«Ուսուցչուհին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ուսուցչուհին |հեղինակ = Շերվուդ Անդերսոն |թարգմանիչ = Ալբերտ Խաչատրյան |աղ...»:)
 
 
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Ուսուցչուհին
 
|վերնագիր = Ուսուցչուհին
 
|հեղինակ = [[Շերվուդ Անդերսոն]]
 
|հեղինակ = [[Շերվուդ Անդերսոն]]
|թարգմանիչ = Ալբերտ Խաչատրյան
+
|թարգմանիչ = Հակոբ Ծուլիկյան
 
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
 
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
 
}}
 
}}

Ընթացիկ տարբերակը 12:18, 10 Նոյեմբերի 2014-ի դրությամբ

Ուսուցչուհին

հեղինակ՝ Շերվուդ Անդերսոն
թարգմանիչ՝ Հակոբ Ծուլիկյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ուայնսբուրգի փողոցներում առատ ձյուն էր նստել։ Այն սկսել էր տեղալ առավոտյան ժամը տասից։ Հանկարծ ուժեղ քամի փչեց և ամբողջ Մեյն Սթրիթով մեկ ձյունը օդ բարձրացավ։ Դեպի քաղաք տանող ցեխոտ, սառած փողոցները բավականին հարթ էին, և որոշ տեղերում ձյունը ծածկել էր ցեխը։

— Լավ սահել կլինի,— մտածեց Ուիլ Հենդերսոնը՝ կանգնելով Էդ Գրիֆիթի գինետան բարի մոտ։

Դուրս գալով գինետնից նա հանդիպեց դեղագործ Սիլվեստր Ուես֊ ւին, որն օրորվելով գնում էր «բևեռային» կոչվող ծանր կրկնակոշիկներ հագած։

— Ձյունը մարդկանց քաղաք է բերելու շաբաթ օրը,— ասաց դեղագործը։

Երիտասարդները մի որոշ ժամանակ խոսեցին իրենց անելիքների մասին։ Ուիլ Հենդերսոնը, որը բարակ վերարկու էր հագել և կրկնակոշիկներ չէր կրում, աջ ոտքի կոշիկի քթով հարվածեց ձախ ոտքի կրունկին։

— Ցորենի համար ձյունը լավ է,— նկատեց դեղագործը։

Երիտասարդ Ջորջ Ուիլարդը, որն այդ օրն աշխատելու տրամադրություն ընդհանրապես չուներ՝ ուրախ էր, որ գործ չկար։ Շաբաթաթերթն արդեն տպագրվել և փոստ էր ուղարկվել չորեքշաբթի երեկոյան, իսկ ձյունն սկսել էր տեղալ հինգշաբթի օրը։ Ժամը ութին, առավոտյան գնացքի մեկնելուց հետո, նա մի զույգ չմուշկ դրեց գրպանը %% գնաց Ուատերուորքս լճի մոտ, բայց չսահեց։ Շրջանցելով լիճը, նա շարունակեց քայլել Ուայն Քրիք փողոցով, մինչև հասավ ծառերով շրջապատված ծովափնյա մի պուրակ։ Այնտեղ՝ գերանի կողքին նա կրակ վառեց և նստելով գերանի մյուս ծայրին, ընկավ մտածմունքի մեջ։ Երբ քամին փչեց և սկսեց ձյունել, նա դեսուդեն վազեց կրակի համար վառելիք ճարելու։ Երիտասարդ լրագրողը մտածում էր Քեյթ Սվիֆթի՝ իր նախկին ուսուցչուհու մասին։ Նախորդ գիշեր գնացել էր նրա տուն՝ վերցնելու համար այն գիրքը, որ Քեյթը խորհուրդ էր տվել կարդալ, և այնտեղ մի ժամ առանձին էր մնացել նրա հետ։ Չորրորդ, թե հինգերորդ անգամն էր, որ այդ կինն իր հետ զրուցել էր ամենայն լրջությամբ, և Ջորջը չէր կարողացել ըմբռնել, թե նա իրենից ինչ է ուզում։ Նա սկսեց հավատալ, որ Քեյթը գուցե սիրահարվել է իրեն, և այդ գաղափարը միաժամանակ թե՛ հաճելի էր և թե՛ անհանգստացնող։

Վեր ցատկելով գերանի վրայից, նա սկսեց մանր փայտեր դիզել կրակի վրա։ Հետո շուրջը նայեց և վստահ լինելով, որ մենակ է, սկսեց բարձրաձայն խոսել, ասես իր դիմաց կին կար նստած.

— Օ՜հ, դուք պարզապես դուրըս եք տալիս,— ասաց նա։ — Դուք այդ շատ լավ գիտեք։ Բայց ես ձեր դիտավորությունը կպարզեմ։ Սպասեք և կտեսնեք։

Նա վեր կացավ և կրակը անտառում թողնելով, քաղաք տանող ճանապարհով ետ գնաց։ Մինչ անցնում էր փողոցներով, չմուշկները նրա գրպանում զրնգում էին։ Նյու Ուիլարդ Հաուս հյուրանոցի իր առանձնասենյակում Ջորջը բորբոքեց կրակարանը, պառկեց անկողնում և տարվեց կրքոտ խոհերով։ Հետո ծածկեց պատուհանի փեղկը, փակեց աչքերը և երեսը թեքեց դեպի պատը։ Նա մի բարձ առավ թևերի մեջ ու սկսեց համբուրել այն, նախ մտածելով ուսուցչուհու մասին, որի խոսքերն ինչ֊որ բան էին շարժել իր մեջ, հետո պատկերացրեց քաղաքի բանկիրի նրբակազմ աղջկան՝ Հելեն Ուայթին, որին երկար ժամանակ կիսով չափ սիրահարված էր։

Այդ օրը, երեկոյան ժամը իննին արդեն առատ ձյուն էր նստել և եղանակը սաստիկ ցրտել էր։ Փողոցներում քայլելը դժվարացել էր։ Խանութները մութ էին, և մարդիկ տներն էին քաշվել։ Քլիվլենդից եկող երեկոյան գնացքը շատ էր ուշացել, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում նրա ժամանումով։ Ժամը տասին քաղաքի հազար ութ հարյուր բնակիչներից միայն չորսն էին արթուն։

Գիշերապահ Հոպ Հիգինսը կիսով չափ արթուն էր։ Նա կաղ էր և ծանր ձեռնափայտով էր քայլում։ Մութ գիշերներին իր հետ վերցնում էր նաև մի լապտեր և հերթապահում ժամը իննից մինչև տասը։

Նա քայլում էր ձյունակույտերի միջով Մեյն Սթրիթի մի ծայրից մյուսը՝ ստուգելով խանութների դռները։ Ապա նրբանցքներով անցնում էր խանութների ետևի կողմը և ստուգում նաև ետնամուտքերը։ Ամեն ինչ կարգին գտնելով, նա այժմ շրջվեց անկյունից, շտապեց դեպի Նյու Ուիլարդ Հաուս հյուրանոցը և թակեց դուռը. մտադիր էր գիշերվա մնացած մասն անցկացնել կրակարանի մոտ։

— Դու քնիր, ես կհետևեմ վառարանին,— ասաց Հիգինսը հյուրանոցի գրասենյակում փոքր, մանկական մահճակալի վրա պառկած տղային։

Հետո նստեց կրակարանի մոտ և հանեց կոշիկները։ Երբ տղան արդեն քնել էր, սկսեց մտածել իրեն հուզող հարցերի մասին։ Նա մտադիր էր գարնանը ներկել իր տունը և այնտեղ՝ կրակարանի մոտ նստած, հաշվում էր ներկի և աշխատանքի արժեքը։ Դրանից ծագեցին ուրիշ հաշիվներ։ Նա վաթսուն տարեկան էր և մտադիր էր քոշակի անցնել։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ զինվոր էր եղել և այժմ, որպես թոշակ, մի փոքր գումար էր ստանում։ Հիգինսը հույս ուներ ապրուստը վաստակելու ինչ֊որ նոր միջոց գտնել %% ցանկանում էր դառնալ ժանտաքիսներ բուծող։ Իր տան նկուղում նա արդեն չորս հատ ուներ այդ տարօրինակ, վայրի փոքրիկ արարածներից, որոնց օգտագործում էին մարզիկները նապաստակներ հետապնդելիս։

— Հիմա մի արու և երեք հատ էլ էգ ունեմ,— մտածեց նա։ — Եթե բախտս բերի, մինչև գարուն տասներկուսից տասնհինգ հատ կունենամ։ Իսկ մի տարի անց կկարողանամ մարզական թերթերում ժանտաքիսներ վաճառելու մասին հայտարարություն տալ։

Գիշերապահը տեղավորվեց աթոռին և դադարեց մտածել։ Բայց չքնեց։ Տարիների փորձը նրան սովորեցրել էր երկար գիշերների ընթացքում նստել ժամերով՝ կես քուն, կես արթուն։ Առավոտյան նա համարյա այնքան թարմ էր զգում իրեն, կարծես քնած լիներ ամբողջ գիշերը։

Երբ Հոպ Հիգինսը ապահով տեղավորվեց կրակարանի ետևում գտնվող աթոռին, Ուայնսբուրգում միայն երեք հոգի արթուն մնացին։ Ջորջ Ուիլարդը «Իգըլ» թերթի գրասենյակում էր և իբր զբաղված էր պատմվածք գրելով։ Բայց իրականում նրա տրամադրությունը նույնն էր, ինչ առավոտյան, անտառում՝ խարույկի մոտ նստած ժամանակ։

Բողոքականների եկեղեցու զանգակատան մթության մեջ պատվելի Քերթիս Հարթմանը պատրաստ նստել էր՝ դիմավորելու աստծու հայտնությունը։ Իսկ Քեյթ Սվիֆթը՝ ուսուցչուհին, պատրաստվում էր դուրս գալ տնից՝ փոթորկոտ եղանակին զբոսնելու համար։

Ժամը տասն անց էր, երբ Քեյթ Սվիֆթը սկսեց իր զբոսանքը։ Այն կանխամտածված չէր։ «Մորաքույր» Էլիզաբեթ Սվիֆթը շրջկենտրոն էր գնացել և միայն հաջորդ օրն էր վերադառնալու։ Տան հյուրասենյակում, մեծ կրակարանի կողքին, որը հատակի վառարան էր կոչվում, նրա դուստրը՝ Քեյթը, նստած գիրք էր կարդում։ Հանկարծ նա վեր թռավ, դռան մոտի կախիչից խլեց վերարկուն և տնից դուրս վազեց։

Երեսուն տարեկան Քեյթ Սվիֆթին սիրուն կին չէին համարում Ուայնսբուրգում։ Նրա դեմքի մաշկը լավը չէր և ծածկված էր բշտիկներով, մի բան, որ վկայում էր վատառողջության մասին։ Սակայն գիշերը, ձմեռային փողոցներում մենակ քայլելիս, նա սիրուն էր։ Թիկունքը ուղիղ էր, ուսերը՝ կլոր, իսկ դիմագծերը ձմեռային գիշերվա աղոտ լույսի տակ նման էին այն աստվածուհու նուրբ դիմագծերին, որը կանգնած էր պարտեզում՝ պատվանդանի վրա։

Իր առողջության մասին խորհրդակցելու նպատակով, կեսօրից հետո ուսուցչուհին գնացել էր բժիշկ Ուելինգի մոտ։ Վերջինս նրան հանդիմ անել էր և հայտնել, որ նա լսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած։ Քեյթ Սվիֆթի կողմից հիմարություն էր այդպիսի փոթորկոտ եղանակին դրսում զբոսնելը. հիմարություն և գուցե նաև՝ անզգուշություն։ Փողոցում զբոսնող կինը չհիշեց բժշկի այս խոսքերը և եթե հիշեր էլ, ետ չէր դառնա։ Նա շատ էր մրսում, բայց հինգ րոպե քայլելուց հետո ցրտին այլևս ուշա դրություն չդարձրեց։ Սկզբում գնաց մինչև իր տան փողոցի ծայրը և հետո, անցնելով հարդանոցի մոտ տեղավորված զույգ հարդակշեռքների մոտով, քայլեց դեպի Տրանյըն Փայք։ Ապա այդ փողոցով նա գնաց Նեդ Ուինտրի հարդանոցի ուղղությամբ և շրջվելով դեպի արևելք, շարունակեց քայլել փայտյա ցածր տներով եզերված մի փողոցով, որը Գոսպել Հիլի վրայով տանում էր դեպի Սաքըր Ռոուդ։ Վերջինս էլ անցնում էր ծանծաղուտ հովտով և Այք Սմիդի հավանոցի կողքով ձգվում էր դեպի Ուատերուորքսի լճակը։ Այն խիզախ ու հուզված հոգեվիճակը, որը նրան դուրս էր բերել տնից, քայլելու ընթացքում անցավ, ապա նորից համակեց էությունը։

Քեթ Սվիֆթի խառնվածքի մեջ ինչ֊որ կծող ու վանող բան կար։ Ամեն մարդ զգում էր այդ։ Դասարանում նա լուռ էր, սառը և խիստ, սակայն զարմանալիորեն անչափ մտերիմ՝ իր աշակերտների հետ։ Երբեմն պատահում էր, որ նրան համակում էր ինչ֊որ մի զգացում և նա ուրախ էր լինում։ Դասարանում երեխաներն զգում էին իրենց ուսուցչուհու ուրախ տրամադրությունը։ Մի որոշ ժամանակ նրանք դաս չէին պարապում և նստարաններին կռթնած, լուռ նայում էին նրան։

Ձեռքերը մեջքին՝ ուսուցչուհին քայլում էր դասարանի մի ծայրից մյուսը և խոսում շատ արագ։ Կարևոր չէր, թե ինչ թեմա էր ծագում նրա մտքում։ Մի անգամ նա երեխաներին պատմեց Չարլզ Լեմի մասին և տարօրինակ, գողտրիկ, փոքր պատմվածքներ հորինեց մահացած գրողի կյանքի մասին։ Այդ պատմվածքները նա այնպես պատմեց, ասես Չարլզ Լեմի հետ մի տան մեջ ապրած լիներ և տեղյակ էր նրա անձնական կյանքի բոլոր գաղտնիքներին։ Երեխաներր մի քիչ շփոթվեցին, կարծելով թե Չարլզ Լեմը մի անձնավորություն է, որ մի ժամանակ ապրել է Ուայնսբուրգում։

Մի ուրիշ անգամ ուսուցչուհին երեխաներին պատմեց Բենվենուտո Չելլինիի մասին։ Այս անգամ նրանք ծիծաղեցին։ Ինչպիսի պարծենկոտ, կատաղի, քաջ ու համակրելի անձնավորություն դարձրեց նա այդ ծեր արվեստագետին։ Ուսուցչուհին նույնիսկ զվարճախոսություններ հորինեց նրա մասին։ Դրանցից մեկի հերոսը գերմանացի մի դասատու էր, որն ապրում էր Միլանում՝ Չելլինիի բնակարանի վերևի սենյակում։ Այս պատմությունը ևս երեխաներին շատ ծիծաղեցրեց։ Շուգըրզ Մքնաթսը՝ կարմիր այտերով այդ գեր տղան այնքան ուժեղ ծիծաղեց, որ գլխապտույտ ունեցավ և ցած ընկավ նստարանից՝ ծիծաղեցնելով նաև Քեյթ Սվիֆթին։ Հետո հանկարծ ուսուցչուհին նորից սառը և խիստ դարձավ։ Ձմռան այդ գիշեր ուսուցչուհին քայլում էր ձյունածածկ, ամայի փողոցներով։ Ինչ֊որ բան տանջում էր նրան։ Թեև Ուայնսբուրգում ոչ ոք չէր կասկածում, բայց նրա կյանքը հարուստ էր եղել բազմաթիվ արկածներով։ Դրանք այժմ էլ շարունակվում էին։

Դպրոցում աշխատելու ժամանակ կամ փողոցներով անցնելիս՝ տրտմությունը, հույսը և ցանկությունը պայքարում էին նրա մեջ։ Սառը արտաքինի ետևում թաքնված էին ամենաարտասովոր դեպքեր, որոնք խճճում էին նրա միտքը։ Այս քաղաքի մարդիկ Քեյթին համարում էին տանը մնացած աղջիկ, և որովհետև նա խիստ տոնով էր խոսում և մենակ էր ապրում, կարծում էին, թե զուրկ է բոլոր տեսակի մարդկային զգացումներից, որոնք այնքան մեծ նշանակություն ունեն կյանքում։ Իրականում նա շատ կրքոտ էր։ Եվ վերջին հինգ տարիների ընթացքում, ինչ վերադարձել էր իր ճանապարհորդություններից Ուայնսբուրգում հաստատվելու և ուսուցչուհի դառնալու նպատակով, շատ անգամներ ստիպված էր եղել դուրս գալ տնից և քայլել գիշերվա կեսին՝ իր զգացմունքների դեմ ինչ֊որ ներքին պայքար մղելով։ Մի անգամ, անձրևոտ մի գիշեր, նա վեց ժամ դրսում էր մնացել և երբ վերադարձել էր տուն, վիճել էր «մորաքույր» Էլիզաբեթ Սվիֆթի հետ։

— Ինչ լավ է, որ դու տղամարդ չես,— կտրուկ ասել էր մայրը։— Շատ անգամներ եմ սպասել հորդ տուն գալուն՝ չիմանալով թե ինչ նոր փորձանքի է հանդիպել։ Ես ապրել եմ անորոշության իմ բաժինը և դու չես կարող այժմ ինձ մեղադրել այն բանի համար, որ չեմ ցանկանում քո մեջ տեսնել նրա վատթարագույն գծի վերարտադրությունը։

  • * *

Ջորջ Ուիլարդի նկատմամբ տածած համակրանքից այրվում էր Քեյթ Սվիֆթի միտքը։ Նրա դպրոցական շարադրություններից մեկը կարդալով, Քեյթը այնտեղ տաղանդի ինչ֊որ նշույլ գտավ և ցանկացավ խրախուսել նրան։

Ամռան մի օր «Իգըլ» թերթի գրասենյակը գնալով և երիտասարդին ազատ գտնելով, Քեյթը նրան Մեյն Սթրիթի երկայնքով տարավ դեպի տոնավաճառ, որտեղ երկուսով նստեցին կանաչ խոտերի վրա և զուցեցին։ Ուսուցչուհին փորձեց հասկացնել, գաղափար տալ նրան այն մասին, թե որպես գրող ինչպիսի դժվարությունների կարող է հանդիպել։

— Դու պետք է հասկանաս կյանքը,— ասաց Քեյթը։ Նրա ձայնը ղողում էր լրջությունից։ Նա բռնեց Ջորջ Ուիլարդի ուսերից և այնպես շրջեց դեպի իր կողմը, որ կարողանար նայել նրա աչքերի մեջ։ Անցորդներին կարող էր թվալ, թե նրանք գրկախառնվելու են։

— Եթե դու գրող ես դառնալու, պետք է դադարես բառերի հետ խաղալուց,— բացատրեց նա։— Գերադասելի է, որ հրաժարվես գրելու գաղափարից, մինչև որ ավելի լավ պատրաստվես։ Հիմա ապրելու ժամանակն է։ Քեզ վախեցնելու միտք չունեմ, պարզապես ուզում եմ հասկացնել, որ այն, ինչ մտադիր ես փորձել, չափազանց կարևոր է։ Դու չպետք է բառերի սոսկ փերեզակ լինես։ Կարևորն այն է, որ իմանաս, թե մարդիկ ինչի՛ մասին են մտածում և ոչ թե ի՛նչ են ասում։

Այդ փոթորկալից հինգշաբթի օրվա նախորդ գիշերը, երբ պատվելի Քերթիս Հարթմանը նստել էր եկեղեցու զանգակատանը՝ ուսուցչուհու մարմնին հայացք գցելու հույսով, երիտասարդ Ուիլարղը այցելության էր գնացել Քեյթին, որպեսզի նրանից մի գիրք վերցնի։ Այդ ժամանակ էր ահա, որ այդ դեպքը պատահեց և շփոթեցրեց երիտասարդին։ Նա գիրքը թևի տակ դնելով պատրաստվում էր դուրս գալ, երբ Քեյթ Սվիֆթը նորից խոսեց ամենայն լրջությամբ։ Գիշերը վրա էր հասնում և սենյակի լույսը գնալով աղոտանում էր։ Երբ երիտասարդը շրջվեց, որ գնա, ուսուցչուհին մեղմորեն արտասանեց նրա անունը և ինքնաբուխ մի շարժումով բռնեց նրա ձեռքը։ Թղթակիցը համարյա տղամարդ էր դարձել, և նրա տղամարդկային գրավչությունը, ինչպես նաև զվարթությունը միայնակ կնոջ սիրտը շարժեցին։ Ուսուցչուհու մեջ կրքոտ ցանկություն առաջացավ՝ Ուիլարդին անկեղծորեն բացատրելու և հասկացնելու կյանքի կարևորությունը։ Նա դեպի առաջ թեքվեց, և շրթունքները քսվեցին երիտասարդի այտերին։ Այդ րոպեին տղան, կյանքում առաջին անգամ գիտակցեց աղջկա կառուցվածքի ընդգծված գեղեցկությունը։ Երկուսն էլ մի պահ շփոթվեցին, և իր զգացմունքները հանդարտեցնելու համար ուսուցչուհին նորից դարձավ կոպիտ ու բռնակալ։

— Ի՛նչ օգուտ,— գոռաց նա կրքոտությամբ։— Տասը տարի հետո միայն դու կսկսես հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել, երբ զրուցում եմ քեզ հետ։

  • * *

Փոթորկոտ այդ գիշեր, մինչ կղերականը եկեղեցում նստած սպասում էր նրան, Քեյթ Սվիֆթը գնաց «Ուայնզբուրգ Իգըլ» թերթի խմբագրություն, երիտասարդի հետ մի անգամ էլ զրուցելու։ Ձյան մեջ երկար քայլելուց նա սկսեց մրսել, միայնակ և հոգնած զգաց իրեն։ Բարձրանալով Մեյն Սթրիթ փողոցով, Քեյթը նշմարեց տպարանի լուսամուտից եկող լույսը, որի փայլն ընկել էր ձյան վրա։ Նա բացեց դուռը և ներս մտավ։ Գրասենյակում, կրակարանի մոտ մի ժամ նստած, նա խոսեց ընդհանրապես կյանքի մասին, խոսեց կրքոտ, լրջությամբ։ Ինչ֊որ մղիչ մի ուժ նրան տնից դուրս, դեպի ձյունն էր քշել։ Այժմ այդ նույն մղիչ ուժն էր, որ իրեն խոսեցնում էր։ Խոսելու ընթացքում նա ոգևորվեց այնպես, ինչպես երբեմն պատահում էր դպրոցում, աշակերտների ներկայությամբ։ Նրա մեջ բուռն ձգտում առաջացավ կյանքի դուռը նորից բացելու երիտասարդի առջև, որը մի ժամանակ իր աշակերտն էր եղել և, իր կարծիքով, կյանքը հասկանալու թաքուն տաղանդ ուներ։ Այնքան ուժեղ էր նրա կիրքը, որ այն ֆիզիկական մղում դարձավ։ Քեյթի ձեռքերը նորից դիպան երիտասարդի ուսերին, և նա Ուիլարդին դարձրեց իր կողմը։ Աղոտ լույսի տակ ուսուցչուհու աչքերը բոցկլտացին։ Նա վեր կացավ և ծիծաղեց, բայց ոչ թե սովորականի պես սուր, այլ տարօրինակ, անհամարձակ կերպով։

— Ես պետք է գնամ,— ասաց նա։— Մի րոպե էլ որ մնամ, անկարող կլինեմ չհամբուրել քեզ։

Խմբագրատանը շփոթություն առաջացավ։ Թեյթ Սվիֆթը շրջվեց և քայլեց դեպի դուռը։ Ճիշտ է, նա ուսուցչուհի էր, բայց և կին էր միաժամանակ։ Ջորջ Ուիլարդին նայելիս, տղամարդու կողմից սիրվելու կրքոտ ցանկությունը, որ երևի հազար անգամ դրանից առաջ փոթորկի նման անցել էր իր մարմնով, համակեց նրա ողջ էությունը։ Ճրագի լույսի տակ Ջորջ Ուիլարդը ոչ թե տղայի, այլ այր մարդու տեսքն ուներ, որը պատրաստ էր տղամարդու դեր կատարել։

Ուսուցչուհին թողեց, որ Ջորջ Ուիլարդը թևերի մեջ առնի իրեն։ Տաքուկ, փոքրիկ գրասենյակում օդը հանկարծ ծանրացավ, և նա թուլություն զգաց։ Հենվելով դռան մոտ գտնվող ծանր սեղանին, նա սպասեց։ Երբ երիտասարդը մոտեցավ և ձեռքը դրեց նրա ուսին, Քեյթը շրջվեց և թողեց, որ իր ծանր մարմինը հանգչի երիտասարդի վրա։ Ջորջ Ուիլարդն է՛լ ավելի շփոթվեց։ Մի րոպե նա ուժեղ գրկեց երիտասարդ կնոջը և սեղմեց իր կրծին։ Հետո ուսուցչուհին պրկվեց, և երկու սուր, փոքրիկ բռունցքներ հարվածներ տեղացին Ջորջի դեմքին։ Երբ ուսուցչուհին հեռացավ և երիտասարդին թողեց մենակ, վերջինս մոլեգնաբար հայհոյելով, սկսեց քայլել գրասենյակի մի ծայրից մ յուսը։ Այս շփոթ կացության մեջ հայտնվեց պատվելի Քերթիս Հարթմանը։ Երբ նա ներս մտավ, Ջորջ Ուիլարդը ենթադրեց, որ մարդիկ խելագարվել են։ Իր արյունոտ բռունցքը օդի մեջ թափահարելով, կրոնավորը հայտնեց, թե այդ կինը, որին մի րոպե առաջ Ջորջն իր թևերի մեջ էր առել, աստծո միջնորդն էր և ճշմարտության միսիա էր կատարում։

  • * *

Ջորջը հանգցրեց լուսամուտի մոտ գտնվող ճրագը, կողպեց տպարանի դուռը և գնաց տուն։ Հասնելով հյուրանոց, որտեղ Հոպ Հիգինսը ժանտաքիսներ բուծելու երազանքով էր տարված, նա բարձրացավ իր առանձնասենյակը։ Վառարանի մեջ կրակը հանգել էր, և Ջորջը հանվեց ցուրտ սենյակում։ Երբ անկողին մտավ, սավանները նրան ձյունե սառած ծածկոցներ թվացին։

Ջորջ Ուիլարդը շրջվեց անկողնում, որտեղ պառկած էր այդ երեկո, թևերի մեջ բարձը սեղմած և մտածում էր Քեյթ Սվիֆթի մասին։ Նրա ականջներում հնչեցին կրոնավորի խոսքերը, որին հանկարծակի խելագարվածի տեղ էր դրել։ Ջորջի աչքերը պտտվեցին սենյակով մեկ։ Խաբված տղամարդուն հատուկ բարկությունն անցավ և նա փորձեց հասկանալ, թե ինչ էր պատահել, բայց չկարողացավ։ Մտովի կրկին ու կրկին քննեց այդ հարցը։ Ժամերն անցան և նա սկսեց մտածել, որ շուտով նոր օր է բացվելու։ Ժամը չորսն էր, երբ վերմակն իր վրա քաշեց մինչև վիզը և փորձեց քնել։ Երբ թմրություն զգաց և աչքերը փակեց, ձեռքը վեր բարձրացրեց և խարխափեց մթության մեջ։ — Ես մի բան չեմ հասկացել։ Քեյթ Սվիֆթը ինչ֊որ բան էր ուզում ասել ինձ, և ես այդ չեմ հասկացել,— շշնջաց Ջորջը քունը գլխին։

Եվ ամբողջ Ուայնսբուրգում նա ամենավերջինը քնեց ձմռան այդ գիշեր։