Վերջին թարմացում 29 Հունիսի 2015, 00:24
Սարյակ մի սպանիր․․․

հեղինակ՝ Հարպեր Լի
թարգմանիչ՝ Օլգա Սանահյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Հայաստան» հրատ․, Երևան, 1965


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Առաջին մաս

Իրավաբանները, հավանաբար, նույնպես
մի ժամանակ մանուկ են եղել:

Չարլզ Լեմ

Գլուխ 1

Շատ չէր մնացել իմ եղբայր Ջիմի տասներեքը լրանալուն, որ ձեռքը կոտրվեց։ Երբ ձեռքը կպավ, և Ջիմը դադարեց վախենալուց, թե չի կարողանա ֆուտբոլ խաղալ, դրա համար գրեթե այլևս չէր ամաչում։ Ձախ ձեռքը աջից մի փոքր կարճացել էր։ երբ Ջիմը կանգնում էր կամ քայլում, ափը կողքով դիպչելով ոտքին, նայում էր առաջ։ Բայց դա նրա համար մեկ էր, միայն թե կարողանար գնդակը քշել։

Մի քանի տարի հետո, երբ դա արդեն անցած գնացած բան էր, մենք երբեմն վիճում էինք այն դեպքերի շուրջը, որոնք հանգեցրին դրան։ Ես ասում էի՝ ամեն բան ծագեց Յուելներից, բայց Ջիմը, իսկ նա չորս տարով ինձանիg մեծ էր, հավատացնում էր, որ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղուց, դեռևս այն ամառվանից, երբ մեզ մոտ եկավ Դիլլը, ասում էր նա։ Առաջինը Դիլլի խելքին փչեց Զարզանդ Ռեդլիին տնից դուրս գրավելու միտքը։

Ես ասացի՝ եթե ավելի խորքերը գնանք, ապա ամեն ինչ սկսվել է Էնդրյու Ջեկսոնից։ Եթե գեներալ Ջեկսոնը Վտակ ցեղի հնդկացիներին չքշեր վտակի հոսանքով վեր, ապա Սայմոն Ֆինչը իր նավակով չէր լողա Ալաբամայի հոսանքով վեր, իսկ ի՛նչ կլինեինք մենք այն ժամանակ։ Չափահաս մարդկանց համար այլևս անվայել էր վեճը բռունցքներով լուծելը, և մենք գնացինք Ատտիկուսին հարցրինք։ Հայրս ասաց՝ երկուսով էլ իրավացի եք։

Մենք հարավցի ենք․ որքան մեզ հայտնի է, մեր նախնիներից և ոչ ոք չի մարտնչել Գաստինգսի օրոք և, խոստովանում եմ, մարդիկ կան մեր ընտանիքում, որ դրանից ամաչում են։ Մեր տոհմաբանությունը սկսվում է ընդամենը Սայմոն Ֆինչից. նա եղել է բուժակ և մոլի որսորդ, ծնված Կոռնուելում, չափազանց բարեպաշտ մի մարդ և գլխավորը՝ չափազանց ժլատ։ Սայմոնին դուր չէր գալիս, որ Անգլիայում մարդիկ, որոնք իրենց համարում էին մեթոդիստներ, հալածվեին իրենց առավել ազատամիտ եղբայրների կողմից, նա ինքն էլ էր իրեն մեթոդիստ համարում, ուստի բռնեց հեռավոր ճամփորդության ուղին՝ Ատլանտյան օվկիանոսով դեպի Ֆիլադելֆիա, այնտեղից՝ Յամայկա, այնտեղից՝ Մոբիլ և շարունակեց դեպի Սենտ֊Ստիվենս։ Լավ հիշելով, թե Ջոն Ուեսլին ինչպիսի խստությամբ էր դատապարտել շատախոսությունը առուծախի ժամանակ, Սայմոնը բուժակությամբ սուսուփուս կարողություն դիզեց, ըստ որում, վախը սրտում, թե չի կարողանա իրեն հեռու պահել պիղծ գայթակղությունից, կսկսի, օրինակ, ոսկեղենով և այլ զիզի֊պիզիներով զարդարվել։ Եվ ահա, մոռանալով իր ուսուցչի խրատը, ասված նրանց համար, ովքեր իշխում էին մարդուն ինչպես գործիքին, նա գնեց երեք ստրուկ և նրանց օգնությամբ Ալաբամայի ափին ֆերմա կառուցեց, որը քառասուն մղոն հեռու էր Սենտ֊Ստիվենսից։ Նա միայն մեկ անգամ վերանդարձավ Սենտ֊Ստիվենս, այդտեղ իրեն համար գտավ կին, և նրանից էլ ծագեց Ֆինչերի տոհմը, ըստ որում ծնվում էին մեծ մասամբ աղջիկներ։ Սայմոնը հասավ խորին ծերության և մեռավ հարստության մեջ։

Մեր գերդաստանի տղամարդիկ unվորաբար այդպես էլ մնում էին «Ֆինչի նավահանգիստ» կոչվող ֆերմայում և բամբակ էին աճեցնում։ Չնայած նավահանգիստը արտաքուստ շատ համեստ տեսք ուներ շրջապատի իսկապես արքայական կալվածքների մեջ, բայց տալիս էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր անկախ գոյության համար․ միայն սառույց, ալյուր, մեկ էլ հագուստը և ոտնամանը շոգենավով բերում էին Մոբիլից։

Հյուսիսի և Հարավի երկպառակությունը, հավանաբար, Սայմոնին հասցրել էր անզոր կատաղության, քանի որ դա խլել էր նրա հետնորդներից ամեն ինչ, բացի հողից․ այդուհանդերձ նրանք մնացել էին հողագործ, և միայն քսաներորդ դարում ընտանեկան սովորույթը խախտվեց․ իմ հայրը՝ Ատտիկուս Ֆինչը, մեկնեց Մոնտգոմերի՝ իրավաբանություն ուսանելու, իսկ կրտսեր եղբայրը գնաց Բոստոն՝ բժշկություն ուսանելու։ «Ֆինչի նավահանգստում» մնաց միայն նրանց քույրը՝ Ալեքսանդրան․ նա ամուսնացել էր մի լուռումունջ մարդու հետ, որը օրեր շարունակ պառկում էր գետափին, ճոճի մեջ և գուշակում, թե արդյոք իր դրած կարթը ձուկ չի՞ ընկել։

Ուսումը վերջացնելով, հայրս վերադարձավ Մեյկոմբ և զբաղվեց փաստաբանական փորձառությամբ։ Մեյկոմբը շրջանի կենտրոնն էր, որն ընկած էր «Ֆինչի նավահանգստից» քսան մղոն արևելք։ Դատարանի շենքում Ատտիկուսը մի գրասենյակ ուներ, որը դատարկ էր, եթե չհաշվենք գլխարկների կախարանը, թքամանները, շախմատի տախտակը և մեկ էլ Ալաբամա նահանգի օրենքների նոփ֊նոր ժողովածուն։ Ատտիկուսի առաջին երկու այցելուները եղան վերջինները, որոնց կախեցին Մեյկոմբի շրջանային բանտում։ Ատտիկուսը նրանց համոզում էր իրենց մեղավոր ճանաչել չկանխամտածված սպանության մեջ, այդ դեպքում օրենքը մեծահոգությամբ կպահպաներ նրանց կյանքը, բայց նրանք Հեյֆորդներ էին։ իսկ Մեյկոմբ շրջանում ո՞վ չէր իմանում, որ բոլոր Հեյֆորդները համառ էին ինչպես ավանակը։ Այդ երկուսը վեճ էին ունեցել Մեյկոմբի ամենալավ դարբնի հետ մի զամբիկի համար, որը մոլորվել ընկել էր ուրիշի մարգագետինը, և նրանք դարբնին ուղարկել էին այն աշխարհը և դեռ անզգուշություն էին ունեցել այդ կատարել երեք վկաների ներկայությամբ, իսկ հետո համոզում էին, թե այդ շանորդուն հենց այդպես էլ պետք էր անել՝ պատկերացնելով, որ դա միանգամայն իրենց արդարացնում է։ Նրանք պնդում էին, թե նախապես մտադրություն չեն ունեցել սպաննություն կատարելու, բայց Ատտիկուսը ոչ մի բանով չկարողացավ նրանց օգնել, բացի այն, որ ներկա գտնվեց մահապատիժը ի կատար ածելու արարողությանը, որից հետո էլ հենց, թերևս, զզվանքով էր լցվել քրեական գործերի հանդեպ։

Մեյկոմբում անցկացրած առաջին հինգ տարում Ատտիկուսը այնքան փաստաբանական փորձառությամբ չէր զբաղվում, որքան խստաբարո խնայողության փորձառությանբ՝ իր ամբողջ վաստակը տալով կրտսեր եղբոր ուսմանը, Ջոն Հեյլ Ֆինչը տասը տարով փոքր էր իմ հորից և որոշել էր բժշկություն ուսանել հենց այն ժամանակ, երբ բամբակի գինը ընկել էր այնքան, որ արդեն ցանելն էլ իզուր էր․ հետո Ատտիկուսը Ջեկ հորեղբորս ոտքի կանգնեցրեց և ազատ շունչ քաշեց։ Հայրս սիրում էր Մեյկոմբը, նա Մեյկոմբի հող ու ջրի ծնունդ էր, գիտեր բոլոր տեղացիներին, նրանք էլ նրան գիտեին, իսկ շնորհիվ Սայմոն Ֆինչի, Ատտիկուսը եթե ոչ արյունակցական, ապա բարեկամական կապեր ուներ քաղաքի համարյա բոլոր ընտանիքների հետ։

Հին քաղաք էր Մեյկոմբը, երբ որ ես այն ճանաչեցի, և հոգնել էր արդեն երկար ապրելուց։ Անձրևի ժամանակ փողրցները թթված տեսք էին ստանում, և ոտքերի տակ ճլփում էր շեկ կավը. մայթերին խոտ էր աճում, հրապարակի դատարանի շենքը նստել էր և թեքվել։ Չգիտես ինչու այդ ժամանակներում ավելի շոգ էր, քան այժմ․ սև շների հոգին դուրս էր գալիս․ հրապարակում վիրգինյան կաղնիների ստվերը չէր փրկում տապից, և սայլակին լծված ոսկրոտ ջորիները կատաղի պոչահարում էին ճանճերին։ Տղամարդկանց օսլայած օձիքները առավոտյան արդեն ժամը ինը չեղած թրջվում էին։ Տիկինները կեսօրին մոտ լոգանք էին ընդունում, ապա ժամը երեքին՝ ցերեկային քնից հետո, և միևնույն է, իրիկնամուտին արդեն նմանվում էին քրտինքի և պուդրայի շաքարափոշով ծածկված քաղցրահամ կարկանդակների։

Այդ տարիներին մարդիկ քայլում էին դանդաղ, հանդարտ զբոսնում էին հրապարակում, մտնում էին այս կրպակը, մյուսը, ամեն ինչ անում էին ընդմիջումներով, անշտապ։ Օրը ուներ նույն քսանչորս ժամը, բայց ավելի երկար էր թվում։ Ոչ ոք ոչ մի տեղ չէր շտապում, քանի որ գնալու տեղ չուներ, գնելու բան չուներ, դրամ՝ ոչ մի գրոշ, և Մեյկոմբ շրջանից այն կողմ ոչինչ չէր գրավում։ Բայց ոմանց համար դա աղոտ հույսերի օրեր էին․ դրանից ոչ շատ առաջ Մեյկոմբ շրջանում բացատրել էին, որ ոչ մի բանից չպետք է վախենալ, բացի վախից։

Մեր տունը գտնվում էր քաղաքի բնակելի մասի գլխավոր փողոցում։ Մենք չորս հոգի էինք՝ Ատտիկուսը, Ջիմը, ես և մեր խոհարարուհին՝ Կելպուրնիան։ Ես և Ջիմը այն կարծիքին էինք, որ մեր հայրը վատը չէ, նա մեզ հետ խաղում էր, մեզ համար կարդում և միշտ հարգալից է ու արդարամիտ։

Կելպուրնիան միանգամայն այլ էր։ Ամբողջովին անկյունավոր էր ու ոսկրոտ, կարճատես և շիլ։ Ձեռքերն էլ լայն էին բահի նման և շատ էլ ծանր։ Կելպուրնիան ինձ անվերջ խոհանոցից քշում էր և ասում, թե ինչու Ջիմի նման լավ չեմ պահում ինձ, բայց չէ՞ որ նա գիտեր, որ Ջիմը ինձնից մեծ է, և անվերջ կանչում էր տուն, երբ ես ուզում էի մի քիչ էլ զբոսնել։ Մեր մարտերը հոյակապ էին և միշտ վերջանում էին նույն ձևով։ Կելպուրնիան անպայման հաղթանակում էր, և դա առավելապես այն պատճառով, որ Ատտիկուսը միշտ նրա կողմն էր լինում։

Կելպուրնիան ապրում էր մեզ մոտ Ջիմի ծննդյան օրվանից, և որքան որ ինձ հիշում եմ, միշտ զգացել եմ նրա իշխանության ճնշումը։

Մայրս մահացել էր, երբ ես երկու տարեկան էի եղել, այնպես որ ես չէի զգում նրա կորուստը։ Նա եղել էր Մոնտգոմերի քաղաքից, ծնյալ Գրեմ, Ատտիկուսը նրա հետ ծանոթացել էր այն օրերին, երբ իրեն առաջին անգամ ընտրել էին նահանգի օրենսդիր ժողովում։ Նա այն ժամանակ արդեն հասակն առած տղամարդ էր, տասնհինգ տարով մորիցս մեծ։ Նրանց ամուսնության առաջին տարում ծնվում է Ջիմը, դրանից չորս տարի անց՝ ես, իսկ երկու տարի հետո մայրս հանկարծամահ է լինում սրտի պայթյունից։ Ասում էին, որ Գրեմների մոտ դա ժառանգական է։ Ես մորս համար չէի թախծում, բայց Ջիմը, հավանաբար, թախծում էր։ Նա մորս լավ էր հիշում և երբեմն խաղի միջոցին հանկարծ խորը հառաչում էր, գնում գարաժ և այնտեղ մենակ խաղում։ Երբ այդպես էր անում, ես արդեն գիտեի, որ լավն այն է՝ հեռու մնաս նրանից։

Երբ ես արդեն վեց տարեկան էի, իսկ Ջիմը՝ մոտ տասը, ամառները մեզ թույլատրվում էր հեռանալ տնից այնքան, որքան հնարավոր կլիներ լսել Կելպուրնիայի ձայնը, եթե նա մեզ կանչելու լիներ․ հյուսիսից՝ մինչև միսիս Հենրի Լաֆայետ Դյուբոզի դարպասը (մեր տնից երկու տուն այն կողմ), հարավից էլ երեք տուն, այսինքն՝ մինչև Ռեդլիների տունը։ Մեզ մոտ երբեք գայթակղություն չէր առաջացել խախտելու այդ սահմանները։ Ռեդլիների տանը բնակվում, էր մի առեղծվածային արարած, տեղովը զարզանդ, բավական էր նրան հիշեինք, որ ամբողջ օրը ձայններս փորներս գցած, խեղճացած տեղներս մնայինք, իսկ միսիս Դյոլբոզը հո վհուկ էր, որ կար։

Այդ ամառ մեզ մոտ եկավ Դիլլը։

Մի անգամ վաղ առավոտյան ես և Ջիմը գնա ցինք ետնաբակը, և հանկարծ տեսանք, որ մեր հարևանուհու՝ միսս Ռեյչել Հեյերվորդի բանջարանոցում, կաղամբի թփերի արանքում, ինչ֊որ բան շարժվեց։ Մենք մոտեցանք երկաթալարե ցանկապատին նայելու, թե արդյոք դա շնիկ չէ՞, որովհետև միսս Ռեյչելի ֆոքստերյեր ցեղի շունը պետք է ձագ բերեր, բայց այնտեղ նստած էր ինչ֊որ Կարճլիկի մեկը և նայում էր մեզ։ Կաղամբի վրա ցցվել էր միայն նրա գագաթը։ Մենք կանգնել ու նայում էինք։ Հետո նա ասաց։

— Ողջույն։

— Քեզ էլ ողջույն,— հարգալից պատասխանեց Ջիմը։

— Ես Չարլզ Բեյկեր Հարրիսն եմ,— ասաց կարճլիկը։— Ես կարդալ գիտեմ։

— Է, ի՞նչ անենք,— ասացի ես։

— Ես մտածեցի՝ գուցե ձեզ հետաքրքրի, որ ես կարդալ գիտեմ։ Գուցե ձեզ հարկավոր կլինի մի որևէ բան կարդալ, այնպես որ ես կարող էի․․․

— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց Ջիմը։— Չորս և կե՞ս։

― Շուտով՝ յոթ։

— Ի՛նչ ես պարծենում։— Ասաց Ջիմը և բթամատով ցույց տվեց ինձ։— Հրեն Մեծաչքանին ծնված օրից կարդում է, և դեռ դպրոց էլ չի գնում։ Իսկ դու շատ փոքր ես, յոթ տարեկանի նման չես։

— Ես փոքր եմ, բայց արդեն մեծ եմ։

Ջիմը մազերը ետ տարավ ճակատից, որպեսզի նրան լավ նայի։

— Հապա արի այստեղ, Չարլզ Բեյկեր Հարրիս։ Աստվա՛ծ իմ, ա՛յ թե անուն եմ ասել, հա՜։

— Քո անունից էլ հո մասխարա անուն չի։ Ռեյչել հորաքույրս ասում է՝ քեզ անվանում են Ջերեմի Ատտիկուս Ֆինչ։

Ջիմը մռայլվեց։

— Ես մեծ եմ, իմ անունն ինձ սազում է։ Իսկ քո անունը քեզնից երկար է։ Մի ամբողջ ֆուտ։

— Ինձ ամենքը պարզապես անվանում են Դիլլ։— Եվ Դիլլը մտավ երկաթալարի տակ։

— Ավելի լավ է վերևից անցնեիր,— ասացի ես։— Դու այդ որտեղի՞ց ես հայտնվել։

Դիլլը հայտնվել էր Մերիդիանից, Միսսիսիպի նահանգից, նա եկել էր ամառը անցկացնելու իր հորաքրոջ՝ միսս Ռեյչելի մոտ և այժմվանից ամեն ամառ ապրելու էր Մեյկոմբում, նրա հարազատները բոլորն էլ մեյկոմբցի են, մայրը աշխատում է Մերիդիանում, լուսանկարչատանը, նա Դիլլի լուսանկարը ուղարկել է «Գեղեցիկ երեխաների ցուցահանդես» և ստացել հինգ դոլար մրցանակ։ Մայրը դրամ է տվել Դիլլին, նա դրանով քսան անդամ կինո է գնացել։

― Այստեղ մեզ մոտ կինո ցույց չեն տալիս, միայն երբեմն դատարանում, այն էլ Հիսուսի մասին,— ասաց Ջիմը։— Իսկ դու մի որևէ լավ բան տեսած կա՞ս։

Դիլլը տեսել էր «Դրակուլա» կինոնկարը․ այդ հայտնությունը Ջիմին ստիպեց նրան նայել համարյա հարգանքով։

― Պատմիր,— խնդրեց նա։

Դիլլը ինլ֊որ տարօրինակն էր։ Կապտավուն քաթանե անդրավարտիքը կոճակներով կոճկվում էր վեր նաշապկին, մազերը միանգամայն ճերմակ էին ու հարթ, ինչպես բադիկի փետուրները։ Նա մեկ տարով ինձանից մեծ էր, բայց հասակով անհամեմատ կարճ։ Նա մեզ սկսեց պատմել Դրակուլայի մասին, և նրա երկնավուն աչքերը մերթ պայծառանում էին, մերթ մթնում, հանկարծ սկսեց ամբողջ կոկորդով քրքջալ, մազափունջը ընկավ ճակատին, նա այդ անվերջ քաշքշում էր։

Երբ Դիլլը հաշիվները Դրակուլայի հետ փակեց, Ջիմն ասաց՝ երևում է կինոն ավելի հետաքրքիր է, քան գրքերը, իսկ ես հարցրի, թե որտե՞ղ է Դիլլի հայրը։

― Դու նրա մասին ոչինչ չասացիր։

― Ես հայր չունեմ։

― Մեռե՞լ է։

― Ոչ...

― Ոնց թե։ Եթե չի մեռել, ուրեմն ունես։

Դիլլը շիկնեց, և Ջիմը ինձ կարգադրեց լռել, հավաստի ապացույց, որ ուսումնասիրել է Դիլլին ու որոշել նրա հետ ընկերություն անել։ Դրանից հետո ամբողջ ամառվա համար մեզ մոտ սահմանվեց կարգ ու կանոն, որը հետևյալն էր․ վերակառուցեցինք մեր փայտե տնակը, մի բուն, որը սարքել Էինք մեր ետնաբակում գտնվող հսկայական սոճու վրա, նրա երկճղի մասում, վիճաբանում էինք, իրար ետևից ներկայացնում Օլիվեր Օպտիկի, Վիկտոր Էպլտոնի, Էդգար Ռայս Բերրոուզի ստեղծագործությունների բոլոր գործող անձանց։ Այստեղ պարզվեց, որ Դիլլը մեզ համար մի իսկական գանձ էր։ Նա խաղում էր բոլոր այն դերերը, որոնք ասաջ ես էի ստիպված եղել խաղալ․ կապիկ՝ «Տարզան» կինոնկարից, միստեր Կրեբտրի՝ «Ռոուվեր եղբայրներ», միստեր Դեյմոն՝ «Թոմ Սվիֆտ»։ Կամաց֊կամաց մենք համոզվեցինք, որ Դիլլը դա համարյա հրաշագործ Մերլինն է՝ անսպասելի հնարանքների, անհավատալի մասխարայությունների ու արտառոց ֆանտազիայի մեծ վարպետ։

Օգոստոսի վերջում մենք արդեն ձանձրացանք նույն ներկայացումները նորից ու նորից խաղալուց, և այդ ժամանակ Դիլլի խելքին փչեց Զարզանդ Ռեդլիին տնից դուրս գրավելու միտքը։

Ռեդլիների տունը ամբողջովին կախարդել էր Դիլլին։ Որքան էլ զգուշացնում էինք, որքան էլ հասկացնում, ճար չեղավ, այդ տունը նրան ձգում էր ինչպես լուսինը ծովին, բայց ձգում էր մինչև անկյունի լապտերասյունը, որը Ռեդլիդերի դարպասից հեռու էր, և անվտանգ տարածության վրա։ Այդտեղ Դիլլը քարանում էր, ձեռքերով գրկում հաստ սյունը, աչքերը չռած նայում էր և մտքի մեջ ընկնում։

Ռեդլիների տունը գտնվում էր այնտեղ, ուր փողոցը մեր տան հարավում կազմում էր դարիվեր աղեղ։ Երբ գնում ես այդ կողմը, թվում է, թե հիմա ուր որ Է դեմ կառնես նրանց արտասանդուղքին։ Բայց այդտեղ մայթը պտույտ է տալիս և բոլորապատում նրանց հողամասը։ Տունը ցածրիկ էր, մի ժամանակ ներկված էր եղել սպիտակ, ուներ մեծ, ապակեպատ պատշգամբ և կանաչ փեղկեր, բայց վաղուց, շատ վաղուց դրանց ներկը թափվել էր և դարձել պղտոր֊մոխրավուն, ինչպես ամբողջ բակն էր։ Փտած բաղդատին կախվել էր պատշգամբի առաստաղից, կաղնիների խիտ սաղարթը չէր թափանցում արևի ճառագայթները։ Ցցապատնեշի նոսրացած փայտերը գինովի նման օրորվելով, տան առջևում ցանկապատում էին բակը, մի «մաքուր բակ», որը երբեք չէին ավլել և ամբողջովին ծածկված էր մոլախոտով։

Այդ տանը բնակվում էր չար ոգի։ Այդպես էին բոլորը ասում։ Բայց մենք՝ ես և Ջիմը, նրան երբեք չէինք տեսել։ Ասում էին, որ նա անլուսին գիշերներին ելնում է տնից և ուրիշների պատուհաններից նայում ներս։ Եթե հանկարծ ցրտում էր, և որևէ մեկի պարտեզում սառչում էին լեռնավարդերը, նշանակում էր, այդ նա էր վարդերի վրա փչել։ Բոլոր մանր, գաղտնի հանցագործությունները, ինչպիսիք միայն կատարվում էին Մեյկոմբում, դա նրա ձեռքի գործն էր։ Մեկ անգամ քաղաքի գլխին մեկը մյուսի ետևից անիմանալի և սարսռեցուցիչ փորձանքներ թափվեցին․ առավոտյան հավեր, կատուներ ու շներ էին գտնում դաժանորեն խեղանդամած, և չնայած պարզվեց, որ հանցագործը խելապակաս Էդդին է, որը հետո իրեն նետեց լճախորշն ու խեդդվեց, բայց ամենքն էլ առաջվա նման աչքները խեթում էին Ռեդլիների տան կողմը, ասես չուզենալով հրաժարվել իրենց նախկին կասկածներից։ Ոչ մի նեգր չէր համարձակվում գիշերով անցնել այդ տան մոտով, այլ անպայման կանցներ դիմացի մայթը և կսկսեր սուլել սիրտ առնելու համար։ Մեյկյոմբի դպրոցական խաղադաշտը հարում էր Ռեդլիների ետնաբակին։ Ռեդլիների հավաբնի մոտ աճել էին բարձրաբերձ ընկուզենիներ, հասած ընկույզները ճյուղերից թափվում էին դպրոցի բակը, բայց ոչ ոք դրանց ձեռք չէր տալիս՝ Ռեդլիների ընկույզները թունավոր են։ Բեյսբոլի գնդակը, որ թռչում էր Ռեդլիների բակը, կորչում էր անվերադարձ, այդ մասին ոչ ոք սիրտ չէր անում ծպտալ։

Գաղտնիքը շրջապատել էր այդ տունը դեռևս իմ և Ջիմի ծննդիg շատ առաջ։ Ռեդլիների ընտանիքի համար բաց էին քաղաքի բոլոր դռները, բայց նրանք շատ մեկուսացած էին ապրում, քանի որ Մեյկոմբում հանցանքը չէր ներվում։ Ռեդլիները եկեղեցի չէին գնում, չնայած Մեյկոմբում դա գլխավոր բավականությունն էր, այլ աստծուն աղոթում էին իրենց տանը. կարելի էր մատների վրա հաշվել, թե միսիս Ռեդլին ցերեկով քանի անգամ է տնից դուրս եկել և հարևանների մոտ սուրճ խմելու գնացել, իսկ միսիոներական ընկերությունում նրան ոչ մի անգամ չէին տեսել։ Միստեր Ռեդլին ամեն առավոտ ժամը տասներկուսին ուղևորվում էր քաղաք, և արդեն կես ժամ հետո վերադառնում, երբեմն որևէ փաթեթով։ Գնումներ է կատարել մթերային խանութից, գուշակում էին հարևանները։ Ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե ծեր Ռեդլին ինչպես է իր հացը վաստակում․ Ջիմը ասում էր, թե նա «բամբակ է մեծագնում» (դարձվածք, որը նշանակում է «քամի է կուլ տալիս»), բայց միստեր Ռեդլին իր կնոջ և երկու որդիների հետ ապրում էր մեր քաղաքում անհիշելի ժամանակներից։

Կիրակի օրերը Ռեդլիների դռներն ու կրկնափեղկերը փակ էին լինում, դա նույնպես հակառակ էր մեյկոմբյան սովորույթին․ մեզ մոտ դռները փակում են միայն ցրտերին կամ եթե տանը հիվանդ կա։

Իսկ կիրակի օրերը ընդունված է կատարել այցելություններ՝ կանայք հագած սեղմիրան, տղամարդիկ՝ սերթուկներ, երեխաները՝ կիսակոշիկներ։ Բայց հարևաններից և ոչ ոք կիրակի օրը չէր բարձրանա Ռեդլիների արտասանդուղքն ու ասի՝ «ողջույն»։ Նրանց դռները ամբողջովին փայտից էին, ապակիներ չունեին։ Ես մի անգամ Ատտիկուսին հարցրի, թե արդյոք երբևէ նրանք ապակեպատ դռներ ունեցե՞լ են։ Ատտիկուսն ասաց՝ այո, բայց քո ծննդից առաջ։

Պատմում էին, որ երբ Ռեդլիների կրտսեր որդին, դեռ պատանի, ընկերություն անելիս է եղել Կանինգհեմների հետ։ Կանինգհեմները Հին Uարեմից էին, բազմամարդ, առեղծվածային ցեղ, որ ապրում էր մեր շրջանի հյուսիսում և առաջինը Մեյկոմբի ամբողջ պատմության ընթա ցքում՝ հրոսախմբի նման ինչ֊որ բան էին կազմել, նրանք իրենց անկարգություններով համը չէին հանում, բայց այդքանն էլ բավական էր, որ նրանց շուրջը քաղաքով մեկ խոսք ու զրույց և զանազան դատողություններ գնար, որ երեք հոգևորական, երեք եկեղեցական ամբիոններից հորդոր կարդային նրանց։ Նրանք թրև էին գալիս վարսավիրանոցի առջև, ավտոբուսով կիրակի օրերը գնում էին Էբբոտսվիլ՝ կինո նայելու, հաճախում էին պարերին՝ ամբողջ շրջանում հայտնի Ալաբամայի առափնյա «Մի կաթիլ ցող և ձկնորսի ապաստարան» հյուրանոց֊խաղատունը և նույնիսկ փորձ էին արել վիսկի խմել։ Մեյկոմբում և ոչ մի մարդ սիրտ չէր արել միստեր Ռեդլիին ասելու, որ նրա որդին կապվել է վատ ընկերների հետ։

Մեկ անգամ երեկոյան, երբ նրանք իրենց զվարճությունների մեջ սովորականից ավելի հեռու էին գնացել և ինչ֊որ մեկից վերցրած, ետնամասը առաջ արած խարխուլ ֆորդով, գլխավոր հրապարակով զբոսանք էին կատարում, դիմադրություն էին ցույց տվել եկեղեցական ավագ՝ հարդարժան Կոններին, որը փորձել էր նրանց բանտարկել, բայդ հենց իրեն՝ Կոններին էին փակել դատարանի բակում գտնվող երդվյալ ատենակալների հարկաբաժնում։ Ամբողջ քաղաքը որոշում է, որ այդ արարմունքը նրանք չպետք է մարսեն․ միստեր Կոնները հայտարարում է, որ բոլորին մեկ առ մեկ ճանաչել է և որ այդ բանը ինքը այդպես չի թողնի։ Եվ ահա, տղաները խուլիգանության, հասարակական հանգստի և կարգի խանգարման, կանանց ներկայությամբ գործողությամբ և հայհոյանքով վիրավորանք հասցնելու մեղադրանքներով կանգնում են դատարանի առջև։ Դատարանը միստեր Կոններին հարցնում է, թե այդ վերջին մեղադրանքը որտեղի՞ց է, և միստեր Կոնները ասում է՝ տղաները այնքան բարձր էին հայհոյում, որ նրանց ձայնը հավանաբար լսել են Մեյկոմբի բոլոր կանայք՝ ծայրից ծայր։ Դատավորը որոշում է բոլոր տղաներին ուղարկել նահանգի արհեստավորական ուսումնարանը, ուր երբեմն ուղարկում էին պատանիներին պարզապես նրա համար, որ ուտելու մի կտոր հաց ունենան և գլխի վերևում՝ տանիք, դա բանտ չէր և բնավ էլ ամոթալի չէր համարվում։ Բայց միստեր Ռեդլին այլ կերպ էր մտածում։ Եթե դատավորը Արթուրին բաց թողնի, միստեր Ռեդլին հոգ կտանի, որպեսզի Արթուրն այլևս գլխացավանք չպատճառի։ Գիտենալով, որ միստեր Ռեդլիի խոսքն ու գործը միմյանցից անբաժան են, դատավորը տղային սիրով տվեց։

Մյուս տղաները գնացին արհեստավորական ուսումնարան և ստացան կանոնավոր միջնակարգ կրթություն, հնչպիսին միայն կարելի էր ստանալ մեր նահանգի սահմաններում․ նրանցից մեկը նույնիսկ հետո ավարտեց Օբերնի բարձրագույլն տեխնիկական ուսումնարանը։ Ռեդլիի տան դռները խուլ փակված էին լինում թե կիրակի և թե լի օրերը, և մի ամբողջ տասնհինգ տարի ոչ ոք այլևս և ոչ մի անգամ չտեսավ միստեր Ռեդլիի կրտսեր որդուն։

Հետո վրա հասավ այն օրը, որը աղոտ հիշում էր նաև Ջիմը, երբ մի քանի հոգի Զարզանդ Ռեդլիին տեսել էին և այդ մասին խոսել։ Ջիմի ասելով, Ատտիկուսը Ռեդլիի մասին խոսել չէր սիրում, և երբ Ջիմը նրա մասին հարցրել էր, Ատտիկուսը պատասխանել էր այսպես․ քո գործերով զբաղվիր և ոչ թե խցկվիր Ռեդլիի գործերի մեջ, որոնք քեզ չեն վերաբերում, բայց այդ դեպքից հետո, ամսում էր Ջիմը, Ատտիկուսը գլուխն օրորել էր ու ասել․ «Հը՛մ, հը՛մ»։

Համարյա բոլոր տեղեկությունները Ջիմը ստանում էր մեր հարևանուհուց՝ միսս Ստիվենի Կրոուֆորդից, մի թունդ բամբասասեր կնոջից, որն ամեն ինչ գիտեր ստույգ։ Նրա ասելով, Զարզանդը մի օր նստած է լինում հյուրասենյակում, «Մեյկոմբ տրիբյուն»֊ից ինչ֊որ նոթեր է կտրտում ու փակցնում ալբոմում։ Ներս է մտնում միստեր Ռեդլի֊ավագը, և երբ հայրը անցնում է նրա մոտով, Զարզանդը մկրատը խրում է նրա ոտքը, հետո մկրատը դուրս է քաշում, քսում է շալվարին, արյունը մաքրում և նորից շարունակում իր գործը։

Միսիս Ռեդլին՝ Արթուրի մայրը, դուրս է վազում փողոց ու գոչում, որ Արթուրը հիմա իրենց բոլորին կսպանի, բայց երբ շերիֆը գալիս է, Զարզանդը նույն ձևով նստած է լինում հյուրասենյակում, և թերթերից ինչ֊որ բաներ էր կտրտում։ Այդ ժամանակ նա երեսուներեք տարեկան էր։

Միսս Ստիվենին ասել էր, որ միստեր Ռեդլիին առաջարկել են Զարզանդին միառժամանակ ուղարկել Տասկալուզա, դա նրա համար օգտակար կլիներ, բայց ծերունին առարկել է, ոչ, ասել է, Ռեդլիներից և ոչ ոք գժանոցում չի եղել, չի էլ լինի։ Զարզանդը խենթ չէ, այլ պարզապես երբեմն դյուրագրգիռ է դառնում։ Փակի տակ պահել կարելի է, իսկ դատելու հարկ չկա, նա ոչ մի հանցագործ էլ չէ։

Շերիֆը սիրտ չի անում, որ Արթուրին բանտ նստեցնի նեգրերի հետ, և նրան գցում են դատարանի նկուղը։

Թե ինչպես էին Զարզանդին այդ նկուղից նորից տեղափոխել տուն, Ջիմը այդ շատ աղոտ էր հիշում։ Միսս Ստիվենի Կրոուֆորդը պատմում էր, որ քաղաքապետարանի մի քանի անդամներ ասել էին միստեր Ռեդլիին, որ եթե նա Զարզանդին նկուղից չհանի, նա խոնավությունից կբորբոսակալի ու կմեռնի։ Եվ հետո Զարզանդը իր ամբողջ կյանքում հո չի՞ ապրելու շրջանի հաշվին։

Ոչ ոք չգիտեր, թե միստեր Ռեդլիին ինչպես հաջողվեց Զարզանդին վախեցնել, որ նա մարդկանց չերևա։ Ջիմը այսպես էր հավատացած, որ Զարզանդը համարյա ամբողջ Ժամանակ մահճակալին շղթայված նստած է։ Բայց Ատտիկուսը ասաց, որ ոչ, բանը դրանում չէ, կարելի է այլ միջոցներով էլ մարդուն դարձնել ուրվական։

Հիշում եմ, մեկ֊մեկ պատահում էր, տեսնում էի, թե ինչպես միսիս Ռեդլին բացում է շքամուտքը, մոտենում է պատշգամբի բազրիքին և ջրում իր բաղիսենիները։ Բայց ա՛յ, միստեր Ռեդլիին, երբ նա գնում էր քաղաք և վերադառնում, տեսնում էինք ամեն օր։ Նա նիհար էր, ջղուտ, աչքերը ինչ֊որ խամրած, նույնիսկ չես էլ հասկանա, թե ինչ գույնի են։ Սուր այտոսկրները ցցված էին, բերանը մեծ էր, վերին շրթունքը՝ բարակ, ներքևին՝ հաստ։ Միսս Ստիվենի Կրոուֆորդը ասում էր, որ նա այնքան ուղղամիտ և արդար մարդ է, որ լսում է միայն աստծուն, և մենք նրան հավատում էինք, որովհետև միստեր Ռեդլին ուղիղ էր ինչպես շանթարգելը։

Նա մեգ հետ չէր խոսում։ Երբ անցնում էր մեր մոտով, խոնարհում էինք հայացքներս և ասում․ «Բարի լույս, սը՛ր»,— իսկ նա ի պատասխան միայն հազում էր։ Նրա ավագ որդին ատպրում էր Պենսակոլայում, ծննդին նա գալիս էր տուն, նա մեկն էր այն քչերից, որոնց մենք տեսնում էինք այդ տունը ներս մտնելիս կամ այնտեդից դուրս գալիս։ Մարդիկ ասում էին, որ այն օրվանից, ինչ միստեր Ռեդլին Արթուրին նկուղից տուն է բերել, այդ տունը ասես ամայացել է։

Իսկ հետո հասավ այն օրը, երբ Ատտիկուսը ասաց՝ եթե մենք բակում աղմկենք, նա մեզ կպատժի և պատվիրեց Կելպուրնիային, որպեսզի մենք չհամարձակվեինք ծպտալ, մինչև իր տուն գալը․ միստեր Ռեդլին մահանում է։

Միստեր Ռեդլին չէր շտապում։ Փողոցը նրա տան երկու կողմերից կտրել էին փայտե իշոտնուկներով, մայթին ծղոտ էին փռել, բոլոր մեքենաներն ու սայլերը թեքվում էին, ճանապարհը փոխում ու հեռվից անցնում։ Բժիշկ Ռեյնոլդսը ամեն անգամ հիվանդին այցելության գալիս իր մեքենան թողնում էր մեր տան մոտ և Ռեդլիների տունը գնում ոտքով։ Ես և Ջիմը օրեր շարունակ ոտքներիս թաթերի վրա էինք քայլում։ Վերջապես իշոտնուկները վերցրին, և մենք արտասանդուղքից նայում էինք, թե ինչպես էր միստեր Ռեդլին մեր տան առևջով անցնում իր վերջին ճանապարհը։

— Ահա՛, թաղելու են տանում աշխարհիս երեսին եղած ամենաստոր մարդուն,— քթի տակ քրթմնջաց Կելպուրնիան և մտախոհ թքեց։

Մենք աչքներս չռած նայեցինք նրան․ Կելպուրնիան ասկավ էր իրեն թույլ տալիս, որ բարձրաձայն դատողություններ աներ սպիտակների մասին։

Բոլոր հարևանները մտածում էին, որ երբ միստեր Ռեդլին հոգին ավանդի, Զարզանդը դուրս կգա լույս աշխարհ, բայց նրանք սխալվում էին։ Պենսակոլայից վերադարձավ Զարզանդի ավագ եղբայրը և գրավեց հոր տեղը։ Տարբերությունը միայն տարիքի մեջ էր։ Ջիմը ասաց՝ միստեր Նաթան Ռեդլին էլ է «բամբակ մեծագնում»։ Բայց Նաթան Ռեդլին պատասխանում էր, երբ մենք բարևում էինք նրան, և երբեմն քաղաքից վերադառնալիս նրա ձեռքին ամսագրեր էին լինում։

Մենք որքան շատ էինք Դիլլին պատմում Ռեդլիների մասին, նա այնքան շատ էր ուզում նրանց մասին իմանալ, որքան շատ էր լապտերասյունը գրկած անկյունում սպասում, այնքան շատ էր մտքի մեջ ընկնում։

— Հետաքրքիր է, թե նա այնտեղ ինչ է անում,— քրթմնջում էր Դիլլը։— Ա՜խ, երանի թե, հենց հիմա դուրս գար դռնից։

— Նա գիշերներն է դուրս գալիս, երբ մութն է լինում,— ասաց Ջիմը։— Միսս Ստիվենի Կրոուֆորդը, ասում է, որ մի անգամ, ոնց է լինում, արթնանում է կեսգիշերին, մեկ էլ տեսնում է, Զարզանդը պատուհանից նայում է իրեն, նայում է, ու ինքն էլ ասես մեռել լինի, գլուխը իսկ և իսկ՝ գանգ։ Դիլլ, իսկ դու նրան չե՞ս տեսել։ Դու գիշերը չե՞ս արթնացել։ Նա ա՛յ այսպես է քայլում,— և Ջիմը ոտքերը քստքստացրեց մանրախճի վրա։— Ես էլ մտածում էի, թե միսս Ռեյչելը ինչո՞ւ է գիշերը բոլոր դռները փակում։ Ես ինքս քանի-քանի անգամ եմ նրա ոտնատեղերր տեսել մեր ետնաբակում, իսկ մի անգամ էլ, լսում ենք, որ նա ետնամուտքի պատուհանն է ճանկռտում, Ատտիկուսը դուրս եկավ, բայց նա արդեն չկար։

— Ա՛խ, գոնե տեսնեի, թե նա ինչպիսին է,— ասաց Դիլլը։ Ջիմը նրան պատկերեց Զարզանդի բավականին նման կերպարանքը․ դատելով Զարզանդի ոտնահետքերից, նա մոտ վեց ու կես ֆուտ է, ուտում է հում սկյուռներ և այն բոլոր կատուները, որոնք ընկնում են ճանկը, ահա թե ինչու են նրա ձեռքերը միշտ արյունոտ, ախր ով որ կենդանիներին հում֊հում ուտում է, նրա ձեռքերի վրայից արյունը երբեք չի գնում, թեկուզ հարյուր տարի էլ լվանա։ Նրա դեմքի վրայով մի թեք, երկար սպի է անցնում, ատամները՝ դեղին, փտած, աչքերի բիբերը՝ դուրս պրծած, փսլինքն էլ վազում է։

— Եկեք նրան տնից դուրս քաշենք,— ասաց Դիլլը։— Ես ուզում եմ նրան տեսնել։

Ջիմն ասաց․

— է՛հ, ինչ կա որ, եթե կյանքիցդ ձեռք ես քաշել, գնա նրա շքամուտքն ու ծեծիր, ուրիշ բան պետք չէ։

Մեր առաջին հարձակումԸ տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ Դիլլը Ջիմի հետ գրազ եկավ նրա «Գորշ տեսիլք» գրքի համար «Թոմ Սվիֆթի» երկու պրակների դիմաց, հույս ունենալով, որ Ջիմը չի համարձակվի քիթը խոթել Ռեդլիների շքամուտքը։ Ջիմը այդպիսին էր, եթե զայրացավ, ինչ էլ անես, խոսքից ետ չի դառնա։

Ջիմը երեք օր մտածում էր։ Երևի պատիվը նրա համար կյանքից թանկ էր, որովհետև Դիլլին շատ հեշտությամբ էր հաջողվում նրան նեղը գցել։

— Դու վախենում ես,— ասաց նա հենց առաջին օրը։

— Չեմ վախենում, պարզապես լավ բան չէ ուրիշհ տունը ներխուժել,— ասաց Ջիմը։

Հետևյալ օրը Դիլլն ասաց․

— Դու վախենում ես, մի ոտդ էլ իսկի չես կարողանա դնել նրանց բակը։

Ջիմը առարկեg, ասելով, թե արդեն քանի֊քանի տարի է՝ Ռեդլիների տան մոտով է ամեն օր դպրոց գնում։

— Չես գնում, շնչակտուր վազում ես,— ասացի ես։

Բայց երրորդ օրը Դիլլը նրա հախից եկավ․ նա Ջիմին ասաց, որ Մերիդիանում մարդիկ ավելի քաջ են, քան Մեյկոմբում, թե այնպիսի վախկոտներ, ինչպիսիք ապրում են Մեյկոմբում, կյանքում առաջին անգամն է տեսնում։

Լսելով այդպիսի բաներ, Ջիմը փողոցով քայլեց մինչև անկյունը, հենվեց լապտերասյանը և աչքը գցեց դռնակին, որը անհեթեթ օրորվում էր ինքնաշեն օղակի վրա։

— Հուսով եմ, որ դու ինքդ էլ ես հասկանում, Դիլլ Հարրիս, որ նա մեզ բոլորիս վերջ կտա,— ասաց Ջիմը, երբ մենք մոտեցանք։— Նա եղունգներով կհանի աչքերդ, և այն ժամանակ չասես, թե դու ես մեղավորը։ Հիշի՛ր, որ այո բանը դու ինքդ...

— Բայց դու, համենայն դեպս, վախենում ես,— չարախնդաց Դիլլը։

Ջիմը Դիլլին խնդրեց մեկընդմիշտ գլուխը մտցնել, որ նա ոչ մի բանից չի վախենում։

— Պարզապես ես չեմ կարողանում ճարը գտնել, թե նրան ինչպես դուրս գրավեմ, որ մեզ չբռնի։

եվ հետո ինքը պարտավոր է հիշել նաև, որ փոքր քույր ունի։

Հենց որ նա այդ ասաց, ես հասկացա, որ նա իսկապես վախենում էր։ Երբ ես մի անգամ ասացի, թե սիրտ չի անում կտուրից թռչել, այդ ժամանակ էլ հիշեց փոքր քրոջը։ «Եթե ես ընկնեմ ու ջարդվեմ, ի՞նչ կանես դու», հարցրել էր նա այն ժամանակ։ Կտուրից թռավ, բայց չջարդվեց և այլևս չհիշեց, թե պատասխանատու է քրոջ հանդեպ, մինչև որ հիմա չհայտնվեց Ռեդլիների դարպասի առջև։

— Ինչ է, լեղիդ ջո՞ւր դարձավ։ Ուզում ես խոսքիցդ ե՞տ կանգնել,— ասաց Դիլլը։— Այն ժամանակ, իհարկե...

— Դի՜լլ, այդպիսի բաներ անելիս պետք է լավ մտածել, հետո անել,— աաաց Ջիմը։— Մի րոպե թող մտածեմ... Դա նույնն է, թե կրիային ստիպես՝ գլուխը դուրս հանի․․․

— Իսկ դու կրիային ինչպե՞ս կստիպես,— հետաքրքրվեց Դիլլը։

— Պետք է նրա փորի տակ լուցկի վառել։

Ես ասացի՝ եթե Ջիմը կրակ գցի Ռեդլիների տունը, ես Ատտիկուսին կասեմ։

Դիլլը ասաց, թե կրիային այրելը ստորություն է։

— Իսկի էլ ստորություն չէ, պետք է նրան հարկադրեի և դա այն չէ, ինչ կրակի մեջ գցելը,— մրթմրթաց Ջիմը։

— Իսկ սրտեղի՞ց գիտես, թե լուցկու կրակից նա ցավ չի զգա։

— Հիմար, կրիաները ոչինչ չեն զգում։— ասաց Ջիմը։

— Ի՛նչ է, չլինի՞ թե դու ինքդ էլ ես կրիա եղել։

― Դե գիտես ինչ, Դիլլ․․․ Իսկ հիմա ինձ մի խանգարիր, թող որ մտածեմ․․․ Եթե սկսենք քարեր նետել, գուցե․․․

Ջիմը այնքան երկար էր մտածում, որ Դիլլը ստիպված զիջումների դիմեց։

— Դե լավ, լավ, չես վախենում, դու միայն մոտեցիր տանը, ձեռքդ խփիր պատին և «Գորշ տեսիլքը» քոնը կլինի։

Ջիմը աշխուժացավ։

— Դիպցնեմ ու վե՞րջ։

Դիլլը գլխով արեց։

— Ուրեմն վե՞րջ,— կրկնեց Ջիմը։— Տես, հա՜, ես ձեռքս կդիպցնեմ, իսկ դու իսկույն կգոռաս, թե դա քիչ է։

— Քեզ ասում են՝ այդքանը միայն,— ասաց Դիլլը։— Նա, հավանաբար, հենց որ քեզ բակում տեսնի, իսկույն դուրս կթռչի, այդտեղ ես ու Մեծաչքանին կհարձակվենք նրա վրա, ցած կգլորենք և կբացատրենք, որ մենք նրան ոչ մի վատ բան չենք անի։

Մենք կտրեցինք անցանք փողոցը և կանգ առանք Ռեդլիների մուտքի առջև։

— Դե սկսի՛ր,— ասաց Դիլլը։— Ես և Մեծաչքանին այստեղ ենք։

— Հիմա՛,— ասաց Ջիմը։— Ինձ մի շտապեցնի։

Նա Ռեդլիների ցանկապատի երկարությամբ քայլեց մինչև անկյունը, հետո դեպի ետ, երևում է ուսումնասիրում էր ոչ բարդ տեղանքը և որոշում, թե Ռեդլիների մուտքից ներս թափանցելը ինչ կերպ է ավելի հարմար, այդ անելիս խոժոռված քորում էր ծոծրակը։

Ես նայեցի նրան, նայեցի ու փռթկացի։

Ջիմը կրնկի վրա թափով դռնակը բացեց, նետվեց դեպի տունը, ձեռքի ափը խփեց պատին և մեր մոտով ետ սլացավ, նույնիսկ չնայեց էլ, տեսնելու, թե ինչ հետևանք ունեցավ իր հարձակումը։ Ես ու Դիլլը վազեցինք նրա ետևից։ Բարեհաջող հասնելով մեր պատշգամբը, հևալով, շունչներս հազիվ ետ բերելով, ուշքի եկանք։

Հնամենի տունը կանգնած էր առաջվա նման մռայլ ու տխուր, բայց հանկարծ մեզ թվաց, թե լուսամուտներից մեկում վարագույրը շարժվեց։ Թրը՛խկ։ Թեթև, հազիվ նկատելի մի շարժում, և տունը նորից լռեց։


Գլուխ 2

Սեպտեմբերի սկզբին Դիլլը հրաժեշտ տվեց մեզ և մեկնեց իրենց տուն՝ Մերիդիան։ Մենք ուղեկցեցինք մինչև ավտոբուսը, որը հինգ ժամից նրան տեղ էր հասցնելու, ես սաստիկ տխրել էի, բայց քիչ անց մտածեցի, որ մի շաբաթ հետո դպրոց պիտի գնամ։ Կյանքիս մեջ դեռ երբեք այդպիսի անհամբերությամբ որևէ բանի չէի սպասել։ Ձմռանը ժամեր շարունակ նստում էի սոճու վրա, մեր սարքած տնակում ու նայում դպրոցի բակին, Ջիմի հեռադիտակով հետևում աշակերտներին և ուսումնասիրում նրանց բոլոր խաղերը՝ աչքս չկտրելով Ջիմի կարմիր բաճկոնից, երբ երեխաները աչքակապուկ էին խաղում կամ թե բռնոցի, ես գաղտնի բաժանում էի նրանց ուրախություններն ու անհաջողությունները։ Եվ սաստիկ ցանկանում էի լինել նրանց հետ։

Առաջին օրը Ջիմը այնքան բարեհաճ գտնվեց, որ ինքը տարավ ինձ դպրոց, սովորաբար այդ անում են ծնողները։ Բայց Ատտիկուսն ասաց՝ Ջիմը ամենայն սիրով ցույց կտա իմ դասարանը։ Հավանաբար, այդտեղ տեղի էր ունեցել մի ձեռնտու գործարք․ երբ մենք վազքով շրջանցեցինք Ռեդլիների տան անկյունը, ես մի արտասովոր ձայն լսեցի, Ջիմի գրպանում դրամներ էին զրնգում։ Դպրոցի բակի առջևում մենք դանդաղեցրինք մեր քայլերը, և Ջիմը սկսեց ինձ բացատրել, որ դպրոցում նրանից չկպչեմ, չխնդրեմ խաղալ «Տարզանը և մարդ-մրջյունները» գլուխը, իր անձնական կյանքի մասին ակնարկներ չանեմ ու զահլան չտանեմ և դասամիջոցներին պոչիցն ընկած քարշ չգամ։ Իմ տեղը առաջին դասարանումն է, իսկ իր տեղը՝ հինգերորդ։ Կարճ ասած՝ չհամարձակվեմ ոսոքի տակն ընկնել։

— Ինչ, ուրեմն ես ու դու այլևս միասին չպիտի՞ խաղանք,— հարցրի ես։

— Տանը մենք կապրենք այնպես, ինչպես ապրում էինք,— ասաց Ջիմը։— Բայց, հասկանո՞ւմ ես, դպրոցն ուրիշ բան է, դպրոցը տուն չէ։

Եվ դուրս եկավ, որ այդպես էր որ կար։ Հենց առաջին իսկ առավոտը մեր ուսուցչուհին՝ միսս Կերոլայն Ֆիշերը, ինձ կանչեց և ամբողջ դասարանի առաջ քանոնով հասցրեց ձեռքերիս, իսկ հետո անկյուն կանգնեցրեց մինչև մեծ դասամիջոցը։

Միս Կերոլայնը ջահել էր, քսանմեկ տարեկան, ոչ ավելի։ Մազերը մուգ շիկավուն էին, ուներ վարդագույն այտեր, եղունգներին՝ թունդ կարմիր լաք։ Եվ լաքե բարձրակրունկ կոշիկներ, և կարմիր հագուստ՝ սպիտակ զոլերով։ Նա շատ նման էր անանուխի կոնֆետի, կոնֆետի էլ հոտ էր գալիս նրանից։ Նա վարձել էր միսս Մոդի Էտկինսոնի վերնահարկի սենյակը, մեր դիմացը, և երբ միսս Մոգին մեզ ծանոթացրեց նրա հետ, Ջիմը հետո մի քանի օր շարունակ ման էր գալիս ասես մշուշում։

Նա իր անունը տպագիր տառերով գրեց գրատախտակին և ասաց.

— Այդտեղ գրված է, որ ինձ անվանում են միսս Կերոլայն Ֆիշեր։ Ես հյուսիսային Ալաբամայից եմ, Ուինստոն շրջանից։

Դասարանով փսփսոց անցավ. այդ տեղերի բնակիչների բնավորությունը հայտնի էր, երևի միսս Կերոլայնն էլ է այդպես։ (Երբ 1861 թվականի հունվարի 11֊ին Ալաբամա նահանգը անջատվեց մյուս հարավային նահանգներից, Ուինստոն շրջանն էլ Ալաբամայից անջատվեց. Մեյկոմբում դա ամեն մի կաթնակեր գիտե)։ Հյուսիսային Ալաբաման լեփ֊լեցուն է օղու գործարաններով, տեքստիլ ֆաբրիկաներով, պողպատաձուլական ընկերություններով, հանրապետականներով, պրոֆեսորներով և ընդհանրապես անհայտ մարդկանցով, որոնք չգիտես ով են, ինչ են։

Որպես սկիզբ, Կերոլայնը սկսեց մեղ համար բարձրաձայն կարդալ կատուների մասին։ Կատուները միմյանց հետ երկար ու բարակ զրույց էին անում, զբոսնում էին շքեղ զգեստներով և ապրում էին խոհանոցում, վառարանի տակ գտնվող փոքրիկ տնակում։ Այն միջոgին, երբ միսիս կատուն զանգահարեց դեղատուն և չորացրած մկնով և շոկոլադով դեղահատ պատվիրեց, ամբողջ դասարանը ծիծաղից թուլացավ։ Միսս Կերոլայնը, երևում է, անտեղյակ էր, որ նրա աշակերտները՝ պատառոտված վերնաշապիկներով տղաները և պարկի կտորից կարված դերյաներով աղջիկները, բոլորը, հազիվ քայլել սովորած, արդեն բամբակենու թումբն են քաշում կամ խոզին կեր տալիս, այնքան էլ դյուրազգաց չեն հանդեպ նրբին բանահյուսությունը։ Կարդալով մինչև վերջ, նա ասաց.

— Որպիսի՜ հաճելի հեքիաթ, այնպես չէ՞, երեխայք։

Հետո մոտեցավ գրատախտակին, հսկայական տպագիր տառերով արտագրեց ամբողջ այբուբենը և դառնալով դասարանին, հարցրեց․

— Ո՞վ գիտե, ի՞նչ է այս։

Բոլորն էլ գիտեին, մեծամասնությունը մնացել էր և երկրորդ տարին էր առաջին դասարանում նստում։

Հավանաբար միսս Կերոլայնը ինձ ընտրեց նրա համար, որ անունս գիտեր։ Երբ ես սկսեցի բոլոր տառերն իրար ետևից կարդալ, նրա հոնքերի միջև մի հազիվ նկատելի կնճիռ երևաց․ հետո նա ինձ ստիպեց բարձրաձայն կարդալ այբբենարանի կեսը և «Մոբիլ ռեջիստեր»-ից բորսային բյուլետենը, համոզվելով, որ գրագետ եմ, ինձ նայեց արդեն թեթևակի արգահատանքով։ Եվ պատվիրեց հորս ասել, որ նա ինձ այլևս չսովորեցնի, քանի որ դա կվնասի իմ դպրոցական պարապմունքներին։

— Բայց նա ինձ ոչինչ չի սովորեցրել, միսս Կերոլայն,— զարմացա ես։

Նա ժպտաց և գլուխն օրորեց։

— Ատտիկուսը ինձ սովորեցնելու ժամանակ չունի,— ավելացրի ես։— Գիտե՞ք, երեկոները նա միշտ էլ այնպես հոգնած է լինում, նա միայն նստում է հյուրասենյակում և լրագիր է կարդում։

― Եթե նա չի սովորեցրել, հապա էլ ո՞վ է սովորեցրել,— ասաց միսս Կերոլայնը բոլորովին էլ ոչ բարկացած։— Չէ որ ինչ-որ մեկը սովորեցրել է։ Հո բարուրի՞ց չես սկսել լրագրեր կարդալ։

— Իսկ Ջիմն ասում է՝ բարուրից։ Նա մի գիրք էր կարդացել, և ես այնտեղ ոչ թե Ֆինչ էի, այլ Պինչ։ Ջիմն ասում է, թե ինձ իսկականից անվանում են Ջին Լուիզա Պինչ, բայց երբ ես ծնվել եմ, ինձ փոխել են, բայց ես իսկականից կոչվում եմ․․․

― Երևակոյությանը ազատություն չտանք, փոքրիկս,― ասաց նա։— Եվ այսպես, ասա հայրիկիդ, որ նա այլևս քեզ չսովորեցնի։ Ավելի լավ է կարդալ սովորել բոլոր կանոններով։ Կասես նրան, որ իր փոխարեն հիմա ես եմ զբաղվելու քեզանով և կաշխատեմ չարիքը վերացնել․․․

― Ինչպես ասացի՞ք, մեմ...

― Քո հայրը սովորեցնել չգիտե։ Իսկ հիմա նստիր։

Ես քրթմնջացի, որ ներողություն եմ խնդրում, նստեցի իմ տեղը և սկսեցի մտածել, թե որն է իմ հանցանքը։ Ես կարդալ երբեք դիտմամբ չեմ սովորել, պարզապես ինչ֊որ ստավել է, որ ես ամեն օր առանց թույլտվության գլուխս խոթեի լրագրերի մեջ։ Կամ, գուցե, ես ժամեր շարունակ կարդալ սովորել եմ եկեղեցում։ Չեմ հիշում, արդյոք եղե՞լ է ժամանակ, որ ես չկարողանամ սաղմոս կարդալ։ Եթե լավ քննենք, ընթերցանությունը ինքնին է եկել, հենց այնպես, ինչպես ինքն իրեն սովորել եմ առանց նայելու մեր գցել կոմբինեզոնիս ետևի կոճակները, կոշիկներիս թելերը քարկապ չգցելը, այլ այնպես կապել, ինչպես հարկն է։ Հեչ չգիտեմ, թե հատկապես երբ էր, որ Ատտիկուսի շարժվող մատների տակ տողերը դուրձան բառեր, բայց որքան ինձ հիշում եմ, ամեն երեկո ես նայում էի այդ մատներին, լսում վերջին նորությունները, նոր օրենքների ծրագրերը, Լորենցո Դոուի օրագիրը, այն ամենը, ինչ Ատտիկուսը կարդում էր, երբ ես քնելուց առաջ բարձրանում էի նրա ծնկներին։ Մինչև այն օրը, երբ ես վախեցա, որ ինձ այդ կարգելեն, ես կարդալ իսկի չէի սիրում։ Դե, շնչել նույնպես չես սիրում, բայց հապա փորձիր չշնչել...

Հասկանալով, որ միսս Կերոլայնը ինձնից դժգոհ է, ես որոշեցի բախտս չփորձել և մինչև դասի վերջը նայում էի պատուհանին, իսկ հետո դասամիջոց եղավ, և առաջին դասարանը ամբողջովին թափվեց բակը։ Այդտեղ Ջիմը ինձ գտավ, տարավ մի կողմ և հարցրեց, թե ոնց են գործերս։ Ես պատմեցի։

— Եթե հնարավոր է, ես տուն կգնայի։ Ջիմ, այդ մորաքույրը ասում է, թե Ատտիկուսն է ինձ կարդալ սովորեցրել, և այլևս թող չսովորեցնի։

— Վնաս չունի,― սկսեց ինձ մխիթարել Ջիմը։— Մեր ուսուցչուհին ասում է, միսս Կերոլայնը նոր մեթոդով է unվորեցնում։ Նա այդ անցել է կոլեջում։ Շուտով բոլոր դասարաններում էլ այդպես են սովորեցնելու։ Այդ ձևով, գրքերից համարյա թե չեն օգտվում, այլ այնպես, ինչպես կովերի հետ վարվել են սովորում։ Եթե ուզում ես կովի մասին իմանալ, պետք է կովը կթել, պա՞րզ է։

― Ա՜յ թե ինչ, բայց ես չեմ ուզում կովերին ուսումնասիրել, ես...

— Ոնց թե չես ուզում։ Կովերի մասին պետք է իմանալ, մեր շրջանի տնտեսությունների կեսը դրանցով է ապրում։

Ես միայն հարցրի, թե հո խելքը չի՞ գցել։

— Այ քեղ հիմար գլուխ, ես քեզ պարզապես բացատրում եմ, որ առաջին դասարանցիներին հիմա նոր ձևով են սովորեցնում։ Դա կոչվում է «Դյուիի տասնորդական սիստեմ»։

Ես երբեք կասկածի տակ չէի առնում այն ճշմարտությունները, որ բարբառում էր Ջիմը, չկասկածեցի և այժմ։ «Դյուիի տասնորդական սիստեմը» կիսով չափ կայանում էր նրանում, որ մեր քթերի առաջ միսս Կերոլայնը փոքրիկ ստվարաթղթեր էր թափահարում, որոնց վրա տպագիր տառերով գրված էին տուն, տար, տատ, տուր, ատամ։ Երևում է մեզնից չէր պահանջվում և ոչ մի բացատրություն, և դասարանը լռությամբ ընդունում էր այդ իմպրեսիոնիստական հայտնագործությունը։ Ես տխրեցի և սկսեցի նամակ գրել Դիլլին։ Այդ զբաղմունքի վրա ինձ բռնեց միսս Կերոլայնը և նորից պատվիրեց հորս ասել, որ նա դադարեր ինձ սովորեցնելուց։

― Եվ բացի այդ,— ասաց նա,— առաջին դասարանում մենք գրում ենք միայն տպագիր տառերով։ Իսկ ձեռագիր տառերով գրել կսովորես երրորդ դասարանում։

Այդտեղ մեղավորը Կելպուրնիան էր։ Բայց եթե այդպես չաներ, վատ եղանակներին, երբ տանն էի մնում, նրա հոգին կհանեի։ Նա մետաղյա տախտակի վրա ինձ դաս էր տալիս, վերևում գրում էր ձեռագիր տառերը, կողքին դնում էր բաց արած աստվածաշունչը և կարգադրում մի գլուխ արտագրել։ Եթե տառերը նման էի դուրս բերում, նա ինձ պարգև էր տալիս մի կտոր յուղով հաց՝ վրան առատ շաքար ցանած։ Խիստ ուսուցչուհի էր նա․ քիչ էր պատահում, որ գոհ մնար, և հաճախ չէր, որ պարգև էի ստանում նրանից։

― Նրանք, ովքեր տուն պիտի գնան, ձեռք բարձրացնեն,― ասաց միսս Կերոլայնը, և ես չէի հասցրել ուշքս գլուխս հավաքել, որ դեռ Կելպուրնիայի շնորհիվ էլ վիրավորանք ստացա։

Քաղաքում ապրող երեխաները ձեռք բարձրացրին, և միսս Կերոլայնը ուշադիր նայեց մեզ։

― Ով նախաճաշ բերել է, թող հանի։

Հայտնի չէ որտեղից հայտնվեցին մրգահյութով դույլիկներ, և առաստաղի վրա պարել սկսեցին արծաթե շողերը։ Միսս Կերոլայնը քայլում էր նստարանների շարքերի միջով, նայում փոքրիկ դույլերի մեջ, նայում թղթե փաթեթների մեջ ու մերթ գոհունակ գլխով անում, մերթ թեթևակի մռայլվում։ Ուոլտեր Կանինգհեմի նստարանի մոտ նա կանգ առավ։

— Իսկ քո՞ նախաճաշն ուր է։

Ուոլտեր Կանինգհեմի դեմքին նայելով, ամեն մի առաջին դասարանցի էլ հասկանում էր, որ նա որդ ունի։ Իսկ բոբիկ ոտքերից իսկույն հայտնի էր, թե դա որտեղից է։ Որդը լինում է այն պատճառով, որ բոբիկ ոտքերով ման ես գալիս գոմաղբի ու ցեխի մեջ, ուր թավալ են տալիս խոզերը։ Թե որ Ուոլտերը կոշիկ ունենար, դպրոցական պարապմունքների առաջին օրը, իհարկե, կհագներ, իսկ հետո, միևնույն է, ոտաբոբիկ դպրոց կգար մինչև ցրտերն ընկնելը։ Դրա փոխարեն նրա հագին կար մաքուր վերնաշապիկ և խնամքով կարկատած կոմբինեզոն։

— Դու այսօր մոռացե՞լ ես հետդ նախաճաշ վերցնել,— հարցրեց միսս Կերոլայնը։

Ուոլտերը նայում էր ուղիղ իր առաջ։ Նրա վտիտ այտի վրա մկանը ցնցվում էր։

― Դու այսօր մոռացե՞լ ես նախաճաշդ,— նորից հարցրեց միսս Կերոլայնը։

Նրա այտը նորից ցնցվեց։

— Ըհը՛,— քրթմնջաց նա վերջապես։

Միսս Կերոլայնը մոտեցավ իր սեղանին և հանեց դրամապանակը։

— Ահա քեզ քսանհինգ ցենտ,— ասաց նա։ — Գնա և քեզ համար ուտելիք գնիր։ Դրամը վաղը կտաս ինձ։

Ուոլտերը գլուխը թափահարեց։

— Ո՛չ, մեմ, շնորհակալություն,— կամացուկ աաաց նա։

Միսս Կերոլայնի ձայնում անհամբերություն լսվեց.

— Արի այստեղ, Ուոլտեր, և վերցրու դրամը։

Ուոլտերը կրկին գլուխը թափահարեց։

Երբ որ նա երրորդ անգամ գլուխը թափահարեց, երեխաներից մեկը շշնջաց․

— Ասա նրան, Մեծաչքանի։

Ես շուրջս նայեցի և տեսա, որ թե՛ քաղաքում և թե՛ քաղաքից դուրս ապրող տղաները նայում են ինձ։ Ես միսս Կերոլայնի հետ արդեն երկու անգամ զրուցել էի, և նրանք բոլորը միամիտ հավատով հայացքները հառել էին ինձ, որ այդպիսի մոտիկ ծանոթությունից կծնվի փոխըմբռնում։

Այդպես է, որ կա, պետք է Ուոլտերին պաշտպանել։ Ես վեր կացա։

— Ը՜-ը․․․* միսս Կերոլայն․․․

— Ի՞նչ է, Ջին Լուիզա։

— Միսս Կերոլայն, նա Կանինգհեմ է։

Եվ ես նստեցի տեղս։

Ինձ թվաց, որ ես շատ պարզ ասացի։ Մեզ բոլորիս համար դա միանգամայն պարզ էր։ Ուոլտեր Կանինգհեմը ստում է, ըստ որում՝ իզուր։ Նա ոչ մի նախաճաշ էլ չի մոռացել, նա ոչ մի նախաճաշ էլ չի ունեցել։ Այսօր չունի, վաղն էլ չի ունենա և մյուս օրն էլ։ Նա երևի քսանհինգ ցենտ կյանքումն էլ չի տեսել։

Ես մի փորձ ևս արեցի։

— Միսս Կերոլայն, ախր Ուոլտերը Կանինգհեմներից է։

― Չեմ հասկանում, Ջին Լուիզա։ Ինչի՛ մասին ես ասում։

― Այդ ոչինչ, մեմ, դուք շուտով շրջանի բոլոր մարդկանց կճանաչեք։ Կանինգհեմները երբեք և ոչինչ չեն վերցնում ձրի, ոչ քաղաքապետարանից, ոչ էլ ծխական համայնքից։ Նրանք ոչ ոքից ոչ մի բան չեն վերցնում, մի կերպ ապրում են նրանով, ինչ ունեն։ Նրանք քիչ բան ունեն, բայց դրանով էլ կառավարվում են։

Կանինգհեմների տոհմի, ավելի ճիշտ, նրա մի ճյուղի բնավորությունը ես սկսեցի ճանաչել անցած ձմռանը։ Ուոլտերի հայրը խորհուրդի համար գալիս էր Ատտիկուսի մոտ։ Մեկ անգամ, երեկոյան, նրանք հյուրասենյակում երկար ու ձանձրալի խոսում էին օրենքների սահմանափակումից, իսկ հրաժեշտի ժամանակ միստեր Կանինգհեմն ասաց.

— Բոլորովին չգիտեմ, միստեր Ֆինչ, թե երբ կկարողանամ ձեզ վճարել։

— Թող դա ձեզ չանհանգստացնի, միստեր Կանինգհեմ, — ասաց Ատտիկուսը։

Ես Ջիմին հարցրի, թե ինչ կնշանակի սահմանափակում, նա ասաց, երբ պոչդ հուփ են տալիս, և այդ ժամանակ ես Ատտիկուսին հարցրի, թե միստեր Կանինգհեմը կկարողանա՞ երբևէ մեզ վճարել։

— Փողով չի կարողանա,— ասաց Ատտիկուսը,— բայց մինչև տարվա վերջը նա մեզ կհատուցի։ Ա՛յ, կտեսնես։

Եվ մենք տեսանք։ Մի անգամ, առավոտյան մեր ետնաբակում գտանք մի կույտ չռփի՝ կպչանի համար։ Հետո ետնամուտքում աստված գիտե, թե որտեղից հայտնվեց մի ամբողջ պարկ ընկույզ։ Սննդին հայտնվեց սրատերևի զամբյուղ։ Գարնանը մենք գտանք վաղահաս բողկով լիքը մի պարկ ևս, և այդ ժամանակ Ատտիկուսն ասաց, որ միստեր Կանինգհեմը պարտքը վճարեց և դեռ մի բան էլ ավելի։

— Իսկ ինչո՞ւ է նա բողկով վճարում,― հարցրի ես։

— Որովհետև այլ կերպ չի կարող։ Նա փող չունի։

— Իսկ մենք աղքա՞տ ենք, Ատտիկուս։

Ատտիկուսը գլխով արեց։

— Այո, իհարկե։

Ջիմը քիթը կնճռեց։

— Այնպես աղքատ, ինչպես Կանինգհեմնե՞րն են։

— Դե, իհարկե, ոչ այդքան։ Կանինգհեմները քաղաքացի չեն, այլ ֆերմեր, ճգնաժամը ամենից ավելի նրանց է հարվածել։

Ատտիկուսն ասաց՝ քաղաքում շատ մարդիկ են աղքատ, որովհետև ֆերմերներն աղքատ են։ Մեյկոմբ շրջանում ամբողջովին ֆերմերներ են ապրում. բժիշկները, իրավաբանները, ատամնաբույժները ամեն մի գրոշը դժվարությամբ են վաստակում։ Օրենքների սահմանափակումը միստեր Կանինգհեմի համար միակ չարիքը չէ։ Նրա հողի այն մասը, որին տնօրինելու իրավունք ունի, առանց տիրոջ գիտության գրավ է դրված և դա առաջին անգամը չէ, ու այն խղճուկ գրոշներով, որոնք կանխիկ ստանում է, ստիպված է լինում տոկոսները վճարել։ Եթե միստեր Կանինգհեմը լեզուն պահեր ատամների ետևը, նրան կվերցնեին հասարակական աշխատանքների, բայց եթե նա թողնի իր հողը, այն կկորցնի, և Կանինգհեմը գերադասում է սովել, բայց պահպանել հողը, և ավելացրած դրան՝ ձայն տալ նրա՛ օդտին, ում որ քեֆը ուզում է։ Միստեր Կանինգհեմը անդրդվելիների ցեղից է, ասաց Ատտխկուսը։ Կանինգհեմները իրավաբանին վճարելու համար դրամ չունեն, ահա նրանք էլ վճարում են ինչով որ կարողանում են։

— Իսկ գիտե՞ք, որ բժիշկ Ռեյնոլդսն էլ է այդպես աշխատում,— ասաց Ատտիկուսը։— Երբ երեխա է ծնվում, նա երեխայի ծնողներից մի չափ կարտոֆիլ է վերցնում։ Միսս Մեծաչքանի, եթե դուք շնորհ անեք և ինձ լսեք, ես ձեզ կբացատրեմ, թե ինչ է նշանակում օրենքների սահմանափակում։ Ջիմը երբեմն շատ ճիշտ է գլխի ընկնում, թե ինչը ինչոց է։

Եթե ես կարողանայի այնպես հստակ ու հասկանալի բացատրել, ինչպես Ատտիկուսը, ես կկարողանայի խուսափել որոշ տհաճություններից և ուսուցչուհուս ետ կպահեի դառը հուսախաբությունից, բայց ես չէի կարողանում, ուստի ասացի․

― Միսս Կերոլայն, դուք Ուոլտերին իզուր տեղն եք վիրավորում, նրանց տանը քսանհինգ ցենտ չկա, որպեսզի ձեզ վերադարձնի, իսկ չռփին էլ ձեզ պետք չի։

Սիսս Կերոլայնը ասես տեղում մեխվեց, հետո բռնեց օձիքիցս, քարշ տվեց դեպի իր սեղանը։

— Ջին Լուիզա, դու ինձ զզվեցրիր,— ասաց նա,— դու բոլոր տեսակետներով վատ ես սկսում, սիրելիս, մեկնի՛ր ձեռքդ։

Ես կարծեցի, թե նա հիմա ափիս մեջ կթքի․ Մեյկոմբում հենց միայն դրա համար էլ ձեռքը մեկնում են, դարերով սրբագործված սովորություն, այդպես են ամրապնդում մեզ մոտ ամեն մի համաձայնություն։ Ոչ լրիվ հասկանալով, թե այդ ինչի համար է, ես և նա համաձայնության եկանք, ես նայեցի ընկերներիս, բայց ամբողջ դասարանը հենց նույնպիսի վարանումով նայում էր ինձ։ Միսս Կերոլայնը քանոնը սեղանից վերցրեց, հինգ թե վեց անգամ թեթևակի խփեց ձեռքիս, հետո կարդադրեց անկյուն կանգնել։ Այդ ժամանակ միայն երեխաները գլխի ընկան, որ միսս Կերոլայնը ինձ ծեծեց, և բոլորը ծիծաղից թուլացան։

Միսս Կերոլայնը սպառնաց, թե նրանց էլ բաժին կհասնի, և առաջին դասարանը դարձյալ քրքջաց, նրան սթափեցրեց միայն միսս Բլաունտի երևալը։ Բնիկ մեյկոմբցի, և դեռ չնվիրված «Դյուիի տասնորդական սիստեմին», միսս Բլաունտը կանգնեց շեմքին՝ ձեռքերը կողքերին և հայտարարեց.

— Եթե այստեղ, դասարանում, որևէ մեկը հանդգնի ժպտալ, բոլորին կտաքացնեմ, լա՜վ իմացեք։ Միսս Կերոլայն, այս բղավոցներից ու աղմուկից վեցերորդ դասարանը հնարավորություն չունի կենտրոնանալու բուրգերին։

Անկյունում ես քիչ կանգնեցի։ Ի երջանկություն միսս Կերոլայնի, զանգը խփեց, և բոլորը գնացին նախաճաշելու։ Ես վերջինը դուրս եկա և տեսա, թե ինչպես միսս Կերոլայնը ծանրությամբ նստեց աթոռին և գլուխը դրեց ձեռքերին։ Եթե ինձ հետ լավ վարված լիներ, ես նրան կխղճայի։ Նա այնպես լավիկն էր։


Գլուխ 3

Ես, համենայն դեպս, սիրտս մի քիչ թեթևացրի, բակում թռա Ուոլտեր Կանինգհեմի վրա, քիթը հուպ տվի գետնին, բայց այդ միջոցին Ջիմը մոտեցավ և հրամայեց բաց թողնել։

— Ի՜նչ ես կպել այդ պստիկից։

— Միգուցե քեզանից էլ է մեծ,— ասացի ես։— Նրա պատճառով ես վատ սկսեցի։

— Թո՛ղ, Մեծաչքանի։ Ինչի՞ համար ես նրան...

— Նա նախաճաշ չուներ,— ասացի ես և բացատրեցի, թե ինչպես էի պատժվել, որ ինչ է Ուոլտերը պետք է սնունդ ստանա։

Ուոլտերը ոտքի կանգնեց և սկսեց լուռ լսել։ Նա թեթև սեղմել էր բռունցքները, ասես սպասելով, որ մենք՝ քույր ու եղբայր ուր որ է կհարձակվենք իր վրա։ Ես ուզում էի ոտքերս խփել գետնին, որ նա կորչեր, աչքիս չերևար, բայց Ջիմը ուսս բռնեց։ Նա ուշադիր նայեց Ուոլտերին, հետո ասաց.

— Քո հայրը, հին սարեմցի միստեր Ուոլտեր Կանինգհե՞մն է։

Ուոլտերը գլխով արավ։

Նա այնպես վտիտ էր, նիհար, ասես ծնված օրից կուշտ փորով հաց չէր կերել, աչքերը երկնավուն էին, ինչպես Դիլլ Հարրիսի աչքերը, ջրակալած, կոպերը՝ կարմիր, իսկ դեմքին մի կաթիլ արյուն չկա, միայն քթի ծայրն է կարմիր ու թաց։ Նա անհանգիստ ձիգ տվեց շալվարի փոկերը և քաշեց օղլակները։

Ջիմը հանկարծ զվարթ ժպտաց նրան։

― Գնանք մեր տուն նախաճաշելու, Ուոլտեր,— ասաց նա։— Մենք շատ ուրախ կլինենք։

Ուոլտերը փայլեց, բայց և նորից իսկույն ևեթ մռայլվեց։

Ջիմն ասաց.

― Իմ հայրը և քո հայրը բարեկամներ են։ Իսկ Մեծաչքանին պարզապես խելառ է։ Նա այլևս քեզ ձեռք չի տա։

— Դա դեռ կտեսնե՜նք,— զայրացա ես։ Ինչ պատճառով է Ջիմը առանց ինձ հարցնելու բաներ խոստանում։ Բայց դե, թանկագին ժամանակն անցնում էր։— Լա՛վ։ Ուոլտեր, ես քեզ չեմ դնգստի։ Իսկ դու լոբի սիրո՞ւմ ես։ Մեր Կելը սքանչելի է եփում։

Ուոլտերը ցցվել էր սյունի պես և շրթունքներն էր կրծոտում։ Ես և Ջիմը արդեն ձեռք քաշեցինք ու համարյա հասել էինք Ռեդլիների տան մոտ, երբ նա ետևներիցս վազելով բղավեց․

— Է՛յ, գալիս եմ ձեզ հետ։

Երբ Ուոլտերը հասավ մեզ, Ջիմը նրա հետ աշխարհիկ խոսակցություն սկսեց։

— Այստեղ չար ոգի է ապրում,— ասաց նա ցույց տալով Ռեդլիների տունը,— նրանց մասիս լսած կա՞ս։

— Ո՛նց չէ,— պատասխանեց Ուոլտերը.— դպրոց գնալուս առաջին տարում քիչ մնաց մեռնեի, փորովս մեկ ընկույզ էի կերել։ Ասում են՝ նա ընկույզները դիտմամբ թունավորում է ու ցանկապատի վրայով շպրտում դուրս։

Հիմա, եբբ մենք գնում էինք երեքով, Ջիմը Զարզանդ Ռեդլիից կարծես իսկի չէր էլ վախենում։ Նույնիսկ պարծենում էր։

― Մի անգամ ես մեն֊մենակ կիփ մոտեցել եմ տանը,― ասաց նա Ուոլտերին։

— Կան մարդիկ, որոնք մեկ անգամ կիփ մոտենում են տանը, իսկ հետո կողքովն անցնելիս շնչակտուր վազում են,— ասացի ես այնպես, կարծես դա վերաբերում էր երկնքի ամպերին։

— Այդ ո՞վ է շնչակտուր վազում, միսս Կռվարար։

— Դու ես վազում, երբ մենակ ես լինում։

Մինչև կհասնեինք մեր դռանը Ուոլտերը մոռացել էր անգամ, որ ինքը Կանինգհեմ է։ Ջիմը վազեց խոհանոց և Կելպուրնիային ասաց, որ մի ափսե ավելի դնի, մենք հյուր ունենք։ Ատտիկուսը Ուոլտերին բարևեց և զրույց սկսեց բերքի մասին, իսկ ես և Ջիմը դրանից ոչինչ չէինք հասկանում։

— Գիտե՞ք ես ինչու եմ մնում առաջին դասարանում, միստեր Ֆինչ, ամեն գարնան օգնում եմ հորս բամբակը փխրեցնելու, բայց հիմա մեր տանը մեկն էլ է մեծացել, նա էլ կարող է դաշտում աշխատել։

— Դուք նրա համար մի չափ կարտոֆի՞լ եք տվել,— հարցրի ես։

Ատտիկուսը նայեց ինձ և գլուխն օրորեց։

Ուոլտերը սկսեց ուտելիք վերցնել իրեն համար, և ի զարմանս իմ և Ջիմի, նա և Ատտիկուսը զրուցում էին որպես համահավասարներ։ Ատտիկուսը ինչ-որ բան էր բացատրում ֆերմերային տնտեսությունից, հանկարծ Ուոլտերը ընդհատեց նրան և հարցրեց, թե մենք մրգահյութ չունե՞նք։ Ատտիկուսը կանչեց Կելպուրնիային, և նա սափորով մրգահյութ բերեց։ Նա կանգնել ու սպասում էր, մինչև Ուոլտերը իրեն համար մրգահյութ կլցներ։ Ուոլտերը վերցրեց ու լցրեց բանջարեղենի ռագուի և մսի վրա, նա, երևի, կաթի վրա էլ կլցներ, որ դրված էր բաժակով, բայց ես այդ րոպեին հարցրի, թե այդ ի՞նչ է անում։

Նա սափորը շտապով մի կողմ դրեց այնպես, որ արծաթե տակակալը զրնգաց, և ձեռքերը սեղմեց ծնկների արանքը։ Եվ մռայլվեց։

Ատտիկուսը նայեց ինձ և գլուխը նորից օրորեց։

— Ախր նա ամբողջ նախաճաշը հեղեղեց,— ասացի ես։— նա բոլորը լցրեց...

Այդ Ժամանակ Կելպուրնիան պահանջեց, որ գնամ խոհանոց։

Նա սաստիկ կատաղած էր, իսկ կատաղած ժամանակ միշտ էլ ոչ ճիշտ բաներ էր ասում։ Երբ խաղաղ էր լինում, նա խոսում էր բոլորովին էլ ոչ վատ, քան Մեյկոմբի ամենագրագետ մարդը։ Ատտիկուսը ասում էր, որ Կելպուրնիան համարյա բոլոր սևամորթ մարդկանց մեջ ամենից կրթվածն է։

Կելպուրնիան աչքը շլելով նայեց ինձ, և հոնքերի միջի կնճիռները ավելի նկատելի դարձան։

— Թերևս ոմանք այնպես չեն ուտում, ինչպես մենք ենք ուտում, բայց երբ բոլորով միասին նստած եք լինում սեղանի շուրջը, նրան մի ծաղրիր,— զայրույթով ֆշշաց նա։— Այդ տղան քո հյուրն է, թող հենց սփռոցն էլ ծամի, բայց դու լռիր։ Հասկացա՞ր։

— Ախր նա հյուր չի, Կել, նա պարզապես Կանինգհեմ է․․․

— Լեզուդ մի պտտեցնի։ Քո ի՞նչ գործն է, թե նա ով է։ Տունդ է եկել, նշանակում է հյուրդ է, և հարկ չկա քիթդ ցցել ու, հալա մի սրա՜ն տեսեք, վերի արտի ցորե՜նն է։ Միգուցե քո հարազատները Կանինգհեմներից լավ մարդիկ են, բայց դու նրանց ահա, խայտառակում ես։ Եթե չես կարողանում սեղանի շուրջը քեզ կարգին պահել, կե՛ր խոհանոցում։

Ծանրակշիռ ապտակով Կելպուրնիան ինձ հրեց դեպի սեղանատան դուռը։ Ես իմ ափսեն վերցրի և նախաճաշս ավարտեցի խոհանոցում, դա լավ էր, քանի որ այդպիսի ստորացնումից հետո ստիպված չէի լինելու բոլորի հետ նստել։ Ես Կելպուրնիային ասացի, դե լավ, երեսդ շրջես թե չէ, կգնամ nւ ինձ Լճախորշը կգցեմ, այն ժամանակ կզղջաս։ Եվ հետո, նա այսօր արդեն մի փորձանք բերել էր գլխիս, այն ամենի համար ինքն էր մեղավոր, ինչո՞ւ էր ինձ գրել սովորեցնում։

— Ապա մի ձայնդ կտրիր,— ասաց Կելպուրնիան։

Ջիմը և Ուոլտերը ինձ չսպասելով, գնացին դպրոց․ արժեր մի քիչ սպասել և հետո մի շնչով սլանալ Ռեդլիների տան մոտով, միայն թե կարողանայի Ատտիկուսի աչքերը բացել Կելպուրնիայի չարագործությունների առջև։

— Եվ, ընդհանրապես, նա Ջիմին ավելի շատ է սիրում, քան ինձ,— վերջում ասացի ես և առաջարկեցի հենց հիմա Կելպուրնիային վռնդել։

— Իսկ դու չե՞ս նկատում, որ Ջիմը նրան շատ ավելի քիչ նեղություն է պատճառում, քան դու,— խստորեն ասաց Ատտիկուսը։— Ես Կելպուրնիայից բաժանվելու մտադրություն չունեմ, ոչ հիմա, ոչ հետո։ Մենք առանց Կելի մի օր անգամ չենք կարող ապրել, դու այդ մասին երբևէ խորհե՞լ ես։ Ահա՛, ուրեմն, մտածիր միայն, թե նա ինչպես է քո մասին հոգում և շնորհ արա նրան լսել։ Հասկացա՞ր։

Ես վերադարձա դպրոց և նստել ու զայրույթից ինձ ուտում էի Կելպուրնիային հիշելով, երբ մռայլ մտքերս ընդհատվեցին մի հուսահատ ճիչով։ Ես գլուխս բարձրացրի։ Դասարանի մեջտեղում կանգնած էր միսս Կերոլայնը, նրա դեմքը սարսափից ամբողջովին աղավաղվել էր։ Դասամիջոցին նա երևի կարողացել էր մի փոքր ուշքը գլուխը հավաքել և այժմ շարունակում էր պարապմունքը։

— Ո՛ղջ է, ո՛ղջ է,— վժժաց նա։

Բոլոր տղաները մեկ անգամից վրա թափվեցին նրան օգնելու։ Աստված իմ, մտածում էի ես, մկնից է վախեցել։ Չարլի Լիթլը՝ Թիզուկես մականվանյալ, չտեսնված զիջող և համբերատար մի տղա, հարցրեց․

— Ո՞ւր փախավ, միսս Կերոլայն։ Շո՛ւտ ասացեք։ Ապա մի դուռը փակիր,— կարգադրեց նա մի տղայի, որ նստած էր իր ետևում,— հիմա ուր որ է մենք նրան կբռնենք։ Շուտ արեք, մեմ, ասացեք, ո՞ւր փախավ։

Միսս Կերոլայնը գողացող մատով ցույց տվեց ոչ թե հատակը, ոչ թե իր սեղանը, այլ ինձ անծանոթ մի լողլողի։ Թիզուկեսը դեմքը կնճռեց, բայց մեղմությամբ հարցրեց.

— Դուք նրա՞ մասին եք ասում, մեմ։ Դե, պարզ է, նա ողջ է, մեռած չէ։ Նա երևի ձեզ վախեցրեց։

— Անցնում եմ մոտով, տեսնեմ նրա մազերի վրայով սnղում է․․․— բառերը հազիվ արտասանելով թոթովեց միսս Կերոլայնը։

Թիզուկեսի դեմքը մինչև ականջները ճապաղեց․

— Ի՞նչ կա վախենալու, մեմ։ Մե՜ծ բան է, ոջի՛լ է էլի։ Հանգիստ նստեցեք ձեր սեղանի մոտ և մեզ մի քիչ էլ սովորեցրեք։

Ինչպես Մեյկոմբի բնակիչներից շատերը, Թիզուկեսը ևս չգիտեր, թե հաջորդ անգամ մեկ էլ երբ է ուտելու, բայց նա ի ծնե ջենտլմեն էր։ Նա բռնեց միսս Կերոլայնի արմռւնկից և առաջնորդեց դեպի ուսուցչական սեղանը։

— Դուք մի անհանգստացեք, մեմ,— ասաց նա։— Ոջիլից վախենալու կարիք չկա։ Հիմա ես ձեզ համար ջուր կբերեմ, որ խմեք։

Այս ամբողջ հարայ֊հրոցը ոջիլի տիրոջը մազ անգամ չհուզեց։ Նա գլուխը քորեց, շոշափեց գտավ անկոչ հյուրին և երկու մատով հանեց լույս աշխարհ։

Միսս Կերոլայնը տղայից չէր հեռացնում սարսափից լայնացած աչքերը։ Թիզուկեսը նրան թղթե բաժակով ջուր բերեց, նա շնորհակալությամբ խմեց և վերջապես վերստացավ խոսելու ընդունակությունը։

— Քեզ ինչպե՞ս են անվանում, բարեկամս,— հեզությամբ հարցրեց նա։

Լողլողը աչքերը բացուխուփ արեց։

— Ո՞ւմ, ի՞նձ...

Միսս Կերոլայնը գլխով արավ։

— Բարրիս Յուել։

Միսս Կերոլայնը նայեց ցուցակին։

— Ինձ մոտ գրված է Յուել, բայց անունը չկա։ Ի՞նչպես է քո անունը։

— Չգիտեմ։ Տանը ինձ ասում են Բարրիս, և վե՛րջ։

— Դե լա՛վ, Բարրիս,— ասաց միսս Կերոլայնը։— Ես կարծում եմ, մենք քեզ այսօր պարապմունքներից կազատենք։ Գնա տուն և գլուխդ լվա։

Նա սեղանի դարակից մի հաստ գիրք հանեց, թերթեց և մի րոպե մտքում կարդաց։

— Տնական լավ միջոց... Բարրիս, գնա տուն և գլուխդ կուպրի սապոնով լվա։ Իսկ հետո մաշկդ նավթով տրորիր։

— Էդ ինչի՞ համար։

— Որպեսզի․․․ Որպեսզի ազատվես ոջիլներից։ Հասկանո՞ւմ ես, Բարրիս, քեզանից կարող են մյուս երեխաներն էլ վարակվել, դու, իհարկե, այդ չես ցանկանում, ճի՞շտ է։

Բարրիսը կանգնեց։ Կյանքումս առաջին անգամ էի տեսնում մի այդպիսի կեղտոտ արարած։ Պարանոցը մուգ գորշավուն, ձեռքերը՝ թեփակալաձ, եղունգների տակ սգի ժապավեն։ Լվացել էր միայն դեմքի կենտրոնը, ձեռքի ափի չափ մի քիչ տեղ։ Նախքան այդ միջադեպը նրան ոչ ոք չէր նկատել, երևի այն պատճառով, որ առավոտից դասարանի ուշադրությունը ես և միսս Կերոլայնն էինք զբաղեցրել։

— Եվ խնդրե՛մ, Բարրիս,— ավելացրեց միսս Կերոլայնը,— վաղը դպրոց գալուց առաջ լոգանք ընդունիր։

Լողլողը քրքջաց.

— Կարծում եք, թե դո՞ւք ինձ դուրս արեցիք, տիրուհի՜։ Ես ի՛նքս կգնամ։ Այս տարվա համար այսքանն էլ հերիք է ինչքան սովորեցի։

Միսս Կերոլայնը վարանումով նայեց նրան։

— Ի՞նչ ես ուզում ասել։

Նա չպատասխանեց, միայն արհամարհանքով փռթկացրեց։

— Նա Յուելներից է, մեմ,— բացատրեց ամենամեծ տղաներից մեկը, և ես մտածեցի, որ միսս Կերոլայնը միևնույն է, չի հասկանում, չէ՞ որ նա այն ժամանակ էլ չհասկացավ, երբ ես Կանինգհեմների մասին ասացի։ Բայց միսս Կերոլայնը ուշադրությամբ լսում էր։— Մեր դպրոցը լիքն է Յուելներով, նրանք ամեն տարի դպրոց են գալիս առաջին օրը, իսկ հետո թողնում են։ Առաջին օրը տեսչուհին է նրանց ստիպում գալ, որովհետև սպառնում է, թե շերիֆին կասի, իսկ հետո այլևս ոչինչ չի կարող անել։ Տեսչուհին մտածում է, որ նրանց ցուցակագրել է, դասերի առաջին օրը դպրոց է քշել, ըստ օրենքի ամեն ինչ կարգին է։ Իսկ դուք էլ հետո նշանակեք, որ ամբողջ տարին դասերին ներկա չի եղել և վերջ․․․

— Բայց ի՞նչ են մտածում նրանց ծնողները,— զարմացավ միսս Կերոլայնը։

— Նրանց մայրը մահացել է,— եղավ պատասխանը,― իսկ հոր համար էլ բոլորը մեկ է։

Բարրիս Յուելին այս խոսակցությունը ակնհայտորեն շողոքորթեց։

— Ես երրորդ տարին եմ առաջին դասարանում,— հպարտությամբ ասաց նա։— Թե որ մի քիչ ճարպիկ գտնվեմ, այս տարի երկրորդ դասարան կփոխադրեն։

— Խնդրեմ նստիր, Բարրիս,— ասաց միսս Կերոլայնը։

Բայց այստեղ միսս Կերոլայնը սխալվեց։ Մինչ այժմ Յուելը համբերում էր, իսկ հիմա գազազեց․

— Ո՜նց չէ։

Թիզուկեսը վեր կացավ։

— Արձակեցեք նրան, մեմ,— խորհուրդ տվեց նա,— դա ստորի մեկն է, ուղղակի ստոր։ Նա մի այնպիսի շիլա-փլավ կեփի որ, իսկ այստեղ փոքրիկներ կան։

Թիզուկեսը, որ գետնի երեսին չէր երևում, հիմա երբ Բարրիս Յուելը դարձավ նրան, ձեռքն արագ գրպանը խրեց։

— Դե՛, դե՛, մի քիչ կամաց,— զգուշացրեց Թիզուկեսը,— թե չէ որ տվել եմ, ծպտունդ դուրս չի գա։ Արանքը ճղի՛։

Բարրիսը, թվում է, վախեցավ այդ իրենից կրկնակի փոքր տղայից, և միսս Կերոլայնը օգտվեց նրա վայրկենական շփոթությունից։

— Գնա՛ տուն, Բարրիս,— ասաց նա։— Թե չէ ստիպված կլինես գործ ունենալ դիրեկտորի հետ։ Միևնույն է, ես պետք է նրան այս ամենի մասին զեկուցեմ։

Յուելը ֆնչացրեց և անշտապ, քայլ առ քայլ շարժվեց դեպի ելքը։

— Զեկուցում ես, զեկուցի՛ր, գրողը քեզ տանի։ Վարժուհո՜ւս տեսեք, փսլնքո՛տ, քեզ նմաններին շա՛տ ենք տեսել։ Կարծում է, թե ինքը դուրս արեց։ Ես ինքս եմ գնում, այդպես էլ իմացիր։ Քեֆս ուզում է, գնում եմ։

Նա մի րոպե էլ սպասեց, համոզվեց, որ միսս Կերոլայնը լալիս է, և միայն այդ ժամանակ ծուլորեն ոտները քարշ տալով, դասարանից դուրս գնաց։

Մենք բոլորս հավաքվել էինք ուսուցչական սեղանի շուրջը և ով ինչ կերպ կարողանում էր, միսս Կերոլայնին մխիթարում էր՝ ստորի մեկն է այդ Յուելը․․․ լավ բան չարեց․․․ դրա նմաններին իսկի պետք էլ չէ սովորեցնել․․․ Դա մեյկոմբցու վարմունք չէր, միսս Կերոլայն, մերոնք այդպես չեն վարվում․․․ մի՛ վշտացեք, մեմ․․․ միսս Կերոլայն, միգուցե դուք մեզ էլի մի քիչ կարդաք։ Ա՛յ, կատուների հեքիաթը շատ էլ հետաքրքիր էր․․․

Միսս Կերոլայնը ժպտաց, աղմուկով քիթը սրբեց, ասաց՝ «շնորհակալություն, սիրելիներս», գիրքը բացեց, և ամբողջ առաջին դասարանը տարակուսանքի մեջ գցեց՝ սկսելով մի երկար պատմություն դոդոշի մասին, որը, չգիտես ինչու, ապրում էր տան մեջ։


Երբ ես այդ օրը չորրորդ անգամ ստիպված եղա անցնելու Ռեդլիների տան մոտով (և արդեն երկրորդ անգամ վազքով) տրամադրությունս այդ տան նման չափազանց մռայլ էր։ Եթե ամբողջ դպրոցական տարին պետք է հագեցված լինի այդպիսի բուռն ապրումներով, ինչպես այս առաջին օրը, դա, թերևս, շատ հետաքրքիր է, բայց եթե այդուհանդերձ ինն ամիսների ընթացքում հնարավոր չի լինչելու ոչ գրել, ոչ կարդալ, ավելի լավ կլինի, որ փախչեմ։

Իրիկնամուտին իմ ծրագիրը արդեն պատրաստ էր, երբ մենք վազեցինք Ատտիկուսին դիմավորելու, ես նույնիսկ չջանացի առաջ անցնել Ջիմից։ Մենք միշտ աշխատանքից հետո փոստի անկյունում դիմավորում էինք Ատտիկուսին։ Երևի Ատտիկուսը մոռացել էր, որ առավոտյան ես արժանացել էի նրա անբաբեհաճությանը, և սկսեց հարցեր տեղալ դպրոցի մասին։ Ես պատասխանում էի դժկամորեն, և նա այլևս չստիպեց։

Կելպուրնիան, երևում է, հասկացել էր, որ այսօր ինձ համար ծանր օր էր և ինձ թույլ տվեց նայելու, թե ինքն ինչպես է ընթրիքի համար պատրաստություն տեսնում։

— Աչքերդ փակիր, բերանդ բաց,— ասաց նա։

Հաճախ չէր պատահում, որ նա մեզ երես տար խրթխրթան պաքսիմատներով, միշտ ասում էր, չորացնելու ժամանակ չունի, բայց այսօր ես էլ, Ջիմն էլ դպրոց էինք գնացել և նրա համար օրը թեթև էր եղել։ Նա գիտեր, թե ես խրթխրթան պաքսիմատ որքան եմ սիրում։

— Տխրել եմ,— ասաց նա,— տունն այնպես դատարկ էր, ստիպված եղա ժամը երկուսին ռադիոն միացնել։

— Իսկ ինչո՞ւ։ Ես ու Ջիմը, միևնույն է, տանը չենք լինում, դա միայն այն ժամանակ, երբ անձրև է գալիս․․․

— Հա՛, դե ճիշտ է,— ասաց Կելպուրնիան,— բայց եթե ձայն եմ տալիս, մեկն ու մեկդ վազելով գալիս եք։ Օրվա կեսը անց է կենում ձեզ կանչելով։ Էհ, ինչ կա,— ավելացրեց նա՝ ելնելով աթոռակից,— խնդրե՛մ, ես հիմա կհասցնեմ պաքսիմատ էլ չորացնել։ Իսկ հիմա թռի՛ր, ինձ մի խանգարիր, սեղանը պիտի գցեմ։

Նա կռացավ և ինձ համբուրեց։ Սա ո՞ր խաչիցն էր,— մտածեցի ես վազելիս։ Երևում է ինքն էլ գիտե, որ մեղավոր է և ուզում է հաշտվել։ Անվերջ ինչ֊որ բան էր գտնում ու ինձնից կպչում, իսկ հիմա վերջապես հասկացել է, որ անիրավացի է, խղճացել է, բայց խոստովանել չի ցանկանում, որովհետև համառ է։ Ես հոգնել էի այդ օրվա անտեղի վիրավորանքներից։

Ընթրիքից հետո Ատտիկուսը նստեց բազկաթոռին, օրաթերթը վերցրեց ու ինձ կանչեց.

— Կարդալո՞ւ ենք, Մեծաչքանի։

Դա արդեն ես չկարողացա տանել և դուրս գնացի պատշգամբ։ Ատտիկուսը ետևիցս դուրս եկավ։

— Ի՞նչ է պատահել, Մեծաչքանի։

Ես ասացի, որ հիվանդ եմ և, եթե նա դեմ չէ, ես այլևս դպրոց չեմ գնա։

Ատտիկուսը նստեց ճլորթուն, ոտքը գցեց ոտքին և ձեռքը խրեց փոքրիկ գրպանը, ուր ժամացույցն էր դնում. նա միշտ հավատացնում էր, որ այդպես շատ հարմար է մտածել։ Նա լուռ, կարեկցանքով սպասում էր, իսկ ես որոշեցի դիրքերս ամրացնել։

— Չէ՞ որ դու էլ դպրոցում չես սովորել, և ոչինչ, դրանից վատ բան չի պատահել, դե ուրեմն, ես էլ չեմ սովորի։ Դու ինձ ինքդ սովորեցրու, ինչպես պապիկն է սովորեցրել քեզ ու հորեղբայր Ջեկին։

— Չեմ կարող,— ասաց Ատտիկուսը։— Ինձ հարկավոր է ապրուստի համար փող աշխատել։ Եվ հետո, եթե դու դպրոց չգնաս, ինձ բանտ կդնեն։ Այնպես որ, այսօր մագնեզիում ընդունիր, իսկ վաղը կգնաս դասի։

— Դե չէ, ես առողջ եմ։

— Այդպես էլ գիտեի։ Իսկ ի՞նչ է պատահել։

Խոսք խոսքի ետևից ես պատմեցի նրան այդ օրվա բոլոր փորձանքներիս մասին։

—... և նա ասում է, թե դու ինձ ճիշտ չես սովորեցրել, և մենք՝ ես և դու, այլևս երբե՛ք, երբե՛ք միասին չենք կարդալու։ Խնդրում եմ, դու ինձ այլևս դպրոց մի ուղարկիր, խնդրում եմ, շատ եմ խնդրում։

Ատտիկուսը վեր կացավ և գնաց պատշգամբի ծայրը։ Նա այնտեղ երկար ու ջանասիրաբար ուսումնասիրում էր գլիցինիայի ճյուղը, հետո վերադարձավ ինձ մոտ։

— Ամենից առաջ, Մեծաչքանի, փորձիր սովորել ոչ դժվարին մի ֆոկուս,— ասաց նա։— Այն ժամանակ քեզ համար շատ ավելի հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ յոլա գնալը։ Չի կարելի ինչպես հարկն է մարդուն հասկանալ, մինչև որ չլինես նրա տեսակետին։

— Այդ ինչպե՞ս։

— Հարկավոր է մտնել նրա կաշվի մեջ և նրանով ման գալ։

Եվ Ատտիկուսը նաև ասաց, որ դու այսօր շատ բան սովորեցիր, և միսս Կերոլայնը նույնպես որոշ բաներ սովորեց։ Օրինակ՝ Կանինգհեմներին ողորմություն չառաջարկել, բայց եթե ես և Կանինգհեմը մտնեինք միսս Կերոլայնհ կաշվի մեջ, մենք կհասկանայինք, որ այդ նա ասել է ոչ թե վիրավորելու համար, այլ սխալմամբ։ Նա հո չէ՞ր կարող մի օրում վարժվել մեյկոմբյան բոլոր սովորույթներին, և պետք չէ մեղադրել, եթե նա ինչ֊որ բան չգիտե։

— Գետնի տակն անցնեմ,— ասացի ես։— Ա՛յ, ես չգիտեի, որ նրան դուր չի գալիս, երբ կարդում են, իսկ նա ինձ մեղադրե՛ց․․․ Լսի՛ր, Ատտիկուս, դպրոց գնալն իմ ինչի՞ն է պետք,— հանկարծ գլխի ընկա ես։— Ես չէ՞ որ քեզ պատմեցի Բարրիս Յուելի մասին։ Նա միայն առաջին օրերն է դպրոց գալիս։ Տեսչուհին ցուցակագրում է անունը, և ըստ օրենքի ամեն ինչ կարգին է․․․

— Այդպիսի բաներ պետք չեն, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը։— Երբեմն որոշ հանգամանքներում օրենքը կարելի է շրջանցել։ Քո նկատմամբ օրենքն անողոք կլինի։ Այնպես որ դու ստիպված պիտի լինես դպրոց գնալ։

— Իսկ ինչո՞ւ Յուելին կարելի է, ինձ՝ ոչ։

— Դե, լսիր։

Եվ Ատտիկուսն ասաց, Յուելները միշտ էլ խայտառակություն են եղել Մեյկոմբի համար, արդեն երեք սերունդ։ Որքան ինքը հիշում է, Յուելներից և ոչ մեկը ազնիվ աշխատանքով չի ապրել։ Ա՛յ ծննդին, երբ տոներից հետո կարգի կընկնենք, նա ինձ կտանի և ցույց կտա, թե որտեղ և ինչպես են ապրում նրանք։ Նրանք մարդավարի չեն ապրում, այլ ինչպես անասունը։

— Եթե նրանք թեկուզ մի գրոշի չափ էլ սովորելու ցանկություն ունենային, միշտ էլ կկարողանային դպրոց գնալ,— ասաց Ատտիկուսը։— Կարելի է, իհարկե, զոռով ստիպել, բայց հիմարություն կլիներ Յուելների նման մարդկանց քարշ տալ այնտեղ, որտեղ չեն ցանկանում գնալ...

— Ուրեմն եթե վաղը ես դպրոց գնալ չուզենամ, դու ինձ նո՞ւյնպես քարշ կտաս։

— Բավական է այդ մասին,— չոր ասաց Ատտիկուսը։— Դու էլ նույնպիսի մարդ ես, ինչպես և բոլորը, միսս Մեծաչքանի Ֆինչ։ Եվ քեզ պահիր այնպես, ինչպես ընդունված է օրենքով։

Նա ասաց՝ Յուելները այնպիսի մարդիկ չեն, ինչպես բոլորը, նրանք իրենց բարքերն ունեն։ Որոշ հանգամանքներում սովորական մարդիկ նրանց խելամտորեն տրամադրում են որոշ արտոնություններ, պարզ ասած, նրանց որոշ արարքներին նայում են մատների արանքով։ Օրինակ՝ Յուելներին թույլատրում են դպրոց չգնալ։ Կամ թե Բոր Յուելին, Բարրիսի հորը, թույլատրում են որս անել և թակարդ դնել ոչ որսորդական սեզոնում։

— Բայց դա շատ վատ է, Ատտիկուս,— ասացի ես։

Մեյկոմբ շրջանում արգելված ժամանակ որս անելը հետապնդվում է օրենքով, և բոլոր բնակիչներն էլ նույնպես այդ բանը չեն ներում հանցավորներին։

— Այո՛, իհարկե, դա ապօրինի է,— ասաց իմ հայրը,— և որ դա վատ է, նույնպես ճիշտ է։ Բայց երբ մի մարդ բոլոր միջոցները խմիչքի է տալիս, նրա զավակներր քաղցից դառը արցունք են թափում։ Ես մեր շրջանում չգիտեմ որևէ հողատիրոջ, որը մի նապաստակը խնայեր նրա երեխեքից, թեկուզև նրանց հայրը այդ նապաստակը որսում է ապօրինի։

— Բայց և այնպես միստեր Յուելը վատ է անում․․․

— Իհարկե, բայց նա երբեք չի ուղղվի։ Մի՞թե դրանից ելնելով դու կսկսես մեղադրել նաև նրա երեխաներին։

— Ո՛չ, սըր,— քրթմնջացի ես։ Հետո ես վերցրի փորձ կատարեցի։

— Եթե ես դպրոց գնամ, ուրեմն, մենք այլևս երբեք չպիտի՞ կարդանք...

— Դա քեզ շա՞տ է վշտացնում։

— Այո, սըր։

Ատտիկուսը մի ուրիշ տեսակ նայեց ինձ, և ես ականջներս սրեցի։

— Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում կոմպրոմիս հարցրեg նա։

— Այդ երբ շրջանցում են օրենքը։

— Ո՛չ, երբ զիջում են մեկմեկու և այդպիսով համաձայնոկթյան գալիս։ Օրինակ՝ եթե դու համաձայնես դպրոցում սովորել, ես և դու ամեն երեկո առաջվա նման կարող ենք կարդալ։ Պայմանավորվեցի՞նք։

— Այո, սըր։

— Կարելի է յոլա գնալ և առանց սովորական ձևականությունների,— ասաց Ատտիկուսը, տեսնելով, որ ես պատրաստվում եմ թքել նրա ափի մեջ։

Երբ ես դուռը բացեցի, նա ետևիցս ասաց․

― Ի միջի այլոց, Մեծաչքանի, լավ կլինի, որ դպրոցում մեր պայմանի մասին լռես։

— Իսկ ինչու։

— Վախենում եմ, թե մեր գործունեությունը բարձր հեղինակությունների կողմից հավանության չարժանանա։

— Այդ ինչպես։

— Ես դպրոց երբեք չեմ գնացել,— ասաց Ատտիկուսը,— բայց ես մի բանից վախենում եմ, եթե միսս Կերոլայնը լսի, որ մենք ամեն երեկո միասին կարդում ենք, նա կհարձակվի արդեն ինձ վրա, իսկ այդ բոլորովին ցանկալի չէ։

Այդ ամբողջ երեկո ես և Ջիմը թուլանալու աստիճանի քրքջում էինք, որովհետև Ատտիկուսը անվրդով տեսք առած՝ մեզ համար մի երկար պատմություն էր կարդում այն մարդու մասին, որը անհայտ է, թե ինչու բարձրացել էր դրոշակաձողի վրա և չեր ցանկանում իջնել, դրանից հետո Ջիմը որոշեց ամբողջ շաբաթն անցկացնել չինարու վրա գտնվող մեր տնակում։ Նա այնտեղ էր բարձրացել առավոտյան նախաճաշից հետո և դեռ այնտեղ էր մայրամուտից առաջ, գիշերն էլ չէր իջնի, բայց Ատտիկուսը արգելեց հաղորդակցությունը և ընդհատեց մատակարարումը։ Ամբողջ օրը ես մագլցում էի չինարու վրա և Ջիմի հանձնարարություններով ետ էի վազում դեպի տուն, քարշ էի տալիս գրքեր, ուտելիք, խմելիք, իսկ երբ գիշերելու համար տարա վերմակը, Ատտիկուսն ասաց, եթե Ջիմի վրա ուշադրություն չդարձնենք, կիջնի։ Եվ Ատտիկուսը իրավացի էր։

Գլուխ 4

Դպրոցում իմ գործերը հետաgայում ավելի լավ չընթացան, քան առաջին օրը։ Բարի, բայց ապարդյուն նկրտումներով` սովորեցնել ինձ «խմբակային գործունեության», Ալաբամա նահանգը ծախսեց թղթի ամբողջ մղոններ և վագոններով մատիտ, իսկ հսկայական ծրագիրը կյանքում չէր իրականանում։ Այն, ինչ Ջիմն անվանել էր «Դյուիի տասնորդական սիստեմ», իմ ուսումնական առաջին տարվա վերջում տարածում էր գտել ամբողջ դպրոցով մեկ, այնպես որ ես այլևս հնարավորություն չունեի այն համեմատելու ուսուցման այլ ձևերի հետ։ Բայց կար մի բան, որի հետ կարելի էր համեմատել։ Ատտիկուսը և հորեղբայր Ջիմը մի, ժամանակ սովորել էին տանը և աշխարհում եղած ամեն ինչ գիտեին, համենայն դեպս, ինչ բան որ չգիտեր մեկը, ապա գիտեր մյուսը։ Եվ չէ՞ որ հորս տարիներ շարունակ ընտրում էին նահանգի օրենսդիր Ժողովում և ամեն տարի միաձայն, իսկ նա գաղափար անգամ չուներ այն խրթին ձևերի մասին, առանց որոնց, ինչպես կարծում էին իմ ուսուցիչները, անհնար էր լավ քաղաքացի դաստիարակել։ Ջիմին սովորեցրել էին կեսը «Տասնորդական սիստեմով», իսկ կեսը՝ ամենասովորական մեթոդով, այսինքն՝ պարզապես ստիպել էին գլուխ ջարդել բարդ խնդիրների վրա, և այդ գլուխը, թվում է, վատ չէր գործում թե խմբակում, թե միայնակ, բայց թե Ջիմով դատելը ճիշտ չի լինի․ դեռ աշխարհում չի ծնվել այնպիսի մարդ, որը կարողանար գտնել, թե Ջիմին ինչ հնարով կարելի էր ետ պահել ընթերցանությունից։ Իսկ ես էլ գիտեի միայն այն, ինչ տեղեկանում էի՝ կարդալով «Թայմ» հանդեսը և ամեն տեսակի տպագիր էջեր, ինչպիսիք որ տանը ընկնում էին ձեռքս, իսկ դասարանում հազիվհազ քարշ էի տալիս բեռս, որին լծել էր մանկավարժական նոր սիստեմը, որն ընդունել էր Մեյկոմբ շրջանը, և ամբողջ ժամանակ թվում էր, թե ինձ կողոպտում են։ Ինչպես և ինչու, ես չէի հասկանում, բայց, համենայն դեպս, դա ինչի՞ համար էր, որպեսզի ես տասներկու տարի շարունակ ձանձրույթից մեռնեի՞։

Այդ ամբողջ տարին իմ դասերը Ջիմի դասերից կես ժամ շուտ էին վերջանում, նրա դասերը մինչև ժամը երեքն էին, և ես մի շնչում մենակ սլանում էի Ռեդլիների տան մոտով ու կանգ էի առնում միայն մեր պատշգամբում, ուր այլևս ինձ ոչ մի վտանգ չէր սպառնում։ Բայց մեկ անգամ վազելիս ես մի այնպիսի բան նկատեցի, որ շունչս անսպասելիությունից կտրվեց, նայեցի շուրջս և ետ դարձա։

Ռեդլիների հողամասի ուղիղ ծայրին երկու վիրգինյան կաղնիներ կային, նրանց արմատները դուրս էին սալացել դեպի ճանապարհը, ծառերը ամբողջովին անհարթ էին, սապատավոր։ Եվ ահա կաղնիներից մեկի բնում ինչ֊որ բան էր փայլում․ փոսի միջից, որտեղից ճյուղ էր պոկվել, արևին փայլելով ինձ աչքով էր անում արծաթավուն ֆոլգայի գնդիկ։ Ես կանգնեցի ոտներիս ծայրերին, մի անգամ ևս շտապով շուրջս նայեցի և դուրս քաշեցի երկու փոքրիկ ծրարով ծամոն՝ որոնք երկրորդ թղթե փաթոթը չունեին։

Մազ մնաց, որ ես երկուսն էլ մեկ անգամից խրեմ բերանս, բայց հիշեցի, թե որտեղ եմ։ Վազեցի տուն և արդեն պատշգամբում մի լավ տնտղեցի իմ գտածը։ Տեսքին նայելով, իմ ծամոնը միանգամայն թարմ էր․ հոտ քաշեցի, անուշ հոտ էր գալիս։ Ես ծամոնը լիզեցի և մի քիչ սպասեցի։ Կենդանի էի մնացել, ամբողջը խրեցի բերանս․ դա «կրկնակի անանուխային» ծամոն էր։

Դպրոցից եկավ Ջիմը և իսկույն հարցրեց, թե այդ ինչ եմ ծամում և որտեղից եմ այդքանը վերցրել։ Ես ասացի՝ գտել եմ։

— Գտած բանը չի կարելի ուտել։

— Հո գետնին չեմ գտել, ծառի վրա եմ գտել։

Ջիմը թերահավատությամբ քրթմնջաց։

― Չէ, ճի՛շտ եմ ասում,— պնդեցի ես,— ա՛յ, այն կաղնու վրա, որը դպրոցին ամենից մոտիկն է։

— Գցի՛ր անմիջապես։

Ես գցեցի։ Այնքան էլ չվշտացա, ծամոնի մեջ համարյա համ չէր մնացել։

― Կես օր է ծամում եմ և դեռ չեմ մեռել, իսկի սիրտս էլ չի խառնում։

Ջիմը ոտքը խփեց գետնին.

― Ինչ է, դու չգիտե՞ս, որ այդ ծառերին իսկի ձեռք տալ էլ չի կարելի։ Կմեռնե՛ս։

― Բայց դու չէ՞ որ այն ժամանակ պատին ձեռք տվեցիր։

― Դա ուրիշ բան։ Գնա բերանդ անմիջապես ողողիր։ Լսո՞ւմ ես։

― Չե՜մ ուզում, որ ողողեմ, ամբողջ համը բերանիցս կգնա։

― Որ չողողես, Կելպուրնիային կասեմ։

Ստիպված էի Ջիմին ենթարկվել, Կելպուրնիայի հետ գործ ունենալ չէի ուզում։ Չգիտեմ ինչու, այն ժամանակվանից, ինչ դպրոց էի գնում, մեր հարաբերությունները միանգամայն փոխվել էին․ Կելպուրնիան իմ գլխին այլևս բռնապետություն չէր անում, չէր կպչում ինձ և չէր խառնվում իմ գործերին, այլ կամացուկ վրաս քրթմնջում էր։ Ես էլ երբեմն մեծ զոհողությունների էի գնում, միայն թե նրան չբարկացնեի։

Մոտենում էր ամառը․ իմ և Ջիմի համբերությունը հատնում էր սպասելով։ Դա մեր սիրած ժամանակն էր․ ամռանը քնում ես ետևի ապակեպատ պատշգամբում, ծալովի մահճակալների վրա կամ նույնիսկ փորձում ես քնել չինարա վրայի տնակում․ ամռանը այնքան համեղ բաներ կան այգում և շուրջդ վառ արեգակի տակ ամեն ինչ բոցկլտում է հազար տեսակ շռայլ գույներով, իսկ գլխավորը՝ ամառ, այդ նշանակում է Դիլլ։

Ուսման վերջին օրը մեզ արձակեցին ավելի շուտ, և ես ու Ջիմը միասին տուն էինք գնում։

― Գուցե վաղը Դիլլը գա,— ասացի ես։

― Հավանաբար վաղը չէ մյուս օրը,— ասաց Ջիմը։— Նրանց մոտ, Միսսիսիպիում մի օր ուշ են արձակում։

Երբ մենք մոտեցանք Ռեդլիների հողամասի վիրգինյան կաղնիներին, ես մատով ցույց տվեցի պոկված ճյուղից առաջացած այն փչակը, միգուցե Ջիմը վերջապես կհավատա, չնայած հարյուր անգամ արդեն ասել էի, որ հենց այդտեղ եմ գտել ծամոնը, երբ հանկարծ նորից տեսա, որ մի արծաթավուն բան փայլատակեց։

― Տեսնում եմ, Մեծաչքանի, տեսնում եմ․․․

Ջիմը նայեց չորս կողմը, դուրս քաշեց կանոնավոր, փայլուն ծրարիկը և խրեց գրպանը։ Մենք տուն վազեցինք և պատշգամբում սկսեցինք մեր գտածը զննել։

Ծամոնի ֆոլգայով մի քանի տակ ջանասիրաբար փաթաթված էր մի փոքրիկ տուփիկ։ Այդպիսի տուփերի մեջ լինում են նշանի մատանիները, տուփերը լինում են թավշապատ, կարմիր, փոքրիկ, պստլիկ օղակով։ Ջիմը բացեց։ Այնտեղ իրար վրա դրված էին երկու փայլելու աստիճանի շփած դրամներ, յուրաքանչյուրը՝ մեկ պեննիանոց։ Ջիմը տնտղեց ամեն կողմից։

— Հնդկական գլուխ է,— ասաց նա։— Տե՛ս, Մեծաչքանի, մեկը հազար ինը հարյուր վեց թվականի է, իսկ մյուսը՝ հազար ինը հարյուր թվականի։ Հի՜ն են։

― Հազար ինը հարյո՜ւր,— ձայնակցելով կրկնեցի ես։— Լսի՜ր, Ջիմ...

— Սպասիր, թող մտածեմ։

― Ջիմ, քո կարծիքով, դա որևէ մեկի գաղտնարա՞նն է։

― Ո՛չ, այստեղ մեզանից բացի ոչ ոք չի գալիս, թերևս միայն մեծահասակներից որևէ մեկը։

― Մեծերը գաղտնարան չեն ունենում։ Ջիմ, դու ի՞նչ ես կարծում, մենք իրավունք ունե՞նք դա վերցնելու։

― Ես էլ չգիտեմ, Մեծաչքանի։ Ախր հայտնի չէ, թե ում հանձնենք։ Այստեղով ոչ ոք չի անցնում, ես ստույգ գիտեմ... Սեսիլը պտույտ է տալիս քաղաքի շուրջը։

Սեսիլ Ջեյկոբսը ապրում էր մեր փողոցի հեռավոր ծայրում, փոստի ետևի տանը և ամեն օր մի ավելորդ մղոն ճամփա էր կտրում, միայն թե չանցներ Ռեդլիների և միսիս Հենրի Լաֆայետ Դյուբոզի տների մոտով։ Միսիս Դյուբոզը ապրում էր մեզանից երկու տուն այն կողմ, մեր թաղի բոլոր հարևանները եկել էին այն եզրակացության, որ աշխարհում նրանից ավելի զազրելի պառավ չկա։ Ջիմին թեկուզ ինչ էլ տային, ոչ մի դեպքում առանց Ատտիկուսի նրա տան մոտով չէր անցնի։

― Հապա ի՞նչ անենք, Ջիմ։

Որևէ բան գտնելիս, ընդունված էր այն պահել, մինչև որ տերը կգտնվեր, և միայն այն ժամանակ, երբ այլևս հույս չկա, թե տերը կգտնվի, նոր միայն դա քոնն է։ Երբեմն միսս Մոդի Էտկինսոնի պարտեզից մի կամելիա պոկելը կամ շոգ օրով նրանց կովերից կթած թարմ կաթ խմելը, կամ բերանդ ուրիշի խաղալով քաղցրացնելը մեզ մոտ բոլորովին էլ անազնվություն չէր համարվում, բայց փողը, դա արդեն ուրիշ բան էր։

― Գիտես ինչ,— ասաց Ջիմը,— մենք դրանք կպահենք մինչև աշուն և այն ժամանակ բոլոր երեխաներին կհարցնենք։ Երևի քաղաքից դուրս ապրող տղաներից որևէ մեկն է թաքցրել, իսկ այսօր դասերից հետո շտապել է, որ ավտոբուսին հասնի ու մոռացել է։ Դրանք տեր ունեն, դա ստույգ է։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է դրամները պլպլացրել։

― Դե լավ, իսկ ծամոնը ինչո՞ւ է այդտեղ թաքցրել։ Չէ՞ որ երկար չի դիմանա։

― Չգիտեմ, Մեծաչքանի։ Միայն այն գիտեմ, որ այդ դրամները, հավանաբար, առանց նպատակի չէ ինչ֊որ մեկը թաքցրել։ Դա մի որևէ բանի համար է․․․

― Ինչպես թե։

― Հասկանու՞մ ես, դրանց վրա հնդիկի գլուխ կա․․․ մի խոսքով, դրանք պատկանել են հնդիկի։ Դրանք կախարդված են, հասկանո՞ւմ ես, և երջանկություն են բերում։ Եվ ոչ թե, ասենք, ճաշի Ժամին հանկարծ սեղանին հայտնվի տապակած հավ, այլ իսկական երջանկություն, որ երկար ապրես կամ միշտ առողջ լինես, կամ ստուգողականի ժամանակ չտապալվես, մի խոսքով, դրանց նման մի բան․․․ և ինչ֊որ մեկին դրանք խիստ հարկավոր են։ Ես առայժմ կտանեմ կթաքցնեմ իմ սնդուկում։

Բայց նախքան իրեն սենյակը գնալը, Ջիմը դեռ երկար նայում էր Ռեդլիների տանը, երևում է, նորից էր մտածում։

Երկու օրից հետո Մերիդիանից եկավ Դիլլը՝ հպարտ և հաղթական, նա գնացքով մենակ է եկել մինչև Մեյկոմբ կայարանը (այդ կայարանը այդպես կոչվում է, բայց իրականում գտնվում է Էբբոտ շրջանում), և այնտեղ նրան դիմավորել է միսս Ռեյչելը՝ մեր քաղաքի մինուճար տաքսիով․ նա ճաշել է վագոն֊ռեստորանում ու տեսել է Սիամի երկվորյակներին, նրանք գնացքից իջել են Բեյ Սենտ֊Լուիսում․ որքան էլ թեկուզ գոռում էինք Դիլլի վրա, բայց նա դարձյալ երդվում էր, որ այդ ամենը զուտ ճշմարտություն է։ Երկնավուն անտանելի վարտիքի փոխարեն, որոնք կոճկվում էին վերնաշապկին, նա այժմ ուներ իսկական կարճ շալվար և կաշվե գոտի․ հասակը չէր բարձրացել, բայց նա ինչ֊որ առողջ տեսք էր ստացել, նա ասաց, որ տեսել է իր հորը։ Նրա հայրը մեր հայրիկիg բարձրահասակ է և սրածայր սև մորուք ունի, և Լուիսվիլ-Նեշվիլ երկաթուղային ընկերության պրեզիղենտն է։

― Ես մեքենավարին մի փոքր օգնեցի,— ասաց Դիլլը և հորանջեց։

― Քեզ էլ հավատացինք էլի,— ասաց Ջիմը։— Ավելի լավ է, ձայնդ կտրես։ Ի՞նչ պիտի խաղանք։

― Թոմ, Սեմ և Դիկ,— ասաց Դիլլը։— Գնանք նախապարտեզ։

Դիլլը ուզում էր խաղալ Ռոուվեր եղբայրներում, որովհետև այնտեղ բոլոր եղբայրներն էլ ազնիվ էին։ Նրան ակնհայտորեն ձանձրացրել էին մեր ներկայացումներում խարակտեր դերեր խաղալը։

― Դրանք ինձ էլ են զզվեցրել,— ասացի ես։

Ինձ ձանձրացրել էր Թոմ Ռոուվերի դերը, նա կինոնկարի կեսին հանկարծ կորցնում է հիշողությունը և այլևս նրա մասին ոչ մի բան չի ասվում, միայն վերջում նրան գտնում են Ալյասկայում, ինչ֊որ տեղ։

― Մի որևէ նոր բան հորինիր, Ջիմ,— ասացի ես։

― Ես հոգնել եմ հորինելուց։

Արձակուրդները նոր էին սկսվել, իսկ մենք արդեն ամեն ինչից ձանձրացել էինք։ Հապա ի՞նչ էր լինելու ամռանը։

Մենք ոտներս քարշ տալով գնացինք նախապարտեզ, Դիլլը դուրս նայեց փողոց և աչքը գցեց Ռեդլիների մռայլ տանը։

― Ես զգում եմ․․․ մա՛հ,— ասաց նա։

Ես նրա վրա գռռացի, բայց նա իրենը պնդեց։

― Ճիշտ եմ ասում, զգում եմ։

― Ինչպե՛u։ Ինչ֊որ մեկը մահանում է, իսկ դու հեռվից կարող ես հոտն առնե՞լ։

― Ո՛չ, այդպես չէ․ ես հոտ եմ քաշում և իմանում՝ այդ մարդը կմեռնի՞, թե ոչ։ Ինձ մի պառավ է սովորեցրել։— Դիլլը վիզը ձգեց և ինձ հոտոտեց։— Ջին Լուի՛զա․․․ Ֆինչ,— ասաց նա ընդհատ֊ընդհատ,— դու երեք օրից կմեռնես։

― Ձայնդ կտրիր, թե չէ որ տվել եմ հարյուր տարի չես մոռանա։ Ա՛յ, այսպես․․․

― Հերիք է, Մեծաչքանի,— մրթմրթաց Ջիմը։— Կարելի է կարծել, որ դու հավատում ես չարքերին։

― Միգուցե դու չե՞ս հավատում,— ասացի ես։

― Չարքն ի՞նչ բան է,— հարցրեց Դիլլը։

― Գիտե՞ս, թե դա ոնց է լինում։ Գիշերը գնում ես ճանապարհով, չորս կողմդ ոչ ոք չկա, և հանկարծ ընկնում ես մի շոգ տեղ,— սկսեց բացատրել Ջիմը։— Դա այն է, երբ մարդ մեռնում է, բայց երկինք ընկնել չի կարողանում և քարշ է գալիս ամայի ճամփեքով, ուր ոչ ոք չկա, և եթե նրա վրա հարձակվես, մեռնելուցդ հետո դու ինքդ նրա նման գիշերները կթափառես և, ծծելով, կենդանի մարդկանցից դուրս կքաշես նրանց հոգին․․․

― Իսկ ինչպե՞ս նրանից խուսափես։

― Ոչ մի կերպ,— ասաց Ջիմը։— Երբեմն մեկ էլ տեսար ամբողջ ճանապարհը կտրում է։ Բայց եթե անպայման ուզում ես անցնել, դու միայն պիտի ասես՝ «կենդանի եմ, մեռած չեմ, իմ հոգու լույս, ինձ ճամփա տուր, ինձ մի խեղդիր, կյանքս ինձ բաշխիր»։ Այդ ժամանակ նա քո շուրջը չի պտտվի և...

― Դրան մի հավատա, Դիլլ,— ասացի ես։— Կելպուրնիան ասում է, դրանք պարզապես նեգրական հեքիաթներ են։

Ջիմը սպառնալից նայեց ինձ, բայց միայն ասաց.

― Ուրեմն ինչ, այսօր խաղալո՞ւ ենք, թե ոչ։

― Եկեք անիվով գլորվենք,— առաջարկեցի ես։

Ջիմը հառաչեց։

― Դու հո գիտես, որ ես այլևս նրա մեջ չեմ տեղավորվում։

― Դու միայն կհրես։

Ես վազեցի տան ետևը, ետնամուտքի արտասանդուղքի տակից դուրս քաշեցի մի հին ավտոդող և գլորեցի դեպի նախապարտեզ։

― Ձեռք չտաք, ես առաջինն եմ,— ասացի ես։

Դիլլը ասաց՝ ավելի լավ է, ինքը լինի առաջինը, չէ՞ որ նա հենց հիմա է ժամանել Մերիդիանից։

Ջիմը մեր վեճը լուծեց այսպես՝ առաջ Մեծաչքանին կգլորվի, իսկ Դիլլը կգլորվի ավելի երկար ժամանակով, և ես, գունդ ու կծիկ եղած, մտա ավտոդողի մեջ։

Մինչև վերջին րոպեն էլ ես չգուշակեցի, որ Ջիմը զայրացել է․ ոնց թե, ես համարձակվեմ վիճել նրա հետ չարքերի մասին, և մի այսպիսի հարմար րոպեի էր սպասում, որ ինձ հատուցի։ Նա ամբողջ ոտքով ավտոդողը հրեց, և այն սլացավ մայթով։ Երկինքը, գետինը, տները կատաղի շրջապտույտի մեջ ձուլվում էին իմ աչքերի առջև, ականջներս խշշում էին, շունչս կտրվում։ Ձեռքերս հանել և ավտոդողը արգելակել չկարողացա, որովհետև ձեռքերս ծնկներովս սեղմվել էին կրծքիս։ Մնացել էր միայն մի հույս․ գուցե Ջիմը կհասնի ինձ կամ անիվը դեմ կառնի մայթին եղած որևէ բանի։ Ես լսում էի, որ Ջիմը գոռալով վազում էր ետևիցս։

Անիվը թռավ խճակույտի վրա, թեքվեց կողքի, գլորվեի ճանապարհի միջով, թափից դիպավ ինչ֊որ բանի, և ես սալարկին թռա, ինչպես խցանը՝ շշից։ Սիրտս խառնում էր, գլուխս՝ պտտվում։ Ասֆալտին պառկած, գլուխս թափահարում էի, խփում ականջներիս, որպեսզի ամեն ինչ հանդարտվեր ու տեղն ընկներ, և լսեցի, որ Ջիմը գոչում էր.

― Վազի՛ր, Մեծաչքանի։ Շո՛ւտ։

Ես գլուխս բարձրացրի, իմ առջև Ռեդլիների դռնակն էր։ Ես տեղումս քարացա։

― Վե՛ր կաց, շուտ արա,— վայնասուն էր գցել Ջիմը։— Վազիր այստեղ։

Չգիտեմ, թե ես ինչպես բարձրացա, ոտներս ծալվում էին։

― Անիվը վերցրու,— գոչում էր Ջիմը։— Քարշ տուր այստեղ։ Գժվե՞լ ես, ինչ է։

Վերջապես ես դուրս եկա քարացած վիճակից և վազեցի նրանց մոտ, չնայած ծնկներս դողում էին։

― Հապա անի՞վը,— դոռաց Ջիմը։

― Ինքդ վերցրու,— ի պատասխան գոչեցի ես։

Ջիմն իսկույն ձայնը կտրեց։

― Գնա ու վերցրու, հենց դարպասի տակն է։ Այն անգամ դու նույնիսկ պատին էլ ձեռք տվեցիր, հիշո՞ւմ ես։

Ջիմը կատաղած նայեց ինձ, բայց գլուխը պրծացնել չկարողացավ, նա մայթի վրայով վազեց, Ռեդլիների դռան առջև մի քիչ մլուլ տվեց, հետո նետվեց դեպի դուռը և վերադարձավ անիվը ձեռքին։

― Տեսա՞ր։— Նա նայեց ինձ արհամարհանքով ու հաղթական։— Մեկ, երկու և վե՛րջ։ Աստված վկա, Մեծաչքանի, դու երբեմն քեզ մի փոքրիկ փսլնքոտ աղջկա պես ես պահում, նայելն անգամ զզվելի է։

Կային բաներ, որ նա չգիտեր, բայց ես որոշեցի չասել։

Գռների մեջ երևաց Կելպուրնիան և ձայն տվեց․

― Եկեք լիմոնադ խմեցեք։ Շո՛ւտ եկեք ստվերը, քանի ողջ֊ողջ չեք տապակվել։

Ամռանը այդպես էր ընդունված, երբ արեգակը բարձրանում էր, լիմոնադ էին խմում։ Կելպուրնիան պատշգամբ դուրս բերեց սափորը և երեք բաժակ ու գնաց իր գործերով զբաղվելու։ Ես այնքան էլ չէի վշտանում, թե Ջիմը չարացած է ինձ վրա։ Լիմոնադը կխմի ու կբարիանա։

Ջիմը միանգամից գլուխը քաշեց երկրորդ բաժակը և խփեց փորին։

― Գտա՛,— հայտարարեց նա։— Մի նոր բան ենք խաղալու, այնպիսի բան, որ աշխարհում չի եղել։

― Ի՞նչ,— հարցրեց Դիլլը։

― Զարզանդ Ռեդլի։

Երբեմն ես ամբողջովին հասկանում էի Ջիմին, նա այդ հնարեց, որպեսզի ինձ ապացուցի, թե Ռեդլիից իսկի չի էլ վախենում, ինքը մի քաջ հերոս է, իսկ ես՝ վախլուկի մեկը։

― Զարզանդ Ռեդլի՞։ Դա ինչպե՞ս,— հարցրեց Դիլլը։

Ջիմն ասաց։

― Մեծաչքանին կլինի միսիս Ռեդլի...

― Դա դեռ կտեսնենք,— սկսեցի ես։— Առաջինը․․․

― Ինչ է, դու մինչև հիմա վախենո՞ւմ ես,— հարցրեց Դիլլը։

― Միգուցե նա գիշերը դուրս գա տնից, երբ մենք բոլորս քնած ենք․․․— ասացի ես։

Ջիմը սուլեց․

― Որտեղի՞ց պիտի իմանա, թե մենք ինչ ենք խաղում։ Եվ ընդհանրապես նա, հավանաբար, արդեն չկա էլ։ Նա մեռել է հարյուր տարի առաջ, և նրան խցկել են բուխարիկի ծխնելույզը։

― Արի ես ու դու խաղանք, իսկ Մեծաչքանին, եթե վախենում է, թող միայն նայի,— ասաց Դիլլը Ջիմին։

Ես շատ լավ էլ գիտեի, որ Զարզանդ Ռեդլին նստած է իր տանը, բայց ապացուցել չկարողացա, ստիպված էի լեզուս պահել ատամներիս ետևը, թե չէ նորից կասեին, թե ես հավատում եմ չարքերին, այնինչ ես դրանց մասին իսկի չէի էլ մտածում։

Ջիմը դերերը բաժանեց, ես միսիս Ռեդլին եմ, իմ գործը տնից դուրս գալն ու արտասանդուղքն ավլելն է։ Դիլլը ծեր Ռեդլին է, նա մայթի վրայով քայլում է ետ ու առաջ, իսկ երբ Ջիմը հետը խոսում է, նա որպես պատասխան միայն հազում է։ Ջիմր՝ դե, ինչ խոսք, հենց ինքը՝ Զարզանդ Ռեդլին է՝ կրտսեր Ռեդլին, Արթուր Ռեդլին, նա թաքնվում է շքամուտքի տակ և ստեպ֊ստեպ ոռնում է ու կաղկանձում։

Ամառն անցնում էր իր կարգով, մեր խաղերը՝ նույնպես։ Մենք դրանք հղկում էինք, կոկում, հորինում նորանոր դիալոգներ ու սյուժետային անցումներ և, վերջապ ես, հորինեցինք մի իսկական պիես, մի փոքրիկ պիես, որը ամեն օր մի նոր ձևով էինք խաղում։

Դիլլը ստացվեց ոճրագործից էլ ոճրագործ․ նա միշտ էլ մտնում էր ուզածդ խարակտեր դերի մեջ և վճռական րոպեներին, եթե պետք էր, նույնիսկ հասակով էլ էր բարձրանում։ Նա չէր զիջում իր ամենավատ հերոսներին անգամ, իսկ դրանք անհուսալի ավազակներ ու բարբարոսներ էին։ Ես կատարում էի կանացի բոլոր դերերը, ընդ որում՝ ոչ առանձնակի հաճույքով։ Իմ կարծիքով այդ ներկայացումը Տարզանից շատ ավելի ձանձրալի էր, և ամբողջ ամառը անհանգստությունը ինձնից ձեռք չէր քաշում, չնայած Ջիմը հավատացնում էր, թե Զարզանդ Ռեդլին վաղուց մահացել է և ինձ ոչինչ չի պատահի, չէ՞ որ ամբողջ օրը թե ինքը, թե Կելպուրնիան իմ կողքին են, իսկ գիշերը դեռ Ատտիկուսն էլ է տանը։

Ջիմը ծնվել էր հերոս։

Զանազան բամբասանքների ու լուրերի պատառիկներ, որոնք ի սկզբանե անտի կրկնվում էին թաղում, մենք միացրինք, դարձնելով մի իսկական դրամա․ միսիս Ռեդլին ժամանակով եղել է գեղեցկուհի, բայց հետո ամուսնացել է միստեր Ռեդլիի հետ և կորցրել իր ողջ դրամագլուխը։ Նա կորցրել է գրեթե նաև իր բոլոր ատամները, մազերը և աջ ձեռքի ցուցամատը (դա Դիլլն էր հորինել․ մեկ անգամ գիշերը, երբ Զարզանդին չի հաջողվում իր ճաշի համար որսալ ոչ սկյուռ և ոչ էլ կատու, կրծում է մոր մատը), օրեր շարունակ մայրը նստում է հյուրասենյակում ու արցունք թափում, իսկ Զարզանդը դանակով տաշում է աթոռներն ու սեղանները, և մի օրից մի օր տանն այլևս ոչ մի կարասի չի մնա, այլ միայն տաշեղներ։

Հետո մենք երեքով ներկայացնում էինք խուլիգանության մեջ բռնված տղաների։ Ես բազմազանության համար խաղում էի դատավորի դերը։ Դիլլը Ջիմին տարավ, հրեց գցեց արտասանդուղքի տակը և բզում էր նրան հատակը լվանալու փայտով։ Նայած գործի ընթացքին, Ջիմը նորից հայտնվում էր արդեն շերիֆի դերում, քաղաքացիների ամբոխի դերում կամ միսս Ստիվենի Կրոուֆորդի, որը կարող էր Ռեդլիների մասին այնքան բան պատմել, որքան ոչ ոք Մեյկոմբում։

Երբ հերթը հասավ Զարզանդի ամենահաջողված համարին, Ջիմը գնաց տուն, թաքնվեց այնտեղ և հարմար րոպե ընտրելով, Կելպ ուրնիայից ծածուկ կարի մեքենայի դարակից վերցրեց մկրատը, վերադարձավ պատշգամբ, նստեց ճլորթուն և սկսեց լրագիր կտրտել։ Դիլլը ման էր գալիս նրա շուրջը և հազում, ապա Ջիմը հարձակվեց նրա վրա ու որպես թե մկրատը խրեց նրա կողը։ Այնտեղից, ուր ես կանգնած էի, այդ բոլորը կարելի էր որպես իրողություն ընդունել։

Ամեն օր, երբ միստեր Նաթան Ռեդլին, անցնելով մեր մոտով, ըստ իր սովորության ուղևորվում էր քաղաքի կենտրոնը, մենք մեր խոսքի կեսին սսկվում էինք և անշարժանում, մինչև որ նա չէր ծածկվում մեր տեսողությունից։ Ի՞նչ կպատահեր մեզ հետ, եթե նա կասկածեր․․․ Բավական էր հայտնվեր մեր հարևաններից մեկնումեկը, որ մենք խաղն ընդհատեինք, բայց մեկ անգամ ես տեսա, որ մեր դիմաց կանգնած է միսս Մոգի Էտկինսոնը՝ այգու մկրատը ձեռքին և դեռ կանաչ, չխուզած ցանկապատը մոռացած, աչքերը չորս արած նայում է մեզ։

Մեկ անգամ մենք արդեն չափից դուրս գրավվեցինք, երբ խաղում էինք մեր «Մի ընտանիք» վեպի երկրորդ հատորի քսանհինգերորդ գլուխը, չէինք նկատել, որ նախաճաշին տուն էր վերադարձել Ատտիկուսը, նա կանգնել էր մայթին և խողովակի պես փաթաթած օրաթերթով խփում էր ծնկին ու նայում մեզ։ Արեգակը բարձրացել էր, արդեն կեսօր էր։

― Այդ ի՞նչ խաղ է,— հարցրեց Ատտիկուսը։

― Ոչի՛նչ,— ասաց Ջիմը։

Նրա խուսափողական պատասխանից ես գուշակեցի, որ մեր խաղը գաղտնիք է և այլևս չխառնվեցի։

― Իսկ քո ինչի՞ն է պետք մկրատը։ Եվ ինչո՞ւ ես լրագիրը կտրտում։ Եթե այսօրվանն է, ես քո հոգին կհանեմ։

― Ոչինչ։

― Ինչպես թե «ոչինչ»։

― Ոչինչ, սըր։

― Այստեղ տուր մկրատը, դա խաղալիք չէ,— ասաց Ատտիկուսը։— Այս ամենը, ի դեպ, կապ չունի՞ Ռեդլիների հետ։

― Ո՛չ, սըր,— ասաց Ջիմը և կարմրեց։

― Հուսով եմ, որ այդպես է,— կարճ ասաց Ատտիկուսը և գնաց տուն։

― Ջի֊իմ․․․

― Սուս արա։ Նա գնաց հյուրասենյակ, այնտեղից ամեն ինչ լսվում է։

Երբ մենք հայտնվեցինք տան ետևում, այսինքն՝ ապահով տեղում, Դիլլը Ջիմին հարցրեց՝ մի՞թե մեզ այլևս չի կարելի Զարզանդ Ռեդլի խաղալ։

― Չգիտեմ։ Ատտիկուսը չասաց, թե չի կարելի․․․

― Ջիմ,— ասացի ես,— իմ կարծիքով, միևնույն է, Ատտիկուսը ամեն ինչ գիտե։

― Ոչ, չգիտե։ Եթե գիտենար, կասեր։

Ես երբեք էլ դրանում համոզված չէի, բայց Ջիմը ասաց, ամբողջ չարիքը նրանումն է, որ ես աղջիկ եմ, աղջիկները անվերջ չգիտես, թե ինչեր են երևակայում, դրա համար էլ նրանց ոչ ոք տանել չի կարողանում, և եթե ուզում ես աղջիկ լինել, կարող ես փասա֊փուսեդ հավաքել գնալ և խաղալ ում հետ ուզում ես։

― Շատ լավ,— ասացի ես։— Կարող ես Զարզանդ խաղալ։ Կտեսնես, թե ինչ կլինի։

Որ Ատտիկուսը մեզ բռնեցրել էր, դա Զարզանդ Ռեդլի խաղալուց հրաժարվելու իմ երկրորդ պատճառն էր։ Առաջին պատճառը ի հայտ էր եկել այն օրը, երբ ես ավտոդողով գլորվելով, մտա Ռեդլիների բակը։ Ես թափահարում էի գլուխս, սիրտս խառնում էր, Ջիմի ոռնոցից ականջներս խշշում էին, բայց և այնպես, այն ժամանակ ես լսեցի նաև մի ուրիշ ձայն, չափազանց ցածր մի ձայն, որը մայթից լսելի չէր... Տան մեջ մեկը ծիծաղում էր։


Գլուխ 5

Ես այդպես էլ գիտեի, որ Ջիմին հանգիստ չեմ տա, և դա վերջ ի վերջո նրան ձանձրացրեց, մենք Զարզանդ խաղալուն թարկ տվինք, իմ ուրախությանը չափ չկար։ ճիշտ է, Ջիմը հավատացնում էր, որ Ատտիկուսը նրան երբեք էլ չի արգելել, հետևաբար, կտրելի է շարունակել, իսկ եթե Ատտիկուսը հենց արգելած էլ լինի, ելք կա։ Կվերցնենք ու բոլորի անունները կփոխենք, այն ժամանակ մեզ ոչ ոք էլ ոչինչ չի կարող ասել։

Դիլլը գործողության այդ ծրագիրր լսելով, շատ ուրախացավ։ Ընդհանրապես Դիլլը չափից դուրս երևակայում էր, կարծես Ջիմը քիչ էր։ Դեռ ամռան սկզբին նա ասացհ ինձ հետ ամուսնացիր, բայց շատ շուտով այդ մասին մոռացավ։ Կարծես թե հողամասը ցանկապատեց, և ես էլ նրա սեփականությունը դարձա, ասաց նաև, որ ամբողջ կյանքում սիրելու է միայն ինձ, իսկ հետո իսկի վրաս էլ չէր նայում։ Ես նրան երկու անգամ դնգստեցի, բայց դա օգուտ չարեց, և նա սկսեց ավելի շատ ընկերություն անել Ջիմի հետ։ Նրանք առավոտից իրիկուն ցցված էին լինում չինարու վրայի տնակում, ինչ֊որ բաներ էին հնարում, գլխներին զոռ տալիս և ինձ կանչում էին միայն այն ժամանակ, երբ պետք էր լինում երրորդը։ Բայց նրանց խենթ ու խելառ հնարանքներից առանց այդ էլ ես միառժամանակ ինձ հեռու պահեցի, չնայած դրա համար ինձ կարող էին աղջիկ անվանել, և մնացած ամառային բոլոր երեկոներին նստում էի միսս Մոդի Հտկինսոնի առմուտքում։ Ինձ և Ջիմին միշտ էլ թույլ տալիս էին վազվզել միսս Մոդիի բակում, այն պայմանով, որ ինչքան կարող էինք հեռու մնայինք նրա լեռնավարդերից, բայց իմ և միսս Մոդիի հարաբերությունները ինչ֊որ անորոշ էին։ Մինչև Դիլլի ու Ջիմի ինձնից խուսափելը, նա ինձ համար պարզապես հարևանուհի էր ու այսքանը, միայն, թերևս, մյուսներից ավելի բարի էր։

Միսս Մոդիի լուռ համաձայնությամբ մենք իրավունք ունեինք խաղալու նրա մարգագետնում, ուտել խաղող (միան թե հենակների վրայից չգցեինք թաղերը) և խելքներիս փչածն անելու տան ետևն ընկած ամբողջ հողաբաժնում․ չափազանց մեծահոգի պայմաններ էին, և մենք շատ սակավ էինք նրա հետ խոսում, վախենալով, թե հանկարծ կխախտենք այդ հարաբերությունների փխրուն հավասարակշռությունը, բայց Ջիմը և Դիլլը իրենց այնպես պահեցին, որ ես ակամա մտերմացա միսս Մոդիի հետ։

Միսս Մոդին իսկի չէր սիրում իր տունը. չորս պատերի մեջ անցրած ժամերը համարում էր կորուստ։ Նա այրի էր, ըստ որում բնավորությամբ՝ կին֊քամելյոն, երբ աշխատում էր այգում, հագնում էր իր հին գլխարկը և տղամարդու կոմբինեզոն, իսկ երեկոյան ժամը հինգին, լոգանքից հետո բազմում էր ապակեպատ պատշգամբում, կարծես մեր փողոցի թագուհին լիներ՝ զուգված, գեղեցիկ, հոյակապ։ Նա սիրում էր այն ամենը, ինչ բուսնում էր երկրի երեսին, նույնիսկ մոլախոտը։ Բայց կար մի բացառություն։ Բավական էր իր բակում հայտնաբերեր թեկուզ մի հատ գաղտիկուր, որ սկսվեր մի նոր պատերազմ՝ համահավասար Մարնի պատերազմին։ Միսս Մոդին թիթեղե ամանով հարձակվում էր քոլի վրա և վրան լցնում ինչ֊որ թունավոր հեղուկ. մենք անպայման մահացու կթունավորվենք, եթե հեռու չմնանք, ասում էր նա։

― Իսկ արդյոք չի՞ կարելի պարզապես դուրս քաշել,— հարցրի ես մեկ անգամ, երբ իմ աչքերի առջև երեք դյույմանոց մի խղճուկ խոտի հետ տեղի էր ունենում մի իսկական ճակատամարտ։

― Դուրս քաշե՞լ, փոքրիկս։ Դու ասում ես՝ դուրս քաշե՞լ,— միսս Մոդին դուրս քաշեց թրջված ծիլը և բթամաաը վարից վեր տարավ խոտի վրայով։ Նրա միջից դուրս թափվեցին փոքրիկ հատիկներ։— Չէ՞ որ այսպիսի մի ծիլը կարող է կործանել մի ամբողջ բանջարանոց։ Հապա նայիր։ Աշնանը սերմերը կչորանան, և քամին դրանք կցրի ամեն տեղ։

Միսս Մոդիի դեմքը այնպիսի արտահայտություն ընդունեց, կարծես խոսքը վերաբերում էր առնվազն եգիպտական ժանտախտին։

Հակառակ Մեյկոմբի մյուս բնակիչների, միսս Մոդին միշտ խոսում էր աշխույժ և վճռական։ Մեզ բոլորիս նա անվանում էր լրիվ անունով. երբ նա ժպտում էր, բերանի երկու կողմերում փայլում էին երկու փոքրիկ ոսկե ելուստներ։ Մեկ անգամ ես սկսեցի դրանցով հիանալ և ասացի, երբ որ մեծանամ, գուցե ինձ էլ դուրս գան այդպիսի ատամներ։

― Նայիր,— ասաց միսս Մոդին և լեզվով ճտտացնելով, ցույց տվեց, թե ինչպես է հանվում նրա դնովի ծնոտը, որով վերջնականապես ամրապնդեց մեր բարեկամությունը։

Միսս Մոդիի բարությունը տարածվում էր նաև Ջիմի և Դիլլի վրա՝ այն հազվադեպ րոպեներին, երբ նրանք զբաղված չէին լինում իրենց գաղտնի գործերով, մենք վայելում էինք միսս Մոդիի տաղանդի պտուղները, որոնք աոաջ մեղ անհայտ էին։ Մեր թաղում և ոչ ոք չէր կարող թխել այնպիսի համեղ կարկանդակներ, ինչպես նա։ Այն օրվանից, ինչ մեր միջև հաստատվել էր լրիվ վստահության մթնոլորտ, նա ամեն անգամ մեծ կարկանդակից բացի, թխում էր նաև երեք փոքրերը և հետո փողոցով մեկ ձայն տալիս.

― Ջիմ Ֆի՜նչ, Մեծաչքանի Ֆի՜նչ, Չարլզ Բեյկեր Հա՜րրիս, եկեք այստեղ։

Մենք ձայնը լսելուն պես հայտնվում էինք ու միշտ պարգև ստանում։

Ամռանը մթնաշաղը երկար ու հարհանդ է լինում։ Ես և միսս Մոդին ամենից ավելի նստում էինք արտասանդուղքին, նստում էինք լուռ ու նայում, թե ինչպես է մայր մտնում արեգակը, ու երկինքը դառնում դեղին, հետո վարդագույն, ծիծեռնակները թռչում էին միանգամայն ցածրիկ և թաքնվում դպրոցի տանիքի ետևում։

― Միսս Մոդի,— ասացի ես մի այդպիսի երեկո,― դուք ի՞նչ եք կարծում, Զարզանդ Ռեդլին դեռ կենդանի՞ է։

― Նրա անունը Արթուր է, և նա կենդանի է,— ասաց միսս Մոդին, դանդաղ օրորվելով կաղնեփայտե մեծ ճոճաթոռում։— Զգո՞ւմ ես, թե այսօր ինչպես է բուրում իմ միմոգան։ Ինչպես իսկական դրախտում։

― Ըհը։ Իսկ որտեղի՞ց գիտեք։

— Ի՞նչը, մանկիկս։

― Որ Զարզ․․․ միստր Արթուրը դեռ կենդանի է։

― Ինչպիսի՞ մռայլ հարց։ Ի դեպ, դա երևի այն պատճառով, որ առարկան է մռայլ։ Ես գիտեմ, որ նա կենդանի է, Ջին Լուիզա, այն պատճառով, որ ես դեռևս չեմ տեսել, որ նրան դուրս բերեն իր տնից։

― Գուցե նա մեռել է և նրան խցկել են բուխարիկի ծխնելույզը։

― Դա՞ որտեղից հնտրեցիր։

― Ջիմն է ասում։

― Հը՛մ֊հը՛մ... Նա օրըստօրե ավելի է նմանվում Ջեկ Ֆինչին։

Մեր հորեղբայր Զեկ Ֆինչին միսս Մոդին մանկությունից գիտեր։ Համարյա հասակակիցներ լինելով նրանք միասին էին մեծացել «Ֆինչի նավահանգստում»։ Միսս Մոդիի հայրը՝ դոկտոր Ֆրենկ Բյուֆորդը, Ֆինչերի վաղեմի հարևանն էր։ Մասնագիտությամբ բժիշկ, կոչումով այգեգործ և բանջարաբույծ, նա անսահման սիրում էր հողը և այդ պատճառով էլ մնացել էր աղքատ։ Իսկ հորեղբայր Ջեկը իր այդ կրքին ազատություն չէր տվել, ծաղիկներ աճեցրել էր միայն լուսամուտների գոգերին, այնտեղ, իր մոտ՝ Նեշվիլում և այդ պատճառով հարուստ էր մնացել։ Ամեն տարի, ծննդին, հորեղբայր Ջեկը գալիս էր մեզ մոտ հյուր և ամեն տարի ամբողջ փողոցով մեկ գոչում էր միսս Մոդիին, որ նա ամուսնանա իր հետ։ Իսկ միսս Մոդին ի պատասխան գոչում էր․

― Ավելի բարձր գոռա, Ջեկ Ֆինչ, որպեսզի փոստում էլ լսվի, թե չէ ականջներս քեզ չեն լսում։

Առաջարկություն անելու այդ միջոցը ինձ և Ջիմին թվում էր տարօրինակ։ Նա ասում էր՝ հորեղբայր Ջեկը ուզում է միսս Մոդիին զայրացնել, քառասուն տարի ջանք է թափում և երբեք էլ ոչ մի կերպ չի կարողանում զայրացնել, և միսս Մոդին էլ ոչ մի գնով նրա հետ չի ամուսնանա, նա միայն զայրացնում է հորեղբայր Ջեկին և վերջինս նրա ծաղրուծանակից պաշտպանվելու մի միջոց ունի՝ հարձակվելը, և այդ ամենը մեզ թվում էր պարզ ու հասկանալի։

― Արթուր Ռեդլին պարզապես նստած է իր տանը, ահա և բոլորը,— բացատրեց ինձ միսս Մոդին։— Եթե դու ցանկություն չունենայիր փողոց դուրս գալու, դու էլ կնստեիր տանը, ճի՞շտ է։

― Ըհը, բայց ես, միևնույն է, կցանկանայի փողոց դուրս դալ։ Իսկ նա ինչո՞ւ չի ցանկանում։

Միսս Մոդին աչքերը կկոցեց։

— Դու այդ ամբողջ պատմությունը գիտես ոչ պակաս, քան ես։

― Բայց ես չգիտեմ, թե ինչու է այդպես։ Ինձ ոչ ոք չի ասել։

Միսս Մոդին լեզվով ուղղեց դնովի ծնոտը։

― Ղու չէ՞ որ գիտես, որ ծեր Ռեդլին բապտիստներից էր, որոնք ոտները լվանում են...

― Բայց չէ՞ որ դուք էլ եք նրանցից։

― Ես նրա նման քար ու ապառաժ չեմ, Մեծաչքանի։ Ես պարզապես բապտիստ եմ։

― Իսկ պարզապես բապտիստները ոտքները չե՞ն լվանում։

― Լվանում են։ Իրենց տանը, թեշտի մեջ։

― Իսկ դուք մեզ նման չե՞ք աղոթում...

Հավանաբար, միսս Մոդին որոշեց, որ ավելի հեշտ է բացատրել բապտիզմի նշանները, քան հավատո հանգանակը։

― Բապտիստները, որոնք ոտները լվանում են, ամեն մի բավականություն համարում են մեղք,— բացատրեց նա։— Գիտե՞ս ինչ, մի շաբաթ օր նրանք անտառից եկան քաղաք և սկսեցին ցանկապատի վրայից գոռալ, թե ես իմ ծաղիկներով ուղղակի դժոխքը կգնամ։

― Ծաղիկներն է՞լ կգնան դժոխք։

― Այո, մեմ։ Ծաղիկներն էլ պիտի այրվեն ինձ հետ։ Այդ ոտնալվայի սիրահարները ասում են, թե ես չափից ավելի ժամանակ եմ ծախսում աստծու երկնքի տակ և շատ քիչ եմ նստում սուրբ գրոց առաջ չորս պատերի մեջ։

Ես հանկարծ տեսա, թե ինչպես է միսս Մոդին տապակվում դժոխքում (իսկ դժոխքը ամեն մի բողոքական իր ձևով է պատկերացնում), և իսկույն սկսեցի կասկածել, թե արդյոք ճի՞շտ են ասում քարոզներում։ Իհարկե, միսս Մոդին չար լեզու ունի, և նա այնքան էլ ջանասիրությամբ չի զբաղվում բարի գործերով, ինչպես միսս Կրոուֆորդը։ Բայց միայն հիմարի գլուխը կարող է վստահել միսս Ստիվենիին, իսկ միսս Մոդին հուսալի մարդ է, դա ես և Ջիմը հաստատ գիտենք։ Նա մեր հասցեին երբեք չի չարախոսում, մեզ հետ անկեղծ է և քիթը չի խոթում մեր գործերի մեջ։ Նա մեր բարեկամն է։ Հասկանալ չի լինում, թե մի այդպիսի խելացի մարդ ինչու պիտի հավերժական տանջանքների ենթարկվեր։

― Դա ճիշտ չէ, միսս Մոդի։ Ղուք աշխարհի ամենալավ կինն եք։

Միսս Մոդին սրտալի ժպտաց։

― Շնորհակա՛լ եմ, մեմ,— ասաց նա։— Բանը նրանումն է, որ ոտնալվայի սիրահարները բոլոր կանանց համարում են մեղքերի անոթ։ Նրանք, հասկանո՞ւմ ես, աստվածաշունչը ընկալում են չափազանց բառացիորեն։

― Եվ միստեր Արթուրը նրա համար է նստում տանը, որ կին չտեսնի՞։

― Ո՞վ է հասկանում։

― Իմ կարծիքով դա մեծ հիմարություն է։ Եթե միստեր Արթուրն այդպես ցանկանում է դրախտ ընկնել, թող գոնե շեմքն էլ է դուրս գա։ Ատտիկուսն ասում է՝ աստված այսպես է պատվիրել՝ սիրիր մարդկանց այնպես, ինչպես ինքդ՝ քեզ․․․

Միսս Մոդին դադարեց ճոճաթոռում օրորվելուց։

— Դու դեռ շատ փոքր ես և չես հասկանա,— ասաց նա խստորեն,— բայց լինում են մարդիկ, որոնց ձեռքում աստվածաշունչը ավելի վտանգավոր է, քան... մի շիշ վիսկին քո հոր ձեռքում։

― Ատտիկուսը վիսկի չի խմում,— վրդովվեցի ես։— Նա իր կյանքում մի կաթիլ անգամ բերանը չի առել․․․ Ոչ, ոչ։ Նա ասել է, որ մի անգամ փորձել է վիսկի խմել, բայց դուրը չի եկել։

Միսս Մոդին ծիծաղեց։

― Ես այդ չէի ուզում ասել։ Ես ասում եմ՝ եթե Ատտիկուս Ֆինչը թեկուզ թունդ հարբած էլ լինի, միևնույն է, չի կարող լինել այնպես չար ու կոպիտ, ինչպես որոշ մարդիկ իրենց ամենալավ տրամադրության ժամանակ։ Պարզապես այդպիսի մարդիկ կան, նրանք... նրանք ծայրահեղորեն շատ են մտածում այն աշխարհի մասին և այդ պատճառով ոչ մի կերպ չեն սովորում, թե ինչպես ապրեն այս աշխարհում։ Նայիր փողոց, ա՛յ, այնտեղ, և կտեսնես, թե դրանից ինչ է ստացվում։

― Ձեր կարծիքով, այն բոլորը ճի՞շտ է, ինչ֊որ ասում են Զարզ... միստեր Արթուրի մասին։

― Ի՞նչը նկատի ունես։

Ես պատմեցի։

― Դրանց երեք քառորդը նեգրական հեքիաթներ են, իսկ մի քառորդը միսս Կրոուֆորդի փչոցները,— մռայլ ասաց միսս Մոդին։— Ստիվենի Կրոուֆորդը ինձ նույնիսկ պատմել է, որպես թե մեկ անգամ արթնանում է գիշերվա կեսին և տեսնում, որ նա պատուհանից նայում է իրեն։ Ես հարցրեցի, իսկ դու ի՞նչ արեցիր, Ստիվենի, մի կողմ գնացիր ու տե՞ղ տվեցիր։ Այդ ժամանակվանից Ստիվենին լեզուն մի քիչ ատամների ետևն է պահում։

Եվ ինչպես կարող էր լեզուն իրեն չքաշել։ Միսս Մոդին ում ասես կլռեցնի։

― Ո՛չ, մանկիկս, դա վշտի տուն է,— շարունակեց նա։— Արթուր Ռեդլիին ես դեռ փոքրուց եմ հիշում։ Ինչ ուզում են նրա մասին ասեն, բայց ինձ հետ նա միշտ էլ քաղաքավարի է եղել։ Այնքան քաղաքավարի, որքան միայն կարող էր։

― Դուք կարծում եք նա խելագա՞ր է։

Միսս Մոդին գլուխն օրորեց․

― Միգուցե և ոչ, բայց այդ ընթացքում նա կարող էր խելքը գցել։ Մենք, ախր, ինչպես հարկն է չգիտենք, թե ինչ է կատարվում այդ մարդկանց հետ։ Ինչ է կատարվում ուրիշի տանը՝ փակ դռների ետևում, ինչպիսի՞ գաղտնիքներ...

― Ատտիկուսը իմ և Ջիմի հետ միշտ էլ նույն ձևով է վարվում՝ դա լինի տանը, թե բակում։

Ես զգում էի, որ իմ պարտքն է հորս պաշտպանել։

― Օ, տեր իմ աստված, ա՛յ աղջիկ, մի՞թե ես քո հոր մասին եմ ասում։ Ես պարզապես աշխատեցի բացատրել, թե ինչը ինչոց է։ Բայց եթե խոսքր հիմա նրա մասին է, ես քեզ ահա թե ինչ կասեմ, Ատտիկուս Ֆինչը միշտ նույնն է թե իր տանը, թե փողոցում։ Ես տորթ եմ թխել, կուզե՞ս մի կտոր հետդ տանել։

Ես նույնիսկ շատ էի ուզում։


Հաջորդ օրը ես արթնացա և Ջիմին ու Դիլլին տեսա տան ետևում, նրանք ինչ֊որ բանի շուրջր աշխույժ խոսում էին։ Ես գնացի նրանց մոտ, իսկ նրանք դարձյալ նույնը՝ գնա այստեղից։

― Չե՛մ գնա։ Բակը քոնը չի, Ջիմ Ֆինչ, բակը ի՛մն էլ է։ Ես էլ ունեմ այստեղ խաղալու իրավունք։

Դիլլը և Ջիմը շտապ խորհրդակցեցին։

― Եթե մնաս, ուրեմն կանես ամեն բան, ինչ մենք կհրամայենք,— նախազգուշացրեց ինձ Դիլլը։

― Դու ի՞նչ ես փքվել։ Հրամայողի՜ս տեսեք։

― Երդվիր, որ ինչ էլ ասենք, պիտի անես, թե չէ մենք քեզ ոչինչ չենք ասի,— շարունակեց Դիլլը։

― Քեզ շատ ես զարմացնում։ Դե լա՛վ, ասեք տեսնեմ։

― Մենք ուզում ենք Զարզանդ Ռեդլիին նամակ տալ,— աչքը չթարթելով հայտարարեց Ջիմը։

― Այդ ո՞նց։

Ես աշխատում էի խեղդել ակամա սարսափս։ Միսս Մոդիի համար հեշտ է խոսելը, նա պառավել է, նրա գործը իր համար հանգիստ շեմքին նստելն է։ Իսկ մենք․․․ մեր բանն ուրիշ է։

Ջիմը պատրաստվում էր նամակը դնել կարթի վրա և խրել Ռեդլիների կրկնափեղկից ներս։ Եթե որևէ մեկը փողոցով անցնի, Դիլլը կզանգահարի։

Դիլլը ձեռքը բարձրացրեց, նա ափի մեջ սեղմել էր մայրիկիս ճաշի արծաթե զանգակը։

― Ես մյուս կողմից կմ ոտենամ,— ասաց Ջիմը։— Մենք երեկ փողոցից տեսանք, այնտեղ մի կրկնափեղկը խախուտ է։ Ես նամակը կարող եմ նույնիսկ լուսամուտի գոգն էլ դնել։

― Ջիմ․․․

― Ո՛չ, միսս Կռվարար, ինքդ կպար, և հիմա էլ խոսքիցդ ետ մի կանգնիր։

― Դե լավ, միայն թե ես չեմ ուզում պահակ կանգնել։ Ջիմ, գիտես ինչ, այն անգամ ինչ֊որ մեկը...

― Ո՛չ, կկանգնես։ Դու ման կգաս տան ետևի մասում, իսկ Դիլլը կհսկի փողոցում, եթե որևէ մեկը գա, կզանգահարի, հասկացա՞ր։

― Դե լավ։ Իսկ ի՞նչ եք գրել նրան։

Դիլլը ասաց.

― Մենք նրան շատ քաղաքավարությամբ խնդրում ենք, որ դուրս գա տնից և մեզ պատմի, թե ինչ է անում այնտեղ և մեզանից չվախենա, մենք իր համար պաղպաղակ կգնենք։

― Դուք ուղղակի ցնդվել եք, նա մեզ բոլորիս կսպանի։

Դիլլը ասաց.

― Այդ ես եմ հնարել։ Իմ կարծիքով, եթե նա տնից դուրս գա և մեզ հետ մի քիչ նստի, սիրտը կբացվի։

― Իսկ ի՞նչ գիտես, թե տանը տխրում է։

― Ապա դու փորձիր հարյուր տարի դուռը փակած տանը նստել և սնվել միայն կատուներով։ Գրազ կգամ, որ նրա մորուքը երկարել, հասել է ա՛յ այստեղ։

― Ինչպես քո հոր մորուքը։

― Իմ հրայրը մորուք չունի, նա...— Դիլլի լեզուն կապ ընկավ՝ ասես ինչ որ հիշելով։

― Ըհը՜, բռնվեցիր,— ասացի ես։— Առաջ դու ասում էիր, թե քո հայրը սև մորուք ունի....

― Իսկ նա ամառը խուզել է, թե կուզես իմանալ։ Կարող եմ քեզ նամակը ցույց տալ։ Դեռ երկու դոլար էլ փող է ուղարկել...

― Հապա ոնց, պատմիր։ Միգուցե նա քեզ հեծյալի համազգեստ և թուր էլ է ուղարկել։ Սուտասանի մեկն ես, ուրիշ ոչինչ։

Կյանքումս դեռ չէի լսել, որ մեկնումեկը այդքան փչեր, ինչպես Դիլլ Հարրիսը։ Բոլոր ստերը մի կողմ դրած, նա նաև տասնյոթ անգամ փոստային ինքնաթիռով թռել էր, եղել նոր Շոտլանդիայում և տեսել կենդանի փիղ, իսկ իր պապը եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ բրիգադի գնդապետ Ջո Ուիլերը, և նա Դիլլին ժառանգություն է թողել իր սուսերը։

― Սուս մնացեք,— ասաց Ջիմը։ Նա մտել էր արտասանդուղքի տակն ու այնտեղից դուրս էր քաշել բամբուկի մի դեղին կարթաձող,— թերևս սրանով մայթից հասնեմ լուսամուտին։

― Եթե մեկը այնքան քաջ է, որ կարող է մոտենալ և ձեռք տալ պատին, կարթը նրա ինչի՞ն է պետք,— ասացի ես։— Կգնայիր ու հենց շքամուտքը կծեծեիր, ահա՛ և բոլորը։

― Դա ուրիշ... բան է․․․— կապ ընկնելով ասաց Ջիմը։— Քանի՞ անգամ պիտի քեզ կրկնեմ։

Դիլլը գրպանից մի թերթ թուղթ հանեց տվեց Ջիմին։

Եվ մենք կամացուկ շարժվեցինք դեպի Ռեդլիների տունը։ Դիլլը անկյունում, լապտերի մոտ կանգ առավ, իսկ մենք՝ ես և Ջիմը, թեքվեցինք դեպի անկյունը։ Ես անցա Ջիմի մոտով և նայեցի հաջորդ անկյանը։

― Ամեն ինչ խաղաղ է,— ասացի ես։— Ոչ ոք չի երևում։

Ջիմը դարձա Դիլլին, սա գլխով արավ։

Ջիմը նամակը կապեց կարթի ծայրին, և կարթը նախապարտեզի վրայով մեկնեց դեպի լուսամուտը։ Նա ամբողջովին ձգվում էր առաջ, բայց պարզվեց, որ կարթը կարճ էր մի քանի դյույմով։ Նա անվերջ կարթը հրում էր դեպի լուսամուտը, ի վերջո ինձ ձանձրացրեց հեռվից նայելը, և ես մոտեցա նրան։

― Ոչ մի կերպ չեմ կարողանում նամակը գցել,— քրթմնջաց Ջիմը։— Լուսամուտին հասցնում եմ, բայց նամակն այնտեղ կարթից չի պոկվում։ Գնա՛ փողոց, Մեծաչքանի։

Ես վերադարձա իմ պահակակետը և սկսեցի նայել դեպի անկյունը, ամայի ճանապարհին։ Մերթ ընդ մերթ ես նայում էի Ջիմին, նա համբերությամբ ջանում էր նամակը գցել լուսամուտի գոգը։ Նամակը թռավ ցած, Ջիմը նորից կարթը խցկեց լուսամուտը, և վերջում, ես մտածեցի՝ եթե Զարզանդ Ռեդլին նամակը նույնիսկ ստանա էլ, կարդալ չի կարողանա։ Ես նորից նայեցի փողոցի երկայնքով, և հանկարծ զանգակը զնգաց։

Ես շեշտակի ետ դարձա, ահա ուր որ է ինձ վրա կհարձակվի Զարզանդ Ռեդլին՝ ժանիքները կրճտելով... Բայց այդ ոչ թե Զարզանդ Ռեդլին էր, այլ Դիլլը, նա զանգահարում էր ուղիղ Ատտիկուսի քթի տակ։ Ջիմի դեմքը այնպիսի արտահայտություն ստացավ, որ նայելիս սիրտդ կմղկտար, և ես արդեն նրան չասացի՝ «հապա որ քեզ ասո՜ւմ էի...»։ Նա գալիս էր մի կերպ ոտքերը փոխելով՝ ետևից քարշ տալով կարթաձողը։

― Հերի՛ք է զանգահարես,— ասաց Ատտիկուսը։

Դիլլը զանգի լեզվակը բռնեց, շուրջը դարձավ լուռ, անշշուկ, ես նույնիսկ մտածեցի, լավ կլիներ, որ նա նորից զանգահարեր։ Ատտիկուսը գլխարկը ետ գցեց դեպի ծոծրակը և կռացավ։

― Ջի՛մ,― ասաց նա,— դու ի՞նչ ես անում այստեղ։

― Ոչի՛նչ, սըր։

― Պոչ մի՛ խաղացնի։ Ասա։

― Ես... մենք միայն ուզում էինք մի բան տալ միստեր Ռեդլիին։

― Ի՞նչ տալ։

― Նամակ։

― Ցույց տուր։

Ջիմը նրան մեկնեց մի կեղտոտ թղթի կտոր։ Ատտիկուսը դժվարությամբ սկսեց գրությունը կարդալ։

― Ձեր ինչի՞ն է պետք, որ միստեր Ռեդլին դուրս գա տնից։

— Մենք մտածում էինք, որ մեզ մոտ կուրախանա․․․— սկսեց Դիլլը, բայց Ատտիկուսը հենց որ նայեց նրան, նա լեզուն կծեց։

― Որդի՛ս,— ասաց Ատտիկուսը Ջիմին,— Լսիր, թե ինչ կասեմ քեզ, կրկնելու մտադրություն չունեմ. դադարի՛ր այդ մարդուն տանջելուց։ Եվ դուք, երկուսդ նույնպես։

Թե ինչպես է ապրում միստեր Ռեդլին, դա իր գործն է, ասաց Ատտիկուսը։ Փողոց դուրս գալ ցանկանա, դուրս կգա։ Կցանկանա նստել տանը, այդ իրավունքը նա ունի և ամեն տեսակի ձանձրացնող արարածներ (իսկ սա շատ ավելի մեղմ արտահայտություն է այնպիսիների համար, ինչպիսիք մենք ենք) չպետք է իրենց քիթը խոթեն նրա գործերի մեջ։ Մեզանից ո՞ր մեկին դուր կգա, եթե երեկոյան քնից առաջ ինքը առանց դուռը թխկացնելու ճողոպրի մեր ննջարանը։ Ըստ էության, մենք այդպես ենք վարվում միստեր Ռեդլիի հետ։ Մեզ թվում է, որ միստեր Ռեդլին իրեն շատ տարօրինակ է պահում, բայց իրեն դա բոլորովին էլ տարօրինակ չի թվում։ Այնուհետև, մեր գլուխը իսկի չի՞ եկել այն միտքը, որ երբ մի որևէ բան ես ուզում ասել մեկին, պետք է որքան կարելի է քաղաքավարությամբ ծեծել շքամուտքը, և ոչ թե խցկվել պատուհանը։ Եվ վերջինը․ մինչև որ մեզ չհրավիրեն Ռեդլիների տունը, մենք մեզ պետք է հեռու պահենք այդ տնից և չպետք է խաղանք հիմար խաղեր, որոնք խաղալիս մեզ մի անգամ բռնեցրել է, և չպետք է ծաղրուծանակի ենթարկել, թեկուզ ով էլ լինի՝ մեր փողոցում և ընդհանրապես մեր քաղաքում․․․

― Երբեք էլ նրան ծաղրուծանակի չենք ենթարկել,— ասաց Ջիմը։— Մենք պարզապես․․․

― Ախ, ուրեմն դուք հենց դրանով էլ զբաղվո՞ւմ էիք։

― Ինչո՞վ։ Ծաղրուծանակո՞վ։

― Ո՛չ,— ասաց Ատտիկուսը։— Ուղղակի խաղում էիք նրա կյանքի պատմությունը բոլոր հարևանների աչքի առաջ։

Ջիմը, կարծեմ, նույնիսկ զայրացավ։

― Ես չե՛մ ասել, թե մենք խաղում ենք նրա կյանքի պատմությունը։ Չե՛մ ասել։

Ատտիկուսը հակիրճ քմծիծաղեց․

― Ա՛յ, հենց հիմա էլ ասացիր։ Եվ որպեսզի այլևս դուք՝ երեքդ այդ հիմարություններով չզբաղվեք։

Ջիմը բերանը բաց նայում էր հորը։

― Դու, կարծեմ, ուզում ես իրավաբան դառնալ։— Ատտիկուսը ինչ֊որ կասկածանքով շրթունքները հավաքեց, ասես նրանք փախչում էին։

Ջիմը որոշեց, որ դուրս պրծնելն անօգուտ է, և լռեց։ Ատտիկուսը գնաց տուն իրեն հարկավոր թղթերի համար, որոնք մոռացել էր առավոտյան հետը տանել, և միայն այդ ժամանակ Ջիմը գլխի ընկավ, որ ընկել է հնադարյան իրավաբանական ծուղակը։ Նա կանգնեց արտասանդուղքից պատկառելի հեռավորության վրա ու սպասեց մինչև Ատտիկուսը դուրս եկավ տնից և ուղևորվեց քաղաք։ Եվ երբ Ատտիկուսը հեռացավ այնքան, որ արդեն չէր կարող լսել, ետևից գոչեց.

― Իրավաբան դառնալ ուզում էի, բայց հիմա դեռ կմտածե՜նք․․․


Գլուխ 6

― Լա՛վ,— ասաց Ատտիկուսը, երբ Ջիմր նրան խնդրեց, թե մեզ կարելի՞ է Դիլլի հետ նստել միսս Ռեյչելի լճակի մոտ, չէ՞ որ վաղը Դիլլը մեկնելու է։— Հրաժեշտ տուր նրան իմ կողմից և ասա, որ եկող ամառ էլ ենք նրան սպասում։

Մենք ցատկեցինք ցածրիկ ցանկապատի վրայից, որ ընկած էր մեր շքամուտքի ճանապարհի և միսս Ռեյչելի բակի միջև։ Ջիմը լորի նման կվկվաց, մթության միջից հայտնըվեց Դիլլը։

― Ինչքա՜ն խաղաղ է, բոլորովին քամի չկա,— ասաց Ջիմը։— Տեսե՛ք։

Նա ցույց տվեց դեպի արևելք։ Միսս Մոդիի այգու ետևից ծագել էր մեծ լիալուսին։

― Նույնիսկ թվում է, թե շոգը նրանից է,— ասաց Ջիմը։

― Այսօր ինչ կա նրա վրա, խա՞չ,— հարցրեց Դիլլը՝ գլուխը չբարձրացնելով։ Նա թոկից ու լրագրի կտորտանքից գլանակ էր սարքել։

― Ո՛չ, պարզապես՝ կին։ Դի՛լլ, դա մի վառիր, թե չէ ամբողջ քաղաքը շան հոտ կընկնի։

Երբ Մեյկոմբում նայում ես լուսնին, այնտեղ մի կին է երևում։ Նա նստած է հայելու առջև և մազերն է սանրում։

― Երբ դու գնաս, մեզ համար տխուր կլինի,— ասացի ես Դիլլին։— Միգուցե գնանք և միստեր Էյվերիին աչք պահենք։

Միստեր Էյվերին միսիս Հենրի Լաֆայետ Դյուբոզի տան դիմաց սենյակ էր վարձել։ Կիրակի օրերը նա սկուտեղը ձեռքին եկեղեցում փող էր հավաքում, բացի դրանից, ամեն երեկո մինչև ժամը ինը նստում էր արտասանդուղքին և փռշտում։ Մեկ անգամ երեկոյան մեզ բախտ վիճակվեց ականատես լինելու մի տեսարանի, դա, հավանաբար, միակն էր, որովհետև հետո որքան էլ որ հսկում էինք, դա չկրկնվեց։ Մենք այդ միջոցին իջնում էինք միսս Ռեյչելի սանդուղքներով, երբ հանկարծ Դիլլը մեզ կանգնեցրեց․

― Ո՜ւխ, հապա նայեցեք։

Եվ ցույց տվեց փողոցը։ Սկզբում մենք միայն տեսանք լեռնավարդերով ծածկված պատշգամբը, իսկ հետո պարղվեց՝ պատշգամբի թփերի միջից շատրվան է խփում, որը կազմելով աղեղ, հավանաբար ավելի քան տասը ֆուտ բարձրությունից թափվում էր հողին, փողոցի լապտերից ընկած լույսի դեղին շրջանին։ Ջիմը ասաց, թե միստեր Էյվերին խնձորին չի հասցնի, Դիլլը ասաց՝ ոնց չի հասցնի, օրական մի տակառ գինի է կոնծում, նրանք վիճեցին, թե իրենցից ով կհասցնի ավելի հեռու և ավելի ճարպկորեն։ Ես այդ մրցությանը չէի մասնակցում, որովհետև այդ ասպարեզում ունեցած տաղանդով աչքի չէի ընկնում, և կրկին անգամ ինձ զգացի թշվառ։

Դիլլը ձգվեց, հորանջեց և ասաց՝ ինչ֊որ խիստ անփույթ․

― Գտա՜։ Գնանք զբոսնենք։

Այդ է էլի, ես էլ նրան հավատացի։ Մեյկոմբում ոչ ոք հենց այնպես, աննպատակ զբոսանքի չի գնում։

― Իսկ ո՞ւր, Դիլլ։

Դիլլը գլխով արեց հարավային ուղղությամբ։

― Լա՛վ,— ասաց Ջիմը։

Ես ուզում էի բողոքել, բայց նա ամենաանուշ ձայնով ասաց․

― Իսկ դու մեզ հետ մի գա, հրեշտա՜կս, քեզ ոչ ոք չի խնդրո՜ւմ։

― Քեզ էլ ոչ ոք չի խնդրում։ Մոռացա՞ր, թե ոնց էիր...

Բայց Ջիմը չէր սիրում հիշել նախկին անհաջողությունները, այն ամենից, ինչ ասել էր Ատտիկուսը, նա, երևում է, միայն յուրացրել էր մի բան, թե իրավաբանները ինչպիսի ճարպկությամբ են կարողանում հասնել ճշմարտության։

― Իսկ մենք ոչ մի բան էլ չենք անում, Մեծաչքանի, մենք միայն կգնանք մինչև լապտերը և ետ կդառնանք։

Մենք լուռ քայլեցինք մայթով՝ ականջ դնելով հարևան պատշգամբներից հասնող ճլորթիների ճռռոցին, մարդկանց հանդարտ, իրիկնային ձայներին, որ լսվում էին փողոցում։ Մերթ ընդ մերթ մեզ էր հասնում միսս Ստիվենի Կրոուֆորդի ծիծաղը։

— Հը՛,— ասաց Դիլլը։

— Հա,— ասաց Ջիմը։— Դու լավ կանեիր, որ տուն գնայիր, Մեծաչքանի։

― Իսկ դուք ի՞նչ պիտի անեք։

Նրանք միայն ցանկանում էին կոտրված կրկնափեղկով պատուհանից նայել ներս, միգուցե հանկարծ տեսնեն Զարզանդ Ռեդլիին, իսկ ես, թե որ չեմ ցանկանում գնալ իրենց հետ, կարող եմ հիմա ևեթ չքվել տուն ու լեզուս պահել ատամներիս ետևը, և ուրիշ ոչինչ։

— Իսկ ինչո՞ւ է խելքներիդ փչել սպասել այս երեկոյին։

Որովհետև, նախ որ երեկոյան իրենց ոչ ոք չի տեսնի, քանի որ Ատտիկուսը այդ ժամին մինչև ականջները խրվում է գրքերի մեջ, և եթե աշխարհն էլ շուռ գա, չի իմանա, և հետո՝ եթե Զարզանդ Ռեդլին իրենց սպանի, ոչ թե արձակուրդը կկորչի, այլ ուսումը, և, վերջապես, խավար տան մեջ ավելի հեշտ է տեսնել խավար երեկոյով, քան օրը ցերեկով, հասկանալի է ինձ այդ, թե ոչ։

― Ջիմ, շա՜տ եմ խնդրում...

― Վերջին անգամն եմ քեզ ասում, Մեծաչքանի, լեզուդ մի բլբլացնի կամ էլ չքվիր տուն։ Աստված վկա, դու դառնում ես մի իսկական թեթևսոլիկ աղջիկ։

Դրանից հետո ինձ այլևս ընտրություն չմնաց, և ես նրանց հետ գնացի։ Մենք որոշեցինք փշալարե ցանկապատի տակով սողալ դեպի ներս, Ռեդլիների տան ետևը, այնտեղ մեզ տեսնելու վտանգը այնքան էլ մեծ չէր։ Փշալարից այն կողմ մի մեծ այգի և մի նեղ փայտաշեն խորդանոց կար։

Ջիմը բարձրացրեց ցածի փշալարը և ձեռքով արեց Դիլլին. անցիր։ Ես անցա նրա ետևից և փշալարը բռնեցի, մինչև որ կանցներ Ջիմը։ Նա հազիվ անցավ։

― Միայն թե աղմուկ չանեք,— շշնջաց նա։— Մեկ էլ զգույշ եղեք, որ կաղամբներին չկպնեք, թե չէ մի ճռճռոց կհանեն, որ մեռելներն էլ կզարթնեն։

Այդպիսի մի խրատից հետո ես սողացի ինչպես կրիան։ Հետո լուսնի լույսով տեսա, որ Ջիմն արդեն հեռու էր, նա մեզ ձեռքով արեց, և ես սկսեցի ավելի արագ շարժվել։ Մենք սողացինք դեպի դռնակը, որով այգուց մտնում էին բանջարանոց։ Ջիմը հրեց։ Դռնակը ճռռաց։

― Վրան թքե՛ք,— շշնշաց Դիլլը։

― Այս ո՞ւր բերեցիր,— քրթմնջացի ես։— Հետո ո՞նց պիտի դուրս պրծնենք այստեղից։

― Շը՜շ․․․ Թքիր դռան ծխնու վրա, Մեծաչքանի։

Մենք այնքան թքեցինք, որ բերաններս չորացան, հետո Զիմը կամացուկ դռնակը բացեց։ Մենք տան ետևումն էինք։

Ետևի կողմից Ռեդլիների տունը առավել անբարեհամբույր էր, քան ճակատից, ամբողջ պատի երկարությամբ ձգվում էր խարխուլ, կիսաքանդ պատշգամբը, նրա վրա բացվում էին երկու դուռ, որոնց արանքում կային երկու խավար լուսամուտներ։ Պատշգամբի տանիքի մի կողմին նեցուկ էր ծառայում ոչ թե սյուն, այլ մի անտաշ գերան։ Անկյունում կանգնած էր գետնահանց խղճուկ վառարանը, նրա վերևում կար մի կախարան՝ գլխարկների համար, անիրական փայլով պսպղում էր հայելին, և այնտեղ արտացոլվում էր լուսնի լույսը։

Ջիմը կամացուկ ախ քաշեց և մի ոտի վրա քարացավ, սիրտ չանելավ երկրորդը դնել գետնին ։

― Ի՞նչ պատահեց։

― Հավե՜րը․․․— շշնջաց նա հազիվ լսելի։

Այո, ամեն կողմից մեզ անտեսանելի խոչընդոտներ էին սպասում։ Առջևռւմ Դիլլն էլ ինչոր բանի դիպավ և շնչակտուր ասաց. «Օ՛հ, տեր աստված»։ Մենք սողացինք դեպի տան անկյունը, դեպի օրորվող կրկնափեղկով պատուհանը։ Լուսամուտից ներս նայել Ջիմը չկարողացավ, հասակը մի քանի դյույմ պակասում էր։

― Հիմա ես քեղ կբարձրացնեմ,— փսփսաց նա Դիլլին։— Ո՛չ, սպասիր...

Նա քաշեց իմ թևից, և մենք միմյանց ձեոքից բռնելով թամբ սարքեցինք ու Դիլլին բարձրացրինք։ Նա ձեռքը գցեց լուսամուտի գոգին։

― Շո՛ւտ արա,— շշնջաց Ջիմը,— մենք քեզ երկար պահել չենք կարող։

Դիլլը խփեց ուսիս, և մենք նրան իջեցրինք ցած։

― Ի՞նչ տեսար։

― Ոչինչ։ Վարագույր։ Բայց այնտեղ ինչոր կրակ է փայլում։

― Գնանք այստեղից,— շշնջաց Ջիմը։― Ետ դառնանք։ Շը՜շ,— ֆշշաց նա, երբ ես ուզեցի հակառակվել։

― Փորձենք մյուս կողմից,— ասաց Դիլլը։

― Պետք չէ,— աղաչեցի ես։

Դիլլը կանգ առավ և Ջիմին առաջ թողեց։ Ջիմը ուզում էր բարձրանալ ետևի պատշգամբը, նրա ոտքի տակ սանդուղքր ճռռաց։ Նա տեղում քարացավ, հետո կամացուկ սկսեց առաջ գնալ։ Սանդուղքը լռեց։ Հետևյալ երկու աստիճանից հետո նա ոտքը դրեց պատշգամբին և մազ մնաց հավասարակշռությունը կորցներ։ Բայց և այնպես չընկավ և կամացուկ չոքեց։ Սողաց դեպի պատուհանը, գլուխը բարձրացրեց և նայեց ներս։

Եվ այդ ժամանակ ես տեսա մի ստվեր։ Լայնեզր գլխարկով մարդու ստվեր։ Սկզբում ես մտածեցի, որ դա ծառ է, բայց քամի չկար, իսկ ծառի բները առհասարակ քայլել չեն կարող։ Պատշգամբը հեղեղված էր լուսնի լույսով, և ստվերը հստակ, ասես դանակով փորագրած, ուղղվեց դեպի Ջիմը։

Ինձնից հետո ստվերը տեսավ Դիլլը, նա դեմքը ծածկեց ձեռքերով։

Հետո ստվերը ընկավ Ջիմի վրա, և նա էլ տեսավ։ Ջիմը գլուխը ծածկեց ձեռքերով ու տեղում քարացավ։

Ստվերը կանգ առավ Ջիմից երկու քայլի վրա։ Ձեռքը բարձրացրեց, հետո ցած թողեց։ Ապա ստվերը շրջվեց, նորից անցավ Ջիմի վրայով՝ պատշգամբով և անհետացավ տան ետևում, այնպես անլսելի ինչպես հայտնվել էր։

Ջիմը պատշգամբից ցատկեց և վազեց դեպի մեզ։ Դռնակը բացեց, դուրս հրեց ինձ ու Դիլլին և քշեց՝ ճռճռան կաղամբա թփերի միջով։ Ճանապարհի կեսին ոտքս սայթաքեց, և այդ միջոցին որոտաց կրակոցը։

Դիլլը և Ջիմը փռվեցին գետնին։ Ջիմը շնչում էր ուժասպառ ձիու նման։

― Դպրոցի բակո՛վ... շո՛ւտ, Մեծաչքանի։

Նա բռնել էր ցանկապատի ստորին փշալարը, մենք գլորվեցինք մյուս կողմը և գրեթե հասել էինք դպրոցի բակի միայնակ կաղնու թավուտ ստվերը։ Երբ ուշքի գալով տեսանք, որ Ջիմը մեզ հետ չէ, ետ դարձանք, Ջիմը մնացել էր փշալարերի արանքում և չարչարվում էր, որ դուրս գա շալվարի միջից։ Վերջապես ազատվեց և վարտիքով վազեց դեպի ընկուզենին։

Եվ ահա մենք ծառի ետևն ենք։ Բայց այդտեղ մենք նորից սարսափից մեխվեցինք, միայն Ջիմն էր, որ չէր կորցրել մտածելու ընդունակությունը։

― Պետք է շուտ փախչել տուն, թե չէ մեզ կբռնեն։

Մենք վազում ենք դպրոցի բակով, սողում ցանկապատի տակով դեպի Եղջերվի հովիտը, որը մեր տան ետևումն է, հետո մագլցում երկրորդ ցանկապատի վրայով, գնում մեր տան ետև, դեպի արտասանդուղքը, այստեղ Ջիմը մեզ կանգնեցնում է. կարելի է շունչ առնել։ Կարճատև դադարից հետո մենք ամենաանմեղ տեսքով գնում ենք նախապարտեզ։ Նայում ենք փողոց և տեսնում՝ Ռեդլիների տան առջև հավաքվել են հարևանները։

― Գնանք այնտեղ,— ասաց Ջիմը։— Թե չէ նրանք կզարմանան, թե հապա մե՞նք որտեղ ենք։

Իր դռան մոտ կանգնած էր միստեր Նաթան Ռեդլին՝ հրացանը ձեռքին։ Նրա դիմաց, մայթի վրա՝ Ատտիկուսը, միսս Մոդին և միսս Ստիվենի Կրոուֆորդը, նրանցից երկու քայլ հեռու միսս Ոեյչելը և միստեր Էյվերին։ Մեզ ոչ ոք չնկատեց։

Մենք կամացուկ մոտեցանք միսս Մոդիին, նա ետ նայեց։

― Իսկ դուք այդ բոլորդ որտե՞ղ էիք։ Դուք մի՞թե ոչինչ չեք լսել։

― Ի՞նչ է պատահել,— հարցրեց Ջիմը։

― Միստեր Ռեդլիի բանջարանոցը նեգր է մտել, և միստեր Ռեդլին կրակել է նրա վրա։

― Օ՜։ Եվ դիպե՞լ է։

― Ո՛չ,— ասաց միսս Ստիվենին,— նա օդի մեջ է կրակել։ Այնպես է նեգրին վախեցրել, որ նա ամբողջովին ճերմակել է։ Ասում է՝ ով որ ճերմակ նեգր տեսնի, հենց այդ նեգրն է, որ կա։ Ասում է, երկրորդ փողն էլ է լցրել և, եթե բանջարանոցում էլի ինչ֊որ բան իրար գա, նա կխփի ուղիղ նպատակին, ով էլ որ լինի, թեկուզ շուն, նեգր կամ... Ջիմ Ֆիինչ։

― Ի՜նչ, մեմ։

Այդ Ժամանակ խոսեց Ատտիկուսը։

― Որտե՞ղ է քո շալվարը։

― Շալվա՞րս, սըր։

― Այո՛, շալվարդ։

Դե արի ու դիմացիր։ Ջիմը վարտիքով կանգնել էր բոլորի առաջ։ Ես ծանր հոգոց քաշեցի։

― Ը՜֊ը, միստեր Ֆինչ։

Փողոցի լապտերի պայծառ լույսի տակ ես տեսա, որ նա սուտ ասելու պատրաստություն էր տեսնում, նրա աչքերը չռվել էին, թխլիկ, հրեշտակային Դնչիկը ավելի էր կլորացել։

― Դո՞ւ ինչ կասետս, Դիլլ,— հարցրեց Ատտիկուսը։

― Ես... ես նրա շալվարը տարել եմ,— մշուշապատ բացատրեց Դիլլը։

― Ինչպես թե՝ տարել եմ։

Դիլլը ծոծրակը քորեց, ձեռքը տարավ ճակատով։

― Մենք լճակի մոտ պոկեր էինք խաղում՝ շորհանոցի։

Ես և Ջիմը թեթևացած շունչ քաշեցինք։ Հարևաններին, երևում է, նույնպես ամեն բան հաականալի դարձավ, նրանք տեղներում անշարժացան։ Միայն թե, դա ի՞նչ տեսակ պոկեր է։

Մենք այդպես էլ չկարողացանք իմանալ, միսս Ռեյչելը հանկարծ վժժաց ինչպես հրդեհի շչակ․

― Օ՜, երկնային թագավոր, Դիլլ Հա՛րրիս։ Իմ լճակի մոտ այդպիսի ժպիրհ խաղեր խաղա՜լ... Ես քեզ ցույց կտամ, թե ինչ է շորհանոցի պոկեր խաղալը։

Ատտիկուսը Դիլլին փրկեց վերահաս խեղանդամությունից․

― Մի րոպե, միսս Ռեյչել,― ասաց նա։— Ես երբեք չեմ լսել, որ նրանք զբաղվեին որևէ նման բանով։ Ինչ է, դուք թո՞ւղթ էիք խաղում։

― Ոչ, սըր, լուցկիով էինք խաղում։

Ամեն մարդ չի կարող այդպես հնարը գտնել, ինչպես իմ եղբայրը։ Լուցկին, դա վտանգավոր բան է, բայց թղթախաղը՝ ստույգ կործանում։

― Ջիմ և Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը,— այլևս չլսեմ և ոչ մի պոկերի մասին։ Ջի՛մ, Դիլլի հետ գնա և ետ վերցրու քո շալվարը, դուք ինքներդ միմյանց հետ լեզու գտեք։

― Մի՛ վախեցիր, Դիլլ,— ասաց Ջիմը, երբ մենք ետ էինք վազում,— հորաքույրդ քեզ ոչինչ չի անի։ Ատտիկուսը նրան կհամոզի։ Իսկ դու շատ շուտ ճարը գտար։ Սպասի՛ր... լսո՞ւմ ես։

Մենք կանգ առանք և լսեցինք Ատտիկուսի ձայնը։

—... Ո՛չ մի լուրջ բան... նրանք այդպիսի բաներով պիտի մեծանան, միսս Ռեյչել․․․

Դիլլը հանգստացավ, բայց ինձ ու Ջիմին հանգստություն չկար։ Ջիմը առավոտյան որտեղի՞ց պետք է վերցնի շալվարը։

― Ես իմ շալվարներից մեկնումեկը կտամ քեզ,— առաջարկեց Դիլլը, երբ մենք հասանք միսս Ռեյչելի տան մոտ։

Ջիմն ասաց՝ շնորհակալ եմ, քո շալվարը վրայովս չի լինի։ Մենք բարի գիշեր ասացինք, և Դիլլը գնաց տուն։ Հետո, երևում է, հիշեց, որ ես և ինքը նշանված ենք, նորից դուրս վազեց և տեղնուտեղը Ջիմի ներկայությամբ ինձ համբուրեց։

― Ինձ կգրես, լա՞վ,— բղավեց նա մեր ետևից։


Ջիմը շալվարից զրկված էլ չլիներ, միևնույն է, մենք այդ գիշեր դարձյալ վատ էինք քնելու։ Ես կծկվել էի իմ ծալովի մ ահճակալին, տան ետևի պատշգամբում, և յուրաքանչյուր գիշերային շշուկ ինձ թվում էր խլացուցիչ որոտ։ Մեկի ոտքերի տակ խշրտում է խիճը, այդ Զարզանդ Ռեդլին է թափառում վրեժխնդրության ծարավի։ Ինչ֊որ տեղ մութի մեջ ծիծաղում է մի անցորդ նեգր, այդ Զարզանդ Ռեդլին է մեզ հետապնդում. գիշերային թիթեռնիկները զարկվում են ապակուն, այդ Զարզանդ Ռեդլին է կատաղած պոկում ցանկապատի փշալարերը, սոսիները շարժվում էին դեպի մեզ կենդանի, թունալից։ Ես երկար տանջվեցի կեսքուն, կեսարթուն, հետո լսեցի Ջիմի փսփսոցը․

― Երեքաչքանի, դու քնա՞ծ ես։

― Դու ինչ է, խելքդ գցե՞լ ես։

― Շը՜շ... Ատտիկուսի մոտ արդեն մութն է։

Մայր մտնող լուսնյակի թույլ շողերի տակ ես տեսա։ որ Ջիմը ոտքերը կախ էր գցել մահճակալից։

― Ես գնացի շալվարս բերելու,— ասաց նա։

Ես տեղումս նստեցի,

― Չհամարձակվե՛ս, չե մ թողնի։

Ջիմը շտապով գիշերանոցի գոտին էր ձգում։

― Պետք է։

― Փորձիր տեսնեմ, իսկույն Ատտիկուսին կարթնացնեմ։

― Ապա փորձիր, տեղնուտեղր կսպանեմ։

Ես կպա նրան և ստիպեցի նստել իմ կողքին։ Հարկավոր էր որևէ կերպ նրան համոզել։

― Միստեր Նաթանը առավոտյան կգտնի։ Նա գիտե, որ այդ դու ես կորցրել։ Դե, իհարկե, վատ կլինի, երբ որ նա այդ վերցնի ու բերի Ատտիկուսի մոտ․․․ Ահա և բոլորը, ինչ կարող ես անել։ Պառկիր։

― Այդ բոլորը ես ինքս էլ եմ հասկանում,— ասաց Ջիմը։— Դրա համար էլ գնում եմ։

Սիրտս նույնիսկ սկսեց խառնել։ Վերադառնալ այնտեղ, միայնակ... ինչպես ասաց միսս Ստիվենին, միստեր Նաթանի հրացանի մի փողը լցված է, և եթե բանջարանոցում ման է գալիս մի նեգր, մի շուն կամ... Ջիմը այդ հասկանում էր ինձնից ոչ պակաս։ Ես սարսափից քիչ մնաց խելագարվեմ։

― Պետք չէ՛, Ջիմ, մի՛ գնա։ Դե ճիշտ է, Ատտիկուսը կծեծի։ Ճիշտ է, կցավի, բայց կանցնի։ Իսկ քեզ այնտեղ կսպանեն։ Ջի՛մ, խնդրում եմ

Ջիմը համբերությամբ հառաչեց.

― Հասկանո՞ւմ ես, Մեծաչքանի,— հանդարտ ասաց նա,— որքան որ ինձ հիշում եմ, Ատտիկուսը ինձ ոչ մի անգամ չի խփել։ Եվ ես չեմ ուզում համը տեսնել։

Եվ իսկապես, Ատտիկուսը համարյա ամեն օր մեզ սպառնում էր միայն։

― Նշանակում է, նա ոչ մի անգամ քեզ մի այնպիսի բանում չի բռնել, որ ծեծի տեղ ունենայիր։

― Կարող է պատահել, բայց․․․ Ես չեմ ուզում ճաշակել, Մեծաչքանի։ Մենք իզուր գնացինք այնտեղ։

Ահա այդ րոպեից, հավանաբար, ես և Ջիմը սկսեցինք միմյանցից հեռանալ։ Պատահում էր, որ առաջ էլ էր նա ինձ փակուղու առաջ կանգնեցնում, բայց կարճատև։ Իսկ այս անգամ նրան հասկանալ չէի կարողանում։

― Խնդրո՛ւմ եմ, մի՛ գնա,— աղաչում էի ես։— Գիտե՞ս թե մենակ ինչ սարսափելի կլինի այնտեղ...

― Դե ձայնդ կտրիր։

― Էլ ոնց կլիներ, կծեծի... Բայց դա հո այն չի, որ այլևս երբեք հետդ չխոսի կամ... Ես նրան կարթնացնեմ Ջիմ, ազնի՛վ խոսք, ես․․․

Ջիմը ճանկեց գիշերազգեստիս օձիքը և քիչ մնաց խեղդեր։

― Որ այդպես է քեզ հետ կգամ...— մի կերպ խոսեցի ես։

― Ո՛չ, չես գա, դու միայն աղմուկ կբարձրացնես։

Ինչպես վարվեմ սրա հետ։ Ես ետ տարա փականը և դուռը բռնեցի, մինչև որ նա կամացուկ, ետին արտասանդուղքով իջավ ցած։ Ժամը, երևի, երկուսը կլիներ։ Լուսինն արդեն ամպերի ետևում էր, գետնի վրայի ստվերները դարձել էին անորոշ ու հեղհեղուկ։ Ջիմի գիշերային շապկի փեշը մերթ թռչկոտում էր, մերթ սուզվում խավարում որպես մի փոքրիկ ուրու, որ փախչում է մոտալուտ լուսաբացից։ Ես քրտնքի մեջ լողում էի, բայց զեփյուռը փչեց և եղանակը զովացավ։

Հավանաբար նա շրջանցեց Եղշերվի մարգագետնով և դպրոցի բակով, համենայն դեպս նա այդ կողմը ուղղվեց։ Դա հեռու է և անհանգստանալը դեռ վաղ է։ Ես սպասում էի, ահա վրա կհասնի անհանգստանալու ժամանակը, ահա կորոտա միստեր Ռեդլիի հրացանը։ Հետո, որպես թե ճռռաց ցանկապատը։ Բայց այդ միայն թվացել էր։

Հետո լսվեց Ատտիկուսի հազը։ Ես շունչս պահեցի։ Երբեմն կեսգիշերին ելնելով, մենք տեսնում էինք, որ նա դեռ կարդում է։ Նա ասում էր, որ ինքը հաճախ գիշերները արթնանում է ու գալիս մեզ նայելու, իսկ հետո կարդում, մինչև որ նորից քունը տանի։ Ես սպասում էի ահա, ուր որ է նա կվառի լամպը, և սրտատրոփ նայում էի, թե արդյոք նախասենյակում չի՞ ընկել լույսի շիթը։ Բայց առաջվա նման խավար էր, և շունչս տեղն եկավ։

Գիշերային մլակներն ու թիթեռնիկներր հանդարտվել էին, բայց զեփյուռը հենց փչում էր թե չէ, տանիքը թմբկահարել էին սկսում սոսու կոները, իսկ ինչ֊որ հեռվում հաչում էին շները, և դրանից խավարը առավել տխուր էր, մենությունն առավել զգալի։

Ահա և Ջիմը վերադառնում է։ Սպիտակ շապիկը թռավ ցանկապատի վրայով և հետզհետե մեծանում է։ Ահա Ջիմը բարձրացավ աստիճաններով, հրեց փականը, նստեց մահճակալին։ Ոչ մի խոսք չասելով, ցույց տվեց գտած շալվարը։ Հետո պառկեg, և քիչ անց, ես լսեցի, թե ինչպես էր ցնցվում նրա մահճակալը։ Հետո նա հանդարտվեց։ Ես այլևս նրա ձայնը չլսեցի։

Գլուխ 7

Ամբողջ շաբաթ Ջիմը լուռ էր և մռայլ։ Ես փորձեցի մտնել նրա կաշվի մեջ և նմանվել նրան, ինչպես խորհուրդ էր տվել այն ժամանակ Ատտիկուսը։ Եթե ես ստիպված լինեի գիշերվա ժամը երեքին մենակ գնալ Ռեդլիների բակը, վաղն ևեթ ինձ հոդին կհանձնեին։ Այդ պատճառով ես Ջիմին հանգիստ թողեցի ու աշխատեցի նրան չձանձրացնել։

Դպրոցական պարապմունքներն սկսվեցին։ Երկրորդ դասարանը, պարզվեց, որ աոաջինից պակասը չէր, նույնիսկ ավելի վատ, մեր քթերի առջև նորից քարտեր էին թափահարում և թույլ չէին տալիս ո՛չ կարդալ, ո՛չ գրել։ Պատի ետևից լսվող քրքիջի պայթյունից կարելի էր դատել, թե դասարանում ինչպես են գնում միսս Կերոլայնի գործերը, ընդ որում, այնտեղ մնացել էր հավերժական երկտարեցիների մի ամբողջ խումբ, և նրանք օգնում էին կարգ ու կանոն հաստատելուն։ Մի բան էր լավ, հիմա ես այնքան դասեր ունեի, որքան և Ջիմը, և, սովորաբար, ժամը երեքին մենք միասին էինք տուն վերադառնում։

Մեկ անգամ մենք վերադառնում էինք դպրոցի բակով, և հանկարծ Ջիմը հայտարարեց.

― Մի բան կա, դեռ քեզ չեմ ասել։

Վերջին մի քանի օրում նա ինձ հետ երկու բառ անգամ իրար ետևից չէր խոսել, հարկավոր էր նրան ոգևորել։

― Այդ ինչի՞ մասին,— հարցրի ես։

― Այն գիշերվա։

― Դու ինձ այն գիշերվա մասին առհասարակ ոչինչ չես ասել։

Ջիմը ձեռքը թափահարեց, ասես մոծակ քշելիս լիներ։ Մի փոքր լռեց, հետո ասաց․

― Երբ ես վերադարձա շալվարս բերելու... այն ժաւմանակ երբ նրա միջից դուրս եկա, ամբողջովին ընկել էր փշալարերին, և ես ոչ մի կերպ չկարողացա պոկել։ Իսկ երբ, իսկ երբ վերադարձա...— Ջիմը աղմուկով շունչը հետ բերեց։— Երբ վերադարձա, շալվարս ծալած կախված էր ցանկապատից, կարծես ինձ էր սպասում։

― Կախվա՞ծ էր...

― Եվ հետո...— Ջիմը խոսում էր միալար ձայնով, առանց որևէ արտահայտության։— Այ, երբ որ տուն հասնենք, ես քեզ ցույց կտամ։ Շալվարս կարված էր ոչ այնպես, ինչպես կանայք են կարում, այլ այնպես, ինչպես ես ինքս կկարեի։ Ծուռումուռ։ Կարծես․․․

― ...կարծես ինչ֊որ մեկր իմացել է, որ դու շալվարի համար կգնաս։

Զիմը ցնցվեց։

― Կարծես ինչ֊որ մեկը կարդացել էր իմ մտքերր... և գիտեր, թե ես ինչ պետք է անեմ։ Ախր ոչ ոք չի կարող նախապես ասել, թե ես ինչ պետք է անեմ, դրա համար պետք է ճանաչել հենց ինձ, ճի՞շտ է, Մեծաչքանի։

նա շատ խեղճացած էր խոսում։ Ես որոշեցի նրան հանգստացնել։

— Այդ ոչ ոք չի կարող նախապես ասել, դա կարող է ասել թերևս միայն տնեցին, քո մտերիմը։ Նույնիսկ ես էլ երբեմն չեմ իմանում, թե դու ինչ ես ուզում անել։

Մենք անցնում էինք մեր ծառի մոտով։ Պոկված ճյուղից առաջացած փչակում մի կտոր պարան կար։

― Ձեռք մի տա, Ջիմ,— ասացի ես։— Դա ինչ֊որ մեկի գաղտնարանն է։

― Չեմ կարծում, Մեծաչքանի։

― Ո՛չ, կարծիր։ Ուոլտեր Կանինգհեմի նման մեկը մեծ դասամիջոցին գալիս է այստեղ և զանազան իրեր է թաքցնում, իսկ մենք էլ վերցնում ենք։ Գիտե՞ս ինչ, արի ձեռք չտանք, երկու օր սպասենք։ Եթե ոչ ոք չվերցրեg, այն ժամանակ կվերցնենք, լա՞վ։

― Դե լավ, գուցե դու ճիշտ ես,— ասաց Ջիմը։— Գուցե մի որևէ երեխա գալիս է այստեղ ու մեծերից թաքցնում իր իրերը։ Դու նկատե՞լ ես, արձակուրդների ժամանակ այստեղ ոչինչ չի լինում։

― Ըհը՛,— ասացի ես,— բայց չէ՞ որ մենք ամռանը այստեղ չենք էլ գալիս։

Մենք գնացինք տուն։ Մյուս առավոտ պարանը նույն տեղում էր։ Երրորդ օրը Ջիմը վերցրեց և խրեց գրպանը։ Այդ օրվանից փչակում հայտնված ամեն ինչ մենք համարում էինք մերը։


Երրորդ դասարանում ձանձրույթից կարելի էր մեռնել, բայց Ջիմը հավատացնում էր, թե տարեցտարի կգնա դեպի լավը, նրա համար էլ էր սկզբում այդպես եղել, միայն վեցերորդ դասարանում ես ուշադրության արժանի մի ինչ֊որ բան իմանում։ Երևում է, վեցերորդ դասարանը նրան սկզբից ևեթ դուր էր եկել, նա մի կարճատև եգիպտական շրջան ապրեց, աշխատում էր դառնալ տախտակի նման տափակ՝ մի ձեռքը ձիգ պահում էր առջևում, մյուսը դնում թիկունքին, քայլելիս էլ թաթը թաթի առաջ էր դնում, իսկ ես բերանս բաց նայում էի այդ բոլորին։ Նա հավատացնում էր, որ հին եգիպտացիները այդպես են քայլել․ ես ասացի՝ այն ժամանակ անհասկանալի է, թե նրանք ոնց են կարողացել որևէ բան անել, բայց Ջիմն ասաց, թե նրանք ավելի շատ բան են արել, քան ամերիկացիները, նրանք հնարել են զուգարանի թուղթը և հավերժական զմուռսը, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե նրանք չլինեին։ Ատտիկուսը ինձ ասաց՝ դեն գցիր ածականները և այն ժամանակ ամեն ինչ ճիշտ կստացվի։

Հարավային Ալաբամայում տարվա եղանակները շատ էլ որոշակի չեն. ամառը կամաց֊կամաց աշնան է փոխվում, իսկ աշունից հետո երբեմն իսկի էլ ձմեռ չի անում, այլ անմիջապես սկսվում են գարնանային օրերը, իսկ նրանց ետևից՝ նորից ամառ։ Այդ աշունը երկարատև էր և տաք, նույնիսկ երբեք էլ ստիպված չեղանք բաճկոն հագնելու։ Մեկ անգամ, հոկտեմբերի մի լավ օր, ես և Ջիմը շտապով գնում էինք ծանոթ ճանապարհով, և կրկին ստիպված եղանք կանգ առնել մեր փչակի առջև։ Այս անգամ նրա մեջ երևում էր ինչ֊որ սպիտակ բան։

Ջիմը ինձ շնորհեց տիրություն անելը, և ես այնտեղից դուրս քաշեցի մեր գանձը։ Դրանք երկու տիկնիկներ էին, որոնք տաշված էին օճառի կտորներից։ Մեկը տղա էր, մյուսի վրա շրջաղգեստի նման մի բան կար։

Ես նույնիսկ չհասցրեցի էլ ուշքի գալ, որ հմայությունը միայն հեքիաթներում է լինում, վժժացի և տիկնիկները շպրտեցի։

Ջիմը ակնթարթորեն դրանք բարձրացրեց։

― Ինչ է, խելքդ գլխի՞դ է, թե չէ,— գռռաց նա և սկսեց տիկնիկների վրայից դեղին փոշին մաքրել։— Տես, թե ինչ լավերն են։ Սրանց նմանը իսկի չեմ տեսել։

Եվ տիկնիկները մեկնեց ինձ։ Դրանք ճիշտ և ճիշտ երկու մանկիկներ էին։ Տղան կարճ շալվարով էր, մազափունջը թափված մինչև հոնքերը։ Ես նայեցի Ջիմին։ Շագանակավուն մի քուլա, մազաբաժանից կախված էր ցած։ Առաջ ես այդ չէի նկատել։

Ջիմը հայացքը տիկնիկ֊աղջկանից գցեց ինձ։

Տիկնիկը ճակատին խոպոպիկ ուներ։ Ես էլ։

― Այդ մենք ենք,— ասաց Ջիմը։

― Քո կարծիքով, ո՞վ է դրանք սարքել։

― Մեր ծանոթներից ո՞վ է կարողանում փորագրել։

― Միստեր Էյվերին։

—— Նա իսկի էլ այդ չի անում։ Ես ասում եմ՝ ո՞վ է կարողանում մարդկային կերպարանքներ փորագրել։

Միստեր Էյվերին ամեն շաբաթ մեկական ձող էր տաշտշում, նա այդ ձողից ատամ քչփորելու չոփ էր սարքում և հետո ծամում։

— Հալա միսս Ստիվենի Կրոուֆորդի էլ կավալերն է,— ավելացրի ես։

― Ճիշտ է, նա կարողանում է փորագրել, բայց չէ որ նա ապրում է քաղաքից դուրս։ Նա մեզ տեսնելու հնարավորություն էլ չունի։

― Միգուցե նստում է պատշգամբում և նայում ոչ թե միսս Ստիվենիին, այլ ինձ ու քեզ։ Ես նրա տեղը լինեի՝ միսս Ստիվենիին չէի նայի։

Ջիմը հայացքը անթարթ հառեց ինձ, և, վերջապես, ես հարցրի, թե ինչ է պատահել, բայց նա միայն ասաց՝ ոչինչ, Մեծաչքանի։ Տանը նա տիկնիկները պահեց իր մոտ, սնդուկում։

Երկու շաբաթ էլ չէր անցել, երբ մենք գտանք մի ամբողջ տուփ ծամոն և քեֆներս ուզածին չափ զվարճացանք։ Ջիմը կարծես բոլորովին մտքից հանել էր, որ Ռեդլիների տան շրջակայքում եղած ամեն ինչ թունավոր է։

Մի շաբաթ էլ անց, փչակում հայտնվեց փայլը կորցրած մի մեդալյոն։ Ջիմը տարավ Ատտիկուսի մոտ, Ատտիկուսն ասաց, դա գրագիտության համար տրված մեդալ է. դեռևս մեր ծննդից առաջ, Մեյկոմբ գավառի դպրոցներում մրցումներ էին լինում, թե ով ամենից լավ կգրի, և հաղթողին մեդալ էին տալիս։ Ատտիկուսը ասաց՝ հավանաբար ինչ֊որ մեկը կորցրել է, մենք հարևաններին չե՞նք հարցրել։ Ես ուզում էի բացատրել, թե մենք որտեղ ենք գտել, բայց Ջիմը թևս քաշեց և հետո Ատտիկուսին հարցրեց, նա արդյոք չի՞ հիշում, թե ով է այդպիսի մեդալ ստացել։ Ատտիկուսը չէր հիշում, բայց մեր գտած ամենալավ բանը դրանից չորս օր հետո գտածն էր. գրպանի ժամացույց՝ շղթայով և ալյումինե փոքրիկ դանակով։ Ժամացույցը չէր աշխատում։

― Ջիմ, քո կարծիքով սա մի տեսակ սպիտակ ոսկի է, չէ՞։

― Չգիտեմ։ Ատտիկուսին ցույց տանք։

Ատտիկուսն ասաց՝ եթե ժամացույցը նոր լիներ, դանակի և շղթայի հետ հավանաբար տասը դոլար կարժենար։

― Դու այդ դպրոցո՞ւմ ես փոխել որևէ մեկի հետ,— հարցրեց նա։

― Ո՛չ, ո՛չ, սըր,— Ջիմը գրպանից դուրս քաշեց պապի Ժամացույցը, Ատտիկուսը թույլ էր տվել նրան շաբաթը մեկ անգամ վերցնել, միայն թե զգույշ լիներ, և այդ օրերին Ջիմը քայլում էր այնպես, կարծես ապակի էր կուլ տվել։— Ատտիկուս, եթե դու դեմ չես, ես, ավելի լավ է, սա կվերցնեմ։ Միգուցե նորոգեմ։

Երբ Ջիմը վարժվեց պապի ժամացույցին, նրան ձանձրացրեց ամբողջ օրը ժամացույցի համար դողալը, մանավանդ որ արդեն կարիք էլ չուներ ամեն րոպե նայելու, թե ժամը քանիսն է։ Նա շատ վարպետորեն ժամացույցը քանդեց և նորից հավաքեց, միայն թե մեկ զսպանակ և երկու փոքրիկ անվիկ չտեղավորվեցին, բայց ժամացույցը, միևնույն է, չաշխատեց։

― Ո՛ւֆ,— հառաչեց նա։— Բան չի դուրս գալիս։ Լսի՛ր, Մեծաչքանի․․․

― Հը՛։

― Գուցե հարկավոր է նամակ գրել նրան, ով այս ամենը մեզ համար դնում է փչակը։

― Այ, դա լավ կլինի, Ջիմ, մենք շնորհակալություն կհայանենք․․․ Այդ ի՞նչ է։

Ջիմը փակեց ականջները ու գլուխն օրորեց։

― Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում․․․ ինքս էլ չգիտեմ, Մեծաչքանի...— Ջիմը հայացքը հառեց հյուրասենյակի կողմը։— Գուցե Ատտիկուսին ասենք․․․ Ո՛չ, չարժի։

― Թող ես ասեմ։

― Չէ, պետք չի։ Լսի՛ր, Մեծաչքանի․․․

― Ի՞նչ ես ասում։

Ամբողջ երեկո Ջիմի լեզուն քոր էր գալիս, որ ինձ ինչ֊որ բան հայտնի, մեկ աչքերը փայլեցնելով շրջվեց դեպի ինձ, մեկ էլ նորից միտքը փոխեց։

― Հե՛չ, ոչինչ էլ չեմ ասում։

― Արի նամակ գրենք։— Ես նրա քիթը խրեցի թուղթն ու մատիտը։

― Լա՛վ։ «Թանկագին միստեր...»։

― Իսկ ի՞նչ դիտես, թե նա տղամարդ է։ Գրազ կգամ, որ դա միսս Մոդին է... Ես վաղուցվանից դիտեմ, որ դա նրա գործն է։

― Է՜, միսս Մոդին մաստակ չի ծամում,— Ջիմը քմծիծաղեց։— Բայց նա երբեմն շա՛տ լավ է խոսում։ Մեկ անգամ ես ցանկացա նրան մաստակ հյուրա սիրել, իսկ նա ասաց. ոչ, շնորհակալ եմ, մաստակը կպչում է քիմքիս, և այդ ժամանակ դառնում եմ անբարբառ։ Գեղեցիկ է հնչում, ճի՞շտ է։

― Ըհը, նա երբեմն շատ գեղեցիկ է խոսում։ Չնայած իսկապես, նա որտեղի՞ց պիտի վերցներ այս ժամացույցն ու շղթան։

«Հարգելի սըր,— սկսեց շարադրել Ջիմը։— Մենք շատ երախտապարտ ենք ձեզ ժամացույցի և այն ամենի համար, որ դուք դրել եք փչակը։ Ձեզ անկեղծ նվիրված Ջերեմի Ատտիկուս Ֆինչ»։

― Եթե այդպես ստորագրես, նա չի հասկանա, թե այդ դու ես։

Ջիմը մաքրեց իր անունը և պարզապես ստորագրեց՝ Ջիմ Ֆինչ։ Տակը ստորագրեցի նաև ես՝ Ջին Լուիզա Ֆինչ (Մեծաչքանի)։ Ջիմը նամակը դրեց ծրարի մեջ։

Հաջորդ առավոտյան, երբ մենք գնում էինք դպրոց, նա առաջ վազեց և կանգ առավ մեր ծառի մոտ։ Նա դեմքն արած դեպի ինձ կանգնեց, նայեց փչակին, և ես տեսա, որ նա ամբողջովին սփրթնեց։

― Մեծաչքանի։

Ես մոտ վազեցի։

Ինչ֊որ մեկը մեր փչակին ցեմենտ է ծեփ ել։

― Դե լաց մի լինի, Մեծաչքանի, պետք չէ․․․ Դե լա՜վ, մի լա, լսո՜ւմ ես... կրկնում էր նա ամբողջ ճանապարհին։

Երբ մենք եկանք տուն նախաճաշելու, Ջիմը շտապով կուլ տվեց եղած֊չեղածը, վազեց պատշգամբ և կանգնեց սանղուղքի վերին աստիճանին։ Ես դուրս եկա ետևից։

― Դեռ չի անցել...— ասաց նա։

Մյուս օրը Ջիմը նորից հսկում էր, և այդ իզուր չանցավ։

― Բարև՛ ձեզ։

― Բարև՛ ձեզ, միստեր Նաթան,— ասաց նա։

― Բարև ձեզ Ջիմ և Ջին Լուիզա,— շարունակելով քայլել, պատասխանեց միստեր Նաթան Ռեդլին։

― Միստեր Ռեդլի...— ասաց Ջիմը։

Միստեր Ռեդլին ետ նայեց։

― Միստեր Ռեդլի․․․ը․․․ը այդ դո՞ւք եք ա՛յ այն ծառի փչակը ցեմենտով ծեփել։

― Այո, ես այն լցրել եմ։

― Իսկ ինչո՞ւ, սըր։

― Ծառը մեռնում է։ Երբ ծառերը հիվանդանում են, հարկավոր է նրանց ցեմենտով բուժել։ Ժամանակն է, որ այդ իմանաս, Ջիմ։

Ամբողջ օրվա ընթացքում Ջիմն այլևս այդ մասին չխոսեց։ Երբ մենք անցնում էինք մեր ծառի մոտով, նա ափով մտախոհ խփում էր ցեմենտին և հետո դարձյալ անվերջ ինչ-որ մտածում։ Երևում էր, որ տրամադրությունը ժամ առ ժամ վատանում է, և ես ինձ հեռու պահեցի։

Երեկոյան ինչպես միշտ, գնացինք Ատտիկուսին դիմավորելու, որը վերադառնում էր աշխատանքից։ Արդեն մեր արտասանդուղքի մոտ Ջիմն ասաց․

― Ատտիկուս, խնդրում եմ, ապա նայիր ահա այն ծառին։

― Ո՞ր։

― Ռեդլիների հողամասի, ա՛յ այն, որ դպրոցին ամենից մոտն է։

― Տեսն ում եմ, իսկ ի՞նչ է որ։

― Այդ ծառը մեռնո՞ւմ է։

― Ո՛չ, ինչո՞ւ։ Նայիր, բոլոր տերևներն էլ կանաչ են, խիտ, ոչ մի տեղ չի դեղնել․․․

― Եվ այդ ծառը հիվանդ չէ՞։

― Նա այնպես առողջ է, ինչպես դու։ Ջիմ։ Իսկ ի՞նչ կա որ։

― Միստեր Ռեդլին ասաց, որ այդ ծառը մեռնում է։

― Դե, կարող է պատահել։ Հավանաբար միստեր Ռեդլին իր ծառերը ավելի լավ գիտե, քան ես և դու։

Ատտիկուսը գնաց տուն, իսկ մենք մնացինք պատշգամբում։ Ջիմը հենվեց սյանը և սկսեց մեջքը քսել նրան։

― Ջիմ, մեջքդ քո՞ր է գալիս,— հարցրի ես, որքան կարող էի քաղաքավարությամբ։ Նա չպատասխանեց։ Ես ասացի՝ գնանք տուն։

― Հետո կգամ։

Նա կանգնեց պատշգամբում, մինչև որ բոլորովին մթնեց, ես նրան սպասում էի։ Երբ մենք տուն մտանք, ես տեսա, որ նա քիչ առաջ լաց էր եղել, նրա դեմքի վրայով կեղտոտ զոլեր էին անցնում, որտեղով որ այդ ընդունված է, բայց թե ինչպես էր եղել, որ ես չէի լսել։

Գլուխ 8

Մեյկոմբ գավառի ամենահեռատես արգարեների մեղքով այդ տարի աշնանից հետո վրա հասավ ձմեռը։ Երկու շաբաթ այնպիսի ցրտեր էին անում, որպիսիք, Ատտիկուսի ասելով, չէին եղել 1885 թվից։ Միստեր Էյվերին ասաց, որ Ռոսետյան քարի վրա գրված է՝ երբ երեխաները չեն լսում ծնողներին, ծխում են ու կռվում, այդ ժամանակ եղանակը փչանում է. իմ և Ջիմի վրա մի ծանր հանցանք էր ընկած, մենք խելքից հանել էինք եղանակը և դրանով տհաճություններ պատճառել բոլոր հարևաններին և փչացրել ինքներս մեզ։

Այդ ձմեռ մահացավ պառավ միսիս Ռեդլին, բայց նրա մահը անցավ աննշմար, չէ որ հարևանները միսիս Ռեդլիին տեսնում էին, կարծեմ, միայն այն ժամանակ, երբ ջրում էր իր լեռնավարդերը։ Ես և Ջիմը որոշեցինք, որ այդ բանում Զարզանդն է մեղավոր, որ նա վերջապես հաջողեցրել է նրա մոտ մտնել, բայց Ատտիկուսը գնաց Ռեդլիների տունը և հետո, ի հիասթափություն մեզ, ասաց․

― Ո՛չ, նա մահացել է բնական մահով։

― Հարցրու,— շշնջաց ինձ Ջիմը։

— Դու մեծ ես, դու հարցրու։

― Հենց դրա համար էլ դու հարցրու։

— Ատտիկուս,— ասացի ես,— դու միստեր Արթուրին տեսար։

Ատտիկուսը խստորեն լրագրի վրայով նայեց ինձ։

― Ոչ, չտեսա։

Ջիմը ինձ այլևս թույլ չտվեց էլի հարցեր տալ։ Նա ասաց, Ատտիկուսը դեռ չի մոռացել Զարզանդի տունը կատարած մեր արշավանքը, այնպես որ, արի ավելի լավ է այդ մասին լռենք։ Եվ հետո՝ Ջիմին թվում էր, որ Ատտիկուսը կասկածում է, որ այն ամռան երեկոյան մեր հանցանքը մհայն հանդերձահանվելու պոկեր խաղալն է։ Ջիմն ասաց, որ նա ոչ մի հիմք չունի այդպես մտածելու, պարզապես հոտառությամբ է իմանում։

Հաջորդ առավոտ ես արթնացա, նայեցի լուսամուտին և քիչ մնաց սարսափից մեռնեմ։ Ես այնպես վժժացի, որ Ատտիկուսը օճառած երեսով լոգարանից դուրս վազեց։

― Աշխարհի վերջն է, Ատտիկուս։ Ի՞նչ պիտի անենք․․․

Ես նրան քաշեցի դեպի պատուհանը։

― Դա աշխարհի վերջը չի,— ասաց Ատտիկուսը։— Այդ ձյուն է գալիս։

Ջիմը հարցրեց, դա երկա՞ր է տևելու։ Նա էլ բնավ ձյուն չէր տեսել, բայց գիտեր, թե ինչ բան է դա։ Ատտիկուսն ասաց, ինքն էլ ձյան մասին այնքան գիտե, որքան և Ջիմը։

― Բայց կարծում եմ, եթե դա այդպես թաց էլ մնա, ինչպես հիմա է, կդառնա անձրև։

Երբ մենք նախաճաշում էինք, հեռախոսը զանգահարեց, Ատտիկուսը վեր կացավ սեղանի մոտից։ Հետո վերադարձավ ու ասաց․

― Զանգահարեց Յուլա Մեյը։ Ասում եմ նույնությամբ․ «Այնքանով, որքանով սկսած հազար ութ հարյուր հինգ թվականից Մեյկոմբ շրջանում ձյուն չի եկել, այսօր դպրոցում պարապմունքներ չեն լինելու»։

Յուլա Մեյը մեր քաղաքի գլխավոր հեռախոսավարուհին էր։ Նա միշտ հաղորդում էր նաև զանազան կարևոր նորություններ, հարսանիքի հրավերներ, ազդարարում հրդեհի դեպքում և դոկտոր Ռեյնոլդսի բացակայության ժամանակ խորհուրդներ տալիս, թե ինչպես ցույց տալ առաջին օգնություն։

Երբ Ատտիկուսը վերջապես մեզ հրամայեց տեղներս հանգիստ նստել և նայել ոչ թե լուսամուտին, այլ մեր ափսեներին, Ջիմը հարցրեց,

― Իսկ ինչպե՞ս պատրաստել ձնեմարդ։

― Գաղափար չունեմ,— ասաց Ատտիկուսր։— Ցավում եմ, որ ձեզ պիտի վշտացնեմ, բայց վախենում եմ, թե ձյունը մի կարգին ձնագնդի համար էլ չհերիքի։

Ներս մտավ Կելպուրնիան և ասաց՝ կարծես թե չի հալչում։ Մենք դուրս վազեցինք բակը, որը ծածկված էր թաց ձյան բարակ շերտով։

― Չպետք է վրայով քայլել, կփչանա,— ասաց Ջիմը։

Ես շուրջս նայեցի, այնտեղով, որտեղով անցել էինք, ձյունը մեր ոտնահետքերում կիսահալ էր եղել։ Ջիմը ասաց՝ արի սպասենք, թող ձյունը մի լավ թափվի, հետո ամբողջը կհավաքենք, ձնեմարդ կսարքենք։ Ես լեզուս բռնեցի փափուկ փաթիլների տակ։ Նրանք այրում էին։

― Ջիմ, ձյունը տաք է։

― Չէ, պարզապես այնքան սառն է, որ նույնիսկ այրում է։ Մի կեր, Մեծաչքանի, իզուր մի փչացնի։ Թող թափվի։

― Իսկ ես ուզում եմ վրայով քայլել։

— Ըհը՛, գտա՛։ Գնանք միսս Մոգիի բակում քայլենք։

Եվ Ջիմը սկսեց բակում ցատկոտել։ Ես աշխատում էի ոտքերս դնել նրա հետքերի վրա։ Միսս Մոդիի տան դիմացի մայթի վրա մեզ մոտեցավ միստեր Էյվերին։ Նրա դեմքը շառագունել էր, գոտու տակից դուրս էր ցցվել հաստ փորը։

― Այ, տեսնո՞ւմ եք, թե ինչ արեցիք,— ասաց նա։— Մեյկոմբում անհիշելի ժամանակներից ի վեր ձյուն չէր եկել։ Եղանակը փոխվում է, և բոլորը ձեզ նման անականջ երեխաների պատճառով։

Ես մտածեցի՝ գուցե միստեր Էյվերին գիտե, թե մենք ամառը ինչպես էինք սպասում, որ նա կրկներ իր թատրոնը։ Է՛հ, ինչ կա որ, եթե ձյունը մեզ առաքված է որպես պատիժ՝ արժե մեղք գործել։ Որտեղի՞ց է միստեր Էյվերին վերցնում իր օդերևութաբանական տեղեկությունները, ես նույնիսկ չտատանվեցի, դե, իհարկե, հենց Ռոսետյան քարից։

― Ջիմ Ֆինչ, այ, Ջիմ Ֆինչ։

― Ջիմ, միսս Մոդին քեզ կանչում է։

― Երկուսդ էլ կանգ առեք բակի մեջտեղում։ Պատշգամբի մոտ ձյունը ծածկել է շահպրակներս, տեսեք, որ չտրորեք։

― Չե՜նք տրորի,— ձայն տվեց Ջիմը։— Բայց ինչ գեղեցիկ է, չէ՞, միսս Մոդի։

― Թող գետնի տակն անցնի դա, այդ գեղեցկությունը։ Եթե գիշերը սառնամանիք անի, իմ լեռնավարդերը կորած են։

Միսս Մոդիի հին, լայնեզր ծղոտե գլխարկին փայլում էին ձյան փաթիլները։ Նա կռացավ ինչ֊որ թփերի վրա և դրանք տոպրակներով փաթաթեց։ Ջիմը հարցրեց, թե դա ինչի համար է։

― Որպեսզի նրանք չսառչեն,— ասաց միսս Մոդին։

― Ծաղիկներն ինչպե՞ս կսառչեն։ Չէ՞ որ նրանք արյան շրջանառություն չունեն։

― Ես դա չեմ կարող քեզ բացատրել, Ջիմ Ֆինչ։ Ես մի բան գիտեմ՝ եթե գիշերը սառնամանիք լինի, ծաղիկները կսառչեն, ահա ես էլ փաթաթում եմ։ Պա՞րզ է։

― Այո՛, մեմ։ Միսս Մոդի...

― Այո՛, սըր։

― Կարելի է, որ ես և Մեծաչքանին ձեզանից մի քիչ ձյուն փոխ առնենք։

― Օ՜հ, տեր իմ աստված, թեկուզ ամբողջը վերցրեք։ Այնտեղ, շեմքի տակ դեղձի մի հին կողով կա։ Հավաքեք նրա մեջ ու քարշ տվեք։— Այստեղ միսս Մոդին աչքերը կկոցեց։— Ջիմ Ֆինչ, իսկ ի՞նչ ես ուզում անել իմ ձյունով։

― Հետո կտեսնեք,— ասաց Ջիմը, և մենք միսս Մոդիի բակից կրեցինք տարանք այնքան ձյուն, որքան ուժներս պատեց։ Այդ աշխատանքից մենք շատ թրջվեցինք ու ցեխոտվեցինք։

― Իսկ հետո ի՞նչ պիտի անենք,— հարցրի ես։

― Հրես կտեսնես,— ասաց նա։— Վերցրու զամբյուղը և ետնաբակի ձյունը հավաքիր ու ինչքան կարող ես կրիր նախապարտեզ։ Բայց տես, հա՛, զգույշ եղիր, որ շատ չտրորես, իմ հետքերով գնա։

― Մենք մի փոքրիկ ձնեմա՞րդ կունենանք։

― Ո՛չ, իսկական, մեծ ձնեմարդ։ Դե սկսիր, գործ շատ ունենք։

Ջիմը վազեց ետնաբակը, հարցրեց թաքուջակը և դարսած փայտերի ետևում սկսեց արագությամբ հողը փորել, իսկ հողի միջի որդերին՝ նետել մի կողմ։ Հետո վազեց տուն, բերեց սպիտակեղենի զամբյուղը, բերնեբերան հողով լցրեց և քարշ տվեց նախապարտեզ։

Երբ մենք այնտեղ կրեցինք հինգ զամբյուղ հող և երկու զամբյուղ ձյուն, Ջիմը ասաց՝ կարելի է սկսել։

― Ցեխանման մի բան է ստացվում,— ասացի ես։

― Հիմ է ցեխ։ իսկ հետո լավ կլինի,— պատասխանեց Ջիմը։

Նա ցեխից մի գունդ սարքեց, նրա վրա՝ երկրորդը ավելի մեծ և ստացվեց, մարդու իրան։

― Ջիմ, մի՞թե նեգր ձնեմարդ լինում է,— հարցրի ես։

― Նա հետո սև չի լինի,— մրթմրթաց Ջիմը։

Նա տան ետևից դեղձենու ճյուղեր բերեց, մի քանի հատը իրար հետ հյուսեց և կռացրեց, ստացվեց ոսկորներ, հարկավոր էր դրանք կավով ծեփել։

― Սա միսս Ստիվենի Կրոուֆորդն է,— ասացի ես։— Ինքը՝ հաստլիկ, ձեռքերը՝ բարակ։

― Հիմա կհաստացնեմ,― Ջիմը ցեխազանգվածին ջուր լցրեց և էլի հող ավելացրեց։ Նայեց, մի փոքր մտածեց և մի հաստ փոր սարքեց, որ դուրս էր ցցվել գոտու վրայից։ Հետո նայեց ինձ. նրա աչքերը փայլում էին։— Միստեր Էյվերին հենց ձնեմարդի էլ նման է, ճի՞շտ է։

Հետո նա ափի մեջ ձյուն առավ և վերևից ծեփեց։ Նա ինձ թույլ տվեց ձյունը ծեփել միայն թիկունքին, իսկ այն ամենը ինչ դեմից երևալու էր, ինքն արեց։ Կամաց֊կամաց միստեր Էյվերին սպիտակեց։

Ջիմը նրա աչքերի, քթի, բերանի և կոճակների տեղում փայտիկներ խոթեց, և միստեր Էյվերին զայրալից տեսք ընդունեց։ Պատկերը լրիվ լինելու համար նրա ձեռքը փայտ տվեցինք։ Ջիմը մի քայլ ետ գնաց ու նայեց իր ստեղծագործությանը։

― Ո՛նց որ կենդանի լինի։— Ասացի ես։— Չտեսնված չավ է, Ջի՛մ։

― Վատը չէ, ճի՞շտ է,— ամաչկոտ ասաց Ջիմը։

Մենք չկարողացանք դիմանալ մինչև Ատտիկուսի դալը և զանգահարեցինք դատարան, որ իր համար մի անակնկալ ենք պատրաստել։ Նա եկավ, և, երևի զարմացավ, որ մենք ամբողջ հողը տան ետևից կրել ենք նախապարտեզ, բայց ասաց, որ մենք հրաշալի ենք աշխատել։

― Այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ինչից ես սարքել,— ասաց նա,— բայց այսուհետև կարող եմ քեզ համար չանհանգստանալ, որդիս, դու միշտ ինչ֊որ բան հնարում ես։

Ջիմի ականջները նույնիսկ կարմրեցին այդպիսի գովասանքից, բայց Ատտիկուսը մի քայլ ետ գնաց, և Ջիմը ուշադրությունը լարեց։ Ատտիկուսը տնտղեց ձնեմարդը։ Զվարթ ժպտաց, հետո ծիծաղեց։

― Չգիտեմ, թե քեզանից ինչ դուրս կգա, որդիս, ինժեներ, իրավաբան, թե դիմանկարիչ։ Բայց հենց հիմա քեզ, թերևս, կարելի է դատի տալ հրապարակային վիրավորանքի համար։ Ստիպված ես լինելու այդ մարդուկին քողարկել։

Եվ Ատտիկուսը Ջիմին առաջարկեg՝ ձնեմարդի փորը մեծացնել, փայտի փոխարեն ձեռքը ավել տալ և գոգնոց կապել։

Ջիմը բացատրեց, որ այն ժամանակ էլ նա կլինի ոչ թե ձնեմարդ, այլ ցեխեմարդ։

― Դե, մի այլ կերպ արա, բայց ինչ֊որ բան անել հարկավոր է,— ասաց Ատտիկուսը։— Դու իրավունք չունես հարևաններին ծաղրաքանդակել։

― Դա ծաղր չէ,— ասաց Ջիմը։— Նա հենց այդպես է, որ կա։

― Միստեր Էյվերին կարող է քեզ հետ չհամաձայնել։

― Ըհը՛, գտա՛,— ասաց Ջիմը։

Նա վազեց փողոց, անհետացավ միսս Մոդիի տան ետևը ու վերադարձավ հպարտ և ինքնագոհ։ Ձնեմարդի գլուխը խոթեց միսս Մոդիի լայնեզր ծղոտե գլխարկը, իսկ ծալած ձեռքի մեջ՝ այգու մկրատը։ Ատտիկուսն ասաց՝ այ, հիմա հրաշալի է։

Տնից դուրս եկավ միսս Մոդին և կանգ առավ արտասանդուղքի վրա։ Նայեց փողոց։ Եվ հանկարծ քթի տակ ծիծաղեց։

― Ջիմ Ֆինչ, ախ դու սատանի ճուտ,— գոչեց նա։— Այստեղ տվեք իմ գլխարկը, պարոն։

Ջիմը նայեց Ատտիկուսին, Ատտիկուսը գլուխն օրորեց։

― Միսս Մոդին չի բարկանում,— ասաց Ատտիկուսը,—— այլ պարզապես ապշած է քո տաղանդով։

Ատտիկուսը անցավ փողոցի մյուս կողմը, նա և միսս Մոդին աշխուժորեն խոսում էին ձեռքները թափահարելով, իմ ականջին միայն այսքանը հասավ։

― ․․․ բակում ցուցադրել մի իսկական մոֆրոդիտի։ Լա՜վ ես նրանց դաստիարակում, Ատտիկուս։

Ցերեկը ձյունը դադարեց, եղանակը ցրտեց և գիշերվա կողմ իրականացան միստեր Էյվերիի չար գուշակությունները։ Կելպուրնիան անդադար վառում էր բոլոր վառարանները, բայց մենք, միևնույն է, մրսում էինք։ Երեկոյան Ատտիկուսն ասաց, մեր բանը բուրդ է, և Կելպուրնիային հարցրեց, գուցե ավելի լավ կլիներ, որ մեր տանը գիշերի։ Կելպուրնիան հայացքը պտտեց մեր մեծ պատուհաններով ու բարձր պատերով և ասաց՝ իրենց տանը, հավանաբար, ավելի տաք կլինի։ Եվ Ատտիկուսը ավտոմոբիլով նրան տարավ տուն։

Քնելուց առաջ Ատտիկուսը իմ սենյակի վառարանը ածուխ լցրեց։ Նա ասաց՝ հիմա տասնվեց աստիճան է, նա իր ամբողջ կյանքում չի հիշում մի այսպիսի սառնամանիք, իսկ մեր ձնեմարդը ամբողջովին սառցակալել էր։

Ինձ այնպես թվաց, թե շատ քիչ ժամանակ էր անցել, և հանկարծ ինչ֊որ մեկը ցնցեց իմ ուսը։ Ես արթնացա և վերմակիս վրա տեսա Ատտիկուսի վերարկուն։

― Մի՞թե արդեն առավոտ է։

― Վեր կաց, ճստլիկս։

Ատտիկուսը ինձ մեկնեց իմ լողախալաթը և վերարկուն։

― Նախ խալաթը հագիր,— ասաց նա։

Ատտիկուսի մոտ կանգնած էր Ջիմը՝ մազերը գզգզված, նա դողում էր։ Մի ձեռքով բռնել էր իր օձիքը, մյուսը խրել գրպանը։ Նա ամբողջովին ինչ֊որ հաստացել էր։

― Շտապիր, բարեկամս,— ասաց Ատտիկուսը։— Ահա քո գուլպաներն ու ոտնամանները։

Ես ոչինչ չհասկացա, բայց հագնվեցի։

― Արդեն առավո՞տ է։

― Դեռ ոչ, ժամը երկուսն է։ Ապա, արագ։

Վերջապես ես գլխի ընկա, որ մի բան կա։

― Ի՞նչ է պատահել։

Բայց այլևս նա կարիք չուներ բացատրելու։ Ինչպես թռչուններն են հասկանում անձրևից պատսպարվելու ժամանակը, այդպես էլ ես հասկացա, որ մեր փողոցում փորձանք է պատահել։ Ես լսեցի ինչ֊որ մետաքսային խշշյուն, խշրտոց, խուլ իրարանցում և սոսկացի։

― Այդ ո՞ւմ տանն է։

― Միսս Մոդիի, բարեկամս,— ասաց Ատտիկուսը։

Պատշգամբից մենք տեսանք, որ միսս Մոդիի սեղանատան պատուհաններից դուրս է պոռթկում բոցը։ Եվ հետո, կարծես հանուն այն բանի, որ մենք որքան կարելի է շուտ հավատայինք մեր տեսածին, քաղաքի վրա ոռնաց հրդեհի ահազանգը, հետզհետե ավելի սուր, ավելի ծղրտան, և ոչ մի կերպ չէր հանգստանում։

― Ամբողջը կվառվի՞,— կարկամած հարցրեց Ջիմը։

― Հավանաբար,— ասաց Ատտիկուսը։— Իսկ հիմա ահա թե ինչ։ Երկուսով էլ գնացեք Ռեդլիների տան մոտ և այնտեղ կանգնեցեք։ Եվ մի ընկեք ոտքի տակ, լսո՞ւմ եք։ Տեսնո՞ւմ եք, թե որ կողմից է փչում քամին։

— Օ՜,- ասաց Ջիմը։— Ատտիկուս, գուցե հարկավոր է, որ արդեն մեր իրերն էլ դուրս բերենք։

— Առայժմ շուտ է։ Արա այնպես, ինչպես ես ասում եմ։ Դե, վազեք։ Քրոջդ նայիր, Ջիմ, լսո՞ւմ ես։ Ո՛չ մի քայլ հեռու չթողնես։

Եվ Ատտիկուսը մեզ հրեց դեպի Ռեդլիների դուռը։ Մենք կանգնել ու նայում էինք, մեր փողոցում ավելի ու ավելի էին շատանում մարդիկ ու ավտոմոբիլները, իսկ այդ ընթացքում կրակը լռելյայն խժռում էր միսս Մոդիի տունը։

— Ինչո՞ւ են նրանք դանդաղում, ինչո՞ւ են դանդաղում...— քրթմնջում էր Ջիմը։

Բայց մենք հասկանում էինք, թե բանն ինչումն է։ Հին մեքենան ցրտի պատճառով գործի չէր ընկնում, և մարդկանց մի ամբողջ խումբ մեքենան քաշում էր փողոցով, պարզապես հրելով ձեռքերով։ Իսկ երբ ջրմուղ խողովակը ամրացրին բաշխիչ ջրամբարին, խողովակը պատռվեց, ջրի շիթը խփեց վեր ու թափվեց մայթին։

― Օ՜յ, Ջիմ...

Ջիմը գրկեց ուսերս։

― Սո՛ւս, Մեծաչքանի։ Համբերիր, մի վշվշա։ Ես քեզ հետո կասեմ։

Մեյկոմբի բնակիչները, ամեն մեկը մի կերպ հագնված, բակի միջով փողոց էին բերում միսս Մոդիի իրերը։ Ատտիկուսը քարշ էր տալիս կաղնե ծանր ճոճաթոռը, և ես մտածեցի, ի՛նչ խելացի է նա, հենց այն իրը փրկեց, որր միսս Մոդին ամենից շատ է սիրում։

Մերթ ընդ մերթ լսվում էին աղաղակներ։ Հետո ձեղնահարկի լուսամատում հայտնվեց միստեր Էյվերին։ Նա լուսամուտից ցած նետեց մի ներքնակ, և դրա վրա էլ գցում էր զանազան իրեր, մինչև որ ամենքը սկսեցին գոռալ։

― Իջե՛ք ցած, Դիկ։ Սանդուղքը այրվո՛ւմ է։ Հեռացեք այդտեղից, միստեր Էյվերի։

Միստեր Էյվերին սկսեց դուրս գալ պատուհանից։

― Ա՛խ․․․— անհանգիստ շնչելով ասաց Ջիմը։— Ախ, Մեծաչքանի․․․

Մի ստեր Էյվերին չէր կարողանում շարժվել ոչ առաջ, ոչ ետ։ Ես Ջիմի թևի տակ մտած, կպա նրան և աչքերս կկոցեցի։ Հետո Ջիմը գոչեց.

― Դո՛ւրս եկավ, Մեծաչքանի։ Կենդանի՛ է։

Ես գլուխս բարձրացրի։ Միստեր Էյվերին արդեն պատշգամբում էր։ Ոտքերը գցեց բազրիքի վրաչով և սյունով սահում էր ցած, բայց չկարողացավ ամուր բռնել և վայնասունով գլորվեց միսս Մոդիի թփերի վրա։

Այդ միջոցին ես նկատեցի, որ մարդիկ ետ են քաշվում միսս Մոդիի տնից և գալիս դեպի մեզ։ Ոչ ոք այլևս կահկարասի քարշ չէր տալիս։ Կրակը ընդգրկեց վերին հարկը և հասավ ընդհուպ տանիքին, լուսամուտի շրջանակները սևացել էին, իսկ ներսում ամեն ինչ փայլում էր բոսորավուն լույսով։

― Ջիմ, ճիշտ չէ՞, այնտեղ ամեն ինչ շիկավուն է, ինչպես դդումը։

― Նայի՛ր, Մեծաչքանի։

Մեր տնից և միսս Ռեյչելի տնից թավալգլոր բարձրանում էր ծուխը, ասես գետնից մառախուղ էր բարձրանում, հենց այդ տների մոտ էին քարշ տալիս ջրմուղ խողովակները։ Մեր ետևում ոռնաց շչակը, անկյունից երևաց Էբբոտսվիլից եկող հրշեջ մեքենան և կանգ առավ մեր տան առջև։

― Գիրքը․․․— ասացի ես։

― Ի՞նչ գիրք,— հարցրեց Ջիմը։

― Թոմ Սվիֆթի մասին... Ախր իմը չէ, Դիլլինն է...

― Համբերի՛ր, մի՛ հուզվիր, Մեծաչքանի,— ասաց Ջիմը։ Եվ մատով ցույց տվեց։— Հապա նայիր։

Հարևաններով շրջապատված, ձեռքերը վերարկուի գրպանները խրած, կանգնել էր Ատտիկուսը։ Նրա տեսքն այնպիսին էր, կարծես ֆուտբոլի էր նայում։ Մոտը կանգնած էր միսս Մոդին։

― Տեսնո՞ւմ ես, Ատտիկուսն արդեն չի անհանգստանում,— ասաց Ջիմը։

― Իսկ ինչո՞ւ տանիքը չի բարձրանում։

― Նա բավականին ծեր է, վիզը կկոտրի։

― Գուցե նրան ասենք, որ պետք է իրերը դուրս հանել։

― Կարիք չկա նրանից կպչելու, նա ինքը գիտե,— ասաց Ջիմը։

Էբբոտսվիլի հրշեջները սկսեցին մեր տան վրա ջուր բաց թողնել․ ինչ֊որ մի մարդ կանգնել էր տանիքին և ցույց էր տալիս, թե առաջին հերթին ջուրը որտեղ ուղղել։ Մեր Ամենաիսկական Մոֆրոդիտը սևացավ և տապալվեց, միսս Մոդին ծղոտե գլխարկը այդպես էլ ընկած մնաց ցեխակույտի վրա։ Այգու մկրատը չէր երևում։ Միսս Մոդիի, միսս Ռեյչելի և մեր տան միջև այնքան շոգ էր, որ բոլորը վաղուց արդեն հանել էին վերարկուները, լողախալաթները և աշխատում էին պիժամաներով կամ գիշերային շապիկներով, որոնց փեշերը խրել էին շալվարների մեջ։ Իսկ ես անվերջ կանգնած էի նույն տեղում և ոտքից գլուխ սառել էի։ Ջիմը գրկեց ուսերս և աշխատում էր տաքացնել, բայց այդ չօգնեց։ Ես ազատվեցի նրանից և ձեռքերովս ինձ գրկեցի։ Սկսեցի ցատկոտել, և ոտքերս մի քիչ տաքացան։

Մի հրշեջ մեքենա ևս եկավ ու կանգ առավ միսս Կրոուֆորդի տան առջև։ Ջրի ամբարը մի հատ էր, ինչի՞ն միացնեին երկրորդ ջրցան խողովակը, և հրշեջները միսս Մոդիի տան վրա սկսեցին ջուր լցնել կրակմարիչներով։

Միսս Մոդիի թիթեղյա տանիքը փակել էր կրակի ճանապարհը։ Տունը աղմուկով փլվեց, բոցը նետվեց ամեն կողմ, հարևան կտուրներին մարդիկ վերմակներով որսում էին թըռչող կայծերն ու ածխաձողերը։

Միայն երբ սկսեց լուսանալ, մարդիկ կամաց֊կամաց քաշվեցին։ Մեյկոմբի հրշեջ մեքենան նորից քարշ տվեցին ետ, Էբբոտսվիլի մեքենան ինքը գնաց, երրորդը՝ մնաց։ Ցերեկը մենք իմացանք, որ դա եկել էր Կլերկ Ֆերրիից, վաթսուն մղոն ճանապարհ կտրելով։

Ես և Ջիմը կամացուկ անցանք փողոցը։ Միսս Մոդին կանգնել ու նայում էր սև փոսին, որ ծխում էր նրա բակի կենտրոնում, և Ատտիկուսը գլուխը տարուբերեց, նշանակում էր միսս Մոդիի հետ խոսել պետք չէր։ Հայրս մեզ տանում էր տուն, ձեռքերը դրած մեր ուսերին, սալահատակը շատ սայթաքուն էր։ Նա ասաց, որ միսս Մոդին առայժմ կապրի միսս Ստիվենիի մոտ։ Հետո հարցրեց․

― Ո՞վ է ցանկանում տաք շոկոլադ։

Մինչ նա խոհանոցում կրակն էր կպցնում, ես ցրտից դողում էի։

Մենք սկսեցինք կակաո խմել, այդ ժամանակ Ատտիկուսը զարմանքով նայեց ինձ, և նրա հայացքը խստացավ։

― Ես կարծեմ քեզ և Ջիմին պատվիրեցի կանգնել այնտեղ և ոչ մի տեղ չխցկվել։

― Մենք չենք խցկվել։ Մենք կանգնել ենք...

― Հապա ո՞ւմն է այս ծածկոցը։

― Ծածկո՞ցը։

― Այո՛, մեմ, ծածկոցը։ Դա մերը չէ։

Նայեցի ինձ։ Պարզվեց, որ իմ ուսերին շագանակագույն բրդյա ծածկոց կար, և ես նրանով փաթաթվել էի հնդկուհու նման։

― Ատտիկուս, ես ոչինչ չգիտեմ... Ես...

Եվ ես դարձա Ջիմին։ Բայց Ջիմը ինձնից ավելի զարմացավ։ Նա ասաց՝ ո՞վ իմանա, թե որտեղից է ծածկոցը հայտնվել, մենք վարվել ենք այնպես, ինչպես Ատտիկուսը պատվիրել է, կանգնել ենք Ռեդլիների դռանը և ոչ ոքի ոտքի տակ չենք ընկել, նույնիսկ տեղներիցս չենք շարժվել․․․ Այդտեղ Ջիմի լեզուն կապ ընկավ։

― Միստեր Նաթանը հրդեհի վայրում էր,— շտապով վրա տվեց նա։— Ես տեսա, ես տեսա, որ նա քարշ տալով բերում էր այն ներքնակը․․․ Ատտիկուս, ազնիվ խոսք...

― Ոչինչ, որդիս,— մեղմությամբ քմծիծաղեց Ատտիկուսը։— Այսպես թե այնպես, բայց երևում է ամբողջ Մեյկոմբը այսօր դուրս էր եկել փողոց։ Ես կարծում եմ, որ մեր ցախատանը փաթաթելու թուղթ կա, Ջիմ։ Գնա բեր, և մենք․․․

― Ո՛չ, ո՛չ, սըր։

Ջիմը, թվում էր, թե խելքը գցել է, նա սկսեց իրար ետևից դուրս տալ մեր բոլոր գաղտնիքները, նա բնավ չէր մըտածում ոչ իմ, ոչ իր մասին, ամեն ինչ պատմեց ինչպես եղել էր, և՛ ծառի փչակի մասին, և՛ շալվարի...

― ... միստեր Նաթանը փչակը ցեմենտով ծեփել է, Ատտիկուս, նա այդ դիտմամբ է արել, որ մենք այլևս այնտեղ ոչինչ չգտնենք... Ատտիկուս, Զարզանդ Ռեդլին գուցե և խելագար է, բայց, ազնիվ խոսք, նա մեզ ոչ մի անգամ վատություն չի արել, նա այն գիշերը կարող էր իմ գլուխը կտրել, իսկ նա նստել ու կարկատել էր շալվարս․․․ Նա երբեք և ոչ մի անգամ մեզ վատ բան չի արել։

― Լռի՛ր, լռի՛ր, որդիս։

Ատտիկուսը այդ ասաց շատ սիրալիր, և ես սիրտ առա։ Նա, երևում է, այն ամենից ինչ դուրս էր տվել Ջիմը, ոչինչ չէր հասկացել, որովհետև միայն ասաց.

― Դու ճիշտ ես։ Եվ ներքնակը, և ծածկոցը թող մնան մեզ մոտ։ Միգուցե Մեծաչքանին երբևէ նրան շնորհակալություն հայտնի այն բանի համար, որ նա իրեն փրկել է սառչելուց։

― Այդ ո՞ւմ հայտնեմ շնորհակալություն,— հարցրի ես։

― Զարզանդ Ռեդլիին։ Դու այնպես տարված ես նայել հրդեհին, որ չես զգացել, թե նա ինչպես է քեզ ծածկոցով փաթաթել։

Իմ ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ, քիչ էր մնում սիրտս ետ տամ։ Ջիմը բարձրացրեց ծածկոցը և նրա տակից սկսեց գաղտագողի մոտենալ ինձ։

― Զարզանդը դուրս եկավ տնից... անկյունից... ու կամաց֊կամաց մոտեցավ այ այսպես։

― Մի՛ ոգևորվիր այդ ներկայացմամբ, Ջերեմի,— չոր ասաց Ատտիկուսը։ Ջիմը նահանջեց։

― Ես միտք էլ չունեմ...— Բայց ես տեսա՝ Ջիմի աչքերում չարաճճի կրակները մարեցին, ստիպված էինք հրաժարվել նոր ներկայացումից։— Էխ,— ասաց Ջիմը ինձ,— եթե դու ետ նայեիր, նրան կտեսնեիր։

Կեսօրին մեզ արթնացրեց Կելպուրնիան։ Ատտիկուսն ասել է, որ այսօր դպրոց չգնանք, միևնույն է, ոչինչ էլ չենք սովորի, քանի որ գիշերը չենք քնել։ Իսկ Կելպուրեիան ասել է՝ այո, մանավանդ որ բակը գոնե պետք է մի քիչ մաքրել։

Միսս Մոդիի սառցակալած լայնեզր գլխարկը նման էր սաթի միջի ճանճի, իսկ այգու մկրատը ստիպված եղանք քանդել հանել սառած կավի միջից։ Միսս Մոդիին մենք գտանք իր ետնաբակում, նա կանգնել ու նայում էր սառած, ածխացած լեռնավարդերին։

― Մենք ձեր իրերն ենք բերել, միսս Մոդի,— ասաց Ջիմը։— Մենք այնպես ցավում ենք․․․

Միսս Մոդին դարձավ մեզ, և դեմքի վրայով սահեց նրա նախկին ժպտի ստվերը։

― Ես միշտ էլ ցանկանում էի, որ իմ տունը փոքր լինի, Ջիմ Ֆինչ։ Չէ՞ որ դրա փոխարեն պարտեզս մեծ կլինի։ Ապա մտածիր, հիմա ես ավելի շատ տեղ կունենամ լեռնավարդերի համար։

― Դուք մի՞թե վշտացած չեք, միսս Մոդի,— զարմացա ես։ Ատտիկուսը ասել էր, որ այդ տնից բացի, նա ոչինչ չունի։

― Վշտացա՞ծ։ Ի՞նչ ես ասում, մանկիկս, ես այդ հին փարախը ատելով ատում էի։ Քանի֊քանի անգամ ուզեցել եմ կրակ տալ, բայց այդ դեպքում ինձ գժանոց կտանեին։

― Բայց․․․

— Ինձ համար մի անհանգստացիր, Ջին Լուիզա Ֆինչ։ Աշխարհում այնպիսի բաներ կան, որոնք դու դեռ չես հասկանում։ Ահա՛, ես էլ ինձ համար մի փոքրիկ տուն կսարքեմ, մի երկու տնվոր կպահեմ և... աստված վկա, ես մի այնպիսի՛ պարտեզ կունենամ, որ ամբողջ նահանգում նմանը չի լինի։ Այ, կտեսնեք, ես այդ Բիլինգրեյսներին կտամ կանցնեմ։

Ես ու Ջիմը իրար նայեցինք։

— Այդ ինչպե՞ս պատահեց, միսս Մոդի,— հարցրեց նա։

― Չգիտեմ, Ջիմ, երևի խոհանոցի ծխնելույզում մուրը սկսել է այրվել ու դրանից բռնկվել։ Ես այնտեղ ուշ վառեցի, որպեսզի գիշերը սենյակի բույսերը չսառչեն։ Իսկ քեզ մոտ, ասում են, գիշերը մի անկոչ հյուր է եկել, Ջին Լուիզա։

― Դուք ո՞րտեղից գիտեք։

― Ատտիկուսն ասաց այսօր, երբ աշխատանքի էր գնում։ Ճիշտն ասած, ես ափսոսում եմ, որ ձեզ հետ միասին չէի կանգնած։ Ես այդքան խելք կունենայի, ետ կնայեի։

Ես լսում էի միսս Մոդիին և զարմանքից ապշում։

Նրա ունեցած֊չունեցածը համարյա այրվել էր, նրա սիրելի պարտեզը ամբողջովին փչացել, իսկ նրա համար ամեն ինչ մեկ էր ու դեռ հետաքրքրվում էր իմ և Ջիմի գործերով։

Նա երևի հասկացավ, որ ես ուղղակի ապշել եմ։

― Գիշերը ես անհանգստանում էի միայն այն պատճառով, որ մի այսպիսի խառնաշփոթություն ու վտանգ առաջացավ բոլորի համար։ Ամբողջ թաղը կարող էր այրվել մինչև վերջին թելը։ Միստեր Էյվերին ստիպված է լինելու մի շաբաթ պառկել, նա կարգին խորովվել է։ Նա չափազանց ծեր է կրակի մեջ մտնելու համար, ես այդպես էլ իրեն ասացի։ Հենց որ ձեռքերս լվանամ, իսկ Ստիվենի Կրոուֆորդն էլ երեսը թեքի, ես միստեր Էյվերիի համար մի հրաշալի պիրոգ կթխեմ։ Այդ Ստիվենին արդեն երեսուն տարի է չարչարվում է, որ ինձնից դուրս քաշի պիրոգ պատրաստելու եղանակը ու չի կարողանում, բայց եթե նա մտածում է, որ ես նրան դա կասեմ հանուն այն բանի, թե ինչ է ապրում եմ իր տանը, շա՜տ է սխալվում։

Ես մտածեցի՝ եթե միսս Մոդին չդիմանա և իր գաղտնիքը միսս Ստիվենիի մոտ բացի, միևնույն է, ոշինչ չի ստացվի։ Մեկ անգամ ես տեսա, թե ինչպես էր միսս Մոդին պիրոգի խմորը պատրաստում, մյուս շատ բաների հետ պետք է գցել նաև մի մեծ գավաթ շաքարավազ։

Օրը հանդարտ էր։ Ցուրտ, մաքուր օդում ամեն մի ձայն շատ հեռու էր տարածվում։ Մենք նույնիսկ լսեցինք, թե ինչպես դատարանի շենքի վրա ֆշշաց ժամացույցը՝ պատրաստվելով զարկելու։ Միսս Մոդիի քիթը շատ տարօրինակ գույն ուներ, ես դեռ երբեք չէի տեսել մի այդպիսի քիթ, և հարցրի, թե ինչիցն է այդպես։

― Ես այստեղ կանգնած եմ առավոտյան ժամը վեցից,― պատասխանեց նա,— հավանաբար ցրտահարվել է։

Նա ձեռքերը բարձրացրեց։ Ափերը գորշացել էին ցեխից, չորացած արյունից և ամբողջովին ճաքճքվել։

― Դուք փչացրել եք ձեր ձեռքերը,— ասաց Ջիմը,— ինչո՞ւ չկանչեցիք որևէ նեգրի։ Կամ ինձ ու Մեծաչքանուն, մենք ձեզ կօգնեինք։

― Շնորհակալությո՛ւն, սըր,— ասաց միսս Մոգին,— առանց ինձ էլ դուք մինչև կոկորդներդ գործի մեջ եք։— Եվ նա գլխով արավ մեր տան կողմը։

― Դուք այդ մոֆրոդիտի մասի՞ն եք ասում,— հարցրի ես։— Մենք նրան մի վայրկյանում ցրիվ կտանք։

Միսս Մոդին աչքերը չորս արած նայեց ինձ։ Նրա շրթունքները անշշուկ շարժվում էին։ Եվ հանկարծ նա բռնեց գլուխը և որ չքրքջաց․․․ Մենք կանգնեցինք, կանգնեցինք և գնացինք, իսկ նա անվերջ ծիծաղում էր։

Ջիմն ասաց՝ հեչ չես հասկանա, թե ինչ է կատարվում նրա հետ, խելառի մեկն է, ուրիշ ոչինչ։

Գլուխ 9

― Խոսքդ ետ վերցրու։

Այդպես հրամայեցի ես Սեսիլ Ջեյկոբսին, և դրանով ինձ և Ջիմի համար սկսվեցին վատ ժամանակներ։ Ես սեղմեցի բռունցքներս և պատրաստվեցի կռվի։ Ատտիկուսը սպառնացել էր ինձ քոթակել, եթե թեկուզ մեկ անգամ էլ լսեր, որ ես որևէ մեկի հետ ծեծկռտվել եմ։ Ես արդեն բավականաչափ մեծացել եմ և չափահաս դարձել, հերիք է երեխայություն անեմ, և որքան շուտ unվորեմ ինձ զսպել, այնքան բոլորի համար էլ լավ կլինի։ Իսկ ես անմիջապես այդ մասին մոռացա։

Մոռացա Սեսիլ Ջեյկոբսի պատճառով։ Դրա նախորդ օրը նա դպրոցի բակում գոռաց՝ «Մեծաչքանու հայրը պաշտպանում է սևամորթներին»։ Ես նրա հետ վիճեցի, իսկ հետո պատմեցի Ջիմին։

— Նա այդ ինչի՞ մասին է ասում,— հարցրի ես։

― Ոչ մի բանի,— ասաց Ջիմը,— Ատտիկուսին հարցրու, նա քեզ կբացատրի։

― Ատտիկուս, դու իսկապե՞ս սևամորթներին պաշտպանում ես,— հարցրի ես երեկոյան։

― Այո, իհարկե, բայց մի ասա «սևամորթներ», Մեծաչքանի, դա կոպիտ է։

— Դպրոցում բոլորն այդպես են ասում։

— Ինչ անենք, այժմ էլ կասեն բոլորը՝ բացի քեզանից։

— Իսկ եթե դու չես ցանկանում, որ ես այդպես ասեմ, ինչո՞ւ ես ինձ ստիպում դպրոց գնալ։

Հայրս լուռ նայեց ինձ և ժպտաց միայն աչքերով։ Չնայած ես և նա այդ հարցում համաձայնության էինք եկել, բայց ես արդեն մինչև կոկորդս կշտացել էի դպրոցի կյանքից և ամեն րոպե աշխատում էի այս կամ այն կերպ դասերիg խույս տալ։ Սեպտեմբերի սկզբներից կամ գլուխս էր պտտվում, կամ ոտքերս էին թուլանում, կամ փորս ցավում։ Ես նույնիսկ հինգ ցենտանոց տվեցի միսս Ռեյչելի խոհարարի տղային, որպեսզի նա թույլ տար գլուխս քսելու իր գլխին. նա մկնատամ ուներ։ Բայց չվարակվեցի։

Բայց ես մի հոգս էլ ունեի,

― Ատտիկուս, իսկ բոլո՞ր իրավաբաններն էլ պաշտպանում են սևա․․․ նեգրերին։

― Իհարկե, Մեծաչքանի։

― Իսկ ինչո՞ւ Սեսիլն ասաց, թե դու պաշտպանում ես սևամորթներին։ Նա այն ձևով ասաց, կածես գողություն ես անում։

Ատտիկուսը հառաչեց։

― Պարզապես ես պաշտպանում եմ նեգրի, նրա անունը Թոմ Ռոբինսոն է։ Նա ապրում է նույն փոքրիկ ավանում, ուր Կելպուրնիան է ապրում։ Նա շատ լավ է ճանաչում Թոմի ամբողջ գերդաստանը։ Կելը ասում է, որ նրանք շատ օրինավոր մարդիկ են։ Դու դեռ բավականաչափ մեծ չես, Մեծաչքանի, և ամեն ինչ չէ, որ հասկանում ես, բայց քաղաքում շատերն են բղավում, թե այդ մարդու համար չարժե, որ ես չարչարվեմ։ Դա միանգամայն այլ տեսակի գործ է։ Դա պետք է լսվի ամառային նստաշրջանի ժամանակ։ Ջոն Թեյլորը այնքան բարի գտնվեց, որ թույլ տվեց հետաձգել...

― Եթե չպետք է նրան պաշտպանել, ինչո՞ւ ես պաշտպանում։

― Մի շարք պատճառներով,— ասաց Ատտիկուսը։— Իսկ ամենագլխավորն այն է, որ եթե նրան չպաշտպանեմ, ես չեմ կարողանա նայել մարդկանց աչքերին, չեմ կարողանա ներկայացնել մեր շրջանի օրենսդիր ժողովը, նույնիսկ չեմ կարողանա այլևս քեզ և Ջիմին ասել՝ արեք այսպես, և ո՛չ այսպես։

― Ինչպես թե։ Նշանակում է, եթե դու այդ մարդուն չպաշտպանեu, ես և Ջիմը կարող ենք քեզ չլսե՞լ։

― Այո՛, մոտավորապես այդպես։

― Ինչո՞ւ։

― Որովհետև ես այլևս չեմ կարողանա ձեզանից պահանջել, որպեսզի դուք ինձ լսեք։ Այդպես է մեր աշխատանքը, Մեծաչքանի, ամեն մի փաստաբան իր կյանքում ունենում է մի այնպիսի գործ, որը դիպչում է հենց իրեն։ Ահա, այս գործը, երևում է հենց այդպիսին է ինձ համար։ Հնարավոր է, որ դրա պատճառով դու ստիպված լինես դպրոցում շատ և շատ տհաճություններ լսել, բայց ես միայն այս եմ խնդր ում քեղանից՝ գլուխդ բարձր պահիր, և ծեծկռտուքից հեռու մնա։ Թեկուզ ինչ էլ որ ասեն, թեկուզ ով էլ որ ասի, քեզ թույլ մի տա զայրանալ։ Միօրինակությունից խուսափելու համար աշխատիր կռվել ոչ թե բռունցքներով, այլ գլխով... քո գլուխը վատը չէ, չնայած դեմ է ընկնում սովորելուն։

― Ատտիկուս, իսկ մենք գործը կշահե՞նք։

― Ո՛չ, բարեկամս։

― Իսկ ինչո՞ւ որ...

― Նրա համար, որ չնայած մեզ հարյուր տարի առաջ ջարդել են, բայց մեկ է, հիմա հարկավոր է նորից կռվել,— ասաց Ատտիկուսը։

― Դու խոսում ես ճիշտ հորեղբայր Այկ Ֆինչի պես,— ասացի ես։

Այկ Ֆինչը Մեյկոմբ շրջանում հարավային բանակի միակ կենդանի մնացած վետերանն էր, նրա մորուքր ճիշտ և ճիշտ գեներալ Հուդի մորուքի նման էր, և նա ծիծաղելի դառնալու աստիճանի հպարտանում էր դրանով։ Տարվա մեջ առնվազն մեկ անդամ Ատտիկուսը մեզ հետ միասին այցելում էր նրան, և ես ստիպված էի լինում նրան համբուրել։ Դա սարսափելի էր։ Ատտիկուսը և հորեղբայր Այկը նորից ու նորից դատողություններ էին անում այդ պատերազմի շուրջը, իսկ ես և Ջիմը հարգալից լսում էինք։

― Ես այսպես կասեմ, Ատտիկուս,— ասում էր հորեղբայր Այկը։— Միսսուրիի կոմպրոմիսը, ահա մեր կործանման պատճառը, բայց եթե ինձ վիճակվեր ամեն բան նորից սկսել, ես նորից կգնայի նույն ճանապարհով, ոչ մի քայլ չէի նահանջի, և այս անգամ մենք նրանց հերը կանիծեինք․․․ Ա՛յ, վաթսունչորսին, երբ մեզ վրա հարձակվեց Անհողդողդ Ջեկսոնը․․․ ո՛չ, երիտասարդներ, սխալվեցի՝ վաթսունչոսին Ծեր Հրշեջը արդեն հոգին աստծուն էր ավանդել, թո՛ղ թեթև լինի հողը նրա վրա...

― Արի այստեղ, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը։

Ես բարձրացա նրա ծնկներին, գլուխս դրեցի կրծքին, նա երկու ձեռքով ինձ գրկեց և սկսեց կամացուկ օրորել։

― Հիմա ամեն ինչ այլ կերպ է,— ասաց նա։— Հիմա մենք յանկիների դեմ չենք կռվում, այլ մեր բարեկամների։ Բայց հիշիր, որքան էլ դաժանորեն ստիպված լինենք կռվելու, միևնույն է, դրանք մեր բարեկամներն են և երկիրն էլ մեր հարազատ երկիրը։

Ես այդ հիշում էի, բայց և այնպես մյուս օրը կանգ առա դպրոցի բակում, Սեսիլ Ջեյկոբսի դիմաց․

― Խոսքդ ե՛տ կվերցնես։

― Հապա ո՜նց չէ,— գոչեց նա։— Մեր տանը ասում են, քո հայրը խայտառակում է ողջ քաղաքը, իսկ այդ սևամորթին պետք է կախաղան բարձրացնել։

Ես նշան էի բռնում, որ շրխկացնեմ, բայց հիշելով, թե ինչ էր ասել Ատտիկուսը, բռունցքներս իջեցրի և մի կողմ քաշվեցի։

― Հը, վախեցա՜ր։ Վախեցա՜ր,— զրնգացին ականջներումս։

Կյանքումս առաջին անգամ կռվից հեռացա։

Չգիտեմ ինչու, դուրս էր գալիս այնպես, որ եթե ես կռվեի Սեսիլի հետ, Ատտիկուսին դավաճանած կինեի։ Իսկ նա այնքան հազվադեպ էր ինձ և Ջիմին որևէ բան խնդրում... Լավն այն կլինի, որ հանուն Ատտիկուսի դիմանամ, թող ինձ վախկոտ ասեն։ Ուղղակի հիանում էի ինքս ինձնով, թե որքան լավն էի, որ հիշեցի Ատտիկուսի խնդրանքը և վարվեցի միանգամայն խելամտորեն՝ ևս երեք շաբաթ։ Իսկ հետդ եկավ ծնունդը, և փորձանքը վրա հասավ։

Ես և Ջիմը ծնունդին սպասում էինք խառն զգացումներով։ Տոնածառ և հորեղբայր Ջեկ Ֆինչ, դա շատ լավ էր։ Ամեն տարի ծննդյան նախօրեին մենք գնում էինք Մեյկոմբ կայարանը՝ դիմավորելու հորեղբայր Ջեկին, և նա մնում էր մեզ մոտ մի ամբողջ շաբաթ։

Բայց կար և մեդալի հակառակ կողմը՝ անխուսափելի այցելություն Ալեքսանդրա հորաքրոջս և Ֆրենսիսին։

Երևի պետք է ավելացնել նաև Ջիմմիին, չէ՞ որ նա Ալեքսան դրա հորաքրոջս ամուսինն էր, որը ինձ հետ երբեք չէր խոսում, միայն մի անգամ ասաց՝ «իջիր ցանկապատից», այնպես որ, ես լիովին կարող էի նրան նույնիսկ չնկատել։ Ալեքսանդրա հորաքույրս էլ նրան չէր նկատում։ Վաղուց, շատ վաղուց նրանք բարեկամական զգացմունքների զեղմամբ լույս աշխարհ էին բերել իրենց որդուն՝ Հենրիին, որը առաջին իսկ հնարավորության դեպքում փախել էր տնից, ամուսնացել և արտադրել Ֆրենսիսին։ Ամեն տարի ծննդյան տոներին Հենրին ու իր կինը Ֆրենսիսին հանձնում էին տատիկին ու պապիկին և հետո իրենք զվարճանում։

Ինչքան էլ ախ ու օֆ անեինք, Ատտիկուսը թույլ չէր տալիս, որպեսզի ծննդյան առաջին օրը մնայինք տանը։ Որջան որ ինձ հիշում եմ, ծննդին մենք միշտ եղել ենք «Ֆինչի նավահանգստում»։ Ալեքսանդրա հորաքույրս եփել֊թխելու մեջ մեծ շնորհք ուներ, դա մասամբ փոխհատուցումն էր այն բանին, որ տոներին պետք է դիմանայինք Ֆրենսիս Խենկոկի ընկերությանը։ Ֆրենսիսը մեկ տարով ինձանից մեծ էր, և ես նրանից խուսափում էի․ նա բավականություն էր ստանում այն ամենից, ինչ դուր չէր գալիս ինձ, և նրա սրտովը չէին լինում իմ ամենաանմեղ զվարճություններն անգամ։

Ալեքսանդրա հորաքույրը Ատտիկուսի հարազատ քույրն էր, բայց երբ Ջիմը ինձ պատմեց փախած երեխաների և որդեգրած երեխաների մասին, ես որոշեցի, որ հորաքրտջս, հավանաբար, օրորոցում փոխել են, և պապիկն ու տատիկը ուրիշի երեխա են մեծացրել, համենայն դեպս նա Ֆինչ չէ, այլ, թերևս, Կրոուֆորդ։ Եթե ես երբևէ վստահ լինեի, թե դատավորներին ու փաստաբաններին որպես թե հետապնդում են կախարդված լեռները, հորաքույր Ալեքսանդրային ես կհամարեի Էվերեստ՝ մանկությանս բոլոր տարիներում նա միշտ այստեղ էր՝ իր վեհությամբ անմատչելի ու ճնշող։

Հասավ ծննդյան նախօրյակը, վագոնից դուրս թռավ, հորեղբայր Ջեկը, բայց մենք ստիպված էիեք սպասել նրա մշակին, որ գալիս էր երկու երկար փաթեթներով։ Իմ և Ջիմի ծիծաղը միշտ գալիս էր, երբ հորեղբայր Ջեկը համբուրում էր Ատտիկուսի այտը․ ուրիշ տղամարդիկ երբեք չէին համբուրվում։ Հորեղբայր Ջեկը ձեռքով Ջիմին բարևեց և ինձ օդը նետեց, բայց ոչ շատ բարձր․ նա մի գլուխ կարճ էր Ատտիկուսից։ Հորեղբայր Ջեկը ընտանիքում կրտսերն էր, Ալեքսանդրա հորաքրոջից փոքր էր։ Նա և հորաքույրս նման էին իրար, բայց հորեղբայր Ջեկը իր դեմքը ինչ֊որ ավելի լավ էր տնօրինել, նրա սուր քիթը և կզակը մեզ ոչ մի երկյուղ չէին ներշնչում։

Նա մեկն էր այն փոքրաթիվ գիտնական մարդկանցից, որոնցից ես երբեք չեմ վախեցել, գուցե այն պատճառով, որ իրեն երբեք բժշկի նման չէր պահում։ Եթե պատահում էր ինձ կամ Ջիմին որևէ փոքրիկ ծառայություն էր մատուցում, ասենք կրունկից դուրս էր քաշում փուշը, նա նախապես ասում էր, թե ինչպես պիտի հանի, և արդյոք շա՞տ է ցավելու և թե ինչի համար են այդպիսի փոքրիկ ունելիները։ Մեկ անգամ, դարձյալ ծննդին, ոտքս մի ծեղ մտավ, ես դրա հետ թաքնվում էի անկյուններում և ոչ ոքի նույնիսկ մոտիկ չէի թողնում։ Հորեղբայր Ջեկը ինձ բռնեց և սկսեց խիստ ծիծաղելի ձևով պատմել մի պաստորի մասին, որը եկեղեցի գնալ չէր սիրում. նա ամեն օր խալաթը հագին դուրս էր գալիս դուռը և, ծխելով նարգիլեն, հինգ բոպեաչափ քարոզ էր կարդում յուրաքանչյուր անցորդի, որը կարիք էր զգում հոգևոր խրատի։ Ծիծաղիս միջից ես ասացի՝ թող հորեղբայր Ջեկը հայտնի, թե երբ է ծեղը դուրս քաշելու, իսկ նա ցույց տվեց ունելիով սեղմած արյունոտ փուշը և բացատրեց, որ քաշել է այն ժամանակ, երբ ես քրքջում էի, և որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է։

― Այդ ի՞նչ է,― հարցրի ես այն նեղ ու երկար փաթեթների մասին, որոնք բեռնակիրը հանձնել էր հորեղբայր Ջեկին։

— Քո խելքի բանը չէ,— պատասխանեց նա։

― Ինչպե՞ս է Ռոզա Էյլմերը,— հարցրեց Ջիմը։

Ռոզա Էյլմերը հորեղբորս էգ կատուն էր։ Նա շիկամազ էր և շատ գեղեցիկ, հորեղբայրը ասում էր, որ նա կանանց սեռի այն սակավաթիվ անհատներից է, որոնց նա կարող է թույլ տալ մնալու իր մոտ որքան քեֆը ուզի։ Նա ձեռքը տարավ գրպանը և մեզ ցույց տվեց կատվի մի քանի լուսանկարները։ Դրանք հրաշալի էին։

― Նա գիրանում է,— ասացի ես։

― Զարմանալի ոչինչ չկա, նա ուտում է այն բոլոր ականջներն ու մատները, որոնք ես կտրում եմ հիվանդանոցում։

― Ոնց չէ՜, գրողը տանի ինձ, թե դա ճիշտ է։

― Ներեցեք, դուք ինչպես ասացի՞ք։

― Ուշադրություն մի դարձնի նրա ասածին, Ջեկ,— ասաց Ատտիկուսը։— Նա քեզ փորձում է։ Կելն ասում է՝ նա արդեն մի շաբաթ է, ինչ անդադար հայհոյում է։

Հորեղբայրը հոնքերը բարձրացրեց, բայց լռեց։ Հայհոյանքները ինքնըստինքյան ինձ դուր էին գալիս, իսկ գլխավորն այն էր, որ ես մտածում էի՝ Ատտիկուսը կտեսնի, որ ես դպրոցում հայհոյել եմ սովորել, ինձ այլևս դպրոց չի ուղարկի։

Ընթրիքի ժամանակ, երբ ասացի՝ ինձ տվեք խնդրեմ այդ զահրումար ապուխտը, հորեղբայր Ջեկը ցուցամատը սպառնալից ուղղեց ինձ։

― Ես հետո կխոսեմ քեզ հետ, միլեդի,— ասաց նա։

Ընթրիքից հետո հորեղբայր Ջեկը գնաց հյուրասենյակ և նստեց բազկաթոռին։ Խփեց ծնկանը, դա նշանակում էր՝ բարձրացիր այստեղ։ Հաճելի էր նրանից հոտ քաշել, նա այնպես էր բուրում, ինչպես սպիրտի շիշը, որի բույրին խառնված է նաև ինչ֊որ քաղցրավուն հոտ։ Նա ճակատիցս ետ տարավ մազիս խոպոպը և նայեց ինձ։

― Դու ավելի շատ նման ես Ատտիկուսին» քան մորդ,— ասաց նա։— Եվ դառնում ես ինչ֊որ չափազանց խոշոր ու խելացի, ինձ նույնիսկ թվում է, որ վարտիքդ վրադ փոքրացել է։

― Բայց իմ կարծիքով՝ իսկը վրայովս է։

― Քեզ, ինչպես տեսնում եմ՝ շատ են դուր գալիս այդպիսի բառերը, զորօրինակ՝ «զահրումար», «դև», «սատանա»։

Այդ ճիշտ էր։

― Իսկ ինձ բոլորովին դուր չեն գալիս,— ասաց հորեղբայր Ջեկը։— Ես քո տեղը լինեի, առանց բացարձակ անհրաժեշտության, երբեք չէի գործածի։ Ես այստեղ մնալու եմ մեկ շաբաթ և այդ ժամանակի ընթացքում չեմ ցանկանում լսել նման բաներ։ Եթե դու այդպիսի բառեր պիտի շպրտես, Մեծաչքանի, դու շատ տհաճություններ կունենաս։ Դու ուզում ես մեծանալ որպես մի իսկական լեդի, ճի՞շտ է։

Ես ասացի՝ այնքան էլ չեմ ուզում։

― Դե, իհարկե, ուզում ես։ Իսկ հիմա գնանք տոնածառի մոտ։

Մենք տոնածառը զարդարել էինք մինչև մեր քնելը, և հետո էլ երազում տեսնում էի երկու երկար ու նեղ փաթեթներ՝ իմ և Ջիմի համար։ Առավոտյան մենք փաթեթները դուրս որսացինք տոնածառի տակից, դրանք Ատտիկուսի կողմից էին, հորեղբայր Ջեկը բերել էր նրա խնդրանքով, և հենց այն էր, ինչ մենք ցանկանում էինք։

— Միայն թե ոչ տանը,— ասաց Ատտիկուսը, երբ Ջիմը նշան բռնեց պատի նկարին։

― Ստիպված ենք լինելու քեզ կրակել սովորեցնել, ասաց Ջեկը։

― Դա արդեն քո գործն է,— ասաց Ատտիկուսը։— Ես միայն հնազանդվել եմ անխուսափելիին։

Մենք ոչ մի կերպ չէինք ցանկանում տոնածառից հեռանալ, միայն ենթարկվում էինք այն ժամանակ, երբ Ատտիկուսը սկսում էր խոսել իր իրավաբանական ձայնով։ Նա մեզ թույլ չէր տալիս «Ֆինչի նավահանգիստը» գնալիս փողային հրացան հետներս վերցնել, (իսկ ես արդեն մտքումս դրել էի Ֆրենսիսին սպանել), և ասաց, եթե որևէ բան այնպես չլինի, ինչպես ինքն ասում է, հրացանները կվերցնի և այլևս չի տա։

«Ֆինչի նավահանգիստը» գտնվում էր զառիթափ ձորում, և դեպի ներքև, նավահանգիստը տանում էին երեք հարյուր վաթսունվեց աստիճաններ։ Հոսանքով դեպի ցած, ձորի ետևում, դեռևս տեսանելի էին հին նավամատույցի հետքերը, որտեղ վաղեմի ժամանակներում Ֆինչի նեգրերը նավերի վրա բարձում էին բամբակի հակեր և բեռնաթափում սառույց, ալյուր և շաքար, գյուղատնտեսական ապրանքներ և կանացի հարդարանքներ։ Ափից հեռանում էր մի լայն ճանապարհ և թաքնվում մութ անտառում։ Այն տանում էր դեպի երկհարկանի սպիտակ տունը, որը ցածի հարկում ուներ մի մեծ ապակեպատ պատշգամբ, վերևում՝ սրահ։ Մեր նախահայր Սայմոն Ֆինչը այդ տունը ծերության օրերին կառուցել էր իր կռվարար կնոջը գոհացնելու համար, բայց ապակեպատ պատշգամբով և վերնասրահով էլ վերջանում էր այս բնակարանի նմանողությունը այդ ժամանակի սովորական տների հետ։ Այդ տան ներքին կառուցվածքը վկայում էր Սայմոն Ֆին չի միամտությունը և այն մեծ վստահությունը, որ նա տածում էր դեպի իր շառավիղները։ Վերևում կար վեց ննջարան, չորսը՝ ութ աղջիկների համար, մեկը՝ միակ որդու, Ուոլկեմ Ֆինչի համար, իսկ մյուսը՝ ազգական հյուրերի համար։ Դա որպես թե արված էր հենց այնպես, բայց աղջիկների սենյակները կարելի էր գնալ միայն մեկ սանդուղքով, իսկ տղայի և հյուրերի ննջարանը՝ միայն մի այլ սանդուղքով։

Աղջիկների սանդուղքը իջնում էր դեպի ծնողների ննջարանը, այնպես որ Սայմոնը գիշերները իմ անում էր աղջիկների յուրաքանչյուր քայլը։

Խոհանոցը տեղավորված էր կից շենքում, և տան հետ հաղորդակցվում էր փոքրիկ սրահով։ Տան ետևում, սյունից կախված էր մի ժանգոտ զանգ, դա կանչում էր նեգրերի, որոնք աշխատում էին պլանտացիաներում, հենց դա էլ ազդարարում էր հրդեհի կամ մի այլ աղետի դեպքում։ Տանիքը հարթ էր, ասում են, հնում այդպես սարքում էին այրիների համար, որպեսզի այնտեղ զբոսնեն, բայց այդ տանիքի վրա ոչ մի այրի էլ չէր զբոսնում, այլ Սայմոն Ֆինչն էր այնտեղից հսկում իր վերակացուին, նայում նավերին, որ անցնում էին գետով, և աչք ածում, թե ինչպես են ապրում մոտակայքի կապալառուները։

Այդ տան հետ, ինչպես և ուրիշ շատ֊շատերի հետ, յանկիների դեմ մղված կռվի ժամանակներից մի լեգենդ էդ կապված․ Ֆինչ ցեղի պատկանող մի աղջիկ, որ դրանից ոչ շատ առաջ նշանված է լինում, հագնում է իր ամբողջ օժիտը, որպեսզի դրանք չընկնեն թալանչիների ձեռքր, որ ոտքի տակ էին տալիս ամբողջ շրջանը։ Նա մտնում է «աղջիկների սանդուղքի» արանքը, որը չափազանց նեղ էր, բայց նրա վրա ջուր են լցնում և վերջ ի վերջո դուրս բերում այնտեղից։

Մենք ժամանեցինք «նավահանգիստ», Ալեքսանդրա հորաքույրը չպոցով համբուրեց հորեղբայր Ջէկին, Ֆրենսիսը՝ հորեղբայր Ջեկին, քեռի Ջիմմին լուռ սեղմեց հորեղբայր Ջեկի ձեռքը, ես և Ջիմը Ֆրենսիսին նվերներ հանձնեցինք, իսկ նա էլ՝ մեզ։ Ջիմը իսկույն զգաց, որ ինքն արդեն մեծ է, և ձգտեց դեպի մեծահասակները, իսկ ինձ վերապահեցին մեր հորաքրոջ թոռանը զբաղեցնելը։ Ֆրենսիսի ութ տարին արդեն լրացել էր, և նա արդեն մազերը հարթ ետ էր սանրում։

― Քեզ ծննդին ի՞նչ նվիրեցին,— քաղաքավարությամբ հարցրի ես։

― Ա՛յն, ինչ ես խնդրել էի,— ասաց նա։

Ֆրենսիսը խնդրել էր կարճ շալվար, կարմիր կաշվե պայուսակ, հինգ վերնաշապիկ և թիթեռնիկ փողկապ։

― Շատ լավ է,— ոչ այնքան էլ անկեղծությամբ ասացի ես։— Իսկ ինձ և Ջիմին նվիրել են փողավոր հրացաններ, Ջիմին նաև՝ քիմիական գործիքներ․․․

― Երևի խաղալիք գործիքներ։

― Ո՛չ, իսկական։ Նա ինձ համար չնշմարվող թանաք կսարքի, և ես դրանով Դիլլին նամակ կգրեմ։

Ֆրենսիսը հարցրեց, թե դա ինչի համար եմ անում։

— Դու ինչպե՞ս չես հասկանտւմ։ Նա ինձնից նամակ կստանա, իսկ նամակը դատարկ կլինի, սպիտակ թուղթ, նա հո իսպառ կգժվի։

Ֆրենսիսի հետ խոսելը օվկիանոսն իջնել է, հենց ամենախորքը։ Կյանքումս այդպիսի ձանձրալի տղա չէի տեսել։ Նա ապրում էր Մոբիլում և այդ պատճառով չէր կարողանում իմ մասին չարախոսել ուսուցիչներիս, բայց դրա փոխարեն հաջողեցնում էր ամեն ինչ, ինչ որ գիտեր, պատմել Ալեքսանդրա հորաքրոջը, նա էլ ասում էր Ատտիկուսին, Ատտիկուսի էլ երբեմն մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս, բայց երբեմն էլ քեֆը ուզածին չափ բարկանում էր վրաս, նայած թե խելքը ինչ էր բրթում։ Իսկ մեկ անգամ հորաքրոջս ասաց՝ ձայնը բարձրացնեով․

― Քո՛ւյր, ես նրանց դաստիարակում եմ այնպես, ինչպես կարողանում եմ։

Ես երբեք չէի լսել, որ նա որևէ մեկին այդպես խիստ պատասխաներ։ Կարծեմ խոսակցությունը սկսվել էր այն բանից, որ ես տանը կոմբինեզոնով եմ պոլթի տալիս, տղայի պես։

Ալեքսանդրա հորաքրոջը ուղղակի տանջում էր իմ հագնվելու հարցը։ Եթե ես ման եմ գալիս շալվարով, ինձնից իսկական լեդի երբեք չի ստացվի. ես ասացի՝ շրջազգեստ, որ հագնում ես, ոչինչ չես կարողանում անել, իսկ Ալեքսանդրա հորաքույրը պատասխանեց՝ հարկավոր չէ զբաղվել այնպիսի բաներով, որոնց համար պետք է շալվար հագնել։ Ալեքսանդրա հորաքրոջ հասկացողությամբ ես պետք է խաղայի կաթսայիկներով, թեյի փոքրիկ սպասեղենով և վիզս գցեի արհեստական մարգարիտները, որոնք նա նվիրել էր իմ ծննդյան ժամանակ. բացի այդ, ես պարտավոր էի որպես ճառագայթ լուսավորել իմ հոր միայնակ կյանքը։ Ես ասացի՝ կարելի է շրջել շալվարով և դարձյալ որպես ճառագայթ լուսավորել, բայց Ալեքսանդրա հորաքույրը ասաց՝ ոչ, պետք է լինել ինչպես լույսի ճառագայթը, իսկ ես ծնվել եմ որպես լավ աղջիկ, բայց հիմա տարեցտարի վատանում եմ ու ինքնագլուխ դառնում։ Նա ինձ անվերջ վիրավորում էր ու հոգիս ուտում, և ես Ատտիկուսին այդ մասին հարցրի, բայց նա ասաց՝ մեր գերդաստանում որքան որ լույսի ճառագայթներ ունենք, հերիք է, ու թող ես զբաղվեմ իմ գործերով, իսկ իրեն, ընդհանուր առմամբ, ես հենց այսպես էլ ձեռք եմ տալիս։

Տոնական ճաշի ժամանակ սեղանատանը ինձ նստեցրին առանձին, մի փոքրիկ սեղանի մոտ։ Ջիմը և Ֆրենսիսը ճաշում էին մեծերի հետ։ Ալեքսանդրա հորաքույրը ինձ դեռ երկար ժամանակ նստեցնում էր առանձին, երբ Ջիմը և Ֆրենսիսը վաղուց փոխադրվել էին մեծ սեղանի մոտ։ Ես հաճախ մտածում էի, թե հորաքույրը ինչից էր վախենում, չլինի՞ նրանից, որ հանկարծ վեր կկենամ ու գետնին կգցեմ ինչ-որ մի բան։ Երբեմն ես ուզում էի նրան խնդրել, որ թույլ տա մեկ անգամ նստելու բոլորի հետ, այդ ժամանակ ինքը կտեսնի, որ մեծ սեղանի շուրջը ես շատ լավ եմ կարողանում ինձ պահել, չէ՞ որ ես ամեն օր մեր տանը ճաշում էի բոլորի հետ, և ոչ մի սարսափելի բան չէր պատահում։ Ես Ատտիկուսին խնդրեցի, մտածելով, որ գուցե հորաքույրը նրան կլսի, բայց նա ասաց՝ ոչ, մենք հյուր ենք, և մեր տեղը այնտեղ է, որտեղ կնստեցնի տանտիրուհին։ Եվ ասաց՝ Ալեքսանդրա հորաքույրը աղջիկներից այնքան էլ գլուխ չի հանում, չէ՞ որ նա աղջիկ չունի։


Բայց Ալեքսանդրա հորաքրոջ պատրաստած համադամ կերակուրները մոռացնել տվեցին ամեն բան. երեք տեսակի մսով ճաշ, ուղածդ կանաչին, որ նրա մառանից էր, այնպես թարմ էր, կարծես ամառ օրով բանջարանոցից էին քաղել, թեթև աղը դրած դեղձ, երկու պիրոգ և ամբրոսիա՝ այսպիսին էր տոնական համեստ ճաշը։ Այդ ամենից հետո մեծահասակները գնացին հյուրասենյակ և քարարձանների նման նստեցին։

Ջիմը մեկնվեց հատակին, իսկ ես դուրս եկա բակը։

― Վերարկուդ հագիր,— ասաց Ատտիկուսը՝ քնատ ձայնով, և ես որոշեցի չլսել։

Ֆրենսիսը ինձ հետ նստեց արտասանդուղքին։

― Երբեք այսքան համեղ բաներ չէի կերել,— ասացի ես։

― Տատիկը հրաշալի է պատրաստում,— ասաց Ֆրենսիսը։— Նա ինձ էլ է սովորեցնելու։

― Տղաները չեն կարող։

Ես Ջիմին պատկերացրի Կելպուրնիայի դերում և փռթկացի։

― Տատիկն ասում է՝ բոլոր տղամարդիկ պետք է եփել֊թափել իմանան, օգնեն իրենց կանանց և խնամեն, երբ նրանք արդեն վատառողջ դառնան,— ասաց իմ հորաքրոջ թոռը։

― Իսկ ես չեմ ուզում, որ Դիլլը ինձ խնամի, ավելի լավ է, ես նրան խնամեմ։

― Դիլլի՞ն։

― Ըհը՛։ Դու առայժմ ոչ ոքի ոչինչ չասես, երբ ես և նա մեծանանք, իսկույն կամուսնանանք։ Նա ամռանը ինձ առաջարկություն է արել։

Ֆրենսիսը քիչ մնաց ծիծաղից պայթի։

― Իսկ նա ինչո՞վ է վատ,— հարցրի ես։— Ոչնչով էլ վատը չէ։

― Նա գետնի երեսին չի երևում։ Տատիկն ասում է՝ նա ամռանը հյուր էր եկել միսս Ռեյչելի մոտ։

― Հենց նա է, որ կա։

― Իսկ ես նրա մասին ամեն ինչ էլ գիտեմ,— ասաց Ֆրենսիսը։

― Ի՞նչ դիտես։

― Տատիկս ասում է՝ նա տուն չունի...

― Իսկի էլ չէ, ունի, նա ապրում է Մերիդիանում։

— ... և նրան ամբողջ ժամանակ ուղարկում են մի ազգականից մյուսի մոտ, ամռանն էլ միսս Ռեյչելն է պահում։

― Ֆրենսիս, դու ստում ես։

Ֆրենսիսը քթի տակ ծիծաղեց։

― Որքան հիմար ես, Ջին Լուիզա։ Դե, իհարկե, քեզնից ի՞նչ կարելի է պահանջել։

― Ինչպես թե։

― Տատիկն ասում է՝ եթե Ատտիկուս քեռին քեզ թույլ է տալիս առանց հսկողության թրև գալ փողոցներում, դա իր գործն է, և դու մեղք չունես։ Իսկ ես մտածում եմ՝ եթե Ատտիկուս քեռին նեգրասեր է, դու այդտեղ էլ մեղք չունես, միայն թե դա խայտառակություն է մեր ամբողջ գերդաստանի համար, ահա թե ինչ կասեմ ես քեզ...

― Գրողը տանի, Ֆրենսիս, այդ ինչե՞ր ես դուրս տալիս։

― Այն, ինչ լսում ես։ Տատիկն ասում է՝ վատն այն է, որ դուք շնորհիվ Ատտիկուսի բոլորովին վայրենացել եք։ Դա բավական չէր, հիմա էլ նեգրասեր է դարձել, որ այդպես շարունակվի, մենք այլևս Մեյկոմբ ոտք չենք դնի։ Հայրդ խայտառակում է բոլորիս, ա՛յ, թե ինչ։

Ֆրենսիսը տեղից ցատկեց, վազեց փոքրիկ սրահով դեպի խոհանոց։ Նա փախչելով ավելի հեռու, դարձավ դեպի ինձ և գոչեց.

Նեգրասե՜ր,
Պորտդ սև,
Սևերի հետ ես կապվե՜լ,
Կոշիկի վաքս ես լիզե՜լ։

— Սո՛ւտ ես ասում,— գոչեցի ես։— Չգիտեմ, թե դու ինչ ես այդտեղ գլխիցդ դուրս տալիս, բայց մեկ է, ես քո բերանը կփակեմ։

Ես արտասանդուղքից ցատկեցի։ Մի վայրկյանում հասա նրան, բռնեցի օձիքից։ Եվ ասացի՝ խոսքերդ ետ վերցրու։

Ֆրենսիսը դուրս պրծավ և սլացավ խոհանոց։

― Նեգրասե՜ր,— ճչաց նա։

Եթե ուզում ես որսը բռնել, լավ կանես չշտապես։ Սուս արա և սպասիր, նա անկասկած կհետաքրքրվի, և քիթը դուրս կհանի։ Ֆրենսիսը խոհանոցի դռնից նայեց։

― Դու դեռ բարկացա՞ծ ես, Ջին Լուիզա,— զգուշորեն հարցրեց նա։

― Դե, չէ, բան չկա։

Ֆրենսիսը դուրս եկավ սրահ։

― Խոսքերդ ետ կվերցնե՞ս, հը՛։

Ես ժամանակից շուտ մատնեցի ինձ։ Ֆրենսիսը գնդակի նման սլացավ խոհանոց, իսկ ես վերադարձա արտասանդուղքը։ Կարելի է և էլի սպասել։ Նստեցի մի հինգ րոպե և լսեցի Ալեքսանդրա հորաքրոջս ձայնը։

― Որտե՞ղ է Ֆրենսիսը։

― Նա այնտեղ է, խոհանոցում։

― Նա չէ՞ որ գիտե, որ ես թույլ չեմ տալիս այնտեղ խաղալ։

Ֆրենսիսը մոտեցավ դռանը և սկսեց ողբալ․

― Տատի՜կ, այդ նա է ինձ այստեղ քշել, թույլ չի տալիս դուրս գալ։

― Բանն ինչո՞ւմն է, Ջին Լուիզա։

Ես գլուխս բարձրացրի և նայեցի Ալեքսանդրա հորաքրոջը։

― Ես չեմ նրան այնտեղ քշել, հորաքույր, և ոչ էլ արգելել եմ դուրս գալ։

― Ո՛չ, արգելում է,— գոչեց Ֆրենսիսը։— Նա ինձ չի թողնում դուրս գալ։

― Ինչ է, վիճե՞լ եք։

― Տատի՜կ, Ջին Լուիզան ինձ վրա չարանում է,— գոչեց Ֆրենսիսը։

― Այստե՛ղ արի, Ֆրենսիս։ Ջին Լուիզա, եթե մի անգամ էլ քեզանից թեկուզ մի խոսք լսեմ, հորդ կասեմ։ Կարծեմ քիչ առաջ դու ասացիր՝ «գրողը տանի»։

― Չէ՜է։

― Իսկ ես լսեցի։ Ահա ուրեմն, որպեսզի ես այլևս այդպիսի բաներ չլսեմ։

Ալեքսանդրա հորաքույրը միշտ ականջ էր դնում։ Նա հազիվ հեռացած, Ֆրենսիսը դուրս եկավ խոհանոցից, քիթը ցցեց և ինքնագոհ խնջնմջաց՝ բերանը մեծ բանալով․

― Դու ինձ հետ կատակ մի անի, գիտես,— հայտարարրեց նա։

Դուրս վազեց բակը և սկսեց այնտեղ ցատկռտել ու ինչպես խփում են ֆուտբոլի գնդակին, հարվածում էր թորշոմած խոտերի փնջերին, ինձնից հեռու էր մնում, միայն մերթ ընդ մերթ նայում էր ու քմծիծաղ տալիս։ Արտասանդուղք ելավ Ջիմը, նայեց մեզ և գնաց։ Ֆրենսիսը բարձրացավ ծեր մի մոզայի վրա և նորից իջավ, ձեռքերը խրեց գրպանը, սկսեց բակում ետ ու առաջ քայլել։

― Ըհը՜մ,― ասաց նա։

Ես հարցրի, թե ի՞նչ է իրեն պատկերացնում, չլինի՞ Ջեկ հորեղբայր։ Ֆրենսիսն ասաց՝ կարծեմ, Ջին Լուիզային հրամայել են սուսուփուս նստել և ինձ հանգիստ թողնել։

— Ես քեզ ոչինչ չեմ անում,— ասացի ես։

Նա ուշադիր նայեց ինձ, որոշեց, որ ինձ արդեն խեղճացրել են, ու ցածրաձայն երգեց.

― Նեգրասե՜ր․․․

Այս անգամ ես այնպես հասցրի նրա առջևի ատամներին, որ բռունցքս արյունոտվելու աստիճանի պատռվեց։ Ձախ ձեռքս վնասելով, ես սկսեցի աշխատել աջով, բայց կարճատև։ Ջեկ հորեղբայրը արմուկներս սեղմեց կողքերիս և հրամայեg․

― Զգա՛ստ։

Ալեքսանդրա հորաքույրը պտույտ էր գալիս Ֆրենսիսի շուրջը, իր թաշկինակով սրբում նրա արցունքները, ուղղում մազերը, հետո թփթփացրեց թշին։ Ատտիկուսը, Ջիմը և հորաքրոջս ամուսին Ջիմմին կանգնած էին եղել ետնամուտքում, հենց որ Ֆրենսիսը սկսել էր բղավել, նրանք իսկույն դուրս էին եկել։

― Առաջ ո՞վ սկսեց,— հարցրեց Ջեկ հորեղբայրը։

Ֆրենսիսը և ես ցույց տվինք միմյանց։

― Տատիկ, նա ինձ անվանեց անառակ և սկսեց ջարդել։

― Ղա ճի՞շտ է, Մեծաչքանի, —հարցրեց Ջեկ հորեղբայրը։

— Պարզ է, որ ճիշտ է։

Ջեկ հորեղբայրը նայեց ինձ, և նրա դեմքը ճիշտ և ճիշտ դարձավ Ալեքսանդրա հորաքրոջ դեմքը։

— Ինձ թվում է քեզ զգուշացրել եմ՝ եթե պիտի այդպիսի խոսքեր շպրտես, անախորժություններն անխուսափելի են։ Ես քեզ ասե՞լ եմ։

― Այո, սըր, բայց․․․

— Ահա՛, ուրեմն, այդ անախորժությունները։ Կանգնի՛ր այստեղ։

Ես տատանվում էի, արդյոք, արանքը չճեղե՞մ, և ուշացա․ հենց այն է, ուզում էի փախչել, որ Ջեկ հորեղբայրը ավելի ճարպիկ գտնվեց։ Հանկարծ հենց իմ քթի տակ մի մրջյուն հայտնվեց, նա խոտերի միջով դժվարությամբ քարշ էր տալիս հացի կեղևը։

― Մինչև մահս հետդ չեմ խոսելու։ Զզվում եմ քեզանից, ատում եմ քեզ, երանի շունչդ փչես։

Երևի այդ ամենը Ջեկ հորեղբորը միայն վճռականություն տվեցին։ Ես վազեցի Ատտիկուսի մոտ սփոփանք գտնելու, իսկ նա ասաց՝ ինքդ ես մեղավոր, և ընդհանրապես, վաղուց տուն գնալու ժամանակն է․ ես ոչ ոքի մնաս բարով չասացի, բարձրացա ավտոմեքենայի ետևի նստատեղը, իսկ երբ եկանք տուն, փախա իմ սենյակը և դուռը շրխկացրի։ Ջիմը ուզեց մի ինչ֊որ լավ բան ասել, բայց ես նրան չլսեցի։

Ես զննեցի աղետի հետևանքները, պարզվեց, որ միայն յոթ թե ութ կարմրած փոքրիկ տեղեր կան, և մտածեցի, որ իսկապես, կյանքում ամեն ինչ հարաբերական է, և այդ րոպեին դուռը ծեծեցին։ Ես հարցրի՝ ով է, պատախանողը Ջեկ հորեղբայրն էր։

— Հեռացի՛ր։

Ջեկ հորեղբայրը ասաց՝ եթե ես շարունակեմ այդ ձևով խոսել, նա ինձ նորից կքոթակի, և ես լռեցի։

Նա ներս մտավ, ես գնացի սենյակի անկյունը, դեմքս արի պատին, մեջքս՝ իրեն և կանգնեցի։

― Մեծաչքանի,— ասաց նա,— դու դեռևս ինձ ատո՞ւմ ես։

— Կարող եք նորից քոթակել։

― Երբեք չէի կարծում, թե դու այդպես հիշաչարն ես,— ասաց նա։— Ես քո մասին ավելի լավ կարծիք ունեի, չէ որ ինքդ էլ գիտես, որ արարմունքիդ դիմաց ստացար։

― Ես ոչինչ չգիտեմ։

― Բարեկամս, դու ուրիշներին հայհոյելու իրավունք չունես...

― Դու իրավացի չե՛ս,— ասացի ես,— իրավացի չե՛ս։

Ջեկ հորեղբայրը հոնքերը վեր քաշեց։

― Իրավացի չե՞մ։ Այդ ինչո՞ւ։

― Ջեկ հորեղբայր, դու լավն ես, և ես, հավանաբար, ինչ էլ ուզում է լինի, նույնիսկ հիմա էլ եմ քեզ սիրում, միայն թե դու երեխաներին բոլորովին չես հասկանում։

Ջեկ հորեղբայրը ձեռքերը կանթեց կողքերին և վերից վար նայեց ինձ։

― Այդ ինչի՞ց իմացար, որ ես երեխաներին բոլորովին չեմ հասկանում, Ջին Լուիզա։ Դու հանդուգն ես, հայհոյում ես, ծեծկռտվում...

― Դու ինչո՞ւ ինձ չես լսում։ Ես չեմ պատրաստվում հանդգնություն անել։ Ես միայն ուզում եմ քեզ բացատրել։

Ջեկ հորեղբայրը նստեց մահճակալիս ծայրին, հոնքերը տարավ իրձնց տեղը և նայեց ինձ։

― Դե՛, խոսիր։

Ես որքան ուժս պատեց, օդ հավաքեցի․

― Ահա։ Առաջին, որ դու ինձ չլսեցիր, թույլ չտվեցիր բերանս բացել, անմիջապես հարձակվեցիր։ Երբ ես և Ջիմը կռվում ենք, Ատտիկուսը ոչ միայն Ջիմին է լսում, այլ ինձ էլ է լսում։ Երկրորդը, դու ասացիր՝ երբեք չասել այնպիսի բառեր, եթե նրանք անպայման անհրաժեշտ չեն։ Ֆրենսիսի գլուխը ջարդելը անպայման անհրաժեշտ էր։

Ջեկ հորեղբայրը ծոծրակը քորեց։

— Դե պատմիր տեսնեմ։

― Ֆրենսիսը անվանարկեց Ատտիկուսին, ես էլ նրան հասցրի։

― Ինչպե՞ս անվանարկեց։

― Անվանեց նեգրասեր։ Ես մի կարգին չգիտեմ, թե դա ինչ բան է, միայն թե նա այդպես ասաց․․․ լա՛վ իմացիր, Ջեկ հորեղբայր, թեկուզ ինձ սպանես էլ, թույլ չեմ տա, որ նա Ատտիկուսին վիրավորի։

— Ֆրենսիսը հենց այդպես էլ ասա՞ց։

― Այո՛, սըր, և էլի շատ բաներ։ Որ Աատիկուսը խայտառակում է մեր ամբողջ գերդաստանը, որ ինձ և Ջիմին վայրենացրել է...

Ջեկ հորեղբոր դեմքը այնպիսի արտահայտություն ստացավ, որ ես կարծեցի, թե նորից ճաշս կեփի։ Հետո նա ասաց․

― Ապա տեսնենք,— այդտեղ ես հասկացա, որ նա Ֆրենսիսի ճաշը կեփի։— Թերևս, ես հենց այսօր երեկոյան մեկնեմ այնտեղ։

― Աղաչո՛ւմ եմ, սըր, ինչ որ եղել է, եղել է, թող այդպես էլ մնա, խնդրո՛ւմ եմ։

― Ոչ, ոչ մի բան այդպես չեմ թողնի,— ասաց Ջեկ հորեղբայրը։— Թող Ալեքսանդրան իմանա։ Հարկավոր է լուրջ մտածել... Հապա սպասիր, ձեռքս կընկնի այդ անպիտանը...

― Ջեկ հորեղբայր, խոստացիր միայն մի բան, խնդրում եմ այդ մասին չասես Ատտիկուսին։ Նա... նա մի անգամ ինձ խնդրեց դիմանալ և չզայրանալ, թեկուզ ինչ էլ իր մասին ասեն, և... և թող նա կարծի, թե մենք կռվել ենք մի որևէ ուրիշ բանի համար․․․ Խո՛սք տուր, որ չես ասի, դե, խնդրո՜ւմ եմ․․․

― Բայց ես չեմ ցանկանում, որ Ֆրենսիսը այդ մարսի․․․

― Եվ չմարսեց։ Ջեկ հորեղբայր, գուցե ձեռքս կապես, էլի մի քիչ արյուն է գնում։

― Դե, իհարկե, կկապեմ, պստիկս։ Ամենայն բավականությամբ։ Աշխարհում չկա մի այնպիսի ձեռք, որին վիրակապ դնելը ինձ այսքան բավականություն պատճառի։ Չէի՞ր հաճի անցնել այստեղ։

Ջեկ հորեղբայրը քաղաքավարությամբ խոնարհվեց և ինձ հրավիրեց լոգարան։ Նա լվաց և վիրակապ դրեց մատներիս, ամբողջ ժամանակ պատմելով մի պատվարժան կարճատես ծերուկի մասին, որը Արգանակ անունով մի կատու է ունեցել, այդ ծերուկը քաղաք գնալիս հաշվելիս է եղել մայթի բոլոր ճեղքերը։

― Ահա՛ և բոլորը,— ասաց Ջեկ հորեղբայրը։— Մատնեմատի վրա իսկական լեդիները մատանի են կրում, իսկ քո մատին կլինի սպի։

― Շնորհակալություն, սը՛ր։ Ջեկ հորեղբայր․․․

― Այո, մեմ։

— Ի՞նչ է նշանակում անառակ։

Ջեկ հորեղբայրը նորից սկսեց պատմել մի ինչ֊որ երկար պատմություն՝ մի ծեր պրեմիեր֊մինիստրի մասին, որը համայնքների պալատի նստաշրջանի ամենաբուռն վեճերի ժամանակ, երբ նրա շուրջը քիչ էր մնում բոլորը խելագարվեն, փետուրներ էր փչում և այնպես բարձր, որ ցած չէին ընկնում։ Հավանաբար նա աշխատում էր հարցիս պատասխանել, բայց ստացվում էր ինչ֊որ անհասկանալի։

Հետո, երբ իմ քնելու ժամանակն էր, ես ցած իջա ջուր խմելու և միջանցքից լսեցի, որ հյուրասենյակում Ջեկ հորեղբայրն ու Ատտիկուսը խոսում են։

― Ես երբեք չպիտի ամուսնանամ, Ատտիկուս։

― Ինչո՞ւ։

― Հանկարծ երեխաներ ծնվեն․․․

― Այն ժամանակ դու ստիպված կլինես շատ բան սովորել, Ջեկ,— ասաց Ատտիկուսը։

― Գիտեմ։ Քո աղջիկն այսօր ինձ առաջին դասերը տվեց։ Նա ասաց, որ ես երեխաներին բոլորովին չեմ հասկանում, և բացատրեց ինչու։ Եվ նա միանգամայն իրավացի է։ Ատտիկուս, նա բացատրեց, թե ես ինչպես պետք է վարվեմ իր հետ․․․ աստվա՛ծ վկա, ես սաստիկ ցավում եմ, որ նրան ապտակեցի։

Ատտիկուսը փնչացրեց․

― Նրան միանգամայն տեղին էր ապտակը, այնպես որ, թող քո խիղճը հանգիստ լինի։

Ես տեղումս քարացա․ հանկարծ Ջեկ հորեղբայրը վերցնի ու Ատտիկուսին պատմի... Բայց նա չպատմեց, միայն քրթմնջաց․

― Նա շատ հարուստ բառապաշար ունի։ Բայց հայհոյական խոսքերի կեսը նա ասում է իմաստը չհասկանալով։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ է նշանակում անառակ։

― Դու բացատրեցի՞ր։

― Ո՛չ, ես նրան պատմեցի լորդ Մելբուռնի մասին։

― Երբ երեխան մի որևէ բան հարցնում է, Ջեկ, հանուն բոլոր սրբությունների, խոսքը կտուրը մի գցիր, այլ պատասխանիր։ Եվ լեզուդ էլ ատամներիդ ետև մի պահիր։ Երեխան երեխա է, բայց նա մեզանից պակաս չի զգում խորամանկությունը, հնարանքով դուրս պրծնելը և յուրաքանչյուր այդպիսի բան ճանապարհից շեղում է նրան։ Ոչ,— մտախոհ շարունակեց հայրս,— այսօր նրան պատժել հարկավոր էր, բայց թե ոչ դրա համար։ Ամեն մի երեխա որոշակի հասակում սկսում է հայհոյել, բայց երբ հասկանում է, որ դրանով ոչ ոքի չի զարմացնի, դա ինքն իրեն անցնում է։ Իսկ ա՛յ, դյուրագրգռությունը ինքն իրեն չի անցնում։ Աղջիկը պետք է իրեն բուռը հավաքել սովորի, և որքան շուտ, այնքան լավ, նրան սպասում են մի քանի ծանր ամիսներ։ Մի խոսքով, նա կամաց֊կամաց կխելոքանա։ Ջիմը մեծանում է, և նրանից օրստօրե շատուշատ բան է օրինակ վերցնում։ Մեծաչքանուն պետք է միայն երբեմն-երբեմն օգնել։

― Ատտիկուս, բայց ախր դու նրան մատով անգամ դիպած չկաս։

― Խոստովանում եմ, որ այո։ Մինչև այժմ բավական է եղել սոսկ սպառնալը։ Նա ամբողջ հոգով ջանում է ասածներս կատարել, Ջեկ։ Դա միշտ չէ, որ նրա մոտ ստացվում է, բայց նա շատ է ջանում։

― Բայց գաղտնիքը չէ՞ որ դրանում չէ,— ասաց Ջեկ հորեղբայրը։

― Ո՛չ, գաղտնիքը այլ բանում է։ Նա գիտե, որ ես հասկանում եմ, թե ինքը ինչպես է ջանում։ Իսկ դա շատ կարևոր է։ Վատն այն է, որ շուտով նա և Ջիմը ստիպված են լինելու ճաշակել զանազան նողկանքներ։ Հուսով եմ, որ Ջիմը բավականաչափ տոկունություն կունենա, բայց Մեծաչքանին․․․ երբ դիպչում են նրա ինքնասիրությանը, անմիջապես տուրուդմբոց է սարքում․․․

Ես մտածեցի, որ այդտեղ Ջեկ հորեղբայրը չի լռի։ Բայց նա այդ անգամ էլ խոստումը պահեց։

― Իսկ շա՞տ վատ է լինելու, Ատտիկուս։ Դու մի կարգին չես պատմել։

― Դրանից վատը պատկերացնել անհնար է, Ջեկ։ Մեզ մոտ միայն կան նեգրի ցուցումները ընդդեմ Յուելների ցուցումների։ Ամեն բան հանգում է նրան, որ մեկը պնդում է, թե դու այդ արել ես, իսկ մյուսը՝ թե ոչ, չեմ արել։ Եվ ինչ խոսք, ատենակալները կհավատան ոչ թե Թոմ Ռոբինսոնին, այլ Յուելներին․․․ Դու պատկերացում ունե՞ս Յուելների մասին։

Ջեկ հորեղբայրը ասաց՝ այո, հիշում եմ, և սկսեց Ատտիկուսին նկարագրել, թե ինչպիսին են նրանք։ Բայց Ատտիկուսը ասաց․

― Դու մի ամբողջ սերունդ ետ ես մնացել։ Ընդ որում, հիմիկվա Յուելները ոչնչով լավ չեն նախկիններից։

― Հապա ի՞նչ ես մտադիր անել։

― Նախքան այն, որ ինձ կջարդեն, ես միտք ունեմ թափ տալ ատենակալներին և առաջացնել տարաձայնություն... ընդ որում, ի հավելումն դրա, մենք տվյալներ ունենք բողոքարկման համար, ճիշտ է, հիմա դեռ վաղ է որևէ բան ասելու համար, Ջեկ։ Գիտես ինչ, ես հուսով էի, որ ինձ երբեք չէր վիճակվելու ստանձնել մի այդպիսի գործ, բայց Ջոն Թելլորը մատնացույց արեց ուղղակի ինձ և ասաց, որ այդ գործում ես եմ հարկավոր և ոչ այլ ոք։

― Իսկ դու հույս ունեի՞ր, որ կխուսափես այդ դառնության բաժակից։

― Այո, բայց քո կարծիքով ես կկարողանայի՞ նայել իմ երեխաների աչքերին, եթե հրաժարվեի։ Դու ինքդ էլ գիտես, թե այդ ինչով է վերջանալու, Ջեկ, և թող աստված նրանց զորություն տա, որ դիմանան այդ ամենին, որ նրանց հոգին չդառնանա, իսկ գլխավորը՝ չվաստակեն մեյկոմբյան վաղեմի հիվանդությունը։ Չեմ հասկանում, թե ինչու են խելահաս մարդիկ ընկնում կատաղի խելագարության մեջ, երբ գործը վերաբերում է մի որևէ նեգրի... Պարզապես հասկանալ չեմ կարողանում։ Միայն մի հույս կա, որ Ջիմն ու Մեծաչքանին բոլոր հարցերով կդիմեն ինձ և ոչ թե ականջ կկախեն, թե ինչեր են դուրս տալիս քաղաքում։ Հուսով եմ, որ նրանք բավարար չափով ինձ հավատում են... Ջի՛ն Լուիզա։

Ես վեր թռա։ Նայեցի դռնից։

― Այո՛, սըր։

― Գնա՛ քնիր։

Ես վազեցի իմ սենյակը և պառկեցի։ Որքան լավն է Ջեկ հորեղբայրը, ինձ չմատնեց։ Բայց Ատտիկուսը ինչպե՞ս գուշակեց, թե ես իրեն ականջ եմ դնում։ Միայն շատ տարիներ հետո ես հասկացա․ նա խոսում էր ինձ համար, նա ցանկանում էր, որ ես լսեի իր ամեն մի բառը։

Գլուխ 10

Գլուխ 11

Գլուխ 12

Գլուխ 13

Գլուխ 14