«Նրա հրաժեշտի ողջույնը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Պատահար թարգմանչի հետ |հեղինակ = Արթուր Կոնան Դոյլ |թարգմանիչ = Հովհաննես Գեւ...)
 
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Պատահար թարգմանչի հետ
+
|վերնագիր = Նրա հրաժեշտի ողջույնը
 
|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]]
 
|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]]
 
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
 
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

02:46, 18 Ապրիլի 2013-ի տարբերակ

Նրա հրաժեշտի ողջույնը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»

    Օգոստոսի երկուսի երեկոյան ժամը ինն էր՝ ամենասարսափելի օգոստոսը մարդկության պատմության մեջ։ Թվում էր, որ գարշանքի մեջ թաղված երկրագնդի վրա արդեն թափվել էր աստծո անեծքը՝ տիրում էր սահմռկեցուցիչ լռություն, և հեղձուցիչ անշարժ օդը լի էր տանջալի սպասումով։ Արևը վաղուց մայր էր մտել, բայց հեռու արևմուտքում, հենց հորիզոնի մոտ, կարծես պատռված վերքի նման կարմրին էր տալիս արնակարմրավուն մի հետք։ Վերևում վառ փայլում էին աստղերը, ներքևում՝ նավահանգստում, կայծկլտում էին նավերի լույսերը։ Պարտեզի ճանապարհի վրա, քարե ցանկապատի մոտ, զրուցում էին երկու գերմանացիներ․ ուշագրավ անձեր էին։ Նրանց թիկունքում, բոլոր կողմերից բազմաթիվ վերնաճակատներով ցածլիկ, երկար մի շենք կար։ Գերմանացիները նայում էին ափի ընդարձակ հարթությանը, հսկա կավճե ժայռի ստորոտին, որի վրա չորս տարի առաջ արծվի նման իջել էր զրուցակիցներից մեկը՝ պարոն ֆոն Բորկը։ Նրանք խոսում էին ցածրաձայն, գլուխներն իրար կպցրած։ Նրանց սիգարների վառվող ծայրերը ներքևից կարելի էր ընդունել որպես մթության միջից նայող դժոխքի ծնունդ դևի կրակե աչքեր։
    Արտասովոր մարդ էր այդ ֆոն Բորկը։ Կայսրին նվիրված գործակալների մեջ նրա նման երկրորդը չկար։ Հազվագյուտ տաղանդի շնորհիվ էլ նրան վստահեցին ամենապատասխանատու «անգլիական միսիան», և հենց աշխատանքի սկզբից նրա շնորհքներն սկսեցին ավելի ու ավելի բացահայտվել, որի վկաներն էին իրազեկ հինգ մարդիկ։ Այդ հինգից մեկը նրա մոտ կանգնած բարոն ֆոն Հերլինգն էր, դեսպանատան առաջին քարտուղարը․ նրա հսկա, հարյուր ձիաուժանոց «Բենցը» արգելափակել էր գյուղական նրբանցքը, պատրաստ հարկ եղած դեպքում տիրոջը թռցնել ետ՝ Լոնդոն։
    Դատելով իրադարձությունների զարգացման ընթացքից, շաբաթվա վերջում դուք, հավանաբար, կլինեք Բեռլինում, ― ասաց քարտուղարը։ ― Ընդունելությունը, որ ձեզ համար այնտեղ պատրաստում են, իմ թանկագին ֆոն Բորկ, կցնցի ձեզ։ Ինձ հայտնի է, թե ինչքան բարձր են գնահատում ձեր գործունեությունը այս երկրի բարձր ոլորտներում։
    Քարտուղարը պատկառելի, լուրջ, բարձրահասակ, լայնաթիկունք մարդ էր, խոսում էր չափված և ծանրակշիռ, որը գլխավոր հաղթաթուղթն էր նրա դիվանագիտական կարիերայում։
    Ֆոն Բորկը ծիծաղեց։
    ― Նրանց հեշտ է խաբելը, ― նկատեց նա։ Հնարավոր չէ ավելի զիջողամիտ ու դյուրահավատ մարդիկ պատկերացնել։
    ― Չգիտեմ, չգիտեմ, ― մտախոհ ասաց նրա զրուցակիցը։ ― Նրանք ունեն մի սահման, որը խախտել չես կարող և դա պետք է հիշել։ Հենց արտաքին պարզամտությունն է թակարդ դառնում արտասահմանցու համար։ Առաջին տպավորությունը միշտ այդպես է՝ բացառիկ մեղմ մարդիկ են, և հանկարծ դեմ էս առնում ինչ֊որ ամուր, վճռական բանի։ Եվ տեսնում էս, որ դա սահմանն է, ավելի հեռու գնալ հնարավոր չէ։ Չի կարելի հաշվի չառնել այդ փաստը, դրան հարկավոր է ընտելանալ։ Օրինակ, նրանք ունեն սեփական, միայն իրենց հատուկ պայմանականություններ, որոնց հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։
    ― Դուք նկատի ունեք «լավ պահվածքն» ու նման բանե՞րը։
    Ֆոն Բորկը հառաչեց՝ դրանից շատ տուժած մարդու նման։
    ― Ես նկատի ունեմ տիպիկ բրիտանական պայմանականություններն իրենց յուրօրինակ ձևերի մեջ։ Որպես օրինակ կարող եմ պատմել ինձ հետ կատարված պատմությունը, երբ սոսկալի անմտություն թույլ տվեցի։ Ես իրավունք ունեմ խոսելու իմ վրիպումների մասին, դուք բավականին լավատեղյակ եք իմ աշխատանքին և գիտեք, թե դա որքան հաջող էր ընթանում։ Դա կատարվեց այն ժամանակ, երբ ես առաջին անգամ եկա այստեղ։ Հրավիրված էի «ուիքենդի»՝ նախարարության անդամներից մեկի քաղաքամերձ տունը։ Խոսակցությունը չափազանց անզգուշությամբ էինք վարում։
    Ֆոն Բորկը գլխով արեց։
    ― Ես եղել եմ այնտեղ, ― չոր ասաց նա։
    ― Հասկանալի է։ Այսպիսով, ես, բնականաբար, իմ դիտարկումների եզրակացությունը Բեռլին ուղարկեցի։ Դժբախտաբար, մեր սիրելի վարչապետը միշտ չէ, որ բավականին նրբանկատ է նման գործերում։ Նա կիսաբերան նկատեց, հասկացնելով, որ իրեն հայտնի է, թե հատկապես ինչի մասին են խոսել։ Իհարկե, դժվար չէր հայտնաբերել տեղեկատվության աղբյուրը։ Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե դա ինձ ինչպես վնասեց։ Հանկարծ ուր չքացավ մեր անգլիացի տերերի մեղմությունը։ Կարծես չէր էլ եղել։ Երկու տարի պետք եղավ, որպեսզի ամեն ինչ հարթվի։ Ահա դուք խաղում եք՝ ձեզ մարզիկ ներկայացնելով․․․
    ― Ոչ, ոչ, դա բնավ էլ այդպես չէ։ Խաղ՝ նշանակում է ինչ֊որ միտում, արհեստականություն։ Իսկ ինձ մոտ ամեն ինչ բնական է, ես բնածին մարզիկ եմ։ Պաշտում եմ սպորտը։
    ― Դե ինչ, դրանից ձեր գործունեությունը միայն շահում է։ Նրանց հետ դուք մասնակցում եք առագաստանավային մրցումներին, որսորդությամբ եք զբաղվում, ջրագնդակ եք խաղում, ոչ մի բանում ետ չեք մնում։ Ձեր քառյակը մրցանակներ է ստանում Օլիմպիայում։ Լսել եմ, որ նույնիսկ բռնցքամարտով եք զբաղվում անգլիացի երիտասարդ սպաների հետ։ Իսկ արդյու՞նքը։ Արդյունքում ձեզ ոչ ոք լրջորեն չի ընդունում։ Ո՞վ եք դուք։ «Հրաշալի տղա», «Գերմանացու համար միանգամայն կարգին մարդ», խմիչքի սիրահար, գիշերային բարերի մշտական այցելու, ուրախ, անհոգ երիտասարդ դատարկապորտ։ Ու՞մ մտքով կանցնի, որ ձեր խաղաղ քաղաքամերձ տունը կենտրոն է, որտեղից դուրս է գալիս անգլիական թագավորությսն բոլոր դժբախտությունների կեսը, և որ կալվածատեր մարզիկը ամբողջ Եվրոպայի ամենաճարպիկ ու փորձառու գործակալն է։ Դուք հանճար եք, իմ թանկագին ֆոն Բորկ, հանճար։
    ― Դուք ինձ շողոքորթում եք, բարոն։ Սակայն, ես իրոք իմ մասին կարող եմ ասել, որ այս երկրում չորս տարի զուր չեմ անցկացրել։ Ձեզ ցույց չե՞մ տվել իմ փոքրիկ գաղտնարանը։ Գուցե մի րոպեով տուն մտնենք։
    Աշխատասենյակի դուռը բացվում էր բաց պատշգամբի վրա։ Ֆոն Բորկը հրեց դուռը և առաջ անցնելով շրխկացրեց էլեկտրական անջատիչը։ Հետո դուռը փակեց ներս մտած մեծամարմին ֆոն Հերլինգի ետևից և խնամքով քաշեց պատուհանի ծանր վարագույրները։ Զգուշության բոլոր միջոցները գործադրելուց հետո, նա իր արևահար, սուր դիմագծերով դեմքը շրջեց հյուրի կողմը։
    ― Իմ թղթերի մի մասն արդեն ուղարկված է, ― ասաց նա։ Պակաս կարևորները երեկ երեկոյան վերցրեց կինս, որը տնեցիների հետ մեկնեց Ֆլիսինգեն։ Հույս ունեմ, որ մնացածի պահպանությունն իր վրա կվերցնի դեսպանատունը։
    ― Ձեր անունն արդեն մտցված է անձնակազմի ցուցակում։ Ամեն ինչ լավ կլինի, ոչ մի դժվարություն չկա ոչ ձեր, ոչ էլ ձեր ծանրոցի նկատմամբ։ Իհարկե, ինչ իմանաս, հնարավոր է մենք հարկադրված լինենք հեռանալ, եթե Անգլիան Ֆրանսիային հայտնի իր համագործակցության մասին։ Մեզ ստույգ հայտնի է, որ նրանք ոչ մի փոխպարտադրող համաձայնագիր չունեն։
    ― Լավ, իսկ Բելգիա՞ն։
    ― Բելգիան էլ նույնն է։
    Ֆոն Բորկը թափահարեց գլուխը։
    ― Դժվար թե, Բելգիայի հետ անպայման պայմանագիր գոյություն ունի։ Ոչ, այդ դեպքում նման խայտառակությունից հետո Անգլիան այլևս խելքի չի գա։
    ― Ծայրահեղ դեպքում նա ժամանակավորապես շունչ կքաշի։
    ― Իսկ երկրի պատիվը․․․
    Է՜, թանկագինս, մենք ապրում ենք օգտապաշտության դարում։ Պատիվը միջնադարյան հասկացություն է։ Բացի դրանից, Անգլիան պատրաստ չէ։ Դա պարզապես խելքի մոտ բան չէ, բայց նույնիսկ մեր հատուկ զինվորական հարկադրումը՝ հիսուն միլիոն, որի նպատակը թվում է արդեն այնքան պարզ, ինչպես եթե այդ մասին հայտարարություն տված լինեինք «Թայմսի» առաջին էջում, չէր արթնացնի այդ քնած մարդկանց։ Երբեմն ինչ֊որ մեկը հարց է տալիս։ Այդ հարցերին պատասխանելու պարտականությունը ինձ վրա է դրված։ Երբեմն դժգոհություն է ծագում։ Ես պետք է պարզեմ, հանգստացնեմ։ Իսկ ինչ վերաբերում է ամենագլխավորին՝ ռազմամթերքի պաշարին, սուզանավերի հարձակման դեմ միջոցներին, պայթուցիկ նյութերի արտադրությանը, ոչինչ չկա, ոչ մի բան պատրաստ չէ։ Անգլիան ինչպե՞ս կարող է խաղի մեջ մտնել հատկապես հիմա, երբ մենք Իսլանդիայում դժոխային շիլա սարքեցինք քաղաքացիական պատերազմից, աստվածուհիներ՝ պատուհաններ ջարդողներից և աստված գիտե թե էլ ինչ, որպեսզի Անգլիան ամբողջովին զբաղված լինի ներքին գործերով։
    ― Անգլիան պետք է իր ապագայի մասին մտածի։
    ― Ա՜, դա ուրիշ գործ է։ Ես կարծում եմ, որ Անգլիայի ապագայի նկատմամբ մենք ունենք մեր սեփական, շատ որոշակի ծրագրերը։ Եվ ձեր ինֆորմացիան այդ ժամանակ մեզ ծայրաստիճան անհրաժեշտ կլինի։ Միստր Ջոն Բուլը կարող է ընտրել՝ կամ այսօր, կամ վաղը։ Եթե ցանկանում է, որ դա այսօր լինի, մենք պատրաստ ենք։ Գերադասում է վաղվա օրը, առավել ևս պատրաստ կլինենք։ Ըստ իս, նրանց կողմից ավելի խելամիտ կլինի կռվել դաշնակիցների հետ միասին, քան մենակ, դա արդեն իրենց գործն է։ Այս շաբաթը պետք է որոշի Անգլիայի ճակատագիրը։ Բայց դուք ձեր գաղտնարանի մասին էիք խոսում։
    Բարոնը նստեց բազկաթոռին։ Լույսի ճառագայթներն ընկնում էին նրա լայն, ճաղատ գլխին։ Նա անվրդով սիգար էր ծխում։
    Ընդարձակ սենյակի հեռավոր ծայրում, որ պատված էր կաղնեփայտով և ուր շարված էին գրադարակները, վարագույր էր կախված։ Ֆոն Բորկը բացեց այն, և ֆոն Հերլինգը տեսավ պատկառելի չափերով պղնձաձույլ չհրկիզվող պահարանը։ Ֆոն Բորկը ժամացույցի շխթայից հանեց բանալին և փականի վրա երկար ձեռնաշարժություն անելուց հետո բացեց ծանր դուռը։
    ― Խնդրեմ, ― ասաց նա՝ ձեռքի շարժումով հրավիրելով հյուրին, իսկ ինքը մի կողմ քաշվեց։
    Լույսն ընկավ մեծ պահարանի մեջ, և դեսպանատան քարտուղարը մեծ հետաքրքրությամբ նայեց նրա բազմաթիվ բաժինները։ Ամեն մեկի վրա մի ցուցանակ կար, մի հայացք նետելով դրանց վրա ֆոն Հերլինգը կարդաց․ «Ծանծաղուտներ», «Նավահանգիստների պաշտպանություն», «Սավառնակներ», «Իռլանդիա», «Եգիպտոս», «Պորտսմուտի ամրություններ», «Լա Մանշ», «Ռոզայթ» և տասնյակ ուրիշներ։ Բոլոր բաժինները լցված էին փաստաթղթերով և հատակագծերով։
    ― Ապշեցուցիչ է, ― ասաց քարտուղարը։ Մի կողմ դնելով սիգարը, նա իր թմբլիկ ձեռքերով ծափահարեց։
    ― Եվ ընդամենը չորս տարում, բարոն։ Այնքան էլ վատ չէ կալվածատիրոջ, խմիչքի սիրահարի և որսորդի համար։ Բայց ադամանդը, որ պետք է զարդարի իմ հավաքածուն, դեռ այստեղ չէ, շուտով տեղ կհասնի և դրա համար արդեն շրջանակ է պատրաստված։
    Ֆոն Բորկը ցույց տվեց «Ռազմածովային ազդանշաններ» մակագրությամբ բաժինը։
    ― Բայց չէ որ այստեղ արդեն բավականին պատկառելի մի գործ կա․․․
    ― Հնացած է, դատարկ թղթեր են։ Ծովակալությունն ինչ֊որ ձևով տեղեկացել է, տագնապ բարձրացրել և բոլոր ծածկագրերը փոխել են։ Այո, դա հարված էր։ Ես դեռ երբեք այդպիսի հարված չեմ ստացել։ Բայց իմ դրամագրքույկի և կտրիչ Օլթեմոնտի օգնությամբ հենց այս երեկո ամեն ինչ կհարթվի։
    Բարոնը նայեց ժամացույցին և կոկորդից ակամա բացականչություն դուրս թռավ, որը սրտնեղություն էր արտահայտում։
    ― Ոչ, իսկապես, այլևս սպասել չեմ կարող։ Դուք պատկերացրեք, թե հիմա ինչպես է ամեն ինչ եռում Կարլտոն֊Տերասում, մեզնից ամեն մեկը պետք է լինի իր պահակակետում։ Ես հույս ունեի նորություններ տանել ձեր վերջին որսից։ Մի՞թե ձեր Օլթեմոնտը իր գալու ստույգ ժամը չի նշել։
    Ֆոն Բորկը նրան մեկնեց հեռագիրը։
    «Անպայման կգամ։ Երեկոյան կբերեմ բռնկիչի նոր մոմերը։
    Օլթեմոնտ»։
    ― Բռնկիչի մոմե՞ր։
    ― Հասկանում եք, նա որպես մեխանիկ է ներկայանում, իսկ ես այստեղ մի ամբողջ գարաժ ունեմ։ Մեր ծածկագրերում բոլոր տերմիններն արտահայտում ենք ավտոմեքենաների մասերով։ Գրում է ռադիատորի մասին՝ նկատի ունի գծանավը, իսկ յուղի մխոցը հածանավն է։ Բռնկիչի մոմեր՝ նշանակում է ռազմածովային ազդանշաններ։
    ― Ուղարկված է կեսօրին, Պորտսմուտից, ― ասաց քարտուղարը, նայելով հեռագրին։ Ի միջի այլոց, նրան որքա՞ն եք վճարում։
    ― Հինգ հարյուր ֆունտ եմ տալու միայն այս հանձնարարության համար։ Եվ դեռ, իհարկե, վճարում եմ կանոնավոր աշխատավարձ։
    ― Վատ չի վաստակում։ Դրանք՝ այդ հայրենիքի դավաճանները, օգտակար մարդիկ են, բայց վիրավորական է այդքան վճարել դավաճանության համար։
    ― Օլթենմոտի համար դրամ չեմ ափսոսում։ Գերազանց է աշխատում։ Ասենք թե նրան շատ եմ վճարում, բայց դրա փոխարեն նա հայթայթում է «իսկական ապրանք»՝ իր սեփական արտահայտությամբ։ Բացի դրանից, նա բոլորովին էլ դավաճան չէ։ Հավատացնում եմ ձեզ, ինչ վերաբերում է Անգլիային, ամենամոլեռանդ գերմանադավ յունկերը պարզապես անմեղ թռչնակ է չարացած ամերիկյան իռլանդացու համեմատ։
    ― Ահա թե ինչ։ Նա ամերիկյան իռլանդացի՞ է։
    ― Եթե լսեիք, ինչպես է խոսում, ձեր մոտ կասկած չէր մնա այդ հարցում։ Կհավատա՞ք, երբեմն ես նրան դժվարությամբ եմ հասկանում։ Նա կարծես պատերազմ է հայտարարել ոչ միայն Անգլիային, այլև անգլերեն լեզվին։ Դուք իրո՞ք չեք կարող սպասել։ Նա ուր որ է կգա։
    ― Ոչ։ Շատ եմ ցավում, առանց այդ էլ ուշացա։ Ձեզ սպասում ենք վաղը, առավոտ շուտ։ Եթե ձեզ հաջողվի ազդանշանների ծածկագրով թղթապանակը անցկացնել Յորքի դքսի հենց քթի տակով, դա կարող եք ձեր ողջ անգլիական էպոպեայի փայլուն վերջաբանը համարել։ Օհո՜։ Տոկայական։
    Նա գլխով ցույց տվեց սկուտեղի վրայի խնամքով խցանված, փոշոտ շիշն ու երկու բաժակները։
    ― Թույլ տվեք գնալուց առաջ ձեզ մի բաժակ առաջարկել։
    ― Ոչ, շնորհակալ եմ։ Ըստ երևույթին, ձեզ մոտ կերուխու՞մ է պատրաստվում։
    ― Օլթեմոնտը գինու նուրբ գիտակ է, իմ տոկայականը նրա ճաշակով է։ Նա շատ ինքնասեր է, շուտ է վիրավորվում, հարկ է լինում սիրաշահել։ Սյո, համարձակվում եմ հավատացնել, որ նրա հետ այնքան էլ հեշտ չէ։
    Նրանք նորից բաց պատշգամբ դուրս եկան և գնացին դրա երկայնքով մինչև վերջ․ այնտեղ կանգնած հսկայական մեքենան միանգամից դողդողաց և աղմկեց վարորդի թեթև հպումից։
    ― Այնտեղ, հավանաբար, Հարիջի լույսերն են, ― վրան գցելով անձրևաթիկնոցը, ասաց քարտուղարը։ ― Ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է։ Մի երկու շաբաթից այստեղ ուրիշ կրակներ կվառվեն, անգլիական ափը կկորցնի իր հովվերգական տեսքը։ Երկինքը նույնպես, եթե մեր փառապանծ Ցեպելինը կատարի իր խոստումները։ Իսկ այդ ո՞վ է այնտեղ։
    Տանը լույս էր վառվում միայն մի պատուհանում, այնտեղ, սեղանի մոտ, որի վրա լամպն էր դրված, նստել էր հաճելի, կարմրերես, գեղջկական կապագլխարկով տարեց մի կին։ Նա կռացել էր գործվածքի վրա և մերթընդմերթ դադարեցնում էր աշխատանքը, որպեսզի շոյի իր կողքի աթոռին տեղավորված մեծ, սև կատվին։
    ― Մարթան է, սպասուհին։ Միայն նրան եմ պահել տանը։
    Քարտուղարը քմծիծաղեց։
    ― Թվում է, թե նա Բրիտանիայի մարմնավորումն է, ինքնամփոփվել և անխռով ննջում է։Դե, ֆոն Բորկ, au revoir.
    Ի նշան հրաժեշտի նա թափահարեց ձեռքը, նստեց մեքենան և լույսի երկու ոսկեգույն կոներ մթության մեջ շարժվեցին առաջ։ Քարտուղարը թիկնեց շքեղ լիմուզինի բարձերին և այնքան խորասուզվեց Եվրոպայում հասունացող ողբերգությանը վերաբերող մտքերի մեջ, որ չնկատեց, թե ինչպես իր մեքենան գյուղական փողոցը թեքվելիս հազիվ չխփեց հանդիպակաց ճանապարհով եկող փոքրիկ «Ֆորդին»։ Երբ հեռվում մարեցին լիմուզինի լուսարձակների վերջին ցոլքերը, ֆոն Բորկը դանդաղ վերադարձավ իր աշխատասենյակը։ Պարտեզով անցնելիս նա նկատեց, որ սպասուհին հանգցրել է լամպը և գնացել քնելու։ Լուռ, մթությամբ լցված ընդարձակ տունն անսովոր էր ֆոն Բորկի համար, նրա ընտանիքը, ծառայողներով հանդերձ, շատ մեծ էր։ Նա թեթևացած մտածում էր, որ նրանք բոլորն անվտանգության մեջ են, և եթե չհաշվենք խոհանոցում տիրություն անելու համար մնացած պառավ սպասուհուն, հիմա ինքն ամբողջ տանը մենակ է։ Մեկնելուց առաջ դեռ շատ բաներ պետք է կարգի բերել, որոշ բաներ ոչնչացնել։ Նա գործի անցավ և այնքան աշխատեց, մինչև նրա գեղեցիկ, աշխույժ դեմքը կարմրեց թղթերի վրա ընկած լույսի շողից։ Սեղանի մոտ՝ հատակին, դրված էր կաշվե ճամպրուկը․ ֆոն Բորկն սկսեց կոկիկ, կանոնավոր կերպով այնտեղ տեղավորել չհրկիզվող պահարանի թանկագին պարունակությունը։ Բայց այդ րոպեին նրա նուրբ լսողությունը որսաց հեռվում շարժվող ավտոմեքենայի աղմուկ։ Նա մի ինքնագոհ բացականչություն արձակեց, ձգեց ճամպրուկի գոտիները, փակեց չհրկիզվող պահարանը և արագ բաց պատշգամբ դուրս եկավ։ Հենց այդ րոպեին, այգու դռնակի մոտ փայլեցնելով լուսարձակները, կանգնեց մի փոքրիկ ավտոմեքենա։ Այնտեղից դուրս թռավ բարձրահասակ մի մարդ և արագ գնաց ֆոն Բորկին ընդառաջ․ վարորդը՝ ամրակազմ, սպիտակ բեղերով տարեց մի մարդ, հարմար տեղավորվեց իր նստարանին, ըստ երևույթին, պատրաստվելով երկար սպասել։
    ― Դե, ինչպե՞ս է, ― աշխույժ հարցրեց ֆոն Բորկը՝ վազքով նետվելով եկողին ընդառաջ։
    Պատասխանի փոխարեն վերջինս հանդիսավոր տեսքով գլխի վերևում թափահարեց փոքրիկ կապոցը։
    ― Այո, միստր, այսօր դուք գոհ կմնաք, ― բացականեց եկվորը։ ― Ամեն ինչ կարգին է։
    ― Իսկ ազդանշաննե՞րը։
    ― Իհարկե, ինչպես գրել էի հեռագրում։ Ամբողջը՝ ձեռքի ազդանշանները, լապտերի ազդանշանները, մարկոնին՝ ինքնին հասկանալի է, պատճեններ են, ոչ բնագրերը․ դա շատ վտանգավոր կլիներ։ Բայց ապրանքն արժեքավոր է։ Կարող եք վստահել։
    Նա կոպիտ մտերմությամբ թփթփացրեց գերմանացու ուսին։ Վերջինս խոժոռվեց։
    ― Մտեք, ես տանը մենակ եմ, ― ասաց նա։ ― Պատճեններն, անտարակույս, ավելի լավ են, քան բնագիրը։ Եթե բնագրերն անհետանային, անմիջապես բոլոր ծածկագրերը կփոխեին նորերով։ Իսկ այդ պատճենները կարգի՞ն են։
    Աշխատասենյակ մտնելով, ամերիկյան իռլանդացին տեղավորվեց բազկաթոռին և ձգեց երկար ոտքերը։ Նա մոտ վաթսուն տարեկան էր, շատ բարձրահասակ, նիհարակազմ, դիմագծերը սուր էին, ընդգծված․ փոքր այծամորուքը նրան նմանեցնում էր Սեմ պապիկին, որպիսին պատկերում են ծաղրանկարներում։ Բերանի անկյունում կախված էր կիսածխած, հանգած սիգարը․ հազիվ նստելով, անմիջապես վառեց այն։
    ― Պատրաստվում եք ճողոպրե՞լ, ― նկատեց նա զննելով շուրջը։ Նրա հայացքն ընկավ արդեն վարագույրով չծածկված չհրկիզվող պահարանին։ Լսեք, միստր, մի՞թե դուք այդտեղ եք պահում ձեր բոլոր թղթերը։
    ― Իսկ ինչու՞ ոչ։
    ― Գրողը տանի, այս արկղու՞մ։ Եվ դեռ համարվում եք բարձր կարգի լրտես։ Ցանկացած ավազակ֊յանկին դա կբացի պահածոյի բացիչով։ Եթե ես իմանայի, որ իմ նամակները նետվում են այսպիսի արկղի մեջ, ես հիմարություն չէի անի, չէի գրի ձեզ։
    ― Ոչ մի ավազակ այս չհրկիզվող պահարանից գլուխ չի հանի, ― Պատասխանեց ֆոն Բորկը։ ― Մետաղը, որից պատրաստված է սա, ոչ մի գործիքով չես կոտրի։
    ― Լավ, իսկ փակա՞նը։
    ― Հատուկ փական է, երկու համակցությամբ, հասկանու՞մ եք։
    ― Ոչինչ չեմ հասկանում։
    ― Փականը բացելու համար պահանջվում է իմանալ որոշակի մի բառ և որոշակի թիվ։ ― Ֆոն Բորկը վեր կացավ տեղից և ցույց տվեց փականի զույգ սկավառակները։ Արտաքին շրջանակը բառերի համար է, ներքինը՝ թվերի։
    ― Հիանալի է, հիանալի։
    ― Այնքան էլ հասարակ չէ, ինչպես մտածում եք։ Ես դա պատվիրել եմ չորս տարի առաջ և գիտե՞ք ինչ թիվ և բառ եմ ընտրել։
    ― Մտքովս էլ չի անցնում։
    ― Ուրեմն լսեք, բառը՝ «օգոստոս», իսկ թիվը՝ «1914», հասկացա՞ք։
    Ամերիկացու դեմքը հիացմունք արտահայտեց։
    ― Այ սա վարպետություն է, աստված վկա։ Այսինքն, ճիշտ ժամանակին եք կռահել, ― բացականչեց նա զարմացած։
    ― Այո, մեզնից ինչ֊որ մեկն արդեն այն ժամանակ կարող էր նախատեսել ճիշտ թիվը։ Դե, ահա, հիմա ժամանակն եկավ, և ես վաղն առավոտյան բոլոր գործերն ավարտում եմ։
    ― Լսեք, միստր, դուք պետք է ինձ էլ այստեղից դուրս քաշեք։ Ես այս երիցս նզովյալ երկրում մենակ չեմ մնա։ Երևում է, մեկ շաբաթ հետո, կամ ավելի շուտ, Ջոն Բուլը ետևի թաթերի վրա կկանգնի և կսկսի գազազել։ Ես գերադասում եմ նրան նայել օվկիանոսի մյուս ափից։
    ― Բայց չէ՞ որ դուք ամերիկյան քաղաքացի եք։
    ― Հետո՞ ինչ։ Ջեկ Ջեյմսն էլ է ամերիկյան քաղաքացի, իսկ հիմա իր պատժաչափն անցկացնում է Պորտլենդում։ Անգլիացի ոստիկանը ձեզ չի համբուրի, եթե հայտարարեք, որ դուք ամերիկացի եք։ «Այստեղ, մեզ մոտ, մեր օրենքներն են՝ բրիտանական», ― ահա թե ինչ կասի ձեզ։ Հա, միստր, ի դեպ, քանի որ հիշեցինք Ջեկ Ջեյմսին։ Ինձ թվում է, դուք այնքան էլ չեք խնայում այն մարդկանց, ովքեր ձեզ համար են աշխատում։
    ― Ի՞նչ եք ցանկանում ասել, ― կտրուկ հարցրեց ֆոն Բորկը։
    ― Չէ որ դուք նրանց համար տիրոջ նման մի բան եք, ճի՞շտ է։ Եվ դուք պետք է հետևեք, որպեսզի նրանք փորձանքի մեջ չընկնեն։ Իսկ նրանք մի գլուխ խրվում են, և դուք դրանցից թեկուզ մեկին փրկե՞լ եք։ Վերցնենք թեկուզ հենց նույն Ջեյմսին․․․
    ― Ջեյմսն ինքն է մեղավոր, դուք դա լավ գիտեք։ Նման գործի համար նա շատ անկազմակերպ մարդ էր։
    ― Ջեյմսը դատարկ գլուխ է, համաձայն եմ։ Իսկ Հոլի՞սը։
    ― Հոլիսն իրեն աննորմալի պես էր պահում։
    ― Այո, վերջում նա մի թեթև ցնդեց։ Կցնդես, երբ առավոտից իրիկուն խաղում ես, ինչպես թատրոնում, իսկ շուրջդ հարյուրավոր ոստիկաններ են․ սպասում ես, մինչև ճանկեն։ Դե, իսկ եթե խոսենք Ստեյների մասին․․․
    Ֆոն Բորկը ուժգին ցնցվեց, նրա կարմիր դեմքը մի փոքր գունատվեց։
    ― Ի՞նչ է պատահել Ստեյներին․․․
    ― Ինչպե՞ս թե։ Չէ որ նրան նույնպես ճանկեցին։ Երեկ գիշեր հարձակվեցին նրա կրպակի վրա, և ինքն ու իր բոլոր թղթերը հիմա պորտսմուտյան բանտում են։ Դուք կճողոպրեք, իսկ նա՝ խեղճը, դեռ պիտի պատասխան տա, և դեռ լավ կլինի, եթե չկախվի։ Ահա դրա համար էլ ցանկանում եմ առանց հապաղելու անցնել օվկիանոսի այն կողմը։
    Ֆոն Բորկը ուժեղ բնավորության տեր էր, բավականին զուսպ, բայց հեշտ էր նկատել, որ այդ նորությունները ցնցեցին նրան։
    ― Նրանք ինչպե՞ս հասան Ստեյներին, ― ինքն իրեն մրթմրթաց նա։ ― Սա իսկապես հարված էր։
    ― Կարող է դեռ ավելի վատն էլ պատահել, մեկ էլ տեսար ինձ էլ ճանկեցին։
    ―Ի՞նչ եք ասում։
    ― Հավատացեք, իմ բնակարանի տանտիրուհուն ներկայացել են ինչ֊որ տիպեր, հարցրել իմ մասին։ Հենց որ այդ լսեցի, մտածեցի, որ ծլկելու ժամանակն է։ Բայց ահա ինչը չեմ հասկանում, միստր, այդ ոստիկանության շներն ինչպես են հոտոտել, նման բաները։ Այն ժամանակից, ինչ իրար հետ այստեղ պայմանավորվել ենք, Ստեյները թվով հինգերորդն է, որին ճանկել են, և ես գիտեմ, ով կլինի հաջորդը, եթե ժամանակին չծլկեմ։ Դուք այս բոլորն ինչպե՞ս կբացատրեք։ Եվ ինչպես է ձեր խիղճը թույլ տալիս մատնել յուրայիններին։
    Ֆոն Բորկը զայրույթից կարմրատակեց։
    ― Ինչպե՞ս եք համարձակվում ինձ հետ այդպես խոսել։
    ― Եթե ես համարձակություն չունենայի, միստր, ձեզ մոտ այսպիսի աշխատանքի չէի գա։ Բայց ես ձեզ ամեն ինչ անկեղծորեն ասում եմ։ Լսել եմ, հենց որ գործակալը իր դերը կատարում է, դուք՝ գերմանական գործիչներդ, նույնիսկ ուրախանում եք, երբ նրան բռնում են։
    Ֆոն Բորկը վեր թռավ բազկաթոռից։
    ― Դուք լկտիաբար ասում եք ինձ, որ ես մատնում եմ իմ սեփական գործակալների՞ն։
    ― Ես այդ չասացի, միստր, բայց այստեղ ինչ֊որ տեղ մատնիչ է հայտնվել կամ ինչ֊որ մեկն աշխատում է և ձեր և նրանց համար։ Եվ հարկ է, որ դուք գտնեք, թե ով է նա։ Ամեն դեպքում ես այլևս գլուխս վտանգի տակ չեմ դնի։ Ինձ տեղափոխեք Հոլանդիա, և որքան շուտ, այնքան լավ։
    Ֆոն Բորկը խեղդեց իր զայրույթը։
    ― Մենք շատ ենք միասին աշխատել, որպեսզի հիմա, հաղթանակի նախորյակին, վիճենք, ― ասաց նա։ Դուք գերազանց եք աշխատել, վտանգել եք ձեզ, և ես դա չեմ մոռանա։ Իհարկե, մեկնեք Հոլանդիա։ Ռոտերդամում կարող եք նստել շոգենավ՝ մինչև Նյու Յորք։ Մնացած բոլոր նավագծերը մեկ շաբաթից կդառնան վտանգավոր։ Ուրեմն, այսպես, ես վերցնում եմ ձեր ցուցակը և կցում մյուս փաստաթղթերին։
    Ամերիկացին շարունակում էր բռնած պահել ծրարը և ոչ մի ցանկություն չուներ դրանից բաժանվել։
    ― Իսկ ինչպե՞ս է դրամի հարցը։
    ― Ի՞նչ է պատահել։
    ― Դրամի գործով։ Պարգևատրություն աշխատանքի համար։ Իմ հինգ հարյուր ֆունտը։ Նա, ով այս բոլորն ինձ համար ձեռք բերեց, վերջում համառեց, հարկ եղավ նրան համոզել՝ տվեցի ևս հարյուր դոլար։ Եթե ոչ, մենք կմնայինք առանց ոչ մի շանսի՝ և դուք, և ես․․․ «Գործն առաջ չի գնա», ― ասաց նա ինձ, և ես տեսա, որ նա չի կատակում։ Բայց երկրորդ հարյուրն իր գործն արեց։ Այնպես որ, այս ամբողջին տվեցի երկու հարյուր և հիմա մինչև իմը չստանամ, թղթերը չեմ տա։
    Ֆոն Բորկը դառնությամբ ժպտաց։
    ― Թվում է, դուք այնքան էլ մեծ կարծիքի չեք իմ ազնվության մասին, ― ասաց նա։ ― Ցանկանում եք, որպեսզի դրամը տամ մինչև թղթերը ստանալը։
    ― Դե ինչ, միստր, մենք գործնական մարդիկ ենք։
    ― Լավ, թող ձեր ասածը լինի։ ― Ֆոն Բորկը նստեց սեղանի մոտ, լրացրեց դրամաթուղթը, պոկեց դրամագրքույկից, բայց տալ չշտապեց։ ― Միստր Ոլթեմոնտ, քանի որ մենք անցանք այսպիսի փոխհարաբերությունների, իմաստ չեմ տեսնում, թե ինչու պետք է ես ձեզ ավելի վստահեմ, քան դուք՝ ինձ։ Դուք ինձ հասկանու՞մ եք, ― ավելացրեց նա, ուսի վրայով նայելով ամերիկացուն։ ― Դրամաթուղթը կդնեմ սեղանին։ Ես իրավունք ունեմ պահանջելու, որ դուք թույլ տաք սկզբում աչքի անցկացնել ծրարի պարունակությունը, հետո միայն վերցնեք դրամաթուղթը։
    Ոչինչ չասելով, ամերիկացին մեկնեց ծրարը։ Ֆոն Բորկը քանդեց ժապավենը, բացեց երկտակ փաթեթը։ Մի քանի ակնթարթ նա զարմացած հայացքը չէր կտրում կապույտ կազմով գրքից, որի վրա ոսկե տառերով դրոշմված էր «Մեղուների բազմացման գործնական ձեռնարկ»։ Բայց նրան չհաջողվեց երկար նայել այդ անմիտ վերնագրին․ երկաթե սեղմիչների պես ուժեղ ձեռքերը ետևից ճանկեցին վիզը և նրա դեմքին սեղմեցին քլորոֆորմով թրջված սպունգը։
    ― Մի բաժա՞կ էլ, Ուոտսոն, ― ասաց Շերլոկ Հոլմսը՝ մեկնելով տոկայական գինով շիշը։
    Ամրակազմ, թիկնեղ վարորդը, հիմա արդեն սեղանի մոտ նստած, նկատելի պատրաստակամությամբ մեկնեց իր բաժակը։
    ― Վատ գինի չէ, Հոլմս։
    ― Հիանալի է, Ուոտսոն։ Հիմա բազմոցին պառկած մեր ընկերը հավատացնում էր ինձ, որ այս գինին Ֆրանց Իոսիֆի Շենբրունկյան դղյակի անձնական մառանից է։ Խնդրում եմ բացեք պատուհանը։ Քլորոֆորմի գոլոշին չի նպաստում հաճելի համի զգացողությանը։
    Չհրկիզվող պահարանը մնացել էր բաց, և Հոլմսը այնտեղից հանում էր գործ գործի ետևից, յուրաքանչյուրն արագ զննում և հետո կանոնավոր դարսում ֆոն Բորկի ճամպրուկում։ Գերմանացին խռպոտ շնչելով պառկած էր բազմոցին՝ ձեռքերն ու ոտքերը գոտիներով կապկպված։
    ― Առանձնապես կարելի է չշտապել, Ուոտսոն։ Մեզ ոչ ոք չի խանգարում։ Բարի եղեք սեղմել զանգի կոճակը։ Տանը ոչ ոք չկա, բացի ծեր Մարթայից, նա իր դերը գերազանց կատարեց։ Հենց որ ձեռնամուխ եղա այս գործի քննությանը, նրան անմիջապես այստեղ տեղավորեցի։
    ― Ա՜, Մարթա, եկաք։ Ձեզ հաճելի կլինի իմանալ, որ ամեն ինչ կարգին է։
    Պատվարժան ծեր կինը կանգնեց դռան մոտ և ժպտալով խոնարհվեց Հոլմսի առաջ, հետո փոքր֊ինչ վախով նայեց բազմոցին փռված մարմնին։
    ― Մի վախեցեք, Մարթա։ Նրան բացարձակապես ոչինչ չի պատահել։
    ― Շատ ուրախ եմ, միստր Հոլմս։ Իր տեսակի մեջ վատ տեր չէր։ Նույնիսկ ցանկանում էր, որ ես իր կնոջ հետ Գերմանիա մեկնեմ, բայց դա չէր մտնում ձեր ծրագրի մեջ, ճիշտ չէ՞, սըր։
    ― Իհարկե, ոչ։ Քանի դուք այստեղ էիք, ես հանգիստ էի։ Բայց այսօր մեզ հարկ եղավ երկար սպասել ձեր ազդանշանին։
    ― Դա քարտուղարի պատճառով էր, սըր։
    ― Այո, ես գիտեմ։ Մենք հանդիպեցինք նրա մեքենային։
    ― Ես արդեն մտածում էի, որ նա այլևս չի գնա։ Գիտեի, սըր, որ նրա այստեղ գտնվելը չէր համապատասխանում ձեր ծրագրերին։
    ― Իհարկե, ոչ։ Մի կես ժամ սպասեցինք, բայց դա նշանակություն չունի։ Հենց տեսա, որ հանգցրիք լամպը, հասկացա, որ ճանապարհն ազատ է։ Վաղը, Մարթա, կարող եք գալ ինձ մոտ՝ Լոնդոն, «Կլարիջ» հյուրանոց։
    ― Լսում եմ, սըր։
    ― Կարծում եմ, ամեն ինչ պատրաստել եք մեկնելու համար։
    ― Այո, սըր։ Նա այսօր յոթ նամակ ուղարկեց։ Ինչպես միշտ՝ ես արտագրեցի հասցեները։
    ― Հիանալի է, Մարթա։ Վաղը ես դրանք կնայեմ։ Բարի գիշեր։ Ահա այս թղթերը, ― շարունակեց նա, երբ ծեր կինը գնաց իր սենյակը, ― հատուկ արժեք չեն ներկայացնում․ այստեղ եղած տվյալները, իհարկե, վաղուց արդեն հաղորդվել են Գերմանիա։ Սրանք բոլորը բնագրեր են, որոնք այնքան էլ հեշտ չէ սահմանից անցկացնել։
    ― Ուրեմն, դրանցից ոչ մի օգուտ չկա՞։
    ― Չէի ասի, Ուոտսոն։ Ամեն դեպքում, դրանց միջոցով մենք կարող ենք ստուգել, թե ինչ է հայտնի և ինչ անհայտ գերմանական հետախուզությանը։ Պետք է նկատել, որ այս փաստաթղթերից շատերն անցել են իմ ձեռքով և, իհարկե, ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Օր ծերության ինձ հաճելի կլինի հետևել, թե ինչպես գերմանական հածանավը կմտնի Սոլենտի նեղուցը, ղեկավարվելով իմ կազմած ականապատման սխեմայով։ Հապա, Ուոտսոն, թույլ տվեք ձեզ նայել։ ― Հոլմսը մի կողմ թողեց գործը և գրկեց ընկերոջ ուսերը։ ― Ես ձեզ դեռ լույսի տակ չեմ տեսել։ Դե, ինչպե՞ս է անցած ժամանակն ազդել ձեզ վրա։ Ըստ իս, դուք նույն կենսախինդ պատանին եք, ինչպես և առաջ։
    ― Հոլմս, հիմա ես ինձ քսան տարով երիտասարդացած եմ զգում։ Դուք չեք կարող պատկերացնել, որքան ուրախացա, երբ ստացա ձեր հեռագիրը՝ մեքենայով ձեր ետևից Հարիջ գալու։ Դուք էլ, Հոլմս, շատ քիչ եք փոխվել։ Եթե չլիներ այդ սարսափելի մորուքը․․․
    ― Հայրենիքը զոհեր է պահանջում, Ուոտսոն, ― ասաց Հոլմսը, ձգելով իր կզակի նոսր մազափունջը։ ― Վաղը սա կդառնա լոկ մռայլ հիշողություն։ Կսափրեմ մորուքս, արտաքին ինչ֊որ փոփոխություններ կկատարեմ և վաղը «Կլարիջում» նորից կլինեմ այնպիսին, ինչպիսին էի մինչև այս ամերիկյան գործը․ խնդրում եմ ներեք ինձ, Ուոտսոն, ես, թվում է, բոլորովին մոռացել եմ անգլերեն խոսելը։ Ցանկանում եմ ասել, ինչպիսին էի մինչև ամերիկացու դերում հանդես գալը։
    ― Բայց չէ որ դուք հեռացել էիք գործից, Հոլմս։ Մեզ լուրեր էին հասել, որ դուք մենակյաց կյանք էիք վարում Սուսեկսի ոչ մեծ ֆերմայում ձեր մեղուների և գրքերի շրջապատում։
    ― Միանգամայն ճիշտ է, Ուոտսոն։ Եվ ահա իմ ժամանցի արդյունքը՝ վերջին տարիների magnum opus֊ը։ ― Նա սեղանից վերցրեց փոքր գիրքը և բարձրաձայն կարդաց ամբողջ խորագիրը․ «Մեղուներ պահելու, ինչպես նաև առանձին պարսամայրերի դիտարկման գործնական ձեռնարկ»։ Դա ես մենակ կատարեցի։ Տեսեք օրերի և գիշերային խոհերի արգասիքները, երբ ես հետևում էի աշխատասեր մեղուներին, ճիշտ այնպես, ինչպես ինչ֊որ ժամանակ Լոնդոնում հետևում էի հանցագործներին։
    ― Բայց ինչպե՞ս պատահեց, որ դուք նորից գործի անցաք։
    ― Ինքս էլ չգիտեմ։ Գիտեք ինչ, արտաքին գործերի մինիստրին ես դեռ կարող էի դիմադրել, բայց երբ անձամբ պրեմիեր մինիստրը բարեհաճեց այցելել իմ համեստ բնակարանը․․․ Բանն այն է Ուոտսոն, որ բազմոցին պառկած այս ջենտլմենը այն ընկույզն է, որը մեր հակահետախուզության ատամի բանը չէր։ Իր տեսակի մեջ սա առաջնակարգ մասնագետ է։ Մեզ մոտ ինչ֊որ բան չէր ստացվում և ոչ֊ոք չէր հասկանում, թե բանն ինչն է։ Ինչ֊որ մեկին կասկածում էին, որսում էին գործակալներին, բայց պարզ էր, որ նրանց գաղտնի ուղղություն էր տալիս ինչ֊որ ուժեղ մի ձեռք։ Խիստ անհրաժեշտ էր նրան հայտնաբերել։ Ինձ վրա ուժեղ ճնշում գործադրեցին, ստիպեցին, որպեսզի ես զբաղվեմ այս գործով։ Դրա վրա երկու տարի ծախսեցի, Ուոտսոն, և չեմ կարող ասել, թե դրանք ինձ հաճելի հուզմունք չպատճառեցին։ Սկզբում ուղևորվեցի Չիկագո, փորձություն ձեռք բերելու Բուֆալոյի իռլանդական գաղտնի ընկերությունում, քիչ անհանգստություն չպատճառեցի Սկիբերինի Ոստիկանությանը և վերջ ի վերջո ինձ վրա ուշադրություն դարձրեց ֆոն Բորկի ամենափոքր գործակալներից մեկը։ Նա, որպես հարմար մարդ, ինձ երաշխավորեց իր շեֆին։ Ինչպես տեսնում եք, բարդ աշխատանք է տարվել։ Եվ ահա ես արժանացա ֆոն Բորկի վստահությանը, չնայած որ նրա ծրագրերի մեծ մասը, չգիտես ինչու, տապալվեցին, և նրա հինգ լավագույն գործակալները բանտ ընկան։ Ես հետևեցի նրանց և չեզոքացրի, հենց որ նրանք հասունացան․․․ Դե, սըր, հուսով եմ, դուք ձեզ այնքան էլ վատ չեք զգում։
    Վերջին դիտողությունը հասցեագրված էր անձամբ ֆոն Բորկին, որն սկզբում երկար ժամանակ բերանով էր օդ ներս քաշում, շնչահեղձ էր լինում և հաճախ թարթում աչքերը, բայց հիմա անշարժ պառկել և լսում էր այն, ինչ պատմում էր Հոլմսը։
    Հանկարծ նրա դեմքն աղավաղվեց կատաղությունից, և սենյակը լցվեց գերմանական հայհոյանքների հեղեղով։ Քանի դեռ գերին հայհոյում էր, Հոլմսը շարունակեց արագ և գործնական զննել փաստաթղթերը։
    ― Գերմաներեն լեզուն, չնայած զուրկ է երաժշտականությունից, բայց ամենաարտահայտնիչն է բոլոր լեզուներից, նկատեց Հոլմսը, երբ ֆոն Բորկը լռեց, հավանաբար շնչահեղձ եղավ։ ― Օ՜հ, թվում է, մի թռչնակ էլ է վանդակն ընկնում, ― բացականչեց նա՝ ուշադիր նայելով ինչ֊որ պատճենահանված գծագրերի։ ― Ես վաղուց եմ այդ գանձապահին նկատի ունեցել, բայց, այնուամենայնիվ, չեմ մտածել, որ նա այսքան սրիկա է։ Միստր ֆոն Բորկ, ձեզ հարկ կլինի բազմաթիվ հարցերի պատասխանել։
    Գերին դժվարությամբ գլուխը բարձրացրեց և իր թշնամուն նայեց զարմանքի և ատելության տարօրինակ խառնուրդով։
    ― Ես ձեզ հետ հաշիվներս կփակեմ, ― խոսեց նա դանդաղ, հստակ արտասանելով բառերը։ ― Թեկուզ դրա համար վատնեմ ողջ կյանքս, բայց կփոխհատուցեմ։
    ― Հաճելի հին երգ է, ― ասաց Հոլմսը։ ― Քանի անգամ եմ ես դա լսել անցած֊գնացած ժամանակներում։ Երջանկահիշատակ պրոֆեսոր Մորիարտիի սիրած մոտիվը։ Եվ գնդապետ Սեբաստիան Մորենն էլ, ինչպես հայտնի է, սիրում էր դա երգել։ Իսկ ես, ահա, մինչև այսօր ողջ եմ և մեղուներ եմ բազմացնում Սուսեկսում։
    ― Նզովյալ լինես, երիցս դավաճան, ― գոռաց գերմանացին ճիգ գործադրելով ազատվել կապանքներից՝ Հոլմսին շանթելով ատելությամբ լի հայացքով։
    ― Ոչ, ոչ, գործն այդքան էլ սարսափելի չէ, ― ժպտաց Հոլմսը։ ― Ինչպես ձեզ ապացուցում է իմ խոսքը՝ Չիկագոյի Օլթեմոնտը իրականում առասպել է։ Ես օգտագործեցի նրան, և նա անհետացավ։
    ― Այդ դեպքում դուք ո՞վ եք։
    Ընդհանուր առմամբ, դա էական չէ, բայց եթե դուք այդքան հետաքրքրվում եք, միստր ֆոն Բորկ, կարող եմ ասել, որ ես առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ ձեր ընտանիքի անդամներին։ Անցյալում ես քիչ գործեր չեմ բացահայտել Գերմանիայում և իմ անունը, հնարավոր է, ձեզ անհայտ չէ։
    ― Կցանկանայի իմանալ այն, ― մռայլ ասաց պռուսացին։
    ― Այդ ես նպաստեցի, որպեսզի դադարի Իրեն Ադլերի և Բոհեմիայի հանգուցյալ թագավորի միությունը, երբ ձեր զարմիկ Հենրին դեսպանորդ էր։ Այդ ես փրկեցի կոմս ֆոն Գրաֆենշտեյնին՝ ձեր ավագ մորեղբորը, երբ նրան մահ էր սպասում նիհիլիստ Կոմպանի ձեռքից․ Այդ ես․․․
    Ֆոն Բորկը զարմանքից նստեց։
    ― Միայն մեկ մարդ կա, որ․․․
    ― Ինքն է, որ կա, ― ասաց Հոլմսը։
    Ֆոն Բորկը հառաչեց և նորից ընկավ բազմոցին։
    ― Եվ համարյա բոլոր տեղեկությունները գալիս էին ձեզնից, ― բացականչեց նա։ ― Այս ի՞նչ եղավ։ Ի՞նչ արեցի ես։ Ես ոչնչացված եմ, իմ կարիերան անվերադարձ կործանվեց։
    ― Ձեր մոտի նյութն, իհարկե, այնքան էլ հուսալի չէ, ― ասաց Հոլմսը։ ― Դա ստուգում է պահանջում, բայց դրա համար ձեր ժամանակը քիչ է։ Ձեր ծովակալը կհայտնաբերի, որ նոր թնդանոթներն ավելի խոշոր են, իսկ հածանավերը լողում են ավելի արագ, քան ինքն էր սպասում։
    Հուսահատությունից ֆոն Բորկն իր կոկորդից կառչեց։
    ― Անկասկած, ժամանակին շատ անճշտություններ կհայտնաբերվեն, ― շարունակեց Հոլմսը։ Բայց դուք գերմանացիների համար հազվագյուտ մի հատկություն ունեք՝ դուք մարզիկ եք։ Դուք ինձ վրա չեք զայրանա, երբ հասկանաք, որ այդքան մարդ հիմարացնելով, վերջապես դուք ինքներդ հիմարացաք։ Դուք ջանացիք հանուն ձեր երկրի բարօրության, իսկ ես՝ հանուն իմ։ Էլ ինչ կարող էր ավելի բնական լինել։ Եվ բացի այդ, ― ավելացրեց նա ամենևին ոչ չարությամբ և ձեռքը դնելով ֆոն Բորկի ուսին, ― այնուամենայնիվ, գերադասելի է զոհվել վեհանձն թշնամու ձեռքով։ Բոլոր թղթերն ստուգված են, Ուոտսոն։ Եթե դուք ինձ օգնեք բարձրացնել գերուն, կարծում եմ, անհրաժեշտ է հենց այս րոպեին ուղևորվել Լոնդոն։
    Ֆոն Բորկին տեղից շարժելը հեշտ չէր։ Հուսահատությունը կրկնապատկել էր նրա ուժերը։ Վերջապես, երկու կողմից բռնելով գերմանացու արմունկներից, երկու ընկերները նրան դանդաղ տարան պարտեզի այն նույն ճանապարհով, որով մի քանի ժամ առաջ նա քայլում էր այնքան վստահությամբ՝ հաճոյախոսություններ լսելով հռչակված քաղաքագետից։ Կարճատև պայքարից հետո, ոտքերն ու ձեռքերը կապված ֆոն Բորկին նստեցրին փոքրիկ «Ֆորդի» ազատ նստարանին։ Նրա թանկարժեք ճամպրուկը տեղավորեցին կողքին։
    ― Հուսով եմ, այսպես հարմար է, որքան թույլ են տալիս հանգամանքները, ― ասաց Հոլմսը, երբ ամեն ինչ պատրաստ էր։ ― Դուք կամայականություն չե՞ք համարի, եթե ես սիգարը վառեմ և խցկեմ ձեր բերանը։
    Բայց այս ամբողջ սիրալիրությունները զուր էին զայրացած գերմանացու համար։
    ― Կարծում եմ, դուք ձեզ հաշիվ տալիս եք, միստր Հոլմս, որ եթե ձեր կառավարությունը հավանություն տա իմ նկատմամբ ցուցաբերած ձեր գործունեությանը, ապա դա պատերազմ կնշանակի։
    ― Իսկ ձեր կառավարությունն ու նրա գործունեությու՞նը, ― հարցրեց Հոլմսը՝ խփելով ճամպրուկին։
    ― Դուք մասնավոր անձ եք։ Դուք ինձ ձերբակալելու համար հրաման չունեք։ Ձեր ողջ գործունեությունը միանգամայն անօրինական և զայրացուցիչ է։
    ― Միանգամայն, ― համաձայնեց Հոլմսը։
    ― Գերմանական հպատակի հափշտակում․․․
    ― Եվ նրա անձնական թղթերի։
    ― Ընդհանրապես, ձեզ պարզ է, թե ինչ վիճակում եք դուք և ձեր մեղսակիցը։ Եթե գյուղով անցնելիս ես օգնություն կանչեմ․․․
    ― Թանկագին սըր, եթե դուք մտածեք նման հիմարություն թույլ տալ, անկասկած կխախտեք մեր հյուրանոցների և պանդոկների ցուցանակների միօրինակությունը, դրան ավելացնելով մեկը ևս՝ «Պրուսացին պարանի վրա»։ Անգլիացին համբերատար էակ է, բայց նա հիմա մի փոքր կատաղած է և լավ կլինի նրան չներքաշեք փորձության մեջ։ Ոչ, միստր ֆոն Բորկ, դուք մեզ հետ հանգիստ կհասնեք Սկոտլանդ֊Յարդ և այդտեղից էլ եթե ցանկանաք, մարդ կուղարկեք ձեր ընկերոջ՝ բարոն ֆոն Հերլինգի ետևից։ Ինչ իմանաս, գուցե դեռ պահպանված է ձեր տեղը դեսպանության անձնակազմում։ Ինչ վերաբերվում է ձեզ, Ուոտսոն, որքան հասկացա, դուք վերադառնում եք զինվորական ծառայության, այնպես որ Լոնդոնը ձեր ճանապարհին է։ Եկեք մի փոքր կանգնենք բաց պատշգամբում․ սա երևի վերջին հանգիստ զրույցն է, որից կարող ենք հաճույք ստանալ։
    Մի քանի րոպե ընկերները զրուցում էին՝ հիշելով անցյալ օրերը, իսկ նրանց գերին ապարդյուն փորձում էր ազատվել իրեն բաժին ընկած ճակատագրից։ Երբ ընկերները մոտեցան ավտոմեքենային, Հոլմսը ցույց տվեց լուսնի լույսով ողողված ծովն ու մտածկոտ օրորեց գլուխը։
    ― Շուտով արևելքից քամի կփչի, Ուոտսոն։
    ― Չեմ կարծում, Հոլմս, օրը դեռ տաք է։
    ― Է՜, ծերուկ Ուոտսոն, այս փոփոխական դարում միայն դուք չեք փոխվում։ Այո, շուտով այնպիսի արևելյան քամի կբարձրանա, որպիսին դեռ երբեք չի փչել Անգլիայի վրա։ Սառը, ծակող քամի, Ուոտսոն, և հնարավոր է մեզնից շատերը զոհվեն նրա սառցե շնչից։ Բայց, այնուամենայնիվ, դա աստծո տվածն է, և երբ փոթորիկը հանդարտվի, երկիրը արևոտ երկնքի տակ կդառնա ուժեղ, մաքուր, բարի։ Գործի դրեք մեքենան, Ուոտսոն, մեկնելու ժամանակն է։ Մոտս հինգ հարյուր ֆունտի դրամագրքույկի թուղթ կա ստորագրված, պետք է վաղը որքան կարելի է շուտ ներկայացնել, թե չէ, մեկ էլ տեսար, նա, ով ինձ տվել է, կդադարեցնի վճարումը։