Պետականության մարտահրավերները

Գրապահարան-ից
11:53, 10 Հունվարի 2017 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պետականության մարտահրավերները, հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր

հեղինակ՝ Ժիրայր Լիպարիտյան
թարգմանիչ՝ Հասմիկ Հարությունյան
աղբյուր՝ «Պետականության մարտահրավերները»

Համբարձում Գալստյանի հիշատակին


Բովանդակություն

Նախաբան

Որոշեցի գրել այս գիրքը՝ հաղորդելու համար վերջին տասնամյակում հայ իրականության մեջ տեղ գտած իրադարձությունների եւ նրանց նշանակության վերաբերյալ իմ խոհերը և ասելու համար, թե, իմ կարծիքով, ի՛նչն է, որ բախտախաղի է դրված։ Գրքում ներկայացված տեսակետների զգալի մասը կարելի է գտնել վերջին երկու֊երեք տասնամյակում, 1974֊ից ի վեր, իմ գրած, հրատարակած կամ ներկայացրած զեկուցումների ու հոդվածների մեջ։

Այդ տեսակետներից շատերը քննության ենթարկվեցին ու բյուրեղացան, երբ հայ ժողովուրդն ընդունեց պետականության մարտահրավերը, եւ ես բացառիկ հնարավորությունն ունեցա վերջին տասնամյակի իրադարձությունների ոչ թե սոսկ դիտողը, այլ դրանց մի մասի մասնակիցը լինել։ Ղարաբաղ Կոմիտեի կողմից հիմնադրված Հայոց համազգային շարժումը 1990 թ․֊ի ամռանը հոգեվարք ապրող խորհրդային խորհրդարանում շահեց տեղերի մեծամասնությունը և իր ղեկավարներից մեկին՝ Լեւոն Տեր֊Պետրոսյանին ընտրեց դրա նախագահ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինձ հրավիրեց Երեւան՝ Գերագույն խորհրդում իրազեկման եւ վերլուծության բաժին հիմնելու նպատակով։ Հայաստանում աշխատանքս սկսեցի 1991֊ի հունվարին՝ վեց ամիս ժամանակով։ Իմ առջեւ դրված խնդիրն իրականացված էր, երբ 1991֊ի սեպտեմբերին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Նախագահ։ Նորընտիր Նախագահն ինձ խնդրեց մի փոքր ավեփ մնալ՝ իբրև իր խորհրդական։ 1994֊ին Նախագահն ինձ նշանակեց գլխավոր խորհրդական եւ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նա ինձ շնորհեց նաև դեսպանի կոչում եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն՝ հատուկ առաքելություններով երկրից դուրս գտնվելիս աշխատանքներս դյուրացնելու նպատակով։ Մի կարճ շրջան՝ 1993թ․֊ի մարտից մինչեւ 1994թ․֊ի սեպտեմբեր, ես, համատեղության կարգով, եւ բավական դժկամորեն, ծառայեցի նաեւ իբրեւ Արտաքին գործերի առաջին փոխնախարար։ Հայաստանում աշխատանքիս յոթ տարիների ընթացքում ընդգրկված եմ եղել քաղաքականության ձեւավորման եւ մի շարք երկրների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ, աշխատել եմ նոր պետության առջեւ ծառացած բախտորոշ խնդիրներից մի քանիսի, այդ թվում սույն գրքում որոշակի մանրամասնությամբ քննարկվող Դարաբաղյան հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերի վրա։ 1997 թ․ սեպտեմբերին, անձնական պատճառներով, հրաժարական ներկայացրի եւ վերադարձա Քեմբրիջ, Մասաչուսեթս։ Վեց ամիսը տևեց յոթ տարի։

Նախնական այս ծանոթությունն ամբողջացնելու համար ընթերցողին պետք է տեղեկացնեմ նաեւ, որ դաստիարակվել եմ դաշնակցական կամ ՀՅԴ միջավայրում եւ երկար ժամանակ եղել եմ այդ կուսակցության անդամ։ Դրա հիմնադիրներն ու պատմությունն ինձ համար եղել են ներշնչանքի աղբյուր, որպիսին եղել են նաեւ դրա շատ ղեկավարներ, որոնք 1918֊ին հիմնադրել ու ղեկավարել են Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Թեև չէի ասի, թե համաձայն եմ նրանց բոլոր գործողություններին ու քաղաքականությանը, սակայն նրանք, իրենց սերնդակից ուրիշ ականավոր անձանց հետ միասին, առանձնանում են իրենց անհատականությունների ուժով եւ մտավոր կարողություններով։ Նրանցից մեկը՝ Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը եղել է իմ ուսուցիչներից և իմ հաճախած դպրոցի՝ Բեյրութի Փալանջյան ճեմարանի տնօրենը։ Նրան ճանաչելուս հանգամանքը միշտ մեջս անսասան է պահել Հայաստանի անկախ պետականության վերածննդի հանդեպ հավատը։ Ես ՀՅԴ֊ից դուրս եկա 1988֊ի դեկտեմբերին, երբ եզրակացրեցի, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդական շարժման եւ այդ շարժման ղեկավարների հանդեպ Դաշնակցության րնդդիմադիր կեցվածքը պատահական չէ եւ հիմնված չէ անտեղյակության վրա։ Թեև այս ուսումնասիրության մեջ Դաշնակցությանը հատկացված տեղը կարող է բացատրվել ՀՅԴ֊ի հետ իմ ունեցած անհամաձայնություններով, սակայն կարծում եմ, որ այդ երևույթի պատճառն այն արտասովոր դիրքն է, որ ՀՅԴ֊ն գրավել և դեռեւս գրավում է հայ կյանքում։

Սա, ամեն դեպքում, հուշագրություն չէ։ Ինչպես մի անգամ, դեռևս Հայաստանում աշխատելուս տարիներին, մի ընկերոջ ասացի՝ անհնար է այս գործն անել եւ միևնույն ժամանակ մտածել հուշերի մասին։ Անհնար է գործել սխալներ, որ հարկադրված ես գործել, եւ միևնույն ժամանակ մտածել պատմությունից կամ հետագայում քո իսկ քննադատությունից կաշիդ փրկելու մասին։ Հուշերը նաեւ այն թերությունն ունեն, որ, եթե ազնվորեն են գրված, ճշմարտությունն են արտացոլում, առնվազն՝ մեկ մարդու ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը կարող է շատ տաղտկալի լինել, շատ տարօրինակ ու շատ անհավատալի, կամ՝ այս բոլորը միաժամանակ։ Մինչդեռ ֆանտաստիկր միշտ ավելի զվարճալի է, նույնիսկ՝ ավելի արժանահավատ։ Իդեալականացվածր միշտ ավելի ոգեշնչող է, թեև, հավանաբար՝ նվազ օգտակար։ Ի վերջո, ոգեշնչումր կատարում է միևնույն դերը, ինչ զվարճալիքը, զվարճացնում է, բայց չի անհանգստացնում։ Վերլուծությունը սակայն այդ ակնկալությունը չի արդարացնում։

Սա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմություն չէ՝ որքան էլ այդ խնդիրն առանցքային դեր ունենա քննարկված հարցերի համատեքստում։ Թեև այժմ արդեն հնարավոր է վերջին տասնամյակի պատմագիտական հետազոտություն գրել, սակայն ինչ֊ինչ բնագավառներ դեռևս որոշ ժամանակ փակ են մնալու։ Ղարաբաղն այստեդ քննարկվում է քաղաքական գործընթացների ու բանավեճերի մեջ կատալիզատորի իր դերով, ինչպես նաև՝ իբրեւ այդ գործընթացները պայմանավորող գործոն։ Թե որևէ կուսակցություն կամ անհատ ինչպե՛ս է տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու դրա լուծումը, այդ խնդիրը նրա աշխարհայացքի մեջ ի՛նչ տեղ է գրավում, եւ թե կուսակցությունր կամ անհատն ինչպե՛ս է պատկերացնում այդ հիմնախնդրի լուծումը՝ հարցեր են, որոնք արծարծվում են այս գրքում։

Գիրքը հիմնականում պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք հանրության սեփականություն են։ Որեւէ սենսացիոն գաղտնիք չի բացահայտվում։ Նորություն կարելի է գտնել միայն քաջածանոթ, սակայն անտեսված կամ մոռացության մատնված իրադարձությունների ու տեսակետների, դրանց գնահատման ու վերլուծության մեջ, ինչպես նաեւ այն կոնտեքստի մեջ, որում զետեղված են դրանք։

Բացի այդ, այս աշխատանքում չի արծարծվում Հայաստանում տեղ գտած գործընթացների մեջ հարևան թե հեռավոր այլ պետությունների ունեցած դերը։ Նման զանցառության հարցում իմ առաջին արդարացումն այն է, որ, որքան էլ այդ պետությունների դերը նշանակալի լինի, գիրքը կենտրոնանում է այն խնդրի վրա, թե ինչ կերպ են հարցերն ընկալվել ու սահմանվել հայ քաղաքական մտքի մեջ։ Երկրորդ․ հայերը պետք է ստանձնեն իրենց գործողությունների, դիրքորոշումների, որդեգրած ու վարած քաղաքականությունների և կատարած ընտրանքների պատասխանատվությունը, ինչպես նաև հնարավորությունների առկա տարբերակները նշմարելու հարցում իրենց թերացման կամ՝ տարբերակներ ստեղծելու իրենց անկարողության պատասխանատվությունը։ Անկախ այն դերից, որ սեփական շահերի հետապնդման ընթացքում այլ պետություններ կարող են հատկացնել Հայաստանին, ամեն դեպքում, հայերն իրենք են, որ պետք է սահմանեն իրենց խնդիրները, օրակարգը, կենսական շահերն ու ռազմավարությունը, ճշտորեն հաշվարկեն ուրիշներինը՝ լինեն այդ ուրիշները «բարեկամ», թե «թշնամի»։ Իրենց գործն է որոշել այլ երկրի կամ որևէ այլ արտաքին ուժի հետ շահերի րնդհանրության կամ անհամատեղելիության ասպարեզն ու աստիճանր։ Մեղադրել այլ երկրների՝ այն դեպքում, երբ հայերն իրենք են, որ սխալ են ընկալել իրադրությունը, կարող է լավ քարոզչություն լինել, սակայն վատ պատմություն, վատ ղեկավարում եւ վատ օրինակ։ Այլ պետությունների որդեգրած քաղաքականությունների ու դիրքորոշումների քննադատության բացակայությանն այս գրքում չպետք է մեկնաբանվի իբրեւ Հայաստանի ու հայ ժողովրդի վրա ներազդած զարգացումների հարցում պատասխանատվության նրանց ունեցած բաժնի բացառում։ Այլ պետությունների դերի եւ հայ քաղաքականության վրա նրանց ներգործության հարցի քննարկման ժամանակը նույնպես կգա։

Եվ, վերջապես, այս գիրքը ո՛չ այն քաղաքականության պաշտպանությունն է, որին մաս եմ կազմել, եւ ո՛չ այն քննադատության ու գրոհների պատասխանը, որոնց ենթարկվել եմ՝ Հայաստանում իմ պաշտոնավարությունից առաջ, ընթացքում եւ հետո։ Քննադատված լինելը կապված է աշխատանքի բնույթի հետ։ Երբեմն ինձ բաժին է հասել ավելին, քան վաստակել եմ, հատկապես երբ այն, ինչ գրվել կամ ասվել է, որեւէ քաղաքակիրթ հասարակության մեջ չէր կարող քննադատություն կոչվել։

Թեև ջանացել եմ օբյեկտիվորեն ներկայացնել ուրիշների դիրքորոշումները, գիրքը կանխակալ է․ ամեն դեպքում՝ այն իմ վերլուծությունն է։ Ես կարող եմ սխալ լինել կամ ժամանակը կարող է ցույց տալ, որ սխալ էի։ Անկեղծորեն ասած՝ հույս եմ փայփայում սխալ լինելու, որովհետեւ այն, ինչ ասելու եմ, ընթերցողներից քչերին է սփոփելու եւ շատերին կարող է անհանգստացնել։ Գրքում ներկայացվող վերլուծությունները շատերի կողմից կարող են նաեւ վտանգավոր համարվել։ Սակայն, թերևս, կարելի է մխիթարվել Օրսոն Ուելսի հայտնած այն կարծիքով, թե «գաղափարը, որը վտանգավոր չէ, արժանի չէ գաղափար կոչվելու»։

Ես ստանձնում եմ այս գրքում ներկայացված յուրաքանչյուր կարծիքի, գաղափարի, վերլուծության պատասխանատվությունը։ Այսպիսի ժամանակները վտանգավոր են նրանց համար, ովքեր իրադարձությունների իմաստը ցանկանում են տեսնել կամ տեղավորել հեռանկարայնության մեջ։ Տեղեկատվության ու կարծիքների անողոք հորձանուտի մեջ որոշել, թե ինչն է կարևոր կամ ինչը կարող է կարևոր լինել, ավելի լավ կլինի թողնել աստղագուշակներին։ Սակայն, այնուամենայնիվ, մարդ,լինի քաղաքականություն մշակող, թե հետաքրքրված կողմնակի դիտող, մշտապես կոչված է բացատրելու իրադարձությունները, գնահատելու միտումները եւ դատողություններ անելու։

Եթե ներկայացվող վերլուծություններն ու տեսակետները նպաստեն ճիշտ հարցադրումների եւ բանավեճի առաջացման, ես լիովին հատուցված կլինեմ։

Հունվարի 15, 1999 թ․

Ներածություն

Գիրքը փաստարկ է հօգուտ բանական քննարկման և իրազեկ բանավեճի՝ ի հակադրություն ճարտասանության կամ, ինչպես դարասկզբի հայ սոցիալիստ վերլուծաբան Երվանդ Պալյանն է կոչել՝ «ռեֆլեքսիվ ռեակցիաների»։ Իբրև այդպիսին, այն կարող է դիտվել որպես իմ 1989-1990֊ին գրած և1991 թ․֊ին հրատարակված «Հայաստանը քառուղիներում» գրքի շարունակություն։ Այն ժամանակ Հայաստանում, և ամենուր, հայության մեծ մասի համար անկախությունը դեռևս հեռավոր երազանք էր։ Իմ մտքով իսկ չէր անցել, որ ես ի վերջո աշխատելու եմ Հայաստանում՝ այդ գրքում արծածված խնդիրներից մի քանիսի վրա։

Տասը տարի անց և բավական անցուդարձից հետո թերթում էի այդ գործը՝ ամփոփելու համար այս հատորը։ Ինձ ցնցեց այն փաստը, որ 1988֊ին տեղի ունեցած իրադարձությունները առնվազն արդարացրել են այնտեղ արծարծված հարցերը՝ միևնույն ժամանակ պարունակելով այդ նույն հարցերի, թեև ոչ վերջնական, պատասխանը․

Հայաստանը կարո՞ղ է անկախ պետություն լինել։ Ավելի ճշգրիտ լինելու համար կարելի է հարցնել․ Հայաստանը կարո՞ղ է ձեռք բերել ռազմավարական և քաղաքական հնարավորություն՝ ի զորու լինելում իբրև ինքնիշխան պետություն սահմանելու և տնօրինելու իր կենսական շահերը, թե՞ շարունակելու է պահպանել իր գոյության մանդատը իբրև կայսերական իշխանությունից կախված պետություն՝ ի հատուցումն նրա հովանավորության։ ․․․ Հարևանների նկատմամբ ունեցած վախը երկար ժամանակ եղել է Հայաստանի անկախության հարցի պատասխանը որոշող գլխավոր գործոնը։ Մի շարք կոտորածներով և քսաներորդ դարում իրականացված ցեղասպանությամբ հարուցված, վայրագ թուրքի պատկերով ամրապնդված, պան֊թյուրքիզմի մշտական ուրվականով սնուցված, իբրև զոհի և գաղութացվածի հոգեբանություն ներշնչված, Հայաստանի ինքնահռչակ պաշտպանների կողմից հմտորեն բանեցված այդ վախը, փաստորեն աղճատել է ազգային շահերի ընկալումը և շփոթվել է ռազմավարական մտածողության հետ։

․․․ Ցեղասպանությունը, դրա շահարկումը և Թուրքիայի կողմից դրա մերժումը կաթվածահար են արել հայ ժողովրդի հավաքական ոգին։ Սկզբում բռնության, իսկ ապա այդ բռնության ժխտման զոհերի ազգը ի զորու չէ պահպանելու բանական քննարկման կարողությունը։ Ազգը չի կարող պատկերացնել ապագան, եթե նրա միակ պատկերացումը ապագայում կրկին զոհ դառնալու հեռանկարն է։ Ապագայի մերժումն արդարացնում է ներկայի մերժումը և հարկադրում է գերբեռնված անցյալի տառապագին կրում․․․

․․․ Ազգային ժողովրդավարական շարժումը հարցականի տակ դրվեց վախի վրա հիմնված չափանիշի վավերականությունը, կասկածի ենթարկեց պան֊թյուրքական վտանգի սպառնալիքը, վերահաստատեց ազգային օրակարգի սահմանման իրավունքը և վերահիմնեց բանական խոսակցությունն իբրև հարցերին պատասխանելու միջոց։ (Հայաստանը քառուղիներոըմ, էջ 1-2)։


․․․ Սփյուռքում մենք պետք է համեստություն ու քաջություն ունենանք հասկանալու, որ մեր կազմակերպությունները ստեղծված չէին մեր ազգի առաջ ծառացած նոր ու ավելի մեծ մարտահրավերները դիմակայելու համար։ ․․․ Վերջին յոթանասուն տարում մեր քաղաքական միտքն աննպատակ դեգերել է, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ սփյուռքահայերս ենք դեգերել երկրից երկիր․․․ Ժամանակը եկել է վերագնահատելու անցյալ տասնամյակների խնդիրները, հասկանալու պատմությունը և գործելու այնպես, որ հնարավոր դառնան պատմությանը մեր իրական մասնակցությունն ու պատմության իրական փոփոխությունը։ Եկել է իրականն ու ծիսականը տարանջատելու ժամանակը։ ․․․(Հայաստանը քառուղիներում, էջ 167)։

1989 թ․ Գերագույն խորհրդի բանավեճերից սկսած՝ Հայոց համազգային շարժումն (ՀՀՇ) այս հարցին տվեց մի շարք խիստ հստակ պատասխաներ․ Հայաստանը, եթե կենսունակ և անկախ պետություն դառնալու հույս է փայփայում, պետք է հաղթահարի ավանդական մտածողությունը։ Այս դրույթը հակադրվեց հայ քաղաքական մտքի կողմից ընդունված պատկերացմանը։ Բնազդական հակադրությունը ՀՀՇ֊ին և Լևոն Տեր֊Պետրոսյանին, ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում նրանց տիրապետության օրոք, այնպես էլ իշխանությունից հեռանալուց հետո, ուղղակիորեն կապված է գլխավոր այս հարցում նրանց որդեգրած դիրքորոշման հետ։ Թեև վերջնական պատասխաններ չեն եղել, սակայն հարցերի վավերականությունը հաստատվել է առկա բանավեճերով, որքան էլ որ դրանք կցկտուր ու ամբոխավարական լինեն։


Վերջին տասը տարում Հայաստանում, Կովկասում և աշխարհում կատարված հիմնավոր փոփոխությունները ուղղակի կամ անուղղակի ազդդել են ողջ հայ ժողովրդի կյանքի վրա։

ԽՍՀՄ֊ը, որի բաղկացուցիչ մասն էր Հայաստանը, մոտ էր պայթյունի, սակայն ոչ մի կառավարություն աշխարհում չէր սպասում դրան, և սոսկ սակավաթիվ անհատներ էին ակնկալում այդ։ ԽՍՀՄ֊ը դեռևս գերտերություն էր, և բոլոր որոշումները, ռազմավարությունը, հաշվարկները կատարվում էին այն գիտակցությամբ, որ այն շարունակելու է գոյատևել։ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և երկրի փաստացի ղեկավար Միխայիլ Գորբաչովը «բացել էր» խորհրդային հասարակությունը իր գլասնոստով (ինչ֊որ աստիճանի քաղաքական հրապարակայնություն) և պերեստրոյկայով (սահմանափակ տնտեսական վերակառուցում), որ ԽՍՀՄ֊ն իբրև սոցիալիստական համակարգ և իբրև կայսրություն պահպանելու վերջին ճիգն էր։ Նույնիսկ եթե մարդիկ, հատկապես Արևմուտքում, չէին ցանկանում տեսնել այդ, Գորբաչովը քաջ գիտեր, որ համակարգը տնտեսապես ու քաղաքականապես սնանկ էր։

Հայաստանում, ինչպես և ԽՍՀՄ որևէ վայրում, միակ օրինականորեն գործող կուսակցությունը Կոմունիստական կուսակցությունն էր։ Գոյություն ունեին զանազան չճանաչված խմբեր ու խմբավորումներ։ Միայն Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումն էր, որ մոտ էր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական կուսակցություն լինելուն, և Հայրիկյանն աքսորվեց Գորբաչովի կողմից։

Մինչ այս հանդարտ Խորհրդային Հայաստանում 1987 թ․ աշնանը սկսվեցին փոփոխություններ․ շրջակա միջավայրի պահպանության սկզբնավորվող շարժումը հրապարակային ցույցեր կազմակերպեց՝ իր բողոքն արտահայտելու համար քաղաքն աղտոտող քիմիական արդյունաբերության և մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հավասարապես վտանգավոր Մեծամորի ատոմակայանի կապակցությամբ։ Մասնակցում էին մոտ հինգ հազար քաղաքացի։

Սակայն 1988 թ․ փետրվարի 20֊ը դարձավ այն օրը, երբ քաղաքական երկրաշարժը ցնցեց Հայաստանն ու Ադրբեջանի հայաբնակ ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղը։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Մարզային խորհուրդը մի բանաձև ընդունեց, որով Մոսկվայից խնդրում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների փոփոխություն կատարել՝ այնպես, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս։ Սա միևնույն պետության ներսում կատարելիք փոքրիկ մի գործողություն էր, ինչպիսին խորհրդային կարգերի ընթացքում կատարվել էր բազմաթիվ անգամ։ Երկու հանրապետություններն էլ, Հայաստանն ու Ադրբեջանը, մեկ պետության՝ ԽՍՀՄ֊ի մասերն էին, և հետևաբար՝ նման գործողությունը կլիներ ներքին վարչական փոփոխություն՝ առանց միջազգային հնչեղության։ Ղարաբաղի ղեկավարները նաև վստահ էին, կամ նրանց վստահեցրել էին, թե Մոսկվան համակրանքով է վերաբերում այդ խնդրանքին, եթե այն ներկայացվի բոլոր ձևականությունների պահպանմամբ՝ հայերի համաժողովրդական աջակցության հրապարակային ցուցադրման միջոցով։

Ղարաբաղի խնդրանքին Երևանում սատար կանգնեցին զանգվածային հավաքներով ու ցույցերով։ Իրենց բնույթով ու ակներև մեծ ծավալով արտասովոր այդ ցույցերն արժանացան համաշխարհային ուշադրության։ Դա, փաստորեն, խորհրդային ճամբարի մեջ մտնող որևէ ժողովրդի կողմից առաջին այդօրինակ շարժումը եղավ։

Ադրբեջանի հակազդեցությունն ուժգին էր և մոլեգին։ Փետրվարի վերջին ու մարտի սկզբին ադրբեջանական արդյունաբերական Սումգայիթ քաղաքում բնակվող հայերը երեք օր շարունակ ենթարկվեցին կոտորածների։ Կոտորածները բևեռացրին երկու հանրապետությունների հանրային կարծիքը և քաղաքականացրեցին խնդիրը։ Հիմնահարցով զբաղվելու և վաղ շրջանում այն լուծելու հարցում խորհրդային իշխանությունների անկարողությունը համալրեց ցուցարարների շարքերը։ Օրեր եղան, երբ ցուցարարների թիվը հասնում էր մեկ միլիոնի՝ Հայաստանի ազգաբնակչության մոտ մեկ երրորդին։ Այդուհանդերձ ժողովուրդը երբեք չմոլեգնեց և շարունակեց օրինապահ կարգ դրսևորել։ Սկզբնական «Ղարաբաղ Կոմիտեն»՝ կազմված Մոսկվայի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող հանրաճանաչ խորհրդահայ մտավորականներից, անկարող էր ցրել ցույցերը կամ լուծել ճգնաժամը։ 1988 թ․ մայիսին առաջին այդ խմբին փոխարինեց առավել տևական Ղարաբաղ Կոմիտեն, որը բաղկացած էր անծանոթ անուններից․ Լևոն Տեր֊Պետրոսյան՝ բանասեր ու պատմաբան, Վազգեն Մանուկյան և Բաբկեն Արարքցյան՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորներ, Համբարձում Գալստյան՝ ազգագրագետ, Ռաֆայել Ղազարյան՝ ֆիզիկոս, Աշոտ Մանուչարյան՝ կոմերիտական ակտիվիստ, Վանո Սիրադեղյան՝ գրող, ինչպես նաև Սամվել Գևորգյան, Դավիթ Վարդանյան, Սամսոն Ղազարյան և Ալեքսան Հակոբյան։ Ահա այս խումբն էր, որ ստանձնեց համաժողովրդական շարժման քաղաքական ու կազմակերպչական ղեկավարությունը։

Ունակ չլինելով լուծել աճող քաղաքական հակամարտությունը՝ Մոսկվան ձեռնամուխ եղավ այն բանին, ինչը հավասարազոր էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև ազգաբնակչության փոխանակման՝ դրա մեջ չընդգրկելով սակայն Լեռնային Ղարաբաղը։ Մոտ 170.000 ադրբեջանցի հարկադրվեց լքել Հայաստանն ու տեղափոխվել Ադրբեջան, իսկ ադրբեջանաբնակ շատ ավելի մեծ թվով հայեր միևնույն ճակատագրին արժանացան և դարձան փախստականներ Հայաստանում, Ռուսաստանում և Միջին Ասիայի հանրապետություններում։ Սակայն ո՛չ այս քայլը, ո՛չ Մոսկվայի ձեռնարկած մյուս քայլերը չլուծեցին Ղարաբաղի հիմնահարցը։ Փաստորեն, յուրաքանչյուր նոր քայլից հետո հակամարտությունը դառնում էր ավելի բարդ ու ավելի արյունալի։

Շարժումը Հայաստանում, շարունակելով օրինախախտումներից զերծ մնալ, հետզհետե ընթացքն ուղղում էր դեպի ժողովրդավարություն և անկախություն։

1988 թ․ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը և խլեց մոտ քսանհինգ հազար մարդկային կյանք։ Մինչ աշխարհը սևեռված էր ողբերգության վրա, Մոսկվայի և Երևանի խորհրդային իշխանությունները կալանքի տակ առան Ղարաբաղ Կոմիտեի անդամներին՝ բանտարկելով նրանց Մոսկվայում։ Երկրորդ դասի ղեկավարությունը շարունակեց ղեկավարել Շարժման գործունեությունը մինչև Կոմիտեի անդամների ազատ արձակումը, որ եղավ 1989֊ի հունիսին՝ թե՛ ներքին և թե՛ միջազգային հարկադրանքով։ Դրանից քիչ անց Կոմիտեն եկավ այն հետևության, որ ինքը պետք է ստանձնի հայկական պետության պատասխանատվությունը։ Ղարաբաղ կոմիտեն իր գործունեությունը շարունակեց կազմակերպական կառույցի՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) մեջ։

ՀՀՇ֊ն դարձավ հովանի֊կազմակերպություն այն ուժերի կոալիցիայի համար, որոնք ընդդիմություն հանդիսացան Խորհրդային Հայաստանի մինչ այդ ձևական Գերագույն խորհրդին։ 1990 թ․ մայիսի և հունիսի ընտրությունները հաղթանակ բերեցին ՀՀՇ֊ի ղեկավարած կոալիցիային։ 1990֊ի օգոստոսին Խորհրդային Հայաստանի իշխանությունն անցավ ՀՀՇ֊ի ձեռքը։ Լևոն Տեր֊Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, իսկ Վազգեն Մանուկյանին նշանակեց վարչապետ։ Ղարաբաղ Կոմիտեի մյուս անդամները, ինչպես նաև շարժման երկրորդ դասի ղեկավարները, աստիճանաբար զբաղեցրին Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի կարևորագույն պաշտոնները։

Մի քանի ամսվա ընթացքում Գերագույն խորհուրդն ընդունեց մի շարք հիմնական օրենքներ, որոնք փոխեցին հանրապետության բնույթը՝ հաստատելով բազմակուսակցական համակարգ, ազատ շուկայական տնտեսություն։ Ընդունվեցին հողը գյուղացիներին բաժանելու, կրոնի ու խղճի ազատության, եկեղեցու և պետության տարանջատման և այլ օրենքներ։ 1990 թ․ վերջին Հայաստանն արդեն ներքին ու տնտեսական հարցերում գործառում էր իբրև Մոսկվայից անկախ ինքնիշխան պետություն, թեև դեռևս չէր հռչակել իր անկախությունը։ Մոսկվայի հետ բանակցում էր նաև Հայաստանի տարածքում տեղակայված զորամիավորումներում հայաստանցի զինակոչիկնեի ծառայելու իրավունքի շուրջ։

1991 թ․ ապրիլին խորհրդային ու ադրբեջանական ուժերն սկսեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի հայաբնակ գյուղերի էթնիկ զտումները։ Հակամարտությունն այժմ արդեն ռազմականացված էր։ Տեղական դիմադրությունը նվազագույն էր․ գյուղացիները չէին կարող բանակի կամ զինված ուժերի դեմ պայքարել որսորդական հրացաններով։ Քսանչորս գյուղի բնակիչների բռնագաղթը Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին ստիպեց ազատամարտիկների խմբեր կազմել, որոնք ժամանակի ընթացքում դարձան Ղարաբաղի բանակի միջուկը։

Հակամարտության ռազմականացումը մեծ դժվարություններ ստեղծեց կառավարության նորաստեղծ համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Մինչ Գերագույն խորհուրդը պահպանում էր իր օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը բաժանված էր վարչապետի ու նրա կաբինետի և Գերագույն խորհրդի նախագահության միջև։ 1991 թ․ ամռանը Գերագույն խորհուրդն օրենք ընդունեց՝ արտոնելով անկախության հանրաքվեն և ստեղծելով գործադիր նախագահի պաշտոն՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների հստակ տարանջատմամբ։ 1991֊ի սեպտեմբերին ընտրողների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում քվեարկեց անկախության օգտին։ Հայաստանն անկախություն հռչակեց։

Վազգեն Մանուկյանը կարծում էր, թե ինքը պետք է լիներ Նախագահի պաշտոնն ստանձնողը, սակայն Լևոն Տեր֊Պետրոսյանի ժողովրդականությունը Վ․ Մանուկյանին ստիպեց հանել իր թեկնածությունը։ 1991֊ի նախագահական ընտրություններում Լ․ Տեր֊Պետրոսյանը հաղթեց ժողովրդական քվեների 83 տոկոսով։ Այլախոհ անկախական Պարույր Հայրիկյանը, որը 17 տարի էր անցկացրել խորհրդային բանտերում, ձայների 7 տոկոսով գրավեց երկրորդ տեղը։ Ընդդիմաթյան այլ թեկնածուներ, ներառյալ կոմունիստները, ՀՅԴ֊ն և անկախ թեկնածուները, ստացան ձայների մնացած մասը։ 1991-ի վերջին ԽՍՀՄ֊ը փլուզվեց, և միջազգային հանրությունը ճանաչեց ԽՍՀՄ հանրապետությունների անկախությունը։

1991֊ի սեպտեմբերից մինչև 1994-ը հանրապետության օրակարգում իշխում էր երկու հարց՝ Ղարաբաղ և տնտեսություն։ Հայաստանի ու Ադրբեջանի անկախացմամբ Ղարաբաղի հարցը վերածվեց երկու ինքնիշխան պետությունների միջև հակամարտության՝ արդեն սահմանվելով իբրև միջազգային հակամարտություն։ Ադրբեջանի հետ պատերազմը սաստկացավ 1992֊ին և դադարեց 1994֊ին։ Հայկական ուժերը ադրբեջանցիներին ոչ միայն դուրս մղեցին Ղարաբաղի մեծ մասից, այլև գրավեցին Ադրբեջանի յոթ շրջան, որոնք անմիջապես սահմանակից էին Ղարաբաղին։1988֊ից սկսած հակամարտության հետևանքով երկու կողմից առաջացել էին նոր փախստականներ ու տեղահանվածներ․ մոտ 350.000 հայ Ադրբեջանից ու Ղարաբաղից, գրեթե 700.000 ադրբեջանցի Հայաստանից, Ղարաբաղից և շրջակա ադրբեջանական շրջաններից։

Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների հետ միասին կրում էր ԽՍՀՄ փլուզման հետևանքները, որն իր հերթին կործանվեց մասնավորապես նաև այն պատճառով, որ կայսրության տնտեսությունն այլևս պահպանել հնարավոր չէր։ Տնտեսական աղետը բազմապատկվեց արդյունաբերական հին հարաբերությունների ու շուկաների վերացմամբ։ Հայաստանի տնտեսական ճգնաժամը էլ ավելի ծանրացած էր նաև Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով, որ սկսվել էր 1991֊ի սկզբին, հակամարտության ռազմականացումից շատ ավելի վաղ, իբրև Հայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց, որպեսզի վերջինս դադարեցնի Ղարաբաղի պահանջներին իր ցուցաբերած օժանդակությունը։ Շրջափակման անմիջական արդյունքը հողորդակցության ու փոխադրամիջոցների խափանումն էր և տնտեսությունը կաթվածահար անող էներգետիկ ճգնաժամը։ Հայկական զինված ուժերի հաջողություններին զուգընթաց Թուրքիան իր հերթին նույնպես օժանդակում էր ճնշումների ադրբեջանական մարտավարությանը։ Բացի 1992֊ի օգոստոսի և 1993֊ի ապրիլի միջև կարճատև մի շրջանից, Թուրքիան մերժեց բացել իր սահմաններն ու երկաթուղային կապը Հայաստանի հետ, ինչը վերջինիս համար կարող էր այլընտրանքային հաղորդակցություն ապահովել Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։

Միմյանց հաջորդող վարչապետները ջանում էին կարգավորել տնտեսությունը։ Տնտեսապես քայքայված պետությունից չկարողանալով ստանալ հումք, էլեկտրաէներգիա ու պետական հովանավորություն, ինչպես նաև չկարողանալով արտահանել արտադրանքը՝ շատ գործարաններ կանգ առան․ արտահանումները կորցրեցին իրենց շուկաներն ու առաքման ուղիները և ի վիճակի չէին մրցունակ մնալու միջազգային շուկաների ավելի էժան ու ավելի որակյալ ապրանքների կողքին, աճեցին արժեզրկումն ու գործազրկությունը, Ռուսաստանը փոխեց իր տարադրամը՝ ստիպելով Հայաստանի կառավարությանը հապշտապ սկսել ազգային դրամի ներդրումը։ Այդ ընթացքում լիովին անհետացավ Հայաստանի միջին դասակարգը, աղքատությունն ու արտագաղթը համատարած բնույթ ստացան, աղետի գոտու վերականգնումը գործնականում կանգ առավ։

1994֊ին տնտեսական բարեփոխումներն սկսեցին ավելի համակարգված ու ծրագրված բնույթ ստանալ։ Ատոմակայանի վերագործարկմամբ էներգետիկ խնդիրը, գոնե ժամանակավորապես լուծվեց։ Տնտեսական անկումը կանգ առավ, և սկսեց որոշ աճ նկատվել։ Սակայն ազգաբնակչության մեծամասնության համար կյանքը շարունակում էր մնալ ամենօրյա պայքար։

Պատերազմը կլանել էր ամեն բան։ 1994֊ի հրադադարը թույլ տվեց որոշ չափով կենտրոնանալ պետության ու պետական կառույցների կերտման վրա։ Հատուկ հանձնաժողովի կողմից երեք տարվա ընթացքում մշակված Սահմանադրությունը 1995֊ին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ Միևնույն տարին, ինչպես նախատեսված էր, իրականացվեցին Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Նախագահական ընտրությունները նույնպես իրականացվեցին սահմանված ժամկետում 1996֊ին։

Արդյունքները՝ ՀՀՇ֊ի առաջնորդության ներքո գտնվող Հանրապետության միավորման գերակշռությամբ Ազգային ժողովի ձևավորումը և ձայների փոքր առավելությամբ Լ․ Տեր֊Պետրոսյանի վերընտրությունը, հարցականի տակ դրվեցին ընդդիմադիր որոշ կուսակցությունների, ինչպես նաև միջազգային դիտորդների կողմից։

Քաղաքական համերաշխությունն անհետացավ, երբ օրակարգի որոշ մեծ խնդիրներ (անկախություն, քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հիմնական օրենքներ) լուծվեցին։ 1991֊ի և 1993֊ի միջև Ղարաբաղ Կոմիտեի որոշ անդամներ լքեցին ՀՀՇ֊ն՝ կազմակերպելու համար կուսակցությունները և միանալու ընդդիմության շարքերին։ Վազգեն Մանուկյանը (առաջին վարչապետը) և Դավիթ Վարդանյանը (Գերագույն խորհրդի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը) հիմնեցին Ազգային ժողովրդավարական միությունը, Աշոտ Մանուչարյանը (Լ․ Տեր֊Պետրոսյանի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը) և Ռաֆայել Ղազարյանը (Գերագույն խորհրդի Կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ) ավելի ուշ կազմեցին Գիտնականների և արդյունաբերողների քաղաքացիական միությունը (ԳիԱրՔՄի)։ Գերագույն խորհրդի անդամ Սամսոն Ղազարյանը միացավ ՀՅԴ֊ին, ապա վերադարձավ ՀՀՇ։

Ժամանակի ընթացքում երկրորդ դասի որոշ ղեկավարներ նույնպես սկսեցին անջրպետվել ՀՀՇ֊ից և Լ․ Տեր֊Պետրոսյանից։ Ամենից երկար պաշտոնավարած վարչապետը (1993-1996)՝ Հրանտ Բագրատյանը, 1996 թ․ նախագահական ընտրություններին հաջորդած նոր վարչապետի նշանակումից հետո հիմնեց իր կուսակցությունը, Ազգային ժողովի Անկախ պետականության մշտական հանձնաժողովի նախագահ և Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի անմիջական ղեկավար Էդուարդ Եգորյանը խորհրդարանում կազմեց իր «Հայրենիք» խումբը, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, ապա՝ Ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանը հրաժարվեց իր պաշտոններից և սկսեց քննադատել վարչակազմը՝ առանց միանալու որևէ ընդդիմադիր կուսակցության կամ կազմելու իրենը (1998֊ին Դ․ Շահնազարյանը ստեղծեց իր «21֊րդ դար» կուսակցությունը ― Ծնթ, թարգմ․)։

1997֊ի շուրջ տարաձայնություններ ի հայտ եկան ՀՀՇ֊ի (Ղարաբաղ կոմիտեի անդամներից) այն մասի մեջ, որոնք մնում էին միասին՝ բացառապես իբրև մեկ խումբ գործող անհատականություններ․ Հանրապետության նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյան, Ազգային ժողովի նախագահ Բ․ Արարքցյան, Ներքին գործերի նախարար (հետագայում Երևանի քաղաքապետ) Վ․ Սիրադեղյան և Գերագույն խորհրդի անդամ, հետագայում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյան։

Իշխանոթյան ղեկին պաշտոնավարման տասը տարիները տարբեր առումներով իրենց բացասական կնիքը դրին ղեկավարների վրա։ ՀՀՇ֊ի բարձրագույն ղեկավարները պաշտոններ էին ստանձնել իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերում։ Մասնավորապես, 1995 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարող կուսակցությունը դարձավ ինքնագոհ, ամբարտավան, ինքնավստահ և անհոգ, իսկ ընդդիմությունն՝ անհամբեր։ Բացի այդ, հրադադարի երեք տարիները հնարավորություն էին ընձեռել, որ երկրում ծագեն նոր խնդիրներ, իսկ հները վերաձևակերպվեն ու կրկին դառնան ռազմավարական։ Կուսակցությունները 1991֊ից հետո բազմապատկվել էին, և սփյուռքյան երեք կուսակցությունները մասնաճյուղեր էին հիմնել նաև Հայաստանում։

Ի վերջո, հակամարտության կարգավորման նկատմամբ Ղարաբաղի ղեկավարությունը նույնպես սկսեց պնդել իր սեփական, ավելի անզիջում դիրքորոշումը։ 1997֊ի վերջին թուլացած նախագահական իշխանությունը և կառավարող կուսակցությունը չէին կարողանում դիմակայել կառավարության այն անդամների ճնշմանը, ովքեր համաձայն չէին Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից Ղարաբաղի հիմնախնդրին փոխզիջումային լուծում գտնելու փորձին։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչապետն ու երկու ուժային նախարարները մերժեցին միջազգային միջնորդների կողմից ներկայացրած առաջարկը որպես Ղարաբաղի հրադադարը խաղաղության վերածելու բանակցությունների հիմք ընդունելու մասին նրա որոշումը։ Հանրապետություն միավորման բավական մեծ թվով պատգամավորներ (որոնցից ոչ մեկը ՀՀՇ֊ից չէր) դրժեցին Հանրապետության նախագահի նկատմամբ իրենց հավատարմությունը՝ վերացնելով Ազգային ժողովում նրան սատարող մեծամասնության գոյությունը։ 1998 թ․ փետրվարին Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց։

Ղարաբաղի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որին Լ․ Տեր֊Պետրոսյանը 1997֊ին հրավիրել էր Հայաստան՝ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, համաձայն Սահմանադրության, ստանձնեց Նախագահի պաշտոնի կատարումը, իսկ 1998 թ․ ապրիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվեց Նախագահ, ինչպես և ակնկալվում էր։ Զարմանալին այն էր, որ նախագահության թեկնածուների մեծաթիվ ցանկից Կարեն Դեմիրճյանն էր (Խորհրդային Հայաստանի կոմունիստական նախկին առաջին քարտուղարը, որը կառավարում էր Հայաստանում, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը), որն ընտրությունների առաջին փուլում գրավեց երկրորդ տեղը (ապա պարտվեց երկրորդ փուլում)։ Վերջին տասնամյակում Դեմիրճյանն իրեն քաղաքականությունից դուրս էր պահել և, երբ որոշեց մասնակցել ընտրարշավին, իբրև հենարան չուներ որևէ կուսակցություն կամ կազմակերպություն։

Այս ընտրությունների լեգիտիմությունը նույնպես հարցականի տակ դրվեց ընդդիմադիր որոշ կուսակցությունների և միջազգային դիտորդների կողմից։ Այնուամենայնիվ, Քոչարյանի կողմից Նախագահի պաշտոնի ստանձնումը երիտասարդ հանրապետության կյանքում նշանավորեց մեկ փուլի ավարտ և մեկ ուրիշի սկզբնավորում։


Վերջին տասնամյակը հասկանալու եզրերի որոնման հարցում ամենավհատեցնող խնդիրը ճիշտ հարցադրումներ գտնելն է, հարցեր, որոնք թույլ կտան գործ ունենալ անվերջ թվացող հակադրությունների, հակամարտությունների, հակասությունների և, ամենից առաջ, հայ քաղաքական կյանքի պարադոքսների հետ։ Հարկավոր է գտնել այն հարցադրումները, որոնք կօգնեն հասկանալ փոփոխվող քաղաքական օրակարգերի իմաստը, հասկանալ այն խնդիրները, որոնք վերահայտնվում են տարբեր անունների ներքո, հասկանալ հարափոփոխ մոդայիկ աղմկահարույց հարցերը և խաբուսիկ խորագրերը։ Ճիշտ հարցադրումները պետք են զանազանելու համար մի կողմից քաղաքական կուսակցությունների, անհատների և քաղաքականությունների միջև առկա իրական տարբերությունները, մյուս կողմից՝ ճանաչելու քաղաքական մանևրները, թատրոնը և զվարճանքը։ Երբեմն ակամա հարց ենք տալիս՝ նրանք գիտե՞ն, թե ինչ են անում, թե՞ այդ մենք ենք, որ քաղաքականություն չենք հասկանում։


Երկու հարցադրում կարող է ծառայել այդ նպատակին։ Ո՞րն է անկախ Հայաստանի նպատակը։ Եվ՝ ինչպե՞ս ենք մենք որոշում, թե ո՛րն է այդ առաջին հարցի պատասխանը։

Այս հարցադրումները կարող են ամենօրյա իրադարձություններից հեռու թվալ։ Սակայն եթե մարդ փորձի տեսնել, թե տարբեր քաղաքական կուսակցություններ ու ղեկավարներ ինչպես են պատասխանում այս հարցերին, կտեսնի, որ դրանք են կազմում քաղաքական ասպարեզում մղվող մարտերի էությունը։ Պրոբլեմի մի մասը եղել է այն դրույթի ընդունումը, թե որևէ մեկը չի կարող հարցականի տակ դնել անկախության անհրաժեշտությունը․ ի սկզբանե տրված է համարել, որ անկախությունը պետք է ընդունել իբրև ի վերուստ շնորհված։ Ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ ոմանց համար անկախությունն ունի հարաբերական կամ պայմանական բնույթ։

Անկախության նպատակի վերաբերյալ հարցը նոր հարց չէ, քանի որ Հայաստանն անկախություն չի ունեցել գրեթե մեկ հազարամյակ, բացի Առաջին Հանրապետության կարճատև շրջանից՝ 1918-1920 թթ։ Սակայն անկախությունը զանազան ձևերով եղել է քաղաքական օրակարգի խնդիր՝ գրեթե դրա կորստից (1045֊ին պատմական Հայաստանում և 1375֊ին Կիլիկիայում) ի վեր։ Այժմ, երբ Հայաստանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, խնդիր է առաջանում գտնել հետևյալ հարցերի պատասխանները․ ինչո՞ւ էին հայերն անկախություն ուզում, ի՞նչ են անում դրա հետ այժմ, երբ ունեն այն, ինչպե՞ս են այն պահպանում, կա՞ արդյոք որևէ այլ նպատակ կամ արժեք, որի համար կարող են կամ պետք է կամենան զոհել այն, ո՞րն է անկախ Հայաստանի որևէ կառավարության առաքելությունը, ի՞նչ կարելի է իրավացիորեն և իրատեսորեն ակնկալել ՀՀ իշխանություններից, ո՞րն է կամ ո՞րը պետք է լինի Սփյուռքի բուն դերը։

Քաղաքական իշխանության համար պայքարի ընթացքում արձակված քաղաքական հայտարարություններից և կուսակցական կարգախոսներից դուրս, որպես փոփոխվող դիրքորոշումների և խմբավորումների ենթատեքստ, կարելի է զատորոշել երկու տարբեր աշխարհայացք ներկայացնող խմբերի պատասխանները։ Առաջին խումբը կազմված է պրագմատիկներից, որոնք ցանկանում են պետականության հնարավորությունը օգտագործել Հայաստանն ու հայությունն իբրև «նորմալ» ժողովուրդ մարդկության գիրկը վերադարձնելու համար։ Երկրորդ խումբը գտնում է, որ պետականությունը պետք է օգտագործվի իբրև միջոց՝ հասնելու համար «բարձրագույն» նպատակի, որակի, առաքելության կամ ծրագրի։

Այսքանը պարզ դարձավ վերջին տասնամյակի, հատկապես՝ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Հայաստանում և Սփյուռքում շատերի համար պայքարն ընթանում էր նրանց միջև, ովքեր պիտակավորված էին որպես «պրագմատիկներ», և նրանց՝ ովքեր որդեգրել էին «ազգային գաղափարախոսության» ինչ֊որ ձև, ու նման գաղափարախոսության բացակայությունը համարում էին ծանրագույն հանցագործություն։ Այս վերջին խումբն այն թյուր կարծիքն ուներ, թե միայն գաղափարախոսություն ունեցողը կարող է գաղափարներ կամ ծրագրեր ունենալ։

Աշխարհայացքների միջև տարբերություններն առավել հստակությամբ դրսևորվում են այն բանում, թե զանազան խմբավորումներ և կուսակցություններ ինչպիսի դեր են հատկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը իրենց մտածողության և մոտեցումների մեջ։ Ղարաբաղը մի հարց է, որը միացնում, ի մի է բերում արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, ներքին քաղաքականությունը և տնտեսությունը։ Ղարաբաղն օրակարգի և ծրագրերի, կուսակցությունների ու անհատների փորձաքննությունն է։ Այն թե՛ ներշնչանքի աղբյուր է և թե՛ մտահոգության պատճառ։ Այն վեհացնում է, սակայն հայությունը նաև խոցելի է դարձնում ներսից ու դրսից կատարվող մեքենայությունների հանդեպ։ Ղարաբաղը գերիշխում է հայաստանյան քաղաքականության վրա Հայաստանում՝ անկախ այն բանից, թե դա բանավեճի մեջ բարձրաձայն արտասանվում է, թե ոչ, ռ ստվերում է սփյուռքյան քաղաքականությունը։

Հայերի մեծ մասի համար այս երկու պատասխանները՝ հիմնված պրագմատիզմի կամ ազգային գաղափարախոսության վրա, լոկ լրացնում են միմյանց, և նպատակները կարող են ձեռք բերվել փուլերով։ Դժվար է պարզել, թե երկու խմբերի միջև առկա տարբերությունները կարող են լուծվել՝ յուրաքանչյուր խմբի կողմից հետապնդվող նպատակները սփռելով հանրապետության կյանքի տարբեր ժամանակահատվածների վրա։ Իմ համոզմունքն այն է, որ հանգամանքների բերումով, այս երկուսն ավելի շատ բան են ներկայացնում, քան սոսկ քաղաքականությունների ու անհատների բախումն է։ Այս հարցերն արտացոլում են ընդդիմադիր աշխարհայացքներ, որոնք հիմնված են հակադիր ինքնասահմանումների վրա՝ թե՛ որպես անհատներ և թե՛ իբրև ազգ։ Դրանք կազմում են, պատկերավոր ասած, «ազգի ոգու» վերաբերյալ տեսակետի տարբերությունը։ Քաղաքական մարտերը և միջազգային հակամարտությունները առավել դժվարալույծ ու դաժան են, երբ քաղաքական տեսակետներն ու դիրքորոշումներն առնչվում են մարտնչողների ներքին ինքնությանը, երբ կողմերը կարծում են, որ իրենք պայքարում են ազգի, կրոնի կամ գաղափարի էության համար, այսինքն՝ աներկբայորեն «բարձրագույն» բարիքի կամ արժեքի համար։


Հայաստանում աշխատելուս տարիներին հաճախ եմ հանդիպումներ ունեցել քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ իրենց խնդրանքով։ Միշտ օգտակար էի գտնում հանդիպման սկզբում զրուցակցիս խնդրել, որ պատասխանի մի քանի հարցի, որոնցից մեկը հետևյալն էր․ ո՞րն է այն խնդիրը, որ փորձում եք լուծել ձեր ներկայացրած նախագծով կամ պատրաստած առաջարկով։ Հարցիս միշտ նախորդում էր զրուցակցիս իմ տված այն հավաստիացումը, որ պատրաստ եմ ամբողջ օրն ունկնդրել նրան և նրա հետ քննարկել հարցը, սակայն իր ներկայացրածին ավելի խելամտորեն հետևելու համար ցանկալի է իմ հարցման պատասխանն ունենալ իբրև մեկնակետ։

Սա բավական օգտակար մոտեցում էր, հատկապես նրանց դեպքում, ովքեր չափազանց երկար խոսելու հակում ունեին, և որոնց նախաբանը սովորաբար ավելի երկար էր լինում, քան ասելիքը՝ զրուցակցիս ստիպելով հստակ մտածել և ուղղակի անդրադառնալ հարցին։ Երբեմն, երբ այդ պարզունակ հարցի պատասխանը տրվում էր, զրուցակցիս ասելիքը մարում էր։

Նման մի դեպք պատահեց, օրինակ, 1993֊ին, երբ, երբ, որպես Արտաքին գործերի առաջին փոխնախարարի, Նախագահն ինձ խնդրեց խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկում վարչակազմի դիրքորոշումը պարզաբանել մի օրինագծի նկատմամբ, որը շուտով ներկայացվելու էր հանձնաժողովին։ Օրինագիծն առաջարկվել էր մի պատգամավորի կողմից, որին լավ էի ճանաչում, որի հետ բազմաթիվ անպաշտոն քննարկումներ էինք ունեցել, և որը խորհրդարանի ՀՅԴ անդամ էր։ Մինչև հանձնաժողովում պաշտոնական քննարկման սկսվելը, հանձնաժողովի նախագահը խելամտորեն առաջարկեց, որ թերևս լավ կլիներ անպաշտոն քննարկում ունենալ, քանի որ օրինագիծը նախատեսում էր միակողմանի անվավեր հռչակել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հաստատմանը վերաբերող 1921 թ․ Կարսի պայմանագիրը։

Պատգամավորն իր խոսքն սկսեց երկար առաջաբանով, որը ես ուշադիր լսեցի։ Երբ ցանկանում էր անցնել նյութի ներածականին՝ Պայմանագրի պատմությանը, ես մեղմորեն ընդհատեցի և տեղեկացրեցի, որ հանգամանքների բերումով, պատմաբան եմ, բացի այդ, երկար֊երկար տարիներ եղել եմ Դաշնակցության անդամ, հետևաբար որոշ գաղափար ունեմ, թե ինչի մասին է խոսքը։ Վստահեցրի, որ ամբողջ օրս հատկացրել եմ հանձնաժողովի այդ նիստին, և շտապելու կարիք չունենք, սակայն երախտապարտ կլինեի, եթե պատասխան տար մի հարցի․ ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել այդ օրինագծով։ Պատասխանին օժանդակելու նպատակով ինքս ներկայացրեցի այն խնդիրների ցանկը, որ կառավարությունն էր այդ ժամանակ փորձում լուծել․ հաջող պատերազմ մղել, շրջափակման պայմաններում մարդկանց ապահովել այնպիսի անհրաժեշտ մթերքներով, ինչպիսին ցորենն ու նավթն են, ստեղծել պետական կառույցներ, տնտեսությունը հնարավորին չափ աշխատող դարձնել, և նման մի շարք այլ խնդիրներ։ Սրանք կարող են թերևս սխալ խնդիրներ լինել, և մենք կարող ենք պատասխաններ չունենալ, ― ավելացրի, ― սակայն առնվազն գիտենք, թե ինչ խնդիրներ ենք ուզում լուծել։ Եվ մտածե՞լ է արդյոք, թե ինչ էլ լինի այդ խնդիրը, իր առաջարկված լուծումը թերևս ավելի շատ պրոբլեմներ ստեղծի, քան լուծի այն։ Օրինակ, Թուրքիան կշարունակի՞ արդյոք ճանաչել պայմանագրով հաստատված սահմանները, երբ Հայաստանը, առանց նոր պայմանագրի շուրջ բանակցելու, միակողմանիորեն անվավեր հռչակի այդ պայմանագիրը։ Եվ եթե Թուրքիան պարտավորություններ չունենա պայմանագրի նկատմամբ, որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանի տանկերը Վան կհասնեն, նախքան Թուրքիայի տանկերի Երևան հասնելը։ Նման քայլը կօգնի՞, թե՞ կվնասի այն պատերազմին, որի մեջ գտնվում ենք ներկայումս։

Թեև շարունակեցինք զրուցել ևս մեկ ժամ, նիստն արդյունավետ կերպով ավարտված էր մոտ տասնհինգ րոպեից։ Երբ հանձնաժողովի նախագահը հարցրեց օրինագծի հեղինակին, թե նա ցանկանո՞ւմ է առաջարկված նախագիծը ներկայացնել պաշտոնապես, մտքերի մեջ խորասուզված պատգամավորն ասաց․ «Այս նյութի մասին կարծես թե դեռ մտածելու կարիք կա»։

Հայերի մեծ մասը, անկախ կուսակցությունից, դատող մարդիկ են, և, երբ բանավեճի հիմքում տրամաբանություն կա, այն հաշվի են առնում։

Եթե, ինչպես նշվեց, 1989-1990֊ին Հայաստանը գտնվում էր ճամփաբաժանի առջև, ապա այժմ այս աշխատության ներածականը կարող է ձևակերպվել նաև այլ կերպ՝ հետևյալ հարցերի միջոցով․ Հայաստանն արդյոք, արդեն հատե՞լ է այդ ճանապարհը, ի՞նչ ուղղությամբ է նա ընթացել, կատարե՞լ է արդեն իր ընտրությունը, որից ետդարձ չկա։

Հակիրճ պատասխանն այն է, որ 1990֊ի և 1997֊ի միջև ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո Հայաստանն ընթացել է անկախության ու նորմալության ուղղությամբ, սակայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բացակայության պայմաններում, դեռևս մյուս ափին չի հասել։ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականն ընդհատեց այդ ուղղությամբ երթը։ Այդ ուղղությունն առայժմ չի մերժվել։ Նոր Նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարողները, ինչպես նաև նրա հանդեպ ոչ այնքան բարյացակամ տրամադրված այլ ուժեր, թերևս կցանկանային այն ամբողջապես շրջել և ընթանալ հակառակ ուղղությամբ։

Այլ խոսքով ասած, այս գիրքը մի փորձ է բացատրելու, թե անցած տասնամյակի իրադարձությունները ի՞նչ ձևով փոխեցին հարցերն ու պատասխանները, և փոխեցի՞ն արդյոք, և թե՛ անկախությունից ու պատերազմից հետո, անցած տասը տարվա հաջողություններից ու անհաջողություններից հետո հայ ժողովուրդն ու Հայաստանը որտե՞ղ են գտնվում։ 1990֊ի գաղափարներն ու իդեալնե՞րն են արդյոք ծնել հետագա իրադարձությունները։ Իրադարձություննե՞րն ստիպեցին հայ ժողովրդին տարբեր ձևով մտածել։ Ինչպե՞ս ընդունվեց անկախությունը, երբ ոմանք կասկածի էին ենթարկում այդ քայլի խոհեմությունը։ Ինչպե՞ս են հայերը վարվում հաղթանակի հետ, երբ այն բախվում է զոհի հոգեբանությանը։ Ինչպե՞ս են քաղաքական ավանդույթները գործում։ Ինչպե՞ս են ավանդական կառույցները վարվում պետականության մարտահրավերի հետ, երբ այնքան շատ բան հաստատված էր նրա բացակայության վրա։ Ինչպե՞ս է պատմության ավանդական ըմբռնումն այսօր ազդում պետականության մասին հայկական տեսակետի վրա, և հակառակը, ինչպե՞ս է պետականությունը դիմակայում պատմության ավանդական տեսակետին։ Ինչպե՞ս են ինքնության, միասնականության պահպանման և Ցեղասպանության ճանաչման գերիշխող թեմաները գործում մի աշխարհում, որտեղ անկախ Հայաստանի դրոշը ծածանվում է այլ երկրների դրոշների շարքում։

Գլուխ 1֊ը ներկայացնում է Շարժումից ի վեր հայ քաղաքական դաշտի ուրվագիծը և վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի առջև ծառացած հիմնական հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Գլուխ 2֊ը քննարկում է Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը իբրև կարևոր իրադարձություն՝ հասկանալու համար այն առնչությունը, որ գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի և պրագմատիզմի ու ազգային գաղափարախոսությունների երկու տարբեր պատասխանների միջև։ Գլուխ 3֊ը մանրամասնում է հակամարտության լուծման նկատմամբ քաղաքական կուսակցությունների ու ղեկավարների դիրքորոշումները և այն դերը, որ նրանց քաղաքական ծրագրերում և աշխարհայացքում հատկացված է հակամարտությանը։ Գլուխ 4֊ը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման, միասնականության ու քաղաքական լեգիտիմության կարևոր թեմաներին և «բարձրագույն» առաքելության կամ առավելապաշտական ծրագրերի հասնելու ռազմավարության մեջ դրանց կարևորությանը։ Գլուխ 5֊ը վերլուծում է սփյուռքյան իրականությունը և առավելապաշտների կողմից իրեն հատկացված դերի կատարման հարցում Սփյուռքի կարողությունը։ Վերջին գլուխը ներկայացնում է փաստարկներ առավելապաշտության (մաքսիմալիզմի) դեմ՝ հօգուտ բնականոնության (նորմալության)։

Այս ամենից հետո, կարելի է մտածել, թե, ի վերջո, որևէ պատասխան նույնքան իրավացի է, որքան մյուսը։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե յուրաքանչյուր ճանապարհ ինչի՛ է հանգեցնում՝ իբրև պատասխանատվություն, ռիսկ, պարտավորություն և հնարավոր հետևանք։

1․ Քաղաքական դաշտ I — Ղարաբաղից դեպի անկախություն

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ղարաբաղում։ Ինչպե՞ս կարելի է ղեկավարների ու կուսակցությունների կողմից վիճարկվող տարբեր հավաստումների մեջ որոշել, թե որն է օգտակար Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Իրադրությունն ունի՞ արդյոք իր տրամաբանությունը։ Որևէ միջոց կա՞ զատորոշելու, թե ինչն է կարևոր ու ի՛նչն է երկրորդական այն այն ամենի մեջ, ինչ կարդում ենք թերթերում ու ինտերնետում, ինչ լսում ենք այն այցելուներից, որոնք վստահեցնում են, թե ծանոթ են «ներքին խոհանոցին»։

Պրոբլեմի մի մասը տեղեկատվության աղբյուրների մեջ է։ Հայաստանի և Սփյուռքի հայկական մամուլը, քիչ բացառություններով, կա՛մ քաղաքականապես նախապաշարված է, կա՛մ չունի մասնագիտաբար գործելու համար անհրաժեշտ կարողություններ ու հետաքրքրություն, հաճախ՝ երկուսն էլ միաժամանակ։ Հայկական թերթերի մեծ մասին պակասում է իրենց հաղորդելիքը ստուգելու և վերստուգելու դրվածքը, փաստը բամբասանքից, տեղեկությունը կարծիքից ու կարծիքը վերլուծությունից տարանջատելու բարեխղճությունը։

Արևմտյան աղբյուրների պարագայում խնդիրն այլ է։ Արևմտյան, մասնավորապես ամերիկյան նորությունների թողարկումները գերադասում են սենսացիոն, կոնֆլիկտային և արյունալի նյութեր․ իրենց նյութը տպված տեսնելու համար լրագրողները հաճախ ստիպված են նման շունչ հաղորդել իրենց գրվածքին։ Զեկուցելով իրենց համար փոքր կարևորություն ներկայացնող երկրների մասին՝ լրագրողները փորձում են ամենից առաջ հետևել իրենց կառավարությունների կամ ընկերությունների պաշտոնական դիրքորոշմանը։

Այստեղ նույնպես կան բացառություններ, սակայն մեծ մասամբ արևմտյան լրագրողները տառապում են «մի ակնթարթում փորձագետ» դառնալու մասնագիտական բարդույթով։ Հարձակվում են երկրի վրա, որևէ բանի ու ամեն քայլի մասին կատարում են ոչ միայն քաղաքական, այլ նաև պատմական ու բարոյախոսական դատողություններ՝ սկսած երկրի Սահմանադրությունից, որը նրանց մեծ մասը ժամանակ չի ունեցել կարդալու, վերջացրած ընտրական օրենքներով, որոնք կարդալու նեղությունն իրենց չեն պատճառել։ Մեծ թերթերից մեկում Թուրքիայի մասին գրող մի լրագրող, նրա պատմության մասին բազմաթիվ սյունակներով լեցուն երկարաձիգ մի հոդվածում հայերին խորհուրդ էր տալիս մոռանալ անցյալը։ Լրագրողները սիրում են կրկնել իրենք իրենց և ուրիշներին։ Ղարաբաղյան հակամարտության տասը տարիների ընթացքում հակամարտության կողմերը խոհեմաբար կարողացել են զերծ մնալ հակամարտության մեջ կրոնական հարցերի ընդգրկումից։ Սակայն նորություններ հաղորդող հոդվածների մեծ մասը այն ներկայացնում է իբրև «հիմնականում քրիստոնյա Հայաստանի և առավելապես մահմեդական Ադրբեջանի» միջև հակամարտություն։

Խնդրական է նաև այն, թե ինչպես են Հայաստանից դուրս բնակվող ընթերցողներն ստանում ու մարսում նորությունները։ Երբ նորություններ կարդալու հիմնական նպատակը սեփական կանխակալ կարծիքի հաստատումն է, երբ ընթերցողի ինքնասահմանումը դեր է կատարում լուրերի ընկալման մեջ, նվազ հավանական է, որ ընթերցողը քննադատական դատողություն անի այդ լուրերի աղբյուրի, կարևորության և նպատակադրման առնչությամբ։


Խաղաղ, սակայն անավարտ հեղափոխություն

Այնուամենայնիվ, կարելի է ընդհանուր գծերով ներկայացնել ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության ծավալումը։ Խորհրդային հանրապետությունից անցումը անկախության խաղաղ էր ու հանդարտ։ Սա մնում էր կարևոր և պատշաճ գնահատման արժանի մի փաստ, որի համար երախտիքի տուրք պետք է մատուցվի Ղարաբաղ Կոմիտեին ու այդ ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներին։ Երկիրը խուսափեց ներքին ընդհարումներից կամ վատթար զարգացումներից։ Չնայած բռնությամբ փոփոխությունների հասնելու որոշ փորձերի, հաղթեց կայունությունը։ Դրա համար երախտիքի տուրք պետք է մատուցվի ժողովրդին, սակայն նաև Հայոց համազգային շարժմանը՝ Ղարաբաղ Կոմիտեի իրավահաջորդ կազմակերպությանը և Հայաստանի առաջին Նախագահին։

Վհուկների որս նույնպես չկատարվեց, փորձ չարվեց վրեժ լուծել անցյալի չարաշահումների համար կամ պատժել նախկին ղեկավարներին այն իրավիճակի համար, որ գոյություն ուներ ՀՀՇ֊ն 1990֊ին կոմունիստներից վերցրեց իշխանությունը։ Ճիշտ հակառակը․ նախկին այդ ղեկավարները, որոնք կամեցան աջակցել նոր պետությանը, պաշտոններ ստացան նոր վարչակազմում, արդյունաբերության մեջ և գիտության ոլորտում։

Սակայն և չկատարվեց նախկին ռեժիմի քննադատությունը, չարվեց տնտեսության, քաղաքական մշակույթի, բարոյականության և հասարակության մտածելակերպի վրա խորհրդային կարգերի թողած հետևանքների գնահատականը։ Մտավորական դասակարգը զլացավ քննելու այն կեղծ արժեքները, որոնցով առաջ էին քաշվում մտավորականները, գրողներն ու արվեստագետները, ինչպես նաև՝ իրենց ներկայացրած արժեքների ազդեցությունը հասարակության հոգևոր ու մշակութային կացության վրա։ Արդյունաբերության ղեկավարները չքննադատեցին ֆինանսական սնանկությունը, կառավարման ձախողությունները, ենթակառուցվածքների քայքայվածությունը, հաստոցների բարոյական մաշվածությունը, որոնք դժվարացնելու էին տնտեսության վերականգնումը։ Բժիշկները զլացան մերկացնել հնացած ու աղետալի առողջապահական համակարգն ու բուժական գործունեությունը՝ սկսած մանկածնությունից մինչև մտավոր հիվանդների բուժման ստալինյան կարգերից մնացած մեթոդները։ Կրթական համակարգի պատասխանատուները զլացան քննադատել կրթական մի համակարգ, որը հնացած էր և գաղութարարական՝ իր մտածողությամբ, ստալինյան՝ իր մանկավարժությամբ և՝ միջուկից փտած։

Փոխարենը մի ժամանակ արտոնյալ վերնախավն այժմ փորձում է իր դիրքերը փրկել՝ անցյալի և իր սեփական ձախողումները քողարկելով։ Նրանք ընդդիմանում էին փոփոխությունների բոլոր փորձերին և ձայնակցում «մտավորականների» ճարտասանությանը, որը պախարակում էր նոր վարչակազմին ու նրա ձեռնարկումները, կարծես թե դա լիովին նոր երկիր էր, և 1990֊ին ամեն ինչ սկսվել էր դատարկ տեղից։ Նրանք ցանկանում էին բոլորին համոզել, որ անկախությունն ու նոր վարչակազմն են պատասխանատու ամեն բանի՝ շրջափակումների ու բարտերային տնտեսության, աղքատության ու պոռնկության, կոռուպցիայի ու հանցագործության համար։ Այժմ Ռ․ Կոչարյանի վարչակազմում կոչեր են հնչում 1990-1997 թթ․ վարչակազմի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն երբեք նման կոչեր չհնչեցին նրանց կապակցությամբ, ովքեր ղեկավարել էին երկիրը 1921֊ից մինչև 1990֊ը և այն հասցրել քաղաքական, տնտեսական ու բարոյական սնանկության։


Նորմալ առողջ հասարակություն դառնալու համար Հայաստանը կարիք ուներ արմատական փոփոխությունների ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաև կրթական, իրավական, առողջապահական և սոցիալական ապահովության համակարգում։ Հիմնարկությունների, չինովնիկության, մասնագիտական խմբերի և արտոնյալ վերնախավի կողմից փոփոխության հանդեպ դիմակայությունը դարձավ նոր և արժանապատիվ հասարակություն ստեղծելու հարցում Հայաստանի անկարողության պատճառների կարևոր մի մասը։ Քաղաքական կուսակցությունները համակիրներ ապահովելու համար փոփոխության համար դիմակայությունը վերածեցին քաղաքական օրակարգի, իսկ «ազգային գաղափարախոսությունը» հարմարավետ քող էր ապահովում հետադեմ քաղաքականության համար։


Քաղաքականությունը և կուսակցությունները

Հայաստանի քաղաքացիները հիմնավոր, գրեթե բնազդային անվստահություն են տածում քաղաքական կուսակցությունների, բոլո՛ր կուսակցությունների հանդեպ։ Քաղաքացիների մեծամասնությունը որևէ կուսակցության չի պատկանում և չի առնչվում որևէ կուսակցության հետ։ Այդ անվստահությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում Կումունիստական կուսակցության հետ ունեցած փորձառությունից։ Նոր կուսակցությունները ժողովրդին իրենց կարծիքը փոխելու առանձնապես շատ առիթ չտվեցին՝ մասամբ անիրատես ակնկալությունների պատճառով, մասամբ էլ նոր կուսակցությունների ու դրանց ղեկավարների վարքի ու բարքի հանդեպ քաղաքացիների տածած հակակրանքի հետևանքով։

Հայերը նաև ոչ֊միանշանակ վերաբերմունք ունեն մամուլի և նորությունների այլ աղբյուրների նկատմամբ։ Բանավոր փոխանցված տեղեկությունը՝ բամբասանքը, որ անշուշտ նվազ արժանահավատ է, քան մամուլը, միջին քաղաքացու համար շատ ավելի վստահելի է։ Դրանով հանդերձ, հայերը մնում են նորությունների ու մեկնաբանությունների մոլի ընթերցողներ և ունկնդիրներ։ Նրանք հաճախ դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն, սակայն ուզում են հավատալ։ Սիրում են բողոքել, սակայն նրանց բողոքը միշտ չէ, որ իրենց քվեի հիմքն է կազմում։

Թեկնածուների միջև նախապատվությունը արտացոլում է ոչ միայն հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումներին, այլ նաև նրանց վարքագծին տված նախապատվությունը, և միշտ չէ, որ կարող է նշանակել համակրանք նաև թեկնածուի կուսակցության նկատմամբ։ Ինչպես մի դիտորդ նշեց, հայերը նաև իմունիտետ ունեն քարոզչության հանդեպ։ Խորհրդային շրջանում խոսքի չարաշահումը նրանց մեջ անվստահություն է ներշնչել այն ղեկավարների հանդեպ, որոնք չափազանց շատ են խոսում, չափազանց շատ են պահանջում և չափազանց շատ խոստանում։


Քաղաքական կուսակցությունները դեռևս անհրաժեշտ են համարվում ժողովրդավարության համար։ Սակայն նույնիսկ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, թերևս հատկապե՛ս զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում քաղաքական կուսակցություններն այլևս չունեն միևնույն զորությունը, որ սովոր էին վայելել տասնիններորդ դարում կամ քսաներորդ դարի սկզբին։ Մասնավորապես, ազատ շուկայական տնտեսություններում շատ բան որոշվում է կուսակցական կառույցներից ու միջոցառումներից դուրս․ կենտրոնական բանկերը, մեծ բիզնեսը, բազմազգ կորպորացիաները և քաղաքացիների նախաձեռնությունները հարցերը որոշում են այնպիսի գործընթացների միջոցով, որոնք դուրս են կուսակցական քաղաքականությունից։ Եվ, համաշխարհային տնտեսական կառույցների ու հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, աջերի ու ձախերի միջև զանազանումն ավելի ու ավելի է մշուշվում։

Հայաստանում կուսակցությունները շատ ավելի նվազ չափով են ի վիճակի արտացոլել ընտրողների մտահոգությունները՝ այդ իսկ ընտրողների համար վստահելի ձևով։ Այնուամենայնիվ, նույնիսկ Հայաստանում, ուր պրոբլեմներն ու լուծումներն արտահայտելու նրանց վստահելիությունը հարցական է, կուսակցությունները դեռևս զբաղեցնում են քաղաքական դաշտը և մնում են այն գործիքը, որի միջոցով թեկնածուներ ու ընտրանքներ են առաջարկվում քաղաքացիներին։

Հայաստանում քաղաքական կուսակցությունները ենթարկվել են փոփոխությունների։ Ճեղքվածքներ են հայտնվել նրանց միջև, ովքեր մի ժամանակ զինակիցներ էին։ Ներկայումս Հայաստանում գործառող մի շարք կուսակցությունները ՀՀՇ֊ից մինչև 1998 թ․ փետրվարը կառավարող կուսակցությունից ելած ճյուղավորումներ են։ Դրանք են՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), որի ղեկավարներն են Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Վարդանյանը՝ երկուսն էլ Ղարաբաղ Կոմիտեի անդամներ, Գիտնականների և արդյունաբերողների քաղաքացիական միությունը (ԳիԱրՔՄԻ), որի ղեկավարներից են Աշոտ Մանուչարյանն ու Ռաֆայել Ղազարյանը՝ Ղարաբաղ Կոմիտեի երկու այլ անդամ, Երկրապահները՝ խորհրդարանի այն խմբակցությունը, որը պատասխանատու է Լևոն Տեր֊Պետրոսյանի հանդեպ խորհրդարանի օժանդակության կորստյան հարցում, ձևավորվել է Պաշտպանության նախարար և երկրորդ դասի ՀՀՇ լիդեր Վազգեն Սարգսյանի կողմից, և Շամիրամը՝ Ղարաբաղ Կոմիտեի անդամ ու ՀՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանի հիմնադրած կանանց կազմակերպությունը։

Երկու կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)՝ Սերգեյ Բադալյանի առաջնորդությամբ, և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ)՝ Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, հիմնադրել են խորհրդային շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմքի վրա, որն ինքնալուծարվել էր 1991-ին։

Երեք կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ կամ Դաշնակցություն), Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը կամ Ռամկավար կուսակցությունը (ՀՌԱԿ) և Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ներմուծվել են Սփյուռքից՝ 1991֊ին բազմակուսակցական համակարգի ընդունումից հետո։

Անցած տասնամյակում որոշ խնդիրներ (ինչպես անկախության և ինքնիշխան պետության կառույցների ձևավորում) լուծվեցին՝ դրանով որոշակիորեն նսեմացնելով խորհրդային շրջանի այլախոհների հիմնադրած կուսակցությունները, թեև դրանց ղեկավարները դեռևս քաղաքականապես ակտիվ են և ունեն հետևորդներ։

1998֊ի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված քաղաքական կուսակցությունների մեծ մասի նույնիսկ անունները հայտնի չեն և կարող են երբեք հայտնի չդառնալ։ Դրանք չափազանց փոքր են ու աննշմար, չունեն տեղական կազմակերպություններ, անդամների նշանակալի քանակ կամ առաջնորդող հայտնի քաղաքական դեմքեր։ Շատ ուրիշներ, որ հարաբերականորեն ճանաչված են, նույնպես փոքր են, սակայն իրենց նշանավոր ղեկավարների շնորհիվ ավելի մեծ համբավ են վայելում։

1998֊ին ընտրողների մեկ տոկոսից ավելի հետևորդներ ունեցող կուսակցությունների մեծ մասը գրանցվել է մինչև 1992 թվականը։ Միայն երկուսն են նորելուկներ։ Երկրապահներն սկսեցին որպես պատերազմի վետերանների կազմակերպություն և վայելեցին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցությունը։ Վերջինիս դիմումով 1995 թ․ խորհրդարանական ընտրություններում Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանը և ՀՀՇ֊ն սատարեցին այս խմբի ութ թեկնածուի՝ Ազգային ժողով նրանց ընտրության հարցում։ Խորհրդարանի Երկրապահ խումբը, որը սովորաբար սատարում էր Լ․ Տեր֊Պետրոսյանին, դարձավ 1997֊ին նրա ղարաբաղյան քաղաքականությանն ընդդիմացող հիմնական խմբակցությունը։ Երկրապահները 1998֊ին իրենց մեջ առան փոքր Հանրապետական կուսակցությունը և 1999֊ի սկզբին դարձան լիարժեք քաղաքական կուսակցություն։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հիմնադրեց Կարեն Դեմիրճյանի կողմից 1998 թ․ կեսերին նախագահական ընտրություններում նրա նշանակալի հաջողությունից հետո։

Ստեղծվում են նոր կուսակցություններ, և որոշ կուսակցություններ անհետանում են։ Կուսակցությունների ճակատագրերի մեջ փոփոխություններն ու որակափոխությունները բավականաչափ նորմալ երևույթ են, և ինքնին, ու իբրև այդպիսին, պրոբլեմ չեն կարող համարվել դրանցում ծրագրերի փոխարեն անհատների գերիշխող դերը։ Դա է պատճառը, որ քիչ կուսակցություններ կարող են պարծենալ սկզբնավորումից ի վեր իրենց անդամակիցների քանակի նշանակալի աճով։

Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ մի շարք կուսակցություններ ֆինանսական օգնություն են ստանում երկրից դուրս գտնվող աղբյուրներից։ Արտաքին ֆինանսավորումը Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ապօրինի է։ Լինի հատուկ գործունեության նպատակով, թե իբրև սովորական օգնություն՝ արտաքին ֆինանսավորումը խեղաթյուրում է կուսակցությունների հարաբերական հզորության հանրային ընկալումը և ոմանց անարդարացի առավելություն է ընձեռում մյուսների նկատմամբ։


Խնդիրներ և օրակարգեր

Խնդիրների միջոցով կուսակցությունների վերլուծությունը հեշտացնում է Հայաստանի քաղաքականության ըմբռնումը։ Ի լրումն Ղարաբաղի հիմնախնդրի, որը հիմնականում դեռևս գտնվում էր իր նախառազմական փուլում, 1990 թվին ՀՀՇ֊ի առաջնորդած հաղթական ոչ֊կոմունիստ ընդդիմության առջև երեք մեծ խնդիր կար ծառացած․ Հայաստանը պե՞տք է դառնա անկախ պետություն, թե՞ մնա իբրև ԽՍՀՄ֊ի մաս։ Հայաստանը պե՞տք է ընտրի բազմակուսակցական ժողովրդավարություն, թե՞ մնա միակուսակցական վարչակարգ։ Հայաստանը պե՞տք է պահի կենտրոնի կողմից պլանավորվող սոցիալիստական տնտեսական համակարգը, թե՞ պետք է որդեգրի ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն։

1988֊ին ոչ ոք չգիտեր, թե ղարաբաղյան հիմնախնդիրն ուր էր տանելու։ Ամեն դեպքում, 1991֊ին ամեն ոք ենթադրում էր, որ Հայաստանի անկախությունը կհռչակվի այդ տարի, սակայն անկախության միջազգային ճանաչումը չէր ակնկալվում առաջիկա երեք, թերևս հինգ տարում։ Թեև բազմակուսակցական համակարգի և ազատ շուկայական տնտեսության ընդունման հարցում գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն, սակայն հստակ չէր, թե դրանից յուրաքանչյուրն ինչ աստիճանի և որքան արագ կարող է իրականացվել առանց Մոսկվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման։ Ամեն դեպքում, ուղղությունների հիմնավոր ընտրությունները կատարվեցին 1991֊հուլիսին։

1991 թ․ դեկտեմբերին ԽՍՀՄ֊ի փլուզումը խթանեց Հայաստանի, ինչպես նաև բոլոր մյուս խորհրդային հանրապետությունների անկախության ճանաչումը, ներառյալ նաև այն հանրապետություններինը, որոնք չէին ձգտել ու քայլեր չէին ձեռնարկել այդ ուղղությամբ։

Շարժման ղեկավարների միջև ի հայտ եկան հին, հաճախ դեռևս լուռ տարաձայնություններ, իսկ երբ հայ ժողովրդի առջև ծառացավ հարցերի նոր շղթա, առաջացան նաև նոր անհամաձայնություններ։


Շրջակա միջավայր

Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988 թ․ փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987 թ․ աշնանը Երևանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր՝ ընդվզելու Երևանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ։ Ամենամեծը մոտ 5000 մարդու մասնակցությամբ ցույցն էր, որը հետագա չափանիշներով տպավորիչ չէր, սակայն իր ժամանակին բավական նշանակալի երևույթ էր։

Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին։ Ցույցերը բարձրացրին ազգաբնակչության գիտակցությունն ու հետաքրքրասիրությունը, սակայն որևէ արդյունք չտվեցին։ Բացի հարցի ինքնին կարևորությունից, այն փաստը, որ կարող է զանգվածային ցույց տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում։ Նախ և առաջ, այն նախադեպ ստեղծեց հետագա իրադարձությունների համար։ Այժմ ցույցերը օրակարգի հարց բարձրացնելու հնարավոր միջոց էին, և կառավարության ու կուսակցության կառույցից դուրս հնարավորություն կար ժողովրդին հուզող հարցեր արծարծելու։

Երկրորդ, Ղարաբաղյան Շարժումը մթագնեց շրջակա միջավայրի խնդիրը։ Վերջինս դարձավ այն բազմաթիվ հարցերից լոկ մեկը, որոնք փետրվարին հրապարակ հանեցին ժողովրդին ու նրա բոլոր դժգոհությունները։ Ահա այսպես, զանգվածային ցույցերը 1988֊ի փետրվարին Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջից շատ արագ 1988֊ի մայիսին վերածվեցին ազգային վերածննդի համապարփակ օրակարգի։

Շրջակա միջավայրի հարցը, դեռևս չսպառված, տնտեսության փլուզումից հետո դարձավ երկրորդական։ Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանն (1990-1995) ուներ Կանաչներից մեկ անդամ, որն այնուհետև չվերընտրվեց Ազգային ժողովում։

Լեռնային Ղարաբաղը և Ղարաբաղյան շարժումը

Ղարաբաղյան հակամարտությունը, որը բոցավառեց համաժողովրդական շարժման կրակը և եկավ խորհրդանշելու ժողովրդի ձգտումները, մեկ տասնամյակում ծավալվեց բազմաթիվ ուղղություններով։ Քաղաքական հակամարտությունը վերածվեց արյունահեղության։ Մեկ պետության՝ ԽՍՀՄ֊ի ներսում ծագած վարչական հարցը, վերաճեց տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար լուրջ մտահոգության առարկայի։ Միաժամանակ փոխվեց հակամարտության կարևորությունը ներքին քաղաքականության մեջ, ինչպես փոխվեց նաև նրա դերը ազգային օրակարգի, ազգային տնտեսության մեջ և կուսակցությունների ծրագրերում։


Հարկավոր է տարբերակում կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանում Ղարաբաղյան Շարժման միջև։

Ղարաբաղում Ղարաբաղյան Շարժումը եղել էր և մնաց մեկ խնդրի՝ Ղարաբաղի ապագային նվիրված շարժում։

Հայաստանում Ղարաբաղի հարցը բոցավառեց Շարժումը, սակայն չկարողացավ սահմանափակել դրա օրակարգն ու զարգացումը։ Եթե 1988֊ի փետրվար֊մարտ ամիսների ելույթները ամփոփվում էին Ղարաբաղով, 1988֊ի մայիսին շարժման առաջնորդներն արծարծում էին ժողովրդավարության, արժեքների համակարգի, կոռուպցիայի, պետության ապազգային բնույթի (ռուսականացում և ադրբեջանցի ազգաբնակչության ծնելիության աճ) և, ի վերջո, անկախության հարցերը։

Ահս զարգացումը տեղի ունեցավ երեք գործոնի պատճառով։

Առաջին․ երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում մարզային իշխանությունը 1988 թ․ փետրվարի 20֊ին բարձրացրեց Հայաստանի հետ միավորվելու հարցը, և՛ ղարաբաղում, և՛ Հայաստանում ակնկալվում էր, որ հարցն արագորեն կլուծվի հօգուտ Ղարաբաղի հայցի։ ԽՍՀՄ տարածքում ներքին վարչական սահմանների կանոնավորման դեպքեր ԽՍՀՄ պատմության մեջ տեղի էին ունեցել բազմաթիվ անգամ։ Բացի այդ, «Մոսկովյան զրույցներ ունեցած որոշ անհատ ակտիվիստներ եզրակացրել էին, որ նման վերակարզմավորման համաժողովրդական հայցին «Մոսկվան» նպաստավոր արձագանք կտա։ Այդ ամենն, ի վերջո, տեղի էր ունենում «գլասնոստի», «պերեստրոյկայի» և ապաստալինականացման շրջանակում։ Եթե շտկումներ էին կատարվում ստալինիզմի հարկադրած քաղաքական ու տնտեսական համակարգի մեջ, հիմք կար կարծելու, որ խորհրդային կարգերի երրորդ սյունը՝ ազգային շատ խմբերի համար անարդար ներքին սահմանների համակարգը, նույնպես կարող էր փոփոխվել։

Մոսկվայի կողմից դրական արձագանքի զլացումը և փետրվարի վերջին ու մարտի սկզբին Սումգայիթում հայերի կոտորածները վերջիններիս մղեցին կասկածի տակ դնելու այդ համակարգը, քանզի Խորհրդային Միության մաս կազմելը ենթադրում էր, որ հայերի անվտանգությունը պետք է երաշխավորված լիներ։

Փոփոխությունը շատ մեծ չէր տասնիններորդ դարավերջի և քսաներորդ դարասկզբի հայ քաղաքական մտքի զարգացումից։ Չափավոր հայերի կողմից Օսմանյան Կայսրությունում բարեփոխումների մասին խաղաղ խնդրագրերը, որ երևակայաբար իբր պաշտպանվում էին մեծ տերությունների կողմից, արդյունքի չհանգեցրին։ Չափավորներն իրենց տեղը զիջեցին հեղափոխականներին, պետությունը պատասխանեց կոտորածներով։ Դրանից հետո հեղափոխականներն սկսեցին հարցնել, թե ինչո՞ւ Արևմտյան երկրները բարեփոխումներին իրենց սատարման հարցում հետևողական չէին։ Պատասխանը պարզ էր․ կապիտալիստ եվրոպացիների իմպերիալիստական շահերը և Ռուսաստանի ոչ֊ժողովրդավարական բնույթը։ Այս պատասխանը հեղափոխականներից ոմանց մղեղ «Հայոց հարցի» լուծումը փնտրելու համաշխարհային համակարգի արմատական վերափոխման մեջ։ Ոմանք միացան հակաիմպերիալիստական ու հեղափոխական եվրոպական ու ռուսական շարժմանը և ընդունեցին մարքսիզմն ու մարքսիստական, և ոչ թե սոսկ սոցիալիստական քաղաքական գաղափարախոսություններ։


Ղարաբաղյան ցույցերը ազգային վերածննդի շարժման վերածվելու երկրորդ կարևոր պատճառը պարզ քաղաքացու համար փողոցային ցույցերի նշանակությունն էր։ Նույնքան կարևոր, որքան շատերի համար Ղարաբաղի հարցն էր, կարևոր էր նաև (կամ դարձավ այդպիսին) առաջին անգամ պետության դեմ արդյունավետորեն արտահայտվող ընդդիմության խորհրդանշումը։ Համակարգը քաղաքականապես և բարոյապես սնանկ էր, մարդիկ բավարարված չէին, և այժմ հնարավորություն ունեին միանալու ժողովրդի այդ մասին՝ համակարգի վերաբերյալ հրապարակավ անհատական հայտարարություն անելու։ Նրանց հակակրանքը սոսկ Ղարաբաղի կարգավիճակին չէր վերաբերում։ Այն ավելի վերաբերում էր համակարգին, որը ղեկավարում էր իրենց կյանքի բոլոր բնագավառները։ Ղարաբաղը դարձավ համակարգի դեմ բողոքի շարժման ձգանն ու խորհրդանիշը, սակայն չսպառեց շարժման օրակարգը։ Սա բացատրվում է նաև Շարժման ղեկավարության փոփոխությունը միախնդիր ազգային կոմունիստներից, ինչպիսին Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Իգոր Մուրադյանն էին, նոր, շատերին անծանոթ դեմքերով, ինչպիսին էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և ուրիշներ։

Երկրորդ գործոնը Ղարաբաղի ու Հայաստանի իրավական կարգավիճակների տարբերությունն էր։ Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում՝ Խորհրդային կառույցների մեջ սահմանափակ մուտքով ու ներգործությամբ և առանց միջազգային դիրքի, մինչդեռ Հայաստանը ԽՍՀՄ֊ի բաղկացուցիչ հանրապետություն էր։ Պայքարի ձևավորման ընթացքում Մոսկվայի, Ադրբեջանի և մնացյալ աշխարհի հետ շփումներում Հայաստանն ստիպված էր հարցերը սահմանել՝ նկատի ունենալով խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության հետ իր հարաբերությունների բոլոր մյուս եզրերը։

Մինչ Ղարաբաղ Կոմիտեն համառորեն հետապնդում էր վարչական սահմանների փոփոխման հասնելու նպատակը, որով Ղարաբաղը կարող էր վերամիավորվել Հայաստանին, Հայաստանը միակ օրինական և կառավարող կուսակցությունը՝ Հայկական ԽՍՀ կոմունիստական կուսակցությունը, պատասխանեց Շարժումը վերահսկելու երկչոտ փորձով։ Թեև որոշ պաշտոնյաներ համակրանք էին տածում Շարժման առաջին նպատակի հանդեպ, մեծ մասը մտահոգ էր դրա բռնած ուղղությամբ և ընդունած ծավալով։ Երբ զանգվածային շարժումը վերածվեց տիրապետող երևույթի, իսկ կարգախոսներն սկսեցին անցնել նախնական խնդրի սահմանները, Կոմունիստական կուսակցությունն ու կառավարության մարմիններն սկսեցին փորձել իրենց տիրույթի մեջ առնել Շարժումը՝ նրա արմատականացումը կանխելու ապարդյուն փորձով։ Արմատականացումը կարող էր հակադրվել խորհրդային կարգերին ու ԽՍՀՄ կազմում Հայաստանի կարգավիճակին, և ժողովրդավարության ու անկախության հարցեր կարող էին ծագել։

1988 թ․ դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո Շարժման առաջնորդների բանտարկումը Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից մեծագույն սխալ եղավ։ Սակայն այդ առաջնորդներին թույլ տալ, որ կազմակերպեն համաժողովրդական փրկարար աշխատանքները, նույնպես սխալ էր լինելու․ Շարժումը փաստացիորեն փոխարինած էր լինելու կառավարությանը, որն այլևս չէր կարողանալու ազդեցություն ունենալ կամ ղեկավարել։ Երբ բյուրոկրատական ու կոռումպացված կառավարության հանդեպ համաժողովրդական բարկությունը Մոսկվային ստիպեց 1989֊ի հունիսին բանտարկյալներին ազատ արձակել, իրավիճակն արմատապես փոխվեց, և Ղարաբաղ Կոմիտեն սկսեց մտածել իշխանության գալու ուղղությամբ գործելու մասին։ 1989֊ին Շարժումը վերածվեց կազմակերպության (ՀՀՇ)՝ հեռուն գնացող քաղաքական ծրագրերով։ Այն պահանջում էր ոչ պակաս, քան Հայաստանի քաղաքական ու տնտեսական կառուցվածքների վերափոխում և Հայաստանի հետ Ղարաբաղի միավորմամբ Ղարաբաղյան հարցի լուծում։ ՀՀՇ֊ն առաջարկում էր ազգային վերածննդի ծրագիր։

Չնայած առկա տարաձայնություններին, կառավարությունն ու ՀՀՇ֊ն հիմնականում քաղաքակիրթ հարաբերություններ էին պահպանում։ 1990֊ի գարնանը Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները ՀՀՇ֊ի ղեկավարած կոալիցիան բերեցին իշխանության։ Կոմունիստները ծանր պայքար մղեցին, սակայն կորցրին օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնը։ Գերագույն խորհուրդը վերածվեց փոփոխությունների միջոցի, իրական օրենսդիր մարմնի՝ Նախարարների խորհրդի ու գործադիր մյուս մարմինների վրա ուղղակի վերահսկողությամբ։ Դա կառուցվածքային ու քաղաքական վերափոխումների սկիզբն էր։

ՀՀՇ֊ի կողմից իշխանության ստանձնումը և միջազգային հանրության կողմից Հայաստանի անկախության ճանաչումը արմատապես փոխեցին Ղարաբաղյան հիմնախնդրի բնույթը։ Ղարաբաղը դարձավ նոր կառավարության և ինքնիշխան նոր պետության օրակարգի հարցերից միայն մեկը։ Թեև Ղարաբաղը նույնպես, 1992֊ին, միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը, Լ․ Տեր֊Պետրոսյանը ձեռնպահ մնաց այդ հռչակման ճանաչումից։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հարաբերությունները մնացին ջերմ ու ամուր։

Ադրբեջանի և հայկական կողմի միջև Ռուսաստանի ու Իրանի միջնորդական ջանքերը 1992 թ․ հունիսին փոխարինվեցին Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ, այն ժամանակ՝ ԵԱԽՀ) կողմից միջնորդվող բանակցություններով։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, իրենց անկախությունների ճանաչումից քիչ անց, անդամակցեցին այդ կազմակերպությանն իբրև անկախ պետություններ։ Թեև ԵԱՀԿ֊ի սկզբանական մանդատը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք համաժողովի ընթացքում Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում գտնելն էր, ռազմական առճակատման սաստկացումը միջնորդներին ստիպեց զբաղվել մարտերի դադարեցման միջոցների որոնմամբ՝ այն դարձնելով ԵԱՀԿ Մինսկի Խումբ անվանմամբ հայտնի ատյանի օրակարգի հիմնական հարցը։

Այս բանակցություններին մասնակցության խնդիրը դարձավ հաջորդ վիճարկվող հարցը։ Ղարաբաղը, որ բանակցություններին հրավիրված էր իբրև «շահագրգիռ կողմ», նախ մերժեց մասնակցել դրանց։ Ղարաբաղի այս քայլը պաշտպանում էին Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք 1992֊ի ամռանը փողոցային ցույցեր կազմակերպեցին՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ խնդիրը հետապնդում էին երկու կոմունիստական կուսակցությունները, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ֊ն, Պարյուր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) և ՀՅԴ֊ն, որոնք, Հայաստանում ընտրական հաջողության հասնելու հարցում տապալվելուց հետո, ջանում էին իրենց դիրքերն ամրապնդել Ղարաբաղում։

Լ․ Տեր֊Պետրոսյանը մերժեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ փաստարկելով, որ կայուն ու ճկուն լուծումը պահանջում է լուծման հասնել երկու կողմերից անհրաժեշտ փոխզիջումների վրա հիմնված բանակցությունների միջոցով, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը կկասեցնի բոլոր բանակցությունները, և հիմնախնդիրը կմնա չլուծված։

Ղարաբաղն ի վերջո համաձայնեց մասնակցել ԵԱՀԿ֊ի բանակցություններին։ Մինսկի Խմբի բանակցությունները երբեք չհասան կարգավիճակի մասին խնդրին, սակայն հանգեցրին մի շարք առաջարկների, որոնցից ոչ մեկը չընդունվեց հակամարտության բոլոր երեք մասնակիցների կողմից միաժամանակ։ Մինսկի Խմբի 1997֊ի սեպտեմբերին ներկայացրած առաջարկը, իբրև վերսկսվելիք բանակցությունների հիմք, ընդունվեց Ադրբեջանի ու Հայաստանի կողմից, սակայն մերժվեց Ղարաբաղի կողմից։ Այն մերժվեց նաև Լևոն Տեր֊Պետրոսյանի վարչակազմի որոշ անդամների կողմից՝ հանգեցնելով Լ․ Տեր֊Պետրոսայնի հրաժարականին և Հայաստանի Նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուն։

Քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական առաջնորդները, Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից թե՛ առաջ և թե՛ հետո հազվադեպ են արտահայտել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ դրան հասնելու ռազմավարության վերաբերյալ հստակ շարադրված տեսակետերը։ Ընդդիմադիր շատ կուսակցություններ, ինչպես կոմունիստական խմբերն ու ՀՅԴ֊ն, խիստ հակազդեցություն էին ցուցաբերում փոխզիջման մասին որևէ ակնարկի հանդեպ, սակայն հակամարտության լուծման որևէ կառուցողական ծրագիր չէին առաջարկում։ Ուրիշները խոսում էին փոխզիջման մասին, սակայն չէին հստակեցնում, թե ինչն էին պատրաստ զիջելու։ ՀՀՇ֊ից ընձյուղված և Կտրիճ Սարդարյանի ու Աշոտ Բլեյանի ղեկավարած Նոր ուղի կուսակցությունն առաջարկեց պարզագույն, թեև ամենանվազ ժողովրդականություն վայելող լուծումը․ ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխիքն ու Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Նոր ուղու ղեկավարները պատճառաբանում էին, որ Ղարաբաղը կդառնա այն ձկնկուլը, որը կկլանի Հայաստանը, կհանգեցնի վերջինիս անկախաբար գործելու ունակության կորստին, և կդառնա այն մեխանիզմը, որով ավանդական մտածողությունը վերստին մուտք կգործի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Այս խնդիրը շարունակելու է արծարծվել հաջորդ երկու գլուխներում։ Սակայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում մոտեցումների տարբերությունները սահմանազատելու ցանկացած փորձ հարուցում է մի շարք բարդություններ։ Նախ, փոխզիջում՝ կոմպրոմիս բառը քաղաքականացվեց մինչև հստակեցնելը։ Երկրորդ, խնդիրը սկսեց հեշտորեն շահարկվել քաղաքական նպատակներով, և կուսակցությունները հակասական ազդանշաններ էին արձակում։ 1998֊ին Նախագահ Ռ․ Քոչարյանի խորհրդականների շարքում էին Հայաստանի ՀՅԴ ղեկավար Վահան Հովաննիսյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ ղեկավար Արամ սարգսյանը։ ԱԺՄ֊ում Վազգեն Մանուկյանի տեղակալ Դավիթ Վարդանյանը Նախագահի աշխատակազմում Վերահսկողական ծառայության ղեկավարն էր։ Բոլորը ներկայացնում են այն կուսակցությունները, որոնք 1992֊ին պահանջում էին, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը ճանաչի Ղարաբաղի հռչակած անկախությունը։ Սակայն նրանից ոչ ոք չարծարծեց այդ հարցը նախագահական աշխատակազմում Քոչարյանին միանալուց հետո, և, առնվազն հրապարակավ, չպահանջեց Ղարաբաղի միացումը Հայաստանին։


Անկախություն

Բացի Ղարաբաղի հիմնախնդրից, 1990֊ին Հայաստանի քաղաքական օրակարգը բաղկացած էր այնպիսի խնդիրներից, որոնք պայմանավորելու էին երկրի բնույթը․ Հայաստանը պետք է մնար ԽՍՀՄ մա՞ս, թե՞ դառնար անկախ երկիր, Հայաստանը պետք է ունենար մե՞կ կուսակցություն, թե՞ հաստատեր բազմակուսակցական համակարգ․ Հայաստանը պետք է ունենար Կենտրոնի կողմից պլանավորված տնտեսությո՞ւն՝ հիմնված պետության սեփականությունը հանդիսացող արտադրության միջոցների վրա, թե՞ պետք է անցներ ազատ շուկայական տնտեսության։

Կուսակցությունների առջև ծառացած առաջին հիմնախնդիրը անկախությունն էր։

Թերևս Ղարաբաղ Կոմիտեի որոշ անդամներ կարող էին մտածած լինել անկախության հնարավորության մասին, սակայն Կոմիտեն այդ գաղափարով չէր սկսել իր գործունեությունը։ Անկախության ձգտումը ներքին իրողության զարգացման տրամաբանության արգասիքն էր․ ոմանք ասում են՝ հայության և համաշխարհային պատմության տրամաբանությունը։ Ամեն դեպքում անկախությունն, ի վերջո, անխուսափելի էր։

Համբարձում Գալստյանը՝ Կոմիտեի ամենաերիտասարդ անդամն ու Երևանի ապագա քաղաքապետը, այն մարդկանցից էր, որը վստահ էր, որ այդ ողջ պատմությունն ավարտվելու էր անկախությամբ։ Նա Կոմիտեի առաջին անդամն էր, որին ես համեմատաբար մոտիկից ճանաչեցի 1998 թ․ մայիսին Երևան կատարած իմ ուղևորության ընթացքում։ Կոմերիտական կազմակերպության մեջ ակտիվ երիտասարդ ազգագրագետ Համբարձում Գալստյանը փորձում էր համոզել ինձ՝ սփյուռքյան պատմաբանիս և դեռևս ՀՅԴ անդամիս, որ անկախությունն այն հանգրվանն է, դեպի ուր շարժվում է Հայաստանը, և դա լավ բան է, ճիշտ այն, ինչի մասին ՀՅԴ անդամը պետք է, կամ ենթադրվում է, որ պետք է մտածած լինի։ Սակայն այս ՀՅԴ֊ականը թերահավատ էր։

Ժամանակի ընթացքում իրադարձություններն այլընտրանք չթողեցին։ Որոշումը կայացնելով՝ ՀՀՇ֊ն բռնեց անկախության ուղին ամբողջ ճակատով, սակայն այդ արեց խաղաղ կերպով՝ ԽՍՀՄ֊ից անջատվելու մասին Գորբաչովի սահմանած օրենքի համաձայն։

Դեպի անկախություն ընթացքի կասեցման վերջին հնարավորությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի ընտրությունն էր, որը հաջորդում էր խորհրդային ոճի այդ օրենսդիր մարմնի 1990 թ․ գարնանը կայացած ընդհանուր ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ Գերագույն խորհրդում ներկայացված էր երկու կուսակցություն․ պաշտոնական Կոմուսնիստական կուսակցությունը (ԿԿ) և ՀՀՇ֊ի ղեկավարած կոալիցիան, որն ընդդիմություն էր։ Ընտրությունը հեշտ չէր։ Գերագույն խորհրդի նախագահի ընտրության արդյունքը ըստ էության պետք է նշեր այն ուղղությունը, որով հիմնական հարցերում պետք է ընթանար Հայաստանը։ Կողմերից ոչ մեկը ապահովված չէր մեծամասնությամբ։ Կոմունիստների մեծամասնությունը ձայնը տվեց ԿԿ առաջին քարտուղար և այդ կուսակցության ներկայացրած թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։ Ի վերջո, նորեկների մեծ մասը և մի քանի կոմունիստներ, ԿԿ Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին ՀՀՇ թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանի օգտին։ Մովսիսյանը պարտվեց, սակայն Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ ոխ չպահեց, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանն իր հերթին որևէ չարակամություն չունեցավ նրա դեմ։ Հետագայում Լ․ Տեր֊Պետրոսյանի նախագահության շրջանում Մովսիսյանը գործեց որպես Գաղթականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, Գյուղատնտեսության նախարար և մարզպետ։ Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում։ Օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտի տնտեսության հարցերի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը ընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետև, Լ․ Տեր֊Պետրոսյանի ցուցակով՝ հանրապետության փոխնախագահ (1991-19935), ապա, 1995 թ․ Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ։

Ինչպես սեպտեմբերի21֊ի հանրաքվեն ցույց տվեց, ԿԿ֊ն գիտեր, որ ինքը չափազանց թույլ էր՝ դիմակայելու համար անկախության հռչակման ուղղությամբ անխոնջ երթին։ Նա գիտեր, որ անկախությունը նշանակելու էր իշխանության կորուստ։ Կուսակցության անդամներից ոմանք անկեղծ մտահոգություն ունեին սեփական ոտքերի վրա կանգնելու Հայաստանի կարողության վերաբերյալ։ Նրանք մտահոգված էին նաև, թե Մոսկվան ինչ կասի Հայաստանի ու նրա հավատարմության մասին։ Այնուամենայնիվ, նրանք գիտեին, որ այդ ընթացքը կասեցնելու համար շատ բան անել չեն կարող։ Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարները մեծ մասամբ գործել են ազնվորեն՝ զերծ պահելով ժողովրդին ու նոր հանրապետությունը որևէ նոր հարվածից։ ՀՅԴ֊ն նույնպես, թեև եղել էր 1918֊ին Առաջին Հանրապետության հիմնադիրը և, 1919֊ից սկսած՝ անկախության ջահակիրը, դժկամորեն, սակայն ի վերջո անհնար գտավ անկախությանը հակադրվելը։ Սփյուռքի մյուս երկու կուսակցությունները սատարեցին անկախությանը, թեև պատմականորեն նրանք են եղել այդ հարցում վերապահություններ ունեցողները։

Գերագույն խորհրդի կողմից Հայաստանում բազմակուսակցական համակարգի ընդունումից հետո հիմնադրված կուսակցություններից ոչ մեկը չընդդիմացավ անկախությանը։ Մեծ մասը մեծագույն ոգևորությամբ սատարեց դրան։ Հայաստանի կոմունիստական նորաստեղծ կուսակցությունը սակայն, 1997֊ից, սկսեց քարոզել Ռուսաստան֊Բելառուս միության մեջ Հայաստանի ներգրավման օգտին։

Տնտեսական բարեփոխումներ

Հայաստանի ապագա տնտեսական համակարգի հարցն ազգային օրակարգի վրա հայտնվեց դեռևս անկախությունից առաջ։ Շատերն այն կարծիքին էին, որ անկախ նրանից, թե խորհրդային մոդելի սկզբնական մտադրություններն ու խոստումներն ինչպիսին են եղել, ինչ֊որ բան զարհուրելիորեն սխալ է ընթացել։ Քչերն էին պատրաստ պաշտպանել այդ մոդելը։ Ազատ շուկայական համակարգի ընդունումը որքան որ տնտեսական համակարգի ընտրություն էր, նույնքան քաղաքական լուծում էր։ Ընտրվեց քաղաքականապես ու տնտեսապես ազատ աշխարհի ուղղությունը։ Այդ երկուսը դարձան անբաժանելի։ Հետևաբար, բնական էր, որ ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո գտնվող Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ ազատ շուկայական տնտեսության։ Ո՛չ ՀՀՇ֊ն, ո՛չ նրանից ընձյուղված ընդդիմադիրները երբևէ նշանակալիորեն չշեղվեցին այդ ուղուց։

Անկախությունից ի վեր, տնտեսական բարեփոխումը եղել է ավելի հավակնոտ խնդիր, քան Ղարաբաղյան հակամարտությունը, ավելի ծանր, քան պետականության կառույցների հաստատումը, ավելի դժվարահասանելի, քան պատերազմ շահելը, ավելի բարդ, քան գործող Սահմանադրության ստեղծումը, և ավելի վատ ընկալված, քան համատարած կոռուպցիան։ Այնուամենայնիվ, այն մի խնդիր է, որը կապվում է մնացած խնդիրներին ու խթանում դրանք։ Քաղաքացիների համար այն նշանակում է աշխատելու իրավունք, սեփական աշխատանքով արժանավայել կյանք ստեղծելու իրավունք, և ընդգրկում է դրանից բխող այլ իրավունքներ։

Խնդիրն սկսվում է հենց բարեփոխում բառից։ Տնտեսության բարեփոխում անվանել այն, ինչ անհրաժեշտ էր անել, նշանակում է սխալ ախտորոշում տալ պրոբլեմին և, հետևաբար, հետաձգել իրական բուժումը։ Նույնիսկ «վերափոխում» (տրանսֆորմացիա) բառը չի մոտենում հարկ եղած անելիքի խորքի ըմբռնմանը։

Տնտեսական բարեփոխումն ազդանշեց համակարգի անցումը կենտրոնացված պլանավորումից դեպի շուկայական տնտեսություն։ Պետությունը պետք է հրաժարվեր քաղաքական գաղափարախոսությամբ թելադրված տնտեսության վերահսկողությունից։ Այդքանը հստակ էր։ Բայց պլանավորման կենտրոնը Երևանը չէր եղել, եղել էր Մոսկվան։ Այն, ինչ Հայաստանում ներկայանում էր իբրև տնտեսություն, ուներ տնտեսական չնչին տրամաբանություն և Խորհրդային ճամբարի չափումներից դուրս չուներ որևէ իմաստ։ Այլ բան է անկախ պետության կենտրոնական պլանավորման տնտեսություն փոխելը, երբ պրոբլեմը, այսպես ասած, արտադրության միջոցների պատկանելիության հացն է։ Բոլորովին այլ բան է սկսել մի տնտեսության մնացուկներից, որն անվադողերն արտադրում էր Հայաստանում, մարմինը՝ Էստոնիայում, շարժիչը՝ Ղազախստանում, իսկ այդ ամենը որպես ավտոմեքենա ամբողջացվում֊հավաքվում էր Ուկրաինայում։ Այդ տնտեսության տրամաբանությունը ոչ միայն գաղափարախոսական էր, այլ նաև կայսերապետական։

Տնտեսության արտադրական հիմքը բախվում էր այլ պրոբլեմների ևս։ Գործարանների սարքավորումների մեծ մասը անհուսալիորեն հնացած էր, և արտադրված ապրանքների որակը հազիվ թե կարողանար դիմակայել համաշխարհային շուկայի մրցակցությանը։ Երկու տասնամյակ, երբ համաշխարհային տնտեսությունը հեղափոխական փոփոխություններ էր կրել, խորհրդային պլանավորողները լուրջ ներդրումներ չէին կատարել երկրի, ճանապարհների, հաղորդակցության միջոցների ենթակառուցվածքների մեջ։ Ավելին, երկրում քչերն էին, եթե առհասարակ կային այդպիսիք, որ որևէ պատկերացում ունեին մարկետինգի մասին, և շատ ավելի քչերը գիտեին այն շուկաների մասին, ուր ապրանքները վաճառվում կամ փոխանակվում էին կենտրոնական պլանավորողների կողմից։ Երկիրը կարիք ուներ բոլորովին նոր տնտեսության, և ոչ թե սոսկ հնի բարեփոխման։ Նոր տնտեսության ստեղծումը կարող էր ավելի հեշտ լինել, քան այն հիմքի վրա կառուցելը, որից սկսեց Հայաստանը։

Շուկայական տնտեսությունը պահանջում էր այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեին։ Այն պահանջում էր օրենսդրական ենթակառուցվածք և գործակցող հաստատություններ՝ կոմերցիոն օրենսդրություն և այն իմացող դատավորներ ու փաստաբաններ, անկախ իրավական համակարգ, մաքսային ու հարկային օրենսդրություն և ծառայություններ։ Ամենից ավելի, այն պահանջում էր կապիտալ ներդրումներ։ Սեփականատիրության օրենքների փոփոխությունը հազիվ թե բավական լիներ համակարգը փոխելու համար։

Բացի այդ, ո՛չ երկիրը, ո՛չ քաղաքացիները փոփոխության մեջ ներդնելու կապիտալ չունեին։ Անորոշությունը եղած֊չեղած կապիտալի տերերին ստիպում էր ավելի շուտ եղածը ներդնել կարճաժամկետ առևտրի, քան հեռանկարային արդյունաբերական արտադրության մեջ, որը շատ քիչ հնարավորություն ուներ ելք գտնելու դեպի համաշխարհային շուկաներ։ Հայաստանն ինքը նույնպես չափազանց փոքր էր և չափազանց աղքատ, որպեսզի հնարավոր շուկա դառնար արտասահմանյան ներդրումների համար, որոնք կարող էին փոխարինել կամ լրացնել ներքին կապիտալը։

Այնուհետև հայտնվեց ևս երկու խանգարող գործոն՝ շրջափակումները, որոնք հումքի ներմուծումները և պատրաստի արտադրանքի արտահանումները դարձրին ծայրահեղորեն թանկ, եթե ոչ անհնարին, և պատերազմը, որն առաջնայնություն ձեռք բերեց առկա, թեև սուղ, ռեսուրսների օգտագործման հանդեպ։ Ղարաբաղյան հակամարտությունը նաև անհնարին էր դարձրել ավելի մեծ, տարածաշրջանային շուկայի ստեղծումը այն ապրանքների համար, որոնք կարող էին արտադրվել Հայաստանում։

Այդ գործոններից յուրաքանչյուրն առանձին վերցրած մարտակոչ կլիներ ամեն մի կառավարության համար։ Դրանց համադրումը մտքի, երևակայության, համբերության ու տոկունության փորձաքննություն էր դրանց հետ առնչվող ամեն մի պաշտոնյայի համար։ Ինչ էլ որ լինի այս ուղղությամբ կատարված առաջընթացը, կասկած չկա, որ ի վերջո տնտեսական չափանիշն է, որն անմիջական և ամենօրյա ազդեցություն է գործում հայաստանցիների՝ թե՛ իբրև անհատների, թե՛ իբրև ընտանիքների և թե՛ հասարակության կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա։ Անկախությունն ու ժողովրդավարությունը, ազգային հեռանկարներն ու միջազգային հավակնությունները, հոգևոր ձգտումներն ու մշակութային նվաճումները, ավանդական կապերն ու բարոյական ընտրանքները՝ բոլորը հօդս են ցնդում՝ բախվելով մեկ իրականության՝ աղքատությանը, որի մեջ սնանկ տնտեսության փլուզումից հետո ընկղմված է ազգաբնակչության մեծ մասը։ Ինչպես և ամենուր, քաղաքացու համար անկախությունն ու աղքատությունը միմյանց կապելը և հարց տալը, թե այս ամենից հետո ո՞րն է անկախ պետականության առավելությունը, կարող է դժվար հաղթահարելի մի գայթակղություն լինել։

Տնտեսական համակարգի փոփոխության պրոբլեմն այն էր, որ շատերը շատ բան չգիտեին շուկայական տնտեսության մասին։ Ինչ նրանք գիտեին, դրանք այլ երկրների մոդելների հատակոտորներ էին։ Ավելին՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում կամ ողջ աշխարհում շատ ավելի քչերն էին տեղյակ, թե ինչպես պետք է փոխել համակարգը։ Մի հանրապետությունում, որտեղ տնտեսությունն ամեն բան էր, բացի ազգային լինելուց՝ գոյություն չունեին կենտրոնացած պլանավորող տնտեսությունը ազատ շուկայականի վերածելու մեխանիզմների առաջնակարգ գիտելիքներ կամ կուտակված փորձ։

1991֊ին Հայաստանը, լինելով առաջինը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ, ապակենտրոնացրեց գյուղատնտեսական սեկտորը՝ վարելահողերի 90 տոկոսը բաժանելով այն մշակող գյուղացիներին։ Արմատական և ողջունելի ագրարային այդ հեղափոխությունն անավարտ մնաց՝ չունենալով համապատասխան նախատեսումներ մեխանիզացիայի օգտագործման, վարկերի, պահեստավորման և դեպի շուկաներ առաքման վերաբերյալ։

Խանութների, միջին ձեռնարկությունների և մեծ արդյունաբերական գործարանների լայնածավալ սեփականաշնորհումը հաջորդեց դանդաղորեն։ Յուրաքանչյուր փուլ և մեթոդ ուղեկցվում էր երբեմն իրավացի, հաճախ անհեթեթ բողոքներով ու մեղադրանքներով, որոնց մեջ պարբերական ձախողումները նույնքան դեր էին կատարում, որքան «ծանոթով գործ անելը», տնավարությունը և կոռուպցիան։

1993 թ․ վերջերին, փորձարարության ու որոնումների երկու տարուց հետո էր միայն, որ ոգեշնչությամբ ընթացող, բայց չհամակարգավորված բարեփոխումները Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներգրավմամբ կազմակերպվեցին՝ կենտրոնանալով մակրոտնտեսական նպատակների ու ռազմավարության շուրջ։

Շուկայական տնտեսության լիակատար իմաստը և դրանից բխող հետևությունները դրսևորվեցին ժամանակի ընթացքում։ Այդպես, նաև ժամանակի ընթացքում դրսևորվեց շրջափակումների նշանակությունը, Ռուսաստանի կողմից Հայաստանն ու նախկին խորհրդային մյուս հանրապետությունները ռուբլու գոտուց դուրս թողնելու որոշման նշանակությունը (որով Հայաստանն ստիպված եղավ իր ազգային տարադրամն ավելի շուտ դնել շրջանառության մեջ, քան նախատեսվում էր), ինչպես նաև պատերազմի նշանակությունը, որը մշտապես հարցականի տակ էր դնում տնտեսական կանխատեսումները։


Վերջին ութ տարում տնտեսական հարցերի մասին վիճաբանությունները սևեռվել են կենտրոնի կողմից պլանավորվող տնտեսության ապամոնտաժումը ծրագրելու և իրականացնելու սխալների վրա, և ոչ թե այդ անել կամ չանելու վրա։ Անհամաձայնությունները վերաբերում էին նոր համակարգի կառուցման միջոցներին և ոչ թե նոր համակարգ կառուցելուն կամ չկառուցելուն։

1996֊ին իր նախագահական ընտրարշավի ընթացքում Վազգեն Մանուկյանը կենտրոնացավ այս բնագավառի վրա՝ բերելով երեք փաստարկ․ վարչակազմը անհմուտ է տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում, վարչակազմն անկարող է օտարերկրյա ներդրումներ բերել երկիր, և կառավարական պաշտոնյաները կոռումպացված են, կլաններ ունեն և «մաֆիայի» ղեկավարներ են։ Այդ ամենի արդյունքն է այն աղքատությունը, որի մեջ մխրճված է նախկին միջին դասակարգը, քաղաքացիների մեծ մասը։

Առաջին փաստարկի կապակցությամբ ասենք, որ Վ․ Մանուկյանը և նրա ղեկավարած ԱԺՄ֊ն, ինչպես նաև 1996֊ին նրա թեկնածությունը պաշտպանած մյուս կուսակցությունները, բացատրում էին, որ կառավարության պաշտոնյաները մասնագետներ չեն և հետաքրքրված չեն ժողովրդի բարեկեցությամբ, անտարբեր են երկրի ապագայի նկատմամբ և գլխովին թաղված են անձնական շահ ապահովելու գործում։ Նրանք պնդում էին, որ ԱԺՄ֊ն և ընդդիմադիր այլ կուսակցություններ ավելի մեծ նվիրում ունեն և տնտեսական բարեփոխումների իրականացման ու արտասահմանյան ներդրումներ գրավելու գործում ավելի արդյունավետ կլինեն։

Ընդդիմությունը կառուպցիան քննարկում էր բարոյականության առումով։ Շահարկվում էին մաֆիա բառի ժողովրդական սահմանումը՝ գործածելով ան որևէ մեկի առնչությամբ, ով արագ եկամուտ էր կուտակել՝ անկախ այն բանից, թե դա արել էր օրինկան միջոցներով, թե ապօրինաբար։ Նրանք նաև միևնույն հարթությայն վրա էին դնում կառավարության բարձր մակարդակների կոռուպցիան և ավտոտեսուչների ու բյուրոկրատների մանր կաշառակերությունը։

Այդ ամենի լուծումը նրանք տեսնում էին ընդդիմությանն իշխանության բերելու մեջ։ Նոր վարչակազմը կլինի ունակ, մաքուր և ազգային գաղափարներին ու արժեքներին նվիրված։ Ընդդիմությունը խոստանում էր Հայաստանը դարձնել հզոր երկիր։ Գիտությունն ու արդյունաբերությունը վերականգնվելու էին բարոյականության հետ միասին։ Իբրև գործնական քայլ, Վ․ Մանուկյանը խոստացավ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերը տասնապատկել։ Պետական սեկտորի աշխատողները դեռևս աշխատավարձով աշխատողների մեծամասնությունն էին։

Հակափաստարկը, որ սակավ դեպքերում էր հստակորեն ներկայացվում, այն էր, որ աղքատության պրոբելմը կախարդական լուծում չունի, տնտեսական ճգնաժամը շտապ լուծումներ չունի։ Նշանակալի փոփոխությունների համար հարկավոր են հուսալի օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներ, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության միջավայրի բարելավում՝ ապահովելու համար օտարերկրյա ներդրումները։ Հնարավոր չէր քաղաքացիական ծառայողների աշխատավարձի էական բարձրացում կատարել՝ առանց տնտեսության մեջ արտադրողականության ու արտադրանքի փաստացի աճի բարձրացման։ Աշխատավարձերի բարձրացման միակ այլ ձևը փող տպելն էր, որն ավելացնելու էր դրամի արժեզրկումը և նվազեցնելու դրա գնողունակությունը, ինչպես նաև՝ արժույթի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։

Բացի այդ, «գործարաններն աշխատեցնելը» նախընտրական լավ խոստում էր, սակայն հստակեցված չէր, թե դա ինչպես պետք է արվեր, ինչ կապիտալով ու սարքավորումներով, ի՛նչ ապրանքներ էին արտադրվելու, ինչպե՛ս էին դրանք տեղափոխվելու և ո՛ր շուկաներում էին վաճառվելու։

Կոռուպցիան, խորհրդային շրջանում ավելի մոլեգնած այդ պրոբլեմը, որն այն ժամանակներում օրենքով արտոնված չէր արծարծել ու քննարկել, իր էությամբ տնտեսական և ոչ թե բարոյական խնդիր է։ Կոռուպցիան արմատախիլ անելու իրավական միջոցառումներն ու կարգապահական գործողություններն ի վերջո տապալվելու էին, քանի դեռ դատավորը, դատախազը, չինովնիկն ու ոստիկանը արժանավայել ապրելու համար բավականաչափ դրամ չէին վաստակում։ Ընտրազանգվածի այն մասի համար, որը թերահավատությունը վերածել էր արվեստի, եթե ոչ վերլուծական համակարգի, ավելի լավ էր իշխանության գլուխ «պահել նրանց, ովքեր արդեն լցրել են իրենց գրպանները», քան թե բերել նոր գործող անձաց, որոնք ամեն բան սկզբից են սկսելու։

ՀՀԿ֊ն, Բադալյանի գլխավորությամբ, չմիացավ ընդդիմության այն խմբավորումներին, որոնք պաշտպանում էին Վ․ Մանուկյանի թեկնածությունը։ Սակայն հին հավատքի պահապանները նույնպես վերապահումներ ունեին տնտեսական քաղաքականության ոլորտում, թեև վաղ փուլում դրանք շեշտված չէին արտահայտում։ Այդ ժամանակ նրանց հանդեպ հավատը սասանված էր, և վստահություն չէին ներշնչում։ Նույնիսկ եթե, հաշվի առնելով արմատական փոփոխությունների սոցիալական հետևանքները, կոմունիստներն ունենային չափավոր կամ աստիճանական փոփոխությունների լավ փաստարկներ, նրանց լրջորեն չէին ընդունի։

Սակայն աստիճանաբար, երբ տնտեսության անկումն այնքան խորացավ, որ Հայաստանում անհետացավ միջին դասակարգը, կոմունիստական կուսակցություններն աշխուժացան և սկսեցին կառավարությանը քննադատել ոչ միայն մեթոդների, այլև էության համար։ Սակայն նրանք ի վիճակի չէին այնպիսի այլընտրանք ներկայացնել, որն ընտրողի համար իմաստ ունենար։

Տնտեսական բարեփոխումների ավելի արմատական քննադատություն, առնվազն՝ կոնցեպտուալ մակարդակի, ներկայացվեց 1996֊ին ԳիԱրՔՄի֊ի կողմից, որն Աշոտ Մանուչարյանին՝ Լ․ Տեր֊Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդականին, ընտրել էր որպես նախագահության իր թեկնածու։ ԳիԱրՔՄի֊ն նույնպես 1996֊ին պահեց իր անկախ թեկնածությունը։ Լինելով ճարտարամիտ, սակայն ոչ միշտ արդյունավետ մտածող Մանուչարյանն ընդունեց, որ խորհրդային մոդելը չի գործել, սակայն հավաստեց, որ կապիտալիստականը նույնպես չի գործելու։ Մանուչարյանը դրսևորեց անկեղծորեն մարքսյան, եթե ոչ մարքսիստական մտահոգություն աշխատող և գործազուրկ դասակարգերի նկատմամբ։ Նա առաջարկեց «երրորդ ուղին»։ Դժբախտաբար, նա զլացավ որևէ մանրամասնություն հաղորդել այդ ուղու մասին։ Սակայն, այնուամենայնիվ, պնդեց, որ այդ երրորդ ուղին միայն Հայաստանի համար չէ, որ այն ունի ունիվերսալ կարևորություն, և ոչ միայն տնտեսական րնտրանքների տիրույքում, այլ նաև մարդկության ու քաղաքակրթության արժեքների առումով։ Ընտրողներն իրենց հերթին զլացան նրան գնահատել, և 1996֊ի նախագահական ընտրություններում նա ստացավ քվեների մեկ տոկոսից պակաս ձայն։

Նույն կերպ, 1998 թ․ նախագահական ընտրություններին ևս, հիմնական թեկնածուները չարտահայտվեցին ծավալվող համակարգի դեմ։ Երկու հիմնական թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը, խոսում էին տնտեսական քաղաքականության «սոցիալական» չափանիշների մասին։ Եթե նրանց միջև որևէ տարբերություն կար, այն արտահայտվում էր մեծ գործարանների սեփականաշնորհման հարցում Քոչարյանի համեմատ Դեմիրճյանի ցուցաբերած ավելի մեծ զգուշության մեջ։

Միայն կոմունիստական կուսակցություններն առաջարկեցին ետ շրջել ընթացքը։ Եվ այս կուսակցությունների 1991֊ից ի վեր կուտակած ձայների միացյալ քանակը չի անցել 7 տոկոսից։ Մեծ գործարանների ու արդյունաբերության սեփականաշնորհման հարցում, ինչպիսիք են օրինակ, կոնյակի գործարանն ու հեռախոսային կապը, Քոչարյանի ագրեսիվ քաղաքականությունը հարուցեց ընդդիմադիր մի շարք կուսակցությունների դիմակայությունը, որոնք, այնուամենայնիվ, հիմնականում շուկայական տնտեսության կողմնակիցներ են։


Քաղաքական բարեփոխումներ

Երբ 1990֊ի ամռանը ՀՀՇ֊ի առաջնորդած կոալիցիան շահեց Գերագույն խորհրդի հարաբերական մեծամասնությունը, գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն այն մասին, որ Հայաստանը պետք է վերածվի բազմակուսակցական, ազատ ժողովրդավարության երկիր։ Հիմնվեցին նոր կուսակցություններ, և Գերագույն խորհրդի որոշ անդամներ միացան կուսակցությունների, որոնք նախկինում գոյություն չէին ունեցել Հայստանում։ Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, Մամուլի ազատության մասին օրենքը, Կրոնի ու խղճի ազատության մասին օրենքը (որը նաև անջատում էր պետությունն ու եկեղեցին՝ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցու հատուկ դիրքը հայոց պատմության ու մշակույթի մեջ) խորհրդարանի կողմից վավերացվեցին մինչև 1991֊ի կեսերը։

Թեև ընդհանուր համաձայնություն կար այն հարցում, որ Հայաստանը սահմանադրության կարիք ունի, գոյություն ուներ երկու տեսակետ այն մասին, թե ինչպես դա իրականացնել։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն համոզված էին, որ, որպեսզի սահմանադրությունն արժեք ունենա, այն պետք է արտացոլի երկրի կարիքներն ու դիմանա ժամանակի քննությանը։ Նման փաստաթուղթը չի կարող գրվել առանց որոշ քննության ու կշռադատության։ Պարույր Հայրիկյանը պնդում էր, որ սահմանադրություն հարկավոր է ընդունել անհապաղ։ ՀՀՇ֊ հաղթեց։

1992֊ին կազմվեց Սահմանադրական հանձնաժողով։ Դրա մեջ մտնում էին գիտնականներ, իրավաբաններ, ինչպես նաև խորհրդարանում ներկայացաված կուսակցությունների ղեկավարներ։ Վարչակազմի հանդեպ իրենց դիրքի կարծրացմանը զուգընթաց, որոշ կուսակցություններ հաջորդ երեք տարում դադարեցրին սահմանադրության նախագծման գործընթացին իրենց մասնակցությունը։ Հանձնաժողովն իր նախագիծն ավարտեց1995֊ին, և1995֊ի հուլիսին Սահմանադրությունն ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։

Հայաստանին հատուկ ժողովրդավարությանը վերաբերող որոշ հարցերի լուծման մեջ Սահմանադրությունը երբեմն հաջող չէր։ ՀՀՇ֊ի գլխավորած վարչակազմի վաղ շրջանում Գերագույն խորհուրդն ուներ լիակատար օրենսդրական և որոշ աստիճանի գործադիր իշխանություն։ Գերագույն խորհրդի նախագահությունը, որ բաղկացած էր ԳԽ նախագահից, նրա տեղակալից, ԳԽ քարտուղարից և մշտական հանձնաժողովների նախագահներից, որոշ գործադիր իշխանություն ուներ, որը կիսում էր Նախարարների խորհրդի հետ։ Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը դեռևս ՀՀՇ֊ում էր, չէր կարծում, թե բավականաչափ անկախություն և իշխանություն ունի՝ արյդունավետ կերպով ղեկավարելու համար գործադիր ճյուղը։ Իր պաշտոնավարությունից մի քանի ամիս անց, 1990֊ի աշնանը, նա գերագույն խորհրդից հատուկ լիազորություններ խնդրեց վեց ամիս ժամկետով՝ արդյունավետորեն իրականացնելու համար կառավարության մեջ փոփոխությունները և լրջորեն զբաղվելու համար տնտեսությամբ։ Նրան տրվեցին այդ լիազորությունները։

Երբ վեց ամիսն անցավ, 1991֊ի գարնանը նա վերադարձավ խորհրդարան՝ խնդրելով ընդլայնել և երկարաձգել այդ հատուկ լիազորությունները։ Խորհրդարանը մերժեց՝ ասելով, որ այդ աստիճան ընդարձակ իշխանությունը համազոր է դիկտատուրայի։ Մանուկյանն այնուհետև փաստարկեց, որ երկիրը կարիք ունի կառավարության երկու ճյուղերի հստակ տարանջատման և ուժեղ գործադիր նախագահի, որն ընտրվի ուղղակիորեն ժողովրդի կողմից՝ երկիրն առաջնորդելու հստակ մանդատով։ Գերագույն խորհուրդը համաձայնեց և 1991֊ի հուլիսին ընդունեց Նախագծի մասին օրենքը։ Վ․ Մանուկյանը կարծում էր, թե բնական ընտրությունն ինքն է լինելու։ Սակայն Լ․ Տեր֊Պետրոսյանի ճնշող ժողովրդականության առջև հանեց իր թեկնածությունը և սկսեց ձևավորել իր սեփական կուսակցությունը՝ ԱԺՄ֊ն։

1991֊ի հոկտեմբերին Լ․ Տեր֊Պետրոսյանի ընտրությունը նշանավորեց նախագահական իշխանության համար պայքարի միայն սկիզբը։ Մի շարք ձախողված թեկնածուներ, որոնք նախապես ուժեղ նախագահական իշխանության պաշտպաններ էին և քվեարկել էին ապագա նախագահի լիազորությունները սահմանող օրենքի օգտին, հանկարծ սկսեցին վիճել՝ պնդելով, որ երկրին հարկավոր է խորհրդարանական ժողովրդավարություն։ Պարույր Հայրիկյանը՝ ուժեղ նախագահական իշխանության ամենաջերմեռանդ պաշտպաններից մեկը, դարձավ դրա ամենահամառ քննադատը։

1991֊ին ընդունված Նախագահի մասին օրենքի և 1995֊ին ընդունված Սահմանադրության լուրջ հետազոտությունն ու համեմատական վերլուծությունը (մի բան, որ օտարերկրյա լրագրողների մեծ մասն անում է քամահրանքով, իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց նեղություն չեն պատճառում այդ անելու) ցույց են տալիս, որ Հայաստանի սահմանադրական համակարգը նախագահական և խորհրդարանական համակարգերի խառնուրդ է։

Հայաստանի նախագահը հզոր է, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի։ Եթե ընդդիմությունն է վերահսկում խորհրդարանում, Նախագահի դերը նվազում է ձևականության աստիճանի։ Ընդդիմությունից կազմված խորհրդարանական մեծամասնություն՝ նշանակում է, որ վարչապետը լինելու է ընդդիմությունից։ Ընդդիմությունից վարչապետ՝ նշանակում է նա է վերահսկում գրեթե բոլոր նշանակումները, քանի որ Նախագահը կարող է միայն ընտրել այն թեկնածուների թվից, որոնց ներկայացրել է վարչապետը։ Այս առումով, Հայաստանի համակարգը նման է ֆրանսիական Սահմանադրությանը, որն արդեն ունեցել է «համակեցության» երկու դեպք։

1991֊ին ընդունված Նախագահի մասին օրենքը նախատեսում էր, որ Նախագահի վետոյի հաղթահարման համար պահանջվում էր օրենսդիր մարմնի քվեների երկու երրորդը։ 1995֊ի Սահմանադրությունը այն փոխեց պարզ մեծամասնության, որ նշանակում է, թե Նախագահը կարող է խորհրդարանին առաջարկել փոփոխություններ մտցնել ընդունված օրենքի մեջ, կարող է առարկել, փաստարկել և համոզել, սակայն միայն պարզ մեծամասնություն է հարկավոր՝ անտեսելու համար այդ վետոն, և Ազգային ժողովը հարկ չունի նախագահի առարկություններն ընդունելու իբրև ավելի մեծ բան, քան սոսկ խորհուրդ։ Ազգային ժողովը կարող է այդ նույն օրենքն ընդունել, և Նախագահն այլ ընտրություն չի ունենա՝ այն ստորագրելուց կամ հրաժարականից բացի։

Նշանակումներից և վետոներից դուրս շատ բան չկա, որ Նախագահը կարող է անել, եթե Ազգային ֊ժողովը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Փաստորեն, տեխնիկական իմաստով և սահմանադրական տեսանկյունով, դա այն է, ինչ տեղի ունեցավ 1998 թ․ փետրվարին։ Նախագահի նշանակած վարչապետը, երկու նախարարների հետ միասին, մերժեց ընդունելու Նախագահի կայացրած արտաքին քաղաքականության վերաբերյալ մի որոշում։ Դա գործադիր իշխանության մեջ փակուղի էր՝ Նախագահի կողմից համապատասխան քայլերի դիմելու իրավասության պահպանմամբ։ Սակայն Նախագահի իշխանությունը վերացավ, երբ Ազգային ժողովում նախագահամետ մեծամասնությունը փոխեց իր դիրքորոշումը և ընդդիմացավ նրան։ Այն պահին, երբ Նախագահը կորցրեց խորհրդարանում մեծամասնությունը, այլևս չէր կարող շարունակել քաղաքական պայքարը։

Նախագահական իշխանության համար մղվող մարտերը շարունակվեցին Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո։ 1998 թ․ նախագահական ընտրությունների թեկնածուների մեծ մասը (ՀՀՇ֊ն թեկնածու չառաջադրեց), ներառյալ Ռ․ Քոչարյանը, դեռևս պաշտպանում էին Սահմանադրության փոփոխման գաղափարը՝ այն ձևով, որ Նախագահից վերցվեն որոշ լիազորություններ ու տրվեն խորհրդարանին։ Ոմանք բացարձակ խորհրդարանական համակարգի կոչ էին անում։ Սակայն ընտրվելուց հետո, Ռ․ Քոչարյանի համար պարզ դարձավ, որ իրականում Նախագահի լիազորություններն այդքան մեծ չեն։ Որևէ թեկնածու, ընտրվելուց հետո, այլ եզրակացության չէր գալու։

Հայաստանի Սահմանադրությունն իրոք բարելավման կարիք ունի։ Այն ունի մի շարք ներքին հակասություններ, և որոշ մասեր հստակ չեն։ Այնուամենայնիվ, այն շատ ավելի լավ սահմանադրություն է, քան շատերն են կարծում։ Համենայն դեպս, հավելումները չեն կարող կատարվել՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՛ր ղեկավարն է զբաղեցնում Նախագահի պաշտոնը, կամ ո՛ր կուսակցությունն է վերահսկում խորհրդարանը։

Հայաստանում ժողովրդավարացման առաջընթացի վերաբերյալ երկրորդ մեծ հարցը պտտվում է 1995 թ․ Սահմանադրության հանրաքվեի ու խորհրդարանական ընտրությունների և 1996֊ի ու 1998֊ի նախագահական ընտրությունների լեգիտիմության շուրջ։ Որ ընթացակարգային անկանոնություններ և օրինախախտումներ կատարվել են՝ երբեմն ընդդիմադիր խմբավորումների և երբեմն կառավարող ուժերի կողմնակիցների կողմից՝ կասկած չկա։ Իսկ եթե այդ խախտումները և խարդախությունները կարող էին փոխած լինել այդ քվեարկություններից որևէ մեկի կամ բոլորի արդյունքները, չի կարելի վստահորեն պնդել՝ առանց նվազ քաղաքականացված մթնոլորտում կատարվող հետևողական ուսումնասիրության։

Սակայն կարելի է մի քանի դիտարկում ներկայացնել, որոնք տեղին են՝ անկախ այս ոլորտում հետագա տեղեկությունների արդյունքներից։ Ինչպիսին էլ լինեն ընտրական օրենքի խախտումները, մինչև այժմ պրոբլեմը պարփակվել է այն օրենքների խախտման մեջ, որոնք պաշտպանում են ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը։ Վարչակազմի որևէ անդամ երբևէ չի փորձել վերացնել այդ օրենքները կամ ընդունված համակարգը։

1995֊ին Ազգային ժողովում ընտրված ընդդիմադիր որոշ կուսակցությունների անդամներ բոյկոտեցին խորհրդարանի նիստերը։ Այդ կուսակցությունները նաև մերժեցին ճանաչել միևնույն տարին ընդունված Սահմանադրությունը և 1996֊ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ այն պատճառաբանությամբ, թե բոլոր երեք քվերարկություններն էլ խարդախված էին։ Սակայն, երբ Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ֊ն, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ֊Ը, ՀՅԴ֊ն և Արամ Սարգսյանի ՀԴԿ֊ն՝ բոլորը նախ վերադարձան այդ միևնույն Ազգային ժողովը, իսկ դրանց ղեկավարները դարձան Նախագահ Քոչարյանի խորհրդականներ, և բոլորը գործում են նույն այդ իրենց կողմից մերժված Սահմանադրությամբ Ռ․ Քոչարյանին ընձեռնված լեգիտիմության հիման վրա։

Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած կուսակցությունները, որոնք 1996֊ին վստահում էին օտարերկրյա դիտորդներին՝ ապացուցելու համար, որ այդ տարվա ընտրությունները խարդախված են, մերժեցին միևնույն դիտորդների հարանման եզրակացությունները 1998֊ի նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք որակելով իբրև օտար տերությունների կողմից Հայաստանի դիրքերը թուլացնելու «հակահայկական» փորձեր։

Ոմանց կարծիքով, ժողովրդավարացման գործընթացը խափանված էր Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից իր պաշտոնավարության ընթացքում ընդունված երկու որոշմամբ․ ՀՅԴ֊ի կասեցմամբ և 1996֊ի սեպտեմբերի 25֊ի երեկոյան ամբոխը վերահսկելու նպատակով զինված ուժերի գործածմամբ։

1994 թ․ դեկտեմբերի վերջին Լ․ Տեր֊Պետրոսյանը, տեղեկություններ ստանալով այն մասին, որ ՀՅԴ֊ն պատասխանատու է քրեական գործողությունների համար և ընդգրկված է ապօրինի գործունեության մեջ, մի հրամանագիր ստորագրեց, որով կասեցվում էր ՀՅԴ գործունեությունը՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Հրամանագրի հրապարակումից 48 ժամվա ընթացքում գլխավոր դատախազը դիմեց Գերագույն դատարան՝ միևնույն որոշումն ստանալու խնդրանքով՝ հետևյալ երկու հիմունքներով․ ա) կատարած տեռորիստական գործողությունների և բ) Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքի խախտման ամբաստանությամբ․ ըստ այդ օրենքի դրույթների, որևէ քաղաքական կազմակերպություն չի կարող կառավարվել արտասահմանյան ղեկավարների և Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից։ Գերագույն դատարանը մերժեց առաջին հիմքը՝ նշելով, որ հանցագործությունների համար պատասխանատվությունը պետք է ապացուցված լինի դատարանում մինչև պատժի սահմանումը։ Դատարանն ընդունեց Նախագահի կասեցումը երկրորդ փաստարկի հիման վրա՝ կուսակցությանը ցուցում տալով, որ նա շտկի սխալը և համապատասխանի օրենքին, որից հետո կասեցումը կվերացվի։

Քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարգավորող հիմնական օրենքն ընդունվել է 1991֊ին՝ օրենսդիր մարմնի ՀՅԴ անդամների օժանդակությամբ։ Ոչ մի պետություն չի կարող թույլ տալ ոչ֊քաղաքացիների, ազգային ինչ ծագում էլ նրանք ունենան, ապրել օտար պետության մեջ և ղեկավարել իր պետության մեջ գործող քաղաքական որևէ կուսակցություն։ Եթե այլ պետություններ օրենքի մեջ նման արգելքը հստակորեն չեն արտահայտում, պատճառն այն է, որ նման պրոբլեմի հետ չեն բախվում, այլ ոչ թե որովհետև նման դրույթը խորթ է գործող ժողովրդավարություններին։ Գոյություն ունեն նաև մի շարք գործող ժողովրդավարություններ, որոնց սահմանադրություններն արտոնում են քաղաքական կուսակցությունների (կամ բռնությունների հակված այլ խմբերի, որոնք ներկայացնում են իբրև քաղաքական կուսակցություններ կամ կրոնական խմբավորումներ) կասեցումը հատուկ հանգմանքներում։

Որոշելով իբրև քաղաքական կազմակերպություն գրանցվել Հայաստանում՝ Սփյուռքում գործող Ռակ֊ը կազմակերպվեց որպես կազմակերպչական առումով առանձին կուսակցություն՝ հայաստանի ՌԱԿ։ Միևնույն տարին ՀՅԴ֊ն պնդեց, որ գրանցվի Հայաստանում որպես իր աշխարհասփյուռ կազմակերպության անբաժան մաս։ Թեև դա օրենքին դեմ էր, Արդարադատության նախարարությունը բացառության կարգով գրանցեց այդ կուսակցությունը՝ իբրև ժեստ Սփյուռքի հանդեպ։ Սակայն այդ արվեց այն ըմբռնմամբ, որ ՀՅԴ֊ն ժամանակի ընթացքում իր կառույցները կհամապատասխանեցնի Հայաստանի օրենքներին։ ՀՅԴ֊ն դա չարեց՝ չնայած 1993֊ին և 1994֊ին Արդարադատության զգուշացումներին այն մասին, որ կուսակցության կարգավիճակը հարցականի տակ է։ Այն, ինչ հանդուրժվել էր մինչև 1994 թ․ դեկտեմբերը, ընդունելի չհամարվեց, երբ այդ հանդուրժողականությունը չարաշահվեց։

1996 թ․ սեպտեմբերին ներքին զորքերը փողոց հանվեցին այն բանից հետո, երբ հարձակում էր կատարվել խորհրդարանի վրա, առևանգվել էր Ազգային ժողովի նախագահը, և խոշտանգումների էին ենթարկվել ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները։ Հարձակումը հստակորեն կազմակերպված էր Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ համախմբված կոալիցիայի կողմից, որոնց մեջ էին ԱԺՄ, ՀՅԴ և այլ կուսակցությունների ղեկավարներ։ Մանուկյանն ու իր ընկերակիցները, քվեաթերթիկների արդյունքների հրապարակումից շատ առաջ, հայտարարել էին, որ ընտրություններում նրա պարտությունը կարող է տեղի ունենալ միմիայն այն դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն։ Նա իրեն հաղթող հռչակեց մինչև քվեաթերթիկները հաշվելը։ Հետևաբար, նա «ժողովրդին» կոչ արեց իրադրությունն իրենց ձեռքը վերցնել, և ոմանք գնացին դրան։

Այստեղ կարևոր է նշել, որ երկու դեպքում էլ առկա են ոչ միայն բռնության և ապակայունացման տարրեր, այլ նաև քաղաքական երկու կուսակցությունների՝ ԱԺՄ֊ի ու ՀՅԴ֊ի կողմից բռնության ու «հեղափոխականության» ի սկզբանե ընդունումը իշխանության հասնելու նպատակով։

Դեռևս 1991֊ին իր մի հոդվածում Վ․ Մանուկյանը հավաստում էր, որ թեև Հայաստանը պետք է ժողովրդավար լինի, նրա ժողովրդավարությունը չպետք է անպայմանորեն հետևի Արևմտյան մոդելին։ Այնուհետև, և հատկապես 1996֊ի ընտրություններից առաջ ու հետո, Մանուկյանը հաճախ էր հղում ԱՄՆ Անկախության հռչակագրի նախաբանը, որն, իր կարծիքով, արդարացնում է իր կողմից անընդունելի համարվող կառավարությունը տապալելու նպատակով բռնություն գործադրելու իր ցանկությունը։

Փաստն այն է, որ եթե մեկն ուշադիր կարդա ընդդիմադիր այն կուսակցությունների ծրագիրը, որոնք 1996֊ին իրենց ջանքերը միավորեցին Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ, երեք կետից բաղկացած այդ ծրագրի երկու կետը կոչ է անում կասեցնել Սահմանադրությունը և լուծարել խորհրդարանը։ Չորրորդ կետը, որը բացահայտորեն համաձայնեցվել է ծրագրի հրապարակման նախորդ երեկոյան և հայտարարվել Հայրիկյանի կողմից, բայց որն ընդգրկված չէր տպագրված տեքստի մեջ, վերաբերում էր երկիրը կառավարելու համար Անվտանգության խորհուրդ կազմավորելուն՝ մինչև նոր Սահմանադրության ընդունումը։ Այսպես նաև ՀՅԴ ղեկավարները բազմաթիվ առիթներով Հայաստանում իրենց օրենքից վեր են հռչակել՝ հանուն «բարձրագույն» կամ «ազգային» իդեալների։


Այս միջադեպերը շատ ավելի բան են ախտանշում, քան անհատների, վերնախավերի ու կուսակցությունների միջև իշխանության համար մղվող սովորական պայքարը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո շատ բան է փոխվել, սակայն որոշ կուսակցությունների «հեղափոխական» եռանդը մնացել է նույնը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումը կարող էր մոտեցնել այն պահը, երբ նրանք կարող էին իշխանության գալ։ Այդ հեռանկարի առումով, նրանց կողմից Ռ․ Քոչարյանը դիտվում էր իբրև միջանկյալ դեմք, որը երբեք չի բավարարելու նրանց կարիքներն ու ծրագրերը։

Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը հարուցեց շատ ավելի հարցեր, քան սոսկ պաշտոնի հաջորդականության հարցն է։ Այն լարում հանդես բերեց, սակայն նաև համակարգի մեջ ցուցադրեց որոշ ուժեղ կետեր։ Այն նաև պետականության ու ազգության ընբռնումների հարցում ֆունդամենտալ տարբերություններ բացահայտեց այն անձանց միջև, ովքեր ցանկանում են Լ․ Տեր֊Պետրոսյանից հետո ձևավորել Հայաստանի ապագան։

2․ Հրաժարական

Եթե ընտրելու լինենք մի առանձին իրադարձություն, որը վերլուծելով կարելի է հասկանալ ընթացիկ հակամարտությունները և պատկերացնել հետագա զարգացումները, դա կլինի 1988 թ․ փետրվարին Նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականը։

Իրադարձությունն ինքնին կարևոր է։ Դա հայոց պատմության մեջ պետության երբևէ ուղղակիորեն ընտրված առաջին ղեկավարի հրաժարականն էր, հեռացումն էր այն ղեկավարի, որն իշխանության գլուխ եկավ վայրիվերումներով լեցուն մի տասնամյակ և փորձեց Հայաստանին տալ աշխարհի հանդեպ նոր ու թարմ մտահորիզոն։

1998֊ի փետրվարի հրաժարականը շատ բան է ասում Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքական մշակույթի մասին, Հայաստանում և արտասահմանում Լ․ Տեր֊Պետրոսյանին կողմնակից ու հակառակորդ անձանց մասին, կառույցների և Սահմանադրության ուժի ու թուլության մասին, օտար շահերի ու ներքին քաղաքական ուժերի միջև խճողված հարաբերությունների մասին։ Պատմության շարունակականության խաթարումը բացահայտում է այն հիմնական հոսանքներն ու հետագա ընթացքի ուղղությունները, որոնք կարող էին և չբացահայտվել օր օրի զարգացող իրադարձություններում։

Տարածված պատկերացում

Տարածված պատկերացում

Ինչո՞ւ Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ի՞նչ խնդիր պետք է լուծեր այդ հրաժարականը։ Իրականում նրա հրաժարականով լուծվե՞ց պրոբլեմը։

Ասվում է, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը կորցրել էր ժողովրդի աջակցությունը։ Դա կարող է ճիշտ լինել, բայց հրաժարականի հետ դրա առնչությունը շատ ավելի վերլուծության կարիք ունի, քան կատարվել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները և այլ երկրների վարչապետներ հաճախ են կորցնում ժողովրդի աջակցությունը մինչև պաշտոնավարման իրենց ժամկետի ավարտը, սակայն շարունակում են կառավարել մինչև սահմանված հաջորդ ընտրությունը։ Ժողովրդի բացասական կարծիքը բավարար պատճառ չէ նախագահներ ու կառավարություններ փոխելու համար։ Երբ ժողովուրդը քվեարկում է, քվեարկում է, որպեսզի ընտրվողը պաշտոնավարի սահմանված ժամկետի ընթացքում։ Կասկած չկա, անշուշտ, որ երբ նախագահը կորցնում է ժողովրդի օժանդակությունը, կառավարելը շատ է դժվարանում, նրա հրաժարականի հեռանկարը նաև խրախուսում է ընդդիմադիրներին։ Սակայն, ինչպես կքննարկվի ստորև, նրա կամ նրա վարչակազմի նկատմամբ դժգոհությունը քիչ կապ ուներ հրաժարականի մեջ առանցքային դեր կատարած Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Հետաքրքիր է նկատել, որ ծանրագույն հանգամանքների ու փորձությունների ներքո յոթ տարի ղեկավարելուց հետո Լ․ Տեր֊Պետրոսյանը դեռևս ստացավ ընտրողների մոտ կեսի օժանդակությունը՝ միացյալ ընդդիմության ու ուժեղ թեկնածուի առկայության պայմաններում։

Անշուշտ, կան նաև մարդիկ, որոնք կասկածի են ենթարկում 1996֊ին Լ․ Տեր֊Պետրոսյանի երկրորդ ընտրությունը, ինչպես նաև Սահմանադրությունը, որը սահմանում է Նախագահի մանդատը։ Անկանոնությունները փոխե՞լ են ընտրությունների արդյունքը, թե ո՛չ կորոշվի, երբ պատմաբանները լավ ուսումնասիրեն բոլոր փաստերը։ Մինչ այդ սակայն տեսակետների մեծ մասը հիմնված է հավատի ու քաղաքական շահարկումների վրա։

Չնայած Հայաստանում ժողովրդավարության զարգացման և պատմության համար ներկայացրած կարևորությանը՝ Լ․ Տեր֊Պետրոսյանի մանդատի վավերականությունը չի առնչվում այստեղ կատարվող քննարկմանը։ Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց գործընկերների ճնշման ներքո, որոնք ընդունել էին ընտրությունների արդյունքները և Սահմանադրության լեգիտիմությունը, և նրա վարչակազմում էին ծառայում այդ իսկ ընտրությունների արդյունքների ու Սահմանադրության հիման վրա։


Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց իր իսկ կաբինետի հզոր անդամների ճնշման ներքո, որոնք ընդդիմացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների 1997 թ․ սեպտեմբերին ներկայացրած առաջարկության նախագծի ընդունմանը։ Նրա վարչապետ Ռ․ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ներքին գործերի ու անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատճառաբանեցին, որ առաջարկը չի բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից։ Դա թերթերի համար խորագիր էր։ Դա տարածված պատկերացում էր ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում և միջազգային մամուլում։ Իհարկե, Ղարաբաղն էր վարչակազմի մեջ տեղի ունեցող հակամարտության հիմքը, և առկա էին տարբերություններ Նախագահի և կաբինետի երեք կարևոր անդամների միջև։

Սակայն դեռևս որոշ հարցեր պետք է առաջադրվեն։ 1998֊ի փետրվարի 3֊ին, չորս ամիս տևած հանրային վիճաբանություններից հետո, տեղի է ունենում այնպիսի մի լրջագույն իրադարձություն, ինչպիսին Նախագահի հրաժարականն է։ Վարչապետը դառնում է Նախագահի պաշտոնակատար և այնուհետև, մարտ ամսին կայացած արտահերթ ընտրություններում, դառնում ընտրված Նախագահ։ Սակայն քաղաքական խեղման վեց ամսում պարզ չէին դարձել այն պրոբլեմի լուծման այլընտրանքները, որոնք ստիպեցին Նախագահին հրաժարական տալ։ Մինչև այժմ հասարակությունը չգիտի, թե վերոհիշյալ հարցում ստույգ որո՞նք էին Լ․ Տեր֊Պետրոսյանի և Ռ․ Քոչարյանի միջև տարբերությունները։

Հրապարակային բանավեճը, որ ընթանում էր այն հարցի շուրջ, թե ինչպես լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, կամ թե ինչպես այն չլուծել, Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի հետ կապված իրադարձությունների ամենաճակատագրական կետն էր։ Նրանց համար, ովքեր բախտավոր էին լինելու նրա հրաժարականով, բանավեճը նշանակություն չուներ, բնութագրումների հաճույքը և զրպարտություններն ընդունվում էին որպես փաստարկ։ Նրանք, ովքեր ցանկանում էին Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումը, չէին բացահայտում, թե այդ ի՛նչն էր, որ նա պատրաստ էր ընդունել և որը կարող էր պարտվողականություն կամ, ըստ ոմանց, դավաճանություն համարվել։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինքը չբացատրեց դա, նրա իսկ խնդրանքով չբացատրեցին դա նաև նրան սատարողները, քանի որ փաստաթղթերի և գաղտնի բանակցությունների բովանդակությունը մինչև համաձայնության գալը չհրապարակելը եղել է միջազգային միջնորդների հետ հիմնական պայմանավորվածություններից մեկը։

Լ․ Տեր֊Պետրոսյանի կարողություններն ու քաղաքականությունը հարգողների գրեթե լռությունը, զուգակցվելով նրան ատողների աղմկոտ, հաճախ բացահայտ և երբեմն արգահատելի չարախնդրությանը, չէր կարող երկխոսություն համարվել։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի հետևանքով կայացած նոր ընտրությունները ևս զլացան ի ցույց հանել մի հակամարտության այլընտրանքային լուծումների քննարկումը, որը չարչրկել է Հայասատանը՝ սկսած որպես անկախ պետություն նրա վերածծննդի օրից։

Այդ նյութի մասին գրած անձնինք՝ հայ թե ոչ հայ, չեն ունեցել ԵԱՀԿ առաջարկի մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Սակայն նրանք նաև իրենց նեղություն չեն պատճառել ընդունել իրենց անտեղյակությունը, ոչ էլ ի վիճակի են եղել դիմակայելու բարձրից քարոզներ կարդալու գայթակղությանը։ Քչերն են միայն գիտակցել առանց հավաստի ինֆորմացիայի հավաստի դիրքորոշում ունենալու անմտությունը։


Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականն իր մեջ շատ ավելի բան է պարունակում, քան մեկ մարդու ճակատագիրը կամ պատմության մեջ նրա տեղը։ Եվ ավելին, քան կատարվածի սահմանադրականությունը։ Նրա հրաժարականը առնչվում է պետության ու իշխանության մեր ըմբռնման հետ և երկխոսության այն տեսակի հետ, որի կարիքն ունենք՝ խնդիրները սահմանելու և ընտրանքներ կատարելու համար։


Հրաժարականի շուրջ եղած հանգամանքների ողջ բարդության և դրա կարևորության գնահատման համար տեղին են մի շարք դիտարկումներ։

Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական չտվեց իր ավանդական հակառակորդների ճնշման ներքո, որ սովորական ընդդիմություն էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ինքնորոշում միավորումը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Հրաժարականն ավելի շուտ թելադրված էր այն անհատների դիրքորոշումներով, որոնց հետ նա սերտորեն աշխատել էր վերջին տասը տարում, իր գործընկերների, որոնք մեծագույն հարգանք ունեին նրա նկատմամբ, ովքեր, ընդհանուր առմամբ կգերադասեին, որ նա շարունակեր պաշտոնավարել, և ովքեր չէին մտածում, թե հրաժարական կտար՝ իր խաղարարար ծրագրի նկատմամբ ընդդիմության պատճառով։ Դրանք էին Ռոբերտ Քոչարյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահը, ու Լ․ Տեր֊Պետրոսյանը հրավիրել էր իբրև Հայաստանի վարչապետ ծառայելու համար, Վազգեն Սարգյսանը՝ Պաշտպանության նախարարը, իր մերձավոր միջավայրի ամենամտերիմ ու ամենավստահված անդամներից մեկը, և Սերժ Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարարը, որին Լ․ Տեր֊Պետրոսյանը երեք տարի առաջ էր հրավիրել՝ Հայաստանում միևնույն պաշտոնում ծառայելու համար, և որին ավելի ուշ վստահեց Անվտանգության նախարարությունը, իսկ 1996֊ին Ներքին գործերի ու անվտանգության միակցված նախարարությունը։

Թվում է, թե հրաժարականի հանգամանքների սահմանադրականությունը որոշ կասկածներ է հարուցում։ Հրաժարականից հետո Ռ․ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը համոզված հայտարարեցին այն մասին, որ ամեն բան կատարվել է սահմանադրության շրջանակներում։ Հրաժարականի իր հայտարարության մեջ Լ․ Տեր֊Պետրոսյանը բծախնդրորեն խուսափեց վիճակը հակասահմանադրական որակելուց, սակայն ընդգծեց, որ սահմանադրական իր իրավունքների կիրառումը (այն է՝ կաբինետի այն անդամների հեռացումը, որոնք անտեսեցին արտաքին և անվտանգության քաղաքականություն իրականացնելու Նախագահի սահմանադրական լիազորությունը) երկիրն ապակայունացնելու լուրջ վտանգ էր ներկայացնում։ Իրերի նորմալ ընթացքն, անշուշտ, այն է, որ երբ վարչապետն ու նախարարները էական հարցերում իրենց Նախագահի հետ չեն համաձայնում և չեն կարողանում նրան համոզել փոխելու իր որոշումը, իրենք են հրաժարական տալիս։

Կողմերից որևէ մեկը Սահմանադրական դատարան չդիմեց հրաժարականի սահմանադրականության հարցով։ Հայաստանում արտահայտված կարծիքները մեծ մասամբ քաղաքական դրդապատճառներ ունեին և չէին արտացոլում սահմանադրական օրենքի լուրջ նկատառումներ, ինչը Հայաստանում գտնվում է իր սաղմնային վիճակում։ Առանց Լ․ Տեր֊Պետրոսյանի և նրա հակառակորդների միջև տեղի ունեցած քննարկումների ճշգրիտ իմացության, դժվար կլինի ավելին ասել, քան հետևյալը․ գործընթացը տեխնիկապես թվում է սահմանադրական կարգին համապատասխան, սակայն կասկածելի է մնում այն հանգամանքը, թե հարգվել է Սահմանադրության ոգին։ Իր հրաժարականով Լ․ Տեր֊Պետրոսյանը խուսափեց սահմանադրական ճգնաժամից և հնարավոր աղետալի առճակատումից։

Հրաժարականի սահմանադրականության հարցին կարևորություն չընծայվեց սովորական ընդդիմության հիմնական տարրերի կողմից, որոնք երբեք չէին ընդունել կամ հավանություն տվել ներկա Սահմանադրությանը։ Սա չի նշանակում, թե նրանց դուր եկավ այն ձևը, որով կատարվեց հրաժարականը, սակայն նրանց համար կարևորը Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումն էր, որը ողջունեցին։ 1955֊ի Սահմանադրությունը և 1996֊ի ընտրությունների արդյունքները չընդունելը նրանց զրկեց Ռ․ Քոչարյանի դեմ սահմանադրական նորմերի վրա հիմնված փաստարկներ օգտագործելու հնարավորությունից։

Թեև Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացը ներքին էր, այսինքն՝ դերակատարներն ու դրդապատճառները հիմնականում ներքին, հայաստանյան էին, չի կարելի թերագնահատել արտաքին ուժերի ու գործոնների կարևորությունը, որոնք տարբեր, նույնիսկ հակադիր պատճառներով, թուլացրեցին Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքն ու վարկը։ Այդ ուժերն իրենց սեփական սցենարն ունեն, թե ով պետք է կառավարի Հայաստանը, և թե ինչպես պետք է ընթանա հակամարտությունը։ Արտաքին ուժերը Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակորդների մեջ ամրամպնդեցին այն հավատը, թե միջազգային հանրությունը կընդունի հնարավոր այլընտրանքային ղեկավարներին։ Այս գիրքն այդ բնագավառին չի առնչվելու։ Այնուամենայնիվ արժե շեշտել, որ երբ պատմությունը գրվի, այն որոշ անսպասելի կապեր կբացահայտի։


Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը մեկնաբանվել է շտապ արտահայտված, կաղապարված ձևակերպումներով, որոնք կրկին հաստատում են նյութի ընդունված բացատրությունները։ Այդ տարածված, պատկերացումը պնդում է, որ․

1. Լ․ Տեր֊Պետրոսանն անսպասելիորեն որոշեց ընդունել Ղարաբաղյան հակամարտության լուծման մի ձևակերպում, որն անընդունելի էր նրա վարչակազմի կարևոր անդամների համար։

2. Տարաձայնությունը ծագեց ճիշտ այն ժամանակ, քանի որ Նախագահի դիրքորոշումն ու առաջարկված ձևակերպումը պետք է որ նրանց համար նոր լինեին։

3. Լ․ Տեր֊Պետրոսյանն այդ ձևակերպումն ընդունեց այլ երկրների և միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի կողմից ներկայացվող ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից աննախադեպ ճնշման հետևանքով։

4. Լ․ Տեր֊Պետրոսյանի և նրա հակառակորդների միջև հակադրության էությունը կայանում էր «փուլային» և «փաթեթային լուծման» մոտեցումների մեջ։

5. Նախագահին ստիպելով հրաժարական տալ՝ հակառակորդներն ունեին ժողովրդի օժանդակությունը, որը հավանություն էր տալիս հակամարտության հանդեպ կարծր դիրքորոշմանը և Նախագահի զիջողականությունը համարում «պարտվողական», նույնիսկ «դավաճանական»։

Հետաքրքիր է նկատել, որ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականին հաջորդած իր հարցազրույցում Ռ․ Քոչարյանը երբեմն֊երբեմն նշել է, որ հակամարտության լուծման հարցում եղած տարբերությունները իր խմբի գործողությունների միակ պատճառը չէին։ Սա նույնպես քննարկման առարկա է, և դրան կանդրադառնանք ավելի ուշ։

Տարածված պատկերացման ետևում

Այժմ, երբ ժամանակի փոշին նստել է նյութի վրա, և նյութը բավականաչափ չարչրկվել է գիտակների կողմից, հնարավոր է մի հայացք նետել եղած պնդումներին և, հիմք ունենալով մեծ մասամբ հանրահայտ տեղեկատվությունը, իրերը դնել իրենց տեղը։ Դրանով հնարավորություն կունենանք տեսնելու հրաժարականի ետևում թաքնված ավելի մեծ հարցերը։ Դրա նպատակը ոչ թե Լ․ Տեր֊Պետրոսյանին պաշտպանելն է, այլ այն նկատառումը, որ պրոբլեմի սխալ բնորոշումը քաղաքականություն որոշողներին և հետաքրքրված ակադեմիական կամ այլ խմբերի կարող է դեպի կեղծ հույսեր առաջնորդել և հետագայում սխալ դատողությունների հիմք հանդիսանալ, ինչպես բազմիցս պատահել է անցյալում։


Անկախ նրանից, նրա անձը սիրել են կամ համաձայնել նրա քաղաքականությանը, թե ոչ, Լևոն Տեր֊Պետրոսյանը պետք է համարվի հայոց պատմության վերջին տասնամյակի ամենաազդեցիկ դեմքը։ Նա, հավանաբար Վազգեն Մանուկյանի հետ միասին, եղել է Ղարաբաղ Կոմիտեի գաղափարական առաջնորդը, այն Կոմիտեի, որը 1988֊ից ի վեր պաշտպանել է Ղարաբաղի հայերի իրավունքները և ի վերջո Հայաստանն առաջնորդել դեպի անկախություն։ 1990 թ․֊ի հուլիսին Լ․ Տեր֊Պետրոսյանն ընտրվեց դեռևս Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1991֊ի հոկտեմբերին՝ անկախ Հայաստանի ժամանակ նա իր երկրորդ հնգամյա պաշտոնավարման փուլում էր։

Լ․ Տեր֊Պետրոսյանի աշխարհայացքով ձևավորվեց Հայաստանի անցումային շրջանը դեպի ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն և, որ ամենակարևորն է, դեպի ոչ֊ավանդական արտաքին քաղաքականություն։ Պետության կառուցման մեջ նա ղեկավարեց Ազգային ժողովի, Նախագահական կառույցի, Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի և զինված ուժերի կառուցվածքային զարգացումը, վերասահմանեց կառավարության դերը և կառավարության ու քաղաքացիների միջև հարաբերությունները։ Սկսեց իրավական, առողջապահական, կրթական և սոցիալական ապահովության ոլորտների բարեփոխումները։ Հարթեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղին։ Ելնելով փոփոխության կարիք ունեցող ոլորտների հսկայական թվից և դրանց փոխկապակցվածությունից՝ կառավարման մասին Լ․ Տեր֊Պետրոսյանի հիմնական փիլիսոփայությունը էվոլյուցիոն էր, և ոչ թե ռևոլյուցիոն՝ հեղափոխական։ Նա պնդում էր, որ իրական սոցիալական փոփոխությունը հնարավոր և տեսանելի կլինի միայն կառույցների աստիճանական ստեղծմամբ և տնտեսության ուժով, որոնք իրենց հերթին բարեփոխումների քաղաքականությանը թույլ կտան արմատներ ձգել։

Լ․ Տեր֊Պետրոսյանը ունեցել է լուրջ ընդդիմություն և բազմաթիվ քննադատներ․ նրան բաժին է ընկել ատելության ու նախանձի սովորական չափից շատ ավելին։ Ընդդիմախոսների մեջ էին կոմունսիտներն ու ծայրահեղ ազգայնականները, ինչպես նաև որոշ նախկին զինակիցներ։ 1995֊ի խորհրդարանական և 1996֊ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար նա ենթարկվեց ներքին և միջազգային քննադատության։ Ոմանք քննադատում էին՝ չափազանց հանդուրժող ու ժողովրդավար լինելու համար, մինչ ուրիշներ նրան համարում էին ավտորիտար և նույնիսկ բռնակալ։ Պաշտոնից հրաժարվելու նրա որոշումը մեզ խորհել է տալիս իշխանության ու պաշտոնի հետ նրա հարաբերության մասին։

Իբրև գործող նախագահի, նրան պատասխանատու համարելը այն ամենի համար, ինչ վատ էր ստացվում, համարվում էր բնական։ Քննադատներից ոմանց համար նրա արած ոչ մի բանը ճիշտ չէր, և բոլոր քայլերը դիվային էին։ Լինելով սակավախոս անձ՝ Լ․ Տեր֊Պետրոսյանը է՛լ ավելի սակավ էր արտահայտվում նման դատողությունների մասին։

Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, թե անցման շրջանում նրա ղեկավարությունն իմաստուն էր, թե ոչ, նրա հիմնադրած պետական կառույցները կենսունակ էին, թե ոչ, նրա նախաձեռնած բարեփոխումները կամ տարբեր հարցերում որդեգրած քաղաքականությունը հաջողվեցին, թե ոչ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինքը այս հարցերի շուրջ լռությունն է պահպանել՝ անուղղակիորեն առիթ ստեղծելով, որ մարդիկ հավատան ամեն մի բացատրության։

Բավական է միայն ուշադիր դիտարկել այն փաստերը, որոնք նաև հանրության սեփականությունն են, և խուսափել դեպքերն ընտրովի հիշելու սովորույթից՝ ցույց տալու համար, որ ինչ գրվել է, առնվազն հրաժարականի հարցի կապակցությամբ, մեծ մասամբ հակառակն է այն իրողության, ինչ ներկայացնում են նրա և նրա մերձավոր գործընկերների միջև ծագած հակադրության հանգամանքները։


Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի շուրջ խեղաթյուրված խոսակցությունները հետևյալ հարցերն են հարուցում։

1. Իր 1997 թ․ սեպտեմբերի 26֊ի մամուլի ասուլիսում Լ․ Տեր֊Պետրոսյանն արդյո՞ք նոր ծրագիր ներկայացրեց, որը պատճառ դարձավ գործընկերների հակազդեցության։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծման մասին Լ․ Տեր֊Պետրոսյանի սեպտեմբերի 26֊ի հայտարարությունը որևէ նոր բան չէր պարունակում։ Լ․ Տեր֊Պետրոսյանը միևնույն դիրքորոշումն է ունեցել իր նախագահության ողջ ընթացքում և այդ մասին բազմաթիվ առիթներով հստակորեն արտահայտվել է թե՛ մասնավոր զրույցներում և թե՛ հրապարակավ։ Դեռևս 1992֊ին Ղարաբաղի անկախության միակողմանի հռչակումը ճանաչելու նրա մերժումը, չնայած փողոցներում բողոքի ցույցերին և չնայած այն ժողովրդավարությանը, որ այդ ճանաչումը կբերեր նրան, հակամարտության լուծման նրա ունեցած տեսակետի արտահայտություններից մեկն էր։

Նորությունը նրա մերձավոր գործընկերների կողմից հրապարակային, համակարգված, նույնիսկ կատաղի հակազդեցությունն էր կրկնության այդ փաստին, հակազդեցություն, որը շատ ավելի ցայտուն դարձավ նոյեմբերին, երբ քննադատությունների հեղեղն ի պատասխան Լ․ Տեր֊Պետրոսյանը գրեց իր նշանավոր «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը։

Առանց քննարկելու հնարավոր ընտրանքները, այդ հոդվածում Լ․ Տեր֊Պետրոսյանը ներկայացրեց այն պատճառները, որոնք ցույց էին տալիս, թե փոխզիջումային լուծումն ինչո՛ւ է անհրաժեշտ։ Նույնիսկ այդ ժամանակ նա, առանց մանրամասների մեջ մտնելու, գեթ հիմնական ուրվագծերով չներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն առաջարկը, որն ընդունել էր որպես բանակցությունների վերսկսման սկիզբ, և որը մյուսները մերժում էին։

2. Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքորոշման մեջ նրա հակառակորդների համար կա՞ր որևէ նորություն։

Նույնիսկ եթե սեպտեմբերի ու նոյեմբերի նրա հայտարարությունները հասարակության համար որոշ նորություն պարունակում էին, նրա մերձավոր գործընկերների համար որևէ նոր բան գոյություն չուներ։ Նրանք բոլորը գիտեին, որ Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունել էր, նույնիսկ եթե այդ արել էր «լուրջ վերապահումներով», միևնույն առաջարկի առաջին նախագիծը, որը միջնորդների կողմից իբրև բանակցությունների հիմք ներկայացվել էր նույն տարվա մայիսին։ Հուլիսին ներկայացրած երկրորդ նախագիծը նույնպես ընդունվել էր Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից։ Նույնը կատարվեց նաև սեպտեմբերի 22-23֊ին միջնորդների ներկայացրած երրորդ նախագծի հետ, որը բազմաթիվ առումներով նախորդ նախագծի շատ ավելի բարելավված տարբերակն էր։ Եթե որևէ նորություն կար, այն էր, որ երրորդ նախագծում միջնորդների կատարած փոփոխություններում հաշվի էին առնվել հայկական կողմի մտահոգությունների մեծ մասը՝ դրանով այն դարձնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի համար ոչ թե նվազ, այլ, բնականաբար, շատ ավելի ընդունելի։

Լ․ Տեր֊Պետրոսյանի գործընկերները գիտեին նաև բոլոր երեք առաջարկների ամբողջական բովանդակությունը, որոնք մայիս ու սեպտեմբեր ամիսների միջև եղել էին ինտենսիվ ու պարբերական քննարկումների առարկա։ Պաշտոնական հայտարարությունների միջոցով հասարակությունը նույնպես գիտեր Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից առաջարկների ընդունման մասին, թեև չգիտեր դրանց ճշգրիտ կամ ամբողջական տեքստը։ Այն մանրամասները, որ հասել էին Հայաստանի քաղաքացիներին, հիմնականում անստույգ էին, թերի և խեղաթյուրված հատվածներ, որոնք մեծ մասամբ հրապարակվել էին Բաքվի կողմից՝ ադրբեջանական հասարակայնության վրա այն «սաղացնելու» և որպես Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակ հրամցնելու նպատակով, ինչը բնավ այդպես չէր։

3․ Լ․ Տեր֊Պետրոսյանի և նրա գործընկերների միջև տարաձայնությունները հակադրության վերածվելու հանգամանքը արդյո՞ք կապ ուներ «փուլ առ փուլ» և «փաթեթային» լուծումների հակադրության հետ։

Մինչև 1996 թ․ դեկտեմբերը Ղարաբաղին վերաբերող հարցերը բաժանված էին երկու կարգի։ Առաջին կարգի հարցերը խմբավորված էին «ռազմատեխնիկական» հարցերի կամ «պատերազմի հետևանքների վերացման» խնդիրների շուրջ։ Դրանց մեջ էին մտնում շրջափակումների վերացումը, երկու կողմերի գրավված տարածքների վերադարձի հարցը, տեղահանված անձանց և փախստականների վերադարձը՝ նույնպես երկու կողմից, զինադադարի ամրապնդման միջոցառումները և մարդասիրական այլ հարցեր, ինչպես, օրինակ՝ պատանդների ու ռազմագերիների հարցերը։ Այս խմբի հարցերը սահմանվում էին իբրև Ղարաբաղյան հակամարտություն։

Երկրորդ կարգը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին և հարակից հարցերի։ Սա սահմանվում էր իբրև Ղարաբաղի պրոբլեմ։ «Փուլ առ փուլ» մոտեցում ձևակերպումը վերաբերում է այն մեթոդաբանությանը, երբ նախ բանակցությունները ընթանում են հարցերի մեկ կարգի և այդ կարգին առնչվող լուծումների իրականացման շուրջ, իսկ այնուհետև անցում է կատարվում հարցերի երկրորդ կարգին։ «Փաթեթային լուծում» մոտեցումը վերաբերում է բանակցությունների գործընթացին, երբ հարցերի երկու կարգերն էլ շոշափվում են միաժամանակ՝ մեկի շուրջ համաձայնության իրականացումը պայմանավորելով մյուսի շուրջ համաձայնության իրականացումը պայմանավորելով մյուսի շուրջ համաձայնությամբ։

Ղարաբաղյան բանակցությունների պատմության համատեքստում գոյություն ուներ այն ըմբռնումը, որ «փուլ առ փուլ» մոտեցումը բանակցությունների սեղանին է դնում հարցերի առաջին կարգը։ «Պատերազմի հետևանքների վերացման» համաձայնությունը պետք է խաղաղություն բերեր, որը նշանակում էր, որ կողմերը մշտապես պետք է հրաժարվեին ուժի կիրառումից։ Կարգավիճակի հարցը պետք է լուծվեր առանձին՝ բանակցությունների միջոցով, առաջին փուլից հետո։ Այն շարունակում էր «հող խաղաղության փոխարեն» մոտեցումը․ գրավված տարածքների, անշուշտ, ոչ բոլորի, վերադարձ՝ հակամարտող բոլոր կողմերի հրաժարում ուժի կիրառումից, որպեսզի կարգավորեն լուծելիք մնացած խնդիրները։ «Փաթեթային լուծումը» այլ հակամարտություններում կոչվում է «հող կարգավիճակի փոխարեն»։ Գրավված տարածքները համարվում են սակարկելու ամենալավ պատառները, որոնք կարող են ապահովել գրավված տարածքները վերահսկողների նախընտրած կարգավիճակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները, որ սկսվեցին 1992 թ․ հունիսին և փակուղի մտան 1996֊ին, հիմնված էին «փուլ առ փուլ» մոտեցման վրա, կարգավիճակի խնդիրն այնտեղ չէր քննարկվում։ Բազմաթիվ առիթներով Ղարաբաղի պատվիրակությունը, որը Մինսկի Խմբի բանակցությունների լիիրավ մասնակից էր, խնդրել էր, որ Մինսկի խումբը քննարկի նաև կարգավիճակի հարցը, որն անմիջապես հարուցել էր Ադրբեջանի և մնացած ինը երկրների այն պահանջը, որ հայկական կողմը նախ պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։

Չնայած այն փաստին, որ կարգավիճակը Մինսկի Խմբի հանդիպումներում չի քննարկվել, Մինսկի Խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ֊Ն և Ֆրանսիան, 1997֊ից ի վեր, կողմերին հաջորդաբար ներկայացրել են առաջարկների երեք նախագիծ (1997 թ․ մայիսին, հուլիսին և սեպտեմբերին), որոնցից առաջին երկուսը հիմնված էին «փաթեթային լուծման» մոտեցման վրա։ Դրանք պարունակում էին Ղարաբաղի կարգավիճակի առաջարկ։ Երկուսն էլ առաջարկում էին երկճյուղ բանակցություններ, յուրաքանչյուր կատեգորիայի համար առանձին՝ այն պայմանով, որ մեկի շուրջ համաձայնության իրականացումը չպետք է սպասի մյուսի շուրջ բանակցությունների հաջող եզրահանգմանը։

Լ․ Տեր֊Պետրոսյանը մեթոդներից որևէ մեկի հանդեպ գաղափարախոսական կամ սկզբունքային խնդիր չուներ։ Երևանը լուրջ վերապահումներով առաջին երկու առաջարկներն ընդունել էր որպես բանակցությունների հիմք, և մերժել էր տարածքային ամբողջականության սկզբունքի ընդգրկումն իբրև կարգավիճակի շուրջ բանակցությունների ելակետ։ Բաքուն հայտարարել էր, որ ինքն ընդունում է դրանք, սակայն այնպիսի վերապահումներով, որոնք հավասարազոր էին մերժման։ Ստեփանակերտը կատարելապես մերժել էր այդ երկու «փաթեթային լուծումների» նախագծերը։ Նույնիսկ ակնարկ է եղել, թե իրենց հարմար չէ «փաթեթային մոտեցումը»։

1997֊ի հուլիսին ակնհայտ էր, որ առաջարկությունները բանակցությունների հիմք հանդիսանալու և իրական առաջընթաց արձանագրելու համար չափազանց հավակնոտ էին։ Դժվար էր լինելու ընդհանուր հայտարարի գալ այդքան բազմաքանակ հարցերի շուրջ, ներառելով ամենաբարդը՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Ելնելով կարգավիճակի հարցի հետ գործ ունենալու համար բանաձև գտնելու անհնարինությունից՝ համանախագահները սեպտեմբերին ներկայացրած առաջարկից հանեցին կարգավիճակին առնչվող հատվածը։

Երբ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը փաստորեն մերժեցին առաջին երկու տարբերակները, Լ․ Տեր֊Պետրոսյանն ավելի համոզվեց, որ կարգավիճակի շուրջ համաձայնությունը տվյալ ժամանակի համար հասանելիությունից դուրս է, որ այդ պահին կարգավիճակի պնդումը կաթվածահար կաներ բանակցությունները և հակամարտության լուծման ուղղությամբ մինչ այդ ձեռքբերված ողջ առաջընթացը, և որ «փուլ առ փուլ» մոտեցումը, երբ զուգակցվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու տարածքի անհրաժեշտ անվտանգության երաշխիքներով, լավագույն մոտեցումն է։

Այս վերջինը, որ մինչ այդ փաստորեն կորել էր տեքստերի բարդության մեջ, հարցերի երրորդ կարգն էր, որը որոշ առումներով նույնիսկ ավելի կարևոր է, քան մյուսները։ Դա Ղարաբաղի ժողովրդի ու տարածքի անվտանգության երաշխիքների խնդիրն է՝ անկախ կարգավիճակից և անկախ այն բանից, թե գրավված տարածքների ո՛ր մասը կվերադարձվեր։ Մայիսի ու հուլիսի տեքստերում անվտանգության երաշխիքները ցրված էին առաջարկների երկու մասերի միջև և մնում էին անբավարար։ Երևանի պնդմամբ և քրտնաջան աշխատանքով համանախագահները անվտանգության երաշխիքները խմբավորեցին նոր «զամբյուղի մեջ և մտցրեցին երրորդ տարբերակի մեջ՝ ներառելով նաև որոշ տարրեր, որոնք մինչ այդ համանախագահների կողմից չէին ընդունվել կամ առաջարկի մեջ չէին ընդգրկվել։ Կարգավիճակի հարցը հանվեց առաջարկից։

Այսպիսով, եթե սեպտեմբերին «փուլ առ փուլ» առաջարկը բոլորի կողմից ընդունված լիներ որպես բանակցությունների հիմք, և տեքստի շուրջ բանակցությունները հաջողված լինեին, ամենայն հավանականությամբ կունենայինք իրադրության հետևյալ պատկերը։

ա) Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն կհաստատվեր՝ գրավված այն տարածքների վերադարձից հետո, որոնք անվտանգության խնդրի հետ առնչություն չունեն։ Այդ առաջարկի հիման վրա Շուշին ու Լաչինն Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսակցությունները ադրբեջանական քարոզչություն են և Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակորդների կեղծ մեղադրանքները։ Առաջարկը Շուշիի ու Լաչինի վերադարձը չէր նշում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Լաչինի զիջումն արեց 1997 թ․ ամռանը Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ՝ համաձայնելով դրա վերջնական լուծումը թողնել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների փուլին։ Շուշին նշած էր հպանցիկ բնավ ոչ իբրև վերադարձվելիք տարածք։

բ) Տարածքային ամբողջականության սկզբունքի պնդումը (որը պաշտպանում են Ադրբեջանը, միջազգային հանրությունը, պաշտպանում է ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ և Հայաստանի ամեն մի «բարեկամ»՝ ներառյալ Ռուսաստանը, Իրանը և այլ երկրներ), և որն այսօր հաղթում է ազգերի ինքնորոշման իրավունքին (որը պաշտպանում են Հայաստանն ու Ղարաբաղը) հանվել են առաջարկից՝ կարգավիճակի քննարկման հարցի հետ միասին։ Սա նշանակում էր, որ 1996 թ․ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի հայտարարությունը, որը տարածքային ամբողջականության սկզբունք դնում էր առաջին կետում, փաստորեն հանվել էր։

գ) Մինչև այն պահը, երբ վերջնական կարգավիճակի բանակցությունները հանգեցնեն փոխադարձ ընդունելի պայմանագրի, Ղարաբաղը պահպանելու էր իր ներկա իրավիճակը։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը մնալու էր դե֊ֆակտո Ադրբեջանից անկախ, և Հայաստանի հետ նրա ունեցած հարաբերությունները չէին վերացվելու։

ղ) Ղարաբաղի ու նրա ժողովրդի անվտանգության երաշխիքները կիրառման ուժ էին ստանալու անմիջապես՝ նախքան վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնության գալը։


Հնարավոր է, որ Ղարաբաղի ղեկավարներն ու Լևոն Տեր֊Պետրոսյանի նախկին գործընկերները բավարարված չէին սեպտեմբերի առաջարկի անվտանգության երաշխիքներով կամ որևէ այլ մեծ կամ փոքր կետով։ Առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու, կարևոր է ընդգծել, որ, առաջին՝ անվտանգության երաշխիքները Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից բավարար էին համարվում, և բանակցությունների ընթացքում ևս որոշ կատարելագործում էր մտցվելու դրանց մեջ, երկրորդ՝ մի շարք կետեր դեռևս բարելավման կարիք ունեին, բայց հենց դա էր բանակցությունները վերսկսելու նպատակը։

Այնուամենայնիվ, ասվում էր, որ տարաձայնությունները մեթոդի շուրջ էին, և ոչ թե առանձին կետերի, այսինքն՝ «փաթեթայինը» հակադրվում էր «փուլ առ փուլ» մոտեցմանը։

Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների մեծ մասի ընթացքում Ռ․ Քոչարյանը Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր, ապա Լեռնային Ղարաբաղի Նախագահը, իսկ այդ բանակցությունները հիմնված էին բացառապես «փուլ առ փուլ» մոտեցման վրա։ Վազգեն Սարգսյանը այդ ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարար էր, ապա՝ պետական նախարար, ապա՝ կրկին Պաշտպանության նախարար։ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարն էր, հետո՝ Հայաստանինը, ապա՝ Հայաստանի Ներքին գործերի ու անվտանգության նախարարը՝ նույն այդ ժամանակահատվածում։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետն էր, երբ Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունեց առաջին երկու առաջարկները 1997 թ․ մայիսին և հուլիսին, որոնք կարող էին մեկնաբանվել և որպես փուլային, և որպես փաթեթային։

Եթե Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակորդ դարձած գործընկերների պրոբլեմը առաջարկի մեթոդաբանությունն էր, այսինքն՝ նրանց կողմից «փաթեթային լուծման» պնդումը, ապա պետք է մանրակրկիտ աշխատած լինեին՝ մայիսի և հուլիսի տեքստերը բանակցությունների համար ավելի ընդունելի հիմք դարձնելու ուղղությամբ։ Նման բան տեղի չունեցավ։


4. Արդյո՞ք Լ․ Տեր֊Պետրոսյանը ԵԱՀԿ առաջարկի տեքստը բանակցությունների հիմք ընդունեց՝ միջազգային հանրության կողմից իր վրա եղած աննախադեպ ճնշման հետևանքով։

Հակառակ ընդունված կարծիքի, այդ թվում և միջազգային որոշ մեկնաբանների կողմից, ԵԱՀԿ միջնորդները 1997֊ին Լ․ Տեր֊Պետրոսյանի վրա անսովոր ճնշում չեն գործադրել։ Փաստորեն, համեմատած ԵԱՀԿ հինգ տարի ընթացող բանակցությունների որոշ այլ դեպքերի հետ, միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ֊ը, Ֆրանսիան, գործում էին կոլեգիալ և կառուցողական համագարծակցությամբ՝ թե՛ միմյանց և թե՛ հակամարտության կողմերի հետ։ Բացի այդ, հատկապես սեպտեմբերին, միջնորդների ջանքերն ուղղված էին բանակցությունների վերսկսմանը և ոչ թե հակամարտող երկրների կողմից առաջարկի տեքստի ընդունմանը։ Եվ միշտ հնարավորություն կար ի վերջո մերժելու բանակցության առարկա տեքստը, եթե որևէ մեկն այն չէր հավանում։

Լ․ Տեր֊Պետրոսյանը մինչ այդ հաճախ էր առաջարկներ մերժել, սակայն միշտ այդ արել էր՝ միաժամանակ ներկայացնելով նոր նախաձեռնություն ու նոր առաջարկներ։ Մի կողմից, նա մերժեց ճանաչել Ղարաբաղի անկախության միակողմանի հռչակումը՝ վստահ, որ տևական խաղաղությունը պետք է բանակցությունների արդյունք լինի, այսինքն՝ լուծումը և յուրաքանչյուր կողմի կատարելիք զիջումները պետք է հակամարտության մեջ ընդգրկված կողմերի համար ընդունելի լինեն։ Մյուս կողմից, նա դիմակայեց ԵԱՀԿ֊ի միացյալ և նրա անհատ֊երկրների վիթխարի ճնշմանը և չվարանեց վետո դնել 1996֊ի Լիսաբոնի գագաթնաժողովի ձախող հայտարարության վրա։ Վետոյի պատճառներից մեկն այն էր, որ հայտարարությունը շահագրգիռ բոլոր կողմերի միջև բանակցությունների արգասիք չէր։


Ես վստահ եմ, որ Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունեց սեպտեմբերի առաջարկը, որովհետև ա) գտավ, որ այն լավն է, բ) միջնորդները լուրջ ջանք էին գործադրել՝ հաշվի առնելու կողմերի իրավացի մտահոգությունները, և գ) Մինսկի Խմբի բանակցությունները, որոնք պետք է հաջորդեին հակամարտողների կողմից առաջարկի տեքստն իբրև բանակցությունների հիմք ընդունելուն, հնարավորություն էին ընձեռում փաստաթղթի հետագա հղկման ու բարեփոխման համար։


5. Հայաստանի ժողովուրդը դե՞մ էր Լ․ Տեր֊Պետրոսյանի լուծմանը, և Ռ․ Քոչարյանի ղեկավարած խմբի ընդդիմությունն արտահայտո՞ւմ էր արդյոք հասարակական կամքը։

Այն պնդումները, թե Հայաստանի ժողովուրդը դեմ էր Լ․ Տեր֊Պետրոսյանի մոտեցմանը, հիմնված չեն որևէ հավաստի փաստի վրա։ Տասը տարի առաջ, սկսած համազգային շարժումից, Հայաստանի ժողովուրդը ցուցաբերել է բացառիկ ճկունություն ու շրջահայեցողություն։ Նրանց քվեները մատնանշում են խոհեմություն ու չափավորություն։

Փաստն այն է, որ «ժողովուրդը» փոքր դեր է ունեցել վերջին իրադարձությունների մեջ։ Հարցի վերաբերյալ հանրաքվե չի անցկացվել, և այլընտրանքային լուծումների բանավիճային քննարկումը, որ մինչև իր հրաժարականը Լ․ Տեր֊Պետրոսյանն իր ընդդիմախոսներին կոչ արեց ծավալելու, երբեք չկայացավ։

Դժվար է ասել, թե Հայաստանի ժողովուրդն ի՛նչ կընտրեր, եթե նրան ընտրելու հնարավորություն տրված լիներ։ Կոնկրետ այդ առաջարկի քննարկումն, ամեն դեպքում, դժվար կլիներ։ Ինչպես վերն ասվեց, ո՛չ Լ․ Տեր֊Պետրոսյանը, ո՛չ նրա հակառակորդները չբացահայտեցին դրա բովանդակությունը։ Նախկին Նախագահին գուցե կարելի է կշտամբել դրա համար։ Միայն նա կարող է բացատրել իր ռազմավարությունը։ Սակայն կարելի է խիզախել՝ փորձելով երկու մեկնաբանություն անել։ Ի տարբերություն Ադրբեջանի Նախագահ Ալիևի, Լ․ Տեր֊Պետրոսյանն իրեն պարտավորված էր զգում պահպանելու բանակցությունների հիմնական կանոնները, որոնք պահանջում էին գաղտնիության ապահովում։ Բացի այդ, նա չէր կարծում, թե ճիշտ կլինի ներկայացնել մի առաջարկի մանրամասներ, որն ընդամենը առաջարկ էր, և հակամարտողների կողմից բանակցությունների առարկա չէր դարձել։ Սակայն բանավեճը այն մասին, թե ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, խմբավորում կամ քաղաքական գործիչ կլուծեր հակամարտությունն ու հիմնախնդիրը՝ անկախ ձեռքի տակ եղած առաջարկի տեքստից, հնարավոր էր։ Ինչևէ, դժբախտաբար դա տեղի չունեցավ։


Լ․ Տեր֊Պետրոսյանին կարելի է գուցե կշտամբել նաև իր որդեգրած ռազմավարության համար, ըստ որի նա ցանկանում էր ներսում կոնսենսուսի հասնել մի ծրագրի շուրջ, որը պահանջում էր դժվար ընտրանքներ, և որը կարող էր հեշտությամբ շահարկվել ամբոխավարների կողմից։ Նա ակնկալում էր, որ բանական գործընթացը կհանգեցնի ընդհանուր որոշման, ինչպես շատ ուրիշ դժվար ընտրանքերի դեպքում էր կատարվել։ Նա սովորաբար նախ կուտակում և գումարում էր ինֆորմացիան ու խնդրին առնչվող գործընթացները, ապա մտածում էր պրոբլեմի այնքան ասպեկտների մասին, որքան կարող էր․ երրորդ՝ գործընթացների հետ մտնում էր պաշտոնական կամ անպաշտոն ինտենսիվ բանավեճերի մեջ՝ այնպիսի մի ոճով, որ հայացքների բոլոր տարբերությունների արտահայտումն ու վիճաբանությունը խրախուսվում էին, և ի վերջո հանգում էր որոշման, երբ հնարավոր էր՝ կոնսենսուսով կայացված, բայց միշտ այնպիսի մի որոշման, որի պատասխանատվությունն անձամբ կարող էր ստնաձնել և ստանձնում էր։

Երկրի առջև ծառացած ամենաճգնաժամային պրոբլեմների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը պահանջում էր մտավոր ուժ, վիճաբանելու և համոզելու ունակություն, բանական փաստարկները լսելու և համոզվելու պատրաստակամություն, ինչպես նաև խառնվածքի ուժ և իրերի ընդհանուր պատկերը երբեք չմոռանալու կարողություն։ Այս հատկանիշները նրա համար հնարավոր դարձրին վեր ելնել ավանդական մտածողությունից և նրան տվեցին համոզմունքի ուժ՝ ներառյալ բանական գործընթացի նկատմամբ հավատը և հիմնախնդրի լուծման նկատմամբ խոր համոզմունքը։ Սակայն նույն այդ հատկանիշները դիտվեցին որպես նրա թերություններ, այն է, ինտելեկտուալ մեկուսացվածություն՝ հասարակության հետ շփման և քաղաքական նպատակահարության փոխարեն, կարծրություն հակառակորդների նկատմամբ, խուսափում փոխզիջումներից, որոնց շնորհիվ նա կարող էր պահպանել իր իշխանությունը։ Ոմանք դա բնորոշում էին որպես հաղորդակցման պրոբլեմ։ Հետաքրքրականն այն է, որ նա գերազանց հաղորդակցվող էր՝ երբ որոշում էր հաղորդակցվել։ Այլապես նա Մատենադարնի ավագ գիտաշխատողի իր աշխատանքից չէր հասնի Ղարաբաղ Կոմիտեի անդամության ու դրա գաղափարական ղեկավարման և, ի վերջո, երկրի ղեկավարման։ Ի տարբերություն խորհրդային ժարգոնի կամ գաղափարախոսական, կամ ազգայնական ճարտասանության, նա խոսում էր հստակ և մտքերը հայտնում հակիրճ՝ գործածելով հնարավորին չափ քիչ բառեր։ Լեզուն, և այն, ինչ խոսքը կարող էր փոխել մարդկանց մեջ, նրա նախասիրած զենքն էր ոչ միայն Ղարաբաղի հիմնահարցի խորհրդային լուծման դեմ, այլև «սովետերեն» խոսող «սովետական մարդ» կոչվող երևույթի դեմ։ Նա հարգում էր բառերը, հավաստում նրանց ներհատուկ արժեքին, հավատում էր քաղաքացիների կողմից ճիշտ դատողություններ անելու կարողությանը և ջանում էր պահպանել բառերի զորությունը՝ իրական հաղորդակցություն իրականացնելու համար։ Դա կարող էր լինել կարևոր պատճառներից մեկը, թե ինչու էր նա այդպես խնայողաբար վերաբերվում բառերին։ Նրա քաղաքականության հետևանքների և նրա իշխանության լեգիտիմության նկատմամբ կասկածները չեն նվազեցրել այն ակնածանքը, որ մարդիկ տածում էին նրա հազվադեպ ելույթների հանդեպ։ Ուշադիր լսում էին, երբ խոսում էր, և վստահ էին, որ ասում է այն, ինչում համոզված է, համոզված է, որ դա է բուն խնդիրը, դա է իրականությունը։ Մտքերը հայտնելուց առաջ նա զտում էր դրանք և արտահայտում հստակ և պարզ, նույնիսկ չոր։

Խնդիրն այն է, որ նա որոշել էր չհրապարակել բանավեճին առնչվող բոլոր մանրամասները։ 1997 թ․ նոյեմբերի նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը մատուցեց միայն հարցի տրամաբանական եզրակացությունը։ Նա, բնականաբար, չբացեց առաջարկի հիմնական կետերը կամ դրանց կարևորությունը։ Վստահ չի կարելի ասել, որ պարզապես այդպես վարվելով՝ նրա քաղաքականությունը կհաջողվեր, և նրա նախագահությունը կպահպանվեր։ Թերևս արդեն չափազանց ուշ էր։

Չնայած այն ամենին, ինչ ասվել է կամ մնացել չասված, չնայած այն ամենին, ինչ արվել է կամ կարող էր արվել ու չի արվել, եթե հնար լիներ հանրաքվե ու բանավեճ կազմակերպել, եթե ներկայացվեին խնդրին առնչվող բոլոր փաստերն ու գնահատականները, ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը հստակ, եթե ոչ ճնշող մեծամասնությամբ, կքվեարկեր հօգուտ Լ․ Տեր֊Պետրոսյանի առաջարկած լուծման։ Ամեն դեպքում, հակամարտության Լ․ Տեր֊Պետրոսյանի լուծումն ավելի շատ ձայն կստանար, քան ինքն ստացավ 1996֊ի երկրորդ նախագահական ընտրություններում։

Թերևս այդպես էլ երբեք չիմանանք։ Բայց եկեք դիտարկենք 1998 թ․ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները։ Ղարաբաղի հարցի շահարկմամբ հեռացնելով գործող Նախագահին և վայելելով «կարծր» դիրքորոշում ունեցողների՝ ներառյալ Ներքին գործերի և Պաշտպանության նախարարների, ինչպես նաև ՀՅԴ֊ի և այլ կուսակցությունների օժանդակությունը Ռ․ Քոչարյանը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացավ հասարակական քվեների միայն 40 տոկոսը։ Կարեն Դեմիրճյանը գրեթե չունենալով իրեն աջակցող կազմակերպություն, ստացավ 30 տոկոս ստվերելով բոլոր մյուսներին, այդ թվում և Վազգեն Մանուկյանին։ Երկրորդ փուլում Կ․ Դեմիրճյանը կարողացավ ստանալ 40 տոկոս կամ ավելի ձայն՝ չնայած իր անցյալ կարգավիճակի հետ կապված խոչընդոտներին և Ռ․ Քոչարյանի, իբրև Նախագահի պաշտոնակատարի, ունեցած առավելությունը։ Ինչպես վերն ասվեց, թեկնածուներից և ոչ մեկի համար Ղարաբաղի հարցը չդարձավ ընտրարշավի առարկա։ Սակայն Դեմիրճյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե ինքն ինչպես կլուծեր հարցը, պատասխանեց, որ ինքն Ադրբեջանի Նախագահ Հեյդար Ալիևին ճանաչում է անձնապես (երբ Ալիևը Ադրջեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար էր և ապա՝ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ) և վստահ է, որ դա առավելություն կլինի լուծում գտնելու համար։ Դժվար է այդ հայտարարությունը բնութագրել որպես Ղարաբաղի հարցի հանդեպ «կոշտ դիրքորոշում»․ այն ավելի մոտ էր փոխզիջումային լուծման հրավերի։ Առնվազն, Լ․ Տեր֊Պետրոսյանի մոտեցման դատապարտումը չէր։ Դեմիրճյանի ստացած քվեները մեկնաբանել որպես «նոստալգիայի» քվեներ, նշանակում է հարգանքի բացակայություն դրսևորել հարցերն ու անհատներին հասկանալու հայ ընտրողի ունակության նկատմամբ։ Ինչ էլ որ ասվի Հայաստանի քաղաքացիների մասին, նրանք հիմնականում խուսափում են ծայրահեղություններից, անկայունությունից և պահպանում շրջահայացությունն ու խոհեմությունը։

Ես չեմ կարող պնդել, թե Ղարաբաղի ժողովուրդը կքվեարկեր նման լուծման օգտին։ Երկարատև մեկուսացման ենթարկված այդ շրջանի հայության մեջ մշակվել է պատմականորեն տարբեր քաղաքական մշակույթ։ Բացի այդ, ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ ու հետո, Ադրբեջանի վարած քաղաքականությամբ պայմանավորված, պաշարվածի հոգեբանությունն ու ռազմականացած մթնոլորտը նրանց դարձրել են Հայաստանի հետ լիակատար միավորումից նվազ որևէ այլ լուծման հանդեպ անտարբեր։ Նույն այդ հանգամանքները ԼՂ ղեկավարությանը ամեն մի առաջարկի և դրա հետևանքների քննարկումների նկատմամբ տալիս են գրեթե մենատիրական վերահսկողության հնարավորություն։

Տնտեսակա՞ն խնդիր

Եթե այստեղ ներկայացված հանգամանքները չեն նպաստում Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ տարածված տեսակետի հիմնավորմանը, կարելի՞ է արդյոք պատասխանն այլ տեղ փնտրել։

Սկզբից ևեթ պետք է հստակ և աներկբա նշվի, որ հիմնախնդրի լուծման հարցում առկա տարաձայնությունները չեն վկայում կողմերից որևէ մեկի վախկոտության ու մյուսի խիզախության մասին։ Բարոյախոսական տերմինաբանությունը ընդամենը լուծումներ ու ռազմավարություն ներկայացնելու պարտավորությունից և դրանց հետևանքների պատասխանատվությունն ստանձնելուց փախուստի ապացույց է։

Լեռնային Ղարաբաղն ու ԼՂ ժողովուրդը նվիրական են ամեն մի հայի համար․ Ղարաբաղի ապագան բոլորի մտահոգության առարկան է, և այն ազդելու է յուրաքանչյուր հայի վրա՝ թեև տարբեր ձևերով և տարբեր աստիճաններով։ Որևէ մի լուծում շատ ավելի անմիջականորեն ազդելու է այնտեղ բնակվող ժողովրդի և Հայաստանի ժողովրդի վրա և, գործնականում շատ ավելի նվազ՝ Սփյուռքի հայության վրա։

Հիմնախնդրի համազգային բնույթը հսկայական պատասխանատվություն է դնում յուրաքանչյուրի վրա, ով ցանկանում է ազդեցություն ունենալ դրա լուծման վրա՝ մոտիկից թե հեռվից, սակայն հատկապես նրանց վրա, ովքեր ի պաշտոնե գտնվում են զանազան այլընտրանքների միջև որոշումներ կայացնելու պատասխանատվության ներքո, քանի դեռ ընտրանքները դեռևս գոյություն ունեն։ Ռ․ Քոչարյանը և Ղարաբաղի ղեկավարները բազմաթիվ առիթներով հավաստել են, որ պատրաստ են փոխզիջումների գնալ։

Ուղղակի Լ․ Տեր֊Պետրոսյանի և Ռ․ Քոչարյանի մասին խոսելով՝ ասենք, որ տարաձայնություններն առնչվում են նրանցից մեկի կամ մյուսի համար ընդունելի փոխզիջողական տարբերակին, իսկ ավելի նշանակալի չափով՝ փոխզիջման պահին, ինչպես նաև այն գնահատականին, որ նրանցից յուրաքանչյուրը տալիս էր Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի առավելություններին ու թուլություններին։ Դա բնական է, քանի որ, հակամարտությունից բացի, գոյություն ունի նաև մի այլ խնդիր՝ Հայաստանի ու Ղարաբաղի հայության տնտեսական ու սոցիալական բարեկեցության խնդիրը՝ աղքատություն, գործազրկություն, ցածր աշխատավարձեր և հարակից սոցիալական խնդիրներ։

Ինչպես պարզ դարձավ երկու ղեկավարների հայտարարություններից ու դրանց հաջորդած բանավեճից, որքան էլ այն քողարկված լիներ, յուրքանչյուրն ուներ ուրույն տեսակետ՝ մի կողմից հակամարտության և մյուս կողմից՝ երկրի, ներառյալ Ղարաբաղի, սոցիալ֊տնտեսական վիճակի հարաբերակցության վերաբերյալ։ Հրադադարից սկսած, որը նախապես ստորագրվեց իբրև ժամանակավոր համաձայնություն 1994֊մայիսին, իսկ միևնույն տարվա հուլիսին ու օգոստոսին վերածվեց մշտական հրադադարի, Հայաստանի ու Ղարաբաղի վարչակազմերի մեջ ու դրանց միջև այդ տարաձայնություններն սկսեցին աստիճանաբար ի հայտ գալ։

Նոր հարցերը հետևյալն էին։ Տնտեսական զարգացման ու աճի պակասը ի՞նչ չափով էր կախված հակամարտությունից, դրա հետևանք շրջափակումներից և «ոչ պատերազմ և ոչ խաղաղություն» վիճակից։ Զիջումների պահի ընտրության հարցում տնտեսությունն արդյո՞ք գործոն է։ Ժամանակը հայկական կողմի օգտի՞ն է գործում, թե՞ դեմ։

Լ․ Տեր֊Պետրոսյանի փաստարկումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակումները և խաղաղության բացակայությունը խափանում են Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները, դրանք խոչընդոտում են տարածաշրջանային զարգացումներին մաս կազմելու և դրանցից ետ չմնալու Հայաստանի կարողությունը, շարունակելու են դատարկել Հայաստանի բյուջեն։ Զիջումներ կային, որոնք կարող էին կատարվել 1997֊ին՝ առանց վտանգի ենթարկելու Ղարաբաղի ժողովրդի ու հողի ապագան և անվտանգությունը։ Անկախ բանաձևերից ու կարգախոսներից՝ հայկական կողմն ըստ ամենայնի ապագայում կատարելու էր զիջումներ, և այսօրվա ու ապագայի զիջումների միջև տարբերությունը լինելու է ավելի խորհրդանշանական, քան իրական։ Ժամանակը հայկական կողմի օգտին չի գործում՝ անկախ Ադրբեջանում իրադարձությունների զարգացումներից։ Բանակցություններում հայկական կողմի 1997֊ին ունեցած առավելությունները հետագայում կարող են չլինել։

Ռ․ Քոչարյանն առարկում էր՝ ասելով, որ թեև հակամարտությունն ու դրան առնչվող հանգամանքները երկրի սոցիալ֊տնտեսական իրադրությանը բացատրելու գործոններ են, սակայն տնտեսական աճի պակասի հիմնական պատճառը չեն։ Ավելի կարևոր գործոններ են կառավարության և կառավարման հստակ կազմակերպման ու կարգապահության պակասը, կոռուպցիան, ազգային պայքարի մեջ ընդդիմության հետ գործակցելու հարցում Լ․ Տեր֊Պետրոսյանի անկարողությունը, նրա պառակտող քաղաքականությունը և Սփյուռքի հետ անարդյունավետ ու անախորժ հարաբերությունները։ Ռ․ Քոչարյանը գտնում էր, որ ավելի լավ կառավարմամբ, ավելի խիստ կարգապահությամբ, ամուր հակակոռուպցիոն քաղաքականությամբ, միասնության հասնելու համառ ջանքով և Հայաստանի պետության ու Սփյուռքի ռեսուրսների համատեղմամբ հայկական կողմը կարող է և՛ բավարար չափով բարելավել իր տնտեսական իրավիճակը՝ ազգաբնակչության մեծամասնությանն աղքատությունից հանելու համար, և՛ ժամանակ շահել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ գործ ունենալու առավել նպաստավոր պահի սպասելու համար։ Նա գտնում էր նաև, որ դիվանագիտական մեկուսացումը կարող էր ճեղքվել ավելի ագրեսիվ դիվանագիտության միջոցով, որը միջազգային հանրությանը կստիպեր մեզնից նվազ զիջումներ ակնկալել։ Ռ․ Քոչարյանը գտնում էր, որ ելնելով Ադրբեջանի համար նավթի աշխարհաքաղաքական վտանգներից և այդ երկրին ներհատուկ կոռուպցիոն համակարգից, ժամանակը հօգուտ Ադրբեջանի չի գործում։

Լ․ Տեր֊Պետրոսյանը նույնպես գտնում էր, որ տնտեսությունը կարող է զարգանալ, որ Քոչարյանի թվարկված բոլոր գործոնները կարևոր էին ու տեղին։ Սակայն նա համոզված էր, որ, այնուամենայնիվ, բոլոր այդ ոլորտներում լավագույն ջանքերն ու առավելագույն արդյունքներն անգամ բավարար չեն լինի ժողովրդի կենսամակարդակի որակապես նշանակալի փոփոխություն առաջացնելու համար։ Բացի այդ, որքան էլ Լ․ Տեր֊Պետրոսյանը համաձայն լիներ իր վարչապետի հետ այն հարցում, թե Հայաստանը կարող է բարելավել իր դիվանագիտական գործունեությունը, նա չէր կարող պատկերացնել, թե ինչպե՛ս հայկական կամ որևէ այլ դիվանագիտություն կարող էր փոխել տարածքային ամբողջականության ու գրավված տարածքների հարցում մյուս երկրների դիրքորոշումը։ Այլ կերպ ասած՝ նա չէր կարողանում այդ երկրների դիրքորոշումների մեջ որևէ փոփոխության հեռանկար տեսնել, այդ թվում նաև «Հայաստանի բարեկամների» դիրքորոշումներում, որոնց քաղաքականությունները հիմնված էին իրենց սեփական ազգային շահերի վրա, և որոնք ունեին իրենց փաստացի առկա կամ պոտենցիոնալ ղարաբաղները։ Ռուսաստանն ուներ Չեչնիա և շատ ուրիշ պոտենցիալ չեչնիաներ, Հունաստանն ուներ Կիպրոս և Էգեյան կղզիներ, Իրանն ուներ իր «Հարավային Ադրբեջանը», և նույնիսկ Ֆրանսիան ուներ իր Կորսիկան։ Ավելին՝ հետխորհրդային աշխարհաքաղաքական միջավայրում, արդարացիորեն թե սխալմամբ, սակայն միջազգային հանրությունը տարածքային ամբողջականությունը դիտում է իբրև միջազգային անվտանգության ու կայունության արժեքավոր սկզբունք։

Ռ․ Քոչարյանն ու իր ընկերակիցները, ներառյալ Ղարաբաղում Քոչարյանի թողած ղեկավարները, պատերազմը շահած էին համարում, և եթե պայքարի մեկ այլ փուլ սկսվեր, այնտեղ նույնպես, ըստ նրանց, շահելու էին։ Նրանք գտնում էին, որ բանակցությունները պետք է ամրապնդեն հաղթանակը և հայերին այն իրացնելու ժամանակ տային։

Լ․ Տեր֊Պետրոսյանը գտնում էր, որ պատերազմը սոսկ մարտերի շարք չէր և սոսկ հերոսների խնդիր չէր․ այն ավելին էր, քան հաղթանակները և այն դեռևս ավարտված չէր։ Պատերազմը տնտեսություն էր, հոգեբանություն, և իրենց ընտանիքների վրա ընկած զինվորների հոգս։ Ժամանակը կարող էր փոխել հավասարման կողմերը և որևէ երաշխիք չկա, թե հետագայում հայկական կողմը Ադրբեջանի համեմատ ուժեղ կլիներ։

Սա, Լևոն Տեր֊Պետրոսյանի կարծիքով, չէր նշանակում, թե Հայաստանի տնտեսությունը խեղդելու (Թուրքիայի կողմից օժանդակվող շրջափակմամբ) և Հայաստանի դիվանագիտական մեկուսացման հասնելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող էր Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցում կոտրել հայերի կամքը։ Որևէ տնտեսական զրկանք չէր կարող փոխել համայն հայության ընդհանուր այն կարծիքը, որ պատմությունը չպետք է կրկնվի․ այլևս ոչ մի տեղահանություն, ոչ մի ցեղասպանություն։

Ես վստահ եմ, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը 1997 թ․ մարտին Ռ․ Քոչարյանին հրավիրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում աշխատելու, որպեսզի նրան իր տեսակետն ապացուցելու հնարավորություն տա։ Որպես վարչապետ, Քոչարյանը տնտեսական ու սոցիալական ոլորտների վրա լիակատար վերահսկողություն և պատասխանատվություն ուներ։ Կառավարության մեջ վեճերի դեպքում Լ․ Տեր֊Պետրոսյանը մնում էր միայն հաշտարար դատավոր և շարունակում էր որոշել արտաքին քաղաքական ու բանակցությունների ընթացքը։

1997֊ի սեպտեմբերին, իր նոր վարչապետի գործունեությունից վեց ամիս անց, Լ․ Տեր֊Պետրոսյանը պետք է որ իր ճշմարտացիության մեջ ավելի վստահ լիներ, քան երբևէ, քանի որ տնտեսական ցուցանիշները նկատելի բարելավման նշաններ ցույց չէին տալիս։ Ռ․ Քոչարյանն իր հերթին կարծես թե համարում էր, արդարացիորեն կամ ոչ, որ իր ունեցած իշխանությունը բավարար չէ իր տեսակետն ապացուցելու համար․ և, քանի դեռ ինքը ջանում է արդարացնել իր վերլուծությունները, Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ զիջում անհարկի է։

Մի հետաքրքիր երևույթ կա, որ դժվար թե հատուկ է սոսկ հայկական քաղաքական մշակույթին։ Բախվելով ձախողման կամ դրա հնարավորության հետ՝ վարչակազմի բազմաթիվ բարձրադիր պաշտոնյաներ իրենց մասնակի կամ ամբողջական ձախողումը բացատրում էին իրենց իրավասությունից դուրս բնագվառների զարգացումների ու որոշումների վրա ներազդելու հնարավորություն չունենալով․ այսինքն՝ պնդում էին, որ բավականաչափ իշխանություն չունեն կամ չեն ունեցել։ Քչերն են հարցականի տակ դրել սեփական վերլուծությունների ճշգրտությունը, իրենց վարչական կարողությունը կամ ունակությունները։ Այս ախտանիշով կարող է բացատրվել Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի նախկին պաշտոնյաների շարքից նախագահության թեկնածուների մեծ թիվը․ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյան, Նախագահի նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյան, Անվտանգության նախկին նախարար և Ղարաբաղի հարցով բանակցող Դավիթ Շահնազարյան։

Ես լուրջ քաղաքական տարաձայնությունների հնարավորությունը չեմ բացառում։ Երկրի առջև այնքան վճռորո՛շ հարցեր են ծառացած, որ գործընկերների միջև առկա կամ ծագող խնդիրների կապակցությամբ լուրջ տարաձայնությունների ի հայտ գալը նորմալ երևույթ է։ Սակայն այս հատկանիշը միտված է նաև քողարկելու իրենց վարած քաղաքականության կամ անհատական ձախողումները։

Ռ․ Քոչարյանն անպայմանորեն ձախողված չէր։ Վեց ամիսը չափազանց կարճ ժամկետ է գնահատելու համար, թեև, երբ նա ընդունեց վարչապետի պաշտոնը, ինքն էր, որ մամուլից խնդրեց վեց ամիս՝ ցույց տալու համար, թե իր կառավարումն ի՛նչ տարբերություն կարող է առաջացնել։ Դա 1997֊ի մարտին էր։ ԵԱՀԿ առաջարկությունների շուրջ հասարակական բանավեճն սկսվեց սեպտեմբերի առաջարկի հետ և ոչ թե մայիսի կամ հուլիսի տարբերակների հետ։ Այնպես որ վեց ամսում Ռ․ Քոչարյանը առնվազն պետք է որ պարզած լիներ, որ տնտեսության տեղաշարժն այնքան հեշտ չէ, որքան կարծում էր։ Երևանը Ստեփանակերտը չէր՝ ամենազանազան առումներով։ Նա գուցե նաև եկել էր մի եզրակացության, որ ներքին ու արտաքին գործերում Լ․ Տեր֊Պետրոսյանի ներգրվվածության շարունակումը խոչընդոտ է այն գործելակերպի համար, որով ինքը ցանկանում էր առաջ ընթանալ։ Ժամանակը ցույց կտա, թե Ռ․ Քոչարյանի վարմունքը բացատրելու մեջ ինչքանով նշանակալի դեր էր կատարում, եթե առհասարակ կատարում էր, ամբողջական վերահսկողություն ունենալու մղումը։

Ամեն դեպքում, ավելի երկար ժամանակի կարիք չկար՝ պարզելու համար տնտեսության կարևորությունը թե՛ Հայաստանի քաղաքականության մեջ, թե՛ քաղաքական գործիչների համար, ինչպես նաև Ղարաբաղի նշանակալիությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Ավելի երկար ժամանակի կարիք չկար՝ տեսնելու համար, թե ինչպես են արտաքին ու ներքին քաղաքականություններն անքակտելիորեն միահյուսված փոքրիկ, աղքատացած ու ցամաքով շրջապատված մի երկրի համար, որը տեխնիկապես դեռևս պատերազմի մեջ է։ Լ․ Տեր֊Պետրոսյանի և Ռ․ Քոչարյանի միջև տարբերություններն ավելին են, քան սոսկ տնտեսական աճի ցուցանիշների և մեկ շնչին ընկնող եկամտի վերաբերյալ քանակական վերլուծության խնդիրները։


Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքորոշումը նշանավոր էր պետության ու դրա առաքելության նրա սահմանմամբ, իր դիրքորոշումներով այն հարցերում, թե ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը և արտաքին քաղաքականության սկզբունքները, որոնք բխում են այդ իսկ անվտանգության պահանջներից, նշանավոր էր նաև այն դերով, որ իր աշխարհայացքում նա հատկացնում էր հակամարտությանը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականին նախորդած, ինչպես նաև հրաժարականից հետո կատարված իրադարձությունները վկայում են, որ այդ առճակատումը, սովորական ներքաղաքական պայքարից առավել, հակադիր քաղաքական աշխարհայացքների և դրանցում Ղարաբաղի խնդրին վերապահված տարբեր դերերի բախում էր։

Հարցը հետևաբար հետևյալն է․ արդյոք Հայաստանն ու Ղարաբաղը կարո՞ղ են գնալ աշխարհայացքների այնպիսի առճակատման, որը կարող է արյունահեղության վերածվել, կամ նույնիսկ այսպես՝ կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղը սովորական քաղաքականություն վարել։

3․ Քաղաքական դաշտ II

Վերադառնալով Ղարաբաղի խնդրին

Հայաստանի քաղաքականությունն ավելի քան լեցուն է պարադոքսներով ու հակասական երևույթներով։

Լ․ Տեր֊Պետրոսայնն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ իբրև բանակցությունների հիմք էր ընդունել մի փաստաթուղթ, որը Ղարաբաղին չէր ապահովում իր անկախ կարգավիճակի ճանաչմամբ, սակայն նաև չէր կանխորոշում տարածքի ապագա կարգավիճակը, նաև չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացառում էր Ղարաբաղի համար անցանկալի կարգավիճակի պարտադրման նպատակով ուժի կիրառումը, և հնարավորություն էր ընձեռում ապագայում որևէ լուծման, ներառյալ անկախության համար։ Մինչդեռ 1998֊ին Նախագահ Քոչարյանն ու Քոչարյանի հետ գործակցող Լ․ Տեր֊Պետրոսյանի ավանդական ընդդիմությունը իբրև բանակցությունների հիմք ընդունեցին մի փաստաթուղթ, որը Ղարաբաղը տեղադրում է Ադրբեջանի հետ մի «ընդհանուր պետության» մեջ, մի բանաձև, որը հեշտությամբ կարելի է ընկալել իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ձև։

Քաղաքական որոշ կուսակցություններ մերժել էին ճանաչել 1995֊ի Սահմանադրական հանրաքվեի, Ազգային ժողովի և 1996֊ի նախագահական ընտրությունների օրինականությունը։ Երբ Լ․ Տեր֊Պետրոսյանը հեռացավ, նույն այդ կուսակցությունները հանկարծ օրինականություն շնորհեցին նույն այդ Սահմանադրությանը, Ազգային ժողովին և այդ Սահմանադրության համաձայն ընտրված պաշտոնյաներին։ Միևնույն ժամանակ, երկու կուսակցություն՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), որոնք պնդում էին, որ օրենքները հարգվեն, իրենց իրավունք էին վերապահում խախտել դրանք և խախտել անպատիժ։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ընտրությունների դիտորդների զեկույցը 1996֊ին ժամանակի ընդդիմության կողմից համարվեց ընտրությունների կեղծման վկայություն, իսկ 1998֊ին՝ քաղաքական ակտ։ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելը 1992 թ֊ին նշանակում էր Ղարաբաղը «ծախել», սակայն նույնը չէր նշանակում 1998 թ֊ին։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ձգտումը դավաճանություն էր համարվում, սակայն նույն այդ դիրքորոշումը Քոչարյանի վարչակազմի կողմից՝ արդեն այդպիսին չէ։

Լ․ Տեր֊Պետրոսյանի քաղաքականությունը համարվում էր «արևմտամետ», չնայած գերազանց հարաբերություններ էին զարգացել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ ներառյալ վերջինիս հետ երբևէ եղած առաջին Բարեկամության ու համագործակցության մեծ պայմանագիրը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո երկու երկրների հետ լարված դիվանագիտական հարաբերությունները գնահատվում են իբրև «գերազանց» հարաբերություններ և իբրև ազգային շահերի վրա հիմնված առողջ արտաքին քաղաքականության վկայություն։

Լավ սփոփանք կլիներ, եթե ի վերջո ժամանակը ցույց տար, որ այս պարադոքսներն ու հակասական երևույթները սովորական ներքաղաքական պայքար են մատնանշում, որի դեպքում կարելի է գայթակղվել այն բացատրությամբ, թե իշխանության գալուց հետո կուսակցություններն ու քաղաքական գործիչները գործում են ավելի զգուշորեն ու պատասխանատվությամբ։ Թեև դա կարող է ճիշտ լինել որոշ կուսակցությունների ու գործիչների առնչությամբ, մյուսների պարագայում այնպիսի հիմնախնդիրների հարաբերականացումը, ինչպիսիք Ղարաբաղի, անվտանգության, արտաքին քաղաքականության, Սահմանադրության ու ժողովրդավարության խնդիրներն են, արդեն բարձրացնում է արժեքների ու նպատակների հիերարխիայի հարցը։ Ի վերջո, ի՞նչն է կարևոր գործող անձանց համար։ Ի՞նչ է այն աշխարհը, ուր այս փոփոխություններն ու հակասական երևույթներն իմաստ են ստանում։

Նույնիսկ եթե կուսակցության կամ քաղաքական գործիչների նպատակը իշխանության հասնելն է, ինչպե՞ս է յուրաքանչյուրը տեսնում այն պետության դերը, որը նա ցանկանում է առաջնորդել։ Եվ, ի վերջո, ի՞նչ տեղ է գրավում Ղարաբաղն այս ամենի մեջ։ Ո՞րն է Ղարաբաղի պրոբլեմը, կամ ո՞րն է այն պրոբլեմը, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ քաղաքական գործիչ փորձում է լուծել Ղարաբաղի միջոցով։

Պրագմատիկներ և անրջողներ

Անկախությունից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքը լցվեց կուսակցություններով, որոնք ներկայանում էին ծայրահեղ աջից մինչև ծայրահեղ ձախ ներկապնակի բոլոր երանգները, եթե այստեղ առհասարակ տեղին է ավանդական տերմինաբանության գործածումը։ Սակայն պայքարի մի հատուկ տեսակ է, որ պայմանավորեց քաղաքական պայքարի ենթահողը Լ․ Տեր֊Պետրոսյանի օրոք։ Երբեմն ակնհայտ, իսկ սովորաբար չբացահայտված այս հակադրությունը հասավ «աղանդների» պայքարի մակարդակին՝ հիշեցնելով չորրորդ և հինգերորդ դարերի աստվածաբանական վեճերը։

Լ․ Տեր֊Պետրոսյանն ու Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) ներկայացնում էին առաջին ճամբարի միջուկը և պաշտպանում էին հետևյալ աշխարհայացքը․ Հայաստանն ու հայ ժողովրդին հասցնել նորմալ վիճակի, հաղթահարել տանջահար անցյալը, խուսափել գաղափարախոսական կապանքներից և պրագմատիկ այլ ուղի բռնել։ Այս խումբը միավորում էր մի շարք քաղաքական գործիչների ու խմբավորումների, որոնք ՀՀՇ֊ի ու Լ․ Տեր֊Պետրոսյանի հետ առանձին հարցերում տարաձայնություններ ունեցան, սակայն, իմ կարծիքով, կիսում էին միևնույն հիմնական համոզմունքները։ Դրանցից էին Տեր֊Պետրոսյանի վարչակազմում վարչապետ Հրնատ Բագրատյանը (1993-1996), նախկին Անվտանգության նախարար և Լ․ Տեր֊Պետրոսյանի խորհրդական Դավիթ Շահնազարյանը, որը մնաց անկախ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Էդուարդ Եգորյանը, որև ՀՀՇ֊ից դուրս գալուց հետո կազմավորեց խորհրդարանի «Հայրենիք» խումբը, և այլն։

Երկրորդ ճամբարը Հայաստանին ու հայ ժողովրդին վերագրում էին «բարձրագույն» գաղափարի, իդեալի, առաքելության կամ հատուկ կարգավիճակի հասնելու դերը։ Վազգեն Մանուկյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), յուրաքանչյուրն իր ուրույն ձևով, փառաբանում էր «ազգային գաղափարախոսությունը», որը, նույնիսկ եթե ձևակերպված չէր, Հայաստան պետությանն ու նրա ժողովրդին մի նախասահմանված դեր էր հատկացնում՝ շատ ավելի բարձր, քան ժողովուրդն ինքն էր իր համար պատկերացնում։

Երկրագնդի վրա Հայաստանի ու հայության զբաղեցրած տեղի այս երկու տարամետ և միմյանց ավելի ու ավելի ընդդիմացող հայացքները մթագնեցին ամեն մի նորմալ բանավեճ։ Հայաստանի ոգու համար մոլեգին պայքարն այն ձևով, որով այն պատկերանում էր դրա գաղափարախոսներին, չէր կարող անհանդուրժողականություն և անձնական ատելություն չծնել այն հերձվածողի հանդեպ, որը մարմնավորում էր ազգային գաղափարախոսության բացակայությունը, և որի անունն էր Լևոն Տեր֊Պետրոսյան։




Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն

Լ․ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ֊ի համար պետականության նպատակն այն էր, որ Հայաստանի քաղաքացիները իրենք կարողանան սահմանել իրենց շահերը, խնդիրները և անվտանգության հասնելու ռազմավարությունը։ Պետականությունը մի մեխանիզմ է, որի միջոցով տվյալ երկրի բնակիչներն ապահովում են միջազգային հանրության մեջ իրենց օրինական տեղը՝ այն ձևով, ինչպես իրենք են դնում իրենց խնդիրները, սահմանում իրենց ազգային շահերը և հետապնդում դրանք իրենց հարմար ձևով։ Կառավարության նպատակներն են երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, այնպիսի պայմանների երաշխավորումը, որոնք հանգեցնում են քաղաքացիների քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեկեցության, և այն խնդիրների հաղթահարումը, որոնք սպառնում են կամ վտանգում այդ նպատակները։ Հասարակության վերափոխումը և ժողովրդի բարեկեցության ապահովումը ժամանակ են պահանջում, դրանք լավագույնս երաշխավորված են լինում, երբ իրականացվում են շրջահայացությամբ։ Ոչ մի հեղափոխություն, գաղափարախոսություն կամ ռեժիմ չի կարող ստեղծել ակնթարթային տնտեսական զարգացում կամ արդյունավետ գործառող կառույցներ։ Գաղափարախոսական ավյունը չի կարող փոխարինել ժամանակին, գերեռանդուն ազգայնականությունը չի կարող փոխարինել շրջահայացությունը։ Անկախության նպատակն էր Հայաստանի ժողովրդին հնարավորություն տալ զգալու և գործելու այնպես, ինչպես անում են նորմալ ժողովուրդները։

Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն Հայաստանի անկախության երաշխիքը որոնում էին հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ, իսկ առավելագույն անվտանգությունը՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ։ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը այս պրագմատիկ արտաքին քաղաքականության մասն էր և ժողովրդի կյանքի նորմալացման նախապայմանը։ Քանի դեռ բոլոր չորս հարևանների հետ նորմալ հարաբերություններ չէին հաստատվել և անվտանգության նոր համակարգը չէր կազմվել, Հայաստանն անվտանգության երաշխիքներ էր փնտրելու այլուր, ինչպես այդ կատարվեց 1997֊ին՝ Ռուսաստանի հետ պայմանագրով։

ՀՀՇ֊ի համար Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը կայանում էր Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու կոլեկտիվ իրավունքների ապահովման մեջ։ 1998֊ին այդ իրավունքները հետապնդվում էին Հայաստանի հետ միավորման նպատակի միջոցով։ 1992֊ին այդ նպատակը հարմարեցվեց ետխորհրդային իրողություններին։ Ղարաբաղը Հայաստանի խնդիրներից մեկն էր, որքան էլ այն խիստ յուրահատուկ և էական լիներ։ Ո՛չ դրա էությունը, ո՛չ լուծման ռազմավարությունը չեն կարող սահմանվել կամ հետապնդվել Հայաստանի իրողություններից անջատ։ Լ․ Տեր֊Պետրոսյանը գտնում էր, որ տնտեսապես, սոցիալապես և քաղաքականապես թույլ և դիվանագիտության մեջ մեկուսացված Հայաստանը պիտանի չէր լինի Ղարաբաղի տարածքի կամ ժողովրդի պաշտպանության համար։

ՀՀՇ֊ի և Լ․ Տեր֊Պետրոսյանի համար Ղարաբաղյան պատերազմը պարտադրված էր Ղարաբաղին ու Հայաստանին, և այն պետք էր շահել, քանի որ Հայաստանի ոչ մի կառավարություն չէր կարող նոր ցեղասպանություն թույլ տալ։ Սակայն երբ նրանց անվտանգությունն արդեն ապահովված լիներ, հիմնախնդիրը պետք է լուծվեր, որպեսզի Հայաստանին ու Ղարաբաղին նորմալ վիճակի հասնելու հնարավորություն ընձեռվեր։

Ըստ այդմ՝ Ղարաբաղի պատերազմը պաշտպանողական պատերազմ էր, այլ ոչ թե նվաճողական։ Հայաստանը տարածքային հավելում չէր որոնում ընդհանրապես։ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվեր միջազգային օրենքի շրջանակներում՝ Ղարաբաղի կենսական շահերի, այլ ոչ թե ձևական կամ խորհրդանշական առավելությունների հիման վրա։

Լ․ Տեր֊Պետրոսյանը, բարեփոխումների ու անկախության ամրացման համար քաղաքական, տնտեսական ու սոցիալական բազա ստեղծելու առումով, խաղաղության պայմանագրի դերը վճռորոշ էր համարում։ Դրա համար նա պատրաստ էր ընդունել ադրբեջանական ու հայկական կողմերի փոխադարձ զիջումների վրա հիմնված այնպիսի մի կարգավիճակ ապահովող լուծում, որը բացառում էր Ադրբեջանի գերակայությունը Ղարաբաղի նկատմամբ, ապահովում էր անվտանգության երաշխիքներ՝ ներառյալ սահմանային կարգավորումներ, որոնցով Ղարաբաղը սահմանակից էր դառնում Հայաստանին։ Այս լուծումն այն ամենը չէր, ինչ ուրիշներ կարող էին ցանկանալ, սակայն այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր Ղարաբաղին։

Ղարաբաղի անվտանգության համար ոչ անհրաժեշտ տարածքների վերադարձը լինելու էր խաղաղության այդ պայմանագրին հասնելու միջոցը։ Առանց կարգավիճակի համաձայնության խաղաղության պայմանագիրն ընդունելի էր, քանի որ այն, փաստորեն, անձեռնմխելի էր թողնում Ղարաբաղի փաստացի կարգավիճակը՝ Ադրբեջանից անկախ և Հայաստանի հետ գրեթե միավորված։

Հակամարտությունը ժամանակին լուծելու դեպքում նաև ավարտվելու էին Հայաստանի շրջափակումները, բացվելու էին հաղորդակցության միջոցներն ու ճանապարհները՝ դրանով թույլ էր տրվելու, որ Հայաստանը դեր ունենա տարածաշրջանային ու միջմայրցամաքային կապերի մեջ, և վերացվելու էին արտաքին ներդրողների մեծամասնության կողմից Հայաստանը վտանգավոր ու անապահով վայր գնահատելու հիմքերը։ Ղարաբաղի հակամարտության ժամանակին լուծումը չորս հարևաններից երկուսի հետ ևս նորմալ հարաբերություններ կապահովեր և կմեղմեր մյուս երկու հարևանի՝ Վրաստանի ու Իրանի, ինչպես նաև միջազգային մնացած հանրության հետ հարաբերությունների լարվածությունը։

Մնում էր պետության հարաբերությունների հարցը իր սահմաններից դուրս բնակվող հայության հետ։ Հայոց պետությունը սովորակա՞ն պետություն էր, որ պատկանում էր իր քաղաքացիներին, թե՞ այն համայն հայության «տունն» էր՝ անկախ այն բանից, թե որևէ հայ որտեղ է բնակվում և թե որ երկրի քաղաքացի է։ Հայաստանի կառավարությունը պատասխանատո՞ւ է ողջ հայության, նրա իղձերի ու երազանքների համար։ Եվ, ի վերջո, ի՞նչ է նշանակում հայ լինել։

ՀՀՇ֊ի ու Լ․ Տեր֊Պետրոսյանի կարծիքով, պետությունը պետք է ստանձներ այն հարցերի պատասխանատվությունը, որ անհրաժեշտ էին իր շահերի համար և իր սահմաններից ներս ապրող ազգաբնակչության համար։ Պետությունը նաև իր ներդրումն է կատարում, միջազգային օրենքի սահմանների շրջանակում՝ պաշտպանելու համար այլ երկրների հայության շահերն ու կարիքները։ Ամեն դեպքում, երկրի սահմաններից դուրս բնակվող հայերը, բացի Ղարաբաղի ու դրա բնակիչների մասնավոր դեպքից, հայ ժողովրդի մի մասն էին՝ ոչ֊իրավական առումով։ Հայերը մեկ ժողովուրդ են պատմականորեն և, որոշ չափով, մշակությային առումով, նույնիսկ՝ հոգեպես։ Սակայն իրավականորեն սփյուռքահայերը այլ երկրների քաղաքացիներ են։ Նրանք հնարավորություն ունեն վերադառնալու հայրենիք և վայելելու բոլոր բարիքներն ու ստանձնելու քաղաքացիության բոլոր պատասխանատվությունները։ Սակայն ուտոպիստական, նույնիսկ վտանգավոր է իրավական տարբերությունների զանցառումը։ Ազգի երկու հատվածները շատ բան ունեին միմյանց տալու, սակայն հարաբերությունները պետք է հիմնված լինեին փոխադարձ հարգանքի ու տարբերությունների ընդունման վրա։

Սա էր աշխարհայացքը։ Այն նվաճումների ցանկ չի պարունակում։ Տեսակետը ներկայացնում է այն համատեքստը, որի միջով էին դիտվում պրոբլեմները և ընդունվում քաղաքական գլխավոր որոշումները։ Այն չի ապահովում, որ յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր դեպքում գործի այլասիրաբար կամ ուղղակիորեն այս իդեալի սահմաններում։ Այն նաև չի արդարացնում ձախողումները՝ անձնական թե քաղաքական, որոնք քայքայեցին քաղաքականությունը և ՀՀՇ֊ի ու, վերջ ի վերջո Լ․ Տեր֊Պետրոսյանի ղեկավարած արժեքների ու նպատակների դեմ եղած հակադրությունը։

Սովորական ընդդիմությունը

Կուսակցությունների այս խմբի համար քաղաքականությունը մի մեխանիզմ է, որը բանեցվում է բարձրագույն գաղափարի կամ իդեալի հասնելու համար։ Ըստ այդ դիրքորոշման, պետությունը նախասահմանված դեր է կատարում՝ իբրև այդ բարձրագույն իդեալի իրականացման գլխավոր միջոց։ Քաղաքականությունը ոչ սկսվում է և ոչ էլ ավարտվում ժողովրդով և այդ ժողովրդի կողմից սահմանված իր կարիքներով։ Այստեղ ժողովրդից ակնկալվում է տեսանողի կողմից պատրաստված սցենարին համապատասխան վարքագիծ, մի սցենար, որը բարձրացնելու է ժողովրդին և նրան համապատասխանեցնելու տվյալ գաղափարով իրեն հատկացված դերին։ Գաղափարաբանական հիմունքով տեսակետները բացառիկ չեն պատմության մեջ կամ ժամանակակից աշխարհում։ Դրանք, ի վերջո, այն նյութն են, որով կերտվում են տոտալիտար ռեժիմները։

Ա․ Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ֊ն

Լևոն Տեր֊Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի միջև առկա ամենալուրջ տարաձայնությունները պտտվում էին «նորմալության» բառի շուրջ։ Մանուկյանը գտնում է, որ պետության ողջ փիլիսոփայությունն այդ բառի վրա հիմնելը նշանակում է Հայաստանի ու հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան հանգեցնել անընդունելիորեն սահմանափակ հայեցակարգի։ Ըստ Վ․ Մանուկյանի՝ հայությունն ունի բարձրագույն առաքելություն, սա էլ բխում է նրա այն համոզմունքից, որ հայերը հատուկ ժողովուրդ են՝ բացառիկ ներուժով։ Պետության նպատակներն են՝ ապահովել, որ այդ ներուժն իրացվի, և գտնել այն բնագավառները, որտեղ այդ առաքելությունը կարող է ի հայտ գալ։

Ըստ Վ․ Մանուկյանի՝ հայերը հատուկ ազգ են իրենց այն հզորությամբ, որը կարող է բխեցվել հայ ժողովրդի կեղեքման ու ցավի պատմությունից, որն էլ իր հերթին կարող է վերածվել հրաշքների հասցնող ներքին ուժի։ Հայերը բացառիկ են՝ նաև միասնության հասնելու, մի կենտ անհատի չափ միասնանալու ներուժով․ նրանք զգում են, կամ կարող են հանգել մեկ միասնական ամբողջության և պետք է գործեն իբրև այդպիսին, թեև մի հատվածը Հայաստանում է, մյուսը՝ Ղարաբաղում, իսկ ուրիշներ՝ ցիրուցան։ Պետությունն այն մեքենան է, որի միջոցով միևնույն հավաքական էության ցաքուցրիվ այդ բաղադրիչները կարող են կարգի բերվել և ուժի նոր մակարդակի հասնել, ինչը կապահովի հայոց իդեալը Հայաստանում և դրա հատուկ տեղն աշխարհում։ Հայերը «համաշխարհային ազգ» են և պետք է հասնեն իրենց առաքելությանը։

Այդ ուժը, ըստ Վ․ Մանուկյանի, դրսևորվեց Ղարաբաղի պատերազմում։ Ղարաբաղը եղավ այն ասպարեզը, որտեղ հրաշքն ի հայտ եկավ։ Այն ցույց տվեց, որ «Հայկական հարցը» հասանելի է։ Մանուկյանը հավատում էր Հայկական հարցի արժեքին, ինչը բացատրում է ՀՅԴ֊ի հետ մերձեցմամբ։ Դեռևս 1989֊ին մի հարցազրույցի մեջ Մանուկյանը քննարկում էր Արևմտյան Հայաստանի տարածքների վերականգնման պահանջի իրականությունը։ Նա նշում էր սակայն, որ անկախությունը պետք է այդ պահանջից առաջ իրականացվի։

Մանուկյանի տեսակետից, արևմտյան տիպի ժողովրդավարությունը հաստատ չի կարող հանգեցնել Հայաստանի ուժի բացահայտմանը։ Վ․ Մանուկյանը գտնում էր, որ «նորմալության» պահանջը Հայաստանի ժողովրդին դարձրել է բարոյական արժեքներից զուրկ «քնած զանգված» և ժողովրդին վերածել արգահատելի պստիկ խանութպանների, որոնք իրենց առօրյա չնչին հացը վաստակելու հետևից են ընկած։ Նման ժողովուրդն իր ուժը չի կարող զգալ, չի կարող տեսնել, թե իր համար ինչն է լավ, չի կարող տեսնել լույսը։ Նա իր այս արհամարհանքի համար բավականաչափ հիմք ուներ․ «Ժողովուրդը համարժեքորեն չարձագանքեց իր զգացմունքները արտահայտելու և ընտրություններում նրան սատար կանգնելու անդադար կոչերին և չարձագանքեց նաև «իրադարձություններն իրենց ձեռքը վերցնելու» կոչին։ Նշանակություն չունի․ Մանուկյանը կարող էր 1996֊ի սեպտեմբերի 25֊ին հավաքված 15.000 կամ 20.000 ցուցարարներին մատնանշել իբրև «ժողովուրդ» և կարող էր այլ ուղիներ գտնել արտահայտելու նրանց «կամքը», որ սոսկ իբրև սկիզբ դրսևորվեց խորհրդարանի շենքը գրավելու, դրա նախագահին առևանգելու և խոշտանգելու իր ուժի ու հաստատակամության ցուցադրման մեջ։ Լեթարգիական քուն մտած ազգն արթնացնելու համար Մանուկյանը պատրաստ էր զոհաբերել այն, ինչ Տեր֊Պետրոսյանը համարում էր երկրի համար ամենաթանկարժեք բանը՝ երկրի կայունությունը։

Վ․ Մանուկյանի համար փոփոխության բանալին ճիշտ ղեկավարություն ունենալն էր։ Հենց որ դա տեղի ունենա, նոր Հայաստանն ու վերածնված հայոց ազգը բավականաչափ կհզորանան՝ լուծելու համար մյուս պրոբլեմները, այդ թվում և Ղարաբաղի պրոբլեմը։

Սակայն անհրաժեշտ էր ունենալ այդ ճիշտ ղեկավարությունը։ Վ․ Մանուկյանը գտնում էր, որ ինքն էր անձը, միակ անձը, որն զգում է իր ազգի պատմության ցավն ու տառապանքը, այն միակը, որն ունի ներքին ուժ ու հաստատակամություն՝ վերափոխելու պատմությունը, ժողովրդին վեր հանելու իր կեղեքված, այլասերված, ծույլ ու բարոյալքված վիճակից և վերածելու բարոյապես մաքուր, արգասավոր, եռանդուն, արդյունավոր և, անշուշտ, հատուկ ազգի։

Եթե այս ամենը մի քիչ առեղծվածային է թվում ու խորհրդավոր, պատճառն այն է, որ այս յուրահատուկ աշխարհայացքն ինքն է թե՛ առեղծվածային, թե՛ խորհրդավոր։ Ինչպես մեծագործության անուրջի այլ պաշտպանների դեպքում, այդ դեպքում ևս բացառվում է որևէ երկխոսություն, որևէ բանական քննարկում։

Կասկած չկա, որ նրա ծրագիրը նախատեսում է քաղաքացիների կյանքի բարելավում, դրամատիկ ու արագ, կտրուկ բարելավում։ Սակայն դժվար է այնպիսի վերացականությունների վրա հիմնված ռազմավարությունը, որը նախատեսում է ներքին ուժն ու ներշնչանքը վերածել բյուջեների և օրենքների։ Հեշտանում է նաև ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելը, քանի որ այդ դեպքում ժողովուրդն է, որ զլացել է իրեն վերածել այն տեսակի հայերի ու քաղաքացիների, ինչպիսին ծրագիրն էր կոչ անում դառնալ։ Այն կառավարությունը կամ առաջնորդը, որի ծրագիրը պահանջում է ժողովրդի այլ տեսակ, միշտ ցանկանալու է ավելի մեծ իշխանություն՝ այդ կերպափոխությունն իրականացնելու համար։ Եվ 1990-1991֊ին իբրև վարչապետ պաշտոնակատարելու ընթացքում Վազգեն Մանուկյանի հարաբերությունն իշխանության հետ ներկայացնում էր նման աշխարհայացքի թելադրած պատկերի ցայտուն դրսևորումը։

Բ․ Կոմունիստները

Հայ կոմունիստները երբեք իրենց հարմարավետ, ինքնավստահ կամ անվտանգ չեն զգացել անկախ Հայաստան պետության մեջ։ Նրանց համար այն չափազանց մեկուսի, չափազանց ծանրաբեռնող ու չափազանց փոքրիկ մի վայր է։ Նրանք ավելի հանգիստ կզգային ուրիշ մեկի պատկերացումների մեջ իրենց տրված դերակատարությամբ, այնպիսի մեկի, որը ներկայացնի քաղաքակրթության ավելի բարձր, ավելի ունիվերսալ գաղափար։ Այս դեպքում պետության նպատակն է գտնել այդ մեկին՝ այդ պետությանը կամ կայսրությանը և շրջան կատարել դրա ուղեծրով։

Հայ բոլշեվիկ հեղափոխականների ավանդական գաղափարախոսության իներցիայով դրդված, թե այսօր կոմունիզմով հմայված մարդկանց տեսակի պատճառով, կոմունիստական կուսակցությունների մտածողության մեջ միակ մշտական երևույթը եղել է Ռուսաստանի նկատմամբ նվիրումը։ Ցարական Ռուսաստան, բոլշևիկյան Ռուսաստան, Խորհրդային Ռուսաստան, թե Ռուսաստանի Դաշնություն՝ կարևոր չէ, քանի դեռ այն կայսերապետական Ռուսաստան է։

Սերգեյ Բադալյանի ղեկավարած ՀԿԿ֊ի, Արամ Սարգսյանի ղեկավարած ՀԴԿ֊ի և անցյալի ու ներկայի նրանց ուղեկիցների համար ապահովությունը կայանում է նրանում, որ ներքին, արտաքին ու անվտանգության քաղաքականության պատասխանատվությունը փոխանցվի Ռուսաստանին՝ միշտ հանուն բարձրագույն իդեալի՝ հանուն սոցիալիզմի, ընդդեմ Արևմտյան մշակույթի։ Ի վերջո, այս կուսակցությունները բոլոր պրոբլեմների պատճառը փնտրելու են Ռուսաստանին բավարար չափով հաճոյացած չլինելու մեջ։ Լուծումներն այնուհետև իրենք իրենց կգան։

Կոմունիստական կուսակցությունների համար իրենց իշխանության ներքո արտաքին քաղաքականությունը շատ պարզ է լինելու։ Սառը պատերազմն ավարտված չէ, և Հայաստանը պետք է կատարած լինի իր ընտրությունը։ Հայաստանն իմանալու է, թե ինչպես կողմնորոշվել աշխարհի գործերում։ Նույնիսկ եթե Սառը պատերազմն ավարտված է, անհրաժեշտ է այն վերակենդանացնել, և կոմունիստական գաղափարախոսությունը գիտի ինչպես հասնել դրան։ Աշխարհը բավական պարզ մի վայր է։ Ռուսաստանի կողմից բարեհաճության արժանացած երկրները կլինեն Հայաստանի դաշնակիցները, Ռուսաստանի թշնամիները՝ նաև Հայաստանի թշնամիները։

Հստակորեն զատորոշված այդ աշխարհում հարկ չկա ընտրություն կատարել, Հայաստանի անվտանգության խնդիրն ինքնաբերաբար կլուծվի, քանի որ Հայաստանն ավելի մեծ միավորի մաս կկազմի։ Աղավաղված պատմության և Թուրքիայից սպառնացող ապագա չարիքի թմբկահարումը բավարար կլինի Ռուսաստանի շահերի համար Հայաստանի կարևորությունը պահպանելու, ինչպես նաև ոչ֊հայրենասիրական այնպիսի գայթակղություններից զերծ մնալու համար, ինչպիսին է Թուրքիայի՝ Ռուսաստանի հավերժական թշնամու հետ հարաբերությունների նորմալացումը։

Այս գաղափարախոսության հետևորդների համար տնտեսության կարգավորումը նույնպես պարզ կլինի։ Հայաստանը կարող է ավտոդողեր պատրաստել՝ Մոսկվայի մերձակայքում արտադրված ավտոմեքենաների համար, աղքատությունն ու գործազրկությունը կանհետանան, ինչպես անհետացել էին խորհրդային կարգերի օրոք։ Սոցիալական պրոբլեմները՝ կոռուպցիան, պոռնկությունը և այլն, նույնպես կանհետանան Կուսակցության հրահանգով կամ Գերագույն խորհրդի քվեարկությամբ։

Ըստ այս տեսակետի, կարելի է գտնել նաև Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմավարությունը։ Միավորվելով Ռուսաստանի հետ կամ միանալով Ռուսաստան֊Բելոռուս միությանը՝ Հայաստանը կապացուցի Ռուսաստանի հանդեպ իր աներկբա հավատարմությունը։ Հենց Հայաստանը Ռուսաստանի մաս կկազմի, Ռուսաստանը նրան կհատուցի Ղարաբաղով։ Սա, հարկավոր է նկատել, շատ պարզ լուծում է։ Ո՛չ Հայաստանի կողմից դիվանագիտական ջանքերի, ո՛չ բանակցությունների, ո՛չ մտածելու կամ վերլուծելու, փաստորեն՝ ոչ մի տեսակի ջանքի կարիք չի լինի։

Կարելի է մտածել, որ Հայաստանի հետ Ղարաբաղի միավորմանը հասնելու համար թերևս հարկավոր է ինչ֊որ բան զոհաբերել, իսկ Ղարաբաղը բավականաչափ կարևորություն է ներկայացնում՝ հանուն դրա երկրի անկախությունը զոհաբերելու համար։ Փաստորեն, ժամանակին անկախության հեռանկարի հանդեպ կոմունիստների և այլոց երկչոտ վերաբերմունքը մասամբ կարելի է բացատրել նրանց այն մտավախությամբ, որ նման գործողությունը կարող էր համարվել հակառուսական քայլ և հանգեցնել Ռուսաստանի կողմից Ղարաբաղով կամ, ինչպես ոմանք կարող են պնդել, տարածքային այլ հարցերով վրիժառություն։

Այս փաստարկն սկզբից կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց խլաձայն, այնուհետև՝ ավելի բացահայտ։ Նույն փաստարկն սկսեց բերվել քաղաքական այլ գործիչների կողմից ևս։ 1996֊ին, սոցիալական ու տնտեսական դժվարություններով և ղարաբաղյան բանակցությունների փակուղային վիճակով խրախուսված, ՀԿԿ֊ը ստորագրություններ հավաքեց՝ հօգուտ Ռուսաստան֊Բելոռուս դաշինքին Հայաստանի մասնակցության։

Խնդիրն այն է, որ պատմության մեջ նման տրամաբանությունը մշտապես փորձարկվել է և չի գործել՝ պարզապես որովհետև հայերի կողմից գրված սցենարները միշտ չէ, որ եղել են այնպիսին, որպիսին Ռուսաստանն է որոշել գործադրել։ Ղարաբաղն անկախության դիմաց փոխանակությունը որոշ հայերի երևակայության արգասիք էր, որ բխում էր Ռուսաստանի շահերը այնպես սահմանելու բուռն ցանկությունից, որ դրանք համընկնեն Հայաստանի ու հայության շահերին։

Պատմությունը, ցավոք, այդ տեսակետը չի արդարացրել։ Տասնութերորդ դարում հայ֊ռուսական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մինչև ռուսական հեղափոխությունն ու ԽՍՀՄ կազմավորումը, սիրո ոչ մի արտահայտություն կարծես թե չի բավականացրել ապահովելու, որ Ղարաբաղը անցնի հայկական վերահսկողության տակ։ Ստալինից մինչև Գորբաչով Ռուսաստանի բոլոր ղեկավարները բաց են թողել այդ սերը փոխադարձելու իրենց հնարավորությունը և Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին։

Ի դեպ, Առաջին Հանրապետության օրոք Մեծ Բրիտանիայի վարքը դրանից շատ տարբեր չէր, երբ վերջինս էր վերահսկում Ղարաբաղը։ Զորավար Անդրանիկի հմայվածությունը բրիտանացիներով և ռուսների հանդեպ նրա անվստահությունը որևէ տարբերություն չառաջացրին 1919֊ին Ադրբեջանին սիրաշահելու բրիտանական քաղաքականության մեջ։ Փաստորեն, զմայլանքի ու ատելության վրա հիմնված դատողությունն էր, որ ժողովրդի հերոսին բրիտանացիների խնդրանքով հանգեցրեց Շուշի իր զորքերի երթը կասեցնելու որոշմանը, մինչդեռ Անդրանիկի զորքը կարող էր պրոբլեմը լուծած լինել։ Ֆրանսիան ևս նույն կերպ վարվեց, երբ 1921֊ին Կիլիկիան հանձնեց թուրքերին՝ չնայած մինչ այդ տված իր խոստումներին, թե տարածաշրջանը կհանձնի տեղացի հայերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարտնչում էին Ֆրանսիայի կողքին։

ԽՍՀՄ լուծարումից ի վեր, Բորիս Ելցինի վարչակազմը, ինչպես նաև դրա կոմունիստական ընդդիմությունը, վերահաստատել են տարածքային ամբողջականության, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սկզբունքի նկատմամբ իրենց անբեկանելի հավատարմությունը։ Ռուսաստանը միշտ սեփական շահերը (մի ժամանակ կայսերապետական, այժմ՝ ազգային) սահմանելու իր ուրույն ձևն է ունեցել, որը միշտ որոշվել է ինչ֊որ այլ ելակետերով, քան սոսկ հայերի հետ սիրային կապն է։

Անկախ արդյունքից, հայ կոմունիստական կուսակցությունները վստահ են, որ, ըստ սցենարի պահանջի, կոմունիստները պետք է Հայաստանում իշխանության առաջին ստնաձնողները լինեն՝ իբրև ամենահուսալի «ռուսաստանամետ» տարը։ Մնացած խնդիրները կդառնան մանրուքներ։ Միշտ ուրիշ մեկը կարող է մեղադրվել Ղարաբաղի կորստի համար։ Պատմությունը կգրվի այնպես, ինչպես գրվել է յոթանասուն տարի շարունակ, և կոմունիստները գիտեն, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ, ովքեր չեն համաձայնի իրենց մեկնաբանություններին։


Այստեղ հարցն, անշուշտ, չի առնչվում Ռուսաստանի հետ Հայաստանի ունենալիք հարաբերությունների որակին։ Հարցն ավելի շուտ վերաբերում է այն մոտեցմանը, որով այդ հարաբերություններն են ընկալվում։ Կասկածից վեր է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր, այդ թվում և ռազմավարական շահեր ունի։ Ճշմարիտ է նաև, որ ոչ բոլոր շահերն են համընկնում։ Երկու պետությունները պետք է համագործակցեն, և այդ կերպ են վարվել անկախությունից ի վեր՝ սահմանելով ու հետապնդելով այդ ընդհանուր շահերը և, փոխադարձ հարգանքի հիմունքով, անհամաձայնություններ ունենալով որոշ հարցերի շուրջ։ Սակայն հայկական որոշ խմբավորումների համար համագործակցության գործընթացն սկսվում է շահերի նույնականության ընդունմամբ և ավարտվում իրենց կողմից իբրև Ռուսաստանի շահեր ու ցանկություններ ընկալվածի հանդեպ Հայաստանի ստորակայությամբ։ Պարզունակ գաղափարաբանների մտային կառույցը թույլ չի տալիս պատկերացնել, որ նախ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է սահմանեն Հայաստանի շահերը, ապա դրանք համեմատվեն այլ պետությունների շահերի հետ և այնուհետև հետապնդվի այն, ինչը այդ համեմատության տրամաբանությունն է պահանջում։

Հայ կոմունիստները և մի շարք ուրիշներ սկսեցին Ռուսաստանին դեր ու առաքելություն վերագրել, սահմանել նրա շահերը, և դրանցից բխեցնել իրենց սեփական շահերը։ Ռուսաստանն այն է, ինչ նրանք երևակայում կամ կամենում էին, որ լինի ազգայնական ու կայսերապետական, հակաթուրքական ու հակաթյուրք մի Ռուսաստան, որը հայերին գերադասելու է թուրքերից ու ադրբեջանցիներից, քրիստոնյաներին՝ մահմեդականներից։ Այս երևակայական մտապատկերը ոչ մի կապ չունի նրանց հետ, ովքեր կառավարում են Ռուսաստանը։ Եթե Ելցինի կառավարությունը չի համապատասխանում սրան, ուրեմն Ելցինը «իսկական Ռուսաստանը» չի ներկայացնում։

Իսկական Ռուսաստանն ինչ֊որ այլ տեղ է՝ թաքնված Դումայի միջանցքներում, թաքնված Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի մշուշապատ բառերի կամ ռուս ծայրահեղ ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերի տակ, որոնց սոսկ ճշմարիտ հավատացյալները կարող են հասու լինել, մեկնաբանել և գործել դրանց համապատասխան։ Իսկական Ռուսաստանն այնտեղ է՝ հայերի անձնվիրության ցուցադրման սպասումով, այն ի հայտ կգա, հենց որ անեղծ հավատացյալների կողմից անխառն հավատարմություն ցուցաբերվի։ Եվ եթե համագործակցության ու ռազմավարական հաշվարկների ներկա մակարդակը համապատասխան արձագանք չի հարուցում, այն պատճառով է սոսկ, որ համագործակցությունը բավարար չէ, հետևողական չէ, մի խոսքով՝ ամբողջական չէ։ Ըստ այս պատկերացման, Ռուսաստանը հանդես է գալիս կասկածամիտ սիրահարի դերում, որը մշտապես կարիք ունի սիրո վերահաստատման, և եթե անմնացորդ նվիրում հավաստվի, երբևէ կարող է արձագանքել այդ սիրուն։

Ռուսաստանի համար Ադրբեջանի կարևորությունը և Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունները ավելի «սեր ու նվիրում» տեսնելուց չեն փոխվելու։ Ռուսաստանը, ներառյալ նաև Գենդաի Զյուգանովի և Վլադիմիր Ժիրինովսկու Ռուսաստանը, Հայաստանի համար ավելին չի անելու, քան իր ազգային շահերն են թույլատրելու անել։ Այլ կարծիք ունեցողները լավագույն դեպքում իրենց սեփական տագնապներն են դրսևորում, վատագույն դեպքում՝ Հայաստանում իշխանության հարցն են լուծում։

Միևնույն փաստարկը վերաբերում է Հայաստանում (բայց ավելի՝ Հայաստանից դուրս) նրանց, ովքեր Ռուսաստանը կփոխարինեն Իրանով, ԱՄՆ֊ով կամ ՆԱՏՈ֊յով՝ իբրև Հայաստանի հզոր պահապանների։ Արևմուտքի միջամտությունն այս տարածաշրջանի գործերին պատմականորեն երբեք չի նպաստել հայկական շահերին, առնվազն՝ գործով։ Նույնը կատարվում է այսօր։ Եվ դա հայոց իրավունքներն ու ձգտումները բացատրելու անկարողության խնդիր չէ։ Պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և մյուս երկրներն իրենք են ի վիճակի որոշելու իրենց սեփական շահերը։

Ռուսներն ու ամերիկացիները որքան էլ մեծ հարգանք ունենան Հայաստանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ, որքան էլ Ֆրանսիան մեծ սեր ունենա հայ մշակույթի հանդեպ, որքան էլ այլ ժողովուրդներ վշտակցեն Հայաստանի «մարտիրոսություններին», որքան էլ հայոց իղձերի հանդեպ համակրանքի խոսքեր արտասանված լինեն զանազան երկրներում՝ իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերում պետությունները հետևում են իրենց սեփական շահերին, որոնք սահմանվել են իրենց իսկ կողմից, այլ ոչ թե ծրագրվել հայերի կողմից։

Հայկական քաղաքական կուսակցությունների ու ղեկավարների համար առաջին և ամենակարևոր խնդիրն է հասկանալ և օբյեկտիվորեն գնահատել ուրիշների շահերը, այդ շահերը չսահմանել կամային մտածողության հիման վրա։ Ռուսաստանը չափազանց կարևոր գործընկեր է, որպեսզի կարելի լինի նրա հետ վարվել իբրև կասկածամիտ սիրահարի, որն իբր Հայաստանի սիրո հավաստման ու ապացույցի մշտական կարիքն ունի։

Գ․ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը

Քննարկվող «բարձրագույն առաքելությունների» իմաստով ՀՅԴ֊ի ծրագրածն ամենից ավելի ծանրակշիռ է, ամենից ավելի համապարփակն ու լայնորեն ճանաչվածը։ Դրա վերջնական նպատակն է ազատ երկրի հիմնադրումը, որն անկախ լինի և միավորի պատմականորեն հայկական բոլոր տարածքները։ Օսմանյան Հայաստանում բարեփոխումների հասնելու նպատակով 1890 թ․֊ին հիմնադրված ՀՅԴ֊ն անկախությունն իբրև նպատակ որդեգրեց 1919֊ին։ Հիմնականում ՀՅԴ ջանքերով հիմնադրված և նրա կողմից կառավարող Առաջին Հանրապետությունը մեկ տարեկան էր, երբ «Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան» կարգախոսն ընդունվեց իբրև կուսակցության իդեալ։ Սփյուռքյան միջավայրում, ուր կուսակցության հետ միասին արարվել էր նաև այդ կարգախոսը, այն ներկայացնում էր պատմական բոլոր անարդարությունների վերացումը, անցյալի ողջ նահատակության հատուցումը, ներկայի բոլոր զոհողությունների արդարացումը։ Այդ Հայաստանն էր, որ որ սփյուռքահայերին մատուցելու էր խոստացված հանդերձյալ կյանքը, և սփյուռքահայերը վերադառնալու էին և վայելելու իրենց երազանքները։

Այդ իդեալին հասնելու ռազմավարությունը ժամանակի ընթացքում զարգացավ, և նախապատվությունները փոխվեցին։ Սակայն փոփոխությունների խճողումից անկախ, իդեալական հայրենիքի պահանջը հայտնի էր իբրև «Հայ Դատ» կամ Հայկական Հարց։ Թեև այս տերմինը օգտագործվում է այլ կուսակցությունների, ոչ կուսակցական խմբավարումների և անհատների կողմից ևս, ՀՅԴ֊ն իրեն է համարում հարցի տերը։

Հողերի միավորման գաղափարը միշտ չէ, որ առաջնային է եղել ՀՅԴ ռազմավարության մեջ։ Երբ 1920֊ին ՀՅԴ֊ն Հայաստանում կորցրեց իշխանությունը (Հայաստանը դարձավ ԽՍՀՄ հանրապետություն), այնուհետև առաջնային հարցը անկախությունն էր։ Սառը պատերազմի ընթացքում ՀՅԴ֊ի առաջնային ծրագիրն ազատ ու անկախ Հայաստանն էր, մեծագույն խնդիրը՝ Ռուսաստանից, կոմունիստական ռեժիմից ազատագրվելը։ Այդ նպատակի համար ՀՅԴ֊ն համագործակցում էր ԽՍՀՄ֊ի թշնամիների հետ, ներառյալ ԱՄՆ֊ն ու Թուրքիան։ 1970֊ականներից սկսած, ժամանակի ընթացքում, հայկական պատմական տարածքները Խորհրդային Հայաստանին միացնելու գաղափարն սկսեց առաջնություն ձեռք բերել իդեալի մյուս դրույթների նկատմամբ։

Այս փոփոխությունն ունի իր տրամաբանությունը։ «Միացյալը» ավելի հասանելի էր թվում, քան «ազատն ու անկախը»։ Թուրքիայի գրաված տարածքների ազատագրումը կատարվելու էր Խորհրդային Միության՝ Թուրքիայի թշնամի մի գերտերության օգնությամբ, որի բաղկացուցիչ մասն էր Հայաստանը։

Երբ 1988֊ին պայթեց Ղարաբաղյան Շարժումը, և 1989֊ից սկսած Հայաստանը քայլեր ձեռնարկեց ԽՍՀՄ֊ին անջատվելու ուղղությամբ, ո՛չ անկախությունը, ո՛չ Ղարաբաղի հարցը ՀՅԴ֊ի անմիջական օրակարգում չկային։ Երկու իրադարձություններն էլ համարվեցին ՀՅԴ քաղաքականությանն անհարիր, և ՀՅԴ֊ն սկզբում ընդդիմացավ երկուսին էլ։ ԽՍՀՄ լուծարումից հետո ՀՅԴ֊ին հարկավոր էր իր ռազմավարությունն ու քարոզչությունը փոխել և համապատասխանեցնել նոր իրադրությանը։ Դրա փոխարեն, Ղարաբաղ Կոմիտեի կազմավորման օրից սկսած, կուսակցությունը խորը, լավ մշակված, տևական ու բծախնդրորեն կիրառվող հակակրանք մշակեց ՀՅԴ ռազմավարության մեջ խզում առաջացրած շարժման՝ ՀՀՇ֊ի, և նրա ղեկավար Լևոն Տեր֊Պետրոսյանի դեմ։

Ներկայումս Դաշնակցությունը Հայկական Հարցը սահմանում է «Մեկ ժողովուրդ՝ մեկ հայրենիք» բանաձևով։ Այս հարցի համատեքստում հայ ժողովուրդը բաղկացած է երեք հատվածից․ Հայաստանի հայերից, Ղարաբաղի հայերից և Սփյուռքի հայերից։ «Հայրենիքի» գաղափարը շատ ավելին է ներկայացնում․ Հայաստանը, Ղարաբաղը, Ջավախքը, Նախիջևանը և պատմական Արևմտյան Հայաստանը կամ արևելյան Թուրքիան։

Ըստ այդ տեսության, Հայաստանը հայրենիքի սոսկ մեկ բաղադրամասն է, որն իրերի բերմամբ գործընթացներում մյուսներից առաջ է ընկել՝ միջազգային հանրության կողմից այն ճանաչվել է իբրև անկախ պետություն կամ իբրև Հայաստանի մաս։ Հաջորդը, ըստ ՀՅԴ ռազմավարության, Ջավախքն է, որի հայ ազգաբնակչությունն սկսել է հաստատել իր իրավունքները։ Մնացած քաղաքամասերի միացումն անպայմանորեն հաջորդելու է։

Հայաստանը վերակերտելու այս երազանքը (երազանք, որ «վերակերտելու է» նաև Հայաստանի չորս հարևաններից երեքին) ՀՅԴ֊ի գլխավոր ծրագիրն է, և ՀՅԴ֊ն ինքը պետք է լինի այդ երազի ծրագրողն ու իրականացնողը։ Հայաստանը այդ երազի բեկորներից միայն մեկն է, Հայաստանի կառավարությունը՝ իշխանության լծակներից միայն մեկը, Հայաստանի ժողովուրդը՝ պատերազմներ վարելու կոչված բանակներից միայն մեկը, թեև այն մեկը, որը կրելու է պայքարելու և զոհվելու ծանրագույն բեռը։

Դաշնակցության դիտանկյունից, Հայաստանի նոր պետությունը չունի Հայկական Հարցը լուծելու ո՛չ անհրաժեշտ մտապատկերը, ո՛չ ռեսուրսները, եթե միայն, հավանաբար, չկառավարվի ՀՅԴ֊կողմից։ Այդ պարագայում այն կարող է ստանձնել ծրագրի ավելի մեծ բաժնի պատասխանատվությունը։ Տեր֊Պետրոսյանի Հայաստանը՝ «նորմալության» իր կոչով և «նորմալ» արտաքին քաղաքականության հետևանքներով, է՛լ ավելի քիչ էր պիտանի այս երազանքը հետապնդելու գործին։ Այն հանգամանքը, որ Տեր֊Պետրոսյանի Հայաստանը մերժելու էր Ցեղասպանության ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության հիմք դարձնելը և ձգտելու էր նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, բավարար էր, որպեսզի նա, նրա վարչակազմն ու ՀՀՇ֊ն ստանան «ապազգային» բնորոշումը։ Փաստորեն, Լ․ Տեր֊Պետրոսյանին ու նրա համախոհներին Դաշնակցությունը ներկայացնում էր որպես իր ազգային ծրագրի, հետևաբար՝ հայ ժողովրդի վատթարագույն թշնամիներ։

Վերջապես, ՀՅԴ֊ի համար նման վիթխարի ազգային ծրագիրը, Հայկական հարցի պես հսկա իդեալը կարող էր իրականացնել միայն պատմականորեն և բարոյապես վավերացված հեղինակության կողից՝ իշխանության հասած կամ ժողովրավարական ճանապարհով կամ այլ կերպ։ Ազգակերտման քաղաքական ծրագիրը ձևավորված ու կազմված է այնպես, որ իր սահմանմամբ իսկ ՀՅԴ֊ին է դարձնում միակ կազմակերպությունը, որը որակավորված է հետապնդելու այն, որոշելու դրա փուլերը կամ սահմանելու դրա ռազմավարությունը։ Մեծագույն նպատակի համատեքստում Հայաստանն ու Ղարաբաղը, անկախությունն ու միացումը կարող են գործածվել կամ զոհաբերվել՝ հանուն բարձրագույն իդեալի։

Ազգային ծրագիրն այդքան հսկայական և այդքան հեռավոր մի երազանքի աստիճանի բարձրացնելով՝ Դաշնակցությունն իր տեսությանը, ռազմավարությանը, դատողություններին հաղորդել է քննադատությունից ու վերահսկողությունից վեր որակ։ Ճիշտ այնպես, ինչպես դժվար է պարզել, թե իր կյանքի ողջ ընթացքում մարդը դեպի դժո՞ղք է ընթանում, թե՞ դրախտ, այդպես էլ դժվար է ՀՅԴ֊ի քաղաքականությունը նորմալ մեթոդներով քննարկման ենթարկել՝ որոշելու համար, թե արդ՞ոք ՀՅԴ֊ն կարողացել է հայությունը մոտեցնել իդեալին։ ՀՅԴ֊ն միշտ կարող է որևէ բարձրագոչ նպատակ կամ սկզբունք գտնել՝ դրանով քննադատելու կամ նսեմացնելու համար ուրիշների քաղաքականությունը, արդարացնելու իր սեփական կերպափոխությունները և իր հանդեպ ցանկացած քննադատություն պիտակավորելու իբրև ապազգային վարքագիծ կամ ավելի վատ մի բան։

ՀՅԴ գտնում է, որ տարիքի, հերոսների և գաղափարի վսեմության համադրումը բացառապես և միայն իրեն է շնորհվում հայոց շահերը սահմանելու և ռազմավարությունը որոշելու իրավունքը, ինչպես նաև ամենուր, բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքներում, քվեարկությամբ կամ առանց քվեարկության հայ ժողովուրդը ներկայացնելու իրավունքը, քանի որ կուսակցությունն իրեն համարում է ազգի միկրոկոսմոսը։

Նորմալությունն ընդդեմ ազգային գաղափարախոսության

Վերը քննարկված երեք խմբերն ունեն մի շարք ընդհանրություններ։

Առաջինը իրադարձությունները, փաստերն ու ընտրանքները կանխորոշված ու կանխասահմանված աշխարհայացքով գնահատելու միտումն է։ Երեքն էլ որոշակիություն, կապակցվածություն ու կանխատեսելիություն են փնտրում մի տարածաշրջաում, որն այդ ամենից շատ քիչ ունի կամ բնավ չունի։ Երեքն էլ ցանկանում են դրանք գտնել գաղափարախոսական կառույցներում։ Ուստի՝ որոշումները չեն կայացվելու Հայաստանի համար շահեկանության կամ վնասակարության հատկանիշի հիման վրա, այլ իրենց աշխարհայացքի ներդաշնակությամբ պահպանելու աստիճանի հիման վրա։ Փաստորեն, հաշվի չեն առնվելու առկա իրական հնարավորությունները, եթե այդ աշխարհայացքի դրույթներով դրանք բացառվում են։

Երեք խմբավորումներն էլ, իրենց աշխարհայացքները բնութագրելով իբրև «ազգային գաղափարախոսություն», հավակնում են բարոյական բարձրունքների։ Ակնկալվում է, որ ազգային բառն, այդ բառակապակցությունը ապրիորի պետք է սրբության և գրեթե կրոնական նախասահմանում ապահովի, իսկ գաղափարախոսություն բառը պետք է պարգևի համակողմանիության, անկապտելիության ու բանականության զգացողություն, ինչպես նաև գիտական հիմնավորման պատրանք հաղորդի դրանց։

Ազգային տերմինը պետք է նաև ընկալվի իբրև հականիշ անհատականին։ «Ազգային» գաղափարախոսության առաջքաշումը քաղաքական կուսակցությունների կողմից փորձ է քաղաքացիներին նախազգուշացնելու, որ քաղաքականության մասին չմտածեն իբրև իրենց սեփական շահերի արտահայտության, այլ ընդունեն այն իբրև հավաքականության ճակատագիր։ Անհատական շահը և ազգային շահը ներկայացնում են իբրև հակադրություններ, գրեթե փոխբացառող, փոխանակ ներկայանալու իբրև փոխհամալրող երևույթներ։ Մեկ անհատի կամ խմբի կողմից սահմանված ազգային շահը կանխորոշում է, թե քաղաքացու անձնական շահը ի՛նչը պետք է լինի։

ՀՀՇ֊ի և մյուս խմբավորումների միջև տարբերությունն ընկած է հենց այստեղ։ ՀՀՇ֊ն, որքան էլ ոչ բավարար ձևով, «ազգայինը» գիտակցում և ընկալում է քաղաքացիների անհատական շահերի ընդհանուր գումարի իմաստով։ Մյուս խմբավորումները, իրենց առաջ քաշած գաղափարախոսությունների միջոցով, «ազգայինին» վերագրում են լեգիտիմության այլ հիմք և այլ ծագում, քան ազգի անդամներն են։ Վազգեն Մանուկյանի համար իր ազգային գաղափարախոսությանը չհամաձայնելը նկարագրի և ուժի բացակայության և բարոյական անկման հատկանիշ է։ ՀՅԴ֊ի համար իր իդեալների ու ռազմավարության մերժումը «վատ հայ» լինելու հավաստի նշան է։ Կոմունիստական խմբավորումների համար իրենց գաղափարների հանդեպ անհամաձայնությունը կասկածելի անձ լինելու վկայություն է։

Խնդիրը երկրի ապագայի վերաբերյալ նպատակներ ունենալը չէ։ Քաղաքական կուսակցություններն ու ղեկավարները հաճախ են ունենում պատկերացումներ, որոնք սովորաբար ծրագիր են կոչվում և որոնք կարող են հիմնված լինել իրենց համերկրացիների հետ ունեցած ընդհանուր իդեալների վրա և քաղաքացիներին դրանց իրականացման մեջ ընդգրկելու հույսի վրա։ Սակայն ծրագիրը կամ իդեալներով օժտված աշխարհայացքը տարբերվում են գաղափարախոսությամբ ներշնչված աշխարհայացքից։ Գաղափարախոսությունները ժողովուրդներին ու խմբավորումները բաժանում են լավի և վատի, դրանք տարանջատում են ու օտարում, մինչևիսկ ապամարդկայնացնում ժողովրդի որոշ հատվածների։ Գաղափարախոսությունները, լինեն ֆաշիստական, ազգայնական, կոմունիստական թե ուրիշ, ինքնամեծար ու եսակենտրոն մարդկանց ապահովում են բարոյական ու քաղաքական իրավասությամբ, որով անհատներին ստիպում են վարվել ու մտածել որոշակի ձևով, հրաժարվել ինքնուրույն դատելու և իրենց համար ու ժողովրդի համար լավագույն ելքեր գտնելու հավակնությունից։ Ազգային գաղափարախոսությունների առաջքաշումը սահմանումներ և ինքնություններ պարտադրելու փորձ է։

Գաղափարախոսություններն օրենքներից վեր են, հատկապես՝ երբ կարող են արդարացնել իշխանության տիրանալու համար բռնության կիրառումը, ինչպես նաև իշխանության կիրառումը՝ քաղաքացիներին ստիպելու համար լինել այնպիսին և գործել այն ձևով, որ հավաստվի գաղափարախոսության ճշմարտացիությունը։


Եթե ՀՀՇ֊ն և Լ․ Տեր֊Պետրոսյանի ղեկավարած վարչակազմը կարող էր մեղադրվել ընտրական օրենքի խախտման մեջ, ապա գաղափարախոսական կուսակցությունները հակված են խախտելու սահմանադրական ողջ կարգը։ Այսպես, կոմունիստների համար արտաքին ուժն է, որ իրենց իշխանության է բերելու։ Կարմիր բանակն այդ արել է 1920֊ին, հույս ունեն, որ դա կրկին կպատահի։ ԱԺՄ֊ն «ժողովրդին» ձերբազատել է որևէ արգելքից։ ՀՅԴ֊ն ունի իր ռազմականացած խմբավորումները, որոնք թերևս պետք են Լիբանանի պես մի երկրում, սակայն ապօրինի են որևէ այլ վայրում, ներառյալ Հայաստանը։ Եթե Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունել է ընտրությունների ընթացքում տեղ գտած անկանոնությունները և դրանք սխալ համարել, գաղափարախոսները դեռևս չեն դատապարտել «բարձրագույն նպատակի» իշխանության բռնի տապալման իրավունքի իրենց պնդումները, ինչպես նաև իրենց կողմից այդ իրավունքի փաստացի կիրառումը։ Իրականում նրանք շարունակել են կրկնել միևնույն վարքագիծը։

Պարադոքսը, որի շուրջ արժե խորհրդածել, հետևյալն է․ այն կուսակցություններն ու ղեկավարները, որոնք մերժում էին անկախության ու ժողովրդավարության հասնելու նպատակով ԽՍՀՄ֊ի դեմ բռնության կիրառումը, ՀՀՇ֊ի ու Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ այդ իրավունքը պաշտպանում էին իբրև սկզբունքային հարց։ Այդ կուսակցությունների այն հայտարարությունները, թե Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմն ավելի վատն էր, քան խորհրդային ռեժիմը, կամ նույնիսկ առհասարակ հայոց պատմության մեջ ամենավատն էր, անշուշտ, փողոցային ճամարտակություն են և չեն կարող լուրջ ընդունվել։ Այս անվիճելի պարադոքսն իրոք ինչ֊որ բան էր հուշում, սակայն այդ իսկ կուսակցությունների և դրանց ղեկավարների մասին, և ոչ թե Լ․ Տեր֊Պետրոսյանի կամ նրա վարչակազմի մասին։

ՀՅԴ֊ի և կոմունիստների համար հատկապես, ազգային բառի, իբրև ապազգայինի հակադրության մեկ այլ չափանիշ է Թուրքիայի հետ դրա առնչությունը։ Հատկապես ՀԿԿ֊ի, ՀԴԿ֊ի և ՀՅԴ֊ի համար քաղաքականությունն ազգային է, եթե այն հիմնված է հակաթյուրքականության վրա։ Քաղաքականությունը վերածվում է գաղափարախոսության, երբ հակաթյուրքականությունը գերիշխում է քաղաքականության մեջ։ Կոմունիստները և մասնավորապես ՀՅԴ֊ն կենտրոնական դեր են հատկացնում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության հարցին։ Այս հարցում Վազգեն Մանուկյանը մյուսներից նվազ խանդավառ էր, թեև 1996֊ին, իբրև նախագահության թեկնածու, որ ստացել էր կոմունիստների ու ՀՅԴ֊ի օժանդակությունը, նա նույնպես «Հայկական Հարցն» իր նախընտրական ծրագրի մաս դարձրեց։

Առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Լ․ Տեր֊Պետրոսյանի համար բոլոր հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի տրամաբանական հետևությունն էր։ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը նորմալ հարաբերությունների զարգացման նախապայման չէր։ Նա Ցեղասպանությունը համարում էր պատմական ու բարոյական, ոչ թե քաղաքական խնդիր։ Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ աղետալի իրադարձություն էր, որը պետք է փաստագրվեր, դրա պատճառները, գործընթացները և հետևանքները պետք է վերլուծվեին և ըմբռնվեին, դրա զոհերը պետք է հիշվեին արժանապատվությամբ, դրա դասերը պետք է սերտվեին մարդկության կողմից, և դրա բարբարոսությունն ու անմարդկայնությունը պետք է ի ցույց դրվեին։ Ցեղասպանությունն աշխարհայացք կամ փիլիսոփայություն չէր, այն սկզբունք չէր, մանավանդ այնպիսին, որի վրա կարող էր հիմնվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

ՀՀՇ֊ի տեսակետը, լավագույնս արտահայտված Տեր֊Պետրոսյանի կողմից, լուրջ տեղաշարժ էր հայ քաղաքական մտքի մեջ, որի կարևորությունը չի կարող նսեմացվել։ Ընդունված պատկերացումը հավաստում էր, որ Թուրքիան հավերժական թշնամի է, որը միշտ հարմար առիթի է սպասում 1915 թվականը կրկնելու համար։ Ի լրումն դրա, Ցեղասպանության պատճառած կորուստներն արդարացնում էին Թուրքիայից հայկական հողերի պահանջները։ Ուստի հարաբերությունների նորմալացումը վերին նզովք էր։ Հայոց մտածողության մեջ Թուրքիայի զբաղեցրած տեղի մասին այս տեսակետը լայնորեն ընդունված էր մինչև անկախությունը, հովանավորվում էր խորհրդային գաղափարախոսությամբ, օժանդակվում Կոմունիստական կուսակցության կողմից, և բորբոքվում Սփյուռքում Ցեղասպանության սովորական դարձած քաղաքական պատկերացումը, վտանգում հավաքական հիշողությունը և սպառնում երկրորդական դարձնել Հայաստանում ու Սփյուռքում Ցեղասպանության շուրջ ընթացող քաղաքականացված հրապարակային երկխոսությունը։

Սակայն ՀՀՇ֊ի ընդդիմադիրների, հատկապես կոմունիստների ու ՀՅԴ֊ի համար, այս քաղաքականությունն ապազգային էր, եթե ոչ ավելի վատ։ Հակաթյուրքությունը՝ պատմության նկատմամբ բնազդական այդ հակազդեցությունը, վերածվել էր հավատքի առարկայի և բարձրացվել ռազմավարության սկզբունքի մակարդակի։ Հայաստանի ու հայության համար արդեն լավ էր համարվում այն ամենը, ինչը վատ էր Թուրքիայի համար։ Այս հավատքի վրա կառուցված որևէ ծրագիր հնչում էր ոչ միայն զգացական առումով բավարար, այլ նաև ստրատեգիապես անխոցելի։

Սա է այն հատման կետը, որտեղ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի հանգամանքները, հայ֊թուրքական ավանդական հակադրությունը և Ղարաբաղի շուրջ վիճաբանությունը խաչաձևվում են։ Հայ֊թուրքական հարաբերությունները ղարաբաղյան բանավեճի մեջ են ներարկվել բազմաթիվ առումներով, որոնցից ամենաանմիջականը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է՝ ի նպաստ Ադրբեջանի։

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է եղել խորհրդային շրջանում, բացվել է սոսկ շաբաթը մեկ անգամ՝ Գյումրիով Թուրքիայի սահմանը հատող գնացքի առջև։

Հայաստանի անկախությունից հետո, որը ճանաչվեց Թուրքիայի կողմից, երկու երկրները ներգրավվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների մեջ, որոնց հիման վրա սահմանի բացման խնդիրը կարող էր կարգավորվել։ Ելնելով հայ֊թուրքական հարաբերությունների պատմությունից՝ չէր ակնկալվում, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դյուրին խնդիր է լինելու։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն հնարավոր էր և հասանելի։

Երբ 1992֊ին Վրաստանից եկող երկաթուղին, որով սովորաբար կատարվում էր ցորենի ներմուծումը Հայաստան, աբխազական հակամարտության պատճառով դադարեց գործել, Թուրքիան, երկկողմ բանակցություններում կատարված առաջընթացի ոգով, արտոնեց իր նավահանգիստների և երկաթուղու օգտագործումը՝ Եվրոպայից եկող ցորենը Հայաստան հասցնելու նպատակով։ Համագործակցությունը շարունակվեց1992-1993 ձմռանը, մինչև 1993֊գարնանը հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավումը։ Այդ ժամանակ, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան դադարեցրեց այդ առաքումները։ Սահմանը կրկին փակվեց։ Այդ պահից ի վեր սահմանի բացումը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապել է ղարաբաղյան հակամարտության լուծման կամ այդ ուղղությամբ նկատելի առաջընթացի հետ։

Հանդես գալով Ադրբեջանին աջակցողի դերում և միևնույն ժամանակ լինելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան շատերի կողմից դիտվում էր ավելի իբրև պրոբլեմի, քան լուծման մաս։ Ավանդական հակաթուրք գործիչներից երևակայության մեծ թռիչք չէր պահանջվում պատմական անտագոնիզմը Ղարաբաղյան խնդրի քննարկումների մեջ ներքաշելու համար, մանավանդ, որ սահմանը փակված պահելը նպաստում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսությունն անդամալուծելու և այնպիսի զիջումներ պարտադրելու ծրագրին, որոնք Հայաստանը չէր անելու և երբեք չարեց։

Սակայն այս գործոնի ազդեցությունն ավելին է, քան պատմության ու բարիդրացիության ընկալումը։ Այնքանով, որքանով Թուրքիայի տարածքով անցնում են ռազմավարական կարևորության երկաթուղային ու ճանապարհային հաղորդակցության ուղիներ՝ հատկապես դեպի արտահանման շուկաներ Հայաստանի ելքի համար, թուրքական սահմանի բացումը այն հարցի անբաժան մասն էր, թե Հայաստանը տնտեսապես կարո՞ղ է զարգանալ առանց Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու։ Եվ սա էր, ինչպես վերևում տեսանք, Լ․ Տեր֊Պետրոսյանի և Ռ․ Քոչարյանի միջև հիմնական տարաձայնության առարկան։ Ինչևէ, եթե Ռ․ Քոչարյանի համար այդ հարցը գործնական հաշվարկներից մեկն էր, կոմունիստների և ՀՅԴ֊ի համար սահամանի խնդիրն ավելի խոր իմաստ ուներ։ Սահմանի բացումը կհանգեցներ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, ինչն աստիճանաբար կթուլացներ Թուրքիայի՝ իբրև Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքի ընկալումը և դրանով կնվազեցներ տնտեսական և անվտանգության բնագավառներում այլ երկրներից Հայաստանի կախյալության աստիճանը։

Այապիսով, Ղարաբաղի պրոբլեմը կապվում էր անկախության հարցին, Հայաստանի անվտանգության հայեցակարգի մեջ հիմնական փոփոխություն առաջացնելու հավանականությանը և նորմալության հասնելու հնարավորությանը։

Հարկավոր է նաև պատկերացնել, թե այդ փոփոխությունները, հաջողությամբ իրականացվելու պարագայում, ի՛նչ կնշանակեին սովորական ընդդիմության, մասնավորապես կոմունիստների ու ՀՅԴ֊ի համար։ Ըստ նրանց, Լ․ Տեր֊Պետրոսյանը քանդում էր իրենց մտածողության այն բոլոր սյուները, որոնց վրա էին հիմնված անցյալի ու ապագայի իրենց ընկալումը, իրենց ինքնությունը և դերակատարության գիտակցումը։

Ցեղասպանությունն ու հակաթյուրքականությունն այնքան անբաժան էին այս կուսակցությունների ու դրանց հետևորդների ինքնության համար, անարդար պատմության նրանց ըմբռնման համար, արդարադատության նրանց կարիքի համար և ապագան հատուցված տեսնելու նրանց պատկերացման համար, որ դժվար չէր նորմալության կոչողներին որակել իբրև մարդկային կերպարանք առած հրեշների։ Այս էր պատճառը, որ հնարավոր դարձավ ընդդիմությունը վերածել Լ․ Տեր֊Պետրոսյանի և նրա շուրջ խմբված համախոհների հանդեպ անձնական ատելության ու զրպարտության քաղաքական ծրագրի։ Նորմալությունը վտանգավոր գաղափար էր, որը պետք է վնասազերծվեր՝ այն կրողների հետ միասին։

Մարդկանց մտքում գաղափարախոսական ընդդիմության անձնավորումը կարևոր է երկու առումով։ Առաջին, որոշ կուսակցությունների համար, որոնք զգուշանում են նպատակների, ռազմավարության ու մարտավարության մասին բանական քննարկումներից, անձնավորված ատելությունն ավելի արդյունավետ է գործում, քան քաղաքական փաստարկումը և այլընտրանքների վերլուծությունը։ Որտեղ կան սրիկաներ, պետք է լինեն նաև լավ տղերք, որտեղ կան դավաճաններ, պետք է լինեն նաև հայրենասերներ։

Երկրորդ, երևան եկող երրորդ ուժի ղեկավարները հավատացին ընդդիմադիր կուսակցությունների ճարտասանությանը, որոնք Լ․ Տեր֊Պետրոսյանին ու նրա շրջապատից ոմանց ներկայացնում էին իբրև չարագործների։ Ռ․ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը գտնում էին, որ, Լ․ Տեր֊Պետրոսյանին ստիպելով հրաժարական տալ, վերացնում են ներքին միասնականության և Հայաստանի ու Սփյուռքի միասնության գլխավոր, եթե ոչ միակ, խոչընդոտը։ Երկու միասնություններն էլ անհրաժեշտ էին, եթե իրենց այլընտրանքային լուծումը գործելու էր։

«Ղարաբաղի կուսակցությունը»

Որքան էլ տարօրինակ թվա՝ Ղարաբաղը հասկանալու լավագույն ձևն այն որպես կուսակցություն դիտարկելն է։ Կարելի է ասել, որ «Ղարաբաղի կուսակցությունը» ամենահինն է, այն նույնքան հին է, որքան Ղարաբաղի հիմնախնդիրը կամ Ղարաբաղն ինքը։ Այն նաև ամենապարզն է։ Ղարաբաղի ժողովուրդը գիտի, թե ինքն ինչին է դեմ։ Նա չի ցանկանում լինել Ադրբեջանի կամ ադրբեջանցիների գերիշխանության ներքո։ Ադրբեջանցիների գերիշխանության օրոք, որոնց Ղարաբաղի հայերը «թուրք» են անվանում, Ղարաբաղի նկատմամբ վարվել են որպես գաղութի՝ բառի դասական իմաստով՝ մարզը պահելով տնտեսական ու սոցիալական թերզարգացման պայմաններում։ Ղարաբաղի հայությունը չի կարող ընդունել ադրբեջանական կարգերը հատկապես այժմ՝ շրջափակվելուց, ռմբակոծվելուց, տեղահանվելուց և 1990֊ից ի վեր Ադրբեջանից ամբողջապես կտրված լինելուց հետո։

Ղարաբաղի ժողովուրդը գիտե նաև, թե ինչ կուզեր․ նրա նպատակն ադրբեջանական գերակայությունից ձերբազատվելն է։ Այդ նպատակը ձեռք կբերվի Հայաստանի հետ միավորվելու, թե անկախության, թե, ըստ որոշ առաջարկների, Ռուսաստանի հետ ինտեգրացվելու միջոցով՝ երկրորդական հարց է։ Ինչպես անունն է հուշում, սա մեկ խնդրի կուսակցություն է։ Խնդիրը Ղարաբաղն է։ Մնացյալը երկրորդական հարցեր են և մեծ նշանակություն չունեն։ Թուրքիայի հետ հարաբերությունները, ժողովրդավարությունը, տնտեսական համակարգը կամ կառավարության կառուցվածքը չնչին նշանակություն ունեն։ Ղարաբաղի հայերը գրեթե կարիք չունեն գաղափարախոսական ծրագրերի ու խճողված քաղաքական փաստարկների։ Նրանք ունեն խորապես արմատավորված հավատամքներ ու կարծիքներ, որոնք անդրադարձնում են նրանց աշխարհագրությունը, սոցիալական կառուցվածքը և այն, ինչ իրենց պատմությունն է, և այդ կարծիքները հեշտությամբ չեն կարող դուրս մղվել՝ նույնիսկ ամենաբարդ փաստարկների միջոցով։

Ղարաբաղի հայերը, ինչպես աշխարհում երբևէ նույնպիսի իրադրության մեջ գտնվող այլ ժողովուրդներ, պատմությունը սովորելու և նրանից դասեր քաղելու իրենց սեփական ձևն ունեն։ Ղարաբաղի հայերը իրենց սեփական ձևն ունեն նաև սովորածը յուրացնելու և այն շաղկապելու համար իրենց արդեն իմացածի հետ։ Օտարամուտ գաղափարախոսությունները դժվարություն ունեն Ղարաբաղում գոյատևելու, եթե չհարմարեցվեն տեղական մտածողության կառույցներին՝ սատարված սոցիալական ինստիտուտներով, որոնք ավելի կարևոր են, քան քաղաքականները։ Ղարաբաղի հայերի միջև տարաձայնությունները նվազ նշանակալի են, քան այլ վայրում մեկ քաղաքական կուսակցության մեջ առկա տարաձայնությունները։

Սակայն գոյություն ունի երկու հանգամանք, որ բարդացնում է Ղարաբաղի կարծեցյալ պարզ քաղաքական օրակարգը․ կա՞ արդյոք նպատակին հասնելու ռազմավարություն, և՝ ո՞վ է խոսում Ղարաբաղի ժողովրդի անունից (կամ, ինչպե՞ս է ժողովուրդը դառնում կուսակցություն)։

Ղարաբաղը նախևառաջ «արտաքին քաղաքականության» հարց է։ Այն պրոբլեմ է՝ ոչ թե որովհետև Հայաստանը կամ հայերը չգիտեն, թե իրենք ինչ կցանկանային անել, այլ որովհետև մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը, իր սեփական ծրագրերն ունի Ղարաբաղի վերաբերյալ։ Իբրև ԽՍՀՄ մաս կազմող հանրապետություն հակառակվելով Հայաստանին միավորվելու Ղարաբաղի պահանջին, թե իբրև անկախ պետություն պնդելով իր տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանը մնում է հակառակորդ և չի կամենում թույլ տալ Ղարաբաղի անջատումն իրենից։ Այս հարցում Ադրբեջանը վայելում է միջազգային հանրության հովանավորությունը։ Բացի այդ, Հայաստանն այս խնդրի մեջ ներգրավված է իբրև Ղարաբաղի պաշտպան, և հայկական Սփյուռքը վաղուց միացել է Ղարաբաղի սատարման գործին։ Ավելին, Մոսկվան նույնպես ներգրավված է․ նախ՝ իբրև Խորհրդային Միության մայրաքաղաք իր իրավասությունների շրջանակներում, իբրև հաշտարար դատավոր, երկրորդ՝ իբրև երկու կողմերին զենք մատակարարող հիմնական կողմ, և երկրորդ՝ իբրև հակամարտության կողմերի վրա մեծագույն ազդեցությունն ունեցող հարևան երկիր։ Ի վերջո․ ուրիշ հարևաններ և ԵԱՀԿ֊ն ու միջազգային հանրությունը նույնպես ներգրավվեցին, երբ հակամարտությունը ռազմականացվեց, երբ ետսառըպատերազմական միջազգային խաղերն սկսվեցին, և երբ նավթի ու նավթամուղների քաղաքականությունն ի հայտ եկավ։

Տեղական քաղաքական հակամարտությունն արագ վերածվեց արյունահեղության և շուտով ռազմականացվեց, ազգայնականացվեց, ձեռք բերեց տարածաշրջանային և միջազգային նշանակություն։ Թե այս փոխակերպումներն ի՛նչ չափով են օգնել կամ վնասել Ղարաբաղի հարցին, և թե հակամարտության էությունն ինքը ի՛նչ ուղղություններով է փոփոխվել այդ փոխակերպումներից՝ մեկ այլ ուսումնասիրության նյութ է։ Սակայն, այդուհանդերձ, կարելի է երեք եզրակացություն անել։ Առաջին՝ հակամարտության մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված կողմերը հարցին տնտեսական, կուսակցական, քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի երանգավորում են տվել։ Երկրորդ՝ ոչ պատերազմը և ոչ դիվանագիտությունը մինչև այժմ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում չեն ներկայացրել։ Երրորդ՝ Ղարաբաղի կուսակցությունը դեռևս չի կարողանում գտնել ճահճից դուրս գալու ուղին։

Ղարաբաղյան կուսակցության գործը բարդացնող բաղադրիչների երկրորդ խումբը ղեկավարության խնդիրն է․ ո՞վ է հանդես գալիս այս կուսակցության անունից։

Տնտեսական և ռազմավարական նկատառումներով խիստ միաձուլված կառույցներ ունեցող մի հասարակության մեջ Ղարաբաղի կառավարական ու ռազմական ղեկավարները գերագույն պատասխանատվություն են ունեցել ներկայացնելու այդ կուսակցությունը։ Այդ է պատճառը, որ ՀՀՇ֊ն նույնիսկ իր ծաղկման օրերին և Ղարաբաղի ղեկավարության հետ սերտագույն համագործակցության ժամանակ Ղարաբաղում մասնաճյուղեր չի ստեղծել։ Այն երկու քաղաքական կուսակցությունները, որ Ղարաբաղում գրանցվել են և ունեն մասնաճյուղեր՝ կոմունիստները և Դաշնակցությունը, այլընտրանքային ծրագրեր չեն ներկայացնում։

1992֊ից սկսած Ղարաբաղի ղեկավարությունը կազմված էր մի քանի ուժեղ կամքի տեր ու տաղանդավոր մարդկանցից, որոնցից ամենանշանակալին Ռոբերտ Քոչարյանն էր։ Մյուսներն էին Սերժ Սարգսյանը՝ հետագայում Հայաստանի կառավարության անդամ, Լեոնարդ Պետրոսյանը՝ Ռ․ Քոչարյանի օրոք Ղարաբաղի վարչապետ, Սամվել Բաբայանը, որը Ղարաբաղի բանակի մարտիկից հասավ մինչև հրամանատարի և այժմ Պաշտպանության նախարարի աստիճանի՝ վերահսկողություն ձեռք բերելով տնտեսական ու քաղաքական գործընթացների, ինչպես նաև արտաքին քաղաքականության վրա, և Արկադի Ղուկասյանը՝ որը նախ արտաքին գործերի նախարարն էր և ապա փոխարինեց Ռ․ Քոչարյանին Ղարաբաղի Նախագահի պաշտոնում։ Ընտրված թե նշանակված՝ այս պաշտոնյաները Ղարաբաղը կառավարել են ավելի շուտ իբրև մեծ ընտանիքի ավագներ, կամ, որպեսզի շարունակենք մեր հիմնական համեմատությունը՝ իբրև քաղաքական կուսակցության հզոր ղեկավարներ։

Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի գրեթե ողջ ընթացքում Ղարաբաղի ու Հայաստանի կառավարությունները հիմնականում գործել են միասին՝ կանոնավոր, շարունակական և ինտենսիվ խորհրդակցությունների միջոցով։ Այդ խորհրդակցությունների հիմքում ընկած էր այն համոզումը, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերը հիմնականում նույնն են, և որ անհամաձայնությունները նման են ընտանիքում առկա տարաձայնությունների, որոնք կարող են կարգավորվել։

Երկու կարևոր զարգացում փոխեց այդ հարաբերությունը։ Առաջին, փոխվեց հակամարտությունը փոխզիջման հիման վրա լուծելու վերաբերյալ Ղարաբաղի կուսակցության ղեկավարության դիրքորոշումը։ Ոմանք վիճարկում էին առաջարկված համաձայնության դրույթները, ոմանք վստահ չէին, թե փոխզիջումներն անհրաժեշտ են այդ պահին։ Իսկ ուրիշներ, հիմնականում պաշտպանության նախարարները, կասկածներ ունեին այն տարածքների վերադարձման վերաբերյալ, որոնք անվտանգության և ռազմավարական նկատառումներով գրավել էին պատերազմի ընթացքում։ Մի շարք առիթներով Վազգեն Սարգսյանը հրապարակավ հայտնել էր իր այն կարծիքը, որ արյունով նվաճված հողը չի կարելի վերադարձնել՝ դրանով իր դիրքորոշումը մերձեցնելով նրանց, ովքեր գտնում էին, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պատմությունը շտկելու հարց է, թեև, պետք է նշել, Վ․ Սարգսյանը միշտ չէ, որ այսպես է մտածել։

Երկրորդ զարգացումը Հայաստանում Ղարաբաղի կուսակցության առաջացումն էր՝ Երկրապահների տեսքով։ Սկզբնապես կազմված իբրև պատերազմի վետերանների կազմակերպություն՝ այն վայելում էր Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հովանավորությունը։ 1995 թ․֊ին ութ երկրապահներ Ազգային ժողովի անդամ ընտրվեցին՝ ՀՇՇ֊ի հովանավորությամբ և առանց սեփական հատուկ քաղաքական ծրագրի։ Նրանք օժանդակում էին Լ․ Տեր֊Պետրոսյանին՝ խորհրդարանում մնալով վետերանների շահերի պաշտպան։

Երբ վարչակազմում ներքին պայքարը սաստկացավ, Երկրապահները վերածվեցին քաղաքական կուսակցության։ Իսկ երբ Ռ․ Քոչարյանը և ուժային երկու նախարարները որոշեցին Լ․ Տեր֊Պետրոսյանին մարտահրավեր նետել, տատանվող տերպետրոսյանական պատգամավորները ուղղվեցին դեպի խորհրդարանի Երկրապահ խմբակցությունը, որպես նոր ընդդիմության միջուկ։ Բավականաչափ պատգամավորներ փոխեցին իրենց դիրքերը՝ հանգեցնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմնակիցների մեծամասնության կորստին և, ի վերջո, նրա հրաժարականին։

Դրանից հետո Երկրապահները, չունենալով քաղաքական ծրագիր, միացան աջակողմյան և որոշ չափով ռազմաշունչ փոքր Հանրապետական կուսակցությանը՝ փոխելու համար իրենց իմիջն ու դերը և, դառնալով քաղաքական կուսակցություն, հաղթելու ընտրություններում։ Երկրապահները մեծ մասամբ Ղարաբաղի կուսակցության մաս են կազմում, և մինչև վերջերս ներկայանում էին որպես մեկ հարցի կրողներ, ընդհանուր առմամբ նույն գծի վրա մնալով Ղարաբաղի ղեկավարության հետ։

Ղարաբաղի կուսակցությունը, Ղարաբաղում թե Հայաստանում, շատ հարցերում ոչ֊գաղափարախոսական կուսակցություն է։ Նրա համար Ղարաբաղը մտահոգությունների սանդղակի գագաթին է, և մնացյալ ամեն ինչ ենթակա է այդ տրամաբանությանը։ Ղարաբաղի կուսակցության ղեկավարներն իրենք՝ Ռ․ Քոչարյանը, Ս․ Բաբայանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգյսանը, հիմնականում գործնական մարդիկ են և տնտեսական ու քաղաքական ոլորտներում կբռնեն այն ուղին, որը կգործի։ Չորսն էլ, հատկապես ներկա պաշտպանության նախարարները, համարում են, որ Ցեղասպանության վրա շեշտադրումը սխալ արժեքներ է ներարկում նոր սերնդի մեջ։ Պատերազմը շահած ժողովրդի մեջ, ինչպես իրենք են գտնում, փոխանակ ինքնահարգանքի ու ոգու, զարգանում է զոհի հոգեբանությունը։ Նրանք Թուրքիայի հետ հարաբերություններին նայում են գործնական տեսանկյունից։ Եթե դրանք ծառայելու են գործնական նպատակի (իսկ նախարարների կարծիքով այդ այդպես է) ապա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը մի նպատակ է, որը պետք է հետապնդվի, թեև՝ ոչ Ղարաբաղի հարցում որևէ զիջման գնով։

Հայաստանի քաղաքական ներկապնակի լայն ոլորտում Ղարաբաղի կուսակցությունը գտնվում է մեջտեղում։ Չունենալով գաղափարախոսական բնույթ՝ այն ավելի մոտ է ՀՀՇ֊ին ու Լ․ Տեր֊Պետրոսայնին, որոնց հետ աշխատել էր այդքան երկար ժամանակ և անցել այդքան շատ դժվարություների միջով։ Իր թեկնածության նկատմամբ վստահություն ապահովելու նպատակով և առնվազն որոշ խնդիրներ լուծելու իրական հնարավորություն ստանալու համար, վարչապետ, այնուհետև՝ Նախագահի պաշտոնակատար Ռ․ Քոչարյանը կազմեց երկրապահների և մի քանի այլ կուսակցությունների, ներառյալ ՀՅԴ֊ի կոալիցիա։ Նա նաև մի քանի ժեստ արեց վերջինիս հանդեպ․ ինչպես կուսակցությունն օրինականացնելը, նախորդ վարչակազմի օրոք քրեական գործունեության մեջ մեղադրված կուսակցության ղեկավարներին (սակայն ոչ շարքային անդամներին) բանտից ազատելը։ Ռ․ Քոչարյանը ժեստեր արեց նաև Սփյուռքի հանդեպ, ինչպիսին է Թուրքիայի և ՄԱԿ֊ի առջև Ցեղասպանության ճանաչման հարցի հարուցումը։

Ղարաբաղի կուսակցությունը կարող էր պահպանել իր մաքրությունն ու ուղղության հստակությունը, քանի դեռ այն մեկ֊հարցի կուսակցություն էր։ Դառնալով քաղաքական կուսակցություն Հայաստանում, այն պետք է ստանձնի ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, այլ նաև կառավարական բոլոր գործերի վարման՝ բյուջեի և բյուջեի դեֆիցիտի, գործազրկության, ինֆլյացիայի, կրթության, ուսուցիչների աշխատավարձերի ու թոշակների պատասխանատվությունը, միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ սպառազինման մրցակցության պայմաններում, կարողանա ապահովել զինված ուժերի լուրջ և ծախսատար մատակարարումները։

Այս հարցերը փոքր֊ինչ ավելի հանգամանորեն քննարկվում են հետագա գլուխներում։ Սակայն Ռ․ Քոչարյանի հայտարարած արտաքին քաղաքականության սկզբունքները էականորեն չեն տարբերվում նախորդ վարչակազմի սկզբունքներից։ Ցեղասպանության ճանաչումը, թեև արծարծվում է իբրև քննարկումների առարկա, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների նախապայման չի դարձել, և Հայաստանը Թուրքիային տարածքային որևէ պահանջ չի ներկայացրել։ Հավասարակշիռ արտաքին քաղաքականության սկզբունքը նույնպես կարծես թե պահպանված է՝ ելնելով ԵԱՀԿ֊ի միջնորդական խմբի հետ Հայաստանի շարունակվող համագործակցության փաստից։ Եվրոպական կառույցների ու ԱՄՆ֊ի հետ հարաբերությունները նույնպես կարծես թե փոփոխություն չեն կրել առաջին տարվա ընթացքում։

Ռ․ Քոչարյանը նախագահական պաշտոնավարումն սկսեց մի հիմնական հիասթափությամբ, բայց նաև մի շարք կանխադրույթներով։ Ղարաբաղի հերոս ու ղեկավար լինելը նրա համար Հայաստանում քաղաքական աջակցության հիմք չապահովեց։ Ղեկավարելով Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ մարտակոչը՝ Քոչարյանը դարձավ Ղարաբաղի կուսակցության փաստացի ղեկավարը։ Զարմանալիորեն, իբրև Նախագահ վերահսկելով Հայաստանի կառավարությունը, Քոչարյանն ուղիղ ազդեցություն չունեցավ իր կուսակցության երկու հատվածների վրա․ մի հատվածը՝ Ղարաբաղը, որը մի ժամանակ նա էր կառավարում, անցել է նրանից հետո մնացած ղեկավարների, հիմնականում Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերահսկողության տակ, իսկ մյուս հատվածը՝ Երկրապահները, հավատարմություն են պահպանում Վազգեն Սարգսյաի հանդեպ։

Քոչարյանը գտնում էր, որ, Լ․ Տեր֊Պետրոսյանին հեռացնելով, կկարողանար միասնություն ստեղծել՝ միասնություն ներսում և միասնություն դրսում՝ անորսալի այն բուժամիջոցը, որով կուսակցությունները կհաղթահարեին իրենց տարաձայնությունները և կգործեին ընդհանուր շահի համար, երկիրը կառուցելու պարզ ծրագրի համար, այն տնտեսապես հզորացնելու և ռազմական առումով հզոր պահելու համար։ Հզոր Հայաստանը Ադրբեջանին կստիպեր կատարել առավել շատ զիջումներ, իսկ հայկական կողմը կկատարեր հնարավորին չափ պակաս զիջումներ և հնարավորին չափ ուշ։ Նա վստահ էր, որ կարող էր որոշ միջոցներ փոխառնել սովորական ընդդիմության զինանոցից, որոնցով կկարողանար ընդդիմությունն ու Սփյոռքն ի մի բերել։

Հաջողության նրա հույսն, անշուշտ, կախված էր նաև ներքին ասպարեզում իրականացնելիք մի շարք միջոցառումներից, ինչպիսիք են կառավարության մեջ ավելի ամուր կարգապահությունը, վարչակազմի ու պետական ծառայողների աշխատունակության բարձրացումը, կոռուպցիայի դեմ համապարփակ ու արդյունավետ պայքարը, գործարարության և արտաքին ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծումը։


Քոչարյանի ծրագիրն, ըստ էության, հենվում էր նախևառաջ միասնության ոգու վրա, որը նա հույս ուներ ստեղծել ազգային հարցի՝ Ղարաբաղի շուրջ, ընդդիմության հետ ավելի սերտ հարաբերություններով։ Երկրորդ, նա հույս ուներ Սփյուռքի հետ, որին համարում էր արտասահմանյան օգնության ու ներդրումների ապահովող, հասնել ավելի արդյունավետ հարաբերությունների, նույնիսկ եթե հարկ լիներ՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով մի հարցի, որը կարծես թե Սփյուռքին խորապես հուզում էր, Ցեղասպանության հարցին։ Քոչարյանը հույս էր փայփայում, որ կարող էր կամուրջներ գցել ժամանակի ու տարածության վրայով։

4․ Կամուրջներ ժամանակի ու տարածության վրայով

Կուսակցության ղեկավարի ու նրա կուսակցության մասին կարելի է բավական բան հասկանալ՝ պարզելով, թե նրանք ի՛նչ են անում անցյալի հետ և ի՛նչ դեր են հատկացնում պատմաթյանր՝ անկախ դրա որևէ մեկնաբանությունից։ Օրինակ, հնարավոր է փաստել, որ ետխոհրդային հայ կոմունիստները փորձում են արդարացնել անցյալը, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում է փառաբանել այն՝ դրա կրկնության հույսով, որ Վազգեն Մանուկյանը ջանում է այն վերածել ուժի և լեգիտիմության եռանդակերտ սկզբունքի, որ Վազգեն Սարգսյանը ցանկանում է անցյալի վրեժն առնել, և որ Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն պայքարում էին այն հաղթահարելու համար։

Ռ․ Քոչարյանր կամենում է անտեսել անցյալը։ Նա գտնում է, որ անցյալը սոսկ բեռ է, հստակ մտածողության խոչընդոտ։ Նա իր խնդրին մոտենում է իբրև «վերակառուցող»։ Նա գտնում էր, որ այն ձևը, որով ներկան կազմող բաղադրիչներն ի մի էին բերվում Հայաստանում ու տարածաշրջանում, արդյունքի չի հանգեցնում։ Քոչարյանը ցանկանում է տեսնել, թե նույն այդ բաղադրիչները կարո՞ղ են վերահավաքվել այլ ձևով, այնպես, որ խիստ տարբեր ու հատուկ արդյունքի հանգեցնեն։ Բաղադրիչներին գործառույթներ են վերագրվում, որոնք անտեսում են դրանց նախորդ դերը, դրանց սուբյեկտիվ ու գաղափարախոսական ինքնությունը։ Ամեն բաղադրիչ կգործեր նոր ծրագրի համապատասխան, եթե հասկանար այդ ծրագիրը համապատասխան ձևով, կամ նրան հնարավոր լիներ համոզել, որ այդպես գործի։

Քաղաքական կուսակցությունները ներկայացնում են բաղադրիչների մեկ խումբ, իսկ Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը՝ առանձին, տարբեր բաղադրիչներ են։ Քոչարյանի կողմից միասնության կոչի հենքը նրա այն ակնկալությանն էր, որ կուսակցություններն ու ղեկավարներր կտեսնեին ազգային ծրագրի պարզությունն ու իմաստնությունը և, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պնդում է դրա նկատմամբ իր նվիրումը, կարձագանքեին և կաշխատեին միասնաբար։ Տարբեր տարրերի միջև անհամաձայնություններն ու հակասությունները ավելի լավ կկարգավորվեին, քան առաջ։ Իսկ դա այն էր, ինչ պահանջվում էր՝ առկա կարողությունների ավելի լավ օգտագործում։ Քոչարյանի աշխարհը էապես ապաքաղաքական, եթե ոչ հակաքաղաքական աշխարհ է, փաստորեն՝ ինժեների աշխարհ։ Նրա ըմբոնմամբ, միասնությունը նիրհում էր յուրաքանչյուր բաղադրիչի ունակությունների ու ներուժի մաթեմատիկական հաշվարկների մեջ, և ոչ թե սկզբունքների, անհատականությունների, ծրագրերի կամ քաղաքականությունների հակադրությունները քաղաքականորեն լուծելու մեջ։

Միասնության խույս տվող քաղաքականությունը

Հայ քաղաքական բանավեճերում քիչ բառ է ավելի հաճախ գործածվել, քան միասնության բառը։ Շատերի մտքում միասնության գաղափարր բոլոր հիվանդությունների դարմանն է, այն կարգախոսն է նրանց, ովքեր ցանկանում են ներկայացնել բարձրագույն իդեալներ և ազնվագույն մտադրություններ։

Միասնության կոչերը զարմանալի պատմություն ունեն։ Դրանք միտում ունեն հնչելու այն մարդկանց շուրթերից, ովքեր ասպարեզ են իջել «ապամիասնությամբ» կամ անջատմամբ։ Օսմանյան Կայսրության մեջ հայերը, օրինակ, միացած էին եկեղեցու ներքո, երբ ծնվեցին քաղաքական կուսակցությունները՝ իրենց անջատելով ավանդական ազգային կառույցից։ Գոյություն ունեցող կառույցից իրենց անջատելուց հետո նրանք սկսեցին միասնության կոչել։ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները անջատվեցին ՀՀՇ֊ից, հիմնեցին Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, եւ հետո սկսեցին ազգային միասնության կոչել։ Քոչարյանն ու նրա խումբը նախ իրենց անջատեցին Լ․ Տեո֊Պետրոսյանից, ապա միասնության կոչեցին։ Փաստորեն, ամեն անգամ, երբ խումբը կամ անհատներ Արդարադատության նախարարությունում գրանցվում են իբրև քաղաքական կուսակցություն, տեխնիկապես իրականացնում են անջատման կամ «ապամիասնության» գործողություն։ Նրանք փաստում են, որ իրենք տարբեր են և առանձին, սահմանազատման գիծ են քաշում։ Այնուհետև մեծ մասը այս կամ այն տեսակի միասնության կոչեր է հղում։

Սակայն չեմ կարողանում մի դեպք հիշել, երբ որևէ կազմակերպություն, հաստատություն կամ կուսակցություն, Հայաստանում կամ Սփյուռքում, հրաժարված լինի իր ինքնիրավությունից, կառույցներից, նպատակներից, բյուջեից կամ ազդեցություններից՝ հանուն միասնության։

Միասնությունը կարող է առնչվել չորս մակարդակների, քաղաքական միասնություն Հայաստանում, գործողությունների ու դիվանագիտության միասնություն Հայաստանի ու Ղարաբաղի միջև, ազգային իդեալների ու ծրագրերի համաձայնություն Սփյուռքի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև և միասնություն Սփյուռքի համայնքներում։

Միասնություն Հայաստանում

Շատ հեշտ է պատկերացնել միասնությունը Հայաստանում, սակայն դրան հասնելն, այնուամենայնիվ, դեռևս դժվար է։ Սահմանադրության շուրջ համաձայնությունը (խաղի կանոնների որոշումը, ներառյալ տարաձայնությունների լուծման եղանակները) ներկայացնում է միասնության մեկ տեսակ։ Դա միասնության իրավական, բարձրագույն տեսակն է։ Եվ կասկած չկա, թե ծանրության կենտրոնը որտեղ է գտնվում, անշուշտ՝ պետության և պետության ղեկավարի վրա։

ճգնաժամերի ժամանակ, ինչպիսիք են պատերազմը կամ նմանատիպ ազգային աղետները, ժողովուրդը կարող է քաղաքական միասնության հասնել նաև տարաձայնությունները մի կողմ դնելով և ճգնաժամի լուծման վրա սևեռվելով։

Այդպես չեղավ 1992֊ից 1994֊ին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Ապամիասնաթյունը կապ չուներ ընտրությունների հետ։ 1991 թվականի ընտրությունների վերաբերյալ որևէ վիճելի հարց չկար, Սահմանադրությունը, որի վավերացումը հարցականի տակ դրվեց 1995֊ին, դեռևս հանրաքվեի ներկայացված չէր, երկիրը կառավարվում էր առաջին խորհրդարանի ընդունած օրենքներով, այն խորհրդարանի, որի անդամ էին ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները։

Լ․ Տեր֊Պետրոսյանը միասնությունը չդարձրեց քաղաքական նպատակ կամ կարգախոս։ Նա ընդունեց ընդդիմության ու ընդդիմադիր կուսակցությունների կողմից համագործակցության մերժումը, նույնիսկ պատերազմի ժամանակ, քանի դեռ այդ մերժումը բռնություններով չէր ընթանում։ Սակայն նա, այնուամենայնիվ, փորձում էր հասնել միասնության։ Նա իր գլխավոր մրցակցին՝ Վազգեն Մանուկյանին, հրավիրեց իր առաջին վարչակազմում գործելու իբրև Պաշտպանության նախարար։ Պարույր Հայրիկյանին նշանակեց Լաչինի շրջանի պարետ։ Երկուսն էլ ծառայեցին, ապա հրաժարական տվեցին։ 1992֊ին Լ․Տեր֊Պետրոսյանը բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ներառյալ Դաշնակցությանը, հրավիրեց դառնալու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամներ, որտեղ ընթանում էին քաղաքական բախտորոշ խնդիրների քննարկումները։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը, ներառյալ ԱԺՄ֊ն, ՀՅԴ֊ն և կոմունիստական կուսակցությունները, առաջարկը մերժեցին։ Լ․ Տեր֊Պետրոսյանը Ղարաբաղի մի շարք ղեկավարների և սփյուռքահայերի հրավիրել էր իր վարչակազմում բարձր պաշտոններ ստանձնելու։ Հրավերն ընդունած անձանց քանակն անհամեմատ քիչ էր, քան պետականության կառուցման գործին մասնակցելու հրավիրվածներինը։ Լ․ Տեր֊Պետրոսյանը կազմավորեց և եռանդագին սատարեց Համահայկական հիմնադրամին ՝ առաջին և միակ հաստատությունը, որն ի մի է բերում Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարներին, ինչպես նաև Սփյուռքի բոլոր գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ականավոր անհատներին։ Սակայն նա չէր երկնչում նաև հակահարված տալ (խոսքով ու գործով) ներքին կամ սփյուռքյան այն խմբավորումներին, որոնք Ապառնում էին երկրի կայունությանն ու անդորրին։ Ահա այս վերջին գործողությունների և ավելի վաղ քննարկված հանգամանքների պատճառով Լ․ Տեր֊Պետրոսյանը ներկայացվում էր որպես պառակտող կերպար։

Ռ․ Քոչարյանը գտնում էր, որ այնտեղ, որտեղ Լ․ Տեր֊Պետրոսյանը ձախողվել է, ինքը կարող է հաջողության հասնել։ Նա գտնում էր, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը բավականաչափ ջանքեր չի գործադրել, օտարել է Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին և, կասեցնելով Սփյուռքի գլխավոր քաղաքական կուսակցության՝ ՀՅԴ֊ի գործունեությունը Հայաստանում, ընդհանուր առմամբ օտարել է նաև Սփյուռքը։

Ռ․ Քոչարյանը սկսեց գործել կամուրջները վերակառուցելու ուղղությամբ։ Հանրապետության Նախագահի պաշտոնակատար դառնալուց հետո նրա առաջին գործողություններից մեկը եղավ ՀՅԴ֊ի գործունեության կասեցման վերացումը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմին պաշտոնապես ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին նա հրավիրեց ծառայելու իբրև իր խորհրդականներ։ Երեք հոգի ընդունեց հրավերը․ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀՅԴ֊ի ղեկավար Վահան Հովհաննիսյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Վազգեն Մանուկյանն իր տեղակալ Դավիթ Վարդանյանին արտոնեց ծառայելու Նախագահի վարչակազմում (1999֊ին չորսն էլ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից ֊ ծնթ․ թարգմ․)։

Ռ․ Քոչարյանը ստեղծեց նաև նախագահական խորհուրդ, ուր ներկայացված են բոլոր քաղաքական կուսակցությունները, և նախարարական աթոռներ տվեց տարբեր կուսակցությունների անդամների, թեև տնտեսական խնդիրների հետ գործ ունեցող նախարարություններր գլխավորում են մասնագետներ, իսկ ուժային նախարարությունները գլխավորում են նրա կողմնակիցները՝ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը։ Նա նաև դռներ բացեց Սփյուռքի առջև՝ մի շարք առումներով։ Արտաքին գործերի նախարարն ու խորհրդականներից մեկը ծնված են Սփյուռքում։ Հասարակության հետ կապերի ուղղությամբ նրա գործունեությունն ավելի ուղղված է եղել Սփյուռքին։ Ռ․ Քոչարյանը նաև ձեռնարկել է 1999թ․ սեպտեմբերին Երևանում կայանալիք Հայաստան֊Սփյուռք հարաբերություններին նվիրված համաժողովը։

Այլ կուսակցությունների պաշտոններ հատկացնելն արդյո՞ք բավարար է Հայաստանում միասնություն հաստատելուն, թե ոչ՝ հստակ չէ։ Իբրև Նախագահի խորհրդականներ գործող կուսակցական ղեկավարները (անցյալ և հավանական նախագահական թեկնածուներ) հրապարակավ հայտնել են Քոչարյանի հետ իրենց անհամաձայնություններր, նրանցից մեկը նույնիսկ ստորագրել է Նախագահին անվստահություն հայտնելու մասին 1998 թ․ հոկտեմբերին Ազգային ժողովում շրջող միջնորդագիրը։ ՀՅԴ֊ն, որի ղեկավարը Նախագահի խորհրդականներից մեկն է, Նախագահի ներքին քաղաքականության դեմ ուղղված ցույցեր է կազմակերպել՝ փորձելով իրեն տարանջատել վարչակազմից: Կարեն Դեմիրճյանը և ազդեցիկ այլ քաղաքական գործիչներ, ինչպես Դավիթ Շահնազարյանր և այլք, մերժել են որևէ գործ ունենալ վարչակազմի հետ։

Տպավորությունն այն է, որ քաղաքական խաղերը Երևանում սովորականի պես շարունակվում են։ Չունենալով իր սեփական քաղաքական հենարանը՝ Ռ․ Քոչարյանը պետք է հենվի Երկրապահ մեծամասնության վրա՝ խորհրդարանում օրենսդրություն անցկացնելու համար, և ՀՅԴ֊ի ու ՀԴԿ֊ի վրա՝ խորհրդարանից դուրս և Սփյուռքում քաղաքական օժանդակության համար։ Ո՛չ կոմունիստները, ո՛չ ՀՅԴ֊ն այդ օժանդակությունն առանց հատուցման չեն ընձեռել։ Նրանք Ռ․ Քոչարյանից ակնկալել են ավելի մերձեցում իրենց ծրագրերի գաղափարախոսական դրույթներին, հատկապես արտաքին քաղաքականության հարցում։

Ռ․ Քոչարյանի էկլեկտիկ քաղաքականությունը նրան սատարող յուրաքանչյուր կուսակցության մղել է նրանից ավելի մեծ հավատարմություն պահանջելու։ Չունենալով իրենց սեփական գաղափարաբանական նվիրումը՝ Ռ․ Քոչարյանն ու Ղարաբաղի կուսակցության մյուս ղեկավարները գաղափարախոսներին կարող են հարմարվել որոշակի շրջանակներում։ Սակայն այդ փոխանակման մեջ, թվում է, Ռ․ Քոչարյանը տալիս է ավելին, քան ստանում է։ Միասնության ու համագործակցության պատրանքը գնվել է Երկրապահներին, ՀՅԴ֊ին ու կոմունիստներին հերթով իր նվիրումն անդադար ապացուցելու գնով։ Այդ կուսակցություններն իրենք քիչ են զիջել, սակայն գնալով ակնկալում են ավելի ու ավելի զիջումներ։ Նրանք պատրաստ են հեռուն գնալ՝ Ռ․ Քոչարյանի վարչակազմում զբաղեցրած իրենց պաշտոնները գործածել իրենց քաղաքական հենարանն ամրացնելու և իրենց իշխանությունը ծավալելու համար, սպասելով այն օրվան, երբ կփոխարինեն Ռ․ Քոչարյանին՝ ինչ գնով էլ լինի և կիրականացնեն իրենց ամբողջական ծրագիրը, այլ ոչ թե միայն դրանց այն փոքրիկ պատառները, որոնք Ռ֊․ Քոչարյանը փոխ է առնում նրանցից յուրաքանչյուրից՝ միաձայնության մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Հարցերից մեկը, որի շուրջ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի օրոք ընդդիմադիր կուսակցությունները համամիտ էին, խորհրդարանին ավելի մեծ լիազորություններ տալու հարցն էր՝ դրանք վերցնելով Նախագահից։ Ռ․ Քոչարյանը համաձայն էր ընդդիմության հետ և խոստացել էր ընտրվելուց հետո նախաձեռնել սահմանադրական փոփոխություն, որով Նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվելու էր խորհրդարանին։ Ընտրվելուց հետո սակայն նա, հավանաբար, չկարծեց, թե Սահմանադրությունն իրոք մեծ լիազորություններ է տալիս Նախագահին, և ընդդիմացավ իշխանության հավասարակշռության մեջ որևէ էական փոփոխություն կատարելու մտքին։ Վստահորեն կարելի է ենթադրել, որ կարծիքի միևնույն փոփոխությունը տեղի կունենա որևէ այլ թեկնածուի հետ, ով կընտրվի Նախագահ։

Հայաստան և Ղարաբաղ

Հայաստանն ու Ղարաբաղը պետք է սերտագույն կապեր ունենան միմյանց հետ։ Եվ երկու միավորները մեծ մասամբ սերտորեն համագործակցել են՝ քննարկումների և համաձայնության ոգով։ Այդուհանդերձ, Ղարաբաղն աստիճանաբար «ապամիասնանում» էր Հայաստանից, մինչև որ հավասարակշռությունը շրջեց Հայաստանի Նախագահի դեմ։ Ղարաբաղի նոր փաստացի ղեկավարը՝ Սամվել Բաբայանը, իրեն «ապամիասնացրեց» նաև Հայաստանի նոր Նախագահից՝ Ղարաբաղի նախկին ղեկավարից, Երևանին մեղադրելով փոխզիջումների հարցում «հստակ կեցվածք» չունենալու մեջ։

Հայաստան֊Ղարաբաղ հարաբերություններում առկա է երեք պրոբլեմ։ Հայաստանր միջազգային օրենքի և միջազգային հանրության առջև պատասխանատվություններ ունի, որ Ղարաբաղը չունի՝ որևէ կառավարության կողմից ճանաչված չլինելով իբրև ինքնիշխան պետություն։ Ղարաբաղը կարող է լինել մեկ֊հարցի կուսակցություն, Հայաստանը չի կարող՝ ով էլ լինի Նախագահը։ Ի վերջո, Հայաստանն ու դրա կառավարությունը և ոչ թե Ղարաբաղի ղեկավարներն են պատասխանատու լինելու միջազգային հանրության ու պատմության առջև այն բանի համար, թե ինչ կպատահի Ղարաբաղին։

Այնուամենայնիվ, գոյություն ունեն օրգանական կապեր, որոնք ստեղծել են գործողությունների ընդհանուր ոլորտ։ Երկու միավորների շահերը պետք է նրանց ստիպեն գործելու միասին։ Եթե Ղարաբաղն իր շահերը սահմանի Հայաստանի շահերից, կարիքներից եւ ռեսուրսներից անկախ՝ կվտանգի շատ ավելին, քան ինքն իրեն կարող է թույլ տալ։

Հայոց աշխարհի միասնությունը

Հայոց աշխարհի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի կամ սփյուռքների միասնության հարցը այլ կարգի խնդիր է։ Այն ներկայացնում է վերացարկված ազգայնականության և ազգային ինքնության ամենածանր մարտահրավերը։

Չնայած պատրանքների և թյուր ակնկալությունների ժամանակն անցել է, Ռ․ Քոչարյանի հույսերն ամրացնող պնդումները դեռևս պետք է լիարժեք քննություն բռնեն։ Այդ հույսերն են․ Սփյուռքը կարող է կազմակերպվել իր ներուժի չափով, նրա անունից խոսողները իսկապես կարող են Սփյուռքի բոլոր կարողությունները ասպարեզ բերել ազգային ծրագրի համար՝ սահմանված Հայաստանի որևէ Նախագահի կողմից, և Սփյուռքի ներուժը Հայաստանի ճակատագրի մեջ նշանակալի փոփոխություն կկատարի։

Սփյուռքի նկատմամբ Լ․ Տեր֊Պետրոսյանի կարծեցյալ հակակրանքի մեջ մեղադրանքներից մեկը «կթան կովի» փաստարկն էր։ Այն կայանում էր հետևյալում․ Հայաստանի կառավարությունը Սփյուռքին նայում էր պարզապես իբրև փողի աղբյուրի և դեմ էր գործրնթացներին նրա որևէ տեսակի մասնակցության ու խորհրդի։ Որպես դրա լավագույն վկայություն բերվում էր 1995 թ․֊ի Սահմանադրությունը, որով արգելվում է երկքաղաքացիությունը՝ սփյուռքահայերին զրկելով Հայաստանի քաղաքացիություն ստանալու և իրենց հայրենիքի մի մասն զգալու բնական իրավունքից։ Բայց Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմն այդ խնդիրը լուծել էր՝ ստեղծելով հատուկ անձնագրեր, որոնք սփյուռքահայերը կարող էին ստանալ՝ շարունակելով մնալ այլ երկրների քաղաքացիներ։ Անձնագիրր նրանց տալիս էր քաղաքացու բոլոր իրավունքներն ու առավելությունները՝ բացի ընտրելու և ընտրվելու իրավունքից և զինված ուժերում ծառայելու պարտականությունից։

Երկքադաքացիությունը բարդ խնդիր է, որը պետք է մի շարք նրբին գործոններ հարթի։ Նախագահական ընտրարշավում Ռ․ Քոչարյանը խոստանում էր այդ հարցով սահմանադրական փոփոխություն՝ իբրև Սփյուռքի հետ հարաբերությունների բարելավման իր ծրագրի մաս։ Սակայն Հայաստանի մի շարք քաղաքական խմբավորումներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանն ու Երկրապահները, դեմ են դրան։ Այս հարցում ևս Սահմանադրությունը փոխելու որևէ քայլ չի կատարվել նոր վարչակազմում։

Միասնություն Սփյուռքում

Սփյուռքյան կառույցները քննարկված են հաջորդ գլխում, սակայն, ամեն դեպքում, հարկ ենք համարում այստեղ՝ միասնության համատեքստում, ներկայացնել մի երևույթ։

Միասնության կոչերը Սփյուռքում հնչել են առատորեն, եկեղեցական միասնություն, կուսակցական միասնություն, համայնքային միասնություն։ Սակայն մեկ անգամ արդեն անջատված հաստատություններն ու կազմակերպությունները չեն վերամիավորվել, նույնիսկ երբ վերացել է նրանց անջատվելու պատճառը։ Յուրաքանչյուր կազմակերպություն՝ մեծ թե փոքր, կարծում է, թե հայկական ինչ֊որ բան կմահանա իր լուծարմամբ, նույնիսկ եթե իր գոյությունն այլևս իմաստ չունի կամ օգտակար չէ։ Թերևս դա իներցիայի օրենքն է կամ առանց իշխանության ու ազդեցության ապրելու որոշ անձանց անկարողությունը։ Դա կարող է, ծայրահեղ դեպքում, ինքնապահապանման բնազդը լինել։

Սփյուռքն ավելի դյուրությամբ ընդհանրություններ է գտնում անցյալում, քան ապագայում։ Սփյուռքահայերի մեծ մասը շարունակելու է ապագան պատկերացնել իրենց բնակության երկրներում և ոչ թե Հայաստանում կամ Ղարաբաղում՝ չնայած ազգային գաղափարախոսների կողմից «տուն վերադառնալու» կոչերին։ Սփյուռքյան կազմակերպությունները շատ առումներով այնքան մեծ բան են ներդրել ներկա կառույցների մեջ, որ հազիվ թե այժմ հրաժարվեն իրենց հաստատություններից, նվիրապետությունից եւ ազդեցության ոլորտներից։ Ապագայում սակայն կարող են փոփոխություններ լինել։

Միասնությունը և Լեգիտիմության Խնդիրը

Միասնությունն իբրև քաղաքական ծրագիր առաջ է բերում իշխանության օրինականության հարցը։ Լավագույն պայմանների դեպքում, «ապամիասնությունները» տեղի են ունենում իբրև ազգային շահերի և ապագայի ընթացքի հիմնարար խնդիրների շուրջ էական տարաձայնությունների արգասիք։ Հայոց աշխարհի առջև ծառացած են բազմաթիվ նման խնդիրներ։ Բնական է, որ էական տարբերություններ լինեն սոցիալական, տնտեսական և այլ հարցերում, ինչպես նաև՝ Ղարաբաղի, հարևանների հետ հարաբերությունների և Հայաստանի արտաքին քաղաքականության այլ խնդիրների շուրջ։ Սակայն մեծ հարցերի շուրջ, որոնք պետք է լուծվեն սոցիալական և տնտեսական ոլորտներում, կա ընդհանուր համաձայնություն։ Տարաձայնությունները վերաբերում են առաջնություններին, հարցերի պատճառական հարաբերությանը և այն խնդրին, թե ով լավագույնս կարող է լուծել այդ հարցերը։ Հայաստանի օրակարգի որոշ հարցեր սփյուռքահայության սրտին ավելի մոտ են, քան մյուսները։

Ինչ էլ որ լինեն անցյալի հատվածայնության պատճառները, որոնք այսօր հանգեցնում են ծրագրերի, նպատակների, ջանքերի կամ կազմակերպությունների միասնության խնդրին՝ այնուամենայնիվ, մի քանի հարց է ծագում, միասնություն՝ ո՞ր գաղափարի, նպատակի կամ առաջնության շուրջ, ո՞ր հաստատության, կազմակերպության կամ ղեկավարի շուրջ։

Ցանկացած երկրում կամ համայնքում «ապամիասնությունն» օրինական է և նույնիսկ անհրաժեշտ։ Դա տարբեր տեսակետներ ու ծրագրեր ձևավորելու արտահայտելու և տարբեր լուծումներ հետապնդելու իրավունքի դրսևորումն է։ Որոշ դեպքերում, միասնության պահանջը նպատակ ունի վերացնել անհատների միջև անօգուտ ու չնչին վիճաբանությունները կամ մի կողմ դնել երկրորդական հարցերը՝ ջանալով հաղթահարել ազգային ճգնաժամը։ Մյուս դեպքերում, միասնության կոչը այլրնտրանքային տեսակետներն ու ծրագրերը ճնշելու և ընդդիմախոսին «վնասազերծելու» կոչ է։ Միասնության կոչ անող կուսակցությունն ակնկալում է, որ մյուս կուսակցությունները միանան իր ծրագրին, իր աշխարհայացքին և, իհարկե, իր ղեկավարության տակ․ հակառակ դեպքում այն կարող էր ինքն իրեն լուծարել իբրև կուսակցություն և միանալ մեկ ուրիշի, ճիշտ այնպես, ինչպես որևէ ղեկավար կարող էր հեռանալ քաղաքական ասպարեզից։ Այս դեպքում միասնությունը դառնում է բռնատիրության մեղմասացություն՝ կարգախոսներով ու ամբոխավարական կոչերով հասնելու համար նրան, ինչին այլ կերպ հասնել չի լինի։ Նման ժամանակներում մեկ առանձին հարցն ավելի մեծ է համարվում, քան «սովորական քաղաքականությունը», կամ ժամանակներն են համարվում «արտասովոր» կամ «բախտորոշ»։ Բոլոր նման դեպքերում միասնության պահանջները ներկայացնում են գործող օրենքները շրջանցելու կոչեր՝ դրանք անտեսելու կամ ոտնահարելու միջոցով, իսկ սովորաբար՝ երկուսը միասին։

Եվ սա հենց այն նյութն է, որից կերտված են պետական հեղաշրջումներն ու հեղափոխությունները։ Դա գոյություն ունեցող օրենսդրական համակարգի լեգիտիմության մերժումն է և իշխանության լեգիտիմության մեկ այլ սկզբունքի ընդունումը՝ անհատի, գաղափարախոսության կամ կուսակցության իշխանություն, որը ենթադրում է ընդհանուրից վեր բարձրանալ, հասնել մի ավելի մեծ գաղափարի կամ գաղափարախոսության, քան այն, ինչը կարող է ձեռք բերվել քաղաքական համակարգով, բարձրացնել մարդուն այնպես, ինչպես չեն կարող նորմալ քաղաքական ընթացակարգերը։ Իշխանության այս տիպի լեգիտիմությունը հիմնված է գաղափարախոսության, անհատի կամ կուսակցության հատկանիշների վրա՝ վեր և դուրս կուսակցականի և հատվածականի ուղեծրից ու քաղաքական այլընտրանքներից, այն է՝ ժողովրդավարության հատկանիշներից։

«Միասնությունը» կարող է վերածվել այն մեխանիզմին, որի միջոցով անհատի շահերի վրա հիմնված քաղաքականությունր, որը ժողովրդավարության անհրաժեշտ նախապայմանն է, մի կողմ նետվի։ Այդ ամենն արվում է հանուն անհատից ավելի բարձր սկզբունքի, մի սկզբունք, որով անհատի դերը նվազեցվում է, իսկ «գադափարի», «տեսլականի» կամ «գաղափարախոսության» դերը դրվում ամեն ինչից վեր՝ գաղափարի, տեսլականի կամ գաղափարախոսության կրողին հատկացնելով այնպիսի իշխանություն և լեգիտիմություն, որ կարող է նաև օրենքից վեր լինել։ Այս դեպքերում «միասնությունը» իշխանություն նվաճելու մեխանիզմ է, այն օրինականացնելու սկզբունք և այդ իշխանության կիրարկման գաղափարախոսություն։

Սա է պատճառը, որ ՀՀՇ֊ն, 1988֊1990֊ին առաջնորդելով Հայաստանում Կոմունիստական կուսակցության կարգերի դեմ ժողովրդավարական ընդդիմությունը, այդ կուսակցության դեմ օրենքից դուրս մարտահրավեր չնետեց, որքան էլ որ խորհրդային օրենքն անկատար էր։ ՀՀՇ֊ն ցանկանում էր, որ ժողովրդի կամքը լեգիտիմ դառնա օրինական գործընթացով, նույնիսկ եթե դա խորհրդային օրենք է՝ հարցը վերաբերեր Հայաստանում կոմունիստներին իշխանությունից հեռացնելուն, թե ԽՍՀՄ֊ից Հայաստանի դուրս գալուն։

Նաև սա կարող է լինել պատճառը, որ 1996֊ին մասամբ միավորված ընդդիմության հիմնական կարգախոսը եղավ այն, թե ժամանակները «նորմալ» չեն՝ ի նկատի ունենալով, որ վիճակր սովորական չէ (չնայած Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակ հավաստիացումներին), և որ երկիրը «ճգնաժամի» մեջ է։ Այդ պատճառով ընդդիմության ծրագիրը կոչ էր անում Սահմանադրության վերացում և խորհրդարանի լուծարում՝ Վ․ Մանուկյանի նախագահության ներքո։ Այն կոչ էր անում նաև երկիրը կառավարել Անվտանգության խորհրդի միջոցով եւ արտակարգ իրադրության կանոններով, որ բխում է «ճգնաժամից»՝ «ազգային գաղափարախոսության» մտապատկերի հիմունքով, որը, նրանց կարծիքով, բացակայում էր Լ․ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ֊ի մոտ։ Եվ այդ ամենր՝ հանուն միասնության, որին Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն ընդունակ չեղան հասնելու։ Ահա այսպես, ընդդիմության համար բնական դարձավ փողոց ելնելը եւ խորհրդարանի շենքի ու խորհրդարանի ղեկավարների վրա հարձակում գործելը։ Ընտրություններից շատ առաջ ընդդիմության երկու գլխավոր կուսակցությունների ղեկավարները՝ ԱԺՄ֊ից Վ․ Մանուկյանն ու ՀՅԴ֊ից Վահան Հովհաննիսյանը, բազմիցս պնդել էին բռնություն գործադրելու և օրենքից դուրս գործելու իրենց իրավունքը՝ հանուն բարձրագույն սկզբունքի, բարձրագույն իդեալի։

Երբ միջազգային դիտորդները 1995 և 1996 թթ․ ընտրություններում անկանոնություններ գտան, Լ․ Տեր֊Պետրոսյանն ու կառավարությունն ընդունեցին, որ եղել են օրենքի խախտման դեպքեր։ ԱԺՄ֊ն, ՀՅԴ֊ն և բռնության համար պատասխանատու ուրիշներ երբեք չընդունեցին որևէ սխալ բան իրենց կողմից, նրանք շարունակեցին ներբողել իրենց գործողությունները՝ հանուն ժողովրդի «կամքի», հանուն «ազգային գաղափարախոսության»։ Այդպես, նաեւ ՀՅԴ֊ն երբեք չընդունեց, որ քանիցս խախտել է երկրի օրենսդրությունը՝ գտնելով, որ այդ ամենն արվել է հանուն բարձրագույն նպատակի, մեկ ազգ ու մեկ ժողովուրդ կերտելու համար։

Ինչ պակասություններ էլ որ ունենան Հայաստանի ու Ղարաբաղի համակարգերը, երկու միավորներն ունեն առնվազն որոշակի քաղաքական սահմաններ, որոնց շրջանակում նախագահներն ու նրանց վարչակազմերր գործում են արդյունավետ։ Նրանք կարող են խոսել իրենց ազգաբնակչության անունից, կարող են պայմանագրեր ստորագրել և մատակարարել իրենց խոստացած քաղաքականությունը կամ ռեսուրսները։

Սփյուռքը իրավաբանորեն կամ որևէ այլ ձևով համաձայնեցված համակարգ չունի, որ կարելի լինի խախտել։ Չկա մեկը, որը կարողանա խոսել Սփյուռքի անունից։ Սփյուռքի անունից հանդես եկողների իրավասությունն ինքնահռչակ է, բայց ոչ ինքնըստինքյան հասկանալի։ Այն ստանձնված է իբրև շնորհ, և ոչ թե հատկացված որևէ ատյանով։

Պետությունն աշխարհագրական ու օրենսդրական սահմաններ է ստեղծում՝ զսպելու համար «ապամիասնական» տարրերին։ Բոլոր դեպքերում, «ապամիասնական» տարրերը շարունակում են մնալ երկրի քաղաքացիներ և վճարում են իրենց հարկերը։ Ուստի Հայաստանի ու Ղարաբաղի Նախագահները կարող են շարունակել խոսել նրանց անունից և ջանքեր գործադրել՝ հասնելու համար նպատակի շուրջ ընդհանրական համաձայնության։ Սփյուռքի քաղաքական կուսակցությունները զերծ են այդ պարտավորությունից, քանի որ Սփյուռքը նման սահմաններ չունի։ Սփյուռքի համայնքներում քաղաքական ասպարեզը գրավված է իդեալներով, որոնք վավերացված են ավանդույթով ու ինքնապահպանությամբ և գործածվում են դրանցից կատարվող շեղումները ապազգային, ապամիասնական զգացումների հետ հավասարեցնելու համար։

Որքան էլ Սփյուռքի շատ համայնքներում տարածված լինի կուսակցական անդամակցությունը, քաղաքական կուսակցությունները բազմատարր Սփյուռքի ամբողջությունը չեն արտացոլում։ Կազմակերպության ներքին մեխանիզմներն ինչպիսին էլ լինեն, քաղաքական կուսակցությունների և հիմնական կազմակերպությունների ղեկավարներն ընտրվում են անդամների կողմից որոշված ընթացակարգով, և, հետևաբար, այդ ղեկավարները կարող են խոսել միայն իրենց կուսակցությունների անունից։ Միևնույն ժամանակ, երեք ավանդական կուսակցությունները միասին Սփյուռքի ընդհանուր բնակության ծայրաստիճան փոքր մասն են ներկայացնում։ Տարբեր համայնքներում բազմաթիվ կազմակերպությունների, ոչ թե սոսկ քաղաքական կուսակցությունների, մեջ ընդգրկված սփյուռքահայերի թիվը տատանվում է զրոյից մինչեւ հավանաբար 40 տոկոսի միջև, սակայն սովորաբար 20% ֊ից ոչ ավելի։ Դա, ամեն դեպքում, փոքրամասնություն է։ Ինչն ավելի կարևոր է՝ Սփյուռքի շեփորված մարդկային ու ֆինանսական ռեսուրսների մեծ մասը այդ կազմակերպությունների կողմից չի տնօրինվում։

Բացի այդ, մեծաթիվ անդամներ ունեցող կազմակերպությունները (եկեղեցիները, ՀԸԲՄ֊ն և այլն) ոչ֊քաղաքական են և չեն հավակնում խոսելու հայ ժողովրդի անունից: Քաղաքական օրակարգերի դրույթների ու ընտրանքների հասցեագրումը նրանց լիազորությունների մեջ չի մտնում։

Սփյուռքում իրավասություն ձեռք բերելու և ժողովրդի անունից խոսելու համար գոյություն ունի երկու միջոց: Մեկը ուղիղ ժողովրդավարության մեթոդն է․ համայնքի ղեկավարների ընտրություններ՝ այդ համայնքի հայության հնարավորին չափ մեծ քանակի ընդգրկմամբ։

Սփյուռքում, որքանով ինձ հայտնի է, միայն Հունգարիայի և Թուրքիայի համայնքներն ունեն ուղիղ և համընդհանուր ընտրություններով ղեկավար ընտրելու մեխանիզմներ։ Հունգարիայի հայերը, համաձայն պետական օրենքի, ընտրում են համայնքի ղեկավարներ։ Վերջին ընտրությունր կայացել է 1998֊ին։ Թուրքիայում Պոլսո պատրիարքը համայնքի և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ առաջնորդն է։ Թուրքիայի օրենքների համաձայն, նա ընտրվում է ընդհանուր ընտրություններով, որոնց մասնակցում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող թուրքահայերը, որոնք այդ երկրի հայության բացարձակ մեծամասնությունն են։ Ամենավերջին ընտրված պատրիարքը՝ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, 1998֊ի ընտրություններում, որին արտասովոր կերպով մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 35․000 քվեարկողների 50 տոկոսր, ստացավ ձայների 90 տոկոսից ավելին։ Պատրիարք Մութաֆյանը կարող է խոսել Թուրքիայի հայկական համայնքի անունից, չնայած, միևնույն պետական օրենքի համաձայն, համայնքի ղեկավար կարելի է ընտրել միայն հոգևորականի։ Բացի մի քանի ընտանիքներից բաղկացած շատ փոքր համայնքների հնարավոր բացառություններից, ոչ մի այլ տեղ այս կարգի իրավականություն չի ապահովվում։

Բայց անգամ ընտրության որոշ մեխանիզմներ ունեցող Հունգարիայում և Թուրքիայում էլ, ինչպես Սփյուռքի որևէ այլ համայնքում տեղի չի ունենում որևէ ընտրություն, որին թեկնածուները մասնակցեն՝ Հայաստանի անցյալին ու ապագային վերաբերող հարցերի լուծման, կամ Ղարաբաղի հիմնախնդրի լուծման տարբեր ուղիների, կամ Հայաստանի սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգի հնարավորությունների մատնանշման հարցերով։ Լիբանանի, Իրանի կամ Կիպրոսի խորհրդարաններում հայերին հատկացված տեղերի համար ընտրությունները տեղացի հային նման հարցերով զբաղվելու հնարավորություն չեն ընձեռում, նույնիսկ եթե քվեները ցույց տան մեկ թեկնածուի կամ մեկ կուսակցության նախապատվությունր մյուսից։

Լեգիտիմության հասնելու երկրորդ մեթոդը կազմակերպությունների ֆորում ստեղծելն է՝ այնպիսի մի բանաձևի հիման վրա, որն արտոնի նաև կազմակերպությունների մեջ չընդգրկված մեծ թվով անհատների ներկայացվածությունը՝ համայնքի կամքը միջին հայտարարի բերելու համար։ Սփյուռքի համայնքներն այս ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։ «ժողովրդին» կամ «համայնքը» ներկայացնելու հավակնություն ունեցող անձինք պատրաստ չեն իրենց հավակնությունները փորձության ենթարկել նման մեխանիզմի միջոցով, իրենց կառույցները, ավանդույթները, անհատական դիրքերը և կազմակերպչական ինքնությունները ենթակա դարձնելու մի մարմնի, որը կարող է ավելի համապարփակ լինել։ Նրանք չեն կամենում իրենց ծրագրերը ենթարկել սփյուռքահայի քննությանը, հանուն որի և որի անունից իրենց քաղաքականությունն են հետապնդում։

Ավանդական քաղաքական կուսակցությունները պետք է նաեւ վերջ տան իրենց գաղտնապահությանը, եթե ցանկանում են դառնալ ժողովրդական կամքի արտահայտողներ։ Հայաստանի առնչությամբ լինելով պահանջկոտ ու նախանձախնդիր՝ Սփյուռքի հայ ավանդական կուսակցությունները պահպանել են իրենց ոչ֊թափանցիկությունն ու գաղտնապահությունը, որը բնորոշ էր Օսմանյան Կայսրությունում նրանց գործունեությանը։ Քաղաքականություն որդեգրելիս կամ իրենց քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելիս նրանք որևէ բացատրություն չեն տալիս։ Սա արտոնվածության վրա հիմնված քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ ժողովրդական կամքը կարծես բաժանման ենթակա ավար է, որի յուրաքանչյուր բաժին պետք է թաքցվի և ոչ թե բացահայտվի։ Այս առումով Սփյուռքի քաղաքական կազմակերպությունները քիչ բան ունեն տալու Հայաստանի ժողովրդավարությանն ու քաղաքական քննարկումներին, որքան էլ որ Հայաստանի կառույցներր փխրուն, թերի ու անկատար լինեն։

Թերևս որոշ կազմակերպություններ և նույնիսկ կուսակցություններ կարող են խորհել այս խնդիրների մասին։ Սակայն սա դժվարին առաջարկ կլինի այն կուսակցությունների ու կազմակերպությունների համար, որոնք իրենց լեգիտիմությունը հիմնում են ոչ թե ժողովրդավարական սկզբունքի, այլ այն համոզմունքի վրա, որ իրենք արդեն իսկ «մարմնավորում են» ազգն ու ազգային կամքը։

Միասնությունը կարող է օգտակար նպատակի ծառայել, եթե այն սկսվում է տարբերությունների փոխադարձ ճանաչմամբ ու հարգանքով, տարբերություններ Հայաստանի ու Սփյուռքի միջև, տարբերություններ քաղաքական միջավայրում, մշակույթի ու ենթամշակույթի մեջ և տարբերություններ կառույցային ու հավաքական կարիքների հարցում։ Մեկի սեփական աշխարհայացքի համընդհանրացմամբ որոնված ու ձեռք բերված միասնությունը և ուրիշներին դրա պարտադրումը ազգային շահերի հասնելու ամենից ավելի ոչ գործնական և նույնիսկ վնասակար հիմքերն են։

Ցեղասպանությունը և ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը

Հայոց Ցեղասպանության խնդիրը և դրա ճանաչման քաղաքականությունը հանգամանալի քննարկման կարիք ունեն։ Իր ներգործությունն ունենալով Սփյուռքի մտածողության վրա՝ պրոբլեմն իր սփյուռքյան ընկալմամբ ներկայումս ներմուծվում է Հայաստան։

Սկսելու եմ թվարկելով, թե, սույն նյութի քննարկման առումով․ Հայոց Ցեղասպանության և դրա ճանաչման հարցում ի՛նչն է, որ պրոբլեմ չէ։

Խնդիրը Ցեղասպանության փաստացիությունը չէ։ Այն կատարվել է՝ անկախ այն բանից, թե ուրիշ մեկը ճանաչելո՞ւ է այն, թե՞ ոչ։ Խնդիրը դրա աղետալի հետևանքները չեն։ 1915֊ի ու 1917֊ի միջև տեղի ունեցած կոտորածներն ու տեղահանությունները ըստ ամենայնի հայ ժողովրդի պատմության ամենաավերիչ իրադարձություններն էին։ Դրանք հանգեցրել են ավելի քան մեկ միլիոն հայերի մահվան եւ առնվազն այդքանի տեղահանման և հայտնի ու անհայտ ձևերով ազդեցություն են գործել սերունդների վրա։ Ցեղասպանությունը հանգեցրել է նաև իր պատմական հայրենիքի մեծ մասից հայ բնիկ ժողովրդի արտաքսմանը։

Պրոբլեմը ճշգրիտ թվերը չեն՝ որքան էլ այդ թվերը կարևոր լինեն պատմության համար։ Որևէ տեսակի սահմանմամբ, դա ցեղասպանություն էր․ այն փաստը, որ ոմանք գոյատևեցին, իսկ ոմանց ոչինչ չպատահեց, չի նվազեցնում ցեղասպանությունը, այն չի դարձնում նվազ դաժան ու զարհուրելի, նվազ կործանարար։ Դա մի վերք է, որ մերժում է բուժվել եւ դրսևորվում է նորոգված ձևերով։

Պրոբլեմը նույնիսկ այն փաստը չէ, որ, չնայած Սփյուռքի, իսկ 1965֊ից սկսած՝ նաև Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից այդ իրողությանը ընծայված կարևորությանը, դեռևս համարժեք, համակողմանի ու հետևողական ջանքեր չեն գործադրվել՝ այն պատշաճորեն վավերագրելու և մեկնաբանելու ուղղությամբ, եթե հաշվի չառնենք որոշ գիտական խմբերի ու անհատների անվեհեր ջանքերը։

Պրոբլեմը Ցեղասպանությունը ճանաչված տեսնել ցանկացողների դրդապատճառը չէ։ Ակնհայտ է, որ հայ ժողովրդի մեջ բնական պահանջ կա իրեն բաժին հասած ողբերգությունը Թուրքիայի և միջազգային հանրության կողմից ճանաչված տեսնելու միջոցով հասնելու արդարության։ Ես հասկանում եմ բազմաթիվ ոչ֊հայերի՝ գիտնականների, հոգևորականների, քաղաքական գործիչների կողմից արդարությունը կայացած տեսնելու անկեղծ շահագրգռությունը։ Ես հարցականի տակ չեմ դնում նաև քաղաքական ղեկավարների անկեղծությունը, որոնք ջանացել և շարունակում են ջանալ հանուն այդ հարցի, բայց ճիշտ նույն կերպ էլ չեմ ընդունում իմ դրդապատճառները հարցականի տակ առնելու որևէ մեկի իրավունքր․ ես կարիք չեմ զգում իմ վարկը հաստատել ցավագին այդ ասպարեզում։

Պրոբլեմը նույնիսկ այս Ցեղասպանության կարևորությունը չէ Թուրքիայի պատմության համար մասնավորապես, և պատմության համար ընդհանրապես։ Թուրք որոշ գիտնականներ սկսել են ընդունել Թուրքիայի քաղաքականության, քաղաքական մտածողության, պետականության կերտման մեջ Հայոց Ցեղասպանության ազդեցությունը։ Համաշխարհային պատմության մեջ Հայոց Ցեղասպանության կարևորությունն այն չէ, որ այն առաջինն էր, քանի որ դա այդպես չէ, այլ այն, որ դա քաղաքական ու բանական բացատրություններ ներկայացնող ցեղասպանության մոդել է։

Պրոբլեմը Ցեղասպանության և Ցեղասպանության ճանաչման զբաղեցրած տեղն է հայ քաղաքական մտածողության մեջ՝ երեք փոխկապակցված մակարդակներում, հայ հավաքական գիտակցության մեջ, հայ քաղաքական օրակարգի այլ անհաղթահարելի հարցերի հետ դրա հարաբերակցության մեջ և միջազգային ասպարեզում, ուր սահմանվում և կապակցվում են Հայաստանի ու հայության շահերի մեծ մասը։

Հավաքական գիտակցություն

Ցեղասպանության հիշողությունն ամեն հայի գիտակցության մեջ է։ Դրա ժխտումը կազմում է հայոց անհատական և հավաքական ինքնության լավագույն մասի մերժումը։ Հայերը դժվարանում են հասկանալ աշխարհի և նրա օրենքներն ու արժեքներն ընդունել ինչպես իրենցը, եթե աշխարհը չի կարողանում ճանաչել ակնբախ ճշմարտությունը։

Սակայն Ցեղասպանության ճանաչման քաղաքականացումը և մնացյալ աշխարհի հետ հայերի քաղաքական երկխոսության մեջ նրա գրաված կենտրոնական դիրքը շատ ավելի ազդեցություն է գործել հայերի, քան աշխարհի վրա։ Հայոց պատմությունը կրճատվել– բաժանվել է երկու փուլի․ մինչցեղասպանության և ետցեղասպանության շրջանների։ Համապատասխանաբար, ինչ կատարվել է մինչև 1915 թվականը, մեկնաբանվել է որպես դեպի 1915֊ը տանող, իսկ ողջ հաջորդածը՝ 1915֊ի հետևանք։ Այսպիսով, Սփյուռքի երկար ու բարդ պատմությունը պարգունակացվել է, և Սփյուռքն ինքը դիտվել է որպես Ցեղասպանության հետևանք՝ դժվարացնելով այլ քաղաքականություն, այլ ապագա պատկերացնելու հնարավորությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ հայերն այլևս ոչ թե սոսկ ապրում ու հասկանում, այլ նաև փառաբանում են զոհի հոգեբանությունը եւ այլընտրանքներ չեն կարողանում պատկերացնել։

Այս փոխակերպումր եղել է մտավոր իմաստով կաթվածահարող, քաղաքականապես անզորացնող և հոգեբանորեն ստորացուցիչ։

Հայաստանում Ցեղասպանության ընկալումը դեռևս նույնը չէ, թեև Հայաստանի հայերի մեծամասնության ակունքները գնում են դեպի Արևմտյան Հայաստան, դեպի 1827–1828թթ․ և 1877–1878թթ․ ռուս֊թուրքական պատերազմներից հետո Օսմանյան Կայսրության հայկական նահանգների գաղթականները, դեպի Ցեղասպանությունից փրկվածները և Սփյուռքից 1946 և 1947 թթ․ ներգաղթածները, որոնք իրենք էլ ցեղասպանությունից փրկվածներ էին։

Ճիշտ այնպես, ինչպես պատահեց Սփյուռքում, 1965 թ․֊ին Ցեղասպանության հիսուներորդ տարելիցին Հայաստանի նոր սերունդն այլևս չկարողացավ զսպել ցասումը, որ վերապրածները, չափից ավելի նվաստացած լինելով, ի վիճակի չէին արտահայտելու։ Իբրև պետության և Կոմունիստական կուսակցության կողմից ձեռնարկված պաշտոնական միջոցառումների այլընտրանք՝ ուսանողները դուրս եկան Երևանի փողոցները։ ժողովուրդը վանկարկում էր «Մեր հողերը» ՝ որպես Թուրքիայից տարածքային պահանջի կոչ։ Ցուցարարներն անմիջապես ձերբակալվեցին։ ճիշտ միևնույն ժամանակ, ԱՄՆ֊ում Հայ հեղափոխական դաշնակցությունը իր երիտասարդական կազմակերպության մի քանի ուսանող֊անդամի վտարեց՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Թուրքիայի ներկայացուցչության դեմ ուղղված ցույցեր կազմակերպելու պատճառով։

Այս իրադարձություններից հետո սովետահայ մի շարք պատմաբաններ նվիրվեցին Ցեղասպանության մասին ուսումնասիրությունների, թեև նրանց աշխատանքները մեծ մասամբ նկարագրական էին ու կրկնաբանությամբ լի։ Նրանց թույլատրվեց գրել, իսկ Խորհրդային Հայաստանի կառավարությանը թույլատրվեց կառուցել Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը։ Ցեղասպանությունը դադարեց տաբու լինելուց, քանի դեռ պատմաբանները, զոհերի տառապանքների ուղիներով իրենց ճամփորդության վերջում, երախտագիտություն կհայտնեին Խորհրդային Սրությանը, կոմունիստներին եւ ռուս ժողովրդին՝ սահմանի մյուս կողմի իրենց արյունակիցների ճակատագրից արևելահայությանը փրկելու համար։ Հակաթուրքական զգացումների արտահայտությունն ընդունելի էր, քանի դեռ այն հայերին չէր առաջնորդում իրադրությունն իրենց ձեռքը վերցնելու ցանկության։

Մեկ֊երկու տասնամյակ զայրույթի արտահայտությունն իբրև քաղաքականության նպատակ և ազգային օրակարգ գործեց թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում՝ թե՛ խաղաղ և թե՛ բռնի ձևերով։ ժամանակի ընթացքում հայ քաղաքական մտքի մեջ սկսեց տեղ գտնել Ցեղասպանության և դրա դերի վերագնահատումը։ Վերագնահատման և նոր եզրակացությունների գործընթացը, որին հանգեցին ոմանք, կորսվեց Սփյուռքի հրապարակային երկխոսության շարունակ ընդլայնվող համակենտրոն շրջանակներում։ Սփյուռքահայերն, իրոք, փակ են հեղափոխությունների, հատկապես՝ գաղափարական տեսակի հեղափոխությունների հանդեպ։ Նրանք ներքուստ պահպանողական են, սևեռված են ինքնապահպանության վրա, և այդ պատճառով հակված են դեպի անցյալը ու պարտական են զգում անցյալի հանդեպ։

Խորհրդային Հայաստանում վերագնահատումն այլ ուղի բռնեց։ Ուսանողները երկար տարիներ էին մտածել Հայաստանի ապագայի մասին։ Մի շարք խմբավորումներ գոյացան՝ զանազան եզրակացություններով։ Լևոն Տեր֊Պետրոսյանը, Վազգեն Սանուկյանն ու Բաբկեն Արարքցյանը, որոնց բոլորի արմատները ձգվում էին դեպի Օսմանյան Կայսրության քաղաքներն ու գյուղերը, այդ գործունեության առաջավոր գծում էին։ Շարունակվող իր գործունեության համար Լ․ Տեր֊Պետրոսյանը 1966֊ին ձերբակալվել է։ Ոմանք որոշեցին, որ Ցեղասպանությունը չի կարող լինել քաղաքական մտածելակերպի կամ արտաքին քաղաքականության հիմք։

Մինչև այսօր Հայաստանում մարդիկ իրենց զոհերին հիշում են նվազ քաղաքական մթնոլորտում, քան Սփյուռքում։ Յուրաքանչյուր ապրիլի 24֊ի նրանք լռելյայն երթ են կատարում դեպի Եղեռնի հուշահամալիր, իրենց ծաղիկները կիտում հավերժական կրակի շուրջ և վերադառնում տուն։ Լռությամբ, առանց խոսքերի։ Անցած երեսուն տարում ոչ մեկին թույլ չէր տրվում անձնավորել ցավը և այն վերածել քաղաքական կապիտալի։ Հիմա փորձեր կան Հայաստանում դա նույնպես փոխելու։

Ցեղասպանության ճանաչումը ընդհանրապես քաղաքականության հիմքը դարձնելը հանգեցրել է սևեռուն վարքագծի։ Այդ վարքագիծը հաշմեցրել է հայերի ոգին ու միտքը և, ավելին, դրանք դարձրել ուրիշների շարժառիթների պատանդը։ Հայոց միտքն ու մտածումները մեկ անգամ ևս Թուրքիայի քաղաքականության, այս անգամ՝ կատարվածի ժխտման քաղաքականության, և միջազգային ճանաչման քմայքների գերին են դարձել։ Հայերն ընդգրկված են երկարաձգված մի պայքարի մեջ, որի բանալին պահվում է «թշնամու» գրպանում։ Ցեղասպանության ու մահվան համար պատասխանատու պետությունը դեռևս իր ձեռքերում է պահում ազգի առողջությունը, այս անգամ՝ մտավոր, հոգեբանական ու քաղաքական առողջությունը։

Թուրք մի դեսպան, որին ամիսներ առաջ հանդիպեցի երրորդ մի երկրում, համառորեն ցանկանում էր ինձ ներքաշել, իր ձևակերպմամբ՝ «այսպես կոչված Ցեղասպանության» մասին խոսակցության մեջ։ Իմ բնազդական հակազդեցությունն էր ընդունել մարտահրավերը և վիճել։ Սակայն անմիջապես անդրադարձա, որ կրկին ես պետք է ընդունած լինեի մեկ ուրիշի կողմից ինձ պարտադրված խոսակցությունը, ևս մեկ անգամ հայն ինչ֊որ բան պետք է ապացուցեր մեկ այլ անձի։ Նրան ասացի, որ չեմ ցանկանում ներքաշվել այդ նյութի մեջ, ես չեմ կարծում, թե նա բավարար որակավորում ունի՝ ինձ հետ այդ հարցը քննարկելու համար որպես գիտնական կամ որպես մասնավոր անձ, որ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու փաստը եթե ինչ֊որ բան է ասում, ապա Թուրքիայի մասին, այլ ոչ թե Ցեղասպանության։ Ես թույլ չտվի, որ նա և թուրքական պետությունը մեկ անգամ ևս սահմանեն իմ օրակարգը, ինչպես այդ արել են իմ ծնողների և ծնողներիս ծնողների հետ։ Չճանաչելը Թուրքիայի պրոբլեմն է, և ես չեմ կարող նրան կամ Թուրքիայի պետական քաղաքականությանը թույլ տալ սահմանելու իմ մտածողությունը, իմ օրակարգը։ Ես մասնավոր անձ էի, առանձին քաղաքացի, և կարող էի ասել այն, ինչ ուզում էի։ Ես, իհարկե, գիտեի, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը այս պրոբլեմի միայն կեսն է։

Հայաստանի օրակարգի բանալին Թուրքիայի ձեռքը տալու փոխարեն, պետք է գոյություն ունենա հարցի սահմանման ու պայքար մղելու մեկ այլ միջոց։ Հավաքական գիտակցության և քաղաքական օրակարգի մեջ Ցեղասպանության ժխտումը դարձնել կենտրոնական ու ֆունդամենտալ տարր՝ նշանակում է թույլ տալ, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը մեկ անգամ ևս գերի պահի մեր ժողովրդին և նրան անկար դարձնի։ Որոշ ղեկավարներ, ներառյալ որոշ մտավորականներ, գտնում են, որ որքան մեծ լինի մարդու կողմից զոհի զգացողությունը, այնքան հեշտ կլինի ճանաչման փաստարկումը, որ հավաքական գիտակցությունը որքան երկար առաջնորդվի ցավով, այնքան լավ կծառայի հարցին։

Ցեղասպանության ժխտումը հստակորեն քաղաքականության հարց է։ Այն քաղաքականություն է ԱՄՆ կառավարության և Արեւմուտքի լրատվության հիմնական մասի համար։ Միշտ չէ, որ այդպես է եղել այդպես դարձել է։ Այն պատճառների վերլուծությունը, որոնք մինչեւ 1975 թվականը Ցեղասպանությունն ընդունած Արևմտյան նշանավոր թերթերին դրդեցին փոխել իրենց տեսակետը, կարող է լույս սփռել հարցի վրա։ Քանի որ Թուրքիայի վարքը նույնպես մեծապես ռեֆլեքսիվ է, ժխտումը Թուրքիայի պետական քաղաքականությունն է։ Ռեֆլեքսիվ հակազդեցությունները, որոնք կարող են այնպես անել, որ մեզ լավ զգանք, բավարար պատասխաններ չեն։

Հայերը բավականաչափ աղերսելեն, բավականաչափ նվաստացել, բավականին երկար ժամանակ զոհ են եղել։ Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը չի կարող հայության ինքնության ու հպարտության վերականգնման միակ միջոցը լինել։ Այդ ամենից հետո վերքի ապաքինումը կարող է ավելի ծանր լինել, քան վերքն ինքը։

Նյութի փաստագրումն ու հետազոտությունն անհրաժեշտ են՝ կատարվածը հասկանալու և այն Հայաստանի, Թուրքիայի ու համաշխարհային պատմության համատեքստի մեջ տեղադրելու համար։ Այս գործողություններն արժանի են հանրության կողմից շատ ավելի մեծ օժանդակության, քան ստացել են մինչև այժմ։ Միջազգային ճանաչումը, ներառյալ Թուրքիայի կողմից, պետք է օրակարգի մաս կազմի։ Սակայն հատվածային, հանկարծահաս մղումներով, չհամակարգված և հաճախ անմիտ գործընթացները պետք է կշռադատության ենթարկվեն, ներկա մեթոդները պետք է հարմարեցվեն Հայոց աշխարհի նոր իրողություններին, և պետք է մշակվի նոր, արդյունավետ ռազմավարություն։


Ցեղասպանության ճանաչումը քաղաքական օրակարգի խնդիր

Հայաստանի անկախությունից հետո Ցեղասպանությունը հայ քաղաքական մտքի մեջ կարո՞ղ է միևնույն տեղն զբաղեցնել, և դրա ճանաչման համար մղվող պայքարը կարո՞ղ է մնալ անփոփոխ։ Կարո՞ղ է նրանց միևնույն դերը հատկացվել, երբ Ղարաբաղի ճակատագիրն օդից է կախված։ «Ռեֆլեքսիվ հակազդեցությունը» կարո՞ղ է արտաքին քաղաքականության հիմքը լինել և լինել այն համատեքստը, որում պետք է կատարվի Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի սոցիալական ու տնտեսական զարգացումը։

Հետաքրքիր կլինի հետազոտել զանազան երկրների օրենսդիր մարմինների կողմից Ցեղասպանության ճանաչման և ետխորհրդային շրջանի Հայաստանի ու հայության օրակարգի այլ խնդիրների միջև եղած հարաբերակցությունը։ Որքան էլ ճանաչումը սփոփիչ լինի յուրաքանչյուր հայի համար, այս գործողությունների ներգործությունն ու կարևորությունը ուսումնասիրվելու և հասկացվելու կարիք ունեն։

Ընդունված պատկերացումը միտում ունի Ցեղասպանության որևէ տեսակի ճանաչում իրականացրած երկրներին մտցնելու «հայամետ» երկրների կարգի մեջ։ Երկրների «հայամետ» կամ «հակահայ» դասակարգումը հայկական երևակայության արգասիք է, որը որոշ քաղաքագետներ, համայնքում կամ համայնքից դուրս, մեծ ուրախությամբ պահպանում են։ Այս տերմինների պահպանումը հնարավոր է դառնում, երբ հայերն իրենց պահում են մուրացիկի պես, որը երջանիկ է պատառներով, ակնկալությունները չափազանց մեծ են, բայց, իբրև մուրացիկներ, բավարարվում են չափազանց քչով, և տվողն է որոշում, թե ինչ կտա։


Ի՞նչ է կատարվում հայկական որևէ հարցի հետ, երբ այն մտնում է միջազգային ասպարեզ, երբ դառնում է ուրիշների օրակարգի մի մաս։ Որքանո՞վ են հայերը պահպանում սեփական օրակարգի վրա իրենց վերահսկողությունը։ Ի՞նչ է կատարվում հայկական որևէ հարցի հետ, երբ այն մտնում է մեծ պետությունների արտաքին քաղաքականության և կենսական շահերի ոլորտը։ Նվազագույնը, որ հարկավոր է ըմբռնել, այն է, որ քաղաքական ղեկավարների ու կուսակցությունների բարի կամքից ու մարդասիրական մղումներից անկախ, երկրներն ու կազմակերպությունները Ցեղասպանության ճանաչման արժեքը գնահատում են Թուրքիայի հետ իրենց սեփական հարաբերությունների դիտանկյունից:

Մարդ ակամայից հիշում է տասնիններորդ դարավերջին և քսաներորդ դարասկզբին՝ Արևմտյան իմպերիալիզմի բուռն ծաղկման շրջանում, մեծ տերությունների և Օսմանյան Կայսրության միջև հարաբերությունների պատկերը, երբ «հայերի նկատմամբ հալածանքների» հարցի արծարծումը բավական եղավ, որ այդ տերություններն իրենց համար զիջումներ ձեռք բերեն, իսկ հայերին թողնեն կախված վիճակում՝ բառի թե՛ փոխաբերական, թե՛ ուղղակի իմաստներով։ Իսկ նույն այդ ընթացքում հայերն իրենց հույսներն էին արթնացնում, երբեմն՝ նաև զենքի դիմում, եւ օսմանյան զենքը շրջվում էր հայերի դեմ։

Հավասարաչափ կարևոր է վերը ներկայացված տրամաբանության հետևությունը, հայ քաղաքական միտքն ունի այն կանխադրույթը, թե՝ այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է հայերի համար։ Միջազգային հարաբերությունների ոչ շատ հետևողական ու հեղհեղուկ աշխարհում և մի տարածաշրջանում, ուր երկու երկրները հարևաններ են և մնալու են հարևան, դժվար է երևակայել, որ Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր չունենան կամ չկարողանան ունենալ։

Իսկ ի՞նչ անել այն դեպքում, եթե Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի շահերից։ Բարելավված հայ֊թուրքական հարաբերությունները չե՞ն թուլացնի արդյոք բանակցություններում Ադրբեջանի դիրքերը, որոնց կարծրությունը հիմնված է Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ անելու քաղաքականության վրա։ Եթե այս հարցերի պատասխանները դրական լինեն (և անպայման դրական կլինեն, եթե հաշվի առնվեն փոքր֊ինչ սառնասրտորեն, միայն թե դրանք հաշվի առնելը դավաճանական վարքի պիտակավորումը չստանա), ապա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կարող է նպաստել նաև Կասպից ծովի նավթային ռեսուրսների համար Հայաստանը տարանցիկ ուղի դարձնելուն։ Շատ «հայամետ» երկրներ, որոնք հայերին խրախուսում են հետևել իրենց հակաթուրք բնազդներին, միմյանց հետ մրցում են՝ նավթատարն իրենց տարածքով անցկացնելու համար։ Նրանց համար խնդիրն այն չէ, որ Ադրբեջանին խանգարեն զարգացնել իր ռեսուրսներն ու հարստանալ, այլ խնդիրն այդ հարստությունից բաժին ստանալն է։ Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնճռոտ հարաբերությունները դժվարացնում են Հայաստանի համար նավթամուղների համակարգին մաս կազմելը և առհասարակ նավթամուղի անցկացումը Հարավային Կովկասով։

Ցեղասպանության ճանաչման հարցի հանդեպ գոյություն ունի երկու մոտեցում։ Մի մոտեցմամբ ակնկալվում է պատմական իրադարձության ճանաչումը՝ իբրև բարոյական պարտականության դրսևորում, իբրև պատմական արդարության խնդիր, իբրև անհրաժեշտություն՝ ապաքինման համար։ Մյուս մոտեցումը, որ սովորաբար առաջարկվում է քաղաքական կուսակցությունների կողմից, Ցեղասպանության ճանաչումը դիտվում է իբրև փոխհատուցման, ներառյալ Թուրքիայի կողմից տարածքային փոխհատուցման հասնելու ուղղությամբ առաջին քայլ։ Ակնհայտ է, որ եթե ճանաչման հետևանքը լինելու է տարածքի կորուստ կամ նույնիսկ տարածքային հատուցման հարցի արծարծում, Թուրքիան բոլոր պատճառներն ունի շարունակելու ժխտման իր քաղաքականությունը և՝ այդ անելու բուռն կերպով, ինչպես արել է անցյալում։ Այս սցենարով, ծրագրի երկրորդ մասն ապահովում է, որ առաջինը երբեք չկայանա։

Բացի այդ, ճանաչման հասնելու ռազմավարությունը սևեռվել է միջազգային հանրությանը (սովորաբար տարբեր երկրների օրենսդիրներին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին և ոչ֊կառավարական կազմակերպություններին) համոզելու վրա։ Տրամաբանությունն այն է, որ, համոզվելուն պես, միջազգային հանրությունը Թուրքիային կստիպի ճանաչել Ցեղասպանությունը։ Այս տրամաբանությունն ունի չորս պրոբլեմ։ Առաջին, պատմության վատ իմացությունը չէ, որ ուշացրել է ճանաչումը։ Երկրորդ, խնդիրն այնքան կարևոր չէ միջազգային հանրության որևէ անդամի համար, որպեսզի ճնշի Թուրքիային այլ կերպ, քան թե իրեն հարմար ձևով։ Երրորդ, միջազգային հանրությունը համապատասխան ռեսուրսներ չունի՝ Թուրքիային նման բաներ պարտադրելու համար։ Չորրորդ, Թուրքիան հաջողությամբ դիմակայել է միջազգային հանրության ճնշմանը շատ ավելի անմիջական ու հրատապ հարցերում։ Արտաքին ճնշման հանդեպ նրա հակազդեցությունը սովորաբար խիստ կոպիտ է։

Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, իր ողջ կրքի ու նվիրման դիմաց, սոսկ սահմանափակ հաջողություններ է ունեցել միջազգային ասպարեզում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջին տասնամյակներում Ցեղասպանության ժխտման նրա քաղաքականությունն է՛լ ավելի է պաշտոնականացվել եւ խոր արմատներ ձգել։

Եթե Ցեղասպանության ճանաչման նպատակը Թուրքիայի կողմից ճանաչման հասնելն է՝ իբրև բարոյական ու պատմական արդարության խնդիր, ապա կարելի է մտածել դրա ռազմավարության մասին։ Եթե Թուրքիայի կողմից ճանաչման նպատակը դրանից այն կողմ անցնող մի այլ նպատակ է, ապա ճանաչման չհասնելու հեռանկարը պետք է դիտվի իբրև մանր ձախողում, քանի դեռ հետապնդվում է «այլ նպատակը»։ Հարկավոր է գիտակցել, որ այդ «այլ նպատակները», արդարացի կերպով, թե ոչ՝ վերացնում կամ նվազեցնում են Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը փոխելու հնարավորությունը, ինչպես նաև փաստարկի վարկն են նսեմացնում միջազգային հանրության աչքին։


Որքան էլ տարօրինակ ու պարադոքսալ հնչի, Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի վերջին հինգ տարում, երբ Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն էր սկսվել, Ցեղասպանության ճանաչման հարցում շատ ավելի առաջընթաց եղավ, քան հակաթուրքական կամպանիայի վերջին երեք տասնամյակում։ Այս առումով աչքի են զարնում հատկապես երկու հրապարակային իրադարձություն։ Առաջինը Երևանում 1995 թ․֊ին Ցեղասպանության 80֊րդ տարելիցին նվիրված պետականորեն կազմակերպված միջազգային գիտաժդղովին թուրք սոցիոլոգի մասնակցությունն էր և 1915֊ի իրադարձությունները նրա կողմից հստակորեն իբրև ցեղասպանություն բնորոշելը։ Երկրորդ իրադարձությունր Ստամբուլի մերձակա էսենյուրտ քաղաքի քաղաքապետի այցն էր Երևան և Եղեռնի հուշահամալիր։ Ուղղափառության սոսկ միամիտ պահապանները կարող են կարծել, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել առանց Թուրքիայի կառավարության համաձայնության։

Ապշեցուցիչ կերպով, այս իրադարձություններից ոչ մեկը բավարար ուշադրության չարժանացավ հայկական լրատվամիջոցների կամ մարդկանց, կուսակցությունների ու գիտնականների կողմից, որոնք պնդում են, թե Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց օրակարգի առաջնակարգ խնդիրն է։ Կուսակցությունների մեջ եղան այնպիսիք, որոնք 1995֊ին, ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնի երկրորդ ընտրարշավի ժամանակ, կրկին պաշտպանեցին նրա թեկնածությունը, թեև նա ետ էր կանգնել Ցեղասպանությունը ճանաչելու մասին 1991֊ին իր առաջին ընտրարշավի ընթացքում տված խոստումից։ Եվ սա առաջին դեպքը չէր, որ Ցեղասպանության ճանաչումը հարաբերականացվում է ճշմարիտ հավատքի պահապանների կողմից։ Նրանք իրենց բացահայտորեն իրավունք են վերապահում որոշելու, թե երբ և որտեղ շեղվել ուղղափառությունից։ Հայաստանի ազգընտիր Նախագահը մեղադրվում էր դրանից անհամեմատ ավելի փոքր բաների համար։


Ցեղասպանության ճանաչումը փոփոխություններից մեկն էր, որ նախագահ Ռ․ Քոչարյանը ներկայացրեց Թուրքիայի հետ իր քննարկումների օրակարգում։ Այս փոփոխության պատճառները կարող էին լինել Հայաստանը Սփյուռքի կարիքների նկատմամբ ավելի զգայուն դարձնելու, իսկ Սփյուռքը՝ Հայաստանին ավելի սատարող դարձնելու զույգ նկատառումները։ Մեկ այլ դրդապատճառ էլ կարող էր եղած լինել Ցեղասպանությունն իբրև Թուրքիայի դեմ հակազենք գործածելու նկատառումը՝ այն հույսով, որ հարցր արծարծելը կարող է չափավորել Ղարաբադյան հակամարտության մեջ Թուրքիայի կողմից Ադրբեջանին օժանդակումր։ Դրանով հանդերձ, Ռ․ Քոչարյանի վարչակազմը Ցեղասպանության ճանաչումը չի դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման։ Հայաստանը շարունակում է կողմ լինել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

Ասել թե քաղաքականության այս փոփոխությունը մեզ մոտեցրեց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ կասկածելի է։ Թե փոփոխությունը որևէ այլ նպատակի հասել է՝ մնում է սպասել– տեսնել։ Ռ․ Քոչարյանի առաջնահերթ խնդիրը հստակ է՝ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Սփյուռքը նրա այս նպատակի կարևոր մի օղակն է, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը կարևոր զիջում է Սփյուռքին։ Թուրքիայի հետ սահմանների բացումը նույնպես անհրաժեշտ է՝ միևնույն նպատակի համար։ Այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդարձվեց։ ժամանակը ցույց կտա, թե նման էկլեկտիկ քաղաքականությունը որևէ արդյունքի հանգեցրե՞լ է, թե՞ ոչ, կամ կհանգեցնի, թե ոչ։

5․ Սփյուռքը և նրա դժգոհությունները

Կատարելով քաղաքական զինանոցի հաշվառում՝ մեր թե՛ բարեկամները և թե՛ թշնամիները Սփյուռքը համարում են մի առավելություն, որ ունի հայկական կողմը, և որից զուրկ է ադրբեջանական կողմը։ Ղարաբաղի ու Հայաստանի ղեկավարների մտածողության մեջ, միասնությանը զուգահեռ, Սփյուռքն ունի նաև ռազմավարական արժեք։ Քաղաքական որոշ կուսակցությունների ծրագրերում Սփյուռքին նշանակալի դեր է հատկացվում։

Երբ Սփյուռքի կուսակցությունները ներգրավվեցին Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքականության մեջ, գիտակցաբար թե ոչ՝ իրենց վերագրեցին Սփյուռքի կողմից Հայաստանին ու Ղարաբաղին ցուցաբերելիք օժանդակության երաշխավորի դեր։ Որոշ դեպքերում նրանք քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին Հայաստանի իշխանությունների փոխարեն, որոնք նրանցից տնտեսական և քաղաքական օժանդակություն էին ակնկալում։

Սփյուռքը Մինչև 1988֊ը

Ամեն բանից առաջ, պետք է ընդունել, որ Սփյուռք տերմինն ի սկզբանե բացասական բնորոշում է։ Այն մատնանշում է մարդկանց խումբ, որոնք այնտեղ չեն գտնվում, որտեղ մի ժամանակ եղել են և որտեղ, այսպես ասած, պետք է որ լինեն՝ առնվազն եթե ազգ–պետություն կառույցն ընդունվում է իբրև նորմ։

Հայ Սփյուռքը աշխարհի ամենակենսունակ և, ըստ որոշ կարծիքների, ամենակազմակերպված սփյուռքներից է։ Նա հարմարվել է տարբեր ժամանակների և մշակութային տարբեր տարածքների, մերժել է մահանալ՝ չնայած կանխատեսումներին, կառույցներ ու կազմակերպություններ է ստեղծել՝ իր կարիքները հոգալու համար։

Կենսունակության բացատրությունը մասամբ այն է, որ հայերն իրենց հայրենիքը սկսել են թողնել դարեր առաջ և շարունակել են մինչև մեր օրերը՝ թեև տարբեր չափերով և տարբեր պատճառներով։

Մյուս պատճառն այն է, որ, բախվելով Ցեղասպանության իրականությանը, Սփյուռքի կորովը դարձավ հայության կողմից 1915֊ի իր մահվան դատապարտումը մերժելու հաստատուն միջոց։ Դա մոռացության մատնվելու մերժումն է, մոռացման դեմ ազդակոչը։

Թեև Հայկական Սփյուռքը նախորդել է Ցեղասպանությանը, այն ապաքինվել է տեղահանումների նվաստացումից, նվաստացում, որը հատկանշական էր 1915 թ․֊ից հետո ժողովրդի սփռված մնացորդների համար։ Գաղթականները հասնում էին այնպիսի երկրներ, որոնց լեզուն չգիտեին, որոնց մշակույթն իրենց խորթ էր, և որոնց բնակիչները, թեև հյուրընկալ, սակայն նորեկների հանդեպ տածում էին համընդհանուր կանխակալ վերաբերմունք։ Ֆրանսիայում նրանք «կեղտոտ հայեր» էին, ԱՄՆ֊ում՝ «քաղցած հայեր», Հարավային Ամերի– կայում՝ «թուրք», արաբական որոշ երկրներում՝ «հայի կտոր»։ Երեք սերնդի ծանր աշխատանք, հարյուր հազարավոր անհատների նվիրում, տնտեսական ինտեգրացիա և համայնքի դանդաղ վերակառուցում հարկ եղավ ներդնել՝ հաղթահարելու համար հոգեբանական վնասը։

Որքան էլ դրսից դիտողին տարօրինակ թվա, համայնքային կազմակերպությունների անդադար ժողովներին ու ամենաանկարևոր հարցերի անվերջ քննարկումներին մասնակցելը գաղթականների համար ինքնահաստատման ակտ էր, համայնքի զգացում ստեղծելու, միասին լինելու և խմբի համար որոշումներ կայացնելու ակտ, նույնիսկ եթե այդ գաղթականները դժվարություն ունեին հասկանալու պատմական մեծ իրադարձությունները, որոնք այդքան խոր ազդեցություն էին թողել նրանց վրա։ Լսելով այնպիսի բառապաշարով կառուցված ճառեր, որ դժվար էր ըմբռնել, և քրիստոնեության մասին քարոզներ, որ այլևս չէին հասկանում՝ վերապրածները օր օրի, մեկ առ մեկ կյանքի վերադարձան, հարմարվեցին նոր միջավայրին և սովորեցին ապրել՝ հաշտվելով իրենց սիրեցյալների մահվան զարհուրելի հիշողությունների հետ։ Ներկայումս հայ ժողովուրդը հիմնականում հաղթահարել է այդ ամենը և իրավունք ունի իր վերածննդով հպարտ լինելու։

Սակայն կարո՞ղ ենք խոսել մեկ Սփյուռքի մասին, և Սփյուռքը կարո՞ղ է իրականացնել այն դերը, որ ոմանք վերագրում են նրան, իսկ ուրիշներ՝ պահանջում նրանից։

Նշանակություն ունեցող տարբերություններ

Սփյուռքում բնակվող հայերի թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Հավանական թիվը տատանվում է չորսից հինգ միլիոնի միջև, թեև կան պնդողներ, որ այդ թիվը հասնում է ութ միլիոնի։

Համայնքներն իրենց մեծությամբ միմյանցից խիստ տարբերվում են և ցրված են բոլոր մայրցամաքներով մեկ՝ հիմնականում կենտրոնացած լինելով Ռուսաստանում (մոտ մեկ միլիոն հայ), Ամերիկայի Միացյալ Նահանգներում (մեկ միլիոնի շուրջ), Վրաստանում (մոտ 450․000), Մերձավոր Արևելքում (գրեթե 400․000), Ֆրանսիայում (շուրջ 350․000) և Հարավային Ամերիկայում (ավելի քան 100․000)՝ հիմնականում Արգենտինայում։

Համայնքները միմյանցից տարբերվում են նաև իրենց ծագումով ու պատմությամբ։ Որոշ համայնքների, ինչպես, օրինակ, Հյուսիսային Իրանի և Անատոլիայի համայնքների ծագումը ձգվում է մինչև հայ ժողովրդի ձևավորման շրջանը։ Շատերն առաջացել են մինչև Ցեղասպանությունը, սակայն համալրվել են դրանից հետո։ Ուրիշներ, ինչպես Մոնրեալի, Սիդնեյի և Մելբուրնի համայնքները, գոյացել են միայն 1950֊ականներին։ Նրանք ներկայացնում են ձուլման և մշակութային հարմարեցման տարբեր փուլեր։ Հետևաբար, համայնքները կազմակերպված կյանքի տարբեր աստիճաններ ու որակներ ունեն։

Համայնքները տարբերվում են նաև հյուրընկալ երկրներում ունեցած իրավական կարգավիճակով։ Թուրքիայում եւ մերձավորարևելյան այլ երկրներում, որոնք Օսմանյան Կայսրության ժառանգորդ–պետություններ են, պետությունը տալիս է հայի ու հայկականի իրավական սահմանումը, և, ըստ օրենքի, համայնքներն ունեն իրավական դիրք և որոշ արտոնություններ ու արգելքներ։ Արևմտյան հասարակություններում պետության հետ հարաբերակցությունը սահմանվում է անհատ քաղաքացու հայեցակարգով։

Բացի այդ, բազմաթիվ հայեր, որոնք փաստորեն սփյուռքահայ են, իրենց այդպիսին չեն համարում։ Հատկապես Մոսկվայի, ինչպես նաև նախկին խորհրդային տարածքի այլ վայրերի հայերը, դժվարանում են իրենց սփյուռքահայ համարել։ Գոյություն ուներ ընդհանուր մի հայրենիք՝ Խորհրդային Միությունը, որի բնակիչներն էին իրենք, և որի մայրաքաղաքն էր Մոսկվան։ Ինչպե՞ս իրենք կարող են սփյուռքահայ լինել։ Թիֆլիսն ու Մտամբուլը ծնունդ են տվել ժամանակակից հայ մշակույթին և հայկական շատ կառույցների։ Ջավախքի հայերը Հայաստանին չափազանց մոտ են՝ իրենց սփյուռքահայ զգալու համար։ Լրիվ վերջերս Հայաստանից ու Ադրբեջանից ԱՄՆ ժամանածները նույնպես դժվարություն ունեն իրենց սփյուռքահայ բնորոշելու։ Լինելով ֆիզիկապես հեռվում՝ նրանք դեռևս իրականում չեն հեռացել Հայաստանից կամ Ադրբեջանից։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ձուլվել են, իրենց ազգային ծագման մասին տարտամ հիշողություններով կամ նույնիսկ առանց դրանց, վաղուց ի վեր սփյուռքահայ լինելը կորցրել է իր իմաստը։

Հայկական Սփյուռքը եղել է ինքն իր մեջ հարափոփոխ մի երևույթ։ Տեղավորվելով նախ Մերձավոր Արևելքում ու Արևելյան Եվրոպայում, Ցեղասպանության շատ վերապրածներ կամ հյուրրնկալ երկրում ծնված նրանց զավակները իրենց կյանքը այնուհետև շարունակեցին այլ երկրներում՝ մեծ մասամբ ԱՄՆ֊ում, Կանադայում, Ավստրալիայում ու Եվրոպայում։ Վերաբնակների տարբեր ալիքների միջև հարաբերություններում միասնականություն չի դրսևորվել։ Ենթախմբեոի միջև հարաբերություններին ավելի բնորոշ են հակասությունները, փոխադարձ անվստահությունը, միմյանց չսիրելն ու կանխակալությունը։ Եվ կազմակերպական կառույցները հաճախ արտացոլում են հենց այդ ստորաբաժանումները։

Համայնքների հաստատությունների կառուցվածքը հաջողությամբ դիմակայել է փոփոխությունները։ Որոշ կազմակերպություններ, ինչպես հայրենակցական միությունները, որոնք պահպանել են Արևմտյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների հիշատակը, անհետանալու եզրին են։ Շատ քիչ նոր կազմակերպությունների է հաջողվել բավականաչափ հետևորդներ ներգրավել և նրանց պահել այնքան ժամանակ, որ կարողանաս՛ արմատ ձգել։ Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ քչերից մեկը, որ քաղաքական օրակարգի էր հավակնում, կարողացավ գոյատևել մեկ տասնամյակ։ Բացի մի քանի մասնագիտական խմբավորումներից, Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) միակն է, որին հաջողվեց հաղթահարել Սփյուռքում նոր ազգային կազմակերպություն ստեղծելու խոչընդոտները։ Սակայն նույնիսկ նա չկարողացավ ծավալվել Կանադայում ու Եվրոպայում։

Սփյուռքի պատմությունն, այնուամենայնիվ, գրանցել է մի շարք փոփոխություններ։ Սփյոռքահայ կյանքի կենտրոններ հանդիսացող քաղաքներ են առաջացել ու անհետացել՝ բազմաթիվ անգամներ։ Ցեղասպանությունից հետո Փարիզն ու Բոստոնը փոխարինեցին Թիֆլիսին ու Պոլսլին մինչև 1950֊ական թվականները, երբ Կահիրեն, Հալեպր և ապա Բեյրութր ստանձնեցին առաջնությունը։ Ոմանք գտնում են, որ 1990֊ականներից բացարձակ թվային գերազանցությամբ և համայնքի գործունեության ինտենսիվությամբ Լոս Անջելեսը պետք է համարվի Հայ Սփյուռքի կենտրոն։

Այս փոփոխությունը չազդանշեց ամերիկահայության գերակայություն։ Հաստատությունների մեծ մասը, Հյուսիսային Ամերիկայում թե Եվրոպայում, մինչև այժմ ղեկավարվում է սիրիացի ու լիբանանցի հայերի կողմից։ Սա բավական կարևոր հանգամանք է՝ Սփյուռքի քաղաքական և մշակութային ծրագրի բովանդակությունն ու ձևը հասկանալու առումով։ Հիշողության մեջ հայրենիքի գաղափարի նահանջին զուգընթաց, յուրաքանչյուր սերունդ որոնել է, թե ի՛նչ պետք է պահպանել անցյալից: Եվ քանի որ երբևէ գոյություն չի ունեցել և չի կարող ունենալ իդեալական կամ զուտ հայկական մշակույթ, 1950֊ականներից սկսած մերձավորարևելյան, գնալով ավելի ու ավելի հալեպա֊բեյրության մոդելն սկսեց առաջ քաշվել իբրև իդեալական՝ աշխարհի այդ կողմի մարդկանց դարձնելով աշխարհասփյուռ համայնքների ղեկավարության համար բնական վերնախավ։ Որպես դրա արդյունք, համայնքներում ձևավորվեց համապատասխան հիերարխիա։ Եթե սիրիա֊լիբանանյան համայնքները բազմած են հիերարխիկ սանդուղքի վերևում, ապա թուրքահայերը և հայաստանցի հայերը գտնվում են ցածում։

Այն երկրներում, որտեղ համայնքներին ձուլումն ավելի շատ է սպառնում, ինչը հաճախ բնորոշվում է հայոց լեզվի գործածության կորստով, ինքնապահպանումը հաճախ հավասարեցված է պահպանողական սոցիալական արժեքներին։ Սրա հետևանքով, ազատամիտ տարրերը հաճախ դուրս են մնում համայնքային հաստատություններից։

Արդյունքը եղել է մի տեսակ ուղղափառություն՝ երբեմն անհանդուրժողական, իսկ հաճախ՝ բացառող։ Այդ ուղղափառության հավատո հանգանակը հայտնի է հավատքի պահապաններին։ Համայնքներն ունեն կենտրոնախույս բնույթ, համայնքի այն անդամները, որոնք համակարծիք չեն հաստատությունների քաղաքականությանն ու սոցիալական արժեքներին, կարող են հեռանալ և վերջ տալ իրենց ակտիվ մասնակցությանը։ Երբ տարակարծությունը տեղի է ունենում Հայաստանի պետության մեջ, մարդը շարունակում է մնալ հայ և երկրի քաղաքացի։ Սփյուռքահայ շատ համայնքներում նման անհատներն անհետանում֊տարրալուծվում են հյուրընկալ երկրի քաղաքացիների մեջ՝ սփյոիռքահայության ղեկավարներին թողնելով առանց ընդդիմության։ Ոմանք սկսում են հարել ու ակտիվանալ նվազ պահանջկոտ համայնքային կազմակերպություններում։ Քչերն են, որ վարձում են հիմնադրել այլընտրանքային կազմակերպություններ, իսկ է՛լ ավելի քչերն են, որ այդ գործում հաջողության են հասնում։

Սփյուռքի օրակարգը նույնպես փոփոխության է ենթարկվել։ Անմիջապես ետցեղասպանության և ետխորհրդային մթնոլորտում Սփյուռքն զբաղված էր իր վերքերի ամոքմամբ։ Վերապրածները մեծ մասամբ նոր տներ էին կառուցում, ապրելու իմաստ էին ստեղծում, լծվել էին դպրոցներ, եկեղեցիներ ու կենտրոններ հիմնելու գործին և նոր գաղթականներին օգնություն էին ցուցաբերում։ Նրանք պետք է նաև պատասխանեին այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպե՞ս կորան Արևմտյան Հայաստանն ու անկախությունը, ո՞վ էր պատասխանատու այդ կորուստների համար, ի՞նչ մտածել Խորհրդային Հայաստանի մասին։ Այս ամենր բավական ծանր օրակարգ էր որևէ հավաքականության համար, եւ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին այն կլանում էր ողջ քաղաքական բանավեճը։ Քաղաքական բանավեճը 1950֊ականներին այլափոխվեց–վերածվեց Սառը պատերազմի տերմինաբանության։ Կարծես թե իրենց սեփական պատերազմները բավական չէին՝ հայ քաղաքական կուսակցությունները ուրիշների հակամարտությունը դարձրեցին իրենց սեփականը։ Լիբանանում 1958֊ի կարճատև քաղաքացիական պատերազմի ընթացքում հայ քաղաքական կուսակցությունները տարբեր կողմեր գրավեցին, տեղական հակադրությունը վերածեցին ներքին հակամարտության, որ ինքնին Սառը պատերազմի դիրքորոշումների անդրադարձն էր, և սպանություններ գործեցին միմյանց անդամների դեմ։

Երբ պարզ դարձավ, որ ոչ Արևմտյան Հայաստանը, ոչ անկախությունը ետ չեն գափս, Սփյուռքը կլանվեց, այսպես կոչված, «սպիտակ ջարդի» ՝ ձուլման վտանգով, որի ամենաակնառու վկայությունը Արևմտյան երկրներում նոր սերնդի կողմից հայերենը սահուն գործածելու սահմանափակ կարողությունն էր։ Հայերենի և հայոց պատմության մի քանի տարրական փաստի իմացությունը դարձավ համայնքի ղեկավար դառնալու արտոնագիր։

Սփյուռք֊Հայաստան հարաբերությունների ըմբռնման տեսակետից հավասարապես կարևոր է հայրենիքի փոփոխվող իմաստի ըմբռնումը։ Արևմտյան Հայաստանի կոտորածներից ու Ցեղասպանությունից փրկվածների և նրանց զավակներից շատերի համար հայրենիքը Խարբերդն էր, էրզրումը կամ Վանը։ Երևանը չէր կարող այդ տեղը գրավել։ Կիլիկիայից գաղթածների մեծ մասի համար հայրենիքն իրենց քաղաքներն էին՝ Ադանան, Մարաշը և այլն։ Քչերն էին, որ Առաջին Հանրապետության մասին մտածում էին իբրև հայրենիքի կամ այդպիսին պատկերացնում էին ներկա Հայաստանը, որի ժողովուրդը խոսում էր տարբեր լեզվով, գործածում էր այլ ուղղագրություն՝ չասելով բարքերի տարբերության մասին։

Սա մասնավորապես բնական էր ամերիկահայ համայնքի դեպքում, որի կազմավորումը նախորդել է Ցեղասպանությանը՝ Արևմտյան Հայաստանից իր հազարավոր աշխատավորներով, որոնք հույս ունեին մի օր հետ գնալ։ Դժվար է մտածել, թե ի՛նչ էր մնացել Հայաստանից իբրև «հայրենիք», հատկապես ՀՅԴ֊ի համակիրների համար, երբ Երևանր մայրաքաղաքն էր խորհրդային մի պետության, որը 1920֊ին փոխարինել էր անկախ Հայաստանին։

Խորհրդային Հայաստանն իբրև «հայրենիք» ընդունելը կատարվեց երկու գաղափարի միջնորդությամբ։ Առաջին՝ Հայաստանը վերացարկվեց ու իդեալականացվեց։ Այն վերածվեց գաղափարի ու թանգարանի։ Երկրորդ՝ 30․000 քառ․ կմ տարածությունը համարվեց սոսկ ժամանակավոր պետություն, ինչ֊որ մի օր, ինչ֊որ ձևով մյուս Հայաստանը վերականգնվելու էր։

Կա նաև տնտեսական կողմը։ ժամանակի ընթացքում սփյուռքահայերը բարելավեցին նաև իրենց տնտեսական վիճակը․ թեև զանազան երկրներում դեռևս կան աղքատության մեջ ապրողներ, սփյուռքահայերը մեծ մասամբ տնտեսական լավ կացության մեջ են։ Ավելին՝ հայերը դրամ են տալիս իրենց համայնքային կազմակերպություններին։ Հայկական համայնքներում գոյություն ունի հարստություն։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել հայկական հարստությունն ու հայերի հարստությունը։ Հայերը կարող են տնտեսապես լավ վիճակում լինել, սակայն շատ քիչ հայկական հաստատություններ են լավ վիճակում, և քչերն ունեն գործառելու անհրաժեշտ հիմնադրամներ։

Պատմականորեն է այդպես եղել․ մեծահարուստ հայերը բավականաչափ գումար են հատկացրել՝ պահպանելու համար կազմակերպությունները, սակայն քչերն են կազմակերպություններն այնպես ապահովել, որ դրանք կարողանան անկախ գոյատևել։ Թերևս այդպես էլ պետք է լինի։ Սակայն մարդիկ, որոնք այս տարբերությունը չեն հասկանում, Հայաստանին սատարելու մասին այդ կազմակերպությունների հայտարարությունները կարող են ընկալել այն դոլարների տեսքով, որոնք այդ կազմակերպությունները պարզապես չունեն։

Սփյուռքյան մեծ կազմակերպությունների բյուջեներն աճել են հազարավոր դոլարներից մինչև միլիոնավորների։ Սակայն դարձյալ, բացի մի քանի կազմակերպությունից, որոնք ունեն մի քանի միլիոնից, ինչպես Հայ օգնության միությունը (ՀՕՄ), մինչեւ մոտ հարյուր միլիոն ունեցող Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՍ)՝ մնացածի եկամտի մեծ մասը հավաքվում է ամենամյա միջոցառումներով։ Դրամահավաքը հիմնականում հաջող է ընթանում, եթե կազմակերպվում է հատուկ ծրագրերի, սովորաբար՝ շենքերի կառուցման համար։

Բարերարների կողմից կազմակերպված հիմնադրամները, ինչպիսին են Լիսաբոնում Գալուստ Գուլբենկյանի, Դեթրոյթում՝ Ալեքս Մանուկյանի, Կալիֆորնիայում՝ Քըրք Քրքորյանի հիմնադրամները, հիմնականում հատկացվում են հայկական կյանքին, սակայն մասնավոր են և ոչ թե համայնքային։ Սրանք հիմնադրամներ են, որոնք օժանդակում են նաև հյուրընկալ երկրների բարեգործական ծրագրերին և նրանց մշակույթին։

Գերկամրջող և վերպետական կառույցներ

Սփյուռքի խորացող մասնատման դեմ կանգնել են մի շարք կազմակերպություններ, որոնք տարածվել են հյուրընկալ երկրների սահմաններից դուրս, երբ վերջիններս գնալով ավելի էին սահմանում գաղթականի ներքին աշխարհն ու արտաքին միջավայրը։

Դրանցից ամենաընդգրկունն էր Հայ առաքելական եկեղեցին՝ հիմնադրված այն ժամանակներում, երբ Հայաստանր դեռ թագավորներ ուներ։ Երբ արքաների շարքը վերջացավ, հայոց կյանքում եկեղեցին հետզհետե ավելի ու ավելի շատ հանրային ու քաղաքական հաստատությունների գործառույթներ ստանձնեց, հավանաբար որովհետև նվաճող տերությունները նրան նաև հատկացնում էին այդ գործառույթները։

Օսմանյան Կայսրությունում ոչ֊մահմեդականները պետության մաս էին կազմում «միլլեթների» կամ կրոնական համայնքների միջոցով։ Պետական օրենքով ու քաղաքականությամբ Եկեղեցին դարձավ այն հաստատությունը, որի միջոցով պետությունը հայերի հետ վարվում էր իբրև հայերի։ Օրենքի կողմից ընդունված լինելու հանգամանքը միլլեթի համար ապահովում էր պաշտոնական պաշտպանություն և նրան ներկայացնում սահմանափակումներ։ Եկեղեցին միջնորդն էր պետության և համայնքի, նվաճողի և նվաճվածի միջև։ Այն ուներ քաղաքական պարտավորություններ՝ ունենալով ծայրաստիճան սահմանափակ քաղաքական իրավունքներ։ 1860֊ականներին Մկրտիչ պատրիարք Խրիմյանի կողմից այդ իրավունքներն ավելացնելու և Ստամբուլում միլլեթը ներկայացնող Ազգային ժողովը Օսմանյան Կայսրության հայության մեծամասնության շահերը ներկայացնող մարմնի վերածելու զգույշ փորձը հեշտությամբ կասեցվեց սուլթանի և հենց Սաամբուլի հայ երևելիների կողմից։ Եկեղեցու այդ ձախողումը եղավ հեղափոխական քաղաքական կուսակցությունների առաջացման հիմնական պատճառը։

Հայրենիքի արևելյան կողմում ռուսները, ապա՝ խորհրդային իշխանությունները Եկեղեցին նույն արդյունավետությամբ էին օգտագործում՝ իբրև վերահսկման ու զսպման անուղղակի միջոց։ Երկու դեպքում էլ Եկեղեցին՝ հայկական կյանքում ամենից ավելի երկար գոյատևած հաստատությունը, վերածվեց այնպիսի մի որակի, որով ընդհանուր առմամբ բացառվում էր պետության դեմ այն օգտագործելու հնարավորությունը։

Ցեղասպանությունից ի վեր Եկեղեցին շարունակել է լինել միջհամայնքային և վերպետական կազմակերպություն, ինչպես նաև ինքնության միջոց։ Ավելին, այն նաև ստանձնել է ավանդույթների և ազգային ինքնության պահպանողի դերը՝ գրեթե հրաժարվելով հոգևոր ու բարոյական առաջնորդի իր սկզբնական դերից։ Սփյուռքում Եկեղեցին շահագործվեց և վերահսկվեց հակադիր քաղաքական կուսակցությունների, այդ թվում և Սառր պատերազմի ընթացքում հակադիր դիրքեր գրաված կուսակցությունների կողմից։

Պատմության ընթացքում Եկեղեցին որքան ավելի է «ազգային» բնույթ ստացել և ստանձնել ոչ֊հոգևոր ու ոչ֊կրոնական գործառույթներ, այնքան ավելի է կարիք ունեցել հարմարվելու և համաձայնեցվելու քաղաքական կառույցների հետ՝ լինեն դրանք հայկական թե օտար կառույցներ։

Հայ կաթոլիկ եկեղեցին ու հայ բողոքական եկեղեցին հիմնականում դուրս են մնացել հայ ներքին կյանքի պայքարներից, բացի տասնիններորդ դարակեսից, երբ Օսմանյան Կայսրության կառավարությունը որոշեց նրանց ճանաչել իբրև աոանձին միլլեթներ։ Ինչևէ, այդ մեկուսիությունր չի նշանակում, թե դրանց ղեկավարներն ու անդամները համակրանքներ չեն ունեցել կամ չեն կիսել ազգի մնացած մասի ճակատագիրը և կամ մշակութային ու կրթական կյանքում չեն ունեցել իրենց ներդրումը։

Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք էին ՀԲԸՄ֊ը և ՀՕՄ֊ը, Սփյուռքում օգտակար գործ են կատարել՝ պետական սահմաններից դուրս ընդհանուր կապերի զարգացման առումով։ Առնչակից լինելով հանդերձ քաղաքական կուսակցություններին՝ այս կազմակերպությունները ազգի անդամներին ի մի գալու և միաժամանակ նվազ բախտավորներին օգնելու հնարավորություն են ընձեռել։

Որոշ կազմակերպություններ, ինչպես Թեքեյան մշակութային միությունը և Համազգային մշակութային միությունը, որոնք իբրև քաղաքական կուսակցությունների մշակութային ճյուղեր հիմնադրվել են Միջին Արևելքում և ծառայել են խիստ օգտակար նպատակի, չեն կարողացել նույնքան արդյունավետ լինել ԱՄՆ֊ում, Ֆրանսիայում և Կանադայում։ Միջին Արևելյան այս միությունները հայ մշակույթը ներկայացնող և արվեստներն ու կրթությունը խրախուսող հզոր միջոց էին, նրանք նաև պատուհան էին իրենց երկրների և աշխարհի մշակույթների համար։

Քաղաքական կուսակցությունները սփյուռքյան միջավայրում

Հայերի դժվարին կացության մի զարմանայի երևույթ է այն հանգամանքր, որ իրենց «քաղաքական կուսակցություններ» կոչող կազմակերպությունները գործառում են Սփյուռքում։ Սա սովորական երևույթ չէ ուրիշ սփյուռքներում։

Երեք կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունր, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցությունը հիմնադրվել են պաշտպանելու համար հայության շահերը կամ ներկայացնելու հայությունը Օսմանյան Կայսրությունում։ Ցեղասպանությունը վերջ տվեց Թուրքիայում նրանց գործունեությանը, իսկ Առաջին Հանրապետության խորհրդայնացումը փակեց Հայաստանը նրանց առջև։ 1921֊ից հետո նրանք դարձան սփյուռքյան կուսակցություններ։ Այս կուսակցությունները հիմնականում դարձան կազմակերպություններ, որոնք օգնեցին կառուցելու համայնքային հաստատություններ և աշխատեցին վերահսկել դրանք։ Նրանք նաև, Եկեղեցու հետ միասին, համայնքը ներկայացնում էին հյուրընկալ երկրների իշխանությունների մակարդակում՝ երբեմն պետության իրավական կառույցներում, երբեմն՝ անպաշտոն կերպով։ Քաղաքական կուսակցությունների սփյուռքայնացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ այս երկու գործառույթներն սկսեցին զբաղեցնել կազմակերպությունների անդամների ժամանակի մեծ մասը։

Կար նաև գործունեության երրորդ ոլորտը, որը տարտամորեն կոչվել է Հայ Դատ, Հայկական Հարց։ Հայ Դատ տերմինը առնչվում էր ամեն ինչի և ամեն բանի, որ վերաբերում էր հայերին՝ ինքնության ճգնաժամից սկսած մինչև համայնքի միասնականության հարցերը, խառն ամուսնություններից խուսափելու մեխանիզմների չգոյությունից մինչև համալսարաններում հայոց պատմության դասընթացներ մտցնելու հարցերը, դարավոր հակամարտություններից մինչև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը և Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը։

Հայ Դատի ծավալվող սահմանման խորքերում ընկած էր իդեալական հայրենիք ստեղծելու զուտ քաղաքական նպատակը։ Իր սահմանումով գրեթե ոգեղեն իմաստ ունեցող Հայ Դատն աստիճանաբար միջազգային գործերի աշխարհում վերաճեց առեղծվածային ռազմավարությամբ առասպելական պայքարի, որը քչերն էին արտոնված իմանալ, իսկ շատ ավելի քչերից էր ակնկալվում դա հասկանալ։

1970֊ականներին Ցեղասպանության ճանաչումը դարձավ Հայ Դատը հասկանալու բանալին։ Քաղաքական կուսակցությունները Ցեղասպանության ճանաչումը և Մեծ Հայաստանի ստեղծումը շաղկապում էին միմյանց։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը իրավական հիմք կհանդիսանար նրա արևելյան նահանգների՝ Արեւմտյան Հայաստանի պահանջի համար։ Քաղաքական աջակցությունը գալու էր այն երկրներից, որոնք նույնպես կճանաչեին Ցեղասպանությունը, իսկ գործնական օժանդակությունը գալու էր Թուրքիայի ավանդական թշնամուց՝ ռուսներից ու ԽՍՀՄ֊ից, որոնք կընդունեին միացյալ Հայաստանը, սակայն դեմ կլինեին ազատ ու անկախ Հայաստանին։

ժամանակ կար, երբ ՀՅԴ֊ն երեքն էլ ուզում էր․ ազատ, անկախ և միացյալ Հայաստան, որոնցից ազատն ու անկախը մինչև 1960֊ական թվականները առաջին տեղում էին։ ՀՅԴ կուսակցությունը գտնում էր, որ ազատն ու անկախը սոսկ երևակայության արգասիք չեն, դրանք հստակ հավանականություն են։ ԽՍՀՄ֊ը շուտով կփլուզվի իր իսկ ծանրությունից ու վերիվարումներից։ Հակադաշնակցական ճամբարը չէր ցանկանում այդ սցենարին մաս կազմել՝ վախենալով բարկացնել ԽՍՀՄ֊ին, որին հանձնված էր Հայաստանր։ Երբ ՀՅԴ֊ն փոխեց իր ռազմավարությունը՝ առաջնությունը տալով «միացյալին», և հակա֊ՀՅԴ֊ական կուսակցությունները մտածեցին, որ հնարավոր է այդ գաղափարն ակտիվորեն հետապնդել, համաձայնություն ձեռք բերվեց, և ստեղծվեց Հայ Դատի ժամանակակից սահմանումը, որին համաձայնեցին երեք ավանդական կուսակցութունները։ ՀՅԴ֊ի և հակադաշնակցական ճամբարի (ՌԱԿ և ՍԴՀԿ) միջև գաղափարաբանական ու ծրագրային հակամարտությունն աստիճանաբար անհետացավ, թեև ավանդական հակադրությունը պահպանվեց։ Միաժամանակ, գործունեության այս երրորդ ոլորտը, որն արդեն տեղակայված Սփյուռքի համար մի քիչ շատ էր հեռավոր, հավասարեցվեց Ցեղասպանության ճանաչման խնդրին, հարց, որն այնքան սրբազան էր, որ ոչ մի հայ առարկություն չէր կարող ունենալ՝ առանց դժոխքում իր համար հավաստի տեղ ապահովելու։

Սակայն առանձնապես քննարկումներ չեղան խնդրի հիմքում ընկած հետևյալ դրույթներից որևէ մեկի վերաբերյալ․ Թուրքիան կճանաչի՞ Ցեղասպանությունը՝ իմանալով հանդերձ, որ դրան պետք է հետևեն տարածքային հատուցման պահանջները, Արևմուտքի երկրներն ու ՆԱՏՕ֊ն անդամներից մեկի վտարմամբ կնպաստե՞ն կամ կօժանդակե՞ն իրենց իսկ մասնատմանը՝ դրանով օգնելով այն մրցակցությանը, որի դեմ է ուղղված ՆԱՏՕ֊ն, ԽՍՀՄ֊ը հանուն Հայաստանի կվտանգի՞ համաշխարհային անվտանգության համակարգում իր դիրքերը եւ Արևմուտքի հետ իր ստեղծած բազմաշերտ հարաբերությունները։

Որևէ վկայություն չկար այն մասին, թե Ռուսաստանն ուզում է վտանգել Թուրքիայի հետ իր հարաբերությունները։ Բոլշևիկյան ու քեմալական հեղափոխություններից ի վեր երկու պետությունները պատերազմի մեջ չեն ներքաշվել, առճակատումից խուսափել են ամեն գնով։ Թուրքիան խելամտորեն չմասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Միակ միջադեպը, որը ոմանց կարող էր դրդել այլ կերպ մտածել, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, երբ Ռուսաստանը բարձրացրել էր Կարսի եւ Արդահանի հարցը, Թուրքիայում գտնվող երկու շրջաններ, որոնք պատմական Հայաստանի և, ինչն ավելի կարևոր է, 1918֊1920 թթ․ Առաջին Հանրապետության մաս են կազմել։ Սակայն այդ քայլի նպատակը Թուրքիային ահ տալն էր և նրան զսպելը, որ դաշնակիցների կողմից պատերազմի մեջ մտնի։ Բացի այդ, վրացիները գտնում էին, որ հարցն իրենց համար է բարձրացված։ Իսկ ԽՍՀՄ֊ը երբեք Թուրքիայի կառավարությանն այդ տարածքների համար պաշտոնական պահանջ չի ներկայացրել։

Սակայն այս հարցերը միայն խճողելու էին պատկերը և կարող էին բացել ռազմավարական խաղի խորհրդավորության քողը։ Փաստն այն է, որ բարձրագույն իդեալը նույնպես սփյուռքայնացվեց․ այն ընկալվեց այն ձևով, որ պատասխաններ չէր ենթադրում, և սնվեց մի ընթացքով, որից արդյունքներ չէին ակնկալվում։ Կուսակցական մի ղեկավար 1987֊ին վիճում էր՝ ասելով, թե անկախ Հայաստան կարգախոսի արժեքը կայանում է երիտասարդությանը խթանելու և ներշնչելու դրա հնարավորության մեջ։ Անկախ հայրենիքի՝ իբրև իդեալի, կարոտը մարդու մտածողության և ոգու վեհանձնության հավաստումն էր։ Այն ծրագիր չէր, որ պահանջեր հուսալի ռազմավարություն և արդյունքներ, մեկ բառով ասած՝ հաշվետվություն, հաշվետվություն գործողությունների, խոստումների ու իրագործումների մասին։

Զարմանալի չէ, որ սփյուռքյան քաղաքական լեզուն յուրացրել էր Եկեղեցու տերմինաբանությունը․ Հույս, հավատ, զոհաբերում և կամք բառերը ելույթների և թերթերի խմբագրականների հիմնական բառապաշարն էին։ Միջազգային հանրությունն «անբարոյական» էր և դավաճան։ Հայկական հարցը վերածվեց մի տեսակ կրոնի՝ մեղքերի ու սրբերի սեփական հիերարխիայով, ուր կուսակցական ղեկավարներն ստանձնել էին միջնորդների ու մեկնիչների դերերը։

ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ն հանձնվել էին պատմությանը, նրանց գաղափարաբանական կառույցներն այդքան մշակվածության, իսկ աստվածաբանությունն՝ այդքան նրբագեղության հարկ չունեին։ ՀՅԴ֊ն էր, որ ձգտում էր բարձրագույնին և ամենից ավելի ապացուցելու կարիք ուներ։ Եթե գոյության ունենար հաշվետվական ընթացակարգ, Պետականության մարտահրավերը ՀՅԴ֊ն հարկ կունենար բացատրելու երրորդ (Հայ Դատի) ոլորտում իր ձախողումը և հայրենիքի մյուս մասերն ազատագրելու իր ռազմավարությունը այն դեպքում, երբ յոթ տասնամյակի վերջում ինքը նույնպես ընդունել էր անազատ ու անանկախ Խորհրդային Հայաստանը։ Բայց, մեկուսանալով քաղաքական կյանքի առօրյա պահանջներից, ՀՅԴ֊ն իր գործողություններն ու քաղաքականությունը պարուրեց առասպելականի շղարշով, կենտրոնամերձ շրջանակներում։ Միայն բարձրագույն էշելոնի անդամներն էին հասու հավատո այդ համակարգի նրբություններին։

Հերոսներն ու նահատակները, որոնց աճեցրել է ՀՅԴ֊ն և դեռ աճեցնելու էր, նրան ընձեռեցին այդ հնարավորությունը։ Օսմանյան զինվորների հետ կենաց ու մահու պայքարի ելած առաջին ֆիդայիներից սկսած մինչև Ցեղասպանության հեղինակներին ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանն ու իր ընկերները, մինչև 1983֊ին Լիսաբոնում թուրքական դեսպանատան վերջին «նահատակը», ՀՅԴ֊ի կողմից ապահովված էին անհատական փրկության մոդելներով, մոդելներ, որպիսիք ապահովում Են կրոնները։

Միստիցիզմը կլանել էր բոլոր անդամներին։ ՀՅԴ֊ի և, ավելի նվազ չափով, այլ կուսակցությունների անդամներ, մի տեսակ պարտավորություն էին զգում, որը ոչ֊անդամների համար դժվարհասանելի էր։ Անդամները նաև լիազորված էին զգում, նրանք մասն էին համարվում այն սեղմ ու ընտրյալ եղբայրության, որը ժամանակին ընդվզելէ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների դեմ, տվել է հերոսներ ու նահատակներ, ստեղծել է հանրապետություն, ձևավորել է ազգի բարձրագույն իդեալները և դրանք պահպանել բոլոր աշխարհամասերի իր կառավարած համայնքներում։ Այն վայրերի հայերը, որտեղ ՀՅԴ֊ն չէր կարող այդ նույնն արած լինել, ինչպես ԽՍՀՄ֊ի ու Թուրքիայի հայերը, ավելի լայն տեսահորիզոնի կամ Հայ Դատի ռազմավարության մեջ համարվում էին անկարևոր։ Մակայն ԽՄՀՄ֊ն իբրև պետություն, այնուամենայնիվ, մտցված էր այդ ռազմավարության մեջ՝ իբրև գործընկեր, իբրև մեկը, որի հետ կարելի է բանակցել ինչպես հավասարի հետ, մինչ Թուրքիային հատկացված էր չարագործի դերը։ Անդամները ցանկանում էին հավատալ, որ իրենց կուսակցությունները ազդում են շատ կառավարությունների վարքի վրա և նպատակ ունեն ստեղծել ու կառավարել լավագույն մի Հայաստան, Հայաստան, որը մարմնավորելու է երեքհազարամյա իր լավագույն փորձառությունը և եղբայրակցության այն զգացումը, որը ժխտեց պատմությունն ու խախտեց մահկանացուների կողմից ստեղծված սահմանները։

Կուսակցությունները մի ամբողջ աշխարհայացք էին մատուցում, որը պարփակում էր ամեն բան՝ երեխաների կրթությունից մինչև մշակույթ, սպորտ և կրոն, հյուրընկալ երկրների հետ հարաբերություններից մինչև միջազգային հարաբերություններ, դավաճանության սահմանումից մինչև նահատակությամբ մահը և խոստացված հանդերձյալ կյանքը։ Հատկապես ՀՅԴ անդամների համար, իրենց կուսակցությունը պատասխանն էր հայկական բոլոր ցավերի, որ գալիս էին պատմությունից, պատասխանն էր ներկայումս հայերի դեմ ծառացած խնդիրների՝ որտեղ էլ որ լինեն հայերը, և ինչ էլ որ լինեն այդ խնդիրները։

Կարո՞ղ է մեկ գաղափարախոսություն, մեկ ծրագիր, մեկ կազմակերպություն լինել այդքան շատ բան, այդքան երկար ժամանակ, այդքան մարդու համար, այդքան շատ երկրներում, և շարունակել մնալ արդյունավետ։ Պատասխանը մասամբ պարունակվում է հարցի մեջ։ Այդքան շատ պարտավորություններ ստանձնելն ակնկալում է, որ մնացած բոլորը պետք է հասկանան և օժանդակեն իրեն, սակայն չքննադատեն։ Այլ կերպ ասած՝ երբ գործ ունես ինքնության, հույսի ու հավատքի հետ, հարցադրումն ինքնին սխալ է։

Պատասխանի մյուս մասն այն է, որ կուսակցության հոգեբանության հեռու֊հեռավոր խորխորատներում ընկած էր Սփյուռքը կազմակերպված տեսնելու բնազդային պահանջը, որ ծագել էր Օսմանյան Կայսրությունում ազգի խնդիրներն արտահայտելու հարցում Եկեղեցու ձախողմամբ։ ՍԴՀԿ֊ն, բայց հատկապես ՀՅԴ֊ն, մերժեցին «կրոնական փոքրամասնություն» կարգավիճակը և կարողացան հայի հոգեբանությունը երրորդ կարգի ողորմելի քաղաքացուց վերածել մեկի, որն իր կյանքը, իր դատը և իր ժողովրդին բավականաչափ կարևոր է համարում՝ կարողանալու համար զոհել այդ կյանքը, դառնալ ֆիդայի, դառնալ նահատակ։

Վերապրածն ու գաղթականը նույնպես կարիք ուներ ապացուցելու, որ դեռևս ողջ է, ողջ է իբրև հայ և րնդունակ է գործելու՝ որքան էլ որ պատմությունը ձգտել է իրեն իջեցնել ոչնչության հարթակին։

Իր խորին խորքերում ՀՅԴ֊ն գաղափարախոսություն, քաղաքական կուսակցություն, ծրագիր կամ ռազմավարություն լինելուց առաջ նախ կազմակերպություն է։ ՀՅԴ֊ի բարձրագույն սկզբունքն իր կազմակերպվածության սկզբունքն է։ Պատմության մեջ, բացի մեկ֊Երկու հնարավոր ու հետաքրքիր բացառություններից, դժվար է գտնել մի կուսակցություն, որը կազմակերպական կանոնների վրա այդքան շատ ժամանակ ու եռանդ է ծախսել և շարունակում է ծախսել։ Ըստ այդ սկզբունքի մարտական պատրստվածություն ունեցող և լավ հղկված կազմակերպությունը կարող է ծառայել ցանկացած կարիքի, ցանկացած մակարդակում և ցանկացած տեղ։ Ծրագրերը կարող են փոխվել, գաղափարախոսությունները՝ գալ ու գնալ, իրադարձությունները՝ կատարվել֊անցնել, պատմությունը կարող է ծանր, նույնիսկ մահացու հարված հասցնել, հայերը կարող են մենակ մնալ աշխարհի ու նրա գերտերությունների դեմ։ Բայց ամեն բան կարգին է, քանի կազմակերպությունը կա․ մի քանի մարդ կարող են եկեղեցի կառուցել, դպրոց բացել, հեղափոխություն ծրագրել, համայնքը պաշտպանել ֆիզիկական հարձակումներից, գործարքների ու փոխզիջումների գնալ և շարունակել երազել իդեալական Հայաստանի մասին։ Կազմակերպությունը ազգի ուժի շտեմարանն է, ըստ դաշնակցական մի պատմաբանի՝ ազգի առնականությունը։

Որպեսզի կարողանա կերպափոխումներ ու փոփոխություններ կատարել երբեմն իր հիմնարար սկզբունքների մեջ, և կարողանա շարունակել մնալ արդյունավետ ու գոյատևել, Կազմակերպությունը կարգապահության կարիք ունի։ Ներկուսակցական հարցերի կամ ՀՅԴ անդամների «ինկվիզիցիայի» մեծ մասը կապված է եղել կազմակերպական կանոնների խախտումների հետ։ Գաղափարախոսական, ծրագրային և քաղաքական մարտերը, որոնք բռնկվում են կանոնավոր կերպով, լուծվում են այդ կանոնների միջոցով։

Կազմակերպական կանոններին ու կարգապահությանը հնազանդվելու դիմաց ՀՅԴ անդամները որպես փոխհատուցում դառնում են արտոնյալ։ Ամենաաննշան անդամն իսկ, անդամակցության ընձեռած շնորհով, ներկայացնում է զտարյուն հային, ինչպես նաև՝ անցյալի իմաստությունը։ Ելակետն այն է, որ մեկ հարյուրամյակի փորձառությունը փոխանցվում է կուսակցության յուրաքանչյուր անդամի, որը, ըստ սահմանման, բոլորից ավելի որակավոր է՝ դպրոց, եկեղեցի, թերթ, երկիր ղեկավարելու համար, քանի որ ներկայացնում է հավաքական ու պատմական իմաստություն և կամք։

ՀՅԴ֊ն իր նվիրյալ ու հավատացյալ անդամներով կարևորագույն դեր է կատարել տարանջատված, ցրիվ եկած և, իբրև պետություն չունեցող ազգ, սպառնալիքի տակ կքած ժողովրդի կյանքում։ Կուսակցությունը կարողացել է որսալ ու արտահայտել այն ժողովրդի ցասումը, հուսախաբությունն ու երազանքները, որն ստացել է այլ ժողովուրդների խաբուսիկ կարեկցանքը և ոչինչ ավելին։

ՀՅԴ֊ն հաճախ եղել է անվեհեր ու խիզախ։ Նա բազուկն էր այն ժողովրդի, որը ահաբեկեց Ցեղասպանության կազմակերպիչներին, երբ աշխարհն ուզում էր այն մոռանալ։ Ոչ մի Թալեաթ փաշա անպատիժ չպետք է մնար։ Եվ երբ Սողոմոն Թեհլերյանը Թալեաթին սպանեց, սպանեց ոչ միայն հանուն զոհվածների, այլ նաև հանուն փրկվածների, հանուն վերապրածների շառավիղների, նույնիսկ եթե աշխարհը նման ակտը չհռչակի իբրև ողջ մարդկության համար արդարադատության ակտ։ Պատմությունը երբեմն խաչաձևում է արդարադատության հետ։ Պատմությունը երբեմն հայտնվում է անհատների տեսքով։ Եվ երբ հայտնվում է, սովորաբար խաղն արդեն ավարտված է։

Սակայն ժամանակի ընթացքում, վերջին յոթանասուն տարում, ՀՅԴ֊ն ծավալվել ու վերածվել է պետության՝ ժողովրդի մեջ ու համայնքում, միևնույն ժամանակ հավակնելով վերպետական ազգային կազմակերպության կարգավիճակի։ Սա, իսկապես, դժվարացնելու է ՀՅԴ֊ի համար ընդունել կամ մաս կազմել ավելի համեստ, «նորմալ» պետության, «նորմալ» Հայաստանի։ Եթե, իհարկե, ՀՅԴ֊ն ինքը չէ պետությունը։

Այդքան շատ հավատամքներ ու հավակնություններ ունեցող նման ահռելի կազմակերպության առկայությամբ ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ը ստանձնեցին հակադրվողի դերը։ Նրանք նույնպես, ի վերջո, հայ էին, նույնպես մեծ գործեր էին կատարել, ունեին հետևորդներ։ Այս երկու կուսակցությունները փորձում էին գործել իբրև հակակշիռ ՀՅԴ֊ի մենատիրական հավակնությունների։

1982֊ին Լոս Անջելեսում մի դասախոսության ժամանակ ասացի, որ Հայ Դատն ունի երկու պրոբլեմ։ Առաջինը ՀՅԴ անդամներն են, որոնք գտնում են, որ դաշնակցական լինելը Հայ Դատը լուծելու անհրաժեշտ ու բավարար պայման է։ Երկրորդն այն մարդիկ են, որոնք գտնում են, որ հակադաշնակցական լինելն է անհրաժեշտ ու բավարար պայման միևնույն նպատակին հասնելու համար։

Կուսակցությունների միջև հակադրությունները դրական դեր կատարեցին միայն այն առումով, որ համայնքում ավելի լավ կառույցների համար մրցակցություն առաջացրին։ Սակայն համայնքի գերքաղաքականացումը դժվար է դրական զարգացում համարել։ Համայնքը եռանդը կենտրոնացնում էր մանր իշխանության համար տարվող քաղաքական պայքարի վրա, այդ պայքարը սաստկանում էր ու վանում նոր սերունդների նկատելի մասին, հանգեցնում էր որակների կորստի, համայնքի ղեկավարների վարկն իջեցնում համայնքի չեզոք, բայց ազդեցիկ անդամների աչքում, որոնք դեռևս ազդեցություն ունեին, և կուսակցություններին խոցելի դարձնում հյուրընկալ երկրների և միջազգային այլ ուժերի խաղարկումների հանդեպ։

Ի վերջո կայացվեցին կարևոր որոշումներ, մշակվեցին մշակութային, քաղաքական ու մտավորական աշխատաոճեր՝ հիմնականում երեք կազմակերպությունների կողմից, որոնց անդամների թիվը միասին 1988 թ․֊ին կազմում էր մոտ 12․000․ ՀՅԴ֊ն ներկայացնում էր այդ թվի մոտ երեք֊քառորդը։

Այս «կուսակցություններն» ահա, բուն հողի վրա մտան Հայաստանի և Ղարաբաղի քաղաքականության մեջ, այլ ոչ թե մնացին հեռվում՝ իբրև օժանդակող մեխանիզմներ։

Հասնելով համակեցության կարգավիճակի

1980֊ականներին փոխադարձ պախարակումներն ու ջղաձգումները Սփյուռքում վերջապես դադարեցին։ Սառը պատերազմը, որը որդեգրված էր քաղաքական կուսակցությունների կողմից և ներմուծված համայնքային ու եկեղեցական գործերի մեջ, ավարտվեց։ Մարտերը մղված էին, հայերը սպանել էին միմյանց Սառը պատերազմի ընթացքում ՝ որդեգրելով համաշխարհային գործերին մասնակից լինելու ծայրահեղ ձևը։

Վերջին արյունալի մարտը մղվել է Դաշնակցության և Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) միջև, որը սակայն առնչվում էր մի հարցի, որի շուրջ բոլորի կողմից համաձայնություն էր իշխում, Ցեղասպանության հարցին, այն է՝ թե ո՞վ էր ավելի լավ սպառազինված՝ այդ նպատակի հետապնդման համար։ Մեկ այլ, այս անգամ ոչ֊արյունալի մարտ մղվեց քաղաքական կուսակցությունների՝ հիմնականում ՀՅԴ֊ի և Ամերիկայի հայկական համագումարի միջև։ Այն նույնպես կարգավորվեց։

Սփյուռքն ինքն իր հետ խաղաղ էր, նույնիսկ՝ գոհ։ Որոշ մտավորականներ նույնիսկ սկսեցին խոսել Սփյուռքի, իբրև ինքնին «արժեքի» մասին՝ անկախ հայրենիքից, իբրև մի տեսակ մշտական, բայց «հոգևոր» տան և ոչ թե վերլուծության նյութի։ Այս վերաբերմունքը համակերպվելու, ինչպես նաև ազատագրության մի ձև էր։ Որոշ մարդիկ պնդում էին, որ այժմ ժամանակն է հետազոտելու Սփյուռք լինելու գոյաբանական իմաստը՝ զերծ այն արգելքներից, որ հաղորդում էր «հայրենիքի» հետ կապը։

Սակայն ի՞նչ գնով ձեռք բերվեց այս համակեցությունը՝ այդ modus vivendi֊ին։ Խաղաղ Սփյուռքը շատ կազմակերպությունների հնարավորություն տվեց կենտրոնանալ կառույցների ստեղծման վրա, համայնքների կողմից իրենց կառավարությունների վրա ազդելու կարողությունը բարձրացնելու վրա այն երկրներում, որտեղ դա արտոնված էր, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտներին որոշ օժանդակության տրամադրելու վրա, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման ջանքերի վրա։

Համայնքի վրա վերահսկողության համար պայքարը, նայած տեղի, լուծվեց երկու ուղիներից մեկնումեկով՝ կամ մեկ կուսակցության վերահսկողությամբ և մյուսների բացառմամբ, կամ համայնքը «ազդեցությունների ոլորտների» բաժանելով, երբ յուրաքանչյուր կուսակցություն զերծ էր մրցակցությունից։ Եկեղեցիների միավորման հարցը լուծվեց՝ վստահանալով, որ յուրաքանչյուր կողմ պահպանում է վերահսկողությունը «իր Եկեղեցու» վրա , որն իր հերթին նշանակում էր եկեղեցու բաժանվածության պահպանում։ Կուսակցությունները, երբ կարիք ունեին, համագործակցում էին, հակառակ դեպքում՝ միմյանց հանգիստ էին թողնում։ Կուսակցական մարմինները դադարեցրին մյուս կուսակցություններին քննադատելը, ոչ մի իրական հարց ու հակասություն լույս աշխարհ չէր գափս։ Մի քիչ գրվեց կամ խոսվեց դպրոցների ու դասագրքերի որակի և բովանդակության մասին, ղեկավարների որակի ու ոճի մասին, ներհամայնքային լարվածությունների մասին, Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու ռազմավարության մասին, կուսակցության ու կառույցների գործունեության հաշվետվության և նման այլ խնդիրների մասին։ Կուսակցություններն ու կազմակերպությունները գոհ էին՝ իրենց ոլորտների վրա վերահսկողությունը պահպանելու և իրենց գործունեության համար ֆինանսական և այլ կարգի օժանդակության հիմքերը ապահովելու համար։ Պատմաբանները նորից ու նորից ապացուցում էին, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, և կուսակցությունները հետապնդում էին Ցեղասպանության ճանաչման հարցը։ Մտածելու շատ բան չէր մնացել։

Սփյուռքը նաև տառապում էր իներցիայի և ձանձրույթի զգացումից։ Նրա հաստատությունները հավասարակշռության էին հասել, սահմանել էին այն աշխարհը, որում կարող էին գործառել։ Անցյալը բացատրվում էր ու պաշտպանվում, ներկան հրաշալի էր ընթանում, և ապագան հանդարտորեն նույնացված էր այն երկրների ապագայի հետ, որտեղ ապրում էին հայերը։ Սակայն Խորհրդային Հայաստանն ու խորհրդային հայերը այս ամենին մաս չէին կազմում։

Որոշ կազմակերպությունների համար Հայաստանը հազիվ Գոյություն ուներ՝ խորհրդային, անկատար ու սիրո արժանի, արժանի նաև դրսի մանր֊մունր օգնություններին։ Ուրիշների համար «հայրենիքը» իդեալականացված Հայաստանն էր, մի Հայաստան, որը գոյություն չուներ և հավանաբար երբեք գոյություն չէր ունենալու։ Բայց ջանքերն ավելի ուղղված էին փափագելուն, քան ձեռք բերելուն։ Ինչևէ, մեծ մասի համար Խորհրդային Հայաստանր մնում էր հեռվում՝ ճանաչված իր միջնադարյան վանքերով ու հելենիստական տաճարով, ներկայացված խաղողի այգիների ու թանգարանների նկարներով, Հայաստանը թանգարան էր՝ բացօթյա, բայցևայնպես թանգարան։

Սփյուռքը ճակատագրական 1988 թվականը մուտք գործեց հիմնականում ներքին խաղաղությամբ՝ զերծ Սառը պատերազմի ընթացքում կատարված ներքին արյունահեղություններից, որոնք սկսվել էին 1975֊ին Լիբանանում։ Սփյուռքը բաժանված էր, սակայն ակտիվ, համայնքային քաղաքականության մեջ խորասուզված և ինքնագոհ։

Սփյուռքի առջև հառնում են փոփոխություններ «Հայրենիքի» ճակատում

Ի պաշտպանություն Հայաստանի հետ միավորվելու Ղարաբաղի պահանջի 1988 թվականի փետրվարին Երևանում ժայթքած զանգվածային ցույցերը ցնցեցին Սփյուռքը։ Ստեփանակերտի ցույցերին հաջորդեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության կոտորածները և ապա Ղարաբաղ Կոմիտեի ստեղծումը։ Այնուհետև հաջորդեց 1988֊ի դեկտեմբերի երկրաշարժը, որի պատճառած ցնցումը շատ ավելի հզոր էր, քան սոսկ երկրի ցնցում։

1990 թվականի ամռանը ՀՀՇ֊ն ընտրությունների միջոցով անցավ իշխանության, իսկ 1991֊ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը և ստեղծեց նախագահական կառույց։ 1991֊ից 1994֊ը Ղարաբաղի քաղաքական հակամարտությունը դարձավ Ղարաբաղյան պատերազմ, որում հաղթեց հայկական կողմը։ Կարճ ժամանակամիջոցում Հայաստանն ու աշխարհը փոխվեցին։ Ինչպե՞ս արձագանքեց Սփյուռքը։ Ինչպե՞ս հարմարվեց այդ փոփոխություններին կամ հարմարվե՞ց արդյոք։

Զանգվածային շարժումը Սփյուռքի համար նախևառաջ անսպասելի էր։ Թեև շատ քչերն էին քնքուշ զգացումներ տածում խորհրդային համակարգի հանդեպ, մեծ մասի համար աներևակայելի էր փողոցներում կառավարությանը դեմ ելնելը։ Եվ շարժման ծավալն ու ուղղությունը կարգին չհասկանալով՝ սփյուռքահայերը «իրական» բացատրություններ էին որոնում և չէին կարողանում պատկերացնել հետևանքները։

Որոշ մարդիկ, սովորաբար պատմաբաններն ու կուսակցությունների հետ սերտորեն առնչվողները, գիտեին, թե Ղարաբաղը որտեղ է, և թե Լեռնային Ղարաբաղի պրոբլեմն ինչ է։ Շատերը չգիտեին։ Տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ համաշխարհային լրատվամիջոցները, գրեթե երկյուղածությամբ, իրենց առաջին էջերում և առաջնորդող հոդվածներում հայկական հարց էին արծարծում։ Վերջին անգամ հայերը զանգվածային լրատվության միջոցների կողմից ուշադրության էին արժանացել 1973֊1983 թթ․ ընթացքում, երբ հայկական խմբավորումների կողմից թուրք դիվանագետներ էին սպանվում, և շատ հայեր վստահ չէին, թե հավանում են հայի այն կերպարը, որը ներկայացվում էր լրատվությամբ։ Այժմ միջազգային մամուլը բացատրում էր, թե որտեղ են գտնվում Հայաստանն ու Ղարաբաղը։

Իրենց ինքնության ճանաչեցման որոնումների մեջ գտնվող սովետահայերի համար, որոնք հոգնել էին հարևաններին, բարեկամներին ու աշխատակիցներին բացատրելուց, թե «ինչ է նշանակում հայ լինել», այս ուշադրությունը հրաշքի պես մի բան էր։

Այնուամենայնիվ, նրանք շատ վստահ չէին, թե ողջունում են այդ անսպասելի հրաշքր։ Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ժողովուրդը, որը պատմությունից դուրս էր համարվում, արեց այն, ինչ հայ քաղաքական կուսակցությունները, լոբբիստական խմբերը, մշակութային ու գիտական կազմակերպությունները ի վիճակի չեղան անելու տասնամյակներ շարունակ։

ժողովուրդ բառը հանկարծ ձեռք բերեց նոր, գրեթե տագնապահարույց նշանակություն։

Սումգայիթի կոտորածներն, ամեն դեպքում, ավելի ծանոթ իրադարձություն էին։ Գիտեին դրանց ինչպես վերաբերվել։ Ոգեկոչվեցին պատմությունն ու ցասումը, կրկին՝ զոհերի ազգ լինելու զգացումը։ Կոտորածները հայերին հիշեցրին խորհրդային ռեժիմի որոշ նվազ բարեկամական հատկությունների մասին, ինչպես նաև զորացրին «թուրքի»՝ իբրև հավերժական թշնամու, կերպարը և մշտապես ներկա սպառնալիքը։ Սակայն Շարժումը շարունակվում էր։ Երևանն ու Ղարաբաղ Կոմիտեն ղեկավարությունն իրենց ձեռքն էին առել։

Սփյուռքի քաղաքական կուսակցությունները դժվարին կացության մեջ էին։ Նրանք տանջվում էին՝ հանրությանը մատուցելիք բացատրություններ գտնելու համար այն հսկայածավալ իրադարձությունների մասին, որոնք գրավել էին աշխարհի ուշադրությունը, սակայն որում իրենք դեր չունեին, և որոնց կողքին մնացած ամեն բան մթագնել էր։ Կուսակցություններն իրադարձությունները չափում էին այն հաշվարկով, թե Մոսկվան ինչ կմտածի կամ կանի՝ չհավատալով, որ Հայաստանում կարող է տեղ գտնել տևական քաղաքական շարժում՝ ազգային այն շահերի հետապնդմամբ, որոնց պահապաններն էին իրենք։ Սփյուռքահայ քաղաքական կուսակցությունների համար գտնված համակեցությունը ոչ միայն Սփյուռքի ներսում էր, այլև Սփյուռքի և Խորհրդային Միության միջև, և տարածվում էր նաև Խորհրդային Հայաստանի իշխանությունների վրա․ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցությունը իշխում էր ԽՍՀՄ֊ի հայերի վրա, իսկ Սփյուռքի քաղաքական կուսակցությունները կառավարում էին Սփյուռքի հայերին։

1988 թ․ հոկտեմբերին, որպես բացառիկ երևույթ համաձայնության գալով որևէ գրավոր փաստաթղթի շուրջ, ՀՅԴ֊ն, ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ը հրապարակեցին մի «Միացյալ հայտարարություն»։ Այդ հայտարարությունը վերջին տասնամյակի պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որի վերջին երեք պարբերությունն արժե մեջբերել․

«Կը պահանջենք որ Խորհրդային Հայաստանի պետական իշխանությունները առավել վճռականությամբ, հարազատ թարգմանր հանդիսանալով համաժողովրդական իրավացի պահանջներուն, հետևողական նախանձախնղրրութեամբ և օրինական ու քաղաքական բոլոր միջոցներով Ղարաբաղի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ հարցը արդար և ամբողջական լուծման մը յանգելու առաջադրութեամբ, անգոհացուցիչ և՝ Ղարաբաղի ու Հայաստանի ժոդովրդի իրավունքներու և ցանկութեան անհամապատասխան նկատելով ցարդ նախատեսված միջոցառումները։

Կոչ կուղղենք նաև Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովուրդին, որ խուսափեն այնպիսի ծայրայեղական կեցուածքներէ, ինչպես՝ գործադուլները, դասադուլները և ծայրայեղական կարգ մը կոչերը և արտահայտությունները, որոնք կը խանգարեն կարգն ու կանոնը մեր հայրենիքի հանրային կեանքին, ծանր կորուստերու կենթարկեն մեր երկրի տնտեսական, արդիունաբերական, կրթական, մշակութային կեանքը և նաև վնաս կը բերեն մեր ժողովուրդի վարկին ինչպէս նաև բնականոն յարաբերությններուն, ըլլաա խորհրդային վերին իշխանութանց, ըլլայ խորհրդային միուս հանրապետությններուն հետ և կը ծառայեն մեր ժողովուրդի թշնամիներու յետին նպաաակներուն։

Պէտք է ամէն բանէ վեր պահպանել մեր ժոդովուրդի միութիունը, որուն մէջ է մեր զօրութիունը, և հեռատեսութեամբ ու վճռականաթեամբ հետապնդել մեր գերագույն շահերը։»

Տեքստը մեկնաբանությունների կարիք չի զգում, թեև արժանի է ուշադիր ընթերցվելու հետագա զարգացումները և երեք կուսակցությունների քաղաքականությունն ավելի լավ ըմբռնելու առումով։ Արժե նաև նշել, որ հայերեն տեքստր հրապարակվեց անմիջապես՝ ապշանք առաջացնելով ոչ միայն Հայաստանում ու Ղարաբաղում, այլև Սփյուռքի որոշ շրջանակներում՝ ներառյալ Դաշնակցության որոշ անդամների մեջ։ ՀՅԴ֊ն անգլերեն թարգմանությունը հրատարակեց բյուրոյի պաշտոնաթերթի ներդիրում, 1989 թ․ մայիսին, երբ Ղարաբաղ Կոմիտեի բանտարկված անդամները դեռևս Մոսկվայում իրենց դատավարությանն էին սպասում։

Այնուհետև երկրաշարժ եղավ, որը գրավեց աշխարհի կարեկցանքը, և Միխայիլ Գորբաչովին ստիպեց ընդհատել ՍԱԿ կատարած իր այցելությունը և թռչել դեպքի վայր։ Գորբաչովի այցը Հայաստան խորհրդանշականից շատ ավելի մեծ նշանակություն ունեցավ։

Նախ, Գորբաչովը խոստացավ աղետի գոտին վերականգնել երկու տարվա ընթացքում և անհրաժեշտ բյուջեն գնահատեց 14 միլիարդ ԱՍՆ դոլարից ավելի։ Գումարը չէր համընկնում Սփյուռքի կազմակերպությունների կարողություններին, որն, այնուամենայնիվ, սկսեց օգնություն ցուցաբերել։ Նվիարաբերությունները որքան էլ կարևոր ու լավ գովազդված լինեին, չէին կարող ֆինանսավորել վերակառուցման ծրագիրը, թեև միացյալ ջանքերը կարող էին շատ ավելին ասպարեզ բերել և ավելի արդյունավետ լինել սփյուռքյան կազմակերպությունների համար, որոնք աղետի օգնության փորձառությունը չունեին։

Ռեսուրսներն ի մի բերելու լուրջ փորձեր եղան։ Ֆրանսիայամ Շառլ Ազնավուրն ու ՏՕՏ֊Armenie֊ն հսկայական օգնություն են ցուցաբերել աղետի գոտուն, նույնիսկ եթե դա լիովին չմիավորեց Ֆրանսիայի հայության ջանքերը։ Ռեսուրսների միավորում կատարվեց նաեւ ԱՄՆ֊ում՝ Քըրք •Քրրքորյանի պնդմամբ, որը հիմնեց Միացյալ հայկական հիմնադրամր, այն ֆինանսավորեց շռայլորեն՝ հուսալով, որ դա կնպաստի մեծ կազմակերպությունների միասնաբար գործելուն։ Միացյալ հայկական հիմնադրամը շարունակեց լավ գործել և նշանակալի ծառայություն մատուցեց՝ ապահովելով նվիրատվությունների փոխադրումները։ Սակայն միասնության հասնելու նախատեսված նպատակը չիրականացավ, քանի որ մասնակից կազմակերպությունները նախընտրեցին իրենց սեփական առանձին ծրագրերն առաջ մղել՝ վստահ լինելու համար, որ դրանով իրենց կազմակերպությունների վարկն ու ազդեցությունը կմեծանա։

Երկրորդ, Գորբաչովը հայերին խորհուրդ տվեց մոռանալ քաղաքականությունն ու Ղարաբաղը և մտածել աղետի գոտին վերականգնելու մասին։ Շատ սփյուռքահայեր մտածեցին, որ դա իմաստուն խորհուրդ է, և մեծ ցնցում ապրեցին, երբ երկրաշարժից փրկվածներից մեկը Լենինականում Գորբաչովից հաշիվ պահանջեց՝ հարցնելով նրան, թե ինչու արդար չի վարվում և թույլ չի տալիս, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։

Երրորդ, Գորբաչովը երկրաշարժը օգտագործեց՝ Ղարաբաղ Կոմիտեի անդամներին ձերբակալելու և Մոսկվայում բանտարկելու համար։

Երկրաշարժն ունեցավ նաև նվազ ուշադրության արժանացած հետևանքներ։ Մինչև երկրաշարժը, համայնքին և, լայն առումով, «ազգին» ու «Հայաստանին» օգտակար լինելու համար հարկավոր էր լինել խմբագիր, գրող, ուսուցիչ, եկեղեցական կամ որևէ կազմակերպության ղեկավար՝ անկախ մասնագիտությունից։ Միակ բացառությունները բարերարներն էին, որոշ իրավաբաններ, որոնք աշխատում էին ազգային կարևորության գործերի վրա, և պատմաբանները, որոնք նշանավոր ու անհրաժեշտ էին դարձել իբրև Ցեղասպանության պատմական ճշմարտության պաշտպաններ։

Իսկ երկրաշարժի գոտուն օգնելը պահանջեց բժիշկներ, դեղագործներ ու բժշկական տարաբնույթ ծառայողներ, ինչպես նաև ինժեներներ։ Այս մասնագիտությունների տեր անձանց ցանկը, որոնք մեծ մասամբ անհատապես կամ փոքր խմբերով անմիջական և երկարատև նպատակային օգնություն տրամադրեցին, բավական մեծ է։ Ֆրանսիայում մինչ այդ գոյություն ունեցող հայ բժիշկների կազմակերպությունը կարևոր դեր ստանձնեց այդ գործունեության մեջ։ Ի լրումն արդեն նշվածների, հատուկենտ անհատների մի փոքր խումբ՝ Լուիզ Սիմոն Մանուկյանն ու Հրայր Հովնանյանր ԱՄՆ֊ից, Վաչե Մանուկյանն Անգլիայից և ուրիշներ, անձնապես և կազմակերպությունների միջոցով, վիթխարի օգնություն ցուցաբերեցին և նշանակալի դեր ունեցան նոր Հայաստանի կառուցման հարցում՝ ամենատարբեր առումներով։

Անկախությունից հետո այս կերպափոխումը շարունակվեց և տարածվեց նաև այլ մասնագիտությունների վրա։ Մասնագիտական օժանդակություն ցուցաբերող անձանց մեծ մասը սփյուռքյան կազմակերպությունների հետ առնչություն չուներ։ Երկրաշարժը կազմակերպություններին հնարավորություն էր ընձեռել իրենց աշխատանքների շրջանակների մեջ ընդգրկելու հսկայական այն օգնությունը, որ Սփյուռքի մասնագետները կարող էին հատկացնել, պատրաստ էին հատկացնել և հիմնականում հատկացրեցին և՛ երկրաշարժի ժամանակ, և՛ դրանից բավական հետո ևս։ Այդ մասնագետներից շատերը ղեկավարություն էին փնտրում կազմակերպված համայնքի մեջ։ Սակայն, րնդհանուր առմամբ, կազմակերպությունների մեծ մասը չցանկացավ հարմարվել այդ գործունեությանը, որպեսզի հանկարծ չկորցնի գործունեության վրա, եթե ոչ հենց կազմակերպության վրա, իր վերահսկողությունը։ Կազմակերպությունների ղեկավարները համառորեն ցանկանում էին, որ աղետի գոտու օգնության որոշումները միայն իրենք կայացրած լինեն։

Վերջապես պարզ դարձավ նաև, որ իրենց ֆինանսական նվիրատվությունների ու մարդկային ռեսուրսների ուղղորդման հարցում ևս Սփյուռքի համար առաջնայնությունները փոխվել են։ Հայաստանը շատերի համար դարձել էր կենտրոնական հարց։

Այնուհետև եկավ անկախությունը։ ՌԱԿ֊ը և ՍԴՀԿ֊ն այն անմիջապես ընդունեցին, ինչպես վարվեց նաև սփյուռքահայերի ու սփյուռքահայ կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունը։

Դուրս մնացողները ՀՅԴ֊ն ու իր հետևորդներն էին։ Այն կուսակցությունր, որը պահպանել էր անկախ Հայաստանի հավատքը, չկարողացավ իր սրտում մի անկյուն գտնել՝ ընդունելու համար անկախությունը։ Դաշնակցության ամենաջերմեռանդ և ամենանվիրյալ անդամները՝ այդ երազանքի հավատացյալները, կուսակցության կողմից արտոնված չէին հրճվելու անկախ Հայաստանի ծննդով։ Անկախությունը ժամանակին չէր, գտնում էր կուսակցությունը։ Այն շրջահայաց քայլ չէր, այն «նետված» էր Հայաստանին, ոչ թե նվաճված, իսկ անկախ Հայաստանը ղեկավարվում էր «մի խումբ երիտասարդ, անփորձ ղեկավարների կողմից»։

1991թ․ նախագահական ընտրություններում դաշնակցական թեկնածուի ստացած ձայների վհատեցնող քանակը փարատեց կուսակցության անդամների ու համակիրների մեջ տիրող այն անուրջը, թե այն ամենն, ինչ պետք է Հայաստանին, ընդամենը դաշնակցական թեկնածուի ընտրությունն է, որպեսզի կուսակցությունը վերադառնա հայրենիք և ստանձնի դրա ղեկավարությունը։ Կուսակցության մի քանի ականավոր ներկայացուցիչներ գտնում էին, որ խելամիտ չէ այդքան շուտ թեկնածու առաջադրելը։ Ապագա դաշնակցական նախագահի կաբինետում ոմանց արդեն աթոռներ էին խոստացված։

1991֊ից հետո ՀՅԴ֊ն քարոզչություն ծավալեց համայնքի ներսում և հյուրընկալ երկրների կառավարությունների մոտ։ Հակահայաստանության հասնող հակատերպետրոսյանական ու հակա֊ՀՀՇ– ական գործունեությունը Հայաստանի կառավարությանը չկործանեց, սակայն դաշնակցականների աչքին արդարացրեց Հայաստանում կուսակցության հետագա ապօրինի գործունեությունը։ Դա թունավորեց Սփյուռքի մթնոլորտը և շփոթության մատնեց շատերին։

Այսպիսով, գաղափարախոսությունը վերածվեց հավատքի, իսկ կույր հավատքն ատելության կարիք ունի՝ ինքն իրեն պահպանելու համար, փարատելու համար որևէ կասկած, որ կարող է առաջանալ, երբ հանգամանքները շատ հարմար կերպով չեն դասավորվում։ Ատելությունն էլ իր հերթին լավագույնս ծառայում է նպատակին, երբ անհատականացվում է։ Լ․ Տեր֊Պետբոսյանի կատարած ոչ մի քայլ չէր կարող ճիշտ լինել կամ խելամտության նշույլ պարունակել, ևնրա ձեռնարկած յուրաքանչյուր քայլ դիվային նպատակներ էր հետապնդում։ Դաշնակցական շատ թերթերում վերահրատարակված մի հոդվածի մեջ ՀՅԴ մի ղեկավար Լ․ Տեր֊Պետրոսյանին մեղադրում էր եռագույնն ու պետական հիմնը Դաշնակցությունից «գողանալու» և դրանք նոր հանրապետության դրոշն ու հիմնը դարձնելու մեջ։ Նա արդեն գողացել էր անկախության ու երկրի գաղափարները, չհսկվելու դեպքում էլի ինչե՛ր կգողանա։

Դաշնակցական քարոզչությունը նոր անկում նշանավորեց ատելության քաղաքականության մեջ։ Հետևողական ու սիստեմատիկ կերպով անարգվում էր մի մարդ, որն ընտրվել էր Հայաստանի ժողովրդի ձայների 83 տոկոսով։ Դաշնակցական թերթերը նորանկախ հայրենիքի առաջին ազգընտիր Նախագահին կոչում էին այնպիսի անուններով, որոնց չէր «արժանացել» ուրիշ ոչ ոք՝ բոլշևիկներից սկսած մինչև երիտթուրքերը։

Դժվար է որոշել, թե ինչն էր ավելի վատ․ ՀՅԴ֊ի կողմից Նախագահին նսեմացնելու եւ ապամարդկային ներկայացնելու կազմակերպված ու հետողական գործունեությո՞ւնը, թե՞ այն փաստը, որ ոչ մի սփյոտքյան ղեկավար կամ կազմակերպություն հրապարակավ չդատապարտեց նման վարքը։ Եկեղեցու ղեկավարները, լինելով բարոյական իշխանություն, զլացան այդ անել, գիտնականներր, փնելով ազգի պատմության պահապաններ ու մտավոր ղեկավարներ, զլացան այդ անել, մյուս կուսակցություններր, քաղաքական բանավեճերի մասնակիցները զլացան այդ անել։ Շատ֊շատերն էին զայրացած։ Եվ սակայն, բացի երկու, թերեւս երեք, նվազ ճանաչված ազնր– վաբարո հոդվածագրից, նման վարքագիծ չցուցաբերվեց։ Պատճառներից անկախ, նշված երեւույթբեւ հակազդեցության բացակայությունը խոսում է սփյոտքյան քաղաքական կյանքի ու երկխոսության ո– բակի մասին։ Ինչ֊որ առումներով սա անդրադարձնում է այն քամահրանքը, որ որոշ սփյուռքահայեբ տածում են Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եկեք պատկերացնենք, որ որեւէ մեկը, ասենք՝ ոչ֊հայ մի հոդվածագիր, որեւէ թերթում այդ բառերը գործածեր դաշնակցական երկրորդ էշելոնի որեւէ ղեկավարի վերաբերյալ։ Ինչպի– սի՞ն կփներ Դաշնակցության, այլ կուսակցությունների, համայնքի ու դրա կազմակերպությունների, այդ թվամ եւ ավանդաբար Դաշնակցության ընդդիմադիրների հակազդեցությունը։

Այդ ատելությունն ինչ֊որ չւաիով ուղղված էր Հայաստանի եւ, լայն առումով, Հայաստանի ժողովրդի դեմ, որը հանդգնել էր ինքնագլուխ 175 կերպով վախել պատմության ընթացքը՝ առանց Սփյուռքին հարցնելու։ Սա էր շատ սփյուռքահայերի, կազմակերպությունների նվիրյալ անդամների երկմտության առարկան՝ չնայած իրենց ներքին կանչին, որը հայրենիք էր որոնում եւ որոնում էր ինքնարտահայտման ու հայրենիքին սատարելու ձեւեր։

Սակայն այս երկընտրանքի շուրջ ծավալվող մարտեր մղելր հեշտ գործ չէր։ Ինչպե՞ս կարող էին Սփյուռքում գտնված ապահովությունը, գաղափարախոսության ընձեոած քաղաքական անտարակոաե– փությունը, կույր հավատքի զգայական անվտանգությունը եւ իդեալականացված հայրենիքի անխնդրահարույց պարզունակությունը վախարինվել իրական մի երկրով, որի ժողովուրդն աղքատ է, որի կառույցները նոր են հիմնադրվում ու փորձության ենթարկվում ներսի ու դրսի ուժերի կողմից, որի տղամարդիկ պատերազմ են մղում, իսկ ընտանիքները թաղում են իրենց զոհված տղամարդկանց, որի կանայք ընկղմված են պատերազմի, տնտեսական պայմանների ու տղամարդկային շովինիզմի մեջ, որի արվեստագետները, գրողներն ու մտավորականները պետք է պայքարեն կենցաղի համար։ Ինչպե՞ս կարող է իրականությունը պայքարել երեւակայության դեմ, երբ երեւակայությունն այդքան հեռավոր է ու ապահով։

Անապահովությունն ու անորոշությանր չեն կարող գերիշխել իբրեւ կենսակերպ, երբ երեւակայված պատմությունր երբեք նման մանրամասնություններ չի տրամադրել, երբ պատմությունը չի պատմել աղքատ գյուղացիների, մուրացիկների ու պոռնիկների մասին, որոնք ոչ միայն ապրում են, այլեւ մի մասն են «հայրենիքի»՝ այդ կախարդական Հայաստան անվան։ Եվ «բարձրագույն բարոյականությունը»՝ սնուցված զոհի հոգեբանությամբ, չի կարող ընդունել մի ռազմավարություն, որը հիմնված է այդ բարոյախոսությունն ու զոհի հոգեբա– նությունր հաղթահարելու վրա։ Կույր հավատացյալների եւ հավատքով կուրացածների անհանդուրժողականությունը չի կարող րնդունել ծանր իրականությունը։

Այնուհետեւ եղավ պատերազմ, որն սկսվեց ԽՍՀՄ ու ադրբեջանական ռազմական զորամիավորումների կողմից 1991֊ին եւ արագորեն վերածվեց հայ֊ադրբեջանական պատերազմի։ 1994֊ին, երբ վերջին ու ընթացիկ հրադադարը կայացավ, հայկական կողմը հաղթել էր։ Հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Ադրբեջանի ոչ֊հայաբնակ եւս յոթ շրջան, ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի շրջանը։ Երկու կողմից էլ 176 փախստականներ կային, սակայն այդ շրջաններից արտագաղթած ադրբեջանցիներն ավեփ շատ էին։ Պատերազմի հաջողությունը Ղա– րւսբաղի ու Հայաստանի ժողովրդի գործն էր։ Նրանք, իրենց ատամները սեղմած, տանում էին շրջափակումների ու մյուս զրկանքների հետեւանքները եւ զոհաբերում իրենց զավակներին ու ամուսիններին։ Եվ երկիրը կանգուն ու Ղարաբաղն անվտանգ պահեցին՝ ի զարմանս եւ ի հպարտություն բոլորի։ Դրանք նույն այդ մարդիկ են, նույն մայրերն ու քույրերը, նույն պաշտոնյաներն ու ծառայողները, որոնց բարոյականությունը, ազնվությունն ու նվիրումը հաճախ սփյոտքյան որոշ թերթերում եւ ինքնահոչակ ճշտակատար քարոզիչների կողմից հրապարակավ եւ անամոթաբար քամահրանքի են ենթարկվում։

Սփյուռքը կարող էր օգնել ֆինանսապես եւ օգնեց։ Շատ֊շատերը բազմիցս եւ զանազան ձեւերով օգնեցին, եւ մնացին չներբողված։

Ինչ վերաբերում է սփյոտքահայերի գովազդված ավեփ մեծ մասնակցությանը, բավական է նշել, որ այն սփյոտքահայերի թիվը, որոնք Սփյուռքը թողել եւ եկել են պատերազմում մարտնչելու, 14 է, որոնցից տասը ԱՍԱԼԱ֊յի նախկին անդամներ էին, երկուսը դաշնակցական, եւ երկուսն՝ անկախ։ Սեւացած մարտիկները Ղարաբադի ու Հայաստանի հայերի որդիներն ու դոատրերն էին։ Վերջիններիս մեջ այն քչերի համար, որոնք քաղաքական առնչություն ունեին սփյոտքյան կուսակցությունների հետ, Ղարաբադի համար մարտըն– չեըւ նախորդել է իրենց անդամակցությանն այդ կուսակցություններին, ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան Կայսրության դեմ պայքարողներից շատերը ֆիդայի էին՝ մինչեւ կազմակերպված հեղափոխական կուսակցություններին իրենց անդամակցելը, եւ նրանց համար մեծ նշանակություն չուներ, թե հատկապես որ կուսակցության դրոշի տակ են կռվում։

Պատերազմի արդյունքը Սփյուռքին տվեց հպարտության ու բավարարության զգացողություն։ Երկար ժամանակ հայերը ռազմի դաշտում հաղթանակ չէին գրանցել։ Ադբբեջանը Թուրքիայի հետ սերտորեն կապելր սփյուռքահայության մտքում Ադրբեջանը նույնացնում էր Թուրքիայի հետ։ Ոմանք նույնիսկ լավ էին զգում, որ օ– տարներն իրենց գնահատում էին իբրեւ ասպատակների, մի զգացողություն, որը մի պահ, թեեւ ոչ երկար, մրցում էր զոհի ինքնապատկե– րացման հետ։ Ադրբեջանական տարածքների գրավումը նույնպես շատ սփյոտքահայերի կողմից ընկալվեց որպես անցյւպի համար 12 Պետականության մարտահրավերը արդարացի վրիժառություն։ Սրանք այն մարդիկ են, որոնք կարծում են, թե տարածքների վերադարձր կնշանակի դավաճանություն։

Հայաստանր, Ղարաբաղը եւ Սփյոտքր կամ սփյոտքյան շատ համայնքներ, լայն հնարավորության ունեցան միմյանց հետ կառավարական մակարդակով, կազմակերպությունների մակարդակով կամ անհատապես գործելու։ Ինտենսիվ հարաբերությունների տասը տարին ամեն մեկին ժամանակ տվեց մյուսի իդեալականացրած կերպարից, անիրատեսական ակնկալություններից ձերբազատվելու համար։

Գործարար մարդիկ, որոնք շատ բան կարոդ էին անել Հայաստանի տնտեսության համար, արձանագրեցին, որ չեն կարող Հայաստանի սահմանից ներս մտնելուն պես մի կողմ դնել դատողությունն ու գործարար հաշվաբկնեբր, որոնք իրենց հաջողակ կապիտալիստ են դարձրել, եւ գործընկերների ու ներդրումների մասին որոշումներ կայացնել՝ Արարատի ու Ղարաբաղի կենացները խմելիս։

Սփյուռքահայերը հասկացան, որ Հայաստանն իրական վայր է, իրական մարդկանցով, իրական պրոբլեմնեբով։ Այն պատմություն չէ․ այն նյութը չէ, որից կերտվում են երազները։ Այն նույնքան դաժան է, որքան իրականությունն ինքր։

Շատ սփյառքահայեր չսիրեցին իրենց տեսածը, նրանք լիովին հարմարված չէին Հայաստանի իրողություններին։ Այն, ինչ չգտան Հայաստանում, դեռես ցանկանում են գտնել Ղարաբաղում․ զտարյունը, ավանդականր, հերոսականը, հանգստացնողը։ Հարցերը, որ բարձրացվում են Հայաստանի ու Հայաստանի գործիչների վերաբերյալ, հազվադեպ Են ներկայացվում Ղարաբաղի առնչությամբ։ Ղարաբաղի ղեկավարների հայրենասիրությունը երբեք հարցականի տակ չի առնվում, իսկ Հայաստանի ղեկավարներր համարվում են մեղավոր, մինչեւ ապացուցվի, որ անմեղ են։

Լավ կազմակերպված թե ոչ, Սփյուռքն ամբողջությամբ՝ կազմակերպությունների միջոցով եւ անհատական նախաձեռնություններով, Հայաստանին ու Ղարաբաղին վիթխարի օգնություն է հատկացրել։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են ՀԲԸՄ֊ը, Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), եկեղեցական կազմակերպությունները՝ ներառյալ հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները, մասնագետների մի շարք խմբեր եւ հսկայական թվով անհատներ, օգտագործելով ոչ֊հայկական հաստատություններում ու կազմակերպություններում իրենց դիրքերը, եղել են այդ օգնության հեղինակները Այս 178 մարդկանցից շատերի համար օգնությունը եղել է «հայկական» աշխարհի հետ իրենց իրական կապի առաջին գործողությունը, որի մեջ ներգրավվելու համար նրանք մինչ այդ հիմք եւ համապատասխան ատյան չունեին։

Որոշ կազմակերպություններ սկսեցին իրենց բյուջեների մեջ վե– բահատկացումներ կատարել, վերաբաշխել իրենց ջանքերը Ա սահ– մանել Հայաստանում իրենց կազմակերպության իրատեսական դերը։ Նրանք, ովքեր այդ շուտ արեցին, ինչպես ՀԲԸՄ֊ը, ԱՀՀ֊ը եւ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները, զերծ մնացին ավերիչ պառակտություններից ու ներքին պայքարներից։ Քաղաքական կուսակցությունները եւ զգուշություն ու իրատեսություն չցուցաբերած մյուս կազմակերպությունները հանգեցին պառակտումների, երկփեղկումների ու հոգեմաշ ներքին պայքարների, որոնք միայն շեշտեցին նրանց պրոբլեմներր եւ սրեցին Հայաստանի ու Ղարաբաղի հետ նրանց հարաբերությունները։ Բոլոր երեք կուսակցությունները տառապել են այդօրինակ հետեւանքներից: Հայաստանի այս զարգացումներից հետո, անկախ կազմակերպությունների պաշտոնական քաղաքականությունից կամ վարքից, շատ սփյոաքահայերի համար Սփյուռքի կուսակցությունների տարաձայնություններն ու պայքաբներր՝ իրական թե հորինված, վերածվեցին գրեթե վերացական ու անկարեւոր երեւույթի, իսկ Եկեղեցում միասնության բացակայությունը՝ ավելի քան անհեթեթության։

Սինչ քաղաքական կուսակցությունները մտորում էին, թե անկախ Հայաստանն ինչ դեր ունի իրենց կողմից համայնքը ներկայացնելու եւ հյուրընկալ երկրնեբում իրենց լոբբիստական ջանքերի մեջ, այն, ինչը սփյոաքահայերի մեծ մասը բնազդորեն զգում էր՝ երկիր ունենալու վայեան էր, որր կարող էին կոչել Հայաստան, որի «դրոշը ծածանվում է ՄԱԿ֊ի վրա»։ «Հայաստանի Նախագահը», «Հայաստանի դեսպանը» կամ «Հայոց բանակի հրամանատարը» եւ նման արտահայտություններ արտասանելու եւ ոչ֊հայկական աղբյուրներից դրանք լսելու հնարավորությունը դարձավ խոր հպարտության, իրական բավարարության եւ վերածննդի աղբյուր։

Հայերն արձանագրեցին, որ Շարժումից եւ անկախությունից ի վեր իրենց զավակներն այլեւս չեն հարցնում «Հայաստանն ի՞նչ է» կամ «Ի՞նչ է նշանակում հայ փնել»։ Սփյուռքում ինքնության համար մղվող մարտի ճակատում, գոնե մասամբ, հաղթանակն ապահովված 179 էր։ Շարժումը, անկախությանն ու պատերազմը Սվւյոտքի երեխաներին տվեցին այն, ինչը փողով գնել չէր լինի եւ չէին ունեցել տասնամյակներ շարունակ։

Լուրջ գիտնականները, մտավորականները եւ համայնքի ղեկավարները գիտակցեցին, որ Հայաստանի ու Ղարաբաղի կոչումր Սվւյուոքին հպարտություն կամ ամոթ պատճստելը չէ, որ Սվւյոտքն իր օրակարգը չպետք է ծրագրի այդ իրադարձությունների վրա, որ սա խաղ չէ։ Նրանք հասկացան, որ եթե կար խաղ, այն խաղացվում էր գերտերությունների կողմից, որոնց հայտնի է ազգային շահի ու գաղափարախոսության տարբերությունը, ռազմավարության ու քարոզչության տարբերությունը, այն բանի տարբերությունը, թե ինչն է իրականում լավ ե ինչն է ընդամենը լավ զգացողություն պատճառում։ Հայաստանի որեւէ պաշտոնյայի կողմից արտասանված բառերը ազդեցություն եւ հետեւանքներ են ունենում ուրիշ երկրների հետ Հայաստան երկբի հարաբերությունների վրա՝ ի տարբերություն Սփյուռքի կուսակցությունների հայտարարությունների, որոնք առավելագույնը կարող են զայրացնել մեկ֊երկու երկրի կամ կարող են շահարկվել այդ երկրների կողմից։

Շատ սփյուռքահայեբ պարզեցին, որ ամենախելամիտ ուղին այն է, որ թույլ տրվի Հայաստանն ինքը որոշի իր սեփական ճակատագիրը, ճակատագիր, որը կարեւոր է Սփյուռքի համար, բայց որն իրական հետեւանքներ չունի սվւյոտքահայերի կյանքի վրա, մինչդեռ կարող է տարբեր ազդեցություն ունենալ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի վրա, ուստի՝ հետեւանքներն ուղղակիորեն կրող մարդիկ ի– րենք պետք է կատարեն իրենց բնտրանքնեբը։ Հասկացան, որ Սվւյոտքի օրակարգը Հայաստանին պարտագրելը սխալ է՝ քանի դեռ Սփյուռքն ի վիճակի չէ հոգալ Հայաստանի ու Ղարաբաղի բոլորր կարիքները։ Եվ գիտական հայտնագործություններ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ այս վերջինը հնարավոր չէ։ Հայաստանի եւ Ղարաբաղի որեւէ կառավարության օրակարգը, ինչ գույն էլ ունենա այդ կառավարությունը, պետք է սահմանվի Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ առանց հաշվի առնելու լավ մտադրություններով արտասանված ջերմ ճառերը։ Եվ սա է ճիշտը։

Երբ 1990֊ին ու 1991֊ին սփյոտքյան կուսակցությունները վերադարձան Հայաստան, նրանք արդեն ձեւավախված էին՝ սփյուռքայ– 180 նացած, միեւնույն ժամանակ պայմանավորած լինելով Սփյուռքը ձեւավորած գործընթացների մի մասը։ Անցած յոթանասուն տարիների ընթացքում կուսակցությունները օտար իրականությանր հարմարվել էին նույնքան, որքան համայնքներն էին հարմարվել։ ճիշտ է, որ նրանց մեջ համայնքի այն անդամներն էին, որոնք ավելի էին «նվիրված» որոշ արժեքների ու նպատակների։ Կուսակցություններր, այնուամենայնիվ, որոշեցին, որ իրենք Հայաստանում ու Ղաբաբաղամ տեղ ունեն, որ իրենց գաղավւարախոսություններն ու ծրագրերը հարմար են այն ժողովրդին, որի հետ իրենք յոթանասուն տարի գրեթե գործ չէին ունեցել։

Սփյուռքի կուսակցությունների կողմից Հայաստանի վրա իրենց ներկայությունը տարածելու որոշումը ո՛չ բացահայտ անհրաժեշտություն էր, ո՛չ էլ անխուսափելի երեւույթ։ Սփյուռքի կուսակցությունները կարող էին որոշել, որ իրենք իրականացրել են իրենց պատմական առաքելությունր՝ ապահովելով, որ Սփյուռքի գոյությունը չկորցնի իր ազգային ու քաղաքական հատկանիշները, համակերպվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդն ինքն է ճշտում օրակարգեր սահմանելու ու հետապնդելու, իր ղեկավարներին ընտրելու գործընթացը, որ՝ նրանք իրենց սեփական կուսակցություններն են ստեղծել եւ ծնունդ են տվել անկախ Հայաստանի։ Ինքնիշխան պետականության վերածնունդը կուսակցությունների համար գերազանց հնարավորություն էր իրենց առաքելությունների վերարժեքավորման համար։ Սակայն Սփյուռքի երեք կուսակցությունները որոշեցին Հայաստանում ճյուղեր հիմնադրել։ Այս որոշումների պատճառը կամ պատճառները մնում են նույնքան մշուշոտ, որքան այն, թե ինչպե՛ս են այդ որոշումները կայացվել։

Այդ մշուշոտությանն առնչվող երկու դիտողություն արժանի են ուշադրության։ Սփյուռքում հայերը վարժվել էին քաղաքական կուսակցությունների գաղտնի գործելակերպին։ Օսմանյան կարգերից մնացած եւ Մերձավոր Արեւելքի վաղ գործունեության կենտրոններում շարունակված օրակարգերի, խորհրդակցությունների, ներքին ընտրությունների եւ որոշումների կայացման գաղտնիությունը այս կուսակցությունների համար չափանիշ է եղել՝ նույնիսկ Արեւմուտքի երկրներամ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունները, 1990֊ից սկսած, բաց կուսակցական համագումարներ էին անցկացնում, որտեղ քաղաքականության քննարկումներն ու կուսակցության ղեկավարների ընտրությունները հրապարակային իրադարձություններ 181 էին։ Անկախ ու ազատ Հայաստանի ժողովրդի համար, որն ազատվել էր Կոմունիստական կուսակցության յոթանասնամյա կարգերից, զաղտնիությունր եղել եւ մնում է կասկածելի ու ոչ արժանահավատ։

Պետք է անել նաեւ մի ավելի հիմնավոր (հիմնավոր՝ Հայաստանի անվտանգության, կենսական շահերի եւ անկախության առումով, ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների բարեկեցության համար) հարցադրում, նույնիսկ եթե այն լինի զուտ վարկածային, ինչպե՞ս պիտի վարվել շահերի այնպիսի հնարավոր բախման դեպքում, երբ սփյուռքյան կուսակցությունը ներկայացնում է սփյոտքյան մի համայնք եւ միաժամանակ նաեւ կառավարում է Հայաստանում, իսկ տվյալ երկրի ու Հայաստանի կենսական շահերը հակադրության մեջ են։ Ինչպե՞ս պետք է սփյոտքյան մեկ կուսակցությունը ստանձնի Հայաստանի կամ Ղարաբաղի շահերի պաշտպանության պատասխանատվությունը՝ առանց դրանով ինքն իր համար եւ ժողովրդի տարբեր հատվածների համար լուրջ պրոբլեմներ ստեղծելու։

«Սիասնության հրամայականի» վրա հիմնված էժան պատասխաններն ընդանեփ չեն։ Միայն գաղափարաբանական կառույցներում կարող են նման պատասխանները բավարար փնել։ Գաղափարախոսությունները խեղաթյուրում են իրականությունը՝ հանուն հարմարության եւ հանուն անօգուտ, նույնիսկ վնասարար գաղափարաբանական համապատասխանեցման։ Միայն նրանք, ովքեր չեն հասկանում Հայաստանի ու Ղարաբաղի իրավիճակը, միայն նրանք, ովքեր անգետ են եւ հպարտ իրենց անգիտությամբ, կարող են նման պատասխաններ աոաջադրել եւ հավատալ, որ դրանք բավարար են բոլոր հետաքրքրվածների համար։ Ընդ որում, հարցն այնքան էլ վարկածային չէ։ Նման խնդիր ծագեց 1914 թ․֊ին, երբ Դաշնակցությունը խոսում ու բանակցում էր հայ ժողովրդի երկու հատվածների՝ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների հայերի անունից, իսկ երկու պետություններր պատերազմի ճանապարհին էին։ Իրավացիորեն հարց է ծագում՝ ՀՅԴ֊ն (կամ նույն կարգի որեւէ այլ կուսակցություն) շա՞տ լավ է կատարել (կամ կարո՞ղ էր լավ կատարած լինեյ) այդ դերը։

Պետականության մարտահրավերը հայ Սփյուռքի համար եղել է եւ՛ ցավագին, եւ ուրախալի։ Կառույցների մակարդակում վերահար– մարեցումներր եղել են նվազագույն չափի։ Չի կատարվել նաեւ արժեքների, ակնկալությունների եւ դերակատարումների վերլուծություն։

182 Գուցե, քանի որ Սփյուռքը վարժված էր Հայաստանն իդեալականացնելուն, ուստի իրեն էլ պետք է ապահով ու զերծ պահեր վերլուծությունից։ Դա թերեւս կարող էր գործել Սփյուռքում, սակայն չէր կարող գործել Հայաստանում ու Ղարաբաղում, մանավանդ երբ ռազմավարական հաշվարկներն ընդգրկում են Սվւյոտքն իբրեւ արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման եւ հակամարտությունների լուծման որոշումների կայացման հիմնական բաղադրիչ։

«Ութ միլիոնանոց հզոր» եւ «հարուստ» Սփյուռքի կերպարը Հայաստանում ու Ղարաբաղում այնպիսի պատկերացում է ստեղծել, որն իրականությանր չի համապատասխանում եւ կարող է անվտանգության կեղծ պատրանք ստեղծել։ Խոստանալ այն, ինչ չես կարող տալ, եւ չտալ այն, ինչ խոստացել ես՝ պատմության հանդեպ անպատասխանատու արարք է։ ժամանակը ցույց կտա, թե, ի վերջո, Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարների ակնկալություններն այդ հնչեղ, բազմախոստում, սակայն դժվարին Սփյուռքից արդարացի էին, թե ոչ։

6․ Ողբերգությունների եւ անուրջների միջեւ․ Ներկան երբեւէ գալո՞ւ է

Անցած տասնամյակում հայ ժողովուրդը վկան եդավ ժողովրդական մի շարժման առաջացման, որն սկսվեց Ղարաբաղի միավորման պահանջով եւ արագորեն վերածվեց ազգային զարթոնքի շարժման։ Ղաոաբաղ Կոմիտեի, իսկ ապա Հայոց համազգային շարժման ղեկավարությամբ Հայաստանն անկախություն ստացավ, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ ձեռնարկեց եւ սկսեց պետական կառույցների ստեղծումը՝ նոր Սահմանադրության համատեքստում։ Հայաստանը հաղթահարեց շրջափակումների անմիջական ազդեցությունը, դուրս եկավ էներգետիկ լրջագույն ճգնաժամից՝ առնվազն որոշ ժամանակով, եւ կարողացավ հաջողությամբ պաշտպա– նել Ղաբաբաղն ու Ղարաբաղի ժողովրդին՝ միաժամանակ խուսափելով ավելի լայնածավալ պատերազմից։ Հայաստանն ունի նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն բանակը։ Եվ դա օգնել է Ղարաբա– դին գոյատեւելու եւ զարգացնելու իր կառույցները, դրանց թվում եւ մարտական բարձր պատրաստվածություն ունեցող սեփական բանակը։

Այս նվաճումներից ոչ մեկը դեռեւս կատարյալ չէ, ոչ էլ կարող է ընկալվել իբրեւ ի վերուստ տրված շնորհ։ Կառույցները գործում են, սակայն պետք է դեռեւս ամրապնդվեն։ Իրավական, առողջապահության, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումներն սկսված են, սակայն դեոեւս հեռու են բավարար կամ գոր– ծառող համարվելուց, սրանք բոլորը կենտրոնացման, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների եւ որոշ երեւակայության կարիք ունեն։ Կոռուպցիայի դեմ պայքարելու փորձեր եղել են, սակայն այդ երեւույթի դեմ լիակատար պատերազմը պահանջում է պետական սեկտորի բոլոր աշխատողների, հատկապես միջին եւ ցածր մակարդակի աշ– 185 խտտողների ու պետական պաշտոնեության կենսամակարդակի նշանակալի բարձրացում։ Ինչն իր հերթին ռեսուրսներ է պահանջում, որոնք բյուջեն չունի եւ դժվար թե ունենա՝ խաղաղության բացակայության պատճառով։

Թեեւ տնտեսության անկման րնթացքր կանգ առավ 1994֊ին, տնտեսական աճն ապահովված չէ, եւ զարգացամր դեռեւս չի հանգեցրել ազգաբնակչության մեծ մասի կենսամակարդակի որակական բարելավման։ Լիակատար բաբելավամր պահանջելու է նշանակալի ու տեւական արտաքին ներդրումներ, որոնց համար հարկավոր է անվտանգ ու բարենպաստ մթնոլորտ։

Երկրի ղեկավարների մեծ մասր ՀՀՇ֊ի ներկայացուցիչներն էին։ ՀՀՇ֊ն քաղաքական կորով դրսեւորեց ներքին փովտխությանների, ինչպես նաեւ նոր, ոչ֊ավանդական արտաքին քաղաքականության համար։ ՀՀՇ֊ի ղեկավարները պետության կառուցման գործում ստանձնեցին բարձրագույն պատասխանատվության պաշտոններ եւ հաճախ իրենք իրենց ուժասպառ արեցին՝ քաղաքականապես եւ ֆիզիկապես։ Կոաակցաթյանր տուժեց այն հանգամանքից, որ այն իշխող կուսակցություն եղավ ծայրագույն վտրձաթյուննեոի պայմաններում։ ՀՀՇ֊ն նաեւ իրեն թույլ տվեց զգալու եւ դրսեւորելու իշխանություն ունեցողի ամբարտավանաթյունր եւ ուռճանալու անդամների մեծ քանակով, որոնք միշտ չէ, որ համամիտ էին կուսակցության հիմնական փխիսոփայաթյանը։

Իշխանությունն ու պաշտոնը միտում անեն դրանք կրող անհատներին կամ զգոնացնելու ա համեստացնելու, կա՛մ սրելու նրանց անձնական թուլությունները։ Այդ եոկտ դեպքերին էլ ականատես ենք եղել Հայաստանում։ Քաղաքական նոր մշակույթը չուներ ինստիտու– ցիոնալ ապահովություն եւ քաղաքացիական ա դիվանագիտական ծառայության անձնակազմերի զտման մեխանիզմ։ Նման պայմաններում անհատները դաոնում են առնվազն նույնքան կարեւոր, որքան կառույցները։ Ղեկավարների անձնական հատկանիշներն ու անձնական թերություններն անմիջապես մեկնաբանվում էին որպես կառույցների թուլություններ ու քաղւսքականության ձախողումներ։ Բազմաթիվ անհատներ լավ են ծառայել՝ հազարավոր ոչ֊կոաակցա– կան պետական պաշտոնյաների, վարչական աշխատողների ու քաղաքացիական ծառայողների հետ միասին, որոնց ազնվությունն ու նվիրումը, սակայն, դատողությունների հապճեպության մեջ, անցան 186 աննկատ։ Եղան նաեւայնպիսիք, որոնք չարդարացրեցին իրենց վրա դրված հույսերը, նրանք զլացան կարգավորելու իրենց անձնական հավակնություններն ու թուլությունները։ Ոմանք մեղադրում էին Նախագահին, որը նրանց պատասխանատու դիրքեր էր վստահել։

Ընուփմադիբ կուսակցությունները հաճախ հակակշիռ էին սահմանազանցումների դեմ, իսկ երբեմն էլ իրենք էին սահմանազանցները։ Ընդդիմադիր թե ոչ՝ Հայաստանը բազմաթիվ պայծառ ու տաղանդավոր քաղաքական գոբծիչներ ունի, որոնք լավագույնս գործել եւ գործում են մինչեւ օրս։ Սակայն կուսակցական համակարգը հավաքականորեն եւ կուսակցություններն առանձին չեն կարողացել հաղթահարել վստահելիության ճեղքվածքը, որր խորհրդային մշակույթի մնացուկ է եւ խորացել է վերջին տասր տարվա փորձություններից ա փորձանքներից։ Կուսակցություններն ու դրանց ղեկավարները չեն կարողացել թերահավատ քաղաքացիներին համոզել, որ ի– րենց հիմնական մտահոգությունը ժաավբդի շահն է, կամ որ իրենց հակասությունները սոսկ իշխանության համար պայքարի եւ անհատականությունների բախման արտահայտություն չեն։

Կուսակցությունների ու անհատների դաշինքների պարբերական վափոիաւթյունները այն զգացումն են ներշնչել, որ եղած֊չեղածը իշխանության կռիվ է, այլ ոչ թե ծրագրերի ու քաղաքականությունների բախում։ Ի վերջո, քաղաքացիներն իրենց րնտրաթյունները կատարում են թեկնածոփ անհատականության իրենց ընկալման, ինչպես նաեւ այն բանի հիման վրա, ինչ իրենց ներշնչում է տվյալ անհատը։ Հայաստանի քաղաքացիները շրջահայաց են, սիրում են հավասարակշռություն ու դատողություն հանդես բերող անհատների։ Ծայրահեղությունների հանդեպ վստահություն չեն տածում, գադափարախոսականացված ճառեր չեն սիրում։ Եվ սիրում են կայունության։ Այդ է պատճառը, որ Ռոբեբտ Քոչաբյանն ու Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը 1998 թ․ նախագահական ընտրություններին ստացան քվեների առավելագույն քանակը։ Երկուսն էլ ցուցաբերել էին հաստատունություն, հավասարակշռություն, շրջահայացություն, անհատական աժ եւ գադափարախոսականացված զրույցների ու լուտանքներով լեցուն ճարտասանության բացակայություն։

Քաղաքական կուսակցությունների ա անհատների շրջապտույտների ետեւում, որ հավանորեն շարունակվելու են, կենտրոնական հարցը մնում է Դարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղամ են 187 միմյանց հետ հատվում Հայաստանի անցյաա, ներկան եւ ապագան։ Պատմությունից մեր հիշածը մեզ նույնքան շատ բան է ասում մեր ներկայի ու մեր մասին, որքան ասում է անցյալի մասին։

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՄԻՆ

Պատմությունը կարող է ստրկացնել կամ ազատագրել։ Այն կարող է օգտագործվել իբրեւ մտածողությանն օգնող միջոց կամ իբրեւ իշխանության հասնելու եւ այն պահելու գործիք։ Այն կարող է շահարկվել՝ նախապաշարումներ ու կարծիքներ արդարացնելու համար, կամ հաղթահարել մտային կառույցները եւ րնդանված պատկերացումները։ Այն, իբրեւ ծանոթ երեւույթ, կարող է հարմարավետության զգացում պատճառել, սակայն կարող է նաեւ ժողովրդին դատա– պարտել կրկնելու անցյալի սխալները։

Ձեռք բերված պատմական պատկերացմամբ անցյաա հավասարեցվել է մի շարք որոշումների՝ կայացված այնպիսի ղեկավարների կողմից, որոնք կատարել են հերոս կամ նահատակ դառնալու բարոյական րնտրությունը։ ժողովրդի պատմությունը վերածվել էր անհատի պատմության, անհատի անձնական ընտրությունը ազգի քաղաքական հրամայականների խորհրդանիշն է դարձել։ Այդ ընթացքում «ազգի» հայեցակարգը վերածվել է բացարձակ եւ բոլոր ժամանակների համար անփոխարկեյի արժեքի։ Որոշ ազգեր լավն են, որոշ ազգեր՝ պարզապես վատը։ Այդ պատճառով էլ հարաբերությունների ներկա դրվածքի փովաիաւթյուններ չեն կարող լինել։ Որոշ պատմաբաններ այս աշխարհայացքի հետեւորդներն են՝ այն վերարտադրելով իբրեւ գիտություն։ Ետցեղասպանական ազգային ինքնությունը հաճախ այն լուսարձակն է դարձել, որով բացատրվել են անցյալի տարբեր իրողությունները։

Ցեղասպանության զոհ դարձած հայերի մեծ մասն, օրինակ, գյուղացիներ ու վտքբ քաղաքների առեւտրականներ էին՝ հիմնականում այն պատճառով, որ հայերր մեծ մասամբ գյուղացիներ ու փոքր քաղաքների առեւտրականներ էին, սակայն նաեւ այն պատճառով, որ մարդկանց այդ խմբերը նվազ հնարավորություն ունեին վւախոատի դիմելու կամ վերապրելու, քան մեծ քաղաքների առեւտրականները։ Պատմաբանները, նշելով Թուրքիայի արեւելյան նահանգների հայության ողբերզական ճակատագիրը, իրադարձությունների բացա– 188 տրությունր ներկայացնում են ազգությունների բախման տեսքով։ Այն, ինչր Անատոլիայի մի գյուղացի հայի համար նշանակում էր հայ լինել, մեծապես տարբերվում էր, անշուշտ, ոչ միայն այսօր Մոսկվա– յում, Հալեպում կամ Նյու Յորքում հայ յինելու իմաստից, այլեւ նրանից, ինչ այդ ժամանակվա Պոլսի կամ Թիֆփսի հայ մտավորականի կամ հայ վաճառականի համար էր նշանակում հայ լինել։

Այսօր հայի ինքնապատկերացումը, ինչպես նաեւ այն կերպարը, որ նա ցանկանում է դրսեւորել հյուրընկալ երկբներում, քաղաքացի, գիտուն, կիրթ ու բանիմաց՝ քաղաքակրթված հայի կերպարն է։ Գյուղացիների պատմությանն այսօր մեծ նշանակություն չի տրվում։ Անդրադարձն անցյափն իմաստ ունի միայն պիտանի պատմության տեսակետից։ Մինչդեռ արեւելյան նահանգների հայ գյուղացիներն ու մանր առեւտրակւսններբ Հայկական Հարցի արմատն էին։ Նրանք էին հեղափոխական կուսակցությունների՝ Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցության եւ հատկապես Հայ հեղափոխական դաշնակցության ստեղծման պատճառդ։

Այսպես, սկսած 1892֊ի իր հիմնարար փաստաթղթից՝ Դաշնակցության ծրագրերի մեջ հիմնական կայուն խնդիրը եղել է Օսմանյան Կայսրության արեւելյան նահանգների, իսկ 1908֊ից հետո՝ ողջ կայսրությունով մեկ ագրարային բարեփոխումների հարցը։ 1909֊1911֊ին Դաշնակցության եւ երիտթուրքերի միջեւ վերջին հիմնական բանակցությունների ընթացքում, մինչեւ երիտթուրքերի կողմից ցեղասպանության քաղաքականության որդեգրումը, ՀՅԴ֊ն ներկայացրեց պահանջների երկար ցանկ։ Երիտթուրքերի անդրդվելաթյունը Դաշնակցությանն ստիպեց իր պահանջները նվազագույնի հասցնել։ ՀՅԴ բանակցալների համար բացարձակ նվազագույնը ագրարային բարեփոխումներն էին՝ մի չավւազանց արմատական գաղափար երիտթուրքերի համար, որոնք արդեն հրաժարվել էին 1908 թ․ հեղափոխության կարգախոսներից եւ որդեգրել հետադիմական քաղաքականություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզներում։

ՀՅԴ֊ի այդ պահի մոտեցումը, օրինակ, կարող է իմաստ ունենալ այսօր ժողովրդի առջեւ ծառացած հարցերի առնչությամբ եւ կարող է ուսանեփ լինել որեւէ իրազեկ բանավեճի մեջ, լինի անցյւպի մասին, թե ապագայի։ Պատմական Հայաստանի սիրտը՝ Օսմանյան կայսրության արեւելյան նահանգները դատարկվում էին հայ ազգաբնակչությունից։ Կոտորածները ոչ թե արտագաղթի սկիզբը դրեցին, այլ սաստկացրին այն։ Արտագաղթի պատճառը գավառի հայության, 189 փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչների անկարողությունն էր՝ ա– պահովելու իրենց տնտեսական գոյությունը։ Եվրոպայի արդյունաբերական հեղափոխությունն արտադրում էր ապրանքներ, որոնց մրցակցությանը հայ արհեստավորները չէին կարողանում դիմանալ։ Եվրոպական իմպերիալիզմը եւ օսմանյան պարտքերը Օսմանյան կայսրությանն ստիպել էին հարկերը գանձել ոչ թե բնամթերքով, այլ դրամով, երբ գավառական, հատկապես գյուղական բնակչության կողմից դրամ գրեթե չէր գործածվում։ Գյուղացին դրամ կարող էր ունենալ միայն իր հողամասը գրավ դնելով, ինչը նշանակում էր կորցնել հողամասը։ Համայնական աշխատուժը հայտնվեց աղետալի վիճակում, արական սեռի բնակչության դանդաղ, բայց կայուն արտագաղթը դատաբկեց ու թուլացրեց Պատմական Հայաստանը։ Հնարավոր է, որ տնտեսական գործոնը նույնքան դեր ունեցավ Ցեղասպանության հարցում, որքան ազգային գործոնը։ Տնտեսական գործոնը երիտթարքերի համար, որոնք, բացի թուրք ազգայնական փնելուց, նաեւ սոցիալ֊հետադիմական էին, Ցեղասպանությունը դարձրեց ցանկալի ու հնարավոր։ Այս բացատրությունը չի սպառում Ցեղասպանությունը ծրագրողների եւ ոճրագործների նկատառումները, սակայն տափս է սահմանափակումների ու խեղաթյուրումների մի օրինակ, որին ենթակա է պատմության մեր պատկերացումը, երբ ինքներս մեզ քննադատաբար չենք դիտում։

Ինչպ՞ս կանդրադառնա երկար, ձգձգված «ոչ֊պատեբազմ»՝ «ոչ– խաղաղություն» իրադրությունը Ղարաբաղի ու Հայաստանի ազգաբնակչության վրա, եթե տնտեսական ճակատում մեծ շրջադարձ չկատարվի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հնարավոր տարբերակների մասին Երեւանում մեր հաճախակի քննարկումներից մեկի ժամանակ, գործընկերներիցս մեկը մեր իրադրության մասին մերկացնող մի հայտարարություն արեց։ Նա սկսեց՝ հայտնելով, որ ինքը պատմաբան չէ (եւ կարծես հպարտ էր դրանով), ապա ավելացրեց, «Բայց մեկը, որ պատմություն գիտի, ինձ ասել է, որ մեր պատմության պրոբլեմը եղել է այն, որ դիվանագետները բանակցությունների սեղանին կորցրել են այն, ինչ զինվոՐննՐՕ շահել են պատերազմի դաշտում»։

Ես նշեցի, որ պատմաբան եմ, կամ մի ժամանակ եղել եմ, ոչ ոք կատարյալ չէ՝ ասացի, եւ խոստացա տարբերությունը հօգուտ ինձ 190 չօգտագործել։ Սակայն նկատել տվեցի, որ, իմ իմացածով, հայ ժողովրդի պատմության մեջ վերջին հազար տարվա ընթացքում քիչ հաղթանակ է եղել, եւ դա բավարար չէ ընդհանրացում կատարելու համար, որ՝ հաղթանակները եղել են մարտերում, ոչ թե պատերազմներում, իսկ մարտն ու պատերազմը միմյանցից չտարբերակելը մեզ վրա թանկ է նստել, ե որ՝ որեւէ տեսակի հաղթանակից հետո դիվանագետները եթե կորցրել են, ապա կորցրել են ոչ թե այն պատճառով, որ չափազանց քիչ են պահանջել, ինչպես գործընկերս էր ակնարկում, այլ թերեւս հենց այն պատճառով, որ չափազանց շատ են պահանջել, պահանջել են ավելին, քան կարեփ էր մարսել։

Մարտերը չեն ստեղծում ուժի եւ շահերի այն երկարատեւ հավասարակշռությունը, որ պահանջում է խաղաղությունը, իսկ պատե– րազմներր սոսկ մարտերի շարան չեն։ Եթե մարտի ելքը կարող է վճռվել խրամատի տարբեր կողմերում կռվող զինվորների մարտական ոգու տարբերությամբ, պատերազմների արդյունքները որոշվում են հեռահար ռեսուրսներով, ստրատեգիական հաշվարկներով ու դաշնակիցներով, այլ կողմերի շահերով՝ անկախ նրանից, թե այդ կողմերը պայքարի մեջ ներգրավված են, թե ոչ։ Մարտերը կարող են ստատոա֊քվոներ ստեղծել, իսկ մեր օրերում նույնիսկ պատերազմները ոչ միշտ են կարողանում վճռել հակամարտության ելքր։

Գործընկերոջս տեսակետը զարմանալի չէր։ Նա չափազանց շատ էր ուզում հավատալ վերջին մարտերի վերջնականությանն ու խաղաղության պայմանները թելադբելու դրանց կարողությանը։ Սա րնդհանուր համոզմունք է շատ հայերի համար, որոնք, իբրեւ ժողովուրդ, հավաքական երկար հիշողություն ունեն։ Սակայն հավաքական հիշողությունը հաճախ շփոթվում է պատմության իմացության հետ։ Օրինակներից մեկր, որ գրեթե բոլորը գիտեն, Ռուսաստանի 1878֊ին տարած հաղթանակն էր Օսմանյան կայսրության դեմ եւ Արեւմտյան Հայաստանի տարածքների գրավումը՝ ամրագրված Սան Ստեֆանոյի պայմանագրով, հայկական նահանգների բաբեվա– խամների վերաբերյալ իր հայտնի 16֊րդ հոդվածով։ Խնդիրն այն է, որ պայմանագիրը վերացվեց, երբ Սեւծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնաց պատերազմով։ Ռուսաստանը ետ քաշվեց՝ բոլոր այն զարհուրելի հետեւանքներով, որոնք կրեց հայ ժողովուրդը։

Գործընկերոջս տեսակետը զարմանալի չէր, բայց տագնապեցնող էր։ Զարմանալին այն է, որ շատ պատմաբաններ հաճախ են ա– ռաջնոբդվել նման տրամաբանությամբ։ Իսկ եթե խնդիրը դիվւսնա– 191 գետները չէին, ապա «միասնության բացակայությանն» էր, «անբա– բոյական աշխարհը», ամեն դեպքում՝ ինչ֊որ պարզունակ կարգախոս, որի վրա է ընկնում ողջ մեղքը։ Բայց անցյալից պարզունակ դաս առնել նշանակում է չընդունել ոչինչ, բացի այն, ինչ բավարարում է բացարձակին ու առավելագույնին, քանի որ մնացած ամեն ինչ «թղթի կտոր» է։ Թեեւ, անշուշտ, բացարձակն ու առավելագույնը ստանալու դեպքում եւս դրանք պետք է ամրագրվեն ու ձեւակերպվեն «թղթի կտորի» վրա, որը կաբելի է պաստել ու անտեսել։

Պատմությունը ճշգրիտ գիտություն չէ․ այն չի կարեփ կրկին փորձարկել լաբորատորիայում՝ ապացուցելու համար որեւէ վարկած։ Սակայն հայ ժողովուրդը բավական մեծ պատմություն է ունեցել՝ բավարար չափով եւ իր ողջ բարդությամբ հասկանալու համար այն աշխարհը, որի մեջ ինքը պետք է որոշումներ կայացնի, այն միջավայրը, որում գործսաում են Հայաստանն ու Ղարաբաղը, եւ գնահա– տելու համար այն, ինչ պետք է փոխվի, եւ այն, ինչ հայերը չեն կարող փոխել՝ որքան էլ իրականությունը գարշելի ու անարդար լինի։ Չի կարեփ ընթանալ դեպի մեկ այլ աղետ՝ ապացուցելու համար, որ հարգանք ես տածում նախորդ աղետի նահատակների հանդեպ։

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վերջերս մի սեմինարի ընթացքում ինձ հարց տրվեց, թե իմ գործածած «ազգային հարց» եւ «ազգայնական հարց» տերմինների միջեւ տարբերությունը ո՛րն է։ Ես նշեցի, որ տարբերությունները տվյալ հարցի պաշտպանների կողմից խնդրի չափանիշերի սահմանման մեջ է եւ այն բանի մեջ, թե ի՛նչ են նրանք որոնում տվյալ խնդրի լուծմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ մոտեցումները տափս են դրա գերազանց պատկերը։ Կան մարդիկ, որոնք հակամարտությունը դիտում են իբրեւ ազգային հարց, եւ կան այնպիսիք, որոնք պնդում են, որ դա ազգայնական հարց է։

Երկու դեպքում էլ գործ ունենք ազգային կարեւորության խնդրի հետ՝ իրական թե թվացյալ։ Դիտարկելով իբրեւ ազգային հարց, հանգում ենք հետեւյալ խնդիրներին․ Ղարաբաղում ներկայումս բնակվող 150․000 հայերի՝ հստակորեն սահմանագծված եւ պատմականորեն նվիրական տարածքում ապահով ու ազատ ապրելու իրավունքը, եւ այն ուղիների որոնումը, որոնցով կարեփ է հասնել այդ նպատակին՝ անվտանգության այն առավելագույն երաշխիքներով, որ հնարավոր 192 է ձեռք բերել։ Սիեւնույն տարածքի հանդեպ Ադրբեջանի պահանջները եւ Ադրբեջանի պահանջների միջազգային ընդանեփությունը հայերին ստիպում են գործ ունենալ Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ՝ գտնելու համար շահագրգիռ բոլոր կողմերին ընդունեփ լուծում, մի լուծում, որը նաեւ հնարավոր առավելագույն չավավ կբացառի հետագա վտանգի սպաոնափքները։

Երբ դիտում ենք ազգայնական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ազդարարումն է այն ամենի, ինչ սխալ է ստաց– վել անցյալում, եւ այն ամենի, ինչ լինելու է ապագայում։ Ղաբաբադի վշտերր ներկայացնում են դարեր շարունակ հայ ժողովրդի կրած տարածքային եւ բոլոր մյուս կորուստները։ Այս տեսանկյունով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ տարածքն ինքը ներկայացնում են «թուրքի ձեռքից» հայ ժողովրդի կրած անարդարությունների խոր– հըրդանիշը։ Ղաբաբադի հայերի վրա է դրված հայոց պատմության ընթացքը փոխելու խնդիրը։ Նրանք պատմական հերոսների ու նահատակների կենդանի օրինակներն են։

Առաջին դեպքում Ղարաբաղը իրական ժողովրդի խնդիր է, ժողովրդի, որն ապրում է այսօր, այսօրվա աշխարհում։ Երկրորդ դեպքում հակառակորդը հայոց պատմությունն է կամ մարդկանց մեջ դրա հիշողությունը։ Աոաջին դեպքում միտումը հակառակորդի հետ բանակցելն է՝ պրոբլեմի լուծման նպատակով։ Երկրորդ դեպքում բա– նակցեաւ բան չկա․ «ուրիշները» պետք է տան այն, ինչ ցանկանում ենք՝ իբրեւ պատմության սխալ վարքի ու անարդարության հատուցում։ Աոաջին դեպքում կարեփ է ընդունել փոխադարձ արդարացի մտահոգությունների վրա հիմնված զիջումներ։ Երկրորդ դեպքում որեւէ զիջում ընկալվում է որպես դավաճանություն պատմության հանդեպ, որը հավասարեցված է այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվել են հավատի կամ հողի համար։

Այն անձինք, ովքեր չեն ցանկանում զիջումների գնալ, ովքեր ուզում են ամեն բան, ներառյալ նրանք, ովքեր չեն կարծում, թե դիվանագետներն ու դիվանագիտությունը օգտակար նպատակի են ծառայում, մեծ առավելություն ունեն, նրանք ոչինչ չեն զիշոլմ։ Նրանք կարոդ են հայրենասերի պատմուճան հագնել, կարող են ուրիշներին մեղադրել Ղարաբաղը «ծախելու» մեջ։ Ամենից առաջ, նրանք պատմության մեջ պատասխանատվություն չեն ստանձնում, եւ եթե Ղաբա– բաղին որեւէ բան պատահի, միշտ կարոդ են մեղադրել ուրիշ մեկին՝ 13 Պետականության մարտահրավերը անբաոոյական աշխարհն ու նրա բարքերը, մեծ պետություններն ու նրանց խաղերը։ Զոհի հոգեբանությունը պատասխանատվությունից զերծ է պահում մարդուն։ Հետո աշադներր նոր երգեր կգրեն՝ փառաբանելով վերջին զոհված հերոսներին եւ խոնարհվելով նոր անմեղ նահատակների հիշատակի առջեւ։

Դեռեւս հայկական ոչ մի քաղաքական կուսակցություն, առաջնորդ կամ մտածող չի առաջադրել որեւէ ռազմավարություն, ըստ որի՝ հնարավոր է ունենալ անկախ Հայաստան, որը նաեւ ազատ է ու ժողովրդավար, հարուստ, առանց կոռուպցիայի ու առանց զրկանքների, եւ հայկական Ղարաբաղ ու Ղարաբաղի վերահսկման ներքո՝ գրավված ադրբեջանական տարածքներ։ Դեռեւս ոչ ոք չի նշել, թե ինչպես հասնել այդ ամենին՝ հավերժական թշնամանք պահպանելով չորս հարեւաններից երկուսի հետ, եւ միաժամանակ շահել միջազգային հանրության սերր՝ անցյալի զոհերի հանդեպ։

Սի առիթով մի պատմաբան ասել է, որ պատմության մեջ հակամարտությունների մեծ մասը չի լուծվում, այլ դառնամ է անկարեւոր։ Ղարաբաղի պատմությունն ինքր ցույց է տալիս, որ երբ հայերը լուծումը չեն գտել, ուրիշ մեկը պարտադրել է այն՝ անկարեւոր դարձնելով հակամարտությունը եւ, հակամարտության հետ միասին նաեւ հայերին, առնվազն՝ ժամանակավորապես։

Ռազմավարության հարցի կապակցությամբ հարկ կա մի քանի խոսք ասելու։

Նախ, վերջին մի քանի հարյուր տաբում շատ քիչ բան է փոխվել մեծ պետությունների, փոքր պետությունների կամ գերտերությունների բարոյականության մակարդակում։ Եվ եթե որեւէ բան էլվախվելէ, շատ չի առնչվում հայ ժողովրդի հոգսերին ու Ղարաբադին։ Եթե աշխարհն անբաոոյական էր, ինչով շատ֊շատերի տեսանկյունից բացատրվում են պատմության րնթացքում հայ ժողովրդի կրած կորուստները, աշխարհը դեռ այդպիսին է, եւ այս փաստը պետք է նկատի առնվի։

Երկրորդ, ուրիշ երկրնեբի գործն այն չէ, որ սիրեն կամ չսիրեն Հայաստանը կամ հայերին Ղաբաբաղում եւ այտա՝ իբրեւ պետության կամ իբրեւ փոքրամասնության։ Հայերն իրենք պետք է իրենց մասին հոգ տանեն։ Մեծ քաղաքական հարցերը սիրով չեն պայմանավորվում։ Ոչ ոք չպետք է քաղաքականության մեջ զգացմունքներ դնի եւ ըստ այդմ որոշի, թե այս կամ այն երկիրն ինչ կանի կամ ինչ չի անի մեզ համար կարեւոր հարցերի առնչությամբ։

194 Երրորդ, գաղափարախոսության վերածված եւ դիվանագիտություն ձեւացնող հակաթուրքական բնազդները ռազմավարություն չեն կազմում՝ ճիշտ այնպես, ինչպես ռազմավարություն չեն հակառուսական կամ ամերիկամետ բնազդները։ Այն համոզմունքը, թե դրանք ռազմավարություն են, ազգային շահերը սահմանելու ունակությունը կորցնելու, մտածելու ազատությունից հրաժարվելու եւ ուրիշների խաղի մեջ խաղսղիք դաոնալու ամենակարճ ուղին է։ Պարզապես այն պատճառով, որ հակառակորդն ընդունում եւ առաջարկում է որեւէ լուծում, այդ լուծումն ինքնըստինքյան հայերի համար անընդտնեփ չպետք է դաոնա, դա կարող է այն կասկածելի դարձնել, բայց ոչ՝ անպայման անընդունեփ։

Այն, ինչ վնաս է Թուրքիային կամ Ադրբեջանին, ինքնըստինքյան օգտակար չէ Հայաստանին կամ Ղարաբադին։ Թուրքիային վարկա– բեկելը հակաթուրք եւ հայամետ դաշնակիցներին անպայմանորեն չի դրդում տալու այն, ինչ իրականում ցանկանում ենք։ Ողջ հայոց ե– ռանդը վատնել Թուրքիային կամ Ադրբեջանին վարկաբեկելու վրա՝ կնշանակի ժամանակի կորուստ։ Երկուսն էլ հենց իրենք այդ բանը մեծ հաջողությամբ են կատարում, եւ եթե ավեփն է հարկավոր, թող հայամետ բարեկամներն այդ անեն, նրանք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Որոշ դեպքերում հայերն, անշուշտ, պետք է խոսեն այդ ուղղությամբ, սակայն այդ դեպքերը պետք է որոշվեն հայերի իսկ կողմից, հարց աո հարց, հայության իսկ շահերի եւ իրատես ռազմավարության համատեքստում։

Չորրորդ, երազանքների ու նպատակների հրապարակումը նույնպես դեռեւս ռազմավարություն չէ, իսկ երազանքների ու նպատակների ավեփ վճռական պնդումը այն ավելի չի մերձեցնում ռազմավարության։ Տառապանքների թվարկումն էլ, անշուշտ, փաստարկն ա– վեփ համոզիչ չի դարձնում։

Հինգերորդ, ռազմավարության նպատակը չէ նոր փաստարկների ձեռքբերումը, որոնք ապացուցեն մեկի բարոյական գերակայությունը, գաղափարախոսության անաղարտությունը, ուրիշների վայրագությունը, զոհի հոգեբանության հետ հարմարավետ զգալու իրավացիությունը, ոչ էլ նոր նահատակության հարմար առիթի ձգտումը։

Վեցերորդ, հազար խելամիտ մարտավարական քայլերի գումարը եւս ռազմավարություն չի կազմում, մինչեւ պարզ չփնի, թե դրանք ուր են առաջնորդում եւ թե ինչպես են տեղավորվում ուրիշների ռազմավարության ու նպատակների մեջ։

195 Լավ ռազմավարության քննությունը դրա գործնական հաջողությունն է։ Լավ դիվանագիտության քննությունը այն նվազագույնի ստացումն է, որի կարիքն ունես, եւ այն առավելագույնի՝ որ կարող ես ստանալ։ Ոչինչ ավելի եւ ոչինչ պակաս։

Ընտրանքների շրջանակի րնդլայնման հնարավորության ընձեռումը զինվորի մեծությունն է։ Ազգային շահի սահմանումը ղեկավարի պետական մտածողության քննությունն է։ Ազգային շահի ապահովումն ու դրան առավելագույն չափով հասնեա դիվանագետի գործն է։ Եվ այդ ամենն՝ այս իրական, այս անմաքուր, այս անկայուն աշխարհում։ Իսկ գաղափարախոսի դերը բողոքելն է այն իրադարձություններից, որոնք կոկիկ չեն նստում անարատ աշխարհի իր նախասիրած պատկերի կամ մոդելի վրա, մինչեւ որ, անշուշտ, գաղափարախոսը գա իշխանության։ Այդ դեպքում նա կա՛մ դառնում է պետական այր եւ դիվանագետ, կամ, անպիտան գտնվելով լուծելու խնդիրը, փորձանք է բերում ու խնդիրը դարձնում անպիտան։

Ռազմավարությունն սկսվում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական եւ տնտեսական ուժերի միջեւ հարաբերությունների ճիշտ հաշվարկով (ներկայում եւ ապագայում, տաբա– ծաշրջանային եւ միջազգային միջավայրում) եւ այդ ուժերը վախելու իրատեսական հեռանկարով։ Լավ ռազմավարությունը բացառում է ցանկալին իրականի տեղ դնելու մոտեցումր, ավեփ նպաստավոր պայմանների առաջացման տարտամ հույսերը, այն վտանգները, որոնց չի կարելի ենթարկվել, կանխում է գաղափաբախոսական խեղաթյուրումները։

ՃԻՇՏ ՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Լավ ռազմավարությունը ներառում է նաեւ ճիշտ պահի րնտբութ– յունը, երբ գործարքի համար լավագույն խաղաթղթերը ձեռքիդ են։ Այդ պահի որոշումը ղեկավար պետական այրերի ամենադժվարին խնդիրներից է։ Պահը շատ ավեփ քիչ կապ ունի որպես բանակցությունների հիմք ներկայացված որեւէ առաջարկի ինչ֊ինչ կետերի հետ, քան գործարքը կայացնելու քաղաքական կամքի հետ։ Իսկ գործարքը պահանջում է հակամարտության մեկից ավեփ կողմ։

Հարցն այն է, թե, ի վերջո, հայկական կողմն արդյո՞ք արդեն կորցրել է կամ կկորցնի այդ պահը։ Ղարաբաւփ «կուսակցությունը», տատանվելով Ղաբաբաղը մերթ որպես ազգային, մերթ որպես ազ– 196 զայնական հարց դիտելու միջեւ, որոշեց, որ Լ․ Տեբ֊Պետրոսյանի ընտրած պահը ճիշտ պահը չէր։ Լսեփ են այդ խմբից եկող շշուկներն այն մասին, թե որեւէ պահ ճիշտ պահը չէ։ Սակայն մինչեւ այժմ Ռ․ Քոչարյանր խուսափել է գաղափաբախոսական պաճուճանքից, թեեւ կարծում է, որ կարող է գաղափարախտաւթյունր գործածել իբրեւ լրացուցիչ զենք, գործնական նպատակներով։

Թերեւս Ռ․ Քոչարյանր ճիշտ է․ նա կարող է հաջողության հասնել իր ծրագրի իրականացման մեջ եւ գտնել ավեփ լավ պահ։ Հնարավոր է, որ այնպիսի չափերի տնտեսական աճ տեղի ունենա, որ հանգեցնի Հայաստանի ու Ղարաբաւփ ազգաբնակչության կյանքի որակական բարելավման, որ՝ առանց նոր ռազմական գործողությունների դիմելու, պահպանվի ուժերի հավասարակշռությունը, եւ որ՝ Ադրբեջանի կողմից իր ապագայի վերաբերյալ լավատեսության հիմքերն այնքան խարխուլ փնեն, որ նա ստիպված լինի Ղարաբաղին ու Հայաստանին տալ այն ամենը, ինչ նրանք ցանկանում են։ Հավանական սցենար չէ, բայց հնարավոր է։

Սակայն որպեսզի այդ սցենարր հաջողվելու հնարավորություն ունենա, հայերը Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքում՝ իբրեւ ղեկավարներ, իբրեւ կազմակերպություններ, իբրեւ կուսակցություններ, այդ սցենարին պետք է հնարավորություն տան գործելու։ Հատուկ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր մեր– ժեցին խաղաղության մինչեւ այժմ ներկայացած բոլոր հնաբավորութ– յուններր, եւ ովքեր հետեւողական աշխատանք տարան՝ խարխլելու համար Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքերն ու քաղաքականությունը։ Նրանք Ռ․ Քոչարյանին համոզեցին, ոբ իրադրության իր մեկնաբանումը ճիշտ է, եւ քաջալերեցին Ղարաբաւփ հարցում նրա բռնած դիրքը։ Որպեսզի այդ սցենարր հաջողվի, Նախագահին պետք է հնարավորություն տրվի, որ կարողանա խուսափել իր ժամանակն ու եռանդը չնչին քաղաքական խաղերի վրա վատնելուց եւ կարողանա փախուստ տալ գաղափարախոսության հարացած կաթվածահարությունից։ Լ․ Տեբ֊Պետբոսյանը ցանկացավ նրան տալ այդ հնարավորությունը՝ ներկայանալով այն մարդու նախագահական երդման արարողությանը, որր ստիպեց նրան հրաժարական տալ։ Այնուհետեւ Լ․ Տեբ֊Պետբոսյանը հավաստեց, որ պատրաստ է համագործակցության՝ չնայած նոր Նախագահի հետ ունեցած իր խոր տարաձայնություններին։ Երբ 1998֊ի ապրիլին ես Երեւանում հանդիպեցի Ռ․ Քոչարյանի հետ, կարողացածիս չափով օգնելու պատրաստա– 197 կամությունս հայտնեցի՝ չնայած նրա գործողությունների ու վերլուծությունների հետ իմ խորին անհամաձայնությանը։ Նույնը չի կարելի ասել նրանց մասին, ում վրա հենվում էր Ռ․ Քոչարյանը՝ երկրի ղեկավարությունն ստանձնեփս։ Պետականության իրականությունը բոլորին չէ, որ մղել է խորհելու եւ վերաբժեւոբելա իրենց դիրքորոշումներն ու նախապատվությունները։

էքյուս հնարավորությունն այն է, որ Ռ․ Քոչարյանը սխալ էր եւ չի կարողանալու ստանալ իր ակնկալած արդյունքները։ Նա կարող է համոզվել, որ միասնությունը տարբեր քաղաքական գործիչների ու ղեկավարների համար տարբեր բաներ էր նշանակում, որ գաղափարախոսություն պահանջելը, այդ թվում եւ ազգային գաղափարախոսություն, միեւնույն բանը չէ, ինչ իդեալականացված վարքը։ Այդ դեպքում նա կա՛մ վարձելու է պրագմատիկ լուծում գտնել, կա՛մ շրջվելու է գաղափարախոսների կողմը՝ հովանի ունենալու համար։ Սակայն նրանք իրենց անուրջների իրականացումը չեն վստահի մի էկլեկտիկի։ Իշխանությունն իրենց վերահսկողության տակ պահելու համար մրցակցալ գաղափարախոսությունների հեռանկարը չափազանց զարհուբեփ է, իսկ գաղափարախոսությունները միտում ունեն քաղաքականությունը ռազմադաշտի վերածելու։

Նման պահի, անկախ այն բանից, թե ամբողջովին չարչրկված Հայաստանում ո՛վ կփնի իշխանության ղեկին, հարցը կփնի հետեւյալը, ազգայնական կամ գաղափաբախոսական կուսակցություններից ո՞ր մեկը կդիմի գործարքի, որեւէ գործարքի։ Այլ կերպ ասած՝ այն երկրներից, որոնցից, զուտ գոյատեւելու անհրաժեշտությամբ, ստիպված կախման մեջ կլինեն Հայաստանն ու Ղարաբաղը, ո՞ր մեկը կծախի Ղարաբաղն Ադրբեջանին։ Եվ այդ ժամանակ հայկական կողմը չնչին դեր կունենա վաճառքի պայմանների մասին իր խոսքն ասելու մեջ։

Ոմանք սա կարող են համարել հոռետեսական, նույնիսկ պարտվողական սցենար։ Ինչպիսին էլ լինի բնութագիրը՝ հայոց պատմությունը ցույց է տափս, որ նախկինում նման սցենար պատահել է, այն էլ ոչ մեկ անգամ։ Հայոց պատմությունը եւ այլ ազգերի ու հակամարտությունների պատմությունը ցույց են տափս, որ ամենալավատեսա– կան, բայց հարցական ծրագրումների վրա հիմնված ռազմական կամ դիվանագիտական ռազմավարությունը լավագույն դեպքում վտանգավոր գործ է, իսկ վատագույն դեպքում՝ աղետի հրավիրատոմս։

198 Հակամարտության լուծումը պետք է առաջնային խնդիր մնա՝ մի շարք պատճառներով։ Հակամարտությունները երբեմն իրադրությանը թելադրում են իրենց սեփական տրամաբանությունը։ Այս հակամարտության մեջ այնքան շատ բան է ներդրվել, այնքան շատ ներքին ու միջազգային ուժերի կողմից (որոնցից ոմանք հավանություն էին տափս հակամարտության լուծմանը, իսկ ոմանք՝ դրդում այն չլուծել), որ պատերազմ, թե՞ խաղաղություն հարցը կարող է լինել ա– մենաանմիջական մի հարց։ Թերեւս հնարավոր լինի ստատուս քվոն միառժամանակ պահպանել, սակայն խիստ հավանական է, որ ռազմական տրամաբանությունը կրկին գերիշխի, մինչեւ որ հորիզոնում խաղաղության պայմանագիր հայտնվի։ Նույնիսկ ստատուս քվոյի եւ ուժերի ներկա հավասարակշռության պահպանումը կարող է ռազմական գործողությունների նոր փուլ թելադրել։ Երկու կողմերն էլ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ հայկականը, կարող են կարծել, որ ժամանակը գործում է իրենց օգտին։ Երկուսն էլ սխալ են։ Երկուսն էլ ի վերջո կարող են կորցնել շատ ավելին, քան խաղաղության համաձայնագրի այսօրվա խնդրահարույց հարցերի շուրջ եղած անհամաձայնություններն են։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես սխալ հաշվարկներ է անում եւ նույնպես շատ բան ունի կորցնելու, սվափանքի աղբյուր չպետք է լինի որեւէ հայի համար, եթե այդ ընթացքում հայկական կողմը եւս կորցնում է, եւ կորցնում է մի բան, որ ետ բերելչի փնի։

Հարկավոր է հասկանալ, որ չլուծված հակամարտությունը մսխում է քաղաքական ներուժը եւ քայքայում է հասարակության հիմքերը՝ ի հեճուկս բոլոր իդեալականացումների ու գաղափաբախո– սականացումների։ Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի տնտեսական հետեւանքներից։ Բացի պաշտպանության բյուջեից պատերազմները նաեւ թաքնված ծախսեր են պահանջում տնտեսությունից։ Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի քաղաքական հետեւանքներից։ Անկարող իրական խնդիրներով զբաղվելու՝ քաղաքական գործիչները աղճատում են իրենց տրամաբանությունն ու ծրագիրը՝ հարցերի հետ վարվելով այնպես, կարծես հակամարտությունը գոյություն իսկ չի ունեցել։ Նրանք թաքցնում են իրենց բուն քաղաքականությունը եւ ընկնում չափազանցությունների ու ծայրահեղությունների գիրկը։

Այդ ամենից զատ, սպառազինության հետագա մրցավազքը թուլացնելու է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությանը, քանի որ մեծացնում է նրա կախվածությունը մեկ֊երկու 199 երկրրց, մանավանդ, որ Ռ․Քոչարյանի՝ որոշումներ կայացնող շրջանակի անդամներր, որոշ գաղափարախոսականացած խմբերի սաստկացող ճնշման ներքո, արդեն իսկ իրենց ոչ այնքան հարմարավետ են զգում միջազգային միջավայրում, որն այլեւս հստակորեն բաժանված ճամբարներ չի ներկայացնում։

Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի բարոյական հետեւանքներից։ Չկարողանալով արձագանքել խնդրի արագ կարգավորման պահանջին, ինչ է թե՝ դավաճանության ու պարտվողականության մեջ չմեղադրվեն, քաղաքացիներն ու խմբավորումներն ի– րենց ցասումր թւաիամ են այնպես, որ թուլացնում է ավանդական արժեքներն ու կապերր, խարխլում սոցիալական համերաշխությունը եւ վերացնում մարդկանց վերլուծական կարողությանը։ Ցասումը շրջվում է ղաբաբաղցիների եւ մեկմեկու դեմ։ Տանջող հակադրութ– յուններր խորացնում են առկա անդունդները եւ առաջացնում նոր անդունդներ։ Նախապաշաբամներր վերածվում են վրդովմունքի եւ դաոնում առարկություն չհանդուրժող տեսակետ։ Միասնությունն է՛լ ավելի է խույս տալիս։

Չորս հարեւաններից երկուսի հետ հավերժական թշնամանքի մեջ ապրելու հեռանկարը ելք չէ եւ չպիտի լինի՝ անկախ այն գափարախո– սությանից, որին պետք է ծառայի նման իրադրությունը։ Որքան երկար է շարունակվում այս անշարժ վիճակը, այնքան դժվար է դաոնում հայության անվտանգության համար ոչ անհրաժեշտ գրավված տարածքներից հրաժարումը Գրավված տարածքները, որ մի ժամանակ անվտանգության երաշխիքներ էին, վերածվում են վտանգի ա– մենալուրջ աղբյուրի։ Այն լուծումը, որը հաշվի չի առնում հակառակորդի իրական շահերը, տեւական լուծում չի կարող փնել։ Հայերը կարո՞ղ են սովորել հաղթանակը նույնքան հաջողությամբ տնօրինել, որքան ողբերգությունը։

Վերջապես, մոտ մեկ դար է արդեն, ինչ ժամանակակից ազգայնականության թիկնոցը նետված է հայ ժողովրդի վրա՝ փրկության խոստումով, եւ այդ ժամանակից ի վեր հայերն ապրել են այն հույսով, թե մի օր կարող են կիրառել ապրելու, եւ արժանապատիվ ապրելու, իրենց իրավունքը։ Նրանք գիտեն, թե Աոաջին համաշխարհային պատերազմն ինչ նստեց իրենց վրա։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում եւ Ղաբաբաղում մարդիկ ապրում էին ապագայի համար։ Հանուն այն գաղափարախոսության, որն ավելի լավ ապագա էր խոստանում, նրանք հրաժարվել էին իրենց ներկայից։ Հանուն 200 գաղափարախոսության, նրանց խնդրել էին զոհաբերել իրենց ա– զատությունը, իրենց նախընտրությունները եւ իրենց արժանապատվությունը։

Ներկան վերջապես պետք է ժամանի Հայաստանի ու Ղարաբա– ղի ժողովրդի համար։ Այդ ժողովուրդն իրավունք ունի պատշաճ կրթություն ակնկալելու իր զավակների համար, պատշաճ առողջապահություն եւ ապահով ծերություն իր համար, ունի ավելի բախտավոր կյանքի իրավունքը, որին սվւյոտքահայերը հասել են՝ Սփյուռք դառնալու եւ այդպիսին մնալու միջոցով։ Սփյուռքի հայերը, իսկ եթե կուզեք՝ նաեւ որեւէ այլ վայրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, Հայաստանի ու Ղարաբաղի հայերից չպետք է ակնկալեն մեկ անգամ եւս զոհաբերել իրենց կյանքն ու ներկան՝ ապահովելու համար այլոց մեծամոլական երազների ու անուրջների իրականացումը Այսօրվա պայքարը պրագմատիկ մտահոգությունների վրա հիմ– նըված նորմալության որոնման եւ գաղափարախոսությունների ափ նետած մեծաշուք անուրջների միջեւ մղվող պայքար է, այն մղվում է Ղարաբաղի, Հայաստանի ու հայ ժողովրդի անունով եւ, հուսամ՝ ոչ նրանց գնով։