Changes

Ոճիր և պատիժ, Առաջին մաս

Ավելացվել է 45 190 բայտ, 20:15, 15 Ապրիլի 2015
Ռասկոլնիկովը դիտմամբ շարժվեց ու բարձրաձայն ինչ-որ բան փնթփնթաց, որպեսզի ցույց չտար, թե թաքնվում է. հետո զանգահարեց երրորդ անգամ, բայց կամացուկ, վայելուչ և առանց որևէ անհամբերության։ Հետագայում վերհիշելով այդ, զգում էր, որ տվյալ րոպեն պարզ, պայծառ, առմիշտ տպավորված է իր մեջ. նա չէր կարողանում հասկանալ, թե որտեղից էր այդքան խորամանկություն վերցրել, մանավանդ որ լինում էին վայրկյաններ, երբ մթագնում էր միտքը, իսկ իր մարմինը նա համարյա չէր զգում... Մի վայրկյանից հետո նա լսեց, որ հանում են դռան փակը։
 
== VII ==
 
Դուռը, ինչպես և նախորդ անգամ, բացվեց նեղ ճեղքի չափ, ու երկու սուր, կասկածոտ աչքեր դարձյալ մթությունից նայեցին Ռասկոլնիկովին։ Այստեղ նա իրեն կորցրեց ու կարևոր սխալ արեց։
 
Երկյուղ կրելով, որ պառավը կվախենա երկուստեք մենակ լինելուց և հույս չունենալով, որ իր տեսքը կհանգստացնի նրան, նա դուռը քաշեց իր կողմը, որպեսզի պառավը չփորձեր դարձյալ այն փակել ներսից։ Տեսնելով այդ, պառավը ետ չքաշեց դուռը, բայց և ձեռքից բաց չթողեց փակի բռնակը, այնպես որ, քիչ մնաց Ռասկոլնիկովը դռան հետ մեկտեղ նրան քաշեր դեպի սանդուղքը։ Տեսնելով, որ պառավը կանգնել է դռան մեջտեղում և չի թողնում, որ ինքը ներս մտնի, Ռասկոլնիկովը փորձեց հրել նրան։ Պառավը վախեցած ետ ոստնեց, ուզում էր ինչ֊որ բան ասել, բայց կարծես թե չկարողացավ ու ակնապիշ նայում էր Ռասկոլնիկովին։
 
— Բարև ձեզ, Ալյոնա Իվանովնա,— ասաց նա որքան կարելի է հանգիստ, բայց ձայնը չհնազանդվեց նրան, խզվեց ու դողաց,— ես... մի բան եմ բերել ձեզ... բայց ավելի լավ է գնանք այնտեղ, լույս տեղը...— ու թողնելով պառավին, նա առանց հրավերի ուղղակի անցավ սենյակ։ Պառավը աճապարեց նրա ետևից․ լեզուն բացվեց։
 
— Տեր աստված, ախր ի՞նչ եք ուզում... Ո՞վ եք... Ի՞նչ է հարկավոր։
 
— Ներեցեք, Ալյոնա Իվանովնա․․․ Ձեր ծանոթն եմ... Ռասկոլնիկովը... ահա, գրավական եմ բերել, որ առաջ խոստացել էի...— և նա գրավականը մեկնեց պառավին։
 
Պառավը հարևանցիորեն նայեց գրավականին, բայց և անմիջապես աչքերը հառեց անկոչ հյուրի ուղղակի աչքերին։ Նա ուշադրությամբ, բարկացկոտ ու կասկածանքով էր նայում։ Անցավ մոտ մի րոպե, Ռասկոլնիկովին թվաց, թե նրա աչքերը նույնիսկ ծաղրանքի պես ինչ֊որ մի բան են արտահայտում, կարծես թե նա արդեն կռահել էր ամեն ինչ։ Ռասկոլնիկովը զգում էր, որ շփոթվում է, որ համարյա սարսափում է, այնքան սարսափում, որ եթե պառավը կես րոպեի չափ էլ նայեր այդպես, առանց մի բառ ասելու, ապա ինքը երևի կփախչեր այդտեղից։
 
— Ի՞նչ եք այդպես նայում, իբր թե չճանաչեցի՞ք,— ասաց նա հանկարծ, նույնպես բարկացկոտ։— Եթե չեք ուզում վերցնել, ես կգնամ ուրիշների մոտ, ժամանակ չունեմ։
 
Նա չէր էլ մտածում այդ ասել, այլ հենց այնպես, դա ասվեց հանկարծակի, ինքնաբերաբար։
 
Պառավը ուշքի եկավ, իսկ հյուրի վճռական տոնը ըստ երևույթին սիրտ տվեց նրան։
 
— Ախր ինչո՞ւ այդպես հանկարծ վրա տվիր, որդի... ի՞նչ բան է,— հարցրեց պառավը՝ նայելով գրավականին։
 
— Արծաթե ծխախոտատուփ է. անցյալ անգամ ես հո ասել էի։
 
Պառավը մեկնեց ձեռքը։
 
— Ինչո՞ւ եք այդպես գունատ, ձեռքերդ էլ դողում են։ Լողացե՞լ ես, թե՞ ինչ, որդի։
 
— Դողացնում եմ,— բառը շեշտելով պատասխանեց Ռասկոլնիկովը։— Ակամայից գունատ կլինես... երբ ուտելիք չկա,— ավելացրեց նա՝ հազիվ արտասանելով բառերը։ Նա դարձյալ ուժասպառություն զգաց։ Բայց պատասխանը ճշմարտացի թվաց, պառավը վերցրեց գրավականը։
 
― Ի՞նչ է սա,— հարցրեց նա՝ մի անգամ էլ ուշադիր նայելով Ռասկոլնիկովին և ձեռքի վրա փորձելով գրավականի ծանրությունը։
 
― Լավ բան է... Ծխախոտատուփ է... արծաթից է... նայեցեք։
 
— Բայց կարծես թե արծաթից չլինի... Ոնց էլ փաթաթե՜լ ես։
 
Աշխատելով արձակել քուղը և դառնալով դեպի պատուհանը, լույսը (բոլոր պատուհանները փակ էին, թեև ծանր էր սենյակի օդը), պառավը մի քանի վայրկյան բոլորովին թողեց եկվորին և շուռ եկավ մյուս կողմը։ Ռասկոլնիկովը արձակեց վերարկուի կոճակները և օղակից դուրս քաշեց կացինը, բայց դեռ բոլորովին չհանեց, այլ աջ ձեռքով պահեց վերարկուի տակ։ Նրա ձեռքերը սարսափելի թույլ էին. նա զգում էր, թե ինչպես դրանք յուրաքանչյուր ակնթարթ ավելի ու ավելի էին ընդարմանում և փայտանում։ Նա վախենում էր, որ կացինը ձեռքից բաց կթողնի ու վայր կգցի հանկարծ նրա գլուխը կարծես պտտվեց։
 
— Այս ի՞նչ է փաթաթել, է՛,— ցասկոտ բղավեց պառավը ու շուռ եկավ նրա կողմը։
 
Էլ ոչ մի ակնթարթ չէր կարելի կորցնել։ Ռասկոլնիկովը բոլորովին հանեց կացինը, թափ առավ երկու ձեռքով, համարյա կորցնելով ինքնազգացումը, ու գրեթե առանց ճիգ անելու, գրեթե մեքենայաբար կացնի բութ կողմով խփեց պառավի գլխին։ Այստեղ նրա մեջ կարծես ուժ չկար։ Բայց հենց որ մի անգամ խփեց կացնով, իսկույն մեջը ուժ առաջացավ։
 
Պառավը, ինչպես և միշտ, առանց գլխաշորի էր։ Նրա խարտյաշ, ալեխառն, նոսր մազերը, որ ըստ սովորականի առատորեն յուղված էին, գեղեցիկ ծամով հյուսված ու հավաքված էին մի կտոր եղջյուրե սանրի տակ, որ ցցված էր ծոծրակին։ Հարվածը արվեց հենց կատարին, դրան նպաստեց պառավի կարճ հասակը։ Նա ճչաց, բայց շատ թույլ, ու հանկարծ բոլորովին պպզեց հատակին, թեև դեռ կարողացավ երկու ձեռքերը բարձրացնել դեպի գլուխը։ Մի ձեռքում դեռ շարունակում էր պահել «գրավականը»։ Ռասկոլնիկովը երկրորդ, երրորդ անգամ խփեց ամբողջ ուժով մեկ, ու էլի կացնի բութ կողմով, ու էլի կատարին։ Պառավի արյունը թափվեց ինչպես ջուրը շուռ տված բաժակից, ու մարմինը ընկավ մեջքի վրա։ Ռասկոլնիկովը ետ քաշվեց, մինչև որ այն կընկներ, ու իսկույն կռացավ պառավի դեմքի վրա. պառավը արդեն մեռած էր։ Աչքերը չռվել էին, կարծես ուզում էին դուրս ցատկել, իսկ ճակատը և ամբողջ դեմքը կնճռոտվել ու ծռմռվել էին ջղաձգությունից։
 
Ռասկոլնիկովը կացինը դրեց հատակին, մեռածի կողքին, ու աշխատելով չկեղտոտվել հոսող արյունով, անմիջապես ձեռքը խոթեց պառավի գրպանը, հենց այն աջ գրպանը, որտեղից պառավը անցյալ անգամ հանել էր բանալիները։ Նրա խելքը միանգամայն տեղն էր, միտքը չէր մթագնում, և գլուխը չէր պտտվում, բայց ձեռքերը դեռ դողում էին։ Հետո նա հիշեց, որ նույնիսկ շատ ուշադիր էր, զգույշ, աշխատում էր չարյունոտվել... Նա իսկույն հանեց բանալիները, դրանք բոլորը, ինչպես և նախորդ անգամ, մի կապոցով էին, պողպատե օղի վրա։ Բանալիները ձեռքին նա իսկույն վազեց ննջարան։ Դա շատ փոքր մի սենյակ էր՝ սրբապատկերների ահագին տապանակով։ Մյուս պատի տակ գտնվում էր խիստ մաքուր անկողինը՝ մետաքսե կտորներից կարված բամբակե վերմակով։ Երրորդ պատի տակ դրված էր կոմոդը։ Տարօրինա՜կ բան, նա հենց նոր էր փորձում բանալիներով բաց անել կոմոդի արկղերը, հենց նոր էր լսել բանալիների շխկշխկոցը, երբ կարծես թե ջղերի ցնցում զգաց։ Նա դարձյալ հանկարծ ուզեց թողնել ամեն ինչ ու հեռանալ։ Բայց այդ եղավ միայն մի ակնթարթ. հեռանալը ուշ էր։ Նա նույնիսկ ծիծաղեց իր վրա, երբ հանկարծ գլխում մի այլ տագնապալից միտք ծագեց։ Անսպասելիորեն նրան թվաց, թե պառավը թերևս դեռ կենդանի է և դեռ կարող է ուշքի գալ։ Թողնելով բանալիներն ու կոմոդը, նա աճապարանքով ետ դարձավ, մոտեցավ դիակին, վերցրեց կացինը ու մի անգամ էլ թափ առավ պառավի վրա, բայց չխփեց։ Կասկած չկար, պառավը մեռած էր։ Կռանալով և դարձյալ մոտիկից զննելով նրան, Ռասկոլնիկովը պարզ տեսավ, որ նրա գանգը ջարդված է և նույնիսկ քիչ մի կողմ է ծռված։ Նա փորձեց շոշափել մատով, բայց ձեռքը ետ տարավ. առանց այդ էլ մահը ակներև էր։ Արյունը հոսել և մի ամբողջ լճակ էր դարձել։ Հանկարծ նա պառավի վզի վրա նկատեց մի քուղ, քաշեց, բայց քուղը պինդ էր ու չէր կտրվում. բացի այդ, թրջվել էր արյունով։ Նա փորձց քուղը քաշել ու հանել պառավի ծոցից, բայց ինչ-որ մի բան խանգարում, խրվել էր այնտեղ։ Նա անհամբերությամբ փորձեց դարձյալ թափ առնել կացնով, որպեսզի վերևից խփեր և քուղին և մարմնին, բայց չհամարձակվեց, ու արյունոտելով ձեռքերն ու կացինը, երկու րոպե չարչարվելուց հետո դժվարությամբ կտրեց քուղը՝ կացինը չդիպցնելով դիակին, ու հանեց խանգարող իրը. նա չսխալվեց, դա քսակ էր։ Քուղից կախ էր տրված նոճու փայտից ու պղնձից շինած երկու խաչ ու բացի դրանցից, էմալե մի փոքրիկ սրբապատկեր. դրա հետ մեկտեղ կախ էր տրված զամշե մի փոքրիկ, կեղտոտված քսակ՝ պողպատե եզրակով և օղակով։ Քսակը լիքը լցված էր. Ռասկոլնիկովը առանց նայելու այն դրեց գրպանը, խաչերը գցեց պառավի կրծքին, ու այս անգամ վերցնելով նաև կացինը, կրկին նետվեց ննջարան։
 
Նա սարսափելի շտապում էր, վերցրեց բանալիները ու նորից, սկսեց դրանք գործի դնել։ Բայց գործը հաջող չէր գնում. բանալիները չէին մտնում փակերի մեջ։ Բանն այն չէր, որ նրա ձեռքերը խիստ ղողում էին, այլ այն էր, որ նա հա սխալվում էր. օրինակ, տեսնում էր, որ բանալին չի համապատասխանում փակին, բայց էլի փորձում էր մտցնել այդ փակի մեջ։ Հանկարծ նա հիշեց ու գլխի ընկավ, որ ատամնաձև լեզվակով մեծ բանալին, որը փոքր բանալիների հետ կախ է տրված օղակից, ամենևին էլ կոմոդինը չէ (ինչպես և նախորդ անգամ անցել էր իր մտքով), այլ ինչ-որ սնդուկի է, և գուցե ամեն ինչ հենց այդ սնդուկում է պահված։ Նա թողեց կոմոդը և իսկույն ձեռքը տարավ մահճակալի տակ, գիտենալով, որ պառավները սովորաբար սնդուկները մահճակալների տակ են դնում։ Ճիշտ այդպես էր. այնտեղ գտնվում էր արշինից ավելի երկարությամբ, կորնթարդ կափարիչով մի մեծ սնդուկ, որը կարմիր սեկով էր պատած, իսկ սեկի վրայից պողպատե փոքրիկ մեխեր էին խփված։ Ատամնաձև բանալին հենց այդ սնդուկինն էր ու բացեց այն։ Վերևից, սպիտակ սավանի տակ դրված էր նապաստակի մորթուց կարված մի մուշտակ, որը ծածկված էր կարմիր գարնիտուրով, մուշտակի տակ կար մետաքսե շրջազգեստ, հետո մի շալ, ու այնուհետև կարծես թե ինչ-որ լաթեր էին գրված։ Ամենից առաջ նա սկսեց կարմիր գարնիտուրով սրբել իր արյունոտված ձեռքերը։ «Կարմիր է, իսկ կարմրի վրա արյունը ավելի աննկատելի կլինի», անցավ նրա մտքով, ու հանկարծ նա ուշքի եկավ. «Տեր աստված, խելագարվո՞ւմ եմ ես, ինչ է», վախեցած մտածեց նա։
 
Բայց հենց որ նա շարժեց այդ լաթերը, մուշտակի տակից դուրս եկավ մի ոսկե ժամացույց։ Նա սկսեց տակնուվրա անել ամբողջ սնդուկը։ Հիրավի, լաթերի միջև խառնիխուռն դրված էին ոսկե իրեր, հավանորեն ետ չվերցրած գրավականներ՝ ապարանջաններ, շղթաներ, գինդեր, քորոցներ և այլն։ Դրանց մի մասը պատյաններով էր, մի մասն էլ կանոնավոր, խնամքով, երկտակ փաթաթված էր լրագրի թղթով ու կապված էր քուղով։ Բնավ չհապաղելով, բաց չանելով կապոցներն ու պատյանները, նա սկսեց այդ իրերը լցնել անդրավարտիքի ու վերարկուի գրպանները, բայց նա շատ բան վերցնելու ժամանակ չունեցավ...
 
Հանկարծ նա ոտնաձայն լսեց այն սենյակից, ուր գտնվում էր պառավի դիակը։ Նա կանգ առավ ու սսկվեց մեռելի նման։ Բայց ամեն ինչ հանդարտ էր, ուրեմն այդ միայն թվացել էր նրան։ Հանկարծ պարզ լսվեց թեթև ճիչ կամ կարծես թե ինչ-որ մեկը կամացուկ ու կցկտուր հառաչեց ու լռեց։ Հետո դարձյալ մեկ կամ երկու րոպե մեռելային լռություն։ Ռասկոլնիկովը պպզել էր սնդուկի մոտ և սպասում էր, հազիվ շունչ առնում. սակայն հանկարծ վեր թռավ, վերցրեց կացինը ու ննջարանից դուրս վազեց։
 
Սենյակի մեջտեղում կանգնած էր Լիզավետան, ձեռքին մի մեծ կապոց, ու քարացած նայում էր սպանված քրոջը, դեմքը քաթանի պես սպիտակած էր, ու նա կարծես ուժ չուներ ճչալու։ Տեսնելով ննջարանից դուրս վազած մարդուն, նա սկսեց դողալ տերևի նման, ու նրա ամբողջ դեմքը ջղաձգվեց. նա քիչ բարձրացրեց ձեռքը, բացեց բերանը, բայց և այնպես չճչաց ու սկսեց հեռանալ նրանից դանդաղ, ընկրկելով քաշվել դեպի անկյուն, սևեռուն, դիմահար նայելով նրան, բայց դարձյալ չճչալով, ասես օդը նրան չէր բավականանում ճչալու համար։ Ռասկոլնիկովը կացնով հարձակվեց նրա վրա. Լիզավետայի շրթունքները ծռմռվեցին այնպես ցավագին, ինչպես շատ փոքրիկ երեխաների շրթունքները, երբ նրանք սկսում են վախենալ որևէ բանից, սևեռուն նայում են իրենց վախեցնող առարկային և ուզում են լաց լինել։ Եվ այդ դժբախտ Լիզավետան այնքան միամիտ էր, ընկճված և առմիշտ երկչոտած, որ նույնիսկ ձեռքն էլ չբարձրացրեց դեմքը պաշտպանելու համար, թեև դա առավելապես անհրաժեշտ ու բնական շարժումը կլիներ այդ րոպեին, որովհետև կացինը բարձրացվել էր հենց իր դեմքի վրա։ Նա միայն մի քիչ բարձրացրեց իր ազատ, ձախ ձեռքը, բայց չհասցրեց դեմքին, և դա դանդաղ մեկնեց առաջ, դեպի Ռասկոլնիկովը, ասես ցանկանալով ետ մղել նրան։ Հարվածը տրվեց ուղղակի գանգին, կացնի սուր կողմով, ու միանգամից ճեղքեց ճակատի ամբողջ վերին մասը, համարյա մինչև կատարը։ Լիզավետան այնպես էլ փռվեց հատակին։ Ռասկոլնիկովը գրեթե բոլորովին կորցրեց իրեն, վերցրեց նրա կապոցը, հետո էլ դեն գցեց ու վազեց նախասենյակ։
 
Սարսափը ավելի ու ավելի էր համակում նրան, մանավանդ այդ երկրորդ, բոլորովին անսպասելի սպանությունից հետո։ Նա ուզում էր շուտ փախչել այստեղից։ Եվ եթե այդ րոպեին նա ի վիճակի լիներ ճիշտ տեսնել ամեն ինչ ու դատողություններ անել, եթե միայն կարողանար ըմբռնել իր դրության ամբողջ ծանրությունը, դրա ամբողջ անհուսալիությունը, այլանդակությունը և անհեթեթությունը, միաժամանակ հասկանալ, թե դեռ որքան դժվարություններ է հաղթահարելու, գուցե և չարագործություններ կատարելու, որպեսզի այստեղից դուրս պրծնի և տուն հասնի, ապա շատ հավանական է, որ նա կթողներ ամեն ինչ և անմիջապես կգնար իր ոճրագործությունը հայտնելու, և այդ կաներ նույնիսկ ոչ թե ահից դրդված, այլ հենց միայն սարսափելով և զզվելով այն ամենից, ինչ որ կատարել էր։ Յուրաքանչյուր րոպե նրա մեջ ուժեղանում և աճում էր այդ զզվանքը։ Այժմ նա ոչ մի դեպքում չէր մոտենա սնդուկին և նույնիսկ չէր մտնի այդ սենյակները։
 
Բայց մի ինչ-որ ցրվածություն, կարծես նույնիսկ մտախոհություն էր հետզհետե տիրում նրան. րոպեապես նա կարծես թե մոռացման մեջ էր ընկնում կամ ավելի լավ է ասել մոռանում էր գլխավորը ու կառչում մանրուքներից։ Սակայն մտնելով խոհանոց ու տեսնելով նստարանին դրված, կիսով չափ ջրով լցված մի դույլ, նա գլխի ընկավ, որ պետք է լվանալ ձեռքերը և կացինը։ Նրա ձեռքերը արյունոտ ու կպչուն էին։ Կացնի սայրը նա ուղղակի ընկղմեց ջրի մեջ, վերցրեց պատուհանի գոգում, ճեղքված ափսեում գտնվող մի կտոր օճառը ու սկսեց հենց դույլի մեջ լվանալ ձեռքերը։ Վերջացնելով այդ, նա հանեց կացինը, լվաց երկաթե մասը, ու երկար, երեք րոպեի չափ լվաց կոթի արյունոտ տեղերը՝ դրա համար օգտագործելով նույնիսկ օճառը։ Այնուհետև ձեռքերն ու կացինը սրբեց խոհանոցի միջով անցկացրած պարանի վրա չորացող սպիտակեղենով, հետո էլ պատուհանի մոտ երկար, ուշադրությամբ զննեց կացինը։ Հետքեր չէին մնացել, միայն թե կացնի կոթը դեռ թաց էր։ Նա կացինը զգուշությամբ կախ տվեց օղակից, վերարկուի տակից։ Այնուհետև զննեց վերարկուն, անդրավարտիքը, կոշիկները, որքան այդ հնարավոր էր աղոտ լուսավորված խոհանոցում։ Առաջին հայացքից արտաքուստ կարծես թե ոչինչ չէր երևում. միայն կոշիկների վրա արյան բծեր կային։ Նա շորի մի կտոր թրջեց ու դրանով սրբեց կոշիկները։ Սակայն նա գիտեր, որ լավ չի զննում, որ գուցե կա աչքի ընկնող մի բան, և ինքը այդ չի նկատում։ Նա մտախոհ կանգնեց սենյակի մեջտեղում։ Տանջալից, խավար մի միտք ծագեց նրա գլխում, այն միտքը, թե ինքը խելագարվում է, թե այդ րոպեին ոչ կարող է դատողություն անել, ոչ էլ իրեն պաշտպանել, թե գուցե ամենևին էլ չպետք է անել այն, ինչ որ հիմա անում է․․․ «Աստված իմ, հարկավոր է փախչել, փախչել», փնթփնթաց նա ու նետվեց նախասենյակ, բայց այստեղ նրան այնպիսի սարսափ էր սպասում, որը նա, իհարկե, դեռ ոչ մի անգամ չէր զգացել։
 
Նա կանգնել էր, նայում էր ու չէր հավատում իր աչքերին. դուռը, արտաքին դուռը, նախասենյակից դեպի սանդուղքը բացվող հենց այն դուռը, որտեղից ինքը ժամ առաջ զանգահարել էր ու ներս մտել, փակված չէր, նույնիսկ ձեռքի ամբողջ լայնության չափ բաց էր մնացել, ոչ կողպեք, ոչ սողնակ, և դա ամբո՜ղջ ժամանակվա, այդ ամբողջ ժամանակվա ընթացքում։ Իր ներս մտնելուց հետո պառավը գուցե զգուշության համար չէր փակել այն։ Բայց, տեր աստված, չէ՞ որ ինքը հետո տեսավ Լիզավետային։ Եվ ինչպե՜ս, ինչպե՜ս ինքը կարող էր գլխի չընկնել, որ Լիզավետան հո ներս էր մտել որևէ տեղից։ Հո պատի միջով չ՞էր մտել։
 
Նա առաջ նետվեց ու սողնակով փակեց դուռը։
 
— Ոչ, դարձյալ բանն այդ չէ, հարկավոր է գնալ, գնալ...
 
Նա հանեց սողնակը, բացեց դուռը և սկսեց ականջ դնել սանդուղքի կողմը։
 
Նա երկար ունկնդրում էր։ Հեռվում, ներքևում, հավանորեն դարպասի մոտ, բարձր ու ճղճղան ձայնով բղավում էին ինչ-որ երկու մարդ, վիճում էին ու հայհոյանք թափում։ «Ի՞նչ է այդ...»։ Նա համբերությամբ սպասում էր։ Վերջապես, միանգամից ձայները լռեցին, ասես խզվեցին... վիճողները հեռացան։ Նա արդեն ուզում էր դուրս գալ, սակայն հանկարծ մի հարկ ներքև շռնդալով բացվեց դեպի սանդուղք բացվող դուռը, և ինչ-որ մեկը սկսեց իջնել ներքև՝ երգելով ինչ-որ եղանակ։ «Ոնց էլ աղմկում են դրանք բոլորը», անցավ նրա մտքով։ Նա դարձյալ ծածկեց գուռը և սպասեց։ Վերջապես, ամեն ինչ լռեց, ոք չկար։ Նա արդեն իջնելու էր սանդուղքից, երբ հանկարծ էլի ինչ-որ քայլեր լսվեցին։
 
Այդ քայլերը լսվեցին շատ հեռվից, դեռ սանդուղքի առաջին աստիճաններից, բայց Ռասկոլնիկովը շատ լավ ու պարզ հիշեց դրանց հենց, առաջին ձայները ու չգիտես ինչու մտածեց, որ մեկը անպայման գալիս է ''այստեղ'', չորրորդ հարկ, պառավի մոտ։ Ինչո՞ւ։ Ձայները առանձնահատո՞ւկ, նշանակալի՞ց էին, թե՞ ինչ։ Քայլերը ծանր էին, համաչափ, անշտապ։ Ահա ''նա'' արդեն անցավ առաջին հարկը, ահա բարձրացավ, ձայները ավելի ու ավելի պարզ էին դառնում։ Լսվեց եկողի ծանր շնչարգելությունը։ Ահա ''նա'' արդեն բարձրանում է երրորդ հարկը... Այստեղ է գալիս։ Ու հանկարծ Ռասկոլնիկովին թվաց, թե ինքը փայտացել է, թե այդ կարծես երազ է, երբ տեսնում ես, թե ահա հասնում են քո ետևից, ուզում են սպանել, իսկ ինքդ կարծես կպել ես գետնին ու ձեռքերդ էլ չես կարողանում շարժել։
 
Ու վերջապես, երբ հյուրը արդեն սկսեց բարձրանալ չորրորդ հարկը, միայն այստեղ Ռասկոլնիկովը հանկարծ ցնցվեց ամբողջ մարմնով և կարողացավ նախասենյակից արագ ու ճարպկորեն նետվել բնակարանը ու ծածկել դուռը։ Հետո վերցրեց սողնակը և կամացուկ, անլսելի փակեց դուռը։ Բնազդը օգնում էր։ Վերջացնելով այդ ամենը, նա շունչը պահած թաքնվեց դռան ետևում։ Անկոչ հյուրը արդեն նույնպես դռան մոտ էր։ Նրանք այժմ կանգնել էին իրար դիմաց, ինչպես ժամ առաջ ինքն ու պառավը, երբ դուռը բաժանում էր իրենց, իսկ ինքը ականջ էր դնում։
 
Հյուրը մի քանի անգամ ծանր շունչ առավ։ «Երևի հաստ ու մեծամարմին է», մտածեց Ռասկոլնիկովը՝ ձեռքում սեղմելով կացինը։ Հիրավի, ասես այդ բոլորը երազ էր։ Հյուրը ձեռքը տարավ զանգին ու պինդ զանգահարեց։
 
Հենց որ հնչեց զանգի թիթեղյա ձայնը, հանկարծ Ռասկոլնիկովին թվաց, թե սենյակում սպանվածները շարժվեցին։ Նա մի քանի վայրկյան նույնիսկ լրջորեն ականջ դրեց։ Անծանոթը մի անգամ էլ զանգահարեց, էլի սպասեց, ու հանկարծ անհամբերությամբ, ամբողջ ուժով մեկ սկսեց քաշքշել դռան բռնակը։ Ռասկոլնիկովը սարսափահար նայում էր օղակում ցատկոտող սողնակի կեռին ու բութ երկյուղով սպասում էր, որ ահա սողնակը դուրս կթռչի։ Հիրավի, դա հնարավոր էր թվում, որովհետև եկվորը խիստ ուժեղ էր քաշքշում դուռը։ Ռասկոլնիկովը մտածեց սողնակը պահել ձեռքով, բայց ''այն մարդը'' կարող էր գլխի ընկնել։ Նրա գլուխը կարծես էլի սկսում էր պտտվել։ «Հիմա կընկնեմ», անցավ նրա մտքով, բայց անծանոթը սկսեց խոսել, ու նա իսկույն ուշքի եկավ։
 
— Այս ի?նչ է, նրանք մրափո՞ւմ են, թե՞ մեկը խեղդել է, նրանց, անիծվածնե֊ե՜ր,— ասես տակառի միջից գոռաց եկվորը։— Էյ, Ալյոնա Իվանովնա, պառավ վհուկ, Լիզավետա Իվանովնա, չքնաղ գեղեցկուհի, բաց արեք, է՛։ Փու, անիծվածնե՛ր, քնե՛լ են, ինչ է։
 
Ու նորից, զայրանալով, նա մի տասն անգամ ամբողջ ուժով մեկ քաշքշեց զանգակը։ Դե, իհարկե, նա այդ տանը մոտիկ ծանոթ և ազդեցիկ մարդ էր։
 
Հենց այդ րոպեին հանկարծ մոտիկից, սանդուղքից մանր, հապճեպ քայլեր լսվեցին։ Մոտենում էր էլի ինչ֊որ մեկը։ Ռասկոլնիկովը սկզբից, այդ չէր լսել։
 
— Մի՞թե ոչ ոք չկա,— հնչեղ և ուրախ բղավեց մոտեցողը՝ ուղղակի դիմելով առաջին այցելուին, որը դեռ էլի շարունակում էր քաշքշել զանգը։— Բարև ձեզ, Կոխ։
 
«Ձայնից երևում է, որ շատ շահել է», հանկարծ մտածեց Ռասկոլնիկովը։
 
— Սատանան գիտե, քիչ մնաց փակը ջարդեի,— պատասխանեց Կոխը։— Իսկ դուք որտեղի՞ց եք ինձ ճանաչում։
 
— Այ քեզ բան, երկու օր առաջ «Գամբրինուսում» բիլիարդ խաղալիս ես երեք անգամ տարա ձեզնից։
 
— Հը՛մ։
 
— Ուրեմն չկա՞ն դրանք։ Տարօրինակ է։ Այ քեզ հիմար բան։ Պառավը ո՞ւր կարող է գնալ։ Ես գործ ունեմ։
 
— Ես էլ գործ ունեմ, սիրելիս։
 
— Հապա ի՞նչ անենք։ Ուրեմն պետք է ետ մանենք։ Է-է֊հե՛, իսկ ես մտածում էի փող ճարել,— գոչեց երիտասարդը։
 
— Իհարկե, պետք է ետ դառնալ, բայց ինչո՞ւ էր հրավիրել։ Ջադուն ինքն էր ժամ նշանակել։ Ախր տեղս էլ հեռու է։ Չեմ հասկանում, թե ուր կարող էր գնալ։ Կլոր տարին տանն է նստում, թթվում, ոտքերը ցավում են, իսկ հիմա թրևելու է գնացել։
 
— Դռնապանին չհարցնե՞նք։
 
— Ի՞նչ։
 
— Թե ուր է գնացել ու երբ է գալու։
 
— Հը՛մ․․․ գրողը տանի․․․ ի՛նչ հարցնենք... ախր նա ոչ մի տեղ չի գնում...— ու Կոխը մի անգամ էլ քաշքշեց դուռը։— Թքած, ինչ արած, պետք է գնալ։
 
— Սպասեք,— հանկարծ բղավեց երիտասարդը,— նայեցեք, տեսնո՞ւմ եք, թե ինչպես դուռը ետ ու առաջ է շարժվում, երբ քաշքշում եք։
 
— Հետո ի՞նչ։
 
— Նշանակում է դա ոչ թե բանալիով է փակված, այլ ներսից սողնակ է գցած։ Լսո՞ւմ եք, թե սողնակը ինչպես է չխկչխկում։
 
— Հետո ի՞նչ։
 
— Ախր ինչպե՛ս չեք հասկանում։ Ուրեմն նրանցից որևէ մեկը տանն է։ Եթե երկուսն էլ գնային, դրսից բանալիով կփակեին և ոչ թե ներսից կգցեին սողնակը։ Լսո՞ւմ եք, թե սողնակը ինչպես է չխկչխկում։ Իսկ ներսից դա գցելու համար պետք է տանը լինել, հասկանո՞ւմ եք։ Հետևաբար տանը նստած են ու բաց չեն անում։
 
— Վա՛հ, իրոք որ այդպես է,— գոչեց զարմացած Կոխը։— Հապա ի՞նչ բանի են այնտեղ։— Եվ նա սկսեց զայրացած քաշքշել դուռը։
 
— Սպասեցեք, մի քաշքշեք,— դարձյալ գոչեց երիտասարդը։— Այստեղ ինչ֊որ ուրիշ բան կա... դուք հո զանգահարում էիք, քաշքշում դուռը, ու չեն բաց անում, ուրեմն կամ երկուսն էլ ուշաթափված են, կամ...
 
— Ի՞նչ,
 
— Այ թե ինչ, գնանք կանչենք դռնապանին, թող նա ինքը սրանց արթնացնի։
 
— Գնանք,— երկուսն էլ շարժվեցին դեպի ներքև։
 
— Սպասեցեք, դուք մնացեք այստեղ, իսկ ես կգնամ դռնապանին բերելու։
 
— Ինչո՞ւ մնամ։
 
— Ո՞վ գիտե, ինչ կլինի։
 
— Թերևս...
 
— Ախր ես պատրաստվում եմ դատական քննիչ դառնալու։ Ակներև է, ակ֊նե֊րև՜ է, որ այստեղ մի բան կա,— տաքացած գոչեց երիտասարդը ու վազեվազ իջավ սանդուղքից։
 
Կոխը մնաց, նորից կամացուկ զանգահարեց, ու զանգը հնչեց մեկ անգամ հետո էլ, ասես խորհրդածելով ու զննելով, սկսեց շարժել դռան բռնակը, քաշելով ու բաց թողնելով այն, որպեսզի վերստին համոզվեր, որ դուռը միայն սողնակով է փակված։ Հետո մշմշալով կռացավ ու սկսեց նայել բանալու անցքից, բայց դրա մեջ ներսից բանալի էր դրված, հետևաբար ոչինչ չէր կարելի տեսնել։
 
Ռասկոլնիկովը կանգնել էր ու պինդ բռնել կացինը։ Նա կարծես զառանցանքի մեջ էր։ Նա պատրաստվում էր նույնիսկ կռվել եկվորների հետ, երբ դրանք ներս մտնեին, Երբ նրանք քաշքշում էին դուռը ու պայմանավորվում դռնապանին կանչելու մասին, նրա գլխում մի քանի անգամ հանկարծ միտք էր ծագում միանգամից ամեն ինչ վերջացնել ու նրանց պատասխանել դռան ետևից։ Երբեմն ուզում էր հայհոյել, ձեռ առնել նրանց, քանի դեռ դուռը չէին բացել։ «Շուտ վերջանար, էլի՛»,— անցավ նրա մտքով։
 
— Է֊է՛, սատանա․․․
 
Անցնում էր ժամանակը, մեկ, երկու րոպե, ու ոչ ոք չէր գալիս։ Կոխը անհանգիստ շարժումներ էր անում։
 
— Է-է՛,— գրողը տանի․․․— գոչեց նա հանկարծ ու էլ չհամբերելով, հրաժարվելով դռան մոտ հսկելուց, նույնպես իջավ ներքև, շտապելով ու թփթփացնելով ոտքերը։ Նրա քայլերը լռեցին։
 
— Տեր աստված, ի՞նչ անեմ։
 
Ռասկոլնիկովը հանեց սողնակը, մի քիչ բացեց դուռը, ոչինչ չէր լսվում, ու հանկարծ, արդեն բոլորովին առանց մտածելու, դուրս ելավ, որքան կարող էր պինդ ծածկեց դուռը ու սկսեց իջնել սանդուղքից։
 
Նա արդեն երեք սանդուղք էր իջել, երբ հանկարծ ներքևից ուժեղ աղմուկ լսվեց․ ո՞ւր կորչել, թաքնվելու ոչ մի տեղ չկար։ Նա ետ վազեց դարձյալ դեպի բնակարանը։
 
— Էյ, սատանի ծնունդ, գրողի տարած, բռնիր։
 
Մեկը բղավելով դուրս պրծավ ներքևի ինչ-որ բնակարանից ու սանդուղքով ոչ թե վազեց, այլ ասես ընկավ ներքև՝ ամբողջ կոկորդով մեկ բղավելով։
 
— Մի՛տկա, Մի՛տկա, Միտկա, Մի՛տկա, Մի՛տկա, սատանան քեզ տանի։
 
Բղավոցը վերջացավ ճղճղոցով... վերջին ձայները արդեն դրսից էին գալիս, ամեն ինչ լռեց։ Բայց հենց այդ նույն ակնթարթին մի քանի մարդիկ, որոնք բարձրաձայն և արագ էին խոսում, սկսեցին աղմկալի բարձրանալ սանդուղքով։ Նրանք երեք թե չորս հոգի էին։ Ռասկոլնիկովը լսեց երիտասարդի ձայնը։ «Հըմ, նրանք են»։
 
Բոլորովին հուսալքվելով, նա քայլեց եկողներին ընդառաջ. ինչ լինելու է, թող լինի։ Եթե կանգնեցնեն, ամեն ինչ կորած է, եթե ոչ, նույնպես ամեն ինչ կորած է. կհիշեն։ Եկողները և Ռասկոլնիկովը արդեն մոտենում էին միմյանց, նրանց միջև ընդամենը մի սանդուղք էր մնում, ու հանկարծ՝ փրկությո՜ւն. նրանից մի քանի աստիճան հեռավորությամբ, աջ կողմում դատարկ և դուռը բոլորովին բաց բնակարանն էր, երկրորդ հարկի հենց այն բնակարանը, որ ներկում էին ներկարարները, իսկ հիմա բարեբախտաբար գնացել էին։ Երևի հենց դրանք էլ քիչ առաջ դուրս էին վազել բղավոցով։ Հատակները հենց նոր էին ներկված, մի սենյակի մեջտեղում դրված էր մի տակառիկ ու մի խեցի՝ ներկով ու վրձինով։ Ռասկոլնիկովը մի ակնթարթում ներս նետվեց բաց դռնից ու թաքնվեց պատի ետևում, հենց այդ ժամանակ եկողները արդեն կանգնած էին սանդուղքի հարթակում։ Այնուհետև շուռ եկան դեպի վեր ու, բարձր խոսելով, բարձրացան չորրորդ հարկը։ Ռասկոլնիկովը հենց դրան էր սպասում, նա ոտնաթաթերի վրա դուրս եկավ ու վազեց ներքև։
 
Սանդուղքի վրա ոչ ոք չկար, դարպասի մոտ՝ նույնպես։ Նա արագ անցավ դարպասից, շուռ եկավ ձախ կողմը ու քայլեց փողոցով։
 
Նա շատ լավ գիտեր, նա միանգամայն լավ գիտեր, որ այդ րոպեին նրանք պառավի բնակարանումն են, որ խիստ զարմացել են, տեսնելով, որ դուռը բաց է, մինչդեռ քիչ առաջ փակված էր, որ նրանք արդեն նայում են դիակներին և որ կանցնի ոչ ավելի քան մի րոպե, երբ նրանք գլխի կընկնեն ու բոլորովին պարզ կհասկանան, որ հենց քիչ առաջ այնտեղ է եղել մարդասպանը և կարողացել է թաքնվել որևէ տեղ, ծլկել իրենց կողքից, փախչել, թերևս նաև գլխի կընկնեն, որ նա դատարկ բնակարանում էր, երբ իրենք վերև էին անցնում։ Այնինչ նա ոչ մի կերպ չէր համարձակվում շատ արագացնել քայլերը, թեև մինչև մյուս փողոց շուռ գալը մոտ հարյուր քայլ էր մնում։ «Արդյոք չմտնե՞լ որևէ դարպասից ու սպասել որևէ անծանոթ սանդուղքի վրա. ոչ, փորձանք կլինի. իսկ կացինը չգցե՞մ մի տեղ, կառք չվերցնե՞մ։ Փորձա՛նք է, փորձա՛նք»։
 
Վերջապես, ահա և մյուս փողոցը. նա շուռ եկավ դեպի այնտեղ՝ բոլորովին կիսամեռ վիճակում, այստեղ նա արդեն կիսով չափ փրկված էր և հասկանում էր այդ. ավելի քիչ կասկածներ կլինեն, մանավանդ որ այնտեղ մարդկանց հոծ բազմություն էր երթևեկում, և ինքը նրանց մեջ աննկատելի կլիներ ինչպես ավազահատիկ։ Բայց այդ բոլոր տանջանքները այնքան սպառեցին նրա ուժերը, որ նա հազիվ էր քայլում։ Քրտինքը դուրս էր տալիս կաթիլներով, ամբողջ պարանոցը թրջված էր։ «Հարբած է, հա՜-ա», բղավեց ինչ֊որ մեկը, երբ նա հասավ ջրանցք։
 
Նա ինքնամոռաց վիճակում էր. քանի գնում, վիճակը վատանում էր։ Սակայն նա հիշում էր, որ երբ հասավ ջրանցք, հանկարծ վախեցավ. այնտեղ քիչ մարդ կար, և ինքը նկատելի կլիներ, ուզում էր ետ դառնալ դեպի նրբանցք։ Չնայելով, որ քիչ էր մնում ընկնի, այնուամենայնիվ շրջապտույտ կատարեց ու տուն հասավ բոլորովին ուրիշ կողմից։
 
Գրեթե խելքամաղ վիճակում նա անցավ իր տան դարպասից, նա արդեն ոտք էր դնում սանդուղքին, երբ միտն ընկավ կացինը։ Այնինչ պետք էր կատարել խիստ կարևոր մի խնդիր՝ կացինը դնել իր տեղը, և որքան կարելի է աննկատելի։ Իհարկե, նա արդեն անզոր էր ըմբռնելու, որ գուցե ավելի լավ կլիներ ամենևին էլ կացինը չդնել իր առաջվա տեղը, այլ թեկուզ հետո գցել մի որևէ ուրիշ բակ։
 
Բայց ամեն ինչ հաջող գնաց։ Դռնապանի սենյակի դուռը ծածկված էր, բայց փակված չէր, հետևաբար ամենից ավելի հավանականն այն էր, որ դռնապանը տանն է։ Բայց Ռասկոլնիկովը այնքան էր կորցրել որևէ բան ըմբռնելու ունակությունը, որ ուղղակի մոտեցավ դռնապանի սենյակին ու բացեց դուռը։ Եթե դռնապանը նրան հարցներ՝ «ինչ ես ուզում», նա գուցե կացինը ուղղակի տար դռնապանին։ Բայց վերջինս դարձյալ չկար, և Ռասկոլնիկովը կացինը դրեց առաջվա տեղը, նստարանի տակ. նույնիսկ ծածկեց փայտի կտորով, ինչպես որ առաջ այն ծածկված էր եղել։ Հետո նա մինչև իր սենյակը հասնելը ոչ ոքի, ոչ մի մարդու չհանդիպեց, տանտիրուհու դուռը փակված էր։ Մտնելով իր սենյակը, նա առանց իր վրայից որևէ բան հանելու ընկավ բազմոցին։ Նա չքնեց, այլ միայն թմրեց։ Եթե այդ ժամանակ որևէ մեկը մտներ նրա սենյակը, նա իսկույն վեր կթռչեր ու կճչար։ Ինչ-որ մտքերի ծվեններ ու բեկորներ էին վխտում նրա գլխի մեջ. բայց նա չէր կարողանում կառչել դրանցից ոչ մեկին, չէր կարողանում կենտրոնանալ որևէ մեկի վրա, չնայելով, որ դրա համար նույնիսկ ջանք էր թափում...
Վստահելի
1318
edits