Changes

Տղամարդիկ

Ավելացվել է 13 168 բայտ, 22:11, 12 Հունիսի 2015
|աղբյուր = [[«Ծանր լույս»]]
}}
{{անավարտ}}
Բանակից գալով՝ Հարութի առաջին գործը հոր շիրիմին քար քաշելը եղավ։ Հետո ամուսնացավ։ Թե՞ ամուսնացավ, հետո քար քաշեց․․․ Ըստ երեւույթին այդ երկու գործը տարավ զուգահեռ․ մեկը մյուսին չխանգարող, ավելին՝ իրար լրացնող բաներ էին։
Երրորդի, բայց որի՞ համար էր եկել, խնամախոսը չէր հասկանում։ Հարութը ասել էր՝ մեկը տասնութ, մյուսը կլինի տասնյոթ տարեկան։ Մեջների սիրունին ― ասել էր։ Բայց երկուսն էլ գեղեցկուհի էին եւ տարիքով անջոկելի։ Նաեւ հայրն ասաց՝ «Տասնութ տարեկանին տվինք՝ տարան» եւ սա առիթ չի խնամախոսությունը հեչ անելու, որովհետեւ դուրս էր գալիս, որ մնացել են տասնյոթամյան ու անչափահասը։ Հորեղբայրը ուզում էր, որ խնամախոսությունը չկայանա, սպասեն տեսնեն գնացածները ինչ են դառնում, եւ խոսքը այնպես էր տանում, որ գործը ինքնին փչանա, բայց ազնիվ, սրտից թույլ մարդ էր, եղբոր որդու վստահությունից խեղճացած էր, իր հերթին աղջկա հայրը, աչքը վախեցած, համաձայն էր տալ նույնիսկ փոքրին, միայն թե մեկը մյուսի ետեւից չփախչեն գնան, միայն թե այս մի թագ ու պսակով մեծերի արարքը ծածկի։ Հետո, նա անսպասելի էր իրեն աղջկա տեր զգացել, մերժելու ձեւը չգիտեր, եթե ուզենար անգամ։ Նաեւ մայրն էր մեծերի մեղքի տակ մայրաբար սսկված։ Աղջիկներն էլ կարող էին բորբոքված լինել մեծ քույրերի արկածախնդիր քայլով, այնպես որ ամեն բան նպաստավոր էր Հարութի ամուսնության համար։ Եվ չձգձգեցին։ Միայն, ձեւի համար, թեկուզ այդ նեղ վիճակում պատշաճ չէր որ առաջին եկածի առաջին ուզելով՝ աղջկան ձեռքը տան։
Եկան մյուս օրը։ Իհարկե, հայրը համաձայն չէր, որ սուսուփուս․․․սուսուփուս տանեն․ էլի դառնում էր մեծերի փախուստի նման։ Ուզում էր դհոլ-զուռնա, պար, գյուղի ականջը գցելու կամ իրեն խլացնելու բան։ Երկու կողմից զիջելով-զիջելով եկան ու կանգ առան Հարութի ընկերների ակորդեոն-դհոլի վրա։ Մի թեթեւ սեղան աղջկա տանը գցեցին, մի թեթեւ սեղան՝ Հարութի։ Բայց Հարութի ընկերների ուրախությունը տեւեց մինչեւ լուսաբաց եւ ստացվեց համարյա հարսանիք։  Այսպես, հարսին ետ տանելը հետաձգվեց մի գիշերով։ Մյուս օրը, երբ պինդ մութն ընկավ, երբ ժողովուրդը ոտը տուն քաշեց եւ դրսում մարդու հանդիպելու վտանգ չկար, Հարութը նորահարսին ետ տարավ հոր տուն։ Հայրը մեռած էր ― թաղած չէր։ Բայց օգնական մի միտք եկավ՝ թե ջահել են՝ չեն հասկանում, հասկացնող էլ չի եղել, որ պատշաճ չէ, կասկածելի է, որ հարսանիքի հաջորդ օրը աղջիկը հերանց վերադառնա։ Այս հույսով ասաց՝ հաց դրեք։  Իսկ մոր ոտքերը գազօջախի մոտ տակը ծալվում էին։ Սպասում էր մեծերի ետ գալուն ― այս երեխուն ետ բերին։ Միտք էր անում՝ ե՞րբ, որտե՞ղ կարող էր երեխան իր հսկող աչքից փախած լինել, ո՞ր շան որդին կարող էր․․․ Ուղեղը քար էր կտրել։ Բայց աչքերի դեմ եկավ ու մնաց աշխարհագրության դասատուի լպիրշ նայվածքը։ Եվ մոխրագույն այդ աչքերը պսպղում էին պատշգամբի ամեն անկյունից։ Ապշելու բան էր․ եթե աչքերը մոխրի գույն ունեն, պիտի որ դրանց նայվածքը մարդուս մարմինը տաքուհով չանի, պիտի որ․․․ Բայց արի ու տես, որ տակը անթեղած շեղջ էր ու փորձված կինն անգամ սրսփում էր, ինչ մնաց անփորձ երեխան։  Տան փոքրը տեսավ մոր ձեռքից ամեն բան թափվում է, հաց սարքելու գործն առավ իր վրա։ Քույրն ու մայրը կողքը միայն բզբզում էին։  Իհարկե, աքլոր մորթել էր պետք նորափեսայի համար, բայց հավերը վաղուց թառին էին եւ հանգամանքն էլ այնպիսին չէր, որ բակում թառժաժով աղմուկ սարքեն։ Սա միանգամից հասկացվեց բոլորի կողմից։ Դարձյալ փոքրը հիշեց, որ անցյալ օրվա խոզի մսից մնացել է։  Պատշգամբի մուտքի աջին խոհանոցն էր, պատշգամբի հակառակ ծայրին փեսա ու աներ նստած լռում էին։ Այս անկյունում հարմարավետության նման մի բան էր իրար արված․ պատշգամբի լայնքով մեկ թախտ էր դրված․ մի կարճ թախտ էլ դրված էր տան հիմնապատի կողմից եւ սեղանը երկու կողմից ամփոփված էր դրանցով։ Մյուս կողմերից մեկական աթոռ կար։ Հարութը նստած էր աթոռին։ Եղանակից մի երկու խոսք ասել՝ վերջացրել էին։ Եղանակի հետ կապված՝ անասնակերից, անասունից խոսեցին՝ հատավ։ Այստեղ տանտերը ձայն տվեց, որ օղի բերեն։  Պատշգամբի մյուս ծայրին իրար անցան, պահարանների դռները բացուխուփ արին, բաժակները զնգացին եւ տան փոքրը օղին աճապարանոք բերեց դրեց։ Հետո թթու-բան բերին։ Եվ, իհարկե, այդ միջոցին այնտեղ ափսեից-բանից ջարդեցին։  Փեսան հասկանում էր, որ այս տանը այլեւս հաց չպիտի կտրի։ Դրա համար նախ ասելիքը ասի վերջացնի․ թե այսպես ու այսպես, ձեր աղջիկը, հարգելի աներ-հայրիկ ու զոքանչ-մայրիկ, պարզվել է, այսպես ասած, այնքան էլ, ինձ թվում է, հեռու ձեր պատվից, թող թշնամուս չպատահի՝ ամենքս էլ կարող է աղջկա տեր լինենք, ― հեռու տնից, ուրեմն, այնքան էլ, ճիշտն ասած, ոնց ասեմ, որ․․․ այնքան էլ, ուրեմն, կնության պիտանի չի․․․ Այսինքն, շատ լավ էլ պիտանի է, բայց մի քիչ, ուրեմն, շուտ է պիտանի դարձել․․․  Հարութի բերանը չէր բացվում։ Ճիշտն, իհարկե, հացին ձեռ չտալն ու գնալն էր։ Այդ քայլը բավական էր, որ հասկանային։ Չհասկանան էլ, թող իրենք իրենց մեջ պարզեն․․․ Այս մտքի վրա Հարութը պատկերացրեց աղջկա վիճակը իր գնալուց հետո եւ հասկացավ, որ այդ բանը չի անի․․․ Այդպես ջահելավարի թողնել գնալը իրեն չի սազի։ Որպես վիրավորված կողմ՝ ճիշտը դա էր, բայց․․․ Ուրիշ բան որ չլինի, ինքն այստեղ իր հորական տան ներկայացուցիչն է, փաստորեն իր եւ իր հոր տեղն է միաժամանակ եւ աներոջ հետ հարկավոր է տղամարդավարի խոսել։ Հորեղբայրն այսօր կա ― վաղը չկա, եղբայրը կորած է քաղաքներում, ինքը գերդաստանի գլուխ է դառնում, պիտի մտածվի այս երկու տների ապագա հարաբերությունների մասին։ Խնդիրը պիտի պարզվի, որ բանը չհասնի տասնամյակների քեն ու թշնամանքի։  Որոշեց խմի, որ ասի։ Խմեց։ Մեկ էլ խմեց։ Երրորդն էլ խմեց ու հեռվից, կցկտուր եկավ։ Այդ ժամանակ անցել էին կարմիր գինուն ու աներն ասաց․  ― Այ որդի, մեր ցեղն էդենց ա՝ հեշտ ․․․ Դրա մերն էլ էր էդենց։ Ուզում ե՞ս էն պուճուրին տար՝ նույնն ա․․․  Հարութը պապանձվեց մարդու անկեղծությունից։ Հետո սիրտը լցվեց մարդու մեծահոգությունից։ Մի պահ եղավ, որ աքլորացավ, իրեն շահ ու սուլթան տեսավ՝ մեծին թողնելու ― փոքրին տանելու հեռանկարից։ Ապա մեծահոգությանը մեծահոգությամբ պատասխանելու տղամարդկությունը բռնեց, եւ դա էր նրա բնույթը։ Նաեւ գինին լավն էր, գիշերվա էն ժամը ու ճանաչածը ցանկալի։ Վերջին հաշվով, մեծը փոքրից սիրուն էր։ Իսկ Հարութը սիրունի գիժ էր։ Կամ ներդաշնակության մոլի։ Կամ համաչափության հիվանդ։  ― Եթե դրան թողնելու ես, ― ասաց հարբած-հաշտված հայրը, ― պուճուրին տար։ Թող մեկնումեկը տանդ լինի։ Գիշերվա էս ժամին ո՞վ պիտի տեսած լինի, որ մեկին բերել, մեկելին տարել ես, կիմանան՝ երեկ պուճուրին ես տարել։ Հրեն էն երկուսին էլ սպասում եմ․․․ Տուն չեմ թողնելու, բայց՝ որ գան։ Բա որ լակոտները դոշներին գան․․ Տար, տղա ջան, սրան տար․․․ Եթե ուզում ես՝ տար, բայց իմացի, շան ցեղ են, դրանց մերն էլ էդ էր։  Հարութը տեսավ՝ այդ մարդու վիշտը իրենինից մեծ է։ Նաեւ սիրո ու հաշտության ժամ էր։ Իրենք էլ այնքան իրար նման էին․․․ Ոչ ոք չէր խղճալու այդ մարդուն, ոչ ոք չէր խղճալու իրեն, ծաղրի առարկա էին դառնալու առանձին-առանձին։ Եվ ամեն բան կախված էր Հարութից։ Կախված էր այս պահից։ Հետո, փաստորեն, մենակ տուն գնալու տարբերակ չէր թողնվում։  ― Հարսը թող մնա, մնացածը թող քնեն, ― վճռեց Հարութը։  Տղամարդիկ իրար նայեցին։ Եվ հասկացան՝ այս կյանքում իրենց իրար պահեցին՝ պահեցին, չպահեցին՝ կորած են։  Կանայք հեզորեն քաշվեցին ննջարան։  Գիշերվա մի ժամի աները ասաց․  ― Աղջիկ չունենաս։  ― Երբեք։ ― Հարութը ուզեց գլուխը վճռական տարուբերի, բայց ցնցեց ուշքի գալու նման։  ― Կնոջդ շատ չսիրես, ― եղածը անցած համարելով՝ որպես որդուն խրատեց աները։ ― Եթե շատ սիրեցիր՝ աղջիկ ես ունենալու, ես քեզ օրինակ։ Էնպես արա, որ ինքը քեզ սիրի ու՝ տղա կունենաս․․․ Լավ տղա ես, սիրտդ բարակ մարդ ես, քեզ սիրելուն չտաս, չթողնես փալաս-փուլուսից աչք բացի, չթողնես պարապ մնա, շատ լավ չապրեք, որ հիմա էլ մտածի՝ էս կա, էն կա, բա սրանից հետո ի՞նչ․․․ Թող տանդ պակաս բան մնա, որ լինելը ուրախություն լինի․․․ Թող միշտ երեխա բերի, որ պուճուր բանի, քնքշության կարոտը ուրիշ բան չկարծի․․․ Հետաքրքրասեր ցեղ են, թող շատ բան չտեսնեն, որ տեսնեն՝ ուզենալու են համն էլ տեսնեն․․․ Սիրտդ լրիվ քար մի արա, բայց սիրելուդ կարոտ թող, թող չմտածի, որ դու իրենն ու իրենն ես, մի բան էլ գուցե, կողքից լինի․․․ Թող համոզված մնա, որ մի կյանքը քիչ է տղամարդուն իրենով անելու, մինչեւ տակը տեսնելու համար․․․ Էս փակ կժի նման՝ չիմանաս ինչքան պակասեց, չիմանաս ինչքան մնաց․․․ Քեզ մի քիչ էլ թաքուն պահի։ Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտքերի տակ չփռես։ Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց-բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն, հետո գոյությունդ լրիվ կմոռանան․․․  ― Աղջիկ եղավ․․․ ― երդվեց Հարութը։  ― Եթե կարաս, դրանց ցեղի առաջը առ։  ― Կկտրեմ, ― հոխորտաց Հարութը։  Հետո աները խճճված, խմած գլխին աշխարհը շուռ բերող միտք ասած։  ― Ուրեմն, ― ասաց, ― դրանք դեւ են։ Դրանք քեզ սիրել են տալիս ու իրենք չկան։ Էստեղ էին, նստած էին, պառկած էին ու մեկ էլ չկան․․․ Ոնց որ դու պառկած լինես իրենց պառկած եղը։ Տեղը դեռ տաք է, իրենք չկան․․․  Հարութը գլուխը թափ տվեց ու նայեց մութ ապակիներին։  ― ․․․ Չարք են, ― ասաց աները, ― իրենց սիրել կտան ու շվաքի պես տակիցդ կփախչեն։ Ու կտեսնես քիթդ գետնին է առել։  ― Բա ո՞ւր են, ― հարցրեց Հարութը։  Տունը, գյուղը՝ քնած, ականջ էր դնում։  ― Իրենց մեջ են քաշվել, ― շշնջաց աները։  ― Աղջիկ եղավ․․․ ― երդվեց Հարութը։  Ոչ դուրսը, ոչ ներսը ձայն-ծպտուն չկար։  Աները բաժակները լցրեց, վեր առան, որ տղամարդավարի լուռ, համախոհ, երդման նման խմեն․․․  ― Չէ՛, չե՜մ ուզում․․․ շա՛ն տղա․․․ ցա՛վդ տանեմ, մի՛ արա, չէ՛․․․ ― քնի մեջ ճչաց, հեծկլտաց, մնչաց ու լռեց քույրերից ամենափոքրը։