Վերջին թարմացում 29 Հունվարի 2019, 12:59

Սաադիի վերջին գարունը

Սաադիի վերջին գարունը

հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

Սաադիի վերջին գարունը

Գարուն էր։

Մեկը այն անհամար գարուններից, որ զարդարել են երկիրը և որոնցից հարյուր հատ ապրեց երջանկության և տխրության բանաստեղծը՝ Սաադին։

Առավոտ շատ վաղ զարթնեց Սաադին. իջավ պարտեզը, որ ծաղկում էր Ռոքնաբադ գետի ափին։ Նորից լսելու համար բլբուլների երգը և նորից տեսնելու համար գարնան հրաշքը։

Նայեց Շիրազի դաշտին, որ մանկության շնորհներով ու վարդերով պճնված՝ վաղորդյան նիրհն էր առնում՝ պարուրված թուրայից ճերմակ շղարշներով։

Նստեց ծաղկած հասմիկի տակ, Սպահանի գորգի վրա, և բռնեց դողդոջ մատներով վարդենու նոր բացված կարմիր-կանաչ կոկոնը և մրմնջաց յուրովի.

«Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է բանում առավոտյան հովիկին»։

Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր աճում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին — Զմրուխտ թռչունը, որ իր հավերժական բույնն էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…

Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։

Քնքուշ հովը վարդերի ականջներին կուսական շնչով բարևագրեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սիրահար վարդերից,— և կարդում էր Սաադիի հոգին սիրո բարևագրերը…

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,— հիշեց Սաադին իր հին խոսքերը։

Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ սուզած՝ ծծեց Սաադին հեշտության բույրերը, և բույրերով գինովի՝ աչքերը գոցեց.— և տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։

Տեսավ Հնդու խաղաղության գետերը սրբազան լոտոսներով օծուն։

Տեսավ իմաստուն փղերին, որ խորհում են մթին ջանգյալների մեջ։

Եվ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին տեսավ՝ գիշերագեղ մազերի մեջ կարմիր նունուֆարներով։

Տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները և մրրիկների մեջ խոյացող ամեհի հելուզակներին՝ կայծակե թրերով։

Տեսավ նույնպես անապատը բոցակեզ, բեդվինների նժույգների վազքը սրարշավ. առյուծների հետևից՝ արծիվների թևերի տակ։

Եվ երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ. աղոթքով ու երգով Մեքքայի դարբասների առաջ նրանց ծունկի գալը։

Եվ տեսավ Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան բյուրեղը։ Եվ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…

Սաադին հառաչեց՝ աչքերը բանալով.

— Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ, որովհետև դուք միշտ ուղեկցում էիք ինձ, ո՛վ հեքիաթ, բլբուլներ ու վարդեր, և դո՛ւք, վարդերի քույր շնորհագե՛ղ աղջիկներ…


Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն բար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տրվել բոլոր նրանց վրա։

Սաադին նայեց շուրջը խորունկ ու հետաքրքիր հայացքով. նայեց երկնքի կապույտ վրանին՝ արշալույսի մեջ թաթախուն, ոսկու մեջ ճախրող թռչուններով։

Նայեց այնպես զարմացած և սքանչացած.

— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։

Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։

Սաադին նորից նայեց աշխարհին. տարերքի այս բազմազան ու հրաշազան խաղին, երբ աչքին ընկավ երկու տատրակ, որ կարմիր տոտիկներով շրջում էին կանաչ մարգերի վրա, քաղցր գվգվալով, և նորից խոսեց իր սրտում.

— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

— Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեքիաթը։

Ո՞վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը՝ եղջյուրները քարերին փշրելով տարփալից մռնչյունով թավուտները թինդ հանե։

Ո՞վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը և բուրե հեշտագին։

Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չփափագի երբե՛ք մեռնելու։

Ո՛վ սեր, դո՜ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո'ւց ճանաչում եմ քեզ։ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…


Եվ տեսանողի հոգով նախազգաց Սաադին, որ այս վերջին գարունն է, որ ինքն ապրում է։

Վերջի՛ն գարունը։

Պարտեզի դռնակը բացվեց։

Սպիտակ շղարշները հովին ծփծփուն՝ ներս մտավ Նազիաթ, Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի բանաստեղծին։

Նազիաթի գինեվետ շրթները և հոլանի թևերի լույսն ու կրակը շա՜տ անգամ արևազարդել էին դարևոր Սաադիի անքուն գիշերները։

Սաադին սիրում էր նրան իր անթառամ սրտի երիտասարդ ավյունով, և ոսկի բառերով քանդակել էր նրա պատկերը անմահ «Գյուլստանի» մեջ։

Նազիաթ՝ վարդերի փունջը գրկին, մոտեցավ բանաստեղծին և վարդաբույր ձայնով ողջունեց։

Տխուր էր Սաադին։ Հառաչանքը թրթռում էր նրա գունատ շրթներին։

— Ինչո՞ւ ես տխուր, դո՛ւ, ամենաերջանիկը մահկանացուներիս մեջ։ Ինչո՞ւ ես տխուր։

Սաադին լուռ էր։

— Ես սիրում եմ քո տխրությունը, ո՛վ Սաադի, իմաստուն է քո թախիծը, և դու ասել ես բո աստվածային լեզվով, թե մարգարիտը վերքից է, որ կծնի, և խունկը այրվելով է, որ իր անուշ հոգին կբուրե։

Սաադին նայեց Նազիաթին դալուկ ժպիտով։

— Տե՛ս, վարդեր եմ բերել քեզ համար, իմ պարտեզի թավիշ վարդերից։

Եվ ծերանուն պարուրեց վարդերով և լուսեղեն մատներով շոյեց բանաստեղծի ճակատի մռայլը։

— Քո շնորհած վարդերը, ո՞վ դրախտի աղջիկ, աշխարհի ամենաչքնաղ վարդերն են եղել միշտ և երբեք չեն թառամել։

— Այո՛, Սաադի. «Ինչո՜ւ վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին։ Պահի՛ր հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց»։

Արծաթի ձայնով արտասանեց Նազիաթ բանաստեղծի վաղեմի խոսքերը։

Եվ նրա երազաբույր վարսերը գգվեցին Սաադիի դեմքը, երբ Նազիաթ ծունկի եկավ բանաստեղծի մոտ. ե պարտեզում մի անուշ հով ծիածանի թևերը թափահարեց Սաադիի գլխի վերևը — այդ Զմրուխտ թռչունի չքնաղ թևերն էին, որ ծուփ եկան, երբ Սաադին դողդոջ մատներով շոյեց Նազիաթի երազաբույր վարսերը։

Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայեց մեկ՝ իր շուրջը բռնկած հեքիաթ-աշխարհին, մեկ՝ իր առջևը՝ լուսաժպտուն հրաշք-աղջկան, և զգաց տաք արցունքի մի կաթիլ իր հին սրտի մեջ, և բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրեց ու դրեց լացող սրտի վրա՝ ասելով.

— Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»–իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։


Վենետիկ