Վիպասանական հայերեն

Գրապահարան-ից
16:20, 13 Ապրիլի 2016 տարբերակ, Noch (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիպասանական հայերեն

հեղինակ՝ Հրաչյա Աճառյան
աղբյուր՝ «Վիպասանական հայերեն»

Նախ քան Ե դարը հայերը գրավոր գրականություն չեն ունեցել․ մինչեւ այդ ժամանակ հայերեն լեզվով ոչ մի տող, ոչ մի տեսակ գրությամբ կամ այբուբենով գրի չէ առնված[1]։ Եղածը միայն բանավոր գրականություն էր, որ բաղկացած էր ժողովրդական երգերից, զրույցներից ու առասպելներից, որոնք երգվում ու պատմվում էին բերնե բերան ավանդաբար։ Այս շրջանը կոչվում է վիպասանական շրջան, հանուն այն երգիչների կամ վիպասանների, որոնք (հատկապես Գողթն գավառից) շրջում էին Հայաստանի այլ եւ այլ կողմերը եւ ժողովրդի մեջ երգում բանդիոի վրա այն վիպական երգերը, որ իրենք էին հնարում դյուցազների, քաջ թագավորների եւ նշանավոր հերոսների վրա։ Այս երգերից ամենամեծը մի դյուցազներգություն էր, որ պատմում էր հայոց Արտաշես Ա թագավորի, Մեծն Տիգրանի, Արտավազդ Ա֊ի, Արտաշես Բ֊ի, ինչպես եւ Միհրդատի, Հրադամիզդի եւ Տրդատ Ա֊ի պատմությունը, ընդգրկելով Արտաշատի հիմնարկությունից (180 ն․ Ք․) մինչեւ Ալանաց արշավանքը (72 թիվ), այն է՝ ամբողջ 252 տարվա մի շրջան[2]։

Չենք հիշում մնացյալ մեծ ու փոքր զանազան երգերը, որոնցով հարուստ էր այդ ժամանակի բանավոր գրականությունը։

Երբ քրիստոնեությունը մտավ Հայաստան, հոգեւորականությունը հակառակ կանգնեց այդ երգերին, հեթանոսության այդ մնացորդներին։ Սակայն ժողովուրդը բնականաբար չէր լսում այդ հոգեւորականներին եւ իր զվարթ օրերին, խնճույքների եւ ուրախության ժամանակ զվարճանում էր նրանցով։ Փավստոսը պատմում է, թե ինչպես իշխան եւ ժողովուրդ արհամարհում էին կրոնավորների քարոզները եւ սիրով ու հաճույքով լսում միշտ իրենց այդ հեթանոսական երգերը։ «Զի ի վաղնջուց, յորմէ հետէ առին նոքա զանուն քրիստոնէութեանն, լոկ միայն իբրեւ զկրօնս իմն մարդկութեան յանձինս իւրեանց եւ ոչ ջերմեռանդն ինչ հաւատովք ընկալան… Խառնադանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն եւ կամ շինականութեանն, եթէ զցայգ եւ զցերեկ նստեալ վարդապետացն եւ ըստ նմանութեան ամպոցն իբրեւ զյորդահեղեղ ինչ անձրեւաց սաստկութիւն զվարդապետութիւնն ի վերայ հոսէին, եւ ոչ ոք ի նոցանէն եւ ոչ մի ոչ, եւ ոչ մի բան, եւ ոչ կէս բանի, եւ ոչ դոյզն յիշատակ ինչ, եւ ոչ նշմարանս ինչ զոր լսէինն, եւ ոչ կարէին ինչ ունել ի մտի։ Վասն զի միտք իւրեանց ընդ անպիտանս ընդ անօգուտս եւեթ զբօսեալ էին… ընդ չքոտի մտացն ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց, բարբարոս խուժադուժ միտս ունելով։ Եւ զիւրեանց երգս առասպելաց զվիպասանութեանն սիրեցեալք ի փոյթ կրթութեանցն եւ նմին հավատացեալք, եւ ի նոյն հանապազորդեալք» (Բուզ․, Գ․ ժդ)։ Երգերի հետքերը գտնում ենք դեռ ԺԱ դարում․ բայց ինքնին հասկանալի է, որ ոչ ոք մինչեւ այդ ժամանակ չպիտի հետաքրքրվեր նրանց հավաքմամբ կամ ուսումնասիրությամբ։ Հետեւաբար եւ այդ բոլորը մեզ համար անդարձ կորած է։

Մեր պատմահայր Խորենացին եղավ, որ առաջին անգամ ուշադրություն դարձրեց այդ երգերի վրա։ Ցանկանալով գրել հայոց ամբողջական պատմությունը եւ օգտվելով ամեն տեսակի աղբյուրներից, իբրեւ լուսամիտ մարդ, նա ձեռք առավ նաեւ վիպասանական երգերը եւ վերակազմեց նրանցից Հայոց պատմության զանազան մասերը։ Այսպիսով Խորենացին դարձավ «ամբողջ արեւելքի ամենահնագույն զրուցապատումը… Ֆիրդուսիից (մ․ 1020) մի քանի դար էլ առաջ» (Ֆեթթեր, Հայկ․ աշխ․ Վեննա, 1895, էջ 119)։ Այս առթիվ նա մեջ է բերում ի միջի այլոց 12 վիպասանական հատված, երկուսից մինչեւ 9 տող, բոլորն էլ բառացի։ Չենք հաշվում այն վիպասանական հատվածները, որոնց նյութը կամ բովանդակությունն է միայն հիշում։ Եթե չլիներ Խորենացու այդ լուսամիտ մտածությունը, մենք այսօր գաղափար անգամ չէինք ունենա Գողթան երգիչների եւ վիպասանական արվեստի գոյության մասին։

Խորենացուց դուրս կա նաեւ երկու հիշատակություն․ մեկը Տրդատի մասին մի կարճ հատված է, որ ավանդում է մեզ Ագաթանգեղոսը, երկրորդը՝ Նավասարդի երգից մի կտոր, որ ավանդում է մեզ Մագիստրոսը (ԺԱ դարից)։

Այստեղ հավաքում ենք վերոհիշյալ բոլոր 14 հատվածները, այսինքն վիպասանական գրականության ամբողջ հատակոտորները։

1․ 1․ Երկնէր երկին, երկնէր երկիր,

2․ Երկնէր եւ ծովն ծիրանի․
3․ Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ,
4․ Ընդ եղեգան փող ծուխ ելանէր․
5․ Ընդ եղեգան փող բոց ելանէր․
6․ Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ․
7․ Նա հուր հեր ունէր․
8․ Բոց ունէր մօրուս
9․ Եւ աչկունքն էին արեգակունք։
Խոր․ Ա․ լա․

2․ 10․ Հատուած գնացեալ Վարդգէս մանուկն

11․ Ի Տուհաց[3] գաւառէն, զՔասաղ գետով,
12․ Եկեալ նստեալ զՇրէշ բլրով,
13․ զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով,
14․ Կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։
Խոր․ Բ․ կե․

3․ 15․ Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,

16․ Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց,
17․ Եկ հաւանեաց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
18․ Տալ զպատանիդ․
19․ Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
20․ Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
21․ Կամ ծառայեցուցանել[ով] եւ ի ստրկաց կարգի պահել,
22․ Եւ թշնամութիւն յավիտենական,
23․ Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
Խոր․ Բ․ ծ․

4․ 24․ Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս,

25․ Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց,
26․ Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։

Խոր․ Բ․ ծ․

5․ 27․ Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ

28․ Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
29․ Եւ անցեալ որպես զարծուի սրաթեւ ընդ գետն,
30․ Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
31․ Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
32․ Եւ շատ ցաւեցոյց զմէջքն փափուկ օրիորդին,
33․ Արագ հասուցանելով ի բանակն իւր։
Խոր․ Բ․ ծ․

6․ 34․ Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

35․ Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն։
Խոր․ Բ․ ծ․

7․ 36․ Տենչայ Սաթինիկ տիկին տենչանս՝

37․ Զարտախոյր խաւարտ եւ զտից խաւարծի
38․ Ի բարձիցն Արգաւանայ։
Խոր․ Ա․ լ․

8․ 39․ Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ,

40․ Եւ դեւ փոխանակ եդին։
Խոր․ Բ․ կա․

9․ 41․ Ճաշ գործեալ Արգաւանայ ի պատիւ Արտաշիսի,

42․ Խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց։
Խոր․ Ա․ լ․

10․ 43․ Արտաւազդայ ոչ գտեալ, քաջի որդւոյն Արտաշիսի,

44․ Տեղի ապարանից՝ ի հիմնանալն Արտաշատու,
45․ Նա անց գնաց եւ շինեաց ի մէջ Մարաց զՄարակերտ։
Խոր․ Ա․ լ․

11․ 46․ Մինչ դու գնացեր։

47․ Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
48․ Ես աւերակացս որպէ՞ս թագաւորեմ։
Խոր․ Բ․ կա․

12․ 49․ Դու յորս հեծցիս յազատն ի վեր ի Մասիս,

50․ Զքեզ կալցին քաջք,
51․ Տարցին յազատն ի վեր ի Մասիս,
52․ Անդ կացցես եւ զլոյս մի տեսցես։
Խոր․ Բ․ կա․

13․ 53․ Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի

54․ Եւ զառաւօտն նաւասարդի,
55․ Զվազելն եղանց եւ զվագելն եղջերուաց․
56 Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք։
Մագ․ ԼԳ․

14․ 57․ Իբրեւ զսէգն Տրդատ, որ սիգալովն

58․ Աւերեաց զթումբս գետոց եւ ցամաքեցոյց։
59․ Իսկ ի սիգալն իւրում՝ զյորձանս ծովուց։
Ագաթ․ §123

Այդ երգերի նյութի մասին ավելորդ չենք համարում տալ մի քանի պարզ բացատրություններ։

1․ Վահագնի երգն է, որ ներկայացնում է այս աստվածացյալ դյուցազնի ծնունդը՝ այլաբանական պատկերով․ Վահագնը իրանական Vǝrǝⱱrajna֊ն է (հաղթության աստվածություն), որ իրանյաններից փոխառությամբ անցել է մեզ։

2․ Վարդգեսի երգն է, որին Խորենացին համարում է Հայկազանց Տիգրան Ա թագավորի հոր՝ Երվանդի ժամանակակից։ Թվում է, թե այդ Վարդգես պատանին սիրահարվել է Երվանդ թագավոի քրոջ եւ եկել է խնդրելու նրա ձեռքը եւ նրա հետ էլ ամուսնացել է։

3—13․ Արտաշեսի մեծ երգից հատվածներ են․— Ալանաց պատերազմի ժամանակ Արտաշեսը գերի է բռնում թագավորի որդուն․ նրա քույրը՝ Սաթենիկ բարձրանում է Կուրի ափին՝ մի ժայռի վրա եւ խնդրում, որ իր սիրու համար արձակե եղբորը (3)։ Արտաշեսը լսելով Սաթենիկի խոսքերը եւ հավանելով նրան՝ Սմբատի միջոցով խնդրում է նրա ձեռքը։ Հայրը մերժում է, որովհետեւ Արտաշեսը չպիտի կարողանար վճարել արքայադստեր համար պահանջված օժիտը (4)։ Այս մերժման վրա Արտաշեսը իսկույն հեծնում է իր սեւ ձին, անցնում է Կուրը եւ գերելով օրիորդին՝ փախցնում է իր բանակը (5)։ Կատարվում է հարսանիք, որի ժամանակ ոսկի ու մարգարիտ են շաղ տալիս՝ արեւելյան թագավորների սովորոթյամբ (6)։ Արտաշեսի ընտանեկան կյանքը բախտավոր չի լինում․ նախ Սաթենիկը անհավատարիմ է Արտաշեսին եւ ապորինի սեր է տածում դեպի Արգավան իշխանը (7)։ Որդին՝ Արտավազդը լինում է չար եւ ստահակ, այնքան, որ երգիչները պատմում են հետեւյալը․ իբր թե սկզբում Արտավազդը լինում է մի շատ գեղեցիկ մանուկ, որին սատանաները նախանձելով գողանում են օրորոցից եւ փոխարեն մի դեւի ճուտ են գնում․ դեւը մեծանում է եւ դառնում Արտավազդ (8)։ Արգավանը, որին սիրում էր Սաթենիկ թագուհին, ուզում է դավաճանել թագավորին եւ դրա համար սարքում է մի խնճույք (9)։ Արտավազդն ըմբոստանում է հոր դեմ եւ վտարանջելով՝ գնում է իր համար շինում Մարակերտ քաղաքը (10)։ Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն իրենց սիրելի թագավորից չբաժանվելու համար ողջ֊ողջ թաղվում էին նրա հետ, Արտավազդը նախանձելով՝ գանգատվեց նրա դեմ (11)։ Հայրը դագաղից անիծեց նրան, որ քաջքերը տանեն նրան Մասիսի խավար անդունդները բանտարկեն (12), որ եւ ըստ առասպելին իրոք կատարվեց։ Որսի ժամանակ քաջքերը նրան տարան անդունդը եւ շղթայի զարկին․ հավատարիմ շները հետեւեցին նրան եւ սկսեցին կրծել շղթաները, որպեսզի կոտրվին եւ Արտավազդը դուրս գա կործանելու աշխարհը։ Բայց այդ շղթաները չեն կոտրվում, որովհետեւ դարբինները զարկում են սալին եւ մաշված շղթաները նորից զորանում են։ Այս վերջին մասը Խորենացին պատմում է քաղելով առասպելից, բայց բառացի չի դնում։ Վերջին հատվածը ներկայացնում է Արտաշեսի կարոտ իղձը հայրենի Նավասարդը տեսնելու (13)։

14․ Տրդատի երգը տալիս է Տրդատի քաջությունը ներկայացնող ժողովրդական մի ասացված։

Չխոսենք այս երգերի տաղաչափական արվեստի մասին, որովհետեւ դա բանահյուսության պատմության գործն է, եւ ուղղակի անցնենք լեզվին։

Արդյոք այս հատվածները հարազա՞տ են, այսինքն ներկայացնո՞ւմ են իրո այն ժամանակի լեզուն, երբ երգվել են, թե կազմված են Խորենացու գրչով։ Մնշուշտ պետք չէ կասկածել, թե այս գրվածքները Խորենացու գրչից դուրս եկած լինեին, որովհետեւ մեծ է տարբերությունը Խորենացու հետոսկեդարյան լեզվի եւ հիշյալ հատվածների մաքուր հայերենի միջեւ։ Թե այդ հատվածները Խորենացու գրչից չեն, դրա համար ավելի զորեղ ապացույց է նրանց տաղաչափական արվեստը։ Խորենացին արձակ է գրում իր պատմությունը, ուստի եւ տաղաչափյալ հատվածները իրենը չեն։

Բայց երբ ասում ենք, թե այդ հատվածների լեզուն հարազատ է, պետք չէ առնել բառը իր ընդարձակ իմաստով։ Հատվածների լեզուն ճշտիվ նույն է Ե դարի հայերենի հետ․ բայց Ե դարի հայերենը չէր կարող ճշտիվ նույն լինել ն․ Ք․ 180 թվի, այսինքն 5—6 դար առաջվա հայերենի հետ։ Արդ՝ վիպասանական երգերի հնագույն կտորները անշուշտ այդ ժամանակից են եւ հետեւաբար պետք չէ որ նույն լինեին Ե դարի հայերենի հետ։ Այս անելից դուրս գալու համար մենք պետք է ընդունենք ուրեմն հետեւյալը․— Վիպասանական երգերը հորինված էին իրենց ժամանակի հայերենով․ բայց ըստ որում ապրում էին նրանք ժողովրդի մեջ, ուստի դարուց դար հետզհետե ենթարկվեցին այն ձեւափոխությանց, որոնք մտել էին հայերեն լեզվի մեջ։ Օրինակի համար, եթե Վահագնի երգի մեջ հուր հեր բառերը այն հնագույն ժամանակ pur per ձեւն ունեին, հետզհետե անցան այն բոլոր ձեւերից, որ կրեց p բաղաձայնը՝ վերջապես հասնելու համար h ձեւին։ Ճիշտ այնպես, ինչպես նույն երգի հաջորդ տողի մեջ մենք այսօր կարդում ենք մօրուս, առանց նույնիսկ լավ իմանալու, թե հին ձեւը մաւրո՞ւս էր թե մուրուս, բայց հաստատ իմանալով հանդերձ, թե անշուշտ մօրուս չէր։ Վերջապես կարելի է նույնիսկ որ Խորենացու եւ Մագիստրոսի ժամանակ այս երգերը ճշտիվ այնպես չհնչվեին, ինչպես գրված են, այլ մի քիչ տարբեր արտասանությամբ, եւ Խորենացին ու Մագիստրոսը վերածած լինեն իրենց իմացած գրական հայերենի արտասանության։ Այսպես մենք էլ, երբ լսում ենք ժողովրդի բերանից՝

Առաւօտուն կէլլէս, էրեստ վըլա,

ամենայն հանգստությամբ թղթի վրա արձանագրում ենք՝

Առաւօտուն կելնես, երեսդ լուա։[4]

Մի քանի տեղ հայտնապես երեւում են Խորենացու սրբագրությունները, օրինակ՝ Արտաշեսի երգի վերջում ի մէջք փխ․ ի մէջս, զմեջք փխ․ զմէջս եւ հասուցանելով փխ․ հասուցեալ հետին ձեւափոխություններ են։ Սաթենիկի երգի մի մասը (տող 19—21) ամբողջովին Խորենացուց է անշուշտ։

Այս վերապահությամբ ընդունելով ուրեմն երգերի հարազատությունը, անցնենք նրանց քննության։

Ամբողջ հատակոտորների 59 տողերի մեջ մենք գտնում ենք ընդամենը 183 բառ, որոնց այբուբենական ցանկը հետեվյալն է․

ազատ 49, 51
ազգ 16, 23

ազն տես դիւցազն, վիշապազն,

Սլանք 16, 17, 26, 31
+ ամենայն 47
+ այլ 20
+ այր 15
+ անդ 52

անցանել 29, 45

աչագեղ 17
+ աչկունք 9
ապարանք 44

առաւօտ 54
+ ասել 15
արագ 33

Արգաւան 38, 41
+ արեգակն 9

արի 27
+ արծուի 29
+ արտախոյր 39

Արտաշատ 44

Արտաշէս 15, 24
+ բան 17

բանակ 33
+ բառնալ 20
բարձք 38
բիւր 25
բլուր 12
+ բոց "5, 6, 8"
գաւառ 11
+ գեղեցիկ 27
+ գետ 11, 13, 29, 58
գէս տես Վարդգես

գնալ 10, 45, 46
+ գողանալ 39
+ գործել 41
+ գտանել 43
դեւ 40

դիւցազն 19, 20
+ դնել 40
+ դու 46, 49

քեզ 15, 47

զքեզ 50
+ դուռն 14
+ դուստր 17, 27, 34, 41, 43

Արտաւազդ 39, 43

Արտիմէդ 13

արքայ 14, 27
աւերակ 48

աւերել 58

ես 48

ինձ 53

երկին 1

երկիր 1, 47
+ երկն 3

երկնել "1, 2"
+ երկոքին 23

Երուանդ 12
+ եւ 2, 3, 6, 9, 21, 22, 24, 25 եւ այլն
+ զարմ 20
+ զի 19
+ է, էին "9, 19"
+ ընդ, 4, 5, 26, 29, 47
+ ընկենուլ 31
թագաւորել 48

թեւ տես սրաթեւ
+ թմբկի 56

թշնամութիւն 22
+ թումբ 58

իբրեւ 57
+ իսկ 59

իւր 33, 59

լինել 42
+ լոյս 52

խարդաւանակ 42
+ հլանել "4, 5"
+ եկ "12, 17"

եղեգնիկ 3

եղէգն "4, 5"
+ եղն 55

եղջերու 55
+ կենդանութիւն 20
կերտ տես Մարակերտ

կոյս 26

կոփել 14

կռել 14
հազար 25

հանել 28
+ հասուցանել 33
+ հաստատել 23
+ հատուած 10

հարկանել 56
+ հարուլ 56
+ հարսնութիւն 35

հաւանել 17
+ հեծանել 27, 49

հեր 7

հիմնանալ 44
+ հուր 7

ձգել 30
ճաշ 41

մանուկ 10, 39

Մասիս 49, 51

Մարակերտ 45
մարգարիտ 35

խարտեաշ 6

խաւարծի 37

խաւարտ 37

ծառայեցուցանել 21
ծիրանի 2

ծխան 53

ծով "2, 3, 59"
ծուխ "4, 53"
+ կալցին 50
կամ 21

կացցես 52

կարգ 21
կարմրիկ 3
+ նոյն 42
+ նստիլ

շատ 32

շէկ, տես շիկափոկ

շիկափոկ "28, 30"
շինել 45

Շրէշ 12
+ ո 53
+ ոչ 19, 43

ոսկէօղ 28, 30

ոսկի 31
+ որ 16, 57
+ որդի 43

որպէս 29, 48
+ որս 49
+ ունել 3/7/2008

ուստի 24
պահել 21

Մարք 45
+ մեք 56
+ մէջ 23, 45

մէջք 31, 32
+ մի՛ 52
+ մի 19
+ մինչ 46
+ մօրուք 8
+ յաղթել 16
յաւիտենական 22

յորձանք 59
+ նա 7, 45
նաւասարդ 54

Վարդգէս 10
+ վեր, ի վեր 49, 51

վիշապ 42

վիշապազն 39
+ տալ 18, 24, 53
տաճար 42

տանել 47, 51
տեղ 34

տեղալ 34, 35
տեղի 44

տենչալ 36

տենչանք 36
+ տեսանել 52
+ տիկին 36

տից 37

Տուհաց գւո 11

Տրդատ 57
ցամաքեցուցանել 58

պատանեկիկ 6

պատանի 18
պատիւ 41

պարան 28, 30
պէս տես որպես

Սաթինիկ 35, 36
սեաւ 27
+ սէզ 57

սիզալ 57, 59
+ սուր տես սրաթեւ

ստրուկ 21

վազել 55

վազել 6, 55
վասն 19
վարդ տես Վարդգէս

ցաւեցուցանել 32

փափուկ 32

փեսայութիւն 34
փոխանակ 40

փոկ․ տես շիկափոկ

փող 4/5/1956
քաղաք 13

քաջ 15, 16, 23, 24, 43

քաջք 50

քաջազգի 26

Քասաղ 11/13/2016
քէն 19
+ օղ տես ոսկէօղ
օրէն 19

օրիորդ 26, 31, 32

Այս 183 բառերից 16 հատը հատուկ անուն է, 167 հասարակ անուն։ Հատուկ անուններից երկուսը (Ալանք եւ Մարք) հայկական չեն։

Եթե բոլոր բառերը վերածենք իրենց արմատական ձեւերին (օրինակ՝ Վարդգէս հաշվել երկու բառ, որովհետեւ կազմված է վարդ եւ գէս բառերից, ընդհակառակը եղեգնիկ, պատանեկիկ, տեղալ չհաշվել, որովհետեւ արդեն ունինք եղեգն, պատանի, տեղ արմատականները), այն ժամանակ կունենանք ընդամենը 162 արմատական բառ (միասին առնելով նաեւ բնիկ հայերենի ի, զ նախդիրները), որոնք ցուցակում շեղատառ են եւ ըստ ծագման բաժանվում են հետեւյալ ձեւով․

բնիկ հայերեն բառեր 73 (45 տոկոս)
պարսկերենից փոխառյալ 30 (18 տոկոս)
անծանոթ ծագումով 51 (31 տոկոս)
խալդի֊վրացական (ծուխ, ծիրան, տեղ, գաւառ) 4 (2 տոկոս)
ասուրական (քաղաք, փոխ) 2 (1 տոկոս)
ասորական (ցամաք) 1
հունական (մարգարիտ) 1

Հատուկ անունները հաշվի մեջ չենք առնում։

Այս տախտակից հետեւում է, որ վիպասանական հայերեն լեզվի մեջ անծանոթ եւ հնդեվրոպական բառերը կազմում էին մեծագույն տոկոսը․ պարսկերեն փոխառությունները թեեւ հետագային գերազանցելու էին բնիկ հայերեն բառերից (960 ընդդեմ 713֊ի), բայց այդ շրջանին բուն հայկական բառերից դեռ պակաս էին․ իսկ ասորական փոխառությունները դեռ այնքան քիչ էին, որ համեմատությամբ բնիկ, պարսիկ ու խալդյան բառերի՝ տոկոս էլ չէին կազմում։ Զարմանալի է, որ այդ հնագույն ժամանակից ունինք նաեւ մի հունական փոխառյալ բառ (մարգարիտ), որ լեզվի պատմության հետ համաձայնեցնելու համար՝ պետք է համարել ավելի հռոմեական փոխառություն, քանի որ լատինական margarit, margaritum ձեւերը դեռ Կիկերոնի եւ Տակիտոսի ժամանակից գործածական են։
  1. Ընդարձակ տես մեր «Հայոց գրերը», էջ 106—126
  2. Տես Աբեղյան, Հայ ժող․ առասպելները, էջ 595—6։
  3. Տուհ գավառի անունը զարմանալի կերպով հիշատակված ենք գտնում Դիոնիսիոս Թրակացու հայ թարգմանության մեջ, էջ 20․ «Ազգական է, որ ազգի է յայտական․ որպես՝ զոդերձական, տուհ, վրացի»։
  4. Մ․ Չերազ, Ազգային դաստիարակություն, Կ․ Պոլիս, 1876, էջ 98։