որովհետև մարդն ի ծնե հետաքրքրասեր է, իսկ քահանան աստծու նման, որին նա ընդօրինակում է և որի ներկայացուցիչն է երկրի վրա, հենց սկզբից առաքելություն է ստանձնել խանգարելու մարդուն, որպեսզի նա չկարողանա որևէ օգտակար բան իմանալ։

Ադամը և Եվան ճաշակեցին արգելված պտուղը, և տեղն ու տեղը նրանց ամբողջ ուղեղը պայծառացավ վառ լույսով։ Նրանք գիտելիքներ ձեռք բերեցին։ Ինչպիսի՞ գիտելիքներ։ Գիտելիքներ որոնցից կարող էին օգո՞ւտ քաղել։ Ամենևին էլ ոչ․ նրանք պարզապես իմացան, որ կա մի բան, որը բարություն է կոչվում, ու կա մի բան էլ, որը չարություն է կոչվում, և, բացի այդ, սովորեցին չարիք գործել։ Առաջ նրանք այդ բանը չէին կարողանում անել։ Այդ պատճառով էլ նրանց բոլոր արարքները մինչև այդ պահը անաղարտ էին, անմեղ, անարատ։

Բայց հիմա նրանք սովորեցին չարիք գործել (և դրանից տուժել, հիմա նրանք ձեռք բերեցին այն, ինչ եկեղեցին կոչում է ամենաարժեքավոր գանձ), նրանք ձեռք բերեցին Բարոյականի զգացումը, որը մարդուն տարբերում է գազանից և նրան բարձր դասում գազանից։ Այլ ոչ թե գազանից ցածր, ինչպես որ պետք է ենթադրել, որովհետև մարդն իր մտադրությունների մեջ կեղտոտ է ու մեղսագործ, իսկ գազանը մաքուր է ու անմեղ։ Այլ կերպ ասած, ակնհայտորեն փչացած ժամացույցը ավելի բարձր է գնահատվում, քան այն, որը չի կարող փչանալ։

Եկեղեցին առաջվա նման Բարոյականի զգացումը համարում է մարդու բարձրագույն արժանիքը, թեև շատ լավ գիտի, որ աստված այդ զգացումի մասին ամենավատթար կարծիքի է եղել և սովորական անշնորհքությամբ փորձել է իր երջանիկ երեխաներին խանգարել դրախտի այգում ձեռք բերելու այն։

Այսպիսով, Ադամն ու Եվան իմացան, թե ինչ է չարիքը և թե այն ինչպես պետք է գործել։ Նրանք իմացան, թե ինչպես պետք է կատարել ամեն տեսակ վատ արարքներ ու այդ թվում դրանցից ամենագլխավորը, այն, որն էլ, ըստ էության, աստված նկատի է ունեցել։ Խոսքը վերաբերում է սեռական հարաբերության արվեստին և գաղտնիքին։ Այդ հայտնագործությունը նրանց թվաց հոյակապ մի բան, և նրանք դադարելով այգում աննպատակ թափառելուց, ամբողջ եռանդով նվիրվեցին նոր զբաղմունքին․ ախր խղճուկները շա՜տ էին երիտասարդ ու անմիջական։

Այդպիսի երջանիկ ժամանցի ամենաթունդ պահին նրանք լսեցին, որ աստված շրջում է այգում, թփուտների մեջ, կատարելով իր սովորական ցերեկային զբոսանքը, և սաստիկ վախեցան։ Իսկ ինքչո՞ւ։ Որովհետև մերկ էին։ Առաջ նրանք այդ չգիտեին։ Նրանց համար միևնույն էր, ճիշտ այնպես, ինչպես որ աստծու համար։

Այդ հիշարժան պահին ծնվեց անբարոյականությունը, և որոշ մարդիկ այդ ժամանակվանից դա գնահատում են ամեն բանից բարձր, թեև չէին կարողանում բացատրել թե ինչու։

Ադամն ու Եվան աշխարհ եկան մերկ և չգիտեին ինչ է ամոթը, մերկ և հոգով մաքուր, և այդպես էլ աշխարհ էին գալիս ու այժմ էլ գալիս են նրանց բոլոր սերունդները։ Գալիս են մերկ, մաքուր հոգով, չիմանալով, թե ինչ է ամոթը։ Գալիս են բարոյապես անբիծ։ Անբարոյականությունն ու կեղտոտ մտքերը նրանք ձեռք են բերում տնից դուրս, դա միակ եղանակն է։ Քրիստոնյա մոր առաջին պարտքն է իր երեխային ներշնչել կեղտոտ մտքեր, և նա երբեք չի խորշում այդ պարտքից։ Նրա տղան մեծանում, դառնում է քարոզիչ և մեկնում պարզամիտ վայրենիների կամ քաղաքակիրթ ճապոնացիների մոտ՝ նրանց կեղտոտ մտքեր ներշնչելու։ Այստեղ նրանք էլ են դառնում բարոյազուրկ, սկսում են իրենց մարմինները թաքցնել հագուստի տակ և մերկ այլևս միասին չեն լողանում։

Պայմանականությունը, որն անօրինաչափորեն կոչվում է բարոյականություն, չունի միասնական նորմեր և չի կարող այդպիսիք ունենալ, քանի որ հակասում է բնությանն ու բանականությանը և մի հորինվածք է, որը ենթարկվում է ամեն մի քմահաճության, ամեն մի վատառողջ նազի։ Այսպես, օրինակ, Հնդկաստանում բարեկիրթ տիկինը թաքցնում է դեմքն ու կուրծքը, իսկ ոտքերը, հենց ազդրերից սկսած, թողնում է մերկ, եվրոպացի բարեկիրթ տիկինը ոտքերը թաքցնում է, բայց մերկացնում է դեմքն ու կուրծքը։ Այն երկրներում, որտեղ ապրում են պարզամիտ վայրենիները, եվրոպացի բարեկիրթ տիկինը շուտով վարժվում է մեծահասակ բնիկների լիակատար մերկությանը, և դա այլևս չի վիրավորում նրա զգացումները։ Տասնութերորդ դարում ֆրանսիացի մի կոմս և կոմսուհի, միանգամայն աշխարհիկ մարդիկ, որոնք ոչ ազգականներ էին և ոչ էլ ամուսիններ, նավաբեկությունից հետո ընկնելով մի անմարդաբնակ կղզի միայն մի ներքնաշապիկով, կարճ ժամանակ անց զրկվեցին նաև այդ հագուստից։ Եվ մի ամբողջ շաբաթ նրանք ամաչում էին իրենց մերկությունից։ Իսկ հետո դա այլևս նրանց չէր անհանգստացնում, և նրանք մոռացան այդ մասին։

Չէ որ դուք ոչ մի անգամ չեք տեսել հագնված մարդու, ուրեմն դուք քիչ բան եք կորցրել։

Անդրադառնանք Աստվածաշնչի մեջ պարունակվող զարմանալի տեղեկություններին։ Դուք, բնականաբար, կենթադրեք, որ աստված իր սպառնալիքն ի կատար չածեց, և որ Ադամի ու Եվայի անհնազանդությունը մնաց անպատիժ, քանզի նրանք չէին իրենց ստեղծել, նրանք չէին ստեղծել իրենց բնավորությունը, ցանկություններն ու թուլությունները, և այդ պատճառով էլ, իսկապես, նրանցից չէր կարելի պահանջել անհնարինը, և նրանք չպետք է պատասխան տային իրենց արարքների համար։ Դուք կզարմանաք, իմանալով, որ սպառնալիքը, այնուամենայնիվ, ի կատար ածվեց։ Ադամը և Եվան պատժվեցին, և այդ չարագործությունը մինչև այսօր էլ ջերմ պաշտպաններ ունի։ Մահավճիռը ի կատար ածվեց։

Ինչպես դուք, անկասկած, նկատեցիք, այդ խեղճ զույգի զանցանքի միակ մեղավորը խուսափեց պատժից․ և ավելին, դարձավ անմեղների դահիճը։

Մեր հայրենիքում մենք, իհարկե, կարող ենք ծաղրել նման կարգի բարոյականությունը, բայց այստեղ դրա վրա ծիծաղելն անսիրտ բան կլիներ։ Այդ մարդկանցից շատերն օժտված են դատելու ընդունակությամբ, բայց երբ խոսքը վերաբերում է կրոնին, ոչ ոք այդ ընդունակությունից չի օգտվում։

Լավագույն մտածողները ձեզ կասեն, որ մարդը, որը սաղմնավորել է երեխային, բարոյապես պարտավոր է քնքշորեն հոգալ նրա մասին, նրան պաշտպանել փորձանքներից, պահպանել հիվանդություններից, հագցնել, կերակրել, համբերությամբ տանել նրա քմահաճույքները, պատժել բարի մտքով և միայն հանուն նրա սեփական շահերի, ու երբեք, ոչ մի պարագայում նա իրավունք չունի անմիտ տանջանքների ենթարկելու երեխային։ Զօր ու գիշեր աստված իր երկրային երեխաների հետ վարվում է հակառակ ձևով, և նույն լավագույն մտածողները ջերմորեն արդարացնում են այդ հանցագործությունները, պաշտպանում են դրանք, թողություն են տալիս և, վրդովմունքով, առհասարակ հրաժարվում դրանք համարել հանցագործություն, քանի որ դրանք կատարում է «Նա»։ Մեր հայրենիքը շատ հետաքրքիր երկիր է, բայց այնտեղ չեք գտնի մի բան, որը գոնե կիսով չափ լինի այնքան հետաքրքիր, որքան մարդկային բանականությունը։

Ուրեմն այսպես, աստված Ադամին ու Եվային վռնդեց դրախտի այգուց, իսկ ժամանակի ընթացքում առհասարակ նրանց ոչնչացրեց։ Եվ այդ բոլորը նրա համար, որ նրանք չէին ենթարկվել մի հրամանի, որը տալու իրավունք նա չուներ։ Բայց, ինչպես դուք հետագայում կհամոզվեք, նա այդքանով չբավարարվեց։ Նա ունի մի բարոյականության օրենսգիրք իր համար և մի լրիվ ուրիշն էլ իր երեխաների համար։ Նա իր երեխաներից պահանջում է, որ նրանք հանցագործների նկատմամբ լինեն արդարամիտ ու հեզ և նրանց ներեն յոթնապատիկ անգամ, բայց նա ինքը ոչ ոքի նկատմամբ արդարացի կամ հեզ չէ, և նա չներեց թեթևամիտ ու տգետ երիտասարդ զույգի նույնիսկ առաջին զանցանքը և չասաց․ «Դե լավ, կփորձեմ ձեզ հնարավորություն տալ ուղղվելու»։

Ճիշտ հակառակը։ Նա որոշեց պատժել Ադամի ու Եվայի նույնիսկ բոլոր սերունդներին բոլոր դարերում, հավերժորեն, մի հասարակ զանցանքի համար, որ ուրիշները կատարել էին նրանց լույս աշխարհ գալուց շատ ավելի առաջ։ Նա մինչև հիմա էլ պատժում է նրանց։ Հայրաբար հեզորե՞ն։ Օ՜, ոչ, գազանային դաժանությամբ։

Դուք, անշուշտ, կկարծեք, թե նման էակը արժանի չէ հատուկ գովասանքի։ Չգայթակղվեք․ այստեղ նրան անվանում են Ամենաարդարամիտ, Ամենաառաքինի, Ամենաբարի, Ամենագթասիրտ, Ամենաներող, Ամենաողորմած, Ամենասիրող, բարոյական բոլոր օրենքների Աղբյուր։ Այս երկիմաստ հաճոյախոսությունները ասվում են ամեն օր, այստեղի ամբողջ աշխարհով մեկ։ Սակայն մարդիկ չեն նկատում դրանց երկիմաստությունը։ Նրանք այդ գովասանքը երկինք են հասցնում միանգամայն անկեղծորեն, առանց մի ժպիտի։

Չորրորդ նամակ

Եվ ահա, Առաջին զույգը հեռացավ դրախտի այգուց, իր հետ տանելով նզովք։ Նրանք զրկվեցին այն բոլոր ուրախություններից, որ գիտեին մինչև «Մեղսագործությունը», բայց, այնուամենայնիվ, նրանք հարուստ էին, որովհետև փոխարենը ձեռք բերեցին այն, ինչն ավելի թանկ էր մնացած ամեն բանից։ Նրանք ճանաչեցին բարձրագույն արվեստը։

Նրանք ջանասիրությամբ զբաղվում էին դրանով և երջանիկ էին։ Աստված էր կամեցել, որ նրանք զբաղվեին դրանով։ Այս անգամ նրանք լսեցին աստծու պատվիրանը։ Եվ լավ է, որ արգելքը վերացվեց, որովհետև նրանք, միևնույն է, կսկսեին զբաղվել այդ արվեստով, եթե թեկուզ հազար աստվածներ այն արգելեին։

Արդյունքները շուտով ի հայտ եկան։ Նրանք կոչվում էին Կայեն ու Աբել։ Իսկ նրանք ունեին քույրեր և գիտեին, թե ինչպես պետք է վարվել այդ քույրերի հետ։ Դա հասցրեց նոր արդյունքների՝ Կայենը ու Աբելը ծնեցին մի քանի քրոջորդիներ ու քրոջդուստրեր։ Սրանք իրենց հերթին ծնեցին մի քանի մորաքրոջորդիներ։ Այնուհետև ազգակցությունը հաշվելը շատ դժվարացավ և այդ հարցում պարզություն մտցնելու փորձերն անհաջողության մատնվեցին։

Երկիրը բնակեցնելու հաճելի աշխատանքը շարունակվում էր դարից դար և մեծ արտադրողականությամբ, որովհետև այն երջանիկ օրերին երկու սեռի անձինք էլ Բարձրագույն արվեստի համար դեռևս ընդունակ էին նույնիսկ այնպիսի տարիքում, երբ բոլոր կանոնների համաձայն պետք է որ մի ութ հարյուր տարի փտելիս լինեին գերեզմանում։ Թույլ սեռը, քնքուշ սեռը, սքանչելի սեռը այն ժամանակներում, անկասկած, հասել էր իր բարձրագույն ծաղկմանը, քանի որ նրանով հրապուրվում էին անգամ աստվածները։ Նրանք իջնում էին երկնքից և ամենահաճելի ձևով ժամանակ անցկացնում այդ վառվռուն մատաղ ծաղիկների հետ։ Այդ մասին պատմում է աստվածաշունչը։

Այդ եկվոր օտարերկրացիների օգնությամբ երկրի բնակչությունը աճում էր ու աճում, մինչև որ հասավ մի քանի միլիոնի։ Սակայն աստված հիասթափվեց մարդկանցից։ Աստծուն դուր չէր գալիս մարդկանց բարոյականությունը, որը որոշ իմաստով, հիրավի, ավելի լավ չէր իր սեփականից և առհասարակ իր բարոյականի ու պատվաբեր ճշգրիտ պատճենն էր։ Դրանք շատ վատ մարդիկ էին, և չիմանալով, թե ինչպես կարելի է նրանց ուղղել, աստված իմաստուն կերպով որոշեց նրանց ոչնչացնել։ Այսպիսին է միակ իսկապես լուսավոր ու արժեքավոր միտքը, որ նրա Աստվածաշունչը վերագրում է նրան, և այդ միտքը կկարողանար հավիտյան ամրապնդել նրա վարկը, եթե միայն նա ընդունակ լիներ այն մարմնավորելու կյանքում։ Բայց նրա վրա երբեք չէր կարելի հույս դնել, թեև նա ինքը, հասկանալի է, հակառակն էր ազդարարում, և նրա բարի մտադրությունները երկար չտևեցին։ Նա հպարտանում էր մարդով․ մարդը նրա լավագույն հայտնագործությունն էր, մարդը նրա առաջին սիրեցյալն էր (եթե, իհարկե, չհաշվենք ճանճը), և նա չէր կարող մեկընդմիշտ բաժանվել նրանից, և ահա, վերջիվերջո, նա որոշեց փրկել մեկ նմուշ, իսկ մնացածներին ջրահեղձ անել։

Դա նման էր իրեն։ Նա ստեղծեց այդ բոլոր անպետք արարածներին, և միայն ինքն էր պատասխանատվություն կրում նրանց վարքի համար։ Նրանցից ոչ մեկը, առանձին վերցրած, արժանի չէր մահապատժի, թեև նրանց բոլորին, անկասկած, արժեր ոչնչացնել, մանավանդ որ նրանց ստեղծումն արդեն անլուր ոճրագործություն էր, և նրանց թույլ տալ այսուհետև էլ բազմանալ, կնշանակեր այսուհետև էլ բազմանալ, կնշանակեր միայն կրկնապատկել այդ հանցագործությունը։ Բայց միաժամանակ սիրեցյալների համար բացառություն անելը և՛ անազնիվ, և՛ անարդար կլիներ․ հարկավոր էր ջրահեղձ անել բոլորին, մինչև վերջին մարդը, կամ առհասարակ ոչ ոքի։ Սակայն նա, հասկանալի է, այդ բանն անել չցանկացավ, նրան անպայման անհրաժեշտ էր մի վեցյակ թողնել բազմանալու համար։ Նա ընդունակ չէր կանխատեսելու, որ նոր մարդկությունը նույնպես կդառնա մի անպետքություն, որովհետև նա Ամենատես լինում է միայն սեփական գովազդներում։

Աստված փրկության համար ընտրեց Նոյին ու նրա ընտանիքը և նախապատրաստեց մնացած բոլոր մարդկանց բնաջնջումը։ Նա նախագծեց մի տապան, իսկ Նոյը կառուցեց այն։ Ո՛չ աստված, ո՛չ էլ Նոյը մինչ այդ տապաններ չէին կառուցել և տապաններից ոչինչ չէին հասկանում, այնպես որ կարելի էր սպասել աչքի ընկնող մի բան։ Եվ սպասումներն ի դերև չեղան։ Նոյը հողագործ էր, ու թեև նա գիտեր ինչի համար է հարկավոր այդ տապանը, այնուամենայնիվ, չէր կարող դատել, թե նշված չափերը համապատասխանո՞ւմ են արդյոք ներկայացվող բոլոր պահանջներին (դրանք, իհարկե, չէին համապատասխանում), և գերադասեց խորհուրդներ չտալ։ Աստված չէր նկատել, որ տապանը փոքր է, և շարունակում էր այն նախագծել առանց անհրաժեշտ չափումներ կատարելու։ Ի վերջո, նավն ստացվեց չափազանց նեղ, և աշխարհը մինչև այսօր էլ տառապում է այն պատճառով, որ նավի վրա չէր տեղավորվել անհրաժեշտ ամեն բան։

Նոյը կառուցեց տապանը։ Նա աշխատում էր այն կառուցել որքան կարելի է լավ, սակայն չկարողացավ խուսափել չափազանց կարևոր շատ թերություններից։ Տապանը ո՛չ ղեկ ուներ, ո՛չ առագաստներ, ո՛չ կողմնացույց, ո՛չ պոմպեր, ո՛չ ծովային քարտեզներ, ո՛չ խորաչափեր, ո՛չ խարիսխներ, ո՛չ ծովային մատյան, ո՛չ լուսավորություն, ո՛չ օդափոխության համակարգ, իսկ ինչ վերաբերում է նավամբարներին, որոնք ամենագլխավորն էին, ապա դրանց մասին որքան քիչ խոսվի, այնքան լավ։ Տապանը պետք է ծովում լողար տասնմեկ ամիս, հետևաբար, պետք է ունենար խմելու ջրի այնպիսի պաշար, որը կլցներ երկու այդպիսի տապան, սակայն լրացուցիչ տապանի մասին ոչ ոք չէր հոգացել։ Արտակողային ջուրն օգտագործել չէր կարելի, որովհետև այն կիսով չափ պետք է բաղկացած լիներ ծովի ջրից, իսկ այդպիսի խառնուրդը չեն կարող խմել ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ցամաքային կենդանիները։

Որովհետև փրկության ենթակա էին ոչ միայն մարդու նմուշը, այլև մյուս կենդանիների առևտրային նմուշները։ Բանն այն է, որ երբ Ադամը դրախտի այգում կերավ խնձորը, և սովորեց աճել ու բազմանալ, մյուս կենդանիները, նայելով Ադամին, նույնպես սովորեցին այդ արվեստը։ Նրանք շատ խելոք, շատ կանխատեսորեն վարվեցին, որովհետև այդ եղանակով նրանք խնձորից կորզեցին նրա մեջ եղած օգտակար ամեն բան, չճաշակելով այն, և այդ պատճառով էլ չվարակվելով կործանարար Բարոյականի զգացումով, որը բոլոր ու ամեն տեսակ բարոյազրկության նախահայրն է։

Հինգերորդ նամակ

Նոյը սկսեց կենդանիներ հավաքել։ Նա պետք է ստանար մեկական զույգ բոլոր ու ամեն տեսակ երկրային արարածներից, որոնք քայլում էին, սողում, լողում կամ թռչում։ Թե որքան ժամանակ հարկավոր եղավ դրանք հավաքելու համար և թե որքան թանկ նստեց դա, մենք միայն ենթադրել կարող ենք, որովհետև այդ մանրամասնությունները ոչ մի տեղ չէին արձանագրել։ Երբ Սիմախը պատրաստվում էր իր պատանի որդուն հաղորդակից դարձնել կայսերական Հռոմի աշխարհիկ կյանքին, նա իր ծառաներին ուղարկեց Ասիա, Աֆրիկա ու ուրիշ շատ տեղեր, որպեսզի այնտեղ վայրի կենդանիներ հավաքեին կրկեսային ներկայացումների համար։ Այդ կենդանիներն հավաքելու և Հռոմ հասցնելու համար նրա ծառաներին անհրաժեշտ եղավ երեք տարի։ Բայց չէ որ, ինչպես դուք հասկանում եք, խոսքը վերաբերում էր միայն չորքոտանիներին և կոկորդիլոսներին․ նրանք ո՛չ թռչուններ էին բերում, ո՛չ օձեր, ո՛չ գորտեր, ո՛չ որդեր, ո՛չ ոջիլներ, ո՛չ առնետներ, ո՛չ լվեր, ո՛չ տզեր, ո՛չ թրթուռներ, ո՛չ սարդեր, ո՛չ ճանճեր, ո՛չ մոծակներ՝ ոչ մի բան, բացի ամենահասարակ ու պարզ չորքոտանիներից ու կոկորդիլոսներից, և միայն այնպիսի չորքոտանիներ, որոնք կարողանային կռվել կրկեսի ասպարեզում։ Եվ, այնուամենայնիվ, նույնիսկ դրանք հավաքելու համար անհրաժեշտ եղավ, ինչպես արդեն ասացի, երեք տարի, իսկ կենդանիների գնման ու փոխադրման և ծառաների վարձատրության ծախսերը կազմեցին չորս միլիոն հինգ հարյուր հազար դոլար։

Իսկ որքա՞ն կենդանիներ կային այնտեղ։ Հայտնի չէ։ Համենայն դեպս, հինգ հազարից պակաս, որովհետև հինգ հազարը ամենամեծ թիվն էր այն կենդանիների, որոնք երբևիցե փոխադրվել են Հռոմ՝ կրկեսային ներկայացումներ կազմակերպելու համար, և այդ հավաքածուն կազմել էր Տիտոսը, այլ ոչ թե Սիմախը։ Բայց այդ երկու գազանանոցներն էլ պարզապես մանկական խաղալիքներ էին այն բանի համեմատությամբ, ինչ պետք է կազմակերպեր Նոյը։ Նա պետք է հավաքեր զանազան տեսակի 146000 թռչուն, զազան և քաղցրահամ ջրերում ապրող արարածներ, իսկ միջատներ՝ երկու միլիոնից ավելի։

Հազարավոր տեսակի այդպիսի էակներ որսալը այնքան էլ հեշտ բան չէ, և եթե Նոյը տեղի չտար և ձեռք չքաշեր դրանից, նա մինչև այժմ էլ դրանից քրտնելիս կլիներ, ինչպես ասվում է Ղևտացվոց գրքում։ Բայց ես բնավ չեմ ուզում ասել, թե նա հրաժարվեց իր ձեռնարկումից։ Ամենևին էլ ոչ։ Պարզապես նա որսաց այնքան արարած, որքան տեղավորվեց տապանում, իսկ հետո այլևս չորսաց։

Եթե նա հենց սկզբից պատկերացներ առաջիկա գործի թափը, կհասկանար, որ իրեն անհրաժեշտ է տապանների մի ամբողջ տորմիղ։ Բայց նա չգիտեր, թե ամենայն արարածների ինչքան տեսակներ գոյություն ունեն երկրի վրա։ Դա չգիտեր և նրա պետը։ Այդ պատճառով էլ նա տապանի վրա ո՛չ կենգուրու վերցրեց, ո՛չ պարկամուկ, ո՛չ թունատամ, ո՛չ բադակտուց, և մնաց առանց էլի բազմաթիվ ուրիշ ամենաանհրաժեշտ պարգևների, որ սիրող աստվածը արարել էր մարդկանց համար, իսկ հետո մոռացել դրանց մասին, քանի որ դրանք արդեն շատ վաղուց գնացել էին աշխարհի հակառակ կողմը, որ նա երբեք չէր տեսել և որի մասին անգամ ամենափոքր պատկերացում չուներ։ Այնպես, որ, նրանք բոլորն էլ քիչ էր մնում խեղդվեին։

Նրանց փրկեց մի հասարակ պատահականություն։ Ջուրը քիչ էր և դեպի մյուս կողմ չհոսեց։ Այն հազիվհազ բավականացրեց, որ հեղեղեր երկրագնդի մի փոքրիկ անկյունը․ նրա մնացած ամբողջ մակերեսը այն ժամանակներում անհայտ էր և համարվում էր գոյություն չունեցող։

Սակայն վերջին օրերից մի օր մի դեպք պատահեց, որից հետո Նոյը որոշեց սահմանափակվել հավաքած տեսակներով, մանավանդ որ դրանք լիովին բավական էին գործնական նպատակների համար, իսկ մնացածներին ուղղակի թույլատրել, որ դառնան բրածոներ։ Այդպիսի վերջին աղյուսը դարձավ մի անծանոթի հայտնվելը, որը սարսափելի լուրեր բերեց։ Նա հաղորդեց, թե ինքը վրան էր խփել ինչ֊որ սարերի ու հովիտների միջև, այստեղից մի վեց հարյուր մղոն հեռավորության վրա, և ականատես է եղել մի շատ զարմանալի երևույթի՝ ինքը կանգնած է եղել մի ընդարձակ հովտի վրա վեր խոյացող զառիթափին և հովտի հեռավոր ծայրին հանկարծ տեսել է իր կողմը շարժվող անծանոթ արարածների մի մութ ծով։ Շուտով դրանք՝ երերացող մարմինների զզվելի, վիթխարի զանգվածները, անցել են իր ոտքերի մոտով, միմյանց հրելով, կռվելով, ծառս լինելով, մռնչալով, փնչացնելով։ Փղի մեծության համրուկներ, մի ամբողջ կովի չափ գորտեր, հրեշավոր, վիթխարի մեգատերիաներ՝ իրենց հարեմով, մողեսներ, մողեսներ, մողեսներ, ջոկատ ջոկատի հետևից, հարյուրական ոտնաչափ երկարությամբ, երեսնական ոտնաչափ բարձրությամբ և դրանց կրկնակի չափով կատաղի․ դրանցից մեկը, առանց մի պատճառի, պոչով այնպես է հարվածել անմեղ սենտիմենտալ եզանը, որ սա երեք հարյուր ոտնաչափ թռել է օդ, ծանր փնչոցով ընկել պատմողի ոտքերի մոտ և տեղնուտեղը շունչը փչել։ Անծանոթն ասաց, թե այդ հսկաները լսել են տապանի մասին և գալիս են այդտեղ։ Գալիս են ջրհեղեղից փրկվելու համար։ Եվ գալիս են ոչ թե զույգ֊զույգ, այլ ամբողջ ցեղով․ նրանք չեն լսել այն մասին, շարունակեց նա, որ տապանի վրա ուղևորներ թույլատրվում են ամեն տեսակից միայն մեկական զույգ, ասենք, ամեն դեպքում նրանք հաշվի չէին առնի կանոններն ու սահմանումները՝ կա՛մ նրանց կվերցնեն տապան, կա՛մ էլ նրանք նավապետի հետ կխոսեն յուրովի։ Պատմողն ավելացրեց, թե տապանը նրանց կեսին էլ չի տեղավորի, և, բացի այդ, նրանք գալիս են սոված և կխժռեն բոլոր պաշարները, ներառյալ գազանանոցն ու Նոյի ընտանիքը։

Աստվածաշնչյան պատումի մեջ այս բոլոր փաստերը թաքցված են։ Այնտեղ դուք չեք գտնի և ոչ մի ակնարկ դրանց մասին։ Բանը պարզապես կոծկել են։ Չեն հիշատակված այդ հսկաների նույնիսկ անունները։ Այսպիսով, դուք կարող եք համոզվել, որ մարդիկ անբարեխղճության պատճառով չկատարելով պայմանագրի ինչ֊որ պայմաններ, հիանալիորեն կարողանում են լռության մատնել նույնիսկ աստվածաշնչերում։ Բայց չէ որ այդ զորեղ արարածները մարդու համար անչափ օգտակար կլինեին ներկայումս, երբ բեռների փոխադրումն այնքա՜ն թանկ է նստում, իսկ փոխադրամիջոցներն այնքա՜ն սուղ են։ Բայց դրանք մարդու համար կորսված են անվերադարձ։ Կորսված են․ և դա Նոյի մեղքով։ Այդ բոլոր կենդանիները խեղդվեցին, և նրանց մի մասը՝ արդեն ութ միլիոն տարի առաջ։

Այսպես ուրեմն, երբ անծանոթը պատմեց այդ ամենը, Նոյը հասկացավ, որ ավելի լավ է ինքը անհետանա, քանի դեռ հրեշները չեն հայտնվել։ Եվ նա անհապաղ կմեկներ, բայց պաստառագործներն ու կահույքագործները, որոնք հյուրասենյակ էին շինում ճանճի համար, դեռ չէին դրոշմել վերջին ավարտական ստվերագծերը, և այդ պատճառով նա կորցրեց մեկ օր։ Մեկ օր էլ կորավ ճանճերին տեղավորելու համար․ հավաքվել էր վաթսունութ միլիարդ ճանճ, ըստ որում աստված երկյուղ էր կրում, թե, այնուամենայնիվ, ճանճերը կարող են չբավականացնել։ Եվ մեկ օր էլ կորավ այդ ճանճերին կերակրելու համար քառասուն տոննա ընտիր աղբ բարձելու վրա։

Միայն այդ ժամանակ Նոյը, վերջապես, նավարկեց, և շատ ժամանակին, որովհետև տապանը տեսադաշտից չէր անհետացել, երբ ափ հասան հրեշները, և նրանց ճիչ ու վայնասունը միախառնվում էր անհամար հայրերի, մայրերի ու սարսափահար երեխաների՝ բոլոր նրանց ճիչ ու վայնասունին, ովքեր տեղատարափ անձրևի տակ կառչում էին արդեն ալիքներով ողողվող ժայռերից և աղերսում էին Ամենաառաքինի, Ամենաներող և Ամենագթասիրտ Արարչի օգնությանը, նրա, ով չարձագանքեց և ոչ մի աղոթքի դեռ այն ժամանակվանից, երբ այդ ժայռերը հատիկ առ հատիկ գոյանում էին ավազներից, և չի արձագանքի, մինչև որ հազարամյակներն այդ ժայռերը նորից ավազի կվերածվեն։

Վեցերորդ նամակ

Երրորդ օրվա կեսօրին մոտ պարզվեց, որ ճանճերից մեկը մոռացվել ու մնացել է ափին։ Հետ նավարկելը երկարատև ու դժվարին գործ եղավ քարտեզների ու կողմնացույցի բացակայության, ինչպես նաև առափնյա գծի փոփոխման պատճառով, որը լրիվ անճանաչելի էր դարձել, քանի որ անընդհատ բարձրացող ջուրը ցածրադիր վայրերում հեղեղել էր սովորական կողմնորոշիչները և բլուրների գագաթին անծանոթ տեսք էր տվել։ Սակայն տասնվեցօրյա անդադադար որոնումներից հետո, վերջապես, ճանճը գտնվեց և գովասանական ու շնորհակալական սաղմոսի հնչյունների ներքո նավ վերցվեց, ըստ որում Նոյի ընտանիքի անդամները կանգնել էին գլխաբաց՝ ի նշան հարգանքի նրա աստվածային ծագման հանդեպ։ Ճանճը հոգնատանջ էր եղել, ինչպես նաև սաստիկ թրջվել, իսկ մնացյալում նրա վիճակը միանգամայն բավարար էր։ Մարդիկ ամբողջ ընտանիքներով սովամահ էին լինում, լերկ լեռնալանջերին, իսկ ճանճը, ի տարբերություն նրանց, սոված չէր մնում, քանի որ կարող էլ լիուլի քեֆ քաշել նեխող անհամար դիակների վրա։ Այդպես նախախնամության ձեռքը փրկեց սրբազան թռչնակին։

Նախախնամության ձեռքը։ Ճիշտ այդպես։ Որովհետև ճանճը ափին մնացել էր բնավ ոչ պատահաբար։ Ո՛չ, դրանում կարելի է տեսնել նախախնամության մատը։ Պատահականություններ առհասարակ չեն լինում։ Ամեն ինչ կատարվում է որևէ նպատակով։ Ամեն մի իրադարձություն կանխորոշված է ի սկզբանե, ամեն մի իրադարձություն կանխատեսված է վաղօրոք։ Դեռևս արարչագործման արշալույսին Տերը կանխատեսել էր, որ Նոյը, արտոնագրված վիթխարի արարածների մոտենալու մտքից խուճապահար, ժամանակից շուտ ծով դուրս կգա ինչ֊որ մի անգին հիվանդությամբ չապահովված։ Մնացած բոլոր հիվանդությունները կմնան նրա մոտ, որպեսզի հետագայում դրանք հնարավոր լինի մարդկային նոր ցեղերի միջև բաշխել նրանց լույս աշխարհ գալու համեմատ, բայց նա զրկված կլինի լավագույն մի հիվանդությունից՝ տիֆից, հիվանդություն, որը բարենպաստ հանգամանքներում կարող է խեղանդամ դարձնել բուժվողին, չսպանելով նրան, այնպես, որ հիվանդը կառողջանա և դեռ երկար տարիներ կապրի որպես կույր և խուլ ու համր թուլացած կիսաապուշ։ Տնային ճանճը տիֆի գլխավոր տարածողն է, և նա մենակ արժե այդ մահաբեր ախտի մյուս բոլոր սերմանողներին։ Եվ ահա, նախասկզբնական կանխորոշմամբ, այդ ճանճը հետ էր մնացել տապանից, որպեսզի գտներ տիֆից մահացողի մի դիակ, ներծծեր վարակը, թաթիկների վրա հավաքեր ավելի շատ մանրէներ, իսկ հետո դրանք հանձներ նորեն բնակեցվող աշխարհին՝ հետագա անխոնջ աշխատանքի համար։ Այդ ճանճի շնորհիվ, դրանից հետո անցած դարերի ընթացքում միլիարդավոր մարդիկ տառապում էին այդ հիվանդության մահճում, միլիարդավոր հաշմանդամներ թախծալիորեն քարշ էին տալիս իրենց կյանքի մնացորդը, և միլիարդավոր գերեզմաններ լցվում էին հանգուցյալներով։

Աստվածաշնչյան աստծու բնավորությունն այնքան հակասական է, որ դրանից հեշտ չէր գլուխ հանել․ թեթևսոլիկ անկայունություն և երկաթյա համառություն, քաղցր֊մեղցր քծնի վերացական բառեր և դիվային որոշակի արարքներ, բարության հազվադեպ պոռթկումներ, որոնք փոխարինվում են անանցողիկ չարությամբ։

Սակայն, ինչպես հարկն է գլուխ ջարդելուց հետո, դուք, այնուամենայնիվ, գտնում եք նրա բնավորության բանալին և, ի վերջո, մասամբ այն հասկանում եք։ Նա մանկական զարմանալիորեն միամիտ ու զվարճալի անկեղծությամբ ինքն է տալիս ձեզ այդ բանալին։ Դա նախանձն է։

Կարծում եմ, որ դուք ցնցված եք։ Իմ նախորդ նամակներից ձեզ հայտնի է, որ մարդիկ նախանձը համարում են վատ հատկություն՝ մանրոգի արարածների հատկանիշ, բոլոր մանրոգիների հատկությունը, որից, այնուամենայնիվ, խորշում են նույնիսկ դրանցից ամենամանրոգիները, վիրավորվելով, երբ նրանց մեղադրում են այդ բանում, կեղծաբար այդպիսի մեղադրանքը անվանելով զրպարտություն։

Նախանձ։ Չմոռանաք այդ, հիշեք այդ։ Դա է բանալին։ Դրա օգնությամբ դուք հետագայում կկարողանաք թեկուզ ինչ֊որ չափով հասկանալ աստծուն, իսկ առանց դրա նրան հասկանալն անհնարին է։ Ինչպես արդեն ասացի, նա ինքն է բացեիբաց բոլորին մեկնում իրեն մերկացնող այդ բանալին։ Նա բարեհոգաբար, ուղղակիորեն և առանց ամենափոքր իսկ վարանման հայտարարում է․ «Ես Տերն եմ, քո Աստվածը, նախանձախնդիր Աստվածը», այլ կերպ ասած՝ «նախանձ Աստվածը»։

Դուք կհամաձայնեք, որ դա մեկն է հետևյալն ասելու եղանակներից․ «Ես Տերն եմ, քո Աստվածը, մանրոգի, մանրախնդիր Աստվածը, որն ամեն մի դատարկ բանից վիրավորվում է»։

Այս բառերում նախազգուշացում կա․ նրա համար անտանելի է այն միտքը, թե մի ուրիշ աստծու կարող է բաժին ընկնել թեկուզ մի մասը այն հաճոյախոսությունների, որ կիրակի օրը նրա վրա է տեղում տխմար, խղճուկ մարդկային ցեղը, այդ հաճոյախոսությունները նա ոչ ոքի հետ բաժանել չի ցանկանում։ Նա դրանք գնահատում է։ Դրանք նրա համար իսկական հարստություն են, ինչպես որ թիթեղյա դրամները զուլուսի համար։

Բայց սպասեք, ես այնքան էլ արդարացի չեմ նրա նկատմամբ․ ես սխալ եմ մեկնաբանում նրա բառերը, կանխակալությունը ինձ ստիպեց շեղվել ճշմարտությունից։ Չէ որ նա չասաց, թե մտադիր է իրեն պահել բոլոր գովասանքները․ նա բնավ էլ չհրաժարվեց դրանք մյուս աստվածների հետ բաժանելուց․ նա միայն ասաց․ «Եվ թող չունենաս դու ուրիշ աստվածներ իմ անձի հանդեպ»։

Սա միանգամայն այլ բան է և, պետք է խոստովանեմ, որ նրան ներկայացնում է շատ ավելի նպաստավոր լույսի ներքո։ Աստվածներ եղել են մեծ քանակությամբ, անտառները, ինչպես ասում են, լեփ֊լեցուն էին նրանցով, իսկ նա միայն պահանջում էր, որ իրեն դասեն մյուսների հետ միևնույն մակարդակին՝ ոչ բարձր, միայն թե ոչ ցածր։ Նա ուրախությամբ համաձայնում էր, որ մյուս աստվածները բեղմնավորեն երկրային կույսերին, միայն թե նույն պայմաններով, ինչպիսիք կարող էր պահանջել նա ինքը։ Նա ուզում էր, որ իրեն համարեն նրանց հավասար։ Այս բանը նա պնդում էր պարզ և աներկմտորեն․ միայն չէր ցանկանում, որ մյուս աստվածներն իրեն գերազանցեն։ Թող քայլեն նրա հետ միևնույն շարքում, միայն թե ոչ թափորի առջևից, և նա ինքն էլ չէր հավակնում նրանում առաջին տեղը գրավել։

Դուք կարծում եք, թե նա մինչև վերջ մնաց այդ արդարացի և իրեն պատիվ բերող տեսակետի՞ն։ Ո՛չ։ Վատ որոշումից նա կարող էր չնահանջել թեկուզ մի ամբողջ հավիտենություն, բայց լավը մոռանում էր մեկ ամիս չանցած։ Շուտով նա հրաժարվեց իր խոսքերից և սառնասրտորեն իրեն հայտարարեց միակ աստվածն ամբողջ տիեզերքում։

Ինչպես արդեն ասացի, այդ ամենի պատճառը խանդոտ նախանձն է․ այդ զգացումը գլխավոր դեր է խաղում նրա պատմության ամբողջ ընթացքում։ Դա նրա հոգևոր կերտվածքի հիմքերի հիմքն է, նրա բնավորության անկյունաքարը։ Ամեն մի մանրուք նրան հանում է հավասարակշռությունից, զրկում մտքի պարզությունից, բավական է, որ այն թեկուզ աննշան չափով դիպչի նրա խանդոտ նախանձին։ Վերջինս անվրեպ բոցավառվում է, հենց որ մի աննշան կասկած եղավ, թե ինչ֊որ մեկը պատրաստվում է ոտնձգություն կատարել նրա աստվածայնության մենաշնորհի դեմ։ Այն երկյուղը, թե Ադամն ու Եվան, ճաշակելով իմացության ծառի պտուղը, «աստվածների նման» կդառնան, այնպես բորբոքեց նրա խանդոտ նախանձը, որ նրա միտքը պղտորվեց, և նա այլևս չէր կարող դժբախտների հետ արդարացի կամ գթասիրտ վարվել և շարունակեց դաժանորեն ու հանցավոր կերպով իր զայրույթը թափել նույնիսկ նրանց անմեղ սերունդների վրա։

Մինչև այսօր էլ նրա դատողությունը դեռ չի սթափվել այդ ցնցումից․ այդ ժամանակից ի վեր նա մշտապես համակված է վրիժառության մոլուցքով և սպառել է իր ողջ բնական հնարամտությունը, հորինելով ամեն տեսակ տառապանքներ, աղետներ, նվաստացում ու վիշտ, որպեսզի դրանց միջոցով թունավորի Ադամի սերունդների կյանքի կարճատև տարիները։ Հիշենք, թե նա ինչ հիվանդություններ ասես, որ չհորինեց նրանց համար։ Դրանք անհամար են․ ոչ մի դասագիրք չի կարող տալ դրանց լրիվ ցուցակը։ Եվ այդ հիվանդություններից յուրաքանչյուր անմեղ զոհին հետամտող մի ծուղակ է։

Մարդը մեխանիզմ է։ Ինքն իրեն գործող մեխանիզմ։ Նա բաղկացած է հազարավոր բարդ և դյուրաբեկ մասերից, որոնք անթերի և միմյանց հետ լիակատար ներդաշնակությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ համաձայն հատուկ օրենքների, որոնց նկատմամբ մարդն ինքը ո՛չ իշխանություն ունի, ո՛չ վերահսկողություն։ Եվ այդ հազարավոր մասերից յուրաքանչյուրի համար Արարիչը հորինել է թշնամի, սրա վրա պարտականություն դնելով խանգարել այդ մասերին, փչացնել, աշխատելու հնարավորություն չտալ, կոտրել, ցավից տառապեցնել, ամեն կերպ վնաս հասցնել դրանց և, ի վերջո, լիովին ոչնչացնել։ Եվ արարիչը այդ մասերից ոչ մեկը բաց չթողեց։

Օրորոցից սկսած ու մինչև գերեզման այդ թշնամիներն անդադար հետապնդում են մարդուն․ դրանք հանգիստ չունեն ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։ Դա մի ամբողջ բանակ է, կանոնավոր բանակ, պաշարող բանակ, գրոհող բանակ, արթուն, ռազմաշունչ, անողոք բանակ, անընդհատ կռվող, ոչ մի տեսակ զինադադարի չհամաձայնող բանակ։

Նա շարժվում է դասակներով, վաշտերով, գումարտակներով, իսկ երբեմն էլ մարդկության վրա նետում իր բոլոր ուժերը միանգամից։ Դա Արարչի «Մեծ բանակն» է, և Արարիչը նրա գլխավոր հրամանատարն է։ Բանակի վրա, արեգակին մարտահրավեր նետելով, փողփողում են նրա իսկ պարզած դրոշները՝ «Աղետ, «Հիվանդություններ» և այլ նշանաբաններով։

Հիվանդություններ։ Ահա բանակի գլխավոր մարտական ջոկատը, որը երբեք չի նահանջում, իր ճանապարհին ջնջում է ամեն բան։ Նա հարձակվում է երեխայի վրա՝ նրա ծնվելուն պես, և մի հիվանդությունը փոխարինում է մյուսին՝ կապույտ հազ, կարմրուկ, խոզուկ, ստամոքսի խանգարում, ատամահանում, քութեշ և ուրիշ, հատկապես մանկական հիվանդություններ։ Այդ ջոկատը հետապնդում է երեխային, մինչև որ նա դառնում է պատանի, որի համար արդեն նախատեսված են նոր հիվանդություններ։ Նա հետապնդում է պատանուն մինչև նրա հասունանալը, իսկ հետո՝ ծերանալը, և, ի վերջո, նրան գերեզման է տանում։

Հիմա, մեր տրամադրության տակ ունենալով, այդ բոլոր փաստերը, փորձեք կռահել, թե մարդն ավելի հաճախ ինչպիսի՞ փաղաքշական անունով է կոչում այդքան դաժան գլխավոր հրամանատարին։ Ես ձեզ կօգնեմ, միայն տեսեք, որ չծիծաղեք․ «Մեր երկնային հա՛յր»։

Մարդկային տրամաբանության ուղիները չափազանց հետաքրքրական են։ Քրիստոնյան ելնում է հետևյալ պարզ, միանգամայն որոշակի ու աներկմիտ նախադրյալից՝ աստված ամենագետ է և ամենազոր։

Եթե այդպես է, ապա նա վաղուց գիտի ամեն բան, ինչ որ կատարվելու է, և ամեն բան կատարվում է միմիայն նրա բարեհաճությամբ ու կամոք։

Սա բավականաչափ պարզ է, այնպես չէ՞։ Եվ այդպիսի նախադրյալը Արարչի վրա է դնում պատասխանատվությունը աշխարհում կատարվող ամեն բանի համար, ճի՞շտ չէ։

Քրիստոնյան այդ բանն ընդունում է շղատառ ֆրազով։ Ընդունում է մեծ զգացումով, ցնծությամբ։

Այնուհետև, այդ եղանակով Արարչի վրա դնելով պատասխանատվությունը վերը թվարկված բոլոր տառապանքների, հիվանդությունների և դժբախտությունների համար, որ նա կարող էր կանխել, խելացի քրիստոնյան առանց տարակուսանքի նրան անվանում է «մեր հա՜յր»։

Բանը հենց այդպես է, ինչպես ձեզ պատմում եմ։ Մարդը Արարչին օժտում է այն բոլոր հատկություններով, որոնցից գոյանում է դևը, իսկ հետո հանգում է եզրակացության, որ դևն ու հայրը միևնույն բանն են։ Բայց այդ ամենով հանդերձ նա կժխտի, որ չարամիտ խելագարը և կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը իրենց էությամբ միևնույն բանն են։ Դեհ, ի՞նչ կասեք մարդկային բանականության մասին։ Այսինքն, այն դեպքում, եթե այդպիսին, ձեր կարծիքով, առհասարակ գոյություն ունի։

Յոթերորդ նամակ

Նոյը և նրա ընտանիքը փրկվեցին, չնայած այլ հարց է, թե դա որքանով էր նրանց համար լավ։ Ես այս վերապահությունն արեցի, որովհետև դեռ չի գտնվել մի խելացի վաթսունամյա մարդ, որը համաձայներ նորից ապրել իր կյանքը։ Կամ մեկ ուրիշինը։ Նոյը և նրա ընտանիքը փրկվեցին, դա ճիշտ է, բայց նրանք իրենց անտանելի վատ էին զգում, քանի որ նրանց մարմինները լի էին մանրէներով։ Լիքն էին ընդհուպ մինչև հոնքերը, գիրացել էին դրանցից․ փքվել էին օդապարիկների նման։ Դա ծայրահեղ տհաճ վիճակ էր, բայց ինչ կարող էին անել․ չէ որ անհրաժեշտ էր փրկել բավական քանակությամբ մանրէներ ապագա ամբողջ մարդկությանը մահաբեր հիվանդություններով ապահովելու համար, իսկ տապանի վրա կար միայն ութ անձ, որոնք կարող էին դրանց համար ապաստան լինել։ Մանրէները տապանի ամենաարժեքավոր բեռն էին, որի մասին Արարիչը ամենից շատ էր անհանգստանում, և որը նա ուղղակի պաշտում էր։ Նա պահանջում էր, որ մանրէներին կերակրեն որքան կարելի է սննդարար կերով և ապահովեն բոլոր հարմարություններով։ Տիֆի մանրէներին, խոլերայի մանրէներին, կատաղության մանրէներին, պրկախտի մանրէներին, թոքախտի մանրէներին, սև ժանտախտի մանրէներին ու էլի հարյուրավոր նույնպիսի արիստոկրատներին, աստծու սիրեցյալ արարածներին, մարդու նկատմամբ նրա սիրո ոսկե մունետիկներին, իր երեխաներին քնքուշ հոր տված օրհնյալ նվերներին՝ դրանց բոլորին հարկավոր էր շրջապատել շքեղությամբ և հյուրասիրել ամենաընտիր խորտիկներով։ Նրանց տեղավորեցին ամենահարմար սենյակներում, ինչպիսիք հաջողվեց գտնել Նոյի և նրա ընտանիքի փորոտիքում՝ թոքերում, սրտում, ուղեղում, երիկամներում, արյան, աղիների մեջ։ Ամենապերճաշուք առողջարան համարվում էին աղիները։ Հատկապես հաստ աղիները։ Այդտեղ մանրէները հավաքվում էին անհամար բազմություններով, թե՛ աշխատում էին, թե՛ կերակրվում, թե՛ խայտում, թե փառաբանական ու շնորհակալական սաղմոսներ երգում․ խաղաղ գիշերներին կարելի էր լսել նրանց օրհներգությունների մեղմ ձայները։ Հաստ աղիները, պարզապես ասած, նրանց դրախտն էին։ Դրանք լեփլեցուն էին նրանցով այնպես, որ կարծրացել էին, ինչպես գազախողովակի արմունկները։ Մանրէները դրանով հպարտանում էին։ Իրենց գլխավոր սաղմոսում նրանք մեծ գոհունակությամբ են հիշատակում այդ մասին։

Լուծ ու փորկապ մեզ օգուտ են,
Երանությո՜ւն մեր ցեղին,
Թող աղիները մարդկային
Փառաբանեն Արարչին։

Տապանի անհարմարությունները բազմաթիվ էին ու բազմազան։ Նոյը և նրա ընտանիքի անդամները հարկադրված էին ապրելու ամեն տեսակ գազանների հետ միասին, շնչելու նրանց գարշահոտությունը, խլանալու գիշեր ու ցերեկ չդադարող նրանց ոռնոցից ու կաղկանձից, էլ չեմ ասում տիկնանց լրացուցիչ անհարմարությունների մասին, որոնք հենց որ գլուխները շրջեին, պետք է տեսնեին, թե ինչպես հազարավոր զանազան արարածներ ծնվում էին ու բազմանում։ Իսկ ճանճե՜րը։ Սրանք առավոտից մինչև երեկո ամպի նման կախված էին ամենուրեք և հանգիստ չէին տալիս Նոյին ու նրա ընտանիքի անդամներին։ Առավոտները նրանք արթնանում էին բոլոր կենդանիներից ավելի վաղ, իսկ գիշերները հանգստանալու էին գնում վերջինը։ Բայց նրանց սպանել չէր կարելիս, չէր կարելի վնասել, որովհետև նրանք սուրբ էին, նրա սրտի հատորը։

Ժամանակի ընթացքում մնացած բոլոր արարածները պետք է իջնեին տապանից՝ մեկն այստեղ, մյուսն այնտեղ, և ցրվեին երկրի երեսով մեկ․ առյուծներին սպասում էր Հնդկաստանը, վագրերին և փղերին՝ ամայի անապատներն ու ջունգլիների խուլ թավուտները, թռչուններին՝ օդային անծայրածիր տարածությունները, միջատներին՝ այս կամ այն երկրամասը, նայած նրանց ճաշակին ու պահանջին։ Իսկ ճա՞նճը։ Նա ազգություն չունի․ աշխարհի բոլոր երկրները նրա համար հարազատ տուն են, ամբողջ երկրագունդը՝ նրա տիրույթը, բոլոր կենդանի արարածները՝ նրա ավարը, և նրանց բոլորի համար ինքը պատուհաս ու դահիճ է։

Իսկ մարդու համար նա աստվածային դեսպան է, լիազոր մինիստր, Արարչի անձնական ներկայացուցիչը։ Նա դզզում է մանկան օրորոցի վրա, սահում նրա փակ կոպերի վրայով, խայթում է նրան, սրտնեղություն պատճառում, զրկում քնից, իսկ նրա հոգնատանջ մայրը՝ վերջին ուժերից, որ նա ծախսում է արթուն հսկելու համար, ապարդյուն ջանալով իր մանկանը պաշտպանել այդ եգիպտական պատժի հետապնդումից։ Նա հոգեհան է անում հիվանդին տանը, հիվանդանոցում, նույնիսկ մահվան մահճում։ Նա մարդուն հանգիստ չի տալիս ուտելու ժամանակ, նախապես շփվելով որևէ նողկալի կամ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց հետ։ Նա նստում է մարդկանց խոցերին, իր թաթիկների վրա հավաքելով միլիոնավոր մահաբեր մանրէներ, իսկ հետո թռչում է առողջ մարդու սեղանին ու դրանք թափում կարագի վրա․ և տիֆաբեր մանրէները կղկղում են նրա հացին։ Տնային ճանճը ավելի շատ տառապանքներ է սերմանում և ավելի շատ մարդկային կյանք է ոչնչացնում, քան վշտի ու մահվան աստվածային բանբերների մնացած բոլոր անհամար զորքերը միասին վերցրած։

Սեմը լեփ֊լեցուն էր անկիլոստոմներով։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպիսի խորությամբ ու եռանդով է Արարիչն ուսումնասիրել մարդուն դժբախտացնելու մեծ արվեստը։ Ես արդեն հիշատակել եմ, որ նա հատուկ թշնամի է ստեղծել մարդկային օրգանիզմի յուրաքանչյուր մասի համար, չանտեսելով և ոչ մեկը, և ասել եմ զուտ ճշմարտությունը։ Շատ աղքատներ ստիպված են ոտաբոբիկ ման գալու, որովհետև մաշիկներ գնելու փող չունեն։ Արարիչն այստեղ էլ որսաց հարմար առիթը։ Ի դեպ, նշեմ, որ նա երբեք աղքատներին դուրս չի թողնում իր հոգատարությունից։ Նրա ստեղծած հիվանդություններից ինը տասներորդը նախատեսված է աղքատների համար․ և դրանք բոլորն էլ հասնում են հասցեատերերին։ Հարուստ մարդկանց բաժին են հասնում միայն խղճուկ փշրանքներ։ Չկարծեք, թե առանց մտածելու եմ ասում․ ոչ, այդպես չէ։ Արարչի ախտահարույց գյուտերի ճնշող մեծամասնությունը ստեղծված է աղքատների կյանքը անուրախ դարձնելու համար։ Դուք դա կկռահեք թեկուզ այն բանից, որ եկեղեցիներում քարոզ կարդալիս քահանաները շատ հաճախ Արարչին մեծարում են որպես «Աղքատների բարեկամ»։ Իսկ չէ որ այն գովասանքների մեջ, որ եկեղեցիներում մատուցվում են Արարչին, ոչ մի պարագայում չի լինում անգամ մեկ ճշմարիտ բառ։ Աղքատների ամենաանողոք և անգութ թշնամին նրանց Երկնային հայրն է։ Աղքատների միակ իսկական բարեկամը նրանց եղբայրակից մարդն է։ Սա կարեկցում է նրանց, խղճում է նրանց, և դա ապացուցում է իր արարքներով։ Սա ամեն կերպ աշխատում է մեղմել նրանց տառապանքները, և ամեն անգամ դրա համար Երկնային հորն են գովաբանում։

Ճիշտ այդպես է հարցը նաև հիվանդությունների հարցում։ Եթե գիտությունը ոչնչացնում է հիվանդությունը, որը հավատարմորեն ծառայում էր աստծուն, այդ սխրագործությունը վերագրում են այդ նույն աստծուն, և բոլոր եկեղեցական ամբիոններից հնչում է ցնծագին գովեստների ռեկլամային խմբերգը, և հավատացյալներին կոչ են անում մի ավելորդ անգամ համոզվելու, թե նա որքան բարի է։ Օ՜, այո, այդ «Նա» է արել։ Գուցե և մի հազար տարի ձգձգել է, նախքան այդ անելը։ Դատարկ բան․ եկեղեցին հավաստիացնում է, որ նա շարունակ այդ մասին է մտածել։ Երբ տանջված ժողովուրդը ապստամբում է, ջախջախում դարավոր բռնապետությունը և ազատագրում իր երկիրը, եկեղեցին անմիջապես ու ցնծությամբ դա հայտարարում է աստվածային ողորմածություն և բոլորին հրավիրում է ծունկ չոքել և դրա համար շնորհակալական աղոթք հղել աստծուն։ «Թող գիտենան բռնակալները, որ Արթուն աչքը հետևում է նրանց, և թող նրանք հիշեն, որ Տերն մեր Աստված հավիտյանս համբերատար չի լինի, այլ նշանակված օրը նրանց գլխին կպայթեցնի իր զայրույթի փոթորիկը»։

Եկեղեցին միայն մոռանում է հիշատակել, որ նրանցից ավելի դանդաղկոտ ոչ ոք չկա ամբողջ տիեզերքում, որ նա կարող է հանգիստ փակել իր Արթուն աչքը, և ոչ ոք տարբերությունը չի նկատի, եթե այդ Աչքի համար հարյուրամյակ է հարկավոր, որպեսզի տեսնի այնպիսի բաներ, որ սովորական աչքը կտեսներ մեկ շաբաթվա ընթացքում, որ ամբողջ պատմության մեջ չի գտնվի մեկ օրինակ, երբ նա առաջինը մի ազնիվ գործ կատարեր․ ամեն անգամ նա մի փոքր ուշանում է և մտադրվում է սխրագործություն կատարել միայն այն ժամանակ, երբ մեկ ուրիշը արդեն և՛ մտադրվել, և՛ կատարել է այն։ Բայց հենց այդտեղ էլ նա անպայման հանդես է գալիս և յուրացնում շահաբաժինը։

Ուրեմն այսպես․ վեց հազար տարի առաջ Սեմը լեփ֊լեցուն էր անկիլոստոմներով։ Չնչին մեծության, չզինված աչքով անտեսանելի։ Հիվանդությունների առավել մահաբեր աստվածային հարուցիչներն անտեսանելի են։ Դա մի ճարպիկ քայլ էր։ Այդ պատճառով էլ մարդը հազարամյակների ընթացքում չէր կարողացել հասնել իր հիվանդությունների արմատներին, ուստի և ի վիճակի չէր եղել հաղթահարելու դրանք։ Միայն նորերս գիտությանը հաջողվեց մերկացնել այդ ստոր խորամանկություններից մի քանիսը։

Գիտության վերջին օրհնյալ հաղթանակներից մեկը այն գաղտնի մարդասպանի հայտնաբերումն ու ճանաչումն է, որը կոչվում է անկիլոստոմ։ Սրա սիրած որսը ոտաբոբիկ աղքատներն են։ Սա թաքնվում է տաք ավազի մեջ և, կրծելով, իր համար ճանապարհ է բացում նրանց անպաշտպան ոտների մեջ։

Անկիլոստոմը երկու֊երեք տարի առաջ հայտնաբերեց մի բժիշկ, որը երկար տարիներ էր նվիրել դրա զոհերի համբերատար ուսումնասիրմանը։ Անկիլոստոմի առաջացրած հիվանդությունը իր նողկալի գործը կատարում էր ամբողջ երկրագնդում այն ժամանակից ի վեր, երբ Սեմը ափ իջավ Արարատի վրա, բայց ոչ ոք անգամ չէր կասկածում, որ դա հիվանդություն է։ Դրանով տառապողներին ուղղակի համարում էին ծույլեր, ուստի և նրանց արհամարում էին, ծաղրում, մինչդեռ նրանց խղճալ էր հարկավոր։ Անկիլոստոմը հատկապես ստոր և անազնիվ գյուտ էր, որն անարգել կերպով չարիք էր պատճառում երկար դարերի ընթացքում, բայց հիմա այդ բժիշկը և նրա օգնականները մեկընդմիշտ վերջ կտան դրան։

Բայց, իհարկե, նրանց թիկունքին կանգնած է աստվածը։ Ահա արդեն վեց հազար տարի է, ինչ նա մտադրվում է ոչնչացնել անկիլոստոմին, բայց ոչ մի կերպ չի կարողանում վերջնական որոշում կայացնել։ Գաղափարը նրան է պատկանում։ Քիչ էր մնացել, որ նա այն իրականացներ ավելի շուտ, քան դա կհաջողվեր բժիշկ Չարլզ Ուորդել Սթայլսին։ Բայց, այնուամենայնիվ, այդ հայտնագործության պատիվը իրեն վերագրել նա կարողացավ։ Այդպիսի դեպքերում նա երբեք չի ուշանում։

Դա մեկ միլիոն դոլար կնստի։ Հնարավոր է, որ աստված էլ հենց պատրաստվում էր զոհաբերել այդ գումարը, բայց, ինչպես սովորաբար, առաջ անցավ մարդը։ Պարոն Ռոկֆելլերը։ Նա տրամադրում է անհրաժեշտ միլիոնը, բայց պատիվը կհասնի ուրիշին, դարձյալ ինչպես սովորաբար։ Այսօրվա լրագրերը մեզ որոշ բան պատմում են անկիլոստոմի գործունեության մասին։

«Այդ մակաբույծները հաճախ այնքան են նվազեցնում հիվանդների օրգանիզմի կենսագործունեությունը, որ նույնիսկ կասեցնում են նրանց ֆիզիկական ու մտավոր զարգացումը, նրանց դարձնում են ուրիշ հիվանդություններին ավելի ընկալունակ, պակասեցնում են նրանց աշխատունակությունը, իսկ այն մարզերում, որտեղ հիվանդությունը հատկապես տարածված է, նկատելիորեն բարձրացնում են մահացությունը թոքախտից, թոքաբորբից, տիֆից ու դողէրոցքից։ Ապացուցված է, որ բազմաթիվ մարդկանց ցածր կենսագործունեությունը, որ առաջ բացատրվում էր դողէրոցքով ու կլիմայով և լրջորեն ազդում էր համապատասխան շրջանի տնտեսական զարգացմանը, իրականում առաջացրել են այդ մակաբույծները։ Այդ հիվանդությունը բնավ էլ միայն մեկ դասակարգին չէ հատուկ․ այն տառապանքների ու մահվան տուրք է գանձում և՛ հարուստ, և՛ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանցից ճիշտ այնպես, ինչպես որ նրանց պակաս երջանիկ եղբայրներից։ Ամենահամեստ հաշվարկներով, մոտ երկու միլիոն մեր համաքաղաքացիներ ախտահարված են այդ մակաբույծով։ Ավելի հաճախ այդ հիվանդությունը հանդիպում է դպրոցական տարիքի երեխաների մոտ, և հիվանդության ընթացքն էլ նրանց մոտ շատ ավելի լուրջ է լինում։

Թեև այդ հիվանդությունը լայնորեն տարածված և վտանգավոր է, մենք կարող ենք հույսով նայել ապագային։ Հիվանդությունը հեշտությամբ ճանաչվում, առանց դժվարության բուժվում և սանիտարական ամենահասարակ միջոցներով արդյունավետորեն կանխվում է (աստծու օգնությամբ)»։

Ինչպես տեսնում եք, Արթուն աչքը եևեռված է աղքատների երեխաներին։ Բոլոր ժամանակներում դա, ի դժբախտություն նրանց, այդպես է եղել։ Ո՛չ նրանց, ո՛չ էլ «աստծու աղքատներին», եթե ասելու լինենք հաճախ գործածվող ծաղրական արտահայտությամբ, ոչ մի անգամ չի հաջողվել խույս տալ Աչքի արթուն ուշադրությունից։

Այո՛, խոնարհ, տգետ աղքատները՝ ահա՛ թե ում են ամբողջությամբ բաժին ընկնում այդ բարիքները։ Իբրև օրինակ վերցնենք աֆրիկյան «քնախտը»։ Այդ դաժանագույն տառապանքին ենթարկվում են տգետ ու անշառ սևամորթները, որոնց աստված բնակեցրեց խուլ թավուտներում, որպեսզի այնուհետև նրանց վրա ուղղեր իր հայրական Աչքը, որը երբեք չի ննջում, եթե առիթ է ստեղծվում տհաճություն պատճառելու որևէ մեկին։ Այդ մարդկանց մասին նա հոգացել էր մինչև Ջրհեղեղը։ Նա իրեն կամակատար ընտրեց ճանճին՝ ցեցե ճանճի ազգականուհուն, որն իշխում է Զամբեզ գետի ավազանում, մահ սփռելով եղջերավոր անասունների ու ձիերի մեջ և, այդպիսով, այդ հովիտը դարձնելով մարդկանց համար ոչ պիտանի։ Իսկ ցեցե ճանճի սարսափելի ազգականուհին քնախտ տարածող մանրէներ է տարածում։ Քամը լեփ֊լեցուն է մանրէներով, և ցամաք իջնելով, դրանք տարածեց ամբողջ Աֆրիկայում, որից հետո սարսափելի համաճարակը մոլեգնում էր վեց հազար տարի, մինչև որ գիտությունը, վերջապես, թափանցեց գաղտնիքի մեջ և հայտնաբերեց հիվանդության հարուցիչը։ Բարեպաշտ ազգերը հիմա շնորհակալություն են հայտնում աստծուն և նրան փառաբանում են, որ նա օգնության հասավ իր նեգրերին։ Քահանաները բացատրում են, թե գավաբանել հարկավոր է հենց նրան, որովհետև հենց նա է լուսավորել գիտնականներին։ Հիրավի, նա բավականաչափ տարօրինակ էակ է։ Նա հղանում է մի ամենանողկալի հանցագործություն, վեց հազար տարի անդադար այն իրականացնում է, իսկ հետո պահանջում է իրեն գովաբանել այն բանի համար, որ ինքը մեկին իրավունք է տվել վերջ դնելու այդ չարագործությանը։ Նրան համբերատար են անվանում, և նա իրոք գերհամբերատար է, այլապես արդեն շատ վաղուց ավերած կլիներ բոլոր եկեղեցիները այն ավելի քան երկիմաստ գովասանքների համար, որ այնտեղ մատուցում են իրեն։

Ահա թե ինչ է ասում գիտությունը քնախտի մասին, որն այլ կերպ կոչվում է նեգրական լեթարգիա․

«Այն բնութագրվում է քնկոտության ընդմիջվող նոպաներով։ Հիվանդությունը տևում է չորս ամսից մինչև չորս տարի և միշտ վերջանում է մահով։ Սկզբում հիվանդը թոշնում է, թուլանում, գունատվում և բթանում։ Նրա կոպերը ուռչում են, մաշկի վրա ցան է առաջանում։ Նա քնում է խոսելիս, ուտելիս և աշխատանքի ժամանակ։ Հիվանդության զարգանալուն համեմատ նա դադարում է ուտել և աստիճանաբար կատարելապես հյուծվում է։ Այնուհետև պառկելախոցեր են առաջանում, որոնց հաջորդում են ջղաձգությունները և մահը։ Որոշ հիվանդներ կորցնում են գիտակցությունը»։

Եվ հենց նա, ում եկեղեցին և մարդիկ անվանում են «մեր երկնային Հայր», հենց նա է ստեղծել այդ նողկալի ճանճին և նրան ուղարկել պատճառելու այդքան երկար տառապանքներ, տարածելու թախիծ ու վիշտ, սպանելու խեղճ վայրենիների մարմինն ու հոգին, նրան, ովքեր ոչ մի չարիք չեն պատճառել Ամենաոճրագործին։ Աշխարհում չկա մի մարդ, որը չխղճա թշվառ սևամորթ տառապյալին, և չկա աշխարհում մի մարդ, որը ուրախ չլինի նրան բուժելու համար։ Որպեսզի գտնեք նրան, ով չի խղճում սևամորթին, դուք պետք է երկինք ուղևորվեք, և հենց այնտեղ պետք է ուղևորվեք, եթե ուզում եք գտնել նրան, ով կարող էր բուժել թշվառին, բայց չնայած բոլոր թախանձանքներին, չի ցանկանում անել այդ։ Կա միայն մե՛կ հայր, այնքան դաժան, որ իր երեխային դատապարտի այդպիսի հիվանդության, միայն մեկը։ Նման երկրորդին ողջ հավերժությունն էլ չի կարող ստեղծել։ Ձեզ դո՞ւր է գալիս բանաստեղծական տողերով արտահայտված կիզիչ զայրույթը։ Ահա ստրուկի սրտից դուրս թռած այդպիսի մի ճիչ․

Այդպես է մարդը մարդու հանդեպ՝
Անսահման դաժան։

Ես ձեզ կպատմեմ մի շատ գողտրիկ ու, թերևս, նույնիսկ հուզիչ պատմություն։ Մի մարդու վրա երանություն իջավ, և նա քահանային հարցրեց, թե ինքն ինչպես պետք է ապրի, որ չարատավորի իր հավատը։ Քահանան ասաց․ «Ընդօրինակիր մեր Երկնային հորը, սովորիր լինել այնպիսին, ինչպիսին նա է»։ Այդ մարդը մանրամասնորեն ուսումնասիրեց Աստվածաշունչը, իսկ այնուհետև աղոթելով, որ աստված իրեն խրատի, սկսեց ընդօրինակել նրան։ Նա այնպես արեց, որ իր կինն աստիճաններից վայր ընկնի, մեջքը կոտրի ու մինչև կյանքի վերջը այլևս չկարողանա շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ էլ ոտքը, նա իր եղբորը մի խարդախի ձեռքը գցեց, որը նրան կողոպտեց և անկելանոցի դուռը հասցրեց, նա իր մի որդուն վարակեց անկիլոստոմով, մյուսին՝ քնախտով, իսկ երրորդին՝ սուսանակով, մի աղջկան նա քութեշ շնորհեց, և սա փոքր հասակից մնաց կույր և խուլ ու համր, իսկ հետո նա մի սրիկայի օգնեց հրապուրել իր երկրորդ աղջկան և սրան տնից վռնդեց, այնպես որ սա մեռավ պոռնկատանը, նզովելով հորը։ Հետո նա այդ ամենը պատմեց քահանային, որն ասաց, թե Երկնային հորը այդպես չեն ընդօրինակում։ Իսկ երբ բարեպաշտ աշխատավորը հարցրեց, թե որն է իր սխալը, քահանան խոսքը փոխեց և հետաքրքրվեց, թե նրանց փողոցում ինչպիսի եղանակ է։

Ութերորդ նամակ

Մարդը, անկասկած, ամենահետաքրքիր հիմարն է, ինչպիսին միայն կարելի է երևակայել։ Եվ ամենատարօրինակը։ Նրա բոլոր գրված օրենքները, անկախ այն բանից՝ զետեղված են դրանք, Աստվածաշնչում թե ոչ, ունեն միայն մեկ նպատակ, մեկ դեր՝ սահմանափակել կամ վերացնել աստծու օրենքը։

Ցանկացած ամենաակնհայտ փաստից նա անպայման սխալ հետևություն կանի։ Եվ դա նրանից չի կախված․ այդպես է կառուցված այն խառնաշփոթությունը, որ նա իր բանականությունն է համարում։ Տեսեք, թե ի՞նչ նախադրյալներ է նա ընդունում և դրանցից ինչպիսի անակնկալ հետևություններ անում։

Օրինակ, նա ընդունում է, որ մարդուն աստված է ստեղծել։ Ստեղծել է առանց մարդու համաձայնության և առանց նրա հետ խորհրդակցելու։

Այստեղից կարծես թե անհերքելիորեն հետևում է, որ աստված և միայն աստված է պատասխանատվություն կրում մարդու արարքների համար։ Բայց մարդը ժխտում է այդ։

Նա ընդունում է, որ աստված հրեշտակներին ստեղծել է որպես կատարելություններ, առանց որևէ թերության, տառապանքի ու մահվան համար անհասանելի, ընդունում է, որ աստված, եթե ցանկանար, կարող էր նրան՝ մարդուն էլ այդպիսին ստեղծել, բայց ժխտում է, որ աստված բարոյապես պարտավոր էր անել այդ բանը։

Նա ընդունում է, որ ոչ մի հայր իրավունք չունի գիտակցորեն իր երեխային դատապարտելու անիմաստ տառապանքների, հիվանդությունների ու մահվան, բայց այն կարծիքին է, որ աստված լիակատար իրավունք ունի իր երեխաների նկատմամբ դատաստան տեսնելու այնպես, ինչպես ինքը հարմար կհամարի։

Աստվածաշնչյան և մարդկային օրենքները արգելում են սպանությունը, ամուսնական անհավատարմությունը, անառակությունը, ստախոսությունը, դավաճանությունը, կողոպուտը, բռնակալությունը և ուրիշ հանցագործություններ, բայց համարվում է, որ աստված այդ օրենքներից վեր է կանգնած և կարող է դրանք խախտել, երբ հարմար համարի։

Նա ընդունում է, որ աստված յուրաքանչյուր մարդու օժտում է խառնվածքով և բնավորությամբ․ ընդունում է, որ մարդը հնարավորություն չունի փոխելու իր բնավորությունը և հարկադրված է միշտ ենթարկվելու նրա թելադրանքներին։ Բայց միաժամանակ արդարացի և բանական է համարվում հանցագործությունների համար պատժել այն մարդուն, որն օժտված է անհաղթահարելի կրքերով, իսկ նման կրքերից զուրկ մարդուն պարգևատրել այն բանի համար, որ նա այդպիսի հանցագործություններ չի կատարում։

Եկեք ավելի մանրամասն քննության առնենք այս անհեթեթությունները։

Խառնվածք (բնական հակումներ)։

Վերցնենք երկու հակադիր խառնվածքներ՝ այծինը և կրիայինը։

Այս երկու էակներն էլ իրենք չեն ստեղծել իրենց խառնվածքը, այլ ծնվել են դրանով, ճիշտ այնպես, ինչպես որ մարդը, և մարդու նման էլ ընդունակ չեն այն փոխելու։

Խառնվածքը աստծու օրենք է, որ յուրաքանչյուր կենդանի էակի սրտում գրված է աստծու իսկ ձեռքով, և դրա թելադրանքները պետք է կատարվեն ու կկատարվեն հակառակ բոլոր արգելքների ու սահմանափակումների՝ ումից էլ որ դրանք բխեն։

Հիանալի է։ Տռփանք՝ այս է այծի գերակշռող գիծը, աստծու օրենքը, որ գրված է այծի սրտում, այծ, որը պետք է կատարի նրա թելադրանքները և կատարում է ամբողջ ամուսնական ժամանակաշրջանում, կանգ չառնելով ո՛չ ուտելու, ո՛չ էլ խմելու համար։ Եթե Աստվածաշունչն այծին հրամայեր․ «Անառակություն մի արա, մի դավաճանիր, ապա նույնիսկ մարդը, դատարկագլուխ մարդը, կընդուներ նման արգելքի ողջ անհեթեթությունը և կհամաձայներ, որ այծը ենթակա չէ պատժվելու, քանի որ նա միայն կատարում է իր Արարչի օրենքը։ Բայց այդ նույն մարդը ճիշտ և արդարացի է համարում, երբ նման արգելք է դրվում մարդկանց վրա։ Բոլոր մարդկանց։ Բոլորի վրա՝ հավասարապես և առանց բացառության։

Դրա անհեթեթությունն ակնհայտ է, քանի որ խառնվածքով՝ աստծու ճշմարիտ օրենքով, շատ տղամարդիկ նման են այծերին և անառակություն են անում ամեն մի հարմար առիթով՝ ուզում են իրենք այդ թե ոչ, և միաժամանակ կան ոչ քիչ թվով տղամարդիկ, որոնց նրանց խառնվածքը թույլ է տալիս մաքրություն պահպանել և բաց թողնել այդպիսի հարմար առիթը, եթե կինը այնքան էլ գրավիչ չէ։ Բայց Աստվածաշունչը արգելում է անառակությունն ընդհանրապես, հաշվի չառնելով, թե արդյոք մարդն ի վիճակի է ժուժկալելու։ Աստվածաշունչը տարբերություն չի դնում այծի ու կրիայի միջև՝ կրակոտ այծի, կրքոտ այծի, որը հալումաշ կլինի ու կսատկի, եթե ամեն օր մի երկու անառակություն չանի, ու կրիայի միջև, այդ պաղարյուն, անվրդով պուրիտանի, որն այդ բավականությունը իրեն թույլ է տալիս միայն երկու տարին մեկ անգամ, իսկ հետո էլ, դրա ամենաբուռն պահին, քնում է, և արթնանում է երկու ամսից ոչ շուտ։ Այծի թույլ սեռի ոչ մի ներկայացուցչուհի չի կարող իրեն հանցափորձից ապահովված համարել անգամ Շաբաթ օրը, եթե երեք մղոն հեռավորության վրա ինչ֊որ տեղ հողմահակառակ կողմում գտնվում է մի սիրալիր այծ, և նրանց ոչ մի բան չի բաժանում, բացի տասնչորս ոտնաչափ բարձրության ցանկապատից։ Միևնույն ժամանակ ո՛չ ասպետ կրիան, ո՛չ էլ տիկին կրիան երբեք չեն զգում մարմնական հաճույքի այնպիսի ուժեղ պահանջ, որ հանուն դրա խախտեն Շաբաթ օրը։ Եվ ահա, մարդկային յուրահատուկ տրամաբանությամբ, այծը արժանի է պատժի, իսկ կրիան՝ գովասանքի․․․

«Մի շնանա՛ր», ― այս պատվիրանը ոչ մի խտրություն չի դնում այն անձանց միջև, որոնց ցուցակը բերվում է ստորև։ Այդ պատվիրանը պարտավոր են խստագույնս պահպանել՝

Նորածինները․

Մանուկները․

Դպրոցական տարիքի երեխաները․

Պատանիներն ու աղջիկները․

Ավելի տարիքավորները․

Քառասուն․

Հիսուն․

Վաթսուն․

Յոթանասուն․ Ութսուն․

Իննսուն․

Հարյուր և ավելի տարեկան տղամարդիկ ու կանայք։

Այդ պատվիրանի ծանրությունը շատ անարդար է բաշխվում, և այլ կերպ չի էլ կարող լինել։

Առաջին երեք՝ մանկական կարգերի համար այն պահպանելը դժվար չէ։

Բայց դժվար, ավելի ու ավելի դժվար է հաջորդն երեք կարգերի համար, տանջալիորեն դժվար։

Հաջորդ երեք կարգերի համար դրա պահպանումը բարերարորեն ավելի ու ավելի է հեշտանում։

Այժմ արդեն այս պատվիրանը պատճառել է այն ամբողջ չարիքը, ինչի ընդունակ էր, և հարկավոր է դա առհասարակ դեն նետել։ Բայց ո՜ւր, անմիտ համառությամբ այն իր անգութ արգելքը դնում է նաև մնացած չորս կարգերի վրա։ Այդ հալիծ ընկած զառամյալները որքան էլ որ ուզեն, չեն կարող այն խախտել։ Եվ նկատի առեք՝ նրանց գովում են այն բանի համար, որ առաքինությամբ հեռու են մնում շնությունից։ Եվ շատ իզուր․ ախր Աստվածաշունչը վկայում է, որ իր նկարագրած ծերունիներից ամենազառամյալը հենց որ մեկ ժամով հետ ստանար երբեմնի ուժերը, այդ պատվիրանը գրողի ծոցը կուղարկեր և կկործաներ առաջին իսկ պատահած կնոջը, անգամ եթե նրան ներկայացված չլիներ։

Բանը հենց այնպես է, ինչպես ես ասացի՝ Աստվածաշնչի բոլոր սահմանումները և օրենքների ամեն տեսակ հավաքածուները ուղղակի փորձ են վերացնելու աստծու օրենքը, այսինքն՝ բնության անփոխարինելի ու անխախտ օրենքը։

Այդ մարդկանց աստվածը իր միլիոնավոր գործերով նրանց ցույց է տվել, որ չի հարգում Աստվածաշնչի սահմանումները։ Նա ինքն է խախտում բոլոր՝ թե՛ անառակությանը վերաբերող և թե՛ այլ պատվիրանները։

Աստծու օրենքը, որ պարզ արտահայտված է կնոջ օրգանիզմի կառուցվածքի մեջ, հետևյալն է ասում․ թող ոչ մի սահմանափակում չդրվի մյուս սեռի հետ քո հարաբերությունների վրա՝ քո կյանքի ցանկացած շրջանում։

Աստծու օրենքը, որ պարզ արտահայտված է տղամարդու օրգանիզմի կառուցվածքի մեջ, ասում է՝ քո ամբողջ կյանքում սեռական տեսակետից դու կկրես ամեն տեսակ սահմանափակումներ ու արգելքներ։

Տղամարդը սեռական հարաբերության ընդունակ է միայն կարճ ժամանակ, և այն էլ խիստ չափավոր։ Նա դրան ընդունակ է տասնհինգ֊տասնվեց տարեկանից ու այնուհետև երեսունհինգ տարի։ Հիսուն տարեկանից հետո նրա գործերն ավելի ու ավելի վատ են ընթանում, ավելի ու ավելի մեծ ընդհատումներով, և այն բավականությունը, որ ստանում են երկու կողմերը, խիստ տարակուսելի է, մինչդեռ նրա նախատատը, ասես, նոր է միայն սկսում։ Սրա մեխանիզմը լիակատար սարքին է։ Սրա մոմակալն առաջվա նման ամուր է, մինչդեռ տղամարդու մոմը անցնող տարիների ազդեցության տակ գնալով փափկում, հալվում է, մինչև որ, ի վերջո, այլևս չի կարողանում կանգնել, հույս դնելով երանելի հարության վրա, որն այդպես էլ երբեք տեղի չի ունենում։

Բայց կնոջ օրգանիզմն այնպես է կառուցված, որ նրա մեխանիզմը շարքից դուրս է գալիս յուրաքանչյուր ամիս երեք օրով և մի որոշ ժամանակ էլ հղիության շրջանում։ Դրանք այն օրերն են, որ կինը իրեն վատ է զգում, իսկ երբեմն էլ նույնիսկ ուժգնորեն տառապում է։ Որպես արդար ու օրինական փոխհատուցում նա ստանում է անսահմանափակ անառակության բարձր արտոնություն իր կյանքի մնացած բոլոր օրերի համար։

Այսպիսին է աստծո օրենքը, որ դրսևորվում է կնոջ օրգանիզմի կառուցվածքի մեջ։ Բայց կնոջն ի՞նչ է տալիս այդ բարձր արտոնությունը։ Արդյո՞ք նա ապրում է, ազատորեն օգտվելով այդ արտոնությունից։ Ո՛չ։ Աշխարհում ոչ մի տեղ դա նրան չի թույլատրվում։ Ամենուրեք նրան բռնությամբ զրկում են այդ արտոնությունից։ Իսկ ո՞վ է դրանում մեղավոր։ Տղամարդը։ Տղամարդու հնարած օրենսգրքերը, եթե Աստվածաշունչն իրոք Աստծու խոսքն է։

Ահա ձեզ փայլուն օրինակ մարդկային «տրամաբանության», ինչպես նրանք են արտահայտվում։ Տղամարդը նկատում է որոշակի փաստեր։ Օրինակ, որ իր կյանքում չի եղել մի այնպիսի օր, երբ ինքը կարողանար բավարարել մեկ կնոջ, ու ճիշտ նմանապես էլ կնոջ կյանքում չի եղել մի օր, երբ նա չկարողանար գերհոգնեցնել, քայքայել ու շարքից հանել իր հետ անկողնում պառկած մի տասնյակ տղամարդկային մեխանիզմներ։[1] Նա համադրում է զարմանալիորեն պարզ և ինքնըստինքյան հասկանալի այդ փաստերը ու դրանից անում հետևյալ զարմանալի հետևությունը՝ Արարիչը որոշեց կնոջը սահմանափակել մեկ տղամարդով։

Այնուհետև նա այդ ավելի քան տարօրինակ հետևության վրա կառուցում է մի հավերժական օրենք։

Եվ այդպես վարվում է առանց կնոջ հետ խորհրդակցելու, թեև կինը նրանից հազարապատիկ ավելի է շահագրգռված այդ հարցի ճիշտ լուծմամբ։ Տղամարդու բազմանալու ընդունակությունը սահմանափակված է միջին հաշվով տարեկան հարյուր վարժությամբ՝ հիսուն տարվա ընթացքում․ մինչդեռ կինը ընդունակ է տարեկան երեք հազար վարժության՝ այդ ամբողջ ժամանակաընթացքում, որ նրան վիճակված է ապրել։ Այսպիսով, տղամարդու ռենտան նրա ամբողջ կյանքի ընթացքում կազմում է հինգ հազար հաճելի խորտիկ, իսկ կնոջը՝ հարյուր հիսուն հազար, և, այնուամենայնիվ, փոխանակ օրենքի սահմանումը ազնվորեն ու վեհանձնաբար տրամադրելու այն անձնավորությանը, որի համար դա շատ կարևոր նշանակություն ունի, դրանից ոչ մի բան չկորցնող այդ նողկալիագույն կռտած խոզն ինքն է այն կազմում։

Իմ նախորդ խրատներից դուք կարող էիք հետևություն անել, որ տղամարդը հիմարի մեկն է․ հիմա ձեզ հայտնի դարձավ, որ կինը դիվային հիմար է։

Այ եթե դուք, կամ էլի ինչ֊որ իսկապես խելոք մեկը զբաղվեիք տղամարդու և կնոջ ազնիվ ու արդարացի փոխհարաբերությունների սահմանմամբ, դուք մեկ տղամարդուն կտայիք մեկ կնոջից երկտոկոսանոց բաժին, իսկ կնոջը կտրամադրեիք մի ամբողջ հարեմ։ Ճիշտ չէ՞, արդյոք։ Ինքնին հասկանալի է։ Ուրեմն պատկերացրեք, որ ճլորած մոմով այդ անասունը ամեն բան սարքել է ուղիղ հակառակ ձևով։ Սողոմոնը՝ աստծու սիրեցյալներից մեկը, իր տրամադրության տակ ուներ զուգավորման առանձնատուն, ուր հավաքված էին յոթ հարյուր կանայք և երեք հարյուր հարճեր։ Անգամ մահվան սպառնալիքի տակ նա չէր կարողանա ինչպես հարկն է բավարարել այդ մատաղ արարածներից թեկուզ երկուսին, թեև նրան այդ գործում օգնում էին ևս տասնհինգ փորձագետներ։ Հետևաբար, համարյա ամբողջ հազար հոգի հարկադրված էր տարիներ շարունակ սովահար լինել։ Պատկերացրեք, թե ինչպիսի քար սիրտ պետք է ունենա այդ մարդը, որ կարող է ամեն օր տեսնել նման տառապանքներ և ոչինչ չանել դրանք մեղմելու համար։ Իսկ նա անմիտ դաժանությամբ է՛լ ավելի սաստկացրեց այդ անմեղ կանանց տանջանքները, նրանց վրա կարգելով պնդակազմ պահակներ, այնպես որ խեղճ կանանց բերանի ջուրը հոսում էր, երբ տեսնում էին հոյակապ կազմվածքով այդ երիտասարդներին, որոնք, սակայն, ոչնչով չէին կարող մխիթարել մոմակալներին, քանի որ ներքինիներ էին։ Ներքինին այն տղամարդն է, որի մոմը հանգցված է։ Հանգցված է արհեստականորեն։[2]

Հետագայում ես ժամանակ առ ժամանակ քննության կառնեմ Աստվածաշնչի առանձին օրենքները և ձեզ ցույց կտամ, որ դրանք ամեն անգամ ուղղակիորեն խախտում են աստծու որևէ օրենքը, որից հետո ընկնում են զանազան երկրների օրենսգրքերի մեջ և ամրապնդում են այդ խախտումը։ Սակայն ամեն բան իր ժամանակն ունի, շտապելու կարիք չկա։

Իններորդ նամակ

Տապանը, շարունակելով իր նավարկությունը, լողում էր ջրերի վրա առանց կողմնացույցի ու առանց ղեկի, որպես քամիների ու սրընթաց հոսանքների բերանն ընկած մի խաղալիք։ Եվ ամբողջ ժամանակ անձրև, անձրև ու անձրև։ Այն տեղում էր, ծեծկում, ողողում։ Այդպիսի անձրև դեռ երբեք չէր եղել։ Առաջներում երբեմն լինում էին օրական մինչև տասնվեց մատնաչափ տեղումներ։ Բայց սա չտեսնված մի բան էր՝ օրական հարյուր քսան մատնաչափ, իսկ դա ամբողջ տասը ոտնաչափ է։ Եվ ահա, այդ աներևակայելի անձրևը տեղում էր քառասուն օր ու գիշեր, այնպես որ ծածկել էր մինչև չորս հարյուր ոտնաչափ բարձրությամբ բոլոր բլուրները։ Բայց այստեղ երկինքն ու անգամ հրեշտակներն էլ բոլորովին ցամաքեցին, և ջուր այլևս ոչ մի տեղից վերցնել չէին կարող։

Դա այնքան էլ հաջող Տիեզերական ջրհեղեղ չէր, բայց ոչնչով չէր զիջում ուրիշ բազմաթիվ Տիեզերական ջրհեղեղների, որ վկայագրված են բոլոր ժողովուրդների աստվածաշնչերում։

Ի վերջո տապանը վեր սլացավ և իջավ Արարատ լեռան գագաթին՝ հովտի մակերևույթից տասնյոթ հազար ոտնաչափ բարձրության վրա։ Նրա կենդանի բեռը ազատ արձակվեց և սարից ցած իջավ։

Նոյը խաղողի այգի տնկեց, խմեց ստացած գինին ու լիովին ապուշ կտրեց։

Աշխարհի ամբողջ բնակչությունից նա ընտրվեց, որովհետև նրանից լավ մեկ ուրիշը չէր գտնվել։ Նա պետք է նոր հիմքի վրա դներ նոր մարդկության սկզբնավորումը։ Հենց այդ էլ, ահա, եղավ նոր հիմքը։ Նախանշանն անչափ վատը ստացվեց։ Փորձը շարունակել, նշանակում էր ենթարկվել մեծ և միանգամայն իզուր փորձության։ Հասել էր այդ բազմության հետ նույնպիսի իմաստնությամբ վարվելու պահը, ինչպես վարվել էին նրանց նախորդների հետ, այսինքն՝ ջրահեղձ անել։ Յուրաքանչյուր ոք, բացի Արարչից, կհասկանար դա։ Բայց նա չհասկացավ։ Այսինքն, գուցե չհասկացավ։

Պնդում են, թե ի սկզբանե նա կանխատեսել էր այն ամենը, ինչ պետք է կատարվեր աշխարհում։ Եթե դա ճշմարիտ է, ուրեմն նա կանխատեսել էր, որ Ադամն ու Եվան պետք է ճաշակեին խնձորը․ որ նրանց սերունդն անասելի վատը պետք է լիներ և հարկ կլիներ նրան ջրահեղձ անել․ որ Նոյի սերունդն իր հերթին անասելի վատը պետք է լիներ և որ ժամանակի ընթացքում նա ինքն էլ ստիպված պետք է թողներ իր երկնային գահը, իջներ երկիր և խաչելության ենթարկվեր այդ տաղտկալի մարդկությանը ևս մեկ անգամ փրկելու համար։ Փրկել ամբողջովի՞ն։ Ո՛չ։ Նրա մի մա՞սը։ Այո՛։ Իսկ ո՞ր մասը։ Մեկ սերունդ կազմող միլիարդ մարդիկ հարյուրավոր անգամ, իրենց տեղը զիջելով նոր սերնդին, կգնան հավիտենապես կործանվելու, ամբողջ միլիարդը, բացառությամբ մոտավորապես մի տասը հազար ընտրյալների։ Այդ տասը հազարին էլ հարկ կլիներ ջոկել մի աննշան խումբ քրիստոնյաներից, բայց այդ խմբից էլ փրկության հավանականություն կունենա յուրաքանչյուր հարյուրերորդը միայն, միայն այն կաթոլիկները, որոնք կհաջողացնեն մահվան ժամին ունենալ քահանա, որպեսզի սա հղկաքարով մաքրի նրանց, ու էլի մի երկու֊երեք երեցների հոգիները։ Մնացած բոլորը փրկության ենթակա չեն։ Մնացած բոլորը անիծյալներ են։ Միագումար՝ մեկական միլիոնով։

Մի՞թե դուք կհամաձայնեք, որ այդ ամենը նա նախատեսել էր։ Այդպես է պնդում եկեղեցին։ Բայց չէ որ դրանով իսկ նա պնդում է, որ իր աստվածը մտավոր տեսակետից Առաջին աղքատն է տիեզերքում, իսկ բարոյական տեսակետից կանգնած է Դավիթ թագավորի մակարդակի վրա։

Տասներորդ նամակ

Հին և նոր կտակարանները շատ հետաքրքիր են՝ ամեն մեկը յուրովի։ Հին կտակարանից մենք իմանում ենք, թե ինչպիսին է եղել այդ մարդկանց աստվածը նախքան իսկական հավատ ձեռք բերելը, իսկ Նորը ցույց է տալիս, թե նա ինչպիսին դարձավ դրանից հետո։ Հին կտակարանը նկարագրում է գլխավորապես արյունահեղություններ և հեշտասիրական տեսարաններ։ Նորը նվիրված է հոգիների փրկությանը։ Փրկությանը՝ կրակի օգնությամբ։

Երբ աստված առաջին անգամ իջավ երկիր, նա բերեց կյանքը և մահը, երբ նա իջավ երկրորդ անգամ՝ բերեց դժոխքը։

Կյանքը, ի տարբերություն մահվան, այնքան էլ արժեքավոր պարգև չէր։ Կյանքը մի զառանցական երազ էր, հյուսված վշտով փչացած ուրախություններից, ցավով թունավորված բավականություններից, մի մղձավանջ, որտեղ կարճատև ու ջղաձգական ցնծություններին, զմայլանքներին, երանություններին, երջանկության վաղանցիկ րոպեներին հաջորդում էին անվերջանալի դժբախտությունները, վիշտը, վտանգը, սարսափները, հիասթափությունները, դառն անհաջողությունները, ամեն տեսակ նվաստացումներն ու հուսահատությունները․ կյանքը մի ամենասարսափելի անեծք էր, ինչպիսին միայն կարող էր հորինել աստծու հնարամտությունը։ Բայց մահը քնքուշ էր, մահը հեզ էր, մահը բարի էր, մահը բուժում էր վիրավորված հոգին ու փշրված սիրտը, նրանց անդորր և մոռացություն էր պարգևում, մահը մարդու լավագույն բարեկամն էր․ երբ կյանքը անտանելի էր դառնում, մահը գալիս ու փրկում էր նրան։

Սակայն ժամանակի ընթացքում աստված հասկացավ, որ մահը սխալմունք է․ սխալմունք, որովհետև մահվան մեջ ինչ֊որ բան պակասում էր․ պակասում էր, որովհետև չնայած մահը սքանչելի միջոց էր ողջ մնացողներին վիշտ պատճառելու համար, մահացածն ինքը հուսալի ապաստան էր գտնում գերեզմանում, որտեղ նրան այլևս հնարավոր չէր հոշոտել։ Դա աստծուն ձեռնտու չէր։ Հարկավոր էր գտնել մեռածներին գերեզմանում էլ տանջելու մի եղանակ։

Աստված այդ բանի վրա ապարդյուն գլուխ էր ջարդում չորս հազարամյակների ընթացքում, բայց հենց որ իջավ երկիր և դարձավ քրիստոնյա, նրա միտքը պայծառացավ, և նա հասկացավ, թե ինչ է հարկավոր անել։ Նա ստեղծեց դժոխքը և այդ մասին լայնորեն ազդարարեց աշխարհին։

Այստեղ մենք հանդիպում ենք շատ հետաքրքրիր մի մանրամասնության։ Ընդունված է համարել, որ քանի դեռ աստված ապրում էր երկնքում, նա դաժան էր, կամակոր, քինախնդիր, նախանձ և անգութ, բայց հենց որ իջավ երկիր և ընդունեց Հիսուս Քրիստոս անունը, լիովին փոխվեց, այսինքն դարձավ հեզ, բարի, գթառատ, ամեն ինչ ներող․ դաժանությունն ու չարությունը անհետացան և դրանց փոխարինեց խոր, կարեկցական սերը իր խեղճ երկրային զավակների նկատմամբ։ Բայց չէ որ հենց որպես Հիսուս Քրիստոս նա ստեղծեց դժոխքը և այդ մասին ազդարարեց աշխարհին։

Այլ կերպ ասած, դառնալով խոնարհ ու հեզ Փրկիչ, նա հազար միլիարդ անգամ ավելի դաժան գտնվեց, քան Հին կտակարանի ժամանակներում, անհամեմատ ավելի կատաղի, որքան էլ որ մեզ սարսափելի թվան նրա նախկին արարքները։

Խոնարհ ու հե՞զ։ Ժամանակի ընթացքում մենք այդ հաճախ գործածվող մակդիրները կհետազոտենք նրա ստեղծած դժոխքի լույսի ներքո։

Սակայն, թեև չարության մեջ առաջնության դափնին պետք է շնորհվի Հիսուսին՝ դժոխք ստեղծողին, նա աստվածայնորեն դաժան և անգութ էր քրիստոնյա դառնալուց դեռ շատ առաջ։ Որքանով որ կարելի է դատել, ոչ մի անգամ նրա մտքով չի անցել, որ մարդու վատ արարքների համար մեղավորը նա է՝ աստվածը, քանզի մարդը վարվում է միմիայն այն բնօրինակին համապատասխան, որը նա ինքն էլ հենց պարտադրել է մարդուն։ Ո՛չ, նա պատժում է մարդուն, փոխանակ պատժելու ինքն իրեն։ Եվ պատիժը, որպես կանոն, լինում էր շատ ավելի խիստ, քան արժեր զանցանքը։ Եվ շատ հաճախ պատժվում էր ոչ թե հանցագործը, այլ մեկ ուրիշը։ Օրինակ, տոհմի ավագը, համայնքի գլխավորը։

«1․ Եվ Իսրայել Սատիմի մեջ բնակվեցավ, ու ժողովուրդը Մովաբի աղջիկներուն հետ սկսավ պոռնկություն անել․․․

4.Եվ Տէրը Մովսէսի ըսավ՝ ժողովրդին բոլոր իշխանները առ, ու զանոնք Տէրոջը առջև արևին դեմ կախէ, որպեսզի Տէրոջը սաստիկ բարկությունը Իսրայէլէ դառնայ»։

Արդարացի՞ է այդ, ի՞նչ եք կարծում։ Որքանով կարելի է դատել, «ժողովրդի պետերը» անառակությանը չեն մասնակցել, բայց, այնուամենայնիվ, կախել են նրանց, այլ ոչ թե «ժողովրդին»։

Եթե դա ազնիվ և արդարացի էր այն ժամանակ, դա պետք է ազնիվ և արդարացի լինի նաև այժմ, որովհետև եկեղեցին սովորեցնում է, որ աստծու արդարադատությունը հավիտենական է ու անփոփոխ, և որ աստված ամեն մի բարոյականության աղբյուրն է, և նրա բարոյականությունը հավիտենական է ու անփոփոխ։ Հիանալի է։ Ուրեմն, մենք պետք է հավատանք, որ եթե Նյու֊Յորքի ժողովուրդն սկսի անառակություն անել Նյու Ջերսիի աղջիկների հետ, միայն ազնիվ ու արդարացի բան կլինի քաղաքապետարանի առջև կախաղան կառուցել և դրանից կախել քաղաքագլխին, ոստիկանապետին, դատավորներին և արքեպիսկոպոսին, թեկուզև նրանք ճաշակած էլ չլինեն այդ հաճույքը։ Անձամբ ինձ այդ բանն արդարացի չի թվում։

Սակայն, կարող եք չտարակուսել, նման ոչ մի բան տեղի չի ունենա։ Մարդիկ դա թույլ չեն տա։ Նրանք, այնուամենայնիվ, իրենց Աստվածաշնչից լավն են։ Ոչինչ չէր պատահի։ Պարզապես, երբ խայտառակությունը կոծկել չհաջողվեր, որևէ մեկը կդիմեր դատարան, պահանջելով հատուցել վնասը, և Հարավում անգամ ձեռք չէին տա նրանց, ովքեր անառակություն չէին արել․ այնտեղ կվերցնեին պարանը և կգնային փնտրելու մեղսակիցներին, իսկ նրանց չգտնելու դեպքում լինչի դատաստանի կենթարկեին մի որևէ նեգրի։

Ինչ էլ որ եկեղեցական ամբիոններից պնդեն, Ամենազորի ժամանակներից ի վեր դրությունը նկատելիորեն բարելավվել է։

Ուզո՞ւմ եք ավելի մոտիկից ծանոթանալ այդ աստծու բարոյական սկզբունքներին, նրա բնավորությանն ու վարքագծին։ Եվ հիշեցե՛ք, որ կիրակնօրյա դպրոցներում երեխաներին ամեն կերպ համոզում են սիրել Ամենազորին, հարգել նրան, գովաբանել, նրա մեջ տեսնել ընդօրինակման նմուշ և ուժերի ներածին չափով հետևել նրա օրինակին։ Դե, ուրեմն, կարդացե՛ք․

«1. Եվ Տէրը խօսեցավ Մովսէսի ըսելով․

2. Մադիանացիներէն Իսրայէլի որդիներուն վրէժը առնես ու ետքը քու ժողովրդիդ խառնուիս․․․

7. Եվ Մադիանացվոց դեմ պատերազմեցան, ինչպես Տէրը Մովսէսի հրամայել էր, անոնց բոլոր մարդիկը մեռցուցին։

8. Եվ անոնց սպաննուածներուն հետ Մադիամու թագավորներն ալ՝ Եվին, Րոկոմը, Սուրը, Ուրը, Ռօբէն, Մադիամու հինգ թագավորները, սպանեցին ու Բէովրի որդին Բազատամը սրով մեռցուցին․

9. Եվ Իսրայէլի որդիները Մադիանացուոց կիները ու տղաքները գերի առին, ու անոնց բոլոր անասունները և հոտերը ու ստացուածքը ավար առին։

10. Եվ անոնց բնակած բոլոր քաղաքները ու բոլոր գեղերը կրակով այրեցին։

11. Եվ բոլոր ավարը ու բոլոր կողոպուտը առին՝ մարդէ մինչև անասուն։

12. Եվ գերիները ու կողոպուտը և ավարը Մովսէսին, Եղիազար քահանային ու Իսրայէլի ու Իսրայէլի որդիներուն ժողովքին, բանակը բերին, որ Երիքովի դիմաց Յորդանանու մոտ Մովաբի դաշտերուն մեջ էր։

13․ Եվ Մովսէս ու Եղիազար քահանան և ժողովքին բոլոր իշխանները բանակէն դուրս ելան զանոնք դիմավորելու։

14․ Եվ Մովսէս պատերազմէն դարձող զօրաց իշխաններուն, հազարապետներուն ու հարիուրապետներուն սրտդողեցավ․

15․ Եվ Մովսէս անոնց ըսավ․ Արդեօք բոլոր կիները ողջ թողեցիք։

16․ Ահա Բաղաամի խրատովը ատոնք պատճառ եղան, որ Իսրայէլի որդիները Տէրոջը դեմ մեղանչեցին Փոգովրի գործին մեջ, և Տէրոջը ժողովքին վրայ այն հարուածը եկավ։

17․ Ուստի հիմա տղաքներէն ամէն արուն մեռցուցէք ու բոլոր կիները, որոնք այր մարդ գիտցած են արուի հետ պառկելով՝ մեռցուցե՛ք։

18․ Եվ կիներէն այն բոլոր մանկահասակ աղջիկները, որոնք այր մարդ գիտցած չեն արուի հետ պառկելով՝ ձեզի ողջ թողուցեք։

19․ Եվ դուք եօթը օր բանակէն դուրսը մնացէք, ով որ մարդ մեռցուցեր է, ու ով որ մեռածի դպեր է, երրորդ օրը ու եօթներորդ օրը թող մաքրուի, թէ դուք և թե ձեր գերիները։

20․ Եվ ամէն հանդերձ, ու ամէն մորթէ շինուած աման, և այծի մազէ շինուած ամէն բան, ու ամէն փայտեղէն աման մաքրեցէք։

21․ Եվ Եղիազար քահանան պատերազմի գացող զօրքերուն ըսավ․ Ասիկա է այս օրէնքին կանոնը՝ զօր Տեր Մովսէսի հրամայեց։

25․ Եվ Տէրը խօսեցավ Մովսէսի՝ ըսելով․

26․ Դուն Եղիազար քահանային ու ժողովքի նահապետությանց իշխաններուն հետ՝ առնուած կողոպուտին գումարը, առ մարդէ մինչև անասուն։

27․ Եվ այն կողոպուտը պատերազմի գացող պատերազմողներուն ու բոլոր ժողովքին հավասարապէս բաժանես։

28. Եվ պատերազմի գացող պատերազմողներէն Տերոջը հասը առնես, հինգ հարիուրէն մեկը՝ թէ մարդոցմէն, արջառներէն, թե էշերէն և թե ոչխարներէն․․․

31․ Եվ Մովսէս ու Եղիազար քահանան Տէրոջը Մովսէսի հրամայածին պես ըրին։

32․ Եվ կողոպուտը, այսինքն պատերազմող զօրքին առած ավարին գումարը այս էր․ վեց հարիուր եօթանասունհինգ հազար ոչխար։

33․ Եօթանասուներկու հազար առջար․

34․ Ու վաթսունըմեկ հազար էշ․

35․ Եվ մարդոցմէն այր մարդու անկողին չգիտցող կիներուն ամէնը երեսուներկու հազար հոգի էին․․․

40․ Եվ մարդիկը տասնվեց հազար ըլալով՝ անոնցմէ Տերոջը հասը երեսուներկու հոգի եղավ․

41․ Եվ Մովսէս Տէրոջը նուիրուած հասը Եղիազար քահանային տուավ, ինչպես Տէրը Մովսէսի հրամայեր էր․․․

47․ Եվ Մովսէս Իսրայէլի որդիներուն կես բաժինէն, թե մարդէն, թե անասունէն, յիսունէն մէկը առավ, Տէրոջը խորանին պահպանիութիունը ընող Ղևտացինէրուն տուավ, ինչպես Տէրը Մովսէսի հրամայեր էր․․․

10. Երբ քաղաքի մը կը մօտենաս անոր հետ պատերազմելու համար, զանիկա խաղաղութեան հրավիրէ․․․

13․ Ու երբ քու Տէր Աստուածդ քու ձեռքդ մատնէ զանիկա, անոր բոլոր արուները սուրի բերնէ անցնես․

14․ Բայց կիները, տղաքները ու անասունները և ինչ որ կայ այն քաղաքին մեջ, անոր բոլոր ավարը քեզի համար առնես և քո Տէր Աստուածոյդ քեզի մատնած քո թշնամիներուդ ավարը ուտես։

15․ Ահա այսպէս պիտի ընէս քեզմէ խիստ հեռու եղող ամէն քաղաքներուն, որոնք այս ազգերուն քաղաքներէն չեն։

16․ Սակայն քո Տէր Աստուածոյդ քեզի ժառանգութիուն տուած այս ազգերուն քաղաքներուն մեջ բնավ շունչ ունեցող մը ողջ չթողնես․․․»

Աստվածաշնչի օրենքն ասում է․ «Մի՛ սպանաներ»։

Աստծու օրենքը, որ դրված է մարդու սրտում նրա ծննդյան պահին, ասում է․ «Սպանի՛ր»։

Այն գլուխը, որ ես վերևում մեջ բերեցի ձեզ, ցույց է տալիս, որ աստվածաշնչյան սահմանումը կրկին անզոր է։ Այն չի կարող հաղթահարել բնության ավելի զորեղ օրենքը։

Այդ մարդիկ հավատում են, որ աստված ինքն է նրանց ասել․ «Մի՛ սպանաներ»։

Այդ դեպքում պարզ է, որ նա ինքը ի վիճակի չի եղել պահպանելու իր իսկ պատգամները։

Նա սպանեց այդ բոլոր մարդկանց՝ ամբողջ արական սեռը։

Սրանք ինչ֊որ բանով վիրավորել էին աստծուն։ Մենք իսկույն կարող ենք կռահել, թե ինչպիսին է եղել այդ զանցանքը, այսինքն, որ դա եղել է մի դատարկ բան, մանրուք, որի վրա ոչ ոք, բացի աստծուց, անգամ ուշադրություն չէր դարձնի։ Ավելի քան հավանական է, որ մադիանացիներից որևէ մեկը հետևել է ոմն Հովնանի օրինակին, որին հրամայված էր՝ «մտիր եղբորդ կնոջ ծոցը», ինչը և նա կատարեց, բայց փոխանակ բանը հասցնելու մինչև վերջ, «հոսեցրել էր գետնի վրա»։ Տերը նրան մեռցրեց, որովհետև Տերը վատ սովորություններ հանդուրժել չէր կարողանում։ Տերը մեռցրեց Հովնանին, ու մինչև այսօր էլ քրիստոնեական աշխարհը չի կարողանում հասկանալ, թե ինչու նա սահմանափակվեց Հովնանով, և չկոտորեց երեք հարյուր մղոն շառավղով շրջապատում ապրող բոլոր բնակիչներին․ չէ որ նրանք միանգամայն անմեղ էին, իսկ հենց անմեղներին էլ նա սովորություն ուներ մեռցնելու։ Այսպիսին է եղել նրա վաղեմի պատկերացումը արդարության և ազնիվ խաղի մասին։ Եթե նա նշանաբան ունենար, այդ նշանաբանը կհռչակեր․ «Թող ոչ մի անմեղ մարդ չմնա անպատիժ»։ Դուք, հավանաբար, դեռ չեք մոռացել, թե նա ինչ արեց ջրհեղեղի ժամանակ։ Հիշեք անհամար մանկիկներին ու փոքրիկ երեխաներին, որոնք ոչ մի չարիք չեն պատճառել նրան, որը նա հիանալի գիտեր, բայց նրանց մերձավորները վիրավորել էին իրեն, և դա նրա համար բավական էր․ նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը բարձրանալով հասնում նրանց աղաղակող բերանիկներին, նա տեսնում էր խելահեղ սարսափը նրանց աչիկներում, նրանց մայրերի դեմքերին, նա տեսնում էր հուսահատ տառապանք ու աղերսանք, որը կշարժեր ամեն մի սիրտ, միայն թե ոչ նրանը, որովհետև նա հատկապես անմեղներին էր որսում։ Եվ նա սառնասրտորեն ջրահեղձ արեց այդ բոլոր թշվառ մանկիկներին։

Ու հիշեք նաև, որ Ադամի բոլոր միլիարդավոր սերունդներն անմեղ են, դրանցից ոչ մեկը չի մասնակցել նրա զանցանքին, բայց աստված հիմա էլ է նրանց մեղավոր համարում։ Պատժից խուսափելու միակ եղանակը իրեն Ադամի մեղսակից ճանաչելն է․ պակաս աղաղակող ստով այստեղ յոլա չես գնա։

Մի մադիանացի, հավանաբար, նույնն էր արել, ինչ որ Հովնանը, և դրանով իսկ այդ սարսափելի փորձանքին մատնեց իր ամբողջ ժողովրդին։ Իսկ եթե աստվածային նրբանկատությունը վրդովել էր ոչ նման անդաստիարակությունը, ապա ես արդեն չեմ սխալվի, նշելով նրա զայրույթի մյուս պատճառը՝ մի մադիանացի միզել էր պատին։ Ես դրանում համոզված եմ, որովհետև նման անպարկեշտությունը Լավ վարվեցողության աղբյուրը երբեք բաց չէր թողնի։ Մարդը կարող էր միզել ծառին, նա կարող էր միզել իր մոր վրա, նա կարող էր թրջել սեփական վարտիքը և այդ բոլորի համար անպատիժ կմնար, բայց պատին միզել նա չէր համարձակվի, դա կնշանակեր արդեն շատ հեռուն գնալ։ Թե որտեղից է ծագել աստվածային նախապաշարմունքն այդչափ անվնաս արարքի նկատմամբ, ոչ մի տեղ չի բացատրվում։ Բայց, համենայն դեպս, մենք գիտենք, որ այդ նախապաշարմունքը շատ ուժեղ է եղել, այնքան ուժեղ, որ աստծուն բավարարել կարող էր միմիայն լիակատար բնաջնջումը բոլոր նրանց, ովքեր բնակվել են այն մարզում, որտեղ պատը նման ձևով պղծվել էր։

Հիշենք Հերոբովամի պատմությունը։ «Հերոբովամի տնից ես բնաջինջ կանեմ յուրաքանչյուրին, ով կմիզի պատին։»։ Այդպես էլ արվեց։ Եվ բնաջնջվեցին ոչ միայն միզողը, այլև մնացած բոլորը։

Նույն բախտին արժանացավ նաև Վաասի տունը՝ ոչնչացվեցին բոլորը՝ ազգականները, բարեկամները և այլք, այնպես որ չմնաց ոչ մի «պատին միզող»։

Հերոբովամի պատմությունը փայլուն օրինակ է, թե ինչպես է աստված սովորություն ունեցել չսահմանափակվելու մեղավորներին պատժելով․ բոլոր անմեղները նույնպես տուժել են։ Հերոբովամի չարաբախտ տունը «ավլվեց», «ինչպես աղբն են մաքուր ավլում»։ Բացառություն չկազմեցին ո՛չ կանայք, ո՛չ աղջիկները, ո՛չ էլ աղջնակները։ Եվ նրանք բոլորն էլ ոչ մի բանում մեղավոր չէին, քանի որ չէին կարող պատին միզել։ Նրանց սեռի անձինք առհասարակ ընդունակ չեն այդ անելու։ Այդպիսի ճարպկության ընդունակ են միայն հակառակ սեռի ներկայացուցիչները։

Տարօրինակ նախապաշարմունք։ Եվ դա դեռ շարունակվում է գոյություն ունենալ։ Բողոքական ծնողները մինչև այժմ էլ Աստվածաշունչը տան մեջ պահում են ամենաաչքի ընկնող տեղում, որպեսզի երեխաները կարողանան այն ուսումնասիրել, և փոքրիկ տղաներն ու աղջիկները, հազիվ կարդալ սովորելով, իմանում են, որ իրենք պետք է լինեն բարեպաշտ, սուրբ և չպետք է պատին միզեն։ Այս տեքստերը նրանք ուսումնասիրում են առավելագույն ջանասիրությամբ, եթե չհաշվենք այնպիսիք, որոնք ձեռնաշարժության են հրահրում։ Այդպիսի տեղերը նրանք ջանասիրաբար գտնում են և մենակ ժամանակ խնամքով ուսումնասիրում։ Չկա բողոքականի երեխա, որը ձեռնաշարժությամբ չզբաղվի։ Այդ արվեստը մեկն է այն առաջին պարգևներից, որոնցով նա օժտում է աղջկան։

Մնացած այն բոլոր գրքերի համեմատությամբ, որոնք սովորեցնում են լավ վարվեցողություն և շարժուձևեր, Աստվածաշունչն ունի այն առավելությունը, որ նա երեխայի ձեռքն է ընկնում առաջինը։ Երեխան Աստվածաշնչին ծանոթանում է ամենադյուրազգաց տարիքում, մինչդեռ վարվելակարգի վերաբերյալ մյուս գրքերը պետք է սպասեն իրենց հերթին։

«Բացի զենքից քեզ հետ պետք է ունենաս բահ․ և երբ կացարանից դուրս նստես, բահովդ փոս փորիր և թաղիր քո արտաթորանքը»։

Այս կանոնը ստեղծվել էր հին օրերում, որովհետև «քո Տեր աստվածը շրջում է քո կացարանում»։

Թերևս չարժե ժամանակ և աշխատանք ծախսել ճշգրտորեն որոշելու, թե ինչու բնաջնվեցին մադիանացիները։ Բայց մի բան կարելի հաստատապես ասել՝ նրանց հանցանքը մեծ չէր։ Դրանում մեզ համոզում են Ադամի, ջրհեղեղի, պատը պղծողների պատմությունները։ Կարող է պատահել, որ մադիանացիներից մեկը մոռացել և իր բահը տանն էր թողել, որի պատճառով էլ տեղի ունեցավ ամբողջ դժբախտությունը։

Ասենք, դա կարևոր էլ չէ։ Գլխավորը բուն դժբախտությունն է և այն բարոյախոսությունը, որ առաջարկվում է արդի քրիստոնյաներին իբրև խրատ նրանց հոգիները վեհացնելու համար։

Աստված քարե հուշատախտակների վրա գրել է․ «Մի՛ սպանաներ» ու նաև՝ «Մի՛ շնանար»։

Պողոս առաքյալը, ենթարկվելով աստծու ներշնչմանը, խորհուրդ էր տալիս առհասարակ հրաժարվել ամեն տեսակ սեռական կյանքից։ Մադիանական միջադեպի ժամանակներից ի վեր աստծու հայացքները բացահայտորեն զգալի փոփոխություն են կրել։

Տասնմեկերորդ նամակ

Բոլոր դարերի մարդկային պատմությունը ներկված է արյամբ, արատավորված է ատելությամբ և պղծված է գազանություններով, բայց հետաստվածաշնչյան ժամանակներում դրանում, այնուամենայնիվ, նկատելի են որոշ սահմանափակումներ։ Նույնիսկ Եկեղեցին, որը, որքան հայտնի է, իր տիրապետությունը հաստատելու ժամանակից ի վեր թափել է ավելի շատ անմեղ արյուն, քան թե այն թափվել է քաղաքական բոլոր պատերազմներում միասին վերցրած, այնուամենայնիվ իրեն սահմանափակում էր։ Սակայն, նկատի ունեցեք, երբ Տեր աստվածը, երկնքի ու երկրի Տիրակալը, մարդու պաշտելի Հայրը գնում է պատերազմելու, նա չի ճանաչում ոչ մի սահմանափակում։ Նա միանգամայն զուրկ է գթասրտությունից, նա, ում Գթասրտության աղբյուր են անվանում։ Նա սպանո՛ւմ է, սպանո՛ւմ, սպանո՛ւմ։ Բոլոր տղամարդկանց, բոլոր անասուններին, բոլոր տղաներին, բոլոր մանուկներին, ինչպես նաև բոլոր կանանց ու աղջիկներին, բացառությամբ կույսերի։

Նա չի տարբերում արդարներին ու մեղավորներին։ Մանուկներն անմեղ էին, անասունը անմեղ էր, շատ տղամարդիկ, շատ կանայք, շատ տղաներ, շատ աղջիկներ ոչ մի մեղք չունեին, բայց, այնուամենայնիվ, նրանց պատժում էին մեղավորներին հավասար։ Խելահեղ Հորը հարկավոր էին արյուն և վիշտ, իսկ թե ում՝ նշանակություն չուներ։

Եվ ամենածանր պատիժը վիճակվեց 32000 հազար կույսերի, նրանց, ովքեր բոլորովին արժանի չէին այդպիսի սարսափելի ճակատագրի։ Նրանց մերկացնում և ստուգում էին, որպեսզի համոզվեին՝ անվնա՞ս է, արդյոք, կուսաթաղանթը։ Իսկ այդպիսի ստորացուցիչ ստուգումից հետո նրանց տանում էին հայրենի երկրից, տանում էին վաճառելու ստրկության, ամենանողկալի ու ամոթալի ստրկության, որը նրանց պոռնկության էր դատապարտում։ Նրանք դառնում էին հարճեր և պարտավոր էին տռփանք առաջացնել ու այն բավարարել իրենց մարմնով, դառնում էին իրավազուրկ ստրկուհիները ամեն մի գնորդի, կանոնավոր մարդ լիներ նա թե կոպիտ ու կեղտոտ սրիկա։

Եվ այդ որբացած, անպաշտպան աղջիկներին այդպիսի հրեշավոր անարդարացի պատժի մատնեց նրանց Հայրը, որը քիչ առաջ նրանց աչքի առջև կոտորել էր նրանց բոլոր մերձավորներին։ Իսկ նրանք այդ րոպեներին, հավանաբար, աղոթո՞ւմ էին, օգնություն և փրկություն հայցելով նրանից։ Անտարակույս։

Այդ աղջիկները «որս» էին, ռազմական ավար։ Նա պահանջեց իր բաժինը և ստացավ։ Իսկ նրա ինչի՞ն էին պետք կույսերը։ Ծանոթացեք նրա հետագա պատմությանը, և դուք կիմանաք։

Նրա քահանաները նույնպես այդ կույսերից ստացան իրենց բաժինը։ Իսկ ինչո՞ւ էին քահանային հարկավոր կույսեր։ Այս հարցի պատասխանը դուք կգտնեք կաթոլիկական խոստովանանքի գաղտնի պատմության մեջ։ Եկեղեցու գոյության բոլոր դարերում խոստովանահոր գլխավոր զվարճալիքը խոստովանող կանանց գայթակղելն է եղել։ Հայր Հիացինտը ցուցմունք է տվել, որ իրեն խոստովանություն անող հարյուր քահանաներից իննսունինը խոստովանարանը հաջողությամբ օգտագործել են ամուսնացած կանանց ու երիտասարդ աղջիկներին գայթակղելու համար։ Մի քահանա խոստովանել է, որ այն ինը հարյուր կանանցից ու աղջիկներից, որոնց խոստովանահայրն է ինքը եղել, նրա պագշոտ գրկից խուսափել են միայն պառավներն ու այլանդակները։ Այն պաշտոնական հարցաթերթիկը, որ քահանան պարտավոր է տալ խոստովանության ժամանակ, հաստատապես կգրգռի ամեն մի կնոջ, եթե նա անդամալույծ չէ։

Բարբարոսական ու քաղաքակիրթ աշխարհի ամբողջ պատմության մեջ չեք գտնի այնքան անգութ ու բնաջնջող մի պատերազմ, ինչպիսին այն էր, որ Գթասրտության աղբյուրը մղում էր մադիանացիների դեմ։ Այդ պատերազմի մասին պաշտոնական հաշվետվությունը ոչ մի մանրամասնություն չի հաղորդում առանձին միջադեպերի վերաբերյալ, չի հաղորդում ոչ մի մասնակի տեղեկություն, այն մեզ տեղեկացնում է միայն ընդհանուր առմամբ՝ բոլոր կույսերը, բոլոր տղամարդիկ, բոլոր մանուկները, բոլոր կենդանի հոգիները, բոլոր տները, բոլոր քաղաքները։ Այդ հաշվետվությունը ձեզ ներկայացնում է հրդեհների ու ամայացման մի ահավոր պատկեր, իսկ ձեր երևակայությունը դրան ավելացնում է խոր լռություն, զարհուրելի լռություն՝ մահվան անդորր։ Բայց չէ՞ որ եղել են նաև առանձին միջադեպեր։ Իսկ որտե՞ղ գտնել դրանք։

Ոչ հեռավոր տարիների պատմության մեջ։ Ամերիկյան հնդկացու գրած պատմության մեջ։ Նա կրկնել է Տիրոջ աշխատությունները, ճշգրտորեն հետևելով աստծու օրինակին։ 1862 թվականին Մինեսոթայի հնդկացիները, որոնց անողոքաբար կեղեքում և դավաճանորեն խաբում էր Միացյալ Նահանգների կառավարությունը, ապստամբեցին սպիտակամորթ նորաբնակների դեմ և կոտորեցին նրանց, կոտորեցին ձեռքներն ընկած բոլորին, չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ կանանց, ո՛չ մանուկներին։ Ծանոթացեք մի միջադեպի։

Տասներկու հնդկացիներ լուսաբացին ներխուժեցին ֆերմերի տունը և գերեցին ամբողջ ընտանիքը՝ ֆերմերին, նրա կնոջը և նրանց չորս աղջիկներին, որոնցից կրտսերի տասնչորս տարին էր լրացել, իսկ ավագինը՝ տասնութը։ Նրանք ծնողներին խաչեցին, այսինքն մերկ կանգնեցրին ճաշասենյակի մի անկյունում և նրանց ձեռքերը գամեցին պատին։ Այնուհետև նրանք պատառոտեցին աղջիկների հագուստը, նրանց գցեցին հատակին՝ ծնողների առջև, ու հերթով բռնաբարեցին։ Հետո նրանք աղջիկներին էլ ծնողների դիմաց խաչեցին, կտրեցին նրանց քթերն ու ստինքները, իսկ հետ․․․ բայց ես այդ մասին չեմ պատմի։ Ամեն բան սահման ունի։ Կան այնքան սոսկալի, զազրելի արարքներ, որ գրիչը հրաժարվում է դրանք նկարագրել։ Երբ երկու օր հետո օգնությունը հասավ, դժբախտներից մեկը՝ հայրը, դեռ ողջ էր։

Դուք ծանոթացաք մինեսոթյան կոտորածի մի դրվագին։ Ես կարող էի նկարագրել ևս հիսուն նման դեպք։ Դրանք կսպառեին այն բոլոր դաժանությունները, որ ընդունակ է հորինելու մարդկային գազանությունը։

Այս օրինակներն էլ հավաստիորեն ցույց են տալիս Ձեզ, թե ինչ է կատարվել Գթասրտության աղբյուրի անձնական ղեկավարությամբ մադիանացիների դեմ նրա մղած պատերազմի ժամանակ։ Մինեսոթայում տեղի ունեցածը մադիանականի ճշգրիտ պատճենն էր միայն։ Եվ այս երկրորդը մեզ լիակատար պատկերացում է տալիս առաջինի մասին։

Ոչ, դա բնավ էլ այդպես չէ։ Հնդկացին ավելի գթասիրտ էր, քան Գթասրտության աղբյուրը։ Նա աղջիկներին չէր վաճառում ստրկության, որպեսզի նրանք հարկադրված լինեին բավարարել իրենց մերձավորներին սպանողների տռփանքը, մինչև որ ընդհատվեին նրանց կյանքի տխուր օրերը։ Նա բռնաբարում էր աղջիկներին, իսկ հետո գթասրտորեն վերջ դնում նրանց տառապանքներին, նրանց բաղձալի մահ պարգևելով։ Նա հրկիզում էր տները, բայց ոչ բոլորը։ Նա քշում֊տանում էր անմեղ անլեզու անասուններ, բայց նրանց չէր կոտորում։

Եվ կարելի՞ էր, արդյոք, սպասել, որ ահա այդ անխիղճ աստվածը, այդ բարոյական սնանկը հանկարծ կդառնա բարոյականության, անաղարտության քարոզիչը։ Դա անհեթեթ, անհավանական բան է թվում, սակայն լսեք նրան։ Ահա նրա խոսքերը․

«― Երանի հոգով աղքատներուն, վասնզի երկինքի թագավորութիունը անոնցն է։

Երանի սգավորներուն, վասնզի անոնք պիտի մխիթարուին։

Երանի հեզերուն, վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը։

Երանի անոնց, որ անոթի ու ծարավ են արդարութեան, վասնզի անոնք պիտի կշտանան։

Երանի ողորմածներուն, վասնզի անոնք ողորմութիուն պիտի գտնեն։

Երանի անոնց, որ սրտով մաքուր են, վասնզի անոնք պիտի տեսնեն զԱստված։

Երանի խաղաղութիուն ընողներին, վասնզի անոնց Աստուծոյ որդիներ պիտի կոչուին։

Երանի անոնց, որ հալածուած են արդարության համար, վասնզի երկինքի թագավորութիունը անոնցն է։

Երանի է ձեզի, երբ կը նախատեն ձեզ ու կը հալածեն, և սուտ տեղը ամեն կերպ գէշ խոսքեր կը խոսին ձեր վրայ ինծի համար»։

Այն շուրթերը, որ արտասանել են այս հրեշավոր ծաղրը, այս կեղծավորագույն խոստումները, նույն այն շուրթերն էին, որ հրամայեցին լիովին կոտորել մադիանացի տղամարդկանց, մանուկներին և անասունը, հրկիզել բոլոր տներն ու բոլոր քաղաքները, բոլոր կույսերին մատնել ստոր, անասելիորեն զազրելի ստրկության։ Դա ասում է նույն այն աստվածը, որը մադիանացիներին մատնեց հրեշավոր ղաժանությունների, որ տասնութ դար հետո մանրամասն վերարտադրեցին Մինեսոթայի հնդկացիները։ Մադիանական միջադեպն անսահման ուրախություն պատճառեց նրան։ Մինեսոթյանը նույնպես, այլապես նա թույլ չէր տա այդ։

Լեռան քարոզի այս մասը եկեղեցում հարկավոր է կարդալ Թվոց գրքի և Երկրորդումն օրինացի վերոհիշյալ գլուխների հետ միաժամանակ, որպեսզի ծխականները կարողանան համակողմանիորեն զննել մեր Երկնային հորը։ Սակայն ես առիթ չեմ ունեցել լսելու, որ թեկուզ մի քահանա այդ բանն անի։

  1. Հավայան կղզիներում 1866 թվականին մահացավ թագավորական ցեղին պատկանող մի մարմնեղ արքայադուստր։ Նրա թաղման թափորում պատվավոր տեղ էին գրավում հոյակապ կազմվածքով 36 երիտասարդ բնիկներ։ Արքայադստեր զանազան առաքինությունները, ծառայությունները և տաղանդները փառաբանող գովերգության մեջ 36 հովատակները հիշատակվում էին որպես «հարեմը» և ասվում էր, թե նա պարծեցել է, որ նրանցից ոչ մեկին թույլ չի տվել պարապության մատնվել և հաճախ է պատահել, որ նրանցից շատերը կարողացել են արտաժամյա աշխատանքի վարձատրություն պահանջել։ ― Ծան, հեղ․։
  2. Ես մտադիր եմ այս նամակները հրապարակել այստեղ՝ Երկրի վրա, նախքան ձեզ մոտ վերադառնալս։ Երկու հրատարակությամբ։ Մեկը լիակատար՝ Աստվածաշունչ կարդացողների ու նրանց երեխաների համար, մյուսը գրաքննված՝ լավ ճաշակ ունեցող մարդկանց համար։ ― Ծան․ հեղ․։