Տոթ օր

Գրապահարան-ից
Տոթ օր

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Արդեն ութերորդ օրն էր․ զինվորները ապրանքատար գնացքների փոքրիկ կայարանում վագոններից քարածուխ էին բեռնաթա փում։ Կայարանամերձ ծառերը անշարժ էին, տերեւները օրվա տապից կուչ էին եկել։ Բաց տարածության մեջ գտնվող ամեն մի առարկա բովվում էր ու նվաղում օգոստոսյան արեւի տակ։ Զինվորները անընդհատ ծարավում էին, կիսատ էին թողնում աշխատանքը, գնում էին մոտակա աղբյուրը՝ խմելու գոլ ու անհամ ջուրը։ Շատ ծխելուց նրանց շնչառությունը տաք էր ու ծանր։ Օրվա անշարժ շոգի մեջ ամեն մի շարժումից փոշի էր բարձրանում՝ օդը դարձնելով հեղձուկ։ Ճանապարհամերձ հեռագրասյուների անորոշ, միալար բզզոցը առինքնող էր ու հարազատ։

Այդ կայարանից այն կողմ, մի քանի կիլոմետր հեռավորությամբ, ինչ֊որ գործարան կար, որտեղ տասներեք֊տասնչորս վագոնանոց գնացքներով աշխատելու էին տանում կալանավորներին։ Երբ նրանց գնացքը գալիս անցնում էր այդ կայարանով, որտեղ զինվորներն էին աշխատում, լարված իրավիճակ էր ստեղծվում։ Նրանց գնալուց հետո տարածության մեջ մնում էր մի անտեսանելի ներկայություն, որը ամեն տեղ էր, ու բոլորն էլ զգում էին։ Գնացքը, պատվանդաններին թառած ուղեկցող հրացանավոր պարեկներով շրջափակված, առավոտյան աշխատանքի էր տանում կանանց, իսկ մյուս գնացքը օրվա վերջին նրանց փոխարինելու էր բերում տղամարդկանց, եւ երբ երկու գնացքները կայարանում հպանցիկ հանդիպում էին, չլսված աղմուկ֊աղաղակ էր բարձրանում։ Նրանք հաշվի չէին առնում ուղեկցող հրացանավոր պարեկների սաստումները։

– Էյ,– գոռում էին նրանք,– դեղնակտուցներ, ծխելու բան չունե՞ք։

Քարածուխ բեռնաթափող զինվորները, գնացքի ընթացքին հարմարեցնելով, ծխախոտ ու դաշտից նոր բերված, դեռ դեղին թերթիկ նե րով արեւածաղիկ էին նետում։ Նրանց ուղեկցող խոշոր ակնակապիճներով սպան սպառնում էր, բռունցք էր թափ տալիս, հայհոյում։

– Չհամարձակվեք, լսո՞ւմ եք, չհամարձակվեք կրկին արեւա ծաղիկ նետել, չի կարելի…

Նրա ափերից դուրս գալը ոչ ոք հաշվի չէր առնում։ Կանայք գոռում էին․

– Զինվորներ, ձեր մերը, մի՞թե ես արեւածաղկից գեղեցիկ չեմ։

Արձակում էին վերնազգեստի կոճակները՝ ցուցադրելով ստինք ները։ Նրանց բոլորի դեմքերին կատաղություն կար եւ թախծոտ քնքշանք։ Երկու գնացքների կալանավորները ընթացքից վագոնից վագոն ձայն էին տալիս իրար, հայհոյում, սեր խոստանում․

– Սիրելիս, ես քեզ կսպասեմ մինչեւ տիրոջ երկրորդ գալուստը, եթե, իհարկե, մինչեւ այդ չսատկես…

Նրանց ձայնը թափվող տերեւների շրշյունի էր նման։ Եվ լինում էին նաեւ այնպիսի օրեր, երբ գնացքները իրար մոտով անցնում էին անաղմուկ, առանց հայհոյանքների։ Դեռ հեռվից, երկաթ֊գծերի հանգույցները թմբկահարող անիվների հետ, լսվում էր կանանց ցածր ու մեղմ խմբերգը։ Հակառակ ուղղությամբ գնացող տղամարդիկ որսում էին մեղեդին ու կոշիկի պայտած կրունկներով դոփում էին վագոնի երկաթյա հատակը, դոփյունը հարմարեցնում երգվող խմբերգի եղանակին, ու մելամաղձոտ երգը լցվում էր կայարանն ու արեւածաղկի դաշտը։ Նրանց հեռանալուց հետո զինվորները չէին կարողանում աշխատել, անմիտ պատճառներով վիճում էին իրար հետ, հետո նստում էին վագոնների կողեզրերին, այդ օրը կալանավորներին չնետած արեւածաղկի թաց սերմերն էին ծամում ու անխոս ծխում էին՝ տարածության մեջ հայացքով որոնելով անտե սանելի, անհանգստացնող ներկայություն։ Անտեսանելի ներկայության գոյությունը անվիճելի էր, քանի որ գնացքների հեռանալուց հետո կայարանում գիշերող թափառական, քարածխից սեւացած սպիտակ շունը ծառերի հովից դուրս էր թռչում, անհանգստացած դունչը մեկնում էր երկինք, աչքերով որոնում ՆՐԱՆ։

Հետո անսահմանության մեջ ինչ֊որ կետում նշմարում էր, պոչը թափահարում, սկսում էր անորոշ կաղկանձել՝ վախեցա՞ծ, թե՞ ուրա խացած։

Հաջորդ օրը նրանք բեռնաթափումը արդեն պիտի վերջացնեին, երբ լսվեց երկաթգծի դղրդոցը։ Երկու հերթափոխի գնացքները մոտեցան, ֆշշացրին, մի պահ կանգնեցին իրար դիմաց։ Ու մարդիկ, հազարներով մարդիկ, կալանավոր կին ու տղամարդ, վագոններից թափվում էին դուրս, հոսում էին իրար մեջ։ Վազքի ընթացքում մերկանում, առանց ընտրության նետվում իրար գիրկ։ Ընկնում փո սերի, խանդակների մեջ, վագոնների տակ, երկաթգծի վրա, արեւա ծաղկի դաշտերի մեջ։

Շնչարգելակող, թոքերը այրող տապի մեջ պտտվում էր վայելքի, ծեծվող մարմնի, ցավի, հառաչանքի ալիքը։

Ուղեկցող հրացանավոր պարեկների թիվը քիչ էր։ Նրանք հրացանների խզակոթերով հարվածում էին ամենամոտիկ պատահածին, ուր կպչեր։ Իսկ նրանց զոլավոր համազգեստով մեջքերը ճոճ վում էին օդի ու տարածության մեջ, մինչեւ ուր մարդու աչքը կտրեր, մինչեւ հորիզոն նրանք էին։ Ու իջնում էին հարվածները դեմքերին, թիկունքներին, հողին…

Իսկ նրանց հեւքից, արեւից վառված բարկ ու թեթեւ փոշին բարձրանում էր վեր։ Հետո բեռնաթափող բանվորների վագոնին մոտեցավ գունատ, հրացանի կոթով շատ աշխատած, քրտնաթոր ու վախեցած սպան։

– Տղաներ, օգնեք, մենք չենք կարողանում, հասկանո՞ւմ եք, պետական օրենքով չի կարելի, որ նրանք հղիանան։ Ի՞նչ եք քարացել, շտապեք, կարող են եւ փախչել։ Ես ձեր մերը։ Բա որ ասում էի՝ արեւածաղիկ չի կարելի նետել։ Այս ամենի համար դուք էլ եք մեղավոր…

Նրանք նստած տեղերից ցատկեցին, բահերով, քլունգներով, անբնական աղաղակներով նետվեցին երկու գնացքների կալանա վոր ների վրա։

Կայարանի իր պաշտոնական աշխատասենյակից զինված դուրս նետվեց ճաղատ կայարանապետը, աջ ու ձախ հարվածներ տալով՝ հասավ մեքենավարներին․

– Ձեզ բոլորիդ դատի կտամ, դուք, ի՞նչ է, չգիտե՞ք, որ կանգնելը արգելված է, էսա ուր որ է 79 րդ մարդատարն է անցնելու։

– Նիկիտիչ, մենք չիմացանք՝ դա ոնց պատահեց, շունը կանգնել էր երկաթուղու մեջտեղը, հետո ինձ թվաց՝ նա միայնակ չէր, նրա հետ էլի ինչ որ մեկը կար, որի վրայով անցնել չէր կարելի։

– Բա էն մյուս ապուշը ինչի՞ կանգնեց։

– Շունը կանգնել էր ուղիղ մեջտեղը, ու նա միայնակ չէր…

– Ապուշներ, շունը միաժամանակ երկու գնացքների առաջ ո՞նց էր կանգնել, դուք մի սպասեք, ես 79 րդին ճանապարհեմ…

– Նիկիտիչ, շունը միայնակ չէր, նրա հետ էլի մեկը կար, ես չեմ պնդում, թե նրա հետ եկածին տեսա, բայց զգում էի, որ կար մի անտեսանելի ներկայություն, բա դե լավ, ո՞վ կանգնեցրեց գնացքը… Այդ շունը, կասկածելի…

– Շունը, շունը, շան հերն էլ անիծած, ինչ եք փետ կուլ տվածի նման կանգնել, գործի անցեք, ուր որ է 79 րդը կգա։

Լսվում էին ամեն տեսակի գործիքների խուլ հարվածները փափուկ ու զոլավոր մեջքներին եւ կաղ հավաքարարի հուսահատ ու կրքից արբած աղաղակները․

– Աննամուսներ, աստծուց վախեցեք, հավաքեք ձեր փեշերը…

Շիկացած օդի մեջ կպչուն, տաք փոշի կար, վայելքի, կրքի եւ ֆիզիկական ցավի ճիչ, իրար հրմշտվող վագոնների ու չոր մետաղի շրխկոց։ Երկու ֆշշացող շոգեքարշների աղեկտուր տագնապալի սուլոցը, որ սուր գործիքի նման մխրճվում էր ուղեղների մեջ։ Գլխավերեւներով, նրանց վախեցնելու համար, դեպի դաշտ էին թռչում ավտոմատների կրակահերթերը եւ դեղին թերթերով արեւածաղիկներ հնձում։ Նաեւ կար հեռագրասյուների բզզոց, սարսափահար դեպի կապուտակ երկինք թռչող արտույտների կանչ, մարդկային աղաղակներ ու էլի ինչ֊որ անտեսանելի մի ներկայություն։ Հետո սպան կրկին մոտեցավ բեռնաթափվող վագոն ներին, որի եզրին միայնակ նստած էր մնացել զինվորը ու ծխում էր։

– Եղբայր, ախր հասկացիր, օգնել է պետք, միայն դու չես, որ խղճում ես նրանց, Նիկիտիչի նման բարի մարդը, որ մրջյուն անգամ չի տրորել, նա էլ է գործ անում։ Հասկացիր, պետական օրենքով չի կարելի, որ նրանք այդ բանն անեն։ Եթե այդքան երեխաներ ծնվեն, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի։ Այս ամենի պատճառը ձեր նետած արեւածաղիկներն էին, ինձ միշտ էլ թվում էր, որ նրանք դեղին գույնից, արեւածաղկից ու արեւից կրքոտվում էին… Ասում էի, չէ՞, որ չանեք…

Ծխող զինվորի հետ դա էլի էր պատահել։ Մի ուրիշ անգամ, ուրիշ վայրում։ Անտեսանելի ներկայությունը թափառում էր նրա հետ, ու նա կասկածում էր նրա որոշակիությանը։ Հիմա բանակում կրկնվող դեպքը իր ամբողջ կյանքի ընթացքում երրորդն էր։

Գոմում, որտեղ ծնվել էր նա, հեքիմ Սոնան նրա ծնունդն ընդունել էր տատի (տատը վաղուց չկար) սեւ գոգնոցի մեջ։

Եվ հիմա այդ պատահարը․ ամբողջ կյանքի ընթացքում կրկնվում էր երրորդ անգամ։ Նա շատ սուր զգում էր տատի սեւ գոգնոցի, որի մեջ ընդունել էին իր ծնունդը, բուրող հոտը։

Սպիտակ֊սեւ շունը, դունչը մեկնած երկինք, իրեն ծանոթ կետին, պոչը թափահարելով կաղկանձում էր, նա միայնակ չէր, նա ողողված էր այդ հոտով։