Փոքրիկ Իշխանը

Գրապահարան-ից
Փոքրիկ Իշխանը

հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի


ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ

Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝

ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ 

Երբ նա փոքրիկ տղա էր


Բովանդակություն

I

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:

Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:

– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:

Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:

Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:

Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:

Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:


II

Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչոր բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:

Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչոր մեկի բարակ ձայնը:

– Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ...

– Ի՜նչ...

– Ինձ համար մի գառնուկ նկարիր...

Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:

Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:

Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու սովից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.

– Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ:

Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.

– Խնդրում եմ... գառնուկ նկարիր...

Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ գրպանիցս հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.

– Միևնույն է, մի գառնուկ նկարիր...

Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.

– Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր...

Եվ ես նկարեցի:

Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.

– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր...

Եվ ես նկարեցի:

Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:

– Չէ՞ որ դու էլ ես տեսնում, –

ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա

մեծ խոյ է, կոտոշներ ունի...

Ես նորից նկարեցի, բայց նա այդ

նկարից էլ հրաժարվեց:

– Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձ

այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:

Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային.

– Ահա քեզ մի արկղ: Մեջը մի

այնպիսի գառնուկ է նստած,

ինչպիսին դու ուզում ես:

Որքան ես զարմացա, երբ իմ

խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.

– Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:

– Ինչո՞ւ ես հարցնում...

– Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է...

– Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:

– Այնքան էլ փոքր չէ...– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է…

Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:


III

Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.

– Սա ի՞նչ բան է:

– Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:

Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.

– Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:

– Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես:

– Այ թե հետաքրքի՜ր է…

Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

– Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:

«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի.

– Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...

Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.

– Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...

Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից:

Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:

Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.

– Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:

– Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:

Փոքրիկ իշխանը մռայլվեց:

– Կապե՞մ... ինչի՞ համար...

– Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:

Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:

– Ո՞ւր կարող է նա գնալ:

– Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:

Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.

– Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:

Եվ թախծոտ ավելացրեց.

– Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…


IV

Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…

Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար:Օրինակ՝ № 251:

Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:

Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և իայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:

№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:

№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես

տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:

Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես.

«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:

Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:

V

Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:

Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:

– Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:

– Այո՛, դա ճիշտ է:

– Ա՜յ, դա լավ է...

Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:

– Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:

Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:

Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:

– Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին...

Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.

–Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:

–Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:

–Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, – բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին: Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:

Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր: Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:

Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր...

Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջովին վարակված է նրանցով: Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակը կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն:

– Այստեղ մի հաստատուն կարգ կա, – հետագայում ասաց Փոքրիկ իշխանը: – Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ:

Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան:

– Եթե հանկարծ նրանք երբևէ ճանապարհորդեն, – ասաց նա, – դա նրանց պետք կգա: Աշխատանքներ կան, որ կարող են մի փոքր սպասել, դրանից վնաս չի գա: Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբին, դժբախտությունից չես խուսափի:

Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և... Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել: «Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշ մնացեք բաոբաբից»:

Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:

Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:

VI

Օ՜, Փոքրիկ իշխան, քիչ-քիչ ես հասկացա նաև, թե որքան տխուր ու միապաղաղ է եղել քո կյանքը: Երկար ժամանակ դու միայն մի հաճելի զբաղմունք ես ունեցել՝ նայել վերջալույսին: Ես այդ մասին իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ դու ասացիր. – Ես վերջալույս շատ եմ սիրում:

Գնանք տեսնենք, թե ինչպես է արևը մայր մտնում:

– Դրան պետք է սպասել:

– Ինչո՞ւ սպասել:

– Որպեսզի արևը մայր մտնի:

Սկզբում դու շատ զարմացար, իսկ հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր ու ասացիր.

– Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ:

Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է,Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով: Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով... հարկավոր էր միայն ցանկանալ...

– Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:

Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.

– Գիտես... երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը...

– Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր: Սակայն Փոքրիկ իշխանը չպատասխանեց:

VII

Հինգերորդ օրը դարձյալ գառնուկի շնորհիվ ես իմացա Փոքրիկ իշխանի գաղտնիքը:

Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի:

– Ինչ որ պատահի՝ կուտի:

– Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը...

– Նույնիսկ փշոտ ծաղիկները:

– Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը:

Ես այդ չգիտեի: Բացի այդ, ես շատ էի զբաղված: Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել: Ես ինձ կորցրել էի, իմ դրությունը լրջանում էր. Խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ:

– Ինչի՞ համար են փշերը:

Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:

– Այ թե ի՜նչ...

Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.

– Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.

– Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները...

– Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը... Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:

Նա զարմացած նայեց ինձ.

– Լուրջ գո՞րծ:

Ու շարունակեց ինձ նայել:

Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:

– Դու մեծահասակի նման ես խոսում, – ասաց նա:

Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.

– Ամեն ինչ դու խառնում ես... ոչինչ չես հասկանում:

Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:

– Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել:

Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», – իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ:

Նա սունկ է:

– Ի՞նչ...

– Սունկ...

Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:

– Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը: Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:

Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.

– Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը...»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛...

Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի. «Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում...

Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ... Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ... Ես...»: Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

VIII

Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:

Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.

– Ա՜խ, հազիվ արթնացա... Խնդրում եմ՝ ներեք ինձ... Ես դեռ բոլորովին գզգզված եմ...

Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.

– Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:

– Ի՞նչ եք ասում... – եղավ մեղմ պատասխանը: – Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:

Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում: Իսկ ծաղիկը շուտով ասաց.

– Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով...

Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց,հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա: Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.

– Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:

– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:

– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը:

– Ներեցեք ինձ...

– Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք...«Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է... շատ զարմանալի է..., – մտածեց Փոքրիկ իշխանը: – Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:

– Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ...

Նա խոսքը չավարտեց:

Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:

– Ի՞նչ եղավ շիրման...

– Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:

Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի:

Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:

– Ես իզուր էի նրան լսում, – մի անգամ սիրտը բացեց նա: – Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը:

Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները... դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի... Եվ հետո նա խոստովանեց.

– Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները... Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:

IX

Որքան ես հասկացա, նա որոշել էր ճանապարհորդել չվող թռչունների հետ: Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը: Խնամքով մաքրեց գործող հրաբուխները: Նա երկու գործող հրաբուխ ուներ: Առավոտները շատ հարմար է նրանց վրա նախաճաշ տաքացնել: Բացի այդ, կար նաև մի հանգած հրաբուխ: Բայց նա մտածեց, որ ինչ ասես կարող է պատահել, դրա համար էլ մաքրեց նաև հանգած հրաբուխը: Երբ հրաբուխները լավ ես մաքրում, նրանք հանգիստ ու անաղմուկ են վառվում, առանց ժայթքումների: Հրաբուխի ժայթքումը նույնն է, ինչ որ վառարանի խողովակի հրդեհը, երբ կպչում է նրա միջի մուրը: Ինչ խոսք, մենք՝ երկրի վրայի մարդիկս, շատ փոքրիկ ենք և չենք կարող մաքրել մեր հրաբուխները: Ահա թե ինչու են նրանք այդքան տհաճություն պատճառում մեզ:

Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը: Նա կարծում էր, թե երբեք այլևս չի վերադառնա, բայց այդ առավոտյան սովորական աշխատանքը նրան չտեսնած հաճույք էր պատճառում: Իսկ երբ վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստվում էր ապակիով ծածկել այն, նա նույնիսկ ուզեց լաց լինել:

– Մնաք բարով, – ասաց:

Գեղեցկուհին չպատասպանեց:

– Մնաք բարով, – կրկնեց Փոքրիկ իշխանը:

Ծաղիկը հազաց, բայց դա մրսելուց չէր:

– Ես հիմար էի, – ասաց նա վերջապես:

– Ներիր ինձ: Եվ աշխատիր երջանիկ լինել:

Եվ ոչ մի հանդիմանություն: Փոքրիկ իշխանը շատ էր զարմացել: Նա, ապակին ձեռքին, սառել, մնացել էր կանգնած: Որտեղի՞ց էր այդ մեղմ քնքշությունը:

– Այո՛, այո՛, ես սիրում եմ քեզ, – լսեց նա: – Ես մեղավոր եմ, որ դու չգիտեիր այդ: Բայդ դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել... թող այդ ապակին, այն ինձ այլևս պետք չէ:

– Բայց քամին...

– Ես այնքան էլ մրսած չեմ... գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա... չէ՞ որ ես ծաղիկ եմ...

– Բայց գազանները, միջատները...

– Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ...

Նրանք պետք է որ շատ լավիկը լինեն:

Թե չէ, ո՞վ պիտի ինձ այցելի: Չէ՞ որ դու հեռվում կլինես: Իսկ մեծ գազաններից ես չեմ վախենում: Ես մագիլներ ունեմ:

Եվ նա պարզամտորեն ցույց տվեց իր չորս փշերը: Հետո ավելացրեց.

– Էլ մի ձգձգիր... դա անտանելի է... Եթե որոշել ես գնալ՝ գնա:

Նա չէր ուզում, որ Փոքրիկ իշխանը տեսնի, թե ինչպես է ինքը լալիս: Դա մի շատ հպարտ ծաղիկ էր:

X

Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:

Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:

– Ահա և հպատակը, – բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:

«Այդ ինչպե՞ս ճանաչեց, – անցավ Փոքրիկ իշխանի մտքով, – չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:

Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:

– Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, – ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:

Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը:

Եվ նա նման կանգնած ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.

– Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:

– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել...

– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:

– Բայց... ես քաշվում եմ... ես այլևս չեմ կարող... – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:

– Հըմ, հըմ... Այդ դեպքում... այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ...

Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ:

Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:

«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:

– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:

– Հրամայում եմ, նստի՛ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:

Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:

– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ...

– Հրամայում եմ, հարցրո՛ւ, – շտապ ասաց թագավորը:

– Ձերդ մեծություն... դուք ի՞նչ եք կառավարում...

– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:

– Ամեն ի՞նչ...

Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:

– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Այո, – պատասխանեց թագավորը:

Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:

– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:

Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար:

Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու:

Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.

– Ես կուզենայի վերջալույս տեսնել... խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի...

– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

– Իսկ վերջալո՞ւյսը... – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

– Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ... հը՜մ... – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի... հըմ... հըմ... այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:

Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

– Ինչի՞ նախարար:

– Ասենք... արդարադատության:

– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:

– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ... հը՜մ... – ասաց թագավորը: – Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկ - մեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:

– Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ընդհանրապես... իմ գնալու ժամանակն է:

– Չէ՛, ժամանակը չէ, – առարկեց արքան:

Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:

Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, – ասաց նա, – պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան...

Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:

– Քեզ դեսպան եմ նշանակում, – նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:

Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:

«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով:

XI

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:

– Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց, – հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց նա:

Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով:

– Բարի օր, ասաց Փոքրիկ իշխանը: – Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք:

– Սա նրա համար է, որ տամ, – բացատրեց փառասերը, – տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս:

– Ահա թե ի՜նչ, – շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:

– Հապա մի ծափ տուր, – ասաց փառասերը: Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն տալ:

«Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը, նորից գլխարկը հանելով, խոնարհվեց:

Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:

– Իսկ ի՞նչ է պետք անել, որ գլխարկը ընկնի, – հարցրեց նա:

Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:

– Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես, – Փոքրիկ իշխանին հարցրեց նա:

– Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:

– Երկրպագել, այդ նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը և ամենից խելոքը:

– Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:

– Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար միևնույն է, հիացիր ինձանով:

– Ես հիանում եմ, – ուսերը թոթվելով՝ ասաց Փոքրիկ իշխանը, – բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ:

«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», – պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

XII