«Վեսլի Ջեքսոնի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(==)
(Ծանոթագրություններ)
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 5474. Տող 5474.
  
 
Բայց ախր սա ամեն քայլափոխի էլ կարող է պատահել։ Մեկ էլ տեսար՝ սպասածիդ պես չեղավավ, մեկ էլ տեսար՝ մի ապուշ անակնկալ մեջ ընկավ, ախր սա կարող է էնքան հեշտ ու հանգիստ պատահել՝ էլ չասած։ Պատերազմում շատ մարդիկ են մեռնում անընդհատ կատարվող ինչ֊որ բաներից․ ամեն տեսակ պատահականություններից, ամեն տեսակ սխալներից, ամեն տեսակ դժբախտ դեպքերից, հենց հիմարության երեսից։ Մեր մեկնելուց ի վեր, ինչ պատմություն ասես չիէնք լսել։ Գյուղամիջյան ճամփաները լիքն էին անտեղի տուժած տղերքով։ Առաջին ափհանումների ընթացքում ալիքը շատերին սրբել տարել էր տախտակամածից, ու նրանք խեղդվել էին։ Կարճլիկ տղերքից քանի֊քանի հոգի, ափ հանող նավակներից իջնելիս, իրենց եղած֊չեղախծով սուզվեցին ջրի մեջ ու էլ դուրս չեկան, նրանց փրկելու ժամանակ չկար, բոլորն իրար հետևից թռչում էին ջուրը՝ հույս ունենալով, թե էնքան խորը չի լինի, որ խեղդվեն։ Շտապել էր պետք,  դու էլ շտապում էիր, և քեզ երազ եկած ամենատանջալի ու ահավոր բաներն էլ սրանց համեմատ դատարկ ու փուչ էին թվում։ Պիտի անընդհատ շտապեիր, որ քիչ հետո ոտքդ Եվրոպա դնեիր։
 
Բայց ախր սա ամեն քայլափոխի էլ կարող է պատահել։ Մեկ էլ տեսար՝ սպասածիդ պես չեղավավ, մեկ էլ տեսար՝ մի ապուշ անակնկալ մեջ ընկավ, ախր սա կարող է էնքան հեշտ ու հանգիստ պատահել՝ էլ չասած։ Պատերազմում շատ մարդիկ են մեռնում անընդհատ կատարվող ինչ֊որ բաներից․ ամեն տեսակ պատահականություններից, ամեն տեսակ սխալներից, ամեն տեսակ դժբախտ դեպքերից, հենց հիմարության երեսից։ Մեր մեկնելուց ի վեր, ինչ պատմություն ասես չիէնք լսել։ Գյուղամիջյան ճամփաները լիքն էին անտեղի տուժած տղերքով։ Առաջին ափհանումների ընթացքում ալիքը շատերին սրբել տարել էր տախտակամածից, ու նրանք խեղդվել էին։ Կարճլիկ տղերքից քանի֊քանի հոգի, ափ հանող նավակներից իջնելիս, իրենց եղած֊չեղախծով սուզվեցին ջրի մեջ ու էլ դուրս չեկան, նրանց փրկելու ժամանակ չկար, բոլորն իրար հետևից թռչում էին ջուրը՝ հույս ունենալով, թե էնքան խորը չի լինի, որ խեղդվեն։ Շտապել էր պետք,  դու էլ շտապում էիր, և քեզ երազ եկած ամենատանջալի ու ահավոր բաներն էլ սրանց համեմատ դատարկ ու փուչ էին թվում։ Պիտի անընդհատ շտապեիր, որ քիչ հետո ոտքդ Եվրոպա դնեիր։
 +
 +
==Գլուխ յոթանասունմեկերորդ==
 +
'''Վեսլին երազ է տեսնում՝ իբր ուր որ է իրեն կգնդակահարեն, արթնանում է և գերի ընկնում գերմանացիներին'''
 +
 +
Մի գիշեր երազ տեսա, որն ինձ հազար անգամ ավելի վախեցրեց, քան արթուն աչքերով տեսած֊չտեսածս։ Չեմ էլ իմանում ինչ էր պատահել, բայց Վիկտոր Տոսկային, Ջո Ֆոքսհոլին, Դունկան Օլսոնին ու ինձ բերել էին, պատի տակ կանգնեցրել, որ գնդակահարեն։ Չգիտեի ով էր գնդակահարելու, ուղղակի գիտեի, որ եթե մի անհավատալի հրաշք կատարվի, երկու րոպե չանցած՝ մեզ վերջ կտան ու պըրծ․ էլ երբեք չեմ տեսնի ոչ Ջիլին, ոչ որդուս, ոչ հայրիկին ու մայրիկին, ոչ Վիրջիլին, ոչ Նիլ քեռուս․ ա՜խ, ոնց չէի ուզում։ Մեկ էլ ըհը, հրացանավորներ եկան, պատրաստվում են, որ մեզ գնդակահարեն։ Մոտեան աչքներս կապելու։ Վիկտորը, Ջոն ու Օլսոնը իրար հետևից լաթի կտորները վերցրին ու աչքները կապեցին։ Ես էլ վերցրի նրանց տված լաթի կտորն ու արդեն աչքերս կապելու վրա էի, բայց ինձ ու ինձ ասի․ «Անիծվեմ, թե կարեցածիս չափ աշխարհին չնայեմ, թեկուզ ընդամենը մի րոպե ավել տեսնեմ»։ Աչքերս չկապեցի, հրամանատարն էլ, թե՝ ոչինչ, կարելի է։ Հետ դարձավ իր զինվորների մոտ ու սկսեց հրամաններ տալ։ Առաջին հրամանով դիմացի շարքը իջավ մի ծնկին։ Երկրորդ հրամանով երկու շարքերն էլ հրացանները բարձրացրին, դեմ արին ուսներին ու մեզ նշան առան՝ ի՛նձ․ աստվա՜ծ, տե՜ր աստված, ես չէի ուզում մեռնել։ Ամեն հրամանից հետո սպան դադար էր տալիս․ մե՛կ, դադար, երկո՛ւ, դադար, հաջորդը երեքն էր, բայց դրանից հետո ինձ համար էլ ոչ մի դադար չէր լինի։ Բոլորովին ժամանակ չկար, բայց եղածն էլ էր ինձ հերիք, որ աշխարհում ամենքի հանդեպ ահով, կատաղությամբ ու զայրույթով լցվեմ, անընդհատ սպասում էի, թե ուր որ է համազարկի ձայնը կլսեմ, կտեսնեմ կրակի փայլատակումն ու էն աշխարհ կգնամ, իսկ ես չէի ուզում էն աշխարհ գնալ, որովհետև մենակ էի լինելու․ առանց Ջիլի, առանց իմ որդու։ Չէի ուզում գնալ, որովհետև էն աշխարհը ես չէի ճանաչում, իսկ սա ճանաչում էի ու սիրում։ Ամբողջ հոգով֊սրտով է՛ս աշխարհն էի սիրում և ուզում էի ինչքան հնարավոր է՝ երկար մնալ էստեղ, այնինչ ինձ տրված ժամանակը, մինչև գնդակը դուրս թռչեր հրացանի փողից ու գար, հասներ գլխիս, չնչին բան էր թվում։ Էդպես աչքս էս աշխարհի վրա՝ սպասում էի, թե էն աշխարհ եմ գնալու, մեկ էլ զարթնեցի քնաթաթախ, փառք տվի աստծուն, որ կյանքս խնայեց ու հայհոյեցի աշխարհը էսպիսի երազ տեսնելուս համար։
 +
 +
Նոր օրվա բացվելուն պես՝ մտքի մեջ ընկա, թե երազս ինչ է նշանակում։ Մեկ համոզվում էի, որ հաստատ սպանվելու եմ, մեկ համոզվում էի, թե փրկվելու եմ։
 +
 +
Անընդհատ փորձում էի Վիկտորի, Ջոյի ու Դունկանի մասին մի բան իմանալ, բայց նրանցից ոչ մի լուր չկար։ Հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, թե նրանց ջոկատից մի քանի տղա են սպանվել, մի քանիսն էլ՝ վիրավորվել, բայց ես ուշադրություն չդարձրի, դե, բանակում միշտ էլ անթիվ֊անհամար ասեկոսեներ են ականջիդ հասնում ու իզուր տեղը մարդու տակնուվրա անում։ Պատերազմը կարծես թե սպասվածից դանդաղ էր առաջ գնում, չնայած բոլորն ասում էին՝ ամեն ինչ շատ լավ է։ Ամենավատ նորությունները Լոնդոնի ու ինքնաթիռ֊արկերի մասին էին։ Դրա համար էլ գիշեր֊ցերեկ Ջիլի համար անհանգստանում էի, ախր որ միասին էինք, օդային հարձակման ժամանակ տանը մնալուց մեզ բան չէր լինի, որովհետև իրար հետ էինք՝ երկուսով, բայց ես չէի ուզի նա մեն֊մենակ տանը մնար։ Նամակ գրեցի, որ մորը բերել տա իր մոտ կամ էլ եթե մայրը չի կարող հետը մնալ, եղբայրներից ու քույրերից մեկին թող ուղարկի։ Բայց պատկերացում չունեի, թե նամակս երբ կհասնի նրան, լսել էի, որ փոստը դանդաղ է աշխատում, նրանից էլ դեռ ոչ մի նամակ չէի ստացել։
 +
 +
Իմ գործընկերը մի կինոօպերատոր էր, ազգանունը՝ Գրեհեմ, սա Անգլիայում մեր ջոկատն էր մտել, որովհետև ծնունդով ամերիկացի էր։ Ծնողներն անգլիացիներ էին, ու նա կյանքի մեծ մասը Լոնդոնում էր ապրել, բայց քանի որ ձևականորեն ամերիկացի էր, գերադասել էր ամերիկյան բանակում ծառայել, նախնական ուսուցումն էլ Լիչֆիլդում էր անցել։ Նա իմ տեսած ամենազտարյուն անգլիացին էր, բայց լավ տղա էր, ու մենք կարգին յոլա էինք գնում։ Երբեմն մեզ մի երկու օրով ուղարկում էին հատուկ նկարահանումների, բայց Գրեհեմը մոռանում էր ստացած առաջադրանքն ու տարվում ուրիշ բանով, ես էլ նրա ուզածով էի շարժվում։ Սկզբում ամեն մեկս մի որակավորում էինք ստացել։ Ինձ որպես գրող էին որակավորել, բայց հենց որ պատերազմ գնալու ժամանակն եկավ, ու մենք ճակատ ընկանք, է՛հ, էլ որակավորմանը ոչ մի նշանակություն չտվին։ Գրեհեմի ու Վանհուք ազգանունով մի վարորդի հետ ջիփով դեսուդեն էինք գնում։ Իմ անելիքը կինոխցիկը տանել տեղադրելուն օգնություն ցույց տալն էր, մեկ֊մեկ էլ փորձում էի նկարահանվող մարդկանց հսկողության տակ առնել, որ իրենց անբնական չպահեն ինչ է թե՝ օբյեկտիվի առաջ են հայտնվել։ Վանհուքն էլ քշում էր մեքենան, ամեն ինչին հետևում ու նեղն ընկած տեղն՝ օգնում։ Ղեկավարը Գրեհեմն էր։ Պատյանավոր ատրճանակ էր կապում, ու պատերազմի համար խելքն իրենը չէր, երբեք էնքան երջանիկ չէր լինում, ինչքան էն ժամանակ, երբ թվում էր, թե դեպքերը հուզիչ ընթացք են ստանում։ Միշտ հիասթափվում էր՝ իմանալով, որ մերոնցից ոչ ոք չի սպանվել կամ վիրավորվել, բայց սրա հետ մեկտեղ դուրեկան տղա էր ու ջանք չէր խնայում սկսածը ավարտին հասցնելու։ Ափսոս, որ նրա վերջը վատ եղավ, չնայած երևի ուզում էր ճիշտ գործ բռնել։
 +
 +
Արդեն երկու օր, երկու գիշեր շրջագայության մեջ էինք ու ինչի համար մեզ ուղարկել էին, դա էլ էինք նկարել, հազար ու մի տեսակ ուրիշ բաներ էլ․ դաշտային ծաղիկներ, ժպիտը դեմքներին ֆրանսիացի գեղջուկներ, լոլիկով լի զամբյուղներն ուսներին սիրուն աղջիկներ, մի խոսքով, Գրեհեմին դուր եկած ամեն ինչ, որ իմ սրտով էլ էր։ Ժամանակն էր՝ ջիփը նստեինք ու մեր նյութերով հետ գայինք, բայց ճամփին մի նոր միտք ծագեց Գրեհեմի գլխում, ու նա Վանհուքին կարգադրեց թեքվել, որովհետև իր կարծիքով, եթե մի տասը մղոն ճանապարհից շեղվեինք, հաստատ իսկական նյութ կպատահեր։ Վանհուքը թեքվեց ու ջիփը Գրեհեմի ցույց տված ուղղությամբ քշեց, դե, Գրեհեմը սերժանտ էր, իսկ Վանհուքը՝ կապրալ։ Քիչ հետո մի ջոկատի հանդիպեցինք, որն արդեն իրիկվա հանգստին էր անցել։ Գրեհեմն ասաց՝ ինչ ենք փնտրում ու հարցրեց, թե որտեղ կարող ենք գտնել, սրանք էլ բացատրեցին։ Շարունակեցինք ճամփան ու շուտով տեղ հասանք։ Սա ճակատային գիծ էր կոչվում, բայց ամեն ինչ էստեղ սովորականի պես էր, չհաշված, որ մերթընդմերթ մեծ֊մեծ արկեր էին ընկնում, մենք էլ նետվում էինք գետնին ու շունչներս պահում։ Գրեհեմը որոշեց, թե ճակատային գծից մի երկու֊երեք մղոն էլ պիտի առաջ գնանք, կինոխցիկը մի լավ տեղ հարմարեցնենք ու սպասենք․ լսել էր, որ մի կողմից մերոնց տանկերն են գալու, մյուս կողմից էլ թշնամու տանկերն են դեմ֊դիմաց ելնելու և մտադիր էր ճակատամարտը նկարել։ Հուսով էր, թե մի հարմար ծառապատ բլրակ կգնենք ու կինոխցիկը կդնենք։
 +
 +
Իրոք, մի հարմար տեղ գտանք։ Էստեղ շատ հանդարտ էր, խաղաղ, ու եթե երկու֊երեք րոպեն մեկ հրետանային զարկեր չլինեին, բոլորովին չէիր ասի, թե պատերազմում ես։ Մեր ճակատային օրաբաժնից ինչ մնացել էր՝ հանեցինք ու հենց ծառերի տակ էլ նստեցինք, հանգիստ ուտում էինք, կատակում, տրամադրություններս կարգին բարձրացել էր, դե, կանաչ, զով տեղ էինք, կինոխցիկը դրել պատրաստել էինք ու հույս ունեինք լուսաբացին պետքական նյութ նկարել։
 +
 +
Է՜հ, հիմա կտեսնենք, թե կյանքի ու մահվան գաղտնիքները ինչքան անիմանալի են․ ախր մեր քեֆին, հաշտ ու խաղաղ նստած՝ ուտում էինք, ասում֊խոսում ու մտքներումս ուրախանում, թե առավոտն ինչ նյութ ենք ձեռք գցելու, հետո մերոնց մոտ պոկվենք, մտածում, ,թե պատերազմը կարծես մեզ համար եղած֊չեղած, առաջվա վրա նույնիսկ ավելի լավ ենք, մեկ էլ հանկարծ չգիտես ով շատ հանգիստ, շատ մաքուր անլերենով ասաց․
 +
 +
― Տղերք, վախենամ, թե գերի եք ընկել, այնպես որ վեր կացեք ու ձեռքներդ բարձրացրեք։
 +
 +
Գրողը տանի, ես մինչև անգամ հետ չնայեցի ու լավ էլ արի։ Փառք տվի աստծուն հրացանս ջիփի մեջ թողնելու համար, որովհետև դժվար թե ուզենայի կրակել մեկի վրա, որն էդպես մաքուր անգլերեն էր խոսում ու էդպես հանգիստ վերաբերվում մեզ գերի վերցնելուն, եթե իհարկե, սա մեր տղերքի սարքած խաղը չէր։ Խաղ էր, թե խաղ չէր, ես ու Վանհուքը ոտքի թռանք ու ձեռքներս բարձրացրինք․ ով գիտի ինչքան հիմար տեսք ունեինք։
 +
 +
Քիչ հետո, անշտապ ճեմելով, մի երիտասարդ դուրս եկավ մեր դիմաց։ Ճիշտ որ թշնամու բանակից էր, բայց միայն համազգեստից ու սաղավարտից էր դա պարզ երևում։ Կարծես մենակ էր, աջ ձեռքին էլ ատրճանակ կար։ Հանկարծ մի կրակոց լսվեց, բայց տեսա, որ կրակողը նա չի, որովհետև իրեն գցեց գետնին ու դեռ չէր կրակել։ Հետո նոր կրակեց, իսկ մյուս կրակողը Գրեհեմն էր, գերմանացին էլի կրակեց, Գրեհեմը տնքաց, ինքն էլ մի անգամ կրակեց, հետո լսեցինք, թե ոնց թրմփաց։ Չնայած շուռ չեկանք նայենք։ Գերմանացին շատ դանդաղ ոտքի կանգնեց ու յուրայիններին ձեռքով արեց, տեսնենք վեց հոգի էլ են գալիս։ Նա ատրճանակը տեղը դրեց ու գնաց Գրեհեմի վրա մի հայացք ձգելու, իսկ զինվորները խուզարկեցին ջիփն ու մեր հրացանները վերցրին։ Հետո սպան մոտեցավ ինձ ու Վանհուքին, ասաց՝ ամեն ինչ կարգին է, կարող ենք նստել ու մեր ընթրիքը վերջացնել։
 +
 +
― Ձեր ընկերը,― ասաց,― մեծ հիմարություն արեց։ Ամբողջ հասակով ցցվել էր այնտեղ, դրանից էլ հոյակապ թիրա՞խ։ Իմ կարծիքով, լավ հրաձիգ էլ չէր։ Ես մտադիր էի պարզապես կասեցնել նրանց, բայց դժբախտաբար ինձ չկարողացա զսպել, շատ դիպուկ կրակեցի։ Ի՞նչ եք անում այստեղ՝ ձերոնցից հեռու։
 +
 +
Դե, ես գիտեի, որ ոչ մի հարցի չպետք է պատասխանենք, ուղղակի ազգանուններս էինք ասելու, մեր կոչումն ու բանակային հերթական համարը, բայց Վանհուքը երևի մոռացել էր, որովհետև ասաց․
 +
 +
― Նկարահանում ենք։
 +
 +
― Ո՞վ է հրամայել, որ այստեղ գաք։
 +
 +
― Գրեհեմը,― ասաց Վանհուքն ու մատով ցույց տվեց կանաչների մեջ փռված խեղճ Գրեհեմին։
 +
 +
― Իսկ նրա՞ն ով է հրամայել։
 +
 +
― Դա նրա սեփական միտքն էր։
 +
 +
― Ինչ անհաջող միտք,― ասաց գերմանացին։― Ամերիկյան սիգարետներ ունե՞ք։
 +
 +
Ամեն մեկս մի երկու բլոկ հետներս տարել էինք, հանեցինք, նա թե՝
 +
 +
― Կարելի է մի տուփ վերցնել։ «Չեսթըրֆիլդ» շատ եմ սիրում, քանի դեռ Քորնելում էի՝ միշտ սա էի ծխում։
 +
 +
Նա դարձավ իր զինվորներին ու գերմաներեն մի քանի խոսք ասաց՝ նույնքան անկաշկանդ, ինչքան որ մեզ հետ էր խոսում։ Սրանցից մեկը պահակ ակնգնեց՝ հրացանն «ազատ» դիրքով բռնած, իսկ մյուսները հավաքվեցին գլխներիս, նայում էին մեզ, ժպտում, ու մենք հասկացանք, որ նրանք էլ են սիգարետ ուզում, բայց ձայն չհանեցինք, որովհետև էստեղ սպան էր կարգադրողը։
 +
 +
― Դեմ չե՞ք լինի, եթե տղերքն էլ մի֊մի տուփ վերցնեն,― ասաց նա։― Իհարկե, կարող եք չտալ։ Շուտով ձեզ էլ պետք կգան։
 +
 +
Ասինք՝ ոչինչ, թող վերցնեն, ու սպան թույլ տվեց, որ ամեն մեկը մի֊մի տուփ վերցնի, սրանք էլ վերցրին, նստեցին չորս բոլորն ու սիգարետները կպցրին։
 +
 +
― Տարօրինակ է,― ասաց սպան,― որ դուք եք մեզ գերի ընկնում, մինչդեռ մեր տղերքից շատերը ձերո՛նց են գերի ընկնում։ Ձեր դժբախտ ընկերը պետք է հրամանի համաձայն շարժվեր։
 +
 +
Տասը֊տասնհինգ րոպե նստած մնացինք, հետո սպան ծուլորեն վեր կացավ ու իր զինվորներին գերմաներեն ինչ֊որ բան ասաց։ Սրանք կանաչների միջից Գրեհեմին բարձրացրին, դրին ջիփն ու վրան թիկնոց գցեցին։ Սպան ինձ ու Վանհուքին պատվիրեց կինոխցիկը քանդել ու ջիփի մեջ տեղավորել, մենք էլ էդպես արինք։ Հետո ասաց, որ երկուսս էլ առջևում նստենք։ Իսկ ինքը հետևում նստեց։ Վանհուքին խնդրեց մեքենան դանդաղ քշել, որովհետև իր ասելով՝ հաճելի երեկո էր, մեզ հրաշալի զբոսանք էր սպասում, ու ինքն ուզում էր հիանալ բնության տեսարաններով։ Նա զինվորներին մի քանի հրամաններ էլ տվեց, հետո ճամփա ընկանք։ Վանհուքը շատ դանդաղ էր քշում, ու մի ժամից ավել տևեց մինչև տեղ հասանք՝ ինչ֊որ բացօթյա ճամբար։
 +
 +
― Սա միայն այս գիշերվա համար է,― ասաց սպան։ Նա առաջարկեց, որ մեր անձնական իրերը վերցնենք ու գնանք իր հետ։ Փոքրիկ պահակատանը մեզ հանձնեց ուրիշ սպայի ու ասաց․
 +
 +
― Իսկ հիմա պիտի հրաժեշտ տամ ձեզ, և շնորհակալություն սիգարետների համար։
 +
 +
Սեղանի մոտ նստած սպան տարեց մարդ էր, անչափ հոգնած, բայց սա էլ էր լավ անգլերեն խոսում։ նա պարզպաես մեր ազգանունները հարցրեց, կոչումն ու հերթական համարը։ Էդ ժամանակ մտքովս չէր անցնում, որ էս բոլորը ուսումնական ֆիլմերում մեզ ցույց տվածից շատ է տարբերվում։ Գերմանացի վեց զինվոր էլ ոչ իմ դեմ էին մազաչափ չարացած, ոչ էլ՝ Վանհուքի։ Ճիշտ է, սպան Գրեհեմի վրա կրակեց, բայց ուրիշ ելք չուներ ու իր արածից բոլորովին էլ հաճույք չէր զգում։ Նա նետվեց գետնին, դե, կարգը պահանջում է, որ հարմար թիրախ չդառնաս։ Գրեհեմը բավական ժամանակ ուներ նույն բանն անելու, բայց չարեց։
 +
 +
Հետո ես Վանհուքին հարցրի, թե միգուցե պիտի վազեինք հրացանները վերցնելու, հենց որ Գրեհեմը սկսեց կրակել, իսկ նա ասաց՝ խելքը չի հասել, ու լավ է՝ չի հասել, թե չէ, ասաց, հրացանների հետևից որ վազեինք, մեզ էլ կխփեին, ու բոլոր սիգարետները նրանց բաժին կընկնեին։ Հարցրի՝ հո շատ չվախեցա՞վ, ասաց՝ չէ, ես էլ ասի՝ ինչո՞ւ, որ տեսնեմ նրա պատճառաբանությունն իմին համընկնո՞ւմ է, ու պարզվեց՝ երկուսս էլ նույն ձևով ենք դատում։ Նախ և առաջ՝ ամեն ինչ էնքան խաղաղ էր, որ Վանհուքը չի էլ կասկածել, թե մեկնումեկն իր նկատմամբ ատելություն կզգա ու իզուր տեղը վրան կկրակի։ Սպայի ձայնը լսելուն պես՝ հասկացել էր, որ մարդը լուրջ է տրամադրված, բայց բորբոքված չի ու չի էլ կրակի, եթե նրան չդրդես կրակել․ ուրեմն ինչո՞ւ դրդես։ Ես հարցրի՝ իսկ ի՞նչ է կարծում, Գրեհեմը ճի՞շտ արեց, Վանհուքն ասաց․
 +
 +
― Իմ կարծիքով, Գրեհեմը մտածում էր, թե հերոս դառնալու առենն եկել է․ հազար ափսոս, որ նրան սպանեցին, բայց խելքը գլխին ամեն զինվոր կասի՝ նա սխալ արեց։
 +
 +
Գիշերը ճամբարում անցկացրինք՝ բաց երկնքի տակ, ծանոթացանք էստեղի մյուս գերիների հետ։ Սրանց մեծ մասը հենց մեզ նման էին գերի ընկել․ էնտեղ էին բռնվել, ուր ոչ ոք նրանց չէր էլ ուղարկել․ բայց ասում էին՝ էսպես էնքան էլ վատ չի, ու երևում է՝ գերմանացիք գիտեն, որ մեզ գերի վերցնելը ժամանակի անտեղի կորուստ է, որովհետև մերոնք անընդհատ նեղում են դրանց։
 +
 +
Գերմանացի պահակները մեր տղերքից քիչումիչ անգլերեն էին սովորել, ընկերավարի էին վերաբերվում ու մշտական, ծանոթ թեմաներով խոսք ու զրույց բացում՝ տան մասին, կանանց մասին, յուրայինների ու մերոնց մասին․ գրողի ծո՛ցը բոլոր բանակները, հարազատ աղջիկս է՝ տե՛ս, մոտդ փոխելու բան֊ման չկա՞։
 +
 +
==Գլուխ յոթանասուներկուերորդ==
 +
'''Վիկտոր Տոսկան Վեսլիին պատմում է, որ Ջո Ֆոքսհոլը մահացել է'''
 +
 +
Մյուս օրը մեզ լցրին բեռնատարներն ու տարան մոտ հարյուր մղոն հեռու՝ մի ուրիշ բացօթյա ճամբար, բայց գետնի տակն անցնեմ, թե գիտեի որտեղ ենք։ Անընդհատ Ջիլի մասին էի մտածում, գլուխ կոտրում, թե ինչ հնարքով նամակ ուղարկեմ, որ իմանա գերի եմ ընկել, բայց ողջ֊առողջ եմ, դե, սովորական ճանապարհով նամակներն էնքան դանդաղ էին գնում։
 +
 +
Նոր ճամբարում ավելի շատ մարդ կար, ես ու Վանհուքը թրև էինք գալիս, որ մի ծանոթ գտնենք կամ գոնե մեր ծանոթներին տեսած մեկնումեկին։ Ճամբարը ահագին մեծ էր, գերիներով լեփլեցուն, շատերը խումբ֊խումբ, վեց֊յոթ հոգով հավաքված՝ ասում֊խոսում էին, պատմություններ անում կամ էլ թուղթ խաղում, էնպես որ հեշտ չէր բոլորին մեկ առ մեկ տնտղել։ Երբեմն էլ գետնին մեն֊մենակ նստած ու մտքերով տարված մարդիկ կտեսնեիր․ երևի տան կարոտն էին քաշում ու ատելությամբ մտածում, որ իրենց նախրի պես փշալարի հետևն են առել։
 +
 +
Ու հանկարծ հո մի զարմանք բա՜ն չտեսա՝ զարմանալու տեղ էլ չմնաց․ ախր դրա վրա հույս էլ չունեի։ Գետնին՝ հենց դիմացս, նստած էր Վիկտոր Տոսկան։ Ո՜նց ուրախացա նրան տեսնելուս համար, որոշեցի նստել կողքին ու սպասել մինչև ինքն ինձ ճանաչի։ Ճամբարում էնքան մարդ կար իրար գլխի լցված, որ մեկը մյուսի վրա ուշք էլ չէր դարձնում, ու երբ Վիկտորի կողքին նստեցի, նա նույնիսկ չշարժվեց։ Էդպես նստել, սպասում էի, ինձ ու ինձ հրճվում, որ նա ողջ է, աչքիս առաջ, դե ես էլ հենց դա էի ուզում իմանալ։ Ուղղակի նստել էի մոտն ու ձայն չէի հանում, մտածում էի՝ շուռ կգա, կտեսնի ով է իր կողքին, ու երկուսով մի կուշտ կծիծաղենք։ Որոշեցի թեկուզ մի ժամ նստել, մինչև որ շուռ գա․ ինձ թվում էր՝ էդպես ավելի լավ է, քան թե աղմուկ֊աղաղակ գցելը, որովհետև ո՞վ իմանար՝ նա ինչեր է քաշել։ Եթե չհաշվեցինք, որ Գրեհեմը հետներս ընթրիք էր անում, իսկ մի րոպե անց արդեն մեռած էր, ինձ ու Վանհուքին բան էլ չէր պատահել։
 +
 +
Է՛հ, Վիկտորս ոչ շուռ էր գալիս, ոչ էլ ես էի տեղիցս շարժվում։ Նստել էինք՝ նստած մնացել, ու ես սկսեցի անհանգստանալ՝ հո նրա գլխին մի փորձանք չի՞ եկել, ախր տասը րոպեից ավել մոտը նստած էի, ու եթե էսքան ժամանակ ոչ մի շարժում չարեց, չշարժվեց էլ տեսնի՝ ով է իր կողքին, ուրեմն կա֊չկա մի պատճառ կլինի։
 +
 +
Տասը րոպե էլ անցնելուց հետո, նա վերջապես շուռ եկավ ու, իհարկե, ինձ տեսավ, բայց ես որոշեցի ծպտում չհանել։ Մի երկու րոպեից էլի շուռ եկավ ու նորից նայեց։ Էս անգամ էլ երեսը չթեքեց։
 +
 +
― Շատ ուրախ եմ, որ քեզ տեսա,― ասաց։― Մտածում էի՝ դու կլինես, բայց հավատս չէր գալիս։ Լա՞վ ես։
 +
 +
― Լավ եմ, լավ։ Դո՞ւ ոնց ես։
 +
 +
― Խելքս մի քիչ տեղը չի։
 +
 +
― Ոչինչ, կանցնի։
 +
 +
Երկուսս էլ վեր կացանք։
 +
 +
― Քեզ պատմելու բան ունեմ,― ասաց Վիկտորը։
 +
 +
Հենց որ մի առանձին անկյուն գտանք խոսելու, նա երկա՜ր֊երկա՜ր նայեց ինձ ու ասաց․
 +
 +
― Ջոն մեռավ, Օլսոնն էլ ծանր վիրավոր է, իսկ հետներս եկած էն ախմախ լեյտենանտին գիտես, որ հա ջղաձգվում էր ու վեր֊վեր թռչում։ Այ, նա ողջ մնաց, մեկ էլ ես։
 +
 +
Հետո վրա բերեց․
 +
 +
― Տես քեզ ինչ եմ ուզում ասել։ Ջոն դա ինձ համար արեց։ Ինն օր ոչ մեկի հետ մի բառ չեմ խոսել։ Նրան ոչ ոք չի ճանաչում, բայց ես ու դու ճանաչում ենք, ուրեմն քեզ կարող եմ ասել։ Մինչև հիմա կարգին չգիտեմ, թե անտերը՝ ինչ պատահեց, բայց նա հանկարծ ինձ ցած գցեց, ու մի խելագար դղրդոց լսեցի։ Երկինք֊գետին իրար էին խառնվել, ու էդ խելագար դղրդոցը անընդհատ ականջներումս էր՝ մեկ ուժեղ, մեկ խուլ, մեկ ուժեղ, մեկ խուլ։ Քիչ հետո դղրդոցը լրիվ կտրվեց, տեսնեմ Ջոն գետնին նստած՝ նայում է կանաչին։ Երեսի ձախ կեսը չկար, ամբողջ ձախ թևից ոսկորն էր մնացել, ու մսի պատառներ էին կախված, ձախ ոտքն էլ բաց էր, թաթն՝ արնաշաղախ։ Օլսոնն արկի բեկորներից ծակծկված՝ կաղին տալով, քարշ էր գալիս, բայց ջղաձգվող լեյտենանտն էլ էր անվնաս, ես էլ։
 +
 +
Վիկտորը մի պահ լռեց ու հետո ասաց․
 +
 +
― Խելքս մի քիչ տեղը չի։ Չգիտեմ ինչ անեմ Ջոյի համար, ախր նա հիմա մեռած է։ Նայում էի նրան, բայց դիմացինս կարծես Ջոն չլիներ ոչ մի նմանություն։ Չնայած հենց Ջոն էր, ինքն էլ ինձ էր նայում։ Սիրտս խառնում էր՝ հազիվ ինձ զսպեցի, որ չիմանա, թե տեսքն ինչքան է սարսափելի։
 +
 +
― Վա՛յ, ոնց վախեցրեց ինձ,― շարունակեց Վիկտորը։― Ասում է՝ մի րոպե կողքիս նստիր, բայց որ տեսնեիր ի՜նչ դեմք ուներ, հենց փորձեց բառերը մի կերպ իրար կապել։
 +
 +
«Էն անգամ Չիկագոյում լավ նախաճաշեցինք,― չէ՞»,― ասաց։
 +
 +
Հետո սկսեց ծիծաղել, բայց դա ծիծաղ չէր։ Ավելի շուտ՝ բարձր֊բարձր լաց էր լինում։ Քիչ հետո լացը կտրեց, թե՝ էն դողդողուն աղջկան կասես, որ սիրում եմ իրեն։ Քեզ էլ խնդրեց ասեմ, որ չմոռանաս․․․ էսքանն ասաց՝ թող չմոռանա․ դե, երևի դու կիմանաս, թե ինչն էր ուզում, ոչ չմոռանաս։ Հետո Դոմինիկի մասին էլ ասաց․․․ հա, արդեն գիտեմ՝ Դոմինիկը չկա։ Իսկ հետո խնդրեց, որ էն երգս իր համար երգեմ, ու գրողը տանի, նստեցի կողքը, ճարս կտրված՝ փորձեցի երգել։ Բայց ձայնս խզվել էր, ես էլ որոշեցի ուղղակի խոսքերը ասել։ Բերանիցս հազիվ էի հանել՝ «Ինձ ասում են․․․», մեկ էլ Ջոն շշնջաց․ «Բեն, Բեն», ու շունչը բռնվեց, կուչուձիգ եկավ, գետնին գլորվեց, ճիգ արեց, որ գոնե մի վայրկյան էլ շնչի ու հետո հանգավ։ Ջո Ֆոքսհոլի վերջը այ էսպես եղավ․ տեսնես հիմա որտե՞ղ է։
 +
 +
Վիկտորը մի պահ լուռ էր։ Հետո շատ կամացուկ ասաց․
 +
 +
― Ախր կարծում էի՝ ե՛ս պիտի սպանվեմ։ Պատրաստ էի դրան։ Գլուխս էր մտել, թե դա ուր որ է կկատարվի։ Անընդհատ սպասում էի, էն ժամանակ էլ էի սպասում, երբ Ջոն ինձ ցած գցեց ու տեղս գրավեց։ Իսկ ես չէի ուզում, որ Ջոն իմ տեղը գրավի։ Չէի ուզում մեկնումեկն իմ տեղը գրավի։ Բայց Ջոն էլ էր սպասում։ Ինձ հետ հավասար նա էլ էր անընդհատ սպասում։ Մինչև պատերազմի վրա հասնելը, ուզում էր ինքը վրա հասնի։ Ու էդպես էլ արեց։ Հենց էդպես։ Պատերազմում երկար մտածելու ժամանակ չունես։ Բայց դե խելքս մի քիչ տեղը չի, ախր գիտեմ՝ ե՛ս պիտի մեռնեի, այնինչ ողջ եմ, իսկ Ջոն՝ մեռած։ Էլ մտքովս չի անցնում, թե ինձ կսպանեն։ Բայց ի՞նչ անեմ Ջոյի համար։
 +
 +
==Գլուխ յոթանասուներեքերորդ==
 +
'''Վեսլին գերմանական ճամբարում ուսումնասիրում է ռազմագերիների տարբեր խմբեին'''
 +
 +
Ես ու Վիկտորը գերմանացիներին գերի մնացինք մինչև օգոստոսի ամենավերջին օրը, նրանք հեռացան ու մեզ էդպես թողեցին։ Ճամբարում շատ բան տեսանք, թե՛ ծիծաղելի, զարմանալի ու գեղեցիկ, թե՜ ահավոր ու այլանդակ։ Հեռանալիս գերմանացիք մեզ ոչ մի բառ չասացին։ Գիշերն ուղղակի հավաքել էին իրենց ունեցած֊չունեցածն ու փախել, մենք էլ մյուս օրը սպասում էին, սպասում, էլ չգիտենք, որ սրանք գնացել են։ Փշալարի հետևում մի հազար հոգուց ավել բանտարկված կլինեինք, արդեն երկար ժամանակ էդտեղ էինք, ու երբ լուր ընկավ, թե գերմանացիք մեզ թողել գնացել են, պա՛հ, բոլորը խառնիխուռն իրարով անցան։
 +
 +
Ես ու Վիկտորը հուլիսի չորսի նախօրյակին էինք էդ ճամբարում հանդիպել, էնպես որ համարյա երկու ամիս էր՝ միասին էինք։ Հուլիսի չորսը<ref>1776 թ․ Ֆիլադելֆիայի 2֊րդ Մայրցամաքային կոնգրեսում ԱՄՆ֊ի Անկախության դեկլարացիայի ընդունման օրը։</ref> տոնեցինք, բայց էնքան էլ հաջող չանցավ։ Մի քանիսը փորձեցին ներկայացում տալ՝ չստացվեց։ Մի տղա կար, հենց որ վեր կացավ ելույթ ունենա, բոլորը բղավեիցն, թե՝ լավ, հա՛, պրծի՛։ Տղային զուր տեղը կոպտեցին, իսկ նա պարզապես միտք ուներ մի կարգին բան անել։ Ներկայացումը պիեսի բեմադրություն պիտի լիներ՝ ինչ֊որ փոքրիկ վոդևիլ, բայց ոչ ոք չուզեց իրեն նեղություն տալ, ու մի կես ժամից գործը խափանվեց, ամեն մարդ էլի սպասողական դիրք բռնեց։
 +
 +
Նախ՝ ահավոր բաները նշեմ, որ մեջտեղից դուրս գան։
 +
 +
Մի գիշեր տղերքից մեկը դաստակի երակները կտրել էր ու առավոտը նրան մեռած գտան։
 +
 +
Մի անգամ էլ, օրը ցերեկով, երկու դեսանտային պարաշյուտիստ՝ երկու ընկեր տղա, կպան իրար ինչ է՝ մեկն ասել էր, թե երկուսին էլ լավ ծանոթ մի աղջիկ իրենց ընկերներից վեցի հետ եղել է (իրենց էլ չհաշված), իսկ մյուսն ասում էր՝ չէ որ չէ, ընդամենը հինգի հետ է եղել։ Վեցերորդն էլ էր պարաշյուտիստ, բայց սրանցից մեկը դրան ատելով ատում էր ու չէր ուզում, որ նա էլ եղած լինի էդ աղջկա հետ։ Ընկերը անընդհատ կրկնում էր, թե ինքը հաստատ գիտի՝ վեցերորդն էլ է աղջկա հետ եղել, էս մի տղան էլ, որ ասում էր՝ աղջիկն ընդամենը հինգի հետ է եղել, բռնեց ընկերոջ կոկորդն ու սկսեց խեղդել։ Բայց ընկերն էլ էր կռվից գլուխ հանում, էնպես որ համարյա իրար սպանում էին։ Հենց երկուսին իրարից բաժանեցին, սրանք միջնորդների բերանով պայման կապեցին, թե մեկը ճամբարի մի կողմում է մնալու, մեկը՝ մյուս, որովհետև երդվում էին, որ եթե նորից հանդիպեն, իրար կսպանեն ու իրոք, էդպես էլ կանեին, չնայած մոտ ընկերներ էին եղել ու ինչքան ասես միասին հարձակման գնացել։ Իրենց խոսքը նրանք պահեցին, ամեն մեկը ճամբարի իր մասում էր մնում։ Էլ երբեք իրար հետ ոչ մի բառ չփոխանակեցին։
 +
 +
 +
Օրական հինգ֊վեց անգամ մանր֊մունր կռիվներ էին բացվում, որովհետև բոլորն էլ լարված, գրգռված էին, բայց պարաշյուտիստների կռիվն ամենալուրջն էր։
 +
 +
Գերիները փոքրիկ խմբերի էին բաժանվել, ամեն խումբ միավորված էր մի ընդհանուր բանով, որ միշտ էլ մոտեցնում է մարդկանց։
 +
 +
Նույն զորամասում ծառայածները մեծ մասամբ իրար հետ էին լինում, դե, նրանք շատ համատեղ հուշեր ու խոսելիք ունեին։
 +
 +
Հետո՝ կային խմբեր, որ կազմված էին նույն զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդկանցից, սրանք էլ սիրում էին իրենց առաջվա աշխատանքային պայմաններից ու ապագայի հեռանկարներից պատմել։
 +
 +
Հետո՝ կային ըստ մարզերի միավորված խմբեր։ Հարավցիները սիրում էին կողք֊կողքի լինել, որովհետև սևամորթներին նույն ձևով էին վերաբերվում, սևամորթներն էլ սիրում էին իրար հետ լինել, որովհետև գիտեին, թե հարավցիներն իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն կամ էլ ուղղակի չէին ուզում գլխացավանքի մեջ ընկնել։ Ճամբարում ընդամենն ինը սևամորթ կային։ Նրանցից մենակ երեքն էին հարավցի ու բարձրագույն կրթություն չունեին, բայց մնացած վեցը հոգի չէին խնայում էդ երեքի համար, որոնք իրենց պես կրթված չէին։
 +
 +
Հեռավոր Արևմուտքից եկած տղերքն էլ՝ կալիֆոռնիացիները, Օրեզոնցիներն ու վաշինգտոնցիները, իրար հետ էին մոտիկություն անում։
 +
 +
Հետո՝ տղերք կային, որ պատահաբար նույն ազգանունն ունեին։ Երբեմն սրանք եղած֊չեղածը երկու հոգի էին լինում, ազգանուններն էլ՝ հազվագյուտ, գլխներին զոռ էին տալիս, թե ոնց է, որ նույն ազգանունն ունեն, ասենք՝ Մենըդյու, բայց ոչ բարեկամ են, ոչ էլ մեկմեկու ազգուտակին ճանաչում են։
 +
 +
Կամ երկու տղա կային, մեկը՝ Թենեսիից, մյուսը՝ Հյուսիսային Դակոտայից, երկուսն էլ նույն Ռոուզվար ազգանունով։ Իրար հետ մտերմացան, ամեն մեկն իր ընտանիքից էր պատմում, ու ընկերներ դարձան, քանի որ էդքան հազվագյուտ ազգանուն ունեին, բայց բարեկամներ չէին։
 +
 +
Սմիթները ուղիղ յոթ հոգի էին, յոթն էլ փաղաքշանքով իրար Սմիթի էին ասում, ու բոլորն սկսեցին նրանց Սմիթի ասել։ Չորս, թե հինգ Բրաուններն էլ իրար հետ էին լավ յոլա գնում ու շուտ֊շուտ խմբվում։
 +
 +
Հետո՝ նույն բնավորությամբ տղերքը, ըստ երևույթին, սիրում էին միասին ման գալ, մանավանդ զվարճախոսներն ու կատակասերները, բայց շատերն էլ, որ լուրջ ու ծանր մարդրիկ էին, միատեղ էին նստում֊վեր կենում։
 +
 +
Տան կարոտը քաշողներն էլ իրար գլխի էին հավաքվում, բայց սրտները թեթևանում էր թե չէ, առաջվա պես ուրիշ խմբի էին միանում։ Հենց որ կարոտը համեմատաբար մի քիչ մեղմանում էր, մեկ էլ տեսար, օրինակ՝ մարզասերների խումբը մտան, էս խմբի անդամներն էլ անընդհատ մանր֊մունր մրցումներով էին զբաղված, դե, դրա համար ոչ մեծ տեղ էր պետք, ոչ էլ վազելու տարածություն․ ասենք՝ կոխ էին բռնում, առանց վազքի երկարություն ցատկում, հեռուն թքում ու չգիտես էլ ինչեր հնարում։
 +
 +
Կամ կտեսնեիր՝ դրանք գնացին, գուշակների խմբին միացան ու սկսեցին ինչի մասին ասես գուշակություններ անել։
 +
 +
Կամ երազողների հետ էին մոտիկանում, սրանք էլ սիրում էին քննարկել, թե պատերազմից հետո ինչ ֆանտաստիկ բաներ են իրագործելու։
 +
 +
Հենց հարբուխ ընկած մեկի մրսածությունն անցնում էր, սա տեղնուտեղն իր մրսած բախտակիցներին թողնում էր, ուրիշ խումբ մտնում, օրինակ՝ ընթացիկ դեպքերի, քաղաքականության, կրոնի, կոմունիզմի կամ փիլիսոփայության մասին վիճաբանողների խումբը։
 +
 +
Հետո՝ կային ըստ հասակի կազմված խմբեր․ կարճահասակներ, միջահասակներ, բարձրահասակներ։
 +
 +
Կամ՝ ըստ արտաքինի կազմված խմբեր․ տեսքովներ, ոչ էնքան տեսքովներ, անտեսքներ ու տարօրինակ տեսք ունեցողներ։
 +
 +
Հետո՝ կային ըստ անհատական առանձնահատկությունների կազմված խմբեր։
 +
 +
Տղերք կային, որ շատ սիրային հաղթանակներ էին տարել, սրանք գերադասում էին իրար հետ շփվել, համեմատում էին իրենց քաջագործություններն ու ամեն մեկը մանրամասն քննում։
 +
 +
Տղերք կային, որ համոզված էին, թե կանանց պիտի որսալ իմանաս, ոնց որ դժվար բռնվող կենդանիներին են որսում, էս տղերքը իրար հետ էին ընկերություն անում։
 +
 +
Տղերք էլ կային, որ անհանգստանում էին իրենց կանանց համար, հավատում, թե նրանք մենակությունից տանջվում են, սրանք էլ միասին էին համախմբվել։
 +
 +
Տղերք էլ կային, որ վստահ էին, թե էդքան երկար անջատումից հետո իրենց կանայք հավատարիմ մնացած չեն լինի, սրանք էլ իրար հետ էին շատ ժամանակ անցկացնում, անընդհատ դնում֊վերցնում․ ի՞նչ անեն, բաժանվե՞ն, ներեն ու մոռանան, թե՞ բռնեն էդ շան որդուն (կամ շան որդիներին) ով որ կնոջը խլում է ամուսնուց, մինչև ամուսինը բանից անտեղյակ՝ պատերազմում արյուն է թափում։ Բայց նույնիսկ սեփական խմբի ներսում էս տղերքն առանձին խմբավորումներ էին կազմել, որովհետև սրանցից ոմանք լավ էին տրամադրված իրենց կանանց նկատմամբ, համակրում էին նրանց, իսկ ովքեր չէին համակրում իրենց կանանց, ջղայնանում էին համակրողների վրա, սրանց իսկական տղամարդ չէին հաշվում, և վիճաբանությունները մեկ֊մեկ բավական թեժ ու խառնաշփոթ էին դառնում։
 +
 +
Հետո՝ տղերք կային, որ հատուկենտ կանանց հետ էին եղել։
 +
 +
Կային, որ ընդհանրապես կնոջ հետ չէին եղել, բայց էս խումբը շատ փոքր էր, որովհետև մարդիկ դրանից ամաչում էին։
 +
 +
Տղերք էլ կային, որ վայ թե կնոջ հետ չէին եղել, բայց սիրում էին պարծենալ, թե եղել են, սրանք էլ իրար էին լավ հասկանում ու լեզու գտնում։
 +
 +
Հետո՝ կային մի երեխա ունեցողներ, երկու երեխա ունեցողներ, մի բուռ մարդիկ էլ երեք կամ ավելի երեխա ունեին։ Յոթ երեխայի տեր մի մարդ՝ քենթուքցի Օրին Օուքլին, ոչ մի խմբի էլ չէր պատկանում։ Ուղղակի նստում էր ու հայտնի մարդկանց անուններ կպցնում։ Ամենահաջողվածներից մեկը Ծուռ հայելին էր։
 +
 +
Հետո՝ կային տղամարդիկ, որ շատ էին քարշ եկել կանանց հետևից, բայց պնդում էին, թե ատում են կանանց ու սիրում են մենակ դրանց քիթը տրորել, մանավանդ գոռոզներինը․ սիրահարեցնում են իրենց ու հետո թողնում, որ տանջվեն։ Էս մարդիկ իրար մեջ գլուխ էին գովում, թե ինքնահավան կնանիքին ինչ շան օրն են գցել, ստիպել են անընհատ ստորանալ, իրենց նաակներ գրել, հեռագրեր ուղարկել, անվերջ հեռախոսով զանգել, ստիպել են ամուսիններից հեռանալ, ստիպել են պոռնիկներ դառնալ, ստիպել են ծնկաչոք սեր մուրալ, խելքը կորցնել և այլն, և այլն։
 +
 +
Հետո՝ կային ցինիկներից կազմված խմբեր․ սրանք համոզված էին, թե աշխարհը մեկընդմիշտ գրողի ծոցն է կորչում ու ատում էին մարդկույթանը, որովհետև մարդիկ իբր գարշելի են։
 +
 +
Կային զվարճասերներ ու նվնվաններ, ճանապարհորդներ ու տնակյացներ, հիմարներ ու իմաստուններ, խաղամոլներ ու ընթերցասերներ, շախմատի սիրահարներ ու զառ գցողներ։
 +
 +
Կային ամեն տեսակ մարդիկ, բայց ինչ խմբերի էլ նրանք բաժանվեին, բոլորն էլ մի բան էին․ գերի։
 +
 +
Գերի էին գերմանացիներին, գերի էին ամերիկացիներին, իսկ նրանք չէին ուզում ոչ մեկի գերին լինել։
 +
 +
==Գլուխ յոթանասունչորսերորդ==
 +
'''Օհայոյի Ցինցինատի քաղաքից եկած Ջոն Ուինսթընլին ծղոտե գլխարկ է դնում ու տրոմբոն նվագում՝ հմայելով թե՛ յուրայիններին, թե՛ թշնամիներին'''
 +
 +
Ջոն Ուինսթընլի անունով մի տղա կար ճամբարում, սա տրոմբոն ուներ։ Ցինցինատիից, իրենց տնից տրոմբոնը հետն էր բերել ու պատերազմի ընթացքում, արդեն երկու տարի մոտն էր։ Կարճլիկ տղա էր՝ դեմքի լուրջ ու մտախոհ արտահայտությամբ։ Տասնվեց֊տասնյոթ տարեկանից ավել չէր երևում, թեպետ քսանն անց էր։
 +
 +
Բոլորը գիտեին, որ նա տրոմբոն ունի, բայց Ուինսթընլին ոչ տրոմբոնը պատյանից հանում էր, ոչ էլ նվագում, որովհետև իր ասելով՝ չէր կարող նվագել մինչև գլխին ծղոտե գլխարկ չլիներ։ Առաջ միշտ էլ ծղոտե գլխարկ էր դնելիս եղել, հետը բերել էր Ֆրանսիա, բայց ինչ֊որ մեկը գլխարկը թռցրել էր։
 +
 +
Թե մեկնումեկը ծղոտե գլխարկ ճարեր, նա տրոմբոն կնվագեր։
 +
 +
Դե, ոչ ոք էլ ծղոտե գլխարկ չուներ, էնպես որ մնում էր մենակ գերմանացիներին դիմել։ Մեր տղերքից մի երեք֊չորս հոգի գերմաներեն գիտեին, ու սրանցից մեկը պահակներին բացատրեց, թե ուզածներս ինչ է, բայց պահակներն ասին, որ իրենք էլ ծղոտե գլխարկ չունեն։ Ասին՝ իհարկե, հաճույքով տրոմբոնի նվագ կլսեն, բայց ծղոտե գլխարկ որտեղի՞ց ճարեն։
 +
 +
Տղան խնդրեց, որ ամեն տեղ փնտրեն, իրենց ընկերներին էլ հարցուփորձ անեն ու մի հնարքով ծղոտե գլխարկ գտնեն, որովհետև Ուինսթընլին չի կարող տրոմբոն նվագել մինչև գլխին ծղոտե գլխարկ չլինի։ Միգուցե իրոք նվագել գիտի, իսկ եթե էդպես է, ուրեմն արժի չարչարվել։
 +
 +
Պահակները խոստացան էդ գործով զբաղվել։
 +
 +
Միառժամանակ անց բոլորը որոշեցին, թե Ուինսթընլին հաստատ նվագել չգիտի։ Որոշեցին, թե ծղոտե գլխարկի պատմությունը հնարել է, որ չխայտառակվի։
 +
 +
Ուինսթընլին էլ հպարտանում էր, թե իսկական տրոմբոնահար է, ու էս ասեկոսեներն իրեն վարկաբեկում են, դրա համար էլ մի կիրակի իրիկուն, հուլիսի իննին, տրոմբոնը պատյանից հանեց ու հավաքեց։ Բոլորը կիտվեցին նրա գլխին ու սկսեցին սպասել․ ամենաքիչը երեք հարյուր մարդ։
 +
 +
Ուինսթընլին շրթունքները լիզեց, տրոմբոնի ծվանը սեղմեց բերանին, փողի ծնկիկը մի երկու անգամ հետ ու առաջ տարավ, որ սահուն գնա֊գա։
 +
 +
Հետո էնպիսի մի բա՜ն նվագեց՝ էդ խղճուկ ճամբարն աչքներիս իսկը դրախտ դարձավ։ Բայց մեկ էլ նվագը կտրեց, ասում է․
 +
 +
― Ո՜ւր էր գլխիս ծղոտե գլխարկ լիներ․․․ անտեր մնա, առանց գլխարկի նվագելս չի գալիս։
 +
 +
Էստեղ բոլորը հասկացան, որ նա չէր փչում։ Վազ տվին պահակների մոտ ու աղաչանք արին, թե՝ աստծու սիրուն, Փարիզից մի ծղոտե գլխարկ բերել տվեք, ախր էս տղան իրոք տրոմբոն նվագել գիտի, պահակներն էլ ասին՝ լավ, իրենք էլ նրա նվագը լսեցին ու ձեռքներից եկածը կանեն։
 +
 +
Դրանից հետո էլ ոչ ոք չէր նեղում Ուինսթընլիին, որ առանց ծղոտե գլխարկի տրոմբոն նվագի, որովհետև ով փողի պես գործիքից, մանավանդ տրոմբոնից գլուխ է հանում ու կարող է երաժշտական հնչյուններ դուրս բելեր, նրա նկատմամբ մի տեսակ երկյուղած ակնածանք է առաջանում։ Բոլորն էլ անչափ հարգում էին Ուինսթընլիին, դե, երկրե֊երկիր, աշխարհից աշխարհ տրոմբոնը քարշ էր տվել հետը, իսկ հենց մի քիչ նվագեց, որ ապացուցի, թե ինքը չի խաբում, սրանք հասկացան՝ նա արտասովոր մարդ է, առանձնահատուկ մեկը, ու էլի ելք չկա, մնում է նրա համար ծղոտե գլխարկ ճարել։
 +
 +
Ուինսթընլին տղերքից մի քանիսիս իր լուսանկարը ցույց տվեց․ ինը տարեկան էր նկարվել։ Տրոմբոնը սեղմել էր շրթունքներին, գլխին էլ՝ ծղոտե գլխարկ էր։
 +
 +
― Նվագելիս միշտ ծղոտե գլխարկ եմ դրել,― ասաց։
 +
 +
Հա ուրեմն, էն իրիկուն Ուինսթընլիի կիսատ նվագածը «Ա՛խ, երանի իմանայիք, թե ինչքան եմ ձեզ սիրում» երգն էր, ու գրողը տանի, ի՜նչ հրաշք բան էր, մարդ ուղղակի աշխարհից վերանում էր, իսկ երբ նա հասավ մյուս տողին՝ «Ա՛խ, երանի իմանայիք՝ սիրտս ինչպես եք հուզում», էնքան սահուն ու սրտաճմլիկ անցում կատարեց, որ ասելու չի, բայց հենց դեմ առավ հաջորդ ելևէջին, է՛հ, էլ առաջ գնալ չկարողացավ։
 +
 +
Փոխանակ համբերությունից դուրս գալու, փոխանակ նրան նազուտուզ անող հիմարի տեղ դնելու, բոլորը նրա հանդեպ կարեկցանքով լցվեցին։ Փորձում էին ամեն կերպ մխիթարել, ասում էին․ «Ոչի՜նչ, ոչի՜նչ, Ջոնի, այ, ծղոտե գլխարկը կբերեն, էն ժամանակ էլ իսկականից կնվագես»։ Բոլորն էլ տեսնում էին՝ ուզում է նվագել, բայց շատ լավ երաժիշտ է, որ իրեն թույլ տա հանկարծ վատ նվագել։
 +
 +
Ա՛հ, օրերն ու գիշերները ձգվում էին միալար, խմբեր էին կազմվում, խմբեր քայքայվում, վերակազմվում ու վերափոխվում, հները լքվում էին, նորերը գոյանում։ Բայց ամեն մարդ հոգու խորքում սեփական կյանքով էր ապրում, որ իրենն էր, լրիվ իրենը ու ոչ մի խմբավորման մեջ էլ չէր մտնում։
 +
 +
Ու ամեն մարդ գիտեր, որ տրոմբոնավոր Ջոն Ուինսթընլի կա։ Ամեն մեկն էլ լսել էր նրա կիսատ նվագած երգը, ամեն մեկն էլ ուզում էր, որ նա միչև վերջ նվագի, բայց ոչ ոք սիրտ չէր անում նրան սիտպել, թե՝ լավ֊վատ, մի կերպ փորձիր։
 +
 +
Օրերից մի օր էլ ինչ֊որ պահակ գերմաներեն իմացող մեր տղերքից մի հոգու ասել էր, թե իրեն հասած լուրերի համաձայն՝ մի ուրիշ պահակ վերադառնում է Փարիզում անցկացրած արձակուրդից ու հետը ծղոտե գլխարկ է բերում։
 +
 +
Դե, բոլորն էլ շատ ուրախացան, ու լուրը եկավ, Ուինսթընլիի ականջն ընկավ։
 +
 +
― Ե՞րբ կբերի,― ասաց Ուինսթընլին։
 +
 +
― Էսօր֊էգուց,― ասաց ինչ֊որ մեկը,― բայց տեսնես չափսը գլխիդ կբռնի՞։
 +
 +
― Պիտի որ բռնի,― ասաց Ուինսթընլին,― ծղոտե գլխարկ լինի, դնեմ գլխիս, մնացածը՝ հեչ։
 +
 +
Էնպես որ բոլոր մյուս սպասումներին՝ թե պատերազմը երբ է վերջանալու, երբ են մերոնք մեզ գերությունից ազատելու, երբ ենք մի կարգին տեղ ընկնելու, որ գոնե նամակ ստանանք, էս բոլորին մի սպասում էլ ավելացավ․ սկսեցինք սպասել, թե երբ է Ուինսթընլիի գլխարկը ճամբար հասնելու։
 +
 +
Սպասելն է՝ սպասելը․ եթե սպասում ես շատ կարևոր բաների, դժվար չի, որ հետն էլ մի պակաս կարևոր բանի սպասես։
 +
 +
Վերջապես Փարիզում եղած գերմանացին վերադարձավ ու իրոք, ծղոտե գլխարկ էր բերել։ Ասաց՝ ուզում է ինքն իր ձեռքո՛վ Ուինսընլիին հանձնել։ Ճամբարի ներսն անցավ, ու գերմաներեն իմացող մեր տղերքը նրան ուղեկցեցին Ուինսթընլիի մոտ, որը սովորականի պես, նստած էր տրոմբոնի պատյանին։ Թե վեր էլ կենար, ասենք՝ քայլելու, պատյանը կոթից բռնում էր, տանում։ Ուր էլ գնար, գործիքը հետն էր ման ածում։ Դե, Ուինսթընլին աչքերը չորս արեց Փարիզից եկած գերմանացու վրա, որովհետև նրա ձեռքին փաթեթ կար, իսկ փաթեթում ով գիտի ծղոտե գլխարկ էր։
 +
 +
Թարգմանիչը Ուինսթընլիին ասաց․
 +
 +
― Սա քեզ համար Փարիզից ծղոտե գլխարկ է բերել, անունն էլ Թրոթ Ֆոն Էսեն է։
 +
 +
― Հարցրու,― ասաց Ուինսթընլին,― կարո՞ղ եմ գլխարկը դնել։ ― Ինչքան պետք է՝ կվճարեմ, դեռ մի բան էլ ավել, որ նեղություն է քաշել։
 +
 +
Թարգմանիչը խոսեց Թրոթի հետ, հետո Ուինսթընլիին թե՝
 +
 +
― Ասում է՝ իր համար ուղղակի հաճույք է․ կարող ես գլխարկը վերցնել, շատ ուրախ կլինի։
 +
 +
― Հարցրու,― ասաց Ուինսթընլին,― ի՞նչ կուզի նվագեմ․ առաջին երգն իր պատվին եմ նվագելու, որ գլխարկը բերել է։
 +
 +
Թարգմանիչը նորից Թրոթի հետ խոսեց, հետո Ուինսթընլիին թե՝
 +
 +
― Ասում է՝ երկու շաբաթ առաջ էն երգը որ սկսեցիր, մինչև վերջ նվագիր։
 +
 +
― Հայտնիր,― ասաց Ուինսթընլին,― որ համաձայն եմ, թող գլխարկը հանի, տեսնենք։
 +
 +
Թարգմանիչը նրա խոսքերը Թրոթին հաղորդեց, Թրոթն էլ փաթեթի թելերը կտրեց ու մի նոփ֊նոր ծղոտե գլխարկ հանեց՝ վրան ալ ժապավեն, կարմիր, կանաչ ու մանուշակագույն փետուրների մի փոքրիկ փունջ էլ ժապավենի արանքը մտցրած։
 +
 +
Թրոթը գլխարկը Ուինսթընլիին տվեց, իսկ Ուինսթընլին ձեռքին պահած՝ երկար նայում էր։
 +
 +
Հետո դրեց գլխին։
 +
 +
Նրան շատ էր սազում։ Միանգամից քաղաքացիական մարդու տեսք ընդունեց։
 +
 +
Հետո Ուինսթընլին շատ դանդաղ պատյանը բացեց, հավաքեց տրոմբոնն ու փողի ծնկիկը մի երկու անգամ տարավ բերեց։ Հետո գործի անցավ ու էդ երգը էնպես նվագեց, որ աշխարհում ոչ ոք դեռ չէր նվագել։
 +
 +
Դա ամենահրաշալի բանն էր, որ մեկնումեկը երբէև լսել էր։ Նա երեք անգամ նույն երգը նվագեց ու ամեն անգամ՝ առաջվանից էլ լավ։ 
 +
 +
Ուինսթընլին նվագելու կարոտ էր մնացել, կարիք չկար խնդրել, ինքն էր ուզում նվագել ու անընդհատ նվագում էր։ Ամբողջ պատերազմում էսպիսի հրաշք չէր եղել։ Թրոթ Ֆոն էսենը հո չէ՜ր գոռոզացել, որ իր մատն էլ կա էս գործում՝ հազիվ էր բարեհաճում թարգմանիչների հետ խոսել։
 +
 +
Ամեն մարդ ուզում էր իր սիրած երգը լսել, և Ուինսթընլին խոստացավ բոլորն էլ իրար հետևից նվագել․ ինչ էլ որ էսօր չհասցներ, վաղը կնվագեր։ Եթե եղանակը մի կես բերան երգեք կամ էլ շվշվացնեք, ինքը տրոմբոնով դուրս կբերի, ասաց, ու կնվագի։ Նրա համար մեկ էր՝ ինչ մեղեդի է, իրեն ծանոթ է, թե չէ, ուղղակի մի կես բերան երգեք կամ շվշվացրեք՝ ինքը կնվագի։ Թարգմանչին ասաց, որ Թրոթին հարցնի, թե ուրիշ ինչ երգ կուզենա լսել, Թրոթն էլ մի պահ մտածեց ու մի բան հիշեց, բայց վերնագիրը չգիտեր։ Մի իրիկուն մեր տղերքից մեկին երգելիս լսել էր ու երգը շատ հավանել։ Ուինսթընլին էլ թարգմանչին ասաց, որ Թրթոին խնդրի եղանակը երգել կամ թեկուզ շվշվացնել։
 +
 +
Թրոթը մի քանի տակտ երգեց, և Ուինսթընլին ժպտալով ասաց․
 +
 +
― Գրողը տանի, «Կապույտ աչքերն» են․․․ «Կապույտ աչքերդ այս գիշեր նորից միտքս են եկել․․․»։ Իմ սիրած երգերից է։
 +
 +
Ուինսթընլին «Կապույտ աչքերն» էլ նվագեց ու եթե առաջին երգը լավ էր նվագել, երկրորդն ավելի լավ նվագեց։ Գերմանացին արտակարգ ուրախ էր ու հպարտ։ Թարգմանչին հարցրեց, թե երգն ինչի մասին է, ու թարգմանիչը նրան բացատրեց։ Սա խնդրեց «Կապույտ աչքերի» բառերն իրեն անգլերեն սովորեցնել, թարգմանիչն էլ սովորեցրեց, ու նա հեռացավ՝ բառերն անընդհատ կրկնելով։
 +
 +
«Կապույտ աչքերից» հետո Ուինսթընլին նվագեց «Օ՜, լուսնի շողերն են ջրի մեջ խայտում, և խոտի բուրմունքն է մարգերից գալիս․․․», ու գետնի տակն անցնեմ, թե ամենքի աչքերն էլ արցունքով չլցվեցին, ամենքն էլ հուզված՝ քթներն էին ֆսֆսացնում ու զարմանում, թե ոնց կարող է էսքան գեղեցկություն հորդել ջրատար խողովակի պես քոսոտ, ծուռումուռ մի պղնձի կտորից, որին Ջոն Ուինսթընլին տրոմբոն էր ասում։
 +
 +
Չգիտեմ՝ հանուն ինչի եմ ամերիկյան բանակի տղերքը կռվում կամ ինչ են մտածում՝ հանուն ինչի են կռվում, որովհետև նրանց մեկ առ մեկ ես չեմ հարցրել, բայց իմ կարծիքով, գիտեմ, թե ինչ են սիրում, բոլորը՝ մինչև վերջին մարդը, ով էլ նա լինի ու որ խմբին էլ պատկանի․ բոլորն էլ ճշմարիտն ու գեղեցիկ են սիրում։ Սիրում են ու կարիքն զգում, կարոտում են ու երազում, ու նրանց աչքերն արցունքով են լցվում, հենց որ դրան հաղորդակից են լինում։
 +
 +
Ու հաղորդակից էլ եղան, երբ Օհայոյի Ցիցինատի քաղաքից եկած Ջոն Ուինսթընլին տրոմբոն նվագեց։ Հաղորդակից եղան, երբ էդ մեծ ամերիկացին, էդ համաշխարհային մեծության մարդը ծղոտե գլխարկը դրեց, ու նրանք լսեցին սիրո, ճշմարտության ու գեղեցկության ձայնը։
 +
 +
Ու ես չգիտեմ՝ սա բնորոշ է ամերիկացուն, թե մի ուրիշ բան է, բայց գիտեմ՝ աշխարհում ոչ մի մարդ ընդունակ չէր լինի դիմանալու նման ճշմարտությանն ու գեղեցկությանը, որը 1944 թվի հուլիսի 22֊ին՝ շաբաթ իրիկունն ու գիշերը, դուրս էին հորդում Ջոն Ուինսթընլիի տրոմբոնից։
 +
 +
Գիտեմ՝ գերմանացի պահակները չկարողացան դիմանալ, որովհետև ընդամենը մի թեթև պատկերացում կազմելով էդ ճշմարտության ու գեղեցկության վիթխարի ուժի մասին, նրանցից մեկը Ուինսթընլիի համար ծղոտե գլխարկ ճարեց։ Գիտեմ՝ չդիմացան ոչ Ռոուզվար ու Մենըդյու ազգանունով մարդիկ, ոչ Սմիթներն ու Ջոնսերը, ոչ հարավցիները, որ սևամորթների հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեին, ոչ սևամորթներն իրենք, ոչ Հեռավոր Արևմուտքից եկածները, ոչ հարբուխ ընկածները, ոչ մարզասերները, ոչ արար աշխարհն արհամարհողները, ոչ անհավատները, ոչ դեսանտային պարաշյուտիստները։ Գիտեմ ոչ մի մարդ չկար ճամբարում ու ճամբարից դուրս, որ լսեր Ուինսթընլիին ու կարողանար դիմանալ նրա տրոմբոնից հորդող ճշմարտությանն ու գեղեցկությանը, և բոլորը միանման համահավասար էին ճշմարտության ու գեղեցկության առաջ, ուրեմն էլ ի՞նչ խոսակցություններ են բացվում, թե որոշ մարդիկ ի ծնե վատն են, մյուսները՝ ի ծնե շատ լավը, իսկ մարդիկ էլ կան, որ ի ծնե միջակություններ են, ոչ լավը, ոչ էլ վատը։ Ձեզ եմ հարցնում, ի՞նչ խոսակցություններ են դրանք։
 +
 +
==Գլուխ յոթանասունհինգերորդ==
 +
'''Վեսլին ու Վիկտորը ազատվում են գերմանական գերությունից, որպեսզի գերի ընկնեն ամերիկյան զորքի համբարակապետին'''
 +
 +
Գերմանացիք հավաքել էին իրենց ունեցած֊չունեցածն ու օգոստոսի 31֊ին՝ հինշաբթի գիշերը, փախել, բայց մենք ուրբաթ առավոտն իմացանք, որ արդեն ազատ ենք, ու հենց առավոտն էլ խառնաշփոթ իրարանցում սկսվեց։ Ամենքիս համար էլ պարզ էր, որ գերմանացիք գնացել են, բայց մեկ է՝ մենք էլի մնում էինք գերի։ Հիմա էլ մնում էինք փշալարի գերին։ Խելահեղ թոհուբոհը համարյա մի ամբողջ ժամ տևեց, բայց հետո ամեն ինչ հանդարտվեց։
 +
 +
Բոլորն ուզում էին փշալարի մյուս կողմը անցնել ու ինչքան հնարավոր է՝ շուտ։ Բայց առաջինը դուրս պրծած տղերքը չգիտեին ինչ անեն, էնպես որ սպասում էին մյուսներին։ Մի քանի հոգի փորձեցին ղեկավարությունը իրենց ձեռքն առնել, բայց բան չստացվեց, քանի որ մեկնումեկին ենթարկվելը կնշանակեր նորից գերության մեջ ընկնել, իսկ բոլորի ուշքն ու միտքը գերությունից ազատվելն էր, դրա համար էլ ամեն մարդ իր գլխի տերն էր։
 +
 +
Փշալարի տակ մի վեց հատ սողանցք էին բացել, ու շատերը շարվեշար կանգնած՝ իրենց հերթին էին սպասում, որ փորսող տալով դուրս գան ազատության մեջ, բայց շատ ուրիշներն էլ ուղղակի խռնվել էին սրանց շուրջն ու հարցնում էին, թե հետո ինչ է լինելու։ Մի քսան֊երեսուն հոգի էլ նույնիսկ ճամբարից դուրս չեկան, դե, ուզածի չափ ժամանակ ունեին, շտապելու բան չկար, ճամբարի ներսում էլ էր տեղները հանգիստ․ ի՞նչ տարբերություն, դուրսն ես, թե ներսը։ Գերմանացիք ահագին մթերք էին պահեստում թողել, ու նույն ձանձրացրած ուտելիքը դեռ ինչքան ասես կհերիքեր։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ուտելուց հետո ինչ պիտի անի։ Իրիկունը համարյա բոլորը փշալարի մյուս կողմը պառկեցին քնելու՝ ճամբարից ոչ հեռու։ Ճիշտ է, դա մեր բանտն էր, բայց բավականին ապրել էինք էդտեղ, գիտեինք ինչ բան է, իսկ թե ինչ էր սպասվում, եթե ճամբարից հեռանայինք՝ ոչ ոք չգիտեր։ Շատերը, իհարկե, հեռացան, հիմնականում խումբ֊խումբ՝ երեք֊չորս հոգով, բայց նրանցից ոմանք քիչ անց հետ եկան։ Թեև մեծ մասը չվերադարձան, իսկ երբեմն էլ տեսնում էիր, թե ոնց է մեկնումեկը մեն֊մենակ հեռանում, բայց սրանցից ոչ ոք էլ հետ չէր դառնում։
 +
 +
Մյուս օրը ես ու Վիկտորն ուտելիքի պաշարով բեռնվեցինք ու ճամփա ընկանք ուր աչքներս կտրի։ Եկանք, մի գետակի դեմ առանք, հանվեցինք, օճառով մի լավ լողացանք, երկուսս էլ մեր ներքնաշորերն ու գուլպաները լվացինք ու սպասեցինք մինչև չորանան։ Հետո նորից ճամփա ընկանք, զրուցում էինք ու ազատությունը վայելում, բայց մեզ լիակատար ազատ չէինք զգում, որովհետև պատերազմը դեռ չէր վերջացել, եղած֊չեղածն ինչ֊որ փշալարի գերությունից էինք պրծել։ Եթե հազար ու մի մտածմունք չունենայինք, երևի ուրախանայինք, որ հեռացել ենք նախրի պես իրար գլխի լցված ամբոխից ու կարող ենք գոնե առայժմ մեր քեֆին հանգստանալ։ Բայց Դոմինիկը Խաղաղ օվկիանոսում էր մահացել, իսկ Ջո Ֆոքսհոլը՝ Եվրոպայում։ Արդեն երկար ժամանակ էր անցել, ինչ իմացել էինք նրանց մահվան մասին։ Բավական ժամանակ, որ երկուսս էլ մոռացության տայինք, թե նրանք էլ չկան ու առաջվա պես մտածեցինք, թե կենդանի են, ուղղակի հեռու են մեզնից։ Մինչև Դոմինիկի մահվան լուրն իմանալը, մենք վաղուց արդեն բաժանվել էինք նրանից․ հենց էն իրիկուն բաժանվեցինք, երբ նա Հարի Քուքի, Նիք Քալիի ու Վերնոն Հիգբիի հետ նստեց բեռնատար, ու նրանց տարան Միսուրի, ես ու Վիկտորն էլ գնացինք Ռոզվիլ, իսկ դա վաղուց էր, շատ վաղուց։ Ինչ մնում է Ջո Ֆոքսհոլին, ես նրան մի կարգին չէի տեսել՝ սկսած էն իրիկվանից, երբ նա որդուն նվիրված բանաստեղծությունը կարդաց։ Էնպես որ էլ չէի մտածում, թե նա մեռած է։ Երևի մարդիկ իրենց ընկերների մահվան վիշտը էսպես են հաղթահարում։ Երևի ամեն կերպ մոռացության են տալիս, որ նրանք չկան, թեև գիտեն, որ էլ երբեք չեն տեսնելու նրանց։
 +
 +
Բայց դե Դոմինիկի ու Ջոյի մահվան անհավատալի լուրը նորից ու նորից միտքս էր գալիս, ու ես տանջվում էի ցավից, ախր միշտ էլ ուզեցել էի Դոմինիկին ավելի մոտիկից ճանաչել, իսկ Ջո Ֆոքսհոլի հետ կուզեի մինչև կյանքիս վերջը ընկերություն անել։
 +
 +
Շուտով ինձ ու Վիկտորին բեռնանավերով ամերիկյան զինվորներ պատահեցին, մենք էլ հետները գնացինք, հույս ունեինք մի էնպիսի տեղ ընկնել, որտեղից կարողանայինք մեր զորամասը հասնել։ Երեք օր էդպես մեքենա նստած՝ տեղից տեղ էինք գնում։ Վերջապես մեկին գտանք, որ մեր ջոկատի մասին տեղեկություն ուներ, բայց նրանից մենակ էնքանն իմացանք, թե ջոկատը կարծես իր առաջադրանքը կատարել է ու վերադարձել Լոնդոն։ Դե, սրանից էլ լավ նորությո՞ւն, մեր ուզածն էլ հենց Լոնդոն հետ դառնալն էր։
 +
 +
Փորձեցինք էդպես էլ անել, բայց գետնի տակն անցնեմ, թե նորից գերի չընկանք, էս անգամ էլ ամերիկյան զորքի համբարակապետին․ ներս մտանք էդ մայորից իմանալու, թե ոնց հասնենք մեր ջոկատին, սա էլ տեսնելով, որ Լոնդոն ընկնելու համար ուշքներս գնում է, որոշեց, թե մեզ իր մոտ պիտի պահի։ Ձայն չհանեցինք, բայց երկու օրից, հենց քաղաք բաց թողեց, էլ չվերադարձանք։ Գնացինք Շերբուր, ու երկար֊բարակ չեմուչումից հետո, քանի֊քանի օր անց, վերջը հրաման տվին, որ հետ դառնանք Լոնդոն՝ մեր զորամասը, դե, ես ու Վիկտորն ուղղակի ուրախությունից հեկեկում էինք։ Իրոք լաց էինք լինում, չնայած ասես ծիծաղելիս լինեինք։
 +
 +
==Գլուխ յոթանասունվեցերորդ==
 +
'''Վեսլին հասնում է իր պատմության ավարտին'''
 +
 +
Վերջապես հասանք Լոնդոնի Վաթերլոո կայարան, բայց տաքսի չկար, ես էլ ասի․
 +
 +
― Արի ոտքով գնանք, կամ վազենք, կամ մի բան։ Մենակ թե էստեղ չկանգնենք, մնանք։
 +
 +
Քայլեցինք, հետո սկսեցինք վազել, ախր տե՜ր աստված, էնպես էի ուզում Ջիլին նորից տեսնել։ Մերթ քայլելով, մերթ վազեվազ Վաթերլոոյի կամուրջն անցանք, արդեն Սթրենդ փողոցում էինք, մեկ էլ Վիկտորը թե՝
 +
 +
― Դու առաջ անցիր, ես էլ վազելու ուժ չունեմ։
 +
 +
Ընկա առաջ, Վիկտորը հետ մնաց, քայլելով էր գալիս, իսկ ես շատ շուտով համարյա տանն էի։ Շուտով տեսնելու էի իմ անուշիկին, գրկեի նրան ու ստուգեի, թե տղաս ինչքան է մեծացել, բայց հենց թեքվեցի Կարլ Երկրորդի փողոց, քիչ էր մնում մեռնեմ․ ամբողջ փողոցը փլատակների մեջ էր։ Էն տունը, որտեղ ես ու Ջիլն էինք ապրում, էլ գոյություն չուներ։
 +
 +
Ով գիտի խելքս թռցրել էի, որովհետև անընդհատ փողոցում հետ ու առաջ էի անում, գնում֊գալիս էնտեղ, ուր մեր տունն էր եղել, ուր ապրել էինք մենք․ վախենում էի, ո՜նց էի վախենում մեկնումեկին մի բան հարցնել։ Վախենում էի նույնիսկ դրա մասին մտածել։ Երևի երկար մնացի էնտեղ, որովհետև մեկ էլ տեսնեմ՝ արդեն գիշեր է։ Բայց չէի կարողանում հեռանալ, ու իմ երգը տանջանքով մեռնում էր հոգուս մեջ։ Գժվում էի ցավից ու չգիտեի, թե ինչ անեմ։
 +
 +
Բայց գիտեի՝ եթե Ջիլը մեռած լինի, ես էլ կմեռնեմ, իսկ ես չէի ուզում մեռնել։ Սկսեցի լաց լինել․ գրողը տանի, միգուցե երկուսս էլ արդեն մեռա՞ծ ենք։ Միգուցե երկուսս էլ իմ գնալուց հետո մեռե՞լ ենք։ Ուրեմն ո՞ւր կորավ իմ տեսած աստղը, ախր նա դուրս եկավ ինձ ասելու, որ ողջ կմնամ։ Էլ ինչի՞ս էր պետք էդպիսի աստղը։
 +
 +
Շատ չանցած ինչ֊որ ծերուկ մոտեցավ, ողորմություն էր խնդրում։ Մի ֆունտ տվի նրան, հետո միտքս փոխեցի ու երկուսը տվի, որովհետև չէի ուզում մեռնել։
 +
 +
― Ինչո՞ւ եք լաց լինում,― ասաց։
 +
 +
― Ես առաջ ապրում էի դիմացի տանը,― ասի։― Առաջ էնտեղ էի ապրում, բայց հիմա ռմբակոծել են։ Չգիտեմ կնոջս ինչ է պատահել, վախենում եմ իմանալ։ Վախենում եմ։ Կուզե՞ք մի ֆունտ էլ տամ։
 +
 +
Նա ասաց, որ եթե մի ֆունտ էլ տամ իրեն, ուրեմն կինս ողջ ու անվնաս է, իզուր չանհանգստանամ, ու ես երկու ֆունտ էլ տվի՝ ինչ ունեի֊չունեի, գրպանիս մանր փողը չհաշված։
 +
 +
― Ձեր կինը ողջ ու անվնաս է,― ասաց։― Մի անհանգստացեք։ Էլ փող չունե՞ք։
 +
 +
― Սա է եղած֊չեղածը,― ասի։ Մոտիս մանրն էլ իրեն տվեցի, որովհետև փողն ինձ պետք չէր, մենակ թե Ջիլը ողջ մնացած լիներ։
 +
 +
Մուրացկանը ոտքերը քստքստացնելով՝ քարշ եկավ Կարլ Երկրորդի փողոցով։ Նա շուտ֊շուտ հետ էր նայում, կարծես վստահ չէր, թե ինձ չի խաբել, ինչ է՝ մի քիչ փող ձեռքը գցի, ու ես խոսքս աստծուն ուղղեցի, «Աղաչում եմ, էնպես արա, որ ծերուկի ասածը սուտ դուրս չգա, ազաչում եմ, էնպես արա, որ Ջիլը ողջ մնացած լինի։ Երկնքի հետ պայման կապելիս՝ ես մոռացել էի քեզ խնդրել, որ Ջիլի կյանքը պահպանես, որովհետև դեռ չէի հանդիպել Ջիլին, բայց եթե Ջիլը կենդանի չի, ուրեմն իմ ապրելն ավելորդ է, դրա համար էլ աղաչում եմ քեզ, թող մեր պայմանը ուժի մեջ մնա, ախր ես չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում։ Աղաչում եմ, թող մեր պայմանը ուժի մեջ մնա»։
 +
 +
Է՛հ, իսկ հետո կայծակի արագությամբ կողքիս մի տաքսի հայտնվեց, գրողը դուրս թռավ մեքենայից, ինձ թափով գրկեց ու ասաց․
 +
 +
― Կինդ Գլոսթերում է։
 +
 +
Դե, ի՞նչ ես անում, երբ աստված իր խոստումը կատարում է։ Ի՞նչ ես անում, երբ նա խոստացածից էլ ավելին է կատարում։ Ի՞նչ ես անում, երբ հասկանում ես, որ նա մտքինդ միշտ էլ իմանում է, անգամ եթե ինքդ դա կարգին չգիտես, ու իր խոստումին միշտ էլ հավատարիմ է մնում։ Ի՞նչ ես անում․ նրան փառք ես տալիս, չէ՞։ Ես գրողի հետ նույնիսկ անքաղաքավարի վարվեցի․ միանգամից ծնկի իջա Կարլ Երկրորդի փողոցում ու աստծուն դիմեցի․ «Փառք քեզ, մինչև կյանքիս վերջը քեզ փառք եմ տալու»։
 +
 +
Հետո ոտքի թռա, գրողի հետ նստեցի տաքսին, ու նա վարորդին ասաց, որ մեզ Փենդինգթոն կայարան հասցնի։
 +
 +
― Ինչո՞ւ,― ասի։― Ուզում եմ նամակներս վերցնել։ Գոնե տեսնեմ ինչ նամակներ են եկել։
 +
 +
― Ահա նամակներդ,― ասաց գրողը։― Գլոսթերի վերջին գնացքը քսան րոպեից մեկնում է։ Երբ Վիկտորը հայտնեց, որ տուն ես վազել, մտածեցի, թե անմիջապես կգաս իմանալու՝ ինչ է պատահել, դրա համար էլ որոշեցի նստել, քեզ սպասել։ Հետո գուշակեցի, թե հետդ ինչ է կատարվել, տաքսի վերցրի, որ գամ, քեզ ճանապարհեմ կնոջդ մոտ։ Լուրեր էին պտտվում, թե քեզ ու Վիկտորին սպանել են։ Բայց ես շարունակում էի հորդ նամակներ գրել ու Ջիլին էլ, հենց նա գալիս էր Լոնդոն, ասում էի՝ ողջ֊առողջ ես, այնպես որ ամեն ինչ կարգին է։ Իհարկե, շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ Մեր ամբողջ զորամասը նորից Նյու Յորք են ուղարկել։ Ջիլը մոր մոտ էր գնացել, երբ ռումբը ձեր տան վրա է ընկել։
 +
 +
― Իսկ դա ե՞րբ է պատահել։
 +
 +
― Լոնդոնից մեկնելուդ հենց առաջին գիշերը։ Ջիլը մտադիր էր մինչև վերադառնալդ ձեր տանը մնալ, բայց անընդհատ լաց էր լինում, առանց քեզ չէր կարողանում մնալ։ Եկավ Փել Մելի մեր հին բնակարանն ու ինձ ամեն ինչ պատմեց, ես էլ նրան դրեցի տաքսի, տարա կայարան ու գնացք նստեցրի։ Մյուս առավոտ ձեր փողոցը ծայրեծայր ավերված էր։
 +
 +
Մենք ճիշտ ժամանակին հասանք կայարան, գրողը տոմսը վերցրեց, ինձ նստեցրեց գնացք, ու ես վերջապես ճամփա ընկա Ջիլի մոտ ու ճամփին անվերջ փառք էի տալիս աստծուն։
 +
 +
Փառք էի տալիս աստծուն ամբողջ, աբմողջ, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, իմ ամբողջ միս ու արյունով, ամբողջ էությամբ, ախր նա էնպես էր արել, որ Ջիլը տանը չլինի, էնքան սեր էր Ջիլի սրտում դրել,― որ առանց ինձ մի գիշեր էլ չէր կարողացել մեր տանը մնալ։ Ես փառք էի տալիս աստծուն, որ աշխարհ է բերում գրողի պես մարդկանց, ովքեր գիտեն, թե տեղնուտեղը ինչ պիտի անել ու ինչպես անել և իզուր ժամանակ չեն վատնում․ ախր մի ուրիշը միգուցե Ջիլին ասեր, որ գնա տուն ու չվախենա։ Ես փառք էի տալիս աստծուն, որ աշխարհ է բերում Ջո Ֆոքսհոլի պես մարդկանց, թեկուզև կարճ ժամանակով, աշխարհ է բերում Դոմինիկ Տոսկայի պես մարդկանց։ Էնքան բան ունեի աստծուն փառք տալու, որ ուրիշ ոչնչով չէի կարող զբաղվել։
 +
 +
Իսկ հետո գնացքը կանգ առավ Գլոսթերում, ու ես քայլեցի կյանքիս ընդառաջ, որն աստված էդպես հոգատարությամբ պահել ու պահպանել էր ինձ համար։
 +
 +
Գիշերվա մեկն էր, երբ գնացքից իջա ու անխոս պաշտամունքով նայում էի քաղաքին, որովհետև նա էր ինձ պարգևել սրտիս ուզածին ու կյանք տվել,― սիրում էի Գլոսթերը,― ու երբ մոտեցա դռանը, որ պիտի բացվեր իմ առաջ, նախ՝ համբուրեցի, հետո կամացուկ ծեծեցի, ու Ջիլը եկավ ու բացեց դուռը։
 +
 +
Ես գրկեցի նրան, համբույրներ տվի ու նրա կրծքի տակ դեմ առա որդուս․ ինչքա՜ն էր արդեն տղաս մեծացել։
 +
 +
Իսկ Ջիլը ծիծաղում ու լաց էր լինում, հետո մայրը դուրս եկավ՝ հնաձև գիշերանոցը հագին ու Ջիլի պես չստերը ոտքերին, նա էլ էր ծիծաղում ու լաց լինում, հետո Ջիլի փոքր եղբայրներն ու քույրերը եկան գիշերանոցներ հագած, ու բոլորս միասին ծիծաղում էինք ու լաց լինում, բայց քիչ հետո էլ չէինք ծիծաղում, մենակ լաց էինք լինում, որովհետև ես հանկարծ հասկացա, որ Ջիլի ավագ եղբայրը սպանվել է ու էլ երբեք տուն չի դառնալու։ Ոչ ոք ինձ չասաց, բայց ես հանկարծ հասկացա, որ նա մեռած է։ Ընդամենը մի քանի անգամ էի նրան տեսել, բայց արցունքներս թափվում էին ու թափվում, ախր նրա պես տղային սպանել էին։
 +
 +
Ջիլը թեյ սարքեց, ու նրա մայրը, եղբայրներն ու քույրերը սեղան դրին ու տեսակ֊տեսակ ուտելիքներ շարեցին։ Բոլորս նստեցինք ու փորձում էինք ուտել, փորձում էինք զրուցել, բայց չէր ստացվում։ Անընդհատ մեկնումեկը փղձկում էր, սեղանից վեր կենում, փախչում ու մի քանի րոպեից հետ գալիս, հետո մի ուրիշն էր գնում ու էլի հետ գալիս, իսկ ես գլուխս կորցրել էի երջանկությունից ու շնորհակալանքի զգացումից, ցավից ու զայրույթից․ ամեն ինչ խառնվել էր իրար, որովհետև եթե էսքան բանը կարող էր լավ լինել, ինչո՞ւ գոնե մի քիչ ավելի լավ չեղավ։ Ինչո՞ւ Ջիլի ավագ եղբայրը չվերադառնար տուն։ Ինչո՞ւ Ջո Ֆոքսհոլը չվերադառնար տուն։ Ինչո՞ւ Դոմինիկ Տոսկան չվերադառնար տուն։ Ինչո՞ւ մի քանիսին՝ ինձ նման, բաժին է ընկնում ամբողջ երջանկությունը, իսկ մյուսներին՝ ոչինչ։
 +
 +
Քիչ հետո Ջիլի եղբայրներն ու քույրերը գնացին քնելու, իսկ ես ու Ջիլը դեռ երկար նստած՝ խոսում էինք մոր հետ, ա՛հ, նա հիանալի կին էր, աղջկա՝ Ջիլի պես, իսկական թագուհի։ Էլ լաց չէր լինում։ Իր սիրելի որդու՝ Մայքի մսին էր խոսում, բայց էլ լաց չէր լինում։ Իր զարմանալի կյանքից էր պատմում․ ինչքան է համբերել, համբերել, համբերել․ Մայքի ծնվելուց առաջ, մի երեխա էր կորցրել՝ հենց երկունքի ժամանակ․ մյուսին Ջիլի ծնվելուց առաջ էր կորցրել, իսկ դրանից հետո էլ երեխա չէր կորցրել, բայց ամուսնուն էր կորցրել ու հիմա էլ՝ իր սիրելի Մայքին․․․ Եվ ինչի՞ համար․ որ ուզեցել է ի սեր ամուսնու ու երեխաների՝ ընտանեկան լավ օջախ ստեղծել, իր զավակներին պահել, խնամել ու որպես ազնիվ մարդիկ մեծացնել․․․ Է՛հ, նա երկուսիս էլ համբուրեց ու գնաց պառկելու։
 +
 +
Ես գրկեցի կնոջս ու երկա՜ր֊երկա՜ր գրկումս պահեցի, իսկ հետո ասի․
 +
 +
― Ջիլ, էս իրիկուն ես մեռա, երբ տեսա, որ Լոնդոնի մեր տունը չկա, վախենում էի, թե դու էլ չկաս, ու դա ինձ սպանեց․․․ Գիտես, Ջոն էլ մեռավ․ հա, մեռավ, Ջիլ․․․ ու եղբայրդ՝ Մայքն էլ է մեռած․․․ Այ, էս բոլորն ինձ սպանեց։
 +
 +
Բայց իմ քաղցրիկ Ջիլը թե՝
 +
 +
― Մայրիկն ասում է՝ տղա է լինելու։ Զգում է, գիտի։ Ասում է՝ կամ թաթախման իրիկունը կծնվի, կամ Ծննդյան առավոտը։
 +
 +
― Հենց որ նա ծնվի, ես նորից կյանք կառնեմ,― ասի։
 +
 +
Մենք շատ հուզված էինք, որ քնենք, Ջիլը հագնվեց ու դուրս եկանք քայլելու, դուրս եկանք Գլոսթերի լուսաբացը նայելու․ ա՜խ, աշխարհը շատ անուշ է մեռնելու համար։ Շատ քաղցր է մարդ սպանելու համար։ Ինչ լավ է շնչելն ու ապրելը, ինչ հրաշալի բան է տեսնելը։ Մարդ արարածները չպետք է սպանեն մեկմեկու։ Պետոք է սպասեն, մինչև ամեն մեկին աստված իր մոտ կանչի սահմանվա՛ծ ժամին։
  
 
==Ծանոթագրություններ==
 
==Ծանոթագրություններ==
 
<references>
 
<references>

Ընթացիկ տարբերակը 01:13, 3 Ապրիլի 2017-ի դրությամբ

Վեսլի Ջեքսոնի արկածները

հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
աղբյուր՝ «Ընտիր երկեր։ Չորս հատորով։ Հատոր երրորդ»

Բովանդակություն

Գլուխ առաջին

Վեսլին երգում է «Վալենսիան» և մի կարևոր նամակ ստանում

Իմ անունը Վեսլի Ջեքսոն է, տասնութ տարիս լրացել է, տասնիննի մեջ եմ մտել, իսկ սիրածս երգը «Վալենսիան» է։ Երևի ամեն մեկն աշխարհում վաղ թե ուշ գտնում է իր սիրած երգը։ Օրինակ՝ ես, գիտեմ, իմը գտել եմ, որովհետև անվերջ երգում եմ ու քնած էլ լինեմ, երգն ականջիս է։ Սիրում եմ, որ մարդ կոկորդով մեկը զլում է․

Վալե՜նսիա,
Երազիս մեջ, թե արթուն
Լսում եմ ես անդադրում,
Կամացուկ ի՜նձ ես կանոչւմ։
Վալե՜նսիա,
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ։
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ,
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ, տա՛֊տա՛․․․

Էս աշխարհում, թե ուզենաս էլ, երգերից չես փախչի, որովհետև անընդհատ մի ցավից պրծնում ես, մյուսի մեջ ընկնում, դե, ցավն էլ որ գալիս է, հետը երգ է բերում։ Ընկերս՝ Հարի Քուքը, երգում է․ «Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, չէիր ծերանա, սիրելիս․․․»։ Էս երգը չսիրած մարդկանց մոտ է երգում․ ուզում է ասել՝ եթե ճար ունենար, նրանք շունչները փչած կլինեին, ոչ թե մաղթում է, որ միշտ ջահել մնան։ Բայց միաժամանակ էնպես է երգում, կարծես հենց երգի հեղինակի մտքինը ասի, կարծես իր հարսնացուի մասին երգելիս լինի՝ սիրտը կոտրված, որ ճար չունի, թե սիրածի ջահել ու դուրեկան տեսքը ընդմիշտ պահպանի։ Ում վրա որ Հարին ատում է կրճտացնում, սա շատ լավ հասկանում է նրա մտքինը, բայց ի՞նչ անի․ պարզ ու հասարակ երգ է, դե գնա ապացուցիր, թե Հարին իր ապագա հարսնացուի մասին չի երգում։ Ոչ մի օրենք չկա, որ սիրածիդ մասին երգելն արգելի։

Նիք Քալին էլ սա է երգում․

Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն,
Թե ինձ դրախտ չըտանես, ասա՝ էլ ես ի՞նչ անեմ։
Երկնի դուռն են ցույց տալիս հըրեշտակները վերից,
Էլ չեմ կարող դիմանալ այս աշխարհում տանջալից։

Նիքն էլ է իր երգը երկու ձևով երգում․ լուրջ ու ծաղրանքով։ Մի կողմից հասկանում ես, որ ասում է՝ «Չէ, էս կյանքը սրտովս չի», բայց մյուս կողմից էլ գիտես, որ մի բան էլ կա մտքում․ «Հա, սրտովս չի, բայց չէի ուզի կյանքից հեռանալ, իսկ թե հեռանալու լինեմ, աստծու սիրույն, գոնե սրանից լավ տեղ ընկնեմ այ, թող դրախտ գնամ»։ Մի կողմից հասկանում ես, որ Նիքը մի տեսակ ուրիշ, անհասանելի կյանքի կարոտով է ապրում, բայց մյուս կողմից էլ գիտես, որ իր կարոտը ձեռ է առնում։ Ամեն անգամ, հենց Նիքի երգը ականջիս է հասնում կամ էլ միտքս գալիս, սիրտս էնպես է սևանում՝ ուզում եմ ուրիշ մարդ լինել, ոչ թե էն, ինչ որ կամ։ Ուզում եմ թեկուզ չինացի լինել, էսկիմոս, բայց ոչ էն ինչ որ կամ, Սան ֆրանցիսկոյում ծնված ամերիկացի, որի դուբլինցի մայրն ու լոնդոնցի հայրը հանդիպել են Սան Ֆրանցիկսկոյում, սիրահարվել իրար, ամուսնացել ու երկու որդի ունեցել, ինձ ու եղբորս՝ Վիրջիլին։ Սիրտս խառնում է կյանքից, երբ լսում եմ, թե ոնց է Նիք Քալին հարցնում՝ ախր ի՞նչ անի, եթե աստված իրեն դրախտ չտանի։

Ինչքան մարդ գիտեմ, ամեն մեկը մի երգ ունի, որ ինչ֊որ տեղ լսել է ու մտքում պահել, որը նրա համար հատուկ իմաստ է ստացել։ Տեսնես հռչակավոր մարդի՞կ ինչ են երգում՝ երբ մենակ են, չորս կողմը ոչ ոք չկա։ Դե, եկեղեցում մի բան ես երգում, մենակ մնալիս՝ ուրիշ։

Ուրեմն՝ արդեն իմացաք անունս, իմացաք՝ քանի տարեկան եմ ու որն է սիրածս երգը, բայց ամենակարևորն իմ մասին, որ պիտի իմանաք, չգիտեք․ ես սիրուն տղա չեմ։ Ոչ թե մի քիչ գեշ եմ, ասենք՝ որոշ տղերքի պես, չէ, իրոք գեշ եմ։ Չգիտեմ ինչից է, ինչից չէ, բայց էդպես է ու վերջ։ Ամեն սափրվելիս մնում եմ ապուշ կտրած։ Հավատս չի գալիս, թե մարդ էսքան անշնորհք կերպարանք կունենա, բայց արի տես, որ ցցվել է աչքիս առաջ ու էդ հենց ես եմ, ես և ուրիշ ոչ ոք․ Վեսլի Ջեքսոնը, բանակային հերթական համարով՝ 39339993֊ը։ Ասա՝ իսկի գիտե՞ի, թե ինչքան եմ գեշ, մինչև որ երեք տարի առաջ չսկսեցի սափրվել ու օրումեջ կերպարանքս տեսնել։ Այ, դրա համար էլ սափրվելու հետ սեր չունեմ։ Չէ, սափրվելուն դեմ չեմ, ոչ էլ կոկիկ երևալուն, բայց դե ճար չկա, սափրվելիս պիտի ինձ հայելում նայեմ, իսկ էնտեղ հո մի մռո՜ւթ չեմ տեսնում, զզվանքս էնպես է գալիս, որ էսկիմոս էլ չեմ ուզում լինել, ուզում եմ մեռնել պրծնել։

Հենց դրա պատճառով էլ երեք տարի առաջ գլուխս մտավ, որ ավելի լավ է մարդկանց աչքին չերևամ։ Երկար֊բարակ թափառում էի կամ գիրք էի կարդում։ Թափառելիս մտածում ես, կարդալիս էլ ուրիշ մարդկանց մտքերն իմանում․ մեծ մասամբ երևի տեսքից անդուր մարդկանց։ Շատ֊շատ թափառելուց, շատ֊շատ կարդալուց ու շատ մտածելուց հետո սկսում ես քեզ ու քեզ տալ֊առնել, ավելի ճիշտ՝ ոչ էլ քեզ ու քեզ, գրքերում հանդիխած մարդկանց հետ ես տալիս֊առնում։ Ու հանկարծ սիրտդ էնպե՜ս է ուզում, որ կենդանի մեկի հետ զրուցես, բայց խոսքի կծիկը բացում ես թե չէ, է՛հ, չեն հասկանում՝ ինչից ես խոսում, որովհետև քո կարդացած գրքերը չեն կարդացել, մտքովդ անցածն իրենց մտքով չի անցել ու շատ հնարավոր է՝ քեզ գժի տեղ դնեն։ Միգուցե հենց էդպես էլ կա, բայց ի՞նչ իմանաս՝ ով է գիժ, ով չէ։ Օրինակ՝ ես սիրտ չէի անի ոչ մի մարդու գժի անուն կպցնել։ Բա որ սխալվե՞մ։

Էսքանից հետ խելքիդ փչում է, որ մեկնումեկին պիտի նամակ գրես, դե, ես էլ էդպես արի։ Ավելի շուտ՝ որոշեցի, թե պիտի գրեմ, բայց ասենք՝ գրեցի, է՛, ո՞ւմ ուղարկեմ։ Աչքս բացել֊չեմ բացել, կյանքիս մեծ մասը մայրիկը հայրիկից բաժանված է եղել, ու ես մորս հետ ոչ մի կապ չունեմ։

Թե հորս գրեի․․․ գրողը տանի, ախր չգիտեի էլ՝ որտեղ է, ինչ է։ Եղբորս՝ Վիրջիլին գրեի․․․ է՛հ, տասներեք տարեկանին ի՞նչ պիտի գրես, թեկուզ հենց շատ լավ ճանաչելիս լինես, իսկ ես նրան մի կարգին չէի էլ ճանաչում։ Թե պրեզիդենտին գրեի․ բա չէ՞ր զարմանա։

Ուրիշ ոչ մեկի էլ էնքան լավ չգիտեի, որ նամակ ուղարկեի, դրա համար էլ վերջը որոշեցի միսիս Ֆոքսին գրել՝ Սան Ֆրանցիսկոյի կիրակնօրյա դպրոցի մեր ուսուցչուհուն։

Հայրիկն էր ստիպում, որ կիրակնօրյա դպրոց հաճախեմ․ ասում էր, թե ինքը կյանքի ճիշտ ճամփից շեղվել է, ու աչքը վախեցած է, մեկ էլ տեսար՝ ես էլ շեղվեցի, եթե ճիշտ ճամփան ցույց տվող չլինի։ Ասում էր՝ էլի դու մի ճար անես երկուսիս համար, բայց գրողը տանի, հարբեցողը հո ե՞ս չէի, ինքն էր։ Դե թող ի՛նքն էլ կիրակնօրյա դպրոց հաճախեր։

Միսիս Ֆոքսին մի երկար նամակ գրեցի, պատմում էի, թե վերջին անգամ իրեն տեսնելուց հետո, այսինքն՝ անցած ինը տարում, գլխովս ինչ է անցել֊դարձել։ Դժվար թե նրա հիշողության մեջ մնացած լինեի, բայց ինձ թվում էր, որ անպայման պիտի մեկնումեկին գրեմ, դե, ես էլ նրան գրեցի։ Բանակում ծառայելուց էլ ինչ օգուտ, եթե գոնե մեկ֊մեկ նամակ չգրես ու մեկ֊մեկ էլ գրածիդ պատասխան ստանաս։ Միսիս Ֆոքսը կպատասխաներ՝ շատ լավ։ Չէր պատասխանի՝ ոչինչ։

Մի իրիկուն էլ, միսիս Ֆոքսին նամակ ուղարկելուց մոտ մի ամիս անց, փոստը բաժանելիս հո իրարանցո՜ւմ չընկավ․ դու մի ասա՝ իմ անունով նամակ է եկել։ Վերնոն Հիգբին իսկական պատմություն սարքեց։ Փոխանակ նամակը տար, ոնց որ ուրիշներին էր տալիս, հայտարարեց, թե ուզում է պաշտոնապես հանձնել։ Տղերքին էլ դրա պես բան էր պետք, կարգին ուրախացան, ես էլ առանձնապես չեմ ու չում չարի, սրանք, ուրեմն՝ ճամփա բացեցին, որ մոտենամ տախտակամածին։ Էդ արանքով անցա ու բարձրացա տախտակամած, Վերնոնի կողքին կանգնեցի, ասի՝ իրենց սրտով գնամ։ Գիտեի՝ ուզում են մի փոքր ուրախանալ, դե, բանակում էլ որ տղերքն ուզում են մի փոքր ուրախանալ, լավ է չհակառակվես, թե չէ նրանք մի բան էլ ավելի կհրճվեն, իսկ դու՝ ոչ մի մազաչափ։ Բայց եթե սրտներով գնացիր, դու էլ հետները կուրախանաս։ Ասենք՝ մարդիկ վրադ ծիծաղում են, ո՞ւմ են ծիծաղատեղ սարքում։ Ախր ես ինքս եմ վրաս ծիծաղում, էլ ինչո՞ւ բանակի ընկեր տղերքը չծիծաղեն։ Երևի ամեն մեկն էլ տասնութ տարեկան դառնալուց հետո սովորում է իր վրա ծիծաղել։

Հա ուրեմն՝ հենց բարձրացա, Վերնոնի կողքին կանգնեցի, բոլորը ծիծաղից թուլացան, հո չեն հրճվո՜ւմ, Վերնոնն էլ էնպես ձեռքը վեր ցցեց, կարծես հռետոր է, ունկնդիրներին կարգի է հրավիրում։

― Լռությո՛ւն, ոչ մի ծպտուն չլսեմ,― ասաց։― Ամբողջ ծառայությանս ընթացքում, ինչքան որ Բ վաշտի փոստային գրագիրն եմ, սրանից կարևոր իրադարձություն չի եղել։ Պատիվ ունեմ հայտարարելու․ ամերիկյան փոստով մի նամակ է եկել։ Էլ ավելի մեծ պատիվ ունեմ հայտնելու, որ նամակը շարքային Վեսլի Ջեքսոնի անունով է։ Երեք անգամ «ուռա՛» շարքային Ջեքսոնի պատվին։

Տղերքն «ուռա՛» կանչեցին, իսկ ես անընդհատ մտածում էի, թե տեսնես միսիս Ֆոքսն իր նամակում ինչ է գրել։ Ու անընդհատ, ոնց որ մի ձայն ականջիս տակ «Վալենսիան» երգեր։

«Ուռաներից» հետո մեկը հարցրեց․

― Ումի՞ց է նամակը։

Մի ուրիշն էլ թե՝

― Հավատալու բան չի, որ Վեսլին սիրած ունենա։

Բայց ես ուշադրություն չդարձրի։

― Վրա մի տվեք,― ասաց Վերնոն Հիգբին։― Շարքային Ջեքսոնի սիրալիր թույլտվությամբ, ես ձեզ կհայտնեմ նամակն ումից է։ Ինչ վերաբերում է շարքային Ջեքսոնի սիրած ունենալուն, թե չունենալուն, հաստատական կամ ժխտական պատասխանը մեր պաշտոնական արարողության մեջ չի մտնում։ Ձեռքիս նամակը շարքային Ջեքսոնի մասնավոր սեփականությունն է, որովհետև շատ պարզ ու որոշակի հասցեագրված է նրան․ ծրարի վրա նշված են նրա կոչումը՝ շարքային, անուն ազգանունը՝ Վեսլի Ջեքսոն, բանակային հերթական համարը՝ 39339993, մի խոսքով, ամեն ինչ՝ տեղը տեղին, ըստ զինվորական կանոնադրության։ Երեք անգամ «ուռա՛» զինվորական կանոնադրության պատվին։

Տղերքը կանոնադրության պատվին էլ «ուռա» կանչեցին, իսկ հետո Վերնոնոը թե՝

― Ուրեմն՝ ումից է նակա՞կը։ Սան ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի Երիցական եկեղեցուց։

Էստեղ Վերնոնը դարձավ ինձ։

― Շարքային Ջեքսոն,― ասաց,― ես մեծ հաճույքով Սան Ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի Երիցական եկեղեցու ուղարկած նամակը ազգի անունից հանձնում եմ քո ձեռքը։ Սան Ֆրանցիսկոն մոտ է իմ սրտին, որովհետև մեր տանից, Սան Լեանդրոյից, ընդամենը ինը մղոնի վրա է՝ ծովածոցի մյուս ափին, իսկ մեր կայազորից՝ մի երկու հարյուր մղոնի վրա։

Վերնոնը կրունկները խփեց իրար ու զգաստ կանգնեց։ Չգիտես ինչու, իրենց նամակներին սպասող բոլոր տղերքը երևի մի հարյուր հոգի, նույնը արեցին։ Ոչ թե հետևեցին Վերնոնի օրինակի, չէ՛․ հենց տեղնուտեղը՝ նրա հետ միասին, կրունկներն իրար խփեցին ու զգաստ կանգնեցին, ոնց որ հեռագրալարին թառած ծտերի երամն է միանգամից թևին տալիս, թռչում։ Պարզ է, գլխիս օյին էին խաղում, բայց ես բոլորովին էլ դեմ չէի։ Նրանց արածը նույնիսկ մի քիչ դուր էր գալիս ինձ․ ախր մեր տղերքին տեսած չկայի էդքան աշխուժացած, իսկի շքերթին էլ էդպես չէին լինում։ Բանը որ խաղ սարքելուն է հասնում, ամեն տղա էլ աշխուժանում է, ինչ ասես անում։ Դե, միսիս Ֆոսքն էլ պատասխանել էր նամակիս, ու ես քիչ հետ կարդալու էի նրա գրածը։

Վերնոնը գլուխ տվեց, նամակը մեկնեց ինձ, ու բոլորն էնպես բարձր հռհռացին, որ էդ տեսակ հռհռոց մենակ բանակում լսես, մեկ էլ երևի ուղղիչ գաղութում։ Մինչև շնչակտուր անտառ ընկնելս, նրանց հռհռոցը ականջիս էր հասնում։ Կայազորի կողքի էդ անտառը շուտ֊շուտ էի գնում։ Տեղ հասա թե չէ, նստեցի մի ծառի տակ, նամակը դրի գետնին, ու աչքս վրայից չէի կտրում։

Կյանքումս առաջին անգամ էի նամակ ստանում, անուն֊ազգանունս ու մնացած ամեն ինչ ծրարի վրա մեքենագրված, օ՜, Վալենսիա։

Քիչ հետո ծրարը բացեցի, որ տեսնեմ, թե միսիս Ֆոքսն ինչ է գրում, բայց պարզվեց՝ նամակը միսիս Ֆոքսից չի, եկեղեցու քարոզիչն է գրել։ Նա ցավով հայտնում էր, որ միսիս Ֆոսքը մահացել է։ Երեք ամիս առաջ, յոթանասունմեկ տարեկանում, քնի մեջ կնքել էր մահկանացուն։ Քարոզիճը գրում էր, թե իրեն թույլ է տվել նամակս բացել ու իր ասելով՝ մի վեց անգամ կարդացել էր։ Նա ափսոսում էր ինձ երբեք չհանդիպելու համար, որովհետև, դատելով նամակիցս, ես օրինակելի պատանի եմ, բարեպաշտ քրիստոնյա (ո՜նց էլ չեմ իմացել․ հայրիկը լսեր, շատ կուրախանար)։ Քարոզիչը գրել էր, թե կաղոթի ինձ համար ու համոզում էր, որ ես էլ աղթոեմ, բայց չէր խնդրում իր համար աղոթել։ Ուրիշ շատ բաներ էլ էր գրել, կարդում էի, ու աչքերիցս գլոր֊գլոր արտասուք էր թափվում, որ միսիս Ֆոքսը մեռել է, ու վերջում ասված էր․ «Երկար ու մանրակրկիտ մտորումներից հետո որոշեցի ձեզ մի բան հայտնել։ Հուսով եմ այնքան հոգու արիություն կունենաք, որ ասածս արժանապատվությամբ ու խոնարհությամբ ընդունեք․ ԴՈՒՔ ԳՐՈՂ ԵՔ։ Ես ինքս էլ կյանքիս քառասուն տարիների մեծ մասը գրելով եմ զբաղվել և պիտի ասեմ, որ թեև տքնանքս ապարդյուն չի եղել (տասնհինգ տարի առաջ սեփական խասերով մի ոգեշնչող գրքույկ հրատարակեցի, վերնագիրը՝ «Արցունքների միջից էլ ժպտացեք», և հայր Ռ․Ջ․ Ֆեդրուելը՝ Կալիֆոռնիայի Սոսալիտո քաղաքից, գրքիս մի ամբողջ քարոզ նվիրեց, որտեղ ասում էր․ «Ահավասիկ մի գիրք, որին աշխարհը շատ երկար է սպասել, գիրք, որի մեղմիկ լույսին այնպե՜ս ծարավի է մութ ու մեղսավոր աշխարհը»), ուրեմն՝ թեև ինչպես նշեցի, տքնանքս ապարդյուն չի եղել, բայց պիտի ասեմ, որ դուք ինձանից լավ եք գրում, ուստի պարտավոր եք գրել։ Գրե՛ք, որդիս, գրե՛ք»։

Է՛հ, մտածեցի, կա֊չկա էս մարդու ծալը պակաս է, բայց հետո որոշեցի նրա խորհուրդը ականջի հետև չգցել․ այ թե ոնց եղավ, որ էս պատմությունը սկսեցի գրել։ Դե, հիմնականում ամեն ինչ իմ մասին է, որովհետև ուրիշ ոչ մեկին էդպես հինգ մատի նման չգիտեմ, բայց ուրիշների մասին էլ եմ պատմում, ինչքան որ նարնց գիտեմ։

Միսիս Ֆոքսին գրած նամակում աշխատել էի լեզվիս ազատություն չտալ, մտքերիս էլ հետը, բայց հիմա էլ զգուշանալու բան չունեմ, լեզվիս եկած ամեն ճիշտ խոսք պիտի ասեմ, ինչ լինում է լինի։

Գլուխ երկորդ

Վեսլին բացատրում է, թե բանակը մարդուն ինչ օրն է գցում, իր կարծիքով՝ մի ճիշտ խոսք է ասում, ու քունն էլ չի տանում

Արդեն ասացի, որ քարոզչի ուղարկած նամակը՝ ի պատասխան միսիս Ֆոքսին գրածիս, կյանքումս ստացած միակ նամակն էր, բայց դա էնքան էլ ճիշտ չի, թեպետ սուտ էլ չի։ Մի անգամ էլ պրեզիդենտից եմ նամակ ստացել, բայց դժվար թե նա բանից տեղյակ լիներ, դրա համար էլ էդ մեկը չեմ հաշվում։ Ինչ֊որ էր, անձնական նամակ չէր։ Ոչ էլ անկեղծ էր երևում։ Կարդացի «բարևներս» բառն ու մնացի զարմացած՝ ինչո՞ւ «բարևներս», ոչ թե «մնաս բարով», քանի որ խոսքն ինձ բանակ տանելուն էր վերաբերում։ Ասում են՝ թե մեջդ շունչ կա, ուրեմն բանակի ապրանք ես, իսկ իմ շունչը շատ լավ էլ վրաս էր։ Բանակի մասին ինչ ասես էի լսել՝ թե՛ ծիծաղելի և թե՛ գարշելի, բայց լսած֊չլսածիցս վերջը մի բան էր հասկացվում, որ էսօր֊էգուց ինձ համազգեստ կհագցնեն, որովհետև դատված չեմ, հոգեկան խանգարում չունեմ, սիրտս հիվանդ չի, արյան ճնշումս հիանալի է, ձեռուոտս՝ բոլոր մատները հետը, աչքուականջս ու ի ծնե ինձ տրված մարմնիս մյուս մասերը տեղն են։ Դուրս էր գալիս, որ ես կարծես թե լույս աշխարհ եմ եկել հենց զինվոր դառնալու և Սան Ֆրանցիսկոյի ծովափին կամ հանրային գրադարանում պարզապես ժամանակ էի սպանում, մինչև պատրեազմ հայտարաեն։ Բայց ես իսկի էլ բանակ գնալու տրամադրություն չունեի։ Ընդհակառակը՝ չգնալու տրամադրություն ունեի։

Մի երկու անգամ մտքովս անցավ, որ փախչեմ սարերը, մի տեղ թաքնվեմ, մինչև պատերազմը վերջանա։ Նույնիսկ մի անգամ էլ սարերում կյանքս դասավորելու համար ինչ պետքն է՝ հավաքեցի, կապոց արի ու տրամվայով ճամփա ընկա քաղաքից դուրս, ինչքան որ տանի։ Դուրս եկա Մեծ մայրուղի ու մի պատահական մեքենայով վաթսուն մղոն դեպի հարավ գնացի՝ մինչև Գիլրոյ, բայց չորս կողմս նայեցի, տեսա ամեն ինչ նույնն է, ու բոլորն էլի իրարով անցած պատերազմից են խոսում։ Մարդիկ ասես պատերազմացավ էին կպել, ուղղակի զզվանքդ կգար։ Փող տվի, հացով բիֆշտեքս առա, մի բաժակ էլ սուրճ խմեցի ու պատահական մեքենայով հետ եկա տուն։ Արածիս մասին ոչ մեկի չասացի։ Բերանիցս խոսք էլ չթռցրի, թե ոնց էի աչքիս պոչով նայում ծովափնյա սարերին, որտեղ որոշել էի մինչև պատերազմի վերջը պահ մտնել և ինչքան մենակ ու անճարակ էի ինձ զգում, էնքան մտամոլոր խղճուկ ու ամոթահար, որ արար աշխարհն ատելի դարձավ, բայց ատելությունն ախր սրտիցս չէր գալիս, որովհետև աշխարհը մարդիկ են, իսկ մարդիկ շատ են սրտիդ մոտ ատելու համար։ Դե, ես էլ ոնց որ բոլորը․ մի որոշ ժամանակ էլ անցկացրի, ու երբ օրը եկավ, գնացի Մարքիթ փողոց 444 շենքը՝ զինվոր գրվելու։

Բայց հիմա էդ բոլորը Նոյի տարվա պատմություն է, իսկ ես միտք չունեմ անցած֊գնացած հին֊հին բաները նորից մեջտեղ բերել։ Մի օր էս ամբողջ պատերազմն էլ Նոյի տարվա պատմություն կդառնա, ու ես կուզեի իամանալ, թե էդ ժամանակ սրա մասին խոսքը մեկ արած՝ ինչ պիտի ասեն։ Շատ կուզեի իմանալ, թե սրա վերջն ինչ է լինելու։ Չէի էլ զարմանա, եթե էս պատերազմը, ռադիոյի ասածի պես, շրջադարձային կետ դառնար։ Բայց այ քեզ փորձանք՝ հենց էդ «շրջադարձային կետ» կոչվածը մի քիչ ծանրութեթև ես անում, էն եզրակացությանն ես գալիս, թե աշխարհի երեսին ոչ մի բան չկա, որ շրջադարձային կետ չլինի, ու շրջադարձի մեջ միակ կարևորը սա է․ ինչից դեպի ինչն է շրջադարձ կատարվում։ Եթե ոչնչից՝ ոչինչը, էլ էդ շրջադարձի օգուտը ո՞րն է։ Միգուցե հնարավոր է աչք փակել, դա չտեսնելու տալ, թեպետ գլուխս չի մտնում, թե պատրեազմը ո՞նց պիտի չտեսնելու տաս, եթե ոչ հաշմանդամ ես, ոչ էլ խելագար․ ախր մի օր փոստարկղիդ մեջ ծրար կգտնես, ու հերիք է, որ էդ ծրարը բացես, կյանքդ միանգամից տակնուվրա կլինի։

Հիշում եմ՝ քանի պատերազմը չէր սկսվել, ամբողջ երկրով մեկ ոչ ոք իմ գոյության մասին չգիտեր, ոչ մեկի պետքը չէր՝ ես կա՞մ, թե չկամ։ Ոչ ոք ինձ չէր խնդրում, որ մեջտեղ ընկնեմ ինչ է՝ խաղաղության հարեցրն իմ օգնությամբ լուծվեն։ Բայց ախր ես միշտ էլ նույն մարդն եմ եղել ու միշտ էլ փողից մի քիչ նեղվել եմ։ Այ դրա համար էլ, երբ ամբողջ երկիչը պատերազմի հենց սկզբից մի մեծ ու միասնական ընտանիքի ոգով լցվեց, էդ ոգևորության կրակին յուղ ածողները աչքիս կասկածելի երևացին, որովհետև դրանց նմանները, ինչքան հասկացա, անվերջ ժպտում են, հույսը երբեք չեն կորցնում ու հերոս դառնալու համար ուշքները գնում է, այնինչ զինվորական համազգեստով մարդիկ մեծ մասամբ շփոթված են, խեղճացած ու եթե ժպտում են, ուրեմն ուրիշ անելու բան չեն գտել, մեծ֊մեծ հույսեր էլ բնավ չունեն, քանի որ խելքները շատ չի կտրում, թե չորս կողմն ինչ է կատարվում, էդ բոլորն ինչ է նշանակում ու վերջն ինչ է լինելու, ուզում եմ ասել՝ վերջն ինչ է իրենց գլխին գալու։ Նրանք երբեք էլ հերոս դառնալու համար ձեռնուոտ չեն ընկնում, որովհետև կյանքները մազից է կախված, գիտեն, որ մի թեթև էլ բախտները չբերի, հերոս դառնալու տեղ հանգուցյալ կդառնան։ Մարդ որ էսքանը հասկանում է, էլ չի կարող սրտանց ուրախանալ ու բոլորի հետ անկեղծ հոգով ցնծալ։ Իմ բանակային կյանքի առաջին օրերին՝ զորակոչիկների հավաքակայանում, հետս մեկը կար, անունը՝ Հենրի Ռոուդս, շուտ֊շուտ ասում էր․ «Էս իսկը անբանների տեղ է, Ջեքսոն, ես ու դու էլ ՝ հենց երկու անբան»։

Հենրի Ռոուդսը փորձագետ հաշվապահ էր ու մինչև զորակոչվելն աշխատել էր Սան ֆրանցիսկոյի Մոնթգոմերի փողոցի հիմնարկներից մեկում։ Նա երեխա չէր։ Քառասուներեք տարին արդեն լրացել էր, բայց էդ օրերին բոլորին էլ զորակոչում էին։

Արդեն խոստացա, լեզվիս եկած ամեն ճիշտ խոսք պիտի ասեմ, ինչ լինում է լինի։ Այ, հիմա ժամանակն է որ, իմ կարծիքով, մի ճիշտ բան ասեմ, բայց հակառակի պես, ահը սիրտս է ընկել, մահու չափ վախենում եմ։ Դե, բանակում եմ, դրա համար էլ վախենում եմ, բայց ով բանակում չի, ի՞նչ ունի վախենալու, գրողը տանի։ Պատերազմը սկսվում է թե չէ, մարդու իմացած֊չիմացածը ոնց որ գլխին թռչի, ամենափուչ բանն էլ մտքից հանում է ու ատամները սեղմած՝ բերանը պինդ փակում, ինչքան էլ գիշեր֊ցերեկ ականջը տանող ստերից սիրտը վառված՝ տնքա։

Հենց բանակ եկար, առաջին օօրվանից սկսած՝ քեզ ահ են տալիս, մահու չափ վախեցնում։ Ամենից առաջ ռազմական դատարանով են ահ տալիս։ Էնքան մարդկություն չունեն, որ տեսնեն նեղն ես ընկել, օգնեն․ չէ՛, մտքներով էլ չի անցնում, մենակ թողնես մահվան սպառնալիքներ տան ու վերջ։ Ձեռքդ բարձրացնում ես, որ երդում ուտես, բերաններից արդեն էդ է դուրս գալիս։ Ձեռքդ չիջեցրած, դեռ բանակի շարքերը չմտած՝ ահ են տալիս․ «․․․մահվան կդատապարտվես»։ Ախր հիմա սա է քո հարազատ ընտանիքը՝ էս նույն մարդիկ, որ էլի հազար ու մի բան են ասում, ու դու մնում ես շվարած, երբ իմանում ես, թե ամեն րոպե գլխիդ ինչ պատիժ է կախված։ Իհարկե, դժվար թե մեկնումեկին իրոք էդպես պատժեն, բայց էդ «մահ» ասածն անընդհատ աչքիդ առաջ է, բանակային կարգուկանոնի ամբողջ գաղափարը դրա վրա է հենված ու ամեն մի չնչին, շնչիդ նստած կանոնը խախտելու դեպքում՝ անմիջապես մեջտեղ է գալիս։ Մարդ ես, ասենք թե ծարավել ես, օրը ցերեկով դուրս եկար ջուր խմելու, դա կոչվում է «ինքնագլուխ բացակայություն» ու շատ լուրջ հանցանք է, սրա համար պատիժ է հասնում, որի անունը չնայած «արտահերթ վերակարգ» է, բայց իրականում նույն մահապատիժն է։ Կամ ասենք թե տաշտը ջուր լցնելու տեղ ծորակի տակ ես լվացվում․ էլի արտահերթ վերակարգ ես ստանում, բայց սա, ինչքան որ զգացել եմ կաշվիս վրա, ուղղակի սպանության մի ուրիշ անվանում է։ Վեց֊յոթ ամիս էս կարգուկանոնով նստել֊վեր կենալուց հետո թե մահու չափ չվախենաք, գլուխներդ չկորցնեք կամ էլ չկատաղեք, ուրեմն ինձանից պինդ եք, որովհետև չնայած ես յոլա գնացող եմ, ամեն ինչին մատների արանքով եմ նայում, ու եթե ճիշտը վերցնենք, պիտի ոչ վախենայի, ոչ գլուխս կորցնեի, ոչ էլ կատաղեի, արի տես, որ և վախեցել եմ, և գլուխս եմ կորցրել և կատաղել եմ։ Գիտեմ, որ լավ չի, բայց դե ինչ արած։

Ինչ որ է, խոսքս Հենրի Ռոուդսի մասին էր, ու էն ճիշտ բանը, որ պիտի ասեի, բայց վախից չասացի, որովհետև բանակում եմ, սա էր․ Հենրի Ռոուդսը թթված էր կառավարության վրա, որ իրեն էլ են զորակոչել։

Այ, էս դատարկ բանն էի վախենում ասել։

Ամոթից գետինն եմ մտնում։

Էս մտքերից աչքիս քուն չի գալիս, բայց մեկ֊մեկ էլ քունս փախչում է, որովհետև գիշերը մինչև լույս տղերքն աղմկում են զորանոցում, լեզվին տալիս, անամոթ պատմություններ անում, երգում կամ իրար գլխի օյիններ դնում, ոնց որ օրինակ՝ Դոմինիկ Տոսկան ու Լու Մարիաչչին են իրենց մեջտեղը քնող Դոմինիի եղբորը՝ Վիկտորին ձեռ առնում։

Վիկտորը քնում է թե չէ, Դոմինիկը մի կողմից, Լուն էլ մյուս կողմից, սկսում են նրա ականջին փսփսալ․ «Չեմ ուզում բանակում ծառայել։ Էս ի՞նչ կրակ եկավ գլխիս։ Ինձ համար ապրում էի։ Չեմ ուզում զինվոր լլինել։ Ոչ մեկին չեմ ուզում սպանել։ Ուզում եմ տուն գնալ։ Չեմ ուզում մեռնել»։ Էսպես փսփսալով՝ կամաց֊կամաց ձայններն էնքան են բարձրացնում, մինչև խեղճ Վիկտորը զարթնում է ու վրա բերում․ «Է՜, դե լավ էլի՜։ Թե մամային չասեմ, Դոմինիկ»։ Բարաքի բոլոր տղերքը ծիծաղից մեռնում են, ես էլ հետները, չնայած ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում։

Գլուխ երրորդ

ՅՈՒՓ֊ի թղթակից Ջիմ Քըրբին Հարի Քուքին ու Բեսլիին սովորեցնում է ռազմի արվեստը և ինքնաթիռով ճանապարհում Հյուսիս

Չէ, ինչ ուզում եք ասեք, Հարի Քուքը մազալու տղա է։

Մի իրիկուն նստել եմ մեր զորանոցի դիմացի գերաններին, քաղաքում ձեռքս ընկած մի գիրք եմ կարդում՝ «Ռազմի արվեստը», գերանների մյուս ծայրին էլ Հարին է փռվել։ Էդ գերանները նստելու համար էլ էին հարմար, մեկնվելու համար էլ, բայց ոչ ոք չգիտեր, թե որպես ինչ են իրար գլխի կիտված։ Գույնից դատելով՝ վաղուց էին էդտեղ։ Հա ուրեմն, էս Հարին թիկն է տվել ու անընդհատ կրկնում է, էնպես, որ լսեմ․ «Շարքային Քուքը ձեր հրամանով ներկայացել է, սըր։ Տո՛ քո բանակը քեզ մնա, գնդապետ, հիմա կասեի՝ տար ինչ արա, դու ինձնաից լավ գիտես»։

Շատ որ կրկնեց, ասի․

― Էդ ո՞ւմ հետ ես խոսում։

Հարին թե՝

― Գնադապետի, էլ ո՞ւմ։ Էդ շան վաստակի։

― Ի՞նչ֊ի՞նչ։

― Լսեցիր, էլի։

― Տես, հա՜, ռազմական դատարան կընկնես։

― Դե լսեցիր, էլի,― նորից ասաց Հարին։

― Ի՞նչ ես գնդապետից կպել։

― Առաջ հանրախանութի ապառիկ բաժնի վարիչ է եղել։

― Ո՞նց իմացար։

― Սղագրուհին ասաց։ Թղթերը քրքրել է, տեսել։

― Իսկ դու ի՞նչ ունեիր գնդապետի հետ։

― Կապիտանը մոտն էր ուղարկել։

― Ինչի՞։

― Լեյտենանտի ասածով։

― Բա՞ն ես արել։

― Սերժանտը լեյտենանտի ականջը լցրել է, թե բանակի մասին ավել֊պակաս խոսում եմ։

― Հետո՞, ի՞նչ ասաց գնդապետը։

― Թե բա՝ ամոթ քեզ։ Թե բա՝ կայազորի անունը չեմ ուզում մրոտել, հենց դրա համար էլ քեզ ռազմական դատարանի ձեռքը չեմ հանձնում։ Դե, ես էլ իր անունն էնպես մրոտեցի՝ իմացածիդ պես։

Հարին գլդիգլոր իրեն գերանների հետևգ գցեց ու աչքից կորավ։ Հենց ուզում էի նորից գրքիս անցնել, մեկ էլ ի՞նչ տեսնեմ․ մի խումբ զինվորականներ, հետներն էլ քաղաքացիական շորերով մի մարդ, դուրս եկավ կայազորի խանութի հետևից ու գալիս են ուղիղ գերանների կողմը։ Շարժուձևից պարզ երևում էր, որ մեծավորներ են։ Սպան ու շարքայինը միշտ էլ քայլվածքով իրարից ջոկվում են։ Ոչ թե սպան ավելի լավ է քայլում, չէ․ էստեղ ուրիշ բան կա։ Դեռ հեռվից էլ տեսնում ես, որ սպան իրեն ուշադրության կենտրոնում է զգում՝ թե՛ վերադասի, թե՛ ենթակաների աչքի առաջ, տեսնում ես՝ ոնց է էդ տղամարկանց աշխարհում իրեն կարևոր մարդու տեղ դնում, իհարկե, իր հասկացածով․ եթե լեյտենանտ է, կապիտանի չափ չի հպարտանում, բայց բանակում ծառայող կամ էլ հենց թոկուզզ աշխարհի երեսին ապրող մարդկանց մեծ մասի համեմատ իրեն շատ կարևոր անձ է համարում։ Պարտադիր չէր գնդապետի ուսադիրների արճիճե աքլորիկը տեսնեի, որ գլխի ընկնեի, թե նա մեծավոր է, մյուսների հետ իրեն պահելու ձևից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նա իրեն ավելի կարևոր մարդու տեղ էր դնում, քան կողքի մայորը, սա էլ իրեն էր ավելի կարևոր մարդու տեղ դնում, քան կողքի երկու կապիտանները։ ավագ լեյտենանտն էդ խմբում մի քիչ խղճուկ էր երևում, բայց մեջների ամենակարևոր մարդը քաղաքացիական հագուստովն էր։ Նա բոլորից էլ ջահել էր, երևի քսանվեց֊քսանյոթ տարեկան, ոչ ավել։

Միանգամից որ էդքան մեծավոր տեսա, մի թեթև խառնվեցի, որովհետև հենց աչքների առաջ էի նստած, ոնց էլ լիներ, կնկատեին։ Չգիտեի՝ թառածս տեղից թռչեմ ցած ու պատիվ տամ, թե՞ գցվեմ գերանների հետևն ու թաքնվեմ։ Էդ օրերին պատիվ տալու հետ գլուխ չունեի, սրտովս չէր, որ պիտի անընդհատ դրա մասին մտածես, բայց հիմա պետքս էլ չի, քեֆս ոնց ուզի էնպես էլ անում եմ։ Ասենք, թե մի փոքր֊մոքր, տարիքն առած գնդապետ է աչքովս ընկնում, տեսքից էլ էնքան մեն֊մենակ, կորած֊մոլորած, կարծես շարքայինից ոչնչով առավել չի, հա, ուրեմն՝ հայացքը բռնում եմ, հավեսով պատիվ տալիս ու ճամփաս շարունակում։ Բայց հենց մի ջահել, անդարդ էշի գլուխ եմ տեսնում, որ էնպես է կտրիճավարի փողոցը զավթած՝ լոքերը գցում, ասես համաշխարհային պատմության անիվը ուր որ է շուռ է տալու, վատ ճամփից հանի ու ավելի այլանդակ ճամփի վրա դնի, տեղնուտեղը, շատ բանական ձևով, մտամոլոր տեսք եմ ընդունում, կամ շրջվում եմ՝ իբր խանութի ցուցափեղկով եմ տարված, կամ էլ աչքերս գցում եմ երկինք ու էդ ապուշի կողքով անցնում եմ, գնում։ Ում սիրտս ուզի, նրան էլ պատիվ եմ տալիս՝ ծեր մուրացկաններին, փողոցի երեխեքին, սիրուն աղջիկներին, լապտերասյուներից կառչած հարբեցողներին, համազգեստավոր վերելակավարներին ու բանակի բոլոր ընկեր տղերքին, ով ինձ դուր է գալիս, անկախ նրանից, թե ինչ կոչում ունի։ Բայց վաշտի բաժանեգծով եկող էս խումբը հեչ սրտովս չէր, դրա համար էլ ցցվեցի գերանների հետևը, որ աչքից հեռու լինեմ։ Սողեսող Հարի Քուքին մոտեցա։

― Քե՞զ ինչ եղավ,― ասաց Հարին։

― Գնդապետն է,― փսփսացի։― Հետն էլ չորս սպա ու մի քաղաքացիական։

Հիմա արդեն նրանց ձայները պարզ լսվում էին, ու Հարին երեսը թթվեցրեց։

― Արի ականջ դնենք,― ասի։

Բայց նրանց խոսակցությունը ականջ դնելու բան չէր, դե, ես էլ նորից կարդալուն անցա, Հարի՝ դու Հարի, քթի տակ էլի իր երգն սկսեց․ «Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, չէիր ծերանա, սիրելիս․․․»։ Հասկացա, որ մտքում գնդապետն է։

Սպաները զինվորականներին հատուկ եղանակով՝ աշխույժ֊աշխույժ տալիս էին առնում, բայց զգացվում էր, որ ուշքներն անընդատ վրաներն են պահում․ էնքան իրենց ասածին չէին հետևում, ինչքան խոսելու պատշաճ ձևը պահպանելուն։ Մեկ֊մեկ մայորը իր կոչման համեմատ շատ ազատ էր խոսում, բայց հետո ականջիս ընկավ, թե գնդապետին դիմելիս՝ ոնց խոսքի ձևը փոխեց։ Մյուսրն էլ էին էդպես անում, բացի գնդապետից, մեկ էլ քաղաքացիական հագուստով մարդուց։ Գնդապետն ուղղակի չտեսնված էր, եթե հաշվի առնեինք, որ ընդամենը վերջերս էր մեծ հանրախանութի ապառիկ բաժնի վարիչությունը թողել, բայց նրա ասածներն ինձ բավականին տափակ էին թվում։ Գլխի ընկա, որ քաղաքացիական հագուստովը լրագրող է, ու թերթի պատվերով պիտի բանակայինների կյանքից ակնարկաշար գրի։ Հետո նրա խոսքերը ականջիս հասան․

― Գնդապետ Ռեմինգթոն, արդյոք կարո՞ղ եմ մի քանի բառ փոխանակել ձեր զինվորներից մի երկուսի հետ, կարևոր չէ՝ ում։

Գնդապետն էլ թե՝

― Խնդրեմ, Ջիմ։ Լեյտենանտ Քոբըրն, ձեր տղաներից մի երկուսին չե՞ք բերի մեր բարեկամ Ջիմի մոտ։ Ում որ հարմար գտնեք, լեյտենանտ։

Դե, լեյտենանտն ընդուվնած կարգով պատասխանեց ու շտապ֊շտապ գնաց զինվորների հետևից։ Սպաներն էլ նորից աշխուժացան, բայց իհարկե, առանց չափն անցնելու։ Քիչ հետո ձայներն ավելի մոտեցան, ես վտանգի հոտն առա ու միանգամից հասկացա, որ ամբողջ խումբն ուր որ է գերանների էս կողմը դուրս կգա, և իսկույն ինձ ու Հարիին կտեսնի։ Մինչև կմտածեի, թե ինչ ճար գտնեմ, նրանք մեզ տեսա՜ն։ Բոլորն էլ տեսան, առաջին հերթին՝ հենց գնդապետը։ Հարին էշի տեղ դրեց իրեն՝ իբր ոչ ոքի չի նկատել ու ձայնը գլուխը գցած՝ երգում է, թե տեսեք֊տեսեք, չգիտեմ, որ կողքիս մարդ կա, ինձ համար երգ եմ ասում։ Մնում էր ե՛ս մի ելք գտնեմ, բայց չէի իմանում, թե ելքը որն է։ Ոտքի թռա ու նոր խելքիս հասավ, որ գերանների վրա եմ ցցվել՝ սպաների գլխավերևում, դե, շատ բարձր չէի, բայց ի՞նչ տարբերություն․ էս էլ որ նկատեցի, մաքուր ապուշ կտրեցի։ Հենց էդպես ցցված՝ գիրքը ձախ ձեռքս վերցրի, որ աջն ազատվի ու պատիվ տվի։ Բոլորը, քաղաքացիական շորեր հագածից բացի, պատվի առան, գնդապետն էլ թե՝ «Ազա՛տ, տղաս», ու ես հասկացա, որ նա ուզում է տպավորություն գործել լրագրողի վրա։ Իսկական զինվորականի տպավորություն։ Դրա համար էլ հենց ձեռքիս գիրքը տեսավ, ասաց․

― Տնային առաջադրանքնե՞րդ ես սերտում։

Էս արանքում Հարին երգը ընդհատեց։ Նայեց ինձ, նայեց, հետո հայացքը սպաներին դարձրեց, սրանց էլ նայե՜ց, նայե՜ց, նոր ոտքի ելավ ու արդեն լրիվ ավելորդ տեղը ախմախավարի պատիվ տվեց, բայց էնպես, ոնց որ ասի՝ վռազս ի՞նչ է, հո աշխարհի վե՞րջը չի։ Է՛հ, մի խոսքով, անհարմար բան ստացվեց, իսկը՝ խայտառակություն․ ախր Հարին էնքան դինջ֊դինջ պատիվ տվեց, որ մեկնումեկի թափով պատիվ տալու ժամանակ զինվորականների մոտ առաջացող ակամա ռեակցիան խանգարվեց։ Ոչ ոք չշարժվեց Հարիի ողջույնին պատասխանելու համար, բայց Հարին հանձնվելու միտք չուներ։ Պատվի առած՝ մեխվել մնացել էր գերանների վրա։ Վերջը շատ կուչուհուպ գալուց հետո, գնդապետն ահագին սրտնեղած՝ ինքն էլ պատվի առավ, մնացած սպաներն էլ մի մարդու նման նրանից օրինակ վերցրին։ Հիմա արդեն բոլորն էլ շշկլված էին ու իմ կարծիքով, երկնեկ էին տալիս մեզ պատահած չլինեին։ Տնային առաջադրանքների մասին գնդապետի տված հարցից հետո էնքան ժամանակ էր անցել, որ պատասխանելը իմաստ չուներ, ու ես էլ էի կանգնել մնացել։ Դրությունը լրագրողը փրկեց։

― Գնդապետ Ռեմինգթոն,― ասաց,― թույլ կտա՞ք խոսել այս տղաների հետ։

Էս անգամ գնդապետն էնքան էլ աշխույժ չէր։

― Խնդրեմ, ում հետ ուզում եք՝ խոսեք,― ասաց նա։― Ցանկացած զինվոր ձեր տրամադրության տակ է։

Լրագրողը նայեց Հարիին ու ժպտալով ասաց․

― Բանակը սրտո՞վդ է, կտրիճ։

Հարին չժպտաց։

― Չէ, սրտովս չի,― ասաց,― անունս էլ Կտրիճ չի, Հարի է։

― Իսկ ազգանո՞ւնդ։

― Քուք։

Հարին իջավ գերաններից։ Կարծում էի լրագրողի ու սպաների մոտ կկանգնի և մի քանի հարցերի էլ կպատասխանի, բայց նա առանց մի բառ ասելու, շուռ եկավ ու գնաց։ Երևի խանութ գնաց կամ կինո։ Կրակի մեջ ե՛ս մնացի։ Տեսնում էի, որ գնդապետը Հարիի խոսքերից ու արարմունքից փրփրել, իրեն ուտում է, դրա համար էլ որոշեցի մի քիչ գործերը շտկել, նախ՝ Հարիի, հետո էլ՝ գնդապետի․ դե, սիրտս չի տանում, որ մարդու տրամադրությունն էդպես փչանում է, ումն ուզում է լինի։

― Հարին այսօր հորից նամակ է ստացել,― ասի։― Մայրը շատ հիվանդ է, հոր կարծիքով՝ արդեն մեռնելու վրա։ Հարին ամբողջ օրը լաց է եղել։

Ասի ու գերաններից իջա։ Աչքս գնդապետի վրա էի պահում, որ տեսնեմ ասածս ոնց է ընդունել ու, նա հաստատ ինձ ճիշտ հասկացավ։ Նած և առաջ ազատ շունչ քաշեց, ինչքան զգացի՝ շնորհակալ էր, որ իրեն նեղ տեղից հանեցի։ Լրագրողներն իսկը փորձանք են զինվորականների գլխին։ Ուզածդ գնդապետին, որ հոգի է տալիս գեներալ դառնալու համար, նրանք կարող են մեծ գլխացավանքի մեջ գցել։ Քաղաքացիական անձինք, մանավանդ լրագրողները, գնդապետներին ու մինչև անգամ գեներալներին խեթ են նայում, նրանց սիրած հերոսը փոքր մարդն է։ Էս գնդապետս էլ մոխիր կուլ տվողներից չէր, իսկույն գլխի ընկավ, որ կայազորի անունն ու իր պատիվը փրկելու համար ավելի լավ է Հարիի ցավին ինքն էլ ցավակցի։ Բայց դրա հետ մեկտեղ, երևում էր ոնց ուրախացավ, որ Հարիի մայրը մեռնելու վրա է․ ախր դուրս էր գալիս, թե բանակը ոչ մի մեղք չունի, ուղղակի մոր մեռնելն է, որ Հարիի սրտով չի, իսկ սա ուրիշ բան է։

― Այո,― ասաց գնդապետը՝ աչքը լրագրողին գցած,― մտքովս հենց այդպես էլ անցավ, որ խեղճ տղայի սիրտը մի որդ է կրծում։ Մայոր Գոլդինգ, հոգ տարեք, խնդրեմ, որպեսզի շարքային Քուքին արտահերթ արձակուրդ տրվի։ Լավ կլիներ առաջին իսկ գնացքով ուղարկել նրան, թող տուն գնա մի քանի օրով։ Ես ուզում եմ մեր կայազորի ամեն մի զինվոր իմանա, որ մենք՝ հրամանատարներս, իր բարեկամներն ենք։ Շարքային Քուքին անհապաղ տուն ուղարկեք, մայոր։

― Լսում եմ, սըր,― ասաց մայորը։― Վաղն առավոտյան առաջին հերթին դրանով կզբաղվեմ։

― Գրողը ծո՛ցը վաղն առավոտը,― ասաց գնդապետը։― Հենց հիմա՛։ Անհապա՛ղ։

Նա դարձավ ինձ։

― Որտե՞ղ է ապրում շարքային Քուքը,― ասաց։

Դե, ես գիտեի, որ Հարիենք Սան ֆրանցիսկոյի Սանսեթ թաղամասում են ապրում, նրանց տունը հեռու չէր մեր տնից, որտեղ ես ու հայրիկն էինք մնում։ Բայց չէի ուզում գործը բարդացնել, որովհետև շատ լավ տեղյակ էի՝ ամեն իրիկուն երկու֊երեք գնացք էր Սան Ֆրանցիսկո գնում։ Եթե Հարիենց տան տեղը գնդապետին ասեի՝ մայորը հենց առաջին գնացքով կուղարկեր նրան, ու շուտով ամենքին հայտնի կդառնար, որ Հարիի մայրը ոչ էլ հիվանդ է, ինչ մնաց, թե մեռնելու վրա, և ես ու Հարին կրակը կընկնեինք։ Դրա համար էլ որոշեցի ասել, թե Հարիենց տունը շատ հեռու տեղ է, էնքան հեռու, որ գնդապետը ձեռ քաշի հենց առաջին գնացքով հարիին տուն ուղարկելու մտքից ու թողնի սա իր ցավով տապակվի, ուրիշ ոչինչ։

― Նա Ալյասկայում է ապրում, սըր,― ասի։ Լեզվիս Ալյասկան եկավ, որովհետև հենց տեսա գլուխս փորձանքի տակ եմ դրել, սկսեցի երազել՝ թե երնեկ ուրիշ մարդ լինեի՝ էն չէ, ինչ որ կամ, ու էդպես երնեկ տալիս՝ էսկիմոսները նորից միտքս ընկան, դե, էսկիմոսներն էլ, հիշեցի, որ Ալյասկայում են ապրում։

― Ալյասկայո՞ւմ,― ասաց գնդապետը։

― Ճիշտ այդպես, սըր,― ասի։― Նա Ալյասկայից է։

Տեսա՝ գնդապետը նեղն ընկավ արդեն ինձ ու ինձ հույսեր էի փայփայում, որ ձեռ կքաշի իր բռնած գործից, մոռացության կտա։ Է՜հ, ուր էր թե հիմա լեյտենանտը երևար, լրագրողի հետ զրուցելու համար իր ջոկած տղերքին բերեր․ ամեն ինչ միանգամից տեղը կընկներ, ես էլ կգնայի Հարիին փնտրելու։ Գնդապետը մի հայացք գցեց լրագրողի վրա, իսկ սա էնպիսի դեմք էր ընդունել, որ, ինչ ասեմ, կյանքում չեք պատկերացնի։ Ազնիվ խոսք, իսկը քարե արձան։ Գնդապետը ժպտաց լրագրողին, բայց սա դեմքի քար արտահայտությունը չփոխեց, դե, գնդապետն էլ հասկացավ, որ էժան չի պրծնելու։

― Ալյասկայի ո՞ր քաղաքից է,― ասաց։

― Ֆերբենքսից։

― Մայոր Գոլդինգ,― ասաց գնդապետը,― պարզեք Ֆերբենքս թռչող ինքնաթիռների չվացուցակը և շարքային Քուքին հենց առաջին ինքնաթիռով, արտահերթ ուղարկեք, իսկ եթե փողի կարիք ունենա, անձամբ ի՛նձ զեկուցեք։

― Լսում եմ, սըր,― ասաց մայորն ու հեռացավ։

― Երիտասարդ,― դիմեց ինձ գնդապետը,― գնա ընկերջոջդ գտիր։ Նա տուն է գնում։

― Լսում եմ, սըր,― ասի ու շուռ եկա, որ գնամ, բայց լրագրողն ասաց․

― Ներողություն, ձեռքիդ ի՞նչ գիրք է։

― «Ռազմի արվեստը»,― ասի։― Կլաուզևից[1]։

― Կարելի՞ է իմանալ՝ ինչպես պատահեց, որ հենց այդ գիրքն ես կարդում,― ասաց լրագրողը։

― Մեր բանակայինների մտավոր զարգացման միջին մակարդակը․․․― մեջ ընկավ գնդապետը, բայց լրագրողը սրան ընդհատեց․

― Շերմանն[2] ասել է՝ պատերազմը դժոխք է,― վրա բերեց նա։― Կլաուզևիցն ասում է՝ արվեստ է։ Դո՞ւ ինչ կարծիքի ես։

― Ես այնքան էլ լավատեղյակ չեմ։

― Կլաուզևիցի մասի՞ն ինչ կարծիքի ես։

― Հեշտ է կարդացվում։

― Իսկ նրա գաղափարների մասի՞ն ինչ կասես։

― Գարշելի գաղափարներ են։

― Անունդ ի՞նչ է։

― Վեսլի Ջեքսոն։

Լրագրողը պիջակի գրպանից հանած փոքրիկ ծոցատետրի մեջ անունս գրեց։ Սկզբում գնդապետը գոհ էր ինձանից, բայց հենց որ լեզվիս ազատություն տվի՝ չնայած միտք չունեի, տեսա՝ նրան բոլորովին դուր չեկավ։ Ով գիտի մտածեց, թե էդ խելառ լրագրողը իր պես մարդուն թողած՝ որոշել է ակնարկ գրել ինչ֊որ շարքայինի մասին։

― Ո՞ր կողմերից ես,― ասաց լրագրողը։

― Սան Ֆրանցիսկոյից։

― Մինչև բանակը ինչո՞վ ես զբաղվել։

― Ոչ մի բանով։

― Ոչ մի բանո՞վ։

― Մի ժամանակ դեսուդեն ընկած՝ աշխատանք էի փնտրում, մեկ֊մեկ էլ գործ էր պատահում, բայց ավելի շատ պարապ֊սարապ թրև էի գալիս։ Հայրս նախորդ պատերազմի մասնակից է։ Վիրավորվելու համար թոշակ է ստանում, դե, երկուսով ծայրը ծայրին էինք հասցնում, գլուխներս պահում։

― Հայրդ ի՞նչ է անում։

― Ոչ մի բան։

― Ի՞նչ զբաղմունքի կամ մասնագիտության տեր է։

― Ոչ մի․ ուսանող է եղել՝ զորակոչել են, իսկ վերադառնալուց հետո էլ չի ուզեցել ուսումը շարունակել։

― Այդ բոլորը որտեղի՞ց գիտես։

― Ինքն է պատմել։ Մինչև այս պատերազմի սկսվելը մենք իսկական ընկերներ էինք։

― Հետո ի՞նչ պատահեց։

― Դե, հայրիկը միշտ էլ կոնծելու սեր ուներ, իսկ հենց որ սկսեցին բոլորին զինվոր տանել, իրեն լրիվ խմելուն տվեց։ Բան էլ չէր ուտում։

― Ի՞նչ վնասվածք էր ստացել կռվում։

― Թունավորում, արկի վնասվածք, ցնցում։ Արկի մի բեկոր կպել է գլխին, քիչ է մնացել գլուխը մաշկի։

― Սիրո՞ւմ ես հորդ։

― Իհարկե։

― Իսկ ինչո՞ւ գժտվեցիք։

― Չենք գժտվել։ Ես անընդհատ փորձում էի նրան համոզել, ո ր խմելը թողնի, բայց նա չէր կարողանում։ Ուզենալն՝ ուզում էր, բայց չէր կարողանում։ Խմած֊խմած երեք֊չորս օրով գլուխն առնում էր կորչում, իսկ երբ հարցնում էի, թե որտեղ է եղել, ոչ էլ հիշում էր։

― Եթե չեք գժտվել, ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ դադարեցիք ընկերություն անել։

― Նա գնաց ու էլ հետ չեկավ։

― Իսկ դու ինչպե՞ս էիր գլուխդ պահում։

― Մի գործ գտա, շաբաթ օրերը երեք դոլարով աշխատում էի։ Դրանով էլ յոլա էի գնում։

― Հիմա որտե՞ղ է հայրդ։

― Չգիտեմ։

― Է՞լ ինչ հարազատներ ունես։

― Մայրս է ու եղբայրս։

― Նրա՞նք որտեղ են։

― Էլ Պասոյում։ Մորս եղբայրը՝ Նիլ քեռին, գյուղատնտեսական պիտույքների խանութ ունի Էլ Պասոյում, երևի մի տասը տարի կլինի՝ մայրս ու եղբայրս նրա մոտ են մնում։

― Իսկ դու հորդ մո՞տ ես մնացել։

― Հա։ Ինը տարեկանից նրա հետ եմ ապրել։

Է՛հ, լրագրողը մի գլուխ հարցեր էր տալիս, ես էլ մի գլուխ պատասխանում էի․ ինչ ճիշտն է՝ էն էի ասում ու զգում էի, որ գնալով ավելի հիմար դրության մեջ եմ ընկնում․ գոնե լեյտենանտը երևար, իր տղերքին բերեր, գային կայազորի պատիվը բարձրացնեին, թե չէ ես ու Հարին մաքուր խայտառակ արինք։ Բայց լեյտենանտը հակառակի պես չկար ու չկար, ձեռքերս քրտնել, ջուր էին դարձել, մտքումս հազար երնեկ էի տալիս՝ ա՜խ, ուր էր էսկիմոս լինեի, ականջներումս էլ անընդհատ «Վալենսիան» էր թնդում, որովհետև հայրիկը հենց էդ երգն էր շարունակ երգում, երբ մայրիկը եղբորս՝ Վիրջիլի հետ, նոր էր գնացել Էլ Պասո, ու մենք երկուսով կարոտից մեռնում էինք։ Հետո ես ու հայրիկը էլի գժի պես չէինք կարոտում, էլ հայրիկը իր «Վալենսիան» չէր երգում, ու ես լրիվ մոռացա մեր երգը, բայց հենց հայրիկը գնաց, հետ չեկավ, նորից հիշեցի, որ բանակ ընկնելուս առաջին օրվանից երգը մտել էր գլուխս, դուրս չէր գալիս։

Սկզբում լրագրողին չհավանեցի, բայց խոսքի բռնվեցինք, թե չէ, տեսա պարզ, անկեղծ տղա է, դժկամությունս կորավ։ Չգիտես ինչու գնդապետն ու մյուս սպաները չէին խանգարում, որ զրույց անենք, բայց գետնի տակն անցնեմ, թե իմանամ՝ ինչու։ Երևի իրենց համար էլ էր հետաքրքիր։

Եվս մի հարց,― ասաց լրագրողը։ Նա աչքի տակով նայեց գնդապետին։ Հետո թե՝

― Բանակը սրտո՞վդ է։

Թո՛ւ, անտերը, մենակ էս էր պակաս։ Հարի Քուքը պատասխանել էր, հիմա էլ մնում էր ե՛ս պատասխանեմ։ Թե ճիշտն ասեի, գնդապետի սիրտն ավելի էր կոտրվելու, ճիշտը չասեի՝ վախկոտ էի դուրս գալու։ Չգիտեմ ինչու՝ չէի ուզում գնդապետի սիրտը կոտրել, ախր Հարիի պես ես էլ նրան չէի սիրում, բայց չգիտեմ ինչու՝ չէի ուզում սիրտը կոտրել։ Մի տեսակ սխալ կլիներ նրա սիրտը կոտրել։ Չգիտեմ ոնց բացատրեմ, բայց ինձ թվում էր, որ գնդապետի սիրտը կոտրելն ավելի վատ է, քան վախկոտ դուրս գալը։ Դրա համար էլ սկսեցի մտածել, թե բանակում ինչ դուրեկան բան կա, բայց էդ դուրեկան բաներն էնքան քիչ էին, որ էդքանի համար լեզուս չէր պտտվի ասեմ՝ բանակը սրտովս է, ու քանի միտք էի անում, ավելի ու ավելի էի շփոթվում։ Տրամադրությունս ընկավ, հեչ լավ չէի զգում, բայց վերջը պիտի մի որոշման գայի, դե, ես էլ կարեցածիս չափ առույգ ու լուրջ֊լուրջ ասի․

― Բանակը հենց իմ սրտի ուզածն է։

Էդ րոպեին էլ լեյտենանտն իր ընտրած տղերքով վրա հասավ, սրանց տեսնելուն պես՝ շուռ եկա, որ գնամ, բայց լրագրողը ձեռքս բռնեց։ Լեյտենանտն իր ջոկովի տղերքին ներկայացրեց։ Երկուսն էլ կայազորի մշտական ծառայողներից էին։ Գրասենյակում էին աշխատում։ Երկուսն էլ կայազորի մշտական ծառայողներից էին։ Գրասենյակում էին աշխատում։ Աչքովս շատ էին ընկել, բայց հետները ծանոթ չէր։ Լրագրողը հարցուփորձ արեց, թե քանի տարեկան են, որտեղացի են, ծնաղներն ինչով են զբաղվում, բայց նրանց պատասխաններից ոչ մեկը գրի չառավ։ Կենացները գնալով քաղցրացան, ու գնդապետի քեֆը նորից բացվեց, հետո էլ մայորն եկավ, թե՝

Մի ինքնաթիռ կա, սըր, երեք ժամից թռչում է Ֆերբենքսից մոտ հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող ինչ֊որ օդանավակայան։ Շարքային Քուքի արձակուրդի վկայականը, ուղեգիրն ու փողը այս ծրարի մեջ պատրաստ դրված են։

Է՜ս որ լսեցի, ով գիտի էնպես սփրթնեցի՝ պատի ծեփ դարձա, լրագրողի աչքից էլ երևի չվրիպեց, թե ինձ ոնց կորցրի, որովհետև դարձավ գնդապետին ու ասաց․

― Խե՜ղճ տղա, այդքան ճամփան մեն֊մենակ պիտի կտրի ինքնաթիռով․․․

Շրջվեց իմ կողմը, թե՝

― Չե՞ս կարծում, որ պետք է ընկերոջդ մենակ չթողնես, մանավանդ որ մայրը այդքան ծանր հիվանդ է, ինքն էլ այդպես տանջվում֊տառապում է։

― Ինչ կա որ,― ասի։― Շատ ուրախ կլինեմ Ալյասկան տեսնել։

Էս արանքում գրասենյակի տղերքն էլ աշխուժացան, սրանցից մեկը թե՝

― Ալյասկա՞ն։ Ո՞վ է գնում Ալյասկա։

― Շարքային Քուքը,― ասաց մայորը։― Նրան տուն ենք ուղարկում։ Մայրը մահամերձ է։

Թո՛ւ, անտերը, էսպես են քաշվում էլի։

― Շարքային Քո՞ւքը,― ասաց գրասենյակի տղան։― Ի՞նչ շարքային Քուք։

― Շարքային Հարի Քուքը,― ասաց մայորը։

Չէ՜, ապրի լրագրողը, էլի օգնության հասավ։

― Գնդապետ,― ասաց,― ձեզ հետ առանձին խոսք ունեմ։

Ինձ էլ դարձավ, թե՝

― Ոչ մի տեղ չգնաս։

― Խնդրեմ,― ասաց գնդապետը լրագրողին։

Նրանք գերանների մյուս կողմը անցան, իսկ մենք մնացինք տեղներս կանգնած՝ իրար նայելիս։ Գրասենյակի տղերքը հասկացել էին, որ էստեղ մի մութ գան կա, բայց չուզեցին քթները խոթել, որովհետև բանակը սովորեցնում է քիթդ ամեն ինչի մեջ չխոթել, ինչքան էլ որ ճիշտն իմանաս, թե չէ մեկ էլ տեսար՝ հրամանատարներիդ գլխին պատուհաս դարձար, տեղեկություններիդ համար շատ ու շատ շնորհակալություն կհայտնեն, բայց մի երկու շաբաթից էն տեսակ խուլ գավառում ուշքի կգաս, որ քո հոժար կամքով ոտք էլ չէիր դնի։ Դրա համար էլ գրասենյակի տղերքը խոսք չբացեցին, թե Հարի Քուքը որտեղացի է, չնայած հաստատ գիտեին, որ Ալյասկայից չի։

Մայորն էլ էր գլխի ընկել, թե ինչն ինչոց է ու մեկ֊մեկ գողտուկ հայացնքեր էր գցում վրաս։ Փորձեցի նրան ժպտալ, բայց անմիջապես երեսը շուռ տվեց, ոնց որ ասեր․ «Պինդ կաց, քեզ պահիր, ծպտուն չհանես։ Էստեղ գնդապետն է գլխավոր դեմքը։ Նրա՛ ելույթն է։ Արի գլխին սառը ջուր չլցնենք։ Այ, խոսում է լրագրողի հետ։ Մի բան կորոշի ու հրաման կտա։ Մենք էլ կկատարենք»։

Երկու կապիտաններն ու լեյտենանտն էլ էին եղած֊չեղածը հասկացել, դե, էլ ի՞նչ․ մնում էր կանգնել ու սպասել։ Չէինք կարող խոսել, որովհետև հանկարշ բերաններիցս մի բան կթռցնեինք, գնդապետը ոտով֊գլխով կրակը կընկներ։ Էհ, ինձ ի՞նչ կար, ես ուրախությամբ Ալյասկա կգնայի, բայց համոզված չէի, որ Հարի Քուքն էլ կուզենա։ Ուր ասես կգնայի, մենակ թե գոնե միառժամանակ բանակից պրծնեի։ Մինչև կոկորդս կշտացել էի, ու եթե ինձ Հարիի հետ ուղարկեին Ալյասկա, հոյակապ կլիներ․ համ փոփոխություն էր, համ էլ գուցե վերջապես էսկիմոս տեսնեի։

Քիչ հետո լրագրողն ու գնդապետը վերադարձան։ Երևում էր շատ լավ լեզու են գտել, հաստատ լրագրողը խոստացել էր գնդապետին մի փայլուն հոդված գրել նրա մասին ու օգնել բրիգադի գեներալ դառնալու։ Չնայած երկուսի դեմքին էլ ժպիտ չկար, բայց ես գլխի ընկա, որ ամեն ինչ կարգին է, անկախ նրանից, թե Հարի Քուքը որտեղ է ապրում, անկախ նրանից, թե դա ով գիտի, ով՝ չէ։

Գնդապետը հայացքով չափեց իր ենթականերին, ու սրանք բոլորը հասկացան, որ տեր ունեն գլխներին։ Հետո գնդապետն ասաց․

― Մայոր Գոլդինգ, ես ուզում եմ շարքային Քուքի հետ Ֆերբենքս ուղարկել նաև շարքային Ջեքսոնին, ուստի հոգ տարեք, խնդրեմ, նրա գործուղումը ձևակերպելու մասին։ Շարքային Ջեքսոնը կմեկնի որպես կապավոր։― Գնդապետը դարձավ ինձ։― Գնա ընկերոջդ գտիր և ուրախ լուրը հայտնիր։ Ըստ իս, լավ կլինի երկուսդ էլ ժամանակ չկորցնեք և անհապաղ ձեր իրերը հավաքեք։ Լեյտենանտ Քոբըրն, հուսով եմ փոխադրամիջոցի հարցը կլուծե՞ք՝ նրանց օդանավակայան հասցնելու համար։

Բոլորը զգաստացան ու գնդապետին պատիվ տվեցին։ Ի պատասխան նա էլ պատվի առավ, և խումբը ցրվեց։ Ես ճամփա ընկա ուղիղ զորանոց՝ հույս ունենալով, թե Հարին անկողնուն փռված կլինի, ու էդպես էլ կար։ Քնել էր։ Թափ տվի նրան, ու հենց աչքերը բացեց, ասի․

― Վեր կաց, ես ու դու Ալյասկա ենք գնում, երեք ժամից ինքնաթիռը թռչում է։

Հարին ասաց՝ Ալյասկա չենք գնա, է՛, կգնանք երկուսով դրանց ուրիշ բան կանենք․ թե ինչ, երեսս չի բռնում էստեղ կրկնեմ։ Նա շուռ եկավ մյուս կողքին՝ նորից քնելու։ Հիմա լեզու եմ թափում, որ սրան հասկացնեմ, թե լուրջ եմ ասում, մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ լրագրողը մտավ զորանոց։

Իմ ու Հարիի բախտից՝ զորանոցում ուրիշ մարդ չկար, մենակ Վիկտոր Տոսկան էր, էն էլ էդ մեծ բարաքի խորքում՝ իր մահճակալին քնած։ Լրագրողը նայեց Հարիին, թե՝

― Կներես, որ քեզ «կտրիճ» ասացի։ Մտքումս ոչ մի վատ բան չկար։ Թխի՛ գա։

― Թխի՛ գա,― ասաց Հարին։

― Որտե՞ղ ես ապրում,― ասաց լրագրողը, բայց իմ սիրտն արդեն հանգիստ էր։

― Սան Ֆրանցիսկոյի Սանսեթ թաղամասում, հենց Կարմրասարի փեշին։

― Հարազատներդ ո՞նց են, ի՞նչ են։

― Լավ են։

― Վերջին անգամ ե՞րբ ես տանից նամակ ստացել։

― Հենց էսօր մորիցս նամակ ստացա։ Կարկանդակ է թխել, ուզում է ուղարկի։

― Սիրո՞ւմ ես կարկանդակ։

― Էն էլ ո՜նց, գրողը տանի․ ախր մի ուրիշ կարկանդակ է,― վրա բերեց Հարին։― Է՛լ խուրմա, է՛լ պոպոք, է՛լ ռոմ, ինչ ասես մեջը չկա։ Դու չե՞ս սիրում։

― Սիրում եմ,― ասաց լրագրողը։ Նայեց երկուսիս։― Ես ձեր անուններն իմացա,― ասաց,― դուք էլ իմն իմացեք։ Ջիմ Քըրբի։ ՅՈՒՓԻ֊ի թղթակից։

― Յունիըն Փա՞սիֆիքի,― հարցրեց Հարին։

― Յունայթիդ Փրեսի,― ասաց Ջիմը։

― Իսկ ի՞նչ ես գրում։

― Դե, շեֆն ուզում է, որ զինվորների մասին գրեմ։ Ձեզ պես տղերքի։ Ոչ թե մեծավորների, այլ էսպես ասած՝ «փոքրավորների»։ Երևի սկզբում տեղի ռազմաճամբարների կյանքից ակնարկաշար գրեմ, հետո էլ զորքի հետ կշարժվեմ առաջ։

Հարին հայացքը գցեց վրաս ու ասաց․

― Ջեքսոնը երդվում է, թե երեք ժամից ինքնաթիռով թռչում ենք Ալյասկա։

― Ճիշտ է,― ասաց Ջիմը։― Ինչ է, դուրդ չի՞ գալիս, լավ չի՞։

― Շատ լավ է,― ասաց Հարին։― Միշտ էլ ուզեցել եմ Քլոնդայքը տեսնել։

Բայց էդ ո՞նց եղավ։

― Այ, ընկերդ էլ՝ վկա,― ասաց Ջիմը,― երկուսով գնդապետի խելքն առանք ու խոսք խոսքի տված՝ գործը գլուխ բերինք։

― Առանց հանաքի,― ասաց Հարին։

― Առանց հանաքի,― ասաց Ջիմը։― Անհոգ մնա։ Ամեն ինչ կարգին է։ Դե, պատրաստվեք, ես էլ գնամ։ Հույս ունեմ, որ էլի կհանդիպենք։

Մենք Ջիմ Քըրբիին մնաս բարով ասինք, նա շրջվեց ու դուրս եկավ զորանոցից։ Ես ու Հարին սկսեցինք ունեցած֊չունեցածներս հավաքել, Հարին էլ մի գլուխ թե՝

― Ախպոր պես, ի՞նչ եք ասել գնդապետին։

Ճամփորդությունը չտեսնված անցավ՝ գնալն էլ, գալն էլ, Ալյասկան լավ տեղ էր, թեկուզ փոփոխության համար արժեր էնտեղ ընկնել, բայց ընդամենը մի էսկիմոս տեսա, էն էլ Ֆերբեքսի պանդոկում էր աշխատում, քրիստոնյա էր, անունը՝ Դեն Քոլինզ, ու ավելի շատ ամերիկացու էր նման, քան էսկիմոսի։ Չէի ասի, թե մեր ճամփորդությունը ժամանակի ու պետական փողի կորուստ էր, որովհետև գնդապետը մի քանի ծրար էր գլխիս կապել ու հանձնարարություններ տվել։ Մի վեց հատ կայազոր մտա֊դուրս եկա ու ամեն տեղից հետս ծրար֊բան բերի։

Հենց Հարին իմացավ՝ ինչի համար ու ոնց ենք Ալյասկա ընկել, թե՝

― Հը՜, բա ի՞նչ գիտեիր։ Որ ասում եմ՝ աշխարհը ստի վրա է, հիմա համոզվեցի՞ր, Ջեքսոն։

Մեր գնալ֊գալը մի հինգ օր տևեց, ու հետ եկանք թե չէ, ամեն ինչ էլի առաջվա պես շարունակվեց․ առավոտից իրիկուն՝ հա ռազմական ուսուցում, ամեն իրիկուն էլ Դոմինիկ Տոսկան ու Լու Մարիաչչին Դոմինիկի փոքր եղբար գլխին նույն օյինն էին դնում։

Գլուխ չորրորդ

Վիկտոր Տոսկան սուր խոսք է ասում․ սերժանտ Կակալակովիչը՝ նրբաոճ հայտարարություն անում

Մեր վաշտում Վիկտոր Տոսկայից սիրուն տղա չկար։ Նրա եղբայր Դոմինիկը խուժանի մեկն էր, բայց Վիկտորի շարժուձևն ամեն ինչ արժեր։ Դոմինիկն ու սրա ընկերը՝ Լու Մարիաչչին, ոչ ժամանակ, ոչ էլ ջանք ու եռանդ էին խնայում, մենակ թե Վիկտորի գլխին օյիններ հանեն, նա էլ ուրիշ բան չէր ասում, էս էր․ «Է՜, դե լավ էլի՛, տղերք»։

Դոմինիկը երեսունն անց էր, իսկ ընկերը՝ Լու Մարիաչչին, համարյա քառասուն տարեկան։ Մինչև բանակ գնալը Սան ֆրանցիսկոյում միասին էին աշխատել։ Երկուսն էլ դատված էին, երկուսն էլ մի քիչ նստել էին, դուրս եկել, բայց ոչ մի լուրջ փորձանքի մեջ չէին ընկել։

Վիկտորն իմ տարիքին էր։ Եղբոր՝ Դոմինիկի համեմատ՝ մաքուր երեխա։

Հենց մի ազատ րոպե էր գտնում, իրեն գցում էր մահճակալին, քնում։ Ուսումնական ֆիլներ նայելիս էլ էր քնում, իսկ էդ ֆիլմերից պրծում չունեինք, հա նայում էինք ու նայում․ ինչ ասես ցույց չէին տալիս․ ոնց պատվի առնես, ոնց գլխիդ ճարը տեսնես, որ պոռնիկի հետ գործ բռնելիս հանկարծ չվարակվես, ցնցում ստացածին կամ ջուրն ընկածին ոնց ուշքի բերես, ոնց ապաստարան ու թաքստոց գտնես, մարդուն ոնց զինաթափ անես ու սպանես, վերջը՝ հազար ու մի բան, որ պարտավոր էինք իմանալ։ Մեզ մնար, ոչ մեկն էլ չէինք ուզի իմանալ, բայց մեր ուզել֊չուզելով չէր, անընդհատ ստիպում էին, որ էդ ֆիլմերը նայենք։

Ամեն ֆիլմ ցույց տալիս՝ լույսը հանգցնեին թե չէ, Վիկտորը գլուխը կախում էր ու սկսում դանթել։ Գնային դասախոսության, տեղնուտեղը կքներ։ Շաբաթ օրերը կազմ ու պատրաստ ցցված՝ ստուգման սպասեինք, ոտքի վրա կննջեր։ Ասում են՝ ամենալավ զինվորը նա է, ով սովորում է սպասել․ է՛հ, թե մեկնումեկը սպասելու շնորհք ուներ, էդ՝ Վիկտորն էր։ Որտեղ պատահեր, որ ժամին էլ լիներ՝ կքներ։

Նրա եղբայր Դոմինիկն ասում էր․ «Վախեցած է։ Խեղճ ախպերս ահ ու զարզանդի մեջ է։ Դրա համար էլ անընդհատ քնում է»։

Վիկտորն էլ ասում էր․ «Է՜հ, դե լավ էլի՛, Դոմ։ Մարդ կա՝ քունը տանում է, մարդ կա՝ չի տանում։ Իմը տանում է։ Ոչ էլ վախեցած եմ։ Ուղղակի ինձ համար հետաքրքիր չի»։

Ամեն մեկի պես, Վիկտորն էլ ուներ իր սիրած երգը ու թե ստիպված զարթուն էր մնում, ասենք՝ քայլելիս, ինչ֊որ առաջադրանք կատարելիս կամ էլ ժամապահ կանգնելիս, ծոր էր տալիս, երգում․


Ինձ ասում են՝ սիրունիկ,
Թե ինչու՝ չեմ իմանում,
Միգուցե որ դու՝ մայրիկ
Ինձ այդպես ես անվանում։

Մեկ֊մեկ պատահում էր՝ միջոցառում էին կազմակերպում, ու վաշտի հրամանատարը մեզ բաց թողնելուց առաջ, էսպես էր ասում․ «Ես չեմ կարգադրում, որ իրիկվա միջոցառմանը պարտադիր ներկայանաք, բայց լավ կլիներ մեր վաշտի ամեն մի զինվոր մասնակցեր։ Ներկա֊բացակա չեն անելու, բայց եթե մեկնումեկն էնտեղ չլինի, շատ հնարավոր է՝ լուրը գա, ականջիս հասնի, իսկ դա, ինչ խոսք, սրտիս կդիպչի, դե, հասկանում եք, թե ինչ եմ ասում։ Սա հրաման չի, լավ իմանաք։ Կգաք՝ կգաք, չեք գա՝ չէ, դո՛ւք գիտեք, բայց հույս ունեմ, որ ոչ մեկդ էլ ուրախանալու առիթը ձեռքից բաց չեք թողնի։ Ցրվի՜ր»։

Սկզբում տղերքից մի քանիսը ուրախանալու առիթն արհամարհում էին ու միջոցառումներին չէին էլ մասնակցում, բայց շատ չանցած գլխի ընկան, որ դնաից լավ բան չի դուրս գալիս, որովհետև ամեն չներկայանալուց հետո արտահերթ վերակարգ էին ստանում։ Էնպես որ շատ շուտով, ինչքան միջոցառում կազմակերպվեր, բոլորն էլ գնում էին, ու մի օրիկուն էլ ինչ֊որ կին էր եկել՝ իբր հռչակավոր մեկը, չնայած տղերքից ոչ ոք նրա մասին կյանքում չէր լսել։ Էս կինը մի երկու րոպե էլ չէր խոսել, բայց արդեն հասկացանք, որ գլխներիս քարոզ է կարդալու։ ոնց էր պատահել, Վիկտոր Տոսկայի կողքին էի նստել, սրա կողքին էլ Դոմինիկն ու Լու Մարիաչչին էին։

Է՛յ, կինը հազիվ էր տասը բառ ասել՝ Վիկտորը քնեց։ Տեսա Դոմինիկը թեքվել, եղբորն է նայում։ Դեմքն էլ էնպիսի արտահայտություն ուներ, որ առաջ երբեք աչքովս չէր ընկել։ Եթե աշխարհում եղբայրը էդպես սիրել է եղբորը, դա Դոմինիկն էր Վիկտորին սիրում․ այ թե նրա դեմքին ինչ էր կարդացվում։ Երբ մեկնումեկն ուշադիր քնածին է նայում, պարզ երևում է, թե էդ մարդու հանդեպ ինչ զգացմունք է տածում, դրա համար էլ հենց Դոմինիկին տեսա եղբորը նայելիս, հասկացա՝ ինչու է գլխին օյիններ հանում։ Հասկացա, որ էդ օյինները իրեն ու Լու Մարիչչիին զվարճացնելու համար չի խաղում։

Հռչակավոր կինը, իմ կարծիքով, մտքին դրել էր մեզ թև տալ ու սրտներս քաջալերել։

Մենք դահլիճ էինք մտել մռայլ դեմքով։ Էդպես էլ նստած էինք՝ մռայլ ու խոժոռ։ Իսկ հենց որ կինը սկսեց խոսել, ավելի մռայվեցինք։ Դժվար թե մեկնումեկը նրան լսելիս լիներ։ Կինը ոգևորված բլբլացնում էր, մեկ էլ հանկարծ ասաց․

― Գիտության տվյալներով, ժպտալիս գործի են անցնում դեմքի քսանյոթ մկաններ, մինչդեռ մռայլվելիս՝ գրեթե կրկնակին, այսինքն՝ հիսունմեկ։

Նա մի պահ լուռ մնաց, հետո ավելացրեց․

― Ուրեմն էլ ինչո՞ւ մռայլվենք։

Հենց էդ րոպեին Վիկտոր Տոսկան աչքերը բացեց, թե՝

― Որ շատ գործ անենք։

Ով կար չկար՝ ծիծաղեց թուլացավ, ծափ էին տալիս, գոռում՝ «ապրե՜ս, ապրե՜ս», մեկն էլ ասաց․

― Բա ի՛նչ, խելքներս գնում է գործ անելու համար, չէ՞։

Վաշտի հրամանատարը ոտքի թռավ ու բղավեց․

― Վե՜րջ տալ։

Բոլորը սսկվեցին։

― Ո՞վ սրամտեց։

Վիկտոր Տոսկան արդեն կանգնելու վրա էր, բայց Դոմինիկը նրա թևից քաշեց, տեղը նստեցրեց։


Հետո Դոմինիկն ինքը վեր կացավ։

― Ներկայացի՛ր իմ գրասենյակ,― ասաց վաշտի հարամանտար, դե, Դոմինիկն էլ դահլիճից դուրս եկավ։

Նրան մի շաբաթ չթողեցին քիթը կայազորից հանել, դրան գումարած՝ ամեն գիշեր ժամապահ էին դնում։

«Վա՜յ, ախպեր, ախպեր,― ասում էր Դոմինիկը,― աշխարհի երեսին նրա պես քաղցր երեխա չկա․ ուզում ես դանակը բկին դեմ արա, էլի իրեն քաղաքավարի կպահի․․․ Ու տես, է՛․ էդ կնկա անալի չաչանակությունը լսելու տեղակ՝ մուշ֊մուշ քնում է․․․ հետո էլ իսկը ժամանակին զարթնում ու մի կծու հանաք բստրում։ Մեզ պես մեծաբերանները լեզուն իրենց են պահում, իսկ նա մտքից անցածը տեղնուտեղն ասում է»։

Մի իրիկուն էլ, էն ժամանակվա մեր սերժանտը՝ Կակալակովիչ ազգանունով, կես ժամ վրաներս բղբղալուց հետո, ներքևի շրթունքն ուռցրեց, ոնց որ հարմար բառեր ջոկելիս էր անում ու թե՝

― Վաշտի հրամանատարը ինձ պատվիրել է, որ մի թաքուն հարցով հետներդ խոսեմ։ Պաշտոնական բան չի․․․ մեր մեջ մնա։ Բանակը տիկինների տեղը չի․․․ էնպես որ, տղերք, թե մեջներդ տիկինություն անող կա, էս պարապմունքից հետո թող մոտս գա, որովհետև վաշտի հրամանատարն ասում է՝ դուք մեղք չունեք։ Բանակը էդ տեսակների տեղը չի, պրծավ գնաց։ Հասկացաք։

Բոլոս էլ հասկացանք, բայց լեզուներս մեզ արինք, սերժանտն էլ թե՝ «ցրվի՜ր»։

Իրիկվա պարապմունքներից հետո սովորություն էինք սարքել Կակալակովիչի չորս կողմը հավաքվել, որ կայազորում պտտվող ասեկոսեներն իմանանք, մի քիչ էլ սերժանտի հոգու հետ խաղանք, ու էս անգամ, իհարկե, բոլոր թափվեցինք գլխին։ Ծիծաղում էինք վերջին հայտարարության մեջ ասած ընտիր բառերի համար, մեկ էլ սերժանտը թե՝

― Ո՞ւր է շարքային Վիկտոր Տոսկան։

Վիկտորը Նիք Քալիի հետ վաշտի բաժնեգծով գնում էր, երբ բոլորը ձայն ձայնի տվին․

― Հե՜յ, Վիկտոր, սերժանտը քեզ ասելու բան ունի։

Վիկտորը հետ եկավ։ Սերժանտի լեզուն էլի դեմ ընկավ, բառեր էր փնտրում, բայց վերջը ասաց․

― Երեկ իրիկուն որտե՞ղ ես եղել։

― Քանիսի՞ն։

― Տասի մոտերքը, կարծեմ էդպես ասին։

― Ո՞վ։

― Կարևոր չի․ որտե՞ղ ես եղել։

― Կինոյի մոտի նստարանին նստած՝ երաժշտություն էի լսում, որովհետև էդ նկարն արդեն տեսել եմ։ Ի՞նչ է որ։

― Հետդ ո՞վ կար։

― Ոչ ոք։

― Հետո՞, բան չպատահե՞ց։

― Ի՞նչ պիտի պատահեր։

― Ոչ մեկը չեկա՞վ կողքիդ նստեց, չնայած կինոյի ճամփի երկու կողմերին էլ հարյուր յարդի վրա նստարաններ են շարած։

― Հա՜,― ասաց Վիկտորը։― Մոռացել էի։ Մի կապիտան եկավ նստեց։

― Ասում ես՝ մոռացե՞լ էիր։

― Հա։ Ի՞նչ է որ։

― Վերջին հայտարարությունս լավ լսեցիր, չէ՞։

― Է, հա՛, լսեցի։ Ի՞նչ է որ։

― Կապիտանը ինչի՞ց էր խոսում։

― Չեմ հիշում։ Վեր կացա, որ պատվի առնեմ, նա թե՝ նեղություն մի քաշիր։ Ես էլ պատվի չառա։ Դե որ սպան ասում է՝ պետք չի, ուրեմն՝ պետք չի։ Ի՞նչ է եղել որ։

― Քո կարծիքով՝ հիմի էդ կապիտանին ի՞նչ կանեն։

― Ի՞նչ պիտի անեն։

― Բանակից դուրս կշպրտեն։

― Ինչի՞։

― Չգիտե՞ս։

― Ի՞նչ իմանամ։

― Էնտեղ ես եղել, չէ։ Երկուսով էիք, չէ՞։

― Բան չեմ հասկանում,― ասաց Վիկտորը։ Նա հայացքը պտտեցրեց բոլորի վրայով, տղերքն էլ իրենց անուշ֊մեղուշ տեսք տված՝ սկսեցին զվարճալի ծամածռություններ անել, էնպես որ վերջը Վիկտորը գլխի ընկավ, թե Կակալակովիչն ինչ է ուզում հասկացնել։

― Ապուշ հո չե՞ք,― ասաց։

Շուռ եկավ ու գնաց, տղերքն էլ վրա տվին, թե՝

― Լսի, սերժանտ, էդ ի՞նչ հաշիվ է։ Դե լավ էլի, ասա՝ մենք էլ իմանանք։

― Ես էնտեղ չեմ եղել,― ասաց սերժանտը,― բայց պատմում են, որ կապիտանն ու Վիկտորը սիլի֊բիլի են արել։ Կապիտանը որ՝ հաստատ։ Ով է իմանում Վիկտորը գլխի էլ չի ընկել, թե ինչն ինչոց է։ Երևում է մաքուր ախմախ է։

― Կա֊չկա էդ կապիտանին զրպարտել են,― ասաց Վերնոն Հիգբին։

― Չէէէ՜,― ասաց սերժանտ Կակալակովիչը։― Մի բարի պտուղ չի։ Հետևել են, բռնացրել։ Էս վերջերքս ոչ ոք հետներդ սիլի֊բիլի չի՞ արել, տղերք։ Ախր բանակն էդ տեսակների տեղը չի։

Բոլորը փռթկացին, Ջո Ֆոքսհոլն էր թե՝

― Տղամարդկանցից մենակ դու ես հետներս սիլի֊բիլիով զբաղվում, սերժանտ։ Սիլի֊բիլին դեռ մի կողմ, ամեն օր մեզ բան ես անում, թողնում։

― Աչքներդ էլ հանում եմ,― ասաց Կակալակովիչը,― թե հավան չեք, ախպեր, գնացեք դո՛ւք ձեզ բան արեք։ Իսկ քեզ հետ վերջերքս սիլի֊բիլի չե՞ն արել։

― Ո՞ւմ,― ասի ես։

― Քեզ հետ,― ասաց Կակալակովիչը, ու ես հասկացա, որ ինձ է ասում․ վայ թե հենց ինձ հարցրեց, որովհետև տղերքը հաստատ վրաս կծիծաղեին, գիտեմ։

― Սրա՞,― ասաց Ջո Ֆոքսհոլը,― Վեսլի Ջեքսոնի՞։ Գրողը տանի, նրա նմանի հետ ո՞վ սիլի֊բիլի կանի։

― Չլինի՞ մտածում եք, թե դուք նրանից լավն եք, տղերք,― ասաց Հարի Քուքը։― Թե՞ մտքներովդ անցնում է, որ ուզածդ տղամարդուն էլ, կնկան էլ խելքամաղ կանեք, էնքան տեսքով եք։ Ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք, սափրվելիս լավ նայեք։ Մի գովական ապրանք էլ լինեի՜ք։ Սիրուն կնանիք բոլորն անխելք չեն, իմացա՞ք, ու Վեսլիի պես տղեն ավելի շուտ լավ կին կճարի, քան թե ձեզ նման հաստագլուխները․ հո մենակ տեսքը չի հաշիվ, ուրիշ բան էլ ունի։

― Իսկ տե՞սքն ինչ պակասն է,― ասաց Ջո Ֆոքսհոլը։― Լսիր, Վեսլի, ի՞նչ կարծիքի ես ընկերոջդ մասին, որ էս ձևով է թիկունքիդ կանգնում։ Վիրավորական է, չէ՞։ Օրինակ՝ ինչի՞ց է, որ Բեյքրսֆիլդի ամենասիրուն աղջիկներին միշտ ամենագեշ տղան է ձեռք գցում․ է՛, ո՞վ չգիտի։

― Դե լավ, տղերք,― ասաց Կակալակովիչը,― միտներդ պահեք՝ էս ամեն ինչը պաշտոնական բան չի, թող մեր մեջ մնա։ Չենք ուզում խայտառակությունը ջրի երես դուրս գա։

― Ի՞նչ խայտառակություն,― ասաց Ջոն։

― Կարևոր չի,― ասաց Կակալակովիչը։― Վաշտի հրամանատարն ինձ պատվիրել էր, ես էլ հայտարարություն արի, իմն էդ էր։

― Շատ էլ նրբաոճ հայտարարություն էր,― ասաց Ջո Ֆոքսհոլը։― Իսկական եվրոպացի եք, սերժանտ, այ թե ինչ։

― Եվրոպացի՞ն որն է,― ասաց Կակալակովիչը։

― Ինչ է, սերժանտ, չգիտե՞ք եվրոպացին որն է։

― Ես լեհ եմ,― ասաց Կակալակովիչը։

― Բարձրաշխարհիկ մարդ եք,― ասաց Ջո Ֆոքսհոլը,― այ թե ինչ։

― Դե լավ,― ասաց Կակալակովիչը,― քոլեջներ ու չգիտես ինչեր ավարտած քեզ պես գիտունները թող ինչքան կուզեն խոսելուս վրա խնդան, ձեռ առնեն, բայց չմոռանաք՝ ես էն տղեն եմ, որ գրասենյակում նստած որոշում է, թե կեղտոտ գործերն ում վզին կապի, ու քո ազգանունն էլ շատ լավ գիտեմ, շարքային Ֆոքսհոլ։

― Էդքան կեղտոտություն չես անի, սերժանտ,― ասաց Ջո Ֆոքսհոլը։― Էն էլ Բեյքսֆիլդի դպրոցն ավարտածի հանդեպ, չէ՞։

― Հերիք չէ Բեյքրսֆիլդի դպրոցով մարդու գլուխ տանես,― ասաց Կակալակովիչը։― Ես մեր զորամասի հաշվառման քարտերը մեկ֊մեկ նայել եմ։ Դու Կալիֆոռնիայի համալսարանն ես պրծել։ Ոչինչ, թող ես անգրագետ լինեմ, բայց չմոռանաս, որ սերժանտ եմ։

― Շատ լավ, սերժանտ, չեմ մոռանա,― ասաց Ջոն։― Բայց ի՞նչ կարծիքի եք՝ չարժի՞ մեզ մի երկմասանոց ուսումնական ֆիլմ ցույց տալ, որ իմանանք, թե արվամոլ կապիտանների հախից ոնց գանք։ Այ, Վիկտոր Տոսկան չի իմացել ինչ անի։ Կարծել է՝ պատիվ պիտի տա։

― Վնաս չունի,― ասաց Կակալակովիչը։― Մենակ թե, տղերք, էս խայտառակությունը ծածկադմփոց կանեք, ասածներս էլ չմոռանաք։

Գլուխ հինգերորդ

Ջո Ֆոքսհոլը Վեսլիին բացատրում է, թե ինչ է նշանակում ապրել

Մյուս իրիկուն ես ու Ջո Ֆոքսհոլն իրար հետ ժամապահության էինք, նա էլ խոսք բացեց կյանքից, մեր օր ու ապրուստից․

― Քեզ բռնում են, ոչխար սարքում, ու հետո, երբ գլխիդ եկած էդ առաջին հարվածից քիչ թե շատ ուշքի ես գալիս, կամաց֊կամաց սեփական, պստլիկ «ես»֊դ գտնում,― իսկ դա ամեն մարդու էլ պետք է աշխարհում, բոլորն էլ պիտի ունենան,― ուրեմն՝ հենց որ ուշքի ես գալիս, երևի մաենավատ բանը սպասումն է դառնում։ Անընդհատ սպասելինքեր կան՝ կամ փոքր, կամ մեծ։ Սպասում ես ուտելիքի, սպասում սրկսվելու, սպասում ստուգման, սպասում, որ կայազորից քաղաք բաց թողնեն։ Հետո հերթը մեծ սպասելիքներին է հասնում․ սպասում ես նամակի, սպասում, թե առաջիկայում քեզ ուր են տանելու, սպասում ես պատերազմի վերջանալուն ու իհարկե, ամենակարևորը՝ սպասում ես, որ քեզ կսպանեն կամ էլ միգուցե փրկվես։ Էն «ջիփով» տղերքին հիշում ես չէ՞, որ խավարում ճամփան կորցրել, քարափի գլխից անդունդն էին ընկել․ այ, տես, պատերազմի դաշտից յոթ սար ու ձոր հեռու էին, բայց էլի սպասման մեջ, որ իմանան՝ կմեռնե՞ն, թե կփրկվեն, ու՝ չփրկվեցին։

Մենք նստած էինք պահականոցի մահճակալներին։ Իմիջիայոց, պահականոցը կալանատուն չի, ոնց որ շատերն են կարծում․ ուղղակի ժամապահ կանգնողները էստեղ սպասում են իրենց հերթին ու երկու ժամ պահակություն անելուց հետո, նորից գալիս են էստեղ, չորս ժամ նստում կամ քնում։ Դեռ մի տասը րոպե ունեինք սպասելու, որ բեռնատարը գար ու ամենքիս մեր պահակակետը տաներ։

― Ի՞նչ է նշանակում ապրել,― ասում էր Ջոն,― ապրել՝ նշանակում է անընդհատ սպասել։ Ու ամեն մարդ, որ ծնվում է, շնչավորի մարմին առնում, սպասում է՝ իհարկե, անգիտակցաբար, մինչև այդ մարմինը հալումաշ լինի, դառանա հող ու մոխիր։ Մեռնելուն է սպասում։ Բայց քանի որ գիտի՝ դեռ մի երեսուն֊քառասուն տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգևորովում է, սպասում ուրիշ բաների։ Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն։ Հետո սպասում է՝ երբ է կին առնելու։ Հետո որդու է սպասում։ Հետո սպասում է, թե որդու հետ երբ է խոսելու։ Կամ եթե չի ուզում հենց սկզբից սպասել կին առնելուն, սպասում է այնպիսի աղջկա, որը հոգուն՝ մարդու մարմինը կենդանի պահող հոգուն, ինչ֊որ բան կտա, մի բան, որ ինքը զգա, թե տեսակ֊տեսակ կենսահյութերով լցված անոթ չի ընդամենը, ոչ էլ շոր ու կոշիկ հագած, անմիտ ծեղճուկրակ ու շիշաղելի անասուն, մի բան, որ ինքը անմահության համն զգա։ Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սպասում սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն բերի։ Կամ եթե չի ուզում սպասել ոչ կին առնելուն, ոչ էլ սիրո մաստությանը, թերևս գործի է անցնում, ուզում է ինչ֊որ բանի հասնել, ինչպես ասում են՝ անուն հանել․ ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ թե միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում, այսինքն՝ իր համբավն ականջին հասցնել, ասենք՝ երգ գրել, մի մեծ գյուտ անել գիտության կամ պոեզիայի ասպարեզում, բացել ճշմարտությունն ու աստծո օրհնանքին արժանանալ։ Բայց ամեն ինչ գալիս, հանգում է սրան․ նա ուզում է ապրել։ Ուզում է գլուխը փրկել։ Գիտի՝ վաղ թե ուշ, ինչ էլ լինի, մեռնելու է, բայց ուզում է ձեռքից եկածն անել, որ մահին հաղթի։ Այս աշխարհում ինչ կա չկա՝ մահվան դեմ մարդու պայքարից է ծնվել․ մեր բոլոր երգերը, բոլոր բանաստեղծությունները, մեր իմացած ողջ ճշմարտությունը, բոլոր կրոնները, մեր բոլոր պարերը, բոլոր կառավարույունները, ամեն, ամեն ինչ՝ առևտուրը, գյուտերը, մեքենաները, նավերը, գնացքները, ինքնաթիռները, զենքը, տները, պատուհանները, դռները, դռան բռնակները, հագուստ֊կապուստը, եփութափը, օդափոխիչները, սառնարանները, կոշիկները․․․ Հո մտքիս թելը չե՞ս կորցրել, Ջեքսոն։

― Չէ, ի՞նչ կա կորցնելու,― ասի։― Բայց էդքանը ո՞նց ես գլխի ընկել։

― Ո՞նց,― ասաց Ջոն։― Ախր բացատրում եմ քեզ։ Ես ուզում եմ, որ աստծու աչքը վրաս քաղցր լինի։ Ուզում եմ վեհ ու գեղեցիկ լինել։ Ուզում եմ ինձ նայելիս՝ երեխաների աչքերը փայլեն։ Ուզում եմ չքնաղ կանայք ինձ հավանեն։ ուզում եմ էնքան փառահեղ ապրել, ինչքան հանարավոր է ինձ տրված մարմնով, որ հիմա բեռնել են էսպես անպետքություններով։

― Համալսարանում ի՞նչ ես ուսումնասիրել․ փիլիսոփայությո՞ւն։

― Փիլիսոփայությո՞ւն,― ասաց Ջոն արհամարհանքով։― Համալսարանում ի՛նձ եմ ուսումնասիրել, այ թե ինչ։ Բայց դեռ այնքա՜ն բան չգիտեմ, ամեն օր մի նոր բան եմ իմանում։ Ինչքան շատ եմ ճանաչում ինձ, էնքան քեզ էլ եմ ավելի ճանաչում։

― Էդ ո՞նց։

― ես ու դու նույնն ենք, այ թե ոնց։ Միայն ես ու դու չենք, ես էլ, դու էլ, մյուսն էլ․ ամեն մարդ․ Կակալակովիչը, Լու Մարիաչչին, Հարի Քուքը, Վերնոն Հիգբին ու մնացած միլիոնավոր մարդիկ աշխարհի երեսին, ում որ չենք տեսել ու չենք էլ տեսնի։

― Ուրեմն քո ասելով՝ աշխարհում բոլոր մարդիկ նո՞ւյնն են, մեզ նմա՞ն։

― Իհարկե։

― Էսկիմոսներն է՞լ։

― Այո։

― Չինացիք է՞լ։

― Բոլորը։

― Գերմանացիք է՞լ։

― Բոլորը՝ ով կա չկա։

― Իսկ ճապոնացի՞ք։

― Լսիր,― ասաց Ջոն,― այ, ես ու դու՝ ոնց որ երկու ճապոնացին։

Ջոն լռեց, ու ես հասկացա, որ հիմա իմ խոսելու հերթն է, բայց չգիտեի ինչ ասեմ, որովհետև հենց ցերեկը՝ պարապմունքին, լեյտենանտը գլուխներս էր լցնում, թե ճապոնացիք կապիկներ են, մարդ չեն։ Ասում էր՝ վախկոտ նապաստակներ են։ Ասում էր՝ մարդակերներ են։ Ասում էր՝ մեզ նման չեն։ Ասում էր՝ հո ազատության համար չեն պայքարում, իրենց կայսրի համար են կռվում, կայսրն էլ գիժ է։ Ասում էր՝ մոլեռանդներ են, հանուն կայսրի պատրաստ են շանսատակ լինել, ճանճի պես կոտորվել, որովհետև նրան աստծու տեղ պաշտում են։ Մենք պիտի հասկանանք՝ ում հետ ենք կռվում, ասում էր լեյտենանտը, պիտի սովորենք ատել թշնամուն, որ դեմուդեմ մարտի դուրս գալիս՝ կարենանք սպանել։ Չէի իմանում Ջո Ֆոքսհոլին ինչ ասեմ։

― Միտքս հասկացա՞ր,― վերջապես ասաց Ջոն։

― Չգիտեմ՝ ճիշտ հասկացա, թե չէ,― ասի։

― Լսիր,― ասաց Ջոն,― աշխարհում բոլոր մարդիկ նույնն են, ու բոլորն էլ սպասում են նույն բանին՝ մեռնելուն։ Դե, մինչև մեռնելը՝ միաժամանակ, ամեն տեսակ ուրիշ բաների են սպասում, արդեն պատմեցի։ Եթե ինքդ քեզ ատում ես, ուրեմն ճապոնացիներին էլ կատես։ Գերմանացիներին, իտալացիներին, հունգարացիներին էլ կատես։ Ում ուզեցար՝ կատես։ Իսկ ես, օրինակ՝ ինքս ինձ չեմ ատում, որովհետև չեմ հասկանում՝ դրանից ի՞նչ օգուտ։ Դե որ ինձ չեմ ատում, ուրեմն ուրիշին էլ չեմ կարող ատել։ Օրերից մի օր միգուցե մեկնումեկին սպանեմ․ ախր եթե ես նրան չսպանեմ, նա՛ ինձ կսպանի, բայց գետինը մտնեմ, թե նրա նկատմամբ ատելություն զգամ։ Գետինը մտնեմ, թե մտքովս անցնի, որ լավ բան եմ արել։ Գետինը մտնեմ, թե մտքովս անցնի, որ արժանավոր գործ եմ կատարել ինձ կամ քեզ համար, ձեր ընտանիքի կամ մերոնց համար, հայրենիքի կամ մարդկության համար, ճշմարտության, արվեստի, կրոնի կամ պոեզիայի համար․․․ Հիմա հասկացա՞ր։

― Կարծես թե՝ հա,― ասի։― Ուրեմն դու գիտակցաբար պատերազմին դե՞մ ես, Ջո։

― Հիմարութո՛ւն,― ասաց Ջոն։ Իբր որ գիտակցաբար եմ դեմ՝ ո՞վ է դրա վրա թքում։ Բորբոքված պատերազմին դեմ լինելը նույնն է, թե փոթորկին դեմ լինես, երբ տունդ հողից կտրվել է ու թռել երկինք, որ քիչ հետո գետնով դիպչի ու քեզ հետ միասին ջնջխվի։ Թե սրան դեմ ես, պարզ է՝ գիտակցաբար ես դեմ։ Ուրիշ էլ ինչպե՞ս, գրողը տանի։ Բայց փոթորիկը աստծու արած բանն է։ Միգուցե պատերազմն էլ․ դեռ հաստատ չգիտեմ։ Միայն թե սիրտս մի տեսակ վկայում է, որ մարդկանց ձեռքի գործն է։ Չեմ սիրում պատերազմը։ Ատում եմ ամբողջ հոգով։ Բայց եթե ընկել եմ կատաղած փոթորիկի բերանը, ի՞նչ կարող եմ անել․ մնում է ինձ հույս տամ, թե կփրկվեմ, ու վստահ եղիր, միակ հույսս դա է։

Է՛հ, հետո էլ բեռնատարը եկավ, հրացաններս վերցրինք ու մյուս տղերքի հետ գնացինք, բարձրացանք թափք։ Ես ու Ջոն իրար կողքի նստեցին։ Չգիետի ինչ ասեմ նրան, սիգարետ առաջարկեցի, վերցրեց։ Նրա սիգարետը կպցրի, մեկն էլ ինձ համար վառեցի։ Ծուխը խոր ներս քաշեց, փչեց ու ասաց․

― Բոլորս էլ մեռնելուն ենք սպասում․․․ Էս սիգարետներն էլ են օգնում, որ սպասենք։

Արդեն կեսգիշերին մոտ էր։ Ուղիղ տասներկուսին ժամապահ էինք կանգնելու, երկու ժամ տեղամասում հետ ու առաջ անեինք, հետո մեր փրկիչ բեռնատարը վրա էր հասնելու ու մեզ նորից պահականոց տաներ, չորս ժամ էնտեղ հանգստանալու էինք կամ քնելու, առավոտվա վեցին էլի երկու ժամով գնայինք պահակության։

― Լավ բան է սիգարետը,― շարունակեց Ջոն։― Ծխելը չլինի՝ ինչ էլ անեն, ոչ ոք կռիվ չի գնա։ Հասկանո՞ւմ ես, սիգարետները քեզ քիչ֊քիչ սպանում են, էնպես, որ առանց խելագարվելու, կամաց֊կամաց մեռնես։ Ախր ներսդ մի բան կա՝ չի ուզում սպանվես, դու ստիպված նրան հանգստացնում ես․ մահու բաժակը ոչ թե մինչև տակը, այլ կում֊կում ես խմում, այսինքն՝ ծխելիքի, խմիչքի, կանանց, աշխատանքի կամ չգիտես ինչի օգնությամբ քուն ես մտնում, մոռացության գիրկն ընկնում, միտքդ թմրեցնում։ Անընդհատ ստիպված ես էդ ներսինդ հանգստացնել, որովհետև նա շատ զգայուն է։ Թե չքնեցնես, կսկսի աղաղակել։ Սովորաբար բոլորովին էլ նողկալի պատճառներով չենք նրան հանգստացնում, անուշ քուն դնում, բայց պատերազմում հենց նողկալի բաների երեսից ենք ամեն կերպ ջանում նրան քնեցնել։ Երբ մրից դուս ես գալիս, մրջուրը ընկնում, ուզես֊չուզես պիտի նրան թմրության մեջ պահես։ Բայց վա՛յ քեզ, եթե չափը չիմացար՝ քնեցնելու տեղ նրան մեռցրիր․ ուրեմն դու էլ կմեռնես․ մարմինդ կապրի, բայց իսկական կյանքը մեջդ կմեռնի, ու էս հրեշավոր աչքակապությունը հենց դրա համար չեմ սիրում։

Գլուխ վեցերորդ

Վեսլին երազում է սեր և ազատություն, սերժանտ Կակալակովիչն էլ համազգեստի պատիվը գցում

Հասանք իմ պահակության տեղը, դե, Ջո Ֆոքսհոլին հրաժեշտ տվի ու իջա բեռնատարից։

― Բոլորս էլ սպասում ենք,― ասաց Ջոն։― Ամբողջ կյանքներս սպասելով է անցնում։ Այ, երկու ժամ պիտի սպասես, մինչև էդ երկու ժամը մի կերպ անցնի։ Երկու ժամում հազար տարով կպառավես։

― Էդ ժամանակ էլ կհանդիպենք,― ասի ես։

― Դե լավ,― ասաց Ջոն։― Երկնքին կնայես։ Տես՝ չմոռանաս։

― Եղավ,― ասի ես։

Տեղը տեղին, բոլոր ձևականությունները պահպանելով, Լու Մարիաչչիից պահակակետն ընդունեցի, սա էլ անընդհատ գլուխն էր տմբտմբացնում, ճիշտ էն մարդու պես, որն անհամբեր սպասում է, թե վզին բեռ դարձած ինչ֊որ հիմարությունից երբ է ազատվելու։ Հենց ձևականությունները պրծանք, ու Լուն ամբողջ տեղամասը հետս պտտեց, որ ինձ ցույց տա ինչ եմ հսկելու, հենց երկու ժամով պաշտոնապես տեղամասի ժամապահը դարձա, իսկ Լուն՝ ոչ պաշտոնական դեմք, նա թե՝

― Դե՛, քեզ հանգիստ կպահես, ախպերս․ հանկարծ լեղաճաք չլինես, ոտուձեռ ընկնես ու առաջին պատահածին լրտեսի տեղ դրած՝ վրեն կրակես, կարող է էդ խեղը քեզ պես լեղին ճաքելուց լեզուն կուլ է տալիս։

― Լավ, Լու,― ասի ես։

― Քեզ նման տղերքը պիտի զգույշ մնան, որ իզուր փորձանքի չգան,― ասաց Լուն։― Հանկարծ մարդ չսպանես։ Եկվորին շնորհքով հարցուփորձ արա, թող հաստատի՝ ով է, ինչացու է ու գնա տեղաշոր մտնի։ Կարող է մեր շարքային տղերքից է, քաղաքում գործ֊մործի վրա է եղել, հիմի էլ հետ է գալիս, էնպես որ հանկարծ չկրակես։ Նա էլ է մոր տղա։

― Ոչ մեկի վրա էլ չեմ կրակի,― ասի։

Բեռնատարում նստած տղերքը ձայն տվին Լուին․

― Արի՜, արի՜, շո՛ւտ արա, գնում ենք։ Հո մինչև լույս էստեղ տնկված չե՞նք մնալու։

― Ես ոտով կգամ,― բղավեց Լուն։ Հրացանը բեռնատարի տղերքից մեկին հանձնեց, վարորդն էլ գազ տվեց, ու մեքենան հռնդալով ճամփա ընկավ։

Մտածում էի, որ Լուն էլ միանգամից պահականոցի ճամփան կբռնի, բայց նա մնաց, հետս քայլում էր ու խոսում։

― Կամաց, ախպերս, կամաց,― ասում էր։― Հետևիցդ մարդ չի ընկել։ Մեկ է՝ երկու ժամն էդքան շուտ չի անցնի։ Գնալու տեղ էլ չունես․ ինչ կա չկա, էս է՝ աչքիդ առաջ, հա պտտվելու ես, նայես ու նայես։

Քայլերս դանդաղեցրի։ Երևի որպես ժամապահ շատ արագ էի քայլում։ Դե, ժամապահությունը հո ման գալը չի, պիտի հսկես, ուշքդ վրադ պահես։ Հա ուրեմն՝ նոյեմբերի վերջն էր, պարզկա, ցուրտ եղանակ, ու մարդ իրեն էնքան մեն֊մենակ էր զգում, որ էլ ասելու չի, էնքան տխուր֊տրտում, ոնց որ երեխա ժամանակ է պատահում․ Ծննդյան տոնը քանի մոտենում է, չգիտես ինչու ավելի ես տխրում։

Երկինք նայողի բերանը բաց կմնար։ Կյանքումս տեսած չկայի, որ էդքան անծայրածիր ու խոր լլիներ։ Հատուկենտ աստղեր էին դուրս եկել, բայց բոլորն էլ մեծ֊մեծ ու շողշողուն․ ա՜յ, տեսնելու բան։ Սպասման մասին Ջոյի ասածների թարմ տպավորության տակ էի ու զարմանք էի կտրել աստղերի վրա, ախր ինչքան֊ինչքան են սպասել, դեռ է՜, քանի հարյուր տարի էլ կսպասեն, բոլոր մարդիկ կկորչեն կգնան, աշխարհի երեսից անուններն էլ կվերանան, իսկ նրանք առաջվա պես նույնը կմնան, էլի վերևից աչքով կանեն երկրին։

― Էդ ի՞նչ երազներով ես տարվել,― ասաց Լուն։

― Չեմ տարվել,― ասի։

― Բա քո արևին էս ո՞ւր ես գնում։

― Ո՞նց թե՝ ուր։

― Տեղամասդ թողել ես, դուրս եկել։

Լուն ինձ հետ բերեց տեղամաս ու թե՝

― Մի պուճուր հաշիվ կա, ուզում եմ հետդ խոսել, տեսնեմ ինչ կասես։

― Ախր կողքիցս քայլելու իրավունք չունես, կանոնադրության խախտում է․ ժամապահ եմ, չէ՞,― ասի։

― Գիտեմ,― ասաց Լուն,― բայց մի մտածի, ինձանից քեզ վնաս չի գա։ Չորս կողմը շունչ չկա։ Հենց մարդ երևա, ձեռաց կչքվեմ։

Պահպանածս տեղը մի թաղամասի չափ երկարություն կունենար, դրա կեսի չափ էլ լայնք, ամեն տեսակ զինվորական բեռնատարներ էին ծայրից ծայր կանգնած։ Երկու թաղամասի չափ էն կողմ՝ նոր զորանոցների կիսակառույցներն էին, իսկ դրանից դենն էլ բան չկար, բայց դաշտ էր, ու անտառն էր սկսվում․ մեկ֊մեկ հենց էնտեղ էի գնում, առանձնանում։ Մեր կայազորը մեծ էր, քաղաքից դուրս, Սակրամենտոյից յոթ մղոնի վրա, կողքով մի քանի մանրմունր, ամայի ճամփաներ էին անցնում ու գլխավոր մայրուղին, որտեղ էդ ժամերին համարյա երթևեկություն չկար։

Երբեմն մայրուղու վրա լույսեր էին երևում, կայծկլտավլով դեպի արևմուտք շարժվում․ ինձ ու ինձ ասում էի՝ տեսնես ո՞վ է, ով չի, մեքենան նստած՝ էս ո՞ւր է գնում։ Նախանձում էի, որ ազատության մեջ է, մեքենայի տեր, գիշերվա կեսին իր համար սլանում է ամայի ճամփով, նախանձում էի, որ տուն ունի, ընտանիք, գնալու տեղ։ Ինձ թվում էր՝ նա մեն֊մենակ է ձմեռնամուտի սիրո խորհրդավոր աշխարհում, մեքենայով տուն է հասնում, կանգնեցնում մեքենան, մտնում տուն՝ կնոջ մոտ, իսկ խոհանոցի սեղանին նրան ընթրիքն է սպասում։ Աչքիս առաջ պարզ պատկերանում էր, թե ոնց է գրկում կնոջը, համբուրում, հետո նրա հետ սեղան նստում ու խաղաղ զրույցով ընկնում, ոչ թե Ջո Ֆոքսհոլի ասածների պես լուրջ֊լուրջ բաներից խոսում, չէ՛, ուղղակի մանրուքներ պատմում, ասենք՝ որտեղ է եղել, ինչ է արել։ Ես նույնիսկ լսում էի նրա խոսքերն ու գիտեի, որ էդ երկուսի մտքով չի էլ անցնում, թե իրենք իբր մեռնելու են սպասում։ «Ա՛խ, սիրունս, էլի երկուսով ենք, էլի երկուսո՜վ»։ Աստվա՜ծ իմ, երնեկ էդ տղամարդը ես լինեի։ Աստվա՜ծ իմ, երնեկ տանս գտնվեի, կինս էլ՝ կողքիս։ Երնեկ պատերազմը վերջացած լիներ, ու ես՝ տուն դարձած․ «Ա՛խ, սիրելիս, պատերազմը վերջացել է, նորից նոյեմբեր է, նորից ցուրտ երկինքն է գլխներիս վերև, ու նորից պայծառ աստղերն են վառվում, սիրելիս։ Մենք նորից միասին ենք, ու ոչ ոք, ոչ ոոք մեզ չի խանգարի»։

Մտածում էի՝ ինչու է որոշ մարդկանց բախտը հաշտ աչքով նայում, իսկ մյուսների գլխից խռովում ու էնպես էի մտքերով տարվել, որ վայ թե մոռացել էի՝ որտեղ եմ, ինչ եմ, որովհետև Լուն հանկարծ թևս քաշեց, թափ տվեց ինձ ու ասես գետնի տակն անցավ։ Տեսա մեկը իմ կողմն է գալիս․ դե, ինձանից էլ մի ձայն տալ էր հասնում, ես էլ ձայն տվի․

― Կա՛նգ առ․ ո՞վ է գալիս։

Բայց ձայնս փորիցս հազիվ դուրս եկավ, ստիպված պիտի կրկնեի։ Է՛հ, տեսնեմ էս մարդը կանգնելու միտք չունի․ ահը սիրտս ընկավ, ախր սպասում էի, թե կկանգնի, մի պատասխան կտա, բայց որ չկանգնեց, էլ անելիքս չիմացա։ Երևի Լուն գլխի էր ընկել, թե ինչն ինչոց է, որովհետև հանկարծ գետնի տակից բուսնեց, խլեց հրացանս ու մարդուն հրամայեց կանգնել, սա էլ արի տես՝ սուսուփուս կանգնեց։

Լուն պահանջեց, որ անծանոթը հայտնի՝ ով է, ինչ է․ բանից դուրս գա՝ ո՞վ է․ սերժանտ Կակալակովիչը, ինքն էլ՝ հարբած ու կարգուկանոնի աշխարհից վերացած։

― Վա՛յ քու, շան տղա,― ասաց Լուն։―Իզուր էլ չկրակեցի, լեշդ փռեի։

― Լեշս փռեի՞ր,― ասաց Կակալակովիչը։― Ինչի՞ համար։

― Ինչի համա՞ր,― վրա տվեց Լուն։― Որ ասում եմ՝ կանգնի, չես կանգնում, այ թե ինչի համար։

― Կանգնեցի, էլի,― ասաց Կակալակովիչը։

― Հա, բա ո՜նց,― ասաց Լուն։― Երեք անգամ բղավելուց հետո։ Գնա փառք տուր աստծուն, որ երկրորդ կանչից հետո չկրակեցի։

― Էդ ինչի՞ համար էիր կրակելու, է՜,― ասաց Կակալակովիչը։

― Որ սերժանտ ես, այ թե ինչի համար,― ասաց Լուն։

Ես աչքից հեռու մի տեղ էի քաշվել․ ախր տարօրինակ կթվար, որ նույն տեղամասը երկու հոգի են պահպանում։

― Շա՜տ լավ սերժանտ ես, նմանդ չկա,― ասաց Լուն։― Լա՜վ օրինակ ես ցույց տալիս Սան Ֆարնցիսկոյի, Օքլենդի ու էն մյուս քաղաքների շնորհքով օջախներից դուրս եկած տղերքին։ Չէ, երևում է քեզ պահակապետի ճանկը պիտի գցեմ։

― Պահակապետի՞,― ասաց Կակալակովիչը։― Ինչի՞ համար։

― Որ ժամապահը քեզ կանգնեցնում է, իսկ դու չես կանգնում, այ թե ինչի համար։ Որ լակած ես ու ազատ ժամիդ սեռական հարաբերություններ ես ունեցել, այ թե ինչի համար։

― Սեռական հարաբերություննե՞ր,― ասաց Կակալակովիչը։― Ես ուղիղ եկեղեցուց եմ գալիս։

― Ուղիղ բոզանոցի՛ց ես գալիս,― ասաց Լուն։― Օծանելիքի հոտը հեռվից֊հեռու մարդու քիթն է ընկնում։

― Լեհական եկեղեցուց,― ասաց Կակալակովիչը։

― Լակած ես,― ասաց Լուն։― Լավ լսի, սերժանտ, ես պարտավոր եմ քեզ պատժել, որ մյուսներն էլ խրատվեն ու իմ պարտքը կկատարեմ, ինձնից ուզածդ միշտ էդ է եղել չէ՞։ Էն որ որպես պատիժ ուղարկեցիր խոհանոց՝ գործ անելու, ես պարտքս կատարեցի, էն որ բարաքը մաքրել տվիր, էլի պարտքս կատարեցի, ու ամեն անգամ էլ, ինքան կարգադրել ես, պարտքս կատարել եմ, դե, հիմա էլ եմ կատարում։ Առավոտը քեզ սերժանտից շարքային կսարքեն։

Սերժանտը խմած էր, բայց էդքան չէր հարբել, որ չհասկանար, թե երկու ոտքով ցեխն է ընկել, պրծել․ չէ, էդքան հարբած չէր, որ Լուն չկարենար գիշերվա կեսին, նոյեմբերյան էդ ամայի, հրաշք երկնքի տակ նրա հոգու հետ ուզածի չափ խաղալ։ Քիչ անց սերժանտը ճարը կտրված՝ Լուի հետ պայման էր կապում, իսկ Լուի դրած պայմանն անողոք էր։ Նա պահանջում էր, թե սրանից հետո սերժանտի ախմախություններին՝ վերջ․ էլ ոչ մի արտահերթ վերակարգ՝ ոչ իրեն, ոչ Դոմինիկ Տոսկային, ոչ Վիկտոր Տոսկային, ոչ էլ Վեսլի Ջեքսոնին։

― Վեսլի Ջեքսոնի՞ն,― ասաց Կակալակովիչը։― Նա՞ ինչ կապ ունի։

― Էդ արդեն քո բանը չի, թե ինչ կապ ունի,― ասաց Լուն։― Դու մենակ միտդ պահի, որ նա էլ կա էս գործում, ու պրծավ գնաց։

― Դե լավ,― ասաց Կակալակովիչը, ու ես հասկացա, որ դրանից հետո կամ օրս կբացվի, կամ էլ լրիվ կխավարի։ Թե առավոտը խելքը գլուխը հավաքելուց հետո սերժանտն ամեն ինչ մոռանար, կամ թեկուզ միտքը բերեր, բայց որոշեր Լուի ու մնացածներիս հախից գալ, եր հալն ի՞նչ կլիներ։ Չէ, ես Լուին լավ չէի ճանաչում, նա խաբվող պտուղը չէր, իր բանն իմացող էր։

― Մոտ ի՞նչ կա,― ասաց Լուն։― Բա մեր օրինական ու անխախտ պայմանագիրը չկնքե՞նք։

― Օրինական ու անխա՞խտ,― ասաց Կակալակովիչը։

― Դե պրծի՛, պրծի՛,― ասաց Լուն։― Մոտդ ի՞նչ կա չկա։ Գրպաններումդ ինչքան զըրթուզիբիլ ունես՝ հանի։

Կակալակովիչը գրպանների եղած֊չեղածը հանեց, Լուն էլ մեկ առ մեկ տնտղեց ու ինչքան կարևոր բան կար, որ սերժանտին օդ ու ջրի պես պետք էր իր սերժանտությունն անելու համար՝ է՛լ վկայականների քարտեր, է՛լ անձնական նշաններ, է՛լ չգիտես ինչ, մի խոսքով, բոլորը սեփական գրպանները լցրեց։ Իսկական հավաքածու էր, ախր Լուն փողից բացի, ինչ կար չկար, վերցրեց։

― Որը պետքս չգա, առավոտը հետ կտամ,― ասաղ։― Էնպես կանեմ՝ մարդ չտեսնի։ Այ հիմա քեզ տանեմ, մահճակալիդ մոտ հասցնեմ ու դնեմ տեղաշոր, բայց սրանից հետո չլինեմ֊չիմանամ՝ իմ, Դոմինիկի, Վիկտոր Տոսկայի, մեկ էլ Վեսլի Ջեքսոնի քեֆին կպչես։ Եղա՞վ։

― Լավ,― ասաց Կակալակովիչը։

― Քեֆներիս որ չկպչես, ամեն ինչ կարգին կընկնի,― ասաց Լուն։― Ես քո քեֆին չեմ կպչում, չէ՞․ ուրեմն դու էլ մեր քեֆին մի կպի։ Ընդամենը չորս հոգի ենք, էլի։ Կարող է սրտներս ուզում է, որ արտահերթ քաղաք բաց թողնես կամ էլ էդ տեսակ մանրմունր լավություններ անես։ Մեզ նորհքով կպահենք, դու էլ, թե մեկնումեկը հանկարծ քիթը կախի, կասես՝ օրնակելի վարքի համար տղերքին պարգևատրում եմ։ Եղա՞վ։

― Լավ։

― Գնա աստծուն էլ փառք տուր, որ քեզ չսպանեցի,― ասաց Լուն։― Ախր չես պատկերացնի, մազ էր մնացել՝ լեշդ փռեի։ Տեսքից մաքուր գերմանական լրտես ես։

― Լեհական,― ասաց Կակարակովիչը։

Լուն հրացանս ինձ տվեց։

― Հիմա հետ կգամ,― ասաց։

― Դե արի՛, արի՛,― դարձավ սերժանտին։― Ոտի վրա չես կանգնում։ Բռնի ինձնաից։ Տանեմ տեղ հասցնեմ։

Նա սերժանտին տարավ, ու ես լսում էի՝ դեռ խեղճի հոգին ուտում, թուքումուր էր անում ինչ է՝ հարբել է, ոնց որ մի ուրիշ անբախտ կհարբեր, մեկ է՝ սերժանտ լիներ, թե չէ։


Գլուխ յոթերորդ

Վեսլին երկնքի հետ պայման է կապում, նոր աստղ տեսնում ու մի գաղտնիք իմանում

Աչքս գցել, նայում էի․ Լու Մարիաչչին բռնել էր սերժանտ Կակալակովիչին, որ սա ոտքի վրա մնա, ու էդպես երկուսով ճամփա ընկած՝ գնում էին։ Մի տեսակ զարմանալի բան կար, բայց թե ինչ, խելքս զոռ էի տալիս, զոռ ու չէի հասկանում։ Երևի սերժանտի խոսքերն էին զարմանալի, որ Լուին ասաց ճամփա ընկնելիս։

― Կամաց գնա,― ասաց։― Ես վիրավոր եմ։

― Վիրավոր չես, է՛,― ասաց Լուն,― լակած ես, լակած։

― Չէ, վիրավոր եմ,― ասաց սերժանտը։― Արնաքամ եմ լինում։

Հարբածները մեկ֊մեկ անսովոր բաներ են ասում։ Գիտեմ, որովհետև միտքս է, թե հայրիկը խմած ժամանակ ինչեր էր ասում։ Պատահում էր՝ գլխի էլ չէի ընկնում ինչից է խոսում, բայց համոզված էի, որ դատարկ֊մատարկ դուրս չի տալիս, թեկուզ էդպես էր թվում։ Կակալակովիչը ոչ վիրավոր էր, ոչ էլ արնաքամ էր լինում, բայց ես հասկացա նրա ասածն ինչ է, երևի Լուն էլ հասկացավ, որովհետև քայլերը դանդաղեցրեց։ Սկզբում Լուն Կակալակովիչի հետ էնպես էր վարվում, ասես փրփրել է, ասես չի ուզում իզուր ժամանակ ծախսել մի մարդւո վրա, որն էքնան է խմել՝ ութ գծելով է քայլում, բերնից էլ խելքը գլխին մի խոսք դուրս չի գալիս, բայց ես գիետի՝ Լուն ուղղակի հանաք է անում։

Շուտով նրանք աչքից կորան, մնացի մենակ։ Դե, ինչ արած, մենակ էի՝ մենակ, բայց սուտ կլինի, որ ասեմ՝ սրտումս ահ չկար։ Տեղամասով մի թափ պտտվեցի, ինձ հույս էի տալիս, որ մարդ չի պատահի, թե չէ ստիպված պիտի ձայն տայի, էդ ձայն տալն էլ ախր իսկի չէի սիրում։ Թող ինչքան ուզում էին ձայն տային, կանգնեցնեին, բայց ես ձայն չտայի։

Էն հրահանգները, որ ժամապահության գնալուց առաջ գլխներիս միշտ կարդում էին, մտքիցս դուրս չէին գալիս։

Իսկ աչքս անընդհատ երկնքին էր, աստղերին ու երազում էի էն բախտավոր, ազատ մարդու մասին։

Հրահանգները միշտ իրար նման էին, թեկուզ բառերը չկրկնվեին էլ, համենայն դեպս, իմաստը նույնն էր․ «Լա՛վ հիշեք, տղերք։ Սա լուրջ բան է։ Ոչ զվարճանալու համար եք պահակության գնում, ոչ էլ որպես պատիժ։ Ժամապահ կանգնելը էնպիսի պատիվ է, որ մեր քաջարի բանակի ամեն մի զինվոր պիտի հպարտանա։ Մյուս կողմից՝ դա մեծ պատասխանատվություն է։ Դուք ժամապահություն եք անում հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար։ Մոտեցողներին կանգնեցրեք հստակ, բարձր, հրամայական ձայնով։ Եթե ձեր առաջին կանչը անպատասխան մնա, բղավեք երկրորդ անգամ։ Եթե երկրորդ կանչն էլ անպատասխան մնա ու եզրակացնեք, որ էդտեղ ինչ֊որ տարօրինակ բան կա, ուրեմն կրակեք՝ էնպես, որ սպանեք։ Դուք պարտքներդ կատարած կլինեք, անկախ նրանից՝ ում եք սպանել․ մայորի, գնդապետի թե գեներալի։ Եթե կտեսնեք ոչ մի մութ հաշիվ չկա՝ մարդը հարբած է, կամ ճանաչեք նրան, համոզվեք, որ ամեն ինչ կարգին է, դո՛ւք գիտեք, կարող եք չկրակել։ Բայց գլուխներդ վտանգի տակ մի դրեք։ Թշնամին մեր մեջ է։ Հնարավոր է, որ նա ամերիկյան զինվորի համազգեստ է հանգում, ձեզ էլ թվում է՝ ճանաչում եք նրան, բայց հիմարություն չանեք, գլուխներդ վտանգի տակ մի դրեք, թե չէ կյանքով կհատուցեք։ Եթե երկրորդ կանչն էլ անպատասխան մնա, կրակելը ոչ միայն ձեր իրավունքն է, այլև պարտականությունը»։

Էս հրահանգներն ատելով ատում էի։ Քանի հոգու խփել էին, բայց ոչ մեկն էլ թշնամի չէր դուրս եկել։ Մեծ մասը շարքային զինվորներ էին եղել։ Անընդհատ ականջներիս լուրեր էին հասնում, թե ժամապահները կրակել են անմեղ մարդկանց վրա։ Լուրերը հիմնականում մյուս կայազորներից էին գալիս, բայց մի գիշեր էլ մեր տղերքի մեկն էր կրակել հարևան վաշտի զինվորի վրա։ Մինչև կհասցնեին մի օգնություն ցույ տալ, էդ տղան մեռավ, իսկ նրան սպանողին արձակուրդ ճամփեիցն, որ արածից հետո սիրտը տեղն ընկնի, բայց սա էլ հետ չեկավ մեր կայազորը։ Նրան ուրիշ կայազոր ուղարկեցին ինչ է՝ չիմացվի, որ բանակում մարդ է սպանել։

Շատ չանցած՝ արդեն երեք պտույտ էի տվել իմ տեղամասում։ Մտքովս հազար ու մի բան էր անցնում, հետո էլ սկսեցի քթիս տակ ինչ֊որ եղանակ մռմռալ, բայց մոռացել էի, թե էդ ինչ երգ է, որտեղ եմ լսել։ Հանկարծ գլխի ընկա, որովհետև միանգամից բառերը հիշեցի․ «Ա՛խ, իմ եղբայր սիրելի, ո՞ւր են տանում մեզ էլի․․․»։ Հայրիկի երգն էր՝ առաջվա պատերազմից։

Հետո մտքումս գցում֊բռնում էի, թե Լուն ինձ ինչ ասելիք ուներ։ Մեկ էլ չգիտես որտեղից մի շան քոթոթ լույս ընկավ ու սկսեց կրնկակոխ հետևիցս գալ։ Ուրախացա։ Չորս կողմը լո՜ւռ֊լո՜ւռ էր, մենակ ծանր կոշիկներիս թույլ թմփթմփոցն էր լսվում, իսկ քոթոթը ոչ մի ծպտում չէր հանում։ Մի անգամ կանգ առա, որ հետը ըխոսեմ, չնայած կանոնադրության խախտում էր։

― Հե՛յ պստլո,― ասի, բայց քոթոթը փախավ։ Մի քիչ վազ տալուց հետո կանգնեց ու էլի կամաց֊կամաց մոտ եկավ։ Երևում էր ինձ չի վստահում։ Կայազորների չորս բոլորը էսպիսի թափառական շներ շատ են պատահում։

Հանկարծ հո ծխե՜լ չուզեցի՝ ուշքս գնում էր, բայց գիետի, որ կանոնադրությամբ արգելվում է, ինձ մի կերպ զսպեցի, էն էլ չեղավ․ քիչ հետո ինձ էնքան անտեր֊անտիրական զգացի, որ էլ դիմանալու բան չէր, սիգարետը դրի բերանս, կպցրի, մի քանի մուխ քաշեցի, ու սիրտս թեթևացավ՝ ճիտշ Ջո Ֆոքսհոլի ասածի նման։ Ընդամենը երեսունհինգ րոպե էր՝ ինչ պահակություն էի անում, բայց աչքիս ոնց որ ժամեր անցած լինեին։

Որոշեցի մի խաղ հնարել, որ ժամանակը շուտ թռչի, ինձ ու ինձ ասի․ «Էստեղից մինչև թեքվելուս տեղը ուղիղ հարյուր երեսուներեք քայլ է»,― ու սկսեցի հաշվել։ Բայց սխալվել էի։ Դուրս եկավ՝ հարյուր քառասունչորս։

Հետո էլ ասի․ «Եթե տասը քայլ ավել֊պակաս չհաշված՝ ճիշտ գուշակեցի, թե տեղամասի մի ծայրից մյուսը քանի քայլ է, ուրեմն․․․»

«Ուրեմն մինչև առավոտ կռիվը կվերջանա»։

Բայց գիետի, որ սա խելքին մոտիկ չի, դրա համար էլ ինձ ու ինձ ասի․ «Չէ։ Եթե ճիշտ գուշակեմ, ուրեմն մարդ չի պատահի, ոչ մեկին էլ ստիպված ձայն չեմ տա, կանգնեցի, բարով֊խերով հետ կդառնամ պահականոց, Ջո Ֆոքսհոլին կտեսնեմ, երկուսով կուրախանանք, որ ժամապահության կեսն արդեն գլորել ենք, քնելու տեղ երևի նստենք կողք֊կողքի, ծխենք ու զրույց անենք»։

Բայց մտքումս տվի֊առա, թե ոնց էլ լինի, Ջո Ֆոքսհոլին պահականոցում կտեսնեմ, ոնց էլ լինի, կնստենք, կծխենք ու զրույց կանենք, էնպես որ էս մի պայմանիցս էլ գոհ չմնացի։

Էդ ժամանակ ասի․ «Եթե տասը քայլ ավել֊պակաս չհաշված՝ հեռավորությունը ճիշտ գուշակեցի, ուրեմն հայրիկը լավ է։ Ուրեմն տրամադրությունը բացվել է, էլ էն օրվա նման, որ թողեց գնաց, սրտից արյուն չի կաթում, մի տեղ տուն է վարձել, ողջ֊առողջ ապրում է»։

Բայց դե սա էլ չէր ինձ բավարարում, չնայած շատ էի ուզում, որ հայրիկը լավ լինի։

Բայց ի՞նչ անեմ, ինչ չանեմ, դե լավ, ասի․ «Մինչև պատերազմի վերջը ինձ համար աղջիկ կգտնեմ՝ իմ աղջկան, հարսնացուիս, կնոջս։ Հենց գտա, կսիրեմ, նա էլ ինձ կսիրի, երկուսով տունուտեղ կդնենք, ու մե՞զ ինչ, թե աշխարհի երեսին մարդիկ ինչեր են իրար գլխի բերում»։

Էս արանքում տեղամասի երկայնքը ծայրից ծայր կտրել էի, չհասցրի էլ հաշվել, թե քանի քայլ է․ ինչ արած, սկսեցի լայնքով քայլել, բայց լայնքն էնքան կարճ էր, որ իսկի չարժեր հաշվելու համար նեղություն քաշել, մտածեցի՝ գուշակելը խաղ ու պար կլինի, դրա համար էլ սպասեցի մինչև էդքան տեղն անցնեմ ու աչքս չթարթած՝ արդեն շուռ գալու վրա էի, պիտի նորից երկայնքով քայլեի։

Շուռ գալիս ասի․ «Ուղիղ երեք հարյուր իննսուներեք քայլ է։ Եթե տասը քայլ ավել֊պակասը չհաշված՝ ճիշտ գուշակեցի, ուրեմն նրան կգտնեմ»։

Շրջվեցի անկյունում ու սկսեցի հաշվել։

Երեք հարյուր իննսուներեքն էի ընտրել, որովհետև սիրածս թիվը երեքն է, ու վաղուց եմ զգացել, որ երեքը վրաս գալիս է․ երեքն էլ, երեքի բաժանվող բոլոր թվերն է։ Բանակի իմ հերթական համարը լրիվ երեքներից ու իններից է կազմված։ Փոքր ժամանակ յոթն էի սիրում, բայց վայ թե յոթն աչքիս մեծ թիվ է երևացել, դրա համար էլ մտքիցս հանել եմ ու երեքը սիրել։ Ինչքան լավ բան կար, մեջը երեք էի տեսնում, ու ինձ թվում էր՝ հենց երեքն է իմ թիվը։

Է՛հ, հույս ունեի, թե ճիշտ եմ գուշակել, որոհվետև մարդ իր սիրած թվերին հավատում է, բայց շատ չանցած գլխի ընկա, որ վրիպել եմ, սկսեցի քայլերս կարճացնել, էն էլ չէ, համը հանել էի։ Ընդամենը երկու հարյուր ութսունչորս քայլ էր ստացվում՝ կարճ քայլերն էլ հետը, իսկ էդպիսի թիվն ինձ մազաչափ ձեռ չէր տալիս։ Եթե երկու հարյուր ութսունչորսը բաժանենք երեքի, կստանանք իննսունչորս ամբողջ երկու երրորդ․ էլի լավ չէր։ Թեպետ իննսունչորսի ինը չեղած հո լավ էր, դրա համար էլ որոշեցի, թե իրավունք ունեմ մտքումս էլի բան պահել, բայց քանի որ իմ ուզած աղջկան գտնելու գուշակությունս արդեն դուրս չէր եկել, որոշեցի նոր պայման կապել, ասի․ «Էս անգամ էլ, եթե երկընքում նոր աստղ երևա կամ աստղերից մեկն ընկնի, ուրեմն․․․»

Գիտեի, որ մի բան եմ ուզում մտքումս պահել, բայց թե ինչ, ուղղակի տեղը չէի բերում։

Քիչ հետո հասկացա ու հաստատ որոշեցի․ «Եթե տեղամասում մի պտույտ տալիս՝ նոր աստղ տեսնեմ կամ աստղերից մեկն ընկնի, ուրեմն էս պատերազմում ինձ չեն սպանի»։

Վա՛յ, ուրեմն սիրտս էնպես է խփում, ինձ ու ինձ կասկածում եմ, ով գիտի, ասում եմ, ինձ զոռով կրակը գցեցի։ Թե դդանդաղ գնամ՝ իսկական ժամապահի պես, թեկուզ մի քիչ էլ դրանից դանդաղ, տեղամասում պտույտ տալս տասը րոպեից ավելի չի տևի, այնինչ էդքան ժամանակ, որ պահակություն էի անում, չնայած աչքս հա էլ երկնքին էր, ոչ նոր աստղ էր երևացել, ոչ էլ մեկնումեկն ընկել էր։ Բայց դե պայմանը պայման է, դրես ես, ուրեմն պիտի կատարես։ Սիրտս ասում էր՝ ոչինչ, ավելի լավ է մի քիչ նեղվես, բայց գրազը տանելիս՝ գոնե հաստատ կիմանաս, որ պատերազմում քեզ չեն սպանի․ ախր ինձ թվում էր, թե փրկվելու ճար ու ճամփա դժվար գտնվի, հենց դրա համար էլ հեշտ պայման դնելը երևի ճիշտ չէր լինի։

Էս բոլորը մտածելիս՝ չէի համարձակվում երկնքին նայել, որովհետև քանի ձեռքս չէի բարձրացրել ու հանդիսավոր երդումով պայմանը հաստատել, ինչքան էլ նոր աստղ երևար, մեկ է՝ հաշվից դուրս էր, էնպես որ ձեռքս բարձրացրի, նկատի առաջ որտեղ եմ կանգնած, աչքս գցեցի երկնքին ու ասի․

― Թե մինչև էստեղ հետ գալս, նոր աստղ տեսա կամ աստղերից մեկնումեկն ընկավ, ուրեմն ինձ՝ Վեսլի Ջեքսոնիս, պատերազմում չեն սպանի։

Որոշեցի էլ չխորամանկել՝ ոչ քայլերս դանդաղեցնել, ոչ սովորականից դանդաղ քայլել․ դե, ինչ էլ անես֊չանես, աստծուն չես խաբի։ Թե չէի փրկվելու, լավ էր նախօրոք իմանայի։ Գոնե էլ չէի նեղվի։ Կասեի․ «Է՛հ, երևի իմ ճակատին էլ դա է գրած»,― ու մոռացության կտայի։

Աչքս գցել երկնքին, քայլում էի, քիչ հետո ճամփիս կեսից շատն արդեն անցել էի։ Ոչ մի հատիկ նոր աստղ էր դուրս եկել, ոչ էլ մեկնումեկն ընկել էր։

Բայց հույսս չէի կտրում։

Չգիտեմ ինչու սիրտս վկայում էր, որ մինչև պտույտ տալս, նոր աստղը տեսնելու եմ, հաստատ տեսնելու եմ, սիրտս էդպես էր վկայում․ ոչ թե ընկնող աստղ, չէ՛․ երկնքի խորքերից, միլիոնավոր մղոններ հեռու, հենց աստղ է դուրս գալւո, նոր աստղ, ու ես իմանալու եմ, որ ինձ չեն սպանի։ Մեկ էր՝ փրկվելու ճար ու ճամփա կար, թե չկար, գիտեի՝ ինչ էլ լինի, աստղը դուրս կգա, մի նոփ֊նոր, երկնքում փայլատակող աստղ, իմ սեփական աստղը․ դուրս կգա, որ ինձ իմաց տա՝ ես մնալու եմ ողջ֊առողջ։

Հիմա ուրեմն, նայում եմ երկնքի էն մասին, որտեղ, իմ կարծիքով, աստղը պիտի դուրս գա․ հեռու արևելքում, ոհրիզոնից մի քսան ոտնաչափի վրա։ Ինչ ասեմ, աստղերից բան չեմ հասկանում։ Ոչ գաղափար ունեմ՝ տարվա էս կամ էն ամսին երկնքի որ մասում են լինում, ոչ պատկերացնում եմ՝ դեպի ուր են շարժվում, ոչ էլ անուններն եմ իմանում, դե, հաշիվներդ վերցրեք, թե գլխիցս ոնց էի ձեռ քաշել, որ աչքս երկնքի հենց էդ կտորին էի տնկել։ Բայց սիրտս հանգիստ էր։ Գիտեի՝ աստղս դուրս է գալու, էնպես որ հանկարծ մտքներովդ չանցնի, թե սուտ եմ ասում․ աստղը իրոք դուրս եկավ։ Դեռ չէի հասցրել տեղամասում մի լրիվ պտույտ տալ, արդեն երևաց։ Էնքան պարզ տեսա, ոնց որ երկնքի մյուս բոլոր աստղերը ու հենց դուրս գալու պահին էլ նկատեցի։

― Սա տեղով հրաշք է,― ասի։― Էդ աստղը ինձ համար դուրս եկավ։ Աստված ուղարկեց։ Դե իհարկե, առաջ էլ էր երկնքում, մենակ թե ծածկված էր, չէր երևում, բայց աստված լսեց, որ մտքումս բան եմ պահել։ Ծածկույթ էր, ինչ էր՝ քաշեց, ու աստղը երևաց, ես տեսա նրան, իմացա, որ պատերազմում ինձ չեն սպանի։

Հո չուրախացա՜, ձայնս գլուխս գցած՝ զլեցի․ «Ա՛խ, իմ եղբայր սիրելի, ո՞ւր են տանում մեզ էլի․․․»։ Քոթոթը կարծես էլ չէր վախենում, ես էլ չէի վախենում, ոչ մի բանից էլ ահ չունեի։ Մի ուրիշ սիգարետ հանեցի, կպցրի ու սկսեցի ծխել, արդեն պետքս չէր՝ թեկուզ ճամփին մարդ էլ երևար, ստիպված կանգնեցնեի։

Մեկ էլ տեսնեմ՝ ճամբարի կողմից մեկը գալիս է։

Գլխի ընկա, որ Լու Մարիաչչին է, բայց հենց էնպես բղավեցի․

― Կա՛նգ առ․ ո՞վ է գալիս։

― Ապրե՛ս,― ասաց Լուն։― Մի հատ էլ։

Ես էլ նորից գոռացի, դե, հավեսի համար, էլի։

Գլուխ ութերորդ

Լու Մարիաչչին խնդրում է, որ Վեսլին մի մեծ լավություն անի

Քայլում էի Լուի հետ, ինձ ու ինձ տալիս֊առնում․ տեսնես մտքին ի՞նչ է դրել։

― Վայ թե ընկերոջդ կորցրիր,― ասաց նա քոթոթի մասին, որը նոր էր ծլկել։― Ով շան սրտովն է, իմ սրտովն էլ է։ Շնորը որ սիրում են, ուրեմն լավ մարդ է։

― Էնքա՜ն շուն կա, հո բոլորն ինձ չե՞ն սիրում,― վրա բերի ես։― Մենակ շունը, էն էլ գիշերվա կեսին, ում հետ ասես չի ընկերանա։

― Է՜, բա եղա՞վ,― ասաց Լուն։― Այ, ես եկա֊չեկա՝ էդ քոթոթը փախավ, հետքն էլ չմնաց։ Հիմի ոչ մոտերքում ոտը կախ է արել, ոչ էլ մտքով անցնում է, թե հետ գա։ Քանի դեռ էստեղ եմ, չի գա։

― Կարծում ես դուրը չեկա՞ր։

― Չեմ կարծում, է՛, հաստատ գիտեմ։

― Էդ ո՞նց։

― Այ,― ասաց Լուն,― հիմի տես՝ ոնց։ Շունը հոտառությամբ ամեն ինչ ջոկում է։ Դե, կարող է մեկ֊մեկ սխալվի, բայց մեծ մասամբ ճիշտ էլ ջոկում է։ Քեզանից առաջ երկու ժամ էստեղ պտտում էի։ Էդ շունը մի քանի անգամ աչքովս ընկավ, հեռվից հոտոտում էր, ուզում էր որոշի․ թե արժի՞ մոտ֊մոտ անի, հետս ընկերանա։ Ու ի՞նչ․ էդպես էլ մոտիկ չեկավ։ Հոտս առավ՝ չհավանեց։

― Ասելդ ի՞նչ է։

― Շան ուզածը կարգին մարդն է։ Կարող է իմ աչքին ես շատ կարգին մարդ եմ, բայց շան աչքին ոչ էլ կարգին եմ։ Իսկ դու երևի քո աչքին էլ ես կարգին, շան աչքին էլ։ Դե որ էդպես է, ուրեմն լավ մարդ ես, իմ խելքն էդ է կտրում։ Դրա համար էլ ուզում եմ հետդ խոսել։

― Ասա տեսնենք, Լու։

― Առաջին հերթին բերանդ փակ կպահես, թող, ոչ ոք չիմանա՝ իմ ու սերժանտի մեջ էստեղ ինչ է անցել֊դարձել։ Նրան տարա, տեղաշոր դրի, ամեն ինչ կարգավորվեց։ Սրանից հետո քեֆներիս չի կպչի։ Առաջ էլ մեր հանդեպ շանորդություն չի արել, բայց դրա նմանին լավ է բռանդ մեջ պահես, թե չէ մեկ էլ տեսար՝ շանորդությունը բռնեց։ Կակալակովիչը վատ տղա չի, բայց նրա գործն էլ էդ է, մեկ֊մեկ ուզի֊չուզի՝ պիտի վերակարգ տա մեզ․ դե գիտես, էլի, բաժնեգծի օրապահ դնի, զորանոցի հերթապահ, ուղարկի խոհանոցում գործ֊մործ անելու կամ ժամապահ կանգնելու, վերջը, էդ տեսակ բաներ։

― Իմ կարծիքով, Լու, պիտի հերթով լինի, հերթը բոլորին էլ հասնի։

― Ինչ լավ տղա ես, է՜,― ասաց Լուն։― Բա ո՜նց, քո կարծիքով պիտի հերթը բոլորին էլ հասնի։ Հենց դր ահամար ես էդ քոթոթի դուրն եկել։ Բայց ես չեմ հավատում, թե հերթը պիտի բոլորին էլ հասնի։ Մենակ էն գիտեմ, որ բոլորն էլ ամեն գնով ուզում են գլուխներն ազատել, ու րդանից սիրտս պայթում է, որովհետև աշխարհի երեսին իմ ամենաչսիրած բանն էն է, երբ որ մարդու հարիֆի տեղ են դնում։

― Մտքինդ ասա։

― Դե որ կռիվ է, պիտի հերթը բոլորին էլ հասնի, բոլորին, եթե ոչ ոք գլուխ չի պահում։ Այ, ինձ բանակ են բերել, չէ՞, բայց էնքան մարդ գիտեմ, որ պիտի բերեին, էն էլ ո՞ւր է․ ոչ բերել են, ոչ էլ կյանքում կբերեն։

― Բա էդ ինչի՞ց է։

― Աչքաբաց մարդիկ են։ Հո հարիֆ չեն։ Թե կռիվ է, ուրեմն երկրում ինչքան տղամարդ կա, պիտի մասնակցի, մանավանդ գրպանները տռուզ, փողին հող ասողները, ովքեր կորցնելու շատ բան ունեն, բայց արի ու տես, որ կռվում դրանցից ոչ մեկին էլ չես տեսնի։ Նրանք ուզում են ինձ ու քեզ նմանները կռվեն, իրենք էլ փող շինեն մեր հաշվին։ Թքած ունեն մեզանից քանիսին կսպանեն, մենակ թե իրենց ունեցվածքը պինդ պահեն ու եղածի վրա հա դիզեն ու դիզեն։ Շատ էլ թունդ հայրենասերներ են, ինձ ու քեզանից տասն անգամ թունդ։ Կռիվը նրանց աչքի լույսն է, էդ մեր աչքին է գրող երևում։ Պատերազմի մասին թերթ ու ամսագիր են կարդում ու էնքան բան գիտեն, որ մեր մտքով կյանքում չի անցնի։ Ինչքան պատերազմ է եղել, բոլորի տակն ու գլուխը գիտեն։ Էդ պատերազմներն ուսումնասիրում են, որ իմանան, թե ինչ հնարքով էս մեկից ավելի շատ փող քամեն։

― Մարդ կա՝ ուշքն ու միտքը փող ունենալն է, ուրիշ ոչ մի բան։

― Էնքա՜ն մարդ կա,― ասաց Լուն։― Շնից շատ։ Բայց դրանք մենակ փողի հետևից չեն վազում, պատերազմից օգտվում են, որ ուրիշ բաներ էլ ձեռ գցեն․ ավելի մեծ իշխանություն, պատիվ֊հարգանք, անուն։ Իսկ մենք՝ ի՞նչ․ գալիս ենք բանակ, դառնում համար էսինչ֊էնինչ, տասը քայլի վրա մեկիս մյուսից չես ջոկի։ Բայց էդ հեչ՝ գրողի ծոցը։ Տես ինչ եմ ասում։

Մի քանի վայրկյան լուռումունջ քայլում էինք, հետո նա թե՝

― Ուզում եմ բանակից գլուխս պրծացնել։ Ձևը գիտեմ, կանեմ։ Բայց մի թեթև օգնության հաշիվ կա, ի՞նչ կլինի օգնես։

― Չեմ կարող, Լու,― ասի։― Դրա համար երկուսիս էլ կգնդակահարեն։

― Չիմանաս, թե լավությանդ տակից դուրս չեմ գա,― ասաց Լուն։― Դուրս կգամ, այ կտեսնես։

― Լինելու բան չի,― ասի։― Թեկուզ հարիֆ եմ, ինչ եմ, որ բանակ եմ ընկել, բայց դե արդեն ընկել եմ պրծել, խարդախ գործ չեմ բռնի։

― Ո՞վ ասեց, թե խարդախ գործ է։

― Բա ինչ,― ասի։― Ես չգիտե՞մ։

― Դե լավ,― ասաց Լուն,― ենթադրենք, թե մի քիչ էլ խարդախ գործ է։ Քո արևին՝ բանակում, կառավարության մեջ, թեկուզ մեր ամբողջ երկրում ամեն ինչ հալալ֊զուլա՞լ է։ Որ կողմը նայես, խարդախություն է․ էդպես եղել է, էդպես էլ կգնա, քանի դեռ մարդիկ էն են, ինչ որ կան։ Բոլորն էլ զզվանք են։

― Միգուցե,― ասի,― բայց մեկ֊մեկ էլ՝ չէ։

― Դե, մեկ֊մեկ ես էլ չեմ էդպես,― ասաց Լուն։― Կնկատեր մարդ եմ, սիրում եմ կնկաս, արար աշխարհը հետը չեմ փոխի, այ, հիմա տանը նստած՝ գիշեր֊ցերեկ աղի արտասուք է թափում։ Երեք երեխա ունեմ, երեքին էլ հավասար սիրում եմ։ Երբ որ կնկաս ու երեխեքիս հետ եմ, էդ ժամանակ ուրիշ՝ զզվանքի մեկը չեմ։ Քառասունս լրացել է։ Մի հարևան ունենք, մի շուն շան որդի, աչքին փուշ էի դառել, հենց նա էլ ինձ բանակ քշեց։ Ուրեմն՝ իմանում է, որ մի քիչ փող եմ տնտեսել, գցում֊բռնում է, թե հինգ֊վեց տարի ընտանիքս լավ֊վատ յոլա կգնա ու մի երկու իր պես շուն շան որդիների գլուխը հավաքած, նստում, հետները խորհուրդ է անում, որոշում են ինձ բանակ ճամփել, էդպես հախիցս գալ։ Դնում֊վերցնում են, թե երկիրը կռվում է, բոլորը խառնվել են իրար, մարդիկ հարյուր հազարներով բանակ են գնում, ե՞ս ինչի մնամ։ Մեկը ստից փաստաբան է, մեկը՝ լոպպազ դատավոր, էն մեկն էլ՝ քոսոտ առևտրական, բայց արի ու տես, որ ղեկը սրանց ձեռին է, էդ շան տղերքի խոսն է անց կենում։ Մարդիկ դրանց կողմն են պահում, ոչ թե ինձ նմանի։ Բա՛, ոնց որ գողին գաղութ են քշում, էդպես էլ ինձ քշեցին բանակ։ Է, հա՛, թեկուզ մի երկու օրենք եմ խախտել, բայց կյանքումս ոչ մեկից մի սև փող էլ չեմ գողացել։ Պարտքերիս տակից միշտ դուրս եմ եկել։ Կնկանս հետ սեր եմ տվել, սեր առել, երեխեքիս մեծացրել։

― Մինչև բանակ գալդ ի՞նչ գործի ես եղել։

― Ամեն ինչի համն էլ մի քիչ տեսել եմ,― ասաց Լուն։― Սան Ֆրանցիսկոյի Փասիֆիք փողոցում մի պանդոկ ունեմ։ Հետևի սենյակում քիչ֊միչ թուղթ էին խաղում։ Մի քանի ծանոթ աղջկերք էլ կային, մեկ֊մեկ ուզում էին հեշտ փող աշխատել։

― Էդ ո՞նց էին հեշտ փող աշխատում։

― Դե, գլխի ես, էլի,― ասաց Լուն, ու ես գլխի ընկա։ Երևի զզվանքս պիտի գար նրա պես մարդուց, որ քայլում էր կողքիցս ու իր մասին չգիտես ինչեր պատմում․ սկզբում կնոջից ու ընտանիքից էր խոսում, հետո էլ անցավ կեղտոտ բաների։ Բայց վայ թե ես էլ մի բարի պտուղը չեմ, որովհետև Լուի նկատմամբ զզվանքով չլցվեցի։ Միգուցե նրանից էր, որ գիտեի՝ ստեր չի մոգոնում։ Միգուցե նրանից էր, որ ամեն ինչ ճիշտ֊ճիշտ ասում էր, ու էդքան ազնվություն ունեցող մարդը չէր կարող սիրտս չմտնել։ Էդ տեսակ բաները ես արած լինեի, ամոթից կմեռնեի մեկնումեկին ասել։ Երևի խաբեի կամ էլ թաքուն պահեի, բայց Լուն չէր խաբում, հենց ճիշտն էր ասում։ Ինձ թվում էր՝ եթե ամեն մարդ ճիշտն ասի, եթե ամեն մարդ էդպես շիփ֊շիտակ խոստովանի, թե ով է, ինչ է արել, աշխարհը շատ ավելի լավը կդառնա, ու երևի հենց դրա համար էլ Լուի նկատմամբ զզվանքով չլցվեցի։ Թեպետ հաստատ համոզված չեմ։ Միգուցե նրանից զզվանքս չեկավ, որովհետև ես էլ մի բարի պտուղ չեմ, հա՛։

― Դե, ի՞նչ ես ուզում անեմ,― ասի։

― Նախ ասա տեսնեմ, քեզ համար ի՞նչ անեմ։

― Է՜հ, լա՜վ, է։ Ոչ մի բան էլ չեմ ուզում անես, բայց եթե ձեռքիցս գա, քո ուզածը կանեմ, մենակ թե էնպես չլինի, որ դրա համար ինձ գնդակահարեն։ Երեխեքիդ անուններն ի՞նչ են։

― Մեծինն էլ է Լու։ Միջնեկս աղջիկ է, մորս անունն եմ դրել՝ Ռոզա։ Պուճուրս էլ երկու տարեկան է՝ Մայքլը, էդ էլ պապիս անունն է։

― Կնոջդ անո՞ւնն ինչ է։

― Մարթա։

― Ի՞նչ ես ուզում անեմ, Լու։

― Օրենքով, առավոտվա չորսին ես էլի պիտի գամ, էս պահակակետն ընդունեմ։

― Հա։

― Դե, էդ ժամին ոչ պահականոցում կլինեմ, ոչ էլ էստեղ։

― Բա որտե՞ղ։

― Ոտով֊գլխով կկորչեմ,― ասաց Լուն։― Մի երկու֊երեք օրից նոր ինձ կգտնեն։ Ես էլ իբր ոչ մի բան չեմ հիշում։ Էնպես որ կսկսեն հետաքրքրվել, թե վերջին անգամ ինձ ով է տեսել։ Դե, դուրս կգա, որ դու։ Սերժանտին տեղաշոր դնելիս՝ անընդհատ մտածում էի, թե մեկնումեկը ինձ կտեսնի, ուզած֊չուզած էս գործը կհետաձգեմ, բայց լավ էր՝ զարթուն մարդ չկար։ Բոլորը քնած էին։ Ոչ ոք չտեսավ։ Առ, սերժանտի ունեցվածքն է։ Ինչ կա չկա։ Քեզանից մենակ մի բան եմ ուզում․ որ առավոտը սրանք հետ տաս իրեն։ Թե հարցուփորձ անի՝ ոնց են մոտդ ընկել, ինչ, միտը կբերես, որ քաղաքից խմած գալիս է եղել, ձեն ես տվել՝ չի կանգնել, դու էլ քիչ է մնացել կրակես, բայց ժամանակին ճանաչել ես ու չես կրակել։ Ասա՝ ինչ արել ես, տուն չի գնացել, մինչև ունեցած֊չունեցածը ձեռից չվերցնես։ Դե, դու էլ վերցրել ես, պահել, հիմի էլ հետ ես տալիս։

― Ախր կհիշի, որ դու ես իրեն անկողին դրել։

― Թե հիշի էլ՝ աղոտ,― ասաց Լուն։― Ինձ էլ էդ է պետք։ Քիչ֊միչ՝ կհիշի, բայց չի ուզենա գործը ջրի երես հանել։

― Բա որ ասի՝ միտքս է՝ մեկն ինձ անկողին դրե՞ց։

― Է՛հ, խմած է եղել։ Աչքին է երևացել։ Ոչ մեկին էլ բան չի պատմի, բայց էդ զըրթուզիբիլը տալիս՝ կարող է քեզ մի կողմ քաշի ու հարցուփորձ անի։ Կասես՝ էդ բոլորը տվել է քեզ ու գնացել քնելու։

― Բա որ նայի երեսիս ու ոչ մի հարց էլ չտա՞։

― Ավելի լավ։ Կարող է ոչ մեկն էլ քեզ հարց չտա․ է՛, ավելի լավ։

― Խելքդ ի՞նչ է կտրում, էդ մտքիդ դրածը գլուխ կբերե՞ս, Լո՞ւ։

― Ուզեմ֊չուզեմ պիտի գլուխ բերեմ,― ասաց Լուն։― Կնիկս գիշեր֊ցերեկ արտասուք է թափում։ Ախպորիցս նամակ եմ ստացել, ինչ կա չկա՝ ճիշտը գրել է։ Կնիկս՝ չէ, սիրուն֊սիրուն նամակներ է գրում, իբր ամեն ինչ շատ լավ է․ ստեր է շարում ու առավոտ֊իրիկուն ինձ համար աղոթք անում։

― Աղո՞թք։

― Հա, բա ինչ,― ասաց Լուն։

― Բայց ո՞ւր ես գնալու։ Որտե՞ղ կլինես։

― Էն անտառը տեսնո՞ւմ ես։

― Հա։

― Հեչ գնացած կա՞ս։

― Հա։

― Դե ուրեմն իմացի,― ասաց Լուն,― էս մի քանի օրը անտառում կլինեմ։

― Բա ուտելիք ունե՞ս։

― Ուտելի՞քն ինչիս է։ Կնկա, ընտանիքի համար խելքը կորցրած մարդը հետը նախաճաշ չի ման ածում։

― Ուրեմն՝ իմ անելիքը մենակ էն է, որ Կակալակովիչի ունեացած֊չունեցածը իրեն տամ, հա՞։

― Մեկ էլ՝ որ հարցնեն, թե պահակակետը ինձանից ընդունե՞լ ես, ասա՝ հա, ընդունել եմ։ Դե, դա արդեն ճիշտ է։ Իսկ որ հարցնեն, թե ես բեռնատարը նստե՞լ եմ՝ պահականոց գնալու համար, ասես՝ չէ, չնստեց։ Էդ էլ է հո ճիշտ։ Կասեն՝ տեսե՞լ ես պահականոցի կողմը գնալիս։ Կասես՝ հա, տեսել եմ։ Մի քանի րոպեից կտեսնես՝ էդ կողմն եմ գնում, էնպես որ դա էլ է ճիշտ։

Լուն մի քիչ սպասեց, հետո թե՝

― Էդքան բանը ուզո՞ւմ ես անել։

― Թե ասեմ՝ ուզում եմ, սուտ կլինի, որովհետև չեմ ուզում։ Կյանքումս ոչ մի խարդախ գործի մեջ մատս խառը չի եղել։ Վայ թե որ ուզենամ էլ, չկարենամ իսկականից փչել։ Սուտը չեմ սիրում, ատելով ատում եմ։ Հենց մեկնումեկը մոտս սուտ է ասում, չգտեմ ինչի սիրտս խառնում է։

― Դե լավ, գնամ պահականոց,― ասաց Լուն։― Բեր էս բոլորը մոռանանք, կորչի։ Հասկանում եմ ինչ օրի ես։ Ճիշտ է, որպես կաթոլիկ ես բանի պետք չեմ, բայց էդքան էլ չէ, որ ազնիվ մարդու պատիվը չպահեմ։

― Խոսքս կիսատ մնաց,― ասի։― Ուզելը՝ չեմ ուզում, բայց կանեմ։ Ինչ ճիշտն է, էն էլ կասեմ․․․ դե որ գործը սուտ ասելուն հասնի․․․ Է՛հ, երևի սուտ էլ ասեմ։

― Հույս ունեմ, գործը սուտ ասելուն չի հասնի,― վրա բերեց Լուն։― Քո լավությունը ես չեմ մոռանա։

Դե, Լուն ճամփա ընկավ պահականոցի կողմը, ու ես նորից մնացի մենակ։ Կարծում էի ահագին ժամանակ է անցել, բայց ընդամենը մեկն անց քսանհինգ էր, դեռ երեսունհինգ րոպե էլ պիտի հետ ու առաջ անեի։

Գլուխ իններորդ

Վեսլին կանգնեցնում է գնդապետ Ռեմինգթոնին, սա էլ հայհոյում է դեմոկրատներին ու մրցում շան հետ, թե ով ավելի ուժեղ կհաչի

Հենց մնացի մենակ, սիրտս սկսեց նեղվել, որ Լուի հետ համաձայնության եմ եկել, բայց հաստատ գիտեի՝ ինչ էլ գլխիս գար, նրան չէի ծախի, ու դրանից սիրտս ավելի էր նեղվում։ Ուրեմն դուրս էր գալիս՝ սուտասանի մեկն եմ։ Չէ, մտածեցի, Լուի ասածով կշարժվեմ, հարցերին կպատասխանեմ, ճիշտն ու սուտը իրար կխառնեմ, հետո էլ, Լուն բանակից ազատվի թե չէ,― եթե իրոք ազատվի,― կգնամ, մեղա կգամ․ այ թե ինչ կանեմ։

Բայց ո՞նց էի անելու։ Թե մեղա գայի, կհարցնեին՝ էդ ո՞ր մեղքի համար, դե, ճարս կտրված՝ պիտի ասեի, որ Լու Մարիաչչիի մասին ստեր եմ փչել, տեղնուտեղը հետևից կգնային, նա էլ արդեն տանը՝ ընտանիքի կողքին էր լինելու, խայտառակ ձևով հետ կբերեին մեզ մոտ կամ էլ բանտ կգցեին։

Չէ, էլ երբեք ճիշտը չէի կարող ասել։ Մի անգամ որ սուտասանություն անեի, հետո ինչքան էլ ճիշտն ասեի, շատ մարդիկ կտուժեին։ Իմ երեսից Մարթա Մարիաչչին, նրա երկու տղաները՝ Լուն ու Մայքլը, աղջիկը՝ Ռոզան կտանջվեին։ Բա՜․ ա՛յ քեզ, ամբողջ կյանքումդ սուտասան կմնաս։

Է՛հ, սիրտս էնպես կուչ եկավ, որ աչքերս արցունքով լցվեցին, ա՜խ, երնեկ ծնված չլինեի։ Ի՞նչ միտք ունի ապրել, եթե սուտասան ես դառնալու։

Լացս դրի, հո արտասո՜ւք չեմ թափում, ոնց որ վեց֊յոթ տարեկանում ես հոնգուր֊հոնգուր լացում․ սուսիկ֊փուսիկ, թաքուն, մեկը չի լինում կողքիդ, թե մի բառ ասես։

Էսպես մղկտալիս հանկարծ ականջիս ընկավ, որ ճամփով մարդ է գալիս։ Էնքան նեղված էի, դառնացած՝ բոլորին ատում էի, մանավանդ էդ եկվորին, դեռ պիտի ձայն էլ տայի, կանգնեցնեի։ Արդեն ոչ ահ ունեի, ոչ բան, մեկ էր՝ ինչ կպատահի։ Մեկ էր՝ թեկուզ սպանեին, գոնե սուտ ասելուց կազատվեի, Լուն էլ կիմանար, որ իրեն չեմ ծախել։ Էնքան կատաղած բղավեցի՝ «կա՛նգ առ․ ո՞վ է գալիս», քիչ էր մնում էդ եկվորն ընկնի։ Տեղնուտեղը քար կտրեց, մնաց։

― Գնդապետ Ռեմինգթոնն է,― ասաց, ու աստված վկա, հենց ինքն էր, որ կար։ Սա էլ էր հարբած։ Է՛հ, շատ պե՞տք էր՝ գնդապե՜տն է, ով է, սիրտս նեղված էր։ Մի օր էդ նույն մարդը՝ փքված գոփակը, որ Կակալակովիչի կամ սովորական շարքայինի պես գնացել էր քաղաքում կատարը տաքացրել, գործի էր անցնելու՝ գլխիս անտանելի հարցաքննություն սարքեր ու ինձ լրիվ խայտառակ աներ․ էլ ո՞նց չնեղվեի։ Հրամայեցի, որ առաջ գա ու վկայականը ներկայացնի, սա սուսուփուս ենթարկվեց։ Հենց ամեն ինչ տեղը տեղին ստուգեցի պրծա ու գնդապետին բաց թողի, որ ճամփան շարունակի, սա աչքերը հառեց երեսիս, թե՝

― Շարքային Ջեքսոնն ես, չէ՞։

― Ճիշտ այդպես, սըր։

― Ապրե՛ս, ես հպարտանում եմ քեզնով,― ասաց։― Էսքան լավ ժամապահ, էն էլ մեր կայազորում, երբեք չեմ տեսել։ Առավոտյան կհայտնեմ ձեր վաշտի հրամանատարին։ Քանի դեռ քեզ նման տղերքն են մեր մեծ հայրենիքի դարպասները հսկում, ժողովուրդը կարող է չանհանգստանալ իր ապահովության համար։ Շարքային Ջեքսոն, մեր ազգի հաղթական փառքը ապրում է քեզ նման ջահելների անկոտրում, խիզախ սրտերում, ոչ թե այնպիսի մարդկանց նվաղկոտ, թույլ սրտերում, ինչպիսին․․․

Մտքովս անցավ, թե նա ճշմարտությունից երես չի թեքի ու կասի՝ «ինչպիսին ես եմ», բայց ասաց․

―․․․Ինչպիսին Բենեդիկտ Առնոլդն է։

Դե, չէի ստուգել, որ իմանամ՝ Բենեդեիկտ Առնոլդի սիրտը նվաղկոտ ու թույլ է, թե չէ, բայց իմն էդ գիշերվա կեսին հենց գնդապետի ասածի պես էր։

― Ճիշտ այդպես, սըր,― ասի։

― Ավելի՛ն,― ասաց գնդապետը,― մենք թշնամու դեմ այնքան կմարտնչենք, մինչև ծնկի բերենք նրան ու սրբենք ապականությունը երկրի․․․

Հանկարծ գնդապետը խոսքը կիսատ թողեց, չնայած ավարտելը դժվար չէր։ Քիչ էր մնում նրա տեղն ասեմ՝ «երկրի երեսից», մեկ էլ տեսնեմ՝ դեմքն էնպես ծռմռեց, ասես մի գարշելի բան է միտքն եկել ու սկսեց քթի տակ հայհոյել․ «Կեղտոտ, գեղցի քած․․․»։

Ես գլխի ընկա, որ գնդապետն էլ է Կակալակովիչի նման ազատ ժամին սեռական հարաբերություններ ունեցել ու շատ հնարավոր է՝ հենց նույն լրբի հետ, քանի որ Կակալակովիչն արդեն վաղուց էր եկել անցել։

Չէի ուզում անտաշի մեկը երևալ, բայց ինձ թվաց, որ նրա մեծ֊մեծ գովեստներն արդարացնելու համար պիտի դառնամ իմ պարտականություններին, դրա համար էլ ասի՝ «Բարի գիշեր, սըր» ու քայլելով հեռացա։

Այ մարդ, մեկ էլ էս գնդապետս գժվեց․ թե խմածն էր գլխին խփել, թե ինչ, սկսեց ճառել, ու հենց էն ճառն է ասում, որը պրեզիդենտն էր մի անգամ ռադիոյով արտասանել։ Ուրեմն՝ բառ առ բառ պրեզիդենտի խոսքերն է կրկնում, ձայնն էլ է փոխել, սարքել նրա պես, հո կաշվից դո՜ւրս չի գալիս, որ նրան նմանվի։ Դե, էդ ճառը ինձ լավ ծանոթ էր, շարքային տղերքից շատերն էին կրկնում։ Համարյա ամեն մի զինվոր պրեզիդենտի ասածները շուտ֊շուտ մեջ էր բերում, մանավանդ էն խոսքերը, թե ինքը գիտի պարտեազմն ինչ է, տեսել է ամերիկյան զինվորների դիակները, ատում է պատերազմը և հավատացնում ամերիկացի մայրերին ու հայերերին, որ անձամբ հոգ կտանի նրանց որդիներին այլևս երբեք կռիվ չուղարկելու մասին և այլն, և այլն։ Բանակի տղերքից ով որ լսել է էդ ճառը, մտքում է պահում ու մի գլուխ պրեզիդենտի տնազը անում կամ էլ ամենաքիչը նրա ասածներն ինքն իրեն կրկնում։ Ես էլ եմ քանի անգամ պրեզիդենտի խոսքերն ինձ ու ինձ կրկնել, բայց նրա վրա ջղայնությունս չի եկել, մենակ զարմացել եմ, թե էդ ոնց եղավ, որ երկրի ամենամեծ մարդու՝ բոլորի ընտրյալի ձեռքից, էլ բան չի գալիս․ ուրեմն ոչ ոք աշխարհում չի կարող կանգնենցնել պատերազմը, նույնիսկ Միացյալ Նահանգների պերզիդենտը՝ աշխարհի ամենամեծ, մամենահարուստ, ամենաառաջավոր ու ամենալավ ժողովրդի քաղաքական առաջնորդը։

Հակառակի պես՝ որտեղից որտեղ, շան քոթոթն էլ ծլեց՝ ականջը գնդապետին, զարմացած, թե էս ինչ գոռում֊գոչում է։ Ով գիտի որոշեց, որ անդուր աղմուկ է, դրա համար էլ սկսեց հաչել գնդապետի վրա։ Երևի բողոքում էր կամ էլ միգուցե հետը համաձայնում։ Ինչ որ էր, քոթոթը շատ մոտիկ չէր գալիս, անընդհատ դեսուդեն էր վազվզում, նորից հետ դառնում ու մի գլուխ հաչում։ Է՛հ, գնդապետ՝ դու գնդապետ, շան հաչոցը լսեց, լսեց, շուռ եկավ, սկսեց ինքն էլ նրա վրա հաչել։ Շունն ավելի գազազեց, մի ժխո՜ր բարձրացավ, ի՜նչ ժխոր՝ թող ու փախի։ Չէի էլ իմանում երկուսից որն էր ավելի ուժեղ հաչում՝ շունը, թե գնդապետը, բայց մեկը մյուսից պակաս չէր մնում։ Վերջը գնդապետը հաղթեց։ Շունը պոչը քաշեց գնաց ու էլ հետ չեկավ։

Դժվար հաղթանակից թև առած՝ գնդապետը ամբողջ կոկորդով բղավեց․

― Գրողի բաժի՜ն դառնան դեմոկրատները, ես հանրապետական եմ։

Է՛հ, կյանքումս չեմ կարեցել դեմոկրատին ու հանրապետականին իրարից տարբերել, ինչ էլ ասեր՝ ինձ համար մեկ էր։ Դե որ էդպես էր ասում, երևի ինքը հանրապետական էր, բայց հանրապետական լինելուց բացի, գնդապետ էլ էր՝ մեր կայազորի երկրորդ մարդը, ու իմ կարծիքով, լավ կաներ՝ դա մտքից չհաներ։ Միակ նրանից մեծը բրիգադի գեներալն էր, սա էլ մենակ իրարանցումների ժամանակ էր լույս աշխարհ ընկնում, երբ որ նոր շենքի բացում էր լինում կամ դրա պես մի բան։ Ասում էին Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան է ավարտել, վաթսունն անց մարդ է, բայց իր օրում կռվի երես չի տեսել ու չի էլ տեսնի՝ արդեն տարիքն առել է։ Ինչ մնում է գնդապետին, ինձ թվում էր չարժի, որ նա էդ ոգով շարունակի․ մի կողմից ոտքը պրեզիդնետի հետ մեկնի, մյուս կողմից էլ՝ խեղճուկրակ շան քոթոթի վրա հաչի։

Հիմա կանգնել եմ գնդապետից մի քսան քայլ հեռու, ականջ եմ դնում։ Էդ անտեր եղած պահակությանս ընթացքում գլխովս էնքան օյիններ անցան, որ շվարել էի, մտածեցի՝ չսպանե՞մ սրան, ու պրծավ գնաց․ այ տեսեք մարդու խելքին ինչ գժություններ են փչում, եթե բանակ է գալիս ու աշխարհում էլ պատերազմ է։ Ուրեմն որ ձեռքիս լցրած հրացան կար, իսկ գնդապետը բանակի մասին հենց իրենց ներշնչած բոլոր համոզմունքներս ցեխն էր կոխում հանում, խելքիս բրթեց նրան սպանել, կարծես թե մեկնումեկը դրանից պիտի շահեր։ Ես իմ մտքերից ապշած էի մնացել։

Որոշեցի մեղքիս տակից դուրս գալ, որ գլխումս էդքան այլանդակ մտքեր են պտտվում, ասի՝ մոտենամ գնդապետին, մի հնար գտնեմ էս մարդն իր պատիվը էլ գետնով չտա։ Ախր եթե մեկն անցնելիս լիներ, նրան էդ վիճակում տեսներ ու լսեր, թե ոնց է պրեզիդնետի տնազն անում, շան վրա հաչում ու դեմոկրատներին մրոտում, գնդապետի բանը պրծած էր, կամ էլ ով գիտի ուրիշ ինչ անախորժություններ դուրս գային։ Ուրեմն՝ մոտեցա, նրա առջ զգաստ կանգնեցի։ Սրա պետքն էլ չի․ իր համար մրոտում է դեմոկրատներին։ Է՛լ տասերեսանիներ է ասում, է՛լ աստառը շուռ տվածներ, է՛լ եպիսկոպոսական եկեղեցու շներ, է՛լ ֆաշիստներ․․․ Բայց որ մի կես րոպեի չափ զգաստ կանգնեցի, տեսնեմ՝ սուս արեց ու մաղած խելքը կարծես ուզենար գլուխը հավաքել։ Վերջը թե՝․

― Շարքային Ջեքսոն, դու մեր կայազորի ամենալավ զինվորն ես, առավոտյան կխոսեմ ձեր վաշտի հրամանատարի հետ։

― Ճիշտ այդպես, սըր,― ասի։

― Դո՞ւ ում հետ ես առավոտյան խոսելու իմ մասին։

― Ոչ մեկի, սըր։

― Իսկ ո՞ւմ ես առավոտյան գրելու իմ մասին։

― Ոչ մեկին, սըր։

Էս խոսքերիս վրա գնդապետը մի պահ միտք արեց։

― Լավ զինվոր ես, շարքային Ջեքսոն,― ասաց։― Բարի գիշեր։

Նրա քայլվածքից հասկացա, որ արդեն սթափվել է, իրեն հավաքել։ Մի երեք րոպե չանցած՝ սիրտս էլի սկսեց նեղվել․ ախր ինչո՞ւ Լու Մարիաչչիի հետ խոսքս մեկ արի։ Նորից լացս եկավ, որ քիչ հետո սուտասան եմ դառնալու։ Երկար ժամանակ էսպես լաց էի լինում, բայց հո մենակ սուտասան դառնալուս համար չէի՞ արտասուք թափում, էնքա՜ն բան կար, որ լաց լինեի․ խեղճ հայրիկը չգիտես ուր էր կորել․ էդ սիրուն գիշերը լավ մարդկանց տեղ Կակալակովիչի ու գնդապետի պես ծալապակաս այլանդակներ էին պատահում․ Լու Մարիաչչին խարդախությունների հետևից էր ընկել՝ ինչ է կարոտից մաշվող կնոջ մոտ վերադառնար։ Էն անտեր֊անտիրական քոթոթը ընկեր ու ապաստան գնտնելու փոխարեն հաճում, կլանչում էր գնդապետի վրա․ Ջո Ֆոքսհոլը կյանքի ու մարդկանց մասին ինչ ասես չգիտեր․ երկնքում հենց ինձ համար աստղ էր դուրս եկել․ էն մեքենայով մարդը սլանում էր տուն՝ կնոջ մոտ, ու մեկը չկար, որ նրա թևը բռներ, ասեր․ «Դու շատ ես երջանկություն տեսել, դե հիմա արի ինձ հետ»․ պրեզիդենտը մի անգամ ռադիոյով ճառ էր արտասանել, ու բոլորը նրա տնազն էին անում, ամեն ինչ նրա կարծածի պես չէր ստացվել․․․ Գրո՛ղը տանի, ինչի՞ համար է աշխարհը։ Մարդ ի՞նչ պիտի անի, որ հոգին փրկի։ Ե՞րբ, ե՞րբ պիտի էնքան ժամանակ ունենա, որ հանգստի ու սիրո համն առնի, հասնի գեղեցիկին ու ճշմարտությանը։ Ինձ նման անդուր կերպարանքով ծնված հիմարը ո՞նց անի, ե՞րբ ժամանակ գտնի, որ արժանավոր մարդ դառնա կյանքում։

Գլուխ տասներորդ

Վեսլին փրկվում է սուտ ասելուց ու մի ահավոր երազ տեսնում

Վերջապես բեռնատարը վրա հասավ, նոր ժամապահը իջավ մեքենայից, հերթափոխման բոլոր ապուշ ձևականություններն արեցինք պրծանք։ Նրան ման ածեցի տեղամասում, հետո բարձրացա թափք ու նստեցի մուխը դրած Ջո Ֆոքսհոլի կողքին։ Մի սիգարետ էլ ես կպցրի, ու բեռնատարը ճամփա ընկավ։

― Հը՛, ի՞նչ էիր անում,― ասաց Ջոն։

― Հեչ։

― Նայո՞ւմ էիր երկինք։

― Բա ոնց։

― Դուրդ գալի՞ս էր։

― Շատ։

― Մտքովդ բան֊ման չանցա՞վ։

― Հա, մի երկու բան։

― Օրինակ՝ ի՞նչ։

― Օրինակ՝ թե մարդ ինչքան անբախտ է։

― Ո՞նց եղավ, որ հենց դա մտքովդ անցավ։

― Չգիտեմ։ Անցավ, էլի։

― Մարդ կանգնեցրի՞ր։

― Մի երկու հոգու։ Իսկ դո՞ւ։

― Ոչ մեկին, փառք աստծու։

― Ինչո՞ւ՝ փառք աստծու։

― Ախր ես ինչացո՞ւ եմ, որ ասեմ՝ կանգ առ․ ո՞վ է գալիս։ Ե՛ս եմ գալիս, այ թե ով։ Ե՛ս․ ամեն անգամ էլ՝ ինձ ու քեզ պես մեկը։ Հոգնեցի՞ր սպասելուց։

― Մի քիչ։

― Քունդ տանո՞ւմ է։

― Դեռ չէ։

― Ես էլ դեռ չեմ պառկի։ Հին երգերից միտքդ բան չընկա՞վ։

― Ընկավ՝ «Վալենսիան»։

― Իսկ աղոթքների՞ց։

― «Հայր մեր»֊ը։

― Անցած֊գնացած օրերը չհիշեցի՞ր, հին ընկերներիդ։

― Ինձ հիշեցի՝ վեց֊յոթ տարեկանում, մեկ էլ հայրիկին։

― Ծիծաղդ ոչ մի բանի վրա չեկա՞վ։

― Քիչ ու միչ։

― Իսկ լա՞ցդ։

― Ի՞նչ։

― Լաց չեղա՞ր՝ մտքումդ կամ իսկականից։

― Մտքումս էլ, իսկականից էլ։

― Ինչի՞ համար։

― Ամեն ինչի։

― Ես էլ,― ասաց Ջոն։― Շուն չերևա՞ց՝ հետդ ընկերանա։

― Հա։ Քեզ հետ է՞լ է ընկերացել։

― Հա,― ասաց Ջոն։

― Ինչո՞ւ է շունն էդպես անում,― ասի։

― Այսի՞նքն,― ասաց Ջոն։

― Ինչո՞ւ է շունը մեկի հետ ընկերանում, իսկ մյուսի հետ՝ չէ։

― ԱՄենքի հետ էլ ընկերանում է։

― Բա ասում են՝ ումից կարգին մարդահոտ չի գալիս, հետը չի ընկերանում։

― Աշխարհի երեսին ոչ մի մարդ չկա, որ կարգին մարդահոտ չունենա։

― Է՜, կարող է էդ մարդահոտն է ու շան ճաշակին չի բռնում։

― Կարող է,― ասաց Ջոն,― բայց մարդու լավն ու վատը շան ճաշակով չի որոշվում, շան ճաշակը չափանիշ չի․ մարդահոտը մարդկային աշխարհի հոտն է։

― Հա երևի։

Հասանք պահականոց, սանդվիչով մի֊մի սուրճ խմեցինք, ահագին էլ երկար նստեցինք, մի կուշտ զրույց արինք։ Հետո փռվեցինք մահճակալներին ու քնեցինք։ Վեցի մոտերքը զարթնեցրին, նորից բեռնատարը դրին, ամենքիս մեր տեղամասը տարան, երկու ժամ էլ պահակ կանգնեցինք։

Համարյա ութն անց կես էր, որ հետ եկա վաշտ, հենց տեղնուտեղն էլ գնացի գրասենյակ, ասի՝ սերժանտ Կակալակովիչի ունեցած֊չունեցածն իրեն տամ։ Սա իր փոքրիկ սեղանի մոտ նստած՝ հիվանդների ցուցակն էր աչքի անցկացնում։ Տեսքին որ նայեիր, ինքն էլ էր հիվանդ երևում։ Հենց գլուխը բարձրացրեց, ինձ տեսավ, ոչ ժպտաց, ոչ բան։ Չորս կողմն ուրիշ մարդ չկար, էնպես որ եղած֊չեղածը գրպանիցս հանեցի ու տվի իրեն։ Աչքերն երեսիս գցեց, ուզում էր տեսնել ինչ գիտեմ, ինչ՝ չէ, երևի որոշեց, թե ամեն ինչ էլ գիտեմ, որովհետև ասաց․

― Շնորհակալ եմ, Վեսլի։

Էնքա՜ն հրճվեցի, որ սուտ ասելուց պրծա՝ աստծուն փառք էի տալիս, բայց հենց շուռ եկա գնամ, կամացուկ ասաց․

― Լու Մարիաչչիին տեսե՞լ ես։

Ահը սիրտս ընկավ․ ըհը՜, հիմա ճարս կտրված պիտի սկսեմ ստել ու մինչև կյանքիս վերջը մնամ ստին գերի։

― Ե՞րբ,― ասի։

― Էս առավոտ։

― Չէ, չեմ տեսել,― ասի, ու ասածս ճիշտ էր, բայց ստին շատ մոտիկ։

― Հետը խոսելու բան ունեմ,― ասաց սերժանտը։

Պահո՜, սկսվեց։ Էլ պրծնողը չեմ։ Մտածեցի, թե չհարցնե՞մ՝ ինչ խոսելիք ունի, բայց միտքս փոխեցի, վախեցա, որ հարցեր տամ, գործն ավելի շուտ սուտ ասելուն հասնի, իսկ ես ուզում էի դա ինչքան հնարավոր է, հետաձգել։

Մեկ էլ սերժանտը շատ իմիջիայլով թե՝

― Լուին տուն են ուղարկում։ Բանակից ազատվում է։

― Ի՞նչ։

― Երեսունութն անց է։ Մի երկու օր առաջ մինիստրությունից նոր հրաման է եկել։ Երեք֊չորս օրից Լուն տանը կլինի։ Էս ցուցակում անունը կա։ Թե տեսնես, իմաց արա, լա՞վ։

― Կանեմ,― ասի։

Ոնց որ աշխարհն ինձ տային, կյանքումս էնքան ուրախացած չկայի, ինչքան էդ առավոտ․ ախր պարզվում էր՝ Լուն էսպես, թե էնպես տուն է գնալու, ուրեմն ստիպված սուտասան չէի դառնալու։ Հնար լիներ ծտի թևով կթռչեի անտառ, բայց չէի ուզում վազեվազ գնալ, որովհետև տեսնողը կզարմանար, թե ինչու եմ էդպես վազում, դրա համար էլ հանգիստ էի քայլում՝ իբր ման եմ գալիս, էլի։ Ինչքան ասես ժամանակ ունեի, տրամադրությունս էլ գնալով բարձրանում էր։ Շատ չանցած՝ արդեն անտառի փեշին էի, քիչ հետո էլ հասել էի խորքը, իմ կարծիքով, Լուն հենց էդտեղ պիտի լիներ, էնպես որ սկսեցի «Վալենսիան» շվշվացնել։ Ուզում էի Լուն շվշվոցս լսի, իմանա, որ վատ բան չի պատահել, բայց երևի դեռ հեռու էի նրանից, ականջին ձայն֊ձուն չէր ընկնում, որովհետև դուրս չեկավ թաքնված տեղից, ինձ էլ թվում էր, թե վաղուց եմ անտառի խորքը հասել։ Ինչ որ էր, շարունակեցի գնալ, շվշվացնում էի ու սպասում Լուի երևալուն։

Շատ էի գնացել, թե քիչ, մեկ էլ սիրտս կասկած ընկավ։ Բա որ արդեն տուն գնացած լինի՞։ Բա որ բռնած լինեն ինքնագլուխ բացակայելու համար, ու ամբողջ գործը ձախողված լինի՞․ ախր Լուն ի՞նչ գիտի, թե իրեն բանակից ազատել են, դերասանություն կանի՝ իբր հիշողությունը կորցրել է, ինձ էլ հետը կգցեն կասկածանքի տակ, կկանչեն պատասխանատվության, ու վերջը էլի ճարս կտրված՝ սուտասան կդառնամ, չնայած առանց էդ էլ Լուն բանակից ազատվում է։

Սիրտս հո մի դող չբռնեց՝ շվշվոցս կտրեցի։ Դեսուդեն ընկած՝ Լուին եմ ման գալիս, լեղիս ցամաքել է։ Ինձ ու ինձ ասում եմ՝ ով գիտի իմ ու Լուի ճակատին էլ դա է գրած, որ անտեղի խայտառակ լինենք։ Է՛հ, մտածեցի, էսպես բան չի դուրս գա, բեր կանչեմ, միգուցե լսի։ Մի երկու անգամ կանչեցի, բայց իմ ձայնից ավելի վախեցա։

Նստեցի, ընկա մտածմունքի մեջ։ Վայ թե աչքս կպել էր, որովհետև մեկ էլ տեսնեմ՝ տանն եմ, հայրիկի հետ, նա էլ առաջվա պես իրեն լավ է զգում։ «Վալենսիան» է երգում ու ոչ մեկի վրա սիրտը դառնացած չի։ Երջանի՜կ֊երջանի՜կ է։ Ընթրիքի հոգսն է քաշում՝ էն ժամանակվա նման, երբ որ երկուսիս համար ուտելիք էր սարքում, ու ամեն ինչ լավ էր։ Հետո նստեցինք, ընթրում էինք ու խոսում։ Հանկարծ դուռը թակեցին, վախից քարացա։ Հայրիկը բացեց դուռը, շեմքից մեկն ասաց․

― Ես Վեսլի Ջեքսոնին եմ ուզում։

― Դու ո՞վ ես,― ասաց հայրիկը։

Մարդը թե՝

― Դու ինձ լավ գիտես։ Էլ չասեմ՝ ով եմ։

Էնքան սրտաճաք եղա՝ սկսեցի լաց լինել․ չէ, արթուն ժամանակ էդպես լաց ու կոծ չես անում, սա մի ահավոր բան էր, էն որ արցունքները հեղեղի պես թափվում են աչքերիցդ, աշխարհի երեսին ամեն ինչ ողողում, հեկեկոցներից խեղդվելով՝ ցնցվում ես ոտից գլուխ․ ախր ես գիտեի՝ էդ մարդը ով է ու չէի ուզում նար հետ գնալ։ Ոչ էլ հայրիկն էր ուզում, որ նա ինձ տանի, բայց ձեռքին ճար չկար, դրա համար էլ հենց շշի բերանից խմում էր։ Մարդն եկավ, կանգնեց կողքիս, բայց ես նրան չէի նայում։ Ուսս բռնեց, կամացուկ թափահարեց ու անունս տվեց, կարծես աշխարհում ամենամոտ ընկերս էր․ ոչ թե իմ իմացած մարդը։

― Վեսլի,― ասաց։

Էստեղ հանկարծ գլուխս մտավ որ կարող է երազ եմ տեսնում, ու ա՜յ քեզ հրաշք, սիրտս թեթևացավ։ Կամաց֊կամաց մանրմունր բաներ եկան միտքս, հասկացա, որ երազի մեջ եմ․ անտառը հիշեցի, գիշերը հարբած, իսկ առավոտն արդեն լուրջ Կակալակովիչին, վերջը հաստատ համոզվեցի, որ երազով եմ ընկել, քնած տեղս մի քիչ դեսուդեն շարժվեցի, ինձ լավ էի զգում, հետո աչքերս բացեցի, տեսնեմ՝ Լու Մարիաչչին ուսս բռնած՝ թափ է տալիս։

Գլուխս մի քանի անգամ տարուբերեցի ու ժպտացի Լուին, բայց նա երևի անհանգստությունից ոչ կենդանի էր, ոչ մեռած, որ ինքն էլ ժպտար։ Ոչ մի բառ չասաց։ Լուռումունջ սպասում էր։

― Քեզ բանակից ազատու են,― ասի։

Բայց նա էլի սուս մնաց։

― Եկա իմաց անեմ, էն էլ քեզ չգտա։ Էս քնով եմ ընկել, հա՞։

Սպասում էի, թե Լուն մի ձայն կհանի, բայց նա ոնց որ պապանձված լիներ, ես էլ վրա բերի․

― Կակալակովիչի ունեցած֊չունեցածն ասածիդ նման, իրեն հետ տվի, շնորհակալ եղավ։ Ոչ հարցուփորձ արեց, ոչ էլ, որ ստիպված ստեր շարեի։ Հետո թե՝ Լուին չե՞ս տեսել․ թուքս չորացավ։ Բայց որ քեզ խոսք էի տվել, խոսքիս տեր պիտի կանգնեի, մենակ թե ինձ ու ինձ հույսեր էի փայփայում, որ առանց փչոցների գործը յոլա տանեմ։ Հենց էդտեղ էլ սա թե՝ Լուին բանակից ազատում են, որովհետև երեսունութն անց է։ Ասում է՝ մի երկու օր առաջ նոր հրաման է դուրս եկել, շտաբից ցուցակ են ուղարկել, անունը մեջը կա։ Թե բա՝ որ տեսնես, իմաց արա։ Դե, ես էլ եկա իմաց անեմ։

Լուն հանկարծ ժպտաց։

― Վա՜յ, հոգուդ մեռնեմ, զույգ տղերքիս պես աչքիս լույսը դառար,― ասաց։― Դու աշխարհի ամենաոսկի մարդն ես։

― Ես էլ եմ շատ ուրախ, որ տուն ես գնում,― ասի։

― Պիտի մի բան անեմ, լավությանդ տակից դուրս գամ,― ասաց Լուն։― Մի բան չէ՝ հազար բան էլ կանեմ։

― Հրամանատարությունն է քեզ տուն ուղարկում,― ասի։― Ես մատս մատիս էլ չեմ տվել։

― Է՛, որ տեղը գար, հո ամեն ինչ էլ կանեիր,― վրա տվեց Լուն։― Դե, ես էլ քեզ համար ամեն ինչ կանեմ։ Դու մենակ ասա՝ ինչ։

― Միտքս բան չի գալիս, որ ասեմ, Լու։ Բայց մեկ է՝ շնորհակալ եմ։

― Լավ մտածի,― ասաց Լուն։― Գրպանիդ ծախսն ինձ վրա, ամեն շաբաթ քիչ֊քիչ փող կուղարկեմ։ Բայց էդ՝ հեչ։ Լավ մտածի։

― Փողն ինչի՞ս է, պետք չի։

― Չէ որ չէ, պիտի մի բան մտածես անեմ,― ասաց Լուն։― Ես կաթոլիկ եմ։ Համ գիտեի, որ սուտլիկ մարդկանցից չես, համ էլ խնդրեցի՝ իմ խաթեր փչես, դու էլ խոստացար, թե կանես որովհետև ուզում էիր տուն գնամ։ Ես պիտի քո սրտի տվածն անեմ, որ մեղքիս տակից դուրս գամ։ Իմն էդ է․ ինչքան մեղք եմ գործում, մի շտ մի բան եմ անում, որ տակից դուրս գամ։

Հենց էստեղ էլ հայրիկին հիշեցի։

― Միգուցե հորս կարենաս գտնել,― ասի։

― Կգտնեմ,― ասաց Լուն։― Պատմի նրա մասին։

Ինչ կար չկար, Լուին պատմեցի, նա թե՝

― Դարդ չանես։ Էնպե՜ս հորդ գտնեմ։ Ես նրա հոգսը կքաշեմ։ Հենց գտա, քեզ նամակ կգրեմ, կասեմ՝ ինքն էլ գրի։

Հետ եկանք վաշտ, Լուն գնաց գրասենյակ՝ սերժանտ Կակալակովիչի մոտ։ Երեք օրից Լուի հետ կայարանի ճամփան բռնեցի, որ նրան մնաս բարով ասեմ։ Դոմինիկն ու Վիկտոր Տոսկան էլ էին եկել։ Գնացինք նստելու ժամանակը վրա հասավ թե չէ, Լուի աչքերն արցունքոտվեցին։ Փաթաթվեց Դոմինիկին, իտալերեն ինչ֊որ բան ասաց, հետո Վիկտորին գրկեց ու ի նշան սիրո՝ երեսին թփթփացրեց։

Հետո էլ ինձ մոտեցավ։

― Դու հեչ դարդ չանես,― ասաց։― Էնպե՜ս հորդ գտնեմ։ Ամենից առաջ դրանով կզբաղվեմ։

Դե, Լու Մարիաչչին բարձացավ գնացք, իսկ մենք երեքով կայարանից ճամփա ընկանք բար։

Գլխիցս դուրս էնքան գարեջուր խմեցի, որ կյանքումս առաջին անգամ հարբեցի, Դոմինիկն ու Վիկտոր Տոսկան ինձ տաքսին գցած՝ հասցրին զորանոց, դրին անկողին։

Գլուխ տասնմեկերորդ

Հարի Քուքն ու Վեսլին մի չքնաղ աղջիկ են տեսնում

Երբ ես ու Հարի Քուքը թռանք Ալյասկա, ապրի էն լրագրողը՝ Ջիմ Քըրբին, գործներս լավ դասավորեց, խեղճ գնդապետ Ռեմինգթոնի գլուխը հո չյուղե՜ց (դե սրա ուշքն էլ գնում էր թերթ ընկնելու համար), հա, ուրեմն՝ որ երկուսով թռանք Ալյասկա, մեկմեկու երդում տվինք, թե մինչև պատերազմի վերջը իրարից չենք բաժանվելու, բայց մտքներովս չէր անցնում՝ այ մարդ, ախր բանակն էլ իր ծրագրերն ունի, ու Լու Մարիաչչիի գնալուց քիչ հետո, հենց հիմնական ուսուցումը պրծավ, բանից դուրս եկավ՝ Հարի Քուքին ուղարկում են Միսուրիի կայազորներից մեկը, ինձ էլ Նյու Յորք։

― Նյու Յորքի ո՞ր մասը,― հարցրեց Հարին։

― Կակալակովիչն ասաց՝ Նյու Յորք, հենց քաղաքի մեջ։ Ինչի՞, քեզ Միսուրիի ո՞ր մասն են ուղարկվում։

― Ջոփլինի մոտերքը։

Է՛հ, երկուսս էլ շատ ափսոսացինք, բայց դե ինչ անես, բանակ է, ծառայություն։ Դոմինիկ Տոսկային էլ էին Միսուրի ուղարկում, իսկ եղբորը՝ Վիկտորին՝ Նյու Յորք։ Ովքեր Նյու Յորք էին գնալու, իրենց ավելի բախտավոր էին զգում, քան թե Միսուրի կամ ուրիշ տեղ, ասենք՝ Լուիզիանա գնացողները․ մի քանիսին հենց Լուիզիանա էին ուղարկում։ Բոլորն էլ ափսոսում էին, որ պիտի գնան, բայց և անհամբերությամբ էին սպասում մեկնելուն։ Դե, պարզ է, թե Միսուրի գնացողները ինչու էին նախանձում Նյու Յորք գնացողներին․ երևի ամեն ամերիկացի էլ երազում է Նյու Յորք ընկնել։ Մեկը՝ ես, միշտ երազել եմ օրերից մի օր Նյու Յորքում հայտնվել, ու հենց ականջիս լուր հասավ, որ Նյու Յորք գնացողների ցուցակի մեջ եմ, շատ ուրախացա։ Բայց երբ լսեցի, որ Հարի Քուքը հետս չի գալիս, գնացի Կակալակովիչի մոտ, ասի՝ եթե Հարի Քուքը չի կարող հետս Նյու Յորք գալ, հնարավոր չի՞ ես Միսուրի գնամ։ Կակալակովիչն ասաց՝ բոլոր բանակայինները որակավորվում են, ըստ էդ որակավորման էլ նշանակում ստանում, իր ձեռքին բան չկա։

― Օրինակ՝ ինձ որպես ի՞նչ են որակավորել։

Կակալակովիչը հանեց իմ քարտն ու նայեց։

― Էստեղ ստույգ նշված չի,― ասաց։― Բայց դու Նյու Յորք ես գնում։ Երևի ինչ֊որ գրասենյակում կամ դրա պես մի տեղ նշանակեն՝ աշխատես, որովհետև մեքենագրել գիտես։ Էդ որտե՞ղ ես սովորել։

― Սան Ֆրանցիսկոյի տեխնիկական թեքումով դպրոցում։

― Ո՞նց եղավ որ։

― Սխալմամբ։ Ինչքան փորձեցի բացատրել, թե ես մեքենագրությունն ու սղագրությունը չեմ ընտրել, հաշվի չառան, դե ես էլ համ էն սովորեցի, համ էն․ չնայած տպելուց ավելի լավ եմ, քան սղագրելուց, բայց երկուսից էլ բարձր գնահատականներ ունեի։

― Գրասենյակում աշխատած կա՞ս։

― Մի անգամ՝ դպրոցական արձակուրդին, երկու շաբաթ Հարավ֊Խաղաղ օվկիանոսային երկաթուղթու գրասենյակում աշխատեցի։ Քարտիս մեջ գրած է։

― Այ, երևի հենց դրա համար էլ քեզ Նյու Յորք են ուղարկում,― ասաց Կակալակովիչը։

― Ախր ինչո՞ւ չեմ կարող Հարի Քուքի հետ Միսուրի գնալ։

― Որովհետև բանակում ես, ծառայության մեջ։

― Հարի Քուքն ի՞նչ պիտի անի Միսուրիում։

Կակալակովիչը հանեց Հարիի քարտն ու աչքի անցկացրեց։

― Գծապահ է լինելու,― ասաց։― Մտավոր զարգացման մակարդակը ահագին ցածր է։

― Իսկ ի՞մը։

― Ահագին բարձր է։

― Իսկ ձե՞րը։

Կակալակովիչը նայեց երեսիս, բայց բարկացած չէր։

― Իմը Հարիից էլ ցածր է,― ասաց։― Դրա համար էլ էս կորած֊մոլորած տեղը սերժանտ եմ։ Ձեր Բ վաշտը արդեն հինգերորդ հավաքն է, որ հետը պարապում եմ ու ճամփու դնում, բայց ես ոնց էստեղ եղել եմ, էնպես էլ մնում եմ։ Բախտավոր տղա ես՝ Նյու Յորք ես գնում։ Երնե՜կ չէր ես էլ գնայի։

Է՛հ, մտածում էինք, թե մի երկու օրից կճանապարհվենք, բայց գնալներս մինչև դեկտեմբեր ձգձգվեց դեկտեմբերի կեսին նոր իրոք գնացինք։ Ցրվելուց առաջ վաշտով նկարվեցինք, ու ամեն մեկը ստորագրում էր նկարների վրա, որ իրար չմոռանանք։ Ես ու Հարին խոսք տվինք մեկմեկու միշտ նամակ գրել, արձակման թուղթ էինք վերցնում, անընդհատ գնում քաղաք․ երկուսով ինչքան ասես ժամանակ անցկացրինք։ Ում բաց էին թողնում, իրեն գցում էր Սակրամենտո, իսկ ես ու Հարին գնում էինք Ռոզվիլ․ սա ավելի փոքր քաղաք էր, բայց ժամանակ անցկացնելու համար Սակրամենտոյից լավն էր, որովհետև քիչ զինվորներ էին լինում։

Մի իրիկուն մեր սիրած փոքրիկ բար֊ռեստորանում սեղան էինք նստել, մեկ էլ մի աղջիկ ներս մտավ, իսկը գեղեցկուհի, նրանից սիրուն աղջիկ կյանքումս չէի տեսել։ Էնքան չքնաղ էր՝ շունչս կտրվեց, ոնց որ օդը չհերիքեր, ձկան պես բերանս էի բացուխուփ անում։ Թե փորձեի հետը խոսել, հաստատ գիտեի՝ լեզուս կապ կընկներ։ Թուխ էր, երկար, փափուկ ու սև մազերը ուսերին թափած, գլխին՝ ալ ժապավեն։ Երևի իսպանուհի էր կամ իսպանացու և մեքսիկուհու խառնուրդ, բայց էնքան աննման էր՝ ամաչում էի երեսին նայել, որովհետև նրան տեսած֊չտեսած՝ արյունը եռ եկավ երակներիս մեջ։ Էնպես գլխիս խփեց, որ ուզում էի էդ աղջկա հետ մի տեղ մենակ մնամ ու շորերը վրայից պոկեմ։ Նա հենվել էր բարի կանգնակին, խմում էր,― էն էլ ի՞նչ․ մաքուր վիսկի,― ու շուտ֊շուտ շուռ էր գաիլս, նայում նստածներին։

Դե, ես ու Հարին Ալյասկայի մեր արկածներից էինք խոսում, միտքներս էինք բերել, թե ոնց էինք մեր քեֆին ուրախանում, ու ես ինչքան էի զարմացել էսկիմոս Դեն Քոլինզի վրա։ Չէինք ուզում իրար ցույց տալ, որ էդ աղջիկը մեզ տակնուվրա է արել, կաշվից դուրս էինք գալիս ինչ է՝ խոսակցությունն առաջ տանենք՝ իբր բան էլ չի պատահել։

― Հա՜, էն Ալ Քոլինզը,― ասաց Հարին։― Իսկի նման էլ չէր էսկիմոսի, չէ՞։

― Սև Դենի հե՞տ ես,― ասի։ Հետո գլխի ընկա․ Հարիի աչքը մնացել էր աղջկա ալ ժապավենի վրա, իմն էլ սև մազերի, գլխի ընկա, բայց ձայն չհանեցի։

― Վերջը, կարևոր չի՝ անունն ինչ էր,― ասաց Հարին։― Ռոզվիլում կարգին ուրախացանք, չէ՞։

Ես համարյա նկատելու չտվի, որ նա Ֆերբենքսի տեղ ասաց՝ Ռոզվիլ, դե, առանց էդ էլ գիտեի խոսքն ինչի մասին է, դրա համար էլ ուշադրություն չդարձրի։

Մտքովս երբեք չէր անցնի, թե ամեն տեսակ կարևոր բաները ինձ համար կդառնան անկարևոր, էնքան տարօրինակ էր, ուղղակի զարմանք։ Անընդհատ աղջկան էի նայում, շորերի տակ անընդհատ մերկ մարմինը տեսնում ու անընդհատ կարծես աչքերս շաղվեին։ Գետինը պատռվեր, մտնեի մեջը, մենակ մարդ չիմանար, թե հետս ինչ է կատարվում, բայց ինչքան ճգնում էի ինձ զսպել, էնքան ավելի էի ամոթից մեռնում, էնքան ավելի պարզ էր երևում, որ գլուխս կորցրել եմ․ երնեկ էն բախտավորին, ով էդ աղջկան կտեսներ ու չէր բռնկվի էդպես խելքահան եղած։ Էլ աչքիս բան չէր գալիս։ Ինձ էլ էի մոռացել։ Կորածհորս էլ էի մտքիսց գցել։ Փորձանքները գլխներից անպակաս, հազար ցավի տեր խեղճ ու հիվանդ մարդկանց էլ էի մոռացության տվել։ Բախտի ու անբախտության, կյանքի ու մահվան, աշխարհում ամեն, ամեն ինչի վրա թքած ունեի։ Մենակ իմ մոլի ցանկությամբ էի վառվում, ուշքս ու միտքս աղջկան մոտենալն էր, դա էլ իմաստ չուներ, անունն ի՞նչ դնեի։

Աղջիկը մի բաժակ էլ խմեց, իսկ ես ու Հարին խոսքի թելը բռնել, բայց չէինք թողնում, կարես ոչ մեկս էլ նրա գեղեցկությունից շանթահար չէինք եղել։ Գաղափար չունեի, թե ինչ ենք ասում, բայց գիետի, որ ինչից պետք է, դրանից չենք խոսում։ Երկուսիս ասածներից էլ բան չէի հասկանում, որովհետև երկուսս էլ ինչ֊որ խոսքեր էինք ասում, մենակ թե մեր զգացմունքներն իրարից թաքցնենք, լեզուներս չէր բռնում դրանից խոսենք, ու ես մտածեցի․ «Այ թե ինչ է մարդու գլխին գալիս, որ խելքը թռցնում է, բայց երևի սրա համար արժի խելքը թռցնել»։

Մեկ էլ էն հասկացա, որ աղջիկը նստել է մեր սեղանին ու հետներս խմում է։ Բա՛․ հետո էնքան զարմանալի մի բան կատարվեց, մնացի ապշած։ Հանկարծ Հարին աչքիս գրողը դարձավ՝ ինչ է կարող է աղջկա հետ էդպես հեշտ ու հանգիստ խոսել, իսկ ես չեմ կարող։ Նախանձս եկավ, որ տեսքն էլ տեղն է։ Ինձ ու ինձ որոշեցի, թե՝ լա՜վ, է՛, ի՜նչ աղջիկ, սովորական բոզի մեկն է, էլի, բայց դրանից սիրտս չթեթևացավ։ Հետո մտածեցի․ «Հարիի մտավոր զարգացման մակարդակը էնքա՜ն ցածր է»։ Քիչ հետո էլ մտքումս ասի․ «Անասուններն են էդ գործով զբաղվում», բայց գիտեի, որ անշնորհք տեսքս եմ փորձում արդարացնել։ Ինձ ու ինձ ասի․ «Ոչինչ, օրը կգա՝ բարին հետը, ոնց էլ լինի, կյանքում մի բանի կհասնեմ, իսկ Հարի Քուքից ի՞նչ պիտի դուրս գա․ ամենաշատը սիֆիլիս ընկած քոսոտ գծապահ»։ Բայց մտքումս ինչ էլ ասում էի, սիրտս չէր հանգստանում, աշխարհում ամեն ինչ կտայի, մենակ թե ես լինեի Հարիի տեղը, որովհետև երևում էր էդ աղջկան շատ է դուր եկել։ Մեկ էլ աղջիկը շրջվեց իմ կողմը, թե՝

― Քեզ ի՞նչ է եղել։ Երեսից նայողը կասի՝ մի զզվելի բան ես կուլ տվել։

«Թո՛ւ, անտեր մնա,― մտքումս ասի,― երնեկ չէ՞ր գետնի տակն անցնեի»։

Կյանքումս ինձ էդքան խղճուկ չէի զգացել։ Մտածեցի վեր կենամ, գնամ, բայց գիտեի, որ վեր կացա թե չէ, ինձ վազեվազ դուրս պիտի գցեմ, ինչ իմանաս, հանկարծ ու սոթ տայի, փռվեի, դե արի էդքանից հետո աշխարհում ինձանից մեծ էշի գլուխ գտի։ Կարծում էի Հարին կծիծաղի վրաս, որովհետև եթե ես նրա տեղը լինեի, նա էլ իմ, երևի ծիծաղեի կամ էլ ամենաքիչը ինձանից գոհ՝ քիթս տնկեի։ Բայց Հարին վրաս ծիծաղելու միտք չուներ։ Անընդհատ ժպտում էր աղջկան, իսկ հենց ինձ նայեց, լրջացավ։

― Ուզո՞ւմ ես գնանք,― ասաց։ Էնքան ցածր էր խոսում՝ հազիվ լսեցի։ Լեզուս կպել էր, չկարեցա մի բան պատասխանել, Հարին էլ վեր կացավ, թե՝

― Գնացինք։

Հո չէի՞ կատաղել վրաս, որ էդ տեսակ դդումի մեկն եմ։

― Չէ, հա՛, գրողը տանի,― ասի։― Դու մի արի։ Ես գնամ մի քիչ ման գամ քաղաքում։ Հետո կհանդիպենք։

Այ, արդեն ինձանից գոհ էի, էլ ոչ մեկին չէի ատում, էլ աղջկա տեսքից տակնուվրա չէի լինում, նայում էի նրան, ժպտում, ու իհարկե, նա էլ ինձ էր ժպտում։

― Միգուցե երկուսիդ էլ հետո հանդիպեմ,― ասի։

Դուրս եկա ռեստորանից։ Ոչ վազեվազ ինձ փողոց գցեցի, ոչ էլ սոթ տվի, փռվեցի։ Էլ չէի ուզում աղջկա շորերը վրայից պոկել, աչքիս ամեն ինչ նորից իր իմաստն ստացավ։ Կանգնել էի ռեստորանի առաջ, անցած֊դարձածը դնում էի վերցնում, հետո սկսեցի քայլել։ Փողոցի անկյունը չհասած՝ լսեցի, որ Հարին հետևիցս գոռում է․

― Հե՜յ, սպասի, Ջեքսոն։

Քիչ հետո հասավ ինձ, երկուսով քայլեցինք։ Նրան շատ ասելիք ունեի, բայց չգիետի ինչից սկսել։ Ախր ընկերդ է, ո՞նց ասես, թե փոշմանել ես, որ աչքիդ գրող է երևացել ինչ է՝ մտավոր զարգացման մակարդակը ցածր է, ինչ է՝ տեսքով տղա է, դու՝ չէ, ինչ է՝ ուզածդ կնոջը դուր կգա, դու՝ չէ, ինչ է՝ մի երկու էդ տեսակ դատարկ բաներ էլ են մտքովդ անցել։

Վերջը ասի․

― Սիրուն աղջիկ էր։ Ափսոս հետդ էի, գործդ փչացրի։

― Անպետք քած էր,― ասաց Հարին։ Բայց նրա ասելու ձևից հասկացա, որ կուզեր աղջկա մոտ հետ դառնալ, ասի․

― Գնա մոտը, Հարի։ Զորանոցում կհանդիպենք։

Պատասխանելու տեղ նա լապտերասյունը գրկեց ու սկսեց սիրտ թափել առվի մեջ։ Լրիվ հետ տալուց հետո թե՝

― Էն անտեր գինուց սիրտս խառնեց։ Արի կայազոր գնանք։

Մինչև կայազոր՝ վեց մղոնն էլ ոտքով գնացինք։ Սկզբում իրար հետ համարյա չէինք խոսում, բայց քիչ հետո Ալյասկայի արկածներն էլի միտքներս ընկան, հետո էլ սկսեցինք երգել ու մինչև մեր զորանոց հասնելը, երկուսիս տրամադրությունն էլ նորից բացվեց, խոսք տվինք, որ իրար նամակ կգրենք ու պատերազմի վերջնանալուն պես՝ Սան Ֆրանցիսկոյում մեկմեկու կգտնենք։


Գլուխ տասներկուերորդ

Վեսլին հիշում է ազատության վերջին օրերն ու ազատազրկման առաջին օրերը

Երբ Սան Ֆրանցիսկոյի Մարքիթ փողոցի 444 շենքում բժշկական քննություն էի անցնում․ մի ծեր, քաղաքացիական բժիշկ կար, ասաց․

― Ի՞նչ գանգատ ունես։

Մտածեցի․ «Միակ գանգատս էն է, որ կենդանի մարդ եմ, ու չգիտեմ էդ ցավիս ինչ դարման անեմ»։ Բայց դե հո էդպես չե՞ս ասի, դրա համար էլ վրա բերի՝ լավ եմ, գանգատ չունեմ։ Համ էլ նա շտապում էր, յոթ֊ութ հարյուր հոգու պիտի քններ, մլուլ տալու ժամանակ չկար։

Մինչև ուշքի կգայինք, արդեն քննությունը ծայրից ծայր անցել էինք ու մի մեծ սրահի պատերից մեկի տակ՝ նստարաններին, կողք֊կողքի շարվել։ Չգիտեմ ով էր, ինչացու էր, մի մեքսիկացու ազգանուն տվեց, սրան կարգադրեց, որ սրահի մյուս պատի տակ նստի։ Հետո էդ նույն մարդը իմ ազգանունն էլ կարդաց, կարգադրեց, որ ես էլ նրա կողքին նստեմ։ Մեկսիկացին թե՝

― Ես գիտեմ մեզ ինչի են մնցածից ջոկում։

― Ինչի՞,― ասի։

― Որովհետև բանտ ենք նստել։

Է՛հ, ինքը նստել էր, բայց ես հո չէի՞ նստել, հենց դրա համար էլ նրան բանակ չվերցրին։ Տուն ուղարկեցին, ինձ էլ ուղարկեցին էլի պատի տակ թթվելու։

Հետո՝ արդեն կեսօրին, քննությունն անցած բոլոր տղերքին սկսեցին հարցուփորձ անել, թե ով է ուզում միանգամից Մոնթերեյի հավաքական գնալ, ով՝ նախօրոք երկու շաբաթ արձակուրդ ստանալ։ Տղերքի մեծ մասն ուզում էին հենց տեղնուտեղը ճամփա ընկնել, որովհետև ականջի ծայրով լսել էին, թե ամենադժվարը առաջին չորս֊հինգ շաբաթներն են, ու ինչքան շուտ դրանք անցկացնես, էնքան լավ, բայց ես որոշեցի երկու շաբաթ արձակուրդ վերցնել, ուզում էի տեսնել՝ հայրիկին կգտնե՞մ, որ մնաս բարով ասեմ։ Հետո ուզում էի գոնե մի անգամ էլ ման գալ Սան Ֆրանցիսկոյում, ոնց որ պատերազմից առաջ էի միշտ քաղաքը պտտում։

Հիշում եմ՝ ինձանից առաջ, շարքում մի տղա էր կանգնած։ Հարցնում են՝ ի՞նչ է ուզում․ երկու շաբաթ արձակո՞ւրդ, թե ուղղակի՝ Մոնթերեյ, բայց սա չի հասկանում, հարցաքննող զինվորականն էլ ասաց․

― Ո՞ւր ես ուզում գնալ։

Տղան թե՝

― Օքլենդ։

Զինվորականը նրան էլ արձակուրդ գրեց, բայց էդ տղայի ուզածն ախր արձակուրդ չէր։ Նա տուն էր ուզւոմ գնալ, Օքլենդում էր ապրում։

― Արդեն կարելի՞ է տուն գնալ,― ասաց։

Զինվորականը, թե՝

― Ի՞նչ տուն։ Ուր որ է մայորը կերևա, եկավ թե չէ, երդում եք տալու։

Է՛հ, էս տղան բան չի հասկանում։ Պիտի մի կողմ քաշվեր, ճամփա տար, որ մյուսներն էլ զինվորականին հայտնեին, թե ինչ են ընտրել, բայց արձանի պես կանգնել էր մնացել։ Ասում է․

― Ես տուն եմ ուզում գնալ։

― Անցիր, անցիր,― ասաց զինվորականը։ Նա դեռ շատ անելիք ուներ, աշխատում էր ժամ առաջ գլուխն ազատել։

Տղան մնաց֊մնաց, թե՝

― Ես համոզմունքներով պատերազմին դեմ եմ։

― Քեզ հետ չե՞մ, անցիր,― ասաց զինվորականը։― Արդեն բանակում ես։

Տղան մի կողմ քաշվեց, ու բոլորն սկսեցին քթի տակ կամ էլ կողքինին ասել․

― Արդեն բանակում ես։

Երեք ժամ անցավ, մինչև մայորը եկավ։ Կատարը մի քիչ տաք էր, հոգնած էր երևում, ամեն ինչից զզված, բայց ռազմական օրենսրքից պահանջվող տեղերն ու մյուս դատարկաբանությունները կարդաց։ Հետո երդում տվինք ու արդեն բոլորս էլ հաստատ բանակում էինք։

Միտք ունի՞ ասեմ՝ իբր չէի զգում, թե թակարդն եմ ընկել, եթե սիրտս վկայում էր, որ հենց երկու ոտքով էլ թակարդն եմ ընկել, պրծել։ Ոնց որ գոմում փակված կենդանին է զգում, որ բանը բուրդ է, ու սիրտը վկայում է, թե իրեն սպանդանոց են քշելու, այ, էդպես էլ ես։

Բայց ինձ դեռ երկու շաբաթ էր հասնում, ու դրա համար էլ էի աստծուց շնորհակալ։ Ինչքան պանդոկ կար, որտեղ հայրիկը գնալ֊գալ ուներ, ոտնատակ տվի, ում ասես, որ հարցուփորձ չարի, բայց ոչ մեկը վերջերս չէր տեսել նրան ու չգիտեր, թե ուր կլինի։ Ամեն տեղ չափչփեցի, քաղաքով մեկ հորս ման եկա, մանավանդ անտուն մարդկանց սիրած տեղերում՝ թե՛ Երրորդ ու Հոուարդ փողոցներում, թե՛ էդ ամբողջ շրջակայքում։ Ինչքան ասես մարդ տեսա, որ կարող էին հայրս լինել, բայց իմ հորը չտեսա։

Օրերն ու գիշերները իրար հետևից անցնում էին, գնում, չէի իմանում ոնց անեմ, ինչ անեմ, որ ժամանակս իզուր չծախսեմ։ Հենց մի գիրք էի սկսում, որ միշտ ուզեցել էի կարդալ, քիչ հետո մտաբերում էի, թե ինչքան կարճ ժամանակ է մնում, տնից դուրս էի թռչում, ինձ գցում ծովափ, թափառում էի ջրի ափին, փայլուն, կոկլիկ քարեր փնտրում ու մայրամուտը նայում։ Երբեմն էլ հանկարծ մտքովս անցնում էր, որ մեկնումեկին պիտի մնաս բարով ասեմ, բայց հետո հիշում էի․ ախր մարդ չեմ ճանաչում։ Հուսահատվում էի ու մտածում, թե պիտի մի աղջիկ գտնեմ, գոնե նրան մնաս բարով ասեմ։ Թողում էի ծովափը կամ գրադարանը, նստում տրամվայ ու գնում ուր աչքս կտրի, աղջիկ էի ման գալիս, որ սիրտս մտնի, ասեմ մնաս բարով։ Մի քանիսը հանդիպեցին, մեկնումեկին հաստատ սերս կկպչեր, բայց հենց հասնում էր ծանոթանալու րոպեն, չէի համարձակվում մոտենալ։

Վերջը մի աղջիկ միտքս ընկավ, մեր տեխնիկական թեքումով դպրոցից էր, իրար հետ էինք սովորել։ Մի ամբողջ տարի սիրահարված էի նրան, երնե՜կ էն ժամանակ։ Որոշեցի հենց նրան էլ գտնել։ 1942 թվի հոկտեմբերի սկիզբն էր։ Պարզ, հոյակապ եղանակ էր, իրիկուններն էլ օվկիանոսի կողմից զով մշուշ էր գալիս, փռվում։ Արևն արդեն մայր էր մտնում, որ նարնց տունը գտա, բայց երբ մոտեցա դռանը, մտածեցի, թե կա֊չկա խելքս թռցրել եմ։ Ախր չէի էլ իմանում՝ էդ աղջիկն ինձ իսկի մարդատե՞ղ է դրել, ով գիտի երբեք էլ հաշվ չէր առել, իսկ ես որտեղից որտեղ ծլում եմ նրա առաջ, թե՝ ի՞նչ կլինի քեզ սիրեմ, որ հետո մեկնումեկին ունենամ՝ մնաս բարով ասեմ։ Բայց դե զանգի կոճակը սեղմեցի, ու դուռն ո՞վ բացի․ հենց էդ աղջիկը՝ Բեթի Բըրնեթը՝ առաջվանից էլ ավելի սիրուն, առաջվանից էլ քիթն ավելի ցցած։ Դե, ինչ խոսք, շտապում էր, ժամանակ չուներ․ սիրուն աղջիկները միշտ էլ ժամանակ չունեն, եթե դիմացինն իրենց հավանածը չի։

― Ինձ չե՞ք հիշում,― ասի։― Վեսլի Ջեքսոնն եմ, տեխնիկա․․․

― Ցավոք, չեմ հիշում,― ասաց։ ― Ոչ էլ ժամանակ ունեմ, սարսափելի շտապում եմ։

Նա դուռը փակեց ու վերջ։ Ես էլ գնացի ծովափ։

Չէ, ինձ չէի խղճում, մտքովս չէր էլ անցնում, ուղղակի ջղայնությունս բռնեց, որ խառնվել եմ, ձեռուոտ ընկել ինչ է՝ սիրած աղջիկ չունեմ՝ մնաս բարով ասեմ։ Իսկ երբ ինքս ինձ վրա կատաղում եմ, ավելի լավն եմ, քան թե հանգիստ սրտով հույսեր փայփայելիս, երբ բոլորովին վրաս կատաղած չեմ։

Հետո էլ, ուրեմն, որոշեցի մայրիկին նամակ գրել։ Մի քանի անգամ նստեցի, որ գրեմ, էն էլ ամաչեցի, նամակս գլուխ չեկավ․ ախր ինչ ինձ ու հայրիկին թողել էր գնացել, էդ օրվանից նրան ոչ մի տող չէի գրել։ Իսկ հիմա, հենց ինձ տանում են բանակ, հանկարծ նրան միտքս եմ գցում, նստում նամակ գրում։ Մտածեցի՝ չարժի, անշնորհք բան է ստացվում, ու չգրեցի։ Ես միշտ էլ սիրել եմ մայրիկին, հայրիկին էլ նույնը։ «Մորիցդ լավ կին չկա,― ասում էր հայրիկը։― Հազար ափսոս, որ ինձ նման մարդու հետ ամուսնացավ։ Հազար ափսոս, որ ձեր հայրը ե՛ս դարձա»։ Ա՛յ քեզ անմտություն, գրողը տանի։

Մի առավոտ էլ վեր կացա՝ արձակուրդս արդեն լրիվ անցել էր։ Իմ ու հայրիկի տանտիրուհուն ասի մնաք բարով, բայց նրա գլուխը խառն էր, կենվորներից մեկը վարձը չէր տվել, սա էլ էդ վարձը պոկելու հոգսով էր ընկած, շատ անհանգիստ էր, որ իրեն վեց դոլար է պարտք ու ոչ ասաց՝ քեզ լավ կնայես, ոչ էլ գոնե դրա պես մի բան։ Հայրիկի ունեցած֊չունեցածն արկղի մեջ էի դրել, համաձայնեց, որ նկուղում պահի, մինչև հայրիկը երևա, կամ էլ ես կռվից հետ գամ, ուղղակի էդքան։

Տրամվայով գնացի Երրորդ ու Մարքիթ փողոցների անկյունը, խաչմերուկում տրամվայս փոխեցի ու հասսա Հարավ֊Խաղաղ օվկիանոսյան կայարան։ Արդեն ահագին մարդ էր հավաքվել ու դեռ մի գլուխ գալիս էին ու գալիս։ Քիչ հետո լցվեցինք վագոնները, բայց գնացքը չէր շարժվում։ անհամբերությունից ինձ ուտում էի, զարմանում, թե ինչու չենք շարժվում։ Դեռ չգիտեի, որ բանակում անընդհատ էս է․ տղերքի ասածի պես՝ հա վռազի ու սպասի։ Էնքան թթվեցինք վագոններում, որ էդ արանքում ինանքթիռով Ալյասկայի ճամփի կեսն անցած կլինեինք, մինչև գնացքը նոր֊նոր տեղից շարժվեց։ Հազար ու մի բան հիշեցի, որ պիտի արած լինեի, բայց արձակուրդիս երկու շաբաթվա ընթացքում էդպես էլ չէի արել, վերջը տեսնեմ՝ ճամփա ընկանք, գնացքը շարժվեց։

Դե, կառամատյույցին ինչքան ասես ժողովուրդ կար, բոլորն էլ ձեռքերն էին թափահարում։ Հանկարծ ականջիս մի ճայթոց հասավ, գնացի իմանամ՝ ինչ է պատահել։ Մի մարդ գնացքի պատուհանը բռունցքով ջարդել էր։ Արյունը չռում էր դաստակից, ու մեկը չկար, ասեր, թե ինչ պիտի արվի։ Չգիտեմ ով էր, պիջակը հանեց գցեց, հետո վերնաշապիկն էլ հանեց ու դրանով նրա ձեռքը փաթաթեց։ Բոլորը խառնվել էին իրար ու մի տեսակ գլուխները կորցրել։ Գնացքը կանգ առավ, պարզվեց՝ դեռ կայարանից դուրս էլ չենք եկել։ Հարցուփորձ արի, թե բանը ոնց է պատահել ու այ թե ինչ իմացա։

Էդ մարդն էլ էր քիչ խմած եղել, նրան ճանապարհող կինն էլ։ Պատուհանի մոտ կանգնած՝ կնոջն է նայելիս եղել։ Հանկարծ կինը սկսել է լաց լինել, սա բղավել է վրան, թե՝ լացդ կտրի՛։ Բայց կինը չի զսպել իրեն։ Դե, էս մարդն էլ ջղայնացել է ու մի քանի անգամ էլ բղավել, էն էլ ինչքան բղավել է, թե՝ լացդ կտրի, կնոջ լացն ավելի է եկել։ Մարդն էլ հերսոտած բռունցք է արել, դմբուզը թափ տվել, թե՝ չեմ ուզում, էլի՛, չեմ ուզում լաց լինես։ Գնացքը որ շարվժել է, սա դմբուզը թափ տալիս է եղել, ձեռքն ամբողջ ուժով վրա է բերել ու ա՛ռ հա կտաս՝ բռունցքով ապակուն խփել։ Մինչև խելքը գլխին մեկը վրա կհասներ, էս մարդը էնքան արյուն կորցրեց, տեսնենք՝ ուշքը գնաց, բանը բանից անցավ։ Մի քառասունհինգ րոպե կայարանում կանգնած մանցինք, վերջը շտապ օգնությունը եկավ, մարդուն դրին մեքենան, տարան։

Մոնթերեյի հավաքակայարանի մասին քիչ պատմելիք ունեմ, չհաշված, որ սիրտս անընդհատ զզվանքից խառնում էր, ախր էդպես ապրել կլինե՞ր, էդ նիստուկաիցն չէի սովորում ու չէ․ ոչխարի հոտի պես մեկ բժշկական քննության էին քշում, մեկ ստուգումների, մեկ պատվաստումների, մեկ հագուստ֊կապուստ ստանալու, էլ չեմ ասում, որ հա հերթ պիտի կանգնեիր ինչ է՝ հաց ուտես, գլուխդ խուզես, զուգարանում նստես կամ էլ լողանաս։ Մարդուն դրել էին անասունի տեղ։ Յոթ օր՝ յոթ գիշեր, ինչքան որ էնտեղ էի, սիրտս խառնում էր։

Էդ յոթ օրում ինչ տեսած չէի՝ տեսա․ հազար ու մի զարմանալիք։ Մի տղա կար, աչքն ապակուց էր, իրիկունը ուշ՝ քնելուց առաջ, էդ աչքը հանում էր, առողջ աչքով նայում, լվանում էր ու ինքն իրեն ասում․ «Ամեն ինչ աջ ձեռքով եմ անում, ձախլիկ չեմ, բայց աջ աչքս դնովի է․․․ ես բանակում ինչի՞ եմ պետք, գրո՛ղը տանի»։ Լսում էի՝ տղերքը ոնց են գիշերները ճչում, տեսնում էի՝ ոնց են ամբողջ օրը տեղները նստած կամ պառկած գժվում։ Բայց ուրախ֊զվարթ հանաքչիներ էլ էին պատահում, մանավանդ Սնատա Կլարայից եկած իտալացիների ու պորտուգալացիների մեջ։

Նշանավոր մեկն էլ կար հետներս։ Նինոյում նկարահանվել էր, տղերքից քանի հոգի նրան անաչեցին, ես՝ չէ։ Ուրեմն՝ սա բոլորից շատ էր բանակն ատում։ Ինչքան ասես փող ուներ, սևամորթների ու ֆիլիպինցիների հետ անվերջ զառ էր գցում, երկու֊երեք օյին խաղ աներ թե չէ, խաղչեքը բարձրացնում էր։ Տաներ, տարվեր՝ հեչ պետք չէր, երեվում էր փողի համար չի խաղում, ուղղակի ուզում է մի ձևով ցրվել, մոռանալ, որ բանակում է։ Նա շատերիցս ահագին մեծ էր՝ մոտ երեսունհինգ տարեկան ու խոսքի մեջ շուտ֊շուտ կինոաշխարհի էս կամ էն ջոջի անունը տալիս, հետևից ավելացնում էր՝ «էդ խաբեբա, կեղտոտ շան որդին»։

Էս նույն բառերը մի երեսուն֊քառասուն տարբեր պետերի ու ղեկավարների մասին բերնից լսել էի։ Ինքն էլ գլխավոր հերոսների դերակատար չէր, բնորոշ կերպարներ խաղացող դերասան էր, էնպես որ սովորական տեսք ուներ, ոչ մի բանով մեզանից չէր տարբերվում։ Եթե չասեին՝ կինոդերասան է, կյանքում գլխի չէիր ընկնի։ Ուրեմն՝ հենց հրամայեցին, որ գլուխը մաքուր խուզի,― դե, կանոնադրությունն էդպես էր պահանջում,― սրան բոլորվին դուր չեկավ, սկսեց հոլիվուդյան դեմքերի մի նոր խմբի նախշել։ Կինոարտադրողներից բռնեց, քիչ հետո անցավ գլխավոր դերակատարներին, հետո արդեն՝ երկրորդական դերասաններին, հետո էլ վրա պրծավ ռեժիսորներին, վերջում էլ, երբ որ գլուխը կնդելու հերթն իրեն հասավ, դերասանուհիներից կպավ, բայց սրանց էլ էր «շան որդի» ասում։ Ինչքան տեսքով կին էր ճանաչում, ում հետ որ ժամանակին նկարահանվել էր, բոլորին մեկ֊մեկ միտքը բերեց, հերթով նախշեց։ Մի չինացի կար, վարսավիր էր վարձվել, էնպես ստացվեց, որ հենց սա պիտի դերասանի գլուխը կնդեր։ Է՛հ, վարսավիրները բոլորն էլ վատն էին, մեկը մյուսից անշնորհք, Սան Ֆրանցիսկոյի ընտիր վարսավիրների եղունգն էլ չարժեին, բայց էդ չինացին իսկի՛ բանի պետք չէր։ Հենց դերասանը վեր կացավ աթոռից ու տեսավ, թե չինացին գլխին ինչ օյին է դրել, էնքան գազազեց, որ էլ չգիտեր Հոլիվուդում ում ցեխը կոխի, սկսեց կինոյում նկարահանվող կենդանիներին անպատվել՝ շներին ու ձիերին։

Սանտակլարացի տղերքից մի վեց հոգու օրական հիսուն սենթ էր տալիս ինչ է՝ իրեն տեսնելիս անպայման պատվի առնեն, էս տղերքն էլ շատ գոհ ու երջանիկ, ամեն պատահելիս՝ ատվի էին առնում, բայց պայմանի մեջ էն էլ էր մտնում, որ դերասանը սրանց չպիտի պատասխաներ։


― Սպաներին որ պատիվ ես տալիս, պարտավոր են իրենք էլ քեզ տալ,― բացատրում էր նա։― Իսկ ես օրական հիսուն սենթի դիմաց սրտիս ուզածի չափ պատիվ եմ ստանում ու մատս էլ չեմ շարժում․․․ Ա՜յ էդպես, շան որդիք։

Էդ յոթ օր յոթ գիշերը ամենաերկարն էին իմ կյանքում։ Իսկական մղձավանջ։ Ուրախությանս չափ չկար, երբ մեզ խմբովին նստեցրին մի հին, խարխուլ ավտոբուս ու տարան Սակրամենտոյին մերձակա կայազորը։ Հենց ավտոբուսը Սան ֆրանցիսկոյին մոտեցավ, մտածեցի, թե սիրտս փուլ կգա, բայց իմ բախտից՝ ուրիշ չամփով գնացինք հյուսիս՝ Հեյուորդի ու Օքլենդի միջով, Սան Ֆրանցիսկոն էլ չտեսանք։ Ես ու Հարի Քուքը որ Ալյասկա էինք թռչում, Սան ֆրանցիսկոյի քաղաքային օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք կատարեց, մի քանի րոպեով դուրս եկանք, չնայած քաղաքն էդպես էլ չտեսանք, մենակ հեռվից հեռու լույսերն էին երևում։ Բայց որ մոտերքում էինք, երկուսիս սիրտն էլ բացվեց․ ախր Սան ֆրանցիսկոն մեր տունն էր։

Մոնթերեյում ժամանակիս մեծ մասը Հենրի Ռոուդսի հետ էի անցկացնում, իսկ հետո նա գնաց իր ճանապարհով, ես՝ իմ։ Եթե Հենրին տողերս կարդա, հուսով եմ՝ կհիշի ինձ, հուսով եմ՝ նա լավ է, ողջ֊առողջ։ Հուսով եմ՝ բանակից ազատվել է, հետ դարձել Սան ֆրանցիսկո, Մոնթգոմերի փողոց ու անցել հին գործին։ Հուսով եմ՝ ում էլ տարել են բանակ, հիմա ողջ֊առողջ է, ազատվել է, հետ եկել տուն ու իրեն լավ է զգում։ Ես նկատի ունեմ թե՛ ռուսներին, թե՛ գերմանացիներին, մի խոսքով, աշխարհի բոլոր ազգությունների մարդկանց։ Զինվորականներն ու քաղաքագետները սիրում են մեռյալներին քաջեր, հերոսներ ու չգիտես ինչեր անվանել։ Երևի ես չեմ հասկանում ինչ ասել է՝ «մեռյալ», որովհետև իմ պատկերացմամբ, միակ մեռյալը մահացած մեռյալն է, ու նրան ուրիշ անուն տալն արդեն նշանակում է չափն անցնել։ Ողջ քաջերն էլի հասկանալի են։ Սա քիչ թե շատ հասկանում եմ, բայց դե նրանք էլ տխուր ժողովուրդ են։

Գլուխ տասներեքերորդ

Բ Վաշտը հրաժեշտի խնջույք է կազմակերպում, ու Դոմինիկ Տոսկան մնաս բարով է ասում իր եղբայր Վիկտորին

Հենց իմացանք, թե որ մեկիս ուր են տանելու, մեր կայազորի մթնոլորտը մռայլվեց, ախր մեզանից շատերն ընկերացել էին, իսկ հիմա պիտի իրարից բաժանվեին։ Քանի֊քանի թանկ բաներից արդեն բաժանվել էինք, հիմա էլ պիտի բանակի ընկերներից բաժանվեինք։ Սերժանտ Կակալակովիչը հասկանում էր մեր ապրումները, որովհետև մի իրիկուն ասաց․

― Տղերք, եթե ուզում եք ցրվելուց առաջ քեֆ կազմակերպել, շատ լավ, կազմակերպեք, բայց շուտ արեք, շուտ, մեկ էլ տեսաք՝ աչքներդ չճպած, մի քանիսիդ տարան։

Տեղնուտեղը որոշեցինք փող հավաքել, ինչքան ասես գարեջուր առնել ու հենց եկող իրիկուն էլ քեֆ սարքել։

Քեֆի ժամանակ Դոմինիկ Տոսկան մոտեցավ ինձ, թե՝

― Իմ տեղը աչքդ ախպորս վրա կպահես, հա՞։

― Բա ոնց,― ասի։

― Լու Մարիաչչիին շատ ես դուր եկել, դե որ Լուն հավանել է, ես էլ եմ հավանում, քեզ տեսնեմ, իմ տեղը աչքդ Վիկտորի վրա պահի, ախպերս է ախր։ Գնամ էս րոպեիս բերեմ։

Դոմինիկը գնաց, եղբորը բերեց, սրան ասում է․

― Այ, էս՝ դու, էս էլ՝ քո Նյու Յորքի ընկերը․ լավ իմացի։

Նա փաթաթվեց մեզ ու երկուսիս էլ գրկում պինդ սեղմեց։ Ես ու Վիկտորը ծիծաղեցինք, որովհետև առանց էդ էլ միշտ ընկերություն էինք արել։

― Երեխեք,― ասաց Դոմինիկը,― թե Ֆրիսկոյում էինք եղել, իսկի չէի թողնի, որ կողքիս էլ կանգնեք։ Բայց հիմա էս կառավարությունը կպել է ձեզ, թե՝ կռիվը պիտի տանեք։

Նա մեզ մի կողմ հրեց, գնաց, մի շիշ գարեջուր էլ վերցրեց ու քաշեց գլխին։ Հետո էլի եկավ, մատը թափ տվեց Վիկտորի վրա ու բղավեց․

― Է՜յ դո՛ւ։ Ուշքդ վրեդ կպահես, եղա՞վ։ Զգույշ կաց։ Մի վախենա։ Մամային նամակ կգրես։ Աղոթելդ էլ չմոռանաս։ Խոստովանության կգնաս, հասկացա՞ր։ Է՜, դե լավ էլի՛, Դոմինիկ,― ասաց Վիկտորը։

― Ինչ ասում եմ՝ լսի,― վրա բերեց Դոմինիկը։― Շնորհքով տղա եղի։ Նյու Յորքը մեծ քաղաք է, դու էլ էնքան սիրուն մռութ ունես որ․․․ Զգույշ կաց։ Ընկերոջդ բաց չթողնես։ Լսի, Վեսլի, էլ ով գիտի երբ իրար տեսնենք։ Նյու Յորքում ախպորս տիրություն կանես։ Թե բան֊ման պատահի, ինձ իմաց կտաս։

Հետո նա նորից դարձավ Վիկտորին։

― Դե լավ,― ասաց։― Մնաս բարով, ճստո։ Բայց մի հատ երգի՝ նոր։

― Ո՞րը երգեմ։

― Դու գիտես՝ որը։ Ախպորդ համար մի հատ էլ երգի։

Էս Վիկտորս էլ սկսեց իր երգը․ «Ինձ ասում են՝ սիրունիկ․․․»։ Դոմինիկը լսեց, լսեց, աչքերում արցունքներ երևացին, թե՝

― Մաման է քեզ սիրունիկ ասում։

Սիրտը հո չէ՜ր լցվել, ամեն ինչից դժգոհ՝ ձեռքը թափ տվեց ու գնաց էլի գարեջուր խմելու։

Հետո Կակալակովիչը մոտեցավ, որ լսի։

― Հետը երգի, էլի,― ասաց ինձ։― Լավ երգ է, ինչի՞ չես հետը երգում։ Թե՞ երգել չգիտես, հը՛։

Մի քիչ կոնծած էի, սկսեցի Վիկտորին ձայնակցել։ Շատ չանցած՝ Կակալակովիչը Դոմինիկի օգնությամբ ինչքան տղա կար, գլխներիս հավաքեց, ու քիչ հետո համարյա ամբողջ Բ վաշտը Վիկտորի հետ երգում էր։ Բայց քանի հոգի էլ որ երգեին, մեկ է՝ դա Վիկտորի երգն էր ու ամենքից լավ ինքն էր երգում։ Էդ երգը հենց Վիկտորի համար էր ստեղծված, ու նա միշտ միևնույն ձևով էր երգում․ պարզ ու անկեղծ, իսկ մնացածներին ուղղակի զվարճանում էին, ծիծաղում երգի ու իրենց երգելու վրա։

Դե, հետո էլ Նիք Քալին իր երգը երգեց․ «Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն․․․» ու բոլորս նրան էլ ձայնակցեցինք։

Քեֆը լավ անցավ, որովհետև սպաները ներկա չէին, մենք ու մերոնք էինք։ Բոլորն էլ խմած էին ու երդում էին ուտում, որ իրար չեն մոռանա։ Հարի Քուքը մոտեցավ ինձ, ասում է․

― Պատերազմից հետո Սան Ֆրանցիսկոյում անպայման կհանդիպենք, տես, հա՜, չմոռանաս։ Նամակ կգրես, ականջի հետև չգցես։

Երկու օր անց Հարի Քուքը, Դոմինիկ Տոսկան, Նիք Քալին, Վերնոն Հիգբին ու մեր վաշտի ուրիշ շատ տղերք ճամփա ընկան Միսուրի։ Վիկտոր Տոսկան սովորականի պես քնած էր իր մահճակալին, դու մի ասա՝ հերթը հասել է Դոմինիկին որ բարձրանա բեռնատարի թափքն ու մյուսների հետ գնա կայարան, դե, էնտեղից էլ կամաց֊կամաց՝ կռիվ։ Ես էլ իմ մահճակալին էի նստել, աչքերս կախ գցած՝ նայում էի կոշիկներիս, մեկ էլ լսեցի՝ մեկը ներս մտավ։ Գլուխս բարձրացրի, տեսնեմ՝ Դոմինիկն է։ Տեսնեմ՝ մի քանի քայլ արեց եղբոր կողմը։ Հետո կանգ առավ։ Տեսնեմ՝ երկար նայում է եղբորը։ Հետո շուռ եկավ ու ինձ ձեռքով կանչեց։ Զորանոցից հետը դուրս եկա, մի կերպ փող խոթեց բուռս։

― Էս իմ, մեկ էլ Լուի կողմից՝ քո ու Վիկտորի մանրմունր ծախսերի համար։ Սիրտս չի տալիս նրան նորից մնաս բարով ասեմ, իմ տեղը կասես, հա՞։

― Լավ։ Փողն էլ կտամ։

― Չէ, չէ,― ասաց Դոմինիկը։― Նրա մոտ փող կա։ Էս իրար հետ կծախսեք։ Մենակ թե աչքդ վրեն պահի։ Երկուսդ էլ դեռ կաթնակեր եք, բայց քո վերի հարկում էլի մի բան կա։ Նրանը ամեն ինչ սրտում է, ուսերին գլուխ չունի։

Դոմինիկը փաթաթվեց ինձ, գրկում սեղմեց, հետո վազ տվեց գրասենյակի կողմը, որի դիմաց բեռնատարը կանգնել, նրան էր սպասում։ Մտածեցի՝ ես էլ հետևից գնամ, մի վերջին անգամ նայեմ ընկերոջս՝ Հարի Քուքին, բայց սիրտս էնպես կուչ եկավ, որ որոշեցի՝ լավ է փողը հաշվեմ, հետ դառնամ բարաք ու մահճակալիս նստեմ։ Տասը հատ հինգ դոլարանոցներ էին։ Լու Մարիաչչին շաբաթը մեկ ինձ նամակ էր գրում, հետն էլ մի տասը դոլարանոց ուղարկում, բայց դեռ չէր հաջողացրել հայրիկին գտնել։ Արդեն երեք անգամ փող էր ուղարկել, էնպես որ մոտս ութսուն դոլար հավաքվեց, չհաշված բանակային ռոճիկիս մնացորդը։ Թե իմանայի հայրիկը որտեղ է, նրան փող կուղարկեի, ախր պետք կգար։ Խմելն էր՝ խմել, գոնե կարգին խմիչք կառներ։ Հետ դարձա բարաք ու էլի նստեցի։ Քիչ հետո ականջիս հասավ, որ բեռնատարը շարժվեց։ Բարաքից դուրս պրծա, վաշտի բաժնեգիծն ընկած՝ հո վա՜զ չեմ տալիս, վեռնատարն էլ դիմացից գնում է, մեջը Հարի Քուքն ու Դոմինիկ Տոսկան, գնո՜ւմ է, մյուս տղերքի հետ նրանց էլ Միսուրի տանում։ Շուռ եկա, տեսնեմ Վիկտոր Տոսկան՝ կողքիս։

― Չգնա՞նք Ռոզվիլ, մի֊մի բան խմենք,― ասաց։

Կակալակովիչը երկուսիս էլ բաց թողեց, գնացինք Ռոզվիլ, իմ ու Հարի Քուքի սիրած ռեստորանը։ Ուտելու սիրտ չունեինք, ուղղակի նստել, խմում էինք։ Քիչ հետո էն իրիկուն իմ ու Հարիի տեսած իսպանուհին էլի ներս մտավ, քիչ հետո էլի նստեց մեր սեղանին։ Վիկտորի վրա խելքը գնացել էր, ու հենց առաջին խոսքն էս էր։

― Մենք ոչ մի տեղ չե՞նք հանդիպել։

Դե, խոսք խոսքի վրա, էդպես զրույց բացվեց, Վիկտորն էլ ազգանունը տվեց։

― Դոմինիկը քո ի՞նչն է,― ասաց աղջիկը։

― Եղբայրս։

― Հետո՞, ի՞նչ լուր կա նրանից։

Հենց աղջիկը լսեց, որ Դոմինիկն էլ է բանակում, բացականչեց․

― Վա՜յ, տեր աստված։

Տեղից վեր կացավ, ժպտաց ու ասաց․

― Դե, ձեզ լավ նայեք։ Միգուցե մի օր Ֆրիսկոյում հանդիպենք։ Մնաք բարով։

Հետո դուրս եկավ ռեստորանից։

― Էս ո՞վ էր,― ասի։

― Ի՞նչ իմանամ,― ասաց Վիկտորը։― Երևի Դոմինիկի հին ծանոթներից է։

― Այսինքն՝ սիրա՞ծը"

― Չէ մի, ի՜նչ սիրած։ Դոմինիկը իր աղջիկների հետ ոչ մի անգամ էլ լուրջ գործ չի բռնել։ Դուրդ եկա՞վ։

― Դե, կարելի էր մեկ֊մեկ նրան մի երկու տող գրել։

― Որ ի՞նչ։

― Շա՜տ գիտեմ։

― Թե ուզում ես նամակ գրել՝ գտնենք։

Մտքումս տվի֊առա ու որոշեցի, որ ավելի լավ է համբերեմ, նամակ գրելու համար մի ուրիշին գնտեմ, բայց էս անցած֊դարձածից ինձ սարսափելի դժբախտ էի զգում։ Իսկ Վիկտորը՝ չէ, ու հեցն դա էլ գլուխս չէր մտնում։ Ոչ կասեիր, թե նա ուզում էր աղջկա շորերը վրայից պահել․ ոչ էլ կասեիր, թե իրեն դժբախտ է զգում։

― Էս տեսակ աղջկերքը մեղքդ չե՞ն գալիս,― հարցրի։

― Նրան ի՞նչ է եղել, որ,― ասաց Վիկտորը։― Մեղք գալու ի՞նչ կա։

― Ուրեմն չե՞ս մեղքում, որ էդ կյանքով է ապրում։

― Դժվար թե նա ուրիշ բանի պետք գա։

― Ինչի՞, որպես մայր վատը կլինե՞ր։

― Կարող է լավը լիներ,― ասաց Վիկտորը։― Դե, միգուցե մարդու գնա, մի օր էլ ընտանիքի տեր դառնա։

― Քո ասելով՝ էդ կարգի աղջիկը դեռ կարո՞ղ է ամուսնանալ։

― Թե մեկնումեկը շատ հավանի նրան ու բան չիմանա կամ էլ էնքան սիրի, որ ոչ մի բանն էլ հաշվի չառնի, իմ կարծիքով, հետը կամուսնանա։ Երևի ինքն էլ պիտի ընկած֊դուրս եկած մարդ լինի։

― Է՛, էդ տեսակ ամուսնությունը բախտավոր կլինի՞։

― Ինչ կա որ, կարող է,― ասաց Վիկտորը։― Դու սիրած աղջիկ չունե՞ս։

― Չէ։

― Այ, իմի նկարը ցույց տամ, տես։

Վիկտորը դրամապանակից մի լուսանկար հանեց ու մեկնեց ինձ։ Ինչ ասեմ, նկարի աղջիկը հետներս խմող իսպանուհուց էլ սիրուն էր։ Բացի սիրունությունը, մեջը մի լավ բան կար, որ միշտ եղել էր ու դեռ երկար կմնար։ Դա էնքան պարզ էիր տեսնում նրա դեմքին, ինչքան որ դեմքն էիր պարզ տեսնում։

― Էս ինչ սիրուն է,― ասի։― Ո՞վ է։

― Մորս ամենամոտիկ ընկերուհու աղջիկն է, մեր հարևաններն են։ Հիմա ընդամենը տասնյոթ տարեկան է, բայց վաղուց ենք իրար սիրում, հենց պատերազմը վերջանա՝ կամուսնանանք։

Դե, Վիկտորի հետ էդպես նստել, խմում էինք ու զրույց անում։ Կամաց֊կամաց սկսեցի հասկանալ նրան ու իրենց ընտանիքին, չնայած արդեն խճճվել էի, ախր միանգամից հազար ու մի բան էր նրանց հետ կատարվում։ Բայց ասես հնարը գտել էին, որ միշտ մաքուր ու կարգին մարդիկ մնան։

Գլուխ տասնչորսերորդ

Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան ու Վեսլի Ջեքսոնը Նյու Յորք գնալիս՝ մի գիշեր Չիկագոյում են անցկացնում

Վերջապես մեր գնալու օրն էլ վրա հասավ, երեք հոգիս, որ Բ վաշտից Նյու Յորք էինք մենկենոլւ, Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան ու ես, նստեցինք գնացք ու ճանապարհվեցինք։ Ջոն տեղնուտեղը խոսքի տոպրակը բացեց։

― Գիտե՞ս ինչի մասին մոռացել էի քեզ պատմեմ,― սկսեց նա,― ընկճվածության մշտական զգացումի, որ հոգի է հանում՝ էն պահից ի վեր, երբ ազատ մարդուն ձեռնամուխ են լինում սպաների սիրած բառով ասած՝ «մարտիկ» դարձնելուն։ Խոսք չկա, ով էլ բանակ է ընկնում, կամա֊ակամա մարտիկ է դառնում, բայց իմ կարծիքով , դա բոլորովին էլ սպաների ուզած մարտիկը չի։ Մարդ ձանձրույթի, հուսահատության դեմ է կռիվ տալիս, մանր հալածանքների մի ամբողջ զորաբանակի դեմ, որ ստեղծված է կարծես նրան կենդանու պես մի բան սարքելու՝ հերթական համարով մարդանման կապիկ։

― Այլ կերպ ասած,― շարունակեց Ջոն,― նա կռիվ է տալիս իր իսկ փոքրիկ ազգի ազատության համար, մի պստլիկ ազգի, որը հենց ինքն է և աշխարհում էլ ուրիշ ոչ ոք։ Նրա մտքով երբեք չի անցնում, թե շատ փոքր բանի համար է պայքարում։ Կռիվ է տալիս պայմանների ու հանգամանքների բոլոր մանրմունր զորամիավորումների դեմ, որոնք դարան մտած՝ ջանում են նրան ծուղակը գցել ու ինչքան կարելի է, թևաթափ անել։ Պայքարում է, չի ուզում վիրավորանքներ ու անպատվություն կուլ տալ։ Բայց նրա պայքարը հենց սկզբից էլ անհույս է, որովհետև հակառակորդը ճնշման միջոցների անսպառ պաշար ունի։ Մեկ է, մարդու կյանքում ինչ էլ կատարվելիս լինի՝ արթուն, թե երազում, նա անընդհատ քաշված է, նեղը ընկած։ Մի հիվանդության նման, որից ազատվել չկա։ Միակ բուժումը խաղաղությունն է ամբողջ աշխարհում, երբ հայտարարեն, որ քեզանից էլ չի պահանջվում հրամաններ կատարել, որ կարող ես տուն գնալ, երջանիկ կամ դժբախտ լինել, սրտիդ ուզածն անել։ Ճիշտն ասած, մի բուժում էլ կա, բայց իմ բանը չի։ Մահն էլ է բուժման միջոց, բայց ես դա խորհուրդ չէի տա։

Հենց որ գնացքը դուրս եկավ կայարանից ու մեզ տարավ երկրով մեկ երկար ճամփորդության, երեքիս տրամադրությունն էլ կարգին բարձրացավ։ Դե, մի քանի օրից էլ Ծննդյան տոներն էին, իսկ տարվա մեջ իմ սիրած ժամանակը դա է։

Ջո Ֆոսքհոլն առաջ էլ էր ամբողջ երկիրը կտրել անցել, նրա համար սա նորություն չէր, բայց իմ ու Վիկտորի աչքին շատ անսովոր էր։ Մեզ համար ամեն ինչ նոր էր, հիանալի, ու աչքներս ոչ մի բանից չէր կշտանում։ Գնացքն, իհարկե, ծայրեծայր լիքն էր, երկրի ամեն կողմից եկած տեսակ֊տեսակ զինվորների խմբեր էին անվերջ իջնում֊բարձրանում, բայց Ջոն լեզու գտավ ուղկեցորդի հետ, մի քիչ փող խաղացրինք, մեզ առանձին կուպե տվեցին։ Ահագին նեղված էր, բայց դե բանակում նեղվածքին սովորում ես։ Վիճակ գցեցինք, թե ով որտեղ է քնելու․ Ջո Ֆոքսհոլի տեղն ամենավատը դուրս եկավ, բայց ոչ տրտնջաց, ոչ էլ պահանջեց, որ ուրիշների պես երեք անգամից վիճակ հանենք։ Ամենալավ տեղն ինձ բաժին ընկավ, Վիկտորին էլ՝ երկրորդ լավ տեղը։ Այսինքն՝ իմը ներքևում էր, ուրեմն ամբողջ գիշեր կարող էի պատուհանից տեսարաններ նայել։ Վիկտորինն էլ վերևն էր, իմ տեղից վատը չէր, մենակ թե բարձր էր, պատուհան էլ չուներ։ Իսկ Ջոյին ներքևի տեղի դիմաց, անկյունում հարմարեցրած նստարանն էր հասել, պետք եկած ժամանակ ուղեկցորդը մահճակալ էր սարքում։ Առավոտը վեր էինք կենում թե չէ, ուղեկցորդը գալիս էր, մահճակալը փակում ու մի փոքրիկ սեղան ամրացնում նստարանների միջև, էնպես որ արմունկներս դնելու տեղ էլ ունեինք։

Կարող էինք սեղանի մոտ նստել, հաց ուտել, զրուցել, թուղթ խաղալ, կարդալ, նամակ կամ նույնիսկ բանաստեղծություն գրել։ Դե, բանաստեղծությունները գրողը Ջո Ֆոքսհոլն էր, բայց ոչ ինքն էր մեզ համար կարդում, ոչ էլ թողնում էր մե՛նք կարդանք։ Ասում էր՝ էնքան էլ լավը չեն որ կարդա։ Հարցրի, թե բանաստեղծությունը ինչքան պիտի լավը լինի, որ կարդալու պիտանի համարվի, ասաց՝ երբևէ գրված ամենալավ բանաստեղծության չափ լավը պիտի լինի։ Ասի՝ դա ո՞ր բանաստեղծությունն է, նա թե՝ Ջեյմս Ջոյսի գրածը՝ «Ecce puer»[3] վերնագրով։ Թե՝ էդ բանաստեղծության մեջ համարյա ամեն բան ասված է, ինչ որ ընհանրապես հնարավոր է ասել, իսկ գրածն ընդամենն ութ տող է։ Խնդրեցի արտասանել, ասաց՝ մոռացել է, ես էլ ասի՝ բա ո՞նց է էդքան հոյակապ համարում, եթե չի էլ հիշում, նա թե՝ չգիտեմ՝ ոնց, ինչ, բայց մեկ է՝ էդպես է։ Մի վեց֊յոթ տարի առաջ էր բանասեղծությունը «Նյու Ռիփաբլիքում» կարդացել ու էդ օրվանից համոզված էր, որ դա աշխարհի ամենահանճարեղ բանաստեղծությունն է։

Վիկտորը ոչ Ջեյմս Ջոյսի, ոչ էլ «Նյու Ռիփաբլիքի» մասին կյանքում լսած չկար, ու մտքով չէր անցնում, թե բանաստեղծությունն էնքան կարևոր բան է, որ դրա մասին կարող է երկար֊բարակ խոսակցություն բացվել, բայց ականջ էր դնում ու չէր ասում՝ «ա՛յ քեզ ապուշություն», ոնց որ շատերն են անում, հենց խելքներին չի հասնում, թե ինչն ինչոց է։ Նա ուղղակի լսում էր ու չէր մտածում, թե ես ու Ջոն խելառ ենք։ Ութ չափածո տողը երևի եղած֊չեղածը մի քառասուն բառ՝ աշխարհի մաենահանճարեղ բանաստեղծությունն էր։ Ու Վիկտորը չէր ասում՝ «հետո՞ ինչ»։ Լավ ընտանիքից էր, պարզ ու հասարակ մարդկանցից, որոնք միշտ էլ մնում են մաքուր ու կարգին մարդիկ։

Ջո Ֆոքսհոլը սեփական գրամեքենան էլ էր բերել, բայց հազարից մեկ էր օգտագործում։ Ասում էր՝ գերադասում է իր բանաստեղծություններն առանց աղմուկի գրել։ Եթե մարդ մի բանաստեղծության համար էդքան աղմուկ է հանում, ուրեմն պիտի համոզված լինի, որ գրածը հանճարեղ բան է։ Մինչև մեր ճամփորդության վերջը Ջոն էլի շատ բաներ ասաց, ու փառք աստծո, նրա ասածների մեծ մասը ես չեմ մոռացել, որովհետև Ջոն համարյա միշտ մտքում պահելու մի բան էր ասում։ Մենք թուղթ էինք խաղում, երգում ու ամեն անգամ, հենց մի կայարան էինք հասնում, որտեղ գնացքը երկար էր կանգնում, և քաղաքը տեսնելու ժամանակ էլ կար, անմիջապես մեզ դուրս էինք գցում, քաղաքը տեսնում ու հետներս լիքը ուտելիք բերում, վագոն֊ռեստորանում ճաշելու ահմար էլ հերթ չէինք բռնում։

Առաջինը Ռինոյում կանգնեցինք, բայց էնքան կարճ, որ խաղատներով լեփլեցուն քաղաքի լույսերը մենակ աչքներովս ընկան, մեկ էլ զգացինք, թե փողոցներում ինչ եռուզեռ է։ Հետո Սոլթ Լեյք Սիթին տեսանք, Դենվերը, Օմահան ու վերջապես, Չիկագոն․ հենց էստեղ էլ մի գիշեր մնացինք՝ հաջորդ օրն ուրիշ գնացք նստելու համար։

Ես ու Վիկտորը կարգին փող ունեինք, Ջոն էլ անփող չէր, էնպես որ գնացինք մի լավ հյուրանոց, երկու սենյակ վերցրինք ու համարում ճաշեցինք։ Ընթրիքն ու նախաճաշն էլ մատուցվեցին համարում։ Էս նիստուկացի ու մեր առաջվա ապրուստի մեջ սար ու ձորի տարբերություն կար, բայց մեզ վայել կյանքը հենց սա էր։ Ոչ կահկարասու, ոչ էլ չգիտես ինչի վրա աչքներս բաց չէին մնացել։ Բայց Վիկտոր դու Վիկտոր, սկսեց ամեն մեկին, ով մեզ համար մի բան էր անում, կես֊կես դոլարներ բաժանել, իսկ ընթրիք մատուցողին միանգամից երկու հատ դոլարանոց տվեց։ Ընթրիքից հետո էլ, հենց որ նույն մարդը մեզ կոնյակ բերեց, սրան էլի մի դլոար տվեց, Ջոն էլ թե՝ ճիշտ է, էդպես է պետք։ Երևում էր Վիկտորենց ընտանիքում փող խնայելը չգիտեին ինչ է, ու ես մտածեցի, որ դրանից ավելի հաճելի ընտանեկան գիշ չես գտնի։

Ջոն ասաց, թե իր կարծիքով, լավ կլիներ էստեղ մեկին գտնեինք, մեզ համար երեք սիրուն աղջիկ ճարեր։ Գլխի չընկա, որ հանաք է անում, զարմացա մի քիչ, բայց Վիկտորը իսկի էլ չզարմացավ։ Ասաց՝ հաստատ էդ գործով մի զբաղվող կգտնվի, որ կարենա աղջկերք ճարել։ Չասաց, թե ոչ մի աղջկա հետ էլ չի ուզում գործ բռնել, բայց նրա խոսելու ձևից հասկացա, որ գլուխ չունի։ Ուղղակի ոչ մեկիս քեֆը չէր ուզում կոտրել։ Իսկ ես չգիտեի սիրտս ինչ է տալիս․ աղջկա հավես ունե՞մ, թե չէ, դրա համար էլ մի քիչ խառնվեցի։

Բայց պարզվեց՝ Ջոն հանաք է անում, դե, էլ ի՞նչ, հիմար վիճակի մեջ ընկա։

Ընթրիքից հետո գնացինք քաղաքը պտտելու։ Ուր ասես չմտանք ու ամեն տեղ մի երկու բաժակ գցեցինք, բայց մենակ Ջոն էր իսկականից խմում։ Ես ու Վիկտորը կոնյակից հետո անցել էինք գարեջրի, իսկ Ջոն մինչև վերջ էլ կոնյակից բացի, ուրիշ բան չէր խմում։ Վստահ չէի, թե աչքս՝ Դոմինիկի պատվիրածի պես, Վիկտորի վրա եմ պահում։ Ինձ թվում էր՝ Վիկտո՛րը պիտի աչքը վրաս պահեր, որովհետև ինչքան շատ էի գարեջուր կոնծում, էնքան ամեն հանդիպող կին ավելի սիրուն էր երևում ու զարմանում էի, թե ինչու է աշխարհը գեղեցկուհիներով լի, բայց նրանցից գոնե մեկն իմը չի։

Շատ չանցած հոգնեցինք, քուններս տանում էր, հետ դարձանք հյուրանոց, աղոթք արինք ու անկողին մտանք։ Ջո Ֆոքսհոլն էր ստիպում, որ քնելուց առաջ անպայման աղոթենք։

Այ թե կատակասերն էր էդ Ջո Ֆոքսհոլը, հա՜, բայց ախր միշտ լուրջ էր։ Էնքան լուրջ չէր, ինչքան որ՝ տխուր։ Կատակասեր տղերքը վայ թե բոլորն էլ էդպես են։

Գիշերվա ժամը երեքն էր, որ պառկեցինք, բայց բանից դուրս եկավ՝ առավոտյան գնացքի փոխարեն Ջոն մեզ ավլեի հարմար իրիկվա գնացքն է ընտրել։ Լույսը հանգցնելիս՝ ասաց․

― Սրտներս ինչքան ուզի, կքնենք֊կկշտանանք, իրիկվա գնացքով ենք գնալու։ Ուրիշներն արդեն ճաշելիս կլինեն, մենք նոր֊նոր նախաճաշ կանենք։

Ցերեկվա ժամը մեկին հազիվ նախաճաշ արինք։ Կարտոֆիլն ու սոխառածը հետը մի֊մի չաղլիկ կտոր տապակած միս, հուպ տվինք, Ջոյի ասելով՝ անունը «լիոնեզ» էր, հետո էլ՝ տաք֊տաք սուրճ ու խնձորի կարկանդակ։ Կյանքումս էդքան համով նախաճաշ չէի կերել։ Ջոն մատուցողին պատվիրեց, թե՝ կարկանդակը լրիվ բերեք՝ հենց թխելու թիթեղե կաղապարով, էնպես որ ամենքիս երկու մեծ կտոր հասավ։ Սուրճն էնքան շատ էր՝ տասը֊տասներկու թափով տղերքի կհերիքեր, բայց սեղանի մոտ երկար նստեցինք, ուտում էինք, խոսում ու սրճամանը մինչև վերջ դատարկեցինք։

― Ա՛յ, մարդուն էլեկտրական աթոռին նստեցնելուց առաջ սրա պես նախաճաշ են տալիս,― ասաց Ջոն։

Դե, ես ու Վիկտորն էնքան տարված֊կլանված էինք, որ Ջոյի խոսքերը մեր մի ականջով մտան, մյուսով դուրս եկան, բայց հետո՝ մի օր, նրա ասածը հիշեցի, նոր հասկացա, թե ինչ նկատի ուներ։ Իսկ էն ժամանակ մեր քեֆին կարկանդակ էինք ուտում, սուրճ խմում ու փառք տալիս երկնային հորը Քրիստոսի ծննդյան համար, որ շուտով տոնելու էր ամբողջ քրիստոնյա աշխարհը։

Նախաճաշից հետո Չիկագոյի հեռախոսագիրքը քրքրեցի ու Վեսլի Ջեքսոն անուն ազգանունով մի մարդու գտա, բայց ոչ մեկի բան չասացի։ Մտածում էի, թե հորս անունն էլ կգտնեմ։ Նախօրոք որոշեցի՝ հենց որ գտնեմ, զանգեմ, ով էլ լինի, խոսեմ։ Բայց գրքում հորս անունը չկար։ Իհարկե, ինչքան ասես ջեքսոններ կային․ երկու֊երեք հոգի Էնդրյու Ջեքսոն էին, իսկ Ջոզեֆ, Էդուարդ, Վիլյամ ու սրանց պես սովորական անուններով առնվազն մեկին կգտնեիր, բայց ոչ մի Բեռնարդ չկար։ Բեռնարկ (ա․ մ․ ա․) Ջեքսոն։ Բանակում են էսպես «ա․ մ․ ա․» գրում, որ հասկանալի լինի, թե լրիվ անունդ միայն կնունքիդ անուն ազգանունն է։ «Ա․ մ․ ա․»֊ն նշանակում է՝ «առանց միջանկյալ անվանատառի»։ Ոչ հայրիկը միջանկյալ անվանատառ ուներ, ոչ՝ ես։ Հա, ուրեմն, Չիկագոյի հեռախոսագիրքը թերթելիս՝ էնքան հետաքրքիր էր մտածել տեսակ֊տեսակ անուններ ու հեռախոսի համարներ ունեցող էդ բոլոր մարդկանց մասին։

Անունները կարծես բանաստեղծություններ լինեն, ու Ջեյմս Ջոյսի բանաստեղծությունը, որը Ջո Ֆոքսհոլն էդքան շատ էր սիրում, միգուցե իրոք աշխարհում ամենալավն է, բայց իմ կարծիքով, անունների պոեզիան էլ ոչ մի բանով պակաս չի։

Երեքս էլ սափրվեցինք, լողացանք, հագանք մաքուր փոխնորդներս ու մեր զինվորական կոշիկները, որ Վիկտորը սպասավորին փայլեցնել էր տվել, չնայած միշտ էլ մենք էինք փայլեցնում, հետո էլի Վիկտորի պատվերով՝ սպասավորի հարթուկած համազգեստներս հագանք։

Ա՜խ, ուր էր թե պատերազմը չլիներ, սրանից էլ տասնապատիկ լավ կզգայինք մեզ։ Հոգու խորքում գիտեինք, որ ոչ մեկի չենք խաբում․ ուղղակի մի քիչ շունչ քաշեցինք, ուրախացանք, որովհետև բախտի բերմամբ, թե պատահմամբ, մոտներս փող կար, դե, Ջո Ֆոքսհոլն էլ բանակում ամեն քայլափոխի հանդիպող հոգեհաններից չէր, որ ստիպեր անպայման առավոտը շուտ, ամենաառաջին գնացքով մեկնել․ թեկուզ ճիշտ ժամանակին էլ Նյու Յորք հասնեինք, էլի մի հինգ֊վեց օր սպասեցնելու էին, մինչև մեկնումեկը մեզ համար մի զբաղմունք գտներ։ Գիտեինք, որ արածներս ասես մանկական խաղ լինի ու երկար չի տևելու, գիտեինք, որ ոչ մեկի չենք խաբում։

Գնացքում կարգին տեղավորվեցինք։ Ջոն նախօրոք առանձին կուպե էր պատիվրել, էլի վիճակ գցեցինք, ամեն ինչ շատ լավ ստացվեց, որովհետև էս անգամ Ջոյին ներքևի տեղն ընկավ, ինձ՝ վերևինը, իսկ Վիկտորին՝ նստարանը։

Երկրով մեկ իմ ճամփորդությունը Նյու Յորք, էն էլ ընկերովի՝ Ջո Ֆոքսհոլի ու Վիկտոր Տոսկայի հետ միասին, կյանքումս պատահած ամենալավ բաներից էր։

Գլուխ տասնհինգերորդ

Ծննդյան տորներին Վեսլին նվերի փոխարեն թոքերի բորբոքում է ստանում, հոսպիտալում եղբոր հանդիպում և Վիկտորից իմանում, թե Նյու Յորքի կայազորն ինչի նման է

Ծննդյան տոներին միշտ էլ սիրտդ ճմլվում է, ուր մնաց, թե Նյու Յորքում լինես՝ տնից երեք հազար մղոն հեռու։ Երբ դուրս եկա փողոցներում ման գալու, մինչև անգամ հոտերից զգացի, թե Սան Ֆրանցիսկոյից ինչքան եմ հեռու։ Շատ ու շատ հեռու, որ կարենայի միանգամից էնտեղ հայտնվել, իսկ իմ ուզածը անընդհատ դա էր, ու ես հասկացա՝ տան կարոտն եմ քաշում։ Ծննդյան տոներին մարդ տան կարոտով է լցվում, մեկ֊մեկ եթե նույնիսկ հենց տանն է լինում, այնինչ ես երկրի մյուս ծայրին էի, տնից հեռո՜ւ֊հեռ՜ւ։ Փողոցները ծածկված էին ձյունով ու լինքն էին սիրուն, անծանոթ աղջիկներով։ Իրար հետևից գալիս էին, անցնում, ու ես էլ երբեք չէի տեսնելու նրանց։ Անատանելի տխուր֊տրտում, սրթսրթում էի մեն֊մենակ, ու մի աղջիկ էլ ինձ համար չկար, որ համբուրեի էդ Ծննդյան առավոտ։

Այ, դրա համար էլ երևի թոքերի բորբոքում ընկա։

Ինձ դրին շտապ օգնության մեքենան, տարան Նյու Յորքի նավահանգստի Պարետային կղզու զինվորական հոսպիտալն ու պառկեցրին ամեն ցավի տեր մարդկանցով լցված մի մեծ սենյակում․ է՜հ, սև Ծննդյան տոներ եկան Վեսլի Ջեքսոնի գլխին։ Իմ բախտն էլ դա էր․ փոխանակ ուզածիս չափ թափառեի փողոցներում, «Լուռ գիշերը» երգեի ու պատահած բոլոր աղջիկներին համբուրեի, թոքերի բորբոքում ստացա։ Իմ սև բախտն էլ դա էր․ արար աշխարհը՝ լիքը երգ ու սեր, ես հիվանդացել էի, անկողին ընկել։

Հոսպիտալում շատ երգ ու սեր չկար։ «Ո՜վ օրհնյալ մանուկ», դժոխք էր, դժոխք։ Թե կինոյում զինվորական հոսպիտալ տեսնեք, քույրն էլ՝ էնքան սիրուն, քնքուշ ու սրտացավ, որ էլ ասելու չի, լավ իմացեք, աչքներիդ թոզ են փչում։ Քույրերը ոչ սիրուն են, ոչ էլ քնքուշ ու սրտացավ։ Համենայն դեպս, նրանք չեն քեզ պահում, մեծ մասամբ մյուս զինվորներն են հոգսդ քաշում։ Իսկ էդ քույրե՜րը․ աստված թողություն տա դրանց մեղքերին, վրաները կոնջ նմուշ չկա, ոստիկանները ձեզ օրինակ։

Կարմիր խաչի քույրը՝ մի բեղավոր, ցրտից թաց քիթը ֆսֆսացնող կին, եկել, ինձ զարթնեցնում էր, թե՝ բեզեով իրիս չե՞ս ուզում։ Էլ չհամբերեցի, որ լեզուս ինձ անեմ։

― Չէ՛, պետքս չի,― ասի,― թողեք գոնե մարդ հանգիստ մեռնի։

Թե կուզեք իմանալ՝ էդ հոսպիտալում ով էր հիվանդներին խնամում, ասեմ՝ իմացեք։ Հիվանդներին հենց հիվանդներն էլ խմանում էին։ Թեթև հիվանդները՝ ծանր հիվանդներին։ Դեղ֊մեղ չէին տալիս, բայց հենց իրենք էին ցավիդ դարման անում։ Գալիս էին, կողքիդ նստում ու ժամերով հսկում։ Ոչ մի բառ չէին ասում։ Սուսուփուս նստում էին, ու ծանր հիվանդը աչքը բացեր թե չէ, տեսնում էր մեկը կողքին նստած է, չէր էլ ճանաչում՝ ով է, բայց իմանում էր, որ եղբայրն է։ Ես լավ գիտեմ, որովհետև հենց ուշքի եկա, տեսնեմ՝ եղբայրս կողքիս նստած է։ Ճապոնացի տղա էր, ամերիկյան բանակում էր ծառայում։ Նա չժպտաց ու ոչ մի բառ չասաց։ Ուղղակի նստել էր կողքիս, ինքը լավացել էր, սպասում էր՝ ես էլ լավանամ։

Ձեռքին մի փոքրիկ, սմքած նարինջ կար ինձ համար, բայց գիտեր՝ էդ պահին նարինջ չեմ ուզենա, ու ես նույնիսկ գլուխս չօրորեցի, որ նա հասկանա։ Առանց էդ էլ գիտեր, նարինջը դրեց սեղանին, որ երբ սիրտս տա՝ ուտեմ։ Քիչ հետո աչքերս նորից փակվեցին, բայց հենց զարթնեցի, տեսնեմ՝ դեռ կողքիս նստած է։ Դե, մենք էլ ենք կենդանիներ, բա ինչ։ Հիվանդ կենդանիները մեկմեկու հասկանում են՝ թեկուզ նույն տեսակին չպատկանեն, իրար խնամում են։ Ով էլ որ լլիներ էդ ճապոնացի տղան, հոսպիտալում իմ բժիշկը եղավ։ Ես մի կարգին չտեսա էլ նրան, ախր շատ էի հիվանդ, իսկ հենց էնքան լավացա, որ բանակային բժիշկների առավոտյան համայցի ժամանակ տեղս զգաստ նստում էի, նա արդեն դուրս էր գրվել, չկար։ Բայց սեղանիս երեք հատ փոքրիկ, սմքած նարիջ էին մնացել, նա էր ինձ համար թողել։ Շնորհակալ եմ մարդկանց՝ իրենց սրտի բարության համար, որ էդպես հեղեղի նման, թեև հանդարտ ու լուռ հորդում էր էն տղայի սրտից։ Բանակային բժիշկներն ինձ տեղը տեղին դեղեր էին տալիս, բայց նույն հաջողությամբ կարող էին էդ դեղերը վանդակում նստած գազանին կամ էլ փորձանոթում փակված մանրէներին տալ։ Ախր հիվանդությունը հո մենակ մարմնի մեջ չի բուն դնում, չէ՞։

Մի իրիկուն էլ հոսպիտալում ականջովս ընկավ, որ ադրեն 1943 թիվն է, բայց գրողը տանի, իբր շա՞տ հասկացա, թե 42֊ը ոնց անցավ֊գնաց։ Վիկտոր Տոսկան փորձել էր ինձ տեսության գալ, բայց ասել էին՝ չի կարելի, որովհետև նախ՝ շատ թույլ էի, հետո էլ հիվանդատեսի եկողներին չէին թողնում մեր սենյակ։ Նրան էդպես էլ չտեսա, մինչև հոսպիտալից դուրս չգրեցին, մի կերպ ինձ պահում էի, որ ոտքի վրա մնամ, արդեն համարյա հունվարի վերջն էր։

Կուզեի հենց տեղնուտեղը Ջո Ֆոքսհոլին էլ տեսնել, բայց Վիկտորն ասաց՝ գլխին փորձանք է բերել, որպես պատիժ ուղարկել են Օհայոյի կայազոր։

Բաթըրիի[4] մի փոքրիկ ռեստորանում նստած՝ երկուսով սուրճ էինք խմում։

― Ի՞նչ փորձանք,― ասի։

― Վաշտի հրամանատարին մի երկու խոսք է կերցրել,― ասաց Վիկտորը։

― Ի՞նչ խոսք։

― Վիճել է հետը,― ասաց Վիկտորը։― Ուզում էին ռազմական դատարանին հանձնել, հետո մտքները փոխեցին։ Տեղը՝ Օհայոյի կայազորը ճամձեցին։

― Բա է՞ս կայազորը, բանի նմա՞ն է։

― Կտեսնես՝ նոր կիմանաս։

― Էդքան վա՞տն է։

― Անընդհատ վախեցնում են։

― Ինչո՞վ են վախեցնում։

― Որ Հյուսիսային Աֆրիկան կքշեն կամ էլ Խաղաղ օվկիանոս։

― Ովքե՞ր են էդ վախեցնողները։

― Մի խումբ անբաններ․ զորակոչից հեշտ պրծնելու համար կամավոր բանակ են եկել ու որպես տեխնիկական փորձագետներ միանգամից սպայի կոչում ստացել։ Բայց որ ինձ հարցնես, ի՜նչ տեխնիկական փորձագետ․ ստից ձևեր են թափում։

― Իսկ վաշտի հրամանատա՞րն ով է։

― «Յունիվըրսըլ»֊ից է։

― Այսի՞նքն։

― «Յունիվըրսըլ Փիքչըրզ» կինոընկերությունից, էլի։

― Ուրեմն դերասա՞ն է։

― Չէ։ Քեռին վարչության անդամ է։

― Է՛, բա ի՞նքն ինչացու է։

― Ասում են կինոժապավենները ստուդիայի մի ծայրից մյուսն է տանել֊բերելիս եղել։

― Բան չեմ հասկանում։

― Ամբողջ կայազորն էդ է։ Ակումբ է, էլի, անդամ էլ չեն ընդունում, շատ դժվար հարց է։

― Ի՞նչ է պետք անդամ դառնալու համար։

― Հաստատ չեմ իմանում։ Մենակ էն կասեմ, որ դրանցից ոչ մեկը հրացան բռնելու ձևն էլ չգիտի։

― Բա քե՞զ ինչ են անել տալիս։

― Խոհանոցի գործը,― ասաց Վիկտորը։― Զորանոցի հերթապահ էլ են դնում, ժամապահ կանգնեցնում, դասի ուղարկում։

― Ի՞նչ են սովորեցնում որ։

― Քարտեզ կարդալ, մեկ էլ ռազմական գործ։

― Սերժա՞նտն ինչ տեսակ է։

― ԿԱդրային է։ Միակ մարդը էդքան անբանների մեջ, որ իր անելիքը գիտի։ Եթե նա չլիներ, դրանց անտերանոցը հիմա փուլ էր եկել։ Շատ դժբախտ մարդ է։

― Ինչի՞։

― Բոլորի տեղն ինքն է գործ անում։

― Ինչի՞։

― Որովհետև ամեն մեկը մի կնիոընկերությունից է, կամ «Յունիվըրսըլից»․ կամ «Ուորներ բրազըրսից», կամ «Քոլամբիայից» կամ «Մեթրո Գլոդուին Մեյերից», կամ «Ռ․ Ք․ Օ֊ից»․․․ Վերջը աշխարհի ամենաբախտավոր մարդիկ են։

― Էդ ձե՞ռ ես առնում։

― Ոչ էլ,― ասաց Վիկտորը։― Ձգվում, զգաստանում ես, դրանցց մեկնումեկին պատիվ տալիս, չէ՞․ հետ է կանչում, թե՝ նորից պատիվ տուր, իբր էնքան էլ լավ չես անում։ Հարցնում է․ «Ինչքա՞ն ժամանակ է, որ բանակում ես»։ Իսկ ինքը մի չորս օր առաջ է Հոլիվուդից թռել եկել ու տեղնուտեղը վարդագույն շալվար հագել։ Մայո՜ր է։

― Բա շարքայինների հա՞րցը ոնց է։

― Մի մասը անդամներ են, մի մասը՝ չէ։

― Ի՞նչ տարբերություն։

― Անդամները վերի արտի ցորենն են, կեղտոտ ու մրոտ աշխատանքներից ոչ մեկը նրանց պարտականությունը չի, սպաների հետ են նստում֊վեր կենում, սրանց էլ անուններով դիմում, Սեմ Գոլդուինից ու Լուիս Մեյերից[5] են խոսում, ամեն ինչ կատակի տալիս, գլուխներն ազատում։

― Իսկ ով որ անդամ չի՞։

― Պատերա՜զմ է։ Հայրենիքը վտա՜նգի մեջ է։ Ով որ անգամ չի, իր պարտքն է կատարում, պաշտոնական հրամաններով շարժվում՝ ոնց կկարգադրեն։ Անընդհատ դեսուդեն է վազում։

― Բա ի՞նչ ես մտածում։

― Ի՞նչ պիտի մտածեմ․ Դոմինիկի ընկերներից մի երեքին գցես էդ կայազոր, Ամերիկայի պատվին դրանց բուռները հավաքեն․ այ, էս եմ մտածում։

― Խոհանոցում շա՞տ են չարչարում։

― Էն էլ ինչքա՜ն։ Ձեռքերիցս հոտ քաշիր։ Արդեն չորրորդ օրն է։ Շան հոտը կպչում է ու էսպես չի անցնում։ Էդ վարադագույն շալվարավորներն էլ անընդհատ գլխիս պտտվում են, որ աման֊չամանին կպած ճարպը լավ քերեմ հանեմ։

― Նյու Յո՞րքը ոնցն է։

― Ոչինչ, էլի։

― Դոմինիկից ի՞նչ լուր ունես։

― Մի լեյտենանտի է ծեծել․ սա ասել է՝ քոսոտ իտալացի, նա էլ բռնել է ծեծել։

― Մի լավ բան չիմացանք։

― Քիչ է մնում ծլկեմ։

― Ինձ նամակ չի՞ եկել։

― Էս երկուսն են՝ Լուից։

Վիկտորը նամակները տվեց, դրի գրպանս, որ հետո կարդամ։ Թոքերի բորբոքումից ու հոսպիտալից դեռ կարգին ուշքի չէի եկել, բայց կազդուրվելու համար ինձ երկու շաբաթ արձակուրդ էր հասնում, էնպես որ Վիկտորին ասի՝ ոզում եմ սենյակ վերցնել մի լավ հյուրանոցում, ի՞նչ խորհուրդ կտա։

― Արի մոտս, ես էլ եմ հյուրանոցում,― ասաց Վիկտորը։―Երկու սենյականոց համար կվերցնենք։

― Իսկ քեզ թողնո՞ւմ են, որ զորանոցում չմնաս։

― Պաշտոնապես՝ չէ։ Առավոտվա վեցին, այսինքն՝ վերկացին, անպայման ներկայանում եմ, բայց համարյա ամեն օր մի քչ ազատ ժամանակ է լինում։ Զորանոցում մահճակալ ունեմ, պիտի անկողնուս մաքրությանը հետևեմ, ուրբաթ իրիկուններն էլ բոլորի հետ սրբել ― հավաքելով եմ զբաղվում, մի խոսքով, էդպես։

― էդքան էլ վատ չի, հը՞։

― Բայց դե անընդհատ վախեցնում են,― ասաց Վիկտորը։― Թե միջոցներդ ներում են, նրանք չեն կարող արգելել, որ հյուրանոցում սենյակ վերցնես, որովհետև ինչքան անդամ կա՝ զորանոցում չի մնում, բայց հինգ մատի պես գիտեն՝ ով է իր տեղում քնում, ով՝ չէ, ու եթե տեղումդ չես քնում, հետն էլ անդամ չես, սիրում են հիշեցնել, որ պատերազմ է։ «Մի՛ մոռացիր Խաղաղ օվկիանոսում գտնվող տղաներին, որոնք ամեն րոպե գլուխները վտանգի տակ են դնում։ Լա՛վ հիշիր»։

― Բա ի՞նչ ես մտադիր անել։

― Դեռ չգիտեմ։ Չեմ սիրում, որ ինձ վախեցնում են, էդքան բան։

Մի տաքսի նստեցինք, Վիկտորը քշել տվեց 57֊րդ փողոցի «Հյուսիսային» մեծ հյուրանոցը։

― Չիկագոյի հյուրանոցի պես լավը չի,― ասաց,― բայց չէի կարող ավլեի լավ տեղ գնալ, որովհետև նրանց դուր չէր գա։

― Էդ ինչի՞։

― Չեն ուզում տարածվի, թե մեր կայազորում մեկը կա՝ ամեն վայրկյան կյանքից ձեռ քաշած, իրեն չի զոհում։ Էդ կողմից շատ զգայուն են։ Ես ու դու Դ վաշտում ենք։ Այսինքն՝ շարային կազմում ենք, իսկ դա նշանակում է, որ ուզածդ րոպեին մեզ կարող են դնել նավն ու ճամփել։ Անդամները Ա վաշտում են։

― Դա՞ ինչ է նշանակում։

― Սա էլ նշանակում է, որ նրանց քեռիները վարչության անդամներ են ու իրենք շարային կազմի հետ կապ չունեն, բայց ժիր֊ժիր պատվի առնել գիտեն ու լեզվակռվով հակառակորդն կջախջախեն։

― Ասենք թե ծլկեցիր, ո՞ւր պիտի գնաս։

― Ոչ մի տեղ էլ չեմ ծլկի,― ասաց Վիկտորը։

― Կարող ենք տեղափոխվել զորքի ուրիշ տեսակ։

― Մտքովդ էլ չանցնի։ Էդ կողմից էլ են շատ զգայուն, ու եթե հանկարծ զեկուցագիր ներկայացնես, սրտներին թունդ կկպչես։ Էնքան թունդ, որ վիրավորանքից կսկսեն անհանգստանալ պատերազմի ընթացքի համար ու իրենց պարտքը կհամարեն քեզ հնարավորին չափ շուտ ճակատ ուղարկել։

Իջանք տաքսիից ու մտանք «Հյուսիսային» մեծ հյուրանոցը։ Վիկտորը էստեղ բոլորին ճանաչում էր։ Հենց ասաց, որ երկու սենյականոց ենք ուզում, իրարով անցան։ Տասը րոպե էլ չէր քաշել, արդեն Վիկտորի ունեցած֊չունեցածը նոր համարում էր, տեղավորվեցինք, երկու լավ սենյակ էին։

Ինձ դուր չեկան Վիկտորի պատմածները կայազորի մասին, բայց շատ էի հոնգած, որ դրա մասին մտածեմ, փռվեցի մահճակալիս, Վիկտորն էլ իր մահճակալին փռվեց։ Քիչ հետո, երբ Լու Մարիաչչիի երկու նամակն էլ կարդացի, ուզում էի Վիկտորին ուրախ լուրը հայտնել, տեսնեմ՝ արդեն խոր քնած է, իսկ ուրախ լուրն էն էր, որ Սան Ֆրանցիսկոյի Փրեզիդիո ամրոցի զինվորական հոսպիտալում Լուն հայրիկին գտել էր։ Լուրջ հիվանդ էր եղել։ Բայց Լուն նրան հոսպիտալից հանել էր ու տեղավորել Փասիֆիք փողոցի իր պանդոկի վերևի հարմարավետ բնակարանում, փող էլ էր տվել։ Ասում էր՝ հայրիկդ արդեն լավ է ու շուտով քեզ նամակ կգրի։ Ասում էր՝ դարդ չանես, հորդ հավանել եմ, ինքն էլ ինձ է հավան, ու ամեն ինչ կարգին կլինի, դե, ես էլ հանգիստ սրտով քնեցի։


Գլուխ տասնվեցերորդ

Նոր կայազորում Վեսլին հենց սկզբից կրակի մեջ է ընկնում, որովհետև չի կարողանում պատասխանել հարցերին ըստ զինվորական կանոնադրության, կարդում է Ժողովողն ու հիշում հիվանդ ժամանակ տված երդումը

Երկշաբթյա արձակուրդից հետո վրաս քիչ թե շատ կենդանություն եկավ, բայց դեռ շուտ էի հոգնում։

Ծառայությանս առաջին օրը շաբաթ էր, էնպես որ միանգամից ըստուգման տակ ընկա։ Վաշտի հրամանատարը՝ շքեղ հագուկապով մի տղամարդ, էնպես էր քայլում, կարծես արար աշխարհում մենակ ինքն է ընդունակ Հիտլերին ջախջախելու, բայց հետո ոտքը մի պստլիկ քարի դիպավ, մազ էր մնում փռվի, ու ես հասկացա, որ նրանից Հիտլերին ջախջախող դուրս չի գա։ Շարքում կողքիս կանգնած տղան անընդհատ լեզվին էր տալիս։ Վաշտի հրամանատարն երևաց թե չէ, ասում է․

― Մի տես, տես։ Ա՛յ, կռվողը էսպես կլինի։ Դու հագի շալվարին նայի։ Տես ինչքա՞ն էլ քիթը տնկած է։ Բա ոնց չտնկի․ հաղթելու է կռվում։

Հենց վաշտի հրամանատարը սոթ տվեց, տղան թե՝

― Ո՞ւմ հետ չի պատահում։ Բա պատերազմ է, էնքա՜ն դրա պես բաներ են լինում։ Բայց տեսա՞ր ինչ շուտ իրեն հավաքեց։ Բնածին առաջնորդ է։ Շան որդին քեզ մինչև արտաքնոցի դուռն էլ չի առաջնորդի։ Էս ավարա, ոչուփուչ շան որդին․․․

Արձակուրդիս օրերին ես ու Վիկտորը խելք խելքի էինք տվել, եկել էն եզրակացության, որ ուրիշ ճար չունենք, ինչ էլ լինի, պիտի դիմանանք։ Որոշել էինք ամեն ինչ խաղ ու պարով անցկացնել, մինչև պատերազմը վերջանա։ Եթե շատ նեղը լծեին, որոշել էինք մեզ ներշնչել, թե լուծը քաշողը մենք չենք, մի ուրիշն է։ Որոշել էինք պարզպաես ներկայացումը նայել, որովհետև դա հենց ներկայացում էր, որ կար․ դե, մենք էլ կնայեինք, թե վարդագույն շալվարավորները ոնց են միմոսություն անում, իսկ նրանց բանուգործն էդ էր։ Իհարկե, սրանք էլ էինք օգնում, որ պատերազմում հաղթենք, մենակ թե էս մարդկանց կռվի ճակատը քարտեզում նշված չէր ու ոչ մի հաղորդագրության մեջ չէր հիշատակվում։ Բայց ախր պատերազմն էլ իսկական դժոխք է, ու ամեն մարդ արժանի է, որ թիկունքին վարչությունում բազմած քեռի ունենա։

Ուրեմն՝ մեր զորավարն իր զորքի ստուգատեսն սկսեց։ Իսկ զորքը մի յուրահատուկ հավաքածու էր։ Մի կողմից՝ նրան անունով դիմող իր ընկերներն էին, սցենարիստները, որ կյանքում ոչ մի տող չէին գրել, ինչ մնաց, թե սցենար, բեմադրող ռեժիսորները, որ կյանքում ոչ մի բան չէին բեմադրել, ու կինոարտադրողները, որ կյանքում ոչ մի նկար չէին արտադրել։ Մյուս կողմից էլ՝ նրանք էին, ովքեր լուսանկարչությունից կամ կինոմոնտաժից քիչ թե շատ գաղափար ունեին։ Սրանց հետ կինոմեխանիկներ էլ կային։ Չգիտեի ինձ համար ինչ դեր են նախատեսել էդ կինոնկարում, դե, մտածեցի, որ ինձ էլ Վիկտոր Տոսկայի նման մի բան կդարձնեն․ գրասենյակի ցրիչ, լրատար կամ տեխնիկական աշխատող, այսինքն՝ մեկը, որն աթոռճմաթոռը կամ էլ տեխնիկական սարքավորման մասերը տեղից տեղ տանի, մի խոսքով, ձեռքի տակ լինի ու էն բոլորն անի, ինչ սպաներից ոչ ոք չի ուզում ընկերներին խնդրել, երբ սրանք ուսումնական ֆիլմ ստեղծելով են զբաղված։

Է՛հ, թե զինվորական պարտքս էդպես էին կատարել տալու, շատ լավ, ես դեմ չէի։

Քիչ հետո վաշտի հրամանատարը հասավ մեր շարքին։ Բոլորս ձգվեցինք, որ ստուգումից պարզերես դուրս գանք, հանկարծ արտահերթ վերակարգ չստանանք։ Հենց վաշտի հրամանատարը կողքիս տղային մոտեցավ, ասաց․

― Կոշիկներդ ինչո՞ւ չեն փայլեցրած։

Տղան աչքը գցեց կոշիկներին, բայց հրամանատարը թե՝

― Նայել ուղիղ առա՛ջ։

Շատ կտրուկ ասաց, իսկը զինվորականի պես։

Տղան չհասցրեց կոշիկներին մի կարգին նայել, բայց վրա բերեց․

― Ես կարծում էի փայլեցրած են, սըր։

Վաշտի հրամանատարը դարձավ սերժանտին, սա նշան արեց տղայի անվան դիմաց, դե, տղան էլ հասկացավ, որ արտահերթ վերակարգ է ստանալու։

Հետո վաշտի հրամանատարը ինձ մոտեցավ։

― Անուն ազգանո՛ւնդ։

― Վեսլի Ջեքսոն, սըր։

― Ինչքա՞ն ժամանակ է որ բանակում ես։

― Երեք ու կես ամիս, սըր։

― Բայց չի երևում, թե գլուխդ մտել է, որ բանակում ես։

Չհասկացա ինչ էր ուզում ասել, բայց ձայն չհանեցի, որովհետև գիտեի՝ եթե հակաճառեմ, արտահերթ վերակարգ կստանամ։

― Մտե՞լ է,― ասաց նա։

Չէի իմանում ինչ պատասխան տալ, ասի․

― Ճիշտ այդպես, սըր։

― Ի՞նչը՝ «ճիշտ այդպես, սըր»։

― Ճիշտ այդպես, սըր, գլուխս մտել է, որ բանակում եմ։

― Դե ուրեմն հարցիս պատասխանիր։

― Ո՞ր հարցին, սըր։

Այ, հիմա որ քաշվեցի, հաստա՛տ։ Համը հանել էի, շարքում զգաստ կանգնած՝ հարց էի տվել, իսկ սա արդեն տուն֊տնաքանդություն է։

― Ի՛մ հարցին,― ասաց վաշտի հրամանատարը։

― Անուն ազգանունս Վեսլի Ջեքսոն է, սըր։

― Ստուգատեսից հետո ներկայացիր գրասենյակ,― ասաց նա։

Ըհը՛, այ քեզ․ հենց առաջին օրը գլուխդ կրակը գցեցիր։ Ստուգատեսից հետո գնացի գրասենյակ, սերժանտը թե՝ սպասիր։ Վիկտորի ասածի պես, տանջված֊չարչարված, դժբախտ տեսք ուներ։

― Ի՞նչ սխալ արի,― հարցրի սերժանտին։

― Պիտի կոչումդ հայտնեիր։

― Բայց նա անուն ազգանունս էր ուզում։

― Պիտի կոչումդ էլ հայտնեիր։

Մի ժամ սպասեցի, վերջը սերժանտն ասաց, որ ներկայանամ վաշտի հրամանատարին։ Թե՝

― Ներկայանալու ձևը գիտե՞ս։

Ասի՝ գիտեմ, մոտեցա վաշտի հրամանատարի սեղանին, զգաստ կանգնեցի, պատիվ տվի ու զեկուցեցի։

― Շարքային Ջեքսոնը ներկայացել է ձեր հրամանով, սըր։

Կարծում էի կասի՝ «ազա՛տ», բայց ոչ էլ ասաց։

― Ինչպե՞ս է պատահել,― սկսեց նա,― որ մինչև հիմա չգիտես՝ բանակում ես, թե ինչ։

― Գիտեմ, որ բանակում եմ, սըր։

― Իսկ կոչումդ գիտե՞ս։

― Ճիշտ այդպես, սըր։ Շարքային եմ։

― Իսկ գիտե՞ս զորքի որ տեսակում ես ծառայում։

― Ճիշտ այդպես, սըր։

― Իսկ գիտե՞ս որ կայազորում ես գտնվում։

― Ճիշտ այդպես, սըր։

― Իսկ գիտե՞ս մեր կայազորի դերն ու նշանակությունը։

Չգիտեի, բայց ասի՝ գիտեմ։

Սա էլ ասաց․

― Չի երևում, թե գլուխդ մտել է, որ բանակում ես, և իմ կարծիքով, պիտի միջոնցեր ձեռք առնել դա գլուխդ մտնցելու համար։ Սերժանտը կասի՝ ինչ։ Այսքանը։

Ես պատիվ տվի։ Հետ դարձ արի ու մոտեցա սերժանտի սեղանին։

― Վաղը հերթապահ ես խոհանոցում,― ասաց սերժանտը։― Առավոտյան չորսին կներկայանաս ճաշարան՝ պարտականություներդ անցնելու։

Ես սուս մնացի, սերժանտն էլ թե՝

― Հիվանդության արձակուրդից նոր ես վերադարձել, գնա բուժարան, ստուգվիր։

Գնացի բուժարան ու երեք ժամ նստարանին չորացա ինչ է՝ ստուգվելու եմ։ Տասներկուսից տասնհինգ պակաս զինվորական բժիշկը եկավ ու ինչքան տղա կար սպասող, բոլորին էլ նայեց։ Մի երկու հոգի հավաքված կլինեին։ Նա ամեն մեկին հերթով հարցնում էր, թե ով ինչից է բողոքում, բայց քանի որ շատ էր շտապում, տղերքը կարճ էին կապում․ մեկն ասում էր՝ «հազ», մյուսը՝ «ականջ», էն մյուսը՝ «ստամոքս», բայց մի տղա էլ էնպես պատասխան տվեց, որ բժիշկը փրփեց։ Էդ տղան թե՝

― Մղձավանջ։

― Մղձավա՞նջ,― բացականչեց զինվորական բժիշկը։― Մի սրա՜ն տես, դու էիր էստեղ պակաս։ Կորիր զորամաս։ Շուտ արա, շո՛ւտ։

Տղան դուրս թռավ, գնաց, իսկ բժիշկը շուռ եկավ իրեն օգնող զինվորներից մեկի կողմն ու ասաց․

― Իմացիր ով է, ինձ տեղյակ կպահես։ Մղձավանջից էնպե՜ս ազատենք։

Էստեղ նա մոտեցավ ինձ։ Ասի՝ մի ամիս թոքերի բորբոքումով պառկելուց հետո արձակուրդից նոր եմ վերադարձել։

― Հիմա առո՞ղջ ես։

― Չիգեմ, սըր։ Սերժանտն ասաց, որ ստուգման գամ։

Նա թե՝

― Շատ բարի։ Ներկայացիր զորամասդ։

Հետ եկա սերժանտի մոտ։

― Ամեն ինչ կարգի՞ն է,― ասաց։

― Ի՞նչ իմաստով։

― Գնացի՞ր ստուգման։

― Երեք ժամ նստած սպասեցի,― վրա բերի ես։― Հետո բժիշկն եկավ, հարցերց՝ առո՞ղջ եմ, ասի՝ չգիտեմ, նա էլ թե՝ ներկայացիր զորամասդ։

― Ուրեմն ստուգվել ես,― ասաց սերժանտը։― Ամեն ինչ կարգին է։― Նա զարմանքով ու բարկացած գլուխն օրորեց։

― Ո՞րն է իմ զորամասը։

― Դեռ հայտնի չի։ Վաշտի հրամանատարը նայեց քո քարտը։ Հետդ էլի խոսելիք ունի։

Ուզում էի մոտենալ հրամանատարի սեղանին, բայց սերժանտը թե՝

― Հիմա չէ՝ հետո։ Հենց ընդունելու լինի՝ կասեմ։

― Մի թեթև սոված եմ,― ասի։― Կարելի՞ է ճաշարան գնալ։

― Ավելի լավ է սպասես,― ասաց սերժանտը։

Նորից մեխվեցի նստարանին, քիչ հետո Վիկտորն եկավ ու նստեց կողքիս։ Գլխովս անցածը պատմեցի, ասաց․

― Կեղտոտ շան որդո՜ւն տես։ Քո տեղը ես կգնամ խոհանոց, դու դեռ էդքան չես առողջացել, որ ամբողջ օրն էնտեղ չարչարվես։

Վիկտորին ասի՝ չէ, չեմ թողնի իմ տեղն ինքը գնա։ Ասի՝ լավ է, որ հենց սկզբից էսպես եղավ, մեկ է՝ վաղ թե ուշ պիտի լծի տակ ընկնեմ, դե ուրեմն՝ ինչքան շուտ վարժվեմ, էնքան լավ։ Վիկտորը վեր կացավ, սերժանտին էլ հարցրեց, թե չի՞ կարելի, որ իմ տեղն ինքը խոհանոցի գործն անի, ախր ես նոր եմ թոքերի բորբոքում տարել, բայց սերժանտն ասաց՝ ոչ, չի կարելի։ Վիկտորն էլի նստեց ու աչքը չէր կտրում վաշտի հրամանատարից։

― Վայ թե էս շան որդուն պիտի սպասեմ,― ասաց։

Ծիծաղեցի ու նրան հիշեցրի, որ որոշել ենք՝ ինչ էլ լինի, դիմանալ, նա թե՝

― Լավ, լավ, տանը կհանդիպենք։

Մի ժամ սպասեցի ինչ է՝ վաշտի հրամանատարն ինձ կանչի, էն էլ սա վեր կացավ, գնաց կեսօրյա նախաճաշի։ Սերժանտն ասաց, որ ես էլ նախաճաշի գնամ, բայց շուտ հետ դառնամ, որովհետև եթե վաշտի հրամանատարն ուզենա ինձ տեսնել, ու ես ձեռքի տակ չլինեմ, շատ կզայրանա։ Ասի՝ ուրիշների պես, ինձ էլ է նախաճաշի համար մի ժամ ընդմիջում հասնում, բայց սերժանտն էլի իրենն էր պնդում, թե՝ ինչքան հնարավոր է, շուտ վերադարձիր։ Միտք ունեի մեր ճաշարանում հաց ուտել, որ իմանամ ոնց են կերակրում, բայց դռան մոտ կանգնած հերթապահն ասաց՝ կեսօրյա նախաճաշի ժամը տասնմեկն անց կեսից մեկն է։ Ասի՝ դե, մեկից դեռ երեք րոպե կա, սա թե՝ չէ, չէ, արդեն շատ ուշ է․ ինչ արած դուրս եկա փողոց, երկու թաղ էն կողմ մի փոքրիկ ռեստորան գտա։ Նստեցի հաց ուտեմ, բայց իմ ծուռ բախտի վրա էնքան էի կատաղած, ու սիրտս էնքան լավ բան էր ուզում, որ մի փշուր էլ չկարեցա բերանս դնել, երկու բաժակ սև սուրճ խմեցի ու հետ դարձա գրասենյակ։

Երեքից տասնհինգ պակաս վաշտի հրամանատարը հազիվ ճաշարանից եկավ։ Հետն էլ երեք սպա կային, բոլորը՝ վարդագույն շալվարավոր։ Վիկտորի ասածի պես՝ իրար անուններով էին դիմում, լեզվին տալիս, իրենց նման ուրիշ բախտավորների հիշում ու հրճվում֊ուրախանում։ Համարյա մի ժամ զավզակություն արին։ Սերժանտը մեկ նրանց էր նայում, մեկ՝ ինձ, իսկ իմ վրա էլ հալ չէր մնացել, ո՜նց էի հոգնել։ Շան օրի էի։

Վերջապես վաշտի հրամանատարի ընկերները գնացին, համոզված էի, որ արդեն ինձ կկանչի ու հոգիս կազատեմ, բայց սա էդքանից հետո, մեկ էլ սկսեց հեռախոսով դեսուդեն զանգել։ Մորը զանգեց, որ տղային մոտ լինելու համար նոր էր Նյու Յորք եկել, իրար հետ երկար֊բարակ խոսեցին։ Հետո էլ Ստելլա անունով ինչ֊որ աղջկա, թե կնոջ զանգեց։ Նրա հետ էնպես էր խոսում, ոնց որ էդ կարգի տղամարդիկ են ծանոթ կանանց հետ զրուցում․ աշխույժ֊աշխույժ, խելք բանեցնելով, հանաքներ, բամբասանքներ, ծիծաղ շաղ տալով, խոսքի տակին գլխին էլ ասում էր՝ «լսիր»։ Սերժանտին հարցրի, թե իրիկնահավաքը քանիսին է լինում։ Ասաց՝ սովորաբար՝ վեցին, բայց էսօր շաբաթ է, երևի ոչ մի իրիկնահավաք էլ չլինի։

― Լավ չեմ զգում,― ասի։― Ինձ պառկել, հանգստանալ է պետք։

― Ի՞նչ է եղել որ։

― Թոքերի բորբոքումից հետո շուտ եմ հոգնում։

― Մահճակալ ունե՞ս։

― Չէ, դեռ չեն տվել։

― Իսկ քո կարծիքով՝ որտե՞ղ պիտի պառկես։

― Տանը։

― Տա՞նը,― ասաց սերժանտը։― Ի՞նչ տուն։

― Ես ու Վիկտոր Տոսկան «Հյուսիսային» մեծ հյուրանոցում ենք մնում։

Սա սերժանտին էնքան էլ դուր չեկավ, բայց երևի հիշեց, որ ով միջոցներ ունի, կայազորում չի մնում, դրա համար էլ բանի հետևից չընկավ։

― Լավ,― ասաց։― Բայց առավոտյան՝ ուղիղ ժամը չորսին, ճաշարանում լինես, առանց մի րոպե ուշանալու, թե չէ ինքնագլուխ բացակայություն կհամարվի, իսկ դա քեզ վրա էժան չի նստի։

― Հենց էդ ժամին տեղում կլինեմ,― ասի։― Հիմա գնա՞մ տուն։

― Վա՛հ, չէ մի,― ասաց սերժանտը։― Հո խելդք չե՞ս թռցրել։ Վաշտի հրամանատարը քեզ կանչել է։

Է՜հ, իսկ վաշտի հրամանատարը դեռ Ստելլայի հետ խոսում էր ու դեռ համոզում, որ լսի։ Անընդհատ ասում էր՝ «լսիր, Ստելլա» ու ծիծաղում։ Ես ընդհանարպես ինձ էնքան չեմ կորցնում, որ մեկնումեկին ատեմ, բայց էդ շան որդուն էնպե՜ս էի ատում։

Համարյա հինգ անց կես էր, երբ վաշտի հրամանատարը սերժանտին գլխով արեց, սա էլ ինձ ասաց, թե արդեն կարող եմ ներկայանալ։ Էլի նույն անմիտ ձևականություններով ներկայացա, ու էս մարդը, որ Ստելլայի հետ հեռախոսով լեզու թափելիս՝ հմայքի ծով էր, նորից ռազմաշունչ կերպարանք ընդունեց, ասես կազմ ու պատրաստ է քաջասիրտ կուրծքը գերմանացիներին դեմ տալ։ Նրա մտքից ոչ մի պահ դուրս չէր գալիս, թե ինչ դժվարին ժամանակներ են եկել մեր հայրենիքի համար, ինչքան ահազդու թշնամու հետ ենք կռվի բռնվել, ու դեռ ինչքա՜ն֊ինչքա՜ն փորձություններ կան մեր առաջ։

― Ես քարտդ աչքի անցկացրի,― սկսեց նա,― և ամենայն անկեղծությամբ ասած՝ չգիտեմ՝ թե դու առհասարակ ինչ ունես այս կայազորում։

Եթե բանակում չլինեի, էդ խեսքերի դիմաց տեղնուտեղը վեց֊յոթ պատասխան կգտնեի, բայց որ բանակում էի, ոչ մի բան չասացի։

Սա թե՝

― Հավանաբար տեղյակ կլինես, մեր բանակի ցանկացած զինվոր պատրաստ է աչքի լույսից զրկվի, միայն թե այս կայազորն ընկնի, և ես վստահ եմ, պատկերացնում ես՝ բախտդ ինչպես է բերել, որ դու այստեղ ես։

Մտքովս էլ չէր անցնում, թե բախտս բերել է, բայց լեզուս ինձ պահեցի։

Սա շարունակեց։

― Դե, մեր կայազորում ծառայության բնույթն այնպիսին է, որ զիվնորներին արտոնություններ են տրված, մինչդեռ կանոնավոր բանակի զինվորները ոչ մի արտոնություն չունեն և չեն էլ ունենա մինչև բանակից չազատվեն․․ ․եթե իհարկե, բախտը նրանց ժպտա՝ իսկապես ազատվեն․ հուսով եմ, հասկանում ես՝ ինչ եմ ուզում ասել։

Էստեղ նոր հասկացա, թե Վիկտորն ինչ նկատի ուներ, որ ասում էր՝ անընդհատ վախեցնում են։ Սրա հիշատակած կանոնավոր բանակի զինվորները շատ հնարավոր էր՝ բանակից երբեք չազատվեին, որովհետև կարող էին սպանվել, իսկ էս կայազորում միշտ էլ գլուխդ փրկելու ճար կար, մնում էր մենակ խաղի կանոններն ընդունել։

Սա խոսքն առաջ տարավ․

― Եթե ուզում ես մեզ մոտ հարմարվել, խորհուրդ կտամ քեզ ավելի լավ դրսևորել, քան մինչև հիմա։

Նայեց քարտիս ու սկսեց թվարկել իմ խղճուկ ինքնադրսևորման անշուք փաստերը․

― Երեք ու կես ամիս ես բանակում,― ասաց։― Մի ամիս հոսպիտալում ես եղել, երկու շաբաթ՝ արձակուրդում։ Այնքան էլ փայլուն չես քեզ դրսևորել, չէ՞։

Գետնի տակն անցնեմ, թե վրա չբերի․

― Ճիշտ այդպես, սըր։

Քիչ է էսպես ասի, դեռ խղճի խայթ էլ զգացի, որ թոքերի բորբոքում եմ ընկել ու էդքան ժամանակ հոսպիտալում մնացել։ Բայ ամենից շատ ուզում էի հասնել տուն ու պառկել, դրա համար էլ երևի հետը համաձայնեցի։

Մինչև նա մտքում ծանրութեթև էր անում, թե իմ հարցը ոնց լուծի, ես արդեն ահագին ժամանակ զգաստ ցցված էի, էդպես կանգնած էր ինձ պահում։ Ու խոսքի մեջ հասկացրեց, թե գլխիս ինչ կդնի, եթե ինձ ավելի լավ չդրսևորեմ։

Հետո էլ ասաց․

― Իմ աչքից չի վրիպել, որ դու Կալիֆոռնիայից մեր կայազոր ես եկել շարքային Ջո Ֆոքսհոլի և շարքային Տոսկայի հետ։ Հավանաբար լսած կլինես, թե շարքային Ֆոքսհոլին ինչ է պատահել։

Ես ձայն չհանեցի, սա թե՝

― Դե լավ, դու Դ վաշտում ես, շարքային կազմում։ Եթե քեզ արդարացնես, հնարավոր է, որ առաջիկայում մնաս մեզ մոտ։ Կփորձեմ մի հարմար գործ գտնել քեզ համար։ Իսկ եթե չարդարացնես,― դե, քանի որ դու ոչ գրող ես, ոչ ռեժիսոր, ոչ էլ կինոարտադրող, մի խոսքով, կինոյի բնագավառում աշխատանքի փորձ առհասարակ չունես,― կարծում եմ՝ հասկանում ես, հարկ եղած դեպքում մենք կարող ենք յոլա գնալ նաև առանց քեզ։ Մյուս կողմից էլ՝ ինչ ասեմ, ամեն ինչ քեզանից է կախված։

Այ, թող իսկականից գետնի տակն անցնեմ, եթե սիրտս չլցվեց, էնքան որ շնորհակալ էի նրան իր բարության համար․ սա էլ ձեզ ապացույց, թե ինչ բարդ արարած է մարդը․ ախր հալս հալ չէր, ամեն ինչից էնպես էի զզվել, հոգնած մեռնում էի, երնեկ էի տալիս մենակ մի տեղ լինի՝ պառկեմ, արհամարհանքից շունչս կտրվում էր, որ դիմացինս էդքան ստոր դուրս եկավ, ու հանկարծ հալվեցի, շնորհակալություն զգացումով լցվեցի նրա նկատմամբ ինչ է թե՝ ասաց․ «Ամեն ինչ քեզանից է կախված»։ Շնորհակալ էի, որ ինձ էլ հաշվի առավ, ինձ էլ իսկական մարդու տեղ դրեց։ Նույնիսկ մի լավ բան անելու ցանկությամբ բռնվեցի, մենակ թե նրան ապացուցեի, որ ես էն տեսակ տղա եմ՝ ինչ էլ հանձնարարեն, հազար կտոր կլինեմ, բայց գործը գլուխ կբերեմ ու ոչ մեկին դժգոհ չեմ թողնի։

― Ճիշտ այդպես, սըր,― ասի։

― Մի խոսքով,― ասաց,― լավ կշռադատիր։ Թեկուզ մի փոքրիկ սայթաքում, և ինքդ էլ ես հասկանում․․․

Նա մատներով ճտտացրեց, ու ինձ թվաց, թե հասկացա մտքինը, չնայած հետո գլխի ընկա, որ բորոլովին էլ չեմ հասկացել, ու ջղայնությունս եկավ ինձ վրա, թե ինչու կարծեցի՝ իբր հասկացել եմ։ մի իմանայի ինչ գրող ու ցավ էր մտքինը, որ մատներով էդպես ճտտացրեց քթիս տակ։

― Այսքանը,― ասաց։

Պատվի առա, հետո դարձ արի ու նորից սերժանտի մոտ եկա։

― Վե՞րջ, հիմա գնա՞մ։

― Դեռ պիտի քեզ մահճակալ տան,― ասաց։― Դե լավ, թող մնա երկուշաբթի։

Դուրս եկա փողոց ու մետրոյով գնացի քաղաք։ Տուն հասա, տեսնեմ՝ Վիկտորն արդեն քնած է։ Քիչ հետո աչքերը բացեց, բայց ոչ վեր կացավ, ոչ էլ տեղից շարժվեց։

― Մարդու սպանում են,― ասաց։

Հետո էլի աչքերը փակեց ու նորից քուն մտավ։

Հյուրանոցի Աստվածաշունչը վերցրի․ թերթում էի, կարդում ու շատ չանցած հասա Ժողովողին, որն ասում է, թե ամեն բան ունայն է, ունայնություն ունայնությանց։ Բայց դե ինչ արած։ Եթե ապրում ենք, չենք կարող ապրելլուց հաճույք չզգալ, ինչ կյանքի ուղի էլ մեզ բաժին ընկնի։ Իսկ առյուծն ապրում է՝ առանց իմանալու, թե ինչքան փառահեղ է։ Արծիվն ապրում է՝ առանց իմանալու, թե ինչքան սրաթև է։ Վարդը չգիտի, թե ինչ է վարդը։ Նա իր անուշ հոտից հաճույք չի առնում։ Չի տանջվում իր քայքայման գարշահոտից։

Բայց մարդը գիտի, թե ինչ է առյուծը, ինչ է արծիվը, վարդը։ Ամեն ինչ գիտի, ու ամեն ինչի վերջում վրա հասնող քայքայումն ու կսկիծը նրա աչքերը արցունքով են լցնում, ջանջում նրա հոգին։

Հենց իմանալն է, որ ունայնության զգացում է բերում, բայց երևի սա ավելի լավ է, քան չիմանալը։

Երբ ես թոքերի բորբոքում ընկա, առաջին անգամ էի մահվան երեսին նայում, ու նա ինձ դուր չեկավ։ Առաջ երբեք էդպես հիվանդացած չկայի։ Հիվանդությունն ինձ համար ահավոր ու դառն իմաստության մի դպորց եղավ։ Մահճակալիս մոտ նստող ճապոնացի տղային նայելիս, ասես ինձ էի տեսնում․ էդպես լուռումունջ, համառ, համբերատար ու դատապարտված։ Նրա բերած փոքրիկ, սմքած նարինջը աստվածային պարգև էր, մի մարդու ընծան մյուսին՝ ի նշան իրար հասկանալու, ի նշան գիտենալու, որ աստծու առաջ իրենք ոչինչ են։ Քնիս մեջ ես շատ ու շատ բաներ իմացա, որ գիրք կարդալով չես սովորի ու երդում կերա անպայման ոտքի կանգնել ու ամեն ինչ մտքումս պահել։ Երազիս մեջ լսած խոսքերը իրար հետևից շարվելով՝ դարձան մի զորավոր գիրք, որի լեզուն դեռ չէի սովորել, բայց հասկանում էի․ «Ապրիր, և թող չընդհատվի քո շունչը։ Մտիր ամառվա վարդաստանները և շնչիր պերճաշուք վարդի բուրմունքը։ Մոտեցիր քաղաք գինու սեղաններին և թմբիր բերող բոսոր խաղողահյութ ըմպիր։ Եվ թող քո աջ ձեռքը գավաթ լինի սիրածդ կնոջ ստինքի համար։ Ձախ ձեռքիդ մատները հյուսիր նրա ձախ ձեռքի մատներին և վերջալույսից մինչև արշալույս շուրթերդ ձուլիր նրա շուրթերին»։

Բայց սրանք երազիս մեջ լսած խոսքերը չեն։ Ընդամենը դրանց անհամ մնացորդն է։ Թեև արի տես՝ ես փառամոլ արարածներից եմ, ու արծվի սրընթացությունը, որի մասին նա տեղեկություն չունի, համարում եմ իմը ու առյուծի փառահեղությունն էլ, որի մասին նա տեղեկություն չունի, իմն եմ համարում։ Ես անտեր֊անտիրական որբուկ չեմ աշխարհհ ընկած, շատ մարդկանց որդին եմ, մեծ մասի եղբայրն եմ ու նրանց քույրերի հավանական փեսացուն։ Առյուծը չգիտի ինձ, բայց ես գիտեմ նրան։ Արծիվն ինձ չի ճանաչում, բայց ես նրան ճանաչում եմ։ Մարդիկ ստեղծել են ինձ ու մոռացել, բայց ես հիշում եմ նրանց։ Տառապանքը, կարիքն ու մահն են ստեղծել նրանց ու ինձ, բայց մենք ապրում ենք, կանք։ Ու չնայած ապրելու տանջանքի նման ուրիշ տանջանք չկա, բայց դա անուշ տանջանք է, որովհետև պոռթկում է, դառնում երգ, իսկ իմ մարմնի տանջալից խռովքը կարոտ էր պոռթկման, կարոտ՝ կնոջ մարմնի։ Տենդի մեջ սրսփալով, մահվան դուռը հասած, ես երդում կերա, որ անկողնուց վեր կենալուն պես՝ կնոջ մոտ կգնամ ու խոսքս արի, բայց դե գրողը տանի, բախտս էնպես չբերեց, ոնց որ պիտի բերեր։


Գլուխ տասնյոթերորդ

Վեսլին կապվում է մի ժամանակակից կնոջ հետ

Իրիկուն էր, որ 4֊րդ պողոտայի բարում մի կնոջ պատահեցի, ու սա գիշերվա երկուսին, հենց բարը փակեցին, խնդրեց տուն ուղեկցել իրեն։

Մտել էր բար, տեսնեմ նախորդ իրիկուն հետս ծանոթացած ծեր իռլանդացին էլի էստե՞ղ է, թե չէ, որովհետև նա աչքիս մեծ մարդ երևաց․ հազարից մեկը կարող էր նրա պես խոսել։

Երբ իմացավ, որ մայրս իռլանդուհի է՝ Դուբլինի կոմսության Բլեքռոք քաղաքից, ու անունն էլ՝ Քեթլին, ասաց․

― Ուրեմն դու էլ ես իռլանդացի, անկախ նրանից, թե որտեղ ես ծնվել կամ ինչ կուզեիր լինել։

Ես բացատրեցի, որ հայրս անգլիացի է ու Լոնդոնում է ծնվել, իսկ ծերուկը թե՝ չէ։

― Լոնդոնում ծնվել է, բայց իռլանդացու արյուն ունի ու հենց դրա շնորհիվ էլ էնտեղ ոտքի է կանգնել։ Լոնդոնի ո՞ր մասում է ծնվել։

Ասի՝ հաստատ չգիտեմ, բայց միտքս է, որ հայրս Իսթ Էնդից էր պատմում։

― Հայրդ Լայմհաուսում է լույս աշխարհ եկել,― ասաց ծերուկը,― իսկ Լայմհաուսում լիքը իռլանդացիներ են։ Նրա անունն ի՞նչ է։

― Բերնարդ Ջեքսոն։

― Իռլանդացի է։ Իսկ մայրդ բացի Քեթլինից, ուրիշ անուն չունի՞։

― Ունի․ Արմա է։

― Օ՜, իռլանդուհի է, որ կա, դու էլ ես տեսքից իռլանդացու նման։ Որտե՞ղ ես ծնվել, անունդ ի՞նչ են դրել։

― Սան Ֆրանցիսկոյում եմ ծնվել, անունս էլ Վեսլի են դրել։

― Կաթոլիկների քաղաք է ու իռլանդացիներով լիքը, բայց անունդ բողոքականի է, շոտլանդացու։ Ո՞վ է դրել։

― Հայրս։

― Երևի ինչ֊որ նկատառումներով է դրել, իսկ եթե ոչ մի նկատառում էլ չի ունեցել, անկասկած իռլանդացի է, ոչ թե անգլիացի։

Հա ուրեմն՝ նորից եկել էի բար, որ տեսնեմ ծերուկն էդտե՞ղ է, թե չէ, բայց նա չերևաց․ առաջին բաժակը խմեցի՝ չկար, վերջինն էլ խմեցի՝ չկար ու չկար, իսկ էդ կինը անընդհատ էնտեղ էր, համարյա երեք ժամ։

Երբ խնդրեց, որ իրեն տանեմ, տուն հասցնեմ, մնացի զարմացած, որովհետև մտքովս չէր անցնի, թե էդքան նրբաշուք տիկինն իրեն նման բան թույլ կտա, բայց ուրախ էի սխալված լինելուս համար։

Նա ապրում էր գետափին, 2֊րդ պողոտայի արևելյան մասում, բնակարանը երկու հարկ էր զբաղեցնում։ Կահկարասին արտակարգ էր՝ ճրագով ման գայիր, դրա պես չէիր գտնի․ հին էր, հարմարավետ ու աչքին հաճելի։ Երեսունից մի քիչ անց կին էր, տասներկու տարեկան մի տղա ուներ մասնավոր դպրոցում, ամուսնուց էլ բաժանված էր, չնայած նա իր ամենալավ բարեկամն էր մնացել, իսկ ինքը զգեստները ձևավորող էր ու էդ ասպարեզում մեծ հաջողությունների էր հասել։ Մանրակազմ էր, փոքր֊մոքր, բայց գրավիչ, մանավանդ երբ որ աչքերը խաղացնում էր, չարաճճի ժպտում ու իր սրտի ուզածով գիժ֊գիժ դուրս տալիս։

Երկուսիս էլ խմիչք լցրեց, իմը ջրի նման գլուխս քաշեցի։

Ասաց․

― Դե․․․ պատմիր քո մասին։

Բաժակը ձեռքից վերցրի ու դրի փոքրիկ սեղանին։ Հետո մարմնին կիպ նստած ժակետն արձակեցի ու հանեցի հագից։ Շորն էլ արձակեցի, ընկավ հատակին, նա ոտքը գցեց, դուրս եկավ միջից, բայց անընդհատ կրկնում էր․

― Ախր պիտի պատմես քո մասին։

Իսկ իմ կարծիքով, լեզվին զոռ տալը՝ երբ էլ ասես կտաս, դրա համար էլ ձայն չհանեցի։

Նրա տան երկրորդ հարկի պես լկստվելու լավ տեղ կինոներում էլ չէի տեսել։

Առավոտվա հինգին ցնցուղ ընդունեցի, նրան հրաժեշտի համբույր տվի ու ճիշտ վերկացին հասա զորանոց։

Ես ու Վիկտոր Տոսկան գնացինք երեք թաղ էն կողմ՝ մեր սիրած ռեստորանում նախաճաշելու, ասինք մի քիչ ժամանակ անցկացնենք, դե, ավտոմատ նվագարկիչն էլ կար ու կար, հինգ սենթանոց էիր գցում, քեզ համար երաժշտություն լսում։ Նյույորքյան էդ վաղ, մթին առավոտները սիրում էինք լսել «Ինչո՞ւ ես սխալ անում» երգը։ Սա մի մարդու մասին էր, որ 1922 թվին ուզածիդ չափ փող է սարքելիս լինում ու եղած֊չեղածը վատ կանաց վրա մսխում, լավ կինն էլ հարցնում է նրան, թե ինչու է սխալ անում, հետո էլ ասում է՝ գնանք էստեղից, ինձ էլ մի քիչ փող տուր։

Հենց ոտքներս ներս էինք դնում, տեղնուտեղը հինգ սենթանոց էինք գցում նվագարկիչի մեջ, որ երգը լսենք․ էնքան աղմկոտ, ուրախ֊զվարթ երգ էր, սիրտդ փափկում էր, միանգամից տաքանում։ Կանգնակի հետևը մի տարեց ռուս էր աշխատում, մեզ տեսներ թե չէ, միշտ էնպես էր հրճվում, ասես լուր առներ մեզանից, որ լույսը բացվել է։ Ռեստորանի տերը հենցն ինքն էր ու մի գլուխ սպասավորներից գանգատվում էր, թե գործին իր պես նվիրված չեն։

― Չէ, չես գտնի,― ասում էր նա։― Էլ կարգին մարդ չես գտնի։ Վերացել են։ Ստիպված ամեն ինչ իմ ձեռքով եմ անում։

Ռուս ծերուկին խոզապուխտով ձվածեղ պատվիրեցի, ասի՝ թող չորս ձվից լինի, խոզապուխտն էլ շատ, ու հենց որ սեղան նստեցինք, Վիկտորը թե՝

― Գիշերն ո՞ւր էիր չքվել։

― Վերջը գործ տեսա մեկի հետ։

― Ո՞նց էր։

― Հիանալի։

― Ո՞ւմ հետ էիր որ։

― Մի կին էր, բարում պատահեցի։

― Ի՞նչ կին։

― Բարձր խավի։

― Հաստա՞տ, չե՞ս ֆռացնում։

― Էդ ո՞ր խաչից էր, ի՞նչ կարծիքի ես։

― Չհասկացա՝ ինչ ես ասում։

― Դե․․․ որ սիրտն ինձ ուզեց, էլի։

― Բա ինչի՞ չուզեր։

― Է՜, գիտես, որ սատանի մռութ ունեմ։

― Չէ մի, շատ էլ լավն ես։ Հետոն էլի՞ ես հանդիպելու։

― Հա, իրիկունը։

Էդ իրիկուն կնոջ հետ իր բնակարանում ընթրեցինք։ Մի ջահել շվեդուհի էր սպասարկում, ընթրիքն էլ հոյակապ էր։ Հենց շվեդուհին գնաց, բարձրացա վերև՝ քնելու, որովհետև անցած գիշեր աչքս մի վայրկյան չէի կպցրել։ Սենյակի անկյունում՝ վարագույրի հետևը, մի մեծ նվագարկիչ կար, զարթնեցի թե չէ, ականջիս հրաշք երաժշտություն հասավ, հետո իմացա, որ Բրամս է։ Դաշնամուրի ու նվագախմբի համար գրված կոնցերտ էր, էդպիսի հրաշք երաժշտություն երբեք չէի լսել։ Ինչքան լսում էիր, էնքան աշխարհը անիրական էր թվում, կարծես անուրջների գիրկն ընկած լինեիր։ Տանտիրուհին մեկնվել էր դիմացի պատի տակ դրված բազմոցին, հագին էլ ինչ֊որ թափանցիկ բան էր։

― Ինչո՞ւ չես էդ անտանելի շորերդ հանում, քեզ ավելի ազատ կզգայիր,― ասաց նա, ու ես էդպես էլ արի։

Գլուխ տասնութերորդ

Վեսլիի աչքին մի տարօրինակ տեսարան է ընկնում, նա աշխարհի մարդկանց ուղղված նամակներ է ստանում և հանդիպում իրեն տեսնելու եկած հորը

Մարտին էր, մի առավոտ շատ տարօրինակ բան ընկավ աչքիս։ Կանգնել էի 56֊րդ փողոցի Հյուսիսային մեծ հյուրանոցի վեցերորդ հարկում՝ մեր սենյակի բաց պատուհանի մոտ ու սպասում էի, որ Վիկտոր Տոսկան հագնվի։ Փողոցի մյուս կողմի հյուրանոցում՝ հենց դեմ֊դիմաց, պայծառ լուսավորված մի սենյակ նկատեցի, մտքումս ասի՝ ուրեմն մի ուրիշն էլ կա, որ լույսը չբացված՝ ուզի֊չուզի պիտի վեր կենա։ Հետո տեսնեմ՝ մեկը մոտեցավ պատուհանին՝ մի թերթ թուղթ ու ծրար ձեռքին։ Թուղթը ծալեց, ծրարի մեջ դրեց, փակեց ծրարն ու․․․ փողոց շպրտեց։

Վիկտորին ասի՝ իրեն դրսում կսպասեմ ու վազեցի ներքև, որ իմանամ ինչ է։

Ծրարն ուղղված էր «Աշխարհի մարդկանց»։

Նախաճաշելիս Վիկտորին պատմեցի, թե ինչ եմ տեսել, ծրարը բաց արի, հանեցի նամակն ու բարձր կարդացի։

«Սիրելի մարդիկ,― էսպես էր սկսվում նամակը,― ամեն օր գրում եմ ձեզ, որովհետև ծանր ժամանակներ են ձեզ համար եկել, իսկ ինձ համար՝ ոչ։ Ընտիր ժապավենով գրամեքենա ունեմ, ինչքան ուզեք թուղթ, ինչքան ուզեք ծրար ու ոչ մի անելիք։ Նյույորքյան այս առաջին նամակում նշում եմ միայն ամսաթիվը (երկուշաբթի, 21 մարտի, 1953 թ․) և հայտնում, որ մտադիր եմ հետագա նամակներումս ձեզ քաջածանոթ մի շարք հոգսեր ու խնդիրներ շոշափել։ Ես հոգսեր չունեմ և իմ օգտի համար ոչինչ չեմ փնտրում։ Հավակնություններից զուրկ եմ։ Փողի կարիք չունեմ։ Դժբախտ չեմ։ Փորձանքի մեջ չեմ ընկել։ Ապրում եմ սրտիս ուզածի նման։ Հետևաբար կարող եմ ձեզ այնպիսի բաներ ասել, որ աշխարհում էլ ոչ ոք չի ասի։ Նյույորքյան նամակներս կնետեմ քաղաքի տարբեր հյուրանոցների տարբեր պատուհաններից՝ օրական մի հատ, ամեն առավոտ, հենց լուսադեմին։ Նյու Յորքից կգնամ մի ուրիշ քաղաք, այնտեղից էլ՝ ուրիշ, մինչև որ ամբողջ երկիրը շրջեմ»։

Նամակն անստորագիր էր։

― Էդ ով որ է՝ հանաք է անում,― ասաց Վիկտորը։

― Տեսքից չէր երևում, թե հանաք անող է,― ասի։― Ոնց որ ամբողջ գիշեր էս մի քանի տողի վրա չարչարված լիներ։

― Ուրեմն՝ խենթ է։

― Իսկ եթե չէ՞։

― Բա էլ ի՞նչ։

― Չգիտեմ։ Երկրորդ նամակը հենց ձեռքս ընկնի, արդեն կիմանամ։

Երկրորդ նամակում, որ մյուս առավոտ Վիկտորի համար կարդացի, ասվում էր․ «Այսպես ուրեմն․ սնվելուց հետո ձեր ամենամեծ հոգսը զբաղմունք գտնելն է։ Դուք կարծես թե խուսափում եք ճշմարտությունից, բայց շատ իզուր։ Իրականում հնարավոր չէ ճշմարտությունից խուսափել, և երբ ջանում եք դա ամեն կերպ անել, ընկնում եք հիմար վիճակի կամ դժբախտության մեջ, մինչդեռ եթե չփորձեք ճշմարտությունից երես դարձնել, կվերագտնեք այն բարեսրտությունը, որ ձեր արյան մեջ է, բայց կորցրել եք՝ հարյուրավոր տարիներ շարունակ անվերջ սրտնեղելով։ Աղաչում եմ, էլ մի սրտնեղեք։ Մտահոգության պատճառներն ինքնին կվերանան, եթե դուք նստեք ու շրջապատում եղած ամեն ինչ հաշվելով՝ աստիճանաբար սկսեք պարզել, թե ով եք։ Հաշվելը անմեղ զբաղմունք է, որովհետև դրանից հետևություններ չեն բխում։ Հետևություններն ավելի ուշ կանեք։ Նախ և առաջ պիտի սովորեք հաշվել։ Առաջին անգամ հաշվեք մինչև ինը ու այդքանով սահմանափակվեք։ Գումարումը, հանումը, բաժանումն ու բազմապատկումը առայժմ մի կողմ դրեք։ Հենց սկսեք հաշվել, կհասկանաք, թե դրա իմաստը որն է»։

― Խելքդ ի՞նչ է կտրում,― ասի։

Վիկտորը թե՝

― Շա՜տ իմանամ։ Բայց դե, որ ասում է, արի փորձենք։ Կերել ենք, պրծել, բեր հիմա էլ հաշվենք։

― Էս գդալը,― ասի,― մեկ։ Բայց մինչև երկուսին անցնելը, արի մի կարգին էս գդալը նայենք, տեսնենք ինչ է։

― Չէ,― վրա բերեց Վիկտորը,― նա էդ տեսակ պատվեր չի տալիս։ Ասում է՝ հաշվեք ու վերջ։ Ուրեմն՝ էս ափսեն՝ ձվածեղի, խոզապուխտի ու կարտոֆիլի մնացորդն էլ հետը՝ երկու։

― Շատ լավ,― ասի։― Էս սուրճի բաժակը՝ երեք։

― Վաճառասեղանի հետևը կանգնած էն ծերուկը՝ չորս։

― Ի՞նչ կա,― ասաց վաճառասեղանի հետևը կանգնած ծերուկը։

― Դուք չորսն եք,― ասաց Վիկտորը։

― Չո՞րսը,― ասաց ռուս ծերուկը։― Ո՞նց թե։

― Համար չորսը, էլի,― ասաց Վիկտորը։

― Էս ի՞նչ բան է․․․ ինչո՞ւ չեք երաժշտություն լսում,― ասաց ռուս ծերուկը։

― Ավտոմատի մեջ գցելու էս հինգ սենթանոցը,― ասի,― հինգ։

Ես հինգ սենթանոցը գցեցի նվագարկիչի մեջ, ու կինն էլի սկսեց տղամարդուն հարցնել՝ թե ինչու է սխալ անում։

― Էս պատուհանը,― ասաց Վիկտորը,― վեց։

― Էս ամբողջ քաղաքը,― ասի,― յոթ։

― Արար աշխարհը,― ասաց Վիկտորը,― ութ։

― Ամբողջ տիեզերքը,― ասի,― ինը։

― Ըհը՛,հաշվեցինք պրծանք,― ասաց Վիկտորը։― Գդալից սկսեցինք, բայց տես ուր հասանք, չէ՞։

― Հետաքրքիր է՝ էս մարդու մտքինն ինչ է,― ասի։

― Լսիր, իսկ եթե դրա նամակին պատասխա՞ն գրենք։

― Է՛, որ գրեցինք, ի՞նչ պիտի ասենք։

― Ուրեմն ասելու բան չկա՞։ Կգրենք, որ նամակներն ստացել ենք ու շնորհակալ ենք։

― Նրա նամակները աշխարհի բոլոր մարդկանց են ուղղված։

― Բա մենք էլ էդ մարդկանցից երկուսն ենք, էլի,― ասաց Վիկտորը։― Դե, մեկնումեկը պիտի նամակները վերցներ փողոցից, կարդար։ Նա հո չի՞ գրել, թե դիմացի հյուրանոցում մնացող երկու բանակայինները կարդալու իրավունք չունեն։

― Ոչ էլ խնդրել է, որ իրեն պատասխանեն։

― Հանաք է արել, հանաք,― ասաց Վիկտորը։

― Գիտե՞ս ինչ կուզեի իմանալ․ ո՞նց է, որ նա բանակում չի,― ասի։― Երեկ առավոտը պատուհանի մոտ տեսա։ Տարիքով շատ մեծ չէր, լավ էլ առողջ էր երևում։

― Կարող է մի կարևոր գործարանում է աշխատում։

― Ոչ մի տեղ էլ չի աշխատում։

― Ի՞նչ իմացար։

― Ինքն էր առաջին նամակում գրել։

― Ուրեմն կա֊չկա, ծառայության պիտանի չի,― ասաց Վիկտորը։― Ա՛յ, բախտավոր մարդ։

Մյուս առավոտ, հենց որ գնացի նամակը վերցնելու, մեկն ինձանից առաջ ընկավ։ Մի սիրուն աղջիկ էր։ Չգիտեի ինչ անեմ, ասի․

― Կներեք, դա իմ նամակն է։

― Վրան գրված է՝ «Աշխարհի մարդկանց»,― ասաց աղջիկը։

― Դե հա,― ասի,― բայց քեզ շա՞տ է պետք։

― Չգիտեմ,― ասաց աղջիկը։― Մեջն ի՞նչ կա։

― Ոչ մի բան,― ասի։― Կատակի համար է։ Ամեն առավոտ էսպես նամակ եմ ստանում։

― Միգուցե էս անգամ ինձ են նամակ գրել,― ասաց աղջիկը։― Ախր ես գտա։

― Ուզում ես քե՞զ մնա։

― Միգուցե մեջը մի բան կա,― ասաց աղջիկը։― Միգուցե փող է։

― Չեմ կարծում,― ասի։― Այ թե ինչ․ բաց արա նամակն ու կարդա։ Եթե դրանից հետո կուզես քեզ մնա, թող ես էլ կարդամ․ էլի հետ կտամ։ Բայց եթե քեզ պետք չլինի, սրա դիմաց մի դոլար կվճարեմ, թե դեմ չես, իհարկե։

― Իսկ քո ինչի՞ն է պետք։

― Դե, ինչ ասեմ։

Հանկարծ խելքս փչեց գլուխս բարձրացնել։ Տեսնեմ էդ մարդը հենց պատուհանի մոտ է։ Կարծում էի, թե հետ կքաշվի, որ աննկատ մնա, բայց նա նստել էր, նայում էր։

Ես «բարի լույսի» տեղ նրան ձեռքով արի,― դե հո զինվորավարի պատիվ չէի՞ տալու,― նա էլ ինձ ձեռքով արեց։

Աղջիկը պիտի գնար 57֊րդ փողոցի ավտոմատ֊ճաշարան՝ աշխատանքի, էնպես որ առաջ անցավ։ Քայլում էի նրա կողքով ու անընդհատ շուռ գալիս, ուզում էի տեսնել՝ մարդն էնտե՞ղ է, թե չէ․ դեռ էնտեղ էր։ Պատուհանին կռթած՝ գլուխը դուրս էր հանել ու մեր հետևից նայում էր։

― Եթե նամակը մի դոլար արժի,― ասաց աղջիկը,― ավելի թանկ էլ կարժենա։

― Դե լավ, թող քեզ մնա,― ասի։― Բայց գոնե տուր կարդամ։

Վիկտորը վազեվազ հետևներիցս հասավ ու միացավ մեզ։

― Ինչ է,― ասաց,― բարդություննե՞ր են բացվել։

― Էս աղջիկը ինձանից շուտ նամակը վերցրեց,― ասի։― Աշխատանքից ուշանում է, ոտքներս կախ գցենք՝ մենք էլ վերկացից կուշանանք։

― Դե ուրեմն շուտ արա,― ասաց Վիկտորը։― Թող նամակն իրեն մնա։

― Լավ,― ասի, անկյունից շտապ֊շտապ մի տաքսի նստեցինք, 59-րդ փողոցն ու Քուինզբորո կամուրջն անցանք և ճիշտ ժամանակին՝ հենց վերկացին էլ տեղ հասանք։

Նախաճաշին գցում֊բռնում էինք, թե նամակում ինչ կլինի գրված, բայց իհարկե, խելքներս բան չկտրեց, դրա համար էլ կեսօրյա նախաճաշի մի ժամանոց ընդմիջմանը տաքսի նստեցի ու գնացի 57֊րդ փողոցի ավտոմատ֊ճաշարանը, որ տեսնեմ՝ չե՞մ կարող նամակը աղջկանից առնել կամ էլ թեկուզ կարճ ժամանակով վերցնել։

Նա շատ զբաղված էր, բայց ասաց․

― Նամակը հենց իմն է, ինձ մոտ էլ կմնա։

― Չի՞ կարելի կարդալ,― ասի։― Իսկույն հետ կտամ։ Ազնիվ խոսք․․․ Համ էլ ինձ մի բաժին մակարոնով ու լոբով ռոստբիֆ տվեք"

Աղջիկը գրպանից հանեց նամակը։ Ասի՝ ի՞նչ կլինի, որ գնամ նստեմ, ուտելու ընթացքում կարդամ։

― Բայց հանկարծ չփախցնես,― զգուշացրեց նա, ես էլ խոստացա, որ չէ։

Դե, երևի աղջիկն իրավացի էր։ Նամակը հենց իրեն էր ուղղված կամ համենայն դեպս, նույնքան էլ իրեն, ինչքան որ ինձ, Վիկտորին, ուզածդ մարդուն։ Սրա մեջ ասվում էր․ «Սնունդն ամեն ինչ է, ուստի կերեք դանդաղ և ուշք դարձրեք, թե ինչ եք ուտում։ Նկատի ունեցեք, թե ուտելու ընդունակությունն ինչպիսի բարիք է։ Քաղցել ու ծարավել՝ նշանակում է ապրել։ Հագեցնել քաղցն ու ծարավը նշանակում է գեղեցիկ ապրել։ Մարմնի ծարավը հագեցնել լավ է, բայց հոգու ծարավը հագեցնելն՝ ավելի լավ։ Իմացեք, թե ինչի եք ծարավի, քանի որ հենց ձեր ծարավի բնույթը չիմանալուց եք ամենից շատ տառապում։ Օրինակ՝ մի թողեք, որ ասենք՝ խոտը բռնի փառքի տեղը, որովհետև, եթե դուք ծարավի եք փառքի, խոտը չի կարող հագեցնել ձեր քաղցն ու ծարավը։ Պետք է թափանցել իրերի խորքը։ Պետք է ճանաչել նրանց հատկանիշները։ Թե խոտն այնքան եփենք, որ միջից քամվի նրա էությունը, դա չի հագեցնի նույնիսկ մարմնի ծարավը։ Եթե գեղեկցության եք ծարավի, աչքներդ լայն բացեք այդ ծարավը հագեցնելու համար, և դուք կտեսնեք, որ ամեն ինչի մեջ գեղեցկություն կա, միայն թե ձեր աչքերը լայն բացված լինեն։ Կույր մի եղեք, բաց պահեք աչքերը։ Եթե ծարավի եք որևէ բանի, ձեր ծարավն ուրիշ բանով մի հագեցրեք։ Մեկի փոխարեն մի բավարարվեք մյուսով։ Սովորեք հաշվել։ Սովորեք տեսնել։ Ճանաչեք ձեզ։ Իմացեք՝ ով եք։ Ճանաչեք ամեն բան, իմացեք ինչ է։ Փառք տվեք աստծուն դրանց հատկությունների համար ու ննջեք խաղաղ քնով, ասես հողի ստեղծածն եք, կանաչ դաշտի պտուղ և ուրիշ ոչինչ»։

Ես նամակը վերադարձրի աղջկան։

― Շատ շնորհակալ եմ,― ասի։― բայց էս նամակն ի՞նչ պիտի անես։

― Մոտս կպահեմ,― ասաց աղջիկը։― Էնքան կկարդամ, մինչև հասկանամ։

Որոշեցի մյուս առավոտ հաջորդ նամակն անպայման փողոցից վերցնել, այց հենց իջա փողոց, տեսնեմ նամակ չկա։ Նույն աղջիկը, նորից անցնում էր, ասաց․

― Ի՞նչ ես փնտրում։

― Հեչ,― ասի։― Եթե մի դոլար տամ, նամակիդ պատճենը չե՞ս տա։

― Լավ,― ասաց աղջիկը։

Նրան մի դոլար տվի, խնդրեցի, որ նամակի պատճենը հյուրանոցի ծառայողի սեղանին թողնի, ու նա էդպես էլ արել էր;

Մյուս առավոտ փողոցում էլ նամակ չկար։

Նախաճաշին Վիկտորը թե՝

― Էս ի՞նչ հաշիվ է, էլ նամակ չկա։

― Նա մեկնել է,― ասի։― Դե, առաջին նամակում գրել էր, որ պիտի մեկնի։ Ես երկար մտածել եմ ու այ թե ինչ եզրակացության եմ եկել։ Նա գրող կլինի, կամ գրելն է մոռացել, կամ դրանից ձանձրացել է, կամ էլ հասկացել, որ իսկական գրող չի ու սիրտը հովացնելու համար որոշել է մի քիչ զվարճանալ, իրեն էլ ձեռ առնել, գրել֊մրելն էլ, գրողներին էլ, մի խոսքով, ամենքին ու ամեն ինչ։

― Հաստատ մի ցավ ունի,― ասաց Վիկտորը։― Օրինակ իմ ցավն էն է, որ բանակ եմ ընկել։ Քո՞նը որն է։

― Չգիտեմ,― ասի։

Բայց գիտեի, որ հազար ու մի ցավ ունեմ, մանավանդ, որ հայրիկն էլ նորից էր կորել, ով իմանա՝ ուր էր գնացել։ Լուն գրել էր, թե մի ամիս հայերիկը իրեն շատ լավ է պահել, ուղղակի չտեսնված․ ինչքան ասես Լուին օգնել է Փասիֆիք փողոցի նրա պանդոկում։ Բոլորն էլ հայրիկին սիրելիս են եղել ու հենց պանդոկում աչքներով չի ընկել, մի գլուխ հարցրել են․ «Ո՞ւր է Վալենսիան»։ Լուն հայրիկի անունը Վալենսիա է դրել, որովհետև անըդհատ էդ երգն է երգել, և ամեն մեկի հետ ծանոթացնելիս, ասել է՝ անունը Վալենսիա է։ Հայրիկին դերձակի մոտ է ուղարկել, նրա համար երեք կոստյում, երկու հատ էլ վերարկու կարել տվել, իրեն էլ պանդոկի վերևի հարկի երեք սենյականոցում առոք֊փառոք տեղավորել։ Մի ամիս հայրիկը Լուի աջ թևն է եղել, հենց մենակ նրանով, որ պանդոկից դուրս չի եկել, ու Լուն էնքան փող է աշխատել՝ մտքին դրել է գործն ընդարձակել, պանդոկը մեծ ռեստորան դարձնել՝ իր բարով, բանով, հայրիկին էլ ձեռքից բաց չթողնել, որովհետև ոտքը շատ խերով է եղել, ու բոլորը հորս հավանել են։ Հետո մի իրիկուն հայրիկը պանդոկում չի երևացել, Լուն բարձրացել է վերևի սենյակները, տեսել կոստյումներն ու վերարկուներն՝ էնտեղ, իսկ հայրիկի իզութոզն էլ չկա։ Լուն ասում էր՝ ոչինչ, դարդ չանես, ոնց էլ լինի, հորդ էլի կգտնեմ։ Ասում էր՝ հայրիկից լավ մարդու կյանքում չի հանդիպել, ու նոր ռեստորանում նա իրեն պետք է։ Դե, իսկ հայրիկից ստացած վերջին նամակներս նրա գրածներին բոլորովին նման չէին։ Մարդ էդպիսի նամակներ է գրում, երբ մտքինը չի ուզում ասել։ Մի տեսակ շատ ուրախ֊զվարթ էին։ Հաստատ համոզված չէի, բայց սիրտս կվայում էր, որ շուտով հորս Նյու Յորքում կտեսնեմ։

Մյուս առավոտ որոշեցի մի անգամ էլ նայել, թե փողոցում նամակ չկա՞, ու իրոք որ կար։ Ծրարն առաջվա պես ուղղված էր «Աշխարհի մարդկանց», մենակ թե էս բառերը ձեռագրով էին գրված։ Բաց արի նամակն ու կարդացի․ «Վայ, Ջեքսոն, Ջեքսոն, ես քո․․․»։ Վերև նայեցի, տեսնեմ՝ Վիկտորը գլուխը հանել է պատուհանից ու ո՜նց է հռհռում։ Էդպես ծիծաղից թուլացած էլ իջավ ներքև, մեկ էլ հռհռոցը կտրեց, թե՝

― Էս առավո՞տ ինչ գտար փողոցում։

Հիմա երկուսս էլ հո չե՜նք ծիծաղում, կայազորի ամբողջ ճամփին էլ, դեռ առավոտվա ստուգմանն էլ, ռեստորան գնալիս էլ, նախաճաշելիս էլ հա ծիծաղում էինք ու ծիծաղում։

Իրիկունը, հենց հյուրանոց մտա, ծառայողն ասաց, որ միջանցքում ինձ մարդ է սպասում։ Հայրիկն էր․ երկար միջանցքի բազկաթոռներից մեկին քնել էր։ Նստեցի կողքին, սպասում էի՝ զարթնի։ Տեսքը բանի նման չէր, բայց մեկ է՝ ուրախ էի, որ նրան նորից եմ տեսնում։ Մի ժամ անցավ, մինչև քնից զարթնեց։ Ոչ ես մի բառ ասի, ոչ ինքը։ Էդպես լուռումունջ, տասը֊տասնհինգ րոպե նստել էինք միջացնքում, հետո սպասավորներից մեկին պատվիրեցի, որ բարից մի շիշ շոտլանդական վիսկի, սառույց ու երկու բաժակ բերի։ Հայրիկի բաժակն էլ, իմն էլ բերնեբերան լցրի, նա թե՝

― Էս պատերազմը մինչև վերջանա դու էլ ինձ պես կդառնաս։

― Ավելի լավ,― ասի։


Գլուխ տասնիններոդ

Վեսլին հորն է պատմում այս պատերազմում անցնող իր ջահել կյանքից, հայրն էլ նրան է պատմում այն պատերազմում անցած իր ջահեկ լյանքից

Լուին հեռագրով հայտնեից, որ հայրիկը եկել է Նյու Յորք՝ ինձ տեսնելու։ Լուից էլ հեռագիր եկավ, փառք էր տալիս աստծուն ու գրում, թե հայրիկի նոր շորերը օդային փոստով ուղարկում է։ Բացի դրանից, հեռագրով երեք հարյուր դոլար էր փոխադրել, որ հայրիկը Նյու Յորքում ծախսի։ Ասում էր՝ ապագա ռեստորանի շինարարությունը թափով առաջ է գնում, ու ինքը հույս ունի, որ մի վեց շաբաթից հայրիկը շենքի բացմանը ներկա կլինի։ Հետաքրքրվում էր, թե հայրիկը չի՞ ուզի եկամտի տոկոսների հաշվին փայատեր դառնալ։ Խոստանում էր ամեն ինչ մանրամասն գրել։

Երեք օրից ուղարկած շորերը տեղ հասան, հետն էլ մի երկար նամակ Լուից՝ ինձ ու հայրիկին։ Նամակը տվի հորս, բայց նա վերադարձրեց, թե՝ բարձր կարդա, լսեմ։ Լուն լուրջ էր տրամադրված։ Գործը գլուխ բերելու համար հայրիկն իրեն պետք էր։ Ուզում էր հորս հետ համաձայնություն կնքել, գրավոր, թե բանավոր՝ դա արդեն մեկ էր։ Գոհ էր, որ Նյու Յորքում է, որովհետև նախ՝ գիտեր, թե հորս համար ինձ տեսնելն ինչ ուրախություն է, հետո էլ՝ հայրիկը կարող էր մի լավ տնտղել Նյու Յորքի ռեստորաններն ու բարերը, դրանց ելումուտը պարզել։ Լուն ասում էր, որ իրեն շատ հարմար կլինի, եթե հայրիկը գործի մեջ մտնի որպես եկամտի մեկ երրորդի փայատեր ու հարցնում էր, թե դա նրան է՞լ է ձեռ տալիս․ հայրիկի պատրտականությունն էն պիտի լիներ, որ իրիկվա ութից մինչև գիշերվա երկուսը, այսինքն՝ մինչև փակելու ժամը, ռեստորանում նստեր։ Լուն հայտնում էր, որ գործի երրորդ փայատերը Դոմինիկ Տոսկան է, նա էլ, ասում էր, լրիվ համաձայն է հորս մասնակից դարձնելուն։ Ինքը միջքաղաքային հեռախոսով Դոմինիկի հետ խոսել էր։ Ասում էր՝ թեկուզ հարկերը բարձր են, բայց իր ու Դոմինիկի համար լավ փող է շփում, դե, Դոմինիկն էլ որ բանակում է, գոնե մեկը պիտի իր կողքին լինի, իսկ ինքը բացի հորիցս, ուրիշ ոչ ոքի չի ուզում։ Թե՝ վերջն ի՞նչ եք ասում։

Է՛, հայրիկը երկար ժամանակ մի բառ էլ չէր ասում։ Ուղղակի վերցրեց շիշն ու բաժակը լցրեց, ես էլ սպասում էի, տեսնեմ ինչ կասի։

― Հը, ի՞նչ կարծիքի ես,― ասաց։

― Ինչքան գիտեմ, Լուն շիփ֊շիտակ մարդ է,― ասի։

― Չե՞ս կարծում, որ պարզապես լավություն է անում։ Ախր էդ ռեստորանում ես անեիք չունեմ։

― Դե, ռեստորաններն ու բարերը էդ կարգի տեղեր են,― ասի։― Թե որ մեկնումեկը մարդկանց աչքին դուր եկավ, էլի կգան։ Ես որ էդպես եմ։ Իմ կարծիքով, սկզբում Լուն մեզ լավություն էր անում, բայց հիմա էս նամակից երևում է, որ ինչ լեզվին է, էն էլ սրտում է։ Նոր գործը գլուխ բերելու համար դու նրան իսկականից պետք ես։

― Ախր գործի մեջ եթե փող չես դնում, որպես ի՞նչ եմ եկամտի մեկ երրորդն ստանում,― ասաց հայրիկը։― Ես առուծախից բան չեմ հասկանում, բայց գիտեմ, որ Լուի բռնած գործում եկամտի մեկ երրորդը ահագին փող է։

― Իմ կարծիքով, Լուին վստահելն արժի,― ասի։― Թե ձեռքդ շատ փող անցնի, տեղն ընկած տեղը, հենց իրեն պետք գա, կարող ես հետ տալ։ Բայց քեզ համար դժվար չի՞ լինի, որ ամեն իրիկուն վեց ժամ էնտեղ նստես։

― Իրիկունները միշտ էլ էդպես վեց ժամ մի տեղ նստում եմ,― ասաց հայրիկը։

― Շա՞տ էիր խմում Լուի մոտ։

― Էնքան էլ չէ, ուրիշ տեղ որ նստում եմ, ավելի շատ եմ խմում։ Լուի մոտ էլի լավ էր։

― Բա ինչո՞ւ հեռացար։

― Սիրտս նեղանում էր։ Մտածում էի, որ խանգարում եմ։ Հետն էլ մտածում էի, որ քեզ պիտի անպայման տեսնեմ։

Հայրիկը մի պահ լռեց, հետո ասաց․

― Վերջին անագամ քեզ տեսնելուս վրա շատ ես փոխվել։ Ի՞նչ է պատահել։

― Մեծացել եմ,― ասի։― Բանակում մարդ շուտ է մեծանում։ Համ էլ թոքերի բորբոքում էի ընկել, հոսպիտալում պառկած եմ եղել․․․ դրանից էլ եմ փոխվել։ Բարում էլ մի կնոջ հետ եմ ծանոթացել։

― Թոքերի բորբոքո՞ւմ,― ասաց հայրիկը։― Իսկ ինչո՞ւ չես ինձ իմաց արել։― Ծա՞նր բորբոքում էր։

― Ասում էին՝ վիրուսային է։ Մտածում էի՝ կմեռնեմ։

― Բա ո՞նց եղավ։

― Ի՞նչը։

― Ո՞նց եղավ, որ փրկվեցիր։

― Մի ճապոնացի տղա կար հոսպիտալում, գալիս էր, մոտս նստում։

― Ճապոնացի,― ասաց հայրիկը։― Համոզվա՞ծ ես։

― Ես ճապոնացուն չինացուց ջոկում եմ,― ասի։― Էդ տղան ճապոնացի էր։ Նա էլ թոքերի բորբոքումից նոր էր ոտքի կանգնել։

― Հետո՞, արածն ի՞նչ էր։

― Ոչ մի բան։ Ուղղակի նստում էր, սպասում։ ԻՆձ համար երեք հատ նարինջ էր բերել։ Էդպես էլ ոչ մի անգամ հետը չխոսացի, չիմացա էլ՝ ով է։

― Ճապոնացիներին բոլորն ատում են,― ասաց հայրիկը։― Ուրեմն դու՝ չէ՞։

― Չէ։ Իսկ դո՞ւ։

― Ես էլ չէ։ Քո կարծիքով, էդ տղայի արածն ի՞նչ էր, որ լավացար։

― Մոտս նստում էր, էլի։ Քնելիս գիտեի՝ կողքիս նստած է, մտքումս ասում էի՝ տեսնես որ զարթնեմ, էլի՞ նստած կլինի ու հենց զարթնում էի, միշտ նստած էր լինում։ Մի օր էլ զարթնեցի, էլ չկար, հասկացա, որ ամենադժվարն անցել է, իսկ երկու շաբաթից, երբ առաջվա վրա արդեն շատ լավ էի, ես էի գնում, ուրիշի մոտ նստում, նա ինձանից վատ էր։

― Էդ մե՞կն ով էր։

― Մի տղա էր, անունն էլ՝ Լերոյ Հարիսոն։ Մահճակալին կպցրած ցուցանակի վրա անունը կարդացի։

― Նա՞ ինչ էր։

― Սևամորթ։

― Բա վերջը ո՞նց եղավ։

― Ինձ դուրս գրեցին, էլ չիմացա, թե նա ոնց եղավ։

― Դու էլ նրան բան տվի՞ր։

― Չգիտեի սրտովը կլինի՞, որ տամ, դրա համար էլ չտվի։

― Բայց էն ճապոնացի տղան քեզ երեք հատ նարինջ էր տվել, չէ՞։

― Երևի նա գիտեր, որ սրտովս կլինի։

― Կերա՞ր նարինջները։

― Չէ, հա՛։ Պահում եմ։

― Ինչո՞ւ։

― Պահում եմ, էլի։ Լրիվ չորացել են, սմքել։

― Էդ սևամորթ տղան զարթնում էր, տեսնում մոտը նստա՞ծ ես։

― Հա, մի երեք֊չորս անգամ տեսավ։

― Բա ի՞նչ էիր ասում։

― Ոչ մի բան։

― Քո կարծիքով, նա ուզո՞ւմ էր, որ զարթնելիս քեզ մոտը նստած տեսնի։

― Հաստատ չգիտեմ, բայց ինձ թվում էր՝ ուզում է։ Ես, օրինակ, ուզում էի, որ զարթնելիս ճապոնացի տղային տեսնեմ։

― Ժպտում էի՞ր էդ սևամորթին։

― Չէ, հա՛։ Ի՞նչ կար ժպտալու։ Խեղը մեռնում էր, նրանից առաջ էլ ես էի էդ օրին։

― Իսկ ճապոնացի տղան քեզ ժպտո՞ւմ էր։

― Չէ, ի՞նչ ես ասում։ Ինձանից քիչ առաջ էլ նա էր մահվան դուռը։

― Հույս ունեմ, որ էդ սևամորթ տղան լավացած կլինի,― ասաց հայրիկը։

― Ես էլ։

Հայրիկն էլի մի պահ լռեց, հետո ասաց․

― Իսկ էդ ի՞նչ կնոջ հետ ես ծանոթացել։

Կնոջ մասին ինչ որ ինձ հայտնի էր, հորս պատմեցի։ Նա բաժակը նորից լցրեց, էս անգամ իմն էլ հետն ու ասաց․

― Համարյա սիրուն տղամարդ ես դարձել։ Չգիտեմ ինչից է, թոքերի բորբոքումից, թե կնոջից։

― Ձեռ ես առնում, չէ՞։

― Դե, առանց դրա էլ չի լինի։

Որոշ ժամանակ սուսուփուս խմում էինք, հետո հայրիկը թե՝

― Է՛հ, ի՞նչ կարծիքի ես էս բոլորի մասին։

― Իմ կարծիքով՝ պիտի նոր շորերդ հագնես, գոնե Լուի պատվին գնաս Նյու Յորքի ռեստորաններն ու բարերն ուսումնասիրես։ Իմ կարծիքով՝ պիտի Լուի ու Դոմինիկի հետ գործի մեջ մտնես։

― Դա՛ չեմ հարցնում,― ասաց հայրիկը։― Հարցնում եմ՝ ի՞նչ կարծիքի ես, էս պատերազմում գլխիդ ի՞նչ է գալու։

― Ո՞վ գիտի,― ասի։― Դու որ պատերազմ էիր գնացել, գիտեի՞ր, գլխիդ ինչ է գալու։

― Էլի շատ թե քիչ պատկերացում ունեի։

― Լա՜վ ես։ Կուզե՞ս իրիկունը գնանք ռեստորան, միանգամից Լուի պատվերն էլ կկատարես՝ կնայես ոնց է, ինչ է։

― Քեզ ավելի ձեռնտու չի՞, որ էդ կնոջ հետ ընթրես։

― Չէ։ Իսկի չգիտեմ՝ մոտն էլի կգնա՞մ, թե չէ։

― Ինչո՞ւ։

― Դե, ման եմ գալիս, մի հարմար աղջիկ ճարեմ, հետն ամուսնանամ, ընտանիք կազմեմ։

― Այ դա արժի՜․ լավ ես անում։ Ուզում ես տղա ունենալ, չէ՞։

― Հա։ Ո՞նց իմացար։

― Ամեն մարդ էլ ուզում է տղա ունենալ, հենց սկսում է հասկանալ, որ երևի չհասնի նպատակին։

― Ի՞նչ նպատակ։

― Ամբողջ պատերազմն ահ ու մահի մեջ եմ անցկացրել,― ասաց հայրիկը,― վախը սրտումս, որ քեզ էդպես էլ չեմ տեսնի, իսկ ինձ ուրիշ բան պետք չէր, մենակ աչքս քեզ տեսներ ու վերջ։ Բայց դեռ մորդ էլ չէի գտել։ Չգիտեի՝ ով կլինի, ինչ կլինի, որտեղ նրան գտնեմ։ Դեռ չէր էլ հաջողվել իսկական կյանք մտնել, իսկ պատերազմում կարող էր էնպես ստացվել, որ երբեք էլ չմտնեի․ այ, դրա համար էլ ինձ մի կերպ ստիպեցի ապրել, թեկուզ գիտեի՝ արդեն մեռած մարդ եմ, ոտից գլուխ ջարդուխուրդ եղած ու լրիվ անպիտան․ մա՜րդ էլ ասում եմ, իբր թե վրաս մարդու շնորհք է մնացել։

― Է՜, հայրիկ, շատ լավ էլ մնացել է։

― Հենց հասկանում ես, թե ինչքան դժվար է դառնալ էն, ինչ որ իրոք կաս, է՛հ, սկսում ես ապագա որդուդ մորը որոնել․ դե, եթե դու նպատակիդ չես հասել, գոնե որդիդ հասնի։

― Ո՞նց թե՝ «դառնալ էն, ինչ որ իրոք կաս»։ Իսկ մենք ո՞վ ենք։

Օհո՜, էստեղ հայրիկը զայրացավ, բայց ինձ վրա չէ։ Արար աշխարհի վրա էր զայրացել, բոլոր մարդկանց, որ առանց իմանալու, թե ովքեր են իրենք, չեն թողնում լինես էն, ինչ որ իրոք կաս։

― Ո՞վ ենք, հա՞,― ասաց հայրիկը։― Հիմա բացատրեմ, տես ով ենք։ Մենք Ջեքսոններն ենք, այ թե ով․ էն օրվանից, ինչ մարդն ասել է քայլել, մենք երկրի երեսին քայլում ենք։ Եթե եկել ենք, հասել էս աստիճանին, թող իզուր տեղը մեզ չխանգարեն, որ մարդ արարած դառնանք, որովհետև միևնույն է՝ մի օր մեզանից մեկը կհասնի նպատակին։ ԳԻտեմ, էդ մեկը ես չեմ լինի։ ՄԻգուցե դու էլ չլինես, բայց հնարավոր է քո որդին լինի։ Թե նրա բանն էլ ձախողվի, ուրեմն կարող է որդուդ որդին լինել, մի խոսքով, մեզանից մեկն անպայման կհասնի նպատակին, մնացածներս էլ գերեզմանում շուռ կգանք մյուս կողքի ու վերջապես հանգիստ քուն կմտնենք։ Բայց մինչև մեզանից մեկը դրան չհասնի, հանգստության երես չենք տեսնի։

― Մենք հիմա էլ ենք մարդ արարած, հայրիկ։

― Գրող ու ցավ ենք,― վրա բերեց հայրիկը։― Մի ի՛նձ նայիր։ Քեզ նայիր։ Մեր մասին շատ֊շատ կորղ ես ասել, թե ջանք ենք թափում մինչև հիմա դեռ ջանք ենք թափում, որ մարդ դառնանք։ Մարդ արարածն իր նմանին չի սպանի։ Ա՛յ, տես, էդ համազգեստը հագդ են քաշել, որ հրացանդ պահես քեզ նմանի վրա ու կրակես։ Մարդ արարածն էդպես չի անի։ Մարդ արարածն իր նմանից չի պահանջի, թե՝ էդպես արա։ Նրան չի պարտադրի։ Մարդ արարածն իր նմանին անընդհատ սարսափի չի մատնի, որ սա տակը լցնի․ հա՛, հենց տակը լցնի, էդ եմ ուզում ասել։

― Հայրիկ, էն պատերազմում դու մեկնումեկին սպանե՞լ ես։

Հայրիկը երկար ժամանակ լուռ էր։

― Ո՞վ էր,― ասի։

― Արդեն մեռած էր,― ասաց հայրիկը։― Արդեն ոչ մեկն էլ չէր։ Առաջ տասնութ֊տասնինը տարեկան տղա էր եղել․․․ բայց արդեն ոչ մեկը չէր։

― Ինչո՞ւ դա արիր։

Հայրիկը մի պահ նայեց ինձ, հետո բաժակը տարավ շուրթերին ու առանց բերանից հեռացնելու՝ ասաց․

― Քեզ համար, երևի։ Չէ, ինձ համար չէի անի, գիտեմ։ Չեմ ուզում մեղքը քո վիզը գցել, բայց էդ դո՛ւ արիր․․․ հասկանո՞ւմ ես։ Ճար չկար, պիտի անեի։ Չէի ուզում վերջս տան, մինչև քեզ չտեսնեմ։

― Շնորհակալ եմ, հայրիկ։ Բայց ափսոս, որ արել ես։

― Էն օրվա իմ զգացածը մի օր էլ դու կզգաս։ Ամեն ինչ կանես, որ ողջ մնաս ու որդուդ տեսնես։ Մարդ էլ կսպանես։

― Երևի էդ սպանածդ տղան էլ է նույնը զգացել։

― Գիտեմ, նա էլ է զգում,― ասաց հայրիկը։― Ոնց որ ե՜ս չէի ուզում նրան սպանել, էնպես էլ նա՝ ինձ, երկուսս էլ դա տեսնում էինք, բայց նեղ տեղն էինք ընկել, ճար չկար, պիտի էդ բանն անեինք։ Կյանքում չէի հավատա, թե սվինը դիմացիս մարդու փորը կխրեմ, բայց դե խրեցի։

― Սվի՞նը։ Կարծեցի հեռվից կրակել ես, ասի՝ երևի վազել է պահ մտնի, դու էլ խփել ես։

― Գրողը տանի,― ասաց հայրիկը,― պահ մտնող մարդու վրա երբեք չեմ կրակել։ Ես ընդհանրապես ոչ մեկի չեմ խփել, երբեք էլ լավ հրաձիգ չեմ եղել․․․ Օդի մեջ էի կրակում, ամբողջ երկինքը գլխիս վերևն էր։ Բայց ես ու դու՝ երկուսով, մի տղայի չթողեցինք, որ որդուն տեսնի, ախր նա էլ էր ուզում, չէ՞։ Պիտի մի ձևով դրա տեղը հանենք։

― Ո՞նց։

― Չգիտեմ․․․ մի ձևով։ Օրը կգա՝ ե՛ս կլինեմ, դո՛ւ կլինես, թե քո որդին՝ իմ թոռը, պիտի դրա տեղը անպայման հանենք։ Էս պատերազմը եթե մեջեղ չընկներ, դու ավելի հեշտ դա կանեիր, էնպես որ տես՝ չսխալվես, ուշքդ վրադ պահիր, տղայիդ մորը աչքից չփախցնես։

― Աղջկերքի մոտ աստղս էնքան էլ չի բռնում,― ասի։― Շնորհք չունեմ, աչքաբաց չեմ ու ամեն ինչ շատ լուրջ եմ ընդունում։

― Լավ կլինի, լավ,― ասաց հայրիկը։― Սրտիդ ուզաշին կգտնես։ ու հենց հանդիպես, միանգամից գլխի կընկնես․ ինքն է, որ կա։

Մենք վեր կացանք, գնացինք ընթրելու ու դեռ երկար խոսում էինք, աշխարհի երեսին ինչ կա չկա՝ գնում֊վերցնում, որովհետև հայրիկն ուզում էր իր գիտեցածը ես էլ իմանամ։

Գլուխ քսաներորդ

Վեսլին նամակներ է գրում֊ստանում, սեփական անկյունի ու գրասեղանի տեր դառնում, և մի մարդ, որ իրեն գրող է համարում, նրան էլ է գրողի տեղ դնում

Նյու Յորքից Հարի Քուքի հետ նամակագրություն ունեի։ Ջո Ֆոքսհոլին գրում էի։ Շաբաթը մեկ Դոմինիկ Տոսկային էի նամակ ուղարկում, որ տեղյակ պահեմ, թե ես ու Վիկտորը ոնց ենք յոլա գնում։ Լուին էլ էի գրում։ Ու իհարկե՝ հորս։ Երևի դրա համար էլ նա եկավ Նյու Յորք՝ ինձ տեսնելու։

Բանակայինի աչքին նամակներն ամեն ինչից էլ կարևոր են, բացի զորացրվելուց ու տուն դառնալուց։ Սա երևի բացատրվում է նրանով, որ ոչ ոք իսկապես բանակի կյանքով չի ապրում։ Մարմնով էնտեղ ես, ուր գտնվում ես, բայց հոգով՝ ուրիշ տեղ։

Թոքերի բորբոքումով հոսպիտալում պառկելուս մասին հայրիկին ոչ մի տող չէի գրել, որովհետև չէի ուզում անհանգստացնել։ Դուրս գրվելուցս մոտ մի ամիս անց, ինձ նորից առողջ զգացի, էլ հաշվի չէի առնում՝ ձյուն է, երկինքն է ամպամած, անձրև է, ցեխ, թե ինչ։ Մարդ վաղ թե ուշ սովորում է իր ուզած եղանակը հետը ման ածել։

Լուն ամեն երկուշաբթի առավոտ ինձ նամակ էր ուղարկում, սովորաբար չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերն էին նրա գրածները հասնում։ Երկար֊բարակ թուղթ չէր մրոտում, բայց ինձ հետաքրքրող բաները լրիվ պատմում էր։ Ամեն նամակով էլ փող էր փոխանցում։ Սկզբում՝ քսան դոլար, հետո, երբ հայրիկին գտավ՝ երեսուն, իսկ շատ չանցած՝ արդեն հիսուն։ Լուն գրում էր, որ չնեղվեմ փողի համար, ինքը պարտքով է տալիս ու հույս ունի, թե մի օր պարտքս կփակեմ։ Գիտեի, որ իսկի էլ չի ուզում պարտքս փակեմ։ Ուղղակի չի ուզում անհարմար զգամ։ Բայց ես հաստատ որոշել էի պարտքիս տակից դուրս գալ։ Աշխատածս հենց առաջին փողից պարտքիս մի մասը գոնե պիտի փակեի։ Ախր կյանքումս նրա համար ոչինչ չէի արել․ եղած֊չեղածը՝ մի անգամ խոստացա օգնել։ Բայց ուրախ էի, որ Լուն լավ փող է վաստակում․ դե, միշտ էլ հաճելի է տեսնել բաժանելու շատ բան ունեցող ձեռնաբաց մարդու։ Իսկ բաժանելու բան չունեցող ձեռնաբաց մարդը երևի աշխարհում ամենադժբախտն է։

Նամակներից մարդկանց քիչ֊քիչ ճանաչում ես։ Եթե քեզ նամակ գրողին առաջ էլ ես իմացել՝ հիշում ես նրան ու միտքդ է, թե նրա մասին ինչ էիր մտածում, հետո կարդում ես նամակները, նրան ավելի լավ ճանաչում, ու էդ նրա նամակներից զարմացած մնում։ Թվում է թե դրանք ծնվում են ամեն մարդու մեջ եղած մի բանից, ու եթե ինձ հարցնեին՝ ինչից, կասեի՝ մենությունից։

Մարդը միայնակ արարած է։ Չնայած աշխարհը լինքն է իր նմաններով, նա մեն֊մենակ է։ Երբեմն էլ էնքան մենակ, որ շրջապատից երես է թեքում դառնում մեռածներին․ վաղուց ապրած մարդկանցով է տարվում, նրանց գրած գրքերը կարդում։ Կամ Թորոյի[6] պես սիրահարվում է դաշտ ու կանաչին, կապույտ երկնքին ու բնության ազատ զավակներին։ Կամ կապվում է մի փոքրիկ ընտանի կենդանու՝ շան, դեղձանիկի, թութակի, անգամ կրիայի, ոսկե ձկնիկի, թեկուզ ձիու նման մեծ կենդանու հետ։ Ասում են արաբներն իրենց ձիերին կանանցից շատ են սիրում։ Պատահում է՝ մարդ բույսերի հետ էլ է կապվում, սեփական պարտեզում աճեցնում, իսկ թե պարտեզ չունի, թաղարների մեջ է փոքրիկ բույսեր խնամում։ Բայց անընդհատ ո՞ւմ է փնտրում։ Մեկնումեկին, որն իրեն ծաոթ լինի։ Ինչքան նամակ եմ ստացել, բոլորի մեջ միշտ մենակությունն է եղել ու մեկնումեկի հետ շփվելու կարոտը, էնպիսի մեկի, որ օտար չլինի, որ քեզ հիշելիս լինի։

Հարի Քուքի նամակներն ինձ շատ զարմացրին, որովհետև սպասում էի, թե ուրախ հանաքներով լեփլեցուն կլինեն, բայց դրանց հետն էլ չկար։ Նրա նամակները կարոտով էին լցված և ուրիշ ոչինչ։ Սովորաբար մադրիկ ծանոթ, արդեն սրտին մոտ բաների կարոտն են քաշում, օրինակ՝ հայրենի տան, կամ իրենց ագարակի, կամ հարազատ քաղաքի թաղ ու փողոցի, բայց Հարին գալիք բաների կարոտից էր տանջվում։ «Միակ հույսս էն է,― գրել ր նա նամակներից մեկում,― որ մի օր ինձ հանգիստ կթողնեն, գոնե մտածեմ, տեսնեմ՝ ոնց պիտի ապրեմ։ Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, ոչ ես կծերանայի, ոչ էլ ուրիշները․ ուղղակի մի իրիկնադեմ կպառկեի դարավոր խնձորենու տակ ու քուն կմտնեի, որ էլ երբեք չարթնանամ»։

Իսկ Ջո Ֆոքսհոլի նամակները նրա խոսք ու զրույցի կեսի չափ էլ լուրջ չէին։ Նա գլխին եկած մանրմունր դեպքերից էր պատմում ու ծանոթ սպաներին ծաղրում։

Դոմինիկ Տոսկային էլ մենակ մի բան էր հետաքրքրում․ ո՞նց է Վիկտորը։ Ճիշտ է, Վիկտորն ավելի շուտ֊շուտ էր նրան նամակ գրում, բայց Դոմինիկն ուզում էր ամեն ինչ ինձանից իմանալ։ Մնալո՞ւ եմ Վիկտորի հետ, եթե մեզ օվկիանոսի մյուս կողմն ուղարկեն։ Ասում էր՝ դասավորի, որ հետը մնաս։

Հայրիկի նամակներն ամենակարճն էին։ «Նամակդ ստացա,― խզբզում էր նա։― Էլի Ժողովող կարդա, մի անգամ արագ֊արագ, հետո երկու֊երեք անգամ դանդաղ»։ Կամ․ «Նամակդ ստացա։ Անդերսոն եմ կարդում։ Իմ կարծիքով, քեզ էլ դուր կգա»։ Դե, գրեցի, որ ես էլ եմ կարդացել ու հեքիաթներից մի քանիսի անունը նշեցի, իսկ հայրիկն ի պատասխան թե՝ «Հանս Քրիստիանն էլ վատը չի, բայց ես Շերվուդի հետ էի»։

Մի անգամ էլ Կակալակովիչին նամակ գրեցի։ Սպասածիս պես, լավ մարդ դուրս եկավ, ներողություն էր խնդրում, որ շուտ չի պատասխանել, որովհետև ձեռքին նոր վաշտ կա, հիմա էլ էդ տղերքի հետ է արյուն֊քրտինք թափում։ «Կզարմանաս,― գրել էր նա,― թե ամեն մի նոր վաշտի տղերքը ինչքան են իրար նման»։

Էսպես բոլ֊բոլ նամակ գրելուս պատճառն էլ ո՞րն էր․ ինձ դասերին էին ուղարկում ինչ է՝ քարտեզ կարդալ սովորեմ ու ռազմական գործն ուսումնասիրեմ, դե, ուզածիս չափ ժամանակ ունեի։ Սովորություն էի սարքել՝ գրպանումս չորս֊հինգ հատ սրած մատիտ էի պահում, հետն էլ ծոցատետր ու ծրարներ․ մինչև մյուսները անհամ ճառեր էին լսում, թե բանակում ով ինչացու է, ու սրան֊նրան իրարից ոնց ջոկես կամ ասենք՝ եթե անապատում մոլորվել ես, ինչ ճար ու հնար գտնես, ես վերջում նստած՝ նամակ էի գրում․ կամ հայրիկին, կամ Լուին, կամ Ջո Ֆոքսհոլին, կամ էլ Դոմինիկին։

Հենց դասընթացը վերջացրինք, սերժանտը հարցրեց, թե չէի՞ ուզի իր մոտ մեքենագրող լինել, ասի՝ կուզեմ, էնպես որ գրամեքենայի ու սեղանի տեր դարձա, արդեն ժամանակիս մեծ մասը սերժանտի համար ծանոցումներ ու զեկուցագրեր տպելով էր անցնում։

Մի հարմարավետ անկյուն տվեցին առանձին սենյակում, գրողների հետ հենց միևնույն հարկում, սրանք էլ, բնական է, ինձ իրենց գրչակցի տեղ դրին։ Նրանցից մեկնումեկը մերթընդմերթ մտնում էր մոտս, սեղանիս ծայրին նստում ու հարց տալիս․

― Ինչի՞ վրա ես աշխատում։

Ասում էի՝ ինչ եմ անում, սա թե՝

― Ես նկատի ունեմ ոչ թե բանակի, այլ քեզ համար։ Օրինակ՝ ես պիես եմ գրում։

Գլուխ քսանմեկերորդ

Վեսլին ծանոթանում է բանակային կինոսցենարիստների հետ և նրանց ուսումնական ֆիլմերը նայելուց հետո կասկածի մեջ ընկնում, թե իսկական թշնամիները հենց սրանք են, որ կան

Նյույորքյան կայազորի գրական բաժնում մոտ հիսուն գրող կային։ Մի անգամ սերժանտի համար նրանց ցուցակը մեքենագրեցի ու բոլորի անուններն էլ իմացա, բայց միտքս չեկավ, թե մեկնումեկի գիրքը կարդացած լինեմ։ Մի շաբաթ օր էդ ցուցակը տարա 42֊րդ փողոցի հանրային գրադարան ու դրանց ազգանունները մեկ առ մեկ՝ այբբենական կարգով, գրացանկում փնտրեցի։ Է՛հ, էդքանից մենակ մի հոգի էր գիրք հրատարակել։ Տվյալները դուրս գրեցի, պահանջաթերթիկ լրացրի, գիրքը բերին, նստեցի, որ կարդամ։

Դե, սովորական գիրք էր․ տպված էր թղթի վրա, կազմ ուներ, սյուժեից էլ զուրկ չէր, բայց իմ կարդացած բոլոր գրքերի մեջ ամենաձանձրալին էր։ Քսան էջ սկզբից կարդացի, տասը էջ, վերջից, մի երկուսն էլ՝ մեջտեղից, բայց որ էջն էլ բացեիր, ձանձրույթից կքնեիր։

Զարմանում էի, թե սրանք ինչ գրողներ են։ Երևի ամբողջ երկրում կարդալու արժանի հիսուն գրող չլինեին․ իսկ էստեղ՝ խնդրեմ, հիսուն հոգի իրար գլխի էին հավաքվել ու կառավարության պատվերով գրում էին, ջնջում։ Գիրք հրատրակած գրողին էլ տեսա, բայց ոչ տեսքն էր մի բան, ոչ էլ ասածները։ Չնայած խելացի էր մնացած քառասունինի պես։ Կյանքումս չէի հանդիպել էսքան խելացի մարդկանց։ Անընդհատ գրքերից ու պիեսներից էին խոսում, ու աշխարհի երեսին ոչ մի գրվածք չկար, որի մասին մի խորաթափանց դատողություն չանեին։ «Շեքսպիրին քամես՝ տակն ի՞նչ կմնա,― ասում էր նրանցից մեկը։― Գրագող, իրական կյանքից խուսափող գաղափարազուրկ գրչակ»։

Մի գրողից անցնում էին մյուսին ու բոլորի բուրդն էլ գզում, քամուն տալիս։

Իսկ ես նայում էի նրանց ու փորձում հասկանալ, թե ովքեր են սրանք, բայց էդպես էլ հարցիս մի խելքը գլխին պատասխան չգտա։

Էս մարդիկ բանակում ինձ պատահած ամենամեծ հայրենասերներն էին, համենայն դեպս, էնտեղ տեսածներիս մեջ մենակ նրանք էին ուզում թշնամու ճաշն եփել․ ճապոնացիներից ռագու սարքել, գերմանացիներից էլ՝ կաղամբի թթու։ Մեծ մասն առնվազն երկու տարի արդեն էդ կայազորում էր, մի քանիսի մազերն էլ էդտեղ էին սպիտակել․ սրանք քաղաքից դուրս՝ իրենց փոքրիկ առանձնատներում էին ապրում։ Առավոտը մեքենայով գալիս էին, իրիկունը հետ դառնում։ Մեզ նման բանակային կարգուկանոնով չէին նստում֊վեր կենում, համազգեստի վրա էնքան ուսաթելեր ունեին, որ զինվորական պարտականություններից լրիվ ազատվել էին։ Մեկ֊մեկ մնում էին տանն աշխատելու, իսկ դա նշանակում էր՝ մի երկու շաբաթ աչքովդ չեն ընկնի։

Նրանց ռազմական առաջադրանքը, մի բան, որ մեծ հանդիսավորությամբ էին անում, «թեմատիկ մշակումներն» էին ու կարճամետրաժ ուսումնական ֆիլմերի «սցենարները»։ Սկզբում ֆիլմերը հատուկ խնդիրներ էին շոշափում, օրինակ՝ ինչպես կրակել սովորես ու հրացանդ միշտ մաքուր պահես, բայց շատ չանցած, հենց էդ նյութը սպառվեց, սցենարիստները դիմեցին զինվորական կյանքի ավելի գեղարվեստական կողմերին։ Ցույց էին տալիս, թե անզեն ձեռքով ոնց պիտի սպանես կամ մահը ոնց անվախ դիմավորես։ Իրենք էս երկու հարցում էլ չտեսնված էին․ սպանելու ծարավից վառվում֊տոչորվում էին, արհամարհանքով էին լցված անարգ, ողորմելի, դեղնափոր ճապոնացիների ու վախկոտ գերմանացիների հանդեպ և ապշեցուցիչ, գերմարդկային խիզախությամբ էին նայում մահվան աչքերին։ Բայց ամեն իրիկուն նստում էին մեքենան՝ իրենց գցում տուն, ու մինչև ուրիշները գնում էին օվկիանոսի մյուս կողմը՝ կռվելու, սրանք դեռ մի գլուխ սցենարներ էին գրում, իրենց ֆիլմերով բոլորին քաջալերում, որ մահը սցենարի հեղինակի պես հերոսավարի դիմավորեն։

Դուրները չէր գալիս, որ գերմանացուն կամ գերմանուհուն, ճապոնացուն կամ ճապոնուհուն մարդու տեղ էիր դնում։ Եթե մեկնումեկը պատահմամբ, լրիվ միամիտ նրանց հարցներ, թե իրենք երբ են ճանապարհվում օվկիանոսի մյուս կողմը՝ թշնամուն ջարդ տալու, կասեին՝ արդեն քանի տարի է, ձգտում են մեկնել, բայց կայազորի բժիշկը իրենց խոցի, ստամոքսի կամ աչքերի պատճառով չի ուզում ոչ մի խոսք լսել․ կամ կասեին՝ կայազորի հրամանատարը շարունակ դիմադրում էր, որպեսզի իրենց գրամեքենայի մոտ պահի, քանի որ նման աշխատանքը զենք վերցնելուց հարյուրապատիկ կարևոր է համարվում․ կամ հենց իրենք էլ ասում էին, թե շատ ավելի մեծ գործ են անում թշնամուն ջախջախելու համար, քան մի ամբողջ դիվիզիա կաներ։

Նրանց ֆիլմերը պիտի պարտադիր նայեինք, թեկուզ կայազորում, հենց մեր քթի տակ նկարված լինեին, բայց մենակ իրենք էին դահլիճից գոհ ու հրճված դուրս գալիս։ Մնացածներս մի տեսակ ամաչում ու նեղվում էինք էկրանային էդ անվերջ հոխորտանքից, մի տեսակ վատ էինք զգում, որ մեզ քաջալերում, դաս էին տալիս, թե ոնց մարդու աչքը հանես, քացով երեսին կամ ամորձիներին խփես, վիզը, ողնաշարը կամ ձեռքը կոտրես, սվինը փորը խրես, իսկ հետո, ասես ոչինչ չի պատահել, ճիշտ ժամանակին շուռ գաս ու լեղապատառ ընկերոջդ կյանքը փրկես, մի փոքրամարմին տղայի, որին աժդահա, ցմփոր գերմանացու մեկը մազ էր մնում խեղդամահ անի, էդ գերմանացու ողնաշարը փշերլուց հետո էլ դառնաս փոքրիկ ընկերոջդ, պաշտպանի պես նրան թևիդ տակ քաշես ու վրա բերես․ «Այ, տեսնո՞ւմ ես, Սեմ, եղածը մի բան չի․ այս բոլորն անում ենք, որ ազատ իրավունք ունենանք մեր ուզածն ասել, մեր ուզածն անել ու մեր ուզած տեղը գնալ։ Մի֊մի հատ չծխե՞նք»։

Հեղինակներից բացի, էս զառանցանքները ոչ ոքի չէին համոզում, ու մեկ էր՝ ինչ կտրիճներ էլ էկրանին ցույց տային, վաղ թե ուշ օվկիանոսի մյուս կողմը ուղարկվելիք տղերքը սրտանց ցավակցում էին թշնամու բանակի զինվորներին, որ էդ խեղճերի աչքերն անընդհատ հանում են կամ վզերն ոլորում։ Ախր էսպիսի բաները վնաս են բերում։ Եթե մարդուց իրոք պահանջվում է էսպիսի բաներ անել, շատ հավանական է՝ նրա մտքով անցնի, թե ինչ է, պատերազմում հաղթանակ տանելու ուրիշ ձև չկա՞․ պիտի որ լինի։ Միգուցե կռվի ջատագովները պետք է իրար հետ պայմանավորվեն, որ կռվելու եղանակները գոնե մի քիչ մարդկային լինեն։ Իսկ եթե արդեն ուշ է, ու երկու կողմերն էլ ի վիճակի չեն գազանություններին վերջ տալ, միգուցե պետք է պատերազմին վերջ տալ ու վիճակ գցել։

Մեղքս ինչ թաքցնեմ, էս գրողների խզբզանքները հակառակ ազդեցությունն էին թողնում․ թշնամուն աչքիս բարձրացնում էին։ Հանկարծ գլխի ընկա, որ օվկիանոսից դենը գտնվող թշնամուն մտքիցս հանել եմ։ Իսկականից թշնամիները արդեն գրողներն էին թվում, տեղով պատուհաս․ կռվի վերջանալուց հետո էլ երևի սրանցից չպրծնենք, էլի հոգիներս կուտեն։ Չգիտեմ պատերազմում ով է հաղթանակ տանում, բայց իմ կարճ խելքով՝ Վիկտոր Տոսկայի պես մեկն է, որ շքանշանից բացի, ուրիշ բան էլ է ուզում, Ջո Ֆոքսոհլի պես մեկը, որ ատելով ատում է բանակի ու պատերազմի հետ կապված ամեն ինչ, Հարի Քուքի պես մեկը, որ երազում է իրեն հանգիստ թողնեն, մտածի տեսնի, թե կյանքը ոնց ապրի, ինչ անի՝ չծերանա, պառկի, քուն մտնի ու էլ չարթնանա, հենց թեկուզ էն միլիոնավոր, ինձ անծանոթ տղերքը, որ ընկել են պատերազմի մսաղացը ու կամ կսպանվեն, կկորչեն կգնան, կամ էլ բախտները մի քիչ կբերի՝ կիսակենդան տուն կվերադառնան։ Եթե ֆիլմերում հնարավոր է պատերազմը շահել, ուրեմն հնարավոր է և դրա առաջն առնել։ Էս պատերազմի առաջն առնելու համար կինոն քսան տարի ժամանակ ուներ։ Բայց նրա արածը, իմ կարծիքով, մարդկանց հարկադրելն է եղել, որ բանակ կազմեն ու պատերազմեն, կամ միգուցե ես սխալվում եմ։ ՄԻ բան գիտեմ, որ ինձ ուժով են բերել, ինձ էլ, բանակում հանդիպածս բոլոր տղերքին էլ։ Ճիշտ է, ազգային աղետ է, բայց ես չեմ հիշում, թե օգնած լինեմ, որ դա կատարվի, ոչ էլ մեկնումեկն ինձ օգնության է կանչել, որ ժամանակին դրա առաջն առնեինք։ Հորս էլ չեն կանչել։

Գլուխ քսաներկուերորդ

Վեսլիին քշում են Օհայո, ու նա հրաժեշտի բաժակ է բարձրացնում ժամանակակից կնոջ հետ

Իմ թարս բախտից էր․ հայրիկի հետ ընթրելուս ճիշտ հաջորդ օրը գործուղման ուղարկեցին․ ա՛յ, բանակն էլ սա է։ Հենց բոլոր անհամություններին մի տեղ վարժվում ես, ստիպված յոլա գնում, մեկ էլ տեսար՝ քեզ էդտեղից ուրիշ տեղ են ուղարկում։ Նոր տեղում դժվար թե քո կարիքն ավելի զգացվի, բայց ամենքի հոգսն էն է, որ ժամանակին էնտեղ ներկայանաս։

Հայրիկին ասի՝ Նյու Յորքում մնա, Լուի համար ռեստորաններն ու բարերն ուսումնասիրի, նա էլ ասաց՝ ուր որ գնում եմ, էնտեղ կուսումնասիրի։ Ասի՝ ախր ուր որ գնում եմ էնտեղ լավ ռեստորաններ ու բարեր չկան, նա թե՝

― Իսկ ո՞ւր ես գնում։

― Օհայո։

― Ռեստորանների ու բարերի հարցում Ամերիկայի ամենալավ նահանգներից մեկն է,― ասաց հայրիկը, ու ես հասկացա, որ ուր էլ գնալու լինեմ, նա ուզում է հետս գալ։

Գնացքն իրիկվա տասին նոր պիտի շարժվեր, էնպես որ ես ու հայրիկը ունեցած֊չունեցածներս հավաքեցինք, դրինք ու դուրս եկանք ման գալու։ Հենց վերադարձանք, տեսնեմ՝ ուսապարկիս վրա մի նամակ, ինքն էլ հասցեագրված «Աշխարհի մարդկանց»։ Բաց արի ծրարն ու այ թե ինչ կարդացի․

«Մի տիկին էր զանգել, ասաց՝ անպայման իրեն զանգես, շատ կարևոր է։ Խնդրեցի անունը տալ, որ քեզ հայտնեմ ով է, ասաց՝ ինքը կիմանա։ Քեզ չսպասեցի, որովհետև չեմ սիրում մնաս բարով ասել։ Չմոռանաս մինչև ինը հաշվել ու մեկ֊մեկ պատուհանից նամակներ գցել։ Կգան, ինձ կհասնեն։ Եվ ճշմարտությունից էլ չփորձես խուսափել, թե չէ սիֆիլիս կընկնես։ Դե, Ջեքսոն, մենք իրար հետ լավ օրեր ենք տեսել, ու հույս ունեմ, որ էլի կտեսնենք։ Հորդ աչքի լույսի պես պահիր։ Քո ընկեր Վիկտոր։

Հ․Գ․

Չկարծես, թե հենց փառքն է, որ կա, իսկ խոտը կարևոր չի․ խոտն էլ է կարևոր, ուրեմն չմոռանաս կանաչ, ճոխ մարգագետնում մեկ֊մեկ արածել։ Առայժմ»։

Զանգեցի ընկերուհուս, ասաց՝ շաբաթ երեկոյան մի փոքրիկ ճաշկերույթ է տալիս, ինձ էլ է հրավիրում։ Ասի՝ ինձ գործուղման են ուղարկում, շաբաթ իրիկունը էլ Նյու Յորքում չեմ լինի։ Հարցրեց՝ ուր եմ գնում, ասի՝ Օհայո, հրամանով՝ գործուղումս վեց շաբաթ է, բայց հնարավոր է մի էդքան էլ երկարացնեն։

― Գնացքդ քանիսի՞ն է,― ասաց։

― Տասին,― ասի ես։

― Չե՞ս կարող ուրիշ գնացքով գնալ։

― Ինքնագլուխ բացակայություն կհաշվեն։

― Միգուցե գնալուցդ առաջ մի րոպեով մոտս մտնեիր։

― Հիմա իննից տասնհինգ է պակաս։ Մինչև տաքսի գտնեմ, հասնեմ կայարան, արդեն գնալուս ժամանակը կլինի։

Հայրիկը թե՝

― Ես ամեն ինչ կտանեմ, գնացքում կտեղավորեմ, դու գործիդ նայիր։

Կինն էլ մի կողմից թե՝

― Խնդրում եմ, գոնե մի րոպեով անցիր։

Ասի՝ լավ, կգամ ու լսափողը դրի։

― Ես անելիքս գիտեմ,― ասաց հայրիկը։― Գնացքում կհանդիպենք։

Տան դուռը բաց էր, ներս մտա, բայց նա ներքևի հարկում չէր։ Վերև բարձրանալիս մտքովս անցավ, թե կա֊չկա կիսատկլոր պառկած է բազմոցին, բայց սպալվում էի։ Նա կանգնել էր պատուհանի մոտ ու նայում էր դուրս։ Հենց շուռ եկավ, գրողը տանի, տեսնեմ լաց է լինում։

― Ի՞նչ է եղել,― ասի։

Դե, սկզբում խոսելը չէր գալիս, բայց քիչ հետո ասաց․

― Եթե մտածում ես՝ գնալուդ համար եմ լալիս, որ քեզ չեմ տեսնելու երկար ժամանակ, միգուցե երբեք, չէ, բոլորովին էլ դրա համար չեմ լալիս։

― Դե լավ, ինչի համար էլ որ լաց ես լինում՝ մի լա, պետք չի։

― Ուզո՞ւմ ես խմել,― ասաց նա հեծկլտալով։― Ուզո՞ւմ ես մի քիչ երաժշտություն լսել։

― Մի բաժակ խմելու ժամանակ ունեմ,― ասի,― երաժշտություն էլ կլսեմ։ Գիտես, չէ՞, Բրամսի որ կտորն եմ շատ սիրում։

― Իհարկե, գիտեմ,― ասաց նա հեծկլտալով։

Մի մեծ բաժակ լցրեց ինձ համար,― էդքան հսկայական բաժակ տեսած էլ չկայի,― հետո հանեց Բրամսի ձայնապնակների ալբոմը, գտավ մեր ուզածն ու դրեց․ դե, վատ չէր, մեն֊մենակ լաց լինելուց հո լավ էր, չնայած որ ասեմ՝ շատ լավ էր, չէ, որովհետև Բրամսի սիրածս կտորն էլ էր մի տեսակ լացի նման։

― Կարծում ես Բրամսը երբեք լաց չի՞ եղել,― ասաց նա հեծկլտալով։

Ես նրան գիրկս առա ու սեղմեցի կրծքիս, բայց նա ավելի բարձր հեկեկաց, ստիպված էլի բաժակս վերցրի։

― Ուզո՞ւմ ես իմանալ՝ ինչու եմ լաց լինում,― ասաց։

― Չէր խանգարի իմանայի,― ասի։

― Ախր էդ զառամյալ ապուշները համարյա քսան տարին մեկ գժվում են, քեզ նմաններին կոտորում, ու ոչ ոք էլ երբեք չի իմանում՝ դուք էս աշխարհում ապրե՞լ եք, թե չէ․․․ իսկ նրանք նույն բանը նորից ու նորից են անում։ Դու պետք է Մեքսիկա փախչես, ահա թե ինչ։ Ինձ համար չէ․․․ ես միգուցե քեզ սիրում եմ, բայց ինձ համար չեմ սիրում։ Փախիր, քանի ուշ չի։ Նրանք քեզ կսպանեն, ես գիտեմ դրանց։ Զառամյալ խելագարներ․ խորամանկ, կեղտոտ խաբեբաներ են, դու էլ լավ գիտես։

Ինչ ասեմ, ծիծաղս եկավ․ հենց քրքջացի, նա էլ սկսեց հետս քրքջալ, գրկեցի նրան ու համբուրեցի, որ վերջապես ծիծաղեց, բայց քիչ հետո էլի լացը դրեց։

― Մտածում ես՝ բախտդ ուրիշներից շատ կբերի ու էժան կպրծնես,― ասաց,― բայց գիտե՞ս ինչու ես էդպես մտածում․ որովհետև չես հասկանում՝ թե ինչ խելագարներ են դրանք։ Իրենք ութսունութ տարի ապրում են, իսկ թե քեզ քանի տարեկանում կսպանեն, լրիվ թքած ունեն։ Փախիր Մեքսիկա, թող էդ զառամյալնե՛րը սատկեն։

― Ես զորքի էնպիսի տեսակում եմ, որ շատ վտանգավոր չի,― ասի։

― Նավ կնստեցնեն, ծովում կխորտակվի, դու էլ կխեղդվես,― ասաց նա հեծկլտալով։― Կամ բեռնատարի տակ կգցեն։ Կամ էլ մի բարձր տեղից կընկնես։

― Ոչ մի բան էլ ինձ չի լինի։

― Օհայո ես գնում, չէ՞։

― Է, հա՛։

― Խնդրե՞լ ես, որ գնաս։ Քո կամքո՞վ ես գնում։

― Չէ։

― Դե տեսնո՞ւմ ես,― ասաց նա հեծկլտալով։― Ո՞վ է ստիպում, որ գնաս․․․ ո՞վ է քեզ մահվան բերան ուղարկում․․․ Ութսունութը լրացրած էդ զառամյալ խելագարները, այ թե ով․ ատում եմ դրանց, ատում․․․ ամբողջ կյանքում մի լավ բան չեն արել։

Ես հսկայական բաժակս դատարկեցի ու կիսով չափ էլի լցրի, իսկ նա խոսելով ու լացուկոծ անելով՝ կամաց֊կամաց շորերը հանել էր․ զարմանքից քիչ էր մնում գետին գլորվեմ։ Հետո լացը կտրեց, չարաճճի հայացքով նայեց ինձ ու ժպտաց, չնայած դեմքը դեռ թաց էր արցունքներից։ Էնքան լավիկն էր, ասես մերկ, լկստված աղջիկ լիներ, ու թեպետ կասկածում էի, որ էդ ամբողջ տեսարանը դերասանություն էր, բայց նա ինձ դուր էր գալիս՝ հենց էդպես, ոնց որ կար։ Հեռախոսով տաքսի պատվիրեց, ասաց՝ թող տասից տասնհինգ պակաս իր դռանը լինի, ու հենց տասից տասնհինգ պակաս էլ իրար հետ նստեցինք տաքսի․ նա ուզում էր մինչև կայարան ճանապարհել ինձ։

Երբ վագոնում հորս կողքին նստեցի, գնացքը մի երեք֊չորս րոպե դեռ կանգնած մնաց, հետո նոր շարժվեց, ու թեկուզ բոլորովին չէի ուզում Օհայո գնալ, բայց ուրախացա, որ գնացքը շարժվեց․ դե, եթե արդեն նստել ես գնացք ու պիտի գնաս, էլ ի՞նչ, մնում է ճանապարհ ընկնես։

Գլուխ քսաներեքերորդ

Վեսլին փորձում է Ջո Ֆոքսհոլին բացատրել, թե ինչ է հասկացել, հայրն էլ փորձում է Վեսլիին բացատրել, թե ինչ է մոռացել

Է՛հ, մյուս առավոտ, հենց որ հայրիկի հետ հասանք Օհայո, նա մի փոքրիկ հյուրանոցում իր համար սենյակ ճարեց, ես էլ կայազորի ճամփան բռնեցի, քաղաքից ինը մղոն դենն էր։ Առաջին օրը տեղավորվելու վրա անցավ, բայց իրիկունը հանկարծ Ջոն Ֆոքսհոլին դեմ առա․ քաղաք էր գնում, դե, դուրս եկանք խճուղի, որ մի պատահական մեքենա գտնենք, տանի։ Ճիշտ է, տասնմեկը չեղած՝ պիտի հետ գայինք զորանոց, բայց ավելի լավ էր էսպես գնալ֊գալ լիներ, քան թե էս էլ չլիներ, ու երկուսս էլ ուրախ էինք իրար հանդիպելու համար։

― Քեզ բա՞ն է պատահել,― ասաց Ջոն։― Ի՞նչ կա։

― Մեռնեմ, թե գիտեմ։

― Տեսնողը կասի՝ մի կարևոր բան ես գլխի ընկել։ Հը՛, ի՞նչ է։

Ճամփեզրին կանգնած՝ մեքենայի էինք սպասում, մեկ էլ հետս մի հրաշք կատարվեց։ Էն օրվանից, ինչ գիշեր֊ցերեկ մի ձայն ներսումս երգում էր, Վալենսիա կանչում, առաջին անգամ հասկացա, թե ում ձայնն է դա։

― Էդ ի՞նչ հրաշք բան ես հասկացել,― ասաց Ջոն։

― Ներսդ մեկը չի՞ երգում,― ասի։

― Ոչ մեկը,― ասաց Ջոն։― Անտերն էլ երգ մնա՞ց։

― Դե ուրեմն,― ասի,― ես բախտավոր եմ, որ իմ ներսում տղաս երգում է։

― Տղա՞դ,― ասաց Ջոն։

― Հա,― ասի,― հարազատ որդիս։

Մի մեծ բեռնատար ընթացքը դանդաղեցրեց, մեզ գցեցինք մեջը։Վարորդը թե՝

― Երեկ իրիկուն էս նույն ճամփով գազ տված գալիս եմ, մեկ էլ կողքիցս մի պուճուր մեքենա դուրս պրծավ, էն որ կան, է՜․ թիզ ու կես՝ գետնի բզեզ․ ուրեմն՝ դուրս պրծավ ու քթիս տակ մտավ։ Ախր էնքան պուճուր էր, գետնին հազիվ էր երևում, բայց վախլուկ նախաստակի պես որ արանքը չճղե՜ց, էդ էր ու էդ, էլ մինչև քաղաք, արևս վկա, ինչքան հուպ տվի, հետևից չհասա։

Եկանք քաղաք թե չէ, Ջոյին ասի՝ ժամը տասին հենց էն հյուրանոցի դիմաց էլ հանդիպենք, որտեղ ինքն ու ընկերուհին պիտի ընթրեին, էդտեղից էլ նստենք տաքսի ու վերադառնանք կայազոր։ Հետո գնացի հայրիկի մոտ, տեսնեմ՝ մտել է անկողին, քնել։ Զարթնեց, ասում է․

― Երնեկ միտքս գար, թե քեզ ինչ պիտի ասի։

― Ոչ մի բան էլ չէիր ասելու, հայրիկ։

― Չէ, մի բան կար՝ պիտի ասեի։ Հիշում եմ՝ դեռ չէիր ծնվել, երդում կերա, որ ժամանակը գա, քեզ ասեմ, բայց մոռացել եմ ինչ էր։

― Ոչինչ, մի օր միտքդ կգա,― ասի։― Տրամադրությունդ ո՞նց է։

― Մտածում եմ, որ էլ պետք չի Սան Ֆրանցիսկո գնալ։

― Ինչո՞ւ։

― Մտածում եմ, որ պետք է հետդ մնամ։

― Օրինակ՝ ինչո՞ւ չես Էլ Պասո գնում։

― Կուզեի գնալ,― ասաց հայրիկը,― հա, շատ կուզեի, բայց գրողը տանի․․․

― Գնա մայրիկին ու Վիրջիլին տես,― ասի։― Արդեն կարգի ես եկել, լավ ես։

― Էդ՝ մայրդ է լավ,― ասաց հայրիկը։― Վիրջիլն է լավ։ Բայց ես ու դու․․․

― Ես էլ եմ լավ։

― Լա՜վ ես, ո՜նց չէ, գրողը տանի,― ասաց հայրիկը։― Լա՜վ ես, ո՜նց չէ։ 1919 թվին քսանմեկ տարեկան էի, որ մորդ տեսա, ճանաչեցի ու հետն ամուսնացա։ Էդ տարի Սան Ֆրանցիսկոյում քսանմեկս էր լրացել, բայց արդեն ծեր մարդ էի, հիմիկվա նման։ Էսքան տարի սպասել եմ, որ քեզ մի բան ասեմ, երդում էի կերել՝ հենց ժամանակը գա՝ ասեմ, հիմա ժամանակն եկել է, ա՛յ քեզ, մոռացել եմ։ Ամբողջ օրը պառկած՝ փորձում էի հիշել, բայց ոչ էլ հիշեցի։ Հա, դու լավ կլինես, ինչի՞ չէ։ Բայց աշխարհի բանը լավ չի, իսկ մարդ էսպես, թե էնպես, պիտի աշխարհում ապրի։

― Էստեղ գալիս աչքովս չինական ռեստորան ընկավ,― ասի։― Արի գնանք չինական ուտելիքների համը տեսնենք։

― Ախր մարդ գլուխն ո՞ւր առնի գնա, որ էս աշխարհում դիմանա ապրի,― ասաց հայրիկը։

― Ամեն տեղ էլ լավ է,― ասի։― Վեր կաց, հայրիկ, վեր՝ գնանք հաց ուտենք։

― Մի բան կխմեի,― ասաց հայրիկը։

Գլուխ քսանչորսերորդ

Վեսլին ծանոթանում է գրողի հետ ու նրա փոխարեն ուսումնական ֆիլմի սցենար գրում մարմնամարզության հրաշագործ ուժի մասին

Երբ ես ու հայրիկը հասանք Օհայո ցուրտ էր, ձյուն ձմեռ, բայց մայիսի սկզբին՝ Նյու Յորք վերադառնալուս հրամանը ստանալուց քիչ առաջ, արևը դուրս եկավ, ձյունը հալվեց֊գնաց, ու չորս կողմը ողողվեց տարվա զարթոնքի վառվռուն գույներով։ Աղջիկներն էնքան հրապուրիչ դարձան, ինչ աղջիկ տեսնեի, ինձ հազիվ էի զսպում, որ չմոտենամ։ Ինձ հազիվ էի զսպում, որ նրանց գիրկս չառնեմ ու չհամբուրեմ․ ախր մի ձմեռ էլ էին անցկացրել ու էդքան լավիկն էին։

Օհայոյում նույն գործն էի անում, ինչ որ Նյու Յորքում, որ շատ գոհ էի դրանից, դե, արդեն սովորել էի սեփական սեղան ու գրամեքենա ունենալուն։ Աշխանատնքս հեշտ էր, բայց էլի պիտի զորաշարերի ու ստուգումների մասնակցեիր, միևնույն պարտականություններն էլի վիզս էին․ մարմնամարզություն, ռազմերթ, տեսակ֊տեսակ դասեր, պարապմունքներ ու իհարկե, ամեն շաբաթ՝ երկու֊երեք ուսումնական ֆիլմ։

Մի տղա կար, ինձ նրա մահճակալը տվին, սրան հենց նոր էին հոսպիտալ ճամփել, որովհետև ուշքն ու միտքը գցած էր եղել մի բանի, իր ասած՝ «մահվան ճառագայթին»։ Զորանոցի տղերքը հաստատում էին, թե մաքուր ցնդել է, բայց ասում էին՝ տեսքին նայելիս, կմտածեիր՝ լրիվ առողջ է։ Ուղղակի կարծես իրոք հավատալիս է եղել, որ արևի լույսի մեջ մահաբեր ճառագայթ է թաքնված, գիտությունն էլ ձգտում է դա հայտնաբերել ու մահվան ճառագայթին տիրել։ Տղերքին անընդհատ պատմել է, թե ինքն էլ է դրա վրա աշխատում ու հաստատ համոզված է, որ շուտով Վաշինգտոտնում գտնվող ռազմական մինիստրությանը մի անչափ կարևոր ու գաղտնի բան է ներկայացնելու։ Ասել է․ «Մանրամասն չեմ կարող պատմել, որովհետև դա էս պատերազմում ամենակարևոր բանն է լինելու, բայց իմ կարծիքով, խնդրի լուծումը գտել եմ»։ Տղերքը հավատացնում էին, թե էդ միտքը ինչ֊որ կոմիքսից է նրա գլուխը մտել։

Էս զորանցում մի տղա էլ կար, ամեն իրիկուն կոշիկները փայլեցնելով էր զբաղված։ Երկու զույգ բանակում ստացած կոշիկ ուներ․ երկու զույգ սեփական՝ քաղաք դուրս գալու, մի զույգ էլ՝ կաշվե չստեր։ Զորանոցի նրա ընկերները իրար հետ պայմանավորվել էին բոլորի կոշիկները հերթով դնել սրա կոշիկների կողքին, ու ամեն իրիկուն էս տղան իր ունեցածը փայլեցնելուց բացի, ուրիշի մի զույգն էլ էր փայլեցնում, գլխի չէր էլ ընկնում, որ իրենը չի։ Մտածկոտ տղա էր, անունը Չարլզ Բլանդեն։ Ես էլ կոշիկներս թողի փայլեցնի, որովհետև նախ՝ էդ զորանոցում դա սովորություն էր, հետո էլ գիտեի՝ Բլանդենի համար ինչքան շատ կոշիկ լինի, էնքան լավ։ Նա ամեն զույգի վրա երկար քրտինք էր թափում, ու ամենակեղտոտ, ցեխակոլոլ կոշիկն էլ նրա ձեռքի տակով անցնում էր թե չէ, էնպես էր պլպլում, ասես խանութից նոր առած։ Հենց որ կոշիկները հայելու պես փայլեցնում էր պրծնում, նայում էր դրանց, հաճույք ստանում։

Էս կայազորում շատ գրող չկար։ Ուղիղ տասներկու հոգի էին ու Նյու Յորքի գրողներին մազաչափ էլ չէին նման։ Ախր Օհայոյի կայազոր ուղարկվելը աքսորի պես բան էր։ Դե, ոնց որ ռուսներին էին աքսորում, ցարին կամ կառավարությանը անհաճո մարդկանց քշում Սիբիր։ Սկզբում բոլոր գրողներն էլ Նյու Յորքի կայազորում էին եղել, բայց իրենց չէին արդարացրել, էսպես ասած՝ գործից գլուխ չէին հանել։ Աքսորված մարդը դառնացած է լինում, իսկ դառնացած փոքր մարդը զվարթալից փոքր մարդուց լավ է, դրա համար էլ էս գրողներն աչքիս ավելի դուրեկան երևացին, քան Նյու Յորքում տեսածներս, չնայած սրանք էլ իսկական գրող չէին։

Էդքանի միջից մենակ մեկն էր գրող։ Նրա մասին վաղուց էի լսել՝ բանակ գալուցս շատ առաջ ու հենց իմացա, որ նա էլ է էս կայազորում, գրադարանից գրքերը վերցրի, կարդացի։ Տասնհինգ գիրք ուներ գրած։ Մինչև Օհայոյից գնալս, տասնմեկը ճարեցի։ Բոլորն էլ լավն էին, բայց երեքը՝ արտակարգ։ Չէի հասկանում, թե նրա պես մարդն ինչ ունի բանակում։ երեսունհինգ տարեկան էր, մի քիչ էլ գորիլայի նման էր քայլում։ Ուսերն ու երկար ձեռքերն էլ էին կապկային։ Զվարճալի մարդ էր, մի թեթև ճանաչեիր, արդեն համոզվում էիր, բայց դեմքին միշտ նույն ցավագին արտահայտությունն էր։ Քայլելիս անընդհատ սոթ էր տալիս, բայց ոչ ոք չէր տեսել, որ ընկնի։ Զինվորավարի դիք֊դիք քայլողները մի գլուխ սոթ էին տալիս, փռվում, իսկ էս մարդը՝ չէ։ Կայազորում ամենքից շատ ինքն էր սոթ տալիս, բայց երբեք չէր ընկնում։

Էն շենքը, որտեղ գրողներն էին աշխատում, կոչվում էր արտադրական․ բլրի փեշին էր՝ զորանոցներից համարյա մի մղոնի վրա, բայց գրողը խնդրել էր, որ վաշտի բաժնեգծի մոտ հին շենքում աշխատի, ու թույլ էին տվել։ Էդ շենքը ընդհանրապես տաքացվելիս չէր եղել, ասենք, նա դրա մասին խոսք էլ չէր գցել, բայց որոշ ժամանակ անց էնտեղ քարածխի վառարան էին դրել ու շենքում կիտված հնոտիքի մի մասը տարել։ Երբ ինձ համար գործ բացվեց, վաշտի հրամանատարը գրասենյակում հարմար տեղ չգտավ ու հրամայեց, որ գնամ էդ շենքը՝ գրողի մոտ, հարցնեմ, թե դեմ չի՞ լինի, եթե էնտեղ մի սեղան ու գրամեքենա էլ դնեն։

Հենց ներս մտա, տեսնեմ նա պատուհանի առաջ կանգնած՝ ձյանն է նայում։

― Վաշտի հրամանատարն ուզում է իմանալ՝ դուք դեմ չէ՞ք լինի, եթե․․․

― Իհարկե չէ,― վրա բերեց նա։

Չթողեց էլ, որ ասեմ, թե վաշտի հրամանատարի ուզածն ինչ է։ Չնայած կոպիտ մարդ չէր՝ հետո իմացա, ուղղակի համբերություն չուներ։

― Ուրեմն գնամ սեղանն ու գրամեքենան բերեմ,― ասի։

― Ես չգիտեի, որ գրող եք,― ասաց։

― Գրող չեմ,― ասի։― Նյու Յորքի կայազորում մեքենագրությամբ էի զբաղվում, էստեղ էլ են ուզում, որ նույնը անեմ։

― Ի՞նչ եք մեքենագրում։

― Հերթապահության ցուցակներ։ Ծանուցումներ։ Ամեն տեսակ ցանկեր։ Զեկուցագրեր։

― Եվ դա ձեր սրտո՞վ է։

― Վատ չի։ Սիրում եմ սեղանիս մոտ նստել ու տպել։

― Դե լավ, տեղավորվեք։ Գրասեղանը կարող եք այ, այնտեղ դնել։ Սենյակի մյուս ծայրինն էլ իմն է։ Ինչքա՞ն ժամանակ է, որ բանակում եք։

― Համարյա հինգ ամիս։ Իսկ դո՞ւք։

― Գրեթե վեց։ Հետո՞, հավանաբար որքան ինձ է դուր գալիս, այնքան էլ ձեզ։

― Իսկ ձեզ դո՞ւր է գալիս։

― Տեսնում եմ, որ ձեզ էլ չի դուր գալիս։

― Դե, երևի մեկնումեկը պիտի ծառայի բանակում։

― Չէի պատկերացնում, թե այդ մեկը հենց ես պիտի լինեմ,― ասաց։

Կեսօրից հետո,― արդեն երրորդ օրն էր, ինչ էդ կայազորում էի,― վաշտի հրամանատարի հանձնարարած գործը վերջացրի, վեր կացա, ճմլկոտելով հորանջեցի ու մի սիգարետ կպցրի։

― Ձեր թղթերի մեջ որևէ գաղտնի բան կա՞,― ասաց գրողը։

― Դժվար թե։

― Չե՞ք առարկի, եթե մի հայացք գցեմ։

Ասի՝ չէ, առարկություն չունեմ, ու նա թղթերը աչքի անցկացրեց․ եղած֊չեղածը երեք ծանուցում էր՝ հայտարարությունների ախտակին փակցնելու համար, մի հերթապահության ցուցակ ու կայազորի անձնակազմի ցանկը։

― Հիանալի է,― ասաց նա։― Բոլորն էլ անթերի եք տպել։ Չե՞ք ուզում փողշպրտոցի խաղալ։

Մոտ մի ժամ սենթանոցներ էինք շպրտում պատին, վերջը ես յոթ միավոր շահեցի, չնայած խաղի ընթացքում համարյա դրա կրկնակին էի հավաքել։

Իրիկունը հայրիկին պատմեցի, թե որ գրողի հետ եմ ծանոթացել, հայրիկն ասաց․

― Ինչ է, նրան է՞լ են բանակ բերել։

― Հա,― ասի։― Գրքերին ծանո՞թ ես։

― Իհարկե, ծանոթ եմ,― ասաց հայրիկը։― Բայց նա ի՞նչ պիտի անի բանակում։

― Դե, գտնում են, որ ուսումնական ֆիլմերի սցենարներ պիտի գրի։

― Տե՜ր աստված,― ասաց հայրիկը,― դա նույնն է, թե Բըրնսից պահանջես, որ կոչեր գրի ռազմական փոխառության ազդագրերի համար։

― Ի՞նչ Բըրնս։

― Ռոբերտ Բըրնսը,― ասաց հայրիկը։― Բա նրա պես մարդուն կբերեն, բանա՜կ կգցեն։ Թողեք մինչև պատերազմը ինչ գրելիս է եղել ու հետագայում էլ ինչ որ պիտի գրի, էդ մարդը հանգիստ նստի, գրի․․․ կամ գնդակը տրաքացրեք ճակատին ու պրծե՛ք։

Մի առավոտ էլ իր գրասեղանի առաջ անօգուտ չարչարվելուց հետո գրողը վեր կացավ տեղից ու մոտեցավ ինձ։

― Գործ ունե՞ք անելու,― ասաց։

― Չէ,― ասի,― ընկերոջս նամակ եմ գրում։

― Է՛հ,― ասաց,― երեք շաբաթ է՝ փորձում եմ սցենար գրել մարմնամարզության այսպես կոչված՝ հրաշագործ ուժի մասին, բայց ըստ երևույթին ի վիճակի չեմ։ Միտքս անընդհատ ուրիշ տեղ է թափառում։ Արտադրական բաժնի վարիչը՝ գնդապետը, ինձ հետ արտակարգ համբերատար է, ու ես երախտապարտ եմ նրան, միայն թե չեմ ուզում այլևս նրա համբերությունը շահագործել։ Սրտանց կցանկանայի նրան գոհացնել, բայց զգում եմ, որ սա իմ բանը չէ։ Գլուխս բազմաթիվ այլ թեմաներով է լի։ Չէ՞ք օգնի ինձ։

― Ես ի՞նչ կարող եմ անել։

― Սցենարը գրել։

― Ախր սցենար գրել չգիտեմ։

― Պետք էլ չի իմանալ։ Ուղղակի հարկավոր է մի երկու ժամ գրամեքենայով տկտկացնել։ Ես գլուխ չեմ հանում, որովհետև մի քիչ գրել եմ սովորել, իսկ դա խանգարում է։ Դե, ի՞նչ կասեք։

― Կփորձեմ։

― Շնորհակալ եմ։ Մի օր էլ ես ձեզ լավություն կանեմ։

― Ե՞րբ եք ուզում, որ սկսեմ։

― Կարո՞ղ եք հենց հիմա։ Ես էլ գոնե զբոսնելու կգնայի։ Պատկերացում ունե՞ք, թե ինչ եք անելու։

― Դե,― ասի,― շատ եմ ուսումնական ֆիլմեր տեսել։ Գիտեմ ինչ պիտի սարքվի, որ հավանեն։

― Արդեն ժամը ինն է,― ասաց գրողը։― Տասներկուսին կհանդիպեմ։ Կգա՞ք միասին ճաշարան գնանք։

― Լավ։

― Ահա՜, սա էլ նախնական նյութն է, երեք շաբաթ առաջ գնդապետն է տվել։ Աչքի անցկացրեք, գուցեև ինչ֊որ բան քաղեք։

― Լավ։

Նա սոթ տալով, բայց առանց ընկնելու, դուրս եկավ շենքից, ես էլ սկսեցի գնդապետի տված նախնական նյութը նայել։ Տասնհինգ րոպեում ամեն ինչ ծանրութեթև արի ու անցա, իմ կարծիքով, հենց գնդապետի ուզածը գրելուն։ Մինչև տասնմեկն անց կես ամբողջը մեքենագրեցի պրծա, համարյա ինը էջ ստացվեց։ Գրածս էնքան ապուշ բան էր թվում, որ ամաչում էի, բայց չգիտեի, թե նման դատարկ նյութից ուրիշ ինչ դուրս կգա։ Որոշեցի գրողին ասել՝ գործը գլուխ չեկավ, բայց նրա ներս մտնելու պահին գրածս կարդալով էի զբաղված։

― Հը՛, հաջողվե՞ց,― ասաց նա։

― Դե,― ասի,― մի բան դուրս բերի։ Աչքիս լրիվ ապուշություն է։

― Հապա տվեք տեսնեմ։

Նա գրածս վերցրեց, մոտեցավ պատուհանին ու ոտքի վրա կարդաց։ Մտածում էի քաղաքավարության համար շնորհակալություն կհայտնի ու ամեն ինչ մոռացության կտա, բայց նա հետ եկավ, թե՝

― Հուսով եմ չեք վիրավորվի, եթե ասեմ, որ դուք գրել եք ուսումնական ֆիլմի լավագույն սցենարը իմ կարդացածների մեջ։

― Ձեր կարծիքով՝ լա՞վ է։

― Իսկ և իսկ գնդապետի ուզածն է, որ կա։ Հիմա տեսեք․ փաստորեն սա ես չեմ գրել, մինչդեռ ինձ էր հանձնարարված․․․

― Հետո՞ ինչ։

― Անհարմար եմ զգում, որ բախտս այսպես բանեց․ իմ փոխարեն գործս անող գտա․․․ Ես անասելի դժվար կացության մեջ եմ, մյուս կողմից էլ՝ ձեզ շատ երախտապարտ։ Հնարավո՞ր է, որ երկուսս էլ առայժմ ձևացնենք, թե սա ես եմ գրել։

― Իհարկե,― ասի,― ի՞նչ մի դժվար բան է։

― Կեսօրյա նախաճաշից հետո գնդապետին կհանձնեմ։

Նախաճաշից հետո նա իջավ բլրից ցած՝ արտադրական բաժին, իսկ ես էլի հետ եկա գրասեղանիս մոտ։ Վիկտորից նամակ էի ստացել, գրում էր, որ իրեն ուղարկել են Նյու Յորքի նահանգի Ռոչեսթր քաղաքը՝ լուսանկարչական դպրոց։ Վեց շաբաթից նոր պիտի վերադառնար․ միգուցե, գրում էր, երկուսս էլ միաժամանակ Նյու Յորք հետ դառնանք։ Է՛հ, երևի Վիկտորը վեց շաբաթից իրոք Նյու Յորք վերադառնար, բայց ես՝ հազիվ թե, որովհետև սերժանտն ասաց՝ եթե մարդուն Օհայո են ճամփում, թեկուզ հրամանով՝ գործուղումը վեց շաբաթ լինի,― դե, միշտ էլ էդպես վեց շաբաթով են ուղարկում,― բայց մեկ է՝ ընդմիշջ Օհայոյում է մնում։

― Մտքովդ չանցնի, թե վեց շաբաթից Նյու Յորք հետ կդառնաս,― ասաց սերժանտը։

― Ախր ինչո՞ւ։

― Նյու Յորքում քեզ չեն հավանել։

― Ի՞նչ իմացաք։

― Դե որ էստեղ են քշել, ուրեմն՝ չեն հավանել։

― Բայց էնտեղ կարծես գործս առաջ էր գնում։

― Մեկնումեկը որոշել է, թե ավելի լավ է քեզ գլխից ցանել։ Էնպես որ Նյու Յորքը մտքիցդ հանիր։ Սրանից հետո մնում է քեզ Օվկիանոսի մյուս կողմն ուղարկեն։

Է՛հ, ինչ արած, նստեցի Վիկտորին նամակ գրելու, բայց մտածեցի, թե չարժի ասել, որ էլ երևի իրար չենք տեսնի, համենայն դեպս՝ Նյու Յորքում։ Դրա տեղը հազար ու մի ուրիշ բան գրեցի։ Նամակ չդարձավ, չգիտես ինչ դարձավ․ իմ, Վիկտորի, հայրիկի, Դոմինիկի ու Լուի մասին մի ծիծաղելի պատմություն դուրս եկավ։ Արդեն չորս էջ տպել էի, որ գրողը ներս մտավ․

― Դե,― վրա բերեց,― գնդապետը մեր սցենարից ցնցված է։ Ասում է՝ եթե կարողանամ ամիսը մեկ նման մի սցենար գրել, շատ երջանիկ կլինի։ Ես կուզեի հնարավորին չափ նրան երջանկացնել, որովհետև նախքան պատերազմը «Ուորներ բրազըրս» կինոընկերության համար սցենարներ է գրելիս եղել։ Մեր կայազորում երկա՞ր եք մնալու։

― Սերժանտն ասում է՝ ընդմիշջ։ Ասում է՝ էստեղից մի ճանապարհ կա՝ օվկիանոսի մյուս կողմը։ Չնայած հրամանով՝ գործուղումս վեց շաբաթ է։

― Իմն էլ է վեց շաբաթով,― ասաց գրողը։― Դե, քանի դեռ այստեղ եք, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք ամիսը մեկ այսօրվա պես մի գործ գլուխ բերել։

― Կարծում եմ՝ գլուխ կբերեմ։

― Իսկ հիմա՞ ինչ եք գրում։

― Նամակ՝ ընկերոջս։

― Մի քիչ երկար չէ՞։

― Մեկ֊մեկ երկար է ստացվում։

― Դեմ չե՞ք լինի, եթե կարդամ։

― Չէ, ինչ կա որ։

Գրողը նստեց ու գրածս ծայրից ծայր կարդաց։

― Ձեզ երբեք չե՞ն ասել, որ դուք գրող եք։

― Սան Ֆրանցիսկոյի մեր եկեղեցու քարոզիչն ասել է։

― Ես էլ եմ ասում։

― Ուղղակի լավ եմ նամակ գրում։

― Մարդ ինչ էլ գրի՝ նամակ է։ Պարզպաես ձեր նամակը բոլորին ուղղեք։

― Ի՞նչ ասեմ նրանց։

― Ինչ որ Վիկտորին եք ասում։ Դուք առաջին գրողն եք, որին հանդիպում եմ բանակում։


Գլուխ քսանհինգերորդ

Վեսլին գրողին տանում է հոր հետ ծանոթացնելու, իսկ սա ոտով֊գլխով անհետացել է

Մի իրիկուն չկարողացա գնալ քաղաք՝ հայրիկին տեսնելու, որովհետև ամբողջ օրը խոհանոցում վերակարգի էի ու տասի մոտեքրը հազվ ազատվեցի, էն էլ արդեն ուշ էր դուրս գալու համար։ Մյուս իրիկուն գրողին էլ հետս տարա քաղաք, որ հայրիկի հետ ծանոթացնեմ, բայց հենց վերելակ մտանք, վերելակավարն ասաց՝ հայրդ հյուրանոցից գնացել է։

Մոտեցա հյուրանոցի ծառայողի սեղանին, հարցրի, թե ինձ համար ոչ մի երկտող չկա՞։ Ասաց՝ չէ, չկա, ես էլ հարցրի, թե հայրիկը երբ է համարն ազատել, ասաց՝ անցած օրը, ուշ երեկոյան։

― Խմա՞ծ էր։

― Դրանից առաջ էր խմել։

― Սենյակում բան թողե՞լ է։

― Չէ։ Ճամպրուկով գնաց։

Ես էլ կարծում էի, թե հայրիկն արդեն կարգի է եկել, կարծում էի արդեն էդպես էլ կշարունակվի։ Էնքան զարմացա, որ նրան հյուրանոցում չգտա, մտածում էի՝ հաստատ էստեղ մի սխալ կա, դրա համար էլ պինդ֊պինդ նստեցի, սպասում էի, որ կգա։

Գրողը խոսեց ծառայողի հետ, քիչ անց նախասրահի ծայրի փոքրիկ բարից մի մատուցող երևաց՝ ձեռքին խմիչքի շիշ ու սառույց, և մենք մի֊մի բաժակ գցեցինք։

Խմելիս ինձ անընդհատ թվում էր, թե ուր որ է հայրիկը կմտնի, բայց ժամը տասն եկավ, արդեն կայազոր վերադառնալու ժամանակն էր, շիշն էլ համարյա դատարկել էինք, իսկ հայրիկը չկար ու չկար։

― Դեռ մի տասնհինգ րոպե էլ ունենք,― ասաց գրողը։― Գնամ տաքսի գտնեմ։

Քիչ հետո տասն անց տասնյոթ դարձավ։ Եթե տաքսին ամբողջ թափով գնար, տասնմեկից մի քանի րոպե առաջ տեղ կհասնեինք։ Բայց գրողը կարծես չէր էլ շտապում, ես էլ որ իսկի հետ դառնալու սիրտ չունեի։ Զզվել էի բանակից։ Զզվել էի անվերջ ժամով֊ժամացույցով նստել֊վեր կենալուց։ Զզվել էի անվերջ չարչարանք թափելուց, որ դառնամ էն, ինչ չէի, մի բան, որ չէի ուզում ու չէի կարող լինել, այսինքն՝ կալանավոր։ Ինձ ու ինձ ասի․ «Ա՛հ, թեկուզ ռազմական դատարան քարշ տան, թեկուզ բանտ գցեն, մինչև հայրիկին չտեսնեմ, էստեղից գնացողը չեմ»։

Արդեն տասն անց քսան էր, ու ես հասկացա, որ էլ չենք հասնի․ գլուխը քարը, բաժակս նորից լցրի։ Թե փորձանքի մեջ եմ ընկնելու, թող միանգամից ընկնեմ, թե ընկնելն է, թող իսկականից ընկնեմ։

Գրողը գնաց մի տուփ սիգարետ բերի։ Հետ եկավ, ասում է․

― Այսօր զորանց չենք վերադառնա, բայց առավոտյան վեցին պիտի վերկացին ներկայանանք։ Զանգահարեցի, տեսնեմ ով է զորանոցների հերթապահը, պարզվեց Բլանդենն է։ Ասացի՝ ես ու Ջեքսոնը երևի չկարողանանք տեսնմեկին հասնել, ի՞նչ կլինին որ։ Ասաց՝ լավ, բայց եթե վերկացին չներկայանանք, իր հացը կուտի։

Նա դուրս եկավ փողոց, տաքսու վարորդին վճարեց, ու տաքսին գնաց։ Նորից ներս մտավ, նստեց, ու մենք շարունակեցինք խմել։ Հենց շշի վերջը տվինք, դուրս եկանք գիշերային սրճարան գտնելու։

Հյուրանոցի ծառայողին ասի․

― Էս արանքում եթե հայրս երևա, թող սպասի ինձ, ես շուտ հետ կգամ։

Խոզապուխտով ձվածեղ կերանք, վրայից էլ սուրճ խմեցինք ու հետ դարձանք հյուրանոց։ Ամբողջ ճամփին աստված, աստված էի անում, որ հայրիկն էնտեղ լինի, բայց էլի չկար։ Մինչև առավոտվա հինգը հյուրանոցի նախասրահում նստեցինք։ Ուղղակի նստել, սպասում էինք։ Մինչև չորսի մոտերքը համարյա չէինք խոսում։ Արդեն կարգին լրջացել էինք, ու էլ չդիմացա, հորս մասին գրողին պատմեցի, թե ոնց է դեռ մորս հետ ապրելիս՝ միշտ առանց նրան մի խոսք ասելու, հանկարծ անհետացել, մայրիկի գնալուց հետո էլ նույն բանը իմ գլխին դրել։ Գրողը ոչ մի հարց չէր տալիս, իսկ ինձ թվում էր՝ երկուսով զրույց ենք անում, չնայած մենակ ես էի խոսում։ Ասի՝ չգիտեմ ինչն է ստիպում, որ հայրիկն էսպես մեկ֊մեկ հեռանա, բայց աչքս բացել― չեմ բացել, սա եմ տեսել։

Ժամը հինգին մի երկտող գրեցի հորս ու թողեցի ծառայողի մոտ, որ տա իրեն, եթե նա հյուրանոց վերադառնա։ Հետո գրողի հետ նստեցինք տաքսի ու ճամփա ընկանք կայազոր՝ վերակացին հասնելու։ Հենց կայազորի դարպասին մոտեցանք, ժամապահը դուրս պրծավ ու ատրճանակը հանեց։ Մութ, սևակնած առավոտ էր, ձյունախառն էլ անձրև էր մաղում։ Ժամապահը պինդ քնած էր եղել, մեկ էլ որտեղից որտեղ մեր տաքսին հայտնվել էր։ Խեղճի սիրտը փորն էր ընկել, էնպես էր շշկլվել՝ ձեռքերը դողում էին, բայց լավ էր չկրակեց։

Վերկացին ներկա ստացանք, հետո գնացինք ճաշարան, էն էլ չկարեցա բերանս բան դնել։ Գրողի կողքին նստած սպասեցի մինչև սուրճը խմի, ու հետ եկանք մեր գրասեղանների մոտ։ Գլուխս դրի ձեռքերիս ու քնեցի։

Իրիկունը նորից հյուրանոց գնացի, բայց հայրիկը չկար։ Նստեցի նրան նամակ գրելու, բայց մի երկու ժամ թուղթ մրոտելուց հետո հասկացա, որ հիմարություն է, թղթերը ծալեցի, դրի համազգեստիս գրպանն ու դուրս եկա հայրիկին փնտրելու։

Մի բարից մյուսն էի գնում, բայց նա ոչ մի տեղ չկար, արդեն տասն անց էր։ Զանգեցի կայազոր, որ իմանամ զորանոցների հերթապահն ով է։ Ինձ անծանոթ մեկն էր։ Խնդրեցի, որ լավություն անի՝ ժամը տասնմեկին զորանոցները ստուգելիս, ինձ բացակա չդնի։ Սա թե՝

― Դու բանակում ես, այ ընկեր․ եթե տասնմեկին տեղդ պառկած չլինես, ուրեմն պարզ է, ինքնագլուխ բացակայում ես։

Ինչ մարդիկ կան բանակում, է՜։ Ա՛հ, էնքան կատաղեցի, որ լսափողը կախելուն պես՝ որոշեցի էլ հետ չդառնալ։ Վերկացին էլ չէի գնալու։ Ընդհանրապես չէի գնալու։ Թող զինվորական ոստիկանությունն ինձ բռներ։

Գլուխ քսանվեցերորդ

Վեսլին հորը փնտրելով, ինքնագլուխ բացակայում է զորանոցից ու պատահում մի կնոջ, որը ձյան տակ «Վալենսիան» է երգում

Քաղաքի մի ծայրից մյուսն էի թափառում։

Կեսգիշերին մոտ սկսեց ձոյւն գալ, ու քաղաքը փոխվեց, գեղեցկացավ, թեկուզ և աչքիս ատելի էր։ Թարմ ձյունը ծածկեց փողոցների ցեխն ու կեղտը, եղած֊չեղածը սպիտակեց, ու լռություն իջավ։ Մի քանի բար էլ մտա, ամեն տեղ մի երկու բաժակ խմեցի, նայում էի մարդկանց, ականջ դնում նրանց խոսք ու զրույցին։ Ժամը մեկի կողմերը որոշեցի գնալ հյուրանոց ու եթե հայրիկը եկած չլինի, վերցնել նրա սենյակն ու պառկել քնելու․ համարը կպահեի, մինչև նա հետ գար, իսկ թե հետ չգար, ես կմնայի էնտեղ։ Էնքան լավ սենյակ էր, ասես տանը լինեի։

Հյուրանոցի ճամփին, մեկ էլ տեսնեմ՝ հարբածի պես երգելով, բարից մի կին դուրս եկավ․ սիրտս թուլացավ, ախր «Վալենսիան» էր երգում, իմ երգը, հայրիկից ինձ մնացած երգը։ Հիմա կպել եմ նրան ու պոկ չեմ գալիս։

― Որտե՞ղ եք լսել էդ երգը։

Կինն աչքերը չորս արած՝ նայում էր երեսիս ու ժպտում, ես էլ գրկեցի նրան ու համբուրեցի, դե, քեֆս լավ֊լավ էր, հոգնած մեռնում էի, նա էլ էնքան մոտիկ էր՝ կողքիս։

― Պիտի ասեք,― վրա եմ տալիս։― Որտե՞ղ եք լսել։ Մեկնումեկը երգել է ձեզ համար, չէ՞։

― Գնանք ինձ մոտ,― ասաց կինը։― Տեր իմ աստված։ Գնանք ինձ մոտ։

Հենց ոտքներս դրինք մի բավականին մեծ, սիրուն տան շեմին, կինը թե՝

― Սեփականությունս է, ամբողջ շենքն իմն է։

Ես նորից գիրկս առա նրան ու համբուրեցի, իսկ նա ասաց․

― Տեր իմ աստված։

Առաջնակարգ ռեստորանի մատուցողուհու պես հագնված մի սևամորթ աղջիկ վազեվազ եկավ ու օգնեց, որ կինը վերարկուն հանի։ Տանտիրուհու չորս կողը ֆռֆռաց, հետո վերարկուն թևին՝ աստիճաններով վազ տվեց վերև։ Կինը դարձավ ինձ ու շշնջաց․

― Դե, մի քաշվիր։ Գնանք, կնստենք, մի բան կխմենք։

Բարձրացանք երկրորդ հարկ թե չէ՝ երկար, շիկակարմիր մազերով մի աղջիկ ընկավ աչքիս․ նա դուրս եկավ սենյակից ու միջանցքով գնաց։ Հագին տեսքից շատ թանկ երեկոյան շոր էր, ու նա էնքան չքնաղ երևաց, որ մտքումս ասի․ «Էդ ո՞նց պիտի հարմար աղջիկ ճարես՝ հետն ամուսնանաս, եթե ամեն պատահածն աչքիդ հրաշք է երևում՝ դեռ իսկի չիմացած, թե ով է, ինչ է»։

Կինն ինձ տարավ ճոխ կահույքով լեփլեցուն մի մեծ ու ընդարձակ սենյակ․ դաշնամուր էլ կար, իսկ սեղանին երեք հեռախոս էր դրված։ Քիչ հետո սևամորթ սպասուհին ներս մտավ ու դուռը հետևից ծածկեց։

― Ամեն ինչ շատ լավ դասավորվեց, միսս Մոլի,― ասաց։

― Օ՝Քոնորը զանգե՞ց։

― Զանգեց, զանգեց, մեմ։

― Ի՞նչ էր ասում։

― Ասում էր, որ իրեն զանգեք։

― Տանն ո՞վ կա։

― Մեգին է, նա էլ գնալու վրա է։

― Լավ, Դեյզի,― ասաց կինը։― Եթե պետք եղա, տանն եմ։

Սևամորթ սպասուհին գնաց ու մի քանի րոպեից եկավ՝ ձեռքին ամեն ինչով բեռնված մի արծաթե մատուցարան։ Եղած֊չեղածը դրեց փոքրիկ սեղանին ու նորից գնաց, կինն էլ հարցրեց՝ վիսկին ինչով եմ խմում․ սովորական ջրո՞վ, թե սոդաջրով։ Ասի՝ ջրով, ու նա ինձ համար ջրով վիսկի բացեց։ Տեսքը տեղը կին էր՝ մազերը ծոծրակին հավաքած, կլոր երեսով ո ւ գլխի հպարտ դիրքով։ Մարմինը փամփլիկ էր ու փափուկ, լիքը֊լիքը սպիտակ թևեր ուներ ու թմբլիկ, կարճ մատներով փոքրիկ ձեռքեր։ Մոտավորապես նյույորքցի ընկերուհուս տարիքին կլիներ, բայց լրիվ ուրիշ կարգի կին էր։

― Վերջին անգամ ե՞րբ եք էդ երգը լսել,― ասի։― Ես պետք է իմանամ։

― «Վալենսիա՞ն»,― ասաց կինը։― Դեռ աղջիկ ժամանակվանից գիտեմ։

― Հաստատ վերջերս լսած կլինեք, որ մեկը երգում է․․․ միգուցե հենց երե՞կ։

― Հազիվ թե։

― Պիտի որ լսած լինեք։ Միտքներդ բերեք։ Ոչ ոք հենց էնպես չի երգում էդ երգը։ Անցած իրիկուն ո՞վ է էստեղ եղել։

― Էստեղ եկողներին ես երբեք չեմ տեսնում։ Միայն բարեկամներիս հետ եմ հանդիպում։

Հանկարծ նա հեռախոսներից մեկի լսափողը վերցրեց, մի համար հավաքեց ու ինչ֊որ մարդու հետ լուրջ֊լուրջ, կամացուկ խոսելուց հետո լսափողը դրեց։

Ես նորից գրկեցի նրան ու համբուրեցի, նա էլ թե՝

― Փոքրիկս, փոքրիկս, ա՛խ, տեր իմ աստված։

― Միգուցե աղջիկներից մեկը երգել է, ականջիդ է ընկել,― ասի։

Րոպեն մի անգամ հեռախոսներից մեկնումեկը զանգում էր, տանտիրուհին վերցնում էր լսափողն ու մեղմ, բայց շատ գործանական եղանակով խոսում։ Շատ չանցած՝ տեսնեմ արդեն գիշերվա երեքն է, ես էլ էնքան էի հարբել, որ հայրիկին էլ էի համարյա մոռացել։ Կինն ինձ տարավ վերջին՝ երրորդ հարկ ու մտցրեց մի մեծ սենյակ, ասի․

― Առավոտվա վեցին պիտի վերկացին հասնեմ, էստեղ կնստեմ մինչև գնալուս ժամանակը գա՝ մի տաքսի գտնեմ, հասնեմ կայազոր։ Հոգնել եմ, գլխիս էլ փորձանք է եկել։

― Ի՞նչ փորձանք։

― Ինքնագլուխ բացակայում եմ։ Պիտի տասնմեկին՝ գիշերային ստուգմանը, զորանոցում լինեի, բայց արդեն երեքն անց է։

― Որտե՞ղ ես ապրում։

― Սան Ֆրանցիսկոյում։

― Ես էլ եմ էնտեղ ապրել,― ասաց կինը։― Ժամանակին էնտեղ էլ տուն ունեի․ քաղաքի ամենաընտիր տունը։ Մի մտածեիր, լավ կլինի։ Ուղղակի հոգնել ես էդպես տնից֊տեղից հեռու, ուրիշ ոչինչ, պառկիր քնելու։

Հենց որ գնալուս ժամը մոտեցավ, մեկ էլ մարմինս հո մի դող չբռնեց, հիմա ո՜նց եմ զնգրտում, ատամ ատամի տալիս։ Կնոջ աչքին սա շատ զվարճալի թվաց, ինձ պինդ֊պինդ սեղմեց կրծքին ու գրկից բաց չթողեց, մինչև ոտից֊գլուխ տաքացա, ու զնգրտոցս անցավ։ Նա լողարանը լիքը ջուր լցրեց ինձ համար, որ լոգանք ընդունեմ, հետո էլ այցետոմսը տվեց՝ վրան իր հեռախոսի համարն ու տան հասցեն, ասաց՝ ինչ էլ պատահի, զանգեմ։ Բանակի մեծավորներից մեկի հետ ծանոթ էր, ու եթե բանս վատ լիներ, կզանգեր նրան, կստիպեր գործս դասավորել։

Մի տաքսի գտա, ինձ բերեց կայազոր, վերկացին հասա, բայց անվանականչից հետո սերժանտը մոտեցավ, թե՝

― Վաշտի հրամանատարն ուզում է քեզ տեսնել։

Գլուխ քսանյոթերորդ

Վեսլիին կալանքի են առնում, բայց նա այնքան է հոնգել, որ իր համար մեկ է

Գնացի գրասենյակ ու վաշտի հրամանատարին ներկայացա, իսկ սա ասում է․

― Դու գիտե՞ս, թե ինքնագլուխ բացակայությունը ինչ լուրջ հանցանք է։

― Ճիշտ այդպես, սըր։

― Բայց դրանով հանդերձ՝ գիշերն ինքնագլուխ բացակայե՞լ ես։

― Առանց պատճառի՛ չեմ բացակայել, սըր։

― Ինձ ոչ մի պատճառ չի հետաքրքրում։ Տասնմեկին՝ գիշերային ստուգմանը, զորանոցո՞ւմ ես եղել։

― Ոչ, սըր։

― Ուրեմն ինքնագլուխ բացակայե՞լ ես։

― Ճիշտ այդպես, սըր։

― Նստիր գրասենյակի նստարանին ու սպասիր, մինչև որ կանչեմ։

― Լսում եմ, սըր։

Գնացի նստեցի, դե գիտեի, որ հաստատ քաշվել եմ, բայց էնքան էի հոգնել՝ արդեն ինձ համար մեկ էր։ Քիչ հետո վաշտի հրամանատարն իր առանձնասենյակից դուրս եկավ։ Զորանոցներում հերթապահած կապրալին կանչեց թե՝

― Կապրալ Բենեթ, երեկ գիշերային ստուգման ժամանակ ի՞նչ վիճակ էր համար 808 զորանոցում։

― Բոլոր կամ ներկա էին, կամ հարգելի պառճառով՝ բացակա, սըր, միայն շարքային Ջեքսոնն էր ինքնագլուխ բացակայում։

― Համոզվա՞ծ եք։

― Ճիշտ այդպես, սըր։

― Պատրա՞ստ եք ձեր տեսածը երդմամբ հաստատել։

― Ճիշտ այդպես, սըր։

Է՛հ, գրողը տանի, էնքան հոգնած էի՝ չջղայնացա էլ կապրալի վրա։ Ուղղակի լսում էի, կարծես ուրիշի մասին մի հետաքրքիր պատմություն են անում։

― Շարքային Ջեքսոնը,― ասաց վաշտի հրամանատարը կապրալին,― այս շենքում փակված կմնա՝ կալանքի տակ, մինչև հատուկ կարգադրություն։― Հետո շրջվեց իմ կողմը, թե․― Նախաճաշե՞լ ես։

― Ոչ, սըր։

Նա դարձավ կապրալին։

― Զանգեք ճաշարանի հերթապահ սերժանտին, թող սրա համար ուտելիք ուղարկի։

― Լսում եմ, սըր,― ասաց կարպալը։

Վաշտի հրամանատարը մտավ իր առանձնասենյակը, իսկ կապրալը զանգեց ճաշարանի հերթապահին։ Շատ չանցած՝ տեսնեմ Ջո Ֆոքսհոլը եկավ՝ մատուցարանով ուտելիքն էլ ձեռքին։

― Լսեցի, որ ճաշարանի հերթապահը քո անունը տվեց,― ասաց։― Ի՞նչ է պատահել։

― Ինքնագլուխ բացակայել եմ։

― Ո՞վ է տեղ հասցրել։

― Այ, էս կապրալը։

Ջոն հայացքով չափեց կապրալին։

― Քե՞զ ինչ է պատահել,― ասաց։

― Պարտքս է՝ կատարել եմ։

Մինչև Ջոն կարպալի հետ հաշիվներ էր մաքրում, կնոջ տված այցետոմսը միտքս ընկավ, հանեցի ու դրի Ջոյի ձեռքը։

― Էս համարով զանգիր,― բացատրեցի նրան,― ասա՝ իմ կողմից ես զանգում, ասա՝ բանը վատ է, ինքն էլ՝ շատ վատ։

― Լավ,― ասաց Ջոն։

Մի տասը րոպեից նա եկավ գրասնյակ, բայց էդ պահին վաշտի հրամանատարը խոսում էր կապրալի հետ, Ջոն էլ ուղղակի մի հայացք գցեց վրաս, գլխով արեց ու գնաց։ Հասկացա, որ զանգել է ու ամեն ինչ ասել։ Մինչև երեքն անց կես նստարանին մեխված մնացի, տղերքը սուտումուտ պատճառներ բռնելով՝ անընդհատ ներս էին ընկնում գրասենյակ, որ տեսնեն, թե ինքնագլուխ բացակայության համար ինձ ոնց են կալանքի առել։ Երեքն անց կեսին վաշտի հրամանատարը կանչեց, հենց ներկայացա, ասաց․

― Անցիր ծառայության։

Ու էլ ոչ մի բառ։

Եկա գրասեղանիս մոտ, նստեցի, քունս տարավ։ Քիչ հետո Ջո Ֆոքսհոլը զարթնեցրեց, թե՝

― Հը՛, ի՞նչ եղավ։

― Վաշտի հրամանատարը կանչեց, ասում է՝ անցիր ծառայության։ Էն այցետոմսը տուր։

― Կթողնե՞ս հեռախոսի համարն ու հասցեն արտագրեմ։

― Լավ, բայց տեղի֊անտեղի նրան չանհանգստացնես։

― Ո՞վ է որ։

― Մի տիկին է՝ Սան Ֆրանցիսկոյից։

― Ես շատ եմ եղել Սան Ֆրանցիսկոյում,― ասաց Ջոն։― Մենք Բեյքրսֆիլդում ենք ապրում, բայց որ Բերքլիում էի՝ Կալիֆոռնիայի համալսարանում սովորելիս, ամեն շաբաթ իրիկուն Սան Ֆրանցիսկո էի գնում։

― Դե լավ,― ասի։

Ջոն հեռախոսի համարն ու տան հասցեն ծոցատետրի մեջ արտագրեց։

Ես վեր կացա ու գնացի զուգարան՝ սափրվելու։

Գլուխ քսանութերորդ

Վեսլին ու գրողը քննարկում են դասալիքի մասին գրվելիք սցենարը, Վեսլին մի շարք հանդեսներ է կարդում ու նամակ գրում Ռոչեսթր՝ Վիկտոր Տոսկային

Սափրվելուց հետո վերադարձա սեղանիս մոտ, որ նստեմ, մտածեմ։ Ինձ թվում էր՝ մի քանի բան ունեմ պարզելու։ Ախր արածս ինչի՞ նման էր։ Արդեն քառասունութ ժամից ավել աչքս մի կարգին չէի էլ կպցրել, քունն ինչ է՝ չգիտեի։ Անընդհատ խմել էի, փողոցներում ժամերով թափառել ու երբ ինչ֊ո կնոջ բերանից ծանոթ, սրտիս մոտ երգը լսեցի,― մի երգ, որ ով իմանա աշխարհի երեսին քանի մարդ հենց էնպես մեկ էլ սկսեն երգել,― տեղնուտեղը կնոջ հետ կապվեցի։

Հայրիկը նորից թողել էր գնացել, բայց ինչքան միտքս էր, նա ամեն երկու֊երեք ամիսը մեկ էդպես կորչում էր, դա ի՞նչ մի պատճառ էր, որ ինձ էլ թափառելուն տայի։ Ուրեմն ճի՞շտ էր հայրիկը ասում, թե ես էլ եմ շուտով իր պես դառնալու։ Էս հարցերին պատասխան չէի գտնում, որովհետև շատ էի հոգնել։ Ասես երազի մեջ լինեի, իրական բաները երազ էին թվում։ Բայց ախր երազում միշտ էլ իմանում էի, որ քնի մեջ եմ ու վաղ թե ուշ կզարթնեմ։ Իսկ հիմա գիտեի՝ երազ չեմ տեսնում, իրական բան է։ Բայց էնքան էի հոգնել, ու անելիքներս էնքան անորոշ էին աչքիս, որ մտքովս անցավ, թե միգուցե իրականությունն էլ է երազ։ Չլինի՞ իրական կյանքը երազ է, ուրիշ ոչինչ, ուղղակի ավելի խոր երազ։ Չլինի՞ բոլորս էլ մի անվերջանալի երազի մեջ ենք ապրում։ Օրինակ՝ ինչքանո՞վ էր անցած գիշերն իրական, երբ ես ավելի շուտ կարծես քնի մեջ էի, քան արթուն, չնայած արթուն էի։ Ինչքանո՞վ էին իրական ձյունածածկ փողոցները, որտեղ հայտնվեց իմ երգը երգող կինը։ Ինչքանո՞վ էր իրական հենց ինքը կինը՝ իր կլոր երեսով, գլխի հպարտ դիրքով, թմբլիկ, սպիտակ, կարճ մատներով ու հեռոախոսով զանգելու և մեղմ, բայց շատ գործնականորեն խոսլեու իր մեծ շնորհքով։ Տեսնես էն երկար, շիկակարմիր մազերով աղջիկը աշխարհում ինչ֊որ տեղ գոյություն ունե՞ր՝ ինձ անծանոթ իր ապրելակերպով։ Իսկ կապրալ Բենե՞թը․ նա իսկապես կա՞ր։ Ես իրո՞ք նրա ձայնը լսեցի, որ ասաց․ «Դու բանակում ես, այ ընկեր»։ Իսկ մեր վաշտի կարճլիկ հրամանատա՞րը, որ ճաշարանում իր կարճլիկ ոտքերը խաչում էր նստարանի տակ և ուտելիս կոշիկներով թփթփացնում։ Նա իրակա՞ն էր, երբ զինվորական կարգուկանոնի ձայնափողի պես ասաց․ «Շարքային Ջեքսոնը կմնա կալանքի տակ»։ Իրական բա՞ն է, որ մի ազգի ութ֊ինը միլիոն մարդու նախրի նման քշեն՝ մեզ պես խմբերի բաժանած, ու դեռ ամեն մեկն էլ փորձի սեփական կյանքով ապրել։

Ես մոռացա գրողի սեղանին՝ նրա հեռախոսից օգտվելու։ Կնոջ այցետոմսը՝ հեռախոսի համարն էլ վրան, համազգեստիս գրպանում էր։ Ձեռքս տարա գրպանս, որ հանեմ, անցած իրիկուն հայրիկին գրած նամակս դուրս եկավ։ Բաց արի ծալծլված թերթերը, սկզբի տողերը կարդացի, նամակը գցեցի գրողի սեղանի մոտ դրված անպետք թղթերի զամբոյւղն ու կնոջը զանգեցի։ Ասի՝ շնորհակալ եմ, որ ինձ փորփանքից ազատեց, նա էլ թե՝

― Ժամը յոթին արի մոտս՝ ճաշի։

― Էն շիկակարմիր մազերով աղջկա անունն ի՞նչ է։

― Իսկ ինչի՞դ է պետք։

Դե, չգիտեի ինչ պատճառ բերեմ,― պատճառ կա՞ր, որ բերեի,― բայց աղջկան տեսնելուցս ի վեր անընդհատ նրա մասին էի մտածում։ Չգիտեի ինչ ասեմ։

― Չգիտեմ,― ասի։

― Դուրդ եկե՞լ է։

― Ուզում եմ իմանալ՝ ով է։

― Յոթին կգաս ճաշի՝ կասեմ։

Մի քանի րոպե էլ գրողի սեղանի մոտ նստած մնացի, մեկ էլ սա սոթ տալով մտավ, թե՝

― Մի վեր կաց, մի։ Դու էլ աթոռիս ու սեղանիս մոտ նստելու իրավունք ունես, որովհետև քիչ առաջ գնապետը նոր սցենարի պատվեր տվեց։

― Ինչքա՞ն ժամանակ կա մեր տրամադրության տակ։

― Մի ամիս։

― Վաղը կգրեմ։

― Չէ,― ասաց գրողը,― արի մյուսների պես վարվենք։ Երկու֊երեք շաբաթ մտմտանք, ծանրութեթև անենք․ այդպես ավելի հեշտ է, հետո էլ՝ սրանց մոտ ընդունված կարգ է։

― Էս անգա՞մ ինչի մասին է։

― Դասալքության։ Գնդապետը գտնում է, որ այս թեման իսկ և իսկ իմ բանն է։ Ասում է՝ չափազանցություններին տուրք տալուց մի վախեցեք, բոլորին ահ ու սարսափի մեջ գցեք։ Նա առաջարկում է, որ ֆիլմերի վերջում տղային գնդակահարեն որպես դասալիքի։

― Ո՞վ գնդակահարի։

Սիրտս ցավեց էն տղերքի համար, որ դասալիքի վրա պիտի կրակեին։ Դասալիքի համար էնքան չէր ցավում, ինչքան տղերքի։ Ախր նրանք շարունակելու էին ապրել, իսկ դասալիքը՝ չէ, դե, ես էլ ուզում էի հենց նրանց մասին իմանալ։ Մեռնողի մասին էլ ի՞նչ իմանաս։

― Ո՞վ գնդակահարի,― ասաց գրողը։― Ես ու դու։

― Չէ, բայց սցենարում,― ասի,― ո՞վ է սպանում։

― Ես ու դու։ Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս, որ այս անգամ շատ բծախնդիր ծանրութեթև անենք։ Մենք ուզո՞ւմ ենք նրան սպանել։

― Դուք ուզո՞ւմ եք։

― Ոչ։

― Ես էլ։

― Ինչո՞ւ։

― Որովհետև էդ դասալիքը կարող էի ես լինել։ Իսկ դո՞ւք ինչու չեք ուզում։

― Որովհետև նա ես եմ,― ասաց գրողը։― Եթե երբևէ դասալիքի մասին գրելու լինեմ, իմ մասին կգրեմ, ամբողջ հմտությունս գործի կդնեմ, որպեսզի նրա փախուստին օգնեմ ու ապացուցեմ, որ իրավացի է և փախչելու անընդունակ միլիոնավոր մարդկանցից մի գլուխ բարձր։ Ես նրան կդարձնեմ երկրի երեսին ապրած ամենամեծ ամերիկացին։― Գրողը մի պահ խոսքն ընդհատեց, որ սիգարետը վառի։― Ամեն դեպքում,― շարունակեց նա,― մեր առջև շատ դժվար խնդիր է դրված։ Որպես զինվորներ՝ մենք պետք է նրան սպանենք։ Որպես մարդ արարածներ՝ պետք է ապացուցենք, որ նա իրավացի է։ Չեմ կարծում, թե կարելի է գնդապետին ասել, որ մենք, ավելի ճիշտ՝ ես, նման թեմայի տակից դուրս եկողը չեմ։ Իմ կարծիքով, գնդապետն ուզում է որոշ հարցեր պարզել։ Իմ կարծիքով, նրան շատ է հետաքրքրում, թե ես մինչև անազնվության որ աստիճանը կարող եմ հասնել։ Եթե դասալիքին սպանեմ, գնդապետը , ինչքան էլ ինքն անազնիվ լինի, իմ կարծիքով, բավական խելամիտ է հասկանալու համար, որ ես անհրաժեշտությանը կուլ եմ գնացել ու հոգիս կորցրել։ Իսկ եթե փորձեմ ապացուցել կամ թեկուզ իրոք ապացուցեմ, որ իրավացի է դասալիքը, ո՛չ թե գնդապետը, ո՛չ թե բանակը, ո՛չ թե կառավարությունը, ո՜չ թե համայն աշխարհը, նա ինձ խենթի տեղ կդնի, բայց կմտածի՝ հոգիս կորցրած անազնիվ մարդ չեմ։ Մյուս կողմից էլ, եթե ես ասեմ, թե նման սցենար չեմ կարող գրել, նա ինձ կհամարի փոքրոգի վախկոտ, ու չնայած դա աննշան հետևանքներ կթողնի բանակում ունեցած իմ դիրքի վրա, բայց պատերազմից հետո գրական գործունեությանս վրա զգալիորեն կազդի։ Ուրեմն ի՞նչ անենք։

― Ձեր փոխարեն դասալիքին ե՛ս կսպանեմ,― ասի։― Էնպես կանեմ, որ իր պառավ մորը ապտակի ու բոլորի աչքին զզվելի դառնա։ Էնպես կանեմ, որ մի մատ երեխեքի ձեռքերը ոլորի ու նրանց պինդ սեղմած բռունցքների միջից չնչին փողերը թռցնի։ Էդ շան որդուն ձեր փոխարեն ե՛ս կսպանեմ, անհոգ եղեք։

― Բայց դա ինչի՞դ է հարկավոր։

― Չեմ ուզում, որ դո՛ւք սպանեք։

― Դու մոռանում ես,― ասաց գրողը,― որ գնդապետը կարծելու է, թե սցենարը ես եմ գրել, ինչպես մարմնամարզության մասին գրածդ է իմը համարում։

― Պատերազմից հետո կարող եք բոլորին ճիշտն ասել։

― Չէ,― ասաց գրողը։― Եթե քեզ թույլ տամ դասալիքին սպանել, դա միևնույնն է, թե ես սպանեմ։ Ուղղակի այս խնդիրը լուծելու համար պետք է մի երկու շաբաթ խորհել․․․ թեկուզ երեք֊չորս շաբաթ։ Կամ հարկ եղած դեպքում՝ երեք֊չորս տարի։ Վախենում եմ, որ դասալիքին այդպես էլ չուզենամ սպանել, հետևաբար մնում է հուսալ, թե առաջիկայում գնդապետը կընկնի ու կմեռնի սրտի պայթյունից։ Այդ ժամանակ գուցե այս ամենը մոռացության տրվի։

Գրողը մի պահ նայեց ինձ, հետո ասաց․

― Իսկ հորդ համար մի անհանգստացիր։

― Լավ,― ասի։― Կարելի՞է էս հանդեսները նայել։

Հանդեսների կույտը գրողի սեղանից վերցրի ու հետ եկա իմ սեղանի մոտ։ Մինչև իրիկնահավաք մի ժամ էր մնացել, մտածեցի հանդեսները նայելով անցկացնեմ։ Ինչ ասես չկար․ «Նյու Ռիփաբլիք»[7], «Յեյլ ռիվյու»[8], «Ինֆընթրի ջըրնըլ»[9], «Սիքրիթ սթորիզ»[10], «Թաուն ընդ քանթրի»[11], «Ըթլենթիք մանթլի»[12], «Թրու քընֆեշընզ»[13], «Թիըթր արթս»[14], «Նեշնըլ ջիոգրեֆիք»[15] ու գունավոր կոմիքսներով լեփլեցուն երկու֊երեք ուրիշ հանդես։

Նախ՝ շապիկները նայեցի, հետո բոլոր հանդեսները հերթով թերթեցի, հետո էլ ամենքից մի քիչ կարդացի․ «Յեյլ ռիվյու»֊ից սկսեցի, որովհետև շատ խոշոր տառերով էր տպված։ Մի պրոֆեսորի հոդվածը կարդացի, որը պնդում էր, թե ամեն ինչ խոտ է, ու տեղնուտեղը պատուհանից նամակներ գցող մարդը միտքս ընկավ, սա էլ հիշեցրեց Վիկտոր Տոսկայի նամակը, որ պատուհանից գցել էր ինձ համար, Նյու Յորքից գնալուս ժամանակ ուսապարկիս վրա թողած նրա երկտողը հիշեցի ու մարգագետնում արածելու մասին գրած խոսքերը, դրա համար էլ խոտի մասին պրոֆեսորի հոդվածը կարդալիս՝ աչքիս առաջ անընդհատ ես ու Վիկտորն էինք, մեկ էլ մեր տղերքը․ իբր չորեքթաթ սողում ենք Սպիտակ տան դիմացի մեծ մարգագետնում, խոտը պոկում ուտում, հետո ասի․ «Լա՜վ, է՛, գրողի ծոցը կորչեն բուսական կյանքի էս բոլոր տափակությունները․ սոյայի ունդերն էլ, ածխաջրածիններն էլ, ազոտն ու թթվածինն էլ, էն մնացած քար ու քացախն էլ, որ աշխարհում գոյություն ունեն, մեկ է՝ մենք գիտենք, թե չէ․ կյանքում զվարճանալն է կարևոր, մենակ դա մի բան արժի»։

Գրամեքենան առաջս դրի, սկսեցի Վիկտորին նամակ գրել, որ ասեմ, թե ըստ «Յեյլ ռիվյու»֊ի, ամեն ինչ խոտ է, ու պատուհանից նամակներ գցող մարդն իրավացի էր, համ էլ ուզում էի ասել՝ երևի շուտով Նյու Յորքում հանդիպենք։ Հոգնածությունս լրիվ անցել էր, ուրախ էի, որ յոթին կնոջ հետ ճաշելու եմ, որովհետև աշխարհում ամենալավ բանը զվարճանալն է։ Ամենակարևորը ուտել֊խմելն է, ասել֊խոսել֊ծիծաղելն ու ժամանակ անցկացնելը։ «Հա, խոսք չունեմ, ամեն ինչ խոտ է,― գրում էի Վիկտորին։― Ես ու դու էլ մոլախոտ ենք։ Երկաթգծի արանքներում բուսնած կեղտոտ, մրոտ մոլախոտ ենք, բայց ռելսերի պողպատից պինդ ենք։ Ինը թիվը չմոռանաս։ Ձեռքդ ընկած փողը տուր լիմուզիններից դուրս եկող թշվառներին։ Աղոթք արա ու նամակ գցիր պատուհանից»։

Գլուխ քսանիններորդ

Վեսլին ճաշում է «Վալենսիան» երգող կնոջ մոտ, ծանոթանում շիկակարմիր մազերով աղջկա՝ Մեգիի հետ ու ճամփա ընկնում քնելու

Ժամը յոթին ճաշեցի կնոջ հետ։ Ճաշից հետո շիկակարմիր մազերով աղջիկը եկավ, նստեց հետներս սուրճ ու կոնյակ խմելու։ Անունը Մեգի էր։ Նա էլ էր Ռոզվիլում տեսածս աղջկա նման արյունը եռ բերում երակներիս մեջ ու հենց գնաց, սկսեցի տանտիրուհուն հարցուփորձ անել նրա մասին, սա էլ թե՝

― Տեր իմ աստված, ինքդ խոսիր հետը։

― Էդպիսի աղջիկը երեխա կունենա՞։

― Ինչ կա որ։ Կարծում եմ կունենա, եթե զգույշ չմնա։ Ինչո՞ւ։ Էնպիսի մեկին ես փնտրում, որ երեխա՞ ունենաք։

Ասի՝ հա, նա թե՝

― Ա՛խ, տեր իմ աստված, երանի քսան տարով ջահել լինեի։

Սևամորթ սպասուհուն պատվիրեց Մեգիին ասել, որ դեռ չգնա։

― Երբ էլ սիրտդ տա, նրան կարելի է կանչել։ Հենց հիմա՞ ես ուզում տեսնել։

― Կարո՞ղ եմ հետը խոսել։

― Տեր իմ աստված, իհարկե,― ասաց տանտիրուհին։― Գնա, գնա մոտը, տես ինչ դուրս կգա։

― Ինչ է, հիմա՞։

― Դե, եթե չես համբերում։

― Կհամբերեմ,― ասի, էնպես որ կնոջ հետ դեռ էլի նստեցինք, սուրճ ու կոնյակ էինք խմում, զրուցում, ու գետնի տակն անցնեմ, թե նա ավելի ու ավելի չէր ինձ դուր գալիս։ Էնքան թարմ էր, տեսքը՝ ծաղկուն, վրայից օճառի, օծանելիքի ու իր անուշ հոտն էր բուրում․ ինչ էլ խելացի էր ու մեծասիրտ։ Ուզածդ մարդու հանդեպ ծով սիրով էր լցված, մենակ թե դիմացինը խարդախ մարդ չլիներ․ միակ բանը, որի հետ չէր հաշտվում, խարդախությունն էր։

― Թե գործդ բանակի մեծամեծերին ընկնի,― հանկարծ ասաց նա,― ինձ տեղյակ պահիր, ծանոթիս միջոցով ամեն ինչ անել կտամ։

― Վեց շաբաթս լրանալուց հետո կուզեի Նյու Յորք վերադառնալ, բայց սերժանտն ասում է, որ էստեղից էլ պրծնողը չեմ։

― Եթե ուզում ես, հենց վաղն էլ քեզ ուղարկել տամ։

― Վաղը չէ,― ասի,― դեռ երեք շաբաթ ունեմ։ Երկու հոգի էլ կան, ի՞նչ կարծիքի ես, չի՞ կարող նրանց էլ հետս ուղարկել։

― Պիտի որ կարենա,― վրա բերեց կինը։― Կհայտնես անունները ու երբ են ուզում գնալ, ես նրան կասեմ։ Իմ պատվին բոլորդ էլ Նյու Յորք կուղարկի։

Դե, տրամադրությունս ավելի բարձրացավ, որովհետև գիտեի՝ գրողն էլ է ուզում Նյու Յորք վերադառնալ, Ջո Ֆոքսհոլն էլ։ Չնայած հաստատ իմանալու համար երկուսին էլ նախօրոք պիտի հարցնեի։

Ինն անց կեսի մոտ զանգեցի հյուրանոց, որտեղ հայրիկը սենյակ էր վերցրել, բայց ասին՝ հետ չի եկել։ Տանտիրուհին խնդրեց հորս մասին պատմել, ես էլ պատմեցի, հետո ասի․

― Ի՞նչ ես կարծում, ո՞ւր կլինի։

Նա ասաց, որ ինքս պիտի գլխի ընկնեի։

― Մեզ մոտ միշտ էլ, այ, էդպես գալիս են, մնում,― ասաց։― Ոմանք երեք֊չորս օր են մնում, բայց մարդ կա, երբեմն ամբողջ շաբաթ էստեղ է անցկացնում։ Սովորաբար դրանք հարուստ մարդիկ են՝ առօրյա կյանքից հոգնած, տունտեղից, ընտանիքից զզված ու կշտացած․ հենց իրենք էլ իրենցից ձանձրացած։ Անհաշիվ ծախսեր են անում, բայց փողը աչքներին գին չունի։ Ուղղակի ուզում են ինքնամոռացման գիրկն ընկնել։

― Ինչո՞ւ։

― Իսկ ինչո՞ւ չէ։

― Ախր հետներն ի՞նչ է կատարվում։ Ընտանիքում ի՞նչ է անցնում֊դառնում։

― Ոչ մի բան։ Պարզպաես ուզում են մի քիչ կյանք քաշել, ամեն ինչ մոռացության տալ։ Իրենց լավ են զգում, որ էլ ստիպված չեն լավն ու օրինավոր լինել։ Դե իհարկե, սա չի նշանակում, թե իրենց իսկական վատն են պահում։ Եթե մեկնումեկը հանկարծ անշնորհքություն է անում, ինչ֊որ տգեղ, անվայել արարք թույլ տալիս, ես անմիջապես կարգի եմ հրավիրում կամ էլ՝ խնդրեմ, ճանապարհը բաց է։ Նրանց մեծ մասն ուղղակի հոգնած են։ Եվ ընդամենն ուզում են մոռանալ էն բոլորը, ինչ որ տանը ոչ մի կերպ չես կարող մոռանալ։ Թեկուզ և հեղինակավոր մարդիկ են, շրջապատում հարգանք ու պատիվ են վայելում, բայց ամենահաճելի բանն էլ մեկ֊մեկ ահավոր ձանձրացնում է։ Ինչ խոսք, հետո ամենքն էլ գնում են իրենց գործին, ու ես թերթերում կարդում եմ նրանց մասին։ Սան Դրանցիսկոյում ավելի խոշոր մարդիկ էին մոտս լինում, բայց էստեղ էլ ոչինչ, մի քանիսը կան։

Տանտիրուհին զանգը տվեց, Դեյզին եկավ ու ինձ տարավ մի արտակարգ սիրուն սենյակ։ Քիչ հետո արծաթե մատուցարանով շոտլանդական վիսկի բերեց, երկու բաժակ ու մի սկահակ սառույց, շատ չանցած՝ շիկակարմիր մազերով աղջիկը ներս մտավ, և մենք սկսեցինք խմել ու զրուցել։ Ժամը տասնմեկի մոտերքը պիտի զորանոց ներկայանայի, էլ ոչ դես, ոչ դեն։ Ով էլ որ լիներ բանակի էդ մեծավորը, չէի ուզում վզին բեռ դառնալ։ Վեց շաբաթս լրանալուց հետո եթե կարենար ինձ Նյու Յորք ուղարկել, գրողին ու Ջո Ֆոքսհոլին էլ հետս, էդքանն ինձ լիուլի հերիք էր։ Էլ չէի ուզում գլխացավանքի մեջ ընկնել, մեկնումեկին հոգսի տակ գցել։ Էս շիկակարմիր մազերով աղջկա հետ էլ մեն֊մենակ՝ նեղվում էի․ ախր նա հո չէ՞ր խնդրել, որ հետը մենակ մնամ․ երկուսս էլ չէինք ուզում էսպես ստացվեր, մի տեսակ ճիշտ չէր։ Երկուսս էլ մեր հանդիպման ձևից անհարմար էինք զգում, և ուրիշ ոչինչ։ Չէ, նա սառածի մեկը չէր,― շատ էր չքնաղ, որ սառցի կտոր լիներ,― ուղղակի նրան պետք էր էն, ինչ ամենքին էլ պետք է աշխուժանալու համար։ Պիտի դիմացինն իր մեջ ինչ֊որ բան արթնացներ։ Պիտի զգար, թե դիմացինին շատ է դուր եկել, որ սա էլ իրեն դուր գար, իսկ դա մեզ հետ չկատարվեց, դե, մենք էլ որոշեցինք հենց էնպես մի երկու բաժակ խմել, ու քիչ֊քիչ նա էլ աշխուժացավ, ես էլ։

Աղջկա գնալուց մի քնաի րոպե անց սևամորթ սպասուհին ներս մտավ, թե՝

― Միսս Մոլին ձեզ հրավիրում է հյուրասենյակ։

Գնացի հյուրասենյակ, տանտիրուհին խոսում էր հեռախոսով։ Հենց վերջացրեց, ասաց․

― Դե, Մեգին փնտրածդ աղջի՞կն է։

― Չգիտեմ։ Չեմ կարծում։

― Ինչո՞ւ։

― Չգիտեմ։ Միգուցե շատ եմ հոգնած, դրա համար։

― Գնա վերև, քնիր։

― Էսօր մի լուրջ ցավից ինձ ազատեցիր,― ասի։― Չեմ ուզում նորից քեզ նեղություն տալ։ Տասնմեկը չեղած՝ պիտի զորանոցում լինեմ։

― Ինչքա՞ն ժամանակում կհասնես էնտեղ։

― Մի քառասուն֊քառասունհինգ րոպեում։

― Դեռ կհասցնենք մի֊մի բաժակ խմել։

― Դեռ ուրիշ բան էլ կհասցնենք անել։

― Ա՛խ, տեր իմ աստված,― ասաց կինը։― Ինչո՞ւ է սիրտդ ինձ էդպես կպել։

― Իսկ քո՞նն ինչու է ինձ էդպես կպել։

― Որովհետև երևի հենց քեզ փողոցում տեսա՝ խելառի նման ձյան տակ կանգնած ու աչքերդ վրաս չռած, կարծես ամբողջ աշխարհում միակ կինը ես էի․․․

― Դու իմ երգն էիր երգում։

― ․․․ համարյա հավատացի, թե իրոք միակ կինն եմ աշխարհում։

― Ես մտածեցի, որ էդ երգը հորիցս ես լսել։ Մտածեցի՝ կօգնես նրան գտնել, բայց դրա հետ մեկտեղ ինձ շատ դուր եկար, որ երգս գիտես․․․ դե, իսկ հետո, դու երևի ինձանից լավ կիմանաս, թե ինչու սիրտս քեզ ավելի պինդ կպտավ։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երեկ իրիկուն ինչո՞ւ էիր խմել։ Դու նման չես պանդոկներում քարշ եկող կանանց։

― Ես էլ էի ցավի մեջ ընկել,― ասաց կինը։― Ու շատ լուրջ։ Ինձ պես կանանց մեկ֊մեկ սարսափելի բաներ են պատահում։ Երեկ իրիկուն թվում էր, թե էդ սարսափելի բաներից մեկն արդեն սկսվում է, դրա համար էլ դուրս եկա տնից, ուզում էի մենակ մնալ։ Երբ քեզ հանդիպեցի, հետ էի գալիս տուն, որ իմանամ ինչ եղավ։ Տեղ հասնեի թե չէ՝ միանգամից պարզվելու էր։

― Ի՞նչ ցավի մեջ էիր ընկել։

― Տեր իմ աստված,― ասաց կինը։― Դե գիտես, էլի․․․ ինքդ էլ ես պատկերացնում․ չեմ սիրում դրա մասին մտածել։ Ես սիրում եմ, որ չորս կողմս ամեն ինչ հաճելի լինի, հաճելի մարդկ ինձ շրջապատեն։ Է՛հ, իսկ երեկ, հենց ինձ գրկեցիր, հասկացա, որ դու էլ ես ցավի մեջ ընկել։ Մտքումս ասացի՝ եթե էս անգամ էլ ցավից ազատվեմ, դա քո շնորհիվ կլինի, ուրեմն ես էլ քե՛զ պիտի ցավից ազատեմ։

― Ու իսկապես ազատեցիր,― ասի։― Ինքնագլուխ բացակայելու համար երևի մի կես տարի ինձ բանտ նստեցնեին։

― Ինձ էլ՝ մի տասը տարի կամ ավելի շատ,― ասաց կինը,― իսկ ես չեմ կարող էդքան ժամանակ կորցնել։ Դա ինձ մահվան դուռը կհասցներ, գիտեմ։

― Տասը տարի՞։

― Էս տանը հիմա միայն ես եմ ապրում․ սա վաճառվում է։ Բախտն ինձ շատ է ժպտացել։ Արդեն վախենում եմ։ Չեմ սիրում էդ բոլոր շրջանային դատախազներին, դատավորներին ու երդվյալ ատենակալներին։ Երեկ տուն գալիս, մտածում էի, թե գլխիս եկած ամենամեծ փորձանքի լուրը պիտի լսեմ, երբ քեզ հանդիպեցի։ Երանի էի տալիս, որ մեկնումեկն ինձ թևի տակ առնի։ Իսկ Մեգիին էս իրիկուն հատուկ քեզ համար եմ կանչել։ Եթե նրան որից ուզենաս տեսնել, ինձ նախօրոք ասա։

― Չէ, էլ չեմ ուզում Մեգիին տեսնել,― ասի։

Տասնեմկը չկար, որ զորանոց հասա, մտա վերմակիս տակ ու էնպե՜ս քնեցի, օ՜, Վալենսիա։

Գլուխ երեսուներորդ

Հայրը Վեսլիին նամակ է ուղարկում՝ բացատրելով իր անհետացման գաղտնիքը, իսկ «Վալենսիան» երգող կինը նորից է երգում Վեսլիի երգը, այս անգամ ավելի լավ, քան երբևէ

Օրերը թռչում էին, անցնում՝ մեկը մյուսի նման, ամեն ինչով կետ առ կետ նույնը, ու մի օր էլ հայրիկից նամակ ստացա։

«Ես միտք չունեի առանց քեզ մի խոսք ասելու փախչել,― գրում էր նա,― բայց հաստատ չգիտեի, թե ուր եմ գնում ու ինչ պիտի անեմ, դրա համար էլ չկարողացա գոնե մի տող թողնել։ Ուզում էի տեղյակ պահել, բայց չիմացածիս մասին քեզ ի՞նչ ասեի։ Հյուրանոցի համարս հանձնեցի ու ճամփա ընկա կայարան, բայց գնացքը, որով պիտի մեկնեի, երեք ժամից էր շարժվելու, ես էլ ճամպրուկս պահ տվի ու հետ դարձա քաղաք։ Մի օրից ավել անցավ, մինչև իրոք գնացք նստեցի, թեպետ քաղաք հետ դառնալիս՝ որոշեցի ընդհանրապես ոչ մի տեղ չմեկնել։ Որոշեցի երեք֊չորս օրից վերադառնալ հյուրանոց, բայց հետո մի բան կատարվեց, որը կարծում եմ, կհասկանաս, ու հենց դա էլ մեկնելուս պատճառը եղավ։ Ուր որ գնացել էի՝ էնտեղ փորձանք էր պատահել, ոչ ոք չգիտեր, թե գործն ինչ ընթացք կստանա։ Բոլորին շտապ֊շտապ դուրս էին անում, իսկ ես շատ էի խմած տեղիցս շարժվելու համար, էնպես որ բացի ինձանից, ով կար չկար՝ փախավ, բայց քիչ անց աղջիկներից մեկը հետ եկավ, որ ինձ հոգ տանի։ Սուրճ տվեց, հետո էլ ուտելիք բերեց, կերա, չնայած դրանից հետո ավելի վատացա, բայց նա մնաց կողքիս, հաշվի չառնելով, թե փորձանքի մեջ կընկնի։ Ուզում էի ուշքի գալ, որ էդտեղից թողնեմ հեռանամ, նա էլ կարենար մյուսների պես գլուխն ազատել, փորձանքի չգար։ Դե, լոգանք ընդունեցի, շորերս հագա, որ գնամ, մեկ էլ նա եկավ, ասում է՝ փորձանքից պրծանք, արդեն ամեն ինչ կարգին է, էլ գնալու կարիք չկա, կարող եք հանգիստ պառկել ու քնել։ Ուրախացա, որ փորձանքից պրծանք, մտածեցի՝ պառկեմ։ Աղջիկն ասաց՝ խմելու մի տաք բան կբերի, որ քունս շուտ տանի։ Հենց դուռը բացեց՝ դուրս գա, տեսա աստիճաններով ինչ֊որ կին է բարձրանում, հետն էլ զինվորական համազգեստով մի երիտասարդ, էդ տղայի ձայնն էլ դեռ ականջիս դիպավ։ Աղջիկը վերադարձավ թե չէ, ասի՝ սրտանց շնորհակալ եմ իր բարության համար, բայց պիտի գնամ, որովհետև վերջը որոշել էի Էլ Պասո գնալ ու հիմա էնտեղ եմ, առավոտը ծեգին հասել եմ։ Նիլ քեռուդ խանութի մոտով անցա, ու կարծես Վիրջիլն էլ էր քեռուդ հետ, աչքովս ընկավ, բայց մորդ դեռ չեմ տեսել։ Ուզում եմ տեսնել, թեպետ մի քիչ քաշվում եմ։ Ես արդեն լավ եմ, բայց որ էն շիկակարմիր մազերով աղջիկը չլիներ, հաստատ էստեղ եկողը չէի։ Նամակիս շտապ պատասխանեիր, որովհետև խելքս չի կտրում ինչ անեմ, ես էլ շատ շուտով քեզ նորից կգրեմ»։

Նամակի տեղ հայրիկին հեռագրեցի։

«Ինչ էլ լինի, մայրիկին տես»։

Հետո նրան մի երկար նամակ գրեցի ու շտապ առաքման օդային փոստով ուղարկեցի։ Հաջորդ օրը հայրիկից էլի նամակ եկավ։ Գրել էր, որ գնացել է, մայրիկին տեսել։ էս նամակին էլ հեռագրով պատասխանեցի, հետո էլի մի երկար նամակ գրեցի ու էլի շտապ առաքման օդային փոստով ուղարկեցի։

Մի շաբաթ անընդհատ՝ ամեն օր հայրիկից նամակ էի ստանում։ Գրում էր՝ համոզված է, ես կհասկանամ, թե մտքինն ինչ է, որ ասում է՝ եղբայրս՝ Վիրջիլը, մայրիկի շնորհիվ իսկական տղամարդ է դարձել, ավելի լավը, քան մեզանից մեկնումեկը կամ էլ երկուսս միասին վերցրած։ «Ես ու դու շատ երկար ենք կանանց ցեղից հեռու մնացել, իսկ աշխարհը նրանցով է շեն, էնպես որ քեզ համար մի աղջիկ գտիր»։

Մի օր էլ հայրիկը վեց հատ լուսանկար էր ուղարկել, ամեն տեղ մայրիկը, Վիրջիլը, Նիլ քեռին ու ինքն էին խմբո պատկերված։ Սիրտս հուզմունքից թրթռաց, հենց տեսա, թե բոլորն էլ ինչ ջահել ու սիրուն են երևում՝ չնայած ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, ոնց որ համարյա ուզածդ նկարվողի դեմքին է լինում, բայց ամենաշատը մի բանից հուզվեցի․ թե մայրիկի ու Վիրջիլի հետ հայրիկն ինչքան հոյակապ տեսք ունի։ Ասես գլխով ոչինչ էլ չէր անցել։ Էնպիսի տեսք ուներ, ասես միշտ նրանց հետ է եղել, ու ես էդպես էլ գրեցի հայրիկին, խնդրեցի, որ մայրիկի, Վիրջիլի ու Նիլ քեռու մասին ամեն ինչ պատմի։ Կյանքումս երբեք ինձ էդքան երջանիկ չէի զգացել, մեր ընտանիքի նկարները ցույց տվի գրողին, իսկ հետո նստեցինք ու դասալիքի հարցը նորից մեջտեղ բերինք, դնում֊վերցնում էինք, թե վերջիվերջո նրան ինչ անենք։

― Եթե մեզ տեղափոխեին ուրիշ կայազոր,― ասի,― էլ կարիք չէր լինի դասալիքի մասն էս սցենարը գրել, չէ՞։

― Ոչ, կարիք չէր լինի։

― Կուզեի՞ք Նյու Յորք վերադառնալ։

― Իհարկե։ Նյու Յորքն իմ ու կնոջս ծննդավայրն է, և մենք կուզենայինք, որ մեր տղան էլ այնտեղ ծնվեր։

― Ձեր տղա՞ն։ Ի՞նչ գիտեք, թե տղա է լինելու։

― Առաջնեկս է, տղա կլինի,― ասաց գրողը։

Բլրից իջա ցած՝ արտադրական բաժին, որ Ջո Ֆոքսհոլից իմանամ, թե ինքն է՞լ է ուզում հետներս Նյու Յորք գալ։ Մտավոր զարգացման բարձր մակարդակի ու կրթության շնորհիվ նրա աշխատանքն էլ էր իմի նման․ գրողների գործերն էր մեքենագրում ո ւ դեսուդեն վազում, սրանց պատվերները կատարում։ Վեց շիշ կոկա֊կոլա գրկած՝ դիմացս դուրս եկավ, գրողներն էլ հենց վեց հոգի էին։

― Ջո,― ասի,― մի շաբաթից էստեղ մնալուս ժամկետը լրանում է ու․․․

― Քեզ է թվում,― ասաց Ջոն։― Էստեղից էլ ոտքդ դուրս չես դնի, Ջեքսոն, մտքիցդ հանիր․ էս պատերազմից պրծում չկա։

― Գլխիս ժողովողը չես,― ասի։― Կարող է պրծում չկա, բայց գործուղում էլ հո կա։ Ուզո՞ւմ ես հետս Նյու Յորք վերադառնալ։

― Ես էլ որոշել էի քեզ հարցնել, թե ինչ կլինի թողնես էն կնոջը զանգեմ,― ասաց Ջոն։― Ուզում էի խնդրել, որ նձ բանակից ազատել տա, թեկուզ գրողի ծոցը ճամփի։ Թե չէ մի օր էս կոկա֊կոլայի շշով մեկին կթրխկացնեմ։

― Դժվար թե բանակից ազատող ճարվի,― ասի,― բայց շատ հնարավոր է՝ հաջողվի քեզ նորից Նյու Յորք ուղարկել, եթե դեմ չես, որ էնտեղի նիստուկացին նորից հարմարվես։

― Իբր էստեղի նիստուկացը ավելի լա՞վն է, որ հարմարվել եմ,― ասաց Ջոն։― Բանակային համարս տա՞մ։

― Մոտս կա։

― Եղավ,― ասաց Ջոն։― Շատ շնորհակալ եմ։ Ի՞նչ կարծիքի ես, ե՞րբ մի լուր կիմանանք։

― Ո՞ւր է հեռախոսը։

Ջոն հեռախոսի խցիկը ցույց տվեց։ Մի շիշ կոկա֊կոլա վերցրի, մտա ներս ու դուռը փակեցի, Ջոն էլ դրսում կանգնած մի ուրիշ շշի բերանից էր խմում ու սպասում։ Կինը զանգելուս համար շատ ուրախացավ, որովհետև բոլոր գործերն արդեն կարգավորել էր, տունը եղած֊չեղածով վաճառել ու շուտով քաղաքից գնալու էր։

― Ե՞րբ,― ասի։

― Հենց որ քո գործերն էլ կարգավորեմ։

― Ո՞ւր ես գնալու։

― Սկզբում կարճ ժամանակով՝ Նյու Յորք, հետո էլ տուն՝ Սան Ֆրանցիսկո։ Հիմա ծանոթիս կզանգեմ ու անմիջապես քեզ տեղյակ կպահեմ, սպասիր, ոչ մի տեղ չգնաս։

Խցիկի դուռը բացեցի, ես ու Ջոն մի֊մի շիշ էլ կոկա֊կոլա խմեցինք, մեկ էլ հեռախոսը զանգեց։

― Ամեն ինչ կարգին է,― ասաց կինը։― Երեքիդ էլ մի շաբաթվա ընթացքում կուղարկեն։

Նա Նյու Յորքի ամենամեծ ու ամենաթանկ հյուրանոցներից մեկի անունը տվեց ու իր ազգանունը՝ ոչ թե այցետոմսի վրայինը, այլ իսկականը, ես էլ ասի․

― Չգիտեի, որ ամուսնացած ես։

― Տեր իմ աստված,― ասաց նա։― Դպրոցական տղա, աղջիկ ունեմ, տղաս Մերիլենդում է սովորում, աղջիկս՝ Փենսիլվանիայում։ Ամուսինս տասը տարի առաջ է մահացել։ Նյու Յորք հասնելուն պես՝ զանգիր։ Եթե էնտեղ լինեմ, կգնանք պարելու։

― Ես պարել չգիտեմ։

― Ոչինչ, կնայենք, թե ուրիշներն ինչպես են պարում։ Իսկ եթե էնտեղ չլինեմ, հասցես կվերցնես ու մեկ֊մեկ նամակ կգրես, որ իմանամ ոնց ես։

― Լավ,― ասի։― Սան Ֆրանցիսկոյում ի՞նչ ես անելու։

― Գիրք կկարդամ,― ասաց։― Սիրում եմ կարդալ։ Դե, պահիր֊պահպանիր քեզ։

― Լավ,― ասի։

Խցիկից դուրս եկա, Ջոն թե՝

― Ինչո՞ւ ես լաց լինում։

― Հեչ,― բան չկա,― ասի։― Էդ նեղ խցիկում ծխիր՝ արտասուքը կթափվի աչքերիցդ։

Գլուխ երեսունմեկերորդ

Վեսլին առաջին անգամ իր անունը տեսնում է տպագրված ու չգիտի, թե դրան ինչպես վերաբերվի

Հետ եկա բլուր, որ լուրը գրողին հայտնեմ։ Նա նստել էր իր սեղանի մոտ, նոր ստացած հանդեսներն էր նայում։

― Իմ կարծիքով, ամենաշատը մի շաբաթից Նյու Յորքում կլինենք,― ասի։― Դուք, Ջոն Ֆոքսհոլն ու ես։

― Դե, եթե ասում ես,― վրա բերեց գրողը,― ուրեմն կլինենք։

Նա ձեքի հանդեսը մեկնեց ինձ․ «Նյու Ռիփաբլիք» էր։ Ոչ մի խոսք չասաց, բայց հասկացա, որ ուզում է ինչ֊որ բան կարդամ։ Աչքս ձախ էջի վերևն ընկավ թե չէ, քրտինքը վրաս տվեց․ գրված էր՝ «Նամակ հորս»։ Սկզբի բառերը կարդացի՝ արդեն պարզ էր․ հորս կորչելուց հետո նրան գրածս նամակն էր, հենց էն, որ անպետք թղթերի զամբյուղն էի գցել։ Նամակի վերջում էլ անունս էր տպված։

― Ես այսպես անելու իրավունք չունեի,― ասաց գրողը,― բայց այսպես չանելու իրավունք էլ չունեի։ Զամբյուղի մեջ պատահմամբ մի ծրար էի փնտրում՝ վրան պատմվածքի համար վերնագիր էի գրել, ու նամակդ գտա։ Քեզնից թաքցրի, որ ամսագրին եմ ուղարկում, որովհետև վստահ չէի, թե խմբագրությունը կհամաձայնի տպագրել։ Եթե հետ ուղարկեին, մտադիր էի մի երկու այլ հանդեսներում էլ բախտներս փորձել, բայց ինչպես տեսնում ես, տպագրել են․ խմբագրությունը ինձ համամիտ է եղել։ Դեռ նամակ էլ ստացա․ քեզնից էին հարցուփորձ անում, ուզում էին իմանալ, թե ուրիշ ինչ ունես գրած կամ թերևս պիտի ապագայում գրես։ Ես պատասխանեցի, որ հանդեսի թղթակիցների ցանկում առայժմ անունդ չնշեմ․ մտածեցի, թե հաջորդ անգամ, երբ գործդ տպագրեն, դու ինքդ կպատմես քո մասին։ Հուսով եմ չես վշտանում այս ամենից։

― Վշտանալը՝ չեմ վշտանում,― ասի։― Բայց չէ որ հայրս էլ կա մեջտեղը։ Ախր նամակը նրան էի գրել․ որոշեցի չուղարկել, որովհետև․․․ դե, չէի ուզում սիրտը կոտրել։

― Կարծում եմ՝ հայրդ կհասկանա,― ասաց գրողը։― Այդ նամակը միայն նրան չի ուղղված, պա՞րզ է։ Եվ միայն քոնը չէ։ Միշտ այդպես է լինում, եթե մարդ գրող է։ Այդպես լավ է, թեև մի կողմից էլ՝ վատ է, բայց լավ է, թե վատ, ինչ էլ գրում ես, ընթերցողի համար է։ Ես դրանում համոզված եմ, քանի որ ինքս զգում եմ․ իմ գրածները ընթերցողի համար են։ Գիտեմ, շատ ազատ քայլ եմ գործել, գրողը տանի, բայց իմ կարծիքով, ճիշտ եմ վարվել, և նամակը կարդալուն պես՝ հուսով եմ, դու էլ կհամաձայնես, որ ճիշտ եմ վարվել։

Հանդեսը տարա, դրի սեղանիս ու նամակը կարդացի, հետո մի անգամ էլ կարդացի, որովհետև շփոթմունքից խելքս գլուխս չէր գալիս։ Հենց իմ գրածն էր, բառ բառ բառ նույնը, բայց ես արդեն մոռացել էի, թե ինչ եմ գրել,― դե, գրելիս էնքան հոգնած էի, նեղսրտած,― իսկ երբ «Նյու Ռիփաբլիքում» կարդաի նամակս, մի բան, որ մտքովս կյանքում չէր անցնի, թե նորից կտեսնեմ, է՛հ, ինչ երկարացնեմ, ամեն ինչ գրողի ասածի պես եղավ․ կարծես ես չէի հայրիկին նամակ գրել, կարծես ինչ֊որ մեկն ասելիք էր ունեցել ու իր ասելիքը թղթին էր հանձնել։ Քրտինքսի մեջ կորել էի, սիգարետը սիգարետի հետևից ծխում էի ու ոչ էն է հիվանդացել էի, ոչ էն է գժվել․ քանի աչքս ընկնում էր էջատակին՝ նամակի վերջում տպված անուն ազգանունիս, չէի հասկանում, թե ինչն ինչոց է։

Տարօրինակ զգացումներ ունեի․ մի տեսակ անսովոր մենակություն, հետն էլ հազար ու մի ուրիշ զգացում։ Ես ո՞վ էի, որ գրելով զբաղվեի։ Գրելու ի՞նչ իրավունք ունեի։ Եթե կարող էի էդպիսի բաներ գրել, ուրեմն կարող էի շատ ու շատ բաներ էլ գրել։ Բայց ես ուզո՞ւմ էի գրող լինել։ Ուզո՞ւմ էի մյուս բոլորից տարբերվել ու իրերին այլ ձևով նայել, տեսածներս մտապահել ու անընդհատ թղթին հանձնել։ Դա ի՞նչ ապրելակերպ կլիներ․ լավ ու հաճելի՞, թե ամեն մի հաճույքից կզրկեր։ Ես մյուս բոլորից ինչո՞վ էի տարբերվում։ Հետիս գրողը կարծես մյուսներից չէր էլ տարբերվում։ Չէի ասի, թե անընդհատ չորս կողմն է նայում ու եղած֊չեղածը մտապահում։ Չէի ասի, թե նեղվում է, որ գրող է։

Է՜հ, իսկ հետո չգիտեմ ինչ պատահեց, որովհետև լացս եկավ։ Ինձ ու ինձ, մտքումս չէի լաց լինում, էն որ արտասուքներդ կուլ ես տալիս, քեզ զսպում։ Էն որ ամեն ինչ ներս են գցում ու քիչ է մնում խեղդվես։ Չէ, լացս իսկականից դրի, բայց նախօրոք շենքից դուրս եկա ու գնացի դաշտ, ուր մի քանի ծառ կար, ու ինձ մարդ չէր տեսնի։


Գլուխ երեսուներկուերորդ

Վեսլին ծով արտասուք է թափում, հերթով ամեն ինչի համար, հոնգուր֊հոնգուր լալիս

Սկզբում լացս եկավ, որ ես գրող եմ, որ էլ ճա՞րս ինչ, ոչինչ չեմ կարող անել, բայց քիչ հետո լաց եղա ամեն բանի համար, ինչ որ մեկնումեկի աչքից երբևէ արտասուք է բերել։ Լաց եղա, թե մարդիկ ինչու պիտի լինեն այլանդակ, երբ ընդհակառակը՝ պիտի էնքան գեղեցիկ լինեին, որ հողի տակի պստիկ կենդանիները դուրս գային գետնի երես ու թաքուն նրանց նայեին։ Լաց եղա թաքուն նայող էդ պստիկ կենդանիների համար։ Լաց եղա մայրիկի համար, որ երկար տարիներ հայրիկից բաժանված էր, բայց նույնն էր մնացել․ էլի նրա սիրած աղջիկն էր ու առաջվա պես սիրում էր նրան։ Լաց եղա իմ եղբայր Վիրջիլի համար, որ լուսանկարում ինձ նման մեծ էր, ու դեմքից երևում էր, որ շատ բան գիտի, բայց աղմուկ չի բարձրացնում․ իսկական տղամարդ է, ինձանից լավը։ Պարզ ու ընկերավարի նայում է նկարից, չի քաշվում մոր հետ էդքան մտերիմ լինելուց, ոչ էլ հայրիկի հանդեպ խորթություն է զգում, չնայած նոր է հանդիպել նրան։ Կանգնել է էնտեղ՝ Էլ Պասոյի արևոտ երկնքի տակ, կանգնել իր համար՝ պարզ ու հասարակ։ Լաց եղա Նիլ քեռուս համար, որ չեմ ճանաչում նրան, իսկ նա, խնդրեմ, գյուղատնտեսական պիտույքների առևտրով է զբաղված ու ամեն տեսակ ձեռնարկներ է վաճառում, թե տրակտորը ոնց պիտի աշխատացնել, վարուցանք երբ պիտի անել, երբ բերքը հավաքել ու էլի հազար ու մի բան, ինչ հարկավոր է իմանալ։ Ես լաց եղա հայրիկի համար, որ էդքան փառավոր մարդ է ու էդքան խելառ՝ կարծում է ինքը վատն է, լավը չի, ինչ է՝ դրա մեջ քիչ թե շատ ճշմարտություն կա, իսկ ամբողջ ճշմարտությունը չգիտի։ Է, հա՛, ասենք թե հայրիկը լավը չէր, բայց իր կարծիքով ինչքա՞ն լավը պիտի լիներ։ Մարդ ինչքա՞ն լավը կարող է լինել։ Եթե ոչ մեկին վնաս չես տալիս ու չես ուզում տալ, էլ հնարավո՞ր է դրանից լավը լինել։ Ես լաց եղա Մեգիի համար, որ հոգացել է հայրիկի մասին ու իմ կողքին էնքան անհարմար էր զգում՝ քիչ էր մնացել սառածի տեղ դնեի։ Լաց եղա էն կնոջ համար, որ ձյան տակ «Վալենսիան» երգելով՝ դիմացս դուրս եկավ։ Լաց եղա կարպրալի համար, որ մատնեց ինձ, չնայած նույն հեշտությամբ կարող էր չմատնել։ Լաց եղա մեր վաշտի հրամանատարի համար, որ կարճլիկ ոտքերով թփթփացնում էր նստարանի տակ։ Լաց եղա ճապոնացի տղայի համար, որ նստում էր մահճակալիս մոտ, երբ ես հիվանդ պառկած էի հոսպիտալում, լաց եղա սևամորթ տղայի համար, որի կողքին ես էի գնում նստում, ու երեք փոքրիկ սմքած նարինջները նորից միտքս ընկան, ու դրանց համար էլ լաց եղա, փորձում էի հիշել, թե նարինջները վերջը ինչ արի․․․ կարծեմ «Հյուսիսային» մեծ հյուրանոցի բուխարիկի վրա մացին․․․ երևի Վիկտոր Տոսկան էլ վերցրել էր, դեն գցել։ Հիշեցի Ջիմ Քըրբիին՝ լրագրողին, ու լաց եղա նրա համար, ախր նա ստիպեց գնդապետին ինձ ու Հարի Քուքին ինքնաթիռով ուղարկել Այլասկա, ու քանի եկել հասել էի Այլասկա, լաց եղա Դեն Քոլինզի համար, որ էսկիմոսի նման չէր, տեսքից հասարակ պանդոկապան էր։ Լաց եղա Կակալակովիչի համար, որ Լու Մարիաչչիից էնքան թուքումուր կերավ ինչ է՝ ազատ ժամին սեռական հարաբերություններ է ունեցել, լաց եղա Լուի համար, որ ամեն շաբաթ ինձ թող էր ուղարկում, ու ես որոշել էի պարտքիս տակից դուրս գալ, մի քիչ էլ արցունք թափեցի, որ էդ ամբողջ փողը անպայման հետ տամ։ Լաց եղա Հարի Քուքի համար, որ հեռու֊հեռավոր Միսուրիում իր երգն էր երգում։ «Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, չէիր ծերանա, սիրելիս․․․»․ երևի իր չսիրած սպաներից մեկի մոտ էր երգում, ու լացս էդ սպայի վրա էլ եկավ․ որովհետև գրողը տանի, ի՞նչ էր իրեն երևակայում։ Ախր ճիշտը որ վերցնենք, նրա եղածն ի՞նչ էր, գրողը տանի։ Մի սովորական փսլնքոտ, դրա նմաններն ինչքան ասես կան, խելքները թռցնում են, որ ուսադիրների վրա մի բարալիկ, ոսկե զոլ ունեն․ աստիճանի գիժ են։ Ես լաց եղա Նիք Քալիի համար, որ երգում էր․ «Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն․․․»․ տեսնես ո՞նց է Նիքը։ Լաց եղա էն տղայի համար, որ իր փոքրիկ մեքենայով վերադառնում էր տուն՝ կնոջ մոտ, իսկ ես էդ գիշեր ժամապահ կանգնած՝ նախանձում էի նրան, թե ինչ ազատ է, իր գլխի տերը ու աշխարհում ոչ ոք նրան չի խանգարում։ Լաց եղա էն աստղի համար, որ դուրս եկավ երկնքում՝ ինձ իմաց տալու, թե պատերազմում չեմ սպանվելու։ Լաց եղա շան քոթոթի համար, որ հաչում, կլանչում էր գնդապետի վրա ինչ է՝ սա պրեզիդենտի տնազն էր անում ու դեմոկրատներին անպատվում։ Լաց եղա գնդապետի, պրեզիդենտի ու դեմոկրատների համար, էդ բոլոր հասուն տղամարդկանց, որ իրենց օրանգուտանգների հոտի պես են պահում, ամեն համագումարի պրեզիդենտության նույն թեկնածուի օգտին քվեարկում։ Լաց եղա էն մարդկանց համար, ովքեր անընդհատ հույսեր են փայփայում, թե նույն թեկնածուի փոխարեն վերջապես, իրենց կառաջադրեն, բայց նրանց երբեք էլ չեն առաջադրում, ու սրանք ոնց որ եկել էին, էդպես էլ հետ են դառնում տուն՝ կնոջ ու երեխեքի մոտ, երևի պարզապես մի քիչ ավելի սրտնեղած, բայց միշտ հարգալից էն մարդու նկատմամբ, որին նորից են առաջադրել․ «մեր մեծ պրեզիդենտը»․ կա֊չկա էսպես են անունը տալիս։ Հետո, մեկ էլ տեսնեմ՝ խոտերի միջով մի պառավ, հալումաշ կատու է գողեգող գալիս, էն անտեր կատուներից, որ դաշտում միշտ էլ աչքովդ են ընկնում․ իր արևին դարան մտած՝ ծիտ էր որսում, այնինչ չորս կողմը՝ քանի մղոնի վրա, ծտի հետք էլ չկար, իսկ սա մազաթափ պոչը ցից արած՝ հո հուզմունքից չէ՜ր դողում, դե, ես էլ լաց եղա նրա ու իր պոչի համար, նայեցի դեսուդեն, տեսնեմ մոտերքում գոնե մի ծիտ չկա՞, որ կատուն բռնի՝ ծտի համար էլ լաց լինեմ, բայց ծիտ չէր երևում․ պառաված կատուն ուղղակի վարժություն էր անում, նրա համար դա մարմնամարզության պես բան էր կամ էլ ցնդել էր։ Հետո հայացքս ընկավ հետս տարած հանդեսին․ «Նյու ռիփաբլիքն» էր, Ջո Ֆոքսոհլի ասելով հենց էստեղ էր ժամանակին տպվել երբևէ գրված ամենահանճարեղ բանաստեղծությունը՝ Ջեյմս Ջոյսի «Ecce puer»֊ը, էնպես որ դա էլ օրակարգի մեջ մտցրի ու լաց եղա «Նյու ռիփաբլիք»֊ի, հետո էլ՝ Ջո Ֆոքսհոլի, պոեզիայի, երբևէ գրված ամենահանճարեղ բանաստեղծության ու Ջեյմս Ջոյսի համար, բայց մտքիցս դուրս չէր գալիս, թե ինչ է մնացել, գիտեի, որ շատ բաների համար դեռ լաց չեմ եղել ու անցա Վուդրո Վիլսոնին[16] և Ազգերի լիգային[17], որովհետև Կլեմանսոն[18] թքել էր նրա երեսին, իսկ լիգան մատը մատին էլ չէր խփում։ Պատկերացրեք, թե մեկը կանգնել է, թքում է մի ուրիշի երեսին, իսկ սրա ուզածն էր աշխարհը գոնե մի քիչ լավը դարձնել ու էլ ի՞նչ անի, ստիպված վերադառնում է տուն, սիրտը կոտրված, որովհետև հավատացել է թե կարող է աշխարհն ավելի լավը դարձնել, էն էլ քիչ է երեսին թքում են, դեռ կոնգրեսն էլ հրաժարվում է հետն աշխատելուց։ Ես լաց եղա Քալվին Քուլիջի[19] համար, որ կյանքում մի մրջյուն էլ չէր տրորել։ Դե, քանի որ մեծ մարդկանցից էի բռնել, գիետի, աչքերս ծով էլ դառնան, արտասուքս հերիք չի անի, դրա համար էլ որոշեցի բոլորին հերթի դնել ու նախ և առաջ քաղաքական մեծ գործիչների վրա լաց լինել։ Բեն Ֆրանքլինից սկսեցի, բայց սա միշտ էլ էնքան հաջողակ ու երջանիկ էր եղել, որ մենակ նրա մեռնելու համար պիտի լաց լինեի․ ախր մի երեք տարի էլ կարող էր ապրել ու ռադիոյի գյուտն անել։ Ֆրանքլինից հետո անցա Պատրիկ Հենրիին,[20] լաց եղա, որ ասել է․ «Կամ ազատություն տվեք, կամ մահ», որովհետև մինչև հիմա էլ կարծես ոչ ոք կարգին չգիտի, թե նա ինչ ստացավ։ Եթե հաշվի առնենք, որ մինչև օրս բոլորն ազատություն են պահանջում, ուրեմն էլ ո՞նց նա տեղնուտեղը չընկավ ու մեռավ։ Ո՞նց պատահեց, որ մի երկու օրից վեր կացավ ու նոր ճառ արտասանեց, էս անգամ էլ ուրիշ երկընտրանք առաջ քաշեց․ կարծես «Կամ փող տվեք, կամ կին»։ Հետո մտքովս անցավ, թե էսքան քաղաքական գործիչներն էլ են ինձ հերիք ու սկսեցի լաց լինել Էդգար Ալըն Պոյի համար, որ տխուր ու մենակ է ապրել, անընդհատ առեղծվածային հանելուկներով լի արտասովոր պատմություններ հնարել ու դրա հետ մեկտեղ ջահել աղջիկներին սրտակեղեք ոտանավորներ ձոնել։ Մտածեցի մի գրողի համար էլ լաց լինեմ, հետո նոր կանցնեմ հանցագործներին, ու Հենրի Ուորդսուորթ Լոնգֆելոյին ընտրեցի, որովհետև «Հայավաթի երգը» նա է գրել, ու մի լացուկոծ դրի, մի լացուկո՜ծ դրի, ախր ատում եմ «Հայավաթը»։ Դե որ բանը հնդկացիներին էր հասել, չէի կարող առիթը ձեռքիցս փախցնել ու մի քանի կաթիլ արտասուք չթափել էն հնդկացի գեղեցկուհու[21] համար, որին նավապետ Ջոն Սմիթն[22] իր հարսնացուի տեղը դրեց, բայց աղջկա անունը ոչ մի կերպ չհիշեցի, է՛հ, նրա համար էլ էդպես անանուն լաց եղա։ Հետո գնացքներ թալանող Ջեսի Ջեյմսի համար լաց եղա, որովհետև ալան֊թալանը վերջիվերջո ձենտու չի, մեկ է՝ ավարդ ում էլ տանես տաս, վաղ թե ուշ գնդակի բաժին կդառնաս, եթե հանցագործության ճամփա ես բռնել։ Հետո Դոլթոն եղբայրների համար լաց եղա, բայց միտքս էլ նշանավոր հանցագործներ չեկան, բացի վերջերս անուն հանած մի քանի նորելուկներից, ես էլ լաց եղա տասը տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում բռնված էն տղայի համար, որը մի խեղճուկրակ, կեղտոտ խոճկոր էր գողացել։ Հիշեցի նրա ասածը, թե ուղղակի ուզեցել է տանը մի կենդանի պահել, փայփայել ու մի քիչ էլ արտասուք թափեցի, որովհետև էստեղ մեծ տարբերություն կար, իսկ հետո հոնգուր֊հոնգուր լաց եղա, որ էդ տարբերությունը ոչ ոք չի զգացել։ Քիչ անց, հեռվից հեռու, երեք համազգեստավոր, կարճ ու հաստլիկ կին աչքիս ընկան, Վիկտոր Տոսկայի ասած՝ փչացածներից․ նրանք համաքայլ գալիս էին փողոցով․ իսկը փոքրիկ զինվորներ, կարծես իրենք էլ էին մյուսների պես կռվի մասնակից, ու ես լաց եղա նրանց համար, որ կարճ ու հաստլիկ են, որ զինվորական համազգեստ են հգաել, ու բոլորը համոզված են, թե սրանց արածը շատ սազական է իրենց, բայց կարգին աղջիկներին չի սազում Մեգիի նման դրանով զբաղվել, ինչ որ ի բնե, էսպես թե էնպես, աղջիկներին վիճակված է անել, ու էս հաստլիկներն էլ դա բանուգործ էին սարքել․ կամ ջղերն էին գրգռված, կամ գլուխներն էին կորցրել, կամ էլ պատերազմն էր վրաներն ազդել, ու նրանք ուղղակի փորձում էին ինչքան հնարավոր է, գոնե սպայական կազմով սահմանափակվել։ Իսկ հենց տեսա, թե երեքն էլ ոնց են պատվի առնում, արցունքները հեղեղի պես թափվեցին աչքերիցս, որովհետև նրանք կապիկություն չէին անում, չէ, էնպես էին պատիվ տալիս, ասես պատերազմում հաղթանակ տանելը հենց դրանից է կախված։ Հետո ինձ թվաց, թե փոքր ազգությունների համար էլ արժի լաց լինել․ ախր փոքր ազգը հույսն ինչի՞ վրա դներ։ Ու ես լաց եղա Իսլանդիայի համար,― կղզիաբնակ ժողովուրդներից էի սկսել,― լաց եղա Իռլանդիայի, հետո՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, հետո՝ Տասմանիայի, Մադագասկարի, հետո՝ Խաղաղ օվկիանսի բոլոր մանր կղզիների, հետո՝ Ճավայի, Կուբայի, հետո՝ Հաիթիի, Կիպրոսի, հետո վերջապես Էլիս Այլենդի համար․ դե ախր ինչի՞, ինչի՞ վրա հույս դնեն էս կղզիների ժողովուրդները։ Հետո էլ եվրոպական մայրցամաքի փոքր ազգերով տարվեցի, լաց եղա Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի ու մյուս երկրների համար․ ախր նրանց բա՞նն ինչ պիտի լիներ։ Քիչ հետո էլ սկսեցի գիտության համար լաց լինել, որովհետև դժվար թե մի ուրիշը դրա համար արտասուք թափեր, ու ես լաց եղա իրենց մենության մատնած էն բոլոր մարդկանց համար, որ աչքները չեն կտրում մանրադիտակից՝ փորձելով հայտնաբերել իմացությանը մատչելի ամեն ինչ։ Հետո լաց եղա մանրադիտակով երևացող մասնիկների համար, որովհետև աշխարհում ամեն ինչ էդ մասնիկներից է կազմված, և թռչկոտող մոլեկուլի համար լաց լինելն էնքան բնական է ու կարևոր, ինչքան ուզածդ թռչկոտող բանի համար։ Դե, հետո էլ, քանի որ ամենամանր մասնիկներին էի հասել, մտածեցի ամենամեծ բաների համար էլ լաց լինեմ ու արտասուք թափեցի ամբողջ տիեզերքի, նրա բոլոր անհայտ գաղտնիքների, ժամանակի և լույսի բոլոր միլիոնավոր տարիների համար, ու դրանք իմ թափած ամենամխիթարական արցունքներն էին։

Քիչ անց վերջ տվի լացիս, քիթս մաքրեցի ու նորից կարդացի «Նյու ռիփաբլիքում» տպված նամակը, որ ես էի գրել, բայց էլ լացս չեկավ, որովհետև հասկացա․ ի վերջո, մեկ է՝ գրող եմ, թե չէ։

Ուրեմն՝ արդեն գրող էի ու ծով արտասուք թափելուց բացի, ոչ մի բանով չէի տարբերվում առաջվանից, մենակ թե սիրտս ցավում էր Վուդրո Վիլսոնի համար, որ նրա գործը էդպես ձախ գնաց։

Գլուխ երեսուներեքերորդ

Վեսլին «Նյու ռիփաբլիքում» կարդում է հորն ուղղված իր նամակը

Էն իրիկուն փոքրիկ հյուրանոցի նախասրահում, այ, թե ինչ էի գրել հայրիկին, ու հենց սա էր տպված «Նյու իփաբլիք»֊ում։

«Բեռնարդ Ջեքսոնին

Թեև չգիտեմ որտեղ ես ու նամակս քեզ կհասնի, թե չէ, բայց որոշեցի գրել քեզ, որովհետև եթե դու փորձանքի մեջ ես, իմացիր, որ ես էլ եմ։ Երբեք չեմ զգացել, թե քո հանդեպ պիտի նվիրվածություն ունենամ, հպարտանամ քեզնով կամ դրա պես մի բան, որ լլավ որդիները պետք է զգան իրենց հայրերի նկատմամբ։ Դու իմ հայրն ես, իսկ ես՝ քո որդին և վերջ․ լավն ու վատը էլ կարևոր չի։ Երևի որոշ մարդիկ քեզ թուլամորթ են համարում, որ սովորությանդ պես մեկ֊մեկ գլուխդ առնում ես կորչում, այ, հիմիկվա նման, ու քեզ խմելուն տալիս՝ թեկուզ ինչի համար էլ հեռաած լինես։ Բայց ես բոլորովին էլ չեմ կարծում, թե դու թուլամորթ ես, որ էդպես ես անում։ Իմ կարծիքով, ամեն մի արածդ քեզ համար բնական անհրաժեշտություն է։

Ուրեմն էլ ինչո՞ւմ եմ քեզ գրում։ Գրում եմ, որովհետև կարծես եկել է ժամանակը, որ քո փոխարեն գոնե ե՛ս փորձեմ կյանքի ճիշտ ճանապարհը բռնել․ հիշո՞ւմ ես, դու էիր վերջերս ասում, թե հույսդ ինձ վրա է։ Նախորդ պատերազմում քեզ էնքան բան է պատահել, որ ես չեմ էլ կարող գուշակել, որովհեև ոչ մի մարդ էլ չի կարող գուշակել, թե ուրիշի գլխով ինչ է անցել֊դարձել, եթե նույնիսկ էդ ուրիշի որդին է։ Բայց պատմածներիցդ գիտեմ, որ ամենավատ բանը մարմնիդ չի պատահել։ Ֆիզիկապես դու դեռ շատ ու շատ տղամարդկանցից ուժեղ ես։ Ամենավատը քեզ է պատահել, քեզ․ ոչ թե մարմնիդ, ոչ թե ջղերիդ, ոչ թե ուղեղիդ, ոչ թե սրտիդ, ոչ թե հոգուդ, այլ քեզ, քո «ես»֊ին։ Գիտեմ, դու զգացել ես, որ պատերազմը քեզ ոտնակոխ է արել ու մինչև հիմա էլ որպես մարդ անհատ քեզ անարգված ես զգում։ Գիտեմ, հենց մտածում ես թե ես էլ պիտի անցնեմ նույն բանի միջով, ահը սիրտդ է ընկնում, որովհետև հույսդ ինձ վրա ես դրել, որ գոնե ես պարզապես դուրս գամ՝ իմ տեղն էլ քոնն էլ։ Հույս ունես, թե տղա կունենամ, որ կիսատ թողածս շարունակի, ու իմ հույսն էլ է դա։ Ասում էիր՝ պատերազմում ձգտել ես ողջ մնալ մեն մի նպատակով․ որ տեսնես ինձ։ Դե ուրեմն ուզում եմ իմանաս, ես էլ եմ որոշել ձեռքիցս եկածն անել, որ ողջ մնամ ու տեսնեմ որդուս։ Գիտեմ, ցնցված չես լինի, եթե ասեմ, որ որոշումս ինձ ֆիզիկապես վախկոտ է դարձնում, որովհետև դա ճիշտ է։ Մի օր հարազատ որդուս տեսնելու համար ես պատրաստ եմ իմ հոժար կամքով էդպիսի վախկոտ լինել։ Ֆիզիկական վախկոտության միտքը բանակի տղերքի մեծ մասն ահ ու սարսափի է մատնում, բայց ինձ չի վախեցնում։ Ես իրոք կսկեի վախենալ, եթե հանկարծ պարզեի, թե չեմ ուզում կամ չեմ կարող հստակ հասկանալ, որ հանգամանքների բերումով ու ինչ֊ինչ պատճառներով իրավունք ունեմ կամավոր մեռնելուց հրաժարվել։ Ես ոչ մի դեպքում չեմ ուզում սպանվել, չէ՛, ոչ մի գնով։ Ազնիվ խոսք, իմ կարծիքով, թեկուզ քաղաքակրթությունը, ինչպես ասում են, բնաջնջվի, պետքս էլ չի լինի, մենակ թե ես ողջ մնամ։ Աստված վկա, իմ կարծիքով, քաղաքակրթությունը հենց ես եմ։ Գրողը տանի, շատ պե՞տքս է, թե ինչ֊որ բան է կործանվում, եթ եկործանովողը ես չեմ։ Համոզված եմ, որ բանակում ամեն ազնիվ մարդ հոգու խորքում նույնն է մտածում։ Գիտեմ, ես առանց տատանվելու գլուխս մահի կտայի, ասենք՝ ճշմարտության կամ արդար գործի համար, բայց չեմ կարծում, թե սպանելով՝ քաղաքակրթությունը փրկելուն օգնեմ։ Իմ կարծիքով սա մեծ հիմարություն կլիներ։ Եթե քաղաքակրթությունը փրկելու համար ես պիտի զոհվեմ, ուրեմն ամենքն էլ թող ինձ հետ զոհվեն։ Բայց քանի որ դա անհնարին է, ուրեմն թող ողջ մնամ, իսկ քաղաքակրթությունը կործանվում է՝ կործանվի, կամ էլ թող էնպիսի հասարակարգ հաստատեն, որը քեզ, ինձ հետո էլ իմ որդուն չստիպի գնալ ու սպանվել։

Քեզ համար լավ օրեր են եկել․ էս բոլորն արդեն հետևում ես թողել, ու ես ուրախ եմ, որ էդպես է։ Իսկ իմ գլխին նոր են սև օրեր եկել, ընկել եմ թակարդը։ Միևնույն մսաղացը, որ մի ժամանակ քեզ ճանկել է, ճզմելով քամել ու դեն շպրտել, հիմա էլ ինձ է ճանկել ու մտադիր է նույնն անել կամ ավելի վատը, բայց ես մտադիր չեմ նրան կուլ գնալ, եթե իհարկե, հնարը գտնեմ։ Դու որդի ունես, դա գուցե մի բան նշանակում է, իսկ ես իմը չունեմ ու շատ եմ ուզում ունենալ։ Ասում էիր՝ աշխարհում ոչ մի տեղ չկա, որ մարդ կարենա ապրել ու իր երեխաներին մեծացնել․ արար աշխարհն էդ մսաղացի բերանն է ընկել ու ազատվելու ճամփա չի գտնում։ Իմ կարծիքով, իրավացի ես, հայրիկ։ Ես ու դու էնքան փող չունենք, որ մեր սեփական աշխարհը գնենք, ցանկապատով առանձնացնենք ու մեզ համար ապրենք։ Թե բավական փող ունենայինք, մեր սեփական պետությունը կստեղծեինք, մեր սեփական կառավարությունը կհիմնավորեինք ու կբավարարեինք մեր երկու ակր հողով ու երկու սենթանոց, էժան մշակույթով, բայց կարծում եմ՝ լավ է, որ փող չունենք, որովհետև ոչ մեկի փողն էլ դրան չի հերիքի, իսկ եթե ոչ ոք դա չի կարող անել, անօգուտ է, որ մենք դրանով զբաղվենք։ Ուրեմն ի՞նչ անենք։ Ո՞նց ապրենք, որ մեր ուզածին հասնենք։ Այսինքն՝ ասածիդ պես, էլ ո՞նց մարդ արարած դառնանք, եթե հանգամանքները պարզապես չեն ներում։ Է՛հ, չգիտեմ ինչ ես մտածում, բայց եթե իրոք մտքումդ դրել ես, որ ես քո ավելի լավ տեսակը լինեմ, ուրեմն իմ կարծիքով, պիտի մսաղացից փրկվելու և մարդ առնալու հնարը գտնեմ, անկախ նրանից, թե հանգամանքները ոնց կդասավորվեն։

Երնեկ հիմա էստեղ լինեիր, ու ես էս զառանցանքները գրելու փոխարեն հետդ մի երկու բաժակ խմեի։ Հիմա արդեն գիտեմ, թե ինչու․․․»։

Նամակումս էսքանն էի գրել, ու հենց էսքանն էլ «Նյու ռիփաբլիքում» տպված էր։

Գլուխ երեսունչորսերորդ

Վեսլին վերադառնում է Նյու Յորք և հանդիպում Վիկտոր Տոսկային, որը նոր է Ռոչեսթրից եկել՝ իր փիլիսոփայությամբ․ նվերով ու որոշ գրառումներով

Օրը բացվեց՝ բարին հետը․ գրողը, Ջո Ֆոքսհոլն ու ես վերադարձանք Նյու Յորք։ Երկու֊երեք օրից Վիկտոր Տոսկան էլ հետ եկավ Ռոչեսթրի լուսանկարչական վերանորոգման դպրոցից ու հարցրեց, թե սարքելու ապարատ֊բան չունե՞մ։ Ասաց՝ իրեն սովորեցրել են բարդ ապարատների պարզ նորոգումն ու արզ ապարատների բրադ նորոգումը, բայց չի հասկանում, թե ինչու են էդ հիմարությունները գլուխը լցրել, եթե իրեն իրոք հետաքրքրողը յոգերի ուսմունքն է․ դե, ես էստեղ գլխի ընկա, որ կա֊չկա մի քանի բաժակ կոնծել է, ու հենց էդպես էլ դուրս եկավ։

Նա պատմեց, թե Ռոչեսթրում մի տղայի հետ է ծանոթացել, որը Հարվարդի համալսարանն է ավարտել ու տարված է կյանքի գաղտնիքները պարզելով։ Հասարակ շարքային է, բայց դա չի խանգարել, որ ազատ ժամանակ յոգի տարբեր դիրքերով նստի ու փորձի դպրոցի մյուս տղերքին էլ իր իմացած գաղտնիքները սովորեցնել։ Վիկտորի ասելով, ինքն ավելի շատ յոգերի ուսմունքն էր յուրացրել, քան լուսանկարչական ապարատների վերանորոգումը։ Ասում էր՝ էդ տղան իրեն հասկացրել է, թե ապարատները անցավոր բաներ են՝ էսօր կան, վաղը չկան, իսկ յոգերի ուսմունքը միշտ կա ու կմնա։ Նա ունևոր ընտանիքից է եղել, ազգանունը՝ Օլսոն։ Վիկտորը պատմում էր, որ Բոստոնում են ապրում, բայց Օլսոնը միտք ունի պատերազմից հետո գնալ Հնդկաստան՝ իր ուսումնասիրությունները շարունակելու։ Նա պնդելիս է եղել, թե մի օր անպայման կյանքի մասին իսկական ճշմարտությունը կիմանա։ Ասել է՝ պատերազմի վերջանալուն պես՝ կապերը խզելու է Ամերիկայի հետ, որովհետև Ամերիկան շատ հարուստ ու հզոր է իր համար։ Ասել է՝ իրեն ճշմարտությունն է հետաքրքրում, ոչ թե փողը։ Հավասարակշռությունն է գրավում, ոչ թե հզորությունը։

Դե, ես ու Վիկտորը նամակով պայմանավորվել էինք էլի «Հյուսիսային» մեծ հյուրանոցի մեր նախկին տեղը վերցնել, որովհետև մեզ համար սա հարազատ տան պես մի բան էր դարձել ու էդպես էլ արինք։ Վիկտորը Կենտրոնական կայարանից ուղիղ հյուրանոց եկավ, հո չէր գժվել իրիկվա տասին կայազոր ներկայանար։ Հյուրանոցի ամբողջ ճանապարհին հենց շշից խմել էր, հետո էլ շիշը ինձ տվեց։ Մեկումեջ էդ յոգից՝ Օլսոնից էր պատմում ու անընդհատ երգում։ «Ինձ ասում են սիրունիկ․․․»։ Քիչ անց ուսապարկում ինչ ուներ֊չուներ՝ սենյակով մեկ շաղ տված էր։

― Քեզ նվեր եմ բերել,― ասաց։― Չկարծես, թե վեց շաբաթով կգնամ ու առանց նվերի հետ կգամ։ Բայց այ քեզ փորձանք․ մոռացել եմ՝ որտեղ եմ խցկել, սպասիր յոգի դիրքով հատակին նստեմ, հավասարակշռությունս մի քիչ տեղը գա, որ կարենամ հիշել, թե ուր եմ դրել․ սա միշտ օգնում է։ Էդ Օլսոնը մի օր մարդկությանը կփրկի։

Ես էնքան ուրախ էի Նյու Յորք վերադառնալուս համար, էնքան հաճելի էր նորից Վիկտորին տեսնել, մանավանդ էդպես գլուխը տաքացած, ասի․

― Ինչի՞ց է մարդկությանը փրկելու։

Դե, պարզ է, հենց էդպես, իմիջիայլոց հարցրի, բայց Վիկտորը կարծես դրան էր սպասում, հրճվանքից փայլեց էդ հարցիս համար։

― Ինչց է մարդկությանը փրկելո՞ւ,― ասաց։― Մենակության զգացումից, այ թե ինչից։ Շիշը տուր, դու էլ ի՛նձ փրկիր մենակությունից, հա՞։

Վիկտորը մի մեծ կում արեց շշի բերանից։ Օսլոնի սովորեցրած յոգի դիրքերից մեկով բազմել էր հատակին։ Ոտքերը խաչել էր տակը, մեջքն ուղիղ պահել ու անընդհատ ավելի ու ավելի էր ձգվում։

― Մենակություն, մենակություն,― ասաց։― Ախր նվերդ էստեղ մոտերքում էր։ Գիտեմ, որ տեսնես, շատ կուրախանաս։

Քիչ հետո էլ ասաց, թե արդեն հավասարակշռությունը լրիվ տեղն եկավ, կարծես թե գիտի նվերն ուր է դրել, վեր կացավ ու սկսեց ուսապարկից դուրս թափած ունեցած֊չունեցածը քրքրել։ Նվերն էդպես էլ չգտավ, բայց «Նյու ռիփաբլիքի» մի օրինակ հանեց ու հայրիկին գրած նամակիս էջը բացեց։

― Օլսոնն ասում է, որ դու մեծ մարդ ես,― վրա բերեց նա։― Էս ամսագիրը ինքն է ինձ ցույց տվել։ Ասում է՝ էնպիսի գործ ես գրել, որ սա էլ կօգնի մարդկությանը փրկելուն։ Համարյա տասն անգամ կարդացել եմ, ու իմ կարծիքով, Օլսոնը ճիշտ է ասում։ Դե, ամեն ինչ խելքիս չի հասնում, բայց հորդ գրած էս նամակի մեջ հաստատ մի բան կա։ Նվերդ էստեղ մոտերքում պիտի լինի։ Յոգերի ուսմունքի շնորհիվ հավասարակշռությունս արդեն տեղն եկավ, հիմա մի վայրկյանում կգտնեմ։

Բայց նա էլի ուրիշ բան գտավ, թե՝

― Գիտե՞ս, ընկերդ որ մեծ մարդ է, թեկուզ կյանքի գաղտնիքներից գլուխ չի հանում, ուզես֊չուզես, պիտի դու էլ մեծ մարդ դառնաս․․․ դե, ես էլ մի քիչ գրել֊մրել եմ, էս է, առ նայիր։

Նա հյուրանոցային նամակաթղթի մի թերթիկ մեկնեց։

― Շատ չի,― ասաց,― բայց իմ կարծիքով, մի բան ստացվել է։ Գիշերվա մեծ մասն անցավ, մինչև գրեցի։ Դու երևի սա փիլիսոփայական առակ համարես։

Կարդա, կտեսնես։

Դե, Վիկտորի գրածը կարդացի։ Ուղղակի հոյակապ էր, բայց մտքովս երբեք չէր անցնի, թե նա ընդունակ է նման տողեր գրել․ այ, լավ իմացեք, ոչ մեկի մասին ճիշտը չես կարող ասել, մեկ էլ տեսար՝ թափ տվեց իրեն ու էնպիսի բան արեց, որ շշմած մնացիր։

Թղթի վերևում գրել էր․ «Վիկտոր Տոսկայի նոթերը․ գրի առավ Վիկտոր Տոսկան»։ Սրա տակ նշված էր․ «Մասն առաջին»։

Հետո սա էր գրված․

«Մի օր մեկն ասաց՝ ուզում եմ քեզ ընկերոջս հետ ծանոթացնել, ու ես նրա հետ ծանոթացա, բայց նա մի տեսակ տարօրինակ էր։ Մյուս օրը նկատեցի, որ աչքեր չունի»։

― Հը՛, ո՞նց է, հավանեցի՞ր։

― Շատ հետաքրքիր է։

― էս տողերի մեջ ինչ֊որ կարևոր իմաստ կա,― ասաց Վիկտորը,― որովհետև ահագին ժամանակ ծախսեցի գրելու վրա։ Դե իհարկե, առաջին անգամ էի գրելու փորձ անում։ Դժվար թե ինձանից քեզ նման գրող դուրս գա։ Սա ինձ համար ժամանցի պես բան է․ մենակություն, այ թե որն է իմ իսկական գործը։ Բայց մեկ֊մեկ մի քիչ գրել֊մրելը ոչ ոքի էլ վնաս չի տա։ Ըհը՛, էս էլ նվերդ։

Տեղը տեղին փաթաթված էր։ Թելը կտրեցի, փաթեթը բաց արի ու ստվարաթղթե տուփի կափարիչը վերցրի։ Ներսում ճապոնացի տղայի տված երեք նարիջներն էին։ Ավելի էին սմքել ու փոքրացել, բայց ինչ լավ է րնորից նրինջները տեսնել, ինչ ուրախ էի, որ էդպիսի ընկեր ունեմ․ երեք սմքած, փոքրիկ նարինջ ինձ համար պահել էր։

― Գիտեի, որ նվերը սրտովդ կլինի,― ասաց Վիկտորը։

― Հա, շատ ուրախ եմ, որ սրանք պահել ես ինձ համար։ Ո՞նց չի հասնում։

― Հո հիմար չեմ,― ասաց Վիկտորը։― Ուրեմն խելքս էդքան է՞լ չի հասնում։

― Ի՞նչ կարծիքի ես, արժի՞ գրելս շարունակեմ։

― Բա իհարկե,― ասի։

― Դու որտե՞ղ ես էդպես գրել սովորել,― ասաց Վիկտորը։― Առաջին անգամ որ քեզ տեսա, մտածեցի, թե անխելքի մեկն ես։ Իսկ ես աչքիս շատ խելոք էի երևում։ Ինչ է, դպրոցո՞ւմ ես էդքան սովորել։ Արի գնանք, մի բան խմենք։

Գլուխ երեսունհինգերորդ

Վիկտոր Տոսկան Վեսլիին համոզում է սիրո մասին գրել, զանգում է Սան Ֆրանցիսկո՝ սիրած աղջկան, ու մի վարդ առնում

Տաքսի նստեցինք, որ էն բարը գնանք, ուր ընկերուհուս հետ ծանոթացել էի․ շատ դուրեկան տեղ էր։ Բացի դրանից, կարող է իռլանդացի ծերուկն էնտեղ լիներ։ Դե, երևի սիրտս ուզում էր էնպիսի տեղ գնանք, որ ծանոթ մարդ տեսնեմ։ Նույնիսկ հույս ունեի, թե միգուցե ընկերուհս էլ մտնի մի բաժակ խմելու․ հետաքրքիր կլիներ նորից բարում հանդիպեինք։ Է՜հ, ուր էր, իռլանդացի ծերուկը չկար ու էդպես էլ չերևաց, ոչ էլ կինը երևաց, բայց ես ու Վիկտորը կարգին քեֆ արինք, մի լավ կոնծեցինք, հետո նա թե՝

― Ջեքսոն, ոնց որ տեսնում եմ, պիտի սիրածիս Նյու Յորք կանչեմ․․․ կարոտից մեռնում եմ։

Նա գնաց հեռախոսի խցիկի կողմը ու քիչ անց հետ եկավ, բարմենին խնդրեց, որ տասը դոլարանոց մանրի։ Համարյա գիշերվա մեկն էր, բայց Սան Ֆրանցիսկոյում հազիվ իրիկնադեմ լիներ։ Կարծում էի, թե հեռու տեղ զանգած շատ մարդկանց նման կսկսի բղղավել լսափողի մեջ, բայց նա ցածր ու հանգիստ էր խոսում։ Յոթ֊ութ րոպե հետո դուրս եկավ խցիկից, բարի կանգնակի մոտ նստեց ու նախքան մի խոսք ասելը, կիսատ թողած վիսկիի կրկնակի բաժինը լրիվ դատարկեց։

― Սիրո մասին գրիր,― ասաց,― Միակ կարևոր բանը սերն է։ Անընդհատ կրկնիր․ «Սիրում եմ, սիրում»։ Բոլորին պատմիր, ցավդ տանեմ, Ջեքսոն, սիրո մասին պատմիր։ Ուրիշ բաներից մի խոսիր։ Անվերջ սիրուց պատմիր։ Միակ կարևոր պատմությունը դա է։ Փողը հեչ է, հանցագործությունն էլ է հեչ, պատերազմն էլ է հեչ, ինչ կա չկա՝ հեչ է․ միակ կարևոր բանը սերն է։ Ուրեմն սիրո մասին պատմիր։

Հասկանում էի, թե նա ինչքան է սիրահարված ու գիտեի՝ սերն ինչ է անում մարդուն։ Սերը կարող է ամեն մեկին էլ մեծ մարդ դարձնել։ Ուրիշ ոչ մի բան չի կարող, իսկ սերը կարող է։ Հասկանում էի, թե սիրահարված չլինելն ինչ վատ է։

― Գալի՞ս է Նյու Յորք։

Ինձ պատասխանելու տեղ նա նորից գնաց հեռախոսի մոտ։ Էլի մի ութ֊ինը րոպեից եկավ ու ասաց․

― Գալիս է։ Հետը նորից խոսացի։ Հիմա էլ՝ տալերեն։ Էն անգամ մոռացա իտալերեն խոսել, հիմա՛ խոսեցի։ Ինչ որ ասելու էի իտալերեն ասի։ Հա՛ հետն իտալերեն խոսեցի։ Մոր հետ էլ իտալերեն խոսեցի։ Իմ մոր հետ էլ իտալերեն խոսեցի։ Ասին՝ մի ամսից կգան, բայց ես ասի՝ չէ, նրանք թե՝ դե լավ, մի շաբաթից, բայց ես էլի ասի՝ չէ, վերջը նրանք թե՝ «Ե՞րբ ես ուզում գանք»։ Ես էլ ասի․ «Հենց էս իրիկուն եկեք»։ Սիրածս լացը դրեց, ասում է․ «Լավ, լավ, հիմա կպատրաստվենք ու հենց առաջին գնացքով կգանք»։ Էնպես որ սիրո մասին գրիր։ Անընդհատ սիրուց պատմիր։ Առանց սիրո շատ տխուր է։ Խոստացիր, որ սիրո մասին կգրես։ Տեսքիդ նայելիս, կարծում էի անխելքի մեկն ես։ Խոստացիր, որ մենակ սիրո երգը կերգես։ Խոստանո՞ւմ ես։

― Իհարկե,― ասի։

― Ազնիվ խոսք։

― Ըհը։

― Չիմանաս հենց էնպես լեզվիս եմ տալիս,― ասաց Վիկտորը։― Չիմանաս հարբած եմ, լեզվիս եմ տալիս։ Ես ընտանիքում եմ ծնվել, մեծացել, ընտանիքո՛ւմ։ Սիրուց բացի, մենք ուրիշ բան չենք տեսել։ Իմ տեղն ընտանիքն է, ոչ թե բանակը։ Մի ժամանակ եղբայրս կողքիս էր, բայց սխալմամբ էր էդպես պատահել, ու նրանք իրենց սխալն ուղղեցին։ Լավ չի, որ եղբայրները նույն վաշտում լինեն։ Գիտե՞ս ինչի։ Եղբայրները իրար հասկանում են։ Եղբայրները միշտ եղբայրներ են ու դա հասկանում են։ Մայրերն ու հայրերը, եղբայրներն ու քույրերը, քեռիներն ու մորաքույրները, զարմիկներն ու զարմուհիները՝ բոլորն էլ դա հասկանում են։ Ամեն մեկն էլ պիտի ընտանիք ունենա, ամեն մեկն էլ պիտի սիրի։ Դու պետք է խոստանաս ինձ, Ջեքսոն, որովհետև ես ու դու էլ ենք եղբայրներ։ Ես նարինջները պահել էի քեզ համար, չէ՞։ Դու իտալացի չես, իռլանդացի ես կամ չգիտեմ ինչ, բայց ես ու դու եղբայրներ ենք։ Դոմինիկը սա հասկացել էր․ քեզ անխելքի տեղ չէր դնում։ Ես էի էդպես մտածում․ տգիտությունից․ քիչ եմ դպրոց գնացել։ Բայց Դոմինիկը հասկանում էր։ Ինձ ասել է։ Իտալերեն ասաց։ «Նա քո եղբայրն է,― ասաց։― Չմոռանաս»։ Ես բոլոր նամակներդ ստացել եմ։ Բոլորը պահում եմ։ Գիտեմ քեզ, գիտեմ՝ ով ես։ Դու ամեն ինչ կհասկանաս, հենց որ սկսես յոգերով հետաքրքրվել։ Խոստանո՞ւմ ես։

Դե, Վիկտորը լավ հարբած էր, իսկ հարբածները շատ ավելին են ասում, քան բառերով ասվածն է։ Վստահ չէի, թե Վիկտոր Տոսկայի ասածները ճիշտ հասկացա, բայց իմ կարծիքով, համարյա հասկանում էի։ Իմ կարծիքով, նրա ասելիքը սա էր․ «Երբ իմ սիրած աղջիկը խոսք տվեց, որ տեղնուտեղը կպատրաստվեն ու հենց առաջին գնացքով կգան, գիտեր՝ ինչի համար․ պատճառը․․․ դե, դու էլ պատճառը գիտես․․․ ինչ արած, դրանից փրկություն չկա, ախր պատճառը․․․ է՛հ, պատճառի մասին ո՞ւմ է հաճելի մտածել։ Մենք եղբայրներ ենք, դրա համար էլ քեզ ասում եմ․ պատճառը սա է՝ ինձ շուտով կսպանեն։ Ես վախեցած չեմ, ոչ էլ հարբած, որ էսպես եմ ասում․ գիտեմ՝ ինչի համար են սիրածս աղջիկը, նրա մայրն ու իմ մայրը Նյու Յորքի ճամփան բռնում։ Աչքեր չունեցող մարդը․․․ դե, նրան ի՞նչ կա, նա բան չգիտի, սեր չի տեսել, բայց ես աչքեր ունեմ ու տեսել եմ սերը, իսկ եթե աչքեր ունես, տեսել ես սերնու պատճառն էլ գիտես, եթե անտեր պատճառը գիտես․․․ դե ուրեմն ժամանակը թռչում է, պիտի սերդ գնացք նստեցնես, պիտի նրան շտապեցնես, քիչ ժամանակ է մնում, էլ աչքերիդ շատ բան չի մնում տեսնելու, սերը պիտի շտապի, ժամանակ չկա, որովհետև գիտես, գիտես, չես ուզում իմանալ, բայց գիտես, գիտես»։

― Խոստանո՞ւմ ես,― կրկնում էր նա։― Դու հասկանում ես ինչից եմ խոսում, տեսնում եմ, հասկանում ես։ Հիմա նույնիսկ տեսքից անխելք չես երևում։ Գիտեմ հասկանում ես։ Խոսք տուր եղբորդ։ Բոլորին սիրուց պատմիր։ Սրա մասին էլ երբեք չենք խոսելու, բայց դու պետք է խոստանաս, մտքումդ պահես, որ խոստացել ես ու խոսքիդ տերը լինես։ Եղբորդ համար պիտի խոսքիդ տերը լինես։ Արի իրար ձեռք սեղմենք ու վերջ, հետո էլի մեր քեֆին կխմենք։

― Կաշխատեմ,― ասի, ու մենք իրար ձեռք սեղմեցինք։

Հետո Վիկտորը թե՝

― Գիտեմ, դու ասածդ կանես։

Համարյա բարը փակելու ժամն էր, դե մի֊մի բաժակ էլ պատվիրեցինք։ Մեկմեկու կենաց խմեցինք, բայց առանց խոսքի։ Պարզապես բաժակ բաժակի խփեցինք ու միանգամից, մինչև վերջ գլխներիս քաշեցինք, հետո էլ Վիկտորը կոկորդ պատռելով՝ սկսեց իր երգը երգել, ասես արար աշխարհի ամենաբախտավոր մադրն էր։

Է՛հ, բարմենն էլ շա՜տ իմանար ինչ է կատարվում։ Բան չէր հասկանում։ Ուղղակի կարծում էր, թե երկու ջահել խմել, հարբել են իր բարում։ Ի՞նչ կար դրա մեջ, նա վրաներս ուշք էլ չէր դարձնում, իսկ երբ վեր կացանք գնալու, ժպտալով ասաց․

― Բարի գիշեր, տղերք, էլի համեցեք։

Էս խոսքերի վրա Վիկտորը իր երգն ընդհատեց, ու աչքերը հառեց բարմենի երեսին, բայց ես գիտեի՝ ինչ է մտածում։ Նա անփույթ շարժումով ծերուկին ձեռքով արեց, կարծես զինվորական համազգեստով չլիներ։

― Առայժմ,― ասաց։

Առանց գլուխը շրջելու հայացքը պտտեցրեց բարում, հետո մոտեցավ հեռախոսի խցիկին, փաթաթվեց, փորձեց գրկել, բայց դե իհարկե, ձեռքերը չհասան, որ գրկի։ Մի քիչ մնաց էդպես։ Հետո էլ ոչ մի տեղ չնայեց, ուղիղ դուրս եկավ բարից։

Մինչև տուն՝ ամբողջ ճանապարհը ոտքով գնացինք, բայց նա ասածին հաստատ մնաց, նախկին խոսակցությունն էլ չշարունակեց, անընդհատ երգում էր։ 57֊րդ փողոցում, 4֊րդ պողոտայի մոտերքը մի պառավ հանդիպեց՝ ձեռքին երեք վարդ։ Հենց լսեց, որ Վիկտորը երգում է, մոտեցավ նրան, դե, գիշեր֊ցերեկ փողոցներն ընկած վարդ ծախող պառավները լավ գիտեն․ ով երգում է, վարդ էլ կառնի։ Նա վարդերը դեմ արեց Վիկտորին։

― Աստված քեզ երկար արև տա, տղաս,― ասաց։― Իմ մի տղան էլ է բանակում, մեկն էլ նավատորմում է, էն մեկն էլ՝ ծովային հետևակում։ Աստված քեզ երկար արև տա, տղաս, փորձանքից հեռու մնա։

Էն մի բուռ, քրջոտ, մուրացիկ պառավներից էր, որ շատերը տեսնում են թե չէ, սրտները վեր է թռնում կամ ճամփան թեքում են, բայց Վիկտորը նայեց պառավին, ձեռքերը տարածեց ու գրկեց սրան, պառավն էլ գլուխը դրեց նրա ուսին, ու Վիկտորն ասաց․

― Ա՜խ, մամա, մամա։

Նա համբուրեց պառավին, նախ՝ մի այտը, հետո՝ մյուսը, իսկ պառավը անընդհատ կրկնում էր․

― Աստված քեզ երկար արև տա, տղաս։

Վիկտորը մի վարդ վերցրեց, ձեռքն ինչքան փող ընկավ, բռով հանեց գրպանից և մի կույտ արծաթ ու թուղթ փող տվեց պառավին։ Հետո հապճեպ անցանք, իսկ պառավը դեռ մեր հետևից կրկնում էր։

― Աստված քեզ երկար արև տա, տղաս։

Մի գիշերային սրճարան մտանք, ասինք սուրճ խմենք։ Վիկտորը հայացքը չէր կտրում վարդից, հա հոտ էր քաշում։

― Դու երեք հատ նարինջ ունես,― ասաց,― բայց հիմա ես էլ բան ունեմ։ Այ, էս վարդը։ Մեկը վերցրի, որովհետև սիրտդ երբեք էլ շատ վարդ չի ուզում, միշտ մեկն է ուզում, միակը։ Արդեն ես էլ պահելու բան ունեմ, աչքիս լույսի պես պիտի պահպանեմ։ Էնքան կպահեմ, քանի դեռ ինձ չեն․․․ Նարինջները մի օր կփչանան, էս վարդն էլ է արդեն համարյա թառամել, բայց մեկ է՝ կպահեմ։ Էգուց իրիկունն ի՞նչ ենք անելու։

― Մի լավ կխմենք։

― Ապրես։

― Էլի կգնանք նույն բարն ու․․․

Հանկարծ հասկացա, թե ինչ եմ դուրս տալիս ու ձայնս կտրեցի։

Վիկտորը նայեց ինձ ու գլուխն օրորեք։

― Ավելի լավ է գնանք թատրոն կամ մի ուրիշ տեղ,― ասաց։

― Ճիշտ է։

Գլուխ երեսունվեցերորդ

Վեսլին ու Վիկտորը գնում են մի հոյակապ ներկայացման, որն ամենևին էլ հոյակապ չի լինում, բայց հետո՝ ներկայացման մեջ ծնված ներկայացման շնորհիվ, հոյակապ է դառնում

Հաջորդ երեկո գնացինք ներկայացման, որը բոլորի ասելով՝ հոյակապ բան էր, նստեցինք առաջին կարգում։ Երեք տարի էր՝ էդ ներկայացումը բեմից չէր իջնում։ ԱՄերիկյան թատրոնի պատմության մեջ դա ամենամեծ հաջողություններից էր։ Ութ֊ինը ամիսը մեկ դերակատարների կազմը փոխում էին, որովհետև դերասաններն ու դերասանուհիները ամեն իրիկուն նույնը կրկնելուց հալումաշ էին լինում։ Մի վեց֊յոթ թատերախումբ էլ իրենց հերթին էին էդ պիեսը երկրով մեկ ցույց տալիս, էնպես որ հաստատ համոզված էինք, թե իրոք հոյակապ բան է։ Քիչ հետո վարագույրը բարձրացավ, ու ներկայացումն սկսվեց։ Բեմը պատկերում էր մի արտակարգ շքեղ տան հյուրասենյակ, գործող անձինք էլ ամենաընտիր խավից էին։ Տասը րոպե անց ներկայացումը դեռ հոյակապ չէր, բայց դե իհարկե, մի քիչ շուտ էր հետևություններ անելու համար։ Վստահ էինք, որ մի երկու֊երեք րոպեից հոյակապ կդառնա, բայց ոչ էլ դարձավ, մենք էլ շատ չանցած՝ սկսեցինք կասկածել, թե ընդհանրապես հոյակապ կդառնա՞։

Առաջին գործողության վերջանալու վրա էլ ներկայացումը հոյակապ չդարձավ, դե, մի քանիսի պես դուրս եկանք թատրոնից, մտանք կողքի բարն ու մի֊մի բան խմեցինք, որ համբերությամբ լցվենք։ Հետո էլի եկանք, մեր տեղերը գրավեցինք, ու վարագույրը նորից բարձրացավ, բայց ներկայացումն էդպես էլ հոյակապ չդարձավ։ Բոլոր դերակատարաներն էլ խոսում էին շատ պարզ ու հստակ, մերթընդմերթ մեկնումեկը մի թեթև բորբոքվում էր, ու մենք քիչ թե շատ անցուդարձ էինք տեսնում, բայց գիտեինք, որ դա ընդամենը բեկման անցուդարձ է, խաղ, ու դրա մեջ ոչ մի հոյակապ բան չկար։

Տեսածներս էլ մի հիսունհինգ տարեկանին մոտ, շատ հստակ ու արտահայտիչ խոսող տղամարդ էր, որի աղջիկը վայ թե գժի պես սիրահարված էր վատ համբավի տեր մի մարդու։ Հայրը չէր ուզում, որ իր աղջիկը էդպիսի մարդու հետ որևէ կապ ունենա, իսկ աղջիկն ուզում էր, ու ամբողջ առաջին գործողությունն էս ուզել֊չուզելով անցավ։ Գործողության վերջում էլ վատ համբավի տեր էդ մարդու տեսքին արժանացանք, բայց շատ դուրեկան երևաց, էլ արժե՞ր նրա համար էդքան իրարանցում գցել։

Առաջին ընդմիջմանը, որ հարևան բարում էինք, կողքներիս մարդիկ կային, լսեցինք ոնց են ներկայացումը գովում, թե ինչ հոյակապ բան է։ Ասում էին՝ հոր դերակատարը մեծ արտիստ է․ իրոք որ մեծ էր, երկար ժամանակ իր դերը խաղում էր, ամենքից էլ երկար, որովհետև թատրոնի ղեկավարությունն անընդհատ նրա աշխատավարձը բարձրացնում էր, մենակ թե հանկարծ դերից չհրաժարվեր։ Բոլոր հանդիսատեսներն էլ սրան էնքան էին հավանում, որ ղեկավարությունը չէր ուզում նրանից զրկվել։ Էս մարդկանց ասելով, մեկ է՝ ներկայացումը հոյակապ կլիներ, թեկուզ առանց նրա, բայց որ նա էլ է մասնակցում, ավելի հոյակապ է, հրաշք։ Վիկտորն աչքերը չորս արած՝ լսում էր, հետո թե՝

― Էդ ի՞նչ ներկայացման մասին են խոսում․ էս որ նայո՞ւմ ենք։

Ասի՝ հա, հենց սրա, նա էլ թե՝

― Դե ուրեմն ավելի ուշադիր պիտի նայենք, բան ենք բաց թողել։ Դու ի՞նչ կարծիքի ես, իսկականից հոյակա՞պ է։

Ասի՝ առայժմ որ չէ, բայց երկրորդ գործողությանը միգուցե հոյակապ կդառնա, իսկ եթե երկրորդում էլ չդառնա, հաստատ, երրորդում կդառնա։

Վիկտորը հարցրեց՝ չորրորդ գործողություն էլ կա՞, ասի՝ չէ, նա թե՝

― Այ, դա լավ է, ախր կարող է մինչև վերջ էլ հոյակապ չդառնալ։

Երկրորդ ընդմիջմանը նորից մտանք բար՝ խմելու, բայց որոշեցինք երկու բաժակ գցել, որովհետև ներկայացումը դեռ հոյակապ չէր։ Էս անգամ էլ կողքներիս ուրիշ մարդիկ էին ու սրանք էլ էին գովում, թե ինչ հոյակապ ներկայացում է։ Վիկտորն ասաց՝ երևի քիչ ենք դպրոց գնացել, լավ չենք հասկանում։ Ամբողջ երկրորդ գործողության ընթացքում հորը հազիվհազ հաջողվեց հեռու պահել էդ մարդուց, որն իբր վատն էր, բայց մեր աչքին շատ լավն էր երևում․ եղած֊չեղածն էս էր։ Նորից հետո եկանք թատրոն՝ վերջին գործողությունը նայելու։

Տեսնում էի, թե ոնց է հոր դերակատարը հոգնել։ Բեմին էնքան մոտիկ էինք նստած՝ լսում էի ոնց է հոգնածությունից հևիհև շնչում։ Մի բան էլ հասկացա, որ ատում է իր դստեր դերը կատարող աղջկան։ Ասենք, ես ու Վիկտորը դա դեռ երկրորդ գործողության կեսին էինք նկատել, էնպես որ ներկայացումը մոռացած՝ սկսեցինք հետևել, թե դերասանն ու դերասանուհին ոնց են իրար վրա ատամ կրճտացնում։ Էնպես էինք տարվել, ուղղակի աչք կտրել չէր լինում։ Հենց սրանով էլ ներկայացումը քիչ թե շատ հոյակապ դարձավ։

Իսկ վերջին գործողության կեսին մի էնպիսի բան եղավ, որ իմ ու Վիկտորի հավատը չէր գալիս։

Բեմում լարված պահ էր։ Հայր ու աղջիկ առանց մտքերը թաքցնելու՝ վճռականորեն բացատրվում էին։ Բոլորն էլ հասկանում էին, որ սա վճռական բացատրություն է ու հիացած էին հոր դերակատարի փայուն խաղով։ Վերջիվերջո, աղջիկը կարծես մտադիր էր իր ուզածն անել, բայց ոչ ոք համոզված չէր, թե հորը չի հաջողվի ինչ֊որ խորամանկ հնարքով նրան վատ մարդուց հեռու պահել։ Ամբողջ ներկայացման ընթացքում հայրը բոլորին հասկանալ էր տալիս, թե չնայած ինքը մարդ է երևում, թվում է՝ ամեն մեկին էլ թողնում է, որ ուզածն անի, բայց իվերջո, ամենքն էլ ի՛ր ուզածն են անում, մանավանդ մեծ֊մեծ գործերում։ Նա միշտ էլ իր ուզածին հասնում էր, բայց էնպես էր դասավորում, որ բոլորն էլ գոհ էին մնում, որովհետև միշտ կարծում էին, թե իրենց ուզածով են շարժվել, այնինչ որտեղի՜ց․ հենց նրա՛ ուզածն էին անում։

Հա ուրեմն՝ շատ կարևոր պահ էր։ Հայրը դարձավ աղջկան և պարզ ու հստակ, էնքան պարզ ու հստակ, որ վերնասրահի վերջին կարգում նստած խուլն էլ կլսեր,― ասաց․

― Է՜հ, սիրելիս, ես իսկական հիմարի գլուխ եմ եղել, որ ամեն ինչին ճիշտ կողմից չեմ նայել, չեմ տեսել այնպես, ինչպես իրականում կա, չեմ հասկացել, թե դու էլ ինձ նման ունես քո կյանքը, պետք է ապրես քո կյանքով և իմ աղջիկը չէիր լինի, եթե չպնդեիր, որ պիտի ապրես սեփական կյանքով։

Նա ոգևորված, առաջ անցավ՝ ամեն ինչին ավելի դրամատիկ գույներ տալով, քան իրականում կար ու ամեն ինչ շատ հիմնովին ասելով, որովհետև կամ պետք է աղջկա տեսակետն իրոք ընդուներ, կամ էլ մի հնարքով նրան խաբեր․ հենց սա էր տեսարանին լարված դրամատիզմ հաղորդում, ու հանկարծ նա ասաց․

― Ախր ինչո՞ւ չի այդ մարդը քեզ․․․, պրծնենք։

Եվ ավելի արագ֊արագ խոսը շարունակեց։

Դե, լսեցի, թե ինչ բառ ասաց, բայց հավատս չեկավ։ Ես ու Վիկտորը նայեցինք իրար, գլխի ընկա, որ նա էլ է լսել, հետո հայացքներս նորից դարձրինք բեմին, բայց հիմա էլ աղջիկն էր արագ֊արագ, բորբոքված խոսում, իսկ հայրն էլի առաջվա տեսքն ուներ, իսկապես լուրջ ու ծանրակշիռ մի մարդ՝ ինքն էլ շատ դառնացած, որ աղջիկը մտադիր է նետվել կասկածելի վարքուբարքի տեր ինչ֊որ կարիերիստի գիրկը։ Ամեն ինչ նույնն էր, ասես ոչ մի բան չի եղել։

Շուրջներս նստած մարդկանց նայեցինք, բայց ոչ մեկի վրայից չէր երևում, թե արտասովոր բան է կատարվել։ Բոլորն էլ առաջվա պես նստած էին։ Մտածեցինք, որ կամ քունը գլխներին ննջում են ու ոչինչ չեն լսել, կամ եթե լսել են, թե հայրն ինչ ասաց աղջկան, էնքան անսովոր է եղել բեմից էդ տեսակ խոսք լսելը, մի լեզվին չեկող խոսք, որ ականջներին չեն հավատացել ու իրենց համոզել են, թե դերասանը մի բան է ասել, իրենք չգիտես ինչու ուրիշ բան են լսել, վերջը՝ լսածին չեն ահվատացել։

Ներկայացումն ավարտվեց, ես ու Վիկտորը վեր կացանք ու գնացինք բար։

Որոշեցինք՝ կա֊չկա հոր դերակատարն էնպես է իր դերից զզվել, դստեր դերը կատարող աղջիկն էլ էնպես է աչքին ատելի դարձել, որ ով գիտի ում՝ միգուցե հենց բեմի բանվորներից մեկի հետ, գրազ է եկել, թե էդ խոսքը կասի, ջրից էլ չոր դուրս կգա ու ըստ երևույթին, գրազը տարել էր։

==Գլուխ երեսունյոթերորդ==

Վեսլին տասնիննամյակը նշելու համար Ազատության արձանի ձեռքին փորագրում է իր անվանատառերը

Եկավ 1943 թվի սեպտեմբերի 25֊ը ծննդյանս օրը, դարձա տասնինը տարեկան։ Մի տարի էր՝ բանակում էի։ Ինն ամիս արևելյան նահանգներում էի եղել, էնքան ժամանակ, ինչքան որ պետք է մարդուն ծնվելու համար։ Մորս արագնդում ես կյանք եմ առել Ծննդյան տոնի օրերին։ Է՛հ, արդեն տասնինը տարի ինքնուրույն ապրել էի աշխարհի երեսին։ Իսկ ինչի՞ էի հասել։

Ոչ մի բանի։

Դուրս եկա, գնացի Ազատության արձանի մոտ ու ջահը պահող նրա քարե ձեռքին անվանատառերս փորագրեցի։ Թե ինչու՝ չգիտեմ։ Ձեռքի վրա ուրիշ անվանատառեր էլ կային, բայց ես մի տեղ գտա, ուր ոչ ոք դեռ չէր գրել, ու հենց մոտերքում էլ մարդ չմնաց, փորագրեցի քարին՝ մեծ֊մեծ տառերով ու պարզ․ «Վ․ Ջ․»։ Ներքևում էլ «9» գրեցի, որովհետև ինը սիրածս թվերից է։

Հետո նորից եկա Մանհեթեն ու ամբողջ 5֊րդ պողոտան ոտքով կտրեցի, հասա Սուրբ Պատրիկի տաճար, մտա ներս, որ հանգիստ նստեմ, մտածեմ։ Եկեղեցում միշտ էլ լավ ես մտածում։ Սա կաթոլիկական եկեղեցի էր, բայց ինձ համար մեկ էր, մտքի մեջ ընկա։

Ապրածս կյանքը ծանրութեթև արի ու հասկացա, թե ինչքան պակաս֊պռատ է։ Շատ բաներ էին կյանքումս պակասում, բայց ես ամենից ավելի ազատության պակասն էի զգում երևի դրա համար էի Ազատության արձանի մոտ գնացել։ Ազատություն էր պետք, որ կյանքս հունի մեջ ընկներ։ Ժամանակ էր պետք։ Կին ունենալ էր պետք։

Վեր կացա ու քայլեցի տուն։

Քիչ հետո Վիկտոր Տոսկան եկավ մոտս։ Արդեն երկու ամիս կլիներ, ինչ ամուսնացել էր ու իր ջահել կնոջ հետ մեր առաջվա համարում էր ապրում, իսկ ես սենյակ էի վերցրել մի հարկ վերևում։ Նրա մայրն ու զոքանչն էլ մեր նախկին երկու սենյականոցի պես մի ուրիշ համարում էին մնում, բայց Վիկտորենիցից երկու հարկ ներքև։ Շուտ֊շուտ իրար գլխի էինք հավաքվում։ Մի կիրակի էլ հյուր գնացինք Բրուքլինում ապրող ինչ֊որ իտալացիների ընտանիքի, որովհետև Վիկտորի մայրն ուզում էր մեզ մի լավ կերակրել։ Նա վեց տեսակ իտալական ուտելիք սարքեց, ու մենք ամբողջ օրը ծամում էինք։ Ահագին գինի խմեցինք, ու ես աստված աստված էի ասնում, որ ինձ էլ Վիկտորի կնոջ պես աղջիկ բաժին ընկնի։

Ծննդյան օրը, հենց Վիկտորը եկավ, միանգամից հասկացա, որ լավ լուրեր ունի։

― Կինս հղի է,― ասաց։― Արդեն մի շաբաթ է՝ առավոտները սիրտը խառնում է, երեկ համոզեցի, բժշկի տարա։ Էսօր բժիշկւ նրան ասել է, որ հղի է։

― Երնեկ ես էլ մի սիրուն կին ունենայի, ու հղիանար,― ասի։

― Կգտնես, էլի։

― Որտե՞ղ։

― Էդ որտե՞ղ ես ման եկել որ։

― Էլ որտե՞ղ պիտի ման գամ։ Ամեն տեղ։ Ախր ես էլ եմ տասնինը տարեկան, մեզ էլ ուր որ է կուղարկեն օվկիանոսից էն կողմ։ Քո բախտը բերեց, դու սուս։

― Այ, հիմա որ լավ եմ,― ասաց Վիկտորը,― բայց իհարկե, կուզեի բանը գլուխ գալիս՝ նար հետ լինել։

― Միգուցե էդքան ժամանակով քեզ թողնեն, մնաս։

― Մարդիկ կան՝ երկու֊երեք տարի մեր կայազորում նստած են։

― Նրանք Ա վաշտից են, իսկ դու՝ չէ։

― Տեսնես ո՞նց կարող եմ ընկնել էդ վաշտը։

― Չես կարող։

― Ինչի՞։

― Շա՜տ գիտեմ։ Չես կարող, էլի։ Ասում ես՝ ինչի՞։ Իսկ ինչի՞ էս կամ էն բանը չես կարող անել։ Բայց դե լավ կլինի փորձես։ Լավ կլինի, ոնց որ պետքն է, փորձես։ Հենց վաղվանից էլ սկսիր։ Ձեռ չքաշես, պինդ գործի կպիր։ Իմացիր՝ ինչ պիտի անես ու արա։

― Ի՜, խոսո՜ւմ ես,― վրա բերեց Վիկտորը։― Ի՞նչ անեմ․ գնամ ասեմ՝ ինձ կռիվ մի տարեք, որովհետև ուզում եմ կնոջս մո՞տ լինել՝ տղա ունենալիս։

― Բա իհարկե,― ասի։― Իսկ ինչի՞ չէ։ Թող ուրիշին տանեն։ Նրանց պետք չի, որ բոլորը մի մարդու պես օվկիանոսի մյուս կողմը գնան։ Էն հարյուրավոր տղերքին ո՞նց են կայազորում պահում․ էդպես էլ դու մնա։ Թե չէ դրանք ո՞վ դարձան։ Ինչի՞ պիտի նման։ Իմ բանն ուրիշ է։ Հայրիկն արդեն տանն է, ամեն ինչ կարգին է։ Ես էլ կգնամ, աշխարհ կտեսնեմ։ Գիտեմ, որ բախտս կբերի։

Ճիշտ է, ահը սրտումս է, բայց մեկ է՝ ուզում եմ գնալ։

― Ինչի՞,― ասաց Վիկտորը։

― Որովհետև էս տղերքի մեջ նեղվում եմ, սրանցից ոչ ոք էլ կռիվ չի գնալու։

― Ի՞նչ կա նեղվելու։

― Ախր սրանք ուզում են, որ ի՛նձ տանեն, քե՛զ տանեն, էն մյուսին տանեն։ Նրանց համար շատ կարևոր է, որ դո՛ւ կռիվ գնաս, ոչ թե իրենք։ Երեսները տեսնելիս՝ նեղվում եմ։ Ոչ մեկին էլ չեմ ուզում կռիվ տանեն։ Էսպես նեղվելուց էլ արդեն զզվել եմ։ Սերժանտին ասի՝ թող ինձ կռիվ տանեն։ Ասում է․ «Ի՞նչ ունես շտապելու։ Ոնց էլ լինի, դեռ մի տարի էստեղ պետք կգաս»։ Ասի՝ չէ, ուզում եմ տանեն։ Ով գիտի քանի֊քանիսն են էսպես նեղվելուց իրենց կամքով մահվան բերան գնում։ Երևի գլուխը մահի տալն ավելի լավ են համարում, քան թե սրանց մեջ քարշ գալը․․․

― Դե, սրանք էնքան էլ վատը չեն,― ասաց Վիկտորը։

― Ճիշտ է, վատը չեն,― ասի։― Ուղղակի սիրտս նեղացած է։ Լավ տղերք են, շատ լավն են, բայց աչքիս փուշն են։ Այ, ասեմ ինչի․ որովհետև իրենց ապահով են զգում։ Գիտեն՝ հոգսերը քաշող կա։ Գիտեն, որ մեկը մյուսի առաջ ինչքան ուզես կարող են ձևեր թափել, թե իբր մի օր էլ իրենց են կռիվ տանելու, բայց հետն էլ գիտեն․ հերիք է գնան ում մոտ որ պետքն է, աչք֊ունքով անեն, ու գործները կդասավորվի, ոչ մի տեղ էլ իրենց չեն տանի։

― Էդ ո՞նց են դասավորում։

― Դրանից էլ հեշտ բա՞ն, եթե ծանոթներ ունես ու քեզ պահելու ձևը գիտես։ Ամեն ինչ ընդունված կարգով է արվում։ Հենց բանակային կանոնադրության համաձայն։ Ախր բոլորին էլ հո կռիվ չեն տանում։ Մի քանիսը կան, որոշում են՝ ով գնա, ով չէ։ Դե, սրանք էլ, ի՞նչ պիտի անես, որոշում են, որ հենց դու գնաս։ Քեզ չեն էլ ճանաչում։ Նրանց համար դու ընդամենը մի համարակալած անուն֊ազգանուն ես։ Եթե ընտրության հաշիվ է բացվում՝ քեզ ուղարկեն, թե իրենց ծանոթին, պարզ է, քեզ են ընտրում։ Վատության հարց չկա, պատերազմ է, ասում են, ինքդ ես հասկանում։ Չէ, ձեռքիցդ եկածն արա, որ էդ վաշտն ընկնես։

― Թող ինձ էլ կռիվ տանեն,― ասաց Վիկտորը։

― Չէ մի,― ասի։― Գիժ չես։ Քեզ թափ տուր ու էդ գործին մի քիչ ժամանակ տրամադրիր։ Տղայիդ ծնվելիս՝ պիտի կնոջդ մոտ լինես․ ամեն մարդ էլ որդու աշխարհ գալիս՝ պիտի կնոջ մոտ լինի, իսկ դու՝ հատկապես։

― Հո ինձանից չե՞սնեղանում, որ սերժանտին չեմ ասել՝ ինձ էլ կռիվ տանեն։

― Խելքի արի։ Նեղանալը՝ նեղացած եմ, բայց քեզ վրա՝ չէ։ Այ, մաքուր սրտով ասում եմ․ ձեռքիցդ եկածն արա, որ էդ տղերքի հետ լեզու գտնես։ Ես չեմ կարող։ Ուզեմ էլ՝ չեմ կարող։ Բայց գրողը տանի, եթե մի սիրուն աղջկա հետ ամուսնացած լինեի, ու նա հղի լիներ, գլուխս պատեպատ կտայի, ամեն ինչ կանեի, որ լեզու գտնեմ՝ ինձ կռիվ չտանեն։ Առանց էդ էլ մահու չափ վախենում եմ, չնայած, ոչ կին ունեմ, ոչ էլ հղի լիներ։ Թե ունենայի, սրանից հազար անգամ վատ օրի կլինեի։ Ինչ ասես կանեի, որ հետը մնամ։ Դասալիք էլ կդառնայի։ Էսօր ամբողջ օրը սիրտս նեղացած է։ Ծննդյան օրը միշտ էլ սիրտս նեղանում է։ Երևի կարծես, թե քեզանից էլ եմ նեղացած, բայց չէ։ Դու միգուցե մոռացել ես, որ մենք եղբայրներ ենք։ Ես չեմ մոռացել։ Անընդհատ մտքիս է։ Դրա համար եմ ասում, որ նրանց խելքը մտնես, հետները լեզու գտնես, տեսնենք ինչ է դուրս գալիս։ Դոմինիկն էլ քեզ նույնը կասեր։

― Գիտեմ,― ասաց Վիկտորը։― Նամակներում միշտ գրում է։ Բայց էդ տեսակ գործերում ես բանի պետք չեմ։ Հեչ բանի պետք չեմ, է՛։ Դե հա՛, պիտի չարչարվեմ, որ մի հնար անեմ, բայց գիտեմ՝ հիմար վիճակի մեջ եմ ընկնելու, վերջը էլի քշեն, տանեն։ Ի՞նչ իմանաս։ Միգուցե կռիվը պրծնի, մինչև մեզ օվկիանոսի մյուս կողմն ուղարկեն։ Կամ միգուցե առանց սրա֊նրա օձիքից կպչելու էլ, մեզ չուղարկեն։

― Քո ասածին դու էլ չես հավատում, լավ գիտես։

― Ճիշտ է,― ասաց Վիկտորը։― Բայց դե էլի մխիթարանք է, որ մտածում ես, թե կարող է էդպես էլ պատահել։

― Ոչ էլ կարող է։ Ամեն շաբաթ մեր վաշտից տղերք են ուղարկում։ Չեմ հասկանում մեզ ինչի են էսքան երկար պահում։ Ինն ամիս է՝ էստեղ ենք։ Մի քանիսին երեք ամիսը հազիվ լրացած՝ ուղարկեցին։

― Ա՛հ,― ասաց ՎԻկտորը,― ինչ էլ լինի, նա արդեն հղի է։ Էդ մեկը որ չեն կարող ինձանից խլել։

― Ես շատ ուրախ եմ դրա համար։

― Արի գնանք, հետներս կընթրես։

― Չէ։ Ծննդյանս օրը ես բանի նման չեմ։ Էգուց նոր ինձ կհավաքեմ։ Դու գնա։ Նրան ասա, որ էդ լավ լուրից շատ ուրախացա։

― Ուզում եմ դու էլ գաս։

― Ծննդյանս օրը ես պիտի մենակ լինեմ։ Մտածում եմ, գցեմ֊բռնեմ։

― Լավ։ Առավոտը կհանդիպենք։

Դե, Վիկտորը գնաց իր սիրուն կնոջ մոտ, ես էլ նորից ընկա մտածմունքի մեջ, բայց խելքիս զոռ տալուց ոչ մի բանի էլ չհասա։

Գլուխ երեսունութերորդ

Վեսլին լսում է մի զինվորի մասին, որը սողալուց հրաժարվել է

Մի օր էլ իմացանք, որ մեզ օվկիանոսի մյուս կողմն են տանում։ Քսանմեկ հոգուց բաղկացած մի ջոկատ էին կազմել, մենք էլ կայինք մեջը՝ Վիկտոր Տոսկան, Ջո Ֆոքսհոլը, գրողն ու ես։ Էլի մեզ սրսկեցին՝ նոր պատվաստումներ արին, նոր դասախոսություններ կարդացին, նոր հագուստ֊կապուստ տվին՝ հետն էլ կարաբին։

Դեկտեմբերի սկզբին ուղարկեցին Նյու Ջերսի՝ մարտական հատուկ պատրաստման։ Առավոտվա չորսին քնից վեր կացանք, որ ժամը հինգին կայազորում լինենք, ու մեզ մեքենան լցրած՝ տարան Նյու Ջերսի․ երթային համազգեստ, դաշտային պայուսակ, հակագազ, սաղավարտ, կարաբին․ ամեն բան տեղը տեղին։ Անտանելի ցուրտ էր, ու մեր բռնած գործն աչքիս հիմարություն էր երևում։ Ասես զառանցանքի գիրկն ընկած լինեինք։ Ամեն ինչ լրիվ անիրական էր թվում։ Երեք անգամ էդպես գնացինք Նյու Ջերսի, ու ամեն անգամ հատուկ ուսուցման մի նոր տեսակ էինք անցնում։ Առաջին անգամ, խորդուբորդ տեղանքում, հարյուր յարդ սողացինք փշալարի տակով, գլխներիս վերևն էլ գնդացիրն էր իսկական փամփուշտներով կրակում։ Գնդացրի տկտկոցն ականջիս անհեթեթ էր հնչում։ Մինչ հերթը կհասներ մեզ, որ բերնեբերան լիքը պայուսակը շալակներիս՝ հարյուր յարդ փորսող տանք, սողալը վերջացրած շատ ու շատ տղերքի դեմքերը զննելու ժամանակ ունեի։ Սրանցից ոչ մեկն էլ հրճվանքի մեջ չէր։ Նրանք մեր կայազորի քաջերի պես չէին, որ երկու֊երեք տարի նստել են էնտեղ ու մինչև պատերազմի վերջն էլ էդպես կմնան։ Սրանք տխուր֊տրտում էին երևում։ Էնպիսի տեսք ունեին, կարծես ուզում էին հին ծանոթներից մեկի հետ խոսել, մեկի, որ զինվորական համազգեստով չլինի, կարծես ուզում էին նրան կարևոր բան ասել։ Կյանքումս էդքան տխուր դեմքեր չէի տեսել, ինչքան որ հարյուր յարդ սողեսող անցած էդ տղերքինն էին։ Սրանք ամենքն էլ դանդաղ քայլերով էին հետ գալիս, առանց ծպտուն հանելու։ Մերթընդմերթ նրանցից մեկնումեկը շրջվում էր, նայում գնդացրին, որը սողացողների նոր խմբի գլխին էր կրակ ու կարկուտ թափում։

Հրամանատարի պարտականությունները կատարող սերժանտը բոլորին զգուշացնում էր, որ գլուխները ցած պահեն։

― Հրամայված է ուսուցումը խիստ պայմաններում անցկացնել, ու մենք էդպես էլ անում ենք,― ասում էր նա։― Գլուխներդ ցած պահեք ու սողեսող գնացեք, ոչ վերև նայեք, ոչ էլ չորս կողմը։ Նայելը վտանգավոր է։

Ես սերժանտի հետ խոսքի բռնվեցի, նա թե՝

― Մեր մեջ ասած, հրամանտարությունը շահագրգռված է, որ երբեմն էլ թեթևակի կորուստներ լինեն, որովհետև կորուստները ցույց են տալիս, որ ուսուցումը խիստ պայմաններում է տարվել, իսկ նրանց ուզածը դա է։

Ես հարցրի՝ ոչ մեկին գնդակ չի՞ դիպել։

Նա աչքերը դեսուդեն գցեց, որ տեսնի, թե մեզ ականջ դնող չկա՞, հետո ասաց․

― Ինչ որ էստեղ եմ՝ արդեն երեքին․ մի ամսում՝ երեք հոգու։

Հարցրի՝ ոնց է եղել։

― Խուճապից,― ասաց։― Մեկ֊մեկ տղերքի մեջ մի խելառ է պատահում, վեր է թռչում ու սկսում վազել, բայց հո հեռու չի փախչի։

Ես էլ հարցրի՝ իսկ ինչու չի գնդացրորդը կրակը դադարեցնում, եթե մեկնումեկը ոտքի է թռչում։

― Չի հասցնի,― ասաց սերժանտը։― Բացի դրանից, կրակը դադարեցնելու իրավունք էլ չունի։ Գրողը տանի, մի անբախտ լակոտ կար, քսան հատ փամփուշտ կերավ։ Առաջին գնդակից հետո որ փռվեր գետնին, էլի փրկության մի ճար կանեին, խելքին մոտիկ էր, բայց ցնդած շան որդին ցցվել մնացել էր, աչքերը չռած՝ նայում էր գնդացրին։ Մտածում էի՝ վայ թե չի էլ ընկել։ Երևի գազազել էր․ դե որ տեսնում ես արդեն ամեն ինչ կորած է, էդպես ես լինում։

Հարցրի՝ էդ տղան ոչինչ չէ՞ր ասում։

― Հա, բա չէ՞ր ասում,― վրա բերեց սերժանտը։― Մի գլուխ կրկնում էր․ «Վա՛յ, ես ձեր․․․ վա՛յ, ես ձեր․․․», մինչև որ ընկավ։

Հարցրի՝ ինչ է կարծում, տղան վախեցե՞լ էր։

― Ո՞նց թե։

― Դե,― ասի,― ձեր պատմածից երևում է, որ նա վախեցած չի եղել։ Ուղղակի որոշել է էդ բանը չանել ու վերջ։

― Ախր ինչո՞ւ։

― Սիրտը չի ուզել։

― Սիրտը չի՞ ուզել,― ասաց սերժանտը։― Է՛, պիտի ուզեր։

― Պարտադիր չի,― ասի։― Էդ տղայի սիրտն էլ չի ուզել։

Էստեղ սերժանտը անհանգստացած նայեց ինձ։

― Ով որ իրեն էդպես է պահում, ուրիշներին էլ է կրակը գցում,― ասաց,― բոլորի մեջ ահ ու սարսափ է տարածում․ բարոյական վիճակի համար դրանից վատ բան չկա։ Հենց կսկսես սողալ, գլուխդ ցած պահիր, մտքովդ էլ հիմարություններ չանցկացնես։

― Անհոգ եղեք,― ասի։― Ես կսողամ։ Գլուխս էլ ցած կպահեմ։ Բայց իմ կարծիքով, էդ տղան որոշել է, որ դա իր սրտով չի։

― Ախր ինչո՞ւ,― նորից հարցրեց սերժանտը։

― Որովհետև ուրիշ բանակից է եղել։

― Ո՞նց թե։

― Նա իր սեփական բանակից է եղել։ Ու համարել է, որ էս բանակն իր թշնամին է։

― Հա՜, մեր բանակում խելառների պակասություն չունենք,― ասաց սերժանտը։

Գլուխ երեսունիններորդ

Վեսլին սողեսող հարյուր յարդ է անցնում

Վերջը սողալու մեր հերթն էլ հասավ, ես ու Վիկտորը սկսեցինք փշալարի տակ, հետևներիցս էլ Ջո Ֆոքսհոլն ու գրողն էին գալիս։ Հենց գնդացիրը գլխներիս վերը տկտաց, էս գրողս բերանը բացեց։ Ամբողջ սողալու ընթացքում սուս չարեց, բայց լեզուս չի պտտվում նրա խոսքերը կրկնեմ, ախր էնքան անամոթ բաներ էր ասում։ Հետո ե՛ս սկսեցի Վիկտորի հետ խոսել, մեկ֊մեկ էլ գլուխս շրջում էի, գրողին մի երկու բառ բղավում, իսկ շատ չանցած՝ խոսակցությանը Ջո Ֆոքսհոլն էլ խառնվեց։ Հետո արդեն ամբողջ ջոկատը՝ քսանմեկ հոգիս էլ, գոռում֊գոչում էինք, խնդում, ծիծաղում մեր արածի վրա, նույնիսկ ջոկատի հրամանատար լեյտենանտն էլ, որ բոլորի պոչից էր սողում։ Հետներս այ թե ինչ էր կատարվել․ մեր սեփական բանակը ամենքիս աչքին էլ թշնամական էր դարձել։ Տարօրինակ զգացում էր, բայց մեկ է, դրա մեջ շատ ճշմարտություն կար։ Քսան յարդ սողեսող անցնելուց հետո, ինչ ասեմ, լրիվ շնչակտուր եղա, ուղղակի շունչս էլ չէր հերիքում, այնինչ դեռ էնքա՜ն պիտի սողայինք։ Դադար տվի, որ շունչ հավաքեմ, Վիկտորն էլ դադար տվեց, դե, պարզ է, հետևներիցս եկող Ջո Ֆոքսհոլն ու գրողն էլ ստիպված կանգ առան։ Դու մի ասա՝ սա իկսը տեղին էր, որովհետև բոլորի շունչն էլ կտրվում էր։ Մեզանից առաջզույգ տղերք էին սողում, մենք որ դադար տվինք, սրանք կանգ չառան, բայց տասը յարդ սողալուց հետո նրանք էլ դադար տվին, դե, ստիպված մենք էլ կանգ առանք։ Գլուխներս ցածր էինք պահում, համարյա գետնին կպած։ Մեզանից առաջ էնքան մարդ էր սողացել, որ հողը փափել էր ու փխրել, բոլ֊բոլ փոշի կուլ տվեինք։ Մերթընդմերթ գլուխս մի քիչ բարձրացնում էի, որ տեսնեմ ինչքան է մնում սողալու, հետո աչքս գցում էի Վիկտորին, նա էլ անվերջ նույն հայհոյանքն էր կրկնում, նայում էի գրողին ու Ջո Ֆոքսհոլին, բայց սերժանտը վրաս գոռում էր․

― Գլուխդ ցած պահիր, էլի՛, անտեր եղածը․․․ էդպես բոլորին կրակը կգցես․․․ Ցած պահիր, ցա՛ծ։

Ես էլ նորից գլուխս կախում էի ու քթիս տակ սերժանտին ասում․

― Ապրես, ապրես, սերժանտ, դե գնա՛, քո էն֊էն֊էն․․․ Գնա քո հո՛գսը քաշի, քոսոտ։

Անընդհատ սողում էինք ու սողում, գրողն էլ անընդհատ հայհոյում էր ու հայհոյում, ծաղրուծանակ անում մեզ, բանակը, կառավարությանը, պատերազմը, արար աշխարհը, մշակույթը, կրոնը, արվեստն ու գիտությունը, քաղաքականությունը, ազգություններն ու ցեղերը, հայրենասիրությունն ու պրոպագանդան, կայսրություններն ու հանրապետությունները, քաղաքական հավասարակշռությունը, լրտեսներին ու գաղտնի հետախուզությանը, ոստիկանությանը, բանտերն ու դատարանները, դատավորներին ու փաստաբաններին, բանկերը, ապահովագրումն ու տոկոսային դրքույքները, արտաքին առևտուրն ու դեսպանությունները, ընտրությունները, մամուլն ու ռադիոն, «Թայմ» հանդեսը (որն ատելով ատում էր), ճարտարապետությունը, պատմությունը, աշխարհագրությունն ու մաթեմատիկան, դպրոցական ձրի ուսուցումը, ռեկլամը, կինոն ու մնացած ամեն բան աշխարհի երեսին։

Ջո Ֆոքսհոլը որոշեց խոսքի տակ չմնալ ու սկսեց հակաճառել գրողին, թե աշխարհի երեսին ամեն բան էլ լավ է, ասում էր՝ չարժի էդպես համբերությունից դուրս գալ ինչ է՝ ստիպված ես փորսող տալ, թեև մարմինդ էդ դիրքով շարժվելու համար չի ստեղծված, ասում էր՝ չարժի դրա պատճառով ամեն բան ոտնահարել, պետք է հավատ ունենալ, աղաչում եմ, համբերեք, սա հանուն գեղեցիկի է, հանուն ճշմարտության, մի հուսահատվեք, սողացեք, սողացեք, սողացեք․․․ հետո էլ Ջոն կոկորդով մեկ բղավեց․

«Ո՜վ երկրի որդ, սողա՜»։

Դե, իսկ Վիկտոր Տոսկան արդեն զզվել էր, ծափուծիծաղի տրամադրություն չուներ, ու ամեն անգամ նրան անյելիս, գրողը տանի, սիրտս մղկտում էր․ ախր տեսնում էի՝ ոնց է էս բոլորից զզվել, ոչ թե սողալուց, ոչ թե էդ անմիտ խաղից, այլ ԷՍ ԲՈԼՈՐԻՑ։ Նա ուղղակի զզվել էր, ու ես հիշեցի էն իրիկունը, որ երկուսով գնացել էինք բար, երբ նա նոր էր Ռոչեսթրից վերադարձել Նյու Յորք ու ինձ ստիպում էր խոստանալ, թե մարդկանց պիտի սիրո մասին պատմեմ․ երևում էր նա էլ գլխի ընկավ, որ էդ իրիկունը միտքս է եկել, որովհետև հենց ճամփի կեսից մի քիչ շատ անցանք, ասաց․

― Խոստումդ չմոռանաս․․․ կինս հղի է, գոնե էդ մեկն ինձնանից չեն կարող խլել․․․ բայց դու չմոռանաս, ազնիվ խոսք ես տվել։

Ու գրողն ինձ տանի, ես հավատացի նրան․ համարձակվեցի հավատալ մի բանի, ինչին երբեք էլ չպիտի հավատայի, այսինքն՝ որ նա իրավացի է, չի սխալվում, որ դա ճիշտ է։ Կատաղությունս եկավ ինձ վրա, նրան ասի՝ ձայնդ կտրիր, բայց քիչ հետո ավելացրի․

― Ախր մեկ էլ տեսար՝ մարդ իրեն թափ տվեց ու էնպիսի մի գործ հաջողացրեց, որ ընդհանրապես չէր կարող լինել, ինչ է, չգիտե՞ս։ Դու իրավունք չունես քեզ ներշնչելու, թե փրկության ոչ մի հույս չկա։

Է՛հ, ասի ու մնացի ամոթով, որովհետև նա ծիծաղելով վրա բերեց․

― Ի՜, հանաք եմ անում, Ջեքսոն, ասում֊խոսում ենք, էլի։

Բայց ես գիտեի, որ հանաք չի անում։ Չնայած որոշեցի ձևացնել, թե հավատում եմ, որ իրոք հանաք է անում, ու մենք էլի շրջվեցինք, գրողին ու Ջո Ֆոքսհոլին ինչ֊որ խոսքեր բղավեցինք, ծիծաղում էինք, բայց շունչներս հո չէ՜ր կտրվում, բոլորս շնչասպառ էինք եղել, ոչ մեկիս վրա էլ հալ չէր մնացել։ Հետո արդեն ես ու Վիկտորը փշալարի մյուս կողմն էինք․ ճամփան ծայրից ծայր անցել էինք ու վերջապես նորից ոտքի վրա էինք։ Կանգնել, բերաններս ու թոքներս լցված փոշի էինք թքում։

Հետո գետի վրա կախված նեղլիկ կամրջով պիտի անցնեինք, դե, էդ մեկն էլ արինք, դա արդեն էնքան էլ դժվար չէր։

Հաջորդ անգամ, որ գնացինք Նյու Ջերսի, կարաբինով կրակում էինք շարժվող թիրախների վրա, իսկ երրորդ անգամ գնալիս լրիվ անտեղի էր, պարապ֊սարապ թրև եկանք, որովհետև սխալմամբ էին մեզ տարել էնտեղ։

Գլուխ քառասուներորդ

Վեսլին Ծննդյան տոները նշում է ժամանակակից կնոջ հետ

Երբ ծննդյան տոնը նորից վրա հասավ, մենք կազմ ու պատրաստ էինք մեկնելու համար, բայց բախտներս բերեց․ տոներին էլ Նյու Յորքում մնացինք։ Մի ամբողջ շաբաթ բարում հանդիպածս կնոջ հետ անցկացրի, որովհետև ուրիշ ոչ ոքի էդքան չգիտեի ու Օհայոյից հետ եկա թե չէ, երկու շաբաթ անց սկսեցի մեկ֊մեկ նրա մոտ գնալ։ Դրանից առաջ էլ Օհայոյում հանդիպածս կնոջ հետ մի քիչ ժամանակ անցկացրի, նրան տարա Հաոլեմ[23]՝ «Սավո»֊ում պարելու, բայց մենք ուղղակի նայում էինք, թե ոնց են ուրիշները պարում, իսկ հետո նա գնաց տուն՝ Սան Ֆրանցիսկո։ Մի իրիկուն Բրամսի երաժշտությունը հիշեցի ու չնայած շատ ուշ էր, զանգեցի նյույորքցի ընկերուհուս, հարցրի, թե չե՞մ կարող նորից երաժշտություն լսել, նա էլ թե՝ կարող ես։ Ծննդյան օրերը հետը անցկացրի, թեպետ նա գիտեր անընդհատ աղջիկ եմ փնտրում, որ ամուսնանամ։ Ասում էր՝ նույնիսկ ուզում է հարսնացու գտնեմ, որովհետև եթե գտնեմ, ինքն էլ շատ ուրախ կլինի, դե, հասկանում է, թե դա ինձ համար ինչ մեծ նշանակություն ունի, հետո մենք լկստվում էինք, սիլի֊բիլի անում, ու ես զգում էի, որ նա էլ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Երկուսս էլ սա գիտեինք ու սրտներիս ուզածի չափ զվարճանում, ծիծաղում էինք, ուտում֊խմում, ինչքան չլիներ, իրար հավանում էինք։

Մեկ֊մեկ նա լրջանում էր ու ինձ հարցնում, թե ինչ եմ մտածում, բայց ես ընդհատում էի նրան, նորից սկսում էինք գժություններ անել, հենց դա էլ պիտի նրան բացատրեր, թե ինչի մասին եմ մտածում, ու նա երևի էդպես էլ հասկանում էր։ Ձայնապնակներից որը լսում էինք՝ հիացած էինք մնում, բայց ես ամենից շատ Բրամսի կոնցերտն էի սիրում, մի բան էլ Գրիգից կար, անունը՝ «Քնարական սյուիտ», հենց անտրամադիր էի լինում, սա էր ինձ դուր գալիս, հետո Բեթհովենի գործերից մեկն էր սրտովս․ նա ասում էր՝ վերնագիրը «Ապասիոնատ» է։ Երաժշտությունն ականջումս է, բայց վերնագիրը միգուցե շփոթում եմ։ Մոցարտի հաճելի գործերից էլ շատ կային, հետո՝ Հայդն, Հենդել, Բախ ու իհարկե, Չայկովսկին էր դուրներս գալիս իր շառաչուն ու սրտակեղեք մոլեգնությամբ։ Չնայած Չայկովսկու երաժշտությունից ես միշտ առույգանում եմ, ինչքան էլ որ դա սրտակեղեք լինի։

Տոների առիթվ ընկերուհիս կրոնական հին օրհներգերի ձայնապնակներ էր ճարել, բայց ես ամենաշատը դրանցից մեկն էի հավանում, որի մեջ էսպիսի ծոսեր կային․ «Օ՜, ծունկի իջիր և հրեշտակների երգին ականջ դիր»։ Հնարավոր է՝ բառերը խառնում եմ, բայց սա իմ սիրած Ծննդյան երգն է։ Հին ձայնապնակներ որոնելու մեջ մասնագիտացած մի երաժշտական խանութում ընկերուհիս պատվեր էր տվել, որ ինձ համար «Վալենսիան» գտնեն, ու մի իրիկուն, հենց գնացի մոտը, ասաց՝ քեզ համար անակնկալ ունեմ, և ձայնապնակը դրեց։ Այ, իրոք որ սիրեցի նրան։ Կանայք էլ են կարգին բան հասկանում, ու թեև էս կինը գիտեր՝ իրեն էնպես չեմ սիրում, ոնց որ հարսնացուիս կսիրեի, բայց ուրախ էր, որ կարող եմ նրան էդքան շատ սիրել, որովհետև իրեն էլ էի համարյա էդքան շատ սիրում։

Էս Ծննդյան տոնը նախորդից լավ էր, ընկերուհուս հետ ժամանակ անցկացնելուց բացի, Վիկտորին, նրա կնոջը, մորն ու զոքանչին էլ էի շուտ֊շուտ հանդիպում։ Ծնունդի առթիվ բոլորին փոքրիկ նվերներ տվեցի, նրանք էլ ինձ փոքրիկ նվերներ տվեցին։ Տոներին արդեն երևում էր, որ Վիկտորի կինը երեխա է ունենալու։ Դա տեղով հրաշք էր, ախր ինքն էլ էր տեսքից դեռ լրիվ երեխա։ Վիկտորը Տոսկայի կնոջ հղիությունը էդ Ծննդյան տոնի ամենահրաշալի բաներից մեկն էր։ Վիկտորը երջանկիկ էր ընտանիքի գրկում, ու բոլորն ուրախ էին, որ ես ու նա միասին ենք լինելու։ Բոլորը խոսում էին գալիք բախտավոր օրերից, երբ պատերազմից հետո տուն կվերադառնանք՝ Սան Ֆրանցիսկո, ու ես էլ կին կունենամ, միգուցե և որդի։

Գլուխ քառասունմեկերորդ

Միսիս Տոսկան պատմում է, թե ինչ նամակ է գրելու պրեզիդենտին

Մի երեկո Վիկտորի մոր հետ մի ժամի չափ մենակ մնացի, որովհետև տասի մոտերքն էի հանդիպե, իսկ Վիկտորը կնոջն ու զոքանչին տարել էր Ռադիո սիթի[24]։ Միսիս Տոսկան ուզում էր նստեմ, հետը զրուցեմ, ես էլ, իհարկե, խոսքը չկոտրեցի։ Դե, կասկածում էի, որ վաղ թե ուշ բանը սրան կհասնի, բայց էլի զարմացած էի։ Խեղճ կինը արցունքն աչքերին իր կյանքի պատմությունն էր անում՝ սկսած Նեապոլում անցած մանկությունից։ Պատմեց, թե ինչեր է քաշել, մինչև Ամերիկա է հասել, հետո Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո տեղափոխվել, պատահել Վիկտորի հորը, սիրահարվել նրան ու հետն ամուսնացել, թե ինչ լավ մարդ է եղել նա, ինչքան են իրար հետ երջանկություն տեսել ու ինչքան շատ երեխաներ ունեցել՝ ուղիղ տասնմեկը, փառք աստծու, ասաց նա, ու վերջինը Վիկտորն է։

Իրենք չեն հավատացել, թե էլի երեխա կունենան, որովհետև ինը տարի չեն ունեցել ու երբ իմացել են, որ մեկն էլ է ծնվելու, մարդ ու կին երջանկությունից իրենց կորցրել են։ Վիկտորի մայրն ասում էր, որ նրանով հղի ժամանակ շատ է հպարտացել։ Ասում էր՝ իր ունեցած երեխաներից ամենահրաշալին է եղել։ Ասում էր՝ ինքը զգացել է, որ նա իր կրծքի տակ անընդհատ քաղցր երազներ է տեսնում, որովհետև էդ ամիսներին ինքն էլ է իր կյանքի ամենաքաղցր երազները տեսել․ մանկության երազներից էլ քաղցր են եղել։ Զավակներից շատերը, ասում էր նա, իր կրծքի տակ իրենց անկարգ են պահել, Դոմինիկը որ իկսը խուժան է եղել, անընդհատ թռվռացել է, օյիններ հանել ու չարություն արել, բայց Վիկտորը՝ ոնց որ աշխարհ գալիք սուրբ։ Հանգիստ քնել է, արթնանալիս էլ էնքան զգույշ շարժվել, որ հանկարծ մորը նեղություն չտա։ Էնպես է շարժվել, ասում էր նա, կարծես քնքուշ շուրթեր են համբուրում իրեն, ու ինքն էլ է մտքում անվերջ համբուրել նրան, աչքը չի կտրել մանուկ Հիսուսին գրկած սուրբ աստվածածնի ու մյուս լուսերես սրբերի կաթոլիկական պատկերներից։ Երբ վրա է հասել Վիկտորի ծնվելու ժամանակը, ոլորը մտածել են, թե տարիքի պատճառով իր համար շատ դժվար լինի․ դե, քառասունյոթ տարին հո հանաք բան չի, ասաց նա, բայց մարդիկ սխալվեցին։

Վիկտորն էնքան հանգիստ ու զգույշ է աշխարհ եկել, պատմում էր նա, էնքան աննման է եղել, հենց սկզբից էլ՝ սիրտը սիրով լի։

Նա մի պահ լռեց, իսկ հետո ասաց․

― Ու էդ տեսակ տղային պիտի սպանե՞ն, ողորմած աստված։

― Ամեն ինչ լավ կլինի, միսիս Տոսկա։

― Աստծուն աղաչանք֊պաղատանք եմ անում,― շարունակեց նա։― Ասում եմ՝ պահի ու պահպանի որդուս, ողորմած աստված, մի թող նրա պես տղային սպանեն։

Միսիս Տոսկան սկսեց կամացուկ լաց լինել։

― Ախր իմ որդին է, գիտեմ ինչ տղա է․․․ Նրա խոսելուց, աչքներից երևում է։ Էդ տեսակ տղան՝ թշնամու դեմ֊դիմաց․․․ չէ, փրկություն չունի։ Ախր նա ծնվել է սիրելու համար, ոչ թե մարդ սպանելու։ Գուրգուրանքի համար է ստեղծված։ Ու նրա պես տղային պիտի սպանե՞ն։ Թող իմ տղան կռիվ չգնա․․․ թե գնաց, գիտեմ՝ էլ չեմ տեսնի նրան։ Թող Վիկտորիս չտանեն։

Ես միսիս Տոսկային բացատրեցի, որ կռիվ չգնալու միակ միջոցը հիվանդանալն է կամ դասալիք դառնալը։

― Դասալիքը ո՞րն է,― մղկտաց նա։― Էդ ո՞նց է լինում։

― Թողնում ես փախչում։

― Բա որ բռնեն, ի՞նչ կանեն։

― Կսպանեն։

― Ես պրեզիդենտին նամակ կգրեմ,― վրա բերեց նա։― Պարոն պրեզիդենտ, կասեմ, մի սպանեք Վիկտորի պես տղային։ Ձեր հարազատ որդուն սպանեք, թե շատ եք ուզում պատերազմում հաղթել․․․ իմ որդի Դոմինիկին սպանեք, նա ումի՞ց է պակաս, էլի որդիս է, ու ես սիրում եմ Դոմինիկիս․․․ բայց Վիկտորի պես տղային մի սպանեք, պարոն պրեզիդենտ։ Դուք մեծ մարդ եք, պարոն պրեզիդենտ, էս կարգի բաները հասկանալիս կլինեք․ սա քաղաքականություն չի, մայր է, որ Վիկտորին իր կրծքի տակ կյանք է տվել․․․ էդ սարսափելի չարիքն իմ գլխին մի բերեք։ Աստված էդ տեսակ մեղքը չի ների։ Այ, էսպիսի նամակ կգրեմ պրեզիդենտին,― մղկտում էր նա։

― Խնդրում եմ, էնպես արեք, որ ձեր ապրումների մասին Վիկտորը չիմանա, միսիս Տոսկա։

― Գիտի,― ասաց միսիս Տոսկան։― Ինչ որ ես գիտեմ՝ նա էլ գիտի․ մենք հասկանում ենք իրար։ Նրա հարսնացուին ո՞վ բերեց Նյու Յորք, որ նրան սիրտ տա։ Մայրը։ Հեռվից հեռու ո՞վ նրա ձայնից հասկացավ, թե ասածն ինչ է։ Մայրը։ Վիկտորը գիտի։ Ես գիտեմ։ Հիմի ի՞նչ անենք։

Է՛հ, գրողը տանի, ես չգիտեի ինչ ասեմ։ Բայց գիտեի, որ նա իրավացի է։ Չնայած ի՞նչ օգուտ։ Ոչինչ էլ չես կարող անել։ Ի՞նչ պիտի անես։ Հենց ժամանակն եկավ, ունեցած֊չունեցածդ հավաքելու ես, ուսապարկդ շալակես ու ճամփա ընկնես։

Դա հունվարին պատահեց։ Վիկտորի համար դժվար էր կնոջը, մորն ու զոքանչին մնաս բարով ասել, բայց նրանց բանն ավելի դժվար էր։ Իսկ ինձ համար էնքան էլ դժվար չեղավ ընկերուհուս մնաս բարով ասել։ Դե իհարկե, նա մի քիչ արտասուք թափեց, բայց դա ի՞նչ արտասուք էր որ։ Բա Վիկտորի մոր թափած արտասուքն ու սա մե՞կ էին։

Գլուխ քառասուներկուերորդ

Վեսլին Նյու Յորքի կայազորից մեկնում է նավահանգստի ուղեկայան ու հրաժարվում պետական ապահովագրության միջոցով պաշտպանվել պատերազմից

Մի առավոտ ծեգը ծեգին բոլորիս հավաքեցին, որ տանեն նավահանգստի ուղեկայան, իսկ դա հաստատ նշանակում էր՝ մնաս բարով, Ամերիկա։ Առավոտվա հինգից մինչև համարյա տասնմեկը ոտքի վրա ցցված՝ գնալուն էինք սպասում։ Կայազորում մնացող բախտավոր տղերքը, որ ոչ մի տեղ չէին գնալու, ծառայության ներկայացան, ուրախ֊զվարթ, ոգևորված՝ բարի ճամփա էին մեզ մաղթում, բայց էդ բանը ինձ դուր չեկավ։

Նրանց վատը չէի ուզում, չէ։ Ոչ կուզեի մեկնումեկը մրսեր, հիվանդանար, ոչ լինոլեումի վրա սոթ տար, մեկնվեր, ոչ մեքենան նստած գնար ծառին դիպչեր, ոչ նկարի համար պատին մեխ խփելիս՝ մուրճով մատներին թրխկացներ, ոչ էլ ռադիոն բզբզելիս՝ էլեկտրահոսանքի հարված ստանար։ Բոլորն էլ թող երջանիկ լինեն, սրտների ուզածն ունենան, կամքներն ինչ տա՝ անեն, ոնց իրենց հարմար ու ձեռնտու է՝ էդպես էլ պատերազմին վերաբերվեն․ մենակ չէի ուզում, որ ինձ մնաս բարով ասեն, չէի ուզում Վիկտոր Տոսկայի, Ջո Ֆոքսհոլի ու գրողի հետ խոսեն։ Թե դեմոկրատիա է, ուրեմն բոլորն էլ հավասար են։ Թե պատերազմ է, զորահավաք, ուրեմն բոլորն էլ պիտի զորակոչվեն։ Այ, գրողը ձեզ օրինակ։ Ոնց որ ուրիշներն էին, էնպես էլ ինքը․ հազար ու մի անպետք բանով բեռնված, գոտի֊մոտին, հագուկապը տեղը, ուսապարկն էլ շալակին․ ամեն ինչ իսկ և իսկ կանոնադրության համաձայն։ Թե դեմոկրատիա է, ուրեմն էսպես է․ մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի, ու առաջին օրենքը արդարությունն է։ Եթե ժամական է, որ մարդկանց օվկիանոսի մյուս կողմն ուղարկեն, թե դեմոկրատիա է, բոլորին էլ պիտի ուղարկեն։ Ինչն արդար է՝ արդար է, էստեղ ոչ մի և չկա։ Ոչ մի խարդախություն։ Ոչ մի խաբեություն։ Ոչ մի խնամակալություն։ Ոչ մի զիջողություն։ Ամեն ինչ պիտի ճիշտ ու շիտակ լինի։ Ամեն մեկը պիտի անկեղծ, պատրաստակամ ու ազնիվ լինի․ պիտի ձգտի ծանրության իր բաժինն ուսերին առնել ու պատվով տանել։ Իսկ էս բախտավոր տղերքն եկել էին բարի ճամփա մաղթելու։ Սիրտս խառնում էր։ Միգուցե ես նրանց պես զգայուն չեմ։ Եթե գնացողը նրանք լինեին, իսկ ես երկու֊երեք տարի էստեղ նստեի ու ոչ մի տեղ էլ գնալու չլինեի, դժվար թե գայի, էդպես ոտքի տակ ընկնեի ինչ է՝ բարի ճամփա եմ ասում։ Ամոթից գետինը կմտնեի։ Ինձ համար կքաշվեի, սեղանիս մոտ կնստեի ու մի նոր, երկմասանոց սցենար կգրեի, թե ոնց է պետք կռիվ գնալ ու տղամարդու պես մեռնել, հետո մեքենա նստած՝ ամբողջ թափով կսլանայի տուն ու երեկոյան թերթերում կկարդայի թե պատերազմում ինչ առաջխաղացում կա։ Երևի նրանց անխելքի տեղ դնեի ու պրծավ գնաց։

Վերջապես մեզ լցրին բեռնատարները, բայց մինչև կշարժվեինք, էդ բախտավորները շրջապատեցին մեզ, ուրախ֊ուրախ սրամտում էին ու խորհուրդներ տալիս։

― Մի֊մի գերմանացի էլ մեր տեղն սպանեք,― ասում էին նրանք։

Շատ չանցած, հասանք նավահանգստի ուղեկայան, ու մեզ տարան էնտեղի զորանոցները։ Մահճակալներս կարգի բերեցինք։ Հերթ կանգնեցինք, որ քիմիական մշակման ենթարկված հագուստ ստանանք, գազային հարձակում լինելիս՝ վրաներս քաշենք։ Էլի մի քանի դասապոսություն լսեցինք։ Էլի մի քանի թերթիկներ լրացրինք։ Հայտնեցինք, թե մեր սպանվելու դեպքում ում տեղեկացնեն ու փողներս ում ուղարկեն։

Օրվա երկրորդ կեսին ինչ֊որ կապիտան հեևիցս մարդ էր ճամփել, գնացի, առաջարկեց նստել։ Շատ սիրալիր էր։ Արդեն որ օվկիանոսի մյուս կողմն էի գնում, նա որոշեց ցույց տալ, թե իբր սպայի ու ինձ պես շարքային հարաբերությունները ոչ մի բանով չեն տարբերվում սովորական կյանքում մարդկանց ունեցած հարաբերություններից։

Վերցրեց հենց նոր լրացրածս թերթիկներից մեկը։

― Ես նկատեցի,― ասաց,― որ չնայած մի տարուց ավել է, ինչ բանակում ես ու հիմա էլ օվկիանոսի մյուս կողմն ես մեկնում, բայց չես ապահովագրվել։ Ինչո՞ւ։

― Չեմ ուզում։

― Ինչո՞ւ չես ուզում։

― Դրան չեմ հավատում։

― Բայց բոլորն էլ կարծես հավատում են։

― Իսկ ես՝ չէ։ Աստծուն եմ հավատում։ Եվ հետո, ինձ թվացել է՝ դա պարտադիր չի։

― Իհարկե,― ասաց կապիտանը։― Ուղղակի մտքովս անցավ, որ հարկավոր է հետդ խոսել՝ հենց քո օգտի համար։ Մի բան պատահելու դեպքում․․․ դե, ո՞վ իմանա․․․ Չե՞ս կարծում, որ այդ փողը կարող էր հորդ պետք գալ։

― Նա չի վերցնի։

― Ինչո՞ւ։

― Իմ կարծիքով, հայրս հաճույքով կառավարությանը տասը հազար դոլար կվճարեր, որ ինձ չսպանեն։

― Դե,― ասաց կապիտանը,― մենք պարտավոր ենք հաշվի առնել բազմաթիվ բանակայինների ցանկությունները։ Նրանց հսկայական մեծամասնությունը հարկ են համարում ապահովագրվել։ Ոչ ոք նրանց չի ստիպում, նկատի ունեցիր, բայց․․․

― Ապահովագրության այդ թերթիկը արդեն յոթ անգամ լրացրել եմ, ինչ բանակում եմ։ Եթե ապահովագրվելը պարտադիր չի, էլ ինչո՞ւ ամեն անգամ, երբ թերթիկը լրացնում եմ ու շատ պարզ նշում, որ ապահովագրության կարիք չեմ զգում, մեկնումեկը ձեզ նման ինձ կանչել է տալիս ու հարցնում, թե ինչու չեմ ուզում ապահովագրվե։ Ուղղակի չեմ ուզում։ Ուղղակի չեմ ուզում սպանվել, ուրիշ ոչ մի բան։ Հուսով եմ դեմ չեք, որ չեմ ուզում։

― Ամեն մի բանակային ապահովագրության հարցում ազատ է իր ուզածով վարվել,― ասաց կապիտանը։

Ես հետ եկա զորանոց, բայց էնքան փրփրած էի պատերազմի, բանակի, խեղճացած կապիտանի, ապահովագրության էդ ամբողջ անմիտ քաշքշուկի վրա, որ հենց տեսա զուգարանում զառ են խաղում, ինչքան փող ունեի, հանեցի՝ ուղիղ քսանյոթ դոլար, ու զառ գցելու հերթն ինձ հասավ թե չէ, ունեցած, չունեցածս խաղչեք դրի, տղերքին էլ ասի՝ մենակ մի անգամ եմ խաղում, ինչ լինում է՝ լինի։ Նրանց համար մեկ էր, դե, ես էլ զառերը թափ տվի ու շպրտեցի պատին, հենց որ կանգնեցին, տասը դուրս եկավ, իսկ դա տարվելու հաշիվ է։ Էլի գցեցի, երեքնոց դուրս եկավ, հետո՝ վեցնոց, հետո՝ նորից վեցնոց, հետո՝ ութնոց, հետո՝ չորսնոց, հետո՝ իննոց, հետո՝ տասնմեկ, հետո էլ՝ տասը․ եղած֊չեղած փողը հավաքեցի ու վրա բերի․

― Թող իրենց քոսոտ ապահովագրությունը ասե՞մ ինչ անեն, դե գիտեք, էլի․․․

Գլուխ քառասուներեքերորդ

Վիկտոր Տոսկան ու Վեսլին տանը գիշերելու թույլտվությամբ արձակվում են նավահանգստի ուղեկայանից ու ընկնում մի երջանիկ գժանոց

Պարզվեց, որ մենք ավելի բախտավոր ենք, քան սպասում էինք, որովհետև երկրորդ օրվա կեսօրից հետո զորանցի սերժանտը հայտարարեց, թե մեր ջոկատի կեսը կարող է էդ իրիկուն՝ ժամը վեցից, արձակման թղթերով Նյու Յորք գնալ, մյուս կեսն էլ՝ հաջորդ իրիկուն։ Էդպես շարունակվելու էր մինչև հատուկ կարգադրություն։ Մենք իրավունք ունեինք մինչև առավոտվա վեցի վերկացը բացակայել, բայց եթե վերկացին չներկայանայինք, բաններս բուրդ կլիներ, որովհետև ուղեկայանից ինքնագլուխ բացակայելը փաստորեն համարվում էր դասալքություն։

Հենց էդ իրիկուն ես ու Վիկտորը արձակման թղթեր ստացանք ու մետրոյով հասանք մինչև Մանհեթեն, բայց երբ 57֊րդ փողոցի ու 7֊րդ պողոտայի անկյունում դուրս եկանք, Վիկտորը թե՝

― Սպասիր մի րոպե․․․ գրող տանի, ախր խելքս որտե՞ղ է, էս ի՞նչ եմ անում։ Ես չեմ կարող տուն գնալ․ կինս կմեռնի, որ նորից մնաս բարով ասեմ։

Տաքսի վերցրինք ու քշել տվինք քաղաքի մյուս ծայրը։ Մի բարում սեղան նստեցինք ու խմելուն անցանք, մեկ էլ Վիկտորը թե՝

― Չէ․․․ պիտի տեսնեմ նրան։ Արդեն յոթերորդ ամսում է։ Ո՜ւր էր մի երեք ամիս էլ էստեղ մնայի․․․ Կինն ուզում է, որ էդ ժամանակ ամուսինը կողքին լինել։ Պիտի նորից տեսնեմ նրան։ Հետո կգա՞ս, գնանք։

Տաքսի բռնեցինք, հասանք հյուրանոց․ ինչքան աշխատող կար հյուրանոցում, մեզ տեսնելուն պես՝ մնաց զարմացած, որովհետև հրաժեշտ տալիս՝ կարծել էին, թե մինչև պատերազմի վերջը կամ ընդհանրապես մեզ էլ չեն տեսնի։

Մեջներս մեկը կար, անունը՝ Կարլո, ինձ մի կողմ տարավ, ասում է․

― Վերևինները շատ վատ օրի են, բոլորը՝ հիվանդ պառկած։

Վիկտորը մոր սենյակի բանալին վերցրեց, որ հարազատներին հանկարածակիի բերի։ Բարձրացանք վերև, դուռը բաց արեց, մտանք ներս։

Է՛հ, երբեք չեմ մոռանա, թե ինչ կատարվեց։ Երեքն էլ պառկած էին։ Վիկտորի կինն ու մայրը մի մահճակալին էին, իսկ զոքանչը՝ մյուս, ու բոլորն էլ հիվանդ, բայց հենց Վիկտորին տեսան, երեքն էլ խելքները թռցրին, ուղղակի լրիվ գժվեցին։ Վեր թռան տեղներից, թափվեցին նրա վրա, հիմա ծիծաղում են ու լաց լինում, նրան սեղմում կրծքին ու համբուրում, համբուրում, համբուրում, լաց լինում ու ծիծաղում, խոսում են, համբուրում, Վիկտորն էլ անընդհատ ասում է՝ պիտի հաց ուտեն, չի կարեի էդպես սոված֊ծարավ մնալ, տե՜ր աստված, ախր սովամահ են լինում։ Նա զանգեց ռեստորան ու պատվիրեց, որ վեց հատ ճուտ պպատրաստեն, հա՛, հենց վեց հատ, բղավում էր նա, խաշեք, մսաջրի մեջ մի քիչ բրինձ գցեք, վրան էլ նեխուր կտրտեք ու հինգ խոր ափսեի հետ ամեն ինչ բերեք վերև։ Մինչև Վիկտորը հեռախոսով պատվեր էր տալիս, կինը կպել էր նրան ու պոկ չէր գալիս,― մաքուր խենթացել էր, բոլորն էլ խենթացել էին,― խեղճ աղջիկը մի գլուխ բլբլում էր իտալերեն ու անընդհատ համբուրում նրան, Վիկտորի մայրն էլ անընդհատ աչքերը վերև էր գցում, ասում՝ փա՛ռք քեզ, աստված ու ծիծաղում, որ նորից որդու երեսը տեսավ։ Վիկտորի պատվերը տալուց մի քանի րոպե անց հեռախոսը զանգեց, բոլորս մտածեցինք, թե կա֊չկա մեզ հետ են կանչում կամ դրա պես մի բան, բայց ռեստորանի խոհանոցից էին զանգում։ Վեց հատ ճուտ չունեին։ Ընդամենը հինգն էին։

― Դե լավ,― ասաց Վիկտորը,― վեց չունեք, հի՛նգը եփեք։

Կանայք հագնվեցին, Վիկտորի կինն էլ իր վրա ծիծաղում էր, որ էդպես գույնը գցել է, և հրճվանքն ու իրարանցումը դեռ էնքան երկար տևեցին՝ ինձ ու ինձ ասի․ «Երևի էս մարդիկ կարծում են, թե պատերազմը վերջացել է»։

Փորձեցի գնալ, որովհետև մտածում էի՝ հիմա էլ գնամ ընկերուհուս տեսնեմ, համ էլ ինձ թվաց, որ լավ կլինի նրանց առանձին թողնեմ։ Բայց բոլորը սաստիկ նեղացան, թե ոնց է մտքովս էդպիսի բան անցել, էլ սիրտ չարի խոսքս առաջ տանել։ Կանայք մեկը մյուսի հետևից եկան, վզովս ընկան, փաթաթվել էին, թշերս էին համբուրում, ծիծաղում ու լաց լինում։ Ինչ է, ցնդե՞լ եմ։ Գնա՞լ։ Ի սեր աստծու, ախր Վիկտորն ու ես իրենց նորից֊նոր կյանքի ենք բերել։ Բոլորս միասին պիտի սեղան նստենք ու կերուխում անենք։ Գինի խմենք ու զրուցենք։ Ի՞նչ գնալ։ Էդպիսի բանը ո՞նց է մտքովս անցել։ Վիկտորի մայրն ասաց, որ ես իր որդին եմ, կինը թե՝ եղբայրն եմ, նրա մայրը թե՝ իր որդին էլ եմ․ գրողը տանի, ինձ ու ինձ ասի․ «Դե լավ, միգուցե ընկերուհուս վաղը չէ մյուս օրը տեսնեմ»։

Ընթրեցինք․ մի արտակարգ ընթրիք էր։ Ճտի միսը նուրբ էր ու փափուկ, արգանակը՝ հոյակապ, ու ամեն ինչ էնքան առատ էր՝ առնվազն երեք ժամ նստած մնացինք։ Հնեց եղած֊չեղածը սառեց, Վիկտորը կանչեց մատուցողին, որ տանի, էլի տաքացնել տա։ Գինի էինք խմում ու զրույց անում։ Բայց ես անընդհատ անհանգսիտ էի, թե ոնց ենք նրանց թողնելու գնանք։ Ախր գիտեի, թե բոլորի համար էլ ինչքան ծանր կլինի նորից մեկմեկու մնաս բարով ասել, խելքիս զոռ էի տալիս՝ ինչ հնար գտնեմ, որ իրարից էլ չբաժանվենք։ Ես ու Վիկտորը կարող էինք հյուրանոցում աշխատող տղերքից քաղաքացիական շորեր փոխ առնել։ Կարող էինք մի տեղից մեքենա ճարել ու հինգս էլ փախչել Մեքսիկա, մինչև կյանքներիս վերջը էնտեղ էլ մնալ։

Բայց գիտեի՝ բան դուրս չի գա, որովհետև գազոլինը նորմավորված էր։ Իսկի Պուլասկու ցցաթումբ էլ չէինք հասնի։

Քիչ հետո գիշերվա երեքը եկավ։ Հետո արդեն՝ երեքն անց կես։ Մեկ էլ տեսա՝ չորսից հինգ է պակաս։ Մի քառասուն րոպեում նավահանգիստ կհասնեինք, բայց չգիտեի, թե էդ ժամերին մետրոյի գնացքները քանի րոպեն մեկ են գնում֊գալիս, դրա համար էլ չորսն անց տասնհինգ Վիկտորին հիշեցրի, որ ժամանակն է, պիտի գնալու մասին մտածել։

Դե, ամեն ինչ նորից սկսվեց։ Էլի բոլորը գժվեցին, բայց էս անգամ վշտից, ոչ թե ուրախությունից, ու դա ահավոր էր։ Կյանքումս դրանից ցավալի ու սրտաշարժ բան չէի տեսել։ Ինչ որ մեր ներս մտնելիս եղավ, հիմա էլ նույնն էր, մի տասը րոպե էդպես շարունակվեց, վերջը մի կերպ դուրս եկանք։ Վիկտորը խոսք տվեց, որ հենց բաց թողնեն, նորից կգա, երևի վաղը չէ մյուս օրը։

Գլուխ քառասունչորսերորդ

Վեսլին դեմքին հակագազ է քաշում, մտնում գազախուց ու գազ շնչում

Հաջորդ օրը գազերի մասին դասախոսություն կարդացին, թե դրանցից ոնց պիտի պաշտպանվենք, ինչ անենք՝ մաշկի այրվածքներ չստանանք, ցելոֆանե թիկնոցով ոնց պիտի փաթաթվենք ու շատ ուրիշ բաներ՝ էնքան բարդ, որ հրահանգիչն ինքը հազիվ էր գլուխ հանում։ Ցելոֆանե թիկնոցի անունն էր էդպես, թե չէ ի՞նչ թիկնոց, մի փոքիկ վրան էր, որ ամբողջ մարմինդ ծածկի։ Մենակ էդ անտերը բացելու վրա հրահանգիչը (որ մեծ փորձ ուներ) համարյա երեք րոպե կորցրեց, իսկ դա շատ֊շատ է, եթե չորս կողմդ գազ է։ Վերջապես հրահանգիչը վրանի մեջ էր։ Պայուսակը շալակին, հակագազը դեմքին քաշած, սաղավարտը գլպին, պաշտոնական շորերը հագին, ձեռքերին էլ հաստ֊հաստ ձեռնոցներ․ հիմա էլ ցույց էր տալու, թե ցելոֆանե վրանի միջից ոնց պիտի կրակես, որ պատերազմում հաղթանակ տանես։

Չէ, խելքին մոտիկ չէր, ինչ ուզում եք, ասեք։ Թե գործը դրան հասներ, լավ է մարդ սպանվեր։ Լավ է մեռնես, քան թե ինչ զիբիլ կա, էդպես գլխիդ հավաքես։ Էդքան խելքից հեռու բան տեսած չկայի։ Իսկը ծաղրուծանակ էր․ ոնց որ մարդու մարմինը ծաղրատեղ անես, մանավանդ, երբ հրահանգիչը հասկացրեց, թե էդ շիլափլավից ու քաշքշուկից հետո էլ դեռ պիտի վազես առաջ ու կրակես։

Դասախոսությունը վերջացավ թե չէ, շարք կազմած գնացինք գազախուց՝ փորձությունն անցնելու, էն էլ պարզվեց՝ հակագազս բաց տեղ ունի։ Զգում էի, որ գազ եմ շնչում, բայց ձայն չէի հանում, որովհետև իմ մեղքով էր։ Ասին՝ կապիչները պինդ ձգեք, որ օդը ներս չանցնի, բայց հենց կապիչները ձգեցի ու հակագազը հագա, սկսեց ճակատս ցավացնել, համ էլ քիչ էր մնում խեղդվեմ, դրա համար էլ մի քիչ կապերը թուլացրի։ Հիմա ուրեմն գազ եմ կուլ տալիս։ Սերժանտը հարցրեց, թե կա՞ մեկնումեկը, որն իր կարծիքով, գազ է շնչում, ես ձեռք բարձրացրի, նա վազեց ինձ մոտ ու կապիչները ձգեց, հակագազի տակից էլ ինչ֊որ բան էր ասում, թե ինչ՝ չհասկացա։ Դե, հակագազի տակից էր խոսում, ո՞նց հասկանայի։

Դուրս եկանք խցիկից, ու հենց ավարտի ազդանշան տվին, ստուգիչ կքանստումներ արինք, հետո հակագազերը հանեցինք, դրինք բրեզենտե տոպրակների մեջ։ Սերժանտը հարցրեց՝ ոնց եմ ինձ զգում, ասի՝ լավ, չնայած աչքերս մրմռում էին։ Նա թե՝ այ, թող խրատ լինի, որ կապիչները իր ասածի պես պինդ չէի ձգել։ Ասի՝ հասկացա, խրատը՝ խրատ, բայց երբ կապիչներն էնքան եմ ձգում, որ օդը ներս չանցնի, հակագազը ճակատս ցավացնում է, համ էլ խեղդվում եմ, իսկ դա ինձ համար գազից էլ վատ է։

Քիչ հետո նորից անցանք խցի միջով։ Էս անգամ էլ ուրիշ գազ էին բաց թողել։ Էս անգամ էլ ուրիշի հակագազը չէր լավ կապված, ու նա էր գազ կուլ տալիս։ Իրեն պատեպատ էր խփում, որ դուռը գտնի, բայց սերժանտը նրան պինդ բռնեց ու չթողեց շարժվի, որովհետև եթե թեկուզ մեկ էլ գազախցում խուճապի մեջ ընկնի, մյուսներին կթվա, թե կա֊չկա իրենք էլ են գազ շնչում, ընդհանուր խուճապ կառաջանա, ու բոլորը կսկսեն գազով լի խցում գլխապատառ դեսուդեն վազվզել, էդպես էլ հազար ու մի փորձանքի կգան․ ախր հակագազը գլխին քաշած մարդը որ խուճապի մեջ է ընկնում, էլ մտքով չի անցնում, թե իմաստ չունի ազատ շունչ քաշելու համար հակագազը երեսից պոկելու կամ իրեն գցել դրսից փակված երկաթե դռան վրա ու դուրս պրծնելու զուր ջանքեր թափել։ Սերժանտն էդ տղային բուռը հավաքեց։ Սա հանգստացավ, էլ ձեռքերը չէր թափահարում ու պատեպատ դիպչում, մի խոսքով ոչ մեկն էլ չտուժեց։

Մեր ջոկատից երկու տղա իրենց հասանելիք արձակման թղթերը չվերցրին, որովհետև Նյու Յորքում գնալու տեղ չունեին, դե, ես ու Վիկտորն էլ խնդրեցինք, որ հերթը մեզ զիջեն, սրանք էլ հարցրին, թե դրա տեղն ինչ կտանք իրենց։ Ես Վիկտորից առաջ ընկա, որովհետև գիտեի՝ ասելու էր՝ հինգ դոլար։ Մի տուփ սիգարետ խոստացա, գործը գլուխ եկավ։ Ու էդ իրիկուն նորից գնացինք քաղաք։

Գլուխ քառասունհինգերորդ

Վեսլին հաշվում է ժամանակակից կնոջ արժեքը, մեկնում ծովային ճամփորդության և Անգլիայում ափ իջնում

Վիկտորին ասի՝ առավոտը հինգց հինգ պակաս 57֊րդ փողոցի ու 7֊րդ պողոտայի ակնյունում՝ մետրոյի կայարանի մոտ, իրեն հանդիպեմ, միասին կվերադառնանք զորանոց։ Ուզում եմ, ասի, մենակ տուն գնաս։ Նա հարցրեց, թե ուր եմ գնում, ես էլ բացատրեցի։ Հետո էլ ասի՝ իմ կարծիքով, լավ կլինի կնոջը մի տեղ ճաշելու տանի, կամ երեքին էլ տանի, չթողնի, որ հյուրանոցում հա նստեն մնան, տանի ճաշելու, էնտեղից էլ՝ թատրոն։ Ասաց՝ էդպես էլ կանի։

― Ու կնոջդ հետ պառկիր քնելու։ Նրան երկա՜ր֊երկա՜ր գրկումդ պահիր ու խոսիր հետը։ Երեկ իրիկուն չտեսնված էր, բայց էսօր էլ թող ուրիշ ձևով լինի։

Ասի՝ իր առաջվա սենյակը վերցնի կամ դրա պես մեկը ու թատրոնից հետո կնոջ հետ էնտեղ առանձնանա։

Վիկտորը ճամփա ընկավ տնեցիներին տեսնելու, ես էլ գնացի ավտոմատից զանգելու։ Ընկերուհուս առաջին խոսքը «մի րոպե սպասիրն» էր։ Հենց լսափողը նորից վերցրեց, ասաց՝ վերև է բարձրացել՝ ննջարանի հեռախոսի մոտ։

― Որտե՞ղ ես,― ասաց։

― Մոտերքում եմ, անկյունի հետևի բարում։ Մի գիշերով բաց են թողել։

― Տե՜ր աստված։

― Այսի՞նքն։

― Ներքևում մարդ է սպասում։ Հենց նոր եկավ, որ ինձ ճաշելու տանի։ Երաժշտական կոմեդիայի տոմսերն էլ գրպանում։ Ներկայացումից հետո անմիջապես ճամփու կդնեմ։ Տասնմեկն անց տասնհինգ զանգիր։

― Հիմա ճամփու դիր։

― Դժվար թե հաջողվի։ Ես էլ կարծում էի արդեն Ճապոնիայի ճանապարհին ես։

― Ճապոնիա՞ն ինչ կապ ունի։ Էս բարում մի երկու բաժակ գցում եմ ու տասնհինգ րոպեից արդեն մոտդ եմ։

― Մի կես ժամ դիմացիր։ Գոնե մի պատրվակ գտնեմ, որ նրան ասեմ։ Ես էլ կարծում էի արդեն նավով գնում ես։

― Անհոգ մնա, շուտով կգնամ։

― Կես ժամից զանգիր՝ ուղղակի համոզվելու համար, որ ճամփու եմ դրել։

Կես ժամից զանգեցի, նա թե՝

― Սարսափելի վիրավորվեց։

― Ուտելու ի՞նչ ունես։

― Խոհարարուհուն մինչև լույս արձակել եմ, բայց մի բան կանենք։

Փողոցի անկյունն անցա ու ընկա մի ջերմ, սրտաբաց տուն։ Մտածում էի, թե տեղնուտեղը ուտել կուզենամ։ Մտածում էի՝ երաժշտություն էլ կուզենամ լսել, բայց ընդունելությունն էնքան սիրալիր էր, որ էդ բոլորը գլխիցս թռան։ Համ էլ երևի դրանք մոռացա, որովհետև մտքիցս դուրս չէր գալիս, թե խեղճ հրահանգիչը ոնց էր չարչարվում ինչ է՝ ցելոֆանե վրանը մտնի։

Ընկերուհուս ասի՝ հագի զգեստը նո՞ր է։

― Չէ։ Ինչո՞ւ։

― Ուզում եմ հագիցդ պոկել։

― Քառասուն դոլար արժի,― ասաց նա։

Հետո թե՝

― Սա էլ տասնյոթ դոլար է․ ամենաընտիրը։

Հետո ասաց․

― Իսկ սա բելգիական ժանյակ է․ քսանհինգ դոլար արժի։

― Բա սա՞ ինչ արժի։

― Դա աստված է տվել։

Հինգից հինգ պակաս մետրոյի կայարանում Վիկտորին հանդիպեցի։

― Ո՞նց են ձերոնք։

― Առաջվանից լավ,― ասաց,― բացի խեղճ մորիցս։

― Ի՞նչ է եղել որ։

― Ասում էր՝ երեկ առավոտից, ինչ գնացել ենք, աղոթում է։ Համոզված է, որ իր աղոթքները տեղ կհասնեն, ու կռիվը կվերջանա մինչև ոտքներս նավ դնենք, կամ էլ վերջին րոպեին մեկնումեկը հրաման կտա, որ երկուսս էլ էստեղ մնանք։

― Այսինքն՝ ես է՞լ։

― Հա, երկուսս էլ։

Դե, ավելի լավ, որ Վիկտորի մայրը ինձհամար էլ էր աղոթում։

― Ինչ կա որ,― ասի։― Հնարավոր է, չէ՞։

― Հոյակապ։

― Ոչ էլ հնարավոր է,― ասաց Վիկտորը։― Քո գործե՞րը ոնց են։

― Կարգին ժամանակ անցկացրի՞ր։

― Ոչ բերանս բան եմ դրել, ոչ էլ աչք փակել, բայց որ քեֆդ տեղն է կամ ընդհակառակը, էլ ոչ ուտելդ է գալիս, ոչ քնելդ, չէ՞։

― Ես էլ աչք չեմ փակել,― ասաց Վիկտորը։ ― Ամբողջ գիշեր կնոջս ու փոքրիկիս՝ երկուսին իրար հետ, գրկումս եմ պահել։

― Տղադ ո՞նց է։

― Արդեն սկսել է ծիծաղել։

― Հանաքը մի կո՞ղմ։

― Դե, կինս է ասում, որ ծիծաղում է։ Ես չլսեցի, բայց նա ասում է՝ ամբողջ գիշեր ինքը լսում է։ Ախր գրողը տանի, ի՞նչ կա ծիծաղելու։ Տեր աստված, երնեկ նրա ծնվելու օրն էստեղ լինեի։ Երնեկ մոտը լինեի, որ հենց սկսի խոսել, մի բան հարցնեի։ Քեզ համար աղջիկ ճարիր, Ջեքսոն, պսակվիր, թող երեխա բերի։

― Որտեղի՞ց ճարեմ էն էլ հիմա։

― Անգլիա ենք գնում, չէ՞։

― Էդպես են ասում։ Իհարկե, մենք դա իմանալու իրավունք չունենք, ու դու վայ թե ծանր հանցանք գործեցիր, որ ռազմական գաղտնիքը բերնիցդ թռցրիր, բայց ինքան գիտեմ, հենց էնտեղ ենք գնում։

― Ինչ է, Անգլիայում աղջկերք չկա՞ն։

― Քո ասելով, գնում եմ Անգլիա՝ պսակվելո՞ւ։

― Չէ,― ասաց Վիկտորը։― Բայց ուզես֊չուզես՝ հո գնալու ես։ Դե, որ ընկար էնտեղ, միանգամից էլ քեզ համար աղջիկ կփնտրես։

― Ես ամերիկացի աղջիկ եմ ուզում։

― Ի՞նչ տարբերություն։ Ով էլ ասես ամերիկացի կդառան։

Ճիշտ նախաճաշին զորանոց հասանք։ Երկուսս էլ նախաճաշից հետո փռվեցինք մահճակալներիս ու քնով անցանք։ Չգիտեմ Վիկտորն ինչ էր տեսնում, բայց ես կյանքումս առաջին անգամ ծիծաղի մասին մի երազ տեսա։ Ծիծաղն անեմ տեղ էր։ Ամեն ինչում, չորս կողմը ծիծաղն էր։ Երազումս ինձ թվում էր, թե դրա մեջ մի գաղտնիք կա, որը բոլորս ձգտում ենք պարզել։ Ուզում էի էդ գաղտնիքի իմաստը հիշել (իսկ դա աշխարհում ամենակարևոր բանն էր), որ հենց արթնանամ, բոլորին ասեմ, բայց գաղտնիքը կամաց֊կամաց իմաստը կորցրեց, ես էլ կամաց֊կամաց սկսեցի արթնանալ, հետո գաղտնիքը լրիվ անհետացավ, ինձ էլ մնաց շուռ գալ մյուս կողքիս ու նորից քնել։

Նավահանգստի զորանոցներում տասնվեց օր մնացինք։ Ամեն առավոտ լուր էր տարածվում, թե էդ իրիկուն մեզ ուղարկում են, ամեն իրիկուն էլ լուր էր տարածվում, թե մյուս առավոտ ենք գնում։ Դե, իհարկե խոհանոցում գործ անելն էլ էր մեզ վրա, մնացած բոլոր պարտականություններն էլ։ Ու հապճեպ բժշկական քննություններ էինք անցնում․ հիմնականում շնչառությունն էին ստուգում։ Ուզում էին համոզվել, որ դեռ շնչում ենք, ոչ մեկ շունչը չի փչել։ Տասնչորսերորդ օրվանից սկսած՝ էլ արձակման թղթեր չէին տալիս, բայց ես ու Վիկտորը մինչև էդ՝ ամեն իրիկուն քաղաք էինք գնում։ Թե ոչ ոք հերթը չէր զիջում, մեր զորանոցի սերժանտի հետ էինք պայման կապում։ Մի անգամ դա Վիկտորի վրա հինգ դոլար նստեց, բայց հաջորդ օրը զառ խաղալիս՝ նա իր փողը սերժանտից պոկեց։ Երկուսս էլ շատ էինք զառ խաղում ու երկուսս էլ կարգին տանում էինք։ Տասնվեցերորդ օրը մեզ նստեցրին բեռնատար ու հասցրին նավամատույցներից մեկը, երկու֊երեք ժամից կամրջակներով բարձրացանք նավի տախտակամած։ Նավախցեր հատկացրին, էնքան նեղվածք էր՝ էլ չասած։ Երևի մի վեց֊յոթ հազար մարդ էր հավաքվել էդ փոքրիկ նավի վրա։ Չհաշվեցի, բայց ասեղ գցելու տեղ չկար։ Չորս կողմը լցված էին, նավի բոլոր ծակուծուկերը լիքն էին։ Իսկ նավը չէր շարժվում։ Կանգնել էր ու կանգնել։ Վերջը մի ուշ գիշեր տեղահան եղավ, ես ու Վիկտորն էլ բարձրացանք տախտակամած։ Ձյուն էր գալիս, ամբողջ նավը սպիտակել էր։ Ուրախ էինք, որ շարժվեցինք, դե, էդքան ժամանակ դրան էինք սպասում։ Քիչ հետո դուրս եկանք բաց ծով, ու բոլորը սկսեցին հետ տալ։ Իմ ու Վիկտորի սիրտն էլ մի քիչ խառնեց, բայց ուրիշների պես չէ։ Նրանք հասնում էին մահվան դուռը, հետ գալիս։ Կյանքումս չեմ մոռանա ոնց էր սրտները կտրատվում։

Նավերի մի մեծ քարավանի մեջ էինք։ Մեկը հաշվեց, երեսունյոթ նավ էին, բայց ավելի շատ կլինեին, առանց հեռադիտակի հանարվոր չէր տեսնել։ Ամեն օր սուզանավերի մասին էլ էին խոսում, բայց բանը դրանով վերջացավ։ Սա մի ահավոր ճամփորդություն էր։ Շատ երկար տևեց, ու նավի վրա ինչ ասես չպատահեց։ Մի առավոտ էլ աչքներիս ցամաք ընկավ։ Իռլանդիան էր։ Ի՜նչ էլ սիրուն էր։ Իրիկունը Ուելսի մի փոքրիկ քաղաքի նավամատույցում խարիսխ գցեցինք։ Քաղաքի անունը Սուռնսի էր․ արդեն Եվրոպայում էինք։ Մյուս առավոտ գնացք նստեցինք ու հասանք Լոնդոն, մեզ լցրին բեռնատարն ու տարան մի շենք, հենց դա էլ պիտի մեր զորանոցը լիներ։

Ամբողջ ճամփորդությունը երազի պես անցավ։ Էն օրվանից, ինչ մարդ հիշում է իրեն, երազի մեջ անվերջ ճամփորդում է։ Այ, էդ ամբողջ ճամփորդությունը ասես մանկության երազներից լիներ։

Մենք հանկարծակի Լոնդոն էինք ընկել։ 1944 թվի փետրվարի 25֊ն էր։

Գլուխ քառասունվեցերորդ

Վեսլին փառք է տալիս աստծուն լոգարանի տաք ջրի համար, անուշ քուն մտնում ու խառնաշփոթ երազներ տեսնում

Լոնդոնը սառն էր ու սևակնած։ Երկու շաբաթ ոչ մեկս չէինք լողացել, մենք էլ էինք սառն ու սևակնած, տան կարոտն էինք քաշում ու ջղայնանում, որովհետև զորանոցն էլ էր սառն ու սևակնած։ Նկուղում կիտված ծղոտից ներքնակներ սարքեցինք մահճակալների համար։ Սառը, մգլոտ ու սևակնած ծղոտը խառնշտելու սիրտ չունեի, էնպես որ Վիկտորն ինձ օգնեց։

― Արի էս պրծնենք, գնանք լողանանք ու անկողին մտնենք,― ասաց նա։― Ինչքան չլինի, էլի ցամաքում ենք։

― Անկողինն էլ սա՞ է,― ասի։― Էս Նոյի տարվա հոտած ծղոտից անկողին կլինի՞։

Մոտ մի ժամից ներքնակները լցրինք պատրաստեցինք, վիճակ գցեցինք, թե ներքևի տեղն ում է ընկնելու։ Մահճակալները երկհարկանի էին, ու հենց կողքներս Ջո Ֆոքսհոլին վերևի տեղն էր հասել, գրողին ներքևինը, բայց նրանք մեզ պես երկար֊բարակ ներքնակների վրա ժամանակ չկորցրին։ Վիկտորի բախտը բերեց, նրան ներքևի տեղն ընկավ, բայց ինձ համար մեկ էր․ էնքան սառած էի ու սևակնած, որ աչքիս ամեն ինչ մեկ էր։

Քիչ անց գրողը լողացավ, եկավ, հետո Ջո Ֆոքսհոլը լողացավ, նրանից հետո էլ՝ Վիկտորը, ու հերթն ինձ հասավ, գնացի լոգարանը լցրի, նստեցի մեջն ու աղոթք արի․

«Փառք քեզ աստված, որ օվկիանոսի սառը ջրի տեղ ինձ լոգարանի տաք ջուր տվեցիր։ Փառք քեզ, աստված, որ օճառի մի փորիկ մնացորդ հասցրիր իմ խեղճ, կեղտոտ մարմինը լվանալու համար։ Փառք քեզ, աստված, որ ինձ կապ ու գոտուց, բեռ ու բարձից ազատեցիր և լոգարանի տաք ջուրը մտնելու բախտին արժանացրիր․ թող արար աշխարհը ինչ ուզում է լինի, բայցի լոգարանից, թեկուզ գրողի ծոցն անցնի ու մոռացման խավարով ծածկվի, քանի որ հիշելու արժանի ոչ մի բան չունի, լոգարանից, ջրից ու օճառից բացի։ Փառք քեզ, աստված, դու ինձ սառը ջրերի վրայով անցկացրիր, ինձ ու ինձպեսներին, ովքեր ործկում էին ու հեկեկում, որ աշխարհն էսպես անհուսալի է, իսկ մարդիկ՝ անխելք։ Փառք քեզ, աստված, մենք նորից ցամաքում ենք, նորից մեծ քաղաքում, ու ես բեռ ու պարտքից լրիվ ազատված՝ նստել եմ տաք ջրում։ Փառք քեզ, աստված, դու հայրիկին հասցրիր տուն՝ Էլ Պասո, իր սիրած կնոջ, որդու՝ Վիրջիլի ու իր աներձագ Նիլի մոտ, որը գյուղատնտեսական պիտույքների առևտուր է անում։ Փառք քեզ, աստված, դու Վիկտոր Տոսկային իր սիրածի հետ ճիշտ ժամանակին պսակեցիր, որ նա Վիկտորից հղիանա։ Փառք քեզ, աստված, դու Վիկտորին ինձանից չբաժանեցիր, որովհետև ինչ էլ լինի, ես պիտի ձեռքիցս եկածն անեմ աչքս նրա վրա պահելու համար, պիտի փորձեմ ապացուցել, որ նա սխալվում է՝ կարծելով, թե անպայման կսպանվի։ Ես դա պիտի անեմ Վիկտորի մոր՝ միսիս Տոսկայի համար, փառք քեզ, աստված, որ նա էդքան լավ կին է։ Փառք քեզ, աստված, Օհայոյում հանդիպածս կնոջ համար, որովհետև նա էլ է շատ լավը։ Փառք քեզ, աստված, նյույորքցի կնոջ համար էլ փառք, որովհետև չնայած լիքը փող ուներ ու լուրջ երաժշտությունից կարգին գլուխ էր հանում, ես նրան դուր եկա, ու չնայած տարիքին, մարմինը ջահել աղջկա էր։ Բայց ամենից շատ քեզ փառք եմ տալիս, աստված, լոգանքի համար, որովհետև ինձ նորից կյանքի է բերում։ Փառք քեզ օճառի համար, որովհետև համարյա երեք շաբաթվա կեղտը մաշկիս վրայից հանում է, տանում։ Զորանոցի հոտից եմ բողոքում, որովհետև միշտ ատել եմ էն տեղից եկող հոտը, ուր չափից դուրս մարդ է հավաքվում ապրելու, բայց մնացած բաներից մեծ մասի համար քեզ փառք եմ տալիս, աստված։ Ամեն»։

Հետո գնացի, մահճակալիս վրա բարձրացա ու էնքան անուշ քուն մտա, որ դեռ երբեք էդպես չէի քնել, բայց գետնի տակն անցնեմ, թե քնիս մեջ էլ աստծուն փառք չէի տալիս։ Երկնքում էի, իմ նախկին շորերով, նորից ազատ քաղաքացի, գլխիս տերն ու երջանիկ, առանց ավելորդ հոգսերի, բայց սրտանց շնորհակալ աստծու պարգևած բոլոր բարիքների համար։ Իսկ դրանք վերջ ու սահման չունեին։ Հենց ազատությունս աստծու պարգևած անսահման բարիքն էր։ Ինչ որ տեսնում էի, բարիք էր, որ ես աշխարհում ամեն ինչ սիրում էի։ Ուղղակի կանգնել էի էնտեղ, ոնց որ Սան Ֆրանցիսկոյում էի կանգնում ու ամեն ինչի հանդեպ սիրով էի լցված։ Մի խումբ բարի հրեշտակներ կային, թևերը թափահարելով՝ հանդարտ ու թեթև սահում էին օդում, ու ես նրանց էնքան սիրեցի, որ ոգևորված սկսեցի թևերի նման ձեռքերս թափահարել։ «Կարծեմ մենք ինչ֊որ տեղ հանդիպել ենք»,― ասի նրանցից ամենամոտիկին։ Ու արևս վկա, տեսնեմ Ջո Ֆոքսհոլն է, բայց փոխանակ խոստովանի, որ ինքն է, աչքով արեց, ես էլ ասի․ «Քեզ ճանաչեցի, Ջո․․․ գրողը տանի, դժոխքում էլ քեզ կճանաչեմ, ինչ մնաց, թե հրեշտակների հետ էդպես թևիդ տալիս։ Քիթս կկտրեմ, թե դու էլ ես հրեշտակ»։

«Հաստա՞տ,― ասաց Ջոն։― Է՛, հետները թռչում եմ, չէ՞։ Բա էլ ինչի չե՞մ հրեշտակ»։

«Ի՜հ,― ասի,― անտեր մնա, հո շատ լավ գիտես, որ ոչ դու, ոչ էլ ես իսկական թևեր չունենք՝ էս հրեշտակների պես, սրանք ուր որ է գլխի կընկնեն ու մեզ կքշեն»։

«Հրեշտակներն իրար չեն քշում»,― ասաց Ջոն։

«Ախր դու հերշտակ չես, Ջո»,― ասի։

«Պա՛հ, հաստա՞տ,― ասաց Ջոն։― Կուզե՞ս էս վաշտի բոլոր հրեշտակներից էլ բարձր թռչեմ»։

Անընդհատ մտքիս էր, որ երազ եմ տեսնում, բայց չէի ուզում դրա մասին մտածել, ու ամեն ինչ շատ լավ էր։ Ջոյին ասի՝ մյուսներից բարձր չթռչի, որովհետև իսկական հրեշտակ չի, երեսի վրա կընկնի, էն էլ Ջոն բանի տեղ չդրեց, իսկական հրեշտակներից վերև բարձրացավ ու երեսի վրա ընկավ, մեկնվեց։ Ինձ գցեցի մոտը, կռացա վրան, հերշտակների խումբն էլ թևին տվեց, գնաց, բայց թռչելիս բոլորը գլուխները շրջեցին ու նայեցին մեզ։ Ես բոլորին էլ ճանաչեցի․ ամեն մեկին դեմքով գիտեի, մենակ չէի կարողանում անունները հիշել։ Չնայած մեկինը հիշեցի․ միսիս Տոսկան էր, մնացածն էլ նրա նման էին։

Ես օգնեցի Ջոյին ոտքի ելնելու։

Նա ոտուձեռը շարժեց, որ տեսնի հո չի՞ վնասվել․ պարզվեց՝ անվնաս է։

«Ուր էլ գնաս, չորս կողմդ ցուցամոլներ են»,― ասաց։

Առաջ անցանք՝ մեզ վրա ծիծաղելով, ու հանկարծ սայլանման մի բանի մեջ կանգնած ինչ֊որ մարդ երևաց, կարծես մեզ էր սպասում։ Կարծես գրողը լիներ ու իրոք, հենց ինքն էր, մենակ թե էնպիսի շորեր էր հագել, որ մի երկու հազար տարի է՝ ոչ ոք չի հագնում։

«Վա՛հ, էս կա֊չկա ծերուկ Շեքսպիրն է,― ասաց Ջոն։― Դու ի՞նչ եք անում այդ մարտակառքում»։ Հագուստի մասին էլ ոչ մի բառ չասաց։

«Ես ոտքով չեմ քայլում,― ասաց գրողը։― Ամբողջ կյանքումս հազիվ թե մի քայլ արած լինեմ։ Միշտ մարտակառքով եմ շրջում։ Բարձրացեք մոտս, տանեմ ման ածեմ»։

Ես ու Ջոն ցատկեցինք մարտակառքի մեջ, գրողն էլ ինչ֊որ օտար լեզվով բղավեց չորս սպիտակ ձիերի վրա, ու ա՜յ քեզ սատանի բան, սրանք էնպես ծառս եղան տեղից, որ մարտակառքը միանգամից թռցրին երկինք, գժի պես ուղիղ դեպի արևն էին սուրում։ Է՛հ, ես չգիտեի ուրախանամ, թե չէ, բայց գրող դու գրող, էդ անծանոթ լեզվով հո չի՜ գոռում֊գոչում ձիերի վրա, երգում, հրճվանքի ճիչեր արձակում, հետո էլ շուռ եկավ իմ ու Ջոյի կողմը, թե՝ «Բա՜, տղերք, կյանքը սա է, սա, էսպես պիտի ապրես, ոչ թե ոտքերդ քարշ տաս կամ էլ գետնին կպած սողաս»։

«Ինձ Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանի մոտ իջեցրեք,― ասի։― Էնտեղ շատ եմ եղել, աստված վկա, իսկը իմ տեղն է»։

«Ինձ էլ Բեյքերսֆիլդ հասցրեք, հենց «Անուրջների աշխարհ» պարասրահի դռան մոտ,― ասաց Ջոն,― անչափ շնորհակալ կլինեմ»։

«Ինչ է, չե՞ք ուզում ձեզ ոնց որ պետքն է ման ածեմ»,― ասաց գրողը։

«Ուղիղ Սան Ֆրանցիսկո քշեք»,― ասի։

«Ուղիղ Բեյքրսֆիլդ հասցրեք, ամառային պարասրահ»,― ասաց Ջոն։

Դե, գրողը ոչ նեղացավ, ոչ բան, էդ օտար լեզվով որ չբղավե՜ց ձիերի վրա, մեկ էլ օհո՛, տեսնեմ երկնքից սլանում ենք ներքև, հենց Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանի մոտերքը, ու հնուց ծանոթ ինչքան դեմքեր կան, աչքերը գցել են վերև, ինձ են նայում, գրադարանի առաջ շարված էդ բոլոր փիլիսոփաները, որ իրար կոչ են անում անսալ ողջամտության ձայնին․ հիմա ո՜նց են ուրախացել ինձ նորից տեսնելու համար, ո՜նց են ցնծում։ «Նայե՛ք, նայե՛ք,― ասում են, սա էլ մեր անճոռնի ճուտիկը, մարտակառքով է հետ գալիս»։ Հենց գրադարանի մոտ էլ մարտակառքը կանգնեց․ սատանան տանի, ի՜նչ իրարանցում ընկավ, էլ ողջյունի ճիչեր, էլ ծափ ու ծիծաղ, էլ փիլիսոփայական դատողություններ, բոլորը վազում են, որ մարտակառքն ու ինձ տեսնեն։ Հարցուփորձ են անում՝ կյանքն ի՞նչ է, մահն ի՞նչ է, ես էլ հակառակի պես չգիտեմ ու ամոթից ստից հազում եմ։

«Դե լավ,― ասաց գրողը,― հրաժեշտ տուր ընկերներիդ, դեռ Ջոյին էլ պիտի Բեյքրսֆիլդ հասցնեմ»։ Փիլիսոփա տղերքին մնաս բարով ասի, ու մենք ուղիղ վերև սլացանք՝ Կալիֆոռնիայի մեղմանուշ երկինք՝ հետո էլ ներքև՝ դեպի Սան Խոակին հրաշալի հովիտը, արդեն Բեյքրսֆիլդ ու հենց «Անուրջների աշխարհ» պարասրահի առաջ կանգնեցինք։ Մի քանի հագած֊կապած տղերք, հետներն էլ աղջիկներ, պարելով ու թռվռալով եկան, Ջոյին բարևեցին, հարցրին, թե ուր էր կորել։ Ջոն աղջիկներից մեկին գիրկն առավ ու գնաց վալս պարելու, բայց երաժշտությունը վերջացավ, Ջոն էլ սկսեց աղջկան համբուրել ու կարծես միտք ուներ էլ երբեք նրա շուրթերից չպոկվել։ Երևի մինչև կյանքի վերջը էդպես համբուրեր, եթե աղջիկը չազատվեր նրա գրկից ու պուկ չփախչեր։ Ջոն ասաց․ «Համբուրվելը սպասելու ամենալավ ձևն է»,― ու հետ եկավ, էլի բարձրացավ մարտակառք, ու մենք նորից սլացանք, բայց քիչ հետո մեր մարտակառքը էլ մարտակառքի նման չէր, էլ շողոշողուն լույսի մեջ արշավող առաջվա շքեղ, անշաշկ կառքը չէր, մի դխկդխկան ու երերուն բան էր դարձել, մենք էլ մեջը նստած էինք, ոչ թե կանգնած, ու սատանան տանի, ես գիտեի՝ ինչ է․ բանակային խարխուլ բեռնատար, ու հիմա էլ կողքիս Վիկտոր Տոսկան էր նստած, գնում էինք նավահանգիստ, որ նավով օվկիանոսի մյուս ափը հասնենք։

Դե, էլ ի՞նչ, համը դուրս եկավ, էնպես որ համարյա զարթնեցի, բայց շուտով էլի խոր քնով անցա ու էս անգամ բեռնատարից լավ տեղ էի ընկել, չնայած էնքան էլ լավը չէր, որովհետև Օհայոյի էն տանն էի, ուր «Վալենսիան» երգող կնոջ հետ գնացի, ու հայրիկն էլ էր էստեղ, նրան մի վեց֊յոթ չքնաղ աղջիկ էին շրջապատել, սրանց պես սիրուններ աշխարհում չէիր գտնի։ Նա հարբած էր, մեծ֊մեծ խոսում էր, անընդհատ գլուխ գովում ու ձևեր թափում։ «Հայրիկ,― ասի,― հո Դոն֊Ժուան չես, ի՞նչ գործ ունես էստեղ»։

«Ինչ գործ ունե՞մ,― ասաց հայրիկը։― Իսկ դո՞ւ ինչ գործ ունես։ Զարմացած եմ վրադ»։

«Քեզ եմ ման գալիս,― ասի։― Քեֆիս համար չեմ եկել էստեղ։ Եկա քեզ տանեմ։ Ավելի լավ է տուն գնաս, հայրիկ»։

Դե, թող երազի մեջ չլիներ, տեսնեմ հայրիկը կգնա՞ր։ Ուրեմն՝ հենց գնաց, մեկ էլ ես սկեցի ինձ ցույց տալ, էդ սիրուն աղջիկներին գլխիս եմ հավաքել ու հորս նման մեծ֊մեծ բրդում եմ։

Էսպես քուն մտել, երազ երազի վրա էի տեսնում՝ բոլորն էլ մեկը մյուսից անմիտ, ու չնայած կարգին խորն էի քնած, բայց էնքան չէ, որ մտքիցս դուրս գար, թե քիչ առաջ սարքածս ծղոտե ներքնակին պառկել ու երազների մեջ եմ ընկել Լոնդոն քաղաքում։ Թեպետ մի հիմար պատմությանը մյուսն էր հաջորդում, բայց անընդհատ մտքիս էր, որ քնած եմ ու ինձ ու ինձ մտածում էի․ «Ա՜յ քեզ բան, մարդ երազում ինչ ասես չի տեսնի․ հարազատ հորս քշեցի, որ աղջկերքն ինձ մնան։ Երևի արդեն մի ժամ է՝ քնած եմ, քիչ հետո վեր կենամ, շորերս հագնեմ ու գնամ քաղաքը նայելու, ախր պիտի որ արտակարգ քաղաք լինի։ Վիկտոր Տոսկային վերցնեմ, դուրս գանք, տեսնենք»։

Համարյա զարթնեցի, բայց աչքերս չէի բացում։ Երազի ինչ֊որ պատառիկներ էին գալիս անցնում աչքերիս առաջ՝ կցկտուր ու անկապ, կարծես «Հյուսիսային» մեծ հյուրանոցի դիմացով անցնող խումբ֊խումբ անցորդներ լինեին․ մի կին փնթփնթում էր իր փոքրիկ տղայի վրա, սա էլ իրենն էր պնդում․ «Չե՛մ ուզում՝ չե՛մ անում»։ Դե գիտեի, որ էդ խոսքերը ժամանակին լսել եմ։ երազում չէի տեսնում, մտաբերում էի։ Հետո մի տաքսու վարորդ ասաց․ «Թեկուզ մինչև կյանքիդ վերջը էս քաղաքում ապրես, մեկ է՝ կեսն էլ չես ճանաչի»։ Հա, սա էլ էր հիշողություն, մի անգամ Նյու Յորքում տաքսու վարորդը հենց էսպես ասաց։ Հետո միսիս Տոսկային տեսա, լացակումած ասում էր․ «Ու էդ տեսակ տղային պիտի սպանե՞ն»։ Էստեղ աչքերս բաց արի։ Կախ ընկա ու նայեցի ներքև՝ Վիկտորին․ քնած էր։ Երևի դեռ քունը գլխիս էր, որովհետև միսիս Տոսկային ասի․ «Չէ, միսիս Տոսկա, էս տեսակ տղային ոչ մեկի ձեռքն էլ չի գնա, որ սպանի»։

― Ի՞նչ ես քրթմնջում,― ասաց գրողը։

Ես լրիվ զարթնեցի։

― Ինչքա՞ն եմ քնել,― ասի։

― Տասը րոպե,― ասաց գրողը։

― Տասը րոպե՞,― ասի։― էդքան քի՞չ։ Իսկ դուք քնելու միտք չունե՞ք։

― Քունս չի տանում,― ասաց գրողը։― Չափից դուրս հոգնած եմ։ Կուզե՞ս գնանք Լոնդոնը տեսնենք։

Դե, Ջոն ու Վիկտորը քնած էին, որոշեցինք նրանց չարթնացնել։ Ցերեկվա ժամը հինգի մոտերքն էր, բայց համարյա մութ էր։ Ոնց որ արդեն գիշերվա դեմ լիներ։ Մեր մնալու տեղը հաստատ պատերազմից առաջ հյուրանոց էր եղել, որովհետև ինչքան ասես մանր֊մունր սենյակներ կային, մի երկու հատ էլ բավական մեծ սրահ։ Մեր սնայակն էնքան փոքր էր, որ չորս մահճակալ՝ երկու֊երկու՝ իրար գլխի դրած, հազիվ էին տեղավորվել, ու իրիկվա մթնշաղին էստեղ չորսով էինք։ հագնվելիս սկսեցի երազներս հիշել։ Նայեցի գրողին, որ տեսնեմ նմա՞ն է մարտակառքի մարդուն․ լավ էլ նման էր, կարծես հին հույներից լիներ, մարտակառքը իսկը նրա բանն էր։ Առաջ չէի նկատել։ Մտքովս անցավ նրան երազս պատմել, բայց տվի֊առա, որ երկար կտևի ու ձեռ քաշեցի։

Մինչև մեր հագնվելը, Ջո Ֆոքսհոլը զարթնեց, թե՝ ինչ է պատահել, ասինք՝ դուրս ենք գալիս Լոնդոնը տեսնելու։ Ջոն վեր կացավ տեղից, որ ինքն էլ մեզ հետ գա։ Չուզեցի Վիկտորին մեն֊մենակ թողնել, մոտեցա ու կամացուկ ձայն տվի նրան, մինչև որ աչքերը բացեց։

― Գնում ենք Լոնդոնը տեսնելու։

Նա միանգամից սթափվեց ու ասաց․

― Սպասեք՝ ես էլ գամ։

Գլուխ քառասունյոթերորդ

Գրողը, Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան և Վեսլին գնում են Սոհոյում[25] ընթրելու և իրենց ընտանեկան լուսանկարներն են ցույց տալիս մեկմեկու

Չորսս էլ դուրս եկանք փողոց ու մոլորվեցինք։ Սև֊մութ խավարը գետինն էր առել, ու իհարկե, ոչ մի տեղ լույս չկար, բայց Ջոն գրպանի լապտերիկ ուներ․ ոչ աստիճաններից ցած գլորվեցինք, ոչ էլ հեռագրասյուներին դիպանք, ոնց որ շատ֊շատերին է պատահում, եթե պարապ խոսակցություններին ականջ կախելու լինենք։ Գրողն առաջարկեց, թե՝ գնանք Սոհո, այնտեղի ռեստորաններից մեկն, ու մի լավ ընթրենք։ Որոշեցինք հենց էդպես էլ անել, չնայած ահագին ժամանակ տևեց մինչև Սոհո հասանք։ Գրողն առաջ էլ էր Լոնդոնում եղել, բայց մենակ տաքսիով ման գալը գիտեր։ Փողոցում մի քանի տաքսի հանդիպեցին, էն էլ ինչ արինք, չկանգնեցին մեզ վերցնեն, ստիպված սկսեցինք անցորդներին հարցնել, թե ոնց Սոհո ընկնենք։ Ում հարցրինք՝ բացատրեց։ Բոլորն էլ երկար֊բարակ ու շատ մանրամասն պատմում էին, բայց մեկը մի բան էր ասում, մյուսը՝ մի ուրիշ։ Հինգ տարբեր մարդկանց տված ցուցումներով վերջը հասանք Սոհո, ու քիչ հետո գրողն իր իմացած ռեստորանը գտավ։ Սպասեցինք մինչև սեղան ազատվեց, նստեցինք ու մի շիշ գինի պատվիրեցինք։ Ամենքս մի֊մի բաժակ խմեցինք, ու քեֆն սկսվեց։ Ընթրիքն էնքան էլ բանի նման չէր, որովհետև ամեն ինչ նորմավորված էր, բայց մենք օվկիանոսի սառը ջրերից պրծել էինք, տաք֊տաք լողացել ու միասին էինք, դրա համար էլ մեզ լավ էինք զգում։ Կերուխումից հետո միանգամից Ամերիկան հիշեցինք։ Գրողը որդուն միտքը գցեց, տղան էդ օրը հինգ ամսական էր դարձել․ սեպտեմբերի 25֊ին էր ծնվել։ Դե, իմ ծննդյան օրն էլ է դա, էնպես որ գրողին ասի, նա էլ վրա բերեց․

― Գիտե՞ս, ծննդյան տոնը հենց սա է, այ թե ինչ։

Նա բոլոր հայրերի նման տղայի լուսանկարը ամենքիս հերթով ցույց տվեց, ու աստված վկա, տղան իսկը հոր կտորն էր, հենց նրա պես էլ հոնքերը կիտած։ Սկսեցինք խոսել, թե ինչ լավ է, որ սիրահարվում ես, ամուսնանում, կինդ հղիանում է, քեզ համար տղա կամ աղջիկ բերում, ու ես մտքումս ասի․ «Ինչ գնով էլ լինի, պիտի ինձ կին գտնեմ»։ Գրողը Վիկտորին հարցուփորձ արեց կնոջ, նրա հղիության մասին։ Վիկտորն էլ հանեց, մի լուսանկար ցույց տվեց, մեզ նավահանգիստ տեղափոխելուց երկու օր առաջ էր կինը նկարվել։ Շատ լավ էր դուրս եկել, ու հղիությունն արդեն երևում էր։

― Ես քեզնից բախտավոր եմ,― ասաց գրողը։― Այնքան բախտավոր, որ կնոջս հետ էի, երբ տղա ծնվեց։ Հենց աշխարհ եկավ, մի քանի րոպեից տեսա։ Ու պատկերացնո՞ւմ ես ինչ հայտնաբերեցի։ Պարզվեց, որ նորածին երեխան ծեր մարդ է։ Աշխարհում ապրող բոլոր մարդկանցց էլ մեծ է։ Այդ ծերունուն ժամանակ է պետք, որ մանկանա, փոքրիկ երեխա դառնա․ մոտ մի ամիս, կասեի։ Հետզհետե նա, իհարկե, տարիքը կորցնում է ու սկսում այնպես ապրել, կարծես աշխարհի առաջին մարդն է, ոչ թե վերջինը։ Նա ամենասկզբից է սկսում, կարծես հազարավոր ու միլիոնավոր տարիներ առաջ չի կյանք առել։

Դե որ բոլորն իրար նկարներ էին ցույց տալիս, ես էլ հայրիկի ուղարկածը ցույց տվի՝ իր, մայրիկի, Վիրջիլի ու Նիլ քեռու լուսանկերը։ Հետո Ջո Ֆոքսհոլը ինչ֊որ լողազգեստով աղջկա նկար մեջտեղ հանեց․ սեքսը վրայից թափվում էր։ Բոլորս մեկ֊մեկ նայեցինք նկարը, ձեռքից ձեռք անցնելով՝ նորից Ջոյին հասավ, ինքն էլ էր նայում, բայց ոչ ոք ձայն չէր հանում, ես էլ ասի․

― Էս ո՞վ է, Ջո։

― Սատանան գիտի,― ասաց Ջոն։― Վուլուորթի խանութում տեսա։ Տասը սենթ արժեր, ես էլ առա։ Երևի կինոյում նկարվող աղջիկներից է, դեռ անուն չի հանել։

― Է, հա՛, բա ինչո՞ւ ես մոտդ պահում,― ասի։― Մեկ է՝ չես ճանաչում։

― Ինչու եմ պահո՞ւմ,― ասաց Ջոն։― Դե, հայրենասիրական բան է համարվում, որ հետդ սրա պես մի բ․֊ի նկար ես ման ածում։ Չե՞ս տեսել, ամեն շաբաթ «Յանք մեգըզին֊ում» էջով մեկ մի տկլորվածի նկար են տպում։ Որ ի՞նչ։ Որ չմոռանանք, թե ինչի համար ենք բանակում։ Այ, էս աղջկա համար։ Ինչքան մյուսներն են հայրենասեր, էնքան էլ ես։ Իմ մերկ ապացույցը, որ պիտի արդարացնի, թե ինչու եմ կռվելու եկել, անընդհատ մոտս եմ պահում։ Էլ պետք չի ամեն շաբաթ «Յանք մեգըզինում» տեսնեմ։ Ավելի լավ է սեփական ապացույցն ունենամ, որ մենակ իմն է, ոչ թե ամենքինը։ Վուլուորթի խանութում տասը սենթով ապացույց ձեռք բերի, ու սա իմն է, ուրիշ ոչ մեկինը։ Ռազմական մինիստրությունը շատ ճարպիկ հնարք է գտել, որ «Յանք մեգըզինի» էդ ամենահռչակավոր էջը հորինել է, գիտե՞ս։ Թե մարդկանց սպանվելու ես ուղարկում, գոնե նախօրոք մի սիրուն տուտուզ ու պտուկներ ցույց տուր, պա՞րզ է։ Գոնե շաբաթը մեկ տղերքին ոգևորիր։ Այնինչ, որ ինձ մնար, կարելի էր էդ էջում հանգամանքներին մի քիչ ավելի սազական բան ցույց տալ։

― Ինչ է, տղերքի ուզածը դա չի՞,― ասաց Վիկտորը։

― Տղերքից մեկն էլ ես եմ,― ասաց Ջոն,― ու իմ ուզածը դա չի։ Մեր տեղն ո՞վ է որոշում, թե ուզածներս ինչ է։ Բայց դե լա՜վ, թքա՛ծ, եկեք դուրս գանք, Լոնդոնի փողոցներում շրջենք։

Գլուխ քառասունութերորդ

Տղաներն այցելում են Փիքադիլի հրապարակը, տեսնում ռմբակոծությունից հետո մետրոյի ստորգետնյա կայարաններում ապաստանած լոնդոնցի ընտանիքներ ու հակաօդային պաշտպանության մասին որոշ գիտելիքներ ստանում

Դուրս եկանք ռեստորանից ու սկսեցինք թափառել։ Սոհոյից քայլելով հասանք Փիքադիլի հրապարակ, ուր բոլոր պոռնիկները գործի էին կանգնում։ Սա կարծես խոց լիներ քաղաքի մարմնին։ Ով կար չկար՝ փոքրիկ լապտերով էր, չորս կողմը լույսի շողեր էին ցոլցլում, բայց լապտերներն էնքան չէին լուսավորում, որ իսկապես տեսնես, թե շրջակայքում ինչ է կատարվում։ Մայթերը լիքն էին զինվորներով ու անգլիացի աղջիկներով, սրանք էնպես էին խառվնել, ասես հիվանդ արյան մեջ վխտացող կարմիր ու սպիտակ գնդիկներ լինեին։ Աղջիկներն անընդհատ անցուդարձ էին անում, կանգնում՝ մեկնումեկի հետ երկու բառ փոխանակում ու կամ հետը գնում, կամ շարունակում քայլել։ Ամեն տեսակ խոսակցություններ կլսեիր՝ ցածր ու բարձրաձայն, կամ ծիծաղ, բղավոցներ, երգ, հետո աղջիկներից, ասենք, ինչ֊որ մեկը կեղտոտ խոսքեր էր շպրտում մի երկու֊երեք զինվորի հասցեին, ովքեր որ նրա սրտին էին կպել, զինվորներն էլ ի պատասխան՝ սրան էին հայհոյում, բայց ոչ աղջկան կտեսնեիր, ոչ էլ տղերքին, ու անվերջ նորանոր մարդիկ էին գալիս, նախկինների տեղը գրավում։

Հանկարծ էս թոհուբոհի մեջ ոռնացին օդային տագնապի շչակները, ու ամբոխն իրար անցած՝ շտապեց դեպի ապաստարանները, բայց շատերն էլ փողոցում մնացին։ Զինվորական ոստիկանության երկու պարեկներ մեզ խորհուրդ տվին, թե լավ կլինի հենց էդտեղ՝ Փիքադիլի հրապարակում, իջնենք մետրոյի կայարան։ Ներքևում հո մի տեսարա՜ն չբացվեց աչքներիս առաջ։ Կայարանի պատերի տակ, ռմբակոծությունից տուժած ընտանիքները՝ ամենքն իրենց համար, թեթև տունուտեղ էին դրել․ իրար գլխի երկու մահճակալ, ոտքերի տակ էլ՝ գորգի մի կտոր։ Ամբողջ ընտանիքը դեմ֊դիմացդ էր՝ հայրը, մայրը, երկու կամ երեք երեխա․ փոքրիկները քնած էին, իսկ հայրն ու մայրը հանգիստ զրուցում էին, հաշվի էլ չէին առնում շուրջը կիտված բազմությանը, կարծես սեփական հյուրասենյակում լինեին։ Էստեղից, ճիշտ է, անուշ հոտ չէր բուրում, բայց մարդիկ արդեն ընտելացել էին։ Գնացքները դղրդալով մերթընդմերթ գալիս էին, կանգնում։ Ժողովուրդը թափվում էր դուրս կամ ներս լցվում, աշխատանքային արտահագուստով կինն էլ՝ գնացքի հսկիչը, գոռգոռում էր, թե՝ արա՛գ շարժվեք, անցեք առա՛ջ, շուտ արեք, շո՛ւտ ու նման բաներ։ Մինչ զենիթային հրետանին կրակում էր ինքնաթիռների վրա, իսկ ինքնաթռները ռումբեր էին գցում, մենք թափառում էինք կայարանում ու ինչքան ասես մարդիկ տեսանք, որ հենց էստեղ՝ ցածում, տունուտեղ էին պահում, յոլա գնում Լոնդոնի փողոցների տակ՝ մետրոյի կայարաններում, կամ ոնց որ իրենք են մեզ՝ ամերիկացիների համեմատ, ավելի ճիշտ արտահայտվում՝ գետնուղում էին ապրում։ Ինչ ասեմ, գնացքները գալիս էին ու գնում, գալիս ու գնում, մեկ էլ մի գնացք եկավ, սա էլ տանում էր հավանոց[26]․ էս Ջոն կպավ, թե՝ եկեք Հավանոց գնանք, ու անտեր մնա, դե օվկիանոսը կտրել էինք, ողջ֊առողջ տեղ հասել, իսկ էստեղ քաղաքն էին ռմբակոծում, ու ժողովուրդը գետնի տակ իրար գլխի էր լցվել, դրա համար էլ մեզ շատ ծիծաղելի թվաց, որ գնացքը Հավանոց է տանում։ Սկսեցինք ծիծաղել ու հանաքներ անել․ անգլիացիներն էլ ժպտում էին ու մեկմեկու ասում․

― Էս ամերիկացի՜ք էլ․․․ հա ծիծաղում են։

Անգլիացու համար Հավաբուն անվան մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա։ Էդ Հավաբունը մի սովորական տեղ է, ուրիշ տեղերի պես էլի մարդիկ են ապրում, ու Անգլիայում ոչ մեկի մտքով չի էլ անցնում դրա վրա ծիծաղել․ պիտի Ամերիկայից եկած լինես, որ ծիծաղդ գա, ու չնայած, ճիշտ է, դա իրոք ծիծաղելի չի, բայց մեզ թվաց, թե աշխարհում ամենածիծաղելի բանն է։

Կայարանը երեք֊չորս հարկ ուներ, մենք էլ բոլորը մեկ֊մեկ պտտեցինք, հետո դուրս եկանք փողոց, բայց օդային հարձակումը դեռ շարունակվում էր։ Նայում էինք երկնքում կայծկլտող լույսերին ու ականջ դնում հրանոթների թնդյունին, ասես մանկական տոնախմբություն լիներ, բայց զինվորական ոստիկանության պարեկները մեզ կարգադրեցին թաքստոցում մնալ, որովհետև զենիթային արկերի շաղ անցնող բեկորներից շատ ու շատ մարդիկ էին սպանվել․ դա ռումբերից էլ վտանգավոր էր։ Որոշեցինք ռիսկի դիմել, ինչ ուզում է լինի։ Ռիջընթ փողոցն ընկած՝ գնացինք հասանք մինչև Նելսոնի հուշասյունը[27]՝ Թրաֆալգար հրապարակ, գրողն էլ ասաց․

― Ջորջ Բեռնարդ Շոուն առավոտները այս հրապարակում է զբոսնել։

Բայց հրանոթները էնպես էին թնդում, որոտում, որ նրա ասածը հազիվ լսեցինք։

Ջոն ու գրողը սկսեցին Լոնդոնից խոսել, թե ինչ բազմակողմանի արտացոլում է գտել գրականության մեջ և այլն, ես ու Վիկտորն էլ մենակ ականջներս էինք սրել։ Անընդհատ թվում էր՝ ընկնող բեկորի սուլոց ենք լսում, մտնում էինք դռների հետևը, պահվում, բայց մեր աչքով ոչ մի բեկոր էլ չտեսանք։ Իսկ հետագայում դժվար թե մի մարդ գտնեիր բանակում, որ իր բեկորը չունենար։ Ամենքն էլ դրա հետ կապված մի երկար֊բարակ պատմություն էին անում, ինչ փչոցներով ասես ծաղկացնում։ Մեկն օրինակ, քեզ կհամոզեր, թե բեկորը ինչ֊որ հրաշքով վեցոտանի փղի կերպարանք է ընդունել, ոտքերն էլ կհաշվեր, կնճիթն ու պոչն էլ ցույց կտար, անշարժ կկանգներ ու էդ պողպատի կտորով կհիանար, որ շիկացած, կաս֊կարմիր կտրած՝ մի խոշոր արկից պոկվել, գետնից մի մղոնի վրա, երկնքում թռչում էր։ Ամեն մեկ էլ, ում մոտ արկի բեկոր եմ տեսել, իրեն ընկած֊ելած մարդու տեղ էր դնում արդեն։ Մի տղա էլ դոլարանոցից երևի մի երկու անգամ մեծ բեկոր էր ճարել, չդիմացա, ասի՝ տանի գլխով տա, տեսնի ինչ դուրս կգա։ Դրանից հետո նա բոլորին պատմում էր, թե բեկորը գլխին է դիպել, բայց հրաշքով չի սպանել։ Որոշ տղեքրի համար էլ մեկ էր՝ կհավատաս իրենց, թե չէ, էնքան որ արկի բեկոր ունենային ու մի պատմություն հետը սաղացնեին։

Թվում էր օդային հարձակումը երբեք չի վերջանա, դե, մենք էլ որոշեցինք պատերի տակով մի կերպ հասնել զորանոց, բայց զինվորական ոստիկանության պարեկներն անընդհատ տզի պես կպչում էին, մեզ քշում թաքստոց։ Նրանք հավատացնում էին, թե իրենց բան չի պատահի, ինչքան էլ դրսում մնան, որովհետև պողպատե սաղավարտներով են։ Ասի՝ բա որ բեկորը սաղավարտը թողած՝ ուսներին դիպչի՞։ Սրանք թե՝ բեկորը միշտ էլ մարդու գլխին է դիպչում, իջե՛ք, իջե՛ք թաքստոց, բայց մենք երեսներս պնդացրած՝ էլի առաջ էինք գնում ու մի քառասունհինգ րոպեից արդեն զորանոցում էինք․ բարձրացանք վերև,― ամենավերջին՝ հինգերորդ հարկում էինք մնում,― մտանք անկողին, մի քիչ խոսեցինք, ու քուններս տարավ։

Ուրեմն՝ Լոնդոնում էինք։ Քաղաքը քիչ թե շատ տեսանք, իմացանք մարդիկ ինչքան լավն են էստեղ, թեկուզ և ընկել էին ռմբակոծության տակ, տնից֊տեղից զրկվել ու մետրոյի ստորգետնյա կայարաններում էին ապրում։ Հաջորդ գիշեր քաղաքը նորից ռմբակոծեցին։ Ես ու գրողը պատահմամբ մի վեցհարկանի տան տափակ կտուրին էինք, նրա բարեկամին հյուր էինք գնացել ու էդ ամբողջ տեսարանը աչքներիս առաջ էր, անընդհատ կռանում էինք, որ տանիքների վրա ու փողոցում շաչ ու շառաչով թափվող բեկորներից խույս տանք։ Սարսափելի տեսարան էր, բայց հետոն էլ արտակարգ սիրուն, եթե մի պահ մոռանայիր, որ էդ բոլորի նպատակը շենքերն ավիրելն ու մարդկանց կոտորելն է։ Օդային տագնապի ազդանշանը տալուն պես՝ զենիթային հրետանին գնդակոծությունն սկսեց, ու մենք լսում էինք ապաստարան վազող մարդկանց ոտնաձայները, բայց չէինք տեսնում նրանց։ Պայծառ լույսերը շողշողացին ամբողջ քաղաք գլխին ու ինքնաթիռներ էին երկնքում փնտրում։ Հենց որ հրանոթները մի վայրկյան լռում էին, երկնքի հեռուներից ինքնաթիռների հռնդյունն ականջիդ էր հասնում։ Ու տեսնում էիր ոնց են լուսահրթիռներ արձակում։ Երեք֊երեք էին լուսահրթիռներն ընկնում, դանդաղ ցած էին սահում քամու ուղղությամբ ու վառ լույս սփռում, որ օդաչուներն իմանան, թե ռումբն ուր թափեն, եթե իհարկե, հրետանին ավելի շուտ նրանց չխփեր։ Քիչ հետո մեկը մյուսի հետևից երկինք էին թռչում բոսոր, վարդագույն, կարմիր, սև հրթիռներ․ սրանք իսկական հրավառություն էին սարքել ու մի արտասովոր, զարմանահրաշ լույսով ողողել երկնակամարը։ Ասես տոնակատարություն լիներ, ոչ թե պատերազմ։ Գրողի բարեկամները, ում մոտ հյուր էինք գնացել, իջան շենքի ապաստարանը, էս շիլաշփոթը տեսնելու սիրտ չունեին, բայց գրողը հարցրեց, թե ինքը կարո՞ղ է մնալ վերևում ու նայել, նրանք ասին՝ կարող է, եթե խելքը թռցրել է, դե, ես էլ խնդրեցի՝ ինձ էլ թողնեն նայեմ։ Գրողի բարեկամները նրան զգուշացրին, որ հիմարություններ չանի, գոնե ծածկի տակ մնա, չցցվի կտուրին, ոչ էլ ինչ֊որ բան տեսնելու համար գլուխը հանի ու ընդհանրապես իր դիտումները ինչքան հնարավոր է շուտ վերջացնի, իջնի ապաստարան։ Հա ուրեմն՝ երկուսով կանգնել, նայում էինք մինչև օդային հարձակումն ավարտվեց, իսկ դա մի ժամ ու կես տևեց։ Հոյակապ տեսարան էր, ու ոչ մի բեկոր չդիպավ մեզ, ոչ մի ռումբ չընկավ մոտերքում։ Չնայած տեսանք, թե ռումբերից մեկը որտեղ է ընկել, որովհետև էդ ամբողջ տեղամասը բոցերի մեջ էր։ Հետո իմացանք, որ մի երեք֊չորս տեղ էլ է ռումբ ընկել ու ամեն ինչ նույն ձևով կրակի մատնել։ Նման բաների մասին թերթերում ոչ մի տող չէիր գտնի, էնպես որ մնում էր կամ սեփական աչքով տեսնել, կամ բերնից֊բերան անցնող լուրերին ականջ դնել, էն էլ ինչ անհավանական լուր ասես չէր տարածվում։ Ասեկոսեներին որ հավատալու լինեիր, ամբողջ Լոնդոնը մոխիր էր դարձել, թեպետ չորս կողմը հրդեհի ոչ մի հետք չկար․ էդ հիմա՛ չկա, կասեր բամբասանքչին, դե էգուց ցերեկը կտեսնենք, հետո մատնացույց կաներ Լոնդոնի հեռավոր մասերից մեկը․ «Ա՛յ, Էլիֆընթ ընդ Քասլ հրապարակում ամեն ինչ կրակի բաժին է դարձել»։ Չնայած էդպես չէր։

Գլուխ քառասունիններորդ

Գրողն ու Վեսլին տեղավորվում են սեփական գրասենյակում

Երկրորդ օրը Լոնդոնում շատ բովանդակալից ու աշխույժ անցավ, և մենք որոշ պատկերացում կազմեցինք, թե ինչի համար են մեզ էստեղ բերել։ Կեսօրից հետո բոլորիս շարեցին, ու սերժանտը խրատներ տվեց, որ միշտ կարդում են նորեկների գլխին։ Ասաց՝ չմոռանանք, Լոնդոնում հյուր ենք, պիտի անգլիացիների վրա լավ տպավորություն թողնենք։ Ոչ մի անկարգություն, ոչ մի անշնորհք արարք, ոչ մի շռայլ ծախս, որովհետև Անգլիայի պես երկրում, ուր բոլորը վաղուց ստիպված են շատ բաներից զուրկ մնալ, փող վատնելը հիմարության նշան է։ Ասաց՝ անգլիացիք մեր ժողովրդի համեմատ անչափ նեղ են ապրում, նրանց համար անասելի վիրավորական է, որ ամերիկացի զինվորները գալիս են Լոնդոն ու միլիոնատերերի նման փողը աջ ու փախ ցպնում։ Նա բացատրեց ամենօրյա կանոնակարգը։ Բացատրեց, թե մեր պարտականությունները որոնք են։ Ու խնդրեց, որ հատուկ ուշադրություն դարձնենք մեր արտաքինին․ միշտ արիատես ու զգաստ լինենք։ Ցրվելուց հետո Ջո Ֆոքսհոլը եկավ վերև, որ իմաց անի, թե հնարավոր է՝ զորանոցից մեր ուզած տեղը փոխադրվենք, եթե իհարկե, մտքներումս դնենք, որովհետև ուրիշներն արդեն էդպես են արել, ու չնայած սա պաշտոնապես չի թույլատրվում, բայց դրան մատների արանքով են նայում, դե, զորանցների կարիք շատ է զգացվում։ Ջոն ասաց՝ սերժանտին կամաց մշակում է, ու երևի մի երկու֊երեք օրից հետը լեզու գտնի, միգուցե դեռ հերթապահության ցուցակից էլ մեզ հանի։ Վաղուց էդքան ուրախ լուր չէինք լսել։

Երրորդ օրը մեզ կարգադրեցին, թե ուր գնանք աշխատանքի։ Մի կարմիր, աղյուսե շենք էր՝ Գրովներ հրապարակի մոտ։ Ինձ ու գրողին մի հարմարավետ սենյակ տվեցին՝ մեջը երկու սեղան, երկու գրամեքենա ու հեռախոս, և մենք էդտեղ էլ հիմնավորվեցինք։ Իսկ Ջո Ֆոքսհոլն ու Վիկտոր Տոսկան միջանցքի մյուս կողմում տեղավորվեցին, նրանց սենյակն էլ մերի պես, բայց առանց հեռախոսի ու ընդամենը մի սեղան֊աթոռով։ Ասենք, նրանք առանձնապես անելիք էլ չունեին, էնպես որ պարապ֊սարապ՝ մի պատից մյուսն էին քայլում ու իրար հետ խոսում։

Դեռ էն ժամանակ, երբ Օհայոյից հետ եկանք Նյու Յորք, գրողն ինձ ձևակերպեց որպես իր աշխատակից։ Մի սցենար սարքեցինք, էդ մեկն էնքան էլ տհաճությամբ չէինք գրում, որովհետև ապրանքատար վագոնները բարձելու մասին էր, ու ոչ ոքի պետք չէր սպանել։ Հինգ֊վեց հատ ուրիշ սցենար էլ քննարկեցինք, բոլորի միտքն էլ մարդկանց քաջալերելն էր, որ գնան սպանվեն, բայց դրանցից ոչ մեկի վրա չաշխատեցինք, որովհետև սրտներս չտվեց։ Ապրանքատար վագոնների մասին գրածը իմն էր, թեպետ դա սարքելու համար պարտադի ր չէր գրող լինեիր։ Ուրախացանք, երբ մեզ լուր հասավ, որ էդ սցենարով ուսումնական ֆիլմ չեն նկարել։ Ուրիշի սցենարն էին օգտագործել։ Ոչ էլ մարմնամարզության մասին գրածս նկարեցին։ Միշտ ուրախանում էինք, որ մեր նյութը չէին օգտագործում։

Հիմա էլ ես ու գրողը մենակ նամակներ էինք գրում ու դեսից֊դենից խոսում։ Գրողը հեռախոսային զանգերին էր պատասխանում։ Մերթընդմերթ մեկնումեկը նրա հետ հարցազրույց ունենալու ցանկություն էր հայտնում։ Նա փորձում էր գլուխն ազատել, բայց լրագրողների երեսը պինդ է, համ էլ մամուլի բաժինը թույլատրել էր նրա հետ հարցազրույցներ անցկացնել, էնպես որ զանգերից հետո մեկ էլ կտեսնեիր լոնդոնյան էս կամ էն թերթի ներկայացուցիչը մեր գրասենյակում հայտնվեց։ Ես տեղիցս վեր էի կենում՝ գնամ, բայց գրողը չէր թողնում։ Թղթակիցն էնպիսի հարցեր էր տալիս, որ Ջորջ Բեռնարդ Ծոուին կամ Հ․Ջ․ Ուելսին են տվել, բայց գրողն իրեն շատ հանգիստ էր պահում ու բոլոր հարցերին պատասխան գտնում։

Ինչ էլ ասեր, լրագրողները գրի էին առնում, իսկ նրա ամեն մի ասածը հաճելի էր լսել, որովհետև միշտ հաջողացնում էր ճշմարտությունն ասել, ինչքան էլ որ էդ պահին դա անհույս բան թվար։ Ով էլ գար հետը հարցազրույց անցկացնելու, ինձ ներկայացնում էր ու ասում, որ իր աշխատակիցն եմ։ «Եթե ճիշտը կուզեք իմանալ,― ասում էր,― նա ինձնից լավ գրող է․․․ այս տասնիննամյա տղան»։

Դե, հարցազրույց անցկացնողները մտածում էին, թե կատակ է անում, որովհետև գրողը հայտնի էր իր բազմիմաստ խոսքերով, բայց նա միշտ ավելացնում էր, որ չի կատակում, սրանք էլ վրա էին բերում․ «Ուզում եք ասել, թե ձեր կարծիքով՝ աշխարհում ձեզնից լա՞վ գրող էլ կա։ Իսկ մենք կարծում էինք՝ ձե՛զ եք աշխարհի լավագույն գրողը համարում»։

Գրողն էլ ասում էր․ «Ես մեծամասնությունից լավն եմ, բայց նա ինձնից լավն է։ Տասնինը տարեկանում նրա կեսի չափ էլ գրել չգիտեի։ Դուք դեռ կլսեք նրա անունը, եթե ողջ մնա»։

Թղթակիցները հարցնում էին, թե ինչ կարծիքի է անգլիացիների մասին, ու գրողն ասում էր․ «Ես միշտ սիրել եմ անգլիացիներին, բայց հիմա առաջվանից շատ եմ սիրում»։ Սրանք ուզում էին իմանալ՝ ինչու, և գրողն ասում էր․ «Որովհետև արդեն փոքր֊ինչ ավելի մոտիկից եմ ճանաչում նրանց։ Ուրիշ ժողովուրդներից ոչ լավն են, ոչ վատը, բայց մյուս բոլոր ժողովուրդների համեմատ՝ ես նրանց փոքր֊ինչ ավելի եմ սիրում իրենց գրողների շնորհիվ։ Տանել չեմ կարող նրանց պետական գործիչներին, բայց գրողներին սիրում եմ»։

Շուտ֊շուտ նա ինձ առաջադրանք էր տալիս, որ երեք ժամում մի կարճ պատմվածք գրեմ․ հա, ընդամենը երեք ժամ էր տրամադրում, ու հենց գրում վերջացնում էի, հետս կարդում էր, մատնացույց անում, թե որ կտորն է ստացվել, որը՝ չէ, ու էս ձևով ինձ շատ բաներ սովորեցրեց։ Ասում էր՝ հանկարծ մտքովս չանցնի թե տգետի մեկն եմ ինչ է՝ համալսարան չեմ գնացել։ Հավատացնում էր, որ տգիտությանս մասին խոսք չի կարող լինել, բայց գրածներիս մեջ երբեմն անվստահություն է զգացվում սեփական ուժերիս նկատմամբ։ Ես բացատրում էի, որ դա ինքն իրեն է ստացվում, նա էլ ասում էր՝ ուրեմն մի թող ինքն իրեն ստացվի։ Թող ճիշտ բաները ինքնաբերաբար ստացվեն։ Մարդ ինչքան շատ թողնի, որ ճիշտ բաները ինքնաբերաբար ստացվեն ու ինչքան քիչ թողնի, որ սխալ բաներն էլ ինքնաբերաբար ստացվեն, այնքան ավելի լավ գրող կդառնա և ամենակարևորը՝ այնքան ինքը ավելի կլավանա։ Գրելով զբաղվելու մեջ միակ արժեքավորն այն է, որ դա նախ՝ հոգեպես ազնվացնում է գրողին, հետևաբար և նպաստում ընթերցողի հոգևոր կատարելագործմանը։

Էսպես օր֊օրի անթիվ֊անհամար նորանոր բաներ էի իմանում նրանից, բայց չէի նստում ու պարզապես ականջ կախում նրա խոսքերին՝ առանց մի բառ ասելու։ Լսելը՝ իհարկե, ուշադիր լսում էի, բայց գլխումս սեփական մտքեր էլ էին ծագում, ու դրանք մեծ մասամբ նրան դուր էին գալիս։ Ամեն անգամ, երբ մեկնումեկը նրան հարցնում էր թե ինչ է գրում, նա ասսում էր, որ չի գրում, հարցնում էին՝ ինչու, ասում էր՝ չի կարող, քանի դեռ զինվորական համազգեստ է հագնում, ասում էր՝ կսպասի մինչև պատերազմը վերջանա։ Հետո արդեն ուզածի չափ գրելու ժամանակ կունենա։ Իսկ երբ հարցնում էին, թե պատերազմի կամ բանակի մասին մտադիր չի՞ գրել, վրա էր բերում․ «Աստծու սիրուն, հիմար հարցեր մի տվեք։ Ես լրագրող չեմ, պոետ եմ։ Գրում եմ ամեն ինչի մասին»։ Սրանք չէին իմանում ինչ մտածեն, որովհետև արար աշխարհը միաբերան ամերիկացի գրողներից ու լրագրողներից էր խոսում, թե պատերազմի մասին գրքեր են գրում։ Լոնդոնում ամերիկյան լրագրող չկար, որ պատերազմի թեմայով գոնե մի գիրք լույս ընծայած չլիներ։ Շատերը երկու֊երեք գիրք էին հրատարակել, իսկ էս գրողը, ա՛յ քեզ բան, սպասում էր պատերազմի վերջանալուն։ Նա ասում էր՝ կսպասի մինչև հիստերիան հանդարտվի, որ կարողանա իր գործը հենց ընդհատված տեղից էլ շարունակել։ Ասում էր․ «Ամերիկացիներն աշխարհի ամենահիստերիկ ժողովուրդն են, ամենից պարազմիտն ու դյուրագրգիրռը։ Արտաքուստ ինչքան հանգիստ են երևում, այնքան բորբոքված են»։

Գլուխ հիսուներորդ

Գրողը լուծում է այն հարցը, թե գերմանական ժողովրդին ինչ պիտի անել

Շուտով գրական նոր անցուդարձ սկսվեց։ Թեմատիկ կոնֆերանսներ էին կազմակերպվում բարձրաստիճան սպաների մասնակցությամբ։ Ես ու գրողը միշտ ներկա էինք լինում, ու ես բոլոր ելույթ ունեցողներին ականջ էի դնում։ Գրողը շատ ճիշտ էր ասում․ նրանք հանգիստ էին երևում, բայց իրականում ջղյանությունից իրենց ուտում էին։

Առաջին հանդիպումը ուղղակի ճաշկերույթ էր, որին հաջորդեցին ոչ պաշտոնական մտափոխանակումներ։ Ես ու գրողը ներկաների մեջ միակ շարքայիններն էինք։ Մնացածը ավագ սպաներ էին՝ կապիտաններից սկսած ու գնդապետներով վերջացրած, և մի խումբ քաղաքացիականներ, որոնց մի մասը տարիքով գրողից շատ ջահել էին, բանակից ազատված էն գլուխ պահողներից, ովքեր բարձր աշխատավարձով պետական պաշտոններ էին զբաղեցնում ու ոչ մի անելիք չունեին, բացի ուտելուց ու լեզվին տալուց։ Ինձ մնար, երբեք էլ չէի գնա էդ ժողովներին, բայց գրողն ասում էր, թե պարտադիր է․ քանի որ ինքը ստիպված էր գնալ, նրան ուղեկցելը իմ պարտականությունն էր։ Ասում էր՝ դա իմ պարտքն է իր նկատմամբ։ Ասում էր՝ դա իմ պարտքն է իր նկատմամբ։ Ասում էր՝ այդ գլխացավանքը շատ է հոգեմաշ մի մարդու համար, որ մեն֊մենակ դրան դիմանա։ Հա ուրեմն՝ էդ առաջին հանդիպմանը բոլորը մի կուշտ փորները լցրին, հետո էլ շշերը մեջտեղ եկան, ու կոնծաբանությունն սկսվեց։ Մթնոլորտը ջերմ էր ու սիրալիր սրտաբացությամբ լի։ Քաղաքացիական հագուստով մի երիտասարդ, որը կառավարության անունից ղեկավարում էր խորհրդակցությունը, քննարկման ներկայացրեց հետևյալ հարցը․ «Ի՞նչ անել Գերմանիային պատերազմից հետո»։

Է՛հ, գրողը երկար ժամանակ, ինչքան կարող էր, բերանը փակ էր պահում։ Տեսնում էի, թե ոնց է անհամ խոսակցություններից տանջվում, որովհետև համազգեստավոր ու ոչ համազգեստավոր էդ մարդուկները, որ մեծ֊մեծ ջարդում էին, բայց կյանքում երբեք մտահոգված չկային, ոչ էլ հիմա էին իրոք մտահոգված, էստեղ հավաքվել, դերասանութուն էին անում, փքվել էին գոռոզ֊գոռոզ ու ծանրումեծ տեսք ընդունել։ Պա՛հ, լեզուները էնպե՜ս էր բացվել, տակից գլխից դուրս էին տալիս, թե ինչ պիտի անել հիսուն֊վաթսուն միլիոնանոց մի ժողովրդի։ Նրանց բոլոր առաջարկներն էլ հրեշավոր էին։ Ակամայից մտածում էիր, թե էս մարդիկ համոզված են, որ ամեն մի գերմանացի տեղով հանցագործ է։ Վերջապես ինչ֊որ մեկը սխալվեց, գրողի կարծիքն էլ հարցրեց։

Դե, գրողը հայացքը պտտեցրեց, հերթով ամենքին նայեց։ Տեսա, թե բարկությունից ոնց է եռ գալիս, բայց շատ հանգիստ ասաց․

― Միակ բանը, որ պիտի անել, նրանց մեկ առ մեկ ոչնչացնելն է, մինչև որ լիովին բնաջնջվեն։ Շատ բարդ խնդիր է ուրիշ լուծում գտնելու համար, համենայն դեպս, այս ժողովում։

Ոչ ոք ձայն չհանեց, նա էլ խոսքն առաջ տարավ․

― Թույլ տվեք իմանալ, ինչո՞ւ ենք ընդհնարապես այս հարցը քննարկում, և ո՞վ է մեզ խնդրել։ Որովհետև եթե գործին լրջորեն մոտենանք,― իսկ մենք կարծես թե այդես ենք տրամադրված,― այս հարցի լուծումը պահանջում է ի մի բերել Ամերիկայի ամենապայծառ գլուխների եռանդուն տքնանքը և վիթխարի աշխատանք թափել, մի աշխատանք, որ անհնար է ավարտել ոչ հիսուն, ոչ էլ թեկուզ հարյուր տարում, իսկ ես չեմ կարծում, թե մեր երկիրը ձգտում է այդպիսի պատասխանատվություն վերցնել իր վրա։ Եթե մենք պատրաստ ենք հանձն առնել նման մի պատասխանատվություն, վախենում եմ, որ անձամբ ես բնավ չեմ կարող այդ բեռան ամենաչնչին մասն էլ ստանձնել, որովհետև ապագայի այլ ծրագրեր եմ գծել։ Նախ և առաջ, ըստ իս, այս գործն այնքան կարևոր նշանակություն ունի, որ կարոտ է շատ ավելի բանիմաց մարդկանց ջանքերին, քան մեզնից մեկնումեկն է։ Իսկ եթե հավաքվել ենք այստեղ, որպեսզի ուտենք֊խմենք ու ասենք֊խոսենք, և մեր խոսակցությունները չպետք է լուրջ ընդունել, ուրեմն ես կառաջարկեի քննել, թե պատերազմից հետո մենք ինքնե՛րս ինչ պիտի անենք, որովհետև բոլորս էլ ավելի մեծ հաջողությամբ կարող էինք մեր ժամանակն ու եռանդը այդ հացի լուծման վրա ծախսել, քան թե մի ուրիշի, որն, ինձ թվում է՝ գերմանական ժողովուրդն ինքը պիտի լուծի։ Ներկաների մեջ գերմանացի կա՞։

Նրա խոսելու ընթացքում մտածում էի, թե իրեն մեծ փորձանքի մեջ է գցում, բայց արի ու տես, որ չէ․ ոչ մ իբան էլ չեղավ․ նրա խոսքերից մի րոպե չանցած՝ բոլորն էլ մոռացան, թե ինչ էր ասում ու առաջվա պես շարունակեցն դատարկ֊մատարկ դուրս տալ, էսպես ասած՝ էլի հին երգը երգել։ Ես արդեն էնքան էի խմել, որ թքած ունեի։ Գիտեի, որ իսկի իրենցից գլուխ չեն հանի, ինչ մնաց, թե գերմանացիների հարցը լուծեին, դրա համար նրանց անալի խոսակցություններին չէի էլ մասնակցում, թեպետ կառավարության անունից ճաշկերույթ տվող երիտասարդը անընդհատ իմ կարծիքն էր հարցնում։ Ես էլ հա ասում էի․ «Ինձ հանգիստ թող»։ Ու բաժակս նորից էի թափահարում։

Էդ առաջին հանդիպումից շատ բան իմացա նման մարդկանց մասին, որ գործի կպած՝ իրենց դնում են ամբողջ ազգի տեղը, ոնց որ սրանք էին մեր ազգին՝ ամերիկացիներին ներկայացնում, իսկ իրականում, ինչքան հասկացա, մարդ արարածների ամենաստորին կարգին են պատկանում։ Էս աչքակապությունից ու ջուր ծեծելուց նեղվող մարդկանց պետական գործունեությունը վայ թե չի գրավում։

Գլուխ հիսունմեկերորդ

Տղաները Փել Մելում բնակարան են վարձում, Վեսլին նամակներ է գրում ու իր Նիլ քեռուց լավ նորություններով լի նամակ ստանում

Մի օր Ջո Ֆոքսհոլն ասաց, թե սերժանտի հետ լեզու է գտել, ու եթե ապրելու հարմար տեղ գտնենք, չորսս էլ ուզենանք ընկերովի մնալ ու ծախսերը իրար մեջ կիսել, կարող ենք զորանցից էնտեղ փոխադրվել ու գոնե մի քիչ մեր գլխի տերը լինել։ Բոլորս էլ ուզում էինք իրար հետ մնալ, էնպես որ գործի անցանք, սկսեցինք հարմար տուն փնտրել ու երկու օրից տեղափոխվեցինք երեքսենյականոց մի բնակարան․ հյուրասենյակն էր, երկու ննջարան, ամեն մեկում՝ զգույ֊զույգ մահճակալ ու մի ընտիր, մեծ լոգարան՝ ցնցուղն էլ հետը։ Ես ու Վիկտորը մի ննջարանը վերցրինք, Ջոն ու գրողը՝ մյուսը, դե, հյուրասենյակն էլ ընդհանուր էր բոլորիս համար։ Իսկն էր որ կար։ Սա մի մեծ առանձնատուն էր, անունը՝ Լոքսլի։ Ժամանակին կարգին տուն էր եղել։ Փել Մելում էր՝ լոնդոնյան ակումբների փողոցում, Սեյնթ Ջեյմսի պալատից երկու թաղամասի վրա՝ աջում, իսկ Թրաֆալգարից երկու թաղամասի վրա՝ ձախում։

Ջոն հաջողացրել էր մի շիշ շոտլանդական վիսկիի դիմաց ինչ֊որ լեյտենանտից պարենային քարտեր պոկել (վիսկին էլ երեք ֆունտ ստեռլինգով էր ճարել՝ մեր գործի տեղի վերելակավարներից մեկի ծանոթի միջոցով)։ Դրանից հետո արդեն Լոքսլիի տերերի հետ պայման կապեցինք, որ մեր նախաճաշի, ճաշի ու ընթրիքի հոգսն իրենք քաշեն։ Մի խոսքով, մարդավարի տեղավորվեցինք ու ինչքան ասես ժամանակ ունեինք, որ ներխուժման մասին մտածենք։ Մեր ենթադրելով, մի երկու շաբաթից ներխուժումը կսկսվեր՝ էդպես մարտի կեսին, բայց իհարկե, ոչ էլ սկսվեց։

Լոնդոնում, Անգլիայում ու շատ հավանական է, որ Ամերիկայում էլ, ամենքի ուշքն ու միտքը ներխուժումն էր։ Բոլոր թերթերը դրա մասին էին գրում։ Ամեն մարդ իր խելքի կտրածն էր ասում, թե ներխուժումը երբ պիտի սկսվի, հետո էլ լուր տարածվեց, որ ոչ մի ներխուժում չի լինելու․ իբր արևելքից՝ ռուսական ճակատից ու օդից ներխուժումը վաղուց է սկսվել։ Մենք գերմանացիներին շփոթմունքի ու տագնապի մեջ ենք պահում, ներխուժումն էլ հենց դա է։

Հա ուրեմն՝ արդեն սեփական հարկ էլ ունեինք, սեփական «աշխատասենյակներ» էլ։ Որոշ ժամանակ անց, հրամանատարության թույլտվությամբ, ամեն ինչ համարյա պաշտոնապես ձևակերպվեց ու օրինական դարձավ, որովհետև ես ու գրողը պարտավոր էինք իրիկունները ժողով֊մողովի գնալ և քանի որ գրողներ էինք, պիտի օրվա ու գիշերվա ուզածդ ժամին տանն աշխատելու հնարավորություն ունենայինք։ Մի օր գրողն ասաց, թե մեր գործերը արդեն կարգին են, մնում է Ջոյինն ու Վիկտորինը կարգավորի։ Ձեռքներիս տակ միշտ էլ սցենարի նյութ կար, որ աչքի անկացնենք ու մեջը խորանանք, բայց նա ինձ ասում էր՝ շատ լուրջ չմոտենամ։ Ասում էր՝ կարդամ, ծանոթանամ, որ հարցեր տալու լինեն, կարողանամ պատասխանել, բայց միայն նամակներ գրեմ ընկերներիս, մեկ֊մեկ էլ՝ պատմվածք։

Ես գրեցի հայրիկին, գրեցի մայրիկին, գրեցի Վիրջիլին, Նիլ, քեռուն, հետո՝ Լու Մարիաչչիին, Դոմինիկ Տոսկային, գրեցի Նյու Յորքի ընկերուհուս, մյուս կնոջը, որը Օհայոյից գնաց տուն՝ Սան Ֆրանցիսկո, ու խոստացածիս պես, Վիկտորի մորն էլ գրեցի։ Պատմում էի, թե բախտներս ոնց է բերել, գործներս ինչքան լավ է դասավորվել, թե Վիկտորն ու ես ինչ հաջողակ ենք։ Հարի Քուքին էլ գրեցի, հետո Նիք Քալիին, Վերնոն Հիգբիին ու մի նամակ էլ՝ Կակալակովիչին։ Ամեն մեկից պատասխան ստացա, բայց ամենահրաշալի նամակը մայրիկինն էր։ Նրա ձեռագիրն էնքան սիրուն էր, ու էնքան լավ֊լավ բաներ էր ինձ գրել՝ ուղղակի սիրահարվեցի նրան։

Վիկտորի մոր նամակը, որ հարսն էր նրա անունից գրել, պակաս հրաշալի չէր։ Նա անընդհատ աղոթում էր Վիկտորի ու ինձ համար, նորից ու նորից աստծու օրհնանքն աղերսում և խնդրում, որ Վիկտորին լավ նայեմ, ինքն էլ ինձ նայի։

Դե, իսկ Նիլ քեռին․․․ գրողը տանի, ախր նրան չէի էլ ճանաչում, բայց նա ավելի շատ բան էր գրել, որ ուզում էի իմանալ, քան թե հայրիկը, մայրիկն ու Վիրջիլը միասին վերցրած, որովհետև երևի նրանք չգիտեին, թե սրտի միջինը ոնց խոսքերով արտահայտեն։ Նիլ քեռին ասում էր, որ հայրիկն իր մոտ է աշխատում ու մեծ օգնություն է ցույց տալիս իրեն․ ասում էր՝ մարդիկ հորս սիրում են։ Տարեց, փնթփնթան հաճախորդները, ովքեր առաջ իր գլխին պատուհաս էին եղել, էլ հոգի չէին հանում, ինչ հայրիկը հետներն ընկերություն էր անում, հետաքրքրվում սրանց ապրուստով, տնտեսությամբ ցավ ու հոգսերով։ Նա ասում էր՝ հայրիկը մեքենա ունի․ ում հետ խանութում ծանոթանում է, միշտ մեքենայով տեսության է գնում։ Բան֊ման վաճառելու համար չի գնում, ուղղակի էդ մարդկանց հետ ժամանակ է անցկացնում, նրանց տնտեսությունը նայում, բայց հայրիկի այցելությունից քիչ անց սրանք նորից են գալիս խանութ ու առաջվանից ծատ ապրանք պատվիրում։ Ոչ թե հայրիկին են պատվիրում, այլ հենց Նիլ քեռուն։ Ինչքան ասես նոր֊նոր մարդիկ էլ են գալիս, որովհետև հայրիկը ում տեսության է գնում, սրանք էլ ուրիշների հետ են նրան ծանոթացնում։ Նիլ քեռին խոստովանում էր, որ ինքը խմող չի, բայց այ, հայրիկս խանութի հին ու նոր հաճախորդներից մեկնումեկին միշտ տանում է բար, հետը նստում է էնտեղ, բաժակ֊բաժակի տալիս, ու դրանից հետո նրանք լավ ընկերներ են դառնում, հենց որ էդ մարդիկ գալիս են խանութ, արդեն մի ուրիշ առևտուր է բացվում, սա ու առաջվանն էլ չես համեմատի։ Ասում էր՝ դժվար թե հայրիկը թեկուզ մի թեթև մտածված ձևով էդ բոլորն անելիս ինի, նա առուծախի հետ գլուխ չունի, բայց էնքան բարեսիրտ է, որ ակամայից մարդկանց դուր է գալիս։ Հիմա արդեն, շարունակում էր Նիլ քեռին, ինքը համոզված է, որ հայրս ու մայրս էլ չեն բաժանվի։ Չոր, տաք կլիման լավ է եկել հայրիկի վրա։ Այտերը կաս֊կարմիր են կտրել։ Նիլ քեռին ուրախ էր, որ հորս գործերը հաջող են, որովհետև միշտ զարմանալիս է եղել, թե իր քույրն ինչու չի հորիցս վերջնականապես ազատվում ու կյանքը ուրիշի հետ կապում, բայց հիմա հասկացել է։ Ասում էր՝ էնքան փող է աշխատում՝ չգիտի ինչ անի,― ճիշտ Լու Մարիաչչիի ասածի նման,― էնպես որ հայրս իր բաժինն է ստանում ու միշտ էլ կստանա։ Հայրիկը, մայրիկը ու Վիրջիլը տեղափոխվել էին իրենց սեփական տունը՝ տասը ակր տնամերձ արգավանդ հողով, Նիլ քեռին էլ վերջապես թափ էր տվել իրեն ու ամուսնացել։ Ասում էր՝ բոլորը սպասում են, թե երբ եմ երկար ժամանակով գնալու Էլ Պասո ու արձակուրդիս մի կարգին հանգստանամ, բայց ես գիտեի, որ աշխարհում ոչ մի տեղ չեմ կարող շատ երկար մնալ, բացի իմ հարազատ Սան Ֆրանցիսկոյից, ուր ապրելու էի սեփական կնոջս, ընտանիքիս հետ։ Չնայած ուրախ էի, որ հայրիկը Էլ Պասոյում է հաստատվել։

Դե, Վիրջին էլ էր նամակ գրել։ Պատմում էր, թե ոնց է մի քանի անգամ հայրիկի հետ որսի գնացել, իսկ մի անգամ էլ մայրիկին էին համոզել, տարել ու երեքով լավ ժամանակ անցկացրել։

Նյու Յորքի ընկերուհիս էլ էր ինձ գրել, խոստացել ամեն շաբաթ առնվազն երկու նամակ ուղարկել ու իր խոստումը կատարում էր։ Բոլոր նամակները նա մեքենագրում էր, ու դրանք միշտ էլ հաճելի էր կարդալ, որովհետև լիքն էին էնպիսի բաներով, որ մենակ ես ու ինքը գիտեինք, մենակ մենք էինք հասկանում․ դե, մի երկու֊երեք անգամ էլ ես նրան գրեցի։

Հարի Քուքն ու Դոմինիկը վաղուց էին հատուկ ուսուցումը անցել, վերջացրել։ Իրենց գործն ատում էին, բայց նրանց շուտով պիտի կռիվ տանեին, շատ հնարավոր էր՝ Խաղաղ օվկիանոս։ Երկուսն էլ այդպես էին գրել, դեռ Դոմինիկն էլ Վիկտորից էր հարցուփորձ անում։ Խնդրում էր, որ Վիկտորն ու ես Լոնդոնում նկարվենք, մենք էլ բանակի մեր լուսանկարիչներից մեկի մոտ մի վեց տեսակ նկար հանեցինք ու Դոմինիկին ուղարկեցինք։ Վիկտորին ասի՝ ամեն նկարից մի֊մի հատ էլ կնոջն ու մորը ուղարկի։ Վեց հատ նկար էլ առանձին հանել տվի ու մերոնց ուղարկեցի՝ մայրիկին, հետո՝ Նյու Յորքի ընկերուհուս ու Սան Ֆրանցիսկոյում ապրող։

Գլուխ հիսուներկուերորդ

Վեսլին իր համար հարսնացու է գտնում, գլոսթերցի Ջիլ Մուրին

Շուտ֊շուտ, հենց որ հնարավորություն էր լինում, Վիկտոր Տոսկային վերցնում էի, հետս ման գալու տանում։ Մի կիրակի ոտքով հասանք մինչև նավահանգստի մոտերքը՝ Լայմհաուս, Իսթ Ինդիա Դոք ճամփով գնացինք, Փենիֆիլդսն անցանք, իսկ սա արդեն Լոնդոնի չինական թաղամասն էր։ Վիկտորին ասի՝ հայրս էս կողմերը՝ Իսթ Էնդում է ծնվել։ Ամեն ինչ ուշադիր նայում էի, ախր գրողը տանի, միգուցե հայրիկն էլ էր էս նույն բաներին նայել։ Թե աչքիս մի հին եկեղեցի էր ընկնում, արդեն գիտեի, որ հայրիկը դա հաստատ տեսած կլինի, ու ես էլ էի երկա՜ր֊երկա՜ր նայում։ Ռմբակոծման ահագին հետքեր կային, Լոնդոնի էս մասը ուժեղ ռմբակոծություններից կարգին վնասվել էր․ դե, ամենից շատ միշտ էլ աղքատներն են տուժում։

Ես ու Վիկտորը չէինք կշտանում Լոնդոնում ման գալուց։ Մեկ իրիկունը Ռիջընթս զբոսայգին էինք չափչփում, մեկ Սթրենդ փողոցը ծայրից ծայր կտրում։ Կամ Ուայթհոլ փողոցն էինք ոտնատակ տալիս, կամ գնում Հայդ պարկ։ Քայլում էինք Սուրբ Պողոսի տաճարի մոտով ու Թրեդնիդլ փողոցով իջնում։ Օլդ Բեյլիի[28] կողքով գնում, հասնում էինք մինչև Լիվերփուլ փողոցի մետրոյի կայարանը։ Ինչքան կամուրջ կար՝ Վափերլոոյինը, Վեսթմինսթրինը, Լոնդոնինը, Բլեքֆրայըրզինը, Թաուերինը, բոլորի, բոլորի վրայով անցնում էինք։ Որովհետև Լոնդոնն իմ տեսած քաղաքներից ամենալավն է ման գալու համար։

Բայց, գրողը տանի, ինձ համար աղջիկ չէի գտնում ու չէ, իսկ ուզածս դա էր։ Շատ էի գնացել Փիքադիլի հրապարակ՝ էնտեղի աղջիկներին նայելու, որ տալիս էին, առնում, աշխատում տղերքի հետ ձեռնտու գործ բռնել, մի քանի անգամ էլ ես հետները համաձայնության եկա, բայց էս աղջիկները սիրտդ էնպիսի տխրությամբ էին լցնում՝ էլ չէիր ուզի, թե երեսները տեսնես։

Մի իրիկուն էլ թափառում էի Փիքադիլի հրապարակում ու չորս կողմս տիրող եռուզեռը նայում, մեկ էլ մի փոքր աղջիկ մոտեցավ։ Էնքան ջահել էր, որ աչքերիս չհավատացի, ու էս բանը ինձ իսկի դուր չեկավ։ Մի տասնչորս֊տասնհինգ տարեկան կլիներ։ Շարժուձևից երևում էր, որ իր արածը ինքն էլ չի հասկանում, դե, առաջարկեցի հետս մի քիչ քայլել։ Ման գալով հասանք Սեյնթ Ջեյմսի զբոսայգի, նստեցինք մի նստարանի ու զրույցով ընկանք։

Շատ չանցած զգացի՝ սա երևի թե իմ ուզած աղջիկն է, բայց զզվում էի էն մտքից, որ նա Փիքադիլի հրապարակում էր ու էդպես մոտեցավ ինձ, որովհետև եթե մտածածս ճիշտ էր, ուրեմն նա չէր կարող իմ ուզածը լլինել, թեկուզ հենց ինձ համար էր ստեղծվել․ չէ, դրա հետ անհնար էր հաշտվել։

Ասի՝ ճիշտը խոստովանի, ինձ չխաբի, ես սուտն ատում եմ։ Ասի՝ դուր է գալիս ինձ, ու եթե ինչ որ մտածում եմ՝ ճիշտ է, է՛հ, սիրտս կկոտրվի, չնայած ինքը էլի դուր կգա ինձ։ Ասաց՝ էսօր ցերեկն է Գլոսթերից եկել Լոնդոն, փախել է տնից։ Սոված է ու գրպանում էլ փող չունի։ Մի փողոցային կին խորհուրդ է տվել անել հենց այն, ինչ որ փորձում էր անել։ Ասաց՝ էդ կինը խոստացել է, որ կթողնի իր սենյակից օգտվել, եթե ինքը հաջողացնի մեկնումեկի հետ գործ բռնել։

Ասի՝ ինձ տանի՝ սենյակը տեսնեմ։

Կես մղոն եկանք, հասանք մի դռան մոտ, նա զանգը տվեց, բայց պատասխան չեղավ։ Գնացինք ճաշարան, ձուկ ու կարտոֆիլ կերանք, հետո էլի եկանք դռան մոտ ու նորից զանգը տվինք, ինչ֊որ կին երևաց։ Ձեռքը մի ֆունտանոց խոթեցի ու հետը մտա միջանցք։ Ասի՝ աղջկա մասին ինչ գիտի՝ պատմի։ Ասաց՝ ընդամենը մի քանի ժամ առաջ է նրան հանդիպել։ Ասաց՝ անփող, դափ֊դատարկ Լոնդոն է ընկել, էս մեր օրերում պատահող շատերի նման մի քիչ խելքը կորցրած, ինքն էլ խղճացել է, առաջարկել, որ գիշերն իր մոտ անցկացնի ու միգուցե մի երկու ֆունտ աշխատի, թե էդ տեսակ շնորհք ունի։

Ես կնոջը շնորհակալություն հայտնեցի ու աղջկան նորից տարա Սեյնթ Ջեյմսի զբոսայգի, որ ամեն ինչ մի լավ ծանրութեթև անեմ։ Ինչ ասեմ, նա ինձ դուր էր գալիս։ Վստահ չէի, թե էնքան դուր է գալիս, ինչքան իմ ուզած աղջիկը դուր կգար, բայց զգում էի, որ շատ եմ հավանում։ Ասաց՝ համարյա տասնյոթ տարեկան է, բայց ավելի փոքր է երևում, որովհետև աղքատ ընտանիքից է, ու իրենք երբեք կուշտ հաց չեն կերել, դրա համար էլ ինքը միշտ մի քիչ սոված է։

Նրան բերի տուն։ Գրողը հյուրասենյակում նստած՝ կարդում էր։ Ջոն ու Վիկտորն էլ արդեն պառկել էին։ Գրողին հարցրի, թե ինչ անեմ աղջկան։ Ասաց՝ թող լողանա ու անկողին մտնի, հենց հյուրասենյակի բազմոցին էլ քնի։ Աղջկան ասի՝ գնա լողանա ու պիժամաներիցս մեկը տվի, որ հագնի։ Ես ու գրողը բազմոցի վրա նրա համար անկողին գցեցինք։ Քիչ հետո նա պիժաման հագին դուրս եկավ լողասենյակից ու պառկեց քնելու։

Փոքրիկ, քնքուշ դեմք ուներ, վերևի շրթունքն էլ էնպես էր ցցվել, ասես շվարած երեխա լիներ, իսկ խիտ ու առաջ, փափուկ, շեկ մազերը թափվում էին ուսերին։ Նուրբ ու մանրկ էր, սպիտակ֊սպիտակ, մանկական թաթիկներով ու մանկական պստլիկ ոտքերով։ Բայց ամենից շատ նրա լայն բացված կապույտ ծով աչքերը սիրտս վառեցին, խելագար ու անգութ աշխարհին նայող փոքրիկ, վախվորած աղջկա ապշահար աչքերը։ Գրողը ծածկեց հյուրասենյակի դուռը, ու ես խնդրեցի նրան, որ դուրս գա հետս շրջելու, ուզում էի խոսել աղջկա մասին։ Սկզբում նա գնաց լողասենյակ, հետո տեսնեմ՝ ինձ է կանչում, դու մի ասա՝ աղջիկն իր շորերը լվացել է ու փռել չորանալու, գրողն էլ կանչում է, որ ինձ ցույց տա։

Դուրս եկանք փողոց, սկսեցի գրողին պատմել աղջկա մասին․

― Փիքադիլի հրապարակում էնպես մոտեցավ ինձ, ոնց որ իսկը պոռնիկ։ Բայց աչքերիս չհավատացի, տարա Սեյնթ Ջեյմսի զբոսայգի ու հետը երկար խոսեցի։ Համարյա տասնյոթ տարեկան է, չնայած փոքր է երևում։ Տնից փախել է, որովհետև աղքատ են ու չի կարողացել մոր հետ յոլա գնալ, հայրն էլ մահացած է։ Ինչ կարծիքի եք, սո՞ւտ է ասում։

― Բավական է միայն երեսին նայես,― վրա բերեց գրողը։― Նա սուտ չի ասում։

― Հա, բայց ի՞նչ անեմ նրան։

― Ամուսնացիր հետը։

Քայլում էինք փողոցով, ու ես անընդհատ հիշում էի աղջկան, նրա պատմածներն ու երեսիս գամված աչքերը, լողանալուց հետո մաս֊ամքուր դարձած փոքրիկ ձեռքերն ու փոքրիկ ոտքերը, և սատանան տանի, հաստատ չգիտեի, բայց նա կարծես թե իմ ուզած աղջիկն էր։ Կարծես վերջապես գտել էի նրան, ու մնում էր մենակ հաստատ համոզվել։ Նա ճիշտ էնպիսին էր, ոնց որ մտքումս պատկերացրել էի, ու ինձ մնում էր ամեն ինչ վերջնականապես պարզել։

Մեկ էլ պիտի պարզեի՝ նրան դո՞ւր եմ գալիս։

Գրողին հիշեցրի, թե անգլուհիների հետ ամուսնացող զինվորների համար ինչ օրենքներ կան բանակում․ կայազորի հրամանատարը կսկսի գործը քննել, իսկ դա մի երկու֊երեք ամիս կձգձգվի, որովհետև անգլո֊ամերիկյան ամուսնությունները խանգարելու համար խելքներն իրենցը չի․ դե արի ու թույլտվություն ստացիր, դեռ էդ ամբողջ քաշքշուկն էլ մի կողմից։

― Իսկ դու ուղղակի ամուսնացիր ու վերջ,― ասաց գրողը։

― Այսինքն՝ ինչպե՞ս։

― Պարզիր՝ նա քո ուզած աղջի՞կն է, թե չէ։ Իր մտքինն էլ պարզիր՝ տես նրա ուզած տղամա՞րդն ես, թե չէ։ Պարզիր՝ այնքան սիրո՞ւմ եք իրար, որ ամուսնանաք, երեխաներ ունենաք ու ամբողջ կյանքներդ միասին ապրեք։ Կայազորի հրամատարին մոռացիր։ Ինձ կասես, թե ինչ ես որոշել, ես մի բան կմտածեմ։

― Բայց դուք անկեղծորեն ի՞նչ կարծիքի եք նրա մասին։

― Իմ կարծիքով, հրաշք աղջիկ է։ Վրայից երևում է, որ քեզ շատ հարմար կին է։ Իմ կարծիքով, երկուսիդ բախտն էլ բերել է։

Գլուխ հիսուներեքերորդ

Վեսլին ու Ջիլը այցելում են միսիս Մուրին, որն օրհնում է աղջկա ամուսնությունը

Ճիշտ որ, նա իկսը իմ ուզած աղջիկն էր։ Մի շաբաթ անընդհատ գնում էինք ման գալու, անվերջ զրուցում, ու ես մեկ֊մեկ նրա ձեռքը բռնելուց բացի, ուրիծ բան չէի անում։ Ոչ մի անգամ չհամբուրեցի նրան, մատով էլ չդիպա, որովհետև էնպես էի սիրահարվել, ոնց որ երեխեքն են սիրահարվում իրար։ Նա ծանոթացավ Վիկտոր Տոսկայի ու Ջո Ֆոքսհոլի հետ, և բոլորն էլ հասկանում էին, թե ինչն ինչոց է, բայց գործներս չբարդացնելու համար պայմանավորվեցինք նրան թաքցնել առանձնատան ծառայողներից, էնպես որ նա առավոտը ծեգին քնից վեր էր կենում, անկողինը բազմոցի վրայից հավաքում ու աչքից հեռու մնում մինչև նախաճաշի սեղան էին գցում, հետո արդեն բոլորս միասին նստում էինք, հաց ուտում։

Մի անգամ էլ, օրվա երկրորդ կեսին, նրան տարա Գլոսթեր՝ իրենց տուն, որովհետև ուզում էի մոր հետ ծանոթանալ։

Նրանք ապրում էին մի կեղտոտ փողոցի կեղտոտ ու խարխուլ ինչ֊որ տնակում, ու տանը հինգ ուրիշ երեխա էլ կային, սրանցից մենակ մեկն էր հարսնացուիցս մեծ՝ բանակից արձակուրդ եկած նրա եղբայրը։

Համարյա թե իմ տարիքին էր, մի քիչ քրոջը նման, բայց տխուր տղա էր։ Աղքատությունից էր էդպես տխուր֊տրտում։

― Ի՞նչ ես ուզում քրոջիցս,― ասաց։

― Ուզում եմ կինս դառնա։

Շուտով մյուս սենյակից մայրը դուրս եկավ։ Տեսքից վատը չէր, ուղղակի խեղճ ու հոգնած կին էր, տանջված֊չարչարված, այսինքն՝ կյանքում շատ ցավեր տեսած։

― Ո՞վ ես,― ինձ ասաց։

― Անունս Վեսլի Ջեքսոն է։

― Ի՞նչ գործ ունես աղջկաս հետ։

― Եկել եմ նրա ձեռքը խնդրելու։

― Իսկ կկարենա՞ս պահել։

― Կպահեմ։

Դե, նա ինձ առաջարկեց նստել։ Բոլորս նստեցինք, խոսք ու զրույց բացվեց, նա մի գլուխ հարցուփորձ էր անում ընտանիքիս, հավատիս, հազար ու մի ուրիշ բաների մասին, որ մայրերը ուզում են իմանալ, երբ մեկնումեկն ուզում է իրենց աղջկա հետ ամուսնանալ։ Կարծես ավելի շատ ինձնով էր հետաքրքրվում, քան աղջկա մասին մտածում, բայց բոլորովին էլ վատ կին չէր, խեղճը պարզապես հույսը կտրել էր, թե իր ընտանիքի վիճակը ինչ֊որ ձևով կթեթևանա։ Երևում էր, ժամանակին սիրուն կին է եղել ու կարգին մայր, բայց կյանքը նրան շատ դժվարությունների առաջ էր կանգնեցրել։ Արձակուրդ եկած տղայի հոնքամեջը կամաց֊կամաց բացվեց, քիչ հետո մայրը թե՝

― Ե՞րբ եք ուզում ամուսնանալ։

― Թեկուզ հենց հիմա։

― Բայց նա տասնյոթ տարեկան էլ չկա։

― Դե, իմ կարծիքով՝ կարող եք մի գրություն տալ, որ համաձայն եք նրա ամուսնությանը։

― Ի՞նչ եք ուզում գրեմ։

― Ուղղակի էսքանը․ «Ի գիտություն նրանց, ում վերաբերում է․ սյունով հավանություն եմ տալիս էսինչ թվի էսինչ օրը, էսինչ տեղում ծնված իմ աղջկա՝ Ջիլի ամուսնությանը, 1927 թվի սեպտեմբերի 25֊ին Սան Ֆրանցիսկոյում ծնված Վեսլի Ջեքսոնի հետ»։ Վերջում էլ ստորագրեք։

Նա մոտեցավ մի սեղանի, հանեց ընտանեկան Աստվածաշունչը, գրելու տողած թուղթ, թանաքի սրվակն ու գրիչը։ Բայց արեց Աստվածաշնչի՝ իր ուզած էջը, որտեղ գրի էր առել իրենց ընտանիքի անդամների ծննդյան ու մահվան տարեթվերը, գրեց երկտողն ու մեկնեց ինձ։

«Ի գիտություն նրանց, ում վերաբերում է։

Սույնով հավանություն եմ տալիս 1926 թվի սեպտեմբերի 11֊ին Անգլիայի Գլոսթեր քաղաքում ծնված աղջկաս՝ Ջիլի ամուսնությանը, 1924 թվի սեպտեմբերի 25֊ին Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնված Վեսլի Ջեքսոնի հետ։ Իմ օրիորդական ազգանունը Սքոթ է, ծնունդով Դանդիից եմ։ Ամուսինս՝ Մայքլը, իռլանդացի էր, բայց երիցական։ Նա ձկնորս էր, վեց տարի առաջ անհետ կորավ ծովում։

Փեգ Մուր

Գլոսթեր, 17 մարտի 1944 թ․»։

Հետո նա ձեռքերը պարզեց աղջկան, ու Ջիլը հեկեկալով ընկավ մոր գիրկը, նրանք համբուրվեցին, մայրը մի քիչ թնգթնգաց ու քիթը մաքրեց, ինձ էլ գիրկն առաջ, ես նրա այտը համբուրեցի, ինքն էլ՝ իմ։ Հետո Ջիլը համբուրեց արձակուրդ եկած եղբորը, հերթով պաչպչեց երկու կրտսեր քույրերին ու երկու կրտսեր եղբայրներին, և մենք հրաժեշտ տվինք։

Երկաթգծի կայարանի ճամփին ես առաջին անգամ գրկեցի հարսնացուիս, ու աչքերս արցունքով լցվեցին, որովհետև նրա աչքերին էլ արցունքներ տեսա։ Ես համբուրեի նրա արցունքոտ աչքերը, շուրթերը ու հասկացա, որ վերջապես գտել եմ իմ ուզած աղջկան, ախր հոգուս մեջ նորից իմ երգն էր թնդում, ինչ֊որ մեկն ամբողջ ուժով «Վալենսիան» էր երգում։ Սիրտս թպրտում էր, ու ես փառք էի տալիս աստծուն կնոջս, նրա մոր, եղբայրների, քույրերի, նրա հոր համար, որը խեղդվել էր ծովում։ Մանավանդ Մայքըլ Մուրի համար էի փառք տալիս աստծուն, ով էլ որ եղած լիներ, ես էնպիսի սիրով լցվել՝ պատրաստ էի նույնիսկ մեռածներին գրկել։

Գլուխս հիսունչորսերորդ

Բեյքրսֆիլդցի Ջո Ֆոքսհոլը կատարում է սանֆրանցիսկոցի Վեսլի Ջեքսոնի և գլոսթերցի Ջիլ Մուրի պսակադրությունը, իսկ Վիկտոր Տոսկան ու գրողը հանդես են գալիս որպես վկաներ

Գնացքում՝ Լոնդոն վերդառնալու ճանապարհին, ինձ համարում էի արդեն ամուսնացած, գիտեի, որ կին ունեմ ու մի օր էլ որդի կունենամ, որովհետև գրպանումս հարսնացուիս մոր տված թուղթն էր, իսկ կողքիս՝ ա՜յ քեզ հրաշք, նստած էր իմ հարազատ հրեշտակը։ Սիրտս հալվում էր նրա ամեն հպումից, վրայից եկող անուշ բուրմունքից, նրա քնքուշ հեզությունից։ Էնքան երջանիկ էի՝ քիչ էր մնում փառք տամ աստծուն, որ պատերազմ է, ու ինձ բերել են բանակ, որ նրա կամքով օվկիանոսը կտրեցի անցա, եկա Լոնդոն ու գնացի Փիքադիլի հրապարակում ման գալու․ ախր եթե էս բոլորը չլիներ, ես չէի գտնի սրտիս ուզածին։ Աստծուց ներում էի խնդրում, որ ատել եմ աչքիս ատելի մարդկանց։ Էլ չէի ատում նրանց, որովհետև նրա՛նք ինձ ուղարկեցին Լոնդոն, ու ես էստեղ իմ կնոջը գտա։

Շուտով նորից տանն էինք։ Գրողը նստել էր հյուրասենյակում, իր առաջադրանքով գրածս պատմվածքն էր կարդում, ես էլ հարսնացուիս մոր տված թուղթը մեկնեցի նրան։ Կարդաց թե չէ, ասի․

― Ուզում ենք միանգամից էս իրիկուն էլ ամուսնանալ։

― Իհարկե,― ասաց գրողը։

Հենց էդ րոպեին Ջո Ֆոքսհոլը մտավ, թուղթը նրան էլ ցույց տվի, իսկ գրողն ասաց․

― Ջո, դու պսակի արարողություններից գլո՞ւխ ես հանում։

― Ի՞նչ կա գլուխ հանելու որ,― ասաց Ջոն։

― Դե ուրեմն,― ասաց գրողը,― Ջիլին ու Վեսլիին պիտի պսակել ամենաընտիր ծեսով։

Ջիլը գիտեր, թե բանակում ոնց է, կայազորի հրամանատարից թույլտվություն ստանալն ինչ քաշքշուկի ու գլխացավանքի հետ է կապված, դրա համար էլ որոշել էինք պսակի ծեսը մեր ուզածով անել։ Ձեռքներիս տակ Աստվածաշունչ չունեինք, Ջոն զանգեց սպասավորներին ու հարցրեց, թե իրենց Աստվածաշունչը փոխարինաբար չե՞ն տա։ Ծերուկ Դենը, որ հոլի պես պտտվում էր, ամբողջ տունը սպասարկում, բերեց Աստվածաշունչը, ու Ջոն սկսեց աչքի անցկացնել մի հարմար կտոր կարդալու համար։ Հետո Վիկտոր Տոսկան եկավ, մոտիս թուղթը նրան էլ ցույց տվի, ու արդեն բոլորս պատրաստ էինք պսակադրությանը։ Առավոտը մատանի էի առել՝ գրպանումս էր։ Հուզմունքից ամբողջ մարմնով դողում էի․ դե, կյանքիս ամենակարևոր օրն էր, էնքան երկար էի սպասել էս օրվան, ու վերջապես կանգնած էի իմ սիրուն Ջիլի կողքին, իսկ նա գունատ, աչքերը լայն բացած սպասում էր, թե երբ է պսակի ծեսի մեջ իր դերը կատարելու։ Վիկտորն էնպես էր ուրախացել, ասաց՝ մի րոպե համբերեք, ու դուրս թռավ։ Տասը րոպեից երկու շիշ շամպայնով հետ եկավ։ Ծերուկ Դենը մի թաս սառույց բերեց ու շամպայնի բաժակները։ Ջիլին առաջին անգամ էր տեսնում ու գլուխ տվեց։ Հարցրի, թե տանն ազատ սենյակ չկա՞ իմ ու հարսնացուիս համար։ Նա Ջիլին ու ինձ շնորհավորեց, ասաց՝ մի փոքրիկ սենյակ կա, վեց֊յոթ օրով կարող է մեզ զիջել, բայց հետո պիտի հանձնենք սենյակի նախօրոք պատվիրած մարդկանց, ես էլ երեք ֆունտ տվի նրան ու խնդրեցի, որ ծաղիկներ ճարի, դնի սենյակում, ասի՝ կարմիր վարդեր։

Ո՜նց էի խառնվել։ Չգիտեի՝ ծիծաղեմ, թե լաց լինեմ, էնպես էի խառնվել։ Քիչ հետո Ջոն ասաց՝ ինքը պատրաստ է, էս էլ որ լսեցի՝ ինձ լրիվ կորցրի։ Ջոն գրողին կանգնեցրեց իմ կողքին, Վիկտորին էլ՝ գրողի կողքին, իսկ ինքը կանգնեց մեր դիմաց ու արարողությունն սկսեց։ Դա իմ տեսած ամենահոյակապ պսակադրությունն էր։ Չգիտեմ ինչն էր էդտեղ Աստվածաշնչից, ինչ էր Ջոն ուղղակի հնարում, բայց նրա ասածները հենց իսկն էին, որ կային։ Չէի կարողանում արցունքներս զսպել, որովհետև ուզածդ աղջկան գտնելն ու նրա հե ամուսնանալը աշխարհում ամենադժվար ու ամենահրաշալի բանն է, իսկ ես վերջապես գտել էի ուզածս աղջկան ու հետն ամուսնանում էի։

Վրա հասավ ամուսնական մատանին հարսնացուիս մատը դնելու պահը, ես էդպես էլ արի, ու Ջոն ասաց․

― Աստծո առաջ ու մեկդ մյուսի առաջ, դու՝ սանֆրանցիսկոցի Վեսլի Ջեքսոն և դու՝ գլոսթերցի Ջիլ Մուր, այժմ և այսուհետ՝ հավիտյանս հավիտենից, այր ու կին եք, իսկ ապագայում՝ հայր և մայր։

Ջոն փակեց Աստվածաշունչը, ես Ջիլին գիրկս առա ու համբուրեցի, հետո էլ գրողը, Ջոն ու Վիկտորը հերթով համբուրեցին նրան, բայց Ջիլի լացն եկավ, դե, իմն էլ՝ հետը։ Չնայած մյուսներն էնպես էին հրճվել մեզ համար, որ նրանց նայելիս՝ ծիծաղում էինք արցունքների միջից։ Վիկտորը բացեց շամպայնի շիշը, բաժակները լցրեց, և բոլորն իմ ու Ջիլի կենացը խմեցին։ Ես էլ ամեն մեկի կենացը խմեցի, երկար ու երջանիկ կյանք մաղթեցի Վիկտոր Տոսկային, Ջո Ֆոքսհոլին ու գրողին։ Հետո նորահարսի կենացը խմեցի, նա էլ իմ կենացը խմեց։ Շատ չանցած ծերուկ Դենը եկավ՝ մեր նոր բնակարանի բանակլին ձեռքին, տղերքն էլ ինձ ասին, որ կնոջս տանեմ տուն ու ձեռքերիս վրա շեմքը անցկացնեմ։

Գլուխ հիսունհինգերորդ

Վեսլին ու Ջիլը դառնում են այր ու կին՝ մի մարմին որ եթե աստված տա, որդի ունենան

Բռնեցի Ջիլի ձեռքը, ու մենք դուրս եկանք, բայց տուն չգնացինք, որովհետև ուզում էի նորահարսիս հետ թափառել Լոնդոնի փողոցներում։ Ռիջընթ փողոցով հասանք Փիքադիլի հրապարակ, ուր հանդիպել էինք առաջին անգամ։ Կանգնեցինք հենց էնտեղ, ուր էն իրիկուն կանգնած էինք։ Գնացինք Սեյնթ Ջեյմսի զբոսայգի ու նստեցինք հենց նույն նստարանին, ուր նստել, խոսում էինք։ Հետո գնացինք էնտեղ, ուր են կինն էր ապրում, ու ես զանգը տվի։ Նա դուռը բացեց թե չէ, ասի․

― Մենք ամուսնացել ենք, եկել եմ շնորհակալություն հայտնելու, որ կնոջս լավություն եք արել, չեք թողել մենակ մնա։

Ուզում էի մի նվեր տալ նրան իր լավության դիմաց, բայց փողից բացի, մոտս բան չկար, դե, էդպիսի հանդիսավոր պահին էլ փող տալ չէր լինի։ Կինն աչքերը պլշել էր մեզ վրա ու վայ թե ասածս նույնիսկ չհասկացավ, թեպետ միգուցե լավ էլ հասկացավ։ Հեյմարքիթ փողոցով հետ դարձանք Փիքադիլի հրապարակ, իսկ էստեղ՝ մայթեզրին, մի ծերուկ էր նստել ու հին, կոտրված դաշնամուր էր նվագում։ Ես մոտեցա նրան, հենց որ նվագն ավարտեց՝ ասի․

― Կարո՞ղ եք «Վալենսիա» երգը ինձ համար նվագել։

Ու ա՜յ քեզ հրաշք, ծերուկը «Վալենսիան» նվագեց։ Իմ սիրած աղջկան գրկումս սեղմեցի ու ասի․

― Սա մեր երգն է, երկուսիս կյանքի երգը։

Ծերուկին մի ֆունտ տվի ու հեռացա, որ ընկերուհուս հետ նորից թափառեմ Լոնդոնում՝ քաղաքով ու նրա փողոցներում անցուդարձ անող մարդկանցով հմայված։

Իսկ երբ հասանք մեր տան դռան մոտ, իմ նորահարսին ձեռքերիս առա ու շեմքին անցկացրի։ Մենք արդեն այր ու կին էինք հավիտյանս հավիտենից։

Ի՜նչ լավն էր մեր տունը, չորս բոլորը վարդերն էին կարմիրին տալիս։ Սեղանին երկու շիշ գինի կար՝ Վիկտորի, Ջոյի ու գրողի կողմից։ Շշերից մեկը բացեցի, կնոջս ու ինձ համար մի֊մի բաժակ լցրի, քիչ հետո էլ ծերուկ Դենը եկավ հարցնելու, թե ինչ ենք ուզում ընթրիքին։ Դե, ես շատ էի հուզված, որ բերանս բան դնեմ, բայց գիտեի՝ Ջիլը պիտի անպայման ուտի․ սրանից հետո նա լավ պիտի ուտեր, դրա համար էլ ինչ ասես պատվիրեցինք, ու ծերուկ Դենը մեկը մյուսի հետևից բերեց, առաջներս շարեց, իսկ ես ու կինս սեղան էինք նստել, ուտում էինք ու նայում իրար։

Մի գլուխ ուտում էի, ուտում ու անընդհատ նայում իմ սիրելի Ջիլին։

Էդ ամբողջ գիշեր, մինչև լուսաբաց, նրան գրկումս պահեցի։ Հետո վեր կացանք, լուսաքողարկիչ վարագույրները մի կողմից քաշեցինք, ու մեր աչքի առաջ նոր աշխարհ բացվեց, ու դա հրաշալի էր տեսնել։ Հետո Ջիլին էլի անկողին դրի։ Հենց որ նորից քնեց, մոտեցա նրան ու հիանում էի նրա քնած անուշիկ դեմքով, շուրթերն էի համբուրում, ու մյուս գիշերն էլ նույն ձևով անցավ, հաջորդ գիշերն էլ։ Ու շատ գիշերներ էդպես եկան ու անցան մինչև հասկացա, որ Ջիլի համար վրա է հասել իր ամուսնու հետ լինելու, նրա իսկական կինը դառնալու ժամանակը, սիրտը սրտին ձուլել, սիրող սրտերի վայելքը միահյուսելու ժամը, երբ ուզում ես իմանալ, թե երկուսիդ երջանիկ խինդը աստծու բարի կամքով մարմին չի՞ առնի որպես հարազատ որդիդ։

Մեր ընտանիքի համար Աստվածաշունչ առա ու մի էջում գրեցի, թե ես ու Ջիլ երբ ենք առաջին անգամ իրար հետ եղել․ «1944 թ․, մարտի 24/25, շաբաթ լույս կիրակի, հանուն որդու, եթե աստված տա»։

Էլ իրար հետ չեղանք, սպասում էինք, թե ինչ դուրս կգա, ու հենց ժամանակը եկավ, կամաց֊կամաց պարզվեց։ Օր օրի վրա ամեն ինչ քիչ֊քիչ իմացանք, ու երբ մի առավոտ էլ Ջիլի սիրտը խառնեց, նրան բժշկի տարա։ Մի քանի այցելությունից հետո, բժիշկը մեր ենթադրությունը հաստատեց, ու ես Լոնդոնը ավելի սիրեցի, քան նունիսկ Սան Ֆրանցիսկոն, որովհետև իմ տղայի կյանքը Լոնդոնում սկիզբ առավ։

Արդեն էլ առաջվա Վեսլի Ջեքսոնը չէի։ Արդեն ամուսին էի ու հայր, ու ամեն ինչ աչքիս նոր իմաստ ստացավ։

Գլուխ հիսունվեցերորդ

Վեսլին ու Ջիլը տուն են գտնում, սիրո ընծաներ ու փող ստանում և շշմել են իրենց բաժին ընկած երջանկությունից

Ջիլը Կարլ Երկրորդի փողոցում մեզ համար մի փոքրիկ բնակարան գտավ։ էնքան կարգեց֊սարքեց, մինչև բնակարանը դարձավ իր նման․ այ, սա իրոք որ մեր հարազատ տունն էր։ Մի պստիկ էլ խոհանոց ունեինք, ու նա սկսեց ամեն օր ինձ համար նախաճաշ ու ընթրիք պատրաստել։ Չէր թողնում ոչ մի բան լվացքատուն տանեմ, որովհետև երկար պատմություն էր, համ էլ մեր լվացքը ինքն էր ուզում անել։ Նա օրեցօր սիրունանում էր ու ինչքան սիրունանում էր, էնքան ավելի էի ապշում իմ զարմանալի բախտի վրա։

Մայրիկին նամակ գրեցի ու ամեն ինչ պատմեցի․ դե, էս կարգի նորությունները նախ և առաջ մորդ են վերաբերում, հետո նոր՝ հորդ։ Իմ ու Ջիլի նկարներից մի քանիսը նամակի հետ դրի ու հայտնեցի, որ Ջիլը արդեն հղի է, ու մենք հույս ու հավատով սպասում ենք, թե տղա կլինի։ Միսիս Տոսկային էլ գրեցի, որովհետև գիտեի ինչքան կուրախանա, երբ իմանա, որ վերջապես գտել եմ իմ ուզած աղջկան։ Դեռ էն ժամանակ էր դրա մասին հարցուփորձ անում, ես էլ ասի՝ վաղուց եմ հարմար աղջիկ փնտրում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել։ Լու Մարիաչչիին էլ նամակ գրեցի, Սան Ֆրանցիսկոյի հին ընկերոջս՝ Հարի Քուքին էլ, և իմ ու Ջիլի բոլոր նկարներից նրանց ուղարկեցի։

Ինչ ասեմ, մայրիկից եկած պատասխանը էնքան արտակարգ բան էր, որ Ջիլը կարդալիս լաց եղավ։ Լուն էլ, այ քեզ խելառ, մաքուր ցնդել էր․ ինձ հարսանեկան նվեր էր ուղարկել՝ հինգ հարյուր դոլար։ Առանց էդ էլ չգիտեի, թե պարտիքս տակից ոնց եմ դուրս գալու, իսկ նա ասում էր՝ հանկրած մտքով չանցկացնեմ, որովհետև մեկ է՝ իր նոր ռեստորանից չտեսնված եկամուտ է ստանում։ Ասում էր՝ իր կյանքում ամենամեծ հաջողությունը ես եմ իրեն բերել։ Ասում էր՝ հորս կարիքը շատ֊շատ է զգում, բայց ուրախ է, որ նա դասավորել է կյանքը ու նորից տանն է։

Դեռ վաղուցվանից հայրիկն ամեն շաբաթ ինձ փող էր ուղարկում, էս անգամ էլ՝ պսակվելուս առթիվ, միանգամից մի կլորիկ գումար էր ուղարկել։ Ջիլի անունով բանկում հաշիվ բացեցի ու ստիպում էի, որ իրեն հասնող կտրոններով, ինչքան կարող է, իր համար հագուստ առնի։

Ես ու գրողը օրերով նստում էինք մեր գրասենյակում ու ամեն ինչից խոսում։ Երեք֊չորս օրը մեկ նա ինձ պարտադրում էր, որ պատմվածք գրեմ, դե, ես էլ գրում էի, իսկ նա մանրամասն կարդում էր ու արածիս գնահատականը տալիս։ Հավատացնում էր, թե հետզհետե ավելի լավ եմ գրում։ Վիկտոր Տոսկայի հետ էլ էինք նստում, մեր կյանք ու ապրուստից խոսում, իրար առաջ սրտներս բացում, թե ինչ բախտավոր ենք, որ ամենքս մի գեղեցկուհի ենք ճարել ու շուտով տղա կունենանք՝ իհարկե, եթե աստված տա, բայց թեկուզ աղջիկ էլ ծնվի՝ ոչինչ․ Ջիլին էնպես էի սիրում՝ մեկ֊մեկ կասկածում էի, թե ավելի լավ չի՞ տղայի փոխարեն նրա նման մի պստլիկ աղջիկ լինի, բայց դե էլի հույս ունեի, որ տղա կլինի։ Ջո Ֆոքսհոլն էլ անընդհատ կողքներս ֆռֆռում էր, հա տրտնջում, թե՝ ըհը՛, բոլորս պսակված ենք, բացի իրենից։

Քաղցր օրերն իրար հետևից թռչում էին, անցնում, ես ու Ջիլը էնքան երջանիկ էինք՝ հավատներս չէր գալիս, թե էդ բոլորը ճիշտ է։ Պատահում էր՝ տուն էի մտնում, տեսնում խոհանոցում լաց լինելով՝ դեսուդեն է գնում, հարցնում էի՝ ինչ է պատահել, իսկ նա ասում էր․ «Ախր երբեք չեմ երազել, թե էսքան երջանիկ կլինեմ։ Երբեք մտքովս չի անցել, թե մեկնումեկին էնպես սիրեմ, ոնց որ քեզ եմ սիրում, բայց հենց նայում եմ քեզ, գլխի եմ ընկնում, որ դու ինձ ավելի ես սիրում ու դրանից ինձ էնքան երջանիկ եմ զգում՝ կարծես երազի մեջ լինեմ։ Կարծես անընդհատ երազ եմ տեսնում․․․ ախր, այ մայրիկս․․․ Ի՞նչ երջանկություն է խեղճը տեսել կյանքում»։

Ջիլին ասի՝ բանակից քսանհինգ ֆունտ հանի ու գնա մորը տեսության, բայց նա սիրտ չէր անում։ Մի շաբաթ անցավ, մինչև զոռով համոզեցի։ Գիտեի, որ մայրը շատ երջանիկ կզգա իրեն, եթե նա էդպես վեր կենա ու գնա, իսկ ես ուզում էի ամեն մեկն էլ, ում ճանաչում էինք, երջանիկ լինի։ ԳԻտեի, որ Ջիլն էլ կուզեր իրենց տնեցիներին տեսնել։ Ասի՝ ձեռքս փող ընկնի թե չէ, մորը կուղարկեմ։ Իսկ առայժմ, ասի, բանակի միջոցով մեր ունեցածից բաժին կհանենք, շաբաթական հինգ ֆունտ։ Շատ չի, բայց մոր համար էդքանն էլ նշանակություն ունի։ Ու էդպես էլ արի։ Առաջին այցելությունից հետ գալուն պես՝ Ջիլն սկսեց պատմել, թե մայրը ինչքան է ուրախացել, ոնց է իր աղջկանով հպարտացել ու ինչ երջանիկ է եղել, երբ իմացել է, որ Ջիլը հղի է։ Բա ես ինչքա՜ն էի երջանիկ նրա պատմածից, դժվար թե կյանքում ավելի երջանիկ եղած լինեի։ Ջիլին ասի՝ ամենաքիչը երկու շաբաթը մեկ մորը տեսության գնա։ Ամեն անգամ, մորը տեսնելուց հետո, նա առաջվանից էլ երջանիկ էր թվում։

Ասում են՝ երջանկությունը ամեն ինչի վերջն է։ Ասում են՝ հենց որ տղան աղջկա հետ ամուսնացավ՝ պըրծ, էդքան բան, էլ վերջ, բայց չհավատաք, էդպես չի, դա բոլորովին էլ վերջը չի, սկիզբն է․ ոչինչ էլ չի սկսվում, մինչև տղան աղջկա հետ չամուսնանա, մինչև աղջիկը չհղիանա ու չսկսի օրեցօր սիրունանալ, մինչև տղայ սիրտը չլցվի սիրո պաշտամունքով աղջկա, նրա ներսում ծնունդ առած կյանքի ու արար աշխարհի նկատմամբ։ Սա սկիզբն է, ոչ թե վերջը։ Երբ տղան ու աղջիկը իրար են պատկանում, երբ նրանք դառնում են մի շունչ, մի մարմին, այ, սրանից հետո է կյանքը սկսվում, սրանից հետո է, որ էլ վերջ ու վախճան չկա․ դե, բնական է, ի՞նչ վախճան կարող է լինել, երբ նրանք միասին են՝ մի շունչ, մի մարմին․ ախր դա է աշխարհի կարգը, դա է բանի էությունը, դրա շուրջն է ամբողջ աղմուկ֊աղաղակը, դա մահն է հետույքային աքացի ստանում, կյանքն է թև առած՝ խենթուրախ սլանում, դա՝ Ծննդյան տոներն են վրա հասնում, երկնքի արքայությունն է երկրում հաստատվում, դա երգն ու պարն է, գետի կարկաչը, երջանկությունից ծփացող օվկիանոսը, քեզ ոտից գլուխ համբուրող քամին, գրկաբաց երկինքը, հրճվանքից շորորացող ծառը, խուլ գվոցով երգող քարերը, մրմունջներով լի անցնող գիշերը, բացվող արշալույսը։ Եթե ասեն՝ երջանկությունը վերջն է, դա բթացնում է մարդուն, եթե ասեն՝ երջանկությունը ոչ մի լավ բան չի բերում, ոչ գեղեցկություն, ոչ էլ վեհություն, մի հավատա, ասողները երջանկության համը չեն տեսել։ Եթե քեզ ասեն, թե համբուրվելը հիմարների գործն է, ասա, որ ստում են։ Եթե ասեն, թե պաշտել֊երկրպագելը տգետների գործն է, ասողներին շան որդի անվանիր ու ասսա, որ ստում են։ Եթե քեզ ասեն, թե քնքշությունը թուլության նշան է, ասա՝ դուք տղամարդ չեք։ Եթե ասեն, թե տառապանքը բարձր է վայելքից, ասա՝ ոչ, ճիշտ ընդհակառակը։ Լավը սկիզբն է։ Վատը դեռ վերջը չի, սա դատարկ բան է, որ պիտի հաղթահարես սկզբին հասնելու համար։ Ինչ որ արդար է՝ անմահ է։ Ու սիրուց արդար բան չկա։ Վիկտոր Տոսկան գիտեր սա։ Ջո Ֆոքսհոլն էլ գիտեր։ Սերն է ճիշտը։ Սերն ամենավերին մեծությունն է, մեն միակը։ Դա երեքն է, յոթը, ինը, տասնմեկն ու մյուս բոլոր թվերը՝ ձուլված մի հրաշալի ամբողջության մեջ։ Սիրիր աստծուն։ Սիրիր կնոջդ։ Սիրիր զավակիդ։ Սիրիր մերձավորիդ։ Սիրիր թշնամուդ, էդ շուն շան որդուն, ինչ էլ լինի։ Խեղճին ուղղվելու հնարավորություն տուր՝ սիրիր։

Գլուխ հիսունյոթերորդ

Վեսլին ու Ջիլը Ֆիցրոյ հրապարակում սուրբ են հայտնաբերում

Մի կիրակի առավոտ ես ու Ջիլը գնացինք ման գալու։ Հասանք Ֆիցրոյ հրապարակ թե չէ, տեսնենք երկար սերթուկով մի մարդ, փողոցի մեջտեղում կանգնել, քարոզ է կարդում քնից դեռ չզարթնած ժողովրդի համար։ Ցնցոտիավոր, միջահասակ մարդ էր, մոտ հիսունհինգ տարեկան, հին, ճմռթված գլխարկ ուներ՝ շուտ֊շուտ հանում էր, դնում, իսկ գլուխը խոշոր էր ու ալեհեր։ Դեռ նրան չտեսած՝ ձայնը լսեցինք ու հասկացանք, որ սուրբ է։ Դրանից սրտաշարժ ձայն լսած չկայի։ Ազնիվ զայրույթի ու քնքուշ հոգատարության էդ տեսակ ապշեցուցիչ խառնուրդ երբեք չէի լսել։ Ջիլը վախեցավ մարդուց, ասենք, ես էլ էի վախենում նրան շատ մոտենալ։ Չէ, խելագարի տեղ չէինք դնում նրան, թեպետ դա ամենահեշտ բանը կլիներ, ուղղակի նրա զայրույթն էնքան փառահեղ էր, կարծես նա էս անարգ աշխարհի բնակիչը չէր, ինչ֊որ երանելի տեղից պատահմամբ մեր փողոցներն էր ընկել ու չէր դիմանում չորս կողմը տիրող նվաստությանը, ստորություններին, աչքածակությանը, գծուծ գզվռտուքին ու խղճուկ փառամոլությանը։ Նա էնպես էր թնդում֊որոտում, կարծես իր ամենամոտ ընկերը հենց աստվածն էր, ուրիշ ոչ ոք։ Նրա ձայնը նվաճում էր սիրտդ։

Դե, Լոնդոնը Լոնդոն է, էստեղ ինչքան ասես տարօրինակ ու զարմանահրաշ մարդիկ կտեսնես։ Ես Ջիլին թևանցուկ արի, էս մարդուց մի քսան քայլ հեռու կանգնեցինք փողոցում ու լսում էինք նրան։ Ժողովուրդն արթնանում էր կիրակնօրյա քնից, վեր կենում անկողնուց, մոտենում պատուհաններին, մի հայացք գցում նրա վրա ու գնում իր գործին։ Մարդը մերթընդմերթ քարոզելուց անցնում էր երգելուն։

Հետո ի լուր ամենքի, նորից էր պայթում․

― Վե՛ր կացեք, վե՛ր, մոլոր աշխարհի բնակիչներ։ Վհատվածնե՛ր, վեր կացեք ու ապաքինվե՛ք։

Հետո միտքն ընկած ուրիշ սաղմոսից էր մի երկու տող երգում․

Ո՜վ այգաբացի լուսաշող զավակ,
Ձեռք մեկնիր մթնում մոլորվածներիս։

Հետո նորից էր որոտում․

― Արթնացե՛ք։ Արթնացե՛ք։ Բարեբեր ա՜յգը ողջունեք։ Ինչո՞ւ եք ընտրում մահվան արահետը, երբ կյանքի ճամփան հենց ձեր կողքին է։ Ելե՛ք, մեռյալներ, եկեք ու վերածնվե՛ք։

Հետո էլի էր երգում․

Թընդում է մեր երգն ի փառս տիրոջ,
Բարձրահունչ օրհներգն երկինք է հասնում,
Թող լեզուներով ու ձայնով տարբեր,
Բայց մեր շուրթերից նույն ձոնն է ելնում։

Հենց որ նա հասավ «բարձրահունչ» բառին, երգի մյուս բառերից սա ավելի բարձր թնդացրեց։ Տների բնակիչները հասկացան, թե ինչ վեհափառ շնորհ է իջել իրենց փողոցին, որովհետև քիչ հետո չիմանալով ուրիշ ինչ անել, սկսեցին թղթի մեջ պղնձադրամներ փաթաթել ու պատուհաններից շպրտել փողոց։

Շատերին եմ Լոնդոնում տեսել, որ փողի համար երգում են փողոցներում։ Հենց թղթի մեջ փաթաթված պղնձադրամներ են գցում, նրանք շտապ֊շտապ վերցնում են, բայց էս մարդը՝ չէ։ Նա իհարկե, փողը վերցնում էր, բայց էն ժամանակ, երբ հարմար էր գտնում։ Դե, նրան էլ էր փող պետք իր գոյությունը պահպանելու համար, բայց նա էդ նպատակով չէր փողոց դուրս եկել։ Պատահում էր՝ մարդիկ փող էին գցում նրան, պատահում էր, որ փողը վերցներ, թե մոտիկ էր լինում, բայց մուրացկան չէր։ Սուրբ էր։ Արդար աշխարհի քաղաքացի։

Կամաց֊կամաց նա մոտեցավ մեզ։ Տեսա, որ Ջինը էլ չի վախենում, մարդու հետ խոսքի բռնվեցի։ Ասաց՝ անունը Բերի է, ասաց՝ քսան տարուց ավել շրջում է Լոնդոնի փողոցներում ու ժողովրդին կոչ անում։ Համարյա վաթսուն տարեկան էր։ Ասաց՝ քրիստոնյա է, բայց ոչ միայն աստծուն է հավատում, այլև բոլոր լավ մարդկանց՝ թե՛ կրոնասեր, թե՛ ամեն տեսակ։ Նա հավատում էր ուզածդ բանին, ինչը որ կարող է մարդկանց կյանքի կոչել, դուրս քաշել թշվառությունից ու ծույլ անշարժությունից, մղել դեպի գեղեցիկը, ճշմարիտն ու վեհը, փարատել հոգիների տանջալից խռովքն ու շփոթմունքը, ամոքել ցավերը։ Նա կողմնակից էր ուզածդ բանին, ինչը որ կյանքին կենդանություն է տալիս։

Ես հարցրի, թե ժամանակին դերասանություն չի՞ արել, ախր էնպես հոյակապ է տիրապետում ձայնին, բայց նա ուղղակի ապշահար եղավ։ Իհարկե, չի արել, ասաց։ Որտեղի՞ց այդքան մեծ թատրոն, որ իր ձայնը տեղավորեր։

― Այ, հիմա,― ասաց,― ես նորից կխոսեմ ու նորից կերգեմ, իսկ դուք ականջ դրեք։

Նա գնաց, մյուս խաչմերուկի կենտրոնում կանգնեց ու քարոզելով՝ սկսեց ձայնը աստիճանաբար բարձրացնել, ավելի ու ավելի որոտալից թնդալ, մինչև որ ես ու Ջիլը նրա ձայնի մեջ լսեցինք ճշմարտության ահեղ մռունչը։ Նա շրջվեց մեր կողմն ու առանց ձայնը ցածրացնելու ասսաց․

― Աշխարհում ո՛չ մի թատրոն չի կարող տեղավորել այսպիսի մի ձայն, բայց ողջ Անգլիան իմ տունն է։

Գլուխ հիսունութերորդ

Գրողը հանդիպում է Ֆիգրոյ հրապարակի սրբին և Վեսլիի հետ փողից ու վարքուբարքից խոսում

Համոզված էի, որ գրողը շատ կուզեր տեսնել էս մարդուն ու նրա ձայնը լսել, դրա համար էլ հենց սա քարոզն ավարտեց ու մոտեցավ մեզ, խնդրեցի, թե ի՞նչ կլինի, մյուս օրը, կեսօրից հետո գա մեր գրասենյակի շենքի մոտ՝ էնտե՛ղ իրեն լսենք։ Ասաց կգա ու հաջորդ օրը, ժամը երեքին նրա ձայնը ականջիս ընկավ, սպասեցի տեսնեմ, թե գրողն ինչ պիտի մտածի։

Դե, մի պահ լսում էր։ Հետո մոտեցավ պատուհանին ու փեղկը բացեց։ Մի րոպե չանցած՝ շտապ֊շտապ դուրս եկավ գրասենյակից։ Տեսա՝ փողոցում կանգնել, սպասում է, որ մարդու հետ խոսի։ Սա իր քարոզը վերջացրեց թե չէ, գրողը ինչ֊որ բան խցկեց նրա ձեռքն ու հետը զրույցի մտավ։

Հետո քաշվեց մի կողմ, իսկ քարոզիչը նորից սկսեց։ Անցորդները կանգնում էին, ականջ դնում։ Մարդն իր ձայնով ու խոսքերով մի տեսակ գրավում էր ամենքին։ Տեսնեմ գրողը տնտղում է մարդկանց։ Բոլորն էլ փող էին գցում քարոզչին։ Նա մի քառասունհինգ րոպե մնաց շենքի առաաջ, ու ժողովուրդը անընդհատ փող էր տալիս նրան։ Վախենում էի, որ էդ մեծ հաջողությունը փորձանք դառնա գլխին։ Հաստատ մի երեք֊չորս ֆունտ հավաքած կլիներ, եթե ոչ ավել։ Մտածում էի՝ ով գիտի ահավոր բան արի, որ նրան կանչեցի էստեղ․ ախր առաքինի մարդը չպետք է հայտնվի էնպիսի վիճակում, երբ ջանքերիդ արդյունքն ընկալում ես հաջողության ամենաշոշափելի ու բացահայտ ձևով․ ըստ շահածդ փողի։ Էս մարդու մեծությունը էնքան սերտորեն էր կապված նրա օտարությանը իր շրջապատին, որ վախենում էի հաջողությունը նրա համար կարևոր դառնա, հոգին ապականի, խորտակի մեծությունն ու ստիպի մտածել անարժան բաների մասին։Կա֊չկա էս բոլորը նրա մտքով էլ էր անցել, որովհետև էլ երբեք չեկավ մեր փողոցը։ Ֆիցրոյ հրապարակում նա ավելի վեհաշքու էր, քանի որ շուրջը ոչ մի իրարանցում չկար։

Երբ գրողը վերադարձավ իր սեղանի մոտ, ասաց՝ երևի թե մեր ժամանակների ամենամեծ մարդկանցից մեկին է տեսել ու լսել ես էլ պատմեցի, որ Ջիլի հետ ման գալիս՝ Ֆիցրոյ հրապարակում եմ էդ մարդուն հանդիպել ու մեր փողոցը կանչել, որովհետև համզոված էի՝ գրողն էլ կուզեր ծանոթանալ նրա հետ։

― Չգիտեմ ինչ անեմ,― ասաց գրողը,― մի ֆունտ տվեցի։ Իհարկե, սխալ էր։

― Փողը պետք կգա նրան։

― Անշուշտ պետք կգա, բայց նա փողոցներն ընկած՝ ջանք չի խնայում, որ մարդիկ փողի իշխանությունից ազատվեն, իսկ մարդի՞կ․ ի՞նչ են անում մարդիկ․ ես ի՞նչ արեցի։ Փող տվի նրան։ Չէ, սա ընդհանրապես բանի նման չէ։

Դե, էստեղ փողից խոսք բացվեց, ու գրողն ասաց․

― Մի օր կսկսես շատ փող վաստակել, առանձնապես չես տքնի վաստակելու համար, ամեն ինչ ինանքբերաբար կստացվի։ Այ, երբ որ դա կատարվի, ոչ մի նշանակույթուն չտաս, դրանով չտարվես՝ փողի գերին դառնաս․ ավելի շատ ունենալուն չձգտես ու չտխրես, եթե քիչ ստանաս։ Դրանից բարձր եղիր։ Երբեք քեզ թույլ չտաս հարուստ կամ աղքատ լինել։ Փողը կարնույնիսկ լավ մարդուն կործանման հասցնել։

Ուզում էի իմանալ, թե ոնց պիտի հանկարծ շատ փող վաստակեմ, էնպես որ գրողին հարցրի, նա էլ բացատրեց․

― Գրելով,― ասաց։― Դու հիմա էլ ես լավ գրում, բայց շուտով, ըստ իս, մեծ գրող կդառնաս։

― Որտեղի՞ց գիտենք։

― Գիտեմ ու վերջ։

է՛հ, եթե խոսքը էս տեսակ հրաշքների մասին է, մանավանդ որ բանն էլ քեզ է վերաբերում, ուզում ես ավելին իմանալ, դրա համար էլ ասի․

― Բայց ինչո՞ւ եք էդպես կարծում։

― Ես կարդացել եմ բոլոր գործերդ, ինչ որ իմ առաջադրանքով գրել ես, ― ասաց գրողը։― Դու հիմա ավելի լավ ես գրում, քան երբևէ ասպարեզ եկած գրողների մեծամասնությունը, մինչդեռ նոր ես սկսում։ Գրողները չեն սիրում գրողներին։ Վախենում են իրարից։ Ես՝ չէ։ Սիրում եմ գրողներին։ Այն մարդկանց չեմ սիրում, ովքեր գրող չեն, բայց համառորեն շարունակում են գրել։ Իսկ դու գրող ես։ Հենց որ կսկսես շատ փող վաստակել, դրան ոչ մի նշանակություն չտաս, առանց այդ էլ միլիոնատեր ես ու միլիոնատեր էլ կլինես։

― Միլիոնատե՞ր։

― Իհարկե,― ասաց գրողը։― Դու ի ծնե միլիոնատեր ես։ Այն միլիոնատերերից, որ տասը սենթի կարիք էլ չունեն․ դա հազիվ թե նրանց պետք գա։ Ուղղակի աշխատիր ողջ պրծնել պատերազմից, ուրիշ ոչինչ։

Ասի՝ անընդհատ աշխատում եմ, հետո նա իր առաջադրանքով գրածս վերջին պատմվածքը վերադարձրեց, բայց ոչ մի խոսք չասաց, ես էլ հարցրի․

― Դե․․․ սրա մասի՞ն ինչ կասեք։

― Դու արդեն ինքնուրույն գրող ես,― ասաց։― Այլևս քեզ սովորեցնելու բան չունեմ։

Տրամադրությունս կարգին բարձարացավ, ասի․

― Հիմա ի՞նչ անեմ։

― Ի՛նքդ կհասկանաս,― ասաց։― Իսկ առայժմ գնանք գարեջուր խմելու։

Դուրս եկանք փողոց, գնացինք «Սրարշավ ձի» պանդոկը, գարեջուր խմեցինք, հետո գնդիկախաղով ընկանք, ամեն օյինին կես քրոն էինք դնում ու ներխուժման մասին խոսում։

Էդ ներխուժումը հեչ սրտովս չէր։ Երնեկ էի տալիս էս պատերազմը գրողի ծոցը կորչեր, չնայած գիտեի, որ դա լինելու բան չի։ Իհարկե, վերջին հաշվով, մի օր պտաերազմն իրոք գրողի ծոցը կկորչեր, ու եման ինչ առաաջվա պես կդառնար, բայց պատերազմն արդեն իր սև գործը տեսած կլիներ ու բոլորի խելքը գլխից առած։ Մեկ է, թեկուզ պատերազմը մեջտեղ էլչընկներ, ամեն ինչ էլի նույնին կհանգեր, բայց քանի հավատացնում էին, թե դժվարն էն է՝ կռվիրց ողջ պրծնեն, դրանից հետո իսկապես չտեսնված մի բան է լինելու, իսկ ես մազաչափ չէի հավատում սրան։ Մտքովս չէր էլ անցնում, թե նման ճանապարհով կարելի է հասնել ինչ֊որ չտեսնված, արդարացի կամ օգտակար, կատարյալ կամ մեծ․ ազնիվ, ճիշտ կամ մարդկային բանի։ Իմ կարծիքով, պատերազմն ուղղակի դժբախտություն էր, որի առաջը մարդիկ չեն առել, ու գալու էր անցներ, մի օր էլ աշխարհի երեսից ջնջվեր, իսկ ամենակարևոր բաները մնալու էին իրենց նախկին տեղում՝ առաջվա նման, մինչև դժբախտության գալն ու անցնելը։ Ես պարզապես չէի հավատում պատերազմին։ Հիմա էլ չեմ հավատում։ Ու երբեք չեմ հավատա։ Իմ կարծիքով, պատերազմն ընդամենը ձախողումներն արդարացնելու անհաջող միջոց է։ Ասենք՝ ինչ֊որ մահաբեր մանրէների շատ սազական է մարդու մարմնի մեջ կռիվ տալ կենսարար մանրէների դեմ․ դա բնության օրենքն է, բայց մարդիկ ախր հո մանրէներ չեն։

Գլուխ հիսունիններորդ

Վեսլին ու Ջիլը ականջ են դնում լոնդոնյան մուրացկանի երգին ու ճառերին

Մի կիրակի առավոտ, ութի մոտերքը, ինչ֊որ մեկը կանգնել էր Կարլ Երկրորդի փողոցում, որտեղ մենք ապրում էինք, ու երգ էր ասում։ Նրա ձայնից զարթնեցինք ու շատ ուրախացանք, որովհետև երգում էր․

Ա՛խ, երանի իմանայիք, թե ինչքան եմ ձեզ սիրում,
Ա՛խ, երանի իմանայիք՝ սիրտս ինչպես եք հուզում․․․

Ես գրկեցի Ջիլին, սեղմեցի կրծքիս ու համբուրեցի, իսկ մարդն իր երգը վերջացրեց ու գործի անցավ, սկսեց թղթերի մեջ փաթաթված պղնձադրամները հավաքել, որ պատուհաններից էին գցել, բայց հավաքելու հետ մեկտեղ մի փոքրիկ ճառ արտասանեց․

― Տիկնայք և պարոնայք,― ասաց,― ինձ հաճելի չի, որ կիրակի օրով, էսպես առավոտ կանուխ, փողոց եմ դուրս գալիս ու երգում փողի համար, բայց կինս ծանր է, հիվանդանոցում պառկած։ Շնորհակալ եմ, տիկնայք և պարոնայք, աստված ձեզ պահի, բարու մեջ մնաք։

Հետո նա երգեց «Երբ արար աշխարհում նորից լույսերը վառվեն» երգը։ Փողոցն ընկած, եգելով՝ տնետուն էր անում ու փող հավաքում։ Հենց էս երգն էլ վերջացրեց, ականջիս հասավ, որ նորից է ճառում։ Հիանալի էր, որովհետև երկրորդ ճառին նոր բան ավելացրեց։

― Տիկնայք և պարոնայք,― ասաց,― օգնեք նեղ վիճակի մեջ գտնվող մարդուն։

Մի քիչ էլ առաջ անցավ ու սկսեց երգել․ «Ես յանկի Դուդլ Դենդին եմ․․․»։ Սա արդեն ամենածիծաղելին էր, որովհետև նրանից ի՜նչ յանկի, բնիկ լոնդոնցի էր, մոտ քսանհինգ տարեկան մի ինքնավստահ անամոթ։ Իր երրորդ ճառում լսեցի, որ ասաց․ ― Տիկնայք և պարոնայք, ես նախկին պատերազմի վետերան եմ, կռվել եմ մի քանի տարբեր տեղերում ու պարգևատրվել մ իքանի տարբեր շքանշաններով։

Է՛հ, նրա միակ շքանշանը իր կարմիր քիթն էր, բայց ձայնը լավն էր, ու երևում էր ինձ ու Ջիլի պես՝ բոլորին դուր է գալիս։ Գիտեինք, որ ամեն ինչ փչում է, բայց փչաններ կան՝ անկախ քեզնից դուրդ են գալիս։ Հույս ունեինք, թե մյուս կիրակի էլ կգա, ու իրոք եկավ։ Էլի նույն երեք երգը երգեց ու նույն երեք ճառը աննշան փոփոխություններով արտասանեց։

Լոնդոնի փողոցային մարդկանց ես շատ եմ սիրում։ Ջիլի հետ միշտ գնում էինք Հեյմարքիթում դաշնամուր նվագող ծերուկին լսելու, պատվիրում էինք, որ մեզ համար «Վալենսիան» նվագի, մի թափառաշրջիկ զույգ էլ կար՝ բանջո ու կլարնետ նվագողներ, իրիկնամուտին միշտ անցնում էին էս փողոցով ու «Խոտերի շրշյունը» կատարում, սա էլ էինք շատ հավանում։ Ամբողջ քաղաքը լի էր արտասովոր ու չնաշխարհիկ երգ֊երաժշտությամբ։

Մի կիրակի էլ, հենց որ թափառական երգիչը մեզ զարթնացրեց իր մշտական երգով՝ «Ա՛խ, երանի իմանայիք, թե ինչքան եմ ձեզ սիրում․․․», սովորականի պես քնից վեր կացանք, պինդ գրկվեցինք իրար, համբուրվեցինք ու սովորականի պես սպասում էինք նրա ճառին, նա էլ, իհարկե, սկսեց նույնը կրկնել, բայց բանը հասավ հիվանդանոցում պառկած կնոջը թե չէ, սա հանկարծ սսկվեց։ Վազեցի լուսամուտի մոտ, որ տեսնեմ ինչ է պատահել։ Պարզվեց՝ լոնդոնյան ոստիկանը բռնել է նրա թևից ու թեթևակի հրելով՝ տանում է․ դե, դա արդեն լրիվ ավելորդ էր։ Ասենք, մյուս կիրկաի մեր երգիչն էլի իր նախկին տեղում էր։

Բայց ամենահրաշք երաժշտությունը գիշերն ընկնելուց առաջ էինք մեկ֊մեկ լսում, մայրամուտից հետո, երբ մթան քողն էր ամեն ինչի վրա իջնում։ Մի շոտլանդացի կոռնետ էր նվագում․ ա՜յ քեզ իսկական շեթորահար։ Երաժշտությունը զուլալ էր ու թախծոտ, մեջս էնպիսի զգացում էր առաջանում, ասես հազար տարի է՝ արդեն ապրում եմ։ Նրա նվագից քիչ հետո գիշերը վրա էր հասնում, ու պատահում էր՝ ինքնաթիռները թռչում էին գալիս Լոնդոնը ռմբակոծելու։ Շչակները ոռնալով տագնապ էին հայտարարում, ու բոլորը վազում էին ապաստարան, բայց ես ու Ջիլը մտածում էինք, որ մեզ մեն մի ապաստան է պետք՝ մեր գիրկը, ու երբեք մեր միակ ապաստանից բացի, ուրիշ ապաստանի կարիք չզգացինք։ Դա ամենաապահով ապաստանն էր, ու մենք երբեք չէինք վախենում, ուղղակի չէինք կարող հավատալ, թե ինչ֊որ ռումբ հանկարծ կընկնի մեզ վրա, ու իրոք, ոչ մեկն էլ չընկավ։ Հրանոթները թնդում էին խավարում՝ երբեմն էնքան մոտիկ, որ ամբողջ շենքը ցնցվում էր, ռումբերն ընկնում էին ու պայթում, բայց մենք չէինք վախենում, քանի որ երկուսով էինք։

Լոնդոնը միշտ էլ լավն էր, միշտ էլ՝ բոլոր քաղաքներից ամենալավը, նույիսկ Սան Ֆրանցիսկոյից լավը, Նյու Յորքից ու Չիկագոյից էլ լավը, որովհետև Լոնդոնում էի հանդիպել իմ Ջիլին, իսկ դա էնպիսի բան է, որ քաղաքը սիրել է տալիս։ Ես երբեք Գլոսթեր գնացողը չէի, բայց Ջիլին պարզապես վիճակված էր գալ Լոնդոն, որովհետև ես էնտեղ սպասում էի նրան։ Գիտեմ, մեկ է՝ Լոնդոնը կսիրեի, թեկուզ Ջիլին չգտնեի էստեղ, բայց որ գտա, միշտ էլ ավելի կսիրեմ աշխարհի բոլոր մյուս տեղերից։ Ախր իմ կյանքը Լոնդոնում սկսվեց։ Ինչքան էլ հեռու լինեմ Լոնդոնից, որտեղ էլ ես ու Ջիլը մեռնելու լինենք, մեկ է՝ միշտ կմնանք մեր միգամած, հպարտ ու հրաշակերտ քաղաքում։

Գլուխ վաթսուներորդ

Վեսլին ու Ջիլը գնում են Վինձոր ու ձիարշավում ահագին փող շահում

Մի շաբաթ օր որոշեցի Ջիլին քաղաքից դուրս տանել մի քիչ թարմանալու համար, նա էլ սանդվիչներ պատրաստեց, կեսօրին Վիկտորիա կայարանից նստեցինք գնացք ու մեկնեցինք Վինձոր՝ ձիարշավ նայելու։ Տեղ հասանք թե չէ, տեսնենք մի մարդ մարգագետնում լիքը ժողովուրդ է գլխին հավաքել ու ճառ է ասում, դե, ես ու Ջիլն էլ կանգնեցինք նրան լսելու։ Ասում էր՝ ինքը ոմանց թայը չի, ովքեր գործարար աշխարհում ոչ մի կշիռ չունեն։ Իբր վերջին ինը տարում մեծ ճանաչում է ձեռք բերել, Սելֆրիջների, Քլերիջների, Թեթըրսոլների պես ունեվոր մարդկանց ետ է նստում֊վեր կենում։ Ասում էր՝ փողն իրեն չի հետաքրքրում։ Սա ապացուցելու համար մի բուռ մանր փող հանեց գրպանից ու սկսեց մեկ առ մեկ շաղ տալ իր առաջ՝ հենց մարգագետնում, հետն էլ ասում էր․

― Ըհը՛, կես քրոն, մի քրոն, յոթ ու կես շիլինգ, տասը, տասներկուս ու կես, տասնհինգ, տասնյոթ ու կես շիլինգ՝ մի ֆունտ։ Ես փողի համար չեմ եկել էստեղ։ Ընկերներիցս ում մոտ էլ գնայի, առանց մի խոսքի, առանց մի՛ հատիկ խոսքի, տիկնայք և պարոնայք, ուզածս գումարը կստանայի, ինչքան որ սիրտս տար։

Նա մի գլուխ խոսում էր, խոսում ու վերջապես հասավ իր բուն ասելիքին․ մոտը մի թերթիկ կար, վրան գրել էր, թե առաջիկա հինգ մրցավազքում որ համարներով ձիերն են հաղթելու։ Դե, ինձ էլ դա էր պետք, բայց նա չասաց՝ թերթիկի դիմաց ինչքան է ուզում, ես էլ հարցրի։ Սա թե՝ կես քրոն։ Նրան կես քրոն տվի ու գնացի ցուցակում հենց առաջին համարի տակ նշված ձիու վրա մի ֆունտ դնելու․ էս ձիու անունը Զորացրված էր։

Ես ու Ջիլը ուրիշ շատերի հետ մարգագետինն անցանք, մտանք վազքուղի, եկանք վերջնագծի մոտի ճաղաշարին հասանք։ Էստեղ մի տղա սկսեց ինձ ձիարշավի հարցում լուսավորել․ թե ինչ պիտի իմանամ, որ հաղթողին ճիշտ որոշեմ։ Ասի՝ մի բանիմաց մարդուց կես քրոնով ցուցակ եմ առել ու մի ֆունտ դրել Զորացրվածի վրա։ Սա թե՝ Զորացրվածից հույսդ կտրիր, բայց ես նրա խոսքերին ուշադրություն չդարձրի։ Մարդու ճառը ինձ դուր էր եկել։ Քիչ հետո ձիերն երևացին, վազքուղին ընկած՝ քառատրոփ մոտնեում էին մեկնարկին, ու ես իմ ձիուն տեսա։ Ոնց որ կրակի կտոր լիներ, Ջիլին ասի՝ տեղս պահի, մինչև մտնեմ ներսի դաշտը, գրավընկալներից մեի մոտ երկու ֆունտ էլ դնեմ մեր ձիու վրա։ Գրավընկալները մի ֆունտի դիմաց յոթն էր առաջարկում։ Հետո եկա Ջիլի մոտ, կողքներիս տղան գլխի գցեց, որ մեր ձիու հեծյալը կարմիր բաճկոնով է ու կանաչ կեպիով։ Շատ չանցած բոլորը ձայն տվին, թե՝ ձիարշավն սկսվեց։ Բայց մենք ոչ մի բան չէինք տեսնում, որովհետև մեկնարկը վազքուղու ոլորանի հետևն էր։ Քիչ հետո ձիերը ոլորանն անցան, բայց էնքան հեռու էին, որ հեծյալների շորերի գույնը իրարից չէր ջոկվում։ Նրանք ավելի ու ավելի էին մոտենում, հետո էլ թեքությամբ սլացան վերև, որովհետև Անգլիայում էդպես է․ վազքուղին մինչև վերջնագիծ աստիճանաբար բարձրանում է, ու հեռվից հեռու աչքովս ընկավ, որ բոլորից առաջ մի կարմիր բաճկոնավոր է ձիու վրա վեր֊վեր թռչում, բաճկոնի վերևն էլ կանաչ կեպի տեսա, ուրեմն Զորացրվածը կարծես ընկել էր առաջ։ Կողքիս տղան էլ սրան համաձայնեց, չնայած ասաց՝ առաջիկա երեսուն յարդում իմ ձին կանցնի Զորացրվածից, բայց ոչ էլ անցավ։ Զորացրվածը բոլորից շուտ տեղ հասավ, մյուս ձիերից համարյա տասնհինգ յարդ առաջ էր պոկվել։ Գնացի, շահածաս փողը վերցրի, հետո եղած֊չեղածը դրի մոտիս ցուցակի հաջորդ համարի վրա, էս ձիու անունն էլ Պատերազմի զավակ էր։ Դե, ո՞նց կարող էի էդ տեսակ անուն ունեցող ձիու վրա խաղչեք չդնել, եթե Ջիլի կրծքի տակ էլ մի պատերազմի զավակ կար։ Ճիշտ է, դրածս փողի ու շահերիս տարբերությունը էնքան մեծ չէր լինելու, ինչքան որ Զորացրվածի համար էին տալիս, բայց էլի վատ չէր․ մի ֆունտի դիմաց՝ չորսը։ Ջիլին ասի՝ թե Պատերազմի զավակը հաղթի, էսօր էլ փող չենք դնի, կգնանք Թեմզայի ափին մի լավ տեղ կգտնենք, կպառկենք, մի քիչ կննջենք ու նախաճաշ կանենք։ Շուտով ձիերը վազքուղին մտած՝ քառատրոփ արշավեցին մեկնարկի կողմը, ու նոր մրցավազքն սկսվեց։ Անհավատալի էր, որ իրոք էպդես լիներ, բայց արի ու տես՝ իրոք էդպես եղավ։ Պատերազմի զավակը շատ հեշտ ու հանգիստ առաջինը տեղ հասավ, բոլորին հետևում թողեց, նույնիսկ չէր էլ հևում։ Հո չուրախացա՜, հո չուրախացա՜, ամբողջ Վինձորի աչքի առաջ Ջիլին կրծքիս սեղմեցի։ Հենց արդյունքները հայտարարեցին, գնացի, շահածս գումարն ստացա՝ ութսունչորս ֆունտ ստեռլինգ, ամերիկյան փողով համարյա երեք հարյուր երեսունվեց դոլար էր անում։

Էս փողը լրիվ Ջիլի ձեռքը դրի․

― Սա քեզ։

Գիտեի՝ մոտ օրերս մորը տեսության է գնալու, փող պիտի տանի նրան, իսկ ես սրտանց ուզում էի, որ տանի։

Ձիարշավարանից դուրս գալիս՝ էն մարդու կողքով անցանք, ումից կես քրոնով ցուցակն առել էի։ Հպարտությունից շողում էր, արդեն իր ջոկած ձիերից երկուսը առաջինն էին եկել։ Նա ինձ դուր էր գալիս, որ էդպես հաջող ընտրություն է արել՝ հաղթողներից արդեն երկուսին ջոկել, ախր ինձ էլ էր մեծ հաջողություն բերել, իսկ սիրահարված մարդուն ոչ մի բան էնքան երջանիկ ու ավեիլ սիրահարված չի դարձնում, ինչքան հաջողությունը։ (Ցուցակը մոտս պահեցի ու հաջորդ օրը ձիարշավի ընհանուր արդյունքները թերթում նայեցի։ Ափսոսս եկավ, նրա ընտրած մյուս երեք ձին ոչ մի տեղ չէին բռնել, բայց մի քիչ էլ ուրախացա, որ դրանց վրա փող չեմ դրել)։

Ես ու Ջիլը հանգստանալու համար Թեմզայի ափին մի սիրուն տեղ գտանք։ Խոտը թարմ էր, մաքուր ու էնքան կանաչ, որ մենակ Անգլիայում էդքան կանաչ խոտ կտեսնես։ Չորս կողմն անթիվ֊անհամար դաշտային փոքրիկ ծաղիկներ էին բացվել, նրանք ժպտում էին իրար ու գլխով անում, մեղուներն իրենց սիրած երգերն էին բզզում, թիթեռներն անհոգ տեղից տեղ թռչում, մորեխները դեսուդեն ցատկոտում․ ինչ բզեզ ու միջատ ասես չկար, ու գրողը տանի, կյանքում չէի էլ երազել, թե էսպիսի հրաշք րոպեներ կլինեն, որովհետև կանաչների մեջ, Թեմզայի ափին, էստեղ՝ Վինձորի մոտ, ձիարշավարանից հեռու, իմ գեղեցկուհին, իմ սիրելի Ջիլը արար աշխարհի ամենաչքնաղ ծաղիկն էր։ Ես էլ էի գլխով անում ծաղիկներին ու շնորհակալ սրտով փառք տալիս նրանց, ինչպես աստծուն փառք կտայի, որ ընկել եմ էստեղ․ Անգլիայում եմ, մի տեղ, ուր թագավորներն ու թագուհիներն են ճեմել, ծեր ու դանդաղկոտ Թեմզայի ափին, իմ քաղցրիկ անգլուհու հետ։ Վինձորի կանաչների մեջ քնեցինք, արթնացանք, համբուրվում էինք ու օյիններ խաղում, նայում ամպերին, հետևում, թե անվերջ փոխվելով՝ ինչ ձևեր են ընդունում, հետո էլ նախաճաշ արինք։ Իսկ հետո Ջիլը կոշիկներն ու գուլպաները հանեց, խոտի վրա ոտաբոբիկ վազվզում էր ու պարում․ ախ, Ջիլ, ինչքան եմ սիրում քո աստվածային, պստլիկ ոտքերը։ Ընկա Ջիլի հետևից ու բռնեցի նրան, բարձրացրի ձեռքերիս վրա, հետո դրի Անգլիայի կանաչ խոտերին ու սկսեցի համբուրել նրա ոտքերը, նրա թռվռան, ծիծաղելի ու լուրջ տոտիկները։ Ես համբուրում էի նրա ոտքերի բոլոր մատները, կրունկները, բոլոր փոսիկներն ու կոճերը, Ջիլն էլ ինձ ծիծաղեցնելու համար զինվորական կոշիկներս էր պաչպչում, ես քրքջում էի, իսկ ծաղիկներն էլի գլխով էին անում ու ժպտում, ասես կեղտոտ պատերազմը ոչ եղել էր, ոչ կար։ Ջիլը դուրս պրծավ ու նորից փախավ, ընկա հետևից, բռնեցի ու բերի․ ո՞ւր կորավ Փիքադիլի հրապարակում ինձ մոտեցած աղջիկը։ Ի՞նչ էր մնացել էն փոքրիկ, տրտում ու շվարած աղջկանից։

Մենք քայլելով հետ դարձանք Վինձոր, ման եկանք քաղաքում, բարձրացանք Վինձորի դղյակի բլուրը, իջանք գետափ՝ նավակներով շրջող տղերքին ու աղջիկներին նայելու։ Հետո գնա նստեցնք ու եկանք տուն․ ա՜խ, ինչ լավն էր Անգլիան, ինչ քաղցր ու անուշ, նրա դաշտերն ամենականաչն էին աշխարհում, նրա ծառերը, թփերն ու ոստերը ամենաքնքուշն էին աշխարհում, որովհետև իմ թագուհին Ջիլ Անգլիացին էր, իսկ ես՝ մի նոր աշխարհի թագավոր։

Գլուխ վաթսունմեկերորդ

Ջո Ֆոքսհոլն ընկերներին ծանոթացնում է դողդողուն օրիորդի հետ

Երբ ես ու Ջիլը սկսեցինք միասին ապրել, Ջոն, Վիկտորն ու գրողը Փել Մելի բնակարանում մնացին երեքով։ Դե, գրողն անընդհատ կարդալով էր տարված կամ էլ «ցնդաբանական» նիստերի ու ճաշկերույթների էր գնում, ոնց որ ինքն էր ասում (շատ անգամ ես էլ էի ստիպված հետը գնում, թեպետ էնքան էի զզվել՝ ամեն կերպ աշխատում էի հոգիս ազատել)։ Մի խոսքով, էնպես էր ստացվում, որ Վիկտորն ու Ջոն ժամանակի մեծ մասը երկուսով էին անցկացնում։ Ուրախ էի դրա համար, ախր Վիկտորի մորը խոսք էի տվել, որ աչքս նրա վրա կպահեմ ու մտադիր էի խոսքիս տերը լինել, բայց ի՞նչ իմանայի, թե ուզածս աղջկան կգտնեմ, կամուսնանամ, Լոնդոնում տուն֊տեղ կդնեմ ու տղայիս ծնվելուն կսպասեմ։ Էս բոլորը հո չգիտեի, ու հիմա դուրս էր գալիս, որ խոսքիս տերը չեմ։ Բայց պարզվեց՝ Ջո Ֆոքսհոլը ավելի լավ ընկեր է Վիկտոր Տոսկայի համար, քա ես երբևէ կարող էի լինել, էնպես որ խիղճս շատ չէր տանջում, թե խոսքիս տերը չեմ։ Ջո Ֆոքսհոլը Վիկտորին զբաղեցնում էլ էր, ուրախացնում էլ, իսկ իմ ձեռքից էդքանը չէր գա, ու ես ինձ ու ինձ գցում֊բռնում էի, թե չնայած Ջո Ֆոքսհոլը ոչ մեկին խոսք չի տվել, բայց աչքը Վիկտորից չի հեռացնում, քեֆն էլ տեղն է պահում․ է՛, սրանից էլ լավ բա՞ն, թեկուզ պատերազմ լինի, թեկուզ խաղաղություն։

Ինչ ասեմ, Անգլիա եկած մեր բոլոր ծանոթները (բացի Վիկտորից ու գրողից) գլխների ճարը տեսել էին, ամեն մեկը մի աղջիկ գտել, որ հետը ժամանակ անցկացնի մինչև ներխուժմումն սկսվի, դե, էդ էր պակաս՝ Ջո Ֆոքսհոլն էլ չգտներ։

Մի իրիկուն, ոնց պատահեց, ինչ, ես ու գրողը մտանք Լեհական ակումբ՝ խմելու․ հերթական, շատ կարևոր ցնդաբանական նիստից նոր էինք դուրս եկել, ու սրտներս խառնում էր, ամաչում էինք Ամերիկայի համար։ Բարի կանգնակին հենված՝ խմում էինք, երբ հետևի սենյակից Ջո Ֆոքսհոլը հայտնվեց ու թե՝

― Ինչ ուրախ եմ, որ երկուսդ էլ էստեղ եք, մեկը կա, ուզում եմ ձեզ հետ ծանոթացնել, էս իրիկուն Գրին զբոսայգում եմ հանդիպել։

Դե, արդեն մի քանի բաժակ կոնծած էր։ Տրամադրությունը բարձր էր, բայց կարծես առանձնապես ոգևորված չէր, թե բախտը բերել է, որ էդ հոգավորին գտել է։

― Գիտե՞ք,― ասաց,― խելքս գնում է էն աղջիկների համար, որ անընդհատ գրգռված են ու ամբողջ մարմնով դողում են․ ազնիվ խոսք, հենց էդպիսի մեկին էլ գտել եմ։ Այ, գնանք, ծանոթացնեմ։

Մենք Ջոյի հետևից մտանք ներսի սենյակ, որտեղ ըստ երևույթին, արտոնյալները մուտք ունեին, կարելի էր կարծել, մենակ լեհերը, քանի որ ակումբի անունը Լեհական էր, բայց չէ․ սա բացառապես ամերիկացիների համար էր, էն էլ ոչ բոլորի։ Ամերիկացիք սկսել էին էնտեղ գալ թե չէ, լեհերն ակումբից ոտքները կտրել էին։ Ուրեմն՝ էս սենյակում, անկյունի սեղանի մոտ, մի աներևակայելի, խելքից մտքից դուրս աղջիկ էր նստած՝ տեղով մաքուր սեքս։ Ոտից գլուխ դողդողում էր, ճիշտ Ջոյի ասածի պես։ Ամբողջ դեմքը կարծես մի գույնզգույն, լղոզված բիծ լիներ։ Ջոն նախօրոք մեզ զգուշացրել էր, դրա համար էլ ես ու գրողը աղջկա տեսքից շատ չզարմացանք, բայց երբեք չեմ մոռանա, թե նա ինչ փափլիկ էր, տաքուկ, հյութալի ու թրթռան։ Խոսելը՝ հա, ոնց որ պետքն է, խոսում էր, չնայած դրա կարիքը չէր էլ զգացվում, նրա համար, ճիշտն ասած, խոսքերն ավելորդ էին։ Ջայնն էլ էր անընդհատ դողում։ Ջղայնությունս եկավ Ջոյի վրա, թե ինչու է խեղճին էդքան սպասել տալիս, բայց ես դեռ չգիտեի, հետո իմացա (երբ Ջոն ինքն ասաց), որ նա միշտ էդպես է, գիշեր թե ցերեկ, ուզածդ ժամին, մեկ է՝ որտեղ է, ով կա կողքին, անհարմար է, թե չէ։ Ուղղակի բնականից էդպես դող ընկած էր, նա էլ էդ տեսակ կին էր։

Վիկտոր Տոսկան նստել էր նրա մոտ, բայց գրողը տանի, չուտեիր֊չխմեիր, Վիկտորի շարժուձևին նայեիր․ կյանքում չէիր ասի, թե նույնիսկ մտքով անցնում է, որ կողքինը դողում֊թրթռում է։ Աղջկա հետ էնես էր զրուցում, ոնց որ ջենթլմենն է նրբագեղ ու հանգիստ օրիորդի հետ խոսում, մի օրիորդի, որի խոսք ու զրույցը հաճույք է պարգևում, և նրա ներկայությամբ կամաց֊կամաց ավելի թեթև ու անկաշկանդ ես զգում։

Ես ու գրողն էլ նրանց մոտ նստեցինք, խմում էինք ու Ջոյին լսում։ Նա խոսում էր մի մարդու պես, որը լուրջ է ու վրդովված, ուրախ ու բորբոքված միաժամանակ։ Դժվար թե օրիորդի խելքը բան կտրեր նրա ասածներից, բայց Ջոյի պետքն էլ չէր։ Վիկտոր Տոսկան էր իր ընտիր շարժուձևով ամեն ինչ հարթում, վայելուչ ու անհոգ խոսակցության հունի մեջ դնում։

Երբ դուրս եկան, գրողին հարցրի, թե չի՞ հոգնել էսքան երկար ժամանակ իր կնոջից հեռու, ասաց՝ վատ է, իհարկե, բայց մի կողմից էլ լավ է։ Դա պետք է, որովհետև հենց բաժանումներից ու մերժված սիրուց են արվեստում մեծ գործեր ծնվում, իսկ մարդ կյանքի փորձ է ձեռք բերում։

Եկա, տուն հասա, տեսնեմ խեղճ Ջիլը արտասուք թափելով, մեր տղայի համար շոր֊շապիկ է կարում, դե, միանգամից նրան գիրկս առա ու սկսեցի նույն օրը գրած փոքրիկ բանաստեղծությունս ականջին փսփսալ։ Սովորություն էի դարձրել, ամեն օր նրա համար մի բան էի գրում․ ասենք՝ նամակ, բանաստեղծություն, թեկուզ ապագայի գուշակություն կամ անցյալում եղած ինչ֊որ զվարճալի պատմություն, գիտեի, որ կուրախանա, ու էս անգամ էլ ոտանավոր էի ականջին ասում, կեսը ես էի հնարել, կեսն էլ մի տեղ կարդացածս բանաստեղծությունից էի թռցրել․

Թեմզայով միշտ վերուվար
Ու Սթրենդով հետ ու առաջ՝
Իմ Ջիլի հետ ձեռք֊ձեռքի․
Ա՛յ, սա է կյանքն իմ ուզած։

Ջիլը մի քիչ ծիծաղեց, բայց քիչ հետո նորից լացն եկավ, էնպես որ ուզած֊չուզած պիտի շարունակեի, չնայած էլ գրած բան չունեի ու ստիպված էի հանպատրաստից հորինել․

Թրաֆալգարում միշտ նստեինք,
Օլդ Բեյլիով զբոսնեինք՝
Իմ Ջիլի հետ, ի՜մ Ջիլի․
Ա՛յ, սա է կյանքն իմ ուզած։

Գլուխ վաթսուներկուերորդ

Վեսլին ու Ջիլը ուսումնասիրում են Լոնդոնի փողոցները՝ սպասելով ներպուժման սկսվելուն

Լոնդոնն աշխարհի ամենասքանչելի քաղաքն է սիրահարների համար։ Ես ու Ջիլը սիրում էինք նրա ամեն մի անկյունը, ամեն մանրուքի մեջ գեղեցկություն ու նուրբ հմայք գտնում։ Մի կիրակի առավոտ, Թրաֆալգար հրապարակ գալիս, գլուխներս պատահմամբ բարձրացրինք ու մի բառ տեսանք, որն առաջ էլ էր շատ քչներովս ընկել, բայց հիմա էնքան հրաշալի թվաց՝ չդիմացա, գրկեցի Ջիլին, համբուրեցի ու մեր տեսած բառն ականջին շշնջացի, ասես դրա մեջ ամփոփված էին սրտի բոլոր նվիրական գաղտնիքները, որ էլ ոչ մի բառով չես արտահայտի․

― Բովրիլ։

Հետո հրապարակում աչքովս ընկած մի ուրիշ բան էլ ականջին շշնջացի․

― Ուր էլ գնանք, առանց Մուսեքի ոչինչ չի ստացվի։

Բառերը անչափ դուր եկան Ջիլին, ու նա փսփսաց․

― Ինչ որ քեզ համար է Մուսեքը, նույնն էլ՝ ինձ համար։

Ես քահ֊քահ ծիծաղեցի, ախր Մուսեքը շատ ծիծաղելի բառ է, Ջիլն էլ էնքան քնքուշ ու չարաճճի ասաց․

― Դու ես իմ Մուսեքը,― շշնջացի։

― Իմն էլ՝ դու,― շշնջաց Ջիլը։

Ինչքան ազատ ժամանակ էի ունենում, գնում էինք ման գալու։ Մի իրիկուն էլ Ջիլի պատրաստած ընթրիքը կերանք ու դուրս եկանք թափառելու, Թրաֆալգար հրապարակով գնացինք հասանք մետրոյի Չերինգ Քրոս կայարանը, Սթրենդ փողոցով իջանք մինչև Վաթերլոյի կամուրջ, հետո կամուրջն անցանք ու հին փողոցներով եկանք, Իմփիրիըլ Հաուս պալատին դեմ առանք․ ամբողջ շենքը քայքայվել, ավերվել էր ժամանակի ու ռումբերի հասցրած վնասից, բայց չնայած ավերմունքին ու լքվածությանը, դեռ հպարտ կանգնած էր, ինչպես 1665 թվին, երբ կառուցվել էր, մի խոսքով, եղել ու դեռ մնում էր Իմփիրիըլ Հաուս։ Էստեղից շարժվեցինք Թեմզայի նավաշինարանների կողմը․ նեղլիկ, ամայի փողոցները մեր աչքին չքնաղ պարտեզներ էին թվում․ Բենքսայդով հասանք մինչև Քլինք փողոց, հետո էլ Բլեքֆրայըրզի կամրջի մոտով գնացինք դեպի Սեյնթ Մերի Օվըրիի նավամատույցը, ու Առաջին Լոնդոնյան կամրջի մոտերքում մի բնիկ լոնդոնցի մեզ տարավ, ապաստարանը ցույց տվեց, որտեղ ռմբակոծության տակ ընկած հինգ հարյուր ընտանիքներ էին ծվարել պատերը սպիտակեցրած գետնախորշերում՝ սպասելով պատերազմի վերջանալուն։ Նա մեզ պատմեց Գայի հիվանդանոցի ու հենց իր՝ Գայի մասին, որն ամբողջ կյանքում աշխարհի ամենաժլատ մարդն է եղել․ թե շատ են պնդերեսություն արել, նոր մի կերպ, մի կերպ հյուր է ընդունել, բայց հենց հյուրը նստել է, նա անմիջապես մոմը հանգցրել է ինչ է՝ իզուր ճրագու չծախսի, ու հյուրը մնացել է խավարում նստած․ վաղուցվա պատմություն է։ Իսկ մեռնելուց հետո նա իր ունեցած֊չունեցած փողը կտակել է, որ հիվանդանոց սարքեն՝ Գայի հիվանդանոցը, բայց մենք չգնացինք տեսնենք։

Դրա փոխարեն գնացինք Դենմարք Հաուս պալատի տանիքի քերովբեներին նայելու․ էնքան թմբլիկ էին ու սիրուն։ Հետո Լոնդոնյան կամուրջն անցանք, աստիճաններով իջանք ստորին Թեմզայի ափը՝ ձկնավաճառների շարվեշար կրպակների մոտ։ Էստեղից էլ ափի երկայնքով բարձրացանք մինչև Թեմզայի վերին մասը, հասանք Ֆայ ֆութ Լեյն, ուր խոսքի բռնվեցինք մի ոստիկանի հետ ու սա պատմեց, թե ըստ 1665 թվի կամ դրա մոտերքը Սթոուի հրատարակած Լոնդոնի հատակագծի, նրբանցքի անունը Ֆայվ Ֆութ Լեյն է եղել, բայց հետո դարձել է Ֆայ Ֆութ Լեյն, որ էլի վատ չէր հնչում, եթե ոչ ավելի լավ։

Նայում էինք Լոնդոնի փառահեղ ավերակներին, հիանում խոստերով ու ծաղիկներով, որոնք բուսնել էին փլատակներից մաքրված տեղերում։ Աֆղանական բանկի կողքին մի ռմբակոծված շենք տեսանք։ Վերևը՝ վերջին հարկում, կիսաբաց դուռ էր կախ ընկած, սրա հետևում երևի հյուրասենյակ էր եղել, որովհետև պատին բուխարի էր երևում։

― Մարդ տուն է գալիս,― ասի Ջիլին,― հույս ունի, թե նստելու է իր հյուրասենյակում՝ կրակի մոտ, ու թերթ կարդա։ Բաց է անում դուռն ու տեսնում հյուրասենյակից բան չի մնացել․ մաքուր ավերակ։ Էնպես է շվարում, ինքն իրեն ասում է․ «Վա՛հ, էս ի՞նչ է»։

(Հաջորդ անգամ՝ նույն տեղով անցնելիս, Ջիլը նայեց վերև՝ դեռ կիսաբաց դռանը, ձեռքս սեղմեց ու շշնջաց․ «Ախր, սա ի՞նչ է։ Սա ի՞նչ է»։ Ես նրան թևիս տակ առա, հանգստացրի, ասի՝ չվածենա, սա պատերազմի արածն է ուղղակի, այ անշվի՜ պատերազմը)։

Հետո դերձակի մի արհեստանոց հանդիպեց, ցցվել էր մեծ֊մեծ շենքերի փլատակների արանքում, արի ու տես կանգուն մնացել։ Արհեստանոցի առաջ՝ դռան տակ, մի կիսալիքը ավազի պարկ էր հենց էնպես մայթին շպրտած, ու ես Ջիլին ասի․

― Այ թե բանն ինչ է․ ավազի էդ կիսատ պարկն է դերձակի արհեստանոցը պաշտպանել։ Ամեն առավոտ նա արհեսանոցը բաց է անում, մտնում ներս, ավազի պարկը հանում ու շպրտում դռան մոտ՝ ռումբերից պաշտպանվելու համար․ թեկուզ ամբողջ փողոցի հսկա շենքերը՝ իրար գլխի դարսված ու պինդ֊պինդ լցրած հազարավոր ավազի պարկերով, վառվել են կամ էլ փուլ եկել, բայց դերձակի փոքրիկ արհեստանոցին ոչինչ չի պատահել։

Նայում էինք կիսով չափ լցված ավազի պարկին, ու սա մեզ էնքան հուզիչ էր թվում, մտքներումս կամաց ծիծաղում էինք, ու երկուսս էլ գիտեինք, որ ամեն մեկս թաքուն ծիծաղում է։


Տանը, գիշերվա կեսին, օդային հարձակման ժամանակ, հանկարծ դա հիշում էինք, ու Ջիլն ասում էր․ «Ավազի պարկը գցիր շեմքին, որ էս գիշեր էլ ռումբերից պաշտպանվենք»։ Ես անկողնուց վեր էի կենում, վերցնում բազմոցի բարձերից մեկն ու դռնից դուրս գցում, իսկ Ջիլը պարում էր հրճվանքից, որովհետև համոզված էր՝ էլ ոչ մի փորձանք մեզ չի պատահի։

Մեր կյանքում ինչքան ասես հրաշալիքներ կային, որոնց մասին, երկուսիցս բացի, աշխարհում ոչ ոք չգիտեր, ու դրանք սրտներս անընդհատ սիրով ու խնդությամբ էին լցնում։ Համարյա օր֊օրի եղածին մի նոր բան էր ավելանում, ու ամեն ինչ ավելի հրաշալի էր դառնում։

Բայց վախենում էինք, տե՜ր աստված, երկուսս էլ մահու չափ վախենում էինք, ախր պատերազմը մեզ էր մոտենում, ու մենք գիտեինք դա։ Գիտեինք՝ վաղ թե ուշ նրա ճանկը կընկնենք, ու ես մտածում էի, որ եթե վերջս ժամանակից շուտ հասնի, ա՜խ, գրողը տանի, դա հո տեղվ մեղք ու կրակ կլինի, ցավ ու տառապանք կլինի, ես տեսիլք դարձած՝ միշտ կթափառեմ Լոնդոնի փողոցներում, փնտրելով Ջիլին կամ նրա ստվերը։ Թե իմ վերջը հասներ, Ջիլն էլ չէր մնա։ Ու իմ Ջիլի հետ որդիս էլ կկորչեր․ կմեռներ իմ որդին․ ոչ ոք չէր իմանա ոչ Ջիլի, ոչ որդուս, ոչ էլ իմ մասին․ մենք ընդմիշտ կվերանայինք և ուր էլ որ ինեինք, անվերջ կտանջվեինք տարակուսանքից ու ատելությունից, որովհետև մեր կյանքը կընդհատվեր հենց սկսվելու պահին, երբ թվում էր, թե հաջողությունը վրա է հասել, բոլորիս հաջողությունը, որ մեզնից մեկնումեկն իր տեղը գտնի աշխարհում, հայրիկի ասածի պես, ի վերջո, մարդ դառնա։ Մենք վախենում էինք, ու դա սարսափելի էր։ Գիտեի, թե ինձ համար ինչքան է սարսափելի ու գիտեի, թե Ջիլի համար էլ է ինչքան սարսափելի, որովհետև համարյա ամեն գիշեր նա ականջիս շշնջում էր․ «Եթե քեզ բան պատահի,― ու սկսում էր լաց լինել,― եթե քեզ բան պատահի, ես ինձ կսպանեմ․․․ ի՞նչ անեմ, չեմ կարող․․․ մի օր էլ չեմ կարող առանց քեզ ապրել։ Էնպես արա՝ բան չպատահի․․․ հա՞, խնդրում եմ»։ Ու ամեն գիշեր ես Ջիլին ասում էի․ «Աստված կպահի մեզ․ ինձ էլ, քեզ էլ, մեր տղային էլ»․ դե, գրողը տանի, ուրիշ էլ ո՞վ պիտի մեր մասին մտածեր։

Գիտեի, որ Ջիլն անընդհատ աղոթում է մեզ համար։ Թքած, թե ուրիշներն ինչ կարծիքի են, բայց ես հավատում եմ աղոթքին։ Երևի Ջիլի աղոթքներին ավելի շատ եմ ահվատում, քան երկրի երեսին ու երկնքում գոյություն ունեցող ուզածդ բանին։ Ես հավատում եմ սիրուն, իսկ սիրող սիրտը միշտ էլ աղոթք է անում։ Ես հավատում եմ աղոթքին, թվերին, նախանշաններին, ամեն մի բանի, ինչը որ կարող է անմիտ փորձանքը հեռու պահել մեզնից, նրանց գլխին բերել, ովքեր ոչ երազում են, ոչ սիրում։ Ես հավատում են նախապաշարմունքներին, հավատում եմ ճշմարտությանը, բայց ամենից շատ հավատում եմ սիրուն։ Չեմ ուզում իմ փրկվելու հաշվին ուրիշը տուժի, ես ուզում եմ բոլորը փորձանքից փրկվեն, բայց գիտեմ, որ սերն է միակ պաշտպանությունը փորձանքից ու հույս ունեմ, թե կգա մի օր, երբ ամեն մարդ աշխարհում կգտնի իր սերը, կլսի իր երգը, կտեսնի իր որդուն, ու աստծո ամենազոր աջը նրան հովանի կլինի։

Գլուխ վաթսուներեքերորդ

Վեսլին ծանոթանում է լորդերի, լեդիների ու միլիոնատերերի հետ, պարզում, որ սրանք խելքից աղքատ են և փորձում նրանց առաջ ճառ արտասանել

Ցնդաբանական նիստ֊ճաշկերույթը, որտեղ ես ու գրողը եղել էինք էն իրիկուն, երբ Ջոն մեզ ծանոթացրեց Գրին զբոսայգում իրեն պատահած աղջկա հետ, շատ կարևոր բան էր համարվում, դե, պարզ է, շատ կարևոր էլ մարդիկ էին ներկա։ Գրողին խնդրեցի ինձ դրանից ազատել, սիրտս չէր տալիս Ջիլին տանը մենակ թողնել, մանավանդ որ չգիտեի, թե քանի օր ու գիշեր է մեզ մնում միասին անցկացնելու, բայց գրողն ասաց․

― Պահանջել են անպայման երկուսով ներկայանալ, որովհետև բոլորն էլ «Թայմ ընդ թայդում» կարդացել են Լոնդոնի մասին գրած ակնարկդ և ուզում են ծանոթանալ քեզ հետ։ Ոչ թե դու ես իմ պատճառով գալիս, այլ ե՛ս՝ քո պատճառով։

Ուրեմն գրողին խնդրել էին «Թայմ ընդ թայդի» համար մի ակնարկ գրել Լոնդոնի մասին, նա էլ մի օր թե՝

― Ես կգրեմ, բայց կուզենայի, որ դու էլ գրես։

Ամեն մեկս մեզ համար գրեցինք, նա իմը կարդաց, ես էլ՝ իրենը։

Ասաց՝ իմի կողքին իրենը թույլ է ու իր գրածը ընդհանրապես չի ուղարկի, կբացատրի, թե ակնարկը գրելու ժամանակ դեռ չի գտել, միգուցե հետագայում գրի, իսկ առայժմ դրա փոխարեն իմն է ուղարկում։

Ակնարկը լույս տեսավ «Թայմ ընդ թայդում», բայց «Նյու ռիփաբլիքում» տպված նամակիս պես էլ ինձ տակնուվար չարեց։ Բոլորովին չհուզվեցի։ Ինֆորմացիայի մինիստրությունը թույլտվություն խներց ակնարկս արտատպել անգլիացի զինվորների համար Արևելքում հրատարակվող ինչ֊որ հանդեսում, հետո համանման խնդրանքով Բրիտանական ռադիոհաղորդումների ընկերությունից դիմեցին։ Ակնարկիս շուրջն էնպիսի աղմուկ էր բարձրացել, որ քիչ էր մնում ոգևորվելուց քիթս վեր տնկեմ։ Ամեն կողմից փոքր գումարի չեկեր էի ստանում՝ որպես վարձատրություն գրածս էս կամ էն ձևով օգտագործելու համար։ Բոլոր չեկերը տալիս էի Ջիլին, քանի որ գրողի կարծիքով, ակնարկս նրա շնորհիվ էր լույս աշխարհ եկել։

Ասածս նիստ֊ճաշկերույթը սկսվեց կոկթեյլներից, հետո հերթը հասավ ընթրիքին, սրանից հետո էլ ոչ պաշտոնական քննարկում բացվեց «Հետպատերազմյան աշխարհում անգլիական ու ամերիկյան կինոյի դերի մասին»։

Ինձ ներկայացրին մի խումբ շատ երևելի անձանց։ Ձեռքով բարևեցի երկու լորդերի, երեք միլիոնատերերի, հինգ լեդիների, բազմաթիվ սցենարիստների, կինոարտադրողների ու ռեժիսորների և անգլիացի ու ամերիկացի մի շարք պետական պաշտոնյաների։ Երկու լորդերն էլ, հինգ լեդիներն էլ ինձ հիասթափեցրին։ Լորդերը Ջո Ֆոքսհոլի, Վիկտոր Տոսկայի կամ գրողի կտրած եղունգն էլ չարժեին, իսկ ինչ մնում է միլիոնատերերին, չէի հասկանում, թե որ արժանիքների շնորհիվ է, որ կարողացել են միլիոատեր դառնալ՝ էդ ամբողջ փողը ձեռք բերել ու դրա հետ վարվելու ձևը իմանալ։ Սրանք մյուսներից խելոք չէին երևում։ Թե կուզեք, ավելի անխելք էին երևում։ Ուրեմն էլ ո՞նց էին էդքան փող դիզել։ Ո՞րն էր գաղտնիքը։ Դե, երևի լորդերը ծնված օրից են փողատեր, լեդիներն էլ նույնը, իսկ միլիոնատերե՞րը։ Միգուցե խելքից, ընդունակություններից ու մարդկայնությունից բացի, մի ուրիշ բա՞ն կա, որ պիտի ունենաս միլիոնատեր դառնալու համար։ Ախր եթե խելքը, ընդունակություններն ու մարդկայնությունն են հարստություն բերում, Ջո Ֆոքսհոլն աշխարհի ամենահարուստ մարդկանցից կլիներ՝ ամեն մի հնդիկ իշխանից էլ հարուստ, չգիտես ինչ մահառաջայից էլ, որ աշխարհի ամենամեծ ադամանդի, հետն էլ ոսկու ու արծաթի ամենամեծ խաշարների տերն է։ Այնինչ Ջո Ֆոքսհոլի գրպանը դափ֊դատարկ էր։ Ուրեմն՝ էս միլիոնատերներն ի՞նչ արժանիք ունեին։

Դե, կոկթեյլ խմելիս էլ, ճաշկերույթին էլ, քննարկմանն էլ ահագին ժամանակ կար, որ նրանց ուշադիր զննեմ, պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսակցությունները լսեմ, և ինչքան հասկացա, սրանք օժտված էին որոշ առանձնահատկություններով, որոնք Ջո Ֆոքսհոլը երբեք չէր կարող ունենալ, թույլ չէր տա իրեն։ Նախ՝ ճշմարտությունը բանի տեղ չէին դնում, չնայած պաշտոնական ճառերում ձևացնում էին, թե ամենից բարձր են դասում։ Հետո՝ ահ ու դողի մեջ էին, թե հանկարծ արդարություն չհաստատվի, որովհետև ըստ երևույթին հասկանում էին, որ հենց արդարություն հաստատվի, էլ հիմիկվա նման հարուստ չեն լինի։ Եվ վերջապես, ինձ թվաց, թե սրանց համար կյանքում ամենակարևորը փող դիզելն է․ նրանց աչքին դա ավելի կարևոր էր, քան ճշմարտությունն իմանալը, քան իրոք մեծ մարդ դառնալաը (ոնց որ Ջո Ֆոքսհոլն էր կամ թեկուզ Վիկտոր Տոսկան ու գրողը, իհարկե, ամեն մեկը՝ յուրովի)․ հա, փող դիզելը նրանց աչքին ավելի կարևոր էր, քան մեծահոգի լինելը, քան կողքիններին սիրել֊փայփայելը, ուրիշի վատը չուզենալն ու էլի շատ բաներ, որ իսկապես ազնիվ մարդկանց համար ամենակարևորն են։ Միլիոնատերերը պարզապես բնույթով լիարժեք մարդիկ չեն, ու նրանց հեչ վեջն էլ չի, որ էդպես են։

Իսկ լորդերը՝ երկուսն էլ խելքից բարակ էին։ Ես գլխի չէի ընկել, մինչև որ սրանք չսկսեցին ճառել, ախր ծանոթնանալիս հոյակապ պահվածք ունեին։

Ինչ վերաբերվում է սցենարիստներին, կինոարտադրողներին ու ռեժիսորներին, պիտի ասեմ, որ միլիոնատերերից մի գլուխ բարձր էին, թեպետ առանձնապես էլի մի բան չէին, համենայն դեպս կոկթեյլ խմելիս, ոչ ճաշկերույթին, ոչ էլ քննարկման ժամանակ նրանց մեջ առանձնահատուկ ոչինչ չտեսա։ Մեկն իրենից գոհ ու երջանիկ՝ սեփական աշխատանքով էր հիանում, ինչ է, թե՝ հենց նոր մի կինոնկար է հանել, որ հանդիսատեսին կարծես դուր է եկել։ Մյուսը փուչ ու ճոռոմ խոսքեր էր շռայլում հետպատերազմյան ֆիլմերի նշանակության մասին, բայց էդպես էլ չփայլեց իսկական խելքով․ ուղղակի պնդում էր, թե պիտի ավելի լավ ֆիլմեր նկարել, եթե չենք ուզում, որ պատերազմը ապարդյուն դուրս գա։ Մի ուրիշը անվերջ անեկդոտներ էր պատմում մեծ դերասանների ու դերասանուհիների մասին, ում հետ որ աշխատել էր՝ քսան տարի շարունակ Անլիայում ներկայացումներ ու կինոնկարներ թողարկելով։ Մի ամերիկացի մայոր էլ, որ կինոռեժիսոր էր եղել, չափից դուրս զգուշավոր էր իր արտահայտություններում, իսկ Ռազմական տեղեկատու վարչության հետ կապված քաղաքացիական հագուստով մի ջահել ամերիկացի ամենավատ ճառն արտասանեց, որովհետև գոնե նմուշի համար մի խելքը գլխին բան չասաց, թեև անընդատ «նախագուշակ», «թերզարգացած» ու չգիտես էլ ինչ բառեր էր շաղ տալիս։ Ինձ թվաց, որ չնայած սրան կարևոր մարդու տեղ են դնում, բայց դեռ էն գլխից ինչ֊որ թյուրիմացություն է կատարվել, ու սա ներկայիս դիրքը զբաղեցնում է հիմնականում նրա համար, որ Ռազմական տեղեկատու վարչությունում վաղուց է աշխատում։

Հետո խոսքը տվին գրողին։ Հերթը հասավ նրան, որ արտահայտվի, դե իհարկե, սիրտը սև կապեց։ Վեր կացավ աթոռից, որի վրա կռացած նստել, տանջվում֊տառապում էր, մեջքը շտկեց ու ասաց․

― Ես միշտ էլ համարել եմ, որ այս կարգի հավաքույթներում ինչ֊որ վնասակար բան կա, երբ քաղածդ օգուտը կերուխումն է լինում, և միշտ էլ այսպիսի տեղերում ասվող բոլոր խոսքերին թերահավատորեն են վերաբերվում, հեռևաբար թող ներեն ինձ ելույթ ունեցողները, եթե նույն ոգով էլ շարունակեմ։ Ես համաձայն եմ, որ ֆիլմերի օգնությամբ մենք հնարավորություն ունենք հանդիսատեսներին ավելի ու ավելի մեծ բավականություն պատճառել, բայց ինձ թվում է, որ կինոյով զբաղված մարդկանց՝ ֆիլմեր արտադրող ընկերությունների և դրանք ցուցադրող կինոթատրոնների տերերին, գլխավորապես հետաքրքրում է փողը, իսկ մնացածը, ինչի շուրջն էլ խոսելու լինենք, դատարկ շաղակրատանք է։ Թեպետ ես մեծ գոհունակությամբ կլցվեի, եթե հակառակ այս ամենի, գոնե երբեմն մեզ հաջողվեր մի հաճելի, ազնիվ, մարդկային նկար ստեղծել։

Արդեն ժամը տասնմեկի կողմն էր, ու ես մտածում էի, թե հավաքույթը մոտենում է ավարտին, բայց նախագահը տեղից վեր կացավ ու սկսեց ճառել ինչ֊որ մեկի մասին, ճառն էլ էնքան շողոմ էր ւո անհամ՝ սրտանց խղճացի դրա հերոսին։ Շունչս կտրվեց, հենց գլխի ընկա, որ խոսքն ինձ է վերաբերվում։ Վախից չորացել էի, աթոռիս վրայից կամաց֊կամաց իջնում էի սեղանի տակ, ախր կյանքումս չէի լսել, որ մեկնումեկի մասին էդ տեսակ ստեր փչեն, էն էլ ինչի՞ համար․ թե տեսեք֊տեսեք, Լոնդոնին նվիրված մի պստիկ բան եմ գրել։ Ինձ գովաբանող մարդն ընդամենը երկու ժամ առաջ էր հետս ծանոթացել, մի երեք֊չորս նախադասություն էլ չէինք փոխանակել, նա բոլորվին ինձ չէր ճանաչում, ոչ Ջիլի մասին գիտեր, ոչ մեր ապագա որդու, ոչ հորս ու մորս, ոչ Վիրջլի, ոչ Նիլ քեռուս, ոչ էլ ընդհանրապես որևէ բանի մասին, բայց իր պոչավոր ստերով ինձ քրտնակոխ արեց։ Նստած տեղիցս ավելի ու ավելի էի իջնում, մինչև որ սեղանի վրա համարյա թե մենակ գլուխս մնաց, աչքերս սփռոցին գցած՝ նուրբ, ասեղնագործ ծաղկանախշերն էի ուսումնասիրում՝ մեծ֊մեծ վարդերը․ սրանցով էի տարվել, որ գոնե էլ չլսեմ էդ փչոցները։ Չգիտեի ինչ պիտի անեմ, երբ ճառը վերջացնի։ Չէի պատկերացնում, թե ինչ հնարքով պիտի տեղիցս ելնեմ ու էդ անհավատալի լուսապսակով կանգնեմ մարդկանց առաջ, ոնց որ սա էր ինձ ներկայացնում՝ իր ծոցատետրի խզբզանքները կարդալով։ Նա պնդում էր, թե ես մի մարդ եմ, որի մասին ոչ միայն առաջիկայում բոլորը կլսեն, այլև արդեն իսկ լսել են։ Ասում էր՝ չնայած վերջերս եմ Լոնդոն ժամանել, բայց կարողացել եմ քաղաքի ու նրա մարդկանց վերաբերյալ այնպիսի բաներ ասել, որ յուրաքանչյուր լոնդոնցի զգում է հոգու խորքում, թեև ինձ նման չի տիրապետում խոսքի մոգական արվեստին, ուստի և անզոր է զգացածն արտահայտել։ Ասում էր՝ ինքը՝ որպես անգլիացի և բնիկ լոնդոնցի, երախտապարտ է ինձ, որ ես՝ ամերիկացիս, ամերիկյան բանակի շարքային զինվորս, Լոնդոն գալով՝ քաղաքը դիտել եմ ոչ թե օտարերկրացու հայացքով, ոչ թե եկվորի տեսանկյունից, այլ լոնդոնցու աչքերով։

Էհ, ես կյանքումս ճառ ասած չկայի։ Զզվում եմ ճառերից, բայց ինձ կարծես թե ուրիշ բան չէր մնում, ուզած֊չուզած մի համեստ փորձ անեի, դրա համար էլ հենց սա խոսքը վերջացրեց, ու ծափերը դադարեցին, որ մարդու շփոթմունքի մեջ էին գցում, հետն էլ հուզմունքով լցնում,― դե, եթե ճիշտը վերցնենք, ո՞ւմ խելքը չի քամին տանում,― ուրեմն՝ վեր կացա ու ասի․

Նստեցի, ու, աստված վկա, բոլորն էնպես ծափահարեցին, ասես գեթիսբերգյան հաղթանակի[29] ուղերձն էի կարդացել, իսկ գրողը թե՝

― Քո ճառն այսօր ամենալավն էր։

Քիչ հետ հավաքույթն ավարտվեց։ Ես ու գրողը արդեն դուրս գալուց վրա էինք, երբ միլիոնատերերից մեկը մոտեցավ հետս ծանոթանալու (կարծես թե կոկտեյլ խմելիս՝ մեզ չէին ծանոթացրել․ երևի անունս լավ չէր լսել կամ դրա պես մի բան), ասաց․

― «Թայմ ընդ թայգի» ձեր ակնարկը ես շատ հավանեցի։ Ըստ իս՝ դուք կարող էիք ինձ համար հոյակապ սցենար գրել Լոնդոնի մասին։ Մոտ օրերս անպայման ինձ մոտ եկեք, այդ հարցը քննարկենք։

Դե, ես ու գրողը դուրս եկանք, ու նա բացատրեց, որ դա անգլիական կինոարտադրության ամենախոշոր դեմքերից մեկն է և իզուր տեղը նախաճաշի չի հրավիրում, բայց ես ասի․

― Ինձ դուր չեկավ։

― Ինչո՞ւ,― հարցրեց գրողը։

― Իմ կարծիքով սրիկա է։

― Սրիկան՝ սրիկա է,― ասաց գրողը։― Բայց դու պիտի իմանաս, որ աշխարհի մեծամեծներից շատերն են սրիկա։ Միակ ելքն այն է, որ հաշվի չառնես նրանց սրիկայությունն ու փորձես ամեն դեպքում քո ուզածն անել, նրանցից էլ այնքան փող վերցնել, ինչքան որ պատրաստ կլինեն վճարել։

― Նա ինձ դուր չեկավ,― ասի։― Միակ բանը, որ կուզեի՝ թող պատերազմը վերջանար։

Գլուխ վաթսունչորսերորդ

Դունկան Օլսոնը ժամանում է Լոնդոն և Վեսլին հայտնում յոգերի ուսմունքի գաղտնիքը

Մի օր Վիկտոր Տոսկան մտավ իմ ու գրողի աշխատասենյակը, հետն էլ պայծառ, կլորիկ, պեպենների մեջ կորած մի հաղթանդամ տղա։

― Սա Օլսոնն է,― ասաց Վիկտորը։― Ճիշտ ժամանակին էլ վրա է հասել, ներխուժումից առաջ։

Ես սեղմեցի Օլսոնի ձեռքն ու հասկացա, որ յոգ է, նախ՝ հիշում էի դրա մասին, հետո էլ՝ նա էնպիսի տպավորություն էր թողնում, ասես մի առանձնահատուկ բան է իրեն հայտնի։ Ամենահանգիստ մարդն էր տեսածներիս մեջ, հանգիստ ու անհոգ։ Գրողը մի քանի գնդապետների ու մայորների հետ գնացել էր քննարկման․ բոլորն ուզում էին, որ ներպուժմանը նվիվրված մի ֆիլմ նկարվի, դե, մենք էլ երեքով նստեցինք դեմ֊դիմաց ու զրույցի մտանք։ Օլսոնը հետաքրքրվում էր, թե յոգերի մասին ինչ գիտեմ։ Զարմացավ, որ ոչինչ չգիտեմ, ասաց՝ ախր «գիտուն» մարդ եմ։ Ասաց՝ հաստատ ինչ որ պետք է՝ գիտեմ։ Ուղղակի չգիտեմ, որ գիտեմ։ Ես բանի հետևից չընկա, գուցեև էդպես էր։ Նա թե՝ այ, Վիկտորն ի շնե իսկական յոգ է, բայց ինքն էլ չգիտեր, ասաց՝ վստահ է, ես վաղուց եմ ճշմարտությունը որոնում ու դրա մի մասնիկն արդեն գտել եմ, ուրեմն յոգ եմ, էլ կարևոր չի, որ ոչ Վիկտորը, ոչ էլ ես յոգերի մասին ոչինչ չգիտենք, թեև վատ չէր լինի իմանայինք։

― Հա, բայց յոգերի ուսմունքը իրականում ի՞նչ― Յոգերի ուսմունքը,― ասաց Օլսոնը հատ֊հատ,― բարձրագույն ճշմարտության իմացությունն է կամ հայտնագործումը, մի ճշմարտություն, որ պիտի աչքի լույսի պես փայփայել․ սա է ամբողջը։

Շատ չանցած գրողը վերադարձավ։ Կարծում էի ծիծաղը կգա, որ երեքով նստել ենք դեմ֊դիմաց ու մեծ֊մեծ բաներից ենք խոսում, այնինչ ոչ մեկս քսան տարեկան էլ չկանք, բայց եթե նույնիսկ ծիծաղը եկավ, նա ցույց չտվեց։ Օլսոնն ասաց, թե ինչքան է հիացած նրա գրքերով, գրողն էլ իրեն շատ քաղաքավարի պահեց, չնայած գիտեմ, որ նրա համար միշտ էլ տհաճ էր, երբ իր երեսին նման խոսքեր էին ասում։ Գիտեմ, նա իրեն համարում էր աշխարհի լավագույն գրողներից մեկը, ու ես էլ եմ էդ կարծիքին, բայց և գիտեմ՝ նա չէր սիրում իր հասցեին գովասանքներ շռայլող մարդկանց։ Պատճա՞ռը․ երևի հոգու խորքում, հասկանալով հանդերձ, որ աշխարհի լավագույն գրողներից է, գիտակցում էր՝ ինքն անթերի չի, դրա համար էլ ուրիշի ամեն մի գովասանքից մի քիչ նեղվում էր։ Եթե բանը իմ գրածին էր վերաբերում, նա հետս անչափ սիրալիր էր, բոլորի հետ էլ էդպես էր, ով ասենք թե փոստով պատմվածք էր ուղարկում կամ գործը թևի տակ՝ գալիս նրա մոտ, բայց չէր սիրում, երբ իր գրածների մասին էին սիրալիր խոսքեր ասում։ Իսկ հիմա տեսնում էի՝ Օլսոնին շատ է հավանել ու նույնիսկ մի փոքր շոյված է, որ իր գործերը Օլսոնի սրտով են։ Քիչ հետո էլ Ջո Ֆոքսհոլը ներս մտավ, աղմկեց, ծիծաղեց ու թողեց գնաց, դուրս եկավ թե չէ, Օլսոնը ասաց․

― Ես համոզված եմ, որ էս տղան միշտ էսպես չի լինում։ Ի՞նչ է պատահել նրան։

Դե, մենք գիտեինք Ջոյին ինչ է պատահել, բայց չգիտեինք ոնց բացատրել։ Գիտեինք ինչն ինչոց է ու մտածում էինք, որ ամեն բան լավ է։ Մտածում էինք, որ դա ի վերջո, ծիծաղելի էլ է, որովհետև Ջոն ինքն էլ էր էդպես մտածում։ Մի պահ ոչ մեկս ձայն չհանեցինք, հետո գրողը թե՝

― Ջոն վերջերս անձնատուր է եղել որոշ տեսակի երջանկության, գիտի, որ դա ամենևին էլ հենց իսկականը չէ, բայց առայժմ դրանով բավարարվում է․ իմ կարծիքով, ահա թե ինչ է նրան պատահել։

Օլսոնն ուզում էր ավելին իմանալ, բայց մենք չէինք կարող միանգամից բացվել ու ամեն ինչ պատմել։ Դողդողուն օրիորդի ձեռքին Ջոյի տեսքն էր մենակ փոխվել, իսկ սրտի խորքում նա նույնն էր մնացել, երևի աշխարհի ամենալավ տղան։ Շուտով Օլսոնը (ճշմարտությանը հասու լինելու իր կարողությամբ) հասկացավ, որ էլ չենք ուզում ծավալվել, խոսակցության թեման փոխեցինք, անցանք ուրիշ բաների։

Օլսոնն ասաց, որ ընդամենը մի շաբաթ է, ինչ եկել է Անգլիա ու ընդամենը երրորդ օրն է Լոնդոնում, որովհետև զանազան պատճառներով իրենց չորս օր նավի վրա են պահել, իսկ հիմա ապրում է «Քլերիջի մոտ» հյուրանոցում ու մեզ շատ պարտական կլինի, եթե մի օր իրեն հյուր գնանք։ Ինքը չի խմում, ասաց, բայց ձեռքի տակ միշտ էլ խմողի սիրտը շահելու մի բան կճարվի, ու ես էստեղ հասկացա, որ հաստատ հարուստի տղա է, ախր «Քլերիջի մոտ» ընկնելու համար նախ և առաջ թիկունքիդ մարդ պիտի ունենաս, հետո էլ՝ ծախսելու փող, ախր էնտեղ մնալը շատ թանկ է նստում։ Նա ասաց՝ չի ուզում տարածվի, որ ինքը «Քլերիջի մոտ» է ապրում, որովհետև դա կարող է ոմանց դուր չգալ։ Հարցրեց՝ չի՞ լինի, որ ասի՝ Փել Մելում է ապրում՝ Վիկտորի, Ջոյի ու գրողի հետ։ Բոլորս էլ ասինք՝ իհարկե, կլինի, էնպես որ Վիկտորի, Ջոյի, գրողի ու իմ անվան կողքին Օլսոնի անունն էլ մտավ ցուցակի մեջ՝ որպես Փել Մելում ապրողի։ Ես էլ էի անունս ցուցակում թողել, որովհետև ոչ մեկի չէի կարող ասել, թե ամուսնացել եմ ու կնոջս հետ եմ ապրում, մանավանդ որ մենք ու մերոնցով, իրար մեջ էինք գործը գլուխ բերել՝ առանց բանակային կանոնադրության հետ հաշվի նստելու։

Գլուխ վաթսունհինգերորդ

Ջիլն օպերային երգչուհի է ձևանում, որն իբր շատ լավն է Վեսլիի համար ու ամբողջ Անգլիայի պաշտամունքն է վայելում

Ջո Ֆոքսհոլն ինձ համոզեց, որ տասը ֆունտով իր գրամեքենան առնեմ, որովհետև նրան փող էր պետք, իսկ գրամեքենան պետք չէր, ինքը գրող չէր, իսկ ես գրողի էի (էդպես ասաց)։ Առածիցս գոհ մնացի, ընտիր գրամեքենա էր։ Սկսեցի իմ ու Ջիլի կյանքի օրագիրը պահել․ ինձ թվում էր՝ տղաս կուզենա իմանալ իր հոր ու մոր մասին, երբ ինքը դեռ մոր կրծքի տակ է եղել։ Ամեն ինչ գրեցի իմ որդու համար, պատմում էի, թե ոնց եմ հանդիպել Ջիլին, ոնց եմ այցի գնացել նրա մորն ու ամուսնության համաձայնություն ստացել, հետո հարսանեկան ծեսն էի նկարագրել, որ տղաս եղած֊չեղածը ճիշտ֊ճիշտ իմանա։

Ինչ էլ գրում էի, Ջիլը սիրով էր կարդում։ Նրան մեքենագրելու ձևը սովորեցրի ու խնդրեցի, որ ինքն էլ մեր որդու համար գրառումներ նի ու իմ բացակայության ընթացքում օրագրը շարունակի, որովհետև հենցտուն դառնայի, կուզեի պատմությունը ամբողջական լինի՝ ինձ համար էլ, տղայիս համար էլ, իսկ տնից֊տեղից հեռու, ես դժվար թե կարենայի մանրամասն օրագիր պահել։

Միտքս շատ դուր եկավ Ջիլին, ու շուտով նա էնպես վարժվեց՝ արդեն լավ տպում էր։ Նրա գրածներն ուղղակի հրաշալի էին, ես գիտեի՝ մի օր մեր տղան մորը շնորհակալ կլինի, որ իր մասին էդքան մտածել է ու ամեն ինչ գրի առել ինչ է՝ ինքը կարդա, երբ գրաճանաչ դառնա։ Ջիլն ուղղագրությունից էնքան էլ ուժեղ չէր ու միշտ սխալներ էր անում, բայց ես ասում էի, դրա մասին չմտածի, իր գրածը ճիշտ ու անսխալ համարվողից լավն է։ «Մտքի» փոխարեն նա գրում էր «միտկ», «անհեթեթի» փոխարեն՝ «անհեթհեթ», «քաղաքակրթության» փոխարեն՝ «քաղաքակռթություն», բայց ես հասկանում էի ինչ է ուզում ասել ու համոզված էի, որ տղաս էլ կհասկանա։ Սկզբում Ջիլը քիչ էր գրում, որովհետև կարգին տպել չգիտեր, ինքն էլ մեծ մասամբ պատմում էր, թե ինչքան է ինձ սիրում ու դժվարանում հավատալ, որ երազում չի, թեպետ շուտով նրա պատմության մեջ մեր սրտին սիրելի շատ ու շատ բաներ սկսեցին երևալ, բայց ամենահրաշալլին նրա ուրախ օյիններն էին։

Մեկ֊մեկ, հենց տուն էի գալիս ինչ֊որ հավաքույթից, նա կոտրատվելով իրեն երևակայում էր՝ իբր իմ թայը չի, որովհետև բա չե՜ք ասի՝ օպերային երգչուհի է։ Ինձ մի կողմ էր հրում, կանգնում բազմոցին, տեսեք֊տեսեք Քովընթ Գարդընի բեմին է, ու սկսում էր իտալերեն երգել,― իսկ նա ավելի լավ էր երգում, քան Քովընթ Գարդընում երբևէ հանդես եկած երչուհիներից մեկնումեկը,― հետո իբր թե առաջին տենորի ձեռքին հենված՝ իջնում էր բազմոցից, հասարակությանը գլուխ տալիս, օդային համբույրներ ուղարկում, ծաղկեփնտեր ընդունում, դրանք սեղմում կրծքին ու հեռանում, բայց գնալիս՝ իբր պատահմամբ սայթաքում էր․ տեսա՞ք, քիչ էր մնում ընկնի, ու նրա նրբագեղությունը անհետ կորչում էր, փռթկացնում էր, փռվում հատակին ու հետս քրքջում։

Մեկ֊մեկ էլ օպերային երգչուհու փոխարեն բալետի պարուհի էր դառնում, պարում էր, պարում՝ մեր կյանք ու արև որդին կրծքի տակ։ Ոչ ոք աշխարհում նրա պես թեթև ու նազելի չէր լինի, ոչ ոք չէր կարող էդպես թռվռան ու հմայիչ լինել, ու ես անընդհատ մտքումս զարմանում էի, թե բախտս ոնց բերեց, որ նրան գտա, էս չտեսնված հրաշքը ո՞նց պատահեց։ Ախր ինձ նման դմբոն ո՞նց հաջողացրեց էսքան հիասքանչ աղջկա հետ ամուսնանալ, նա ո՞նց սիրեց ինձ նմանին՝ էս իմ հիմարավուն դեմքով ու աստված վկա, անպայման մեծ մարդ դառնալու հավակնությամբ։ Հա՛, ես անպայման պիտի մեծ մարդ դառնայի, գուցե գրող չէ, բայց գուցե հենց գրող։ Համենայն դեպս, տղայիս համար պիտի մեծ մարդ լինեի ու եթե ողջ մնայի աստծու հաջողությամբ, աղջկաս համար էլ, նույնն էլ մյուս տղայիս, հետո՝ մյուս աղջկաս ու նրանց մոր համար, որի սերն եիմ հանդեպ նրա ամեն մի արարքի մեջ էր, անգամ ինձ վրա բարկանալու մեջ, անգամ երբեմն ծագող մեր վեճ ու կռվի մեջ։

Եթե ես սրտնեղում էի, որ նա կիրակի առավոտները չէր շտապում դուրս գալ արևի լույսին ինչ է՝ ուզում էր ավելի սիրուն տեսք ընդունել,― նստում էր հայելու առաջ ու մեծահասակներին նմանվել երազող փոքրիկ աղջկա պես կրեմներ ու դիմափոշի քսում երեսին,― եթե ես գոռգոռում էի, ասում՝ աստծու սիրուն, շուտ արա, շտապիր, ու վեճ էր բացվում, է՛հ, նույնիսկ էդ ժամանակ նա ինձ ստիպում էր ծիծաղել, հենց ինքս ինձ վրա ծիծաղել, թե ոնց չեմ հասկանում, որ երբ նա դուրս է գալիս հետս շրջելուց, ուզում է աշխարհի ամենասիրուն աղջիկը լինել ու չի կարող էդպես՝ իմիջիայլոց, հապճեպ դուրս ընկնել, որովհետև մեկ է՝ ճիշտ է, թե սխալ, բայց ինքը պիտի աշխարհի ամենասիրուն աղջիկը լինի, իսկ եթե դա իմ սրտով չի, ինչ արած, կարող եմ մենակ գնալ։ Դե, ես էլ վրա էի հասնում, բռնում նրան, ու սկսում էինք կռվել։ Նա ցատկում էր բազմոցին, որ ինձ հիշեցնի, թե հասարակությունը, մանավանդ օպերայի սիրահարները, տարված ու հմայված են իրենով։ Անգլիայի ամենաերևելի տղամարդիկ թախանձում են գեթ մի հայացքի արժանանալ։ Իբր հանդիսատեսների խնդրանքով, նա նորից էր երգում ու բոլորին շնորհակալություն հայտնում, որ այդպես պաշտում են իրեն, համաձայն են, որ ինքը Լոնդոնի ամենաչքնաղ կինն է, ու գրողը տանի, ես էլ ի՞նչ կարող էի անել, բացի նրան սիելուց ու ինքս ինձ վրա ծիծաղելուց․ է, հա՛, ասենք, թե ինձ պես արագ չէր հագնվում, ի՞նչ կա որ։ Իսկ ուշ երեկոյան, Լոնդոնում մի լավ ման գալուց հետո, նա պառկում էր, գլուխը դնում ուսիս, ես էլ նրա փորիկն էի շոյում, որ տեսնեմ տղաս ոնց է մեծանում, ու նա շշնջում էր․ «Եթե աչքիդ սիրելի եմ, դա գիտե՞ս ինչից է․ ինձ քո սերն է էսպես դարձրել»։ Ու ես գոռում էի որդուս․ «Լսո՞ւմ ես մայրիկիդ խոսքերը։ Լսո՞ւմ ես քո սիրելի մայրիկի սիրելի խոսքերը»։ Ու պաշտում էի նրան, որ էդքան քաղցր կին է ինձ համար ու էդքան հրաշալի մայր տղայիս համար։

Գլուխ վաթսունվեցերորդ

Ջո Ֆոքսհոլն իր որդուն նվիրված բանաստեղծություն է գրում և Վեսլիի, Ջիլի ու նրանց որդու համար կարդում

Մի օր Ջո Ֆոքսհոլը մտավ մեր սենյակն ու երկու թերթ թուղթ մեկնեց գրողին։

― Սա կյանքումս գրած առաջին բանաստեղծությունն է, որ ուզում եմ մեկնումեկը կարդա,― ասաց։

Գրողը կարդաց բանաստեղծությունն ու ինձ տվեց, ես էլ կարդացի։ Ջոն բանաստեղծությունը վերնագրել էր՝ «Որդուս», չնայած ոչ մի որդի էլ չուներ, ամուսնացած չէր, դեռ հարսնացու էլ չէր գտել, առայժմ դողդողուն օրիորդի հետ էր կապված։

― Դե՛, ի՞նչ կասեք,― ասաց Ջոն։

Ես նայեցի գրողին, որ առաջինն ինքը խոսի, ու նա էդպես էլ արեց։

― Իմ կարդացած ամենափայլուն գործերից մեկն է,― ասաց։― Ես էլ եմ որդուս հանդեպ ճիշտ այդպիսի զգացմունքներ տածում։ Միայն չգիտեի, որ դու էլ որդի ունես։

― Չունեմ,― ասաց Ջոն։

― Ուրեմն սպասո՞ւմ ես, դա էլ չգիտեի,― ասաց գրողը։

― Ոչ էլ սպասում եմ,― ասաց Ջոն։― Բայց իհարկե, նման թեթևակի անհաջողությունը ինձ չի զրկում հայրական զգացմունքներ ունենալու իրավունքից, ճիշտ չէ՞․ մանավանդ հիմա, երբ հաջողության հույսը քիչ֊քիչ նվազում է։ Դուք որդի ունեք։ Վիկտորը որդու է սպասում, Ջեքսոնն էլ նույնը։ Իսկ ես դեռ մինչև անգամ հարսնացու չեմ գտել ու չեմ կարծում, թե կգտնեմ մինչև պատերազմը չվերջանա։ Բայց ես էլ եմ հայր ամեն մեկիդ պես։

Հետո Ջոն շրջվեց իմ կողմը։ Ոչ մի բան չասաց, բայց ես հասկացա, որ ուզում է իմ կարծիքն էլ իմանա բանաստեղծության մասին։

― Ես կուզեի սա արտագրել,― ասի,― որ իրիկունը որդուս համար կարդամ։

― Որդիդ դեռ չի ծնվել,― ասաց Ջոն։

― Մեկ է՝ կուզեի կարդալ նրա համար։ Մայր ունի, ուրեմն ինքն էլ շուտով կծնվի։ Իմ կարծիքով, սա պիտի լսի, քանի չի ծնվել։

― Էդ դեպքում ինձ մի լավություն կանե՞ս,― ասաց Ջոն։ Նա շատ լուրջ էր, էսքան ժամանակ էդպես չէր եղել։ Նրան երբեք էդպես լուրջ չէի տեսել։― Կթողնե՞ս բանաստեղծությունը ես կարդամ որդուդ։

― Իհարկե,― ասի։― Իմ որդին օտար չի քեզ համար։ Իհարկե, կարդա։

― Շնորհակալ եմ,― ասաց Ջոն։

Հենց էդ իրիկուն Ջոյին հետս տարա տուն։ Ջիլին պատմեցի, որ նա իր որդուն նվիրված բանաստեղծություն է գրել, չնայած որդի չունի ու չի էլ սպասում, որովհետև դեռ հարսնացու չի գտել, բայց ուզում է բանաստեղծությունը մեր որդու համար կարդալ, դե, որոշ իմաստով մեր որդին իրենն էլ է, քանի որ ինքն էլ մեր ընկերն է։ Ջիլը ամեն ինչ հասկացավ ու ընթրիքից հետո նստեց սենյակի մեջտեղի բազկաթոռին, իսկ Ջոն իր՝ որդուն նվիրված բանաստեղծությունը կարդաց․ Տապալված ծառը, Որ թութղ է դարձել, Ես վերցնում եմ քարի փոխարեն, Որպեսզի վրան այնքա՜ն քիչ բան ասեմ, Մինչդեռ այնքա՜ն շատ ասելիք ունեմ։

Սակայն ի՞նչ ասեմ,
Բացի միևնույն «այո, այո»֊ից։
Դրա համար պետք չեն ոչ քար, ոչ էլ թուղթ։
«Այո»,― ասում են աչքերս արթնանալիս,
«Այո»,― ասում է քունս հավիտյան քնածներին,
«Այո»,― ասում է ձեռքս բոլոր ձեռքերին պարզած՝
Ոճրագործության համար պարզված լլինեն, թե կարեկցանքի։

Ես «ոչ»֊ի լեզվով խոսել չգիտեմ։
Սերն է իմ լեզուն։
Եվ ուրիշ ոչինչ։
Թող մյուսներն ասեն ու անեն լոկ այն,
Ինչ որ ասում են ու անում,
Իսկ ես կրկնում եմ սուրբ թմբիրի մեջ․
«Ա՛խ, սիրում եմ քեզ»։
Իմ անգիտության օրհնյալ ժառանգորդ,
Տղաս, զավակս, հարազատ որդիս,
Ինձ ասաց՝ «այո»,
Չէ՞ որ կիսով չափ մեռած եմ արդեն։
Քո ժամանակը վրա է հասել,
Եվ դու ինձանից բախտավոր կլինես,
Դու ավելի լավ օրեր կտեսնես՝
Շնորհիվ նրա, ում ես սիրում եմ,
Ում ես պաշտում եմ կյանքից առավել,
Շնորհիվ նրա՝ մայր ճշմարտության―
Որ երջանկությունն է ամենավերին։
Ինձ հաջողվել է մեն մի գիրք գրել,
Ուր աչքիս տեսածը թղթին եմ հանձնել։
Եթե այդ գրքում ցերեկվա լույս չկա,
Ոչ արշալույսներ, ոչ էլ միջօրե,
Եթե այդ գրքում լոկ մութ է, գիշեր,
Եթե երկնքի լուրթ փայլը չկա,
Մանուկ աչքերիդ փա՛յլն ինձ պարգևիր։
Իմ ժամանակը գուցե գիշեր էր խավար։
Ես ինչ որ տեսա Աստծո ստեղծածից,
Մթնշաղի կիսալույսով տեսա։
Ես տեսել եմ գիշերվա աղջամուղջում։
Գիտեմ, որ կային և ուրիշ բաներ,
Տեսել եմ, բայց աչք չունեին դրանք
Եվ մոռացության գրկում մնացին,
Որովհետև հենց այն է տեսանելի,
Ինչ ինքն իր հերթին տեսողություն ունի։


Իսկ ծառը, որի վրա դու կմագլցես,
Որի ճյուղերից հանկարծ ցած կընկնես,
Հետո տապալված, թղթի վերածված՝
Կծառայի քեզ իբրև կարծր քար,
Որպեսզի վրան բառեր փորագրես։
Այդ ծառը գրեթե ամբողջն է, ինչ տրված է մեզ՝
Ե՛վ ինձ, և՛ քեզ, և՛ քո զավակին։
Բայց և ամբողջը չէ։
Աշխարհում անտառ էլ գոյություն ունի։
Կան տարբեր, տարբեր տեսակի ծառեր՝
Տարբեր, տարբեր նպատակների համար։
Բայց բոլորը մի տեղ՝ մի ծառ են միասնական։
Իսկ թղթի մեջ էլ անտառ չկա։
Թուղթը կամ քար է քեզ համար,
Որ «այո»֊դ գրես,
Կամ էլ անպետք մնացուկների փաթեթ։
Աստծուն դիմելիս՝ հաճախ եմ անունս տվել։
Հիմա քո անունն էմիայն շուրթերիս։
Բե՛ն, Բե՛ն, Բե՛ն, որիդս,
Քեզ սիրելով՝ սիրում եմ բոլոր մարդկանց,
Մարդկության ծառն ու թուղթն եմ սիրում,
Քարն ու գիրը։

Ահա ասելիքս։
Դու ավելին ասա, բայց և ասա՝ «այո»։
Սերն է մեր լեզուն,― դրանից քաղցր լեզու չկա։
Ամեն, ամեն ինչին, Բեն, «սիրում եմ» ասա։
Իսկ ամենալավ բաները՝ աստվածացրու։

Երկար ժամանակ ոչ մեկս ձայն չէինք հանում, հետո Ջիլը մոտեցավ Ջոյին ու նրա այտը համբուրեց, ու ես էնպես սիրեցի Ջիլին, որ հասկացավ Ջոյի խոսքերի գեղեցկությունը, հասկացավ, որ Ջոյի ասածն իր որդուն՝ մենք նրա բերանով ասացինք մեր որդուն։ Ու ես համոզված եմ՝ պատամը լսեց իմ որդին, որովհետև նրա մայրը լսեց ու համբուրեց Ջոյին։ Չգիտեմ ինչ բանաստեղծություն էր Ջոյի գրածը, միգուցե ընդհանրապես բանի նման չէր։ Բայց իմ կարծիքով, գիտեմ, թե նա իր բանաստեղծությամբ ինչ էր ուզում ասել որդուն ու սիրում եմմ ամեն ինչ էդպես լավ հասկացող մարդուն, որ կարող է խոսել որդու հետ, երբ նրա ծնունդը դեռ չի էլ նախատեսված։ Սիրում եմ էդպիսի մարդուն, ով ասենք՝ ծառ ու անտառից է խոսում, բայց քեզ կարողանում է պատմել, որ աշխարհը լի է ամեն տեսակ մարդկանցով, ու ամեն մեկն իր նպատակն ունի, իր մեծ կամ փոքր նպատակին է փգտում, բայց բոլորի ջանքերն էլ անտեղի կանցնեն, իսկ եթե նրան սիրեն, լավ իմացեք, շատ բանի կհասնեն։ Սիրով համարյա ամեն ինչի էլ կհասնես։ Շատերը կարծում են, թե հիմար մարդն է բանաստեղծություն գրում, բայց ախր էդպես չի․ մարդիկ խոսում են ու նրանց ասածը բանաստեղծություն է, մարդիկ ապրում են, ու նրանց կյանքը բանաստեղծություն է, մարդիկ երազում են, ու նրանց երազանքը բանաստեղծություն է, իսկ Ջո Ֆոքսհոլը՝ նա ուղղակի մի բանաստեղծություն գրել էր։ Նա բանաստեղծություն էր գրել, որն ուզում էր ցույց տալ ուրիշներին։ Դե, իսկ հետո գնաց դողդողուն օրիորդի մոտ։

Գլուխ վաթսունյոթերորդ

Վեսլին իմանում է, որ սիրուց ծնվող ճշմարտությունից բացի էլ ոչ մի ճշմարտություն չկա, իսկ գրողը գլանատիպով հանված նամակ է ստանում, որը նրան զայրույթով է լցնում

Օրերից մի օր հայրիկից նամակ եկավ։

«Հենց նոր, գիշերվա կեսին, վեր կացա անկողնուց,― գրում էր նա,― որովհետև հանկարծ հիշեցի, թե ինչ էի երդվել, որ ժամանակը գա՝ քեզ ասեմ, բայց Օհայոյում չէի կարողանում հիշել։ Սա է․ սիրուց ծնված ճշմարտությունից բացի, ոչ մի ճշմարտություն, ոչ մի գեղեցկություն, ոչ մի արդար բան, ոչ մի դրախտ ու աստված չկա։ Իսկ հիմա նորից պառկում եմ քնելու»։

Դա էր ընդամենը։ Ու ես մտքի մեջ ընկա։ Այ, օրինակ, ես ու իմ Ջիլը։ Չէ՞ որ նրա քնքուշ սիրո շնորհիվ ես վերջապես մարդ էի դառնում։ Կամ օրինակ՝ Վիկտոր Տոսկան, նրա չքնաղ կինն ու հրաշալի մայրը․ չէ՞ որ Վիկտորն ինձ անվերջ խնդրում էր, աղաչում, որ խոսք տամ սիրուց պատմել։ Կամ Ջո Ֆոքսհոլը․ չէ՞ որ նա իր բանաստեղծության մեջ գրել էր․

Թող մյուսներն ասեն ու անեն լոկ այն,
Ինչ որ ասում են ու անում,
Իսկ ես կրկնում եմ սուրբ թմբիրի մեջ․
«Ա՛խ, սիրում եմ քեզ»։

Ու հիմա էլ ահա հայրիկի պատգամը, որ նա պահել էր ինձ համար դեռ անցած պատերազմից։ Իմ սեփական ճանապարհով ես էի էի եկել, հանգել նույն մտքին, Վիկտորն էլ իր ճանապարհով էր եկել, իսկ Ջո Ֆոքսհոլը՝ իր։ Բոլորս նույն բանին էինք հանել․ սիրուց ծնվող ճշմարտությունից բացի, էլ ոչ մի ճշմարտություն չկա։ Ու վերջ։ Սա ինչ֊որ պատահական, աննշան միտք չի, որը կարող էր իմ գլուխը գալ, բայց ուրիշինը՝ չէ, սա բոլորի մտածածն է, բոլորն են զգացել։ Օլսոնը՝ ճշմարտության իր որոնումներով։ Գրողը՝ ամեն մարդու և ամեն ինչի մեջ լավը տեսնելու իր պատրաստակամությամբ։ Նյու Յորքում հանդիպածս կինն ու Օհայոյում հանդիպածը։ Նույնիսկ ինձ ատելի շուն շան որդիները, աստված թողությու տա նրանց մեղքերին։ Նույնիսկ նրանք էին էսպես թե էնպես դա գլխի ընկել։ Բայց ես վախեցա իմ մտքերից, որովհետև գիտեի՝ դժվար ժամանակներ են եկել, դառը, հուսակտուր ու չարագուշակ ժամանակներ, գիտեի՝ մեկ էլ տեսար՝ սիրո ուժից վեր եղավ դրանք հաղթահարել։

Է՛հ, անորոշությունը միալար երգի պես ձգվում էր, երկարում։ Օրերն անցնում էին իրար հետևից․ բայց ոչ մեկս չգիտեինք ինչ է գլխներիս գալու։ Նստել, սպասում էինք, ամեն մեկս մտածում մեր ճակատագրի մասին։ Խոսում էինք, ծիծաղում, գարեջուր խմում, զվարճանում ու մեզ երջանիկ զգում, բայց սպասման մեջ էինք։ Չգիտեինք ինչ է լինելու։ Միգուցե սրանք մեր վերջին օրերն էին։ Բոլորս էլ դա հասկանում էինք։ Հենց դա էր, որ ոչ մեկիս մտքից դուրս չէր գալիս։ Դժվար ժամանակներ էին, ընկել էինք, պիտի քաշեինք։ Ռումբերը թափվում էին բարի լոնդոնցիների գլխին ու ոմանց հետները տանում, իսկ նրանք իհարկե, չէին ուզում գնալ֊կորչել ու զարմանում էին, որ պիտի կյանքից էդքան շուտ հեռանան․ ախր դեռ ինչքա՜ն անելիքներ ունեին, դեռ ինչքա՜ն սեր կար նրանց սրտերում։

Մի առավոտ էլ գրողն ինձ գլանատիպով հանված մի նամակ մեկնեց, որը հենց նոր էր հատուկ թղթատարը բերել։ Ներխուժման ժամն ավելի ու ավելի էր մոտենում․ բոլորը դրանից էին խոսում, բոլորը ահմոզված էին, որ ժամանակը վրա է հասել, ու ահա Ռազմական տեղեկատու վարչությունից մի տղա էր վազեվազ ընկնում մեր գրասենյակ և գրողին գլանատիպով հանված ինչ֊որ նամակ հանձնում։ Գրողն ահավոր, թթված դեմքով նամակն ինձ մեկնեց։

Կարդացի, տեսնեմ հրաշալի բան է։ Մտքովս անցավ, որ նամակի հեղինակը անպայման մեծ մարդ է։ Աստված վկա, սա կարծես սուրբ առաքելոց թղթերից լիներ․

«Մեր ամենամսյա ճաշկերույթների որոշ մասնակիցներ ինձ առաջարկեցին, որ այս օրերին, երբ հակառակորդի գործողությունների պատճառով անիրականալի է դարձել ըստ սովորության, ՓԻՓ֊ի[30] ակումբում հանդիպելը, ես մի փոքրիկ անակնկալ մատուցեմ Ռոբերտ Սեմսոնին՝ մեր անխոնջ քարտուղարին, ի նշան ճաշկերույթների կազմակերպման գործում նրա թափած ջանքերի բարձր գնահատանքի։ Ես հավանություն տվեցի այդ առաջարկին և համոզված եմ, որ դուք էլ կուզենաք արձագանքել։ Ճիշտն ասած, չգիտեմ, թե նման պարագայում ինչպիսի նվերն առավել պատշաճ կհամարվեր, բայց վստահ եմ, որ եթե մեզնից՝ ամերիկացիներիցս յուրաքանչյուրը, ով մյուսների հետ համահավասար կիսել է մեր խմբի հոյակապ խնջույքների բոլոր ծախսերը, նվիրաբերեր ասենք՝ երեքական շիլինգ, մենք շատ ազնիվ արարք կատարած կլինեինք։

Ամենամսյա ճաշկերությթները, ինչպես դուք հավանաբար գիտեք, սկսած 1942 թվականից՝ սովորության են վերածվել, որպեսզի ամերիկյան ներկայացուցչությունների նորեկ, շահագրգռված անդամները ծանոթանան ամերիկյան գործերին առնչակից մի խումբ բրիտանական պաշտոնյաների հետ, որոնք կանոնավորապես հանդիպում են ՓԻՓ֊ի ակումբում։ Շուտով ակնհայտ դարձավ, որ ցանկալի կլիներ, եթե այսպիսի ոչ պաշտոնական, օգտաշատ հավաքույթները փոքրաթիվ անձանց նեղ շրջանակում անցկացվեին, ամեն ամիս՝ Մ․ Թ․֊ում մեր կյանքի և աշխատանքի հետ կապված ընթացիկ էական հարցերը քննելու համար։ Այստեղ ընդգրկված էին նաև ամերիյան ռազմաօդային ուժերի մի քանի ներկայացուցիչներ։ Երբ Հենրի Սեմսոնը վերադարձավ Վաշինգտոն, Քարլթոն Քամինգսն ու ես ստանձնեցինք նրա պարտականությունը, այն է՝ համապատասխան ամերիկացիներին ներգրավել հավաքույթներում, ի լրումն կադրային վետերանների, ովքեր այսպես ասած՝ իբրև հիմնադիրներ, 1942 թվականից գործին մասնակից են։ Սակայն, այնուամենայնիվ, Ռոբերտ Սեմսոնն էր, որ խումբը սերտորեն ձուլեց, մեր հավաքույթները դարձրեց օգտավետ ու հաճախ հիրավի նշանակալից, միշտ հետաքրքրական մի համաժողով։ Ես գիտեմ, դուք համամիտ կլինեք, որ անգլո֊ամերիկյան մերձեցմանը, բանակցություններին և փոխըմբռնմանը նպաստող այս աջակցությունը պիտի ըստ արժանվույն գնահատվի։

Արդյոք չէի՞ք կարող, եթե իհարկե համաձայն եք, մինչև այս շաբաթվա վերջը ինձ երեք շիլլինգ տրամադրել։

Կանխահայտ շնորհակալությամբ, անկեղծորեն ձեր․․․»

― Հիանալի նամակ է,― ասի։

― Այս պատերազմի ամենանողկալի փաստաթղթերից,― ասաց գրողը։

― Մարդը բոլորից երեք շիլինգ է ուզում Ռոբերտ Սեմսոննին մի փոքրիկ նվեր մատուցելու համար։

― Տասը օր է՝ կնոջիցս նամակ չեմ ստանում, իսկ այդ անգլիացի լակոտը տես ինչ նամակ է վազեվազ բերում։

― Եթե դուք տնից նամակ չսպասեիք, կհամաձայնեիք, որ սա ցնցող նամակ է, չէ՞։

― Այո, շատ որոշակի՝ գարշելի իմաստով։

― Իսկ իմ կարծիքով, անմեղ ու հուզիչ բան է։

― Եվ սրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են նպաստել ամերիկյան ու անգլիական ժողովրդի փոխըմբռնմանը։ Հմայիչ մարդիկ են։ Շատ հաճելի։ Դու նրանց հենց այնպես գլուխ ես տալիս ու վերջացավ գնաց, չէ՞։ ՓԻՓ֊ի ակո՜ւմբ։ Մեր անխո՜նջ քարտուղարը։ Մեր կյա՜նքն ու աշխատա՜նքը Մ․Թ․֊ում[31]։ Այդ Մ․Թ․֊ն ի՞նչ է, չլինի՞ «մեր թվարկություն»։

― Դուք ուղղակի անտարամադիր եք, որ վերջերս տնից նամակ չեք ստացել։ Միգուցե կեսօրից հետո ստանաք։

Ու իրոք, կեսօրից հետո գրողը միանգամից յոթ նամակ ստացավ, կարդում էր ու անընդհատ ծիծաղում, իսկ հետո ասաց․

― Մի անգամ էլ տուր այն նամակը, հա՞։

Նորից կարդաց ու հետ տվեց ինձ։

― Դու իրավացի ես,― ասաց։― Սիրալիր ու անմեղ բան է, միանգամայն անվնաս։ Մինչև շաբաթվա վերջը երեք շիլինգը կուղարկեմ ու հույս ունեմ, թե անխոնջ քարտուղարը, այ դրա ինչն ասեմ, հաճույքով կփստացնի իննսունութ սենթանոց այն ծխամորճը, որ նրան նվեր կտան, 1942 թվականից, այսպես ասած՝ իբրև հիմնադիր գործին մասնակից լինելու համար։ Եվ իմ կարծիքով, գլխի ես ընկնում, թե նրան ինչ եմ մաղթում․ որ այսպես ասած՝ այդ ծխամորճն ինչ անի։

Նա մի երկտող մեքենագրեց նամակի հեղինակին, բացատրում էր, թե ինչու է երեք շիլինգի փոխարեն ընդամենը երկու շիլինգ վեց փենս ուղարկում․ որովհետև ինքը 1942 թվականից իբրև հիմանդիր գործին մասնակից չէ, երբեք ներկա չի եղել ոչ մի օգտավետ, հիրավի նշանակալից կամ հետաքրքրական համաժողովի, կյանքում չի հանդիպել անխոնջ քարտուղարին, հետևաբար գտնում է, որ երկու շիլինգ վեց փենսը այն ամենն է, ինչ ինքը կարող է զոհաբերել այդ շան որդուն պատշաճ նվեր մատուցելու համար և այդքանն էլ չէր ուղարկի, եթե հենց նոր յոթ նամակ չստանար տնից։

Գլուխ վաթսունութերորդ

Պատուհաններից նամակներ նետող մարդու գաղտնիքը պարզվում է

Մի օր էլ, երևի ամենալավ օրը, Վիկտոր Տոսկան «Սթարզ ընդ սթրայփս» թերթի մի օրինակ բերեց, թե՝

― Այ, սա կարդա, հա՞։

Հոդված էր Արիզոնայի նահանգի Ֆլագսթաֆ քաղաքում, Հետաքննության ֆեդերալ բյուրոյի գործակալների կողմից ձերբակալված մի մարդու մասին, որին երեք տարուց ավել փնտրելիս էին եղել որպես զինծառայությունից խուսափողի։ Ինձ թվաց՝ չարժի կարդալ, անհետաքրքիր պատմություն է, արդեն ուզում էի թերթը ցած դնել, մեկ էլ աչքս պատահմամբ ընկավ էդ մարդու լուսանկարին։ Կարծես ինչ֊որ տեղ նրան տեսած լինեի, Վիկտորի վրայից էլ երևում էր, թե հավատացած է, որ էս երկարաշունչ հոդվածը ինձ պիտի շատ հետաքրքրի, դրա համար էլ շարունակեցի կարդալ։ Շուտով հասա էդ մասին, որտեղից պարզ դարձավ, թե մարդը ով է։ Նա մեր «Հյուսիսայինի» հանդիպակաց հյուրանոցի պատուհանից նամակներ գցողն էր։ Ուշադիր նայեցի լուսանկարին․ հենց ինքն էր, ճիշտ էնպես, ոնց որ էն օրը, երբ ես մի քիչ ուշ դուրս թռա փողոց ու փորձում էի նրա գցած նամակը ավտոմատ ճաշարանում աշխատող աղջկանից մի դոլարով առնել։

Դե, Վիկտորի քեֆին քեֆ չէր հասնի։ Տեսնում էի, որ ինքն իր մեջ հրճվում ու հաճույքից հալվում է, բայց արտաքինից իրեն շատ հանգիստ էր պահում։

Մարդու անունը Ուոլթեր Մարփլզ էր։ Հոդվածում ասվում էր, որ ՀՖԲ֊ի գործակալները հանցանշանների միակ շղթային հետամուտ՝ հյուրանոցների լուսամուտներից նետված անստորագիր նամակների հետքերով, ամբողջ երկիրը չափչփել են, արևելքից արևմուտք, հարավից հյուսիս ոտնատակ տվել։ Վերջիվերջո վրա էին հասել ու կիրակի օրը, մայիսի 21֊ին լուսադեմին, հենց հանցանքի վայրում՝ Արիզոնայի Ֆլագսթաֆ քաղաքի «Մոնտե Վիստա» հյուրանոցի փողոցահայաց սենյակներից մեկում, բռնել հանցագործին։ Սա բոլորովին անակնկալի չի եկել, ասել է․ «Շատ եք ուշացել։ Երեք օր առաջ երեսունութս լրացավ, իսկ երեսունութից հետո բանակ չեն տանում»։

Նայեցի Վիկտորին։ Նա աչքով արեց, թե՝

― Քեզ տեսնեմ, Ջեքսոն, մինչև ինչը հաշվիր։

Հետո չկարողացավ էլ իրեն զսպել ու քրքջալով սկսեց թռչկոտել սենյակում։

Մարդը նկարում լուրջ էր երևում ու հոդվածից դատելով՝ կյանքում էլ էր լուրջ։ ՀՖԲ֊ի գործակալներին հարցրել էր, թե նրա՞նք ինչու չեն բանակում, քանի որ այդքան լավ են տիրապետում հրազենին, իսկ ինքը՝ ոչ։ Ասել էր՝ հեռու է մնում զինակոչիների հավաքակայաններից ու նման բաներից, որովհետև անձամբ իրեն պատերազմը դուր չի գալիս։ Ասել էր՝ մեծ պատասխանատվությամբ է լցված աշխարհի բոլոր մարդկանց նկատմամբ և չի պատկերացնում, թե ինչպես կարելի է խույս տալ այդ ապտասխանատվությունից մի այսպիսի ժամանակ, երբ մարդիկ այնքան հուսահատորեն ճշմարտության կարիք են զգում։ Ասել էր՝ ճիշտ լուսադեմին, իր նամակները հյուրանոցների պատուհաններից նետել է երկրի ամեն մի նահանգում, ավելի քան հարյուր քաղաքներում, ավելի քան երեք հարյուր հյուրանոցներից։ Ասել էր՝ երբեք ոչինչ չի գողացել ու ոչ մի արդարացի օրենք կյանքում չի խախտել։

Հոդվածի վերջում թերթի թղթակիցը գրում էր, թե չնայած Մարփլզը երեսունութն անց է, բայց հարկադրված կլինի պատասխան տալ կառավարության առաջ, մանավանդ, եթե կառավարությունը կարողանա ապացուցել, որ նա հոգեկան հիվանդ չէ, իսկ կառավարությունը վստահ էր, թե կապացուցի։ Միաժամանակ հոդվածի ենթատեքստից զգացվում էր, որ հեղինակն ինքը հիացմունքով է վերաբերվում Ուոլթեր Մարփլզին։

Է՜հ, ես էլ սկսեցի Վիկտորի հետ ծիծաղել, գրողն էլ հետաքրքրվեց, թե ինչ է պատահել։ Հետո ինքն էլ կարդաց հոդվածն ու սկսեց հետներս ծիծաղել, բայց ինձ ստիպեց, որ լրջանամ ու մանրամասն պատմեմ, թե ինչ գիտեմ էդ մարդու մասին, ու ձեռքս ընկած նամակների մեջ նա ինչից էր խոսում։

Հաջորդ օրն Օլսոնը (նրա ականջին էլ էր բան հասել) «Նյու Յորք Թայմզ֊ի» մի օրինակ բերեց ու մեզ մի ուրիշ հոդված ցույց տվեց Մարփլզի մասին։ Սա նույնիսկ «Սթարզ ընդ սթրայփս֊ի» հոդվածից էլ լավն էր, որովհետև մեջբերումներ էին արված մի հինգ֊վեց նամակից, որ թղթակիցը հաջողացրել էր պոկել ՀՖԲ֊ի գործակալներից․ հոյակապ նյութ էր։ Օլսոնը թե՝ մարդը յոգերի ուսմունքի հեռևորդ է։ «Նյու Յորք Թայմզ»֊ի հոդվածում ասվում էր, որ Մարփլզը շատ է զայրացած կառավարության վրա իր աննորմալ չլինեն ապացուցելու ջանքերի համար, որովհետև առանց այդ էլ ինքն իրեն համարում է աշխարհի երեսին մնացած հատուկենտ նորմալ մարդկանցից մեկը, ուրեմն էլ ինչո՞ւ է կառավարությունը վիրավորում իրեն՝ գլխին բժշկական փորձաքննություն սարքելով, որպեսզի ապացուցի, թե նա այն է, ինչ իրականում անտարակույս կա։ Հոդվածի շարունակության մեջ ասված էր, որ Մարփլզի պնդումը, թե ինքը նորմալ մարդ է, փորձաքննության հետ կապված նոր հոգսեր է պատճառել կառավարությանը, որովհետև ավելի քան հավանական է դարձել, որ նա հոգեկան հիվանդության նշաններ ունի։

Մի քանի օր անց ուրիշ հոդված լույս տեսավ։ «Թայմզ»֊ի կիրակնօրյա հավելվածում էր, ամբողջ երկու էջ, թերթի առաջնորդող հոդվածները գրողներից մեկն էր հեղինակը, երեք հատ էլ հրաշալի լուսանկար էին տպված, երեքում էլ՝ Մարփլզը։ Բայց նրա վրա աննորմալության ոչ մի նշան չկար, ու պարզվում էր, որ նրանց ընտանիքում էլ նման բան չի եղել։ Մի նկարում Մարփլզը նստած էր կլոր սեղանի մոտ՝ մեջքով դեպի լուսանկարիչը։ Սեղանի մյուս կողմում բազմել էին երկրի լավագույն հոգեբույժներից վեցը, ընդ որում մեկն էլ կին էր։ Սրանից ծիծաղելի նկար երբեք չէի տեսել․ Մարփլզին դուր չէր եկել, որ իրեն մեջքից են նկարում, ու նա թեքվել, հետ էր նայում։ Վեց հոգեբույժներն էլ ասես աննորմալ լինեին, այնինչ Մարփլզը միակն էր, որ մարդավարի, մի քիչ սրտնեղած տեսք ուներ։ Էս հոդվածի ենթատեքստում էլ էր Մարփլզի նկատմամբ մեծ հիացմունք զգացվում, չնայած հեղինակը կարծում էր, որ նա չի ազատվի նման մասնագետների ձեռքից։ Սրանք պարտավոր էին նրան խելագար հանել ու համապատասխան հաստատություն ուղարկել․ և իրոք, հաջորդ չորեքշաբթի Օլսոնը «Թայմզի» նոր համար բերեց, որտեղ Մարփլզի մասին մի ուրիշ հոդված կար՝ գրված նույն հեղինակի կողմից։ Մարփլզին հոգեկան հվիանդ էին ճանաչել ու հոգեբուժարան տարել։ Բայց նա հասցրել էր աշխարհի մարդկանց մի նամակ էլ գրել, որը ծածուկ հանձնել էր հոդվածի հեղինակին, սա էլ ամբողջությամբ նամակը մեջ էր բերել․

«Աշխարհի մարդկանց․

Իհարկե, խելագարներն ասում են, թե ես խելագար եմ, բայց մի հավատացեք նրանց։ Կարծում են, եթե ինձ հոգեբուժարանում փակեն, ես կխելագարվեմ, իսկ ես բոլորովին էլ չեմ խելագարվի։ Մտադիր եմ անընդհատ ընթերցանությամբ զբաղվել, հետևաբար ձեզ պատմելու շատ բան կունենամ։ Գրամեքենաս խլել են, բայց դրանով նրանք ոչինչ չեն շահի, որովհետև եթե նամակներս չեմ կարող մեքենագրել, ուրեմն առաջվա համեմատ ավելի կարճ կկապեմ և այն հիվանդներին, որոնք ուր որ է հոգեբուժարանից դուրս պիտի գրվեն, կպատվիրեմ նամակներս անգիր անել ու բերնեբերան տարածել։ Չգիտեմ, թե ինչքան կմնամ հոգեբուժարանում։ Երեսունութ տարեկան եմ, բայց թեկուզ տասը տարի էլ մնամ, թեկուզ պատերազմը այդքան երկար տևի, ու բոլորն էլի այնքան աննորմալ լինեն, որ ինձ աննորմալ համարեն, միևնույն է՝ ազատվելիս ես ընդամենը քառասունութ տարեկան կլինեմ և դեռ անսահման աասելիք կունենամ։ Ուստի սպասեք ինձ։ Ոչ ոքի չհավատաք, եթե միայն դա այն մարդը չէ, որին շատ եք սիրում, ու նա էլ ձեզ է շատ սիրում։ Սա վերջը չէ։ Ընդմիջում է, լոկ։ Ես միշտ կմտածեմ ձեր մասին»։

Հոդվածին առընթեր տպված էր Մարփլզի լուսանկարը, նա ձեռնաշղթայով էր, աջ ու ձախ կողմերում էլ՝ ՀՖԲ֊ի մի֊մի գործակալ։ ՀՖԲ֊ի գործակալները աննորմալի տեսք ունեին, իսկ Մարփլզը ասես սուրբ լիներ, ու հոդվածագիրն էլ էր հաստատում, որ դա որոշ իմաստով էդպես է։ Նա փաստեր էր բերում Մարփլզի կյանքից։ Ուոլթեր Մարփլզը ծնվել էր Միսուրիի նահանգի Քայրո քաղաքում, աղքատ, բայց ազնիվ ընտանիքում։ Վերջացրել էր Քայրոյի միջնակարգ դպորցի վեցերորդ դասարանը, այնուհետև ագարակում մշակ աշխատել, որպեսզի օգնի ծնողներին ընտանիքը պահել, որն այդ ժամանակ կազմված էր եղել նրա վեց կրտսեր եղբայրներից ու քույրերից։ Տասնյոթ տարեկանում նավաստի էր դարձել, աշխատանվարձի մեծ մասը հորն ու մորն ուղարկել։ Նավարկության էր մեկնել ոչ թե ընտանիքի հանդեպ ունեցած պարտականություններից խույս տալու նպատակով, այլ մտահորիզոնն ընդարձակելու համար։ Ծովում եղած ժամանակ նրա աչքին իսկական հայտնություն էին դարձել իր խոսքերով ասած՝ «սրբերի երկերը», այսինքն՝ ամերիկացի գրողների՝ Թորոյի, Էմերսոնի, Մելվիլի, Ուիթմենի ու Մարկ Տվենի գործերը։ Ինքն իրեն գրողի տեղ չէր դնում, այդքան փառասեր չէր, բայց հավատացած էր, որ իր ուղերձները՝ մոտ 393 հատ, պատերազմի սկզբից ի վեր ոչ միայն ամերիկյան ժողովրդին են հասել, այլև Եվրոպայի, Ասիայի ու մի շարք կղզիների ժողովուրդներին։ Նա իրեն նահատակ չէր համարում, որովհետև չէր տառապել։ Դեմ չէր որպես խելագար մնալ հոգեբուժարանում մինչև աշխարհը նորից խելքի գա, քանի որ համոզված էր, թե հոգեբուժարանում շատ խելամիտ մարդկանց կհանդիպի ու նրանցից բազմաթիվ լավ բաներ կսովորի։

Բա՛, այ էսպես․ և Վիկտորը, ես, Օլսոնը, գրողն ու Ջո Ֆոքսհոլը փառք էինք տալիս աստծուն նման մարդու համար, որովհետև եթե մի մարդ կար, որ արժանավոր էր երևում ու իր ասածներից դատելով՝ կարծես իրոք աշխարհի երեսին մնացած հատուկենտ մարդկանցից մեկն էլ, ուրեմն դա նա էր՝ Ուոլթեր Մարփլզը, որին օրենքի անունից ձերբակալել էին Արիզոնայի Ֆլագսթաֆ քաղաքի մի փոքրիկ, հին հյուրանոցում։ Մենք վստահ էինք, որ ամերիկացիների մեծամասնությունը նրա նկատմամբ նույն զգացմունքներն ունի։ Թերթերի հոդվածագիրները հիանում էին նրանով, ու մենք զգում էինք, որ վերջիվերջո, թերևս մարդկությանը ինչ֊որ հույս է մնում։

«Ոչ ոքի չհավատաք, եթե միայն դա այն մարդը չէ, որին շատ եք սիրում, ու նա էլ ձեզ է շատ սիրում»,― ասել էր նա։

Ինչ լավ է ասված, Մարփլզ, երեսնութամյա հին ընկեր, հին ու հարազատ ընկեր։ Մեր ամենաջերմ աղոթքներն ընդ քեզ։

Գիրք վաթսունիններորդ

Ջիմ Քըրբին Վեսլիին պատմում է, որ Դոմինիկ Տոսկան մահացել է Խաղաղ օվկիանոսում

Օրերից մի օր մեր հեռախոսը զանգեց, ու մի տղամարդու ձայն ասաց․

― Ես Վեսլի Ջեքսոնին եմ խնդրում։

Է՛, Ջիմ Քըրբին էր՝ լրագրողը, որ դասավորես ինձ ու Հարի Քուքին ինքնաթիռով Ալյասկա ուղարկեցին, նա թե՝

― Որտե՞ղ կարող ենք հենց հիմա հանդիպել։

Ասի՝ կարելի է «Սրարշավ ձի» պանդոկում հանդիպել, դուրս թռա փողոց, տեղ հասա, ու քիչ հետո նա զինվորական թղթակցի համազգեստը հագին՝ ներս մտավ պանդոկ։

― Հենց նոր եմ ինքնաթիռից իջել, եկել եմ ներխուժման մասին թերթում հաղորդագրություն տալու,― ասաց։― Խաղաղ օվկիանոսում էի։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ տեսած կլինեմ։

― Հարի Քուքին,― ասի։― Ո՞նց է, ի՞նչ է։

― Լավ է,― ասաց Ջիմը։ Նա մի շնչով գարեջրի բաժակը դատարկեց։― Շատ լավ է՝ Դոմինիկ Տոսկա անունով մեկի շնորհիվ, որին էդպես էլ չհանդիպեցի։

― Իսկ ի՞նչ է եղել Դոմինիկին։

― Մինչև էնտեղ հասնելս, արդեն մահացել էր։ Հարիին հոսպիտալում տեսա, նա՛ պատմեց։

― Ի՞նչ պատմեց։

― Դոմինիկ Տոսկան նրա կյանքը փրկել է, իսկ իրենը՝ զոհել։

― Ընտանիքին արդեն հայտնե՞լ են։

― Դեռ որոշ ժամանակ հարազատները տեղյակ չեն լինի։ Դա ընդամենը երկու շաբաթ առաջ է կատարվել։ Հարին լավ է։ Շուտով նորից կկարողանա քայլել։ Նրան ուղարկում են տուն՝ Սան Ֆրանցիսկո։ Ձեր զորամասի համարն ու անունը տվեց, խնդրել է գտնեմ քեզ ու ամեն ինչ պատմեմ։ Ասաց․ «Պատմիր, որ իմ կյանքը փրկողին ես չէի սիրում։ Ոչ էլ նա էր ինձ սիրում։ Ուրեմն ինչո՞ւ նա էդ բանն արեց»։

― Իր եղբոր՝ Վիկտորի համար է արել,― ասի։

― Եկել են հոսպիտալ, նրան շքանշան տալու, որ Հարիի կյանքը փրկել է, բայց նա բոլորին բռնդել է, հետո էլ՝ մահացել։ Ասում էին՝ մի երկու օր էլ կապրեր, եթե էդպես չվրդովվեր։ Հարին պատմում էր, որ նա մի ժամ շարունակ հայհոյելիս է եղել, հետո ինքը կարծել է, թե քնեց, բայց բանից դուրս է եկել՝ արդեն մահացել է։ Այս ամենի մասին հոդված եմ գրել, թեև ոչ նրա, ոչ էլ Հարիի անունը չեմ հիշատակել։ Երանի չմեռներ։ Շատ կուզեի նման մարդու հանդիպել։

― Դոմինիկի մայրը,― ասի,― պրեզիդենտին նամակ պիտի գրեր, որ պատերազմում, եթ եուրիշ ճար չլինի, գոնե Դոմինիկին սպանեն, բայց Վիկտորին՝ չէ։ Դոմինիկը մեռած է, նրան սպանեցին, ուրեմն չեն համարձակվի Վիկտորին էլ սպանել։

― Ինչե՞ր ես խոսում,― ասաց Ջիմը, ու ես պատմեցի նրան միսիս Տոսկայի, Դոմինիկի ու Վիկտորի մասին։

― Բայց գրողը տանի,― ասի,― ինչ անես, եթե մարդն ուղղակի համոզված է, թե պատերազմից ողջ չի պրծնելու։ Նրա եղբայրը մեռած է։ Մի ընտանիքին էսքանն էլ է հերիք։ Վիկտորի եղբայրը սպանվելու բան չուներ։ Նա Վիկտորի համար է դա արել, բայց հանկարծ Վիկտորին էլ չսպանե՞ն։

Ջիմ Քըրբին մանրամասն պատմեց Դոմինիկի մահվան մասին, պատմեց, թե Խաղաղ օվկիանոսում ինչ վիճակ է տիրում․ էնտեղ դրությունը վատ էր։ Նա ուրախ էր, որ ընկել է Եվրոպա, որովհետև եթե սպանվելու լիներ, լավ է էստեղ սպանվեր, քան Դոմինիկի պես չգիտես որտեղ։ Ջիմը շտապ գործեր ուներ, բայց մենք պայմանավորվեցինք ավելի ուշ՝ իրիկունը, Լեհական ակումբում հանդիպել։

Է՛հ, հետ եկա գրասեղանիս մոտ, գլխումս միտք էլ չէր մնացել։ Ախր առաջին անագմ, երբ Դոմինիկին տեսա, կարծեցի խուժանի մեկն է, բայց հենց մի քիչ մոտիկից ճանաչեցի, հասկացա՝ ամենալավ եղբայրն է, որ մարդ կարող է ունենալ․ նա Վիկտորի համար էնքան լավ եղբայր էր, որ առանց երկար մտածելու գլուխը փորձանքի էր տվել, այնինչ դա բոլորովին էլ պատրադիր չէր, իսկ նա արի տես՝ գլուխը փորձանքի էր տվել, որ մի լավ վախեցած տղայի փրկի, ում ուրիշ ոչ ոք օգնության չէր հասնի։ Ես ուրախ ոի, որ ընկերս՝ Հարի Քուքը, չի ամաչել Ջիմ Քըրբիին պատմելու ամբողջ ճշմարտությունը կատարվածի մասին, որովհետև եթե նա ճիշտը չասեր, ես երբեք չէի իմանա, թե Դոմինիկը ինչ եղբայր էր Վիկտորի համար։ Ես միշտ մտածել եմ, որ ոչ մի բան չի կարող Դոմինիկ Տոսկային սպանել, բայց, աստված իմ, սերն էլ է սպանում մարդուն, չէ՞։ Երբ շատ ես սիրում մեկին, սերն էլ է սպանում, չէ՞։ Դոմինիկ Տոսկային սերը սպանեց, չէ՞։ Հարին ամեն ինչ իրար չէր խառնել, ստեր չէր հնարել ինչ է թե՝ կյանքն արդեն փրկված էր, ու նա գնալու էր տուն՝ Սան Ֆրանցիսկո, իր ու Դոմինիկի հայրենի քաղաքը, գնալու էր, դառնար իր բախտի տերը, ինքը գլուխ հաներ, թե ոնց ապրի կյանքի մնացած մասը։ Նա կատարվածը ոչ հրաշք չէր սարքել, ոչ էլ անմիտ պատմություն։ Ուղղակի վիրավորվել էր, մնացել կրակի տակ անպաշտպան ընկած, ու ոչ ոք նրան օգնության չէր հասել, նույնիսկ ամենալավ ընկերները, որովհետև դա անխելքություն կլիներ։ Հարին կանչել էր ընկերներին, աղաչել, որ օգնեն, բայց ոչ ոք մոտ չէր եկել։ Իհարկե, սրանք սիրում էին նրան, իհարկե, իր ընկերներն էին, բայց գրողը տանի, ինչի՞ համար անխելք գործ բռնես, մանավանդ որ դրանից ոչ մի օգուտ չկա, ու դեռ շատ հնարավոր է՝ արածիդ դիմաց սեփական կյանքով հատուցես։ Էդ տղերքը ոչ մեկի էնպես սիրելիս չեն եղել, ոնց որ Դոմինիկն էր սիրում Վիկտորին։ Հարին նրանց եղբայրը չէր, բայց Հարին Դոմինիկի եղբայրն էր․ Հարին Վիկտոր Տոսկա էր։

Քիչ հետո Ջո Ֆոքսհոլը մտավ գրասենյակ ու հետաքրքրվեց, թե ինձ ինչ է պատահել։ Միտք չունեի իմացածս մեկնումեկին հայտնել, բայց Ջոյին պարզապես պարտավոր էի ասել, ախր էնպես էի տանջվում, դիմանալու բան չէր, դրա համար էլ Ջոյին նստեցրի ու ամեն ինչ պատմեցի։ Նա Դոմինիկին էլ, Հարի Քուքին էլ շատ լավ էր հիշում, բայց Վիկտորի, նրա մոր ու կնոջ վերաբերյալ ինչ որ պատմեցի, չգիտեր․ որտեղից իմանար, թե Վիկտորը ոնց էր ինձ համոզում, որ խոսք տամ մենակ սիրո մասին գրել, որովհետև հավատացած էր, թե ինքը մեռռնելու է։ Ջոն ասելիք չէր գտնում, բայց էնքան վատ զգաց Դոմինիկի ու մեզ՝ բոլորիս համար, որ աչքերն արցունքով լցվեցին։ Խոստացավ Վիկտորին ոչ մի բառ չասել Դոմինիկի մասին։ Ասաց՝ Վիկտորին հետև կվերցնի, մի տեղ զվարճանալու կտանի։

Ընթրիքից հետո գնացի Լեհական ակումբ՝ Ջիմ Քըրբիի հետ խմելու, բարի կանգնակի մոտ նստեցինք ու խմում էինք բաժակ բաժակի հետևից։ Քիչ հետո Ջիմը թե՝

― Հարին ասում էր, որ ծանոթ տղերքի մասին կուզես տեղեկություններ իմանալ։ Մոտս ամեն ինչ գրել եմ։

Նա մի փոքրիկ, կաշեկազմ ծոցատետր հանեց ու շատ տղերքի անուն ազգանուններ կարդաց, որոնց մի թեթև ճանաչում էի․ բոլորն էլ լավ էին։

― Նի՞քը ոնց է,― ասի։

― Ազգանունն ի՞նչ է։

― Քալի։

― Քալի,― ասաց Ջիմը։― Նիք Քալի։ Ահա՛, սա է։ Նա սպանվել է։

Վա՛յ, գրողը տանի, ես ուրախ էի, որ մյուս տղերքը լավ են, բայց Նիքը, աստծու սիրուն, ինչի՞ համար էին նրան սպանել։

Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն,
Թե ինչ դըրախտ չըտանես, ասա՝ էլ ես ի՞նչ անեմ։
Երկնքի դուռն են ցույց տալիս հըրեշտակները վերևից,
Էլ չեմ կարող դիմանալ այս աշխարհում տանջալից։

Նիքի երգը հիշելով, հո չտխրեցի՜, սիրտս էնպես ցավեց՝ երկար ժամանակ խոսելս չէր գալիս։ Ականջիս տակ անընդհատ նրա երգն էի լսում։

― Ախր էդ ո՞նց է պատահել։

― Դժբախտ դեպ,― ասաց Ջիմը։― Պարեկություն անելիս է եղել, մյուս ջոկատի տղերքը՝ հենց մերոնցից, վրան կրակել են։

― Է՞լ ով է սպանվել։

Ջիմը երեք անուն, ազգանուն էլ կարդաց ու սրանց թվում՝ Վերնոն Հիգբիինը․ վա՛յ, անիծվե՜ք դուք, անիծվեք, անիծվեք, ախր Վերնոնն էր, որ ինձ հանձնեց կյանքումս ստացած առաջին նամակը՝ Սան Ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի երիցական եկեղեցու քարոզչի գրածը։ Ուրեմն Վերնոնն է՞լ է սպանվել, աստվա՜ծ իմ։

Ջիմն ասաց՝ իր պես անվերջ շրջագայելիս, աչքիդ սովորական է դառնում, որ առավոտյան ծանոթանում ես շատ տղերքի հետ, իսկ երեկոյան տեսնում՝ արդեն սպանված են, բայց ես ասի․

― Իմ աչքին դա երբեք սովորական չի դառնա։

Ինձ ավելի ու ավելի էի մեն֊մենակ զգում․ մտածեցի գնամ տուն՝ Ջիլի մոտ, որովհետև շուտով երկար ժամանակ նրան էլ չէի տեսնելու, միգուցե և ընդմիշջ։ Ջիմը հազար ու մի բան պատմեց պատերազմի մասին, ինչ որ պարզել էր ու հասկացել։ Ասաց, թե ինչքան է պատերազմն ատում՝ առաջվանից էլ շատ, ու ինչքան կատի մարդկանց, եթե պատմերազմից հետո ամեն ինչ չշտկեն։ Նա մի քիչ հարբած էր, տաքացած ու երդվում էր, թե մինչև կյանքի վերջը ամենքի երեսին էլ կասի, որ ստում են, եթե մեկնումեկը ստելիս լինի։ Պատմում էր հոսպիտալներում ինչ տղերք է տեսել․ իսկական մարդասպաններ, որ ատում էին բոլորին, ատում իրենց հարազատ մայրերին ու հայրերին, իրենց կանանց ու երեխաներին․ դրանք դեսանտային պարաշյուտիստներ էին եղել, դիվերսիոն֊հետախուզական ջոկատների մարտիկներ ու ամեն տեսակ շքանշաններով պարգևատրվածներ։ Պատերազմի համար նրանք շատ հարմար էին, բայց ուրիշ ոչ մի բանի էլ պիտանի չէին, իսկ պատերազմը շուտով կվերջանար, ու նրանց վիճակն ի՞նչ պիտի լիներ։ Ջիմն ատում էր պատերազմի հետ կապված ամեն, ամեն ինչ։

Ատում էր դերասան֊դերասանուհիներին, որ տեղից տեղ էին շրջում ու ջանում զվարճացնել զինվորներին, հեշտանքի գրգիռներ պարգևել ու սիրաշահելով՝ բթացնել տղերքին, որոնց ընկերներն արդեն սպանված էին, իսկ վաղը երևի հենց իրենց սպանվեին։ Նա ատում էր լրագրողներին, որ ճամարտակում էին, թե «մեր տղաները» մարտական առանձնակի հատկանիշներ ունեն, «մեր տղաները» գործն այսպես են բռնում, ոչ թե այնպես, աշխարհի լավագույն զինվորնեն են ու սիրում են կռվել։ «Իսկ ի՞նչ պիտի ասեն մեր այն տղաների մասին, ովքեր սպանված են ու էլ ոչինչ չեն կարող պատմել»․ այ, սա էր Ջիմն ուզում իմանալ։

Նա պայթում էր ատելությունից, բայց ինձ չէր թվում, թե էսպես բարուն նստելուց ու ամեն ինչ հայհոյելուց բացի, ընդունակ է և ավելի մեծ բանի։

Խաղաղ օվկիանոսից բերած նրա լուրերը ամենավատն էին երբևէ լսածներիս մեջ ու սրտովս չէին։ Քիչ֊քիչ ավելի էի տրտմությամբ ու ահով լցվում։ Դոմինիկ Տոսկան։ Նիք Քալին։ Վերնոն Հիգբին։ Գրողը տանի, նրանք բոլորն էլ մեռած էին, իսկ ո՞վ գիտի, թե ինչ է նշանակում մեռած լինել։

Գնացի տուն՝ Ջիլի մոտ, գրկեցի նրան ու լաց եղա, որովհետև չէի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում մեռած լինել․ մի բան գիտեի, որ ում էլ հանդիպել եմ կյանքում, չէի ցանկանա մեռներ, ում չեմ հանդիպել, նրան էլ չէի ցանկանա մեռներ ու ինչ խոսք, ինձ էլ։

Գլուխ յոթանասուներորդ

Սկսվում է ներխուժումը Եվրոպա

Է՛հ, ապրիլն ու մայիսն էլ անցան, եկավ հունիսը, ջինջ, մեղմիկ օրեր էին, բայց մի առավոտ՝ շաբաթ օրը, հունիսի 3-ին, Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան, Դունկան Օլսոնն ու էլի երեք շարքային, հետներն էլ մի լեյտենանտ ու մի կապիտան, մեկնեցին, և բոլորը հասկացան՝ ներխուժումն ուր որ է կսկսվի։ Կապիտանին հարցրի, թե ի՛նձ ինչու չեն Վիկտորենց ջոկատը մտցրել, ախր ուզում էի նրա հետ լինել, բայց նա ասաց՝ շուտով մենք էլ իրենց կհետևենք։ Վիկտորենց ջոկատը հատուկ առաջադրանք էր ստացել։ Մեր գնալուն պես՝ նրանք Լոնդոն էին վերադդառնալու։ Հետո նորից էին մեկնելու, ու բոլորս պիտի իրար միանայինք, միասին էլ մնայինք, մինչև պատերազմը վերջանար Եվրոպայում։

Երեք օրից իմացանք, որ ներխուժումն սկսվել է։ Ամբողջ Լոնդոնը գիտեր դրա մասին, բայց ոչ աղմուկ կար, ոչ էլ իրարանցում։ Քաղաքը մի տեսակ շունչը պահել էր։ Բոլորն էլ ասես աղոթելիս լինեին, նույնիսկ փողոցի անցորդները։ Էդպես էր թվում, եբ նայում էիր նրանց դեմքերին ու տեսնում, թե ոնց է ամեն մարդ իր առօրյա գործերով զբաղվում։ Էս անտեր ներխուժումից ի՞նչ էր դուրս գալու։ Այ, սա էր հարցը։ էսքան երկարժբարակ նախապատրաստվելուց հետո մի բան դո՞ւրս էր գալու։

Էդ օրը շուտ վերադարձա տուն, Ջիլին վերցրի, գնացինք մի անգամ էլ փողոցներում շրջելու։ Սեյնթ Ջեյմսի պալատն անցանք, հասանք Գրի զբոսայգի, հետո էլ եկանք Փիքադիլի ու էստեղ կլարնետի ու բանջոյի զուգերգը լսեցինք․ «Խոտերի շրշյունն» էին ողբաձայն ծոր տալիս։ Ես մոտեցա երաժիշտներին, կես քրոն տվի ու խնդրեցի, որ ինձ համար «Վալենսիան» նվագեն, նրանք էլ նվագեցին։ Բայց չէի կարողանում թողնել հեռանալ, էլի էի ուզում լսել իմ երգը, ու քիչ հետո, երբ նրանք երկու ուրիշ երգ նվագեցին ու մի թաղամաս անցան, ես նրանց երկու կես քրոնանոց տվի ու խնդրեցի, որ երգս նորից նվագեն։ Երեք անգամ իրար վրա նվագեցին, հետո ես ու Ջիլը տուն եկանք, նստեցինք ու ի վիճակի չէինք գոնե մի բառ ասել, անընդհատ մտածում էի․ «Տեր աստված, տեսնես ի՞նչ եղան Վիկտորը, Ջոն, Օլսոնը։ Որտե՞ղ են հիմա»։

Մյուս օրը մեր հերթն էլ հասավ, ճանապարհ ընկանք, ու ես նույնիսկ չհասցրի Ջիլին մնաս բարով ասել։ Նրան զգուշացրել էի, որ միգուցե էդպես ստացվի, թող չանհանգստանա։ Ինձ ոչինչ էլ չի լինի։

Ուրեմն՝ գնացինք պատերազմ, բայց ի՞նչ է պատերազմը, գրողը տանի։ Ամեն բան նույնն էր, ու ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե մեզ ոնց չեն սպանում։ Կարծում էի՝ հենց որ դուրս գանք, պատերազմը միանգամից վրա կպրծնի, բայց բոլորովին էլ էդպես չէր։ Բեռնատարներ նստեցինք, հետո իջանք նավերից, նորից բեռնատարներ նստեցինք, հետո նորից իջանք բեռնատարներից, գնում էինք, գնում՝ կանգնում, ու ես անընդհատ սպասում էի, թե պատերազմը փոթորկի պես, երկնքից կպայթի գլխներիս ու մեզ հողմացրիվ կանի, բայց ոչ մի բան չեղավ։ Երբ ոտքներս դրիքն ֆրանսիական հողին ու գյուղամիջյան ճամփաներով առաջ շարժվեցինք, ամեն մարդ կարծում էր, թե հայրենիքում է, որովհետև գյուղը միշտ էլ գյուղի է նման, ուր էլ որ գտնվի։ Ֆրանսիան իմ աչքին ասես Կալիֆոռնիան լիներ։ Մեր զորամասում տղերք կային թե՛ Վիրջինիայից, թե Նեբրասկայից, թե՛ Լուզիանայից, թե՛ Օրեգոնից, ու ամեն մեկի կարծիքով՝ Ֆրանսիան իր հայրենիքն էր հիշեցնում։ Եվրոպան խաղաղ ու հաճելի էր թվում Ֆրանսիայի հյուսիսում։ Չորս կողմը թռչուններ էին ու բզեզներ, ծառ ու ծաղկի անուշ բուրմունք, ֆրանսիացի երեխեք ու աղջիկներ, պառավ կանայք ու ջահել տղերք, կովեր, ձիեր, շներ․ ամեն ինչ նույնն էր, ոնց որ մեզ մոտ, ոչ մի տարբերություն։

― Բա ո՞ւր է պատերազմը,― հարցնում էին բոլորը։― Էս հո լավ ու լավ ենք։ Բա ո՞ւր է պատերազմը։

Դե, երևի ճամփի վրա էր՝ մի տեղ։ Ու մահն էլ էր էնտեղ։ Ճամփի վրա էսպիսի մի տեղ էր, ուր մենք էինք, բայց պատերազմն էր էնտեղ, իսկ մենք էնտեղ չէինք։ Մի գյուղ անցանք, հետո ուրիշը, հետո մի սիրուն, փոքր քաղաք, բայց բոլորն ամենուրեք ապրելու հագսն էին քաշում։ Ոչ ոք մեռնելու հոգսը չէր քաշում։

Հաջորդ օրն էլ էր նույնը, չհաշված, որ թշնամու մի քանի սպանված զինվոր նկարահանեցինք, մի քանի գերի ու մի քանի տեսարան՝ քաղաքից։ Բեռնատարներով սլացող կամ փողոցներով քայլող զորքը նկարեցինք, տուն դարձող մարդկանց, մի խոսքով, էն ամենը, ինչ որ հետաքրքիր էր թվում ու արժեր կինոյում ցույց տալ։

Մյուս իրիկուն ավելի մոտեցանք պատերազմին։ Սկսեցինք խրամատավորվել, որ գիշերը, պետք եղած դեպքում, կրակից պաշտպանվենք, ու վերջապես պատերազմը եկավ, մեզ էլ հասավ։ Բոլորս փռվեցինք գետնին ու սպասում էինք ամենավատ բանին, բայց դա ընդամենը մի արկ էր, մի մեծ արկ, որ ահագին հեռվից, շաչ ու շառաչով գալիս էր մեզ վրա։ Ահից քարացանք։ Երկար ժամանակ սիրտ չէինք անում վեր կենալ կանաչների և կեղտ ու փոշու միջից։ Նայում էի կանաչին ու խոտի ցողուններ ծամում։ Արկը դիպավ մեր հետևի բլրալանջին, ու հողը ցաքուցրիվ դեսուդեն թռավ, բայց ոչ ոք չնվասվեց․ այ, հիմա որ արդեն պատերազմում էինք։ Հաստատ պատերազմում էինք․ արկը մեր մոտերքում պայթեց, բայց Լոնդոնի ռմբակոծությունից սարսափելի չէր, պարզպաես բաց երկնքի տակ էինք։ Հետո բոլորիս սիրտն էլ տեղն ընկավ, դե, պատերազմի համը քիչ թե շատ տեսանք՝ իմացանք ինչ է ու առայժմ լավ պրծանք, բոլորս՝ մեկ առ մեկ․ ոչ ոք նույնիկս մի թեթև չվիրավորվեց, բայց անցած֊դարձածը դուրներս չեկավ ամենքս էլ պատկերացնում էինք, թե ինչ կլիներ, եթե հովտի փոխարեն բլրալանջին լինեինք․ է՛հ, ուրեմն մեզնից մի քանիսը պիտի վիրավորվեին, մի քանիսն էլ սպանվեին։

Խրամատները փորեցինք վերջացրինք․ մտնել֊դուրս գալու վարժություններ արինք ու ստուգեցիքն, թե ինչքանով են հարմար, արդեն գիշեր դարձավ։ Մեր ճակատային օրաբաժնից ինչ որ հասնում էր՝ կերել էինք, ուտելիքը շատ համով էր թվում, ախր ուշ֊ուշ էինք ուտում ու կարգին սովածանում, բայց տնական ճաշերի հետ սա չէր համեմատվի, ուտելու բան չէր։ Գիտականորեն հաշվարկված, կալորիական սնունդ էր, ուրիշ ոչինչ։

Ճամփին ոչ մի ծանոթ մեզ չէր հանդիպում, չնայած ինչքան ասես տարբեր ջոկատներ տեսանք։ Ինձ հույս էի տալիս, թե Վիկտորը, Ջոն ու Օլսոնը լավ են, քանի որ մենք էլ վատ օրի չէինք, բայց մյուս իրիկուն արդեն օրներս օր չէր։ Մերոնց ինքնաթիռները վրա տվին, որ թծնամուն ռմբակոծեն, բայց թունդ գործի կպած՝ ռումբերը մեր գլխին թափեցին։ Էլի փռվեցինք գետնին,― էդ իրիկուն դեռ խրամատներ չունեինք,― ուղղակի հող ու կեղտի և սպասում էինք։ Մի սարսափելի դղրդոց էր ընկել, հետն էլ ի՜նչ շիլաշփոթ, չնայած հավատս չէր գալիս, թե ես կամ ինձ պես մեկը էս ապուշության երեսից կարող է սպանվել, բայց սխալվում էի։ Մեզնից քիչ հեռու, կողքի ջոկատում, տղերքից երկուսը սպանվել էին, հինգն էլ՝ վիրավորվել։ Նրանց չէի ճանաչում ու մեր ջոկատի մի քանի տղերքի նման չգնացի տեսնելու, որովհետև չեմ սիրում նայել, երբ մարդ ահավոր տանջանքների մեջ է կամ արդեն մեռնում է, ու մոտը ոչ ոք չկա, որի հետ ուզենա խոսել։

Բայց ախր սա ամեն քայլափոխի էլ կարող է պատահել։ Մեկ էլ տեսար՝ սպասածիդ պես չեղավավ, մեկ էլ տեսար՝ մի ապուշ անակնկալ մեջ ընկավ, ախր սա կարող է էնքան հեշտ ու հանգիստ պատահել՝ էլ չասած։ Պատերազմում շատ մարդիկ են մեռնում անընդհատ կատարվող ինչ֊որ բաներից․ ամեն տեսակ պատահականություններից, ամեն տեսակ սխալներից, ամեն տեսակ դժբախտ դեպքերից, հենց հիմարության երեսից։ Մեր մեկնելուց ի վեր, ինչ պատմություն ասես չիէնք լսել։ Գյուղամիջյան ճամփաները լիքն էին անտեղի տուժած տղերքով։ Առաջին ափհանումների ընթացքում ալիքը շատերին սրբել տարել էր տախտակամածից, ու նրանք խեղդվել էին։ Կարճլիկ տղերքից քանի֊քանի հոգի, ափ հանող նավակներից իջնելիս, իրենց եղած֊չեղախծով սուզվեցին ջրի մեջ ու էլ դուրս չեկան, նրանց փրկելու ժամանակ չկար, բոլորն իրար հետևից թռչում էին ջուրը՝ հույս ունենալով, թե էնքան խորը չի լինի, որ խեղդվեն։ Շտապել էր պետք, դու էլ շտապում էիր, և քեզ երազ եկած ամենատանջալի ու ահավոր բաներն էլ սրանց համեմատ դատարկ ու փուչ էին թվում։ Պիտի անընդհատ շտապեիր, որ քիչ հետո ոտքդ Եվրոպա դնեիր։

Գլուխ յոթանասունմեկերորդ

Վեսլին երազ է տեսնում՝ իբր ուր որ է իրեն կգնդակահարեն, արթնանում է և գերի ընկնում գերմանացիներին

Մի գիշեր երազ տեսա, որն ինձ հազար անգամ ավելի վախեցրեց, քան արթուն աչքերով տեսած֊չտեսածս։ Չեմ էլ իմանում ինչ էր պատահել, բայց Վիկտոր Տոսկային, Ջո Ֆոքսհոլին, Դունկան Օլսոնին ու ինձ բերել էին, պատի տակ կանգնեցրել, որ գնդակահարեն։ Չգիտեի ով էր գնդակահարելու, ուղղակի գիտեի, որ եթե մի անհավատալի հրաշք կատարվի, երկու րոպե չանցած՝ մեզ վերջ կտան ու պըրծ․ էլ երբեք չեմ տեսնի ոչ Ջիլին, ոչ որդուս, ոչ հայրիկին ու մայրիկին, ոչ Վիրջիլին, ոչ Նիլ քեռուս․ ա՜խ, ոնց չէի ուզում։ Մեկ էլ ըհը, հրացանավորներ եկան, պատրաստվում են, որ մեզ գնդակահարեն։ Մոտեան աչքներս կապելու։ Վիկտորը, Ջոն ու Օլսոնը իրար հետևից լաթի կտորները վերցրին ու աչքները կապեցին։ Ես էլ վերցրի նրանց տված լաթի կտորն ու արդեն աչքերս կապելու վրա էի, բայց ինձ ու ինձ ասի․ «Անիծվեմ, թե կարեցածիս չափ աշխարհին չնայեմ, թեկուզ ընդամենը մի րոպե ավել տեսնեմ»։ Աչքերս չկապեցի, հրամանատարն էլ, թե՝ ոչինչ, կարելի է։ Հետ դարձավ իր զինվորների մոտ ու սկսեց հրամաններ տալ։ Առաջին հրամանով դիմացի շարքը իջավ մի ծնկին։ Երկրորդ հրամանով երկու շարքերն էլ հրացանները բարձրացրին, դեմ արին ուսներին ու մեզ նշան առան՝ ի՛նձ․ աստվա՜ծ, տե՜ր աստված, ես չէի ուզում մեռնել։ Ամեն հրամանից հետո սպան դադար էր տալիս․ մե՛կ, դադար, երկո՛ւ, դադար, հաջորդը երեքն էր, բայց դրանից հետո ինձ համար էլ ոչ մի դադար չէր լինի։ Բոլորովին ժամանակ չկար, բայց եղածն էլ էր ինձ հերիք, որ աշխարհում ամենքի հանդեպ ահով, կատաղությամբ ու զայրույթով լցվեմ, անընդհատ սպասում էի, թե ուր որ է համազարկի ձայնը կլսեմ, կտեսնեմ կրակի փայլատակումն ու էն աշխարհ կգնամ, իսկ ես չէի ուզում էն աշխարհ գնալ, որովհետև մենակ էի լինելու․ առանց Ջիլի, առանց իմ որդու։ Չէի ուզում գնալ, որովհետև էն աշխարհը ես չէի ճանաչում, իսկ սա ճանաչում էի ու սիրում։ Ամբողջ հոգով֊սրտով է՛ս աշխարհն էի սիրում և ուզում էի ինչքան հնարավոր է՝ երկար մնալ էստեղ, այնինչ ինձ տրված ժամանակը, մինչև գնդակը դուրս թռչեր հրացանի փողից ու գար, հասներ գլխիս, չնչին բան էր թվում։ Էդպես աչքս էս աշխարհի վրա՝ սպասում էի, թե էն աշխարհ եմ գնալու, մեկ էլ զարթնեցի քնաթաթախ, փառք տվի աստծուն, որ կյանքս խնայեց ու հայհոյեցի աշխարհը էսպիսի երազ տեսնելուս համար։

Նոր օրվա բացվելուն պես՝ մտքի մեջ ընկա, թե երազս ինչ է նշանակում։ Մեկ համոզվում էի, որ հաստատ սպանվելու եմ, մեկ համոզվում էի, թե փրկվելու եմ։

Անընդհատ փորձում էի Վիկտորի, Ջոյի ու Դունկանի մասին մի բան իմանալ, բայց նրանցից ոչ մի լուր չկար։ Հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, թե նրանց ջոկատից մի քանի տղա են սպանվել, մի քանիսն էլ՝ վիրավորվել, բայց ես ուշադրություն չդարձրի, դե, բանակում միշտ էլ անթիվ֊անհամար ասեկոսեներ են ականջիդ հասնում ու իզուր տեղը մարդու տակնուվրա անում։ Պատերազմը կարծես թե սպասվածից դանդաղ էր առաջ գնում, չնայած բոլորն ասում էին՝ ամեն ինչ շատ լավ է։ Ամենավատ նորությունները Լոնդոնի ու ինքնաթիռ֊արկերի մասին էին։ Դրա համար էլ գիշեր֊ցերեկ Ջիլի համար անհանգստանում էի, ախր որ միասին էինք, օդային հարձակման ժամանակ տանը մնալուց մեզ բան չէր լինի, որովհետև իրար հետ էինք՝ երկուսով, բայց ես չէի ուզի նա մեն֊մենակ տանը մնար։ Նամակ գրեցի, որ մորը բերել տա իր մոտ կամ էլ եթե մայրը չի կարող հետը մնալ, եղբայրներից ու քույրերից մեկին թող ուղարկի։ Բայց պատկերացում չունեի, թե նամակս երբ կհասնի նրան, լսել էի, որ փոստը դանդաղ է աշխատում, նրանից էլ դեռ ոչ մի նամակ չէի ստացել։

Իմ գործընկերը մի կինոօպերատոր էր, ազգանունը՝ Գրեհեմ, սա Անգլիայում մեր ջոկատն էր մտել, որովհետև ծնունդով ամերիկացի էր։ Ծնողներն անգլիացիներ էին, ու նա կյանքի մեծ մասը Լոնդոնում էր ապրել, բայց քանի որ ձևականորեն ամերիկացի էր, գերադասել էր ամերիկյան բանակում ծառայել, նախնական ուսուցումն էլ Լիչֆիլդում էր անցել։ Նա իմ տեսած ամենազտարյուն անգլիացին էր, բայց լավ տղա էր, ու մենք կարգին յոլա էինք գնում։ Երբեմն մեզ մի երկու օրով ուղարկում էին հատուկ նկարահանումների, բայց Գրեհեմը մոռանում էր ստացած առաջադրանքն ու տարվում ուրիշ բանով, ես էլ նրա ուզածով էի շարժվում։ Սկզբում ամեն մեկս մի որակավորում էինք ստացել։ Ինձ որպես գրող էին որակավորել, բայց հենց որ պատերազմ գնալու ժամանակն եկավ, ու մենք ճակատ ընկանք, է՛հ, էլ որակավորմանը ոչ մի նշանակություն չտվին։ Գրեհեմի ու Վանհուք ազգանունով մի վարորդի հետ ջիփով դեսուդեն էինք գնում։ Իմ անելիքը կինոխցիկը տանել տեղադրելուն օգնություն ցույց տալն էր, մեկ֊մեկ էլ փորձում էի նկարահանվող մարդկանց հսկողության տակ առնել, որ իրենց անբնական չպահեն ինչ է թե՝ օբյեկտիվի առաջ են հայտնվել։ Վանհուքն էլ քշում էր մեքենան, ամեն ինչին հետևում ու նեղն ընկած տեղն՝ օգնում։ Ղեկավարը Գրեհեմն էր։ Պատյանավոր ատրճանակ էր կապում, ու պատերազմի համար խելքն իրենը չէր, երբեք էնքան երջանիկ չէր լինում, ինչքան էն ժամանակ, երբ թվում էր, թե դեպքերը հուզիչ ընթացք են ստանում։ Միշտ հիասթափվում էր՝ իմանալով, որ մերոնցից ոչ ոք չի սպանվել կամ վիրավորվել, բայց սրա հետ մեկտեղ դուրեկան տղա էր ու ջանք չէր խնայում սկսածը ավարտին հասցնելու։ Ափսոս, որ նրա վերջը վատ եղավ, չնայած երևի ուզում էր ճիշտ գործ բռնել։

Արդեն երկու օր, երկու գիշեր շրջագայության մեջ էինք ու ինչի համար մեզ ուղարկել էին, դա էլ էինք նկարել, հազար ու մի տեսակ ուրիշ բաներ էլ․ դաշտային ծաղիկներ, ժպիտը դեմքներին ֆրանսիացի գեղջուկներ, լոլիկով լի զամբյուղներն ուսներին սիրուն աղջիկներ, մի խոսքով, Գրեհեմին դուր եկած ամեն ինչ, որ իմ սրտով էլ էր։ Ժամանակն էր՝ ջիփը նստեինք ու մեր նյութերով հետ գայինք, բայց ճամփին մի նոր միտք ծագեց Գրեհեմի գլխում, ու նա Վանհուքին կարգադրեց թեքվել, որովհետև իր կարծիքով, եթե մի տասը մղոն ճանապարհից շեղվեինք, հաստատ իսկական նյութ կպատահեր։ Վանհուքը թեքվեց ու ջիփը Գրեհեմի ցույց տված ուղղությամբ քշեց, դե, Գրեհեմը սերժանտ էր, իսկ Վանհուքը՝ կապրալ։ Քիչ հետո մի ջոկատի հանդիպեցինք, որն արդեն իրիկվա հանգստին էր անցել։ Գրեհեմն ասաց՝ ինչ ենք փնտրում ու հարցրեց, թե որտեղ կարող ենք գտնել, սրանք էլ բացատրեցին։ Շարունակեցինք ճամփան ու շուտով տեղ հասանք։ Սա ճակատային գիծ էր կոչվում, բայց ամեն ինչ էստեղ սովորականի պես էր, չհաշված, որ մերթընդմերթ մեծ֊մեծ արկեր էին ընկնում, մենք էլ նետվում էինք գետնին ու շունչներս պահում։ Գրեհեմը որոշեց, թե ճակատային գծից մի երկու֊երեք մղոն էլ պիտի առաջ գնանք, կինոխցիկը մի լավ տեղ հարմարեցնենք ու սպասենք․ լսել էր, որ մի կողմից մերոնց տանկերն են գալու, մյուս կողմից էլ թշնամու տանկերն են դեմ֊դիմաց ելնելու և մտադիր էր ճակատամարտը նկարել։ Հուսով էր, թե մի հարմար ծառապատ բլրակ կգնենք ու կինոխցիկը կդնենք։

Իրոք, մի հարմար տեղ գտանք։ Էստեղ շատ հանդարտ էր, խաղաղ, ու եթե երկու֊երեք րոպեն մեկ հրետանային զարկեր չլինեին, բոլորովին չէիր ասի, թե պատերազմում ես։ Մեր ճակատային օրաբաժնից ինչ մնացել էր՝ հանեցինք ու հենց ծառերի տակ էլ նստեցինք, հանգիստ ուտում էինք, կատակում, տրամադրություններս կարգին բարձրացել էր, դե, կանաչ, զով տեղ էինք, կինոխցիկը դրել պատրաստել էինք ու հույս ունեինք լուսաբացին պետքական նյութ նկարել։

Է՜հ, հիմա կտեսնենք, թե կյանքի ու մահվան գաղտնիքները ինչքան անիմանալի են․ ախր մեր քեֆին, հաշտ ու խաղաղ նստած՝ ուտում էինք, ասում֊խոսում ու մտքներումս ուրախանում, թե առավոտն ինչ նյութ ենք ձեռք գցելու, հետո մերոնց մոտ պոկվենք, մտածում, ,թե պատերազմը կարծես մեզ համար եղած֊չեղած, առաջվա վրա նույնիսկ ավելի լավ ենք, մեկ էլ հանկարծ չգիտես ով շատ հանգիստ, շատ մաքուր անլերենով ասաց․

― Տղերք, վախենամ, թե գերի եք ընկել, այնպես որ վեր կացեք ու ձեռքներդ բարձրացրեք։

Գրողը տանի, ես մինչև անգամ հետ չնայեցի ու լավ էլ արի։ Փառք տվի աստծուն հրացանս ջիփի մեջ թողնելու համար, որովհետև դժվար թե ուզենայի կրակել մեկի վրա, որն էդպես մաքուր անգլերեն էր խոսում ու էդպես հանգիստ վերաբերվում մեզ գերի վերցնելուն, եթե իհարկե, սա մեր տղերքի սարքած խաղը չէր։ Խաղ էր, թե խաղ չէր, ես ու Վանհուքը ոտքի թռանք ու ձեռքներս բարձրացրինք․ ով գիտի ինչքան հիմար տեսք ունեինք։

Քիչ հետո, անշտապ ճեմելով, մի երիտասարդ դուրս եկավ մեր դիմաց։ Ճիշտ որ թշնամու բանակից էր, բայց միայն համազգեստից ու սաղավարտից էր դա պարզ երևում։ Կարծես մենակ էր, աջ ձեռքին էլ ատրճանակ կար։ Հանկարծ մի կրակոց լսվեց, բայց տեսա, որ կրակողը նա չի, որովհետև իրեն գցեց գետնին ու դեռ չէր կրակել։ Հետո նոր կրակեց, իսկ մյուս կրակողը Գրեհեմն էր, գերմանացին էլի կրակեց, Գրեհեմը տնքաց, ինքն էլ մի անգամ կրակեց, հետո լսեցինք, թե ոնց թրմփաց։ Չնայած շուռ չեկանք նայենք։ Գերմանացին շատ դանդաղ ոտքի կանգնեց ու յուրայիններին ձեռքով արեց, տեսնենք վեց հոգի էլ են գալիս։ Նա ատրճանակը տեղը դրեց ու գնաց Գրեհեմի վրա մի հայացք ձգելու, իսկ զինվորները խուզարկեցին ջիփն ու մեր հրացանները վերցրին։ Հետո սպան մոտեցավ ինձ ու Վանհուքին, ասաց՝ ամեն ինչ կարգին է, կարող ենք նստել ու մեր ընթրիքը վերջացնել։

― Ձեր ընկերը,― ասաց,― մեծ հիմարություն արեց։ Ամբողջ հասակով ցցվել էր այնտեղ, դրանից էլ հոյակապ թիրա՞խ։ Իմ կարծիքով, լավ հրաձիգ էլ չէր։ Ես մտադիր էի պարզապես կասեցնել նրանց, բայց դժբախտաբար ինձ չկարողացա զսպել, շատ դիպուկ կրակեցի։ Ի՞նչ եք անում այստեղ՝ ձերոնցից հեռու։

Դե, ես գիտեի, որ ոչ մի հարցի չպետք է պատասխանենք, ուղղակի ազգանուններս էինք ասելու, մեր կոչումն ու բանակային հերթական համարը, բայց Վանհուքը երևի մոռացել էր, որովհետև ասաց․

― Նկարահանում ենք։

― Ո՞վ է հրամայել, որ այստեղ գաք։

― Գրեհեմը,― ասաց Վանհուքն ու մատով ցույց տվեց կանաչների մեջ փռված խեղճ Գրեհեմին։

― Իսկ նրա՞ն ով է հրամայել։

― Դա նրա սեփական միտքն էր։

― Ինչ անհաջող միտք,― ասաց գերմանացին։― Ամերիկյան սիգարետներ ունե՞ք։

Ամեն մեկս մի երկու բլոկ հետներս տարել էինք, հանեցինք, նա թե՝

― Կարելի է մի տուփ վերցնել։ «Չեսթըրֆիլդ» շատ եմ սիրում, քանի դեռ Քորնելում էի՝ միշտ սա էի ծխում։

Նա դարձավ իր զինվորներին ու գերմաներեն մի քանի խոսք ասաց՝ նույնքան անկաշկանդ, ինչքան որ մեզ հետ էր խոսում։ Սրանցից մեկը պահակ ակնգնեց՝ հրացանն «ազատ» դիրքով բռնած, իսկ մյուսները հավաքվեցին գլխներիս, նայում էին մեզ, ժպտում, ու մենք հասկացանք, որ նրանք էլ են սիգարետ ուզում, բայց ձայն չհանեցինք, որովհետև էստեղ սպան էր կարգադրողը։

― Դեմ չե՞ք լինի, եթե տղերքն էլ մի֊մի տուփ վերցնեն,― ասաց նա։― Իհարկե, կարող եք չտալ։ Շուտով ձեզ էլ պետք կգան։

Ասինք՝ ոչինչ, թող վերցնեն, ու սպան թույլ տվեց, որ ամեն մեկը մի֊մի տուփ վերցնի, սրանք էլ վերցրին, նստեցին չորս բոլորն ու սիգարետները կպցրին։

― Տարօրինակ է,― ասաց սպան,― որ դուք եք մեզ գերի ընկնում, մինչդեռ մեր տղերքից շատերը ձերո՛նց են գերի ընկնում։ Ձեր դժբախտ ընկերը պետք է հրամանի համաձայն շարժվեր։

Տասը֊տասնհինգ րոպե նստած մնացինք, հետո սպան ծուլորեն վեր կացավ ու իր զինվորներին գերմաներեն ինչ֊որ բան ասաց։ Սրանք կանաչների միջից Գրեհեմին բարձրացրին, դրին ջիփն ու վրան թիկնոց գցեցին։ Սպան ինձ ու Վանհուքին պատվիրեց կինոխցիկը քանդել ու ջիփի մեջ տեղավորել, մենք էլ էդպես արինք։ Հետո ասաց, որ երկուսս էլ առջևում նստենք։ Իսկ ինքը հետևում նստեց։ Վանհուքին խնդրեց մեքենան դանդաղ քշել, որովհետև իր ասելով՝ հաճելի երեկո էր, մեզ հրաշալի զբոսանք էր սպասում, ու ինքն ուզում էր հիանալ բնության տեսարաններով։ Նա զինվորներին մի քանի հրամաններ էլ տվեց, հետո ճամփա ընկանք։ Վանհուքը շատ դանդաղ էր քշում, ու մի ժամից ավել տևեց մինչև տեղ հասանք՝ ինչ֊որ բացօթյա ճամբար։

― Սա միայն այս գիշերվա համար է,― ասաց սպան։ Նա առաջարկեց, որ մեր անձնական իրերը վերցնենք ու գնանք իր հետ։ Փոքրիկ պահակատանը մեզ հանձնեց ուրիշ սպայի ու ասաց․

― Իսկ հիմա պիտի հրաժեշտ տամ ձեզ, և շնորհակալություն սիգարետների համար։

Սեղանի մոտ նստած սպան տարեց մարդ էր, անչափ հոգնած, բայց սա էլ էր լավ անգլերեն խոսում։ նա պարզպաես մեր ազգանունները հարցրեց, կոչումն ու հերթական համարը։ Էդ ժամանակ մտքովս չէր անցնում, որ էս բոլորը ուսումնական ֆիլմերում մեզ ցույց տվածից շատ է տարբերվում։ Գերմանացի վեց զինվոր էլ ոչ իմ դեմ էին մազաչափ չարացած, ոչ էլ՝ Վանհուքի։ Ճիշտ է, սպան Գրեհեմի վրա կրակեց, բայց ուրիշ ելք չուներ ու իր արածից բոլորովին էլ հաճույք չէր զգում։ Նա նետվեց գետնին, դե, կարգը պահանջում է, որ հարմար թիրախ չդառնաս։ Գրեհեմը բավական ժամանակ ուներ նույն բանն անելու, բայց չարեց։

Հետո ես Վանհուքին հարցրի, թե միգուցե պիտի վազեինք հրացանները վերցնելու, հենց որ Գրեհեմը սկսեց կրակել, իսկ նա ասաց՝ խելքը չի հասել, ու լավ է՝ չի հասել, թե չէ, ասաց, հրացանների հետևից որ վազեինք, մեզ էլ կխփեին, ու բոլոր սիգարետները նրանց բաժին կընկնեին։ Հարցրի՝ հո շատ չվախեցա՞վ, ասաց՝ չէ, ես էլ ասի՝ ինչո՞ւ, որ տեսնեմ նրա պատճառաբանությունն իմին համընկնո՞ւմ է, ու պարզվեց՝ երկուսս էլ նույն ձևով ենք դատում։ Նախ և առաջ՝ ամեն ինչ էնքան խաղաղ էր, որ Վանհուքը չի էլ կասկածել, թե մեկնումեկն իր նկատմամբ ատելություն կզգա ու իզուր տեղը վրան կկրակի։ Սպայի ձայնը լսելուն պես՝ հասկացել էր, որ մարդը լուրջ է տրամադրված, բայց բորբոքված չի ու չի էլ կրակի, եթե նրան չդրդես կրակել․ ուրեմն ինչո՞ւ դրդես։ Ես հարցրի՝ իսկ ի՞նչ է կարծում, Գրեհեմը ճի՞շտ արեց, Վանհուքն ասաց․

― Իմ կարծիքով, Գրեհեմը մտածում էր, թե հերոս դառնալու առենն եկել է․ հազար ափսոս, որ նրան սպանեցին, բայց խելքը գլխին ամեն զինվոր կասի՝ նա սխալ արեց։

Գիշերը ճամբարում անցկացրինք՝ բաց երկնքի տակ, ծանոթացանք էստեղի մյուս գերիների հետ։ Սրանց մեծ մասը հենց մեզ նման էին գերի ընկել․ էնտեղ էին բռնվել, ուր ոչ ոք նրանց չէր էլ ուղարկել․ բայց ասում էին՝ էսպես էնքան էլ վատ չի, ու երևում է՝ գերմանացիք գիտեն, որ մեզ գերի վերցնելը ժամանակի անտեղի կորուստ է, որովհետև մերոնք անընդհատ նեղում են դրանց։

Գերմանացի պահակները մեր տղերքից քիչումիչ անգլերեն էին սովորել, ընկերավարի էին վերաբերվում ու մշտական, ծանոթ թեմաներով խոսք ու զրույց բացում՝ տան մասին, կանանց մասին, յուրայինների ու մերոնց մասին․ գրողի ծո՛ցը բոլոր բանակները, հարազատ աղջիկս է՝ տե՛ս, մոտդ փոխելու բան֊ման չկա՞։

Գլուխ յոթանասուներկուերորդ

Վիկտոր Տոսկան Վեսլիին պատմում է, որ Ջո Ֆոքսհոլը մահացել է

Մյուս օրը մեզ լցրին բեռնատարներն ու տարան մոտ հարյուր մղոն հեռու՝ մի ուրիշ բացօթյա ճամբար, բայց գետնի տակն անցնեմ, թե գիտեի որտեղ ենք։ Անընդհատ Ջիլի մասին էի մտածում, գլուխ կոտրում, թե ինչ հնարքով նամակ ուղարկեմ, որ իմանա գերի եմ ընկել, բայց ողջ֊առողջ եմ, դե, սովորական ճանապարհով նամակներն էնքան դանդաղ էին գնում։

Նոր ճամբարում ավելի շատ մարդ կար, ես ու Վանհուքը թրև էինք գալիս, որ մի ծանոթ գտնենք կամ գոնե մեր ծանոթներին տեսած մեկնումեկին։ Ճամբարը ահագին մեծ էր, գերիներով լեփլեցուն, շատերը խումբ֊խումբ, վեց֊յոթ հոգով հավաքված՝ ասում֊խոսում էին, պատմություններ անում կամ էլ թուղթ խաղում, էնպես որ հեշտ չէր բոլորին մեկ առ մեկ տնտղել։ Երբեմն էլ գետնին մեն֊մենակ նստած ու մտքերով տարված մարդիկ կտեսնեիր․ երևի տան կարոտն էին քաշում ու ատելությամբ մտածում, որ իրենց նախրի պես փշալարի հետևն են առել։

Ու հանկարծ հո մի զարմանք բա՜ն չտեսա՝ զարմանալու տեղ էլ չմնաց․ ախր դրա վրա հույս էլ չունեի։ Գետնին՝ հենց դիմացս, նստած էր Վիկտոր Տոսկան։ Ո՜նց ուրախացա նրան տեսնելուս համար, որոշեցի նստել կողքին ու սպասել մինչև ինքն ինձ ճանաչի։ Ճամբարում էնքան մարդ կար իրար գլխի լցված, որ մեկը մյուսի վրա ուշք էլ չէր դարձնում, ու երբ Վիկտորի կողքին նստեցի, նա նույնիսկ չշարժվեց։ Էդպես նստել, սպասում էի, ինձ ու ինձ հրճվում, որ նա ողջ է, աչքիս առաջ, դե ես էլ հենց դա էի ուզում իմանալ։ Ուղղակի նստել էի մոտն ու ձայն չէի հանում, մտածում էի՝ շուռ կգա, կտեսնի ով է իր կողքին, ու երկուսով մի կուշտ կծիծաղենք։ Որոշեցի թեկուզ մի ժամ նստել, մինչև որ շուռ գա․ ինձ թվում էր՝ էդպես ավելի լավ է, քան թե աղմուկ֊աղաղակ գցելը, որովհետև ո՞վ իմանար՝ նա ինչեր է քաշել։ Եթե չհաշվեցինք, որ Գրեհեմը հետներս ընթրիք էր անում, իսկ մի րոպե անց արդեն մեռած էր, ինձ ու Վանհուքին բան էլ չէր պատահել։

Է՛հ, Վիկտորս ոչ շուռ էր գալիս, ոչ էլ ես էի տեղիցս շարժվում։ Նստել էինք՝ նստած մնացել, ու ես սկսեցի անհանգստանալ՝ հո նրա գլխին մի փորձանք չի՞ եկել, ախր տասը րոպեից ավել մոտը նստած էի, ու եթե էսքան ժամանակ ոչ մի շարժում չարեց, չշարժվեց էլ տեսնի՝ ով է իր կողքին, ուրեմն կա֊չկա մի պատճառ կլինի։

Տասը րոպե էլ անցնելուց հետո, նա վերջապես շուռ եկավ ու, իհարկե, ինձ տեսավ, բայց ես որոշեցի ծպտում չհանել։ Մի երկու րոպեից էլի շուռ եկավ ու նորից նայեց։ Էս անգամ էլ երեսը չթեքեց։

― Շատ ուրախ եմ, որ քեզ տեսա,― ասաց։― Մտածում էի՝ դու կլինես, բայց հավատս չէր գալիս։ Լա՞վ ես։

― Լավ եմ, լավ։ Դո՞ւ ոնց ես։

― Խելքս մի քիչ տեղը չի։

― Ոչինչ, կանցնի։

Երկուսս էլ վեր կացանք։

― Քեզ պատմելու բան ունեմ,― ասաց Վիկտորը։

Հենց որ մի առանձին անկյուն գտանք խոսելու, նա երկա՜ր֊երկա՜ր նայեց ինձ ու ասաց․

― Ջոն մեռավ, Օլսոնն էլ ծանր վիրավոր է, իսկ հետներս եկած էն ախմախ լեյտենանտին գիտես, որ հա ջղաձգվում էր ու վեր֊վեր թռչում։ Այ, նա ողջ մնաց, մեկ էլ ես։

Հետո վրա բերեց․

― Տես քեզ ինչ եմ ուզում ասել։ Ջոն դա ինձ համար արեց։ Ինն օր ոչ մեկի հետ մի բառ չեմ խոսել։ Նրան ոչ ոք չի ճանաչում, բայց ես ու դու ճանաչում ենք, ուրեմն քեզ կարող եմ ասել։ Մինչև հիմա կարգին չգիտեմ, թե անտերը՝ ինչ պատահեց, բայց նա հանկարծ ինձ ցած գցեց, ու մի խելագար դղրդոց լսեցի։ Երկինք֊գետին իրար էին խառնվել, ու էդ խելագար դղրդոցը անընդհատ ականջներումս էր՝ մեկ ուժեղ, մեկ խուլ, մեկ ուժեղ, մեկ խուլ։ Քիչ հետո դղրդոցը լրիվ կտրվեց, տեսնեմ Ջոն գետնին նստած՝ նայում է կանաչին։ Երեսի ձախ կեսը չկար, ամբողջ ձախ թևից ոսկորն էր մնացել, ու մսի պատառներ էին կախված, ձախ ոտքն էլ բաց էր, թաթն՝ արնաշաղախ։ Օլսոնն արկի բեկորներից ծակծկված՝ կաղին տալով, քարշ էր գալիս, բայց ջղաձգվող լեյտենանտն էլ էր անվնաս, ես էլ։

Վիկտորը մի պահ լռեց ու հետո ասաց․

― Խելքս մի քիչ տեղը չի։ Չգիտեմ ինչ անեմ Ջոյի համար, ախր նա հիմա մեռած է։ Նայում էի նրան, բայց դիմացինս կարծես Ջոն չլիներ ոչ մի նմանություն։ Չնայած հենց Ջոն էր, ինքն էլ ինձ էր նայում։ Սիրտս խառնում էր՝ հազիվ ինձ զսպեցի, որ չիմանա, թե տեսքն ինչքան է սարսափելի։

― Վա՛յ, ոնց վախեցրեց ինձ,― շարունակեց Վիկտորը։― Ասում է՝ մի րոպե կողքիս նստիր, բայց որ տեսնեիր ի՜նչ դեմք ուներ, հենց փորձեց բառերը մի կերպ իրար կապել։

«Էն անգամ Չիկագոյում լավ նախաճաշեցինք,― չէ՞»,― ասաց։

Հետո սկսեց ծիծաղել, բայց դա ծիծաղ չէր։ Ավելի շուտ՝ բարձր֊բարձր լաց էր լինում։ Քիչ հետո լացը կտրեց, թե՝ էն դողդողուն աղջկան կասես, որ սիրում եմ իրեն։ Քեզ էլ խնդրեց ասեմ, որ չմոռանաս․․․ էսքանն ասաց՝ թող չմոռանա․ դե, երևի դու կիմանաս, թե ինչն էր ուզում, ոչ չմոռանաս։ Հետո Դոմինիկի մասին էլ ասաց․․․ հա, արդեն գիտեմ՝ Դոմինիկը չկա։ Իսկ հետո խնդրեց, որ էն երգս իր համար երգեմ, ու գրողը տանի, նստեցի կողքը, ճարս կտրված՝ փորձեցի երգել։ Բայց ձայնս խզվել էր, ես էլ որոշեցի ուղղակի խոսքերը ասել։ Բերանիցս հազիվ էի հանել՝ «Ինձ ասում են․․․», մեկ էլ Ջոն շշնջաց․ «Բեն, Բեն», ու շունչը բռնվեց, կուչուձիգ եկավ, գետնին գլորվեց, ճիգ արեց, որ գոնե մի վայրկյան էլ շնչի ու հետո հանգավ։ Ջո Ֆոքսհոլի վերջը այ էսպես եղավ․ տեսնես հիմա որտե՞ղ է։

Վիկտորը մի պահ լուռ էր։ Հետո շատ կամացուկ ասաց․

― Ախր կարծում էի՝ ե՛ս պիտի սպանվեմ։ Պատրաստ էի դրան։ Գլուխս էր մտել, թե դա ուր որ է կկատարվի։ Անընդհատ սպասում էի, էն ժամանակ էլ էի սպասում, երբ Ջոն ինձ ցած գցեց ու տեղս գրավեց։ Իսկ ես չէի ուզում, որ Ջոն իմ տեղը գրավի։ Չէի ուզում մեկնումեկն իմ տեղը գրավի։ Բայց Ջոն էլ էր սպասում։ Ինձ հետ հավասար նա էլ էր անընդհատ սպասում։ Մինչև պատերազմի վրա հասնելը, ուզում էր ինքը վրա հասնի։ Ու էդպես էլ արեց։ Հենց էդպես։ Պատերազմում երկար մտածելու ժամանակ չունես։ Բայց դե խելքս մի քիչ տեղը չի, ախր գիտեմ՝ ե՛ս պիտի մեռնեի, այնինչ ողջ եմ, իսկ Ջոն՝ մեռած։ Էլ մտքովս չի անցնում, թե ինձ կսպանեն։ Բայց ի՞նչ անեմ Ջոյի համար։

Գլուխ յոթանասուներեքերորդ

Վեսլին գերմանական ճամբարում ուսումնասիրում է ռազմագերիների տարբեր խմբեին

Ես ու Վիկտորը գերմանացիներին գերի մնացինք մինչև օգոստոսի ամենավերջին օրը, նրանք հեռացան ու մեզ էդպես թողեցին։ Ճամբարում շատ բան տեսանք, թե՛ ծիծաղելի, զարմանալի ու գեղեցիկ, թե՜ ահավոր ու այլանդակ։ Հեռանալիս գերմանացիք մեզ ոչ մի բառ չասացին։ Գիշերն ուղղակի հավաքել էին իրենց ունեցած֊չունեցածն ու փախել, մենք էլ մյուս օրը սպասում էին, սպասում, էլ չգիտենք, որ սրանք գնացել են։ Փշալարի հետևում մի հազար հոգուց ավել բանտարկված կլինեինք, արդեն երկար ժամանակ էդտեղ էինք, ու երբ լուր ընկավ, թե գերմանացիք մեզ թողել գնացել են, պա՛հ, բոլորը խառնիխուռն իրարով անցան։

Ես ու Վիկտորը հուլիսի չորսի նախօրյակին էինք էդ ճամբարում հանդիպել, էնպես որ համարյա երկու ամիս էր՝ միասին էինք։ Հուլիսի չորսը[32] տոնեցինք, բայց էնքան էլ հաջող չանցավ։ Մի քանիսը փորձեցին ներկայացում տալ՝ չստացվեց։ Մի տղա կար, հենց որ վեր կացավ ելույթ ունենա, բոլորը բղավեիցն, թե՝ լավ, հա՛, պրծի՛։ Տղային զուր տեղը կոպտեցին, իսկ նա պարզապես միտք ուներ մի կարգին բան անել։ Ներկայացումը պիեսի բեմադրություն պիտի լիներ՝ ինչ֊որ փոքրիկ վոդևիլ, բայց ոչ ոք չուզեց իրեն նեղություն տալ, ու մի կես ժամից գործը խափանվեց, ամեն մարդ էլի սպասողական դիրք բռնեց։

Նախ՝ ահավոր բաները նշեմ, որ մեջտեղից դուրս գան։

Մի գիշեր տղերքից մեկը դաստակի երակները կտրել էր ու առավոտը նրան մեռած գտան։

Մի անգամ էլ, օրը ցերեկով, երկու դեսանտային պարաշյուտիստ՝ երկու ընկեր տղա, կպան իրար ինչ է՝ մեկն ասել էր, թե երկուսին էլ լավ ծանոթ մի աղջիկ իրենց ընկերներից վեցի հետ եղել է (իրենց էլ չհաշված), իսկ մյուսն ասում էր՝ չէ որ չէ, ընդամենը հինգի հետ է եղել։ Վեցերորդն էլ էր պարաշյուտիստ, բայց սրանցից մեկը դրան ատելով ատում էր ու չէր ուզում, որ նա էլ եղած լինի էդ աղջկա հետ։ Ընկերը անընդհատ կրկնում էր, թե ինքը հաստատ գիտի՝ վեցերորդն էլ է աղջկա հետ եղել, էս մի տղան էլ, որ ասում էր՝ աղջիկն ընդամենը հինգի հետ է եղել, բռնեց ընկերոջ կոկորդն ու սկսեց խեղդել։ Բայց ընկերն էլ էր կռվից գլուխ հանում, էնպես որ համարյա իրար սպանում էին։ Հենց երկուսին իրարից բաժանեցին, սրանք միջնորդների բերանով պայման կապեցին, թե մեկը ճամբարի մի կողմում է մնալու, մեկը՝ մյուս, որովհետև երդվում էին, որ եթե նորից հանդիպեն, իրար կսպանեն ու իրոք, էդպես էլ կանեին, չնայած մոտ ընկերներ էին եղել ու ինչքան ասես միասին հարձակման գնացել։ Իրենց խոսքը նրանք պահեցին, ամեն մեկը ճամբարի իր մասում էր մնում։ Էլ երբեք իրար հետ ոչ մի բառ չփոխանակեցին։


Օրական հինգ֊վեց անգամ մանր֊մունր կռիվներ էին բացվում, որովհետև բոլորն էլ լարված, գրգռված էին, բայց պարաշյուտիստների կռիվն ամենալուրջն էր։

Գերիները փոքրիկ խմբերի էին բաժանվել, ամեն խումբ միավորված էր մի ընդհանուր բանով, որ միշտ էլ մոտեցնում է մարդկանց։

Նույն զորամասում ծառայածները մեծ մասամբ իրար հետ էին լինում, դե, նրանք շատ համատեղ հուշեր ու խոսելիք ունեին։

Հետո՝ կային խմբեր, որ կազմված էին նույն զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդկանցից, սրանք էլ սիրում էին իրենց առաջվա աշխատանքային պայմաններից ու ապագայի հեռանկարներից պատմել։

Հետո՝ կային ըստ մարզերի միավորված խմբեր։ Հարավցիները սիրում էին կողք֊կողքի լինել, որովհետև սևամորթներին նույն ձևով էին վերաբերվում, սևամորթներն էլ սիրում էին իրար հետ լինել, որովհետև գիտեին, թե հարավցիներն իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն կամ էլ ուղղակի չէին ուզում գլխացավանքի մեջ ընկնել։ Ճամբարում ընդամենն ինը սևամորթ կային։ Նրանցից մենակ երեքն էին հարավցի ու բարձրագույն կրթություն չունեին, բայց մնացած վեցը հոգի չէին խնայում էդ երեքի համար, որոնք իրենց պես կրթված չէին։

Հեռավոր Արևմուտքից եկած տղերքն էլ՝ կալիֆոռնիացիները, Օրեզոնցիներն ու վաշինգտոնցիները, իրար հետ էին մոտիկություն անում։

Հետո՝ տղերք կային, որ պատահաբար նույն ազգանունն ունեին։ Երբեմն սրանք եղած֊չեղածը երկու հոգի էին լինում, ազգանուններն էլ՝ հազվագյուտ, գլխներին զոռ էին տալիս, թե ոնց է, որ նույն ազգանունն ունեն, ասենք՝ Մենըդյու, բայց ոչ բարեկամ են, ոչ էլ մեկմեկու ազգուտակին ճանաչում են։

Կամ երկու տղա կային, մեկը՝ Թենեսիից, մյուսը՝ Հյուսիսային Դակոտայից, երկուսն էլ նույն Ռոուզվար ազգանունով։ Իրար հետ մտերմացան, ամեն մեկն իր ընտանիքից էր պատմում, ու ընկերներ դարձան, քանի որ էդքան հազվագյուտ ազգանուն ունեին, բայց բարեկամներ չէին։

Սմիթները ուղիղ յոթ հոգի էին, յոթն էլ փաղաքշանքով իրար Սմիթի էին ասում, ու բոլորն սկսեցին նրանց Սմիթի ասել։ Չորս, թե հինգ Բրաուններն էլ իրար հետ էին լավ յոլա գնում ու շուտ֊շուտ խմբվում։

Հետո՝ նույն բնավորությամբ տղերքը, ըստ երևույթին, սիրում էին միասին ման գալ, մանավանդ զվարճախոսներն ու կատակասերները, բայց շատերն էլ, որ լուրջ ու ծանր մարդրիկ էին, միատեղ էին նստում֊վեր կենում։

Տան կարոտը քաշողներն էլ իրար գլխի էին հավաքվում, բայց սրտները թեթևանում էր թե չէ, առաջվա պես ուրիշ խմբի էին միանում։ Հենց որ կարոտը համեմատաբար մի քիչ մեղմանում էր, մեկ էլ տեսար, օրինակ՝ մարզասերների խումբը մտան, էս խմբի անդամներն էլ անընդհատ մանր֊մունր մրցումներով էին զբաղված, դե, դրա համար ոչ մեծ տեղ էր պետք, ոչ էլ վազելու տարածություն․ ասենք՝ կոխ էին բռնում, առանց վազքի երկարություն ցատկում, հեռուն թքում ու չգիտես էլ ինչեր հնարում։

Կամ կտեսնեիր՝ դրանք գնացին, գուշակների խմբին միացան ու սկսեցին ինչի մասին ասես գուշակություններ անել։

Կամ երազողների հետ էին մոտիկանում, սրանք էլ սիրում էին քննարկել, թե պատերազմից հետո ինչ ֆանտաստիկ բաներ են իրագործելու։

Հենց հարբուխ ընկած մեկի մրսածությունն անցնում էր, սա տեղնուտեղն իր մրսած բախտակիցներին թողնում էր, ուրիշ խումբ մտնում, օրինակ՝ ընթացիկ դեպքերի, քաղաքականության, կրոնի, կոմունիզմի կամ փիլիսոփայության մասին վիճաբանողների խումբը։

Հետո՝ կային ըստ հասակի կազմված խմբեր․ կարճահասակներ, միջահասակներ, բարձրահասակներ։

Կամ՝ ըստ արտաքինի կազմված խմբեր․ տեսքովներ, ոչ էնքան տեսքովներ, անտեսքներ ու տարօրինակ տեսք ունեցողներ։

Հետո՝ կային ըստ անհատական առանձնահատկությունների կազմված խմբեր։

Տղերք կային, որ շատ սիրային հաղթանակներ էին տարել, սրանք գերադասում էին իրար հետ շփվել, համեմատում էին իրենց քաջագործություններն ու ամեն մեկը մանրամասն քննում։

Տղերք կային, որ համոզված էին, թե կանանց պիտի որսալ իմանաս, ոնց որ դժվար բռնվող կենդանիներին են որսում, էս տղերքը իրար հետ էին ընկերություն անում։

Տղերք էլ կային, որ անհանգստանում էին իրենց կանանց համար, հավատում, թե նրանք մենակությունից տանջվում են, սրանք էլ միասին էին համախմբվել։

Տղերք էլ կային, որ վստահ էին, թե էդքան երկար անջատումից հետո իրենց կանայք հավատարիմ մնացած չեն լինի, սրանք էլ իրար հետ էին շատ ժամանակ անցկացնում, անընդհատ դնում֊վերցնում․ ի՞նչ անեն, բաժանվե՞ն, ներեն ու մոռանան, թե՞ բռնեն էդ շան որդուն (կամ շան որդիներին) ով որ կնոջը խլում է ամուսնուց, մինչև ամուսինը բանից անտեղյակ՝ պատերազմում արյուն է թափում։ Բայց նույնիսկ սեփական խմբի ներսում էս տղերքն առանձին խմբավորումներ էին կազմել, որովհետև սրանցից ոմանք լավ էին տրամադրված իրենց կանանց նկատմամբ, համակրում էին նրանց, իսկ ովքեր չէին համակրում իրենց կանանց, ջղայնանում էին համակրողների վրա, սրանց իսկական տղամարդ չէին հաշվում, և վիճաբանությունները մեկ֊մեկ բավական թեժ ու խառնաշփոթ էին դառնում։

Հետո՝ տղերք կային, որ հատուկենտ կանանց հետ էին եղել։

Կային, որ ընդհանրապես կնոջ հետ չէին եղել, բայց էս խումբը շատ փոքր էր, որովհետև մարդիկ դրանից ամաչում էին։

Տղերք էլ կային, որ վայ թե կնոջ հետ չէին եղել, բայց սիրում էին պարծենալ, թե եղել են, սրանք էլ իրար էին լավ հասկանում ու լեզու գտնում։

Հետո՝ կային մի երեխա ունեցողներ, երկու երեխա ունեցողներ, մի բուռ մարդիկ էլ երեք կամ ավելի երեխա ունեին։ Յոթ երեխայի տեր մի մարդ՝ քենթուքցի Օրին Օուքլին, ոչ մի խմբի էլ չէր պատկանում։ Ուղղակի նստում էր ու հայտնի մարդկանց անուններ կպցնում։ Ամենահաջողվածներից մեկը Ծուռ հայելին էր։

Հետո՝ կային տղամարդիկ, որ շատ էին քարշ եկել կանանց հետևից, բայց պնդում էին, թե ատում են կանանց ու սիրում են մենակ դրանց քիթը տրորել, մանավանդ գոռոզներինը․ սիրահարեցնում են իրենց ու հետո թողնում, որ տանջվեն։ Էս մարդիկ իրար մեջ գլուխ էին գովում, թե ինքնահավան կնանիքին ինչ շան օրն են գցել, ստիպել են անընհատ ստորանալ, իրենց նաակներ գրել, հեռագրեր ուղարկել, անվերջ հեռախոսով զանգել, ստիպել են ամուսիններից հեռանալ, ստիպել են պոռնիկներ դառնալ, ստիպել են ծնկաչոք սեր մուրալ, խելքը կորցնել և այլն, և այլն։

Հետո՝ կային ցինիկներից կազմված խմբեր․ սրանք համոզված էին, թե աշխարհը մեկընդմիշտ գրողի ծոցն է կորչում ու ատում էին մարդկույթանը, որովհետև մարդիկ իբր գարշելի են։

Կային զվարճասերներ ու նվնվաններ, ճանապարհորդներ ու տնակյացներ, հիմարներ ու իմաստուններ, խաղամոլներ ու ընթերցասերներ, շախմատի սիրահարներ ու զառ գցողներ։

Կային ամեն տեսակ մարդիկ, բայց ինչ խմբերի էլ նրանք բաժանվեին, բոլորն էլ մի բան էին․ գերի։

Գերի էին գերմանացիներին, գերի էին ամերիկացիներին, իսկ նրանք չէին ուզում ոչ մեկի գերին լինել։

Գլուխ յոթանասունչորսերորդ

Օհայոյի Ցինցինատի քաղաքից եկած Ջոն Ուինսթընլին ծղոտե գլխարկ է դնում ու տրոմբոն նվագում՝ հմայելով թե՛ յուրայիններին, թե՛ թշնամիներին

Ջոն Ուինսթընլի անունով մի տղա կար ճամբարում, սա տրոմբոն ուներ։ Ցինցինատիից, իրենց տնից տրոմբոնը հետն էր բերել ու պատերազմի ընթացքում, արդեն երկու տարի մոտն էր։ Կարճլիկ տղա էր՝ դեմքի լուրջ ու մտախոհ արտահայտությամբ։ Տասնվեց֊տասնյոթ տարեկանից ավել չէր երևում, թեպետ քսանն անց էր։

Բոլորը գիտեին, որ նա տրոմբոն ունի, բայց Ուինսթընլին ոչ տրոմբոնը պատյանից հանում էր, ոչ էլ նվագում, որովհետև իր ասելով՝ չէր կարող նվագել մինչև գլխին ծղոտե գլխարկ չլիներ։ Առաջ միշտ էլ ծղոտե գլխարկ էր դնելիս եղել, հետը բերել էր Ֆրանսիա, բայց ինչ֊որ մեկը գլխարկը թռցրել էր։

Թե մեկնումեկը ծղոտե գլխարկ ճարեր, նա տրոմբոն կնվագեր։

Դե, ոչ ոք էլ ծղոտե գլխարկ չուներ, էնպես որ մնում էր մենակ գերմանացիներին դիմել։ Մեր տղերքից մի երեք֊չորս հոգի գերմաներեն գիտեին, ու սրանցից մեկը պահակներին բացատրեց, թե ուզածներս ինչ է, բայց պահակներն ասին, որ իրենք էլ ծղոտե գլխարկ չունեն։ Ասին՝ իհարկե, հաճույքով տրոմբոնի նվագ կլսեն, բայց ծղոտե գլխարկ որտեղի՞ց ճարեն։

Տղան խնդրեց, որ ամեն տեղ փնտրեն, իրենց ընկերներին էլ հարցուփորձ անեն ու մի հնարքով ծղոտե գլխարկ գտնեն, որովհետև Ուինսթընլին չի կարող տրոմբոն նվագել մինչև գլխին ծղոտե գլխարկ չլինի։ Միգուցե իրոք նվագել գիտի, իսկ եթե էդպես է, ուրեմն արժի չարչարվել։

Պահակները խոստացան էդ գործով զբաղվել։

Միառժամանակ անց բոլորը որոշեցին, թե Ուինսթընլին հաստատ նվագել չգիտի։ Որոշեցին, թե ծղոտե գլխարկի պատմությունը հնարել է, որ չխայտառակվի։

Ուինսթընլին էլ հպարտանում էր, թե իսկական տրոմբոնահար է, ու էս ասեկոսեներն իրեն վարկաբեկում են, դրա համար էլ մի կիրակի իրիկուն, հուլիսի իննին, տրոմբոնը պատյանից հանեց ու հավաքեց։ Բոլորը կիտվեցին նրա գլխին ու սկսեցին սպասել․ ամենաքիչը երեք հարյուր մարդ։

Ուինսթընլին շրթունքները լիզեց, տրոմբոնի ծվանը սեղմեց բերանին, փողի ծնկիկը մի երկու անգամ հետ ու առաջ տարավ, որ սահուն գնա֊գա։

Հետո էնպիսի մի բա՜ն նվագեց՝ էդ խղճուկ ճամբարն աչքներիս իսկը դրախտ դարձավ։ Բայց մեկ էլ նվագը կտրեց, ասում է․

― Ո՜ւր էր գլխիս ծղոտե գլխարկ լիներ․․․ անտեր մնա, առանց գլխարկի նվագելս չի գալիս։

Էստեղ բոլորը հասկացան, որ նա չէր փչում։ Վազ տվին պահակների մոտ ու աղաչանք արին, թե՝ աստծու սիրուն, Փարիզից մի ծղոտե գլխարկ բերել տվեք, ախր էս տղան իրոք տրոմբոն նվագել գիտի, պահակներն էլ ասին՝ լավ, իրենք էլ նրա նվագը լսեցին ու ձեռքներից եկածը կանեն։

Դրանից հետո էլ ոչ ոք չէր նեղում Ուինսթընլիին, որ առանց ծղոտե գլխարկի տրոմբոն նվագի, որովհետև ով փողի պես գործիքից, մանավանդ տրոմբոնից գլուխ է հանում ու կարող է երաժշտական հնչյուններ դուրս բելեր, նրա նկատմամբ մի տեսակ երկյուղած ակնածանք է առաջանում։ Բոլորն էլ անչափ հարգում էին Ուինսթընլիին, դե, երկրե֊երկիր, աշխարհից աշխարհ տրոմբոնը քարշ էր տվել հետը, իսկ հենց մի քիչ նվագեց, որ ապացուցի, թե ինքը չի խաբում, սրանք հասկացան՝ նա արտասովոր մարդ է, առանձնահատուկ մեկը, ու էլի ելք չկա, մնում է նրա համար ծղոտե գլխարկ ճարել։

Ուինսթընլին տղերքից մի քանիսիս իր լուսանկարը ցույց տվեց․ ինը տարեկան էր նկարվել։ Տրոմբոնը սեղմել էր շրթունքներին, գլխին էլ՝ ծղոտե գլխարկ էր։

― Նվագելիս միշտ ծղոտե գլխարկ եմ դրել,― ասաց։

Հա ուրեմն, էն իրիկուն Ուինսթընլիի կիսատ նվագածը «Ա՛խ, երանի իմանայիք, թե ինչքան եմ ձեզ սիրում» երգն էր, ու գրողը տանի, ի՜նչ հրաշք բան էր, մարդ ուղղակի աշխարհից վերանում էր, իսկ երբ նա հասավ մյուս տողին՝ «Ա՛խ, երանի իմանայիք՝ սիրտս ինչպես եք հուզում», էնքան սահուն ու սրտաճմլիկ անցում կատարեց, որ ասելու չի, բայց հենց դեմ առավ հաջորդ ելևէջին, է՛հ, էլ առաջ գնալ չկարողացավ։

Փոխանակ համբերությունից դուրս գալու, փոխանակ նրան նազուտուզ անող հիմարի տեղ դնելու, բոլորը նրա հանդեպ կարեկցանքով լցվեցին։ Փորձում էին ամեն կերպ մխիթարել, ասում էին․ «Ոչի՜նչ, ոչի՜նչ, Ջոնի, այ, ծղոտե գլխարկը կբերեն, էն ժամանակ էլ իսկականից կնվագես»։ Բոլորն էլ տեսնում էին՝ ուզում է նվագել, բայց շատ լավ երաժիշտ է, որ իրեն թույլ տա հանկարծ վատ նվագել։

Ա՛հ, օրերն ու գիշերները ձգվում էին միալար, խմբեր էին կազմվում, խմբեր քայքայվում, վերակազմվում ու վերափոխվում, հները լքվում էին, նորերը գոյանում։ Բայց ամեն մարդ հոգու խորքում սեփական կյանքով էր ապրում, որ իրենն էր, լրիվ իրենը ու ոչ մի խմբավորման մեջ էլ չէր մտնում։

Ու ամեն մարդ գիտեր, որ տրոմբոնավոր Ջոն Ուինսթընլի կա։ Ամեն մեկն էլ լսել էր նրա կիսատ նվագած երգը, ամեն մեկն էլ ուզում էր, որ նա միչև վերջ նվագի, բայց ոչ ոք սիրտ չէր անում նրան սիտպել, թե՝ լավ֊վատ, մի կերպ փորձիր։

Օրերից մի օր էլ ինչ֊որ պահակ գերմաներեն իմացող մեր տղերքից մի հոգու ասել էր, թե իրեն հասած լուրերի համաձայն՝ մի ուրիշ պահակ վերադառնում է Փարիզում անցկացրած արձակուրդից ու հետը ծղոտե գլխարկ է բերում։

Դե, բոլորն էլ շատ ուրախացան, ու լուրը եկավ, Ուինսթընլիի ականջն ընկավ։

― Ե՞րբ կբերի,― ասաց Ուինսթընլին։

― Էսօր֊էգուց,― ասաց ինչ֊որ մեկը,― բայց տեսնես չափսը գլխիդ կբռնի՞։

― Պիտի որ բռնի,― ասաց Ուինսթընլին,― ծղոտե գլխարկ լինի, դնեմ գլխիս, մնացածը՝ հեչ։

Էնպես որ բոլոր մյուս սպասումներին՝ թե պատերազմը երբ է վերջանալու, երբ են մերոնք մեզ գերությունից ազատելու, երբ ենք մի կարգին տեղ ընկնելու, որ գոնե նամակ ստանանք, էս բոլորին մի սպասում էլ ավելացավ․ սկսեցինք սպասել, թե երբ է Ուինսթընլիի գլխարկը ճամբար հասնելու։

Սպասելն է՝ սպասելը․ եթե սպասում ես շատ կարևոր բաների, դժվար չի, որ հետն էլ մի պակաս կարևոր բանի սպասես։

Վերջապես Փարիզում եղած գերմանացին վերադարձավ ու իրոք, ծղոտե գլխարկ էր բերել։ Ասաց՝ ուզում է ինքն իր ձեռքո՛վ Ուինսընլիին հանձնել։ Ճամբարի ներսն անցավ, ու գերմաներեն իմացող մեր տղերքը նրան ուղեկցեցին Ուինսթընլիի մոտ, որը սովորականի պես, նստած էր տրոմբոնի պատյանին։ Թե վեր էլ կենար, ասենք՝ քայլելու, պատյանը կոթից բռնում էր, տանում։ Ուր էլ գնար, գործիքը հետն էր ման ածում։ Դե, Ուինսթընլին աչքերը չորս արեց Փարիզից եկած գերմանացու վրա, որովհետև նրա ձեռքին փաթեթ կար, իսկ փաթեթում ով գիտի ծղոտե գլխարկ էր։

Թարգմանիչը Ուինսթընլիին ասաց․

― Սա քեզ համար Փարիզից ծղոտե գլխարկ է բերել, անունն էլ Թրոթ Ֆոն Էսեն է։

― Հարցրու,― ասաց Ուինսթընլին,― կարո՞ղ եմ գլխարկը դնել։ ― Ինչքան պետք է՝ կվճարեմ, դեռ մի բան էլ ավել, որ նեղություն է քաշել։

Թարգմանիչը խոսեց Թրոթի հետ, հետո Ուինսթընլիին թե՝

― Ասում է՝ իր համար ուղղակի հաճույք է․ կարող ես գլխարկը վերցնել, շատ ուրախ կլինի։

― Հարցրու,― ասաց Ուինսթընլին,― ի՞նչ կուզի նվագեմ․ առաջին երգն իր պատվին եմ նվագելու, որ գլխարկը բերել է։

Թարգմանիչը նորից Թրոթի հետ խոսեց, հետո Ուինսթընլիին թե՝

― Ասում է՝ երկու շաբաթ առաջ էն երգը որ սկսեցիր, մինչև վերջ նվագիր։

― Հայտնիր,― ասաց Ուինսթընլին,― որ համաձայն եմ, թող գլխարկը հանի, տեսնենք։

Թարգմանիչը նրա խոսքերը Թրոթին հաղորդեց, Թրոթն էլ փաթեթի թելերը կտրեց ու մի նոփ֊նոր ծղոտե գլխարկ հանեց՝ վրան ալ ժապավեն, կարմիր, կանաչ ու մանուշակագույն փետուրների մի փոքրիկ փունջ էլ ժապավենի արանքը մտցրած։

Թրոթը գլխարկը Ուինսթընլիին տվեց, իսկ Ուինսթընլին ձեռքին պահած՝ երկար նայում էր։

Հետո դրեց գլխին։

Նրան շատ էր սազում։ Միանգամից քաղաքացիական մարդու տեսք ընդունեց։

Հետո Ուինսթընլին շատ դանդաղ պատյանը բացեց, հավաքեց տրոմբոնն ու փողի ծնկիկը մի երկու անգամ տարավ բերեց։ Հետո գործի անցավ ու էդ երգը էնպես նվագեց, որ աշխարհում ոչ ոք դեռ չէր նվագել։

Դա ամենահրաշալի բանն էր, որ մեկնումեկը երբէև լսել էր։ Նա երեք անգամ նույն երգը նվագեց ու ամեն անգամ՝ առաջվանից էլ լավ։

Ուինսթընլին նվագելու կարոտ էր մնացել, կարիք չկար խնդրել, ինքն էր ուզում նվագել ու անընդհատ նվագում էր։ Ամբողջ պատերազմում էսպիսի հրաշք չէր եղել։ Թրոթ Ֆոն էսենը հո չէ՜ր գոռոզացել, որ իր մատն էլ կա էս գործում՝ հազիվ էր բարեհաճում թարգմանիչների հետ խոսել։

Ամեն մարդ ուզում էր իր սիրած երգը լսել, և Ուինսթընլին խոստացավ բոլորն էլ իրար հետևից նվագել․ ինչ էլ որ էսօր չհասցներ, վաղը կնվագեր։ Եթե եղանակը մի կես բերան երգեք կամ էլ շվշվացնեք, ինքը տրոմբոնով դուրս կբերի, ասաց, ու կնվագի։ Նրա համար մեկ էր՝ ինչ մեղեդի է, իրեն ծանոթ է, թե չէ, ուղղակի մի կես բերան երգեք կամ շվշվացրեք՝ ինքը կնվագի։ Թարգմանչին ասաց, որ Թրոթին հարցնի, թե ուրիշ ինչ երգ կուզենա լսել, Թրոթն էլ մի պահ մտածեց ու մի բան հիշեց, բայց վերնագիրը չգիտեր։ Մի իրիկուն մեր տղերքից մեկին երգելիս լսել էր ու երգը շատ հավանել։ Ուինսթընլին էլ թարգմանչին ասաց, որ Թրթոին խնդրի եղանակը երգել կամ թեկուզ շվշվացնել։

Թրոթը մի քանի տակտ երգեց, և Ուինսթընլին ժպտալով ասաց․

― Գրողը տանի, «Կապույտ աչքերն» են․․․ «Կապույտ աչքերդ այս գիշեր նորից միտքս են եկել․․․»։ Իմ սիրած երգերից է։

Ուինսթընլին «Կապույտ աչքերն» էլ նվագեց ու եթե առաջին երգը լավ էր նվագել, երկրորդն ավելի լավ նվագեց։ Գերմանացին արտակարգ ուրախ էր ու հպարտ։ Թարգմանչին հարցրեց, թե երգն ինչի մասին է, ու թարգմանիչը նրան բացատրեց։ Սա խնդրեց «Կապույտ աչքերի» բառերն իրեն անգլերեն սովորեցնել, թարգմանիչն էլ սովորեցրեց, ու նա հեռացավ՝ բառերն անընդհատ կրկնելով։

«Կապույտ աչքերից» հետո Ուինսթընլին նվագեց «Օ՜, լուսնի շողերն են ջրի մեջ խայտում, և խոտի բուրմունքն է մարգերից գալիս․․․», ու գետնի տակն անցնեմ, թե ամենքի աչքերն էլ արցունքով չլցվեցին, ամենքն էլ հուզված՝ քթներն էին ֆսֆսացնում ու զարմանում, թե ոնց կարող է էսքան գեղեցկություն հորդել ջրատար խողովակի պես քոսոտ, ծուռումուռ մի պղնձի կտորից, որին Ջոն Ուինսթընլին տրոմբոն էր ասում։

Չգիտեմ՝ հանուն ինչի եմ ամերիկյան բանակի տղերքը կռվում կամ ինչ են մտածում՝ հանուն ինչի են կռվում, որովհետև նրանց մեկ առ մեկ ես չեմ հարցրել, բայց իմ կարծիքով, գիտեմ, թե ինչ են սիրում, բոլորը՝ մինչև վերջին մարդը, ով էլ նա լինի ու որ խմբին էլ պատկանի․ բոլորն էլ ճշմարիտն ու գեղեցիկ են սիրում։ Սիրում են ու կարիքն զգում, կարոտում են ու երազում, ու նրանց աչքերն արցունքով են լցվում, հենց որ դրան հաղորդակից են լինում։

Ու հաղորդակից էլ եղան, երբ Օհայոյի Ցիցինատի քաղաքից եկած Ջոն Ուինսթընլին տրոմբոն նվագեց։ Հաղորդակից եղան, երբ էդ մեծ ամերիկացին, էդ համաշխարհային մեծության մարդը ծղոտե գլխարկը դրեց, ու նրանք լսեցին սիրո, ճշմարտության ու գեղեցկության ձայնը։

Ու ես չգիտեմ՝ սա բնորոշ է ամերիկացուն, թե մի ուրիշ բան է, բայց գիտեմ՝ աշխարհում ոչ մի մարդ ընդունակ չէր լինի դիմանալու նման ճշմարտությանն ու գեղեցկությանը, որը 1944 թվի հուլիսի 22֊ին՝ շաբաթ իրիկունն ու գիշերը, դուրս էին հորդում Ջոն Ուինսթընլիի տրոմբոնից։

Գիտեմ՝ գերմանացի պահակները չկարողացան դիմանալ, որովհետև ընդամենը մի թեթև պատկերացում կազմելով էդ ճշմարտության ու գեղեցկության վիթխարի ուժի մասին, նրանցից մեկը Ուինսթընլիի համար ծղոտե գլխարկ ճարեց։ Գիտեմ՝ չդիմացան ոչ Ռոուզվար ու Մենըդյու ազգանունով մարդիկ, ոչ Սմիթներն ու Ջոնսերը, ոչ հարավցիները, որ սևամորթների հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեին, ոչ սևամորթներն իրենք, ոչ Հեռավոր Արևմուտքից եկածները, ոչ հարբուխ ընկածները, ոչ մարզասերները, ոչ արար աշխարհն արհամարհողները, ոչ անհավատները, ոչ դեսանտային պարաշյուտիստները։ Գիտեմ ոչ մի մարդ չկար ճամբարում ու ճամբարից դուրս, որ լսեր Ուինսթընլիին ու կարողանար դիմանալ նրա տրոմբոնից հորդող ճշմարտությանն ու գեղեցկությանը, և բոլորը միանման համահավասար էին ճշմարտության ու գեղեցկության առաջ, ուրեմն էլ ի՞նչ խոսակցություններ են բացվում, թե որոշ մարդիկ ի ծնե վատն են, մյուսները՝ ի ծնե շատ լավը, իսկ մարդիկ էլ կան, որ ի ծնե միջակություններ են, ոչ լավը, ոչ էլ վատը։ Ձեզ եմ հարցնում, ի՞նչ խոսակցություններ են դրանք։

Գլուխ յոթանասունհինգերորդ

Վեսլին ու Վիկտորը ազատվում են գերմանական գերությունից, որպեսզի գերի ընկնեն ամերիկյան զորքի համբարակապետին

Գերմանացիք հավաքել էին իրենց ունեցած֊չունեցածն ու օգոստոսի 31֊ին՝ հինշաբթի գիշերը, փախել, բայց մենք ուրբաթ առավոտն իմացանք, որ արդեն ազատ ենք, ու հենց առավոտն էլ խառնաշփոթ իրարանցում սկսվեց։ Ամենքիս համար էլ պարզ էր, որ գերմանացիք գնացել են, բայց մեկ է՝ մենք էլի մնում էինք գերի։ Հիմա էլ մնում էինք փշալարի գերին։ Խելահեղ թոհուբոհը համարյա մի ամբողջ ժամ տևեց, բայց հետո ամեն ինչ հանդարտվեց։

Բոլորն ուզում էին փշալարի մյուս կողմը անցնել ու ինչքան հնարավոր է՝ շուտ։ Բայց առաջինը դուրս պրծած տղերքը չգիտեին ինչ անեն, էնպես որ սպասում էին մյուսներին։ Մի քանի հոգի փորձեցին ղեկավարությունը իրենց ձեռքն առնել, բայց բան չստացվեց, քանի որ մեկնումեկին ենթարկվելը կնշանակեր նորից գերության մեջ ընկնել, իսկ բոլորի ուշքն ու միտքը գերությունից ազատվելն էր, դրա համար էլ ամեն մարդ իր գլխի տերն էր։

Փշալարի տակ մի վեց հատ սողանցք էին բացել, ու շատերը շարվեշար կանգնած՝ իրենց հերթին էին սպասում, որ փորսող տալով դուրս գան ազատության մեջ, բայց շատ ուրիշներն էլ ուղղակի խռնվել էին սրանց շուրջն ու հարցնում էին, թե հետո ինչ է լինելու։ Մի քսան֊երեսուն հոգի էլ նույնիսկ ճամբարից դուրս չեկան, դե, ուզածի չափ ժամանակ ունեին, շտապելու բան չկար, ճամբարի ներսում էլ էր տեղները հանգիստ․ ի՞նչ տարբերություն, դուրսն ես, թե ներսը։ Գերմանացիք ահագին մթերք էին պահեստում թողել, ու նույն ձանձրացրած ուտելիքը դեռ ինչքան ասես կհերիքեր։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ուտելուց հետո ինչ պիտի անի։ Իրիկունը համարյա բոլորը փշալարի մյուս կողմը պառկեցին քնելու՝ ճամբարից ոչ հեռու։ Ճիշտ է, դա մեր բանտն էր, բայց բավականին ապրել էինք էդտեղ, գիտեինք ինչ բան է, իսկ թե ինչ էր սպասվում, եթե ճամբարից հեռանայինք՝ ոչ ոք չգիտեր։ Շատերը, իհարկե, հեռացան, հիմնականում խումբ֊խումբ՝ երեք֊չորս հոգով, բայց նրանցից ոմանք քիչ անց հետ եկան։ Թեև մեծ մասը չվերադարձան, իսկ երբեմն էլ տեսնում էիր, թե ոնց է մեկնումեկը մեն֊մենակ հեռանում, բայց սրանցից ոչ ոք էլ հետ չէր դառնում։

Մյուս օրը ես ու Վիկտորն ուտելիքի պաշարով բեռնվեցինք ու ճամփա ընկանք ուր աչքներս կտրի։ Եկանք, մի գետակի դեմ առանք, հանվեցինք, օճառով մի լավ լողացանք, երկուսս էլ մեր ներքնաշորերն ու գուլպաները լվացինք ու սպասեցինք մինչև չորանան։ Հետո նորից ճամփա ընկանք, զրուցում էինք ու ազատությունը վայելում, բայց մեզ լիակատար ազատ չէինք զգում, որովհետև պատերազմը դեռ չէր վերջացել, եղած֊չեղածն ինչ֊որ փշալարի գերությունից էինք պրծել։ Եթե հազար ու մի մտածմունք չունենայինք, երևի ուրախանայինք, որ հեռացել ենք նախրի պես իրար գլխի լցված ամբոխից ու կարող ենք գոնե առայժմ մեր քեֆին հանգստանալ։ Բայց Դոմինիկը Խաղաղ օվկիանոսում էր մահացել, իսկ Ջո Ֆոքսհոլը՝ Եվրոպայում։ Արդեն երկար ժամանակ էր անցել, ինչ իմացել էինք նրանց մահվան մասին։ Բավական ժամանակ, որ երկուսս էլ մոռացության տայինք, թե նրանք էլ չկան ու առաջվա պես մտածեցինք, թե կենդանի են, ուղղակի հեռու են մեզնից։ Մինչև Դոմինիկի մահվան լուրն իմանալը, մենք վաղուց արդեն բաժանվել էինք նրանից․ հենց էն իրիկուն բաժանվեցինք, երբ նա Հարի Քուքի, Նիք Քալիի ու Վերնոն Հիգբիի հետ նստեց բեռնատար, ու նրանց տարան Միսուրի, ես ու Վիկտորն էլ գնացինք Ռոզվիլ, իսկ դա վաղուց էր, շատ վաղուց։ Ինչ մնում է Ջո Ֆոքսհոլին, ես նրան մի կարգին չէի տեսել՝ սկսած էն իրիկվանից, երբ նա որդուն նվիրված բանաստեղծությունը կարդաց։ Էնպես որ էլ չէի մտածում, թե նա մեռած է։ Երևի մարդիկ իրենց ընկերների մահվան վիշտը էսպես են հաղթահարում։ Երևի ամեն կերպ մոռացության են տալիս, որ նրանք չկան, թեև գիտեն, որ էլ երբեք չեն տեսնելու նրանց։

Բայց դե Դոմինիկի ու Ջոյի մահվան անհավատալի լուրը նորից ու նորից միտքս էր գալիս, ու ես տանջվում էի ցավից, ախր միշտ էլ ուզեցել էի Դոմինիկին ավելի մոտիկից ճանաչել, իսկ Ջո Ֆոքսհոլի հետ կուզեի մինչև կյանքիս վերջը ընկերություն անել։

Շուտով ինձ ու Վիկտորին բեռնանավերով ամերիկյան զինվորներ պատահեցին, մենք էլ հետները գնացինք, հույս ունեինք մի էնպիսի տեղ ընկնել, որտեղից կարողանայինք մեր զորամասը հասնել։ Երեք օր էդպես մեքենա նստած՝ տեղից տեղ էինք գնում։ Վերջապես մեկին գտանք, որ մեր ջոկատի մասին տեղեկություն ուներ, բայց նրանից մենակ էնքանն իմացանք, թե ջոկատը կարծես իր առաջադրանքը կատարել է ու վերադարձել Լոնդոն։ Դե, սրանից էլ լավ նորությո՞ւն, մեր ուզածն էլ հենց Լոնդոն հետ դառնալն էր։

Փորձեցինք էդպես էլ անել, բայց գետնի տակն անցնեմ, թե նորից գերի չընկանք, էս անգամ էլ ամերիկյան զորքի համբարակապետին․ ներս մտանք էդ մայորից իմանալու, թե ոնց հասնենք մեր ջոկատին, սա էլ տեսնելով, որ Լոնդոն ընկնելու համար ուշքներս գնում է, որոշեց, թե մեզ իր մոտ պիտի պահի։ Ձայն չհանեցինք, բայց երկու օրից, հենց քաղաք բաց թողեց, էլ չվերադարձանք։ Գնացինք Շերբուր, ու երկար֊բարակ չեմուչումից հետո, քանի֊քանի օր անց, վերջը հրաման տվին, որ հետ դառնանք Լոնդոն՝ մեր զորամասը, դե, ես ու Վիկտորն ուղղակի ուրախությունից հեկեկում էինք։ Իրոք լաց էինք լինում, չնայած ասես ծիծաղելիս լինեինք։

Գլուխ յոթանասունվեցերորդ

Վեսլին հասնում է իր պատմության ավարտին

Վերջապես հասանք Լոնդոնի Վաթերլոո կայարան, բայց տաքսի չկար, ես էլ ասի․

― Արի ոտքով գնանք, կամ վազենք, կամ մի բան։ Մենակ թե էստեղ չկանգնենք, մնանք։

Քայլեցինք, հետո սկսեցինք վազել, ախր տե՜ր աստված, էնպես էի ուզում Ջիլին նորից տեսնել։ Մերթ քայլելով, մերթ վազեվազ Վաթերլոոյի կամուրջն անցանք, արդեն Սթրենդ փողոցում էինք, մեկ էլ Վիկտորը թե՝

― Դու առաջ անցիր, ես էլ վազելու ուժ չունեմ։

Ընկա առաջ, Վիկտորը հետ մնաց, քայլելով էր գալիս, իսկ ես շատ շուտով համարյա տանն էի։ Շուտով տեսնելու էի իմ անուշիկին, գրկեի նրան ու ստուգեի, թե տղաս ինչքան է մեծացել, բայց հենց թեքվեցի Կարլ Երկրորդի փողոց, քիչ էր մնում մեռնեմ․ ամբողջ փողոցը փլատակների մեջ էր։ Էն տունը, որտեղ ես ու Ջիլն էինք ապրում, էլ գոյություն չուներ։

Ով գիտի խելքս թռցրել էի, որովհետև անընդհատ փողոցում հետ ու առաջ էի անում, գնում֊գալիս էնտեղ, ուր մեր տունն էր եղել, ուր ապրել էինք մենք․ վախենում էի, ո՜նց էի վախենում մեկնումեկին մի բան հարցնել։ Վախենում էի նույնիսկ դրա մասին մտածել։ Երևի երկար մնացի էնտեղ, որովհետև մեկ էլ տեսնեմ՝ արդեն գիշեր է։ Բայց չէի կարողանում հեռանալ, ու իմ երգը տանջանքով մեռնում էր հոգուս մեջ։ Գժվում էի ցավից ու չգիտեի, թե ինչ անեմ։

Բայց գիտեի՝ եթե Ջիլը մեռած լինի, ես էլ կմեռնեմ, իսկ ես չէի ուզում մեռնել։ Սկսեցի լաց լինել․ գրողը տանի, միգուցե երկուսս էլ արդեն մեռա՞ծ ենք։ Միգուցե երկուսս էլ իմ գնալուց հետո մեռե՞լ ենք։ Ուրեմն ո՞ւր կորավ իմ տեսած աստղը, ախր նա դուրս եկավ ինձ ասելու, որ ողջ կմնամ։ Էլ ինչի՞ս էր պետք էդպիսի աստղը։

Շատ չանցած ինչ֊որ ծերուկ մոտեցավ, ողորմություն էր խնդրում։ Մի ֆունտ տվի նրան, հետո միտքս փոխեցի ու երկուսը տվի, որովհետև չէի ուզում մեռնել։

― Ինչո՞ւ եք լաց լինում,― ասաց։

― Ես առաջ ապրում էի դիմացի տանը,― ասի։― Առաջ էնտեղ էի ապրում, բայց հիմա ռմբակոծել են։ Չգիտեմ կնոջս ինչ է պատահել, վախենում եմ իմանալ։ Վախենում եմ։ Կուզե՞ք մի ֆունտ էլ տամ։

Նա ասաց, որ եթե մի ֆունտ էլ տամ իրեն, ուրեմն կինս ողջ ու անվնաս է, իզուր չանհանգստանամ, ու ես երկու ֆունտ էլ տվի՝ ինչ ունեի֊չունեի, գրպանիս մանր փողը չհաշված։

― Ձեր կինը ողջ ու անվնաս է,― ասաց։― Մի անհանգստացեք։ Էլ փող չունե՞ք։

― Սա է եղած֊չեղածը,― ասի։ Մոտիս մանրն էլ իրեն տվեցի, որովհետև փողն ինձ պետք չէր, մենակ թե Ջիլը ողջ մնացած լիներ։

Մուրացկանը ոտքերը քստքստացնելով՝ քարշ եկավ Կարլ Երկրորդի փողոցով։ Նա շուտ֊շուտ հետ էր նայում, կարծես վստահ չէր, թե ինձ չի խաբել, ինչ է՝ մի քիչ փող ձեռքը գցի, ու ես խոսքս աստծուն ուղղեցի, «Աղաչում եմ, էնպես արա, որ ծերուկի ասածը սուտ դուրս չգա, ազաչում եմ, էնպես արա, որ Ջիլը ողջ մնացած լինի։ Երկնքի հետ պայման կապելիս՝ ես մոռացել էի քեզ խնդրել, որ Ջիլի կյանքը պահպանես, որովհետև դեռ չէի հանդիպել Ջիլին, բայց եթե Ջիլը կենդանի չի, ուրեմն իմ ապրելն ավելորդ է, դրա համար էլ աղաչում եմ քեզ, թող մեր պայմանը ուժի մեջ մնա, ախր ես չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում։ Աղաչում եմ, թող մեր պայմանը ուժի մեջ մնա»։

Է՛հ, իսկ հետո կայծակի արագությամբ կողքիս մի տաքսի հայտնվեց, գրողը դուրս թռավ մեքենայից, ինձ թափով գրկեց ու ասաց․

― Կինդ Գլոսթերում է։

Դե, ի՞նչ ես անում, երբ աստված իր խոստումը կատարում է։ Ի՞նչ ես անում, երբ նա խոստացածից էլ ավելին է կատարում։ Ի՞նչ ես անում, երբ հասկանում ես, որ նա մտքինդ միշտ էլ իմանում է, անգամ եթե ինքդ դա կարգին չգիտես, ու իր խոստումին միշտ էլ հավատարիմ է մնում։ Ի՞նչ ես անում․ նրան փառք ես տալիս, չէ՞։ Ես գրողի հետ նույնիսկ անքաղաքավարի վարվեցի․ միանգամից ծնկի իջա Կարլ Երկրորդի փողոցում ու աստծուն դիմեցի․ «Փառք քեզ, մինչև կյանքիս վերջը քեզ փառք եմ տալու»։

Հետո ոտքի թռա, գրողի հետ նստեցի տաքսին, ու նա վարորդին ասաց, որ մեզ Փենդինգթոն կայարան հասցնի։

― Ինչո՞ւ,― ասի։― Ուզում եմ նամակներս վերցնել։ Գոնե տեսնեմ ինչ նամակներ են եկել։

― Ահա նամակներդ,― ասաց գրողը։― Գլոսթերի վերջին գնացքը քսան րոպեից մեկնում է։ Երբ Վիկտորը հայտնեց, որ տուն ես վազել, մտածեցի, թե անմիջապես կգաս իմանալու՝ ինչ է պատահել, դրա համար էլ որոշեցի նստել, քեզ սպասել։ Հետո գուշակեցի, թե հետդ ինչ է կատարվել, տաքսի վերցրի, որ գամ, քեզ ճանապարհեմ կնոջդ մոտ։ Լուրեր էին պտտվում, թե քեզ ու Վիկտորին սպանել են։ Բայց ես շարունակում էի հորդ նամակներ գրել ու Ջիլին էլ, հենց նա գալիս էր Լոնդոն, ասում էի՝ ողջ֊առողջ ես, այնպես որ ամեն ինչ կարգին է։ Իհարկե, շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ Մեր ամբողջ զորամասը նորից Նյու Յորք են ուղարկել։ Ջիլը մոր մոտ էր գնացել, երբ ռումբը ձեր տան վրա է ընկել։

― Իսկ դա ե՞րբ է պատահել։

― Լոնդոնից մեկնելուդ հենց առաջին գիշերը։ Ջիլը մտադիր էր մինչև վերադառնալդ ձեր տանը մնալ, բայց անընդհատ լաց էր լինում, առանց քեզ չէր կարողանում մնալ։ Եկավ Փել Մելի մեր հին բնակարանն ու ինձ ամեն ինչ պատմեց, ես էլ նրան դրեցի տաքսի, տարա կայարան ու գնացք նստեցրի։ Մյուս առավոտ ձեր փողոցը ծայրեծայր ավերված էր։

Մենք ճիշտ ժամանակին հասանք կայարան, գրողը տոմսը վերցրեց, ինձ նստեցրեց գնացք, ու ես վերջապես ճամփա ընկա Ջիլի մոտ ու ճամփին անվերջ փառք էի տալիս աստծուն։

Փառք էի տալիս աստծուն ամբողջ, աբմողջ, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, իմ ամբողջ միս ու արյունով, ամբողջ էությամբ, ախր նա էնպես էր արել, որ Ջիլը տանը չլինի, էնքան սեր էր Ջիլի սրտում դրել,― որ առանց ինձ մի գիշեր էլ չէր կարողացել մեր տանը մնալ։ Ես փառք էի տալիս աստծուն, որ աշխարհ է բերում գրողի պես մարդկանց, ովքեր գիտեն, թե տեղնուտեղը ինչ պիտի անել ու ինչպես անել և իզուր ժամանակ չեն վատնում․ ախր մի ուրիշը միգուցե Ջիլին ասեր, որ գնա տուն ու չվախենա։ Ես փառք էի տալիս աստծուն, որ աշխարհ է բերում Ջո Ֆոքսհոլի պես մարդկանց, թեկուզև կարճ ժամանակով, աշխարհ է բերում Դոմինիկ Տոսկայի պես մարդկանց։ Էնքան բան ունեի աստծուն փառք տալու, որ ուրիշ ոչնչով չէի կարող զբաղվել։

Իսկ հետո գնացքը կանգ առավ Գլոսթերում, ու ես քայլեցի կյանքիս ընդառաջ, որն աստված էդպես հոգատարությամբ պահել ու պահպանել էր ինձ համար։

Գիշերվա մեկն էր, երբ գնացքից իջա ու անխոս պաշտամունքով նայում էի քաղաքին, որովհետև նա էր ինձ պարգևել սրտիս ուզածին ու կյանք տվել,― սիրում էի Գլոսթերը,― ու երբ մոտեցա դռանը, որ պիտի բացվեր իմ առաջ, նախ՝ համբուրեցի, հետո կամացուկ ծեծեցի, ու Ջիլը եկավ ու բացեց դուռը։

Ես գրկեցի նրան, համբույրներ տվի ու նրա կրծքի տակ դեմ առա որդուս․ ինչքա՜ն էր արդեն տղաս մեծացել։

Իսկ Ջիլը ծիծաղում ու լաց էր լինում, հետո մայրը դուրս եկավ՝ հնաձև գիշերանոցը հագին ու Ջիլի պես չստերը ոտքերին, նա էլ էր ծիծաղում ու լաց լինում, հետո Ջիլի փոքր եղբայրներն ու քույրերը եկան գիշերանոցներ հագած, ու բոլորս միասին ծիծաղում էինք ու լաց լինում, բայց քիչ հետո էլ չէինք ծիծաղում, մենակ լաց էինք լինում, որովհետև ես հանկարծ հասկացա, որ Ջիլի ավագ եղբայրը սպանվել է ու էլ երբեք տուն չի դառնալու։ Ոչ ոք ինձ չասաց, բայց ես հանկարծ հասկացա, որ նա մեռած է։ Ընդամենը մի քանի անգամ էի նրան տեսել, բայց արցունքներս թափվում էին ու թափվում, ախր նրա պես տղային սպանել էին։

Ջիլը թեյ սարքեց, ու նրա մայրը, եղբայրներն ու քույրերը սեղան դրին ու տեսակ֊տեսակ ուտելիքներ շարեցին։ Բոլորս նստեցինք ու փորձում էինք ուտել, փորձում էինք զրուցել, բայց չէր ստացվում։ Անընդհատ մեկնումեկը փղձկում էր, սեղանից վեր կենում, փախչում ու մի քանի րոպեից հետ գալիս, հետո մի ուրիշն էր գնում ու էլի հետ գալիս, իսկ ես գլուխս կորցրել էի երջանկությունից ու շնորհակալանքի զգացումից, ցավից ու զայրույթից․ ամեն ինչ խառնվել էր իրար, որովհետև եթե էսքան բանը կարող էր լավ լինել, ինչո՞ւ գոնե մի քիչ ավելի լավ չեղավ։ Ինչո՞ւ Ջիլի ավագ եղբայրը չվերադառնար տուն։ Ինչո՞ւ Ջո Ֆոքսհոլը չվերադառնար տուն։ Ինչո՞ւ Դոմինիկ Տոսկան չվերադառնար տուն։ Ինչո՞ւ մի քանիսին՝ ինձ նման, բաժին է ընկնում ամբողջ երջանկությունը, իսկ մյուսներին՝ ոչինչ։

Քիչ հետո Ջիլի եղբայրներն ու քույրերը գնացին քնելու, իսկ ես ու Ջիլը դեռ երկար նստած՝ խոսում էինք մոր հետ, ա՛հ, նա հիանալի կին էր, աղջկա՝ Ջիլի պես, իսկական թագուհի։ Էլ լաց չէր լինում։ Իր սիրելի որդու՝ Մայքի մսին էր խոսում, բայց էլ լաց չէր լինում։ Իր զարմանալի կյանքից էր պատմում․ ինչքան է համբերել, համբերել, համբերել․ Մայքի ծնվելուց առաջ, մի երեխա էր կորցրել՝ հենց երկունքի ժամանակ․ մյուսին Ջիլի ծնվելուց առաջ էր կորցրել, իսկ դրանից հետո էլ երեխա չէր կորցրել, բայց ամուսնուն էր կորցրել ու հիմա էլ՝ իր սիրելի Մայքին․․․ Եվ ինչի՞ համար․ որ ուզեցել է ի սեր ամուսնու ու երեխաների՝ ընտանեկան լավ օջախ ստեղծել, իր զավակներին պահել, խնամել ու որպես ազնիվ մարդիկ մեծացնել․․․ Է՛հ, նա երկուսիս էլ համբուրեց ու գնաց պառկելու։

Ես գրկեցի կնոջս ու երկա՜ր֊երկա՜ր գրկումս պահեցի, իսկ հետո ասի․

― Ջիլ, էս իրիկուն ես մեռա, երբ տեսա, որ Լոնդոնի մեր տունը չկա, վախենում էի, թե դու էլ չկաս, ու դա ինձ սպանեց․․․ Գիտես, Ջոն էլ մեռավ․ հա, մեռավ, Ջիլ․․․ ու եղբայրդ՝ Մայքն էլ է մեռած․․․ Այ, էս բոլորն ինձ սպանեց։

Բայց իմ քաղցրիկ Ջիլը թե՝

― Մայրիկն ասում է՝ տղա է լինելու։ Զգում է, գիտի։ Ասում է՝ կամ թաթախման իրիկունը կծնվի, կամ Ծննդյան առավոտը։

― Հենց որ նա ծնվի, ես նորից կյանք կառնեմ,― ասի։

Մենք շատ հուզված էինք, որ քնենք, Ջիլը հագնվեց ու դուրս եկանք քայլելու, դուրս եկանք Գլոսթերի լուսաբացը նայելու․ ա՜խ, աշխարհը շատ անուշ է մեռնելու համար։ Շատ քաղցր է մարդ սպանելու համար։ Ինչ լավ է շնչելն ու ապրելը, ինչ հրաշալի բան է տեսնելը։ Մարդ արարածները չպետք է սպանեն մեկմեկու։ Պետոք է սպասեն, մինչև ամեն մեկին աստված իր մոտ կանչի սահմանվա՛ծ ժամին։

Ծանոթագրություններ

  1. Կարլ Կլաուզևից (1780-1831) ֊ գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան, պրուսական գեներալ, մի քանի հայտնի աշխատությունների հեղինակ։
  2. Ուիլյամ Թեքումզե Շերման (1820-91) ֊ ամերիկացի գեներալ, ԱՄՆ֊ի Քաղաքացիական պատերազմում գլխավորել է հյուսիսցիների բանակը, 1869-83 թթ․՝ ամերիկյան բանակի հրամանատար։
  3. «Ահա մանուկը» (լատ․)― ազգությամբ իռլանդացի անգլիացի գրող, 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի ականավոր ներկայացուցիչներից մեկը՝ Ջեյմս Ջոյսի (1882-1941) վերջին բանաստեղծությունը (1932), որն իր խորիմաստ ու բազմանշանակ բովանդակությամբ առաջնակի տեղ է գրավում նրա բանաստեղծական ժառանգության մեջ։
  4. Զբոսայգի Նյու Յորքի կենտրոնական շրջանի՝ Մանհեթըն կղզու, հարավային ծայրամասում։
  5. Հոլիվուդյան խոշորագույն կինոարդյունաբերողներ, 20-40 թթ․ ամերիկյան կինեմատոգրաֆի ամենաազդեցիկ դեմքերից։
  6. Հենրի Դեյվիդ Թորո (1817-62)― ամերիկացի գրող և մտածող։ 1845-47 թթ․, ի որոշումն «ողջախոհ կենսաձևի» առանձնացել է բնության գրկում՝ Ուոլդենյան լճի ափին։ Այդ ռոմանտիկ ռոբինզոնության արգասիքը «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքն էր (1854), ուր արտացոլվել են Թորոյի բնապաշտական աշխարհըկալումն ու փիլիսոփայական կենսազգացողությունը։
  7. «Նոր հանրապետություն»։
  8. «Յեյլի պարբերական»։
  9. «Հետևազորի հանդես»։
  10. «Խորհրդավոր պատմություններ»
  11. «Քաղաք և գյուղ»։
  12. «Ատլանտյան ամսագիր»։
  13. «Անկեղծ խոստովանություններ»։
  14. «Թատերական արվեստ»
  15. «Աշխարհագրական ազգային հանդես»։
  16. Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) ― ԱՄՆ֊ի 28֊րդ պրեզիդենտը (1913-21), Դեմոկրատական կուսակցությունից։
  17. 1919 թ․ հիմնադրված միջազգային կազմակերպություն, որն ըստ կանոնադրության կոչված էր ամրապնդելու «խաղաղությունն ու անվտանգությունը» և ժողովուրդներին համագործակցությունը, բայց իրականում ծառայում էր իմպերիալիստական տերությունների շահերին։ 1939 թ․ փաստորեն դադարել է գոյություն ունենալուց, պաշտոնապես լուծարքի ենթարկվել՝ 1946֊ին։
  18. Ժորժ Կլիմենսո (1841-1929)― Ֆրանսիայի պրեմիեր֊մինիստրը 1906-09, 1917-20ն թթ․։
  19. Քալվին Քուլիջ (1872-1933)― ԱՄՆ֊ի 30֊րդ պրեզիդենտը (1923-29), Հանրապետական կուսակցությունից։
  20. Պատրիկ Հենրի (1736-99)― Ամերիկյան հեղափոխության դարաշրջանի քաղաքական գործիչ, որը հռչակված էր իր ճառերով։ Նրա «Կամ ազատությո՛ւն տվեք, կամ մա՛հ» լոզունգը ԱՄՆ֊ի Անկախության պատերազմի հանրահայտ նշանաբանն էր։
  21. Խոսքը չիկագոմինի ցեղի առաջնորդի դստեր՝ Պոկահոնտասի մասին է, որի անունը առաջին անգամ հիշատակել է տարեգիր Ջոն Սմիթը 1608 թ․, իսկ «Վերջինիայի համընդհանուր պատմության» մեջ (1624)՝ նկարագրել իր ռոմանտիկ արկածը «հնդկացիների արքայադստեր» հետ։ Այս հմայիչ վայրենուհու կերպարը ամերիկյան գրականություն է մտել որպես կանացի անձնուրաց սիրո խորհրդանիշ։
  22. Ջոն Սմիթ (1580-1631)― անգլիացի ծովագնաց, Նոր աշխարհի առաջին գաղութաբնակներից մեկը, ով հետազոտել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ծովեզերքը (1614)։ Նրա գրչին են պատկանում ամերիկյան գրականության անդրանիկ տպագիր երկերը, որտեղ գեղարվեստական շնչով ներկայացված են եվրոպացի գաղութաբնակների և տեղաբնակ հնդկացիների կյանքն ու կենցաղը։
  23. Նյու Յորքի նեգրական թաղամասը՝ Մանհեթըն կղզու հյուսիս֊արևելքում։
  24. Ռադիո սիթի մյուզիք֊հոլ․ նշանավոր համերգասրահ Նյու Յորքում։
  25. Լոնդոնի կենտրոնական շրջաններից մեկը, որը հայտնի է իր ռեստորաններով, գիշերային ակումբներով, խաղատներով և այլ ժամանցավայրերով։
  26. Բնագրում՝ Cockfosters, որ թարգմանաբար նշանակում է «հավաբուծարան», «հավանոց»։
  27. Անգլիացի նշանավոր փոխծովակալ Հորացիո Նելսոնի (1758-1805) հուշարձանը, որը 44 մետրանոց սյուն է, գագաթին՝ ծովակալի 5 մետրանոց արձանը։
  28. Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի շենքը, որը կոչվում է Օլդ Բեյլի փողոցի անունով, ուր և գտնվում է։
  29. 1863 թ․ հուլիսի 1-3֊ը, ԱՄՆ֊ի Քաղաքացիական պատերազմի ժամանակ, Փենսիլվանիայի նահանգի Գեթիսբերգ քաղաքի մոտ հյուսիսցիների բանակը՝ գերեներլ Ջ․ Միդի հրամանատարությամբ, հակահարված տվեց գեներալ Ռ․ Լիի գլխավորած հարավցիների բանակին՝ ստիպելով նահանջել։ Գեթսբերգյան հաղթանակը բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ՝ հօգուտ հյուսիսցիների։
  30. 1931 թ․ ստեղծված Քաղաքական և տնտեսական պլանավորման բյուրոյի անգլերեն անվանման («Փըլիթիքըլ ընդ իքընոմիք փլենինգ») հապավումը։
  31. Միացյալ Թագավորություն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի), Անգլիայի պաշտոնական անվանման կրճատ ձևը։
  32. 1776 թ․ Ֆիլադելֆիայի 2֊րդ Մայրցամաքային կոնգրեսում ԱՄՆ֊ի Անկախության դեկլարացիայի ընդունման օրը։