Սուն Լուտանի հարվածները

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուն Լուտանի հարվածները

հեղինակ՝ Չժան Յունան
թարգմանիչ՝ Պավել Ճաղարյան (չինարենից)
աղբյուր՝ [[1]]

Հազար ինը հարյուր քսանմեկ թվականի գարունն էր: Պեկինի հին թաղամասում դեռևս վերջերս ամենուրեք տարածված ձնակույտերից ոչինչ չէր մնացել, և միայն սառը հյուսիսային քամին էր շարունակում հիշեցնել անցած ձմռան մասին: Չանան փողոցը լի էր ամենտարբեր կոստյումներ և զգեստներ հագած տղամարդկանցով և կանանցով: Անկյուններում հանդիպում էին միայնակ աղքատներ` պատառոտված շորերով: Ամբոխի մեջ թափառող վաճառականները բարձրաձայն գովաբանում էին իրենց ապրանքը: Երկու տղա դուրս վազեցին մեծ շենքից` ձեռքերում բռնած թարմ լրագրերի տրցակներ: Իրենց զիլ ձայներով նրանք սկսեցին ձայնել այցելուներին.

- Տիկնայք և պարոնայք, խնդրեմ, գնեք «Շենչժոու ժիբաո»-ի նոր համարը… Ճապոնացի սամուրայը, Տայշո կայսեր թիկնապահը, զորեղ մարտիկը, ժամանել է Պեկին, որպեսզի գոտեմարտ կազմակերպի և խորտակի չինական մարտարվեստի աշխարհը, հաղթի «Ասիայի հիվանդ մարդկանց»… Հարևան նրբանցքի համար 10 տան մուտքի սև դուռը կտրուկ բացվեց: Լի Վենբյաոն լայն, արագ քայլերով դուրս եկավ փողոց, նրան կրնկակոխ հետևում էին Ցի Գունբոն և Սուն Չժենչուանը: Ցի Գունբոն մեկնեց մեծ ձեռքը և իր լայն ափով փակեց լրագրավաճառի ճանապարհը: Մինչ նա մանչուկի ձեռքի մեջ կխցկեր մի քանի մանրադրամ, Սուն Չժենչուանը արդեն լրագիրը պահում էր իր ձեռքերում: Նրանք երկուսով սկսեցին ուշադրությամբ կարդալ գլխագրերը: Դրանցից մեկն ասում էր. «Ճապոնացի սամուրայը, Տայշո կայսեր թիկնապահը, զորեղ մարտիկը, ժամանել է մայրաքաղաք, որպեսզի մարտնչի վարպետ Սուն Լուտանի հետ»: Արագորեն կարդալով հոդվածը՝ նրանք դարձան Լի Վենբյաոին.

- Վարպետ Վենբյաո, նայեք այստեղ:

Լի Վենբյաոն միայն մրմնջաց.

- Իրոք, ամեն ինչ ճիշտ է:

Ցի Գունբոն ամուր սեղմեց բռունցքները և դողացող ձայով դիմեց Լի Վենբյաոին.

- Վարպետ, իմ ուսուցիչն արդեն վաթսունն անց է, բացի այդ վերջերս մահացավ մեր ավագ եղբայրը: Դուք պետք է համոզեք ուսուցչին, որ նա ինձ թույլ տա փոխարինել իրեն ճապոնացու հետ մարտի ժամանակ:

Սուն Չժենչուանը, աչքերն աղերսանքով լի, ավելացրեց.

- Վարպետ, ավագ եղբայր Գունբոն ճիշտ է ասում: Այս գործում մենք պետք է փոխարինենք ուսուցչին և ինքներս մարտնչենք ճապոնացու հետ: Ուսուցիչն արդեն երիտասարդ չէ և դեռ չի մոռացել որդու կորուստը: Հանգամանքների այս անսպասելի դասավորությունը…

Լի Վենբյաոյի դեմքը արյունով լցվեց. իրավիճակը նրա համար պարզ էր: Կես տարի էլ չէր անցել, որ վարպետության մեջ նրա ավագ եղբայրը կորցրել էր որդուն դժբախտ պատահարի հետևանքով: Դա ուժեղ հարված էր նրա հոգեվիճակին, ինչից նա դեռ չէր  ապաքինվել և այդ պատճառով էլ ճիշտ կլիներ, եթե խուսափեր խուսափեր մարտից: 

Բակի կենտրոնում Սուն Լուտանը, երկար ավանդական ճերմակ զգեստ հագած, կատարում էր Տայցզիցյուանի հարվածները: Նրա շարժումները բնական էին: Շարժումները տարբերվում էին շրջայնությամբ, կենդանությամբ, հստակությամբ և սեղմվածությամբ: Տեղաշարժերը` շարժունությամբ և փոփոխականությամբ: Սահունությունը և ճկունությունը ներդաշնակվում էին անսպասելիության և արագության հետ: Չնայած իր տարիքին, նա լեցուն էր կենսական ուժով: Նրա թափանցող հայացքի մեջ արտացոլվում էր անդորրի ծովը:

Մտնելով բակ, Լի Վենբյաոն և երկու ընկերները կանգ առան և սկսեցին ուշադրությամբ հետևել Սուն Լուտանի հստակ շարժումներին: Դիրքերը փոխարինում էին միմյանց. «Սպիտակ կռունկը բացում է թևերը»` ձգելով ծունկը, նա կատարում էր «կոտրված» քայլ, շարժվում առաջ` կասեցնելով հարվածը, շարժվում հետ, «Ծուլորեն կոճկել հագուստը»` պտույտ, բացում, փակում…

- Հայրիկ, ճապոնացի դևը եկել է, որպեսզի մարտնչի քեզ հետ, հապա նայիր, - Սուն Շուտինը մոտեցավ հորը և լրագիրը մեկնեց նրան: Աղջկա ութ տարին նոր էր լրացել: Նրա պարզամիտ դեմքը հուզմունք էր արտահայտում: Սուն Լուտանը վերցրեց դստեր ձեռքից լրագիրը, նայեց նրան և ասաց. «Վերջերս Տոկիոյում կայացել էր մարտական արվեստների առաջին համաճապոնական առաջնությունը: Այս ճապոնացին այնտեղ իրար հետևից նվաճել էր երեք ոսկե մեդալ: Սակայն այստեղ՝ Չինաստանում, նրան կտամ միայն փայտի կտորի վրա գրած թիվ»: Այս բառերի հետ նա բարձր ծիծաղեց: Լի Վենբյաոն արագ մոտեցավ Սուն Լուտանին և հուզմունքով ասաց.

- Ավագ եղբայր, մենք արդեն տարեց ենք և պիտի զգուշությամբ մոտենանք բռունցքի մրցումներին, այդ պատճառով էլ Գունբոն, Չժենչուանը` մենք…

Լի Վենբյաոն, Ցի Գունբոն և Սուն Չժենչուանը աղերսանքով նայեցին Սուն Լուտանին: Լի Վենբյաոյի աչքերում արցունքներ երևացին, կոկորդում ասես գունդ էր կանգնել. նա ասաց. 

- Ավագ եղբայր, անցել է կես տարի այն դժբախտ պատահարից, որն այնքան ազդեց քո հոգեվիճակի վրա… Դու պետք է մտածես…

Սուն Լուտանի աչքերը փայլեցին և նա՝ ձայնի մեջ խորը թախծով ասաց.

- Որդու կորուստն այս տարիքում իսկապես մեծ դժբախտություն է: Բայց այդ դժբախտությունը վերաբերում է միայն իմ ընտանիքի անդամներին: Ճապոնացու ժամանումը և բռունցքի մրցումը իրադարձություն է, որը վերաբերում է ողջ երկրին: Ես համառորեն ուսումնասիրում էի մարտական արվեստները իմ կյանքի ընթացքում, ցանկանալով փոխանցել մեր ժողովրդի ժառանգությունը և ուսուցանել հնարավորինս շատ հայրենակիցների, որպեսզի նրանք կարողանան ուժեղ մարդիկ դառնալ: Շատ տարիներ անցան. սակայն մեր երկիրը զուրկ է զարգացումից, մեր հասարակության բարոյական ոգին անկում է ապրել: Ես պիտի մասնակցեմ օտարականի հետ մրցմանը, պաշտպանեմ իմ ազգի հեղինակությունը, բարձրացնեմ ազգային ոգին:

Բոլոր հյուրանոցներում, որտեղ կանգ էր առնում ճապոնացի մարտիկը, նրան անմիջապես շրջապատում էին լրագրողները: Արդեն երրորդ օրն, ինչ նա գտնվում էր մայրաքաղաքում: Խոշոր և բարձրահասակ, հագած ձյուդոյի սպիտակ կիմոնո, ձեռքերը խաչած կրծքին և աչքերը կիսափակ, նա կանգնել էր մեծ սենյակի կենտրոնում և պատասխանում էր լրագրողների հարցերին: Թարգմանիչն ասում էր.

- Չեմպիոնն ասում է. ես եկել եմ Չինաստան, որպեսզի հաղթեմ չինական մարտական արվեստի տարբեր դպրոցների վարպետներին, սակայն սկզբում ես պատրաստվում եմ հաղթել Սուն Լուտանին, քանի որ այդպես է կայսեր ցանկությունը: Ես նաև պատրաստվում եմ այցելել Նանցզին, Շանհայ և հաղթել տեղացի բոլոր վարպետներին: Չնայած, ես «Ասիայի հիվանդ մարդկանց» նկատմամբ տարած հաղթանակը չեմ համարի մեծ նվաճում:

Արդեն ուշ երեկոյան լուսնի լույսի տակ Սուն Լուտանը բակում մարզվում էր Ութ Եռատողերի թրով: «Վիշապի բռունք» կոչվող հին թուրը նրա ձեռքերում փայլում էր արծաթագույն լույսով: Հարվածները հաջորդում էին միմյանց` համաձայն Ութ Եռատողերի օրենքի: Սուն Լուտանն անսպասելիորեն կանգ առավ և գետնին դրեց հին թուրը: Մտորումների մեջ նա բարձրացրեց հայացքը և նայեց լուսնին: Տան մեջ տիկին Սունը` Չժան Չժաոսյանը, վեր կացավ աթոռից, մոտեցավ լուսամուտին և ծանր սրտով նայեց ամուսնուն: Նա լսեց, թե ինչպես ամուսինը հոգոց հանեց և հասկացավ, որ ինչ-որ զգացմունքներ ստիպում են նրան ներքուստ տագնապել: Սուն Լուտանը հասկանում էր, որ այդպիսի բնավորությունը ուժեղ խոչընդոտ կարող է լինել վաղվա մարտի համար: Նա դրսից մոտեցավ տան պատուհանին և սասաց կնոջը.

- Ինչու՞ ես տրտմում: Թող դեմքի այդ արտահայտությունը ճապոնացուն: Չնայած նրա ինքնավստահությանը, նա ուշադրություն է դարձնում միայն կոպիտ ուժին:

Այս ասելով, նա վերցրեց գետնից շաքարեղեգնի մի կտոր և երկու ծայրերից բռնելով` ճարճատյունով ջարդեց դրանք: Այնուհետև նա ծիծաղելով ավելացրեց. - Մի անհանգստացիր, ես գիտեմ, թե ինչպես հաղթել ճապոնացուն:

Չժան Չժաոսյանը ոչինչ չէր ասում, միայն գորովանքով նայում էր ամուսնուն: Սուն Լուտանն անկեղծությամբ արտասանեց.

- Վաղվա մարտը հուզում է ողջ երկիրը: Հիմա չի կարելի մեր երկիրն անվանել ծաղկող: Ժողովրդական զգացմունքները ոգեշնչման կարիք ունեն: Մարտում տարած հաղթանակը կամ պարտությունը փոքր իրադարձություններ են: Եթե ես կորցնեմ դեմքս որպես Սուն Լուտան, դա նույնպես փոքր իրադարձություն կլինի: Սակայն եթե դեմքը կորցնի երկիրը… Միտքն այդ մասին իմ ուժերն անհատում է դարձնում: Սուն Շուտինը դուրս եկավ տնից և մոտեցավ հորը: Ամուր սեղմելով իր փոքրիկ բռունցքները, նա ասաց.

- Հայր, մարտական արվեստի գրքի մեջ ասվում է. «Նայիր հակառակորդիդ որպես մոլախոտի: Հարվածիր, ասես զբոսնում ես»: Չնայած այդ ճապոնացին շատ խոշոր է թվում քո համեմատ, ես կարծում եմ, որ նա միայն մոլախոտ է քո համար և դու այն արմատահան կանես:

Սուն Լուտանը բարձր ծիծաղեց և ժպտալով ասաց.

- Վաղը դու կտեսնես, թե ինչպես է հայրդ արմատից պոկում այդ մոլախոտին:

Մեծ սրահում, նոր պատրաստված մրցահարթակի շուրջ շատ մարդ էր հավաքվել: Լի Վենբյաոն, Սուն Չժենչուանը, Ցի Գունբոն, փոքրիկ Շուտինը նստել էին առաջին շարքում և անհամբերությամբ սպասում էին մարտի սկզբին: Հանգստի սենյակում Սուն Լուտանին շրջապատել էին լրագրողները: Մի ճապոնացի լրագրող սառնորեն հարցրեց.

- Միթե՞ Դուք չգիտեք, որ չեմպիոնի ուժին հավասարը չկա:

Սուն Լուտանի աչքերը փայլեցին, նա ասաց.

- Ես միայն գիտեմ, որ չինական ոսկորը չափազանց ամուր է այդ ուժի համար:

Չինացի լրագրողը, ով քաջատեղյակ էր Սուն Լուտանի հեղինակությանը, հարցրեց.

- Վարպես Սուն, ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչն է Ձեզ այդքան խիզախություն տալիս:

Վարպետը պատասխանեց.

- Պետք է պաշտպանել ազգային արժանապատվությունը, պետք է բարձրացնել հայրենակիցների ոգին, պետք է մաքրել «Ասիայի հիվանդ մարդկանց» ազգային անպատվությունը:

«Շենչժոու ժիբաո» օրաթերթի լրագրողն սկսեց իր հարցը.

- Ձեր հայրենասիրական ոգին արժանի է մեծ հարգանքի: Սակայն ինչ կլինի, եթե ամոթալի պարտության արդյունքում…

Սուն Լուտանը ծիծաղեց, ընդհատեց լրագրողի հարցը և ժպտալով, կրկնեց. 

- Ամոթալի պարտության արդյունքու՞մ: Ցավոք սրտի, մեր սիրելի «Շենչժոուն» այսօր ճաքեր է տալիս բոլոր կողմերից: Ինչո՞ւ ես, Սուն Լուտանս, պիտի մտածեմ ամոթալի պարտության մասին: Ես առաջարկում եմ պարոնայք լրագրողներին ուշադրությամբ գրառել այն, ինչը կհայտնվի վաղվա լրագրերի առաջին էջում. «Ճապոնացի չեմպիոնը, Տայշո կասյեր թիկնապահը, զորեղ մարտիկը, ժամանել էր Չինաստան մարտնչելու համար, սակայն հաղթվել է և հետ վերադարձել»:

Որոշ ժամանակ անց լսվեց կոչնակի ձայնը: Սրահի ժխորն ակնթարթորեն դադարեց և բոլոր ներկաների հայացքն ուղղվեց մրցահարթակին: Չեմպիոնը բարձր գոռոցով նետվեց Սուն Լուտանի վրա, որը կատարելապես լուռ կանգնած էր Սանտի դիրքում: Հայացք նետելով հարձակվողի վրա, Սուն Լուտանը կայծակնորեն մի կողմ քաշվեց և օգտագործելով «Կանաչ վիշապը շրջվում է» շարժումը` խուսանավեց հակառակորդի հարձակումից: Հակառակորդը խուժեց դատարկության մեջ, սակայն պահպանելով հավասարակշռությունը, շրջվեց և փորձեց հարված հասցնել երկու ձեռքով` դրա մեջ հսկայական ուժ դնելով: Սուն Լուտանը մի ակնթարթում օգտագործելով Բագուայի տեղաշարժը և երկու «լյանհուան» ափերը` անցավ հակառակորդի թիկունք: Սակայն նա, արձագանքելով այդ շարժմանը, գոռոցով ոտքով հարված կատարեց դեպի հետ: Սուն Լուտանը վերջին պահին կողքի թեքվեց` փորձելով խուսափել հարվածից: Սակայն չեմպիոնը, ըմբռնելով շարժումը, առանց իջեցնելու ոտքերը, կտրուկ փոխեց հարվածի ուղղությունը և ներդրեց իր ողջ ուժը ողնաշարին ուղղված շրջանաձև հարվածի մեջ: Հավաքվածների մեջից տարբեր կողմերից լսվեցին վախի բացականչություններ: Սուն Լուտանը, օգտագործելով թեթևության արվեստը, բարձրացրեց ցին և «Ծիծեռնակը թափանցում է ամպի մեջ» թռիչքով կասեցրեց չեմպիոնի ջանքերը: Դա շփոթեցրեց հակառակորդին, նա չկարողացավ պահել հավասարակշռությունը և ընկավ մրցահարթակի վրա: Հավածքվածների մեջից լսվեցին հիացական բացականչություններ և ճիչեր: Չեմպիոնը կրկին և կրկին հարվածներ էր հասցնում դատարկության մեջ, ամեն անգամ կատաղորեն նետվելով Սուն Լուտանի վրա: Սուն Լուտանը շարժվում էր վստահ և հստակ, առանց փոքր ինչ հուզվելու: Նա շփոթեցնում էր հակառակորդին կայծակնային շրջանաձև տարաշարժերով` հայտնվելով կամ մոտ կամ հեռվում, գործելով մերթ բարձրից, մերթ ցածրից: Դա զրկեց հակառակորդին իր առավելություններից՝ նվազեցնելով նրա քաջությունը: Հիմա նրան թվում էր, թե Սուն Լուտանը անհասկանալիորեն մերթ հայտնվում է, մերթ անհայտանում: Նա դադարեցրեց անընդհատ նետվել վարպետի վրա: Նրա աչքերի առաջ օղակներ էին հայտնվել, շնչառություն մեջ տատանումներ կային, հոգում` աններդաշնակություն:

Սուն Լուտանը, որոշելով, որ ժամանակը եկել է, ներշնչվեց և դրսևորելով Սինյիցյուանի արագությունը և անսպասելիությունը, կիրառելով կոշտ ջանքը` գանցզինը, սկսեց հարձակվել հակառակորդի վրա: Հոգնած չեմպիոնն արդեն չկարողացավ դիմակայել ճնշմանը: Սկզբից կրծքին, իսկ հետո մեջքին մեկը մյուսի հետևից նրա վրա թափվում էին հարվածները: Բարձր գոչյունով նա մի քանի նահանջի արագ քայլ կատարեց հետ և փոխելով մարտավարությունը` սկսեց կիրառել պաշտպանությունը հարձակման համար: Սուն Լուտանը ուժեղացրեց հարձակումը: Նրա հարձակումն իր ձևով զոհին հետապնդող գիշատչի էր հիշեցնում, իսկ ոգով`մուկ բռնող կատվի: Հավաքվածներին համակեց ուրախալի ոգևորության հոսանքը:

Հանկարծ Սուն Լուտանի ձեռքը հայտնվեց չեմպիոնի ամուր աքցանի մեջ: Չեմպիոնի սիրտը լցվեց մեծ ուրախությամբ: Օգտագործելով իր ամբողջ մարմնի զորությունը, նա ուժով ձգեց բռնված ձեռքը` ցանկանալով կոտրման հնարք կատարել: Հետևելով հակառակորդի ուժի ուղղվածությանը, Սուն Լուտանի ձեռքը, ասես ոսկորներ չունենալով, ճկունորեն թեքվեց և ազատվեց բռնվածքից: Չկարողանալով ուշքի գալ այդ անսպասելիությունից, հակառակորդը հարկարծ զգաց, թե ինչպես է սեփական ձեռքը ուժեղ ոլորվում, ասես այն պատվում է ամուր պողպատե լարով, ստիպելով իր ողջ մարմնին կորանալ և շարժվել ներքև: Հավաքելով ողջ ուժերը, չեմպիոնը փորձեց ազատ ձեռքով հարված հասցնել վարպետի կրծքին: Սակայն նախանշված թիրախի փոխարեն նրա ձեռքը հարվածեց դատարկության մեջ: Սուն Լուտանը, օգտագործելով «չորս լյանը պտտեցնում են հազար ցզին» հնարքը, խուսափեց հարվածից և անմիջապես դիմադարձ հարված հասցրեց ոտքով հակառակորդի որովայնի ներքին մասին: Այդ հարվածից հակառակորդը կռացավ և մեծ շենքի նման ընկավ մրցահարթակի հատակին: Նա տենդորեն փորձում էր բարձրանալ, բայց անհաջող: Միայն որոշ ժամանակ անց նրան դժվարությամբ հաջողվեց ոտքի կանգնել: Լսվեց կոչնակի ձայնը, սրահը լցվեց ծափահարությունների ձայով և հիացական բացականչություններով:

Չանան փողոցը լուսավորվեց ծագող արևի առաջին շողերով: Նոր լրագրերի տրցակներով տղաների խումբը դուրս վազեց մայթ:

- Ուրախացեք լավ լուրով, բռունցքի վարպետ Սուն Լուտանը գլխովին ջախջախեց ճապոնացի չեմպիոնին, - մանչուկների ձայները հասնում էին Սուն Լուտանի տանը: Լի Վենբյաոն, Ցի Գունբոն, Սուն Չժենչուանը ուրախ ժպտացին: Սուն Լուտանը կատարում էր Տայցզիցյուանի հարվածները, փոքրիկ Շուտինը ջանասիրաբար կրկնում էր հոր հետևից. «Սպիտակ կռունկը բացում է թևերը», «քշել կապկին», «ծուլորեն կոճկել հագուստը», պտույտ, բացում, փակում…