Նարնջի հինգ կորիզ

Գրապահարան-ից
Նարնջի հինգ կորիզ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Վ․ Տալյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Երբ աչքի եմ անցկացնում Շերլոկ Հոլմսի մասին 1882֊ից մինչև 1890 թվականները գրած իմ նոթերը այնքան զարմանալի ու հետաքրքիր գործեր եմ գտնում, որ ուղղակի չգիտեմ, թե դրանցից որն ընտրեմ։ Սակայն այդ գործերից մի քանիսն արդեն հայտնի են հասարակությանը լրագրերից, իսկ մյուսները հնարավորություն չեն տալիս ամբողջ փայլով ցույց տալու այն յուրօրինակ հատկությունները, որոնցով առատորեն օժտված էր իմ բարեկամը։ Համենայն դեպս, գործերից մեկն այնքան նշանակալից էր իր մանրամասնություններով և այնքան անսպասելի արդյունքներով, որ ես կուզեի այդ մասին պատմել, թեև նրա հետ կապված են հանգամանքներ, որոնք ամենայն հավանականությամբ երբեք լրիվ չափով չեն պարզվի։

1887 թվականն իր հետ բերեց շատ թե քիչ հետաքրքիր գործերի երկար մի շարան։ Այդ բոլոր գործերը ես գրի եմ առել։ Դրանց մեջ են՝ պատմություն «Փարադըլ֊Չեմբերի» Աղքատ֊սիրողների ընկերության մասին, որը շղեղ մի ակումբ ուներ կահույքի մեծ խանութի ներքնահարկում, հաշվետվություն բրիտանական «Սոֆի Էնդերսըն» նավի խորտակման հետ կապված փաստերի մասին, պատմվածք Գրայս Պետերսընի Յուֆֆա կղզում ունեցած տարօրինակ արկածների մասին, և, վերջապես, նոթեր, որոնք վերաբերում են Քեմբերուելսյան թունավորման գործին։ Այս վերջին գործով զբաղվելիս, սպանվածի մոտ գտնված ժամացույցի մեխանիզմի հետազոտման միջոցով, Շերլոկ Հոլմսին հաջողվեց ապացուցել, որ ժամացույցը լարված է եղել մահվանից երկու ժամ առաջ, ուստի հանգուցյալը պառկել է քնելու այդ ժամերի սահմաններում․ սա մի եզրակացություն էր, որ օգնեց հայտնաբերել հանցագործին։

Կարող է պատահել, որ հետագայում երբևէ այս բոլոր գործերը ես նկարագրեմ, բայց դրանցից ոչ մեկը չունի այնպիսի յուրօրինակ գծեր, ինչպես այս արտասովոր իրադարձությունները, որ մտադիր եմ հիմա շարադրել։

Սեպտեմբերի վերջն էր, և աշնանային փոթորիկները մոլեգնում էին անասելի կատաղությամբ։ Ամբողջ օրը ոռնում էր քամին, և անձրևն այնպես էր թմբկահարում լուսամուտները, որ նույնիսկ այստեղ՝ հսկայական Լոնդոնի հենց սրտում, մենք մի պահ ակամա կտրվում էինք կյանքի սովորական ընթացքից և զգում կատաղած տարերքի ահեղ ուժերի ներկայությունը։ Իրիկնադեմին փոթորիկն ավելի անզուսպ դարձավ․ քամին ծխնելույզների մեջ երեխայի պես լալիս ու հեծկլտում էր։

Շերլոկ Հոլմսը մռայլ էր։ Նա տեղավորվել էր բուխարիկի մոտ և կարգի էր բերում հանցագործությունների իր քարտարկղը, իսկ ես, նրա դեմը նստած, այնպես էի տարվել Կլարկ Ռասսելի՝[1] ծովային հրաշալի պատմվածքների ընթերցանությամբ, որ փոթորկի ոռնոցն իմ գիտակցության մեջ միաձուլվում էր տեքստին, իսկ անձրևի աղմուկը թվում էր ծովի ալիքների շառաչ։

Կինս հյուր էր գնացել մորաքրոջ տուն, և ես մի քանի օրով բնակվում էի Բեյքր֊ստրիտի մեր հին բնակարանում։

― Լսեք, ― ասացի, նայելով Հոլմսին, ― զանգը տալիս են։ Ո՞վ կարող է գալ այսօր․ ձեր բարեկամներից որևէ մե՞կը։

― Ձեզանից բացի, ես ուրիշ բարեկամ չունեմ, ― պատասխանեց Հոլմսը։ ― Իսկ հյուրեր ինձ մոտ չեն գալիս։

― Գուցե որևէ կլիե՞նտ է։

― Եթե այդպես է, ապա գործը պետք է որ շատ լուրջ լինի։ Ուրիշ ի՞նչը կստիպի մարդուն այսպիսի օր և այս ժամին դուրս գալ փողոց։ Բայց ավելի շուտ դա մեր տանտիրուհու մտերիմ սանամերներից որևէ մեկն է։

Սակայն Հոլմսը սխալվեց, որովհետև նախասենյակում լսվեցին ոտնաձայներ, ու մեր դուռը բախեցին։

Հոլմսը պարզեց երկար ձեռքն ու լամպն այնպես շրջեց, որ լուսավորի այցելուի համար հատկացված բազկաթոռը։

― Մտեք, ― ասաց նա։

Ներս մտավ մեծ ճաշակով հագնված մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ որոշ նուրբ ու ընտիր շարժուձևերով։ Հովանոցը, որից ջուր էր թափվում, և թացությունից փայլող երկար անջրանցիկ թիկնոցը վկայում էին սոսկալի եղանակի մասին։ Ներս մտնողը տագնապալի նայեց չորս կողմը, և ես լամպի լույսով տեսա, որ նրա դեմքը գունատ է, իսկ աչքերը լի են անհանգստությամբ, ինչպես այն մարդու աչքերը, որին հանկարծակի տիրել է մի մեծ տագնապ։

― Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից, ― ասաց նա ոսկեզօծ լորնետը մոտեցնելով աչքերին։ ― Հուսով եմ, որ դուք ինձ աներես մարդ չեք համարի․․․ Վախենում եմ, որ ձեր տաքուկ սենյակը բերեցի փոթորկի և անձրևի որոշ հետքեր։

― Տվեք ինձ ձեր թիկնոցն ու հովանոցը, ― ասաց Հոլմսը։ ― Սրանք կարող են կախված մնալ այս կեռիկից և շուտ էլ կչորանան։ Տեսնում եմ, որ դուք եկել եք հարավ֊արևմուտքից։

― Այո, Հորշեմից։

― Ձեր կոշիկներին մնացած կավի ու կավճի խառնուրդը խիստ բնորոշ է այդ վայրերի համար։

― Ես եկել եմ ձեզանից խորհուրդ հարցնելու։

― Դա ստանալը հեշտ է։

― Եվ օգնություն։

― Ա՛յ, դա միշտ չէ, որ հեշտ կարելի է ստանալ։

― Ես լսել եմ ձեր մասին, մի՛ստր Հոլմս։ Մայոր Պրենդեր Հաստից լսել եմ, թե ինչպես դուք նրան ազատել եք Թանքըրվիլ ակումբում տեղի ունեցած սկանդալից։

― Հա՜, հիշում եմ։ Նա սխալմամբ մեղադրվել էր անմաքուր թղթախաղի մեջ։

― Նա ինձ ասաց, որ դուք ամեն գործից կարող եք գլուխ հանել։

― Նա չափից դուրս շատ առավելություններ է վերագրում ինձ։

― Նրա ասելով, դուք երբեք պարտություն չեք կրել։

― Ես պարտվել եմ չորս անգամ․ երեք անգամ ինձ հաղթել են տղամարդիկ, իսկ մի անգամ մի կին։

― Բայց ի՞նչ նշանակություն ունեն դրանք ձեր բազմաթիվ հաջողությունների հետ համեմատած։

― Այո՛, սովորաբար ես հաջողություններ եմ ունենում։

― Այդ դեպքում, դուք հաջողության կհասնեք նաև իմ գործում։

― Խնդրում եմ, ձեր բազկաթոռը մոտեցրեք բուխարիկին և հաղորդեք ինձ գործի մանրամասնությունները։

― Իմ գործն արտասովոր գործ է։

― Սովորական գործերն ինձ մոտ չեն ընկնում։ Ես վճռափոխ բարձրագույն ատյան եմ։

― Համենայն դեպս, սը՛ր, կասկածում եմ, որ ձեր ամբողջ գործունեության ընթացքում դուք լսած լինեք այնպիսի անըմբռնելի և խորհրդավոր դեպքերի մասին, ինչպիսիք տեղի ունեցան իմ ընտանիքում։

― Դուք ինձ շատ հետաքրքրեցիք, ― ասաց Հոլմսը։ ― Խնդրում եմ, հաղորդեցեք մեզ առայժմ հիմնական փաստերը, իսկ հետո ես ձեզ հարցուփորձ կանեմ այն մանրամասնությունների մասին, որոնք ինձ կթվան ամենից ավելի էական։

Երիտասարդն իր բազկաթոռը մոտեցրեց բուխարիկին և թաց ոտքերը պարզեց դեպի բոցավառվող կրակը։

― Իմ անունը Ջոն Օփենշո է, ― ասաց նա։ ― Բայց որքան հասկանում եմ, իմ անձնական գործերը քիչ կապ ունեն այդ սարսափելի իրադարձությունների հետ։ Դա ժառանգությանը վերաբերող մի գործ է․ և որպեսզի դուք պատկերացում ունենաք դրա մասին, ես պետք է վերադարձ կատարեմ ու պատմեմ ամբողջ պատմությունն սկզբից․․․

Իմ պապը երկու որդի ուներ մեկը հորեղբայրս էր՝ Էլիասը, մյուսը՝ հայրս, Ջոզեֆը։ Հայրս ոչ այնքան մեծ մի ֆաբրիկայի տերն էր Քովենտրիում։ Նրան հաջողվեց այդ ֆաբրիկան ընդարձակել, երբ սկսվեց հեծանիվների արտադրությունը։ Հայրս հնարեց «Օփենշո» չպատռվող դողեր, և նրա ձեռնարկությունն առաջ գնաց մեծ հաջողությամբ․ այնպես որ, երբ նա վերջ ի վերջո վաճառեց իր ֆիրման, հանգիստ կյանքի անցավ որպես միանգամայն ապահով մարդ։

Էլիաս հորեղբայրս երիտասարդ տարիներին որպես վտարանդի գնաց Ամերիկա և Ֆլորիդայում պլանտատոր դարձավ, այնտեղ, ինչպես ասում էին, նրա գործերը շատ լավ էին ընթանում։ Պատերազմի[2] ժամանակ նա կռվում էր Ջեկսընի բանակում, իսկ հետո Հուդի հրամանատարության տակ և հասավ գնդապետի աստիճանի։ Երբ Լին[3] վար դրեց զենքը, հորեղբայրս վերադարձավ իր պլանտացիան, որտեղ ապրեց երեք թե չորս տարի։ 1869 թե 1870 թվականին նա վերադարձավ Եվրոպա և Հորշեմի մոտերքը՝ Սասսեքսում, վարձակալեց մի փոքրիկ կալվածք։ Միացյալ Նահանգներում նա մեծ կապիտալ կուտակեց և հեռացավ Ամերիկայից, որովհետև զզվանք էր տածում դեպի նեգրերը և դժգոհ էր ռեսպուբլիկական կառավարությունից, որը նրանց ստրկությունից ազատել էր։ Հորեղբայրս տարօրինակ մարդ էր՝ դաժան ու դյուրաբորբոք։ Զայրույթի ամեն մի բռնկման ժամանակ նա սոսկալի հայհոյանքներ էր թափում բերանից։ Ապրում էր միայնակ ու մարդկանցից խույս էր տալիս։ Կասկածում եմ, որ Հորշեմի մոտերքն ապրելու բոլոր տարիների ընթացքում գեթ մի անգամ եղած լինի քաղաքում։ Նա մի պարտեզ ուներ, տան շուրջը՝ երկու֊երեք բացատ, և այդտեղ էր զբոսնում, չնայած որ հաճախ շաբաթներով իր սենյակից դուրս չէր գալիս։ Շատ խմում էր ու շատ էլ ծխում, բայց մարդամեջ դուրս գալուց խուսափում էր և նույնիսկ իր հարազատ եղբոր հետ կապ չուներ։ Իսկ ինձ հետ կարծես թե նույնիսկ մտերմացավ, չնայած մենք առաջին անգամ տեսնվեցինք, երբ ես մոտ տասներկու տարեկան էի։ Դա տեղի ունեցավ 1878 թվականին։ Մինչև այդ հորեղբայրս արդեն ութ թե ինը տարի ապրել էր Անգլիայում։ Նա համոզեց հորս, որ ես տեղափոխվեմ իր մոտ, և իր կարծիքով շատ բարի էր իմ նկատմամբ։ Սթափ ժամանակ սիրում էր զառ կամ շաշկի խաղալ ինձ հետ։ Նա ինձ վստահեց սպասավորների, առևտրականների հետ կապ ունեցող բոլոր գործերը, այնպես որ տասնվեց տարեկան դեռ չեղած, ես տան լիակատար տերն էի արդեն։ Ինձ մոտ էի պահում բոլոր բանալիները․ ինձ թույլատրվում էր գնալ, ուր ուզենայի, և անել, ինչ խելքս փչեր, մի պայմանով միայն՝ չխանգարել հորեղբորս մենությունը։ Բայց էլի գոյություն ուներ մի տարօրինակ բացառություն․ ձեղնահարկում կար մշտապես փակ մի սենյակ, ուր հորեղբայրս թույլ չէր տալիս մտնել ո՛չ ինձ, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկին։ Տղայական հետաքրքրությունից դրդված ես բանալու անցքից ներս էի նայում, բայց ոչ մի անգամ, բացի հին սնդուկներից ու կապոցներից ոչինչ չտեսա։

Մի անգամ, դա 1883 թվականի մարտին էր, հորեղբորս սեղանին դրված սպասքի առջև հայտնվեց արտասահմանյան դրոշմանիշով մի նամակ։ Հորեղբայրս գրեթե երբեք նամակներ չէր ստանում, որովհետև գնումների համար միշտ էլ կանխիկ էր վճարում, իսկ ընկեր֊բարեկամ չուներ։

«Հնդկաստանից է, ― ասաց նա, վերցնելով նամակը։ ― Պոնդիշեըրիի դրոշմանիշն է։ Ի՞նչ կարող է լինել»։

Հորեղբայրս փութով պատռեց ծրարը․ այնտեղից ընկան նարնջի չորացած հինգ կորիզ, որոնք գլորվեցին նրա ափսեն։ Ուզեցի ծիծաղել, բայց ժպիտը սառեց շրթունքներիս, երբ նայեցի հորեղբորս։ Նրա ցածի շրթունքը կախվել էր, աչքերը դուրս էին թռել ակնակապիճներից, դեմքը մոխրագույն էր դարձել․ նա անթարթ նայում էր ծրարին, որը շարունակում էր պահել դողդողացող ձեռքում։

― «Կ․ Կ․ Կ․» ― բացականչեց նա և ապա ասաց։ ― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Ահա և մեղքերիս հատուցումը․․․»։

«Դա ի՞նչ է, հորեղբայր», ― հարցրի ես։

«Մահ», ― ասաց նա, վեր կացավ սեղանի մոտից ու գնաց իր սենյակը, թողնելով ինձ տարակուսանքի և սարսափի մեջ։

Ես վերցրի ծրարն ու տեսա, որ նրա ներսի կողմը կարմիր թանաքով երեք անգամ գրված է «Կ» տառը։ Ծրարի մեջ, նարնջի հինգ չորացած կորիզներից բացի, ուրիշ ոչինչ չկար։ Ինչո՞ւ հորեղբորս այդպիսի սարսափ համակեց։

Սեղանից հեռացա ու սանդուղքով վազեցի վերև։ Հորեղբայրս իջնում էր ինձ ընդառաջ։ Նրա մի ձեռքում հին ու ժանգոտած մի բանալի կար, որը ըստ երևույթին ձեղնահարկինն էր, իսկ մյուսում՝ արույրե մի փոքր զարդատուփ։

«Թող անեն ինչ ուզում են․ համենայն դեպս, ես նրանց անձնատուր չեմ լինի, ― անեծքով խոսեց նա։ ― Մերիին ասա՝ թող վառի իմ սենյակի բուխարիկը, ու մարդ ուղարկիր Հորշեմի փաստաբան Ֆորդհեմին կանչելու»։

Ես կատարեցի այն ամենը, ինչ նա կարգադրել էր։ Երբ փաստաբանը եկավ, ինձ կանչեցին հորեղբորս սենյակը։ Բուխարիկի մեջ հուրհրատում էր վառ կրակը, իսկ ցանցի վրա մոխրի մի հաստ շերտ կար, որ ըստ երևույթին այրված թղթից էր։ Կրակարանի կողքին դրված էր բաց ու դատարկ զարդատուփը։ Ես նայեցի տուփին և ակամա ցնցվեցի, որովհետև նրա կափարիչի ներսի կողմը նկատեցի եռակի «Կ», ճիշտ այն տառերից, ինչ այսօր առավոտյան տեսա ծրարի վրա։

«Ես ուզում եմ, որ դու վկա լինես կտակը կազմելու ժամանակ, Ջո՛ն, ― ասաց հորեղբայրս։ ― Իմ կալվածքը թողնում եմ եղբորս՝ հորդ, որ հետո, անկասկած, կանցնի քեզ։ Եթե դու կարող ես խաղաղ ու անվրդով օգտվել դրանից, ավելի լավ։ Իսկ եթե համոզվես, որ դա անհնարին է, ապա հետևիր իմ խորհրդին, տղա՛ս, և կալվածքը հանձնիր քո ամենաոխերիմ թշնամուն։ Շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի ժառանգություն թողնել քեզ․ բայց չգիտեմ, թե գործերն ինչ ընթացք կունենան։ Բարի եղիր, ստորագրիր կտակի այն տեղում, որ ցույց կտա քեզ միստր Ֆորդհեմը»։

Ես ստորագրեցի փաստաթուղթը, ինչպես որ ցույց էր տրված, և փաստաբանն այն տարավ իր հետ։

Այս տարօրինակ դեպքը, ինչպես դուք հասկանում եք, շատ խոր տպավորություն թողեց ինձ վրա, և ես ամբողջ ժամանակ մտածում էի դրա մասին և որևէ բացատրություն չէի գտնում։ Չէի կարողանում ազատվել վախի անորոշ զգացումից, թեև այդ զգացումը բթանում էր շաբաթներն անցնելու հետ միասին, և ոչ մի բան չէր խախտում կյանքի սովորական ընթացքը։ Ճիշտ է, հորեղբորս մեջ ես փոփոխություն նկատեցի։ Նա առաջվանից ավելի շատ էր խմում և մարդկանցից խուսափում ավելի շատ։ Ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր իր սենյակում փակված։ Բայց երբեմն ինչ֊որ արբեցման տենդով բռնված, նա դուրս էր վազում տնից, ատրճանակը ձեռքին դես ու դեն էր ընկնում պարտեզում և բղավում էր, որ ոչ ոքից չի վախենում և ոչ ոքի թույլ չի տա՝ ո՛չ մարդու, ո՛չ էլ սատանայի՝ մորթել իրեն, ինչպես ոչխարն են մորթում։ Սակայն երբ այդ տենդի մոլուցքներն անցնում էին, անմիջապես փախչում էր տուն, մտնում իր սենյակը, և բանալիով ու բոլոր նիգերով փակում դուռ ու լուսամուտ, ինչպես մի մարդ, որը համակված է անհաղթահարելի սարսափով։ Այդպիսի մոլուցքների ժամանակ, նույնիսկ ցուրտ օրերին, քրտինքից նրա դեմքը փայլում էր, կարծես թե հենց նոր էր դուրս եկել բաղնիքից։

Որպեսզի վերջացնեմ այս պատմությունը և չչարաշահեմ ձեր համբերությունը, մի՛ստր Հոլմս, կասեմ միայն, որ մի օր էլ վրա հասավ այն գիշերը, երբ նա կատարեց իր գինարբուքային արշավանքներից մեկը, որից հետո այլևս չվերադարձավ։ Մենք գնացինք փնտրելու նրան։ Նա երեսնիվայր ընկած էր մեր պարտեզի խորքում գտնվող, ջրիմուռով ծածկված փոքրիկ լճակում։ Նրա մարմնի վրա ուժի գործադրման ոչ մի նշան չկար, իսկ ջուրը երկու ոտնաչափից ավելի խոր չէր։ Դրա համար էլ երդվյալների դատարանը, նկատի առնելով հորեղբորս խենթությունները, մահվան պատճառը ճանաչեց ինքնասպանությունը։ Բայց ես, որ գիտեի թե ինչպես էր նրան սարսափեցնում հենց մահվան մասին մտածելը, չէի կարողանում ինքս ինձ համոզել, թե նա իր կամքով է բաժանվել կյանքից։ Ինչ էլ ուզում է եղած լիներ, դրանով գործը վերջացավ, և հայրս ստանձնեց կալվածքի ու տասնչորս հազար ֆունտի տիրությունը, որոնք հիմա կան բանկում՝ նրա ընթացիկ հաշվին․․․

― Թույլ տվեք, ― ընդհատեց նրան Հոլմսը։ ― Ձեր հաղորդումը, ինչպես տեսնում եմ, ամենահետաքրքիրներից մեկն է, որ ես երբևէ լսել եմ։ Ասացեք ինձ, թե ձեր հորեղբայրը ե՞րբ է ստացել նամակը և ո՞րն է նրա ենթադրյալ ինքնասպանման օրը։

― Նամակը ստացվեց 1883 թվականի մարտի տասին։ Նա մեռավ յոթ շաբաթ հետո, մայիսի լույս երկուսի գիշերը։

― Շնորհակալ եմ։ Խնդրեմ՝ շարունակեցեք։

― Երբ հայրս հորշեմյան կալվածքի տերը դարձավ, իմ պնդումով միշտ փակ ձեղնահարկի մանրազնին քննություն կատարեց։ Մենք այնտեղ արույրե մի զարդատուփ գտանք։ Տուփի ամբողջ պարունակությունը ոչնչացված էր։ Կափարիչի ներսի կողմից սոսինձով փակցրած էր թղթի մի պիտակ, որի վրա երեք «Կ» տառ կար, իսկ դրա ներքևը՝ մակագրություն․ «Նամակներ, նշումներ, ստացականներ ու ցուցակներ»։ Ինչպես ենթադրում ենք, այդ բառերը ցույց են տալիս թղթերի բնույթը, որ գնդապետ Օփենշոն ոչնչացրել էր։ Դրանից բացի, ձեղնահարկում ոչ մի էական բան չկար, եթե չհաշվենք թափթփված թղթերի ու հորեղբորս՝ Ամերիկայում անցկացրած կյանքին վերաբերող նոթատետրերի հսկայական քանակը։ Դրանցից մի քանիսը պատերազմի ժամանակվա բաներ էին և վկայում էին, որ հորեղբայրս լավ է կատարել իր պարտքը ու քաջասիրտ զինվորի համբավ էր վաստակել։ Մյուս թղթերը վերաբերում էին նահանգների վերակազմավորման ժամանակաշրջանին ու մեծ մասամբ շոշափում էին քաղաքական հարցեր, որովհետև հորեղբայրս, հավանաբար, մեծ դեր է խաղացել հյուսիսից ուղարկված քաղաքական գործիչների դեմ կազմված օպոզիցիայի մեջ։

Այսպիսով, 84 թվականի սկզբին հայրս բնակություն հաստատեց Հորշեմում, և ամեն ինչ չտեսնված լավ էր գնում մեզ մոտ մինչև 85 թվականը։ Հունվարի չորսին, երբ մենք բոլորս նստել էինք նախաճաշի, հայրս հանկարծ բղավեց զարմանքից։ Մի ձեռքում նա բռնել էր հենց նոր բացած ծրարը, իսկ մյուս երկարած ձեռքի ափի մեջ՝ նարնջի հինգ հատ չորացած կորիզ։ Նա միշտ ծաղրում էր այն, ինչն անվանում էր «Գնդապետի մասին հնարած բաներ», իսկ այդ րոպեին ինքն էլ վախեցավ, ստանալով նույնպիսի մի ուղերձ։

«Ի՞նչ կարող է նշանակել այս, Ջո՛ն», ― մրմնջաց նա։

Սիրտս քար կտրեց։

«Դա Կ․ Կ․ Կ․ է», ― պատասխանեցի ես։

Հայրս նայեց ծրարի մեջ ու ասաց․

«Այո, այստեղ էլ նույն տառերն են։ Բայց այս ի՞նչ է գրված դրանց վերևը»։

«Թղթերը դրեք արևի ժամացույցի վրա», ― կարդացի ես, նրա ուսի վրայից նայելով ծրարին։

«Ի՞նչ թղթեր, ի՞նչ արևի ժամացույց», ― հարցրեց նա։

«Այգու արևի ժամացույցը․ այստեղ ուրիշ ժամացույց չկա։ Իսկ թղթերը, ըստ երևույթին նրանք են, որ ոչնչացված են»։

«Գրողը տանի, ― ասաց նա։ ― Մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում և լուրջ բանի տեղ չենք կարող դնել այսպիսի անհեթեթությունները։ Որտեղի՞ց այս նամակը»։

«Դանդիից», ― պատասխանեցի ես, նայելով դրոշմանիշին։

«Ինչ֊որ մեկի տխմար կատակն է, ― ասաց նա։ ― Ի՞նչ գործ ունեմ ես արևի ժամացույցի ու թղթերի հետ։ Այսպիսի ցնդաբանությանն իսկի պետք էլ չէ ուշադրություն դարձնելը»։

«Ձեր տեղը որ լինեմ, կհայտնեմ ոստիկանությանը», ― ասացի ես։

«Որ ինձ վրա ծիծաղե՞ն։ Մտքովս էլ չի անցնի»։

«Այն ժամանակ թույլ տվեք ես անեմ այդ»։

― Ոչ մի դեպքում։ Չեմ ուզում աղմուկ բարձրացնել այդպիսի դատարկ բաների համար»։

Հորս համոզելն իզուր աշխատանք կլիներ, որովհետև նա շատ համառն էր․ իսկ ինձ համակեցին ծանր նախազգացումները։

Նամակ ստանալու երրորդ օրը հայրս մեկնեց այցելելու իր հին ընկերոջը՝ մայոր Ֆրիբոդիին, որը Պորտսդաուն֊Հիլլի ամրույթներից մեկի հրամանատարն էր։ Ես ուրախ էի նրա գնալու համար, որովհետև ինձ թվում էր, թե տնից դուրս նա վտանգից հեռու է։ Բայց սխալվեցի։ Հորս մեկնելու երկրորդ օրը մայորից մի հեռագիր ստացա, որով նա աղաչում էր ինձ՝ անհապաղ գնալ իր մոտ։ Հայրս ընկել էր խոր կավճահորերից մեկի մեջ, որ շատ կան այնտեղ, և պառկած էր անզգա՝ ջարդված գանգով։ Ես շտապեցի նրա մոտ, բայց նա մեռավ առանց ուշքի գալու։ Ըստ երևույթին նա Ֆերհեմից վերադառնալիս է լինում իրիկնապահին։ Իսկ որովհետև վայրը նրան անծանոթ էր և կավճահորերը ցանկապատված չէին, երդվյալների դատարանն առանց տատանվելու վճիռ հանեց․ «Մահ դժբախտ պատահարի հետևանքով»։

Ես մանրազնին ուսումնասիրեցի նրա մահվան հետ կապված բոլոր փաստերը, բայց չհայտնաբերեցի ոչ մի բան, որ հուշեր ինձ այն միտքը, թե դա սպանություն է։ Չկային ո՛չ ուժի գործադրման նշաններ, ո՛չ հետքեր գետնի վրա, ո՛չ կողոպուտի հանգամանքներ, ո՛չ էլ կողմնակի մարդիկ ճանապարհներին։ Ինչ էլ լինի, ավելորդ է ձեզ ասել, որ հանգիստ չէի գտնում և գրեթե հավատացած էի, որ հայրս ընկել է ինչ֊որ մեկի կողմից հյուսած որոգայթի մեջ։

Այսպիսի ողբերգական հանգամանքներում ես ստանձնեցի ժառանգության պարտականությունները։ Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ չհրաժարվեցի դրանից։ Կպատասխանեմ ձեզ․ համոզված էի, որ մեր դժբախտություններն ինչ֊որ բանով կապված են հորեղբորս կյանքում վաղուց կատարված դեպքերի հետ, և որ վտանգն ինձ միատեսակ սպառնալու է ամեն մի տան մեջ։

Խեղճ հայրս մեռավ 85 թվականի հունվարին․ դրանից հետո անցել է երկու տարի և ութ ամիս։ Այդ ամբողջ ժամանակվա ընթացքում ես խաղաղ ապրեցի Հորշեմում և արդեն սկսեցի հուսալ, որ այդ նզովքն այլևս կախված չէ մեր ընտանիքի գլխին, որ նա ցնդեց ավագ սերնդի կործանումից հետո։ Սակայն շատ վաղ էի հանգստացել։ Երեկ առավոտ ինձ նույն ձևի հարված հասավ, ինչպիսին որ հորս․․․

Երիտասարդը գրպանից հանեց մի ճմրթված ծրար և, դառնալով դեպի սեղանը, սփռոցին թափեց նարնջի հինգ փոքրիկ կորիզ։

― Ահա ծրարը, ― շարունակեց նա։ ― Փոստի կնիքի վրա գրված է Լոնդոն, Արևելյան շրջան։ Ծրարի ներսի կողմը նույն տառերն են, ինչ որ կային հորս ստացած նամակի մեջ՝ «Կ․ Կ․ Կ․» և հետո «Թղթերը դրեք արևի ժամացույցի վրա»։

― Ի՞նչ արեցիք դուք, ― հարցրեց Հոլմսը։

― Ոչինչ։

― Ոչի՞նչ։

― Ճիշտն ասած․․․ ― նա դեմքն իջեցրեց սպիտակ ու բարակ ձեռքերին, ― ես ինձ անօգնական զգացի այնպես, ինչպես խղճուկ մի ճագար, որին մոտենում է օձը։ Ըստ երևույթին մի անհաղթահարելի և անողոք ուժի իշխանության տակ եմ, որից չի կարող փրկել ոչ մի նախազգուշական միջոց։

― Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում, ― բացականչեց Շերլոկ Հոլմսը։ ― Դուք պետք է գործեք, եթե ոչ կկործանվեք։ Միայն եռանդը կարող է փրկել ձեզ։ Հիմա հուսահատվելու ժամանակը չէ։

― Եղա ոստիկանատանը։

― Եվ ի՞նչ․․․

― Բայց այնտեղ ժպտալով լսեցին իմ պատմածը։ Համոզված եմ, որ ոստիկանության տեսուչն այդ նամակները համարում է ինչ֊որ մեկի կատակը, իսկ հարազատներիս մահը՝ դժբախտ դեպք, որ ոչ մի բանով կապված չի այդ նախազգուշացումների հետ, ինչպես և հաստատեց երդվյալների դատարանը։

Հոլմսը սեղմած բռունցքները թափահարեց օդում։

― Աներևակայելի բթությո՜ւն, ― բացականչեց նա։

― Այնուամենայնիվ մի ոստիկան ուղարկեցին ինձ մոտ, որը գիշեր֊ցերեկ հերթապահում է իմ տանը։

― Նա եկե՞լ է ձեզ հետ։

― Ոչ․ նրան հրամայել են մնալ տան մոտ։

Հոլմսը բռունցքները նորից թափահարեց օդում։

― Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, ― հարցրեց նա․ ― և, որ գլխավորն է, ինչո՞ւ միանգամից չեկաք ինձ մոտ։

― Չգիտեի։ Միայն այսօր խոսեցի մայոր Պրենդերհասի հետ երկյուղիս մասին, և նա ինձ խորհուրդ տվեց դիմել ձեզ։

― Բայց չէ՞ որ արդեն երկու օր է, ինչ դուք ստացել եք նամակը։ Դուք պետք է սկսեիք գործել ավելի շուտ։ Կարծում եմ, որ ուրիշ տվյալներ չունեք, քան այն, ինչ ինձ հաղորդեցիք։ Գլխի գցող որևէ մանրամասնություններ չկա՞ն, որոնք կարողանային օգնել մեզ։

― Մի բան կա, ― ասաց Ջոն Օփենշոն։ Նա խառնշտորեց վերարկուի գրպանները և, գունաթափ, կապույտ թղթի մի պատառիկ հանելով, դրեց սեղանին։ ― Հիշում եմ ասաց նա, ― որ այն օրը, երբ հորեղբայրս վառում էր թղթերը, մոխրի մեջ ընկած չայրված փոքրիկ շերտերը ճիշտ այս գույնին էին։ Այս թերթիկը ես գտա հորեղբորս սենյակի հատակին և հակված եմ կարծելու, որ սա այն թղթերից մեկն է, որը պատահաբար մի կողմ է թռել մյուսներից և, դրանով ոչնչացումից խուսափել։ Կորիզների մասին եղած հիշատակությունից բացի, այս թղթի մեջ ուրիշ ոչինչ չեմ տեսնում, որ կարողանար օգնել մեզ։ Կարծում եմ, սա ինչ֊որ օրագրի մի էջ է։ Կասկածից դուրս է, որ սա հորեղբորս ձեռագիրն է։

Հոլմսը լամպը դարձրեց սեղանի կողմը, և մենք երկուսս էլ կռացանք թղթի վրա, որի անհարթ եզրերը վկայում էին թերթիկը մատյանից պոկված լինելու մասին։ Վերևը մակագրություն կար․ «1869 թվականի մարտ ամիս», իսկ ներքևը՝ հետևյալ հանելուկային նշումները․

4֊ին։ Հուդզոնը ներկայացավ։ Առաջվա պլատֆորման։

7֊ին։ Կորիզներն ուղարկված են Մակ֊Կոուլիին, Փարամորին և Սենա֊Ավգուստինցի Ջոն Սվեյենին։

9֊ին։ Մակ֊Կոուլին պոչը քաշեց։

10֊ին։ Ջոն Սվեյնը պոչը քաշեց։

12֊ին։ Այցելեցինք Փարամորին։ Ամեն ինչ կարգին է։

― Շնորհակալությունս եմ հայտնում ձեզ, ― ասաց Հոլմսը, ծալելով թուղթը և վերադարձնելով մեր այցելուին։ ― Հիմա դուք ոչ մի րոպե չպետք է կորցնեք։ Մենք նույնիսկ ժամանակ չենք կարող վատնել քննելու այն ամենը, ինչ դուք ինձ հաղորդեցիք։ Պետք է իսկույն ևեթ վերադառնաք տուն և անցնեք գործի։

― Ի՞նչ պիտի անեմ ես։

― Միայն մի գործ ունեք անելու, և այն էլ անհապաղ։ Հենց նոր մեզ ցույց տված թուղթը դուք պետք է դնեք այն արույրե զարդատուփի մեջ, որ նկարագրեցիք։ Դրան դուք պետք է կցեք մի երկտող և այդ երկտողով տեղեկացնեք, որ մնացած բոլոր թղթերը այրել է ձեր հորեղբայրը․ մնացել է միայն այս թերթիկը։ Դուք դա պիտի հայտնեք այնպիսի բառերով, որոնք վստահություն կներշնչեն։ Նամակը գրելուց հետո, զարդատուփն անմիջապես դրեք արևի ժամացույցի սկավառակի վրա, ինչպես որ ձեզ ցուցում է տրված։ Հասկանո՞ւմ եք։

― Լիովին հասկանում եմ։

― Այժմ վրեժ լուծելու կամ նման այլ բանի մասին մի՛ մտածեք։ Կարծում եմ, որ դրան մենք կարող ենք հասնել օրինական ճանապարհով, բայց չէ՞ որ մենք մեր ցանցը դեռ նոր պիտի հյուսնեք, իսկ նրանք իրենցն արդեն հյուսել են։ Ամենից առաջ պետք է վերացնել ձեզ սպառնացող անմիջական վտանգը, իսկ հետո արդեն պարզել այդ խորհրդավոր գործը և պատժել մեղավորներին։

― Շնորհակալ եմ ձեզանից, ― ասաց երիտասարդը, վեր կենալով ու հագնելով թիկնոցը։ ― Դուք ինձ վերադարձրիք կյանքս և հույսս։ Ես կվարվեմ այնպես, ինչպես դուք խորհուրդ եք տալիս։

― Ոչ մի րոպե մի՛ կորցրեք։ Եվ, որ գլխավորն է, խնայեցեք ձեզ, որովհետև ոչ մի կասկած չկա, որ ձեզ սպառնում է շատ ռեալ ու մեծ վտանգ։ Ո՞ր ճանապարհով եք մտադիր տուն վերադառնալ։

― Գնացքով, Վաթեռլոոյի կայարանից։

― Դեռևս ժամը ինը չկա։ Փողոցներում շատ մարդ կլինի․ այնպես որ, հուսով եմ, դուք անվտանգ կանցնեք։ Համենայն դեպս, պետք է զգուշանալ թշնամիներից։

― Ես զինված եմ։

― Դա լավ է։ Վաղը ես ձեռնամուխ կլինեմ ձեր գործին։

― Ուրեմն ես ձեզ Հորշեմո՞ւմ կտեսնեմ։

― Ոչ, ձեր գործի գաղտնիքը Լոնդոնում է․ այստեղ էլ դա կփնտրեմ։

― Այդ դեպքում, ես ձեզ մոտ կգամ մեկ կամ երկու օր հետո և կհաղորդեմ այն ամենը, ինչ կպարզվի զարդատուփի և թղթերի կապակցությամբ։ Ճշգրիտ կերպով կկատարեմ ձեր բոլոր խորհուրդները։

Նա սեղմեց մեր ձեռքերն ու, հրաժեշտ տալով, գնաց։

Քամին առաջվա պես ոռնում էր, և անձրևը թակում էր լուսամուտները։ Թվում էր, թե մոլեգնած տարերքն էր քշել ու բերել մեզ մոտ այդ տարօրինակ պատմությունը, ինչպես փոթորիկը ծովախոտն է բերում, իսկ այժմ նորից կլանել էր։

Շերլոկը միառժամանակ նստած էր լուռ ու գլխահակ, հայացքը հառած բուխարիկի կարմիր բոցին։ Հետո նա վառեց ծխամորճը, ծխեց ու, ետ ընկնելով բազկաթոռի թիկնակին, սկսեց հետևել ծխի կապույտ օղակներին, որոնք առաստաղի տակ բարձրանում և հասնում էին իրար։

― Ուո՛տսըն, ― նկատեց նա վերջապես, ― կարծում եմ, որ մեր պրակտիկայում ավելի վտանգավոր ու ֆանտաստիկ գործ չի եղել։

― Բայց դուք որոշակի պատկերացում կազմեցի՞ք այդ վտանգների բնույթի մասին, ― հարցրի ես։

― Այս դեպքում դրանց բնույթի վերաբերյալ կասկած լինել չի կարող, ― պատասխանեց նա։

― Բայց սա ի՞նչ բան է․ ո՞վ է այդ «Կ․ Կ․ Կ․»֊ն և ինչո՞ւ է հետապնդում այդ դժբախտ ընտանիքին։

Շերլոկ Հոլմսը փակեց աչքերն ու հենվելով բազկաթոռի արմնկակալներին, մատների ծայրերը կպցրեց իրար։

― Իսկական մտածողը, ― նկատեց նա, ― լրիվ ամբողջությամբ տեսնելով մեն֊միակ մի փաստը, դրանից կարող է դուրս քաշել ոչ միայն իրադարձությունների ողջ շղթան, որ հասցրել է այդ փաստին, այլև բոլոր հետևանքները, որ բխում են դրանից։ Ինչպես Կյուվյեն[4] մի ոսկորի հիման վրա կարողանում էր ճիշտ նկարագրել ամբողջ մի կենդանի, այնպես էլ լավ դիտողը, հիմնավորապես ուսումնասիրելով իրադարձությունների շարանի մի օղակը, պետք է կարողանա ճշգրիտ կերպով վերականգնել բոլոր մյուս՝ և՛ նախորդող, և՛ հաջորդող օղակները։ Բայց որպեսզի մտածելու արվեստը հասցվի բարձրագույն կետին, անհրաժեշտ է, որ մտածողն օգտագործի բոլոր հավաստի փաստերը, իսկ դրա համար նրան հարկավոր են ամենալայն գիտելիքներ։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դուք մեր մտերմության առաջին օրերին շատ ճիշտ որոշեցիք իմ գիտելիքների սահմանները։

― Այո՛, ― պատասխանեցի ծիծաղելով, ― դա մի արտասովոր փաստաթուղթ էր։ Ես հիշում եմ, որ փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը և քաղաքականությունը դրված էին զրո նշանի տակ։ Գիտելիքները բուսաբանությունից տատանվող էին, երկրաբանությունից՝ խոր, քանի որ խնդիրը վերաբերում էր ցեխի բծերին, որ կա Լոնդոնի շրջակայքում՝ հիսուն մղոնի սահմաններում գտնվող ուզածդ շրջանում, իսկ քիմիայից էկսցենտրիկ էին, մարդակազմությունից՝ ցրված, քրեական գրականության ու դատական հաշվետվությունների բնագավառում՝ բացառիկ լավ․ այս բոլորի հետ միասին՝ մարդը ջութակահար է, բռնցքամարտիկ, տիրապետում է սուսերին, իրավաբան է, իրեն թունավորում է կոկաինով ու ծխախոտով։ Այդպիսիք էին իմ հետազոտության ամենագլխավոր կետերը։

Վերջին բառերի վրա Հոլմսը քթի տակ ծիծաղեց։

― Է, թեկուզ, ես հիմա էլ նույնն եմ ասում, ինչ այն ժամանակ, որ մարդ իր ուղեղի փոքրիկ ձեղնահարկում պետք է դասավորի այն ամենը, ինչը, հավանաբար, պետք կգա, իսկ մնացած գիտելիքները պետք է դարսի իր գրադարանի նկուղում, որտեղից կարող է հանել հարկ եղած դեպքում։ Այնպիսի գործի համար, ինչպիսին առաջարկվեց մեզ այսօր երեկոյան, մենք, իհարկե, պետք է կյանքի կոչենք մեզ համար մատչելի բոլոր ռեսուրսները։ Տվեք ինձ, խնդրում եմ, Ամերիկյան էնցիկլոպեդիայի այն հատորը, որտեղ «Կ» տառն է։ Այդ հատորը ձեր կողքի դարակում է։ Շնորհակալ եմ։ Այժմ քննենք բոլոր հանգամանքներն ու տեսնենք, թե ինչ եզրակացության կարելի է հանգել դրանցից։ Ամենից առաջ մենք պետք է սկսենք այն ենթադրությունից, թե գնդապետ Օփենշոն Ամերիկայից հեռանալու վերին աստիճանի լուրջ պատճառներ ուներ։ Նրա տարիքի մարդիկ հակված չեն խախտելու իրենց բոլոր սովորություններն ու կամավոր կերպով հրաժարվելու Ֆլորիդայի սքանչելի կլիմայից, անգլիական գավառական փոքրիկ քաղաքում առանձնացված կյանք վարելու համար։ Անգլիայում առանձնանալու նրա ծայր աստիճանի բուռն հակումը, թելադրում է կարծելու, որ նա ինչ֊որ մեկից կամ ինչ֊որ բանից վախենում էր։ Ուստի մենք, որպես գործնական հիպոթեզ կարող ենք ընդունել, որ դա վախ էր ինչ֊որ մեկից կամ ինչ֊որ մի բանից․ հենց դա էլ ստիպեց նրան լքել Ամերիկան ու հեռանալ։ Իսկ թե ինչից էր նա վախենում, մենք կարող ենք դատողություն անել միայն նրա և իր ժառանգների ստացած չարագուշակ նամակների հիման վրա։ Դուք նկատեցի՞ք այդ նամակների դրոշմանիշները։

― Առաջինը՝ Պոնդիշերից էր, երկրորդը՝ Դանդիից, իսկ երրորդը՝ Լոնդոնից։

― Արևելյան Լոնդոնից։ Ի՞նչ եզրակացություն կարող եք անել սրանից։

― Դրանք բոլորն էլ օվկիանոսային նավահանգիստներ են։ Ըստ երևույթին, նամակ գրողը նավի վրա էր։

― Հրաշալի՜ է։ Մենք բանալին ունենք արդեն։ Հավանական է, շատ հավանական է, որ նամակ գրողը նավի վրա է գտնվել։ Այժմ գործին նայենք մի ուրիշ կողմից։ Պոնդիշերի հետ կապված դեպքերի ժամանակ, սպառնալիքից մինչև նրա իրագործումն անցել է յոթ շաբաթ․ Դանդիի դեպքի ժամանակ, սպառնալիքի և նրա իրագործման արանքում անցել է ընդամենը երեք֊չորս օր։ Դա ձեզ որևէ մտքի հանգեցնո՞ւմ է։

― Ավելի մեծ տարածություն, որ հարկավոր էր անցնել առաջին դեպքում։

― Բայց չէ՞ որ նամակն էլ պետք է անցներ այդ մեծ տարածությունը։

― Այդ դեպքում այս գործից գլուխ չեմ հանում։

― Հիմք կա ենթադրելու, որ այն նավը, որի վրա գտնվում է այդ մարդը (կամ գուցե նրանք մի քանի հոգի են), առագաստանավ է։ Երևում է, որ նրանք այդ տարօրինակ նախազգուշացումները կամ նշաններն ուղարկում էին՝ իրենց խնդրի իրագործմանը մեկնելուց առաջ։ Տեսնո՞ւմ եք, թե որքան արագ հետևեց գործը Դանդիից ուղարկված նախազգուշացմանը։ Եթե Պոնդիշերից նրանք ուղևորվեին շոգենավով, ապա տեղ պիտի հասնեին գրեթե նամակի հետ միաժամանակ։ Բայց մեկնելուց հետո անցել է յոթ շաբաթ։ Ես կարծում եմ, որ յոթ շաբաթը՝ նամակ բերող շոգենավի արագության և նամակի հեղինակին բերող առագաստանավի արագության տարբերությունն է։

― Դա հնարավոր է։

― Ավելի քան հնարավոր է․ դա հավանական է։ Դուք հիմա տեսնում եք մահացու վտանգը մեր գործում և հասկանում եք, թե ինչու էի պնդում, որ երիտասարդ Օփենշոն զգույշ լինի։ Հարվածը միշտ հասվում էր ժամկետի վերջին, որ հարկավոր էր նամակներն ուղարկողներին՝ այդ տարածությունն առագաստանավով անցնելու համար։ Բայց չէ՞ որ այս նամակը ուղարկված է Լոնդոնից․ դրա համար էլ մենք չենք կարող հույս դնել հետաձգելու վրա։

― Աստվա՜ծ իմ, ― բացականչեցի ես, ― ի՞նչ է նշանակում այս անողոք հետապնդումը։

― Հավանորեն Օփենշոյի տարած թղթերը առագաստանավի վրա գտնվող մարդու կամ մարդկանց համար կենսական հետաքրքրություն ունեն։ Կարծում եմ, որ նավի վրա մի մարդ չէ։ Մի մարդը չէր կարող երկու սպանություն կատարել այնպես, որ դատական հետաքննությունը շփոթության մեջ գցի։ Այս գործին պետք է որ մասնակցեին մի քանի մարդ, ըստ որում՝ հնարամիտ ու վճռական մարդիկ։ Նրանք որոշել են ստանալ իրենց թղթերը, ում ձեռքում էլ որ դրանք լինեն։ Այսպիսով, դուք տեսնում եք, որ «Կ․ Կ․ Կ․» տառերը դադարում են մարդու անվան հայրանվան ու ազգանվան սկբզնատառերը լինելուց, և դառնում են ամբողջ մի ընկերության նշաններ։

― Բայց ի՞նչ ընկերության։

― Դուք Կու֊կլուկս֊կլանի մասին երբեք չե՞ք լսել, ― ասաց Շերլոկ Հոլմսը, կռանալով ու ցածրացնելով ձայնը։

― Երբեք չեմ լսել։

Հոլմսը թերթեց իր ծնկներին դրած գրքի էջերը։

― Ահա թե ինչ է ասվում այստեղ․ «Կու֊կլուկս֊կլանը անուն է, որ ծագել է հրացանի լարվող փակաղակի ձայնի նմանությունից։ Այդ սարսափելի, գաղտնի ընկերությունն ստեղծվել է Հարավային բանակի նախկին զինվորների կողմից՝ քաղաքացիական պատերազմից հետո, և արագորեն կազմել է իր տեղական բաժանմունքները տարբեր նահանգներում, գլխավորապես՝ Թեննեսիում, Լուիզիանայում, զույգ Կարոլիններում, Ջորջիայում ու Ֆլորիդայում։ Այդ ընկերությունն իր ուժերն օգտագործում էր քաղաքական նպատակներով, գլխավորապես նրա համար, որ նեգր ընտրողներին ահաբեկման ենթարկի, ինչպես նաև սպանի կամ երկրից արտաքսի այն մարդկանց, ովքեր հակառակում էին նրա հայացքներին։ Նրանց հանցագործություններին սովորաբար նախորդում էր զգուշացումը, որը նշված անձին ուղարկվում էր ֆանտաստիկ, բայց լայնորեն հայտնի ձևով․ երկրի մի քանի վայրերում՝ կաղնու տերևակալած մի ճյուղ, իսկ մյուսներում՝ սեխի սերմ կամ նարնջի կորիզներ։ Ստանալով այդ նախազգուշացումը, մարդ կարող էր կամ բացարձակ կերպով հրաժարվել իր նախկին հայացքներից, կամ հեռանալ երկրից։ Եթե այդ անձը նախազգուշացմանն ուշադրություն չէր դարձնում, անխուսափելիորեն վրա էր հասնում մահը, սովորաբար տարօրինակ ու անակնկալ։ Ընկերությունն այնքան լավ էր կազմակերպված, և նրա մեթոդներն այն աստիճանի մտածված էին, որ հազիվ թե հայտնի լինի մի դեպք, երբ որևէ մարդու հաջողվել է անպատիժ կերպով արհամարհել նախազգուշացումը, կամ չարագործության մեղավորները մերկացվեն։ Կազմակերպությունը մի քանի տարի ծաղկում ու բարգավաճում էր, չնայած Միացյալ Նահանգների կառավարության ու Հարավի բնակչության լավագույն խավերի ջանքերին։ 1869 թվականին այդ շարժումն անսպասելիորեն դադարեց, չնայած որ ռասայական ատելության առանձին բռնկումներ նկատվում էին նաև հետագայում․․․», ― նկատի առեք, ― ասաց Հոլմսը, մի կողմ դնելով էնցիկլոպեդիայի հատորը, ― որ ընկերության գործունեության հանկարծակի դադարումը համընկել է Օփենշոյի Ամերիկայից մեկնելու հետ, երբ նա իր հետ տարել է այդ կազմակերպության թղթերը։ Շատ հավանական է, որ այստեղ առկա է պատճառն ու հետևանքը։ Զարմանալու բան չկա, որ երիտասարդ Օփենշոյին ու նրա ընտանիքին հետևում են անողոք մարդիկ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ ցուցակն ու օրագրերը կարող են արատավորել Հարավի ամենաականավոր գործիչներին և, որ շատերը հանգիստ չեն քնի, մինչև այդ թղթերը նրանց ձեռքը չընկնի։

― Ուրեմն, այն էջը որ մենք տեսանք․․․

― Այնպիսին է, ինչպիսին կարելի էր սպասել։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այնտեղ գրված էր․ «Կորիզներն ուղարկված են Ա․ Բ․ Գ․֊երին» այսինքն՝ նրանց նախազգուշացում է ուղարկված։ Այնուհետև հաջորդաբար գրված է, որ Ա֊ն ու Բ֊ն պոչները քաշել են, ասինքն՝ հեռացել են երկիրց, և որ Գ֊ին այցելել են։ Վախենում եմ, որ Գ֊ի գործը վատ է վերջացել։ Ես կարծում եմ, դոկտոր, որ մեզ կհաջողվի այս մութ գործի վրա որոշ լույս սփռել։ Մինչ այդ, երիտասարդ Օփենշոյի միակ փրկությունը կլինի գործել այնպես, ինչպես որ ես նրան խորհուրդ տվի։ Այսօր մենք այլևս ոչինչ անել կամ ասել չենք կարողանա․․․ Տվեք ինձ ջութակս, և մենք կփորձենք կես ժամով մոռանալ զզվելի եղանակն ու մարդկանց ավելի քան զզվելի արարքները։

Առավոտյան դեմ փոթորիկը դադարեց, և արևն աղոտ կերպով լուսավորում էր Լոնդոնի վրա կախված մշուշե ծածկույթի միջից։ Շերլոկ Հոլմսն արդեն նախաճաշում էր, երբ ցած իջա։

― Ներեցեք, որ առանց ձեզ եմ սկսել, ― ասաց նա։ ― Կանխատեսում եմ, որ երիտասարդ Օփենշոյի գործով ստիպված կլինեմ շատ չարչարվել։

― Ի՞նչ քայլեր եք մտադիր անելու, ― հարցրի ես։

― Դա զգալի չափով կախված է իմ առաջին հետազոտությունների արդյունքներից։ Կարող է պատահել, որ ստիպված լինեմ դեռ Հորշեմ էլ գնալ։

― Մի՞թե առաջին հերթին այնտեղ չեք գնալու։

― Ոչ, ես կսկսեմ Սիտիից։ Զանգը տվեք, և աղախինը ձեզ համար սուրճ կբերի։

Մինչ սուրճը կբերեին, սեղանի վրայից վերցրի լրագիրն ու սկսեցի արագորեն աչքի անցկացնել։ Ես տեսա մի վերնագիր, որից սիրտս սառույց կտրեց։

― Հո՛լմս, ― գոչեցի ես, ― դուք ուշացել եք։

― Ա՜․․․ ― ասաց նա, ցած դնելով գավաթը։ ― Վախենում էի, որ այդպես էլ կլինի։ Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ։ ― Նա խոսում էր հանգիստ, բայց ես տեսնում էի, որ խորապես հուզված է։

Աչքովս ընկավ Օփենշո անունը և վերնագիրը․ «Ողբերգություն Վաթեռլոո կամրջի մոտ»։ Ահա թե ինչ էր գրված։

«Երեկ, երեկոյան ժամը իննի և տասի միջև, ոստիկանության կոնստեբլ Կուկը, որ հերթապահում էր Վաթեռլոո կամուրջի մոտ, լսեց օգնության կանչողի աղաղակ և ջրի ճողփյուն։ Սակայն գիշերը շատ մութ էր, մոլեգնում էր փոթորիկը, այնպես որ, չնայած մի քանի անցորդների խիզախ փորձերին, հնարավոր չեղավ փրկվել խեղդվողին։ Տագնապի ազդանշան տրվեց, և գետային ոստիկանության օգնությամբ, մարմինը հաջողվեց գտնել։ Դա մի երիտասարդ ջենտլմեն էր, որի անունը, ինչպես երևաց նրա գրպանում գտնված ծրարից, Ջոն Օփենշո է, բնակվող Հորշեմի մոտերքում։ Ենթադրում են, որ նա աճապարում էր հասնել Վաթերլոո կայարանից ուղևորվող վերջին գնացքին, և որ բացառիկ մթության պայմաններում, շտապելով, ճանապարհը կորցրել է ու ցած ընկել, գետային փոքրիկ նավահանգիստներից մեկի եզրից։ Մարմնի վրա բռնի ուժ գործադրելու հետքեր չեն հայտնաբերված, և կասկած չի կարող լինել, որ հանգուցյալը դժբախտ դեպքի զոհ է դարձել։ Դա իշխանություններին պետք է ստիպի ուշադրություն դարձնել գետային նավահանգիստների վիճակին»։

Մի քանի րոպե նստած էինք լուռ։ Ես Հոլմսին երբեք այդքան ճնշված չէի տեսել։

― Դա հարված է հասցնում իմ ինքնասիրությանը, ― ասաց նա վերջապես։ ― Անվիճելի է, ինքնասիրությունը մանր զգացմունք է, բայց դեն նետել չես կարող։ Հիմա այդ գործը դառնում է իմ անձնականը, և եթե աստված ինձ առողջություն տա, ամբողջ բանդան ջրի երես կհանեմ։ Նա եկավ ինձ մոտ օգնություն ստանալու, ու հենց ես էլ նրան մահվան ուղարկեցի։

Նա վեր թռավ աթոռից, քայլեց սենյակով մեկ, գունատ դեմքին՝ վառվռուն մի կարմրություն, ջղաձգորեն ծալելով ու բացելով իր երկար ու բարակ մատները։

― Խորամանկ սատանանե՜ր, ― վերջապես գոչեց նա։ ― Ինչպե՞ս հաջողվեց նրանց, այդ կողմը, ցած, դեպի գետը գրավել նրան։ Գետափնյա փողոցը կայարանի ճանապարհին չէ։ Կամուրջի վրա, իհարկե, նույնիսկ այդպիսի գիշերը չափից անց բանուկ է եղել։ Դե, Ուո՛տսըն, տեսնենք, թե վերջին հաշվով ով կահղթի։ Հիմա կգնամ ես․․․

― Ոստիկանատո՞ւն։

― Ոչ, ես ինքս եմ ոստիկանություն լինելու։ Ես մի սարդոստյան կհյուսեմ, և թող այն ժամանակ ոստիկանությունը դրանով ճանճ որսա, բայց ոչ շուտ, քան ես։

Ամբողջ օրը ես զբաղված էի իմ բժշկական պրակտիկայով և Բեյքր֊ստրիտ վերադարձա ուշ երեկոյան։ Շերլոկ Հոլմսը դեռ տուն չէր եկել։ Համարյա ժամը տասն էր, երբ նա ներս մտավ գունատ ու հոգնած։ Մոտեցավ ուտեստի պահարանին, ու կտրելով մի կտոր հաց, սկսեց ագահաբար ծամել ու վրան մեծ֊մեծ կումերով ջուր խմել։

― Սովածացե՞լ եք, ― նկատեցի ես։

― Քաղցած մեռնում եմ։ Բոլորովին մոռացել եմ մի բան ուտել։ Առավոտյան նախաճաշից հետո բերանս փշրանք չեմ դրել։

― Ոչ մի բա՞ն։

― Ոչ մի փշուր։ Ես ժամանակ չունեի մտածելու դրա մասին։

― Իսկ ի՞նչ արդյունքների հասաք։

― Լավ։

― Գործի բանալին գտա՞ք։

― Նրանք իմ ձեռքում են։ Երիտասարդ Օփենշոյի վրեժը քիչ ժամանակ կմնա անհատույց։ Գիտե՞ք ինչ, Ուո՛տսըն, մենք նրանց վրա կդնենք հենց իրենց սատանայական դրոշմը։ Մի՞թե վատ է մտածված։

― Ի՞նչ եք ուզում ասել դրանով։

Նա պահարանից մի նարինջ վերցրեց, բաժանեց շերտերի և նրանցից սեղմեց֊հանեց ու սեղանին թափեց կորիզները։ Դրանցից նա վերցրեց հինգ հատ ու դրեց ծրարի մեջ։ Ծրարի ներսի կողմի վրա գրեց՝ «Շ․ Հ֊ը Ջ․ Օ֊ի համար», ապա փակեց ծրարն ու հասցեագրեց․ Նավապետ Ջեյմս Կելհունին, «Միայնակ աստղ առագաստանավ», Սավաննա, Ջորջիա։

― Նամակը կմնա նավահանգստում, մինչև որ Կելհունը վերադառնա, ― ասաց Հոլմսը, ցածրաձայն ծիծաղելով։ ― Դա նրան մի ամբողջ գիշեր անքուն կթողնի։ Համոզված եմ, որ նա այս նամակը կհամարի նույնպիսի ճակատագրի լրաբեր, ինչ վիճակվեց Օփենշոյին։

― Իսկ ո՞վ է այդ նավապետ Կելհունը։

Ամբողջ ավազակախմբի պարագլուխը։ Ես մյուսներին էլ կհասնեմ, բայց սա առաջինը կլինի։

― Ինչպե՞ս հայտնաբերեցիք նրան։

Նա գրպանից մի մեծ թուղթ հանեց, որի վրա ծայրից ծայր թվականներ ու անուններ էին գրոտած։

― Ես ամբողջ օրն անցկացրել եմ Լլոյդի մատյանները և հին թղթերի կապոցները նայելով, հետևել եմ յուրաքանչյուր նավի հետագա ճակատագրին, որ 83 թվականի հունվարին ու փետրվարին եղել են Պոնդիշերիում։ Այդ ամիսների ընթացքում նշված են զգալի ջրատարողություն ունեցող երեսունվեց նավ, դրանցից մեկը «Միայնակ աստղը», միանգամից գրավեց իմ ուշադրությունը, որովհետև նա ուղևորվել է Լոնդոնից․ ըստ որում «Միայնակ աստղը»֊ը Ամերիկայի նահանգներից մեկի մականունն է։

― Կարծեմ Տեխասի։

― Դրանում համոզված չեմ եղել, հիմա էլ համոզված չեմ։ Բայց գիտեի, որ այդ նավը ամերիկյան ծագում պիտի ունենա։

― Եվ ի՞նչ։

― Ես աչքի անցկացրի Դանդի մտած ու դուրս եկած նավերի գրանցումները, ու երբ հայտնաբերեցի, որ «Միայնակ աստղ» առագաստանավն այնտեղ է եղել 85 թվականի հունվարին, կասկածներս դարձան համոզմունք։ Այնժամ ես տեղեկություններ հավաքեցի ներկայումս Լոնդոնի նավահանգստում եղած նավերի մասին։

― Եվ ի՞նչ։

― «Միայնակ աստղը» այստեղ է ժամանել անցյալ շաբաթ։ Ես իջա Ալբերտի դոկերի մոտ և իմացա, որ այս առավոտ, վաղորդյան մակընթացության ժամանակ «Միայնակ աստղը» գնացել է գետն ի վար, որպեսզի վերադառնա Սավանա։ Ես հեռագրեցի Գրևզենդ ու իմացա, որ «Միայնակ աստղը» նոր է անցել այնտեղից․ և որովհետև քամին արևելյան է, չեմ կասկածում, որ նա արդեն անցել է Հուդվինի մոտով ու գտնվում է Ուայտ կղզուց ոչ հեռու։

― Իսկ ի՞նչ կանեք դուք այժմ։

― Օ, Կելհունն այժմ իմ ձեռքում է։ Նա ու երկու նավաստին, ինչպես ես տեղեկացա, նավի միակ ամերիկացիներն են։ Բոլոր մնացածները ֆիններ ու գերմանացիներ են։ Գիտեմ նաև, որ անցյալ գիշերը երեքն էլ նավի վրա չեն անցկացրել։ Դա ինձ ասաց մի բեռնակիր, որ աշխատել է «Միայնակ աստղի» բեռնելու ժամանակ։ Մինչև առագաստանավի Սավաննա հասնելը, փոստային նավը տեղ կհասցնի նամակս, իսկ հեռագիրը կհայտնի Սավաննայի ոստիկանությանը, որ այդ երեք ջենտլմենները չափազանց հարկավոր են այստեղ, սպանության մեջ մեղադրվելու կապակցությամբ։

Սակայն մարդկային ամենալավ ծրագրերի մեջ էլ մի որևէ ճեղքվածք լինում է, և Ջոն Օփենշոյին սպանողներին վիճակված չէր ստանալ նարնջի կորիզները, որոնք ցույց կտային նրանց, թե մի ուրիշը, նույնքան խորամանկ ու վճռական, ինչպես իրենք, գտել է իրենց հետքը։

Այդ տարի գիշերհավասարի փոթորիկները շատ երկարատև ու կատաղի էին։ Մենք «Միայնակ աստղի» մասին Սավաննայից սպասվող լուրերին երկար սպասեցինք, բայց այդպես էլ չստացանք։ Վերջապես իմացանք, որ հեռու ինչ֊որ տեղ, Ատլանտիկայում, տեսել են մեջը ջուր լցված մի ջարդված նավախել, որի վրա փորագրված են եղել «Մ․Ա․» տառերը։ Ահա այն ամենը, ինչ մեզ վիճակված էր իմանալ «Միայնակ աստղի» ճակատագրի մասին։
  1. (Ուիլյամ Կլարկ Ռասսել (1844 ―1911) ― անգլիացի գրող, ծովայինների կենցաղին նվիրված պատմվածքների հեղինակ։
  2. Հարավային և հյուսիսային նահանգների քաղաքացիական պատերազմը (1861 ― 1865)։
  3. Գեներալ Լին Հարավային բանակի հրամանատարն էր։ Ջեկսընը և Հուդը՝ նույն բանակի գեներալներ էին։ Հաղթանակ տարան հյուսիսայինները, որոնք պայքարում էին ստրկատերերի դեմ։
  4. Կյուվյե ― ֆրանսիացի հայտնի գիտնական, որը հիմք դրեց հնէաբանությանը (գիտություն հնածո կենդանիների մասին)։