Վեսլի Ջեքսոնի արկածները

Գրապահարան-ից
Վեսլի Ջեքսոնի արկածները

հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
թարգմանիչ՝ Խ. Հրաչյան
աղբյուր՝ «Վեսլի Ջեկսոնի արկածները», Հայաստան, 1965»

Գլուխ առաջին

Վեսլին երգում է «Վալենսիան» և մի կարևոր նամակ ստանում

Իմ անունը Վեսլի Ջեքսոն է, տասնութ տարիս լրացել է, տասնիննի մեջ եմ մտել, իսկ սիրածս երգը «Վալենսիան» է։ Երևի ամեն մեկն աշխարհում վաղ թե ուշ գտնում է իր սիրած երգը։ Օրինակ՝ ես, գիտեմ, իմը գտել եմ, որովհետև անվերջ երգում եմ ու քնած էլ լինեմ, երգն ականջիս է։ Սիրում եմ, որ մարդ կոկորդով մեկը զլում է․

Վալե՜նսիա,
Երազիս մեջ, թե արթուն
Լսում եմ ես անդադրում,
Կամացուկ ի՜նձ ես կանոչւմ։
Վալե՜նսիա,
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ։
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ,
Տա՛մ֊տա֊րա֊րա՛մ, տա՛֊տա՛․․․

Էս աշխարհում, թե ուզենաս էլ, երգերից չես փախչի, որովհետև անընդհատ մի ցավից պրծնում ես, մյուսի մեջ ընկնում, դե, ցավն էլ որ գալիս է, հետը երգ է բերում։ Ընկերս՝ Հարի Քուքը, երգում է․ «Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, չէիր ծերանա, սիրելիս․․․»։ Էս երգը չսիրած մարդկանց մոտ է երգում․ ուզում է ասել՝ եթե ճար ունենար, նրանք շունչները փչած կլինեին, ոչ թե մաղթում է, որ միշտ ջահել մնան։ Բայց միաժամանակ էնպես է երգում, կարծես հենց երգի հեղինակի մտքինը ասի, կարծես իր հարսնացուի մասին երգելիս լինի՝ սիրտը կոտրված, որ ճար չունի, թե սիրածի ջահել ու դուրեկան տեսքը ընդմիշտ պահպանի։ Ում վրա որ Հարին ատում է կրճտացնում, սա շատ լավ հասկանում է նրա մտքինը, բայց ի՞նչ անի․ պարզ ու հասարակ երգ է, դե գնա ապացուցիր, թե Հարին իր ապագա հարսնացուի մասին չի երգում։ Ոչ մի օրենք չկա, որ սիրածիդ մասին երգելն արգելի։

Նիք Քալին էլ սա է երգում․

Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն,
Թե ինձ դրախտ չըտանես, ասա՝ էլ ես ի՞նչ անեմ։
Երկնի դուռն են ցույց տալիս հըրեշտակները վերից,
Էլ չեմ կարող դիմանալ այս աշխարհում տանջալից։

Նիքն էլ է իր երգը երկու ձևով երգում․ լուրջ ու ծաղրանքով։ Մի կողմից հասկանում ես, որ ասում է՝ «Չէ, էս կյանքը սրտովս չի», բայց մյուս կողմից էլ գիտես, որ մի բան էլ կա մտքում․ «Հա, սրտովս չի, բայց չէի ուզի կյանքից հեռանալ, իսկ թե հեռանալու լինեմ, աստծու սիրույն, գոնե սրանից լավ տեղ ընկնեմ այ, թող դրախտ գնամ»։ Մի կողմից հասկանում ես, որ Նիքը մի տեսակ ուրիշ, անհասանելի կյանքի կարոտով է ապրում, բայց մյուս կողմից էլ գիտես, որ իր կարոտը ձեռ է առնում։ Ամեն անգամ, հենց Նիքի երգը ականջիս է հասնում կամ էլ միտքս գալիս, սիրտս էնպես է սևանում՝ ուզում եմ ուրիշ մարդ լինել, ոչ թե էն, ինչ որ կամ։ Ուզում եմ թեկուզ չինացի լինել, էսկիմոս, բայց ոչ էն ինչ որ կամ, Սան ֆրանցիսկոյում ծնված ամերիկացի, որի դուբլինցի մայրն ու լոնդոնցի հայրը հանդիպել են Սան Ֆրանցիկսկոյում, սիրահարվել իրար, ամուսնացել ու երկու որդի ունեցել, ինձ ու եղբորս՝ Վիրջիլին։ Սիրտս խառնում է կյանքից, երբ լսում եմ, թե ոնց է Նիք Քալին հարցնում՝ ախր ի՞նչ անի, եթե աստված իրեն դրախտ չտանի։

Ինչքան մարդ գիտեմ, ամեն մեկը մի երգ ունի, որ ինչ֊որ տեղ լսել է ու մտքում պահել, որը նրա համար հատուկ իմաստ է ստացել։ Տեսնես հռչակավոր մարդի՞կ ինչ են երգում՝ երբ մենակ են, չորս կողմը ոչ ոք չկա։ Դե, եկեղեցում մի բան ես երգում, մենակ մնալիս՝ ուրիշ։

Ուրեմն՝ արդեն իմացաք անունս, իմացաք՝ քանի տարեկան եմ ու որն է սիրածս երգը, բայց ամենակարևորն իմ մասին, որ պիտի իմանաք, չգիտեք․ ես սիրուն տղա չեմ։ Ոչ թե մի քիչ գեշ եմ, ասենք՝ որոշ տղերքի պես, չէ, իրոք գեշ եմ։ Չգիտեմ ինչից է, ինչից չէ, բայց էդպես է ու վերջ։ Ամեն սափրվելիս մնում եմ ապուշ կտրած։ Հավատս չի գալիս, թե մարդ էսքան անշնորհք կերպարանք կունենա, բայց արի տես, որ ցցվել է աչքիս առաջ ու էդ հենց ես եմ, ես և ուրիշ ոչ ոք․ Վեսլի Ջեքսոնը, բանակային հերթական համարով՝ 39339993֊ը։ Ասա՝ իսկի գիտե՞ի, թե ինչքան եմ գեշ, մինչև որ երեք տարի առաջ չսկսեցի սափրվել ու օրումեջ կերպարանքս տեսնել։ Այ, դրա համար էլ սափրվելու հետ սեր չունեմ։ Չէ, սափրվելուն դեմ չեմ, ոչ էլ կոկիկ երևալուն, բայց դե ճար չկա, սափրվելիս պիտի ինձ հայելում նայեմ, իսկ էնտեղ հո մի մռո՜ւթ չեմ տեսնում, զզվանքս էնպես է գալիս, որ էսկիմոս էլ չեմ ուզում լինել, ուզում եմ մեռնել պրծնել։

Հենց դրա պատճառով էլ երեք տարի առաջ գլուխս մտավ, որ ավելի լավ է մարդկանց աչքին չերևամ։ Երկար֊բարակ թափառում էի կամ գիրք էի կարդում։ Թափառելիս մտածում ես, կարդալիս էլ ուրիշ մարդկանց մտքերն իմանում․ մեծ մասամբ երևի տեսքից անդուր մարդկանց։ Շատ֊շատ թափառելուց, շատ֊շատ կարդալուց ու շատ մտածելուց հետո սկսում ես քեզ ու քեզ տալ֊առնել, ավելի ճիշտ՝ ոչ էլ քեզ ու քեզ, գրքերում հանդիխած մարդկանց հետ ես տալիս֊առնում։ Ու հանկարծ սիրտդ էնպե՜ս է ուզում, որ կենդանի մեկի հետ զրուցես, բայց խոսքի կծիկը բացում ես թե չէ, է՛հ, չեն հասկանում՝ ինչից ես խոսում, որովհետև քո կարդացած գրքերը չեն կարդացել, մտքովդ անցածն իրենց մտքով չի անցել ու շատ հնարավոր է՝ քեզ գժի տեղ դնեն։ Միգուցե հենց էդպես էլ կա, բայց ի՞նչ իմանաս՝ ով է գիժ, ով չէ։ Օրինակ՝ ես սիրտ չէի անի ոչ մի մարդու գժի անուն կպցնել։ Բա որ սխալվե՞մ։

Էսքանից հետ խելքիդ փչում է, որ մեկնումեկին պիտի նամակ գրես, դե, ես էլ էդպես արի։ Ավելի շուտ՝ որոշեցի, թե պիտի գրեմ, բայց ասենք՝ գրեցի, է՛, ո՞ւմ ուղարկեմ։ Աչքս բացել֊չեմ բացել, կյանքիս մեծ մասը մայրիկը հայրիկից բաժանված է եղել, ու ես մորս հետ ոչ մի կապ չունեմ։

Թե հորս գրեի․․․ գրողը տանի, ախր չգիտեի էլ՝ որտեղ է, ինչ է։ Եղբորս՝ Վիրջիլին գրեի․․․ է՛հ, տասներեք տարեկանին ի՞նչ պիտի գրես, թեկուզ հենց շատ լավ ճանաչելիս լինես, իսկ ես նրան մի կարգին չէի էլ ճանաչում։ Թե պրեզիդենտին գրեի․ բա չէ՞ր զարմանա։

Ուրիշ ոչ մեկի էլ էնքան լավ չգիտեի, որ նամակ ուղարկեի, դրա համար էլ վերջը որոշեցի միսիս Ֆոքսին գրել՝ Սան Ֆրանցիսկոյի կիրակնօրյա դպրոցի մեր ուսուցչուհուն։

Հայրիկն էր ստիպում, որ կիրակնօրյա դպրոց հաճախեմ․ ասում էր, թե ինքը կյանքի ճիշտ ճամփից շեղվել է, ու աչքը վախեցած է, մեկ էլ տեսար՝ ես էլ շեղվեցի, եթե ճիշտ ճամփան ցույց տվող չլինի։ Ասում էր՝ էլի դու մի ճար անես երկուսիս համար, բայց գրողը տանի, հարբեցողը հո ե՞ս չէի, ինքն էր։ Դե թող ի՛նքն էլ կիրակնօրյա դպրոց հաճախեր։

Միսիս Ֆոքսին մի երկար նամակ գրեցի, պատմում էի, թե վերջին անգամ իրեն տեսնելուց հետո, այսինքն՝ անցած ինը տարում, գլխովս ինչ է անցել֊դարձել։ Դժվար թե նրա հիշողության մեջ մնացած լինեի, բայց ինձ թվում էր, որ անպայման պիտի մեկնումեկին գրեմ, դե, ես էլ նրան գրեցի։ Բանակում ծառայելուց էլ ինչ օգուտ, եթե գոնե մեկ֊մեկ նամակ չգրես ու մեկ֊մեկ էլ գրածիդ պատասխան ստանաս։ Միսիս Ֆոքսը կպատասխաներ՝ շատ լավ։ Չէր պատասխանի՝ ոչինչ։

Մի իրիկուն էլ, միսիս Ֆոքսին նամակ ուղարկելուց մոտ մի ամիս անց, փոստը բաժանելիս հո իրարանցո՜ւմ չընկավ․ դու մի ասա՝ իմ անունով նամակ է եկել։ Վերնոն Հիգբին իսկական պատմություն սարքեց։ Փոխանակ նամակը տար, ոնց որ ուրիշներին էր տալիս, հայտարարեց, թե ուզում է պաշտոնապես հանձնել։ Տղերքին էլ դրա պես բան էր պետք, կարգին ուրախացան, ես էլ առանձնապես չեմ ու չում չարի, սրանք, ուրեմն՝ ճամփա բացեցին, որ մոտենամ տախտակամածին։ Էդ արանքով անցա ու բարձրացա տախտակամած, Վերնոնի կողքին կանգնեցի, ասի՝ իրենց սրտով գնամ։ Գիտեի՝ ուզում են մի փոքր ուրախանալ, դե, բանակում էլ որ տղերքն ուզում են մի փոքր ուրախանալ, լավ է չհակառակվես, թե չէ նրանք մի բան էլ ավելի կհրճվեն, իսկ դու՝ ոչ մի մազաչափ։ Բայց եթե սրտներով գնացիր, դու էլ հետները կուրախանաս։ Ասենք՝ մարդիկ վրադ ծիծաղում են, ո՞ւմ են ծիծաղատեղ սարքում։ Ախր ես ինքս եմ վրաս ծիծաղում, էլ ինչո՞ւ բանակի ընկեր տղերքը չծիծաղեն։ Երևի ամեն մեկն էլ տասնութ տարեկան դառնալուց հետո սովորում է իր վրա ծիծաղել։

Հա ուրեմն՝ հենց բարձրացա, Վերնոնի կողքին կանգնեցի, բոլորը ծիծաղից թուլացան, հո չեն հրճվո՜ւմ, Վերնոնն էլ էնպես ձեռքը վեր ցցեց, կարծես հռետոր է, ունկնդիրներին կարգի է հրավիրում։

― Լռությո՛ւն, ոչ մի ծպտուն չլսեմ,― ասաց։― Ամբողջ ծառայությանս ընթացքում, ինչքան որ Բ վաշտի փոստային գրագիրն եմ, սրանից կարևոր իրադարձություն չի եղել։ Պատիվ ունեմ հայտարարելու․ ամերիկյան փոստով մի նամակ է եկել։ Էլ ավելի մեծ պատիվ ունեմ հայտնելու, որ նամակը շարքային Վեսլի Ջեքսոնի անունով է։ Երեք անգամ «ուռա՛» շարքային Ջեքսոնի պատվին։

Տղերքն «ուռա՛» կանչեցին, իսկ ես անընդհատ մտածում էի, թե տեսնես միսիս Ֆոքսն իր նամակում ինչ է գրել։ Ու անընդհատ, ոնց որ մի ձայն ականջիս տակ «Վալենսիան» երգեր։

«Ուռաներից» հետո մեկը հարցրեց․

― Ումի՞ց է նամակը։

Մի ուրիշն էլ թե՝

― Հավատալու բան չի, որ Վեսլին սիրած ունենա։

Բայց ես ուշադրություն չդարձրի։

― Վրա մի տվեք,― ասաց Վերնոն Հիգբին։― Շարքային Ջեքսոնի սիրալիր թույլտվությամբ, ես ձեզ կհայտնեմ նամակն ումից է։ Ինչ վերաբերում է շարքային Ջեքսոնի սիրած ունենալուն, թե չունենալուն, հաստատական կամ ժխտական պատասխանը մեր պաշտոնական արարողության մեջ չի մտնում։ Ձեռքիս նամակը շարքային Ջեքսոնի մասնավոր սեփականությունն է, որովհետև շատ պարզ ու որոշակի հասցեագրված է նրան․ ծրարի վրա նշված են նրա կոչումը՝ շարքային, անուն ազգանունը՝ Վեսլի Ջեքսոն, բանակային հերթական համարը՝ 39339993, մի խոսքով, ամեն ինչ՝ տեղը տեղին, ըստ զինվորական կանոնադրության։ Երեք անգամ «ուռա՛» զինվորական կանոնադրության պատվին։

Տղերքը կանոնադրության պատվին էլ «ուռա» կանչեցին, իսկ հետո Վերնոնոը թե՝

― Ուրեմն՝ ումից է նակա՞կը։ Սան ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի Երիցական եկեղեցուց։

Էստեղ Վերնոնը դարձավ ինձ։

― Շարքային Ջեքսոն,― ասաց,― ես մեծ հաճույքով Սան Ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի Երիցական եկեղեցու ուղարկած նամակը ազգի անունից հանձնում եմ քո ձեռքը։ Սան Ֆրանցիսկոն մոտ է իմ սրտին, որովհետև մեր տանից, Սան Լեանդրոյից, ընդամենը ինը մղոնի վրա է՝ ծովածոցի մյուս ափին, իսկ մեր կայազորից՝ մի երկու հարյուր մղոնի վրա։

Վերնոնը կրունկները խփեց իրար ու զգաստ կանգնեց։ Չգիտես ինչու, իրենց նամակներին սպասող բոլոր տղերքը երևի մի հարյուր հոգի, նույնը արեցին։ Ոչ թե հետևեցին Վերնոնի օրինակի, չէ՛․ հենց տեղնուտեղը՝ նրա հետ միասին, կրունկներն իրար խփեցին ու զգաստ կանգնեցին, ոնց որ հեռագրալարին թառած ծտերի երամն է միանգամից թևին տալիս, թռչում։ Պարզ է, գլխիս օյին էին խաղում, բայց ես բոլորովին էլ դեմ չէի։ Նրանց արածը նույնիսկ մի քիչ դուր էր գալիս ինձ․ ախր մեր տղերքին տեսած չկայի էդքան աշխուժացած, իսկի շքերթին էլ էդպես չէին լինում։ Բանը որ խաղ սարքելուն է հասնում, ամեն տղա էլ աշխուժանում է, ինչ ասես անում։ Դե, միսիս Ֆոսքն էլ պատասխանել էր նամակիս, ու ես քիչ հետ կարդալու էի նրա գրածը։

Վերնոնը գլուխ տվեց, նամակը մեկնեց ինձ, ու բոլորն էնպես բարձր հռհռացին, որ էդ տեսակ հռհռոց մենակ բանակում լսես, մեկ էլ երևի ուղղիչ գաղութում։ Մինչև շնչակտուր անտառ ընկնելս, նրանց հռհռոցը ականջիս էր հասնում։ Կայազորի կողքի էդ անտառը շուտ֊շուտ էի գնում։ Տեղ հասա թե չէ, նստեցի մի ծառի տակ, նամակը դրի գետնին, ու աչքս վրայից չէի կտրում։

Կյանքումս առաջին անգամ էի նամակ ստանում, անուն֊ազգանունս ու մնացած ամեն ինչ ծրարի վրա մեքենագրված, օ՜, Վալենսիա։

Քիչ հետո ծրարը բացեցի, որ տեսնեմ, թե միսիս Ֆոքսն ինչ է գրում, բայց պարզվեց՝ նամակը միսիս Ֆոքսից չի, եկեղեցու քարոզիչն է գրել։ Նա ցավով հայտնում էր, որ միսիս Ֆոսքը մահացել է։ Երեք ամիս առաջ, յոթանասունմեկ տարեկանում, քնի մեջ կնքել էր մահկանացուն։ Քարոզիճը գրում էր, թե իրեն թույլ է տվել նամակս բացել ու իր ասելով՝ մի վեց անգամ կարդացել էր։ Նա ափսոսում էր ինձ երբեք չհանդիպելու համար, որովհետև, դատելով նամակիցս, ես օրինակելի պատանի եմ, բարեպաշտ քրիստոնյա (ո՜նց էլ չեմ իմացել․ հայրիկը լսեր, շատ կուրախանար)։ Քարոզիչը գրել էր, թե կաղոթի ինձ համար ու համոզում էր, որ ես էլ աղթոեմ, բայց չէր խնդրում իր համար աղոթել։ Ուրիշ շատ բաներ էլ էր գրել, կարդում էի, ու աչքերիցս գլոր֊գլոր արտասուք էր թափվում, որ միսիս Ֆոքսը մեռել է, ու վերջում ասված էր․ «Երկար ու մանրակրկիտ մտորումներից հետո որոշեցի ձեզ մի բան հայտնել։ Հուսով եմ այնքան հոգու արիություն կունենաք, որ ասածս արժանապատվությամբ ու խոնարհությամբ ընդունեք․ ԴՈՒՔ ԳՐՈՂ ԵՔ։ Ես ինքս էլ կյանքիս քառասուն տարիների մեծ մասը գրելով եմ զբաղվել և պիտի ասեմ, որ թեև տքնանքս ապարդյուն չի եղել (տասնհինգ տարի առաջ սեփական խասերով մի ոգեշնչող գրքույկ հրատարակեցի, վերնագիրը՝ «Արցունքների միջից էլ ժպտացեք», և հայր Ռ․Ջ․ Ֆեդրուելը՝ Կալիֆոռնիայի Սոսալիտո քաղաքից, գրքիս մի ամբողջ քարոզ նվիրեց, որտեղ ասում էր․ «Ահավասիկ մի գիրք, որին աշխարհը շատ երկար է սպասել, գիրք, որի մեղմիկ լույսին այնպե՜ս ծարավի է մութ ու մեղսավոր աշխարհը»), ուրեմն՝ թեև ինչպես նշեցի, տքնանքս ապարդյուն չի եղել, բայց պիտի ասեմ, որ դուք ինձանից լավ եք գրում, ուստի պարտավոր եք գրել։ Գրե՛ք, որդիս, գրե՛ք»։

Է՛հ, մտածեցի, կա֊չկա էս մարդու ծալը պակաս է, բայց հետո որոշեցի նրա խորհուրդը ականջի հետև չգցել․ այ թե ոնց եղավ, որ էս պատմությունը սկսեցի գրել։ Դե, հիմնականում ամեն ինչ իմ մասին է, որովհետև ուրիշ ոչ մեկին էդպես հինգ մատի նման չգիտեմ, բայց ուրիշների մասին էլ եմ պատմում, ինչքան որ նարնց գիտեմ։

Միսիս Ֆոքսին գրած նամակում աշխատել էի լեզվիս ազատություն չտալ, մտքերիս էլ հետը, բայց հիմա էլ զգուշանալու բան չունեմ, լեզվիս եկած ամեն ճիշտ խոսք պիտի ասեմ, ինչ լինում է լինի։

Գլուխ երկորդ

Վեսլին բացատրում է, թե բանակը մարդուն ինչ օրն է գցում, իր կարծիքով՝ մի ճիշտ խոսք է ասում, ու քունն էլ չի տանում

Արդեն ասացի, որ քարոզչի ուղարկած նամակը՝ ի պատասխան միսիս Ֆոքսին գրածիս, կյանքումս ստացած միակ նամակն էր, բայց դա էնքան էլ ճիշտ չի, թեպետ սուտ էլ չի։ Մի անգամ էլ պրեզիդենտից եմ նամակ ստացել, բայց դժվար թե նա բանից տեղյակ լիներ, դրա համար էլ էդ մեկը չեմ հաշվում։ Ինչ֊որ էր, անձնական նամակ չէր։ Ոչ էլ անկեղծ էր երևում։ Կարդացի «բարևներս» բառն ու մնացի զարմացած՝ ինչո՞ւ «բարևներս», ոչ թե «մնաս բարով», քանի որ խոսքն ինձ բանակ տանելուն էր վերաբերում։ Ասում են՝ թե մեջդ շունչ կա, ուրեմն բանակի ապրանք ես, իսկ իմ շունչը շատ լավ էլ վրաս էր։ Բանակի մասին ինչ ասես էի լսել՝ թե՛ ծիծաղելի և թե՛ գարշելի, բայց լսած֊չլսածիցս վերջը մի բան էր հասկացվում, որ էսօր֊էգուց ինձ համազգեստ կհագցնեն, որովհետև դատված չեմ, հոգեկան խանգարում չունեմ, սիրտս հիվանդ չի, արյան ճնշումս հիանալի է, ձեռուոտս՝ բոլոր մատները հետը, աչքուականջս ու ի ծնե ինձ տրված մարմնիս մյուս մասերը տեղն են։ Դուրս էր գալիս, որ ես կարծես թե լույս աշխարհ եմ եկել հենց զինվոր դառնալու և Սան Ֆրանցիսկոյի ծովափին կամ հանրային գրադարանում պարզապես ժամանակ էի սպանում, մինչև պատրեազմ հայտարաեն։ Բայց ես իսկի էլ բանակ գնալու տրամադրություն չունեի։ Ընդհակառակը՝ չգնալու տրամադրություն ունեի։

Մի երկու անգամ մտքովս անցավ, որ փախչեմ սարերը, մի տեղ թաքնվեմ, մինչև պատերազմը վերջանա։ Նույնիսկ մի անգամ էլ սարերում կյանքս դասավորելու համար ինչ պետքն է՝ հավաքեցի, կապոց արի ու տրամվայով ճամփա ընկա քաղաքից դուրս, ինչքան որ տանի։ Դուրս եկա Մեծ մայրուղի ու մի պատահական մեքենայով վաթսուն մղոն դեպի հարավ գնացի՝ մինչև Գիլրոյ, բայց չորս կողմս նայեցի, տեսա ամեն ինչ նույնն է, ու բոլորն էլի իրարով անցած պատերազմից են խոսում։ Մարդիկ ասես պատերազմացավ էին կպել, ուղղակի զզվանքդ կգար։ Փող տվի, հացով բիֆշտեքս առա, մի բաժակ էլ սուրճ խմեցի ու պատահական մեքենայով հետ եկա տուն։ Արածիս մասին ոչ մեկի չասացի։ Բերանիցս խոսք էլ չթռցրի, թե ոնց էի աչքիս պոչով նայում ծովափնյա սարերին, որտեղ որոշել էի մինչև պատերազմի վերջը պահ մտնել և ինչքան մենակ ու անճարակ էի ինձ զգում, էնքան մտամոլոր խղճուկ ու ամոթահար, որ արար աշխարհն ատելի դարձավ, բայց ատելությունն ախր սրտիցս չէր գալիս, որովհետև աշխարհը մարդիկ են, իսկ մարդիկ շատ են սրտիդ մոտ ատելու համար։ Դե, ես էլ ոնց որ բոլորը․ մի որոշ ժամանակ էլ անցկացրի, ու երբ օրը եկավ, գնացի Մարքիթ փողոց 444 շենքը՝ զինվոր գրվելու։

Բայց հիմա էդ բոլորը Նոյի տարվա պատմություն է, իսկ ես միտք չունեմ անցած֊գնացած հին֊հին բաները նորից մեջտեղ բերել։ Մի օր էս ամբողջ պատերազմն էլ Նոյի տարվա պատմություն կդառնա, ու ես կուզեի իամանալ, թե էդ ժամանակ սրա մասին խոսքը մեկ արած՝ ինչ պիտի ասեն։ Շատ կուզեի իմանալ, թե սրա վերջն ինչ է լինելու։ Չէի էլ զարմանա, եթե էս պատերազմը, ռադիոյի ասածի պես, շրջադարձային կետ դառնար։ Բայց այ քեզ փորձանք՝ հենց էդ «շրջադարձային կետ» կոչվածը մի քիչ ծանրութեթև ես անում, էն եզրակացությանն ես գալիս, թե աշխարհի երեսին ոչ մի բան չկա, որ շրջադարձային կետ չլինի, ու շրջադարձի մեջ միակ կարևորը սա է․ ինչից դեպի ինչն է շրջադարձ կատարվում։ Եթե ոչնչից՝ ոչինչը, էլ էդ շրջադարձի օգուտը ո՞րն է։ Միգուցե հնարավոր է աչք փակել, դա չտեսնելու տալ, թեպետ գլուխս չի մտնում, թե պատրեազմը ո՞նց պիտի չտեսնելու տաս, եթե ոչ հաշմանդամ ես, ոչ էլ խելագար․ ախր մի օր փոստարկղիդ մեջ ծրար կգտնես, ու հերիք է, որ էդ ծրարը բացես, կյանքդ միանգամից տակնուվրա կլինի։

Հիշում եմ՝ քանի պատերազմը չէր սկսվել, ամբողջ երկրով մեկ ոչ ոք իմ գոյության մասին չգիտեր, ոչ մեկի պետքը չէր՝ ես կա՞մ, թե չկամ։ Ոչ ոք ինձ չէր խնդրում, որ մեջտեղ ընկնեմ ինչ է՝ խաղաղության հարեցրն իմ օգնությամբ լուծվեն։ Բայց ախր ես միշտ էլ նույն մարդն եմ եղել ու միշտ էլ փողից մի քիչ նեղվել եմ։ Այ դրա համար էլ, երբ ամբողջ երկիչը պատերազմի հենց սկզբից մի մեծ ու միասնական ընտանիքի ոգով լցվեց, էդ ոգևորության կրակին յուղ ածողները աչքիս կասկածելի երևացին, որովհետև դրանց նմանները, ինչքան հասկացա, անվերջ ժպտում են, հույսը երբեք չեն կորցնում ու հերոս դառնալու համար ուշքները գնում է, այնինչ զինվորական համազգեստով մարդիկ մեծ մասամբ շփոթված են, խեղճացած ու եթե ժպտում են, ուրեմն ուրիշ անելու բան չեն գտել, մեծ֊մեծ հույսեր էլ բնավ չունեն, քանի որ խելքները շատ չի կտրում, թե չորս կողմն ինչ է կատարվում, էդ բոլորն ինչ է նշանակում ու վերջն ինչ է լինելու, ուզում եմ ասել՝ վերջն ինչ է իրենց գլխին գալու։ Նրանք երբեք էլ հերոս դառնալու համար ձեռնուոտ չեն ընկնում, որովհետև կյանքները մազից է կախված, գիտեն, որ մի թեթև էլ բախտները չբերի, հերոս դառնալու տեղ հանգուցյալ կդառնան։ Մարդ որ էսքանը հասկանում է, էլ չի կարող սրտանց ուրախանալ ու բոլորի հետ անկեղծ հոգով ցնծալ։ Իմ բանակային կյանքի առաջին օրերին՝ զորակոչիկների հավաքակայանում, հետս մեկը կար, անունը՝ Հենրի Ռոուդս, շուտ֊շուտ ասում էր․ «Էս իսկը անբանների տեղ է, Ջեքսոն, ես ու դու էլ ՝ հենց երկու անբան»։

Հենրի Ռոուդսը փորձագետ հաշվապահ էր ու մինչև զորակոչվելն աշխատել էր Սան ֆրանցիսկոյի Մոնթգոմերի փողոցի հիմնարկներից մեկում։ Նա երեխա չէր։ Քառասուներեք տարին արդեն լրացել էր, բայց էդ օրերին բոլորին էլ զորակոչում էին։

Արդեն խոստացա, լեզվիս եկած ամեն ճիշտ խոսք պիտի ասեմ, ինչ լինում է լինի։ Այ, հիմա ժամանակն է որ, իմ կարծիքով, մի ճիշտ բան ասեմ, բայց հակառակի պես, ահը սիրտս է ընկել, մահու չափ վախենում եմ։ Դե, բանակում եմ, դրա համար էլ վախենում եմ, բայց ով բանակում չի, ի՞նչ ունի վախենալու, գրողը տանի։ Պատերազմը սկսվում է թե չէ, մարդու իմացած֊չիմացածը ոնց որ գլխին թռչի, ամենափուչ բանն էլ մտքից հանում է ու ատամները սեղմած՝ բերանը պինդ փակում, ինչքան էլ գիշեր֊ցերեկ ականջը տանող ստերից սիրտը վառված՝ տնքա։

Հենց բանակ եկար, առաջին օօրվանից սկսած՝ քեզ ահ են տալիս, մահու չափ վախեցնում։ Ամենից առաջ ռազմական դատարանով են ահ տալիս։ Էնքան մարդկություն չունեն, որ տեսնեն նեղն ես ընկել, օգնեն․ չէ՛, մտքներով էլ չի անցնում, մենակ թողնես մահվան սպառնալիքներ տան ու վերջ։ Ձեռքդ բարձրացնում ես, որ երդում ուտես, բերաններից արդեն էդ է դուրս գալիս։ Ձեռքդ չիջեցրած, դեռ բանակի շարքերը չմտած՝ ահ են տալիս․ «․․․մահվան կդատապարտվես»։ Ախր հիմա սա է քո հարազատ ընտանիքը՝ էս նույն մարդիկ, որ էլի հազար ու մի բան են ասում, ու դու մնում ես շվարած, երբ իմանում ես, թե ամեն րոպե գլխիդ ինչ պատիժ է կախված։ Իհարկե, դժվար թե մեկնումեկին իրոք էդպես պատժեն, բայց էդ «մահ» ասածն անընդհատ աչքիդ առաջ է, բանակային կարգուկանոնի ամբողջ գաղափարը դրա վրա է հենված ու ամեն մի չնչին, շնչիդ նստած կանոնը խախտելու դեպքում՝ անմիջապես մեջտեղ է գալիս։ Մարդ ես, ասենք թե ծարավել ես, օրը ցերեկով դուրս եկար ջուր խմելու, դա կոչվում է «ինքնագլուխ բացակայություն» ու շատ լուրջ հանցանք է, սրա համար պատիժ է հասնում, որի անունը չնայած «արտահերթ վերակարգ» է, բայց իրականում նույն մահապատիժն է։ Կամ ասենք թե տաշտը ջուր լցնելու տեղ ծորակի տակ ես լվացվում․ էլի արտահերթ վերակարգ ես ստանում, բայց սա, ինչքան որ զգացել եմ կաշվիս վրա, ուղղակի սպանության մի ուրիշ անվանում է։ Վեց֊յոթ ամիս էս կարգուկանոնով նստել֊վեր կենալուց հետո թե մահու չափ չվախենաք, գլուխներդ չկորցնեք կամ էլ չկատաղեք, ուրեմն ինձանից պինդ եք, որովհետև չնայած ես յոլա գնացող եմ, ամեն ինչին մատների արանքով եմ նայում, ու եթե ճիշտը վերցնենք, պիտի ոչ վախենայի, ոչ գլուխս կորցնեի, ոչ էլ կատաղեի, արի տես, որ և վախեցել եմ, և գլուխս եմ կորցրել և կատաղել եմ։ Գիտեմ, որ լավ չի, բայց դե ինչ արած։

Ինչ որ է, խոսքս Հենրի Ռոուդսի մասին էր, ու էն ճիշտ բանը, որ պիտի ասեի, բայց վախից չասացի, որովհետև բանակում եմ, սա էր․ Հենրի Ռոուդսը թթված էր կառավարության վրա, որ իրեն էլ են զորակոչել։

Այ, էս դատարկ բանն էի վախենում ասել։

Ամոթից գետինն եմ մտնում։

Էս մտքերից աչքիս քուն չի գալիս, բայց մեկ֊մեկ էլ քունս փախչում է, որովհետև գիշերը մինչև լույս տղերքն աղմկում են զորանոցում, լեզվին տալիս, անամոթ պատմություններ անում, երգում կամ իրար գլխի օյիններ դնում, ոնց որ օրինակ՝ Դոմինիկ Տոսկան ու Լու Մարիաչչին են իրենց մեջտեղը քնող Դոմինիի եղբորը՝ Վիկտորին ձեռ առնում։

Վիկտորը քնում է թե չէ, Դոմինիկը մի կողմից, Լուն էլ մյուս կողմից, սկսում են նրա ականջին փսփսալ․ «Չեմ ուզում բանակում ծառայել։ Էս ի՞նչ կրակ եկավ գլխիս։ Ինձ համար ապրում էի։ Չեմ ուզում զինվոր լլինել։ Ոչ մեկին չեմ ուզում սպանել։ Ուզում եմ տուն գնալ։ Չեմ ուզում մեռնել»։ Էսպես փսփսալով՝ կամաց֊կամաց ձայններն էնքան են բարձրացնում, մինչև խեղճ Վիկտորը զարթնում է ու վրա բերում․ «Է՜, դե լավ էլի՜։ Թե մամային չասեմ, Դոմինիկ»։ Բարաքի բոլոր տղերքը ծիծաղից մեռնում են, ես էլ հետները, չնայած ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում։

Գլուխ երրորդ