Changes

Սարյակ մի սպանիր․․․

Ավելացվել է 26 865 բայտ, 18:53, 16 Հուլիսի 2015
/* Գլուխ 27 */
== Գլուխ 27 ==
 
Ինչպես որ Ատտիկուսը ասում էր, այնպես էլ ամեն ինչ կամաց-կամաց կարգավորվեց։ Մինչև հոկտեմբերի կեսերը Մեյկոմբում ամեն ինչ ընթանում էր սովորականի նման, միայն մեր երկու համաքաղաքացու հետ տեղի ունեցան երկու աննշան պատահար։ Ոչ, երեք, դրանք, ճիշտ է, մեզ, Ֆինչերիս, չէին վերաբերում, բայց, այնուամենայնիվ, մի փոքր վերաբերում էին։
 
Առաջին. միստեր Բոբ Յուելն աշխատանք ստացավ և համարյա իսկույն էլ կորցրեց, երեսնական թվականներին դա եզակի դեպք էր, ես երբեք չէի լսել, որպեսզի որևէ մեկին, բացի նրանից, հեռացնեին հասարակական աշխատանքներից ծուլության պատճառով։ Փառքի կարճ բռնկումն առաջ բերեց եռանդի ավելի կարճ բռնկում, բայց նրա աշխատանքը նրա համբավից ավելի երկար չտևեց. շուտով նրան մոռացան ճիշտ այնպես, ինչպես և Թոմ Ռոբինսոնին։ Այն ժամանակ նա դարձյալ սկսեց ամեն շաբաթ կանոնավոր ներկայանալ նպաստ ստանալու և, վերցնելով չեքը, դժկամ մրթմրթում էր ինչ֊որ զանազան այլասերված մարդկանց հասցեին, որոնք երևակայում են, որպես թե քաղաք են կառավարում, իսկ ազնիվ մարդուն հնարավորություն չեն տալիս վաստակելու օրվա ապրուստը։ Ռութ Ջոունզը, որը նպաստ էր տալիս, պատմում էր․ միստեր Յուելն ուղղակի ասաց, որ իբր թե Ատտիկուսն է նրանից խլել աշխատանքը։ Նա՝ Ռութ Ջոունզը, շատ է զայրանում, գնում է Ատտիկուսի մոտ՝ գրասենյակ և բոլորը պատմում։ Ատտիկուսն ասում է՝ միսս Ռութը թող չհուզվի, եթե Բոբ Յուելը ցանկանում է այդ քննարկել նրա հետ, գրասենյակի ճանապարհը նրան հայտնի է։
 
Երկրորդ պատահարը տեղի ունեցավ դատավոր Թեյլորի հետ։ Դատավոր Թեյլորը չէր հաճախում կիրակնօրյա երեկոյան ժամերգությունների, իսկ միսիս Թեյլորը հաճախում էր։ Կիրակնօրյա երեկոները դատավոր Թեյլորը մեծ բավականությամբ անց էր կացնում միայնակ, իր մեծ տանը, նա հարմարավետ տեղավորվում էր առանձնասենյակում և կարդում էր Բոբ Թեյլորի հիշատակարանը (որի հետ թեև ազգակցություն չուներ, բայց շատ կցանկանար ունենալ)։ Այդպիսի մի երեկո դատավորը հիանում էր նրա վերամբարձ ոճով և ճոռոմ այլաբանություններով, երբ հանկարծ լսեց ինչ֊որ անախորժ ճանկռտոց։
 
― Կորի՛ր այդտեղից,— հրամայեց դատավորն իր ճարպակալած բակապան շանը՝ Էնն Թեյլորին։
 
Բայց սենյակում ոչ մի շուն չկար, ճանկռտոցը գալիս էր խոհանոցի կողմից։ Դատավոր Թեյլորը ծանրաքայլ գնում է դեպի ետնադուռը, որպեսզի դուրս թողնի Էննին, և տեսնում է, որ պատշգամբի դուռը շարժվում է, կարծես հենց նոր բաց էին արել։ Անկյունում մի ստվեր է հայտնվում ու անհետանում, բայց թե ո՛վ էր, դատավորը չի կարողանում ճանաչել։ Երբ միսիս Թեյլորը եկեղեցուց տուն է վերադառնում, ամուսինը նստած է լինում բազկաթոռին՝ կլանված Բոբ Թեյլորի հիշատակարանի ընթերցանությամբ, իսկ ծնկներին դրված է լինում մանրագնդակ հրացանը։
 
Երրորդ պատահարը տեղի ունեցավ Էլեն Ռոբինսոնի՝ Թոմի այրու հետ։ Եթե միստեր Յուելին մոռացան, ինչպես Թոմ Ռոբինսոնին, ապա Թոմ Ռոբինսոնին էլ մոռացան, ինչպես մի ժամանակ Զարզանդ Ռեդլիին։ Բայց միստեր Լինկ Դիզը, որի մոտ Թոմը աշխատել էր, չէր մոռացել նրան։ Միստեր Լինկ Դիզը աշխատանքի վերցրեց Էլենին։ Վերջինս նրան նույնիսկ պետք էլ չէր, բայց Լինկ Դիզն ասաց, որ իր հոգու վրա շատ բան է ծանրացել, որ ամեն ինչ շատ վատ ստացվեց։ Ես այդպես էլ չհասկացա, ո՞վ էր նայում Էլենի երեխաներին, երբ նա տանր չի լինում։ Կելպուրնիան ասաց, որ Էլենի դրությունր չափազանց ծանր է, նա ստիպված է մի ավելորդ մղոն անցնել, որպեսզի շրջանցեր Յուելների տունը։ Առաջին անգամ, երբ անցել էր նրանց տան մոտով, նրանք Էլենի վրա էին շպրտել ամեն ինչ, ինչ ձեռքերն էր ընկել։ Միստեր Լինկ Դիզը նկատում է, որ Էլենն առավոտները ուրիշ կողմով է գալիս և վերջ ի վերջո հարցուփորձ անելով պատճառը, հասկանում է։
 
― Այդ ոչինչ, սըր, միստեր Լինկ, դուք մի անհանգստացեք,— խնդրեց նրան Էլենը։
 
― Ոնց թե,— ասաց նա։
 
Լինկ Դիզը պատվիրեց Էլենին աշխատանքից հետո անցնել իրեն մոտ՝ խանութ։ Էլենը եկավ, միստեր Լինկը փակեց խանութը, աչքերին քաշեց լայնեզր գլխարկը և գնաց նրան ուղեկցելու։ Նա Էլենին տարավ կարճ ճանապարհով՝ Յուելների տան մոտով։ Վերադարձին նա կանգնեց նրանց խարխուլ դարպասի մոտ։
 
― Յուե՜լ,— գոռաց նա։— Հե՜յ, Յուել։
 
Լուսամուտներից մշտական դուրս էին նայում անթիվ փոքրիկ Յուելներ, բայց այս անգամ ոչ ոք չէր երևում։
 
― Ես ձեզ գիտեմ, բոլորդ էլ թաքնվել եք, պառկել եք հատակին։ Այսպես ուրեմն, նկատի ունեցիր, Բոբ Յուել, եթե ես մի անգամ էլ լսեմ, որ դու խանգարում ես իմ Էլենին անցնելու այս ճանապարհով, ես քեզ մի ակնթարթում բանտարկել կտամ, այդպես էլ գիտցիր։— Միստեր Լինկը թքեց և գնաց տուն։
 
Հետևյալ առավոտյան Էլենն աշխատանքի գնաց կարճ ճանապարհով։ Նրա վրա ոչ ոք ոչինչ չնետեց, բայց երբ նա անցավ Յուելների տունը, շուռ եկավ և տեսավ Յուելը գալիս է նրա ետևից։ Էլենը շարունակեց գնալ, իսկ նա՝ Յուելը, ետ չմնալով, նրա ետևից գնաց մինչև միստեր Լինկ Դիզի տունը։ Եվ ամբողջ ճանապարհին կիսաձայն ամեն տեսակի հայհոյանք էր, որ թափում էր բերանից։ Էլենը չափազանց վախեցած զանգահարում է միստեր Լինկ Դիզի խանութը, որը նրա տնից շատ հեռու չէր։ Միստեր Լինկը դուրս է գալիս խանութից և տեսնում՝ միստեր Յուելը արմունկով հենվել է նրա ցանկապատին։
 
― Ինչո՞ւ ես աչքերդ չռել վրաս, Լինկ Դիզ, կարծես ինչ-որ մի չտեսնված բան եմ։ Ես չեմ խառնվում քո․․․
 
― Նախ և առաջ, մի՛ հենվիր իմ ցանկապատին, գարշե՛լի արարած։ Իմ գրպանը չի ներում, որ ես այս ցանկապատը նորից ներկեմ։ Երկրորդ, հեռու մնա իմ խոհարարուհուց, այլապես դատի կտրվես կնոջ պատվին ոտնձգություն թույլ տալու համար։
 
― Ես նրան մատով անգամ չեմ դիպել, Լինկ Դիզ, ես, ինչ է, հավե՞ս ունեմ կապվելու այդ սևերեսի հետ։
 
― Հենց դրա համար էլ ձեռք չտաս, այն էլ բավական է, որ դու նրան վախեցրել ես, բայց եթե խոսքով հասցրած վիրավորանքի համար բանտ չեն նստեցնում, ապա ես քեզ օրենքով պատասխանատվության կենթարկեմ կնոջը վիրավորանք հասցնելու համար, այնպես որ չքվի՛ր աչքիս առջևից։ Լավ կանես, որ նրան ձեռք չտաս, ինձ հետ հանաք անելը ծանր կնստի քեզ վրա։
 
Միստեր Յուելը, երևում է, հասկացավ, որ այդ կատակ չէ, և Էլենն այլևս նրանից չգանգատվեց։
 
― Ինձ այդ դուր չի գալիս, Ատտիկուս, այնքա՜ն դուր չի գալիս,— անդրադարձավ այդ դեպքերին Ալեքսանդրա հորաքույրը։
 
― Այդ Յուելը, երևում է, քեն է պահել բոլորի դեմ, ովքեր առնչություն են ունեցել այն գործի հետ։ Այդպիսի մարդիկ սոսկալի քինախնդիր են, ես բնավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ նա դատից հետո չհանգստացավ․․․ Չէ՞ որ նա իր նպատակին հասավ։
 
― Իսկ ես, կարծես, հասկանում եմ,— ասաց Ատտիկուսը։— Նա հոգու խորքում, հավանաբար, գիտակցում է, որ Մեյկոմբում քչերը հավատացին նրա և Մեյելլայի հերյուրանքներին։ Չէ՞ որ նա ուզում էր հերոս դուրս գալ, իսկ ի՞նչ ստացվեց․․․ Լա՜վ, նեգրին մենք դատապարտեցինք, իսկ դու, աղավնյակս, հապա քաշվիր գնա նորից քո աղբանոցը։ Բայց հիմա նա կարծես թե իր հաշիվները մաքրեց բոլորի հետ, ուստի պետք է, որ գոհ լինի։ Ահա եղանակը կփոխվի, նա էլ կհանգստանա։
 
― Իսկ նա ինչո՞ւ էր մտնում Ջոն Թեյլորի տունը։ Երևի չգիտեր, որ Ջոնը տանն է, այլապես չէր մտնի․․․ Կիրակի օրերը երեկոյան ժամերին Ջոնի մոտ լույս է վառվում միայն առանձնասենյակում և գլխավոր առմուտքի վրա․․․
 
— Բայց չէ՞ որ մենք հաստատապես չգիտենք, որ այդ Բոբ Յուելն է մտել Թեյլորի տունը,— ասաց Ատտիկուսը։― Չնայած ես կռահում եմ, թե ինչումն է բանը։ Ես երևան բերի նրա ստախոսությունը, իսկ Ջոնը նրան դուրս բերեց որպես հիմար։ Ամբողջ ժամանակ երբ Յուելը ցուցմունք էր տալիս, ես վախենում էի նայել Ջոնին, վախենում էի, որ չկարողանամ զսպել ծիծաղս։ Ջոնը նայում էր նրան այնպիսի աչքերով, ասես թե նրա առաջ կանգնած լիներ երեք ոտնանի ճուտ կամ քառակուսի ձու։ Այնպես որ, դու ինձ մի հավատացնի, որ դատավորները չեն փորձում ազդել երդվյալ ատենակալների վրա։— Ատտիկուսը քմծիծաղ տվեց։
 
Հոկտեմբերի վերջերին մեր կյանքը մտավ սովորական հունի մեջ— դպրոց, խաղ, դասեր։
 
Ջիմին, երևի, հաջողվել էր գլխից դուրս նետել այն, ինչ նա ուզում էր մոռանալ, իսկ մեր դասարանական ընկերները ողորմածաբար թույլ տվին մոռանալու մեր հոր տարօրինակությունները։ Սեսիլ Ջեյկոբսը մի անդամ ինձ հարցրեց՝ գուցե ձեր հայրը ռադիկա՞լ է։ Ես հարցրի Ատտիկուսին, բայց նա այնպես ծիծաղեց, որ ես նույնիսկ վիրավորվեցի, իսկ Ատտիկուսն ասաց՝ ինձ վրա չի ծիծաղում։
 
― Սեսիլին ասա, որ ես նույնպիսի ռադիկալ եմ, ինչպես քեռի Ռիմուսը։
 
Ալեքսանդրա հորաքույրը փթթում էր։ Միսս Մոդին, ըստ երևույթին, մի հարվածով ողջ միսիոներական համայնքի բերանը փակել էր, և դարձյալ հորաքույրն էր բոլորին ղեկավարում։ Նրա հյուրասիրությունները դարձան է՛լ ավելի հմայիչ։ Միսիս Մերրիուեզերի պատմածներից ես նորից շատ բան իմացա դժբախտ մրուների կյանքի մասին, նրանք բոլորովին չգիտեն ընտանեկան կապերը, ամբողջ ցեղը մի մեծ ընտանիք է։ Երեխան այնքան հայրեր ունի, որքան գյուղում տղամարդ կա, և այնքան մայրեր, որքան կին։ Գրայմս Էվերետտը ուղղակի ուժասպառ է լինում, ուզում է նրանց խելք ու բանականություն սովորեցնել, և նա ոչ մի կերպ չի կարող յոլա գնալ առանց մեր աղոթքների։
 
Մեյկոմբը դարձյալ խաղաղվեց։ Բոլորովին այնպես էր, ինչպես որ էր անցյալ տարի և նախանցյալ տարի, եթե չհաշվենք երկու փոքրիկ փոփոխություններ։ Առաջին, ցուցափեղկերից և ավտոմեքենաների լուսամուտներից չքացան Արդյունաբերության վերածնման ազգային վարչության՝ «Մենք մտցնում ենք մեր լուման» պլակատները։ Ես Ատտիկուսին հարցրի՝ ինչո՞ւ հանեցին այդ պլակատները, նա պատասխանեց, ԱՎԱՎ֊ը մեռավ։ Ես հարցրի, ո՞վ սպանեց, և նա ասաց՝ ինը ծերունիներ։
 
Մեյկոմբում տեղի ունեցած երկրորդ փոփոխությունը պետական նշանակություն չուներ։ Առաջներում բոլոր սրբերի օրվա նախօրեն Մեյկոմբում տոնում էին ինչպես պատահեր։ Երեխաները զվարճանում էին ով ինչպես ցանկանում էր, իսկ եթե մեկի խելքին փչեր մի տեղ մի որևէ բան ուրիշ բանի վրա դնել, ասենք, օրինակ, մարդատար կառքը քաղաքային ախոռի տանիքի վրա, օգնականի պակաս չէր զգացվի։ Բայց ծնողները գտան, որ անցյալ տարի, երբ խանգարվել էր միսս Տուտտիի և միսս Ֆրուտտիի հանգիստը, գործը շատ էր բարդացել։
 
Միսս Տուտտի և միսս Ֆրուտտի Բարբեր քույրերը պառաված աղջիկներ էին և ապրում էին ամբողջ Մեյկոմբում միակ նկուղավոր տանը։ Նրանց մասին ասում էին, որ իբր թե նրանք հանրապետականներից էին, չէ՞ որ նրանք մեզ մոտ էին գաղթել 1911 թվին, Կլենտոնից, որը Ալաբամա նահանգում է։ Նրանց սովորությունները մեզ բոլորիս զարմացնում էին, և ոչ ոք չէր հասկանում, թե նկուղը նրանց ինչին էր պետք, բայց պետք էր եղել ու փորվել էր, նրանք իրենց կյանքի մնացորդը անց էին կացնում միայն նրանով, որ այնտեղից անվերջ վռնդում էին պատանի մեյկոմբցիների նորանոր սերունդներ։
 
Բացի այն, որ իրենց սովորություններով միսս Տուտտին և միսս Ֆրուտտին (նրանք կոչվում էին Սառա և Ֆրենսիս) յանկի էին, նրանք նաև խուլ էին։ Միսս Տուտտին այդ հանձն չէր առնում և ապրում էր լռության աշխարհում, բայց միսս Ֆրուտտին հետաքրքրվող էր և պահում էր լսողական խողովակ, այնքան մեծ, որ Ջիմն ասաց՝ դա գրոմոֆոնի է։
 
Երեխաներն այդ գիտեին և հիշում էին։ Բոլոր սրբերի օրն արդեն մոտ էր. և ահա մի քանի չարաճճիներ սպասեցին, մինչև որ միսս Բարբերները քնեցին խորունկ քնով, մտան նրանց հյուրասենյակը (ամբողջ քաղաքում գիշերը դռները փակում էին միայն Ռեդլիները) և այնտեղից կամացուկ գնացին մառանը, կրեցին ողջ կահույքը։ (Իմ մասնակցությունն այդ հարձակման մեջ ես վճռականորեն հերքում եմ)։
 
― Ես նրանց ձայնը լսեցի՛։— Այս վայնասունը լուսմութին արթնացրեց միսս Տուտտիի և միսս Ֆրուտտիի հարևաններին։— Բեռնատար մեքենան բոլորովին մոտեցավ դռներին։ Նրանք դոփում էին ձիերի պես։ Հիմա նրանք, հավանաբար, արդեն նոր Օռլեանում են,— բղավել է միսս Տուտտին, համոզված լինելով, որ իրենց կահույքը գողացել են մորթեղենի թափառաշրջիկ առևտրականները, որոնք երկու օր առաջ անցել էին ՄեյկոմբոՎ։
 
― Նրանք այնպես սե֊ե՜վ էին,― ասում էր նա,— սիրիացիներ էին։
 
Կանչվեց միստեր Հեկ Թեյթը։ Նա զննեց դեպքի վայրը և առաց՝ սա մերոնց, մեյկոմբցիների ձեռքի գործն է։ Միսս Տուտտին ասաց․
 
― Մեյկոմբցիներին նա միշտ խոսվածքով ճանաչում է, իսկ գիշերը նրանց մոտ՝ հյուրասենյակում մեյկոմբցիների նման չէին խոսում։
 
Միսս Տուտտին պահանջեց ոչ ավելի, ոչ պակաս, քան խուզարկու շներ, և միստեր Թեյթը նրանց բերելու համար ստիպված եղավ տասը մղոն ճանապարհ կտրել։ Միստեր Թեյթը շներին բաց թողեց երևացող հետքերով, նրանք շքամուտքից անմիջապես դուրս նետվեցին ու պտտվեցին տան շուրջբոլորը և սկսեցին հաչել մառանը տանող դռան վրա։ Միստեր Թեյթը շներին երեք անգամ տարավ շքամուտքը ու բաց թողեց, և երեք անգամն էլ նրանք վազեցին դեպի նկուղը։ Այն ժամանակ նա գլխի ընկավ, որ մինչև կեսօր ոչ մի երեխա բոբիկ դուրս չեկավ փողոց և ոչ էլ կոշիկները հանեց, մինչև որ շներին չտարան։
 
Եվ ահա Մեյկ ոմբի լեդիները վճռեցին, որ այս տարի ամեն ինչ կլինի այլ կերպ։ Բաց կլինի դպրոցական դահլիճը, մեծերին կցուցադրեն կենդանի պատկերներ, իսկ մանուկների համար կլինեն զանազան զվարճություններ— որսախնձորը, շոկոլադը պարանի վրա է, բռնիր իշուկի պոչից։ Բացի դրանից, դիմակահանդեսի ամենալավ ինքնագործ զգեստի համար կտրվի մրցանակ՝ քսանհինգ ցենտ։
 
Ես և Ջիմը տրտնջացինք։ Ոչ թե նրա համար, որ մենք պատրաստվում էինք մի այլ բան անել, ոչ, խնդիրը սկզբունքի մեջ էր։ Ջիմը գտնում էր, որ ինքը, միևնույն է, արդեն շատ մեծ է Բոլոր սրբերի օրվա համար։ Նա ասաց՝ ինչ ուզում ես արա, այդ երեկոն իրեն բոլորովին չի հետաքրքրում։ Թող այդպես լինի, վճռեցի ես, ինձ կուղեկցի Ատտիկուսը։ Բայց շուտով ես իմացա, թե այդ երեկո ինչ էի ներկայացնելու բեմի վրա։ Միսիս Գրեյս Մերրիուեզերը հորինել էր մի զարմանալի յուրօրինակ կենդանի պատկեր՝ հետևյալ անվան տակ՝ «Մեյկոմբի շրջանը per aspera ad astra», և ես ներկայացնելու էի ազդրամաս։ Նա որոշել էր, որ սքանչելի կլինի, եթե երեխաները զանազան զգեստներով ներկայացնեն մեր շրջանի գյուղատնտեսական արտադրանքը. Սեսիլ Ջեյկոբսին զգեստավորելու են որպես կով, Էգնես Բունից կստացվի հիանալի մոմագույն լորի, մեկ ուրիշը կլինի գետնանուշ և էլի շատ և շատ բաներ, մինչև որ սպառվեր միսիս Մերրիուեզերի երևակայությունը և երեխաների գլխաքանակը։
 
Ինչպես ես հասկացա երկու փորձերի ընթացքում, մեզանից պահանջվում էր միայն այս՝ դուրս գալ բեմի ձախ կողմից, հենց որ միսիս Մերրիուեզերը մեր անունը կտար (նա ոչ միայն հեղինակն էր, այլև ղեկավարը)։ Երբ նա բարձրաձայն կկանչի «Ազդրամա՛ս»— նշանակում է ես եմ դուրս գալու։ Իսկ վերջում մենք հանդիսավոր կերգենք՝ «Մեյկոմբ, քեզ հավատարիմ ենք հավիտյան», իսկ միսիս Մերրիուեզերը կպարզի պետական դրոշակը։
 
Եմ զգեստը դժվար չէր հնարել։ Միսիս Կրենշոն, քաղաքային դերձակուհին էլ պակաս երևակայություն չուներ, քան միսիս Մերրիուեզերը։ Միսիս Կրենշոն վերցրեց մետաղալարի մի ցանց և նրան տվեց ապխտած ազդրի ձև։ Ցանցը պատեց դարչնագույն կտորով և ազդրի նման ներկեց։ Ես կնստեմ, և որևէ մեկը դա վերևից գլխիս կքաշի։ «Ազդրը» հասնում էր մինչև ծնկներս։ Միսիս Կրենշոն հոգացողությամբ ինձ համար բացեց երկու աչք։ Նա ամեն ինչ շատ լավ պատրաստեց։ Ջիմն ասաց, որ ես ոտներով ազդրամաս եմ։ Ճիշտ է, այն ուներ որոշ անհարմարություններ՝ նրա մեջ շոգ էր, նեղվածք, ոչ քիթդ կարող էիր քորել և ոչ էլ կարող էիր միջից դուրս գալ, մինչև որ ուրիշը քեզ չօգներ։
 
Ես մտածում էի, թե երբ էր գալու Բոլոր սրբերի օրը, որ մեր ամբողջ ընտանիքը գար ինձ դիտելու, բայց ինձ սպասում էր հիասթափություն։ Ատտիկուսը շատ աշխատեց ինձ չվիրավորել, բայց, այնուամենայնիվ, ասաց՝ այսօր շատ հոգնած է, հնարավորություն չունի կենդանի պատկերներ դիտելու։ Նա ամբողջ շաբաթն անց էր կացրել Մոնտգոմերիում և վերադարձել էր երեկոյան կողմ։ Բայց եթե ես Ջիմին խնդրեմ, Ջիմն ինձ կուղեկցի։
 
Ալեքսանդրա հորաքույրն ասաց, որ ինքը պետք է վաղ պառկի։ Ամբողջ օրը բեմն է զարդարել և շատ է հոգնած․․․ Հանկարծ նա խոսքի կեսին լռեց։ Նա նորից բացեց բերանը, ուզում էր մի ուրիշ բան էլ ասել, բայց այդպես էլ չասաց։
 
― Հորաքույր, ի՞նչ պատահեց ձեզ,— հարցրի ես։
 
― Ոչ, ոչ, ոչինչ,— ասաց նա,— Մարմնովս դող անցավ։
 
Ես չգիտեմ ինչ տեղի ունեցավ նրա հետ, բայց նա մեկեն աշխուժացավ և ինձ առաջարկեց հյուրասենյակում սարքել տնային դիտում։ Ջիմը ինձ խցկեց բեմական զգեստիս մեջ, կանգնեց հյուրասենյակի դռանը և բարձրաձայն կանչեց՝ «Ազ-դրա֊մաս»— ճիշտ և ճիշտ միսիս Մերրիուեզերի նման, և ես հանդիսավոր կերպով անցա հյուրասենյակով։ Ատտիկուսը և Ալեքսանդրա հորաքույրը հիացած էին։
 
Հետո ես գնացի խոհանոց ինձ ցուցադրելու Կելպուրնիայի առաջ, և նա էլ ասաց, որ հաճելի է ինձ նայելը։ Ես ուզեցի վազել նաև միսս Մոդիի մոտ, բայց Ջիմն ասաց՝ նա հավանորեն, ներկայացմանը ներկա կլինի։
 
Այժմ արդեն կարևոր չէ, նրանք կգային թե ոչ, որովհետև Ջիմն ասաց, որ ինձ կուղեկցի։ Այսպես սկսվեց մեր ամենաերկար ճանապարհորդությունը։
== Գլուխ 28 ==
Վստահելի
83
edits