Ուղերձ երիտասարդ ամերիկացիներին

Գրապահարան-ից
19:15, 21 Հունվարի 2014 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ուղերձ երիտասարդ ամերիկացիներին

հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

Դորոթի Թոմսոնը խնդրեց ինձ ձեզ մի քանի խոսք ասել, և ես ուրախությամբ համաձայնեցի։ Ես այստեղ ինձ չեմ զգում այն գրողը, որ դիմում է ինչ֊որ երևակայական լսարանի։ Ինձ թվում է՝ պարզապես նստել եմ ձեր մեջ, բարի կամքի երիտասարդներիդ շրջանում, նստել եմ որպես ընկեր և ձեզ հետ միասին խորհում եմ այն հարցերից մեկի մասին, որոնք մեզ առանձնապես հուզում են։ Իսկ գլխավորը՝ ձեզ հետ խոսում եմ այնպես, ինչպես կուզենայի խոսել իմ հայրենակիցների հետ։ Բայց նրանք հեռու են։ Դո՛ւք եղեք, խնդրում եմ, ինձ բարեկամ։

Դուք ռազմական ժամանակներում եք ապրում։ Դուք երիտասարդ եք։ Դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի աշխատեք և կռվեք ձեր երկրի համար։ Բայց դուք գիտեք, որ խոսքն ավելի մեծ բանի մասին է, քան ձեր երկրի բախտն է։ Թղթախաղի է դրված ամբողջ աշխարհի բախտը։ Եվ դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի աշխատեք և կռվեք ամբողջ աշխարհի ազատության համար։

Եթե դուք միայն զինվորներ լինեիք, ես ձեզ հետ կխոսեի ինչպես զինվորների հետ են խոսում։ Ես ձեզ կասեի. «Մի կողմ դրեք բոլոր հարցերը։ Հիմա մեկ հարց կա՝ պատերազմը»։ Բայց դուք երիտասարդ եք, և ձեզ վրա շատ ավելի լուրջ պատասխանատվություն է ընկնում, քան զինվորի պատասխանատվությունն է։ Ձեզ վրա կրկնակի պատասխանատվություն է ընկնում։ Դուք ձեզ վարժեցնում եք, որպեսզի կռվեք ազատության համար։ Բայց այդ ազատությունը դուք դեռևս պետք է գիտակցեք և ստեղծեք։ Բառերը մարդկային առօրյա կենցաղում հնանում են և կորցնում իրենց իմաստը։ Հնանում են գիտական տեսությունները։ Հնանում են սոցիալական բանաձևերը։ Այս գնով է մարդկությունը վճարում իր առաջադիմության համար։ Եթե դուք չեք ուզում ապրել մեռած գաղափարներով, դուք պետք է անհապաղ նորոգեք գաղափարները։ Չէ՞ որ ազատությունն այն հարցը չէ, որը կարելի լինի մեկուսացնել մնացած բոլոր հարցերից։ Որովհետև մարդուն, որպեսզի նա ազատ լինի, ամենից առաջ հարկավոր է մարդ դառնալ։ Այսպիսով, բոլոր հարցերի հիմքում, որոնց հետ դուք շփվում եք, ընկած է մարդու հարցը։

Չէ՞ որ ազատության հասկացողությունը կարելի է լցնել ամենատարբեր բովանդակություններով։ Այն կարող է դրսևորվել որպես հրաժարում սեփական սովորություններից, ավանդներից, որպես անտարբերություն դեպի կոլեկտիվը,֊ միայն թե այն աստիճան, քանի դեռ դուք չեք կաշկանդել ուրիշներին։ Դուք կարող եք ասել. «Անհատի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ այդ ազատությունը սկսում է կաշկանդել մերձավորին»։ Եվ դուք ամենևին չեք կաշկանդում ձեր մերձավորին, եթե ձեր հասարակական կյանքը սահմանափակված է միայն անհրաժեշտ կապերով, այնպիսի կապերով, ինչպիսին է աշխատանքը հանապազօրյա հացի համար։ Դուք ստանում եք լոկ այն, ինչ ձեզ հասնում է։ Դուք չկաք, և ձեր բացակայությունը ոչինչ չի փոխում։ Բայց պարզվում է, որ եթե ձեր բացակայությունը չի էլ կաշկանդում մերձավորին, ապա կաշկանդում է կոլեկտիվին, քանի որ առանց ձեզ կոլեկտիվն այլևս այնքան էլ հարուստ չէ։ Անհրաժեշտ է կոլեկտիվը դարձնել հարուստ, որովհետև կոլեկտիվն է միայն, որ իր հերթին յուրաքանչյուր մարդու հարուստ է դարձնում։ Մեզանից յուրաքանչյուրը մարդ է, որ պատկանում է հայրենիքի, մասնագիտության, քաղաքակրթության, կրոնի։ Գոյություն չունի ամեն ինչից անկախ մարդ։ Տաճարը քարերից է շարված։ Քարերը տաճար են կազմում։ Բայց տաճարն իրենով ազնվացնում է այդ քարերը։ Քարերը դառնում են տաճարի քարեր։ Այդպես է և ձեր եղբայրությունը. դուք ձեր եղբայրությունը կգտնեք մի ավելի համապարփակ բանի մեջ, քան ինքներդ եք։ Քանի որ եղբայր կարելի է լինել ինչ֊որ բանում։ Չի կարելի եղբայր լինել հենց այնպես։

Մարդիկ ձգտում են կապեր ձեռք բերել։ Այդ կապերը կարող են լինել և մասնավոր։ Կուզիկները կարող են ստեղծել կուզիկների աղանդ։ Յուրաքանչյուր ոչ կուզիկ կվտարվի այդ աղանդից։ Բայց քրիստոնեական քաղաքակրթության հզորությունը, որից սերել ենք բոլորս և որը մենք՝ բոլոր հավատացյալներս ու ոչ հավատացյալներս, հաշվում ենք մեր սեփականը, ահա այդ հզորությունը նրանում է, որ այդ կապերը փնտրում է ընդհանուրի մեջ։

Նացիստը ջանում է բնորոշել գերմանացուն կամ, որ ավելի դժվար է՝ արիացուն, որպեսզի նրան դարձնի մեկուսացված կրոնի առարկա։ Մենք ձգտում ենք բնորոշել մարդուն, որպեսզի նրան դարձնենք մե՛ր կրոնի առարկան։ Մեր ամբողջ քաղաքակրթությունը միշտ և ամենից առաջ փորձել է բնորոշել մարդուն։ Երբ դուք թեկուզ ամենանշանավոր և ամենաօգտակար բժշկից պահանջում եք, որպեսզի նա, չնայած իր նշանավոր լինելուն, վտանգելով սեփական կյանքը, փրկի ինչ֊որ վարակիչ հիվանդի, դուք այդ բժշկի անհատականությունը կախման մեջ եք դնում ոչ թե մեկ ուրիշ անհատից, այլ մարդուց։ Եվ անհայտ վարակիչ հիվանդը, որքան էլ նա քիչ նշանավոր լինի, Մարդ է ներկայացնում։ Եթե դուք ցանկանում եք փրկել Դեմոկրատիա բառը բոլոր թյուրիմացություններից, համոզեք ձեզ, որ ազատության նկատմամբ հարգանքն արտահայտվում է մարդու նկատմամբ դեմոկրատիայով, և որ դեմոկրատիան եղբայրությամբ իմաստավորելու համար հարկավոր է ստեղծել մարդկային կոլեկտիվ ոչ թե անհատի փառաբանմամբ, այլ Մարդու պաշտամունքով։

Դե, ուրեմն, որպեսզի հնարավոր լինի ստեղծել այնպիսի արարած, որն ավելի լայնախոհ լինի, քան դուք եք, և որն իր հերթին ձեզ հարստացնի իր իսկ գոյությամբ, դրա համար կա միայն մեկ միջոց։ Ամենահին կրոններն են հայտնաբերել այդ միջոցը մեզանից դեռևս շատ առաջ։ Դա է հիմքը ամեն մի կրոնական ոգու։ Դա է, եթե կուզեք, գլխավոր «ձեռնածությունը»։ Եվ այդ ձեռնածությունը կամաց֊կամաց մոռացան այն ժամանակ, երբ սկսվեց նյութական առաջադիմությունը։ Այդ ձեռնածությունը զոհաբերությունն է։ Իսկ զոհաբերություն ասելով ես նկատի չունեմ ո՛չ հրաժարում կյանքի բարիքներից, ո՛չ էլ ապաշխարում։ Զոհաբերություն ասելով ես նկատի ունեմ անշահախնդիր պարգև։ Պարգև, որ փոխարենը ոչինչ չի պահանջում։ Դուք վերածնվում եք ոչ թե նրանից, որ ստանում եք, այլ նրանից, որ տալիս եք։ Ձեր տվածով վերածնվում է և կոլեկտիվը։ Եվ կոլեկտիվի գոյությունն ավելի է հարստացնում ձեր էությունը։ Ինչպես տեսնում եք՝ մարդուն ստրկության ճիրաններից փրկելու ստիպողական անհրաժեշտությունը մարդկությանը պարտադրել է հիմնական ուշադրությունն ուղղել աշխատանքին։ Աշխատանքին՝ որպես փոխանակային արժեքի, որպես ապրանքի։ Բայց չպետք է մոռանանք, որ մեզ համար աշխատանքի հիմնական հատկանիշը ոչ թե աշխատավարձն է, որն ապահովվում է մարդուն, այլ հոգեկան հարստությունը։ Վիրաբույժը, ֆիզիկոսը, պարտիզպանը որպես մարդիկ ավելի հարուստ են, քան բրիջ խաղացողը։ Աշխատանքի մի մասը մեզ կերակրում է, իսկ մյուս մասը վերածնում է։ Եվ վերածնողը անշահախնդիր այն պարգևն է, որ մենք տալիս ենք աշխատանքին։

Դորոթի Թոմսոնը նույնպես կոչ է անում, որ դուք էլ տաք այդ պարգևը։ Նա ձեզ կոչ է անում կոլեկտիվ ստեղծել։ Եթե դուք, ի բարօրություն Միացյալ Նահանգների և նրա հաղթանակի, առանց վարձատրության հավաքեք բերքը, դրանով դուք Միացյալ Նահանգներ անվամբ կոլեկտիվ կունենաք։

Ես կուզեի պատմել ձեզ իմ սեփական փորձից։

Ութ տարի ես ապրում էի քաղաքացիական օդաչուի կյանքով։ Ես աշխատավարձ էի ստանում։ Իմ վաստակած փողերով ես ամեն ամիս կարող էի կյանքի բարիքներից որևէ բան ձեռք բերել։ Բայց եթե օդաչուի իմ աշխատանքն այդ նյութական շահից բացի ուրիշ ոչինչ չտար ինձ, էլ ինչո՞ւ էի այդքան սիրում իմ աշխատանքը։ Այդ աշխատանքն ինձ թվում էր շատ ավելի մեծ բան։ Եվ այստեղ էլ պետք է խոստովանեմ, որ աշխատանքն ինձ իրոք հարստացնում էր միայն այն ժամանակ, երբ ավելի շատ տալիս էի, քան ստանում։ Ինձ բարձր ու վեհ դարձնողն այն գիշերները չէին, երբ ես ծախսում էի իմ վաստակած փողերը։ Ո՛չ, ինձ հարստացնողն ուրիշ գիշերներ էին. այնտեղ, Բուենոս֊Այրեսում, առաջին օդային ճանապարհների բացման ժամանակ. երեսուն ժամ տևող անվերջ թռիչքներից հետո հազիվհազ սկսում էի ննջել, և ահա ինձ անկողնում հասնում էր հեռախոսի անողոք կանչը՝ հաղորդելով հեռավոր վթարի մասին. «Արի օդանավակայան... հարկավոր է թռչել Մագելանի նեղուցի վրայով»։ Եվ ես սև սուրճ էի կուլ տալիս, որպեսզի գլուխս չխոնարհվի թռիչքի ժամանակ։ Հետո մի ամբողջ ժամ թափահարվում էի մեքենայի մեջ ցեխոտ, խորդուբորդ ճանապարհով և, վերջապես, ինձ գտնում էի օդանավակայանում՝ ընկերներով շրջապատված։ Քնատ, կատաղած, թուլացած հոդացավերից, որ երկու անքուն գիշերներից հետո ձմեռն անպայման փաթաթում է վզիդ, ես սեղմում էի նրանց ձեռքերը։ Ես հրամայում էի գործի գցել շարժիչները։ Ինչպես աշխատանքային բրիգադների զեկույցներն են կարդում, ես կարդում էի օդերևութաբանական տվյալները. ամպրոպ, եղյամ, ձյուն... և բարձրանում էի գետնից և թռչում էի գիշերվա մեջ՝ արշալույսի խաբուսիկ առկայծումներին ընդառաջ։ Եվ հիմա, երբ մտածում եմ, թե ինչ թողեցին իմ սրտում կյանքիս իրադարձությունները, հայտնաբերում եմ, որ պակաս արժեքավոր չեն նույնիսկ այն դժվարին օրերի հիշողությունները։ Նրանց թողած պայծառ հետքերը հուզում են ինձ։ Ես նորից եմ զգում զենքի եղբայրության համը՝ նահանջող գիշերվա վերջին ժամերին։ Դժգոհությունից մռթմռթալով , ես սեղմում էի ընկերներիս ձեռքերը, իսկ հիմա զարմանքով հայտնաբերում եմ, որ այդ ձեռքերն իմ մեջ թողել են խոր հետքեր՝ սիրո հիշողություններ։ Կորած ընկերներին որոնելը, հապճեպ վերանորոգումները, անսահման հոգնածությունը, մի խոսքով՝ գործունեության այն մասը, որի համար աշխատավարձ չես ստանում, պարզվում է, որ այդ մասն էր ինձ վերածնողը։ Թեև այն ժամանակ կարող էի և չհասկանալ դրա ամբողջ հզորությունը։ Իսկ այն գիշերներից, երբ ծախսում էի աշխատավարձս, ոչ մի հիշողություն չմնաց։

Ո՛չ, ես ոչինչ չստացա իմ աշխատանքի դիմաց՝ եթե դրա արժեքը փոստատար օդաչուների համար սահմանված կիլոմետրային սակագներն են։ Իմ աշխատանքը ոչինչ չէր արժենա, եթե, նյութապես ապահովելուց բացի, միևնույն ժամանակ ինձ չդարձներ «ինչ֊որ բանի» մարդ։ Եթե ինձ չդարձներ «այսինչ» փոստային ճանապարհների օդաչու, «այսինչ» պարտեզի պարտիզպան, «այսինչ» տաճարի ճարտարապետ, «այսինչ» Ֆրանսիայի զինվոր։ Եթե փոստային ճանապարհներին մեր սիրտը հարստացավ, ապա շնորհիվ միայն այն պարգևների, որ մեզանից պահանջում էին այդ փոստային ճանապարհները։ Ճանապարհները կենդանանում էին մեր պարգևներից։ Եվ կենդանանալով՝ վերածնում էին մեզ։ Եվ այսօր հանդիպելով իմ ընկերոջը՝ ես կարող եմ ասել. «Իսկ հիշո՞ւմ ես...»։ Դա զարմանալի ժամանակ էր, որովհետև զոհաբերությունների ընդհանրությամբ միասնացած՝ մենք սիրում էինք իրար։

22֊ը մայիսի, 1942թ.