Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 6192 բայտ, 14:38, 11 Հունիսի 2014
Սակայն ասելը հեշտ է, իսկ անելը՝ դժվար։ Ախր նա որսորդական շուն էր, ոչ թե մեկ ուրիշ բան։
 
==Գլուխ տասնմեկերորդ — Կուղբիկը==
 
Իսկ Քեռի Ֆեոդորն ու Մատրոսկինը, տանը նստած, սպասում են, թե Շարիկը երբ է վերադառնալու որսից։ Քեռի Ֆեոդորը կուտաման էր պատրաստում թռչունների համար, իսկ կատուն տնտեսությամբ էր զբաղված՝ կտրված կոճակներն էր կարում, գուլպաները կարկատում։
 
Մութն արդեն ընկել էր, երբ Շարիկը եկավ։ Պայուսակը շրջեց ու թափ տվեց սեղանի վրա։ Մի գազանիկ դուրս թռավ։ Փոքրիկ, փափկամազիկ, աչքերը թախծոտ, իսկ պոչը՝ թիականման։
 
— Տեսեք, թե ինչ եմ բերել։
 
— Որտեղի՞ց ես գտել,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։
 
— Գետից հանեցի։ Ափին նստած էր, հենց որ ինձ տեսավ՝ թը՛մփ, ջրի մեջ։ Վախից։ Հազիվհազ կարողացա բռնել։ Թե չէ խեղդվելու էր։ Դեռ շատ փոքրիկ է։
 
Կատուն լսում է, լսում ու ասում է․
 
— Ա՜յ թե հաստագլուխն ես։ Ախր սա կողբիկ է։ Ջրում է ապրում։ Այնտեղ է նրա տունը։ Իսկ դու, կարելի է ասել, նրան տնից ես դուրս քաշել։
 
Շունը պատասխանում է․
 
— Ի՞նչ իմանայի, որ ջրում է ապրում։ Ես կարծեցի, թե ուզում է խեղդվել։ Տեսեք, ինչպես եմ թրջվել։
 
— Տեսնել չեմ ուզում,— ասում է կատուն։— Որսորդիս տեսե՜ք, գազանների մասին ոչ մի բան չգիտի։— Ու թռավ վառարանի վրա։
 
Իսկ կուղբիկը նստել է ու աչքերը չռած՝ նայում է շուրջը։ Ոչինչ չի հասկանում։ Քեռի Ֆեոդորը նրան տաք կաթ տվեց։ Կուղբիկը խմեց կաթը եւ աչքերն սկսեցին փակվել։
 
— Որտե՞ղ քնեցնենք սրան,— հարցնում է տղան։
 
— Ինչպե՞ս թե որտեղ,— ասում է շունը։— Եթե ջրում է ապրում, ուրեմն պետք է թասի մեջ դնել։
 
— Քեզ է պետք թասի մեջ դնել,— գոռում է Մատրոսկինը։— Որպեսզի մի քիչ խելքի գաս։
 
Շան տրամադրությունն ընկավ։
 
— Ախր ինքդ ասացիր, թե նա ջրում է ապրում։
 
— Ջրում միայն լող է տալիս, իսկ տունը գետի ափին է,— բացատրում է կատուն։
 
Քեռի Ֆեոդորը վերցրեց կուղբիկին եւ դրեց պահարանի մեջ, կոշիկների համար նախատեսված դարակում։ Կուղբիկն անմիջապես քնեց։ Շունն էլ գնաց իր բնում քնելու։ Նա սովոր չէր մահճակալին երկար պառկել։ Գյուղական շուն էր ու բոլորովին էլ երես առած չէր։
 
Առավոտյան Քեռի Ֆեոդորն արթնացավ տարօրինակ մի ձայնից։ Կարծես մեկը փայտ է սղոցում՝ խը՜զ… խը՜զ…
 
Եվ նորից՝ խը՜զ… խը՜զ…
 
Վեր կացավ մահճակալից եւ ինչ տեսնի։ Տունը հյուսնի արհեստանոց է դարձել։ Չորս կողմը տաշեղներ, փայտի կտորտանք ու թեփ է շաղ տված։ Իսկ սեղանը, որի վրա ճաշում էին, կարծես չի էլ եղել։ Կուղբիկը նստել է տաշեղների կույտի վրա եւ սեղանի ոտքն է սղոցում։
 
Կատուն վառարանի վրայից կախ գցեց թաթերն ու ասում է․
 
— Տես, թե քո Շարիկը ինչ դրեց մեր գլխին։ Հիմա ստիպված ենք նոր սեղան գնել։ Լավ է, դեռ երեկոյան աման֊չամանը հավաքել էի սեղանի վրայից։ Թե չէ մնալու էինք առանց ափսեի։
 
Կանչեցին Շարիկին։
 
— Արի տես, թե ինչ ես դրել մեր գլխին։
 
— Բա որ իմ մահճակալը սղոցեր,— ասում է Քեռի Ֆեոդորը,— գիշերվա կեսին շրխկալու էի հատակին։ Շնորհակալ եմ քեզանից։
 
Նա որսորդական պայուսակը տվեց Շարիկին ու ասում է․
 
— Հենց հիմա, առանց նախաճաշելու վազից գետ ու կուղբիկին դիր այնտեղ, որտեղից վերցրել ես։ Տես, հա՜, գետից էլ ոչինչ չորսաս։ Մենք այստեղ միլիոնատեր չենք քեզ համար։
 
Շարիկը կուղբիկին դրեց պայուսակը եւ սուս ու փուս վազեց գետափ։ Արդեն ինքն էլ էր փոշմանել, որ բռնել էր կուղբիկին։ Իսկ կուղբիկի ծնողներն այնքան ուրախացան, որ Շարիկի վրա չբարկացան։ Նրանք հասկացան, որ Շարիկը իրենց տղային թյուրիմացաբար է ջրից հանել ու տարել։ Այնպես որ ամեն ինչ լավ վերջացավ։ Միայն թե ստիպված նոր սեղան գնեցին։
 
Այդ օրվանից Շարիկն սկսեց թախծել, սիրտն ուզում էր անտառ գնալ, որսորդությամբ զբաղվել, ինչ կարող ես անել։ Բայց հենց որ հրացանը ձեռքին դուրս էր գալիս ու մի գազանիկ էր տեսնում, չէր կարողանում կրակել, թեկուզ ճաքիր։ Անտառից վերադառնում էր տխուր, ոչ ուտում էր, ոչ խմում։ Վիշտը կրծում էր սիրտը։ Նիհարել էր, հյուծվել, այնպիսի օրն էր ընկել, որ ավելի վատը չեք էլ կարող պատկերացնել։