Շաֆրանեկի Ժառանգությունը

Գրապահարան-ից
17:38, 31 Մարտի 2013 տարբերակ, Իշմայիլ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շաֆրանեկի ժառանգությունը

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Բոլոր պարտադիր ձևականություններից հետո պարզվեց, որ Ֆրանտիշեկ Շաֆրանեկի ժառանգությունը կազմում է ուղիղ յոթ հելլեր։ Ահա և ամբողջ հարստությունը, որ մնացել էր այդ բարի մարդուց։ Սակայն ամանատհաճն այն էր, որ Շաֆրանեկը ժառանգորդներ չուներ, և պետությունը ստիպված էր այս գումարը վերցնել ի պահ։ Յոթ հելլերը դրվեց պետական դեպոզիտ, և իշխանությունները աշխուժորեն ձեռնամուխ եղան ժառանգորդներ փնտրելու գործին։
Նոտարական գրասենյակն սկսեց մոլեգին գործունեություն ծավալել։ Ամենից առաջ ժառանգության գործավար նշանակվեց։ Իր իրավասության շրջանակներում սա կազմեց հստակ, սպառիչ գրություն և տպագրել տվեց բոլոր թերթերում ու հանդեսներում՝ վճարելով ըստ հայտարարությունների սակագների։ Գործավարը հոգ տարավ նաև, որպեսզի Շաֆրանեկին վերաբերող նյութն ընդգրկվի թերթերի տեղական լուրերի շարքում։
Հայտարարությունը տեղեկացնում էր․
«Սույն թվի հունիսի տասնյոթին քաղաքական հիվանդանոցում վախճանվեց ենթավարպետ Ֆրանտիշեկ Շաֆրանեկը՝ վաթսունյոթ տարեկան, ըստ ունեցած տեղեկությունների՝ ամուրի։ Հանգուցյալի ժառանգությանը հավակնող անձինք հրավիրվում են օկրուգային դատարանի նոտարական գրասենյակ»։
Մի խոսքով, ժառանգության գործավար պան Կամեյկան, թևքերը քշտելով, կպավ գործի։ Հանգուցյալ Շաֆրանեկի անհայտ ազգականներին հայտաբերելու փնտրտուքները նա սկսեց այնքան հիմնավոր, որին ընդունակ են միմիայն ավստրիական հիմնարկությունները։
Դատական մանր աստիճանավոր Կամեյկան մինչև այդ իրեն կարողացել էր դրսևորել ուրիշ հարցերում, բայց այնպիսի պատկառելի գործ, ինչպիսին ժառանգության գործավար լինելն էր, նարան դեռևս չէր վիճակվել։ «Կանեմ ամեն հնարավոր բան,― որոշեց նա,― և,ինչ էլ պատահի, պետք է հասնեմ արդարության»։
Մինչև Կամեյկան առանց ձեռքերը ծալելու աշխատում էր, դեպոզիտ դրված յոթ հելլերը հանգրվան էին գտել ուրիշ գումարների հետ պետքական բանկում, որի շուրջը հրացանավոր զինվոր է քայլում։
Կամեյկան քնած չէր։ Կարճ ժամանակամիջոցում հիսուն հայտարարություն տպագրել տվեց Պրագայի և ծայրամասերի թերթերում, որը պետական գանձարանի վրա նստեց վեց հարյուր կրոն։ Գրագիր Շմիդտը մինչև կոկորդը թաղված էր աշխատանքի մեջ․ սա անընդհատ ծանուցագրեր էր ուղարկում զանազան Շաֆրանեկների, որոնք իրենց համար անսպասելի դատարան ներկայանալու կանչ էին ստանում։ Պարզվեց, որ միայն Պրագայում հիսունութ Շաֆրանեկ կար։
Այսպիսի նյութի հետ կարելի էր արդեն աշխատանք տանել։ Դատարան կանչված այդ դժբախտների հուզմունքը, որ երևումէր, երբ նրանց քննում էին ամենայն խստությամբ և հիմնավորությամբ, մեծ բավականություն էր պատճառում․․․
Ի դեպ, Կամեյկան ինքն էլ քիչ չէր տառապում այդ Շաֆրանեկների պատճառով։ Սրանցից ոմանց հարկ էր լինում օձիգներից բռնած դատարան քարշ տալ, կամ, արտահայտվելով պաշտոնական լեզվով՝ դատարան էր բերվում պահակախմբի հսկողությամբ։ Այսպես եղավ Ալոիս,Բենոն, Արթուր, Վիլեմ,Կառլ, Անտոնին և Ֆիլոմենա Շաֆրանեկների հետ։ Վերջինս սարսափելի աղմուկ բարձրացրեց, երբ ոստիկանը նրան արթնացրել էր առավոտյան ժամը վեցին։ Երկու Շաֆրանեկ՝ Միխալը և Բոգոսլավն այդ դեպքի պատճառով զրկվեցին իրենց աշխատանքից, քանի որ ոստիկանները նարն հետևեից ուղիղ աշխատավայր էին գնացել, իսկ դա գործատիրոջ վրա չափազանց ցնցող տպավորություն էր թողել։
Ասենք, այս ամենը դատարկ բան էր, միայն թե պատհանվեր գործի իրավաբանական կողմը։
Պրագայի հետ հաշիվները մաքրելուց հետո Կամեյկան զինվեց հասցեների գրքով և անցավ Պլզենին։ Պարզվեց, որ այստեղ կան քսանվեց Շաֆրանեկներ։ Իսկ Կլատովիում նրանք տասն էին։
Մի խոսքով, ամբողջ Չեխիայի դատական հիմնարկությունները հեղեղվել էին միայն Շաֆարնեկների գործերով։ Մլադա Բոլեսլավում հարցաքննվել էին չորս, Կոլինում՝ ութ, Գորժիցիում՝ մեկ Շաֆրանեկ։ «Վիսոկի Միդում ոչ մի Շաֆրանեկ չկա»,― արձանագրել էր Կամեյկան։ Իսկ մի քանի օր հետո, վերադառնալով տուն, կնոջը հանդիսավորապես հայտարարեց․ «Բուդապեշտում՝ ութ»։ Բոլոր Շաֆրանեկները հարցաքննվել էին տեղական դատարաններում, և Կամեյկան շփում էր ձեռքերը․
― Ինչ էլ պատահի, պիտի հասնեմ արդարադատության։
Ամռանն օկրուգային դատարանում օգտագործվեց վեց հարյուր քսանութ նոր թղթապանակ։ «Շ» տառի համար ստիպված էին նոր պահարան ձեռք բերել և լարցուցիչ վարձել հատուկ գրագիր։ Աշնանն անխոնջ Կամեյկան անցավ Մորավիային։
― Չպետք է կորցնել ոչ մի րոպե,― ասում էր նա իր ենթականերին։ ― Սկզբում՝ Բոնոն, դրանից հետո՝ Օլոմոուցը, և ամեն ինչ հոյակապ կստացվի։ Խստագույն կարգուկանոն․ օկրուգ առ օկրուգ։ Այնուհետև հերթը կհասնի Սիլեզիային։ Այո, պարոնայք, դատական մարմինների համար հեռավորությունը ոչ մի նշանակություն չունի։
«Շ» տառով պահարանում ավելացան ևս հինգ հարյուր վաթսունվեց գործեր։ Գրագիրներն անհանգիստ էին քնում գիշերը և երազում Շաֆրանեկներ տեսնում։
Մի գեղեցիկ ր Կամեյկան հաղթական հայտարարեց․
― Իսկ հիմա կվերցնենք Վիենան։ Հարկավոր է օգտագործել այդ քաղաքի ոստիկանությունը։ Թանկ է ամեն րոպեն։ Հեռագրեք՝ այնտեղ Շաֆրանեկներ չկա՞ն։
Շաֆրանեկներ կային։ Վիենայի ոստիկանությունը Պրագայի դատարանին տրամադրեց մի Շաֆրանեկի և մի հատ էլ Շաֆրանի։ Ճակատագրի բերումով սրանք հարգված վաճառականներ էին, որ չգիտեին, թե ինչ մտածեն, երբ գիշերը իերնց բռնեցին ու տարան Պրագա։ Այդ կապակցությամբ պառլամենտում նույնիսկ հարցապնդում էր եղել։
Կամեյկան շողում էր։
― Ամեն ինչ լավ է գնում,― կրկնում էր նա։― Կտեսնեք՝ ես պիտի գտնեմ բոլոր այդ ժառանգորդներին։ Բայց ժամանակն է, որ մենք դիմենք արտասահմանի մեր կոնսուլություններին։
Օկրուգային դատարանի գրասենյակում ավելացան ևս հարյուր յոթանասուն երկու գործեր։ :Կոնսուլությունները պակաս եռանդ չցուցաբերեցին, և կես տարի անց Կամեյկան կարող էր գլուխ գովել իսկապես հոյակապ արդյուքներով։ Գերմանիայում հայտնաբերվեցին երեք հարյուր տասնչորս Շաֆրանեկներ, Ֆրանսիայում՝ երկու, Անգլիայում՝ ինը, Ռուսաստանում՝ տասներեք (ձերբակալվել և աքսորվել են Սիբիր), Թուրքիայում որոնվում էր մի Շաֆրանեկ-բեյ։ Իսպանիայում չկար ոչ մեկը, բայց դրա փոխարեն Ամերիկայում միանգամից ութսուն հատ հայտնաբերվեց։ Ավստրալիայից պատասխան չեկավ, իսկ Պեկինի պատասխանը բացասական էր։ Տոկիոն խանդավառությամբ հաղորդեց, որ այդպիդի ազգանուն չեն էլ լսել։
― Պարոնայք,― բավարարված հայտարարեց Կամեյկան իր ենթականերին,― ամեն ինչ այնքան լավ է գնում, որ ավելի լավ չի կարող լինել։ Ահա կտեսնեք, երկու տարի էլ չի անցնի, երբ մենք կհայտնաբերենք ժառանգորդներին։ Իսկ մինչ այդ ձեզանից խնդրում եմ աչալրջություն։ Գրեք բոլոր դատարաններին, հետաքննել, փնտրել, մի րոպե անգամ շունչ չքաշել։ Մեր ծախսերն առայժմ կազմում են միայն տասնմեկ հազար կրոն, որ չնչին գումար է՝ իրավական այս գործողության կարևորության համեմատ։
Որոնումները շարունակվում էին։ Սակայն մի անգամ Կամեյկան հանդիսավոր մտավ գրասենյակ ու դիմեց գրագիր Շմիդտին․
― Խնդրում եմ պաշտոնապես ձևակերպել իմ հավակնությունը ժառանգության վերաբերյալ։ Մի ծիծաղեք, պարոնայք, ես չեմ ցնդել։ Բարի եղեք բոլոր կանոններով հարցաքննել ինձ։ Անուն-ազգանո՞ւնս։ Պատասխանում եմ՝ Յան Կամեյկա։ Հանգուցյալ Ֆրանտիշեկ Շաֆրանեկի հետ որևէ ազգակցական կապ ունե՞ք։ Պատասխանում եմ՝ պարոնայք, այո, ունեմ։ Տեսնում եմ՝ դուք զարմացած եք․․․ Այո, պարոնայք, մենք վերջապես հասել ենք բաղձալի նպատակին։ Իմ մոր աղջկական ազգանունը եղել է Շաֆրանեկ։ Ես այդ բանը հայտնաբերել եմ երեկ, երբ դասավորում էի մեր ընտանեկան փաստաթղթերը։ Նրա կրտսեր եղբայրը, որի բախտը կյանքում չի բերել, Ունետեցիում աշխատել է որես վառարանագործ։ Այս անձնավորությունը հենց նույն հանգուցյալ Ֆրանտիշեկ Շաֆրանեկն է, որ թողել է ժառանգությունը։ Հայտարարում եմ իմ իրավունքները և խնդրում եմ կցել գործին։
Մինչև կկատարվեին մանր-մունր ձևակերպությունները, անցավ մոտ հինգ ամիս, և Կամեյկան տիրացավ ժառանգությանը։ Պետական դեպոզիտից նրան հանձնվեց յոթ հելլեր, որոնք նա ոսկեջրեց և որպես զարդ ամրացրեց իր ժամացույցիշղթային։