Changes

Յիշիր պատերազմը

Ավելացվել է 85 349 բայտ, 09:11, 24 Հունիսի 2017
Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայութիւնը պէտք է լծի իր ինքնապաշտպանութեան ու բախտի կառքին՝ յետ այսու, որպէս ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ''ռազմարուեստ'', ''ցեղային ինքնաճանաչութիւն'' եւ ''ցեղային բարոյական''։
 
 
==III: Ռազմարուեստ (ճակատամարտի հոգեբանական կողմը)==
 
Մեր օրերում այլեւս ոչ ոք է ժխտում պատերազմի հոգեբանական կողմը, ինչպէս եւ ոչ ոք է ընդունում, թէ զինուորը աւելի չէ քան մի կենդանի մեքենայ։
 
Նուաճումների մասին երազող սպան պիտի սովորի նախ նուաճել իր զինուորների սիրտը, իսկ այդ բարոյական յաղթանակի համար՝ նա ընդունակ պիտի լինի, տարրական ռազմարուեստ ուսուցանելուց զատ, ղեկավարել գիտնալ նաեւ նրանց ներքին, հոգեկան կեանքը։
 
Չկայ աւելի սխալ, բարբարոս եւ բարոյազուրկ կարծիք քան այն, թէ պատիժներով կարելի է ուղղել մարդը. ինչպէս աւելի միամիտ կարծիք քան այն, թէ ձեւական օրէնքի ուժով կարելի է ստիպել զինուորին նետուելու մահուան գիրկը։
 
''Անհատն ուզում է գիտենալ, թէ ինչո՞ւ է մեռնում'', թէ ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կեանքը։ Դա մեռնողի սրբազան իրաւունքն է, որ պէտք է յարգուի իր ղեկավարների կողմից։
 
''Զօրքը, որպէս ազգամիջեան պայքարի գործիք, հոգի ունեցող հաւաքական մարմին է եւ ոչ մեռեալ մեքենայ։''
 
Սպայ եւ զինուոր պէտք է լրացնեն զիրար, նրանցից ամէն մէկը կատարում է ազգային ընդհանուր պարտականութեան իր բաժինը։
 
Հրամայել ու հնազանդուել՝ երկու համարժէք երեւոյթներ են, հաւասարապէս անհրաժեշտ բանակի գործառնութեանց համար։
 
Մէկը հրամայում է, զոհաբերութիւն պահանջում մի գերագոյն հեղինակութեան անունով, միւսը հնազանդւում է յանուն այդ միեւնոյն հեղինակութեան։
 
Այսպէս անձնական չէ պետի իշխանութիւնը, ինչպէս եւ զինուորի հնազանդութիւնը։
 
Ասել է՝ կայ մի ''երրորդը, որի անունով մէկը հրամայում է միւսը ենթարկւում''։
 
''Ցեղն է այդ երրորդը, որի համար զինուորն ու զօրավարը''՝ եթէ հաւասար ուժեր չեն, ապահովաբար արժէքներ են, երբ կը զոհաբերուին։
 
Զինուորը, որն երէկ գրեթէ ծառայ էր, այլեւս պէտք է համարուի սպայի ինքնագիտակից աշխատակիցը։
 
Նուիրապետական ստորադրելիութիւն ասելով այլեւս պէտք է հասկանալ աշխատակցութիւն եւ ոչ ծառայականութիւն։ Ահա՛ թէ ո՞ւր է զինուորական ծառայութեան վեհութիւնը։
 
 
'''Ռազմական Դաստիարակութիւն'''
 
Ոչինչ արժեն նիւթեղէն ամրութիւնները մի երկրի համար, եթէ նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն։
 
Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց ոգին։
 
Խօսքերիս վկայ՝ մեր անմահ Վարդանակերտը, ուր մի բուռ հայերի անպարտելի արիութիւնը սրբեց թշնամո՛ւ հազարեակները եւ թափեց Երասխը։ Վկայ՝ Մարաթոնը, ուր հազարի չափ յոյներ ծառացան պարսից բանակների դէմ եւ յաղթանակեցին. վկայ՝ Ֆրիդրիխ Մեծի վարած ճակատամարտը Լաուտէնի մօտ, ուր թուապէս հինգ անգամ նւազ ոյժերով նա ոչնչացրեց աւստրիական բանակը։ Հապա լեհական մանգաղաւորնե՞րը, որոնք յաճախ անզէն բազուկներով լռութեան կը դատապարտէին ռուսական հրետանին։ Հապա Պիոն-Կոպի դէ՞պքը, ուր բուրերը եօթնիցս նուազ ոյժերով յարձակուեցին անգլիական մի զօրամասի վրայ եւ ոչնչացրին այն։
 
Բայց ինչո՞ւ շարունակել ծաղկաքաղը հերոսական օրինակների։ Աճապարենք հարցնել, թէ ինչո՞ւմն է մէկը՝ եօթին, հարիւրը հազարին յաղթելու գաղտնիքը։
 
— Դա պէտք է փնտռել յաղթականի ռազմական, անձնուէր ոգու մէջ։
 
Յաղթութիւնը ժպտում է ռազմիկին, որ գիտէ աներկիւղ աչք աչքի գալ մահուան հետ։
 
Յաղթութիւնը ժպտում է նրան, ով գիտէ ժպտադէմ մեռնելու աստուածային գաղտնիքը։
 
'''* * *'''
 
Ամէն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինուորներից, որքանի ընդունակ է ինքը։ Միայն այնքան անվեհերութիւն եւ անձնազոհութիւն, որքանի ընդունակ է ինքը, եւ ոչ աւելին։ ''Եւ ուր վերջանում է լաւ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինուորը''։
 
Իր կաշուի համար դողացող անարին մահուան երեսին ծիծաղող արի զինուոր չի ունենայ։
 
Ինչպէ՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ եւ վայրկեանը հրամայում են մեռնել։
 
Ինչպէ՞ս կարելի է անձնապէս վայելել այն կեանքը, որը զլացար զոհաբերել աստուածներիդ՝ հայրենիքիդ եւ ազգիդ։ Փոքրոգութեան չափ յիմարութիւն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կեանքիդ զոհաբերութեամբ անմահութիւն ձեռք բերել։ Դժբախտութիւն չէ՞ չհասկանալ, թէ մի օր ''ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է''։ Անմտութիւն չէ՞ կարծել, որ եթէ չընկար կռւում, մի օր, մի ժամ, գուցէ եւ մի վայրկեան յետոյ չես մեռնի կռուից դուրս «խաղաղ պայմաններում»։
 
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կայ, երբ պէտք է մեռնել։ Եղի՛ր տէրը կեանքիդ, որը չգիտես տարինե՞ր թէ վայրկեաններ պիտի տեւէ։
 
«''Լաւ է մեռնել՝ ապրելու, քան թէ ապրել մեռնելու համար''»։
 
Հայ սպայ, սրիդ վրայ գրիր իմ այդ խօսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ եւ արիացուցիչ դաստիարակութիւնն է, որ ոյժ պիտի տայ քեզ եւ զինուորիդ՝ ուրախ լինելու եւ մահուան հանդէպ, յաղթելու եւ մահը։
 
 
'''Արուեստից Արուեստը'''
 
Կայ արուեստից արուեստը, որին անծանօթ զօրավարը միայն դիպուածով կարող է դափնիներ շահիլ։ Մարդկային սիրտը ճանաչելու եւ այն վարելու արուեստն է դա։
 
''Զուտ հոգեբանօրէն վերցրած ճակատամարտն այլ բան չէ, եթէ ոչ ինքնամարտ''։ Հրամանատարը ինքնաղեկավարութեամբ է ղեկավարում իր զօրամասը։ Ղեկավարելով ինքն իրեն, իր ներքին հոգեկան աշխարհը՝ նա ղեկավարում է եւ իր զօրամասը։ Պայթեց առաջին գնդակը՝ իրական վտանգի թագաւորութիւնը թեւակոխելու առաջին վայրկեանից մինչեւ ռազմագործողութիւնների դադարը, մինչեւ հաշտութեան կնքումը՝ ղեկավարն ունի մի հատիկ անելիք — ''արի եւ խանդավառ վիճակի մէջ պահել իր զօրամասերի հաւաքական սիրտը''։
 
Առաջնորդը կենդանի խորհրդանշանն է յաղթանակի եւ պարտութեան, փառքի եւ անփառունակութեան, աղբիւրը խանդավառութեան, հոգեբանական գինովութեան, ինչպէս եւ յուսալքումի։
 
Թերթեցէք անուանի ռազմավարների կեանքի եւ գործերի գիրքը եւ պիտի համոզուէք, որ այն բոլորը, որոնք պատերազմի վարպետ անունը եւ արնոտ հետքեր են թողել պատմութեան մէջ՝ եղել են հանճարեղ հոգեբաններ։
 
 
'''Յաղթելու գաղտնիքը'''
 
Մա՛րդը, նրա ստեղծագործ միտքը, նրա կամքը, նրա ոգին է դէպի իրեն թեքում յաղթութեան նժարը։
 
Նիւթական, զէնք, ամրութիւն, յաջող դիրքեր միայն այնքան արժէք ունին, որքան միտք, կամք, ցանկութիւն է դնում մարդը նրանց գործածութեան մէջ։
 
Մա՛րդն է իր յաղթութիւնների եւ պարտութիւնների պատճառը։ Եւ ''յաղթում է նա, որն արդէն յաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդէն յաղթել է ինքն իրեն''։
 
Պարտւում է նա, որ արդէն պարտւած է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից։
 
''Վա՛խն է իրական թշնամին''։
 
Դա աներեւոյթ թշնամին է, երրորդ ոյժը կռուադաշտում։
 
Պատերազմող երկու կողմերը էապէս կռւում են երրորդի դէմ, իսկ այդ երրորդը՝ երկուսի էլ դէմ։ Թշնամի կողմերը էապէս ճգնում են պարտութեան մատնել իրենց սեփական վախը, իրենց սրտի մէջ նստած յամառ թշնամուն։
 
Ջարդելով, խորտակելով իրար, նրանք, միաժամանակ, զինաթափում, գերում են իրենց սեփական վախը։ Եւ ապահովաբար ''յաղթում է նա, որն աւելի շուտ է ինքնայաղթութիւն ստանում'', որն աւելի առաջ է յաղթում իր վախը, իր սարսափը, կեանքին կառչած իր կենդանական բնազդը։
 
Վա՛խը, դա ինքը, մարդ-կենդանին է, որը սիրում է կեանքը եւ ապրելու կոյր ցանկութիւնից մղուած դիմագրաւում է իրեն սպառնացող ամէն մի վտանգ։ Եւ որքան կոյր, այնքան ուժեղ է դա, որ պարտութեան է մատնում բազում ուժեր, յաղթւում, սակայն, մի հատիկ ոյժից։
 
''Մի բան աւելի քան կեանքը'', կեանքից աւելի ուժեղ, աւելի խանդավառօրէն սիրելն է այդ միակ ոյժը։
 
''Մահն արհամարհել կարողանալն է այդ ամենայաղթող ոյժը'', որի առաջ լայնօրէն բացւում են ոսկէ դռները յաջողութեան տաճարի։
 
Իսկ, այդ «աւելի քան կեանքը» մէկի համար եղել է, միւսի համար է, երրորդի համար շարունակում է մնալ հայրենի երկիրը, ժողովուրդը, ազատութիւնը, փառքը, ճշմարտութիւնը եւ այլն։
 
Ասել է՝ մեր զօրքին մահն արհամարհելու մղելուց առաջ պէտք է կարողանաք նրա պաշտամունքի առարկան դարձնել անձնական կեանքից աւելի քաղցրը, աւելի արժէքաւորը, աւելի ցանկալին։ Պէտք է կարողանաք մեզ հետեւողներին ներշնչել այն վսեմ համոզումը, թէ մեր կեանքն եւ անմահութիւնը' մեր հայրենիքն է, ժողովուրդը, մեր զէնքի փառքը։
 
Կարողացա՞ք անել այդ, կարողացա՞ք գեղեցկացնել, քաղցրացնել, ցանկալի դարձնել մահը, կարողացա՞ք ժխտել մահը, ձեր զինուորների համար՝ եղէ՛ք վստահ, նրանք զարմանք ու հիացում պատճառող խոյանքներով կապահովեն ձեր զէնքի յաջողութիւնը։ Չկարողացա՞ք՝ միամտութիւն մի՛ ունենաք յաղթանակի յոյսով պատերազմ ու ճակատամարտեր վարելու։
 
Չկարողացա՞ք - պատրաստուէք լիուլի զգալու պարտութեան դառնութիւններն ու նուաստացումները, պատրաստուէ՛ք՝ նուաստ եւ խոնարհ դիմաւորելու յաղթական թշնամուն, որն ազատ է յարգելու փոխարէն եւ թքելու ձեր մատուցած աղ ու հացի վրայ։
 
Յաղթանակի իրաւունքն է՝ պարտւած հակառակորդին իր ոտներուն պատուանդան դարձնել։
 
 
'''Վախի ազդեցութիւնը'''
 
Քանի դեռ մարդ արարածը անզօր զոհն է վախի՝ կեղծ են ե՛ւ կրօնը, ե՛ւ գիտութիւնը, ե՛ւ դաստիարակութիւնը։ Չկայ հրէշ, աւելի անողոք եւ անողորմ քան վախը' կոյր անասունների,— բնազդական՝ վայրենիների եւ գիտակցական մարդու մէջ. մի հրէշ, որը կռուադաշտում իրեն ապաւինողներին յանձնում է թշնամու եւ մահուան ձեռքը։
 
Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկայ։
 
Չկայ աւելի վատ եւ ստոր խորհրդական քան վախը, որ սպանում է իրեն ենթարկուողներին երբեմն ֆիզիքապէս, բայց միշտ էլ բարոյապէս։
 
Վախը, որ առաջացնում է խաւարը, մենակութիւնը, անորոշութիւնը, չարագուշակ լռութիւնը, ծայրայեղ յոգնածութիւնը, քաղցը, տկարութիւնը, արնահոս վէրքը, սպանուածի դիակը եւայլն,— հարուածում է մեզ միաժամանակ ե՛ւ ֆիզիքապէս, ե՛ւ մտաւորապէս, ե՛ւ բարոյապէս։ Վախը ''սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականութիւնները, ուժեղացնելով անասունը մեր մէջ''։
 
Կայ վախը՝ չկայ այլեւս կամաւոր ուշադրութիւն, անսխալ նշանառութիւն, հակառակորդի տկարութիւնից եւ ռազմավարական սայթաքումներից օգտուելու կարողութիւն։ Կա՞յ վախը՝ այլեւս զինուորի ուշադրութիւնը հաւասար չափով բաժանուած չէ իր պետի եւ հակառակորդի միջեւ, այլեւս նա անկարող է դառնում տալ աչքը թշնամուն, ականջը՝ պետին։
 
 
'''Փախուստի գաղափարը'''
 
Կռուի բախտը վճռում են վայրկեանները, եւ իմաստուն ռազմավարները գործում են վայրկեաններով եւ ոչ ժամերով։
 
Որսացի՞ր վայրկեանը՝ տօնի՛ր յաղթանակդ։
 
Փախցրի՞ր վայրկեանը՝ չկա՛յ յաջողութիւն։
 
Լինում են վայրկեաններ կռուի ժամանակ, երբ ամբողջ զօրամասեր առանց լուրջ պատճառի փախչում են, թողած իրենց դիրքերը։
 
Ի՞նչ է, ի՞նչ կայ, ինչո՞ւ են փախչում, արդեօք անկարելի՞ է մնալ միեւնոյն դիրքերում։ — Ո՛չ։
 
Թշնամի՞ն է երեւացել նահանջողների թիկունքում։ — Ո՛չ։
 
Անյաղթելի՞ է թշնամին։ — Ո՛չ։
 
Հապա ինչո՞ւ է ձեր զօրամասը լքել իր դիրքերը։
 
— Չգիտեմ,— նման դէպքում պատասխանում է տգէտ սպան կամ էլ զայրացած հայհոյում — «Զինուորներ չեն, այլ վախկոտ ոչխարներ»։<ref>Մի՛ վիրաւորիր զինուորիդ, դաստիարակիչ միջոց չէ վիրաւորանքը։</ref>
 
Սակայն, առանց պատճառի չէր զինուորների անսպասելի փախուստը եւ սպային զինուորներ էին տրուած ղեկավարելու եւ ոչ ոչխարներ։ Ամբողջ դժբախտութիւնը նրանումն է, որ ղեկավարը չգիտէ, որ անսպասելի եւ անգիտակցական փախուստը հոգեբանական մի պարզ երեւոյթն է, որի համար զինուորը չէ մեղաւոր, այլ իր պետերը։
 
Անգիտակցական փախուստի պատճառը յաճախ լինում է տեսողական պատրանքը կամ փախուստի գաղափարը, առաջ եկած ''թշնամու'' կրակի յանկարծական ուժեղացումից։ Այսպիսի դէպքում ''զինուորը անգիտակցաբար պատկերացումից անցնում է գործողութեան''։ Այսպիսի դէպքում փախուստի ձգտումը, մի կամ մի քանի զինուորների կողմից, ընդունւում է իսկական փախուստի ձեւը եւ նրանց ոտքի հանում։ Մնացածները ենթարկւում են փախչողների օրինակին, նրանց նախաձեռնութեան ոգու ազդեցութեան։
 
Ոչ մի տեղ անձնական օրինակը այնքան վարակիչ չէ, որքան կռուադաշտում։ Հոգեբանօրէն իրեն մինակ չզգալու համար, զինուորը ենթարկւում է այն բոլորին, որոնք իրենից ուժեղ են թւում, որոնք գիտեն խիզախել, յանդգնիլ, նախաձեռնել։ Նա նետւում է առաջ խիզախի հետ, անմտաբար յետ փախչում վախկոտի հետ. ''նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ''։ Զգա՞ց իրեն մինակ — այլեւս զօրամասն այն չէ, ինչ որ էր ժամ, վայրկեան առաջ, երբ իրեն հետ, իր կողքին էր զգում իր ցեղի բովանդակ ոյժը։ Նա պատրաստ է այլեւս փախչելու, այլեւս նա պատժուած է հոգեբանօրէն։ Այսպիսին է զինուորը կռւում։
 
'''* * *'''
 
Չափազանց կարեւոր են առաջին տպաւորութիւնները։ Ահա՛ թէ ինչու պէտք է ամէն կերպ ձգտիլ, որպէսզի զօրամասդ յաղթական հանդիսանայ առաջին իսկ բախումների ժամանակ։
 
Ոգին տկարանում է՝ կրաւորական պաշտպանողականից, նահանջից, լուրից հարեւան զօրամասերի պարտութեան մասին, թիկունքից եկած տխրապատում նամակից, թերթերու եւ սուրհանդակի վատ տեղեկութիւններից, դէպի պետն ու ընկերն ունեցած անվստահութիւնից, անգործութիւնից, ընդունայն յոգնածութիւնից, վիրաւորների ու սպանուածների տեսքից, դասալիքներից, եւ անպարտաճանաչների անպատիժ մնալուց եւ այլն։
 
Վա՜յ այն ռազմավարին, որ ծանօթ չէ զինուորի հոգեկան կեանքի գաղտնի զսպանակներին, եւ վա՜յ այն բանակին, որի ղեկավարը չգիտէ, թէ զօրքը հոգեբանական տագնապներից զերծ պահելու միակ փրկարար միջոցը՝ ''անմիջական ղեկավարութիւնն է''։ Հրամանատարը պէտք է լինի միշտ զօրամասի կողքին եւ ազդէ, անդադրում ուժարձակ զինուորների վրայ։
 
Նկատուե՞ց տատանում զինուորների մէջ, վհատութիւն, փախուստի ձգտում, հրամանատարը անմիջապէս պէտք է երեւայ զինուորների մէջ, ծաղրէ թշնամու ճիգերը, համոզէ զինուորներին, թէ թշնամու կրակի սատկացումը, ինչպէս եւ նրա գոռ հուռռան հետեւանք են վախի։
 
Նման տագնապներից ազատ չէ եւ թշնամիդ, գիտցի՛ր այդ եւ օգտուիր նրանցից։ Ոչինչ այնքան հանգստացուցիչ, գօտեպնդիչ չէ կռուի ժամանակ, որքան ղեկավարի խրոխտ ձայնը։
 
'''* * *'''
 
Նա, որ ցանկութիւն եւ ժամանակ է ունեցել ուսումնասիրելու մեր վերջին տարիների ռազմական անյաջողութեանց պատճառները, անվերապահօրէն կը խոստովանի, որ մեր բոլոր պարտութիւնների մէջ վճռական դեր են կատարել մեր տարերային գաղթերը։
 
Եւ հասկանալի է դա։ Ոչ մի հիւանդութիւն այն աստիճանի տարափոխիկ չէ, որքան խուճապը։ Այդ զարհուրելի «հիւանդութիւն»-ն էլ իր վարակիչ մանրէն կը ստանայ վտանգից, վտանգուած վայրերից փախչող անհատից կամ զանգուածից։
 
Փախչելով կռուից, թշնամուց, վտանգից, զինուորը թէ ոչ-զինուորը, դառնում է վտանգաւոր միայն իրեն եւ իւրայինների համար։ Նա, ակամայից, ամենամեծ ծառայութիւնն է մատուցում առաջացող թշնամուն։ Նա անում է այն, ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները։
 
Երեւալով այս կամ այն վայրում, նա իր նկուն եւ խղճալի տեսքով, իր պարտուածի եւ զէնընկէցի հոգեբանութեամբ ակամայից թշնամու հզօրութեան գովքն է անում, հարիւրապատկելով նրա ուժերը, թնդանօթները, միջոցները։
 
Նա ակամայից դառնում է թշնամու առաջամարտիկ զօրագունդը, նրա ամենաաննշան յաջողութիւնները ուռցնողն ու տարածողը։
 
Վտանգից փախչողն է դաւադրաբար թիկունքից իր զօրքերին առաջին հարուածը հասցնում։ Նա է բարձրացնում սեփական կաշուի արժէքը եւ պսակազրկում սրբութիւններն ու իդէալները։
 
Զարհուրելի՜ է գաղթը։
 
Որքան մեծ, այնքան աղէտալի է դա։ Իսկ մեծանում է նա ժամերով, վայրկեաններով։ Որպէս ձիւնագունդ՝ որքան թաւալւում, որքան առաջանում, այնքան աճում է, մեծանում։
 
Գաղթը, գաղթականութիւնը՝ ահա՛ հայ զօրքի ներքին թշնամիներից մէկը։
 
«Վտա՜նգ կայ, մա՜հ կայ»,— դաւաճանօրէն յիշեցնում է թշնամու հետ չափուող զօրքերին խուճապի մատնուած գաղթականութիւնը եւ ստիպում անգամ ամենախիզախներին ու անձնուէրներին ցնցուել, յետ նայել, ասել է՝ մտածել նահանջի մասին։ Եւ կռուողների հոգիների մէջ սկսւում է տագնապը։ Նրանց համար, երբեմն կամաց-կամաց, երբեմն էլ մի վայրկեանի մէջ գունատւում են, անարժէքանում, կորցնում իրենց լուսապսակն այն բոլոր իդէալները, որոնց պաշտամունքն իրենց թշնամու դէմ էր հանել։
 
Եւ այսպիսով իւրայիններից դաւադրուած ու պարտուած դժբախտ զօրքը, որն ուխտել էր տուն վերադառնալ կամ վահանով կամ վահանի վրայ, վերադառնում է սարսափով բռնուած գաղթականութեան հետ, վերադառնում է վահանը լքած՝ իր յետեւից դէպ իր երկրի խորքերը քարշ տալով, յաճախ թւապէս իրենից շատ թոյլ թշնամուն։
 
Ահա՛ թէ ինչո՞ւ խելօք թշնամին՝ ծանօթ բանակների հոգեկան կեանքի թագուն զսպանակներին, ամէն կերպ ճգնում է գաղթեր առաջացնել, գաղթականութիւն ստեղծել իր հակառակորդի անմիջական թիկունքում։
 
Ահա՛ թէ ինչո՞ւ կռուի հոգեբանութեան ծանօթ հրամանատարութիւնը ոչ մի միջոցի առաջ չպիտի կանգ առնի՝ կռուի օրերին, կռուի վայրերում անհնարին դարձնելու գաղթ կոչուած չարիքը։
 
 
'''Վախի դէմ'''
 
Որպէս վահան վախի դէմ բանակները գործածել են եւ գործածում են մի շարք նիւթական եւ բարոյական միջոցներ։
 
Սպարտացիները, ասում է պատմութիւնը, կռւում կարմիր էին հագնում, որպէսզի չսարսափին արեան գոյնից։ Հին Գաղղիացիք վախի դէմ կռւում էին ամենակոպիտ միջոցներով, նրանք կռուի առաջին գծի վրայ գտնուողներին իրար էին կապում երկաթէ շղթաներով, որ նահանջելու մասին չմտածեն։ Չինացիք վախի դէմ կռւում էին իրենց հռչակաւոր պատնէշով։
 
Սեւաստոպոլի պաշարման օրերին ֆրանսիացիք գրոհներից առաջ խմում էին հարբելու աստիճան։ Նախավերջին պատերազմում գերմանացիք, իրենց զօրամասերը բարոյալքիչ տեսարաններից հեռու պահելու նպատակով, վիրաւորների տեղափոխութիւնը եւ մեռելների թաղումը կատարել էին տալիս տեղի ազգաբնակութեան։
 
Ամբոխը, ինչպէս եւ զօրքը, միշտ էլ կարօտ է խթանի։ Նա կարիք ունի առաջնորդի, առաջնորդուելու։ Նա սիրում է ուժեղին, սիրով ենթարկւում է նրան, որի ղեկավարութեան տակ քիչ անգամ է կարմրում, պարտւում։ Նա յաճախ յուսախաբում է, դաւաճանում, լքում տկար եւ անվճռական առաջնորդներին։
 
Կարող առաջնորդի անձնական օրինակը՝ անվեհերութեան եւ խիզախութեան օրինակը վայրկենաբար բոցավառում է զօրքը, ամբոխը եւ նրանց մղում մեծագործութիւնների։ Իսկ երբ պակասում է կարող եւ արի առաջնորդը, վախը կենդանի դիակների է վերածում բանակը։
 
Քիչ են այն ռազմավարները, որոնք իրենց բանակներին խանդավառելու նպատակով օգտագործած չլինեն նրանց անասնական ախորժակները։
 
«Ես ուզում եմ ձեզ առաջնորդել դէպ աշխարհի ամենաարգասաւոր դաշտերը, հարուստ նահանգներ, մեծ քաղաքներ կը լինեն ձեր իշխանութեան տակ։ Այնտեղ կը գտնէք պատիւ, փառք եւ հարստութիւն»,— ասում էր Նապոլէոն իր զինուորներին։
 
«Պէտք է լինել լաւ անասուն, այն էլ լաւ անասունների ցեղից,— դա առաջին պայմանն է յաջողութեան»։
 
Սպենսերի այդ խօսքերը եւս զուրկ չեն որոշ ճշմարտութիւնից։ Ֆիզիքական դաստիարակութեամբ անհատը դառնում է աւելի տոկուն, բայց չէ փրկւում մահուան վախից։
 
Այդ բոլորը՝ ֆիզիքական դաստիարակութիւն, կողոպուտի տենչ, բարոյականութիւն, պատիժ, երկաթէ կարգապահութիւն, վարձատրութիւն, կարող են, անշուշտ, թուլացնել, լռութեան մատնել մահուան վախը, բայց այդ բոլորը մեզ կարող են տալ միայն յարաբերական գերազանցութիւն եւ ոչ աւելին, ոչ այն ամենակարող ոյժը, որը ստուգապէս մեր սրտին եւ քմահաճոյքին է յանձնում թշնամու բանակները։
 
Ի՞նչն է սակայն, այդ ամենայաղթ ոյժը, որի առաջ տեղի է տալիս մահուան վախը, մահը։
 
Պատմութիւնը ցոյց է տալիս, որ ''անհատը որոշ դէպքերում ընդունակ է գերազանցելու իրեն'', անգիտանալու վտանգը, յաղթելու մահը, երբ իր մէջ խօսում է մոլեռանդ սէրը դէպի կրօնը, դէպի հայրենիքը, դէպի ազատութիւնը, դէպի արդարութիւնը, դէպի անմահութիւն խոստացող փառքը։
 
 
'''Վախ եւ կատաղութիւն'''
 
Թշնամին, որ կը մարմնաւորէ վտանգը, իսկ այդ վերջինը՝ ցաւն ու մահը, մեր մէջ ոտքի է հանում ինքնապահպանման բնազդը, որի երկու երեսներ են վախն ու բարկութիւնը։
 
Չկայ բարկութիւն, որ վախախառն չլինի, եւ ընդհակառակը։ Եւ հէնց դրանից է, որ վտանգի ենթական բնազդական մղում է զգում՝ կամ նետուելու առաջ թշնամուն ոչնչացնելու համար, կամ յետ՝ խելայեղօրէն փախչելու նրա առջեւից։
 
Աւելի պարզ. ''ցաւի ու մահուան նախատեսութիւնից ազատուելու խելագար ցանկութիւնը տագնապի է մատնում զինուորը''։ Եւ որովհետեւ տագնապները չափազանց սպառիչ են՝ զինուորն աճապարում է իր անհանգստութիւնն արտայայտելու որոշ ելք գտնել, ինչը նայած ղեկավարի արժէքին կարող է դրական կամ բացասական լինել։
 
Ահա նման տագնապներից է, որ հոգեբան պետերը զերծ պիտի պահեն իրենց զօրամասերը։
 
''Պատերազմում չի բաւում միայն քաջ լինել, պէտք է ե՛ւ կատաղի լինել''։ Պէտք է կարողանալ ''զարհուրանք'' ստեղծել ու ''ապրեցնել դա թշնամու բանակում''։ Կատարեալ մարտիկ չէ նա, որ կատաղութիւն չէ շնչում։ Միայն մեր կատաղութիւնն է, որ հակառակորդի մէջ մեռցնում է յաղթանակի յոյսը։ Որպէսզի մեր գրոհները լինին յաղթաբեր, պէտք է լինին սարսափեցուցիչ։
 
Դա պահանջւում է մասնաւորապէս Արեւելքում։
 
 
'''Նայի՛ր դրօշակին'''
 
«Հասկանո՞ւմ ես կատարածդ»,— կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։
 
Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։
 
«Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։
 
Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։
 
Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։
 
Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը — «Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակիդ»։
 
Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։
 
Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։
 
Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլոր շարժուձեւերին։
 
Նայիր դրօշակին։ Դա ասել է՝ մի մոռանար, որ ''սկսուած ճակատամարտի ելքից է կախուած հայրենիքիդ ճակատագիրը''։
 
 
'''«Սրանով կը յաղթես»'''
 
Մէկից աւելի են այն միջոցները, որոնց կռուի ժամանակ կը դիմէ ղեկավարը՝ իր զօրքերի բարոյական թեւն ու թափը ամրացնելու համար։ ''Զինուորն իր հոգեւոր հացն ունի''.— վերյիշումներ նախկին յաղթութիւնների մասին, նրա երեւակայութիւնը յուզող վեհ պատկերներ, վառ ու կենդանի նկարագրութիւն նրա յաղթահարած դժուարութիւնների, բարեգուշակ նշաններ եւ այլն։
 
Ալեքսանդր Մեծի գուշակը,— ասում է Պլուտարքոսը, որ կը հետեւէր իր թագաւորին պատերազմների ժամանակ,— մի օր զօրքերի ուշադրութիւնը հրաւիրեց արծուի վրայ, որ կը սաւառնէր աշխարհակալի գլխի վերեւ եւ իր թռիչքով կ’առաջնորդէր նրա զօրքերը։ Այդ բարեգուշակ նշանը ոգեւորեց բոլորին եւ փաղանգը արագ վազքով՝ նման ծովի ալիքին, հետեւեց հեծելազօրքին, որ կը գրոհէր թշնամու դէմ։
 
Զինուորի հոգու շարժումներին ծանօթ աշխարհահռչակ զօրավարներից մի ուրիշը՝ Հաննիբալը, նոյն նպատակով կը շոյէր իր զօրքերի փառասիրութիւնը, ասելով նրանց՝ «Ես, որ եղել եմ ձեր բոլորի աշակերտը, ձեր պետը դառնալուց առաջ»։
 
Ահա՛ եւ զօրավարների զօրավարը՝ Աւարայրի Վարդանը. «Արդ, աղաչեմ զձեզ, ով քաջ նիզակակիցք իմ. մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք էք քան զիս արիութեամբ, եւ գահուի վեր ըստ հայրենի պատուոյն, բայց յորժամ ձերով կամօք եւ յօժարութեամբ առաջնորդ եւ զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ եւ բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց եւ ի փոքունց»։
 
'''* * *'''
 
Հարո՜ւստ է Սիւնեաց աշխարհը հինաւուրց վանքերով ու բերդերով՝ կիսաւեր ու փլատակ սրբավայրեր, որոնք դարեր շարունակ թուրքի համար ախոռի եւ դարմանանոցի տեղ կը ծառայէին։ Այս պարագան, որն իմ ուշադրութիւնը գրաւել էր Սիւնիք մտածս հէնց առաջին օրերից, ինձ հնարաւորութիւն ընձեռեց իմ վարած ռազմագործողութիւններին տալ Խաչակրաց արշաւանքի բնոյթ։ Իմ զինուորը սրբազան դողով կը նայէր հէքեաթական Գեղուաձորի դուռը փակող Բաղաբերդին, երբ նրա ճակատը կը խոնարհուէր եւ շրթունքները կը շօշափէին իր փլատակների մէջ այնքա՜ն վեհ բերդի քարերը։ Իմ զինուորը չէր կարող այլեւս անտարբեր անցնել իր երկրի պատմական յիշատակների մօտով։
 
Եւ հէնց այդ թուլութեան մէջ էր նրա անպարտելի ոյժը։
 
— Այս շրջանի թրքութիւնը եւ ուժեղ է եւ լաւ կռուող,— մեր յարձակումներից մէկի նախօրեակին ասաց ինձ իմ զինուորներից մէկը։
 
— Եթէ կասկածում ես մեր յաջողութեան մասին, կարող ես վերադառնալ տուն,— նկատեցի իրեն։
 
Խօսելու փոխարէն նա լաց եղաւ, պէտք էր սիրտն առնել։ Աւելացրի։
 
— Երեւի չգիտես, որ այդ շրջանում ե՛ւս կան հայկական եկեղեցիներ եւ բերդեր, որոնք հսկայ մագնիտների պէս մեզ պիտի քաշեն, տանին, եւ որոնց մէջ ես եւ դու պիտի աղօթենք վաղը։
 
— Ո՞վ կարող է,— դարձայ վաշտերիս, ուզելով խռովել նրանց պետերի հոգին,— ո՞վ կարող է ձեզնից հանգիստ լինել, երբ դեռ որոշ թրքական շրջաններում հայկական սրբավայրեր կան։
 
— Ոչ ոք։
 
— Ուրեմն, գոհ լինինք ճակատագրից, որ մեզ է վիճակուած դարաւոր պղծանքից փրկելու Սիւնիքի սրբութիւնները։
 
— Գոհ ենք,— գոռացին վաշտերս։
 
— Ուրեմն, ուր հայկական սրբութիւններ՝ այնտեղ մենք, այնտեղ մեր սուրը։
 
— Այո՛, այո՛...
 
Սկսուեցին կռիւները։
 
Եւ, այնուհետեւ թշնամու դիրքերի եւ քանակի մասին հարցնելու փոխարէն, Սիւնեցին կը հարցնէր հայկական եկեղեցիների եւ բերդերի մասին եւ առաջ կը խոյանար որպէս խաչակիր։
 
 
'''Յաղթական տրամադրութիւն'''
 
Հոգեկան ուրախ տրամադրութիւն` քրիստոնէական կրօնի հիմքերից մէկն է դա,— ասել է անգլիացի մի աստուածաբան։
 
Բանակների յաջողութեան մայրն է դա, յաղթութեան դայեակը,— աւելացնենք մենք։
 
Ես մի սպայ գիտեմ, որին իր սրամիտ զինուորներն անուանում էին «ուրբաթախօս»։ Մի զոյգ ուսադիր, խթանները եւ սուրը,— ահա՛ այդ զինուորականը եւ իր բովանդակ արժէքը։ Թթուած դէմքով, սակաւախօս եւ անհամբոյր այդ մարդը պաշտօնական էր անգամ իր սպասեակի հետ։
 
- Լռութիւն,- սա էր ամէնից յաճախ գործածած խօսքը։
 
Մարդկային հոգեբանութիւնից անտեղեակ այդ զինուորականը չգիտէր, թէ ծիծաղը, երգը, խաղը հոգեւոր կազդուրիչներ էին զինուորների համար։ Չգիտէր, որ ''բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն''։ Նա ծանօթ չէր այդ պարզ ճշմարտութեան եւ մինչեւ վերջն ալ անծանօթ մնաց յաղթութեան։
 
'''* * *'''
 
— Ի՞նչ է վշտի ֆիզիքական ազդեցութիւնը,— հարցնում է Բժ. Ժակոբին եւ պատասխանում.— Նոյնը, ինչ որ է գնդակից կամ սրից ստացուած վէրքինը։ Վիշտը սպանում է նոյնքան ստոյգ, թէեւ դանդաղ կերպով, ինչպէս եւ հրացանը։ Եւ աւելի մեծ է թիւը նրանց, որոնք վերջին դարի ընթացքում սպանուած են վշտից, քան նրանք, որ մեռած են կռւադաշտում։
 
Լիկուրգոսի իմաստուն կարգադրութեամբ՝ սպարտական ճաշարաններում դրուած կը մնար ծիծաղի աստուածը։
 
Ուժեղ ծիծաղը,— ասում է Տալմանը, նման է ուժանակային փամփուշտի, որը պայթում է ճիշդ իր տեղը, իսկ սեւամաղձութիւնը, կը նմանի այն հրացանին, որը յետ է տալիս եւ գետին գլորում իրեն գործածողին։
 
Չեմ կարող չմտածել, թէ աշխարհն աւելի գեղեցիկ եւ երջանիկ պիտի լինի, եթէ մեր դաստիարակիչները մշակել կարողանան՝ պարտականութիւն դէպ ուրախութիւնը, եւ ուրախութիւն դէպի պարտականութիւնը,— ասում է Կարլէյլ։
 
«Ցոյց տուէք մեզ մի մարդ, որ երգում է աշխատելու ժամանակ։ Դա աւելի գործ կը կատարի, աւելի լաւ կը կատարի եւ աւելի երկար կ’աշխատի։ Նա, որ առաջանում է երաժշտութեան հնչիւնների տակ, յոգնածութիւն չի զգում։ Ասում են, թէ աստղերը երաժշտութիւն են ստեղծում, երբ դառնում են իրենց մոլորակային ուղեգծի շուրջը,— շարունակում է Կարլէյլ։
 
Զօրամասիդ մէջ,— աւելացնենք մենք,— նայած իր տրամադրութեան, աճում կամ տկարանում է հաւաքական սիրտը։ Առաջին դէպքում նա զգում է իրեն աւելի ուժեղ եւ յարձակողական։ Երկրորդ դէպքում նա մտածում է միայն նահանջի մասին։
 
''Թախիծն առաջացնում է անհանգստութիւն''։ Իսկ այդ վերջինը՝ հոգեկան անզօրութիւն եւ վախ։
 
Ուրախութիւնն, ընդհակառակը, սնուցանում է մեր ոյժերը, ամրացնելով մեր թեւն ու թափը։
 
Զինուորը չի սիրում խոժոռադէմ ղեկավարներին, որոնց հայեացքը «թթուեցնում է կաթը»։
 
Արդ, թէ ինչու եմ ասում՝ ''եղի՛ր կենդանի արեւ'', քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին լոյսի, ջերմութեան եւ ուրախ տրամադրութեան»։
 
Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։
 
Ես զինուորներ ունէի, որոնց մշտուրախ դէմքի պայծառութիւնը չէր կարող ծածկել եւ ոչ մի սեւ ամպ։
 
Չկայ, նոյնպէս, աւելի տխուր եւ բարոյալքիչ պատկեր քան անժպիտ, մռայլ, աներգ, քան հոգեպէս թթուած զօրամասը։ Այդպիսին պարտւում է դեռ կռուադաշտ չհասած, գերւում իր վախից, դեռ գերի չընկած։
 
Որպէս մշտուրախ տրամադրութեան հետեւանք՝ իմ ժողովրդական զօրամասերում միշտ էլ կարելի էր լսել նման յատկանշական զրոյցներ.
 
— Ասում են թէ,— պատմում է մէկը,— այս անգամ թաթարները գալիս են աւելի մեծ ուժերով։
 
— Աւելի լաւ,- եւ աւելացնում է մի ուրիշը,— մենք էլ աւելի մեծ թւով գերիներ եւ զէնքեր կը վերցնենք։
 
— Ասում են թէ դէպի Սիւնիք շարժուող կարմիր բանակի մեծագոյն մասն այս անգամ կազմում է հեծելազօրքը։
 
— Շատ ուրախ ենք, վաղը բոլորս էլ կը դառնանք ձիաւոր,— պատասխանում էր մի ուրիշը։
 
— Վատ չէր լինի,— միջամտում է մի այլ զինուոր,— թէ եկողներն այս անգամ հետերն ունենային կենսամթերք եւ ռազմամթերքով բեռնաւորուած մի մեծ քարավան։
 
— Աստուած տայ, տղայք,— լսւում էր հարիւրապետներից մէկի ձայնը։
 
— Աստուած ձայնդ լսի, պարոն հարիւրապետ, եւ եկողների հետ մի սայլ էլ ծխախոտ ուղարկի մեզ,— աւելացնում է մի տարէց զինուոր։
 
— Չլինի թէ լուցկին մոռանան...
 
— Սիւնեցու ախորժակ է, հա. ուզում ենք, որ խեղճ թուրքը, թաթարը, բոլշեւիկը թէ՛ գան մեռնելու եւ թէ՛ մեզ նուէրներ բերեն,— սրախօսում է մի ուրիշը եւ բորբոքում զօրամասի վարակիչ քրքիջը...
 
Այս զրոյցից միայն երեք օր անց՝ Սիւնիքը կարմիր զօրավարներից Կուրոչկինի եւ տաճիկ փաշաներից Զաւալի միջոցաւ ստացաւ մի քանի հարիւր ձիեր, մօտ երկու հազար գերի, թնդանօթ, գնդացիր, հրացան, դրօշակներ՝ այն ամէնը, ինչ որ Սիւնեցի զինուորը կատակով խնդրել էր երկնքից։ Թշնամու միացեալ ուժերի պարտութիւնն այս անգամ աւելի մեծ եղաւ, քան մեր տարած յաղթանակը։
 
 
'''Հմայքը'''
 
«Զինուորները կռւում են պարտականութիւնից կամ պարտադրանքից մղուած, բայց յաղթում են այն յարգանքի եւ հաւատարմութեան շնորհիւ, որ տածում են դէպի իրենց պետերը»։
 
Խոր ճշմարտութիւն կայ Գարիբալդիի այս իմաստուն խօսքերի մէջ։
 
Այդ կարծիքը չբաժանող զինուորականը կամ վառօդի հոտ չէ առած կամ տգէտ է մահացիօրէն։
 
Համաշխարհային պատմութիւնն իրենց անուան շռինդով լցրած հսկաները ոչ միայն կը սիրուէին իրենց բանակների կողմից, այլեւ կը պաշտուէին որպէս պատերազմի աստուած։
 
Անձնական հմայքը երկնքի շունչն է, աստուածների գաղտնի ազդեցութիւնը, որով հոգեկան ռազմավարը կախարդում է իր ղեկավարութեան յանձնուած զանգուածները եւ հրաշագործութիւնների մղում նրանց։
 
 
'''Մտաւոր արիութիւն'''
 
Օրերը եւ ժամերը նախապատրաստում, իսկ վայրկեանները վճռում են ռազմական գործողութեան բախտը։
 
Ճակատագրական դեր են խաղում տագնապի վայրկեանները կռւում, երբ ղեկավարը պիտի կարողանայ գնահատել վայրկեանը, չափել հաւանականութիւնները, վճռել, եւ անյապաղօրէն գործի անցնել։ Սրա համար ղեկավարը պէտք է օժտուած լինի մտաւոր արիութեամբ։
 
Քիչ բան արժէ հանճարեղ միտքը, իդէալական մարտագիրը, պարզատեսութեան հասնող շրջահայեցութիւնը, եթէ ղեկավարին պակասում է մտքի արիութիւնը՝ ամենաանհրաժեշտը զօրականի բարձր յատկութիւններից։
 
Արագ վճիռ եւ կորովի գործողութիւն,— ահա՛ յաջողութեան գլխաւոր գաղտնիքներէն մէկը։ Դժուարանո՞ւմ ես կանգ առնել այս կամ այն վճռիդ վրայ, տատանւո՞ւմ ես՝ կը նշանակէ փախցրիր վայրկեանը, սրա հետ եւ յաղթութիւնը։
 
Չկայ աւելի աղէտալի յատկութիւն քան ղեկավարի մտաւոր թուլութիւնը եւ երկչոտութիւնը։
 
Չկայ աւելի ձախող ղեկավար քան տատանուողը։
 
Եղի՛ր արի ե՛ւ մտքով, ե՛ւ մի մոռանար, որ կայ աւելի վատը քան վատ վճիռը՝ որոշ եւ հաստատ վճռի չգոյութիւնը, տատանումը եւ՛ որպէս հետեւանք՝ պարտութիւնը։
 
 
'''Նախաձեռնութեան ոգի'''
 
Ղեկավարի բարձր յատկութիւնը՝ մտաւոր արիութիւնը ունի իր հարազատ քոյրը՝ նախաձեռնութեան ստեղծագործ ոգին։ Այս երկուսը փոխադարձաբար լրացնում եւ ուժեղացնում են իրար։ Չի կարելի ասել, թէ ո՞րն է աւելի արժէքաւոր. անհրաժեշտ են երկուսն էլ։
 
Ռազմարուեստի հին ձեւերը ու միջոցները, որոնք երէկ եւ նպատակայարմար էին, եւ արդիւնաբեր եւ զօրաւոր, այսօր այդպէս չեն։
 
Կան շատ ծանօթ եւ ծեծուած ճամբաներ, որոնք այսօր չեն տանում դէպի յաղթանակ։ Տհաս եւ ծոյլ միտքն է կուրօրէն ընդունում այս կամ այն դասականացած հեղինակութիւնը, կարծիքը, ձեւը։ Այսօր կռւում տեղ չունեն մեռեալ մեթոդն ու տարրը։
 
Մի՛ յենուիր այս կամ այն քարացած կանոնին, ինչպէս կոյրը՝ իր ձեռնափայտին։ Հեռու կանոնամոլութիւնից։ Եղիր նախաձեռնող, կենդանի եւ ստեղծագործ։
 
''Չկայ աւելի խղճալի ղեկավար քան իր տէրերի հրամանները մեքենաբար գործադրողը։ Այդպիսիններից փախչում է յաջողութիւնը։''
 
Ուզո՞ւմ ես յաղթել, եղիր կռւում նախաձեռնող, ստեղծագործ եւ արի։
 
 
'''Ծանի՛ր թշնամուդ'''
 
Ճանաչի՛ր թշնամուդ։ Այդ երկու բառն էլ գրիր հոգիիդ մէջ, որ չմոռանաս երբեք։
 
Մարդկային է՝ անյայտից վախենալ։
 
Մեզ անծանօթ մի աննշան զօրախմբակի գիշերուան գրոհն աւելի ահաւոր է, քան մի ծանօթ գնդի յարձակումը ցերեկը։
 
''Թշնամին աւելի ուժեղ է երբ չենք ճանաչում նրան''։
 
Մենք աւելի թոյլ ենք, երբ անծանօթ ենք մեզ մահ սպառնացողին։
 
Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռուի ձեւերը, կարող է չափազանց յարձակողական թուալ մեզ. մի ռազմավար, որի հետեւակ եւ անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից գերադասում է տագնապի աղէտալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործօն թուալ, ''եթէ ստուգապէս ծանօթ չենք նրան''։
 
Իսկ երբ ծանօթ ենք նրա հոգեբանութեան՝ մենք մեծապէս կարող ենք օգտուել նրա թերութիւններից, կրաւորական ե տատանոտդ ոգուց, ինչպէս եւ կարող ենք տեղին ու ժամանակին հեշտութեամբ ամլութեան դատապարտել նրա առաւելութիւնները։ Ծանօթանալով թշնամու ռազմավարական հայեացքներին, ասել է՝ նրա կռիւները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ յանկարծակիի գալու անհաճոյ վտանգներից։
 
Չկայ աւելի անմեղ բան, քան թաթար կռուողների դիրքերում բարձրացած «ալլա՜հ, ալլա՜հ» գոռում, գոչումը։ Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում թէ թշնամին յարձակւում է, առաջանում։ Բայց այդ ցեղի հոգեբանութեան անծանօթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպէս որոտմունք՝ շանթից, հարուածից առաջ։
 
Փորձեցէք երկու անգամ, միեւնոյն ժամին կամ միեւնոյն կէտի վրայ պարտութեան մատնել թուրք եւ թաթար զօրքը, եւ այլեւս այդ անուղղայ ճակատագրապաշտը չի յանդգնի նոյն կէտի վրայ անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստաւոր լինեն իրեն համար։
 
Վա՜յ թաթար զօրքին, եթէ նրա առաջին փորձը անյաջող անցաւ, կորած է նա։ Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զօրքը։
 
Որքան հոգեբանօրէն տարբերւում են ժողովուրդները, նոյնքան էլ՝ իրենց բանակները։ Գերազանցօրէն կարգապահ եւ յարձակողական է գերման զինուորը, հնարագէտ եւ ուրախ՝ ֆրանսացին, անասելիօրէն տոկուն է ռուսը, պաղարիւն՝ անգլիացին։
 
Երիտասարդ ժողովուրդները աւելի ռազմասէր եւ անհանգիստ են լինում։ Քաղաքական իտէալները զգալիօրէն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը։
 
Զէնքի յաջողութիւնները բարձրացնում են, անյաջողութիւնները՝ ձգում նրանց ռազմունակութիւնը։
 
Ցեղերի խառնուածքի ինչպէս եւ ռազմագիտական մտքի վրայ մեծապէս ազդում է ֆիզիքական միջավայրը, դաստիարակութիւնը, հարեւանների վերաբերմունքը եւայլն։
 
Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու աւելի ուժեղ ես զգում քեզ, աւելի թոյլ՝ թշնամուդ։
 
Այո՛, որքան լաւ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թոյլ է նա քեզ համար։ ճանաչիր թշնամուդ, որ հեշտութեամբ յաղթես նրան։
 
«Կեսարը,— ասում է Պլուտարքոսը,— ճանաչում էր նրանց, որոնց կ’առաջնորդէր դէպի կռիւ, եւ նրանց, որոնց դէմ կը պատերազմէր»։
 
'''* * *'''
 
Հայութեան մահացու թշնամին՝ թրքութիւնը կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապէս միշտ էլ է եւ կը մնայ նոյնը՝ նենգ, տմարդ, մարդակեր։ Հակառակ ուրիշներին՝ այդ ցեղի մարդկայնացումը իր թուլութեան մէջ է։
 
Եթէ երբեւիցէ քեզ յաջողուել է մի հատիկ ազնիւ թուրք տեսնել, նշանակում է թէ դու նրան տեսել ես անզօրի, անզէնի, պարտեալի վիճակում։
 
Այդպիսիներին ես հանդիպել եմ Բալկանեան պատերազմի եւ Լեռնահայաստանի գոյամարտի օրերին՝ որպէս գերիների, պարտեալների, թոյլերի։
 
Ցեղերէն ամենավայրագը եղել է եւ շարունակում է մնալ թուրքը։ Իսկ ''վայրագութիւնը նշան է վախկոտութեան'' — ասում է հոգեբանութիւնը։
 
Աւելի վախկոտ է հաւաքական թուրքը՝ ամբոխը, զօրամասը։ Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին եւ ճակատամարտին, քանզի կրօնական զգացումը այլեւս նրա հոգեկան կեանքին չէ հաղորդում նախկին սաստկութիւնն ու թափը, որին ընդունակ էր մինչեւ 17-րդ դարը։
 
Թուրքերի քաջութեան առասպելը ծնունդն է իրենց բարբարոսութեան եւ ոչ թէ իրենց մարտական առաքինութիւնների։ Նրանց անուան ու զէնքի սարսափը Արեւելքում եղել է ոչ այլ ինչ, եթէ ոչ խաղաղ եւ անզէն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը։ Եւ ''միշտ էլ թուրքն իր բարբարոսութիւնը ծառայեցրել է որպէս ահ ու սարսափ տարածելու միջոց''։
 
Դա եղել է եւ շարունակում է մնալ թուրքերի զինուորական խաբուսիկ քաջութեան միակ աղբիւրը։
 
Դեռ ամէն ինչ չէ կոյր կրօնամոլութիւնը։ Գիտութեան եւ բարոյականի ոյժին անծանօթ տաճիկ զինուորը վճռական է միայն կռուի առաջին վայրկեաններում։ Եւ վա՜յ իրեն, եթէ իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցաւ անյաջող։ Շատ անգամ, գրեթէ, առաջին անյաջողութիւնից յետոյ, նա դառնում է «ընկած ձի՝ անընդունակ աքացելու»։
 
Այս է իրական թուրք զինուորը։
 
 
'''Զօրաւոր խօսքը'''
 
Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր զգացւում է կարիքը բարոյապէս ազդելու եւ իշխելու մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ։
 
Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ,— ահա՛ ղեկավարի ամենամեծ եւ ամենաանհրաժեշտ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարտադաշտը զինուորներին չի կարող յաղթութեան մղել։
 
Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։
 
Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։
 
Եւ որքան զօրաւոր՝ այնքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետութիւնը։
 
Խօսքը՝ դա ինքը ղեկավարն է։
 
Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւոր խօսքը։
 
Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։
 
Առանց զօրաւոր խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկայ յաղթութիւն։
 
Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։
 
Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։
 
Տպաւորութիւն է գործում շատ անգամ ոչ թէ այն, թէ ինչ որ ասում ենք, այլ այն, թէ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպէ՞ս ենք ասում։
 
Հայրենապաշտութիւն, կրօնական մոլեռանդութիւն, ազատասիրութիւն, բարի նախանձ եւ այլն,- ահա՛ զինուորական զօրաւոր խօսքի աղբիւրները։
 
Բարձր հայրենասիրութիւն։ Դա զինուորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապէս օգտուել են եւ օգտւում են ղեկավարները։ Չկայ, չգիտեմ մի պատմական զոհաբերութիւն, մի մեծագործութիւն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլինէր այդ հզօր զգացումը։ Դա է անմահացրել Թերմոպիլեան կիրճը, Բուլկարական Շիպկան, հայկական Սիւնիքը։
 
Կրօնական զգացումը հրաշքներ է կատարել անցեալում։
 
«Ձեր առջեւը արքայութիւնն է, ձեր յետեւը դժոխքը, ընտրեցէք մէկն ու մէկը։ Որպես կայծոռիկներ կը ճառագայթեն պատերազմում ընկածների վէրքերը։ Նրանք կը մտնեն Եդեմի գեղեցիկ պարտէզները, եւ կը պառկին ոսկեթել բարձերի վրայ...»։
 
Այսպէս կը խօսէր արաբի հոգուն ծանօթ ռազմիկ մարգարէն եւ իր ղեկավարած սպառազէն ամբոխը կը մղէր դէպի մահ ու նուաճումներ։
 
Նոյն հրաշագործ զգացումը կը մղէր խաչակիրներին դէպի Յիսուսի գերեզմանը։
 
Գուստաֆ Ադոլֆը ամէն ճակատամարտից առաջ ծունկի կը բերէր իր բանակները Տիրոջ առջեւ։
 
Կրոմուէլի զինուորների համար մահը նահատակութիւն էր հաւատքի համար։ Նրա բանակներում սպաները կը կատարէին ե՛ւ քահանայի դեր։
 
Սուվորովի ամենասիրած խօսքն էր՝ «Աստուած է մեզ առաջնորդում, Նա՛ է մեր զօրավարը»։
 
Ազատասիրութեան կրակով իր մարտիկների սիրտը կը վառէր Գարիբալդին։
 
Իսկ Բոնապարտը՝ ծանօթ ֆրանսացու հոգուն՝ իր զինուորի եւ զօրավարի ոգեւորութեան աղբիւրն էր դարձնում պատուոյ լէգէոնը։
 
Եթէ խօսքդ հայրենիքի մասին է, ''մի՛ խօսիր, այլ խօսեցուր'' հայրենիքը։ Այս ձեւով վարուիր եւ հերոսների եւ նահատակների նկատմամբ։ Մի խօսիր, այլ խօսեցրու նրանց. խօսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայութիւնը։
 
Երբ ես կը խօսեմ Հայաստանի մասին, խօսքեր չէ, որ կը փնտռեմ մտքերս արտայայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգեւոր դէմքը, որ՝ նրանով գինովցած ու սիրահար, կարողանամ սէրս, կարօտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս։
 
Գիտական դարձուածքներ չէ սիրում զինուորը։
 
Հեռու դատողութիւններից։ Մի՛ փիլիսոփայեր, մի՛ ապացուցեր, այլ եղիր պատկերաւոր եւ հոգեգրաւ։ Շատախօսութեան տեղ չէ կռուադաշտը՝ «քիչ խօսէ, շատ ակօսէ»։ Խօսիր զինուորիդ սրտին։
 
'''* * *'''
 
Բալկանեան պատերազմի ընթացքում ես զգացի զօրաւոր խօսքի ազդեցութեան ոյժը։
 
Մայր բանակից անջատ՝ բաւականին առաջացել էր թեթեւ զօրամասը եւ երեկոյեան դէմ անսպասելիօրէն դէմ առել մի անտառապատ լերան, որի կատարից թշնամին անդադար ռմբակոծում էր մեր դիրքերը։
 
«Մինչեւ այստեղ եւ էլ ոչ մի քայլ առաջ»՝ զգացնել էր տալիս հակառակորդը։
 
Դրութիւնը սպառնում էր դառնալ եղերական մեզ համար։ Մայր բանակը շա՜տ էր հեռու, որպէսզի ուժեղացնէր մեր գրոհը կամ ապահովէր մեր կանոնաւոր եւ անկորուստ նահանջը։ Քիչ յետոյ թշնամին պիտի պարզէր իր ուժերի քանակը, եւ անցնէր յարձակողականի՝ մեզ իսպառ ոչնչացնելու համար։ Մնում էր խելայեղօրէն նետուել առաջ։ Դրա համար պէտք էր սակաւաթիւ զինուորներիս մէջ բորբոքել յարձակողական ոգին այն աստիճան, որ յարձակողների համար աննկատելի դառնար հակառակորդի թուական եւ դիրքային գերազանցութիւնը։
 
Տեղն ու վայրկեանը պահանջում էին խօսել եւ թշնամու կրակի տակ խօսեցի զինուորներիս։ Դեռ չէի վերջացրել միայն վայրկեաններ տեւող խօսքս, երբ որպէս մի կենդանի պատնէշ դիրքերից բարձրացան մարտիկներս եւ տարերային թափով նետուեցին առաջ։ Քիչ անց՝ «768»-ի կատարին վեհօրէն ու յաղթական կը ծածանուէր մեր եռագոյնը, որը հայ զինուորների խիզախ քայլի համար բուլղար զօրաց հրամանատարութիւնը պիտի զարդարէր քաջութեան խաչով։
 
'''* * *'''
 
Վսեմ խօսքի ազդեցութիւնից մեծապէս օգտուել եմ երկրորդ անգամ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեակին։
 
Հայ զօրքը, որի հետ եւ հայրենի հողից պոկուած բազմահազար գաղթականութիւնը՝ լքելով Կարինից մինչեւ Ղարաքիլիսա տարածուող հողամասերը՝ եկել թափուել էր Դիլիջան։ Դա այլեւս զօրք չէր, այլ անձեւ եւ անկերպարան մի զանգուած, այլ քայքայուած ու բարոյալքուած մի անանուն բազմութիւն։ Դա նահանջ չէր, այլ մի ժողովրդի գաղթ, տեղահանութիւն, փախուստ իր երկրից։
 
Ընդհանուր շփոթի մէջ, «տեղագրական հայրենասիրութիւնից» մղուած՝ ծնունդ էին առնում համերկրացիական խմբեր եւ բռնում Երեւանի, Ղարաբաղի, Գանձակի ճամբաները։ Չկար ծիծաղ, երգ, բարձր խօսակցութիւն իսկ չկար։ Երէկուայ չքնաղ ամարանոցը այլեւս կը նմանէր մի լուռ գերեզմանատան, ուր հաւաքուած յուղարկաւորների հսկայ բազմութիւնը՝ իր ապրելու յոյսը թաղելուց յետոյ, ինքն էլ չգիտէր, թէ ինչո՞ւ է շարունակում մնալ այդտեղ։ Անյուսութիւն, շուարանք եւ սարսափ բոլո՛ր դէմքերի վրայ։
 
Երկրի այս դրութեան մէջ ընդհանուր զօրահրամանատարի կայանից տեղեկացնում են, թէ զօրավար Նազարբէգեանը ցանկանում է տեսնւել Հ.Յ. Դաշնակցութեան Շիրակի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչի հետ։
 
«Երեւանից խնդրում են երեք օրով եւս զբաղեցնել տաճիկ զօրքերին եւ հնարաւորութիւն տալ մեր պատուիրակութեան հաշտութիւն կնքելու տաճիկների հետ։ Ես, ինչպէս գիտէք,— ասում է ծեր զօրավարը,— ես զօրք չունիմ։ Հերթը ձերն է, կատարեցէք, եթէ կարող էք, Երեւանի հրամանը»։
 
Մե՜րն է այժմ հերթը։ Պէտք է վերադառնալ Ղարաքիլիսա, բայց ինչպէ՞ս, ի՞նչ ուժերով։ Պէտք է կամաւորներ հաւաքել, առնուազն հազար հրացանակիր, այն էլ ժամերի ընթացքում, եւ դա հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր ամէն ինչ կորած է համարւում։
 
Գիտէի, որ մի բուռ հին զինուորներից զատ ոչ ոք պիտի միանայ ինձ, եթէ յայտարարեմ, թէ ինձ հրամայուած է՝ «Հէնց այսօր մի թեթեւ զօրամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մէջ մտնել թշնամու ուժերի հետ եւ սպասել օգնական ուժերի»։ (Այդպէս էր ինձ գրուած հրամանագիրը)։
 
Գիտէի եւ այն, թէ հարկադրանքի մասին նման պարագաներում խօսք լինել չէր կարող։ Կար, մնում էր մի հատիկ միջոց միայն, այն է՝ անվերջ նահանջների ճամբան բռնած հայ զինուորութիւնը թեքել դէպի թշնամին։ Կախարդական խօսքի ազդեցութիւնն էր այդ հոգեբանական միջոցը։ Եւ ես՝ խնդիրն իրագործելու համար դիմեցի այդ միջոցին։ Խօսեցի։ Ծաղկաձորի եկեղեցու բակում խռնուած ժողովրդին էր ուղղւած իմ խօսքերը։ Պերճախօս չեմ, բայց հանդիսաւոր վայրկեանը ինձ այդ օրը մի ժամով դարձրել էր հռետոր։ Խօսում էի եւ դիտում։ Խօսքերիս կայծերն ընկնում էին վառօդի մէջ։ Յուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի եւ կատաղութիւն տեսնել բազմութեան շարքերի մէջ։ Եւ քիչ անց տեսայ, թէ ինչպէ՞ս կատաղութիւնից իր բռունցքն էր սեղմում հայ մարդը։
 
Մտադիր էի դեռ շարունակել, երբ բազմութեան միջից բարձրացան աղաղակներ՝ «Պատրա՜ստ ենք, առաջնորդէք, տարէք, կեցցէ՜ կռիւը...»։
 
Այսպէս բազմահազար ամբոխի խանդավառ աղաղակների մէջ խեղդւեցին իմ վերջին խօսքերը։
 
«Թող հետեւի ինձ, ով դեռ չէ մեռել բարոյապէս»։
 
Քիչ անց՝ հազարի անցնող կամաւորների մի զօրամասով ես շարժւում էի դէպի Ղարաքիլիսա տանող ճանապարհով։
 
Միւս օրը մեզ օգնութեան պիտի հասնէին նոր ուժեր եւ տեղի պիտի ունենար այն, ինչ որ կատարուեց Ղարաքիլիսայի եւ ձորերի մէջ, այսինքն՝ այն, ինչ որ շարժեց անգամ թշնամու հիացումն ու զարմանքը։
 
Այդ փառահեղ ճակատամարտը ինձ մի անգամ եւս համոզեց, թէ ամենատկար հոգիների մէջ իսկ կան թաքուն ուժեր, որ պէտք է գիտնանք արթնցնել եւ գործի դնել։
 
 
'''Աներեւոյթ դատաւորը'''
 
Սիւնիքը կը չափուէր թուրք, թաթար եւ կարմիր հորդաների հետ։ Կտրուած էինք աշխարհից, պաշարուած։ Ռազմամթերք չկար, պակասում էր հացը։
 
Այդ գերազանցօրէն ծանր օրերից մէկն էր։ Շրջագայում էի ճակատէ ճակատ, դիրքէ դիրք՝ զօրամասերս հոգեպէս գօտեպնդելու համար։
 
Արեւիքի հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից մէկում, Ալանգեազի բարձունքների վրայ, մօտեցաւ ինձ հարիւրապետներիցս մէկը.
 
— Պարոն սպարապետ, անկարելին կարելի դարձնելով մենք դիմադրեցինք մինչեւ օրս, չէ՞ք կարծում, թէ այլեւս անկարելի է դիմադրել։
 
Չուզեցի իսկոյն եւեթ պատասխանել նահանջի մասին մտածող վաշտապետիս, որը կարծես դադարել էր գիտակցելէ, թէ տեղի տալ այդ կէտի վրայ կը նշանակէր թոյլ տալ թշնամուն Արեւիքի հայութեան գերեզմանի վրայով միանալ թաթար Ադրբէյջանին։ Հրամայեցի կանչել բոլոր ղեկավարներին։ Եկան։
 
Շատերն առանց արտայայտուելու մատնում էին իրենց անհանգստութիւնը մեր հետագայ յաջող դիմադրութեան կարելիութեան մասին։ ''Նախ հոգեպէս են պարտւում ե՛ւ ղեկավար տարրերը''։ Եւ թշնամու յաջողութիւնը սկսւում է հէնց այն վայրկեանից, երբ իր դէմ կռուող բանակի հրամանատարութեան մէջ սկսւում է տկարանալ յաղթելու հաւատը։ Զօրքը նման դէպքերում բնազդաբար զգում է, թէ ինքն այլեւս բարոյապէս անտէր է, անգլուխ։
 
Հոգուս աչքերով տեսնում էի պարտութիւնը՝ կախուած մեր գլխին։ Մենք պարտուած էինք արդէն. մնում էր, որ թշնամին արիութիւն ունենար հազար քայլ առաջանալու, որպէսզի մենք լքէինք մեր դիրքերը։
 
Երբեմնակի լսւում էր գնդակների չար երգը եւ խռովում գիշերուայ լռութիւնը։
 
Նահանջելու տրամադիր վաշտապետս սպասում էր պատասխանի։ Ես խորհրդածում էի։ ''Հերիք չէ ասել՝ հրամայում եմ կռուել, մեռնել''։ Նման վայրկեաններում անզօր են հրամանն ու սպառնալիքը։ Փորձով գիտէի այդ եւ շարունակում էի դեռ մտմտալ։ Խոհերս սկսել էին բիւրեղանալ, արդէն գիտէի ասելիքս եւ անելիքս, բայց եւ այնպէս շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռութիւնը.
 
— Ի՞նչ էք մտածում, պարոն սպարապետ։
 
— Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպէս տեսնում եմ եւ մի քանի ուրիշներ մոռացել էք հայոց պատմութիւնը, որը մեր կռիւներով չէ սկսուել եւ մեզնով չէ վերջանալու։ Այս լեռների վրայ կռիւներ են տեղի ունեցել մեզնից առաջ, տեղի պիտի ունենան եւ մեզնից յետոյ։ Ասացէք, ի՞նչ անուն կը տայիք Դաւիթ Բէգին, եթէ մարդկային այս կամ այն տկարութիւնից մղուած՝ նա Սիւնեաց աշխարհը յանձնած լինէր թուրք ու թաթար հորդաներին։ Մեզնից առաջ այս լեռների վրայ կռուող հայը խորապէս գիտակցել է, թէ ''Սիւնիքը յանձնել թշնամուն՝ կը նշանակէ հայ երկրի բանալիները եւ հայ ժողովրդի բախտն ընդմիշտ յանձնել իր իսլամ հարեւաններին''։ Նոյն փրկարար գիտակցութեամբ այս բարձունքների վրայ պէտք է կռուէ, մեռնէ ու յաղթէ եւ վաղուայ հայութիւնը։ Ի՞նչ, միայն ձե՞զ է պակասում այդ գիտակցութիւնը։ Մոռացե՞լ էք, թէ ժողովուրդը հրամայել է մեզ՝ յաղթել կամ մեռնել։
 
— Ոչ,— եղաւ վաշտապետներիս պատասխանը։
 
— Ես բնաւ չեմ մտածում նահանջի մասին, որովհետեւ սովորութիւն ունիմ նման օրհասական վայրկեաններում դիմելու իմ խղճին՝ հարցնելու իմ ներքին դատաւորին.— ինչպէ՞ս են վարուել նման եւ աւելի ծանր վիճակում Վարդաններն ու Դաւիթ Բէգերը։
 
— Մեռել, բայց յաղթել։
 
— Ինչպէ՜ս կ’ուզէի, որ վարուէին նման դէպքերում այն բոլոր ղեկավարները, որոնց ապագայում պիտի վիճակուի վարել մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը։
 
— Մեռնել, բայց չզիջել հայոց լեռնաշխարհը։
 
— Իմ ներքին դատաւորի թելադրութեամբ միշտ էլ այսպէս եմ պատասխանել, այսպէս եմ պատասխանում ինձ եւ այժմ...
 
— Ես,— արդարանալ փորձեց վաշտապետս,— ես ուզեցի ասել, թէ այլեւս ռազմամթերք չունենք։
 
— Բայց ո՞վ ասեց, թէ առատ ռազմամթերքով են յաղթում։ Շատ անգամ յաղթում է այն կողմը, որը շատ քիչ է կրակում։ Վախկոտն է յաճախակի կրակում, մատնելով իր անարիութիւնը։ Հրացանից, գնդացիրից, թնդանօթից չէ, որ սարսափում է թշնամին, այլ քար լռութիւնից։ Չկայ աւելի ահաբեկիչ բան՝ քան լուռ առաջխաղացումը՝ մասնաւորապէս գիշեր ժամանակ, երբ քարը, թուփը՝ այն ամէնը, որ կարող է զբաղեցնել մարդուս աչքն ու երեւակայութիւնը, դառնում է գրոհող հակառակորդ։ Լուռ առաջացող տասնեակը մի ամբողջ գունդ է, վաշտը' մի ամբողջ բանակ պաշտպանուողի համար։ Գիշեր ժամանակ յարձակողի զինակիցներն են՝ խաւարը, լռութիւնը, ժայռերը։ Իսկ երբ նախայարձակուողը մենք ենք՝ այդ լեռների տէրը՝ մեզ հետ են նաեւ այն բոլորի վրէժխնդիր ստուերները, որոնք մեզնից առաջ հեգնել են մահը եւ ընկել այդ սրբազան բարձունքների վրայ։ Իսկ երբ մենք ենք նախայարձակուողը՝ մեզ հետ է նաեւ մեր լեռների հզօր ոգին։ Ուրեմն, ռազմամթերքի կարիքը չզգալու համար՝ մնանք հաւատարիմ մեր օրհնւած ռազմավարութեան տարերային ձեւերին։ Գիշերամարտը թող լինի մեր բաժինը։ Ուրե՛մն ''յարձակուի՛նք, ինչպէս յարձակւում է մահը՝ լուռ եւ անակնկալ''։
 
— Յարձակուինք,— միաբերան կրկնեցին վաշտապետներս եւ յուսադրուած՝ վերադարձան դէպի իրենց վաշտերը, դէպի կրակի գիծը։
 
Լուսաբացին Ալանգեազի բարձունքներում թշնամին ծեծուած ու գերուած էր գրեթէ առանց ռազմամթերքի։
 
Իմ զինուորը այդ օրը օրհնում էր ճակատագիրը, որ չէր յապաղել թշնամու ձեռքով մեզ առատ ռազմամթերք հասցնելու։ Այդ կռւում Սիւնեցին մի անգամ նաեւ զգաց, թէ ցեղի ոգու ձեռքով ղեկավարուող ժողովուրդը կարիք չունի երկար սրի։
 
 
'''Ռազմավարական հայեացքներ'''
 
Սկսուեց կռիւը՝ այլեւս կռուադաշտը դառնում է փորձադաշտ, ուր պատերազմող կողմերը հաստատում կամ ժխտում են գոյութիւն ունեցող զինուորական տեսութիւններու ճշտութիւնը։
 
Ազատ ստեղծագործութիւն է ռազմավարութիւնը՝ ոչ միայն հաշիւի, այլեւ ներշնչումի ու արիութեան գործ։
 
Ի՞նչ եմ ուզում։ Ինչպէ՞ս կարող եմ կատարել ուզածս։ Հակառակորդս պիտի աշխատի խանգարել ինձ. ինչպէ՞ս կարող եմ ի դերեւ հանել ինձ խանգարելու նրա փորձերը եւ պարտադրել կամքս։
 
''Երբ որ արի ենք, անձնուէր ու վճռական մեր տրամադրութեան տակ յաղթելու համար աւելի միջոցներ կան, քան պէտք են''։
 
Եղիր միշտ էլ ավելի անձնուէր, վճռական եւ արի քան թշնամին՝ ահա՛ էականը։
 
«Ճանաչիր մի հատիկ ռազմավարութիւն՝ աննիբալեանը, որ ասել է՝ մի հատիկ շարժում միշտ յառաջ քանզի նահանջի մասին մտածող զօրամասին պարտութիւնն ու ամօթանքը հետեւում են ճիշտ այնպէս, ինչպէս անիւը՝ եզան։
 
Եւ ոչ մի քայլ յետ, քանզի զինուորդ նահանջի գաղափարը միշտ էլ կցորդում է իր զօրամասի թուլութեան եւ պարտութեան գաղափարին։ Չկայ աւելի զզուելի արարած, քան մարտիկը, որի հայեացքը յետ է, որ բռնած է նահանջի ճամբան։ Ուր չկայ նահանջ՝ պարտութիւն չկայ։
 
Յաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թէ իր սպառազէն բռունցքի, այլ իր ներազէն ոգու գերազանցութեան։ Երկաթէ զէնքերի դէմ հեշտ է վահան գտնել, բայց ոչ նաեւ ոգու զէնքերի դէմ, որ քոնը պիտի լինի, հայ զօրական։
 
Գիտցիր եւ հետեւեալը՝ ''անպարտելի է մնում միայն այն դրօշակը, որը պարզում է ցեղի անունով եւ ցեղի համար''։
23
edits