«Պահապանները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը)
չ (Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը)
Տող 454. Տող 454.
 
Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաեւ տեսել էր։  
 
Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաեւ տեսել էր։  
  
Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկւ մշտական հաճախորդները։  
+
Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկւ մշտական հաճախորդները։  
  
 
― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։  
 
― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։  
Տող 580. Տող 580.
 
― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․  
 
― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․  
  
<peom>
+
<poem>
 
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,  
 
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,  
 
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,  
 
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,  

15:22, 29 Մարտի 2014-ի տարբերակ

Պահապանները
հեքիաթ֊վիպակ

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին
թարգմանիչ՝ Է․ Մակարյան
աղբյուր՝ «Պահապանները»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Նախաբան

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որ գրել է առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած հոբիթ Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող, ու մինչև հիմա էլ չեն կարողանում, դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե անտի խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն, սուր աչք, ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեին որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ էին, և հենց մի փոքր բան էր լինում՝ աչքից կորչում էին, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկմետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածին պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազով, սովորաբար, ինչպես և գլխի մազերը՝ մուգ խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին՝ ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային, իրենց ձևով փոխակերպված լեզվով, շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին, մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Այսպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց հոբիթներն ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթ յան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և Էլֆեր էին հանդիպում, և մարդիկ։ Այն ժամանակ այստեղ դեռ ապրում էին դունդանացիները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկածների թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Արևելքից արևմուտք, Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ, նրանց հողերը տարածվոլմ էին հարյուրավոր լիգերով և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Այդ բոլորը կոչվեց Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով, ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին, և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բնակիչների ճակատագիրը համարել։ Սրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս֊արևմոլտքում խաղաղության վաղեմի պաշտպանների, ռազմական գործերի մասին։ Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում և դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հ յուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։

... Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում է Խլուտ տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գորլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում֊հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գորլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի մեջ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գորլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ինչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան թե կարելի՞ է այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն, կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն է համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից ԲիլԲոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում, կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և օրքերից, և Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Սրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։

Հե տաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացեք է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սամի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։ Իսկ Գանդալֆր հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած, դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գանդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք, ողջ Հոբիթստանում, համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Ջարդող» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վեբևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական կնգուղավոր թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52֊րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22֊ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111 ֊ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

Գիրք առաջին

Գիրք առաջին

Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն

ՊահԳլուխ1.png

Երբ Բիլբո Պարկինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Նորգորդը բզզաց ու իրար անցավ։

Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, թե Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Պարկինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ ո՜նց է, է՜հ, ոմանց բապտը բերում՝ ե՛ւ ծերությունն է կողքով անցնում, ե՛ւ փողերին թիվ ու համար չկա։


― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․

Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Քսակ֊Պարկինսներից), եւ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչեւ զարմիկների թոռները մեծանան։

Դրանցից ավագը եւ Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից եւ մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց եւ Քսակ֊Պարկինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միեւնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22֊ին։ «Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է»։ Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջեւ ընկած բուռն ու թեթեւսոլիկ տարիքը։

Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ֊որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշանն իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Կրոլն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։ Սեպտեմբերյան տաք եղանակ էր, եւ նշանակված օրը մոտենում էր։ Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Նորգորդը դղրդացնելով կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետո գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երեւաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչեւ կրունկները հասնող մոխրագույն թիկնող եւ կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետեւից վազում էին ողջ ավանով մինչեւ Բլուր ու բարձրացան Բլուրի վրա։ Սայլին հրթիռներ էին բեռնված, դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ֊մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված եւ նույնն էլ արված էր էլֆերեն։


Դա իհարկե, Գանդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գանդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու եւ ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետեւից ու գոռում․ «Գանդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան դեմքով գիտեին, թեպետ Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։

Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։

― Վազեք տուն, ― ասա Գանդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― եւ Բիլբոյի հետեւից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։

Իսկ Բիլբոն ու Գանդալֆը նստել էին բաց պատուհանի մոտ, նայում էին արեւմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու բառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արեւածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։

― Լավ պարտեզ ունես, ― ասաց Գանդալֆը։

― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։

― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս․․․

― Իհարկե։ Ես իմ խոսքից երբեք հետ չեմ կանգնում։

― Դեհ, ուրեմն այլեւս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեեւ ո՛չ միայն քեզ համար։

― Լավ կլիներ։ Իսկ հինգշաբթի ես դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել․․․

― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գանդալֆը։

― Հետո կերեւա, ― ասաց Բիլբոն։

Սայլերն իրար հետեւից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգրոծ նստած են», բայց շուտով Պարկուտից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների եւ ամեն տեսակ բաների (ինչի առեւտուր որ կատարվում է Նորգորդում եւ առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ։ Ժողովուրդը անհանգստանում էր․ մինչեւ տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը․․․

Հրավերներն էլ չուշացան, քանի որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ «Շնորհակալություն, ― զանազան ձեւերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։

Պարկուտի դարպասը զարդարում էր հետեւյալ ցուցանակը․ «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչեւ կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում եւ իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գանդալֆի ժամանելուց հետո նա այլեւս ոչ մեկի աչքին չէր երեւում։

Մի առավոտ հոբիթները տեսան, որ Պարկուտի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել եւ մի մեծ սպիտակ դարպաս էր կանգնեցրել։

Վրանները աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց սեղանի գլխամասում գտնվող հսկայական ծառը։ Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Իսկ ամենահետաքրքիրը հոբիթների համար՝ բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներու ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ՝ Պարկուտի մոտ, ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։

Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արեւը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, եւ քեֆ֊ուրախությունն սկսվեց։

Բիլբո Պարկինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մորիկ հարեւանները հրավիրված էին մեծից մինչեւ փոքր։ Իսկ եթե որեւէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միեւնույն է, եկել էին, այնպես որ դա կարեւոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ եւ ոչ բոլորին, ինչպես այդ օրը, եւ դա լավ սովորություն է։ Նորգորդում եւ Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։

Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի զարմանալի էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում Հյուրասիտությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել․ ոմանց հրաշալի, իսկ ոմանց՝ կարելի է ասել, նույնիսկ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, եւ բերված էին Սեւագետքից կամ Սարամիջի թագավորությունից․ դա թզուկների ջանքերի արդյունքն էր։

Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր․ նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի եւ թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ եւ որտեղ ուզում էր, տասնմեկից մինչեւ յոթի կեսը, մինչեւ հրավառության սկսվելը։

Հրավառության կառավարը Գանդալֆն էր․ նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլեւ անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկիքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ֊կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։

Հրավառ թռչունները սավառնում էին երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Ծխի մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերեւներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները եւ դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն հորդ անձրեւ էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք եւ օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեց համարը Գանդալֆը պահել էր վերջում, երեւի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, եւ նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Սա քուլա֊քուլա դարավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապը անցավ հոբիթների գլխավերեւով, օդում գլուխկոնծի տվեց եւ խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։

― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։

Համընդհանուր սարսափն ու շփոթությունը ասես օդ ցնդեց․ հոբիթները մեկը մյուսի հետեւից ոտքի էին թռչում։ Հրաշալի խնջույք էր լինելու․ ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն եւ Ֆրոդոն թեկուզ որեւէ հեռավոր ազգակցական կապ ունեին, եւ մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գանդալֆը։

Շատ֊շատ էիին այնտեղ Պարկինսներն ու Բոքոնակները, Ճագարակներն ու Բրենդիզայքները, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները եւ Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Նորգորդում բնավ չէր եղել։ Ներկա էր նաեւ Օթհո Քսակ֊Պարկինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում եւ արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, եւ նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։

Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ֊երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։ Ինչ֊որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելլիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին․ միեւնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։

Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել եւ եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» եւ լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկներ։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք եւ ծափ կտանք։

― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։

― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը․ լռության խմբովին կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում եւ ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։

Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին եւ բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին․ մետաքսե անթեւ բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երեւում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերեւում։

― Իմ սիրելի Պարկինսնե՜ր եւ Բոքոնակնե՜ե, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Ճագարակնե՜ր եւ Բրենդիզայքնե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաեւ Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր եւ Մազաթափնե՜ր․․․

― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։

― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Քսակ֊Պարկինսներ, ես ուրախ եմ ձեզ ողջունելու Զառիթափի Պարկուտում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ․․․

― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։

― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։

Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր․ «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։

Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ՉՐՆՐՉ տարօրինակ դաջվածքով, նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Ճագարակներն ու Բրենիզայքները որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Շատուրախ Ճագարակն ու դեռատի Չաչանակ Բրենդիզայքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ֊դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։

Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։

― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։

Ամեն կողմից ծափահարեցին։

― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց եւ Ճագարակներից ոմանք նույնիսկ պարտաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար եւ որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա․․․

Հավանության ուրախ գվվոց։

― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։

Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, եւ բոլորը մտքերի մեջ ընկան․ արդյոք հաճելի՞ է դա լսելը։

― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։

Նախկին խրախուսիչ գվվոցը։

― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլեւ իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այժմ նա չափահաս է դառնում եւ անցնում է իմ կյանքի տնօրինությանը։

Ավագներից ինչ֊որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜․․․ ծերուկ Ֆրո՜դո․․․» գոչգոչում էին երիտասարդները։ Քսակ֊Պարկինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում կյանքի տնօրինությանը»։

― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։

Հյուրերը լուռ էին։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Քսակ֊Պարկինսները վիրավորվեցին, ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։

― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ֊երկու տարին ի՞նչ որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի․ «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է․ չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շոնրհ եք արել իմ համեստ տոնախմբությանը․․․

Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա ն մի երգ կամ բանաստեղծությու կսկսի, ու նախապես ձանձրանում էին․ ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։

― Երրորդը եւ վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ Հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, սակայն ժամանակն է նաեւ պատվի մասին մտածելու։ Ես վերանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով․․․

Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բաելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օթհո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց, հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Պարկինսները, Բոքոնակները, Ճագարակները, Բրենդիզայքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները՝ բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։

Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ չարաճճի Ճագարակները, չնչին բացառությամբ հավանություն չէին տալիս Բիլբոյին։ Համարյա ոչ ոք չասկացավ, թե ինչ տեղի ունեցավ․ փնովում էին հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Դուրրի Բրենդիզայքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, եւ նա իր հարս Զամիրալդային ասաց․

― Ոչ, սիրելիս, այդ բոլորը հենց այնպես չէ։ Պարկինսը, ախր, համբակ է, երեւի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։

Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։

Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ֊որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, ր ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում֊խմում էին, քննարկում ու դատափետում էին Բիլբո Պարկինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Քսակ֊Պարկինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց․ նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը եւ սուսուփուս վրանից դուրս ելավ։

Բիլբո Պարկինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, եւ այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան ոչ մի հոբիթ այլեւս չի տեսել։

Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես էն խժդժում ապշահար հոբիթները վրանում եւ ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթեւ բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ եւ պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ֊որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց եւ նավթալինով հագեցած պահարանից հանեց կնգուղավոր թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր լաքաներով ու խունացած էր, իսկ ինչ֊որ ժամանակ երեւի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իտ աշխատասենյակը եւ գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց․ ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ եւ ինչ֊որ հաստ ծրար։ Ձեռագիրն ու կապոցը խոթեց մի մեծ ու բերնեբերան լցված ուսապարկին։ Բայց հետո շտապով վերցրեց եւ դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գանդալֆը։

― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երեւում։

― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետեւ ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։

― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։

― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, դե թող հիմա քո հյուրերը որոշեն․ դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։

― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։

― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը․․․ միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ եւ ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։

― Թող բարբաջեն։ Ինջ հանգիստ է պետք, երկարատեւ հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ․ հազիվ թե երբեւէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է․․․ Ծերացել եմ ես, Գանդալֆ, ոսկորներս նվվում են։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել»․․․։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ֊բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր ինչ֊որ ձեւով փոփոխել կյանքը։

Գանդալֆը նրանից չէր հեռացնում սեւեռուն, մտահոգ հայացքը։

― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։

― Արդեն էլ ինչ կա, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գանդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել․ «․․․ եւ ապրեց երջանիկ մինչեւ իր օրերի վերջը»։

Գանդալֆը ծիծաղեց․

― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։

― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։

― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։

― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինջ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ Հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ հարմարավետ։ Հասկանաելի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։

― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գանդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես․․․

― Ի֊իհարկե ամեն ինչ․․․ իսկ Մատանին․․․ ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։

― Որտե՞ղ է․․․

― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ․․․ գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։

Գանդալֆը նայեց Բիլբոյին, եւ նրա աչքերը մի թեթեւ փայլեցին։

― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։

― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ֊որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է․․․․

― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գանդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կարխարդական են ամեն տեսակ նենգությւոններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։

Բիլբոն կարմրեց ու Գանդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։

― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։

― Իհարկե, իհարկե, ― ասաց Գանդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։

― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը․․ ի՛մ սքանչելին․․ Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին․․․

Գանդալֆը նայում էր հանգիստ ու սեւեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։

― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։

― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, եւ ընդմիշտ։

Գանդալֆը վեր կացավ, եւ նրա ձայնը դաժան դարձավ։

― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մատանին թող, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, եւ կազատվես։

― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ինքս եմ իմ գլխի տերը․․․ ― համառորեն ճչաց Բիլբոն։

― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գանդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, համա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ ուր այստեղ Մատանին։

― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում․․․ Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա․․․ Ես իմ սքանչելիին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։

Գանդալֆի աչքերը փայլատակեցին։

― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գանդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած․․․ ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, եւ նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։

Բիլբոն հետ֊հետ գնաց․ նա հեւում էր եւ չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, եւ օդը ասես զնգում էր։ Գանդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին․ Բիլբոյի բռունցքները բացվեցին, եւ նա դողաց․

― Այդ ի՞նչ ես անում, Գանդալֆ, ախր ոնց որ բոլորվին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, եւ եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետեւից ինչ է գոռացել։

― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Դե ես ինքդ էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, եւ Գանդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։ Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։

― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ֊որ բան եղավ․․․ Իսկապես որ, հիմա կարծեց անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ․ ինչ֊որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ․․․ Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։

― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գանդալֆը։ ― Առայժմ գիտեմ։ Գնա եւ Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։

Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։

― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։

Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։

― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր եւ միաժամանակ արդեն․․․ Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչեւ վերջ հասցնել։

― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գանդալֆը։

― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին հրաժեշտ եմ տվել․․․ ― Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։

― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։

― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։

― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գանդալֆը։ ― Դիր բուխարիկի վրա։ Ֆրոդոն հիմա կերեւա։ Ես կսպասեմ։

Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գանդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։

Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։

― Դեհ, ահա եւ բլորը, ― թեթեւացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։

Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը եւ սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։

― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է․․․

― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։

― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։

Պարզ գիշեր էր, սեւ երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։

― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ․․․ Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին․․․ Մնաս բարով․․․ ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գանդալֆ․․․

― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն․․․ Միայն զգույշ եղիր․․ Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն․․․

― Զգույշ եղիր․․․ Էլ ի՞նչ կուզեիր․․ Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, եւ իմ ճամփան ինձ է սպասում։

Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետեւից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի, մտավ բարձր, խիտ խոտերի մեջ, ասես քամին շարժեր դրանք։

Գանդալֆը կանգնած նայում էր նրա հետեւից, մթության մեջ։

― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ․․․ ― ցածրաձայն ասաց նա եւ վերադարձավ տուն։


Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գանդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։

― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այո, գնաց, ― պատասխանեց Գանդալֆը, ― կարողացավ գնալ։

― Իսկ ի՜նչ լավ կլիներ․․․ այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։

― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գանդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նա իրեն լավ կզգա։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։

Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, նայեց, բայց չբացեց։

― Այնտեղ պետք է կտակը լինի եւ այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի տերն ես։ Հա, այնտեղ է նաեւ ոսկե Մատանին։

― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Ոչի՛նչ, պետք կգա։

― Գուցե պետք կգա, իսկ գուցե եւ՝ ոչ, ― ասաց Գանդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն եւ բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։

Նոր օրը հոգսերով լի էր։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրեւ թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին՝ ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս էին գալիս առանձին֊առանձին։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին առմուտքից մինչեւ դարպաս։ Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ֊Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու եւ իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիզայքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց եւ ձեռքերը տարածեց։

― Նա վատառողջ է, ― ասաց նա։

― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Դե, իսկ մենք եկել ենք նրան տեսության եւ անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։

Մերին գնաց զեկուցելու, եւ Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջեւ։ Նրա տեսքը հիվանդի էր, համենայնդեպս ոչ շատ բարեհամբույր՝ նա վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։

Իսկ Քսակներն իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին եւ ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։

― մի բան ինձ համար պարզ է, ― ավելացրեց Օթհոն, ― որ ո՜վ֊ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ֊լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․

Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց եւ ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, եւ ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։

― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ եւ նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալներ․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․

Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանես աշխատասենյակից եւ տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան։ Ըստ երեւույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ֊որ սպանիչ բան ասել եւ, շեմին շրջվելով՝ ֆշշացրեց․

― Դու դեռ դրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիզայք ես․․․

― Լսեցի՞ր, Մերի։ Այ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն նրա հետեւից դուռը փակելով։

― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիզայքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիզայք․․․


Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին եւ առանց դադարի քանդում։

Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկի արժե հափշտակել, միայն թե չխանգարեն։

Գրիզլիին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով, Ֆրոդոն փլվեց աթոռին։

― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր եւ այլեւս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գա։

Նա հազիվ էր նստել ու ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― թող սպասի մինչեւ վաղը, թերեւս ավելի վիրավորական մի բան կմտածեմ»։ Նա գավաթից կում արեց, ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թանկոցին։ Հանկարծ պատուհանից երեւաց հրաշագործի գլուխը։

― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ թե դուռդ կպոկեմ, այլ քո ամբողջ հյուղակը տարտարոսի գիրկը կուղարկեմ, ― ճչաց նա։

― Այդ դո՞ւ ես, Գանդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ Ես կարծում էի Սերինիան է։

― Որ այդպես է․ լա՛վ , ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչեւ հիմա ատամներս սվսվում են։

― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։

― Չե՞ս հագել, ուրեմն՝ ապրես, ― ասաց Գանդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։

― Իսկ ի՞նչ կա որ։

― Ի՞նչ գիտես Մատանում մասին։

― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։

― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։

― Ոչ, ո՛չ այն, որ թզուկներին է պատմել եւ որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միեւնույն է, իմն է Մատանին»։

― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գանդալֆը։ ― Դե, իսկ քեզ դո՞ւ է գալիս։

― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։

― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Արդ դու էլ շրջահայց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։

― Ինչ֊որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։

― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մարանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարեւորը, խոսացկությունների ու ասեկոսեների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն եւ բերանբացություն չանես։

― Այ քեզ, հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։

― Ես դեռ վստահ չեմ եւ չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ, երեւի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաց բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։

― Ինչպես թե, հենց հիմա․․․ ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ եւ այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․

― Ես էլ էի մտաֆիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլեւս չեմ ուզում երեւալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, թե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեեւ նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել եւ հիմա կիսում ենք նրա հարստությունը։

― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի ե՛ւ Պարկուտը, ե՛ւ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբեւէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․

― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաց բարով։

Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչեւ շեմը, Գանդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ֊մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ֊որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։

Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։

Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը

Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Պարկինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Նորգորդում, այլ ամեն տեղ ու ամենուրեք․ քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, եւ հետզհետե Խենթ Պարկինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր եւ պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ եւ մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։

Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գանդալֆը։

«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ֊որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց եւ հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց․ լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի/նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված․․․ Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։

Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը կատարելը սովորություն դարձրեց, եւ հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ֊առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։

Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Պարկուտում Ճագարակը (ընկերների համար պարզապես Փին) եւ Մերի Բրենդիզայքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայցց ավելի հաճախ մենակ էր թափառում, եւ հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերսին ու Փինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով՝ կապերի մեջ է մտել էլֆերի հետ։

Ժամանակն անցնում էր, եւ բոլոր սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում»․ նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։

Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի տեր, միստր Պարկինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ֊ուրախ վայելում էր կյանքը եւ ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երեւում, որտեղ երբեք չէր եղել եւ ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նս կսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։

Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (եւ նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ եւ ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետեւում էին նրան։ Իսկ ով հետեւում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ֊շատացել էին։

Լուրեր էին պտտվում արտասահմանում կատարվող ինչ֊որ զարմանահրաշ բաների մասին․ Գանդալֆն արդեն երկար տարիներ չէր երեւացել եւ նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում։ Հեռանում էին Միջերկրից։ Նրանք էլ իրենց ճակատագիրն ունեին։ Սակայն թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արեւելքից արեւմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթաայլ Նավահանգիստ, թե թզուկներն էլ ի սկզբանե այդ ուղիով էին գնում֊գալիս Կապույտ լեռների հանքերը։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեեւ տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արեւմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու եւ Մորդոր երկրի մասին։

Այդ բառերը հայտնի էր միայն շատ հինավուրդ ասույթներից, եւ չարագուշալ ստվեր էր գցում նրանց վրա։ Իսկ հիմա, պարզվում է, որ Սեւ Դղյակը նորից վերակառուցված է, ու այնտեղից սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Ամենուրեք թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում էին օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, բթամիտ ու ծուռթափ չեն, այլ խորամանկ եւ նոր ձեւով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։

Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաեւ տեսել էր։

Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկւ մշտական հաճախորդները։

― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։

― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ․․․

― Դե ինչ արած, ― ասաց Սամը, տատի հեքիաթներն էլ մեկ֊մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։

― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, եւ նրանք միահամուռ քրքջացին։

― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սամն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։

― Էդ ո՞վ է ասում։

― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում եւ միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։

― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։

― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոնքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է․․․

― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։

― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։

― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։

Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցի․ Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։

― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սամը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ֊տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչեւ օրս չի եղել։ Արեւելքից չտեսնված֊չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արեւմուտքի Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սամը ինչ֊որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որեւէ մեկը չգիտեր, թե իրենց արեւմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետեւում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կայի Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում֊հեռանում ու էլ չեն վերադառնում էլֆերի նավերը։

― Դրանք լողում ու լողում են արեւմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սամը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։

Թոդը փռթկացրեց։

― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու եւ առհասարակ Հոբիթստանում որեւէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։

― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սամը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել եւ շարունակ հույս էր տածում, որ երբեւէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած լեգենդներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին եւ կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Պարկինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում եւ առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար֊չկար՝ գիտեր։

― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվեց։ Դե լավ, տղերք, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք․․․ ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։

Սամը մի քիչ էլ նստեց, բայց այլեւս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Առավոտյան էլ այգում աշխատանքն անսպառ էր, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք․․․ Բայց Սամը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրեւներից հետո։ Արեւը մայր էր մտել, եւ երեկոն նահանջելով, կամաց֊կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սամի գլխավերեւում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։

Եվ հանկարծ հայտնվեց Գանդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երեւացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց եւ նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ․ հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր֊մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել եւ նրա մասին ոչինչ չէր լսել․ ուրեմն, որոշեց նա, Գանդալֆը այլեւս հոբիթների հետ գործ չունի։ Բայց մեկ անգամ երեկոյան, երբ իջնում էր մթնշաղը, աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։

Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։

― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գանդալֆը։ ― Այ դու կեցցե՛ս, Ֆրոդո․․․

― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը անընդհատ հարցուփորձ էր անում, եւ նրանք նստեցին մինչեւ կեսգիշեր։

Նախաճաշելուց հետո հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջեւ։ Բուխարիկում կրակը ճարճատում էր, թեպետ արեւն էլ էր տաքացնում եւ հարավից գոլ քամի էր փչոիմ։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, եւ վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։

Գանդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրած արկածների գնացողների հետեւից։ Այն ժամանակից ի վեր Գանդալֆի մազերն ավելի են ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի են երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ են ակոսել, բայց աչքերի փայլը առաջվանն է։

Ֆրոդոն մտազբաղ նստած էր եւ նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գանդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։

― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գանդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։

― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Նա այնպիսի զորություն ունի, որ ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի եւ կտիրի նրան․ ― Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում, բայց եւ իսկական կյանքով չեն ապրում․ նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների եւ դեռ հսկայական դժվարությամբ։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյն անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միեւնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի Սպասավորը, որոնց թագավորն է Սեւ Տիրակալը։

― Ի՜նչ սարսափելի է․․․ ― ասաց Ֆրոդոն։

Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սամ Համեստուկի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։

― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։

― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ․ իսկ եթե ինքն անձամբ ինչ֊որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս եւ շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց թե բանը, մտածում էր նա, Մատանին չէ։ Թեպետ եւ հասկացավ․ Մատանուն պետք է հետեւել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթեւանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։

― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։

― Բավական խելամիտ է, ― նկատեց Գանդալֆը։ ― Իսկ իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված եւ դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի եւ անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ եւ Մատանին իր գործը կաներ։

― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Ի՞նչը, ― հարցրեց Գանդալֆը, ― Ես, Ֆրոդո, շատ այնպիսի բաներ գիտեմ, որ ոչ ոքի հայտնի չէ։ Բայց եթե հարցնում ես այդ մատանու մասին, ապա կարելի է ասել, մինչեւ հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գանդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր․․․ Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինչ զարմացնում էր, թե ինչպես է Գորլոմը տիրացել Կախարդական Մատանիներից մեկին, իսկ որ դա Կախարդականներից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ նվերի մասին, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, իմիջիայլոց, այստեղ հասկանալու բան էլ չկար, որ նրանք երկուսն էլ ցանկացել են ապացուցել Մատանու նկատմամբ իրենց անառարկելի իրավունքը։ Իբրեւ թե Գորլոմը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, եւ այնքա՜ն էլ իրար նման․ ես, իհարկե, անհանգստացա։ Երեւում է, Մատանին ստիպում է խաբել եւ ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, եւ Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի, բայց նա չլսեց եւ նույնիսկ ինձ վրա բարկացավ։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին եռքից չէի խլելու, եւ ինչի՞ց ելնելով։ Ես հետեւում էի եւ սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ֊որ բան ինձ կաշկանդում էր։

― Ո՞վ է դա, ― հարցրեց Ֆրոդոն, ― դրա մասին երբեք չեմ լսել։

― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գանդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով եւ իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորցել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, եւ երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետեւում էի ու սպասում։

Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի․ «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք․․․» Ես անգործության մատնված սպասում էի մինչեւ Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց եւ իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սեւ երախն է երեւում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։

― Բայց չէ՞ որ սարսափելի ոչինչ չի պատահել, ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։

― Նա հենց որ Մատանում ազատվեց, իսկույն թեթեւացավ, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, եւ կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների եւ այն մասին, թե ինչ ես սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել եւ որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, դրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։

Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն էր եւ շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել էր նրա կյանքին, եւ այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլեւս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն էլ գուցե առանց դրա շատ ավելի երկար ապրի, քանի ր դա ավելի հեշտ է, քան Մատանուց բաժանվելը։ Իսկ նա Մատանուց բաժանվեց սեփական կամքով, ահա թե որն է ամենագլխավորը։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է եւ քո պատասխանը։ Իսկ քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար եւ ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, Բոքոնակները, Ցմփորիկները եւ մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Պարկինսների մասին, խեղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։

Ֆրոդոն կուչ եկավ։

― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։

― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գանֆալդը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչեւ օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչեւ օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետեւ Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ֊ հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, եւ նրա վրեժը ահավոր կլինի։

― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես եւ մեր Մատանին։

― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գանդալֆը։ ― Դու, երեւում է, ինչ֊որ բան չըմբռնեցիր, ասենք հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ամեն ինչ պարզվեց։ Հապա մի ինձ տուր Մատանին։

Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գանդալֆը կպչեր դրան։

Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր կարմիր ոսկուց էր։

― Որեւէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գանդալֆը։

― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Դրա վրա քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։

― Դե հիմա տես։

Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գանդալֆը գրկեց նրան։

― Սպասիր, ― հրամայական ասաց նա, ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։

Մատանին չհալվեց։ Քիչ հետո Գանդալֆը վեր կացավ, վարագույները ծածկեց։ Խաղա սենյակը մթնեց եւ միայն Սամի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործը անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին եւ ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Սառն է, ― հայտարարեց Գանդալֆը, ― վերցրու։

Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։

― Մատներով բռնիր, ― հրամայեց Գանդալֆը, ― Եվ նայիր։

Ֆրոդոն վերցրեց եւ Մատանու ներսի ու դրսի երեսին մի նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ֊որ խորքից եկող աղոտ կրակով։

― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց Ֆրոդոն։

― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։

Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են․

Երեք մատանի՝ Էլֆերին իմաստուն,
վեհ բարության համար,
Յոթ մատանի՝ անձավների անխոնջ թզուկներին
հանքաջանքի համար,
Ինքը մատանի՝ Միջերկրի մարդկանց
Սեւին ծառայելու,
Կռիվներում խիզախ մարտնչելու համար։
Իսկ այս Մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Զորության տակ՝ Մորդորի տիրակալի։

Գանդալֆը հառաչեց եւ դանդաղ արտաբերեց․

― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տանսինքը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորել է՝ ի վնաս Թշնամու իշխանության։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ եւ նա չպետք է ստանա․․․

Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արեւելյան սեւ ու ցուրտ ամպը։

― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, իսկ ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։

― Ա՜, ― ասաց Գանդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սեւ Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչեւ աշուն կնստենք․․․ Երեկ ես քեզ ասում էի Սաուրոնի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել․ նա ընդվզել է, լքել Չարքանտառը եւ տեղափոխվել Մորդորյան դղյակը՝ իր հնագույն ամրոցը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սեւին է տալիս նույնիսկ հոբիթյան տարեգրություններում, սարսափ ու խավար սփռելով։ Այո, նորից ու նորից՝ ջախջախում, դադար, իսկ հետո Խավարը փոխում է կերպարանքը եւ կրկին տարածվում։

― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։

― Իսկ իմ օրոք շատ անգամ է եղել, ― պատասխանեց Գանդալֆը, ― բոլորն էլ միշտ ասում են՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված․ սակայն այս անգամ մեզ ժամանակ է տրված եւ գլխավորն այն է, որ բաց չթողնենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատեւ։ Հարկավոր է կանխորոշել նրա ծրագրերն ու օգտվել անհավանական դեպքերից՝ գուցե եւ ի հաշիվ սեփական կործանման։

Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու եւ Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։

Էլֆերը երեք հրաշագեղ Մատանի նրանից թաքցրել են․ նրա ձեռքը դրանց չի կպել եւ չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին․ երեքը նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են մատանեկիր֊ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի վասալները․․․ Այո, շատ վաղուց հողագնդի վրա Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է․ հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները․․․ Ե՛կ հիմա չխոսենք նրանց մասին Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։

Այո, այսպես է բանը․ ինքը Մատանի նրա հպատակ֊օգնականների մոտ են եւ Յոթից փրկված երեքն էլ պահվում են Մորդորում։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կրել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մասը, եւ այդ զորությունից չի ծախսվել Մատանին սեւ շղթային զոդելու վրա։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, եւ նույնիսկ Երեք էլֆյանները նրա իշխանությանը կենթարկվեն․ նրանց օգնությամբ ամբողջ արվածը կխորտակվի, եւ նրա ուժը անհաղթելի կդառնա։

Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլեւս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես եւ պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ ինքն է փնտրում՝ որոնումների համար միտքն այս կողմը ծռելով։ Այսպիսին է նրա մեծ հույսը եւ մեծ սարսափը։

― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն հալել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպես է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սեւ մատները։

― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գանդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին, եւ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արեւմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չի լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը․ այդ ժամանակ եւ արհավիրք կար, եւ խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, եւ այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Երեւի ես մի անգամ քեզ կպատմեմ այդ պատմությունը, կամ դու կլսել այն ինձանից լավ իմացող որեւէ մեկից։ Բայց այսօր բավական է, որքան պատմեցինք։ Չէ՞ որ ուզում ես իմանալ, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմությունէ։