«Չորս հարց Վազգեն Մանուկյանին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Չորս հարց Վազգեն Մանուկյանին |հեղինակ = Վազգեն Մանուկյան |թարգմանիչ = |աղբ...»:)
 
 
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Հայք» N 4,5 1990 թ․
 
|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Հայք» N 4,5 1990 թ․
 
}}
 
}}
 
+
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
  
  

Ընթացիկ տարբերակը 21:47, 3 Ապրիլի 2016-ի դրությամբ

Չորս հարց Վազգեն Մանուկյանին

հեղինակ՝ Վազգեն Մանուկյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Հայք» N 4,5 1990 թ․


ՀԱՐՑ։― Ձեր կարծիքով ո՞րն է մեր ազգի նպատակը և ի՞նչ տվեցին շարժման այս երկու տարիները այդ նպատակի իրականացմանը։
― Մեր ժողովրդի ազգային քաղաքական նպատակները երկուսն են. անկախ պետականության վերականգնումը և հողային հարցի, այսինքն մեզնից բռնագրավված հողերի վերադարձը։ Եվ որպես այդ քաղաքական նպատակների իրագործման վերջնական արդյունք, Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի մյուս քաղաքակիրթ երկրների շարքում։ Քաղաքական այս երկու նպատակները երբեմն միացնում են մի բանաձևի մեջ՝ միացյալ, անկախ Հայաստանի ստեղծում։ Պիտի նկատել, սակայն, որ այդ երկու խնդիրներն ինչ-որ իմաստով նույնիսկ իրարամերժ են։ Այդ խնդիրներից յուրաքանչյուրը՝ անկախ պետականության վերականգնումը և հողային հարցը, յուրահատուկ քաղաքականություն, տարբեր դաշնակիցներ ու թշնամիներ են ենթադրում։ Ուստի հնարավոր չէ այդ երկու հարցը միաժամանակ լուծել։ Պետք է ընտրել, նախապատվությունը տալ մեկին, հետո անցնել մյուսին։
Այստեղ ուզում եմ առանձնացնել Ղարաբաղի հարցը որպես առանձին խնդիր։ Մեր պատմական Հայաստանից փաստորեն մնացել են հայերով բնակեցված երկու խոշոր բեկոր՝ այսօրվա մեր հանրապետությունը և Ղարաբաղը։ Այսօր դրված է այդ երկու բեկորների վերամիավորման հարցը։
Իսկ քաղաքական նպատակների իրագործման առումով պետք է քննարկել, թե որ հարցին տալ նախապատվությունը՝ անկախ պետականության վերականգնմանը, թե՞ բռնագրաված հողերի վերադարձին, ո՞րն է դրանցից այսօր իրագործելի։
Նախքան իրագործելիության մասին խոսելը նկատենք, որ հողային հարցը լուծել կարողանալու համար նախ անհրաժեշտ է ունենալ անկախ պետություն, առանց որի հողային հարցեր չեն լուծվում։ Ոչ մեկը երբեք հողային տարածք չի նվիրի մեզ, չի նվաճի մեզ համար, չի կատարի մեր փոխարեն այն, ինչ մենք պետք է անենք։ Վերջին երկու տարիները մեկ անգամ ևս ապացուցեցին այդ պարզ քաղաքական ճշմարտությունը։ Հետևաբար, այժմ մեր ժողովուրդը պետք է կենտրոնանա անկախ պետականության վերականգնման խնդրի վրա։ Առանց անկախ պետականության հնարավոր չէ հողային հարցեր լուծել ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական միջոցներով։ Պատահական չէ, որ նույնիսկ Ղարաբաղի հարցը, որը պարզ հողային հարց չէ, մեր ժողովրդին կամա թե ակամա բերեց անկախության գաղափարին։ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման ուղղությամբ բոլոր արմատական քայլերն անելիս մենք մեզ պահում էինք որպես համարյա անկախ պետություն։ Միայն այդ պայմանով մենք կարողացանք որոշ արդյունքների հասնել։ Օրինական հարց է ծագում, հնարավոր է այսօր վերականգնել անկախ պետականությունը։ Այստեղ սովորաբար երկու խոչընդոտ են նշում։ Նախ՝ այն, որ այսօր Հայաստանը Ռուսաստանի կողմից նվաճված տարածք է։ Իսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ պետությունները երբեք ինքնակամ չեն հրաժարվում իրենց գրաված տարածքներից։ Ուրեմն, Ռուսաստանր պետք է, բնականաբար, խանգարի մեր անկախ պետականության վերականգնմանը։ Բայց այժմ Խորհրդային Միությունում քաղաքական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ խնդրի լուծումը մոտ է թվում։ Ռուսաստանը հետ մնալով մյուս երկրներից, փորձում է միաժամանակ երկու իրարամերժ խնդիր լուծել հզորացնել Ռուսաստանը տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային տեսանկյունից, միաժամանակ պահել կայսրությունը։ Բայց կայսրությունը պահելու համար պետք է ուժ կիրառել, իսկ երկրի զարգացման համար՝ որոշակի ազատություններ տալ ժողովրդին։ Միայն ազատ պայմաններում է հնարավոր զարգացումը։ Իսկ ազատությունը, ժողովրդավարությունը բնականաբար ուժեղացնում են կենտրոնախույս ուժերը, մանավանդ որ մեծ արագությամբ շարունակվում է քանդվել պետության տնտեսությունը։ Այս իրարամերժ խնդիրների լուծման ճանապարհին Ռուսաստանը կամա թե ակամա, հավանաբար, ստիպված կլինի հրաժարվել որոշ հանրապետություններ իր սահմաններում պահելուց, ինչպես ստիպված եղավ հրաժարվել իր հսկողության ոլորտում գտնվող Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ Հետևաբար ներկա իրավիճակը հույս է ներշնչում, որ քաղաքական ճիշտ պայքարի շնորհիվ Խորհրդային Միության ընդհանուր քաղաքական իրավիճակն ի վերջո անկախություն նվաճելու հնարավորություն կտա մեզ։
Շատերը նշում են նաև երկրորդ խոչընդոտը, անկախություն ստանալուց հետո մենք ստիպված կլինենք դեմ հանդիման կանգնել հզոր Թուրքիայի հետ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանը և Հայաստանի վրայով միանալ իրենց հետ կրոնական և էթնիկական որոշ ընդհանրություն ունեցող Ադրբեջանի հետ։ Նախ եւ առաջ պատասխանեմ այն մարդկանց, որոնք անկախության գաղափարի դեմ դնում են այս փաստարկը։ Պիտի հասկանանք, որ ռուսական բանակն այստեղ է գտնվում ոչ թե հայերին պաշտպանելու համար, այլ՝ քանի որ այդ են պահանջում կայսրության շահերը։ Խորհրդային Միությունը քանդվող կայսրություն է և վաղ թե ուշ նրա շահը կպահանջի, որ բանակը գնա այստեղից։ Այնպես որ, այս կամ այն կերպ մենք կանգնելու ենք այդ խնդրի առաջ։
Հիմա Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման խնդրի մասին։ 20֊րդ դարում նույն ծագումն ունեցող երկու ազգ դեռ չեն միավորվել նույն պետականության մեջ։ Ընդհակառակը, յուրաքանչյուր էթնիկական միավորում ձգտում է ինքնուրույն պետականության։ Այդ պատճառով պետք է խոսել ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման, այլ (եթե գործը այդտեղ հասնի) այն մասին, որ Թուրքիան կարող է Հայաստանի վրայով գնալ և նվաճել Ադրբեջանը։ Ադրբեջանն էլ է ուզում անկախ լինել, ինչպես և մնացած բոլոր ազգերը։ Ադրբեջանի, Թուրքիայի միավորմանը ձգտող քաղաքական ուղղություն Թոլրքիայոլմ, ինչ խոսք, կա։ Կան որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք այդ խնդիրն են հետապնդում, հայտարարում, որ Թուրքիայի շահերից է բխում այդ միավորումը։ Թուրքիայի շահը այդպես գնահատող քաղաքական շրջանակների կշիռը այժմ մեծ չէ, այնտեղ գերակշռում է մեր ժամանակի շրջանին բնորոշ այն քաղաքականությունը, որն ուղղված է երկրի տնտեսության, արդյունաբերության, առևտրի, գիտության և մշակույթի զարգացմանը։
Հիմա դժվար է կանխագուշակել, թե քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում այս ուժերից որը կգերիշխի, բայց այսպիսին է պատկերը գրեթե բոլոր պետությունների համար։ Ոչ մի պետություն երաշխիք չունի, որ իր հարևանն իր վրա չի հարձակվի։ Ահա թե ինչու յուրաքանչյուր պետության համապատասխան քաղաքականություն է վարում և ստեղծում իրավիճակին համապատասխանող զինյալ ուժեր։ 1918 թվականին, երբ Հայաստանն անկախություն ստացավ, շատ ծանր վիճակում էր գտնվում, բայց կարողացավ դիմագրավել Թուրքիայի հարձակմանը։ Այն ժողովուրդները, որոնք ուզում են օգտվել միայն անկախության շնորհիվ տրվող բարիքներից, բայց վախենում են անկախությունից, դատապարտված են ոչնչացման, և այդ ժողովուրդների վերացումից չի աղքատանում այս աշխարհը։
Շարժման երկու տարիների ընթացքում տասնյակ հազարավոր հայեր խորապես գիտակցեցին այս պարզ քաղաքական ճշմարտությունները, հասկացան, որ մեր քաղաքական խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվել ռուսական կողմնորոշումից։ (Ասեմ, որ ռուսական կողմնորոշումից հրաժարվելն ամենևին էլ Ռուսաստանի հետ թշնամանալը չէ)։ Հասկացան, որ մեր քաղաքական խնդիրները հետապնղելիս մենք պետք է միայն մեր ուժերի վրա դնենք հույսներս, չհրաժարվելով, իհարկե, դաշնակիցներ ունենալուց։ Դաշնակիցներ, բայց ոչ՝ հովանավորներ։ Գիտակցենք, որ անկախություն ձեռք բերել հնարավոր է միայն այն դեպքում, երբ համապատասխան, ոչ թշնամական հարաբերություններ ունենանք բոլոր հարևանների

հետ։

ՀԱՐՑ: — Ես ուշադրություն դարձրեցի, որ մեր բռնագրավված հողերի մասին խոսելիս դուք խուսափեցիք պահանջատեր բառը օգտագործելուց։ Պատահակա՞ն էր դա, արդյոք։
— Ոչ, պատահական չէր։ Այդ ծիծաղելիության աստիճանի գոռոզ բառի տակ, ըստ իս, թաքնված է խղճուկ քաղաքականություն, դիմել ողջ աշխարհին՝ պահանջելով արդարություն։ Ես գերադասում եմ այն քաղաքականությունը, որը արդարությունը ոչ թե մուրում է ամեն մի խաչմերուկում, այլ նվաճում է այն, հիմնվելով սառը հաշվարկի, խելոք քաղաքականության և ուժի վրա։
ՀԱՐՑ:— Ինչպիսի՞ քաղաքական հոսանքներ եք դուք տեսնում այժմ հայության մեջ։
— Ասպարեզում են տասնյակ քաղաքական կազմակերպություններ, և ամեն օր ծնվում են նոր բանակներ, ճակատներ, կազմակերպություններ՝ շատերը 3֊4 հոգուց բաղկացած։ Ես նույնիսկ կազմակերպություն գիտեմ, որ բաղկացած է մեկ հոգուց։ Անցան այն ժամանակները, երբ քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր էր, և ասպարեզում կային երկու֊երեք կազմակերպություններ։ Այժմ դա ոմանց համար ձեռնտու զբաղմունք է։ Ամեն մի կազմակերպություն շտապ գրում է իր ծրագիրը, նպատակները, աշխատում է տեղ զբաղեցնել քաղաքական ասպարեզում։ Կատարյալ խառնաշփոթ է։ Այս ամենը մակերեսի վրա է։ Մակերեսի վրա են նաև մարդկային հավակնությունները, շատերի համար անհասկանալի առճակատումները, միասնության կեղծ կոչերը։ Ընդերքում գնում է խուլ, հզոր և անհաշտ պայքար երկու քաղաքական ուղղությունների միջև, միայն երկու։ Այդ ուղղություններից մեկը ես նկարագրեցի առաջին հարցին պատասխանելիս։
Ո՞րն է երկրորդ ուղությունը։ Այդ քաղաքական հոսանքի հիմքում ընկած է հետևյալ պատկերացումը՝ մենք փոքրաթիվ քրիստոնյա ազգ լինելով, գտնվում ենք մահմեդական օվկիանոսի մեջ, որը թշնամաբար է վերաբերվում մեզ։ Հետևաբար այս աշխարհագրական տեղում դիմանալու, ֆիզիկապես չբնաջնջվելու միակ հնարավորությունը որևէ հզոր քրիստոնյա երկրի հովանավորությունն է։ Այդ տեսակետից բնական ձևով ուղղվում ենք դեպի Ռուսաստան։
Ինչ գին է պետք վճարել։ Հրաժարվել անկախության ձգտումից։ Կամ օգտվելով այդ հովանավորի հզորությունից, շահս։ Գրգռել նրան համատեղ շահ ցույց տալով և նրա միջոցով գրավել մեր պատմական հողերը, որից հետո կարելի կլինի միայն գնել անկախության խնդիրը։ Այդպես ընդհանուր շահ, որպես խայծ օգտագործելու մեծ չափազանցությունների գիրկը ընկնելով, պանթուրանիզմի վտանգը ինչպես ռուսական կայսրության, այնպես էլ հայության համար։ Թույլ տալ, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար բոլորը, ովքեր հարց ունեն Թուրքիայի հետ։
Այդ քաղաքականությունը մենք «փայլուն» ձևով օգտագործեցինք դարասկզբին և ստացանք կոտորած։
Առաջարկվում է ևս մեկ անգամ փորձել այդ քաղաքականությունը։ Նախ և առաջ մենք չէ, որ Ռուսաստանին պետք է բացատրենք ով է նրա թշնամին կամ որն է նրա շահը։ Դա ծիծաղելի է։ Եվ հետո, ինչ է նշանակում ընդհանուր շահ։ Եթե մենք, քրդերը և Ռուսաստանը ուզում ենք Վանը, դա չի նշանակում, որ մեր շահերը համընկան, որովհետև ամեն մեկն ուզում է իր համար։ Եթե մի րոպե մոռանանք, որ Ռուսաստանը այժմ քանդվող կայսրություն է և հնարավորություն ունի շարունակելով իր ծավալապաշտական քաղաքականությունը, գրավել Վանը, ապա համոզված եղեք, որ Վանը չեն տա Հայաստանին, ինչպես ժամանակին չտվեցին Ղարաբաղը և Նախիջևանը։ Դա բոլշևիկների յուրահատուկ քաղաքականությունը չէր, դա Ստալինի հայատյացոլթյունը չէր, դա Մոսկվայում նստած ղեկավարների կաշառված կամ բթամիտ լինելը չէր։ Դա Ռուսաստանի կայսրական շահն էր, և եթե մենք այդ բանը չհասկանանք, ապա դատապարտված ենք անընդհատ կրկնել նույն սխալները, ամեն անգամ վճարելով մեր հայրենակիցների կյանքով, մեր նախնիների կողմից մեզ թողած հողային տարածքներով։
Այս քաղաքական գիծը տանելով, Ռուսաստանի շահերին ծառայելով, մենք միայն գրգռում ենք մեր բոլոր հարևաններին, այդ թվում նաև քրիստոնյա վրացիներին, ոչ մի բան չշահելով և զրկելով մեր ազգին իր ուժերին ապավինելով, քաղաքական և զինյալ միջոցներով կանխել և պատրաստ լինել հնարավոր արհավիրքներին։ Այս քաղաքական գիծը առաջ տանող և Մոսկվայի կողմից խրախուսվող գալոյանները և բալայանները ռուսական բանակի հետ կգնան, մեր ժողովուրդը կմնա, կրելով այս կարճատես քաղաքականության դառը պտուղները։
Երբ քայքայվում էր թուրքական կայսրությունը, այն ազգերը, որոնք պայքարում էին իրենց անկախության համար՝ հույները, բուլղարները, սերբերը և ուրիշները փրկվեցին և վերականգնեցին իրենց անկախ պետականությունը։ Հայերը, որոնք ձգտում էին բարեփոխությունների, ապավինելով քրիստոնյա երկրների բարեհոգությանը, կամ փորձում էին մի տիրոջ ձեռքից՝ Թուրքիայից անցնել ուրիշ տիրոջ՝ Ռուսաստանի ձեռքը, կոտորվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կոտորվեց հրեականության այն մասը, որը բարեկեցիկ կյանքով ապրելով Եվրոպայում, հրաժարվում էր Հերցելի կողմից առաջարկված անկախ պետություն ունենալու գաղափարից։ 20֊րդ դարի երկու մեծ կոտորածները։ Ֆիզիկական բնաջնջումից փրկվելու համար, ինքնապաշտպանության համար, ազգային իղձերին հասնելու համար, ինքներս մեզ հարգելով և ուրիշների կողմից հարգվելու համար կա միայն մեկ ճանապարհ․ ճանապարհ դեպի անկախություն։
ՀԱՐՑ:— Առաջիկա ամիսներին ինչ քաղաքական խնդիրներ է դնում իր առջև ՀՀՇ-ն։
— Առաջիկա կարևորագույն խնդիրը Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններն են, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Արցախի բնակչությունը։ ՀՀՇ-ն ամեն ինչ կանի, որ այդ ընտրություններն ազնիվ պայքարում անցնեն և ընտրվեն ժողովրդի ընտրյալները։ Ի՞նչ ենք մենք սպասում մեր ապագա պառլամենտից, մեր Գերագույն խորհրդից։ Շատ անգամ քաղաքական ներկա իրավիճակը համեմատում են դարասկզբի իրավիճակի հետ։ Եվ իսկապես նմանություններ, իհարկե կան, բայց կա նաև մի շատ կարևոր առանձնահատկություն։ Ներկա վիճակի ումենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք պետություն ունենք։ Այդ պետությունը, ճիշտ է, անկախ չէ, կիսաստրկական վիճակում է․․․ էլի շատ վատ բաներ կարելի է ասել մեր հանրապետության մասին, բայց, այնուամենայնիվ, կան պետական մեխանիզմներ, որոնք հնարավոր է օգտագործել մեր ազգային շահերը հետապնղելու համար։ Գերագույն խորհրդի ընտրությունները, լավ պառլամենտ ունենալը հնարավորություն կտան այս կամ այն կերպ աշխատեցնել այդ պետական մեխանիզմը, ազատվել ստրկությունից և քայլ առ քայլ գնալ դեպի ինքնուրույնություն և անկախություն։ Քաղաքական ներկա իրավիճակը թույլ է տալիս հուսալ, որ այդ խնդիրները լուծելի են։ Սա՝ դեպքերի բնական ընթացքի դեպքում։
Բայց, ինչպես Արևելյան Եվրոպայում վերջին ամիսներին կտրուկ և անսպասելի արագացավ դեպքերի ընթացքը, այնպես էլ կարող է կտրուկ փոխվել Անդրկովկասի իրադարձությունների ընթացքը։ Ուստի անհրաժեշտ է կազմակերպված ինքնապաշտպանություն ունենալ և պատրաստ լինել բոլոր հնարավոր իրադարձություններին։ Սա նույնպես կարևորագույն խնդիր է, որը պետք է իրականացնել Գերագույն խորհրդի ընտրությունների հետ կապված աշխատանքներին զուգահեռ։ Բանաձևն այստեղ պարզ է՝ պետք է պատրաստ լինել պատերազմի, բայց քաղաքական միջոցներով փորձել կանխել այն։ Իմիջիայլոց նկատենք, որ և մեր պատմական փորձը, և վերջին իրադարձությունները ցույց են տալիս՝ ոչ մի բան այնքան չի նպաստում խաղաղությանը, ինչքան հակառակորդի փորձից ելնող գիտակցումը, որ նրա ամեն մի հարվածին մեր կողմից կհետևի դաժան հակահարված։
ՀԱՐՑ: ―Ձեր վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ։
— Մարդկությունը իր զարգացման ընթացքում տարբեր ասպարեզներում ստեղծել է ղեկավարման ձևեր, մեխանիզմներ։ Տնտեսության ոլորտում դա շուկան է, և բոլոր նրանք, ովքեր հրաժարվեցին տնտեսությունը կառավարելու այդ մեխանիզմից, դատապարտեցին իրենց տնտեսությունը քայքայման, խոչընդոտեցին հրենց երկրներում արդյունաբերության և գիտության զարգացմանը, ինչպես մենք դա տեսնում ենք կոմունիստական երկրներում։ Նույն ձևով, այն երկրները, որոնք հրաժարվեցին պետությունը կառավարելու ժողովրդավարական ձևից, դատապարտեցին իրենց երկրներին հետ մնալ մյուսներից զարգացման մեջ, բերեցին խորը սոցիալական անարդարության և հակասության երկրի ներսում։ Բայց չկա ընդհանուր ժողովրդավարական կառավարման ձև, կա հունական ժողովրդավարություն, ճապոնական, ամերիկյան և այլն։ Համընկնելով ընդհանուր գծերով, դրանք տարբերվում են դետալներում և փոխվում են ժամանակի ընթացքում, հարմարված լինելով տվյալ ժողովրդին և նրա առջև դրված քաղաքական նպատակներին։ Ըստ դրա ամեն մի ժողովրդավարություն ունի իր սահմանները, համապատասխանեցված ժողովրդի ապրելաձևի ավանդույթներին, չգրված օրենքներին։ Ճապոնիայում, օրինակ, ժողովրդավարությունը սահմանափակված է հազարավոր չգրված օրենքներով, որոնք ռեգլամենտացնում են ճապոնացու կյանքը։
Մեր ժողովուրդը երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից, բաժանված լինելով տարբեր պետությունների միջև և ստիպված հարմարվելով այդ երկրների նիստուկացին, կորցրեւ է ընդհանուր ազգային սովորությունների, ավանդույթների, չգրված օրենքների մի զգալի մասը և այդ պատճառով մեծ չափի ժողովրդավարությունը կարող է մահացու լինել մեր ազգի համար, փոշիացնել նրան, կտրել իրար հետ կապող, իրար նկատմամբ պարտավորություններ ունենալու բոլոր թելերը։ Մեզ համար շատ կարևոր է վերականգնել մեր ազգային սովորությունները, կրոնական ավանդույթները և բարոյականությունը։ Դրանով պետք է որոշվեն մեր ժողովրդավարության սահմանները։
Հակառակ դեպքում՝ անհատների ամբոխ է և ոչ թե ազգ, հավակնություն չունենալով գծել մեր ազգին պիտանի ժողովրդավարության եզրերը, այնուամենայնիվ, նշեմ այդ եզրերից մեկը։ Մեզ իրար կապող և մեր ազգը բնորոշող կարևորագույն թելը հայոց լեզուն է։ Կորցնելով մայրենի լեզուն, մենք կդադարենք ազգ լինելուց։ Հետևաբար, մեր ժողովրդավարության եզրը այնպիսին պետք է լինի, որ մենք իրավունք ունենանք պարտադրել բոլոր հայերին խոսել հայերեն և երեխաներին տալ միայն ազգային դպրոց։ Ոչ մի ռուսական դպրոց Հայաստանի տարածքում։ Ասում են՝ կարևոր չէ ինչ լեզվով է ասում, կարևոր է ինչ է ասում։ Սուտ է, մեր ազգի համար վտանգավոր սուտ։ Առաջինը նույնչափ կարևոր է, ինչքաներկրորդը։