Տղամարդիկ

Գրապահարան-ից
Տղամարդիկ

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Ծանր լույս»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Բանակից գալով՝ Հարութի առաջին գործը հոր շիրիմին քար քաշելը եղավ։ Հետո ամուսնացավ։ Թե՞ ամուսնացավ, հետո քար քաշեց․․․ Ըստ երեւույթին այդ երկու գործը տարավ զուգահեռ․ մեկը մյուսին չխանգարող, ավելին՝ իրար լրացնող բաներ էին։

Հազար ռուբլով կամ պիտի քար քաշես հանգուցյալիդ վրա, կամ հարսանիք անես՝ թեթեւ, եւ Հարութը հարսանիք չարավ։ Պատճառը, սակայն, շինգումարտակում վաստակած հազարի քչությունը չէր սոսկ․ ամուսնության կարգով ընթացքը խնամախոսությունից մինչեւ հարսանիք կտեւեր երկար, գուցեեւ տարի տեւեր, այնինչ ժամանակ արդեն չկար, բանակի տարիների տեղը հարկավոր էր հանել։

Տապանագիրը ստորագրեց՝ որդիներից։ Երկմտանք չունեցավ։ Եղբորից նեղացած էր գերեզմանը անքար թողնելու համար, բայց գիտեր՝ նեղսրտությունը օրերինն է, գիրը՝ դարերինը։

Քարը ավանդական սեղան էր, երիզները ժապավեն հանած, ուղիղ տատ ու պապի շիրմաքարերի չափսին։ Դա նրա առաջին իսկական գործն էր։ Որբացած տղամարդու առաջին գործը դա պիտի լիներ։

Տանը գառ մորթեց օգնական տղերքի համար, օղորմաթասն առավ ու խոսեց, խոսեց այն հանգով, որով հայրը կխոսեր, խմեց հոր կենացը, բոլոր անցողաց կենացը եւ խմելու անսովոր էր՝ հարբեց։ Հարբեց եւ արտասվեց տղամարդավարի կարճ ու խոշոր արցունքներով։

Առավոտը սիրտը թեթեւ ու հպարտ էր հոգին։ Գալիքը պարզ էր ձեռքի հինգ մատերի նման․ տուն էր շինելու, խաղողի ու խնձորի այգի էր գցելու, տարին մեկ մատաղ էր անելու զավակների անփորձանք կյանքի համար, նրանց ուսումի ու արհեստի էր տալու, պսակելու՝ հարսանիքներին պարելու էր հայրական ծանրումեծ պարով, թոռներ էր տեսնելու, գուցեեւ՝ ծոռներ եւ գնալու պառկելու էր նախնիների կողքին, կանաչ լանջի տակ, սնձի ծառից մարդաբոյ հեռու։

Մինչդեռ հետը զորացրված տղերքը խնջույքների մեջ էին (այցելում էին հարազատներին, ընդունում էին հարազատներին, գյուղի հանդերում աղբյուր չմնաց, որի վրա գառ չմորթեն), այդ ընթացքում ոչ մի բանից ետ չմնալով՝ Հարութը հայրական տան տանիքը նորոգեց, եւ հարսնացուն արդեն աչքի առաջ ուներ։

Աղջիկը ոտքից գլուխ թեթեւ էր, հասակը տեղը, ծամերը՝ փափուկ, ճակատը՝ մաքուր, աչքերը․․․ Աչքերը արժեն, որ դրանց մասին հատուկ խոսվի։ Այդ ճակատի տակ (եթե միայն ճակատն ես տեսել) դժվար է ենթադրել ուրիշ աչքեր։ Բաց ու բարձր, քիչ ետ գնացող այդ ճակատին եթե չհարեն մոխրագույն ու խոշոր աչքեր, ճակատը կդիտվի կնոջն անհարիր ճաղատի սկիզբ, եւ դիմագծերի դաշնությունը չի կայանա։ Ինչքան էլ խոշոր՝ այդ աչքերը դեմքի վրա գերիշխող չեն։ Դրանք չեն սառում մտասեւեռ, չոն բոցկլտում հանկարծակի բռնկումով, այլ ամոթխածորեն խուսափուկ են։ Նման աչքերը իրենց հոգուց գաղտնիք չունեն, եւ կոպերը կարծես իջնում են հոգու վրա։ Իջնում են այնպես, որ հոգու բիբը մերկ չմնա։

Եվ տղամարդկանց սրտին են խփում։

Հին, անողորմ ժամանակներում այդպիսի կանանց պահում էին զնդան-ննջարաններում, եթե յոթ փակին չէին վստահում, պահ էին տալիս սրտները մեռած ներքինիներին, սիրեկանները խողխողում էին նրանց տարաբախտ ամուսիններին, ամուսինները մեղքի մեջ ծաղկած նրանց մարմինը լողացնում էին սիրեկանների խիզախ արյան մեջ, նրանց պատճառով պատանիները վերջ էին տալիս իրենց կյանքին ― հարուստները թույն էին ընդունում, աղքատները մահ էին որոնում՝ որը պատահի, որովհետեւ նրանց սերը սնունդ է առնում ինքը իրենից, չի տեղավորվում ամուսնական սուղ մահիճում, մահացու շատ է մահկանացու մեկ տղամարդուն։

Ճակատագրական այդ էակներից մի ընտանիքում չորսը կային․ չորս փորձություն դրացի տղերքի համար, ծնողների գլխին չորս փորձանք, որոնց շտապ հարկավոր էր ամուսնական լծի տակ քաշել։ Բայց աղքատ տան հարսնաքարին մատուռն է նստում։ Ու թեպետեւ աղջիկներից յուրաքանչյուրի գեղեցկությունը չորս հարսնացուի օժիտ արժեր՝ իրենք էլ վրան, մոտ ապրողները աղբի մեջ ծլած սունկերի նման շողշողացող գեղեցկուհիներից թունավոր հոտ էին առնում, համենայն դեպս՝ նրանց պնչերին նախ խփում էր աղբի հոտը։ Եվ այն էլ կար, որ աղջիկների մոր երիտասարդությունը ոչ ոք չգիտեր, նա հարս էր եկել ուշ տարիքում, հեռու տեղից, եկել էր գիշերը նստած ― առավոտը հայտնաբերված ձյան նման, որ մինչեւ կեսօր պիտի տրորվեր գյուղի՝ ցեխ սարքող անցուդարձից, բայց մինչեւ գյուղի ցեխից լլկվելը նա չորս ճերմակ ուլեր էր ծնել, խառնել գյուղի քոսո հոտին, տենչացել ու չէր կարողացել ամուսնու հլու խառնվածքից իր ընդերքում հոգի տալ ու աշխարհ բերել մի կապուտաչյա, չճաքող մաշկով, ձիգ մի տղա՝ այս գյուղին նախագահացու, մեծ ժողովների պատգամավոր, գյուղի անլվա դեմքը պարզ անող ներկայացուցիչ, ― չէր կարողացել ամուսնուց քամել նման ապագա առաջնորդի, իսկ ծուռվիզ տղա չէր կամեցել, աշխարհ էր բերել չորս սպիտակամաշկ աղջիկների, որոնք գյուղի գորշ առօրյայում անմարդկայնորեն աչք էին ծակում․ ուտում էին ամենքի նման, բայց լցվում էին ձեռնասուն որպես, քայլում էին նույն արեւի տակ, զարկվում էին նույն քամիներից, քաղհանում էին՝ մորը օգնելով, հող էին փորում՝ հորը օգնելով, պտղի էին գնում, թութուն էին շարում, աշխատում էի աշխարհ չեկած երեսփոխան եղբոր տեղ էլ, ― բայց նրանց մաշկը սիրո գույն ուներ, նրանց արյունը երեւի թե շրջանառվում էր երիցս արագ՝ ներսից լվալով դրսի կեղտը ու նրանց վերքը լավանում էր մի գիշերում, սպին չքվում էր շաբաթը չանցած եւ երբ չորսով մի տեղ էին լինում, գյուղին հասնող աստծու լույսը բեւեռվում էր մի կետի վրա, երբ հանդերում ցրված էին լինում, խոտ ու թփերում առկայծում էին՝ խաշխաշի ծաղիկ, իսկ գյուղի տրտում փողոցներում նրանց դեմքերը շողք էին արձակում եւ պատուհաններին ճերմակ վարագույր ունեցող կանայք լվացքի տաշտում տրորում էին տղամարդկանց անմաքուր, փնթի ձեռքերով դաջված կտավ ու մետաքս, ամուսնացած տղամարդիկ թթվում էին ախտավոր բիձեքի նման, նշանվածները առիթ էին փնտրում միությունը լուծարքելու, պատանիները դիվոտում էին ամռան կեսօրվա բերանը ընկած մոզիների պես, ― եւ գյուղի զորեղ, իգական կեսի չկամությունը ծանրանում էր աղջիկների թեթեւ շնչին, նրանց զատում էր գյուղի տոհմիկ ազգակցությունից, կարծես լինեին այլադավան, որոնց գալու հարդ էին տանելու այլ մոլորակից, եւ նրանց մայրը, որ կռահում էր տղամարդկանց թունդ կրքերի ու կանանց աճող թշնամանքի թունավոր դաշտում փթթող իր սիրունների բախտի խեղումը, ինքը տքնելով՝ փորձեց, ջանաց, կաշվից դուրս եկավ, որ աղջիկներին ուսումի կապի, ուղարկի քաղաք, որ նրանք այնտեղ, անցյալ չունեցող հավասարների մայրաքաղաքում բախտի տիրանան, բայց աղջիկները գրի, գիտության իմաստը չհասկացան, գրքերի վրա կենտրոնանալ չկարողացան, որովհետեւ եթե տնից դուրս չթռչեին առիթ-անառիթ, հավքի նրանց սիրտը կպայթեր, եթե նստեին գրքերի առաջ, գյուղի լույսը կպակասեր, համատարած գորշությունից տղամարդկանց աչքի լույսը կխավարեր, ― համենայն դեպս, տանը նստել չի կարող նա, ով դուրսը մեկ, երեք, տասը սպասող ունի, ով ստեղծված է ժողովրդի աչքի համար եւ ուրեմն կնոջը շեղող սատանան, որ համայնական սիրո, կրքի բեւեռումն է մի կետի վրա, չէր թողնելու, որ աղջիկների տհաս միտքն ու հուժկու բնազդը նվիրվածորեն կենտրոնանա սիրո միակ, սրտառուչ հնչող լարի վրա։

Այնինչ նրանց հայրը կարծում էր՝ աղջիկները դեռ երեխա են։ Կարծում էր, թե մանկական խաղի շարունակություն է տղերքի հետ իր աղջիկների աչքունքի խաղը։ Եվ երբ մեծին գազամուղի վարորդը տարավ, երբ ամիս չանցած՝ միջնեկը փախավ, հայրը հա քշում էր, որ միլիցիա գնա։

Մայրը ասաց․ ― Իզուր մի գնա։ ― Երեխաներին տարել ով գիտի․․․ ― Նրանք արդեն երեխաներ չեն, ― լացեց մայրը։

Հայրը ուզում էր քսան տարի կոկորդում մնացած հարցը տա կնոջ անցյալի վերաբերյալ, բայց զգաց, որ չիմանալը իրեն կփրկի։ Եվ հոր խռովված ոգուն մեծ սփոփանք էր խնամախոսների այցելությունը երրորդի համար։

Երրորդի, բայց որի՞ համար էր եկել, խնամախոսը չէր հասկանում։ Հարութը ասել էր՝ մեկը տասնութ, մյուսը կլինի տասնյոթ տարեկան։ Մեջների սիրունին ― ասել էր։ Բայց երկուսն էլ գեղեցկուհի էին եւ տարիքով անջոկելի։ Նաեւ հայրն ասաց՝ «Տասնութ տարեկանին տվինք՝ տարան» եւ սա առիթ չի խնամախոսությունը հեչ անելու, որովհետեւ դուրս էր գալիս, որ մնացել են տասնյոթամյան ու անչափահասը։ Հորեղբայրը ուզում էր, որ խնամախոսությունը չկայանա, սպասեն տեսնեն գնացածները ինչ են դառնում, եւ խոսքը այնպես էր տանում, որ գործը ինքնին փչանա, բայց ազնիվ, սրտից թույլ մարդ էր, եղբոր որդու վստահությունից խեղճացած էր, իր հերթին աղջկա հայրը, աչքը վախեցած, համաձայն էր տալ նույնիսկ փոքրին, միայն թե մեկը մյուսի ետեւից չփախչեն գնան, միայն թե այս մի թագ ու պսակով մեծերի արարքը ծածկի։ Հետո, նա անսպասելի էր իրեն աղջկա տեր զգացել, մերժելու ձեւը չգիտեր, եթե ուզենար անգամ։ Նաեւ մայրն էր մեծերի մեղքի տակ մայրաբար սսկված։ Աղջիկներն էլ կարող էին բորբոքված լինել մեծ քույրերի արկածախնդիր քայլով, այնպես որ ամեն բան նպաստավոր էր Հարութի ամուսնության համար։ Եվ չձգձգեցին։ Միայն, ձեւի համար, թեկուզ այդ նեղ վիճակում պատշաճ չէր որ առաջին եկածի առաջին ուզելով՝ աղջկան ձեռքը տան։

Եկան մյուս օրը։ Իհարկե, հայրը համաձայն չէր, որ սուսուփուս․․․