Վերջին թարմացում 6 Մարտի 2019, 05:44

Փոքրիկ ավտոբուսի մասին, որը վախենում էր մութից

05:44, 6 Մարտի 2019 տարբերակ, Սահակ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փոքրիկ ավտոբուսի մասին, որը վախենում էր մութից

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի փոքրիկ ավտոբուս էր ապրում։ Նա վառ կարմիր գույն ուներ եւ իր հայրիկի ու մայրիկի հետ բնակվում էր գարաժում։ Ամեն առավոտ նրանք երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, վրան էլ ջուր էին խմում, իսկ հետո ուղեւորներ էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաքը։

Գյուղից քաղաք, քաղաքից գյուղ։ Գյուղից քաղաք, քաղաքից գյուղ։

Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր այդ ճանապարհն անցել օրը ցերեկով, բայց ուշ գիշերներին դեռեւս առիթ չէր եղել մեկնելու։ Բացի այդ, նա շատ էր վախենում Մութից։ Եվ մայրիկը նրան ասաց․

— Հապա լսիր, մի պատմություն պատմեմ։ Վաղուց, շատ վաղուց, Մութը վախենում էր ավտոբուսներից։ Եվ նրա մայրը, որն ավելի գեղեցիկ էր, քան սպիտակ շուշանը, մի անգամ այսպես ասաց․ «Չպետք է վախենալ։ Եթե դու երեկոյան վախենաս դուրս գալ աշխարհը խավարով ծածկելու համար, մարդիկ երբեք չեն իմանա, որ քնելու ժամանակն է։ Եվ աստղերն էլ չեն իմանա, թե երբ պետք է փայլեն երկնքում։ Համարձակ եղիր»։

Եվ Մութը, որ ամբողջ օրը թաքնվում էր արեւի ետեւում, սկսեց զգուշորեն իջնել տների ու փողոցների վրա։ Քաղաքում ետ ու առաջ էին սլանում ավտոբուսները։ Մութը սիրտ արեց ու մի քիչ էլ ցած իջավ։ Փողոցներում արդեն վառվեցին լապտերները, ավտոբուսների վարորդներն էլ վառեցին իրենց մեքենաների լույսերը։

Վերջապես, Մութը փռվեց քաղաքով մեկ, բայց դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ ընթացքի ժամանակ շաչելով, նրա միջով սլացավ ավտոբուսը։ Ինչ անսպասելի բան… Բայց Մութի համար հաճելի էր։ Թերեւս մի քիչ խուտուտ էր զգում, բայց հաճելի էր։

Հետո Մութի միջով սլացան եւս մի քանի ավտոբուսներ։ Նրանց ներսում լույս կար, մարդիկ տոմսակ էին գնում, նստում էին, ոտքի ելնում, մի խոսքով հիանալի ժամանակ էին անցկացնում։

Ավելի ուշ, երբ լուսինը դուրս եկավ, Մութն սկսեց պահմտոցի խաղալ տների հետ։ Իսկ առավոտյան դարձյալ ծագեց արեւն ու Մութին տուն ուղարկեց, մայրիկի մոտ։ Բայց Մութն այլեւս չէր վախենում ավտոբուսներից։

Երբ մայրիկ ավտոբուսը ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց․

— Լավ, ես էլ կգնամ։

Վարորդը եկավ, շարժիչը միացրեց, վառեց լույսերը, մարդիկ էլ եկան ու նստեցին բազմոցներին, տոմսավաճառը զանգը տվեց, եւ փոքրիկ ավտոբուսը, սուզվելով մթան մեջ, գլխավոր փողոցով ուղեւորվեց դեպի ծովափնյա մեծ քաղաքը։