Շան սիրտ

Գրապահարան-ից
23:20, 25 Հոկտեմբերի 2014 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շան սիրտ

հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան
աղբյուր՝ «Վիպակներ և պատմվածքներ»

Բովանդակություն

1

Ու-ո՜ւ-ու-ուո՜ւ-հու-հուհո՜ւ-հու-հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքը հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտեսության կենտրոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված, ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՞նչ օգուտ։

Ինչո՞վ էի խանգարում նրան։ Չլինի՞ կխժռեմ-կվերջացնեմ ժողովրդական տնտեսության սովետը, եթե աղբահորը քանդքնդեմ։ Անկշտում անասուն։ Մի առիթով նայեք նրա քիթումռութին․ ախր, լենքին է տվել, պղնձե ռեխով գող։ Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ։ Կեսօրին գդակն ինձ կերակրեց եռջրով, հիմա էլ մթնել է, կեսօրվա չորսը կլինի մոտավորապես, դատելով տապակած սոխի հոտից, որ փչում է Պրեչիստենկայա փողոցի հրշեջ խմբից։ Ինչպես ձեզ հայտնի է, հրշեջները ընթրում են։ Բայց եղածը փուչ բան է, սնկի նման։ Պրեչիստնկայի ծանոթ շները պատմում էին, թե իբր Նեգլիննայա փողոցի վրայի «Բար» ռեստորանում հերթապահ ճաշատեսակ են խժռում՝ պիկան սոուսով սունկ, բաժինը երեք ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Սիրելու բան է, նույնն է, թէ կրկնակոշիկ լիզես․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․

Կողս ցավում է անտանելի, և իմ կարիերայի հեռուները անչափ հստակ եմ տեսնում․ վաղը խոցեր կբացվեն, և հարցնող լինի՝ ինչո՞վ եմ բուժելու։ Ամռանը կարելի էր գնալ Սոկոլնիկի, այնտեղ շատ լավ հատուկ խոտ կա, դրանից բացի, ձրի կխժռես երշիկի պոչիկներ, ճարպոտած թղթեր են շպրտում քաղաքացիները, ուզածդ չափ կլպստես։ Ու եթե մի լեզվանի էլ չլինի, որ լուսնի լույսի տակ, շրջանակի մեջ «Սիրելի Աիդա» է երգում, որից սիրտոդ կտոր-կտոր է լինում, հրաշալի կլինի։ Իսկ հիմա՞ ուր պիտի գնաս։ Ձեզ չե՞ն խփել սապոգով: Խփել են։ Աղյուսով հասցրե՞լ են կողերիդ։ Շատ-շատ եմ կերել։ Ամեն ինչ կերել եմ, բախտիս հետ հաշտ եմ և եթե լալիս եմ հիմա, մարմնական ցավից է ու քաղցից, որովհետև ոգիս դեռ չի մարել․․․ Դիմացկուն է շան ոգին:

Բայց ահա մարմինս՝ ջարդուխուրդ, ծեծված, բավականաչափ ոտնահարել են մարդիկ: Գլխավորն էլ որն է․ եռջուրն էնպես շփեց վրաս, որ բրդի տակ էլ անցավ, ուրեմն, ձախ կողիս համար ոչ մի պաշտպանություն չկա։ Շատ հեշտ կարող եմ թոքերի բորբոքում ստանալ, իսկ որ ստացա, քաղաքացիներ, սովից կսատկեմ: Թոքերի բորբոքումով ընդունված է պառկել շքամուտքում, աստիճանների տակ, իսկ իմ պառկած, ամուրի շան փոխարեն ո՞վ պիտի վազ տա աղբարկղերով՝ կեր որոնելու։ Թոքս կբորբոքվի, փորի վրա կսողամ, կթուլանամ, ամեն մեկը կսատկացնի ինձ փայտով: Եվ ճարմանդակիր դռնապանները ոտքերիցս կբռնեն ու կգցեն սայլի մեջ․․․

Բոլոր պրոլետարներից ամենանողկալին դռնապաններն են։ Մարդկային թափթփուկներ՝ ամենացածր տեսակը: Խոհարարները տարբեր են լինում: Օրինակ, հանգուցյալ Վլասը Պրեչիստենկայից։ Քանի-քանիսի կյանքն է փրկել։ Որովհետև հիվանդ ժամանակ ամենագլխավորը մի կտոր կեր ձեռք գցելն է: Եվ ահա, պատմում են շները, Վլասը մի ոսկոր կշպրտեր, վրան մեկ ութերորդ ֆունտի չափ միս։ Աստված հոգին լուսավորի, քանի որ իսկական անհատականություն էր, կոմս Տոլստոյների տիրունական խոհարարը, և ոչ թե նորմալ սննդի Սովետի: Թե ինչեր են անում նրանք, այդ նորմալ սննդում, շան խելքի բանը չէ: Ախր, հենց այդ սրիկաները աղ դրած, հոտած մսից են շչի եփում, իսկ ճաշարան եկող խեղճերը ոչինչ չեն իմանում: Վազեվազ գալիս են, լափում, լակում։

Ոմն մեքենագրուհի, ըստ իններորդ կարգի, ստանում է չորսուկես տասանոց, ճիշտ է, սիրեկանը ֆիլդեպերսե գուլպաներ է նվիրում։ Իսկ էդ ֆիլդեպերսի երեսից ինչքան ստորացում պիտի քաշի խեղճը։ Արագ-արագ կգա մեքենագրուհին, չէ՞ որ չորսուկես տասանոցով «Բար» չես մտնի։ Կինեմատոգրաֆի էլ չի հերիքում, իսկ կինեմատոգրաֆը կանանց միակ սփոփանքն է կյանքում: Ցնցվում է, դեմքը կնճռոտում, բայց և խփշտում: Խելքի մո՞տ բան է, երկու ճաշատեսակը քառասուն կոպեկ արժի, իսկ էդ երկուսի գինը տասնհինգ էլ չի, որովհետև մնացած քսանհինգը տնտեսվարն է գողացել։ Իսկ մեքենագրուհուն այդպիսի՞ ճաշ է պետք: Նրա աջ թոքի կատարն ախտահարված է, կանացի հիվանդություն էլ կա, աշխատավայրում պահումներ են արել, ճաշարանում հոտած բաներով են կերակրել, ահա նա, ահա նա։ Դարպասատակ է մտնում սիրեկանի գուլպաներով: Ոտքերը՝ սառած, փորի մեջ քամիներ են խաղում, որովհետև վրայի բուրդը կարծես թե իմի պես է, հագի վարտիքը բարակ է, էնպես՝ ժանյակի պես մի բան, սիրեկանի աչքին թոզ փչելու համար: Թե փորձեց ֆլանելե վարտիք հագնել, սիրեկանը կգոռա․

― Իչքա՜ն ես գեշ։ Իմ Մատրյոնան ինձ ձանձրացրել է, հոգիս դուրս եկավ էդ ֆլանելե վարտիքներից, հիմա եկել է իմ ժամանակը։ Ես հիմա նախագահ եմ, ու ինչքան էլ գողանամ, լրիվ կգնա կանացի մարմնի, անուշեղենի, «Աբրաու-Դյուրսյի» վրա։ Որովհետև ջահել օրերիս շատ եմ քաղցած մնացել, ինձ հերիք է, իսկ անդրշիրիմյան կյանք գոյություն չունի:

Մեղքս գալիս է, խղճում եմ մեքենագրուհուն: Բայց ինքս ինձ ավելի եմ խղճում: Եսասիրությունից չեմ ասում, չէ, քանի որ իսկականից տարբեր պայմաններում ենք։ Նա գոնե իր տանը կտաքանա, իսկ ես, ես։ Ո՞ւր պիտի գնամ: Ծեծված, կողս խաշված, թուքումուր կերած, ո՞ւր գնամ: Ո՜ւ-ո՜ւ-ու-ո՜ւ․․․

— Քուչիկ, քուչիկ, քուչիկ, Շարիկ, այ Շարիկ: Ինչի՞ ես վնգստում, խեղճ լինես դու։ Քեզ ո՞վ է նեղացրել․․․ Ուխ․․․

Ջադու պառավ-չոր բուքը շրխկշրխկացրեց դռներն ու երկարապոչ ավելով հասցրեց օրիորդի ականջին: Փեշը թռցրեց ծնկներից վեր, բաց արեց կրեմագույն գուլպաները և վատ լվացված ժանյակե սպիտակեղենի նեղլիկ շերտը, խլացրեց բառերը և քշեց-տարավ շանը:

— Տեր Աստված․․․ էս ինչ եղանակ է․․․ ուխ․․․ փորս էլ ցավում է։ Ախ, այդ աղ դրած միսը։ Ու ե՞րբ է վերջանալու այս ամենը։

Գլուխն առաջ կռացրած, մեքենագրուհին նետվեց գրոհի, անցան դարպասից, փողոցում բուքն սկսեց պտտել, պատռել, տապալել, հետո պտտահողմ դարձավ և մեքենագրուհին անհետացավ։

Իսկ շունը մնաց դարպասատակում և, տառապելով վնասված կողից, սեղմվեց սառը, զանգվածեղ պատին, շունչը կտրվեց ու հաստատ որոշեց, որ այստեղից ոչ մի տեղ չի գնա, այստեղ էլ կսատկի։ Հուսալքություն պատեց նրան։ Սիրտն այնպես դառնացավ ու ցավեց, այնքան միայնակ ու ահավոր դարձավ, որ շան մանրիկ արցունքները պզուկի նման իջան աչքերից և իսկույն չորացան։ Վնասված կողի բուրդը գունդ-գունդ կախկխվել էր, իսկ արանքներում երևում էին կարմիր չարագույն պտեր եռջրից: Ի՜նչ անիմաստ, բթամիտ ու դաժան են խոհարարները։ Մեքենագրուհին իրեն ասաց․ «Շարիկ»: Ո՞ր գրողի տարած Շարիկ է ինքը։ Շարիկ՝ նշանակում է կլորիկ, գնդլիկ, վարսակաձավար է լափում, հայտնի ծնողների զավակ, իսկ ինքը փրչոտ, լողլող ու վիրավոր, թափառական, անտեր շուն։ Ասենք, շնորհակալ եմ բարի խոսքի համար։

Վատ լուսավորված խանութի փողոց ելնող դուռը շրխկաց և երևաց մի քաղաքացի։ Հենց քաղաքացի, և ոչ թե ընկեր, նույնիսկ ամենաճիշտը՝ պարոն։ Ինչքան ավելի մոտեցավ, այնքան ավելի հստակ դարձավ, որ պարոն է: Կարծում եք, դատում եմ վերարկուի՞ց։ Անմտություն։ Վերարկու հիմա շատերը, մեծ թվով պրոլետարներն էլ են հագնում: Ճիշտ է, օձիքներն այսպիսին չեն, խոսել անգամ չարժի, բայց և այնպես, հեռվից կարելի է շփոթել։ Իսկ ահա, աչքերից՝ այստեղ արդեն ոչ մոտիկից, ոչ հեռվից շփոթել չի լինի։ Օ՜, նշանակալի բաներ են աչքերը։ Ծանրաչափի պես։ Եվ ամեն ինչ երևում է՝ ում հոգում մեծ ամայություն է տիրում, ով ոչ դես, ոչ դեն, սապոգի քթով կհասցնի կողերիդ, իսկ ով ինքն է վախենում ամեն մեկից ու ինչից: Ահա և, հենց այդպիսի հետնյալ մեկի, ոտքի կոճը խածնելն է հաճելի: Թե վախենում ես, ստացիր։ Եթե վախենում ես, ուրեմն արժես․․․ Ռ-ռ-ռ-ռ․․, հա՛ֆ, հա՛ֆ:

Պարոնը վստահաբար ճեղքեց փողոցի հողմասյունը և շարժվեց դեպի դարպասատակ: Հա, հա, այս մեկի ամեն ինչը երևում է: Նա նեխած աղ դրած միս չի ուտի, իսկ եթե որևէ տեղ էլ մատուցեն, այնպիսի սկանդալ կսարքի, թերթերին էլ կգրի՝ ինձ, Ֆիլիպ Ֆիլիպովիչին վատ կերակրեցին:

Նա ավելի ու ավելի է մոտենում։ Նա ուտում է առատ և չի գողանում: Այդպիսի մեկը քացով չի խփի, բայց և չի վախենում ոչ ոքից։ Չի վախենում, որովհետև մշտապես կուշտ է։ Մտավոր աշխատանքի պարոն է, կուլտուրական սրածայր մորուքով և ալեխառն, թավ ու կարճ բեղերով, ինչպես ֆրանսիական ասպետներինը, բայց բուքը նրանից վատ հոտեր է բերում՝ հիվանդանոցի և սիգարի:

Հարցնող լինի, ո՞ր սատանան էր քշում նրան ցենտրոխոզի կոպերատիվ։ Ահա, իր կողքին է․․․ Ի՞նչ է փնտրում։ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․ Ի՞նչ կարող էր գնել նա այդ հետևյալ խանութից, Օխոտնիյ Ռյադի խանութները քի՞չ են նրա համար։ Ի՞նչ։ Ի՞նչ։ Եր-շիկ։ Պարոն, եթե դուք տեսնեիք, թե ինչ՞ից են պատրաստում այդ երշիկը, խանութին չէիք մոտենա։ Տվեք ինձ դա:

Շունը հավաքեց վերջին ուժերը և ցնորված դուրս սողաց մայթ: Բքի հրազենը պայթեց գլխավերևոմ և ծածանեց կտավե պլակատի վիթխարի տառերը․ «Հնարավո՞ր է, արդյոք, երիտասարդացումը»։

Բնականաբար, հնարավոր է։ Բույրն ինձ ջահելացրեց, փորս կտրեց գետնից, այրող ալիքներով սեղմեց երկու օրուգիշեր դատարկ ստամոքսս, հիվանդանոցայինը չքացրած բույրը, կտրատած ձիամսի դրախտային բույրը, սխտորով ու պղպեղով: Զգում եմ, գիտեմ, նրա մուշտակի աջ գրպանում է երշիկը։ Նա իմ գլխավերևում է։ Օ՜, իմ տիրակալ։ Նայիր ինձ։ Ես մեռնում եմ։ Մեր ճորտի հոգին, նսեմ բախտը:

Շունը սողում էր, օձի նման փորի վրա, արցունքները թափվում էին: Ուշադրություն դարձրեք խոհարարի արածին։ Բայց ախր, դուք ոչ մի դեպքում չեք տա։ Օ՜հ, շատ լավ եմ ճանաչում հարուստ մարդկանց։ Իսկ, ըստ էության, ձեր ինչի՞ն է դա պետք։ Ինչի՞ համար է այդ հոտած ձիամիսը։ Ոչ մի տեղ նման թունավոր բան չեք գտնի, ինչպես Մոսսելպրոմում։ Իսկ դուք այսօր նախաճաշել եք, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, շնորհիվ արական սեռական գեղձերի․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․

Այս ինչեր են կատարվում լույս աշխարհում։ Երևում է, սատկելս դեռ չի եկել, իսկ հուսալքությունն, իրո՞ք, մեղք է։ Նրա ձեռքերն է պետք լիզել, ուրիշ բան չի մնում։

Հանելուկային պարոնը կռացավ դեպի շունը, փայլեցրեց աչքերի ոսկյա շրջանակները և աջ գրպանից հանեց ճերմակ, երկարավուն փաթեթը: Դարչնագույն ձեռնոցները չհանելով, բացեց փաթեթը, որն իսկույն քշեց-տարավ բուքը և երշիկից մի կտոր պոկեց, որը կոչվում է «Օսոբեննայա կրակովսկայա»։ Եվ շանը տվեց այդ կտորը։ Օ՜, անշահամոլ անձնավորություն։ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․

— Քուչի, քուչի,— սուլաձայն ասաց պարոնը և ավելացրեց շատ խստաձայն,— առ։ Շարիկ, Շարիկ։

Նորից «Շարիկ» կնքեցին։ Ասենք, ինչպես ուզում եք կոչեք, ձեր այս բացառիկ արարքի դիմաց․․․

Շունն ակնթարթորեն պլոկեց կաշին, լորձնախեղդ խրեց ատամները կրակովյանի մեջ ու մեկ-երկու՝ խժռեց։ Ըստ որում, խեղդվեց երշիկից ու ձնից, որովհետև ագահությունից քիչ էր մնացել թելն էլ հետը կուլ տար։ Նորից, նորից եմ լիզում ձեր ձեռքը։ Շալվարդ եմ համբուրում, իմ բարերար։

— Առայժմ հերիք է,— պարոնն այնպես հատու էր խոսում, ճիշտ կարծես հրաման էր արձակում։ Նա կռացավ Շարիկի վրա, քննախույզ նայեց շան աչքերին և անսպասելի ձեռնոցով շոյեց Շարիկի փորը։

― Ահա,— բազմանշանակ արտաբերեց նա,— վզկապ չկա, հրաշալի է, հենց դու էլ ինձ պետք ես։ Արի ետևիցս,— նա ճրթացրեց մատներով,— քուչի, քուչի։

— Ձեր ետևի՞ց գամ։ Թեկուզ աշխարհի ծայրը, ձեր ֆետրե ոտնամաններով հասցրեք մռթիս, ծպտուն էլ չեմ հանի։

Պրեչիստենկայով մեկ շողշողում էին լապտերները: Կողը ցավում էր անտանելի, բայց Շարիկը ժամանակ առ ժամանակ մոռանում էր դա, համակված մի մտքով, որ այս իրարանցման մեջ ինչպես չկորցնի մուշտավոր տեսիլքը և մի կերպ արտահայտի իր սերն ու նվիրվածությունը նրան։ Եվ Պրեչիստենկայաից Օբուխով ամբողջ ընթացքում մի յոթն անգամ դա արտահայտեց։ Համբուրեց ոտնամանը, Մյորտվիյ նրբանցքի մոտ, ճանապարհ բացելով, այնպես ոռնաձայն հաչաց մի կնոջ վրա, որ նա նստեց թմբի վրա, մի երկու անգամ էլ վնգստաց, իր հանդեպ խղճահարություը պահպանելու նպատակով։

Ինչ-որ մի սրիկա, սիբիրյանի նմանեցրած անտեր կատու, դուրս պրծավ ջրհորի ետևից և, չնայած բքին, կրակովյանի հոտն առավ։ Աշխարհը մթնեց Շարիկ շան աչքերում այն մտքից, որ դարպասատակերից վիրավոր շներ հավաքող հարուստ խելառը, մեկ էլ տեսար, այդ գողին ևս կվերցնի հետը, և ինքը ստիպված կլինի կիսել մոսսելպրոմյան արտադրանքը։ Այդ պատճառով այնպես կրճտացրեց ատամները կատվի վրա, որ սա, ծակ փողրակի թշշոցի պես ֆշշացնելով, խողովակով վեր մագլցեց երկրորդ հարկ։

― Փռ-ռ՜ռ․․․ հա՜ֆ․․․ չքվիր․․․ Մոսսելպրոմը լրիվ բերես, չի հերիքի Պրեչիստենկայով թափառող անտեր-անտիրականներին։

Պարոնը գնահատեց նվիրվածությունը և հենց հրշեջ խմբի մոտ, որի լուսամուտից լսվում էր վալտորնի դուրեկան մռտոցը, երկրորդ կտորը նվիրեց, ավելի փոքր, հինգ մսխալի չափ։ Է՛հ, խելառ, ինձ հրապուրում է։ Մի անհանգստացեք, ինքս ոչ մի տեղ չեմ գնա։ Ձեր ետևից կգամ, ուր որ հրամայեք։

— Քուչ, քուչ, այստեղ։

Օբուխո՞վ: Ողորմած եղեք։ Մեզ լավ հայտնի է այդ նրբանցքը։

— Քուչի, քուչի:

Այստ՞եղ։ Հաճույք․․․ Է, չէ՜, ներեցեք։ Չէ։ Շվեյցար կա։ Իսկ դրանից վատ ոչինչ չկա աշխարհում։ Շատ ավելի վտանգավոր դռնապանից։ Բացարձակապես ատելի ցեղ։ Կատուներից էլ գարշելի։ Տրեխավոր կաշի քերթող։

— Ասացի, մի վախենա, արի։

— Ողջություն եմ ցանկանում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։

— Բարև ձեզ, Ֆյոդոր։

Ա՛յ, մարդ եմ ասել։ Աստված իմ, ուր հասցրեցիր ինձ, իմ շան բախտը։ Այս ի՞նչ դեմք է, որ կարող է փողոցից շուն անցկացնել բնակընկերության շենք, շվեյցարի մոտով։ Հապա տեսեք, այդ սրիկան՝ ոչ ձեն, ոչ ծպտուն։ Ճիշտ է աչքերը պղտոր են, բայց ընդհանրապես անտարբեր է ոսկետրեզ բոլորքի տակ։ Կարծես, այդպես էլ ենթադրվում է։ Հարգում է, պարոնայք, ինչքա՜ն է հարգում։ Դե-հ, ես էլ նրա հետ, նրա ետևից։ Ի՞նչ, ձեռ տվե՞ց։ Առ հա, քեզ։ Այ, եթե մի հատ խածնեի պրոլետարական կոշտուկապատ ոտքը։ Մերպեսներին ծանակելու համար։ Պոչավոր խոզանակով քանի անգամ ես հասցրել մռութիս, հը՞։

— Արի, արի։

— Հասկանում ենք, հասկանում ենք, բարեհաճեք չանհանգստանալ։ Ուր որ դուք, այնտեղ էլ ես։ Մենակ ճանապարհը ցույց տվեք, ետ չեմ մնա, չնայած անհույս կողիս։

Սանուղքի վրայից ցած․

— Նամակ չունե՞մ, Ֆյոդոր։

— Ոչ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ (Կիսաձայն ու մտերմիկ)։ Իսկ երրորդ բնակարանում բնակընկերներ են տեղավորել:

Շների կարևոր բարերարը կտրուկ շրջվեց աստիճանի վրա և, ցած կռացած բազրիքի վրա, հարցրեց․

— Հետո՞-ո՞։

Նրա աչքերը կլորացավ և բեղերը տնկվեցին։

Շվեյցարը ներքևից գլուխը բարձրացրեց, ափն օղակեց շրթունքների մոտ ու հաստատեց․

— Ճիշտ այդպես: Լրիվ չորս հատ։

— Աստվա-ա՜ծ իմ։ Պատկերացնում եմ, թե հիմա ինչ և լինելու բնակարանը: Իսկ ի՞նչ են անում:

— Բ-բան էլ չէ:

— Համմե՞, Ֆյոդոր Պավլովիչ։

— Գնացին միջնորմ ու աղյուս բերելու։ Միջնապատեր են կանգնեցնելու։

— Սատանան գիտե, թե ինչ է:

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, բոլոր բնակարաններում բնակեցնելու են, բացի ձերից։ Նոր ժողով արեցին, որոշում կայացրեցին, նոր ընկերություն հիմնեցին: Իսկ նախկիններին քշեցին։

— Ինչ է կատարվում: Ա՛յ-յա՛յ-յա՛յ․․․ Քուչի, քուչի։

Գալիս եմ, շտապ-շտապ գալիս եմ։ Հաճեցեք նայել, կողս իրեն զգացնել է տալիս։ Թույլ տվեք լիզեմ ձեր կոշիկը։

Շվեյցարի տրեզն անհետացավ ներքևում, մարմարապտ հարթակի վրա տաքություն փչեց խողովակներից, մի անգամ էլ շրջվեցին և ահա՝ կիսահարկը։

2

Կարդալ սովորել ամենևին պետք չէ, երբ մսի հոտը վերստից էլ փչում է։ Այնուամենայնիվ, եթե դուք ապրում եք Մոսկվայում և ուղեղի նշույլ կա ձեր գլխում, կամա թե ակամա գրաճանաչություն կսովորես, այն էլ առանց ամեն տեսակ դասընթացների: Մոսկովյան քառասուն հազար շներից գուցեև մի կատարյալ ապուշ չի կարող տառերից «երշիկ» բառը կազմել։

Շարիկը սովորել սկսեց գույներով: Նոր-նոր էր լրացել չորս ամիսը, Մոսկվայով մեկ կախկխեցին կանաչ-երկնագույն ցուցանակներ՝ «Մ․ Ս․ Պ․ Օ․ Մսի առևտուր» մակագրությամբ: Կրկնենք, որ այդ ամենը հարկավոր չէր, որովհետև մսի հոտն առանց այդ էլ գալիս է։ Եվ մի անգամ շփոթմունք եղավ․ հարմարվելով հազվագյուտ երկնագույնին, Շարիկը, ում հոտառությունը խախտվել էր շարժիչների բենզինի ծխից, մսավաճառի փոխարեն մտավ Մյասնիցկայա փողոցի Գոլուբիզներ եղբայրների էլեկտրական պիտույքների խանութ։ Այնտեղ, եղբայրների մոտ, շունը ճաշակեց մեկուսացրած մետաղալարի շամփրոցը՝ շատ ավելի վատ կառապանի մտրակից։ Այդ նշանավոր պահն էլ հարկ է համարել Շարիկի գրաճանաչության սկիզբը։ Արդեն մայթի վրա, Շարիկն սկսեց հասկանալ, որ «երկնագույնը» միշտ չէ, որ «մսեղեն» է նշանակում և խանձող ցավից պոչը քաշած ետևի թաթերի արանքը, վնգստալով մտաբերեց, որ բոլոր մսավաճառների մոտ ձախից առաջինը ոսկեգույն կամ շիկավուն մի զուգահետ կա, նման բաց ունելիի «Մ»:

Հետագան ավելի հաջող ընթացավ։ «Ա»-ն սովորեց Մոխովայա փողոցի անկյան «լավռըյբա»-ից, իսկ հետո արդեն «բ»-ն (տառ-տառ կարդալը նրան հարմար էր «ռըյբա» բառի պոչից, որովհետև բառի սկզբին միլիցիոներ կար կանգնած)։

Հախճասալե քառակուսիները, որոնք ծածկում էին անկյուն կազմող տեղերը Մոսկվայում, միշտ և անխուսափելի նշանակում էին «Պա-ն-ի-ր»: Ինքնաեռի սև ծորակը, որ սկզբնավորում էր նախկին տիրոջ՝ Չիչկոյին ներկայացնող բառը, հոլանդական կարմիր սարերը, շներին ատող գազան-գործակալները, թեփը հատակի վրա, վատ հոտ արձակող բակշտեյնը։

Եթհ հարմոն էին նվագում, ինչը շատ ավելի լավ էր «Սիրելի Աիդա»-ից և նրբերշիկի հոտ էր գալիս, սպիտակ պլակատների վրա առաջին տառերը չափազանց հարմար խմբվում ու դառնում էին «Անվայ․․․» բառ, որ նշանակում էր՝ «Անվայել խոսքեր չասել և թեյադրամ չտալ»։ Այստեղ մեկ-մեկ կռիվներ էին ծայր առնում, բռունցքներով խփում էին մարդկանց քիթուբերանին, ճիշտ է՝ հազվադեպ, իսկ շներին մշտապես՝ սրբիչներով կամ սապոգով։

Եթե ցուցափեղկերում կախկխված էին խոզապուխտի ոչ թարմ ազդամսեր և մանդարինի բլուրներ՝ գաու-գաու, գաստրոնոմիա։ Եթե մգագույն շշեր վատ հեղուկով՝ վե-ի, վի, ն՝-ա՝ վինա՝ գինիներ․․․ նախկին Ելիսեև եղբայրներ․․․

Անհայտ պարոնը, որը շանը քարշ էր տալիս իր շքեղ, կիսահարկում գտնվող բնակարանի դռանը, զանգ զարկեց, իսկ շունն իսկույն աչքերը տնկեց խոշոր, սև և ոսկեզօծ տառերով քարտին՝ փակցված լայն, ալիքաձև և վարդագույն ապակեպատ դռանը։ Առաջին երեք տառերն անմիջապես միացրեց՝ «Պրո»։ Բայց հետո գալիս էր մի ցմփոր երկտող անպետքություն, որ հայտնի չէր, ինչ է նշանակում։

«Չինի՞ պրոլետար է,— մտածեց Շարիկը զարմացած,— չի կարող պատահել»։ Նորից վեր ցցեց քիթը, հոտոտեց մուշտակը և վստահ մտածեց․ «Չէ, պրոլետարի հոտ անգամ չկա»։ Գիտական բառ է և Աստված գիտե, ինչ է նշանակում։

Վարդագույն ապակու մյուս կողմում անսպասելի ու բերկրալի լույս շողաց, ավելի ընդգծելով սև քարտը։ Դուռը միանգամից անձայն բացվեց, և մի երիտասարդ, գեղեցիկ կին, ճերմակ գոգնոցով և ժանեկազարդ գլխարկով, կանգնեց շան և պարոնի առաջ։ Շանը պարուրեց դրախտային ջերմությունը, իսկ կնոջ շրջազգեստը բուրեց հովտաշուշանի պես։

«Ահա թե ինչ։ Այս մեկը հասկացանք»,—մտածեց շունը։

Բազմաթիվ առարկաներ էին ծանրաբեռնել նախասենյակը։ Մտքի մեջ մնաց հատակին հասնող հայելին, որ անմիջապես արտացոլեց երկրորդ, գզգզված և վիրավոր Շարիկին, եղջերվի վիթխարի եղջյուրները վերևում, անթիվ-անհամար մուշտակներ ու կրկնակոշիկներ և էլեկտրական ծիածանաքարե վարդակակաչը՝ առաստաղից կախ։

—Համեցեք, պարոն Շարիկ,— հեգնաբար հրավիրեց պարոնը, և Շարիկը երկյուղածությամբ ներս մտավ, պոչը խաղացնելով։

— Որտե՞ղ եք գտել նմանին, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— ժպտալով հարցրեց կինը և օգնեց հանել սևագորշ աղվեսամորթե ծանր մուշտակը, կապտավուն կայծիկներով։― Տեր իմ, ինչ քոսոտն է։

— Դատարկ բաներ ես ասում։ Նրա ի՞նչն է քոսոտ,— խստաձայն և հատու հարցրեց պարոնը։

Մուշտակը հանելով, նա հայտնվեց անգլիական մահուդից սև կոստյումով, նրա փորի վրա բերկրահարույց և աղոտ շողաց ոսկյա շղթան։

— Համբերիր, մի պտտվիր, քուչի․․․ ասացի՝ մի պտտվիր, անխելք։ Հըմ․․․ Սա քոս․․․ չէ, դե կանգնիր, սատանա․․․ հը՛մ․․․ Ա-ա-ա՜։ Այրվածք է․․․ Էս ո՞ր սրիկան է քեզ խաշել։ Հը՞։ Ուղիղ կանգնիր, տեսնեմ։

«Խոհարարը, աքսորականի մեկը։ Խոհարարը», — աղիողորմ արտաբերեց շունը և թեթևակի վնգստաց։

— Զինա,— հրամայեց պարոնը,— հենց հիմա նրան տար գրասենյակ, ինձ էլ խալաթ տուր։

Կինը շվարեց, ճրթացրեց մատներով, և շունը, թեթևակի տատանվելով, հետևեց նրան։ Երկուսով ընկան մի նեղ, աղոտ լուսավորված միջանցք, լաքապատ մի դուռ անցան, հասան ծայրին, ապա դարձան ձախ և հայտնվեցին մութ սենյակում, որն ակնթարթորեն դուր չեկավ շանն իր չարագույժ հոտով: Խավարը չրխկաց ու դարձավ կուրացուցիչ ցերեկ: Ըստ որում, բոլոր կողմերից փայլփլեց, շողշողաց ու ճերմակեց։

«Է՜, չեղավ,— մտքում կլանչեց շունը,— կներես, չեմ հանձնվի: Հասկանում եմ։ Օ՜, սատանան տանի սրանց, իրենց երշիկով: Ինձ խաբել, բերել են շների բուժարան։ Հիմա կստիպեն լուծողական կուլ տալ և կողս լրիվ կկտրատեն փոքր դանակներով, իuկ առանց դրա էլ դիպչել չի լինում»։

— Է, չեղավ: Էդ ո՞ւր,— բղավեց նա, ում անունը Զինա էր։

Շունը պտույտ տվեց տեղում, զսպանակվեց և անվնաս կողով հանկարծ խփվեց ղռանն այնպես, որ բնակարանով մեկ չխկչխկաց։ Ապա, ետ շպրտվելով, հոլի պես պտույտ տվեց տեղում, ըստ որում՝ հատակին շրջեց սպիտակ դույլը, որից ցրիվ եկան բամբակի կտորներ։ Պտտվելիս, չորսբոլորը ցատկոտում էին փայլփլուն գործիքներով լեցուն պահարաններ, սպիտակ գոգնոցը և կնոջ այլայլված դեմքը։

— Էս ո՞ւր, ո՞ւր, փրչոտ սատանա,— հուսակտուր բղավում էր Զինան,— ա՛յ, անիծված։

«Ո՞րն է սրանց ետնասանդուղքը․․․»,— մտածում էր շունը։ Նա թափ առավ և գունդ դարձած, հենց այնպես զարնվեց ապակուն, հուսով, որ դա երկրորդ դուռն է։ Ջարդված ապակու կտորտանք տեղաց՝ զնգոց, շխկոցով, մի ցմփոր աման թռավ-ընկավ, դեղնավուն գարշանքով, վայրկենապես ողողեց հատակը և գարշահոտ տարածվեց։ Իսկական դուռը բացվեց։

— Կանգնիր։ Ան-նասուն,— բղավեց պարոնը, ցատկոտելով մի թևքը հագած խալաթով, փորձելով բռնել շան թաթերից,— Զինա, բռնիր դրա շլինքից, էդ սրիկայի:

― Տե․․․ Տե՜ր Աստված․․․ Այ քեզ շուն։

Ավելի լայն բացվեց դուռը, և ներս ընկավ ևս մի անձնավորություն, արական սեռի, ճերմակ խալաթով։ Տրորելով ապակու կտորտանքը, նա շարժվեց ոչ թե շան կողմը, այլ պահարանի, բացեց և ամբողջ սենյակը լցվեց քաղցրավուն ու որձկալի հոտով։ Հետո անձնավորությունը փորով ընկավ շան վրա, ընդ որում՝ շունը հափշտակությամբ խածնեց ոտքը, կոշկաքուղերից վեր։ Անձնավորությունն օխ արեց, բայց չշփոթվեց։ Որձկալի գարշանքը հանկարծ կտրեց շան շունչը, գլուխը պտտվեց, հետո թաթերը անկենդան դարձան և շունը լողաց մի կողմի վրա՝ ծուռ ու թեք:

«Շնորհակալ եմ, վերջացավ,— երազի մեջ մտածեց շունը, փռված սուր-սուր կտորտանքի վրա։— Մնաս բարով, Մոսկվա։ Էլ չեմ տեսնի Չիչկինին, պրոլետարներին և կրակովյան երշիկը։ Գնում եմ դրախտ իմ շնական համբերատարության համար։ Մաշկ քերթող եղբայրներ, ինչի՞ համար ինձ»։

Այստեղ վերջնականապես շրջվեց կողին ու անշնչացավ։

* * *

Երբ նա հարություն առավ, գլուխը թեթևակի պտտվում էր, մի քիչ էլ սիրտն էր խառնում, իսկ կողը կարծես չէր եղել, կողն անուշ լռում էր։ Նա բացեց աջ մշուշված աչքը և պոչով տեսավ, որ կողերն ու փորը ամուր վիրակապած են։ «Համենայն դեպս, արածներն արեցին, շան որդիք,― մտածեց աղոտ կերպով,— բայց շատ ճարպիկ արեցին, պետք է պատշաճը հատուցել»:

«Սևիլյայից Գրենադա․․․ գիշերների լուռ խավարում»,— գլխավերևում մի ցրված ու կեղծ ձայն երգեց:

Շունը զարմացավ, լրիվ բացեց երկու աչքը և երկու քայլի վրա տղամարդու ոտք տեսավ ճերմակ աթոռակի վրա։ Շալվարի փողքը և ոտաշորը ետ էին քաշած, և դեղնավուն սրունքին չորացած արյուն կար և յոդ էր քսված:

«Արդար մարդիկ,— մտածեց շունը,― էս էլ, ուրեմն, ես եմ կծել, իմ արածն է։ Էհ, ջարդս կտան»:

― «Ս-սերենադներ են հնչում, թրեր են զարկվում․․․»։ Ինչի՞ կծեցիր բժշկին, թափառական։ Հը՞։ Ապակի՞ն ինչու կոտրեցիր: Հը՞ ․․․

— Ու-ու-ո՜ւ,— աղիողորմ վնգստաց շունը։

— Դե, լավ: Ուշքդ գլուխդ եկավ, ու պառկիր, անխելք։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինչպե՞ս կարողացաք հրապուրել այսպիսի նյարդային շանը,— հարցրեց տղամարդու հաճելի մի ձայն, և տրիկոյե ոտաշորը ցած սահեց։ Ծխախոտի հոտ եկավ, և պահարանում զնգզգացին սրվակները։

— Գուրգուրանքով։ Միակ միջոցով, որը հնարավոր է կենդանի արարածի հետ շփվելիս: Ահաբեկչությամբ ոչինչ չի լինի անել կենդանու հետ, զարգացման ինչ աստիճանի էլ լինի։ Ես սա պնդել, պնդում ու պնդելու եմ: Նրանք իզուր են մտածում, թե տեռորն իրենց կօգնի: Ոչ, ոչ և ոչ, չի օգնի, ինչպիսին ուզում է լինի՝ սպիտակ, կարմիր կամ նույնիսկ դարչնագույն։ Տեռորը լիովին կաթվածահար է անում նյարդային համակարգը։ Զինա՛։ Այս անզգամի համար կրակովյան երշիկ եմ առել՝ մեկ ռուբլի քառասուն կոպեկի։ Բարի եղեք կերակրեք նրան, երբ դադարի որձկալ։

Խշխշացին ավլվող ապակիները, և կանացի ձայնը, կոտրատվելով ասաց․

— Կրա-կովյա՜ ան։ Աստված իմ, նրա համար մսի կտորտանք էլ կարելի էր առնել քսան կոպեկի՝ մսավաճառից։ Կրակովյանն ավելի լավ է, ես կուտեմ:

— Փորձիր միայն: Ես քեզ ուտել ցույց կտամ։ Այդ թույնը մարդկային ատամոքսի համար չէ: Հասուն աղջիկ է, բայց երեխայի պես ձեռքն ընկածը բերանն է տանում: Չհամարձակվես։ Նախազգուշացնում եմ, ոչ ես, ոչ բժիշկ Բորմենտալը չենք զբաղվի քեզնով, երբ փորդ սկսի ցավել։ «Բոլորին, ով կասի, թե մեկը կհամեմատվի քեզ․․․»

Այդ ժամանակ մանրիկ ու փափուլկ ղողանջներ սփռվեցին բնակարանով մեկ, իսկ նախասենյակից մերթընդմերթ լսվում էին ձայներ: Զնգաց հեռախոսը: Զինան անհետացավ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը գլանակի մնացորդը նետեց դույլի մեջ, կոճկեց խալաթը․ պատի հայելուն նայելով հարդարեց փափլիկ բեղերը և ձայն տվեց շանը․

— Քուչի,քուչի․․․ դե, լավ, լավ, ոչինչ։ Գնանք ընդունենք։

Շունը կանգնեց անհաստատ ոաքերին, ճոճվեց ու սրսփաց, բայց իսկույն շտկվեց ու գնաց Ֆիլիպ Ֆիլիպովիչի ծածանվող փեշի ետևից: Շունը կրկին հատեց նեղ միջանցքը, բայց հիմա տեսավ, որ վառ լուսավորված է։ Իսկ երբ բացվեց լաքապատ դուռը, շունը Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ մտավ աշխատասենյակ, և կահավորանքը կուրացրեց շանը: Առաջին հերթին, ամբողջովին ողողված էր լույսերով․ վառվում էր ծեփաքանդակ առասատաղի տակ, վառվում էր սեղանի վրա, պատին, կրակվում էին, պահարանների ապակիները: Լույսը ողողել էր մեծ քանակությամբ ապակիներ, որոնցից ամենագրավիչը հսկայական բուն էր, նստած պատին, ճյուղի վրա:

— Պառկի՛ր,— հրամայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Բացվեց դիմացի փորագրանախշ դուռը, մտավ այն կծվածը, որն այժմ, վառ լույսի տակ պազվեց, որ շատ գեղեցկադեմ, սրածայր սև մորուքով երիտասարդ է, մի թուղթ մեկնեց պարոնին, ասաց․

— Նախկին է․․․— և անաղմուկ հեռացավ, և Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ծածանելով խալաթի փեշերը, նստեց վիթխարի գրասեղանի մոտ և միանգամից դարձավ արտակարգ կարևոր ու ներկայանալի։

― Չէ, սա բուժարան չէ․․․ մի ուրիշ տեսակ տեղ եմ ընկել,— շփոթմանքի մեջ մտածեց շունը և մեկնվեց գորգանախշի վրա, կաշվապատ ծանր բազմոցի մոտ,— իսկ այս բվի հախից մենք կգանք․․․

Դուռը փափուկ բացվեց և ներս եկավ շանն այնպես զարմացրած մեկը, որ սա կլանչեց, բայց վախվորած։

— Ձա՛յնդ: Պահ-պահ-պահ։ Ձեզ ճանաչել չի լինի, սիրելիս։

Ներս եկածը շատ հարգալիր և շփոթված խոնարհվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին:

― Հի-հի՛․․․ Դուք կախարդ եք հրաշագործ, պրոֆեսոր,— շփոթահար արտաբերեց նա։

— Հանեք շալվարը, սիրելիս,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և վեր կացավ տեղից։

«Տեր մեր Քրիստոս,— մտածեց շունը,—այ քեզ պտուղ»:

Պտղի գլխին աճում էին բացարձակապես կանաչ մազեր, իսկ ծոծրակի վրա մազերը ժանգի, ծխախոտի գույն ունեին։ Կնճիռներ էին սփռված պտղի դեմքին, սակայն դեմքը, նորածնի պես, վարդագույն էր: Ձախ ոտքը չէր ծալվում, ստիպված քարշ էր տալիս գորգի վրա, փոխարենն աջը ցատկոտում էր մանկական խաղալիքի նման։ Հոյակապ պիջակի մերակին, աչքի պես, թանկարժեք քար էր շողում:

Հետաքրքությունից նույնիսկ շան սրտխառնուքն անցավ։

— Տյաու, տյաու․․․— շունը կամացուկ վնգաց։

— Ձայնդ: Ինչպե՞ս է քունդ, սիրելիս:

— Հե-հե․․․ Մենք երկու՞սով ենք, պրոֆեսոր։ Սա աննկարագրելի է,— շփոթահար ասաց այցելուն։— Պարոլ դ'օննոր, քսանհինգ տարի նման ոչինչ չի եղել,— մարդն անցավ շալվարի կոճակներին,— կհավատա՞ք, արդյոք, պրոֆեսոր, ամեն գիշեր երամ-երամ մերկ աղջիկներ․․․ Ես վերջնականապես հմայված եմ։ Դուք կախարդ եք։

— Հըմմ,— մտահոգ մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, զննելով հյուրի բիբերը:

Սա վերջապես գլուխ հանեց կոճակներից և հանեց զոլավոր շալվարը։ Դրա տակից երևաց երբեք չտեսած ոտաշորը։ Կրեմագույն էին, վրակար սև մետաքսե կատուներով, օծանելիքի հոտ եկավ։

Շունը տանել չէր կարող կատուներին և հաչաց այնպես, որ մարդը վեր թռավ:

― Ա՛յ։

— Ջարդդ տալու եմ: Մի վախեցեք, չի կծում։

«Ե՞ս չեմ կծում․․․»,— զարմացավ շունը։

Այցելուի գրպանից գորգին ընկավ մի փոքրիկ ծրար, որի վրա հերարձակ գեղեցկուհի էր պատկերված։ Մարդը վեր թռավ, կռցավ, վերցրեց և թունդ կարմրեց։

— Բայց դուք տեսեք, հա՜,— նախազգուշական և խոժոռ ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, մատը թափ տալով,— համենայն դեպս, չշտապեք:

— Ես չեմ չարա․․․— շփոթահար մրմնջաց մարդը, շարունակելով հանվել,— թանկագին պրոֆեսոր, ես միայն փորձի համար․․․

— Եվ ի՞նչ, ինչպիսի՞ արդյունք ունեք,— խստաձայն հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:

Մարդը զմայլանքի մեջ թափ տվեց ձեռքը։

— Քսանհինգ տարի, երդվում եմ Աստծով, պրոֆեսոր, նման և ոչինչ չէր եղել: Վերջին անգամ Փարիզում, 1899 թվականին, Ռյու-դե-լա- Պե փողոցի վրա։

— Իսկ ինչո՞ւ եք կանաչել։

Այցելուի դեմքը մշուշվեց:

— Անիծյալ յուղայնություն։ Պրոֆեսոր, չեք կարող պատկերացնել, թե ինչ անբաններ ինձ ծախեցին սա՝ ներկի փոխարեն: Միայն նայեք,— մրմնջաց մարդը, աչքերով հայելի փնտրելով, — ախր, սարսափելի բան է: Նրանց քիթումռութին է պետք հասցնել,— մոլեգնած ավելացրեց նա:— Հիմա ես ի՞նչ անեմ, պրոֆեսոր,— լալագին հարցրեց նա։

— Հըմմ․․․ Լրիվ ածիլեք:

— Պրոֆեսոր,— խղճալի բացականչեց այցելուն,— նորից սպիտակ պիտի աճեն: Բացի դրանից, աշխատասենյակում չեմ կարող երևալ, առանց այդ էլ երեք օր չեմ գնացել։ Մեքենան գալիս է տանելու, ետ եմ ուղարկում: Էհ, պրոֆեսոր, եթե մի եղանակ հայտնաբերեիք, որ մազերն էլ երիտասարդանան։

— Ոչ միանգամից, ոչ միանգամից, թանկագինս,— մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Կռացած, նա փայլփլող աչքերով զննում էր այցելուի մերկ փորը։— Է, ինչ, ամեն բան հրաշալի է, լրիվ կարգին․․․ Ճիշտն ասած, ես այպիսի արդյունք չէի սպասում․․․ «Արյան գետեր, բազում երգեր․․․»: Հագնվեք, սիրելիս:

— «Նրան, ով սքանչելի է բոլորից․․․»,— տապակի պես զնգզնգացնող ձայնով երգեց այցելուն և բերկրանքից շողալով, սկսեց հագնվել: Կարգի բերելով իրեն, թռչկոտելով և օծանելիքի հոտ արձակելով, մի տրցակ ճերմակ թղթադրամ հաշվեց, տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և գորովանքով սեղմեց նրա երկու ձեոքերը։

— Երկու շաբաթ կարող եք չգալ,— ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը բայց և այնպես, խնդրում եմ, զգույշ եղեք:

— Պրոֆեսոր,— դռան ետևից, զմայլագին բացականչեց հյուրը,— լիովին հանգիստ եղեք,— նա դուրեկան քրքջաց ու անհետացավ։

Ցրիվ ու հատ-հատ զանգակի ղողանջ սփռվեց բնակարանում, բացվեց լաքապատ դուռը և ներս մտավ կծվածը, մի թերթ թուղթ տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և հայտնեց․

— Տարիները սխալ են նշված։ Հավանաբար, 54-55: Սրտի զարկերը խլավուն են:

Նա գնաց և նրան փոխարինեց խշխշացող մի տիկին, կողք թեքած գլխարկով, շողշողացող մանյակի չորացած ու ճմլված մաշկին։ Ահավոր սև տոպրակներ էին կախված աչքերի տակ, այտերը տիկնիկային-կարմիր գույնի էին:

Շատ ուժեղ հուզվում էր։

— Տիկին: Դուք քանի՞ տարեկան եք,— շատ խիստ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:

Տիկինը վախեցավ և նույնիսկ գունատվեց կարմրագույն շերտի տակ:

— Պրոֆեսոր, ես․․․ երդվում եմ, եթե իմանայիք, ինչպիսի դրամայի մեջ եմ․․․

— Ձեր տարի՞քը, տիկին,— ավելի խիստ կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Ազնիվ խոսք․․․ է, քառասունհինգ։

— Տիկին,— թնդաց Ֆիլիպ Ֆիլիպnվիչը,— ինձ սպասողներ կան։ Մի ուշացրեք, խնդրում եմ, մենակ դուք չեք։

Կնոջ կուրծքը վերուվարվում էր։

— Ես միայն ձեզ, գիտության պայծառ աստղին, բայց երդվում եմ, այնպիսի սարսափելի բան է․․․

— Քանի՞ տարեկան եք,— մոլեգնած ու խզված ձայնով հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և նրա ակնոցը փայլատակեց:

― Հիսունմեկ,— վախից գալարվելով պատասխանեց տիկինը։

— Հանեք վարտիքը, տիկին,- թեթևացած արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և մատնացույց արեց բարձր սպիտակ կառափնատեղն անկյունում։

— Երդվում եմ, պրոֆեսոր,— մրմնջում էր տիկինը, դողացող մատներով ինչ-որ կոճգամներ արձակելով գոտու վրա,— այդ Մորիցը․․․ ձեզ եմ խոստովանում, ինչպես եկեղեցում․․․

«Սևիլյայից Գրենադա․․․»,— ցրված երգեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց մարմարե լվացարանի ոտնակը։ Ջուրը խշշաց։

— Աստծով եմ երդվում,— ասաց կինը, և կենդանի պուտեր երևացին նրա դեմքին՝ արհեստականների արանքից,— գիտեմ, որ դա իմ վերջին կիրքն է․․․ Շատ անպիտանն է նա։ Օ՜, պրոֆեսոր։ Խաղանենգ է նա, ամբողջ Մոսկվան է ճանաչում նրան։ Ոչ մի գարշելի դերձակուհի բաց չի թողնում: Չէ՞ որ սատանայի պես ջահել է։— Կինը քրթմնջում էր և խշխշացնող շրջազգեստների տակից բաց թողեց ճմլված ժանյակի կտորը։

Շունը կատարելապես մշուշվեց և գլխի մեջ ամեն ինչ տակնուվրա եղավ։

«Էհ, սատանան ձեզ հետ,— անհաստատ մտածեց նա, գլուխը դրեց թաթերին և ննջեց ամոթից,— չեմ էլ փորձի հասկանալ, թե ինչ բան է, մեկ է՝ չեմ հասկանա»:

Արթնացավ զրնգոցից ու տեսավ, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ինչ-որ փայլուն ու փոքր խողովակներ շպրտեց ամանի մեջ։

Պտավոր տիկինը, ձեռքերը կրծքին ամուր սեղմած, հուսալի նայում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ Վերջինս հանդիսավոր խոժոռվեց և նստելով գրասեղանի մոտ ինչ-որ բաներ գրեց։

— Տիկին, ես ձեզ կապիկի ձվարաններ կներդնեմ,— հայտարարեց նա և հայացքը խստացրեց։

― Ա՛հ, պրոֆեսոր, մի՞թե կապկի։

— Այո,— անհողդողդ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Իսկ վիրահատությունը երբ է,— գունատված, նվազ ձայնով հարցրեց կինը։

— «Սևիլյայից գրենադա․․․» ո՜ւհո՜ւմմ․․․ Երկուշաբթի։ Կպառկեք կլինիկայում առավոտից, իմ ասիստենտը կնախապատրաստի ձեզ։

― Ահ, ես կլինիկայում չեմ ուզում: Արդյոք չի՞ կարելի ձեզ մոտ, պրոֆեսոր։

— Գիտեք, ինձ մոտ ես վիրահատււմ եմ միայն ծայրահեղ դեպքերում։ Դա շատ թանկ կարժենա՝ հիսուն տասանոց։

— Համաձայն եմ, պրոֆեսոր։

Նորից դղրդաց ջուրը, օրորվեց փետուրներով գլխարկը, հետո հայտնվեց ափսեի մեջ ճաղատ մի գլուխ և գրկեց Ֆիլիպ Ֆիլպովիչին: Շունը ննջում էր, սրտխառնուքն անցել էր, շունը վայելում էր հանգստացած կողը և տաքությունը, նույնիսկ խռմփացրեց ու հասցրեց դուրեկան երազի մի կտոր տեսնել, իրր բվի պոչից մի լավ փունջ էր պոկել․․․ հետո մի հուզախոով ձայն հնչեց գղխավերևում․

— Ես հայտնի հասարակական գործիչ եմ, պրոֆեսոր: Հիմա ի՞նչ պիտի անեմ։

— Պարոնայք,— բորբոքված բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— չի կարելի այդպես: Պետք է զսպել իրեն։ Նա քանի՞ տարեկան է:

— Տասնչորս, պրոֆեսոր․․․ Հասկանում եք, հրապարակումն ինձ կկործանի։ Օրերս պիտի գործուղում ստանամ Լոնդոն․․․

— Բայց ես իրավաբան չեմ, սիրելիս․․․ Է, սպասեք երկու տարի և ամուսնացեք։

— Ամուսնացած եմ, պրոֆեսոր։

― Ախ, պարոնայք, պարոնայք ․․․

Դռները բացվում-փակվում էին, փոխխվում էին դեմքերը, շրխկշրխկում էին պահարանի գործիքները, և Ֆիլիպ Ֆիլիպովիչն աշխատում էր անընդմեջ։

«Անամոթ բնակարան է,— մտածում էր շունը,— բայց այնքան լավն է։ Իսկ ե՞ս նրա ինչին եմ պետք: Չլինի՞ թողնելու է, որ մնամ։ Այ քեզ անխելք։ Ախր, բավական էր, աչքով աներ, այնպիսի մի շուն կունենար, էլ չասած։ Բայց գուցեև ես սիրուն եմ։ Երևում է, իմ բախտը բերել է: Իսկ այդ բուն գարշանք է։ Երեսառած»։

Շունը վերջանականապես արթնացավ ուշ երեկոյան, երբ զանգի զնգոցները դադարել էին, ճիշտ այն պահին, երբ դռնից ներս մտան միանգամից չորս հոգի։ Բոլորն էլ ջահել էին, շատ համեստ հագնված:

«Սրա՞նց ինչ է պետք», — դժկամությամբ և զարմացած մտածեց շունը։ Առավել դժկամությամբ դիմավորեց հյուրերին Ֆիլիպ Ֆիլիպովիչը: Նա կանգնած էր գրասեղանի մոտ և նրանց նայում էր, ինչպես զորավարը թշնամիներին։ Նրա արծվենի քթի ռունգերը փքվել էին: Ներս մտածները դոփդոփում էին գորգի վրա։

— Մենք ձեզ մոտ ենք եկել, պրոֆեսոր,— խոսեց մեկը նրանցից, ում գլխին էր քառորդ արշին բարձրությամբ խիտ ու գանգուր, սև մազերի խուրձը,— ահա, թե ինչ հարցով․․․

— Դուք, պարոնայք, իզուր եք առանց կրկնակոշիկների ման գալիս այսպիսի եղանակին,— խրատաբար ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նախ, կմրսեք, երկրորդը՝ հետքեր եք թողել իմ գորգերի վրա, իսկ իմ գորգերը բոլորը պարսկական են:

Նա, ում գլխին խուրձ կար, լռեց, և չորսն էլ ապշահար Ֆիլիպ Ֆիլիպովիչին էին նայում։ Լռություւնը տևեց մի քանի վայրկյան, և դա ընդհատում էր սոսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների կտկտոցը սեղանին դրված նախշազարդ փայտյա մատուցարանին։

— Նախ և առաջ, մենք պարոններ չենք,— վերջապես արտաբերեց չորսից ամենադեռատին՝ դեղձի տեսքով:

— Նախ և առաջ,— ընդհատեց նաև հեի ֆիլիպ Ֆիլիպովիչը— դուք տղամա՞րդ եք, թե՝ կին:

Չորսը նորից պապանձվեցին և բացեցին բերանները։ Այս անգամ առաջինն ուշքի եկավ այն մեկը՝ խրձովը։

— Ի՞նչ տարբերություն, ընկեր,— հարցրեց հպարտությամբ:

— Ես կին եմ,— խոստվանեց կաշվե բաճկոնակով դեղձանման դեռահասը և սաստիկ կարմրեց: Նրանից հետո, չգիտես ինչու, ավելի թունդ կարմրատակեց ներս եկածներից մյուսը, փափախով շիկահերը:

— Այդ դեպքում, դուք կարող եք մնալ կեպիով, իսկ ձեզ, ողորմած պարոն, կխնդրեմ հանել ձեր գլխարկը,— ազդու տոնով ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:

― Ես «ողորմած պարոն» չեմ,— շփոթահար մրթմրթաց շիկամազը՝ հանելով փափախը:

— Մենք եկել ենք ձեզ մոտ,— նորից սկսեց խրձակիր սևը։

— Նախ և առաջ, ովքե՞ր են այդ «մենք»-ը։

— Մենք շենքի նոր բնակվարչությունն ենք,— զսպված կատաղությամբ սկսեց սևը։— Ես Շվոնդերն եմ, նա՝ Վյագեմսկայան, մյուսները՝ ընկեր Պեստրուխինը և Ժարովկինը: Եվ ահա, մենք․․․

— Այդ ձե՞զ են բնակեցրել Ֆյոդր Պավլովիչ Սաբլինի բնակարանում։

— Մեզ,— պատասխանեց Շվոնդերը։

— Աստված իմ, կործանվեց կալաբուխովյան տունը,— հուսահատված բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ձեռքերի ափերը զարկեց իրար:

— Ի՞նչ է, պրոֆեսոր, ծիծաղո՞ւմ եք, — բորբոքվեց Շվոնդերը։

— Ի՜նչ ծիծաղել: Ես կատարելապես հուսալքված եմ,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՞նչ է լինելու հիմա ջեռուցումը։

— Դուք մեզ ծաղրում եք, պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ:

― Ի՞նչ գործով եք եկել ինձ մոտ, հնարավորինս շուտ ասացեք, ես հիմա գնում եմ Ճաշելու:

— Մենք՝ տան վարչությունը,— ատելությամբ սկսեց Շվոնդերը,— ձեզ մոտ ենք եկել մեր տան բնակիչների ընդհանուր ժողովից հետո, ուր դրված էր տանը բնակարանների խտացման հարցը։

—Ի՞նչն էր ինչի վրա դրված,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— աշխատեք ավելի հստակ արտահայտել ձեր մտքերը։

— Հարցը դրված էր խտացման մասին․․․

— Բավական է: Հասկացա: Ձեզ հայտնի՞ է այս տարվա օգոստոսի տասներկուսի որոշումը, ըստ որի՝ իմ բնակարանն ազատված է ամեն տեսակ խտացումներից և բնակեցումներից։

— Հայտնի է,— պաաասխանեց Շվոնդերը,— բայց ընդհանուր ժողովը քննելով ձեր հարցը, հանգեց եզրակացության, որ ընդհանրապես և ամբողջապես դուք զբաղեցնում եք չափազանց մեծ տարածություն։ Միանգամայն չափազանց: Մենակ դուք ապրում եք յոթը սենյակում:

— Ես մենակ ապրում և աշխատում եմ յոթը սենյակներում,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— և կուզենայի ութերորդն էլ ունենալ։ Դա անհրաժեշտ է ինձ՝ գրադարանի համար։

Չորսն էլ համրացան։

— Ութերո՞րդը։ Է-հե-հե,— արտաբերեց գլխարկից զրկված սևամազը,— բայց սա շատ հետա-քըր-քիր էր։

— Աննկարագրելի էր,— բացականչեց պատանին, որը կին էր։

— Ընդունարան ունեմ, որը, նկատի ունեցեք, միաժամանակ գրադարան է, ճաշասենյակը, իմ աշխատասենյակը՝ երեք։ Զննարանը՝ չորս։ Վիրահատարանը՝ հինգ։ Իմ ննջասենյակը՝ վեց, և սպասավորականը՝ յոթ։ Մի խոսքով, չի բավականացնում․․․ Ասենք, դա կարևոր չէ: Իմ բնակարանն ազատված է, էլ խոսք չկա։ Կարո՞ղ եմ գնալ ճաշելու։

— Կներեք,— ասաց չորորդը որ նման էր պնդակազմ բզեզի։

— Կներեք,— նրան ընդհատեց Շվոնդերը,— հենց զննարանի և ճաշասենյակի կապակցությամբ եկել ենք խոսելու։ Ընդհանուր ժողովը խնդրում է ձեզ կամավոր, աշխատանքային կարգապահությունից ելնելով, հրաժարվել ճաշասենյակից։ Մոսկվայում ճաշասենյակ ոչ ոք չունի:

— Նույնիսկ Այսեդորա Դունկանը,— զրնգուն բղավեզ կինը։

Ինչ-որ բան կատարվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ, որի հետևանքով դեմքը նուրբ շառագունեց, բայց նա ոչ մի ձայն չարձակեց, սպասելով թե ինչ է լինելու։

— Զննարանից նույնպես,— շարունակեց Շվոնդերը,— զննարանը հրաշալի կարելի է միացնել աշխատասենյակին։

— Ուհո՜ւ,— արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը տարօրինակ ձայլնով,— իսկ որտե՞ղ պիտի սնվեմ։

— Ննջասենյակում,— խմբովին արտասանեցին չորսը միաժամանակ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչի շառագույնը թեթևակի մոխրագույն երանգ ստացավ։

— Ննջասենյակում սնունդ ընդունել,— սկսեց խոսել նա թեթևակի խլացված ձայնով,— զննարանում կարդալ, ընդունարանում հագնվել, վիրահատել ծառայասենյակո՞ւմ։ Շատ հնարավոր է, որ Այսեդորա Դունկանն այդպես էլ անում է։ Գոցեև աշխատասենյակում ճաշում է, իսկ ճագարներն էլ մորթում է լոգասենյակում: Կարող է պատահել։ Բայց ես Այսեդորա Դունկանը չեմ,— հանկարծակի թնդաց նա, և նրա շառագույնը դարձավ դեղին:— Ես կճաշեմ ճաշասենյակում, կվիրահատեմ վիրահատարանում: Փոխանցեք սա ձեր ընդհանուր ժողովին, և խոնարհաբար խնդրում եմ ձեզ վերադառնալ ձեր գործերին, իսկ ինձ հնարավորություն տաք սնունդն ընդունել այնտեղ, ուր ընդունում են բոլոր նորմալ մարդիկ, այն է՝ ճաշասենյակում, և ոչ թե նախասենյակում կամ մանկական սենյակում:

— Այդ դեպքում, պրոֆեսոր, հաշվի առնելով ձեր համառ դիմադրությունը,— ասաց հուզված Շվոնդերը,— ձեզ վրա բողոք կներկայացնենք վերին ատյաններ:

— Ըհը՛,— արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— այդպե՞ս,— Նրա ձայնն ընդունեց կասկածելի բարեկիրթ երանգ,— ձեզ կխնդրեմ մի րոպե սպասել:

«Ի՜նչ տղա է, է՜,— զմայլված մտածեց շունը,— իսկն ինձ նման: Օ՛հ, հո չի հասցնելու դրանց, օ՛հ, ոնց է հասցնելու։ Դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց հասցնելու է։ Տուր դրանց: Էդ բարձրասրունքին, հիմա ատամներս խրեմ սապոգիցդ վեր, ջլերը․․․ Ռ- ռռ- ռ- ռ ․․․»։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը շխկոցով վերցեց խոսաթողը և այսպես ասաց․

— Խնդրում եմ․․․ այո․․․ շնորհակալ եմ: Վիտալիյ Ալեքսա՞նդրովիչ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ գտա։ Շնորհակալ եմ, առողջ եմ: Վիտալի Ալեքսանդրովիչ, ձեր վիրրահատությունը վերացվում է։ Ի՞նչ։ Ոչ, լիովին վերացվում է, ճիշտ ինչպես մյուս վիրահատությունները: Ասեմ՝ ինչու, ես դադարեցնում եմ աշխատանքը Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում․․․ Նոր ինձ մոտ եկան չորս հոգի, մեկը կին է, տղամարդու հագուստով, երկուսը՝ ատրճանակներով, և ինձ ահաբեկեցին իմ բնակարանում, մի մասը խլելու նպատակով․․․

— Ներեցեք, պրոֆեսոր,— սկսեց Շվոնդերը, այլայլված դեմքով:

— Կներեք․․․ Ես հնարավորություն չունեմ կրկնել այն ամենը, ինչ նրանք ասացին, ես անիմաստությունների սիրահար չեմ։ Բավական է ասել, որ նրանք առաջարկեցին ինձ հրաժարվել իմ զննարանից, այլ խոսքով, ստիպեցին անհրաժեշտության՝ վիրահատել ձեզ այնտեղ, որտեղ մինչև հիմա ճագարներ էի մորթում: Նման պայմաններում ոչ միայն չեմ կարող, այլև իրավունք չունեմ աշխատել: Այդ պատճառով էլ դադարեցնում եմ իմ գործունեությունը, փակում բնակարանը և մեկնում Սոչի: Բանալին կարող եմ տալ Շվոնդերին, թող նա վիրահատի։

Չորսը քարացան։ Ձյունը հալչում էր նրանց սապոգների վրա։

— Իսկ ի՞նչ անել․․․ Ինձ էլ է շատ տհաճ․․․ Ինչպե՞ս։ Օ՜, ոչ, Վիտալիյ Ալեքսանդրովիչ: Օ՜, ոչ: Այլևս համաձայն չեմ այդպես։ Համբերությունս հատել է: Սա արդեն երկրորդ դեպքն է, օգոստոս ամսից սկսած։ Ինչպե՞ս։ Հըմ․․․ Ինչպես կուզեք: Թեկուզև․․․ Բայց միայն մի պայմանով․ ում կողմից կուզեք, ինչ կուզեք, երբ կուզեք, բայց որպեսզի լինի այնպիսի մի թուղթ, որի առկայությամբ ոչ Շվոնդերը, ոչ մեկ ուրիշը չկարողանա նույնիսկ մոտենալ իմ բնակարանի դռանը։ Վերջնական թուղթ։ Փաստակա՛ն։ Իսկակա՛ն։ Ամրացո՛ւմ: Որպեսզի իմ անունը նույնիսկ չհիշատակվի: Վերջացավ: Ես նրանց համար մեռած եմ։ Այո, այո։ Խնդրում եմ։ Ո՞ւմ։ Ըհը․․․ Դե, դա ուրիշ բան: Ըհը: Լավ: Հիմա կտամ լսափողը։ Բարի եղեք,— օձի ձայնով Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շվոնդերին,— հիմա ձեզ հետ կխոսեն։

— Կներեք, պրոֆեսոր,— ասաց Շվոնդերը, մեկ բռնկվելով, մեկ մարելով,— դուք խեղաթյուրեցիք մեր ասածները։

— Ձեզ կխնդրեմ նման արտահայտություններ չգործածել։

Շվոնդերը շշկլված վերցրեց լսապողն ու մրմնջաց․

— Ես լսում եմ։ Այո։ Տնային կոմիտեի նախագահը․․․ Մենք գործում ենք կանոններով․․․ առանց այդ էլ պրոֆեսորը կատարելապես բացառիկ վիճակում է․․․ Մենք գիտենք նրա աշխատանքների մասին․․․ լրիվ հինգ սենյակ էինք ուզում թողնել նրան․․․ դե, լավ․․․ եթե այդպես է․․․ լավ․․․

Լիովին կարմրատակած, նա տեղը դրեց խոսափողը և շրջվեց։

«Շշպռոց եմ ասել, է: Ա՜յ քեզ տղամարդ,— զմայլված մտածում էր շունը,— կարո՞ղ է, ինչ-որ խոսք գիտի։ Դե, հիմա կարող եք ինձ ծեծել, ոնց կուզեք, իսկ ես էստեղից գնացողը չեմ»:

Երեքը՝ բերանները բաց նայում էին շշպռված Շվոնգերին։

— Սա խայտառակություն է․․․,— անհամարձակ մրթմրթաց սա։

— Եթե հիմա դիսկուսիա լիներ,— սկսեց կինը, հուզվելով և շառագունած,— ես կապացուցեի Վիտալիյ Ալեքսանդրովիչին․․․

— Կներեք, հենց հիմա՞ եք ուզում բացել այդ դիսկուսիան,— քաղաքավարությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Կնոջ աչքերը կրակվեցին։

— Ես հասկանում են ձեր հեգնանքը, պրոֆեսոր, մենք հիմա կգնանք․․․ Միայն թե․․․ Ես, որպես տան կուլտբաժնի վարիչ․․․

— Վար-չու-հի,- ուղղեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— ․․․ ուզում եմ ձեզ առաջարկել,— կինն այստեղ ծոցից հանեց մի քանի վառվռուն և ձնից թրջված ամսագրեր,— մի քանի ամսագիր վերցնել՝ Ֆրանսիայի երեխաների օգտին։ Հատը՝ հիսուն կոպեկ։

— Ոչ, չեմ վերցնի,— հեզաբար պատասխանեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, խեթ նայելով ամսագրերին:

Կատարյալ ապշահարություն գծագրվեց դեմքերին, իսկ կնոջ դեմքը լոռամրգի երանգ ստացավ։

— Իսկ ինչո՞ւ եք հրաժարվում։

— Չեմ ուզում:

— Դուք չե՞ք կարեկցում Ֆրանսիայի երեխաներին:

— Ոչ, կարեկցում եմ:

— Ուրեմն, ինչո՞ւ։

— Չեմ ուզում։

Լուռ էին։

— Գիտե՞ք ինչ, պրոֆեսոր,— սկսեց աղջիկը ծանր հոգոց հանելով,— եթե դուք եվրոպական մեծության աստղ չլինեիք և ձեզ չպաշտպանեին ամենազայրացուցիչ կերպով (սևահերը քաշեց նրա բաճկոնի փեշից, բայց աղջիկը ետ տարավ նրա ձեռքը) անձինք, ու վստահ եմ, դեռ մենք կբացատրենք, պետք էր ձեզ ձերբակալել։

— Իսկ ինչի՞ համար, — հետաքրքրքությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպվիչը:

— Որպես պրոլետարիատին ատողի։

— Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին,— տրտմաձայն համաձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և սեղմեց զանգի կոճակը։ Ինչ-որ տեղ զնգզնգաց: Բացվեց միջանցքի դուռը։

— Զինա,— բարձրաձայն ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մատուցիր ճաշը։ Թույլ կտա՞ք, պարոնայք։

Չորսը լուռ ելան աշխատասենյակից, լուռ անցան ընդունարանով, լուռ՝ նախասենյակը, և նրանց ետևից լսվեց, ինչպես ծանր ու շրխկոցով փակվեց մուտքի դուռը։

Շունը կանգնեց ետևի թաթերի վրա և Ֆիլիպ Ֆիլիպովիչի առաջ նամազի պես ինչ-որ բան արեց։

3

Դրախտային ծաղիկներով նախշազարդ, սև եզրաշերտով պնակների մեջ բարալիկ շերտերով սաղմոն և թթու դրած օձաձուկ էր դրված։ Ծանր տախտակի վրա արծաթյա տակառիկով արցունքապատ պանրի կտոր կար և ձվով եզերված խավիար։ Ափսեների արանքում՝ մի քանի բարակոտն ըմպանակ և բյուրեղապակյա երեք փոքր գրաֆին՝ տարագույն օղիներով: Այս ամենը տեղավորված էր մարմարյա փոքր սեղանիկի վրա, շատ հարմար միացված կաղնեփայտի փորագրանախշ հսկայական բուֆետին, որն արծաթյա և ապակյա լույսի փնջեր էր արձակում: Սենյակի մեջտեղում՝ դամբարանի նման ծանր սեղանն էր՝ ծածկված ճերմակ սփռոցով, վրան երկու սպասք, անձեռոցիկները ոլորած էին պապական խույրերի պես, և երեք մգագույն շիշ։

Զինան ներս բերեց արծաթյա ծածկված մատուցարան, որի վրա ինչ-որ բան էր քլթքլթում։ Կերակուրից այնպիսի բույր էր սփռվում, որ շան երախն անմիջապես թքակալեց։ «Շամիրամի այգիները»,— մտածեց նա և փայտի պես մանրահատակին խփեց պոչը։

— Բերեք դրան,— գիշատչաբար կարգագրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, հանգիստ թողեք խավիարը։ Եվ, եթե մի բարի խորհուրդ կլսեք, ոչ թե անգլիականը, այլ սովորական ռուսական օղի լցրեք։

Գեղեցկատես կծվածը (արդեն առանց խալաթի էր, վայելուչ սև կոստյումով) ցնցեց լայն ուսերը, քաղաքավարի քմծիծաղեց և լցրեց թափանցիկ օղին:

— Նորօրհնյա՞լն է,— տեղեկացավ նա։

— Աստված ձեզ հետ, սիրելիս,— արձագանքեց տանտերը։— Սպիրտ է։ Դարյա Պետրովնան գերազանց օղի է պատրաստում։

— Մի ասեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, րոլորը հաստատում են, որ սա շատ կարգին օղի է։ Երեսուն աստիճան։

— Իսկ օղին պիտի լինի քառասուն աստիճան, և ոչ երեսուն, սա՝ մեկ,— խրատաբար ընդհատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իսկ երկրորդը, Աստված գիտե, թե ինչ են խառնել հետը։ Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչ է անցել նրանց մտքով։

— Ինչ ասես,— վստահ ասաց կծվածը։

— Ես էլ եմ այդ կարծիքին,— լրացրեց Ֆիլիպ Ֆիլիպովչը և ըմպանակի պարունակությունը մի ումպով լցրեց կոկորդը, — է՜․․․ ը՜մմմ․․․ դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, տեղնուտեղն այս կտորը, և եթե ասեք, թե սա․․․ ես ձեր ոխերիմ թշնամին կլինեմ ամբողջ կյանքում։ «Սևիլյայից Գրենադա․․․»։

Ինքն այս խոսքերի հետ արծաթյա լայնատամ պատառաքաղով մգագույն հացիկի պես մի բան վերցրեց։ Կծվածը հետևեց նրա օրինակին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքրը պայծառացան։

— Վա՞տ էր,— ծամելով հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը— Վա՞տ էր։ Պատասխանեք, հարգելի դոկտոր։

— Աննման,— անկեղծորեն պատասխանեց կծվածը։

— Իհարկե․․․ նկատի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, սառն աղանդեր և սուպ վրայից ուտում են միայն բոլշևիկներից մազապուրծ կալվածատերերը: Իրեն փոքրիշատե հարգող մարդը միայն տաք աղանդերներ է օգտագործում։ Իսկ մոսկովյան տաք աղանդերներից սա առաջինն է: Ժամանակին դա շատ լավ պատրաստում էին «Սլավյանսկիյ բազարում»: Առ, սա էլ քեզ։

— Շանը ճաշասենյակում եք կերակրում,— կնոջ ձայն լսվեց,— հետո դրան էստեղից քշել չի լինի։

— Ոչինչ․․․ Սովածացել է խեղճը,— Ֆիլիպ Ֆիլիպովիչը պատառաքաղի ծայրով աղանդեր մեկնեց, որն ընդունվեց աճպարարի ճարպկությամբ, իսկ պատառաքաղը շրխկոցով նետեց լվացարանի մեջ:

Հետո պնակներից խեցգետնի բույր արձակող գոլորշի բարձրացավ, շունը նստել էր սփռոցի ստվերում՝ վառոդի պահեստի մոտ, ժամապահի տեսքով, իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ձիգ, անձեռոցիկն օձիքին հագցրած, սկսեց քարոզել․

— Իվան Առնոլդովիչ, ուտելիքը խորամանկ բան է: Պիտի կարողանալ ուտել, և պատկերացրեք, որ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում ուտել: Պետք է ոչ միայն իմանալ, ինչ պիտի ուտել, այլև երբ և ինչպես: (Ֆիլիպ Ֆիլիպովիչը բազմանշանակ թափահարեց գդալը): Եվ ինչ խոսել այդ ընթացքում, այո՛-ո։ Եթե դուք հոգում եք ձեր մարսողության համար, ահա՝ բարի խորհուրդ․ ճաշելիս մի խոսեք բոլշևիզմի և բժշկության մասին: Եվ Աստված ձեզ պահապան, մինչ ճաշելը մի կարդացեք սովետական թերթեր:

— Հը՛մմ․․․ Ախր ուրիշները չկան։

— Ուրեմն, ոչ մեկն էլ մի կարդացեք: Գիտեք, իմ կլինիկայում ես երեսուն դիտարկում եմ անցկացրել։ Եվ ի՞նչ եք կարծում։ Թերթ չկարդացող այցելուները գերազանց էին զգում իրենց։ Իսկ նրանք, ում հատկապես ստիպում էի «Պրավդա» կարդալ, քաշ էին կորցնում:

— Հը՛մմ մ․․․— հետաքրքրությամբ արձագանքեց սուպից և գինուց շառագունող կծվածը։

— Ավելին: Ծնկի նվազած ֆունկցիանեը, վատ ախորժակ, ճնշված հոգեվիճակ։

— Այ քեզ քա՜ն․․․

— Այո՛։ Ի դեպ, ի՞նչ եմ անում։ Ինքս խոսք բացեցի բժշկությունից: Ավելի լավ է, ուտենք։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ետ ընկնելով, զանգ զարկեց, և բալեգույն վարագույրի ետևից հայտնվեց Զինան: Շանը բաժին հասավ թառափի բացգույն, չաղլիկ մի կտոր, որր նրան դուր չեկավ։ Դրանից անմիջապես հետո՝ արյունապատ ռոստբիֆի մի շերտ։ Խժռելով դա, շունը հանկարծ զգաց, որ քնել է ուզում և ոչ մի ուտելիք չի կարող տեսնել։ «Տարօրինակ զգացողություն,— մտածեց նա՝ թարթելով ծանրացած կոպերը,— աչքս ոչ մի ուտելիք տեսնել չի ուզում: Իսկ ճաշից հետո ծխելը հիմարություն է․․․»։

Ճաշասենյակը լցվեց սիգարի կապույտ, անդուր հոտով: Շունը ննջում էր, զլուխը դրած առջևի թաթերի վրա։

— «Սեն- ժյուլիեն»-ը կարգին գինի է,— քնի մեջ լսում էր շունը,— բայց հիմա չկա չէ որ։

Խուլ, առաստաղներով ու գորգերով խլացված խմբերգ լսվեց վերևներից ու կողքից։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը զանգ զանգեց և հայտնվեց Զինան:

― Զինուշկա, ի՞նչ է նշանակում սույնը։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նորից են ընդհանուր ժողով արել,— պատասխանեց Զինան:

— Նորից,— վշտաբեկ բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— հիմա, ուրեմն, գնաց։ Կործանվեց կալաբուխովյան տունը։ Հիմա ստիպված ենք քոչել, բայց ո՞ւր, հարց է առաջանում։ Ամեն ինչ յուղի պես կգնա։ Սկզբում՝ ամեն երեկո երգեցողություն, հետո արտաքնոցներում կսառչեն խողովակները, հետո կպայթի ջեռուցման կաթսան, և այսպես շարունակ։ Վերջ Կալաբուխովին:

— Վշտացել է Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ժպտալով նկատեց Զինան ու տարավ ափսեների սարը։

— Բայց ինչպե՞ս չվշտանամ,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՜նչ տուն էր։ Հասկացեք։

— Չափազանց մռայլ եք նայում իրերին, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— առարկեց գեղեցկատես կծվածը,— նրանք հիմա կտրուկ փոխվել են։

— Դուք ինձ ճանաչում եք, չէ՞, սիրելիս: Այդպե՞ս է: Ես փաստերի մարդ եմ, դիտարկումների մարդ: Ես թշնամի եմ չհիմնավորված հիպոթեզների: Եվ դա քաջ հայտն ի է ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում: Եթե ինչ-որ բան եմ ասում, ուրեմն՝ հիմքում որևիցե փաստ կա, որից եզրակացություն եմ անում: Եվ ահա փաստը․ մեր տան կախիչների և կրկնակոշիկների տակդիրը։

— Հետաքրքիր է․․․

«Փուչ բան են կրկնակոշիկները, դրանց մեջ չէ երջանկությունը,— մտմտում էր շունը,— նշանավոր անձնավորություն է»:

— Հրամեցեք, կրկնակոշիկների կանգնակը։ Հազար ինն հարյուր երեք թվականից այս տանն եմ ապրում։ Եվ ահա, դրանից մինչև հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում չի եղել մի դեպք, ընդգծում եմ կարմիր մատիտով «ոչ մի», որ մեր ներքևի շքամուտքի մասից, ընդհանուր, չփակվող դռան դեպքում, գեթ մեկ զույգ կրկնակոշիկ կորչեր: Նկատի ունեցեք, այստեղ տասներկու բնակարան կա, ես ընդունելություններ ունեմ։ Տասնյոթ թվականի ապրիլին, մի գեղեցիկ օր, չքացան բոլոր կրկնակոշիկները, այդ թվում իմ մեկ զույգը, երեք ձեռնափայտ, վերարկու և շվեյցարի ինքնաեռը։ Եվ այդ ժամանակից ի վեր կրկնակոշիկների տակդիրը դադարեց գոյություն ունենալ։ Սիրելիս, էլ չեմ խոսում շոգեջեռուցման մասին։ Չեմ խոսում։ Թող այդպես լինի։ Քանի որ սոցիալական հեղափոխություն է, պետք չէ ջեռուցել։ Չնայած երբևէ, եթե ազատ ժամանակ լինի, ես կզբաղվեմ ուղեղի ուսումնասիրությամբ և կապացուցեմ, որ այդ ամբողջ սոցիալական շիլաշփոթը պարզապես կատարյալ զառանցանք է․․․ Այսպես, ուրեմն, ես ասում եմ․ երբ սկսվեց այդ ամբողջ պատմությունը, բոլորն սկսեցին քայլել կեղտոտ կրկնակոշիկներով և վալենկաներով՝ մարմարե սանդուղքի վրա։ Ինչո՞ւ պետք է կրկնակոշիկները պահել կողպեքի տակ և մի զինվոր էլ կանգնեցնել, որպեսզի մեկնումեկը չթռցնի: Ինչո՞ւ հավաքեցին գորգը շքամուտքի սանդուղքի վրայից։ Մի՞թե Կարլ Մարքսը արգելում է դա թողնել սանդուղքին: Կարլ Մարքսի գրքերից որևէ մեկում ասվա՞ծ է, որ Պրեչիստենկայում, կալաբուխովյան տան երկրորդ շքամուտքը հարկ է մեխել և շրջանցել, ետնամուտքից ներս մտնել: Ո՞ւմ է դա պետք: Կեղեքված նեգրերի՞ն։ Թե՞ պորտուգալական բանվորներին: Ինչո՞ւ պրոլետարը չի կարող կրկնակոշիկները թողնել ներքևում, որպեսզի կեղտոտի մարմա՞րը։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, չէ՞ որ նա ոչ մի կրկնակոշիկ էլ չունի,— կմկմաց կծվածը։

— Ամ-մենե-վին,— որոտաձայն բացականչեց ֆիլիպ Ֆիլպովիչը և գավաթը գինի լցրեց։- Հը՛մ․․․ Ես չեմ ընդունում լիկյորները ճաշից հետո, դա ծանրացնում է և վատ ազդում լյարդի վրա․․․ Այդպես չէ: Նրա հագին հիմա կրկնակոշիկ կա, և դրանք․․․ իմն են։ Ճիշտ և ճիշտ հենց այն կրկնակոշիկները, որոնք անհետացան հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրլիի տասներեքին։ Մի հարցնող լինի, ո՞վ է դրանք թռցրել: Չի կարող պատահել։ Բուրժույ Սա՞բլինը։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը մատը տնկեց առաստաղին)։ Ծիծաղելի է ենթադրել անգամ: Շաքարագործարանի տեր Պոլո՞զովը (Ֆիլիպ Ֆիլիպովիչը կողքը մատնացույց արեց), ոչ մի դեպքում։ Հենց այդ երգասերներն են արել։ Այ-յո՛։ Բայց գոնե սանդուղքի տակ հանեին։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսել էր կարմրատակել): Ո՞ր գրողի ծոցը տարան ծաղկամանները հարթակներից: Ինչո՞ւ էլեկտրականությունը, Աստված հիշողություն տա, քսան տարվա ընթացքում հանգավ երկու անգամ, իսկ ներկայումս կանոնավորապես հանգչում է ամիսը մեկ: Դոկտոր Բորմենտալ։ Վիճակագրութլունը դաժան բան է։ Դուք ծանոթ եք իմ վերջին աշխատանքին և դա ավելի լավ հայտնի է ձեզ, քան մեկ արիշին։

— Քայքայում է, Ֆիլիպ Ֆիլիպովիչ:

— Ոչ,— միանգամայն վստահ առարկեց Ֆիլպ Ֆիլիպովիչը,— ոչ։ Թանկագին Իվան Առնոլդովիչ, առաջինը դուք ձեռնպահ մնացեք այդ բառը գործածելուց։ Դա միրաժ է, մշուշ, հերյուրանք։— Ֆիլիպ Ֆիլիոլովիչը լայն չռեց կարճլիկ մատները, որից կրիայի նման երկու ատվեր թրթռացին սփռոցի վրա։— Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ձեռնափայտով պառա՞վ։ Չար կախա՞րդն է, որ կոտրել է բոլոր ապակիները, հանգցրել բոլոր լամպերը: Ամենևին գոյություն չունի։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ,— մոլեգնած հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ինքն էլ պատասխանեց:— Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Եթե ես, մտնելով զուգարան, ներեցեք արտահայտությանս, սկսեմ միզել նստակոնքի կողքով, նույնն էլ անեն Զինան և Դարյա Պետրովնան, զուգարանում քայքայում կսկսվի: Հետևաբար, քայքայումն արտաքնոցների մեջ չէ, այլ գլուխներում: Նշանակում է, երբ այդ բարիտոնները բղավում են՝ «Խփիր քայքայմանը», ես ծիծաղում եմ։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքն այնպես այլայլվեց, որ կծվածը բերանը բացեց։) Երդվում եմ, ծիծաղս գալիս է։ Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրն իր համար մեկական ծոծրակ պիտի գնի։ Եվ ահա, երբ նա իր միջից պլոկի համաշխարհային հեղափոխությունը, Էնգելսին ու Նիկոլայ Ռոմանովին, ճնշված մալայցիներին է և նման տեսլախաբություններ ու զբաղվի մարագները մաքրելով՝ իր ուղղակի գործով, քայքայումն ինքնըստինքյան կչքանա։ Երկու Աստծու չի կարելի ծառայել: Անհնարին է միաժամանակ ավլել-մաքրել տրամվայի ուղիները և տնօրինել իսպանացի ինչ-ինչ թոկից փախածների ճակատագիրը։ Դա ոչ մեկին չի հաջողվի, դոկտոր, առավել ևս նրանց, ովքեր եվրոպացիներից զարգացմամբ ետ մնալով մի երկու հարյուր տարի, մինչ օրս այնքան էլ վսաահ չեն կոճկում սեփական շալվարները:

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ազարտի մեջ էր ընկել, բազեանման ռունգերը փքվել էին։ Ուժ հավաքած կուշտ ճաշից հետո, նա, հին մարգարեի նման դղրդացնում էր օդը և գլուխն արծաթավւայլ էր։

Նրա ասածները քնաթաթախ շան վրա թափվում էին, ինչպես ստորգետնյա խուլ աղմուկ։ Մեկ իր դեղին աչքերով տխմար բուն էր ցցվում երազին, մեկ սպիտակ, կեղտոտ գդակով դահճի նողկալի ռեխը, մեկ Ֆիլիպ Ֆիլիպովիչի կարճ բեղը՝ լուսավորված լուսամփոփից իջնող վատ էլեկտրակն լույսի տակ, մեկ ալարկոտ սահնակներ էին ճռճռում ու անհետանում, իսկ շան որովայնում եփվում ու հյութի մեջ լողում էր ռոստբիֆի հոշոտված կտորը։

«Նա կարող է ուղղակի միտինգներում փող աշխատել,— աղոտ երագում էր շունը,— առաջնակարգ գործ անող է։ Թեև, ըստ երևույթին, առանց դրա էլ փողի կարիք չունի․․․»։

— Ոստիկա՜ն բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Ոստիկա՜ ն։- «Ո՜ւհու-հու-հո՛ւ»՝ ինչ-որ փուչիկներ պայթեցին շան ուղեղում․․․— Ոստիկա՛ն։ Սա, և միայն սա։ Եվ ամենևին կարևոր չէ, մետաղյա թիթեղիկով կլինի, կարմիր գլխարկով: Ամեն մեկի կողքին մեկական ոստիկան կանգնեցնել և ստիպել ոստիկանին զսպել մեր քաղաքացիների ոկալ մղումները։ Դուք ասում եք քայքայում: Դոկաոր, ես ձեզ կասեմ, որ մեր տան մեջ դեպի լավը ոչինչ չի գնա, մինչև չզգաստացնեք այդ երգիչներին: Հենց նրանք դադարեցնեն իրենց համերգները, վիճակն իսկույն կլավանա:

— Հակահեղափոխական բաներ եք ասում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— կատակով նշեց կծվածը,— Աստված չանի, մեկնումեկը լսի։

— Ոչ մի վտանգ,— տաքացած առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ոչ մի հակահեղափոխություն: Ի դեպ, ահավասիկ մի բառ ևս, որ տանել չեմ կարողանում: Բոլորովին հայտնի չէ, թե դրա տակ ինչ է թաքնված։ Սատանան գիտե: Եվ այսպես, ես ասում եմ․ ոչ մի հակահեղափոխական բան իմ ասածի մեջ չկա։ Դա բովանդակում է միայն ողջամտություն և կյանքի փորձ․․․

Այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը օձիքից քաշեց-հանեց փայլուն ծալած անձեռոցիկի ծայրը և, ճմլելով, դրեց կարմիր գինու կիսատ խմած գավաթի մոտ։ Կծվածը տեղնուտեղը ոտքի ելավ և շնորհակալություն հայտնեց․ «Մերսի»:

— Մի րոպե, դոկտոր,— նրան կանգնեցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և շալվարի գրպանից հանեց դրամապանակը: Աչքերը կկոցեց, վերահաշվեց սպիտակ թղթադրամները և պարզեց կծվածին․— Իվան Առնոլդովիչ, այսօր ձեզ քառասուն ռուբլի է հասնում: Խնդրեմ:

Շնից կծվածը շնորհակալություն հայտնեց և, կարմրելով, փողը դրեց պիջակի գրպանը։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այս երեկո ես ձեզ պե՞տք չեմ,— տեղեկացավ նա:

— Ոչ, սիրելիս, շնորհակալ եմ: Այսօր ոչինչ չենք անելու: Նախ, ճագարը սատկեց, երկրորդը՝ այսօր Մեծ թատրոնում «Աիդա»-ն է: Վաղուց չեմ լսել։ Սիրում եմ․․․ Զուգերգը հիշո՞ւմ եք․․․ Տարա․․․ Րառիմ․․․

— Այդ ինչպե՞ս եք հասցնում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հարգալիր հարցրեց բժիչկը։

— Ամենուրեք հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում,— խրատաբար բացատրեց տանտերը:— Հարկավ, եթե ես սկսեի ցատկոտել նիստից նիստ և օրնիբուն երգեի սոխակի պես, փոխանակ իմ անմիջական գործով զբաղվեի, ոչ մի տեղ չէի հասցնի,— Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ երկնային ձայներ արձակեց ռեպետիրը,— ինն անց է մի քիչ․․․ երկրորդ գործողությանը կհասնեմ․․․ Ես կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը։ Մեծ թատրոնում թող երգեն, իսկ ես կվիրահատեմ: Շատ լավ կլինի՝ և ոչ մի քայքայում․․․ Ինչ եմ ասում, Իվան Առնոլդովիչ, դուք ուշադիր հետևեք, հենց հարմար մահ եղավ, իսկույն սեղանից սնուցիչ հեղուկի մեջ և ինձ մոտ։

— Մի անհանգստացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— պաթոլոգանատոմներն ինձ խոստացել են։

— Հրաշալի։ Իսկ մենք առայժմ այս փողոցային նեվրաստենիկին կզննենք, կլողացնենք։ Թոդ կողն ապաքինվի․․․

«Իմ մասին է հոգում,— մտածեց շունը,— շատ լավ մարդ է։ Ես գիտեմ, նա ով է: Բարի կախարդ է, մոգ ու վհուկ՝ շնական հեքիաթից․․․ Չի կարող պատահել, չէ՞ որ այս ամենը երազում տեսած լինեմ։ Իսկ թե հանկարծ երա՞զ է: (Քնի մեջ շունը ցնցվեց)։ Հիմա կարթնանամ, ու ոչինչ չկա։ Ոչ մետաքսապատ լամպեր, ոչ տաքության, ոչ կշտություն, նորից կսկսվի՝ դարպասատակ, խելագար սառնամանիք, սառած ասֆալտ, սով, չարամիտ մարդիկ․․․ ճաշարանը, ձյուն․․․ Աստված իմ, ի՜նչ ծանր կլինի»:

4

Բայց նման ոչինչ չկատարվեց: Հենց դարպասատակը հալչեց որպես նողկալի երազ, և այլևս չվերադարձավ:

Երևում է, այնքան էլ սարսափելի չէ քայքայումը։ Չնայած դրան, օրվա մեջ երկու անգամ մոխրագույն հարմոնները պատուհանների տակ թափ էին շիկացնում և տաքությունն ալիք-ալիք սփռվում էր բնակարանում։

Միանգամայն հստակ էր, շունը քաշել էր ամենագլխավոր շնական տոմսը: Նրա աչքերը հիմա օրական երկու անգամից ոչ քիչ երախտապարտ արցունքով էին լցվում պրեչիստենկցի իմաստունի հասցեին: Դրանից բացի, հյուրասենյակ-ընդունարանի պահարանների արանքի տրյումոն արտացոլում էր բախտավոր պատկերը շան։

«Ես գեղեցկատես եմ: Կարող է պատահել՝ անհայտ շնական ինկոնգնիտո-արքայազն,— մտորում էր շունը՝ նայելով գոհ մռութով, փռչոտ, սրճագույն շանը, որը զբոսնում էր հայելային հեռուներում,— շատ հնարավոր է, որ տատս մեղք է գործել ջրասուզակ շան հետ։ Ես եմ ասում՝ քթիս վրայի սպիտակ պուտը։ Որտեղի՞ց՝ հարցնող լինի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մեծ ճաշակի տեր մարդ է, առաջին պատահած բակապահ շանը չէր վերցնի»:

Մեկ շաբաթվա ընթացքում շունը խժռեց այնքան, ինչքան վերջին քաղցած ամիսուկեսը փողոցում: Բայց, անշուշտ, ըստ կշռի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի մոտ ուտելիքի որակի մասին խոսել իսկ չարժե: Եթե նույնիսկ ուշադրության չառնենք այն, որ Դարյա Պետրովնան ամեն օր տասնութ կոպեկի մսի կտորտանք էր գնում Սմոլենսկիյ շուկայից, բավական է հիշատակել ճաշերը երեկոյան ժամը յոթին ճաշասենյակում, որոնց ներկա էր լինում շունը, չնայած նրբագեղ Զինայի բողոքներին։ Այդ ճաշերի ընթացքում Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերջնականապես ստացավ կուռքի կոչում: Շունը կանգնում էր ետևի թաթերի վրա և քաշքշում պիջակը, շունն ուսումնասիրել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչի զանգ խփելը՝ երկու լիաձայն հատու տանտիրոջ զանգ, և հաչոցով դուրս էր պրծնում նախասենյակում դիմավորելու նրան։ Տանտերը ներս էր մտնում սևագորշ աղվեսամորթիով, փայլեցնելով միլիոնավոր ձնե ցոլքերը, սփռելով մանդարինի, սիգարի, օծանելիքի, կիտրոնի, բենզինի, օդըկոլոնի, մահուդի բույրեր, և նրա ձայնը, որպես հրամանատարական փող, տարածվում էր բնակարանով մեկ․

— Խոզի մեկը, բուն ինչո՞ւ ես գզգզել: Քեզ խանգարո՞ւմ էր։ Խանգարո՞ւմ էր՝ հարցնում եմ: Պրոֆեսոր Մեչնիկովի՞ն ինչի համար ես ջարդել։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նրան պիտի մտրակով դաղել գոնե մեկ անգամ,— զայրացած ասում էր Զինան, — թե չէ կատարելապես երես կառնի։ Տեսեք, ահա, թե ինչ է արել ձեր կրկնակոշիկները։

— Ոչ մեկին դաղել պետք չէ,— հուզվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— հիշիր սա մեկ անգամ ընդմիշտ։ Մարդու և կենդանու վրա կարելի է ազդել միայն խրատով: Այսօր նրան միս տվե՞լ եք։

— Տեր Աստված։ Նա ամբողջ տունն է հախռել։ Ի՞նչ եք հարցնում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ: Զարմանում եմ, ինչպես չի տրաքում:

— Է, թող ուտի, անուշ լինի․․․ Բուն քեզ ինչո՞վ է խանգարում, խուլիգան։

— Ուո՜ւ-ո՜ւ,— վնգստում էր շողոքորթ շունը և սողում փորի վրա, թաթերը շրջած:

Հետո նրա շլինքից բռնած աղմուկով քարշ տվեցին ընդունարանի միջով աշխատասենյակ: Շունը կլանչում էր, կծոտում, կառչում գորգից, քշվում հետույքի վրա, ինչպես կրկեսում։ Աշխատասենյակի մեջտեղում, գորգի վրա դրված էր ապակեաչք բուն, պատռված փորով, որից դուրս էին ցցվել ինչ-որ կարմիր նավթալինահոտ լաթեր։ Սեղանին դրված էր ջարդուփշուր դիմանկարը։

— Դիտավորյալ չեմ հավաքել, որ ձեր, աչքով տեսնեք,— սրտնեղած զեկուցեց Զինան,— ախր, նա սեղանին ցատկեց, սրիկան։ Ու պոչից՝ ցապ։ Ուշքս գլուխս չեկած, նա արդեն քրքրել էր: Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մռութը խրեք բվի մեջ, որ հասկանա, թե ինչ է նշանակում իրերը փչացնել:

Ու սկսվեց աղմուկը: Գորգին սոսնձված շանը քարշ էին տալիս՝ մռութը բվի մեջ խրելու, ըստ որում, շունը դառնաղի արցունք էր թափում, մտածելով․ «Խփեք, ծեծեք, մենակ մի քշեք բնակարանից»:

― Բուն այսօր ևեթ տարեք խրտվիլակագործի մոտ։ Դրանից բացի, ահա քեզ յոթը ռուբլի և վաթսուն կոպեկ՝ տրամվայի, կգնաս Մյուռռի խանութ, մի լավ վզկապ առ սրան, շղթայով:

Հաջորդ օրը շան վզին լայն, փայլփլուն վզակապ կար։ Առաջին պահ, նայելով հայելուն, նա շատ դառնացավ, պոչն իրեն քաշեց ու գնաց լողասենյակ, մտմտալով, թե ինչպես պոկի դա վզից՝ սնդուկին կամ արկղին քսելով: Սակայն շատ շուտով հասկացավ, որ ինքը հիմար է պարզապես: Զինան նրան տարավ զբոսանքի՝ շղթայով։ Օբուխով նրբանցքով շունը քայլում էր կալանավորի պես, ամոթից վառվելով, սակայն Պրեչիստենկայից Քրիստոսի տաճար ճանապարհն անցնելով, շատ լավ հասկացավ, թե կյանքում ինչ է նշանակում վզակապը։ Կատաղի նախանձ էր երևում դիմացից եկող բոլոր շների աչքերում, իսկ Մյորտվիյ նրբանցքի մոտ մի լողլող պոչատ բակապահ հայհոյահաչ տվեց, կոչելով «տիրոջ խուժան» և «ծառա շուն»։ Երբ հատում էին տրամվայի ռելսերը, միլիցիոները հաճույքով և հարգանքով նայեց վզակապին, իսկ երբ վերադարձան, կատարվեց կյանքում ամենաչտեսնված բանը՝ շվեյցար Ֆյոդորն իր ձեռքով բացեց շքամուտքի դուռը և ներս թողեց Շարիկին։ Ըստ որում, Զինային ասաց.

— Ի՜նչ փռչոտն է ձեռք բերել, է՜, Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զարմանալի չաղլիկ էլ է։

— Հապա ինչ։ Վեցը շան տեղ խժռում է,― պարզաբանեց սառնամանիքից կարմրած ու գեղեցկացած Զինան։

«Վզակապը նույնն է, ինչ պորտֆելը»՝ լուռ սրամտեց շունը և, հետույքը ճոճելով, մտավ նախահարկ, տիրոջ պես։

Վզակապն ըստ արժանվույն գնահատելով, շունն առաջին այցելությունը կատարեց դրախտի գլխավոր բաժանմունք, ուր նրա մուտքը խստիվ արգելված էր մինչ այժմ, այն է՝ խոհարարուհի Դարյա Պետրովնայի թագավորությունը։ Ամբողջ բնակարանը չարժեր Դարյայի թագավորության մեկ թզաչափին։ Յուրաքանչյուր օր վերևից սև և հախճասալապատ օջախում ճտճտում և մոլեգնում էր կրակը։ Ջեռոց-պահարանը ճտճտում էր։ Ալեգույն սյուների մեջ կրակվում էր Դարյա Պետրովնայի՝ հրեղեն չարչարանքով և չբավարարված կրքով դեմքը։ Փայլփլում էր և ճարպի երանգներ ըեդունում։ Ականջներին իջնող նորաձև ու բացգույն մազերի՝ ծոծրակին գնդվաձ զամբյուղի վրա պսպղում էին քսաներկու կեղծ ադամանդներ։ Պատերին ամրացրած կեռերից կախված էին ոսկե կաթսաներ, խոհանոցն ամբողջովին տոգորված էր բույրերով, եռում ու թշշում էր փակ ամանների մեջ...

— Դուրս,— բղավեց Դարյա Պետրովնան,— դուրս, անտեր գրպանահատ։ Դու էիր պակաս այստե՜ղ։ Խաչերկաթով հիմա կհասցնեմ...

«Քեզ ի՞նչ եղավ։ Ի՞նչ գրպանահատ։ Մի՞թե չնկատեցիք վզակապս»,– և նա կողքանց սողոսկեց ներս, մռութն առաջ պահած։

Շարիկ-շունը մարդկանց սրտերը գրավելու ինչ-որ գաղտնիք ուներ։ Երկու օր անց արդեն պառկած էր ածխի զամբյուղի մոտ և նայում էր, թե ինչպես է աշխատում Դարյա Պետրովնան։ Նեղ ու սուր դանակով նա կտրում էր անպաշտպան անտառակաքավների գլուխները և թաթիկները, հետո, որպես կատաղի դահիճ, ոսկորներից պոկոտում էր միսը, պոկում թռչունների փորոտիքը, ինչ֊որ բան պտտում մսաղացով։ Շարիկն այդ ընթացքում հոշոտում էր անտառակաքավի գլուխը։ Կաթով լի ամանից Դարյա Պետրովնան հանում էր թրջված բուլկու կտորները, տախտակի վրա խառնում մսե խյուսին, այդ ամենի վրա սերուցք լցնում, աղ ցանում և տախտակի վրա կոտլետներ ծեփծեփում։ Օջախը գվվում էր հրդեհի պես, իսկ տապակի մեջ փրթփրթում, պճպճում ու թռչկոտում էր ինչ֊որ բան։ Դռնակը դղրդոցով բացվում էր՝ ի հայտ բերելով զարհուրելի դժոխքը։ Եռում էր, թափվում...

Երեկոյան հանգչում էր հրեղեն երախը, խոհանոցի պատուհանում սպիտակ, կես-վարագույրից վեր կանգնում էր պրենչիստենկյան թանձր ու կարևոր գիշերը, միայնակ աստղով։ Խոհանոցի հատակը խոնավ էր լինում, կաթսաները պսպղում էին աղոտ և խորհրդավոր, սեղանին հրշեջի գլխարկ կար։ Շարիկը պառկած էր տաք օջախի վրա, ինչպես առյուծը մուտքի մոտ, և հետաքրքրասիրությունից մի ականջը տնկած վեր, նայում էր ինչպես սևաբեղ ու իրար անցած մի մարդ, կաշվե լայն գոտիով, Զինայի և Դարյա Պետրովնայի սենյակի կիսափակ դռան ետևում գրկում է Դարյա Պետրովնային։ Վերջինիս դեմքը կրակվում էր տանջանքից ու կրքից, ամեն ինչ, բացի դիմափոշիով ծածկված անկենդան քթից։ Լույսի շերտ էր ընկած սևաբեղի դեմքին, և զատկական վարդ էր կախված նրանից։

― Կպել է չարքի պես,— կիսամութի մեջ մրմնջում էր Դարյա Պետրովնան,— թող։ Զինան հիմա կգա։ Քեզ ի՞նչ է եղել, ոնց որ քեզ էլ են ջահելացրել։

― Մեզ էդ պետք չի,― իրեն վատ տիրապետելով և խռպոտ պատասխանեց սևաբեղը։— Ինչ կրակոտն եք...

Երեկոները պրեչիստենկյան աստղը ծածկվում էր ծանր վարագույրի ետևում, ու եթե Մեծ թատրոնում «Աիդա» չէր ներկայացվում և համառուսաստանյան վիրահատական ընկերության նիստ չէր լինում, կուռքն ընկողմանում էր բազմոցի մեջ։ Առաստաղի տակ լույսեր չէին լինում, սեղանի վրա միայն մի կանաչ լամպ է վառվում։ Շարիկը պառկում էր գորգին և ակնդետ նայում զարհուրելի գործերին։ Նողկալի բարկ և պղտոր խյուսի մեջ, ապակյա ամաններում մարդու ուղեղներ էին։ Կուռքի ձեռքերը, մերկ մինչև արմունկները, ռետինե մարմնագույն ձեռնոցներով էին, և լպրծուն, բութ մատները քչփորում էին ծալքերը։ Ժամանակ առ ժամանակ կուռքը ձեռքն էր առնում փոքրիկ, փայլփլուն դանակը և զգուշությամբ կտրատում դեղին, ձիգ ուղեղները։

― «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»,- մեղմաձայն երգում էր կուռքը, կրծոտելով շրթունքները և վերհիշելով Մեծ թատրոնի ոսկեղեն ընդերքը։ Այդ ժամին խողովակները տաքանում էին վերին աստիճանի։ Տաքությունը դրանցից ելնում էր մինչև առաստաղ, որտեղից սփռվում սենյակով մեկ, շան բրդի մեջ կենդանանում էր վերջին, Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեռ չսանրած լուն։ Գորգերը խլացնում էին ձայները բնակարանում։ Իսկ հետո հեռուներում զրնգաց մուտքի դուռը։

«Զինկան գնաց կինեմատոգրաֆ,— մտածեց շունը,— ու հենց ետ եկավ, ուրեմն կընթրենք։ Պետք է ենթադրել, ընթրիքին հորթի մսի կոտլետներ են»։

* * *

Եվ ահա, այդ զրհուրելի օրը, դեռևս առավոտյան, Շարիկին կանխագուշակումը խայթեց։ Ի հետևանք, նա հանկարծակի տրտմեց և առավոտյան նախաճաշը՝ կես աման վարսակաձավար և երեկվա ոչխարի ոսկորը կերավ առանց որևէ ախորժակի։ Նա տխուր անցավ ընդունարան և այնտեղ թեթևակի վնգստաց՝ սեփական արտացոլումը տեսնելով։ Սակայն ցերեկը, այն բանից հետո, երբ Զինան նրան զբոսնելու տարավ զբոսայգի, օրն անցավ սովորականի պես։ Այսօր ընդունելություն չկար, որովհետև, ինչպես հայտնի է, երեքշաբթի ընդունելություն չի լինում, և կուռքը նստած էր աշխատասենյակում, սեղանի վրա բաց արած ինչ֊որ ծանր գրքեր, պեսպիսի նկարներով։ Սպասում էին ճաշի։ Շանը փոքր-ինչ աշխուժացրեց միտքը, որ այսօրվա երրորդ ճաշատեսակը, ինչպես ստույգ տեղեկացել էր խոհանոցում, հնդուհավ է լինելու։ Միջանցքով անցնելիս, շունը լսեց ինչպես Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերցրեց լսափողը, լսեց ու հանկարծ անհանգստացավ։

— Հիանալի է,— լսվեց նրա ձայնը,— հենց հիմա բերեք, իսկույն ևեթ։

Նա իրար անցավ, զանգ զարկեց և ներս մտած Զինային հրամայեց շտապ մատուցել ճաշը։ Ճաշը։ Ճաշ։ Ճա՜շը։ Սեղանատանն իսկույն չխկչխկացին ափսեները։ Զինան վազվզում էր, խոհանոցից լսվեց Դարյա Պետրովնայի մրթմրթոցը, թե հնդուհավը դեռ պատրաստ չէ։ Շունը նորից հուզմունք զգաց։

«Չեմ սիրում իրարանցումը բնակարանում»,— մտմտում էր նա։ Եվ հենց սա մտածեց, իրարանցումն ավելի տհաճ բնույթ ձեռք բերեց։ Եվ ամենից առաջ, ժամանակ առաջ կծված դոկտոր Բորմենտալի հայտնվելու պատճառով։ Նա իր հետ բերել էր վատ հոտ արձակող մի ճամպրուկ և, նույնիսկ առանց հանվելու, միջանցքով շտապեց զննարան։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կիսատ թողեց սուրճի բաժակը, ինչը նույնպես երբեք չէր լինում։

— Ե՞րբ է մահացել,— բղավեց նա։

— Երեք ժամ առաջ,— պատասխանեց Բորմենտալը՝ ձնապատ գլխարկը չհանելով և բացելով ճամպրուկը։

«Այս ո՞վ է մահացել,— խոժոռված ու գժգոհ մտածեց շունը և խցկվեց ոտքերի արանքը,— տանել չեմ կարող, երբ վազվզում են»։

— Ոտքի տակ մի ընկիր։ Արագ, արագ, արագ,— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը այս ու այն կողմ և սկսեց զանգահարել բոլոր զանգերով, ինչպես թվաց շանը։

— Զինա, Դարյա Պետրովնային՝ հեռախոսի մոտ, թող գրառի, ոչ ոքի չընդունել։ Դու պետք ես։ Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ, շուտ, շուտ։

«Ինձ դուր չի գալիս։ Դուր չի գալիս»։ Շունը նեղացած խոժոռվել էր և սկսեց թրև գալ բնակարանում, իսկ ամբողջ իրարանցումը կենտրոնացել էր զննարանում։ Զինան անսպասելիորեն հայտնվեց խալաթով, որ նման էր պատանքի և վազվզում էր զննարանից խոհանոց ու ետ։

«Չգնա՞մ, մի բան խժռեմ։ Իրենց հերն էլ անիծած»,― վճռեց շունը և հանկարծ անակնկալ ստացավ։

— Շարիկին ոչինչ չտալ,— հրաման դղրդաց զննարանից։

— Նրան հետևե՞լ կլինի։

— Փակել:

Շարիկին հրապուրեցին ու փակեցին լողասենյակում։

«Բռիություն էր,— մտածեց Շարիկը, նստած կիսամութ լողասենյակում,— ուղղակի հիմարություն...»։

Եվ քառորդ ժամվա չափ նա մնաց լոգասենյակում, տարօրինակ հոգեվիճակում՝ մեկ չարացած, մեկ՝ մի տեսակ ծանր անկման մեջ։ Ամեն ինչ տրտում էր, անհստակ...

«Լավ, վաղը կրկնակոշիկ կունենաք, շատ հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— մտածում էր նա,— երկու զույգ արդեն ստիպված առել եք, մեկն էլ կառնեք։ Որ շներին էլ փակի տակ չդնեք»։

Բայց հանկարծ մի կատաղի միտք շամփրեց նրան։ Հանկարծակի և չգիտես ինչու հստակ հիշեց մի պատառիկ վաղ պատանեկությունից, արևողող, ընդարձակ բակ Պրեոբրաժենսկայա ուղեկալի մոտ, արեգակի ցոլքեր շշերի մեջ, ջարդած աղյուս, ազատ թափառական շներ-ընկերներ...

«Չէ, էլ ո՞ւր, ոչ մի ազատության մեջ էլ չես գնա էստեղից, հարկավոր չէ ստել,— տրտմել էր շունը, ֆսֆսացնելով,— վարժվել եմ։ Ես պարոնապատական շուն եմ, ուսյալ արարած, լավ կյանք եմ ճաշակել։ Եվ ի՞նչ է այդ ազատությունը։ Հենց այնպես, մուժ, միրաժ, սուտ բան... Այդ չարաբաստիկ դեմոկրատների զառանցանքը...»։

Հետո լողասենյակի կիսամութը սարսափելի դարձավ, շունը կաղկանձեց, նետվեց դռան վրա, սկսեց ճանկռտել։

— Ուո՜ւ֊ու֊ո՜ւ,— ինչպես տակառի մեջ, տարածվեց բնակարանով մեկ։

«Բուն նորից եմ գզգզելու»,— կատաղած, բայց անզոր մտածում էր շունը։ Հետո թուլացավ, իսկ երբ վեր կացավ, վրայի բուրդը հանկարծ ցից կանգնեց, և չգիտես ինչու, լողասենյակում երևացին գայլի նողկալի աչքեր...

Եվ տանջանքի թունդ պահին դուռը բացեցին։ Շունը ելավ, իրեն թափ տալով, մռայլված պատրաստվում էր խոհանոց գնալ, բայց Զինան վզակապը քաշելով համառորեն նրան տարավ զննարան։ Շան սիրտը սառեց։

«Ինչների՞ն եմ պետք եկել,— մտածում Էր նա կասկածանքով։— Կողս լավացել է։ Ոչինչ չեմ հասկանում»։

Եվ նա թաթերով սահեց սահուն մանրահատակի վրայով, այդպես էլ բերվեց զննարան։ Այստեղ միանգամից զարմացրեց չտեսնված լուսավորությունը։ Առաստաղի տակ սպիտակ գունդը շողում էր կուրացուցիչ։ Սպիտակ շողերի մեջ կանգնած էր քուրմը և ատամների արանքից երգում էր Նեղոսի սրբազան ափերի մասին։ Միայն տարտամ հոտով կարելի էր ճանաչել Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ Նրա խուզված ալեհեր մազերը ծածկված էին սպիտակ գդակով, որ պատրիարքի կնգուղ էր հիշեցնում։ Քուրմը ոտից գլուխ ճերմակի մեջ էր, որի վրայից, ինչպես փորուրար, կապված էր նեղ, ռետինե գոգնոց։ Ձեռքերին՝ սև ձեռնոցներ։

Կնգուղով էր նաև կծվածը։ Երկարուկ սեղան էր դրված, կողքից մոտեցրել էին փոքր, քառակուսի սեղանիկ, փայլուն ոտքի վրա։

Շունն այստեղ բոլորից շատ ատեց կծվածին, ամենից ավելի նրա այսօրվա աչքերը։ Սովորաբար համարձակ և ուղղահայացք, այսօր դեսուդեն էր փախցնում շան աչքերից։ Զգուշավոր էին, կեղծ, դրանց խորքում թաքնված էր մի գեշ, նողկալի գործ, եթե ոչ ամբողջական հանցագործություն։ Շունը նրան նայեց ծանր ու մթնդած և անկյուն մտավ։

― Զինա, վզկապը,— ցածրաձայն արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մենակ հուզմունք չպատճառես նրան։

Վայրկենապես Զինայի աչքերն էլ դարձան նույնքան նողկալի, ինչպես կծվածինը։ Նա մոտեցավ շանը և ակնհայտ կեղծությամբ շոյեց նրան։ Սա տխրամած և արհամարհանքով նայեց Զինային։

«Է, ինչ... երեքով են։ Ուզեք, կհաղթեք։ Միայն թե, ամոթ է ձեզ։ Գոնե իմանայի, թե ինչ եք անելու ինձ հետ»։

Զինան արձակեց վզակապը, շունը թափահարեց գլուխը, ֆրթացրեց։ Կծվածը բսնեց նրա դիմաց, և գարշելի, շշմեցնող հոտ սփռվեց նրանից։

«Փուհ, գարշանք... Ինչի՞ց է այսպես պղտորված ու ահավոր»,– մտածեց շունը և ետ-ետ գնաց կծվածից։

— Շուտ արեք, դոկտոր,— անհամբեր արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Կտրող, քաղցրավուն հոտ տարածվեց։ Կծվածը, զգուշավոր, գեշ հայացքը շնից չկտրելով, ետևից առաջ բերեց աջ ձեռքը և խոնավ բամբակը դիպցրեց շան քթին։ Շարիկը շշկլվեց, գլուխը թեթևակի պտտվեց, բայց նա հասցրեց մի անգամ էլ ետ ցատկել։ Կծվածը ցատկեց ետևից և հանկարծ ամբողջ մռութը ծածկեց բամբակով։ Տեղնուտեղը շունչը կտրվեց, բայց մի անգամ էլ հասցրեց դուրս պրծնել։ «Չարագործ...— առկայծեց ուղեղում։— Ինչի՞ համար»։ Եվ մի անգամ էլ շրջապատեցին։ Այստեղ անսպասելիորեն զննարանի կենտրոնում լիճ պատկերվեց, իսկ վրան նավակներում նստած անդրշիրիմյան չտեսնված վարդագույն շներ։ Թաթերը ոսկրազուրկ դարձան ու ծալվեցին։

— Սեղանին,— ինչ-որ տեղ թնդացին Ֆիլիպ Ֆիլիպովիչի զվարթաձայն բառերը և ցրիվ եկան նարնջագույն շիթերի մեջ։ Սարսափը չքացավ, փոխարինվեց բերկրանքով, մեկ-երկու վայրկյան հանգչող շունը սիրեց կծվածին։ Ապա ամբողջ աշխարհը տակնգլուխ շրջվեց, նաև զգացվեց սառը, բայց դուրեկան ձեռքի հպումը փորատակին։ Հետո էլ ոչինչ։

* * *

Վիրահատական նեղ սեղանի վրա փռված էր Շարիկ շունը, և նրա գլուխն անօգնական խփխփվում էր մոմլաթե սպիտակ բարձին։ Փորը խուզված էր, և հիմա դոկտոր Բորմենտալը, ծանր շնչելով ու շտապելով, մեքենան խրելով բրդի մեջ, Շարիկի գլուխն էր խուզում։ Ափերով հենված սեղանի ծայրին, Ֆիլիպ Ֆիլպովիչը, իր ակնոցի ոսկե շրջանակի պես շողացող աչքերով հետևում էր այդ գործողությանը և հուզված ասում.

—Իվան Առնոլդովիչ, ամենակարևոր պահն է, երբ ես կմտնեմ թրքական թամբը։ Աղաչում եմ, վայրկենապես կտաք ելունը և իսկույն կկտրեք։ Եթե իմ ձեռքի տակ արնահոսեց, ժամանակ կկորցնեք և շանը կկորցնենք։ Ասենք, նրա համար այնպես էլ ոչ մի շանս չկա։— Նա լռեց, աչքը կկոցելով, մի տեսակ ծաղրաբար նայեց շան կիսախուփ քնած աչքին ու ավելացրեց։— Իսկ գիտեք, մեղքս գալիս է։ Պատկերացրեք, վարժվել էի նրան։

Ձեռքերը բարձրացրեց այդ ժամանակ, կարծես գժվարին սխրանքի էր օրհնություն տալիս Շարիկին։ Նա ջանում էր, որ ոչ մի փոշեհատիկ չնստի սև ռեզինի վրա։

Խուզած բրդի տակից փայլփլում էր շան սպիտակավուն մաշկը։ Բորմենտալը դեն նետեց մեքենան և ձեռքն առավ ածելին։ Նա օճառեց փոքրիկ, անօգնական գլուխը և սկսեց սափրել։ Ածելու տակ սաստիկ ղրճտում էր, տեղ-տեղ արնեց։ Սափրելով գլուխը, կծվածը բենզինով թրջած կտորով շփեց շան գլուխը, հետո մերկացած փորը և շունչը տեղը բերելով, արտասանեց։

— Պատրաստ է։

Զինան բացեց լվացարանի ծորակը և Բորմենտալը նետվեց ձեռքերը լվանալու։ Զինան սրվակից սպիրտ լցրեց ձեռքերին։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես կարո՞ղ եմ գնալ,— հարցրեց Զինան՝ վախենալով նայել շան ածիլած գլխին։

— Կարող ես։

Զինան չքացավ։ Բորմենտալը շարունակեց իր գործը։ Վիրակապի փոքրաչափ ծալ-ծալ շուրջանակի կտորներով ծածկեց Շարիկի գլուխը, և այդժամ բարձի վրա հայտնվեց ոչ մեկի չտեսած շան լերկ գանգը և արտառոց մորուքավոր մռութը։

Այստեղ շարժվեց քուրմը։ Նա ուղղվեց, նայեց շան գլխին և ասաց.

— Է, Աստված պահապան։ Դանա՛կը։

Բորմենտալը սեղանիկի վրայի պսպղուն կույտից վերցրեց փոքրիկ ու ցմփոր մի դանակ և տվեց քուրմին։ Հետո նա ևս սև ձեռնոցներ հագավ, ինչպես քուրմը։

—Քնա՞ծ է,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Լավ քնած է։

Ֆիլիպ Ֆիլիպովիչի ատամները սեղմվեցին, փոքր աչքերը սուր ու ծակող փայլ ստացան և, դանակը վեր բարձրացնելով, իջեցրեց դիպուկ և Շարիկի փորի վրա երկար վերք բացեց։ Մաշկն իսկույն ետ քաշվեց և վերքից արյուն հորդեց բոլոր կողմերի վրա։ Բորմենտալը գիշատչի նման վրա պրծավ, վիրակապի կտորներով սեղմել սկսեց Շարիկի վերքը, իսկ հետո փոքր, շաքարի բռնիչի պես ունելիով սեղմեց եզրերը և վերքը չորացավ։ Բորմենտալի ճակատին պուտ-պուտ քրտինք երևաց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը դանակը գործի դրեց երկրորդ անգամ, և երկուսով սկսեցին Շարիկի մարմինը պատառոտել կեռիկներով, մկրատներով, ինչ-որ կանթիկներով։ Դուրս էին գալիս վարդագույն ու դեղին, արնող հյուսվածքներ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը դանակը պտտում էր շան մարմնի մեջ հետո բղավում.

— Մկրա՛տ։

Գործիքը փայլատակում էր կծվածի ձեռքում, աճպարարի պես։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մտավ խորքերը և մի քանի պտույտով Շարիկի մարմնից պոկեց նրա սերմնադեղձերը՝ ինչ-որ մնացորդներով։ Ջանադրությունից ու հուզմունքից կատարելապես քրտնակոլոլ Բորմենտալը նետվեց ապակյա ամանի կողմը և այնտեղից հանեց ուրիշ թաց, կախկխված սերմնագեղձ։ Պրոֆեսորի և ընթերակայի ձեռքերում թրթռացին, պտտվեցին կարճ ու թաց գործիքներ։ Կեռ ասեղներ էին չխկչխկում սեղմիչների մեջ։ Սերմնագեղձերը կարեցին Շարիկինի տեղում։ Քուրմը հեռացավ վերքից, մի գունդ վիրակապ խցկեց վերքի մեջ և կարդադրեց.

—Իսկույն կարեք մաշկը, դոկտոր։

Հետո ետ նայեց պատի կլոր սպիտակ ժամացույցին։

— Տասնչորս րոպեում արեցինք,— սեղմած ատամների արանքից ասաց Բորմենտալը և կեռ ասեղը խրեց թորշոմած մաչկի մեջ։

Հետո երկուսն էլ իրար անցան, ինչպես մարդասպաններ, որոնք շտապում են։

—Դանա՛կը,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Դանակը ցցվեց նրա ձեռքերում, կարծես ինքնըստինքյան, ինչից հետո Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքը սարսափելի դառավ։ Ճենապակե և ոսկյա ատամնապսակները բացվեցին և մի հնարով Շարիկի ճակատին կարմիր թագ բացեց։ Սափրած մաչկը ետ տարան, գանգամաշկը մերկացրեց ոսկրյա գանգը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը գոչեց.

— Տրեպա՛նը։

Բորմենտալը նրան մեկնեց պսպղուն շաղափը։ Շրթունքը կծելով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսեց շաղափը ցցել և Շարիկի գանգի վրա փոքրիկ անցքեր շաղափել, միմյանցից մեկական սանտիմետրի վրա, այնպես որ դրանք շուրջանակի եզերեցին գանգը։ Յուրաքանչյուրի վրա նա ծախսում էր հինգ վայրկյանից ոչ ավելի։ Հետո չտեսնված ձևի մի սղոցով ծայրը մտցնելով առաջին անցքի մեջ, սկսեց սղոցել, ինչպես սղոցում են կանացի ձեռագործի արկղիկը։ Գանգը կամացուկ վժժում էր ու ցնցվում։ Երեք րոպե անց Շարիկի գանգի կափարիչը հանեցին։

Այդժամ մերկացավ Շարիկի ուղեղի կատարը՝ մոխրագույն կապտավուն միջներակներով և կարմրավուն պտերով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մկրատը մխրճեց թաղանթի մեջ և բաց արեց։ Մի անգամից արյան շատրվան խփեց, քիչ էր մնացել լցվեր պրոֆեսորի աչքերը և ցողեց նրա գդակը։ Բորմենտալը վագրի պես նետվեց ունելիով սեղմելու և սեղմեց։ Քրտինքն առու-առու հոսում էր Բորմենտալի վրայից և նրա դեմքը մսեղ ու տարագույն էր դարձել։ Նրա աչքերը ցատկոտում էին Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձեռքերից սեղանին դրած պնակի վրա։ Իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իսկապես սարսափելի էր դարձել։ Խզխզոց էր ելնում նրա քթից, ատամները մերկացել էին մինչև, լնդերը։ Նա պատռեց ուղեղի թաղանթը և մտավ խորքերը, բացվածքից դուրս շարժելով ուղեղի կիսագունդը։ Եվ այդ ժամանակ Բորմենտալը սկսեց գունատվել, մի ձեռքով բռնեց Շարիկի կուրծքը և խռպոտաձայն ասաց.

— Զարկերակը կտրուկ ընկնում է...

Ֆիլիպ Ֆիլիպովիչը գազանավարի նայեց նրան, ինչ-որ բան մրմնջաց և ավելի խորը տարավ ձեռքը։ Բորմենտալը աղմուկով կոտրեց ապակյա դեղասրվակը, ներքաշեց սրսկիչի մեջ և նենգաբար ծակեց Շարիկի սրտի կողքը։

— Մոտենում եմ թրքական թամբին,— մռնչաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և արնակոլոլ լպրծուն ձեռնոցներով հանեց դեղին-մոխրագույն ուղեզը Շարիկի գլխից։ Մի ակնթարթ աչքերը խեթեց Շարիկի մռութի վրա, և Բորմենտալը երկրորդ անգամ կոտրեց դեղին հեղուկով սրվակը և քաշեց երկար սրսկիչի մեջ։

— Սրտի մե՞ջ,— երկչոտ հարցրեց նա։

—Էլ ինչ եք հարցնում,— չարացած թնդաց պրոֆեսորը,— մեկ է, նա արդեն հինգ անդամ մեռել է ձեր ձեռքի տակ։ Սրսկե՛ք։ Մտածելո՞ւ բան է։— Ընդ որում, նրա դեմքը ճիշտ ոգեշնչված ավազակի դեմք է։

Դոկտորը թափով, թեթև՝ սրսկիչը խրեց շան սիրտը։

— Կենդանի է, բայց հազիվ-հազ,— երկչոտ շշնջաց նա։

— Դատողություններ անելու ժամանակը չէ՝ ապրում է, չի ապրում,— խռխռաց սարսափելի Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ես թամբի մեջ եմ։ Միևնույն է, մեռնելու է... ախ, գրողը ախ... «Դեպի ափերը սրբազան...»։ Հավելաճուկը տվեք։

Բորմենտալը նրան տվեց ամանը, որտեղ հեղուկի մեջ թելից կախ սպիտակ գնդիկ էր տարուբերվում։ «Հավասարը չունի Եվրոպայում, Աստված վկա...»,— տարտամ մաածում էր Բորմենտալը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մի ձեռքով բռնեց շարժվող գնդիկը, մյուսով՝ մկրատով կտրեց-հանեց նույնպիսի մի գնդիկ բաժանված կիսագնդերի խորքերից։ Շարիկի գնդիկը շպրտեց պնակի մեջ, իսկ նորը, թելի հետ մեկտեղ, դրեց ուղեղի մեջ և իր կարճլիկ մատներով, որոնք ասես հրաշքով բարակ ու ճապուկ էին դարձել, կարողացավ սաթեղեն թելով ամրացնել այնտեղ։ Դրանից հետո Շարիկի գլխից դուրս գցեց ինչ-որ ձգասարքեր, բռնիչներ, ուղեղը ետ դրեց ոսկրեղեն թասի մեջ, ետ ընկավ և արդեն ավելի հանգիստ, հարցրեց.

— Իհարկե, մեռա՞վ...

— Թելաձև է զարկերակը...— պատասխանեց Բորմենտալը։

— Էլի ադրենալին։

Պրոֆեսորը թաղանթներով պատեց ուղեղը, սղոցած կափարիչը ճիշտ չափով դրեց տեղը և բղավեց.

— Կարեք։

Բորմենտալը հինգ րոպեում կարեց գլուխը, երեք ասեղ կոտրելով։

Եվ ահա, բարձի վրա հայտնվեց, արնապատ ֆոնի վրա, Շարիկի անկենդան, մարած մռութը, գլխի վրա շրջանաձև վերքով։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այստեղ արդեն ետ ընկավ վերջնականապես, որպես կշտացած արնախում պոկեց մի ձեռնոցը, թաց փոշու ամպ թողնելով դրանից, մյուսը պոկեց-պատռեց, շպրտելով հատակին և պատի վրայի կոճակը սեղմելով, զանգ զարկեց։ Զինան հայտնվեց շեմին և շրջվեց, որ չտեսնի Շարիկին և արյունը։

Քուրմը կավճապատ ձեռքերով հանեց արնոտ կնգուղը և բղավեց.

—Հենց հիմա ծխախոտ տվեք ինձ։ Լրիվ նոր սպիտակեղեն և լոգարան։

Նա ծնոտը հենեց սեղանի եզրին, երկու մատով բացեց շան աջ կոպը, նայեց հստակորեն մեռնող աչքին և արտաբերեց.

— Ահա, գրողը տանի։ Չսատկեց։ Է, միևնույն է, կսատկի։ Էհ, դոկտոր Բորմենտալ, մեղք էր շունը։ Սիրելի էր, բայց խորամանկ։


5

Դոկտոր Իվան Առնոլդովիչ Բորմենտալի տետրը։ Բարակ, գրելաթղթի չափով։ Լրացված է Բորմենտալի ձեռագրով։ Առաջին երկու էջերում խնամքով է, հոծ և հստակ, հետո՝ լայն-լայն, հուզված, մեծ քանակությամբ թանաքաբծերով։


22 դեկտեմբերի 1924 թ.։ Երկուշաբթի։

Հիվանդության պատմություն

Լաբորատորական շունը մոտավորապես 2 տարեկան է։ Որձ։ Տեսակը՝ բակապահ։ Մականունը Շարիկ։ Բուրդը ցանցառ է, գունդ-գունդ, գորշագույն, տեղ-տեղ՝ խանձված, պոչը՝ եռացրած կաթի գույն։ Աջ կողին լիովին սպիացած այրվածքի հետքեր կան։ Սնումը՝ մինչև պրոֆեսորի մոտ հայտնվելը՝ վատ, մեկ շաբաթ մնալուց հետո՝ չափազանց պարարտ։ Քաշը՝ 8 կիլոգրամ (շեշտի նշան)։

Սիրտը, թոքերը, որովայնը, ջերմաստիճանը՝ կանոնավոր։

23 դեկտեմբերի։ Երեկոյան ժամը 8½-ին կատարվել է Եվրոպայում առաջին վիրահատությունն, ըստ պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի, քլորոֆորմի նարկոզի տակ հեռացվել են Շարիկի ձվարանները և դրանց փոխարեն տեղադրվել տղամարդու ձվարաններ՝ իրենց հավելուկներով և սերմնաթելերով՝ վերցված 4 ժամ 4 րոպե առաջ մահացած 28 տարեկան տղամարդուց և պահպանված մանրէազուրկ ֆիզիոլոգիական լուծույթի մեջ, ըստ պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի։

Դրանից անմիջապես հետո, գանգոսկրի շաղափումից հետո, հեռացվել է ուղեղի կցաճուկը՝ հիպոֆիզը, և փոխարինվել վերոնշյալ տղամարդու հիպոֆիզով։

Օգտագործված է երկու խորանարդ սմ քլորոֆորմ, 1 սրսկիչ կամֆորա, 2 սրսկիչ ադրենալին՝ սրտի մեջ։

Ցուցմունք վիրահատությանը։ Պրեոբրաժենսկիյի փորձի դրվածքը՝ հիպոֆիզի և ձվարանների կոմբինացված փոխատեղում, պարզելու համար հիպոֆիզի կպչունակության խնդիրը, իսկ հետագայում՝ դրա ազդեցությունը մարդկանց օրգանիզմի երիտասարդացման վրա։

Վիրահատեց պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյը։

Ընթերակայեց դոկտոր Ի.Ա. Բորմենտալը։

Վիրահատությանը հաջորդող գիշերը. զարկերակի սպառնալի կրկնվող անկումներ։ Մահացու ելքի սպասում։ Կամֆորայի հսկայական չափաբաժինները, ըստ Պրեոբրաժենսկիյի։

Դեկտեմրերի 24-ին։ Առավոտյան՝ բարելավում։ Շնչառությունը կրկնակի արագացած է։ Ջերմաստիճանը՝ 42°։ Ենթամաշկային կամֆորա, կոֆեին։

Դեկտեմրերի 25–ին։ Կրկին վատթարացում։ Զարկերակը հազիվ շոշափվում է։ Վերջույթների սառչում, բիբերը չեն արձագանքում։ Ադրենալին սրտի մեջ և կամֆորա ըստ Պրեոբրաժենսկիյի։ Ֆիզիոլոգիական լուծույթ՝ երակի մեջ։

Դեկտեմրերի 26-ին։ Որոշ բարելավում։ Զարկերակը՝ 180, շնչառությունը՝ 92։ Ջերմաստիճանը՝ 41°։ Կամֆորա, սնուցումը՝ հոգնաներով։

Դեկտեմրերի 27-ին։ Զարկերակը՝ 152, շնչառությունը՝ 50, ջերմաստիճանը՝ 39,8°։ Բիբերն արձագանքում են։ Ենթամաշկային կամֆորա։

Դեկտեմրերի 28-ին։ Նշանակալի բարելավում։ Կեսօրին՝ հանկարծակի առատ քրտնարտադրություն։ Ջերմաստիճանը 37,0°։ Վիրահատական վերքերը՝ նախկին վիճակում։ Վիրակապում։ Ախորժակ է երևան եկել։ Սնուցումը՝ ջրիկ։

Դեկտեմրերի 29-ին։ Հանկարծակի նկատվեց բրդաթափություն՝ ճակատին և իրանի կողերին։ Կոնսուլտացիայի համար հրավիրվեցին մաշկային հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վասիլիյ Վասիլևիչ Բունդարևը, Մոսկվայի անասնաբուժական ցուցադրական ինստիտուտի տնօրենը։ Դեպքը նրանց կողմից գնահատվեց գրականության մեջ չնկարագրված։ Ախտորոշումը մնաց չհաստատված։ Ջերմությունը նորմալ է։

Գրառում մատիտով.

Երեկոյան՝ առաջին հաչոցը (ժ. 8.15 րոպե)։ Ուշադրություն է գրավում ձայներանգի և տոնի փոփոխությունը (իջեցում)։ Հաչոցը «հաֆ-հաֆ»֊ի փոխարեն «ա-օ» վանկեր։ Երանգավորմամբ հեռավոր հիշեցնում է տնքոց։

Դեկտեմրերի 30-ին։ Բրդաթափությունն ընդունել է ընդհանուր ճաղատացման երանգ։ Կշռումն անսպասելի արդյունք տվեց՝ քաշը 30 կիլո է, ի հաշիվ ոսկորների հասակի (երկարացում)։ Շունը նախկինի պես պառկած է։

Դեկտեմրերի 31-ին։ Վիթխարի ախորժակ։

Տետրի մեջ՝ թանաքաբիծ։ Դրանից հետո՝ փութկոտ ձեռագրով.

Ժամը 12-անց 12 րոպեին շունը հստակ բառ հաչաց «Ա-բ-րյո»։

Տետրի գրառումն ընդհատվում է, հետո, ակներևաբար, հուզմունքից սխալ է գրված.

Դեկտեմբերի 1-ին։

Ջնջված է, ուղղված.

1 հունվարի, 1925 թ.։ Լուսանկարվեց առավոտյան։ Հստակ հաչում է «Աբրյո», կրկնելով այդ րառը բարձր ու կարծես թե բերկրալի: Ցերեկվա ժ. 3-ին (խոշորատառ) ծիծաղեց (՞), հարուցելով աղախին Զինայի ուշաթափությունը։

Երեկոյան ութ անգամ վրա-վրա արտասանեց «Աբրյո-վալգ», «Աբրյո» բառերը։

Շեղ տառերով, մատիտով.

Պրոֆեսորը վերծանեց «Աբրյո-վալգ» բառը նշանակում է՝ «լավռըյբա»։ Հրեշավոր բան է...

Հունվարի 2-ին։ Լուսանկարվեց ժպտալիս՝ մագնիումի բռնկումի տակ։ Ելավ անկողնուց և կես ժամ հաստատուն կանգնեց ետևի թաթերի վրա։ Համարյա իմ հասակին է։

Տետրում ներդիր թուղթ է.

Ռուսական գիտությունը քիչ էր մնացել ծանր կորուստ կրեր։

Պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյի հիվանդության պատմությունը։

Ժամը 1-ն անց 13 րոպեին պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյը խորն ուշագնացություն ունեցավ։ Ընկնելիս գլուխը ղարնել էր աթոռի ոտին։ Վալերիանի թուրմ։

Իմ և Զինայի ներկայությամբ շունը (իհարկե, եթե շուն կարելի է անվանել) մայր հայհոյեց պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյին։

Ընդմիջում տետրում։

Հունվարի 6-ին։ (Մեկ՝ մատիտով, մեկ՝ մանուշակագույն թանաքով)։

Այսօր այն բանից հետո, երբ վերջնականապես պոկվեց-ընկավ պոչը, կատարելապես հստակ արտասանեց «գարեջրատուն» բառը։ Աշխատում է ձայնագրիչը։ Սատանան գիտե՝ ինչ է։

Ես ինձ կորցնում եմ։

Պրոֆեսորի մոտ ընդունելությունը դադարեցվել է։ Ցերեկվա ժամը 5-ից սկսած, զննարանից, ուր գնում-գալիս է այդ էակը, հստակ խուլիգանական հայհոյանք է լսվում և «մի զույգ էլ» բառերը։

Հունվարի 7-ին։ Նա արտասանում է բավական շատ բառեր «կառապան», «Տեղեր չկան», «Երեկոյան թերթ», «Լավագույն նվերը երեխաներին» և բոլոր հայհոյաբառերը, որոնք միայն գոյություն ունեն ռուսական բառապաշարում։

Նրա տեսքը տարօրինակ է։ Բուրդը մնացել է միայն գլխին, կզակին և կրծքին։ Մնացած մասերը լերկ են, թորշոմած մաշկով։ Սեռական օրգանների շրջանում՝ ձևավորվող տղամարդ։ Գանգը նշանակալի չափով մեծացել է, ճակատը թեք է և նեղ։

Աստված վկա, ես կխելագարվեմ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը դեռ վատ է զգում իրեն։ Դիտարկումների մեծ մասը ես եմ անցկացնում (ձայնագրիչ, լուսանկարներ)։

Քաղաքով մեկ լուրեր են տարածվել։

Հետևանքներն անհամար են։ Այսօր ցերեկը նրբանցքն ամբողջությամբ լեփ-լեցուն էր ինչ-որ անբաններով և պառավներով։ Անգործ մարդիկ հիմա նույնպես կանգնած են լուսամուտների տակ։ Առավոտյան թերթերում զարմանալի թղթակցություն էր հայտնվել.

«Օբուխով նրբանցքում մարսեցու մասին լուրերը ոչ մի հիմք չունեն։ Դրանք տարածել են Սուխարևկայի առևտրականները և շուտով կպատժվեն»։ Ի՜նչ մարսեցիների մասին է խոսքը։ Այս ինչ մղձավանջ է։

«Վեչերնյայա Մոսկվա»–ն գերազանցել է՝ գրել են, թե ծնվել է երեխա, որը ջութակ է նվագում։ Նույն տեղում՝ ջութակի նկար և իմ դիմանկարը, տակը մակագրություն. «Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյն, որը կեսարյան հատում է արել կնոջը»։ Սա մի աննկարագրելի բան է։ Նոր բառ՝ «միլիցիոներ»։

Պարզվում է, Դարյա Պետրովնան սիրահարված է ինձ և Ֆ. Ֆ.–ի ալբոմից թռցրել է լուսանկարս։ Ռեպորտյորներին քշելուց հետո, նրանցից մեկը սողոսկել էր խոհանոց և նման բաներ...

Ի՞նչ է կատարվում ընդունելության ժամանակ։ Այսօր 82 հեռախոսազանգ է եղել։ Հեռախոսն անջատված է։ Անզավակ տիկնայք ցնորվել են և գալիս–գալիս են։

Տնային կոմիտեն՝ լրիվ կազմով, Շվոնդերի գլխավորությամբ։ Ինչի համար, իրենք էլ չգիտեն։

Հունվարի 8-ին։ Ուշ երեկոյան հաստատվեց ախտորոշումը։ Որպես իսկական գիտնական, Ֆ. Ֆ.-ն ընդունեց իր սխալը՝ հիպոֆիզի փոփոխումը տալիս է ոչ թե երիտասարդացում, այլ լիակատար մարդկայնացում (ընդգծված է երեք անգամ)։ Դրանից նրա զարմանալի, ցնցող հայտնագործությունը չի փոքրանում ամենևին։

Այսօր նա առաջին անգամ քայլեց բնակարանում։ Ծիծաղում էր միջանցքում, նայելով էլեկտրական լամպի։ Հետո, Ֆիլիպ Ֆիլիպովիչի և իմ ուղեկցությամբ, եկավ աշխատասենյակ։ Նա հաստատուն մնում է ետևի (ընդգծված է)... ոտքերի վրա և թողնում կարճլիկ և վատ կազմվածք ունեցող տղամարդու տպավորություն։

Ծիծաղում էր աշխատասենյակում։ Նրա ժպիտը տհաճ էր և կարծես արհեստական։ Հետո քորեց ծոծրակը, շուրջը նայեց, և ես գրանցեցի նոր, հստակ արտասանված բառ՝ «բուրժույներ»։ Հայհոյում էր։ Այդ հայհոյանքը պարբերական է, անընդմեջ, ըստ երևույթին, կատարելապես անիմաստ։ Դա փոքր-ինչ ֆոնոգրաֆիկ բնույթ ունի, կարծես, այդ արարածը նախկինում լսել է հայհոյական խոսքեր, մեքենայաբար, ենթագիտակցորեն արձանագրել է ուղեղում և հիմա դրանք արտանետում է տրցակ-տրցակ։ Ասենք, ես հոգեբան չեմ, գրողն ինձ տանի։

Ֆիլիպ Ֆիլիպովիչի վրա հայհոյանքը, չգիտես ինչու, զարմանալի ճնշող տպավորություն է գործում։ Լինում են պահեր, երբ նա նոր երևույթների զուսպ ու սառը հայեցումից մի տեսակ կորցնում է համբերությունը։ Այդպես, հայհոյանքի պահին, նա հանկարծ բղավեց նյարդայնացած.

― Վե՛րջ տալ։

Ոչ մի արդյունք չտվեց։

Աշխատասենյակ կատարած զբոսանքից հետո, համատեղ ջանքերով Շարիկը բերվեց զննարան։

Դրանից հետո մենք խորհրդակցեցինք Ֆ. Ֆ.–ի հետ։ Պիտի խոստովանեմ, առաջին անգամ այդ վստահ և ապշեցուցիչ խելացի մարդուն շփոթահար տեսա։ Իր սովորության համաձայն, երգելով, նա հարցրեց. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք»։ Եվ ինքն էլ պատասխանեց տառացիորեն այսպես. «Մոսկվոշվեյա, այո...»։ «Սևիլյայից Գրենադա..., Մոսկվոշվեյա, թանկագին դոկտոր...»։ Ես ոչինչ չհասկացա։ Նա բացատրեց. «Իվան Առնոլդովիչ, ես ձեզ խնդրում եմ, նրա համար գնել սպիտակեղեն, շալվար և պիջակ»։

Հունվարի 9֊ին։ Բառապաշարը հարստանում է հինգ րոպեն մեկ (մոտավորապես) նոր բառով և դարձվածքով, այսօր առավոտից։ Երևում է, որ դրանք սառեցվել են գիտակցության մեջ, հալչում են ու դուրս գալիս։ Արտասանված բառը մնում է գործածման մեջ։ Երեկ երեկոյից ձայնագրիչն արձանագրել է. «Մի բրթբրթի», «տուր դրան», «իջի ոտնակից», «ես քեզ ցույց կտամ», «Ամերիկայի ճանաչումը» և «պրիմուս»։

Հունվարի 10–ին։ Հագնվելը եղավ։ Ներքնաշապիկը թույլ տվեց հագցնել հաճույքով, անգամ ծիծաղելով։ Ոտաշորից հրաժարվեց, բողոքն արտահայտելով խռպոտ բղավոցներով. «հերթ կանգնեք, շուն շան որդիք, հերթ կանգնեք»։ Հագցրեցինք։ Գուլպաները մեծ եկան վրան։

Տետրի մեջ մի տեսակ սխեմատիկ նկարներ կան, որոնք րոլոր հատկանիշներով պատկերում են շան թաթի վերափոխումը մարդու ոտքի։

Երկարում է ոտնաթաթի կմախքի ետևի կեսը (Tarsus)։ Մատների երկարում։ Ճանկերը։

Պարբերական և շարունակական ուսուցանում, զուգարան գնալ։

Աղախինները կատարելապես ընկճված են։

Սակայն հարկ է նշել արարածի դյուրըմբռնողությունը։ Գործը հստակ գնում է դեպի բարելավում։

Կատարելապես ընտելացել է շալվարին։ Արտաբերեց մի երկար ուրախ դարձվածք, հպվելով Ֆիլիպ Ֆիլիպովիչի շալվարին. «Շալվարդ՝ զոլ-զոլ, ծխելիք տուր բոլ-բոլ»։

Գլխի վրայի բուրդը, ցանցառ է, մետաքսանման։ Դյուրությամբ կարելի է մազի տեղ դնել։ Խանձված տեղեր են մնացել կատարին։ Այսօր թափվեց վերջին աղվամազն ականջներից։ Վիթխարի ախորժակ։ Հափշտակությամբ ծովատառեխ կերավ։

Ցերեկվա ժամը հինգին՝ իրադարձություն. առաջին անգամ արարածի արտաբերած բառերը կտրված չէին շրջապատի երևույթներից, այլ հակազդում էին դրանց։ Այն է, երբ պրոֆեսորը կարգադրեց նրան՝ «Ուտելիքի մնացուկները մի գցիր հատակին...», անսպասելի պատասխանեց. «Ձեռ քաշի, ոջլի մեկը»։

Ֆ. Ֆ.-ն զարմացած էր։ Հետո սթափվեց ու ասաց.

— Եթե մի անգամ էլ քեզ թույլ տաս հայհոյել ինձ կամ դոկտորին, բանդ բուրդ կլինի։

Այդ պահին լուսանկարեցի Շարիկին։ Երաշխավորում եմ, որ նա հասկացավ պրոֆեսորին։ Մռայլ մի ստվեր իջավ նրա դեմքին։ Բավականին բորբոքված նայում էր հոնքերի տակից, բայց սսկվեց։

Ուռա։ Նա հասկանում է։

Հունվարի 12֊ին։ Ձեռքերը դնում է շալվարի գրպանները։ Ետ ենք վարժեցնում հայհոյելուց։

«Օյ, յաբլոչկո...» սուլեց։

Մասնակցում է խոսակցությանը։

Չեմ կարող մի քանի հիպոթեզներ չնշել. առայժմ գրողի ծոցը երիտասարդացումը: Մեկ ուրիշ, անհամեմատելի կարևոր բան. պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի ապշեցուցիչ փորձը բացահայտել է մարդկային ուղեղի գաղտնիքներից մեկը։ Հետայսու հիպոֆիզի՝ ուղեղի հավելաճուկի հանելուկային գործառույթը բացատրված է։ Դա է կանխորոշում մարդկային կերպարանքը։ Դրա հորմոնները կարելի է կարևորագույնը համարել օրգանիզմում՝ կերպարանքի հորմոններ։ Նոր բնագավառ է բացվում գիտության մեջ՝ առանց որևէ Ֆաուստի թորանոթի, ստեղծված է հոմունկուլ։ Վիրաբույժի դանակը կյանքի է կոչել մարդկային մի միավոր։ Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ, դուք արարիչ եք (Թանաքաբիծ։)

Ի դեպ, ես շեղվեցի... Այսպես, նա մասնակցում է խոսակցությանը։ Իմ ենթադրությամբ, բանն այսպես է. սերտաճած հիպոֆիզը բացել է խոսքի կենտրոնը շան ուղեղում, և բառերը հորդացել են հոսանքներով։ Իմ կարծիքով, մեր առաջ ոչ թե նոր ստեղծված, այլ կենդանացած ծավալված ուղեղ է։ Օ, աստիճանական զարգացման տեսության զարմանահրաշ հաստատում։ Օ, մեծագույն շղթա՝ շնից մինչև քիմիկոս-Մենդելեև։

Մի հիպոթեզ ևս ունեմ. Շարիկի ուղեղը նրա կյանքի՝ շուն եղած ժամանակահատվածում, կուտակել է անթիվ-անհամար ըմբռնումներ։ Բոլոր բառերը, որոնցից օգտվում էր առաջին հերթին, փողոցային բառ-խոսքեր են, որոնք լսել ու պահ էր տվել ուղեղին։ Հիմա, փողոցով անցնելիս, թաքուն սարսափով եմ նայում դիմացից եկող շներին։ Աստված գիտե, թե ինչեր են թաքնված նրանց ուղեղներում։

Շարիկը կարդաց։ Կարդաց։ Ես կռահեցի «լավռըյբա»-ից։ Հենց վերջից էլ կարդում էր; Ու չգիտեմ անգամ, որն է այդ հանելուկի լուծումը. շան տեսողական նյարդերի խաչմերուկում։

- - -

Ինչ է կատարվում Մոսկվայում՝ մարդկային մտքին անհասանելի է։ Սուխարևկայի յոթը առևտրականներ արդեն բանտարկված են՝ լուրեր տարածելու համար աշխարհի կործանման մասին, որ հարուցել են բոլշևիկները։ Դարյա Պետրովնան էր խոսում և նույնիսկ ամսաթիվն ասում՝ 1925 թվականի նոյեմբերի 28-ի՝ սուրբ նահատակ Ստեֆանի օրը, երբ երկիրը կխախտի երկնային առանցքը։ Ինչ-որ խարդախներ արդեն դասախոսությունն եր են կարդում։ Ինչ խառնաշփոթ սարքեցինք այդ հիպոթեզով, թողնես ու փախչես բնակարանից։ Ես տեղավորվեցի Պրեոբրաժենսկիյի մոտ, նրա խնդրանքով, և գիշերում եմ ընդունարանում, Շարիկի հետ։ Զննարանը դարձրել ենք ընդունարան։ Շվոնդերն իրավացի դուրս եկավ։ Տնային վարչությունը չարախնդում է։ Մի հատիկ ապակի չի մնացել պահարանում, որովհետև ցատկոտում է։ Հազիվ ետ վարժեցրինք։

- - -

Սարսափելի բան է կատարվում Ֆիլիպի հետ։ Երբ նրան պատմեցի իմ հիպոթեզների մասին և Շարիկից հոգեկան բարձր անձնավորություն զարգացնելու հույս հայտնեցի, նա քմծիծաղով պատասխանեց. «Այդպե՞ս եք կարծում»։ Ձայներանգը չարագույժ էր։ Մի՞թե ես սխալվել եմ։ Ծերուկն ինչ-որ բան է մտածել։ Մինչ ես այս հիվանդության պատմությունն եմ թերթում, նա այն մարդու պատմությունն է վերանայում, ում հիպոֆիիզն ենք վերցրել։

- - -

Տետրի մեջ ներդիր թերթ։

Կլիմ Գրիգորյևիչ Չուգունկին, 25 տարեկան։ Չամուսնացած։ Անկուսակցական, համակիր։ Դատվել է երեք անգամ և արդարացվել առաջին անգամ՝ հանցանշանների անբավարարության շնորհիվ, երկրորդ անգամ՝ ծագումն է փրկել, երրորդ անգամ՝ 15 տարվա պայմանական տաժանակրության։ Գողություններ։ Մասնագիտությունը՝ գինետներում բալալայկա նվագող։

Հասակը կարճ է, կազմվածքը՝ վատ։ Լյարդը լայնացած է (ալկոհոլ)։

Մահվան պատճառը՝ Պրեոբրաժենսկայա զաստավայի մոտի «Ստոպսիգնալ» գարեջրատանը դանակի հարված սրտին։

- - -

Ծերուկը, առանց կտրվելու, նստած է Չուգունկինյան պատմության վրա։ Չեմ հասկանում՝ բանն ինչ է։ Ինչ-որ բաներ քրթմնջաց այն մասին, որ չանդրադարձավ դիահերձարանում զննել Չուգունկինի դիակը։ Թե բանն ինչ է, չեմ հասկանում։ Մեկ չէ՞, ում հիպոֆիզն է։

Հունվարի 17-ին։ Մի քանի օր չեմ գրառել։ Հիվանդ էի գրիպով։

Այս ընթացքում կերպարանքը վերջնականապես կայունացավ։

ա) մարմնի կառուցվածքով՝ կատարյալ մարդ,

բ) քաշը՝ շուրջ երեք փութ,

գ) հասակը՝ կարճ,

դ) Գլուխը փոքր,

ե) սկսել է ծխել,

զ) մարդկային կերակուր է ուտում,

է) հագնվում է ինքնուրույն,

ը) խոսակցություն է վարում սահուն։

- - -

Այ քեզ հիպոֆիզ (թանաքաբիծ)։

- - -

Սրանով ավարտում եմ հիվանդության պատմությունը։ Մեր առջև է նոր օրգանիզմ և նրան հարկ է հետևել սկզբից։

Կցվում է. խոսքերի սղագրությունները, ձայնագրություններ, լուսանկարներ։

Ստորագրությունը՝ պրոֆեսոր Ֆ. Ֆ. Պրեոբրաժենսկիյի ընթերակա դոկտոր Բորմենտալ։

6

Ձմեռվա երեկո էր։ Հունվարի վերջը։ Մինչճաշյա, մինչընդունելության ժամանակ։ Ընդունարանի դռան բարավորին՝ ճերմակ թուղթ, որի վրա Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձեռագրով.

«Բնակարանում արևծաղկի սերմ չրթել արգելում եմ։ Ֆ. Պրեոբրաժենսկիյ», և կապույտ մատիտով, կարկանդակի պես խոշոր տառերով, Բորմենտալի ձեռքով.

«Ցերեկվա ժ. 5-ից մինչև առավոտյան ժ. 7-ը երաժշտական նվագարաններ նվագել չի կարելի»։

Ապա՝ Զինայի ձեռքով.

«Երբ վերադառնաք, Ֆիլիպ Ֆիլիպովիչին ասեք. ես չգիտեմ, ուր գնաց նա։ Ֆյոդորն ասաց՝ Շվոնդերի հետ»։

Պրեոբրաժենսկիյի ձեռագրով.

«Ապակի գցողին ես հարյուր տարի պիտի՞ սպասեմ»։

Դարյա Պետրովնայի ձեռագրով (տպագիր).

«Զինան գնաց խանութ, ասաց՝ կբերի»։

Ճաշասենյակում կատարելապես երեկոյվայել էր բալեգույն լուսամփոփի շնորհիվ։ Բուֆետից լույսն ընկնում էր կիսված՝ հայելային ապակիների խաչաձև թղթեր էին սոսնձած մի կողագծից մյուսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը կռացած սեղանի վրա, խորասուզվել էր լրագրի բացված վիթխարի էջի վրա։ Շանթեր էր արձակում նրա դեմքը, և ատամների արանքներից սփռվում էին կցկտուր, պոչատ բառեր։ Նա թղթակցություն էր կարդում.

«Ոչ մի կասկած չկա, որ դա նրա ապօրինի զավակն է (ինչպես կարտատհայտվեին բուրժուական նեխած հասարակության մեջ): Ահա թե ինչպես է զվարճանում մեր կեղծ գիտական բուրժուազիան։ Յոթը սենյակ կարող է զբաղեցնել յուրաքանչյուրը, քանի դեռ արդարադատության փայլուն սուրը չի շողացել նրա գլխին կարմիր ճառագայթներով։

Շվ...ր»։

Երկու պլատ այն կողմ համառորեն, սրտոտ ճարպկությամբ բալալայկա էին նվագում, և «Լուսինն է շողում»֊ի հնարամիտ վարիացիաները Ֆիլիպ Ֆիլիպովիչի գլխում թղթակցության բառերի հետ նողկալի շփոթ էր դարձել։ Կարդալով-ավարտելով, նա չոր թքեց ուսի վրայից և մեքենայաբար երգեց ատամների արանքից.

― «Լուս-սի-նն է շողում... լուսինն է շողում... լուսինն է շողում ...»։ Թուհ, մտել-դուրս չի գալիս... անիծյալ մեղեդին։

Նա զանգ զարկեց։ Զինայի դեմքը երևաց թանձր վարագույրի արանքներից։

― Դրան ասա, որ ժամը 5-ն է։ Թող վերջ տա։ Ու կանչիր այստեղ, խնդրում եմ։

Ֆիլիպ Ֆիլպովիչը նստած էր բազկաթոռին, սեղանի մոտ։ Ջախ ձեռքի մատների արանքում սիգարի դարչնագույն մնացորդ կար։ Վարագույրի մոտ, կողափայտին հենված, ոտքը ոտքին դրած մի կարճլիկ մարդ էր կանգնած, անբարետես արտաքինով։ Գլխի մազերը կոշտ էին, փունջ-փունջ, ինչպես արմատահան հողում, դեմքին՝ չսափրած բուրդ։ Ճակատը զարմացնում էր իր նեղությամբ։ Համարյա բաժան հոնքերի սև փնջից սկսվում էր գլխի խիտ խոզանակը։

Ձախ թևատակը պատռված պիջակը ծղոտապատ էր, զոլավար շալվարի աջ ծունկը ճղված էր, ձախը մանուշակագույն ներկով աղտոտված։ Վզին թունավոր երկնագույն փողկապ կար՝ կեղծ սուտակի քորոցով։ Այդ փողկապի գույնն այնքան էր ցցուն, որ ժամանակ առ ժամանակ փակելով հոգնած աչքերը, Ֆիլիպ Ֆիլիպովիչը կատարյալ մթության մեջ մեկ առաստաղին, մեկ պատին տեսնում էր բոցավառվող ջահ՝ երկնագույն պսակով։ Բացելով աչքերը, նորից կուրացավ, քանի որ հատակից, լույսի հովհարի ցոլքերով, աչք էին ծակում լաքապատ կոշիկները, սպիտակ զանգապաններով։

«Ասես կրկնակոշիկներով լինի»,— տհաճ զգացողությամբ մտածեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, հոգոց հանեց, ֆսֆսացրեց ու սկսեց զբաղվել հանգած սիգարետով։ Դռան մոտի մարդը պղտորված, մանրիկ աչքերով խեթխեթում էր պրոֆեսորին, մոխիրը թափելով կրծքակալին։

Փայտաշեն անտառակաքավի կողքի պատի ժամացույցը ժամը 5-ը զանգահարեց։ Ժամացույցի ներսում ինչ-որ բան տնքաց, երբ Ֆիլիպ Ֆիլիպովիչը խոսել սկսեց.

— Կարծեմ, երկու անգամ արդեն խնդրել եմ խոհանոցի վերնաթախտին չքնել, առավել ևս՝ ցերեկը։

Մարդը հազաց խռպոտաձայն, ասես կոկորդում բան կար մնացած և պատասխանեց.

— Էնտեղի օդը դուրեկան է։

Նրա ձայնն անսովոր էր, խուլ և միաժամանակ թնդուն, ինչպես փոքր տակառի մեջ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչն օրորեց գլուխը և հարցրեց.

— Որտեղի՞ց է այդ գարշանքը։ Փողկապի մասին եմ ասում։

Մարդը, աչքերով հետևելով մատին, ցցած շրթունքի վրայից խեթեց և սիրով նայեց փողկապին։

— Ինչի՞ որ... «գարշանք»,— սկսեց նա։— Շքեղ փողկապ է։ Դարյա Պետրովնան է նվիրել։

— Դարյա Պետրովնան ձեզ նողկանք է նվիրել։ Այդ կոշիկների նման։ Այդ ի՞նչ շողշողուն փչություն է, որտեղի՞ց։ Ես ի՞նչ խնդրեցի։ Գնել կար֊գին կո֊շիկներ։ Իսկ սրա՞նք ինչ են։ Մի՞թե դոկտոր Բորմենտալն է դրանք ընտրել։

— Ես եմ նրան կարգադրել, որ լաքապատ լինի։ Ի՞նչ է, մյուսներից պակա՞ս եմ։ Գնացեք Կուզնեցկիյ, բոլորը լաքե կոշիկներով են։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը գլուխն օրորեց և խոսեց ազդու.

— Վերնաթախտերին քնելը դադարեցվում է։ Հասկանալի՞ է։ Այդ ի՞նչ բռիություն է։ Չէ՞ որ խանգարում եք։ Այնտեղ կանայք են։

Մարդու դեմքը մթագնեց և շրթունքները փքվեցին։

— Չէ՜ մի, կանայք։ Երևակայողներիս տես։ Տիկիննե՜ր։ Սովորական ծառայողներ են, ձևեր են թափում, կարծես կոմիսարուհի են։ Էդ լրիվ Զինկան է բամբասում։

Խստադեմ նայեց.

― Չհամարձակվես Զինային Զինկա ասել։ Հասկացա՞ք։

Լռություն։

— Հասկացա՞ք, ձեզ եմ հարցնում։

— Հասկացանք։

— Վզից հանեք այդ աղբը... դու... դուք ձեզ նայեք հայելու մեջ՝ ում եք նման։ Խայտառակություն, ուրիշ ոչինչ։ Ծխախոտի մնացորդները հատակին չգցել, հարյուրերորդ անգամ եմ խնդրում։ Այլևս ոչ մի հայհոյական խոսք չլսեմ բնակարանում։ Չթքոտել։ Ահա թքամանը։ Միզարանից զզուշորեն օգտվել։ Բոլոր կարգի խոսակցությունները Զինայի հետ դադարեցնել։ Նա բողոքում է, որ մութ տեղերում հսկում եք նրան։ Տեսեք, հա։ Այցելուին ո՞վ է ասել՝ «Շները գիտեն»։ Իսկականից ի՞նչ է, գինետանը հո չե՞ք։

— Մի տեսակ շատ ցավալի եք ինձ նեղում, հայրի՛կ,— հանկարծ լացակումած խոսեց մարդը։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, ակնոցր փայլեց։

— Այստեղ ո՞վ է ձեզ համար «հայրիկը»։ Այս ի՞նչ ընտանեվարություն է։ Այլևս չլսեմ նման բան։ Ինձ կոչել անուն հայրանունով։

Հանդուգն արտահայտություն բռնկվեց մարդուկի մեջ։

— Ինչ եք անընդհատ... մեկ՝ մի թքի, մեկ՝ մի թքի... էնտեղ մի գնա։ Սա ի՞նչ բան է, իսկականից, մաքուր ոնց որ տրամվայում։ Ինչի՞ չեք թողում ապրեմ։ «Հայրիկի» համար էլ իզուր եք։ Ես ձեզ խնդրե՞լ եմ, որ վրաս վիրահատեք,— մարդը բորբոքված հաչում էր,— լավ գործ է։ Կենդանուն բռնել են, դանակով գլուխը ճղճղել, հիմի էլ զզվում են։ Գուցե ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ վիրահատեք։ Այդպես էլ (մարդուկն աչքերը հառեց առաստաղին, ասես ինչ֊որ բանաձև հիշելու համար)... այդպես էլ իմ հարազատները։ Գուցե ես իրավունք ունեմ հայց ներկայացնել։

Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքերը բացարձակ կլորացան, սիգարն ընկավ մատների արանքից։ «Այ քեզ, տիպ»,— սուրաց գլխում։

— Այսպես֊ս,— աչքերը կկոցելով հարցեց նա,— դուք հաճում եք դժդո՞հ լինել, որ ձեզ վերափոխել են մարդու։ Գուցե կնախընտրեք նորի՞ց վազ տալ աղբամանից աղբաման։ Սառել֊մնալ դարպասատակերում։ Է, եթե ես իմանայի...

— Ի՜նչ եք ամեն անգամ երեսով տալիս աղբաման, աղբաման։ Ես իմ մի կտոր հացը վաստակել եմ։ Իսկ թե որ մեռնեի՞ դանակի տակ։ Սրա՞ն ինչ կասեք, ընկեր։

— «Ֆիլիպ Ֆիլիպովիչ»,— բորբոքված բացականչեց պրոֆեսորը,— ես ձեզ համար ընկեր չեմ։ Սա հրեշավոր է։— «Մղձավանջ է, մղձավանջ»,— անցավ նրա մտքով։

— Խոսք չկա։ ո՜նց կլինի, հեգնաբար խոսեց մարդը և ոտքը հաղթական առաջ դրեց,— հասկանում ենք։ Մենք ձեզ ի՜նչ ընկեր։ Մենք ո՜ւր, դուք՝ ո՜ւր։ Համալսարաններում չենք սովորել, տասնհինգ սենյականոց, լոգարաններով բնակարաններում չենք ապրել։ Մենակ թե հիմի էդ բաները պիտի թողնել։ Ներկայիս օրերում ամեն մարդ իր իրավունքն ունի...

Ֆիլիպ Ֆիլիպովիչը, գունատվելով, լսում էր մարդուկի դատողությունները։ Սա ընդհատեց խոսքն ու ցուցադրաբար քայլերն ուղղեց դեպի մոխրամանը, ծամծմեց գլանակը ձեռքին։ Ճոճաքայլ էր գնում։ Երկար ժամանակ ճմլում էր քնթուկը մոխրամանի մեջ, մի արտահայտությամբ, որն ասում էր՝ «Առ քեզ, առ, առ»։ Գլանակը հանգցնելով, քայլելիս նա հանկարծ շրխկացրեց ատամներն ու քիթը մտցրեց կռնատակը։

— Լվերը որսալ մատներով։ Մատներով,— մոլեգնած բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— չեմ հասկանում՝ որտեղի՞ց եք դրանք հավաքում։

— Կարո՞ղ է ինքս եմ բազմացնում,— նեղացավ մարդը,— երևի լվերն ինձ սիրում են,— այստեղ նա մատներով քչփորեց թևատակի աստառի մեջ և բաց թողեց շեկ բամբակի մի փունջ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը հայացքը հառել էր առաստաղի նախշերին և մատներով կտկտացրեց սեղանին։ Լվի վերջը տալով, մարդը ետ քաշվեց և նստեց աթոռին։ Ըստ որում, ձեռքերը, թաթերը կախ, իջեցրեց պիջակի դարձակալներն ի վար։ Աչքերը խեթել էր մանրահատակի քառակուսիներին։ Նայում էր իր կոշիկներին և դա նրան մեծ հաճույք էր պատճառում։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց այնտեղ, ուր կտրուկ փայլ էին արձակում բութ կոշկաքթերը, աչքերը կկոցեց և հարցրեց.

— Այդ ի՞նչ գործի մասին էիք ուզում ինձ հայտնել։

— Գործս ո՞րն է։ Հասարակ բան է։ Ինձ փաստաթուղթ է պետք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։

Ֆիլիպ, Ֆիլիպովիչը փոքր–ինչ այլայլվեց։

— Հը՛մ... Գրողը տանի... Փաստաթուղթ։ Իսկապես... Քըհմ... բայց գուցե առանց դրա մի կերպ կարելի՞ է,— նրա ձայնը հնչում էր անվստահ ու տրտմագին։

— Ներող կըլնեք,— վստահ պատասխանեց մարդը,— էդ ո՞նց կըլնի առանց փաստաթուղթ։ Էդ մեկը կներեք։ Ինքներդ գիտեք, մարդուն խստիվ արգելվում է գոյություն ունենալ առանց փաստաթուղթ։ Նախ և առաջ, տնային կառավարիչը։

— Ի՞նչ կապ ունի այդ կառավարիչը։

— Ո՞նց թե ինչ կապ։ Հանդիպում են, հարցնում, ասում՝ հարգելիս, ե՞րբ պիտի գրանցվես։

— Ահ, տեր Աստված,— վհատված բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— «հանդիպում են, հարցնում»... Պատկերացնում եմ, թե ինչեր եք նրանց ասում։ Չէ՞ որ ես ձեզ արգելել եմ թրև գալ սանդուղքի վրա։

— Ի՞նչ է, բանտարկյա՞լ եմ,— զարմացավ մարդը, և արդարացիության գիտակցումը շողաց անգամ սուտակի մեջ։— Ոնց թե «թրև գալ»։ Շատ վիրավորական են ձեր խոսքերը։ Ես ման եմ գալիս, ինչպես բոլոր մարդիկ։

Այդ ընթացքում նա լաքապատ ոտքերը քստքստացրեց հատակին։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը լռեց, աչքերը մի կողմ տարավ։ «Ամեն դեպքում պետք է զսպել իրեն»,— մտածեց նա։ Մոտենալով բուֆետին, մեկ շնչով մի բաժակ ջուր խմեց։

— Լ-լավ,— ավելի հանգիստ, սկսեց նա,— բառերի մեջ չէ խնդիրը։ Այսպիսով, ի՞նչ է ասում ձեր այդ սքանչելի կառավարիչր։

— Ի՞նչ պիտի ասի։ Եվ դուք նրան իզուր եք սքանչելի ասելով փնովում։ Նա շահերն է պաշտպանում։

— Ո՞ւմ շահերը թույլ տվեք տեղեկանալ։

— Հայտնի է, թե ում։ Աշխատավոր էլեմենտի։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը չռեց աչքերը։

— Ինչո՞ւ, դուք աշխատավո՞ր եք։

— Հայտնի բան է, նէպման չեմ։

— Լավ, լավ։ Այսպիսով, իսկ ի՞նչ է նրան պետք ի պաշտպանություն ձեր հեղափոխական շահի։

— Ի՞նչ պիտի՝ ինձ գրանցել։ Նրանք ասում են, թե որտե՞ղ է տեսնված, որ մարդը չգրանցված ապրի Մոսկվայում։ էս՝ մեկ։ Ամենագլխավորը հաշվառման թերթիկն է։ Ես չեմ ուզում դասալիք լինել։ Դրանից հետո՝ միություն, բորսա...

— Թույլ տվեք հարցնել, ինչի՞ հիման վրա պիտի ձեզ գրանցեմ։ Այս սփռոցի՞։ Թե՞ ըստ իմ անձնագրի։ Պետք է հաշվի առնե՞լ ստեղծված վիճակը։ Մի մոռացեք, որ դուք... է... հըմմ... չէ՞ որ դուք, այսպես ասած, անսպասելի հայտնված արարած եք, լաբորատորային...— Ֆիլիպ Ֆիլիպովիչն ավելի ու ավելի անվստահ էր խոսում։

Մարդը հաղթական լուռ, էր։

— Հրաշալի։ Ինչ կա որ, վերջիվերջո, պետք է ձեզ գրանցել և դասավորել ամեն ինչ ձեր այդ կառավարչի պլանով։ Բայց դուք ոչ անուն ունեք, ոչ ազգանուն։

— Էդ մեկը ճիշտ չէիք։ Ես ինձ շատ հանգիստ կարող եմ անուն վերցնել։ Կտպեմ թերթում, ու պըրծ։

— Եվ ինչպե՞ս է պետք ձեզ կոչել։

Մարդուկն ուղղեց փողկապը ու ասաց.

— Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ։

— Հիմար բաներ դուրս մի տվեք,— խոժոռված պատասխանեց ֆիլիպ ֆիլիպովիչը։— Ես ձեզ հետ լուրջ եմ խոսում։

Թունալի քմծիծաղից ծռվեցին մարդուկի բեղերը։

― Մի բան չեմ հասկանում,— խոսեց նա զվարթ ու իմաստավորված,— ինձ մեր ուշունց տալ՝ չի կարելի, թքել՝ չի կարելի, ձեզնից մի բան են հենց լսում՝ «հիմար» ու «հիմար»։ Երևում է, մենակ պրոֆեսորներին է թույլատրված հայհոյել Էսէսէֆէսէռում։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, և ջուրը լցնելիս կոտրեց բաժակը։ Մյուսից խմելով, մտածեց. «Մի քիչ էլ մնա, նա կսկսի ինձ սովորեցնել, և կատարելապես իրավացի կլինի։ Չեմ կարողանում ինձ տիրապետել»։

Նա չափազանցված բարեկրթությամբ թեքեց իրանը և երկաթյա ամրությամբ արտաբերեց.

— Կներեք։ Նյարդերս քայքայված են։ Ձեր անունն ինձ արտառոց թվաց։ Որտեղի՞ց եք գտել նման բան, հետաքրքիր է։

— Տնային կառավարիչն է խորհուրդ տվել։ Օրացույցի մեջ փնտրեցինք, քեզ հարմար բան գտանք։

— Ոչ մի օրացույցում նման բան չի կարող լինել։

— Շատ զարմանալի է,— մարդուկը քմծիծաղ տվեց,— ձեր զննարանում է կախված։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած տեղից շրջվեց պաստառի վրայի կոճակին եւ զանգի վրա հայտնվեց Զինան։

— Զննարանից օրացույցը բերեք։

Դադար եղավ։ Երբ Զինան ետ եկավ օրացույցով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը հարցրեց.

— Ո՞ւր է։

Մարտի 4-ին է տոնվում։

— Ցույց տվեք... հըմ... Գրողը տանի... Զինա, սա գցեք վառարանը, հենց հիմա։

Զինան, վախեցած չռելով աչքերը, տարավ օրացույցը, իսկ մարդուկը կշտամբալի օրորեց գլուխը։

— Թույլ տվեք ազգանունն իմանա։

— Ես համաձայն եմ ժառանգականն ընդունել։

— Ինչպե՞ս։ Ժառանգակա՞նը: Ո՞րն է։

— Շարիկով։

* * *

Աշխատասենյակում, սեղանի առաջ, կանգնած էր տնային կառավարիչ Շվոնդերը՝ կաշվե բաճկոնով։ Դոկտոր Բորմենտալը նստած էր բազկաթոռին։ Ընդ որում, դոկտորի՝ սառնամանիքից կարմրած այտերին (նա նոր էր վերադարձել) նույնքան շվաթահար արտահայտություն կար, ինչքան և Ֆիլիպ Ֆիլիպովիչի։

— Իսկ ինչպե՞ս գրեմ,— համբերատարությամբ հարցրեց նա։

— Ինչ կա որ,— խոսեց Շվոնդերը,— դժվար գործ չի։ Որ էսպես-էսպես սույնը ներկայացնողը քաղաքացի Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովն է, Հըմ... ծնունդ առած ձեր բնակարանում...

Բորմենտալը տարակուսած շարժվեց բազկաթոռի մեջ, Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց բեղը։

— Հըմ... սատանան տանի... Ավելի հիմար բան պատկերացնել իսկ չի կարելի։ Ամենևին էլ ծնունդ չի առել, այլ պարզապես... է, մի խոսքով...

— Դա ձեր գործն է,— հանգիստ չարախնդությամբ արտաբերեց Շվոնդերը,— ծնունդ է առել, թե՝ ոչ... Ընդհանրապես և մասնավորապես, դուք եք արել փորձը, չէ՞, պրոֆեսոր։ Դուք էլ ստեղծել եք քաղաքացի Շարիկովին։

— Ու շատ հասարակ,— հաչաձայն ասաց Շարիկովը գրապահարանի մոտից։ Նա վայելում էր իր փուղկապի արտացոլումը հայելային անդունդի մեջ։

— Ես ձեզ շատ կխնդրեի,— գռմռաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— խոսակցության մեջ չընկնել։ Շատ իզուր եք ասում՝ «Ու շատ հասարակ», բոլորովին էլ հասարակ չէ։

— Այդ ինչպե՞ս մեջ չընկնեմ,— նեղացած բռբռաց Շարիկովը, իսկ Շվոնդերն անհապաղ պաշտպան կանգնեց նրան։

— Կներեք, պրոֆեսոր, քաղաքացի Շարիկովը միանգամայն իրավացի է։ Դա նրա իրավունքն է՝ մասնակցել սեփական ճակատագրի քննարկմանը, հատկապես այնքանով, որքանով, որ հարցը փաստաթղթերին է վերաբերում։ Փաստաթուղթն ամենակարևոր բանն է աշխարհում։

Այդ պահին երկար զանգը գլխավերևում ընդհատեց խոսակցությունը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը խոսափողի մեջ ասաց՝ «Այո», շառագունեց ու բղավեց.

— Կխնդրեմ դատարկ բաներով ինձ չզբաղեցնել։ Ձե՞ր ինչ գործն է,— և լսափողը շրխկոցով դրեց լծակների վրա։

Երկնագույն բերկրանք սփռվեց Շվոնդերի դեմքին։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կարմրատակելով, բղավեց.

― Մի խոսքով, վերջացնենք սա։

Նա մի թերթ պոկեց ծոցատետրից, մի քանի բառ գրեց, հետո բորբոքված սկսեց բարձրաձայն կարդալ.

— «Սույնով հաստատում եմ»... սատանան գիտե, թե սա ինչ է... հըմ... «սույնը ներկայացնողը մարդ է, ստեղծված լաբորատոր փորձի ընթացքում, գլխուղեղի վիրահատության ճանապարհով և կարիք ունի փաստաթղթերի»... սատանան տանի... Ես ընդհանրապես դեմ եմ այդ տխմար փաստաթղթերն ստանալուն... Ստորագրությունը՝ «պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ»։

— Պրոֆեսոր, բավական տարօրինակ է,— նեղացավ Շվոնդերը,— որ փաստաթղթերը դուք համարում եք տխմար։ Ես չեմ կարող թույլ տալ տան մեջ անփաստաթուղթ կենվորի ներկայություն, այն էլ հաշվառման չվերցված միլիցիայի կողմից: Իսկ որ հանկարծ պատերազմ լինի՞ իմպերիալիստական գիշատիչների դեմ։

― Ես կռվելու չեմ գնա ոչ մի տեղ,— խոժոռված գռմռաց Շարիկովը պահարանին։

Շվոնդերը շփոթվեց, բայց արագ տիրապետեց իրեն և քազաքավարի նկատեց.

— Քաղաքացի Շարիկով, դուք վերին աստիճանի անգիտակից եք խոսում։ Զինվորական հաշվառման անհրաժեշտ է կանգնել։

— Հաշվառման կկանգնեմ, իսկ կռիվ գնալ՝ առ հա, ձեզ,— թշնամաբար պատասխանեց Շարիկովը և ուղղեց վարդակապը։

Շփոթվելու հերթը հասավ Շվոնդերին։ Պրոֆեսորը թե չարախինդ, թե տրտմագին հայացք փոխանակեց Բորմենտալի հետ. «Հրամեցեք, խրատը չէ՞ սա»։ Բորմենտալը բազմանշանակ գլխով արեց։

— Ես ծանր վիրավորված եմ վիրահատության ժամանակ,— խոժոռված վնգստում էր Շարիկովը,— տես, ի՜նչ են արել,— և ցույց տվեց գլուխը։

― Դուք անարխիստ-ինդիվիդուալի՞ստ եք,— հարցրեց Շվոնդերը՝ շատ վեր տնկելով հոնքերը:

— Ինձ սպիտակ տոմս է հասնում,— դրան պատասխանեց Շարիկովը։

― Դե, լավ, դեռ կարևոր չի,— պատասխանեց զարմացած Շվոնդերը։— Փաստն այն է, որ մենք պրոֆեսորի տեղեկանքը կուղարկենք միլիցիա և ձեզ փաստաթուղթ կտան։

― Ինչ եմ ասում... է՜...— հանկարծ ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ակներևաբար տանջվելով ինչ֊որ մտքից։— Տան մեջ ազատ սենյակ չկա՞, ես համաձայն եմ գնել։

Դեղնավուն կայծեր հայտնվեցին Շվոնդերի խաժ աչքերում։

― Չէ, պրոֆեսոր, շատ֊շատ եմ ափսոսում։ Ու չի էլ սպասվում։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց շրթունքները ու ոչինչ չասաց։ Կրկին խելագարի պես զնգզնգաց հեռախոսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ոչինչ չհարցնելով, լուռ շպրտեց լսափողը պոզիկների վրայից այնպես, որ սարքը, մի քիչ պտտվելով, կախվեց երկնագույն լարից։ Բոլորը ցնցվեցին։

«Շատ է նյարդայնացել ծերուկը»,— մտածեց Բորմենտալը, իսկ Շվոնդերը, աչքերը շողացնելով, խոնարհվեց ու դուրս եկավ։

Շարիկովը, կոշիկները ճռճռացնելով, գնաց նրա ետևից։

Պրոֆեսորը և Բորմենտալը մնացին երկուսով։

Քիչ լռելուց հետո, Ֆիլիպ Ֆիլիպովիչը մանրիկ օրորելով գլուխը, սկսեց խոսել.

— Ազնիվ խոսք, սա մղձավանջ է։ Դուք տեսնո՞ւմ եք։ Թանկագին դոկտոր, երդվում եմ, այս երկու շաբաթվա ընթացքում ես տանջվել եմ ավելի, քան վերջին տասնչորս տարվա ընթացքում։ Ի՜նչ տիպար է, իսկը...

Հեռվում խլաձայն ճաքեց ապակին, ապա կնջ խուլ ճիչ լսվեց ու իսկույն մարեց։ Մի չար ուժ շպրտվեց միջանցքի պաստառների վրայով, զննարանի ուղղությամբ, այնտեղ ինչ-որ բան դրխկաց և ակնթարթորեն ետ սուրաց։ Դռներ շխկշխկացին, և խոհանոցից արձագանքեց Դարյա Պետրովնայի խուլ ճիչը։ Ապա վնգստաց Շարիկովը։

― Աստվա՜ծ իմ։ Է՞լ ինչ եղավ,— գոչեց Ֆիլիպ ֆիլիպովիչը՝ նետվելով դեպի դուռը։

— Կատու է,— կռահեց Բորմենտալը և դուրս թռավ նրա ետևից։ Նրանք միջանցքով սլացան նախասենյակ, թափով մտան այնտեղ, այնտեղից միջանցքով դեպի զուգարան և լողասենյակ։ Խոհանոցից դուրս պրծավ Զինան և բախվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին։

— Քանի՞ անգամ եմ հրամայել, որ կատու-մատու չլինի,— կատաղությամբ բղավեց Ֆիլիպ ֆիլիպովիչը։— Նա որտե՞ղ է։ Իվան Առնոլդովիչ, ի սեր Աստծո, այցելուներին հանգստացրեք ընդունարանում։

― Լողասենյակում, լողասենյակում է շնթռել անիծյալ սատանան,— հևասպառ ձայնեց Զինան։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը վրա ըկավ լողասենյակի դռանը, բայց դուռը չբացվեց։

― Այս վայրկյանին բացել։

Ի պատասխան, փակ լողասենյակի պատերին ինչ֊որ բաներ շարժվեցին, կոնքեր րնկան, Շարիկովի վայրի ձայնը խուլ թափանցեց փակ դռնից.

― Տեղնուտեղը կսատկացնեմ...

Ջուրն աղմկեց խողովակներում և հոսեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ընկավ դռան վրա և սկսեց պոկել տեղից։ Քրտնամխած Դարյա Պետրովնան այլայլված դեմքով հայտնվեց խոհանոցի շեմին։ Հետո լոգասենյակից խոհանոց ելնող, առաստաղի տակի բարձր ապակին ճաքեց, ապակու կտորտանք թափվեց, որից հետո ցած թրմփաց վիթխարի չափերի մի կատու, վագրի պես զոլավոր և երկնագույն վարգակապը վզին, նման գորոդովոյի։ Նա ընկավ սեղանին դրված երկար մատուցարանի վրա, կոտրելով երկարությամբ, մատուցարանից հատակին, հետո շուռ եկավ երեք թաթերի վրա, չորորդը թափ տվեց, ասես պարելով, և իսկույն սողոսկեց նեղ անցքից դեպի ետնասանդուղք։ Ճեղքը լայնացավ, և կատուն փոխարինվեց գլխաշորով պառավի։ Պառավի՝ սպիտակ պուտերով շրջազգեստը հայտնվեց խոհանոցում։ Պառավը բթամատով և ցուցամատով սրբեց ներս ընկած բերանը, ուռած ու ծակող աչքերով հայացքը պտտեց խոհանոցով և հետաքրքրությամբ արտաբերեց.

― Օ՜, Հիսուս Քրիստոս։

Գունատված Ֆիլիպ Ֆիլիպովիչը հատեց խոհանոցը և խստաձայն հարցրեց պառավին.

― Ձեզ ի՞նչ է պետք։

― Հետաքրքիր է նայել խոսող շնիկին,— հաճոյանալով պատասխանեց պառավը և խաչակնքեց։

Ֆիլիպ Ֆիլիպովիչն ավելի գունատվեց, ընդհուպ մոտեցավ պառավին և թշշացրեց.

― Այս վայրկյանին դուրս խոհանոցից։

Պառավը ետ֊ետ գնաց դեպի դուռը և նեղացած ասաց.

― Մի տեսակ շատ է կոպիտ, պարոն պրոֆեսոր։

— Դուրս, ասացի,— կրկնեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, և նրա աչբերը կլորացան՝ բվի աչքերի պես։ Նա իր ձեռքով շրխկացրեց ետնամուտքի դուռը պառավի ետևից,— Դարյա Պետրովնա, ախր, ես ձեզ խնդրել եմ, չէ՞։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հուսահատված պատասխանեց Դարյա Պետրովնան, ձեռքերը սեղմելով բռունցքների,— ես ի՞նչ անեմ... Մարդիկ առավոտից երեկո դուռը կոտրում են, ամեն գործ պիտի թողնես։

Լոգասենյակում ջուրը խշշում էր խուլ ու վտանգավոր, բայց ձայներ չէին լսվում այլևս։ Ներս մտավ դոկտոր Բորմենտալը։

― Իվան Առնոլդովիչ, շատ եմ խնդրում... հըմ... քանի՞ այցելու կա այնտեղ։

— Տասնմեկ,— պատասխանեց Բորմենտալը։

— Բոլորին բաց թողեք, այսօր չեմ ընդունելու։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը մատի ոսկորով թակեց դուռը և բղավեց.

— Այս իսկ րոպեին դուրս եկեք։ Ինչի՞ համար եք փակվել։

— հո՜ւ֊հո՜ւ,— աղիողորմ և ցածրաձայն պատասխանեց Շարիկովը։

— Սատանան տանի... Չեմ լսում։ Փակեք ծորակը։

― Հաֆ... ուհո~ւ...

— Փակեք ջուրը։ Ինչ է արել, չեմ հասկանում,— մոլեգնության հասած, բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զինան և Դարյա Պետրովնան, բերանները բաց արած, հուսահատ նայում էին դռանը։ Ջրի աղմուկին ավելացավ կասկածելի ճողփյուն։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը բռունցքներով մի անգամ էլ խփեց դռանը։

— Հրեն նա,— խոհանոցից բղավեց Դարյա Պետրովնան։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը նետվեց այնտեղ։ Առաստաղի տակ ջարդված պատուհանի մեջ հայտնվեց և դուրս նայեց Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի կերպարանքը։ Այլայլված էր, աչքերն՝ արտասվաթոր, քթի երկայնքով թարմ արյունից կարմրած ճանկռվածք էր տարածվում։

— Դուք խելքը թռցրե՞լ եք,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ինչո՞ւ չեք դուրս գալիս։

— Շրխկացվել եմ։

— Բացեք փակը: Ի՞նչ է, կողպեք չե՞ք տեսել երբեք։

— Ախր, չի բացվում անիծվածը,— վախեցած պատասխանեց Պոլիգրաֆը։

— Տեր Աստված, նա պահպանափակն է գցել,— բղավեց Զինան և ձեռքերն իրար զարկեց։

— Այնտեղ մի տեսակ կոճակ կա,— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ջանալով խլացնել ջրի ձայնը,— սեղմեք դա ցած... Ցած սեղմեք։ Ցած։

Շարիկովը չքվեց, մի րոպե անց կրկին հայտնվեց պատուհանին։

— Շան որդին չի երևում,— սարսափահար հաչաց նա։

— Լամպը վառեք։ Կատաղել է։

— Անիծված կատուն լամպը փշրել է,— պատասխանեց Շարիկովը,— ես էլ ուզում էի էդ սրիկայի ոտից բռնել, ծորակը բացեցի, իսկ հիմա գտնել չեմ կարողանում։

Երեքն էլ ծափ զակեցին ու քարացան այդ դիրքով։

Հինգ բոպե անց Բորմենտալը, Զինան և Դարյա Պետրովնան կողք֊կողքի նստած էին ոլորածալ, թաց գորգի վրա, դռան առաջ և հետույքներով գորգը սեղմում էին դռնատակի անցքին, իսկ շվեյցար Ֆյոդորը, Դարյա Պետրովնայի պսակադրության մոմը վառած, փայտյա ելարանով բարձրացել ու մտնում էր ձեղնապատուհանից ներս։ Նրա խոշոր, մոխրագույն քառեկանախշ հետույքը երևաց ու անհետացավ անցքի մեջ։

— Դու... հու-հու...,— ինչ-որ բան էր բղավում Շարիկովը ջրի խշշոցի միջից։

Պատուհանից, ճնշման տակ մի քանի անգամ ջուր ժայթքեց խոհանոցի առաստաղին, և ջրի հոսքը մեղմվեց։

Լսվեց Ֆյոդորի ձայնը.

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ մեկ է, պետք է դուռը բացել, թող դուրս գա, հետո խոհանոցից կքամենք։

— Բաց արեք,— բարկացած ձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Այն երեքը վեր կացան գորգի վրայից, լողասենյակից սեղմեցին դուռը և ջուրն իսկույն խուժեց միջանցք։ Այստեղ բաժանվեց երեք վտակի. ուղիղ հակառակ կողմը՝ դեպի զուգարան, դեպի աջ՝ խոհանոց և դեպի ձախ՝ նախասրահ։ Չլմփացնելով ու ցատկոտելով, Զինան փակեց նախասրահի դուռը։ Մինչև կոճերը ջրի մեջ, դուրս եկավ Ֆյոդորը, չգիտես ինչու ժպտալով։ Նա կարծես մոմլապատ լիներ՝ ամբողջովին թաց։

— Հազիվ խցկեցի, ճնշումը մեծ էր,— բացատրեց նա։

— Ո՞ւր է նա,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և անիծելով բարձրացրեց մի ոտքը։

― Վախենում է դուրս գալ,— անմիտ ժպտալով բացատրեց Ֆյոդորը։

― Ծեծելո՞ւ եք, հայրիկ,— լողասենյակից լսվեց Շարիկովի լացակումած ձայնը։

— Տխմար,— կարճ արձագանքեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Զինան և Դարյա Պետրովնան, մինչև ծնկները քշտած շրջազգեստներով, բոբիկ, Շարիկովը և շվեյցարը՝ էլի բոբիկ, վեր քշտած շալվարի փողքերով, թաց լաթերը տանում֊բերում էին խոհանոցի հատակին և քամում դրանք կեղտոտ դույլերի և կոնքի մեջ։ Անուշադրության մատնած սալօջախը գվվում էր։ Դռան տակից ջուրը լցվում էր թնդուն սանդուղք և թափվում նկուղ։

Բորմենտալը, ոտնաթաթերի վրա ձգված, կանգնած էր ջրալճակի մեջ նախասենյակի մանրահատակին և քիչ կիսաբաց դռնից բանակցություններ էր վարում։

— Այսօր ընդունելություն չի լինելու, պրոֆեսորը վատառողջ է։ Բարի եղեք, հեռացեք դռնից, խողովակ է պայթել մեզ մոտ։

― Իսկ ե՞րբ կլինի ընդունելություն,— համառում էր ձայնը դռան մյուս կողմից։— Գոնե մեկ րոպեով ես...

― Չեմ կարող,— Բորմենտալը ոտնաթաթերից կրունկներին կանգնեց։— Պրոֆեսոը պառկած է, ջրի խողովակն էլ պայթել է։ Վաղը՝ խնդրեմ։ Զինա, սիրելիս։ Այստեղից քամեք, թե չէ շքամուտք կլցվի։

— Լաթերը չեն չորանում։

— Հիմա ամաններով կանենք,— արձագանքեց Ֆյոդորը,— հիմա։

Զանգերը հետևում էին մեկը մյուսին, և Բորմենտալը արդեն կոշկատակով էր կանգնած ջրի մեջ։

— Իսկ ե՞րբ է վիրահատությունը,— համառում էր ձայնը և ճգնում ճեղքից սողոսկել ներս։

— Խողովակն է պայթել...

— Ես կրկնակոշիկներով կմտնեմ...

Կապտավուն ուրվագծեր էին հայտնվում դռան ետևում։

― Չի կարելի, խնդրում եմ՝ վաղը։

— Ես գրանցված եմ...

— Վաղը: Ջրատարն աղետի է ենթարկվել։

Ֆյոդորը դոկտորի ոտքերի մոտ պտտվում էր լճակի մեջ, ջուրը վերցնում ամանով, իսկ ճանկռոտված Շարիկովը նոր միջոց էր հորինել։ Հսկայական լաթի կտորը ոլորել էր գլանաձև, փորով պառկել ջրի մեջ և գլանով քշում էր ջուրը նախասենյակից ետ՝ զուգարան։

— Սատանայի մեկը, ի՞նչ ես բնակարանով մեկ չփում ջուրը,— բարկացավ Դարյա Պետրովնան,— լցրու կոնքի մեջ։

— Ի՞նչ կոնք,— ձեռքերով որսալով պղտոր ջուրը՝ պատասխանեց Շարիկովը,— ջուրը շքամուտք է գնում։

Միջանցքից ճռնչոցով դուրս սղղաց նստարանը, և դրա վրա ձգված, հավասարակշռությունը պահպանելով, պառկած էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կապույտ շերտավոր գուլպաներով։

― Իվան Առնոլդովիչ, էլ մի պատասխանեք։ Գնացեք ննջասենյակ, ես ձեզ կոշիկ կտամ։

— Ոչինչ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դատարկ բան է։

— Կրկնակոշիկ հագեք։

— Ոչինչ, միևնույն է՝ ոտքերս թրջված են...

— Ահ, տեր Աստված,— վշտացել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Ինչ վնասակար կենդանի է,— հանկարծակի ասաց Շարիկովը և չորեքթաթ դուրս եկավ, սուպի ամանը ձեռքին։

Բորմենտալը փակեց դուռը, չդիմացավ ու ծիծաղեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ռունգերը փքվեցին, և ակնոցը շողարձակեց։

— Այդ ո՞ւմ մասին եք ասում,— հարցրեց Շարիկովին վերևից։— Թույլ տվեք իմանալ։

— Կատվի մասին եմ ասում։ Սրիկայի մեկը,— պատասխանեց Շարիկովը՝ աչքերը փախցնելով։

— Գիտեք, Շարիկով,— շունչը տեղը բերելով՝ ձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ավելի լկտի արարած, քան դուք եք, ես հաստատապես չեմ տեսել։

Բորմենտալը քթի տակ ծիծաղեց։

— Դուք,— շարունակեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ուղղակի ամոթ չունեք։ Ինչպե՜ս եք համարձակվում այդպես ասել։ Այս ամենը դուք սարքեցիք և դեռ թույլ եք տալիս ձեզ... Չէ։ Սատանան գիտե, թե սա ինչ է։

— Շարիկով, ասացեք, խնդրեմ,— խոսեց Բորմենտալը,— դեռ ինչքա՞ն ժամանակ պիտի ընկնեք կատուների ետևից։ Ամաչեք, դա այլանդակություն է։

— Վայրենի։

— Ես ի՞նչ վայրենի,— խոժոռված պատասխանեց Շարիկովը,— իսկի էլ վայրենի չեմ։ Բնակարանում անհնար է դիմանալ կատվին։ Մենակ թողես ման գա, թե ինչ թռցնի։ Դարյայի մոտից աղացած միս էր թռցրել։ Ես նրան դաս տալ էի ուզում։

— Ձեզ պետք է դաս տալ,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Դուք ձեր կերպարանքը նայեք հայելու մեջ։

― Քիչ էր մնացել աչքս հաներ,— մռայլված պատասխանեց Շարիկովը՝ սև ու թաց ձեռքը աչքին հպելով։

Երբ խոնավությունից մգած մանրահատակը քիչ չորացավ և բոլոր հայելիներին բաղնիքի շոգի կապեց ու դադարեցին զանգերը, ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմիր սեկե կոշիկներով կանգնած էր նախասենյակում։

— Սա՝ ձեզ, Ֆյոդոր...

― Հոգաչափ շնորհակալ եմ...

― Հենց հիմա փոխեք հագուստը։ Մեկ էլ՝ Դարյա Պետրովնայի մոտ օղի խմեք։

― Հոգաչափ շնորհակալ եմ,— Ֆյոդորը մլուլ էր տալիս, հետո ասաց.— Մի բան էլ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Ես ուղղակի ներողություն եմ խնդրում, իսկականից անհարմար է։ Մենակ յոթերորդ բնակարանի ապակու համար... Քաղաքացի Շարիկովը քարեր է շպրտել...

― Կատվի վրա՞,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը ամպի նման մթնելով։

― Բանն այն է հենց, որ տանտիրոջ վրա։ Նա արդեն սպառնում է դատի տալ։

― Սատանան տանի։

― Շարիկովը նրանց աղախնին է գրկել, իսկ տանտերը քշել է... է, վիճել են...

― Ի սեր Աստծո, դուք ինձ անմիջապես հայտնեք նման բաների մասին։ Ինչքա՞ն է պետք։

― Մեկուկես։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը երեք փայլուն հիսուննոց հանեց ու տվեց Ֆյոդորին։

― Էդ տեսակ սրիկային դեռ երեք հիսուննոց վճարել,— դռան մեջ մի խուլ ձայն լսվեց,– ինքն է ախր...

Ֆիլիպ Ֆիլիպովիչը շրջվեց, շրթունքը կծեց և լուռ հրելով Շարիկովին, տարավ ընդունարան ու դուռը կողպեց բանալիով։ Շարիկովը ներսից անմիջապես սկսեց բռնցքահարել դուռը։

― Չհամարձակվես, — հաստատապես հիվանդագին ձայնով բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

― Էս արդեն իսկականից,— բազմանշանակ նկատեց Ֆյոդորը,— էս տեսակ անամոթ կյանքումս չեմ տեսել։

Բորմենտալն ասես գետնի տակից բսնեց։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, խնդրում եմ ձեզ, մի հուզվեք։

Եռանդուն բժիշկը բացեց ընդունարանի դուռը, և այնտեղից լսվեց նրա ձայնը.

— Սա ի՞նչ է։ Դուք գինետա՞նն եք, ինչ է։

— Էդպես,— ավելացրեց վճռական Ֆյոդորը,— այ, էդպես։ Ու մի հատ էլ վզակոթին...

— Ի՞նչ եք ասում, Ֆյոդոր,— տխրամած թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Ողորմած եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, Դուք եք մեղք։

7

— Ոչ, ոչ, ոչ, համառորեն կրկնեց Բորմենտալը,— բարի եղեք, հագցրեք։

— Էս ի՞նչ է, Աստված վկա,— գռմռաց դժգոհ Շարիկովը։

— Շնորհակալ եմ, դոկտոր,— սիրալիր ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— թե չէ, արդեն հոգնել եմ դիտողություն անելուց։

— Միևնույն է, չեմ թողնի ուտել, մինչև չհագցնեք։ Զինա, վերցրեք մայոնեզը Շարիկովից։

— Ո՞նց թե՝ «վերցրեք»,— դառնացավ Շարիկովը,— հիմա կհագցնեմ։

Ձախ ձեռքով նա պնակը պատնեշեց Զինայից, իսկ աջով անձեռոցիկը հագցրեց օձիքի տակ, և նմանվեց վարսավիրանոցի այցելուի։

— Եվ՝ պատառաքաղով, խնդրում եմ,— ավելացրեց Բորմենտալը։

Շարիկովը երկար հոգոց հանեց ու սկսեց թառափի կտորները որսալ թանձր սոուսի միջից։

— Ես էլ օղի կխմեմ,— հայտարարեց նա հարցական։

— Իսկ հերիք չէ՞,— տեղեկացավ Բորմենտալը,— վերջին ժամանակներս շատ եք վրա պրծնում օղուն։

— Ափսոսո՞ւմ եք,— հարցրեց Շարիկովը և նայեց հոնքերի տակից։

— Հիմարություններ եք ասում...,— միջամտեց խստահայաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, բայց Բորմենտալը նրան ընդհատեց.

— Մի ան հանգստացեք. Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ինքս։ Շարիկով, դուք դատարկ բաներ եք ասում և ամենից վրդովեցուցիչն այն է, որ ասում եք անառարկելի և վստահ։ Օղին չեմ ափսոսում, իհարկե, առավել ևս, որ օղին իմը չէ, այլ Ֆիլիպ Ֆիլիպովիչինը։ Պարզապես՝ վնասակար է։ Սա՝ մեկ, իսկ երկրորդը՝ առանց օղի էլ ձեզ անվայել եք պահում։

Բորմենտալը մատնացույց արեց սոսնձած բուֆետը։

— Զինուշա, խնդրեմ, էլի ձուկ տվեք ինձ։

Այդ ընթացքում Շարիկովը ձեռքը մեկնեց փոքր գրաֆինին և, Բորմենտալի կողմը խեթելով, լցրեց ըմպանակը։

— Մյուսներին էլ է պետք առաջարկել,— ասաց Բորմենտալը,— այ, այսպես. սկզբից Ֆիլիպ Ֆիլիպովիչին, հետո՝ ինձ, իսկ վերջում՝ իրեն։

Շարիկովի բերանին հազիվ նկատելի ծաղրական ժպիտ երևաց, և նա օղի լցրեց ըմպանակները։

― Ըհը, ձեզ մոտ ամեն ինչ շքերթի պես է,— սկսեց խոսել նա,— անձեռոցիկն՝ էստեղ, փողկապն՝ էստեղ, ու «կներեք», ու «խնդրեմ», «մերսի», իսկ էնպես, որ իսկականից լինի, էդ մեկը՝ չէ։ Չարչարում եք ձեզ, ոնց որ ցարական ռեժիմի ժամանակ։

― Իսկ ինչպե՞ս լինի «իսկականից», թույլ տվեք հարցնել։

Շարիկովը չպատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի այդ հարցին, բարձրացրեց ըմպանակն ու արտասանեց.

— Դե, ցանկանում եմ, որ բոլորը...

— Ձեզ նույնպես,— որոշ հեգնանքով արձագանքեց Բորմենտալը։

Շարիկովը օղին շպրտեց կոկորդը, կնճռոտվեց, մի կտոր հաց մոտեցրեց քթին, հոտ քաշեց, ապա կլլեց, ըստ որում, աչքերն արցունքակալվեցին։

— Ստաժը,— հանկարծ կերկեր և ասես ինքնամոռաց ասաց Ֆիլպ Ֆիլիպովիչը։

Բորմենտալը զարմացած խեթեց.

— Ներեցե՞ք...

— Ստաժը,— կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և դառնացած ճոճեց գլուխը,— այստեղ արդեն ոչինչ չես կարող անել։ Կլիմը...

Բորմենտալն արտակարգ ուշադրությամբ և սուր հայացքով նայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքերին։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք ենթադրո՞ւմ եք։

— Ենթադրելու բան չկա։ Համոզված եմ։

— Միթե...— սկսեց Բորմենտալը և կանգ առավ, խեթ նայելով Շարիկովին։ Սա կասկածանքով խոժոռվել էր։

— Spater...Ավելի ուշ կամացուկ ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Gut,—Լավ պատասխանեց ընթերական։

- - -

Զինան բերեց հնդուհավը։ Բորմենտալը կարմիր գինի լցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և առաջարկեց Շարիկովին։

— Չեմ ուզում, ավելի լավ է օղի խմեմ։— Դեմքը յուղոտվածի պես էր, ճակատին քրտինք էր հայտնվել, նա զվարթացել էր։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն էլ էր քիչ բարիացել խմիչքից հետո։ Աչքերը պարզվել էին, նա բարեհաճ նայում էր Շարիկովին, որն անձեռոցիկով նստած էր, ինչպես ճանճը թթվասերի վրա։ Իսկ Բորմենտալը, խմիչքից հետո, դրսևորեց գործունեության հակում։

— Դե՛-հ, ի՞նչ ձեռնարկենք ձեզ հետ այս երեկո, տեղեկացավ նա Շարիկովից։

Սա ճպճպացրեց աչքերն ու պատասխանեց.

— Գնանք կրկես, ամենից լավը կլինի։

— Ամեն օր կրկե՞ս,— բավականին բարեհոգությամբ ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իմ կարծիքով, բավական ձանձրալի է։ Ձեր տեղը գոնե մեկ անգամ թատրոն կգնայի։

— Ես թատրոն գնացողը չեմ,— դժկամությամբ պատասխանեց Շարիկովը և խաչակնքեց բերանը։

— Սեղանի շուրջ զկռտալը մյուսների ախորժակը փակում է,— մեքենայաբար հայտարարեց Բորմենտալը։— Ինձ կներեք... Ինչո՞ւ ձեզ դուր չի գալիս թատրոնը։

Շարիկովը նայեց դատարկ ըմպանակին, ինչպես հեռադիտակին են նայում, մտածեց ու փքեցրեց շրթունքները։

— Ամբախ֊զամբախ բաներ են... Խոսում են, խոսում։ Իսկը հակահեղափոխականություն։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ետ ընկավ գոթական թիկնակին եւ քրքջաց այնպես, որ բերանում պսպղաց ոսկյա ցանկապատը։ Բորմենտալը սոսկ գլուխն օրորեց։

— Դուք որևէ բան կարդայիք,— առաջարկեց նա,— թե չէ, գիտեք ինչ...

— Առանց էդ էլ կարդում եմ, կարդում եմ...— պատասխանեց Շարիկովը և հանկարծ արագ ու գիշատչաբար կես բաժակ օղի լցրեց։

— Զինա,— տագնապած բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— օղին տար, աղջիկս, այլևս պետք չէ։ Իսկ ի՞նչ եք կարդում։— Նրա գլխում հանկարծ մի պատկեր շողաց. անմարդաբնակ կղզի, գազանի մորթիով ու գդակով մարդ։— «Պետք է լինի Ռոբինզոնը...»։

— Էդ... ոնց էր... Էնգելսի նամակագրությունը էդ... անունն ինչ էր սատանայի... Կաուտսկու հետ։

Բորմենտալը բերանին չհասցրեց պատառաքաղը՝ սպիտակ մսի կտորով, իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչը թափեց գինին։ Այդ ընթացքում Շարիկովը ճարպկորեն կլլեց օղին։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը արմունկները հենեց սեղանին, ուշադիր նայեց Շարիկովին և հարցրեց.

— Թույլ տվեք իմանալ, ի՞նչ կարող եք ասել կարդացածի կապակցությամբ։

Շարիկովը թոթվեց ուսերը։

― Դե, ես համաձայն չեմ։

― Ո՞ւմ հետ։ Էնգելսի՞, թե՝ Կաուտսկո։

― Երկուսի հետ էլ,— պատասխանեց Շարիկովը։

― Սա հոյակապ է, երդվում եմ Աստծով։ «Բոլորին, ով կասի, թե ուրիշը...»։ Իսկ ձեր կողմից, դուք ի՞նչ կարող եք առաջարկել։

― Առաջարկելու բան չկա... Թե չէ գրում, գրում են... կոնգրես, ինչ֊որ գերմանացիներ... մարդու գլուխն ուռչում է։ Ամեն ինչ վերցնել ու բաժանել...

― Այդպես էլ մտածում էի,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ձեռքի ափը խփելով սփռոցին,— հենց այդպես էլ ենթադրում էի։

― Դուք եղանա՞կն էլ գիտեք,— հարցրեց հետաքրքրված Բորմենտալը։

― Էստեղ էլ ի՞նչ եղանակ,— օղուց հետո ավելի զրուցասեր դարձած բացատրեց Շարիկովը,— հասարակ բան է։ Թե չէ ի՞նչ. մեկը յոթը սենյակներում է նստած, քառասուն հատ շալվար ունի, մյուսը դեսուդեն ընկած, աղբամաններից ուտելու բան է ման գալիս։

― Յոթը սենյակ ասելով, դուք, իհարկե, ի՞նձ էիք ակնարկում,— հպարտությամբ աչքերը կկոցած՝ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Շարիկովը կծկվեց ու լուռ մնաց։

― Դե ինչ, լավ, ես դեմ չեմ բաժանքին։ Դոկտոր, քանի՞ հոգու եք երեկ մերժել։

― Երեսունինն հոգու,— իսկույն պատասխանեց Բորմենտալը։

― Հըմ... Երեք հարյուր իննսուն ռուբլի։ Մեղքը երեք տղամարդու վրա։ Տիկնանց՝ Զինային և Դարյա Պետրովնային չենք հաշվում։ Ձեզնից Շարիկով, հարյուր երեսուն ռուբլի, հաճեցեք մուծել։

― Լա՜վ գործ է,— վախեցած պատասխանեց Շարիկովը,— էդ ինչի՞ համար։

― Ծորակի համար ու կատվի համար,— հանկարծ թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ դուրս գալով հեզական հանգստության վիճակից։

― Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— տագնապած բացականչեց Բորմենտալը։

— Սպասեք: Այլանդակության համար, որ սարքեցիք և որի պատճառով ձախողեցիք ընդունելությունը: Սա անհանդուրժելի է։ Մարդը վայրենու նման թռչկոտում է բնակարանով մեկ, պոկում ծորակները... Ո՞վ է սպանել մադամ Պոլլասուխերի կատվին։ Ո՞վ...

— Շարիկով, նախանցյալ օրը դուք մի տիկնոջ եք կծել սանդուխքի վրա,— վրա պրծավ Բորմենտալը։

— Դուք կանգնած եք...— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Ախր, նա իմ քիթումռութին հասցրեց,— ծղրտաց Շարիկովը,— հո պետական չի իմ քիթը։

— Որովհետև նրա կուրծքն էիք ճմկտել,— բղավեց Բորմենտալը՝ գցելով գավաթը,— դուք կանգնած եք...

— Դուք կանգնած եք զարգացման ամենաստորին աստիճանի վրա,— ավելի բարձր բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— դուք դեռևս նոր֊նոր ձևավորվող, մտավոր առումով մի թույլ արարած, ձեր բոլոր արարքները զուտ գազանային են, և դուք, համալսարանական կրթություն ստացած երկու մարդու ներկայությամբ, թույլ եք տալիս ձեզ, միանգամայն անտանելի սանձարձակության ինչ-ինչ խորհուրդներ տալ տիեզերական չափերի և էլի տիեզերական ապուշության, թե ինչպես բաժանել ամեն ինչ, և նույն ժամանակ ատամի փոշի եք խժռում։

— Նախանցյալ օրը,— հաստատեց Բորմենտալը։

— Ուրեմն, այսպես,— դղրդում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— օղ արեք ձեր ականջին... ի դեպ, ինչո՞ւ եք վրայից հանել ցինկի քսուքը... որ դուք պետք է լռեք և լսեք, թե ինչ են ձեզ ասում։ Սովորել ու ջանալ սոցիալական հասարակության գեթ փոքր֊ինչ տանելի անգամ դառնալ։ Իմիջիայլոց, ո՞ր սրիկան է այդ գրքույկը ձեզ տվել։

― Ձեզ որ լսենք, ամենքը սրիկա են,— վախեցած պատասխանեց Շարիկովը՝ շշմած երկու կողմից հարձակումից։

— Ես կռահում եմ,— չարացած ու կարմրատակած բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Հետո՞ ինչ... հա, Շվոնդերն է տվել։ Նա սրիկա չէ։ Որպեսզի զարգանամ:

— Տեսնում եմ, ինչպես եք զարգացել Կաուտսկուց հետո,— ծղրտան ու դեղնելով՝ բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Այստեղ նա մոլեգնած սեղմեց պատի վրայի զանգը։— Այսօրվա դեպքը լավագույնս ցուցադրում է դա։ Զինա՛։

— Զինա՛,— բղավեց Բորմենտալը։

— Զինա՛,— գոռաց վախեցած Շարիկովը։

Զինան՝ գունատված, եկավ վազեվազ։

— Զինա՛, այնտեղ ընդունարանում... Ընդունարանո՞ւմ է գիրքը։

— Ընդունարանում,— հնազանդորեն պատասխանեց Շարիկովը,— արջասպի պես կանաչ։

— Կանաչ գրքույկ։

— Դե, հիմա վառել,— հուսահատ բղավեց Շարիկովը,— պետական է, գրադարանի գիրք է։

— Նամակագրություն է կոչվում... ի՞նչ էր։ Էնգելսի և այդ գրողի տարածի... Գցեք վառարանը։

Զինան շրջվեց ու անհետացավ։

— Ես այդ Շվոնդերին առաջին պատահած ծառից կկախեի, ազնիվ խոսք,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ մոլեգնած կծելով հնդուհավի թևը,— զարմանալի մի աղբ է նստած տանը, թարախի պես։ Քիչ է դե, որ զանազան տխմար պասկվիլներ է գրում թերթերում...

Շարիկովը չարախինդ ու հեգնաբար սկսեց խեթել պրոֆեսորին, Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր հերթին մի շեղ հայացք նետեց ու լռեց։

«Օհ, կարծում եմ, ոչ մի բարի բան չի ստացվի մեր բնակարանում»,— հանկարծ մարգարեաբար մտածեց Բրմենտալը։

Կլոր մատուցարանով Զինան մի կողը դեղնավուն, մյուսը կարմրած թխվածք բերեց և սրճաման։

— Ես դա ուտողը չեմ,— սպառնալի ու դժկամությամբ հայտարարեց Շարիկովը։

— Ձեզ ոչ ոք չի էլ առաջարկում։ Ձեզ կարգին պահեք։ Դոկտոր, խնդրեմ։

Լռության մեջ ավարտվեց ճաշը։ Շարիկովը գրպանից հանեց ճմրթված գլանակը և ծխեց։ Սուրճը խմելով, Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց ժամացույցին, սեղմեց ռեպետիրը, և ժամացույցը նվագեց ճիշտ ութն անց քառորդ: Ֆիլիպ Ֆիլիպովիչն, իր սովորությամբ, ետ ընկավ գոթական թիկնակին և ձգվեց դեպի սեղանիկին դրված լրագրերը։

— Դոկտոր, խնդրում եմ, նրա հետ կրկես գնացեք։ Միայն թե, ի սեր Աստծո, նայեք, ծրագրում կատուներ չկա՞ն։

— Ու ո՞նց են էդ սրիկաներին թողնում կրկես մտնել,— խոժոռ նշեց Շարիկովը՝ գլուխն օրորելով։

— Է, էնտեղ ում ասես, որ չեն թողնում,— երկիմաստ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՞նչ կա նրանց մոտ։

— Սոլոմոնսկիյի մոտ,— սկսեց կարդալ Բորմենտալը,— չորս ինչ- որ... Յուսսեմս և մեռյալ կետի մարդը։

— Ի՞նչ ասել է այդ Յուսսեմսը,— կասկածանքով հարցեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

— Աստված գիտե դրանց, առաջին անգամ է բառը հանդիպում։

— Ուրեմն, Նիկիտինի մոտ նայեք։ Անհրաժեշտ է, որ ամեն ինչ հստակ լինի։

― Նիկիտինի մոտ... Նիկիտինի մոտ... փղեր և մարդկային ճարպկության գագաթնակետը։

— Էդպե՜ս֊սս։ Ի՞նչ կասեք փղերի վերաբերյալ, թանկագին Շարիկով,— անվստահ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Սա վիրավորվեց։

— Ես չե՞մ հասկանում, ի՞նչ է։ Կատուն՝ ուրիշ, փղերն օգտակար կենդանիներ են,— պատասխանեց Շարիկովը։

— Դե֊հ, հրաշալի է։ Քանի որ օգտակար են, գնացեք, նայեք նրանց։ Իվան Առնոլդովիչ, խոնարհաբար խնդրում եմ, Շարիկովին գարեջուր չառաջարկել։

Տասը րոպե անց, Իվան Առնոլդովիչը և Շարիկովը, բադակտուց գլխարկներով և դրապե վերարկուներով, օձիքները բարձրացրած, գնացին կրկես։ Բնակարանում լուռ֊լուռ էր։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր աշխատասենյակում էր։ Նա վառեց կանաչ լուսամփոփով լամպը, ինչից վիթխարի աշխատասենյակը շատ խաղաղ դարձավ, և նա սկսեց չափչփել աշխատասենյակը։

Երկար ժամանակ ու տաք փայլում էր սիգարի ծայրը բաց կանաչ կրակով։ Պրոֆեսորը ձեռքերը դրեց շալվարի գրպանները, և մի ծանր խոհ տանջում էր նրա գիտուն և կողաճաղատներով ճակատը։ Նա չպչպացնում էր, սեղմած ատամների արանքից երգում՝ «Դեպի ափերը սրբազան Նեղոսի» և ինչ֊որ բաներ մրթմրթում։

Վերջապես սիգարը դրեց մոխրամանի մեջ, մոտեցավ ծայրեծայր ապակեպատ պահարանին, և ամբողջ աշխատասենյակը լուսավորեց առաստաղից սփռվող երեք հզոր լույսերով։ Երրորդ ապակյա դարակի վրայից Ֆիլիպ Ֆիլիպովիչը մի նեղլիկ աման վերցրեց և խոժոռված սկսեց նայել դրան՝ լույսին պահած։ Թափանցիկ ու ծանր հեղուկի մեջ լողում էր, հատակին չհասնելով, փոքրիկ, ճերմակավուն գնդիկ՝ հանված շարիկովյան ուղեղի խորքերից։ Ուսերը ցնցելով, շրթունքները ծռմռելով և հըմհըմացնելով անթարթ նայում էր դրան, ասես այդ ճերմակ, չսուզվող գնդիկի մեջ կամենում էր տեսնել զարմանալի դիպածների պատճառը, որ տակնուվրա էր արել պրեչիստենկյան բնակարանի կյանքը։

Շատ հնարավոր է, որ գերգիտնական մարդը դա տեսավ։ Համենայնդեպս, բավականաչափ զննելով ուղեղի հավելաճուկը, նա ամանը պահեց պահարանում, կողպեց բանալիով, բանալին դրեց ժիլետի գրպանը, իսկ ինքը մխրճվեց կաշվե բազմոցի մեջ, գլուխն ուսերի մեջ առած, ձեռքերն ավելի խորը խրած պիջակի գրպանները։ Երկար ժամանակ նա վառում էր երկրորդ սիգարը, լրիվ ծամծմեց սիգարի ծայրը և կատարյալ մենության մեջ, կանաչ լույսով լուսավորված, որպես ալեհեր մի Ֆաուստ, բացականչեց վերջապես.

— Աստված է վկա, ես կարծում եմ, կվճռեմ։

Ոչ ոք ոչինչ չպատասխանեց դրան։ Բնակարանում դադարել էին բոլոր ձայները։ Օբուխովո նրբանցքում ժամը տասնմեկին, ինչպես հայտնի է, մեղմվում է երթևեկը։ Հազվադեպ հնչում էր ուշացած մի անցորդի հեռավոր ոտնաձայները, որոնք կտկտում էին վարագույրից այն կողմ ու մարում։ Աշխատասենյակում Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ նրբաձայն զնգում էր ռեպետիրը փոքր գրպանում։ Պրոֆեսորն անհամբերությամբ սպասում էր դոկտոր Բորմենտալի և Շարիկովի վերադարձին։

8

Հայտնի չէ, թե ինչ էր վճռել Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում առանձնապես ոչինչ չձեռնարկեց նա, և գուցե թե նրա անգործության հետևանքով բնակարանային կյանքը լի էր դեպքերով։

Ջրի և կատվի պատմությունից վեց օր անց, տնային կառավարչությունից Շարիկովի մոտ եկավ երիտասարդը, որը պարզվեց՝ կին էր, և նրան հանձնեց փաստաթղթերը, որոնք Շարիկովն անմիջապես դրեց պիջակի գրպանը, որից հետո կանչեց դոկտոր Բորմենտալին։

— Բորմենտալ։

― Ոչ, դուք ինձ անուն հայրանունով դիմեք, խնդրում եմ,— պատասխանեց Բորմենտալն այլայլվելով։

Հարկ է նշել, որ այդ վեց օրերի ընթացքում վիրաբույժը կարողացել էր մի ութն անգամ վիճաբանել իր սանի հետ, և օբուխովյան սենյակներում մթնոլորտը հեղձուկ էր։

— Ուրեմն, ինձ էլ անուն հայրանունով դիմեք,— միանգամայն հիմնավորված պատասխանեց Շարիկովը։

― Ոչ,— դռան մեջ թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նման անուն հայրանունով ես թույլ չեմ տա իմ բնակարանում կոչել։ Եթե կամենում եք, որ դադարեն ձեզ ընտանեվարի «Շարիկով» կոչել, ես և դոկտոր Բորմենտալը ձեզ կկոչենք «պարոն Շարիկով»։

— Ես պարոն չեմ, պարոնները Փարզում են,— հաչաձայն պատասխանեց Շարիկովը։

— Շվոնդերի աշխատանքն է,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— լավ, ես այդ սրիկայի հաշիվները կմաքրեմ։ Պարոններից բացի, ոչ ոք չի կարող լինել իմ բնակարանում, քանի դեռ այստեղ եմ գտնվում։ Հակառակ դեպքում, կամ ես, կամ էլ դուք կգնանք այստեղից, և բոլորից ավելի հաստատ՝ դուք։ Այսօր ես հայտարարություն կզետեղեմ թերթերում, և հավատացեք, սենյակ կգտնեմ ձեզ համար։

— Չէ մի, էնքան ախմախ եմ, որ էստեղից գնամ,— շատ հստակ պատասխանեց Շարիկովը։

— Ինչպե՞ս,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և այնպես այլայլվեց, որ Բորմենտալը վազեց նրա կողմն ու մեղմորեն, տագնապած բռնեց թևքը։

— Գիտեք ինչ, մսյո Շարիկով, լկտիություններ մի արեք,— Բորմենտալը շատ բարձրացրեց ձայնը։ Շարիկովը ետ-ետ գնաց... գրպանից երեք թուղթ հանեց, կանաչ, դեղին և սպիտակ, և մատը տնկելով դրանց վրա, սկսեց խոսել.

— Հրես։ Բնակարանային ընկերության անդամ, և ինձ բնակտարածություն է հասնում որոշակիորեն պատասխանատու վարձակալ Պրեոբրաժենսկիյի համար հինգ բնակարանում՝ տասնվեց քառակուսի արշին,— Շարիկովը մտածեց, և ավելացրեց մի բառ, որը Բորմենտալը մեքենայաբար նշեց ուղեղում որպես նոր,— բարեհաճեցեք։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը կծեց շրթունքը և արանքից անզգույշ արտաբերեց.

— Երդվում եմ, ես այդ Շվոնդերին ի վերջո կգնդակահարեմ։

Շարիկովը վերին աստիճանի ուշադիր և սրությամբ ընդունեց այդ բառերը, ինչը երևում էր նրա աչքերից։

— Ֆիլիպ ֆիլիպովիչ, vorsichtig{զգույշ (գերմ․)}...,— նախազգուշացրեց Բորմենտալը։

— Գիտեք, սա արդեն... Եթե նման ստորություն...— բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը ռուսերեն։— Նկատի ունեցեք, Շարիկով, պարոն... որ եթե մի անգամ էլ ձեզ թույլ տաք նման արարմունք, ես ձեզ կզրկեմ ճաշից և ընդհանրապես սնունդից իմ տանը։ Տասնվեց արշինը հիանալի է, բայց ես պարտավոր չեմ ձեզ կերակրել, ըստ այդ դոդոշային թղթի։

Շարիկովը վախեցավ և կիսաբացեց բերանը։

― Առանց սնվելու ես չեմ կարող մնալ,— մրթմրթաց նա,— էլ որտե՞ղ պիտի կերակրվեմ։

— Այդ դեպքում, ձեզ կարգին պահեք,— միաձայն ձգեցին երկու բժիշկները։

Շարիկովը բավականաչափ սսկվեց և այդ օրը ոչ մի վնաս չհասցրեց ոչ մեկին, բացառությամբ ինքն իրեն. օգտվելով Բորմենտալի կարճատև բացակայությունից, ձեռքն առավ բժշկի ածելին և այտը ճղեց այնպես, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և դոկտոր Բորմենտալը պատռվածքին կարեր դրեցին, որից Շարիկովը երկար ժամանակ վնգստում էր՝ առատորեն արցունք թափելով։

Հաջորդ գիշեր պրոֆեսորի աշխատասենյակում, կանաչ կիսախավարում նստած էին երկուսը՝ ինքը՝ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և հավատարիմ ու նրան մեծապես մտերմացած Բորմենտալը։ Բնակարանում արդեն քնած էին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր երկնագույն խալաթով էր և կարմիր չստերով, իսկ Բորմենտալը՝ վերնաշապիկով և կապույտ տաբատակալներով։ Բժիշկներին բաժանում էր կլոր սեղանը, որի վրա, հաստ ալբոմի կողքին, կոնյակի շիշն էր, կիտրոնի պնակը և սիգարի տուփը։ Գիտնականները, սենյակը լրիվ ծխապատելով, տաքացած քննարկում էին վերջին իրադարձությունները. այդ երեկո Շարիկովը Ֆիլիպ Ֆիլիպովիչի աշխատասենյակից ծծողականի տակ դրված երկու տասանոց էր թռցրել, չքվել բնակարանից, վերադարձել ուշ և կատարելապես հարբած։ Դա քիչ էր, նրա հետ հայտնվել էին երկու անհայտ անձնավորություն, որոնք աղմկել էին սանդուղքների վրա և ցանկություն հայտնել գիշերել, որպես Շարիկովի հյուրեր։ Սույն անձնավորությունները հեռացել էին սոսկ այն բանից հետո, երբ Ֆյոդորը՝ ներկա այդ տեսարանին, սպիտակեղենի վրա գցած աշնանային վերարկուով, հեռախոսով զանգահարել էր միլիցիայի քառասունհինգերորդ բաժանմունք։ Անձնավորությունները վայրկենապես անհետացել էին Ֆյոդորի՝ հեռախոսը կախելուն պես։ Նրանցից հետո հայտն է չէ, թե ուր էր չքացել դահանակե մոխրամանը նախամուտքից, Ֆիլիպ Ֆիլիպովիչի կղբենու գլխարկը և հենց նրա ձեռնափայտը, որի վրա ոսկետառ գրված էր՝ «Թանկագին և հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչին, երախտապարտ օրդինատորներից...», հետո գալիս էր հռոմեական թվանիշ «XXV»։

— Ովքե՞ր էին դրանք,— բռունցքները սեղմած վրա պրծավ Շարիկովին Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Շարիկովը, օրորվելով ու մոշտակներին քսվելով, մրմնջում էր այն մասին, որ անձնավորություններն իրեն հայտնի չեն և որ շուն շանորդի չեն նրանք, այլ լավ մարդիկ։

— Ամենից ապշեցուցիչն այն է, որ երկուսն էլ հարբած էին ու ինչպե՞ս խելքները կտրեց,— ապշել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը և նայում էր կանգնակի այն տեղին, ուր ժամանակին դրված էր հոբելյանական հիշատակը։

— Մասնագետներ էին,— պարզաբանեց Ֆյոդորը՝ քնելու գնալով, ռուբլիանոցը գրպանում։

Շարիկովը կտրականապես հրաժարվեց երկու տասանոցներից, ընդ որում, անիմաստ ինչ֊որ բաներ ասաց այն մասին, թե ինքը մենակ չէ այս բնակարանում։

— Գուցե թե դոկտոր Բորմենտա՞լն է թռցրել այդ տասանոցները,— տեղեկացավ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մեղմ, սակայն երանգով սարսափելի ձայնով։

Շարիկովը ճոճվեց, բացեց կատարելապես պղտորված աչքերը և ենթադրություն արտահայտեց.

— Իսկ կարող է պատահել՝ Զինան է վերցրել...

— Ի֊իի՞նչ,— բղավեց դռան մեջ տեսիլքի պես հայտնված Զինան, կրծքի վրա արձակված կոֆտան ծածկելսվ ձեռքի ափով,— ինչպե՞ս է դա համարձ...

Ֆիլիպ Ֆիլիպովիչի վիզը կարմրատակեց:

— Զինուշա, հանգիստ,— ասաց նա՝ ձեռքերը նրան պարզելով,— մի հուզվիր, ամեն ինչ կկարգավորենք։

Զինան դանդաղ հեկեկաց, շրթունքները կախ ընկան, և ձեռքի ափը թրթռաց կրծքկոսկրի վրա։

― Զինա։ Չե՞ք ամաչում։ Եվ ո՞վ կարող է մտածել։ Փո՛ւհ, ի՜նչ խայտառակություն,— շփոթված խոսեց Բորմենտալը։

― Զինա, դու հիմար ես, մեղա քեղ, Աստված,— սկսեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Բայց այստեղ Զինայի լացը կտրվեց ինքնըստինքյան, և բոլորը լռեցին։ Շարիկովը վատացավ։ Գլուխը խփելով պատին, արձակեց «ի»֊ի, թե «ե»-ի պես հնչյուն, կարծես «իյե»։ Դեմքը գունատվել էր, ջղաձգվում էր ստորին ծնոտը։

— Դույլ տվեք սրիկային, զննարանից բերեք։

Եվ բոլորն իրար անցան, վազվզեցին, խնամելով վատացած Շարիկովին։ Երբ նրան տանում էին քնելու, նա ցնցվելով Բորմենտալի ձեռքերի մեջ, շատ նուրբ ու մեղեդային հայհոյանքներ էր տեղում, դժվարությամբ արտաբերելով բառերը։

Այս ամբողջ պատմությունը կատարվեց ժամը մեկի մոտ, իսկ հիմա կեսգիշերվա ժամը երեքն էր, սակայն աշխատասենյակում երկուսն արթուն էին, կոնյակից բորբոքված։ Այնքան էին ծխել, որ ծուխը շարժվում էր դանդաղ շերտերով, նույնիսկ չծփալով։

Դոկտոր Բորմենտալը տեղից բարձրացավ՝ գունատ, շատ վճռական աչքերով, բարձրացրեց բարալիկ ոտքով ըմպանակը։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— զգացված խոսեց նա,— ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես կիսաքաղցած ուսանողս, եկա ձեզ մոտ, և դուք ինձ պատսպարեցիք ամբիոնում։ Հավատացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինձ համար դուք շատ ավելին եք, քան ուսուցիչ֊պրոֆեսոր... Իմ անսահման հարգանքը ձեր հանդեպ... Թույլ տվեք համբուրեմ ձեզ, թանկագին Ֆիլիպ Ֆիլիպովիչ։

― Այո, սիրելիս...— շփոթված մրթմնթաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ընդառաջ ելավ։ Բորմենտալը գրկեց նրան և համբուրեց փափլիկ, անչափ ծխահարված բեղերը։

— Աստված վկա, Ֆիլիպ Ֆիլիպո...

— Ինչպես հուզվեցիք, ինչսլե՜ս հուզվեցիք... շնորհակալ եմ,— ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սիրելիս, երբեմն վիրահատությունների ժամանակ բղավում եմ ձեր վրա։ Ներող եղիր, ծերունական դյուրաբորբոքություն է։ Ըստ էության, ես այնքան մենակ եմ... «Սևիլյայից Գրենադա...»:

― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ամոթ չէ՞...— անկեղծորեն բացականչեց ոգեշունչ Բորմենտալը,— եթե չեք ուզում ինձ նեղացնել, այլևս այդպես չխոսեք։

― Է, շնորհակալ եմ... «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...», շնորհակալ եմ... Ես էլ ձեզ եմ սիրել, որպես ընդունակ բժշկի։

― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ձեզ ասում եմ...,— կրքոտ րացականչեց Բորմենտալը, պոկվեց տեղից, ավելի պինդ փակեց միջանցք տանող դուռը և ետ գալով, շարունակեց շշնջաձայն.— չէ՞ որ միակ ելքն է։ Իհարկե, ես չեմ համարձակվի ձեզ խորհուրդներ տալ, սակայն ձեզ նայեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, միանգամայն տանջահար եք եղել, չէ՞ որ այլևս աշխատել չի լինում։

— Բացարձակապես անհնար է,— հոգոց հանելով հաստատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

― Ահա, չէ՞ որ դա անպատկերացնելի է,— շշնջում էր Բորմենտալը,— նախորդ անգամ ասացիք, որ ինձ համար եք վախենում, և եթե իմանայիք, թանկագին պրոֆեսոր, ինչպես հուզեցիք ինձ դրանով։ Սակայն ես էլ երեկվա երեխան չեմ ու պատկերացնում եմ, թե ինչ զարհուրելի բան կստացվի։ Բայց, իմ խորին համոզմամբ, ուրիշ ելք չկա։

Ֆիքիպ Ֆիլիպովիչը տեղից ելավ, ձեռքերը թափահարեց և բացականչեց.

— Մի գայթակղեցրեք, նույնիսկ մի խոսեք,— պրոֆեսորը քայլում էր սենյակում՝ տատանելով ծխի ալիքները,— չեմ լսի անգամ։ Հասկանում եք, թե ինչ կստացվի, եթե մեզ բռնեցնեն։ Չէ՞ որ ինձ և ձեզ «ուշադրության առնելով «ծագումը»֊ով գլուխ ազատել չի հաջողվի, չնայած մեր առաջին դատվածությանը: Չէ՞ որ համապատասխան ծագում չունեք, չէ՞, թանկագինս։

― Ի՞նչ գրողի տարած... Հայրս դատական քննիչ է եղել Վիլնոյում,— վշտացած պատասխանեց Բորմենտալը՝ կոնյակի ումպ անելով։

― Ըհը՛ ինչ կհրամայեք: Չէ՞ որ դա վատ ժառանգականություն է։ Դրանից աղտոտ ոչինչ չի կարելի պատկերացնել։ Ի դեպ, կներեք, իմն էլ ավելի վատ է։ Հայրս տաճարական ավագերեց էր։ Մերսի... «Սևիլյայից Գրենադա, գիշերների լուռ խավարում...»։ Ահա՛, գրողը տանի։

― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, և ինչ֊որ, ներեցեք արտահայտությանս, շան լակոտի համար, մի՞թե կարող են ձեզ ձեռք տալ, ներեցեք։

― Առավել ևս, չեմ գնա դրան,— մտազբաղ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգ առնելով ու հենվելով ապակեպատ պահարանին։

― Իսկ ինչո՞ւ։

― Որովհետե դուք հո համաշխարհային մեծության աստղ չե՞ք։

― Որտեղի՞ց...

― Այդպես֊ս։ Իսկ գործընկերոջը լքել աղետի պահին, իսկ ինքը գլուխն ազատել համաշխարհային նշանակությամբ, ներեցեք... Ես մոսկովյան ուսանող եմ, ոչ թե Շարիկով,— Ֆիլիպ Ֆիլիպովիչը հպարտությամբ բարձրացրեց ուսերը և նմանվեց ֆրանսիական հնամենի արքայի։

― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, էհհ...— շատ դառնացած բացականչեց Բորմենտալը,— ուրեմն, ի՞նչ։ Դիմանա՞նք։ Դուք պիտի սպասե՞ք, մինչև այդ խուլիգանից հաջողվի մարդ դարձնե՞լ։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, կոնյակ լցրեց, ումպ արեց, կիտրոն ծծեց և խոսեց.

― Իվան Առնոլդովիչ ըստ ձեզ, ես ինչ֊որ բան հասկանո՞ւմ եմ անատոմիայի և ֆիզիոլոգիայի, է, ասենք, մարդու ուղեղից։ Ի՞նչ եք կարծում։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այդ ի՞նչ եք հարցնում,— խիստ զգացված պատասխանեց Բորմենտալը և ձեռքերը տարածեց։

― Դե, լավ։ Առանց կեղծ համեստության։ Ես նույնպես ենթադրում եմ, որ տվյալ բնագավառում վերջին մարդը չեմ Մոսկվայում։

— Իսկ ես համարում եմ, որ դուք առաջինն եք, և ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Լոնդոնում և Օքսֆորդում,― մոլեգնած ընդհատեց Բորմենտալը։

― Դե, լավ, թող այդպես լինի։ Ուրեմն, ահա, թե ինչ, ապագա պրոֆեսոր Բորմենտալ. դա ոչ մեկին չի հաջողվի։ Վերջացած է։ Կարող եք և չհարցնել։ Այդպես էլ վկայակոչեք ինձ։ Ասացեք, Պրեոբրաժենսկիյն է ասել։ Ֆինիտա՜։ Կլի՜մը,— հանկարծ հանդիսավորապես բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, և պահարանը զնգոցով պատասխանեց նրան,— Կլի՜մը,— կրկնեց նա։— Ահա թե ինչ, Բորմենտալ, դուք իմ դպրոցի առաջին աշակերտն եք, և բացի դրանից, իմ ընկերը, ինչպես համոզվեցի այսօր։ Ուրեմն, այսպես, որպես ընկերոջ, ձեզ կհայտնեմ, ինչպես գաղտնիք, իհարկե, դուք, գիտեմ, կկշտամբեք ինձ՝ ծեր ավանակ Պրեոբրաժենսկիյն սխալվեց այս վիրահատության մեջ, ինչպես մի երրորդ կուրսեցի։ Ճիշտ է, հայտնագործություն ստացվեց, ինքներդ գիտեք՝ ինչպիսի,— այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը վշտալի երկու ձեռքով ցույց տվեց վարագույրը, ակներևաբար, նկատի ունենալով Մոսկվան,— միայն թե նկատի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, որ այդ հայտնագործության միակ արդյունքը կլինի այն, որ հիմա մենք բոլորս կունենանք այդ Շարիկովին, ահա որտեղ,— Պրեոբրաժենսկիյն այստեղ թփթփացրեց իր պիրկ և կաթվածի հակված վզին,― հանգիստ եղեք։ Եթե որևէ մեկը,― կրքոտ շարունակեց ֆիլիպ Ֆիլիպովիչը,― պառկեցներ ինձ այստեղ և ճիպոտահարեր, երդվում եմ, հինգ հատ տասանոց կտայի... «Սևիլյայից Գրենադա ...»։ Սատանան տանի ինձ։ Չէ՞ որ ես հինգ տարի նստել, հավելաճուկներ փորփրելով ուղեղներից... Գիտեք, թե ես ինչքան գործ եմ արել, խելքից դուրս։ Եվ ահա, հարց է առաջանում ինչի՞ համար։ Որ մի գեղեցիկ օր սիրունիկ շնիկին դարձնեինք այնպիսի մի աղտեղություն, որից մարդու մաղերը բիզ֊բիզ են կանգնում։

— Մի բացառիկ բան...

― Լիովին հմաձայն եմ։ Ահա, ինչ է ստացվում, դոկտոր, երբ հետազոտողը փոխանակ առաջ շարժվելու շոշափելով և բնությանը զուգահեռ, արագացնում է ընթացքը բարձրացնում վարագույրը։ Համեցեք, ստացեք Շարիկովին և ինչ կուզեք արեք։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե Սպինոզայի ուղեղը լիներ։

― Այո՛,― թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Այո՛։ Եթե միայն չարաբաստիկ շունը չմեռնի իմ դանակի տակ, իսկ դուք տեսաք, թե ինչ կարգի վիրահատություն էր դա։ Մի խոսքով, ես՝ Ֆիլիպ Պրեոբրաժենսկիյս, ավելի դժվար ոչինչ չեմ արել կյանքումս։ Կարելի է Սպինոզայի կամ մեկ ուրիշ սատանայի հիպոֆիզը տեղադրել և շնից սարքել արտակարգ բարձր կանգնած մեկին, սակայն հարց է ծագում, ո՞ր գրողի տարածի համար։ Բացատրեք ինձ, խնդրում եմ, ինչի՞ է պետք արհեստականորեն Սպինոզաներ սարքել, երբ յուրաքանչյուր կին կարող է նրան ծնել, երբ կամենա։ Չէ՞ որ մադամ Լոմոնոսովան Խոլմոգորում ծնեց իր նշանավորին։ Դոկտոր, մարդկությունն ինքն է հոգ տանում այդ մասին և, էվոլյուցիոն կարգով, ամեն տարին մեկ, ամեն կարգի աղտեղություններից ստեղծում է տասնյակ―տասնյակ ականավոր հանճարներ, որոնք զարդարում են երկրագունդը։ Հիմա ձեզ հասկանալի է, դոկտոր, թե ինչու ես պախարակեցի ձեր հետևությունը շարիկովյան հիվանդության պատմության մեջ։ Իմ հայտնագործությունը, սատանայի բաժին դառնա, որով դուք զբաղվում եք, մի գրոշ էլ չարժե... Եվ մի վիճեք, Իվան Առնոլդովիչ, չէ՞ որ ամեն ինչ հասկացել եմ ես։ Ես երբեք հենց այնպես չեմ խոսում, դուք դա հրաշալի գիտեք։ Տեսականորեն դա հետաքրքիր է, դե, լավ։ Ֆիզիոլոգները ցնծում են... Մոսկվան ցնդել է... Լավ, հապա գործնականում՝ ի՞նչ։ Ո՞վ է հիմա մեր առջև,— Պրեոբրաժենսկիյը մատնացույց արեց զննարանը, ուր քնում էր Շարիկովը։

— Մի բացառիկ ստահակ։

― Սակայն ո՞վ է նա։ Կլի՜մը։ Կլի՜մը,— բղավեց պրոֆեսորը,— Կլիմ Չուգունկինը։ (Բորմենտալը բացեց բերանը)։ Ահա, սա է. երկու դատվածություն, ալկոհոլիզմ, «ամեն ինչ բաժանել», գլխարկը և երկու տասանոց անհետացան (այստեղ Ֆիլիպ ֆիլիպովիչը հիշեց հոբելյանական ձեռնափայտը և շառագունեց), լկտի և խոզ... Լավ, ձեռնափայտը ես կգնեմ։ Մի խոսքով, հիպոֆիզը մի փակ արկղ է, որը բնորոշում է մարդկային տվյալ դեմքը։ Տվյա՜լ։ «Սևիլյայից Գրենադա...»,— մոլեգնած ոլորելով աչքերը, բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— այլ ոչ համամարդկային։ Դա հենց մանրակերտն է ուղեղի։ Եվ ինձ ամենևին պետք չէ, թող կորչի գրողի ծոցը։ Ես բոլորովին ուրիշ բանի մասին էի հոգում՝ լավասերման, մարդկային ցեղի բարելավման մասին։ Եվ ահա դեմ առա երիտասարդացման։ Մի՞թե մտածում եք, որ փողի համար եմ անում դրանք։ Չէ՞ որ ես համենայնդեպս, գիտնական եմ...

— Դուք մեծ գիտնական եք, ահա թե ինչ,— ասաց Բորմենտալը, կլլելով կոնյակը։ Նրա աչքերն արյունակալել էին։

― Ես ուզում էի մի փոքր փորձ անել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ հիպոֆիզից սեռական հորմոնի մզուկ ստացա։ Եվ դրա փոխարեն ի՜նչ ստացվեց, տեր իմ Աստված։ Այդ հորմոնները հիպոֆիզի մեջ, Աստված ազատի... Դոկտոր, իմ առաջ բութ անհուսություն է, երդվում եմ, ես ինձ կորցրել եմ...

Բորմենտալը հանկարծ քշտեց թևքերը, աչքերը ծռած քթի կողմն, արտասանեց.

― Այդժամ, ահա թե ինչ, թանկագին ուսուցիչ, եթե դուք չեք կամենում, ես ինքս իմ ռիսկով, մկնդեղով կկերակրեմ դրան։ Հերն էլ անիծած, որ հայրս դատական քննիչ է եղել։ Ի վերջո, չէ՞ որ դա ձեր սեփական փորձարարական արարածն է։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը մարեց, թուլացավ, ընկավ բազկաթոռի մեջ ու ասաց.

— Չէ, ես դա թույլ չեմ տա, սիրելի տղաս։ Ես վաթսուն տարեկան եմ, կարող եմ ձեզ խորհուրդներ տալ։ Երբեք մի գնացեք հանցագործության, ում դեմ էլ ուղղված լինի դա։ Ապրեք մինչև ծերություն մաքուր ձեռքերով։

― Ներող եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե նրան մշակում է այդ Շվոնդերը, ի՞նչ պիտի ստացվի նրանից։ Աստված իմ, հիմա եմ սկսում հասկանալ, ի՞նչ է դուրս գալու այդ Շարիկովից։

― Ըհը՞։ Հիմա եք հասկացել։ Իսկ ես հասկացա վիրահատությունից մեկ օր անց։ Ուրեմն, այսպես, հենց այդ Շվոնդերն է ամենագլխավոր տխմարը։ Նա չի հասկանում, որ Շարիկովն իր համար ավելի ահեղ վտանգ է, քան ինձ համար։ Էհ, հիմա նա ըստ ամենայնի աշխատում է նրան լարել իմ դեմ, չպատկերացնելով, որ եթե մեկնումեկն, իր հերթին Շարիկովին լարի Շվոնդերի դեմ, ապա իրենից մի թաց տեղ կմնա։

― Այն էլ ինչպե՜ս, մենակ կատուները բավական են։ Շան սրտով մարդ։

― Օ՛, ո՛չ, օ՛, ո՛չ,— դանդաղ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— դոկտոր, դուք մեծագույն սխալ եք անում, ի սեր Աստծո, շանը մի վատաբանեք։ Կատուները՝ ժամանակավոր են... Կարգապահության և երկոււ֊երեք շաբաթվա հարց է։ Հավատացնում եմ ձեզ։ Մի ամիս էլ անցնի, նա կդադարի հարձակվել կատուների վրա։

― Իսկ հիմա՞ ինչու է...

― Իվան Առնոլդովիչ, տարրական բան է, իսկապես, ինչ եք հարցնում։ Չէ՞ որ հիպոֆիզն օդում կախված չի մնալու։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, շան ուղեղին է պատվաստված, թողեք սերտաճի։ Հիմա Շարիկովը դրսևորում է սոսկ շնականի մնացուկները, և հասկացեք, որ կատուները լավագույնն են, ինչ նա անում է։ Պատկերացրեք, որ համակ սարսափն այն է, որ նրանը արդեն շան սիրտ չէ, այլ հենց մարդկային։ Եվ ամենանողկալին այն ամենից, ինչ գոյություն ունի բնության մեջ։

Վերին աստիճանի բորբոքված Բորմենտալը բռունցք սեղմեց իր նիհար և ուժեղ ձեռքերով, ուսերը թոթվեց և հաստատուն ասաց.

― Վե՛րջ։ Ես նրան սատկացնելու եմ։

― Արգելում եմ,— վճռական պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

― Ախր, ներող եղեք...

Ֆիլիպ Ֆիլիպովիչը հանկարծ լսողությունը լարեց, մատը տնկեց։

— Սպասեք, Հապա... Ոտնաձայն լսեցի։

Երկուսն էլ զգուշացան, բայց բնակարանում լռություն էր։

— Ականջիս լսվեց,— խոսեց Ֆիլիպ ֆիլիպովիչը և տաքացած խոսեց գերմաներեն։ Նրա ասածներում մի քանի անգամ հնչեցին ռուսերեն «քրեական հանցագործություն» բառերը։

— Մի րոպե,— հանկարծ լարվեց Բորմենտալը և քայլեց դեպի դուռը։ Ոտնաձայնը հստակվեց և մոտենում էր աշխատասենյակի դռանը: Բացի դրանից, մի ձայն էլ էր գռմռում։ Բորմենտալը կտրուկ բացեց դուռը և ընկրկեց ապշահար։ Կատարելապես զարմացած ֆիլիպ ֆիլիպովիչը քարացավ բազկաթոռի մեջ։

Միջանցքի լուսավորված ուղղանկյան մեջ հայտնվեց մեկտակ գիշերանոցով Դարյա Պետրովնան, մարտական և կրակվող դեմքով։ Թե բժշկին, թե պրոֆեսորին շլացրեց հուժկու և ինչպես սարսափից թվաց երկուսին էլ, միանգամայն մերկ մարմնի առատությունը։ Դարյա Պետրովնայի զորեղ ձեռքերի մեջ քաշքշվում էր ինչ֊որ բան, և այդ ինչ֊որը դեմ էր ընկնում, նստում, և փոքր ոտքերը, ծածկված սե մազերով, խճճվել էին մանրահատակի վրա։ Ինչ֊որն, անշուշտ, Շարիկովն էր, կատարելապես իրեն կորցրած, սակայն դեռևս գինովցած, գզգզված ու շապկանց։

Դարյա Պետրովնան՝ վիթխարի և մերկ, թափ տվեց Շարիկովին, ինչպես կարտոֆիլի պարկ, արտաբերեց հետևյալ բառերը.

— Հիացեք, պարոն պրոֆեսոր, մեր այցելու Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչով։ Ես ամուսնացած եղել եմ, իսկ Զինան անմեղ աղջիկ է։ Լավ էր, արթնացա։

Ավարտելով իր խոսքը, Դարյա Պետրովնային հանկարծ ամոթ պատեց, ճչաց, կուրծքը ծածկեց ձեռքերով ու ետ վազեց։

— Դարյա Պետրովնա, ներեցեք, ի սեր Աստծո,— ուշքի գալով՝ նրա ետևից բղավեց կարմրատակած Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Բորմենտալն ավելի քշտեց շապկի թևքերը և շարժվեց դեպի Շարիկովը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց նրա աչքերին ու սարսափեց։

― Ի՜նչ եք անում, դոկտոր։ Ես արգելո՜ւմ եմ...

Բորմենտալը աջ ձեռքով բռնեց Շարիկովի օձիքն ու այնպես ցնցեց, որ շապիկը մեջքի վրա պատռվեց, իսկ դիմացից կոկորդի մոտ պոկվեց կոճակը։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը նետվեց ճանապարհը կտրելու և սկսեց տխեղծ Շարիկովին պոկել վիրաբուժական ամուր ձեռքերից։

— Դուք իրավունք չունեք ծեծել,— կիսախեղդ բղավում էր Շարիկովը՝ նստելով հատակին և սթափվելով։

Բորմենտալը քիչ ուշքի եկավ և թողեց Շարիկովին, որից հետո նա տեղնուտեղը սկսեց թնգթնգալ։

― Դե, լավ,— թշշացրեց Բորմենտալը,— սպասենք մինչև առավոտ։ Ես նրա բենեֆիսը կսարքեմ, երբ ուշքի գա։

Այստեղ նա բռնեց Շարիկովի թևատակհրից և քարշ տվեց ընդունարան՝ քնելու։ Ըստ որում, Շարիկովը փորձ արեց քացիքացի անել, բայց ոտքերը չէին ենթարկվու։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը չռեց ոտքերը, որից կապույտ փեշերը բացվեցին, վեր բարձրացրեց ձեռքերը և աչքերը միջանցքի առաստաղի լամպին՝ ասաց.

— Այսպիսի՜ բաներ...

9

Հաջորդ առավոտյան դոկտոր Բորմենտալի խոստացած՝ Շարիկովի բենեֆիսը չկայացավ, սակայն մի պատճառով, որ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը չքվել էր տնից։ Բորմենտալը կատաղած վիճակի մեջ ընկավ, ինքն իրեն ավանակ կոչեց այն պատճառով, որ չէր թաքցրել շքամուտքի դռան բանալին, բղավում էր, թե դա աններելի է և ավարտեց մի ցանկությամբ, որ Շարիկովն ընկնի ավտոբուսի տակ։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած էր աշխատասենյակում, մատները մտցրած մազերի մեջ և ասում էր՝ «Պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու փողոցում... Պատկերացնում եմ։ «Սևիլյայից Գրենադա..., տե՜ր Աստված»։

— Կառավարչությունում էլ կարող է լինել,— փրփել էր Բորմենտալը և դեսուդեն էր վազվզում։

Կառավարչությունում նա կռվեց Շվոնդերի հետ, այն աստիճան, որ սա նստեց դիմում գրելու Խամովնիչեսկիյ շրջանի ժողովրդական դատարան, ընդ որում, ձայնը գլուխը գցած, որ ինքը պրոֆեսոր Պրեորրաժենսկիյի սանի պահակը չէ, առավել ևս, որ այդ Պոլիգրաֆը ոչ ուշ, քան երեկ, սրիկայի մեկը դուրս եկավ, կառավարչությունից վերցնելով յոթը ռուբլի, իբր կոոպերատիվից դասագրքեր գնելու համար։

Այդ գործի վրա երեք ռուբլի վաստակած Ֆյոդորը խուզարկեց ամբողջ տունը՝ վերից վար։ Շարիկովի հետքերը ոչ մի տեղ չկային։

Միայն մի բան պարզվեց, որ Պոլիգրաֆը դուրս է եկել լուսաբացին, կեպիով, վզնոցով ու վերարկուով, հետը տանելով բուֆետից թռցրած սնձօղու շիշը, դոկտոր Բորմենտալի ձեռնոցները և իր բոլոր փաստաթղթերը։ Դարյա Պետրովնան ե Զինան, առանց թաքցնելու, բուռն ուրախություն արտահայտեցին և հույս, որ Շարիկովն այլևս չի վերադառնա։ Դարյա Պետրովնայից Շարիկովը նախորդ օրը երեք ռուբլի հիսուն կոպեկ էր վերցրել։

― Այդպես էլ պետք է ձեզ,― մռնչում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ թափահարելով բռունցքները։

Ամբողջ օրը զանգահարում էր հեռախոսը, նաև հաջորդ օրը և բժիշկները որոշակի քանակով այցելուներ ընդունեցին, իսկ երրորդ օրը աշխատասենյակում ընդհուպ հարց բարձրացավ, որ տեղեկացնել է պետք միլիցիա, որն էլ պիտի Շարիկովին փնտրի մոսկովյան հորձանուտում:

Եվ հենց նոր էր արտաբերվել «միլիցիա» բառը, երբ Օբուխով նրբանցքի երանելի լռությունը պատռեց բեռնատար մեքենայի կաղկանձը և տան պատուհանները ցնցվեցին։ Հետո հնչեց դռան վստահ զանգը, և Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը հայտնվեց նախասենյակում։ Եվ պրոֆեսորը, և դոկտորը ելան դիմավորելու նրան։ Պոլիգրաֆը ներս մտավ անսովոր արժանապատվությամբ, հանեց կեպին, վերարկուն կախեց եղջյուրից և նոր տեսքով հայտնվեց։ Հագին ուրիշի կաշվե բաճկոն էր, դարձյալ կաշվե մաշված շալվար և անգլիական ճտքավոր կոշիկներ, մինչև, ծնկները քուղկապ։ Պրեոբրաժենսկիյն ու Բորմենտալը, ասես հրամանով, ձեռքերը խաբեցին կրծքներին, կանգնեցին բարավորի մոտ՝ սպասելով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի առաջին հայտարարությանը։ Սա հարթեցրեց կոշտ մազերը, հազաց և շուրջը նայեց, որ ակնհայտ էր՝ Պոլիգրաֆը շփոթմունքը ցանկանում է թաքցնել սանձարձակությամբ։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,― վերջապես սկսեց խոսել,— ես պաշտոնի եմ նշանակվել։

Երկու բժիշկները չոր, կոկորդային ձայն արձակեցին և շարժվեցին։

Պրեոբրաժենսկիյն առաջինն ուշքի եկավ, պարզեց ձեռքն ու ասաց.

— Թուղթը տվեք։

Մեքենագրված էր «Սույնը ներկայացնող ընկեր Պոլիգրաֆ Պոլիգաֆովիչը իսկապես հանդիսանում է Մոսկվա քաղաքի Մ.Կ.Տ. թափառական կենդանիներից (կատուներ և այլն) մաքրման բաժնի վարիչը»։

— Այսպես,― ծանր֊ծանր ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իսկ ո՞վ է ձեզ ընդունել տվել։ Ահ, իմիջիայլոց, ինքս եմ կռահում...

— Է՛, հա՜, Շվոնդերը,— պատասխանեց Շարիկովը։

— Թույլ տվեք հարցնել, ինչո՞ւ է ձեզնից այդքան նողկալի հոտ փչում։

Շարիկովը մտահոգ հոտոտեց բաճկոնը։

— Է, հա, փչում է... հայտնի բան է։ Մասնագիտության պատճառով։ Երեկ կատու էինք խեղդում, խեղդում։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցվեց և նայեց Բորմենտալին։ Նրա աչքերը հիշեցնում էին հրազենի երկու սև փող՝ ուղղված Շարիկովի վրա։ Առանց որևէ նախաբանի, մոտեցավ Շարիկովին և հեշտ ու վստահ բռնեց կոկորդից։

— Օգնություն,— կլանչեց Շարիկովը գունատվելով։

— Դոկտո՞ր։

— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մի անհանգստացեք, ոչ մի վատ բան թույլ չեմ տա,— երկաթյա ձայնով պատասխանեց Բորմենտալը և բղավեց.— Զինա և Դարյա Պետրովնա։

Նրանք հայտնվեցին նախասրահում։

— Դե, կրկնեք,— ասաց Բորմենտալը և Շարիկովի կոկորդը թեթևակի սեղմեց մուշտակին,— ներեցեք ինձ...

— Լավ, լավ, կկրկնեմ,— խռպաձայն պատասխանեց կատարելապես ցնցված Շարիկովը, հանկարծ շունչ հավաքեց, թսփ տվեց իրեն և փորձեց «օգնեցեք» կանչել, բայց բղավոց չստացվեց և նրա գլուխը լրիվ թաղվեց մուշտակի մեջ։

— Դոկտոր, աղաչում եմ։

Շարիկովը թափահարեց գլուխը, հայտնել տալով, որ հնազանդվում է և կկրկնի։

— ...ներեցեք ինձ, մեծարգո Դարյա Պետրովնա և Զինաիդա...

— Պրոկոֆյևնա,— վախեցած շշնջաց Զինան:

— Պրոկոֆյևնա...— օդ կուլ տալով՝ ասաց խռպոտաձայն Շարիկովը։

— ...որ ինձ թույլ տվեցի...

— ...թույլ տվեցի...

— ...գարշելի արարք գիքերը, հարբած վիճակում...

— ...հարբած վիճակում...

― Այլևս երբեք չեմ անի...

― Չեմ անի...

— Բաց թողեք, Իվան Առնոլդովիչ, բաց թողեք դրան,― միաժամանակ աղաչեցին երկու կանայք,― կխեղդեք դրան։

Բորմենտալը թողեց Շարիկովին ազատ և հարցրեց.

— Բեռնատարը ձեզ սպասո՞ւմ է։

— Չէ,— հարգալիր պատասխանեց Շարիկովը,— մենակ բերեց։

— Զինա, բաց թողեք մեքենան: Հիմա նկատի ունեցեք հետևյալը. դուք վերադարձել եք Ֆիլիպ Ֆիլիպովիչի բնակարանը...

— Ուրիշ էլ ո՞ւր պիտի գնայի,— երկչոտ պատասխանեց Շարիկովը՝ աչքերը խաղացնելով։

— Հրաշալի։ Լինել հեզ ու խոնարհ։ Հակառակ դեպքում, ամեն մի այլանդակ արարքի համար գործ կունենաք ինձ հետ։ Հասկացա՞ք։

— Հասկացանք,— պատասխանեց Շարիկովը։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շարիկովի վրա բռնության ամբողջ ընթացքում լռություն էր պահպանում։ Մի տեսակ խեղճացած, կծկվել էր բարավորի մոտ, եղունգն էր կրծոտում, աչքերը հառած մանրահատակին։ Հետո հանկարծակի բարձրացրեց աչքերը Շարիկովի վրա և հարցրեց խլաձայն և մեքենայորեն.

— Իսկ ի՞նչ եք անում այդ... սպանած կատուներին։

— Վերարկուներ կարելու կգնան,— պատասխանեց Շարիկովը,— դրանցից մուշտակներ կկարեն բանվորական ապառիկի։

Հետայդու բնակարանում լռություն տիրեց և շարունակվեց երկու օրուգիշեր։ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը առավոտյան գնում էր դղրդացող բեռնատարով, հայտնվում երեկոյան, սուսուփուս ճաշում Ֆիլիպ Ֆիլիպովիչի և Բորմենտալի հետ։ Թեև Բորմենտալը և Շարիկովը քնում էին մեկ սենյակում, նրանք չէին խոսում իրար հետ, այնպես որ Բորմենտալը կարոտեց առաջինը։

Երկու օր անց բնակարանում հայտնվեց նիհարիկ, շտկված֊ ներկված աչքերով մի օրիորդ, կրեմագույն գուլպաներով և շատ շփոթվեց բնակարանի հոյակապությանն ի տես։ Հնամաշ, թեթև վերարկուով նա քայլում էր Շարիկովի ետևից և նախասենյակում դեմառդեմ ելավ պրոֆեսորին։

Պրոֆեսորը շշկլվեց, կանգ առավ, կկոցեց աչքերը և հարցրեց.

— Թույլ կտա՞ք հարցնել...

— Ես զագսավորվում եմ նրա հետ, մեր մեքենագրուհին է, ինձ հետ պիտի ապրի։ Պետք է Բորմենտալին հանել ընդունարանից, նա իր բնակարանն ունի,― ծայրաստիճան անբարյացակամությամբ խոժոռ, բացատրեց Շարիկովը։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը թարթեց աչքերը, մտածեց, նայեց շառագունած օրիորդին և շատ նրբավար հարցրեց.

― Խնդրում եմ, մի րոպեով եկեք իմ աշխատասենյակը։

― Ես էլ կգամ նրա հետ,— արագ և կասկածանքով ասաց Շարիկովը։

Եվ այստեղ վայրկենապես, ասես գետնի տակից բսնեց վճռական Բորմենտալը։

― Կներեք,― ասաց նա,— պրոֆեսորը կզրուցի օրիորդի հետ, իսկ մենք կմնանք այստեղ։

― Ես չեմ ուզում,― քարացած պատասխանեց Շարիկովը՝ փորձելով սողոսկել վախից կրակվող օրիորդի և ֆիլիպ Ֆիլիպովիչի ետևից։

— Ոչ կներեք,— Բորմենտալը բռնեց Շարիկովի դաստակից և տարավ զննարան։

Մի հինգ րոպե աշխատասենյակից ոչինչ չէր լսվում, իսկ հետո խլացած լսվեցին օրիորդի հեկեկոցները։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգնած էր սեղանի մոտ, իսկ օրիորդը լաց էր լինում ժանեկազարդ կեղտոտ թաշկինակի մեջ։

— Սրիկան ասաց, թե վիրավորվել է պատերազմում,— հեկեկում էր օրիորդը։

— Ստում է,― անհողդողդ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, օրորեց գլուխը և շարունակեց.— ես անկեղծորեն խղճում եմ ձեզ, բայց դե, չի կարելի այդպես, առաջին պատահածի հետ, միայն աշխատատեղի համար... Աղջիկս, չէ՞ որ դա այլանդակություն է... ԱՀա, թե ինչ...

Նա բացեց գրասեղանի դարակը և երեք հատ երեսուննոց հանեց։

— Ես ինձ կթունավորեմ,— լալիս էր օրիորդը,— ճաշարանում ամեն օր աղը դրած միս... նա սպառնում էր, ասում, թե կարմիր հրամանատար է... ասում է, թե ինձ հետ կապրես շքեղ բնակարանում... ամեն օր՝ արքայախնձոր... Հոգեկանս բարի է, ասում է, մենակ կատուներին եմ ատում... Մատանիս էլ վերցրել է հիշատակ...

— Այդպես, այդպես, այդպես, հոգեկանը բարի է... «Սևիլյայից Գրենադա»,— մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— պետք է դիմանալ, դուք դեռ այնքան ջահել եք...

— Մի՞թե հենց այս դարպասատակից։

— Վերցրեք փողը, երբ տալիս են, պարտքով,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Ապա հանդիսավորապես բացեց դուռը, և Բորմենտալը, Ֆիլիպ Ֆիլիպովիչի հրավերովվ, ներս բերեց Շարիկովին։ Սա աչքերը տանում―բերում էր, գլխի բուրդը շարժվում էր խոզանակի պես։

— Սրիկա,— ասաց օրիորդը, շողացնելով լացակումած, ներկը քսմսած աչքերը և դիմափոշուց շերտատված քիթը։

— Ինչի՞ց է ձեր գլխի սպին, բարի եղեք բացատրել օրիորդին,— մեղմությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Շարիկովը գնաց ծայրահեղ ռիսկի։

— Կոլչակյան ճակատներում եմ վիրավորվել,— հաչաձայն ասաց նա։

Օրիորդը վեր կացավ և լաց լինելով դուրս գնաց։

— Վերջ տվեք,— նրա ետևից բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սպասեք։ Մատանին տվեք խնդրում եմ,— Շարիկովին դիմեց նա։

Սա հնազանդորեն մատից հանեց սնամեջ, զմրուխտով մատանին։

— Դե լավ,— չարամտորեն ասաց նա,— ես քեզ կհիշեցնեմ։ Վաղը հաստիքների կրճատում կբերեմ գլխիդ։

— Մի վախեցեք նրանից,— օրիորդի ետևից բղավեց Բորմենտալը,— ես թույլ չեմ տա որևէ բան անե։— Նա շրջվեց ու Շարիկովին նայեց այնպես, որ սա ետ֊ետ գնաց ու ծոծրակով զարնվեց պահարանին։

— Ազգանունն ի՞նչ է,— հարցրեց Բորմենտալը։— Ազգանունը,— հանկարծ դոռաց նա ու դարձավ վայրի և սարսափելի։

— Վասնեցովա,— պատասխանեց Շարիկովը՝ աչքերով փնտրելով, թե ինչպես ճողոպրի։

— Ամեն օր,— բռնելով Շարիկովի բաճկոնի դարձածալը արտաբերեց Բորմենտալը,— անձամբ եմ հետաքրքրվելու մաքրման գրասենյակում, թե կրճատե՞լ են քաղաքացուհի Վասնեցովային։ Եվ եթե միայն դուք... իմանամ, որ կրճատել եք, սեփական ձեռքով կգնդակահարեմ ձեզ այստեղ։ Զգուշացնում եմ, Շարիկով, մայրենի լեզվով եմ ասում։

Շարիկովն անքթիթ նայում էր Բորմենտալի բթին։

— Մեր մոտ էլ ռևոլվեր կճարվի,― մրթմրթաց Շարիկովը, բայց շատ ալարկոտ և հանկարծ ճարպկորեն շպրտվեց դռնից դուրս։

— Զգուշացեք,— նրան հասավ Բորմենտալի բղավոցը։

Գիշերը և հաջորդ օրվա կեսը բնակարանում ամպ էր կախված, ինչպես ամպրոպից առաջ։ Սակայն բոլորը լուռ էին։ Եվ ահա, հաջորդ օրտ, երբ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը, որի սիրտը ծակել էր գեշ կանխազգացումը, մռայլված գնաց աշխատավայր բեռնատարով, պրոֆեսոը Պրեոբրաժենսկիյն, միանգամայն անպատեհ ժամի, ընդունեց իր երբեմնի այցելուներից մեկին՝ հաստամարմին և բարձրահասակ մարդ էր, զինվորական համազգեստով։ Վերջինս համառորեն տեսակցություն էր խնդրում և ստացավ։ Մտնելով աշխատասենյակ՝ նա քաղաքավարությամբ շխկացրեց կրունկները։

― Ձեր ցավե՞րն են վերսկսվել, սիրելիս,— հարցրեց նիհարած Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— նստեք, խնդրեմ։

― Մերսի։ Ոչ, պրոֆեսոր,— պատասխանեց հյուրը, սաղավարտաձև գլխարկը դնելով սեղանի անկյունին,— ես ձեզ շատ եմ պարտական ... Հը՛մ... Ես ձեզ մոտ եմ եկել միանգամայն ուրիշ գործով, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Մեծ հարգանք տածելով ձեր... Հըմ... նախազգուշացնել... Հստակ դատարկ բան է... Պարզապես, ստահակի մեկն է նա...

Այցելուն ձեռքը մտցրեց պայուսակի մեջ և մի թուղթ հանեց։

― Լավ է, որ անմիջականորեն ինձ զեկուցեցին...

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ակնոցի վրայից քթակնոց դրեց և սկսեց կարդալ։ Երկար մրմնջում էր քթի տակ, ամեն վայրկյան այլայլվելով։

«... ինչպես նաև սպառնաց սպանել տնային կառավարիչ ընկեր Շվոնդերին, ինչից երևում է, որ հրազեն է պահում։ Եվ հակահեղափոխական ճառեր է արտասանում, ինչպես նաև իր սոցիալ―աղախին Զինաիդա Պրոկոֆյևնա Բունինային կարգադրեց գցել վառարանը Էնգելսին, ինչպես հաստատ մենշևիկ իր ընթերակա Իվան Առնոլդովիչ Բորմենտալի հետ, որը գաղտնի և չգրանցված ապրում է նրա բնակարանում։ Մաքրման ենթարաժնի վարիչ Պ.Պ. Շարիկովի ստորագրությունը հաստատում եմ։ Տնային կառավարչության նախագահ Շվոնդեր, քարտուղար Պեստրուխին»։

― Թույլ կտա՞ք սա պահեմ ինձ մոտ,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, նրա դեմքին պուտեր հայտնվեցին,— թե, կներեք, ձեզ պետք է օրինական ընթացք տալ գործին։

— Ներեցեք, պրոֆեսոր,— այցելուն շատ վիրավորվեց և փքեցրեց ռունգերը,― դուք, իրոք, շատ արհամարհաբար եք նայում մեզ։ Ես...— այստեղ նա սկսեց փքվել, ինչպես հնդկական աքաղաղ։

― Ներեցեք, ներեցեք, սիրելիս,— մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ներողություն, իսկապես չէի ուզում ձեզ վիրավորել։

― Մենք կարողանում ենք թղթեր կարդալ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։

― Մի բարկացեք, սիրելիս, նա այնպես է տանջել ինձ...

— Կարծում եմ,— կատարելապես հանդարտվեց այցելուն,— բայց և այնպես, ի՜նչ տականք է։ Հետաքրքիր կլիներ նրան նայել։ Մոսկվայում ուղղակի առասպելներ են պատմում ձեր մասին։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը միայն հուսաբեկ թափ տվեց ձեռքը։ Այստեղ այցելուն տեսավ, որ պրոֆեսորը կորացել է և ավելի ճերմակել վերջին շրջանում։

* * *

Հանցագործությունը հասունացել էր և ընկավ քարի պես, ինչպես և լինում է սովորաբար։ Վատ, կրծող ցավող սրտով վերադարձավ բեռնատարով Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ձայնը նրան հրավիրեց զննարան։ Զարմացած Շարիկովը եկավ և տարտամ սարսափով նայեց Բորմենտալի դեմքի հրացանափողերին, հետո՝ Ֆիիպ Ֆիլիպովիչին։ Ամպ էր գալարվում ընթերակայի շուրջ, և նրա ձախ ձեռքը, գլանակը մատների արանքում, ցնցվում էր մանկաբարձական աթոռի պսպղուն բռնակին։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը հանգիստ և շատ չարագույժ ասաց.

― Հենց հիմա հավաքեք իրերը, շալվար, վերարկու, ինչ ձեզ պետք է, և դո՜ւրս բնակարանից։

― Էդ ո՞նց,— անկեղծորեն զարմացավ Շարիկովը։

― Այսօր իսկ դուրս բնակարանից,— միալար կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, աչքերը կկոցած իր եղունգներին։

Ինչ֊որ չար ոգի էր նստել Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի մեջ, հավանաբար կործանումն արդեն հսկում էր նրան և ճակատագիրը կանգնած էր թիկունքին։ Նա ինքը նետվեց անխուսափելիի գիրկը և չարախինդ ու բեկբեկ ասաց հաչաձայն.

― Էս ի՞նչ բան է, իսկականից։ Ի՞նչ է, դատ ու դատաստան չե՞մ գտնի ձեր վրա։ Տասնվեց արշինի վրա էստեղ նստած եմ ու նստած էլ կմնամ։

― Դուրս կորեք բնակարանից,— խուլ շշնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։

Շարիկովն ինքը կանչեց իր մահը։ Ձախ ձեռքը բարձրացրեց և Ֆիլիպ ֆիլիպովիչին ճանկռոտեց, անտանելի կատվահոտ արձակող հայհոյանշան ցույց տվեց։ Իսկ հետո աջ ձեռքով, վտանգավոր Բորմենտալին ուղղված, գրպանից ատրճանակ հանեց։ Բորմենտալի գլանակը շողաց ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց ջարդված ապակու կտորտանքի վրա ցատկոտող Ֆիլիպ Ֆիլիպովիչը վազվզում էր պահարանի և թախտի միջև։ Թախտի վրա փռված, խռխռալով պառկած էր մաքրման ենթաբաժնի վարիչը, իսկ նրա կրծքին տեղավորվել էր վիրաբուլժ Բորմենտալը և խեղդում էր նրան սպիտակ փոքր բարձով։

Մի քանի րոպե անց, դոկտոր Բորմենտալը՝ ոչ իր դեմքով, ելավ շքամուտք և զանգի կոճակի կողքին գրություն փակցրեց.

«Այսօր ընդունելություն չի լինելու պրոֆեսորի հիվանդության պատճառով։ Խնդրում եմ չանհանգստացնել զանգերով»։

Փայլուն գրչահատ դանակով նա կտրեց զանգի լարը, հայելու մեջ նայեց իր ճանկռոտած և արյունոտ դեմքին և ճղճղված, մանրիկ դողացնող ձեռքերը։ Հետո նա հայտնվեց խոհանոցում և լարված Զինային և Դարյա Պետրովնային ասաց.

— Պրոֆեսորը խնդրում է ձեզ՝ բնակարանից ոչ մի տեղ չգնալ։

— Լավ,— երկչոտ պատասխանեցին Զինան և Դարյա Պետրովնան։

― Թույլ տվեք կողպեմ ետնամուտքի դուռը և բանալին վերցնեմ,— խոսեց Բորմենտալը՝ թաքնվելով դռան ետևի ստվերում ու ծածկելով դեմքը։ ― Սա ժամանակավոր է, ոչ ձեր հանդեպ անվստահությունից։ Սակայն մեկնումեկը կգա, իսկ դուք չեք դիմանա, կբացեք, իսկ մեզ չի կարելի խանգարել, մենք զբաղված ենք։

― Լավ,― պատասխանեցին կանայք և իսկույն գունատվեցին։

Բորմենտալը կողպեց ետնամուտքի դուռը, վերցրեց բանալին, կողպեց շքամուտքի դուռը, կողպեց միջանցքից ընդունարան բերող դուռը, և նրա ոտնաձայնը մարեց զննարանում։

Լռությունը պարուրեց բնակարանը, սողոսկեց բոլոր անկյունները։ Աղջամուղջն իջավ՝ գեշ, զգուշավոր, մի խոսքով՝ խավար։

Ճիշտ է, հետագայում բակի մյուս կողմի հարևաններն ասում էին, թե իբր բակ ելնող զննարանի պատուհանները այդ երեկո լուսավորված էին բոլորը և նույնիսկ իբր տեսել են պրոֆեսորի սպիտակ գլխարկը... Ստուգել դա դժվար է։ Ճիշտ է, երբ ամեն ինչ վերջացել էր, Զինան շատախոսում էր, որ աշխատասենյակում, բուխարու մոտ, այն բանից հետո, երբ Բորմենտալը և պրոֆեսորը դուրս էին եկել զննարանից, իրեն մահու չափ վախեցրել էր Իվան Առնոլդովիչը։ Իր աշխատասենյակում նա պպզել էր բուխարու առաջ և իր ձեռքով այրում էր կապտակազմ տետրը, որի մեջ գրանցված էին պրոֆեսորի այցելուների հիվանդության պատմությունները։ Իբր դոկտորի դեմքն ամբողջովին կանաչ էր և ամեն, ամեն տեղ ճանկռոտած։ Եվ Ֆիլիպ Ֆիլիպովիչն այն երեկո ինքն իրեն նման չէր։ Նաև որ... Իմիջիայլոց, դուցեև պրեչիստենկյան բնակարանից այդ անմեղ աղջիկը ստում է...

Մի բան կարելի է անվերապահ ընդունել։ Այդ երեկո բնակարանում կատարյալ և զահուրելի լռություն էր տիրում։

Վիպակի ավարտը։


Վերջաբան

Պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի բնակարանի զննարանում ճակատամարտի տասներորդ օրվա գիշերը, Օբուխով նրբանցքում կտրուկ զանգ հնչեց։ Զինային մահու չափ վախեցրին դռան մյուս կողմից հնչող ձայները.

— Քրեական միլիցիան է և քննիչը։ Բարի եղեք դուռը բացել։

Ոտնաձայներ լսվեցին, կտկտոց, նոր գցած ապակիներով պահարանների մեջ արտացոլվող լույսի փնջերից կրակվող ընդունարանում մարդկանց բազմություն հավաքվեց։ Երկուսը միլիցիայի համազգեստով էին, մեկը՝ պայուսակով ու վերարկուով, չարախնդացող և գունատված Շվոնդերը, պատանի–աղջիկը, շվեյցար Ֆյոդորը, Զինան, Դարյա Պետրովնան և կիսահագնված Բորմենտալը, որն ամաչելով ծածկում էր անփողկապ վիզը։

Աշխատասենյակից բացվող դռնից ներս մտավ Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հագին բոլորին հայտնի երկնագույն խալաթն էր, և այստեղ բոլորը կարող էին իսկույն համոզվել, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը լավ լցվել է վերջին շաբաթվա ընթացքում։ Նախկին տիրական և եռանդուն Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ լի արժանապատվությամբ, հայտնվեց գիշերային հյուրերի առաջ և ներողություն խնդրեց, որ խալաթով է։

— Մի նեղվեք, պրոֆեսոր,— շատ շփոթված ասաց քաղաքացիական հագուստով մարդը։ Հետո նա կմկմալով սկսեց խոսել.— Շատ տհաճ է... Մենք օրդեր ունենք՝ ձեր բնակարանը խուզարկելու և...— մարդը խեթ նայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի բեղերին և ավարտեց.— և ձերբակալություն՝ արդյունքներից կախված։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը կկոցեց աչքերը և հարցրեց.

― Համարձակվում եմ հարցնել՝ ի՞նչ մեղադրանքով և ո՞ւմ։

Մարդը քորեց այտը և սկսեց կարդալ պայուսակից հանած թղթին գրածը.

— Ըստ մեղադրանքի Պրեոբրաժենսկիյին, Բորմենտալին, Զինաիդա Բունինային և Դարյա Պետրովնային, Մ.Կ.Տ. մաքրման ենթարաժնի վարիչ Պոլիգրաֆ Պոլիգրֆովիչ Շարիկովի սպանության մեղադրանքով։

Զինայի հեկեկոցը ծածկեցին նրա վերջին խոսքերը։ Շարժում առաջացավ։

― Ոչինչ չեմ հասկանում,― պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ արքայավայել թոթվելով ուսերը,― այդ ի՞նչ Շարիկով է։ Ահ, ներեցեք, իմ շա՞նը, որին ես վիրահատել եմ։

— Ներեցեք, պրոֆեսոր, ոչ թե շանը, այլ երբ արդեն մարդ էր նա։ Ահա, թե բանն ինչ է։

― Այսինքն, նա խոսո՞ւմ էր,― հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— դա դեռ չի նշանակում մարդ լինել։ Ի դեպ, կարեոր չէ։ Շարիկը հիմա էլ գոյություն ունի և ոչ ոք չի սպանել նրան։

— Պրոֆեսոր,— շատ զարմացած սկսեց խոսել մարդը և բարձրացրեց հոնքերը,— այդ դեպքում, նրան հարկ է ներկայացնել։ Տասներորդ օրն է, նա կորել է, իսկ տվյալները, ներեցեք ինձ, շատ վատ են։

― Դոկտոր Բորմենտալ, համեցեք քննիչին ներկայացնել Շարիկին,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ վերցնելով օրդերը։

Դոկտոր Բորմենտալը, ծուռ ժպտալով, դուրս ելավ։ Երբ նա ետ եկավ ու սուլեց, նրա ետևից աշխատասենյակի դռնից դուրս պրծավ տարօրինակ տեսակի մի շուն։ Տեղ֊տեղ նրա մաշկը լերկ էր, տեղ֊տեղ բուրդ էր աճել։ Դուրս պրծավ, ինչպես վարժեցրած շուն՝ ետևի թաթերի վրա, հետո իջավ չորս թաթերին և շուրջը նայեց։ Գերեզմանային լռություն անշարժացավ ընդունարանում, դոնդողի պես։ Մղձավանջային արտաքինով շունը, ճակատին՝ արնակարմիր սպի, կանգնեց ետևի թաթերին և ժպտալով նստեց բազկաթոռին։

Երկրորդ միլիցիոները հանկարծ լայն֊լայն խաչակնքվեց և ետ֊ետ գնալիս տրորեց Զինայի երկու ոտքը։ Սև հագուստով մարդը, բերանը բաց մնացած, այսպես խոսեց.

— Ներեցեք, ինչպե՞ս թե... Ախր, նա աշխատում էր մաքրման բաժնում։

— Ես չեմ նշանակել նրան այնտեղ,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— պարոն Շվոնդերն է նրան երաշխավորություն տվել, եթե չեմ սխալվում։

— Ես ոչինչ չեմ հասկանում,— շփոթահար ասաց սևը և դիմեց առաջին միլիցիոներին,— նա՞ է։

― Նա է,— անձայն պատասխանեց միլիցիոները,— ինքն է որ կա։

― Նա է,— լսվեց Ֆյոդորի ձայնը,— մենակ թե նորից բրդոտել է սրիկան։

― Չէ՞ որ նա խոսում էր... քըխե, քըխե...

― Հիմա էլ դեռ խոսում է, բայց ավելի ու ավելի քիչ, այնպես որ օգտվեք առիթից, թե չէ շուտով լրիվ կլռի։

— Բայց ինչո՞ւ,— կամացուկ հարցրեց սև մարդը։

Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց ուսերը։

― Գիտությունը դեռևս գազաններին մարդ դարձնելու եղանակ չունի։ Ահա, ես փորձեցի, միայն թե անհաջող, ինչպես տեսնում եք։ Խոսեց և սկսեց վերածվել նախնական վիճակին։ Ատավիզմ է։

— Անվայել խոսքեր չասել,— հանկարծ հաչաց շունը բազկաթոռից և վեր կացավ։

Սև մարդը հանկարծ գունատվեց, ցած գցեց պայուսակը, սկսեց ընկնել կողքի վրա, միլիցիոները նրան բռնեց կողքից, իսկ Ֆյոդորը՝ ետևից։ Իրարանցում եղավ, ավելի հստակ երեք դարձվածք լսվեց.

Ֆիլիպ Ֆիլիպովիը՝ «Վալերիանի կաթիլներ։ Ուշագնացություն է»։

Բորմենտալի ձայնը՝ «Շվոդերին իմ ձեռքով ցած կշպրտեմ սանդուղքից, եթե մի անգամ էլ երևա պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյի բնակարանում»։

Շվոնդերը՝ «Խնդրում եմ այդ խոսքերը մտցնել արձանագրության մեջ»։

* * *

Մոխրագույն փքսաձև խողովակները ջերմացնում էին։ Վարագույրները ծածկել էին պրեչիստենկյան թանձր գիշերը՝ միայնակ աստղով։ Բարձրագույն էակը, շնական կարևոր բարերարը նստած էր բազկաթոռին, իսկ Շարիկ շունը պառկած էր գորգին, կաշվե բազմոցի կողքը։ Մարտյան մշուշներից շունն առավոտները տառապում էր գլխացավից, որբ տանջում էր նրան գլխի շրջանաձև սպիով մեկ։ Բայց տաքությունից անցնում էին իրիկնադեմին։ Եվ հիմա թեթևանում, թեթևանում էր, և շան գլխում մտքերը ծորում էին համաչափ ու ջերմ։

«Ո՜նց ընկա, ո՜նց ընկա,— մտածում էր նա ննջելով,— ուղղակի աննկարագրելի ընկա։ Հաստատվել էի այս բնակարանում։ Կատարյալ համոզված եմ, որ իմ ծագման մեջ անմաքուր մի բան կա։ Առանց ջրասուզակի չի լինի։ Լիրբ էր իմ տատը, օղորմի պառավին։ Հաստատվել էի։ Ճիշտ է, գլուխս լրիվ կտրատել էին, բայց դե կլավանար։ Մեզ պետք չէ դրան ուշ դարձնել»։

Հեռուներում խուլ զնգզնգում էին սրվակները։ Կծվածը զննարանի պահարաններն էր կարգի բերում։

Իսկ ալեհեր կախարդը նստել ու երգում էր.

«Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»:

Շունն ահավոր բաներ էր տեսնում։ Լպրծուն ձեռնոցներն այդ կարևոր մարդը մտցնում էր ամանի մեջ, ուղեղ հանում։ Հաստատակամ մարդը համառորեն ինչ ―որ բան էր որոնում դրա մեջ, կտրում, զննում, աչքերը կկոցում ու երգում էր.

«Դեպի ափերը սրբազան Նեղոսի...»։


Հունվար―մարտ, 1925 թ.
Մոսկվա։