Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Գրապահարան-ից
Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

հեղինակ՝ Էդուարդ Ուսպենսկի
թարգմանիչ՝ Լիլիթ Մելքոնյան
աղբյուր՝ «Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին — Քեռի Ֆեոդորը

Մի հայրիկ ու մայրիկ մի տղա ունեին, անունը՝ Քեռի Ֆեոդոր։ Քեռի Ֆեոդոր էին ասում, որովհետեւ նա շատ լուրջ ու ինքնուրույն տղա էր։ Չորս տարեկանում կարդալ էր սովորել, իսկ վեցում արդեն ինքն իր համար ապուր էր եփում։ Մի խոսքով, շատ լավ տղա էր։ Ծնողներն էլ էին լավը՝ հայրիկն ու մայրիկը։

Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե մայրը կենդանիներ սիրեր։ Հատկապես ամեն տեսակ կատուներ։ Իսկ Քեռի Ֆեոդորը կենդանիներ սիրում էր ու այդ պատճառով հաճախ էր վիճում մայրիկի հետ։

Մի անգամ այսպիսի բան պատահեց։ Քեռի Ֆեոդորը ինքն իր համար բարձրանում է աստիճաններով ու բուտերբրոդ ուտում։ Մեկ էլ տեսնում է պատուհանին մի կատու է նստած։ Մի մեծ շերտավոր կատու։ Կատուն Քեռի Ֆեոդորին ասում է․

— Բուտերբրոդը ճիշտ չես ուտում, Քեռի Ֆեոդոր։ Դու երշիկը հացի վրա ես դրել, այնինչ պետք է այնպես դնես, որ լեզվով շոշափես։ Այդպես ավելի համեղ կլինի։

Քեռի Ֆեոդորը փորձում է՝ այդ ձեւով իսկապես համով էր։ Նա հյուրասիրում է կատվին եւ հարցնում․

— Իսկ ի՞նչ գիտես, որ իմ անունը Քեռի Ֆեոդորը է։

Կատուն պատասխանում է․

— Ես ձեր տնեցիներին բոլորին էլ ճանաչում եմ։ Ձեղնահարկում եմ ապրում եւ ամեն ինչ տեսնում եմ։ Ով է լավ, ով է վատ։ Միայն թե հիմա իմ ձեղնահարկը նորոգում են, եւ ես ապրելու տեղ չունեմ։ Վերանորոգումից հետո էլ, երեւի, ընդմիշտ կկողպեն դուռը։

— Իսկ ո՞վ է քեզ խոսել սովորեցրել,— հարցնում է Քեռի Ֆեոդորը․

— Էհ, սովորել եմ, էլի,— ասում է կատուն։ — Մի բառ էստեղից, մի բառ էնտեղից։ Բացի այդ, ես ապրում էի մի պրոֆեսորի մոտ, որը ուսումնասիրում էր կենդանիների լեզուն։ Ու այդպես սովորեցի։ Հիմա առանց լեզու իմանալու անհնար է ապրել։ Ոտքով, գլխով կկորչես, կամ քեզանից գլխարկ կկարեն, կամ օձիք, կամ էլ ոտի տակ կգցեն։

Քեռի Ֆեոդորն ասում է․

— Արի, ինձ մոտ ապրիր։

Կատուն տատանվում է։

— Մայրիկդ կվռնդի։

— Չի վռնդի։ Գուցե հայրիկս պաշտպանի։

Եվ գնացին։ Կատուն կերավ եւ ամբողջ օրը աղայավարի քնեց բազմոցի տակ։ Իսկ երեկոյան հայրիկն ու մայրիկը եկան։ Մայրիկը հենց որ ներս մտավ, անմիջապես ասաց․

— Այս ի՞նչ կատվահոտ է գալիս։ Կա֊չկա Քեռի Ֆեոդորը կատու է տուն բերել։

Իսկ հայրիկն ասաց․

— Ինչ անենք։ Կատու է, էլի։ Մի կատուն մեզ չի խանգարի։

Մայրիկն ասաց․

— Քեզ չի խանգարի, ինձ կխանգարի։

— Ինչո՞վ կխանգարի։

— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։

Հայրիկն ասաց․

— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։

— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։

— Հետո ինչ,— չհամաձայնեց հայրիկը։— Կատվից էլ օգուտ կտեսնես։ Մենք նրան շան տեղ կվարժեցնենք։ Պահապան կատու կունենանք։ Տունը կհսկի։ Չի հաչի, չի կծի, բայց չի էլ թողնի, որ տունը մարդ մտնի։

Մայրիկը նույնիսկ բարկացավ․

— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։

Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։

— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։

— Իսկ դո՞ւ ում ես ընտրում, Քեռի Ֆեոդոր,— հարցրեց մայրիկը։

— Ոչ մեկիդ,— պատասխանեց տղան,— բայց որ կատվին վռնդեք, ես էլ կհեռանամ տնից։

— Ինչպես կուզես,— ասաց մայրիկը,— միայն թե վաղը կատվի հետքն անգամ չտեսնեմ։

Մայրը, իհարկե, չէր հավատում, որ Քեռի Ֆեոդորը տնից կգնա։ Հայրիկն էլ չէր հավատում։ Նրանք մտածեցին, որ տղան հենց այնպես է ասում։ Իսկ նա լուրջ էր ասում։

Դեռ իրիկվանից ինչ֊որ պետք էր դրեց ուսապարկի մեջ։ Ե՛վ գրչահատ, ե՛ւ տաք բաճկոն, ե՛ւ լապտեր։ Վերցրեց ամբողջ փողը, որ հավաքել էր ակվարիում գնելու նպատակով։ Կատվի համար էլ պայուսակ պատրաստեց։ Բարեբախտաբար կատուն տեղավորվեց պայուսակի մեջ, միայն բեղերն էին դուրս ցցվել։ Եվ պառկեց քնելու։

Առավոտյան հայրիկն ու մայրիկը աշխատանքի գնացին։ Քեռի Ֆեոդորն արթնացավ, շիլա եփեց իր համար, նախաճաշեց կատվի հետ եւ սկսեց նամակ գրել․

«Սիրելի ծնողներ, հայրիկ ու մայրիկ։

Ես ձեզ շատ եմ սիրում։ Կենդանիներ էլ շատ եմ սիրում։ Եվ այս կատվին՝ նույնպես։ Իսկ դուք չեք թողնում նրան պահեմ։ Պատվիրում եք՝ տնից վռնդել։ Դա ճիշտ չէ։ Ես գնում եմ գյուղ, այնտեղ եմ ապրելու։

Դուք ինձ համար մի՛ անհանգստացեք։ Ինձ ոչինչ էլ չի լինի։ Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է, ես ձեզ կգրեմ։ Իսկ մինչեւ դպրոց գնալս բավական ժամանակ կա դեռ։ Եկող տարի եմ գնալու։

Ցտեսություն։ Ձեր որդի՝ Քեռի Ֆեոդոր»։

Նա նամակը գցեց իր անձնական փոստարկղը, վերցրեց ուսապարկն ու պայուսակը, որի մեջ կատուն էր, եւ գնաց ավտոբուսի կանգառ։


Գլուխ երկրորդ — Գյուղը

Քեռի Ֆեոդորը նստեց ավտոբուս եւ գնաց։ Հաճելի էր ճանապարհ գնալը։ Այդ ժամին ավտոբուսները քաղաքից դատարկ էին մեկնում։ Եվ ոչ ոք նրանց չէր խանգարում զրուցել։ Քեռի Ֆեոդորը հարցեր էր տալիս, իսկ կատուն պատասխանում էր պայուսակի միջից։


Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է։

Կատուն ասում ․

— Ես էլ չգիտեմ։ Ե՛վ Հովազիկ են ասել ինձ, ե՛ւ Փափկամայիկ, ե՛ւ Հիմարիկ։ Եվ նույնիսկ Փիսո Փիսիկիչ եմ եղել։ Միայն թե այդ բոլորը ինձ դուր չի գալիս։ Ես ուզում եմ ազգանուն ունենալ։

— Ինչպիսի՞։

— Մի որեւէ լուրջ ազգանուն։ Ծովային ազգանուն։ Չէ՞ որ ես ծովային կատուների ցեղից եմ։ Նավատորմային։ Տատիկս ու պապիկս նավով շատ են ճանապարհորդել նավաստիների հետ։ Ծովն ինձ էլ է ձգում։ Շատ եմ կարոտում օվկիանոսներին։ Միայն թե ջրից վախենում եմ։

— Արի ազգանունդ Մատրոսկին դնենք,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ե՛վ կատուների հետ է կապված, ե՛ւ ինչ֊որ ծովային բան կա այդ ազգանվան մեջ։

— Այո, ծովային բան կա,— համաձայնում է կատուն,— ճիշտ է։ Իսկ ի՞նչով է կապված կատուների հետ։

— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։

Կատուն համաձայնում է։

— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։

Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։

«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։

«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։

Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։ Նա գլուխը դուրս է հանում պայուսակից եւ ասում․

— Ինձ շատ է դուր գալիս, որ ազգանունս ծաղրական չէ։ Ինչպես ասենք՝ Իվանով կամ Պետրով։

Քեռի Ֆեոդորը հարցնում է․

— Իսկ դրանք ինչո՞վ են ծաղրական։

— Նրանով, որ միշտ կարելի է ասել․ «Պետրով, խփեմ քեզ տետրով, Իվանով՝ ո՞ւր ես գնում սուգ ու շիվանով»։ Իսկ Մատրոսկինին այդպիսի պոչ չես կարող կպցնել։

Այստեղ ավտոբուսը կանգ առավ։ Նրանք գյուղ էին հասել։

Գյուղը գեղեցիկ էր։ Շուրջն անտառ էր, դաշտ, եւ գետն էլ հեռու չէր։ Տաք, հաճելի քամի էր փչում, մոծակներ չկային։ Մարդիկ էլ շատ քիչ էին գյուղում։

Քեռի Ֆեոդորը տեսավ մի ծերունու եւ հարցրեց․

— Այստեղ որեւէ ազատ տուն չկա՞, որտեղ հնարավոր լինի ապրել։

Ծերունին պատասխանեց․

— Որքան ուզես։ Գետի մյուս ափին նոր տուն են կառուցել, հինգհարկանի, ինչպես քաղաքում։ Եվ գյուղի կեսն այնտեղ է տեղափոխվել։ Իսկ իրենց տները թողել են։ Բանջարանոցներն էլ։ Որոշ տեղերում՝ նույնիսկ հավերին։ Ընտրիր, որն ուզում ես, եւ ապրիր։

Եվ գնացին փնտրելու։ Ճանապարհին մի շուն մոտեցավ նրանց։ Փրչոտ, գզգզված, մազերին կոծոծներ կպած։

— Թույլ տվեք, ես էլ ձեզ հետ ապրեմ,— ասաց։— Ձեր տունը կհսկեմ։

Կատուն չհամաձայնեց։

— Մեզ հսկիչ պետք չէ։ Դեռ իսկի տուն չունենք, հսկիչն ի՞նչ ենք անում։ Մի տարուց հետո արի, երբ հարստացած կլինենք։ Այն ժամանակ քեզ կվերցնենք։

Քեռի Ֆեոդորն ասաց․

— Սպասիր, կատու։ Լավ շունը դեռ ոչ մեկին չի խանգարել։ Ավելի լավ է արի իմանանք, թե նա որտեղ է խոսել սովորել։

— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։

— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։

— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։

— Միեւնոյն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։

— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։

— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։

— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։

— Հը՞, ինչ եք ասում։ Հիմա թույլ տալի՞ս եք ձեզ հետ ապրեմ,— հարցրեց շունը։— Թե՞ հետո գամ։ Մի տարի անց։

— Թույլ ենք տալիս,— պատասխանեց Քեռի Ֆեոդորը։— Երեքով ավելի ուրախ կլինի։ Ի՞նչ է անունդ։

— Շարիկ,— պատասխանեց շունը։ Ես հասարակ շներից եմ։ Ցեղական չեմ։

— Իսկ իմ անունը Քեռի Ֆեոդոր է։ Կատվինը՝ Մատրոսկին․ դա ազգանունն է։

— Շատ հաճելի է,— ասաց Շարիկն ու գլուխ տվեց։ Անմիջապես երեւաց, որ դաստիարակված շուն է։ Լավ ընտանիքից։ Միայն թե տեր չի ունեցել։

Բայց կատուն, միեւնույն է, դժգոհ էր։ Նա Շարիկին հարցրեց․

— Ձեռքիցդ ի՞նչ է գալիս։ Կողպեքն էլ կարող է տուն պահպանել։

— Ես կարող եմ ետեւի թաթերով կարտոֆիլի բուկ լցնել։ Եվ լպստելով ամանները լվանալ։ Քնելու տեղ էլ հարկավոր չէ ինձ, դրսում կքնեմ։

Նա շատ էր վախենում, որ իրեն չընդունեն։

Իսկ Քեռի Ֆեոդորն ասաց․

— Հիմա պետք է տուն փնտրենք։ Եկեք բոլորս առանձին֊առանձին ման գանք գյուղում։ Հետո կորոշենք, թե ում ընտրածն է հարմար։

Եվ սկսեցին որոնել։ Ամեն մեկն ընտրեց այն, ինչ իրեն ավելի էր դուր գալիս։ Իսկ հետո նորից հավաքվեցին։ Կատուն ասաց․

— Ես մի շատ լավ տուն եմ գտել։ Պատերն ամբողջովին խծուծված։ Տախ վառարան կա խոհանոցում։ Գնանք, այնտեղ ապրենք։

Շարիկը քրքջաց․

— Վառարանն ի՜նչ է որ, դատարկ բան է։ Մի՞թե կարեւորը դա է։ Այ, իմ գտածը տուն է՜։ Այնտեղ այնպիսի մի շան բուն կա որ, հրա՜շք։ Ոչ մի տուն էլ պետք չէ։ Բոլորս էլ կտեղավորվենք բնում։

Քեռի Ֆեոդորն ասաց․

— Երկուսդ էլ կարեւորի մասին չեք մտածում։ Անհրաժեշտ է, որ տանը անպայման հեռուստացույց լինի։ Եվ պատուհանները մեծ լինեն։ Հենց այդպիսի մի տուն եմ գտել ես։ Տանիքը՝ կարմիր։ Այգի ու բանջարանոց էլ կա։ Գնանք տեսնենք։

Եվ գնացին տեսնելու։ Հենց որ մոտեցան, Շարիկը բղավեց․

— Ախր սա հենց իմ գտած տունն է։ Ես այս բնի մասին էի ասում։

— Եվ իմ տեսած վառարանը,— ասաց կատուն։— Ամբողջ կյանքումս այսպիսի վառարան եմ երազել, երբ ցուրտ է եղել։

— Այ թե լավ ստացվե՜ց,— ասաց Քեռի Ֆեոդորը։— Երեւում է, իսկապես, մենք ամենալավ տունն ենք ընտրել։

Նրանք մի լավ զննեցին տունը եւ ուրախացան։ Ամեն ինչ կար։ Ե՛վ վառարան, ե՛ւ մահճակալներ, ե՛ւ վարագույրներ պատուհաններին, ե՛ւ ռադիոընդունիչ, ե՛ւ հեռուստացույց։ Իհարկե, հնացած։ Խոհանոցում էլ տարբեր տեսակի չուգունե ամաններ կային։ Բանջարանոցում ամեն ինչ ցանված էր։ Ե՛վ կարտոֆիլ, ե՛ւ կաղամբ։ Միայն թե ամեն ինչ աչքաթող էր արված, քաղհանված չէր․ Իսկ ցախանոցում մի կարթ կար։

Քեռի Ֆեոդորը վերցրեց կարթը եւ գնաց ձուկ որսալու։ Իսկ Շարիկն ու կատուն վառարանը վառեցին ու ջուր բերեցին։ Հետո կերան, ռադիո լսեցին ու պառկեցին քնելու։ Նրանք շատ լավ էին զգում այդ տանը։

Գլուխ երրորդ — նոր հոգսեր

Հաջորդ առավոտյան Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն տունը հավաքեցին, սարդոստայնները մաքրեցին, աղբը թափեցին, վառարանը կարգի բերեցին։ Կատուն կաշվից դուրս էր գալիս․ նա շատ մաքրասեր էր։ Լաթը ձեռքին բարձրանում էր պատուհանների վրա, մտնում բազմոցների տակ։ Առանց այդ էլ տունը շատ կեղտոտ չէր, իսկ հիմա ուղղակի սկսեց փայլել։

Բայց Շարիկից այնքան էլ օգուտ չկար։ Միայն այս ու այն կողմ էր վազվզում, ուրախությունից հաչում եւ սենյակով մեկ փռշտում։ Քեռի Ֆեոդորը էլ չդիմացավ, նրան ուղարկեց կարտոֆիլի բուկը լցնելու։ Եվ շունն այնպես գործի կպավ, որ հողը սկսեց աշխարհով մեկ շաղ տալ։

Ամբողջ օրն այդպես աշխատեցին։ Ե՛վ գազարի մարգը քաղհանեցին, ե՛ւ կաղամբի։ Չէ՞ որ եկել էին այստեղ ապրելու եւ ոչ թե տուն֊տուն խաղալու։

Իսկ հետո գնացին գետակ լվացվելու եւ, հատկապես, Շարիկին լողացնելու։

— Դու շատ կեղտոտ ես,— ասաց Քեռի Ֆեոդորը։— Պետք է մի լավ լողանաս։

— Ես էլ ուրախ կլինեի,— պատասխանեց շունը,— միայն թե ինձ հարկավոր է օգնել։ Մենակ չեմ կարող։ Օճառն ատամներիս արանքից դուրս է պրծնում։ Իսկ առանց օճառի ինչ լողանալ։ Ուղղակի թրջվել է նշանակում, ուրիշ ոչինչ։

Շունը մտավ ջուրը, իսկ Քեռի Ֆեոդորը օճառեց նրան եւ մազերը սանրեց։ Կատուն շրջում էր ափին եւ թախծում օվկիանոսների կարոտից։ Չէ՞ որ նա ծովային կատու էր, միայն թե վախենում էր ջրից։

Հետո նրանք արեւոտ մի արահետով տուն գնացին։ Դիմացից մի քեռի էր վազում նրանց կողմը։ Գլխարկը գլխին, կարմրաթուշ։ Նա հիսունից մի բան էլ ավելի կլիներ։ (Իհարկե, ոչ թե քեռին ավելի կլիներ, այլ նրա տարիքը)։ Կանգ է առնում քեռին ու հարցնում․

— Դու ո՞ւմն ես, այ տղա։ Որտեղի՞ց ես հայտնվել մեր գյուղում։

Քեռի Ֆեոդորը պատասխանում է․

— Ոչ մեկինն էլ չեմ։ Ես եմ իմ գլխի տերը։ Իմ սեփականն եմ։ Քաղաքից եմ եկել։

Գլխարկով մարդը շատ է զարմանում եւ ասում է․

— Այդպես չի լինում, որ երեխաները իրենք իրենց գլխի տերը լինել։ Իրենց սեփականը։ Երեխաներն անպայման ինչ֊որ մեկինն են լինում։

— Ինչպե՞ս թե չի լինում,— բարկանում է Մատրոսկինը։— Ես, օրինակ, կատու եմ՝ ինքս իմ գլխի տեր կատու։ Իմ սեփականը։

— Ես էլ եմ իմ սեփականը,— ասում է Շարիկը։

Քեռին բոլորովին շփոթվում է։ Համ կատուներն են խոսում, համ՝ շները։ Ինչ֊որ անսովոր մի բան կա այստեղ։ Նշանակում է, ինչ֊որ բան կարգին չէ։ Դա բավական չէր, մի կողմից էլ Քեռի Ֆեոդորն է սկսում վրա տալ․

— Իսկ ինչո՞ւ եք հարցնում։ Պատահմամբ հո միլիցիայից չե՞ք։

— Չէ, միլիցիայից չեմ,— պատասխանում է քեռին,— ես փոստից եմ։ Էստեղի փոստատարն եմ՝ Պեչկինը։ Դրա համար էլ ամեն ինչ պետք է իմանամ։ Որպեսզի թերթերն ու նամակները հանձնեմ տերերին։ Դուք, օրինակ, ի՞նչ եք բաժանորդագրվելու։

— Ես «Մուրզիլկա» պետք է գրվեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։

— Իսկ ես որսորդության մասին մի որեւէ բան,— ասում է Շարիկը։

— Իսկ դո՞ւք,— քեռին հարցնում է կատվին։

— Ես ոչինչ էլ չեմ գրվելու,— պատասխանում է կատուն։— Ես պետք է փող տնտեսեմ։

Գլուխ չորրորդ — Գանձը